ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 31326/17)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 ապրիլի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Աբրահամյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի ապրիլի 15-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 31326/17) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ համապատասխանաբար 1984 եւ 1975 թվականներին ծնված եւ Երեւանում բնակվող Հայաստանի քաղաքացիներ տկն Արուսյակ Աբրահամյանի եւ պրն Սարգիս Աբրահամյանի (այսուհետ` դիմումատուներ) կողմից, որոնց ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Ալումյանը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն դատարանի մատչելիության իրավունքի առնչությամբ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (այսուհետ՝ Կառավարություն), որի ներկայացուցիչն է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պարոն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու եւ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2026 թվականի մարտի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է Վճռաբեկ դատարանի կողմից դիմումատուների բողոքները քննության ընդունելու մերժմանը՝ պետական տուրքի սահմանված չափը չվճարելու հիմքով, ինչը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, առաջացնում է նրանց՝ դատարանի մատչելիության իրավունքի առնչությամբ հարց։
2. 2015 թվականի մայիսի 19-ին Ա.Գ.-ն, հանդես գալով մասնավոր հիմունքներով, Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Պետության եւ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ պահանջելով ճանաչել 1984 թվականին անշարժ գույքի գրանցման վերաբերյալ ընդունված որոշումն ապօրինի եւ դրա հետեւանքով ուժը կորցրած ճանաչել դիմումատուներին տրված հետագա գործարքները, գրանցումները եւ ժառանգության վկայականները, ինչպես նաեւ ճանաչել իր սեփականության իրավունքը տվյալ անշարժ գույքի նկատմամբ (ընդհանուր առմամբ՝ 11 ոչ գույքային պահանջ)։ Դիմումատուները, որոնք եղբայր եւ քույր են, ներգրավված են եղել տվյալ վարույթում որպես երրորդ անձինք։
3. 2015 թվականի հոկտեմբերի 30-ի վճռով Վարչական դատարանը ճանաչել է 1984 թվականի որոշումը որպես ոչ իրավաչափ եւ Ա.Գ.-ի գլխավոր պահանջի բավարարման արդյունքում բավարարել է նաեւ նրա ստորադաս պահանջները՝ ուժը կորցրած ճանաչելու դիմումատուներին տրված հետագա գործարքները, գրանցումները եւ ժառանգության վկայականները։ Այն նաեւ ճանաչել է Ա.Գ.-ի սեփականության իրավունքն անշարժ գույքի նկատմամբ։ Միաժամանակ Ա.Գ.-ին հատկացվել է պետական տուրքի փոխհատուցում՝
4 000 դրամի չափով (մոտավորապես 10 եվրո), որը, «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն, Վարչական դատարան ոչ գույքային պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված դրույքաչափն է։
4. 2016 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ Վերաքննիչ վարչական դատարանն անփոփոխ է թողել Վարչական դատարանի վճիռը։ Այն պարտավորեցրել է դիմումատուներին վճարել պետական տուրք՝ 10 000 դրամի չափով (մոտավորապես 25 եվրո), որը ոչ գույքային պահանջի վերաբերյալ գործով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դրույքաչափն է։
5. 2016 թվականի օգոստոսի 15-ին դիմումատուներից յուրաքանչյուրը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով հետաձգել իրենց՝ վերաքննիչ բողոքներին առնչվող դատական ծախսերի վճարումը։
6. 2016 թվականի սեպտեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրանց բողոքները՝ ֆինանսական վիճակի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու հիմքով։ Դիմումատուներին հինգ օր ժամանակ է տրվել թերությունները շտկելու եւ բողոքները կրկին ներկայացնելու համար։
7. 2016 թվականի հոկտեմբերի 3-ին դիմումատուները կրկին ներկայացրել են իրենց բողոքները՝ վճարելով 20 000 դրամ (մոտավորապես 50 եվրո), որը ոչ գույքային պահանջի վերաբերյալ գործով բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված դրույքաչափն է։
8. 2016 թվականի հոկտեմբերի 12-ին Վճռաբեկ դատարանը դատավարական հիմքերով բողոքները ճանաչել է անընդունելի։ Դատարանը գտել է, որ դիմումատուները միայն մասամբ են վերացրել թերությունները, քանի որ նրանք վճարել են պետական տուրք միայն մեկ պահանջի համար, մինչդեռ նրանց գործը ներառում էր 11 պահանջ։ Դատարանը չի սահմանել բողոքները կրկին ներկայացնելու նոր ժամկետ՝ համարելով, որ դա կհակասի իրավական որոշակիության սկզբունքին։ Դիմումատուները ծանուցվել են համապատասխան որոշումների մասին 2016 թվականի հոկտեմբերի 19-ին։ Այդ պահին վճռաբեկ բողոքի ներկայացման օրենքով սահմանված մեկամսյա ժամկետն արդեն սպառված էր։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
9. Դիմումատուները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքել են, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրենց բողոքները քննության չընդունելու վերաբերյալ որոշումը խախտել է իրենց՝ դատարանի մատչելիության իրավունքը, քանի որ արդեն վճարված գումարը տասնմեկապատիկ ավել վճարելու պահանջի համար հստակ իրավական հիմք չի եղել, եւ այն, հետեւաբար, եղել է անկանխատեսելի։
10. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի՝ որեւէ այլ հիմքով: Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
11. Վերադաս դատարանների մատչելիության սահմանափակումների քննության նկատմամբ կիրառելի ընդհանուր սկզբունքները, ներառյալ՝ կանխատեսելիության չափանիշը, Դատարանի կողմից ամփոփվել են Զուբացն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Zubac v. Croatia ][GC] գործում, թիվ 40160/12, §§ 78-88, 2018 թվականի ապրիլի 5 եւ վերջերս վերահաստատվել են
Վաչիկ Կարապետյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Vachik Karapetyan and Others v. Armenia] գործում, թիվ 15736/16, §§ 86-87, 2025 թվականի մայիսի 15)։
12. Դատարանը նշում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի չափը սահմանվում է «Պետական տուրքի մասին» օրենքով։ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» ենթակետի համաձայն (տվյալ ժամանակահատվածում գործող)՝ Վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու համար ոչ գույքային բնույթի պահանջի գործերով վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմել է 20 000 ՀՀ դրամ։ Այդ դրույթի ձեւակերպման հիման վրա չի եղել հստակ պահանջ, որ դիմումատուները բողոք ներկայացնելու համար վճարեն նշված գումարի տասնմեկապատիկն այն պատճառաբանությամբ, որ գործը բաղկացած էր 11 ոչ գույքային բնույթի պահանջներից։ Ընդհակառակը՝ պետական տուրքի չափը պայմանավորված է եղել գործի բնույթով, եւ «ոչ գույքային բնույթի պահանջ» եզրույթը, ըստ երեւույթին, ծառայում էր այդ բնույթը սահմանելուն, այլ ոչ թե պահանջում էր, որ պետական տուրքը բազմապատկվեր գործում առկա պահանջների քանակով։ Նմանատիպ հստակ պահանջը չի կարող բխել նաեւ Վճռաբեկ դատարանի կամ Կառավարության կողմից մեջբերված որեւէ այլ օրենսդրական դրույթից։
13. Դատարանը չի ընդունում Կառավարության կողմից «Պետական տուրքի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 7-րդ մասին կատարված հղումը։ Այդ դրույթի համաձայն՝ երբ միաժամանակ կատարվում են մի քանի գործողություններ կամ մատուցվում են մի քանի ծառայություններ, պետական տուրքը պետք է հաշվարկվի յուրաքանչյուր գործողության կամ ծառայության համար առանձին։ Սակայն սույն գործով յուրաքանչյուր դիմումատու կատարել է միայն մեկ վարույթային գործողություն, այն է՝ մեկ բողոք ներկայացնելը, եւ համապատասխանաբար Վճռաբեկ դատարանը յուրաքանչյուր դիմումատուի վերաբերյալ քննել է միայն մեկ բողոք։ Միայն այն փաստը, որ գործը ներառում էր մի քանի ոչ գույքային պահանջներ, չի կարող համարվել 11 բողոք ներկայացնելուն համարժեք, ինչպես նաեւ չի ենթադրում, որ Վճռաբեկ դատարանը մատուցել է 11 ծառայություն։ Ուստի նշված դրույթում չի եղել հստակ իրավական հիմք, որը կպարտադրեր դիմումատուներին վճարել արդեն վճարված գումարի տասնմեկապատիկը։
14. Ինչ վերաբերում է ներպետական դատական պրակտիկային, Դատարանը վերահաստատում է, որ հետեւողական ներպետական պրակտիկան եւ դրա կայուն կիրառումը սովորաբար բավարարում են կանխատեսելիության չափանիշը վերադաս դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման համատեքստում (տե՛ս վերեւում հիշատակված՝ Զուբացի [Zubac] գործը, §88)։ Կառավարությունը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի դատավարական որոշումների օրինակներ, որոնցում պետական տուրքի վերաբերյալ կանոնները կիրառվել են դիմումատուների գործով որդեգրված մոտեցմանն էապես նման ձեւով։ Սակայն այդ որոշումների մեծ մասը կայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ից հետո, երբ դիմումատուները կրկին ներկայացրել են իրենց բողոքները, եւ հետեւաբար դրանք չեն կարող հաշվի առնվել՝ գնահատելու համար, թե արդյոք սահմանափակումը տվյալ պահին եղել է կանխատեսելի։
15. Դատարանը նշում է, որ Կառավարության կողմից վկայակոչված դատավարական որոշումներից միայն երեքը՝ համապատասխանաբար 2016 թվականի փետրվարի 3-ին, ապրիլի 27-ին եւ մայիսի 18-ին կայացված որոշումները, նախորդել են դիմումատուների բողոքների կրկին ներկայացմանը։ Թեեւ այդ որոշումները հրապարակված են եղել հանրությանը հասանելի դատական առցանց տվյալների բազայում՝ «Դատալեքս»-ում (Datalex), դրանք, ի տարբերություն գործի ըստ էության կայացված որոշումների, ենթակա չէին պարտադիր հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում կամ պաշտոնական տեղեկագրում՝ նախկին Դատական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն (տվյալ ժամանակահատվածում գործող)։ Ավելին, դրանք չեն հրապարակվել Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arlis.am), եւ որեւէ նշում չկա, որ այդ որոշումները ստացել են հատուկ հրապարակայնություն կամ լայնորեն հայտնի են դարձել իրավաբանական հանրության շրջանում՝ Զուբացի [Zubac] գործով սահմանված պահանջների բավարարման համար (վերեւում հիշատակված, § 88)։
16. Դատարանը նաեւ նշում է, որ դիմումատուների գործով կայացված որոշումներից առաջ «Պետական տուրքի մասին» օրենքի համապատասխան դրույթի ձեւակերպումը, որով սահմանվում էր պետական տուրքի չափը, էապես անփոփոխ է մնացել (միայն աննշան փոփոխություններով) 1998 թվականից սկսած, այսինքն՝ մինչեւ Վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ 2014 թվականի հունվարի 7-ին, եւ նույնիսկ մինչեւ նախկին Վարչական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ 2008 թվականի հունվարի 1-ին։ Այն հանգամանքը, որ Կառավարության կողմից ներկայացված համապատասխան դատական նախադեպի ամենավաղ օրինակը 2016 թվականի փետրվարի 3-ի որոշումն է, այսինքն՝ դիմումատուների բողոքները կրկին ներկայացնելուց ութ ամիս առաջ, վկայում է, որ տվյալ հարցի վերաբերյալ ներպետական դատական պրակտիկան դեռ ձեւավորման փուլում էր։
17. Ավելին, Դատարանը նախկինում նշել է, որ, որպես կանոն, վեց ամիս է պահանջվում, որպեսզի նախադեպային իրավունքում որեւէ փոփոխություն գրավի հանրության ուշադրությունը եւ ներպետական մակարդակում ձեռք բերի իրավական որոշակիության բավարար աստիճան (տե՛ս Յավուզ Սելիմ Գյուլերն ընդդեմ Թուրքիայի [Yavuz Selim Güler v. Turkey] գործը, թիվ 76476/12, § 26,
2015 թվականի դեկտեմբերի 15)։ Սույն գործով Կառավարության կողմից ներկայացված դատական նախադեպերի օրինակներից միայն մեկը՝
2016 թվականի փետրվարի 3-ի որոշումը, կայացվել է դիմումատուների կողմից բողոքները կրկին ներկայացնելուց ավելի քան վեց ամիս առաջ։ Այդ որոշման մեջ որեւէ դատական նախադեպի հղում չի արվել։ Մեկ որոշումը բավարար չէ ցույց տալու համար ներպետական հետեւողական դատական պրակտիկայի գոյությունը եւ դրա կայուն կիրառումը, որը կարող էր բավարարել կանխատեսելիության չափանիշը՝ դիմումատուների տեսանկյունից, հատկապես հաշվի առնելով, որ չկա որեւէ ապացույց, որ այդ որոշումը ստացել է հատուկ հրապարակայնություն։
18. Հաշվի առնելով վերոնշյալը`Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուների գործով Վճռաբեկ դատարանի կողմից կիրառված պետական տուրքի հաշվարկման համար օրենքով սահմանված հստակ հիմք չի եղել։ Դիմումատուները նաեւ չէին կարող ողջամտորեն կանխատեսել այդպիսի հաշվարկը՝ հիմնվելով ներպետական դատական պրակտիկայի վրա։
19. Դատարանի դերը ոչ թե դատարանի մատչելիության հարցերը կարգավորող ներպետական իրավունքի մեկնաբանության շուրջ վեճերը լուծելն է, այլ գնահատելը, թե արդյոք այդ մեկնաբանության հետեւանքները համապատասխանում են Կոնվենցիային, թե՝ ոչ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Զուբացի [Zubac]գործը, § 81)։ Դատարանի վերոնշյալ դիտարկումները ցույց են տալիս, որ ներպետական դատական պրակտիկայի հետեւողական եւ կայուն կիրառման բացակայության պայմաններում դիմումատուներին չի կարելի մեղադրել, որ նրանք առաջնորդվել են կիրառելի դրույթների տեքստի բառացի իմաստով։ Սա հատկապես այն պատճառով է, որ Վարչական դատարանը եւ Վերաքննիչ վարչական դատարանը, թեեւ կիրառել են էապես նույնատիպ ձեւակերպում ունեցող իրավական դրույթներ, պետական տուրքը չեն հաշվարկել՝ կիրառելի դրույքաչափը բազմապատկելով գործով ներառված ոչ գույքային բնույթի պահանջների քանակով։
20. Ավելին, երբ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է դիմումատուների բողոքները եւ նրանց տրամադրել է հնգօրյա ժամկետ՝ դրանք կրկին ներկայացնելու համար (տե՛ս վերեւում՝ 6-րդ պարբերությունը), այն հղում է կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի «բ» ենթակետին (տե՛ս վերեւում՝ 12-րդ պարբերությունը), սակայն չի նշել վճարման ենթակա պետական տուրքի չափը եւ չի վկայակոչել որեւէ ներպետական դատական գործելակերպ, որը կարող էր բավարար հստակություն ապահովել պետական տուրքի հաշվարկման համար։ Հետեւաբար դիմումատուներին չի կարելի մեղադրել, որ նրանք վճարել են պետական տուրքը՝ օրենսդրական դրույթը մեկնաբանելով իրենց համար հասկանալի ձեւով։
21. Ի վերջո, Դատարանը նշում է, որ երբ Վճռաբեկ դատարանը դիմումատուների բողոքները հայտարարել է անընդունելի, դրանք կրկին ներկայացնելու համար նոր ժամկետ չի սահմանել (տե՛ս վերեւում՝ 8-րդ պարբերությունը)։ Հետեւաբար դիմումատուները հնարավորություն չեն ունեցել կատարել այն պահանջը, որի մասին առաջին անգամ տեղեկացվել են այդ որոշմամբ, ինչի արդյունքում նրանք զրկվել են տվյալ դատարանի մատչելիության իրավունքից։ Ուստի Դատարանը նշում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում հստակության բացակայությունը հանգեցրել է նրան, որ դիմումատուները գործնականում բողոքները կրկին ներկայացնելու միայն մեկ հնարավորություն են ունեցել։
22. Նշված հանգամանքների համակցությունը հաշվի առնելով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուների բողոքներն անընդունելի հայտարարելու մասին որոշումները եղել են անհամաչափ եւ խաթարել են դիմումատուների՝ դատարանի մատչելիության իրավունքի բուն էությունը։
23. Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
24. Դիմումատուները նաեւ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն բողոքել են, որ իրենց արդար դատաքննության իրավունքի խախտումը հանգեցրել է նաեւ իրենց գույքային իրավունքների խախտմանը։
25. Քանի որ սույն բողոքն ուղղակիորեն կապված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն քննվող բողոքի հետ եւ հաշվի առնելով, որ Դատարանը չի կարող ենթադրություններ անել, թե ինչպիսին կարող էին լինել գործի արդյունքները, եթե դիմումատուներն ունենային դատարանի արդյունավետ մատչելիություն, Դատարանը սույն բողոքը առանձին քննելու անհրաժեշտություն չի տեսնում (տե՛ս Յանակիեւն ընդդեմ Բուլղարիայի [Yanakiev v. Bulgaria] գործը, թիվ 40476/98, § 82, 2006 թվականի օգոստոսի 10 եւ Ադիլովսկան ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի [Adilovska v. North Macedonia] գործը, թիվ 42895/14, § 38, 2020 թվականի հունվարի 23)։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
26. Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 2 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Բացի այդ, տկն Ա. Աբրահամյանը պահանջել է
2 881 եվրո՝ որպես դատարանում կրած ծախսերի եւ ծախքերի համար հատուցում։
27. Կառավարությունը վիճարկել է նշված բողոքները:
28. Համապատասխանաբար, առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուներին միասին տրամադրում է 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
29. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում տկն Ա. Աբրահամյանին շնորհել 1 551 եվրո գումար՝ որպես Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի եւ ծախքերի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ կարիք չկա քննելու բողոքի ընդունելիության եւ ըստ էության քննության հետ կապված հարցերը՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածին համապատասխան.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) 3 600 եվրո (երեք հազար վեց հարյուր եվրո) դիմումատուներին միասին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) 1 551 եվրո (հազար հինգ հարյուր մեկ եվրո) տկն Աբրահամյանին՝ ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Մարտինա Կելլեր՝
Անդրեաս Զունդ՝
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ
Նախագահ