ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
1959* 50*2009
ԱՌԱՋԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ՈՐՈՇՈՒՄ
Յոհաննա Ափփել-Իրգանգը և մյուսներն ընդդեմ Գերմանիայի ներկայացրած
Թիվ 45216/07 հայցադիմումի
ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /հինգերորդ ստորաբաժանում/` 2009թ. հոկտեմբերի 6-ին նիստ գումարելով որպես պալատ և կազմված`
նախագահ Փիր Լորենցենից, դատավորներ Ռենատե Յեգերից, Կարել Յունգվիրտից, Ռայթ Մարուստեից, Իզաբել Բերրո-Լեֆևրից, Միրյանա Լազարովա Տրայկովսկայից, Զդրավկա Կալայջիևայից և ստորաբաժանման քարտուղար Կլաուդիա Վեստերդեյկից,
հաշվի առնելով 2007թ. հոկտեմբերի 11-ին ներկայացված վերը նշված հայցադիմումը,
քննարկելուց հետո որոշեց հետևյալը`
ՓԱՍՏԵՐԸ
Դիմողները` օրիորդ Յոհաննա Ափփել-Իրգանգը և նրա ծնողները` տկն. Կերստին Ափփելը և պրն. Ռոնալդ Իրգանգը Գերմանիայի քաղաքացիներ են` ծնված համապատասխանաբար 1993թ., 1956թ. և 1954թ., բնակվում են Բեռլինում: Դատարանում նրանց ներկայացնում էին Բեռլինում փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Ռեյմար ֆոն Վեդելը և պրն. Հասսո ֆոն Վեդելը:
Ա. Գործի հանգամանքները
Դիմողների ներկայացրած գործի հանգամանքները կարելի է ամփոփել հետևյալ ձևով`
Գործի նախապատմությունը
2006թ. մարտի 30-ին Բեռլինի Բունդեսթագն ընդունեց 2004թ. հունվարի 26-ի Դպրոցի մասին օրենքի փոփոխության վերաբերյալ առաջին օրենքը (Erstes Gesetz zur Änderung des Schulgesetzes): Փոփոխությունների նոր օրենքի 1-ին բաժնում նախատեսված էր 12-րդ բաժնում նոր` 6-րդ կետի ներառումը, որն ուներ հետևյալ ձևակերպումը`
“Պետական դպրոցների 7-10-րդ դասարաններում բարոյագիտությունը պետք է լինի բոլոր աշակերտներին դասավանդվող ստանդարտ առարկա: Բարոյագիտության դասերի նպատակը պետք է լինի աշակերտների ձգտման ու կարողությունների խթանումը` անկախ նրանց մշակութային, էթնիկական, կրոնական կամ գաղափարական ծագումից, կառուցողական ձևով անձի կյանքի և սոցիալական գոյակցության մշակութային և բարոյագիտական հիմնարար խնդիրների, տարբեր արժեքային համակարգերի և կյանքի վերաբերյալ բացատրությունների վերհանումը: Այդպիսով աշակերտները ձեռք կբերեն ինքնուրույն ու պատասխանատու կյանք վարելու հիմքերը, կզարգացնեն սոցիալապես փոխգործակցելու կարողություններ և հակում միջմշակութային երկխոսության ու բարոյագիտական խորաթափանցության նկատմամբ: Այդ նպատակով պետք է գիտելիքներ հաղորդել փիլիսոփայության, կրոնական և փիլիսոփայական բարոյագիտության, տարբեր մշակույթների և կենսաձևերի, հիմնական համաշխարհային կրոնների և կենսաձևի հարցերի վերաբերյալ: Բարոյագիտության ուսուցումը պետք է հիմնված լինի հիմնական օրենքում, Բեռլինի սահմանադրության մեջ և Դպրոցի մասին օրենքի 1-ին ու 3-րդ կետերում ուսուցման ու կրթության առաքելության մասին ձևակերպման մեջ տեղ գտած բարոյագիտության ընդհանուր սկզբունքների վրա: Բարոյագիտության դասերը պետք է ուսուցանվեն փիլիսոփայական ու կրոնական առումով չեզոք ձևով: Դպրոցները պետք է որոշ առարկաներ նախատեսեն համայնքների հետ համագործակցությամբ` դասեր մտցնել կրոնական ու փիլիսոփայական տեսակետների վերաբերյալ: Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում, թե գործնականում ինչպես պետք է տեղի ունենա այդ համագործակցությունը: Դպրոցներն աշակերտների ծնողներին և խնամակալներին ժամանակին ու պատշաճ կերպով պետք է տեղեկացնեն բարոյագիտության դասերի նպատակի, բովանդակության և ձևաչափի մասին”:
2006թ. ապրիլին դիմողները, ովքեր բողոքականներ են, Դաշնային սահմանադրական դատարան սահմանադրական բողոք (no. 1 BvR 1017/06) ներկայացրեցին ընդդեմ օրենքի: 2006թ. հուլիսի 14-ի որոշման մեջ Դաշնային սահմանադրական դատարանի երեք դատավորից կազմված խումբը իրավական պաշտպանության միջոցները չսպառելու պատճառով բողոքը հայտարարեց անընդունելի` այն հիմքով, որ դիմողներն սկզբից պետք է դիմած լինեին դպրոցի ղեկավարությանը, որպեսզի նրանք Դպրոցի մասին օրենքի 46/5/ բաժնից հանեին 1-ին նախադասությունը /տես “համապատասխան ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան”/ և հարկ եղած դեպքում իրենց գործը տանեին վարչական դատարաններ:
2006թ. հուլիսի 20-ին դիմողները դպրոցին խնդրեցին առաջին դիմողին բարոյագիտության դասերից ազատել:
2006թ. հուլիսի 29-ին նրանք շտապ հայցադիմում ներկայացրեցին Բեռլինի վարչական դատարան խնդրանքով` դասերից նախնական ազատել մինչև հիմնական դատաքննության ժամանակ հիմնական որոշման ընդունումը:
2006թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտավ 2006թ. մարտի 30-ի օրենքը:
Վարչական դատարանների որոշումները
2006թ. օգոստոսի 21-ի որոշմամբ վարչական դատարանը մերժեց դիմողի խնդրանքը: Դրանում նշված էր, որ թեպետ Դպրոցի մասին օրենքի /տես համապատասխան ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան/ 46 /5/ բաժնի 1-ին նախադասությունը չէր բացառում դասերից լիակատար ազատման հնարավորություն տալը` դիմողներն այդ դրույթի իմաստով կարևոր պատճառ չէին ներկայացրել, որով արդարացնեին այդ ազատումը: Ապա նշվում էր, որ հիմնական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետը թույլ էր տալիս Բեռլինի երկրամասին մտցնել բարոյագիտության ուսուցում, որի նպատակն էր բոլոր աշակերտներին սովորեցնել այնպիսի վարքագիծ, որը կլիներ պատասխանատու և արժեքների վրա հիմնված, այնպես, ինչպես շարադրված է Դպրոցի մասին օրենքի 12/6/ բաժնում: Դպրոցի նպատակը ոչ թե զուտ գիտելիքներ հաղորդելն է, այլ նաև աշակերտներին կրթելը, որպեսզի նրանք դառնան հասարակության պատասխանատու անդամներ: Վարչական դատարանը նաև գտավ, որ բարոյագիտության ուսումնական ծրագիրը չեզոք է և չի խրախուսում մեկ համոզմունք, կրոն կամ հավատ, որն ավելի օրինական է և կարևոր, քան մեկ ուրիշը: Դպրոցի մասին օրենքի 12/6/ բաժնում նախատեսված էր դասավանդել զանազան գաղափարներ ու բարոյագիտական տեսակետներ: Դա համապատասխանում էր հիմնական օրենքում ամրագրված սկզբունքներին, որը հիմնված չէր կոնկրետ բարոյագիտական չափանիշի վրա, այլ քարոզում էր կրոնական ու փիլիսոփայական տեսակետների բազմակարծության հրապարակայնություն և ամրագրում մարդու տեսլականը` հիմնված մարդկային արժանապատվության և անհատի ինքնուրույն ու պատասխանատու զարգացման գաղափարի վրա: Վարչական դատարանն ավելացրեց, որ որևէ ապացույց չկա այն մասին, որ գործնականում դպրոցի ղեկավարությունը չի պաշտպանում կրոնի և կարծիքներ հայտնելու նկատմամբ պետության չեզոքությունը: Ավելին, գործնականում բարոյագիտության դասերի անցկացման ձևը դատաքննության առարկա չէր:
2006թ. նոյեմբերի 23-ի որոշման մեջ Բեռլինի վերաքննիչ վարչական դատարանը պաշտպանեց վարչական դատարանի եզրակացությունները: Այն հաստատեց, որ բարոյագիտության դասերը սահմանափակված էին կրոնական առարկաների ուսուցմամբ, և դա արվում էր չեզոք ձևով: Դասերի ժամանակ բարձրացվող հարցերը` մարդասիրություն, ժողովրդավարություն և ազատություն, լրացվում էին այլ թեմաներով` հանդուրժողականություն, հարգանք ուրիշի հավատի նկատմամբ, պատասխանատվություն բնական պաշարների պահպանման համար և հակամարտությունները բռությամբ լուծելու կանխարգելում, որոնք համահունչ էին հիմնական օրենքի բարոյագիտական չափանիշներին: Այդ դասերը սահմանադրական իրավունքի համաձայն որևէ խնդիր չէին հարուցում: Ավելին, որևէ ապացույց չկար այն մասին, որ գործնականում բարոյագիտություն դասավանդելը դասընթացից շեղում էր:
Արձագանքելով պետական դպրոցների դասասենյակներում խաչելությունների ցուցադրման դեմ Դաշնային սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը դիմողների կողմից վկայակոչելուն` վերաքննիչ վարչական դատարանը որոշեց, որ առաջին դիմողը համեմատելի իրավիճակում չէ: Դիմողները բողոքում էին դասերին մասնակցելու պարտավորությունից, որոնք “կրոնի մասին չէին ու, այդպիսով, աշխարհիկ բնույթ ունեին”: Հետևաբար, ըստ սահմանման, կրոնի` իրենց ազատության որևէ միջամտություն չի կարող լինել, որն ավելին, երաշխավորված է դպրոցում կրոնակրթական դասերի հաճախելու հնարավորությամբ, որոնց ժամանակ դասավանդվում են քրիստոնեական հավատի բարոյագիտական արժեքները: Դիմողների հայցն այն մասին, որ բարոյագիտության դասը հակակղերական է և հակակրոնական, ամբողջապես անհիմն էր: Բացի այդ, հղում անելով
“մասոնական գաղափարախոսությանը”` դիմողները կարծես թե բարոյագիտության դասը շփոթում էին հումանիզմի դասի հետ (Humanistische Lebenskunde), որը փիլիսոփայական հավատի դաս էր, որը կրոնակրթական դասերի նման ֆակուլտատիվ էր և, որպես այդպիսին, չէր կարող համեմատվել բարոյագիտության դասի հետ:
Ինչ վերաբերում է այդ դասից ազատվելու անհնարինությանը` վերաքննիչ վարչական դատարանը որոշեց, որ կրոնակրթական դասի և բարոյագիտության դասի միջև ընտրություն կատարելու ենթադրյալ իրավունքը գոյություն չունի և իրավական որևէ հիմք չունի: Թեպետ սահմանադրական իրավունքի հիման վրա կարող էր հնարավոր լինել բարոյագիտության դասն ընկալել որպես փոխարինող առարկա կրոնական-կրթական դասերի չհաճախող աշակերտների համար, որևէ բան չկար կանխարգելելու համար Բեռլինի օրենսդիր մարմնին` բարոյագիտության դասերը բոլոր աշակերտների համար պարտադիր դարձնելու համար:
Դաշնային սահմանադրական դատարանի որոշումը
2007թ. մարտի 15-ի որոշմամբ, որը դիմողներրի ներկայացուցիչներին հանձնվեց 2007թ. ապրիլի 19-ին, Դաշնային սահմանադրական դատարանի երեք դատավորից կազմված նույն խումբը մերժեց դիմողների երկրորդ սահմանադրական բողոքը (no. 1 BvR 2780/06):
Առաջինը, այնտեղ նշված էր, որ բողոքն անընդունելի է, չնայած այն փաստին, որ այն որոշումները, որի դեմ գանգատ էին ներկայացրել, ընդունվել էին միայն անհետաձգելի վարույթների համատեքստում: Այդ կապակցությամբ դրանում նշված էր, որ վարչական դատարաններն ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել էին դիմողների բարձրացրած հարցերը, ուստի հավանական չէր, որ հիմնական դատաքննության ավարտին գործի էության մասին տարբեր փաստեր ապացուցեին կամ տարբեր եզրակացություններ անեին:
Քննելով սահմանադրական բողոքի էությունը` Դաշնային սահմանադրական դատարանը գտավ, որ բարոյագիտության պարտադիր դասերի ներմուծումն առանց դրանց չհաճախելու հնարավորության չէր խախտում ոչ հիմնական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված` առաջին դիմողի կրոնի ազատության իրավունքը, ոչ էլ իրենց երեխաներին հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքների համաձայն իրենց երեխաներին դաստիարակելու երկրորդ ու երրորդ դիմողների իրավունքը: Բարոյագիտության դասերին հաճախելու պարտականությունը չէր կարող մեկնաբանվել որպես աշակերտների ու նրանց ծնողների վրա անհարկի ճնշման գործադրում` փորձ անելով նրանց տարհամոզել հաճախել կրոնակրթական դասերին: Կրոնակրթական դասերին հաճախող աշակերտի դասացուցակի ժամերի քանակը, անշուշտ, ավելին էր, քան այն աշակերտինը, ով նախընտրել էր դրանց չմասնակցել, սակայն ոչ շատ: Այդ լրացուցիչ ժամերը դպրոցներում սովորական և լայն տարածում գտած պրակտիկա էին, որտեղ աշակերտները գրանցվում էին ֆակուլտատիվ առարկաների համար և գոյություն ուներ անկախ այն հարցից, թե արդյոք բարոյագիտության դասը պարտադիր առարկա էր, թե ոչ:
Դաշնային սահմանադրական դատարանը նշել էր, որ առաջին դիմողին չէին պարտադրում հաճախել դասի, որի ծրագիրը դեմ էր նրա սեփական համոզմունքներին: Հիմնական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ դրույթներում ամրագրված հիմնարար իրավունքները ենթակա չէին իրավական որևէ սահմանափակման. դրանք սահմանափակված էին հենց Սահմանադրությամբ` այս դեպքում հիմնական օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետով, որը պետությանն օժտում էր աշակերտներին կրթելու պարտականությամբ: Այդ պարտականությունը պետությանն իրավունք էր տալիս ծնողներից անկախ հետամուտ լինել իր սեփական կրթական նպատակներին` միաժամանակ նրանց կրթական ցանկությունների ու գաղափարների նկատմամբ պահպանելով չեզոք և հանդուրժողական վերաբերմունք: Իշխանությունների կողմից չկար ոչ հրահանգավորում, ոչ էլ որևէ հստակ կամ անուղղակի ցուցում կոնկրետ հավատի վերաբերյալ, որը կարող էր վարկաբեկել հասարակության մեջ կրոնական ներդաշնակությունը: Շահերի բախման դեպքում երեխայի` կրոնի ազատության իրավունքը և ծնողների` իրենց երեխաների կրթության ընտրության իրավունքը պետք է հակակշռվեն պետության կրթական պարտականության պահանջների նկատմամբ: Հանդուրժողականության որոնման հարցում օրենսդիր մարմնի պարտականությունն էր հավասարակշռել այն լարվածությունը, որն անխուսափելիորեն առաջանում էր պետական դպրոցում, ուր հաճախում էին տարբեր համոզմունքներ ու տեսակետներ ունեցող երեխաներ: Հետևաբար բարոյագիտության դասը, որը ուսուցանվում էր բացառապես որևէ կոնկրետ հավատի համոզմունքների տեսանկյունից, օրինական չէր լինի: Օրինական չէր լինի նաև հասարակության մեջ պաշտպանվող բարոյական, բարոյագիտական կամ կրոնական տեսակետների համաձայն աշակերտների մեկուսացումը: Ազատական ու ժողովրդավարական պետության մեջ պետական դպրոցի համար նախապայման էր գաղափարների ու տեսակետների բազմակարծության համար բաց լինելը: Պետությունն իր իրավունքների սահմաններում պետք է փորձեր կանխել կրոնական կամ փիլիսոփայական պատճառներով առանձնացված համայնքների զարգացումը և խթաներ փոքրամասնությունների ինտեգրումը: Այդ հարցի վերաբերյալ Դաշնային սահմանադրական դատարանը մատնանշում էր, որ ինտեգրումը ձեռք չի բերվել սոսկ այն բանի շնորհիվ, որ կրոնական կամ փիլիսոփայական մեծամասնությունը ձեռնպահ մնար փոքրամասնությանը բացառելուց, այլ նաև պահանջվում էր, որ մեծամասնությունը չմերժի երկխոսել տարբեր հավատներ ու կարծիքներ ունեցող անձանց հետ: Պետական կրթության պարտականություններից մեկը կարող է լինել գործնականում հանդուրժողականության ոգով այդ գոյակցության ուսուցանումն ու փորձը: Հանդուրժողական վերաբերմունք ունենալու և երկխոսության մեջ մտնելու պատրաստակամության` աշակերտի ունակությունը ժողովրդավարական կյանքին մասնակցելու և փիլիսոփայական տարբեր հավատների ու համոզմունքների նկատմամբ փոխադարձ հարգանք ունեցող հասարակությունում գոյակցելու համար հիմնարար պահանջներից մեկն էր:
Դաշնային սահմանադրական դատարանը գտավ, որ, հետևաբար, աշակերտները և նրանց ծնողները չէին կարող պահանջել, որ դասերի ժամանակ երեխաները չենթարկվեն իրենց համոզմունքներից ու կարծիքներից տարբեր համոզմունքների ու կարծիքների: Հասարակության մեջ, որտեղ տեղ է տրվում յուրաքանչյուր հավատի, այդ իրավունքը չի կարող եզրակացվել հիմնական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետից: Ուստի դպրոցը չի կարող քննադատվել կենսաբանության դասերի ժամանակ էվոլյուցիայի տեսությունն ուսուցանելու, արարման մասին պատմությունը միայն կրոնակրթական դասերի ժամանակ բարձրացնելու կամ սեռական դաստիարակության դասերի ժամանակ հակաբեղմնավորման և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին տեղեկություններ տալու համար, նույնիսկ եթե այդ գաղափարները հակառակ են կրոնական որոշ համայնքների հիմնարար սկզբունքներին: Այն փաստը, որ Բեռլինի օրենսդիր մարմինը որոշել էր խտացնել հասարակության մեջ գոյակցության հիմնարար արժեքների ուսուցումը և տարբեր կրոնական ու փիլիսոփայական կարծիքների ներկայացումը մեկ դասի մեջ կարող է միայն խախտել երեխաների ու ծնողների հիմնարար իրավունքները, եթե պետությունը չի կատարում բարոյագիտության դասի ծրագրավորման ու դասավանդման ժամանակ չեզոք լինելու իր պարտականությունը:
Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկին, որ այդ դասերից ազատվելու անհնարինությունը հակառակ է համամասնության սկզբունքին, Դաշնային սահմանադրական դատարանը գտավ, որ Բեռլինի օրենսդիր մարմինն իր իրավունքների շրջանակներում էր իր դաստիարակչական պարտականությանը հետամուտ լինելու ժամանակ ընդհանուր կրթական ծրագրի միջոցով բոլոր աշակերտներին ընդհանուր արժեքներ հաղորդել: Անկախ այն բանից` նրանք կրոնական կամ փիլիսոփայական տեսակետի հարում են, թե ոչ, նույնպես պետք է ցուցադրվի: Նկատի ունենալով գործնական հատուկ հանգամանքները և Բեռլինում հասարակության մեջ կրոնական կողմնորոշումը` օրենսդիր մարմինը հիմնավորված կերպով կարող էր համարել, որ նախատեսված օրենսդրական նպատակներին` հասարակությանն աշակերտների ինտեգրմանը և հանդուրժողականության ոգու խթանմանը, առավել լավ կարելի է հասնել միասնական, բարոյագիտության ընդհանուր դասի միջոցով, որը պարտադիր է բոլոր աշակերտների համար, քան նրանց առանձին կրոնակրթական դասերի համար գրանցելով, այլ դասերի ընթացքում արժեքների մասին հարցեր քննելով կամ աշակերտներին թույլ տալով ազատվել բարոյագիտության դասերից:
Դաշնային սահմանադրական դատարանը գտավ, որ որևէ ապացույց չկա այն մասին, որ բարոյագիտության դասերը չեզոք չեն: Դպրոցական օրենքի 12/6/ բաժնի վեցերորդ նախադասության մեջ հստակ կերպով նախատեսված է, որ բարոյագիտությունը դասավանդվելու է կրոնական ու գաղափարական չեզոքության` պետության պարտավորության համաձայն: Դասընթացի համառոտ բովանդակության մեջ ներառված է այս պահանջը` պայմանով, որ թեպետ ուսուցիչներից ակնկալվում է, որ նրանք ունենան դասերի ժամանակ բարձրացվող բարոյագիտական հարցերի վերաբերյալ իրենց սեփական տեսակետները և դրանք աշակերտներին բացատրեն վստահելի ձևով, նրանց չի թույլատրվում անհարկի կերպով ազդել աշակերտների վրա: Նույն կերպ դասընթացի բովանդակության մեջ հղում էր արվում բարոյականության հիմնարար նորմերին: Այդպիսով աշակերտներից պահանջվում էր հասկանալ, որ հիմնական օրենքում կամ Բեռլինի սահմանադրության մեջ թվարկված հիմնարար իրավունքները, ի թիվս այլ աղբյուրների, քաղաքացիական գոյակցության անհրաժեշտ հիմքն են: Եվ, վերջապես, բարոյագիտության դասերն աշաակերտներին ուսուցանում էին այն հիմնական արժեքներն ու գաղափարները, որոնք ձևավորել էին արևմտյան մշակույթը, մասնավորապես լուսավորիչները և հումանիզմը: Դրա նպատակն աշակերտների շրջանում այն գաղափարների քննարկումն ու դեբատներն էին, որոնք տարածում էին փիլիսոփայություն, մշակույթ, կրոն և գաղափարական տեսակետներ: Դաշնային սահմանադրական դատարանը եզրակացրեց, որ բարոյագիտության դասերը համապատասխանում են տարբեր համոզմունքների, կրոնների և փիլիսոփայությունների նկատմամբ չեզոքության և բաց լինելու` պետության պարտավորությանը: Որևէ ապացույց չկար այն մասին, որ գործնականում բարոյագիտության դասերը չեն համապատասխանում օրենքին կամ դասընթացի համառոտ բովանդակությանը:
Դիմողները հղում էին անում Բրանդենբուրգի երկրամասում բարոյագիտության դասեր ներմուծելու դեմ սահմանադրական բողոքի համատեքստում Դաշնային սահմանադրական դատարանի առաջարկած դատական կարգավորմանը, որով առաջարկվել էր դասերից ազատվելու հնարավորությունը: Դրա վերաբերյալ Սահմանադրական դատարանը նկատում էր, որ կարգավորումն ընդունելով` կողմերը բողոքը նպատակից զուրկ են դարձնում, հետևաբար հարկ չկար գործի էության վերաբերյալ դատական որոշում կայացնել:
2009թ. ապրիլի 26-ին կրոնակրթական դասերի և հավասար կարևորության բարոյագիտության պետական պարտադիր դասերի վերաբերյալ անցկացվեց հանրաքվե: Հանրաքվեին մասնակցեց գրանցված ընտրողների մոտավորապես 29 տոկոսը, կողմ էր միայն 48,4 տոկոսը, որը` հաշվի առնելով մասնակցության ցածր աստիճանը, բացարձակ առումով բավականաչափ բարձր թիվ չէր իրավական նվազագույնին հասնելու համար /գրանցված բոլոր ընտրողների մեկ քառորդը/, որպեսզի առաջարկված օրենքն անցներ:
Հանրաքվեի ժամանակ հրապարակված Բեռլինի կառավարության կարծիքում նշված էր, որ Բեռլինի 3,400,000 բնակիչների մեկ երրորդը հայտարարում էր, որ իրենք պատկանում են 250 կրոնական կամ փիլիսոփայական համայնքներից մեկին կամ ավելիին, իսկ Բեռլինի աշակերտների կեսը ներգաղթյալների ընտանիքներից էին:
Բ. Համապատասխան ներպետական օրենքը և պրակտիկան
Հիմնական օրենքը
Հիմնական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետում երաշխավորված են հավատի ու խղճի ազատությունը և կրոններ կամ փիլիսոփայական հավատներ դավանելու ազատությունը: 6-րդ հոդվածի 2-րդ կետում երաշխավորված է իրենց երեխաներին մեծացնելու և դաստիարակելու` ծնողների բնական իրավունքը: 7-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված է, որ դպրոցական ամբողջ համակարգը պետք է լինի պետության վերահսկողության ներքո: 7-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված է, որ ծնողները և խնամակալները պետք է իրավունք ունենան որոշելու, թե արդյոք երեխաները պետք է կրոնական կրթություն ստանան:
Դպրոցի մասին օրենքը
2004թ. հունվարի 26-ի Բեռլինի Դպրոցի մասին օրենքի 13-րդ բաժնում, ի թիվս այլ բաների, նախատեսված է. որ /ֆակուլտատիվ/ կրոնական կամ փիլիսոփայական կրթությունը պետք է տան կրոնական համայնքները և այն համայնքները, որոնք մի քանի պայմաններով խթանում են այլ հավատները, այդ թվում այն, որ դրանք չեն հակասում օրենքին, տևական բնույթ ունեն և նպատակ ունեն հաղորդելու կրոնական կամ փիլիսոփայական հավատի վերաբերյալ ընդարձակ տեղեկատվություն: Այդ համայնքներից պահանջվում է ապահովել, որպեսզի կրոնակրթական և փիլիսոփայության դասերը դասավանդվեն ուսուցանվող ցանկացած առարկայի նկատմամբ կիրառվող ընդհանուր կանոնների համաձայն: Մինչև երեխայի տասնչորս տարին լրանալը ծնողներն ու խնամակալները պետք է որոշեն` արդյոք նրանք հաճախելու են այդ դասերին: Դպրոցներից պահանջվում է աշակերտների ժամանակացույցից շաբաթական երկու ժամ տրամադրել այդ դասերին և այդ նպատակով ապահովել դասասենյակներ: Այն աշակերտները, ովքեր չեն հաճախում կրոնակրթական դասերին, ազատ են դուրս գալու դպրոցի շենքից:
46/5/ բաժնում, ի թիվս այլ բաների, նախատեսված է աշակերտին մասնակիորեն կամ ամբողջովին դպրոցական ծրագրի առարկայից ազատելը, եթե դրա համար կարևոր պատճառ կա:
Դասընթացի համառոտ բովանդակությունը
Միջնակարգ կրթության դասընթացի համառոտ բովանդակությունը, որը վերաբերում է 7-ից 10-րդ դասարանների համար “բարոյագիտություն” դասին և մշակված է Բեռլինի կրթության, երիտասարդության և սպորտի նախարարության կողմից 2006-2007թթ. համար, մանրամասն շարադրված է 2.2 բաժնում /բարոյագիտության դասի հիմքերն ու նպատակները/`
Կրոնները և գաղափարական չեզոքությունը
“Բարոյագիտության դասի ուսուցումը կրոնական ու գաղափարական տեսակետից պետք է չեզոք լինի: Արգելվում է առարկան հատուկ դիրքորոշման տեսանկյունից կամ հրահանգավորման ձևով ներկայացնելը, սակայն արժեքների առումով դասընթացը չպետք է չեզոք լինի: Երիտասարդները պետք է դաստիարակվեն մարդասիրության, ժողովրդավարության և ազատության ոգով: Հանդուրժողականությունն ու ուրիշների համոզմունքների նկատմամբ հարգանքն այդ կրթության մի մասն են, ինչպիսին են բնական պաշարների պահպանության ու բռնությամբ հակամարտությունների կարգավորման կանխարգելման համար պատասխանատվությունը: Այն, ինչ իրականում հակասական է, պետք է դասարանում մեկնաբանվի որպես հակասություն: Ուսուցչից ակնկալվում է իր սեփական տեսակետներն ունենալ դասարանում բարձրացվող հարցերի ու արժեքների բախման վերաբերյալ, նա պետք է դրանք աշակերտներին բացատրի վստահելի ձևով: Ակնհայտ է, որ նա աշակերտների վրա անհարկի ազդեցություն չպետք է ունենա”:
Դասընթացի 5-րդ գլխում թվարկված է հինգ թեմա, որոնք պետք է բարձրացվեն բարոյագիտության դասերի ժամանակ` “ինքնություն, ընկերություն և երջանկություն”, “ազատություն, բռնություն և հանդուրժողականություն”, “հավասարություն, իրավունք և արդարություն”, “մեղք, պարտականություն և խիղճ”, “գիտելիքներ, հույս և հավատ”: Դասընթացի նկարագրում առաջարկվում է յուրաքանչյուր թեմային մոտենալ երեք տարբեր տեսանկյուններից` անհատական, հասարակական և գաղափարների պատմության տեսանկյունից: Այսպես, առաջին թեմայի վերաբերյալ նկարագրում, ի թիվս այլ բաների, առաջարկվում է ընկերության արիստոտելյան երեք տեսակ, եղբայրության գաղափարը և հավատի ընդհանրությունը: Երկրորդ թեման ներառում է պատասխանատվության և համոզմունքի բարոյականությունը, ինքնավարությունը և մեծամասնությունը, հարևանին սիրելու կրոնական պատվիրանը: Երրորդ թեմայի մեջ մտնում են սոցիալական դարվինիզմը, մշակութային ինքնությունը, համաշխարհային կրոնների ոգով թշնամուն սիրելու ձևերը, հանդուրժողականությունը և պլատոնական սերը: Չորրորդ թեմայի համար առաջարկվում է հետևյալը` անտրոպոլոգիայի հիմքերը և մարդկանց միջև հավասարության ու անհավասարության էթիկան, իրավունքն ու բարոյականությունը, արդարության տեսություններն ու սկզբունքները: Հինգերորդ թեմայի համար ծրագրում առաջարկվում է առաջին մեղքի քրիստոնեական ուսուցումը, հավաքական մեղքը, բացասական ու դրական պարտականությունները, գիտակցության ծագումն ու բնույթը, “նույնի”, “էգոյի” և “սուպեր էգոյի” հասկացությունները: Վերջին թեմայի համար դասընթացում առաջարկվում է ուսումնասիրել Պլատոնին, Վերածննդի դարաշրջանը, էմպիրիզմն ու ռացիոնալիզմը, ուտոպիան, գիտաֆանտաստիկ գրականությունը, ռոմանտիզմը, աճն ու առաջընթացը, հավատն ու սնահավատությունը, կրոններն ու գաղափարախոսությունները, միաստվածությունն ու բազմաստվածությունը, կրոնը, եկեղեցին ու պետությունը, աշխարհիկությունը, հովվապետական կոչումն ու կրոնական համայնքը:
ԲՈՂՈՔՆԵՐԸ
Դիմողները բողոքում էին, որ առաջին դիմողն ստիպված էր հաճախել բարոյագիտության դասերին, որոնք, ըստ նրանց հայտարարությունների, մտցվել էին չեզոքության վերաբերյալ պետության պարտականության խախտմամբ: Նրանց կարծիքով այդ դասերը պարտադրում էին տեսակետներ, որոնք բախման մեջ էին իրենց կրոնական համոզմունքների հետ: Նրանք նաև հայտարարում էին, որ կրթությունը վերահսկելու պետության պարտականությունը, որն ամրագրված է հիմնական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետում, չէր որակվում որպես սահմանափակում, որը նախատեսված է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետում: Նրանք հիմնվում էին Կոնվենցիայի 9-րդ հոդվածի և Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասության վրա:
ՕՐԵՆՔԸ
Դիմողները փաստարկում էին, որ Բեռլինի դպրոցներում բարոյագիտության պարտադիր դասեր մտցնելը խախտել է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով և Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները, որոնք ասում են հետևյալը`
Հոդված 9
“1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. Այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների”:
Հոդված 2 /Թիվ 1 արձանագրություն/
“Ոչ ոքի չի կարելի մերժել կրթության իրավունքը: Պետությունը, կրթության և ոսւուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս, հարգում է ծնողների` զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն ու ուսուցում ապահովելու իրավունքը”:
Առաջին հերթին դիմողները բողոքում էին, որ բարոյագիտության դասեր մտցնելը հակասում է պետության` չեզոքություն պահպանելու պարտականությանը, քանի որ պետությունն է ընտրել դասընթացի բովանդակությունը, սահմանել “բարոյագիտություն” տերմինը և որոշել “արժեքների հիմքը”, որի վրա հիմնված է դասընթացը և ուսուցիչների վերապատրաստումը, ում միջոցով աշակերտների վրա լուրջ ազդեցություն են գործում: Նրանք նաև հայտարարում էին, որ բարոյագիտության դասերի բովանդակությունը բախման մեջ է գտնվում իրենց կրոնական համոզմունքների հետ: Ըստ նրանց փաստարկների` դասընթացի ժամանակ ուսուցանվող փիլիսոփայական ոգին շատ առումներով հակասում է քրիստոնեական ոգուն: Նրանք հայտարարում էին, որ դա հիմնականում ժխտում է աստծու գոյությունը, աշխարհիկ, աթեիստական ու հակակրոնական բնույթ ունի և ոգեշնչված է լուսավորիչների ու հումանիզմի գաղափարներով, ինչպես նշել է Դաշնային սահմանադրական դատարանը: Դասընթացի համառոտ բովանդակությունը, որն ակնհայտորեն որոշվել էր առանց կրոնական համայնքների մասնակցության, փոքր տեղ է թողել քրիստոնեության համար, թեպետ դա մեծամասնության կրոնն է` համեմատած սունիթ իսլամի հետ Hasan and Eylem Zengin v. Turkey գործում /no. 1448/04, 9 October 2007/: Դիմողները նաև կարծում էին, որ բարոյագիտության դասերի ժամանակ աշակերտների կողմից ակնկալվող ակտիվ մասնակցությունը ավելի ուժեղ կլինի, ուստի նրանց կրոնի ազատությունն ավելի կխախտվի, քան դասասենյակի պատին ցուցադրված խաչելության առկայությունը, որը Դաշնային սահմանադրական դատարանի որոշմամբ համարվել էր հիմնական օրենքի հետ անհամատեղելի: Եվ, վերջինը, դիմողները հայտարարում էին, որ հիմնական օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` կրթության պետական պարտականությունը չի գտնվում Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` կրոնի ազատության սահմանափակումների ցանկում, ուստի չի կարող արդարացնել բարոյագիտության դասերին հաճախելու պարտավորությունը: Նրանք` հղում անելով 34-րդ կետում նշված Զենգինին, մատնանշում էին, որ դասերից ազատվելու հնարավորությունը, որի համար շատ պայմանավորվող պետություններ դրույթ էին սահմանել, դրա վերաբերյալ անօրինական սահմանափակումներն ավելորդ կդարձնեն, ինչպես Դաշնային սահմանադրական դատարանն էր առաջարկել Բրանդենբուրգի երկրամասում բարոյագիտության դասեր մտցնելու դեմ սահմանադրական բողոքի համատեքստում: Այդ կապակցությամբ նրանք ընդգծում էին, որ հակառակ ներկա գործում իր որոշման վերաբերյալ Դաշնային սահմանադրական դատարանի եզրակացության, նախորդ սահմանադրական բողոքի թեման նպատակից զերծ չէր դարձել, քանի որ դիմողներից մի քանիսը Դաշնային սահմանադրական դատարանում չէին ընդունել առաջարկված լուծումը, ավելին` դրա վերաբերյալ Դատարանին դիմում էին ներկայացրել / no. 25159/04, Dreke v. Germany/.[1] Ի լրումն դրա, ըստ Բեռլինի կաթոլիկ և բողոքական եկեղեցիների` 2006թ սեպտեմբերի 6-ի մամուլի հաղորդագրության, կրոնակրթական դասերի հաճախելիությունը բարոյագիտության դասեր մտցնելուց հետո աշակերտներին պարտադրված լրացուցիչ ժամերի պատճառով մեկ քառորդով ընկել է:
Դատարանը հենց սկզբից կարծում է, որ ներկա հանգամանքներում դիմողներին չի կարելի քննադատել այն բանի համար, որ նրանք չեն սպասել ներպետական դատարաններում հիմնական դատական քննությունների արդյունքին: Իհարկե, ինչպես նշել է Դաշնային սահմանադրական դատարանը, վարչական դատարանները մանրամասն քննել էին դիմողների բարձրացրած հարցերը, ուստի չէր ակնկալվում, որ հիմնական դատական քննության արդյունքում նրանք կարող էին նոր փաստեր հաստատել կամ գործի էության վերաբերյալ տարբեր եզրակացությունների հանգել:
Ապա Դատարանը կարծում է, որ տեղին է քննել Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի երկրորդ նախադասության հիման վրա դիմողների ներկայացրած գանգատները: Դատարանը կրկնում է, որ այդ դրույթի ընդհանուր մեկնաբանության վերաբերյալ հիմնական սկզբունքները, որոնք պետք է կարդացվեն Կոնվենցիայի 8, 9 և 10 հոդվածների լույսի ներքո, ամփոփվել են երկու վերջին գործերում /տես Hasan and Eylem Zengin cited above, §§ 47-55, and Folgero and Others v. Norway [GC], no. 15472/02, § 84, ECHR 2007‑III/: Դատարանը հատուկ շեշտում է, որ ուսումնական ծրագրի շրջանակը և պլանավորումը սկզբունքորեն ընկնում են պայմանավորվող պետությունների իրավասության ներքո, որոնք պետք է ապահովեն, որ ծրագրում ներառված տեղեկատվությունը կամ գիտելիքները հաղորդվեն օբյեկտիվ, քննադատական ու բազմակարծ ձևով` աշակերտներին հնարավորություն տալով հանգիստ մթնոլորտում կրոնի վերաբերյալ զարգացնել քննադատական միտք, որը զերծ է ցանկացած հոգեորսությունից: Նաև արգելվում է հետապնդել հրահանգավորման նպատակ, որը կարող է համարվել իբրև աշակերտների կրոնական և փիլիսոփայական համոզմունքները չհարգող, քանի որ հիմնականում ծնողներն են պատասխանատու իրենց զավակների կրթության ու դաստիարակության համար: Սա այն սահմանն է, որը չպետք է անցնել:
Դատարանը նշում է, որ դիմողները հիմնականում բողոքում էին, որ բարոյագիտության դասերը չեզոք չեն, իսկ դրանց աշխարհիկ բնույթը հակասում է իրենց կրոնական համոզմունքներին:
Դատարանը նկատում է, որ Դպրոցի մասին օրենքի 12/6/ բաժնի համաձայն` բարոյագիտության դասերի նպատակը միջնակարգ դպրոցի աշակերտների ձգտման ու կարողությունների խթանումն է` անկախ նրանց ազգային, կրոնական կամ գաղափարական ծագումից, անհատի ու հասարակական կյանքի մշակութային ու բարոյագիտական հիմնարար խնդիրնեի վերհանումը, որպեսզի զարգացնեն հասարակական առումով փոխգործակցելու կարողություն և միջմշակութային երկխոսության ու բարոյագիտական խորաթափանցության նկատմամբ հակում: Այդ նպատակով բարոյագիտության դասերը, բացի այլ բաներից, աշակերտներին սովորեցնում են փիլիսոփայություն, կրոնական ու փիլիսոփայական բարոյագիտություն, զանազան մշակույթներ ու կենսաձևեր և հիմնական համաշխարհային կրոնները: Դաշնային սահմանադրական դատարանի համաձայն` բազմակարծության կամ գաղափարների ու տեսակետների նկատմամբ բաց լինելը ժողովրդավարական ու ազատական պետությունում պետական կրթության նախապայման է, որն օրինական ձևով կարող է ձգտել կանխելու կրոնի կամ փիլիսոփայական կարծիքի վրա հիմնված մեկուսացման զարգացումը և խթանել փոքրամասնությունների ինտեգրումը: Հանդուրժող և երկխոսության համար բաց լինելու` աշակերտի կարողությունը ժողովրդավարական կյանքին մասնակցելու և հասարակության մեջ տարբեր հավատների ու փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ փոխադարձ հարգանքով ապրելու հիմնական պահանջներից մեկն է:
Դատարանի կարծիքով բարոյագիտության դասերի նպատակները Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածում ամրագրված բազմակարծության և օբյեկտիվության սկզբունքներին /տես Zengin, cited above, §59; Folgerø, cited above, § 88; and Konrad and Others v. Germany (dec.), no. 35504/03, ECHR 2006‑XIII/ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հանձնարարականին համապատասխանելն է /տես Zengin, cited above, §§ 26-27/: Դատարանը նշում է, որ վերը նշված Zengin and Folgerø գործերում գտել է Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածի խախտում այն հիմքով, որ այդ գործերում դիմողներն ստիպված էին եղել հաճախել կրոնակրթական դասերի, չնայած առաջին դեպքում նրանք դավանում էին մեծամասնությունից տարբեր իսլամ, իսկ երկրորդ դեպքում որևէ հավատի չէին պատկանում: Ներկա գործում հստակ է, որ բարոյագիտության դասերը, որոնց պետք է հաճախի առաջին դիմողը, չեզոք են և որևէ կրոնի կամ հավատի կոնկրետ կշիռ չեն տալիս` ավելի շուտ դրանց նպատակն աշակերտներին արժեքների ընդհանուր հիմքերի փոխանցումն է և իրենց հավատից տարբեր հավատ ունեցողների նկատմամբ բաց լինել սովորեցնելն է: Դատարանը նաև նշում է, որ, ինչպես Դաշնային սահմանադրական դատարանն է մատնանշել, թեպետ դասընթացի համառոտ բովանդակության մեջ ակնկալվում էր, որ ուսուցիչներն իրենց սեփական տեսակետը կունենան դասերի ժամանակ բարձրացվող բարոյագիտական հարցերի վերաբերյալ և վստահելի ձևով դրանք կբացատրեն իրենց աշակերտներին, նրանց թույլ չէր տրվում անհարկի ազդել աշակերտների վրա: Ինչ վերաբերում է գործնականում բարոյագիտության ուսուցմանը` Դատարանը նշում է, որ դիմողները չէին փաստարկել, որ 2006-2007 ուսումնական տարվա ընթացքում հաղորդած գիտելիքները չէին հարգել իրենց կրոնական համոզմունքները կամ հրահանգավորման նպատակ էին ունեցել: Վարչական դատարանը շեշտում էր, որ դասերի փաստացի ուսուցումը չէր եղել իրենց դատարանում տեղի ունեցած դատական քննության թեման:
Ինչ վերաբերում է դիմողների այն փաստարկին, որ չնայած Գերմանիայի քրիստոնեական ավանդույթներին` քրիստոնեությունը բարոյագիտության ուսումնական ծրագրում համարժեք կերպով ներկայացված չէր, Դատարանը կարծում է, որ թեպետ իր նախադեպային իրավունքով ճանաչված է, որ մեկ կոնկրետ կրոն կարող է զբաղեցնել պայմանավորվող երկրի դպրոցների համար նախատեսված ծրագրի մեծ մասը, նրա պատմության ու ավանդույթների պատճառով առանց դա դիտարկելու որպես բազմակարծության և հրահանգավորմանը հավասար օբյեկտիվության սկզբունքներից հեռանալու /Zengin, cited above, § 63, and Folgerø cited above, § 89/` Բեռլինի դպրոցական իշխանությունների կողմից չեզոք դասընթացի ընտրությունը, որը տեղ էր թողնում տարբեր հավատների ու համոզմունքների համար, ինքնին չի կարող Կոնվենցիայի հիման վրա հարց բարձրացնել: Դրա կապակցությամբ այն նշում է, որ Դաշնային սահմանադրական դատարանը հստատել է այդ ընտրությունը` նկատի ունենալով Բեռլինի երկրամասում հատուկ փաստական հանգամանքները և կրոնական կողմնորոշումը: Բեռլինի օրենսդիր մարմնի տեսակետն այն մասին, որ հայտարարված նպատակներին առավել լավ կհասնեն մեկ ընդհանուր ու պարտադիր դասի, այլ ոչ թե աշակերտներին կրոնական կամ փիլիսոփայական խմբերին պատկանելու հիման վրա առանձնացնելու կամ բարոյագիտության առարկան այլ դասերի ժամանակ ուսումնասիրելու միջոցով, գտնվում է պետության հայեցողության շրջանակում և նպատակահարմարության հարց է, որն սկզբունքորեն Դատարանի վերանայման խնդիրը չէ /տես Kjeldsen, Busk Madsen and Pedersen v. Denmark, 7 December 1976, § 53, Series A no. 23; Jiménez Alonso and Jiménez Merino v. Spain (dec.), no. 51188/99, ECHR 2000‑VI; and Valsamis v. Greece, 18 December 1996, §§ 28 and 31-32, Reports of Judgments and Decisions 1996‑VI/:
Ինչ վերաբերում է դիմողների այն հայտարարություններին, որ բարոյագիտության դասերը հակառակ են իրենց կրոնական հավատին, Դատարանը նկատում է, որ ոչ Դպրոցի մասին օրենքում, ոչ էլ դասընթացի համառոտ բովանդակության մեջ նշված չէր, որ դասերը նախատեսված են մեկ հավատի առավելություն տալու, այլ հավատներ բաց թողնելու կամ վիճարկելու համար, մասնավորապես քրիստոնեական հավատը: Դրա վերաբերյալ Դատարանը նշում է, որ դասընթացի համառոտ բովանդակությամբ առաջարկվում է ընդգրկել մի շարք բարոյագիտական թեմաներ, այդ թվում` “հարևանին սիրելու կրոնական պատվիրանը”, “թշնամուն սիրելը”, առաջին մեղքի և, ընդհանրապես, կրոնների քրիստոնեական ուսուցումը` միաստվածություն, բազմաստվածություն, եկեղեցի և պետություն, քրիստոնեական համայնքներ: Բացի այդ, Դպրոցի մասին օրենքի 12/6/ բաժնում նախատեսված է, որ կրոնական կամ փիլիսոփայական համայնքների հետ համագործակցելով դպրոցները պետք է ընդգրկեն որոշ առարկաներ: Ինչ վերաբերում է դիմողների փաստարկին առ այն, որ բարոյագիտության դասերը պարունակում են քրիստոնեական հավատը քննադատող կամ հակառակ գաղափարներ ու հայացքներ, Դատարանը կարծում է, որ հնարավոր չէ Կոնվենցիայից հետևեցնել մի իրավունք, որը չպետք է ենթարկվի սեփական համոզմունքներին հակառակ համոզմունքների /տես, անհրաժեշտ փոփոխություններով Konrad, cited above/: Դատարանը, բացի ամեն ինչից, նկատում է, որ առաջին դիմողը կարող է շարունակել հաճախել բողոքական կրոնի դասերին, որոնք տեղի են ունենում դպրոցի շենքում, և չկա որևէ բան, որ խանգարի նրա ծնողներին իրենց դստերը կրթել և խորհուրդներ տալ, կատարել իրենց բնական դերը որպես մանկավարժներ կամ նրան ուղղություն ցույց տալ, որը համապատասխանում է իրենց սեփական կրոնական համոզմունքներին /տես Kjeldsen, Busk Madsen and Pedersen, cited above, § 54; Konrad, cited above; and Jiménez Alonso and Jiménez Merino, cited above/: Դրա վերաբերյալ Դատարանը նշում է, որ դիմողները Դատարանում չեն հիմնավորել այն գանգատը, որը ներկայացրել են ներպետական դատարաններին, որ բարոյագիտության դասեր մտցնելը ավելի է դժվարացրել կրոնի դասերին հաճախելը: Այդ կապակցությամբ միայն բողոքական ու կաթոլիկ եկեղեցիների մամլո հաղորդագրությունը վկայակոչելը բավարար չէ:
Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը կարծում է, որ բարոյագիտության դասեր մտցնելով ազգային իշխանությունները չեն գերազանցել Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածով իրենց տրված հայեցողության շրջանակը` դրույթ, որը պարտավորեցնում է պետությանը` ապահովել երեխաների կրթության իրավունքը /տես Costello-Roberts v. the United Kingdom, 25 March 1993, § 27, Series A no. 247‑C, and Martins Casimiro and Cerveira Ferreira v. Luxembourg (dec.), no. 44888/98, 27 April 1999/: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ Բեռլինի իշխանությունները պարտավոր չէին նախատեսել բարոյագիտության դասերից ազատելը: Այն փաստը, որ մեկ այլ երկրամաս դրա վերաբերյալ ուրիշ որոշում է ընդունել, չի փոխում այդ եզրակացությունը: Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիման վրա այլ առանձին հարց չի ծագում:
Սրանից հետևում է, որ դիմողների գանգատներն ակնհայտորեն անհիմն են և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ կետերի հիման վրա պետք է մերժվեն:
Այդ պատճառով Դատարանը միաձայն
դիմումը հայտարարում է անընդունելի:
Կլաուդիա Վեստերդեյկ Փիր Լորենցեն
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1]. Հայտարարվել է անընդունելի երեք դատավորներից կազմված հանձնաժողովի կողմից (Կոնվենցիայի 28-րդ հոդված) 2007թ. նոյեմբերի 6-ին:
Full & Egal Universal Law Academy