© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԱՌԱՋԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ԲՈՒՐԴՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ /թիվ 2/
Դիմում թիվ 33509/04
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 հունվարի 2009թ.
04/05/2009
Սույն վճիռը ենթակա է խմբագրական վերանայման:
Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործում /թիվ 2/
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /առաջին ստորաբաժանում/, նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով.
Քրիստոս Ռոզակիսից /նախագահ/, դատավորներ Անատոլի Կովլերից, Էլիզաբեթ Շտայներից, Դին Սփիլմանից, Սվերրե Էրիկ Յեբենսից, Ջորջո Մալինվերնիից և ստորաբաժանման քարտուղարի տեղակալ Անդրե Վամպախից, 2008թ. դեկտեմբերի 16-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո կայացրեց նույն օրն ընդունված հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործն սկսվել է ընդդեմ Ռուսաստանի Դաշնության թիվ 33509/04 հայցով, որը Դատարանին է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի /Կոնվենցիա/ 34-րդ հոդվածի հիման վրա` Ռուսաստանի քաղաքացի պրն. Անատոլի Տիխոնովիչ Բուրդովի /”դիմող”/ կողմից` 2004թ. հուլիսի 15-ին:
2. Ռուսաստանի կառավարությունը /Կառավարություն/ ներկայացնում էին Դատարանում Ռուսաստանի Դաշնության նախկին ներկայացուցիչ տկն. Վ. Միլինչուկը և Դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ պրն. Գ. Մատյուշկինը:
3. Դիմողը բողոքարկում էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա իր օգտին ներպետական դատարանների կայացրած վճիռներն իշխանությունների կողմից չկատարելը:
4. 2007թ. նոյեմբերի 22-ին առաջին ստորաբաժանման նախագահը որոշեց դիմողի գանգատը փոխանցել կառավարությանը: Նաև որոշվեց դիմումի ընդունելիության հետ միաժամանակ քննել դրա էությունը /29-րդ հոդված, կետ 3/:
5. 2008թ. հուլիսի 3-ին Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 2-րդ կետի “գ” կետի համաձայն պալատը որոշեց 41-րդ կանոնի համաձայն այդ գործին առաջնահերթություն տալ և կողմերին առաջարկեց վերոնշյալ հայցի վերաբերյալ ներկայացնել լրացուցիչ գրավոր դիտարկումներ: Ավելին, Դատարանը որոշեց կողմերին տեղեկացնել, որ ինքը քննարկում է գործում փորձնական վճռի ընթացակարգ կիրառելու հարմարությունը /տես Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի գործը, 31443/96, կետ 189-194 և եզրափակիչ մասը, ECHR 2004 –V և Հուտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի գործը, թիվ 35014/97, ECHR 2006-..., կետ 231-239 և եզրափակիչ մասը/: 2008թ. օգոստոսի 11-ին դիմողը, իսկ 2008թ. սեպտեմբերի 26-ին` Կառավարությունը ներկայացրին լրացուցիչ տվյալներ:
ՓԱՍՏԵՐԸ
Գործի հանգամանքները
6. Դիմողը` պրն. Անատոլի Տիխոնովիչ Բուրդովը, Ռուսաստանի քաղաքացի է, ծնվել է 1952թ., բնակվում է Ռուսաստանի Դաշնության Ռոստովի շրջանի Շախտի քաղաքում:
7. 1986թ. հոկտեմբերի 1-ին դիմողին զինվորական իշխանությունները կանչեցին, որպեսզի նա մասնակցի Չեռնոբիլի ատոմակայանի աղետի վայրում կատարվող վթարային աշխատանքներին: Դիմողը ներգրավված է եղել այդ աշխատանքներում մինչև 1987թ. հունվարի 11-ը: Արդյունքում նա տուժել է ուժեղ ռադիոակտիվ ճառագայթումից, ուստի իրավունք ունի ստանալ զանազան սոցիալական նպաստներ:
8. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական իրավասու մարմինները չեն կարողացել ամբողջովին և ժամանակին վճարել այդ նպաստները, 1997թ. սկսած դիմողը ներպետական դատարաններում նրանց դեմ անընդհատ դատական գործեր է հարուցել: Դատարանները շարունակաբար բավարարել են դիմողի պահանջները, սակայն մի շարք վճիռներ տարբեր ժամանակներում մնացել են անկատար:
Ա. Դատարանի` 2002թ. մայիսի 7-ի վճիռը Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով և հետագա զարգացումները
1. Դատարանի որոշումը
9. 2000թ. մարտի 20-ին հայցվորն սկզբում գանգատարկեց ներպետական դատական որոշումները /հայց թիվ 59498/00/: 2002թ. մայիսի 7-ի իր վճռով Դատարանը որոշեց, որ Շախտի քաղաքի դատարանի 1997թ. մարտի 3-ի, 1999թ. մայիսի 21-ի և 2000թ. մարտի 9-ի որոշումներն ամբողջովին կամ մասամբ չէին կատարվել, առնվազն մինչև 2001թ. մարտի 5-ը, երբ ֆինանսների նախարարությունը որոշում ընդունեց ամբողջությամբ վճարել դիմողին ունեցած պարտքը: Դատարանը համապատասխանաբար որոշում կայացրեց այն մասին, որ խախտվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածը և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը այն մասով, որ տարիներ շարունակ իշխանությունները չէին կարողացել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ այդ որոշումները կատարելու համար /Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 59498/00, կետ 37-38, ECHR 2002-III/:
2002թ. մայիսի 7-ի Դատարանի վճռին վերաբերող` Նախարարների կոմիտեի թիվ ... /2004/85 բանաձև
10. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Դատարանի 2002թ. մայիսի 7-ի վճիռը փոխանցվել էր Նախարարների կոմիտեին` դրա կատարումը վերահսկելու նպատակով: Կոմիտեն առաջարկեց Կառավարությանը` իրեն տեղյակ պահել այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել էին 2002թ. մայիսի 7-ի Դատարանի վճռի արդյունքում` նկատի ունենալով 46-րդ հոդվածի 1-ին կետը, որով Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվում էր դա կատարել: 2004թ. դեկտեմբերի 22-ին Նախարարների կոմիտեն այդ գործով ընդունեց ..../2004/85 բանաձևը: Ռուսական իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցառումներն ամփոփված են սույն բանաձևի հավելվածում:
“/.../ Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, ներպետական դատական որոշումներով սահմանված համապատասխամ գումարները 2001թ. մարտի 5-ին վճարվել են դիմողին: /.../ Համապատասխանաբար, 2003թ. հուլիսի 11-ին Շախտի քաղաքի դատարանը կարգադրել է իրականացնել ամսական նպաստի նոր ինդեքսավորում /վերջնական է 2003թ. հոկտեմբերի 1-ին/: Սոցիալական ծառայությունները շարունակում են կատարել ներպետական դատական որոշումները` կանոնավոր կերպով վճարելով հատկացված գումարները:
Ի լրումն դրա, Դատարանի վճիռն իրականացնելիս ռուսական իշխանությունները ձեռնարկել են հետևյալ միջոցները:
ա/ Նմանօրինակ գործերով որոշումներ կայացնելը
Հենց սկզբից կառավարությունը վճարել է այն պարտքերը, որոնք կուտակվել էին սույն և այլ գործերով կայացրած ներպետական վճիռների չկատարման արդյունքում, որոնցով կարգադրվում էր վճարել փոխհատուցումներն ու նպաստները Չեռնոբիլի աղետից տուժածներին, ովքեր գտնվում էին այն վիճակում, ինչ դիմողը: Ընդհանուր առմամբ 2002թ. հունվարից մինչև հոկտեմբեր վճարվել է 2,846 միլիոն ռուբլի:
Իշխանությունները կատարել են Չեռնոբիլի վթարից տուժածների նպաստների ինդեքսավորմանը վերաբերող 5128 այլ ներպետական վճիռներ:
Կառավարությունը նաև բարելավել է բյուջետային գործընթացը և ապահովել, որպեսզի անհրաժեշտ բյուջետային միջոցներ հատկացվեն սոցիալական ապահովության մարմիններին` 2,152,071,000 ռուբլի հատկացվել է 2003թ., 2,538,280,500 ռուբլի` 2004թ., և 2,622,335,000 ռուբլի` 2005թ., որով նրանց հնարավորություն էր տրվում կատարել, մասնավորապես, նմանօրինակ վճիռներից բխող իրենց ֆինանսական պարտավորությունները /.../:
բ/ Օրենսդրության միջոցով ներկայացված ինդեքսավորման նոր համակարգը
Ինչ վերաբերում է ներպետական դատարանների որոշած գումարների շարունակական ինդեքսավորման պարտավորությանը, ժամանակին գործող օրենսդրությունը որպես նպաստների հաշվարկման ինդեքս ապահովում էր նվազագույն կենսամակարդակը: 2002թ. հունիսի 19-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը համապատասխան օրենսդրական դրույթները հռչակեց ոչ սահմանադրական, այն չափով, որ այդ համակարգը չուներ հստակություն և կանխատեսելիություն: Մասնավորապես, այդ որոշման մեջ Սահմանադրական դատարանը վկայակոչում էր Բուրդովի գործով Դատարանի վճռի եզրակացությունները: Հետևաբար, 2004թ. ապրիլի 2-ին Ռուսաստանի խորհրդարանը փոփոխեց օրենսդրությունը, որով ղեկավարվում էր Չեռնոբիլի վթարից տուժածների սոցիալական ապահովությունը: Նոր օրենքը, որն ուժի մեջ է մտել 2004թ. ապրիլի 29-ին, նախատեսում է նպաստների ինդեքսավորման նոր համակարգ, որը հիմնված է հերթական ֆինանսական տարվա դաշնային բյուջեի հաշվարկման համար օգտագործվող սղաճի մակարդակի վրա:
գ/ Վճռի հրապարակումն ու տարածումը
Բուրդովի գործով Դատարանի վճիռը հրապարակվել է 2002թ. հուլիսի 4-ի “Ռոսիյսկայա գազետա” թերթում, որը Ռուսաստանի Դաշնության բոլոր օրենքների և ենթաօրենսդրական ակտերի հիմնական պաշտոնական պարբերականն է և բաժանվում է բոլոր պետական մարմիններին: Վճիռը հրապարակվել է նաև մի շարք ռուսական իրավաբանական ամսագրերում և ինտերնետային շտեմարաններում և, այդպիսով, հասանելի է պետական մարմիններին ու հանրությանը:
դ/ Եզրակացություն
Նկատի ունենալով վերոնշյալը` Ռուսաստանի կառավարությունը կարծում է, որ այն միջոցները, որոնք ձեռնարկվել են սույն վճռից հետո, կկանխեն Կոնվենցիայի նոր, նմանօրինակ խախտումները դիմողի վիճակում գտնվող անձանց խմբի նկատմամբ, իսկ կոնկրետ այս դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կատարել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իր պարտավորությունները:
Կառավարությունը նաև կարծում է, որ ձեռնարկված միջոցներն զգալի քայլ են տարբեր ոլորտներում ներպետական դատարանների որոշումների չկատարման ընդհանուր խնդրի լուծման ուղղությամբ, ինչպես ընդգծված է այլ գործերում, որոնք բերվել են Դատարան ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել խնդիրը շտկելու նպատակով, մասնավորապես Դատարանի այլ վճիռների կատարման համատեքստում, Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո”:
11. Նախարարների կոմիտեն բավարարված է, որ 2002թ. հուլիսի 16-ին սահմանված ժամկետում Կառավարությունը վճարել էր դիմողին արդար փոխհատուցման գումարը, որը նախատեսված էր 2002թ. մայիսի 7-ի վճռով: Այն նշում է, որ, ի մասնավորի, միջոցներ են ձեռնարկվել դիմողի վիճակում գտնվող և այդ խմբի անձանց նկատմամբ: Նկատի ունենալով ձեռնարկված բոլոր միջոցները` Նախարարների կոմիտեն եզրակացնում է, որ այս դեպքում ինքն իրականացրել է Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված իր գործառույթները: Միաժամանակ կոմիտեն վերհիշում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ներպետական դատարանների որոշումների չկատարման ընդհանուր խնդիրն այլ առկախ գործերի համատեքստում և կոմիտեի վերահսկողության ներքո ուսումնասիրվում էր իշխանությունների կողմից:
Բ. Դիմողի օգտին կայացված ներպետական նոր վճիռների կատարումը
Շախտի քաղաքի դատարանի` 2003թ. ապրիլի 17-ի վճիռը
12. 2003թ. ապրիլի 17-ին Շախտիի քաղաքային դատարանը կարգադրեց աշխատանքի և սոցիալական հարցերի վարչությանը` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208 հոդվածի համաձայն դիմողին վճարել 15,984.80 ռուսական ռուբլի որպես նպաստների վճարումները ձգձգելու փոխհատուցում: 2003թ. հուլիսի 9-ին վճիռը հաստատվեց Ռոստովի շրջանային դատարանի կողմից և դարձավ վերջնական:
13. 2003-2005թթ. ընթացքում դիմողը կատարման հրամանը հաջորդաբար ներկայացնում էր պատասխանող մարմնին, դատական կատարածուներին, Դաշնային գանձապետարանին, հետո նորից` պատասխանող մարմնին: 2005թ. օգոստոսի 19-ին իշխանությունները դատարանի որոշած գումարը փոխանցեցին դիմողի հաշվին:
2. Շախտի քաղաքի դատարանի` 2003թ. դեկտեմբերի 4-ի վճիռը
14. 2003թ. դեկտեմբերի 4-ին Շախտիի քաղաքային դատարանը կարգադրեց աշխատանքի և սոցիալական հարցերի վարչությանը` 1998թ. “Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին” օրենքի համաձայն /թիվ 125-Ֆ 3/ դիմողին վճարել 68,463.54 ռուբլի` որպես 1999 և 2001թթ. ձգձգված վճարումների պարտքի տոկոս: Վճիռը չգանգատարկվեց և վերջնական դարձավ 2003թ. դեկտեմբերի 15-ին:
15. Ըստ դիմողի` ինքը կատարման հրամանը պատասխանող վարչությանն էր ներկայացրել նույն օրը: Չնշված ժամկետում հրամանը ներկայացվել էր Շախտիի դատական կատարածուների վարչություն: Վերջինս որոշել էր, որ 2004թ. հունիսի 30-ին անհնար էր կատարել վճիռը, քանի որ պարտապանի ունեցվածքը հնարավոր չէր բռնագրավել:
16. 2005թ. նոյեմբերի 14-ին Շախտիի քաղաքային դատարանը բավարարեց մաթեմատիկական սխալն ուղղելու` պատասխանող մարմնի խնդրանքը և գումարի չափը նվազեցրեց մինչև 68,308.42 ռուբլի: 2006թ. մարտի 9-ին նույն դատարանը բավարարեց մաթեմատիկական սխալն ուղղելու` դիմողի խնդրանքը և կարգադրեց պատասխանող մարմնին` դիմողին վճարել 108,251.95 ռուբլի: 2006թ. հոկտեմբերի 18-ին իշխանություններն այդ գումարը վճարեցին դիմողին:
Շախտի քաղաքի դատարանի` 2006թ. մարտի 24-ի վճիռը
17. 2006թ. մարտի 24-ին Շախտիի քաղաքային դատարանը կարգադրեց աշխատանքի և սոցիալական հարցերի վարչությանը` ինդեքսավորել 2006թ. հունվարի 1-ի դրությամբ դիմողին վճարվելիք սննդի համար տրվող ամսական նպաստը: Դատարանը սահմանեց ամսական վճարների չափը` 1,183.73 ռուբլի հաջորդող ինդեքսավորմամբ և կարգադրեց միանգամից վճարել 36,877.06 ռուբլի` որպես նախորդ ամսական վճարների փոխհատուցում: Ի լրումն դրա, վարչությանը կարգադրվեց 2006թ. հունվարի 1-ի դրությամբ սկսել ամսական 1,972.92 ռուբլու չափով ամսական վճարումները` առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման ինդեքսավորմամբ: Դատարանը նաև կարգադրեց պատասխանող կողմին` դիմողին վճարել 4,980.24 և 13,312.46 ռուբլի որպես 2000-2005թթ. ընթացքում առողջությանը պատճառված վնասի և սննդի համար տրվող նպաստի ամսական վճարների փոխհատուցում, ինչպես նաև 1,652.35 ռուբլի լրացուցիչ ինդեքսավորված վճար` առողջությանը պատճառված վնասի համար: 2006թ. մայիսի 22-ին վճիռը հաստատվեց Ռոստովի շրջանային դատարանի կողմից և դարձավ վերջնական:
18. 2007թ. հուլիսի 20-ին Շախտիի քաղաքային դատարանն ուղղեց վճռում տեղ գտած մաթեմատիկական սխալը և փոխեց նախկինում սահմանված գումարը` 4,980.24-ից այն դարձնելով 5,222.78 ռուբլի:
19. 2006թ. նոյեմբերի 2-ին 2006թ. մարտի 24-ի վճիռը մեծ մասամբ կատարվեց` ընդհանուր առմամբ 67,940.56 ռուբլի փոխանցվեց դիմողի հաշվին: Միաժամանակ ֆինանսների նախարարությունը չբարձրացրեց վճռով կարգադրված ամսական վճարները, իսկ դիմողը շարունակում էր այդ վճարներն ավելի քիչ ստանալ: 2007թ. հուլիսի 1-ին նախարարությունը որոշեց դրանք ավելացնել: 2007թ. օգոստոսի 17-ին դիմողն ստացավ 9,112.26 ռուբլի որպես մինչ այդ կուտակված ամսական վճարների պակասորդի փոխհատուցում:
2007թ. մայիսի 22-ի և 2007թ. օգոստոսի 21-ի վճիռները
20. 2007թ. մայիսի 22-ին Շախտիի քաղաքային դատարանը որոշեց, որ Շախտիի աշխատանքի և սոցիալական հարցերի վարչությունը 2007թ. հունիսի 1-ի դրությամբ համապատասխան ինդեքսավորմամբ դիմողին պետք է վճարի ամսական 17,219.43 ռուբլի` որպես առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում: Ի լրումն դրա, վարչությունը պետք է 188,566 ռուբլի վճարեր որպես նախորդ ամիսների վճարների փոխհատուցում: Վճիռը չգանգատարկվեց և վերջնական դարձավ 2007թ. հունիսի 4-ին: Այն ի կատար ածվեց 2007թ. դեկտեմբերի 5-ին:
21. 2007թ. օգոստոսի 21-ին Շախտիի քաղաքային դատարանը կարգադրեց Աշխատանքի և զբաղվածության դաշնային գործակալությանը` դիմողին վճարել 225,821.73 ռուբլի որպես 2000-2007թթ. ընթացքում առողջությանը պատճառված վնասի համար սահմանված և ձգձգված վճարների փոխհատուցում: Վճիռը չբողոքարկվեց և վերջնական դարձավ 2007թ. սեպտեմբերի 3-ին: Այն ի կատար ածվեց 2007թ. դեկտեմբերի 3-ին:
II. Գործին առնչվող ներպետական նյութեր
Ա. Ներպետական վճիռների ի կատար ածումը
1. “Հարկադիր կատարման մասին” օրենքը
22. 1997թ. հուլիսի 21-ի “Հարկադիր կատարման մասին” դաշնային օրենքի 9-րդ ենթաբաժինը /թիվ 119-..3/, որն ուժի մեջ էր նյութը հրապարակելու պահին, նախատեսում էր, որ հարկադիր կատարողը պետք է մինչև հինգ օր ժամկետ սահմաներ, որպեսզի պատասխանող կողմը կամավոր կերպով ի կատար ածեր կատարման հրամանը: Հարկադիր կատարողը պետք է նաև զգուշացներ պատասխանող կողմին, որ եթե նա չպահպանի ժամկետը, ապա դրան կհետևի հարկադրանքի գործողություն: Օրենքի 13-րդ ենթաբաժնի համաձայն` հարկադիր կատարումը պետք է ավարտվի հարկադիր կատարողի կողմից կատարման հրամանն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:
Պետության և նրա սուբյեկտների նկատմամբ արձակված վճիռների կատարման հատուկ ընթացակարգը
23. 2001-2005թթ. պետական իշխանության մարմինների նկատմամբ արձակված վճիռներն ի կատար են ածվել հատուկ ընթացակարգով, որն, ի մասնավորի, հաստատվել է կառավարության 2001թ. փետրվարի 22-ի թիվ 143 որոշմամբ, հետո 2002թ. սեպտեմբերի 22-ի թիվ 666 որոշմամբ` կատարումը վստահելով ֆինանսների նախարարությանը /այլ մանրամասներ տես Պրիդատչենկոն և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 2191/03, 3104/03, 16094/03 և 24486/03, կետ 33-39, 21 հունիսի 2007թ./: 2005թ. հուլիսի 14-ի վճռով /թիվ 8.../ Սահմանադրական դատարանը համարել է, որ կատարման հատուկ ընթացակարգը կարգավորող որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը: Վճռից հետո 2005թ. դեկտեմբերի 27-ի օրենքով /թիվ 197-...3/ Բյուջետային օրենսգրքում մտցվեց մի նոր գլուխ, որով այդ հատուկ ընթացակարգը փոփոխվեց: Օրենքն զգալի լիազորություններ էր տալիս դաշնային գանձապետարանին` ի կատար ածել վճիռներ ընդդեմ իրավաբանական անձանց, որոնք ֆինանսավորվում են դաշնային բյուջեից, իսկ ֆինանսների նախարարությանը` ի կատար ածել պետության նկատմամբ կայացված վճիռները: Բյուջետային օրենսգրքի 242.2.6 հոդվածով վճիռները պետք է ի կատար ածվեն անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում:
24. Լրացուցիչ հատուկ ընթացակարգեր, որոնք կարգավորում են Չեռնոբիլի աղետի ժամանակ ռադիոակտիվ ճառագայթումից տուժածներին տրվող սոցիալական նպաստները, սահմանվել են 1991թ. մայիսի 15-ի թիվ 1244-1 օրենքով իրենց հետագա փոփոխություններով և կառավարության 2001թ. օգոստոսի 21-ի թիվ 607, 2005թ. փետրվարի 14-ի թիվ 73 և 2006թ. դեկտեմբերի 30-ի թիվ 872 որոշումներով: 2002-2004թթ. առողջությանը պատճառված վնասի փոխհատուցումն իրականացվում էր Աշխատանքի նախարարության կողմից համապատասխան ֆիսկալ տարվա համար նախատեսված բյուջետային հատկացումների սահմաններում: 2005-2006թթ. այդ փոխհատուցումն ապահովվում էր Աշխատանքի և զբաղվածության դաշնային գործակալության տարածքային վարչությունների կողմից, իսկ 2007-2008թթ.` գործակալության կողմից այն գրանցամատյանների հիման վրա, որոնք ներկայացնում էին սոցիալական ապահովության մարմինները և այդ նպատակով տրամադրված բյուջետային հատկացումների սահմաններում:
Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցը
25. Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի 2007թ. գործունեության մասին զեկույցում նշված է, որ ներպետական վճիռների ընկալումը, որը կարելի է կոչել “ոչ պարտադիր հանձնարարականներ”, դեռևս լայն տարածում ունի ոչ միայն հասարակության մեջ, այլև պետական իշխանության մարմիններում: Զեկույցում նշված է, որ վճիռների չկատարման խնդիրը ծագել էր նաև Սահմանադրական դատարանի վճիռների հետ կապված: Զեկույցի համաձայն` խնդիրը քննարկվել էր 2006թ. դեկտեմբերին և 2007թ. մարտին դաշնային բոլոր օղակների հատուկ նիստերի ժամանակ` իշխանության տարածաշրջանային մարմինների և նախագահի վարչակազմի ներկայացուցիչների մասկացությամբ: Այսպիսով գաղափար առաջացավ ստեղծել ազգային զտիչ մեխանիզմ, որը հնարավորություն կտար ներպետական մակարդակում քննել Կոնվենցիային վերաբերող բողոքները: Հանձնակատարը եզրակացրել է, որ համատեղ ջանքեր են հարկավոր խնդիրն արմատախիլ անելու նպատակով, այլ ոչ պարզապես նվազեցնելով բողոքների քանակը:
Բ. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները ներպետական վճիռների չկատարման կամ ուշացած կատարման առումով
Իրավական դրույթները
ա. Քաղաքացիական իրավունք
26. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածով նախատեսված է դատարաններում պետական իշխանության մարմինների գործողությունները կամ անգործությունը վիճարկելու ընթացակարգը: Եթե դատարանը որոշում է, որ գանգատը հիմնավոր է, այն կարգադրում է շահագրգիռ պետական մարմնին` շտկել խախտումը կամ անօրինականությունը /258-րդ հոդված/:
27. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված է դատական որոշումների ինդեքսավորումը. որոշումն ընդունած դատարանը մի կողմի պահանջով կարող է այն փոփոխել պաշտոնական մանրածախ գնի ինդեքսի ավելացմանը համահունչ մինչև վճարման փատացի ժամկետը: Չվճարման տոկոսները և նյութական վնասի փոխհատուցումը կարելի է վերականգնել պարտապանից, եթե նա չի կատարում դրամական պարտավորությունները և օգտվում է այլ անձի ֆինանսներից /Քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդված/:
28. Պետության կամ տեղական իշխանությունների կամ նրանց պաշտոնյաների անօրինական գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասը ենթակա է փոխհատուցման Դաշնային գանձապետարանից կամ դաշնային սուբյեկտի գանձարանից /հոդված 1069/: Անձին անօրինական դատապարտման, դատական կարգով հետապնդման, կալանքի տակ պահելու կամ անավարտ դատավարության ընթացքում բնակության վայրը լքելու արգելքի պատճառով հասցված վնասն ամբողջովին փոխհատուցվում է` անկախ շահագրռիր պետական պաշտոնյաների սխալից և օրենքով նախատեսված ընթացակարգով /հոդված 1070, կետ 1/: Արդարադատության իրականացման արդյունքում պատճառված վնասը փոխհատուցվում է, եթե դատավորի մեղքը հաստատված է վերջնական դատապարտմամբ /հոդված 1070, կետ 2/:
29. Դատարանը կարող է իրավախախտին պատասխանատվության ենթարկել անձին նրա անձնական ոչ գույքային իրավունքները խախտելու գործողությունների կամ նրան պատկանող ակտիվները փչացնելու միջոցով պատճառած ոչ նյութական վնասի համար /հոդվածներ 151 և 1099, կետ 1/: Անհատի սեփականության իրավունքին հասցված ոչ գույքային վնասի փոխհատուցումը վերականգնվում է միայն օրենքով նախատեսված դեպքերում /Քաղաքացիական օրենսգրքի 1099 հոդված, կետ 2/: Ոչ գույքային վնասի փոխհատուցումը կատարվում է անկախ իրավախախտի մեղքից, եթե վնասը պատճառվել է անձի կյանքին կամ վերջույթին, անօրինական քրեական հետապնդման, սխալ տեղեկատվության տարածման և օրենքով նախատեսված այլ դեպքերում /Քաղաքացիական օրենսգրքի 1100 հոդված/:
բ. Քրեական իրավունք
30. Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսվում են պատժամիջոցներ պետական պաշտոնյայի կամ քաղաքացիական ծառայողի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները մշտապես չկատարելու դեպքում: Պատժամիջոցները ներառում են տուգանքը, աշխատանքից ժամանակավորապես ազատումը, առավելագույնը 240 ժամ հանրօգուտ աշխատանքը կամ առավելագույնը երկու տարով ազատազրկումը:
2001թ. հունվարի 25-ի Սահմանադրական դատարանի վճիռը
31. 2001թ. հունվարի 25-ի թիվ 1-P որոշմամբ Սահմանադրական դատարանը եզրակացրեց, որ Քաղաքացիական օրենսգրքի 1070-րդ հոդվածի 2-րդ կետը չի հակասում Սահմանադրությանը, քանի որ այն հատուկ պայմաններ է նախատեսում պետության պատասխանատվության համար արդարադատություն իրականացնելու արդյունքում պատճառված վնասի համար: Այնուամենայիվ, այն պարզաբանում է, որ “արդարադատության իրականացում” եզրույթը դատավարությունն իր ամբողջության մեջ չի ներառում, այլ միայն այն դատական ակտերը, որոնք արծարծում են գործի էությունը: Այլ դատական ակտեր, հիմնականում ընթացակարգային բնույթի, դուրս են մնացել “արդարադատության իրականացում” հասկացության շրջանակից:
32. Դատավարական ակտերի կամ գործել չկարողանալու արդյունքում պատճառված վնասի համար պետության պատասխանատվությունը, զորօրինակ` դատավարության ողջամիտ ժամկետների խախտումը, կարող է առաջանալ անգամ դատավորի վերջնական քրեական դատապարտման բացակայության դեպքում, եթե քաղաքացիական դատավարության ժամանակ դատավորի մեղքը հաստատվել է: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ պետության կողմից պատճառված վնասի փոխհատուցման սահմանադրական իրավունքը չպետք է կապ ունենա դատավորի անձնական մեղքի հետ: Անձը պետք է ի վիճակի լինի փոխհատուցում ստանալ վնասի համար, որը պատճառվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստի շրջանակում արդար դատավարության իրավունքը դատարանի կողմից խախտվելու պատճառով:
33. Սահմանադրական դատարանը որոշել է, որ խորհրդարանը պետք է օրենք ստեղծի պետության կողմից փոխհատուցման հիմքերի և ընթացակարգի վերաբերյալ այն վնասի համար, որը պատճառվել է դատարանի կամ դատավորի անօրինական ակտի կամ գործել չկարողանալու հետևանքով և այդպիսի դեպքերի վերաբերյալ սահմանի տարածքային ու առարկայական ընդդատությունը:
2008թ. սեպտեմբերի 26-ի Գերագույն դատարանի որոշումը և փոխհատուցման մասին նոր օրինագիծը
34. 2008թ. սեպտեմբերի 26-ին Գերագույն դատարանի լիագումար նիստն ընդունեց թիվ 16 որոշումը` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա ներկայացնել սահմանադրական օրենքի նախագիծ պետության կողմից այն վնասի փոխհատուցման մասին, որը պատճառվել է ողջամիտ ժամկետում դատավարության իրավունքի և ողջամիտ ժամկետում օրինական ուժի մեջ մտած դատական որոշումների կատարման իրավունքի խախտման հետևանքով /այսուհետ` “Փոխհատուցման մասին օրինագիծ”/: Գերագույն դատարանը նաև որոշեց Պետական դումա ներկայացնել երկրորդ օրինագիծը, որով փոփոխություններ են առաջարկվում որոշ իրավական ակտերում` կապված Փոխհատուցման մասին օրինագծի հետ: Երկու նախագծերն էլ պաշտոնապես Պետդումա ներկայացվեցին 2008թ. սեպտեմբերի 30-ին:
35. Փոխհատուցման մասին օրինագծի նպատակը Ռուսաստանում ներպետական իրավական պաշտպանության միջոցների ստեղծումն է ողջամիտ ժամկետում դատավարության իրավունքի և ողջամիտ ժամկետում կատարման ենթակա դատական որոշման ի կատար ածման խախտումների կապակցությամբ /ենթաբաժին 1, կետ 1/: Այն նաև նախատեսում է, որ այն դեպքում, երբ գործերը Դատարանի կողմից ընդունելի չեն հայտարարվել, դիմողները կարող են դիմել վնասի փոխհատուցման համար օրինագծի համաձայն դրա` 2010թ. հունվարի 1-ին պլանավորված ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում /ենթաբաժին 19/: Օրինագիծն ընդհանուր իրավասության դատարաններին իրավունք է տալիս քննել վերոնշյալ իրավունքների ենթադրյալ խախտումների մասին պետության դեմ ներկայացված գործերը /ենթաբաժին 3, կետ 1/ և նախատեսում է կոնկրետ կանոններ այդպիսի դեպքերում դատավարությունը կարգավորելու համար: Պետությանը դատավարության ժամանակ ներկայացնում է ֆինանսների նախարարությունը /ենթաբաժին 3, կետ 3/: Վերջինս պետք է ապացուցի, որ ողջամիտ ժամկետի վերաբերյալ պահանջը չի խախտվել, այնինչ դիմողը պետք է ապացուցի դրամական վնասի առկայությունը /ենթաբաժին 11, կետ 1/: Դատական գործը լուծելու համար դատարանը գնահատում է դրա բարդությունը, կողմերի և դատավարությանը մասնակցող մնացած դերակատարների վարքագիծը, դատական կամ մեղադրող կողմի գործողությունները կամ անգործությունը, հարկադիր կատարման կամ հարկադիր կատարման մարմինների կողմերը: Դատարանը գնահատում է նաև խախտման տևողությունը և դրա հետևանքների կարևորությունը վնաս կրած անձի համար /ենթաբաժին 12/: Եթե դատարանը խախտում է գտնում, ապա որոշում է, որ վնասի դրամական հատուցումը պետք է սահմանվի` հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, արդարության պահանջները և Կոնվենցիայի չափանիշները /ենթաբաժին 14/: Դատարանը կարող է առանձին որոշում ընդունել` դատարանի կամ պետական պաշտոնյայի կողմից օրենքի խախտում գտնելու դեպքում և կարգադրի, որպեսզի ձեռնարկվեն կոնկրետ ընթացակարգային գործողություններ ու պահանջել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այդ մասին զեկուցվի /ենթաբաժին 15/:
36. Գերագույն դատարանի բացատրագիրը մանրամասն շարադրում է լրացուցիչ բյուջետային հատկացումների ամհրաժեշտությունը, որպեսզի ապահովվի Փոխհատուցման մասին օրինագծի կատարումը: Յուրաքանչյուր գործի համար միջին փոխհատուցումը գնահատվում է 3,050 եվրո` նկատի ունենալով այն փաստը, որ ոչ պարտադիր կատարման գործերի դեպքում Դատարանի կողմից արդար բավարարման համար որոշված գումարը սովորաբար կազմում է 1,200-ից մինչև 4,900 եվրո:
37. Երկրորդ օրինագիծը ներկայացնում է այլ իրավական ակտերի փոփոխություններ: Քաղաքացիական օրենսգրքի 1070.1 հոդվածով դատավարությունների կամ վճիռների ի կատար ածման դեպքում պետական մարմինների կողմից պահանջվող ողջամիտ ժամկետի խախտման պատճառով հասցված վնասը փոխհատուցվում է Դաշնային գանձապետարանից: Բյուջետային օրենսգրքի 242.2 հոդվածով այդօրինակ փոխհատուցում թույլատրող դատական որոշումները պետք է ի կատար ածվեն երկու ամսվա ընթացքում:
Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Դաշնային ժողովին
38. 2008թ. նոյեմբերի 5-ին Դաշնային ժողովին հղած իր ուղերձում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ի մասնավորի, նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել քաղաքացիների` դատավարության իրավունքի խախտման հետևանքով հասցված վնասի փոխհատուցման մեխանիզմ ողջամիտ ժամկետում և դատարանի որոշումների լիարժեք ու ժամանակին կատարում: Նախագահը շեշտել է, որ դատարանի որոշումների կատարումը դեռևս մեծ խնդիր է, այն վերաբերում է բոլոր դատարաններին, այդ թվում` Սահմանադրական դատարանին: Նա նշել է, որ խնդիրը հիմնականում պաշտոնյաների և քաղաքացիների իրական հաշվետվողականության բացակայությունն է, ովքեր չեն կարողանում ի կատար ածել դատարանների որոշումները, ուստի այդ հաշվետվողականությունը պետք է կայանա:
III. Գործին առնչվող միջազգային նյութեր
Ա. Եվրոպայի խորհուրդ
Նախարարների կոմիտե
39. 2007թ. դեկտեմբերի 3-5-ը Նախարարների կոմիտեն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա վերսկսեց Ռուսաստանի դեմ Դատարանի կայացրած վճիռների քննարկումը, որը վերաբերում էր ներպետական վճիռները չկատարելուն կամ կատարման ուշացումներին /Տիմոֆեևը և մյուսները խումբը, CM/Del/OJ/DH(2007)1013, հրապարակային/: 2007թ. դեկտեմբերի 19-ին Նախարարների կոմիտեն ընդունեց հետևյալ որոշումը / CM/Del/Dec(2007)1013, վերջնական/:
“Պատգամավորները /.../`վերհիշել են, որ այս վճիռները բացահայտում են Ռուսաստանի իրավական համակարգի կառուցվածքային զանազան խնդիրներ, որոնք իրենց բնույթով և մասշտաբով խիստ կերպով ազդում են դրա արդյունավետության վրա և հարուցում Կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ, որոնց գնալով մեծացող մասը բողոքարկվում է Դատարանում.հետաքրքրությամբ հաշվի են առել իրավասու որոշ մարմինների կողմից ընդունված կամ ձեռնարկված զանազան միջոցներ, որոնցով կկանխվեն նոր, այդօրինակ խախտումներ և կշտկվեն այն խախտումները, որոնք արդեն իսկ տեղի են ունեցել` ստեղծելով կամ բարելավելով համապատասխան ներպետական ընթացակարգեր և միջոցներ, որոնք դեռևս պետք է ձեռնարկվեն.վերստին ընդգծել են, որ վճիռների միջոցով վերհանված խնդիրները պահանջում են հրատապ լուծումներ, որպեսզի ապահովվի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների պատշաճ պաշտպանությունը ներպետական մակարդակում` այդպիսով կանխելով Դատարան ներկայացվող նմանօրինակ դիմումների չափազանց բարձր թիվը.Առաջարկել են իրավասու մարմիններին` շարունակել քարտուղարության հետ երկկողմ խորհրդատվությունները` նպատակ ունենալով ստեղծել անհրաժեշտ միջոցների ճիշտ ռազմավարություն, այդ թվում` ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ /.../:
40. Ռուսաստանում ներպետական վճիռների չիրականացման հիմնախնդիրները և Դատարանի վճիռների իրականացման համատեքստում իշխանությունների ձեռնարկած կամ քննարկած զանազան միջոցները մանրազնին կերպով ուսումնասիրվել են Նախարարների կոմիտեի 2006թ. դեկտեմբերի 1-ի թիվ CM/Inf/DH(2006)45 և 2007թ. հունիսի 4-ի թիվ CM/Inf/DH(2006)19rev3 փաստաթղթերում: Վերջին փաստաթղթում ներկայացված է ցայսօր Ռուսաստանի իշխանությունների կողմից արձանագրված առաջընթացը, մատնանշված են մի շարք բաց մնացած հարցեր, խնդիրը համապարփակ կերպով լուծելու նպատակով առաջարկվում են նոր միջոցներ: Առաջարկվող գործողությունների հիմնական ուղիներն ամփոփված են հետևյալ փաստաթղթում /տես վերը նշված CM/Inf/DH(2006)19rev3, էջ 1/:
“ - Բյուջետային ընթացակարգերի կատարելագործում և բյուջեի որոշումների գործնական իրականացում.
- կոնկրետ պետական մարմնի հաստատում որպես պատասխանող կողմ.
- ուշացումների գործուն փոխհատուցման ապահովում` ինդեքսավորում, պարտքերի տոկոս, կոնկրետ վնաս, տուգանքներ ուշացումների համար.
- դատական որոշումների պատշաճ կատարման համար ներպետական իրավական պաշտպանության միջոցների արդյունավետության բարձրացում.
- պետական մարմինների նկատմամբ հարկադիր կատարումը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում.
- որոշումների չկատարման համար քաղծառայողների արդյունավետ պատասխանատվության ապահովում:
Հատուկ ուշադրություն է դարձված վճիռների ի կատար ածման ներկա մեխանիզմների հետևողականության ապահովման հնարավոր ուղիներին` Գանձապետարանին և հարկադիր կատարողներին թույլ տալով գործել փոխլրացման ձևով իրենց իրավասությունների համապատասխան ոլորտներում և համապատասխան դատական կարգով վերանայման հիման վրա: Շեշտը դրվում է նաև պետության դեմ դատավարությունը կանխելու հնարավոր ուղիների վրա, որոնք պետությանը թույլ կտան ժամանակին կատարել իրենց դրամական պարտավորությունները”:
41. 2004թ. մայիսի 12-ին ներպետական դատական պաշտպանության միջոցների բարելավման վերաբերյալ անդամ երկրներին ուղղված թիվ /2004/6 հանձնարարականում Նախարարների կոմիտեն, ի մասնավորի, առաջարկում է.
“/.../ Դատարանի վճիռներից հետո, որոնցում մատնանշված են ազգային օրենսդրության կամ պրակտիկայի կառուցվածքային կամ ընդհանուր թերություններ, անդամ երկրները վերանայում են ներպետական դատական պաշտպանության ներկա միջոցները և, հարմար առիթի դեպքում, ստեղծում են արդյունավետ միջոցներ, որպեսզի խուսափեն Դատարան բերվող կրկնվող հայցերից /.../:
42. Հանձնարարականի հավելվածում, ի մասնավորի, նշված է.
/.../ պիլոտային վճռին հաջորդող դատական պաշտպանության միջոցներ
13. Երբ կայացվում է վճիռ, որը մատնանշում է ազգային օրենսդրության մեջ կամ պրակտիկայում տեղ գտած կառուցվածքային կամ ընդհանուր բնույթի թերություններ /”պիլոտային գործ”/, և Դատարան ներկայացված մեծ թվով դիմումներ, որոնք վերաբերում են նույն խնդրին /”կրկնվող գործեր”/, դատավարության փուլում են կամ հավանական է ներկայացվեն, պատասխանող պետությունը պետք է ապահովի, որպեսզի հարմար առիթի դեպքում պոտենցիալ դիմողներն ունենան դատական պաշտպանության միջոցներ, որոնք նրանց թույլ կտան դիմել իրավասու ազգային մարմնի, և որը կարող է կիրառվել նաև ներկայիս հայցվորներին: Դատական պաշտպանության այդպիսի արագ ու արդյունավետ միջոցները նրանց հնարավորություն կընձեռեն Կոնվենցիայի համակարգի օժանդակ լինելու սկզբունքի համաձայն ազգային մակարդակում փոխհատուցում ստանալ:
14. Դատական պաշտպանության ներպետական միջոցի ներմուծումը զգալիորեն կնվազեցնի Դատարանի ծանրաբեռնվածությունը: Չնայած այն բանին, որ պիլոտային վճռի արագ իրականացումը կարևոր է կառուցվածքային խնդիրները լուծելու համար և, այդպիսով, նույն հարցով այլ դիմումների կանխարգելումը, կարող են լինել մարդիկ, ովքեր արդեն իսկ տուժել են դրանից մինչ լուծում գտնելը /.../:
16. Մասնավորապես, ի լրումն պիլոտային վճռի, որում գտնվել է կոնկրետ կառուցվածքային խնդիր, մեկ այլընտրանք կարող է լինել հատուկ մոտեցում որդեգրելը, որով շահագրգիռ պետությունը կարող է գնահատել իրավական պաշտպանության կոնկրետ միջոցի նպատակահարմարությունը կամ օրենսդրությամբ կամ դատական մեկնաբանությամբ գոյություն ունեցող միջոցի ընդլայնումը /.../:
18. Երբ պիլոտային գործից հետո ստեղծվում են իրավական պաշտպանության կոնկրետ միջոցներ, կառավարությունները պետք է անհապաղ տեղեկացնեն Դատարանին, որպեսզի հաջորդող կրկնվող հայցերը քննելիս այն կարողանա դրանք հաշվի առնել /.../:
Խորհրդարանական վեհաժողովը
43. Եվրադատարանի վճիռների կատարման վերաբերյալ 2006թ. հոկտեմբերի 2-ին ընդունված թիվ 1516 /2006/ հանձնարարականում Խորհրդարանական վեհաժողովը խորը մտահոգությամբ նշում է, որ մի շարք երկրներում շարունակվում են խոշոր կառուցվածքային թերություններ, որոնք առաջ են բերում Կոնվենցիայի խախտումների մեծ թվով կրկնվող մանրամասնություններ և լուրջ վտանգ են ներկայացնում խնդրո առարկա երկրներում օրենքի գերակայությանը: Վեհաժողովը կազմել է այդ թերությունների ցանկը, որտեղ ներառված են Ռուսաստանի Դաշնությունում դատակազմության և վարույթներում տեղ գտած խոշոր թերությունները, այդ թվում` պետության դեմ կայացված դատական որոշումների խրոնիկական չկատարումները /տես 10.2 կետը/: Վեհաժողովը հորդորել է խնդրո առարկա երկրներին, ներառյալ Ռուսաստանի Դաշնությանը, լուծել հանձնարարականում նշված հատուկ կարևորության հարցերը և այդ գործողությանը տալ քաղաքական գերակայություն:
44. Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի զեկույցում զեկուցողը` պրն. Էրիկ Յուրգենսը, կոչ է անում հրատապ լուծում տալ վերոնշյալ խնդիրներին, քանզի դրանցից Ռուսաստանում շատ մարդիկ են տուժում: Նա նաև զգուշացրել է, որ նմանօրինակ կլոնային բազմաթիվ հայցերի հոսքը դեպի Դատարան հնարավոր է սասանի Կոնվենցիայի մեխանիզմների արդյունավետությունը /...11020/: Զեկուցողը նշում է .
“58. Զեկուցողը ողջունում է Մոսկվայում իր հանդիպումների ընթացքում շատ ռուս պաշտոնյաների և կառույցների անկեղծ ու բաց դիրքորոշումը, ինչպես նաև նրանց հստակ ըմբռնումը, որ վերոնշյալ խնդիրները վտանգում են Ռուսաստանի դատական համակարգի և, անշուշտ, որպես ամբողջականություն, պետության արդյունավետությունը: Հավանաբար խոսուն է այն հանգամանքը, որ հատկապես Սահմանադրական ու Գերագույն դատարանների նախագահները ցուցաբերեցին չափազանց կառուցողական մոտեցում, քանզի նրանք երկուսն էլ ընդունեցին խնդիրները և քաջալերեցին զեկուցողին իր ջանքերում` օգնել գտնելու դրանց լուծումները:
59. Իշխանությունները հավաստիացրել են, որ ամենակարևոր հիմնախնդիրները կուսումնասիրվեն որպես առաջնահերթ հարցեր, և կձեռնարկվեն համապատասխան քայլեր Եվրադատարանի վճիռներով պահանջվող բարեփոխումներն արագ կերպով ընդունելու նպատակով:
60. Ռուսաստանցի պաշտոնյաների հստակ ցանկությունը` կարգավորել վերոնշյալ կարևոր խնդիրները, չափազանց ողջունելի է: Զեկուցողը շեշտում է, որ այդ հարցերի բարդությունն այնպիսին է, որ դրա համար պահանջվում են Ռուսաստանի իրավական համակարգի բոլոր դերակատարների համաձայնեցված ջանքերը:
61. Այնուամենայնիվ, դեռևս պետք է ստեղծվի բարեփոխումների համակողմանի ռազմավարություն: Նկատի ունենալով վճիռներում բարձրացված ներկա խնդիրները, ինչպես նաև հետագայում կայացվելիք վճիռները, զեկուցողն իշխանություններին առաջարկել է Ստրասբուրգի դատարանի վճիռների կատարման նպատակով ստեղծել միջգերատեսչական համագործակցության հատուկ մեխանիզմ: Իրականացման գործընթացում կարևոր է նաև խորհրդարանի և Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության մշտական մասնակցությունը: Զեկուցողը համոզված է, որ ռուսաստանցի իր գործընկերները լրջորեն կքննարկեն Եվրադատարանի վճիռների կատարման կոնկրետ մեխանիզմ և խորհրդարանական վերահսկողության ընթացակարգ ստեղծելու վերաբերյալ իր առաջարկությունը, ինչպես նաև բանաձևի նախագծում արված այլ համապատասխան առաջարկություններ: Զեկուցողը նաև վստահում է, որ Վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության անդամները կնպաստեն ու մինչև վերջ կհասցնեն որոշ վճիռներով պահանջվող կոնկրետ միջոցների ընդունումը /մանրամասների համար տես III հավելվածը, մաս III /:
Բ. ՄԱԿ /Միավորված ազգերի կազմակերպություն/
45. 2008թ. մայիսի 19-ից 29-ը Ռուսաստան կատարած այցից հետո նախնական դիտարկումներում դատավորների և փաստաբանների անկախության գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող պրն. Լեանդրո Դեսպույը բարձրաձայնել է “կարևոր մտահոգություններ այն փաստի կապակցությամբ, որ դատական որոշումների կարևոր հատված, այդ թվում` կայացած պետական պաշտոնյաների նկատմամբ, չի կատարվել”: Նա հավելել է, որ “Ռուսաստանում դատական որոշումների իրականացման հետ կապված խնդիրները նպաստել են բնակչության շրջանում դատական իշխանության վատ իմիջին”:
ՕՐԵՆՔԸ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ենթադրյալ խախտումները
46. Դիմողը բողոքել է, որ իր օգտին կայացված վճիռների պարտադիր կատարման ձախողումն իշխանությունների կողմից խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված` դատարան դիմելու իր իրավունքը և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված` իր գույքից անարգել օգտվելու իրավունքը, որոնք այն մասով, որ վերաբերում են, ասում են հետևյալը.
Հոդված 6, կետ 1
“Յուրաքանչյուր ոք, երբ որոշված են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները..., դատարանի կողմից ունի ողջամիտ ժամկետում արդարացի ու հրապարակային դատաքննության իրավունք”:
Թիվ 1 Արձանագրության հոդված 1
“Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ` ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով և միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով...”:
Ա. Կողմերի փաստարկները
Կառավարությունը
47. Սկզբում կառավարությունն իր ներկայացրած դիտարկումներում վիճարկում էր, որ դիմողը չի սպառել դատական պաշտպանության ներպետական միջոցները: Այնուամենայնիվ, իր հետագա դիտարկումներում, ի պատասխան դիմողի ներկայացրած փաստարկների, կառավարությունը չի պահպանել իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման վերաբերյալ իր առարկությունը:
48. Կառավարությունը նաև փաստարկել է, որ դիմողը չէր կարող այլևս պնդել, որ ինքը ենթադրյալ խախտումների զոհ է` վճռի կատարման ուշացումների պատճառով հասցված վնասը փոխհատուցվել էր լրացուցիչ ինդեքսավորման վերաբերյալ որոշումներով, որոնք կայացվել էին դատարանների կողմից` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով: Կառավարությունն իր փաստարկները հիմնավորել է` վկայակոչելով Դատարանի մի քանի որոշումներ / մասնավորապես` Նեմակինան ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 14217/04, 10 հուլիսի 2007թ. և Դերկաչն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 3352/05, 3 մայիսի 2007թ./:
49. Կառավարությունը վիճարկում էր, որ բողոքներն ակնհայտորեն անհիմն են` նրա կարծիքով իրավասու մարմինների կողմից անհրաժեշտ փաստաթղթերն ստանալու օրվանից մինչև դատական որոշումների իրական վճարման ժամկետը կազմել է տասներեք օրվանից մինչև ինն ամիս, որը Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո համարվում է ողջամիտ ժամկետ: Կառավարությունը դիմողին մեղադրում էր այն բանում, որ նա անընդհատ հետ էր վերցնում 2003թ. ապրիլի 17-ի վճռին վերաբերող կատարման հրամանը և այն հերթով ուղարկում էր տարբեր մարմինների: 2003թ. դեկտեմբերի 4-ի վճիռն ի կատար ածվեց միայն 2006թ. մարտի 9-ին այն ուղղելուց հետո վեց ամիս անց: Ի վերջո, 2006թ. մարտի 24-ի վճիռն ի կատար ածվեց երկու փուլով` 2006թ. նոյեմբերի 2-ին հիմնական մասով և 2007թ. օգոստոսի 17-ին` մնացածը, այսինքն` մասնակի կատարումից հետո ինն ամիս անց:
50. Վերջինն այն էր, որ կառավարությունը վկայակոչում էր այս գործի հարկադիր կատարման բարդությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա էին մի քանի վճիռներ: Այն նաև ընդգծում էր օբյեկտիվ հանգամանքները, զորօրինակ` դաշնային բազմաստիճան բյուջետային համակարգը և օրենսդրական փոփոխությունները, որոնց պատճառով ձգձգվել էր կատարումը, որի համար կառավարությունը պատասխանատու չէր:
Դիմողը
51. Դիմողը փաստարկում էր, որ ինքը բողոքարկել է պետական տարբեր մարմիններում, այդ թվում` Ֆինանսների նախարարությունում, Դաշնային գանձապետարանում, դատախազությունում և հարկադիր կատարողների մոտ անկանոն վճարումների և իր օգտին կայացրած վճիռների ուշացումների համար: Նրա կարծիքով` պետական մարմիններն այս առումով ջանասիրություն են ցուցաբերել, սակայն անհրաժեշտ գործողություններ չեն ձեռնարկել: Նա կարծում էր, որ 2007թ. մայիսի 22-ի վճռի կատարման զարմանալիորեն կարճ ուշացումները ենթադրաբար Դատարանի որոշման արդյունքն էին` կառավարությանը փոխանցել իր դիմումը:
52. Ինչ վերաբերում է մնացած երեք վճիռներին, դիմողը համաձայն չէր կառավարության`ուշացումների հաշվարկի հետ: Նա վիճարկում էր, որ 2003թ. ապրիլի 17-ի վճռի կատարման ընդհանուր առմամբ 31-օրյա ուշացումը մեղսագրվել էր զանազան մարմինների` 2003թ. դեկտեմբերի 4-ի կատարման հրամանը 21 ամիս մնացել էր Շախտի քաղաքի Աշխատանքի և սոցիալական զարգացման վարչությունում առանց որևէ միջոց ձեռնարկելու, իսկ հետո վերջինս դիմել էր դատարան` մաթեմատիկական սխալն ուղղելու համար: 2006թ. մարտի 24-ի վճիռն ի կատար չէր ածվել, այլ միայն մասամբ, մինչև 2007թ. օգոստոս ամիսը: Դիմողը եզրակացրել էր, որ ինքը տուժել է, քանզի խախտվել էին Կոնվենցիայի 6-րդ հոդվածը և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
Բ. Դատարանի գնահատականը
Ընդունելիությունը
53. Դատարանը նշում է, որ կառավարությունը հստակ կերպով հանել է իր առարկությունը դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցներն սպառելու վերաբերյալ և այդ հարցը չի քննելու:
54. Ինչ վերաբերում է դիմողի` տուժողի կարգավիճակին, Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով “Դատարանը կարող է դիմումներ ստանալ ցանկացած մարդուց.... ով հայտարարում է, որ ինքը Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների` Բարձր պայմանավորվող կողմերից մեկի կողմից խախտման զոհն է ...”:
55. Առաջինն ազգային իշխանություններն են, որ պատասխանատու են Կոնվենցիայի ենթադրյալ խախտումները վերականգնելու համար: Այդ առումով այն հարցը, թե արդյոք դիմողը կարող է հայտարարել, որ ինքը ենթադրյալ խախտումից տուժել է, էական է Կոնվենցիայով նախատեսված դատավարությունների բոլոր փուլերում:
56. Դատարանը կրկնում է, որ դիմողի օգտին կայացրած որոշում կամ միջոց, զորօրինակ` լուրջ ուշացումներից հետո վճռի կատարումը, սկզբունքորեն բավարար չէ նրան “տուժողի” կարգավիճակից զրկելու համար, մինչև որ ազգային իշխանությունները հստակ կերպով կամ ըստ էության չընդունեն, ապա փոխհատուցեն Կոնվենցիայի խախտումը /տես Պետրուշկոն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 36494/02, կետ 14-16, 24 փետրվարի 2005թ., հետագա վկայակոչումներով/: Այդպես տրված փոխհատուցումը պետք է լինի պատշաճ ու բավարար, որը չկատարելու դեպքում կողմերից մեկը կարող է շարունակել հայտարարել, որ ինքը տուժել է խախտումից /տես Սկորդինոն ընդդեմ Իտալիայի գործը, թիվ 1, (GC), թիվ 36813/97, կետ 181, ECHR 2006-... և Կոկյարելլան ընդդեմ Իտալիայի, (GC), թիվ 64886/01, կետ 72, ECHR 2006-.../:
57. Կառավարությունը վիճարկում էր, որ ներպետական դատարանները դիմողին փոխհատուցում էին տվել նրա օգտին կայացրած վճիռների կատարումն ուշացնելու համար` ինդեքսավորելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված նախնական որոշումները: Դիմողն այս փաստը չէր վիճարկել, սակայն պնդում էր, որ ինքը շարունակում է պահպանել տուժողի կարգավիճակը: Հետևաբար, Դատարանը պետք է քննի, արդյոք հատկացված գումարները հավասար են Կոնվենցիայի խախտման ընդունմանը և այդ առումով պատշաճ ու բավարար փոխհատուցում են:
58. Դատարանն առաջին կետի վերաբերյալ նշում է, որ կառավարության վկայակոչած որոշումները հստակ կերպով չեն ընդունում Կոնվենցիայի խախտումները: Այն փոխհատուցում էր տվել մի օբյեկտիվ փաստի հիման վրա, այն է` որոշակի ժամանակ էր անցել սկսած այն պահից, երբ գումարները պետք է վճարվեին մինչև այն պահը, երբ դրանք վճարվել էին: Այդպիսով, հարց կծագեր` արդյոք այդ որոշումներով ընդունվել են ըստ էության խախտումները: Այնուամենայնիվ, Դատարանը նպատակահարմար չի գտնում որոշում ընդունել այս հարցի վերաբերյալ` հաշի առնելով ստորև բերված իր եզրակացությունը` արդյոք տրված փոխհատուցումը պատշաճ է և բավարար:
59. Վերջին հարցի վերաբերյալ Դատարանը դիտարկում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը դատարաններին թույլ է տալիս ավելացնել այն գումարները, որոնք որոշվել էին գների պաշտոնական ցուցիչի համաձայն` այդպիսով փոխհատուցելով ազգային արժույթի անկումը: Այդ ձևով տրված փոխհատուցումը ծածկում էր միայն սղաճին առնչվող կորուստները, բայց ոչ դիմողի կրած հետագա վնասը` լինի դա նյութական կամ ոչ նյութական: Կառավարությունը հակառակ ոչ մի փաստարկ չէր բերել: Դատարանն արդեն իսկ քննել էր Ռուսաստանի վերաբերյալ այլ հայցեր և եզրակացրել, որ միայն սղաճային կորուստները, որքան էլ մատչելի ու արդյունավետ օրենքով և գործնականում, չէին կազմում Կոնվենցիայով պահանջվող պատշաճ ու բավարար փոխհատուցում /տես վերը նշված Մորոկոն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 20937/07, կետ 27, 12 հունիսի 2008թ./: Ինչ վերաբերում է կառավարության վկայակոչած ավելի վաղ ընդունված որոշումներին /տես վերը նշված 48 կետը/, Դատարանը վերահաստատում է, որ դրանք ընդունվել են այդ առանձին գործերի կոնկրետ հանգամանքներում /տես վերը նշված Մորոկոյի գործը, կետ 26/ և չպետք է մեկնաբանվեն որպես ընդհանուր սկզբունք սահմանող, որը կհակասի Դատարանի ներկայիս եզրակացությանը:
60. Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ ենթադրյալ խախտումների համար դիմողին չի տրվել պատշաճ ու բավարար փոխհատուցում, և նա կարող է հայտարարել, որ ինքը Կոնվենցիայի 34-րդ հոդվածով տուժող է, և, այդպիսով, կառավարության առարկությունը պետք է հանվի:
61. Ինչ վերաբերում է կողմերի ներկայացրած մնացած փաստարկներին, Դատարանը նշում է, որ դրանք լուրջ հարցեր են բարձրացնում, որոնք պահանջում են գործի ըստ էության քննություն: Համապատասխանաբար, Դատարանը կարծում է, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստի հիման վրա ակնհայտ անհիմն չէ և անընդունելի չէ որևէ այլ հիմքերով, հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Գործի էությունը
62. Կողմերը չեն վիճարկում, որ ներկա գործով ընդունված հինգ վճիռներն ամբողջովին կատարվել են, սակայն` որոշակի ուշացումներով: Միակ հարցը, որը պետք է որոշվեր Դատարանի կողմից, հետևյալն է` արդյոք այդ ուշացումներով խախտվել է Կոնվենցիան:
63. Կողմերն այդ հարցի վերաբերյալ տարաձայնություններ ունեին, համենայն դեպս հինգից երեք վճիռների առումով` կառավարությունը կարծում էր, որ ուշացումները կազմել են մինչև տասն ամիս և չէին հակասում Կոնվենցիային: Դիմողը կարծում էր, որ ուշացումները շատ ավելի երկար են եղել, ուստի առկա է Կոնվենցիայի խախտում:
64. Հաշվի առնելով միմյանցից տարբերվող դիրքորոշումները` Դատարանը կարծում է, որ պետք է վերհիշել ու հստակեցնել նախադեպային իրավունքով սահմանված հիմնական սկզբունքները, որոնցով պետք է ուղղորդվել Կոնվենցիայի ներքո համապատասխան հարցերի ուսումնասիրման ժամանակ:
ա. Ընդհանուր սկզբունքները
65. 6-րդ հոդվածով պաշտպանվող` դատարան դիմելու իրավունքը պատրանքային կլինի, եթե պայմանավորվող երկրի ներպետական իրավական համակարգը թույլ տա, որպեսզի վերջնական և պարտադիր դատական որոշումը չգործի ի վնաս մեկ կողմի: Որևէ դատարանի կայացրած վճռի կատարում պետք է 6-րդ հոդվածի նպատակների համար դիտարկվի որպես դատավարության բաղկացուցիչ մաս /տես Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործը, 19 մարտի 1997թ., կետ 40, Հաշվետվություն վճիռների և որոշումների մասին, 1997-II/:
66. Պարտադիր վճռի կատարման չհիմնավորված ուշացումը կարող է խախտել Կոնվենցիան /տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 59498/00, ECHR 2002-III/: Այդ ուշացման հիմնավորվածությունը պետք է որոշվի` հաշվի առնելով, ի մասնավորի, հարկադիր կատարման բարդությունը, դիմողի և իրավասու մարմինների վարքագիծը և դատարանի կողմից նշանակված գումարի չափն ու բնույթը /տես Ռեյլյանն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 22000/03, կետ 31, 15 փետրվարի 2007թ./:
67. Չնայած այն բանին, որ Դատարանը պատշաճ ուշադրությամբ է վերաբերվում դատական կարգով հարկադիր կատարման համար օրենքով սահմանված ներպետական ժամկետներին` դրանք չպահպանելը ինքնաբերաբար չի դառնում Կոնվենցիայի խախտում: Հատուկ հանգամանքներում կատարված որոշ ուշացումներ կարելի է արդարացնել, սակայն դրանք որևէ դեպքում չեն կարող լինել այնպիսին, որ վնասեն 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված իրավունքի էությունը /տես վերը նշված Բուրդովի գործը, կետ 35/: Օր.` Դատարանը քննել է Ռուսաստանին վերաբերող վերջերս տեղի ունեցած մի դեպք` իշխանությունների կողմից վճիռն ի կատար ածելու ընդհանուր առմամբ ինն ամսվա ուշացումն առաջին հայացքից ըստ Կոնվենցիայի անհիմն չէ /տես վերը նշված Մորոկոյի գործը, կետ 43/: Սակայն այդ ենթադրությունը չի կարող ակնհայտ դարձնել վերոնշյալ չափանիշների լույսի ներքո գնահատման անհրաժեշտությունը /տես վերը նշված 66 կետը/ և հաշվի առնել այլ համապատասխան հանգամանքներ /տես վերը նշված Մորոկոյի գործը, 44-45 կետեր /:
68. Պետության դեմ ընդունված վճիռ ստացած անձը չի կարող հասնել առանձին հարկադիր կատարման /տես Մետաքսուսն ընդդեմ Հունաստանի, թիվ 8415/02, կետ 19, 27 մայիսի 2004թ./: Նման դեպքերում պատասխանող պետական մարմինը պետք է պատշաճ կերպով ծանուցվի վճռի մասին ու, այդպիսով, կարողանա ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրանք կատարի կամ փոխանցի դրա կատարման համար պատասխանատու պետական այլ իրավասու մարմնի: Սա, ի մասնավորի, էական է այն իրավիճակում, երբ, նկատի ունենալով կատարման ու հարկադիր կատարման բարդությունը և հնարավոր մասնակի համընկնումները, դիմողը կարող է հիմնավոր կասկածներ ունենալ վճռի կատարման կամ հարկադիր կատարման համար պատասխանատու մարմնի վերաբերյալ /տես Ակաշևն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 30616/05, կետ 21, 12 հունիսի 2008թ./:
69. Դատական վեճի հաջողակ կողմից կարող է պահանջվել, որպեսզի նա որոշակի դատավարական քայլեր ձեռնարկի վճռի պարտքը վերականգնելու համար` լինի դա պետության կողմից վճիռը կամավոր կերպով կատարելու, թե դրա հարկադիր կատարման ժամանակ /տես Շվեդովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 69306/01, կետ 29-37, 20 հոկտեմբերի 2005 թ./:
70. Հարկադիր կատարման կամ պետական բյուջետային համակարգի բարդությունը չի կարող պետությանն ազատել Կոնվենցիայով նախատեսված` յուրաքանչյուրի համար ողջամիտ ժամկետում պարտադիր և հարկադիր դատական որոշման երաշխավորման իր պարտավորությունից: Ոչ էլ պետական մարմնի համար բաց է վկայակոչել ֆինանսների կամ այլ միջոցների բացակայությունը, ինչպես, օր.` բնակֆոնդը, որպես վճռի պարտքը չհարգելու արդարացում /տես Բուրդովի գործը, կետ 35 և Կուկալոն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 63995/00, կետ 49, 3 նոյեմբերի 2005թ./: Պայմանավորվող երկրներն իրենց իրավական համակարգերն այնպես պետք է կազմակերպեն, որպեսզի իրավասու մարմիններն այդ առումով կարողանան կատարել իրենց պարտավորությունները /տես Ս.Ա. Կոմինգերսոլն ընդդեմ Պորտուգալիայի գործը համապատասխան փոփոխություններով, (GC), թիվ 35382/97, կետ 24, ECHR 2000-IV և Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի գործը, (GC), թիվ 30979/96, կետ 45, ECHR 2000-VII/:
բ. Ներկա գործով սույն սկզբունքների կիրառումը
71. Վերը նշված սկզբունքների հիման վրա Դատարանը քննարկելու է սույն գործին առնչվող հինգ վճիռների կատարման ուշացումները:
1. 2003թ. ապրիլի 17-ի վճիռը
72. Շախտիի քաղաքային դատարանի 2003թ. ապրիլի 17-ի վճիռը պարտադիր և հարկադիր կատարման ենթակա դարձավ 2003թ. հուլիսի 9-ին, իսկ պատասխանող մարմինն այդ օրվա դրությամբ դիմողին որոշված գումարը վճարելու իր պարտավորության մասին տեղյակ էր կամ պետք է տեղյակ լիներ: Այն հանգամանքը, որ դիմողը միայն մեկ ամիս անց է ներկայացրել կատարման հրամանը, վճիռը կատարող մարմնի պարտավորության սկզբի վրա չի ազդում: Անշուշտ, չէր կարելի ակնկալել, որ նա կարող էր սկսել հարկադիր կատարման կամ այլ նմանատիպ ընթացակարգեր /տես վերը նշված 68 կետը/: Այդ օրվանից սկսած պատասխանող կողմը պարտավորություն ուներ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` կամ ինքը կամ էլ համագործակցելով դաշնային և/կամ տեղական մարմինների հետ, որպեսզի պետության պարտքը հարգելու հարցում ապահովեր անհրաժեշտ ֆինանսների առկայությունը: Պատասխանող մարմինն իր տրամադրության տակ ուներ անհրաժեշտ բոլոր տարրերը, զորօրինակ` դիմողի հասցեն և բանկային տվյալները, որպեսզի ցանկացած պահի սկսեր վճարումը:
73.Վճիռը կատարելու համար իշխանությունների վերցրած ժամանակը պետք է հաշվարկվի այն պահից սկսած, երբ այն դարձավ վերջնական ու հարկադիր կատարման ենթակա, այսինքն` 2003թ. հուլիսի 9–ին, մինչև այն պահը, երբ դատական որոշումը տրվեց դիմողին, այսինքն`2005թ. օգոստոսի 19-ին: Այսպիսով, 2003թ. ապրիլի 17-ին կայացրած վճիռը կատարելու համար պահանջվել է երկու տարի և մեկ ամիս:
74. Դատական որոշման վճարման այսպիսի երկար ուշացումն անհամատեղելի է Կոնվենցիայի վերոնշյալ պահանջների հետ, և Դատարանը գտնում է, որ դա արդարացնելու որևէ հանգամանք չկա:
75. Ի մասնավորի, նշված է, որ հարկադիր կատարումն իրենից որևէ բարդություն չէր ներկայացնում` վճռով պահանջվում էր գումար վճարել: Դիմողը հարկադիր կատարմանը չէր խոչընդոտել, ոչ էլ նրան կարելի էր մեղադրել ավելի քան ինն ամիս վճիռը կամավոր կերպով պատասխանողի կողմից կատարմանն իզուր սպասելուց հետո հարկադիր կատարողներից և Դաշնային գանձապետարանից օգնություն ստանալու փորձի համար: Մյուս կողմից, Դատարանը նշում է, որ կատարման հրամանը երկար ժամանակ մնացել էր տարբեր մարմինների մոտ, մասնավորապես, ինն ամիս` պատասխանող վարչությունում, չորս ամիս` հարկադիր կատարողների մոտ, տասնմեկ ամիս` Դաշնային գանձապետարանում: Սույն անգործության համար Դատարանը որևէ արդարացում չի գտնում: Կառավարության վկայակոչած բազմաստիճան բյուջետային համակարգի բարդությունը չի կարող արդարացնել վերը նշված ժամանակահատվածում իշխանությունների և նրանց անգործության միջև համապատասխան համակարգման բացակայությունը:
76. Վերը նշված տարրերը բավարար են Դատարանի համար, որպեսզի այն եզրակացնի, որ պետությունը չի կարողացել ողջամիտ ժամկետում կատարել 2003թ. ապրիլի 17-ի վճիռը:
2. 2003թ. դեկտեմբերի 4-ի վճիռը
77. 2003թ. դեկտեմբերի 4-ի վճիռը վերջնական դարձավ 2003թ. դեկտեմբերի 15-ին և կատարվեց 2006թ. հոկտեմբերի 18-ին: Վճիռը կատարելու համար իշխանությունների վերցրած ժամանակը կազմել է երկու տարի տասն ամիս: Ինչպես մատնանշել է կառավարությունը, ճիշտ է, որ դատարանը երկու անգամ այս վճիռը փոխել է: Առաջին ուղղումը տեղի է ունեցել 2005թ. նոյեմբերի 14-ին նախապես որոշված գումարը 155 ռուբլիով /4 եվրոյով/` պակասեցնելու վերաբերյալ պատասխանող մարմնի պահանջով: Այնուամենայնիվ, այդ ուղղման անհրաժեշտությամբ կարող է բացատրվել միայն ընդհանուր ուշացումների մի չնչին մասը, եթե այդպիսիք կան: Իսկ կառավարությունը ոչ մի բացատրություն չի տվել 2003թ. դեկտեմբերի 15-ի և 2005թ. նոյեմբերի 14-ի միջև ընկած մոտ երկու տարի ժամկետի համար: Կառավարությունը ոչ էլ տեղյակ էր պահել Դատարանին այդ ժամանակահատվածում վճիռը կատարելու վերաբերյալ պատասխանող մարմնի ձեռնարկած միջոցների մասին: Անգամ եթե ընդունենք, որ այդ մարմինն ավելի ուշ ջանասիրություն է ցուցաբերել, այդ ուշացումը բավարար է Դատարանի համար, որպեսզի այն գտնի, որ տեղի է ունեցել իրավունքի խախտում, երբ վճիռը կատարվել է ոչ ողջամիտ ժամկետում:
2006թ. մարտի 24-ի վճիռը
78. Դատարանը գտնում է, որ 2006թ. մարտի 24-ի վճիռը, որը պարտադիր դարձավ 2006թ. մայիսի 22-ին, վիճարկման ենթակա չէ: Այն մասամբ կատարվել է 2006թ. նոյեմբերի 2-ին: Կողմերը նաև համաձայնվեցին, որ վճիռն ամբողջապես կատարվել է 2007թ. օգոստոսի 17-ին:
79. Թեպետ նշվում է, որ իշխանությունները հարաբերական ջանասիրությամբ են գործել որոշումներով կայացված գումարները վճարելու հարցում, որոնց մեծ մասն իրականություն է դարձել վեց ամսվա ընթացքում, Դատարանը գտնում է, որ պարտադիր և հարկադիր կատարման ենթակա վճիռն ամբողջությամբ կատարելու համար 6-րդ հոդվածով պարտավորություն է սահմանված: Այդպիսով, Դատարանը նաև գնահատելու է մինչև ամբողջական կատարում ամբողջ ժամանակահատվածի ողջամիտ լինելը: Այսպիսով, իշխանությունների վերցրած ժամանակը վճիռն ամբողջությամբ կատարելու համար կազմել է մեկ տարի և համարյա երեք ամիս:
80. Ինչպես հայտնի դարձավ կառավարության փաստարկներից և Շախտիի դատախազի տեղակալի` 2007թ. ապրիլի 29-ով թվագրված նամակից, որը ներկայացրել էր դիմողը, վճռի ամբողջական կատարումը հնարավոր չէր եղել դաշնային մակարդակով համապատասխան ենթաօրենսդրական ակտերի կամ ընթացակարգերի պատճառով: Իրոք, Շախտիի քաղաքային դատարանի որոշած ավելացումները դիմողին չէին վճարվել մինչև դրա վերաբերյալ Ֆինանսների նախարարության ընդունած հատուկ ընթացակարգը /տես վերը նշված 19 կետը/:
81. Այդուհանդերձ, Դատարանը կառավարության ներկայացրած փաստարկներում որևէ հիմնավորում չի գտել, որը կարդարացներ Ֆինանսների նախարարության կողմից նոր ընթացակարգի ընդունման մեկամյա ուշացումը: Դատարանը չի կարող ուշացումը վերագրել կառավարության վկայակոչած օբյեկտիվ դժվարություններին`հարցը գտնվել է միայն կառավարության վերահսկողության ներքո: Ամեն դեպքում դաշնային մակարդակում ընդհանուր ենթաօրենսդրական ակտերի կամ ընթացակարգերի բացակայությունը չի կարող ինքնին արդարացնել պարտադիր և հարկադիր կատարման ենթակա վճռի իրականացման ձգձգումը: Դատարանի կարծիքով` դատարան դիմելու իրավունքը արդյունավետ չէ, եթե հատուկ դեպքում պարտադիր և հարկադիր կատարման ենթակա վճռի իրականացումը կախված է խնդրո առարկա ոլորտում վարչակազմի ընդունած ընդհանուր ընթացակարգերից կամ ենթաօրենսդրական ակտերից:
82. Եվ, վերջապես, ինչ վերաբերում է որոշման բնույթին, կառավարությունը վիճարկում է, որ խնդրո առարկա նպաստները դիմողի միակ եկամուտը չէին և, այդպիսով, պակաս կարևոր են: Դատարանը չի կարող համաձայնվել այս փաստարկի հետ` հաշվի առնելով առնվազն այդ որոշումներից մի քանիսը, որոնք վերաբերում էին առողջությանը հասցված փոխհատուցման զգալի գումարների: Այդ վնասը դիմողը կրել էր Չեռնոբիլի միջուկային աղետի վայրում, որը նրան ամբողջ կյանքում հաշմանդամ էր դարձրել: Ըստ ՄԻԵԴ-ի` այդօրինակ որոշումները որևէ կերպ չեն կարող որակավորվել որպես մարգինալ կամ իրենց բնույթով աննշան:
83. Նկատի ունենալով այդ հանգամանքները` Դատարանը եզրակացնում է, որ ելիշխանությունները մեկ տարի երեք ամսում չեն կարողացան ամբողջապես կատարել 2006թ. մարտի 24-ի վճիռը: Նրանք նաև խախտել են դատարան դիմելու` դիմողի իրավունքը:
4. 2007թ. մայիսի 22-ի և 2007թ. օգոստոսի 21-ի վճիռները
84. Դատարանը նշում է, որ Շախտիի քաղաքային դատարանի` 2007թ. մայիսի 22-ի և 2007թ. օգոստոսի 21-ի վճիռները վերջնական են դարձել համապատասխանաբար 2007թ. հունիսի 4-ին և 2007թ. սեպտեմբերի 3-ին: Դրանք կատարվել են համապատասխանաբար 2007թ. դեկտեմբերի 5-ին և 2007թ. դեկտեմբերի 3-ին: Վճիռների կատարման համար իշխանությունների ունեցած ժամանակը կազմել է համապատասխանաբար վեց և երեք ամիս:
85. Դիմողը վկայակոչում էր որոշ սկզբնական դժվարություններ, որոնք կապ ունեին նախկին վճռի կատարումն ստանալու հետ և արագորեն լուծվել էին այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ին ուղղված իր դիմումը փոխանցվել էր կառավարությանը: Ինչ էլ որ լինի, ՄԻԵԴ-ը բավարարված է, որ վեց և երեք ամիս ժամկետները, որոնք պահանջվել էին իշխանություններից այդ վճիռները կատարելու համար, ինքնին ոչ ողջամիտ չեն: Ավելին, ՄԻԵԴ-ը որևէ կոնկրետ հանգամանք չի գտել, որը ցույց կտար, որ այդ ուշացումները վնաս են հասցրել դատարան դիմելու` դիմողի իրավունքի էությանը:
5.Եզրակացություններ
86. Նկատի ունենալով վերոնշյալը` Դատարանը եզրակացնում է, որ ուշացնելով Շախտիի քաղաքային դատարանի 2003թ. ապրիլի 17-ի, 2003թ. դեկտեմբերի 4-ի և 2006թ. մարտի 24-ի վճիռները, իշխանությունները չեն կարողացել հարգել դիմողի` դատարան դիմելու իրավունքը: Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
87. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտադիր և հարկադիր կատարման ենթակա վճիռները դիմողի օգտին ստեղծել են վճարման հաստատված իրավունք, որը թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստի շրջանակում պետք է համարվի “տիրապետում” /տես Վասիլոպուլուն ընդդեմ Հունաստանի գործը, թիվ 47541/99, կետ 22, 21 մարտի 2002թ./, իշխանությունների կողմից այդ վճիռների կատարման ձգձգումը նաև խախտել է դիմողի` իր սեփականության անարգել տիրապետման իրավունքը /տես վերը նշված Բուրդովի գործը, կետ 41/: Համապատասխանաբար, խախտվել է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
88. Նկատի ունենալով վերը նշված 84-85 կետերը` Դատարանը եզրակացնում է, որ 2007թ. մայիսի 22-ի և 2007թ. օգոստոսի 21-ի վճիռների կատարման առումով խախտվել են թիվ 1 Արձանագրության 1-ին և 6-րդ հոդվածները:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
89. Դիմողը չէր ենթադրում, որ չկան իր օգտին կայացված ներպետական վճիռների երկարաձգված չկատարման վերաբերյալ բողոքի իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցներ: Սակայն Դատարանը նշել է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների ենթադրյալ անարդյունավետությունն անընդհատ բողոքարկվում էր Եվրադատարանում այն գործերով, որոնք վերաբերում էին ներպետական վճիռների չկատարմանը կամ ձգձգված կատարմանը, ուստի այն այս գործով իր սեփական կամքով որոշեց այդ հարցը քննել 13-րդ հոդվածի հիման վրա և կողմերին խնդրեց ներկայացնել դիտարկումներ: 13-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը. “Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաաշտոնե գործող անձինք”:
Ա. Կողմերի փաստարկները
90. Դիմողը որևէ կոնկրետ փաստարկ չի ներկայացրել ներպետական իրավական պաշտպանության միջոցների և դրանց արդյունավետության գոյության մասին: Ավելի վաղ արված իր դիտարկումներում նա նշել էր, որ ինքն անհաջող կերպով իր գանգատները ներկայացրել է զանազան մարմինների, այդ թվում` Ֆինանսների նախարարություն, Դաշնային գանձապետարան, Դատախազություն և Հարկադիր կատարման ծառայություն:
91. Կառավարությունը վիճարկում էր, որ վճիռների չկատարման դեմ կան ներպետական իրավական պաշտպանության մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք դիմողը ներկա գործով չէր փորձարկել: Առաջինը` Սահմանադրությունը բոլորի համար երաշխավորում է դատական պաշտպանության և դատարաններում պետական իշխանության մարմինների գործողությունների կամ անգործության վիճարկման իրավունքը: 1993թ. ապրիլի 27-ի թիվ 4866-1 օրենքը և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ գլուխը թույլատրում են, որպեսզի նմանատիպ գործողությունները կամ անգործությունը դատարանները դատապարտեն` դրանով իսկ ճանապարհ հարթելով վնասները պահանջելու և վճռի կատարման ուշացման համար պատասխանատուների նկատմամբ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի հիման վրա քրեական վարույթ սկսելու համար: Ներկայացվել էր նախադեպային իրավունքի օրինակ` Չուվաշիայի Հանրապետության Չեբոքսարի քաղաքի Լենինյան շրջանի դատարանի 2007թ. հուլիսի 13-ի որոշմամբ ճանաչվել էր շրջանային գանձապետարանի անգործունության անօրինականությունը: Դատարանը կարգադրել էր, որպեսզի մեկ աշխատանքային օրվա ընթացքում վճարվի դատական որոշումը:
92. Երկրորդ` կառավարությունն ընդունել էր, որ Քաղաքացիական օրենսգրքի 59-րդ գլխում նախատեսված են վճռի կատարումն ուշացնելու դեպքում հասցված նյութական և ոչ նյութական վնասները պահանջելու հիմքերը: Գործնականում իրավական պաշտպանության այդ միջոցի արդյունավետությունն ապացուցվել է: Ներկայացվել կամ վկայակոչվել է ոչ նյութական վնասի փոխհատուցման նախադեպային իրավունքի չորս օրինակ` Թաթարստանի Կազան քաղաքի Նովոսավինովյան շրջանի դատարանի 2006թ. հոկտեմբերի 23-ի որոշումը Խակիմովների գործով, Կալմիկիայի Էլիստա քաղաքի դատարանի որոշումներն Ակուգինովայի և մյուսների գործով, որոնք կայացվել են առանց կոնկրետ ժամկետի, 2004թ. օգոստոսի 3-ի Աստրախանի Կիրովյան շրջանի դատարանի որոշումը Բուտկոյի գործով և 2008թ. մարտի 28-ի Բաշկորկոստանի Բելորեցկ քաղաքի դատարանի որոշումը Շուբինի գործով:
93. Երրորդ` կառավարությունը վկայակոչում էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը և Քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածը, որոնցով նախատեսված են դրամական վնասի փոխհատուցման հիմքերը: Առաջինը թույլ է տալիս ինդեքսավորել դատական որոշումները, և դրա կիրառությունը կախված չէ ուշացումների համար սխալի որոշումից: Ներկայացվել են դրա հաջողված կիրառության մի քանի օրինակներ: Վերջինը թույլ է տալիս պահանջել ժամկետանց վճարի տոկոսներ և լրացուցիչ դրամական վնասի փոխհատուցում, որը հասցվել է ձգձգված կատարման հետևանքով: Ներկայացվել է 2002 և 2006թթ. Գերագույն դատարանի կայացրած երկու որոշում, որոնցով որոշումը չկատարելու դեպքում կիրառվել է այս դրույթը:
94. Եվ, վերջապես, կառավարությունը փաստարկել էր, որ Գերագույն դատարանը նախապատրաստել է սահմանադրական օրենքի նախագիծ, որով չափազանց ձգձգված դատավարությունների և վճիռների ուշացած կատարումների դեմ ներկայացված է իրավական պաշտպանության ներպետական միջոց և այն շուտով պետք է քննարկվեր կառավարության կողմից:
95. Կառավարությունը եզրակացրել էր, որ ռուսական օրենքը նախատեսում է զանազան իրավական միջոցների մի ամբողջություն, որը պետք է քննարկվեր որպես այդպիսին, հստակ կերպով ձևակերպվեր ու գործնականում կիրառվեր 13-րդ հոդվածում պահանջվող կարգով:
Բ. Եվրադատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքները
96. Դատարանը հիշեցնում է, որ 13-րդ հոդվածում ուղղակի ձևակերպում կա պետությունների պարտականության մասին, որը նախատեսված է Կոնվենցիայի 1-ին հոդվածով, այն է` մարդու իրավունքները պաշտպանել առաջին հերթին իրենց սեփական իրավական համակարգում, ուստի այն պահանջում է, որպեսզի պետությունները նախատեսեն իրավական պաշտպանության ներպետական միջոց, որը գործ կունենա Կոնվենցիայի հիման վրա “ապացուցման ենթակա գանգատի” բովանդակության հետ և համապատասխան նպաստ կտրամադրի /տես Կուդլան ընդդեմ Լեհաստանի գործը, (GC), թիվ 30210/96, կետ 152, ECHR 2000-XI/:
97. Պայմանավորվող պետությունների պարտավորությունների շրջանակը, որը նախատեսված է 13-րդ հոդվածում, տարբեր է` կախված դիմողի բողոքի բնույթից: 13-րդ հոդվածի իմաստի շրջանակում իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը կախված չէ դիմողի համար բարենպաստ արդյունքի որոշակիությունից: Միաժամանակ, 13-րդ հոդվածով պահանջվող իրավական պաշտպանության միջոցը պետք է արդյունավետ լինի և գործնականում, և օրենքում, այն իմաստով, որ կամ կանխարգելում է ենթադրյալ խախտումը, կամ դրա շարունակությունը, կամ էլ համապատասխան փոխհատուցում է տրամադրում արդեն իսկ տեղի ունեցած խախտման համար: Անգամ եթե իրավական պաշտպանության մեկ միջոց ինքնին չի բավարարում 13-րդ հոդվածի պահանջները, ներպետական օրենքներով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների ամբողջությունը կարող է դա անել /տես վերը նշված Կուդլայի գործը, կետ 157-158 և Վասերմանն ընդդեմ Ռուսաստանի գործը, /թիվ 2/, թիվ 21071/05, կետ 45, 2008թ. ապրիլի 10/:
98. Կոնկրետ դատավարության տևողության վերաբերյալ գործերի դեպքում իրավական պաշտպանության միջոցը, որը նախատեսված է դատավարությունների արագացման համար, որպեսզի կանխի դրանց չափազանց երկար լինելը, դա ամենաարդյունավետ լուծումն է /տես Սկորդինոն ընդդեմ Իտալիայի գործը /թիվ 1 /, (GC), թիվ 36813/97, կետ 183, ECHR-2006-.../: Նմանապես դատական որոշումների չկատարմանը վերաբերող գործերում ցանկացած ներպետական միջոց, որով կանխվում է խախտումը` ժամանակին ապահովելով որոշման ի կատար ածումը, սկզբունքորեն մեծ արժեք է ներկայացնում: Այնուամենայնիվ, այնտեղ, որտեղ վճիռը կայացվում է հօգուտ անհատի և ընդդեմ պետության, առաջինն սկզբունքորեն չպետք է ստիպված լինի օգտվել այդպիսի միջոցներից /տես վերը նշված Մետաքսուսի գործը համապատասխան փոփոխություններով, կետ 19/: Նման վճիռը կատարելու ծանրությունը հիմնականում ընկնում է պետական իշխանության մարմինների վրա, որոնք պետք է օգտվեն ներպետական իրավական համակարգի առկա բոլոր միջոցներից, որպեսզի արագացնեն վճռի կատարումը` դրանով իսկ կանխարգելելով Կոնվենցիայի խախտումները /տես վերը նշված Ակաշևի գործը համապատասխան փոփոխություններով, կետ 21-22/:
99. Պետությունները կարող են նաև ընտրել միայն փոխհատուցման իրավական պաշտպանության միջոցի ներկայացումը` առանց այն բանի, որ այդ միջոցն անարդյունավետ կհամարվի: Եթե ներպետական իրավական համակարգում առկա է փոխհատուցման իրավական պաշտպանության այդպիսի միջոց, ՄԻԵԴ-ը պետությանը պետք է թողնի թույլատրելի հայեցողության առավել լայն շրջանակ, որով նրան թույլ կտա իրավական պաշտպանության միջոցը կազմակերպել իր սեփական իրավական համակարգին և ավանդույթներին համահունչ և խնդրո առարկա կենսամակարդակին ներդաշնակ: Այնուամենայնիվ, Դատարանից պահանջվում է ստուգել, թե արդյոք այն ձևը, որով մեկնաբանվում և կիրառվում է ներպետական օրենքը, առաջացնում է հետևանքներ, որոնք համահունչ են Կոնվենցիայի սկզբունքներին, ինչպես մեկնաբանված է Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո /տես վերը նշված Սկորդինոյի գործը, կետ 187-191/: Դատարանը դատավարությունների չափազանց երկար տևողության վերաբերյալ սահմանել է փոխհատուցման իրավական պաշտպանության միջոցի արդյունավետության ստուգման հիմնական չափանիշները: Այդ չափանիշները, որոնք նաև կիրառվում են վճիռների չկատարման դեպքերի նկատմամբ /տես վերը նշված Վասերմանի գործը, կետ 49 և 51/, հետևյալն են`
- փոխհատուցման հայցը պետք է լսվի ողջամիտ ժամկետում /տես վերը նշված Սկորդինոյի գործը, կետ 195, վերջում/.
- փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ և, ընդհանուր առմամբ, ոչ ուշ, քան փոխհատուցում տրամադրող որոշման` հարկադրաբար կիրառելի լինելուց հետո վեց ամսվա ընթացքում /նույն տեղում, կետ 198/.
- փոխհատուցման գործողությունը ղեկավարող ընթացակարգային կանոնները պետք է համապատասխանեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդարության սկզբունքին /նույն տեղում, կետ 200/.
- դատական ծախսերին վերաբերող կանոնները չպետք է չափազանց ծանր բեռ դնեն դատավիճող կողմերի վրա այն դեպքում, երբ նրանց գործողությունն արդարացված է /նույն տեղում, կետ 201/.
- փոխհատուցման աստիճանը չպետք է չհիմնավորված լինի` համեմատած նմանատիպ գործերում Դատարանի կողմից ընդունված որոշումների հետ /նույն տեղում, կետ 202-206 և 213/:
100. Այս վերջին չափանիշի վերաբերյալ Դատարանը նշել է, որ դրամական վնասի առումով ներպետական դատարանները, անկասկած, ավելի լավ վիճակում են` որոշելու համար առկայությունն ու գումարը: Ոչ դրամական վնասի դեպքում իրավիճակը տարբեր է: Կա մի հզոր, սակայն հերքելի կանխավարկած, որ չափազանց երկարատև դատավարությունները կդառնան ոչ դրամական վնասի պատճառ /տես վերը նշված Սկորդինոյի գործը, կետ 203-204 և վերը նշված Վասերմանի գործը, կետ 50/: Եվրադատարանը կարծում է, որ այս կանխավարկածը հատկապես հզոր է պետության դեմ կայացրած վճռի` իր կողմից կատարման ուշացման դեպքում` հաշվի առնելով այն անխուսափելի ձախողումը, որն առաջանում է պարտքը հարգելու պարտավորության` պետության կողմից անտեսման դեպքում և այն փաստը, որ հայցվորն արդեն իսկ անցել է դատավարությունների միջով ու հաջողության է հասել:
Սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
ա. Իրավական պաշտպանության կանխարգելիչ միջոցներ
101. Դատարանը հիշեցնում է, որ մի քանի գործերում գտել է, որ Ռուսաստանի իրավական համակարգում չկան իրավական պաշտպանության կանխարգելիչ միջոցներ, որոնք կարող էին արագացնել պետական իշխանության մարմնի դեմ կայացրած վճռի հարկադիր կատարումը /տես Լոսիցկին ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 24395/02, կետ 29-31, 14 դեկտեմբերի 2006թ. և Իսակովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 20745/04, կետ 21-22, 19 հունիսի 2008թ./: Ի մասնավորի, Դատարանը ենթադրել է, որ հարկադիր կատարողները լիազորություն չունեին պետությանն ստիպել, որպեսզի նա վճարի վճռով սահմանված պարտքը:
102. Դիմողների օգտին կայացրած վճիռների կատարման վրա հարկադիր կատարողների ազդելու անկարողությունը, թեկուզ գոնե առաջիններին օգնություն ցուցաբերելու համար, ցուցադրվել է նաև սույն գործով: 2004թ. ապրիլ և հունիս ամիսներին հարկադիր կատարողների կողմից ձեռնարկվել է 2003թ. ապրիլի 14-ի և դեկտեմբերի 4-ի վճիռների հարկադիր կատարումը: Արդարադատության նախարարության Ռոստովի շրջանային տնօրինությունը 2004թ. հուլիսի 12-ով թվագրված նամակով դիմողին տեղեկացրել է, որ հարկադիր կատարողները լիազորված չեն դրամական միջոցներ բռնագրավել պարտապան մարմնի անձնական հաշվից, թեպետ նրա հաշվարկային հաշվում, որից հարկադիր կատարողները կարող էին միջոցներ բռնագրավել, ոչինչ չկար:
103. Կառավարությունը հետագայում քննարկել էր, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխում նախատեսված իրավական պաշտպանության մեկ այլ միջոցով կարելի է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Սակայն Դատարանն արդեն իսկ գնահատել է դրա արդյունավետությունը և եզրակացրել, որ պարտապան մարմնի անգործության դեմ գանգատի արդյունքը կլինի դեկլարատիվ բնույթի վճիռ, որում կկրկնվի այն, ինչն ակնհայտ էր առաջին ատյանի դատարանի վճռից, այն է` պետությունը պետք է հարգի իր պարտքը /տես վերը նշված Մորոկոյի գործը, կետ 25/: Ինչ վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության գործողություն կարգադրելու` դատարանների իրավասությանը, այս նոր վճիռը դիմողին չէր մոտեցնելու իր նպատակին, այն է` դատական որոշման փաստացի վճարմանը /տես Յասիունիեն ընդդեմ Լիտվայի գործը, թիվ 41510/98, 24 հոկտեմբերի 2000թ. և Պլոտնիկովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 43883/02, կետ 16, 24 փետրվարի 2005թ./: Այն հանգամանքը, որ սույն դրույթի միակ օրինակը, որը ներկայացվել է Դատարան /տես վերոբերյալ 91-րդ կետը/, ապացուցում է, որ կառավարությունը չի կոնկրետացրել` արդյոք պատասխանող մարմինն արդյունավետ կերպով կատարել էր մեկ աշխատանքային օրվա ընթացքում դատական որոշումը վճարելու` ներպետական դատարանի կարգադրությունը: Ուստի Դատարանը կարծում է, որ իրավական պաշտպանության այս միջոցը թույլ չի տալիս կանխարգելել խախտումը` հաշվի առնելով պետության դեմ կայացված վճռի չկատարումը:
104. Ինչ վերաբերում է կառավարության կողմից նշված` Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածին և դրանով նախատեսված պատժամիջոցների լայն շրջանակին, Դատարանը չի բացառում, որ այդօրինակ հարկադրանքը կարող է փոխել նրանց վերաբերմունքը, ովքեր անընդունելի կերպով ուշացնում են վճիռների կատարումը: Այնուամենայնիվ, Եվրադատարանը գործնականում չի տեսել դրա արդյունավետության որևէ ապացույց: Ընդհակառակը, այս դրույթը որևէ գործածություն չի ունեցել, չնայած դիմողը շարունակաբար բողոքներ է հղել իրավասու մարմիններին, այդ թվում` դատախազներին /տես վերը նշված 80-րդ կետը/: Այս հանգամանքներում Դատարանը չի կարծում, որ այդ դրույթն արդյունավետ է և տեսականորեն, և գործնականում, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
բ. Ներգործության միջոցները
1. Դրամական վնաս
105. Դատարանը մի քանի առիթներով քննարկել է նաև ներգործության որոշ միջոցների արդյւնավետությունը, որոնց վրա հենվում է կառավարությունը:
106. Ինչ վերաբերում է վճռի հարկադիր կատարման ուշացումների հետևանքով առաջացած դրամական վնասի փոխհատուցմանը, կառավարությունը վկայակոչում էր Քաղաքացիական օրենսգրքի 395-րդ հոդվածի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի առաջարկած հնարավորությունները: Ինչ վերաբերում է առաջինին, ապա Դատարանին իրավական պաշտպանության այդ միջոցի արդյունավետությունը ցուցադրող քիչ ապացույցներ են ներկայացվել: Կառավարության վկայակոչած երկու վճիռները հեռու են լայնածավալ և հետևողական նախադեպային իրավունքի գոյությունը ցուցադրելուց: Ընդհակառակը, նշված երկու դեպքերից մեկում ստորին ատյանի դատարանները երեք անգամ մերժել են 395-րդ հոդվածի հիման վրա ներկայացված հայցը փոխհատուցման վերաբերյալ այն հիմքերով, որ պարտատերը չէր ապացուցել, որ պարտապան ինստիտուտը չվճարված գումարն օգտագործել էր իր համար և, այդպիսով, պատասխանատու էր այդ դրույթի համաձայն: Սրա հետ կապված Դատարանը վկայակոչում է իր եզրակացությունը` իրավական պաշտպանության միջոցը, որի գործածությունը կախված է պարտապանի սխալից, անիրագործելի է պետության կողմից վճիռների չկատարման դեպքում /տես վերը նշված Մորոկոյի գործը, կետ 29 և ստորև բերվող 111-113 կետերը/:
107. Ինչ վերաբերում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված իրավական պաշտպանության միջոցին, որը թույլ է տալիս ինդեքսավորել դրամական որոշումները, ապա իրավիճակը տարբեր է: Դատարանը նշում է, որ դիմողի նման անհատներին Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի հիման վրա սղաճի պատճառով կորուստների դեպքում հաճախ տրվել են փոխհատուցումներ: Հատուկ կարևորություն ունի այն փաստը, որն ընդգծվել է կառավարության կողմից և բացատրվել կոնկրետ օրինակներով, որ այդ փոխհատուցումը հաշվարկվել ու տրվել է ուղիղ ընթացակարգով` չպահանջելով, որպեսզի դիմողն ապացույցներով ներկայացնի իշխանությունների սխալը կամ անօրինական գործողությունը: Այնուհետև Դատարանը նշում է, որ այդ փոխհատուցումը հաշվարկված է մանրածախ գների պաշտոնական և օբյեկտիվ ցուցիչի հիման վրա, որը փաստացի արտացոլում է ազգային արժույթի արժեզրկումը /համեմատել Ակկուշն ընդդեմ Թուրքիայի գործը, 9 հուլիսի 1997թ., կետ 30-31, Հաշվետվություններ 1997-IV և Ական ընդդեմ Թուրքիայի գործը, 23 սեպտեմբերի 1998թ., կետ 48-51, Հաշվետվություններ 1998-VI /: Իրավական պաշտպանության այս միջոցն ունակ է համարժեք կերպով փոխհատուցել սղաճի հետևանքով առաջացած կորուստները: Այն, որ դիմողը բազմաթիվ առիթներով ստացել էր այդպիսի փոխհատուցում, նույնպես միտում ունի հաստատելու, որ այդ դրույթը դատարանների կողմից կիրառվում է վճիռները չկատարելու դեպքում:
108. Մյուս կողմից, այդպիսի փոխհատուցման վերաբերյալ որոշումների վճարումը ներկա գործով ուշացվել է, դրանով իսկ սասանելով գործնականում իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը: Դատարանն ընդունում է, որ վճարումը կատարելու համար իշխանություններին ժամանակ է պետք: Այնուամենայնիվ, Դատարանը հիշեցնում է, որ ժամկետը չպետք է գերազանցի վեց ամիս այն օրվանից, երբ փոխհատուցում տալու մասին որոշումը դառնում է հարկադիր կատարման ենթակա /տես վերը նշված Սկորդինոյի գործը, կետ 198/: Հաշվի անելով իր տրամադրության տակ եղած ամբողջ նյութը` ՄԻԵԴ-ը համոզված չէ, որ այդ պահանջը /Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի հիման վրա ներպետական դատարանների կողմից որոշված փոխհատուցման վճարումը/ պարբերաբար բավարարվում է: Այդուհանդերձ, անգամ եթե ընդունենք, որ այդ փոխհատուցումն արագորեն վճարելու պահանջը բավարարվում է, իրավական պաշտպանության այդ միջոցը բավարար փոխհատուցում չէ, քանզի այն կարող է փոխհատուցել միայն այն վնասը, որն առաջանում է դրամի արժեզրկումից /տես վերը բերված 59-րդ կետը/:
2. Ոչ դրամական վնաս
109. Այնուհետև Դատարանը պետք է քննարկի հետևյալ հարցը` արդյոք Քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածը, որին հղում է անում կառավարությունը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոց է դատական որոշման չկատարման դեպքում ոչ դրամական վնասի փոխհատուցման համար: Եվրադատարանը հիշեցնում է, որ մի քանի գործերով Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի համատեքստում ինքն արդեն գնահատել է իրավական պաշտպանության այդ միջոցի արդյունավետությունը:
110. Դատարանը եզրակացրել է, որ թեպետ այդպիսի փոխհատուցման հնարավորությունն ամբողջովին բացառված չէ, իրավական պաշտպանության այդ միջոցը հաջողության ողջամիտ հեռանկարներ չի ներկայացնում: Այն հիմնականում կախված է իշխանությունների սխալն ապացուցելուց /տես վերը բերված Մորոկոյի գործը, կետ 28-29/: Կառավարությունը սույն գործով չի վիճարկել այն հանգամանքը, որ 59-րդ գլխում նախատեսված փոխհատուցումը ենթակա է այդ պայմանին, ի տարբերություն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով նախատեսված ինդեքսավորման /տես վերը բերված կետ 107/:
111. Այս առումով Դատարանը հղում է անում շատ զորեղ, չնայած հերքելի մի կանխավարկածի, որ պարտադիր ու հարկադիր կատարման ենթակա վճռի ի կատար ածման չափազանց ձգձգումը կդառնա ոչ դրամական վնասի առիթ /տես վերը բերված կետ 100/: Վճռի չկատարման դեպքում ոչ դրամական վնասի փոխհատուցումը կախված է պատասխանող մարմնի սխալից և դժվար է համաձայնեցնել այս կանխավարկածի հետ: Անշուշտ, պարտադիր չէ, որ Դատարանի կողմից որոշված հարկադիր կատարման ձգձգումներն այս դեպքում պատասխանող մարմնի կողմից են եղել, այլ կարող են վերագրվել դաշնային և/կամ տեղական մակարդակում թերի մեխանիզմներին: Ոչ վերջին տեղում են չափազանց բարդ ու ֆորմալ բյուջետային ու ֆինանսական ընթացակարգերը, որոնք զգալիորեն ուշացնում են պատասխանատու մարմինների միջև դրամական միջոցների փոխանցումը և դրանց վճարումը վերջնական շահառուներին:
112. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքում կա իրավիճակների շատ սահմանափակ ցանկ, որոնցում ոչ դրամական վնասի փոխհատուցումը հնարավոր է` անկախ պատասխանող կողմի սխալից /1070-րդ հոդված, կետ 1 և 1100-րդ հոդված/: Ոչ չափազանց ձգձգված դատավարությունները, ոչ էլ դատական որոշումների հարկադիր կատարման ուշացումներն այս ցանկում չկան: Օրենսգրքում նախատեսված է, որ արդարադատության իրականացման ընթացքում պատճառված վնասը պետք է փոխհատուցվի, եթե վերջնական դատական քննությամբ հաստատված է դատավորի սխալը /1070-րդ հոդված, կետ 2/:
113. Հաշվի առնելով այդ ամենը` 2001թ. Սահմանադրական դատարանը որոշել է, որ ընթացակարգային ակտերի պատճառով պետության կողմից հասցված վնասի, այդ թվում` չափազանց երկար դատավարությունների փոխհատուցման սահմանադրական իրավունքը չպետք է կապ ունենա դատավորի անհատական սխալի հետ: Ի թիվս այլոց, վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, Սահմանադրական դատարանը որոշել է, որ խորհրդարանը պետք է օրենքներ ստեղծի այդօրինակ փոխհատուցման հիմքերի և ընթացակարգի մասին: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ դրա վերաբերյալ որևէ օրենք դեռևս չկա:
114. Այնուամենայնիվ, կառավարությունը վիճարկում էր, որ 59-րդ գլուխը գործնականում հաջողությամբ կիրառվել է` վկայակոչելով ներպետական նախադեպային իրավունքի չորս կոնկրետ օրինակ: Դատարանը նշում է, որ նույն օրինակները կառավարությունը վկայակոչել է այլ նմանօրինակ գործերի դեպքում և հաստատում իր այն տեսակետը, որ դրանք ավելի շատ բացառիկ և մեկուսի օրինակներ են, քան հաստատված ու հետևողական նախադեպային իրավունքի ապացույց, ուստի չեն կարող փոխել իր ավելի վաղ արած եզրակացությունն այն մասին, որ խնդրո առարկա իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ չէ ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում:
115. Ավելին, Դատարանը նշում է, որ 59-րդ գլխի կիրառության անգամ այսպիսի բացառիկ դեպքերում ոչ դրամական վնասի համար տրված փոխհատուցման մակարդակը երբեմն անհիմն կերպով ցածր է` համեմատած նմանօրինակ գործերի չկատարման դեպքում Դատարանի կայացրած որոշումների հետ: Օրինակ` կառավարության վկայակոչած Բուտկոյի գործով դիմողը որպես ոչ դրամական փոխհատուցում ստացել էր 2,000 ռուբլի /55 եվրո/ /2004թ. օգոստոսի 3-ի որոշում/: Այս խորագրի ներքո նույն գումարը տրվել էր Վ. Մուխլինովային` Ակուգինովան և մյուսները գործով, որը նույնպես նշված էր կառավարության կողմից /2006թ. հունվարի 22-ի որոշում/: Այնուհետև, ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ ինքն արդեն իսկ երկու այլ գործերով որոշել է, որ վճիռների ուշացած կատարման պատճառով ոչ դրամական վնաս կրած դիմողներին տրված գումարները ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո ակնհայտորեն չհիմնավորված էին /տես վերը նշված Վասերմանի գործը, կետ 56 և Գայվորոնսկին ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 13519/02, կետ 39, 25 մարտի 2008թ./: Ի լրումն դրա, առաջին դեպքում փոխհատուցումը որոշվել էր չափազանց երկար տևած դատավարությունների համար, իսկ վերջին դեպքում վճարվել էր զգալի ուշացումով:
116. Նկատի ունենալով վերը նշված բացթողումները` Դատարանը կարծում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 59-րդ գլխում նախատեսված իրավական պաշտպանության միջոցը չի կարող համարվել արդյունավետ ոչ տեսականորեն, ոչ էլ գործնականում, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով:
գ. Եզրակացություններ
117. Դատարանը եզրակացնում է, որ ներպետական իրավական պաշտպանության արդյունավետ որևէ միջոց չկա` լինի դա կանխարգելիչ թե ներգործության, որը հաշվի է առնում համարժեք և բավարար փախհատուցում այն դեպքում, երբ խախտվում է Կոնվենցիան, այսինքն` պետության կամ նրա սուբյեկտների դեմ կայացված դատական որոշումների երկարաձգված չկատարումներ: Համապատասխանաբար, առկա է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
118. Հենվելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածի վրա` դիմողը բողոքել է այն խտրական վերաբերմունքից, որը ցուցաբերվել է Չեռնոբիլի աղետի լիկվիդատորների նկատմամբ, այսինքն` իշխանությունները չեն կիրառել 1998թ. Պարտադիր սոցիալական ապահովության մասին օրենքը /թիվ 125-Ф3/, այն նույն պայմաններով, ինչ մասնագիտական այլ խմբերի նկատմամբ: Նա, ի մասնավորի, ներկայացրել էր, որ ինքը չի ստացել այդ օրենքով նախատեսված ժամկետանց վճարման տոկոսները: Կառավարությունը վիճարկում էր, որ այդ հարցը վերաբերում է ներպետական օրենքի կիրարկմանը և գտնվում է միմիայն ներպետական դատարանների իրավասության ներքո:
119. Դատարանը նշում է, որ 2003թ. դեկտեմբերի 4-ի Շախտի քաղաքի դատարանի վճիռը դիմողի ներկայացրած հայցը ճանաչել է վերը նշված օրենքի հիման վրա /տես վերը բերված կետ 14/: Ամեն դեպքում, ենթադրյալ խտրականության վերաբերյալ դիմողի հայցը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա առաջին հերթին պետք է ներկայացվեր ներպետական դատարաններ: Դիմողը չի կարողացել ցույց տալ, որ ինքն սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ոչ էլ Դատարանի առաջ հիմնավորել էր իր հայտարարությունը: Հետևաբար, Եվրադատարանը 14-րդ հոդվածի որևէ խախտում չի գտնում և մերժում է այս գանգատը:
IV. 2002Թ. ՄԱՅԻՍԻ 7-Ի ՎՃՌՈՎ ԱՐԴԱՐ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՊԱԿԱՍՈՐԴՆԵՐԸ
120. Դիմողը նաև բողոքել էր, որ իշխանությունները չեն վճարել իրեն 2002թ. մայիսի 7-ի Դատարանի վճռով որոշված արդարացի փոխհատուցման ամբողջ գումարը: Ըստ նրա հաշվարկների` նշանակված 3,000 եվրո գումարը վճարելու ժամանակ համարժեք էր եղել 94,981.50 ռուբլու, մինչդեռ ինքն ստացել էր ընդամենը 92,724.60 ռուբլի: Նա պահանջում էր 2,256.90 ռուբլի պակասորդը:
121. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետով իր կայացրած վճիռների կատարման վերահսկողությունը վստահված է Նախարարների կոմիտեին /տես վերը բերված 10-11-րդ կետերը/: Դատարանը որևէ իրավասություն չունի քննել սույն գանգատը, որը պետք է ներկայացված լիներ Նախարարների կոմիտե /տես Հաասը և մյուսներն ընդդեմ Գերմանիայի գործը, թիվ 34499/04, 7 փետրվարի 2008թ./:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
122. Դատարանը հենց սկզբից նշում է, որ Ռուսաստանում ներպետական վճիռների չկատարումը կամ ուշացած կատարումը կրկնվող խնդիր է, որի հետևանքով տեղի են ունեցել Կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ: Դատարանն արդեն այդպիսի խախտումներ է գտել ավելի քան 200 վճիռներում` սկսած 2002թ. Բուրդովի գործից, ուստի գտնում է, որ տեղին ու ժամանակին է քննել այս երկրորդ գործը, որը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիմքերով ներկայացրել է նույն դիմողը և որը հետևյալն է.
Հոդված 46. Վճիռների պարտադիր ուժն ու կատարումը
Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել ցանկացած գործերի վերաբերյալ Դատարանի վերջնական վճիռները, որոնցում նրանք կողմեր են:Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
Ա. Կողմերի փաստարկները
123. Դիմողը փաստարկել է, որ Ռուսաստանի իշխանություններն անընդհատ չեն կատարել ներպետական դատական որոշումները, որոնք կայացվել են իրենց դեմ և համակարգային խնդիր են, ինչպես ցույց են տվել իր դեպքում այդ որոշումների կրկնվող չկատարումները:
124. Կառավարությունը վիճարկել է, որ վճիռների հարկադիր կատարման կամ իրավական պաշտպանության ներպետական միջոցների առումով այդպիսի խնդիրներ չկան: Այն փաստարկներ է բերել, որ Սահմանադրական դատարանը չի վիճարկել պետության դեմ կայացված դատական որոշումների կատարման հատուկ ընթացակարգերի գոյությունը /2005թ. հուլիսի 14-ի վճիռը/: Կային Չեռնոբիլի աղետից տուժածների նպաստների վճարումը կարգավորող լրացուցիչ և կոնկրետ ենթաօրենսդրական ակտեր: 2007թ. չվճարված պարտքերը մարելու նպատակով ներպետական վճիռներով հատկացվել են բյուջետային լրացուցիչ զգալի միջոցներ, իսկ այդ ֆինանսական միջոցների փաստացի կարիքներն արտացոլվել են 2007թ. բյուջեում: Կառավարությունը եզրակացրել է, որ այդպիսի որոշումների կատարման համար կային հստակ մեխանիզմներ, ի մասնավորի, Չեռնոբիլի աղետից տուժածների համար: Այդ մեխանիզմների բարդությունը վերագրվում էր բյուջետային համակարգի բազմաստիճան կառուցվածքին և դաշնային ու տեղական իշխանությունների միջև համակարգման անհրաժեշտությանը: Ի լրումն դրա, վճիռների հարկադիր կատարման վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր դաշնային նախարարությունների ու հարկադիր կատարողների կողմից տրամադրված վիճակագրական տվյալներ:
Բ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
125. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով, ինչպես մեկնաբանված է 1-ին հոդվածով, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դրվում Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո իրականացնել համապատասխան ընդհանուր և/կամ անհատական միջոցներ, որպեսզի ապահովվի դիմողի իրավունքը, որը, ըստ Դատարանի, խախտվել է: Նմանօրինակ միջոցներ պետք է ձեռնարկվեն նաև դիմողի վիճակում գտնվող այլ անձանց համար, մասնավորապես, լուծելով այն խնդիրները, որոնք հանգեցրել են Դատարանի որոշմանը /տես Սկոձարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործը, (GC), թիվ 39221/98 և 41963/98, կետ 249, ECHR 2000 VIII, Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը (GC), թիվ 28957/95, կետ 120, ECHR 2002 VI, Լուկենդան ընդդեմ Սլովենիայի գործը, թիվ 23032/02, կետ 94, ECHR 2005-X, Ս. և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը (GC), թիվ 30562/04 և 30566/04, կետ 134, ECHR 2008.../: Այս պարտավորությունը հետևողականորեն ընդգծվել է Նախարարների կոմիտեի կողմից, երբ այն վերահսկում էր Դատարանի կայացրած վճիռների կատարումը /տես, ի թիվս շատ այլ մարմինների, միջանկյալ բանաձևերը` DH/97/336 Իտալիայում դատավարությունների տևողության վերաբերյալ գործերով, DH/99/434 Թուրքիայում անվտանգության ուժերի գործողությունների վերաբերյալ գործերով, ResDH/2001/65 Սկոձարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործը, ResDH/2006/1 Ռյաբիխը և Վոլկովան գործերը/:
126. Բոլոր առումներով իր կայացրած վճիռների արդյունավետ իրականացումը դյուրացնելու նպատակով Դատարանը կարող է ընդունել պիլոտային վճռի ընթացակարգ, որը թույլ կտա վճռի մեջ հստակ կերպով սահմանել այն կառուցվածքային հիմնախնդիրները, որոնք ընկած են խախտումների հիմքում և նշել կոնկրետ միջոցներ կամ գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն պատասխանող երկրի կողմից դրանք շտկելու համար /տես Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի գործը, (GC), 31443/96, կետ 189-194 և եզրափակիչ մասը. ECHR 2004-V և Հուտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի գործը, (GC), թիվ 35014/97, ECHR 2006-..., կետ 231-239 և եզրափակիչ մասը/: Սույն դատական մոտեցումն իրականացվում է Կոնվենցիայի մարմինների համապատասխան գործառույթները հարգելով: Նախարարների կոմիտեին է վերապահված Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված առանձին և ընդհանուր միջոցների իրականացման գնահատումը /տես Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի գործը համապատասխան փոփոխություններով /բարեկամական կարգավորում/, (GC), թիվ 31443/96, կետ 42, ECHR 2005-IX և Հուտեն-Չապսկան ընդդեմ Լեհաստանի գործը /բարեկամական կարգավորում/, (GC), թիվ 35014/97, կետ 42, 28 ապրիլի 2008թ./:
127. Պիլոտային վճռի ընթացակարգի մեկ այլ կարևոր նպատակ է պատասխանող պետությանը դրդել, որպեսզի այն լուծի առանձին մեծաքանակ դեպքերը, որոնք առաջանում են ներպետական մակարդակում միևնույն կառուցվածքային խնդրի պատճառով` դրանով իսկ իրականացնելով լրացուցչության սկզբունքը, որը Կոնվենցիայի համակարգի հիմքն է: Անշուշտ, Դատարանի գործը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 19-րդ հոդվածով` “Սույն Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով Բարձր պայմանավորվող կողմերի ստանձնած պարտականությունների կատարման ապահովումն է”, պարտադիր չէ, որ լավագույնս կատարվի` բազմաթիվ դեպքերում կրկնելով միևնույն եզրակացությունները /տես Է.Գ.-ն ընդդեմ Լեհաստանի գործը համապատասխան փոփոխություններով, թիվ 50425/99, կետ 27, 23 սեպտեմբերի 2008թ./: Պիլոտային վճռի ընթացակարգի առարկան ազգային իրավական կարգում Կոնվենցիայում ամրագրված խնդրո առարկա իրավունքների պաշտպանության վրա ազդող գործառույթների խանգարման ամենաարագ և արդյունավետ լուծման դյուրացումն է /տես Ֆոլկենբերգն ու մյուսներն ընդդեմ Լեհաստանի գործը, թիվ 50003/99, կետ 34, ECHR 2007-.../ /հատվածներ/: Թեպետ պատասխանող պետության գործողությունները պետք է հիմնականում միտված լինեն գործառույթի խանգարման կարգավորմանը և, հարմար առիթի դեպքում, խնդրո առարկա խախտումների իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցներ ներկայացնելուն, դա կարող է նաև ներառել հատուկ լուծումներ, զորօրինակ` հաշտության համաձայնություն դիմողների հետ կամ իրավական պաշտպանության միջոցին վերաբերող միակողմանի առաջարկություններ, որոնք համահունչ են Կոնվենցիայի պահանջներին: Դատարանը կարող է որոշել հետաձգել նմանօրինակ բոլոր գործերի քննությունը` դրանով իսկ պատասխանող պետությանը հնարավորություն տալով դրանք կարգավորել զանազան եղանակներով /տես վերը նշված Բրոնիովսկու գործը համապատասխան փոփոխություններով, կետ 198 և Քսենիդես-Արեստիսն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 46347/99, կետ 50, 22 դեկտեմբերի 2005թ./:
128. Այդուհանդերձ, եթե պատասխանող պետությունը պիլոտային վճռից հետո չի ընդունում այդպիսի միջոցներ և շարունակում է խախտել Կոնվենցիան, Դատարանն այլ ընտրության հնարավորություն չի ունենա, քան վերսկսել նմանատիպ բոլոր դիմումների քննությունը, որոնք գտնվում են իր մոտ և դիմել վճռի, որպեսզի ապահովվի Կոնվենցիայի արդյունավետ կատարումը /տես վերը նշված Է.Գ. գործը համապատասխան փոփոխություններով, կետ 28/:
Սկզբունքների կիրառումը ներկա գործի նկատմամբ
ա. Պիլոտային վճռի ընթացակարգի կիրարկումը
129. Դատարանը նշում է, որ ներկա գործը նախկին “պիլոտային գործերից”` օր.` Բրոնիովսկու և Հուտեն-Չապսկայի, որոշ առումներով տարբերվում է: Փաստորեն, պարտադիր չէ, որ դիմողի հետ նույն վիճակում գտնվող անձինք պատկանեն “ճանաչման ենթակա քաղաքացիների խավին” /համեմատել վերը նշված Բրոնիովսկու, կետ 189 և Հուտեն-Չապսկայի գործերը, կետ 229/: Ավելին, վերոբերյալ երկու վճիռներն էլ առաջինն էին, որոնցով վեր հանվեցին իրենցից հետո եղած գործերի հիմքում ընկած կառուցվածքային նոր խնդիրները, իսկ ներկա գործը քննարկվում է այն բանից հետո, երբ 200 վճիռներ բավականաչափ բացահայտել են Ռուսաստանում վճիռների չկատարման խնդիրը:
130. Չնայած այդ տարբերություններին, Դատարանը հարմար է գտնում այս գործով կիրառել պիլոտային վճռի ընթացակարգը` հիմնականում հաշվի առնելով հիմքում ընկած խնդիրների կրկնվող և համառ բնույթը, Ռուսաստանում դրանցից տուժած մարդկանց մեծ թիվը և ներպետական մակարդակում դրանք արագորեն ու համապատասխան փոխհատուցմամբ լուծելու հրատապ կարիքը:
բ. Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործելակերպի առկայությունը
131. Դատարանը հենց սկզբից կարծում է, որ ներկա վճռում հայտնաբերված խախտումները ոչ առանձին միջադեպով են պայմանավորված, ոչ էլ վերագրելի են այս գործով իրադարձությունների կոնկրետ շրջադարձին, այլ ավելի շուտ կարգավորիչ թերությունների և/կամ պետական մարմինների կողմից դրամական վճարումներ կարգադրող պարտադիր ու հարկադիր կատարման ենթակա վճիռների կատարման հարցում իշխանությունների վարչական վարքագծի հետևանքներն են /համեմատել վերը նշված Բրոնիովսկու, կետ 189 և Հուտեն-Չապսկայի գործերը, կետ 229/:
132. Չնայած այն բանին, որ կառավարությունն իր հավելյալ դիտարկումներում չի ժխտել այդ իրավիճակի առկայությունը, ներկա գործով նրա փաստարկները կարծես թե դեմ են գնում այն գրեթե անվիճելի հանգամանքին, որ և ներպետական, և միջազգային մակարդակով ճանաչված է, որ այդ բնագավառում կան կառուցվածքային հիմնախնդիրներ /տես վերը բերված 25 և 38-45 կետերը/: Ի լրումն դրա, խնդիրները ճանաչվում են Ռուսաստանի իրավասու մարմինների /տես վերը նշված CM/Inf/DH /2006/45 / և անընդհատ ընդգծվում` Նախարարների կոմիտեի կողմից: Ի մասնավորի, Կոմիտեի վերջին որոշումներում նշված է, որ Ռուսաստանի իրավական համակարգում խնդրո առարկա կառուցվածքային հիմնահարցերն իրենց բնույթով և մասշտաբով խիստ կերպով ազդում են դրա արդյունավետության վրա և դարձել են Կոնվենցիայի բազմաթիվ խախտումների պատճառ /տես վերը բերված 39-րդ կետը/:
133. Բարձրաձայնված կարևոր մտահոգությունները և տարաբնույթ մարմինների ու կառույցների եզրակացությունները ներդաշնակ են Դատարանի մոտ 200 վճիռների, որոնք վեր են հանել կառուցվածքային հիմնահարցերի հիմքում ընկած բազմաթիվ ասպեկտները, որոնք ներազդել են ոչ միայն Չեռնոբիլի աղետից տուժածների, ինչպես ներկա դեպքում, այլև Ռուսաստանի բնակչության մեծաթիվ խմբերի, այդ թվում` հատկապես անապահով խավերի վրա: Այսպիսով, պարզվել է, որ պետությունը շատ հաճախ զգալիորեն ուշացրել է դատական որոշումների կատարումը, որոնցով կարգադրվում էր վճարել սոցիալական նպաստները` թոշակները կամ երեխաների նպաստները, զինվորական ծառայության ընթացքում կրած վնասի հատուցումը կամ դատական կարգով անօրինական հետապնդման դիմաց տրվելիք փոխհատուցումը: Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ Ռուսաստանի դեմ նմանօրինակ փաստերի վերաբերող մոտավորապես 700 գործ ներկայումս ընթացքի մեջ է, իսկ որոշ գործեր, ինչպիսին է ներկա գործը, Դատարանին հանգեցնում են այն բանին, որ միևնույն դիմողների վերաբերյալ այն որոշի, որ կա Կոնվենցիայի խախտումների ևս մեկ խումբ /տես Վասերմանի գործը, թիվ 2 և Կուկալոն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 2, թիվ 11319/04, 24 հուլիսի 2008թ./: Ավելին, վճիռների չկատարումից կամ ուշացած կատարումից տուժածները չեն տիրապետում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների` լինեն դրանք կանխարգելիչ, թե փոխհատուցման, որոնք հնարավորություն են ընձեռում ներպետական մակարդակում ստանալ համարժեք ու բավարար փոխհատուցում /տես վերը բերված 101-117 կետերը/:
134. Դատարանի եզրակացությունները, իր տրամադրության տակ եղած այլ նյութերի հետ մեկտեղ, հստակ կերպով ցույց են տալիս, որ այդ խախտումներն արտացոլում են կառուցվածքային գործառույթների հետևողական խանգարումները: Դատարանը խորը մտահոգությամբ նշում է, որ ներկա վճռում հայտնաբերված խախտումները տեղի են ունեցել 2002թ. մայիսի 7-ին իր կայացրած առաջին վճռից հետո մի քանի տարի անց, չնայած այն բանին, որ Ռուսաստանը Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիման վրա և Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո պարտավորվել էր ընդունել իրավական պաշտպանության և կանխարգելիչ անհրաժեշտ միջոցները` և անհատական, և ընդհանուր մակարդակներում: Դատարանը, մասնավորապես, նշում է, որ դիմողի օգտին կայացված վճիռներից մեկի չկատարումը տևել է մինչև 2007թ. օգոստոս ամիսը, նաև այն պատճառով, որ իրավասու մարմինները չեն կարողացել ընդունել անհրաժեշտ ընթացակարգերը /տես վերը բերված 80-81 կետերը/:
135. Նկատի ունենալով վերոբերյալը` Դատարանը եզրակացնում է, որ ներկա իրավիճակը պետք է որակվի որպես մի գործելակերպ, որն անհամատեղելի է Կոնվենցիայի հետ /տես Բոտացցին ընդդեմ Իտալիայի գործը, (GC), թիվ 34884/97, կետ 22, ECHR 1999-V/:
գ. Ընդհանուր միջոցներ
136. Դատարանը նշում է, որ սույն գործում հայտնաբերված` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտումների հիմքում ընկած խնդիրները լայնամասշտաբ են և իրենց բնույթով բարդ: Անշուշտ, դրանք չեն բխում Ռուսաստանի օրենքների կոնկրետ իրավական կամ կարգավորիչ դրույթից կամ հատուկ բացերից: Համապատասխանաբար, դրանք պահանջում են համապարփակ ու բարդ միջոցների իրականացում, հնարավոր է` օրենսդրական ու վարչական բնույթի` ներգրավելով դաշնային և տեղական մակարդակի տարբեր մարմինների: Ենթակա լինելով Նախարարների կոմիտեի վերահսկողությանը` պատասխանող պետությունն ազատ է ընտրելու այն միջոցները, որոնցով ինքը կկատարի Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունները, պայմանով, որ այդ միջոցները համատեղելի են Դատարանի կայացրած վճռում մանրամասն շարադրված եզրակացությունների հետ /տես վերը նշված Սկոձարիի և Ջունտայի գործը, կետ 249/:
137. Դատարանը նշում է, որ այդ միջոցների ընդունումը համակողմանիորեն քննարկվել է Նախարարների կոմիտեի կողմից` համագործակցելով Ռուսաստանի իրավասու մարմինների հետ /տես վերը նշված 39-40 կետերում վկայակոչված որոշումներն ու փաստաթղթերը/: Կոմիտեի որոշումներն ու փաստաթղթերը ցույց են տալիս, որ չնայած անհրաժեշտ միջոցների իրականացումը հեռու է ավարտված լինելուց, դրա վերաբերյալ քննարկվում կամ ձեռնարկվում են նոր գործողություններ /տես 40-րդ կետում ուրվագծված հիմնական ուղիները/: Դատարանը նշում է, որ այս գործընթացը բարձրացնում է մի շարք բարդ իրավական ու գործնական հարցեր, որոնք սկզբունքորեն վեր են Դատարանի դատական գործառույթներից, ուստի և Դատարանը ձեռնպահ կմնա այդ հանգամանքներում նշել ձեռնարկվելիք կոնկրետ ընդհանուր միջոցներ: Ռուսաստանի կողմից ընդունվելիք անհրաժեշտ բարեփոխումները վերահսկելու համար Նախարարների կոմիտեն այդ առումով տեխնիկապես ավելի լավ է հագեցված, ուստի Դատարանը Նախարարների կոմիտեին է վերապահում, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը Կոնվենցիայով նախատեսված իր պարտավորությունների համաձայն ընդունի այն անհրաժեշտ միջոցները, որոնք համահունչ են ներկա վճռում Դատարանի ներկայացրած եզրակացություններին:
138. Այդուհանդերձ, Դատարանը նշում է, որ ինչ վերաբերում է 13-րդ հոդվածի խախտմանը` իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների բացակայությանը, իրավիճակը տարբեր է: Կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն` 101-117-րդ կետերում Դատարանի եզրակացությունները հստակ կերպով պահանջում են իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոցի ստեղծում կամ այդպիսի միջոցների միավորում, որոնք թույլ կտան համարժեք և բավարար փոխհատուցում տալ մեծ թվով անձանց, ովքեր տուժել են խնդրո առարկա խախտումներից: Դատարանի եզրակացությունների լույսի ներքո մեծ է հավանականությունը, որ այդպիսի միջոց չի լինի` առանց որոշ կոնկրետ հարցերի վերաբերյալ ներպետական օրենսդրության փոփոխության:
139. Այս առումով Դատարանն զգալի կարևորություն է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանի եզրակացություններին, որը 2001թ. ի վեր խորհրդարանին առաջարկել է սահմանել վնասի փոխհատուցման ընթացակարգ, որը, ի թիվս այլոց, չափազանց երկար տևած դատավարությունների արդյունքն է: Հատուկ կարևորություն ունի այն եզրակացությունը, որում վկայակոչվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, այն է` այդ փոխհատուցումը չպետք է կախված լինի սխալի հաստատումից /տես վերոնշյալ 32-33 կետերը/: Դատարանը նաև ողջունում է այդ ոլորտում վերջերս Գերագույն դատարանի կողմից արված օրենսդրական նախաձեռնությունը և նշում է 2008թ. սեպտեմբերի 30-ին խորհրդարան ներկայացված օրինագծերը, որոնք խնդրո առարկա խախտումների վերաբերյալ նպատակ ունեն ներկայացնելու իրավական պաշտպանության միջոցներ /տես վերը նշված 34-36 կետերը/: Դատարանը հետաքրքրությամբ նշում է Կոնվենցիայի չափանիշներին արվող հղումները որպես վնասի փախհատուցումը սահմանող հիմք և այն հանգամանքը, որ ուշացած փոխհատուցման միջին գումարը հաշվարկվել է` հղում անելով Դատարանի նախադեպային իրավունքին /տես վերը բերված 35 և 36 կետերը/:
140. Այնուամենայնիվ, Դատարանի գործը չէ գնահատել շարունակվող բարեփոխումների բավարար լինելը կամ մատնանշել, թե որն է իրավական պաշտպանության ներպետական անհրաժեշտ միջոցներ ստեղծելու ամենահարմար ձևը /տես վերը նշված Հուտեն-Չապսկայի գործը, կետ 239/: Պետությունը կարող է կամ փոփոխել իրավական պաշտպանության գոյություն ունեցող միջոցները կամ նորերն ավելացնել, որոնք Կոնվենցիայի խնդրո առարկա խախտումների համար կապահովեն իսկապես արդյունավետ փոխհատուցում /տես վերը նշված Լուկենդայի, կետ 98 և Քսենիդես-Արեստիսի, կետ 40, գործերը/: Պետությունն ինքը, Նախարարների կոմիտեի վերահսկողության ներքո, պետք է ապահովի իրավական պաշտպանության նոր միջոցի կամ միջոցների համակցումը, որոնք և տեսականորեն, և գործնականում կհարգեն ներկա վճռում Կոնվենցիայի մանրամասն շարադրված պահանջները /տես 96-100 կետերը/: Դրանով իսկ իշխանությունները կարող են պատշաճ կերպով հարգել իրավական պաշտպանության ներպետական միջոցների մասին Նախարարների կոմիտեի Rec/2004/6 հանձնարարականն անդամ երկրներին:
141. Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ պատասխանող պետությունը պետք է ներկայացնի իրավական պաշտպանության միջոց, որը կապահովի իրավական պաշտպանության իսկապես արդյունավետ միջոց` փոխհատուցելու համար Կոնվենցիայի խախտումները, որոնք պետության կամ նրա սուբյեկտների դեմ կայացված դատական որոշումների` պետական մարմինների կողմից ձգձգված չկատարումների հետևանքն են: Իրավական պաշտպանության այդպիսի միջոցները պետք է համապատասխանեն Կոնվենցիայի սկզբունքներին, ինչպես ամրագրված են ներկա վճռում և հասանելի լինեն ներկա վճռի` վերջնական դառնալու օրվանից վեց ամսվա ընթացքում /համեմատել վերը նշված Քսենիդես-Արեստիսի գործը, կետ 40 և եզրափակիչ մասի 5-րդ կետը/:
դ. Նմանօրինակ գործերով տրվող փոխհատուցումը
142. Դատարանը հիշեցնում է, որ պիլոտային վճիռների ընթացակարգի նպատակներից մեկը ներպետական մակարդակով ամենաարագ ու հնարավոր փոխհատուցումն է այն մեծաթիվ մարդկանց, ովքեր տուժել են պիլոտային վճիռներում որոշված կառուցվածքային խնդրից /տես վերը բերված 127 կետը/: Պիլոտային վճռում կարող է այնպես որոշվել, որ բոլոր գործերով դատավարությունները, որոնք բխում են միևնույն կառուցվածքային խնդրից, հետաձգվեն` սպասելով պատասխանող պետության կողմից համապատասխան միջոցների իրականացմանը: Դատարանը հարմար է գտնում ներկա վճռից հետո որդեգրել նմանօրինակ մոտեցում, միաժամանակ տարբերակելով Դատարանում գտնվող անավարտ և ապագայում բերվելիք գործերը:
Ներկա վճիռը կայացնելուց հետո ներկայացված դիմումները
143. Դատարանը կհետաձգի ներկա վճիռը կայացնելուց հետո իրեն ներկայացվող բոլոր նոր դիմումների վարույթը, որոնցում դիմողները բողոքում են միմիայն ներպետական վճիռների չկատարումից կամ կատարման ուշացումից, որոնցով պետական մարմիններից կարգադրվում է դրամական վճարումներ կատարել: Հետաձգումն ուժի մեջ կմտնի ներկա վճռի վերջնական դառնալուց հետո մեկ տարի ժամանակով: Այդ գործերով դիմածները համապատասխան կերպով կիրազեկվեն:
Ներկա վճիռը կայացնելուց առաջ ներկայացված դիմումները
144. Այնուամենայնիվ, Դատարանը որոշում է հետևել վճռից առաջ ներկայացված դիմումներին առնչվող գործողությունների այլ ընթացքի: Դատարանի կարծիքով, անարդար կլինի, եթե այն դեպքերում, երբ դիմողները, ովքեր տարիներ շարունակ ենթադրաբար տուժել են դատարան դիմելու իրենց իրավունքի մշտական խախտումներից և օգնություն են փնտրել այս Դատարանում, ստիպված էին իրենց գանգատները վերստին ներկայացնել ներպետական մարմիններին` լինի դա իրավական պաշտպանության նոր միջոցների, թե այլ հիմքերով:
145. Այդ իսկ պատճառով Դատարանը կարծում է, որ պատասխանող պետությունը վճռի վերջնական դառնալու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում պետք է համարժեք և բավարար չափով փոխհատուցում տա այն բոլոր մարդկանց, ովքեր տուժել են իրենց օգտին կայացրած ներպետական վճիռների պարտքերը պետության կողմից չվճարելու կամ անհիմն կերպով ուշացումով վճարելու պատճառով և Դատարան են դիմել մինչ ներկա վճռի կայացումը, իսկ նրանց դիմումները կառավարությանն են փոխանցվել Դատարանի Կանոնակարգի 54-րդ կանոնի 2/բ/ կետի հիման վրա: Վկայակոչվում է այն հանգամանքը, որ վճիռների կատարման ձգձգումները պետք է հաշվարկվեն և գնահատվեն` հղում անելով Կոնվենցիայի պահանջներին և ներկա վճռում սահմանված չափանիշների համաձայն /տես վերը բերված 66-67 և 73 կետերը/: Դատարանի կարծիքով, այդպիսի փոխհատուցում կարելի է ստանալ նման դեպքերում իշխանությունների կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցի սեփական նախաձեռնությամբ իրականացման կամ հատուկ լուծումների միջոցով, զորօրինակ` դիմողների հետ հաշտության համաձայնությամբ կամ Կոնվենցիայի պահանջներին համահունչ իրավական պաշտպանության միակողմանի միջոցների վերաբերյալ առաջարկությունների շնորհիվ /տես վերը նշված 127-րդ կետը/:
146. Սպասելով Ռուսաստանի իշխանությունների կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների ընդունմանը` Դատարանը որոշում է վճիռը վերջնական դառնալու օրվանից հետո մեկ տարով հետաձգել այդ բոլոր գործերով մրցակցային դատավարությունները: Սույն որոշումը չի վնասում Դատարանի իրավասությանը` ցանկացած պահի ցանկացած գործ համարել անընդունելի կամ այն իր ցուցակից հանել այն բանից հետո, երբ կողմերը հաշտության համաձայնության են եկել կամ էլ Կոնվենցիայի 37-րդ կամ 39-րդ հոդվածներով հարցը լուծել են այլ ձևով:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
147. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված է. “Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
Ա. Վնասը
148. Դրամական և ոչ դրամական վնասի առումով դիմողը հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 40,000 եվրո ստանալու համար: Նա վկայակոչել է այն տառապանքները, որոնք կրել էր ներպետական վճիռները պետության կողմից շարունակաբար և հետևողական կերպով չկատարելու պատճառով, չնայած այն բանին, որ Դատարանին ներկայացրած իր առաջին դիմումը հաջողությամբ էր պսակվել: Նա դրամական վնասի վերաբերյալ իր հայցը հիմնավորել էր 1998թ. “Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին” օրենքով նախատեսված ժամկետանց վճարի տոկոսները պետության կողմից իրեն չտալու փաստարկներով /տես վերը նշված 118-րդ կետը/:
149. Կառավարությունը փաստարկել է, որ դիմողը կրել է ոչ դրամական վնաս, իսկ խախտման մասին եզրակացությունը կրած ցանկացած վնասի համար նախատեսում է համարժեք և արդարացի փոխհատուցում: Այն հղում է արել չկատարված որոշ դեպքերի, որոնցում Դատարանը կամ համեստ գումարներ էր սահմանել /Պլոտնիկովն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 43883/02, կետ 34, 24 փետրվարի 2005թ./` ինչ վերաբերում է ոչ դրամական վնասին, կամ էլ որոշել էր, որ խախտման մասին եզրակացությունը բավարար է /տես Պոզնախիրինան ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 25964/02, 24 փետրվարի 2005թ., Շապովալովան ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 2047/03, 5 հոկտեմբերի 2006թ., Շեստոպալովան ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 39866/02, 17 նոյեմբերի 2005թ. և Բոբրովան ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 24654/03, 17 նոյեմբերի 2005թ./:
150. Դատարանը վերհիշում է, որ ինքը մերժել է 1998թ. “Պարտադիր սոցիալական ապահովագրության մասին” օրենքով նախատեսված` դիմողի գանգատը ժամկետանց վճարների տոկոսները չվճարելու վերաբերյալ /տես վերը նշված 119 կետը/, ուստի մերժում է նաև դրամական վնասի վերաբերյալ դիմողի հայցը:
151. Ինչ վերաբերում է ոչ դրամական վնասին` Դատարանն ընդունում է, որ դիմողը հայտնաբերված խախտումների պատճառով հոգեկան խանգարում է ունեցել: Դատարանը կարծում է, որ հարցը պատրաստ է որոշում ընդունելու համար` այն կարող է քննարկվել ներկա վճռում` առանց սպասելու վերը նշված ընդհանուր միջոցների ընդունմանը /տես կետ 141/:
152. Դատարանը չի կարող համաձայնվել կառավարության հետ առ այն, որ խախտում հայտնաբերելը կապահովի համարժեք և արդարացի հատուցում: Դատարանն այս կապակցությամբ հղում է անում մի շատ հզոր կանխավարկածի` իշխանությունների կողմից պարտադիր և հարկադիր կատարման ենթակա վճռի չկատարումը կամ ուշացումով կատարումը կհանգեցնի ոչ նյութական վնասի /տես վերը նշված 100-րդ և 111-րդ կետերը/: Դատարանի կայացրած վճիռների մեծ մասից պարզ է դառնում, որ Կոնվենցիայի այդօրինակ խախտումներն առաջ են բերում հուսախաբություն և խանգարումներ, որոնք չեն կարող փոխհատուցվել զուտ խախտման հայտնաբերմամբ:
153. Սրա հիման վրա կառավարության վկայակոչած դեպքերն ավելի շուտ բացառիկ են: Անշուշտ, այս գործերով Դատարանի դիրքորոշումը կարող է բացատրվել դրանց առանձնահատուկ հանգամանքներով, ոչ վերջին հերթին ներպետական դատարանների որոշած փոքր գումարներով /շատ դեպքերում 100 եվրոյից էլ պակաս/ և դիմողների եկամուտների նկատմամբ որոշումների չնչին կարևորությամբ /տես վերը նշված Պոզնախիրինայի գործը, կետ 35/:
154. Դատարանը հիշեցնում է, որ ինքը սահմանում է ոչ նյութական վնասի համար որոշումների չափը` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են` դիմողի տարիքը, անձնական եկամուտները, ներպետական դատական որոշումների բնույթը, հարկադիր կատարման տևողությունը և այլ համապատասխան հարցեր /տես Պլոտնիկովի գործը, կետ 34/: Հաշվի է առնվում նաև դիմողի առողջական վիճակը, ինչպես նաև այն վճիռների քանակը, որոնք պատշաճ կերպով կամ ժամանակին չեն կատարվել: Այս բոլոր գործոնները տարբեր կերպ կարող են ազդել Դատարանի որոշումների վրա` նկատի ունենալով ոչ նյութական վնասը: Բացառիկ դեպքերում դրանք անգամ կարող են պատճառ դառնալ, որ ոչ մի որոշում չի ընդունվի: Միաժամանակ, Դատարանի նախադեպային իրավունքը բավականին հստակ կերպով ցույց է տալիս, որ այդպիսի որոշումները սկզբունքորեն ուղիղ կերպով համամասնական են այն ժամանակահատվածին, որի ընթացքում պարտադիր ու հարկադիր կատարման ենթակա վճիռը չէր կատարվել:
155. Անդրադառնալով ներկա գործի հանգամանքներին` Դատարանը վերհիշում է, որ 2002թ. մայիսի 7-ի վճռով ինքը նույն դիմողի համար որոշել էր 3,000 եվրո` որպես ոչ նյութական վնաս, որը նա կրել էր Դատարանի իրավասության սահմաններում մեկից երեք տարի կազմող վճռի կատարման ուշացման պատճառով և վերաբերում էր ներպետական երեք վճռի /տես Բուրդովի գործը, կետ 36 և 45/:
156. Սույն գործով նույն դիմողը տուժել էր ներպետական երեք վճիռներով նմանատիպ դատական որոշումների կատարման համանման ուշացումներից: Համապատասխանաբար, Դատարանի հայտնաբերած խախտումները սկզբունքորեն կարող են պահանջել, որպեսզի տրվի արդարացի փոխհատուցում, որը հավասար կլինի կամ շատ մոտ կլինի 2002թ. մայիսի 7-ի վճռով որոշված գումարին: Ի լրումն դրա, Դատարանը կհիշեցնի, որ ներպետական վճիռների չկատարման հետևանքով առաջացած խանգարումները և հուսախաբությունը կարող են ավելանալ Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործելակերպի պատճառով, քանզի այն լրջորեն սասանում է քաղաքացիների վստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն գործոնը պետք է խնամքով հավասարակշռվի պատասխանող պետության վերաբերմունքի և ջանքերի նկատմամբ, որպեսզի կարողանան պայքարել այդպիսի գործելակերպի դեմ` նպատակ ունենալով բավարարել Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները /տես 137-րդ կետը/: Դատարանը պետք է նաև հաշվի առնի ներկա գործով հատուկ լրացուցիչ հանգամանքները: Իհարկե, հարկ է ընդունել, որ դիմողի խանգարումներն ու հուսախաբությունը վատթարացել են ներպետական վճիռներով նախատեսված պարտքերը չհարգելու` իշխանությունների համառ կեցվածքի պատճառով, չնայած այն բանին, որ Դատարանն այս գործով խախտումներ էր գտել: Արդյունքում դիմողը որևէ այլ ընտրության հնարավորություն չուներ, քան նորից օգնություն փնտրել Դատարանում` ժամանակատար միջազգային դատավարության միջոցով: Նկատի ունենալով այս կարևոր տարրը` Դատարանը կարծում է, որ ավելի մեծ վճարը կարող է տեղին լինել` հաշվի առնելով ներկա գործով ոչ նյութական վնասը:
157. Հաշվի առնելով վերոբերյալը և անաչառ կերպով տալով իր գնահատականը, ինչպես որ պահանջվում է Կոնվենցիայի 41-րդ հոդվածով, Դատարանը որոշում է որպես ոչ նյութական վնաս դիմողին տալ 6,000 եվրո:
Բ. Ծախսեր և դատական ծախսեր
158. Դիմողը ծախսերի և դատական ծախսերի փոխհատուցման հայց չէր ներկայացրել, ուստի Դատարանն այդ խորագրով որևէ որոշում չի կայացնում:
Գ. Ժամկետանց վճարի տոկոսները
159. Դատարանը տեղին է համարում, որ ժամկետանց վճարի տոկոսները պետք է հիմնված լինեն Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
ՍՈՒՅՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. ընդունելի է հայտարարում այն գանգատը, որը վերաբերում է դիմողի օգտին կայացված պարտադիր ու հարկադիր կատարման ենթակա վճիռների ձգձգված չկատարմանը, իսկ դիմողի մնացած գանգատները` անընդունելի.
որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում դիմողին իշխանությունների կողմից դրամական վճարումներ կարգադրող ներպետական երեք վճիռները պետության կողմից ուշացումով կատարելու պատճառով.
որոշում է կայացնում, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում 2007թ. մայիսի 22-ի և 2007թ. օգոստոսի 21-ի վճիռների կատարման պատճառով.
որոշում է կայացնում, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում դիմողի օգտին կայացված վճիռների չկատարման կամ ուշացած կատարման մասով իրավական պաշտպանության ներպետական միջոցների բացակայության պատճառով.
որոշում է կայացնում, որ վերը նշված խախտումները ծագել են Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործելակերպի արդյունքում, որը կայանում է այն բանում, որ պետությունը չի հարգել վճռի պարտքերը և որի մասով տուժած կողմերն իրավական պաշտպանության ներպետական որևէ միջոց չունեն.
որոշում է կայացնում, որ պատասխանող պետությունը պետք է վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ստեղծի իրավական պաշտպանության ներպետական արդյունավետ միջոց կամ այդպիսի միջոցների համակցում, որոնք ներպետական վճիռների չկատարման կամ ուշացած կատարման դեպքում Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված` Կոնվենցիայի սկզբունքներին համահունչ կապահովեն համարժեք ու բավարար փոխհատուցում.որոշում է կայացնում, որ պատասխանող պետությունները վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած մեկ տարվա ընթացքում պետք է այդպիսի փոխհատուցում տան այն բոլոր անձանց, ովքեր տուժել են իրենց օգտին կայացված վճիռների պարտքերը պետական մարմինների կողմից չվճարելու կամ ուշացումով վճարելու հետևանքով և իրենց դիմումներն են ներկայացրել Դատարան մինչ ներկա վճռի կայացումը, և ում դիմումները կառավարությանն էին փոխանցվել Դատարանի Կանոնակարգի 54-րդ կանոնի 2/բ/ կետի համաձայն.որոշում է ընդունում առ այն, որ սպասելով վերը նշված միջոցների ընդունմանը, վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած Դատարանը մեկ տարով կհետաձգի բոլոր գործերով վարույթները, որոնք վերաբերում են զուտ պետական մարմինների կողմից դրամական վճարումներ կարգադրող ներպետական վճիռների չկատարմանը և/կամ ուշացած կատարմանը` առանց Դատարանի իրավազորության նկատմամբ կանխակալ վերաբերմունքի ցանկացած պահի անընդունելի հայտարարել այդպիսի ցանկացած գործ կամ այն հանել իր ցուցակից` կողմերի միջև հաշտության համաձայնությունից կամ Կոնվենցիայի 37-րդ կամ 39-րդ հոդվածի համաձայն հարցը լուծելու այլ միջոցներից հետո.որոշում է, որ`
ա/ պատասխանող պետությունը պետք է վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի 6,000 /վեց հազար/ եվրո` գումարած գանձվելիք ցանկացած հարկ ոչ նյութական վնասի մասով, որը պետք է ռուսական ռուբլու փոխարկվի կարգավորման օրվա դրությամբ եղած փոխարժեքով.
բ/ որ վերը նշված երեք ամիսը լրանալուց հետո և մինչև կարգավորումը պետք է վճարվի վերը նշված գումարի հասարակ տոկոսն այն փոխարժեքով, որը հավասար է պարտքի չվճարման ժամանակ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքին` գումարած երեք տոկոսային կետ.
մերժում է արդարացի փոխհատուցման մասին դիմողի հայցի մնացյալ մասը:
Կազմված է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցված 2009թ. հունվարի 15-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Անդրե ՎամպախՔրիստոս Ռոզակիս
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy