ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 31415/15
Մաքսիմիլիանա ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի փետրվարի 12-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2015 թվականի հունիսի 11-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 31415/15) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2001 թվականին ծնված եւ Էսսեն քաղաքում բնակվող, Գերմանիայի քաղաքացի տկն Մաքսիմիլիանա Աբրահամյանի (դիմումատու) կողմից, որին սկզբում ներկայացրել է իր մայրը՝ տկն Ս. Աբրահամյանը, ապա Էսսենում գործող իրավաբան պրն Թ. Հերմեսը,
դիմումատուի անձնական կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա ներկայացված բողոքի վերաբերյալ Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որի ներկայացուցիչն է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու եւ գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետեւյալ որոշումը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի` Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված՝ իր անձնական կյանքը հարգելու իրավունքի ենթադրյալ խախտմանը վերջինիս քաղաքացիական հայցը քննելիս, որն առնչվում էր դատական կարգով մահացած անձին որպես իր հայր ճանաչելուն:
2. Դիմումատուն ծնվել է 2001 թվականին արտաամուսնական կապից Գերմանիայում եւ բնակվել է այնտեղ իր մոր հետ։
3. 2007 թվականին դիմումատուի ենթադրյալ հայրը՝ Խ.-ն, որը բնակվում էր Հայաստանում, մահացել է առանց կտակ թողնելու: Խ.-ի եղբայրներից մեկը՝ Ա.-ն եւ Խ.-ի եղբորորդիները, այդ թվում՝ Հ.-ն, ճանաչվել են նրա ժառանգներ.
4. 2009 թվականի հոկտեմբերի 12-ին Հ.-ն քաղաքացիական վարույթ է հարուցել Երեւանի քաղաքի Կենտրոն եւ Նորք‑Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Վարչական շրջանների դատարան) մյուս ժառանգների դեմ՝ ժառանգության մաս կազմող բնակարանի առնչությամբ:
5. 2010 թվականի մայիսի 6-ին դիմումատուն, որին ներկայացրել են վերջինիս մայրը եւ պաշտպանը, քաղաքացիական հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն ճանաչել հանգուցյալ Խ.-ի դուստրը եւ նրա միակ ժառանգը: Նա նաեւ պահանջել է, որ ժառանգությունն ընդունելու համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետը վերականգնվի։ Որպես ենթադրյալ հայրության ապացույց նա ներկայացրել է 2010 թվականի հունվարի 13-ին Գերմանիայում անցկացված ԴՆԹ թեստի արդյունքները, որը ցույց է տվել 99,99% հավանականություն, որ Ա.-ն դիմումատուի կենսաբանական հորեղբայրն է: Նրա քաղաքացիական հայցի քննությունը միացվել է Հ.-ի հայցի քննությանը։
6. 2012 թվականի մայիսի 16-ին Վարչական շրջանների դատարանը չի բավարարել դիմումատուի բողոքները՝ դրանք համարելով անհիմն: Վարչական շրջանների դատարանը որպես ապացույց չի ընդունել ԴՆԹ թեստի արդյունքները՝ համարելով, որ դրանք չեն համապատասխանում տվյալ պահին գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-62-րդ հոդվածների պահանջներին: Մասնավորապես դատարանը որոշել է, որ ԴՆԹ թեստի արդյունքները պարզ չեն եղել, եւ որ փորձագետի եզրակացության մեջ բացակայում են կատարված փորձաքննությունների մանրամասն նկարագրությունը, առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները եւ թեստն իրականացրած փորձագետների վերաբերյալ որեւէ տեղեկություն:
7. Դիմումատուն բողոքարկել է՝ ներկայացնելով նոր ապացույցներ, այդ թվում՝ մոր գրավոր հայտարարությունն այն մասին, որ Խ.-ն դիմումատուի կենսաբանական հայրն է, մի քանի լուսանկարներ, որոնցում պատկերված են նա եւ իր մայրը՝ Խ.-ի եւ նրա հարազատների ընկերակցությամբ, Ա.-ից եւ Հ.-ից ստացված նամակների օրինակները, գրավոր վկայություններ, գրավոր հայտարարություններ եւ մամուլում հրապարակված նյութերի օրինակներ՝ ի պաշտպանություն այն պնդման, որ Խ.-ն իր կենսաբանական հայրն է:
8. 2012 թվականի նոյեմբերի 22-ին Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Վարչական շրջանների դատարանի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության՝ նշելով, որ նոր ներկայացված ապացույցները կարեւոր են վեճը պատշաճ կերպով լուծելու համար, եւ որ նոր քննությունն անհրաժեշտ է այդ ապացույցները գործի մյուս ապացույցների հետ միասին գնահատելու համար։
9. 2014 թվականի մարտի 14-ին Վարչական շրջանների դատարանը եւս մեկ անգամ մերժել է դիմումատուի բողոքը՝ այն համարելով անհիմն: Դատարանի համար պարզ չէր, թե ինչու էր հայրության որոշման հարցը բարձրացվել միայն Խ.-ի մահից երեք տարի անց: Չի ապացուցվել, որ Խ.-ն իր կյանքի ընթացքում ձեռնարկել է որեւէ գործողություն դիմումատուին որպես իր դուստր ճանաչելու ուղղությամբ, հատկապես դիմումատուի ծնվելուց հետո վեց տարվա ընթացքում, եւ չի ներկայացվել ճանաչման համար որեւէ խոչընդոտ: Ոչ մի ապացույց չի եղել, որ Խ.-ն հոգ է տարել դիմումատուի մասին կամ նրան ֆինանսական աջակցություն տրամադրել, կամ որ նշված ժամանակահատվածում դիմումատուի մորը որեւէ նամակ է ուղարկել: ԴՆԹ թեստի արդյունքները համարվել են անընդունելի, քանի որ անհասկանալի էր այդ գենետիկական թեստի կատարման հանգամանքներն ու եղանակը, համապատասխան զեկույցը չէր պարունակում ներածական եւ նկարագրական մասեր, եւ պարզ չէր, թե ինչպես էր ստացվել Ա.-ի արյան նմուշը: Ավելին, փորձագետներին չեն զգուշացրել, ինչպես պահանջվում է Հայաստանի օրենսդրությամբ, ճշգրիտ եզրակացություններ ներկայացնելու իրենց պատասխանատվության մասին։ Դատարանը համարել է, որ դիմումատուի ներկայացրած մյուս ապացույցները կա՛մ չէին կարող հաստատել հայրությունը, կա՛մ կողմնակալ էին եւ հետեւաբար անվստահելի: Ի վերջո, Վարչական շրջանների դատարանը որոշել է, որ նույնիսկ հայրության հաստատման դեպքում ժառանգության պահանջների վեցամսյա ժամկետը լրացել է, եւ այն բաց թողնելու համար որեւէ հիմնավոր պատճառ չի ներկայացվել:
10. Դիմումատուն բողոքարկել է, սակայն Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է այն եւ Վարչական շրջանների դատարանի 2014 թվականի մարտի 14-ի որոշումը թողել լիովին անփոփոխ։
11. Դիմումատուն այնուհետեւ ներկայացրել է վճռաբեկ բողոք։
12. 2014 թվականի դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
13. Դիմումատուն, վկայակոչելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, բողոքել է, որ ներպետական դատարանները չեն ապահովել Խ.-ի հետ իր հայր-դուստր ազգակցական կապի ճանաչումը՝ դրանով իսկ թողնելով նրան անորոշության մեջ իր անձնական ինքնության հարցում:
14. Հայրությունը որոշելու վերաբերյալ վեճերում մասնավոր կամ ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ «հարգանքի» ապահովման հետ կապված պետությունների դրական պարտավորությունների վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մոլդովանն ընդդեմ Ուկրաինայի [Moldovan v. Ukraine] գործում (թիվ 62020/14, §§ 32-36 եւ 43, 2024 թվականի մարտի 14 եւ դրանում հիշատակված գործերում): Դատարանի խնդիրն է ոչ թե փոխարինել իրավասու ներպետական մարմիններին հայրության որոշման վերաբերյալ վեճերը կարգավորելու հարցում, այլ ավելի շուտ, Կոնվենցիայի համաձայն, վերանայել այն որոշումները, որոնք տվյալ մարմինները կայացրել են իրենց հայեցողական լիազորություններն իրականացնելիս՝ որոշելու համար, թե արդյոք պատասխանող պետությունը կատարել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները (նույն տեղում, § 44):
15. Դատարանը նշում է, որ Ընտանեկան օրենսգրքի 36-րդ հոդվածի համաձայն՝ արտաամուսնական կապից ծնված երեխաների հայրության որոշման վերաբերյալ վեճերում ներպետական դատարանները կարող են հաշվի առնել ցանկացած ապացույց, որը կարող է վերջնականապես հաստատել հայրությունը: Սակայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի համաձայն՝ դիմումատուն կրել է այն փաստերի ապացուցման բեռը, որոնց վրա նա հիմնվել էր։ Համապատասխանաբար վարույթի արդյունքը կախված է եղել դիմումատուի՝ Խ.-ի հետ իր ենթադրյալ հայր-դուստր ազգակցական կապը համոզիչ ապացույցներով ապացուցելու կարողությունից։
16. Դիմումատուի կողմից իր հայրության ճանաչման պահանջի հիմնավորման համար ներկայացված հիմնական ապացույցը Գերմանիայում ձեռք բերված ԴՆԹ թեստն էր (տե՛ս վերեւում՝ 5-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, որ ընդհանուր առմամբ հայրությունը հաստատելու կամ հերքելու համար այդպիսի թեստերն ունեն զգալիորեն ավելի մեծ ապացուցողական արժեք, քան ցանկացած այլ ապացույց (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մոլդովանի գործը, § 47): Այնուամենայնիվ, սույն գործով Վարչական շրջանների դատարանը հայտնաբերել է ԴՆԹ թեստի հետ կապված մի քանի ընթացակարգային եւ նյութաիրավական թերություններ եւ այն համարել անընդունելի (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը): Արձանագրությունում, իսկապես, բացակայում էին կարեւոր տեղեկություններ, այդ թվում՝ փորձագետների ինքնության, փորձանմուշների ձեռքբերման պայմանների վերաբերյալ եւ կատարված փորձաքննությունների մանրամասն նկարագրությունը։ Ավելին, այն պարունակում էր հայտարարություն՝ ըստ որի, եթե նմուշառումը չի կատարվել վկաների ներկայությամբ եւ չի փաստաթղթավորվել, հաճախորդն ինքն է պատասխանատվություն կրում նմուշների իսկության համար, եւ որ թեստը կարող էր ընդունելի լինել դատարանում միայն այն դեպքում, եթե ներկայացվեր նմուշառման եւ ինքնության ստուգման վերաբերյալ առանձին փաստաթղթավորված արձանագրություն: Այդպիսի որեւէ արձանագրություն կամ փաստաթղթավորում չէր ներկայացվել։ Նշված թերությունները, նույնիսկ ընդունելիության հարցից զատ, կարող են ողջամտորեն դիտվել որպես ԴՆԹ թեստի արդյունքների հուսալիությունն ու ապացուցողական արժեքը կասկածի տակ դնող հանգամանքներ:
17. Բացի այդ, դիմումատուն, որին ներկայացնում էր պաշտպանը, հնարավորություն ուներ միջնորդություն ներկայացնելու, որ Վարչական շրջանների դատարանը նշանակեր ԴՆԹ փորձաքննություն՝ ներպետական դատավարական կանոնների համաձայն: Չնայած նա Դատարանին ներկայացրել էր, որ դիմել է այդպիսի միջնորդությամբ, սակայն այդ պնդումը հաստատող որեւէ ապացույց չի ներկայացվել:
18. Ավելին, դիմումատուն չի զրկվել իր հայցը հիմնավորող այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից: Վարչական շրջանների դատարանը գնահատել է նրա ներկայացրած նյութերը եւ գտել, որ դրանք կա՛մ չեն կարող ապացուցել ենթադրյալ հայրությունը, կա՛մ կողմնակալ են եւ անվստահելի: Դատարանը նաեւ գնահատել է գործի ընդհանուր հանգամանքները, ներառյալ՝ հայրության ճանաչման հայցն ուշացմամբ ներկայացված լինելու փաստը, Խ.-ի կենդանության օրոք նրա կողմից դիմումատուին որպես իր դուստր ճանաչելու, վերջինիս խնամք կամ ֆինանսական աջակցություն տրամադրելու հանգամանքը մատնանշող փաստերի բացակայությունը, ինչպես նաեւ Խ.-ի եւ դիմումատուի մոր միջեւ նամակագրության բացակայությունը (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը):
19. Դատարանը վերահաստատում է, որ ապացույցների ընդունելիությունը, նպատակահարմարությունը եւ ապացուցողական արժեքը կամ ապացուցման բեռը հիմնականում ազգային օրենսդրությամբ եւ ազգային դատարանների միջոցով կարգավորվող հարցեր են (տե՛ս Թիմանն ընդդեմ Ֆրանսիայի եւ Գերմանիայի [Tiemann V. France and Germany (dec.)] (որոշում), թիվ 47457/99 եւ 47458/99 գործերը, ՄԻԵԴ 2000-IV, Չենտրո Եվրոպա 7 Ս.ռ.Լ-ն եւ Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Centro Europa 7 S. r. l. եւ Di Stefano V. Italy [GC]] գործը, թիվ 38433/09, § 198, ՄԻԵԴ 2012 եւ Կամինսկասն ընդդեմ Լիտվայի [Kaminskas v. Lithuania] գործը, թիվ 44817/18, § 50, 2020 թվականի օգոստոսի 4): Դատարանը գտնում է, որ սույն գործով Վարչական շրջանների դատարանի փաստարկները, ապացույցների գնահատումը եւ գործի ընդհանուր հանգամանքները կամայական կամ ակնհայտորեն անհիմն չեն եղել: Բացի այդ, ընդհանուր առմամբ, որոշման կայացման գործընթացը արդար է եղել եւ ապահովել է դիմումատուի կողմից իր շահերի անհրաժեշտ պաշտպանությունը, ինչպես պահանջվում է 8-րդ հոդվածի համաձայն հայրության ճանաչման վերաբերյալ գործերով (տե՛ս Միֆսուդն ընդդեմ Մալտայի [Mifsud V. Malta], թիվ 62257/15 գործը, § 59, 2019 թվականի հունվարի 29):
20. Այսպիսով, դիմումատուի բողոքը պատշաճ կերպով քննվել է ներպետական դատարանների կողմից, որոնք առկա ապացույցները անբավարար են համարել հայրությունը ճանաչելու համար: Դիմումատուն, որին ներկայացնում էր պաշտպանը, իր պահանջը հիմնավորելու դատավարական հնարավորություններ ուներ, սակայն չի կարողացել հիմնավորել այն։ Նշված հանգամանքներում եւ հաշվի առնելով Դատարանի օժանդակ դերը եւ այդպիսի հարցերում ներպետական դատարաններին տրված գնահատման իրավասությունը՝ չի կարելի պնդել, որ պետությունը խախտել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները, դիմումատուի՝ իր ենթադրյալ հայրության՝ դատական կարգով ճանաչման վերաբերյալ հայցը քննելիս։
21. Հետեւաբար սույն գանգատն ակնհայտ անհիմն է եւ պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի եւ 4-րդ կետի։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին։
Մարտինա Կելլեր`
Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալ
Նախագահ