ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 25576/16
Աբբաս ԱԼԼԱՀՎԵՐԴԻԵՎՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2023 թվականի սեպտեմբերի 12-ին հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Գեորգես Ռավարանի [Georges Ravarani]՝ Նախագահ,
Կարլո Ռանզոնի [Carlo Ranzoni],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Էրիկ Վեններստրյոմ [Erik Wennerström],
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar],
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ դատավորներ,
եւ Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
2016 թվականի մայիսի 3-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
պատասխանող Կառավարության կողմից ներկայացված դիտարկումները եւ դիմումատուի կողմից ի պատասխան ներկայացված դիտարկումները,
Ադրբեջանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված մեկնաբանությունները, եւ
Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնի (ՄԻՇՊԵԿ) եւ Ալլարդ Կ. Լոուենշթեյն Մարդու իրավունքների միջազգային կլինիկայի (այսուհետ՝ ՄԻՇՊԵԿ/Լոուենշթեյն կլինիկա) կողմից ներկայացված մեկնաբանությունները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ
1. Դիմումատուն՝ պրն Աբբաս Ալլահվերդիեւը, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է, որը ծնվել է 1974 թվականին եւ բնակվում է Գորանբոյի շրջանի Թափգարագոյունլու գյուղում։ Նրան Դատարանում ներկայացրել է Բաքվում գործող իրավաբան պրն Ա. Բաղիրովը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
3. Ներգրավված երրորդ կողմ հանդիսացող Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է Կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Չ. Ասգարովը։
Ա. Նախապատմությունը
4. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի կարգավիճակի շուրջ հակամարտությունը ծագել է Խորհրդային միության փլուզման ժամանակ։ 1991 թվականի սեպտեմբերին հռչակվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» («ԼՂՀ». 2017 թվականին վերանվանվել է «Արցախի Հանրապետություն»), որի անկախությունը չի ճանաչվել որեւէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից։ 1992 թվականի սկզբին հակամարտությունն աստիճանաբար վերածվել է լայնածավալ պատերազմի, որն ավարտվել է 1994 թվականի մայիսի 5-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ «ԼՂՀ-ի» միջեւ հրադադարի մասին համաձայնագրի կնքմամբ (Բիշքեկի արձանագրություն)։ Պատերազմից հետո հակամարտությանը որեւէ քաղաքական լուծում չի տրվել. պահպանվել է թշնամական եւ լարված իրավիճակը, եւ պարբերաբար խախտվել է հրադադարի մասին համաձայնագիրը (տե՛ս նաեւ Չիրագովն ընդդեմ Հայաստանի [ՄՊ] [Chiragov v. Armenia [GC]], թիվ 13216/05, §§ 12-31, ՄԻԵԴ 2015, եւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի [ՄՊ] [Sargsyan v. Azerbaijan [GC]], թիվ 40167/06, §§ 14-28, ՄԻԵԴ 2015)։ 2016 թվականի ապրիլի 1-2-ը՝ գիշերը, լայնածավալ ռազմական բախումներ են սկսվել «ԼՂՀ»-ի եւ Ադրբեջանի շփման գծին մոտ (երբեմն՝ «Քառօրյա պատերազմ»)։ Բախումները շարունակվել են մինչեւ ապրիլի 5-ը, սակայն այդ ամիս՝ ավելի ուշ, տեղի են ունեցել այլ բախումներ։ Զոհերի թիվն էապես տարբերվում է. պաշտոնական աղբյուրներում նշվում է առնվազն 100 զոհ հակամարտության երկու կողմերից։ Զոհերի մեծ մասը զինվորներ էին, սակայն մի քանի քաղաքացիական անձ եւս մահացել է։ Թիրախում հայտնված քաղաքների եւ գյուղերի շատ բնակիչներ ստիպված էին ժամանակավորապես լքել իրենց տները։ Ավելին, բախումների հետեւանքով էական վնաս է հասցվել գույքին եւ ենթակառուցվածքներին։
5. 2020 թվականի սեպտեմբերի 27-ին բռնկվել է մեկ այլ պատերազմ, որը տեւել է 44 օր՝ մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 10-ը, երբ ուժի մեջ է մտել նախորդ օրն ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս պատերազմը հանգեցրել է 1992-1994 թվականների պատերազմից ի վեր հաստատված տարածքային վերահսկողության էական փոփոխությունների։
Բ. Գործի փաստական հանգամանքները
6. Գործի փաստական հանգամանքները վիճարկվում են։ Դրանք կարող են ամփոփ ներկայացվել հետեւյալ կերպ.
1. Դիմումատուի կողմից ներկայացված փաստերը
ա) Թափգարագոյունլուում տիրող իրավիճակը
7. 2016 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 03։00-ի սահմաններում, հայկական զինված ուժերը, կիրառելով հրետանի եւ նռնականետներ, սկսել են հրետակոծության ենթարկել Ադրբեջանի՝ շփման գծի երկայնքով գտնվող գյուղերն ու քաղաքները։ Շփման գծից մի քանի կիլոմետր հեռավորության վրա տեղակայված Թափգարագոյունլու գյուղում բնակելի շատ տներ են ավերվել հրետակոծության հետեւանքով։ Գորանբոյի շրջանում լուրջ ավերվածության է ենթարկվել 85 շենք, եւ վիրավորվել վեց քաղաքացիական անձ։ Զգալիորեն վնասվել են նաեւ շրջանի ենթակառուցվածքները։ Թափգարագոյունլուի բնակիչներն ստիպված են եղել թողնել իրենց տներն ու ժամանակավորապես բնակություն հաստատել հարեւան գյուղերում։
8. 2016 թվականի ապրիլի 5-ին՝ հրադադարի մասին համաձայնագրի կնքումից հետո, շրջանի քաղաքացիական գույքին հասցված վնասը գնահատելու նպատակով ստեղծվել է արտակարգ իրավիճակների հանձնաժողով, որը կազմված էր տարբեր տեղական մարմինների ներկայացուցիչներից։ Այն, ի թիվս այլնի, իրականացրել է դեպքի վայրի զննություն։
բ) Դիմումատուի հետ կապված հանգամանքները
9. 2016 թվականի ապրիլի 2-ին՝ մոտավորապես ժամը 5-ին, դիմումատուն իր ընտանիքի անդամների՝ կնոջ եւ երեք երեխաների հետ լքել է գյուղը ռմբակոծության պատճառով։ Ընտանիքի անդամներին Նաֆթալան քաղաքի իր բարեկամի մոտ թողնելուց հետո դիմումատուն վերադարձել է։
10. Հաջորդ օրը՝ երեկոյան ժամը 10-ի սահմաններում, երբ դիմումատուն տանից դուրս է եկել, տան վրա արկեր են թափվել։ Արկի բեկորներից մեկը դիպչել է դիմումատուի դեմքին՝ աջ աչքի ներքեւի հատվածում։ Նա գնացել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։
11. Արկերի պայթյունը կոտրել է դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող շենքի պատուհանները եւ վնասել կղմինդրն ու պատերը։ Սատկել են 48 հավ եւ 18 հնդկահավ։
12. 2016 թվականի ապրիլի 8-ին վերոնշյալ հանձնաժողովն իրականացրել է զննություն՝ դիմումատուի գույքի մասով։ Համաձայն զննության արձանագրության՝ հանձնաժողովն արձանագրել է, որ վնասվել է հիմնական տան կղմինդրի ծածկի 34 քառ.մ մակերեսով հատվածը եւ 16 քառ.մ մակերեսով պատուհանի ապակին, ինչպես նաեւ վնասվել է տարբեր հարակից կառույցների կղմինդրների ծածկերի 626 քառ.մ մակերեսը։
13. Դիմումատուի վնասվածքի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որը տրվել է 2016 թվականի ապրիլի 10-ին, նշվել է, որ նա ուներ 3 x 1,4 սմ չափի վերք աջ աչքի ստորին հատվածում, որը ստացել էր արկի բեկորից։ Եզրակացության մեջ նաեւ ասվում էր, որ հնարավոր էր, որ նա վերքը ստացել էր ապրիլի 2-ին։
2. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստերը
14. Տեւական ժամանակ ռազմական ուժ կիրառելու սպառնալիքներ հնչեցնելուց հետո՝ 2016 թվականի ապրիլի 1-2-ը՝ գիշերը, Ադրբեջանը ձեռնարկել է լայնածավալ հարձակում շփման գծի երկայնքով։ «ԼՂՀ» ուժերը, ինչպես նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները եւ բնակավայրերը դարձել են հրետանու, տանկերի, զրահամեքենաների, նռնականետների եւ օդուժի կողմից ծանր հրետակոծությունների թիրախ։ «ԼՂՀ»-ի կողմում գտնվող մի քանի քաղաքներ եւ գյուղեր ենթարկվել են ուժգին հրետակոծության, եւ պաշտոնատար անձինք տարհանել են մոտ 5,000 բնակիչ։ Սպանվել կամ վիրավորվել են գրեթե երկու տասնյակ քաղաքացիական անձինք։ Թե՛ «ԼՂՀ» ուժերը եւ թե՛ Ադրբեջանը կորցրել են մեծաթիվ զորքեր եւ ռազմական տեխնիկա։
ԲՈՂՈՔՆԵՐԸ
15. Դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ հարձակվող ուժերի գործողությունների հետեւանքով վտանգվել է իր կյանքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ եւ տառապանք, եւ խախտվել է իր՝ ընտանեկան կյանքի եւ բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքը։ Նա նաեւ նշել է, որ իր բնակարանը վնասվել է հրետակոծության հետեւանքով՝ այսպիսով զրկելով նրան իր գույքից անարգել օգտվելու հնարավորությունից։ Նա վկայակոչել է Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ եւ 8-րդ հոդվածները եւ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը։
Ավելին, հիմք ընդունելով Կոնվենցիայի 13-րդ եւ 14-րդ հոդվածները՝ վկայակոչված այլ դրույթների համակցությամբ, դիմումատուն պնդել է, որ իր բողոքների համար Հայաստանում չեն գործում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչպես նաեւ պնդել է, որ ռազմական հարձակումներն ադրբեջանցիների նկատմամբ իրականացվել են նրանց էթնիկ եւ ազգային ծագման հիմքով։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Պատասխանող Կառավարությունը
16. Հայաստանի Հանրապետության կառավարությունը նշել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի նա չի փորձել դիմել Հայաստանի կամ «Արցախի Հանրապետության» իշխանություններին՝ ներպետական օրենսդրության համաձայն իր իրավունքն իրացնելու համար։ Նրանք պնդել են, որ այս առումով ցանկացած գործնական խոչընդոտ Ադրբեջանի Հանրապետության կառավարության եւ պատկան մարմինների վարքագծի ու քաղաքականության հետեւանք է։
17. Կառավարությունը նաեւ պնդել է, որ Հայաստանի Հանրապետությունը բազմաթիվ պատճառներով իրավազորություն չի ունեցել այնպիսի հարցերի առնչությամբ, որոնց վերաբերյալ բողոք է ներկայացվել Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով։ Հղում կատարելով Բանկովիչը եւ այլք ընդդեմ Բելգիայի եւ այլոց գործին ((որոշում) [ՄՊ] [Banković and Others v. Belgium and Others (dec.) [GC]], թիվ 52207/99, ՄԻԵԴ 2001‑XII)՝ նրանք նախ պնդել են, որ անդրսահմանային ուժի կիրառումը պետության իրավազորության շրջանակներից դուրս է եղել, քանի որ այդ իրավազորությունն ի սկզբանե եղել է տարածքային։ Դատարանի կողմից հետագայում մշակված «ազդեցության մոտ լինելը» չափանիշը սույն գործով կիրառելի չէր, քանի որ «ԼՂՀ» ուժերի եւ հնարավոր տուժածների միջեւ առկա չէր որեւէ անմիջական կապ, եւ քանի որ այդ ուժերը որեւէ փաստացի վերահսկողություն չեն իրականացրել դիմումատուի նկատմամբ։ Ավելին, հրետակոծությունն իրականացվել է «ԼՂՀ» ուժերի, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության ուժերի կողմից, իսկ ենթադրյալ տուժածները գտնվել են «ԼՂՀ» տարածքից դուրս։ Չնայած Դատարանը Չիրագովը եւ այլք գործով (վերեւում հիշատակված) հանգել է այն եզրակացության, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել «ԼՂՀ»-ի նկատմամբ, Կառավարության կարծիքով՝ պետք է այդ վերահսկողությունը դիտարկել որպես «ԼՂՀ» սուբյեկտի, այլ ոչ թե տարածքի նկատմամբ իրականացվելու համատեքստում։ Այսպիսով, Հայաստանի պատասխանատվությունը կարող էր միայն դրսեւորվել տեղական կազմավորման վրա ներգործություն ունենալու դրական պարտավորության ձեւով։ Քանի որ սույն գործով «ԼՂՀ»-ի գործողություններն էապես կրել են հակազդող բնույթ, այսինքն՝ եղել են ի պատասխան Ադրբեջանի կողմից կանխամտածված լայնածավալ ռազմական գործողության, դրանց վրա Հայաստանը ենթադրաբար չէր կարող ներգործություն ունենալ։ Նույն հիմքով «ԼՂՀ»-ի կողմից ուժի կիրառումը պետք է որակվի որպես իրավաչափ ինքնապաշտպանություն՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի։ Ընդ որում, գործողություններն իրականացվել են միայն ռազմական թիրախների նկատմամբ. քաղաքացիական անձանց շրջանում չնախատեսված զոհերը եւ գույքի վնասումը չեն գերազանցել սահմանված չափանիշը, եւ ամեն դեպքում պատճառվել են Ադրբեջանի կողմից, որը դիտավորությամբ իր ուժերը եւ ռազմական օբյեկտները տեղակայել էր բնակավայրերին մոտ։
18. Ավելին, Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Նրանք նշել են մասնավորապես, որ չի ներկայացվել որեւէ ապացույց, որով ի ցույց կդրվեր, որ դիմումատուի կյանքին վտանգ է սպառնացել, կամ որ նրա աջ աչքի տակի վերքն առաջացել է «ԼՂՀ» զինված ուժերի կողմից իրականացված հրետակոծության հետեւանքով։ Նրա գանգատում նաեւ առկա էին էական անհամապատասխանություններ, այդ թվում՝ նրա այն պնդումը, որ ինքը վիրավորվել է 2016 թվականի ապրիլի 3-ին, մինչդեռ բժշկական փաստաթղթում նշված է, որ վնասվածքը ստացվել է 2016 թվականի ապրիլի 2-ին։
2. Դիմումատուն
19. Հղում կատարելով Դատարանի՝ Չիրագովը եւ այլք գործով (վերեւում հիշատակված, §§ 115-120) եզրակացություններին առ այն, որ այդ գործով դիմումատուների բողոքների համար առկա չեն եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, այս դիմումատուն նշել է, որ իրավիճակը չի փոխվել, եւ որ պատասխանող Կառավարությունը չի նշել, որ առկա էր իրավական պաշտպանության որեւէ այդպիսի միջոց։
20. Դիմումատուի կարծիքով՝ փաստերը, որոնց վերաբերյալ ինքը բողոք է ներկայացրել, Հայաստանի՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված իրավազորության շրջանակում էին։ Նա հղում է կատարել Դատարանի մի քանի վճռի, որոնցում իրավազորության սահմանման հանգամանքները ենթադրաբար նման էին սույն գործի հանգամանքներին։ Մասնավորապես նա նշել է, որ Չիրագովը եւ այլք գործով (վերեւում հիշատակված) Դատարանն արձանագրել է, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Ադրբեջանի օկուպացված տարածքների նկատմամբ, որտեղ էլ ինքը եւ իր բնակարանը հրետակոծության են ենթարկվել։ Այս եզրակացությունը վերահաստատվել է ընդդեմ Հայաստանի հետագայում կայացված վճիռներում։ Ի պատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության այն փաստարկին, որ իրավազորությունն ի սկզբանե կրել է տարածքային բնույթ, դիմումատուն պնդել է, որ սա չի բացառում արտատարածքային իրավազորությունը, ինչպես հաստատել է Դատարանը Բանկովիչը եւ այլք (վերեւում հիշատակված) գործից հետո կայացված մի քանի վճռում։ Նա նաեւ հայտնել է, որ «ազդեցության մոտ լինելու» չափանիշով չի բացառվում իրավազորության առկայությունը պարզապես այն պատճառով, որ զինվորների եւ սույն գործով տուժածի միջեւ առկա չէր անմիջական կապ. առանցքային խնդիրը շարունակում է լինել այն, որ չնայած դիմումատուն գտնվել է պատասխանող Կառավարության տարածքից դուրս, իրեն պատճառվել է վնասվածք եւ գույքային վնաս այդ Կառավարության արդյունավետ վերահսկողության ներքո գտնվող տարածքում գտնվող զինվորների կողմից արձակված կրակի հետեւանքով։ Այս առնչությամբ դիմումատուն պնդել է, որ Դատարանի կողմից Չիրագովը եւ այլք գործով վճռված արդյունավետ վերահսկողության հարցի վերաբերյալ պատասխանող Կառավարության տեսակետը սխալ էր. Դատարանը հստակ նշել է, որ Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն է իրականաց[րել] Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ» (վերեւում հիշատակված, վճռի § 186)։ Ի վերջո, նա պնդել է, որ սույն գործով ուժի կիրառումը հակասել է Կոնվենցիային կամ միջազգային մարդասիրական իրավունքին։ Նա հայտնել է, inter alia (ի թիվս այլնի), որ Հայաստանի Հանրապետության ուժերի կողմից հարձակումները եղել են անհամաչափ եւ կամայական եւ դիտավորությամբ թիրախավորել են քաղաքացիական անձանց եւ նրանց գույքը։ Ավելին, գյուղում ադրբեջանական ուժեր տեղակայված չեն եղել։
21. Դիմումատուն նաեւ պնդել է սկզբնական գանգատում իր անձնական հանգամանքների առնչությամբ ներկայացված փաստարկները, այդ թվում՝ իր այն պնդումը, որ իր կյանքին վտանգ է սպառնացել մասնավորապես այն պատճառով, որ նրա բնակարանը եւ գյուղը ենթարկվել են զանգվածային հրետակոծության հայկական ուժերի կողմից՝ ուղղակիորեն հետապնդելով քաղաքացիական բնակչությանը սպանելու նպատակ։ Իր վնասվածքն ու իր գույքին պատճառված վնասն ապացույցն է այն բանի, որ վտանգը, որն սպառնացել է իրեն, եղել է իրական եւ անմիջական։
3. Ադրբեջանի կառավարությունը` ներգրավված երրորդ կողմ
22. Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը լիովին համամիտ էր դիմումատուի՝ գանգատի ընդունելիության եւ գործի հանգամանքների վերաբերյալ դիրքորոշման հետ։ Այն նաեւ պնդել է, որ գանգատում որեւէ անհամապատասխանություն չկար, եւ որ պատասխանող Կառավարության պնդումներն այս առումով անհիմն էին։
4. ՄԻՇՊԵԿ/ Լոուենշթեյն կլինիկան՝ ներգրավված երրորդ կողմ
23, ՄԻՇՊԵԿ/ Լոուենշթեյն կլինիկան դիտարկումներ է ներկայացրել պետությունների կողմից արտատարածքային իրավազորություն իրականացնելու վերաբերյալ: Նրանք նշել են, որ Դատարանը ճանաչել է, որ այն գործողությունները, որ պետությունն իրականացնում է իր ազգային սահմաններում, որոնք ազդեցություն են թողնում այն տարածքի վրա, որի վրա պետությունը վերահսկողություն կամ իշխանություն չի իրականացնում, կարող է առաջացնել այդ պետության իրավազորությունը՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Երբ պետության կողմից իր տարածքից դուրս ուժի կիրառումը խախտում է մարդու կյանքի իրավունքը, հատկապես, երբ այդ անձը գտնվում է Կոնվենցիայով կարգավորվող տարածքում, Դատարանը կարող է իրավազորությունը որոշել 1-ին հոդվածի համաձայն՝ կիրառելով «անմիջական եւ կանխատեսելի ազդեցությունների» թեստ։ Ըստ ներգրավված կողմերի՝ նման թեստի կիրառումը կապահովի, որ Դատարանը կատարի Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորություններն այնպես, որ համահունչ լինի արտատարածքային իրավազորության վերաբերյալ իր նախադեպային իրավունքին եւ ավելի լայնորեն՝ մարդու իրավունքների միջազգային իրավունքին:
Բ. Դատարանի գնահատականը
24. Դատարանն ի սկզբանե նշում է, որ գործում Կոնվենցիայի 1-ին հոդվածով ներկայացվել է խնդիր՝ դիմումատուի բողոքների հիմքը կազմող զինված հակամարտության միջադեպերի մասով պատասխանող պետության իրավազորության վերաբերյալ։ Այդ դրույթն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի I բաժնում»:
25. 1-ին հոդվածում նշված «իրավազորությունը» սահմանային չափանիշ է։ Իրավասության իրականացումը Պայմանավորվող պետության համար անհրաժեշտ պայման է, որպեսզի հնարավոր լինի նրան պատասխանատվության ենթարկել այն վերագրվող գործողությունների կամ անգործության համար, որոնք հանգեցնում են Կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների խախտման հետ կապված մեղադրանքի առաջադրմանը։ Չնայած պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորությունն ի սկզբանե կրում է տարածքային բնույթ, Դատարանը ճանաչել է մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ, որ Պայմանավորվող պետությունն իրականացնի իրավազորությունն իր իսկ տարածքային սահմաններից դուրս։ Յուրաքանչյուր դեպքում այն հարցը, թե արդյոք առկա են բացառիկ հանգամանքներ, որոնցով պահանջվում եւ հիմնավորվում է Դատարանի այն եզրակացությունը, որ պետությունն իրականացնում է արտատարածքային իրավազորություն, պետք է լուծվի՝ հղում կատարելով կոնկրետ փաստերին (տե՛ս, օրինակ, Կատանը եւ այլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության եւ Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. the Republic of Moldova and Russia [GC]], թիվ 43370/04 եւ եւս 2-ը, § 103-105, 2012 թվականի հոկտեմբերի 19, եւ վերեւում հիշատակված՝ Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի, § 168, հաջորդող հղումների հետ միասին)։
26. Արտատարածքային իրավազորության առնչությամբ Դատարանի կողմից սահմանված երկու հիմնական չափորոշիչներն են պետության կողմից տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» իրականացումը (իրավազորության տարածական մոտեցում) եւ «պետական իշխանական գործառույթների եւ վերահսկողության իրականացումը» անհատների նկատմամբ (իրավազորության անձնական մոտեցում) (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Ալ Սկեինին եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Al ‑Skeini and Others v. the United Kingdom [GC]], թիվ 55721/07, §§ 133-140, ՄԻԵԴ 2011, Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) [ՄՊ] [Georgia v. Russia (II) [GC]], թիվ 38263/08, §§ 113-144, 2021 թվականի հունվարի 21, եւ Ուկրաինան եւ Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [ՄՊ] [Ukraine and the Netherlands v. Russia (dec.) [GC]], թիվ 8019/16, 43800/14 եւ 28525/20, §§ 556-558, 2022 թվականի նոյեմբերի 30):
27. Չիրագովը եւ այլք գործով (վերեւում հիշատակված, §§ 169 ‑186) Դատարանը հաստատված է համարել այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից Հայաստանի Հանրապետությունը նշանակալի եւ վճռորոշ ազդեցություն է ունեցել «ԼՂՀ»-ի վրա, ինչպես նաեւ որ երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված էին գրեթե բոլոր կարեւոր հարցերում, եւ որ այս իրավիճակը շարունակվում էր։ Այլ կերպ ասած՝ «ԼՂՀ»-ն եւ դրա վարչակազմը պահպանում էին իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն էր իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ: Այս եզրակացությունն ավելի ուշ վերահաստատվել է Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործում [Muradyan v. Armenia] (թիվ 11275/07, § 126, 2016 թվականի նոյեմբերի 24)։
28. Սույն գործում Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի ենթադրյալ խախտումը կատարվել է «Քառօրյա պատերազմի» ժամանակ, այսինքն՝ ռազմական բախումների ժամանակ, որոնք տեղի են ունեցել «ԼՂՀ»-ի եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծին մոտ՝ սկսած 2016 թվականի ապրիլի 1-2-ի գիշերից մինչեւ 2016 թվականի ապրիլի 5-ը։ Պետք է որոշվի, թե արդյոք կարելի է համարել, որ դիտարկվող միջազգային զինված հակամարտության հանգամանքները, մասնավորապես՝ «ԼՂՀ»-ի եւ Ադրբեջանի շփման գծի սահմաններից դուրս գտնվող տարածքում դիմումատուի կողմից ենթադրաբար կրած հետեւանքները Հայաստանի արտատարածքային իրավազորության շրջանակում էին։
29. Ինչպես նշել է Դատարանը Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործում (վերեւում հիշատակված, § 126), ռազմական գործողությունների դեպքում, այդ թվում, օրինակ, զինված հարձակումների, ռմբակոծության կամ հրետակոծությունների դեպքում, որոնք իրականացվել են միջազգային զինված հակամարտության ժամանակ, հնարավոր չէ ընդհանրացված ձեւով խոսել տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» մասին։ Քաոսային իրավիճակում տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձեր կատարող հակառակորդ ռազմական ուժերի զինված բախումների եւ պայքարի առկայությունն ինքնին նշանակում է, որ տարածքի նկատմամբ գոյություն չունի վերահսկողություն։ Սակայն գոյություն ունեն որոշակի բացառություններ, եւ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II) գործով վճիռը չի կարող դիտարկվել որպես միջազգային զինված հակամարտության կոնկրետ ժամանակավոր փուլը պետության՝ 1-ին հոդվածով սահմանված իրավազորության շրջանակից ամբողջությամբ դուրս թողնելու հիմք (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ուկրաինան եւ Նիդեռլանդներն ընդդեմ Ռուսաստանի (որոշում), § 558)։
30. Սույն գործը վերաբերում է չորս օր շարունակ շփման գծի երկու կողմերից քաղաքների եւ գյուղերի ուժգին հրետակոծությանը, որի հետեւանքով շատերն են մահացել, վիրավորում ստացել եւ ժամանակավորապես դարձել անօթեւան, ինչպես նաեւ զգալի վնաս է պատճառվել երկու կողմերի գույքին եւ ենթակառուցվածքներին։ Այսպիսի հանգամանքներում եւ հակառակը պնդող որեւէ ապացույցի բացակայության պայմաններում այս իրավիճակը չէր ենթադրում տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողություն»։
31. Հետեւաբար պետք է որոշվի, թե արդյոք առկա է եղել «պետական իշխանական գործառույթների եւ վերահսկողության իրականացում» անհատների նկատմամբ (ենթադրյալ խախտումների անմիջական տուժողներ)՝ Դատարանի նախադեպային իրավունքին համապատասխան։ Ավելի վաղ քննված գործերում այդպիսի իշխանական գործառույթները եւ վերահսկողությունը սահմանվել են այնպիսի հանգամանքներում, որոնց դեպքում առկա է եղել ֆիզիկական ուժի գործադրում եւ վերահսկողության իրականացում տվյալ անձանց նկատմամբ, կամ երբ առկա է եղել մոտ լինելու տարրը (վերեւում հիշատակված՝ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II), §§ 130-132, հաջորդող հղումների հետ միասին)։
32. Սակայն սույն գործով քննության առարկա հանդիսացող թշնամանքի ակտիվ փուլը միանգամայն տարբեր էր, քանի որ այն ներառել է շփման գծի երկու կողմերի զինված ուժերի կողմից ռմբակոծություն եւ հրետակոծություն՝ փորձելով պարտության մատնել հակառակորդի ուժերին եւ գրավել տարածքը։ Գործի փաստական տարրերում արտացոլված չէ տվյալ անհատների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ նրանց մոտ լինելու որեւէ դեպք։ Այսպիսի հանգամանքներում հնարավոր չէ ասել, որ առկա է եղել «պետական իշխանական գործառույթների եւ վերահսկողության իրականացում» անհատների նկատմամբ այն իրադարձությունների առնչությամբ, որոնց վերաբերյալ դիմումատուն ներկայացրել է բողոքներ։
33. Որպես ամփոփում՝ Դատարանը գտնում է, որ ռազմական գործողությունները եւ սույն գործով դիտարկվող դրա հետեւանքները Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակում չէին Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով՝ տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» առումով կամ անհատների նկատմամբ «պետական իշխանական գործառույթների եւ վերահսկողության իրականացման» առումով։ Հետեւաբար դիմումատուի բոլոր բողոքները պետք է հայտարարվեն անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետ «ա» ենթակետին եւ 4-րդ կետին համապատասխան։
Այս հիմնավորմամբ Դատարանը ձայների մեծամասնությամբ՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի հոկտեմբերի 5-ին։
Վիկտոր Սոլովեյչիկ
Քարտուղար
Գեորգես Ռավարանի
Նախագահ