ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՈՐՈՇՈՒՄ
Գանգատ թիվ 76124/14
Հովհաննես ԲԱԼԱՍԱՆՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), 2022 թվականի մարտի 10-ին հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գուերա Մարտինս [Ana Maria Guerra Martins]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով 2014 թվականի նոյեմբերի 17-ին ներկայացված վերոնշյալ գանգատը,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետեւյալը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Դիմումատու պրն Հովհաննես Բալասանյանը ծնվել է 1967 թվականին։ Նրան ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Տ. Սաֆարյանը։
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն դիմումատուի այն բողոքները, որոնք վերաբերում են կալանավորման հիմքերի ենթադրյալ բացակայությանը եւ ենթադրյալ անօրինական կալանավորման հետեւանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման բացակայությանը, ինչպես նաեւ Կոնվենցիայի 8-րդ եւ 13-րդ հոդվածների համաձայն նրա այն բողոքները, որոնք վերաբերում են նամակագրության եւ ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտմանը եւ այդ առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությանը, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն), որը ներակայացրել է գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության վերաբերյալ է իր դիտարկումները։ Դիտարկումներն ուղարկվել են դիմումատուին, որին հրավիրել են ներկայացնելու իր սեփական դիտարկումները: Քարտուղարության գրությունը պատասխան չի ստացել։
2020 թվականի սեպտեմբերի 22-ի գրությամբ դիմումատուն ծանուցվել է այն մասին, որ իր դիտարկումների ներկայացման համար թույլատրված ժամկետը լրացել է 2020 թվականի ապրիլի 9-ին, եւ որ ժամկետի երկարաձգման համար դիմում չի ներկայացվել։ Դիմումատուի ուշադրությունը հրավիրվել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի վրա, որով նախատեսվում է, որ Դատարանը կարող է գանգատը վարույթ չընդունել, եթե հանգամանքները հանգեցնեն եզրակացության այն մասին, որ դիմումատուն մտադիր չէ հետամուտ լինել գանգատին։ Սույն գրությունը պատասխան չի ստացել։
2021 թվականի հունվարի 28-ի՝ պատվիրված առաքանու միջոցով ուղարկված մեկ այլ գրությամբ դիմումատուին կրկին առաջարկել են պատասխան ներկայացնել մինչեւ 2021 թվականի մարտի 12-ը։ Դիմումատուի իրավաբանն ստացել է սույն գրությունը։ Այնուամենայնիվ, որեւէ պատասխան չի ստացվել։
Դիմումատուն կամ նրա իրավաբանը կապ չեն հաստատել Դատարանի հետ 2017 թվականի հոկտեմբեր ամսից ի վեր։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
Վերոշարադրյալի լույսի ներքո, ինչպես նաեւ Կոնվենցիայով եւ դրան կից արձանագրություններով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքի մասով որեւէ հատուկ հանգամանքի բացակայության դեպքում Դատարանը, Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, համարում է, որ գանգատի քննությունը շարունակելն այլեւս արդարացված չէ։
Համապատասխանաբար, գործը պետք է վարույթ չընդունել։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է գանգատը վարույթ չընդունել։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 31-ին։
Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝
Յոլիեն Շուկինգ [Jolien Schukking]՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ