ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԱՎՈՒՇՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 34684/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
31 հունվարի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ավուշյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ, եւ Վալենտին Նիկոլեսկու [Valentin Nicolescu]`Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2013 թվականի մայիսի 21-ի Հայաստանի Հանրապետության դեմ գանգատը (թիվ 34684/13) Դատարան է ներկայացրել 1971 թվականին ծնված Հայաստանի քաղաքացի պրն Մարզպետունի Ավուշյանը (դիմումատու), որը տվյալ պահի դրությամբ պահվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Տ. Հայրապետյանը,
Հայաստանի կառավարությանը (Կառավարություն)՝ ի դեմս կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանի եւ հետագայում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի, դիմումատուի կալանքի տեւողության, դիմումատուի կալանքի հիմնավոր եւ բավարար պատճառների ենթադրյալ բացակայության եւ դիմումատուի կալանքի օրինականության արագ վերանայման ենթադրյալ բացակայության վերաբերյալ բողոքների մասով ծանուցում ներկայացնելու եւ գանգատի մնացած մասն անընդունելի ճանաչելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2023 թվականի հունվարի 10-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը։
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի կալանքի տակ գտնվելու հիմքերին եւ տեւողությանը եւ նրա կողմից ներկայացված ազատ արձակվելու վերաբերյալ դիմումի քննության արագությանը։
2. 2010 թվականի փետրվարի 5-ին դիմումատուն ձերբակալվել է, իսկ 2010 թվականի փետրվարի 8-ին Արմավիրի մարզային դատարանի (այսուհետ՝ մարզային դատարան) կողմից երկու ամիս ժամկետով կալանավորվել է կողոպուտ կատարելու կասկածանքով։ Նշվել է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմումատուն կթաքնվի, կխուսափի քրեական պատասխանատվությունից, կկատարի նոր իրավախախտում եւ կխոչընդոտի վարույթի իրականացմանը։ Այնուհետեւ մարզային դատարանը նրա խափանման միջոցը նույն հիմքով երկարաձգել է չորս անգամ՝ երկու ամիսը մեկ անգամ։
3. Չպարզված օրը դիմումատուն բողոք է ներկայացրել 2010 թվականի սեպտեմբերի 27-ի այդ չորս որոշումներից վերջին որոշման դեմ։
4. 2010 թվականի նոյեմբերի 19-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը նմանատիպ պատճառաբանությամբ։
5. Միեւնույն ժամանակ 2010 թվականի հոկտեմբերի 29-ին՝ հետաքննության ավարտից եւ գործը դատարան փոխանցվելուց հետո, մարզային դատարանը գործը դատաքննության նշանակելու մասին որոշում է կայացրել՝ նշելով, որ դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ:
6. 2011 թվականի դեկտեմբերի 27-ին մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման:
7. 2012 թվականի հուլիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է դիմումատուի դատապարտման վերաբերյալ ակտը եւ վերադարձել գործը։
8. 2012 թվականի սեպտեմբերի 4-ին մարզային դատարանը գործը դատական քննության նշանակելու վերաբերյալ որոշում է կայացրել՝ նշելով, որ դիմումատուի կալանքը պետք է մնա անփոփոխ։
9. 2012 թվականի հոկտեմբերի 30-ին դիմումատուն ազատ արձակելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։
10. Նույն օրը մարզային դատարանը որոշել է հետաձգել այդ դիմումի քննությունը, մինչեւ «պարզվեն դիմումի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ էական հանգամանքները»։ Ըստ դիմումատուի՝ դատավորը նշել է, որ նախքան դիմումը քննելն անհրաժեշտ է հարցաքննել տուժող կողմին ու վկաներին եւ ուսումնասիրել բոլոր ապացույցները։
11. 2013 թվականի ապրիլի 10-ին մարզային դատարանը քննել է 2012 թվականի հոկտեմբերի 30-ի դիմումը եւ այն մերժել նույն հիմքով, ինչ նախկինում:
12. 2014 թվականի փետրվարի 6-ին մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել է նրան ինը տարի ժամկետով ազատազրկման: Նրա դատապարտումն անփոփոխ է թողնվել ավելի բարձր ատյանի դատարանների կողմից։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
13. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով։ Մասնավորապես նա Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական փուլում չէր վիճարկել մարզային դատարանի որոշումները եւ դատաքննության փուլում ներկայացրել է ազատ արձակելու վերաբերյալ միայն մեկ դիմում։ Ավելին, նա չի ներկայացրել վճռաբեկ բողոք Վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 19-ի որոշման դեմ (տե՛ս վերեւում՝ 4-րդ պարբերությունը):
14. Ինչ վերաբերում է վերջին պնդմանը, ապա Դատարանն արդեն իսկ գտել է, որ վճռաբեկ բողոքը պաշտպանության արդյունավետ միջոց չի եղել կալանավորման գործերում (տե՛ս, ի թիվս այլ գործերի, Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [Arzumanyan v. Armenia] գործը, թիվ 25935/08, §§ 28-32, 2018 թվականի հունվարի 11): Ինչ վերաբերում է Կառավարության առարկության մնացած մասին, ապա Դատարանը գտնում է, որ այն սերտորեն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ եւ պետք է կցվի գործի ըստ էության քննությանը։
15. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որեւէ այլ հիմքով: Հետեւաբար այն պետք է ճանաչվի ընդունելի:
16. Ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքի վերաբերյալ այս գործին առնչվող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [Buzadji v. the Republic of Moldova] գործում ([GC], [ՄՊ] թիվ 23755/07, §§ 84-91, 2016 թվականի հուլիսի 5):
17. Այս գործում Դատարանը նշում է, որ ներպետական դատարանները դիմումատուի կալանքի մասին որոշումը կայացնելիս եւ այն երկարաձգելիս սահմանափակվել են կալանքը հիմնավորող հիմքերը վերացական եւ կարծրատիպային կերպով կրկնելով՝ առանց նշելու որեւէ կոնկրետ պատճառ, թե ինչու են այդ հիմքերը համարել պատշաճ հիմնավորված, կամ փորձելու հերքել դիմումատուի պնդումները (տե՛ս վերեւում՝ 2-րդ, 5-րդ, 8-րդ եւ 11-րդ պարբերությունները): Դատարանն արդեն իսկ գտել է, որ սա Հայաստանում հաճախ հանդիպող խնդիր է, որն առաջացնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում (տե՛ս Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] գործը, թիվ 629/11, § 58, 2016 թվականի հոկտեմբերի 20): Այս գործում չկան այդ եզրակացություններից շեղում կատարելու հիմքեր։ Ուստի Դատարանը եզրակացնում է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել հիմնավոր եւ բավարար պատճառներ դիմումատուին կալանավորելու համար: Հանգելով այս եզրակացությանը՝ Դատարանը անհրաժեշտ չի համարում նաեւ պարզել, թե արդյոք ներպետական մարմինները վարույթն իրականացնելիս չեն դրսեւորել «պատշաճ ջանասիրություն», ինչպես պնդում է դիմումատուն:
18. Ինչ վերաբերում է պաշտպանության միջոցները չսպառելու Կառավարության առարկությանը, Դատարանը վերահաստատում է, որ այն անձը, որը պնդում է, որ կատարվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում՝ կապված նրա կալանքի տեւողության հետ, բողոքում է շարունակական վիճակից, որը պետք է դիտարկել որպես ամբողջություն եւ չտարանջատել առանձին ժամանակահատվածների (տե՛ս՝ Լյուբիմենկոն ընդդեմ Ռուսաստանի [Lyubimenko v. Russia] գործը, թիվ 6270/06, § 62, 2009 թվականի մարտի 19, եւ Պոլոնսկին ընդդեմ Ռուսաստանի [Polonskiy v. Russia] գործը, թիվ 30033/05, § 132, 2009 թվականի մարտի 19): 2010 թվականի փետրվարի 8-ին կալանքի տակ գտնվելուց հետո դիմումատուն շարունակել է մնալ մինչդատական կալանքի տակ: Թեեւ նա բողոք չի ներկայացրել մարզային դատարանի կողմից տրված կալանքի առաջին երեք որոշումների դեմ, որոնք ենթակա են եղել բողոքարկման (տե՛ս վերեւում՝ 2-րդ պարբերությունը), այնուամենայնիվ, նա բողոք է ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան՝ 2010 թվականի սեպտեմբերի 27-ի՝ երկարաձգման մասին 4-րդ որոշման դեմ (տե՛ս վերեւում՝ 3-րդ պարբերությունը): Նա այդպիսով հնարավորություն է տվել Վերաքննիչ դատարանին՝ քննելու, թե արդյոք իր կալանքը համապատասխանում է Կոնվենցիայով նախատեսված՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքին կամ դատաքննության փուլում գտնվող ազատ արձակվելու իրավունքին։ Վերաքննիչ դատարանը պետք է գնահատեր հետագա երկարաձգման անհրաժեշտությունը կալանքի նախորդ ամբողջ ժամանակահատվածի լույսի ներքո՝ հաշվի առնելով, թե որքան ժամանակ է արդեն անցկացվել կալանքի տակ (համեմատե՛ք վերեւում հիշատակված՝ Լյուբիմենկոյի [Lyubimenko] գործը, § 62, եւ վերեւում հիշատակված Պոլոնսկիի [Polonskiy] գործը, § 132, տե՛ս նաեւ Չումակովն ընդդեմ Ռուսաստանի [Chumakov v. Russia] գործը, թիվ 41794/04, §§ 149-51, 2012 թվականի ապրիլի 24)։ Ավելին, եթե դիմումատուն արդեն մոտ ութ ամիս անցկացրել է կալանքի տակ իր բողոքը ներկայացնելու պահին, ապա Դատարանը նշում է, որ այդ բողոքի հիման վրա ընդունված Վերաքննիչ դատարանի որոշումը, ինչպես նաեւ մարզային դատարանի որոշումները շարադրված են վերացական եւ կարծրատիպային ձեւակերպումներով՝ չպարունակելով դիմումատուի շարունակական կալանքի տակ պահելու որեւէ կոնկրետ պատճառ (տե՛ս վերեւում՝ 4-րդ պարբերությունը), որը, ըստ երեւույթին, սահմանված գործելակերպ է (տե՛ս վերեւում՝ 17-րդ պարբերությունը): Այսպիսով, Դատարանը հիմքեր չունի ենթադրելու, որ եթե դիմումատուն բողոք ներկայացներ կալանքի վերաբերյալ ավելի վաղ կայացրած որոշումներից մեկի դեմ (տե՛ս վերեւում՝ 2-րդ պարբերությունը), ապա նա կհասներ այլ արդյունքի եւ կապահովեր ավելի վաղ ազատ արձակումը։
19. Ինչ վերաբերում է դիմումատուի կալանավորմանը դատաքննության փուլում, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի կալանավորման վերաբերյալ որոշումները, որոնք կայացվել են վարույթի այդ փուլում, ենթակա չեն եղել բողոքարկման (տե՛ս վերեւում՝ 5-րդ, 8-րդ եւ 11-րդ պարբերությունները): Դիմումատուն, այնուամենայնիվ, իրավունք ուներ դիմում ներկայացնելու առաջին ատյանի դատարան՝ հայցելով ազատ արձակվել, եւ նա օգտվել է այդ իրավունքից՝ նման դիմում ներկայացնելով իր դատաքննության ընթացքում (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը, եւ a contrario (հակառակը)՝ Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Martirosyan v. Armenia] գործը, թիվ 23341/06, §§ 45-46, 2013 թվականի փետրվարի 5):
20. Ընդհանուր առմամբ համարվում է, որ դիմումատուն կատարել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ մինչդատական փուլում Վերաքննիչ քրեական դատարան բողոք ներկայացնելով եւ դատաքննության ընթացքում ազատ արձակվելու վերաբերյալ դիմում ներկայացնելով: Ուստի Դատարանը մերժում է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության պահանջը։
21. Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։
II. ՄՅՈՒՍ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
22. Դիմումատուն նաեւ մեկ այլ բողոք է ներկայացրել, որի վրա տարածվում է Դատարանի պատշաճ ձեւավորված նախադեպային իրավունքը։ Այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որեւէ այլ հիմքով: Համապատասխանաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր մոտ գտնվող բոլոր նյութերը, եզրակացնում է, որ այն արձանագրում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ սահմանված նախադեպային իրավունքի լույսի ներքո, որը ներառում է, ի թիվս այլնի, Իլնսեհերն ընդդեմ Գերմանիայի [lnseher v. Germany] գործը, ([GC][ՄՊ], թիվ 10211/12 եւ թիվ 27505/14, §§ 251-56, 2018 թվականի դեկտեմբերի 4 գործերը)։ Այն նշում է, որ մարզային դատարանից պահանջվել է հինգ ամիս եւ տասը օր՝ քննելու դիմումատուի ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը՝ առանց ներկայացնելու որեւէ համոզիչ պատճառ նման բացառիկ երկար ձգձգումը հիմնավորելու համար (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը):
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
23. Դիմումատուն պահանջել է 67,300 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 2,380 եվրո՝ որպես Դատարանում կրած ծախսեր եւ ծախքեր։
24. Կառավարությունը վիճարկել է դիմումատուի պահանջները։
25. Դատարանը, հետեւաբար, դիմումատուին շնորհում է 2,600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
26. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 1,000 եվրո շնորհել Դատարանում վարույթի ծախսերի եւ ծախքերի համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Միացնում է Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները սպառելու մասին առարկությունը դիմումատուի բողոքի ըստ էության քննությանը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եւ մերժում է այն,
2. Հայտարարում է գանգատն ընդունելի,
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5–րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, քանի որ դիմումատուի շարունակական կալանքի համար հիմնավոր եւ բավարար հիմքեր չեն տրամադրվել,
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում, քանի որ դիմումատուի ազատ արձակվելու վերաբերյալ դիմումը արագ չի քննվել,
5. Վճռում է՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2,600 եվրո (երկու հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 1,000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի հատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի հունվարի 31-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վալենտին Նիկոլեսկու՝
Անյա Սիբերտ Ֆուա՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ