© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
BOCHAN-Ն ԸՆԴԴԵՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ (թիվ 2)
(Գանգատ թիվ 22251/08)
ՎՃԻՌ
Սույն տարբերակը շտկվել է 2015թ. մարտի 11-ին՝ Դատարանի Կանոնակարգի 81-րդ կանոնի համաձայն:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
5 փետրվարի 2015թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Bochan-ն ընդդեմ Ուկրաինայի (թիվ 2) գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Ineta Ziemele-ն,
Mark Villiger-ը,
Isabelle Berro-ն,
Boštjan M. Zupančič-ը,
Alvina Gyulumyan-ը,
Ganna Yudkivska-ն,
Angelika Nußberger-ը,
Erik Møse-ն,
André Potocki-ն,
Paul Lemmens-ը,
Paul Mahoney-ն,
Aleš Pejchal-ը,
Krzysztof Wojtyczek-ը,
Dmitry Dedov-ը, դատավորներ,
և Lawrence Early-ն, Իրավախորհրդատու,
2014թ. մայիսի 7-ին և նոյեմբերի 19-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2014թ. նոյեմբերի 19-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2008թ. ապրիլի 7-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Ուկրաինայի քաղաքացի՝ տկն. Mariya Ivanivna Bochan-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Ուկրաինայի բերված գանգատի (թիվ 22251/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է նրա որդին՝ պրն. I. Bochan-ը, որը Տերնոպոլում գործող փաստաբան էր: Ուկրաինայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության վերջերս նշանակված լիազոր ներկայացուցիչ տկն. N. Sevostyanova-ն՝ Արդարադատության նախարարությունից:
3. Ղեկավարվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի պահանջներով՝ դիմումատուն բողոքել է Ուկրաինայի գործող օրենսդրությամբ նախատեսված «նոր հանգամանքներով բողոքի» հիման վրա հարուցված դատավարության վերաբերյալ, որի համար հիմք էր հանդիսացել դիմումատուի նախորդ գործով Դատարանի կողմից կայացրած վճիռը (տե՛ս Bochan-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 7577/02, 3 մայիսի 2007թ.):
4. 2011թ. սեպտեմբերի 6-ին գանգատը ուղարկվել է Կառավարությանը:
5. 2013թ. նոյեմբերի 19-ին Հինգերորդ Բաժանմունքի Պալատը, հետևյալ կազմով՝ Mark Villiger-ը, որպես Նախագահ, Angelika Nußberger-ը, Boštjan M. Zupančič-ը, Ganna Yudkivska-ն, André Potocki-ն, Paul Lemmens-ը, Aleš Pejchal-ը, որպես դատավորներ, ինչպես նաև Claudia Westerdiek-ը, որպես Բաժանմունքի քարտուղար, ընդդատությունը զիջեց Մեծ Պալատին, ինչին կողմերից ոչ մեկը չառարկեց (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի Կանոնակարգի 72-րդ կանոն):
6. Մեծ Պալատի կազմն որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. Դիմումատուն և Կառավարությունը ներկայացրեցին գրավոր առարկություններ: 2014թ. մարտի 17-ին Մեծ Պալատի Նախագահը, կողմերի հետ խորհրդակցելուց հետո, որոշեց դռնբաց լսումներ չանցկացնել:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Դիմումատուն ծնվել է 1917թ. և ապրում է Տերնոպոլում:
9. Գործի փաստերը, ըստ կողմերի, հնարավոր է ներկայացնել հետևյալ կերպ:
Ա. Գործի փաստական հիմքերը
10. 1997թ. սկսած մինչև այժմ դիմումատուն անհաջող կերպով վիճարկել է խնդրո առարկա ժամանակահատվածում պրն. M.-ին պատկանող տան մասի և դրա տակ գտնվող հողամասի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Նրա հայցապահանջը հիմնված էր հետևյալ փաստարկների վրա. խնդրո առարկա տան մասը կառուցվել է նրա և նրա հանգուցյալ ամուսնու միջոցներով, նրա ամուսինը օրինական կարգով ձեռք է բերել անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք, որը նա հետագայում ժառանգել է, տունը հետագայում չի վաճառվել պրն. M.-ին, թեև նախնական համաձայնություն է առկա եղել դիմումատուի տղայի հետ դրա շուրջ, առուվաճառքի պայմանագիրը, որի վրա հիմնված էր պրն. M.-ի՝ սեփականության իրավունքի պահանջի մասին հայցը, կեղծված էր:
11. Դիմումատուի՝ սեփականության իրավունքի պահանջի հայցը բազմաթիվ անգամ քննվել է ներպետական դատարանների կողմից: Վերջապես, Գերագույն դատարանի կողմից այդ գործը վերանայելուց և տարածքային այլ ընդդատություն ունեցող ստորադաս դատարան ուղարկելոց հետո, դիմումատուի հայցը մերժվել է: Հիմնվելով 17 վկաների ցուցմունքների, այդ թվում՝ մեկ վկայի կողմից դատարանում տված ցուցմունքի, ինչպես նաև պրն. M.-ի ներկայացրած փաստաթղթերի վրա, երկու ատյանների դատարանները վճռել են, որ 1993թ. պրն. M.-ն դիմումատուի տղայից գնել է խնդրո առարկա տան մասի հիմքը և հետագայում իր հաշվին այն վերակառուցել: Համապատասխանաբար, պրն. M.-ն հանդիսացել է տան այդ մասի օրինական սեփականատերը և իրավունք ուներ օգտագործել դրա տակ գտնվող հողամասը: 2002թ. օգոստոսի 22-ին Գերագույն դատարանը կայացրել է վերջնական որոշում՝ ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանների վճիռները:
Բ. Առաջին գործով Դատարանի կայացրած վճիռը
12. 2001թ. հուլիսի 17-ին դիմումատուն գանգատ է ներկայացրել Դատարան, մասնավորապես՝ բողոքելով ներպետական դատական ատյաններում իր հայցի անարդար դատավարության վերաբերյալ: Դիմումատուն նաև բողոքել է դատավարության տևողության, ինչպես նաև Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակացությամբ, ենթադրյալ խախտման վերաբերյալ՝ կապված դրանց ելքի հետ:
13. 2007թ. մայիսի 3-ին Դատարանը վճիռ է կայացրել այդ գործով, որը վերջնական է դարձել 2007թ. օգոստոսի 3-ին: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ Գերագույնը դատարանը փոխել է դիմումատուի գործի տարածքային ընդդատությունը, ինչպես նաև ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների բավարար պատճառաբանված չլինելը, գնահատելով այս բոլոր հարցերը միասին և ամբողջությամբ վերցված, Դատարանը գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (տե՛ս Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, § 85):
14. Դատարանը հետևյալ կերպ է դա պատճառաբանել.
«74. ... [Դիմումատուի գործով] տարածքային ընդդատության [այդպիսի] փոփոխությունը կատարվել է Գերագույն դատարանի կողմից այն բանից հետո, երբ դատարանը հստակորեն չէր համաձայնել ստորադաս դատարանների կողմից գործի փաստերի շուրջ եզրակացությունների հետ և իր դիրքորոշումն էր արտահայտել գործի հիմնական ասպեկտներից մեկի վերաբերյալ ... նույնիսկ ստորադաս դատարանների կողմից փաստերի նոր գնահատման և ապացույցների ուսումնասիրությունից առաջ ... Հաշվի առնելով Գերագույն դատարանի կողմից տարածքային ընդդատությունը փոխելու վերաբերյալ կայացված որոշման պատճառաբանված չլինելը, Դատարանը գտնում է, որ դիմումատուի մտավախությունն այն մասին, որ Գերագույն դատարանի դատավորները, այդ թվում` նախագահի տեղակալը, նախապես ձևավորված դիրքորոշում են ունեցել գործի ելքի վերաբերյալ և որ այն դատավորները, ում գործը փոխանցվել է 2000թ. հոկտեմբերի 9-ին, պետք է գործը քննեին Գերագույն դատարանի դիրքորոշման համաձայն, կարող էր օբյեկտիվորեն արդարացված լիներ:
75. Դատարանը գտնում է, որ ստեղծված դատավարական իրավիճակը, ընդհանուր առմամբ, նաև խաթարել է իրավական որոշակիության սկզբունքը (տե՛ս Ryabykh-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 52854/99, §§ 51-52, ՄԻԵԴ 2003‑IX): Այն հանգամանքը, որ դիմումատուի գործի՝ ըստ էության վերաբերյալ Գերագույն դատարանի ունեցած դիրքորոշումը տարբերվել է ստորադաս դատարանների դիրքորոշումից չի կարող հանդիսանալ միակ հիմքը՝ գործի կրկնակի վերանայումների համար: Վերադաս դատարանի՝ դատական ակտերը վերանայելու իրավասությունը պետք է իրականացվի դատական և արդարադատության իրականացման սխալներն ուղղելու համար, այլ ոչ թե՝ իրենով փոխարինի ստորադաս դատարանների կողմից կատարվող փաստերի գնահատումը»:
15. Դատարանը նաև նշել է, որ ներպետական դատարանները չեն անդրադարձել դիմումատուի այն փաստարկներին, որոնք վերաբերում էին վկաների այն ցուցմունքների հուսալիությանը, ինչպես նաև գրավոր ապացույցների վավերականությանը, որոնք վճռորոշ դեր են ունեցել այդ գործի ելքի համար (տե՛ս Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 81-84):
16. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շուրջ վերևում արված եզրակացությունների վրա՝ Դատարանը որոշել է, որ կարիք չկա քննել դիմումատուի՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մասով ներկայացված բողոքը, քանի որ այն առանձին ինչ-որ հարցի չէր վերաբերում (տե՛ս Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, § 91):
17. Դիմումատուի՝ դատավարության տևողության և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հետ համակցությամբ, խախտման վերաբերյալ բողոքները՝ անհիմն լինելու պատճառով մերժվել են (տե՛ս Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 87 և 93):
18. Դիմումատուին տրամադրվել է 2,000 եվրոյի գումար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանը նաև նշել է, «որ դիմումատուն՝ ուկրաինական օրենսդրության համապատասխան իրավունք ուներ դիմել իր գործի վերանայման համար՝ հիմնվելով Դատարանի այն եզրակացության վրա, ըստ որի ներպետական դատարանները չեն կատարել 6-րդ հոդվածի պահանջները» (տե՛ս Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 97 և 98):
19. Մինչ օրս, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում չի կայացրել՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այդ վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը դադարեցնելու մասին:
Գ. Դիմումատուի «նոր հանգամանքներով բողոքը»
20. 2007թ. հունիսի 14-ին դիմումատուն «նոր հանգամանքներով բողոք» է ներկայացրել Գերագույն դատարան` 2004թ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 353-355-րդ հոդվածների համաձայն (տե՛ս ստորև` 24-րդ պարբերությունը): Հիմնվելով Դատարանի 2007թ. մայիսի 3-ի վճռի վրա` դիմումատուն Գերագույն դատարանից խնդրել է բեկանել իր գործով կայացված դատարանների որոշումները և նոր վճիռ կայացնել` ամբողջությամբ բավարարելով իր պահանջները: Իր բողոքին դիմումատուն կցել է Դատարանի վճռի և ներպետական որոշումների պատճեները:
21. 2008թ. մարտի 14-ին Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի 18 դատավորների կազմը` դռնփակ դատական նիստում քննելով բողոքը և հիմնվելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի վրա, մերժել է դիմումատուի բողոքը: Գերագույն դատարանի որոշման համապատասխան մասը շարադրված է հետևյալ կերպ.
«2007թ. մայիսի 3-ի վճռով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայտարարել է ընդունելի դատավարության արդարացի չլինելու և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտման վերաբերյալ դիմումատուի բողոքները, իսկ գանգատի մնացած մասը` անընդունելի: Սույն գործով ... գտել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: [Դատարանը] վճռել է, որ պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարեր 2,000 եվրո (երկու հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում ...
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի 64-րդ պարբերությունում նշվում է, որ դիմումատուի փաստարկումները գլխավորապես առնչվել են չորս խումբ հարցերի, այն է`
(ա) արդյոք [դիմումատուի] գործը քննած դատարանները անկախ էին և անկողմնակալ,
(բ) արդյոք Չեմերովեցկի քաղաքային դատարանի կողմից գործը քննելու փաստը խոչընդոտել է դիմումատուին մասնակցելու դատավարությանը,
(գ) արդյոք դատավարության մասնակիցների իրավահավասարությունը պահպանվել է ներպետական դատարանների կողմից այն վկաներին չլսելու պարագայում, ում կողմից տված գրավոր ցուցմունքները դատարանները ընդունել են որպես ապացույց,
(դ) արդյոք առաջին, վերաքննիչ և գերագույն ատյանների դատարանների վերջնական որոշումները բավարար կերպով պատճառաբանված էին:
Ինչպես երևում է գործի նյութերից, դիմումատուին [ներպետական] վարույթներում ներկայացրել է նրա որդին, որը ... գործող փաստաբան էր: Գործի դատաքննության ողջ ընթացքում դիմումատուն դատարան չի ներկայացել, թեև վերջինս պատշաճ կերպով ծանուցվել է դատական նիստերի մասին:
Գործով մասնակցած անձանցից և ոչ մեկը, այդ թվում` պրն. B.I.-ն [դիմումատուի որդին] չի միջնորդել վկաներին կանչելու ... պրն. B.I.-ն դատարանին չի ներկայացրել վկաների այն ցուցմունքները ... որոնք կարող էին ապացուցել, որ տունը կառուցվել է նրա (կամ նրա հոր կամ մոր) միջոցներով:
Գործով մասնակցած անձանցից և ոչ մեկը, այդ թվում` պրն. B.I.-ն, չի ներկայացրել է [առաջին ատյանի] դատավորի ինքնաբացարկի միջնորություն: Դատարանի օբյեկտիվության պակասի վերաբերյալ բողոքները ... պրն. B.I.-ի կողմից ներկայացվել են վճռի հպարարակումից հետո միայն:
Ինչպես երևում է գործի նյութերից, 1993թ. մարտի 18-ի առուվաճառքի պայմանագրի օրինականությունը, որի համաձայն պրն. M.-ը պրն. B.I.-ից գնել է տան հիմքը և որոշ շինարարական նյութեր, չի վիճարկվել ... Գործում առկա է նաև մի փաստաթուղթ, որով հաստատվում է այն փաստը, որ տան ձախ հատվածը կառուցվել է պրն. M.-ի միջոցներով, ինչպես նաև մեկ այլ փաստաթուղթ, համաձայն որի տան ձախ հատվածի հիմքի համար պրն. M.-ը պրն. B.I.-ին վճարել է 1,550,000,000 կարբովանեց գումար [մինչև 1996թ. սեպտեմբեր ամիսը շրջանառության մեջ գտնվող Ուկրաինայի անցումային ազգային արժույթ]: Այս հանգամանքների հավաստիությունը չի հակասել գործով անցկացված փորձագիտական եզրակացությանը:
Իր վճռում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նաև նշել է, որ դիմումատուն ... չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ քաղաքացիական դատավարության արդյունքների հաշվով ենթարկվել է խտրականության՝ սեփականության իր իրավունքը իրացնելու հարցում, ինչը հակասում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին՝ թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հետ համակցությամբ: [Դատարանը] եզրակացրել է, որ [այս դրույթների] ներքո բերված բողոքներն ենթակա են մերժման՝ որպես ակնհայտորեն անհիմն՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի: Հետևաբար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եզրակացրել է, որ [ներպետական] դատարանների որոշումներն օրինական էին և հիմնավորված և որոշել է դիմումատուին տրամադրել 2,000 եվրո գումար փոխհատուցում՝ որպես ուկրաինական դատարանների կողմից «ողջամիտ ժամկետում» գործը քննելու պահանջի խախտման դիմաց:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ սույն գործով կայացված դատարանների որոշումները չեն կարող բեկանվել տկն. Bochan-ի բողոքում նշված հիմքերի համաձայն:
Հիմնվելով [Ուկրաինայի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի] 358-րդ [հոդվածի] վրա՝ Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի դատավորների կազմը
[որոշեց].
Մերժել [տկն. Bochan-ի M. I.] բողոքը՝ նոր հանգամանքներով վերանայելու Խմելնիցկի շրջանի Չեմերովեցկի քաղաքային դատարանի 2001թ. հունվարի 19-ի վճիռը, Խմելնիցկի շրջայանին վերաքննիչ դատարանի 2001թ. մարտի 1-ի որոշումը և Ուկրաինայի Գերագույն դատարանի 2002թ. օգոստոսի 22-ի որոշումը»:
22. 2008թ. ապրիլի 8-ին դիմումատուն «նոր հանգամանքներով» նոր բողոք է ներկայացրել Գերագույն դատարան: Նա պնդել է, որ 2008թ. մարտի 14-ի որոշումը հիմնված է Դատարանի 2007թ. մայիսի 3-ի վճռի սխալ «մեկնաբանության» վրա և խնդրել է Գերագույն դատարանից ըստ էության վերանայել իր գործը՝ հաշվի առնելով Դատարանի վերը հիշատակված վճռում արտահայտված եզրակացությունները՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո, որոնք ներկայացված են վերևում՝ 15-րդ պարբերությունում:
23. 2008թ. հունիսի 5-ին Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի յոթ դատավորների կազմը՝ հիմնվելով 2004թ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 356-րդ հոդվածի վրա, հայտարարել է բողոքն անընդունելի, քանի որ դրանում դիմումատուն որևէ փաստարկ չէր ներկայացրել, որը հիմք կծառայեր գործի՝ նոր հանգամանքների հիմքով վերանայելու համար՝ համաձայն 2004թ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի (տե՛ս Օրենսգրքի 354-րդ հոդվածի տեքստը և 356-րդ հոդվածի համապատասխան մասի հատվածները ստորև՝ 24-րդ պարբերությունում):
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. 2004թ. Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը
24. Օրենսգրքի համապատասխան հատվածքները՝ խնդրո առարկա ժամանակահատվածի խմբագրությամբ, շարադրված են հետևյալ կերպ.
Հոդված 353. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու իրավունքը
«1. Կողմերը ... իրավունք ունեն նոր հանգամանքներով Ուկրաինայի Գերագույն դատարան բողոքարկել քաղաքացիական գործերով կայացված որոշումները` [դրանք] վճռաբեկության կարգով վերանայելուց հետո»:
Հոդված 354. Նոր հանգամանքներով բողոք ներկայացնելու հիմքերը
«1. Քաղաքացիական գոծերով դատական որոշումները՝ վճռաբեկության կարգով վերանայելուց հետո, կարող են վերանայվել նոր հանգամանքներով, եթե բողոքը ներկայացվել է [հետևյալ] հիքմերից որևէ մեկով.
(1) վճռաբեկ դատարանի (կամ դատարանների) կողմից օրենքի տարատեսակ կիրառությունը,
(2) Ուկրաինայի մասնակցությամբ գործող միջազգային դատարանի եզրակացությունն այն մասին, որ [ներպետական] դատական որոշումը խախտել է Ուկրաինայի միջազգային պարտավորությունները»:
Հոդված 355. Նոր հանգամանքներով բողոք ներկայացնելու կարգը
«1. Նոր հանգամանքներով բողոքը կարող է ներկայացվել մեկ ամսվա ընթացքում այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է դրանց ի հայտ գալու մասին:
2. Նոր հանգամանքներով բողոքը պետք է ներկայացվի վճռաբեկ բողոքի նկատմամբ կիրառվող կանոնների համապատասխան:
...»
Հոդված 356. Նոր հանգամանքներով բողոքը վարույթ ընդունելը
«1. Նոր հանգամանքներով բողոքը վարույթ ընդունելու հարցի մասին ... որոշումը կայացվում է յոթ դատավորի կազմով ...
2. Բողոքը հայտարարվում է ընդունված ... եթե առնվազն երեք դատավոր որոշում են կայացնում դրա մասին ...
3. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ... բողոքարկման ենթակա չէ ...
4. Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ... ուղարկվում է կողմերին ...
5. Բողոքը վարույթ ընդունելու դեպքում ... դատարանը կարող է կասեցնել համապատասխան որոշումների կատարումը:
6. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված կանոնները չեն կիրառվում սույն Օրենսգրքի 354-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հիմքով ներկայացված բողոքների դեպքում»:
Հոդված 357. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման կանոնները
«1. Նոր հանգամանքներով գործի քննությունը վճռաբեկության կարգով վերանայման տեսակ է (різновидом касаційного провадження):
2. Գործի քննությունը իրականացվում է Ուկրաինայի Գերագույն դատարանի քաղաքացիական պալատի դատավորների կազմի առնվազն երկու երրորդի կողմից ...
...
4. Նոր հանգամանքներով գործի քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով»:
Հոդված 358. Ուկրաինայի Գերագույն դատարանի լիազորությունները նոր հանգամանքներով գործերով
«1. Նոր հանգամանքներով գործերի քննության ժամանակ Ուկրաինայի Գերագույն դատարանը`
(1) մերժում է բողոքը` որոշումը թողնելով անփոփոխ ...
(2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական որոշումը և այն ուղարկում առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան և գերագույն դատարան` նոր քննության ...
(3) բեկանում և օրինական ուժ է տալիս վերաքննիչ դատարանի կամ գերագույն դատարանի կողմից սխալմամբ բեկանված որոշմանը ...
(4) բենակում է գործով կայացված որոշումները և կարճում գործի վարույթը ...
(5) փոփոխում է որոշումը կամ կայացնում գործն ըստ էության լուծող նոր որոշում ...»
Հոդված 360. Գերագույն դատարանի որոշումների օրինական ուժի մեջ մտնելը
«1. Ուկրաինայի Գերագույն դատարանի կողմից նոր հանգամանքներով կայացվող որոշումները օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից և ենթակա չեն բողոքարկման»:
Բ. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման և նախադեպային իրավունքի կիրառման մասին» օրենք, 23 փետրվարի 2006թ.[1]
25. Օրենքի համապատասխան հատվածքները՝ խնդրո առարկա ժամանակահատվածի խմբագրությամբ, շարադրված են հետևյալ կերպ.
«Սույն օրենքը կարգավորում է այն իրավահարաբերությունները, որոնք բխում են պետության՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Ուկրաինայի վերաբերյալ կայացված վճիռների կատարման պարտավորությունից, Ուկրաինայի կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի և դրան կից Արձանագրությունների խախտումների պատճառների վերացման անհրաժեշտությունից, Ուկրաինայի դատական համակարգում և վարչական պրակտիկայում մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչների ներդրման կարիքից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ուկրաինայի դեմ ներկայացվող գանգատների թվի նվազեցման համար նախադրյալներ ստեղծելու անհրաժեշտությունից»:
Հոդված 1. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները
«1. Սույն օրենքի նպատակների համար գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
...
Կոնվենցիա՝ 1950թ. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիա և դրան կից Արձանագրություններ, որը պարտադիր ուժ ունի Ուկրաինայի [խորհրդարանի] կողմից վավերացնելուց հետո,
Դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան,
...
Շահառու՝ (ա) Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ուկրաինայի դեմ գործով դիմումատու կա՛մ նրա ներկայացուցիչ, կա՛մ իրավահաջորդ, հօգուտ ում Դատարանը վճիռ է կայացրել կա՛մ ում գործով կողմերը հասել են բարեկամական կարգավորման ...
[Դատարանի] վճռի կատարում՝ (ա) փոխհատուցման վճարում շահառուին, (բ) անհատական միջոցների ձեռնարկում, (գ) ընդհանուր միջոցների ձեռնարկում,
...»
Հոդված 2. [Դատարանի] վճռի կատարումը
«1. [Դատարանի] վճիռները պարտադիր ուժ ունեն և ենթակա են կատարման Ուկրաինայի կողմից՝ համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի:
2. Վճիռների կատարման կարգը սահմանվում է սույն օրենքով, «Կատարման վարույթի մասին» օրենքով և այլ իրավական ակտերով, հաշվի առնելով սույն օրենքի որոշակի դրույթների առանձնահատկությունները»:
Հոդված 10. Լրացուցիչ անհատական միջոցներ
«1. Ի լրումն փոխհատուցման վճարման պետք է ձեռնարկվեն լրացուցիչ անհատական միջոցներ՝ շահառուի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:
2. Անհատական միջոցների մեջ են մտնում.
(ա) իրավական այն դրության հնարավորինս վերականգնումը, որում շահառուն գտնվել է նախքան Կոնվենցիայի խախտումը (restitutio in integrum),
...
3. Շահառուի նախկին իրավական կարգավիճակը պետք է վերականգնել, մասնավորապես.
(ա) դատարանի կողմից գործի վերանայման, այդ թվում՝ վերաբացման միջոցով,
(բ) վարչական մարմնի կողմից գործի վերանայման միջոցով»:
Հոդված 11. Անհատական միջոցների հետ կապված պետության լիազոր ներկայացուցչի գրասենյակի կողմից ձեռնարկվող գործողությունները
«1. Պետության լիազոր ներկայացուցչի գրասենյակը` Դատարանի կողմից վճիռը վերջնական դառնալու մասին ծանուցումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում.
(ա) ծանուցում է շահառուին` պարզաբանելով նրա իրավունքները գործող օրենսդրության համաձայն գործը վերանայելու և/կամ վերաբացելու վարույթ հարուցելու մասին ...»
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
26. Եվրոպայի խորհրդի երեսունութ անդամ պետություններում ներպետական օրենսդրության շուրջ կատարված համեմատական հետազոտությունը ցույց է տվել, որ բազմաթիվ պետություններ որոշակի ներպետական մեխանիզմներ են ընդունել, որոնք թույլ են տալիս Դատարանի կողմից Կոնվենցիայի խախտում գտնելու պարագայում վերանայել այն քաղաքացիական գործերը, որով առկա են վերջնական որոշումներ: Մասնավորապես, հարցված քսաներկու անդամ պետությունների Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դիմումատուներին հստակ հնարավորություն է տալիս` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կամ այլ միջազգային դատարանի կողմից խախտման փաստի ճանաչման պարագայում դիմել քաղաքացիական գործի վերանայման համար: Այդ կարգը գործում է Ալբանիայում, Անդորրայում, Հայաստանում, Ադրբեջանում, Խորվաթիայում, Չեխիայի Հանրապետությունում, Էստոնիայում, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետությունում, Վրաստանում, Գերմանիայում, Լատվիայում, Լիտվայում, Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Սերբիայում, Սլովակիայում, Շվեյցարիայում և Թուրքիայում: Բոլոր այս պետություններում վերանայման դիմումները պետք է ներկայացվեն դատարան: Սակայն, դատարանների լիազորությունների աստիճանը տարբերվում է անդամ պետությունների շրջանում: Որոշ պետություններում այդ դիմումները ներկայացվում են երկրի բարձրագույն դատարանին, այն է` Գերագույն դատարան (դա վերաբերում է, օրինակ` Ալբանիային, Ադրբեջանին, Էստոնիային և Լիտվային) կամ Սահմանադրական դատարան (Չեխիայի Հանրապետություն): Մի շարք այլ պետություններում վերանայման դիմումը ներկայացվում է այն դատարան, որի որոշումը վիճարկվում է (Խորվաթիա, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետություն և Սերբիա): Սովորաբար, վերանայման վարույթը մեխանիկորեն չի հարուցվում, քանի որ դիմումը պետք է համապատասխանի ընդունելիության չափանիշներին, ինչպիսին են օրինակ` հայցային վաղեմությունը, դիմումատուի դատավարական կարգավիճակը և դիմումի հիմնավորվածությունը (դա վերաբերում է, օրինակ` Ալբանիային, Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետությանը, Վրաստանին, Մոնտենեգրոյին և Թուրքիային): Ներպետական օրենսդրության որոշ դրույթներով սահմանվում են այլ պահանջներ, որոնք պետք է բավարարվեն, օրինակ` խախտման լուրջ հետևանքների շարունակվող բնույթը (Ռումինիա) կամ տրամադրվող փոխհատուցումը չի վերացրել խախտումը (Սլովակիա) կամ դիմումատուին հնարավոր չէ որևէ այլ եղանակով փոխհատուցում տրամադրել (Էստոնիա):
27. Թեև հարցված երեսունութ անդամ պետություններից տասնվեցում ներպետական իրավական դրույթները ներկայումս հստակորեն չեն նախատեսում Դատարանի կողմից Կոնվենցիայի խախտման հիմքով քաղաքացիական գործերի վերանայման մեխանիզմ (դա վերաբերում է Ավստրիային, Բելգիային, Ֆրանսիային, Հունաստանին, Հունգարիային, Իտալիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, Լյուքսեմբուրգին, Մոնակոյին, Նիդերլանդներին, Լեհաստանին, Սլովենիային, Իսպանիային, Շվեդիային և Միացյալ Թագավորությանը (Անգլիային և Ուելսին)), սակայն այդ պետություններից մի քանիսում դիմումատուները կարող են նման իրավիճակներում փորձել վերաբացել գործը` նոր երևան եկած հանգամանքների կամ թույլ տրված դատավարական սխալի հիմքերով (օրինակ` Ֆրանսիայում, Նիդերլանդներում և Լեհաստանում):
IV. ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԹԻՎ R (2000) 2 ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ
28. Նախարարների կոմիտեի կողմից 2000թ. հունվարի 19-ին Նախարարների տեղակալների 694-րդ հանդիպման ընթացքում ընդունված թիվ R (2000) 2 հանձնարարականում նշվել է, որ Դատարանի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու Նախարարների կոմիտեի փորձը ցույց է տվել, որ որոշ հանգամանքներում գործի վերաքննությունը կամ վարույթի վերաբացումը հանդիսացել է restitutio in integrum ապահովելու ամենաարդյունավետ, եթե ոչ` միակ միջոցը: Նախարարների կոմիտեն, հետևաբար, կոչ է անում պետություններին երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
«(i) Ներպետական որոշման պատճառով տուժող կողմը շարունակում է շատ ծանր բացասական հետևանքներ կրել, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի ճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ.
(ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ
(բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի եվ թիվ 1 արձԱնագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտում
29. Դիմումատուն բողոքել է «նոր հանգամանքներով բողոքի» («նոր հանգամանքներով բողոք») հիման վրա հարուցված վարույթի վերաբերյալ, որով Գերագույն դատարանը վերջնական որոշում է կայարցել 2008թ. մայիսի 14-ին: Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ նոր հանգամանքներով իր բողոքը քննելու ընթացքում Գերագույն դատարանը հաշվի չի առել Դատարանի կողմից 2007թ. մայիսի 3-ի կայացված վճռով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող եզրակացությունը, որն առնչվում էր ներպետական դատարանների կողմից ապացույցների գնահատման հարցին (տե՛ս վերևում` 15-րդ պարբերությունը): Գերագույն դատարանը նաև հաշվի չի առել գործի համար կարևոր մի շարք ասպեկտներ, մասնավորապես` հիմնական այն գրավոր ապացույցների հիմնավորվածությունը, որոնց վրա հիմնված են ներպետական դատարանների որոշումները: Բացի այդ, Գերագույն դատարանի՝ դիմումատուի նախորդ գանգատի արդյունքների շուրջ հիմնավորումները հակասել են Դատարանի 2007թ. մայիսի 3-ի վճռում արտահայտած եզրակացություններին (տե՛ս վերևում` 13-րդ և 18-րդ պարբերությունները): Դիմումատուի պնդմամբ` անարդարացի այն եղանակը, որով Գերագույն դատարանը քննել է նրա նոր հանգամանքներով բողոքը, հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի նոր խախտման: Դիմումատուի պնդումներին վերաբերող այդ դրույթների մասերը սահմանում են.
Հոդված 6 § 1
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության` այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
30. Ի սկզբանե, Դատարանը նշում է, որ սույն գանգատը այս նույն դիմումատուի առաջին գանգատի շարունակությունն է, որը վերաբերում էր անշարժ գույքի սեփականության իրավունքի մասին քաղաքացիական գործով վեճին: Այդ գանգատի վերաբերյալ կայացրած իր 2007թ. մայիսի 3-ի վճռում Դատարանը գտել է, որ ներպետական դատարանների որոշումները կայացվել են այնպիսի դատավարության ընթացքում, որոնք խախտել են 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի դատաքննության, իրավական որոշակիության երաշխիքները և բավարար պատճառներ ներկայացնելու պահանջը (տե՛ս վերևում` 13-15-րդ պարբերությունները): Գլխավորապես հիմնվելով Դատարանի 2007թ. մայիսի 3-ին կայացրած վճռի վրա` դիմումատուն նոր հանգամանքներով բողոք է ներկայացրել Գերագույն դատարան` վիճարկելով հիշատակված որոշումները: Սույն գանգատի համար հիմք ծառայած 2008թ. մարտի որոշմամբ Գերագույն դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ վճռելով, որ ներպետական որոշումները ճիշտ էին և հիմնավորված:
31. Դատարանը պետք է առաջին հերթին որոշի, թե արդյոք Կոնվենցիայի 46-րդ հոդվածը թույլ է տալիս Դատարանին քննել դիմումատուի կողմից ներկայացված տարբեր բողոքներ, հաշվի առնելով սույն Կոնվենցիայով նախատեսված լիազորությունների բաշխումը Նախարարների կոմիտեի և Դատարանի միջև վճիռների կատարման նկատմամբ վերահսկողության հարցի վերաբերյալ (տե՛ս, օրինակ՝ Lyons-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 15227/03, ՄԻԵԴ 2003‑IX): Երկրորդ, այնքանով, որքանով դա չի արգելվում, Դատարանը պետք է քննի, թե արդյոք դիմումատուի՝ նոր հանգամանքների հիմքով ներպետական դատարաններում հարուցված վարույթների նկատմամբ կիրառվել են Կոնվենցիայի, մասնավորապես՝ 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները (տե՛ս Steck-Risch-ը և այլոք ընդդեմ Լիխտենշտեյնի (որոշ.), թիվ 29061/08, 11 մայիսի 2010թ.) և եթե այո, ապա արդյոք 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները պահպանվել են:
32. Առաջին հերթին պետք է նշել, որ դիմումատուի բողոքները գլխավորապես վերաբերել են վերջինիս կողմից 2007թ. հունիսի 14-ին ներկայացված նոր հանգամանքներով բողոքի հիման վրա հարուցված վարույթին, որը Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ մերժվել է: Հաշվի առնելով դիմումատուի հետագա նույնաբովանդակ բողոքի էությունը և Գերագույն դատարանի կողմից 2008թ. հունիսի 5-ի որոշմամբ այն մերժելու հանգամանքը, Դատարանը նաև գնատության առարկա կդարձնի այդ վերջին դատավարությունը (տե՛ս ստորև՝ 55-56-րդ պարբերությունները):
Ա. Արդյոք Դատարանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանափակված է սույն գանգատի ներքո բերված բողոքների քննության հարցում
1. Ընդհանուր սկզբունքները
33. Բարձր պայմանավորվող կողմերի՝ Դատարանի կողմից կայացված վճիռների հետ համապատասխանության հարցը վերջինիս իրավազորությունից դուրս է, եթե այն չի բարձրացվել Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի ներքո նշված «վճիռների չկատարման ընթացակարգի ներքո» (տե՛ս The United Macedonian Organisation Ilinden – PIRIN-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2), թիվ թիվ 41561/07 և 20972/08, § 56, 18 հոկտեմբերի 2011թ.): 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեին է շնորհված պետության կողմից Դատարանի վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը և պատասխանող պետության կողմից ձեռնարկված միջոցառումների գնահատումը: Սակայն, Նախարարների կոմիտեի կողմից ստանձնած Դատարանի վճիռների կատարումը վերահսկելու դերը չի սահմանափակում Դատարանին պատասխանող պետության կողմից ձեռնարկված միջոցառումների առնչությամբ ներկայացված նոր գանգատը քննելու հարցում, եթե այն պարունակում է տեղեկատվություն այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնց առնչությամբ առաջին վճռում Դատարանը չի անդրադարձել (տե՛ս Verein gegen Tierfabriken Schweiz-ն (VgT) ընդդեմ Շվեյցարիայի (թիվ 2) [ՄՊ], թիվ 32772/02, §§ 61‑63, ՄԻԵԴ 2009):
34. Համապատասխան ընդհանուր սկզբունքները ամփոփ ներկայացված են Egmez-ն ընդդեմ Կիպրոսի գործով ((որոշ.), թիվ 12214/07, §§ 48-56, 18 սեպտեմբերի 2012թ.) հետևյալ կերպ.
«48. Դատարանը վերահաստատում է, որ իր վճիռներում նշված խախտումների հայտնաբերումը, սկզբունքորեն, դեկլարատիվ բնույթ է կրում (տե՛ս Krčmář-ը և այլոք ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշ.), թիվ 69190/01, 30 մարտի 2004թ., Lyons-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 15227/03, ՄԻԵԴ 2003-IX, և Marckx-ը ընդդեմ Բելգիայի, 13 հունիսի 1979թ., § 58, Շարք Ա թիվ 31) և որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն Բարձր պայմանավորվող կողմերը հանձն են առնում ենթարկվել Դատարանի կողմից կայացված ցանկացած վճիռների, որոնց կողմ են հանդիսանում, իսկ դրանց կատարումը ենթակա է Նախարարների կոմիտեի վերահսկմանը (տե՛ս, mutatis mutandis, Papamichalopoulos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի (հոդված 50), 31 հոկտեմբերի 1995թ., § 34, Շարք Ա թիվ 330-Բ): Այստեղից կարելի է հետևություն անել, որ, ի թիվս այլոց, այն վճիռներով, որոնցով Դատարանը Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է գտնում, պատասխանող պետության վրա է դրվում իրավական պարտավորություն ոչ միայն շահագրգիռ անձանց պարզապես վճարելու արդարացի փոխհատուցման նպատակով սահմանված գումարները, այլև Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո ընտրելու այն ընդհանուր և/կամ, անհրաժեշտության դեպքում, նաև անհատական միջոցները, որոնց միջոցով կվերացվեն Դատարանի կողմից հայտնաբերված խախտումները, և, հնարավորության սահմաններում, շտկելու հետևանքները (տե՛ս Pisano-ն ընդդեմ Իտալիայի (գործերի ցուցակից հանված) [ՄՊ], թիվ 36732/97, § 43, 24 հոկտեմբերի 2002թ. և Scozzari-ն և Giunta-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ թիվ 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII): Պատասխանող պետությունը, լինելով Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո, կարող է ընտրել այն միջոցները, որոնց միջոցով վերջինս կկատարի իր՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո ստանձնած պարտավորությունները՝ պայմանով, որ այդ միջոցները լինեն Դատարանի վճռում բերված եզրակացություններին համահունչ (տե՛ս, մեջբերված է վերևում, Scozzari-ի և Giunta-ի գործը, § 249): Դատարանն իր կողմից չի կարող այս երկխոսության մեջ որևիցե դեր ստանձնել (Lyons-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում):
49. Թեև Դատարանը որոշ իրավիճակներում կարող է մատնացույց անել պատասխանող պետության կողմից իրավիճակը շտկելու համար ձեռնարկվելիք կոնկրետ լուծումներ կամ այլ միջոցներ (տե՛ս, օրինակ, Assanidze-ն ընդդեմ Վրաստանի [ՄՊ], թիվ 71503/01, եզրափակիչ մասի 14-րդ կետ, ՄԻԵԴ 2004-II, Gençel-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 53431/99, § 27, 23 հոկտեմբերի 2003թ.), այդպիսի միջոցների իրականացումը, միևնույն է, գնահատում է Նախարարների կոմիտեն, ինչպես որ սահմանված է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետով (տե՛ս Greens-ը և M.T.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ թիվ 60041/08 և 60054/08, § 107, 23 նոյեմբերի 2010թ., Suljagić-ն ընդդեմ Բոսնիայի և Հերցոգովինայի, թիվ 27912/02, § 61, 3 նոյեմբերի 2009թ., Hutten Czapska-ն ընդդեմ Լեհաստանի (բարեկամական կարգավորում) [ՄՊ], թիվ 35014/97, § 42, 28 ապրիլի 2008թ., Hutten Czapska-ն ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 35014/97, §§ 231-239 և եզրափակիչ մասը, ՄԻԵԴ 2006-VIII), Broniowski-ն ընդդեմ Լեհաստանի (բարեկամական կարգավորում) [ՄՊ], թիվ 31443/96, § 42, ՄԻԵԴ 2005-IX, և Broniowski-ն ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 31443/96, §§ 189-194 և եզրափակիչ մասը, ՄԻԵԴ 2004-V):
50. Այնուհետև, Դատարանը շարունակաբար ընդգծել է, որ այն չունի իրավազորություն պարզելու, թե արդյոք պայմանագրի կողմ հանդիսացող պետությունը կատարել է Դատարանի կողմից կայացված վճռով վերջինիս նկատմամբ սահմանված պարտավորությունները: Այդ իսկ պաճառով Դատարանը մերժել է քննել պետությունների կողմից կայացված վճիռները կատարելու պարտավորություններից խուսափելու վերաբերյալ ներկայացված գանգատները՝ դրանք հայտարարելով որպես ratione materiae անընդունելի (տե՛ս Moldovan-ն և այլոք ընդդեմ Մոլդովայի (որոշ.), թիվ 8229/04, 15 փետրվարի 2011թ., Dowsett-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ 2) (որոշ.), թիվ 8559/08, 4 հունվարի 2011թ., Öcalan-ն ընդդեմ Թուրքիայի (որոշ.), թիվ 5980/07, 6 հուլիսի 2010թ., Haase-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 11057/02, ՄԻԵԴ 2004 III, Komanický-ն ընդդեմ Սլովակիայի (որոշ.), թիվ 13677/03, 1 մարտի 2005թ., Lyons-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում, Krčmář-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում և [Fischer]-ն ընդդեմ Ավստրիայի (որոշ.), թիվ 27569/02, ՄԻԵԴ 2003 VI):
51. Սակայն, Նախարարների կոմիտեի դերն այս ոլորտում չի նշանակում, որ պատասխանող պետության կողմից Դատարանի հայտնաբերած խախտումը շտկելու նպատակով ձեռնարկված միջոցների իրականացման դեպքում չի կարելի բարձրացնել այնպիսի խնդիրներ, որոնց վերաբերյալ վճռում անդրադարձ չի կատարվել (տե՛ս Verein gegen Tierfabriken Schweiz-ի (VgT) գործը, մեջբերված է վերևում, § 62, Hakkar-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 43580/04, 7 ապրիլի 2009թ., Haase-ի գործը, մեջբերված է վերևում, Mehemi-ն [ընդդեմ Ֆրանսիայի (թիվ 2), թիվ 53470/99, § 43, ՄԻԵԴ 2003‑IV], Rongoni-ն ընդդեմ Իտալիայի, թիվ 44531/98, § 13, 25 հոկտեմբերի 2001թ., Rando-ն ընդդեմ Իտալիայի, թիվ 38498/97, § 17, 15 փետրվարի 2000թ., Leterme-ն ընդդեմ Ֆրանսիայի, 29 ապրիլի 1998թ., Զեկույցներ 1998-III; Pailot-ն ընդդեմ Ֆրանսիայի, 22 ապրիլի 1998թ., § 57, Զեկույցներ 1998-II, և Olsson-ն ընդդեմ Շվեդիայի (թիվ 2), 27 նոյեմբերի 1992թ., Շարք Ա թիվ 250) և, որպես այդպիսին, կազմել նոր գանգատի վեճի առարկա, որը կարող է Դատարանի կողմից դիտարկվել:
52. Այս հիմքով, Դատարանը գտել է, որ այն կարող է քննել գանգատները մի շարք հաջոդաբար ներկայացված գործերով, ինչպես օրինակ՝ այն դեպքում, երբ ներպետական իշխանությունները կրկին անգամ գործը քննում են Դատարանի վճիռներից մեկի ի կատար ածման նպատակով՝ լինի դա գործը վերաբացելու (տե՛ս Emre-ն ընդդեմ Շվեյցարիայի (թիվ 2), թիվ 5056/10, 11 հոկտեմբերի 2011թ., և Hertel-ն [ընդդեմ Շվեյցարիայի (որոշ.), թիվ 53440/99, ՄԻԵԴ 2002-I]), թե բացարձակապես նոր ներպետական վարույթ հարուցելու միջոցով (տե՛ս The United Macedonian Organisation Ilinden – PIRIN-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2), թիվ թիվ 41561/07 և 20972/08, 18 հոկտեմբերի 2011թ. և Liu-ն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2), թիվ 29157/09, 26 հուլիսի 2011թ.):
53. Ավելին, Դատարանի կողմից որևէ կոնկրետ իրավունքի խախտման վերաբերյալ վճիռ արձակելուց հետո այդ կոնվենցիոն իրավունքի՝ որոշակի տևական ժամանակահատվածում շարունակվող խախտման կոնկրետ համատեքստում տարօրինակ չի կարող դիտվել Դատարանի կողմից այդ գործի առնչությամբ ավելի ուշ ներկայացված երկրորդ գանգատի քննությունը (տե՛ս, ի թիվս այլոց, Ivanţoc-ը և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի, թիվ 23687/05, §§ 93-96, 15 նոյեմբերի 2011թ., շարունակվող կալանքի վերաբերյալ, Wasserman-ն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 2), թիվ 21071/05, §§ 36-37, 10 ապրիլի 2008թ. ներպետական վճիռը չկատարելու առնչությամբ, և Rongoni-ն ընդդեմ Իտալիայի, մեջբերված է վերևում, § 13, դատավարության տևողության առնչությամբ): Նման դեպքերում «նոր խնդրի» համար հիմք է հանդիսանում Դատարանի առաջին վճռի հիմքում ընկած խախտման շարունակվող բնույթը: Սակայն, Դատարանը սահմանափակված է գործը քննելու նոր ժամանակահատվածների և ցանկացած նոր բողոքների մասով (տե՛ս օրինակ՝ Ivanţoc-ը և այլոք գործը՝ մեջբերված է վերևում):
54. Դատարանի նախադեպային իրավունքից պարզ երևում է, որ «նոր խնդրի» առկայության հարցի վերաբերյալ որոշումը մեծապես կախված է տվյալ գործի առանձին հանգամանքներից և որ միշտ չէ, որ այդ գործերը հստակ տարանջատված են: Այսպես օրինակ՝ Verein gegen Tierfabriken Schweiz (VgT)-ի գործով (մեջբերված է վերևում) Դատարանը գտել է, որ իրավազորություն ունի քննելու բողոքն առ այն, որ Դատարանի կողմից կայացված վճռից հետո խնդրո առարկա ներպետական դատարանը մերժել է վերաբացել վարույթը: Դատարանը հիմնվել է այն փաստի վրա, որ դիմումը նոր հիմքով էր մերժվել, այդ իսկ պատճառով այն հանդիսանում է նոր տեղեկություն, որը կարող է առաջ բերել Կոնվենցիայի նոր խախտում (տե՛ս Verein gegen Tierfabriken Schweiz-ի (VgT) գործը, մեջբերված է վերևում, § 65): Այնուհետև Դատարանը հաշվի է առել, որ Նախարարների կոմիտեն ավարտել է Դատարանի վճռի կատարման նկատմամբ վերահսկողությունը՝ հաշվի չառնելով գործը վերաբացելու դիմումի մերժման հանգամանքը, քանի որ այն տեղեկացված չէր այդ որոշման մասին: Դատարանը գտել է, որ նաև այդ տեսանկյունից խնդրո առարկա մերժումը հանդիսանում է նոր հանգամանք (տե՛ս, նույն տեղում, § 67): Նույն կերպ, Emre-ի գործով վերջերս կայացած իր վճռում (մեջբերված է վերևում) Դատարանը գտել է, որ գործի վերաբացումից հետո ներպետական դատարանի կայացրած նոր վճիռը, որով այն փորձել է հասնել շահերի հավասարակշռության, հանդիսանում է նոր հանգամանք: Այս գործի առնչությամբ Դատարանը նաև դիտարկել է, որ Նախարարների կոմիտեի կողմից վճիռն ի կատար ածելու մասին գործընթացը դեռևս չէր մեկնարկել: Սակայն, համեմատության համար մեկ այլ՝ Schelling-ն ընդդեմ Ավստրիայի գործով (թիվ 2) (որոշ.), թիվ 46128/07, 16 սեպտեմբերի 2010թ. և Steck-Risch-ը և այլոք ընդդեմ Լիխտենշտեյնի (որոշ.) թիվ 629061//08, 11 մայիսի 2010թ.) Դատարանը գտել է, որ հիմնվերով ներկայացված փաստերի վրա, ներպետական դատարանների կողմից գործը վերաբացելու մասին դիմումները մերժելու վերաբերյալ որոշումները հիմնված չէին համապատասխան նոր հիմքերի վրա կամ չէին առնչվում դրանց հետ, որոնք կարող էին առաջ բերել Կոնվենցիայի նոր խախտում: Ավելին, Steck-Risch-ի գործով Դատարանը գտել է, որ Նախարարների կոմիտեն ավարտել է Դատարանի նախորդ վճռի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը նախքան ներպետական դատարանները կմերժեին վերաբացելու վարույթը և առանց հիմնվելու այն փաստի վրա, որ գործի վերաբացման պահանջ կարող էր ներկայացվել: Այս առումով վերաբերելի նոր տեղեկություն նոււյնպես չկար:
55. Այս համատեքստում անհրաժեշտ է անդրադառնալ նաև Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին, որով հաստատվում է, որ գանգատը պետք է հայտարարվի անընդունելի այն դեպքում, եթե «այն էապես նույնն է, ինչ Դատարանի կողմից մեկ անգամ արդեն քննված գործը ... և վերաբերելի նոր տեղեկություն չի պարունակում». (i) գանգատը համարվում է «էապես նույնը», երբ կողմերը, գանգատը և փաստերը նույնական են (տե՛ս Verein Gegen Tierfabriken Schweiz-ի (VgT) գործը, մեջբերված է վերևում, § 63 և Pauger-ն ընդդեմ Ավստրիայի (որոշ.), թիվ թիվ 16717/90 և 24872/94, 1995թ. հունվարի 9-ի Հանձնաժողովի որոշումներ), (ii) բողոքի էությունը բնութագրվում է ենթադրյալ փաստերով, այլ ոչ թե սոսկ դրա հիմքում ընկած իրավական հիմնավորումներով կամ փաստարկներով (տե՛ս Guerra-ն և այլոք ընդդեմ Իտալիայի, 19 փետրվարի 1998թ., § 44, Զեկույցներ 1998-I և Powell-ը և Rayner-ը ընդդեմ Միացյալ Թագավորության, 21 փետրվարի 1990թ., § 29, Շարք Ա թիվ 172), և (iii) այն դեպքերում, երբ դիմումատուն նոր տեղեկություն է հաղորդում, գանգատը այլևս էապես նույնը չի լինի, ինչ նախորդը (տե՛ս Patera-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշ.), թիվ 25326/03), 1996թ. հունվարի 10-ի Հանձնաժողովի որոշում և Chappex-ն ընդդեմ Շվեյցարիայի (որոշ.), թիվ 20338/92, 1994թ. հոկտեմբերի 12-ի Հանձնաժողովի որոշում):
56. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի ներքո Նախարարների կոմիտեին շնորհված լիազորությունները՝ վերահսկել Դատարանի վճիռների կատարման ընթացքը և գնահատել պետությունների կողմից սույն հոդվածի ներքո միջոցառումների կատարումը, վտանգված չեն լինի այն դեպքում, երբ Դատարանը քննում է նոր տեղեկությունը՝ նոր գանգատի քննության համատեքստում (տե՛ս Verein Gegen Tierfabriken Schweiz-ի (VgT) գործը, մեջբերված է վերևում, § 67)»:
2. Նշված սկզբուքնների կիրառելիությունը սույն գործում
35. Վերադառնալով սույն գործին՝ Դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված դիմումատուի փաստարկները կարող են հասկացվել որպես Դատարանի կողմից նախորդ գործով 2007թ. մայիսի 3-ին կայացված վճռի ենթադրյալ պատշաճ չկատարման վերաբերյալ պնդումներ: Մասնավորապես, դիմումատուի կողմից բերված փաստարկը կարելի է հասկանալ այնպես, որ ներպետական նախորդ վարույթի ժամանակ առկա օրենսդրական թերությունները, որոնք հանդիսացել են Դատարանի կողմից 2007թ. կայացված վճռի առարկան, չեն շտկվել Գերագույն դատարանի առջև գործի քննության ժամանակ, որն ավարտվել է 2008թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ, որի ժամանակ Գերագույն դատարանը չի անդրադարձել գլխավոր գրավոր ապացույցի իսկության ստուգման հարցին, ինչը հիմք է հանդիսացել ներպետական դատարանների կողմից ընդունված վիճարկվող որոշումների համար (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Սակայն, Դատարանի վճիռները կատարելու կամ Դատարանի կողմից արդեն ճանաչված խախտումը չշտկելու կապակցությամբ բերված գանգատները Դատարանի իրավազարությունից ratione materiae հիմքով դուրս են (տե՛ս նախորդ պարբերությունում բերված Դատարանի նախադեպային իրավունքի ամփոփ ներկայացումը, մասնավորապես՝ Lyons-ը և այլոք գործը՝ մեջբերված է վերևում): Համապատասխանաբար, դիմումատուի բողոքները, որքանով որ դրանք վերաբերում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նախորդ գործի վերաբերյալ 2007թ. վճռով ճանաչված խախտման իրավական լուծման հարցին, պետք է համարվեն Կոնվենցիայի հետ ratione materiae անհամատեղելի՝ համաձայն 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի:
36. Սակայն, դիմումատուի կողմից ներկայացված նոր գանգատը առնչվում է նաև նոր բողոքին, որն այնքան էլ չի վերաբերում 2008թ. Գերագույն դատարանի կողմից կայացված որոշման արդյունքին, որքան այդ դատավարության ընթացքին և արդարացիությանը, որը ժամանակագրորեն հաջորդել է և տարբերվել Դատարանի՝ 2007թ. վճռում վիճարկվող ներպետական վարույթից:
37. Այս կապակցությամբ, դիմումատուի բողոքը, ինչպես կարելի է հասկանալ վերջինիս կողմից ներկայացված փաստարկներից, վերաբերում է այն հարցին, թե ինչպես է Գերագույն դատարանը անդրադարձել Դատարանի 2007թ. վճռի հիման վրա բերված գլխավոր փաստարկներից մեկին: Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ գործի առնչությամբ Գերագույն դատարանի՝ 2008թ. մարտի 14-ի որոշման պատճառաբանությունները ակնհայտորեն հակասում են Դատարանի կողմից 2007թ. վճռում բերված եզրակացություններին (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Այսպիսով, այս նոր բողոքը վերաբերում է դիմումատուի կողմից ներպետական մակարդակում բերված նոր հանգամանքներով բողոքի կապակցությամբ 2008թ. մարտին կայացված որոշման եղանակին, և ոչ այնքան՝ դրա արդյունքին՝ որպես այդպիսին, կամ նույնիսկ ներպետական դատարանների կողմից Դատարանի վճիռների կատարման արդյունավետությանը (համեմատի′ր և հակադրի՛ր Steck-Risch-ը և այլոք, Öcalan-ի, և Schelling-ի (թիվ 2) գործերը, մեջբերված է վերևում, որտեղ տվյալ գործերով ներպետական մակարդակում դիմումատուների պահանջով մեկնարկած համապատասխան նոր վարույթների անարդարացի լինելու առնչությամբ հստակ պնդումներ չեն արվում): Թեև սույն գործով ներպետական ատյանների կողմից ընդունված որոշումները վերանայելու հետ կապված դիմումատուի նախաձեռնությունները, անկասկած, առնչվում են Դատարանի կողմից 2007թ. մայիսի 3-ին ընդունված վճռի կատարմանը, դրա վերաբերյալ բողոքը, կապված դրան հաջորդած ներպետական վարույթի անարդար լինելու հետ, թե՛ վերաբերում է այդ վճռով քննված իրավիճակից տարբեր իրավիճակի, և թե՛ պարունակում է վերաբերելի նոր տեղեկատվություն՝ կապված այդ վճռում չանդրադարձած նոր խնդիրների հետ:
38. Որպես հետևանք, Դատարանը իրավասու է քննելու սույն գործով բերված «նոր խնդիրը»՝ առանց վտանգելու պատասխանող պետության կամ Նախարարների կոմիտեի՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, քանի որ այն վերաբերում է դիմումատուի կողմից բերված նոր հանգամանքներով բողոքի հիման վրա հարուցված վարույթների ենթադրյալ անարդարությանը, ի տարբերություն դրանց արդյունքի՝ որպես այդպիսին, և դրանց՝ Դատարանի 2007թ. մայիսի 3-ի վճռի պատշաճ կատարման վրա ունեցած ազդեցության:
39. Համապատասխանաբար, Դատարանը սահմանափակված չէ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով քննելու դիմումատուի նոր բողոքը՝ ներպետական վարույթի անարդար լինելու վերաբերյալ, որն ավարտվել էր Գերագույն դատարանի 2008թ. մարտի 14-ի որոշման կայացմամբ: Այժմ, Դատարանը կանդրադառնա այն հարցին, թե արդյոք վիճարկվող ներպետական վարույթն համապատասխանել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդար դատաքննության երաշխիքներին:
Բ. Արդյոք դիմումատուի կողմից ներկայացված բողոքը ratione materiae համատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ
1. Կողմերի փաստարկները
40. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի չէ դիմումատուի կողմից բերված «նոր հանգամանքներով բողոքի» հիման վրա հարուցված դատավարության նկատմամբ: Կառավարությունը պնդել է, որ Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ին ընդունված որոշումը, որով մերժվում էր դիմումատուի առաջին բողոքը, միջանկյալ որոշում էր և չէր սահմանում դիմումատուի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները: Սակայն, քանի որ դիմումատուն չի պնդել, որ 2008թ. հունիսին ընթացած դատավարությունը նույնպես թերություններ է ունեցել, ուստի, 6-րդ հոդվածը կիրառելի չէ:
41. Դիմումատուն պնդել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է նոր հանգամանքներով բողոքը քննելու համար հարուցված վարույթի նկատմամբ, որի արդյունքում Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ին ընդունվել է որոշում:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքները
42. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի՝ «քաղաքացիական» ասպեկտով կիրառելի լինելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի «իրավունքի» վերաբերյալ վեճ (ֆրանսերեն տեքստում՝ «contestation»), որը, առնվազն վիճարկելի հիմքերով կարող է լինել ներպետական օրենսդրությամբ ճանաչված՝ անկախ այն հանգամանքից, թե այն Կոնվենցիայով պաշտպանված է, թե՝ ոչ: Վեճը պետք է լինի իրական և լուրջ, այն պետք է վերաբերի ոչ միայն գործող իրավունքի գոյությանը, այլ նաև՝ դրա իրականացման շրջանակին և եղանակներին, և վերջապես, դատավարության արդյունքը պետք է անմիջականորեն վճռորոշ դեր խաղա վիճարկվող իրավունքի համար, և սոսկ աննուղակի կապերը կամ հեռավոր հետևանքները բավարար չեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը գործի դնելու համար (տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ հեղինակավոր աղբյուների նաև՝ Micallef-ն ընդդեմ Մալթայի [ՄՊ], թիվ 17056/06, § 74, ՄԻԵԴ 2009, և Boulois-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի [ՄՊ], թիվ 37575/04, § 90, ՄԻԵԴ 2012):
43. Այս կապակցությամբ, խնդիրը կարգավորող օրենսդրության (քաղաքացիական, առևտրային, վարչական իրավունք և այլն) և այդ խնդրի նկատմամբ իրավազորություն ունեցող մարմնի (ընդհանուր իրավասության դատարան, վարչական մարմին և այլն) բնույթը վճռորոշ հետևանքներ չեն թողնում (տե՛ս Micallef-ի գործը, մեջբերված է վերևում, § 74):
(բ) 6-րդ հոդվածի առնչությամբ ձևավորված նախադեպային իրավունքի կիրառելիությունը նոր երևան եկած հանգամանքներով բողոքների ժամանակ
44. Վերոհիշյալ սկզբունքներին համահունչ և ժամանակի ընթացքում ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիան չի երաշխավորում ավարտված գործի վերաբացման իրավունքը: Նոր երևան եկած հանգամանքներով բողոքները, որոնցով պահանջվում է ավարտված գործերի դատական վարույթների վերաբացում, սովորաբար չեն ներառում «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» կամ «ցանկացած քրեական մեղադրանքի» որոշում, այդ իսկ պատճառով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը համարվում է դրանց նկատմամբ ոչ կիրառելի ((տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ հեղինակավոր աղբյուների նաև՝ X.-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 7761/77, 1978թ. մայիսի 8-ի Հանձնաժողովի որոշում, 1978թ., D.R. 14, էջ 171, Surmont-ը և De Meurechy-ն ընդդեմ Բելգիայի, թիվ թիվ 13601/88 և 13602/88, 1989թ. հուլիսի 6-ի Հանձնաժողովի որոշում, D.R. 62, էջ 284, J.F.-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 39616/98, 20 ապրիլի 1999թ., Zawadzki-ն ընդդեմ Լեհաստանի (որոշ.) թիվ 34158/96, 6 հուլիսի 1999թ., Sonnleitner-ն ընդդեմ Ավստրիայի (որոշ.) թիվ 34813/97, 6 հունվարի 2000թ., Sablon-ն ընդդեմ Բելգիայի, թիվ 36445/97, § 86, 10 ապրիլի 2001թ., Valentin Gorizdra-ն ընդդեմ Մոլդովայի (որոշ.) թիվ 53180/99, 2 հուլիսի 2002թ., Kucera-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 40072/98, 3 հոկտեմբերի 2002թ., Fischer-ի գործը, մեջբերված է վերևում, Jussy-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 42277/98, § 18, 8 ապրիլի 2003թ., Dankevich-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 40679/98, 29 ապրիլի 2003թ., Steck-Risch-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում, Öcalan-ի գործը, մեջբերված է վերևում, Schelling-ի (թիվ 2) գործը, մեջբերված է վերևում, Hurter-ն ընդդեմ Շվեյցարիայի (որոշ.), թիվ 48111/07, 15 մայիսի 2012թ., Dybeku-ն ընդդեմ Ալբանիայի (որոշ.), թիվ 557/12, § 30, 11 մարտի 2014թ.): Դրա պատճառն այն է, որ որքանով որ խնդիրը ներպետական դատավարության ժամանակ ընկնում է res iudicata սկզբունքի ներքո, սկզբունքորեն հնարավոր չէ հաստատել, որ գործի վերանայման նպատակով հետագայում ներկայացված նոր երևան եկած հանգամանքներով դիմումը կամ բողոքը առաջ է բերում վիճելի պահանջ՝ կապված ներպետական օրենսդրությամբ ճանաչված իրավունքի գոյության հետ, կամ որ դատավարության արդյունքը, որով որոշվում է, թե արդյոք միևնույն գործը պետք է վերանայվի, թե` ոչ, վճռորոշ է «քաղաքացիական իրավունքների կամ պարտականությունների կամ ցանկացած քրեական մեղադրանքի ... որոշման համար» (համեմատի՛ր և հակադրի՛ր Melis-ն ընդդեմ Հունաստանի, թիվ 30604/07, §§ 18-20, 22 հուլիսի 2010թ., որը շեղվում է նշված մոտեցումից):
45. Սույն մոտեցումը պահպանվել է նաև այնպիսի գործերով, որոնցով պահանջվում է վերաբացել ավարտված ներպետական դատական վարույթները՝ Դատարանի կողմից Կոնվենցիայի խախտում հայտնաբերելու հիմքով (տե՛ս, օրինակ, մեջբերված է վերևում, Fischer-ի գործը): Verein gegen Tierfabriken Schweiz-ն (VgT) ընդդեմ Շվեյցիարիայի (թիվ 2) գործով (թիվ 32772/02, § 24, 4 հոկտեմբերի 2007թ.) դիմումատուի կողմից ներկայացված բողոքը 6-րդ հոդվածի ներքո անընդունելի ճանաչելով՝ Պալատը նշել է հետևյալը.
«24. ... [Դատարանի] նախադեպային իրավունքից պարզ է, որ սույն հոդվածը կիրառելի չէ այն դատավարության նկատմամբ, որը վերաբերում է գործի վերանայման պահանջին կամ քաղաքացիական դատավարության վերաբացմանը (տե՛ս Sablon-ն ընդդեմ Բելգիայի, թիվ 36445/97, § 86, 10 ապրիլի 2001թ.): Դատարանը ոչ մի պատճառ չի տեսնում, թե ինչու այս դատողությունը չի կարող կիրառվել դատավարության վերաբացման նկատմամբ, այն բանից հետո, երբ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել խախտում (տե՛ս քրեական գործի առնչությամբ՝ [Fischer]-ն ընդդեմ Ավստրիայի (որոշ.), թիվ 27569/02, ՄԻԵԴ 2003‑VI): Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո բերված բողոքը ratione materiae անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ»:
46. Սակայն, եթե առաջ է գալիս նոր երևան եկած հանգամանքներով բողոք ներկայացնելու կամ գործի նոր քննության անհրաժեշտություն, 6-րդ հոդվածը սովորական եղանակով կիրառելի է «վերանայման» վարույթի նկատմամբ (տե՛ս, օրինակ, Sablon-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 88-89, Vanyan-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 53203/99, § 56, 15 դեկտեմբերի 2005թ., Zasurtsev-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 67051/01, § 62, 27 ապրիլի 2006թ., Alekseyenko-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 74266/01, § 55, 8 հունվարի 2009թ., Hakkar-ի գործը, մեջբերված է վերևում, և Rizi-ն ընդդեմ Ալբանիայի (որոշ.), թիվ 49201/06, § 47, 8 նոյեմբերի 2011թ.):
47. Ավելին, 6-րդ հոդվածը համարվել է կիրառելի նաև այնպիսի դեպքերում, երբ վարույթները, թեև դրանք ներպետական իրավունքի ներքո բնորոշվել են որպես «նոր երևան եկած հանգամանքներ» կամ «նոր հանգամանքներ», համարվել են բնույթով նման սովորական բողոքարկման վարույթներին, այսպիսի դեպքերում վարույթի ներպետական բնորոշումը կիրառելիության հարցի տեսանկյունից վճռորոշ դեր չի խաղում:
48. Այսպիսով, San Leonard Band-ն ընդդեմ Մալթայի (թիվ 77562/01, §§ 41-48, ՄԻԵԴ 2004 IX), 6-րդ հոդվածը ճանաչվել է կիրառելի նոր դատավարություն սկսելու պահանջի վերաբերյալ վարույթի նկատմամբ: Դատարանը պատճառաբանել է, որ նոր հանգամանքներով վերանայման այս պահանջը նման է վճռաբեկ դատարան ներկայացվող իրավունքի հիմքով բողոքարկմանը. Մալթայի իշխանությունները հայեցողական լիազորություն չեն իրականացրել, սակայն նրանցից պահանջվում էր վճիռ արձակել, և դատավարական նոր ընթացակարգի արդյունքը վճռորոշ էր դիմումատու ընկերության «քաղաքացիական իրավունքների և պարտականությունների» համար»:
49. Համանման կերպով, Maresti-ն ընդդեմ Խորվաթիայի (թիվ 55759/07, 25 հունիսի 2009թ.) Դատարանը գտել է, որ քրեական գործով վերջնական դատական ակտի նոր երևան եկած հանգամանքներով վերանայման պահանջով վարույթն ընկնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի շրջանակի ներքո: Այդ վարույթների բնույթը և առանձին գծերը ուսումնասիրելով՝ Դատարանը նշել է, որ մեղադրյալի նոր երևան եկած հանգամանքներով վերանայման պահանջը կարող է բավարարվել միայն չափազանց սահմանափակ թվով իրավունքի սխալների դեպքում, որոնք եղեկ են ի վնաս մեղադրյալի, այդպիսի պահանջը պետք է ներկայացվի մեկամսյա սուղ ժամկետային սահմանափակման ընթացքում այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը մեղադրյալի գործով կայացնի որոշում, իսկ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման հիմքերը հստակ կերպով սահմանված էին Խորվաթիայի Քրեական դատավարության օրենսգրքով և ենթակա չէին Խորվաթիայի Գերագույն դատարանի կողմից կայացվող որևէ հայեցողական որոշման: Դատարանն այնուհետև գտել է, որ նոր երևան եկած հանգամանքներով վերանայման պահանջի հնարավորություն կա նաև Խորվաթիայի քաղաքացիական դատավարությունում՝ քաղաքացիական գործերով իրավունքի հիմքով ներկայացվող վերաքննության տեսքով, որի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը կիրառելի է (տե՛ս վերևում մեջբերված վճռի՝ 25-28-րդ պարբերությունները):
50. Ամփոփելով, թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, որպես կանոն, կիրառելի չէ նոր երևան եկած հանգամանքներով բողոքների դեպքում, որոնցով պահանջվում է ավարտված գործի վերաբացում, նոր երևան եկած հանգամանքներով բողոքի հիման վրա իրականացվող դատավարության բնույթը, շրջանակը և առանձնահատկությունները առանձին իրավական համակարգում կարող են լինել այնպիսին, որ դրանք գործեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակի ներքո և դատավարության կողմերի համար ապահովեն արդար դատաքննության երաշխիքները: Դատարանը պետք է համապատասխանաբար քննության առնի սույն գործով քննության առարկա նոր հանգամանքներով բողոքի բնույթը, շրջանակները և առանձնահատկությունները:
(գ) Նշված սկզբունքների կիրառելիությունը սույն գործում
51. Անդրադառնալով սույն գործով կոնկրետ հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վճռաբեկության կարգով գործի քննության ավարտից հետո դատավարության կողմերին երաշխավորել է «քաղաքացիական գործերով դատական որոշումների նոր հանգամանքներով ... Գերագույն դատարանում բողոքարկելու իրավունք» (353-րդ հոդված, Օրենսգրքի մասի ներածական հոդվածը, որը վերաբերում է նոր հանգամանքներով բողոքներին՝ տեքստը տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունում): Օրենսգրքի հետևյալ դրույթի ուժով (354-րդ հոդվածի 1-ին կետ՝ տեքստը տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունում), «Ուկրաինայի մասնակցությամբ գործող միջազգային դատարանի եզրակացությունն այն մասին, որ [ներպետական] դատական որոշումը խախտել է Ուկրաինայի միջազգային պարտավորությունները» հանդիսանում է երկու հիմքերից մեկը, որի համաձայն նոր հանգամանքներով այդպիսի բողոք կարելի է բերել: 357-րդ հոդվածն (տե՛ս նույն տեղում) այնուհետև սահմանում է՝ «[ն]որ հանգամանքներով գործի քննությունը» որպես «վճռաբեկության կարգով վերանայման տեսակ», որի դեպքում Գերագույն դատարանն ունի քննության միևնույն լիազորությունները, ինչ վճռաբեկության կարգով բողոքների դեպքում, իսկ նոր հանգամանքներով բողոքի քննության կարգը նույնն է, ինչ վճռաբեկ բողոքների դեպքում: Գերագույն դատարանի հայեցողական լիազորությունները նոր հանգամանքներով գործի քննության դեպքում նույնն են, ինչ վճռաբեկ բողոքների դեպքում: Այդպիսով, նոր հանգամանքներով վարույթի արդյունքում կարող են կայացվել տարբեր որոշումներ՝ ինչպես որ սահմանված է օրենսգրքի 358-րդ հոդվածով, մասնավորապես դատարանը՝ «մերժում է բողոքը` [վիճարկվող] որոշումը թողնելով անփոփոխ», «ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է [վիճարկվող] դատական որոշումը և այն ուղարկում առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան և գերագույն դատարան` նոր քննության», «բեկանում և օրինական ուժ է տալիս վերաքննիչ դատարանի կամ գերագույն դատարանի կողմից սխալմամբ բեկանված որոշմանը», կամ «փոփոխում է [վիճարկվող] որոշումը կամ կայացնում գործն ըստ էության լուծող նոր որոշում» (տե՛ս նույն տեղում):
52. Քաղաքացական դատավարության օրենսգրքի ներքո սահմանված դիմումատուի համար հասանելի իրավական լուծման բնույթը և շրջանակները սույն Դատարանի կողմից քննելու նպատակով, գործող օրենսդրության համատեքստը, ներկայացված 2006թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման և նախադեպային իրավունքի կիրառման մասին օրենքի դրույթներում, նույնպես կարող է որոշ առումներով կարևոր լինել (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը, որտեղ ներկայացված են այդ օրենքի համապատասխան դրույթները): Մասնավորապես, 2006թ. օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում սահմանված է. «[շ]ահառուի նախկին իրավական կարգավիճակը (այսինքն՝ սույն Դատարանում գործը շահող դիմումատուի կարգավիճակը) անհրաժեշտ է վերականգնել, մասնավորապես՝ (ա) դատարանի կողմից գործի վերանայման, այդ թվում՝ վերաբացման միջոցով» (տե՛ս նույն տեղում): Ավելին, համաձայն նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի՝ պետության լիազոր ներկայացուցչի գրասենյակը «ծանուցում է շահառուին՝ պարզաբանելով նրա իրավունքները գործող օրենսդրության համաձայն գործը վերանայելու և/կամ վերաբացելու վարույթ հարուցելու մասին»:
53. Կիրառելի ներպետական օրենսդրական շրջանակներն, այդպիսով, դիմումատուին հնարավորություն են ընձեռել ներպետական դատական ատյանների կողմից նախկինում կայացված սխալ որոշումների վերաբերյալ սույն Դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա Գերագույն դատարանի կողմից վերանայելու միջոցով հասնել հարցի իրավական լուծման: Օրենսդրությամբ սահմանված դատական վերանայման միջոցով դիմումատուի կողմից բերված նոր հանգամանքներով բողոքը կարող է համարվել նախորդ՝ ավարտված քաղաքացիական դատավարության շարունակություն, ինչպես որ ներհատուկ է ուկրաինական օրենսդրությամբ սահմանված վճռաբեկության կարգով քննությանը: Այսպիսով, թեև այս վճռաբեկությանը նմանվող վարույթի առանձնահատկությունները կարող են ազդել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո սահմանված դատավարական երաշխիքների կիրառության եղանակի վրա (տե՛ս Delcourt-ն ընդդեմ Բելգիայի, 17 հունվարի 1970թ., § 26, Շարք Ա թիվ 11), Դատարանն այն կարծիքին է, որ այդ երաշխիքները պետք է լինեն կիրառելի միևնույն կերպ, ինչպես որ դրանք, ընդհանուր առմամբ, կիրառվում են վճռաբեկության կարգով քաղաքացիական գործերի քննության ժամանակ (տե՛ս, օրինակ, Mushta-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 8863/06, § 39, 18 նոյեմբերի 2010թ., և, mutatis mutandis, San Leonard Band Club-ի և Maresti-ի գործերը, մեջբերված է վերևում՝ 48-49-րդ պարբերություններում):
54. Սույն եզրակացությունը, որը բխում է Ուկրաինայի գործող օրենսդրության դրույթներից, հիմնված է Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ին փաստացի կատարված «քննության» շրջանակի և բնույթի վրա՝ նախքան այն կմերժեր դիմումատուի՝ նոր հանգամանքներով բողոքը՝ վիճարկելի որոշումը թողնելով անփոփոխ: Այդ քննության ընթացքում Գերագույն դատարանը ուսումնասիրել է գործի` նախորդ դատավարության ժամանակ եղած նյութերը և դատական որոշումները՝ դիմումատուի կողմից ներկայացված նոր հանգամանքների լույսի ներքո, որոնք հիմնականում հիմնված են Դատարանի կողմից իր գործով 2007թ. մայիսի 3-ին կայացված վճռի վրա (տե՛ս վերևում 20-21-րդ պարբերությունները): Այսպիսով, այն ինչ տեղի ունեցավ 2008թ. մարտ ամսին ընթացող դատավարություն ժամանակ կարելի է համեմատել վերջինիս գործով վճռաբեկության կարգով քննության հետ, որի վերաբերյալ որոշումը Գերագույն դատարանը կայացրել է 2002թ. օգոստոսին (տե՛ս վերևում` 11-րդ պարբերությունը և Bochan-ի գործը, մեջբերված է վերևում, § 39), որի նկատմամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը ratione materiae կիրառելի է: Դատարանը հաշվի է առնում, որ 2008թ. մարտին Գերագույն դատարանը վերանայել է դիմումատուի քաղաքացիական գործը՝ «նոր հանգամանքների», այսինքն՝ Դատարանի կողմից 2007թ. կայացված վճռի հիմքով, որը քննել է վճռաբեկության կարգով և հիմքեր չի գտել վիճարկվող որոշումները բեկանելու համար: Այսպիսով, ներպետական դատարանը կատարել է «վերանայում», ինչպես որ սահմանված է 2006թ. օրենքում տեղ գտած եզրույթով` Դատարանի 2007թ. մայիսի 3-ին կայացրած վճռի մեկնաբանության հետ կապված նոր հիմքերով դիմումատուի սեփականության իրավունքի խախտումը վերացնելու պահանջի առնչությամբ՝ չնայած այն փաստին, որ դատարանը որոշել է չփոխել գործի ելքը, մասնավորապես՝ ստորադաս դատարանի կողմից գործն ամբողջությամբ վերաքննելու պահանջ չսահմանելով:
55. Վերոհիշյալ նկատառումները չեն փոխվում այն փաստով, որ 2008թ. հունիսին Գերագույն դատարանը, հիմնվելով Օրենսգրքի 356-րդ հոդվածի վրա, մերժել է դիմումատուի՝ 2008թ. ապրիլին ներկայացրած մյուս բողոքը՝ ֆորմալ հիմքերով այն հայտարարելով անընդունելի՝ առանց գործի նյութաիրավական ասպեկտների կրկին անգամ «վերանայելու» հնարավորության (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը):
56. Այդպիսով, թե՛ Ուկրաինայի օրենսդրության համապատասխան դրույթների լույսի ներքո և թե՛ դիմումատուի նոր հանգամանքներով բերված բողոքի առնչությամբ 2008թ. մարտի 14-ի որոշմամբ ավարտված Գերագույն դատարանում ընթացող դատավարության բնույթը և շրջանակը հաշվի առնելով, որը եզրափակվել է 2008թ. հունիսին կայացված վերահաստատող որոշմամբ՝ Դատարանը գտնում է, որ այդ վարույթները վճռորոշ դեր են խաղացել դիմումատուի քաղաքացիական իրավունքները և պարտականությունները որոշելու համար: Ուստի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխիքները կիրառելի են սույն վարույթների դեպքում: Հետևաբար, Կառավարության առարկությունն այդ դրույթի կիրառելիության վերաբերյալ ենթակա է մերժման:
57. Անկախ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի սույն գործով խնդրո առարկա դատավարության նկատմամբ կիրառելիության առնչությամբ արված եզրակացությունից՝ Դատարանը պետք է նաև վերահաստատեր, որ պայմանավորվող պետությունների կողմից որոշելու խնդիր է, թե որն է Դատարանի վճիռները կատարելու լավագույն ճանապարհը՝ առանց քաղաքացիական դատավարությունում res iudicata և իրավական որոշակիության սկզբունքները անհարկի խախտելու, մասնավորապես, այնպիսի դեպքերում, երբ այդ դատարավարությունը վերաբերում է նաև երրորդ կողմերին՝ սեփական շահերը պաշտպանելու օրինական նպատակով: Բացի այդ, նույնիսկ այն դեպքերում, երբ պայմանավորվող պետությունը տալիս է Դատարանի վճռի հիման վրա ավարտված դատավարության վերաբացումը պահանջելու հնարավորություն, ներպետական մարմինների կողմից է սահմանվում այն ընթացակարգը, որի ներքո այդպիսի պահանջը քննվում է, ինչպես նաև հաստատելու չափանիշներ, որոնք կօգնեն որոշելու, թե արդյոք պահանջվող վերաբացումը նախատեսված է որևիցե առանձին գործի համար: Պայմանավորվող պետությունների համար սույն Դատարանի կողմից խախտում հայտնաբերելու դեպքում ավարտված քաղաքացիական գործերի վերաբացման կամ գոյություն ունեցող վերաբացման մեխանիզմների իրականացման եղանակների առումով որևիցե միասնական մոտեցում չկա (տե՛ս վերևում՝ 26-27-րդ պարբերությունները):
58. Այնուամենայնիվ, վերոհիշյալ նկատառումները, կոնվենցիոն համակարգի արդյունավետության նպատակով չպետք է շեղեն 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության երաշխիքների խախտման վերաբերյալ կայացված վճռի լույսի ներքո գործող ներպետական ընթացակարգերի միջոցով գործը վերանայելու հնարավորություն ապահովելու հարցի կարևորությունից: Ճիշտ հակառակը, այդպիսի ընթացակարգերի առկայությունը կարող է համարվել վճիռներն ի կատար ածելու կարևոր ասպեկտ, ինչպես որ սահմանված է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով, և դրանց առկայությունը ցույց է տալիս պայմանավորվող պետության հավատարմությունը Կոնվենցիային և Դատարանի նախադեպային իրավունքին (տե՛ս Lyons-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում): Այս կապակցությամբ, Դատարանը ցանկանում է հիշատակել Նախարարների կոմիտեի կողմից ընդունված թիվ R (2000) 2 հանձնարարականը, որով Կոնվենցիայի անդամ պետություններին կոչ է արվում երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Դատարանը վերահաստատում է իր այն տեսակետը, համաձայն որի այդպիսի միջոցառումները կարող են լինել «restitutio in integrum հասնելու համար ամենաարդյունավետ, եթե ոչ՝ միակ, միջոցները» (տե՛ս Verein gegen Tierfabriken Schweiz-ի (VgT) (թիվ 2) գործը, մեջբերված է վերևում՝ 33-րդ պարբերությունում, §§ 33 և 89, և Steck-Risch-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում):
Գ. Արդյոք դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո նոր բողոքը բավարարում է ընդունելիության այլ պայմանները
59. Դատարանը այնուհետ գտնում է, որ դիմումատուի բողոքը` դատավարության անարդար լինելու վերաբերյալ, որն ավարտվեց Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ և որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է համարվի ընդունելի:
Դ. Դիմումատուի նոր բողոքի ըստ էության քննությունը` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն
60. Ինչ վերաբերում է սույն գործով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների հետ համապատասխանության հարցին, ապա Դատարանը նշում է, որ դիմումատուի` դատավարության անարդար լինելու վերաբերյալ բողոքը հատկապես վերաբերում էր Գերագույն դատարանի կողմից 2008թ. մարտի 14-ի որոշման մեջ ներկայացված պատճառաբանությանը:
61. Դատարանը կրկնում է, որ ձևավորված իր նախադեպային իրավունքի համաձայն` Դատարանի լիազորությունների մեջ չի մտնում ներպետական դատարանների` իրավունքի կամ փաստի հարցերի շուրջ թույլ տրված սխալների քննությունը, քանի դեռ և որքանով, որ դրանք չեն խախտում Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքներն ու ազատությունները (տե՛ս, օրինակ` García Ruiz-ն ընդդեմ Իսպանիայի [ՄՊ], թիվ 30544/96, § 28, ՄԻԵԴ 1999‑I, և Perez-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 47287/99, § 82, ՄԻԵԴ 2004‑I), որպես օրինակ` երբ, բացառիկ դեպքերում, հնարավոր է պնդել, որ դրանք հանդիսանում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի «անարդար» դատաքննության տարրեր: Թեև այս դրույթը երաշխավորում է արդար դատաքննության իրավունքը, այն չի սահմանում որևէ կանոն ապացույցների ընդունելիության կամ ապացույցների գնահատման վերաբերյալ. այս հարցերը գլխավորապես ներպետական օրենսդրության և դատարանների կարգավորման հարցեր են: Սովորաբար, Դատարանը չի քննում ներպետական դատարանների կողմից կոնկրետ ապացույցի արժեքի կամ քննվող վեճի վերաբերյալ եզրակացություններին կամ գնահատակին ներկայացվող հարցերը: Դատարանը չպետք է գործի որպես չորրորդ ատյան և, հետևաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով հարցականի տակ դնի ներպետական դատարանների որոշումները, քանի դեռ այդ որոշումները կամայական չեն կամ ակնհայտորեն անհիմն (տե՛ս, օրինակ` Dulaurans-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34553/97, §§ 33-34 և 38, 21 մարտի 2000թ., Khamidov-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72118/01, § 170, 15 նոյեմբերի 2007թ., և Anđelković-ն ընդդեմ Սերբիայի, թիվ 1401/08, § 24, 9 ապրիլի 2013թ.):
62. Հետևաբար, Dulaurans-ի գործով Դատարանը գտել է արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ միակ պատճառը, որով Ֆրանսիայի Վճռաբեկ դատարանը հանգել էր իր խնդրահարույց որոշման կայացման` անընդունելի լինելու հիմքով մերժելով դիմումատուի վճռաբեկ բողոքը, դա «une erreur manifeste d’appréciation» էր («գնահատման ակնհայտ սխալ») (տե՛ս Dulaurans-ի գործը, մեջբերված է վերևում): «Une erreur manifeste d’appréciation» (ֆրանսիական վարչական իրավունքի հասկացություն) հասկացության ներքո ընկած գաղափարը, ինչպես որ այն օգտագործվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, անկասկած կայանում է նրանում, որ եթե ներպետական դատարանի կողմից իրավունքի կամ փաստի հարցերի շուրջ թույլ տրված սխալներն այնքան ակնհայտ են, որ կարող են բնութագրվել որպես «անկհայտ սխալ» (այսինքն` այնպիսի մի սխալ, որը խելամիտ դատավորի կողմից երբևիցե չէր թույլ տրվի), ապա այն կարող է խաթարել արդար դատաքննության էությունը: Khamidov-ի գործով ներպետական դատարանների կողմից փաստերի վերաբերյալ եզրակացությունները «առաջին հայացքից այնքան ցայտուն էին և ակներև», որ Դատարանը վճռել է, որ վիճարկվող դատավարությունը պետք է դիտել որպես «չափազանց կամայական» (տե՛ս Khamidov-ի գործը, մեջբերված է վերևում, § 174): Anđelković-ի գործով Դատարանը գտել է, որ ներպետական դատարանի որոշման կամայականությունը, որի համար սկզբունքորեն իրավական հիմքեր չկային ներպետական օրենսդրությունում և որևէ կապ էլ գոյություն չուներ հաստատված փաստերի, կիրառելի օրենքի և դատավարության արդյունքի միջև, հանդիսացել է «արդարության մերժում» (տե՛ս Anđelković-ի գործը, մեջբերված է վերևում, § 27):
63. Սույն գործով, Դատարանը նշում է, որ Գերագույն դատարանի 2008թ. մարտի 14-ի որոշումը կոպտորեն խեղաթյուրել է Դատարանի կողմից 2007թ. մայիսի 3-ի վճռում արտահայտված եզրակացությունները: Մասնավորապես, Գերագույն դատարանը նշել է, որ սույն Դատարանը գտել է, որ ներպետական դատարանների կողմից դիմումատուի գործով կայացված որոշումներն օրինական էին և հիմնավոր և որ «ողջամիտ ժամկետ» երաշխիքի խախտման դիմաց նրան տրամադրվել է արդարացի փոխհատուցում, և որ այդ պնդումներն ակնհայտ սխալ էին (տե՛ս վերևում` 13-18-րդ և 21-րդ պարբերությունները):
64. Դատարանը գտնում է, որ Գերագույն դատարանի պատճառաբանությունը չի հանգեցնում իրավական տեքստի միայն այլ կերպով մեկնաբանման: Դատարանը գտնում է, որ Գերագույն դատարանի պատճառաբանությունը կարող է միայն մեկնաբանվել որպես «չափազանց կամայական» կամ «արդարության մերժում», այն իմաստով, որ Bochan-ի առաջին գործով (մեջբերված է վերևում) 2007թ. կայացված վճռի խեղաթյուրված ներկայացումը զրկել է դիմումատուին` իր գույքային վեճը Դատարանի նախորդ գործով կայացված վճռի լույսի ներքո ներպետական օրենսդրության համաձայն վճռաբեկության կարգով քննվելու հնարավորությունից (տե՛ս վերևում` 51-53-րդ պարբերությունները): Այս առումով, հարկ է նշել, որ 2007թ. կայացված վճռում Դատարանը գտել է, որ հաշվի առնելով այն հանգամանքները, որով Գերագույն դատարանը դիմումատուի գործն ուղարկել էր ստորադաս դատարաններ, իր գործը քննող դատավորների, այդ թվում` Գերագույն դատարանի դատավորների անկողմնակալության վերաբերյալ դիմումատուի կասկածներն օբյեկտիվորեն հիմնավորված էին (տե՛ս վերևում` 13-15-րդ պարբերությունները):
65. Համապատասխանաբար, հաշվի առնելով Դատարանի եզրակացությունները` Գերագույն դատարանի 2008թ. մարտի 14-ի որոշման թերությունների բնույթի և հետևանքների վերաբերյալ (տե՛ս վերևում` 63-64-րդ պարբերությունները), անհրաժեշտ է եզրակացնել, որ վիճարկվող դատավարությունը չի համապատասխանել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «արդար դատաքննության» պահանջին և տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
Ե. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո դիմումատուի նոր բողոքը
66. Դիմումատուն վիճարկել է, որ նոր հանգամանքներով բողոքի քննության արդյունքում վերջինիս անօրինական կարգով զրկել են գույքից: Նա վկայակոչել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
67. Դատարանը նշում է, որ այս բողոքը կապակցված է վերևում քննված բողոքի հետ և, հետևաբար, պետք է նույնպես համարվի ընդունելի:
68. Հաշվի առնելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ տված իր եզրակացությունը (տե՛ս վերևում` 65-րդ պարբերությունը), Դատարանը գտնում է, որ անհրաժեշտություն չկա քննել, թե արդյոք սույն գործով տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
69. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավարություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին տրամադրել արդարացի փոխհատուցում»:
Ա. Վնաս
70. Դիմումատուն պահանջել է 300,000 եվրո` որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտման արդյունքում պատճառված վնասների դիմաց փոխհատուցում:
71. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի մատնանշել վնասի բնույթը, որը նա իբր կրել է Գերագույն դատարանի՝ իր գործով կայացված որոշման արդյունքում և չի տրամարդել որևէ ապացույց իր պահանջը հիմնավոլերու համար: Հետևաբար, նրա պահանջն ամբողջությամբ ենթակա է մերժման:
72. Դատարանը նշում է, որ դիմումատուն որևէ մանրամասներ չի ներկայացրել վիճարկվող վնասի բնույթի կամ դրա չափի մասին: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմումատուն պետք է որոշակի ապրումներ և անհանգստության զգացողություն ունեցած լիներ Գերագույն դատարանի կողմից նոր հանգամանքներով իր բողոքի «անարդար» քննության մասով, որի հետևանքով զրոյացվեց դիմումատուի փորձերը, որոնք կապված էին Դատարանի նախորդ գործով կայացված վճռի լույսի ներքո՝ ներպետական օրենսդրության համաձայն իր գույքային վեճը վճռաբեկության կարգով քննելու հետ (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը): Դատարանը նպատակահարմար չի գտնում քննել, թե արդյոք հնարավոր է դիմումատուի գույքային հայցապահանջի ցանկացած հետագա վերանայում ներպետական մակարդակում, մասնավորապես՝ հաշվի առնելով, որ տևական ժամանակ է անցել, ինչպես նաև այդ վերանայման հնարավոր հետևանքները res iudicata և իրավական որոշակիության սկզբունքների և երրորդ կողմերի օրինական շահերի համար ավարտված քաղաքացիական վարույթում: Մյուս կողմից, ներկայիս իրավիճակն այնպիսին է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանի գնահատման նպատակների համար դիմումատուն գործանականում զրկված էր ներպետական մակարդակում իր գործով գտած խախտման դիմաց իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից: Հետևաբար, առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուին տրամադրում է 10,000 եվրո՝ գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
73. Դիմումատուն չի ներկայացրել ծախսերի և ծախքերի փոխհատուցման պահանջ:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
74. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է ընդունելու դիմումատուի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով բողոքը՝ դատավարության անարդար լինելու վերաբերյալ, որը հաստատվել է Գերագույն դատարանի 2008թ. մարտի 14-ին կայացրած որոշմամբ, և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով բողոքն առ այն, որ այդ դատավարության ընթացքում նա անօրինական կարգով զրկվել է իր գույքից, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
3. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա գանգատը քննել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո:
4. Վճռում է, որ՝
(ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի 10,000 (տաս հազար) եվրո՝ գումարած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր տեսակի հարկերը՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության ազգային արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով:
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից փոխառության տրամադրման համար սահմանված առավելագույն տոկոսադրույթի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոս:
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, և գրավոր կերպով ծանուցվել է 2015թ. փետրվարի 5-ին՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Lawrence EarlyDean Spielmann
ԻրավախորհրդատուՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները.
(ա) դատավորներ Yudkivska-ի և Lemmens-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող ընդհանուր կարծիքը,
(բ) դատավոր Wojtyczek-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը:
D.S.
T.L.E.
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1] Շտկվել է 2015թ. մարտի 11-ին. վճռում նշված է եղել «3 փետրվարի 2006թ.»:
Full & Egal Universal Law Academy