ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 26522/15 եւ 59819/19)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
12 մարտի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Առուշանյանը եւ Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2026 թվականի մարտի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Գանգատներն ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել իրենց դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության մասով, մասնավորապես՝ դիմումատուների մեղադրական դատավճռի կայացման գործում կարեւոր նշանակություն ունեցող ցուցմունք տվող վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։ Թիվ 26522/15 գանգատի հիման վրա դիմումատուն այլ բողոքներ է ներկայացրել՝ Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք համատեղ քննել մեկ վճռով։
II. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եՎ 3-րդ հոդվածի «դ» ենթակետի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել հատկապես իրենց դեմ հարուցված քրեական վարույթի ընթացքում ոչ արդար դատաքննության վերաբերյալ, մասնավորապես՝ իրենց դեմ ցուցմունք տված վկաներին դատարանում հարցաքննելու հնարավորություն չունենալու համար։ Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի վրա։
7. Ընդհանուր սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքերում, երբ հետապնդում իրականացնող մարմնի վկան ներկա չի գտնվել դատաքննության ընթացքում, իսկ նրա կողմից նախկինում արված հայտարարությունները ընդունվել են որպես ապացույց, հստակ սահմանված են դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Շաչաշվիլին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Schatschaschwili v. Germany [GC]] գործը, թիվ 9154/10, §§ 100-31, ՄԻԵԴ 2015 թ.)։ Շաչաշվիլիի գործով Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել խախտում, քանի որ իշխանությունները հնարավորություն չեն տվել դիմումատուին վարույթի որեւէ փուլում հարցաքննել հետապնդում իրականացնող մարմնի երկու առանցքային վկաներին (նույն տեղում՝ §§ 161-65)։
8. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին եւ ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, ներառյալ՝ Կառավարության առարկությունները, Դատարանը չի հայտնաբերել սույն բողոքի ընդունելիության կամ էության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։ Նույնիսկ լուծված չհամարելով այն հարցը, թե արդյոք եղել են հիմնավոր պատճառներ առանցքային վկաների չներկայանալու համար՝ Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ դիմումատուներին հնարավորություն չի տրվել այդ վկաներին խաչաձեւ հարցաքննելու, մեծ նշանակություն ունի վերջիններիս նկատմամբ իրականացված քրեական վարույթի ընդհանուր արդարացիության գնահատման համար: Դատարանը հաշվի է առնում նաեւ, որ իր տրամադրության տակ գտնվող նյութերում չկա որեւէ փաստ, որի համաձայն ազգային դատական մարմինների կողմից ջանք է գործադրվել օգտագործելու որեւէ հակակշռող միջոց՝ փոխհատուցելու համար այն դժվարությունները, որոնց բախվել է դիմումատուն՝ վկաների չստուգված ցուցմունքները որպես ապացույց ընդունելու հետեւանքով։
9. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։
III. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
1. Թիվ 26522/15 գանգատում դիմումատուն ներկայացրել է նաեւ բողոք Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ ոչ պատշաճ իրավաբանական ներկայացուցչության մասով։ Հաշվի առնելով սույն գործով փաստերը, կողմերի փաստարկները եւ կատարած վերոնշյալ եզրահանգումները՝ Դատարանը գտնում է, որ այն քննել է սույն գործով հիմնական իրավական հարցերը, եւ մյուս բողոքը քննելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի, ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania [GC]] գործը, թիվ 47848/08, § 156, ՄԻԵԴ 2014)։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Avetisyan v. Armenia] թիվ 13479/11 գործը, §§ 73-74, 2016 թվականի նոյեմբերի 10)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները եւ մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները․
2. Հայտարարում է 6-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն ներկայացված բողոքներն ընդունելի եւ վճռում, որ կարիք չկա քննելու թիվ 26522/15 գանգատում ներկայացված մյուս բողոքի ընդունելիության եւ ըստ էության քննության հարցը․
3. Վճռում է, որ սույն գանգատները բացահայտում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եւ 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում այն հիմքով, որ դատարանում հնարավորություն չի տրվել հարցաքննելու վկաներին, որոնց ցուցմունքները կարեւոր նշանակություն են ունեցել դիմումատուների մեղադրական դատավճռի կայացման գործում․
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ․
5. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի մարտի 12-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով եւ 3-րդ կետի «դ» ենթակետով ներկայացված բողոքներ պարունակող գանգատներ
(ոչ արդար դատաքննություն՝ վկաներին հարցաքննելու իրավունքի սահմանափակումների պատճառով)
Թիվ
Գանգատ թիվ , ներկայացնելու ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան ամսաթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Ներպետական վերջնական որոշումը
Առաջադրված մեղադրանքները
Դատաքննության ընթացքում չներկայացած վկա (նշվում են անվան եւ ազգանվան սկզբնատառերը)
Վկայի ցուցմունքի համառոտ շարադրանքը
Չներկայանալու պատճառները
Վկաների չներկայանալու դեպքում ձեռնարկված փոխարինող միջոցները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի եւ ծախքերի համար շնորհվող գումարը (եվրոյով)[2]
1.
26522/15
25.05.2015
Աշոտ ԱՐՈՒՇԱՆՅԱՆ
1986
Սիմոնյան Լիպարիտ
Երեւան
Վճռաբեկ դատարան 05.03.2015
Ծանրացնող հանգամանքներում գողություն կատարելուն օգնելն եւ օժանդակելը
Ա.Գ.
Ա.Գ.-ի ցուցմունքը միակ ապացույցն էր, որում նշվում էր դիմումատուի անմիջական մասնակցությունը գողության կատարմանը եւ վճռորոշ դեր է ունեցել վերջինիս մեղադրական դատավճռի կայացման գործում
Մահ՝
Անբավարար՝ դիմումատուի եւ Ա. Գ.-ի միջեւ մինչդատական վարույթի ընթացքում տեղի է ունեցել առերեսում, որը, սակայն, կատարվել է դիմումատուի պաշտպանության իրավունքների խախտմամբ
2,400
1,500
2.
59819/19
09.10.2019
Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1982
Ղազարյան Արա
Երեւան
Վճռաբեկ դատարան
09.04.2019
սպանության դրդելը
Ա.Հ.
Նախաքննության ընթացքում վկան ցուցմունք է տվել՝ նշելով, որ դիմումատուն վերջինիս հայտնել է սպանության դրդելու մասին իր գաղտնիքը, եւ որ դիմումատուի խնդրանքով նրա ընկերոջ հետ միասին նա գումար է փոխանցել այն անձին, որը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ (Ա.Ա.)։ Սակայն դիմումատուի հետ միեւնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի գործով դատավարության ժամանակ վկան հրաժարվել է իր ցուցմունքից եւ պնդել, որ ինքը մինչդատական վարույթի ընթացքում ցուցմունք է տվել քննչական մարմինների ճնշման պայմաններում: Մյուս ապացույցը կրում էր միայն անուղղակի բնույթ եւ համոզիչ չէր դիմումատուի կողմից հանցագործությունը կատարելու հանգամանքը ապացուցելու մասով: Մասնավորապես, մյուս ապացույցները ներառում էին տեղեկություններ այն մասին, որ դիմումատուն եւ տուժողը լարված հարաբերություններ են ունեցել, որ դիմումատուն սպանության օրը գտնվել է իր հետ միեւնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի տանը եւ զանգահարել է իր հեռախոսից, անանուն վկայի՝ մինչդատական վարույթի ժամանակ տված ցուցմունքներն այն մասին, որ Ա. Ա.-ի խոսքերով Ա. Հ.-ն իրեն է փոխանցել գումար սպանության համար, դիմումատուի ընկերոջ ցուցմունքն այն մասին, որ նա օգնել է դիմումատուի խնդրանքով ինչ-որ մեկին փոխանցել այն փաթեթը, որը նա կարծել է, թե մաքսազերծմանն առնչվող փաստաթղթերի փաթեթ է, եւ այլ ցուցմունքներ (հիմնականում սպանության հանցակիցների՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքները, որոնք հրաժարվել են իրենց՝ մինչդատական վարույթի ընթացքում տված ցուցմունքներից դիմումատուի հետ միեւնույն քրեական գործի շրջանակներում մեղադրվող անձի գործով դատավարության ժամանակ եւ հրաժարվել են ցուցմունք տալ դիմումատուի գործով դատավարության ընթացքում), որոնք վերաբերում են գումարի փոխանցմանը, եւ բոլորն էլ ունեցել են սահմանափակ ապացուցողական արժեք Ա.Հ.-ի ցուցմունքի բացակայության պայմաններում
հեռավոր տարածաշրջան/այլ երկիր
առկա չեն
2,400
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ:
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած տեսակի հարկ: