Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Տեղեկատվական ծանուցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թիվ 156 նախադեպի վերաբերյալ
2012թ. հոկտեմբեր
Կատան և այլոք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի [ՄՊ] - 43370/04, 18454/06 և 8252/05
Վճիռ 19.12.2012թ. [ՄՊ]
Հոդված 1
Պետության իրավազորությունը
Մոլդովայի և Ռուսաստանի կառավարությունների իրավազորությունը Մոլդովայի Հանրապետության անջատողական տարածքում վարած կրթական քաղաքականության նկատմամբ
Թիվ 1 արձանագրության Հոդված 2
Ծնողների փիլիսոփայական համոզմունքների նկատմամբ հարգանքի իրավունքը
Կրթության իրավունք
Լատինական լեզվով ուսուցում իրականացնող դպրոցների փակելը, և մայրենի լեզվով կրթություն ստանալու ցանկություն ունեցող աշակերտների հետապնդելը` խախտում
Փաստեր - Դիմումատուները Մերձդնեստրի մոլդովական համայնքի երեխաներն ու ծնողներն են, մի տարածաշրջանի, որը գտնվում է Մոլդովայի Հանրապետության արևելյան հատվածում և չի վերահսկվում Մոլդովայի կառավարության կողմից: Այդ տարածքը գտնվում է անջատողական շարժման` «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետութան» («ՄՄՀ») վերահսկողության ներքո: «ՄՄՀ»-ն չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Դիմումատուները բողոքում էին անջատողական իշխանությունների կողմից վարած լեզվական քաղաքականության արդյունքում իրենց և իրենց երեխաների կրթության և ընտանեկան կյանքի վրա թողած ազդեցության վերաբերյալ: Վերջիններիս բողոքը, ըստ էության, վերաբերում է 2002 և 2004 թվականներին «ՄՄՀ»-ի ուժերի ձեռնարկած այն միջոցներին, որոնք արգելում էին դպրոցներում օգտագործել լատիներեն այբուբենը, և որոնց համաձայն բոլոր դպրոցները պետք է գրանցեին և օգտագործեին «ՄՄՀ»-ի կողմից հաստատած ուսումնական ծրագիրը և կիրիլյան գրերը: Այդ գործողությունները ներառում էին աշակերտների և ուսուցիչների հարկադիր վտարումը դպրոցներից, ինչպես նաև դպրոցների հետագա փակելը և տեղափոխումը հեռավոր և վատ կահավորված շենքեր: Բացի այդ, դիմումատուները նաև պնդում էին, որ դարձել են «ՄՄՀ»-ի ռեժիմի ներկայացուցիչների և մասնավոր անհատների կողմից իրականացվող ճնշումների և սպառնալիքների համակարգված քարոզարշավի զոհ: Վերջիններիս պնդմամբ երեխաներին դպրոց գնալու ճանապարհին վիրավորել են, կանգնեցրել և խուզարկության ենթարկել «ՄՄՀ»-ի ոստիկաններն ու սահմանապահները, ովքեր երեխաների մոտ գտել են և առգրավվել լատիներեն լեզվով գրքեր, և միաժամանակ «ՄՄՀ»-ի կողմից վերահսկվող տարածքում գտնվող երկու դպրոց դարձել են կրկնվող բարբարոսական գործողությունների թիրախ: Դիմումատուները պնդում են, որ խնդրո առարկա դեպքերը գտնվում են պատասխանող երկու պետությունների իրավազորության շրջանակում:
Իրավունք - Հոդված 1` Համաձայն 1-ին հոդվածի՝ պետության իրավազորությունն առաջին հերթին տարածքային է: Այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում՝ պայմանավորվող պետությունների գործողությունները, որոնք իրականացվում կամ ազդեցություն են թողնում իրենց երկրի սահմաններից դուրս, կարող են դիտվել որպես իրավազորության իրականացում: Պետությունը կարող է իրականացնել արտատարածքային իրավազորությունն իշխանության հաստատման և իր գործակալների կողմից անհատի կամ անհատների նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոցով, ինչպես նաև այնպիսի դեպքերում, երբ օրինական կամ անօրինական զինվորական գործողության հետևանքով պետությունն ազգային սահմաններից դուրս ընկած տարածքի նկատմամբ իրականացնում է արդյունավետ վերահսկողություն:
(ա) Մոլդովայի Հանրապետության իրավազորությունը - Բոլոր երեք դպրոցները մշտապես գտնվել են Մոլդովայի տարածքում: Չնայած չի վիճարկվել, որ Մոլդովան վերահսկողություն չի իրականացրել խնդրո առարկա տարածքի նկատմամբ և չի ղեկավարել «ՄՄՀ»-ի գործողությունները, Ilaşcu գործով Դատարանը վճռեց, որ Մերձդնեստրում ձերբակալված անձինք գտնվում են Մոլդովայի իրավազորության ներքո, քանի որ Մոլդովան ինքնիշխան պետություն է, չնայած որ վերջինս չի իրականացնում արդյունավետ վերահսկողություն Մերձնդնեստրի շրջանի նկատմամբ: Դատարանը այդ գործով վճռեց, որ համաձայն Կոնվենցիայի 1-ին հոդվածի՝ Մոլդովան պարտավոր է իր իրավազորության սահմաններում միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները: Տվյալ պարագայում, Դատարանը հիմքեր չի գտնում սույն գործը տարբերելու արդեն իսկ քննված գործից: Այն փաստը, որ համաձայն միջազգային հանրային իրավունքի՝ այդ տարածաշրջանը ճանաչվել է Մոլդովայի տարածքի բաղկացուցիչ մաս, առաջ է բերում օգտագործելու բոլոր հնարավոր իրավական և դիվանագիտական միջոցները՝ ապահովելու այդ տարածքում բնակվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները:
Եզրակացություն՝ իրավազորության ներքո (միաձայն):
(բ) Ռուսաստանի Դաշնության իրավազորությունը - Հաշվի առնելով, որ սույն գործի հիմնական իրադարձությունները տեղի են ունեցել մի ժամանակահատվածում, որը համընկել է Դատարանի կողմից Ilaşcu վճռով քննվածի հետ, և որ հիշատակված գործով Դատարանը հանգել է այն եզրակացության, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար դիմումատուները գտնվել են Ռուսաստանի Դաշնության «իրավազորության» ներքո, տվյալ դեպքում Ռուսաստանի կառավարության պարտավորությունն է ապացուցել, որ Ռուսաստանը չի իրականացրել իր իրավազորությունը բողոքարկվող դեպքերի առնչությամբ: Դատարանը ընդունեց, որ դիմումատուների դպրոցի նկատմամբ ձեռնարկած քայլերում ռուս գործակալների անմիջական ներգրավվածության մասին որևէ ապացույց չկա և ձեռնամուխ եղավ ուսումնասիրելու, թե արդյո՞ք Ռուսաստանը արդյունավետ վերահսկողություն է իրականացրել «ՄՄՀ»-ի նկատմամբ: Հաշվի առնելով Ռուսական զորքերի ներկայությունն այդ տարածաշրջանում՝ Դատարանը գտավ, որ այն-տեղ տեղակայված զինված ուժերի քանակը զգալիորեն նվազել է և փոքր է եղել տարածաշրջանի չափերի համեմատ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ռուսական բանակի զինանոցի մեծությունը՝ Դատարանը Ilaşcu գործով որոշեց, որ վերջինիս ազդեցությունը տարածաշրջանում առկա է: Պատմական ակունքները նույնպես զգալի ազդեցություն են ունենցել այս հարցում. 1992 թվականին անջատողականներին հաջողվեց իշխանություն հաստատել միմիայն ռուսական զորքի օգնությամբ: Բացի այդ, Դատարանը Ilaşcu գործով հաստատեց, որ «ՄՄՀ»-ն այդ ժամանակահատվածում պահպանել է իր իշխանությունը միայն Ռուսաստանի տնտեսական աջակցության շնորհիվ և նշեց, որ ռուսական կառավարությունը ամեն տարի շարունակում է զգալի գումարներ ծախսել՝ այդպիսով հումանիտար օգնություն տրամադրելով Մերձդնեստրի բնակչությանը:
Ilaşcu գործով եզրակացությունները հերքող որևէ ապացույց չի ներկայացվել և Ռուսաստանի շարունակական բնույթ կրող ռազմական ներկայությունը մեծապես վկայում է վերջինիս՝ «ՄՄՀ» ռեժիմին ցուցաբերած մշտական աջակցության մասին: Հետևաբար, ռուսական կառավարությանը չհաջողվեց Դատարանին ապացուցել, որ Ilaşcu գործով կայացված եզրակացությունները սխալ են, և տվյալ պարագայում դիմումատուներն ընկնում են Ռուսաստանի իրավազորության ներքո:
Եզրակացություն՝ իրավազորության ներքո (տասնվեց ձայն ըննդեմ մեկի):
Թիվ 1 արձանագրության Հոդված 2՝ Չնայած, որ դժվար էր մանրամասն փաստեր ձեռք բերել դիմումատուների կյանքի վերաբերյալ դպրոցների վերաբացումից հետո, Դատարանը նշեց, որ լատիներեն այբուբենի կիրառումն օրենքի խախտում է հանդիսանում «ՄՄՀ»-ում, և ակնհայտ է, որ դպրոցները ստիպված են եղել տեղափոխվել նոր շենքներ, որոնք շատ դեպքերում զգալի հեռավորության վրա են գտնվել, և մի շարք դպրոցների աշակերտների թիվը զգալիորեն նվազել է: Այս անվիճելի փաստերը հիմնավորում են դիմումատուների պնդումների գլխավոր առարկան: Ձեռնարկված միջոցները և դիմումատուների նկատմամբ ոտնձգություններն ոտնահարում են կրթական հաստատություններից օգտվելու հնարավություն ունենալու և մայրենի լեզվով կրթություն ստանալու դիմումատու աշակերտների իրավունքը: Ավելին, Դատարանը գտավ, որ ձեռնարկված միջոցները միջամտում են դիմումատու ծնողների՝ երեխաների համար իրենց կրոնական և փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքին, և Դատարանը նշեց, որ Թիվ 1 արձանագրության 2-րդ հոդվածը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում: Քննարկելով, թե արդյո՞ք դիմումատուների իրավունքներին միջամտելը արդարացված էր՝ Դատարանը նշեց, որ որևէ ապացույց չկա, որը կվկայեր այն մասին, որ «ՄՄՀ»-ի կողմից խնդրո առարկա դպրոցների նկատմամբ ձեռնարկված միջոցները հետապնդել են իրավաչափ նպատակ: Պարզվեց, որ «ՄՄՀ»-ի՝ դպրոցներում իրականացվող լեզվական քաղաքականության նպատակն էր ռուսականացնել Մոլդովայի համայնքի լեզուն և մշակույթը: Այնուհետև, Դատարանը ուսումնասիրեց պատասխանող պետությունների պարտավորությունը այդ միջամտության վերաբերյալ:
(ա) Մոլդովայի Հանրապետության պարտավորությունները - Ի տարբերություն Ilaşcu գործով Դատարանի հայտնած դիրքորոշմանը, որտեղ Դատարանը գտել էր, որ Մոլդովան չի ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի այդ գործով վերջ դնի Կոնվենցիայի խախտումներին, ներկա գործով Դատարանը գտավ, որ Մոլդովայի կառավարությունը զգալի ջանքեր է գործադրել՝ դիմումատուներին աջակցելու համար: Մասնավորապես՝ «ՄՄՀ»-ի կողմից դպրոցների նախկին շենքերի բռնագրավումից հետո, Մոլդովայի կառավարությունը վճարել է նոր տարածքների վարձակալության և վերանորոգման համար, ինչպես նաև հոգացել է սարքավորումների, անձնակազմի աշխատավարձի և տրանսպորտային ծախսերը: Հետևաբար, Մոլդովայի կառավարությունը կատարել է իր պոզիտիվ պարտավորությունները դիմումատուների նկատմամբ:
Եզրակացություն՝ խախտում չկա (միաձայն):
(բ) Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները - Որևէ ապացույց չկար, որը կվկայեր դիմումատուների նկատմամբ ձեռնարկված միջոցառումներում ռուս գործակալների ուղղակի մասնակցության մասին: Ընդհանուր առմամբ չկար նաև որևէ ապացույց «ՄՄՀ»-ի վարած քազաքականությանը Ռուսաստանի՝ մասնակից լինելու կամ հավանություն տալու վերաբերյալ: Այնուամենայնիվ, խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսաստանն իրականացրել է արդյունավետ վերահսկողություն «ՄՄՀ»-ի նկատմամբ: Անհրաժեշտ չի նաև պարզել, թե արդյո՞ք Ռուսաստանն ամբողջական վերահսկողություն է իրականացրել իր ենթակայության տակ գտնվող տեղական վարչակազմի վարած քաղաքականության և գործողությունների նկատմամբ: Ռուսաստանի՝ շարունակական բնույթ կրող ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցության շնորհիվ է «ՄՄՀ»-ին հաջողվել պահպանել իր գոյությունը: Հետևաբար, Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Կոնվենցիայով ամրագրված դիմումատուների՝ կրթություն ստանալու իրավունքը խախտելու համար:
Եզրակացություն` խախտում (տասնվեց ձայն ընդդեմ մեկի):
Հոդված 41` 6,000 եվրո՝ յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ համաձայն վճռով սահմանված ժամանակացույցի:
(Տես նաև Ilaşcu and Others v. Moldova and Russia [ՄՊ], no. 48787/99, 8 հուլիս 2004թ., Տեղեկատվական ծանուցում no. 66; Al-Skeini and Others v. the United Kingdom [ՄՊ], no. 55721/07, 7 հուլիս 2011թ., Տեղեկատվական ծանուցում no. 143; Ivanţoc and Others v. Moldova and Russia, no. 23687/05, 15 նոյեմբեր 2011թ., Տեղեկատվական ծանուցում no. 146)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար:
Սեղմեք այստեղ Նախադեպերի տեղեկատվական ծանուցումների համար
Full & Egal Universal Law Academy