© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԲՈՒԻԴՆ ընդդեմ ԲԵԼԳԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ 23380/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2015 թվականի սեպտեմբերի 28
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Բուիդն ընդդեմ Բելգիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով՝
Դին Շփիլման՝ Նախագահ,
Գվիդո Ռայմոնդի,
Իզաբել Բերրո,
Ալվինա Գյուլումյան,
Լեդի Բիանկու,
Նոնա Ցոցորիա,
Նեբոժցա Վուչինիչ,
Վինսենթ Ա. Դե Գաետանո,
Պաոլո Պինտո դե Ալբուքիերք,
Էրիկ Մոզե,
Հելեն Քելլեր,
Փոլ Լեմմենս,
Փոլ Մահոնի,
Քժիշտոֆ Վոյտիչեկ,
Ֆարիս Վեհաբովիչ,
Էգիդիյուս Կուրիս,
Յուլիա Անտոանելլա Մոտոք՝ դատավորներ,
և Յոհան Կալլեվաերտ՝ Մեծ Պալատի քարտուղարի տեղակալ,
2014 թվականի հոկտեմբերի 8-ին և 2015 թվականի հունիսի 24-ին դռնփակ նիստերում կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին ամսաթվին։
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2009 թվականի ապրիլի 28-ին՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Բելգիայի երկու քաղաքացիների՝ պարոն Սաիդ Բուիդի («առաջին դիմումատու») և պարոն Մոհամեդ Բուիդի («երկրորդ դիմումատու») կողմից ընդդեմ Բելգիայի Թագավորության բերված գանգատի (թիվ 23380/09) հիման վրա։
2. Դիմումատուներին ներկայացրել են Բրյուսելում գործող փաստաբաններ պարոն Քրիստոֆ Մարշանը և պարոն Զուհայե Չիհաուին։ Բելգիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ, Արդարադատության դաշնային դեպարտամենտի ավագ խորհրդական պարոն Մարկ Տիսեբաերտը։
3. Պնդելով մասնավորապես, որ իրենց ապտակել են ոստիկանները, մինչ իրենք գտնվել են ոստիկանականը, դիմումատուները բողոքել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից և պնդել, որ իրենք 3-րդ հոդվածի խախտման զոհեր են։
4. Գանգատը հանձնարարվել է Դատարանի Հինգերորդ բաժանմունքին (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի առաջին կետ)։ 2013 թվականի նոյեմբերի 21-ին կայացրած իր վճռում այդ Բաժանմունքի Պալատը հայտարարել է գանգատն ընդունելի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի, և միաձայն գտել, որ 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել։ Պալատի կազմում են եղել Նախագահ Մարկ Վիլլիգերը, դատավորներ Անն Փաուեր-Ֆորդը, Գաննա Յուդկիվսկան, Անդրե Պոտոցկին, Փոլ Լեմմենսը, Հելենա Յադերբլոմը և Ալեշ Պեյչալը, ինչպես նաև բաժանմունքի քարտուղարի տեղակալ Ստիվեն Ֆիլիպսը։ 2014 թվականի հունվարի 24-ին, Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն, դիմումատուները պահանջել են գործը հանձնել Մեծ Պալատ։ Մեծ Պալատի խորհուրդն ընդունել է այս պահանջը 2014 թվականի մարտի 24-ին։
5. Մեծ Պալատի կազմը որոշվել է՝ համաձայն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի։
6. Թե՛ դիմումատուները և թե՛ Կառավարությունը ներկայացրել են հետագա գրավոր դիտարկումներ՝ ըստ էության (59-րդ կանոնի 1-ին կետ)։
7. ՌԵԴՐԵՍ (Փոխհատուցում) ոչ կառավարական կազմակերպությունը և Գենտի համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնը գրավոր ընթացակարգով միջամտելու թույլտվություն են ստացել (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և Դատարանի կանոնակարգի 44-րդ կանոնի 3-րդ կետ)։
8. Հանրային լսումները տեղի են ունեցել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների շենքում 2014 թվականի հոկտեմբերի 8-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ)։
Դատարան են ներկայացել՝
(ա) Ի դեմս Կառավարության՝
տիկին Ի. Նիդլիշպախերը, Համատեղ լիազոր ներկայացուցիչ,
(բ) ի դեմս դիմումատուների՝
պարոն Ք. Մարշանը,
պարոն Զ. Չիհաուին,Փաստաբաններ
Դատարանը լսել է պարոն Մարշանի և պարոն Չիհաուինի պնդումները և դատավորների առաջադրած հարցերին տիկին Նիդլիշպախերի պատասխանները։
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուները ծնվել են, համապատասխանաբար, 1986 և 1979 թվականներին և ապրում են Սեն-Ժոս-տեն-Նոդեում (Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի շրջան)։
10. Դիմումատուները եղբայրներ են, ովքեր ապրում են իրենց ծնողների, եղբոր և երկու քույրերի հետ՝ Սեն-Ժոս-տեն-Նոդեի տեղական ոստիկանատան մոտ։ Նրանք երկուսն էլ բողոքել են, որ ոստիկաններն ապտակել են իրենց, ինչը վիճարկվում է Կառավարության կողմից՝ մեկը 2003 թվականի դեկտեմբերի 8-ին, իսկ մյուսը 2004 թվականի փետրվարի 23-ին։ Նրանք նշել են, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել իրենց ընտանիքի և այդ ոստիկանատան որոշակի ոստիկանների միջև լարված հարաբերությունների համատեքստում։
Ա. 2003 թվականի դեկտեմբերի 8-ի և 2004 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները
1. 2003 թվականի դեկտեմբերի 8-ի իրադարձությունները
11. Դիմումատուները պնդել են, որ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին երեկոյան ժամը 4-ին մոտ առաջին դիմումատուն ընկերոջ հետ կանգնած է եղել փողոցում, այն շենքի դրսի դռան մոտ, որտեղ ապրում էր իր ընտանիքի հետ, և քանի որ մոռացած է եղել բանալիները, զանգելիս է եղել դուռը, որպեսզի ծնողներն իրեն ներս թողնեն, երբ քաղաքացիական հագուստով մի ոստիկան՝ Ա.Զ.-ն, խնդրել է նրան ներկայացնել իր ինքնության վկայականը։ Առաջին դիմումատուն հրաժարվել է ենթարկվել՝ խնդրելով ոստիկանին ներկայացնել իր հավատարմագրերը։ Ոստիկանը բռնել է նրան բաճկոնից՝ պատռելով այն, և տարել ոստիկանատուն։ Առաջին դիմումատուին տեղավորել են մի սենյակում, և մինչ նա մենակ է եղել Ա.Զ.-ի հետ, ոստիկանն ապտակել է նրան, երբ նա բողոքել է իր ձերբակալության վերաբերյալ։
12. Դիմումատուները ներկայացրել են ընդհանուր թերապևտի կողմից նույն օրը երեկոյան 7։20-ին տրամադրված վկայագիր, որը հավաստում էր, որ առաջին դիմումատուն եղել է «շոկային վիճակում» և նշում էր հետևյալ վնասվածքների առկայության մասին՝ «ձախ այտի կարմրամաշկություն (էրիթեմա) (անհետացող)» և «ձախ կողմի արտաքին լսողական անցուղու կարմրամաշկություն (էրիթեմա)»։
13. Կառավարությունը պնդել է, որ առաջին դիմումատուի կողմից իր ինքնության վկայականը ցույց տալու մերժումը ստիպել է Ա.Զ. ոստիկանին նրան տանել ոստիկանատուն՝ ինքնությունը պարզելու նպատակով։ Առաջին դիմումատուն այնուհետև տեսարան է սարքել՝ պնդելով, որ տուժում է անարդարությունից և ենթարկվում ինքնության անօրինական ստուգման, և վիրավորել է ոստիկանին, ով հորդորում էր նրան հանգստանալ։ Նրան թույլ են տվել հեռանալ ոստիկանատնից այն բանից հետո, երբ նրա ինքնությունը ստուգվել է, և երբ Ա.Զ.-ն նրան տեղեկացրել է, որ նրա դեմ պատրաստվելու է ոստիկանական զեկույց՝ հանրային ծառայողին ուժային դիմադրություն ցույց տալու, բռնի վարքագծի և բանավոր սպառնալիքների համար։ Մի քանի րոպե անց նա վերադարձել է ոստիկանատուն իր ծնողների հետ, ովքեր մեղադրել են Ա.Զ.-ին նրան հարվածելու մեջ, սակայն ոստիկանը միշտ հերքել է դա։
14. Երեկոյան ժամը 6-ին Ա.Զ.-ն քրեական գանգատ է ներկայացրել առաջին դիմումատուի դեմ՝ մեղադրելով նրան հանրային ծառայողին ուժային դիմադրություն ցույց տալու, բռնի վարքագծի և բանավոր սպառնալիքների մեջ։ Այդ կապակցությամբ կազմված արձանագրությունը ցույց էր տալիս, որ Ա.Զ.-ն երեկոյան 5։30-ին նշված դեպքերի վերաբերյալ տեղեկացրել է իր վերադասներին և նաև ոմն «Ավագ տեսուչ Կ.-ին»։
2. 2004 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունները
15. Դիմումատուները նշել են, որ 2004 թվականի փետրվարի 23-ին, առավոտյան 9։44-10։20-ի միջև (ինչպես արտացոլված է երկրորդ դիմումատուի հարցաքննության արձանագրության մեջ), մինչ երկրորդ դիմումատուն գտնվում էր Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատանը, իսկ Պ.Պ. ոստիկանը հարցաքննում էր նրան և նրա մորը երրորդ կողմի հետ վիճաբանության հետ կապված (և որի վերաբերյալ վերջինը գանգատ էր բերել), Պ.Պ.-ն ապտակել է իրեն այն բանից հետո, երբ խնդրել է չհենվել նրա գրասեղանին։ Այնուհետև նա ստիպել է իրեն ստորագրել իր պնդումը՝ սպառնալով իրեն բանտարկել խցում։
16. Դիմումատուները ներկայացրել են բժշկական վկայագիր, որը այդ նույն օրը տրամադրվել է ընդհանուր թերապևտի կողմից, ով նկատել է երկրորդ դիմումատուի «ձախ այտի[ն] արյունազեղման հետքեր»։ Վկայագրում մատնանշված չի եղել դրա կազմման կոնկրետ ժամանակը, չնայած դա պետք է կազմված լիներ մինչև առավոտյան 11։20-ը՝ այն պահը, երբ այն ներկայացվել է Մ. հանձնաժողովին (տես՝ ստորև նշված 25-րդ պարբերությունը)։
17. Կառավարությունը բացատրել է, որ երկրորդ դիմումատուն շատ ամբարտավան վարքագիծ է դրսևորել իր հարցաքննության ընթացքում՝ անշնորհք նստելով իր աթոռին, պարբերաբար հենվելով Պ.Պ.-ի գրասեղանին, առանց պատճառի ծիծաղելով և սեղմ պատասխաններ տալով հարցերին։ Նա նաև մի քանի անգամ փոխել է իր ցուցմունքը՝ ասելով, որ ոստիկաններին վճարում են դա անելու համար, և հեռանալիս սպառնացել է ոստիկաններին՝ բղավելով, որ նրանք իր մասին կրկին կլսեն։ Կառավարությունը շեշտել է, որ չնայած երկրորդ դիմումատուի դրսևորած վերաբերմունքին, ով ակնհայտորեն ունեցել է վեճ ստեղծելու մտադրություն, Պ.Պ.-ն մնացել է հանգիստ և համբերատար։
Բ. Իրադարձությունների նախապատմությունը
18. Դիմումատուների պնդմամբ՝ իրենց ընտանիքը հալածվել է Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության կողմից։ Նրանք նշել են, որ խնդիրները սկսվել են 1999 թվականին, երբ ոստիկաններից մեկը կասկածել է, որ իրենց եղբայր Ն.-ն միտումնավոր քերծել է իր մեքենան։ Ն.-ն հետագայում մեղադրվել է նույն ոստիկանին սպառնալու և կողոպուտներ կատարելու մեջ, որոնց մեղադրանքով 2000 թվականի ապրիլի 21-ին արդարացվել է Բրյուսելի երիտասարդական դատարանի կողմից։ Ըստ դիմումատուների՝ նրա նկատմամբ հարուցված գործն ամբողջովին «սարքվել էր» Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության կողմից ճնշամիջոցների օգնությամբ։
19. Նրանք ավելացրել են, որ 1999 թվականի հունիսի 24-ին առաջին դիմումատուն, որն այն ժամանակ 13 տարեկան էր, «ծեծի է ենթարկվել» մեկ այլ ոստիկանի կողմից ոստիկանատանը, որտեղ նրան բերել էին փողոցում ծեծկռտուքից հետո։ Նրա մոտ տեղի էր ունեցել թմբկաթաղանթի թափածակում։ Սպասասրահում գտնվող նրա մայրը և քույրերից մեկը քաշքշվել և ենթարկվել են կոպիտ վերաբերմունքի ոստիկանների կողմից։
20. 1999 թվականի նոյեմբերի 25-ին նրանց քույրերից մեկը ենթարկվել է Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության սպայի բանավոր սպառնալիքներին, իսկ 2000 թվականի մարտի 11-ին նրանց եղբայր Ն.-ին խուզարկել, հրմշտել և բանավոր սպառնացել են ոստիկանները։
21. Նրանք այնուհետև պնդել են, որ 2000 թվականին «Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության նախաձեռնությամբ ... գործ է հարուցվել Ն.-ի նկատմամբ և վստահվել մի հետաքննող դատավորի», սակայն վարույթը դադարեցվել է։ Նույն տարի երկրորդ դիմումատուին «կանչել են հարցաքննության», և չնայած Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանությունը 2002 թվականի հուլիսի 23-ին հայտարարել էր, որ նրա անունը հանում են համապատասխան «հետախուզվում է» ցուցակից, նա, այնուամենայնիվ, ստիպված է եղել մի շարք դիմումներ ներկայացնել մեղադրողի գրասենյակ և սպասել մինչև 2005 թվականի մարտ ամիսը, որպեսզի այդ գործընթացն ավարտվի, ինչը նրան բազմաթիվ անհարմարություններ է պատճառել։
22. 2001 թվականի ապրիլի 6-ին և հուլիսի 12-ին, համապատասխանաբար, նրանց եղբայր Ն.-ն և երկրորդ դիմումատուն բանավոր սպառնալիքներ են ստացել Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության սպաներից։
23. Դիմումատուները բացատրել են, որ իրենք կանոնավոր կերպով տեղեկացրել են դատական իշխանություններին կամ ոստիկանությանը բոլոր միջադեպերի մասին, որոնց զոհ են հանդիսացել, և գանգատներ են ներկայացրել։
Գ. 2003 թվականի դեկտեմբերի 8-ի և 2004 թվականի փետրվարի 23-ի գանգատները, քաղաքացիական կողմի դիմումը, դատական հետաքննություն և վարույթը դադարեցնելու մասին որոշում
24. 2003 թվականի դեկտեմբերի 9-ին, առավոտյան 9։42 րոպե, առաջին դիմումատուն գանգատ է ներկայացրել ոստիկանական ծառայությունների վերահսկողության մշտական հանձնաժողովին (որը հայտնի է որպես «Մ. հանձնաժողով»), և հարցաքննվել հետաքննության բաժանմունքի անդամի կողմից։ Նախորդ օրը կազմված բժշկական վկայագրի մեկ պատճեն կցվել է նախնական արձանագրությանը։
25. Երկրորդ դիմումատուն հետևել է նրա օրինակին 2004 թվականի փետրվարի 23-ին, առավոտյան 11։20։ Նա մասնավորապես նշել է, որ համարում է, որ «Սեն-Ժոսի ոստիկանության ընդհանուր վերաբերմունքը vis-à-vis [իր] ընտանիքը [դարձել է] բացարձակապես անհանդուրժելի և հասել է այն աստիճանի, [որ իրենք նախատեսել են] տեղափոխվել տնից»։ Նույն օրը կազմված բժշկական վկայագրի մեկ պատճեն կցվել է նախնական արձանագրությանը։
26. Դիմումատուների մայրը նույնպես հարցաքննվել է Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքի կողմից 2004 թվականի փետրվարի 23-ին՝ կապված երկրորդ դիմումատուի գանգատների հետ։ Նա նշել է, որ երբ իրենք վերադարձել են տուն, նա անմիջապես զանգահարել է ոմն «Ավագ տեսուչ Կ.-ին» (տես՝ վերը նշված 14-րդ պարբերությունը)՝ խնդրելու նրան համոզել Պ.Պ.-ին ներողություն խնդրել։ Ավագ տեսուչ Կ.-ն անմիջապես եկել է իրենց տուն, որտեղ հանդիպել է այն բժշկին, ով կազմել է բժշկական վկայագիրը։ Դիմումատուների մայրը նույնպես գանգատ է ներկայացրել՝ նշելով ավելին, որ նա ինքն էլ չի արժանացել բավարար հարգանքի Պ.Պ. սպայի կողմից։
27. 2004 թվականի մայիսի 5-ին Պ.Պ. սպային հարցաքննել է տեղական ոստիկանության ներքին վերահսկողության տնօրենը՝ երկրորդ դիմումատուի և նրա մոր ներկայացրած գանգատների առնչությամբ։ Պ.Պ.-ն մասնավորապես պնդել է, որ երկրորդ դիմումատուն հատկապես անհարգալից է եղել իր նկատմամբ իր հարցաքննության ընթացքում, և որ չնայած նա երիտասարդի թևից բռնել է՝ նրան սենյակից դուրս հրավիրելու նպատակով, այնուամենայնիվ, չի ապտակել նրան։
28. 2004 թվականի հունիսի 17-ին դիմումատուները դիմում են ներկայացրել՝ միջամտելու որպես քաղաքացիական կողմեր՝ կապված ոտնձգությունների, հիմնարար ազատությունների կամայական ոտնահարումների, իշխանության չարաշահման, կամայական ձերբակալության և միտումնավոր վնասվածք հասցնելու մեղադրանքների հետ։ Նրանք ներկայացրել են Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության հետ ունեցած իրենց դժվարությունները և հստակ պնդել, որ ցանկանում են միջամտել որպես քաղաքացիական կողմեր՝ 2003 թվականի դեկտեմբերի 8-ի և 2004 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունների առնչությամբ։
29. Սպաներ Ա.Զ.-ն և Պ.Պ.-ն մեղադրվել են անհատների նկատմամբ իրենց պարտականությունների կատարման ընթացքում բռնություն կիրառելու և, մասնավորապես, միտումնավոր վնասվածք հասցնելու կամ հարձակում գործելու և Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և ազատությունները ոտնահարող կամայական գործողություններում ներգրավվելու մեջ։
30. 2004 թվականի հունիսի 26-ին Բրյուսելի առաջին ատյանի հետաքննող մի դատավոր ցուցումներ է տվել Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքին՝ խնդրելով հաշվի առնել դիմումատուների՝ որպես քաղաքացիական կողմ հանդես գալու դիմումը, հարցաքննել նրանց՝ պարզաբանելու նրանց գանգատի մանրամասները, կազմել զեկույց Բուիդների ընտանիքի վարքագծի մասին, կազմել նրանց դեմ բերված գործերի և նրանց կողմից ներկայացված գանգատների ցանկ և բացատրել, թե ինչ գործողություն է ձեռնարկվել այդ կապակցությամբ։
31. Հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովն արդեն ցուցմունքներ էր վերցրել դիմումատուներից այն ժամանակ, երբ նրանք ներկայացրել էին իրենց համապատասխան գանգատները (տես՝ վերը նշված 24-25-րդ պարբերությունները)՝ Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքը որոշել է կրկին չհարցաքննել նրանց։ 2004 թվականի հուլիսի 26-ին այն զեկույց է ուղարկել հետաքննող դատավորին՝ Սեն-Ժոս-տեն-Նոդե շրջանի ոստիկանության ներքին վերահսկողության բաժանմունքի փաստաթղթերի հիման վրա, որում նկարագրել է դիմումատուների ընտանիքի և տեղական ոստիկանության միջև հարաբերությունների զարգացումը։ Զեկույցում այնուհետև թվարկված էին այդ ընտանիքի դեմ բերված գործերը, և այդ կապակցությամբ նշված էր, որ առաջին դիմումատուն ներգրավված է եղել 2003 թվականի դեկտեմբերին բացված վարույթում՝ բռնի և սպառնացող վարքագծի և ոստիկանության աշխատակցին խոչընդոտելու համար, իսկ Ն.-ն` 1997 թվականի հոկտեմբերից մինչև 1999 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում բացված յոթ խումբ վարույթներում։ Զեկույցում նաև նշված էր, որ բացի դիմումատուների սույն գործով վիճարկվող գանգատներից, նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացվել է երեք դատական գանգատ (երկուսը՝ 1999 թվականի հունիսին և 2001 թվականի հուլիսին Մ. հանձնաժողովի, իսկ մեկը՝ 1999 թվականին «Երիտասարդության բաժնի» հետ կապված), և երկու գանգատ վերաբերել են Սեն-Ժոս-տեն-Նոդե շրջանը սպասարկող ոստիկանական բաժնի ներքին վերահսկողության բաժանմունքին։ Ի վերջո, վկայակոչելով մի զեկույց, որը մշակվել էր առաջին դիմումատուի նկատմամբ հարուցված գործի և վարչական հարցումների արդյունքների համատեքստում, նշվում էր տեղական ոստիկանության և Բուիդների ընտանիքի միջև հարաբերությունների խնդրահարույց բնույթի մասին և մեկնաբանվում էր ընտանիքի «ընդհանուր վարքագիծը»՝ նշելով հետևյալը՝
«Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանների, Բուիդների ընտանիքը (հատկապես կանայք և մասնավորապես՝ մայրը), ակնհայտորեն հրաժարվում են ընդունել, որ ընտանիքի երեխաները որևէ պատասխանատվություն պետք է կրեն խնդրո առարկա չարաշահող վարքագծի համար։ Ուստի նպաստել են նրանց վարքագծին նման հովանավորչական վերաբերմունքով։ Ընդհանուր առմամբ, նշվել է, որ ընտանիքի անդամները ոստիկանության հանդեպ դրսևորել են նախահարձակ և սադրիչ վարքագիծ։
Ոստիկանության սպա [Բ.-ի] ներգրավմամբ միջադեպերից հետո երկխոսությանը նպաստողն ակնհայտորեն ձախողել է հաշտության փորձերը՝ Բուիդների ընտանիքի կանանց դրսևորած անզիջում վերաբերմունքի պատճառով։
1999 և 2000 թվականներին իրավիճակը պահանջել է ոստիկանության կադետ նշանակել այս ընտանիքի միջնորդի դերում հանդես գալու համար»։
32. 2004 թվականի օգոստոսի 3-ին հետաքննող դատավորը որոշել է փակել հետաքննությունը և գործն ուղարկել է դատախազություն։
33. 2004 թվականի նոյեմբերի 16-ին Ա.Զ. սպային հարցաքննել է Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքի անդամներից մեկը՝ կապված 2003 թվականի դեկտեմբերի 8-ի իրադարձությունների հետ։ Նա մասնավորապես նշել է, որ նախկինում չի ճանաչել առաջին դիմումատուին, երբ այդ կոնկրետ օրը նրան տարել է Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանություն։
34. 2005 թվականի նոյեմբերի 10-ի դիմումի մեջ Պետական մեղադրողը գործի դադարեցման կոչ է արել այն հիմքով, որ «դատական հետաքննությունը [չի] հաստատել, թե փաստերը համազոր են ծանր կամ մանր հանցագործության և [չի] ներկայացրել որևէ ապացույց, որը կհիմնավորեր հետագա միջոցների ձեռնարկումը»։
35. Դիմումատուներին տեղեկացրել են, որ գործի փաթեթը վերջնական տեսքի է բերվելու Բրյուսելի առաջին ատյանի դատարանի Ձերբակալությունների բաժնում 2006 թվականի մարտի 2-ին։ 2006 թվականի մարտի 1-ին նրանք դիմում են ուղարկել հետաքննող դատավորին՝ հետամուտ լինելով լրացուցիչ քսան հետաքննական միջոցների։ Այդ պահանջը հանգեցրել է Ձերբակալությունների բաժնում գործի քննության sine die հետաձգմանը։
36. 2006 թվականի մարտի 7-ին հետաքննող դատավորը կարգադրել է հայցված երկու միջոցների կատարումը և մերժել դիմումի մնացած մասն այն հիմքով, որ այն վերաբերել է իրեն ներկայացված իրադարձություններին նախորդած փաստերի, և որ հետամտվող միջոցներն անհրաժեշտ չեն ճշմարտությունը հաստատելու համար։ Հետևաբար, ամփոփելով իրենց բոլոր գանգատներն ընդդեմ Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության՝ դիմումատուները և նրանց ընտանիքի մյուս անդամները հետաքննող դատավորին են ուղարկել «քաղաքացիական կողմի կարգավիճակի երկարաձգման» վերաբերյալ պահանջ, բայց այն մերժվել է։ Նշված երկու լրացուցիչ միջոցները կիրառվել են 2006 թվականի ապրիլի 25-ին, մայիսի 15-ին և մայիսի 24-ին։
37. 2007 թվականի նոյեմբերի 27-ի կարգադրությամբ Ձերբակալությունների բաժինը, հաստատելով Պետական մեղադրողի դիմումի մեջ ներկայացված հիմքերը, դադարեցրել է վարույթը։
38. Դիմումատուները բողոքել են այդ կարգադրության դեմ։
39. 2007 թվականի դեկտեմբերի 3-ի դիմումով Գլխավոր պետական մեղադրողը պահանջել է ուժի մեջ թողնել վարույթի դադարեցման վերաբերյալ կարգադրությունը։
40. 2008 թվականի փետրվարի 5-ին դիմումատուները և նրանց ընտանիքի մյուս անդամները գանգատ են ներկայացրել որպես քաղաքացիական կողմեր այն բոլոր փաստերի առնչությամբ, որոնք, ըստ հետաքննող դատավորի, իրեն չեն ներկայացվել (տես՝ ստորև նշված 43-44-րդ պարբերությունները)։
41. 2008 թվականի ապրիլի 9-ին Բրյուսելի վերաքննիչ դատարանի Մեղադրանքների բաժինը, մերժելով միացնել 2003 թվականի նոյեմբերի 8-ի և 2004 թվականի փետրվարի 23-ի իրադարձությունների վերաբերյալ գործը 2008 թվականի փետրվարի 5-ին քաղաքացիական կողմի գանգատի հիման վրա բացված մեկ այլ նոր գործին, ուժի մեջ է թողել դադարեցնելու վերաբերյալ կարգադրությունը հետևյալ վճռով՝
«...
Գործի փաստերը կարելի է ամփոփել հետևյալ ձևով՝
– Պատասխանող կողմը [Ա.Զ.] կասկածվում է 2003 թվականի դեկտեմբերի 8-ին քաղաքացիական կողմ հանդիսացող Սաիդ Բուիդի նկատմամբ ոստիկանական ապօրինի վարքագիծ դրսևորելու մեջ, որը վերջինի կողմից նկարագրվում է հետևյալ ձևով՝ ոստիկանը [Ա.Զ.], նրան կանգնեցնելով նրա տնից դուրս, իբրև թե բռնել է նրա բաճկոնից և պատռել այն։ Նրան այնուհետև տարել են մոտակա ոստիկանատուն, որտեղ նույն ոստիկանն իբրև թե ապտակել է նրան իր աջ ձեռքով։
– Պատասխանող կողմը [Պ.Պ.] կասկածվում է 2004 թվականի փետրվարի 23-ին քաղաքացիական կողմ հանդիսացող Մոհամեդ Բուիդի նկատմամբ ոստիկանական ապօրինի վարքագիծ դրսևորելու մեջ, որը վերջինի կողմից նկարագրվում է հետևյալ ձևով՝ իր մեքենան կանգնեցնելով իր տան առջև, որպեսզի մայրը կարողանա դուրս բերել գնումները, նա վեճի է բռնվել իր հետևում կանգնած ավտոմեքենայի վարորդի հետ։ Վարորդի բողոքից հետո նրան կանչել են ոստիկանատուն։ Հարցաքննության ընթացքում Մոհամեդ Բուիդին իբրև թե ապտակել է Պատասխանող կողմը [Պ.Պ.] (տես՝ բժիշկ...-ի տրամադրած բժշկական վկայագիրը), ով սպառնացել է նրան բանտարկել խցում, եթե նա չստորագրի իր պնդման տակ, երբ իրականում նա ցանկանում էր փոխել այն։
– Բուիդների ընտանիքը, հավանաբար, մեծ դժվարությունների է հանդիպել Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության որոշակի անդամների հետ կապված 1999 թվականի մարտ ամսից, երբ ոստիկանության սպան [Բ.] կասկածել է, թե Սաիդ Բուիդը քերծել է իր ավտոմեքենան, ինչն ի հայտ է բերել լարվածության որոշակի մակարդակ և հանգեցրել ոստիկանության կողմից այս ընտանիքի հետապնդմանը։
– Ասվել է, որ մշտական սադրանքներ են եղել Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանության կողմից՝ անհանդուրժելի դարձնելով Բուիդների ընտանիքի կյանքը։
Ոստիկանության [տվյալ] տեղամասի ներքին վերահսկողության բաժինը և Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքն իրականացրել են քաղաքացիական կողմերի կողմից բողոքարկվող փաստերի խորն ուսումնասիրություն։
Դատական քննության բոլոր արդյունքներից և համապատասխան կողմերի հակասական պնդումներից պարզվում է, որ պատասխանող կողմերի դեմ չկա ապացույց, որը, որպես այդպիսին, կհիմնավորի Գլխավոր պետական մեղադրողին ներկայացված ցուցակում թվարկված հանցագործությունների կատարումը նրանց կողմից՝ կապված այն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում իբրև թե իրագործվել են նշված հանցագործությունները։
Պատասխանող կողմերի պնդումները, ովքեր ժխտում են մեղադրանքները, հետևողական են։ Այս կապակցությամբ տեղին է վկայակոչել այն մանրամասն զեկույցը, որը վերաբերում է քաղաքացիական կողմերի ընտանիքի ընդհանուր վարքագծին, որը մշակել է Մ. հանձնաժողովը և որը լույս է սփռում գործի ընդհանուր համատեքստի վրա։
Քաղաքացիական կողմերը որպես Մեղադրանքների բաժին գումարվող դատարանին չեն ներկայացրել որևէ նոր, համապատասխան կամ համոզիչ տեղեկություն, որը նախկինում չի ներկայացվել ավելի ցածր ատյանի դատարանի ուշադրությանը և որը կարող էր բացահայտել պատասխանող կողմերի դեմ այն չնչին ապացույցները, որոնք կարդարացնեին նրանց նկատմամբ դատավարությունը։
Ավելին, դատական հետաքննությունը չի բացահայտել բավարար ապացույներ, որոնք կմատնանշեին, որ պատասխանող կողմերի կողմից քրեական հանցագործություն է կատարվել այն միջադեպերի ընթացքում, որոնցում նրանք իբրև թե ներգրավված են եղել։
Բացի այդ, գործի նյութերից չի բխում, որ 1992 թվականի օգոստոսի 5-ի՝ Ոստիկանական ակտի 37-րդ մասի դրույթները չեն կատարվել։
Ինչպես շեշտվել է 2005 թվականի նոյեմբերի 10-ին Պետական մեղադրողի և Գլխավոր պետական մեղադրողի փաստարկներով, ինչպես նաև Ձերբակալությունների բաժնի որոշմամբ, սույն գործի փաստերը ծանր կամ մանր հանցագործություն չեն
...»։
42. Դիմումատուների կողմից բերված վճռաբեկ բողոքը՝ հիմնված, մասնավորապես, Կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածներին, 2008 թվականի հոկտեմբերի 29-ին մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից։
Դ. Քաղաքացիական կողմի գանգատը նախքան 2003 թվականի դեկտեմբերի 8-ը և 2004 թվականի փետրվարի 23-ը տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ
43. 2008 թվականի փետրվարի 5-ին Բուիդների ընտանիքի վեց անդամներ, նրանց թվում և երկու դիմումատուները, քաղաքացիական գանգատ են ներկայացրել Բրյուսելի առաջին ատյանի դատարանի հետաքննող դատավորին՝ Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանների նկատմամբ իրենց բոլոր մեղադրանքների, մասնավորապես՝ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին և 2003 թվականի փետրվարի 23-ին նախորդող փաստերի առնչությամբ։
44. Քաղաքացիական կողմի գանգատը հանգեցրել է վեց ոստիկանների ներկայացմանը Բրյուսելի առաջին ատյանի դատարան, որտեղ գործը քննվել է ըստ էության։ 2012 թվականի մայիսի 30-ի իր վճռում դատարանը հայտարարել է, որ համապատասխան հանցագործությունների հետապնդումն ուժ չունի վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։ Գործի նյութերից չի երևում, որ բողոքը ներկայացված է այդ վճռի դեմ։
II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԵՔՍՏԵՐ, ԳՈՐԾԻՔՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Ա. Արժանապատվություն հասկացությունը
45. Միավորված ազգերի կազմակերպության 1946 թվականի հունիսի 29-ի Կանոնադրության նախաբանում հաստատվում է Միավորված ազգերի կազմակերպության ժողովուրդների վճռականությունը «վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների, անհատի արժանապատվության և արժեքի, տղամարդու և կնոջ, ինչպես նաև մեծ ու փոքր ազգերի հավասար իրավունքների նկատմամբ»։ Արժանապատվություն հասկացությունը նաև նշված է Մարդու իրավունքների 1948 թվականի դեկտեմբերի 10-ի համընդհանուր հռչակագրում, որի նախաբանում գրված է, որ «մարդկության ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն աշխարհի ազատության, արդարության և խաղաղության հիմքն է», իսկ 1-ին հոդվածում ամրագրված է, որ «բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար՝ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»:
46. Դրանց հաջորդած՝ մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ միջազգային տեքստերում և փաստաթղթերում անդրադարձ է կատարվում այս հասկացությանը, այդ թվում՝
- Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Միավորված ազգերի կազմակերպության 1963 թվականի նոյեմբերի 20-ի հռչակագիրը, որը «հանդիսավորությամբ հաստատում է ողջ աշխարհում ռասայական խտրականությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով շուտափույթ վերացնելու և մարդու անձի արժանապատվության գիտակցումն ու հարգանքն ապահովելու անհրաժեշտությունը», և Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965 թվականի դեկտեմբերի 21-ի միջազգային կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանն անդրադառնում է վերոնշյալ Հռչակագրին։
- 1966 թվականի դեկտեմբերի 16-ի՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (երկուսն էլ վավերացվել են Բելգիայի կողմից), որոնց նախաբանում նշված է, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար և անկապտելի իրավունքները «բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից»։ Բացի այդ, առաջին դաշնագրի 10-րդ հոդվածում նշված է, որ «ազատազրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք», իսկ երկրորդի 13-րդ հոդվածում նշված է, որ «... մասնակցող պետությունները ճանաչում են կրթության` յուրաքանչյուր մարդու իրավունքը [և] համաձայնում են, որ կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատի և նրա արժանապատվության գիտակցման լիակատար զարգացմանը և պետք է ամրապնդի հարգանքը մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ ...»:
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1979 թվականի դեկտեմբերի 18-ի կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում հատկապես շեշտադրվում է, որ կանանց նկատմամբ խտրականությունը «խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքները»։
- Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ 1984 թվականի դեկտեմբերի 10-ի կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում նշված է, որ «մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար և անկապտելի իրավունքները ... բխում են մարդկային անհատականությանը բնորոշ արժանապատվությունից»։
- Երեխայի իրավունքների մասին 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում նշված է, որ «երեխան հասարակության մեջ ինքնուրույն կյանքի պետք է նախապատրաստվի և դաստիարակվի Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության մեջ հռչակված իդեալների, հատկապես խաղաղության, արժանապատվության, հանդուրժողականության, ազատության, հավասարության և համերաշխության գաղափարների ոգով» (տես նաև 23-րդ հոդվածի 1-ին կետը, 28-րդ հոդվածի 2-րդ կետը, 37-րդ հոդվածը, 39-րդ հոդվածը և 40-րդ հոդվածի 1-ին կետը)։
- Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան (19-րդ հոդվածի 2-րդ կետ և 24-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետ) (վավերացվել է Բելգիայի կողմից)։
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում նշված է, որ «հաշմանդամության պատճառով խտրականությունը ցանկացած անձի դեմ բռնություն է` ուղղված անհատի արժանապատվությանն ու արժեքներին», և որի նպատակները ներառում են հաշմանդամություն ունեցող անձանց «ներհատուկ արժանապատվության» նկատմամբ հարգանքի խթանումը (1-ին հոդված), որը նաև նրա ընդհանուր սկզբունքներից մեկն է (3-րդ հոդվածի «ա» ենթակետ) (տես նաև 8-րդ հոդվածի «ա» ենթակետը, 16-րդ հոդվածի 4-րդ կետը, 24-րդ հոդվածի 1-ին կետը և 25-րդ հոդվածը)։
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 1989 թվականի դեկտեմբերի 15-ի Երկրորդ կամընտիր արձանագրությունը մահապատժի վերացման մասին (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում արտահայտվում է այն համոզմունքը, որ «մահապատժի վերացումը կնպաստի մարդկային արժանապատվության ամրապնդմանը և մարդու իրավունքների առաջադիմական զարգացմանը»։
- Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի Կամընտիր արձանագրությունը հաղորդակցման ընթացակարգի վերաբերյալ (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում վերահաստատվում է «երեխայի կարգավիճակը որպես իրավունքների սուբյեկտ և մարդկային էակ՝ արժանապատվությամբ և զարգացող կարողություններով»։
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 2008 թվականի դեկտեմբերի 10-ի Կամընտիր արձանագրությունը (վավերացվել է Բելգիայի կողմից) և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 1999 թվականի հոկտեմբերի 6-ի Կամընտիր արձանագրությունը (վավերացվել է Բելգիայի կողմից)։
47. Արժանապատվությանն են անդրադառնում նաև մարդու իրավունքների պաշտպանության մի շարք տեքստեր և փաստաթղթեր, որոնց թվում՝
- Մարդու իրավունքների 1969 թվականի նոյեմբերի 22-ի ամերիկյան կոնվենցիան (5-րդ հոդվածի 2-րդ կետ, 6-րդ հոդվածի 2-րդ կետ և 11-րդ հոդվածի 1-ին կետ)։
- Եվրոպայում անվտանգության և համագործակցության համաժողովի 1975 թվականի օգոստոսի 1-ի եզրափակիչ ակտը, որն ամրագրում է, որ «կխթանեն և կխրախուսեն քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և մյուս այն իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացումը, որոնք բոլորն էլ բխում են անհատին ներհատուկ արժանապատվությունից և էական են նրա ազատ ու լիակատար զարգացման համար» (VII սկզբունք)։
- Մարդու և ժողովուրդների իրավունքների 1981 թվականի հունիսի 28-ի աֆրիկյան խարտիան, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ «յուրաքանչյուր անհատ ունի մարդկային էակին ներհատուկ արժանապատվության նկատմամբ հարգանքի և իր իրավական կարգավիճակի ճանաչման իրավունք»։
- Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված՝ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին 1997 թվականի ապրիլի 4-ի կոնվենցիան (որը Բելգիան չի ստորագրել), որի նախաբանում հաստատվում է, inter alia, «մարդուն՝ որպես անհատի և որպես մարդկային ցեղի պատկանելությունը հարգելը և ... [նրա] արժանապատվության ապահովման կարևորությունը»։
- Հիմնարար իրավունքների Եվրոպական միության 2000 թվականի դեկտեմբերի 7-ի խարտիան, որի նախաբանում հաստատվում է, որ «գիտակցելով իր հոգևոր և բարոյական ժառանգությունը՝ Միությունը հիմնադրված է մարդկային արժանապատվության, ազատության, հավասարության և համերաշխության անբաժանելի և համընդհանուր արժեքների գոյությանը», և որի 1-ին հոդվածում նշված է, որ «մարդկային արժանապատվությունն անձեռնմխելի է [և] պետք է հարգվի ու պաշտպանվի» (տես նաև 31-րդ հոդվածը «Ազնիվ և արդար աշխատանքային պայմանների վերաբերյալ»)։
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2002 թվականի մայիսի 3-ի Թիվ 13-րդ արձանագրությունը բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման մասին (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում նշված է, որ մահապատժի վերացումն էական է յուրաքանչյուրի կյանքի իրավունքի և «բոլոր մարդկային էակներին ներհատուկ արժանապատվության» լիարժեք ճանաչման համար։
- Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների մասին Եվրոպայի խորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի կոնվենցիան (վավերացվել է Բելգիայի կողմից), որի նախաբանում շեշտադրվում է, որ «մարդկանց թրաֆիքինգը մարդու իրավունքների խախտում և մարդկային արժանապատվության և անձեռնմխելիության ոտնահարում է» (տես նաև 6-րդ և 16-րդ հոդվածները)։
Բ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի եվրոպական կոմիտեի փաստաթղթերը
48. «ԽԿԿ չափանիշները» վերնագրով փաստաթղթում (CPT/Inf/E (2002) 1 – խմբ. 2015 թվականին), Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի եվրոպական կոմիտեն (ԽԿԿ) նշել է հետևյալը՝
«... 97. Նկատի ունենալով իր կանխարգելող հանձնագիրը՝ ԽԿԿ-ի համար առաջնահերթություն է այցերի ընթացքում պարզել, թե արդյոք ազատությունից զրկված անչափահասները վատ վերաբերմունքի են ենթարկվել։ Ցավոք, իրավապահների կողմից միտումնավոր վատ վերաբերմունքն անչափահասների նկատմամբ չի վերացել և շարունակում է իրական մտահոգություն հանդիսանալ մի շարք եվրոպական երկրներում։ ԽԿԿ-ի պատվիրակությունները շարունակում են արժանահավատ մեղադրականներ ստանալ ազատազրկված անչափահասների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորման մասին։ Մեղադրանքները հաճախ վերաբերում են կալանավորելիս ոտքով հարվածներին, ապտակներին, բռունցքով կամ մահակով հարվածներին (նույնիսկ այն բանից հետո, երբ անչափահասը վերահսկողության տակ է վերցվել), փոխադրման կամ իրավապահ հիմնարկներում հետագա հարցաքննությունների ժամանակ։ Անչափահասները հաճախ նաև սպառնալիքների կամ բանավոր վիրավորանքների զոհ են դառնում (ներառյալ՝ ռասայական բնույթի)՝ իրավապահ մարմինների ձեռքում իսկ գտնվելու ժամանակ։
...
126. ... ԽԿԿ-ի այցելած մի շարք հաստատություններում անձնակազմի համար սովորական երևույթ էր այսպես կոչված «դաստիարակչական ապտակը» կամ ֆիզիկական պատժի այլ ձևերն իրենց վատ պահող անչափահասների նկատմամբ։ Այս կապակցությամբ ԽԿԿ-ն հիշեցնում է, որ մարմնական պատիժը կարող է համարժեք լինել վատ վերաբերմունքի և պետք է խստիվ արգելվի ...»։
1999 թվականի օգոստոսի 30-ով թվագրված իր 9-րդ ընդհանուր աշխատանքային զեկույցում (CPT/Inf (99) 12) ԽԿԿ-ն նաև նշել է հետևյալը՝
«... 24. ԽԿԿ-ի այցելած մի շարք այլ հաստատություններում [որտեղ անչափահասները զրկված էին իրենց ազատությունից], ԽԿԿ պատվիրակություններին տեղեկացրել են, որ անձնակազմի համար սովորական երևույթ էր պարբերական «դաստիարակչական ապտակը» իրենց վատ պահող անչափահասների նկատմամբ։ Կոմիտեն համարում է, որ ի շահ վատ վերաբերմունքի կանխարգելման, մարմնական պատժի բոլոր ձևերը պետք է թե՛ պաշտոնապես արգելվեն և թե՛ դրանցից անհրաժեշտ է խուսափել գործնականում։ Իրենց վատ պահող բանտարկյալների հետ անհրաժեշտ է վարվել միայն նախատեսված կարգապահական ընթացակարգերի համաձայն ...»։
49. 2005 թվականի ապրիլի 18-27-ը Բելգիա կատարած այցի վերաբերյալ Բելգիայի կառավարությանը ներկայացրած իր զեկույցում (CPT/Inf (2006) 15, 2006 թվականի ապրիլի 20) ԽԿԿ-ն ի թիվս այլ բաների նշել է՝
«... 11. Այցի ընթացքում ձեռք բերված բոլոր տեղեկությունների հիման վրա ԽԿԿ-ն հանգել է եզրակացության, ինչպես և Բելգիա կատարած իր առաջին երեք այցերից հետո, որ իրավապահների կողմից կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ վատ վերաբերմունքի վտանգը չի կարող վերացված համարվել։ Համապատասխանաբար, ԽԿԿ-ն առաջարկում է Բելգիայի իշխանություններին շարունակել լինել զգոն այս ոլորտում և հատուկ ջանք գործադրել իրենց ազատությունից զրկված անչափահասների դեպքում։
ԽԿԿ-ն նաև առաջարկում է, որ իրավապահներին կանոնավոր պարբերականությամբ պատշաճ կերպով հիշեցվի, որ իրենց ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի ցանկացած ձև, ներառյալ՝ վիրավորանքը, անընդունելի է, որ ենթադրյալ վատ վերաբերմունքի մասին ցանկացած տեղեկություն պատշաճ կերպով կհետաքննվի և որ նման վերաբերմունքի համար պատասխանատու ցանկացած ոք խստորեն կպատժվի։
12. Ավելի կոնկրետ, ինչ վերաբերում է կասկածյալի ձերբակալության ժամանակ իրավապահ մարմինների վատ վերաբերմունքի մասին մեղադրանքներին, ԽԿԿ-ն բազմիցս նշել է, որ այս գործընթացը, անշուշտ, երբեմն դժվար և վտանգավոր խնդիր է, հատկապես, երբ տվյալ անձը դիմադրում է, կամ իրավապահները ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ անձն անմիջական սպառնալիք է ներկայացնում։ Սակայն ձերբակալության ժամանակ ուժի գործադրումը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ, չի կարող լինել ձերբակալված անձանց հարվածելու որևէ արդարացում, երբ նրանք արդեն վերահսկողության տակ են վերցվել ...»։
2009 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը Բելգիա կատարած այցի վերաբերյալ (CPT/Inf (2010) 24, 2010 թվականի հուլիսի 23) ԽԿԿ-ի զեկույցը, մասնավորապես, ներառում է հետևյալ հատվածը՝
«... 13. Այս այցի ընթացքում ոստիկանատներ այցելելիս ԽԿԿ պատվիրակությունը հանդիպել է ազատությունից զրկված միայն մի քանի անձի։ Այնուհանդերձ, բանտեր այցելելիս այն հանդիպել է բազմաթիվ մարդկանց, ովքեր վերջերս եղել են ոստիկանական կալանքի տակ։
Կալանավորվածների մեծամասնությունը, ովքեր խոսել են պատվիրակության հետ, չեն հաղորդել ոստիկանական կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց նկատմամբ միտումնավոր ֆիզիկական վատ վերաբերմունքի մասին։ Այնուհանդերձ, պատվիրակությունը լսել է ձերբակալության ընթացքում ավելորդ ուժի կիրառման մի քանի մեղադրանքների (հարվածներ այն բանից հետո, երբ անձը վերահսկողության տակ է վերցվել, կամ չափից ամուր ձեռնաշղթաներ հագցնելը) մասին (մասնավորապես՝ Բրյուսելում, Շառլեռուայում և Մարսինելում)։ Ինչպես ԽԿԿ-ն հաճախ ընդունել է, որ կասկածյալի ձերբակալությունը, անշուշտ, երբեմն դժվար և վտանգավոր խնդիր է, հատկապես, երբ տվյալ անձը դիմադրում է, կամ ոստիկանները ողջամիտ հիմքեր ունեն կարծելու, որ անձն անմիջական սպառնալիք է ներկայացնում։ Սակայն ԽԿԿ-ն առաջարկում է ոստիկաններին հիշեցնել, որ ձերբակալության ժամանակ ուժի գործադրումը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Բացի այդ, չի կարող լինել ձերբակալված անձանց հարվածելու որևէ արդարացում, երբ նրանք արդեն վերահսկողության տակ են վերցվել ...»։
Գ. Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգը
50. Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգի վերաբերյալ 2001 թվականի սեպտեմբերի 19-ին ընդունած իր Rec(2001)10 հանձնարարականում Նախարարների կոմիտեն պնդել է այն համոզմունքը, որ «ոստիկանության նկատմամբ հանրության վստահությունը սերտորեն կապված է հանրության նկատմամբ ոստիկանության դրսևորած վերաբերմունքի և վարքագծի հետ, մասնավորապես՝ ոստիկանության հարգանքը մարդու արժանապատվության և անհատի հիմնարար իրավունքների և ազատությունների նկատմամբ, որոնք ամրագրված են, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում»։ Այն առաջարկել է անդամ պետությունների կառավարություններին իրենց ներքին օրենսդրության, գործելակերպի և ոստիկանության վարքի կանոնագրքերում ուղղորդվել Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգով սահմանված սկզբունքներով, որը կցված է Հանձնարարականին՝ այդ սկզբունքների առաջադիմական իրականացման և տեքստի հնարավոր լայն շրջանառման նկատառումով։
51. Օրենսգրքում մասնավորապես նշված է, որ ոստիկանության հիմնական նպատակներից մեկն անհատի հիմնարար իրավունքները և ազատությունները պաշտպանելն ու հարգելն է, ինչպես ամրագրված է Կոնվենցիայում (1-ին պարբերություն)։ «Ոստիկանական գործողությունների/միջամտության ուղենիշներ» բաժնում նշվում է, որ «ոստիկանությունը ցանկացած հանգամանքներում չպետք է պատճառի, հրահրի կամ հանդուրժի խոշտանգումներ կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող որևէ գործողություն կամ պատիժ» (36-րդ պարբերություն) և որ նրանք «կարող են ուժ կիրառել միայն այն ժամանակ, երբ դա խիստ անհրաժեշտ է, և միայն այն չափով, որքանով անհրաժեշտ է իրավաչափ նպատակին հասնելու համար» (37-րդ պարբերություն)։ Բացի այդ, «իրենց գործողություններն իրականացնելիս, [նրանք] պետք է միշտ մտապահեն յուրաքանչյուր անձի հիմնարար իրավունքները» (43-րդ պարբերություն), իսկ «ոստիկանության անձնակազմը պետք է գործի ուղղամտորեն և հարգանքով հանրության նկատմամբ, և առանձնահատուկ նկատի առնելով հատկապես խոցելի խմբերին պատկանող անհատների իրավիճակը» (44-րդ պարբերություն)։
Դ. Անչափահասների խոցելիությունը
52. Երեխայի իրավունքների մասին 1989 թվականի նոյեմբերի 20-ի միջազգային կոնվենցիայի (վավերացվել է Բելգիայի կողմից) նախաբանում («երեխա»-ն 1-ին հոդվածով սահմանվում է որպես «տասնութ տարին չլրացած յուրաքանչյուր անձ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ») անդրադարձ է արվում վերոնշյալ հռչակագրերին և շեշտադրումներին առ այն, որ երեխային հատուկ պաշտպանություն տրամադրելու անհրաժեշտությունը ճանաչվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով (հատկապես 23-րդ և 24-րդ հոդվածներով), Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրով (հատկապես 10-րդ հոդվածով) և երեխայի բարեկեցությամբ մտահոգված մասնագիտացված հաստատությունների և միջազգային կազմակերպությունների համապատասխան կանոնադրություններով և փաստաթղթերով։
53. Մի շարք հետագա միջազգային և տարածաշրջանային փաստաթղթեր հիմնված են անչափահասների խոցելիությունը հաշվի առնելու անհրաժեշտության ճանաչմանը։ Օրինակ՝ Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 25-ի կոնվենցիայի (վավերացվել է Բելգիայի կողմից) նախաբանում նշված է, որ «յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանության այնպիսի միջոցների, ինչպիսիք անհրաժեշտ են նրա անչափահաս լինելու կարգավիճակի համաձայն», և երեխան սահմանվում է որպես «ցանկացած անձ, ում 18 տարին դեռևս չի լրացել» (3-րդ հոդվածի «ա» ենթակետ)։ Կարելի է նաև վկայակոչել Պատժամիջոցների կամ միջոցների ենթակա անչափահաս հանցագործների համար եվրոպական կանոնների վերաբերյալ Նախարարների կոմիտեի 2008 թվականի նոյեմբերի 5-ի CM/Rec(2008)11 հանձնարարականը և Երեխաներին բռնությունից պաշտպանելու ինտեգրված ազգային ռազմավարությունների վերաբերյալ Նախարարների կոմիտեի 2009 թվականի նոյեմբերի 18-ի CM/Rec(2009)10 հանձնարարականը։ Վերջին փաստաթղթում շեշտադրվում է, որ «երեխաների փխրունությունն ու խոցելիությունը և չափահասներից նրանց կախվածությունն աճի և զարգացման տեսակետից պահանջում են ընտանիքների, հասարակության և պետության ավելի մեծ ներդրումներ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և նրանց պաշտպանության համար»։ Առաջին փաստաթղթում շեշտադրվում է իրենց ազատությունից զրկված անչափահասների ծայրահեղ խոցելիությունը (Հանձնարարականի հավելված, § 52.1)։ Բոլորովին վերջերս ԽԿԿ-ն ընդգծել է անչափահասների առանձնահատուկ խոցելիությունն ազատազրկման համատեքստում (ԽԿԿ 24-րդ ընդհանուր զեկույց, 2013-2014 թվականներ, 2015 թվականի հունվար, իրենց ազատությունից զրկված անչափահասները քրեական օրենսդրության համաձայն, 3-րդ, 98-րդ և 99-րդ պարբերություններ)։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
54. Դիմումատուները պնդել են, որ ոստիկաններն ապտակել են իրենց մինչ իրենք գտնվել են Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատանը։ Նրանք պնդել են, որ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի զոհեր են։ Նրանք այնուհետև բողոքել են, որ իրենց գանգատների քննությունը եղել է անարդյունավետ, թերի, կողմնակալ և չափից ավելի երկարատև։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, 6-րդ հոդվածի 1-ին կետին և 13-րդ հոդվածին, որոնցից առաջինն ամրագրում է հետևյալը՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
55. Վերահաստատելով, որ Դատարանը գործի փաստական հանգամանքների օրենքով բնորոշման վարպետ է և համարելով, որ նշված գանգատները վերաբերում էին միևնույն հիմքերին՝ Պալատը պատշաճ է համարել քննելու դիմումատուների մեղադրանքները միայն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն։ Մեծ Պալատը համաձայնում է այս մոտեցմանը։ Ուստիև այն առաջնորդվելու է նույն ձևով։
Ա. Պալատի վճիռը
56. Իր վճռում Պալատը վկայակոչել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ դատարանի նախադեպային իրավունքից բխող սկզբունքները։ Այն մասնավորապես վկայակոչել է այն սկզբունքը, որ երբ վիճարկվող իրադարձությունները լիովին կամ մեծապես իշխանությունների բացառիկ իրազեկության շրջանակներում են, ինչպես նրանց վերահսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց դեպքում, ապա այդպիսի ազատազրկման ընթացքում տեղի ունեցող նման վնասվածքների առնչությամբ կարող են ի հայտ գալ ուժեղ փաստական կանխավարկածներ։ Այդ դեպքում Կառավարության խնդիրն է բավարար և համոզիչ բացատրություն տրամադրել՝ ներկայացնելով փաստերը հաստատող ապացույցներ, որոնք կասկածի տակ կառնեն իրադարձությունների վերաբերյալ զոհի կողմից ներկայացված վկայությունը։ Պալատը նաև վկայակոչել է այն սկզբունքը, որ երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսանում է 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։ Այն նաև վկայակոչել է այն սկզբունքը, որ որպեսզի վատ վերաբերմունքը դասվի 3-րդ հոդվածի շրջանակներում, այն պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի։ Բացի այդ, բռնության որոշ ձևեր, թեև կարող են դատապարտվել բարոյական հիմքերով և լայն իմաստով կողմ պետությունների ներպետական օրենսդրությամբ, չեն ընկնում 3-րդ հոդվածի ներքո։ Պալատն այնուհետև նշել է, որ Կառավարությունը վիճարկել է այն փաստը, որ ոստիկաններն ապտակել են դիմումատուներին, և պնդել է, որ տրամադրված բժշկական վկայագրերը չեն հաստատել, որ արձանագրված վնասվածքները պատճառվել են նման ապտակների հետևանքով։ Այն, այնուհանդերձ, անիմաստ է համարել ղեկավարվել արժանահավատությամբ կամ այլապես դիմումատուների մեղադրանքներով՝ համարելով, որ նույնիսկ եթե դրանք ենթադրաբար հաստատվեն, այն գործողությունները, որոնց վերաբերյալ բողոքել էին դիմումատուները, գործի հանգամանքներից ելնելով, համազոր չէին լինի Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելվող վերաբերմունքի։ Պալատը եզրակացրել է հետևյալը (§ 51)՝
«Նույնիսկ ենթադրելով, որ ապտակելու փաստը տեղի է ունեցել, երկու դեպքում էլ դա եղել է առանձին ապտակ, որը եղել է ոստիկանի կողմից չմտածված, ում համբերությունից հանել է դիմումատուների անհարգալից կամ սադրիչ վարքագիծը, առանց փորձելու նրանցից խոստովանանք կորզել։ Բացի այդ, դիմումատուների ընտանիքի անդամների և նրանց հարևանությամբ գտնվող ոստիկանների միջև ակնհայտորեն տիրել է լարվածության մթնոլորտ։ Այդպիսի հանգամանքներում, թեև դիմումատուներից մեկը նշված ժամանակահատվածում ընդամենը 17 տարեկան է եղել և թեև հասկանալի է, որ եթե իրադարձություններն իսկապես տեղի են ունեցել այնպես, ինչպես նկարագրել են դիմումատուները, նրանք պետք է խորը զայրույթ զգացած լինեին, Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ դրանք եզակի դեպքեր են եղել նյարդային լարվածության իրավիճակում և առանց լուրջ կամ երկարաժամկետ հետևանքների։ Այն ընդունում է այն տեսակետը, որ նման գործողությունները, թեև անընդունելի են, չեն կարող համարվել որպես բավարար աստիճանի նվաստացում կամ ստորացում ի հայտ բերող գործողություններ՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու համար։ Այլ կերպ ասած, ամեն դեպքում, խստության վերոնշյալ շեմը սույն գործում չի գերազանցվել՝ նյութական կամ ընթացակարգային իմաստով այդ դրույթի խախտում ի հայտ գալու համար»։
Բ. Կողմերի դիտարկումները Մեծ Պալատի առջև
1. Դիմումատուները
57. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի բովանդակային ասպեկտին, ապա դիմումատուները բողոքել են, որ Պալատը հեռացել է Մեծ Պալատի սահմանած սկզբունքներից։ Նրանք պնդել են, որ Պալատը բաց է թողել պատճառականության և խստության կանխավարկածների կիրառումը, որոնք առկա են ազատությունից զրկված կամ ոստիկանության վերահսկողության ներքո գտնվող անձանց նկատմամբ բռնությունների դեպքում։ Նման դեպքերում եղել է հարվածներից առաջացած հետքերի և դրա մեղավորությունը ոստիկաններին վերագրելու միջև պատճառահետևանքային կապի կանխավարկած, ինչը կարող է հերքվել ողջամիտ բացատրություններով ենթադրյալ մեղավորների կողմից։ Եթե դա այդպես չէր, ապա գործել է երկրորդ կանխավարկածը, երբ զոհը զրկված է եղել իր ազատությունից. քանի որ ֆիզիկական ուժի կիրառումն իր բնույթով մարդկային արժանապատվության ոտնահարում է, ցանկացած նման գործողություն համարվել է լուրջ և 3-րդ հոդվածին անհարիր, թեև ենթադրյալ մեղավորը կարող էր հերքել այդ կանխավարկածը՝ պնդելով, որ ուժի կիրառումը խիստ անհրաժեշտ է եղել զոհի վարքագծից ելնելով։ Դիմումատուները պնդել են, որ Դատարանը կարող էր քննել գործողության խստության աստիճանը միայն «լրացուցիչ հիմքերով»՝ պարզելու, թե արդյոք այն պետք է դասակարգվեր որպես «խոշտանգում» թե «անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք»։
58. Դիմումատուները շեշտել են, որ բժշկական վկայագրերը, որոնք կազմվել են խնդրո առարկա ժամանակահատվածից կարճ ժամանակ անց, ցույց են տվել, որ իրենց վրա եղել են հարվածների հետքեր ոստիկանատնից հեռանալուց հետո։ Նրանք դրանից եզրակացրել են, որ պատճառահետևանքային կապի կանխավարկածը կիրառելի էր, և նշել են, որ Կառավարությունը, ինչպես ներպետական մակարդակում ոստիկանական ծառայությունները, այդ կանխավարկածը հերքող որևէ բացատրություն չի ներկայացրել՝ սահմանափակվելով նրանով, որ ժխտել է, թե երբևէ ապտակներ են եղել։ Բացի այդ, նրանց նկատմամբ ուժի կիրառումը չի եղել անհրաժեշտ կամ համաչափ։ Դիմումատուները մատնանշել են, որ իրենց ապտակներ հասցրած ոստիկանների վրա հարվածների հետքեր չեն հայտնաբերվել, որ իրենք որևէ ակտիվ ֆիզիկական դիմադրություն ցույց չեն տվել, որ ոստիկանությունը և Բելգիայի պետությունը, որոնք մշտապես ժխտել են դիմումատուներին ապտակներ հասցնելու փաստը, չեն կարողացել հաստատել, որ ապտակներն անհրաժեշտ են եղել, և որ հարկ է հաշվի առնել Բելգիայում ոստիկանական բռնությունների համատեքստը։ Բացի այդ, Բուիդների ընտանիքի և մերձակայքում գտնվող ոստիկանության միջև նյարդայնության և հարգանքի բացակայության մթնոլորտը բավարար չէին ուժի կիրառման անհրաժեշտությունը հաստատելու համար։ Առաջին դիմումատուն ավելացրել է, որ ինքնության ստուգումը, որի համար իրեն կանգնեցրել է ոստիկանությունը, արդարացված չի եղել, որ ստուգման պատճառներն անհասկանալի են եղել, որ իր բաճկոնը պատռվել է միջադեպի ընթացքում, որ նա կազմվածքով շատ ավելի փոքր է, քան իրեն ապտակած ոստիկանը, որ նա անչափահաս է եղել վիճարկվող ժամանակահատվածում, որ ապտակի պատճառով նա շոկային վիճակում է հայտնվել, որ վախի և սթրեսի իր զգացումները սրվել են այն փաստի պատճառով, որ նրա մոտ արդեն վնասված է եղել ականջի թմբկաթաղանթը չորս տարի առաջ ոստիկանի հասցրած հարվածից, և որ նա բախվել է ոստիկանության լռությանն ու կորպորատիստական մոտեցմանը։ Երկրորդ դիմումատուն ավելացրել է, որ նա նստած է եղել և ուղղակի վտանգ չի ներկայացրել, երբ իրեն ապտակել են։
59. Դիմումատուները պնդել են, որ ոստիկանական բռնություններն արդիական խնդիր են Բելգիայում։ Մամուլը հաղորդել է բազմաթիվ նման դեպքերի մասին, և Ոստիկանական ծառայությունների վերահսկողության մշտական հանձնաժողովը («Մ. հանձնաժողով») իր 2012 թվականի տարեկան զեկույցում նշել է, որ ոստիկանական բռնության վերաբերյալ բողոքների թիվն աճել է (468 բողոք 2010 թվականին և 576 բողոք 2012 թվականին)։ Բացի այդ, 2005 թվականի ապրիլի 18-27-ը Բելգիա կատարած այցի վերաբերյալ իր զեկույցում ԽԿԿ-ն մատնանշել է, որ «իրավապահների կողմից կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ վատ վերաբերմունքի վտանգը չի կարող վերացված համարվել» (2006 թվականի ապրիլի 20, CPT/Inf(2006)15, § 11)։ Բացի այդ, Բելգիայի մասին երրորդ պարբերական զեկույցի վերաբերյալ իր եզրափակիչ մեկնաբանություններում Միավորված ազգերի կազմակերպության Խոշտանգումների և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հարցերով կոմիտեն մտահոգությամբ նշել է իրավապահների կողմից բռնության ապօրինի կիրառման վերաբերյալ մշտական պնդումների մասին և առաջարկել «հանգամանալի, անկախ և անկողմնակալ» հետաքննություններ իրականացնել (2013 թվականի հոկտեմբերի 28-նոյեմբերի 22, CAT/C/BEL/CO/3, § 13)։ Դիմումատուները նաև պնդել են, որ Բելգիայի մարդու իրավունքների լիգայի (OBSPOL) կողմից ոստիկանական բռնության դիտարանի ֆրանսալեզու կայքին ամեն շաբաթ ոստիկանական բռնության վերաբերյալ չորս բողոք է զետեղվում։ Նրանք նաև ունեին այն տպավորությունը, որ ոստիկանները մշտապես բողոք էին ներկայացնում, երբ իրենց նկատմամբ բողոք էր բերվում, և նույնիսկ այն դեպքերում, երբ գործերը բերվում էին դատարան, վճիռները հետաձգվում էին շատ ավելի հաճախ, քան հասարակության սովորական անդամների դեպքում։ Սա հանգեցրել էր նրան, որ հասարակության լայն շերտեր զգում էին անպատժելիության մթնոլորտում, և շատ զոհեր չէին ցանկանում բողոք ներկայացնել։
60. Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի ընթացակարգային ասպեկտին, ապա դիմումատուները պնդել են, որ իրենց գործի հետաքննությունը չի համապատասխանել Դատարանի նախադեպային իրավունքին։
61. Առաջինը, նրանք պնդել են, որ հետաքննությունը գլխավորապես հիմնված է եղել ընտանիքի վարքագծի գնահատմանը, ոստիկանատանը կազմված արձանագրություններին, որտեղ աշխատել են այն ոստիկանները, որոնց դեմ դիմումատուները բողոքել են։ Փաստը, որ ամփոփ զեկույցում մանրամասն ներկայացված են իրենց ընտանիքի անդամների կողմից այս բաժանմունքի ոստիկանների դեմ բերված գանգատները և նշված է, որ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել դրանց կապակցությամբ, սակայն որևէ տեղեկություն չի տրամադրված իրենց ընտանիքի անդամների վերաբերյալ ոստիկանների կազմած հաղորդումների մասին, որոնց մեծ մասի դեպքում գործերի փաթեթ գոյություն չի ունեցել կամ վարույթները դադարեցվել են, ցույց է տվել, որ հետաքննությունն իրականացվել է՝ նպատակ ունենալով արդարացնել ոստիկաններին։ Դիմումատուները նաև նշել են, որ քննությունը լույս չի սփռել ոստիկանական միջամտության հանգամանքների վրա։
62. Երկրորդը, նրանք պնդել են, որ քննության ընթացքում լուրջ թերություններ են եղել։ Հակառակ հետաքննող դատավորի ցուցումներին՝ դիմումատուներին ոչ մի փուլում չեն հարցաքննել քննիչները։ Ոստիկանատան ոստիկանին պատկանող ավտոմեքենայի քերծվածքների վերաբերյալ 1999 թվականի նյութերը չեն ներառվել գործում։ Եվ հետաքննող դատավորը տեղեկացված չի եղել այն գործողություններին, որոնք ձեռնարկվել էին Բուիդների ընտանիքի անդամների դեմ բերված բազմաթիվ գործերի կապակցությամբ (ամփոփ հաշվետվության մեջ ներառված որոշ գործեր, ըստ էության, գոյություն չեն ունեցել կամ փաստական գործեր են եղել, որոնցում նրանք պնդել էին, որ զոհերն իրենք են)։ Դիմումատուները մատնանշել են, որ երբ իրենք նկատել են այդ թերությունները, դիմել են հետաքննող դատավորին՝ լրացուցիչ քսան հետաքննական միջոցների վերաբերյալ, որոնցից միայն երկուսն են ընդունվել՝ էլեկտրոնային փոստի ներառումը գործերում և ոստիկանի հարցաքննությունը, որին իբրև թե 2003 թվականի դեկտեմբերի 8-ին վիրավորել էր առաջին դիմումատուն (ընդ որում, դիմումատուների համար այս ապացույցները մատչելի չեն դարձվել)։
63. Երրորդը, չեն պահպանվել քրեական հանցագործության մեջ մեղադրվող անչափահաս զոհերին հարցաքննելու իրավական դրույթները (նրանք վկայակոչել են Քրեական դատավարության 91-րդ bis և 92-րդ հոդվածները, որոնցով նման անձանց իրավունք է տրվում դատական մարմնում հարցաքննության ժամանակ ուղեկցվել չափահասի կողմից և թույլատրվում է հարցաքննությունը ձայնագրել)։
64. Չորրորդ, հետաքննող դատավորը կարող էր սեփական միջնորդությամբ խնդրել, որ կիրառվեն հետևյալ հետաքննական միջոցները՝ առաջին դիմումատուի ընկերոջ հարցաքննությունը, ով նրա հետ է եղել, երբ նրան կանգնեցրել և հարցեր են ուղղել, գործի նյութերում ոստիկանատան մուտքի և ելքի մոտ տեղադրված տեսախցիկների պատկերների ներառումը, բժշկական երկրորդ կարծիքը և առերեսում կազմակերպելը։
65. Հետևաբար, դիմումատուները պնդել են, որ համապատասխան ոստիկաններին արդարացնելու նպատակով իրականացված անարդյունավետ քննության հիմքով են հետաքննող մարմինները որոշել, թե հանցագործությունները չեն կատարվել և ոստիկանների քրեական հետապնդման համար հիմքեր չկան։
2. Կառավարությունը
66. Կառավարությունը նշել է, որ համաձայն է դիմումատուների վերլուծության հետ այն առումով, որ եթե անձը ոստիկանական կալանքի տակ է գտնվել վիճարկվող ժամանակահատվածում, ապա առկա է եղել վնասվածքների հետքերի և դրա մեղավորությունը ոստիկաններին վերագրելու միջև պատճառահետևանքային կապի կանխավարկած, որը կարող էր հերքվել ողջամիտ բացատրությամբ։ Կառավարությունը նաև ընդունել է, որ վիճարկվող գործողությունը համարվում է լուրջ, եթե տվյալ անձը եղել է կալանքի տակ, և այդ դեպքում Դատարանն ընդունել է de facto, որ այդ անձի արժանապատվությունը վտանգված է եղել, թեև այդ կանխավարկածը կարող էր հերքվել՝ ապացուցելով, որ ուժի կիրառումը խիստ անհրաժեշտ է եղել զոհի վարքագծից ելնելով։ Կառավարությունը շեշտել է, որ երբևէ նպատակ չի ունեցել անտեսելու այդ կանխավարկածները, բայց նաև օրինական է համարել համապատասխան ոստիկանների պնդումները հարցականի տակ չդնելը, եթե սույն գործով իրականացված հանգամանալի և սպառիչ հետաքննությունը չի բացահայտել որևէ այլ բան, որը կարող էր ողջամտորեն հակասել վերոնշյալ պնդումներին։
67. Կառավարությունը որդեգրել է այն տեսակետը, որ դատական իշխանությունները պետք է հավասարակշռեին պատճառահետևանքային կապի կանխավարկածը հավասարապես հիմնարար մյուս սկզբունքի՝ ներգրավված պետական պաշտոնյաների անմեղության կանխավարկածի հետ։ Դատական իշխանությունները չէին կարող հեռանալ այն սկզբունքից, որ իրենք պետք է դատապարտեն մեղադրվող անձին, միայն եթե ողջամիտ կասկածից վեր է, որ նա դիմումատուի նկատմամբ դրսևորել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։
68. Կառավարությունը շեշտել է, որ թեև սույն գործով դիմումատուները ներկայացրել են բժշկական վկայագրեր, որոնք հաստատել են վնասվածքներ, որոնք կարող էին լինել այն իրադարձությունների հետևանքով, որոնց վերաբերյալ նրանք բողոքել են, այնուամենայնիվ, միայն դիմումատուների հայտարարությունների հիման վրա էր ենթադրվում, որ նշված վնասվածքներն ապտակի հետևանք էին և որ վիճարկվող ապտակները երկու դիմումատուներին հասցվել էին ոստիկանների կողմից։ Բացի այդ, տվյալ ոստիկանները միշտ կտրականապես ժխտել են իրենց կողմից նման գործողությունները, և հետաքննության ընթացքում հավաքված ապացույցներից ոչ մեկը չի հերքել նրանց պնդումները։ Կառավարությունը նաև նշել է, որ Բուիդների ընտանիքի անդամները մի շարք այլ գանգատներ են ներկայացրել ընդդեմ իրենց տեղական ոստիկանատան ոստիկանների, յուրաքանչյուր անգամ ոստիկանության հետ առճակատման հիքմով, այն բանից հետո, երբ իրենց կանգնեցրել և հարցեր են ուղղել։ Կառավարությունը եզրակացրել է, որ հաշվի առնելով Բուիդների ընտանիքի վարքագիծը, հասկանալի է, որ դիմումատուների բողոքները նպատակ են ունեցել վարկաբեկել համապատասխան ոստիկաններին, նույնիսկ եթե հարվածներ հասցվել են։ Դատաքննության ժամանակ Կառավարությունը նշել է այն վարկածը, որ դիմումատուներն իրենք իրենց են ապտակել՝ իրենց համայնքային ոստիկանության դեմ գործ հարուցելու նպատակով, որի հետ իրենք տարիներ շարունակ դժվարություններ են ունեցել։ Կառավարության կարծիքով՝ լարվածություններն այնքան մեծ են եղել, որ դա անհավանական չի եղել։
69. Հետևաբար, սույն գործով «ավելի քան ողջամիտ կասկած է եղել ենթադրյալ փաստերի հաստատման հետ կապված»։
70. Կառավարությունը նշել է, որ վերջին պնդումը չի հակասում այն սկզբունքին, որ եթե անհատը զրկված է ազատությունից կամ գործ ունի իրավապահ մարմինների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառումը, որն անհրաժեշտ չի եղել անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացրել է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն կարող էր նշանակել 3-րդ հոդվածի խախտում։
71. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուների համար մատչելի է եղել արդյունավետ պաշտոնական հետաքննություն, որը վերլուծել է մատչելի բոլոր տեղեկությունները զեկույցների, արձանագրությունների և ցուցմունքների առումով։ Կառավարությունը սակայն ավելացրել է, որ հետաքննությունը չի հաստատել, որ դիմումատուների պնդած փաստերն իրականում տեղի են ունեցել, համապատասխանաբար և հնարավոր չի եղել բացահայտել հնարավոր մեկ կամ ավելի մեղավորների։
72. Ի վերջո, Կառավարությունը պնդել է, որ չի կարող ընդունել, որ սույն գործը կարող է ծառայել որպես չափանիշ ոստիկանական բռնությունների դեմ պայքարում, քանի որ փաստերը ողջամտորեն հաստատված չեն։
Բ. Երրորդ կողմի դիտարկումները
1. Գենտի համալսարանի Մարդու իրավունքների կենտրոն
73. Երրորդ կողմը նշել է, որ եզրակացնելով, թե 3-րդ հոդվածով նախատեսված խստության շեմը չի գերազանցվել, Պալատը հաշվի է առել դիմումատուների ենթադրյալ անհարգալից և սադրիչ վարքագիծը, այն լարված մթնոլորտը, որը գերակշռել է դիմումատուների ընտանիքի անդամների և նրանց տեղական ոստիկանների միջև, և այն փաստերը, որ ապտակները նախատեսված չեն եղել խոստովանություն կորզելու համար և որ դրանք եղել են առանձին դեպքեր առանց լուրջ կամ երկարաժամկետ հետևանքների։ Այն համարել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ այս չորս գործոններից առաջին երեքը գործին չեն վերաբերել։ Թեև այն չորրորդ գործոնը համարել է վավեր, այն նշել է, որ եղել է միայն մեկ չափանիշ, որին անհրաժեշտ էր մեծ կարևորություն տալ՝ պարզելիս, թե արդյոք խստության շեմը գերազանցվել է ազատությունից զրկված անձի նկատմամբ ոստիկանության կատարած գործողության հետ կապված, մասնավորապես՝ լիովին իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց vis-à-vis ոստիկանների կողմից իշխանությունը չարաշահելու փաստը։ Նման դեպքերում խստության շեմը պետք է իջեցվի։ Վկայակոչելով Սալմանն ընդդեմ Թուրքիայի ([GC], գանգատ թիվ 21986/93, ՄԻԵԴ 2000‑VII), Դենիս Վասիլևն ընդդեմ Ռուսաստանի (գանգատ թիվ 32704/04, 2009 թվականի դեկտեմբերի 17) և Վալիուլիենեն ընդդեմ Լիտվայի (գանգատ թիվ 33234/07, 2013 թվականի մարտի 26)՝ երրորդ կողմը մատնանշել է, որ Դատարանը հաշվի է առել, որ ոստիկանական կալանքի տակ գտնվող մարդիկ եղել են խոցելի վիճակում և որ 3-րդ հոդվածը պետությունների վրա պարտավորություն է դրել պաշտպանելու նման վիճակում գտնվող անձանց ֆիզիկական բարեկեցությունը, և որ այն հաշվի է առել զոհի վախի և անօգնականության զգացումը՝ գնահատելիս, թե արդյոք 3-րդ հոդվածի շեմը գերազանցվել է, թե՝ ոչ։ Երրորդ կողմն այն տեսակետն է արտահայտել, որ նույնը անգամ ավելի շատ կիրառելի է իրենց ազատությունից զրկված անչափահասների նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ խոցելիությունը։ Այս համատեքստում, սոսկ մի ապտակը կարող էր լուրջ հոգեբանական հետևանքներ ունենալ, որոնք անհամատեղելի են 3-րդ հոդվածի պահանջների հետ, հատկապես, քանի որ նման ապտակը կարող էր ընկալվել որպես ավելի դաժան բռնության սպառնալիք համագործակցությունից հրաժարվելու դեպքում, կամ նույնիսկ որպես պատիժ։
74. Երրորդ կողմը Դատարանին առաջարկել է հաշվի առնել այն փաստը, որ Բելգիայի վերաբերյալ 2006 և 2010 թվականների իր զեկույցներում ԽԿԿ-ն առաջարկել է, որ Բելգիայի իշխանությունները հիշեցնեն «ոստիկաններին..., որ ձերբակալության ժամանակ ուժի գործադրումը պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում [, և որ] չի կարող լինել ձերբակալված անձին հարվածելու որևէ արդարացում, երբ նրանք արդեն վերահսկողության տակ են վերցվել» (CPT/Inf(2010)24 և CPT/Inf(2006)15)։
75. Երրորդ կողմն այնուհետև նշել է, որ Դավիդովը և այլոք ընդդեմ Ուկրաինայի (գանգատներ թիվ 17674/02 և 39081/02, § 268, 2010 թվականի հուլիսի 1) գործով Դատարանը վճռել է, որ 3-րդ հոդվածը պետություններից պահանջում է վերապատրաստել իրավապահներին այնպես, որպեսզի նրանք ձեռք բերեն իրենց մասնագիտական վարքագծում իրավունակության բարձր մակարդակ, որպեսզի ոչ ոք չենթարկվի այդ դրույթին հակասող վերաբերմունքի։
76. Ի վերջո, երրորդ կողմն ընդգծել է այն փաստը, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումն անսովոր չէր Բելգիայում։ Դիմումատուների նման այն վկայակոչել է Մ. հանձնաժողովի և OBSPOL-ի հրապարակած փաստերը։ Այն ավելացրել է, որ վերջին տարիներին Բելգիայի ոստիկանությունը ներգրավված է եղել ոստիկանական բռնության մի շարք դեպքերում և որ պարզվել է, որ Բրյուսելի տարածաշրջանի որոշ ոստիկանատներում «հարթ ձեռքի» ապտակը (հնարավորինս քիչ հետքեր թողնելու նպատակով) գրեթե սովորական երևույթ է։
2. ՌԵԴՐԵՍ
77. Երրորդ կողմը շեշտել է, որ մարդու իրավունքների մասին միջազգային օրենսդրությունը ֆիզիկական ուժի կիրառումն իրավապահների կողմից միայն թույլատրում է այն չափով, որքանով դա անհրաժեշտ է և համաչափ իրավաչափ նպատակին հասնելու համար։ Այն վկայակոչել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի 20-րդ ընդհանուր մեկնաբանությունը, ՄԱԿ-ի՝ Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագիրքը, ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներն իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ, Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգը (Նախարարների կոմիտե, Հանձնարարական (2001)10) և Եվրոպական բանտային կանոնները (որոնք իրենց աշխատանքում վկայակոչել են Դատարանը և ԽԿԿ-ն), ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ Ժողովրդավարական ոստիկանական ծառայության ուղեցույցը։ Նշված տեքստերից այն բխեցրել է հետևյալ սկզբունքները. յուրաքանչյուր ոք իրավունք ունի չենթարկվելու խոշտանգումների, դաժան կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես մատնանշված է Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության ՄԱԿ-ի սկզբունքների ժողովածուում, որ այս պայմանները պետք է մեկնաբանվեն այնպես, որպեսզի ներառեն բռնություններից հնարավոր ամենալայն պաշտպանությունը։ Առաջին հերթին պետք է փորձել ոչ բռնի միջոցները։ Ուժ պետք է կիրառվի միայն խիստ անհրաժեշտության դեպքում և միայն օրինական իրավապահ նպատակներով։ Կալանքի տակ գտնվող անձանց հետ իրենց հարաբերություններում իրավապահները չպետք է ուժ կիրառեն՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հաստատության ներսում անվտանգության և կարգի պահպանման համար, կամ երբ վտանգված է անձնական կյանքը։ Ուժի ապօրինի կիրառման որևէ բացառություն կամ արդարացում չպետք է թույլատրվի։ Ուժի կիրառումը միշտ պետք է համաչափ լինի իրավաչափ նպատակներին։ Ուժ կիրառելիս պետք է դրսևորվի զսպվածություն։ Վնասը և վնասվածքները պետք է նվազագույնի հասցվեն։ Պետք է մատչելի լինեն ուժի տարբերակված կիրառման մի խումբ միջոցներ։ Բոլոր իրավապահները պետք է վերապատրաստվեն ուժի տարբերակված կիրառման տարբեր միջոցներից օգտվելու ոլորտում։ Բոլոր իրավապահները պետք է վերապատրաստվեն ոչ բռնի միջոցների կիրառման ոլորտում։
78. Երրորդ կողմը նշել է, որ Դատարանի կողմից հաստատված այն սկզբունքը, որ իր ազատությունից զրկված անձի նկատմամբ պետության գործակալի կողմից ուժի դիմելու որևէ դեպք, որը խիստ անհրաժեշտ չի եղել տվյալ անձի վարքագծի պատճառով, նվաստացրել է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսացել 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի խախտում, նաև ամրագրված է Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքում (այն վկայակոչել է 1997 թվականի սեպտեմբերի 17-ի Լոայզա Տամայոն ընդդեմ Պերուի վճիռը, § 57)։ Բացի այդ, Դատարանը նշել է, որ եթե նման խիստ անհրաժեշտության բացակայությունը հաստատվել է, ապա 3-րդ հոդվածի խախտում գտնելու համար կարիք չկար գնահատել պատճառված տառապանքի ծանրությունը (այն վկայակոչել է Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 27229/95, § 113, ՄԻԵԴ 2001‑III գործը)։ Եթե նման անհրաժեշտությունը հաստատվել է, ապա բոլոր որոշիչ գործոնները հաշվի են առնվել, ներառյալ՝ այդպիսի վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և/կամ հոգեկան հետևանքները և որոշ դեպքերում նաև զոհի սեռը, տարիքը և առողջական վիճակը, ինչպես նաև նրա խոցելիությունը։ Իսկ ազատությունից զրկված անձինք խոցելի են, քանի որ գտնվում են ոստիկանության կամ բանտի անձնակազմի վերահսկողության ներքո։ Երրորդ կողմն ավելացրել է, որ 2010 թվականի հունիսի 2-ի վճռում (գանգատ թիվ 543/2010) Իսպանիայի գերագույն դատարանը, հաշվի առնելով խոցելիության հանգամանքը, որոշել է, որ ոստիկանի կողմից հասցված ապտակը եղել է նվաստացնող և ստորացնող՝ չնայած որևէ տեսանելի վնասվածքի բացակայության։ Այս մոտեցումը նաև որդեգրվել է Ահաբեկչության դեմ պայքարում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման և պաշտպանության հարցերով նախկին հատուկ զեկուցողի, ԽԿԿ-ի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կողմից։
79. Երրորդ կողմը շեշտել է, որ կալանավորված երեխաները կրկնակի խոցելի են, ինչպես նշել է Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։ Վկայակոչելով Ազատությունից զրկված անչափահասների պաշտպանության վերաբերյալ ՄԱԿ-ի կանոնները և Երեխայի իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի աշխատանքը՝ երրորդ կողմն ավելացրել է, որ հստակ հաստատված է, որ երեխաների նկատմամբ ուժի կիրառումն արգելված է՝ բացառությամբ խիստ սահմանափակ թվով նպատակների դեպքում։ Դա կիրառելի է բռնության բոլոր ձևերի նկատմամբ, այդ թվում՝ ոչ ֆիզիկական կամ չկանխամտածված բռնության՝ անկախ հաճախականությունից կամ խստությունից, նույնիսկ եթե դրանց նպատակը վնաս հասցնելը չէ։ Ինչպես ԽԿԿ-ն իր իններորդ ընդհանուր զեկույցում, երրորդ կողմը ևս դատապարտել է, մասնավորապես, «ուժի դաստիարակչական կիրառումը» (հատկապես՝ «դաստիարակչական ապտակները»), որն առկա էր համագործակցությունից հրաժարվելու կամ վատ վարքագծի դրսևորման ի պատասխան ուժ կիրառելիս, մինչդեռ ԽԿԿ-ն նաև նշել է, որ ոստիկանատներն այն վայրերն են, որտեղ երիտասարդները ենթակա են կանխամտածված վատ վերաբերմունքի առավելագույն վտանգին։
80. Ի վերջո, երրորդ կողմը նշել է, որ ներպետական իրավական համակարգերն արտացոլում են միջազգային և տարածաշրջանային չափանիշները։ Ուժի կիրառման արգելումը, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի, նաև ամրագրված է Միացյալ Թագավորությունում, Շվեդիայում, Ավստրալիայում, Կանադայում և Միացյալ Նահանգներում։
Գ. Դատարանի գնահատականը
1. Գանգատի բովանդակային կողմը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
81. Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնարար արժեքներից մեկը (ի թիվս այլ իշխանությունների տես՝ Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], գանգատ թիվ 25803/94, § 95, ՄԻԵԴ 1999‑V, Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], գանգատ թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000‑IV, Գեֆգենն ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 22978/05, § 87, ՄԻԵԴ 2010, Էլ-Մասրին ընդդեմ «Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության» [GC], գանգատ թիվ 39630/09, § 195, ՄԻԵԴ 2012 և Մոկանուն և այլոք ընդդեմ Ռումինիայի [GC], գանգատներ թիվ 10865/09, 45886/07 և 32431/08, § 315, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։ Իսկապես խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելումը քաղաքակրթության արժեք է, որը սերտորեն կապված է մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի հետ։
Ի տարբերություն Կոնվենցիայի նյութական դրույթների մեծ մասի՝ 3-րդ հոդվածը բացառություններ չի նախատեսում, և դրանցից որևէ շեղում թույլատրելի չէ՝ համաձայն 15-րդ հոդվածի 2-րդ կետի, անգամ ազգի կյանքին սպառնացող հանրային արտակարգ դրության դեպքում (ibid.)։ Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում, ինչպես ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում, Կոնվենցիան բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տվյալ անձի վարքագծից (ի թիվս այլոց տես՝ Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996 թվականի նոյեմբերի 15, § 79, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996‑V և վերը վկայակոչված Լաբիտան, Գևֆգենը և Էլ-Մասրին, ինչպես նաև Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I) [GC], գանգատ թիվ 13255/07, § 192, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) և Սվինարենկոն և Սլյադնևն ընդդեմ Ռուսաստանի [GC], գանգատներ թիվ 32541/08 և 43441/08, § 113, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։
82. 3-րդ հոդվածը խախտող՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ մեղադրանքները պետք է հիմնավորվեն պատշաճ ապացույցներով։ Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանը որդեգրում է «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշը, սակայն ավելացնում, որ նման ապացույցը կարող է բխել բավարար ուժեղ, հստակ և համաձայնեցված հետևությունների կամ փաստի նմանօրինակ անհերքելի կանխավարկածների համատեղ գոյությունից (ի թիվս այլոց տես՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978 թվականի հունվարի 18, § 161 հանրագումարը, Շարք Ա թիվ 25, վերը վկայակոչված Լաբիտայի գործը, § 121, Ջալոհն ընդդեմ Գերմանիայի [GC], գանգատ թիվ 54810/00, § 67, ՄԻԵԴ 2006‑IX, Ռամիրես Սանչեսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], գանգատ թիվ 59450/00, § 117, ՄԻԵԴ 2006‑IX և վերը վկայակոչված Գեֆգենի գործը, § 92)։
83. Այս վերջին կետի վերաբերյալ Դատարանը բացատրել է, որ երբ վիճարկվող իրադարձությունները լիովին կամ մեծապես իշխանությունների բացառիկ իրազեկության շրջանակներում են, ինչպես կալանքի տակ նրանց վերահսկողության ներքո գտնվող անձանց դեպքում, ապա այդպիսի ազատազրկման ընթացքում տեղի ունեցող վնասվածքների առնչությամբ ի հայտ են գալիս ուժեղ փաստական կանխավարկածներ։ Այդ դեպքում Կառավարության խնդիրն է բավարար և համոզիչ բացատրություն տրամադրել՝ ներկայացնելով փաստերը հաստատող ապացույցներ, որոնք կասկածի տակ կառնեն իրադարձությունների վերաբերյալ զոհի կողմից ներկայացված վկայությունը (տես՝ վերը վկայակոչված Սալմանի գործը, § 100, Ռիվասն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 59584/00, § 38, 2004 թվականի ապրիլի 1, ինչպես նաև, ի թիվս այլոց, Թուրան Չաքիրն ընդդեմ Բելգիայի, գանգատ թիվ 44256/06, § 54, 2009 թվականի մարտի 10, Մեթեն և այլոք ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 294/08, § 112, 2012 թվականի հոկտեմբերի 4, վերը վկայակոչված Գևֆգենի գործը, § 92 և Էլ-Մասրին, § 152)։ Նման բացատրության բացակայության պայմաններում Դատարանը կարող է անել հետևություններ, որոնք կարող են նպաստավոր լինել Կառավարության համար (ի թիվս այլոց տես՝ վերը վկայակոչված Էլ-Մասրիի գործը, § 152)։ Դա հիմնավորված է այն փաստով, որ ազատազրկման մեջ գտնվող անձինք խոցելի իրավիճակում են, և իշխանություններն ունեն նրանց պաշտպանելու պարտականություն (ի թիվս այլոց տես՝ վերը վկայակոչված Սալմանի գործը, § 99)։
84. Պալատը սույն գործով գտել է, որ ճիշտ է կիրառել նույն սկզբունքը ոստիկանատանն ինքնության ստուգման (ինչպես առաջին դիմումատուի դեպքում) կամ նշված հաստատության ներսում զուտ հարցաքննության (ինչպես երկրորդ դիմումատուի դեպքում) համատեքստում։ Մեծ պալատը համաձայնում է՝ շեշտելով, որ վերը նշված 83-րդ պարբերությունում սահմանված սկզբունքը կիրառելի է բոլոր դեպքերում, երբ անձը ոստիկանության կամ նմանօրինակ մարմնի վերահսկողության ներքո է։
85. Էլ-Մասրիի գործով (վերը վկայակոչված, § 155) վճռում Դատարանը մատնանշել է նաև, որ չնայած Դատարանն ընդունել է, որ ստանձնելով առաջին ատյանի դատարանի դերը՝ պետք է զգույշ լինի այն փաստի առումով, որ դա անխուսափելի եղել կոնկրետ գործի հանգամանքներում (տես՝ ՄքՔերն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), գանգատ թիվ 28883/95, 2000 թվականի ապրիլի 4), այն ստիպված էր կիրառել «հատկապես մանրակրկիտ ուսումնասիրություն», երբ մեղադրանքներ են ներկայացվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն (տես, mutatis mutandis (Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի, 1995 թվականի դեկտեմբերի 4, § 32, Շարք Ա թիվ 336 և Գեորգի Բիկովն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 24271/03, § 51, 2010 թվականի հոկտեմբերի 14), նույնիսկ եթե որոշակի ներպետական վարույթներ և հետաքննություններ արդեն իրականացվել են (տես՝ Կոբզարուն ընդդեմ Ռումինիայի, գանգատ թիվ 48254/99, § 65, 2007 թվականի հուլիսի 26)։ Այլ կերպ ասած՝ նման համատեքստում Դատարանը պատրաստ է իրականացնել ներպետական դատարանների արդյունքների հանգամանալի քննություն։ Դրանք ուսումնասիրելիս այն կարող է հաշվի առնել ներպետական վարույթների որակը և որոշումների կայացման գործընթացում հնարավոր թերությունները (տես՝ Դենիսենկոն և Բոգդանչիկովն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 3811/02, § 83, 2009 թվականի փետրվարի 12)։
86. Վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության նվազագույն մակարդակի, որպեսզի դասվի 3-րդ հոդվածի շրջանակներում։ Այս նվազագույնի գնահատումը կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես վերաբերմունքի տևողությունից, դրա ֆիզիկական կամ հոգեկան հետևանքներից և որոշ դեպքերում զոհի սեռից, տարիքից և առողջական վիճակից (ի թիվս այլոց տես՝ վերը վկայակոչված Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, § 162, վերը վկայակոչված Ջալոհի գործը, § 67, վերը վկայակոչված Գեֆգենի գործը, § 88, վերը վկայակոչված Էլ-Մասրիի գործը, § 196 և վերը վկայակոչված Սվինարենկոն և Սլյադնևը, § 114)։ Հետագա գործոնները ներառում են նպատակը, որի համար կիրառվել է վատ վերաբերմունքը, դրա հիմքում ընկած մտադրության կամ շարժառիթի հետ միասին (համեմատեք, inter alia, Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996 թվականի դեկտեմբերի 18, § 64, Զեկույցներ 1996‑VI, Էգմեզն ընդդեմ Կիպրոսի, գանգատ թիվ 30873/96, § 78, ՄԻԵԴ 2000‑XII և Կրաստանովն ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 50222/99, § 53, 2004 թվականի սեպտեմբերի 30, ի թիվս այլոց տես նաև վերը վկայակոչված Գեֆգենի գործը, § 88 և Էլ-Մասրիի գործը, § 196), թեև զոհին նվաստացնելու և ստորացնելու մտադրության բացակայությունը չի կարող լիովին բացառել 3-րդ հոդվածի խախտում հայտնաբերելը (ի թիվս այլոց տես՝ Վ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], գանգատ թիվ 24888/94, § 71, ՄԻԵԴ 1999‑IX և վերը վկայակոչված Սվինարենկոն և Սլյադնևը, § 114)։ Պետք է հաշվի առնվի նաև այն համատեքստը, որում կիրառվել է վատ վերաբերմունքը, ինչպես օրինակ՝ բարձր լարվածության և հուզականության մթնոլորտը (համեմատեք օրինակ՝ վերը վկայակոչված Սելմունիի գործը, § 104 և Էգմեզի գործը, § 78, ինչպես նաև, ի թիվս այլոց, վերը վկայակոչված Գեֆգենի գործը, § 88)։
87. Վատ վերաբերմունքը, որը հասնում է խստության նշված նվազագույն մակարդակին, սովորաբար, ներառում է փաստացի մարմնական վնասվածք կամ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք։ Սակայն նույնիսկ այս ասպեկտների բացակայության դեպքում, երբ վերաբերմունքը նվաստացնում կամ ստորացնում է անհատին՝ դրսևորելով հարգանքի բացակայություն կամ նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը, կամ առաջացնում է վախի, ցավի կամ թերարժեքության զգացումներ, որոնք ունակ են կոտրելու անհատի բարոյական և ֆիզիկական դիմադրությունը, այն կարող է բնորոշվել որպես նվաստացնող և նույնպես դասվել 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի շրջանակներում (ի թիվս այլոց տես՝ Վասյուկովն ընդդեմ Ռուսաստանի, գանգատ թիվ 2974/05, § 59, 2011 թվականի ապրիլի 5, վերը վկայակոչված Գեֆգենի գործը, § 89, վերը վկայակոչված Սվինարենկոն և Սլյադնևի գործը, § 114 և Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I), § 192)։ Անհրաժեշտ է նաև նշել, որ կարող է բավարար լինել այն, որ զոհը նվաստացվել է իր սեփական աչքերում, նույնիսկ եթե ոչ այլոց աչքերում (այլոց թվում տես՝ Թայրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978 թվականի ապրիլի 25, § 32, Շարք A թիվ 26 և Մ.Ս.Ս.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի [GC], գանգատ թիվ 30696/09, § 220, ՄԻԵԴ 2011)։
88. Բացի այդ, հաշվի առնելով գործի փաստերը, Դատարանը հատկապես կարևոր է համարում մատնանշել, որ անձի նկատմամբ, ով զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսանում է 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում (ի թիվս այլոց տես՝ վերը վկայակոչված Ռիբիչը, § 38, Մետեն և այլոք, § 106 և Էլ-Մասրին, § 207)։
89. «Արժանապատվություն» բառը հանդիպում է միջազգային և տարածաշրջանային մի շարք տեքստերում և փաստաթղթերում (տես՝ վերը նշված 45-47 պարբերությունները)։ Թեև Կոնվենցիան չի նշում այդ հասկացությունը, որը, այնուամենայնիվ, հայտնվում է Կոնվենցիայի թիվ 13 արձանագրության նախաբանում՝ կապված բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման հետ, Դատարանը շեշտել է, որ մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը կազմում է Կոնվենցիայի բուն էության մի մասը (տես՝ վերը վկայակոչված Սվինարենկոն և Սլյադնևը, § 118) մարդու ազատության հետ միասին (տես՝ Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995 թվականի նոյեմբերի 22, § 42, Շարք Ա թիվ 335‑C և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995 թվականի նոյեմբերի 22, § 44, Շարք Ա թիվ 335‑B, ի թիվս այլոց տես նաև Փրեթին ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 2346/02, § 65, ՄԻԵԴ 2002‑III)։
90. Բացի այդ, հատկապես սերտ կապ կա Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստի շրջանակներում «արժանապատվությունը նվաստացնող» վերաբերմունքի կամ պատժի հասկացությունների և «արժանապատվության» նկատմամբ հարգանքի միջև։ 1973 թվականին Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովը շեշտել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում «արժանապատվությունը նվաստացնող» արտահայտությունը ցույց է տվել, որ այդ դրույթի ընդհանուր նպատակն է եղել կանխել մարդկային արժանապատվության առանձնահատուկ լուրջ ոտնահարումները (տես` Արևելաաֆրիկյան ասիացիներն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատներ թիվ 4403/70, 4404/70, 4405/70, 4406/70, 4407/70, 4408/70, 4409/70, 4410/70, 4411/70, 4412/70, 4413/70, 4414/70, 4415/70, 4416/70, 4417/70, 4418/70, 4419/70, 4422/70, 4423/70, 4434/70, 4443/70, 4476/70, 4477/70, 4478/70, 4486/70, 4501/70, 4526/70, 4527/70, 4528/70, 4529/70 և 4530/70, 1973 թվականի դեկտեմբերի 14-ի Հանձնաժողովի զեկույց, Որոշումներ և զեկույցներ 78-A, § 192)։ Դատարանն իր հերթին առաջին բացահայտ հղումը կատարել է այս հասկացությանը Թայրերի վճռում (վերը վկայակոչված), որը վերաբերում է ոչ թե «նվաստացնող վերաբերմունքին», այլ «նվաստացնող պատժին»։ Գտնելով, որ վիճարկվող պատիժը նվաստացնող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նշանակության իմաստով՝ Դատարանը հաշվի է առել այն փաստը, որ «չնայած դիմումատուն չի տուժել որևէ դաժան կամ երկարատև ֆիզիկական հետևանքներից՝ նրա պատիժը, որի միջոցով նրան վերաբերվել էին որպես իշխանությունների իշխանության տակ եղած օբյեկտի», հանդիսանում էր հարձակում մի բանի նկատմամբ, որի պաշտպանությունը 3-րդ հոդվածի հիմնական նպատակն է, այսինքն՝ անձի արժանապատվության և ֆիզիկական ամբողջականության նկատմամբ» (§ 33)։ Հետագա մի շարք վճիռներ ընդգծել են «նվաստացնող վերաբերմունքի» և «արժանապատվության» նկատմամբ հարգանքի հասկացությունների միջև սերտ կապը (տես օրինակ` Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], գանգատ թիվ 30210/96, § 94, ՄԻԵԴ 2000‑XI, Վալասինասն ընդդեմ Լիտվայի, գանգատ թիվ 44558/98, § 102, ՄԻԵԴ 2001‑VIII, Յանկովն ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 39084/97, § 114, ՄԻԵԴ 2003‑XII (քաղվածքներ) և վերը վկայակոչված Սվինարենկոն և Սլյադնևը, § 138)։
(բ) Կիրառումը սույն գործով
(i) Փաստերի հաստատումը
91. Կառավարությունը չի վիճարկել վերոնշյալ սկզբունքը, որ երբ ոստիկանության հսկողության ներքո գտնվելուց հետո անհատի վրա հայտնաբերվել են հարվածների հետքեր, և նա բողոքել է, որ նշված հետքերը վատ վերաբերմունքի հետևանք են, ապա առկա է եղել հերքելի կանխավարկած, որ դա իսկապես այդպես է եղել (տես՝ վերը նշված 83-84 պարբերությունները)։ Կառավարությունը նաև ընդունել է, որ այդ սկզբունքը կիրառելի է տվյալ գործով։ Սակայն այն պնդել է, որ դիմումատուների ներկայացրած բժշկական վկայագրերը չեն հաստատել, որ նշված վնասվածքներն ի հայտ են եկել ապտակի հետևանքով և որ ապտակը հասցվել է ոստիկանների կողմից, մասնավորապես, քանի որ տվյալ ոստիկանները մշտապես ժխտել են նման գործողությունները։ Կառավարությունն ավելացրել է, որ հետաքննության ընթացքում հավաքված ապացույցներից ոչ մեկը չի հակասում իրենց ժխտմանը։
92. Դատարանը գտնում է, որ տվյալ կանխավարկածից օգտվելու համար անհատները, ովքեր բողոքում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման զոհ լինելու վերաբերյալ, պետք է ցույց տան, որ ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո գտնվելուց հետո իրենց վրա կրում են վատ վերաբերմունքի հետքեր։ Դատարանի քննած շատ գործեր ցույց են տվել, որ նման անձինք, սովորաբար, տրամադրում են բժշկական վկայագրեր այդ նպատակով՝ նկարագրելով վնասվածքները կամ հարվածների հետքերը, որոնց Դատարանն էական ապացուցողական կշիռ է տալիս։
93. Դատարանն այնուհետև նշում է, որ սույն գործով ներկայացված բժշկական վկայագրերում, որոնց իսկությունը չի վիճարկվում, նշվում է՝ առաջին դիմումատուի դեպքում նրա «շոկային վիճակը», «ձախ այտի կարմրամաշկություն (էրիթեմա) (անհետացող)» և «ձախ կողմի արտաքին լսողական անցուղու կարմրամաշկություն (էրիթեմա)» (տես՝ վերը նշված 12-րդ պարբերությունը), իսկ երկրորդ դիմումատուի դեպքում՝ «ձախ այտի[ն] արյունազեղման հետքեր» (տես՝ վերը նշված 16-րդ պարբերությունը)։ Դրանք ապտակների հնարավոր հետևանքներ են։
94. Դատարանը նաև նկատում է, որ վկայագրերը տրամադրվել են իրադարձությունների օրը Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատնից դիմումատուների հեռանալուց կարճ ժամանակ անց, ինչն ամրապնդում է դրանց ապացուցողական արժեքը։ Առաջին դիմումատուին վերաբերող բժշկական վկայագիրը տրամադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 8-ին, երեկոյան 7։20, մինչդեռ առաջին դիմումատուն ոստիկանատանն է եղել երեկոյան 4-ից մինչև 5։30-ը (տես՝ վերը նշված 12-րդ և 14-րդ պարբերությունները)։ Երկրորդ դիմումատուի վկայագիրը թվագրված է 2004 թվականի փետրվարի 23-ով և կազմվել է մինչև առավոտյան 11։20, երբ այն ներկայացվել է Մ. հանձնաժողովին (տես՝ վերը նշված 25-րդ պարբերությունը), և երկրորդ դիմումատուն ոստիկանատանն է եղել առավոտյան 9։44-ից մինչև 10։20-ն ընկած ժամանակահատվածում (տես՝ վերը նշված 15-րդ և 16-րդ պարբերությունները)։
95. Դատարանը նշում է, որ այն հանգամանքը, որ դիմումատուների վրա նման հետքեր չեն եղել Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատուն մտնելիս, չի վիճարկվել։
96. Ի վերջո, ներպետական վարույթների ընթացքում համապատասխան ոստիկանները մշտապես ժխտել են, որ ապտակել են դիմումատուներին։ Սակայն դիմումատուները նույնքան հետևողականորեն պնդել են հակառակը։ Բացի այդ, հաշվի առնելով, որ հետաքննությունում եղել են լուրջ թերություններ (տես՝ ստորև նշված 124-134-րդ պարբերությունները), դժվար է եզրակացնել, որ ոստիկանների պնդումները եղել են հավաստի՝ զուտ այն փաստից ելնելով, որ հետաքննությունը չի կարողացել տրամադրել հակառակ ապացույցներ։
97. Ինչ վերաբերում է լսումների ժամանակ Կառավարության նշած այն վարկածին, որ դիմումատուներն իրենք իրենց են ապտակել՝ ոստիկանության դեմ գործ հարուցելու նպատակով (տես՝ վերը նշված 68-րդ պարբերությունը), Դատարանը նշում է, որ չկա դա հավաստող որևէ ապացույց։ Բացի այդ, հաշվի առնելով կողմերի ներկայացրած ապացույցները՝ վիճարկվող կանխավարկածը չի նշվել ներպետական դատարաններում։
98. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը բավարար հաստատված է համարում այն, որ դիմումատուների ներկայացրած վկայագրերում նկարագրված արյունազեղումներն առաջացել են այն ժամանակ, երբ նրանք գտնվել են Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատանը ոստիկանության վերահսկողության ներքո։ Այն նաև նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը կարող էր կասկած հարուցել դիմումատուների պնդումների վերաբերյալ առ այն, որ արյունազեղումներն ի հայտ են եկել ոստիկանի հասցրած ապտակի հետևանքով։ Ուստի, Դատարանն այս փաստն ապացուցված է համարում։
99. Մնում է պարզել, թե արդյոք դիմումատուներն հիմք ունեն պնդելու, որ վերաբերմունքը, որից նրանք բողոքում են, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է։
(ii) Դիմումատուների հանդեպ կիրառված վերաբերմունքի դասակարգումը
100. Ինչպես նախկինում նշել է Դատարանը (տես՝ վերը նշված 88-րդ պարբերությունը), երբ անհատը զրկված է ազատությունից կամ, ընդհանուր առմամբ, բախվել է իրավապահների հետ, ֆիզիկական ուժի ցանկացած կիրառում, որը խիստ անհրաժեշտ չի եղել այդ անձի վարքագծի պատճառով, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը և սկզբունքորեն հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում։
101. Դատարանը շեշտում է, որ «սկզբունքորեն» բառը չի կարող ընկալվել այն իմաստով, թե կարող են լինել իրավիճակներ, որոնցում խախտման հայտնաբերում չի նախատեսվում, քանի որ վերոնշյալ խստության շեմը (տես՝ վերը նշված 86-87-րդ պարբերությունները) չի գերազանցվել։ Մարդկային արժանապատվության ցանկացած ոտնահարում խախտում է Կոնվենցիայի բուն էությունը (տես՝ վերը նշված 89-րդ պարբերությունը)։ Այդ պատճառով vis-à-vis անհատի իրավապահների ցանկացած վարքագիծ, որը նվաստացնում է մարդկային արժանապատվությունը, հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։ Դա հատկապես վերաբերում է նրանց կողմից անհատի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառմանը, երբ դա խիստ անհրաժեշտ չէ վերջինի վարքագծի պատճառով՝ անկախ տվյալ անձի վրա այդ ուժի ունեցած ազդեցությունից։
102. Սույն գործով Կառավարությունը չի պնդել, թե ապտակները, որոնց վերաբերյալ երկու դիմումատուները բողոքել են, համապատասխանել են ֆիզիկական ուժի կիրառմանը, որը խիստ անհրաժեշտ է եղել նրանց վարքագծի պատճառով։ Նրանք պարզապես ժխտել են, որ երբևէ ապտակ է հասցվել։ Փաստորեն, գործի նյութերից բխում է, որ յուրաքանչյուր ապտակ եղել է իմպուլսիվ արձագանք այն վերաբերմունքին, որն ընկալվել է որպես անհարգալից, ինչը, անկասկած, բավարար չէ նման անհրաժեշտության առկայությունը հաստատելու համար։ Հետևաբար, Դատարանը գտնում է, որ դիմումատուների արժանապատվությունը վտանգված է եղել, ուստիև տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
103. Ամեն դեպքում Դատարանը շեշտում է, որ իրավապահի կողմից լիովին իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը լուրջ հարձակում է անհատի արժանապատվության վրա։
104. Ապտակը խորն ազդեցություն է թողնում անձի վրա։ Դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը և հանդիսանում նրա զգայարանների՝ տեսողության, խոսքի և լսողության կենտրոնը, որոնք օգտագործվում են այլոց հետ հաղորդակցվելու համար։ Հիրավի Դատարանն արդեն առիթ ունեցել է նշելու դեմքի նշանակությունը սոցիալական փոխազդեցության համար (տես՝ Ս.Ա.Ս.-ն ընդդեմ Ֆրանսիայի [GC], որը վերաբերում է հանրային վայրերում դեմքը փակելու համար նախատեսված հագուստ կրելու արգելքին, գանգատ թիվ 43835/11, §§ 122 և 141, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։ Այն նաև հաշվի էր առել մարմնի այդ մասի առանձնահատկությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում՝ նշելով, որ «հատկապես իր տեղակայման պատճառով» անհատի գլխին հասցված հարվածը նրա ձերբակալության ժամանակ, որն առաջացրել է այտուց և 2 սանտիմետրանոց արյունազեղում նրա ճակատին, բավականին լուրջ հիմք էր 3-րդ հոդվածով հարց բարձրացնելու համար (տես՝ Սամյուտ Կարաբուլուտն ընդդեմ Թուրքիայի, գանգատ թիվ 16999/04, §§ 41 և 58, 2009 թվականի հունվարի 27)։
105. Դատարանը վերահաստատում է, որ կարող է բավարար լինել այն, որ զոհը նվաստացվել է իր սեփական աչքերում, որպեսզի առկա լինի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նշանակության շրջանակներում (տես՝ վերը նշված 87-րդ պարբերությունը)։ Եվ իրոք, Դատարանը համոզված է, որ նույնիսկ մեկ չկշռադատված ապտակը՝ առանց որևէ լուրջ կամ երկարաժամկետ ազդեցության անձի վրա, կարող է նրա կողմից ընկալվել որպես նվաստացուցիչ։
106. Դա հատկապես ճիշտ է, երբ ապտակը հասցվել է իրավապահների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող անձանց, քանի որ դա ընդգծում է այն առավելությունը և ստորադասությունը, որոնք, ըստ սահմանման, բնորոշում են առաջինի և երկրորդի միջև հարաբերությունները նշված հանգամանքներում։ Այն փաստը, որ զոհերը տեղյակ են, որ նման գործողությունն ապօրինի է և հանդիսանում է այդ իրավապահների կողմից բարոյական և մասնագիտական էթիկայի խախտում, ինչպես Պալատն իրավամբ շեշտել է իր վճռում, նույնպես ընդունելի չէ, ավելին, կարող է նրանց մեջ առաջացնել կամայական վերաբերմունքի, անարդարության և անզորության զգացում (Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում այսօրինակ զգացումը քննելու համար տես օրինակ՝ Պետյո Պետկովն ընդդեմ Բուլղարիայի, գանգատ թիվ 32130/03, §§ 42 և 47, 2010 թվականի հունվարի 7)։
107. Բացի այդ, անձինք, ովքեր գտնվում են ոստիկանական կալանքի տակ կամ նույնիսկ պարզապես բերման են ենթարկվել կամ կանչվել են ոստիկանատուն ինքնության ստուգման կամ հարցաքննության համար, ինչպես դիմումատուների դեպքում, և, ընդհանուր առմամբ, բոլոր անձինք, ովքեր գտնվում են ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո, խոցելի իրավիճակում են։ Իշխանությունները, հետևաբար, նրանց պաշտպանելու պարտականություն ունեն (տես՝ վերը նշված 83-84-րդ պարբերությունները)։ Իրենց ոստիկաններից որևէ մեկի կողմից ապտակելու միջոցով նվաստացում պատճառելով՝ իշխանություններն արհամարհում են այս պարտականությունը։
108. Այն փաստը, որ ապտակը կարող է ոստիկանի կողմից հասցված լինել չմտածված, ում համբերությունից հանել էր զոհի անհարգալից կամ սադրիչ վարքագիծը, այստեղ տեղին չէ։ Հետևաբար, Մեծ Պալատն այս կետում հրաժարվում է Պալատի մոտեցումից։ Ինչպես նախկինում նշել է Դատարանը, նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Կոնվենցիան բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ տվյալ անձի վարքագծից (տես՝ վերը նշված 81-րդ պարբերությունը)։ Ժողովրդավարական հասարակությունում վատ վերաբերմունքը երբեք իշխանությունների առջև ի հայտ եկած խնդիրներին պատշաճ արձագանքը չէ։ Ոստիկանությունը, մասնավորապես, չպետք է «պատճառի, հրահրի կամ հանդուրժի խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ ցանկացած պարագայում» (Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգ, § 36, տես՝ վերը նշված 51-րդ պարբերությունը)։ Բացի այդ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը դրական պարտավորություն է դնում Պետության վրա՝ վերապատրաստել իրավապահներին այնպես, որպեսզի նրանք ձեռք բերեն իրենց մասնագիտական վարքագծում իրավունակության բարձր մակարդակ, որպեսզի ոչ ոք չենթարկվի խոշտանգումների կամ այդ դրույթին հակասող վերաբերմունքի (տես՝ վերը վկայակոչված Դավիդովը և այլոք, § 268)։
109. Ի վերջո, Դատարանը նշում է՝ որպես երկրորդային նկատառում, որ առաջին դիմումատուն ծնվել է 1986 թվականի օգոստոսին, ուստիև 2003 թվականի դեկտեմբերի 8-ին եղել է 17 տարեկան։ Հետևաբար, վիճարկվող ժամանակահատվածում նա անչափահաս է եղել։ Վատ վերաբերմունքը, հատկապես հոգեբանական առումով, ավելի ծանր ազդեցություն է ունենում անչափահասի (տես օրինակ՝ վերը վկայակոչված Ռիվասի գործը, § 42 և Դաղաժն ընդդեմ Ֆրանսիայի, գանգատ թիվ 34588/07, § 44, 2010 թվականի նոյեմբերի 4), քան՝ չափահասի վրա։ Ավելի լայն իմաստով, Դատարանը բազմաթիվ առիթներով շեշտել է անչափահասների խոցելիությունը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համատեքստում, այդ թվում, օրինակ, հետևյալ գործերում՝ Օկկալին ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 52067/99, ՄԻԵԴ 2006‑XII (քաղվածքներ)), Յազգյուլ Յըլմազն ընդդեմ Թուրքիայի (գանգատ թիվ 36369/06, 2011 թվականի փետրվարի 1) և Յուրկուն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության (գանգատ թիվ 33759/10, 2013 թվականի ապրիլ)։ Անչափահասների խոցելիությունը հաշվի առնելու անհրաժեշտությունը նաև հստակորեն հաստատվել է միջազգային մակարդակում (տես՝ վերը նշված 52-23-րդ պարբերությունները)։
110. Դատարանը շեշտում է, որ անչափահասների հետ շփման մեջ գտնվող իրավապահների համար իրենց պարտականությունները կատարելիս խիստ կարևոր է պատշաճ ուշադրություն դարձնել նրանց երիտասարդ տարիքին ներհատուկ խոցելիությանը (Ոստիկանության էթիկայի եվրոպական կանոնակարգ, § 44, տես՝ վերը նշված 51-րդ պարբերությունը)։ Ոստիկանների վարքագիծն անչափահասների նկատմամբ կարող է չհամապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, պարզապես որովհետև նրանք անչափահասներ են, մինչդեռ նույն վերաբերմունքը կարող է ընդունելի համարվել չափահասների դեպքում։ Հետևաբար, անչափահասների հետ գործ ունենալիս իրավապահները պետք է առավել զգոն լինեն և ինքնատիրապետում ցուցաբերեն։
111. Այսպիսով, ոստիկանների կողմից դիմումատուներից յուրաքանչյուրի նկատմամբ կիրառված ապտակը, երբ իրենք գտնվել են նրանց վերահսկողության ներքո Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատանը, չի համապատասխանել ֆիզիկական ուժի կիրառմանը, որը խիստ անհրաժեշտ է եղել դիմումատուների վարքագծի պատճառով՝ այդպիսով նվաստացնելով նրանց արժանապատվությունը։
112. Հաշվի առնելով, որ դիմումատուներն անդրադարձել են միայն չնչին մարմնական վնասվածքներին և չեն մատնանշել, որ իրենք ենթարկվել են ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի, վիճարկվող վերաբերմունքը չի կարող նկարագրվել որպես անմարդկային կամ, a fortiori, խոշտանգում։ Ուստի, Դատարանը գտնում է, որ սույն գործը ներառել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք։
113. Համապատասխանաբար, տեղի է ունեցել 3-րդ հոդվածի հիմնական դրույթի խախտում յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ։
2. Գանգատի ընթացակարգային տեսանկյունը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
114. Դատարանը վկայակոչում է գլխավոր սկզբունքները, որոնք սահմանվել են, inter alia, Էլ‑Մասրիի (վերը վկայակոչված, §§ 182-185) և Մոկանուն և այլոք (վերը վկայակոչված, §§ 316-326) գործերով։
115. Այդ սկզբունքները ցույց են տալիս, որ պետության գործակալների կողմից խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելումը, մասնավորապես, գործնականում անարդյունավետ կլինի, եթե գոյություն չունենա նրանց կողմից վերահսկվող անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումները հետաքննելու ընթացակարգ։
116. Այսպիսով, հաշվի առնելով պետության ընդհանուր պարտականությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ «ապահովելու իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները», 3-րդ հոդվածի դրույթներով, ըստ էության, պահանջվում է արդյունավետ պաշտոնական հետաքննության որևէ ձև, եթե անհատը կատարում է արժանահավատ պնդում, որ ինքը տուժել է 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքից՝ գտնվելով, inter alia, ոստիկանության կամ համանման մարմնի վերահսկողության ներքո։
117. Այդպիսի հետաքննության հիմնական նպատակն է երաշխավորել ներպետական իրավունքների արդյունավետ կիրառումը, որոնք արգելում են խոշտանգումները և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը այն դեպքերում, որոնցում ներառված են պետության գործակալները և մարմինները, և երաշխավորելու վերջինների հաշվետողականությունն իրենց պատասխանատվության ներքո տեղի ունեցող վատ վերաբերմունքի համար։
118. Ընդհանուր առմամբ, որպեսզի հետաքննությունը լինի արդյունավետ, այն իրականացնելու համար պատասխանատու հաստատությունները և անձինք պետք է լինեն հետազոտության թիրախ հանդիսացող անձանցից անկախ։ Սա նշանակում է ոչ միայն որևէ ստորակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլև գործնական անկախություն։
119. Ցանկացած ձևի կիրառման դեպքում իշխանությունները պետք է գործեն իրենց սեփական միջնորդությամբ։ Բացի այդ, արդյունավետ լինելու համար հետաքննությունը պետք է հանգեցնի պատասխանատուների հայտնաբերմանը և պատժին։ Այն նաև պետք է լինի բավարար ընդգրկուն՝ հնարավորություն տալու հետաքննող մարմիններին հաշվի առնել ոչ միայն պետության գործակալների գործողությունները, ովքեր ուղղակիորեն ուժ են կիրառել, այլև շրջապատող բոլոր հանգամանքները։
120. Թեև սա ոչ թե արդյունքների հասնելու, այլ կիրառվելիք միջոցների հետ կապված պարտավորություն է, հետաքննության ցանկացած թերություն, որը վտանգում է վնասվածքների պատճառը պարզելու կամ պատասխանատուներին հայտնաբերելու հետաքննության կարողությունը՝ կարող է հանգեցնել արդյունավետության պատշաճ մակարդակի խաթարմանը։
121. Արագության և ողջամիտ ժամկետների պահանջը ենթադրվում է այս համատեքստում։ Թեև կարող են առկա լինել կոնկրետ իրավիճակում հետաքննության առաջընթացը խանգարող խոչընդոտներ կամ դժվարություններ, վատ վերաբերմունքի մասին պնդումները հետաքննող մարմինների կողմից արագ արձագանքը, ընդհանուր առմամբ, համարվում է կարևոր՝ հանրության վստահության պահպանման և իրավունքի գերակայությանն իշխանության հավատարմության ու ապօրինի գործողություններում գաղտնի համաձայնության որևէ դրսևորում կամ դրանց նկատմամբ հանդուրժելիությունը կանխարգելելու առումով։
122. Զոհը պետք է կարողանա արդյունավետորեն մասնակցել հետաքննությանը։
123. Ի վերջո, հետաքննությունը պետք է լինի հանգամանալի, ինչը նշանակում է, որ իշխանությունները պետք է միշտ լրջորեն փորձեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ անհիմն եզրակացությունների վրա՝ փակելու իրենց հետաքննությունը։
(բ) Կիրառումը սույն գործով
124. Դատարանը գտնում է, որ դիմումատուների պնդումները, ինչպես դրանք շարադրված են ներպետական իշխանություններին ներկայացված գանգատներում, թե իրենք Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատան ոստիկանների կողմից ենթարկվել են այնպիսի վերաբերմունքի, որը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, վիճելի են։ Ուստի, ըստ 3-րդ հոդվածի, իշխանություններից պահանջվել է իրականացնել արդյունավետ հետաքննություն։
125. Կառավարությունը պնդել է, որ այն ձևը, որով իրականացվել է հետաքննությունը, բավարար է եղել վերը նշված նախադեպային իրավունքի սահմանած չափանիշների լույսի ներքո։
126. Դատարանը չի կիսում Կառավարության տեսակետը։
127. Այն նշում է, որ դիմումատուների՝ քաղաքացիական կողմի գանգատ ներկայացնելուց հետո հետաքննություն է սկսվել, և դիմումատուների կողմից ներգրավված երկու ոստիկանները մեղադրվել են իրենց պարտականությունների կատարման ընթացքում անհատների նկատմամբ բռնություն կիրառելու, մասնավորապես՝ մտադրված վիրավորելու կամ հարձակվելու և կամայական գործողություններ իրականացնելու մեջ, որոնք խախտում են Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու ազատությունները։ Հետաքննությունն իրականացվել է կանոնադրական պահանջների համաձայն՝ հետաքննող դատավորի իրավասության ներքո։ Հետևաբար, այն եղել է անկախ մարմնի վերահսկողության ներքո։ Բացի այդ, ոչինչ չկա ենթադրելու, թե դիմումատուները չեն կարողացել մասնակցել դրան։
128. Այնուամենայնիվ, հետաքննող դատավորը, ով պարզվում է անձամբ չի կարգադրել որևէ կոնկրետ հետաքննական միջոց, սահմանափակվել է Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքին խնդրելով հաշվի առնել դիմումատուների քաղաքացիական կողմի դիմումը, հարցաքննել նրանց՝ վերջինների գանգատի մանրամասները ճշտելու նպատակով, մշակել զեկույց Բուիդների ընտանիքի վարքագծի վերաբերյալ, կազմել նրանց դեմ բերված գործերի ցուցակ և նրանց կողմից ներկայացված գանգատների ցուցակ և բացատրել, թե ինչ գործողություններ են իրականացվել այդ կապակցությամբ։ Նա չի անցկացրել կամ կազմակերպել առերեսում տվյալ ոստիկանների և դիմումատուների միջև, կամ դիմումատուների ներկայացրած վկայագրերը տրամադրող բժիշկների հարցաքննություն կամ հարցաքննության կարգադրում, կամ այն անձի հարցաքննությունը, ով եղել է առաջին դիմումատուի հետ, երբ 2003 թվականի դեկտեմբերի 8-ին ոստիկան Ա.Զ.-ն կանգնեցրել և հարցեր է ուղղել նրան փողոցում (տես՝ վերը նշված 11-րդ պարբերությունը), կամ Ավագ տեսուչ Կ.-ի հարցաքննությունը, ով հանդիպել է երկրորդ դիմումատուին նրա տանը 2004 թվականի փետրվարի 23-ին, անմիջապես այն բանից հետո, երբ վերջինը դուրս է եկել Սեն-Ժոս-տեն-Նոդեի ոստիկանատնից (տես՝ վերը նշված 26-րդ պարբերությունը)։ Մինչդեռ նման միջոցները գուցե կօգնեին հաստատել փաստերը։
129. Ուստի, հետաքննությունը հիմնականում սահմանափակվել է միջադեպերում ներգրավված ոստիկանների հարցաքննությամբ այլ ոստիկանների կողմից, ովքեր աշխատել են Մ. հանձնաժողովի հետաքննության բաժանմունքում, և այդ ոստիկանների կողմից զեկույցի պատրաստմամբ, որում ամփոփվել են հավաքված ապացույցները կրկին ոստիկանների կողմից (դիմումատուների թաղամասը սպասարկող ոստիկանական ծառայության ներքին վերահսկողության բաժնից), ովքեր հիմնականում նկարագրել են Բուիդների ընտանիքի «ընդհանուր վարքագիծը»։
130. Բացի այդ, չի ներկայացվել գործը դադարեցնելու վերաբերյալ Պետական մեղադրողի պնդումների կամ Բրյուսելի առաջին ատյանի դատարանի Ձերբակալությունների բաժնի կարգադրության որևէ հիմնավորում։ Ավելին, դադարեցնելու վերաբերյալ կարգադրությունն ուժի մեջ թողնելով՝ Բրյուսելի վերաքննիչ դատարանի Մեղադրանքների բաժինը գրեթե բացառապես հիմնվել է վերոնշյալ զեկույցին՝ կապված Բուիդների ընտանիքի վարքագծի հետ և մեղադրվող ոստիկանների ժխտումներին՝ առանց գնահատելու դիմումատուների պնդումների արժանահավատությունը և լրջությունն առ այն, որ իրենց ապտակել են այդ ոստիկանները։ Անհրաժեշտ է նաև նշել, որ 2008 թվականի ապրիլի 9-ին Մեղադրանքների բաժնի վճռում, որում ներառված է միայն շատ կարճ հղում երկրորդ դիմումատուի ներկայացրած բժշկական վկայագրին, որևէ նշում չկա առաջին դիմումատուի ներկայացրած վկայագրի վերաբերյալ։
131. Այս գործոնները հակված են ցույց տալու, որ հետաքննող մարմինները անհրաժեշտ ուշադրություն չեն հատկացրել դիմումատուների պնդումներին, թեև դրանք հիմնավորված են եղել բժշկական վկայագրերով, որոնք վերջինները ներկայացրել են գործի նյութերին կցելու նպատակով, կամ գործողության բնույթին, որը ներառել է լիովին իր վերահսկողության տակ գտնվող անհատին ոստիկանի ապտակելը։
132. Ի վերջո, Դատարանը նշում է հետաքննության այն անսովոր երկարատևությունը, որի համար Կառավարությունը որևէ բացատրություն չի ներկայացրել։ Իրադարձությունները տեղի են ունեցել 2003 թվականի դեկտեմբերի 8-ին՝ առաջին դիմումատուի դեպքում, և 2004 թվականի փետրվարի 23-ին՝ երկրորդի դեպքում, և հայցվորներն իրենց գանգատները ներկայացրել են Մ. հանձնաժողովին 2003 թվականի դեկտեմբերի 9-ին և, համապատասխանաբար, 2004 թվականի փետրվարի 24-ին՝ նախքան 2004 թվականի հունիսի 17-ին քաղաքացիական կողմի դիմում ներկայացնելը։ Սակայն դադարեցման մասին կարգադրությունը չի տրվել մինչև 2007 թվականի նոյեմբերի 27-ը։ Ինչ վերաբերում է Բրյուսելի վերաքննիչ դատարանի Մեղադրանքների բաժնի և Վճռաբեկ դատարանի վճիռներին, ապա դրանք կայացվել են 2008 թվականի ապրիլի 8-ին և, համապատասխանաբար, հոկտեմբերի 29-ին։ Ուստի, գրեթե հինգ տարի է անցել առաջին դիմումատուի գանգատից մինչև Վճռաբեկ դատարանի վճիռը, որով նշանավորվել է վարույթների դադարեցումը, և ավելի քան չորս տարի և ութ ամիս՝ երկրորդ դիմումատուի դեպքում։
133. Ինչպես շեշտել է Դատարանը նախորդ առիթներով, թեև կարող են առկա լինել կոնկրետ իրավիճակում հետաքննության առաջընթացը խանգարող խոչընդոտներ կամ դժվարություններ, վատ վերաբերմունքի մասին պնդումները հետաքննող մարմինների կողմից արագ արձագանքը, ընդհանուր առմամբ, համարվում է կարևոր՝ հանրության վստահության պահպանման և իրավունքի գերակայությանն իշխանության հավատարմության ու ապօրինի գործողություններում գաղտնի համաձայնության որևէ դրսևորում կամ դրանց նկատմամբ հանդուրժելիությունը կանխարգելելու առումով (ի թիվս այլոց տես՝ ՄքԿերն ընդդեմ Միացյալ Թագավորության, գանգատ թիվ 28883/95, § 114, ՄԻԵԴ 2001‑III և վերը վկայակոչված Մոկանուն և այլոք, § 323)։
134. Ելնելով վերոնշյալից՝ Դատարանը համարում է, որ դիմումատուները չեն օգտվել արդյունավետ հետաքննության իրավունքից։ Հետևաբար, այն գտնում է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ընթացակարգային դրույթը։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
135. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
136. Ինչպես Պալատի առջև, դիմումատուները պահանջել են 5,000 եվրո՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի դիմաց, և 48,110 եվրո՝ նույն հոդվածի ընթացակարգային դրույթի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի դիմաց։ Վերջին գումարը նրանք հիմնավորել են՝ պնդելով, որ հետաքննության թերությունների արդյունքում իրենց ապրած հիասթափությունը սկսվել է 2006 թվականի մարտի 7-ից՝ հետաքննական լրացուցիչ միջոցները մերժելու կարգադրություն տալու պահից, և տևել մինչև 2012 թվականի նոյեմբերի 14-ը։ Նրանք համարել են պատշաճ իրենցից յուրաքանչյուրին տրամադրել օրական 15 եվրո գումար փոխհատուցում՝ մինչև 2008 թվականի հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի համար, երբ Վճռաբեկ դատարանը կայացրել է իր վճիռը (ընդհանուրը՝ 952 օր), և օրական 5 եվրո գումար՝ հետագա ժամանակահատվածի համար (ընդհանուրը՝ 1,455 եվրո)։
137. Կառավարությունը, որն այդ պահանջների վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրել Մեծ Պալատի առջև, Պալատի առջև իրենց ներկայացրած նկատառումներում նշել է, որ վերոնշյալ 5,000 եվրո գումարը կթողնի Դատարանի հայեցողությանը։ Կառավարությունը նաև Պալատին հորդորել էր անտեսել 3-րդ հոդվածի ընթացակարգային դրույթի խախտմամբ պատճառված վնասի նյութական գնահատումը դիմումատուների կողմից՝ պնդելով, որ այն անտրամաբանական և անիրատեսական է։ Կառավարությունն ավելացրել է, որ եթե Դատարանը որոշի, որ դիմումատուների իրավունքների վերականգնումը խախտում գտնելու արդյունքում բավարար փոխհատուցում չէ, ապա այդ դրույթով նախատեսված փոխհատուցման գումարը պետք է կրճատվի մինչև տրամաբանական մակարդակ։
138. Դատարանը գտնում է, որ դիմումատուների ոչ նյութական վնաս կրելու փաստն անհերքելի է՝ հաշվի առնելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութական և ընթացակարգայինմասերը, որոնց զոհն էին նրանք։ Սահմանելով իր գնահատականն արդարացիության սկզբունքի վրա, ինչպես պահանջում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածը, այս մասով այն տրամադրում է նրանցից յուրաքանչյուրին 5,000 եվրո։
Բ. Ծախսեր և ծախքեր
139. Ինչպես Պալատի առջև, դիմումատուները ներպետական դատարաններում իրենց կատարած ծախսերը և ծախքերը և Դատարանի վարույթների հետ կապված ծախսերը և ծախքերը փոխհատուցելու համար պահանջել են 4,088.71 եվրո, այսինքն՝ 7,051.42 եվրո պարոն Մարշանի և 18,115.62 եվրո պարոն Չիհաուիի վճարների համար։ Նրանք բացատրել են, որ երկու փաստաբանների հետ համաձայնել են ժամը 85 եվրո և, համապատասխանաբար, 125 եվրո վճարի մասին։ Բացի այդ, պարոն Մարշանը նրանցից վերցրել է երեսունհինգ ժամվա գումար իրենց դիմումի նախապատրաստման համար, տասներեք ժամվա գումար՝ Մեծ Պալատին գործը հանձնելու իրենց հայցի նախապատրաստման համար և շուրջ ինը ժամվա գումար՝ Մեծ Պալատի առջև ներկայացվելիք իրենց խնդրագրի նախապատրաստման համար, իսկ պարոն Չիհաուին նրանցից վերցրել է հիսունմեկ ժամվա գումար Պալատի առջև իրենց դիտարկումների նախապատրաստման համար, վաթսունինը ժամվա գումար՝ Մեծ Պալատին գործը հանձնելու իրենց հայցի նախապատրաստման համար և շուրջ ինը ժամվա գումար՝ Մեծ Պալատին ներկայացվելիք նրանց խնդրագրի նախապատրաստման համար։ Այս պահանջները հիմնավորելու նպատակով նրանք ներկայացրել են տարբեր փաստաթղթեր։
140. Կառավարությունը, որն այդ պահանջների վերաբերյալ մեկնաբանություններ չի տրամադրել Մեծ Պալատի առջև, Պալատի առջև իրենց ներկայացրած նկատառումներում նշել է, որ 85 եվրո ժամավճարը ողջամիտ է համարում։ Մյուս կողմից Կառավարությունը պնդել է, որ 125 եվրո ժամավճարով աշխատող երկրորդ փաստաբանի հետ խորհրդակցելը, կարծես, անհարկի է եղել, ուստիև խնդրել է, որ նշված պահանջը մերժվի կամ առնվազն կիրառվի միևնույն՝ 85 եվրո ժամավճարը։
141. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն իրավունք ունի ստանալ փոխհատուցում ծախսերի և ծախքերի համար միայն այն դեպքում, երբ ցույց է տրվել, որ դրանք անհրաժեշտ են եղել, ըստ էության, օգտագործվել են և ողջամիտ են իրենց ծավալներով, տես օրինակ՝ Յոնեսեն ընդդեմ Նիդերլանդների [GC], գանգատ թիվ 12738/10, § 135, 2014 թվականի հոկտեմբերի 3)։ Հաշվի առնելով սույն գործով իր տնօրինած փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին տրամադրել 10,000 եվրո գումար համատեղ՝ ներպետական դատարաններում և Դատարանում կատարած ծախսերի և փոխհատուցման համար։
Գ. Տուգանք
142. Դատարանը նպատակահարմար է համարում, որ նախնական տոկոսադրույքը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքին, որին պետք է հավելել երեք տոկոս։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Վճռում է, տասնչորս կողմ և երեք դեմ ձայնով, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ նրա նյութական մասով։
2. Վճռում է, միաձայն, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ նրա ընթացակարգային մասով։
3. Վճռում է, տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով,
(ա) որ պատասխանող պետությունը պետք է վճարի հետևյալ գումարները երեք ամսվա ընթացքում՝
(i) 5,000 եվրո (հինգ հազար եվրո) դիմումատուներից յուրաքանչյուրին՝ հավելելով ցանկացած հարկ, որը կարող է գանձվել՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար,
(ii) 10,000 եվրո (տասը հազար եվրո) դիմումատուներին համատեղ՝ հավելելով ցանկացած հարկ, որը կարող է գանձվել նրանցից՝ ծախսերի և ծախքերի փոխհատուցման համար,
(բ) որ վերոնշյալ եռամսյա ժամկետը լրանալուն պես նշված գումարի չվճարման համար տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի՝ չվճարման ժամանակահատվածում նվազագույն փոխարկային տոկոսադրույքի վրա՝ հավելելով դրան երեք տոկոս։
4. Մերժում է, միաձայն, արդարացի բավարարման մասին պահանջների մնացած մասը։
Կատարվել է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և հրապարակվել է հանրային լսումներում Մարդու իրավունքների շենքում, Ստրասբուրգ, 2015 թվականի սեպտեմբերի 28։
Յոհան ԿալլեվաերտԴին Շփիլման
Քարտուղարի տեղակալՆախագահ
Համաձայն Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի՝ սույն վճռին են կցվել Դատավորներ Դե Գաետանոյի, Լեմմենսի և Մահոնիի համատեղ, մասամբ չհամընկնող կարծիքները։
Դ.Շ.
Յ.Կ.
«Առանձին կարծիքները չեն թարգմանվել, սակայն ներառված են անգլերենով կամ ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015 թվական:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար, և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ ցուցման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի վկայակոչման հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք դիմել՝publishing@։
© Council of Europe/European Court of Human Rights, 2015.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante :publishing@
Full & Egal Universal Law Academy