© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ԱՀՄԵՏ ՅԼԴՐՄՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ
(Գանգատ թիվ 3111/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Դեկտեմբերի 18, 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
18/03/2013
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Վճիռը կարող է ենթարկվել խմբագրման:
Ահմետ Յլդրմն ընդդեմ Թուրքիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (երկրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi), նախագահ,
Դատավորներ`
Դանուտե Յոչիենե (Danutė Jočienė),
Դրագոլյուբ Պոպովիչ (Dragoljub Popović),
Անդրաս Սայո (András Sajó),
Իշիլ Կարակաշ (Işıl Karakaş),
Պաուլո Պինտո դե Ալբուքվերքվե (Paulo Pinto de Albuquerque),
Հելեն Կելլեր (Helen Keller),
և Սթենլի Նեյսմիթ (Stanley Naismith), բաժանմունքի քարտուղար,
2012թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹ
1. Գործի հիմքում ընկած է 2012թ. հունվարի 12-ին Թուրքիայի հանրապետության քաղաքացի պարոն Ահմետ Յլդրմի (Ahmet Yıldırım) (այսուհետ`«դիմումատու») Թուրքիայի հանրապետության դեմ գանգատը (թիվ 3111/10), որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` §Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուին ներկայացնում է տիկին Ա.Կայմակը (A. Kaymak) ` փաստաբան Իզմիրից : Թուրքական կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը :
3. Դիմումատուն մասնավորապես պնդում է, որ ազգային իշխանությունների կողմից հրահանգված իր ինտերնետային կայքի արգելափակման միջոցառումը չհիմնավորված միջամտություն է Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ, 10-րդ, 13-րդ հոդվածներով և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին:
4. 2011թ. հունվարի 31-ին Կառավարությունը ծանուցվել է դիմումի մասին: Բացի այդ, համաձայն Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին մասի, որոշվել է նաև ընդունելիության հետ միաժամանակ ուսումնասիրել գանգատն ըստ էության :
5. Դիմումատուն ներկայացրել է լրացուցիչ գրավոր փաստարկներ (59-րդ կանոն, 1-ին մաս): Դիտողություններ են ստացվել նաև Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն (Open Society Justice Initiative) կազմակերպության կողմից, որին Դատարանը թույլատրել է մասնակցել գրավոր գործընթացներում (Կոնվենցիայի 36-րդ հոդված, 2-րդ մաս և 44-րդ կանոնի 3-րդ մաս):
ՓԱՍՏԵՐԸ
I. . ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուն ծնվել է 1983թ.-ին և բնակվում է Ստամբուլում:
7. Նա սեփականատերն է և օգտատերն է մի ինտերնետային կայքի, ուր նա հրապարակում է իր գիտական աշխատանքներն ու տարբեր ոլորտների վերաբերյալ տեսակետները: Այս կայքը ստեղծվել է Google ինտերնետային կայքերի ստեղծման և տեղակալման համակարգի` Google Sites () ծառայության միջոցով:
8. 2009թ. հունիսի 23-ին Քրեական գործերով դատարանը կայացրել է որոշում, որով, համացանցային հրապարակումների կանոնակարգման և համացանցում կատարված խախտումների դեմ պայքարի վերաբերյալ թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, հրահանգվել է արգելափակել կայքը (այսուհետ`« վիճահարույց կայք»): Խոսքը վերաբերում է կանխարգելիչ մի միջոցառման մասին, որը քրեական դատավարության շրջանակներում ընդունվել է կայքի սեփականատիրոջ դեմ, ով մեղադրվում էր Աթաթուրքի հիշատակը անարգելու մեջ:
9. Նույն օրը, թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, արգելափակման որոշման պատճեն կատարման համար ներկայացվել է Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախագահությանը (այսուհետ` «ՀՏՏՆ»):
10. 2009թ. հունիսի 24-ին ՀՏՏՆ-ի խնդրանքով Դենիզլիի քրեական դատարանը վերանայել է հունիսի 23-ի իր որոշումը և որոշել է ամբողջությամբ արգելափակել Google Sites համակարգը` համաձայն թիվ 5651օրենքի 8-րդ հոդվածի : ՀՏՏՆ-ն իսկապես նշել էր, որ դա վիճահարույց կայքի արգելափակման միակ ճանապարհն է, քանի որ կայքի սեփականատերը չունի կայքի տեղակալման տեղեկանք, և այն գտվում է արտասահամանում :
11. ՀՏՏՆ-ը, կիրառելով 2009թ. հունիսի 24-ի որոշումը, ամբողջովին արգելափակել է Google Sites համակարգը: Այնսպիսով, դիմումատուն զրկվել է իր սեփական կայք մուտք գործելու հնարավորությունից, և այս նպատակով իր փորձերն անընդհատ բախվել են դատարանի կողմից ընդունված արգելափակման որոշմանը:
12. 2009թ. հուլիսի 1-ին դիմումատուն առարկել է 2009թ. հունիսի 24–ի արգելափակման որոշումը և պահանջել դադարեցնել այդ միջոցառումն իր կայքի մասով` պնդելով, որ նա այն օգտագործել է կանոնավոր կերպով իր գիտական աշխատությունները և տարբեր ոլորտների վերաբերյալ իր տեսակետները հրապարակելու համար և որ միջոցառման արդյունքում փակվել է մուտքը վերոնշյալ կայք, մինչդեռ այն ոչ մի կապ չունի հակաօրինական բովանդակություն ունեցող և արգելափակված կայքի հետ: Նա մասնավորապես պնդել է, որ այլ կայքերը միջոցառման հետևանքներից ապահովելու համար անհրաժեշտ էր ընտրել մի մեթոդ, որն անհասանելի կդարձներ միայն վիճահարույց կայքի մուտքը: Որպես օրինակ նա նշել է URL-ի արգելափակման մեթոդը:
Իր դիմումը հիմնավորելու համար նա դատարանին է ներկայացրել ինտերնետային այն էջի պատճեն, որն երևում է, երբ նա ցանկանում է մուտք գործել իր կայք (): Այս էջը ներկայացնում է հետևյալ ծանուցումը`
«Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախագահությունը կիրառում է 2009թ. հունիսի 24-ի որոշումը, որն ընդունվել է Դենիզլիի քրեական գործերով դատարանի կողմից ինտերնետային այս կայքի () նկատմամբ, որպես կանխարգելիչ միջոցառում»:
13. 2009թ. հուլիսնի 13-ին Դենիզլիի քրեական դատարանը մերժել է դիմումատուի պահանջը: Հիմնվելով այս առումով ՀՏՏՆ-ի կարծիքին` այն համարել է, որ, արգելափակման որոշման համաձայն, վիճահարույց կայքի մուտքն արգելափակելու միակ տարբերակը վիճարկվող հրապարակումը տարածող էջի արգելափակումն է:
14. 2012թ. ապրիլի 25-ին ամսեգրված իր նամակում դիմումատուն Դատարանին տեղեկացրել է, որ նա շարունակ չի կարողացել մուտք գործել իր կայք, մինչդեռ, ըստ իր տեղեկության, վիճահարույց կայքի սեփականատիրոջ նկատմամբ քրեական հետապնդումը 2011թ. մարտի 25-ին եզրափակվել է գործի կարճմամբ, քանի որ անհնար է եղել հայտնաբերել արտասահմանում գտնվող մեղադրյալի ինքնությունը և հասցեն:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա) 2007թ. մայիսի 4 –ի Համացանցային հրապարակումների կանոնակարգման և համացանցում կատարված խախտումների դեմ պայքարի վերաբերյալ թիվ 5651 օրենք
15. Համապատասխան մասերում թիվ 5651 օրենքը ձևակերպված է հետևյալ կերպ`
« Հոդված 2
Սահմանումներ
1) Սույն օրենքի սահմաններում,
(...)
ե) մուտքի տրամադրող է [համարվում] ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձը, որն իր շահառուների համար ապահովում է մուտք դեպի համացանց,
զ) Բովանդակության մատակարար (içerik sağlayıcı) է [համարվում] ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ստեղծում, փոփոխում կամ մատակարարում է ցանկացած տեսակի տեղեկություններ կամ տվյալներ համացանցային օգտատերերի համար,
(...)
է) Համացանցում տարածված հրապարակում (yayın) է [համարվում] անորոշ քանակով անձանց համար համացանցում հասանելի տվյալները,
(...)
թ) Հրապարակում (yayın) է [համարվում] համացանցում կատարված հրապարակումները,
(...)
Հոդված 4
Բովանդակության մատակարարների պատասխանատվությունը
1) Բովանդակության մատակարարները պատասխանատու են համացանցում իրենց կողմից ներկայացված ցանկացած բովանդակության համար,
2) Բովանդակության մատակարարները պատասխանատու չեն այն բովանդակությունների համար, որոնք պատկանում են այլ անձանց, և որոնք հասանելի են իրենց կողմից ներկայացված հղման միջոցով (...)
(...)
Հոդված 5
Տեղակալման մատակարարների պատասխանատվությունը
1) Տեղակալման մատակարարը պարտավոր չի վերահսկել իր կողմից տեղակալված բովանդակությունը կամ պարզել նրանց հակաօրինական բնույթը,
2) Քրեական պատասխանատվության ենթարկման պայմանով, երբ, սույն օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածների համաձայն, նա տեղեկացվում է իր կողմից տեղակալված բովանդակության հակաօրինական բնույթի մասին, տեղակալման մատակարարը պարտավոր է իր տեխնիկական հնարավորությունների սահմաներում դադարեցնել հրապարակումը:
Հոդված 6
Մուտքի տրամադրողի պատասխանատվությունը
1) ա) Սույն օրենքի դրույթների համաձայն, երբ մուտքի տրամադրողը տեղեկացվում է օգտատիրոջ կողմից հրապարակված բովանդակության հակաօրինական բնույթի վերաբերյալ, նա պարտավոր է իր տեխնիկական հնարավորությունների սահմաններում արգելափակել հակաօրինական բովանդակությունը :
2) Մուտքի տրամադրողը պարտավոր չի վերահսկել այն բովանդակությունների և տեղեկությունների համապատասխանությունը օրենքին, որոնց մուտքն ապահովվում է իր կողմից:
(...)
Հոդված 8
Մուտքի արգելափակման որոշումն ու ի կատար ածումը
1) Համացանցում տարածված հրապարակումների արգելափակման (erişimin engellenmesi) որոշումը կայացվում է, երբ առկա են բավարար պատճառներ կասկածելու, թե նրանք հետևյալ խախտումների մասն են կազմում`:
ա) Քրեական օրենսգրքով նախատեսված խախտումներ (...)
1) Ինքնասպանության դրդումը (հոդ. 84),
2) դեռահասների նկատմամբ սեռական ոտնձգություններ (հոդ. 103 § 1),
3) թմրանյութների օգտագործման դյուրացում (հոդ.. 190),
4) առողջության համար վտանգավոր ապրանքի մատակարարում (հոդ. 194),
5) զրպարտություն (հոդ. 226),
6) մարմնավաճառություն (հոդ. 227),
7) թղթախաղերի տեղակալում (հոդ. 228),
բ) 1951թ. հուլիսի 25 թիվ 5816 օրենքով նախատեսված Աթաթուրքի հիշատակի անարգում
(...)
2) Մուտքի արգելափակման որոշումը կայացնում է դատավորը, եթե գործը գտնվում է դատավարության փուլում, կամ դատարանի կողմից հետապնդման դեպքերում: Դատավարության փուլում մուտքի արգելափակումը կարող է պահանջվել դատախազի կողմից, եթե արգելափակման հետաձգումը կարող է վտանգավոր լինել : Այս դեպքում պահանջը դատավորի հաստատմանը պետք է ներկայացվի հաջորդող քսանչորս ժամվա ընթացքում: Վերջինս պետք է իր որոշումը կայացնի քսանչորս ժամվա ընթացքում: Եթե նա չի հաստատում արգելափակումը, դատախազը պետք է դադարեցնի արգելափակման միջոցառումը: Հնարավոր է առարկել արգելափակման որոշումը, որը կայացվել է կանխարգելման նկատառումներով` համաձայն քրեական դատավարության թիվ 5271 օրենսգրքի դրույթների:
3) Դատավորի, դատարանի կամ դատախազի կողմից ընդունված արգելափակման որոշման պատճեն կատարման համար պետք է ծանուցվի [Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով] նախագահությանը:
4) Երբ բովանդակության կամ տեղակալման մատակարարը գտնվում է արտասահմանում (...) արգելափակման որոշումը կայացվում է հենց Նախագահության կողմից: Այնուհետև որոշման մասին տեղեկացվում է մուտքի տրամադրողին անհապաղ կատարման համար:
5) Մուտքի արգելափակման որոշումներն իրականացվում են անմիջապես ծանուցումից ամենաուշը քսանչորդ ժամվա ընթացքում: (...)
7) Երբ քրեական գործը կարճվում է, մուտքի արգելափակման որոշումն ավտոմատ կերպով չեղյալ է համարվում: (...)
8) Երբ դատավարությունն ավարտվում է արդարացմամբ, մուտքի արգելափակման որոշումն ավտոմատ կերպով չեղյալ է համարվում : (...)
9) Երբ հրապակման հակաօրինական բովանդակությունը ջնջվում է, դադարեցվում է արգելափակումը (...)»:
16. Հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով նախագահությունը ստեղծվել է ոստիկանության իրավասությունների և պարտականությունների վերաբերյալ թիվ 2559 օրենքի միջանկյալ հոդված 7-ի հիման վրա, որը փոփոխության է ենթարկվել 2005թ. հուլիսի 3-ի թիվ 5397 օրենքով: Որպես վարչական մարմին, այն մասնավորապես պատասխանատու է հեռահաղորդակցության միջոցների կողմից տարածված տեղեկությունների գրանցման և վերահսկման համար:
17. Գործնականում, երբ դատարանը պահանջում է արգելափակել կոնկրետ կայքը, ՀՏՏՆ-ի վրա է ընկնում այդ միջոցառման իրականացման պարտականությունը: Եթե բովանդակության կամ տեղակալման մատակարարը գտնվում են արտասահմանում, ապա ՀՏՏՆ-ը կարող է ամբողջովին արգելափակել մուտքը միջնորդ մատակարարի էջերին` համաձայն թիվ 5651 օրենքի 8 –րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի : Երբ արգելափակման որոշումն ընդունվում է, այսպիսով արգելափակման կարող է ենթարկվել ոչ միայն քրեական դատավարության առարկա հանդիսացող կայքը, այլ նաև համացանցային տիրույթի ողջ բովանդակությունը: Նման կերպով իրենց կողմից տեղակալված կայքերի պատճառով երկար ժամանակ «», «», «Google groups», «» կամ «» տիրույթներն ենթարկվել են արգելափակման:
18. Թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «հրապարակում» հասկացությունը նույնպես հայեցակարգային քննարկման առարկա է եղել: Ըստ որոշ մեկնաբանների` [ğ)] պարբերությունը, համաձայն որի «համացանցում տարածված հրապարակում» հասկացությունը տարածվում է « անորոշ թվով անձնանց համար համացանցում հասանելի տվյալներ» հասկացության վրա, որն էլ հակասում է նույն հոդվածի l-ին մասում նշված հասկացությանը, ըստ որի « հրապարակում (yayın) է [համարվում] համացանցում տեղ գտած հրապարակումը» : Իրականում բարդությունը ծագում է « համացանցում հասանելի տվյալներ» հասկացության հետ կապված, որը կարող է կիրառվել համացանցում տեղ գտած ցանկացած տվյալի դեպքում:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա) Եվրոպայի խորհուրդ
1. Կիբերհանցագործությունների մասին կոնվենցիա
19. Կիբերհանցագործությունների վերաբերյալ կոնվենցիան, (STE no 185), որն ուժի մեջ է մտել 2004թ. հուլիսի 1-ին, մշակվել է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների, Կանադայի, Ճապոնիայի, Հարավաֆրիկյան հանրապետության և ԱՄՆ-ի կողմի : Այն ուղղված է կիբերհանցագործությունների տարբեր տեսակններին`գաղտնիության խախտում, տվյալների և տեղեկատվական համակարգերի հասանելիություն և անձեռնմխելիություն, համակարգչային խեղումներ և կեղծիքներ, խախտումներ, որոնք վերաբերում են տեղեկատվական բովանդակությանը և մասնավորապես մանկական պոռնոգրաֆիային, ինչպես նաև այլ խախտումներ, որոնք ուղղված են մտավոր սեփականությանը և հարակից այլ իրավունքների դեմ: (գլուխ II, բաժին1, կետեր 1- 4).
2. Նախարարների կոմիտե
ա) ՆԿ-ի հռչակագիրը (2005)56 վերջնական
20. Մարդու իրավունքների և տեղեկատվական հասարակությունում օրենքի գերակայության վերաբերյալ Նախարարների կոմիտեի հռչակագրի նախաբանում (ՆԿ [CM] (2005)56 վերջնական, 2005թ. մայիսի 13) նշված է, որ «[տեղեկատվական և հաղորդացման տեխնոլոգիաներին (ՏՀՏ)] սահմանափակ մուտքը կամ մուտքի բացակայությունը կարող է զրկել անհատներին ամբողջովին օգտվել իրենց հիմնարար իրավունքներից»: «Մարդու իրավունքները տեղեկատվական հասարակությունում» վերնագրով այս հռչակագրի առաջին գլխում նշված է հետևյալը`
« 1. Խոսքի, տեղեկատվության և հաղորդակցման իրավունք
ՏՀՏ-ներն աննախադեպ կերպով հնարավորություն են ընձեռնում բոլորին օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից: Այսպիսով նաև, լրջորեն վտանգվում է այս ազատության իրավունքի իրականացումը, օրինակ` պետության կամ մասնավոր հատվածի կողմից գրաքննության դեպքում:
Խոսքի, տեղեկատվության և հաղորդակցման ազատության իրավունքը պետք է պաշտպանվի թվային, ինչպես նաև ոչ թվային հարթությունում: Զուտ թվային ձևաչափով իրականացման պատրվակով այն չի կարող ենթարկվել այլ սահմանափակումների, քան նախատեսված է ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածով :
Երաշխավորելով խոսքի ազատությունը` անդամ պետությունները պետք է հետևեն, որ իրենց ներպետական օրենսդրությունը, որն ուղղված է պայքարելու այնպիսի հակաօրինական բովանդակությունների դեմ, ինչպիսիք են ռասիստական բնույթի կամ ռասսայական խտրականությամբ, մանկական պոռնոգրաֆիայի առկայությամբ բովանդակությունները, կիրառվի նաև ՏՀՏ-ների միջոցով կատարված խախտումների դեպքում:
Անդամ պետությունները պետք է պահպանեն և հզորացնեն իրավական և գործնական միջոցները` պետության կամ մասնավոր հատվածի կողմից գրաքննությունը բացառելու համար (...) » :
բ) 2003թ. մայիսի 28-ի հռչակագիրը
21. 2003թ. մայիսի 28-ին Նախարարների պատվիրակների 840 –րդ ժողովի ժամանակ Նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Համացանցում հաղորդակցման ազատությունը» վերնագրով հռչկագրի նախաբանում ասվում է, որ համացանցում հաղորդակցման նախնական վերահսկումը` անկախ պետական սահմաններից, պետք է մնա որպես բացառություն և պետք է վերացնել համացանցին անհատական մուտքի արգելքները: Հռչակագրի մեջ ձևակերպված են մասնավորապես հետևյալ սկզբունքները`
« (...)
Սկզբունք 1` Համացանցում առկա բովանդակությունների վերաբերյալ կանոններ
Անդամ պետությունները չպետք է համացանցում հասանելի բովանդակությունների նկատմամբ կիրառեն այլ սահմանափակումներ, քան նախատեսված են բովանդակությունների տարածման այլ միջոցների վրա:
(...)
Սկբունք 3` Պետության կողմից նախնական վերահսկման բացակայություն
Պետական իշխանությունները չպետք է զտման կամ արգելափակման ընդհանուր միջոցառումների միջոցով, խոչընդոտեն հանրության համար համացանցում առկա տեղեկությունների և հաղորդակցման այլ ձևաչափերի հասանելիությանը` անկախ պետական սահմաններից : Վեջինս չի բացառում անչափահասների պաշտպանության համար զտման համակարգերի տեղադրումը, մասնավորպես անչափահասներին հասնանելի այն վայրերում, ինչպիսիք են դպրոցներն ու գրադարանները :
Եթե պահպանվել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասում երաշխիքները, կարելի է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները համացանցում հստակորեն ճանաչելի բովանդակության ջնջման համար, կամ, որպես այլընտրանքային լուծում, արգելափակել մուտքը, եթե ներպետական համապատասխան մարմիններն ընդունել են բովանդակության հակաօրինական բնույթի վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական որոշում :
(...) »
22. Հռչկագրի բացատրական փաստաթղթում, թիվ 3 սկզբունքը մեկնաբանվել է հետևյալ կերպ`
« Պետության նախնական վերահսկման բացակայություն
Այս սկզբունքն ընդգծում է հանրության կողմից համացանցում փնտրվող տեղեկությունների նկատմամբ պետության նախնական վերահսկման բացակայության կարևորությունը: Որոշ երկրներ իրականում հակված են արգելափակել հանրության մուտքը դեպի օտարերկրյա կամ ազգային որոշ կայքեր` քաղաքական նկատառումներից ելնելով: Այս պրակտիկան և պետության կողմից վերահսկման նմանատիպ այլ պրակտիկան, պետք է խստիվ քննադատվի:
Չնայած, որ պետությունները չպետք է ոչ մի կերպ դիմեն անցանկալի բովանդակություններն արգելափակող լայն միջոցառումների` բացառություններ կարող են թույլատրվել անչափահասների պաշտպանությունն ապահովելու նպատակով : Երբ անչափահասներին համացանցը հասանելի է դպրոցներում կամ գրադարաններում, հանրային իշխանությունները կարող են պահանջել տեղադրել համակարգիչներում զտիչ համակարգեր` վտանգավոր բովանդակություններին մուտքը արգելափակելու համար:
Պետության կողմից նախնական վերահսկման բացակայությունը, իհարկե, չի բացառում, որ որոշ միջոցառումներ իրականացվեն համացանցում որևէ բովանդակության ջնջման կամ արգելափակման ուղղությամբ` համաձայն ներպետական իրավասու մարմինների հակաօրինական բնույթի վերաբերյալ միջանկյալ կամ վերջնական որոշման, որը կայացվում է ոչ միայն քրեական իրավունքի, այլև իրավունքի այլ ճյուղերի` քաղաքացիական կամ վարչական իրավունքի տեսնակյունից: Սա հակաօրինական բովանդակության համացանցում հրապարակման արգելման հրամանների տիպիկ դեպքն է: Այսպիսի միջոցառումները, որոնք կարող են հանգեցնել ինչ-որ առումով նախնական վերահսկման, պետք է համապատասխանեն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթերին և պետք է ուղղված լինեն հստակորեն ճանաչելի բովանդակության դեմ»:
գ) ՆԿ հանձնարարական CM/Rec(2007)16
23. 2007թ.-ին Նախարարների կոմիտեն ընդունել է թիվ CM/Rec(2007)16 հանձնարարականը, որն ուղղված էր համացանցի, որպես հանրային ծառայության արժեքի խթանմանը: Համացանցի հասանելիության և թույլատրելի սահմանափակումներն անուղղակի կերպով քննարկվել են երկրորդ և երրորդ գլուխներում, որոնք համապատասխանաբար վերնագրվել են «Մուտք» և «Բացում»:
դ) ՆԿ հանձնարարական CM/Rec(2007)11
24. 2007թ.-ին Նախարարների կոմիտեն ընդունել է նաև թիվ CM/Rec(2007)11 հանձարարականը տեղեկատվության և հաղորդակցման նոր միջավայրում խոսքի և տեղեկատվության ազատության խթանման մասին:
ե) ՆԿ հանձնարարական CM/Rec(2008)6
25. 2008թ.-ին Նախարաների կոմիտեն ընդունել է թիվ CM/Rec(2008)6 հանձարարականը : Այս հանձրարականի հավելվածում ներկայացված է համացանցային զտիչ համակարգերի օգտագործման և վերահսկման գլխավոր ուղեցույցը, որը թույլ է տալիս իրականացնել և լիարժեք կերպով օգտվել խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքից :
զ) ՆԿ հանձնարարական CM/Rec(2012)3
26. 2012թ. ապրիլի 4-ին Նախարարների կոմիտեն ընդունել է թիվ CM/Rec(2012)3 հանձնարականը որոնման համակարգերի համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ : Այս հայտարարության 1-ին մասում մասնավորապես ընդգծված է, որ « [l] որոնման համակարգերը թույլ են տալիս ամբողջ աշխարհի հանրությանը որոնել, ստանալ և փոխանակել տեղեկություններ, մտքեր և այլ բովանդակություններ, մասնավորապես, ստանալ հասանելի գիտելիքներ, մասնակցել քննարկումներին և ժողովրդավարական գործընթացներին»:
Բ) Եվրոպական միություն
ա) Հանձնարարական 2008/2160(INI),
27. 2009թ. մարտի 26-ին Եվրոպական խոհրդարանի կողմից ընդունված թիվ 2008/2160(INI) հանձնարարակում հստակորեն նախատեսվում է, որ անդամ պետությունները պետք է ջանքեր գործադրեն դեպի համացանց առանց սահմանափակումների և վստահելի մուտքի միջոցով տեղեկատվական ժողովրդավարության հաստատման համար : Այսպիսով, Խորհրդարանը խորհուրդ է տալիս դատապարտել կառավարության կողմից պարտադրված գրաքննությունն այն բովանդակությունների նկատմամբ, որոնք կարող են որոնվել ինտերնետային կայքերում և կոչ է անում անդամ պետություններին «ապահովել երաշխիքներ, որպեսզի խոսքի ազատությունը չենթարկվի հանրային և/կամ մասնավոր հատվածի կամային սահմանափակումներին և խուսափել օրենսդրական կամ վարչական ցանկացած միջոցառումներից, որոնք կարող են տարհամոզիչ ազդեցություն ունենալ խոսքի ազատության բոլոր ասպեկտների վրա » (w) :
բ) Սկարլետ Իքսթենդիդ (Scarlet Extended) ընկերությունն ընդդեմ կոմպոզիտորների և հրատարակիչների բելգիական ընկերությանը (Եվրոպական միության արդարադատության պալատ)
28. Եվրոպական միության արդարադատության դատարանը (ԵՄԱԴ) քննել է թիվ C-70/10 գործը կանխակալ մի հարցի շուրջ, որը վերաբերում է բելգիական մի դատարանի որոշմանը, որը ինտերնետային ծառայության բելգիական մատակարարից պահանջում է տեղադրել ծրագիր, որպեսզի իրականացվի շարունակական վերահսկում և արգելափակվի մտավոր սեփականության իրավունքները խախտող ինտերնետային ցանկացած առցանց գործողություն :
29. 2011թ. նոյեմբերի 24 –ի որոշմամբ ԵՄԱԴ-ը հիշեցրել է, որ մտավոր սեփականության իրավունքից օգտվողները կարող էին պահանջել, որ հրաման ընդունվեր այն միջնորդների դեմ, որոնց ծառայություններն օգտագործվում են երրորդ անձանց կողմից նրանց իրավունքները խախտելու համար և որ արգելման պայմաններն ենթարկվում են ներպետական իրավունքին: Այսպիսով, ներպետական այս կանոնները պետք է պահպանեն այն սահմանափակումները, որոնք նախատեսված են ԵՄ իրավունքով, մասնավորապես Եվրոպական միության էլեկտրոնային առևտրի վերաբերյալ թիվ 2000/31/ԵՄ հրահանգով նախատեսված արգելքը, համաձայն որի ազգային իշխանությունները չպետք է կիրառեն այպիսի միջոցառումներ, որոնք կպարտադրեն ինտերնետային ծառայությունների մատակարարներին իրականացնել իրենց ցանցում փոխանակվող տեղեկությունների ընդհանուր վերահսկողություն: Այսպիսով, նմանատիպ հրահանգները, որոնք պարտադրում են մատակարարին տեղադրել զտման այդպիսի համակարգեր, չեն ապահովում մի կողմից մտավոր սեփականության իրավունքի և մյուս կողմից ձեռնարկատիրության ազատության, անձնական բնույթի տվյալների պաշտպանության և տեղեկություններ ստանալու և փոխանակելու իրավունքների միջև արդար հավասարակշռության պահանջը: Հետևաբար, ԵՄԱԴ-ն պատասխանել է, որ կանխարգելման նպատակով ինտերնետային ծառայության մատակարարին ուղղված հրահանգը կիրարկել զտման համակարգ իր իսկ միջոցների հաշվին և անորոշ ժամանակով իր ծառայություններով փոխանակվող էլեկտրոնային բոլոր հաղորդակցությունների նկատմամբ, որը տարածվում է ողջ հաճախորդների վրա, հակասում է ԵՄ իրավունքին և մասնավորապես 2000/31/ԵՄ հրահանգին և կիրառելի հիմնարար իրավունքներին:
Գ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե
30. Իր 102-րդ նստաշրջանի ժամանակ ընդունված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածի թիվ 34 ընդհանուր դիտարկման մեջ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հայտարարել է հետևյալը`
« 43. Համացանցային կայքերի, բլոգերի և համացանցի միջոցով տեղեկությունների տարածման ցանկացած այլ համակարգի, էլեկտրոնային և այլ միջոցների, այդ թվում` հաղորդակցման այս միջոցների հարակից օժանդակ համակարգերի` ինտերնետային ծառայությունների մատակարարների կամ որոնման համակարգերի նկատմամբ ցանկացած սահմանափակում օրինական է այնքանով, որքանով այն համատեղելի է 3-րդ պարբերության հետ: Օրինական սահմանափակումները, ընդհանուր առմամբ, պետք է ուղղված լինեն կոնկրետ բովանդակությանը. գործառնական ընդհանուր արգելանքները համատեղելի չեն 3-րդ պարբերության հետ: Արգելել որևէ կայքին կամ տեղեկատվության տարածման որևէ համակարգին հրապարակել տվյալ բովանդակությունը միայն այն պատճառով, որ այն քննադատական է կառավարության կամ վերջինիս կողմից որդեգրած քաղաքական և սոցիալական համակարգին, նույնքանով անհամատեղելի է 3-րդ պարբերության հետ» :
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
31. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համացանցի վերաբերյալ օրենսդրությունը, որը գնտվում է նոր տեխնոլոգիաների արագ զարգացման համատեքստում, խիստ դինամիկ է և մասնատված, դժվար է գտնել ընդհանուր ստանդարտներ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համեմատական իրավունքի դրույթներ: Դատարանի կողմից իրականացված Եվրոպայի խորհրդի քսան անդամ պետությունների (Գերմանիա, Ավստրիա, Ադրբեջան, Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Ֆինլադիա, Իռլանդիա, Իտալիա, Լիտվա, Նիդերլանդներ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Ռումինիա, Միացյալ թագավորություն, Ռուսաստան, Սլովենիա և Շվեցարիա) օրենսդրությունների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համացանցի հասանելիության իրավունքը խոսքի և տեղեկությունների ստացման և փոխանակման ազատության իրավունքների բնագավառում տեսականորեն պաշտպանված է սահմանադրական երաշխիքներով: Այս իրավունքն անբաժանելի է ազգային սահմանադրություններով երաշխավորված հաղորդակցման և տեղեկատվության հասանելիության իրավունքից: Այն ներառում է յուրաքանչյուրի տեղեկատվական հասարակությանը մասնակացնելու իրավունքը, ինչպես նաև պետությունների պարտավորությունն երաշխավորելու քաղաքացիաների համար համացանցի հասանելիությունը: Այսպիսով, խոսքի ազատության ընդհանուր բոլոր երաշխիքները համապատասխան հիմք են հանդիսանում նաև առանց արգելքների Ինտերնետի հասանելիության իրավունքի համար:
32. Մասնավորապես, 2009թ. հունիսի 10-ի իր որոշման մեջ (Որոշում no 2009‑580 DC), Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հստակ հայտարարել է, որ այսօր խոսքի ազատության մասին խոսելիս պետք է ներառել Ինտերնետի հասանելիության իրավունքը : Այն նաև սահմանել է ինտերնետի հասանելիության սահմանափակման դեպքում հիմնարար սկզբունքները. հանրության հաղորդակցման առցանց ծառայություններին ազատ մուտքի իրավունքի սահմանափակումը կարող է հրահանգվել միայն դատավորի կողմից արդար դատավարության արդյունքում ողջամիտ տույժի պայմանով: Ըստ Սահմանադրական խորհրդի` « հաշվի առնելով 1789թ.-ի Հռչակագրի 11-րդ հոդվածով երաշխավորված ազատության բնույթը, օրենսդիրը կարող է [...] վստահել իր լիազորությունները (համացանցի հասանելիությունը սահմանափակելու կամ արգելելու) մեկ այլ վարչական միավորի հեղինակային և հարակից իրավունքները պաշտպանելու նպատակով»:Այս պատճառով Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է հայտարարել առանց դատարանի որոշման հեղինակային իրավունքի խախտման դեպքում ինտերնետին մուտքի արգելում թույլատրող օրենքի հոդվածները: Մուտքի կասեցումը հնարավոր է դատական վիճաբանության առումով, որպես լրացուցիչ տույժ: Միջանկյալ միջոցառումներ կարող են հրահանգվել հրատապ հարցերով դատավորների կողմից, ըստ Սահմանադրակն դատարանի, վերոնշյալ իրավունքների պաշտպանության համար խիստ «անհրաժեշտ» լինելու պայմանով:
33. Ինչ վերաբերում է համացանցում հակաօրինական բովանդակությունների դեպքում սահմանափակման հնարավոր միջոցառումներին, առկա է եվրոպական երկրների օրենսդրություններով նախատեսված օրենսդրական միջոցների և մոտեցումների մի մեծ բազմազանություն` սկսած ինտերնետի մուտքի անհատական կասեցումից մինչև կոնկրետ կայքի արգելափակում, այդ թվում` նաև հակաօրինական բովանդակության վերացում : Սկզբունքորեն, անչափահասների իրավունքների պաշտպանությունը և նրանց սեռական շահագործման դեմ պայքարը հանդիսանում են այն հիմքը, որի հիման վրա եվրոպական երկրների մեծամասնությունն իրականացնում է համապատասխան միջոցառումներ համացանցային կոնկրետ կայքերի մուտքը սահմանափակելու համար (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Շվեյցարիա և Ֆրանսիա) : Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ նույն հանցագործությունների տեսակին, մուտքի սահմանափակման միջոցառումները տարբեր են և պակաս խիստ վեց երկրներում (Ավստիա, Էստոնիա, Ֆինլանդիա, Իտալիա, Լիտվա, Նիդերլանդներ):
34. Ինչ վերաբերում է սահմանափակման միջոցառումների չափին, ընդհանուր առմամբ իրականացվում է տարբերակում ըստ կատարված հանցագործության բնույթի, այսինքն` մտավոր սեփականության իրավունքի կամ ընդհանուր հանցավորության իրավախախտումներ: Ըստ ԵԱՀԿ-ի զեկույցի, որը վերնագրվել է որպես §Համացանցում խոսքի ազատություն` ԵԱՀԿ անդամ պետություններում համացանցում խոսքի ազատության, տեղեկատվության ազատ հոսքի և մամուլի բազմակարծության իրավական դրույթների և պրակտիկայի ուսումնասիրություն¦ (« Freedom of Expression on the Internet: Study of legal provisions and practices related to freedom of expression, the free flow of information and media pluralism on the Internet in OSCE participating States »), համացանց մուտքի արգելափակման վերաբերյալ չկան ընդհանուր օրենսդրական դրույթեր Ավստրիայում, Գերմանիայում, Լեհաստանում և Չեխիայում: Արգելափակման վերաբերյալ ընդհանուր դրույթների բացակայության պարագայում, հինգ երկրներ ունեն հատուկ օրենդսրական դրույթներ, որոնք նախատեսում են արգելափակումներ որոշ տեսակի խախտումների դեպքում (Էստոնիա, Ռուսաստանի դաշնություն, Ֆինլանդիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա): Այս խախտումները ներառում են սկսած մանկական պոռնոգրաֆիայի դեպքերից մինչև ատելության կոչեր, ահաբեկչության հրահրում կամ զրպարտում:
35. Ռուսաստանում, եթե նույնիսկ համացանց մուտքը հնարավոր չէ արգելել ընդհանուր մակարդակով, դաշնային օրենքները կարող են թույլատրել մուտքի սահմանափակումներ հատուկ պատճառներով` ընդհուպ սահմանադրական կարգի, բարոյականության, առողջության, երրորդ անձանց օրինական շահերի ու իրավունքների պաշտպանության կամ ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով (դաշնային օրենք no 149-FZ).
36. Իսկ այն երկրների դեպքում, որոնք չունեն կայքերի փակման և/կամ մուտքի արգելափակման վերաբերյալ օրենսդրական, ընդհանուր կամ հատուկ դաշտ, չի բացառվում, որ արգելափակման միջոցառումների վերաբերյալ որոշումներ կայացվի դատավորի կողմից կամ կիրառվի կամայական կերպով:
37. Ինչ վերաբերում է համացանց մուտք գործելու արգելման միջոցառումը բողոքարկելու հնարավորությանը, այն սերտորեն կապված է տեղեկատվություն ստանալու և խոսքի ազատության պաշտպանության ընդհանուր երաշխիքների հետ: Ադրբեջանում, Բելգիայում, Իսպանիայում, Լիտվայում, Մեծ Բրիտանիայում և Չեխիայում չկան հատուկ դրույթներ ինտերնետային էջի հասանելիության սահմանափակման միջոցառումը բողոքարկելու պայմանների վերաբերյալ: Հղում է կատարվում խոսքի և տեղեկատվության ազատության մասին սահմանադրական ընդհանուր դրույթներին կամ, ինչպես կատարվում է Մեծ Բրիտանիայում, «դատական կարգով վերանայման» հնարավորություն է ընձեռնվում, եթե օգտագործողն ապացուցում է, որ իր շահերը բավարար կերպով են կապված վիճարկվող միջոցառման առարկայի հետ: Էստոնիայում օրենսդրությունը հատուկ կարգով նախատեսում է համացանցում տեղեկատվության հասանելիության սահմանափակման բողոքարկման հնարավորությունը վարչական բարձրագույն մարմնում, հատուկ գործակալությունում կամ ուղղակիորեն վարչական դատարանում, երբ խոսքը վերաբերում է հանրային նշանակության տեղեկատվությանը, որը իշխանությունները պարտավոր են հասանելի դարձնել («Հանրային տեղեկատվության օրենք¦ (§ Public Information Act »)):
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
38. Դիմումատուն բողոքում է, որ չի կարողանում մուտք գործել իր ինտերնետային կայք իր կայքի հետ կապ չունեցող քրեական գործի շրջանակներում նախատեսված միջոցառման արդյունքում: Այս միջոցառումը նա համարում է ոտնահարում գաղափարների և տեղեկությունների ստանալու և փոխանցելու ազատության իր իրավունքների նկատմամբ, որը երաշխավորում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով և ձևակերպված է հետևյալ կերպ`
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից : Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմա-նավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
39. Կառավարությունը չի ներկայացրել իր փաստարկները:
Ա) Գործի ընդունելիության մասին
40. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առումով: Ավելին, չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ պատճառ: Ուստի, այն գանգատն ընդունելի է հայտարարում :
Բ) Գործի էության մասին
1. Կողմերի փաստարկները
41. Դիմումատուն պնդում է, որ Google Sites համակարգի արգելափակումը հանդիսանում է անուղղակի գրաքննություն: Նա համարում է, որ իր համար այս արգելափակման հետևանքները, այսինքն` իր սեփական կայք մուտք գործելու անհնարինությունն այն դեպքում, երբ այն ոչ մի կապ չունի Google Sites համակարգի արգելափակման պատճառ հանդիսացած հակաօրինական բովանդակության հետ, անհամաչափ է հետապնդվող նպատակների առումով: Բացի այդ, նա համարում է, որ դատավարությունը, որի արդյունքում արգելափակվել է Google Sites համակարգը, չի կարող համարվել արդարացի և անկողմնակալ:
42. Կառավարությունը չի ներկայացրել իր փաստարկները:
2. Երրորդ կողմ
43. Անդրադառնալով Դատարանի նախադեպային իրավունքին` Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն (Open Society Justice Initiative) կազմակերպությունը համարում է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Google Sites համակարգը տեղակալում է մեծ քանակությամբ տվյալներ և տեղեկություններ և որ այս առումով այն համեմատելի է ավանդական գրադարանների և խոշոր թերթերի առցանց արխիվների հետ, վիճարկվող միջոցառումը հանդիսանում է հրապարակման նախնական սահմանափակում: Այն ընդգծում է, որ այս գործի վերաբերյալ կայացրած որոշման նպատակն եղել է Աթաթուրքի հիշատակը անարգող բովանդակությամբ ընդամենը մեկ կայքի արգելափակումը, մինչդեռ արգելափակվել է վիճահարույց կայքը տեղակայող ողջ Google Sites համակարգը: Անորոշ ժամկետով նմանատիպ քանակությամբ տեղեկություններին մուտքի արգելափակում նախատեսող միջոցառումը կարելի է նմանեցնել նախնական սահմանափակման այն պահից, երբ անորոշ ժամկետով արգելափակված բովանդակությունը հասանելի չէ ինտերնետից օգտվողների համար: Սակայն նման սահմանափակումները պետք է հանդիսանան այնպիսի մեծ վտանգեր, որ արժանանան Դատարանի մանրակրկիտ ուսումնասիրմանը:
44. Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն (Open Society Justice Initiative) կազմակերպությունը հավելում է, որ մի խումբ կայքերին մուտքի արգելափակման միջոցառումն առաջացնում է «անուղղակի գրաքննության» վտանգ և, հետևաբար, անհրաժեշտ է խուսափել նման անհամաչափ միջոցառումների կիրառումից, երբ տեխնիկապես հնարավոր է գործողությունն իրականացնել միայն վիճահարույց կայքի ուղղությամբ: Վկայակոչելով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների օրինակները` կազմակերպությունը նշում է, որ ինտերնետային բովանդակության նման լայնածավալ արգելափակման որոշում երբեք չի կայացվել Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Մեծ Բրիտանիայում:
45. Ընդ որում, թուրքական համակարգը չի ապահովում համապատասխան երաշխիքներ կամայական գործողությունների դեմ: Այսպիսով, չկար բովանդակության մատակարարներին կամ արգելափակումից տուժած այլ կայքերի սեփականատերերին միջոցառման մասին տեղեկացնելու ոչ մի պարտավորություն: Ավելին, հրահանգվել է արգելափակել առանց որևէ երաշխիքի հազարավոր օգտատերեր ունեցող ինտերնետային կայքեր : Օրինակ` «YouT», «GeoCities», «Dailymotion» և «Google»-ի այլ ծառայություններ արգելափակված են եղել ամիսներ կամ տարիներ, որն էլ հանգեցրել է զգալի «անուղղակի գրաքննության»:
3. Դատարանի գնահատականը
ա) Միջամտության առկայության վերաբերյալ
46. Դատարանը նշում է, որ դիմումատուն սեփականատերն ու օգտատերն է մի կայքի, որի միջոցով, համաձայն իր հայտարարության, նա հրապարակում է իր գիտական աշխատանքներն ու տարբեր բնագավառների վերաբերյալ իր տեսակետները: Նա գանգատվում է իր կայք մուտք գործելու անհնարինությունից, որն իր կայքի հետ որևէ կապ չունեցող քրեական գործի շրջանակում որոշված միջոցառման արդյունք է: Իր կարծիքով, խոսքը վերաբերում է նախնական սահմանափակման մասին, որն տեղի է ունեցել մինչև ըստ էության վճիռը:
47. Դատարանը հիշեցնում է, որ 10-րդ հոդվածը, որպես այդպիսին, չի արգելում հրապարակման նախնական ցանկացած սահմանափակում` վկայակոչելով հոդվածում տեղ գտած «պայմաններ», «սահմանափակումներ», «արգելել» և «կանխարգելում» եզրույթները, ինչպես նաև Սանդեյ Թայմսն ընդդեմ Միացալ թագավորության [Sunday Times c. Royaume-Uni] թիվ 1) (26 ապրիլի 1979 թ., Շարք Ա, թիվ 30) և Մարկտ ինտերն Վերլագ ՍՊԸ-ն և Կլաուս Բեերմանն ընդդեմ Գերմանիայի [markt intern Verlag GmbH et Klaus Beermann c. Allemagne ](20 նոյեմբերի, 1989թ., Շարք Ա, թիվ 165): Նման սահմանափակումները ներկայացնում են այնպիսի մեծ վտանգներ, որ պահանջվում է Դատարանի մանրակրկիտ ուսումնասիրությունը: Այդպես է հատկապես մամուլի դեպքում. տեղեկատվությունը շուտ փչացող ապրանք է և նույնիսկ կարճ ժամանակով հրապարակման հետաձգումը կարող է զրկել արժեքից ու հետաքրքրությունից: Այս վտանգն առկա է նաև պարբերականներից բացի այլ տեսակի հրապարակումների դեպքում, որոնք վերաբերում են հրատապ թեմաների:
48. Ինչ վերաբերում է խոսքի ազատության իրավունքի իրականացման համար ինտերնետային կայքերի կարևորությանը, Դատարանը հիշեցնում է, որ Թայմս Նյուսփեյփեր ՍՊԸ-ն ընդդեմ Միացյալ թագավորության [Times Newspapers Ltd c. Royaume-Uni] (թիվ 1 և 2), (թիվ 3002/03 et 23676/03, § 27, ՄԻԵԴ [[CEDH]] 2009) գործի կապակցությամբ, այն արդեն նշել է հետևյալը`
« Իրենց հասանելիության, ինչպես նաև մեծ քանակությամբ տվյալներ պահպանելու և տարածելու իրենց ունակության շնորհիվ` ինտերնետային կայքերը մեծապես նպաստում են հանրության համար նորությունների հասանելիության բարելավմանը և, ընդհանուր առմամբ, տեղեկատվության տարածման հեշտացմանը»:
49. Այս նկատառումները վերաբերում են նաև այս գործին: Իրապես, Դատարանը նշում է, որ Google Sites համակարգը Google-ի ծրագրային միավոր է, որը թույլ է տալիս հեշտացնել մեկ խմբի ներսում կայքի ստեղծումն ու փոխանակումը, և այսպիսով հանդիսանում է խոսքի ազատության իրավունքի իրականացման միջոց:
50. Այս առումով, դատարանը նշում է, որ 10-րդ հոդվածը երաշխավորում է «յուրաքանչյուրի» խոսքի ազաությունը. այն տարբերակում չի կատարում ըստ հետապնդվող նպատակի բնույթի, ոչ էլ ըստ այդ ազատության իրականացման համար ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դերակատարման (Չետինն ընդդեմ Թուրքիայի [Çetin et autres c. Turquie], թիվ 40153/98 et 40160/98, § 57, ՄԻԵԴ [CEDH] 2003‑III (հատվածներ)): Այն վերաբերում է ոչ միայն տեղեկությունների բովանդակությանը, այլ նաև այդ տեղեկությունների տարածման միջոցներին, քանի որ վերջիններիս ուղղված ցանկացած սահմանափակում դիպչում է նաև տեղեկություններ ստանալու և փոխանակելու իրավունքին (տե´ս, փոփոխություններով (mutatis mutandis), Աուտրոնիկ ԱԳ-ն ընդդեմ Շվեցիարիայի [Autronic AG c. Suisse], 22 մայիսի, 1990թ., § 47, շարք Ա, թիվ 178) : Նմանապես, Դատարանը բազմիցս հայտարարել է, որ 10-րդ հոդվածն երաշխավորում է ոչ նիայն տեղեկություններ փոխանցելու իրավունքը, այլ հանրության տեղեկություններ ստանալու իրավունքը (Օբսերվերը և Գվարդիանն ընդդեմ Միացյալ թագավորության [Observer et Guardian c. Royaume-Uni], 26 նոյեմբեր, 1991թ., § 59բ), Շարք Ա, թիվ 216, և Գուերրան և այլոք ընդդեմ Իտալիայի [Guerra et autres c. Italie], 19 փետրվարի, 1998թ., § 53, Որոշումների և վճռիների ժողովածու 1998-I):
51. Այս դեպքում կայքի արգելափակման միջոցառումը պայմանավորված է Դենիզլիի քրեական դատարանի որոշմամբ: Սկզբում, խոսքը վերաբերում էր Աթաթուրքի հիշատակն անարգելն արգելող թիվ 5816 օրենքին համաձայն երրորդ կայքի դեմ քրեական դատավարության շրջանակներում դատարանի կողմից վճռված կանխարգելիչ միջոցառմանը: Այնուամենայնիվ, արգելափակման վերոհիշյալ միջոցառումն իրականացնող վարչական մարմինը` ՀՏՏՆ-ը, պահանջել է Google Sites համակարգի ամբողջական արգելափակում: 2009թ. հունիսի 24-ի որոշմամբ Դենիզլիի քրեական հարցերով դատարանը բավարարել է այդ պահանջը: Դիմումատուի կողմից ներկայացված առարկությունից հետո Դենիզլիի քրեական դատարանն այն հաստատել է` համարելով, որ քրեական դատավարության առարկա հանդիսացող կայքի արգելափակման միակ տարբերակը Google Sites համակարգի մուտքի արգելափակումն է: Այսպիսով, ՀՏՏՆ-ն արգելափակել է «Google Sites» տիրույթն ամբողջությամբ` խոչընդոտելով դիմումատուի մուտքն իր իսկ սեփական կայք: Ըստ գործի մանրամասների` դիմումատուն անորոշ ժամկետով հնարավորություն չի ունեցել մուտք գործել իր սեփական կայք և իր այս ուղղղությամբ փորձերը բախվել են դատարանի արգելափակման որոշմանը: Ուստի, նա օրինապես կարող է պնդել, որ վերոհիշյալ միջոցառումն ազդել է իր գաղափարներ և տեղեկություններ ստանալու և փոխանցելու իրավունքի վրա: 52. Գործի հիմքում հիմնականում ընկած է քրեական դատավարության շրջանակում ընդունված կանխարգելիչ միջոցառման անուղղակի ազդեցությունն է: Չնայած, որ ոչ Google Sites համակարգն որպես այդպիսին, ոչ էլ դիմումատուի կայքը նման քննության չեն ենթարկվել, ՀՏՏՆ-ն արգելափակել է այս կայքերը Դենիզլիի քրեական դատարանի կողմից նախատեսված միջոցառումն իրականացնելու համար: Այս արգելափակումը պետք է տևեր մինչև ըստ էության վճռի կայացման կամ Google Sites համակարգում տեղակալված հակաօրինական բովանդակության վերացումը (թիվ 5651 օրենքի 9-րդ հոդված): Ուստի, խոսքը վերաբերում է առաջնային սահմանափակման մասին, որը կատարվել է մինչև ըստ էության վճռի կայացումը:
53. Դատարանը համարում է, որ, անկախ իրավական հիմքից, նմանատիպ միջոցառումը հակված է եղել ազդել համացանցի հասանելիության վրա և այդ պահից առաջացրել է պատասխանող պետության պատասխանատվությունը 10-րդ հոդվածի առումով (տե´ս, բոլոր փոփոխություններով (mutatis mutandis), Ավստիայի զինծառայողների ժողովրդավարական կազմակերպությունը և Գուբին ընդդեմ Ավստրիայի [Vereinigung demokratischer Soldaten Österreichs et Gubi c. Autriche], 19 դեկտեմբերի 1994 թ. § 27, Շարք Ա, թիվ 302):
54. Այն նշում է նաև, որ վիճարկվող արգելափակումը տեղի է ունեցել սկզբնականում մեկ այլ կայքի արգելման արդյունքում: Google Sites համակարգի ամբողջական արգելափակման պատճառով միջոցառումն անդրադարձել է նաև դիմումատուի վրա, որն այս տիրույթում տեղակալված կայքի սեփականատերն է: Իհարկե, խոսքը չի վերաբերում ամբողջական արգելման, այլ համացանց մուտքի սահմանափակման մասին, որի արդյունքում արգելափակվել է նաև դիմումատուի կայքը: Այնուամենայնիվ, վիճարկվող սահմանափակման սահմանափակ ազդեցությունը չի նվազեցնում իր կարևորությունը, հատկապես, երբ այսօր համացանցը դարձել է անհատների իրենց խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի իրականացման հիմնական միջոցներից մեկը. այնտեղ հնարավոր է գտնել քաղաքական կամ հանրային նշանակության հարցերի շուրջ քննարկումներին և գործողություններին մասնակցելու համար էական գործքիներ:
55. Ամփոփելով Դատարանը գտնում է, որ վիճարկվող միջոցառումն իրենից ներկայացնում է սահմանափակում, որն առաջացել է ինտերնետային կայքի արգելափակման կանխարգելիչ միջոցառման արդյունքում: Այս միջոցառման իրականացման նպատակով դատարանը, ՀՏՏՆ-ի խնդրանքով, նաև հրահանգել է արգելափակել Google Sites համակարգը, որը տեղակալել է նաև դիմումատուի կայքը: Այսպիսով, վերջինիս համար անհնար է եղել մուտք գործել իր կայք: Սա բավարար է Դատարանի համար եզրակացնելու, որ քննարկվող միջոցառումը հանդիսանում է «պետական մարմինների կողմից միջամտություն» դիմումատուի խոսքի ազատությանը, որի անբաժանելի մասն է կազմում գաղափարների կամ տեղեկությունների փոխանակելու կամ ստանալու ազատության իրավունքը (տե´ս, բոլոր փոփոխություններով (mutatis mutandis), Այշե Օզթուրքն ընդդեմ Թուրքիայի [Ayşe Öztürk c. Turquie], թիվ 24914/94, § 42, 15 հոկտեմբերի, 2002թ.):
56. Նման միջամտությունը խախտում է 10-րդ հոդվածը, եթե այն §նախատեսված չէ օրենքով¦, որը հետապնդում է մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ`համահունչ 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այս կամ այն նպատակներին հասնելու համար:
բ) Օրենքով նախատեսված դրույթի վերաբերյալ
57. Դատարանը նախևառաջ հիշեցնում է, որ 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «օրենքով նախատեսված» բառերն առաջին հերթին ենթադրում են, որ վիճարկվող միջոցառումը պետք է հիմնավորված լինի ներպետական օրենսդրությամբ, սակայն դրանք վերաբերում են նաև այդ օրենքի որակին: Վերոհիշյալ բառերը պահանջում են տվյալ օրենքի մատչելիությունը շահագրգիռ անձանց համար, որոնք, ի լրումն այս ամենի, պետք է կարողանան կանխատեսել օրենքի հետևանքները և վերջինիս համատեղելիությունն օրենքի գերակայության հետ: (տե´ս, ի թիվս այլոց, Դինքն ընդդեմ Թուրքիայի [Dink c. Turquie], թիվ 2668/07, 6102/08, 30079/08, 7072/09 et 7124/09, § 114, 14 սեպեմբերի 2010) : Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` նորմը «կանխատեսելի է», երբ այն ձևակերպված է բավարար հստակությամբ, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին, համապատասխան խորհուրդների օգնությամբ, կարգավորել սեփական վարքագիծը (տե´ս, ի թիվս այլոց, RTBF-ն ընդդեմ Բելգիայի [RTBF c. Belgique], թիվ 50084/06, § 103, 29 մարտ 2011թ., Ակչամն ընդդեմ Թուրքիայի [Akçam c. Turquie], թիվ 32964/96, § 87, 30 հոկտեմբերի 2001թ.):
58. Այս դեպքում Դատարանը նշում է, որ դատական վարույթ ներգրավված կայքի արգելափակումն ունի իրավական հիմք, այն է` թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1 մասը: Այն հարցին, թե թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է արդյոք մատչելիության և կանխատեսելիության պահանջներին, դիմումատուն համարում է, որ պետք է տալ բացասական պատասխան, քանի որ այդ դրույթն ըստ իրեն չափազանց անորոշ է:
59. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` այս պահանջներին համապատասխանելու համար, ներպետական օրենսդրությունը պետք է ապահովի Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների որոշակի պաշտպանություն պետական մարմինների իշխանությունների կամայական միջամտություններից: Երբ խոսքը վերաբերում է հիմնարար իրավունքներին առչվող հարցերին, օրենքը խախտում է օրենքի գերակայության սկզբունքը, որը Կոնվենցիայով ամրագրված ժողովրդավարական հասարակության սկզբունքներից մեկն է, եթե գործադիր մարմնին տրված հայեցողության իրավասությունը սահմանափակումներ չի ճանաչում: Հետևաբար, այն պետք է բավարար հստակությամբ սահմանի նման իրավասության իրականացման սահմանները և պայմանները (տե´ս, ի թիվս այլոց, վերը նշված Սանդեյ Թայմսի [Sunday Times] վերաբերյալ վճիռները, § 49, և Մաեստրին ընդդեմ Իտալիայի [Maestri c. Italie] ԳԽ [GC], no 39748/98, § 30, ՄԻԵԴ [CEDH] 2004‑I):
60. Հարց է ծագում, թե արդյոք արգելափակման որոշման ընդունման պահին առկա է եղել հստակ և ճշգրիտ նորմ, որը թույլ կար դիմումատուին կարգավորել իր վարքագիծն այս հարցում:
61. Դատարանը նշում է, որ, թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1–ին մասի համաձայն, դատավորը կարող է կարգադրել արգելափակել «համացանցում տարածված հրապարակումները, եթե առկա են բավարար պատճառներ կասկածելու, թե իրենց բովանդակությամբ դրանք խախտման մաս են կազմում»: Նույն օրենքի 2-րդ հոդվածը տալիս է « հրապարակում» հասկացության երկու սահմանում` ըստ ğ) կետի` « համացանցում տարածված հրապարակում [համարվում] է անորոշ քանակով անձանց համար հասանելի տվյալները», մինչդեռ, ըստ l-ին կետի), «հրապարակում է [համարվում] համացանցում կատարված հրապարակումը»: Անգամ, եթե պարզ է, որ «հրապարակում» հասկացությունը շատ լայն է և կարող է վերաբերվել համացանցում հասանելի ցանկացած տվյալի, ակնհայտ է, որ, որպես այդպիսին, այն չի մտնում թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման դաշտ, քանի որ իր բովանդակությունը, այս դրույթի տառին համաձայն, քննարկման առարկա չի հանդիսանում:
62. Իրականում, ո´չ Google Sites համակարգը, ո´չ դիմումատուի կայքը վերոնշյալ դրույթի առումով դատական վարույթի առարկե չեն հանդիսացել: 2009թ. հունիսի 24-ի որոշման (վերը նշված 10-րդ կետ) մեջ մեջբերված թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպման համաձայն` Google Sites համակարգը պատասխանատու է ճանաչվել իր կողմից տեղակալված կայքի բովանդակության համար, սակայն, թիվ 5651 օրենքի 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներում, որոնք հստակեցնում են, մուտքի, տեղակալման և բովանդակության մատակարարների պատասխանատվությունը, չի նախատեսվում այնպիսի ընդհանուր արգելափակում, որը հրահանգվել է այս դեպքի կապակցությամբ: Ավելին, այն չի հաստատում, որ օրենքը թույլ է տալիս ամբողջությամբ արգելափակել համացանցային տիրույթ, որը թույլ է տալիս փոխանակել գաղափարներ և տեղեկություններ, ինչպես արվում է Google Sites համակարգով: Ավելին, ոչինչ այս գործում թույլ չի տալիս նաև եզրակացնել, թե Google Sites համակարգը, թիվ 5651 օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, տեղեկացված է եղել այն մասին, որ այն տեղակալել է հակաօրինական բովանդակություն, ոչ էլ այն հրաժարվել է կիրառել միջանկյալ միջոցառումը քրեական վարույթ ընդունված կայքի նկատամամբ:
63. Դատարանը նշում է նաև, որ թիվ 5651 օրենքի 8-րդ 3-րդ et 4-րդ մասերը թույլ են տալիս վարչական մարմնին (ՀՏՏՆ-ին) ունենալ հայեցողության լայն շրջանակներ արգելափակման որոշման կատարման առումով, որն ի սկզբանե ընդունվել էր կոնկրետ կայքի նկատմամբ: Գործի փաստերը ցույց են տալիս, որ ՀՏՏՆ-ը կարող է պահանջել արգելափակման միջոցառման ընդլայնում առանց տվյալ կայքի կամ տիրույթի դեմ որևէ վարույթի առկայության կամ առանց արգելափակման անհրաժեշության հաստատման:
64. Բացի այդ, Դատարանը համարում է, որ, ինչպես նշվել է վերևում (47-րդ կետ), նմանատիպ սահմանափակումներն առաջին հայացքից անհամատեղելի չեն Կոնվենցիայի հետ: Սակայն, դրանք պետք է իրականացվեն այնպիսի իրավական շրջանակներում, որոնք կլինեն առանձապես հստակ, ինչ վերաբերում է արգելափակման սահմանագծմանը և արդյունավետ հնարավոր չարաշահումներից դատական վերահսկողության առումով (Էկին կազմակերպությունն ընդդեմ Ֆրանսիայի [Association Ekin c. France], no 39288/98, § 58, ՄԻԵԴ[CEDH] 2001‑VIII, տե´ս նաև բոլոր փոփոխություններով (mutatis mutandis), §Պրավոե Դելո¦-ի խմբագրական կոմիտեն և Շտեկելն ընդդեմ Ուկրաինայի [Comité de rédaction de Pravoye Delo et Shtekel c. Ukraine], no 33014/05, § 55, ՄԻԵԴ [CEDH] 2011 (հատվածներ)) : Այս առումով նման միջոցառումների դատական վերահսկողությունը, որն իրականացվում է դատավորի կողմից և հիմնված է հակառակ շահերի հավասարակշռման վրա և նպատակ ունի գտնել այս շահերի միջև հավասարակշռությունը, հնարավոր չի լինի պատկերացնել առանց հստակ շրջանակի, որը սահմանում է խոսքի ազատության կանխարգելիչ սահմանափակումների կիրառման վերաբերյալ հստակ և հատուկ կանոններ (վերը նշված RTBF, § 114): Սակայն, հարկ է նշել, որ երբ Դենիզլիի քրեական դատարանն որոշում է կայացրել արգելափակել ամբողջովին Google Sites համակարգը թիվ 5651 օրենքի համաձայն, այն բավարարվել է ՀՏՏՆ-ի կարծիքով առանց պարզելու, թե հնարավոր էր արդյոք ընդունել ավելի թեթև միջոցառում վիճահարույց կայքի արգելափակման համար (տե´ս վերը նշված 10-րդ կետը):
65. Բացի այդ, Դատարանը մասնավորապես նշում է, որ 2009թ. հուլիսի 1-ի իր առարկության մեջ դիմումատուն հատկապես պնդել է, որ այլ կայքերի վրա վերոհիշյալ միջոցառման ազդեցությունը բացառելու համար պետք էր ընտրել մի մեթոդ, որն անհասանելի կդարձներ միայն վիճահարույց կայքը:
66.Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ոչինչ չի փաստում այն մասին, թե դատավորները, ում ներկայացվել է առարկությունը, դիտարկել են տարբեր կողմերի շահերը` միաժամանակ գնահատելով Google Sites համակարգի ընդհանուր արգելափակման անհրաժեշտությունը: Դատարանի կարծիքով, այս թերությունը զուտ հետևանքն է թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի բովանդակության, որը չի պարտավորեցնում ազգային դատավորներին ուսումնասիրել Google Sites համակարգի ամբողջական արգելափակման անհրաժեշտությունը և այս ամենը` հաշվի առնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում Դատարանի կողմից սահմանված և իրականացված չափանիշները: Իսկապես, վերոնշյալ պարտավորությունը բխում է անմիջապես Կոնվենցիայի դրույթներից և Դատարանի նախադեպային իրավունքից: Իրենց որոշման մեջ դատավորները միայն նշել են, որ այս կապակցությամբ կայացրած որոշման համաձայն վիճահարույց կայքի արգելափակման միայն ճանապարհը Google Sites համակարգի ամբողջական արգելափակումն է (վերը նշված 8-րդ, 10-րդ և 13րդ կետեր): Մինչդեռ, Դատարանի կարծիքով, նրանք պետք է մասնավորապես հաշվի առնեին այն փաստը, որ նմանատիպ միջոցառումները, որոնք անհասանելի են դարձնում մեծ քանակությամբ տեղեկություններ, զգալիորեն ազդում են ինտերնետից օգտվողների իրավունքների վրա և առաջացնում են զգալի կողմնակի հետևանքներ:
67. Հաշվի առնելով այս նկատառումները և ուսումնասիրելով այն օրենսդրությունը, որը կիրառվել է այս դեպքում` Դատարանն եզրակացնում է, որ թիվ 5651 օրենքի 8-րդ հոդվածի կիրառման արդյունքում առաջացած միջամտությունը չի համապատասխանում Կոնվենցիայով նախատեսված կանխատեսելիության պայմանին և այն թույլ չի տվել դիմումատուին ունենալ պաշտպանության բավարար աստիճան, որը ժողովրդավարական հասարակությունում օրենքի գերակայության պահանջ է : Բացի այդ, նման դրույթը կարծես թե բախվում է Կոնվեցիայի 10-րդ հոդվածի առաջին մասի ձևակերպման հետ, ըստ որի, երաշխավորված իրավունքները կիրառվում են §անկախ պետական սահմաններից¦ (տե´ս, նույն առումով վերը նշված ԷԿԻՆ կազմակերպությունը [Association Ekin] գործը, § 62):
68. Դեռ ավելին, Դատարանը նշում է, որ քննարկվող միջոցառումն ունեցել է կամայական հետևանքներ և չի կարող համարվել, որպես վիճահարույց կայքի արգելափակման ուղղված գործողություն, քանի որ համացանցային կայքերի արգելափակման դատական վերահսկողությունը չի ապահովում չարաշահումները բացառող բավարար պայմանները. ներպետական օրենքը չի նախատեսում ոչ մի երաշխիք, որպեսզի կոնկրետ կայքի արգելափակման միջոցառումն ընդհանուր արգելափակման միջոց չհանդիսանա:
69. Ուստի, առկա է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում: 70. Հաշվի առնելով վերը նշված եզրակացությունը` Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ պայմանների պահպանումը:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ, 7-ՐԴ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
71. Վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները` դիմումատուն գանգատվում է, որ չի օգտվել արդյունավետ դատական պաշտպանությունից դատարանի կողմից վիճարկվող միջոցառման վերահսկման և իշխանությունների հնարավոր չարաշահման նկատմամբ պատժամիջոց կիրառելու առումով:
7-րդ հոդվածի տեսանկյունից նա մատնանշում է նաև, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 7-րդ հոդվածով ամրագրված հանցագործությունների և պատժամիջոցների իրավաչափության սկզբունքի խախտում:
Եվ վերջապես, թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա նա գանգատվում է իր կրթության իրավունքի խախտումից` պնդելով, որ վերոնշյալ արգելքի պատճառով չի կարողացել շարունակել իր դոկտորական կրթությունը:
72. Հաշվի առնելով խախտման վերաբերյալ եզրակացությունը, որին եզրահանգել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա (վերը նշված 70-րդ կետ)` Դատարանը համարում է, որ ուսումնասիրել է այս գործով առաջ քաշած իրավական հիմնական սկզբունքները: Հաշվի առնելով գործի բոլոր փաստերը` Դատարանը համարում է, որ կարիք չկա առանձին կերպով քննել այն գործերի ընդունելիության և էության վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա (Ռեջեփ Կուրտն ընդդեմ Թուրքիայի [Recep Kurt c. Turquie], no 23164/09, § 70, 22 նոյեմբերի 2011թ., և Քամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [Kamil Uzun c. Turquie], no 37410/97, § 64, 10 մայիսի 2007թ.):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
73. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա) Վնասը
74. Դիմումատուն պահանջում է 10 000 եվրո (EUR), որպես կրած ոչ նյութական վնասի փոխհատուցում:
75. Կառավարությունը վիճարկում է այս պահանջները:
76. Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է դիմումատուին հատկացնել 7 500 եվրո (EUR) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ) Ծախսեր և ծախքեր
77. Դիմումատուն պահանջում է նաև 3 300 եվրո (EUR) Դատարան և ներպետական դատարաններ դիմելու համար կրած ծախսերի և ծախքերի համար: Նա մասնավորապես պնդում է, որ ներպետական և ստրասբուրգյան դատավարությունների համար անհրաժեշտ է եղել ավելի քան 28 ժամյա աշխատանք, որի մեկ ժամը կազմել է 250 թուրքական լիրա (TRY)` ըստ Ստամբուլի և Իզմիրի փաստաբանական գրասենյակների նվազագույն հոնորարների աղյուսակի:
78. Կառավարությունը վիճարկում է այս պահանջները:
79. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուն ծախսերի և ծախքերի համար կարող է փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են փաստացիորեն, հաստատված անհրաժեշտությանբ և երբ դրանց ծավալն ողջամիտ է: Տվյալ դեպքի առնչությամբ և հաշվի առնելով առկա փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը` Դատարանն ողջամիտ է համարում դիմումատուին հատկացնել փոխհատուցում 1000 եվրոյի (EUR) չափով` ներառելով բոլոր տեսակի ծախսերը:
Գ) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսներ
80. Դատարանը նպատակահարմար է համարում փոխհատուցումը չվճարելու տոկոսադրույքը հիմնել Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքի վրա, որոնց պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է ընդունելի դիմումատուի տեղեկություններ ստանալու և հաղորդելու իրավունքին չհիմնավորված միջամտության վերաբերյալ գանգատը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում,
3. Վճառում է, որ կարիք չկա առանձին կերպով քննել այն գործերի ընդունելիության և էության վերաբերյալ, որոնք ներկայացվել են Կոնվենցիայի 6-րդ, 7-րդ և 13-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 2-րդ հոդվածի հիման վրա,
4. Վճռում է
ա) որ Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճիռը վերջնական համարվելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է հաշվարկվեն վճարման օրվա թուրքական լիրային համապատասխան փոխարժեքով,
1) 7 500 եվրո (EUR) (յոթ հազար հինգ հարույր եվրո) որպես ոչ-նյութական վնասի փոխհատուցում, գումարած դիմողից հնարավոր գանձվելիք հարկերը,
2) 1 000 եվրո (EUR) (հազար եվրո) ծախսերի և ծախքերի դիմաց, գումարած դիմողից հնարավոր գանձվելիք հարկերը,
բ) Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մինչև գումարի վճարումը պետք է վերոնշյալ գումարի վրա պարզ տոկոս վճարվի` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքին ավելացրած երեք տոկոսի չափով:
5. Մերժում է` դիմողի արդարացի բավարարման պահանջի մնացած մասը:
Կատարված է ֆրանսերեն լեզվով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի դեկտեմբերի 18-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Սթենլի Նեյսմիթ Գվիդո Ռայմոնդի
(Stanley Naismith) (Guido Raimondi)
Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցված է դատավոր Պաուլո Պինտո Ալբուքվերքվեի (Paulo Pinto de Albuquerque) հատուկ կարծիքը*:
Գ.ՌԱ (G.RA)
Ս.Հ.Ն (S.H.N.)
*«Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy