© Սույն տեքստը և այն վերահրապարակելու թույլտվությունը տրամադրվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դատարանի տվյալների բազա HUDOC-ում ընդգրկելու համար: [Թարգմանությունն արդեն իսկ հրապարակվել է www.echr.am կայքում]
© The present text and the authorisation to republish it were granted by the “Translation Center of the Ministry of Justice of the Republic of Armenia” SNCO for the purpose of its inclusion in the Court’s database HUDOC. [Translation already published in www.echr.am]
© La traduction et l’autorisation de republier ont été accordées par la “Centre de Traduction du Ministère de la Justice d’Armènie” SNCO à son inclusion dans la base de données HUDOC de la Cour. [La traduction déjà publiée sur www.echr.am]
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՉԻՐԱԳՈՎԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 13216/05)
ՎՃԻՌ
(ըստ էության)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
16 հունիսի 2015թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Չիրագովը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հանդես գալով Մեծ պալատի հետեւյալ կազմով՝
Դին Շպիլմանն [Dean Spielmann]՝ Նախագահ,
Ժոզեփ Քասադեւալ [Josep Casadevall],
Գուիդո Ռայմոնդի [Guido Raimondi],
Մարկ Վիլլիգեր [Mark Villiger],
Իզաբել Բեռո [Isabelle Berro],
Ինետա Զիմելե [Ineta Ziemele],
Բոշտյան Մ. Զուպանչիչ [Boštjan M. Zupančič],
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Խանլար Հաջիեւ [Khanlar Hajiyev],
Ջորջ Նիկոլաու [George Nicolaou],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Գաննա Յուդկիվսկա [Ganna Yudkivska],
Պաուլո Պինտո դե Ալբուկերկե [Paulo Pinto de Albuquerque],
Քսենյա Տուրկովիչ [Ksenija Turković],
Էգիդիյուս Կյուրիս [Egidijus Kūris],
Ռոբերտ Սպանո [Robert Spano],
Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc]՝ դատավորներ,
եւ Մայքլ Օ՛Բոյլ [Michael O’Boyle]՝ Քարտուղարի տեղակալ,
2014 թվականի հունվարի 22-23-ին եւ 2015 թվականի հունվարի 22-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1.Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Ադրբեջանի վեց քաղաքացիների՝ պրն Էլխան Չիրագովի, պրն Ադիշիրին Չիրագովի, պրն Ռամիզ Ջեբրայիլովի, պրն Ակիֆ Հասանովի, պրն Ֆեխրեդին Փաշաեւի եւ պրն Քառացա Ջաբրայիլովի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2005 թվականի ապրիլի 6-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 13216/05) հիման վրա: Վեցերորդ դիմումատուն մահացել է 2005 թվականի հունիսին։ Գանգատով վարույթն իր անունից շարունակել է իր որդին՝ պրն Սաղաթել Ջաբրայիլովը:
2.Դիմումատուներին, ովքեր ստացել են իրավաբանական օգնություն, ներկայացրել են Լոնդոնում գործող իրավաբաններ պրն Մ. Մյուլերը ԹԽ [QC], տկն Ս. Վայնը, տկն Մ. Բաթլերը, պրն Մ. Իվերսը, տկն Բ. Փոյնորը եւ պրն Ս. Սուարուփը, ինչպես նաեւ պրն Կ. Յիլդիզը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3.Դիմումատուները պնդել են, մասնավորապես, որ իրենց թույլ չեն տվել վերադառնալ պատասխանող Կառավարության կողմից գրավված տարածքում գտնվող Լաչինի շրջան, ինչի հետեւանքով նրանք չեն կարողացել օգտվել այնտեղ գտնվող իրենց գույքից եւ տներից, եւ որ իրենք չեն ստացել որեւէ հատուցում իրենց կորուստների համար: Նրանք նշել են, որ սա Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի եւ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտում է: Ավելին, նրանք պնդել են, որ խախտվել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածն այն իմաստով, որ վերոնշյալ բողոքների հետ կապված իրավական պաշտպանության որեւէ արդյունավետ միջոց հասանելի չի եղել։ Վերջապես, վերոնշյալ բոլոր բողոքների առնչությամբ նրանք պնդել են, որ, խախտելով Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, նրանց նկատմամբ դրսեւորվել է խտրական վերաբերմունք՝ էթնիկ ծագման եւ կրոնական պատկանելության հիմքով։
4.Գանգատն ուղարկվել է Դատարանի երրորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): Ադրբեջանի Հանրապետության կառավարությունն իրացրել է վարույթին ներգրավվելու իր իրավունքը՝ Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն։ Նրանց ներկայացրել է իրենց լիազոր ներկայացուցիչ պրն Ս. Ասգարովը։
5.2010 թվականի մարտի 9-ին Երրորդ բաժանմունքի պալատը, դատավորների հետեւյալ կազմով՝ Ժոզեփ Քասադեւալ [Josep Casadevall], Էլիզաբեթ Ֆուրա [Elisabet Fura], Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan], Բոշտյան Մ. Զուպանչիչ [Boštjan M. Zupančič], Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan], Էգբերտ Միժեր [Egbert Myjer] եւ Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra], ինչպես նաեւ Սթենլի Նեյսմիթը [Stanley Naismith]՝ բաժանմունքի քարտուղարի տեղակալ, ընդդատությունը զիջել է Մեծ պալատին, ինչի վերաբերյալ կողմերից որեւէ մեկը առարկություն չի ներկայացրել (Կոնվենցիայի 30-րդ հոդված եւ 72-րդ կանոն)։
6.Մեծ պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների եւ Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն։ Դատարանի նախագահը որոշում է կայացրել, որ, ելնելով արդարադատությունը պատշաճ իրականացնելու շահերից, այս գործի, ինչպես նաեւ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 40167/06) [Sargsyan v. Azerbaijan (application no. 40167/06)] գործի քննությունը պետք է հանձնվի Մեծ պալատի միեւնույն կազմին (24-րդ կանոն, 42-րդ կանոնի 2-րդ կետ եւ 71-րդ կանոն)։
7.Գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության դռնբաց լսումները տեղի են ունեցել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի շենքում՝ 2010 թվականի սեպտեմբերի 15-ին (59-րդ կանոնի 3-րդ կետ)։
8.2011 թվականի դեկտեմբերի 14-ին գանգատն ընդունելի է հայտարարվել Մեծ պալատի կողմից, որի կազմում են եղել դատավորներ Նիկոլաս Բրացան [Nicolas Bratza], Ժան-Փոլ Կոստան [Jean-Paul Costa], Քրիստոս Ռոզակիսը [Christos Rozakis], Ֆրանսուա Տուլկենսը [Françoise Tulkens], Ժոզեփ Քասադեւալը [Josep Casadevall], Նինա Վայիչը [Nina Vajić], Կորնելիու Բիրսանը [Corneliu Bîrsan], Փիր Լորենզենը [Peer Lorenzen], Բոշտյան Մ. Զուպանչիչը [Boštjan M. Zupančič], Էլիզաբեթ Ֆուրան [Elisabet Fura], Ալվինա Գյուլումյանը [Alvina Gyulumyan], Խանլար Հաջիեւը [Khanlar Hajiyev], Էգբերտ Միժերը [Egbert Myjer], Սվեռե Էրիկ Յեբենսը [Sverre Erik Jebens], Ջիորջիո Մալինվերնին [Giorgio Malinverni], Ջորջ Նիկոլաուն [George Nicolaou] եւ Լուիս Լոպես Գեռան [Luis López Guerra], ինչպես նաեւ Քարտուղարի տեղակալ Մայքլ Օ՛Բոյլը [Michael O’Boyle]։
9.Դիմումատուները եւ պատասխանող Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են գործի հանգամանքների վերաբերյալ լրացուցիչ դիտարկումներ (59-րդ կանոնի 1-ին կետ)։ Ի հավելումն դրա, Ադրբեջանի Հանրապետության կառավարությունից ստացվել են երրորդ կողմի մեկնաբանություններ։
10.Գանգատի ըստ էության քննության դռնբաց լսումները տեղի են ունեցել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների հարցերով գրասենյակի շենքում՝ 2014 թվականի հունվարի 22-ին։
Դատարան են ներկայացել.
ա)պատասխանող Կառավարության կողմից՝
պրն Գ. ԿՈՍՏԱՆՅԱՆ՝
լիազոր ներկայացուցիչ,
պրն ՌՈԲԵՐՏՍՈՆ, ԹԽ [QC]՝
խորհրդական,
պրն Է. ԲԱԲԱՅԱՆ,
պրն Թ. ՔՈԼԻՍ՝
խորհրդատուներ.
բ)դիմումատուների կողմից՝
պրն Մ. ՄՅՈՒԼԵՐ, ԹԽ [QC],
պրն Մ. ԻՎԵՐՍ,
պրն Ս. ՍՈՒԱՐՈՒՓ,
տկն Մ. ԲԱԹԼԵՐ՝
խորհրդական,
տկն Ս. ՎԱՅՆ,
տկն Բ. ՓՈՅՆՈՐ,
տկն Ս. ԿԱՐԱԿԱՍ,
տկն Ա. ԷՎԱՆՍ՝
խորհրդատուներ.
գ)Ադրբեջանի կառավարության կողմից՝
պրն Չ. ԱՍԳԱՐՈՎ՝
լիազոր ներկայացուցիչ,
պրն Մ.Ն. ՇԱՈՒ, ԹԽ [QC],
պրն Գ. ԼԱՆՍԿԻ՝
խորհրդական,
պրն O. ԳՎԱԼԱՁԵ,
պրն Հ. ՏՐԵՏՏԵՐ,
տկն Տ. ՈՒՐԴԱՆԵՏԱ ՈՒԻՏՏԵԿ,
պրն Օ. ԻՍՄԱՅԻԼՈՎ՝
խորհրդատուներ:
Դիմումատուներ Ա. Հասանովը եւ Ֆ. Փաշաեւը եւս ներկա էին:
Դատարանը լսել է պրն Մյուլերի, պրն Սուարուփի, պրն Իվերսի, տկն Բաթլերի, պրն Ռոբերտսոնի, պրն Շաուի եւ պրն Լանսկիի ելույթները:
11.Լսումից հետո Դատարանը որոշել է, որ գործի քննությունը չի պահանջում փաստահավաք առաքելության կազմակերպում կամ վկաների հարցաքննության իրականացում:
ՓԱՍՏԵՐԸ
I.ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա.Նախապատմությունը
12.ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Ադրբեջանական ԽՍՀ) ինքնավար մարզ էր։ Այն գտնվում էր Ադրբեջանի ԽՍՀ-ի տարածքում եւ զբաղեցնում էր 4 388 քառ. կիլոմետր։ Այդ ժամանակ ընդհանուր սահման չկար Լեռնային Ղարաբաղի (հայերեն անվանումը՝ Արցախ) եւ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (Հայաստանի ԽՍՀ) միջեւ, որոնք բաժանված էին ադրբեջանական տարածքով եւ որոնց միջեւ ամենակարճ հեռավորությունն անցնում էր Լաչինի շրջանով՝ ներառյալ տասը կիլոմետրից պակաս լայնությամբ հողի այն հատվածը, որը հաճախ կոչվում է «Լաչինի միջանցք»:
13.1989 թվականին ԽՍՀՄ-ում անցկացված մարդահամարի համաձայն՝ ԼՂԻՄ-ի բնակչությունը կազմում էր 189 000 մարդ, որից 77%-ը էթնիկ հայեր էին, իսկ 22%-ը՝ էթնիկ ադրբեջանցիներ, ինչպես նաեւ ռուս եւ քուրդ ազգային փոքրամասնություններ։ Լաչինի շրջանն ուներ տարբերվող ժողովրդագրություն՝ նրա բնակչության մեծամասնությունը՝ մոտ 60 000-ը, քրդեր եւ ադրբեջանցիներ էին: Միայն 5-6%-ն էին հայեր:
14.1988 թվականի սկզբին ԼՂԻՄ-ի շրջանային մայրաքաղաք Ստեփանակերտում, ինչպես նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում, տեղի էին ունենում ցույցեր՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու պահանջով։ Փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի խորհուրդը դիմեց Հայկական ԽՍՀ եւ Ադրբեջանական ԽՍՀ, ինչպես նաեւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ խնդրելով, որ ԼՂԻՄ-ը դուրս գա Ադրբեջանի կազմից եւ միանա Հայաստանին։ Մարտի 23-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից պահանջը մերժվեց։ Հունիսին պահանջը մերժեց նաեւ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, մինչդեռ դրա գործընկերը Հայաստանում միավորմանը կողմ քվեարկեց։
15.Միավորմանն ուղղված ցույցերը շարունակվեցին 1988 թվականի ամբողջ ընթացքում։ Լաչինի շրջանը ենթարկվեց շրջափակումների եւ հարձակումների։ Բախումները հանգեցրեցին բազմաթիվ զոհերի, եւ Հայաստանից դեպի Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ շարժվող հարյուր հազարավոր փախստականների հոսքի առաջացմանը։ Որպես հետեւանք, 1989 թվականի հունվարի 12-ին ԽՍՀՄ կառավարությունը ԼՂԻՄ-ը դրեց Մոսկվայի ուղղակի վերահսկողության տակ։ Սակայն նույն թվականի նոյեմբերի 28-ին մարզի նկատմամբ վերահսկողությունը վերադարձվեց Ադրբեջանին։ Մի քանի օր անց՝ դեկտեմբերի 1-ին, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդն ընդունեցին «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշում։ Այս որոշման արդյունքում 1990 թվականի հունվարին ձեւավորվեց երկու սուբյեկտների միասնական բյուջեն, ինչպես նաեւ նույն տարվա գարնանը կայացվեց որոշում՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրություններում ներառելու մասին:
16.1990 թվականի սկզբին՝ հակամարտության սրումից հետո, Բաքու եւ Լեռնային Ղարաբաղ ժամանեցին խորհրդային զորքերը, ինչի հետեւանքով մարզում հայտարարվեց արտակարգ իրավիճակ։ Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ կատաղի բախումները շարունակվեցին, որոնց, սակայն, ժամանակ առ ժամանակ միջամտում էին խորհրդային զորքերը։
17.1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից։ Սա հետագայում պաշտոնական ձեւակերպում ստացավ «Պետության անկախության մասին» հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի ընդունմամբ։ Սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ-ի խորհուրդը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (այսուհետ՝ ԼՂՀ) ստեղծումը, որը բաղկացած էր ԼՂԻՄ-ի տարածքից եւ Ադրբեջանի Շահումյան շրջանից, ինչպես նաեւ հայտարարեց այն մասին, որ այն այլեւս Ադրբեջանի իրավազորության տակ չի գտնվում։ Նոյեմբերի 26-ին Ադրբեջանի խորհրդարանը վերացրեց Լեռնային Ղարաբաղի՝ նախկինում ունեցած ինքնավարությունը։ Դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեի մասնակիցների 99,9%-ը կազմից դուրս գալուն «կողմ» քվեարկեց։ Ադրբեջանցիները, սակայն, բոյկոտեցին այդ հանրաքվեն։ Նույն ամսին Խորհրդային Միությունը փլուզվեց եւ խորհրդային զորքերը սկսեցին դուրս գալ շրջանից։ Լեռնային Ղարաբաղի ռազմական վերահսկողությունն արագորեն անցավ ղարաբաղաբնակ հայերին։ 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ-ն, հաշվի առնելով հանրաքվեի արդյունքները, վերահաստատեց Ադրբեջանից իր անկախությունը։
18.1992 թվականի սկզբին հակամարտությունն աստիճանաբար վերածվեց լայնամասշտաբ պատերազմի։ Էթնիկ հայերը գրավեցին մի շարք ադրբեջանական գյուղեր, ինչն առնվազն մի քանի հարյուր մարդու մահվան եւ բնակչության հեռանալու պատճառ դարձավ:
19.Լաչինի շրջանը, մասնավորապես Լաչին քաղաքը, բազմիցս ենթարկվել է հարձակումների: Դիմումատուները պնդել են, որ հարձակումները կատարվել են եւ´ Լեռնային Ղարաբաղի, եւ´ Հայաստանի Հանրապետության զորքերի կողմից: Պատասխանող Կառավարությունը, այնուամենայնիվ, պնդել է, որ Հայաստանը չի մասնակցել միջոցառումներին, իսկ ռազմական գործողություններն իրականացվել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի եւ կամավորական խմբերի կողմից: 1991 թվականին դեպի Լաչին տանող ճանապարհները գրեթե ութ ամիս գտնվել են էթնիկ հայկական ուժերի վերահսկողության տակ, ովքեր կառավարել եւ վերահսկել են անցակետերը: Լաչին քաղաքն ամբողջովին մեկուսացվել էր: 1992 թվականի մայիսի կեսերին Լաչինը ենթարկվել է ռմբակոծության, որի ընթացքում ավերվել են բազմաթիվ բնակելի տներ:
20.1992 թվականի մայիսի 17-ին, հասկանալով, որ զորքերն արագորեն առաջ են ընթանում դեպի Լաչին, գյուղի բնակիչները դիմեցին փախուստի: Հաջորդ օրը Լաչին քաղաքը գրավվեց էթնիկ հայկական ուժերի կողմից: Պարզվում է, որ քաղաքը թալանվել եւ այրվել է գրավմանը հաջորդող օրերին: ԼՂՀ իշխանություններից պատասխանող Կառավարության կողմից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ Լաչին քաղաքը եւ հարակից գյուղերը՝ Աղբուլաղը, Չիրաղը եւ Չիրաղլին, ամբողջությամբ ոչնչացվել են ռազմական հակամարտության ընթացքում:
21.1992 թվականի հուլիսին Հայաստանի Ազգային ժողովը որոշում կայացրեց, որ չի ստորագրի որեւէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի մի մասը:
22.Հյուման Րայթս Ուոտչ [Human Rights Watch] (ՀՐՈՒ [HRW]) կազմակերպության զեկույցի («Լեռնային Ղարաբաղում յոթ տարի տեւող հակամարտություն» [“Seven Years of Conflict in Nagorno-Karabakh”], 1994 թվականի դեկտեմբեր) համաձայն՝ Լաչինի շրջանի զավթման հետեւանքով տեղահանման են ենթարկվել մոտավորապես 30 000 ադրբեջանցիներ, որոնցից շատերը՝ ծագումով քուրդ:
23.Լաչինի գրավումից հետո էթնիկ հայկական ուժերը շարունակել են գրավել Լեռնային Ղարաբաղը շրջապատող եւս չորս ադրբեջանական շրջաններ (Քելբաջար, Ջաբրայիլ, Կուբաթլու եւ Զանգիլան) եւ երկու այլ շրջանների (Աղդամ եւ Ֆիզուլի) զգալի մասը:
24.1994 թվականի մայիսի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի կողմից ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիր (Բիշքեկի արձանագրությունը)։ Այն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին։
25.Վերեւում նշված ՀՐՈՒ զեկույցի համաձայն՝ 1988-ից 1994 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղից, Հայաստանից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ ադրբեջանական շրջաններից հարկադրաբար դուրս են հանվել 750 000-800 000 ադրբեջանցիներ։ Հայաստանի իշխանությունների կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ հաշվառվել են Ադրբեջանից Հայաստան եկած 335 000 հայ փախստականներ եւ ներքին տեղահանման ենթարկված 78 000 անձ (Հայաստանի՝ Ադրբեջանին սահմանակից շրջաններից)։
Բ.Ներկա իրավիճակը
26.Ըստ պատասխանող Կառավարության՝ ԼՂՀ-ն վերահսկում է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի 4 061 քառ. կիլոմետր տարածք։ Թեեւ վիճարկվում է, թե երկու՝ մասնակիորեն նվաճված շրջաններից որքանն է գրավվել ԼՂՀ-ի կողմից, ըստ երեւույթին յոթ հարակից շրջաններից գրավված տարածքն ընդհանուր կազմում է 7 500 քառ. կիլոմետր։
27.Մոտավոր հաշվարկներով այսօր Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում է 120 000-ից մինչեւ 145 000 մարդ, որից 95%-ը էթնիկ հայեր են։ Ադրբեջանցիներ գրեթե չեն մնացել։ Լաչինի շրջանն ունի մոտավորապես 5 000-ից 10 000 հայ բնակչություն:
28.Հակամարտությանը քաղաքական կարգավորում դեռեւս չի տրվել։ ԼՂՀ-ի ինքնահռչակ անկախությունը չի ճանաչվել որեւէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից։ 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի պարբերական խախտումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի առաջացմանը, իսկ պաշտոնյաները դեռեւս վարում են թշնամական հռետորություն։ Ավելին, միջազգային զեկույցների համաձայն՝ վերջին տարիներին սրվել է լարվածությունը, իսկ ռազմական ծախսերը Հայաստանում եւ Ադրբեջանում զգալիորեն աճել են։
29.Հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ բազմաթիվ առաջարկներ ձախողվել են։ Բանակցություններ են վարվել ԵԱՀԿ-ի (Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության) եւ իր, այսպես կոչված, Մինսկի խմբի հովանու ներքո։ 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն, Հայաստանին եւ Ադրբեջանին են ներկայացրել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները։ Հիմնական սկզբունքներով, որոնք հետագայում լրացվել են, կոչ է արվում, inter alia (ի թիվս այլնի), Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները, Լեռնային Ղարաբաղին տալ անվտանգության եւ ինքնակառավարման համար երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ, ապահովել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, հետագայում, իրավական պարտադիր ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը, ներքին տեղահանման ենթարկված բոլոր անձանց եւ փախստականներին տրամադրել իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, ինչպես նաեւ տրամադրել միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ։ Գաղափարն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից սկզբունքների ընդունմամբ հնարավոր կլինի մշակել կարգավորման համակողմանի եւ մանրամասն ծրագիր։ Մինսկի խմբի դիվանագետների ինտենսիվ միջնորդական դիվանագիտությունից եւ 2009 թվականին երկու երկրների նախագահների միջեւ մի շարք հանդիպումներից հետո 2010 թվականին գործընթացը կորցրել է իր թափը։ Մինչ օրս հակամարտության կողմերը չեն ստորագրել Հիմնական սկզբունքների մասին պաշտոնական համաձայնագիր։
30.2011 թվականի մարտի 24-ին Մինսկի խումբը ներկայացրեց «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման առաքելության այցը Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղին հարակից գրավված տարածքներ» խորագրով զեկույցը, որի ամփոփ նկարագրում նշվում է հետեւյալը.
«2010 թվականի հոկտեմբերի 7-12-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դաշտային գնահատման առաքելությամբ այցելեցին Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղին հարակից գրավված տարածքներ՝ այնտեղ ընդհանուր իրավիճակը, ներառյալ՝ մարդասիրական եւ այլ ասպեկտները գնահատելու համար։ Համանախագահներին միացել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը եւ իր խումբը, որը տրամադրեց նյութատեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ ՄԱԿ ՓԳՀ-ի երկու փորձագետներ եւ 2005 թվականին գործող ԵԱՀԿ փաստահավաք առաքելության մեկ անդամ։ Սա 2005 թվականից ի վեր միջազգային հանրության կողմից դեպի տարածքներ առաքելության առաջին այցն էր եւ 18 տարվա ընթացքում ՄԱԿ-ի անձնակազմի առաջին այցը։
Ճամփորդելով ավելի քան 1 000 կիլոմետր տարածք՝ համանախագահները տեսան Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ խաղաղ կարգավորման հասնելու ձախողման աղետալի հետեւանքների բոլոր ապացույցները։ Հակամարտությունից առաջ գոյություն ունեցող քաղաքները եւ գյուղերը լքված են եւ գրեթե ամբողջովին ավերված։ Թեեւ չկան արժանահավատ տվյալներ, սակայն բնակչության ընդհանուր թիվը կազմում է 14 000 մարդ, որոնք ապրում են փոքր ավաններում, ինչպես նաեւ Լաչին եւ Քելբաջար քաղաքներում։ Համանախագահների գնահատման համաձայն՝ 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել։ Այդ տարածքներում բնակություն հաստատած անձինք, որոնք Ադրբեջանի այլ վայրերից դեպի այդ տարածքներ տեղափոխված՝ հիմնականում էթնիկ հայեր են, ապրում են ոչ կայուն, թույլ զարգացած ենթակառուցվածքների, տնտեսական քիչ ակտիվության եւ հանրային ծառայությունների սահմանափակ մատչելիության պայմաններում։ Շատերի մոտ բացակայում են ինքնությունը հաստատող փաստաթղթերը։ Վարչական նպատակներից ելնելով՝ յոթ տարածքները, նախկին ԼՂ մարզը, ինչպես նաեւ այլ տարածքներ համախմբվել են ութ նոր շրջաններում։
Տարածքներում դաժան իրականությունն ամրապնդել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի է, եւ որ միայն խնդրի խաղաղ եւ բանակցային կարգավորմամբ կարելի է տարածքներում նախկինում եւ դեռեւս ապրող մարդկանց համար ստեղծել ավելի լավ եւ ավելի պարզորոշ ապագա։ Համանախագահները բոլոր կողմերի ղեկավարներին կոչ են անում խուսափել տարածքներում եւ այլ վիճարկելի տարածքներում այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք կարող են վնասել վերջնական կարգավորմանը կամ փոխել այս տարածքների բնույթը։ Նրանք նաեւ առաջարկում են ձեռնարկել միջոցներ՝ պահպանելու տարածքներում գտնվող գերեզմանոցները եւ պաշտամունքի վայրերը, ինչպես նաեւ պարզելու ինքնությունը հաստատող փաստաթղթեր չունեցող բնակիչների կարգավիճակը։ Համանախագահները մտադիր են ավելի շատ առաքելություններ կազմակերպել դեպի ԼՂ հակամարտությունից տուժած այլ տարածքներ, ինչպես նաեւ այդ առաքելությունների կազմերում ընդգրկել համապատասխան միջազգային գործակալություններից փորձագետներ, ովքեր կներգրավվեն հակամարտության խաղաղ կարգավորման իրականացմանը։»:
31.2013 թվականի հունիսի 18-ին Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները հրապարակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հետեւյալ համատեղ հայտարարությունը.
«Մենք՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարներս, հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին երկարատեւ ու խաղաղ կարգավորման հասնելու համար օժանդակություն ցուցաբերելուն։ Մենք խորը ափսոսանք ենք հայտնում, որ կողմերը փոխադարձ շահերի հիման վրա լուծում փնտրելու փոխարեն շարունակում են բանակցությունների գործընթացում միակողմանի առավելություններ ձեռք բերելու փորձեր կատարել։
Մենք վճռականորեն շարունակում ենք հավատալ, որ վերջին չորս տարիներին մեր երկրների հայտարարություններում նշված տարրերը պետք է լինեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության որեւէ արդար եւ երկարատեւ կարգավորման հիմքը։ Այս տարրերը պետք է դիտվեն որպես ինտեգրված ամբողջություն, քանի որ այլ տարրերի նկատմամբ որոշ տարրերի ընտրություն անելու փորձով անհնարին կլինի հասնել հավասարակշռված լուծման։
Մենք կրկնում ենք, որ միայն բանակցային կարգավորումը կարող է բերել խաղաղության, կայունության եւ հաշտեցման՝ ստեղծելով տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության հնարավորություններ։ Հակամարտությունը չի լուծվի ռազմական ուժի կիրառմամբ, որն արդեն ստեղծել է առերեսման եւ անկայունության ներկայիս իրավիճակը։ Ռազմական գործողությունների վերսկսումն աղետալի կլինի տարածաշրջանի բնակչության համար, ինչի հետեւանքով կլինեն նոր զոհեր, ավելի շատ ավերածություն, ավելի շատ փախստականներ եւ հսկայական ֆինանսական ծախսեր։ Մենք բոլոր կողմերի ղեկավարներին կոչ ենք անում նորից հանձնառու լինել Հելսինկիի սկզբունքներին, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ինչպես նաեւ ժողովուրդների իրավահավասարությանը եւ ինքնորոշմանը վերաբերող սկզբունքներին։ Մենք նրանց նաեւ կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որը կարող է ավելացնել տարածաշրջանում լարվածությունը եւ բերել հակամարտության սրմանը։ Ղեկավարները պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի համար։
Մեր երկրները պատրաստ են օգնել կողմերին, սակայն նրանք են կրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատասխանատվությունը։ Մենք հավատում ենք, որ անընդունելի է համակողմանի խաղաղության հասնելու համար դրա շրջանակի մասին հավասարակշռված համաձայնության ձեռքբերման էլ ավելի հետաձգումը, եւ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներին կոչ ենք անում թարմ ուժերով կենտրոնանալ չլուծված հարցերի վրա:»։
Գ.Դիմումատուները եւ Լաչինի շրջանում ենթադրաբար իրենց պատկանող գույքը
32.Դիմումատուները նշել են, որ իրենք Ադրբեջանցի քրդեր են, ովքեր ապրել են Լաչինի շրջանում, որտեղ երկար տարիներ ապրել են իրենց նախնիները: 1992 թվականի մայիսի 17-ին նրանք հարկադրված էին փախչել այդ շրջանից Բաքու: Այդ ժամանակվանից ի վեր նրանք ի վիճակի չեն եղել վերադառնալ իրենց տուն եւ գույքի մոտ՝ դրանք հայերի կողմից գրավված լինելու պատճառով:
1.Պրն Էլխան Չիրագով
33.Պրն Էլխան Չիրագովը ծնվել է 1950 թվականին: Նա ապրել է Լաչինի շրջանում: Սկզբնական դիմումում նշվել է, որ նա ապրել է Չիրաղ գյուղում, սակայն Կառավարության դիտարկումներին ուղղված պատասխանում նշվել է, որ իր իսկական ծննդավայրը Չիրաղլի գյուղն է, որտեղ նա 15 տարի աշխատել է որպես ուսուցիչ: Նա պնդել է, որ իր գույքը [ունեցվածքը] ներառել է 250 քառ. մետր մակերեսով կահավորված ընդարձակ բնակելի տուն, 55 հատ մեղվի փեթակ, 80 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 9 գլուխ խոշոր եղջերավոր անասուն եւ 5 ձեռագործ գորգ:
34.2007 թվականի փետրվարի 27-ին դիմումատուների՝ պատասխանող Կառավարության դիտարկումներին ուղղված պատասխանի հետ միասին, նա ներկայացրել է 1985 թվականի հուլիսի 19-ին տրված պաշտոնական վկայական (տեխնիկական անձնագիր), ըստ որի իր անունով էր գրանցված ընդհանուր 408 քառ. մետր մակերեսով 12 ննջասենյակ ունեցող երկհարկանի բնակելի տուն (բնակելի տարածքը՝ 300 քառ. մետր եւ օժանդակ տարածքը՝ 108 քառ. մետր), ինչպես նաեւ 60 քառ. մետր մակերեսով պահեստ, որոնք տեղակայված էին 1 200 քառակուսի մետր մակերեսով հողակտորի վրա:
35.Նա նաեւ ներկայացրել է իր նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ովքեր հաստատել են, որ ինքն ունեցել է 260 քառ. մետր մակերեսով 16 սենյականոց երկհարկանի բնակելի տուն եւ ավտոմեքենա, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչներ Ա. Ջաֆարովի եւ Ա. Հալիլովի կողմից արված հայտարարությունը, ովքեր նշել են, որ Էլխան Չիրագովն ապրել է Չիրաղլի գյուղում:
36.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է, inter alia, ամուսնության վկայականը, որի համաձայն ինքը ծնվել է Չիրաղլիում եւ ամուսնացել այնտեղ՝ 1978 թվականին, իր որդու եւ դստեր ծննդյան վկայականները, որոնք երկուսն էլ ծնվել են Չիրաղլիում՝ համապատասխանաբար 1979 եւ 1990 թվականներին, ինչպես նաեւ 1979 թվականի մի գրություն եւ 1992 թվականին Լաչինի շրջանի կրթության վարչության կողմից տրված աշխատանքային գրքույկը, որոնք ցույց էին տալիս, որ նա Չիրաղլիում աշխատել է որպես ուսուցիչ:
2.Պրն Ադիշիրին Չիրագով
37.Պրն Ադիշիրին Չիրագովը ծնվել է 1947 թվականին: Նա ապրել է Լաչինի շրջանում: Սկզբնական դիմումում նշվել է, որ նա ապրել է Չիրաղ գյուղում, սակայն Կառավարության դիտարկումներին ուղղված պատասխանում նշվել է, որ իր իսկական ծննդավայրը Չիրաղլի գյուղն է, որտեղ նա 20 տարի աշխատել է որպես ուսուցիչ: Նա պնդել է, որ իր գույքը ներառել է 145 քառ. մետր մակերեսով կահավորված ընդարձակ բնակելի տուն, «Նիվա» մակնիշի նոր ավտոմեքենա, 65 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն եւ 6 ձեռագործ գորգ:
38.2007 թվականի փետրվարի 27-ին նա ներկայացրել է 1986 թվականի ապրիլի 22-ին տրված տեխնիկական անձնագիր, որի համաձայն նրա անունով էր գրանցված ընդհանուր 230,4 քառ. մետր մակերեսով 8 ննջասենյակ ունեցող երկհարկանի բնակելի տուն (բնակելի տարածքը՝ 193,2 քառ. մետր եւ օժանդակ տարածքը՝ 37,2 քառ. մետր), ինչպես նաեւ 90 քառ. մետր մակերեսով պահեստ, որոնք տեղակայված էին 1 200 քառ. մետր հողակտորի վրա:
39.Նա նաեւ ներկայացրել է իր նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ովքեր հաստատել են, որ ինքն ունեցել է 8 սենյականոց երկհարկանի բնակելի տուն, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչներ Ա. Ջաֆարովի եւ Ա. Հալիլովի կողմից արված հայտարարությունը, ովքեր նշել են, որ պրն Ադիշիրին Չիրագովն ապրել է Չիրաղլի գյուղում:
40.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է, inter alia, ամուսնության վկայական, որի համաձայն նա ծնվել է Չիրաղլիում եւ 1975 թվականին ամուսնացել է այնտեղ, իր որդու եւ երկու դուստրերի ծննդյան վկայականները, որոնք բոլորը ծնվել են Չիրաղլիում՝ համապատասխանաբար 1977, 1975 եւ 1982 թվականներին, ինչպես նաեւ 1981 թվականին տրված ԽՍՀՄ անձնագիրը, որում որպես ծննդավայր նշվում է Չիրաղլին եւ պարունակում է 1992 թվականի գրանցման կնիք, որով Չիրաղլին նշվում է որպես բնակության վայր:
3.Պրն Ռամիզ Ջեբրայիլով
41.Պրն Ռամիզ Ջեբրայիլովը ծնվել է Չիրաղլիում 1960 թվականին: 1988 թվականին նա ավարտել է Բաքվի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեների մասնագիտությամբ: 1983 թվականին՝ դեռեւս Բաքվում ուսանելու ժամանակ, նա այցելել է Լաչին քաղաք եւ պետության կողմից ստացել 5 000 քառ. մետր մակերեսով հողակտոր: Նա պնդել է, որ ինքը կառուցել է 6 սենյականոց բնակելի տուն՝ ավտոտնակով, եւ ապրել է այնտեղ իր կնոջ եւ երեխաների հետ՝ մինչեւ այնտեղից 1992 թվականին հարկադրաբար հեռանալը: Եղել են նաեւ մի քանի գոմեր: Նա նաեւ ունեցել է ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների բիզնես, որը կոչվել է «Ավտոսերվիս», խանութ եւ սրճարան, որոնք տեղակայված են եղել իրեն պատկանող 5 000 քառ. մետր մակերեսով հողակտորի վրա: Բացի դրանից, նա ունեցել է 12 գլուխ կով, 70 գլուխ գառ եւ 150 գլուխ ոչխար:
42.1992 թվականին հեռանալուց հետո պրն Ջեբրայիլովը չի կարողացել վերադառնալ Լաչին: 2001 թվականին իր հայ ընկերները գնացել են Լաչին եւ տեսանկարահանել քաղաքում բնակելի տների վիճակը: Ինչպես պնդել է դիմումատուն՝ տեսանյութում ինքը տեսել է, որ իր բնակելի տունն այրված է: Իրենից հետո Լաչինը լքած մարդկանցից նա նաեւ տեղեկացել է, որ Լաչինից իր հեռանալուց մի քանի օր հետո իր բնակելի տունն այրվել է հայկական զինված ուժերի կողմից:
43.2007 թվականի փետրվարի 27-ին պրն Ջեբրայիլովը ներկայացրել է 1986 թվականի օգոստոսի 15-ին տրված տեխնիկական անձնագիրը, որի համաձայն իր անունով էր գրանցված ընդհանուր 203,2 քառ. մետր մակերեսով 8 ննջասենյակ ունեցող երկհարկանի բնակելի տուն (բնակելի տարածքը՝ 171,2 քառ. մետր եւ օժանդակ տարածքը՝ 32 քառ. մետր), որը տեղակայված էր 480 քառ. մետր մակերեսով հողակտորի վրա:
44.Նա նաեւ ներկայացրել է իր նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ովքեր հաստատել են, որ ինքն ունեցել է 8 սենյականոց երկհարկանի բնակելի տուն, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Վ. Մահարամովի կողմից արված հայտարարությունը, ով նշել է, որ պրն Ջեբրայիլովն ապրել է Լաչինում իր անձնական տանը:
45.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է, inter alia, ծննդյան եւ ամուսնության վկայականները, որոնց համաձայն նա ծնվել է Չիրաղլիում եւ 1982 թվականին ամուսնացել է այնտեղ, իր դստեր եւ երկու որդիների ծննդյան վկայականները, որոնք բոլորը ծնվել են Չիրաղլիում՝ համապատասխանաբար 1982, 1986 եւ 1988 թվականներին, ինչպես նաեւ 1979 թվականին տրված զինգրքույկը:
4.Պրն Ակիֆ Հասանով
46.Պրն Ակիֆ Հասանովը ծնվել է 1959 թվականին՝ Լաչինի շրջանի Աղբուլաղ գյուղում: Այնտեղ նա 20 տարի աշխատել է որպես ուսուցիչ: Նա պնդել է, որ իր գույքը ներառել է 165 քառ. մետր մակերեսով կահավորված ընդարձակ բնակելի տուն, «Նիվա» մակնիշի նոր ավտոմեքենա, 100 գլուխ մանր եղջերավոր անասուն եւ 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, ինչպես նաեւ 20 ձեռագործ գորգ:
47.2007 թվականի փետրվարի 27-ին նա ներկայացրել է 1985 թվականի սեպտեմբերի 13-ին տրված տեխնիկական անձնագիր, որի համաձայն իր անունով էր գրանցված ընդհանուր 448,4 քառ. մետր մակերեսով 9 ննջասենյակ ունեցող երկհարկանի բնակելի տուն (բնակելի տարածքը՝ 223,2 քառ. մետր եւ օժանդակ տարածքը՝ 225,2 քառ. մետր), ինչպես նաեւ 75 քառ. մետր մակերեսով պահեստ, որոնք տեղակայված էին 1 600 քառակուսի մետր մակերեսով հողակտորի վրա:
48.Նա նաեւ ներկայացրել է իր նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ովքեր հաստատել են, որ ինքն ունեցել է 9 սենյականոց երկհարկանի բնակելի տուն եւ անասունների գոմ եւ օժանդակ կառույցներ, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Վ. Մահարամովի հայտարարությունը, ով նշել է, որ պրն Հասանովն ապրել է Աղբուլաղում իր անձնական տանը:
49.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է ծննդյան վկայականը, 1976 թվականին տրված ԽՍՀՄ անձնագիրը եւ Լաչինի շրջանի Կրթության վարչության կողմից տրված աշխատանքային գրքույկը, որոնք ցույց էին տալիս, որ ինքը ծնվել է Աղբուլաղում եւ 1981 եւ 1988 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում աշխատել է այդ գյուղում որպես ուսուցիչ եւ դպրոցի տնօրեն:
5.Պրն Ֆեխրեդին Փաշաեւ
50.Պրն Ֆեխրեդին Փաշաեւը ծնվել է 1956 թվականին Լաչինի շրջանի Կամալի գյուղում: 1984 թվականին ավարտելով Բաքվի Պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեների մասնագիտությամբ՝ նա վերադարձել է Լաչին քաղաք, որտեղ աշխատել է որպես ինժեներ, իսկ 1986 թվականից՝ Տրանսպորտի նախարարությունում որպես գլխավոր ինժեներ: Նա պնդել է, որ Լաչինում ունեցել է իր կողմից կառուցված երեք ննջասենյակ ունեցող երկհարկանի բնակելի տուն՝ որում եւ ապրել է: Տունը գտնվել է Լաչինի շրջանի Լաչին քաղաքի Ապրել Կուչեսի 28, թիվ 50 հասցեում [50, 28 Aprel Kucesi, Lachin Seheri, Lachin Rayonu]: Պրն Փաշաեւը նշել է, որ ներկայումս բնակելի տան շուկայական արժեքը կկազմեր 50 000 ԱՄՆ դոլար: Իրեն է պատկանել նաեւ իր բնակելի տան մերձակայքում գտնվող հողը, եւ ունեցել է մասնաբաժին (մոտ 10 հեկտար) Կամալիի կոլեկտիվ տնտեսությունում: Ավելին, «կոլեկտիվ սեփականության» իրավունքով նրան է պատկանել որոշակի հողամաս:
51.2007 թվականի փետրվարի 27-ին նա ներկայացրել է 1990 թվականի օգոստոսին տրված տեխնիկական անձնագիր, որի համաձայն նրա անունով էր գրանցված ընդհանուր 133,2 քառ. մետր մակերեսով երկհարկանի բնակելի տուն (բնակելի տարածքը՝ 51,6 քառ. մետր եւ օժանդակ տարածքը՝ 81,6 քառ. մետր), որը տեղակայված էր 469,3 քառ. մետր մակերեսով հողակտորի վրա:
52.Նա նաեւ ներկայացրել է իր նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ովքեր հաստատել են, որ ինքն ունեցել է չորս սենյականոց երկհարկանի բնակելի տուն, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Վ. Մահարամովի կողմից արված հայտարարությունը, ով նշել է, որ պրն Փաշաեւն ապրել է Լաչին Ապրել Կուչեսի 28 հասցեում գտնվող իր բնակելի տանը:
53.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է, inter alia, ամուսնության վկայականը, որի համաձայն նա ծնվել է Քամալիում եւ 1985 թվականին ամուսնացել է այնտեղ, 1987 թվականին Քամալիում եւ 1991 թվականին Լաչինում ծնված իր երկու դուստրերի ծննդյան վկայականները, իր որդու ծննդյան վկայականը, որը գրանցված էր որպես Քամալիում 1993 թվականին ծնված, ինչպես նաեւ 1987 թվականին տրված զինգրքույկը եւ 2000 թվականի աշխատանքային գրքույկը: Նա պարզաբանել է, որ թեեւ իր որդին իրականում ծնվել է Բաքվում, սակայն ԽՍՀՄ հաշվառման [պրոպիսկա] համակարգի համաձայն՝ ընդունված էր որպես երեխայի ծննդավայր ծնողների հաշվառման հասցեն գրանցելը:
6.Պրն Քառացա Ջաբրայիլով
54.Պրն Քառացա Ջաբրայիլովը ծնվել է Լաչին քաղաքում 1940 թվականին եւ մահացել է 2005 թվականի հունիսի 19-ին: 2005 թվականի ապրիլի 6-ին՝ սույն գանգատը ներկայացնելու ժամանակ, նա նշել է, որ երբ ինքը 1992 թվականի մայիսի 17-ին հարկադրաբար հեռացել է, նա բնակվելիս է եղել Լաչին քաղաքի Ն. Նարիմանով փողոցի 580 շենքի՝ իրեն պատկանող 128ա բնակարանում, որը ներառում էր 1976 թվականին կառուցված 187,1 քառ. մետր մակերեսով երկհարկանի բնակելի ընտանեկան տուն եւ 453,6 քառ. մետր մակերեսով բակ: Նա նաեւ պնդել է, որ իրեն է պատկանել այդ փողոցում գտնվող եւս 300 քառակուսի մետր մակերեսով տարածք: Գանգատին կից ներկայացվել է 1985 թվականի օգոստոսին տրված տեխնիկական անձնագիրը, որի համաձայն նրա անունով գրանցված է եղել նշված չափերով երկհարկանի բնակելի տուն՝ բակով:
55.2007 թվականի փետրվարի 27-ին դիմումատուի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, նշել են, որ նա ապրել է Լաչինի Աբդուլաեւ փողոցի 41Հ հասցեում: Միաժամանակ, նրան են պատկանել Ն.Նարիմով փողոցի վրա գտնվող երկու գույք: Այս փաստարկներին կցվել է նախկին երեք հարեւանների կողմից արված հայտարարությունը, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության՝ Լաչին քաղաքի գործադիր իշխանության ներկայացուցիչ Վ. Մահարամովի կողմից արված հայտարարությունը, ով նշել է, որ պրն Ջաբրայիլովն ապրել է Լաչինի Հ. Աբդուլաեւ փողոցում գտնվող իր բնակելի տանը: Կցվել է նաեւ Լաչին շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի 1974 թվականի հունվարի 29-ի՝ դիմումատուին 300 քառ. մետր մակերեսով վերոնշյալ հողակտորը հատկացնելու մասին որոշումը եւ կենդանիների կերի, շինարարական նյութերի եւ շինարարական աշխատանքների համար տրամադրվող սուբսիդիաների համար մի քանի հաշիվ-ապրանքագրեր, որոնք, ենթադրաբար, օգտագործվել են իր գույքը կառուցելու ժամանակ:
56.2007 թվականի նոյեմբերի 21-ին դիմումատուի որդին՝ պրն Սաղաթել Ջաբրայիլովը, նշել է, որ ընտանիքն ապրել է Ն. Նարիմանով փողոցում, սակայն չպարզված օրը, փողոցի անունը եւ համարը փոխվել են, եւ իրենց հասցեն դրանից հետո դարձել է Հ. Աբդուլաեւ փողոց: Ուստի, վերոնշյալ երկու հասցեները վերաբերում են միեւնույն գույքին:
57.Դիմումատուն Մեծ պալատին ներկայացրել է, inter alia, ծննդյան եւ ամուսնության վկայականները, որոնց համաձայն նա ծնվել է Չիրաղլիում եւ 1965 թվականին ամուսնացել է այնտեղ, իր որդու ծննդյան վկայականը, որը ծնվել է Լաչինի շրջանի Ալխասլի գյուղում 1970 թվականին, ինչպես նաեւ 1963 թվականին տրված զինգրքույկը:
Դ.Հարաբերությունները Հայաստանի Հանրապետության եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» միջեւ
58.Այն հարցի վերաբերյալ, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է իշխանություն ԼՂՀ-ում կամ վերահսկողություն դրա եւ հարակից տարածքների նկատմամբ, դիմումատուները եւ պատասխանող Կառավարությունը, ինչպես նաեւ երրորդ կողմ ներգրավված՝ Ադրբեջանի Կառավարությունը ներկայացրել են ծավալուն փաստաթղթեր եւ հայտարարություններ: Այսպիսով, ստացված տեղեկություններն ամփոփվում են ստորեւ՝ այնքանով, որքանով նպատակահարմար է համարվել Դատարանի կողմից:
1.Ռազմական հայեցակետերը
59.1993 թվականին Միավորված ազգերի անվտանգության խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված չորս բանաձեւ:
Նոյեմբերի 30-ի թիվ 822 բանաձեւ (S/RES/822 (1993)).
«Անվտանգության խորհուրդը,
...
Տագնապով ընդգծելով ռազմական գործողությունների ծավալումը, մասնավորապես, տեղի հայկական ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի շրջան ներխուժումը,
...
1.Պահանջում է երկարատեւ հրադադար հաստատելու նպատակով բոլոր ռազմական եւ թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչպես նաեւ գրավող ուժերի դուրս բերում Քելբաջարի շրջանից եւ Ադրբեջանի՝ վերջերս գրավված այլ շրջաններից,
...»
Հուլիսի 29-ի թիվ 853 բանաձեւ (S/RES/853 (1993)).
«Անվտանգության խորհուրդը,
...
Արտահայտելով իր խիստ մտահոգությունը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հարաբերությունների վատթարացման եւ նրանց միջեւ լարվածության առնչությամբ,
...
Տագնապով ընդգծելով ռազմական գործողությունների ծավալումը եւ, մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետությունում Աղդամի շրջանի գրավումը,
...
3.Պահանջում է բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում եւ գրավող ուժերի անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերում Աղդամի շրջանից եւ Ադրբեջանի Հանրապետության՝ վերջերս գրավված շրջաններից.
...
9.Խստորեն կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել օգտագործել իր ազդեցությունը՝ ապահովելու Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջանի հայերի կողմից թիվ 822 (1993) բանաձեւի եւ սույն բանաձեւի դրույթների կատարումը, ինչպես նաեւ այս կողմի կողմից [ԵԱՀԿ] Մինսկի խմբի առաջարկների ընդունումը.
...»
Հոկտեմբերի 14-ի թիվ 874 բանաձեւ (S/RES/874 (1993)).
«Անվտանգության խորհուրդը,
...
Արտահայտելով իր խիստ մտահոգությունը, որ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղ շրջանում եւ դրա շուրջ հակամարտության, եւ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ լարվածության շարունակվելը կվտանգի տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը,
...
5.Կոչ է անում անմիջապես իրականացնել [ԵԱՀԿ] Մինսկի խմբի «Ճշգրտված ժամանակացույցում» սահմանված փոխադարձ եւ անհապաղ քայլերը՝ ներառյալ վերջերս գրավված տարածքներից ուժերի դուրս բերումը եւ հաղորդակցության ու տրանսպորտի հետ կապված բոլոր խոչընդոտների վերացումը.
...»
Նոյմբերի 12-ի թիվ 884 բանաձեւ (S/RES/884 (1993)).
«Անվտանգության խորհուրդը,
...
Տագնապով ընդգծելով հրադադարի խախտումների հետեւանքով ռազմական գործողությունների ծավալումը եւ, ի պատասխան այդ խախտումների՝ ուժի չափից ավելի կիրառումը, մասնավորապես` Ադրբեջանի Հանրապետությունում Զանգիլանի շրջանի եւ Հորադիզ քաղաքի գրավումը,
...
2.Կոչ է անում Հայաստանի կառավարությանն օգտագործել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից 822 (1993), 853 (1993) եւ 874 (1993) բանաձեւերի դրույթների կատարմանը հասնելու նպատակով, եւ ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն՝ իրենց ռազմական արշավանքը շարունակելու համար.
...
4.Պահանջում է, որպեսզի համապատասխան կողմերն անհապաղ դադարեցնեն ռազմական եւ թշնամական գործողությունները, Զանգիլան շրջանից եւ Հորադիզ քաղաքից միակողմանի դուրս բերեն գրավող զորքերը, ինչպես նաեւ գրավող զորքերը դուրս բերեն Ադրբեջանի Հանրապետության՝ վերջերս գրավված մյուս տարածքներից՝ համաձայն «Անվտանգության խորհրդի թիվ 822 (1993) եւ 853 (1993) բանաձեւերն իրականացնելու համար հրատապ քայլերի ճշգրտված ժամանակացույցի»..., որը փոփոխվել է 1993 թվականի նոյեմբերի 2-8-ը Վիեննայում կայացած [ԵԱՀԿ] Մինսկի խմբի հանդիպման ժամանակ:
...»
60.ՀՐՈՒ կազմակերպության 1994 թվականի դեկտեմբերի վերոնշյալ զեկույցը (տե՛ս վերեւում՝ 22-րդ պարբերությունը) պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ տեղեկություններ: Թեեւ նշելով, որ «Ղարաբաղի հայկական զինված ուժերի կողմից 1992 թվականի մայիս-հունիս ամիսներին ռազմական գործողության հետեւանքով գրավվել է Լաչինի շրջանի մեծ մասը», այն շարունակում է ամփոփել 1993 եւ 1994 թվականների իրադարձությունները (էջ 58)՝
«...Ղարաբաղի հայկական զորքերը, հաճախ Հայաստանի Հանրապետության ուժերի օժանդակությամբ, զավթել են Լեռնային Ղարաբաղին հարակից մյուս ադրբեջանական շրջանները եւ հարկադրաբար դուրս հանել ադրբեջանցի քաղաքացիական բնակչությանը. Լաչինի շրջանի մնացած մասը, Քելբաջարի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի եւ Զանգիլանի շրջանները»:
ՀՐՈՒ կազմակերպության զեկույցում ներկայացվում են որոշակի տեղեկություններ, որոնք ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում Հայաստանի Հանրապետության բանակի ներգրավվածությունը (էջ 67-73): Ենթադրաբար, Հայաստանը նույնիսկ ուղարկել է իր ոստիկանության ուժերի անդամներին՝ գրավված տարածքներում իրենց ոստիկանական պարտականություններն իրականացնելու համար: ՀՐՈՒ կազմակերպությունը 1994 թվականի ապրիլին անցկացրել է երկու օր՝ Երեւանի փողոցներում համազգեստ կրող հայ զինվորներից հարցազրույց վերցնելու համար: Նրանց երեսուն տոկոսը զորակոչվել էր Հայաստանի Հանրապետության բանակ, ովքեր կամ կռվել էին Ղարաբաղում, կամ հրաման էին ստացել գնալ Ղարաբաղ կամ իբրեւ կամավոր հիմունքներով ծառայություն էին անցել այնտեղ: Ավելին, 1994 թվականի ապրիլին՝ մի օր, ՀՐՈՒ կազմակերպության ուսումնասիրություն իրականացնողները հաշվել էին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մտնող հինգ ավտոբուս, որոնցում կային հայկական բանակից մոտ 300 զինվոր: Այլ արեւմտյան լրագրողներ հայտնել էին ՀՐՈՒ կազմակերպության ուսումնասիրություն իրականացնողերին, որ նրանք տեսել են Հայաստանից Ադրբեջանի տարածք ուղեւորվող եւս ութ ավտոբուս՝ լի հայկական բանակի զինվորներով: ՀՐՈՒ կազմակերպության համաձայն՝ Ադրբեջանում հայկական բանակի զորքերի ներգրավվածությունն իրավական տեսանկյունից Հայաստանին դարձրել է հակամարտության կողմ, իսկ պատերազմը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային զինված հակամարտություն:
61.Հակամարտության լուծման մի քանի առաջարկներ են ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: 1997 թվականի հուլիսի «փաթեթային» առաջարկով «Համաձայնագիր I. Զինված գործողությունների վերջ» վերնագրի տակ սահմանվել է զինված ուժերի դուրսբերման երկփուլ գործընթաց: Երկրորդ փուլը պարունակում էր դրույթ, որ «Հայաստանի զինված ուժերը դուրս կբերվեն Հայաստանի Հանրապետության սահման»:
1997 թվականի դեկտեմբերին ներկայացված «քայլ առ քայլ» մոտեցումը եւս պարունակում էր դուրսբերման երկփուլ գործընթաց եւ, որպես երկրորդ փուլի մաս, սահմանում էր, որ «Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս տեղակայված հայկական ուժերը դուրս կբերվեն այդ սահմաններում գտնվող վայրեր»: Հիմնականում միեւնույն ձեւակերպումն էր ներառված 1998 թվականի նոյեմբերի «ընդհանուր պետություն» առաջարկում:
Թեեւ այս փաստաթղթերը քննարկվել են Մինսկի խմբի բանակցությունների ժամանակ, այնուամենայնիվ դրանցից ոչ մեկը չի հանգեցրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության:
62.Դիմումատուները վկայակոչել են տարբեր քաղաքական ղեկավարների եւ դիտորդների հայտարարությունները: Օրինակ՝ այն ժամանակ ԼՂՀ վարչապետ պրն Ռոբերտ Քոչարյանը 1994 թվականի փետրվարին «Գոլոս Արմենիի» հայկական թերթին տված հարցազրույցում նշել է, որ Հայաստանը զենիթային զենք է մատակարարել Լեռնային Ղարաբաղին:
Ավելին, 1992-1993 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարար պրն Վազգեն Մանուկյանը 2000 թվականի հոկտեմբերին բրիտանացի լրագրող եւ գրող Թոմաս դե Վալին տված հարցազրույցում ընդունել է, որ հրապարակային հայտարարություններն այն մասին, որ հայկական բանակը ոչ մի մասնակցություն չի ունեցել պատերազմում, պարզապես հասցեագրված էին արտերկրին (տես՝ Թոմաս դե Վալ, «Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջեւ» [Thomas de Waal, “Black Garden: Armenia and Azerbaijan through Peace and War”], Նյու Յորքի համալսարանի հրատարակչություն, 2003 թվական, էջ 210):
«Կարող եք վստահ լինել, որ անկախ նրանից, թե քաղաքական տեսանկյունից ինչ ենք ասել, Ղարաբաղի հայերը եւ հայկական բանակը ռազմական գործողություններում միասին են գործել: Ինձ համար կարեւոր չէր՝ մարդը ղարաբաղցի էր, թե՝ հայ:»:
63.Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի (ՌՈՒՄԻ) «Ռազմական հավասարակշռվածություն» տարեկան զեկույցով 2002, 2003 եւ 2004 թվականների համար գնահատվել է, որ Լեռնային Ղարաբաղում 18 000 զինվորական ծառայողներից 8 000-ը Հայաստանի անձնակազմն էր: Նույն ինստիտուտի կողմից 2013 թվականի զեկույցով նշվել է, inter alia, որ «1994 թվականից սկսած՝ Հայաստանը վերահսկել է Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, ինչպես նաեւ Ադրբեջանի յոթ հարակից շրջանները, որոնք հաճախ կոչվում են «գրավված տարածքներ»» («Ռազմական հավասարակշռվածություն» [“The Military Balance”], 2002 թվական, էջ 66, 2003 թվական, էջ 66, 2004 թվական էջ 82, եւ 2013 թվական, էջ 218):
64.Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկուցող պրն Դեւիդ Աթքինսոնը Քաղաքական հարցերի հանձնաժողովին ներկայացված 2004 թվականի նոյեմբերի իր՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող զեկույցում նշել է (PACE Doc. 10364).
«Ինձ տրված տեղեկությունների համաձայն՝ բացի Ադրբեջանում տեղացի հայերից, Հայաստանի հայերը եւս մասնակցել են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ընթացող զինված կռվին: Այսօր, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ հարակից շրջաններում տեղակայել է իր զինվորներին, տարածաշրջանում ապրող մարդիկ ունեն հայկական անձնագրեր եւ Հայաստանի կառավարությունը խոշոր բյուջետային միջոցներ է փոխանցում այս տարածքին:»:
Այս զեկույցի հիման վրա 2005 թվականի հունվարի 25-ին Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է թիվ 1416 բանաձեւը, որտեղ, inter alia, նշել է ՝
«1.Խորհրդարանական վեհաժողովն իր ափսոսանքն է հայտնում, որ զինված գործողություններն սկսվելուց ավելի քան մեկ տասնամյակ անց Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռեւս կարգավորված չէ: Հարյուր հազարավոր մարդիկ դեռեւս տեղահանված են եւ ապրում են չքավոր պայմաններում: Ադրբեջանի տարածքի զգալի մասը դեռ գրավված է հայկական ուժերի կողմից, եւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը դեռեւս վերահսկում են անջատողական ուժերը:
2.Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում, որ ռազմական գործողությունները եւ դրանց նախորդած լայնատարած էթնիկ բախումները հանգեցրել են էթնիկ հիմքով լայնածավալ արտաքսման եւ մոնոէթնիկ շրջանների ձեւավորման, որոնք էթնիկ զտումների սարսափելի պատկեր են հիշեցնում: Վեհաժողովը վերահաստատում է, որ պետությունից տարածաշրջանային տարածքի անկախացումն ու անջատումը կարող է տեղի ունենալ միայն այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության հիման վրա՝ օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, այլ ոչ թե էթնիկ հիմքով արտաքսման եւ այլ պետության կողմից տվյալ տարածքի de facto (փաստացի) բռնազավթման հանգեցնող զինված հակամարտության արդյունքում: Վեհաժողովը մեկ անգամ եւս նշում է, որ անդամ պետության կողմից այլ տարածքի գրավումն այդ երկրի` որպես Եվրոպայի խորհրդի անդամի, պարտավորությունների կոպիտ խախտում է, եւ վերահաստատում է հակամարտության շրջանից տեղահանման ենթարկված անձանց՝ իրենց տուն անվտանգ եւ արժանապատվորեն վերադառնալու իրավունքը:»:
65.Միջազգային ճգնաժամային խումբը [International Crisis Group] (ՄՃԽ [ICG]) իր՝ «Լեռնային Ղարաբաղ. հայացք հակամարտությանը՝ իրադարձությունների վայրից» [“Nagorno-Karabakh: Viewing the Conflict from the Ground”] 2005 թվականի սեպտեմբերի 14-ի զեկույցում ԼՂՀ-ում զինված ուժերի կապակցությամբ նշում է հետեւյալը (էջ 9-10)՝
«[Լեռնային Ղարաբաղը] կարող է լինել աշխարհի ամենառազմականացված հասարակությունը: Լեռնային Ղարաբաղի՝ բարձր մակարդակի վերապատրաստում անցած եւ անհրաժեշտ սարքավորումներով համալրված պաշտպանության բանակը հիմնականում ցամաքային ուժ է, որին Հայաստանը մեծապես սատարում է: Լեռնային Ղարաբաղի մի պաշտոնյա ասել է Ճգնաժամային խմբին, որ ունեն մոտ 20 000 զինվոր, մինչդեռ անկախ փորձագետի [ԱՄՆ ռազմական վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյան, 2005 թվական հուլիս] հաշվարկով զինվորների թիվը կազմում է 18 500: Ենթադրաբար, լրացուցիչ 20 000 - 30 000 պահեստային զինվորներ կարող են մոբիլիզացվել: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը` այն չի կարող պահպանել նման մեծ ուժ` առանց դրսի զգալի օգնության: Անկախ գնահատման համաձայն [պրն Գիրագոսյանի կողմից]` բանակում կան 8 500 ղարաբաղաբնակ հայեր եւ 10 000 հայաստանցիներ: ...
Այնուամենայնիվ, Հայաստանից բազմաթիվ զինապարտներ եւ պայմանագրային զինվորներ շարունակում են ծառայել ԼՂ-ում: (De facto) պաշտպանության նախարարն ընդունում է, որ իր ռազմական ուժերում 40 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են՝ ներառյալ Հայաստանի քաղաքացիները: Նա պնդում է, որ Հայաստանի ոչ մի քաղաքացի չի զորակոչվում իր կամքին հակառակ եւ ասում է, որ Լեռնային Ղարաբաղից 500 000 հայ ապրում են Հայաստանում, որոնցից ոմանք ծառայում են Լեռնային Ղարաբաղի ուժերում: Երեւանից եւ Հայաստանի մյուս քաղաքներից նախկին զինապարտները Ճգնաժամային խմբին ասել են, որ զինկոմիսարիատ ներկայանալուն պես նրանց կարծես կամայական են ուղարկում Լեռնային Ղարաբաղ եւ գրավված շրջաններ: Նրանք հերքում են, որ իրենք երբեւէ կամավորագրվել են Լեռնային Ղարաբաղում կամ հարակից գրավված տարածքներում ծառայելու համար: Հայաստանից դուրս ծառայելու համար նրանց լրավճար չի վճարվել, եւ իրենց զինվորական ծառայությունն անցել են Լեռնային Ղարաբաղի համազգեստով՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական հրամանատարության ներքո: Լեռնային Ղարաբաղում ծառայելուն դեմ զորակոչվող երիտասարդ հայերի թիվը մեծացել է, ինչը կարող է օգնել բացատրել ԼՂ ուղարկվող զինվորների թվի ակնհայտ նվազումը:
Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերի միջեւ գոյություն ունի ինտեգրվածության բարձր մակարդակ: Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ընդունում են, որ իրենք տրամադրում են զգալի չափի սարքավորումներ եւ զինամթերք: Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նաեւ ընդունում են, որ Հայաստանի սպաներն աջակցում են վերապատրաստման եւ հատուկ հմտությունների ուսուցման հարցում: Այնուամենայնիվ, Հայաստանը պնդում է, որ իր բանակի զորամասերից ոչ մեկը չի գտնվում Լեռնային Ղարաբաղում կամ նրա հարակից գրավված տարածքներում:»:
Հայաստանի կառավարությունն առարկություն է ներկայացրել ՄՃԽ-ի զեկույցի վերաբերյալ. մի կազմակերպություն, որը գրասենյակ չունի ո´չ Հայաստանում, ո´չ էլ ԼՂՀ-ում: Ավելին, ԼՂՀ-ում հայ զինծառայողների թվի վերաբերյալ հայտարարությունն արվել է պրն Գիրագոսյանի հետ էլեկտրոնային փոստի միջոցով հաղորդակցության հիման վրա, որի հետ կապ է հաստատել Կառավարությունը, եւ ով կատարել է հետեւյալ հայտարարությունը.
«Այդ կարծիքը ներկայացնելիս ես նկատի չունեի, որ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում ծառայող մարդիկ զինվորներ են: Ես նկատի ունեի, որ իմ հաշվարկների համաձայն՝ Հայաստանից եւ այլ պետություններից կամավորներից մոտավորապես այդքանն են ներգրավված Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում: Ինչ վերաբերում է իմ կողմից նշված թվին, ապա ես չեմ կարող պնդել, որ այն ճշգրիտ է, քանի որ դա գաղտնի տեղեկություն է եւ ոչ ոք չգիտի հստակ թիվը: Իմ կարծիքի հիմքում ընկած է այն փաստը, որ իմ կարծիքով աշխարհի տարբեր մասերից բազմաթիվ հայեր մասնակցում են Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերում:»:
66.2007 թվականի ապրիլի 19-ին «Դեռ Ստանդարտ» [Der Standard] ավստրիական թերթը հրապարակել է այն ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար պրն Վարդան Օսկանյանի հարցազրույցը: Վեճի առարկա տարածքների թեմայի հետ կապված՝ պրն Օսկանյանն անընդհատ անդրադարձել է նրանց որպես «տարածքների, որոնք ներկայումս վերահսկվում են Հայաստանի կողմից»:
Մի քանի օր անց Ավստրիայում հայկական դեսպանատունը հրապարակել է մամլո հաղորդագրություն, որտեղ նշվել է, որ պրն Օսկանյանի խոսքը սխալ է մեկնաբանվել, եւ որ ճիշտ արտահայտությունն էր՝ «տարածքներ, որոնք ներկայումս վերահսկվում են հայերի կողմից»:
67.2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Իրավիճակն Ադրբեջանի գրավված տարածքներում» բանաձեւը (A/RES/62/243): Վկայակոչելով Անվտանգության խորհրդի 1993 թվականի բանաձեւերը (տե՛ս վերեւում՝ 59-րդ պարբերությունը), այն պարունակում էր հետեւյալ պարբերությունները.
«Գլխավոր ասամբլեան,
...
2.Պահանջում է Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, ամբողջական եւ անվերապահ դուրս բերումը,
3.Վերահաստատում է Ադրբեջանի Հանրապետության գրավված տարածքներից արտաքսված բնակչության անօտարելի իրավունքը՝ վերադառնալու իրենց տները, եւ շեշտում է այս վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծման անհրաժեշտությունը՝ ներառյալ հակամարտությունից տուժած տարածքների համալիր վերականգնումը,
...»:
68.«Արմենիա Թըդեյ»-ի [Armenia Today] հետ հարցազրույցում, որը հրապարակվել է 2008 թվականի հոկտեմբերի 28-ին, Լիբանանում ծնված ռազմական հրամանատար եւ քաղաքական գործիչ պրն Ժիրայր Սեֆիլյանը, ով մասնակցել է 1992 թվականի մայիսի սկզբին Շուշա (Շուշի) քաղաքի գրավմանը եւ հետագայում շարունակել է ծառայել ԼՂՀ-ի եւ Հայաստանի զինված ուժերում, հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.
«Մենք պետք է շրջենք պատմության էջը, քանի որ սկսած 1991 թվականից մենք համարել ենք Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ հայտարարել ենք, որ նրանք պետք է բանակցություններ վարեն: Ո՞ւմ ենք ձեռք առնում: Ամբողջ աշխարհը գիտի, որ ԼՂՀ բանակը Հայաստանի զինված ուժերի մի մասն է, որ ԼՂՀ բյուջեն ֆինանսավորվում է Հայաստանի բյուջեից, ԼՂՀ քաղաքական գործիչները նշանակվում են Երեւանից: Ժամանակն է Ղարաբաղը համարել Հայաստանի մի մասը՝ նրա մարզերից մեկը: Բանակցությունների գործընթացում Ղարաբաղի տարածքը պետք է համարվի Հայաստանի տարածք եւ ոչ մի տարածքային զիջում չպետք է արվի:»:
69.Հարավային Կովկասում ԵՄ ռազմավարության անհրաժեշտության մասին 2010 թվականի մայիսի 20-ի բանաձեւում Եվրոպական պառլամենտն, inter alia, կատարել է հետեւյալ հայտարարությունը`
«[Եվրոպական պառլամենտը] լրջորեն մտահոգված է, որ հարյուր հազարավոր փախստականներ եւ ներքին տեղահանման ենթարկված անձինք, ովքեր փախել են իրենց տներից Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում կամ դրա հետեւանքով, մնում են տեղահանված եւ զրկված իրենց իրավունքներից` ներառյալ վերադառնալու իրավունքից, գույքային իրավունքներից եւ անձնական անվտանգության իրավունքից. կոչ է անում բոլոր կողմերին միանշանակ եւ անվերապահորեն ճանաչել այս իրավունքները, դրանց իրականացման եւ այս խնդրին այնպիսի արագ լուծում տալու անհրաժեշտությունը, որով հաշվի կառնվեն միջազգային իրավունքի սկզբունքները. այս կապակցությամբ պահանջում է Ադրբեջանի բոլոր գրավված տարածքներից հայկական ուժերի դուրս բերումը, որը կուղեկցվի անցումային փուլում անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տրամադրելու նպատակով ՄԱԿ-ի խարտիայի շրջանակներում կազմավորվող միջազգային ուժերի տեղակայմամբ, ինչը կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ թույլ կտա տեղահանման ենթարկված անձանց վերադառնալ իրենց տները եւ կկանխվեն տնանկությամբ պայմանավորված հետագա ընդհարումները. կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին եւ համապատասխան համայնքների ղեկավարներին ցուցաբերել իրենց պատրաստակամությունը՝ տեղահանման ենթարկված անձանց վերադարձը գործնականում նախապատրաստելու միջոցով խաղաղ միջէթնիկ հարաբերություններ ստեղծելու համար. համարում է, որ ներքին տեղահանման ենթարկված անձանց եւ փախստականների հետ կապված իրավիճակը պետք է լուծվի միջազգային չափանիշների համաձայն՝ ներառյալ հաշվի առնելով ԵԽԽՎ-ի «Եվրոպայի մոռացված ժողովուրդ. երկարաժամկետ տեղահանման ենթարկված անձանց` մարդու իրավունքները պաշտպանելը» թիվ 1877(2009) հանձնարարականը:»:
70.2012 թվականի ապրիլին Եվրոպական պառլամենտն ընդունել է մեկ այլ բանաձեւ, որով, inter alia, նշվել է, որ «խորապես անհանգստացնող հաղորդագրություններ են առկա Ադրբեջանի գրավված տարածքներում հայկական բանակի կողմից անօրինական գործողությունների, հատկապես՝ պարբերական ռազմական մանեւրների, ռազմական տեխնիկայի եւ անձնակազմի թարմացման եւ պաշտպանական օղակների խորացման վերաբերյալ»: Եվրոպական պառլամենտն առաջարկել է, որ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունները կապված լինեն «Լեռնային Ղարաբաղի հարակից գրավված տարածքներից հայկական ուժերը դուրս բերելու եւ դրանք Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելու» հետ եւ «կոչ է անում [արել] Հայաստանին դադարեցնել Լեռնային Ղարաբաղում ծառայություն անցնելու համար կանոնավոր կերպով զինապարտներ ուղարկելը» (Եվրոպական պառլամենտի 2012 թվականի ապրիլի 18-ի բանաձեւ, որը պարունակում է Եվրոպական պառլամենտի կողմից Խորհրդին, Հանձնաժողովին եւ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանն ուղղված՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ առաջարկություններ):
71.Դիմումատուները պնդել են, որ 2012 եւ 2013 թվականներին տարբեր առիթներով Հայաստանի նախագահը, պաշտպանության նախարարը եւ տարբեր բարձրաստիճան զինվորական անձնակազմեր այցելել են վեճի առարկա հանդիսացող տարածքներ՝ զորքերը ստուգելու, զորավարժություններին ներկա գտնվելու եւ ԼՂՀ-ում զինվորական եւ այլ պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու համար: 2013 թվականի հուլիսին Հայաստանի բանակի բարձրաստիճան գեներալները եւ այլ զինվորական պաշտոնյաներ՝ ներառյալ Հայաստանի պաշտպանության նախարարը եւ ԼՂՀ-ի զինված ուժերի հրամանատարները, հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղում՝ ուշադրությունը կենտրոնացնելով հայկական ռազմական ուժերը հզորացնելուն ուղղված ջանքերի վրա:
72.2013 թվականի հունվարի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի ղեկավարների հետ: Հանդիպման ժամանակ նրա կողմից հնչեցված խոսքի տեքստը նույն օրը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: Այն, inter alia, պարունակել է հետեւյալ հայտարարությունները.
«Այնպես ստացվեց, որ անկախության առաջին իսկ տարիներից բանակը հատուկ տեղ զբաղեցրեց մեր հասարակության կյանքում: Պատերազմ էր, որի շունչը զգացվում էր Հայաստանի ողջ տարածքում` մի տեղ ավել, մի տեղ պակաս: Այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ մոտիկ կամ հեռավոր ազգական Հայոց բանակում: Եվ բանակը յուրաքանչյուր մարդու սրտում էր: Այդ զգացումը առավել ամրապնդվեց, երբ մեր բանակը տարավ այնքան անհրաժեշտ, կենսական հաղթանակ:
...
Մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակն է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարված ագրեսիվ պատերազմում տարած հաղթանակի վերջնական իրավական ձեւակերպումը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ չկա որեւէ տրամաբանական բացատրություն, թե ինչու ինքնորոշման իրավունքն օրենքի շրջանակներում իրացրած եւ հետո անհավասար պայքարում պաշտպանած ժողովուրդը պետք է երբեւէ Ադրբեջանի մաս կազմի: Ինչո՞ւ պետք է այդ ժողովրդի ճակատագիրը պայմանավորվի ժամանակին Ստալինի կողմից կատարված ապօրինությամբ:
...
Հայաստանն ու Արցախը պատերազմ չեն ցանկանում, սակայն բոլորը պետք է վստահ լինեն՝ մենք արժանապատիվ պատասխան կտանք նետված ցանկացած մարտահրավերի: Այլեւս երբեք Արցախի բնակչությունը չի կանգնելու ֆիզիկական ոչնչացման վտանգի առջեւ: Հայաստանի Հանրապետությունը դրա երաշխավորն է:
...
Արցախի ապահովությունը մեզ համար հեղինակության հարց չէ, այլ կյանքի եւ մահվան հարց՝ ամենաուղղակի իմաստով: Ամբողջ աշխարհը պետք է իմանա եւ գիտակցի, որ մենք՝ Հայաստանի եւ Արցախի ուժային կառույցները, կանգնած ենք մարդասպաններին աշխատավարձ վճարող բանակի դեմ, եթե ընդհանրապես նման խմբավորումն իրավունք ունի բանակ կոչվելու:»:
73.Հայաստանի կառավարության դիմումի հիման վրա կազմված կարծիքում ռումինացի ռազմագետ դոկտոր Հարի Բուկուր-Մարկուն նշել է, որ Հայաստանի ռազմական քաղաքականության մեջ չի գտել որեւէ բան, որը նախատեսում էր ԼՂՀ ուժերի նկատմամբ վերահսկողության որեւէ ձեւ, ոչ էլ տեղում որեւէ նշան՝ որ հայկական ուժերը ներկա էին կամ ակտիվ ԼՂՀ-ում: Այնուհետեւ նա եզրակացրել է, որ ոչ մի ապացույց չկար այն մասին, որ Հայաստանն իրականացրել է վերահսկողություն կամ իշխանություն ԼՂՀ-ի կամ դրա պաշտպանության ուժերի նկատմամբ, կամ որ հայկական ուժերն իրականացրել են որեւէ վերահսկողություն ԼՂՀ կառավարության կամ դրա կառավարման նկատմամբ: Պետությունը նշել է, որ դոկտոր Բուկուր-Մարկույին հնարավորություն է տրվել հարցազրույց անցկացնել Հայաստանում բարձրաստիճան զինվորական ծառայողների հետ եւ ուսումնասիրել նրանց հաշվետվությունները: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հետ պայմանավորվածությամբ՝ նա կարողացել է մեկնել այնտեղ եւ զրուցել զինվորական եւ քաղաքական պաշտոնյաների հետ եւ ուսումնասիրել փաստաթղթերը:
74.1994 թվականի հունիսի 25-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով, inter alia, նախատեսվել է հետեւյալը՝
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կողմեր),
հաշվի առնելով ռազմական համագործակցության բնագավառում փոխադարձ հետաքրքրությունը, Կողմերի պետությունների զինված ուժերի միջև համագործակցության միջոցով երկկողմ հարաբերությունները զարգացնելու ու փոխադարձ վստահություն ձեռք բերելու անհրաժեշտությունը, փորձելով ամրապնդել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը,
համաձայնեցին հետևյալի շուրջ.
...
Հոդված 3
Երկու Կողմերի միջև ռազմական համագործակցությունն իրականացվում է հետևյալ ոլորտներում.
1.զինվորական ստորաբաժանումների կազմավորում և զինված ուժերում իրականացվող բարեփոխումներ.
2.ռազմական գիտություն և ուսուցում.
3.ռազմական օրենսդրություն.
4.զինված ուժերի նյութատեխնիկական ապահովում.
5.զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների վերականգնողական բուժում.
6.մշակութային և մարզական գործունեություն և զբոսաշրջություն։
Կողմերը գրավոր համաձայնություն են ձեռք բերում այն բանի շուրջ, թե արդյոք ցանկանում են համագործակցել այլ ոլորտներում:
Հոդված 4
Կողմերը համագործակցում են հետևյալի միջոցով.
1.Պաշտպանության նախարարների, Գլխավոր շտաբի պետերի կամ Պաշտպանության նախարարների կողմից լիազորված այլ ներկայացուցիչների մակարդակով այցելություններ և աշխատանքային հանդիպումներ.
2.խորհրդակցություններ, փորձի փոխանակում, զինվորական անձնակազմի վերապատրաստում և որակավորման բարձրացում.
3.համատեղ զորավարժությունների անցկացում.
4.համաժողովներին, խորհրդակցություններին և սեմինարներին մասնակցություն.
5.հատուկ պայմանավորվածություններին համապատասխան՝ տեղեկությունների, փաստաթղթերի և ծառայությունների փոխանակում.
6.մշակութային միջոցառումների կազմակերպում.
7.ռազմական բնույթի ծառայությունների տրամադրում.
8.սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերի զինված ուժերի ենթակառուցվածքների տարրերը փոխադարձ օգտագործելու համար պայմանների ստեղծում.
9.բարձր որակավորում ունեցող զինվորական և տեխնիկական անձնակազմի, ինչպես նաև մասնագետների կրթում:
Կողմերը սույն համաձայնագրով նախատեսված համագործակցության շրջանակներում համաձայնում են, որ Հայաստանից և ԼՂՀ-ից զորակոչիկներն իրավունք ունեն իրենց ժամկետային զինվորական ծառայությունն անցնելու համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Այդպիսի դեպքերում համապատասխան զորակոչիկները համարվում են այդ պետության տարածքում ժամկետային զինվորական ծառայությունից ազատված. այդ անձինք համարվում են իրենց քաղաքացիության երկրի տարածքում ժամկետային զինվորական ծառայությունից ազատված։
Հոդված 5
Կողմերը սույն համաձայնագրի շրջանակներում նաև համաձայնում են, որ՝
1.այն դեպքում, երբ ԼՂՀ-ում ժամկետային զինվորական ծառայություն անցնող Հայաստանի քաղաքացին կատարել է ռազմական հանցագործություն, նրա նկատմամբ քրեական հետապնդումն ու դատավարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան.
2.այն դեպքում, երբ Հայաստանում ժամկետային զինվորական ծառայություն անցնող ԼՂՀ-ի քաղաքացին կատարել է ռազմական հանցագործություն, նրա նկատմամբ քրեական հետապնդումն ու դատավարությունն իրականացվում են ԼՂՀ-ի տարածքում` ԼՂՀ-ի իշխանությունների կողմից, ԼՂՀ-ի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Սույն համաձայնագրի շրջանակներում Կողմերը կտրամադրեն տեխնիկական փոխադարձ աջակցություն՝ կապված սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և պահպանման հետ:
Սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման և պահպանման հետ կապված գործողություններ իրականացնող անձանց հետ համաձայնագրեր կնքելը, ինչպես նաև Կողմերի պետությունների տարածքներում արտադրական ձեռնարկությունների ներկայացուցիչների կենսապայմաններն ապահովելն իրականացնում է հաճախորդ պետության Պաշտպանության նախարարությունը։
Համագործակցության մյուս ձևերն իրականացվում են փոխադարձ գրավոր համաձայնությամբ։
...»:
75.Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Հայաստանի զինապարտները, ովքեր 1994 թվականի համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն իրենց ծառայությունն անցել են ԼՂՀ-ում, հիմնականում ունեին ավելի ցածր կոչում եւ կազմում էին ԼՂՀ պաշտպանության ուժերի ոչ ավելի քան 5%-ը (մինչեւ 1 500 մարդ): Այնուամենայնիվ, Կառավարությունը չի բացառել, որ հնարավոր է՝ Հայաստանի որոշ քաղաքացիներ կարող է ծառայած լինեն ԼՂՀ պաշտպանության ուժերում պայմանագրային եւ կամավոր հիմունքներով: ԼՂՀ պաշտպանության ուժերում Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ կողք կողքի ծառայություն անցնողների շարքում էին նաեւ ծագումով հայ կամավորականներ՝ տարբեր երկրներից, որտեղ կա հայկական սփյուռք: Ենթադրաբար, ԼՂՀ-ում ծառայություն անցնող հայ զինվորները գտնվել են ԼՂՀ պաշտպանության ուժերի անմիջական հրամանատարության ներքո, որը ԼՂՀ-ում գործող միակ զինված ուժն էր: Կառավարությունը պնդել է, որ 1994 թվականի համաձայնագրի շրջանակներում ԼՂՀ-ում ծառայություն անցնող զինապարտները ծառայությունն անցել են իրենց կամքի համաձայն (տես, այնուամենայնիվ, վերեւում՝ ՄՃԽ զեկույցի 65-րդ պարբերությունը):
Հայաստանի կառավարությունն այնուհետեւ նշել է, որ հայկական բանակը եւ ԼՂՀ պաշտպանության ուժերը համագործակցում են պաշտպանության դաշինքի շրջանակներում այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ հետախուզական տվյալների փոխանակումը, բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, սեմինարները, համատեղ զորավարժությունները, շարային ստուգատեսերը եւ այլն:
76.2007 թվականի հոկտեմբերի 11-ին Դատարանը միջանկյալ որոշում է կայացրել Զալյանը, Սարգսյանը եւ Սերոբյանն ընդդեմ Հայաստանի [Zalyan, Sargsyan and Serobyan v. Armenia] (թիվ 36894/04 եւ 3521/07 գանգատներ) գործերի ընդունելիության վերաբերյալ, որոնք վերաբերում էին երեք զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքին եւ անօրինական կալանքին: Գործի փաստերով պարզվել է, որ դիմումատուները զորակոչվել են հայկական բանակ 2003 թվականի մայիսին եւ ուղարկվել թիվ 33651 զորամաս, որը տեղակայված էր ԼՂՀ-ի Մարտակերտ շրջանի Մատաղիս գյուղի մոտակայքում: 2004 թվականի հունվարին միեւնույն զորամասի երկու զինծառայողի գտել են մահացած: Սպանության գործով քրեական հետապնդում է իրականացվել, եւ 2004 թվականի ապրիլին՝ մի քանի օր դիմումատուները հարցաքննվել են Լեռնային Ղարաբաղում՝ առաջին անգամ իրենց զորամասում, հետո՝ Մարտակերտի կայազորի ռազմական դատախազությունում, եւ ի վերջո՝ Ստեփանակերտի ռազմական ոստիկանության վարչությունում՝ նախքան հետագա վարույթի համար Երեւան տեղափոխվելը: Լեռնային Ղարաբաղում դիմումատուներին հարցաքննողների կազմում էին Հայաստանի ռազմական դատախազությունից երկու քննիչ, Մարտակերտի կայազորի ռազմական դատախազությունից մեկ քննիչ եւ Հայաստանի մեկ ռազմական ոստիկան: Առաջին հարցաքննությանը ներկա էր նաեւ զորամասի գումարտակի հրամանատարը: Այնուհետեւ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել սպանության համար եւ նրանց նկատմամբ քրեական դատական քննությունն սկսվել է 2004 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզային դատարանում [Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան]՝ Ստեփանակերտում կայացած նիստով: Դիմումատուները ներկա են գտնվել դատավարությանը: 2005 թվականի մայիսի 18-ին դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել սպանության կատարման մեջ եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման։
77.Նմանապես, ինչպես հայտնել էր մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության 18-րդ ֆորումը, ինչպես նաեւ ՀՐՈՒ-ն, պրն Արմեն Գրիգորյանը, ով Հայաստանի քաղաքացի է եւ հրաժարվել է զինվորական ծառայությունից որոշակի համոզմունքների պատճառաբանությամբ, 2004 թվականի հունիսին տարվել է Երեւանում գտնվող զինվորական կոմիսարիատ եւ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում գտնվող զորամաս: Զորամասից փախուստի դիմելուց հետո պրն Գրիգորյանը ձերբակալվել է եւ, ի վերջո, 2005 թվականի հունիսի 9-ին դատարանը, որի նստավայրը Ստեփանակերտն է, նրան մեղավոր է ճանաչել՝ զինվորական ծառայությունից հրաժարվելու մեջ եւ դատապարտել երկու տարվա ազատազրկման:
2.Քաղաքական եւ դատական կապերը
78.Մի քանի հայտնի հայ քաղաքական գործիչներ տարբեր ժամանակ զբաղեցրել են բարձր պաշտոններ եւ´ Հայաստանի Հանրապետությունում, եւ´ ԼՂՀ-ում, կամ այլ կերպ սերտ կապեր են ունեցել Լեռնային Ղարաբաղի հետ: Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը՝ պրն Լեւոն Տեր-Պետրոսյանը, եղել է հայկական «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ, որը 1980-ականների վերջում ղեկավարել է Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի միավորման շարժումը: 1998 թվականի ապրիլին նրան՝ որպես Հայաստանի նախագահ, հաջորդել է պրն Ռոբերտ Քոչարյանը, ով նախկինում՝ 1992 թվականի օգոստոսից մինչեւ 1994 թվականի դեկտեմբեր հանդիսացել էր ԼՂՀ-ի վարչապետը, 1994 թվականի դեկտեմբերից մինչեւ 1997 թվականի մարտ՝ ԼՂՀ-ի նախագահը, եւ 1997 թվականի մարտից մինչեւ 1998 թվականի ապրիլ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը: 2008 թվականի ապրիլին պրն Սերժ Սարգսյանը դարձել է Հայաստանի երրորդ նախագահը: 1993 թվականի օգոստոսին նա նշանակվել էր Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում՝ 1989 թվականից 1993 թվականը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի» նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո: Ավելին, պրն Սեյրան Օհանյանը ԼՂՀ-ի պաշտպանության նախարար լինելուց հետո 2007 թվականին դարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար: 2008 թվականի ապրիլին նա նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար:
79.Դիմումատուները պնդել են, որ Հայաստանի Հանրապետության օրենքները կիրառվում են ԼՂՀ-ում: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության համաձայն՝ 1992 թվականի հունվարից մինչեւ 2006 թվականի օգոստոսը ԼՂՀ-ն ընդունել է 609 տարբեր օրենքներ, առաջինը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» օրենքը: Այս օրենքի 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ ԼՂՀ-ն ինքնուրույն է որոշում Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային, շինարարության, վարչատարածքային բաժանման քաղաքականությանը վերաբերող բոլոր հարցերը»: Ինչպես նաեւ 1992 թվականի հունվարին ստեղծվել են գործադիր եւ դատական իշխանության մարմինները՝ ներառյալ Նախարարների խորհուրդը (Կառավարությունը), Գերագույն դատարանը, ԼՂՀ առաջին ատյանի դատարանները, ինչպես նաեւ ԼՂՀ դատախազությունը: ԼՂՀ-ն նաեւ ունի իր նախագահը, խորհրդարանը եւ ոստիկանության ուժերը, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ ներառյալ ԼՂՀ-ն շրջապատող տարածքների կառավարման մարմինները, որոնց ներկայացուցիչները նշանակվում են ԼՂՀ իշխանությունների կողմից: Իրականացվում են նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Թեեւ մի քանի օրենքներ վերցվել են հայկական օրենսդրությունից, այնուամենայնիվ ՀՀ կառավարությունը պնդել է, որ դրանք չեն կիրառվել մեխանիկորեն, օրինակ՝ Հայաստանի դատարանների որոշումների միջոցով, այլ ԼՂՀ դատարանների կողմից եւ´ Լաչինի շրջանում, եւ´ ամենուր մեկնաբանվել ու կիրառվել են ինքնուրույնաբար:
3.Ֆինանսական եւ այլ աջակցություն
80.ՄՃԽ-ն, իր 2005 թվականի զեկույցում (նշված վերեւում՝ 65-րդ պարբերություն), նշել է հետեւյալը (էջ 12-13)՝
«Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը նախկինում ինտեգրված է եղել Խորհրդային Ադրբեջանին, սակայն պատերազմի ժամանակ դա հիմնականում ոչնչացվել է: Այսօր, այն սերտորեն կապված է Հայաստանի հետ եւ մեծապես կախված է նրա ֆինանսական ներդրումներից: Բոլոր գործարքներն իրականացվում են Հայաստանի միջոցով, իսկ Լեռնային Ղարաբաղում արտադրվող ապրանքների վրա հաճախ արտահանման նպատակով փակցվում է «արտադրված է Հայաստանում» պիտակը: Երեւանն ապահովում է բյուջեի կեսը:...
Լեռնային Ղարաբաղը մեծապես կախված է արտաքին ֆինանսական աջակցությունից՝ հիմնականում Հայաստանից, սակայն նաեւ ԱՄՆ-ից եւ սփյուռքից: Այն չի կարող հավաքագրել բավարար չափով եկամուտ իր բյուջետային կարիքները հոգալու համար եւ բացարձակապես ստանում է աստիճանաբար մեծացող արտաքին աջակցություն: 2005 թվականի բյուջեն կազմել է 24,18 միլիարդ դրամ (մոտ 53,73 միլիոն ԱՄՆ դոլար): Տեղական հավաքագրված եկամուտներն ակնկալվում է, որ կկազմեն 6,46 միլիարդ ՀՀ դրամ (մոտ 14,35 միլիոն ԱՄՆ դոլար)՝ ծախսերի 26,7 տոկոսը:
1993 թվականից Լեռնային Ղարաբաղն օգտվել է Հայաստանի «միջպետական վարկից»: Ըստ Հայաստանի վարչապետի՝ 2005 թվականին այն կկազմի 13 միլիարդ ՀՀ դրամ (28,88 միլիոն ԱՄՆ դոլար), որը զգալի աճ է՝ 2002 թվականի 9 միլիարդ ՀՀ դրամի (16,07 ԱՄՆ դոլար) համեմատ: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի (de facto) վարչապետը պնդել է, որ այս վարկի մի մասը՝ 4,259 միլիարդ ՀՀ դրամը (մոտ 9,46 միլիոն ԱՄՆ դոլար) փաստացիորեն Հայաստանին ԱԱՀ-ի, մաքսատուրքերի եւ ակցիզային հարկերի վերադարձն է, որոնք Հայաստանը գանձում է այն ապրանքների համար, որոնք իր տարածքով անցնում են Լեռնային Ղարաբաղ: Վարկի մնացած մասն ունի տասը տարվա մարման ժամկետ՝ անվանական տոկոսադրույքով: Թեեւ Հայաստանը 1993 թվականից հատկացրել է նման վարկեր, ոչինչ չի վերադարձվել: Ըստ Հայաստանի վարչապետի՝ Ստեփանակերտը «դեռ չի գտնվում այնպիսի վիճակում, որ կարողանա վճարել [...]: Մոտակա տարիներին մենք պետք է շարունակենք ապահովել այս վարկը՝ իրենց ենթակառուցվածքի զարգացումը շարունակելու համար նրանց օգնելու նպատակով [...] մենք չենք պատկերացնում, որ նրանք մոտալուտ ժամանակներում կկարողանան իրենց միջոցներով առաջ գնալ»:
ԱՄՆ-ն միակ այլ պետությունն է, որը տրամադրում է ուղղակի պետական աջակցություն: 1988 թվականին առաջին անգամ Կոնգրեսը Լեռնային Ղարաբաղը նշանակեց որպես մարդասիրական օգնություն ստացող՝ Ադրբեջանից առանձին: ԱՄՆ գումարները տնօրինվում են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից, որը գումարներ է հատկացրել այնպիսի ՀԿ-ների, ինչպիսիք են՝ Հայ օգնության ֆոնդը [Fund for Armenian Relief], Սեյվ դը չիլդրենը [Save the Children] եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն [International Committee of the Red Cross]: 2004 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ն Լեռնային Ղարաբաղին տրամադրել է փոխառություն՝ 23 274 992 ԱՄՆ դոլարի չափով, եւ ծախսել է 17 831 608 ԱՄՆ դոլար: Հայկական լոբբիստական խմբերն իրենց ազդեցությունն են ունեցել այս հատկացումները հնարավոր դարձնելու հարցում:»:
Այնուհետեւ, ՄՃԽ-ն նշել է, որ Հայաստանի «միջպետական վարկը» կազմել է ԼՂՀ-ի բյուջեի 67,3%-ը՝ 2001 թվականին («Լեռնային Ղարաբաղի վիճակագրական տարեգրքի» համաձայն), եւ 56,9%-ը՝ 2004 թվականին (ԼՂՀ-ի Ազգային վիճակագրական ծառայության տնօրենի հետ ՄՃԽ-ի հաղորդակցության համաձայն):
81.Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ-ին 2004 եւ 2005 թվականների համար տրամադրված վարկը կազմել է 51 000 000 ԱՄՆ դոլար: Դրանից 40 000 000 ԱՄՆ դոլարը ծախսվել է ուսումնական հաստատությունների վերակառուցման համար, իսկ 11 000 000 ԱՄՆ դոլարը՝ զոհված զինվորների ընտանիքներին օգնելու համար:
82.«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է ՀՀ նախագահի հրամանագրով՝ 1992 թվականի մարտի 3-ին: Հիմնադրամի պաշտոնական կայքի համաձայն՝ նրա առաքելությունն է՝
«[հ]ամախմբել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր հայերին՝ երկրի դժվարությունները հաղթահարելու եւ Հայաստանի եւ Արցախի կայուն զարգացմանը նպաստելու նպատակով: Բացի Խորհրդային միության փլուզման հետ կապված խնդիրներից, Կառավարությունը պետք է լուծումներ գտներ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքները վերացնելու, տնտեսական շրջափակման եւ Արցախի հակամարտությունից տուժած տարածքների վերականգնման համար:»:
Հիմնադրամի՝ 2012 թվականի տարեկան հաշվետվությունը ներառում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Արցախի Հանրապետության նախագահ» Բակո Սահակյանի ուղերձները, որոնք, inter alia, պարունակում են հետեւյալ հայտարարությունները՝
Պրն Սարգսյան.
«Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ի դեմս նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ունի պատշաճ մարմնավորում, որը մեր համազգային ներուժը բոլորիս աչքի առաջ հետեւողականորեն եւ նպատակասլաց կերպով վերածում է իրական ուժի»:
Պրն Սահակյան.
«2012 թվականը հոբելյանական էր հայ ժողովրդի համար: Մենք ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-ամյակը` փառապանծ հաղթանակ, որը հնարավոր դարձավ համայն հայության միասնական ջանքերի ու անկոտրում կամքի, նրա քաջազուն զավակների անձնվեր խիզախության ու սխրանքի շնորհիվ»:
Հիմնադրամը 22 տարբեր երկրներում ունի 25 մասնաճյուղ: Նրա միջոցները գոյանում են անհատական նվիրատվություններից՝ հիմնականում հայկական սփյուռքի անդամներից: Այժմ այն տարեկան հավաքագրում է մոտ 21 000 000 ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը Հոգաբարձուների Խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նախագահն ex officio (ի պաշտոնե) Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահն է: Խորհուրդը, որն իր գոյության ընթացքում ունեցել է 22-37 անդամ, ներառում է Հայաստանից եւ սփյուռքից քաղաքական, հասարակական, կրոնական եւ մարդասիրական հաստատություններից բազմաթիվ ակնառու անհատներ եւ ներկայացուցիչներ: 2013 թվականին Խորհրդում, բացի Հայաստանի նախագահ պրն Սարգսյանից, ընդգրկված էին ՀՀ նախկին նախագահ պրն Քոչարյանը, ՀՀ վարչապետը, ինչպես նաեւ արտաքին գործերի, ֆինանսների եւ սփյուռքի նախարարները, ԼՂՀ նախագահը, նախկին նախագահը եւ վարչապետը, ՀՀ սահմանադրական դատարանի, Ազգային ժողովի եւ Կենտրոնական բանկի նախագահները, Հայաստանի չորս կրոնական առաջնորդ, հայկական կուսակցությունների երեք ներկայացուցիչ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության մեկ ներկայացուցիչ, ինչպես նաեւ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում հիմնադրված չորս հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 37 անձից կազմված Խորհրդում մնացած 13-ն անհատներ էին՝ Հայաստանի սփյուռքից: Հոգաբարձուների խորհրդի կազմը Հիմնադրամի ստեղծման օրվանից նույնն է:
«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հիմնադրման օրվանից ֆինանսավորել եւ վերահսկել է բազմաթիվ ծրագրեր՝ ներառյալ ճանապարհների կառուցումը կամ վերականգնումը, բնակարանաշինությունը, դպրոցների, հիվանդանոցների, ինչպես նաեւ ջրային ու գազատար ցանցերի կառուցումը կամ վերականգնումը: 1990 թվականի կեսերից մինչեւ վերջերն ընկած ժամանակահատվածում այն կառուցել է Հայաստանում գտնվող Գորիս քաղաքը Լեռնային Ղարաբաղում գտնվող Լաչինի եւ Շուշայի (Շուշիի) ու Ստեփանակերտի հետ կապող մայրուղին: 2001 թվականին այն ֆինանսավորել է Լեռնային Ղարաբաղի հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը: Հիմնադրամի 2005 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ հիմնադրամը վճարել է մոտ 11 000 000 ԱՄՆ դոլար այդ տարվա ընթացքում տարբեր ծրագրերի համար, որից 6 100 000 ԱՄՆ դոլարն ուղղվել է Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերին: Հայաստանի կառավարության կողմից ներկայացված թվերի համաձայն՝ 2012 թվականի համար ոչ ամբողջությամբ ավարտված ծախսերը կազմել են 10 700 000 ԱՄՆ դոլար Լեռնային Ղարաբաղում եւ 3 100 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանում: Ի լրումն, Կառավարության կողմից ներկայացված թվերի համաձայն՝ 1995-2012 թվականներին հիմնադրամը հատկացրել է ընդհանուր մոտ 111 000 000 ԱՄՆ դոլար կամ տարեկան մոտ 6 000 000 ԱՄՆ դոլար` Լեռնային Ղարաբաղում իրականացվող ծրագրերի համար: 1992-2012 թվականներին այն հատկացրել է 115 000 000 ԱՄՆ դոլար` Հայաստանում իրականացվող ծրագրերի համար:
83.Դիմումատուները եւ Ադրբեջանի կառավարությունը պնդել են, որ ԼՂՀ-ի եւ հարակից տարածքների բնակիչներին պարբերաբար տրվել են հայկական անձնագրեր: ՄՃԽ-ն նշել է, որ «Հայաստանը բնակչության մեծամասնությանն իր անձնագրերն է տվել՝ արտասահման մեկնելու նպատակով» (վերը նշված 2005 թվականի զեկույց, էջ 5): Ադրբեջանի կառավարությունը նաեւ մատնանշել է նշված տարածքների բնակիչների կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը: Նրանք վկայակոչել են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը), որը սահմանում է հետեւյալը.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե՝
1)օրենքով սահմանված կարգով, վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
2)կարող է բացատրվել հայերեն լեզվով եւ
3)ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը՝
1)որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
2)որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3)որը ծագումով հայ է, այսինքն՝ ունի հայ նախնիներ.
4)որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:»:
Հայաստանի կառավարությունն իր կողմից նշել է, որ եւ´ Հայաստանը, եւ´ ԼՂՀ-ն ունեն երկքաղաքացիության մասին դրույթներ: Ավելին, ԼՂՀ-ի հետ «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին 1999 թվականի փետրվարի 24-ի համաձայնագրի համաձայն՝ Հայաստանը, որոշակի հանգամանքներում, ԼՂՀ-ի բնակիչներին տրամադրում է անձնագրեր: Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսվում է ՝
«Կողմերը համաձայնում են, որ իրենց քաղաքացիները Կողմերից յուրաքանչյուրի տարածքում ունենան ազատ տեղաշարժվելու և բնակվելու իրավունք։
Սույն համաձայնագրի շրջանակներում, մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգայնորեն կճանաչվի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության տարածքները, կարող են դիմել և ձեռք բերել Հայաստանի Հանրապետության անձնագիր։
Կողմերը համաձայնում են, որ սույն հոդվածի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ձեռք բերելը նրանց չի շնորհում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այդ անձնագրերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների կողմից կարող են միայն օգտագործվել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներից դուրս ճամփորդելու նպատակով և չեն կարող օգտագործվել որպես անձը հաստատող փաստաթուղթ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում ներքին օգտագործման համար»։
1999 թվականին ընդունվել են նաեւ այս համաձայնագրի կիրառման հետ կապված կարգավորումներ, որոնց համաձայն ԼՂՀ-ի բնակիչներին հայկական անձնագրեր տրվում է միայն բացառիկ դեպքերում, երբ արտասահման մեկնելու նպատակը բուժում ստանալն է, կրթությունը կամ այլ անձնական բնույթի խնդիր: Հայաստանի կառավարությունը պնդել է, որ 1999 թվականի համաձայնագրի շրջանակներում անձնագիր է ստացել ավելի քիչ, քան 1 000 անձ:
84.Դիմումատուները եւ Ադրբեջանի կառավարությունը նշել են, որ հայկական դրամը ԼՂՀ-ում հիմնական արժույթն է, մինչդեռ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ այնտեղ ընդունվող արժույթները ներառում են նաեւ եվրոն, ԱՄՆ դոլարը, ֆունտ ստերլինգը եւ նույնիսկ ավստրալիական դոլարը:
85.Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2007 թվականին հրապարակված՝ Հայաստանի ազգային ատլասում, որը, ենթադրաբար, պաշտոնական հրատարակություն է, տարբեր տեսակի քարտեզներում ԼՂՀ-ն եւ գրավված հարակից տարածքները շարունակաբար ներառվել են Հայաստանի Հանրապետության սահմաններում:
86.Դիմումատուները եւ Ադրբեջանի կառավարությունը պնդել են, որ Հայաստանի կառավարությունն իրականացնում է մի քաղաքականություն, որով խրախուսվում է բնակիչների՝ ԼՂՀ տեղափոխվելը Հայաստանից, իսկ վերջերս՝ նաեւ Սիրիայից:
2005 թվականի փետրվարին լույս է տեսել «Լեռնային Ղարաբաղին (ԼՂ) հարակից՝ Ադրբեջանի գրավված տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության (ՓՀԱ) հաշվետվությունը» [“Report of the OSCE Fact-Finding Mission (FFM) to the Occupied Territories of Azerbaijan Surrounding Nagorno-Karabakh (NK)”]: Առաքելության մանդատն էր պարզել՝ արդյոք տարածքներում գոյություն ունեին բնակավայրեր. ռազմական կառույցները եւ անձնակազմը, ինչպես նաեւ քաղաքական նկատառումներն այդ մանդատի շրջանակներից միանգամայն դուրս էին: Ինչ վերաբերում է Լաչինի շրջանում առկա բնակավայրերին, հաշվետվությունում ներկայացվել է հետեւյալը՝
«Լաչինում եւ մյուս տարածքներում բնակություն հաստատած անձինք ընդհանուր առմամբ ունեն միեւնույն ծագումը: Այսպիսով, ճնշող մեծամասնությունը Լաչին է եկել Ադրբեջանի տարբեր հատվածներից՝ հիմնականում երկար տարիներ Հայաստանում ժամանակավոր կացարաններում ապրելուց հետո: Համեմատաբար ավելի փոքր թվաքանակով փոքրամասնություն են կազմում Հայաստանից եկած հայերը, այդ թվում՝ երկրաշարժից տուժածները: Նրանք Լաչինում բնակություն հաստատելու տարբերակի մասին իմացել են խոսակցություններից, լրատվամիջոցներից կամ Հայաստանում եւ ԼՂ-ում գործող հասարակական կազմակերպություններից: Ոչ կամավոր վերաբնակեցման կամ համակարգված հավաքագրման գործողությունների մասին վկայող ապացույցներ չեն գտնվել:»:
Զեկույցում այնուհետեւ նշվել է՝
«Լաչինի շրջանում ԼՂ-ի ուղղակի ներգրավվածությունն անվիճելի է: Լեռնային Ղարաբաղն ապահովում է Լաչինի բյուջեն եւ ակնհայտորեն ընդունում է շրջանի նկատմամբ իր ունեցած ուղղակի պատասխանատվությունը: Լաչինի բնակիչները մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ ԼՂ ընտրություններին:
Թեեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կապերը դուրս են մնում այս զեկույցի դիտարկման շրջանակից, փաստահավաք առաքելությունը Լաչինի բնակավայրում Հայաստանի կառավարության ուղղակի ներգավվածության մասին վկայող որեւէ ապացույց չի գտել: Այնուամենայնիվ, փաստահավաք առաքելությունը հարցում է անցկացրել Լաչինի մի քանի բնակիչների շրջանում, ովքեր ունեին Հայաստանի անձնագրեր եւ պնդում էին, որ մասնակցել են Հայաստանի ընտրություններին:»:
II.ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
87.Նախքան Եվրոպայի խորհրդին անդամակցելը, Հայաստանը եւ Ադրբեջանը Նախարարների կոմիտեի եւ Խորհրդարանական վեհաժողովի առջեւ պարտավորություն էին ստանձնել խաղաղ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը (տե՛ս Խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 (2000) եւ 222 (2000) կարծիքները, ինչպես նաեւ Նախարարների կոմիտեի թիվ Res (2000)13 եւ Res (2000)14 բանաձեւերը)։
Եվրոպայի խորհրդին անդամակցելու մասին Հայաստանի դիմումի վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի թիվ 221 (2000) կարծիքի համապատասխան պարբերություններն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«10.Վեհաժողովը հաշվի է առնում Հայաստանի նախագահի նամակը, որում նա պարտավորվում է պահպանել հրադադարի մասին համաձայնագրի դրույթները, քանի դեռ [Լեռնային Ղարաբաղում] հակամարտությունը վերջնականապես չի կարգավորվել, ինչպես նաեւ շարունակել ջանքեր գործադրել՝ բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդունելի փոխզիջումների հիման վրա խաղաղ բանակցային կարգավորման հասնելու համար:
...
13.Խորհրդարանական վեհաժողովը հաշվի է առնում Հայաստանի նախագահի, խորհրդարանի խոսնակի, վարչապետի եւ խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախագահների կողմից ուղարկված նամակները եւ նշում է, որ Հայաստանը պարտավորվում է կատարել հետեւյալ հանձնառությունները.
...
13.2.Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ.
ա.ջանքեր գործադրել միայն խաղաղ միջոցներով այս հակամարտությունը կարգավորելու համար,
բ.օգտագործել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իր ունեցած էական ազդեցությունը՝ հակամարտության լուծմանը նպաստելու նպատակով,
գ.կարգավորել միջազգային եւ ներպետական վեճերը խաղաղ միջոցներով եւ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան (Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների վրա դրված պարտավորություն)՝ վճռականորեն մերժելով իր հարեւանների նկատմամբ սպառնալիքների համաձայն ուժի կիրառումը,
...»:
Հայաստանին հասցեագրված՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու հրավերի մասին Նախարարների կոմիտեի թիվ Res (2000)13 բանաձեւը վերաբերում է Հայաստանի հանձնառություններին, որոնք սահմանված են թիվ 221 (2000) կարծիքի մեջ, եւ այդ հանձնառությունները կատարելու մասին Հայաստանի կառավարության հավաստիացմանը։
III.ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Ադրբեջանական ԽՍՀ-ի օրենքները
88.Դիմումատուների սեփականության իրավունքի հաստատմանը վերաբերող իրավական ակտերն են Ադրբեջանական ԽՍՀ-ի 1978 թվականի Սահմանադրությունը, ինչպես նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ի 1970 թվականի Հողային օրենսգիրքը եւ 1983 թվականի Բնակարանային օրենսգիրքը։
1.1978 թվականի Սահմանադրությունը
89.Սահմանադրության մեջ նշվում է.
Հոդված 13
«Ադրբեջանական ԽՍՀ-ի քաղաքացիների անձնական գույքի համար հիմքը վաստակած եկամուտն է։ Անձնական գույքը կարող է ներառել կենցաղային իրերը, անձնական սպառման, հարմարության եւ օգտագործման իրերը, բնակելի տունը եւ վաստակած խնայողությունները։ Քաղաքացիների անձնական գույքը եւ այն ժառանգելու իրավունքը պաշտպանված են պետության կողմից։
Քաղաքացիներին կարող են տրամադրվել հողակտորներ օրենքով սահմանված կարգով՝ օժանդակ տնտեսությունների (ներառյալ՝ անասուններ եւ ընտանի թռչուններ պահելու), այգեգործությամբ զբաղվելու եւ անհատական տների կառուցման համար։ Քաղաքացիները պարտավորվում են օգտագործել իրենց հողը ողջամտորեն։ Պետական եւ կոլեկտիվ տնտեսությունները քաղաքացիներին օժանդակություն են տրամադրում իրենց փոքր հողակտորների համար։
Անձնական գույքը կամ օգտագործման իրավունքով տրամադրվող գույքը չի կարող օգտագործվել չվաստակած եկամուտ ստանալու նպատակով` ի վնաս հանրային շահի։»։
2.1970 թվականի Հողային օրենսգիրքը
90.Հողային օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետեւյալ բովանդակությունը.
Հոդված 4.
Հողը՝ որպես պետության (ժողովրդի) սեփականություն
«ԽՍՀՄ Սահմանադրության եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի Սահմանադրության համաձայն՝ հողի սեփականատերը պետությունն է՝ այն բոլոր խորհրդային ժողովուրդների ընդհանուր սեփականությունն է։
ԽՍՀՄ-ում հողի բացառիկ սեփականատերը պետությունն է, եւ այն հատկացվում է միայն օգտագործման համար։ Հողի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ուղղակիորեն կամ անուղղակիորեն խախտելուն ուղղված գործողություններն արգելվում են։»
Հոդված 24.
Հողի օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը
«Կոլեկտիվ տնտեսությունների, պետական տնտեսությունների եւ այլոց կողմից հողակտորների օգտագործման իրավունքը հաստատվում է օգտագործման իրավունքի վերաբերյալ պետական վկայականով։
Վկայականի ձեւը սահմանվում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի կողմից՝ ԽՍՀՄ-ի եւ միութենական հանրապետությունների հողային օրենսդրությանը համապատասխան։
Հողի ժամանակավոր օգտագործման իրավունքը հաստատվում է Ադրբեջանական ԽՍՀ-ի նախարարների խորհրդի կողմից սահմանված ձեւով տրվող վկայականով։»
Հոդված 25.
Հողի օգտագործման իրավունքի մասին վկայականների տրամադրման կանոնները
«Անորոշ ժամկետով հողի օգտագործման իրավունքի մասին պետական վկայականները եւ հողի ժամանակավոր օգտագործման իրավունքի մասին վկայականները տրվում են կոլեկտիվ տնտեսություններին, պետական տնտեսություններին, այլ պետական, կոոպերատիվ եւ հանրային հաստատություններին, գործակալություններին եւ կազմակերպություններին, ինչպես նաեւ քաղաքացիներին շրջանի կամ քաղաքի (հանրապետության իրավազորության տակ գտնվող) ժողովրդական պատգամավորների խորհրդի գործադիր կոմիտեի կողմից՝ այն տարածքում, որտեղ գտնվում է օգտագործման համար հատկացվելիք հողակտորը։»
Հոդված 27.
Հողի օգտագործումը որոշակի նպատակով
«Հողօգտագործողներն ունեն իրենց հատկացված հողակտորներն օգտագործելու իրավունք եւ պետք է դրանք օգտագործեն այն նպատակով, որի համար այդ հողակտորները հատկացվել են։»
Հոդված 28.
Հատկացված հողակտորների նկատմամբ
հողօգտագործողների օգտագործման իրավունքները
«Ելնելով հատկացված հողակտորների նպատակային նշանակությունից՝ հողօգտագործողները, համապատասխան կանոնների համաձայն, կարող են ձեռնարկել հետեւյալ գործողությունները.
-կառուցել բնակելի, արդյունաբերական եւ հանրային ենթակառուցվածքների օբյեկտների համար նախատեսված շենքեր, ինչպես նաեւ այլ շենքեր եւ կառույցներ,
-տնկել գյուղատնտեսական բույսեր, անտառապատել տարածքները եւ տնկել պտղատու, դեկորատիվ եւ այլ ծառեր,
-օգտագործել բերքահավաքի համար նախատեսված տարածքները, արոտավայրերը եւ գյուղատնտեսական նշանակության այլ հողեր,
-օգտագործել լայն տարածում ունեցող՝ ընդերքի բնական ռեսուրսները, տորֆը եւ ջրային օբյեկտները՝ տնտեսական կարիքների համար, ինչպես նաեւ օգտվել հողի այլ արժեքավոր հատկություններից։»
Հոդված 126-1.
Շենքի նկատմամբ սեփականության իրավունքը
ժառանգելու դեպքում հողի օգտագործման իրավունքը
«Եթե գյուղում գտնվող շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ժառանգաբար փոխանցվում է, եւ եթե ժառանգները համապատասխան ընթացակարգի համաձայն տնամերձ հողակտոր գնելու իրավունք չունեն, ապա նրանց տրվում է շենքի պահպանության համար անհրաժեշտ հողակտորի օգտագործման իրավունք՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի նախարարների խորհրդի կողմից սահմանված չափով։»
Հոդված 131.
Քաղաքացիներին հողակտորների հատկացումը՝
անձնական բնակելի տների կառուցման համար
«Այնպիսի միաբնակարան բնակելի շենքերի կառուցման համար նախատեսված հողակտորները, որոնք դառնալու են անձնական սեփականություն, հատկացվում են այն քաղաքացիներին, որոնք բնակվում են Ադրբեջանական ԽՍՀ-ի բնակեցված ավաններում, որտեղ անձնական բնակարանների կառուցումը գործող օրենսդրությամբ չի արգելվում՝ քաղաքներին եւ քաղաքատիպ ավաններին պատկանող հողերից, կոլեկտիվ տնտեսությունների, պետական տնտեսությունների կամ այլ գյուղատնտեսական ձեռնարկությունների կողմից չօգտագործվող՝ գյուղի հողերից, պետական պահուստային ֆոնդի հողերից, ինչպես նաեւ պետական անտառային ֆոնդի հողերից, որոնք ընդգրկված չեն քաղաքների կանաչապատման գոտիներում։ Նշված նպատակի համար հողը հատկացվում է սույն օրենսգրքի ...-ով նախատեսված ընթացակարգի համաձայն։
Քաղաքներում եւ բանվորական ավաններում անձնական բնակարանների կառուցումն իրականացվում է դատարկ տարածքներում, որոնց պարագայում օգտագործման կամ տեխնիկական նախապատրաստման համար ծախսեր չեն պահանջվում, եւ, որպես կանոն, երկաթուղիների եւ մայրուղիների մոտակայքում, որոնք ապահովում են ուղեւորների կանոնավոր հաղորդակցությունը՝ առանձին բնակելի թաղամասերում կամ ավաններում։»։
3.1983 թվականի Բնակարանային օրենսգիրքը
91.Բնակարանային օրենսգրքի 10.3 հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Քաղաքացիներն ունեն որպես անձնական սեփականություն բնակելի տուն ունենալու իրավունք՝ ԽՍՀՄ եւ Ադրբեջանական ԽՍՀ-ի օրենսդրությանը համապատասխան:»։
4.«Բնակարանային ֆոնդի օբյեկտների գրանցման կանոնների մասին» 1985 թվականի հրահանգը
92.1985 թվականի հրահանգի 2-րդ հոդվածում թվարկվում են այն փաստաթղթերը, որոնք ծառայել են որպես բնակելի տան նկատմամբ իրավունք ունենալու ապացույց։ Հրահանգը հաստատվել է ԽՍՀՄ Կենտրոնական վիճակագրական վարչության 1985 թվականի հուլիսի 15-ի թիվ 380 հրամանով։ 2.1 հոդվածում թվարկվում են իրավունք ունենալու առաջնային ապացույց համարվող փաստաթղթերի տարբեր տեսակները։ 2.2 հոդվածում նշվում է, որ առաջնային ապացույցների բացակայության դեպքում իրավունքը կարող է ապացուցվել անուղղակիորեն` այլ փաստաթղթերի միջոցով, այդ թվում՝
«գույքագրման տեխնիկական փաստաթղթեր՝ այն դեպքերում, երբ դրանց մեջ հստակ նշվում է, որ սեփականատերն ունի համապատասխան պաշտոնական փաստաթուղթ, որով հաստատվում է բնակելի տան նկատմամբ սեփականատիրոջ իրավունքը»:
Բ.Ադրբեջանի Հանրապետության օրենքները
93.Անկախացումից հետո, 1991 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետությունն ընդունել է գույքի վերաբերյալ օրենքներ, որոնցում առաջին անգամ հողը դիտվել է որպես մասնավոր սեփականության օբյեկտ։ Սակայն միայն հետո՝ «Հողային բարեփոխումների մասին» 1996 թվականի օրենքով են ներկայացվել քաղաքացիներին հատկացված հողի մասնավորեցման վերաբերյալ մանրամասն կանոններ։ Քանի որ դիմումատուները հեռացել են Լաչինից 1992 թվականին, նրանք չէին կարող դիմել իրենց կողմից օգտագործվող հողի սեփականատերը դառնալու համար:
1.«Գույքի մասին» 1991 թվականի օրենքը
94.Ադրբեջանի Հանրապետությունում «Գույքի մասին» 1991 թվականի օրենքն ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 1-ին։ Օրենքով, inter alia, նախատեսվում է.
Հոդված 21.
Քաղաքացու գույքային իրավունքների օբյեկտները
«1.Քաղաքացուն կարող են պատկանել՝
-հողակտորներ,
-բնակելի տներ, բնակարաններ, ամառանոցներ, ավտոտնակներ, կենցաղային նշանակության իրեր եւ մասնավոր օգտագործման համար առարկաներ,
-բաժնեմասեր, պարտատոմսեր եւ այլ արժեթղթեր,
-զանգվածային լրատվամիջոցներ,
-սպառողների, սոցիալական եւ մշակութային շուկաների համար նախատեսված ապրանքների արտադրության համար ձեռնարկություններ եւ գույքային համալիրներ, բացառությամբ՝ օրենքով սահմանված՝ գույքի որոշ տեսակների, որոնք պետական կամ հասարակական անվտանգության նկատառումներով կամ միջազգային պարտավորություններից ելնելով չեն կարող պատկանել քաղաքացիներին։
...
5.Քաղաքացիները, որոնց պատկանում են բնակարաններ, բնակելի տներ, ամառանոցներ, ավտոտնակներ կամ այլ տարածքներ կամ կառույցներ, իրավունք ունեն իրենց հայեցողությամբ տնօրինելու այդ գույքը՝ վաճառելու, ժառանգաբար փոխանցելու, տալու, վարձակալության հանձնելու կամ օրենքին չհակասող այլ գործողություններ ձեռնարկելու:»։
2.1992 թվականի Հողային օրենսգիրքը
95.1992 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ մտած նոր Հողային օրենսգիրքը պարունակում է հետեւյալ դրույթները.
Հոդված 10.
Հողակտորների նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը
«Հողակտորները, շրջանի կամ քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշումների հիման վրա, տեղական գործադիր մարմինների դիմումների համաձայն, մասնավոր սեփականության իրավունքով հատկացվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներին՝ ստորեւ նշված նպատակներով.
1)այն անձանց դեպքում, որոնք մշտապես բնակվում են այդ տարածքում՝ մասնավոր տներ եւ օժանդակ շինություններ կառուցելու, ինչպես նաեւ մասնավոր օժանդակ գյուղատնտեսություն ստեղծելու համար,
2)վաճառքի նպատակով գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսությունների եւ այլ կազմակերպությունների գործունեության համար,
3)քաղաքների սահմաններում մասնավոր եւ կոլեկտիվ ամառանոցների, ինչպես նաեւ մասնավոր ավտոտնակների կառուցման համար,
4)ձեռնարկատիրական գործունեության հետ կապված կառույցների համար,
5)ավանդական էթնիկ բնույթի արտադրության հետ կապված գործունեության համար։
Ադրբեջանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ քաղաքացիներին մասնավոր սեփականության իրավունքով հողակտորներ կարող են հատկացվել նաեւ այլ նպատակներով:»:
Հոդված 11.
Մասնավոր սեփականության իրավունքով
հողակտորներ հատկացնելու պայմանները
«Սույն օրենսգրքի 10-րդ հոդվածով նախատեսված նպատակներով հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքը տրամադրվում է անհատույց։
Նախքան սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը քաղաքացիներին մասնավոր տների, ամառանոցների եւ ավտոտնակների համար հատկացված հողակտորները դառնում են նրանց սեփականությունը։
Հողակտորի նկատմամբ մասնավոր սեփականության կամ ժառանգաբար փոխանցվող՝ ցմահ տիրապետման իրավունքը չի կարող տրամադրվել օտարերկրյա քաղաքացիներին կամ օտարերկրյա իրավաբանական անձանց։
Հողակտորը չի վերադարձվում նախկին սեփականատերերին եւ նրանց ժառանգներին։ Նրանք կարող են հողակտորի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել սույն օրենսգրքով նախատեսված հիմքով:»
Հոդված 23.
Հողակտորների հատկացումը
«Քաղաքացիներին, ձեռնարկություններին եւ կազմակերպություններին հողակտորները հատկացվում են որպես սեփականություն, տիրապետման, օգտագործման կամ վարձակալության համար շրջանի կամ քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշմամբ՝ հողերի հատկացման ընթացակարգին համապատասխան եւ հողի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի համաձայն։
Հողակտորի նպատակային նշանակությունը նշվում է հողի հատկացման վկայականում։
Հողակտորի հատկացման կամ առգրավման, այդ թվում՝ պետական կամ հասարակական կարիքների համար հողակտորի առգրավման մասին դիմումի ներկայացման եւ քննության կարգը սահմանվում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից։
Հողակտորների հատկացման մասին քաղաքացիների դիմումները քննվում են մեկ ամիսը չգերազանցող ժամկետում:»
Հոդված 30.
Հողի նկատմամբ սեփականության իրավունքը, տիրապետման իրավունքը եւ հողի անժամկետ օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը
«Հողի նկատմամբ սեփականության իրավունքները եւ տիրապետման ու հողի անժամկետ օգտագործման իրավունքները հաստատվում են շրջանի կամ քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից տրամադրվող պետական վկայականով։
Նշված պետական վկայականի ձեւը հաստատվում է Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից:»
Հոդված 31.
Հողի ժամանակավոր օգտագործման իրավունքի ձեւակերպումը
«Հողի ժամանակավոր օգտագործման իրավունքը, այդ թվում՝ վարձակալական հիմունքներով վերապահվող իրավունքը, ամրագրվում է պայմանագրի եւ վկայականի միջոցով: Այդ փաստաթղթերը գրանցվում են շրջանի կամ քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհրդի կողմից եւ տրվում են հողօգտագործողին: Պայմանագրի եւ վկայականի ձեւերը հաստատվում են Ադրբեջանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից։»
Հոդված 32.
Հողի նկատմամբ սեփականության իրավունքների, հողի տիրապետման ու օգտագործման իրավունքների եւ հողը վարձակալելու իրավունքների դադարեցման հիմքերը
«Շրջանի կամ քաղաքի ժողովրդական պատգամավորների խորհուրդը, որը տրամադրել է հողակտորի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունք, հողի տիրապետման ու օգտագործման իրավունքներ կամ հողը վարձակալելու իրավունք, դադարեցնում է այդ իրավունքները հետեւյալ դեպքերում՝
1)սեփականատերը կամավոր հրաժարվել է իր հողակտորից կամ օտարել է այն,
2)լրացել է հողակտորի տրամադրման ժամկետը,
3)դադարեցվել է ձեռնարկության, գործակալության, կազմակերպության կամ գյուղացիական տնտեսության գործունեությունը,
4)հողն օգտագործվել է դրա նպատակային նշանակությունից տարբերվող նպատակներով,
5)դադարեցվել են այն աշխատանքային հարաբերությունները, որոնց հիման վրա կատարվել է հողի հատկացումը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,
6)չեն պահպանվել վարձակալության պայմանագրի պայմանները,
7)չի վճարվել օրենսդրությամբ կամ հողի վարձակալության պայմանագրով նախատեսված՝ հողի հարկը կամ վարձակալության վճարը երկու հաջորդական տարվա ընթացքում՝ առանց հիմնավոր պատճառի,
8)գյուղատնտեսական արտադրության համար հատկացված հողակտորը մեկ տարվա ընթացքում առանց հիմնավոր պատճառի չի օգտագործվել կամ ոչ գյուղատնտեսական արտադրության համար հատկացված հողակտորը երկու տարվա ընթացքում առանց հիմնավոր պատճառի չի օգտագործվել,
9)առկա է պետական կամ հասարակական կարիքների համար հողակտորներն առգրավելու անհրաժեշտություն,
10)փոխանցվել է շենքերի կամ կառույցների նկատմամբ սեփականության իրավունքը կամ դրանց նկատմամբ օպերատիվ կառավարում իրականացնելու իրավունքը,
11)մահացել է տիրապետողը կամ օգտագործողը:
Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի, հողի տիրապետման ու օգտագործման իրավունքների կամ այն վարձակալելու իրավունքի դադարեցման այլ հիմքեր:»:
IV.ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
96.Ցամաքում պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ 1907 թվականի հոկտեմբերի 18-ի Հաագայի կանոնակարգերի (այսուհետ՝ 1907 թվականի Հաագայի կանոնակարգեր) 42-րդ հոդվածում «ռազմական գրավում» հասկացությունը սահմանվում է հետեւյալ կերպ.
«Տարածքը համարվում է գրավված այն դեպքում, երբ այն իրականում գտնվում է թշնամական բանակի իշխանության ներքո։ Գրավումը տարածվում է միայն այն տարածքի վրա, որտեղ այդ իշխանությունը հաստատվել է եւ կարող է իրականացվել:»։
Համապատասխանաբար, 1907 թվականի Հաագայի կանոնակարգերի իմաստով գրավում առկա է այն դեպքում, երբ պետությունը փաստացի իշխանություն է իրականացնում թշնամի պետության տարածքի կամ այդ տարածքի մի մասի նկատմամբ[1]։ Փաստացի իշխանության պահանջը լայն առումով համարվում է արդյունավետ վերահսկողության հոմանիշ։
Համարվում է, որ տարածքում կամ դրա մի մասի վրա առկա է ռազմական գրավում, եթե հնարավոր է ցույց տալ հետեւյալ տարրերը. օտարերկրյա զորքերի ներկայություն, որոնք կարող են արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ առանց ինքնիշխան սուբյեկտի համաձայնության։ Լայն տարածում ունեցող փորձագիտական եզրակացության համաձայն՝ օտարերկրյա զորքերի ֆիզիկական ներկայությունը գրավման sine qua non (պարտադիր) պայման է,[2] այսինքն՝ գրավումը հնարավոր չէ առանց ցամաքային գործողությունների. հետեւաբար, ծովային կամ օդային շրջափակման միջոցով ծովային կամ օդային վերահսկողություն իրականացնող ուժերը բավարար չեն։[3]
97.Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով հստակ անդրադարձ չի կատարվում տուն կամ գույքին մուտք ունենալու հնարավորությունը խոչընդոտելու հարցին։ Սակայն «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի [թիվ IV] 49-րդ հոդվածով կարգավորվում են գրավված տարածքներում կամ գրավված տարածքներից հարկադիր տեղահանման հարցերը։ Դրանով նախատեսվում է հետեւյալը.
«Գրավված տարածքից դեպի Գրավող տերության տարածք կամ որեւէ այլ պետության տարածք՝ անկախ այն հանգամանքից՝ այդ տարածքը գրավված է, թե ոչ, պաշտպանված անձանց անհատական կամ զանգվածային հարկադիր փոխադրումները եւ աքսորումն արգելվում են՝ անկախ դրանց դրդապատճառներից։
Սակայն, Գրավող տերությունը կարող է իրականացնել տվյալ տարածքից անձանց ամբողջական կամ մասնակի տարահանում, եթե բնակչության անվտանգության նկատառումներով կամ խիստ կարեւոր ռազմական պատճառներով դա անհրաժեշտ է։ Այդպիսի տարահանումը չի կարող ներառել գրավված տարածքի սահմաններից դուրս պաշտպանված անձանց տեղահանումը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ առարկայական պատճառներով այդպիսի տեղահանումից խուսափելն անհնար է։ Տարահանված անձինք պետք է հետ փոխադրվեն իրենց տուն՝ տվյալ տարածքում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։
Այդպիսի փոխադրումներ կամ տարահանում իրականացնող Գրավող տերությունն առավելագույն հնարավոր չափով ապահովում է, որ պաշտպանված անձանց ընդունելու համար տրամադրվեն պատշաճ կացարաններ, եւ որ հեռացումն իրականացվի հիգիենայի, առողջության, անվտանգության եւ սննդի առումով բավարար պայմաններում եւ որ միեւնույն ընտանիքի անդամները միմյանցից չբաժանվեն։ Պաշտպանող տերությունը տեղեկացվում է փոխադրման եւ տարահանման ցանկացած դեպքի մասին այն պահին, երբ դրանք տեղի են ունենում։
Գրավող տերությունը պաշտպանված անձանց չպետք է պահի այնպիսի վայրում, որտեղ հատկապես արտահայտված են պատերազմի վտանգները՝ բացի այն դեպքերից, երբ բնակչության անվտանգության նկատառումներով կամ խիստ կարեւոր ռազմական պատճառներով դա անհրաժեշտ է։
Գրավող տերությունն իր քաղաքացիական բնակչության տարբեր խմբերը չպետք է աքսորի կամ փոխադրի իր կողմից գրավված տարածք:»։
Ժնեւի չորրորդ կոնվենցիայի 49-րդ հոդվածը կիրառվում է գրավված տարածքներում, մինչդեռ դրանով հակամարտության կողմերից մեկի տարածքում հարկադիր տեղահանման վերաբերյալ հատուկ կանոններ սահմանված չեն։ Այնուամենայնիվ, տեղահանման ենթարկված անձանց՝ «իրենց տեղահանման պատճառների վերացումից անմիջապես հետո իրենց տուն կամ առավելապես բնակության վայրեր ապահով եւ կամավոր վերադառնալու» իրավունքը համարվում է միջազգային սովորութային իրավունքի նորմ (տե՛ս «Միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի մասին» ԿԽՄԿ-ի ուսումնասիրության 132-րդ կանոնը[4]), որը վերաբերում է ցանկացած տեսակի տարածքի։
V.ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա.Միավորված ազգերի կազմակերպություն
98.«Փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց համար տան եւ գույքի ռեստիտուցիայի վերաբերյալ սկզբունքները» (Մարդու իրավունքների հանձնաժողով, Մարդու իրավունքների խթանման եւ պաշտպանության ենթահանձնաժողով, 2005 թվականի հունիսի 28, Տ/ՀԺ.4/Ենթ.2/2005/17 [E/CN.4/Sub.2/2005/17], Հավելված) տվյալ հարցին վերաբերող առավել ամբողջական չափորոշիչներն են։ Դրանք նաեւ հայտնի են որպես Պինեյրոյի սկզբունքներ։ Մարդու իրավունքների եւ մարդասիրական բնագավառում գոյություն ունեցող միջազգային իրավունքի վրա հիմնված այս սկզբունքների նպատակն է պետությունների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ ավելի լայն միջազգային հանրության համար ապահովել միջազգային չափորոշիչներ եւ գործնական ուղեցույցներ՝ տան եւ գույքի ռեստիտուցիայի հետ կապված բարդ իրավական եւ տեխնիկական հարցերը լավագույնս կարգավորելու համար։
Դրանցով, inter alia, նախատեսվում է հետեւյալը.
2. Տան եւ գույքի ռեստիտուցիայի իրավունքը
«2.1Բոլոր փախստականները եւ տեղահանման ենթարկված անձինք իրավունք ունեն վերականգնելու ցանկացած տուն, հող եւ (կամ) գույք, որից նրանք կամայականորեն կամ ապօրինաբար զրկվել են, կամ ստանալու հատուցում ցանկացած տան, հողի եւ (կամ) գույքի համար, որը փաստացի անհնար է վերականգնել, ինչպես որոշվել է անկախ եւ անաչառ տրիբունալի կողմից։
2.2Պետությունները պետք է ակնհայտորեն առաջնահերթ համարեն ռեստիտուցիայի իրավունքը՝ որպես տեղահանման դեպքում իրավական պաշտպանության նախընտրելի միջոց եւ վերականգնողական արդարադատության առանցքային տարր։ Ռեստիտուցիայի իրավունքը գոյություն ունի որպես առանձին իրավունք, եւ այն չի սահմանափակվում տան, հողի եւ գույքի ռեստիտուցիայի իրավունք ունեցող փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց փաստացի վերադարձի կամ չվերադառնալու հետեւանքով։»
3. Խտրականության բացառման իրավունքը
«3.1Յուրաքանչյուր ոք ունի ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության, հաշմանդամության, ծննդի կամ այլ կարգավիճակի հիմքով խտրականությունից պաշտպանված լինելու իրավունք։
3.2Պետություններն ապահովում են, որ վերոնշյալ հիմքերով de facto (փաստացի) եւ de jure (իրավաբանորեն) խտրականությունն արգելվի եւ բոլոր անձինք, ներառյալ՝ փախստականները եւ տեղահանման ենթարկված անձինք, օրենքի առջեւ հավասար համարվեն։»
12. Ներպետական ընթացակարգերը, ինստիտուտները եւ մեխանիզմները
«12.1Պետությունները պետք է սահմանեն արդարացված, տեղին, անկախ, թափանցիկ եւ ոչ խտրական ընթացակարգեր, ինստիտուտներ եւ մեխանիզմներ ու օժանդակեն դրանց՝ գնահատելու եւ բավարարելու տան, հողի եւ գույքի ռեստիտուցիայի վերաբերյալ հայցերը։ ...
...
12.5Այն դեպքում, երբ ընդհանուր առմամբ խախտվել է իրավունքի գերակայությունը, կամ պետությունները չեն կարողանում արդարացիորեն եւ տեղին կիրառել տան, հողի եւ գույքի ռեստիտուցիայի գործընթացը դյուրացնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը, ինստիտուտները եւ մեխանիզմները, պետությունները պետք է դիմեն համապատասխան միջազգային գործակալությունների տեխնիկական աջակցությանը եւ համագործակցությանը՝ սահմանելու ժամանակավոր ռեժիմներ փախստականներին եւ տեղահանման ենթարկված անձանց՝ ռեստիտուցիայի արդյունավետ միջոցներ ապահովելու համար անհրաժեշտ ընթացակարգերով, ինստիտուտներով եւ մեխանիզմներով ապահովելու նպատակով։
12.6Պետությունները պետք է ներառեն տան, հողի եւ գույքի ռեստիտուցիայի ընթացակարգերը, ինստիտուտները եւ մեխանիզմները խաղաղության եւ կամավոր հայրենադարձության մասին համաձայնագրերում։ ...»
13. Ռեստիտուցիայի վերաբերյալ հայց ներկայացնելու
ընթացակարգերի մատչելիությունը
«13.1Տնից, հողից եւ (կամ) գույքից կամայականորեն կամ ապօրինաբար զրկված ցանկացած անձ պետք է կարողանա ռեստիտուցիայի եւ (կամ) հատուցման վերաբերյալ հայց ներկայացնել անկախ եւ անաչառ մարմին, ունենա իր հայցի վերաբերյալ որոշման ընդունման եւ այդ որոշման մասին ծանուցում ստանալու հնարավորություն։ Պետությունները չպետք է սահմանեն ռեստիտուցիայի վերաբերյալ հայց ներկայացնելու որեւէ նախապայման։
...
13.5Պետությունները պետք է ձգտեն ստեղծել ռեստիտուցիայի վերաբերյալ հայցերին ընթացք տալու կենտրոններ եւ գրասենյակներ ներգործության ենթարկված այն տարածքներում, որտեղ տվյալ պահին բնակվում են պոտենցիալ հայցվորները։ Ներգործության ենթարկված անձանց համար առավել մատչելիությունը խթանելու նպատակով պետք է հնարավոր լինի ռեստիտուցիայի վերաբերյալ հայց ներկայացնել փոստով կամ լիազորված անձի միջոցով, ինչպես նաեւ անձամբ։ ...
...
13.7Պետությունները պետք է մշակեն ռեստիտուցիայի վերաբերյալ հայցերի՝ պարզ եւ հասկանալու համար դյուրին ձեւաթղթեր...
...
13.11Պետությունները պետք է ապահովեն, որ տրամադրվի համապատասխան իրավաբանական օգնություն, հնարավորության դեպքում՝ անվճար...
...»
15. Տան, հողի եւ գույքի մասին գրառումները եւ փաստաթղթերը
«...
15.7Զանգվածային տեղահանման իրավիճակներում, երբ սահմանափակ փաստաթղթային ապացույցներ են առկա սեփականության կամ տիրապետման իրավունքների վերաբերյալ, պետությունները կարող են ընդունել այն անհերքելի կանխավարկածը, ըստ որի բռնության կամ աղետի ժամանակ իրենց տնից փախուստի դիմած անձանց դրդապատճառները կապված են եղել բռնության կամ աղետի հետ, եւ հետեւաբար նրանք ունեն տան, հողի եւ գույքի ռեստիտուցիայի իրավունք։ Այդպիսի դեպքերում վարչական եւ դատական մարմինները կարող են անկախորեն հաստատել առանց փաստաթղթային հիմնավորման ռեստիտուցիայի վերաբերյալ հայցերին առնչվող փաստերը։
...»
21. Հատուցում
«21.1Բոլոր փախստականները եւ տեղահանման ենթարկված անձինք ունեն լրիվ եւ արդյունավետ հատուցման իրավունք՝ որպես ռեստիտուցիայի գործընթացի անքակտելի տարր։ Հատուցումը կարող է լինել դրամական կամ բնաիրային ձեւով։ Վերականգնողական արդարադատության սկզբունքը պահպանելու համար պետություններն ապահովում են, որ հատուցման միջոցն օգտագործվի միայն այն դեպքում, երբ ռեստիտուցիայի միջոցի կիրառումը փաստացի հնարավոր չէ, կամ երբ տուժող կողմը գիտակցաբար եւ կամավոր ընդունում է հատուցումը ռեստիտուցիայի փոխարեն, կամ երբ բանակցությունների միջոցով ձեռք բերված խաղաղության համաձայնության պայմաններով նախատեսվում է ռեստիտուցիայի ու հատուցման համակցություն։
...»:
Բ.Եվրոպայի խորհուրդ
99.Եվրոպայի խորհրդի մարմինները պարբերաբար անդրադարձել են ներքին տեղահանման ենթարկված անձանց (ՆՏԱ) եւ փախստականների համար գույքի ռեստիտուցիայի հետ կապված հարցերին։ Հետեւյալ բանաձեւերը եւ հանձնարարականները հատկապես վերաբերելի են տվյալ գործի համատեքստում.
1.«Փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց գույքային հարցերի կարգավորումը», Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) թիվ 1708 (2010) բանաձեւ
100.Խորհրդարանական վեհաժողովը նշել է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում, մասնավորապես՝ Հյուսիսային եւ Հարավային Կովկասում, Բալկաններում եւ արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, 2,5 միլիոն փախստականներ եւ ներքին տեղահանման ենթարկված անձինք բախվել են տեղահանման իրավիճակների, եւ որ տեղահանումը հաճախ երկարաձգվել է, քանի որ սկսած 1990-ականներից եւ դրանից առաջ ներգործության ենթարկված անձինք չեն կարողացել վերադառնալ կամ մուտք ունենալ իրենց տուն եւ հող (2-րդ պարբերություն)։ Այն ընդգծել է ռեստիտուցիայի կարեւորությունը.
«3.Լքված գույքի ավերման, գրավման կամ բռնագանձման հետեւանքով խախտվում են տվյալ անհատի իրավունքները, մշտական է դառնում տեղահանումը, ինչպես նաեւ դժվարանում են հաշտեցման եւ խաղաղության հաստատման գործընթացները։ Հետեւաբար, գույքի ռեստիտուցիան, այսինքն՝ տեղահանման ենթարկված նախկին բնակիչների օգտին իրավունքների եւ ֆիզիկական տիրապետման հնարավորության վերականգնումը, կամ հատուցումն անհատի իրավունքների եւ իրավունքի գերակայության վերականգնման համար անհրաժեշտ փոխհատուցման ձեւեր են։
4.Խորհրդարանական վեհաժողովը համարում է, որ ռեստիտուցիան տան, հողի եւ գույքի նկատմամբ իրավունքների եւ դրանց մուտք ունենալու հնարավորության կորստին արձագանքելու առավել նպատակահարմար տարբերակ է, քանի որ փոխհատուցման ձեւերից միակն է, որ դյուրացնում է տեղահանման հարցում երեք «երկարաժամկետ լուծումների» միջեւ ընտրությունը, այն է՝ դեպի նախնական տուն ապահով եւ արժանապատիվ կերպով վերադառնալը, տեղահանման վայրում ինտեգրվելը, կամ երկրի ներսում կամ երկրի սահմաններից դուրս որեւէ այլ վայրում կրկին բնակություն հաստատելը:»։
Այնուհետեւ Խորհրդարանական վեհաժողովն անդրադարձել է Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքներին վերաբերող փաստաթղթերին, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, Եվրոպական սոցիալական խարտիային եւ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիային, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Պինեյրոյի սկզբունքներին եւ անդամ պետություններին կոչ է արել ձեռնարկել հետեւյալ միջոցները.
«9.Ելնելով վերոնշյալից՝ Վեհաժողովն անդամ պետություններին կոչ է անում կարգավորել հակամարտությունից հետո առաջացած՝ փախստականների եւ ներքին տեղահանման ենթարկված անձանց տան, հողի եւ գույքի հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով Պինեյրոյի սկզբունքները, Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերը եւ Նախարարների կոմիտեի թիվ Rec (2006)6 հանձնարարականը։
10.Հաշվի առնելով այդ համապատասխան միջազգային չափորոշիչները եւ մինչ օրս Եվրոպայում իրականացված՝ գույքային հարցերի կարգավորման եւ հատուցման ծրագրերի փորձը, անդամ պետություններին կոչ է արվում՝
10.1.երաշխավորել փախստականների եւ ներքին տեղահանման ենթարկված անձանց կողմից լքված տուն, հող եւ գույքին մուտք ունենալու հնարավորության եւ դրանց նկատմամբ իրավունքների կորստի համար ժամանակին եւ արդյունավետ փոխհատուցում՝ անկախ զինված հակամարտությունների կարգավորմանը կամ որոշակի տարածքի կարգավիճակին վերաբերող չավարտված բանակցությունների ընթացքից.
10.2.ապահովել, որ այդպիսի փոխհատուցումը լինի ռեստիտուցիայի ձեւով՝ իրենց գույքի նկատմամբ փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց օրինական իրավունքների հաստատման եւ այդ գույքին ապահով ֆիզիկական մուտք ունենալու եւ այն տիրապետելու հնարավորության վերականգնման միջոցով։ Այն դեպքում, երբ ռեստիտուցիան հնարավոր չէ, պետք է ապահովվի համապատասխան հատուցում՝ գույքի նկատմամբ նախկին օրինական իրավունքների հաստատման եւ դրանց շուկայական արժեքին ողջամտորեն համապատասխանող դրամական միջոցների եւ ապրանքների տրամադրման կամ արդարացի փոխհատուցման այլ ձեւերի միջոցով.
10.3ապահովել, որ փախստականները եւ տեղահանման ենթարկված անձինք, որոնք տեղահանման ենթարկվելուց առաջ չեն ունեցել պաշտոնապես ճանաչված իրավունքներ, սակայն որոնց կողմից իրենց գույքից օգտվելն իշխանությունները de facto օրինական են համարել, ունենան սեփականությունից զրկվելու դեպքում իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու եւ փոխհատուցման հավասար ու արդյունավետ հնարավորություն։ Դա հատկապես կարեւոր է, երբ ներգործության ենթարկված անձինք սոցիալապես խոցելի են կամ պատկանում են փոքրամասնական խմբերի.
...
10.5ապահովել, որ իրենց տները հարկադրաբար լքած՝ բնակվելու եւ վարձակալության իրավունք ունեցող անձանց բացակայությունն իրենց կացարանից համարվի արդարացված՝ մինչեւ չվերականգնվեն ապահով եւ արժանապատիվ կերպով կամավոր վերադարձի հնարավորության համար պայմանները.
10.6ապահովել փոխհատուցման համար հայց ներկայացնելու արագ, մատչելի եւ արդյունավետ ընթացակարգեր։ Եթե տեղահանումը եւ սեփականությունից զրկումը տեղի են ունեցել համակարգային եղանակով, ապա հայցերը գնահատելու նպատակով պետք է ստեղծվեն հատուկ դատական մարմիններ։ Այդպիսի մարմինները պետք է կիրառեն արագացված ընթացակարգ, որը կենթադրի ապացուցվածության ավելի մեղմ չափանիշներ եւ հեշտացված ընթացակարգ։ Տեղահանման ենթարկված անձանց բնակության եւ կենսապահովման կարիքներին վերաբերող գույքի բոլոր տեսակները պետք է լինեն դրանց իրավազորության ներքո, ներառյալ՝ տները, գյուղատնտեսական հողերը եւ ձեռնարկատիրական գործունեության համար նախատեսված գույքը.
10.7ապահովել դատական մարմինների անկախությունը, անաչառությունը եւ փորձառությունը, մասնավորապես, դրանց կառուցվածքի վերաբերյալ համապատասխան կանոնների միջոցով, որոնցով կարող է նախատեսվել միջազգային անդամների ներգրավումը. ...
...»:
2.«Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց մասին» ԽՎ-ի թիվ 1497 (2006) բանաձեւը
101.Այս բանաձեւում Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին հատկապես կոչ է արել՝
«12.1.կենտրոնացնել բոլոր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու համար՝ փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց համար ծագման վայրեր ապահով եւ արժանապատիվ կերպով կամավոր վերադառնալու պայմաններ ստեղծելու նպատակով.
...
12.4.առաջնահերթությունը տալ տեղահանման ենթարկված անձանց վերադարձին եւ բանակցությունների ընթացքում ձեռնարկել բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի այդ մարդիկ կարողանան ապահով վերադառնալ նույնիսկ նախքան ընդհանուր կարգավորումը.
...
12.15.ստեղծել անհայտ կորած անձանց գործերով քննության համար գործնական համագործակցություն եւ դյուրացնել ինքնությունը հաստատող փաստաթղթերը վերադարձնելու եւ մասնավորապես գույքի ռեստիտուցիայի գործընթացները՝ օգտվելով Բալկաններում նմանատիպ խնդիրների կարգավորման փորձից:»։
3.Անդամ պետություններին հասցեագրված՝ ներքին տեղահանման ենթարկված անձանց մասին Նախարարների կոմիտեի հանձնարարականը, թիվ Rec(2006)6
102.Նախարարների կոմիտեն հատկապես առաջարկել է հետեւյալը.
«8.Ներքին տեղահանման ենթարկված անձինք ունեն իրենց գույքից եւ ունեցվածքից օգտվելու իրավունք՝ մարդու իրավունքների բնագավառում իրավունքի համաձայն։ Մասնավորապես, ներքին տեղահանման ենթարկված անձինք ունեն իրենց թողած գույքը տեղահանման ենթարկվելուց հետո կրկին տիրապետելու իրավունք։ Այն դեպքում, երբ ներքին տեղահանման ենթարկված անձինք զրկվում են իրենց գույքից, դա պետք է հանգեցնի համապատասխան հատուցման:»։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I.ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
103.Դատարանը 2011 թվականի դեկտեմբերի 14-ի իր որոշմամբ դիմումատուների բողոքները հայտարարել է ընդունելի: Այն նաեւ քննել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն պատասխանող Կառավարության ներկայացրած վեց նախնական առարկությունները: Դրանցից երեքը, որոնք, համապատասխանաբար, վերաբերել են այն հարցին, թե արդյոք խնդիրն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի, ratione temporis (ժամանակային) իրավազորության բացակայությանը եւ վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելուն, մերժվել են: Մյուս երեք առարկությունները միացվել են գործի ըստ էության քննությանը եւ կքննվեն ստորեւ՝ հետեւյալ հերթականությամբ. իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը, դիմումատուի կարգավիճակը որպես տուժող եւ պատասխանող Կառավարության իրավազորությունը տվյալ տարածքի նկատմամբ:
II.ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄԸ
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
104.Դիմումատուները պնդել են, որ Հայաստանի իշխանությունները խոչընդոտել են իրենց՝ որպես տեղահանման ենթարկված անձանց վերադարձն իրենց տուն, ինչն ընդունված պաշտոնական քաղաքականության եւ, համապատասխանաբար, վարչական պրակտիկայի դրսեւորում էր: Այդ հանգամանքներում նրանք չեն ունեցել իրավական պաշտպանության ներպետական որեւէ միջոցից օգտվելու հնարավորություն:
105.Ավելին, ո՛չ Հայաստանի Հանրապետությունում եւ ո՛չ էլ ԼՂՀ-ում նրանց հայտնի չի եղել իրավական պաշտպանության որեւէ միջոց, որը կարող էր արդյունավետ լինել իրենց բողոքների համար: Ենթադրաբար, իրավական պաշտպանության ներպետական միջոցների բացակայության մասին առավել հստակ վկայել են ներքին տեղահանման ենթարկված անձանց վերադառնալու իրավունքի վերաբերյալ միջազգային քննարկումները: Այս խնդիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ընթացիկ բանակցությունների կողմերի հիմնական տարաձայնություններից մեկը, այդպես էլ լուծում չի ստացել: Դիմումատուները որեւէ «դիմում» չեն ներկայացրել վերադառնալու նպատակով եւ չեն պարզել՝ արդյոք կար որեւէ մարմին, որտեղ հնարավոր էր ներկայացնել այդպիսի պահանջ: Ենթադրաբար, պահանջը ցանկացած դեպքում բացարձակապես անօգուտ կլիներ: Ավելին, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ժխտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող իրադարձություններում որեւէ կերպ ներգրավված լինելու հանգամանքը, դիմումատուները պնդել են, որ հակասական կլիներ ակնկալելը, որ իրենք կդիմեին Հայաստանի Հանրապետության իշխանություններին:
106.Դիմումատուներն այնուհետեւ պնդել են, որ պատասխանող Կառավարությունն էր կրում իրավական պաշտպանության միջոցի առկայության, տեսականորեն եւ գործնականում դրա արդյունավետության եւ, մասնավորապես, այն հանգամանքի ապացուցման պարտականությունը, որ այն հաջողությամբ կիրառվել է իրենց իրադրությանը համանման իրադրության մեջ հայտնված հայցվորների կողմից: Նրանք պնդել են, որ Կառավարությանը չի հաջողվել համապատասխան ապացույցներ ներկայացնել: Մասնավորապես, 2007 թվականի հուլիսին Պալատ ներկայացրած դիտարկումներում Կառավարության մեջբերած գործերի օրինակներից ոչ մեկը չի վերաբերել գույքից օգտվելու կամ անձնական ու ընտանեկան կյանք ունենալու նպատակով վերադառնալու իրավունքին: Միայն 2012 թվականի հուլիսի իր դիտարկումներում է Կառավարությունը նշել Հայաստանում եւ ԼՂՀ-ում առկա՝ սահմանադրությամբ նախատեսված իրավական պաշտպանության որոշ միջոցների մասին եւ հայտնել, որ դիմումատուները միշտ կարող էին մուտք գործել վեճի առարկա հանդիսացող տարածքներ՝ համենայն դեպս, իրենց օրինական իրավունքներն իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով Կառավարության նախկինում ներկայացրած դիտարկումները, որոնցում իրավական պաշտպանության այդ միջոցները չեն նշվել, եւ համաձայն որոնց տեղահանման ենթարկված անձանց վերադարձը եւ նրանց հատուցում տրամադրելու հարցը պայմանավորված էին հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ եւ վերջնական համաձայնությամբ, 2012 թվականին ներկայացված պնդումներն արժանահավատ չեն: Ավելին, դրանք չեն պարունակում Ադրբեջանի քաղաքացիներին փաստացի տրամադրված փոխհատուցման որեւէ օրինակ՝ սույն գործով նշված համանման իրավունքների խախտման համար:
2.Պատասխանող Կառավարությունը
107.Հայաստանի կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նրանք իրենց իրավունքները պաշտպանելու կամ վերականգնելու համար որեւէ քայլ ձեռնարկելու ապացույցներ չեն ներկայացրել: Մասնավորապես, դիմումատուները չեն դիմել Հայաստանի Հանրապետության դատական կամ վարչական որեւէ մարմին: Ավելին, պնդելով, որ տվյալ տարածքները գտնվել են ԼՂՀ-ի իրավազորության եւ վերահսկողության ներքո՝ Կառավարությունը նշել է, որ ԼՂՀ-ում առկա էին դատական եւ վարչական բոլոր այն մարմինները, որոնք կարող էին պաշտպանել անհատների իրավունքները: Դիմումատուները ենթադրաբար կարող էին ձեռք բերել ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ-ի մուտքի արտոնագրեր՝ իրավաբանական խորհրդատվություն ստանալու, նույնիսկ անվճար հիմունքներով՝ «հանրային պաշտպանի» ծառայություններից օգտվելու նպատակով, ինչպես նաեւ Հայաստանի բանակի եւ իշխանությունների կամ ԼՂՀ-ի դեմ ռեստիտուցիայի ու հատուցման հայց ներկայացնել անկախ եւ անկողմնակալ դատարաններ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2002 թվականի ապրիլին Կոնվենցիան վավերացնելուց ի վեր այդ հնարավորությունը գոյություն է ունեցել: ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակներում արտահայտված դիրքորոշումները վերաբերում են տեղահանման ենթարկված բոլոր անձանց վերադարձին եւ վերաբերելի չեն այն անհատների իրավիճակին, որոնք ցանկացել են իրացնել իրենց օրինական իրավունքները:
108.Ավելին, Կառավարությունը փաստել է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանադրություններով ու մյուս օրենքներով, մասնավորապես, հողային եւ քաղաքացիական օրենսգրքերով, պաշտպանվել է անհատների սեփականության իրավունքը, նախատեսվել է լքված հողերի համար ռեստիտուցիայի ու հատուցման հնարավորություն եւ որեւէ տարբերություն չի դրվել քաղաքացիների ու օտարերկրացիների իրավունքների միջեւ:
109.Էթնիկ ծագմամբ քրդերի կամ ադրբեջանցիների համար Հայաստանում առկա իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությունը ցույց տալու նպատակով՝ Կառավարությունը 2007 թվականի հունիսին ներկայացրել է երեք դատական գործ. դրանցից մեկը վերաբերում էր ազգությամբ ենթադրաբար ադրբեջանցի դատապարտվածին շնորհված համաներմանը, մյուս գործը վերաբերում էր ազգությամբ քրդի եւ նրա գործատուի միջեւ չվճարված աշխատավարձի հետ կապված վեճի բարեկամական կարգավորմանը, եւ վերջինը՝ ազգությամբ քուրդ մեկ այլ անձի եւ Հայաստանի տեղական կառավարման մարմնի միջեւ հողի վարձակալության պայմանագրի երկարաձգման հետ կապված վեճին: Ավելին, Կառավարությունը ներկայացրել է ԼՂՀ-ի դատարանների կողմից քննված երեք գործ՝ ցույց տալու, որ այդ տարածաշրջանում առկա էին դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ. դրանցից երկուսը վերաբերում էին ԼՂՀ-ում ապրող՝ էթնիկ ծագմամբ հայ մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելուն, իսկ մյուսը՝ էթնիկ ծագմամբ, ըստ երեւույթին, հայ երկու մասնավոր անձանց միջեւ ժառանգության հետ կապված վեճին:
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
110.Ադրբեջանի կառավարության պնդմամբ՝ պատասխանող Կառավարությանը չի հաջողվել կատարել իր պարտականությունը՝ մատնանշելու, թե Հայաստանի Հանրապետությունում կամ ԼՂՀ-ում իրավական պաշտպանության ինչ միջոցներ են գոյություն ունեցել, որոնք կարող էին արդյունավետ լինել տվյալ հանգամանքներում, ինչպես նաեւ չի հաջողվել ներկայացնել որեւէ օրինակ, երբ տեղահանման ենթարկված ազգությամբ ադրբեջանցին կարողացել է հաջողությամբ օգտվել ներկայացվող, թեեւ ընդհանրապես չհստակեցված՝ իրավական պաշտպանության այդ միջոցներից: Այս կապակցությամբ Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի հողային օրենսգրքերով նախատեսված չի եղել որեւէ կանոն կամ մեխանիզմ, որի շնորհիվ այն անձինք, որոնք տեղահանման են ենթարկվել համանման հանգամանքներում, ինչ եւ դիմումատուները, կկարողանային իրենց լքված գույքի համար ստանալ ռեստիտուցիա կամ հատուցում:
111.Ավելին, հաշվի առնելով ընդհանուր համատեքստը, ենթադրաբար անհրաժեշտություն չի եղել սպառելու իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ պայմանավորված վարչական պրակտիկայով կամ հատուկ հանգամանքներով: Նշվել է, inter alia, տարածաշրջանում շարունակական լարվածության ու թշնամության, Լեռնային Ղարաբաղում եւ մյուս գրավված տարածքներում ռազմական դրության, ինչպես նաեւ հայ նորաբնակներին, մասնավորապես, Լաչինի շրջան տեղափոխվելու համար խրախուսելուն նպատակաուղղված քաղաքականության մասին:
112.Ադրբեջանի կառավարությունն այնուհետեւ պնդել է, որ իրավական պաշտպանության ցանկացած միջոց, որը պատասխանող Կառավարության պնդմամբ հասանելի էր Հայաստանի դատարաններում եւ մարմիններում, ըստ էության, չէր կարող արդյունավետ լինել՝ հաշվի առնելով Հայաստանի արտահայտած այն տեսակետը, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է, որի իրավազորության եւ վերահսկողության ներքո է գտնվել Լաչինը: Ավելին, 1991 թվականի սեպտեմբերին ԼՂՀ-ի «անկախության հռչակագրի» համաձայն՝ տարածքային սահմանները չեն ներառում Ադրբեջանի՝ հետագայում գրավված մյուս տարածքները, այդ թվում՝ Լաչինը, որոնց նկատմամբ, համապատասխանաբար, ԼՂՀ-ի դատարանները, ըստ սահմանադրության, չէին կարող իրականացնել իրավազորություն:
Բ.Դատարանի գնահատականը
1.Լրացուցիչ նյութերի ընդունելիությունը
113.Նախեւառաջ պետք է նշել, որ 2014 թվականի հունվարի 20-ին՝ լրացուցիչ փաստաթղթային նյութեր ներկայացնելու համար Դատարանի սահմանած երկարաձգված ժամկետի ավարտից երկու շաբաթ անց, պատասխանող Կառավարությունը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ երկու վճիռ, որոնցով ենթադրաբար ճանաչվել են վեճի առարկա հանդիսացող տարածքներում գտնվող մասնավոր տների եւ տնամերձ հողի նկատմամբ տեղահանման ենթարկված՝ ազգությամբ ադրբեջանցի երկու հայցվորների սեփականության իրավունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը վճիռները կայացրել է, համապատասխանաբար, 2003 եւ 2005 թվականներին:
114.Մեծ պալատի հետ խորհրդակցելուց հետո, Դատարանի նախագահը 2014 թվականի հունվարի 22-ին, Դատարանի կանոնակարգի 38-րդ կանոնի 1-ին կետի եւ 71-րդ կանոնի 1-ին կետի համաձայն, որոշել է, որ նշված փաստաթղթերը չպետք է ներառվեն գործի նյութերում՝ ուշ ներկայացվելու պատճառով: Պատասխանող Կառավարությունը բավարար բացատրություն չի տվել այն մասին, թե ինչու այդ փաստաթղթերը հնարավոր չէր ժամանակին ներկայացնել: Դատարանն այս առումով նշում է, որ պատասխանող Կառավարությանը 2006 թվականի հունիսի 8-ին հնարավորություն էր տրվել գործի վերաբերյալ ներկայացնելու գրավոր դիտարկումներ, եւ որ [Կառավարությունից] ինչպես վարույթի այդ փուլում, այնպես էլ ավելի ուշ, պահանջվում էր մասնավորապես անդրադառնալ իրավական պաշտպանության միջոցների սպառման հարցին: Այդ առիթներից եւ ոչ մեկի դեպքում չի նշվել 2003 եւ 2005 թվականների վճիռների մասին: Ուստի, այդ փաստաթղթերը հաշվի չեն առնվելու:
2.Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման ընդհանուր սկզբունքները
115.Դատարանը կրկին շեշտում է, որ հիմնարար սկզբունք է համարվում այն, որ Կոնվենցիայով ամրագրված պաշտպանության մեխանիզմը լրացնում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերը։ Դատարանի դերը Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունների կատարումը վերահսկելն է։ Այն չի կարող եւ չպետք է իրեն վերապահի այն Պայմանավորվող պետությունների դերը, որոնք պարտավոր են երաշխավորել [Կոնվենցիայով] ամրագրված հիմնարար իրավունքների եւ ազատությունների նկատմամբ հարգանքը եւ դրանց պաշտպանությունը՝ ներպետական մակարդակում։ Հետեւաբար, իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պաշտպանության այս համակարգի գործողության պարտադիր տարր է։ Պետություններն ազատվում են միջազգային ատյանի առջեւ իրենց գործողությունների համար պատասխան տալուց, քանի դեռ հնարավորություն չեն ունեցել խնդիրն իրենց իրավական համակարգի միջոցով լուծելու, իսկ նրանք, ովքեր ցանկանում են պետության դեմ բողոքների շրջանակներում վկայակոչել Դատարանի վերահսկողական իրավազորությունը, պարտավոր են առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ակդիվարը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Akdivar and Others v. Turkey], 1996 թվականի սեպտեմբերի 16, § 65, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1996-IV): Դատարանը չի դադարում շեշտել, որ այն առաջին ատյանի դատարան չէ. այն չունի կարողություն՝ քննելու մեծ թվով գործեր, որոնց դեպքում պահանջվում է պարզել հիմնական փաստերը կամ հաշվարկել դրամական հատուցում, եւ ոչ էլ դա համապատասխանում է իր՝ որպես միջազգային դատարանի գործառույթին. գործառույթներ, որոնք սկզբունքորեն եւ որպես արդյունավետ փորձ պետք է լինեն ներպետական մարմնի իրավասության շրջանակներում (տե՛ս, Դեմոպուլոսը եւ այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) (ՄՊ) [Demopoulos and Others v. Turkey (dec.) [GC]], թիվ 46113/99, 3843/02, 13751/02, 13466/03, 10200/04, 14163/04, 19993/04 եւ 21819/04, § 69, ՄԻԵԴ 2010, եւ Նիազի Կազալին եւ Հաքան Կազալին ընդդեմ Կիպրոսի (որոշում) [Niazi Kazali and Hakan Kazali v. Cyprus (dec.)], թիվ 49247/08, § 132, 2012 թվականի մարտի 6)։
116.Դատարանը մի շարք վճիռներում սահմանել է իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման հետ կապված ընդհանուր սկզբունքներ։ Ակդիվարը եւ այլք ընդդեմ Թուրքիայի գործում (վերեւում հիշատակված) այն որոշել է հետեւյալը (փակագծերում տրված՝ գործին առնչվող լրացուցիչ հղումները հանված են).
«65.Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի [35-րդ] հոդվածում նշված իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը պարտավորեցնում է միջազգային դատական կամ արբիտրաժային մարմնի առջեւ պետության դեմ գործ հարուցել ցանկացողներին առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված պաշտպանության միջոցներից։ Հետեւաբար, պետություններն ազատվում են միջազգային ատյանի առջեւ իրենց գործողությունների համար պատասխան տալուց, քանի դեռ հնարավորություն չեն ունեցել խնդիրն իրենց իրավական համակարգի միջոցով լուծելու։ Կանոնը հիմնված է դրա հետ սերտ կապված՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածում արտացոլված այն ենթադրության վրա, որ ներպետական համակարգում առկա է ենթադրյալ խախտման առնչությամբ իրավական պաշտպանության հասանելի արդյունավետ միջոց՝ անկախ այն հանգամանքից՝ Կոնվենցիայի դրույթները ներառվել են ներպետական իրավունքում, թե՝ ոչ։ Այսպիսով, սկզբունքի կարեւոր ասպեկտն այն է, որ Կոնվենցիայով ամրագրված պաշտպանության մեխանիզմը լրացնում է մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգերը (...)։
66.[35-րդ] հոդվածի համաձայն՝ դիմումատուն պետք է սահմանված կարգով օգտագործի իրավական պաշտպանության այն միջոցները, որոնք հասանելի են եւ բավարար՝ ենթադրյալ խախտումների մասով փոխհատուցում ստանալու համար։ Իրավական պաշտպանության տվյալ միջոցների առկայությունը պետք է բավականաչափ որոշակի լինի ոչ միայն տեսականորեն, այլեւ՝ գործնականում, իսկ դրա բացակայությունը կհանգեցնի պահանջվող մատչելիության եւ արդյունավետության բացակայությանը (...)։
[35-րդ] հոդվածով պահանջվում է նաեւ, որ հետագայում Ստրասբուրգ ներկայացվելիք բողոքները, առնվազն՝ ըստ էության եւ ներպետական իրավունքով սահմանված ձեւական պահանջներին եւ ժամկետներին համապատասխան, ներկայացված լինեն համապատասխան ներպետական մարմին, եւ ավելին, որ օգտագործված լինի ցանկացած դատավարական միջոց, որը կարող էր կանխել Կոնվենցիայի խախտումը (...)։
67.Սակայն, ինչպես արդեն նշվեց, ոչ պատշաճ կամ անարդյունավետ միջոցներն օգտագործելու պարտավորություն նախատեսված չէ։ Բացի դրանից, ըստ «միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող կանոնների», կարող են լինել հատուկ հանգամանքներ, որոնց դեպքում դիմումատուն ազատվում է իր տրամադրության տակ եղած՝ իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությունից (...)։ Կանոնը կիրառելի չէ նաեւ այն դեպքում, երբ ապացուցվել է, որ գոյություն ունեն Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործողություններ ներառող վարչական գործելակերպ եւ պետական մարմինների կողմից պաշտոնական ամենաթողություն, որոնց հետեւանքով վարույթը դառնում է անօգուտ եւ անարդյունավետ (...)։
68.Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման ոլորտում առկա է ապացուցման պարտականության բաշխում։ Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հարցը բարձրացնող Կառավարությունն է պարտավոր Դատարանում ապացուցել այն փաստը, որ այդ միջոցը եղել է արդյունավետ եւ տվյալ ժամանակահատվածում տեսականորեն ու գործնականում հասանելի. այսինքն` այն եղել է մատչելի, հնարավորություն է տվել դիմումատուին փոխհատուցում ստանալու իր բողոքների մասով եւ ապահովել է հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար։ Սակայն, այն դեպքում, երբ ապացուցման այս պարտականությունը կատարվում է, դիմումատուն է պարտավոր ապացուցել, որ Կառավարության ներկայացրած իրավական պաշտպանության միջոցն իրականում սպառվել է կամ որոշակի պատճառներով գործի կոնկրետ հանգամանքներում եղել է ոչ պատշաճ եւ անարդյունավետ, կամ որ գոյություն են ունեցել հատուկ հանգամանքներ, որոնց շնորհիվ նա ազատվել է այդ պահանջը կատարելու պարտականությունից (...)։ Այդպիսի պատճառ է ազգային իշխանությունների պասիվությունը, օրինակ՝ քննություն չիրականացնելը կամ օգնություն չառաջարկելը, այն դեպքում, երբ առկա են պետական պաշտոնյաների կողմից հակաիրավական գործողությունների կատարման կամ վնաս պատճառելու լուրջ պնդումներ: Կարելի է ասել, որ նման հանգամանքներում ապացուցման պարտականությունը փոխանցվում է եւս մեկ անգամ՝ այնպես, որ պատասխանող Կառավարությունն է կրում բողոքում ներկայացված հարցերի ծանրությանը եւ լրջությանը համապատասխան լուծումներ տալու նպատակով ձեռնարկված քայլերը ցույց տալու պարտականությունը:
69.Դատարանը շեշտում է, որ կանոնը կիրառելիս պետք է հաշվի առնել այն փաստը, որ [կանոնը] կիրառվում է մարդու իրավունքների պաշտպանության այն մեխանիզմի համատեքստում, որը Պայմանավորվող կողմերը համաձայնել են ստեղծել։ Համապատասխանաբար, [Դատարանն] արձանագրել է, որ [35-րդ] հոդվածը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ եւ առանց անհարկի ձեւականությունների (...)։ Այն նաեւ արձանագրել է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնը բացարձակ չէ եւ չի կարող կիրառվել ինքնաբերաբար. այն դեպքում, երբ ուսումնասիրվում է, թե արդյոք այդ կանոնը պահպանվել է, կարեւոր է հաշվի առնել յուրաքանչյուր առանձին գործի կոնկրետ հանգամանքները (...)։ Ի թիվս այլ հանգամանքների, դա նշանակում է, որ այն պետք է իրատեսորեն հաշվի առնի ոչ միայն տվյալ Պայմանավորվող կողմի իրավական համակարգում իրավական պաշտպանության ձեւական միջոցների առկայությունը, այլեւ՝ այն ընդհանուր իրավական եւ քաղաքական համատեքստը, որում դրանք գործում են, ինչպես նաեւ դիմումատուների անձնական հանգամանքները:»։
3.Այս սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ
117.Պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունն իրավազորություն չունի Լեռնային Ղարաբաղի եւ, մասնավորապես Լաչինի շրջանի նկատմամբ՝ պատասխանող Կառավարությունը, այդուհանդերձ, հայտնել է, որ դիմումատուները կարող էին փոխհատուցում ստանալ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի դատական եւ վարչական մարմինների կողմից: [Կառավարությունը] հղում է կատարել երկու սուբյեկտների՝ հողային վեճերը կարգավորող օրենսդրական դրույթներին, այդ թվում՝ մեկ այլ անձի կողմից ապօրինի տիրապետման դեպքում ռեստիտուցիայի եւ հատուցման հարցերին: Այն նաեւ ներկայացրել է ներպետական դատարանների դատավորների եւ պաշտոնյաների հայտարարությունները՝ ցույց տալու, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի դատարաններն անկախ եւ անկողմնակալ են, պատրաստ Ադրբեջանի քաղաքացիների գործերի առնչությամբ որոշում կայացնել առանց խտրականության: Դիմումատուներն ու Ադրբեջանի կառավարությունն իրենց հերթին պնդել են, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի օրենքներով որեւէ փոխհատուցում չի նախատեսվել տեղահանման ենթարկված անձանց համար, որոնք համանման հանգամանքներում զրկվել են իրենց գույքից, ինչպես դիմումատուները:
118.Դատարանը գտնում է, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման հարցի մասով այն չպետք է որոշի՝ արդյոք կարելի է համարել, որ Հայաստանի Հանրապետությունն իրավազորություն ունի տվյալ տարածքի նկատմամբ, եւ արդյոք այդ իրավազորությունը որեւէ ազդեցություն կունենար վեճի առարկա հանդիսացող տարածքներում գտնվող գույքի համար ռեստիտուցիայի կամ հատուցման հարցերով դրա իրավական պաշտպանության ներպետական միջոցների կիրառման վրա: Պատճառն այն է, որ պատասխանող Կառավարությունը չի ապացուցել, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում գոյություն ունի իրավական պաշտպանության այնպիսի միջոց, որը դիմումատուի բողոքների մասով փոխհատուցում ստանալու հնարավորություն կտար: [Կառավարության կողմից] նշված իրավական դրույթներն ընդհանուր բնույթ ունեն եւ չեն կարգավորում զինված հակամարտության հետեւանքով գույքից զրկվելու կոնկրետ իրավիճակը, կամ որեւէ այլ կերպ չեն վերաբերում դիմումատուների իրավիճակին համանման իրավիճակի: Ինչ վերաբերում է 2007 թվականի հունիսին որպես օրինակ ներկայացված ներպետական դատական ակտերին (տե´ս վերեւում՝ 109-րդ պարբերությունը), ապա դրանցից ոչ մեկը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում տեղահանման ենթարկված անձանց կողմից ներկայացված՝ տան կամ գույքի կորստին առնչվող պահանջներին:
119.Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ժխտել է այն պնդումը, որ իր զինված ուժերը կամ այլ մարմիններ ներգրավված են եղել սույն գործով բողոքների համար հիմք ծառայած իրադարձություններում, կամ որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ իրավազորություն է իրականացնում կամ երբեւէ իրականացրել է: Հաշվի առնելով ներգրավված լինելու կամ իրավազորություն ունենալու ժխտումը՝ ողջամիտ չէր լինի ակնկալել, որ դիմումատուները ռեստիտուցիայի կամ հատուցման պահանջներ կներկայացնեին Հայաստանի դատարաններ եւ իշխանություններին: Պետք է հաշվի առնել նաեւ քաղաքական եւ ընդհանուր համատեքստը: Պատերազմի հետեւանքով, գրեթե բոլոր ադրբեջանցիները հեռացել են վեճի առարկա հանդիսացող տարածքներից: Հակամարտությանը դեռեւս քաղաքական որեւէ լուծում չի տրվել: Փոխարենը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ թշնամական հռետորությունը վերջին տարիներին կարծես ավելի ինտենսիվ է դարձել, հրադադարը պարբերաբար խախտվում է եւ ռազմական կարողությունների ամրապնդմանն ուղղված գործողությունները տարածաշրջանում ընդլայնվում են: Այս հանգամանքներում իրատեսական չէ, որ չճանաչված «ԼՂՀ» սուբյեկտում գոյություն ունեցող իրավական պաշտպանության որեւէ հնարավոր միջոց տեղահանման ենթարկված ադրբեջանցիներին ապահովեր գործնականում արդյունավետ փոխհատուցում ստանալու հնարավորությամբ:
120.Այս հանգամանքներում Դատարանը համարում է, որ պատասխանող Կառավարությանը չի հաջողվել ապացուցել դիմումատուների համար իրավական պաշտպանության այնպիսի միջոցի հասանելիությունը, որը կստեղծեր Կոնվենցիայի մասով նրանց բողոքների հետ կապված փոխհատուցում ստանալու հնարավորություն եւ հաջողության հասնելու ողջամիտ հեռանկար: Այդ պատճառով, իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժվում է:
III.ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՈՐՊԵՍ ՏՈՒԺՈՂ
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
121.Դիմումատուները պնդել են, որ իրենց գանգատի եւ գործով հետագա դիտարկումների հետ ներկայացրել են փաստաթղթեր, որոնք բավարար ապացույց են իրենց ինքնության, ինչպես նաեւ այն փաստի վերաբերյալ, որ տվյալ տարածքում սեփականության իրավունքով իրենց է պատկանել կամ իրենք իրավունք են ունեցել օգտագործելու այնպիսի գույք, որը հնարավոր է նույնականացնել, եւ որ բնակվել են այդտեղ մինչեւ 1992 թվականի մայիս ամիսը, երբ ստիպված են եղել փախուստի դիմել: Նրանք, inter alia, նշել են տեխնիկական անձնագրերը, վկաների հայտարարությունները եւ շինարարական նյութերի ու շինարարական աշխատանքների իրականացման համար տրամադրվող սուբսիդիաների հաշիվ-ապրանքագրերը: Ինչ վերաբերում է տեխնիկական անձնագրերին, ապա դիմումատուները պնդել են, որ դրանք ամբողջությամբ համապատասխանել են տվյալ ժամանակահատվածում գործող ներպետական օրենսդրությամբ սահմանված ձեւական պահանջներին: Նրանք բացատրել են, որ գանգատում ներկայացված հայտարարությունների եւ անձնագրերում պարունակվող բնութագրերի միջեւ անհամապատասխանությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ հայտարարություններն իրենց ներկայացուցչի ներկայությամբ արվել են 2005 թվականի սկզբին՝ Բաքվում, բարդ հանգամանքներում եւ կարճատեւ հանդիպման ընթացքում: Սկզբնական հայտարարություններն արվել են հիշողության հիման վրա՝ առանց փաստաթղթերից օգտվելու, եւ հետեւաբար, ճշգրիտ են անձնագրերում պարունակվող տեղեկությունները, եւ պետք է հաշվի առնել դրանք: Դիմումատուներն այնուհետեւ պնդել են, որ անձնագրերն իրենց գույքի մասին վկայող երկրորդային ապացույցներ են: Ի հավելումն, վեցերորդ դիմումատուն ներկայացրել է առաջնային ապացույց՝ Լաչինի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի 1974 թվականի հունվարի 29-ի նիստի արձանագրության քաղվածքը, որը պարունակում էր հողն իրեն հատկացնելու մասին որոշումը: Փախուստի դիմելիս նրանք բոլոր փաստաթղթերն իրենց հետ վերցնելու ժամանակ չեն ունեցել: Ավելին, այդ ժամանակ չի գործել կենտրոնացված հողային ռեգիստր, որից նրանք կարող էին ստանալ լրացուցիչ փաստաթղթեր:
122.Դիմումատուները նշել են, որ փախուստի դիմելու ժամանակ գործող՝ Ադրբեջանական ԽՍՀ-ի 1970 թվականի Բնակարանային օրենսգրքի եւ 1983 թվականի Հողային օրենսգրքի համաձայն, քաղաքացին իր առանձնատան նկատմամբ ունեցել է սեփականության իրավունք, ինչպես նաեւ հողակտորն այն հատկացնելու նպատակներին համապատասխան օգտագործելու՝ ժառանգաբար փոխանցվող իրավունք: Այդ երկու իրավունքներն էլ ենթադրաբար համարվում են սեփականություն՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Ավելին, «Գույքի մասին» Ադրբեջանի Հանրապետության 1991 թվականի օրենքում հողակտորը նշվում է որպես անձնական սեփականության օբյեկտ, ինչը դիմումատուների մոտ հողի սեփականատեր դառնալու օրինական ակնկալիքներ է առաջացրել:
2.Պատասխանող Կառավարությունը
123.Հայաստանի կառավարությունը պնդել է, որ բացառությամբ վեցերորդ դիմումատուի, մյուս դիմումատուներն իրենց գանգատների հետ որեւէ ապացույց չեն ներկայացրել, որը կարող էր վկայել այն մասին, որ նրանք իրականում գույք են ունեցել, եւ առավել եւս, որ այդ գույքը գտնվել է նշված տարածքում եւ համապատասխան ժամանակահատվածում սեփականության իրավունքով պատկանել է նրանց: Կառավարության տեսանկյունից ուշագրավ էր այն, որ թեեւ նրանք բոլորը պնդել են, որ փախուստի են դիմել դատարկաձեռն, մյուս հինգ դիմումատուներին պատկանող տեխնիկական անձնագրերը հետագայում հայտնվել են՝ հայտնի չէ, թե որտեղից։ Ավելին, ընկերների եւ հարեւանների՝ Դատարան ներկայացված հայտարարություններն ընդամենը ասեկոսեներ են։ Բոլոր դիմումատուների մասով Կառավարությունը պնդել է, որ նրանց չի հաջողվել ապացուցել՝ «հիմնավոր կասկածից վեր», որ նրանք՝ իրենց կողմից մատնանշված անձինք են, եւ որ բնակվել են իրենց կողմից նշված տարածքներում, կամ որ նրանց սեփականության իրավունքով պատկանել է տվյալ գույքը։ Մասնավորապես, նրանց կողմից ներկայացված փաստաթղթերում առկա են բազմաթիվ հակասություններ եւ անճշտություններ։ Օրինակ, երկրորդ դիմումատուն սկզբում նշել է, որ բնակվել է Չիրագ գյուղում, իսկ հետագայում պնդել է, որ՝ Չիրագլիում։ Ավելին, որպես սեփականության իրավունքի ապացույց ներկայացված տեխնիկական անձնագրերի մեծ մասում բնակելի տների չափսերի մասին տվյալները տարբերվել են հենց իրենց՝ դիմումատուների կողմից նշված տվյալներից։ Կառավարությունը նաեւ նշել է, որ տեխնիկական անձնագիրը զուտ շենքի տեխնիկական վիճակի մասին վկայող փաստաթուղթ է եւ ոչ ավելին, քանի դեռ չեն հաստատվել դրա ծագումը եւ ծագման աղբյուրը։
124.Այնուհետեւ Կառավարությունը բարձրացրել է այն հարցը, թե արդյոք դիմումատուները նշված գույքի նկատմամբ երբեւէ ունեցել են որեւէ իրավունք, որը ճանաչվել է 1992 թվականին գործող օրենքով կամ հաստատվել է համապատասխան մարմնի կողմից։ Մասնավորապես, մինչեւ 1991 թվականը՝ ԽՍՀՄ-ի սոցիալիստական համակարգի համաձայն, հողը պետության բացառիկ սեփականությունն է եղել։ Թեեւ «Գույքի մասին» 1991 թվականի օրենքով ճանաչվել է մասնավոր սեփականության հնարավորությունը, այդուհանդերձ անհատների զբաղեցրած հողը չի դարձել նրանց մասնավոր սեփականությունը։ Ինչ վերաբերում է անհատ հողօգտագործողներին եւ վարձակալներին, ապա օրենսդրությամբ սահմանվում էր, որ նրանց իրավունքները պաշտոնական բնույթ են ստանում ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի կողմից վարվող հողային ռեգիստրում վկայականների գրանցման միջոցով։ Այդպիսով, հողի նկատմամբ ոչ մի իրավունք չէր կարող հաստատվել առանց այդպիսի գրանցված վկայականի։ Ավելին, Ադրբեջանի 1992 թվականի Հողային օրենսգրքով սահմանվում էր, որ հողը երկու տարվա ընթացքում չօգտագործելու դեպքում օգտագործողների կամ վարձակալների իրավունքները կարող էին չեղյալ ճանաչվել։ Քանի որ դիմումատուները չեն վերադարձել Լաչինի շրջան 1992 թվականից ի վեր, Կառավարությունը եզրակացրել է, որ նրանց ենթադրյալ իրավունքները դադարեցվել են մինչեւ 2002 թվականը, երբ Դատարանի իրավազորությունը սկսեց տարածվել Հայաստանի վրա: Բացի դրանից, հողի սեփականատեր դառնալու դիմումատուների ենթադրյալ օրինական ակնկալիքները 2002 թվականին այլեւս իրատեսական չէին։ Ավելին, մինչեւ այդ ժամանակահատվածը դիմումատուների ենթադրյալ գույքն արդեն իսկ հատկացվել էր այլ անհատների, որոնց անունները գրանցվել էին հողային ռեգիստրում՝ ԼՂՀ-ի օրենքներին համապատասխան։ Այդպիսով, դիմումատուները «գոյություն ունեցող որեւէ գույք» չունեն, այլ պարզապես հայցվորներ են, որոնք փորձում են վերականգնել իրենց գույքը կամ ստանալ հատուցում։ Հայաստանի կառավարությունը պնդել է, որ գոյություն չուներ ներպետական օրենսդրություն կամ դատական որոշում, որը կարող էր այդպիսի ռեստիտուցիայի կամ հատուցման օրինական ակնկալիքներ առաջացնել։ Սակայն, Կառավարությունն իր նույն դիտարկումներում նշել է, որ ԼՂՀ-ն չի ընդունել որեւէ իրավական ակտ, որով դիմումատուները զրկվել են Լաչինի տարածք մուտք գործելու կամ իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքից։
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
125.Ադրբեջանի կառավարությունը նշել է, որ տեղահանման ենթարկված գրեթե բոլոր անձինք ստիպված էին արագ փախչել գրավված տարածքներում գտնվող իրենց տներից եւ փաստաթղթեր հավաքելու ժամանակ չեն ունեցել։ Տվյալ պահին անհնար էր գույքին վերաբերող փաստաթղթեր ձեռք բերել, քանի որ գրառումները կատարվում էին տեղական մարմինների կողմից, իսկ նրանց արխիվները, ամենայն հավանականությամբ, ոչնչացվել էին։ Այնուամենայնիվ, տեխնիկական անձնագիրը համարվել է «գույքագրման-տեխնիկական» այն փաստաթուղթը, որը, փաստաթղթի բնօրինակի բացակայության դեպքում, անուղղակիորեն հաստատել է առանձնատան նկատմամբ իրավունքը։ Այդ փաստաթուղթը համարվել է բնակելի տան եւ հողակտորի նկատմամբ սեփականության իրավունքի մասին վկայող երկրորդային ապացույց, եթե դրա մեջ ուղղակիորեն հղում է կատարվել սեփականության իրավունքները հաստատող փաստաթղթերին։ Այդպիսի հղում պարունակվել է դիմումատուներին պատկանող տեխնիկական անձնագրերում։ Այսպիսով, վկաների արած հայտարարությունների եւ շինարարության հետ կապված հաշիվ-ապրանքագրերի հետ միասին դիտարկելու պարագայում՝ դրանք վկայում են այն մասին, որ դիմումատուներին սեփականության իրավունքով պատկանել են առանձնատներ, եւ որ նրանք ունեցել են իրենց հատկացված հողակտորներն օգտագործելու իրավունք։ Այդ իրավունքները դեռեւս գոյություն են ունեցել։
126.Ադրբեջանի կառավարությունն այնուհետեւ նշել է, որ դիմումատուների փախուստի ժամանակ առանձատների նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը պաշտպանվել է Ադրբեջանական ԽՍՀ-ի դեռեւս գործող օրենքներով։ Սակայն հողի նկատմամբ, որը բացառապես պետության սեփականությունն էր, մասնավոր սեփականության իրավունք սահմանված չէր։ Հողի հետ կապված բոլոր գործարքներն արգելված էին, սակայն հողակտորներն անվճար հիմունքներով որոշակի կամ անորոշ ժամկետով հատկացվում էին քաղաքացիներին օգտագործման նպատակով՝ տեղական մարմնի՝ ժողովրդական պատգամավորների խորհրդի որոշման հիման վրա։ Օգտագործման իրավունքը, որը ժառանգաբար փոխանցվող իրավունք էր, տրվում էր, օրինակ, անհատական բնակարանաշինության նպատակներով, այն է՝ մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի տների կառուցման, ինչպես նաեւ որպես արոտավայրեր օգտագործելու, խոտհարքի եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակներով: Ավելին, «Գույքի մասին» Ադրբեջանի Հանրապետության 1991 թվականի օրենքը, թեեւ դեռեւս կիրառելի չէր համապատասխան ժամանակահատվածում, դիմումատուների մոտ հողի սեփականատեր դառնալու օրինական ակնկալիքներ էր առաջացրել:
Բ.Դատարանի գնահատականը
127.Դիմումատուների` տուժողի կարգավիճակի հարցի ուսումնասիրությունը երկկողմանի բնույթ է կրում: Նախ, պետք է գնահատել՝ արդյոք դիմումատուները բավարար ապացույցներ են ներկայացրել իրենց ինքնության, նախկին բնակության վայրի, ինչպես նաեւ այն ակտիվների գոյության վերաբերյալ, որոնք նրանք ենթադրաբար թողել են: Եթե դա այդպես է, ապա անհրաժեշտ է որոշել՝ արդյոք Կոնվենցիայի համաձայն այդ ակտիվները հանդիսանում են «գույք [ունեցվածք]» եւ նպաստում են «տուն» ստեղծելու հնարավորության առկայությանը: Երկրորդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար կարեւոր է ներպետական իրավական դասակարգումը կամ նշանակությունը:
1.Տեղահանման ենթարկված անձանց գույքին եւ տանը վերաբերող պահանջների գնահատման ընդհանուր սկզբունքները
128.Դատարանը նախկինում առնչվել է միջազգային կամ ներքին զինված հակամարտությունների արդյունքում տեղահանման ենթարկված անձանց՝ գույքի եւ տան նկատմամբ իրավունքներին վերաբերող գործերին։ Նման խնդիրներ ծագել են Հյուսիսային Կիպրոսի գրավման, Թուրքիայում եւ Ռուսաստանում անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների եւ այլ հակամարտությունների համատեքստում։
129.Տեղահանման ենթարկված անձանց՝ իրենց տան եւ գույքի նկատմամբ հարգանքի իրավունքի հարցը Դատարանն առաջին անգամ ուսումնասիրել է Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի ((ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, Զեկույցներ 1996-VI) [Loizidou v. Turkey ((merits), 18 December 1996, Reports 1996-VI)] գործով: Դիմումատուն պնդում էր, որ ինքը Հյուսիսային Կիպրոսում մի շարք հողակտորների սեփականատեր է։ Թուրքիայի կառավարությունը կասկածի տակ չէր դնում դիմումատուի սեփականության իրավունքի իսկությունը, սակայն պնդում էր, որ նա կորցրել է հողի նկատմամբ սեփականության իրավունքը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) 1985 թվականի Սահմանադրության 159-րդ հոդվածի ուժով, համաձայն որի՝ լքված ամբողջ անշարժ գույքը ճանաչվում էր ՀԿԹՀ-ի սեփականությունը։ Հաշվի առնելով միջազգային հանրության կողմից ՀԿԹՀ-ն որպես պետություն չճանաչելու փաստը՝ Դատարանն այդ դրույթին որեւէ իրավաբանական ուժ չի վերագրել եւ գտել է, որ չի կարելի համարել, որ դիմումատուն դրա արդյունքում կորցրել է իր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը (§§ 42-47)։
130.Վերոհիշյալ հակամարտությանը վերաբերող մի շարք գործերում Դատարանը հաստատել է Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով դիմումատուների «գույքի» առկայությունը՝ հիմք ընդունելով prima facie (առերեւույթ) ապացույցները, որոնք Կառավարությունը չի կարողացել համոզիչ կերպով հերքել՝ ներառյալ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի բնօրինակների պատճենները, գրանցման վկայականները, առքի պայմանագրերն ու Կիպրոսի Հանրապետության կողմից տրված՝ սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթերը։ Ինչպես դիմումատուն բացատրել է Սոլոմոնիդեսն ընդդեմ Թուրքիայի [Solomonides v. Turkey] (թիվ 16161/90, § 31, 2009 թվականի հունվարի 20) գործում, իր սեփականության իրավունքները գրանցված են եղել Հողային հարցերով շրջանային գրասենյակում։ Սակայն թուրքական ռազմական միջամտության ժամանակ, նա հարկադրված է եղել փախչել եւ չի կարողացել իր հետ վերցնել սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։ Կիպրոսի Հանրապետության իշխանությունները վերականգնել են Հողային գրանցամատյանները եւ տրամադրել սեփականության իրավունքները հավաստող վկայականներ։ Այդ վկայականները հասանելի լավագույն ապացույցներն էին գրառումների կամ փաստաթղթերի բնօրինակների բացակայության պայմաններում։ Հատկանշական է, որ Սավերիադեսն ընդդեմ Թուրքիայի [Saveriades v. Turkey] (թիվ 16160/90, 2009 թվականի սեպտեմբերի 22) գործում հատկապես հաշվի են առնվել այն պատճառները, թե ինչու դիմումատուն չի կարողացել ներկայացնել սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի բնօրինակները։ Դիմումատուն պնդել է, որ նա հարկադրված էր մեծ շտապողականությամբ հեռանալ իր շենքից, որտեղ պահվում էին փաստաթղթերը, իսկ հետագայում չէր կարողացել վերադառնալ այնտեղ կամ որեւէ այլ կերպ հետ ստանալ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը։ Դատարանն ընդունել է, որ դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը (ինչպես օրինակ՝ վաճառքի պայմանագիրը, սեփականության վկայականները եւ շինարարության թույլտվությունը) խնդրո առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու prima facie ապացույցներ են եւ շարունակել է (§ 18).
«...Քանի որ պատասխանող Կառավարությանը չի հաջողվել ի հերքումն դրա համոզիչ ապացույցներ ներկայացնել եւ, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց պայմաններում դիմումատուն հարկադրված է եղել հեռանալ Հյուսիսային Կիպրոսից՝ Դատարանը համարում է, որ դիմումատուն ունեցել է «գույք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով»։
131.Դողանը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Doğan and Others v. Turkey] (թիվ 8803-8811/02, թիվ 8813/02 եւ թիվ 8815-8819/02, ՄԻԵԴ 2004-VI (քաղվածքներ)) գործում, որը վերաբերում էր Թուրքիայի հարավ-արեւելքում արտակարգ դրության մեջ գտնվող շրջանի գյուղացիների հարկադիր տարահանմանը եւ մի քանի տարի շարունակ նրանց վերադարձն արգելելուն, պատասխանող Կառավարությունն առարկություն էր ներկայացրել առ այն, որ դիմումատուներից ոմանք սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացրել՝ հավաստելու, որ իրենք տվյալ գյուղում գույք են ունեցել։ Դատարանը համարել է, որ անհրաժեշտություն չկա որոշելու, թե արդյոք սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում դիմումատուները, ներպետական իրավունքի համաձայն, սեփականության իրավունքներ ունեցել են, թե ոչ։ Փոխարենը, հարցը հետեւյալն էր, թե արդյոք դիմումատուների կողմից իրականացված ընդհանուր տնտեսական գործունեության արդյունքում ստեղծվել է «գույք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով։ Հարցին դրական պատասխան տալով՝ այն սահմանել է հետեւյալը (§ 139).
«...Դատարանը նշում է, որ անվիճելի է, որ բոլոր դիմումատուները մինչեւ 1994 թվականն ապրել են Բոյդաս գյուղում։ Թեեւ նրանք գրանցված գույք չեն ունեցել, սակայն նրանք, կա՛մ իրենց նախնիների հողի վրա կառուցված սեփական բնակելի տներ են ունեցել, կա՛մ ապրել են իրենց հայրերի սեփականությունը համարվող բնակելի տներում եւ մշակել վերջիններիս պատկանող հողը։ Դատարանն այնուհետեւ նշում է, որ դիմումատուներն անվիճարկելի իրավունքներ են ունեցել գյուղի համայնքային հողերի՝ ինչպես օրինակ՝ արոտավայրերի, անասունների արածելու վայրերի եւ անտառային հողերի նկատմամբ, եւ որ նրանք իրենց ապրուստը վաստակել են անասնապահությամբ եւ ծառահատմամբ զբաղվելու միջոցով։ Հետեւաբար, Դատարանի կարծիքով, տնտեսական այս բոլոր ռեսուրսները եւ դիմումատուների կողմից դրանցից ստացված եկամուտը կարող են որակվել որպես «գույք»՝ 1-ին հոդվածի իմաստով։»։
132.«Գույք» հասկացության ինքնուրույն (ավտոնոմ) իմաստը արձանագրվել է Դատարանի բազմաթիվ վճիռներում եւ որոշումներում։ Օներյիլդիզն ընդդեմ Թուրքիայի [Öneryıldız v. Turkey] (թիվ 48939/99, § 124, ՄԻԵԴ 2004-XII) գործում այն ամփոփվել է հետեւյալ կերպ.
«Դատարանը կրկին շեշտում է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առաջին կետում տեղ գտած «գույք» հասկացությունն ունի ինքնուրույն (ավտոնոմ) իմաստ, որը չի սահմանափակվում նյութական ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով եւ անկախ է ներպետական օրենսդրության պաշտոնական դասակարգումից. ուսումնասիրման ենթակա հարցն այն է, թե արդյոք ելնելով գործի հանգամանքներից՝ որպես ամբողջություն, կարելի է համարել, որ դիմումատուին վերապահվել է նյութական շահի նկատմամբ այդ դրույթով պաշտպանված իրավունք ... ։ Համապատասխանաբար, ինչպես նյութական ապրանքները, այնպես էլ ակտիվներ համարվող որոշ իրավունքներ եւ շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» եւ, հետեւաբար, սույն դրույթի իմաստով «գույք» ... ։ «Գույք» հասկացությունը չի սահմանափակվում «գոյություն ունեցող գույքով», այլ կարող է իր մեջ ներառել նաեւ ակտիվներ՝ ներառյալ այնպիսի պահանջներ, որոնց առնչությամբ դիմումատուն կարող է պնդել, որ ունի գույքային իրավունքից արդյունավետորեն օգտվելու հնարավորություն ձեռք բերելու առնվազն ողջամիտ եւ «օրինական ակնկալիք» ...»։
Այդ գործում, Դատարանը համարել է, որ աղբափոսի կողքին հանրային հողի վրա ապօրինաբար կառուցված կացարանը, որտեղ դիմումատուն ու նրա ընտանիքն ապրել են առանց որեւէ խնդրի, վճարելով տեղական հարկերը եւ կատարելով հանրային ծառայությունների դիմաց վճարումները, թեեւ թույլտվության բացակայության պայմաններում, այնուամենայնիվ, գույքային շահ է, որը de facto ճանաչվել էր իշխանությունների կողմից, եւ որի բնույթը բավարար էր, որպեսզի այն՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով գույք համարվեր։
133.Այն հարցը, թե արդյոք դիմումատուները հիմնավորել են իրենց պահանջը Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, ծագել է նաեւ Ռուսաստանի դեմ ներկայացված մի շարք գործերում, որտեղ դիմումատուների բնակելի տները կամ այլ գույքն ավերվել կամ վնասվել են՝ նրանց բնակության քաղաքների վրա օդային հարձակումների հետեւանքով: Օրինակ՝ Կերիմովան եւ այլք ընդդեմ Ռուսաստանի [Kerimova and Others v. Russia] (թիվ 17170/04, թիվ 20792/04, թիվ 22448/04, թիվ 23360/04, թիվ 5681/05 եւ թիվ 5684/05, § 293, 2011 թվականի մայիսի 3) գործով Դատարանն ընդունել է որոշ դիմումատուների ներկայացրած՝ սեփականության իրավունքի պահանջը՝ հիմնվելով հարձակումից հետո քաղաքի վարչական մարմնի տրամադրած բնակարանների գույքագրման ցուցակի քաղվածքների վրա, որոնք փաստում էին, որ դիմումատուներն իրենց բնակելի տների սեփականատերերն էին: Ինչ վերաբերում է սեփականության իրավունքի մասին վկայող ապացույց չներկայացրած դիմումատուներին, ապա Դատարանը ճանաչել է նրանց սեփականության իրավունքը այլ ապացույցների, ինչպես օրինակ՝ քաղաքի վարչական մարմնի կողմից տրված՝ բնակության փաստը հաստատող վկայականների հիման վրա: Դատարանը նաեւ հավանական է համարել, որ բնակելի տների նկատմամբ դիմումատուների իրավունքը հաստատող փաստաթղթերը ոչնչացվել են հարձակման ժամանակ:
134.Այն իրավիճակներում, երբ հաստատվել է, որ դիմումատուն բնակելի տան սեփականատերն է եղել, Դատարանը դիմումատուի կողմից այդ տանը բնակվելու վերաբերյալ այլ փաստաթղթային ապացույցներ չի պահանջել՝ ցույց տալու համար, որ բնակելի տունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով համարվել է «տուն»։ Օրինակ՝ Օրֆանիդեսն ընդդեմ Թուրքիայի [Orphanides v. Turkey] (թիվ՝ 36705/97, § 39, 2009 թվականի հունվարի 20) գործում այն սահմանել է հետեւյալը.
«Դատարանը նշում է, որ Կառավարությանը չի հաջողվել ներկայացնել որեւէ ապացույց, որի միջոցով կասկածի տակ կդրվեր դիմումատուի այն հայտարարությունը, որ թուրքական ներխուժման ժամանակ ինքը մշտապես բնակվել է Լապիտոսում, եւ որ ինքն ու իր ընտանիքն իրենց բնակելի տանը վերաբերվել են որպես իրենց «տան»։
135.Սակայն, եթե դիմումատուն գույքի կամ կացարանի նկատմամբ իր իրավունքի մասին վկայող որեւէ ապացույց չի ներկայացնում, նրա բողոքները, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի (տե՛ս, օրինակ՝ Լորդոսը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Lordos and Others v. Turkey], թիվ 15973/90, § 50, 2010 թվականի նոյեմբերի 2-ի վճիռը, որտեղ Դատարանը բողոքը համարել է ratione materiae (առարկայական առումով) չհամապատասխանող` հաշվի առնելով սեփականության իրավունքի մասին վկայող ապացույցի բացակայությունը. տե՛ս նաեւ վերոնշյալ Կերիմովան եւ այլք ընդդեմ Ռուսաստանի գործով որոշ դիմումատուների մասով եզրակացությունը)։ Մի քանի գործերում Դատարանը կրկին շեշտել է, որ դիմումատուները պետք է իրենց բողոքները հիմնավորելու նպատակով բավարար prima facie ապացույցներ ներկայացնեն։ Դամաեւն ընդդեմ Ռուսաստանի [Damayev v. Russia] (թիվ 36150/04, §§ 108-111, 2012 թվականի մայիսի 29) գործում այն համարել է, որ իր տունն ավերելու կապակցությամբ բողոք ներկայացնելիս, դիմումատուն պետք է տրամադրի խնդրո առարկա գույքի առնվազն համառոտ նկարագրությունը։ Քանի որ փաստաթղթեր կամ մանրամասն շարադրված պահանջներ չեն ներկայացվել, նրա բողոքը համարվել է անհիմն։ Որպես գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այնտեղ բնակվելու մասին վկայող prima facie ապացույցի օրինակ՝ Դատարանը նշել է այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են՝ հողի կամ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, հողային կամ հարկային ռեգիստրներից քաղվածքները, տեղական վարչական մարմնի տրամադրած փաստաթղթերը, հատակագծերը, լուսանկարներն ու սպասարկման վճարների անդորրագրերը, ինչպես նաեւ փոստային առաքումների վերաբերյալ ապացույցները, վկաների հայտարարությունները կամ որեւէ այլ վերաբերելի ապացույց (տե՛ս, օրինակ՝ Պրոկոպովիչն ընդդեմ Ռուսաստանի [Prokopovich v. Russia], թիվ 58255/00, § 37, ՄԻԵԴ 2004-XI, եւ Էլսանովան ընդդեմ Ռուսաստանի (որոշում) [Elsanova v. Russia (dec.)], թիվ 57952/00, 2005 թվականի նոյեմբերի 15)։
136.Այսպիսով, Դատարանի նախադեպային իրավունքով սահմանվել է ճկուն մոտեցում այն դիմումատուների կողմից ներկայացվելիք ապացույցների նկատմամբ, որոնք պնդում են, որ կորցրել են իրենց գույքը եւ տունը՝ միջազգային կամ ներքին զինված հակամարտությունների իրավիճակներում։ Դատարանը նշում է, որ նմանատիպ մոտեցում է արտացոլված ՄԱԿ-ի Պինեյրոյի սկզբունքների 15-րդ հոդվածի 7-րդ կետում (տե՛ս վերեւում՝ 98-րդ պարբերությունը)։
2.Այս սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ
ա)Ինքնության եւ բնակության վայրի մասին ապացույցը
137.Թեեւ այս գանգատը ներկայացնելիս դիմումատուներն իրենց ինքնության եւ բնակության վայրի մասին վկայող փաստաթղթեր չեն ներկայացրել, նրանք դա արել են 2010 թվականի ապրիլին՝ Մեծ պալատի ներկայացրած պահանջից հետո: Փաստաթղթերը ներառել են նրանց եւ իրենց երեխաների ծննդյան վկայականները, ամուսնության վկայականները, ԽՍՀՄ անձնագրերը, աշխատանքային գրքույկները եւ քաղվածքներ զինվորական գրքույկներից (մանրամասների համար տե՛ս վերեւում՝ 33-57-րդ պարբերությունները): Դատարանի կարծիքով այդ փաստաթղթերը վկայում են, որ բոլոր դիմումատուները ծնվել են Լաչինի շրջանում եւ ապրել ու աշխատել են այնտեղ, համենայն դեպս՝ իրենց կյանքի մեծ մասի ընթացքում: Հաշվի առնելով դիմումատուների հայտարարությունները, ինչպես նաեւ հակառակը վկայող որեւէ ապացույցի բացակայության պարագայում՝ պետք է համարել, որ 1992 թվականի մայիսի 17-ին փախուստի դիմելու պահի դրությամբ նրանք իրենց ընտանիքների հետ դեռեւս ապրել են այնտեղ:
բ)Գույքի մասին ապացույցը
138.Դիմումատուները պնդել են, որ իրենց սեփականության իրավունքով պատկանել են հող, բնակելի տներ եւ որոշ շարժական գույք, որոնք նրանք հարկադրված էին թողնել փախուստի դիմելիս, կամ նրանք ունեցել են պաշտպանված իրավունքներ դրանց նկատմամբ: Հայտնի չէ՝ արդյոք որեւէ բնակելի տուն դեռեւս կանգուն է, իսկ շարժական գույքը, որի վերաբերյալ պահանջ է ներկայացվել, ամենայն հավանականությամբ այլեւս գոյություն չունի: Այսպիսով, մնում են հիմնականում հողակտորները:
139.Ի սկզբանե միայն վեցերորդ դիմումատուն է գույքի վերաբերյալ փաստաթուղթ ներկայացրել՝ այսպես կոչված տեխնիկական անձագիրը: Մյուս դիմումատուներն այդպիսի ապացույց ներկայացրել են միայն պատասխանող Կառավարության առաջին դիտարկումներին պատասխանելիս: Ի հավելումն տեխնիկական անձնագրերի, նրանք բոլորը ներկայացրել են իրենց նախկին հարեւանների՝ որպես վկաների հայտարարությունները, ովքեր հաստատել են, որ դիմումատուները համապատասխան գյուղերում ունեցել են բնակելի տներ, ինչպես նաեւ Լաչինի՝ ադրբեջանական կառավարման մարմնի ներկայացուցիչների հայտարարությունները: Վեցերորդ դիմումատուն ներկայացրել է նաեւ Լաչինի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի՝ հողի հատկացման որոշումը, ինչպես նաեւ կենդանիների կերի, շինարարական նյութերի եւ շինարարական աշխատանքների իրականացման սուբսիդիաների հաշիվ-ապրանքագրերը:
140.Դիմումատուների ներկայացրած ամենակարեւոր ապացույցները տեխնիկական անձնագրերն են: Լինելով պաշտոնական փաստաթղթեր՝ դրանք բոլորը պարունակում են բնակելի տների գծագրերը, եւ դրանցում, ի թիվս այլ տվյալների, նշվում են տների չափսերը, պարամետրերը եւ սենյակների թիվը: Խնդրո առարկա հողակտորների չափսերը նույնպես նշված են: Անձնագրերը վերաբերում են 1985 թվականի հուլիսից 1990 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածին եւ պարունակում են դիմումատուների անունները: Ավելին, պարզվել է, որ անձնագրերը պարունակում են հղումներ՝ համապատասխան հողերի հատկացման մասին որոշումներին:
141.Հաշվի առնելով Ադրբեջանի կառավարության ներկայացրած փաստարկները՝ Դատարանը համարում է, որ դիմումատուներին պատկանող տեխնիկական անձնագրերը պետք է դիտարկվեն որպես բնակելի տների եւ հողի նկատմամբ իրավունքի անուղղակի ապացույց հանդիսացող «գույքագրման տեխնիկական փաստաթղթեր», ինչը նաեւ համապատասխանում է «Բնակարանային ֆոնդի օբյեկտների գրանցման կանոնների մասին» 1985 թվականի հրահանգի 2.2 հոդվածին (տե՛ս վերեւում՝ 92-րդ պարբերությունը): Ավելին, վեցերորդ դիմումատուի ներկայացրած՝ հողի հատկացման մասին որոշումը, Հրահանգի 2.1 հոդվածի համաձայն, համարվում է առաջնային ապացույց: Թեեւ Հայաստանի կառավարությունը վիճարկել է անձնագրերի ապացուցողական ուժը՝ պնդելով, որ դրանց մեջ նկարագրված է միայն շենքի տեխնիկական վիճակը եւ ուրիշ ոչինչ, Դատարանը նշում է, որ դրանք ոչ միայն պարունակում են խնդրո առարկա բնակելի տների բնութագրերը, այլ նաեւ ներառում են դիմումատուների անունները: Այդ հանգամանքներում, դրանք գույքի նկատմամբ իրավունքի այնպիսի prima facie ապացույցներ են պարունակում, որոնք Դատարանի կողմից ընդունվել են նախկինում քննված շատ գործերում:
142.Անհրաժեշտ է նշել, որ հինգերորդ եւ վեցերորդ դիմումատուներից բացի՝ մյուս դիմումատուների՝ բնակելի տների վերաբերյալ արված նախնական նկարագրությունների եւ վարույթի շրջանակներում ավելի ուշ ներկայացված տեխնիկական անձնագրերում պարունակվող տվյալների միջեւ առկա են անհամապատասխանություններ: Օրինակ՝ առաջին դիմումատուն սկզբում նշել է, որ ինքն ունեցել է 250 քառ. մետր մակերեսով բնակելի տուն։ Իսկ ներկայացված տեխնիկական անձնագիրը վերաբերել է 408 քառ. մետր ընդհանուր մակերեսով եւ 300 քառ. մետր բնակելի մակերեսով տանը (եւ 60 քառ. մետր մակերեսով պահեստին, որի մասին նախկինում չի նշվել): Նմանապես, չորրորդ դիմումատուն սկզբում պնդել է, որ իր բնակելի տունն ունեցել է 165 քառ. մետր մակերես, մինչդեռ անձնագրում նշված բնակելի տունն ունեցել է 448 քառ. մետր ընդհանուր մակերես եւ 223 քառ. մետր բնակելի մակերես (որին նույնպես ավելացվել է 75 քառ. մետր մակերես ունեցող եւ նախկինում չնշված պահեստը): Դիմումատուները նշել են, որ ճշգրիտ են անձնագրերի տեղեկությունները, եւ որ նրանց սկզբնական հայտարարությունները կատարվել են հիշողության հիման վրա՝ իրենց ներկայացուցչի հետ կարճատեւ հանդիպման ժամանակ, երբ նրանք չեն կարողացել օգտվել այդ փաստաթղթերից:
Դատարանը կարող է ընդունել դիմումատուների բացատրությունները. նրանց սկզբնական հայտարարությունների եւ տեխնիկական անձնագրերի միջեւ անհամապատասխանություններն այնպիսի բնույթ չունեն, որ կասկածի տակ դնեն փաստաթղթերի իսկությունը, մասնավորապես, եթե դիմումատուների կողմից նախապես ներկայացված տվյալները համեմատության մեջ դրվեն անձնագրերում նշված՝ բնակելի մակերեսի չափսերի հետ:
143.Դիմումատուները ներկայացրել են նաեւ գույքի վերաբերյալ լրացուցիչ prima facie ապացույցներ, այդ թվում՝ նախկին հարեւանների հայտարարությունները: Բացի դրանից, դիմումատուների ինքնության եւ բնակության վայրի առնչությամբ արդեն ուսումնասիրված փաստաթղթերով, որոնք վկայում են այն մասին, որ նրանք բնակվել են Լաչինի շրջանում, նույնպես հիմնավորվում են նրանց գույքային պահանջները: Ավելին, թեեւ բոլոր դիմումատուները, բացի վեցերորդ դիմումատուից, չեն ներկայացրել սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթեր կամ այլ առաջնային ապացույցներ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքները, որոնց պայմաններում նրանք հարկադրված են եղել հեռանալ այդ շրջանից՝ լքելով այն ռազմական հարձակման ժամանակ: Համապատասխանաբար, հաշվի առնելով ներկայացված բոլոր ապացույցները՝ որպես մեկ ամբողջական միավոր, դիմումատուները բավարար չափով հիմնավորել են իրենց պնդումներն առ այն, որ փախուստի դիմելիս նրանք ունեցել են բնակելի տներ եւ հող:
գ)Արդյոք դիմումատուների իրավունքները կարգավորվում են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով եւ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով
144.Հարկավոր է պարզել այն հարցը՝ արդյոք դիմումատուներն ունեցել են եւ դեռեւս ունեն Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող սեփականության իրավունքներ, եւ արդյոք տվյալ գույքը, հաշվի առնելով նաեւ դիմումատուների անձնական մյուս հանգամանքները, համարվել է նրանց տունը՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով: Ինչպես արդեն նշվել է (տե՛ս 132-րդ պարբերությունը), Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածում տեղ գտած «գույք» հասկացությունն ինքնուրույն (ավտոնոմ) հասկացություն է եւ կախված չէ ներպետական օրենսդրության պաշտոնական դասակարգումից: Սակայն որոշում կայացնելիս, նախեւառաջ, պետք է պարզել՝ արդյոք ներպետական իրավունքի եւ պրակտիկայի համաձայն շնորհվում կամ ճանաչվում են Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները:
145.Նախ, պետք է նշել, որ թեեւ Ադրբեջանի անկախացումից անմիջապես հետո ընդունված հողային օրենսդրությամբ առաջին անգամ ճանաչվել է հողի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը, այնուամենայնիվ այդ պահի դրությամբ՝ 1992 թվականի մայիսին, հողի մասնավորեցման ընթացակարգ ներդրված չէր: Ցանկացած դեպքում, անվիճելի է այն փաստը, որ դիմումատուները դիմում չեն ներկայացրել հողի սեփականատեր դառնալու համար: Իսկ, քանի որ անհատների կողմից նախկին օրենսդրության համաձայն ձեռք բերված իրավունքները չեղյալ չեն համարվել 1991/1992 թվականների գույքի մասին օրենքների ընդունմամբ, փախուստի դիմելու ժամանակ իրենց տիրապետման տակ գտնվող բնակելի տների եւ հողի նկատմամբ դիմումատուների օրինական իրավունքները պետք է գնահատել՝ հաշվի առնելով Ադրբեջանական ԽՍՀ-ի օրենքները։
146.Խորհրդային իրավական համակարգի համաձայն՝ քաղաքացիներն իրավունք են ունեցել բնակելի տներ ունենալու, սակայն հողի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունք չի սահմանվել, եւ այն, փոխարենը, համարվել է պետության սեփականությունը: Ադրբեջանական ԽՍՀ-ում (ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղը, Լաչինի շրջանը եւ ներկայում գրավված այլ հարակից տարածքները) այդ կանոնները սահմանված էին 1978 թվականի Սահմանադրությամբ, ինչպես նաեւ 1970 թվականի Հողային օրենսգրքով եւ 1983 թվականի Բնակարանային օրենսգրքով: Բնակարանային օրենսգրքի 10.3 հոդվածով սահմանվում էր բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ Հողային օրենսգրքով, մասնավորապես՝ 4-րդ, 25-րդ, 27-րդ եւ 28-րդ հոդվածներով՝ անհատներին օգտագործման նպատակով հողի հատկացման կանոնները եւ ընթացակարգերը: Հետեւաբար այն բնակելի տները, որտեղ դիմումատուներն ապրել են Լաչինի շրջանում, նրանց անձնական գույքի մաս են կազմել, մինչդեռ այն հողակտորները, որոնց վրա գտնվել են այդ բնակելի տները, նրանց են պատկանել «օգտագործման իրավունքով»: Ինչպես արդեն նշվել է (տե՛ս 138-րդ պարբերությունը), այն շարժական գույքը՝ անասունները, գորգերը, ավտոմեքենաները, որը, ըստ դիմումատուների պնդման, նրանք տիրապետել են (որի նկատմամբ իրավունքները պաշտպանվում էին նաեւ Ադրբեջանական ԽՍՀ-ի օրենքներով), ամենայն հավանականությամբ ոչնչացվել է Լաչինի վրա ռազմական հարձակման կամ հետագա տարիների ընթացքում: Պարզ չէ նաեւ՝ արդյոք նրանց բնակելի տներն ավերվել են, թե դեռ մասամբ կամ ամբողջությամբ կանգուն են: Հետեւաբար, «օգտագործման իրավունքի» նշանակության ուսումնասիրությունն առանձնակի կարեւորություն ունի:
147.«Օգտագործման իրավունքը» հողի նկատմամբ միակ իրավունքն էր, որն անհատը կարող էր ձեռք բերել: Ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի կողմից շնորհվող այդ իրավունքը կարող էր տրվել տարբեր նպատակներով, այդ թվում՝ հողը որպես արոտավայր օգտագործելու եւ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով եւ, սույն գործի համատեքստում, ամենակարեւորը՝ բնակելի տուն կառուցելու համար: Շահառուները պարտավոր էին հողակտորներն օգտագործել բացառապես այն նպատակներով, որոնց համար դրանք հատկացվել էին: «Օգտագործման իրավունքը» տրվում էր անորոշ ժամկետով կամ ժամանակավորապես: Այսպիսով, եթե անհատն ունեցել է անորոշ ժամկետով «օգտագործման իրավունք» եւ դրանից օգտվել է սահմանված նպատակով, նա կարողացել է հողն օգտագործել ցմահ: Ավելին, այդ իրավունքը փոխանցվել է ժառանգաբար:
Այդ իսկ պատճառով կասկածից վեր է, որ դիմումատուներին տրված «օգտագործման իրավունքը» ծանրակշիռ եւ պաշտպանված իրավունք էր, որը նյութական տնտեսական շահ է: Թեեւ ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուների իրավունքները ժամանակավոր բնույթ ունեին, Դատարանը, ամբողջականությունն ապահովելու նպատակով, նշում է, որ այս եզրահանգումը վերաբերում է ինչպես անորոշ ժամկետով, այնպես էլ ժամանակավոր «օգտագործման իրավունքներին»: Հաշվի առնելով Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ինքնուրույն (ավտոնոմ) իմաստը՝ հողի «օգտագործման իրավունքն» այդպիսով համարվում է «գույք»՝ այդ դրույթի համաձայն: Այս եզրահանգումը վերաբերում է նաեւ բնակելի տների եւ շարժական գույքի նկատմամբ անհատների ունեցած իրավունքներին:
148.Պատասխանող Կառավարությունը 2012 թվականի հուլիսի 11-ին ներկայացրած իր դիտարկումներում նշել է, որ հողի նկատմամբ դիմումատուների իրավունքները ենթադրաբար դադարեցվել են 1992 թվականի Հողային օրենսգրքի 32-րդ հոդվածի 1(8) բաժնի ուժով, քանի որ նրանք, 1992 թվականի մայիսից ի վեր, չեն վերադարձել իրենց հող եւ այդպիսով չեն օգտագործել այն երկու հաջորդական տարիների ընթացքում: Կառավարությունն այնուհետեւ պնդել է, որ ցանկացած դեպքում, հողը, ԼՂՀ-ի օրենսդրությանը համապատասխան, հատկացվել է այլ անհատների: Ի հաստատումն երկրորդ պնդման, նրանք ներկայացրել են ԼՂՀ-ի հողային ռեգիստրի՝ 2000 եւ 2001 թվականներին վերաբերող մի շարք փաստաթղթեր:
Կառավարության առաջին պնդման առնչությամբ Դատարանը նշում է, որ 1992 թվականի Հողային օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ հողային իրավունքների դադարեցման համար անհրաժեշտ էր այդ նպատակով ժողովրդական պատգամավորների տեղական խորհրդի կողմից կայացված որոշում, եւ ավելին, պահանջվում էր, որ հողը չօգտագործելու համար հիմնավոր պատճառ չլիներ: Վերջին պահանջը դժվար թե վերաբերեր այս դեպքին՝ հաշվի առնելով 1992-1993 թվականներից ի վեր ռազմական ներկայությունը համապատասխան տարածքներում: Այս հանգամանքներում նշված պնդումը, որը ոչ այլ ինչ է, քան ենթադրություն, պետք է մերժվի: Ինչ վերաբերում է Կառավարության երկրորդ պնդմանը, ապա պարզ չէ, թե որ հողին կամ տիրապետողներին են վերաբերում հողային ռեգիստրի ներկայացված փաստաթղթերը: Ավելին, պնդումը թերեւս հակասում է այն հայտարարությանը, որ ԼՂՀ-ն չի ընդունել որեւէ իրավական ակտ, որով դիմումատուները զրկվել են իրենց գույքից անարգել օգտվելու իրավունքից: Ցանկացած դեպքում այս հարցն արդեն իսկ ուսումնասիրվել է ընդունելիության հարցի քննության փուլում՝ պատասխանող Կառավարության համանման պնդման առնչությամբ՝ Դատարանի ratione temporis իրավազորության մասով: Պնդումը մերժվել է հետեւյալ հիմքերով (տե՛ս ընդունելիության որոշման 102-րդ պարբերությունը).
«Վարույթի հետագա փուլում Հայաստանի կառավարությունը ներկայացրել է այն պնդումը, որ ԼՂՀ իշխանությունները 1998 թվականին ընդունել են մասնավորեցման մասին օրենք եւ հողային օրենսգիրք, որոնցով չեղյալ են ճանաչվել հողի նկատմամբ դիմումատուների եւ գրավված տարածքներից փախուստի դիմած այլ անձանց իրավունքները: Այդ օրենքների տեքստերը Դատարան չեն ներկայացվել: Ցանկացած դեպքում, Դատարանը նշում է, որ ԼՂՀ-ն, միջազգային իրավունքին համապատասխան, որեւէ երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից ճանաչված չէ որպես պետություն: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ վկայակոչված օրենքները Կոնվենցիայի իմաստով չեն կարող դիտարկվել որպես օրինական ուժ ունեցող փաստաթղթեր, եւ չի կարելի համարել, որ դիմումատուներն այդ օրենքների ուժով կորցրել են տվյալ հողի նկատմամբ այն իրավունքները, որոնց մասին նրանք պնդում են (տե՛ս վերեւում՝ Լոիզիդուի գործը (Loizidou) (ըստ էության),§§ 42-47):»:
149.Եզրափակելով, հարկ է նշել, որ Լաչինի շրջանից հեռանալու ժամանակ դիմումատուները հողի եւ բնակելի տների նկատմամբ իրավունքներ են ունեցել, որոնք համարվել են «գույք»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Ոչինչ չի վկայում այն մասին, որ այդ իրավունքները հետագայում՝ Հայաստանի կողմից Կոնվենցիան վավերացնելուց առաջ կամ հետո, օրինական հիմունքներով կամ այլ կերպ չեղյալ են ճանաչվել: Հետեւաբար նրանց գույքային իրավունքները դեռեւս գործում են: Քանի որ դիմումատուները, համապատասխանաբար, ունեն գոյություն ունեցող գույք, անհրաժեշտ չէ ուսումնասիրել նրանց պնդումն առ այն, որ նրանք պաշտոնապես իրենց հողի սեփականատերը դառնալու «օրինական ակնկալիքներ» են ունեցել 1992 թվականի Հողային օրենսգրքի ընդունումից հետո:
150.Ավելին, հաշվի առնելով վերոնշյալ եզրահանգումն այն մասին, որ դիմումատուները փախուստի դիմելու ժամանակ իրենց ընտանիքների հետ ապրել են Լաչինի շրջանում եւ իրենց ապրուստի միջոցները վաստակել են այնտեղ, նրանց հողերը եւ բնակելի տները նույնպես պետք է համարել «տներ»՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով:
151.Դիմումատուների՝ տուժողի կարգավիճակի վերաբերյալ Կառավարության առարկությունն այդ պատճառով մերժվում է:
IV.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
152.Դիմումատուները պնդել են, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների, մասնավորապես, Լաչինի շրջանի նկատմամբ, եւ որ հետեւաբար, այն հարցերը, որոնց առնչությամբ բողոք է ներկայացվել Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն, վերաբերել են Հայաստանի իրավազորությանը: Մյուս դեպքում, այդ իրավազորությունը բխել է տվյալ տարածքի նկատմամբ Հայաստանի ունեցած իշխանությունից կամ վերահսկողությունից՝ այնտեղ գործող իր ներկայացուցիչների միջոցով: Դիմումատուները պնդել են, որ Դատարանի նախադեպային իրավունքն այդ հարցի վերաբերյալ ձեւավորված է եւ հղում են կատարել, inter alia, Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված), Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի ([ՄՊ], թիվ 48787/99, ՄԻԵԴ 2004-VII) [Ilaşcu and Others v. Moldova and Russia ([GC], no. 48787/99, ECHR 2004-VII)], ինչպես նաեւ Ալ-Սկեյնին եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության ([ՄՊ], թիվ. 55721/07, ՄԻԵԴ 2011) [Al-Skeini and Others v. the United Kingdom ([GC], no. 55721/07, ECHR 2011)] գործերին: Ինչ վերաբերում է ապացուցման պարտականությանը, ապա նրանք պնդել են, որ այս դեպքում «հիմնավոր կասկածից վեր» չափորոշիչը չի կիրառվում. փոխարենը, այս գործում առկա է կանխավարկած այն փաստի մասին, որ Հայաստանը իրավազորություն է ունեցել նշված տարածքների նկատմամբ. կանխավարկած, որը պատասխանող Կառավարությանը չի հաջողվել հերքել:
153.Դիմումատուները պնդել են, որ Հայաստանի ռազմական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը զգալի է եղել, եւ որ դրա վերաբերյալ ապացույցները չափազանց շատ են: Նրանք, inter alia, պնդել են, որ Հայաստանի զինծառայողները ծառայել են Լեռնային Ղարաբաղում: ՀՐՈՒ 1994 թվականի վերոնշյալ զեկույցի համաձայն՝ Հայաստանի զինծառայողներին ուղարկել են Լեռնային Ղարաբաղ եւ հարակից ադրբեջանական շրջաններ, եւ Հայաստանի ռազմական ուժերը մասնակցել են Ադրբեջանում տեղի ունեցող մարտերին: Դիմումատուները նաեւ հղում են կատարել տարբեր քաղաքական առաջնորդների եւ դիտորդների, այդ թվում՝ պրն Ռոբերտ Քոչարյանի եւ պրն Վազգեն Մանուկյանի վերոնշյալ հայտարարություններին (տե՛ս 62-րդ պարբերությունը), որոնք վկայում են Հայաստանի բանակի ներգրավվածության մասին:
154.Դիմումատուները, որպես ռազմական գործողություններում Հայաստանի բանակի ներգրավվածության ապացույց, ներկայացրել են նաեւ Ադրբեջանի ստորաբաժանումների կողմից հայկական բանակի մի շարք զինվորների գերի վերցնելու եւ համապատասխան ժամանակահատվածում Հայաստանում ավելի մեծ թվով զորակոչիկների անհրաժեշտության փաստը: Նրանք այնուհետեւ պնդել են, որ Հայաստանի բանակի զինծառայողներին դեռեւս ուղարկում էին Լեռնային Ղարաբաղում ծառայելու, եւ որ այդ ծառայության դեպքում սպաների եւ զինվորների համար ավելի բարձր աշխատավարձ էր նախատեսվում, քան Հայաստանում ծառայելու պարագայում, եւ որ զորակոչիկները չէին կարող ընտրել, թե որտեղ ծառայել՝ Հայաստանում, թե՝ Լեռնային Ղարաբաղում: Ի հաստատումն այս պնդման, նրանք, inter alia, հղում են կատարել դատական եւ վարչական մի շարք վարույթների, որոնք հարուցվել են Ստեփանակերտում՝ Հայաստանի զինվորական անձնակազմի եւ կրոնական համոզմունքների հիմքով զինվորական ծառայությունից հրաժարվող հայի դեմ:
155.Բացի հակամարտության գոտի զորքեր ուղարկելուց, Հայաստանը, ըստ դիմումատուների, նյութական օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղին։ Ենթադրաբար պետությունն ապահովել է անկլավի բյուջեի 90%-ը՝ անտոկոս վարկերի տեսքով։ Այս վարկերն իրենցից ներկայացրել են ֆինանսական աջակցություն, որը նպաստել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացմանը։ Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դիմումատուները նշել են, որ այն չէր կարող դիտվել որպես ՀՀ կառավարությունից անկախ առանձին մարմին, քանի որ հիմնադրվել է Նախագահի հրամանագրով. հիմնադրամի կանոնադրությամբ Հայաստանի նախագահը նշանակվել է Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ինչպես նաեւ այն պատճառով, որ խորհրդի կազմում ընդգրկված էին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Կենտրոնական բանկի մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ընդ որում, հիմնադրամի առաքելությունն էր օժանդակել թե՛ Հայաստանի, եւ թե՛ Լեռնային Ղարաբաղի կայուն զարգացմանը։
156.Ավելին, Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է եւ շարունակել է տրամադրել քաղաքական օժանդակություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Հայաստանի մի շարք կարեւոր քաղաքական գործիչներ սերտ կապ են ունեցել եւ շարունակել են մասնակցել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կյանքին։ Օրինակ, 1993 թվականի օգոստոսին Սերժ Սարգսյանը՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարը, ՀՀ կառավարության կողմից նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում, իսկ 1998 թվականին պրն Ռոբերտ Քոչարյանը դարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի եւ նախագահի պաշտոններում պաշտոնավարելուց հետո։ Բացի դրանից, քանի որ ԼՂՀ-ն այդպես էլ չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից, այն` տրամադրվող քաղաքական օժանդակության եւ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողության առումով, կախում ուներ Հայաստանից։
157.Դիմումատուները նաեւ նշել են, որ Հայաստանի շատ օրենքներ կիրառվել են Լեռնային Ղարաբաղում, իսկ հայկական դրամը կիրառության մեջ է դրվել որպես հիմնական արժույթ։ Ավելին, Լեռնային Ղարաբաղում բնակվող անձանց տրամադրվել են հայկական անձնագրեր՝ արտերկիր մեկնելու համար։
2.Պատասխանող կառավարությունը
158.ՀՀ կառավարությունը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավազորությունը չի տարածվել Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ հարակից տարածքների վրա. համաձայն այդ պնդման՝ Հայաստանը չի ունեցել եւ չէր կարող արդյունավետ վերահսկողություն ունենալ կամ պետական իշխանություն իրականացնել այս տարածքներում։ Իրենց կարծիքով՝ արդյունավետ վերահսկողությունը ենթադրում է մանրամասն ուղղորդում, կամ վերահսկվող սուբյեկտի որոշակի գործառնությունների նկատմամբ վերահսկողություն՝ դրանք սկսելու եւ դադարեցնելու, ինչպես նաեւ դրանց ընթացքը որոշելու կարողություն։ Նշելով, որ արտատարածքային իրավազորությունը բացառություն է այն սկզբունքից, որ պետությունն իրավազորություն ունի միայն իր տարածքի նկատմամբ՝ Կառավարությունը պնդել է, որ նման վերահսկողության առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում են դիմումատուները, այլ ոչ թե Կառավարությունը. ապացուցման չափանիշը բարձր է, եւ նրանք չեն կատարել ապացուցման այս պարտականությունը, քանի որ ապացույցները վկայում են, որ Հայաստանը չի ունեցել ազդեցություն, առավել եւս՝ վերահսկողություն ԼՂՀ-ի նկատմամբ։ Կառավարության կարծիքով Ալ-Սկեյնիի (վերոնշյալ) գործի հանգամանքները չեն համապատասխանում տվյալ գործի հանգամանքներին, քանի որ վճռի համար հիմք է ծառայել «Պետական մարմնի իրավասությունն ու վերահսկողությունը» սկզբունքը, որը կիրառելի չէ այս գործի հանգամանքների նկատմամբ։ Ավելին, ԼՂՀ-ի հետ հարաբերություններում Հայաստանի ունեցած բացառապես օժանդակող դերը որեւէ ողջամիտ սահմանման դեպքում չէր կարող արդյունավետ վերահսկողություն լինել, քանի որ այն արմատապես տարբերվում էր եւ՛ Հյուսիսային Կիպրոսում մի քանի թուրք զինվորների ունեցած դերից, եւ՛ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունում գտնվող ռուսական ռազմական զինանոցի չափից (ինչպես նշվել է վերոնշյալ՝ Լոիզիդուն ու Իլաշկուն եւ այլք գործերում) ։
159.Կառավարությունը պնդել է, որ Հայաստանը չի մասնակցել նշված ռազմական բախումներին։ 1992 թվականի մայիսի 17-18-ը Լաչինի վրա կատարված հարձակումը, ինչպես նաեւ մայիսի 9-ի Շուշայի (Շուշիի) գրավումը ղեկավարվել են ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, որի 90%-ը կազմել են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ռազմական գործողություններն իրականում չեն բխել Հայաստանի Հանրապետության կառավարության շահերից, որն այդ ժամանակ հրադադարի մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ էր վարում Ադրբեջանի ղեկավարների հետ. այդ կապակցությամբ մայիսի 8-9-ը Թեհրանում կայացել էր հանդիպում։ Այնուամենայնիվ, այս երկու քաղաքների գրավումը ԼՂՀ ուժերն անհրաժեշտ էին համարում՝ Ադրբեջանի կողմից կատարվող ռազմական հանցագործություններին վերջ դնելու եւ դեպի Հայաստան հումանիտար միջանցք բացելու համար։
160.Կառավարությունը նաեւ պնդել է, որ Հայաստանը հետագա այլ ռազմական գործողություններին նույնպես չի մասնակցել։ Սա, ենթադրաբար, հաստատվել է նաեւ այն փաստով, որ միջազգային որեւէ փաստաթուղթ Հայաստանի Հանրապետության բանակի մասնակցության մասին որեւէ նշում չի պարունակել։ Փոխարենը, այս փաստաթղթերում խոսվում է «հայկական տեղական ուժերի» մասին։ Հայաստանի իշխանությունները որեւէ իրավական ակտ կամ ծրագիր չեն ընդունել, եւ ոչ էլ որեւէ պաշտոնական քայլ են ձեռնարկել՝ գործողություններում ներգրավվելու նպատակով։ Ընդհակառակը, ինքնապաշտպանությունն ամբողջությամբ ղեկավարվել է ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, որոնք ձեւավորվել են 1992 թվականի սկզբին՝ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ԼՂՀ օրենքի ընդունումից հետո։ Դրան աջակցել են Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում բնակվող հայ բնակչությունը, ինչպես նաեւ տարբեր երկրներում բնակվող հայկական ծագում ունեցող կամավորները։ Հայաստանը ներգրավված է եղել պատերազմական գործողություններում միայն այնքանով, որքանով անհրաժեշտ է եղել պաշտպանվել Հայաստանի Հանրապետության ճանաչված սահմաններում գտնվող տարածքների վրա Ադրբեջանի կողմից կատարվող հարձակումներից։ Այնուամենայնիվ, քանի որ Հայաստանը եւ ԼՂՀ-ն ընդհանուր թշնամի ունեին, նրանց զինված ուժերը համագործակցում էին տարբեր ճանապարհներով։
161.Հայաստանն այդ ժամանակ ռազմական ներկայություն չուներ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում։ Ռազմական ոչ մի ստորաբաժանում, զորամաս կամ մարմին այնտեղ տեղակայված չի եղել։ Լաչինի շրջանում ռազմական զորամասեր ընդհանրապես չկային, քանի որ Լաչինը գտնվում էր Ադրբեջանի հետ ԼՂՀ-ի սահմանից բավականաչափ հեռավորության վրա, եւ, հետեւաբար, ռազմական տեսանկյունից այնտեղ զորամասեր ունենալու անհրաժեշտություն չկար։ Չի կարելի բացառել, որ, հնարավոր է, Հայաստանի Հանրապետության որոշ քաղաքացիներ որպես պայմանագրային զինծառայողներ կամ որպես կամավորներ զինվորական ծառայության անցած լինեին ԼՂՀ պաշտպանության ուժերում։ Ավելին, Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ կառավարությունների միջեւ ստորագրված «Ռազմական համագործակցության մասին» 1994 թվականի համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվող զորակոչիկներն, իրենց համաձայնությամբ, կարող էին զինվորական ծառայություն անցնել ԼՂՀ-ում, եւ՝ հակառակը, ինչպես նաեւ մասնակցել ԼՂՀ-ում կամ Հայաստանում կազմակերպվող զինվորական վարժանքներին։ Իրավական այն վարույթները, որոնց մեջ ներգրավված են եղել զինվորական ծառայությունը ԼՂՀ-ում անցած հայ զինապարտները, ունեին պարզ բացատրություն. 1994 թվականի համաձայնագրի համաձայն՝ հայ զինապարտների դեմ ներկայացված քրեական մեղադրանքի հետ կապված հարցերով զբաղվում էր Հայաստանի Հանրապետության դատախազությունը, իսկ Ղարաբաղի զինապարտների դեպքում՝ ԼՂՀ իշխանությունները։ Այնուամենայնիվ, հայ կամավոր զինապարտների միայն փոքրաթիվ խումբ է զինվորական ծառայությունն անցել Լեռնային Ղարաբաղում, ընդ որում՝ նրանք ծառայել են ԼՂՀ պաշտպանության ուժերի անմիջական հրամանատարության ներքո։
162.Կառավարությունը նաեւ նշել է, որ ԼՂՀ-ն ձեւավորման օրվանից ինքնուրույն է վարել իր քաղաքական, սոցիալական եւ ֆինանսական քաղաքականությունը։ Հայաստանը որեւէ տնտեսական աջակցություն չի ցուցաբերել ԼՂՀ-ին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ մի քանի տարի շարունակ տրամադրել է երկարաժամկետ վարկեր՝ առանձին ծրագրերի իրականացման համար, այդ թվում՝ դպրոցների եւ այլ կրթական հաստատությունների վերակառուցման եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին ֆինանսական օգնություն տրամադրելու համար։ Այդպիսի օգնություն տրամադրվել է նաեւ այլ երկրների կողմից։ Ավելին, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նշանակալի դեր է ունեցել ԼՂՀ-ի զարգացման հարցում։ Դրա գլխավոր առաքելությունն էր ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանի Հանրապետությանն ու ԼՂՀ-ին՝ օգտագործելով հայկական սփյուռքից ստացված դրամական միջոցները։ Չնայած Հոգաբարձուների խորհրդում կային ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, խորհրդի ներկայացուցիչների մեծ մասը հայկական սփյուռքից եւ ԼՂՀ-ից էին։ Հիմնադրամի գործողությունները չէին որոշվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից. հաճախ նվիրատուներն իրենք էին որոշում, թե որ ծրագրերին պետք է ուղղվեին իրենց գումարները։ Կառավարության կողմից միակ օժանդակությունը Հիմնադրամին եղել է Երեւանում՝ Կառավարության շենքում, առանց վարձավճարի գրասենյակների տրամադրումը։ Այսպիսով, այն ոչ թե վերահսկման միջոց էր, այլ ոչ քաղաքական բարեգործական կազմակերպություն, որը ԼՂՀ-ին տրամադրել է 111 000 000 ԱՄՆ դոլար՝ դպրոցներ եւ հիվանդանոցներ կառուցելու, ճանապարհներ եւ գյուղեր վերակառուցելու, մշակութային միջոցառումների կազմակերպմանն օժանդակելու եւ կարիքավորներին աշխատանքի եւ կրթության հարցերով սուբսիդավորելու նպատակով։ Հավելյալ միջոցներ են տրամադրվել այլ հիմնադրամների եւ միջազգային կազմակերպությունների կողմից։ Բարեգործության եւ միջազգային ներդրումների ընդհանուր չափը ԼՂՀ-ում կազմել է, համապատասխանաբար, տարեկան 20-30 եւ 30-40 միլիոն ԱՄՆ դոլար։
163.Հայաստանի Հանրապետության կառավարության կարծիքով՝ ԼՂՀ-ն ինքնիշխան, անկախ պետություն է, որն օժտված է միջազգային իրավունքով սահմանված՝ անկախ պետության բոլոր հատկանիշներով։ Այն վերահսկողություն եւ իրավազորություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ դրա հարակից տարածքների նկատմամբ։ Այս տարածքներում կիրառվել են միայն ԼՂՀ-ի օրենքներն ու մյուս իրավական ակտերը, եւ բնական էր, որ ԼՂՀ-ն վերցրել կամ ընդունել էր Հայաստանի որոշ օրենքներ։ ԼՂՀ-ն ուներ իր դատական համակարգը, որը միանգամայն անկախ էր։ ԼՂՀ-ում անցկացվել են քաղաքական ընտրություններ, եւ այն փաստը, որ որոշ անձինք քաղաքական բարձր պաշտոններ են զբաղեցրել եւ՛ ԼՂՀ-ում, եւ՛ Հայաստանի Հանրապետությունում, բնական երեւույթ էր երկու երկրների անկախության սկզբնական շրջանում։ Հայաստանի Հանրապետության կողմից քաղաքական աջակցությունը սահմանափակվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կազմակերպվող խաղաղ կարգավորման բանակցություններին իր մասնակցությամբ՝ նպատակ ունենալով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ ԼՂՀ-ն տրամադրել է անձնագրեր իր քաղաքացիներին, որոնք քաղաքացիության հիման վրա ունեցել են քաղաքական իրավունքներ եւ քաղաքացիական պարտականություններ։ Հայաստանի Հանրապետության անձնագրեր տրվել են Լեռնային Ղարաբաղի միայն որոշ բնակիչների, որպեսզի նրանք կարողանան արտերկիր մեկնել։ ԼՂՀ-ում գործածվել են մի շարք արժույթներ, այլ ոչ միայն հայկական դրամը։
164.Կառավարությունը նաեւ պնդել է, որ միակ փաստերը, որոնք կարեւոր են իրավազորության հարցի քննության համար, 1992 թվականի մայիսի (պատճառահետեւանքային կապի հարցը) եւ 2002 թվականի ապրիլից հետո ի հայտ եկած (իրավազորության հարցը) փաստերն են։ 2002 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետությունը եւ ԼՂՀ-ն բարեկամ պետություններ են, որոնք ունեն մի շարք ընդհանրություններ, տնտեսական եւ սոցիալական սերտ կապեր, ստեղծել են ռազմական դաշինք եւ կիսում են մեկ ընդհանուր էթնիկական պատկանելություն։ Հայաստանի Հանրապետությունն ազդեցություն է ունեցել այնքանով, որ ժամանակ առ ժամանակ ֆինանսական եւ այլ աջակցություն է ցուցաբերել ԼՂՀ-ին։ Որպես լավ հարեւան եւ դաշնակից երկիր՝ այն նաեւ աջակցել է իր տարածքից Լաչինի շրջան տանող հումանիտար միջանցքի պահպանմանը։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը առանձին պետություններ էին։
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
165.Ադրբեջանի կառավարությունը համաձայնել է դիմումատուների այն պնդմանը, որ Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների, այդ թվում՝ Լաչինի շրջանի նկատմամբ։ Նրանք վկայակոչել են մի շարք միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացրած հայտարարությունները, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքական գործիչների պնդումներն այն մասին, որ հայկական ուժերը, Ղարաբաղի անջատողական ուժերի հետ միասին կռվելով, 1990-ականների սկզբին գրավել են Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Լաչինը եւ հարակից այլ տարածքներ, եւ որ այս տարածքները շարունակել են գրավված մնալ Հայաստանի կողմից, որն այդ տարածքներում զինվորներ է տեղակայել։ Վերջինի կապակցությամբ նրանք անդրադարձել են Դատարանի՝ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Harutyunyan v. Armenia] (թիվ 36549/03, ՄԻԵԴ 2007-III) եւ Զալյանը, Սարգսյանը եւ Սերոբյանն ընդդեմ Հայաստանի (վերեւում հիշատակված) գործերին։ Պատասխանող Կառավարության պնդմամբ՝ ԼՂՀ-ն անկախ պետություն էր, այլ ոչ թե ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորում, որը գոյատեւում էր հայկական զինված ուժերի եւ Հայաստանի կողմից տրամադրվող այլ օժանդակության շնորհիվ։ Նրանց պնդմամբ՝ հնարավոր չէր, որ ԼՂՀ-ի պաշտպանության ուժերը որեւէ ձեւով շարունակեին գոյատեւել առանց Հայաստանի կողմից տրամադրվող զգալի օժանդակության, որն արտահայտվել է, օրինակ, զենք եւ սարքավորումներ հատկացնելով, այնտեղ վարժանքներ անցկացնելով եւ, որ ամենակարեւորն է, գրավված տարածքներում տեղակայված զինվորների զգալի մասին, եթե ոչ փաստացի մեծամասնությանը, մշտապես սննդամթերք տրամադրելով։
166.Ադրբեջանի կառավարությունը նաեւ նշել է, որ ԼՂՀ-ն քաղաքական, տնտեսական կամ ռազմական առումներով չէր կարող գոյատեւել առանց Հայաստանի կողմից տրամադրված զգալի օժանդակության։ Նրանք, inter alia, մատնանշել են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ առկա սերտ քաղաքական կապերը, որոնցում, ընդ որում, անձի գործոնը չափազանց բարձր մակարդակի էր։ Բացի այդ, Հայաստանի տրամադրած տնտեսական աջակցությունը էական նշանակություն ուներ ԼՂՀ-ի համար։ Կառավարությունն անդրադարձել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որը, նրա պնդմամբ, պետք է դիտարկվեր որպես Լեռնային Ղարաբաղին աջակցություն տրամադրող՝ Հայաստանը ներկայացնող հիմնարկ։ Հիմնադրամը ԼՂՀ-ում նշանակալի դեր է ունեցել ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ սոցիալական տեսանկյունից։ Ենթադրաբար, այն ղեկավարվել է քաղաքական կամքով՝ մեծացնելով Լեռնային Ղարաբաղի տնտեսական կախվածությունը Հայաստանից եւ նպաստելով ԼՂՀ-ի՝ հետագայում Հայաստանին ինտեգրվելուն։ [Կառավարությունը] նաեւ անդրադարձել է Հայաստանի կողմից տրամադրված պետական վարկերին, որոնք կազմել են ԼՂՀ-ի բյուջեի նշանակալի մասը։ Ավելին, Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում բնակվող անձինք ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր։
Բ.Դատարանի գնահատականը
167.Չնայած պետության՝ իրավազորության հետ կապված իրավասությունն առաջին հերթին կրում է տարածքային բնույթ, իրավազորության հասկացությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով չի սահմանափակվում Բարձր պայմանավորվող կողմերի պետական տարածքով, եւ պետության պատասխանատվությունը կարող է ծագել իր մարմինների՝ իր տարածքից դուրս ազդեցություն ունեցող գործողությունների ու անգործության հետեւանքով։
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝
«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»:
1.Արտատարածքային իրավազորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքները
168.Դատարանը ճանաչել է Պայմանավորվող պետության արտատարածքային իրավազորությունը՝ այն դեպքերում, երբ այդ պետությունը, ռազմական գրավման հետեւանքով կամ տվյալ տարածքի կառավարության համաձայնությամբ, առաջարկությամբ կամ գիտությամբ համապատասխան տարածքի եւ տարածքից դուրս գտնվող բնակչության նկատմամբ արդյունավետ վերահսկողության միջոցով իրականացրել է հանրային այն ամբողջ իշխանությունը կամ դրա մի մասը, որը, որպես կանոն, պետք է իրականացվեր տվյալ տարածքի կառավարության կողմից: Նշված սկզբունքներն ամրագրված են մի շարք գործերում, ներառյալ՝ Իլաշկուն եւ այլք (վերեւում հիշատակված, §§ 311-319), Ալ-Սկեյնին եւ այլք (վերեւում հիշատակված, §§ 130-139) եւ Կատանը եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի [ՄՊ] [Catan and Others v. Moldova and Russia ([GC]], թիվ 43370/04, թիվ 8252/05 եւ թիվ 18454/06, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)) գործերը: Վերջին գործով վճռի համապատասխան հատվածները ներկայացված են ստորեւ.
«103.Դատարանը, 1-ին հոդվածի համաձայն, մի շարք հստակ սկզբունքներ է սահմանել իր նախադեպային իրավունքում։ Այսպիսով, ինչպես նախատեսված է այս հոդվածով, Պայմանավորվող պետության կողմից ստանձնած պարտավորությունը սահմանափակվում է իր «իրավազորության» ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար թվարկված իրավունքներն ու ազատություններն «ապահովելով» (ֆրանսերեն տեքստում՝ «reconnaître») (տե՛ս Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության [Soering v. the United Kingdom], 1989 թվականի հուլիսի 7, § 86, շարք Ա թիվ 161. Բանկովիչը եւ այլք ընդդեմ Բելգիայի եւ այլ պետությունների [ՄՊ] (որոշում) [Banković and Others v. Belgium and Others [GC] (dec.)], թիվ 52207/99, § 66, ՄԻԵԴ 2001-XII): «Իրավազորությունը», 1-ին հոդվածի իմաստով, ելակետային չափանիշ է։ Իրավազորության իրականացումն անհրաժեշտ պայման է, որպեսզի Պայմանավորվող պետությունը պատասխանատվություն կրի իրեն վերագրվող այն գործողությունների եւ անգործության համար, որոնք Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ պնդման հիմք են ծառայել (տե՛ս Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի [ՄՊ], թիվ 48787/99, § 311, ՄԻԵԴ 2004-VII. Ալ-Սկեյնին եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 55721/07, § 130, 2011 թվականի հուլիսի 7)։
104.1-ին հոդվածի համաձայն՝ պետության իրավազորությունն առաջին հերթին կրում է տարածքային բնույթ (տե՛ս Սոերինգի գործը՝ վերեւում հիշատակված, § 86. Բանկովիչի գործը՝ վերեւում հիշատակված, § 61 (եւ) § 67. Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, § 312. Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված, § 131): Համարվում է, որ իրավազորությունը սովորաբար իրականացվում է պետության ամբողջ տարածքում (Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, § 312. Ասսանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 139, ՄԻԵԴ 2004-II)։ Ի հակադրություն, Պայմանավորվող պետությունների՝ իրենց տարածքներից դուրս կատարված կամ ազդեցություն ունեցած գործողությունները միայն բացառիկ դեպքերում կարող են հանդիսանալ իրավազորության իրականացում՝ 1-ին հոդվածի իմաստով (Բանկովիչի գործը՝ վերեւում հիշատակված, § 67. Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված, § 131)։
105.Մինչ օրս Դատարանը ճանաչել է մի շարք բացառիկ հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել Պայմանավորվող պետության կողմից իր տարածքային սահմաններից դուրս իրավազորության իրականացմանը։ Յուրաքանչյուր առանձին դեպքում այն հարցը, թե արդյոք առկա են այն բացառիկ հանգամանքները, որոնք պահանջում եւ արդարացնում են Դատարանի եզրահանգումն առ այն, որ պետությունն իրականացրել է արտատարածքային իրավազորություն, պետք է որոշել՝ հաշվի առնելով կոնկրետ փաստերը (Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված, § 132)։
106.1-ին հոդվածի համաձայն՝ պետության տարածքով սահմանափակված իրավազորության սկզբունքի բացառություններից է Պայմանավորվող պետության կողմից իր պետական սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ իրականացվող արդյունավետ վերահսկողությունը, որն օրինական կամ անօրինական ռազմական գործողության հետեւանք է: Այդպիսի տարածքում Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը բխում է նման վերահսկողության փաստից՝ անկախ նրանից, թե այն իրականացվում է անմիջականորեն, Պայմանավորվող պետության զինված ուժերի կողմից, թե՝ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով (Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) [Loizidou v. Turkey (preliminary objections)], 1995 թվականի մարտի 23, § 62, շարք Ա թիվ 310. Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Cyprus v. Turkey [GC]], թիվ 25781/94, § 76, ՄԻԵԴ 2001-IV, Բանկովիչի գործը՝ վերեւում հիշատակված, § 70. Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, §§ 314-316. Լոիզիդուի գործը (ըստ էության)՝ վերեւում հիշատակված, § 52. Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված, § 138)։ Այն դեպքում, երբ տարածքի նկատմամբ նման գերակայության փաստը հաստատվում է, անհրաժեշտություն չկա որոշելու, թե արդյոք Պայմանավորվող պետությունը մանրամասն վերահսկողություն իրականացնում է ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման քաղաքականության եւ գործողությունների նկատմամբ։ Այն փաստը, որ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորումը գոյատեւում է Պայմանավորվող պետության ռազմական եւ այլ օժանդակության շնորհիվ, առաջացնում է նաեւ այդ պետության պատասխանատվությունը՝ դրա քաղաքականության եւ գործողությունների համար։ Վերահսկողություն իրականացնող պետությունը, 1-ին հոդվածի համաձայն, կրում է Կոնվենցիայով եւ իր կողմից վավերացված լրացուցիչ Արձանագրություններով սահմանված նյութական բոլոր իրավունքներն իր կողմից վերահսկվող տարածքում ապահովելու պատասխանատվությունը։ Այն պատասխանատվություն կկրի այդ իրավունքների ցանկացած խախտման համար (տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը՝ վերեւում հիշատակված, §§ 76-77. Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված,§ 138)։
107.Պայմանավորվող պետության կողմից իր սահմաններից դուրս գտնվող տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության իրականացման հարցը փաստի հարց է: Արդյունավետ վերահսկողության առկայությունը որոշելիս Դատարանը հիմնականում հաշվի է առնում այդ տարածքում պետության ռազմական ներկայության աստիճանը (տե՛ս Լոիզիդուի գործը (ըստ էության)՝ վերեւում հիշատակված, § 16 եւ § 56. Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, § 387)։ Կարեւոր կարող են լինել նաեւ այլ ցուցիչներ, ինչպիսիք են, օրինակ, այն, թե ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորմանը պետության կողմից տրամադրվող ռազմական, տնտեսական եւ քաղաքական աջակցությունը որքանով է ապահովում տարածաշրջանի նկատմամբ այդ պետության ազդեցությունն ու վերահսկողությունը (տե՛ս Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, §§ 388-394. Ալ-Սկեյնիի գործը՝ վերեւում հիշատակված, § 139)։
...
115....Ինչպես երեւում է Դատարանի նախադեպային իրավունքի՝ արդեն իսկ ներկայացված ամփոփ նկարագրից, Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված «իրավազորության» առկայությունը հաստատելու նպատակով կատարվող վերլուծությունը երբեք չի նույնացվել միջազգային իրավունքով նախատեսված միջազգային ոչ իրավաչափ արարքի համար պետության պատասխանատվությունը հաստատելու համար կատարվող վերլուծությանը»։
2.Այս սկզբունքների կիրառումը գործի փաստերի նկատմամբ
169.Նախ, Դատարանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածքներում տիրող իրավիճակը չի կարող դիտարկվել որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների կողմից տարածքից դուրս գտնվող անհատների նկատմամբ իշխանության եւ վերահսկողության իրականացում, ինչպես պնդել են դիմումատուները։ Փոխարենը, գործի փաստերի վերաբերյալ անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը նշված տարածքների նկատմամբ իրականացրել է եւ շարունակում է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, եւ, որպես հետեւանք, կարող է պատասխանատվություն կրել ենթադրյալ խախտումների համար։ Ինչպես նշվել է Դատարանի կողմից Կատանը եւ այլք (վերեւում հիշատակված, § 107) գործով, այս գնահատականն առավելապես կախված կլինի ռազմական ներգրավվածությունից, սակայն այլ ցուցիչներ, ինչպիսիք են՝ տնտեսական եւ քաղաքական աջակցությունը, նույնպես կարող են էական լինել։
170.Չնայած դիմումատուները բնակվել են Լաչինի շրջանում, իրավազորության հարցը չի վերաբերում միայն այդ տարածքին։ Իրականում Լաչինը նշված տարածքների մասերից մեկն է, որը տեղակայված է Ադրբեջանի հետ շփման գծից ամենամեծ հեռավորության վրա։ Այս շրջանը արեւելքից պաշտպանված է Լեռնային Ղարաբաղով, հյուսիսից եւ հարավից՝ Քելբաջարի, ինչպես նաեւ Կուբաթլուի եւ Ջաբրայիլի շրջաններով, իսկ արեւմուտքից՝ Հայաստանով։ Տվյալ դեպքում Հայաստանի իրավազորության հարցը պարզելու համար անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք այն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների՝ որպես մեկ ամբողջության նկատմամբ։
171.Ավելին, չնայած ենթադրյալ խախտման համար պատասխանատվությունը չի կարող դրվել Հայաստանի վրա այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել մինչեւ 2002 թվականի ապրիլի 26-ը՝ Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացման ամսաթիվը, ավելի վաղ տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստերը կարող են, այնուամենայնիվ, հաշվի առնվել՝ որպես այդ ամսաթվից հետո պահպանվող տեւական իրավիճակի նշաններ։
ա)Ռազմական ներգրավվածությունը
172.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լայնամասշտաբ պատերազմի է վերածվել 1992 թվականին, սակայն սկսվել է դեռեւս մի քանի տարի առաջ՝ ուղեկցվելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին երկու կողմերից հնչող կոչերով։ Ուշագրավ է այն, որ 1989 թվականի դեկտեմբերին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդն ընդունեցին համատեղ որոշում՝ երկու սուբյեկտների «վերամիավորման» մասին, իսկ 1990 թվականի հունվարին ձեւավորվեց միասնական բյուջե։ Ակնհայտ է, որ հակամարտության սկզբից Հայկական ԽՍՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը լիովին սատարել են Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու, կամ, որպես այլընտրանք, Ադրբեջանից անկախ լինելու պահանջները։
173.Դատարանին հասանելի նյութերով՝ 1992 թվականի սկզբին՝ պատերազմի սկզբից մինչեւ 1994 թվականի մայիսի հրադադարն ընկած ժամանակահատվածում, Լեռնային Ղարաբաղը եւ հարակից յոթ շրջանները գրաված եւ այնտեղ վերահսկողություն հաստատած զինված ուժերի կազմի մասին անհերքելի ապացույցներ չեն ապահովվել (ինչը եւ հնարավոր չէր ակնկալել)։ Օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականին ընդունված բանաձեւերով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարված իրավիճակի վերաբերյալ լուրջ մտահոգություն արտահայտելու հետ մեկտեղ, անդրադարձ է կատարվել «տեղի հայկական զորքերի» կողմից ներխուժմանն ու գրավմանը, եւ Հայաստանին կոչ է արվել ազդել «Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի» վրա (տե՛ս վերեւում՝ 59-րդ պարբերությունը)։ Այնուամենայնիվ, Հյուման Րայթս Ուոտչ կազմակերպության զեկույցով (60-րդ պարբերություն) հաստատվում է այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներգրավվածությունը։ Բացի դրանից, 1992-1993 թվականներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար պրն Վազգեն Մանուկյանն ընդունել է, որ իրադրությունն, իսկապես, այդպիսին է եղել (62-րդ պարբերություն)։
174.Ավելին, ըստ Դատարանի՝ դժվար է պատկերացնել, որ 150 000-ից պակաս ծագումով հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կարողացել է առանց Հայաստանի կողմից տրամադրվող զգալի ռազմական աջակցության 1992 թվականի սկզբին ստեղծել պաշտպանական ուժեր, որոնք, դիմակայելով մոտ յոթ միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանին, ոչ միայն վերահսկողություն են հաստատել նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ, այլ նաեւ մինչեւ 1993 թվականի վերջը գրավել են ադրբեջանական հարակից յոթ շրջաններն ամբողջությամբ կամ դրանց մեծ մասը։
175.Ամեն դեպքում, Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ռազմական ներգրավվածությունը որոշ առումներով պաշտոնական ձեւակերպում է ստացել 1994 թվականի հունիսին՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջեւ ռազմական համագործակցության մասին» համաձայնագրով (տե՛ս վերեւում՝ 74-րդ պարբերությունը)։ Բացի կողմերի հետագա համագործակցության ռազմական խնդիրները սահմանելուց, համաձայնագիրը մասնավորապես նախատեսում է, որ Հայաստանի զինապարտները կարող են իրենց զինվորական ծառայությունն անցնել ԼՂՀ-ում, եւ հակառակը։
176.Ավելի ուշ ներկայացված զեկույցներն ու հայտարարությունները հաստատում են հակամարտության մեջ հայկական ուժերի մասնակցությունը։ Օրինակ, 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված «փաթեթային» եւ «քայլ առ քայլ» մոտեցման մեջ, որը թեեւ կողմերի միջեւ որեւէ համաձայնության չհանգեցրեց, նշված է, որ Հայաստանի զինված ուժերը պետք է նահանջեն դեպի Հայաստանի Հանրապետության սահմաններ (տե՛ս վերեւում՝ 61-րդ պարբերությունը)։ Նմանատիպ պահանջներ են ներկայացրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ 2008 թվականի մարտին (67-րդ պարբերություն), եւ Եվրոպական պառլամենտը՝ 2012 թվականի ապրիլին (70-րդ պարբերություն)։ 2005 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, անդրադառնալով հայկական ուժերի կողմից «Ադրբեջանի տարածքի զգալի հատվածի» գրավմանը, հաստատել է, որ տարածաշրջանի անկախացումն ու երկրի կազմից դուրս գալը չեն կարող տեղի ունենալ «այդ տարածաշրջանի՝ մեկ այլ երկրին de facto միանալու» արդյունքում (64-րդ պարբերություն)։ ՄՃԽ 2005 թվականի սեպտեմբերի զեկույցում, որի համար հիմք են ծառայել հայ զինվորների եւ պաշտոնյաների հայտարարությունները, եզրակացություն է արվել այն մասին, որ «Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ուժերի միջեւ առկա է ինտեգրվածության բարձր մակարդակ» (65-րդ պարբերություն)։ Հայ զինվորների՝ ԼՂՀ-ում զինվորական ծառայություն անցնելու մասին վկայող նշանները հասանելի են այս եւ այլ դատարաններում քննվող գործերի շրջանակներում (76-րդ եւ 77-րդ պարբերություններ)։
177.Ինչպես Դատարանը նշել է Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետության ([ՄՊ], թիվ 39630/09, § 163, ՄԻԵԴ 2012) [El-Masri v. the Former Yugoslav Republic of Macedonia ([GC], no. 39630/09, § 163, ECHR 2012)] գործով, այն, ընդհանուր առմամբ, զգուշությամբ կվերաբերի նախարարների կամ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հայտարարություններին, քանի որ նրանք կարող են միտում ունենալ պաշտպանելու այն կառավարությանը, որը նրանք ներկայացնում են կամ ներկայացրել են։ Այնուամենայնիվ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց, եւ նույնիսկ նախկին այն նախարարների ու պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք առանցքային դեր են ունեցել տվյալ հակամարտության մեջ, մասնավորապես, ապացուցողական ուժ ունեն այն դեպքում, երբ նրանք խոստովանում են այնպիսի փաստեր կամ արարքներ, որոնք իշխանություններին ներկայացնում են ոչ շահեկան լույսի ներքո։ Այդ դեպքում դրանք կարող են դիտվել որպես խոստովանություն (տե՛ս այս համատեքստում, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Արդարադատության միջազգային դատարանի՝ Ռազմական եւ ռազմականացված գործողությունները Նիկարագուայում եւ Նիկարագուայի դեմ (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների [Nicaragua v. United States of America]), ըստ էության, ԱՄԴ զեկույցներ 1986, էջ 14, § 64) գործով վճիռը։
178.Համապատասխանաբար, հատկանշական են Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք հակասում են պետական այն դիրքորոշմանը, որի համաձայն ԼՂՀ-ում կամ հարակից տարածքներում Հայաստանի զինված ուժեր տեղակայված չեն եղել։ Պաշտպանության նախկին նախարարի՝ պարոն Մանուկյանի հայտարարությունն արդեն հիշատակվել է (տե՛ս վերեւում՝ 62-րդ պարբերությունը)։ Առավել մեծ կարեւորություն ունի 2013 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարարության ղեկավարության առջեւ տեղի ունեցած ելույթը, որի ժամանակ նա հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի պատերազմում «մեր բանակի» կողմից տարած հաղթանակի օրինական ճանաչմանը հասնելն է (72-րդ պարբերություն)։ Կարեւոր է նաեւ նշելը, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, վկայակոչելով 1994 թվականին կնքված ռազմական համագործակցության համաձայնագիրը, այս գործի քննության ժամանակ հաստատել է, որ հայկական բանակը եւ ԼՂՀ պաշտպանության ուժերը համագործակցում են պաշտպանական միության շրջանակներում։
179.Թեեւ պատերազմի ընթացքում ծառայություն անցած պրն Ժիրայր Սեֆիլյանը, իբրեւ ականավոր քաղաքական գործիչ եւ նախկին զորահրամանատար, չէր կարող համարվել Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Դատարանը քննության է առել նրա՝ 2008 թվականի հոկտեմբերին մի հարցազրույցի ժամանակ կատարած հետեւյալ հայտարարությունը՝ «Ամբողջ աշխարհն է տեղյակ այն մասին, որ ԼՂՀ-ի բանակը Հայաստանի զինված ուժերի մի մասն է կազմում» (68-րդ պարբերություն)։
Միեւնույն ժամանակ, Դատարանը նշում է, որ դոկտոր Բուկուր-Մարկուի եզրակացությունը (73-րդ պարբերություն) տրվել է պատասխանող Կառավարության հանձնարարությամբ եւ, հետեւաբար, նման հանգամանքներում դրան պետք է զգուշությամբ վերաբերվել։
180.ԼՂՀ-ում զինվորական ծառայություն անցնող հայ զինվորների թիվը վիճարկվում է. պատասխանող Կառավարությունը հայտնել է, որ զինվորների թիվը չի գերազանցում 1 500-ը, մինչդեռ դիմումատուները հիմք են ընդունում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (ՌՀՄԻ) եւ ՄՃԽ՝ 2002-2005 թվականների տվյալները, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղում տեղակայված է 8 000 կամ 10 000 հայ զինվոր (տե՛ս վերեւում՝ 63-րդ եւ 65-րդ պարբերությունները)։ Դատարանն այս հարցին լուծում տալու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ, հիմնվելով արդեն իսկ ներկայացված բազմաթիվ զեկույցների եւ հայտարարությունների վրա, Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ռազմական ներկայության եւ ռազմական տեխնիկայով ու փորձառությամբ օժանդակելու միջոցով, նշանակալի ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ դրա վաղ շրջանից։ Ռազմական այս օժանդակությունը եղել է եւ շարունակում է որոշիչ լինել վեճի առարկա հանդիսացող տարածքների նվաճման եւ դրանց նկատմամբ շարունակական վերահսկողություն պահպանելու համար, եւ ապացույցներն ու հատկապես ռազմական համագործակցության մասին 1994 թվականի համաձայնագիրը հստակ վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը սերտորեն ինտեգրված են։
բ)Այլ օժանդակություն
181.Երկու սուբյեկտների ինտեգրվածությունն արտացոլվել է նաեւ այն քաղաքական գործիչների թվով, որոնք Հայաստանում ստանձնել են բարձր պաշտոններ՝ ԼՂՀ-ում նույնանման պաշտոններում պաշտոնավարելուց հետո (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերությունը)։ Հայաստանի կողմից ԼՂՀ-ին տրամադրված ընդհանուր քաղաքական օժանդակությունն ակնհայտ է դառնում նաեւ Հայաստանի ռազմական ներգրավվածության վերաբերյալ վերը նշված հայտարարությունների միջոցով։
182.Հայաստանի Հանրապետության կառավարության պնդմամբ՝ ԼՂՀ-ն ունի իր օրենսդրությունն ու իր անկախ քաղաքական եւ դատական մարմինները։ Այնուամենայնիվ, ԼՂՀ-ի քաղաքական կախվածությունը Հայաստանի Հանրապետությունից ակնհայտ է դառնում ոչ միայն ականավոր քաղաքական գործիչների նշված փոխանակումից, այլ նաեւ այն փաստից, որ ԼՂՀ-ի բնակիչները ձեռք են բերում Հայաստանի Հանրապետության անձնագրեր՝ արտերկիր մեկնելու համար, քանի որ ԼՂՀ-ն ճանաչված չէ որեւէ պետության կամ միջազգային կազմակերպության կողմից (տե՛ս վերեւում՝ 83-րդ պարբերությունը)։ Ինչ վերաբերում է օրենսդրությանը եւ դատական իշխանությանը, այս դեպքում նույնպես կան ապացույցներ ինտեգրվածության մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է, որ ԼՂՀ-ի որոշ օրենքների համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ որ ամենակարեւորն է, Դատարանի՝ Զալյանը, Սարգսյանը եւ Սերոբյանն ընդդեմ Հայաստանի (76-րդ պարբերություն) գործի փաստերը ոչ միայն վկայում են Լեռնային Ղարաբաղում հայկական զորքերի ներկայության, այլ նաեւ այդ տարածքում իրավապահ մարմինների ներկայացուցիչների գործունեության եւ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից իրավազորություն իրականացնելու մասին։ Նմանատիպ փաստեր առկա են նաեւ պրն Գրիգորյանի գործում (77-րդ պարբերություն)։
183.Վերջապես, ԼՂՀ-ին Հայաստանի կողմից կամ դրա միջոցով հատկացված ֆինանսական օժանդակությունը զգալի է։ ՄՃԽ-ն հաղորդել է, որ 2005 թվականին ԼՂՀ-ի բյուջեի ծախսերի միայն 26,7 տոկոսն է մարվել պետության տարածքում ստացված եկամուտների միջոցով։ Հայաստանի Հանրապետությունը 2004 եւ 2005 թվականներին, «միջպետական վարկի» տեսքով, ԼՂՀ-ին է տրամադրել բավականին մեծ գումարներ՝ 51 000 000 ԱՄՆ դոլար ընդհանուր չափով։ ՄՃԽ պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն՝ 2001 թվականին վարկը կազմել է ԼՂՀ-ի բյուջեի 67,3%-ը, իսկ 2004 թվականին՝ 56,9%-ը։ Մինչդեռ 1993 թվականից ի վեր՝ 2005 թվականի դրությամբ վարկի ոչ մի մաս չի մարվել (տե՛ս վերեւում՝ 80-րդ եւ 81-րդ պարբերությունները)։
184.Աջակցություն է տրամադրվել նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, որը Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալների համաձայն՝ 1995 թվականից 2012 թվականն ընկած ժամանակահատվածում 111 000 000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ է կատարել ԼՂՀ-ի ծրագրերում։ Չնայած հիմնադրամը ոչ պետական հաստատություն է եւ դրա դրամական միջոցներն ապահովվում են անհատների կողմից կատարված նվիրատվությունների միջոցով, կարեւոր է նշել, որ այն հիմնադրվել է Նախագահի հրամանագրով։ Ավելին, Հայաստանի Հանրապետության նախագահն ex officio Հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ Խորհրդի կազմում ընդգրկված են Հայաստանի եւ ԼՂՀ-ի ներկայիս եւ նախկին մի քանի նախագահներ ու նախարարներ, ինչպես նաեւ Հայաստանի այլ ականավոր պաշտոնյաներ։ Չնայած այս անդամները մեծամասնություն չեն կազմում, Խորհրդի կազմից պարզ է դառնում, որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները ԼՂՀ-ում իրենց գործընկերների հետ մեկտեղ կարող են մեծապես ազդել հիմնադրամի գործողությունների վրա։
185.ԼՂՀ-ն, իսկապես, զգալի ֆինանսական աջակցություն է ստանում նաեւ այլ աղբյուրներից, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունից եւ հայկական սփյուռքի կողմից կատարվող ուղղակի ներդրումներից։ Այնուամենայնիվ, վերոնշյալ ցուցանիշները վկայում են այն մասին, որ ԼՂՀ-ն չէր կարող տնտեսապես պահպանել իր գոյությունը՝ առանց Հայաստանի կողմից տրամադրվող զգալի օժանդակության։
գ)Եզրակացություն
186.Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից նշանակալի եւ վճռորոշ ազդեցություն է ունեցել ԼՂՀ-ի վրա, ինչպես նաեւ այն մասին, որ երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված են գրեթե բոլոր կարեւոր հարցերում, եւ որ այս իրավիճակը շարունակվում է մինչ օրս։ Այլ կերպ ասած, ԼՂՀ-ն եւ դրա վարչակազմը պահպանում են իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների, այդ թվում՝ Լաչինի շրջանի նկատմամբ։ Հետեւաբար, ներկայացված պահանջները, Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով, գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո։
187.Այսպիսով, Կառավարության՝ Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների նկատմամբ իրավազորության հետ կապված առարկությունը մերժվում է։
V.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
188.Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ իրենց գույքի նկատմամբ վերահսկողության, ինչպես նաեւ այն օգտագործելու, վաճառելու, կտակելու, գրավ դնելու, ընդարձակելու եւ դրանից օգտվելու անկարողությունը հանդիսանում է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շարունակական խախտում, որի համաձայն՝
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից ՝ բացառությամբ ի շահ հանրության եւ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքը, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»։
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
189.Դիմումատուները պնդել են, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրենց իրավունքները խախտվել են՝ Հայաստանի Հանրապետության կողմից պետական իշխանություն իրականացնելու անմիջական հետեւանքով։ Նրանք անհանգստություն են հայտնել, որ իրենց գույքը կարող է ավերված կամ գողացված լինել անմիջապես այն բանից հետո, երբ նրանք հարկադրաբար լքել են Լաչինի շրջանը։ Այնուամենայնիվ, նրանց բողոքը վերաբերել է իրենց ամբողջ գույքի՝ ներառյալ Լաչինում մնացած հողատարածքների նկատմամբ միջամտությանը, որոնց նկատմամբ իրենք դեռեւս ունեին սեփականության եւ դրանցից օգտվելու իրավունք։ Դիմումատուները պնդել են, որ իրենց շարունակաբար թույլ չեն տվել օգտվել իրենց գույքից, ինչը որեւէ կերպ չի կարող համարվել օրենքով նախատեսված միջամտություն։ Ավելին, Լաչինը գրավելու նպատակից անկախ՝ դիմումատուներին իրենց գույքից ամբողջությամբ զրկելն ու առանց հատուցում վճարելու այդ գույքի հնարավոր ոչնչացումը, չեն կարող համարվել համաչափ՝ հետապնդվող նպատակին հասնելու համար։ Դիմումատուները իրենց սեփականությանը կամ գրավված տարածքում որեւէ այլ վայր մոտ ապագայում վերադառնալու թույլտվություն ստանալու որեւիցե հեռանկար չէին տեսնում։
2.Պատասխանող կառավարությունը
190.Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ դիմումատուներին չի արգելվել մտնել Լաչին քաղաք կամ հարակից գյուղեր. իրականում նրանք երբեք չեն փորձել մտնել այդ տարածքներ ենթադրյալ փախուստից հետո եւ չեն դիմել Հայաստանի կամ ԼՂՀ-ի իշխանություններին՝ իրենց իրավունքների պաշտպանության կամ դրանք վերականգնելու համար։ Ինչպես արդեն նշվել է իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման խնդրի առնչությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կազմակերպված բանակցությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից հայտնած դիրքորոշմամբ, համաձայն որի տեղահանման ենթարկված անձանց վերադարձի հարցը կարող է քննարկվել միայն այն ժամանակ, երբ վերջնական համաձայնություն ձեռք կբերվի ԼՂՀ-ի կարգավիճակի վերաբերյալ, անդրադարձ է կատարվել տեղահանման ենթարկված անձանց՝ որպես մեկ խմբի եւ հաշվի չեն առնվել այն անձինք, ովքեր ԼՂՀ կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու համար, օրինական հիմք ունենալու դեպքում, կարող էին մուտքի արտոնագիր ստանալ։ ԼՂՀ մեկնելը վտանգավոր չէր, քանի որ միակ բաց անցակետը՝ Երեւանից Ստեփանակերտ տանող ճանապարհը, գտնվում է շփման գծից հեռու։ Կառավարությունը նաեւ պնդել է, որ Լաչինի, ինչպես նաեւ Շուշիի (Շուշայի) գրավումն Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների, եւ հատկապես Ստեփանակերտի վրա կատարված ռազմական հարձակումների դեմ ինքնապաշտպանական բնույթի օրինական գործողություն էր: Անհրաժեշտ էր դեպի Հայաստան տանող «հումանիտար միջանցք» ստեղծել, քանի որ Լեռնային Ղարաբաղում շատերը զոհվում էին եւ գտնվում սովամահ լինելու վտանգի մեջ: Կրկին նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում դիմումատուների կողմից ներկայացված գործողությունների համար, [Կառավարությունը] պնդել է, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
191.Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը նշել է, որ դիմումատուները քննարկվող գրավված տարածքներից չեն արտաքսվել որեւէ իրավական ակտի ուժով, այլ նրանք ստիպված են եղել փախչել՝ հայկական ռազմական ուժերի կողմից իրականացվող գործողությունների պատճառով: Նրանք ֆիզիկապես չէին կարող մուտք գործել գրավված տարածքներ եւ օգտվել իրենց գույքից՝ շփման գծում տեղակայված հայկական զորքերի եւ դրված ականների պատճառով, մինչդեռ միեւնույն ժամանակ հայերի համար նպաստավոր պայմաններ էին ստեղծվում՝ այդ տարածքներում հաստատվելու համար: Այս իրադրությունն այնուհետեւ արտացոլվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից կազմակերպվող բանակցությունների ժամանակ վերադարձի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ։ Ենթադրաբար, ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորմանը Հայաստանի կողմից տրամադրվող օգնությունը տարիների ընթացքում ոչ թե պակասել է, այլ ավելի է ընդլայնվել։ Ադրբեջանի Հանրապետության կառավարությունը, հետեւաբար, պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունն է պատասխանատու դիմումատուների՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված իրավունքների շարունակական խախտման համար:
Բ.Դատարանի գնահատականը
192.Դատարանը նախեւառաջ անդրադառնում է իր վերոնշյալ այն եզրահանգմանը (տե՛ս 149-րդ պարբերությունը), որ չնայած հայտնի չէ, թե արդյոք դիմումատուների բնակելի տները դեռեւս կանգուն են, նրանք բոլորը դեռեւս իրավունքներ ունեն իրենց հողակտորների նկատմամբ, որոնք Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով հանդիսանում են «գույք»: Հաշվի առնելով, որ վիճարկվող հարցերը գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո (տե՛ս 186-րդ պարբերությունը)՝ քննության պետք է առնել այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատասխանատու է դիմումատուների՝ իրենց գույքի նկատմամբ ունեցած իրավունքների խախտման համար:
193.Դիմումատուները հարկադրված են եղել լքել Լաչինը, երբ 1992 թվականի մայիսին շրջանը ենթարկվել է ռազմական հարձակման: Այնուամենայնիվ, Դատարանի խնդիրը տեղի ունեցածը որպես այդպիսին քննության ենթարկելը չէ, այլ պարզելը, թե արդյոք դիմումատուներին՝ 2002 թվականի ապրիլի 26-ից՝ Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո, չի թույլատրվել օգտվել իրենց գույքից, եւ արդյոք դրա հետեւանքով նրանց իրավունքները շարունակաբար խախտվել են: Ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները կարող են վկայել այդպիսի տեւական իրավիճակի մասին:
194.Ինչպես արդեն նշվել է (տե՛ս 119-121-րդ պարբերությունները), ո՛չ Հայաստանի Հանրապետությունում, ո՛չ էլ ԼՂՀ-ում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ գոյություն չեն ունեցել։ Հետեւաբար, դիմումատուներին հասանելի չի եղել որեւէ իրավական միջոց, որը նրանց թույլ կտար կորցրած գույքի համար հատուցում ստանալ, եւ որ ամենակարեւորն է այս համատեքստում, հնարավորություն կտար վերադառնալ այն վայրեր, որտեղ նրանք բնակվել են, եւ, հետեւաբար, վերադարձնել իրենց թողած գույքն ու տները։ Դիմումատուներին՝ իրենց գույքը շարունակաբար հասանելի չլինելու մասին վկայում է նաեւ պատասխանող Կառավարության՝ թեեւ չհիմնավորված պնդումն առ այն, որ դիմումատուների, եւ, ըստ երեւույթին, տեղահանման ենթարկված այլ անձանց պատկանող գույքը ԼՂՀ-ի վարչակազմի կողմից տրամադրվել է այլ անձանց, ովքեր գրանցված են եղել հողային կադաստրում։
195.Ավելին, հրադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց նույնիսկ քսան տարի անց, հակամարտության ժամանակ տեղահանման ենթարկված բնակիչները չեն կարողացել վերադառնալ Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ։ Դատարանն այս կապակցությամբ վկայակոչում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի եւ Եվրոպական պառլամենտի կողմից ընդունված բանաձեւերը (տե՛ս վերեւում՝ 67-րդ եւ 69-րդ պարբերությունները)։ Դատարանի կարծիքով իրատեսական, եւ առավել եւս հնարավոր չէ, որ ադրբեջանցիները գործնականում վերադառնան այդ տարածքներ՝ այն հանգամանքներում, որոնք գոյություն են ունեցել այդ ժամանակաշրջանում եւ որոնք ներառում են այդ տարածքում հայկական եւ Հայաստանի Հանրապետության կողմից օժանդակություն ստացող զորքերի տեւական ներկայություն, շփման գծում հրադադարի խախտումներ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված թշնամական հարաբերություններ եւ հարցին քաղաքական լուծում տալու հեռանկարի բացակայություն։
196.Հետեւաբար, խախտվել են դիմումատուների՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքները, քանի որ նրանց շարունակաբար հասանելի չի եղել իրենց գույքը, ինչի արդյունքում նրանք կորցրել են դրա նկատմամբ վերահսկողությունն ու այն օգտագործելու եւ դրանից օգտվելու հնարավորությունը (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի՝ վերեւում հիշատակված, § 63)։ Սա հանգեցրել է նրանց՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի խախտման։
197.Հայաստանի Հանրապետության կառավարությունը պնդել է, որ Լաչինի գրավումը եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի ստեղծումն ինքնապաշտպանական օրինական քայլեր էին։ Դատարանը հաշվի է առնում պնդումներն այն մասին, որ Լաչինի շրջանը ռազմական եւ ռազմավարական տեսանկյունից մեծ կարեւորություն ուներ, եւ առկա էր Լեռնային Ղարաբաղ սննդամթերք, դեղորայք եւ այլ պարագաներ տեղափոխելու անհրաժեշտություն։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե արդյոք այս հանգամանքները կարող են արդարացում հանդիսանալ տեղի բնակիչների անհատական իրավունքները խախտելու համար, 1992 թվականի մայիսին Լաչինի գրավումն ուղղակիորեն կապված չէ ուսումնասիրվող հարցի հետ, որն է՝ արդյոք այն, որ դիմումատուները չեն կարողացել վերադառնալ եւ շարունակաբար զրկվել են իրենց գույքից օգտվելու հնարավորությունից, կարող է արդարացվել։
198.Դատարանը նաեւ չի գտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ տեղահանման ենթարկված անձանց հարցին վերաբերող ընթացիկ բանակցությունները կարող են իրավական տեսանկյունից արդարացնել դիմումատուների իրավունքների իրականացման հարցում միջամտությունը։ Այս բանակցությունները չեն ազատում Կառավարությանը այլ միջոցներ ձեռնարկելու պարտավորությունից, հատկապես այն դեպքում, երբ բանակցությունները ձգձգվել են այսքան տեւական ժամանակ (տե՛ս, mutatis mutandis, Լոիզիդուի գործը՝ վերեւում հիշատակված, § 64. Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը՝ վերեւում հիշատակված, § 188)։ Այս կապակցությամբ Դատարանն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ «Փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց գույքային հարցերի լուծման մասին» թիվ 1708 բանաձեւին (2010 թվական), որը, հիմնվելով համապատասխան միջազգային չափանիշների վրա, կոչ է անում անդամ պետություններին «երաշխավորել փախստականների եւ ներքին տեղահանման ենթարկված անձանց կողմից լքված տուն, հող եւ գույքին մուտք ունենալու հնարավորության եւ դրանց նկատմամբ իրավունքների կորստի համար ժամանակին եւ արդյունավետ փոխհատուցում՝ անկախ զինված հակամարտությունների կարգավորմանը կամ որոշակի տարածքի կարգավիճակին վերաբերող չավարտված բանակցությունների ընթացքից» (տե՛ս վերեւում՝ 100-րդ պարբերությունը)։
199.Ցուցումներն այն մասին, թե պատասխանող Կառավարությունը դիմումատուների գույքային իրավունքները պաշտպանելու համար ինչ միջոցներ կարող է եւ պետք է ձեռնարկի, կարող են բխել համապատասխան միջազգային չափանիշներից՝ մասնավորապես ՄԱԿ-ի Պինեյրոյի սկզբունքներից (տե՛ս վերեւում՝ 98-րդ պարբերությունը) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի վերոնշյալ Բանաձեւից։ Այս փուլում եւ մինչեւ խաղաղության համապարփակ համաձայնագրի ընդունումը, հատկապես կարեւոր նշանակություն կունենար գույքը հետ պահանջելու մեխանիզմի մշակումը, որը պետք է հեշտությամբ հասանելի լինի եւ ապահովի ապացուցման ճկուն չափանիշների վրա հիմնված ընթացակարգեր՝ թույլ տալով դիմումատուներին եւ նույն իրավիճակում հայտնված ցանկացած այլ անձանց վերականգնել սեփականության իրենց իրավունքները եւ հատուցում ստանալ՝ [գույքից] օգտվելու իրենց իրավունքի կորստի դիմաց։
200.Դատարանը միանգամայն գիտակցում է, որ պատասխանող Կառավարությունը պետք է աջակցություն տրամադրեր հարյուր հազարավոր հայ փախստականներին եւ ներքին տեղահանման ենթարկված անձանց։ Այնուամենայնիվ, չնայած այսպիսի մեծ թվով մարդկանց ապահովելու համար անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ, միայն այս խմբին պաշտպանելը չի ազատում Կառավարությանը՝ Ադրբեջանի քաղաքացիների մեկ այլ խմբի հանդեպ ունեցած պարտավորություններից՝ ինչպես, օրինակ, դիմումատուներն են, ովքեր հակամարտության ժամանակ ստիպված են եղել փախուստի դիմել: Այս կապակցությամբ հիշատակվում է Պինեյրոյի վերոնշյալ սկզբունքների 3-րդ հոդվածով սահմանված՝ խտրականության բացառման սկզբունքը։ Եվ վերջապես, Դատարանը նշում է, որ քննարկվող իրավիճակն այլեւս արտակարգ իրավիճակ չէ, սակայն այն շարունակվում է բավականին երկար ժամանակ։
201.Ի վերջո, ինչ վերաբերում է ուսումնասիրվող՝ 2002 թվականի ապրիլի 26-ից հետո ընկած ժամանակահատվածին, որեւէ նպատակ չի նշվել, որը կարող էր արդարացնել դիմումատուներին իրենց գույքից օգտվելու հնարավորությունից զրկելը եւ այդ միջամտության դիմաց որեւէ հատուցում չտրամադրելը։ Հետեւաբար, Դատարանը գտնում է, որ խախտվել են եւ շարունակում են խախտվել դիմումատուների՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված իրավունքները, որի համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետությունը։
VI.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
202.Դիմումատուները պնդել են, որ Լաչինի շրջան վերադառնալու իրենց անկարողությունը ներառում է նաեւ տան եւ անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի՝ իրենց իրավունքի շարունակական խախտում: Նրանք վկայակոչել են 8-րդ հոդվածը, որն ունի հետեւյալ բովանդակությունը.
«1.Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի [տան] եւ նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2.Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով եւ անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաեւ անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով:»:
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
203.Դիմումատուների բողոքի հիմքում հիմնականում ընկած է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով ներկայացված բողոքի հիմքում ընկած նույն փաստարկը. նրանք պնդել են, որ Լաչինի շրջան իրենց վերադարձը թույլատրելու՝ պատասխանող Կառավարության շարունակական մերժմամբ խախտվել են նաեւ 8-րդ հոդվածով նախատեսված իրենց իրավունքները: Այս առնչությամբ նրանք հղում են կատարել Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված) գործին: Իրենց գործը տարանջատելով Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված) գործում առկա իրավիճակից՝ դիմումատուները նշել են, որ ի տարբերություն տկն Լոիզիդուի, իրենք բոլորը երկար տարիներ ապրել են Լաչինի տարածքում, տուն են հիմնել այնտեղ ու ունեցել անձնական ու ընտանեկան կյանք: Ենթադրաբար 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված որեւէ հիմնավորում չի եղել՝ նրանց իրավունքների իրականացմանը միջամտելու համար:
2.Պատասխանող Կառավարությունը
204.Հայաստանի կառավարության փաստարկները նույնպես ըստ էության համապատասխանել են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ ներկայացված փաստարկներին: Բացի դրանից, նրանք պնդել են, որ ելնելով այն հանգամանքից, որ դիմումատուներին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող բնակելի տները եւ մյուս գույքը ավերվել են 1992 թվականին, դիմումատուները չեն կարող հավակնել այդ ամսաթվից հետո տվյալ տարածքում որեւէ անձնական կամ ընտանեկան կյանք կամ տուն ունենալուն: Այս պնդումը հիմնավորելու համար Կառավարությունը զուգահեռ է անցկացրել դիմումատուների իրավիճակի եւ Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված) գործի միջեւ եւ հղում կատարել Դատարանի եզրահանգմանը (վճիռ, § 66). «8-րդ հոդվածով նախատեսված «տուն» հասկացությունը արհեստականորեն կընդլայնվեր, եթե վերջինս ընդգրկեր այն գույքը, որի վրա նախատեսվում է բնակության նպատակով տուն կառուցել: Այդ եզրույթը չի կարող մեկնաբանվել նաեւ այնպես, որ ընդգրկի պետության այն տարածքը, որտեղ անձը մեծացել է, եւ որտեղ նրա ընտանիքի արմատներն են, սակայն որտեղ նա այլեւս չի ապրում»: Ցանկացած պարագայում, Կառավարության պնդմամբ, ենթադրյալ միջամտությունը նախատեսված է եղել օրենքով եւ անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում. ԼՂՀ-ն արտաքին աշխարհի հետ կապող «մարդասիրական միջանցք» ապահովելով՝ Լաչինի շրջանի նկատմամբ վերահսկողությունը ծառայել է պետական եւ հասարակական անվտանգության, ինչպես նաեւ երկրի տնտեսական բարեկեցության շահերին:
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
205.Ադրբեջանի կառավարությունը պաշտպանել է դիմումատուների դիրքորոշումը:
Բ.Դատարանի գնահատականը
206.8-րդ հոդվածով նախատեսված` «անձնական կյանք», «ընտանեկան կյանք» եւ «տուն» հասկացությունները, ինչպես եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված «գույք» հասկացությունը, ինքնուրույն (ավտոնոմ) հասկացություններ են. դրանց պաշտպանությունը կախված չէ ներպետական օրենսդրության դասակարգումից, այլ՝ գործի փաստական հանգամանքներից: Ինչպես արդեն նշվել է (137-րդ եւ 150-րդ պարբերություններ), բոլոր դիմումատուները ծնվել են Լաչինի շրջանում: Մինչեւ 1992 թվականի մայիսին փախուստի դիմելը, նրանք իրենց ամբողջ կյանքի կամ կյանքի մեծ մասի ընթացքում ապրել եւ աշխատել են այնտեղ: Նրանք գրեթե բոլորն ամուսնացել եւ երեխաներ են ունեցել այդ շրջանում: Ավելին, նրանք իրենց ապրուստը վաստակել են այնտեղ, եւ նրանց նախնիներն ապրել են այնտեղ: Նրանք նաեւ կառուցել եւ ունեցել են բնակելի տներ, որտեղ բնակվել են: Այսպիսով պարզ է դառնում, որ դիմումատուները երկար տարիներ ապրել եւ տներ են ունեցել այդ շրջանում, եւ որ նրանց իրավիճակը տարբերվում է Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված) գործով տկն Լոիզիդուի իրավիճակից: Դիմումատուները կամավոր որեւէ այլ վայրում բնակություն չեն հաստատել, այլ որպես ներքին տեղահանման ենթարկված անձինք ստիպված են եղել ապրել Բաքվում եւ այլ վայրերում: Ելնելով գործի հանգամանքներից՝ Լաչինի շրջանից նրանց հարկադիր տեղահանումը եւ ոչ կամավոր բացակայությունը չի կարող համարվել շրջանի հետ նրանց կապը վերացնող հանգամանք՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ է անցել նրանց փախուստից հետո:
207.Նույն պատճառներով, որոնք ներկայացվել են Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի առնչությամբ, Դատարանը գտնում է, որ դիմումատուների տուն մուտք ունենալու հնարավորության մերժումը չհիմնավորված միջամտություն է նրանց անձնական եւ ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ տան նկատմամբ հարգանքի իրավունքին:
208.Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ խախտվել են եւ շարունակում են խախտվել դիմումատուների՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, եւ որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է այդ խախտման համար:
VII.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
209.Դիմումատուները պնդել են, որ իրենց բողոքների առնչությամբ իրենց հասանելի չեն եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ: Նրանք հիմնվել են 13-րդ հոդվածի վրա, որն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
210.Դիմումատուները պնդել են, որ իրավական պաշտպանության որեւէ միջոց չի տրամադրվել գրավված տարածքներից տեղահանված անձանց: Նրանք հայտնել են, որ չլինելով էթնիկ հայ, իրենց դեպքում ամբողջությամբ անօգուտ կլիներ Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ-ի իշխանություններից փոխհատուցում պահանջելը: Նրանց կարծիքով՝ իրենց բողոքների առնչությամբ տեսականորեն եւ գործնականում հասանելի իրավական պաշտպանության որեւէ միջոց գոյություն չի ունեցել: Իրավական պաշտպանության ներպետական միջոցների բացակայությունն ավելի ակնհայտ է դարձել, երբ հաշվի է առնվել այն փաստը, որ ներքին տեղահանման ենթարկված անձանց վերադարձի իրավունքի հարցը խաղաղ կարգավորման շարունակական գործընթացի կողմերի հիմնական տարաձայնություններից մեկն է եղել եւ, համապատասխանաբար, լուծում չի ստացել:
2.Պատասխանող Կառավարությունը
211.Հայաստանի կառավարությունը նշել է, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ԼՂՀ-ում դիմումատուներն իրենց տրամադրության տակ ունեցել են վարչական եւ դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, որոնցով տարբերակում չի դրվել տեղահանման ենթարկված եւ այլ կարգավիճակ ունեցող անձանց միջեւ: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ում առկա իրավական պաշտպանության միջոցներին, ապա Կառավարությունը հղում է կատարել Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված, § 98) գործով Դատարանի եզրակացություններին եւ պնդել, որ միջազգայնորեն չճանաչված սուբյեկտի իրավական պաշտպանության միջոցները պետք է սպառվեն, եթե հնարավոր չէ ապացուցել, որ դրանք գոյություն չունեն կամ անարդյունավետ են: Կառավարությունն այնուհետեւ հղում է կատարել իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման հարցի առնչությամբ ներկայացված գործերով փաստարկներին ու օրինակներին եւ պնդել, որ դիմումատուները չեն օգտվել իրավական պաշտպանության հասանելի միջոցներից եւ չեն ներկայացրել որեւէ ապացույց առ այն, որ իրավական պաշտպանության միջոցներ գոյություն չեն ունեցել կամ անարդյունավետ են եղել:
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
212.Ադրբեջանի կառավարությունը, ըստ էության, համաձայնել է դիմումատուների ներկայացրած փաստարկների հետ։ Բացի դրանից, հղում կատարելով Դողանը եւ այլք ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված, § 106) գործին՝ այն պնդել է, որ Հայաստանը ոչ միայն իրավական պաշտպանության արդյունավետ միջոց չի տրամադրել, այլեւ քննություն չի իրականացրել՝ հայտնաբերելու այն անձանց, ովքեր պատասխանատու են գույքից եւ տնից օգտվելու հնարավորությունը չընձեռելու համար:
Բ.Դատարանի գնահատականը
213.Դատարանն արդեն հայտնաբերել է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի եւ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտումներ՝ դիմումատուների՝ գույքից եւ տներից օգտվելու հնարավորությունը շարունակ մերժելու համար: Հետեւաբար, նրանց բողոքները 13-րդ հոդվածի իմաստով «հիմնավոր» են (տե՛ս, օրինակ, Դողանը եւ այլք ընդդեմ Թուրքիայի (վերեւում հիշատակված, § 163)):
214.Տվյալ բողոքը նույն կամ համանման այնպիսի տարրեր է պարունակում, որոնց արդեն անդրադարձ է կատարվել իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառմանն առնչվող առարկության համատեքստում: Դատարանը կրկին նշում է վերեւում ներկայացված իր եզրահանգումն այն մասին, որ պատասխանող Կառավարությանը չի հաջողվել ապացույցներ ներկայացնել դիմումատուների համար իրավական պաշտպանության այնպիսի միջոցների հասանելիության վերաբերյալ, որոնք Կոնվենցիայի դրույթների խախտման հիմքով ներկայացված նրանց բողոքների մասով փոխհատուցում ստանալու հնարավորություն կտային եւ կապահովեին հաջողության հասնելու ողջամիտ հեռանկարներ (տե՛ս վերեւում՝ 120-րդ պարբերությունը): Նույն պատճառներով Դատարանը գտնում է, որ Լաչինի շրջանում դիմումատուների՝ գույքից եւ տներից օգտվելու հնարավորության մերժման առնչությամբ իրավական պաշտպանության հասանելի արդյունավետ միջոց չի եղել:
215.Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ խախտվել են եւ շարունակում են խախտվել դիմումատուների՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով նախատեսված իրավունքները, եւ որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է այդ խախտման համար:
VIII.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
216.Դիմումատուները վերոնշյալ բողոքների մասով պնդել են, որ պատասխանող Կառավարությունը ցուցաբերել է խտրական վերաբերմունք իրենց նկատմամբ՝ էթնիկ եւ կրոնական պատկանելության հիմքով: Նրանք հիմնվել են 14-րդ հոդվածի վրա, որն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից եւ ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
Ա.Կողմերի փաստարկները
1.Դիմումատուները
217.Դիմումատուները պնդել են, որ եթե իրենք լինեին էթնիկ հայեր եւ քրիստոնյաներ, այլ ոչ թե Ադրբեջանի քրդեր եւ մուսուլմաններ, Հայաստանի աջակցությամբ գործող ուժերն իրենց հարկադրաբար չէին տեղահանի իրենց տներից: Նրանք հղում են կատարել պրն Դեյվիդ Ատկինսոնի զեկույցին եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւին, որոնց համաձայն «ռազմական գործողությունը եւ դրան նախորդող լայնատարած էթնիկ թշնամությունը հանգեցրել են մեծամասշտաբ էթնիկ արտաքսումների եւ մոնոէթնիկ տարածքների ստեղծման, ինչը հիշեցնում է էթնիկ զտման զարհուրելի գաղափարը» (տե՛ս վերեւում՝ 64-րդ պարբերությունը): Մյուս կողմից, դիմումատուները պնդել են, որ իրենք Հայաստանի Հանրապետության կողմից ենթարկվել են անուղղակի խտրականության, քանի որ Հայաստանի զինված ուժերի եւ Հայաստանի աջակցությամբ գործող ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված գործողություններն անհամամասնորեն ազդել են Ադրբեջանի քրդերի վրա, որոնք տարբերակելի խմբի պատկանող անհատներ էին:
2.Պատասխանող Կառավարությունը
218.Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի առնչությամբ որեւէ հարց չի առաջացել, քանի որ մյուս հոդվածները, որոնց վրա հիմնվել են դիմումատուները, չեն խախտվել: Ցանկացած պարագայում դիմումատուները չեն ենթարկվել խտրական վերաբերմունքի, քանի որ Լաչինում տեղի ունեցած ռազմական գործողությունները միայն միտված են եղել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ «մարդասիրական միջանցք» բացելուն եւ ուղղված չեն եղել շրջանի բնակիչների դեմ՝ անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից: Ավելին, Հայաստանի Հանրապետությունում կամ ԼՂՀ-ում քրդերը երբեք չեն ենթարկվել խտրականության, եւ ներկայում Հայաստանում ապրող քրդերը, որոնց թիվը մոտ 1 500 է, ակտիվորեն մասնակցում են հասարական ու քաղաքական կյանքին եւ օգտվում բոլոր իրավունքներից:
3.Ադրբեջանի կառավարությունը՝ ներգրավված երրորդ կողմ
219.Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ ԼՂՀ-ում եւ հարակից շրջաններում տեղի ունեցած ռազմական գործողությունները նպատակաուղղված են եղել մոնոէթնիկ տարածքի ստեղծմանը: Նրանք նաեւ պնդել են, որ դիմումատուների եւ ներքին տեղահանման ենթարկված այլ ադրբեջանցիների՝ իրենց տուն եւ սեփականությանը վերադառնալու համար, դեռ խոչընդոտներ են ստեղծվում, մինչդեռ տարածքում, հատկապես՝ Լաչինում, բնակություն հաստատելու համար հայերին առաջարկվում են խրախուսանքի տարատեսակ միջոցներ (այդ թվում՝ անվճար տներ, դրամական աջակցություն, անասուններ եւ հարկային արտոնություններ): Ներգրավված [երրորդ] կողմը նաեւ նշել է, որ Ադրբեջանի քրդերը տարբերվում են Հայաստանում բնակվող քրդերից, քանի որ նրանք մուսուլմաններ են, մինչդեռ Հայաստանում բնակվող քրդերը դավանում են եզդիական կրոնը:
Բ.Դատարանի գնահատականը
220.Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի եւ Կոնվենցիայի 8-րդ եւ 13-րդ հոդվածների խախտումների առկայության վերաբերյալ սույն գործով Դատարանի եզրահանգումները վերաբերում են մի ընդհանուր իրավիճակի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղից եւ հարակից տարածքներից Ադրբեջանի գրեթե բոլոր քաղաքացիների՝ ենթադրաբար մեծ մասամբ մուսուլմանների փախուստը եւ այդ տարածքներ վերադառնալու նրանց անկարողությունը: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիման վրա դիմումատուների ներկայացրած բողոքն այսպիսով, ըստ էության, կապված է մյուս բողոքների հետ: Հետեւաբար, հաշվի առնելով մյուս դրույթների մասով արձանագրված խախտումները, Դատարանը համարում է, որ 14-րդ հոդվածի մասով քննության ենթակա առանձին հարց չի ծագում (տե՛ս, օրինակ, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը՝ վերեւում հիշատակված, § 199, Քսենիդես-Արեստիսն ընդդեմ Թուրքիայի [Xenides-Arestis v. Turkey], թիվ 46347/99, § 36, 2005 թվականի դեկտեմբերի 22, Կատանը եւ այլք գործը՝ վերեւում հիշատակված, § 160)։
IX.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
221.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման [փոխհատուցման] հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
222.Դիմումատուները յուրաքանչյուրի համար պահանջել են 808 950-ից 2 093 050 ադրբեջանական (նոր) մանաթի սահմաններում նյութական վնասի փոխհատուցում, որը բոլոր վեց դիմումատուների համար կազմում է ընդհանուր 8 386 600 ադրբեջանական մանաթ: Դա համարժեք է մոտ 7 900 000 եվրոյի: Բացի դրանից, նրանք պահանջել են ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ յուրաքանչյուրի համար 50 000-ական եվրոյի չափով: Վերջապես, իրավական ծախսերը եւ ծախքերը 2013 թվականի օգոստոսի 6-ի դրությամբ կազմել են 41 703,37 ֆունտ ստեռլինգ: Դատարանի՝ 2014 թվականի հունվարի 22-ին կայացած լսումների ժամանակ դիմումատուների ներկայացուցիչները, այնուամենայնիվ, խնդրել են նշանակել փորձագետ, որը կգնահատի դիմումատուների կրած վնասը եւ եզրակացություն կտրամադրի դրա վերաբերյալ:
223.Պատասխանող Կառավարությունն առարկել է դիմումատուների բոլոր պահանջներին:
224.Դատարանը, հաշվի առնելով գործի առանձնահատուկ բնույթը, գտնում է, որ 41-րդ հոդվածի կիրառման հարցը պատրաստ չէ դրա վերաբերյալ որոշում կայացվելու համար: Համապատասխանաբար, այդ հարցի ուսումնասիրությունը պետք է հետաձգվի, եւ սահմանվի հետագա ընթացակարգ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1.ձայների՝ 14 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ, մերժում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ պատասխանող Կառավարության նախնական առարկությունները.
2.ձայների՝ 15 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ, մերժում է դիմումատուների` տուժողի կարգավիճակի վերաբերյալ պատասխանող Կառավարության նախնական առարկությունները.
3.ձայների՝ 14 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ բողոքի առարկա հանդիսացող հարցերը Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում են, եւ մերժում է իրավազորության վերաբերյալ պատասխանող Կառավարության նախնական առարկությունը.
4.ձայների՝ 15 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի շարունակական խախտում.
5.ձայների՝ 15 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շարունակական խախտում.
6.ձայների՝ 14 կողմ եւ 3 դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի շարունակական խախտում.
7.ձայների՝ 16 կողմ եւ 1 դեմ հարաբերակցությամբ, վճռում է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի առնչությամբ որեւէ առանձին հարց չի առաջանում.
8.ձայների՝ 15 կողմ եւ 2 դեմ հարաբերակցությամբ վճռում է, որ 41-րդ հոդվածի կիրառման հարցը պատրաստ չէ դրա վերաբերյալ որոշում կայացվելու համար, եւ հետեւաբար՝
ա)հետաձգում է նշված հարցը.
բ)առաջարկում է Հայաստանի կառավարությանը եւ դիմումատուներին սույն վճռի մասին ծանուցման օրվանից՝ տասներկու ամսվա ընթացքում ներկայացնել հարցի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները եւ, մասնավորապես, Դատարանին ծանուցել իրենց կողմից ձեռք բերվող ցանկացած համաձայնության մասին.
գ)հետաձգում է հետագա ընթացակարգը եւ Դատարանի նախագահին պատվիրակում է անհրաժեշտության դեպքում միեւնույնն ամրագրելու լիազորությունը:
Կատարված է անգլերենով ու ֆրանսերենով եւ հրապարակվել է դռնբաց լսման ժամանակ՝ 2015 թվականի հունիսի 16-ին՝ Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքում:
Մայքլ Օ’Բոյլ
Քարտուղարի տեղակալ
Դին Շպիլմանն
Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին եւ Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում են հետեւյալ առանձին կարծիքները՝
ա)դատավոր Մոտոկի համընկնող կարծիքը,
բ)դատավոր Զիմելեի մասամբ համընկնող, մասամբ չհամընկնող կարծիքը,
գ)դատավոր Հաջիեւի մասամբ չհամընկնող կարծիքը,
դ)դատավոր Գյուլումյանի չհամընկնող կարծիքը,
ե)դատավոր Պինտո դե Ալբուկերկեի չհամընկնող կարծիքը:
Դ. Շ.
Մ. Օ’Բ.
ԴԱՏԱՎՈՐ ՄՈՏՈԿԻ ՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Դատարանը, որին դիմում են բազմակողմանի եւ բարդ վեճի մեկ ասպեկտի վերաբերյալ որոշում կայացնելու համար՝ բացառելով մյուս ասպեկտները, անխուսափելիորեն հայտնվում է դժվար կացության մեջ: Այնուամենայնիվ, դրա որոշումը պետք է բացառապես վերաբերի վեճի առարկային, ինչպես սահմանվել է դիմումատուների կողմից: Միջազգային դատարանը չի կարող հրաժարվել գործի վերաբերյալ որոշում կայացնելուց` բարդ քաղաքական համատեքստի կամ ներկայումս ընթացող Մինսկի բանակցությունների հիմքով. non liquet («հստակ չէ» պատճառաբանությունը) չի կարող ընդունվել:
Այս վճիռը հատուկ կարեւորություն ունի՝ հաշվի առնելով համատեքստը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչպես նաեւ դրանով հարց է բարձրացվում, թե արդյոք վճռի կայացման համար ժամանակը համապատասխան է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության իրավական, պատմական եւ քաղաքական ասպեկտները ծայրահեղ բարդ են: «Ո՞րն է պատմական անցքերի պատճառը: - Իշխանությունը: Ի՞նչ է իշխանությունը: - Իշխանությունը կամքերի միակցություն է՝ փոխանցված մեկ անձի: Ի՞նչ պայմաններում են մասսաների կամքերը փոխանցվում մեկ անձի: - Այն պայմաններում, երբ մեկ անձնավորություն արտահայտում է բոլոր մարդկանց կամքը: Այսինքն՝ իշխանությունը իշխանություն է: Այսինքն՝ իշխանությունը մի բառ է, որի իմաստը հասկանալի չէ մեզ» (Լեւ Տոլստոյ, «Պատերազմ եւ խաղաղություն»):
Ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ Դատարանը կտա սպառիչ պատասխան: Համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Դատարանի վճիռները լինելու են Դատարանի էմպիրիկ մոտեցման մեկ այլ օրինակ: «Այգում նստած եմ մի փիլիսոփայի հետ: Նա անընդհատ կրկնում է. «Գիտե՛մ, որ դա ծառ է»՝ մատնացույց անելով մեզնից ոչ հեռու գտնվող ծառը: Մեզ է մոտենում մեկ այլ անձ եւ լսում է այս բոլորը, իսկ ես նրան ասում եմ. «Այս մարդը ցնորված չէ: Մենք պարզապես փիլիսոփայում ենք». սրանք հանրահայտ էմպիրիցիստ գրող Լյուդվիգ Վիտգենշտայնի խոսքերն են: Դատարանի էմպիրիստական մոտեցման սահմաններն իսկապես ակնհայտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Դատարանի երկրորդ վճռում՝ Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (գործ թիվ 40167/06) գործով:
Կփորձեմ հակիրճ պարզաբանել երեք հարց. 1) ապացուցման հարցը, 2) իրավազորության հարցը եւ 3) անջատման հարցը:
1.Ապացուցման հարցը
Իմ կարծիքով՝ այս գործում փաստահավաք առաքելության անհրաժեշտություն չկար: Վճռի պարբերությունում պարբերաբար մեջբերվում են ապացույցները, որոնք համընկնում են Արդարադատության միջազգային դատարանի կողմից պահանջվող ապացույցների հետ: Դատարանը պարբերաբար հղում է կատարել Նիկարագուայի վճռում կիրառված՝ ապացուցվածության չափանիշներին:
2.Իրավազորության հարցը
Այս գործում Հայաստանի կողմից արտատարածքային իրավազորություն իրականացնելու փաստը հաստատելու համար Դատարանը օգտագործում է «արդյունավետ վերահսկողություն» հասկացությունը եւ համարում է (տե՛ս 186-րդ պարբերությունը), որ այս իրավազորության իրականացման առանցքային տարրը կապված է այն փաստի հետ, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը «սերտորեն ինտեգրված են».
«...Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջին օրերից նշանակալի եւ վճռորոշ ազդեցություն է ունեցել ԼՂՀ-ի վրա, ... երկու սուբյեկտները սերտորեն ինտեգրված են գրեթե բոլոր կարեւոր հարցերում, եւ ... այս իրավիճակը շարունակվում է մինչ օրս: ... ԼՂՀ-ն եւ դրա վարչակազմը պահպանում են իրենց գոյությունը Հայաստանի կողմից տրամադրվող ռազմական, քաղաքական, ֆինանսական եւ այլ օժանդակության շնորհիվ, որի արդյունքում Հայաստանն արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքների, այդ թվում՝ Լաչինի շրջանի նկատմամբ»:
Դատարանը նաեւ կիրառում է խիստ կարեւոր իրավական նշանակություն ունեցող մեկ այլ հասկացություն, այն է՝ ռազմական գրավումը եւ ներկայությունը:
Դատարանի կողմից այս տարբեր իրավական հասկացությունների, մասնավորապես՝ «արդյունավետ վերահսկողություն» հասկացության կիրառման վերլուծություն կատարելուց առաջ անհրաժեշտ է որոշել, թե որ հասկացություններն են կիրառելի տվյալ գործում: Ճիշտ է, որ որպես lex specialis (հատուկ իրավունք)՝ միջազգային իրավունքի տարբեր ճյուղեր տարբեր իրավական պատասխաններ են տալիս «արդյունավետ վերահսկողություն» հասկացության մեկնաբանման հարցին: Դատարանն ինքն ստիպված էր պարզաբանել այս հարցը Կատանը եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի գործում, որի վերաբերյալ վճռի 115-րդ պարբերությունը մեջբերված է սույն վճռում: Այս տարատեսակ պատասխանները պետք է ուսումնասիրվեն, որպեսզի նախանշվեն այն տարրերը, որոնց հիման վրա Դատարանի նախադեպային իրավունքն իրավազորության հարցում կարող է առավել համակարգված եւ հետեւողական դառնալ:
ա)Ընդհանուր միջազգային իրավունքը
Անջատված սուբյեկտի գործողությունների համար պատասխանատվությունն արտաքին ուժին վերագրելու հարցին առնչվող կիրառելի կանոնները սահմանված են Միջազգային իրավունքի հանձնաժողովի (Միավորված ազգերի կազմակերպություն) Միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների նախագծի 4-ից 8-րդ եւ 11-րդ հոդվածներում: Այս հոդվածների համապատասխան մասերը շարադրված են հետեւյալ կերպ.
Հոդված 4.
Պետության մարմինների գործելակերպը
«1.Ցանկացած պետական մարմնի գործելակերպը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է այդ պետության գործողությունը՝ անկախ այն հանգամանքից՝ այդ մարմինն իրականացնում է օրենսդիր, գործադիր, դատական, թե որեւէ այլ գործառույթ, անկախ պետական կառուցվածքում դրա դիրքից եւ դրա բնույթից՝ որպես պետության կենտրոնական կառավարության կամ տարածքային միավորի մարմին։»
...»
Հոդված 5.
Պետական իշխանության տարրեր իրականացնող
ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գործելակերպը
«4-րդ հոդվածի համաձայն պետության մարմին չհանդիսացող, սակայն այդ պետության օրենքով պետական իշխանության տարրեր իրականացնելու լիազորություններ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործելակերպը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է պետության գործողությունը, եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը տվյալ դեպքում գործում է այդ իրավասության շրջանակներում:»
Հոդված 6.
Մեկ այլ պետության կողմից պետության
տնօրինմանը հանձնված մարմինների գործելակերպը
«Մեկ այլ պետության կողմից պետության տնօրինմանը հանձնված մարմնի գործելակերպը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է երկրորդ պետության գործողությունը, եթե մարմինը գործում է այն պետության պետական իշխանության տարրերի իրականացման շրջանակներում, որի տնօրինմանը հանձնվել է:»
Հոդված 7.
Իշխանության չարաշահումը կամ հանձնարարությանը
հակառակ գործելը
«Պետության մարմնի կամ պետական իշխանության տարրեր իրականացնելու լիազորություններ ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձի գործելակերպը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է պետության գործողությունը, եթե մարմինը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը գործում է այդ իրավասության շրջանակներում, նույնիսկ եթե այն չարաշահում է իր իշխանությունը կամ գործում է հանձնարարություններին հակառակ:»
Հոդված 8.
Պետության կողմից ուղղորդվող կամ վերահսկվող գործելակերպը
«Անձի կամ մի խումբ անձանց գործելակերպը միջազգային իրավունքի տեսանկյունից համարվում է պետության գործողությունը, եթե այդ գործելակերպը դրսեւորելիս անձը կամ մի խումբ անձինք փաստացիորեն գործում են այդ պետության հանձնարարությունների համաձայն կամ նրա ուղղորդմամբ կամ վերահսկողությամբ։»:
Անջատված սուբյեկտի միջազգայնորեն ոչ իրավաչափ գործելակերպի համար արտաքին ուժի միջազգային պատասխանատվությունը հաստատելու համար պետք է ապացուցվի, որ արտաքին ուժի միջազգային պարտավորության շրջանակը տարածվում է ոչ միայն իր տարածքի վրա, այլ նաեւ անջատված սուբյեկտի տարածքի վրա, մասնավորապես, որ տվյալ միջազգային պարտավորությունը կարող է կիրառվել արտատարածքային մակարդակով, եւ որ անջատված սուբյեկտի՝ այդ պարտավորությունը խախտող գործողությունները կամ անգործությունը վերագրելի են այդ արտաքին ուժին:
Արդարադատության միջազգային դատարանը արտատարածքային իրավազորության առկայությունը որոշելու համար սահմանել է երկու չափորոշիչ: Դրանցից մեկը «արդյունավետ վերահսկողությունն» է:
«Արդյունավետ վերահսկողություն» չափորոշիչը կիրառվում է, եթե առկա է անջատված սուբյեկտի՝ արտաքին ուժից «մասնակի կախվածության» վերաբերյալ ապացույց: Այդ մասնակի կախվածության առկայությունը կարող է ենթադրվել, եթե, inter alia, արտաքին ուժն անջատված սուբյեկտին տրամադրում է ֆինանսական, նյութատեխնիկական եւ ռազմական աջակցություն եւ հետախուզական տեղեկություններ եւ ընտրում ու վճարում է այդ սուբյեկտի ղեկավարներին: Այդ մասնակի կախվածությունն արտաքին ուժի համար սուբյեկտին վերահսկելու հնարավորություն է ստեղծում:
Սակայն, ի տարբերություն ամբողջական կախվածության, մասնակի կախվածությունը Դատարանին հնարավորություն չի տալիս անջատված սուբյեկտի իշխանություններին համարելու արտաքին ուժի de facto մարմիններ եւ գտնելու, որ այդ իշխանությունների ընդհանուր գործելակերպը կարող է համարվել այդ ուժի գործողություններ. որոշակի գործելակերպի համար պատասխանատվությունը պետք է որոշվի ըստ առանձին դեպքերի: Արտաքին ուժի իշխանությունների պատասխանատվությունը չի կարող առաջանալ միայն եւ պարզապես անջատված սուբյեկտի իշխանությունների գործելակերպի հետեւանքով. այն պետք է վերագրելի լինի իր իսկ կանոնների համաձայն գործող այդ ուժի մարմինների գործելակերպին: Ավելին, տվյալ վերահսկողությունն այլեւս այն վերահսկողությունը չէ, որն իրականացվում է անջատված սուբյեկտի նկատմամբ ինքնին, այլ վերահսկողություն է, որն իրականացվում է այն գործողությունների կամ գործառնությունների նկատմամբ, որոնք առաջացնում են միջազգայնորեն անօրինական արարքը:
Մի քանի բացառություններով հանդերձ՝ միջազգային իրավական մեկնաբանություններում եւ դատական պրակտիկայում անդրադարձ է կատարվում ԱՄԴ-ի չափորոշիչներից միայն մեկին՝ «արդյունավետ վերահսկողությանը»: Սակայն, ԱՄԴ-ն իրականում կիրառել է վերահսկողության երկու տարբեր չափորոշիչներ այս հարցի առնչությամբ կայացված երկու նշանակալից վճիռներում՝ Ռազմական եւ ռազմականացված գործողությունները Նիկարագուայում եւ Նիկարագուայի դեմ (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների), ըստ էության, վճիռ, ԱՄԴ զեկույցներ 1986, էջ 14, եւ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառումը (Բոսնիա եւ Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի եւ Չեռնոգորիայի [Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro]), վճիռ, ԱՄԴ զեկույցներ 2007, էջ 43: Առաջին վճիռը վերաբերում էր կոնտրասի՝ Նիկարագուայում գործող զինված ընդդիմադիր խմբավորման գործողությունների համար Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանատվությանը, իսկ երկրորդը վերաբերում էր Սերբիայի եւ Չեռնոգորիայի պատասխանատվությանը Սերբիայի Հանրապետության [Republica Srpska]՝ 1992 թվականին Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքում Հարավսլավիայի Ֆեդերատիվ Հանրապետության (ՀՖՀ) աջակցությամբ ստեղծված եւ «որոշակի de facto անկախություն ունեցող» անջատված սուբյեկտի գործողությունների համար:
Նիկարագուայի գործով ԱՄԴ-ն սահմանել էր երեք տարր, որոնք պետք է առկա լինեին՝ խիստ վերահսկողության փաստը հաստատելու համար՝
-անջատված սուբյեկտը պետք է ամբողջությամբ կախված լինի արտաքին ուժից,
-այս ամբողջական կախվածությունը պետք է տարածվի անջատված սուբյեկտի գործունեության բոլոր ոլորտների վրա,
-արտաքին ուժը պետք է փաստացիորեն օգտագործած լինի վերահսկողություն իրականացնելու ներուժը, որը հատուկ է ամբողջական կախվածությանը, այսինքն՝ այն պետք է փաստացիորեն իրականացրած լինի առանձնապես բարձր մակարդակի վերահսկողություն:
Անջատված սուբյեկտը պետք է «ամբողջությամբ կախված լինի աջակցությունից», որը տրամադրում է արտաքին ուժը, որպեսզի ամբողջական կախվածության հետեւանքով առաջանա խիստ վերահսկողություն: Ամբողջական կախվածությունը նշանակում է, որ անջատված սուբյեկտը «չունի իրական ինքնավարություն» եւ «միայն գործիք» է կամ «գործակալ» արտաքին ուժի համար, որը գործում է դրա միջոցով: Միեւնույն տարադրամի օգտագործումը կամ այն փաստը, որ անջատված սուբյեկտի բնակչության զգալի հատվածն ունեցել է արտաքին ուժի քաղաքացիությունը, դիմել է կամ կարող է դիմել այն ստանալու համար, ինքնին բավարար հիմք չէ եզրակացնելու, որ անջատված սուբյեկտն արտաքին ուժի «գործակալ» է: Նույնը վերաբերում է աշխատավարձերի, կենսաթոշակների վճարմանը եւ մյուս առավելություններին, որոնք կարող են տրվել անջատված սուբյեկտի ղեկավարներին: Ընդհանուր առմամբ, ո՛չ արտաքին ուժի եւ անջատված սուբյեկտի միջեւ սերտ քաղաքական, ռազմական, տնտեսական, էթնիկ կամ մշակութային հարաբերությունները, ո՛չ զենքի, վերապատրաստման կամ ֆինանսական օժանդակության ձեւով նյութատեխնիկական աջակցության տրամադրումը թույլ չեն տալիս առանց այլ ապացույցների հաստատել ամբողջական կախվածության հարաբերությունների առկայությունը, նույնիսկ եթե անջատված սուբյեկտը եւ դրա կողմից դրսից ստացվող աջակցությունը, որը կարող է լինել հիմնականում ռազմական բնույթի, փոխլրացնող են կամ ունեն միեւնույն քաղաքական նպատակները:
Նիկարագուայի գործով ԱՄԴ-ն սահմանել է երկու գործոն, որոնց հիման վրա այն համարել է, որ «ամբողջական կախվածության» առկայությունը կարող է հաստատվել: ԱՄԴ-ի կարծիքով՝ այն փաստը, որ արտաքին ուժը ծրագրել, ստեղծել եւ կազմակերպել է անջատված սուբյեկտը կամ այն զինված ընդդիմադիր խմբավորումը, որը ստեղծել է անջատված սուբյեկտը, թերեւս հիմք էր հաստատելու այն հիմնավոր կանխավարկածը, որ անջատված սուբյեկտը ամբողջությամբ կախված էր այն արտաքին ուժից, որի կողմից այն ստեղծվել էր, եւ եղել է ոչ այլ ինչ, քան դրա գործիքը կամ գործակալը: Սակայն, բավարար չի համարվել այն, որ արտաքին ուժը օգտվել է անջատողական շարժման գոյությունից եւ օգտագործել է այն մայր պետության դեմ իր քաղաքականության համար: Որպեսզի արտաքին ուժից կախվածությունը լինի ամբողջական, վերջինս պետք է տրամադրի նաեւ տարաբնույթ աջակցություն (ֆինանսական աջակցություն, նյութատեխնիկական օժանդակություն, հետախուզական տեղեկությունների տրամադրում), որը նաեւ էական նշանակություն է ունեցել անջատված սուբյեկտի գործունեությունն ապահովելու համար: Այլ կերպ ասած՝ անջատված սուբյեկտն ամբողջությամբ կախված է արտաքին ուժից, եթե այն իր գործունեությունը կարող է իրականացնել միայն այդ ուժի կողմից տրամադրվող տարաբնույթ աջակցության միջոցով՝ այնպես, որ այդ աջակցության դադարեցումը կհանգեցնի այդ սուբյեկտի գործունեության դադարեցմանը:
Նիկարագուայի գործով ԱՄԴ-ն տարբերություն է դրել Միացյալ Նահանգների կողմից կոնտրասին առաջին տարիների ընթացքում տրամադրված եւ հետագայում տրամադրված աջակցության միջեւ: Այն գտել է, որ կոնտրասն ամբողջությամբ կախված էր Միացյալ Նահանգներից սկզբնական շրջանում, սակայն իրավիճակը հետագայում փոխվել է, քանի որ կոնտրասն իրականացրել է իր գործունեությունն անկախ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգներից ռազմական աջակցություն այլեւս չէր ստանում: Ինչ վերաբերում է ավելի ուշ ժամանակահատվածին, ապա ԱՄԴ-ն համապատասխանաբար եզրակացրել է, որ Միացյալ Նահանգները Նիկարագուայում «արդյունավետ վերահսկողություն» չի իրականացրել, քանի որ Նիկարագուան չի կարողացել ապացուցել, որ Միացյալ Նահանգները փաստացիորեն ուղղորդել է կոնտրասի յուրաքանչյուր գործողություն:
բ)Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան
Կարիք չկա այստեղ կրկին ներկայացնելու մեր Դատարանի նախադեպային իրավունքը. վճռում առկա են համապատասխան նախադեպերին կատարված հղումներ: Այսպիսով, 168-րդ պարբերության մեջ կրկին շեշտվում է, որ Դատարանը ճանաչել է Պայմանավորվող պետության արտատարածքային իրավազորությունը՝ այն դեպքերում, երբ այդ պետությունը, ռազմական գրավման հետեւանքով կամ տվյալ տարածքի կառավարության համաձայնությամբ, առաջարկությամբ կամ գիտությամբ համապատասխան տարածքի եւ տարածքից դուրս գտնվող բնակչության նկատմամբ արդյունավետ վերահսկողության միջոցով իրականացրել է հանրային այն ամբողջ իշխանությունը կամ դրա մի մասը, որը, որպես կանոն, պետք է իրականացվեր տվյալ տարածքի կառավարության կողմից: Դրան հաջորդում են Կատանի գործով վճռից համապատասխան հատվածները, որոնցում ամփոփվում եւ մի շարք օրինակներով ներկայացվում է այս ոլորտում Դատարանի նախադեպային իրավունքը: Սակայն, այս վճռում մեջբերված չէ Բանկովիչի գործով որոշումից՝ մեծամասամբ միջազգային իրավունքի վրա հիմնված որեւէ պարբերություն (տե՛ս Բանկովիչը եւ այլք ընդդեմ Բելգիայի եւ այլ պետությունների (որոշում) [ՄՊ], թիվ 52207/99, ՄԻԵԴ 2001-XII) կամ Ջալուդի գործով վճռի 152-րդ պարբերությունը (տե՛ս Ջալուդն ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Jaloud v. the Netherlands [GC]], թիվ 47708/08, ՄԻԵԴ 2014), որում Դատարանն առաջին անգամ միջազգային իրավունքի տեսանկյունից ուսումնասիրել է «վերագրում» հասկացությունը:
Համապատասխանաբար, նույնիսկ եթե հնարավոր է Դատարանի նախադեպային իրավունքի առնչությամբ անդրադառնալ lex specialis-ին, ապա այդ lex specialis-ով, բացի Ջալուդի գործից (վերեւում հիշատակված, § 154), ինքնաբերական կապ է սահմանվում վերահսկողության եւ իրավազորության միջեւ:
գ)Սկզբունքների կիրառումը
Այս գործում Դատարանն օգտագործում է մի շարք իրավական հասկացություններ՝ գրավում, ռազմական ներկայություն եւ, ի վերջո, արդյունավետ վերահսկողություն:
Կարելի է ասել, որ Չիրագովի գործով Դատարանն ընդլայնել է արդյունավետ վերահսկողության այն սահմանները, որոնք որոշել էր նախկին գործերով: Լոիզիդուի գործում (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1996-VI) այն հաշվի է առել Կիպրոսում գտնվող զինվորականների զգալի թիվը՝ չափանիշ, որը Դատարանը կրկին օգտագործել է Իսսայի գործով (տե՛ս Իսսան եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Issa and Others v. Turkey], թիվ 31821/96, 2004 թվականի նոյեմբերի 16), որով եզրակացրել է, որ Թուրքիան իր իրավազորությունը չի իրականացրել: Սույն գործով, սակայն, Դատարանը նշում է, որ «ԼՂՀ-ում զինվորական ծառայություն անցնող հայ զինվորների թիվը վիճարկվում է», սակայն այն «այս հարցին լուծում տալու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ, հիմնվելով արդեն իսկ ներկայացված բազմաթիվ զեկույցների եւ հայտարարությունների վրա, Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ռազմական ներկայության եւ ռազմական տեխնիկայով ու փորձառությամբ օժանդակելու միջոցով, նշանակալի ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ»: Դատարանը համարում է, որ «ռազմական այս օժանդակությունը եղել է եւ շարունակում է որոշիչ լինել վեճի առարկա հանդիսացող տարածքների նվաճման եւ դրանց նկատմամբ շարունակական վերահսկողություն պահպանելու համար», եւ որ «ապացույցներն ու հատկապես ռազմական համագործակցության մասին 1994 թվականի համաձայնագիրը հստակ վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը սերտորեն ինտեգրված են» (տե՛ս վճռի 180-րդ պարբերությունը)։
Համարելով, որ ԼՂՀ-ի եւ Հայաստանի ինտեգրման «բարձր մակարդակը»՝ չափորոշիչ, որն առաջին անգամ օգտագործվում է այս գործում, առկա է նաեւ քաղաքական եւ դատական ոլորտներում՝ Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանը «արդյունավետ վերահսկողություն» է իրականացնում ԼՂՀ-ի նկատմամբ:
Դատարանը, սակայն, անհրաժեշտ չի համարում տարբերություն դնել արդյունավետ վերահսկողության եւ վերահսկողության այն տեսակի միջեւ, որն այն հաստատել էր Իլաշկուի գործով (տե՛ս Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի [ՄՊ], թիվ 48787/99, ՄԻԵԴ 2004-VII):
Ճիշտ է, որ սույն գործում Դատարանը քննության չի առել այն գործողությունների վերագրման հարցը, որոնց հետեւանքով դիմումատուները զրկվել էին իրենց գույքից: Սակայն, ընդհանուր միջազգային իրավունքի տեսանկյունից՝ իրավիճակը նույնը չէ, ինչ նախորդ գործերի դեպքում: Այստեղ Դատարանն արդեն հաստատել է երկու սուբյեկտների միջեւ ինտեգրման բարձր մակարդակի առկայությունը: Պետությունը հավանաբար կկարողանար ապացուցել Հայաստանի զինված ուժերի ներգրավվածությունը ԼՂՀ-ի իշխանությունների գործողություններում, սակայն իր հիմնարար իրավունքները պաշտպանել ցանկացող անհատի համար դա շատ դժվար կլիներ, եթե ոչ անհնարին: Ահա թե ինչու է ներմուծվել այս lex specialis-ը: Այս գործում Դատարանի տրամաբանությունը շատ ավելի պարզ է երեւում, քան նախորդ գործերում. նույնիսկ եթե Դատարանը քննության չի առնում վերագրման հարցը եւ չի փորձում հաստատել հայկական ուժերի փաստացի մասնակցությունն այն գործողություններին, որոնց հետեւանքով դիմումատուները զրկվել են իրենց գույքից, պատասխանող Պետության կողմից իրավազորություն իրականացնելու փաստն այստեղ հիմնավոր կերպով հաստատված է:
Այս առումով Չիրագովի գործը, իմ կարծիքով, ավելի մոտ է ԱՄԴ-ի կողմից սահմանված՝ արդյունավետ վերահսկողության չափորոշիչներին: Նույնիսկ եթե Դատարանը չի օգտագործում «ամբողջական վերահսկողություն» բառերը, այն օգտագործում է «գրավում» եւ «ինտեգրման բարձր մակարդակ» արտահայտությունները: Դատարանի հիմնավորման հիմքում ընկած են Անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնցում օգտագործվում են «տեղի հայկական ուժեր» բառերը, եւ որոնք ձեւակերպված են Անվտանգության խորհրդին ներհատուկ ձեւով (տե՛ս իմ կարծիքը՝ Ի. Մոտոկ, «Interpréter la guerre, les exceptions de l’article 2&4 devant le Conseil de Securité de l’ONU»): Ըստ իս՝ այս վճիռն ընդհանուր միջազգային իրավունքին կամ, ավելի ճկուն ձեւակերպմամբ, «Օպպենհայմի աշխարհ»-ին կատարվող վերադարձի ամենահիմնավոր դրսեւորումներից մեկն է:
3.Անջատման հարցը
Հայաստանի կառավարությունը վկայակոչել է այն փաստը, որ ԼՂՀ-ն պետություն է: Դատարանը չի կարող կարծիք հայտնել սույն գործում պետության ստեղծմանն առնչվող հարցերի եւ անջատման կամ ինքնորոշման վերաբերյալ: Դատավոր Վիլդհաբերը [Wildhaber] համանման տեսակետ է ներկայացրել Լոիզիդուի գործով իր համընկնող կարծիքի միջոցով: Այս առնչությամբ Դատարանի ցանկացած հայտարարություն պարզապես ենթադրություն կլինի, քանի որ Դատարան չի ներկայացվել որեւէ փաստարկ, որի հիման վրա այն կարող է որոշում կայացնել անջատման հարցի վերաբերյալ՝ անկախ այն հանգամանքից, դա եղել է պաշտպանական միջոց, թե ոչ: Դատարանը ներկայացված փաստարկների եւ ապացույցների շրջանակներից դուրս որոշում չի կարող կայացնել եւ չի կարող մշակել ինքնորոշման վերաբերյալ տեսություններ:
ԴԱՏԱՎՈՐ ԶԻՄԵԼԵԻ ՄԱՍԱՄԲ ՀԱՄԸՆԿՆՈՂ,
ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
1.Ըստ իս՝ սույն վճռի ուղերձն այնքան էլ հստակ չէ: Այս բարդությունը մասամբ պայմանավորված է այն մեթոդաբանությամբ, որը մեծամասնությունը նախընտրել է կիրառել մի այնպիսի գործում, որն ըստ էության վերաբերում է միջազգային հակամարտությանը, որն ունի բազմաթիվ ակնհայտ եւ թաքնված կողմեր, որոնք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի կարող քննել իր ավանդական իրավասության շրջանակներում: Եթե նախատեսված ուղերձն այն է, որ Հայաստանը պետք է անի առավելագույնը, որպեսզի Ադրբեջանի հետ արդյունավետորեն համագործակցի՝ հակամարտությունը Մինսկի խմբի կամ ցանկացած այլ գործընթացի միջոցով կարգավորելու հարցում, ապա ես համաձայն եմ այն եզրահանգման հետ, որ առկա է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում: Եվ իսկապես, ես քվեարկել եմ մեծամասնության հետ՝ ունենալով հենց այս ընկալումը: Կասկած չկա, որ այն անձինք, ինչպես օրինակ՝ դիմումատուները, որոնք չեն կարող մուտք ունենալ իրենց գույքին կամ չեն կարող հատուցում պահանջել իրենց գույքի համար, պետք է կարողանան դա անել: Իմ կարծիքով, սակայն, Հայաստանի պատասխանատվությունը կապված է այն դրական պարտավորությունների հետ, որոնք այն ստանձնել է այս հոդվածների համաձայն: Դատարանը ratione temporis իրավասություն չունի գնահատելու, թե ինչպես է տվյալ ժամանակահատվածում տեղի ունեցել գույքի կորուստը կամ դրա հետ կապված միջամտությունը: Ներկայումս Դատարանը կարող է միայն քննել այն հարցը, թե արդյոք այն պահի դրությամբ, երբ դիմումատուները բողոք են ներկայացրել Դատարան, Հայաստանը արել է այն ամենը, ինչ նախատեսված էր այդ անձանց վիճակը կարգավորելու հարցում իր պարտավորության շրջանակներում: Ես այս պարտավորությունը համարում եմ դրական բնույթ ունեցող:
2.Հերթական անգամ պետք է նշել, որ սույն գործում ամենից բարդ հարցերը կապված են իրավազորության եւ պատասխանատվության վերագրման հետ: Ջալուդն ընդդեմ Նիդեռլանդների ([ՄՊ], թիվ 47708/08, ՄԻԵԴ 2014) գործում, հղում կատարելով Կատանը եւ այլք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության եւ Ռուսաստանի ([ՄՊ], թիվ 3370/04, 418454/06, 8252/05, ՄԻԵԴ 2012) գործին, Դատարանը փորձել է ավելի հստակեցնել այն միտքը, որ այս հասկացությունները նույնական չեն: Դրանք կարող են համընկնել, բայց եւ կարող են տարբեր լինել: Այդ վճռի 154-րդ պարբերության մեջ Դատարանը կրկին շեշտել է, որ «Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված չափորոշիչը երբեք չի նույնացվել ընդհանուր միջազգային իրավունքի տեսանկյունից միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողության համար պետության պատասխանատվությունը հաստատելու համար նախատեսված չափորոշչին» (տե՛ս Կատանը եւ այլք՝ վերեւում հիշատակված, § 115): Այլ կերպ ասած՝ Դատարանը չի կարող եզրակացնել, որ իրավազորությունն ինքնաբերաբար հանգեցնում է Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների ենթադրյալ խախտումների համար տվյալ պետության պատասխանատվությանը: Միեւնույն ժամանակ, տարածքային իրավազորության բացակայությունը չի նշանակում, որ պետությունը երբեք պատասխանատվություն չի կրի այն գործողությունների համար, որոնք կատարվել են իր դրդմամբ՝ համենայն դեպս, ընդհանուր միջազգային իրավունքի համաձայն: Դատարանի նախադեպային իրավունքը քննադատության է ենթարկվել այս երկու հասկացությունների հարցում անորոշություն կամ նույնիսկ շփոթություն ստեղծելու համար: Դատարանի փաստարկը եղել է այն, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի շրջանակներում այն չի կարող գործել այլ կերպ, քանի որ 1-ին հոդվածի սովորական իմաստով՝ պատասխանատվությունը գնահատելու նախապայմանը պատասխանող Պետության իրավազորության հաստատումն է: Այս տրամաբանությամբ՝ իրավազորությունը սահմանային չափորոշիչ է, ինչպես Դատարանը մշտապես շեշտել է:
3.Լաչինի շրջանի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը հաստատելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի գնահատել, թե արդյոք դիմումատուների գույքի առնչությամբ Հայաստանը Կոնվենցիայից բխող որեւէ պարտավորություն ունի, հենց այն հարցն է, որն այս գործի լուծումը դարձնում է անհնարին: Ինչպես արդեն նշվել է, թեեւ կարծում եմ, որ Հայաստանն ունի կարեւոր պարտավորություններ, ինձ համար իսկապես դժվար է համաձայնել Դատարանի՝ 169-ից 187-րդ պարբերություններում ներկայացված հիմնավորման հետ, եւ այդ պատճառով ես դեմ եմ քվեարկել Հայաստանի իրավազորությունն այդ պարբերություններում առաջարկվող եղանակով հաստատելուն: Նմանապես, ես չեմ կարող համաձայնել Հաագայի եւ Ժնեւի կոնվենցիաներին հղումները «Համապատասխան միջազգային իրավունքը» բաժնում ներառելուն: Դատարանի գնահատականում այս միջազգային տեքստերին որեւէ այլ հղում չի կատարվում: Ռազմական գրավումը կարգավորող փաստաթղթերին հղում կատարելու ենթադրյալ իրավական նշանակությունը բացարձակապես պարզ չէ:
4.Նախկինում Դատարանը քննել է այնպիսի գործեր, ինչպիսիք են Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության), 1996 թվականի դեկտեմբերի 18, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1996-VI, կամ Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի [ՄՊ], թիվ 48787/99, ՄԻԵԴ 2004-VII, որոնց դեպքում վեճի առարկա հանդիսացող կամ գրավված տարածքներում, համապատասխանաբար, Թուրքիայի եւ Ռուսաստանի զինված ուժերն ունեցել են ակնհայտ եւ զգալի ներկայություն: Հյուսիսային Կիպրոսի իրավիճակը հստակորեն սահմանվել է որպես ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված իրավիճակը, երբ 14-րդ բանակը մնացել էր մերձդնեստրյան տարածաշրջանում, այդ տարածաշրջանի նկատմամբ վերահսկողության վերաբերյալ շատ կասկածների տեղիք չի տալիս: Իսկ ինչ վերաբերում է այս գործին, ապա առկա են տեղեկություններ, որոնք այս կամ այն կերպ վիճարկվում են: Դատարանը չի ընդունել փաստահավաք առաքելություն իրականացնելու առաջարկը, որի արդյունքում, ինչպես, օրինակ, Իլաշկուի գործում, կարող էին ձեռք բերվել այդքան անհրաժեշտ ապացույցները: Ըստ իս՝ Դատարանը պետք է համապատասխան կարեւորություն տար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գնահատականին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերում նշվում է, որ «տեղի հայկական ուժերը» լավ կազմակերպված են եւ ստեղծել են իրենց կողմից գրավված տարածքների կառավարման իրենց համակարգը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերից պարզ է դառնում, որ Հայաստանը կարող է ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի հայերի վրա: Դեռեւս հարց է, թե արդյոք դա բավարար է՝ հաստատելու վեճի առարկա հանդիսացող տարածքներում Հայաստանի իրավազորությունը եւ եզրակացնելու, որ ըստ էության բոլոր կարեւոր հարցերում Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ առկա է սերտ ինտեգրվածություն:
5.Ի տարբերություն Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ), որը սովորաբար առանձնապես մանրակրկիտ եղանակով է պարզում տարածքային վեճերին, իրավազորությանը եւ պատասխանատվության վերագրմանը վերաբերող գործերով փաստերը, Դատարանն առավել խնդրահարույց իրավիճակներում, թվում է, թե մեղմացնում է որոշակի ապացուցողական չափանիշներ: Ավելին, նույնիսկ եթե Հայաստանն իսկապես իրավազորություն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Կոնվենցիայի խախտումները հայտնաբերելու համար անհրաժեշտ է այդ ենթադրյալ խախտումները վերագրել Հայաստանին, ուստի անհրաժեշտ է ունենալ ապացույցներ այն մասին, որ Հայաստանն արգելել է դիմումատուների մուտքը Լաչինում գտնվող իրենց գույք: Դատարանը կարող է դա չանել, եթե ընդունի Կոնվենցիայի իմաստով իրավազորության եւ պատասխանատվության այլ մեկնաբանություն, նույնիսկ եթե այն մշտապես հաստատել է, որ ընդունում է իրավազորության՝ միջազգային իրավունքում ավանդաբար գործածվող սահմանումը: Ինչ վերաբերում է միջազգային իրավունքին, իրավազորության փաստի հաստատումը չի նշանակում, որ Հայաստանը ա) ունեցել է Կոնվենցիայով սահմանված հատուկ պարտավորություններ եւ բ) կատարել է միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողություն: Երկու հարցերում էլ անհրաժեշտ է մանրակրկիտ ուսումնասիրություն:
6.Դատարանի նախադեպային իրավունքից հետեւյալ հատվածը, անշուշտ, ցույց է տալիս, որ Դատարանը Կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարման նպատակով «իրավազորության եւ պատասխանատվության» սեփական մեկնաբանություն է մշակել: Դատարանը նշել է. «Այն դեպքում, երբ տարածքի նկատմամբ նման գերակայության [այսինքն` արդյունավետ վերահսկողության] փաստը հաստատվում է, անհրաժեշտություն չկա որոշելու, թե արդյոք Պայմանավորվող պետությունը մանրամասն վերահսկողություն իրականացնում է ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման քաղաքականության եւ գործողությունների նկատմամբ: Այն փաստը, որ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորումը գոյատեւում է Պայմանավորվող պետության ռազմական եւ այլ օժանդակության շնորհիվ, առաջացնում է նաեւ այդ պետության պատասխանատվությունը՝ դրա քաղաքականության եւ գործողությունների համար» (տե՛ս սույն վճռի 168-րդ պարբերությունը, որում մեջբերվում է Կատանը եւ այլք գործի § 106-ը): Այս մոտեցումը հակասում է Արդարադատության միջազգային դատարանի կողմից գործածվող մեթոդաբանությանը, որն օգտագործում է «լրիվ կախվածության» չափանիշը: Ավելին, դա պետության պատասխանատվության չափանիշն է՝ անկախ իրավազորության հարցից:
7.ԱՄԴ-ն ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման կամ նույնանման խմբերի առնչությամբ պատասխանատվության վերագրման հարցի վերաբերյալ իր մոտեցումը վերահաստատել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառմանն առնչվող գործում (Բոսնիա եւ Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի եւ Չեռնոգորիայի, ԱՄԴ 2007 թվականի փետրվարի 26-ի վճիռ): Այն նշել է, որ «[բ]արձրացված առաջին հարցը ... այն է, թե արդյոք սկզբունքորեն հնարավոր է պետությանը վերագրել այնպիսի անձանց կամ անձանց խմբերի գործելակերպը, որոնք, չունենալով պետական մարմնի իրավական կարգավիճակ, փաստացիորեն գործում են պետության կողմից այնպիսի խիստ վերահսկողության ներքո, որի պայմաններում նրանք պետք է միջազգայնորեն ոչ իրավաչափ գործողության համար պետության պատասխանատվությանը հանգեցնող անհրաժեշտ վերագրման նպատակով համարվեն այդ պետության մարմինները»: Դատարանը փաստացիորեն արդեն իսկ անդրադարձել է այս հարցին եւ սկզբունքորեն պատասխանել է դրան Ռազմական եւ ռազմականացված գործողությունները Նիկարագուայում եւ Նիկարագուայի դեմ գործով 1986 թվականի հունիսի 27-ի վճռում (Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների) (ըստ էության, վճիռ, ԱՄԴ զեկույցներ 1986, էջ 62-64): Այդ վճռի 109-րդ պարբերության մեջ Դատարանը նշել է, որ պետք է «սահմանի ... թե արդյոք Միացյալ Նահանգների կառավարության հետ կոնտրասի հարաբերությունները կարող է համարվել մի կողմից կախվածություն, իսկ մյուս կողմից՝ վերահսկողություն, որպեսզի ճիշտ լինի իրավական նպատակներով կոնտրասը Միացյալ Նահանգների կառավարության մարմնին հավասարեցնելը կամ որպես այդ Կառավարության անունից գործող դիտարկելը» (էջ 62): Այնուհետեւ, իր տրամադրության տակ եղած տեղեկությունների լույսի ներքո ուսումնասիրելով փաստերը՝ Դատարանը նկատել է, որ «որեւէ հստակ ապացույց չկա այն մասին, որ Միացյալ Նահանգները բոլոր ոլորտներում փաստացիորեն իրականացրել է այդ մակարդակի վերահսկողություն, որպեսզի կոնտրասը հիմնավոր կերպով համարվի դրա անունից գործող» (109-րդ պարբերություն), եւ ապա եզրակացրել է, որ «Դատարանի ունեցած ապացույցը ... բավարար չէ ցույց տալու համար [կոնտրասի] լրիվ կախվածությունը Միացյալ Նահանգների օժանդակությունից», ուստի Դատարանը «չի կարողացել սահմանել, որ կոնտրա ուժը կարող է իրավական նպատակներով հավասարեցվել Միացյալ Նահանգների ուժերին (էջ 62-63, 110-րդ պարբերություն)» (տե՛ս ԱՄԴ, 391): ԱՄԴ-ն ամփոփել է՝ նշելով (վերոնշյալ վճռի § 392-ում եւ § 393-ում), որ «[մ]եջբերված հատվածները ցույց են տալիս, որ Դատարանի պրակտիկայի համաձայն՝ անձինք, անձանց խմբերը կամ սուբյեկտները միջազգային պատասխանատվության նպատակներով կարող են հավասարեցվել պետական մարմիններին, նույնիսկ եթե այդ կարգավիճակը չի բխում ներքին օրենսդրությունից՝ պայմանով, որ այդ անձինք, խմբերը կամ սուբյեկտները փաստացիորեն գործեն այն պետությունից «լրիվ կախվածության» պայմաններում, որի համար նրանք վերջնական արդյունքում միայն գործիք են: Այս պարագայում անհրաժեշտ է ավելի լայն դիտարկել, քան միայն իրավական կարգավիճակը, որպեսզի հնարավոր լինի տեսնել գործողությունը կատարող անձի եւ այն պետության միջեւ հարաբերությունների իրական պատկերը, որի հետ այդ անձն այնքան սերտորեն է կապված, որ կարող է համարվել պարզապես նրա գործակալը. որեւէ այլ լուծում պետություններին հնարավորություն կտար խուսափելու իրենց միջազգային պատասխանատվությունից՝ որոշելով գործել այնպիսի անձանց կամ սուբյեկտների միջոցով, որոնց ենթադրվող անկախությունը կլիներ բացառապես շինծու (ֆիկտիվ): Այնուամենայնիվ, անձինք կամ սուբյեկտները բացառիկ դեպքերում պետք է հավասարեցվեն պետական մարմիններին, եթե ներքին օրենսդրության համաձայն նրանք չունեն այդ կարգավիճակը, քանի որ դրա համար պահանջվում է նրանց նկատմամբ պետական վերահսկողության որոշակի բարձր մակարդակ՝ կապ, որը Դատարանի` վերեւում մեջբերված վճռում պարզորոշ կերպով ներկայացվում է որպես «լրիվ կախվածություն» (շեշտադրումն ավելացված է):
8.ԱՄԴ-ի կողմից պահանջվող ապացուցման չափանիշը բարձր է, եւ մի քանի գործերի միջոցով այն մշակել է կողմերի ներկայացրած ապացույցների տարբեր տարրերի վերաբերյալ մանրամասն մեթոդաբանություն: Օրինակ` սույն գործով դիմումատուները Դատարան են ներկայացրել ենթադրաբար Հայաստանի բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից արված հայտարարություններ: Դատարանը որոշել է հղում կատարել Նիկարագուայի գործին՝ այդ հայտարարությունները որպես ապացույց ճանաչելու իր որոշումը հիմնավորելու նպատակով, որոնք, Դատարանի մեկնաբանության համաձայն, ցույց են տալիս Հայաստանի զինված ուժերի եւ ԼՂՀ սուբյեկտի միջեւ ինտեգրվածության բարձր մակարդակը (տե՛ս 178-79-րդ պարբերությունները): Դատարանը հղում է կատարում Նիկարագուայի գործով վճռի 64-րդ պարբերությանը, որը հստակորեն մեկնաբանում է, որ «Դատարանը այն դիրքորոշումն է ընդունում, որ այս տեսակի հայտարարությունները, որոնք արվում են բարձրաստիճան պաշտոնատար քաղաքական գործիչների՝ երբեմն նույնիսկ ամենաբարձր պաշտոն զբաղեցնողների կողմից, ունեն առանձնակի ապացուցողական նշանակություն»: Միեւնույն ժամանակ, նույն վճռի 65-րդ պարբերության մեջ, որին Դատարանը հղում չի կատարում, ԱՄԴ-ն մեկնաբանում է այդ մեթոդի սահմանափակումները: Դատարանը նշում է. «Սակայն բնական է նաեւ, որ Դատարանն այդպիսի հայտարարություններին պետք է զգուշությամբ վերաբերվի՝ անկախ նրանից՝ պաշտոնական հայտարարությունն արվել է Պատասխանողի իշխանության մարմնի կողմից, թե՝ Դիմումատուի: Ո՛չ Ստատուտի 53-րդ հոդվածով, ո՛չ որեւէ այլ հիմքով չի կարող հիմնավորվել ընտրովի մոտեցումը, որը բացասաբար կազդեր Դատարանի մեթոդների հարցում հետեւողականության եւ Կողմերի միջեւ հավասարություն ապահովելու դրա տարրական պարտականության վրա: Դատարանը պետք է հաշվի առնի այն, թե ինչպես են հրապարակվել այդ հայտարարությունները. ակնհայտ է, որ նա չի կարող համարել, որ դրանք բոլորն ունեն նույն արժեքը՝ անկախ նրանից՝ տեքստը հրապարակվել է ազգային, թե միջազգային հրատարակության մեջ, գրքում, թե թերթում: Այն պետք է նաեւ հաշվի առնի՝ տվյալ պաշտոնական հայտարարության տեքստը հրապարակվել է հայտարարությունն անողի լեզվով, թե թարգմանության հիման վրա (տե՛ս ԱՄԴ զեկույցներ 1980, էջ 10, 13-րդ պարբերություն): Նշանակություն ունի նաեւ այն, թե արդյոք այդ հայտարարությունը Դատարան է ներկայացվել Դատարանի ստատուտի եւ կանոնների համապատասխան պահանջների համաձայն ներկայացված պաշտոնական հաղորդագրությունների միջոցով: Ավելին, Դատարանը երբեմն պետք է անխուսափելիորեն մեկնաբանի հայտարարությունները, հստակեցնի, թե կոնկրետ ինչ աստիճանի են դրանք հաստատում փաստը»: Ըստ սույն գործի փաստերի՝ դիմումատուները հղում են կատարել Հայաստանի ղեկավարների հայտարարություններին եւ թերթում հրապարակված հարցազրույցին (տե՛ս 62-րդ եւ 68-րդ պարբերությունները): Նիկարագուայի գործով ԱՄԴ-ի կողմից նշված սկզբունքների համաձայն՝ այսպիսի հանգամանքներում կողմերի միջեւ հավասարության սկզբունքը, ինչպես եւ այդ հայտարարությունների աղբյուրի պատշաճ գնահատումը, բացառիկ կարեւորություն ունեն: Այս տեղեկությունների վերաբերյալ Դատարանի կողմից կիրառվող ընթացակարգը դեռեւս հստակ չէ եւ չի ապահովում արդարության ու զգուշավորության սկզբունքների հետ համապատասխանություն:
9.Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրին (տե՛ս 175-րդ պարբերությունը), երկու կամ ավելի պետությունների միջեւ այսպիսի համաձայնագրերը բազմաթիվ են: Հուսանք, որ դրանք ինքնաբերաբար չեն հանգեցնում միջազգային պատասխանատվության իմաստով իրավազորության կորստի կամ նոր տարածքների նկատմամբ վերահսկողության ձեռքբերման եւ որ դրանք ինքնին սպառնալիք չեն ներկայացնում հարեւան երկրների համար: Համաձայնագրի տառը, իրավական բնույթը եւ գործնական հետեւանքները պետք է մանրամասնորեն ուսումնասիրվեն: Ամենայն հավանականությամբ միջազգային իրավունքի տեսանկյունից պետության եւ չճանաչված սուբյեկտի միջեւ կնքված այդպիսի համաձայնագիրը որեւէ իրավական նշանակություն չունի: Հնարավոր է նաեւ, որ միջազգային հանրությունը, ցանկանալով վերջ դնել տարածաշրջանում առկա հակամարտությանը, չի գնահատում այդպիսի փաստաթուղթը եւ դատապարտում է այն: Այնուամենայնիվ, Դատարանի կողմից 1994 թվականի համաձայնագիրը վկայակոչելու ձեւակերպումը, ինչպես նաեւ այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունը «նշանակալի ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ դրա վաղ շրջանից» (տե՛ս 180-րդ պարբերությունը), մտածելու տեղիք են տալիս այն հարցի շուրջ, թե որոնք են գործի շրջանակները: Արդյո՞ք գործն իսկապես առնչվում է Հայաստանի կողմից Կոնվենցիայի վավերացումից հետո գույքի հասանելիության բացակայությանը, թե՞ 1992 թվականին Ադրբեջանի հետ պատերազմին եւ դրա հետեւանքներին (տե՛ս 18-20-րդ պարբերությունները):
10.Միակ հարցն այն է, որ Դատարանն ունի ընտրության տարբեր հնարավորություններ: Այն կարող է որոշել արտահայտվել կամ չարտահայտվել միջազգային իրավունքի առավել լայն հարցերի, ինչպես օրինակ՝ պարտերազմի եւ դրա հետեւանքների վերաբերյալ: Այս գործով այն որոշել է հրապարակել որոշ կարծիքներ: Դատարանն այդպես է արել նաեւ նախորդ գործերում, սակայն նմանօրինակ որոշումը Դատարանի համար դեռեւս արտառոց է: Ես խնդիր չեմ տեսնում նրանում, որ միջազգային դատարանը, ինչպես օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնի առավել ամբողջական պատկերը: Ընդհակառակը: Սակայն այդ դեպքում Դատարանը պետք է հետեւողական լինի եւ այդ կերպ վարվի համապատասխան բոլոր գործերում: Եղել են գործեր, որոնցում Դատարանը արել է հակառակը՝ հրապարակայնորեն հրաժարվել է միջազգային իրավունքից բխող փաստարկները հաշվի առնելուց: Այս հանգամանքը, սակայն, չի տալիս առավել բարդ հարցի պատասխանը, թե արդյոք Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է կիրառի պատասխանատվության վերագրման՝ միջազգային իրավունքով սահմանվածից տարբեր չափանիշ, եւ արդյոք ընդհանուր առմամբ այդ նույն չափանիշի հիման վրա պետք է սահմանվի իրավազորությունը: Այս առումով ես լուրջ կասկածներ ունեմ:
11.Դատարանն արդեն պարզել է, որ Հայաստանը ԼՂՀ-ի նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան է վերահսկողություն իրականացնում հյուսիսային Կիպրոսի նկատմամբ, կամ Ռուսաստանը՝ Մերձդնեստրի նկատմամբ։ Այս պահից, թվում է՝ ձեւավորվում է այն կանխավարկածը, որ ԼՂՀ-ում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին վերաբերող գործերը պետք է բերվեն ընդդեմ Հայաստանի։ Կասկած չկա, որ չպետք է սատարել Եվրոպայում Կոնվենցիայի անտեսումը։ Չեմ կարծում, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է այնպիսի տարածք, որտեղ Կոնվենցիան անտեսվում է։ Հասկանալի է, որ այնտեղից ծագող գործերը պետք է քննվեն։
12.Այնուամենայնիվ, իմ կարծիքով, այսպիսի գործերի դեպքում, ինչպես եւ այլ դեպքերում, Դատարանի կողմից Կոնվենցիայով սահմանված համապատասխան պարտավորության բնույթը պարզելուց հետո կարեւոր է, որ կիրառվի պատասխանատվության վերագրման պատշաճ չափորոշիչ։ Դատարանը դա արդեն արել է, օրինակ, այն գործերով, որոնք ծագել են Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետության փլուզումից հետո եւ, մասնավորապես, այսպես կոչված «բանկային խնայողություններին» վերաբերող գործերով: Կովաչիչը եւ այլք ընդդեմ Սլովենիայի գործով Դատարանը քննել է պատասխանատվության վերագրման հարցը՝ հաշվի առնելով պետությունների իրավահաջորդության հետ կապված հատուկ համատեքստը (տե՛ս Կովաչիչը եւ այլք ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Kovačić and Others v. Slovenia [GC]] թիվ 44574/98, 45133/98 եւ 48316/99, 2008 թվականի հոկտեմբերի 3), ինչպես նաեւ դատավոր Ռեսսի համընկնող կարծիքը)։ Տվյալ գործի վերաբերյալ եզրակացությունն այն է, որ «դիմումատուների տուն մուտք ունենալու հնարավորության մերժումը չհիմնավորված միջամտություն է նրանց անձնական եւ ընտանեկան կյանքի, ինչպես նաեւ տան նկատմամբ հարգանքի իրավունքին» (տե՛ս 207-րդ պարբերությունը)։ Նախապես բացատրություն չի ներկայացվել այն մասին, թե Հայաստանն ինչ միջոցներով է մերժել իրենց տուն մուտք ունենալը, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ Հայաստանը, Դատարանի կարծիքով, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավազորություն ունենալու փաստի ուժով մերժում է իրենց տուն մուտք ունենալը։ Սա հաշվի առնելով՝ ես դեմ եմ քվեարկել 13-րդ հոդվածի խախտում գրանցելուն, քանի որ, իմ կարծիքով, Դատարանը բավարար տեղեկություններ չուներ այն մասին, թե արդյոք գույքային պահանջներն իսկապես չեն քննվել տեղական դատարանների կողմից: Ինչպես պարզաբանեցի վերեւում, այս մոտեցումը որեւէ կերպ չի նպաստում այս գործի իրական խնդրի լուծմանը։ Իմ կարծիքով, պետք է պարզել, թե արդյոք Հայաստանը պատասխանատվություն է կրում տարիներ շարունակ այնպիսի դրական քայլեր չձեռնարկելու համար, որոնք հնարավոր կդարձնեին տեղահանման ենթարկված անձանց վերադարձը կամ նրանց հատուցելը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը կարող է ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի տեղական կառավարության վրա, եւ որ այն հանդիսանում է բանակցությունների կողմերից մեկը։ Ես չեմ կարող դա որակել որպես գույքային իրավունքների մերժում։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի ավելի լայն համատեքստը՝ սա դրական պարտավորությունների խնդիր է։ Ելնելով այս ամենից՝ ես չեմ գտնում, որ Հայաստանը իրավազորություն ունի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այնպես, ինչպես դա ներկայացված է վճռում, սակայն գտնում եմ, որ Հայաստանը չի կատարել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով եւ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված իր դրական պարտավորությունները։
ԴԱՏԱՎՈՐ ՀԱՋԻԵՎԻ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի տարածքի մոտավորապես մեկ հինգերորդ մասը կազմող հարակից շրջանների գրավման ակնհայտ փաստը քաղաքական տեսանկյունից ճանաչվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերով, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւերով, Եվրոպական միության պառլամենտի կողմից, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի եւ միջազգային այլ կազմակերպությունների որոշումներով։ Գոհունակությամբ նշում եմ, որ սույն վճռով Եվրոպական դատարանը դատական որոշմամբ եւս մեկ անգամ հաստատում է այս փաստը։ Դատարանը հանգել է այդպիսի եզրակացության՝ հիմնվելով անհերքելի ապացույցների վրա, որոնք վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունն իր զորքերի ներկայության եւ սպառազինությամբ ապահովելու միջոցով զգալի կերպով ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ դրա առաջին օրերից։ Ռազմական օժանդակությունն ունեցել է եւ շարունակում է վճռական դեր ունենալ ադրբեջանական տարածքների գրավման եւ դրանց նկատմամբ շարունակական վերահսկողություն իրականացնելու հարցում։ Ըստ Դատարանի՝ համապատասխան ապացույցները, եւ մասնավորապես՝ ռազմական համագործակցության մասին 1994 թվականի համաձայնագիրը, համոզիչ կերպով վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ-ի զինված ուժերը սերտորեն ինտեգրված են, եւ որ այսպես կոչված ԼՂՀ-ն գտնվում է Հայաստանի ազդեցության ներքո ու Հայաստանի կողմից ստանում է ռազմական, ֆինանսական եւ քաղաքական օժանդակություն, ինչպես նաեւ՝ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ու գրավված հարակից ադրբեջանական շրջանները գտնվում են Հայաստանի անմիջական վերահսկողության ներքո։ Ինչպես իրավացիորեն նկատել է Տ. Ֆերարոն, արդյունավետ վերահսկողությունը գրավումը բնութագրող հիմնական տարրն է, քանի որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, չի կարող լինել տարածքի գրավում առանց այդ տարածքում թշնամական օտարերկրյա զինված ուժերի կողմից իրականացվող արդյունավետ վերահսկողության (տե՛ս Տ. Ֆերարո, «Գրավման սկզբի եւ ավարտի սահմանումն ըստ միջազգային մարդասիրական իրավունքի» [T. Ferraro, “Determining the beginning and the end of an occupation under international humanitarian law”] (Կարմիր խաչի միջազգային պարբերական, 2012, էջ 140))։ Կարծում եմ, որ վերոնշյալը միանգամայն համապատասխանում է Ցամաքում պատերազմի օրենքների եւ սովորույթների վերաբերյալ Հաագայի 1907 թվականի հոկտեմբերի 18-ի կանոնակարգերի 42-րդ հոդվածով նախատեսված պահանջներին, որոնց Դատարանը հղում է կատարել վճռի 96-րդ պարբերությունում՝ «... Հաագայի կանոնակարգերի իմաստով գրավում առկա է այն դեպքում, երբ պետությունը փաստացի իշխանություն է իրականացնում թշնամի պետության տարածքի կամ այդ տարածքի մի մասի նկատմամբ (տե՛ս, օրինակ, Է. Բենվենիստի, «Գրավման վերաբերյալ միջազգային իրավունքը» [E. Benvenisti, “The International Law of Occupation”] (Օքսֆորդ, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2012), էջ 43, Յ. Արաի-Տակահաշի, «Գրավման վերաբերյալ իրավունքը. միջազգային մարդասիրական իրավունքի շարունակականությունը եւ փոփոխությունը եւ դրա փոխազդեցությունը մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքի հետ» [Y. Arai‑Takahashi, “The Law of Occupation: Continuity and Change of International Humanitarian Law, and its Interaction with International Human Rights Law”] (Լեյդեն, Մարտինուս Նեյհոֆֆ հրատարակչություն, 2009), էջ 5-8, Յ. Դինշթայն, «Ռազմական գրավման վերաբերյալ միջազգային իրավունքը» [Y. Dinstein, “The International Law of Belligerent Occupation”] (Քեմբրիջ, Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2009), էջ 42-45, 96-102-րդ պարբերություններ եւ Ա. Ռոբերտս, «Փոխակերպվող ռազմական գրավում. Պատերազմի եւ մարդու իրավունքների վերաբերյալ օրենքների կիրառումը» [A. Roberts, “Transformative Military Occupation: Applying the Laws of War and Human Rights”], Միջազգային իրավունքի ամերիկյան պարբերական 100, 580 (2006), էջ 585-586)։ Փաստացի իշխանության պահանջը լայն առումով համարվում է արդյունավետ վերահսկողության հոմանիշ: Համարվում է, որ տարածքում կամ դրա մի մասի վրա առկա է ռազմական գրավում, եթե հնարավոր է ցույց տալ հետեւյալ տարրերը. օտարերկրյա զորքերի ներկայություն, որոնք կարող են արդյունավետ վերահսկողություն իրականացնել՝ առանց ինքնիշխան սուբյեկտի համաձայնության։ Լայն տարածում ունեցող փորձագիտական եզրակացության համաձայն՝ օտարերկրյա զորքերի ֆիզիկական ներկայությունը գրավման sine qua non պայման է (գրավման եւ օտարերկրյա տարածքի կառավարման այլ ձեւերի մասին ծրագրի համատեքստում ԿԽՄԿ-ի հետ խորհրդակցած փորձագետների մեծ մասը համաձայնել են, որ գրավման առկայությունը հաստատելու համար անհրաժեշտ են «ցամաքային գործողություններ». տե՛ս Տ. Ֆերարո, «Գրավումը եւ օտարերկրյա տարածքի կառավարման մյուս ձեւերը» [T. Ferraro, “Occupation and other Forms of Administration of Foreign Territory”] (Ժնեւ, ԿԽՄԿ, 2012), էջ 10, 17 եւ 33. տե՛ս նաեւ՝ Է. Բենվենիստի՝ վերեւում հիշատակված, էջ 43 եւ հաջորդող էջերը, ինչպես նաեւ՝ Վ. Կոութղուլի, «Գրավման իրավունքի կիրառման սկիզբը եւ ավարտը» [V. Koutroulis, “Le debut et la fin de l’application du droit de l’ occupation”] (Փարիզ, Պեդոնի հրատարակչություն, 2010), էջ 35-41)։
Վճռի 172-րդ պարբերությունում Դատարանն իրավացիորեն նշում է, որ «դժվար է պատկերացնել, որ 150 000-ից պակաս ծագումով հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը կարողացել է առանց Հայաստանի կողմից տրամադրվող զգալի ռազմական աջակցության 1992 թվականի սկզբին ստեղծել պաշտպանական ուժեր, որոնք, դիմակայելով մոտ յոթ միլիոն բնակչություն (ներկայումս ավելի քան ինը միլիոն բնակչություն - ԽՀ) ունեցող Ադրբեջանին, ոչ միայն վերահսկողություն են հաստատել նախկին ԼՂԻՄ-ի նկատմամբ, այլ նաեւ մինչեւ 1993 թվականի վերջը գրավել են ադրբեջանական հարակից յոթ շրջաններն ամբողջությամբ կամ դրանց մեծ մասը»։ Կցանկանայի հավելել, որ գրավումն ուղեկցվել է մոտ 800 000 մարդու բռնի արտաքսմամբ, ինչն ինքնին պահանջել է զգալի քանակությամբ ռազմական ուժեր, սպառազինություն, ինչպես նաեւ հարկադրաբար ծառայության մեջ պահելու անհրաժեշտություն։ Հետեւաբար, շարունակական գրավման համար պահանջվում են ոչ քիչ մարդկային եւ նյութական ռեսուրսներ։ Չնայած հայ ծնողների արտահայտած դժգոհությանը՝ գրավված տարածքներում իրենց որդիների զինվորական ծառայության առնչությամբ, ինչը տեղ է գտել մամուլում (http://www.epress.am, 2014 թվականի հունիսի 11-ի լրատվական պարբերական), գրավման ռեժիմը շարունակվում է։ Բավականին վերջերս՝ 2014 թվականի նոյեմբերին, Հայաստանն ուսումնամարզական վարժանքներ է անցկացրել գրավված տարածքներում՝ «Միասնություն» խորհրդանշական անվանման ներքո, որին մասնակցել են 47 000 զինծառայողներ, եւ օգտագործվել է մեծ քանակությամբ սպառազինություն (www.regnum.ru, 2014 թվականի նոյեմբերի 12-ի լրատվական պարբերական)։ Ստեղծված իրավիճակը հակասում էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային՝ Հայաստանի Հանրապետության կողմից այն վավերացնելու ժամանակ, եւ շարունակում է հակասել մինչ այսօր։ Կոնվենցիայի նախաբանում նշվում է, որ այն պետությունները, որոնք ստորագրել են Կոնվենցիան եւ Եվրոպայի խորհրդի անդամ են, պետք է ձեւավորեն խորը համոզմունք այն հիմնարար ազատությունների հանդեպ, որոնք աշխարհի արդարության ու խաղաղության հիմքն են։ Այս տարիմաստությունն ինձ միշտ հիշեցրել է Օսկար Ուայլդի խոսքերը. «Ես կարող եմ հավատալ ցանկացած բանի, միայն եթե այն միանգամայն անհավանական է»։
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է ներկայիս իրավիճակին Խորհրդարանական վեհաժողովի կողմից 2005 թվականի հունվարի 25-ին ընդունված թիվ 1416 բանաձեւի շրջանակներում, որում նշվում էր, որ «Վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնում այն հարցի շուրջ, որ ռազմական գործողություններն ու դրանց նախորդած էթնիկ լայնատարած թշնամությունը հանգեցրել են էթնիկ ծագման հիմքով լայնամասշտաբ արտաքսումների եւ միատարր էթնիկ կազմ ունեցող շրջանների ստեղծմանը, ինչը հիշեցնում է էթնիկ զտման սարսափելի գաղափարը։ Վեհաժողովը վերահաստատում է, որ որեւէ պետությունից տարածաշրջանի անկախացումն ու անջատումը կարող է տեղի ունենալ միայն այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական օժանդակության վրա հիմնված օրինական եւ խաղաղ գործընթացի միջոցով, այլ ոչ թե էթնիկ ծագման հիմքով արտաքսման եւ մեկ այլ պետության այդպիսի տարածքի de facto զավթմանը հանգեցնող զինված ընդհարման արդյունքում։ Վեհաժողովը եւս մեկ անգամ նշում է, որ անդամ պետության կողմից օտարերկրյա տարածքի գրավումը ենթադրում է այդ պետության՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի պարտավորությունների կոպիտ խախտում եւ վերահաստատում է ընդհարման տարածքից տեղահանված անձանց՝ անվտանգ եւ արժանապատիվ ձեւով իրենց տներ վերադառնալու իրավունքը»։
Ինչպես կարելի է տեսնել վերոնշյալ բանաձեւից՝ Վեհաժողովը, արտացոլելով առկա պատկերը, ընդգծում է մարդկանց՝ իրենց հայրենիքից արտաքսելու էթնիկ բնույթը։
Հաշվի առնելով հանգամանքները եւ դիմումատուների ներկայացրած փաստարկները, որոնց, կարծում եմ՝ պետք էր պատշաճ կերպով արձագանքել՝ չեմ համաձայնում մեծամասնության եզրակացության հետ այն մասին, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի առնչությամբ առանձին հարց չի առաջանում։
Ուստի, դիմումատուների կողմից իրենց գույքի նկատմամբ վերահսկողությունից, ինչպես նաեւ այդ գույքն օգտագործելու, վաճառելու, ժառանգելու, գրավադրելու, բարելավելու կամ դրանից օգտվելու որեւէ հնարավորությունից զրկվելը, պատասխանող Կառավարության կողմից նրանց շարունակաբար մերժելը՝ վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, եւ գրավված տարածքներից տեղահանված անձանց համար արդյունավետ կամ ցանկացած իրական պաշտպանության միջոց չապահովելը, կարծում եմ, հանդիսանում է 14-րդ հոդվածի խախտում՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ 13-րդ հոդվածի հետ զուգակցմամբ։ Դատարանը բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 14-րդ հոդվածը չի արգելում դրսեւորվող վերաբերմունքի բոլոր տարբերությունները։ Ըստ Դատարանի՝ անհրաժեշտ է մշակել չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի որոշել, թե արդյոք Կոնվենցիայով երաշխավորվող մարդու իրավունքներն ու ազատություններն ապահովելիս տարբերակված վերաբերմունքի տվյալ դրսեւորումը հակասում է 14-րդ հոդվածի դրույթներին։ Հետեւելով այն սկզբունքներին, որոնք կարելի է բխեցնել մի շարք ժողովրդավարական երկրների իրավական պրակտիկայից՝ Դատարանն այն դեպքում է գտնում, որ հավասար վերաբերմունքի սկզբունք է խախտվել, երբ տարբերակված վերաբերմունքի դրսեւորումն օբյեկտիվորեն եւ ողջամտորեն հիմնավորված չէ։ Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատություններն ապահովելիս միայն տարբերակված վերաբերմունքը չէ, որ պետք է հետապնդի իրավաչափ նպատակ. 14-րդ հոդվածի խախտում թույլ կտրվի նաեւ այն դեպքում, երբ առկա չլինի «համաչափության ողջամիտ հարաբերակցություն կիրառվող միջոցների եւ հետապնդվող նպատակի միջեւ» (տե՛ս, օրինակ, Ռասմուսենն ընդդեմ Դանիայի [Rasmussen v. Denmark] գործը, 1984 թվականի նոյեմբերի 28, § 38, շարք Ա թիվ 87 ու Լիթգոուն եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Lithgow and Others v. the United Kingdom] գործը, 1986 թվականի հուլիսի 8, § 177, շարք Ա թիվ 102)։
Դատարանի վերոնշյալ իրավական մոտեցումն այս գործի հանգամանքների նկատմամբ կիրառելիս, դիմումատուների նկատմամբ դրսեւորվել էր ակնհայտ անհավասար վերաբերմունք։ Այդպիսի տարբերակված վերաբերմունքն իրավաչափ նպատակ չէր հետապնդել եւ օբյեկտիվորեն ու ողջամտորեն հիմնավորված չէր։ Դիմումատուները ոչ անհիմն ընդգծել են այն փաստը, որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվել, քանի որ հայկական ռազմական ուժերի կողմից ձեռնարկված գործողություններն անհամաչափ ազդեցություն են ունեցել իրենց վրա։ Ընդունում եմ նաեւ այն, որ դիմումատուների՝ 14-րդ հոդվածի մասով պնդումն ուսումնասիրելիս Դատարանի կողմից կիրառվող ապացուցելիության չափորոշիչը չպետք է նույնացվի ընդհանուր իրավունքի երկրների ներպետական դատարաններում կիրառվող՝ քրեաիրավական հարցերով ապացուցելիության չափորոշիչի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով այլ տրիբունալներն այսպիսի բարձր չափորոշիչ չեն սահմանում։ Հասան Իլհանն ընդդեմ Թուրքիայի [Hasan Ilhan v. Turkey] դատական գործի առնչությամբ Դատավոր Մուլարոնին իր չհամընկնող կարծիքում նշել է՝ «Կարծում եմ, որ ռասայական կամ ազգային պատկանելության հիմքով խտրականության մասով՝ 14-րդ հոդվածի վերաբերյալ բողոքների համատեքստում Դատարանի կողմից «առանց հիմնավոր կասկածի» ապացուցելիության չափորոշիչի կիրառումը պահանջելը գործնականում կհանգեցնի 14-րդ հոդվածով երաշխավորված՝ մարդու իրավունքների պաշտպանության վերացմանն այն ոլորտներում, որտեղ պետք է գերակայի ոչ թե ապացուցելիության, այլ պաշտպանության ամենաբարձր մակարդակը: Ակնկալելը, որ տուժածներն ինքնուրույն կապահովեն ապացուցելիության նման բարձր չափորոշիչի հետ համապատասխանություն, համարվում է ռասայական կամ ազգային պատկանելության հիմքով խտրականությունից պաշտպանությունը անիրական եւ չգործող դարձնելու ամենագործուն միջոցը։ Իրականում այդպիսի բարձր չափորոշիչի կիրառումը հավասարազոր է դիմումատուների համար 14-րդ հոդվածի խախտման առկայությունն ապացուցելն անհնարին դարձնելուն։ Հավելեմ, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մյուս առաջատար տրիբունալների կողմից այսպիսի բարձր չափորոշիչ չի պահանջվում»։ Տվյալ սկզբունքը Դատարանի կողմից ճանաչվել է Նաչովան ընդդեմ Բուլղարիայի [Nachova v. Bulgaria] ([ՄՊ], թիվ 43577/98 եւ 43579/98, ՄԻԵԴ, 2005<27/>VII) գործում։ Այդպիսի դեպքերում, առաջին հայացքից երկու տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ տարբերակված վերաբերմունքի մասին վկայող հստակ ապացույցների առկայության դեպքում պետության վրա պետք է դրվի այդպիսի վերաբերմունքի ոչ խտրական բնույթն ապացուցելու պարտավորությունը։ Սա հիմնավորվում է նրանով, որ պետություններն են օժտված իրենց գործողությունների հիմքում ընկած պատճառներն իմանալու բացառիկ հնարավորությամբ եւ, հետեւաբար, տեղյակ են՝ արդյոք այդպիսի ակնհայտ տարբերակված վերաբերմունքն ունի որեւէ չեզոք բացատրություն։
Ապացույցները վկայում են ոչ միայն այն մասին, որ արտաքսումը խտրական բնույթ է կրել, այլ նաեւ այն մասին, որ այդ արտաքսումներն իրականացնելուց հետո պատասխանող Պետությունը թույլատրել էր տեղահանման ենթարկված ոչ ադրբեջանցի բնակիչների վերադարձը։ Դա ոչ միայն խտրական քաղաքականության առկայության մասին վկայող հստակ ապացույց է, այլեւ դրանով ներկայացվում է խախտումների շարունակական բնույթը։ Ավելին, դիմումատուների նկատմամբ դրսեւորված վերաբերմունքի խտրական բնույթի մասին եզրահանգումը հիմնավորելու համար կարող ենք հավելել, որ Լաչինի շրջանում ոչ հայ բնակիչների էթնիկ զտում իրականացնելուց հետո իրականացվել է տվյալ շրջանը Հայաստանի Հանրապետությունից եկած հայերով բնակեցնելու քաղաքականություն։ Այսպիսով, համաձայն Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի հարակից գրավված տարածքներում ԵԱՀԿ փաստահավաք առաքելության (ՓՀԱ) զեկույցի՝ փաստահավաք առաքելություն իրականացնողները Լաչինի շրջանում հարցումներ են անցկացրել Լաչինի այն բնակիչների շրջանակներում, որոնք ունեցել են Հայաստանի Հանրապետության անձնագրեր եւ հայցել են մասնակցելու Հայաստանում կայանալիք ընտրություններին։
Համապատասխանաբար, դիմումատուները, որոնց Լաչինից արտաքսել են ավելի քան քսան տարի առաջ, եւ որոնք չեն կարող վերադառնալ Լաչինում գտնվող իրենց տները, հնարավորություն չեն ունեցել պաշտպանելու Կոնվենցիայով երաշխավորված իրենց իրավունքները, քանի որ իրենց նկատմամբ խտրականություն է դրսեւորվել, ինչը հակասում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածին՝ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի ու Կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ 13-րդ հոդվածի հետ զուգակցմամբ։
ԴԱՏԱՎՈՐ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Ցավով եմ նշում, որ խիստ անհամաձայն եմ Մեծ պալատի՝ այս գործով կայացրած վճռի հետ, եւ որոշ պատճառներով չեմ կարող համաձայնել ո՛չ մեծամասնության ներկայացրած պատճառաբանության, եւ ո՛չ էլ եզրակացությունների հետ:
Նախ, Դատարանը չանդրադառնալով ԼՂՀ-ի միջազգային իրավասուբյեկտության հարցերին (ինքնորոշման եւ պետականության հարցերին), չափից դուրս պարզեցում է կատարել քննարկվող իրավական խնդրի առնչությամբ։ Համոզված եմ, որ որոշելով, որ ենթադրյալ խախտումների վրա տարածվում է Հայաստանի Հանրապետության իրավազորությունը, Դատարանը չի տարանջատել միջազգային իրավունքի երկու միանգամայն տարբեր հասկացություններ՝ իրավազորությունը եւ վերագրումը՝ դրանով իսկ հանգեցնելով այս երկու հասկացությունների միաձուլմանը։ Դրանով Դատարանն անուղղակիորեն աննախադեպ մակարդակի է իջեցրել երրորդ կողմի գործողությունների համար պետությունների պատասխանատվության շեմը, ինչպես նաեւ նպաստել է միջազգային իրավունքի միասնականության խախտմանը։
Երկրորդ, կարծում եմ, որ Դատարանի տրամադրության տակ եղած ապացույցները բավարար չեն եղել՝ հիմնավոր ապացուցման պարտականության իրականացումն ապահովելու համար, որը պետք է կիրառվի զգայուն հարցեր շոշափող նման գործերի դեպքում։ Բացի դրանից, Դատարանի կողմից ապացույցների թույլատրելիությունը որոշելու ու դրանք գնահատելու եղանակն անընդունելի է եւ տարբեր գործերի համար տարբեր չափորոշիչների կիրառման անհաջող փորձ է: Դժվարանում եմ ընդունել միջազգային կազմակերպությունների բանաձեւերի մասով մեծամասնության ընտրողական մոտեցումը, որով ընդունվում է դիմումատուների եւ ներգրավվող երրորդ կողմի համար շահավետ բանաձեւերը՝ միեւնույն ժամանակ ամբողջովին անտեսելով պատասխանող Պետության համար շահավետ բանաձեւերը։
Կներկայացնեմ իմ սեփական դիրքորոշումը մի քանի կարեւոր հարցերի վերաբերյալ՝ անհամաձայնությունս հիմնավորելու համար։
Պետականության եւ ազգերի ինքնորոշման հետ կապված խնդիրները. ԼՂՀ-ի կարգավիճակն ըստ միջազգային իրավունքի
1.Դատարանը նույնիսկ հպանցիկ չի անդրադարձել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցին։ Կարծում եմ, որ այս խնդիրն առաջնային կարեւորություն է ներկայացնում՝ հաշվի առնելով վերագրման տարբեր կանոնները եւ այն չափորոշիչները, որոնցով առաջանում է պետությունների պատասխանատվության հարցը, եւ որոնք կիրառվում են այն դեպքերում, երբ դիտարկվում են մի կողմից ոչ պետական գործիչների ու խմբերի եւ մյուս կողմից՝ պետությունների (ճանաչված լինելու կամ չլինելու հանգամանքից անկախ) գործողությունները։
2.Այսպիսով, այն պետությունը, որը ֆինանսական եւ ցանկացած այլ աջակցություն է տրամադրում մեկ այլ պետության, պատասխանատու է ոչ թե վերջինիս գործողությունների, այլ տրամադրված օգնության եւ աջակցության համար (Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի նախատեսած՝ Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների (այսուհետ՝ ՊՊՀ) 16-րդ հոդված, Գլխավոր ասամբլեային Հանձնաժողովի կողմից ներկայացված՝ իր հիսուներեքերորդ նստաշրջանի աշխատանքների մասին հաշվետվությունը, Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի (ՄԻՀ) տարեգիրք, (2001), 2-րդ հատոր, էջ 26), եթե, իհարկե, չի ապացուցվում, որ աջակցություն ստացած պետությունը գործել է այդ պետության ղեկավարման եւ վերահսկողության (ՊՊՀ, 17-րդ հոդված) կամ հարկադրանքի ազդեցության տակ (ՊՊՀ, 18-րդ հոդված), ինչը չափազանց դժվար է ապացուցել: Ըստ ՄԻՀ-ի՝ «վերահսկողություն» եզրույթը վերաբերում է գործելակերպի «դրսեւորման նկատմամբ գերակայության հաստատման դեպքերին», մինչդեռ «ղեկավարում» եզրույթը ոչ թե ենթադրում է «սոսկ հրահրում կամ առաջարկ», այլ ավելի ճիշտ գործուն փաստացի ղեկավարում (Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ, ՄԱԿ-ի փաստաթուղթ A/56/10, Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի տարեգիրք, 2001, 2-րդ հատոր, էջ 69):
3.Այսպիսով, եթե ԼՂՀ-ն դիտարկվի որպես պետություն, ապա Հայաստանի Հանրապետության կողմից դրան տրամադրված ցանկացած օգնության կամ աջակցության հետեւանքով Հայաստանի իրավազորությունը չի տարածվի նաեւ ԼՂՀ-ի կողմից վերահսկվող տարածքների վրա, եթե չի ապացուցվում, որ ԼՂՀ-ի կողմից կատարված գործողությունները գերակայում են եւ գտնվում են Հայաստանի Հանրապետության գործուն ղեկավարման ներքո։
4.Կարեւոր է այս գործը տարբերակել Դատարանի կողմից նախկինում ուսումնասիրված իրավիճակներից՝ ցույց տալու համար, թե ինչու է կարգավիճակին վերաբերող հարցը կարեւորություն ներկայացնում, երբ այն իսկապես կարեւոր չի եղել նախկինում քննված գործերում։ Այսպիսով, այսպես կոչված՝ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ)» պարագայում առկա էին Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձեւեր, որոնցով ակնհայտորեն «քննադատում էին» ՀԿԹՀ-ի անկախության հռչակումը՝ այն որակելով որպես «իրավական ուժ չունեցող», եւ ընդհանուր առմամբ դատապարտելով ՀԿԹՀ-ի անջատումը, ինչպես նաեւ կոչ անելով միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ այն ընդունելուց (ԱԽ թիվ 541 բանաձեւ, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/541, 1983 թվականի նոյեմբերի 18, ԱԽ թիվ 550 բանաձեւ, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/550, 1984 թվականի մայիսի 11)։
5.Կիպրոսին վերաբերող գործերի քննության ժամանակ պարզապես կարիք չկար որոշելու ՀԿԹՀ-ի կարգավիճակը։ Վերջինիս կարգավիճակն արդեն իսկ որոշվել էր Անվտանգության խորհրդի կողմից, որն այն որակել էր որպես անօրինական ռեժիմի դրսեւորում: ՀԿԹՀ-ի կարգավիճակը չէր կարող որեւէ դերակատարում ունենալ Թուրքիայի պատասխանատվության հարցը որոշելիս. իրավական տեսանկյունից այն պարզապես որեւէ կարեւորություն չուներ։
6.Այնուամենայնիվ, այս դեպքում իրավիճակը միանգամայն տարբեր է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Լեռնային Ղարաբաղի շարժումը երբեք իրավական տեսանկյունից անօրինական չի ճանաչել։ Ավելին, զուտ այն փաստը, որ խաղաղության հաստատման գործընթացը դեռեւս շարունակվում է, ենթադրում է, որ ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը դեռեւս բաց է եւ դեռեւս քաղաքական բանակցությունների առարկա է (տե՛ս սույն վճռի 29-րդ պարբերությունը)։
7.Համապատասխանաբար, ԼՂՀ-ի եւ դրա անկախության հռչակման փաստի՝ միջազգային հարթությունում քննադատության եւ իրավական տեսանկյունից անօրինական ճանաչելու բացակայության պայմաններում ենթադրվում է, որ ապագայում դրա՝ որպես պետության, միջազգայնորեն ճանաչումը նույնպես հավանական տարբերակ է: Ասվածը նշանակում է, որ, պետականության սահմանումն այս դեպքում կարեւոր հարց է:
8.«Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի կոնվենցիայի (Մոնտեվիդեոյի կոնվենցիա) շրջանակներում պետականության դասական բնորոշման համաձայն՝ պետությունը՝ որպես «միջազգային իրավունքի սուբյեկտ», պետք է ունենա. ա) մշտական բնակչություն, բ) որոշակի տարածք, գ) կառավարություն, եւ դ) այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու ունակություն» (1-ին հոդված, 1933 թվականի դեկտեմբերի 26, 165 LNTS 19)։
9.Պետականության այդ սահմանումը լայնորեն ընդունված է միջազգային ճանաչում ունեցող մտածողների (Շ. Ռոզեն, «Ժամանակակից միջազգային իրավունքի անհարթությունները» [Sh. Rosenne, “The Perplexities of Modern International Law”], Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դասընթացների ժողովածու, 291-րդ հատոր, (2001), էջ 262, Ա.Ա.Կ. Տրինդեյդ, «Միջազգային իրավունքը մարդկության համար. նոր ժողովուրդների իրավունքի ձեւավորման ճանապարհին» [A. A. C. Trindade, “International Law for Humankind: Towards a New Jus Gentium, Hague Recueil], Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դասընթացների ժողովածու, 361-րդ հատոր, (2005), էջ 205), տարբեր միջազգային կառույցների (Պետությունների եւ դրանց գույքի՝ իրավազորության մասով անձեռնմխելիության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի զեկույցը, ՄԻՀ-ի զեկույցի հավելվածը իր՝ հիսունմեկերորդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ, ՄԱԿ-ի փաստաթուղթ, A/54/10 (1999), էջ 157) եւ նույնիսկ դատարանների («Դոյչ Կոնտինենտալ Գաս Գեսելշաֆտ» ընկերությունն ընդդեմ Լեհաստանի [Deutsche Continental Gas‑Gesellschaft v. Polish State], [1929], ՄԻԶ, 5-րդ հատոր, էջ 13) կողմից: Ավելին, պետությունները մշտապես եւ միատեսակ վկայակոչել են այս չափանիշները՝ ճանաչման մասով իրենց քաղաքականությունը որոշելիս (տե՛ս, օրինակ, ԱԽ 383-րդ հանդիպման արձանագրությունը, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/PV.383 (1948 թվականի դեկտեմբերի 2))։
10.Այսպիսով, ԼՂՀ-ն ունի կառավարություն, մշտական բնակչություն եւ ունակ է հաստատելու փոխհարաբերություններ, ինչը հիմնավորվում է այն փաստով, որ իրականում ԼՂՀ-ն ներկայացուցչություններ ունի մի շարք պետություններում։ ԼՂՀ-ն նաեւ վերահսկողություն է իրականացնում որոշակի տարածքի նկատմամբ. այնուամենայնիվ, առանցքային խնդիրն այն է, թե արդյոք ԼՂՀ-ի իրավասությունը տարածվում է ամբողջ այդ տարածքի կամ առնվազն դրա մի մասի նկատմամբ։ Եվ այդ հարցի կապակցությամբ է ինքնորոշման խնդիրը կարեւորվում։
Ազգերի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը
11.Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ ԼՂՀ-ն եւ Հայաստանի Հանրապետությունը սերտորեն ինտեգրված են, համարվում է գործուն միջամտություն ԼՂՀ-ի կարգավիճակը եւ իրավասուբյեկտությունը որոշելու հարցում, ինչից խուսափել է նույնիսկ Անվտանգության խորհուրդը։
12.Ուշագրավ է այն, որ, ինչպես վերը նշվել է, ԼՂՀ-ի անկախության հռչակումը երբեք քննադատության չի արժանացել կամ անօրինական չի ճանաչվել Անվտանգության խորհրդի կողմից, ինչպես Հարավային Ռոդեզիայի, Հյուսիսային Կիպրոսի կամ Սերբական Հանրապետության անկախության հռչակման համանման դեպքերում։
13.Այս առումով առանցքային կարեւորություն ունի «Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հարցերով միջազգային իրավունքի հետ համապատասխանության վերաբերյալ» խորհրդատվական կարծիքի («Կոսովոյի հարցերով խորհրդատվական կարծիք») մեջ ԱՄԴ-ի կողմից կատարված մեկնաբանությունը Անվտանգության խորհրդի՝ անկախության հռչակման որոշակի դեպքերի նկատմամբ ցուցաբերած մոտեցման վերաբերյալ։ Այդ եզրակացության մեջ ԱՄԴ-ն նշել է.
«Մի քանի մասնակիցներ վկայակոչել են Անվտանգության խորհրդի բանաձեւերը՝ դատապարտելով անկախության հռչակման առանձին դեպքերը. տե՛ս, inter alia, Հարավային Ռոդեզիայի վերաբերյալ Անվտանգության խորհրդի թիվ 216 (1965) եւ թիվ 217 (1965) բանաձեւերը, Հյուսիսային Կիպրոսի վերաբերյալ Անվտանգության խորհրդի թիվ 541 (1983) բանաձեւը եւ Սերբական Հանրապետության վերաբերյալ Անվտանգության խորհրդի թիվ 787 (1992) բանաձեւը։
Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ բոլոր այդ դեպքերում Անվտանգության խորհուրդը առկա կոնկրետ իրավիճակի համար որակումներ է տվել այն ժամանակահատվածում, երբ հռչակվել է համապատասխան սուբյեկտի անկախությունը, ուստի, անկախության հռչակման համապատասխան դեպքերն անօրինական որակելը որպես այդպիսին բխում էր ոչ թե ակախության հռչակման միակողմանի բնույթից, այլ այն փաստից, որ դրանք կապված էին կամ կարող էին կապված լինել ուժի անօրինական կիրառման կամ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտման, եւ մասնավորապես՝ jus cogens (պարտադիր բնույթ ունեցող) նորմերի խախտման հետ: Կոսովոյի դեպքում Անվտանգության խորհուրդը երբեք այսպիսի դիրքորոշում չի արտահայտել։ Ըստ Դատարանի՝ վերը թվարկված բանաձեւերի բացառիկ բնույթով հիմնավորվում է այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի պրակտիկայից չի կարող բխեցվել անկախության միակողմանի հռչակման վրա տարածվող ընդհանուր արգելք (ԱՄԴ-ի 2010 թվականի զեկույցներ 403, էջ 437-438, 81-րդ պարբերություն)։»:
14.Հետեւաբար, Անվտանգության խորհրդի՝ ԱՄԴ-ի կողմից ուսումնասիրված բանաձեւերը հանդիսանում են կոլեկտիվ հիմունքներով չճանաչելու դոկտրինայի դրսեւորումներ, այսինքն՝ այնպիսի իրավիճակներ, երբ ԱԽ-ն կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնպահ մնալ առանձին նոր սուբյեկտներին որպես պետություն ճանաչելուց՝ հաշվի առնելով այն, որ դրանց ձեւավորման գործընթացը ներառում է հիմնարար միջազգային պարտավորությունների խախտումներ (տե՛ս, օրինակ, Ջ. Դագարդ եւ Դ. Ռայչ «Ճանաչման դերն իրավունքում եւ անջատման պրակտիկան», Անջատում. Միջազգային իրավունքի զարգացման հեռանկարները [J. Dugard & D. Raič, “The role of recognition in the law and practice of secession”, Secession: International Law Perspectives] (Մ.Գ. Քոհեն (խմբագիր), Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2006) էջ 100-101)։
15.Անվտանգության խորհրդի՝ ԼՂՀ-ի հակամարտությանը վերաբերող թիվ 822, թիվ 853, թիվ 874 եւ թիվ 884 բանաձեւերում առկա չէ գործելակերպի անօրինական բնույթի վերաբերյալ որեւէ որակում կամ ԼՂՀ-ն ճանաչելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ միջազգային հանրությանն ուղղված կոչեր։ Ուստի, Անվտանգության խորհրդի կողմից բաց է մնացել ԼՂՀ-ի՝ միջազգային հանրության լիիրավ եւ օրինական անդամ դառնալու եւ ինքորոշման իրավունքը իրականացնելու հնարավորության հարցը։
16.Չնայած դրան, խիստ հակադրվելով Անվտանգության խորհրդի մոտեցմանը, Դատարանը, սահմանել է որակումներ, որոնք, հակառակը, խոչընդոտում են այդ իրավունքի իրականացումը՝ դրանով իսկ չճանաչելով այն փաստը, որ ԼՂՀ-ի ստեղծումն ու գոյությունը եղել է ոչ միայն տեղի բնակչության կամքի արտահայտում, այլ նաեւ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականության դեմ պայքարի դրսեւորում։
17.Այս առումով առաջնային կարեւորություն են ներկայացնում ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված վերջին զարգացումներն ու այդ իրավունքի դրսեւորումը, որն ավելի հաճախ որակվում է որպես «վերականգնողական անջատում» [remedial secession]։
18.«Վերականգնողական անջատում» հասկացությունը ենթադրում է միավորված մարդկանց որոշակի խմբերի՝ որեւէ պետությունից անջատվելու հնարավորությունն այն դեպքում, երբ առկա են մարդու իրավունքների կոպիտ խախտումներ, պետության կողմից գործադրվող ճնշում կամ պետության ներսում ինքնորոշման իրենց իրավունքն իրականացնելու անկարողություն (Ք. Թոմուշաթ, «Անջատում եւ ինքնորոշում», Անջատում. Միջազգային իրավունքի զարգացման հեռանկարները (Մ.Գ. Քոհեն (խմբագիր), Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն 2006), էջ 35. Ա. Կասեզե, Ազգերի ինքնորոշումը. Իրավական վերագնահատում [A. Cassese, Self-Determination of Peoples: A Legal Reappraisal] (Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 1995, էջ 120)։
19.Տվյալ հասկացությունը ծագել է «Պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրի՝ «երաշխիքային դրույթի»՝ a contrario (հակառակ դիտանկյունից) ընթերցման հիման վրա՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան (ԳԱ-ի թիվ 2625 (XXV) բանաձեւ (1970 թվականի հոկտեմբերի 24)) («Բարեկամական հարաբերությունների մասին» հռչակագիր), որը Արդարադատության միջազգային դատարանի կողմից նկարագրվել է որպես միջազգային սովորութային իրավունքն արտացոլող փաստաթուղթ (Կոսովոյի հարցերով խորհրդատվական կարծիք, էջ 436, 80-րդ պարբերություն) եւ լայնորեն ընդունվում է անվանի գիտնականների կողմից՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության հեղինակավոր մեկնաբանություն (Գ. Արանջիո-Ռուիս, Բարեկամական հարաբերությունների մասին ՄԱԿ-ի հռչակագիրը եւ Միջազգային իրավունքի աղբյուրների համակարգը [G. Arangio-Ruiz, The United Nations Declaration on Friendly Relations and the System of Sources of International Law (Sijthoff & Noordhoff 1979)], էջ 73-88. Յ. Բրաունլի, Միջազգային հանրային իրավունքի սկզբունքները [I. Brownlie, Principles of Public International Law], (7-րդ հրատարակություն, Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2008, էջ 581)։
20.Հռչակագրով սահմանվում է.
«...պարբերություններում (որոնցով վկայակոչվում է ազգերի ինքնորոշման իրավունքը) ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ցանկացած այնպիսի գործողությունների թույլատրում կամ խրախուսում, որոնք կարող են ամբողջությամբ կամ մասամբ խախտել կամ խաթարել այն ինքնիշխան եւ անկախ պետությունների տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական միասնությունը, որոնք գործում են հավասար իրավունքների սկզբունքին եւ ազգերի ինքնորոշման սկզբունքին համապատասխան ... եւ հետեւաբար՝ ունեն կառավարություն, որը ներկայացնում է տվյալ տարածքին պատկանող ամբողջ ժողովրդին՝ անկախ ռասայից, կրոնական համոզմունքներից կամ մաշկի գույնից»:
21.Միեւնույն «երաշխիքային դրույթը» կիրառվում է նաեւ Մարդու իրավունքների համաշխարհային խորհրդաժողովի կողմից ընդունված՝ Վիեննայի հռչակագրում եւ գործողությունների ծրագրում (ՄԱԿ-ի փաստաթուղթ A/CONF.157/23, ¶2, (1993 թվականի հունիսի 25)): «Երաշխիքային դրույթը» հուշում է, որ այն իրավիճակներում, երբ պետությունները հավատարիմ չեն մնում դրույթի երկրորդ մասում նկարագրված գործելակերպին, նրանք չեն արժանանում իրենց տարածքային ամբողջականության պաշտպանությանը (Դ. Մրսվիկ «Անջատման իրավունքի խնդիրները՝ վերանայված» [D. Murswiek, “The Issue of a Right of Secession - Reconsidered”] Ինքնորոշման ժամանակակից իրավունքում, (Ք. Թոմուսչատ խմբ., Մարտինուս Նեյհոֆֆ հրատարակչություն, 1993 թվական, էջ 92):
22.Այն պատկերացումը, որ մարդու իրավունքների խախտումների հետեւանքով ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ հետապնդվող խումբն իրավունք է ստանում ստեղծել իր առանձին պետությունը, շարունակում է հիմնավորվել միջազգային եւ ներպետական կառույցների զգալի թվով որոշումներով:
23.Այդ իրավունքը ենթադրվում էր Քեվին Մգվանգա Գունմեն եւ այլք ընդդեմ Կամերունի գործով (Քեվին Մգվանգա Գունմեն եւ այլք ընդդեմ Կամերունի [Kevin Mgwanga Gunme et al v. Cameroon], Մարդու եւ ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողով, Հաղորդագրություն թիվ 266/03 (2009), § 199) եւ Մարդու եւ ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի՝ Կատանգյան ժողովրդական կոնգրեսն ընդդեմ Զաիրի [Katangese Peoples’ Congress v. Zaire] գործերով, որոնցով նշվում էր, որ «Զաիրի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը համապատասխանող ինքնորոշման իրավունքի որեւէ տեսակ իրականացնելու» պարտավորությունը գոյություն ունի անկախ «մարդու իրավունքների այնպիսի խախտումների վերաբերյալ կոնկրետ ապացույցների առկայության հանգամանքից, որոնց հետեւանքով Զաիրի տարածքային ամբողջականությունը պետք է կասկածի տակ դրվի» (Կատանգյան ժողովրդական կոնգրեսն ընդդեմ Զաիրի, Մարդու եւ ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողով, Հաղորդագրություն թիվ 75/92 (1995), § 6):
24.Միեւնույն մոտեցումն արտացոլված էր Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով դատավորներ Վիլդհաբերի եւ Ռիսդալի համընկնող կարծիքներում եւ Քվեբեկի անջատման գործի առնչությամբ Կանադայի գերագույն դատարանի կողմից կատարված հղման մեջ, ըստ որի «երբ որեւէ ժողովուրդ զրկված է իր ներքին ինքնորոշման իրավունքի ողջամիտ իրականացման հնարավորությունից, այն իրավունք ունի, որպես վերջին միջոց, ինքնորոշման իրավունքն իրականացնել անջատման միջոցով» ([1998] 2 S.C.R. 217, ¶134 (Կանադա)):
25.Վերականգնողական անջատման իրավունքը հետագայում ճանաչվել է միջազգային իրավունքի ոլորտի բազմաթիվ ակնառու գիտնականների կողմից, ինչպիսիք են Թոմաս Ֆրենկը [Thomas Franck] («Հետմոդերնիստական տրիբալիզմը եւ անջատման իրավունքը» [“Postmodern Tribalism and the Right to Secession”], Ս. Բրոկման եւ այլք. (խմբ.)), «Ժողովուրդները եւ ազգային փոքրամասնությունները՝ միջազգային իրավունքում» [Peoples and Minorities in International Law] (Մարտինուս Նեյհոֆֆ հրատարակչություն, 1993 թվական, էջ 13-14) կամ Ջեյմս Քրոուֆորդը [James Crawford] («Պետությունների ստեղծումը միջազգային իրավունքում» [“The Creation of States in International Law”] (2-րդ խմբ., Քլարենդոն հրատարակչություն, 2006 թվական, էջ 126)):
26.Այդ մոտեցումը նաեւ ակնհայտ է պետությունների պրակտիկայում: Այսպիսով Բարեկամական հարաբերությունների մասին հռչակագրի ընդունումից ընդամենը 2 տարի անց 47 պետություններ ճանաչեցին Բանգլադեշ պետությունը՝ տեղի բնակչության դեմ ուղղված բռնությունների հետեւանքով, անկախ այն փաստից, որ Պակիստանն այն ճանաչեց միայն 1976 թվականին: Ներկայումս 110 պետություններ ճանաչում են Կոսովո պետությունը:
27.Այսպիսով, վերականգնողական անջատման իրավունքը ներկայումս լայնորեն ճանաչվում է միջազգային փաստաթղթերով, միջազգային դատարանների եւ կառույցների վճիռներով եւ որոշումներով, պետությունների պրակտիկայով եւ միջազգային իրավունքի դոկտրինայով:
28.Վերը նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական բռնությունը, 1990 թվականի հունվարին Բաքվում հայերի նկատմամբ իրականցվող հետապնդումները, 1991 թվականի գարնանը իրականացված այսպես կոչված «Օղակ գործողությունը», որի հետեւանքով հայաթափվեցին ավելի քան քսան հայկական գյուղեր, բոլորը իրադարձություններ էին, որոնք նախորդել էին «ԼՂՀ»-ի անկախության հռչակմանը, ինչը պարզապես այդ ամենի տրամաբանական արձագանքն էր: Հատկանշական է այն, որ բոլոր այդ իրադարձությունները ճանաչվել են մարդու իրավունքների պաշտպանության անկախ կազմակերպությունների, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի մարմինների կողմից (տե՛ս, օրինակ, Հյուման Րայթս Ուոտչ, «Ադրբեջան. Լեռնային Ղարաբաղում յոթ տարի տեւող հակամարտություն» (Հյուման Րայթս Ուոտչ, Նյու Յորք, Վաշինգտոն, Լոս Անջելես, Լոնդոն, Բրյուսել 1994 թվական)). Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտե, «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն կողմ պետությունների կողմից ներկայացված զեկույցների վերաբերյալ ուսումնասիրություն, Հայաստան (ՄԱԿ-ի փաստաթուղթ CEDAW/C/ARM/1/Corr.1, 1997 թվականի փետրվարի 11):
29.Ադրբեջանի կողմից վարվող՝ էթնիկ հիմքով խտրականության վրա հիմնված շարունակական քաղաքականությունն այսօր նույնպես ճանաչվել է Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի կողմից (Ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի (ՌԽՎԿ) եզրափակիչ դիտարկում. Ադրբեջան, ՄԱԿ-ի փաստաթուղթ CERD/C/AZE/CO/4 (2005 թվականի ապրիլի 14), Եվրոպայի խորհրդի՝ Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Ադրբեջանի մասին իր բոլոր երեք զեկույցներում (ընդունված` համապատասխանաբար 2002 թվականի հունիսի 28-ին, 2006 թվականի դեկտեմբերի 15-ին եւ 2011 թվականի մարտի 23-ին), ինչպես նաեւ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից (Ադրբեջանի մասին եզրակացություն, ACFC/INF/OP/I(2004)001 (2003 թվականի մայիսի 22), Ադրբեջանի մասին երկրորդ եզրակացություն, ACFC/OP/II(2007)007 (2007 թվականի նոյեմբերի 9)):
30.Հայերի դեմ ուղղված էթնիկ ատելության՝ պետական մակարդակով իրականացվող քարոզչության առկայությունը հետագայում հաստատվել է հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու շարունակական բնույթ կրող դեպքերով, որոնցից ամենաբարբարոսականը Ջուղայի գերեզմանատան ոչնչացումն էր, կամ ադրբեջանցի սպայի փառաբանությամբ, ով դատապարտվել էր Հունգարիայում իր հայ գործընկերոջը քնած ժամանակ սպանելու համար:
31.ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման հարցն անհրաժեշտ է դիտարկել այս համատեքստում, քանի որ ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշումը եղել է այն միակ միջոցը, որով ապահովվել է նրանց պաշտպանությունը խտրականության վրա հիմնված այդ քաղաքականության դրսեւորումներից, եւ այս համատեքստն է, որ Դատարանն իր իրավազորությունն իրականացնելիս ամբողջապես անտեսել է: Այս համատեքստը, հատկապես, վերաբերում է մարդու իրավունքներին եւ Դատարանը, որի գործառույթը մարդու իրավունքները պաշտպանելն է, փաստորեն մի վճիռ է կայացրել, որը ինչպես նշեցի վերեւում, իրապես բացասաբար է անդրադառնում ինքնորոշման իրավունքի իրականացման եւ հետեւաբար նաեւ՝ ԼՂՀ-ի ժողովրդի հիմնարար իրավունքների եւ ազատությունների վրա:
Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառումը
32.Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման խնդիրը սերտորեն առնչվում է ԼՂՀ-ի միջազգային իրավասուբյեկտության հարցի հետ: Մերժելով պատասխանող Կառավարության առարկությունն իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառման վերաբերյալ՝ Դատարանը նշել է, որ իրատեսական չէ, որ չճանաչված «ԼՂՀ» սուբյեկտում գոյություն ունեցող իրավական պաշտպանության որեւէ հնարավոր միջոց տեղահանման ենթարկված ադրբեջանցիներին ապահովեր գործնականում արդյունավետ փոխհատուցում ստանալու հնարավորությամբ (տե՛ս վճռի 119-րդ պարբերությունը): Այս մոտեցումը հակասում է սահմանված նախադեպային իրավունքին:
33.Հատկանշական է այն, որ Դեմոպուլոսը եւ այլք գործով Դատարանն ընդունել է այն փաստը, որ անգամ de facto սուբյեկտները կարող են ունենալ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ եւ որ իրավական պաշտպանության միջոցների առանձնահատկություններն են, որ դրանց դարձրել են անարդյունավետ: Այսպիսով, Դատարանը գտել է, որ որեւէ ուղիղ, ինքնաբերական կապ չի եղել ինքնահռչակ պետությունը ճանաչելու խնդրի եւ Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ՝ միջազգային մակարդակով ինքնիշխան լինելու վերաբերյալ իր կողմից ներկայացված պնդման եւ 35-րդ հոդվածի 1-ին կետի կիրառության միջեւ (տե՛ս Դեմոպուլոսը եւ այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) [ՄՊ] գործը, թիվ 46113/99, 3843/02, 13751/02, 13466/03, 10200/04, 14163/04, 19993/04 եւ 21819/04, ՄԻԵԴ 2010, § 100): Հիմնվելով Դեմոպուլոսը եւ այլք ընդդեմ Թուրքիայի գործի վերաբերյալ Դատարանի եզրահանգումների վրա՝ հարկ է նշել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնիշխան կարգավիճակը որեւէ պետության կողմից ճանաչված չլինելու փաստը դիմումատուներին չի ազատում ԼՂՀ-ի տարածքում իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտականությունից:
34.Բացարձակապես որեւէ կասկած չկա, որ Լեռնային Ղարաբաղում առկա է ձեւավորված եւ գործող դատական համակարգ: Այնուամենայնիվ, դիմումատուները երբեք ԼՂՀ-ի դատարաններ պահանջ ներկայացնելու որեւէ փորձ չեն արել եւ որեւէ ապացույց չեն ներկայացրել այն մասին, որ անհաղթահարելի խոչընդոտներ են եղել այդ դատարաններում վարույթ հարուցելու հետ կապված: Այն փաստը, որ դիմումատուներն ապրում են ԼՂՀ-ի տարածքից դուրս, որեւէ հիմք չի տալիս իրավական պաշտպանության այդ միջոցներից իրենց չօգտվելը արդարացնելու համար:
35.Սահմանները՝ de facto կամ de jure, խոչընդոտ չեն հանդիսանում իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման համար: Այսպիսով, Պադը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Pad and Others v. Turkey] ((որոշում), թիվ. 60167/00, 2007 թվականի հունիսի 28, § 69) գործով, որը վերաբերում է իրանցի գյուղացիներին, որոնց վրա թուրքական անվտանգության ուժերը կրակել են սահմանամերձ գոտում, Դատարանն ընդունել է իրավական պաշտպանության ներպետական միջոցների չսպառման հիմքերի վերաբերյալ Կառավարության առարկությունը եւ նշել, որ, հաշվի առնելով Միացյալ Թագավորությունում փաստաբանին գործը վարելու հանձնարարություն տալու դիմումատուների հնարավորությունը, նրանք չէին կարող պնդել, որ դատական մեխանիզմը Թուրքիայում, որը օտարերկրյա պետություն է, ֆիզիկապես եւ ֆինանսապես անհասանելի է եղել նրանց համար: Այն փաստը, որ դիմումատուներին տվյալ գործի շրջանակներում հաջողվել է անգլիացի փաստաբաններին իրենց անունից հանդես գալու հանձնարարություն տալ, վկայում է այն մասին, որ նրանց հնարավորությունները սահմանափակ չեն եղել:
36.Դիմումատուների կողմից ԼՂՀ-ում նրանց համար հասանելի իրավական պաշտպանության միջոցները սպառելու հետ կապված միակ խոչընդոտը ստեղծվել է նրանց իսկ Կառավարության կողմից: Ադրբեջանը հայտնել է առանց իր թույլտվության ԼՂՀ այցելող անձանց «պատժելու» իր մտադրության մասին՝ հայտարարելով նրանց “persona non grata” («անցանկալի անձ») եւ հետագայում մերժելով նրանց մուտքը Ադրբեջան: «Սեւ ցուցակում» ընդգրկվածների թվին են պատկանում պառլամենտի անդամներ՝ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, ինչպես նաեւ մի շարք այլ եվրոպական երկրներից, եւ մյուսները՝ հեռավոր Ավստրալիայից եւ Ուրուգվայից: Հնարավոր է՝ սա է պատճառը, թե ինչու դիմումատուների փաստաբանները չեն փորձել պահանջ ներկայացնել ԼՂՀ-ի դատարաններ:
37.Մեծամասնության կարծիքով՝ ընթացակարգային թերությունների հետեւանքով է, որ պատասխանող Կառավարությանը չի հաջողվել ապացուցել իրավական պաշտպանության պատշաճ եւ արդյունավետ միջոցների՝ դիմումատուների համար հասանելիությունը:
Ինչպես կարելի է տեսնել վճռի 113-114-րդ պարբերություններում, պատասխանող Կառավարությանը հաջողվել է ապացուցել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների հասանելիությունը դիմումատուներին, սակայն Դատարանի նախագահը որոշել է, որ լրացուցիչ փաստաթղթային նյութերը, այդ թվում՝ ԼՂՀ-ի առաջին ատյանի դատարանի կողմից կայացված երկու վճիռները, որոնցով ճանաչվում են տեղահանման ենթարկված էթնիկ ադրբեջանցի երկու հայցվորների սեփականության իրավունքները, չպետք է ներառվեն գործի նյութերում:
38.Կոնվենցիայում ապացույցների ընդունելիության վերաբերյալ հստակ դրույթների բացակայության պայմաններում Դատարանը, որպես կանոն, ճկուն մոտեցում է դրսեւորում՝ իրեն վերապահելով գործողությունների բացարձակ ազատություն, երբ հարցը վերաբերում է ապացույցների ընդունելիությանը եւ գնահատմանը: Ինչպես Դատարանի Մեծ պալատը վերահաստատել է Նաչովան ընդդեմ Բուլղարիայի ([ՄՊ], թիվ 43577/98 եւ 43579/98, § 147, ՄԻԵԴ 2005‑VII) գործով, ապացույցների ընդունելիության հետ կապված որեւէ ընթացակարգային խոչընդոտ գոյություն չունի: Որոշ դեպքերում Դատարանը նույնիսկ գործի ըստ էության քննության վերաբերյալ քննարկումներից հետո եւ նախքան վճիռ կայացնելն ընդունել է նոր ապացույցներ (տե՛ս Վուսկովիչը եւ այլք ընդդեմ Սերբիայի [ՄՊ] [Vučković and Others v. Serbia [GC]] թիվ 17153/11, 2014 թվականի մարտի 25, եւ Վ. Ա.-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշում) [W.A. v. France (dec.)], թիվ 34420/07, 2014 թվականի հունվարի 21):
39.Մեծ պալատի քարտուղարի տեղակալը 2013 թվականի հունիսի 7-ի նամակով պատասխանող Պետության կառավարության լիազոր ներկայացուցչին տեղեկացրել է կողմերից բանավոր հայտարարություններ վերցնելու՝ Մեծ պալատի նախագահի որոշման մասին: Ավելին, վերոնշյալ նամակին կցված՝ «Դատարանի լսումներին մասնակցող անձանց համար նախատեսված ուղեցույցը» կողմերին հնարավորություն է տվել հիմնվել «ցանկացած լրացուցիչ փաստաթղթային նյութի» վրա մի պայմանով, որ «այն պետք է ներկայացվի լսումներից առնվազն երեք շաբաթ առաջ կամ բառացիորեն ներառվի նրանց բանավոր հայտարարություններում»: Ապացույցներ ներկայացնելու հնարավորությունների վերաբերյալ Քարտուղարի ցուցումներին հետեւելով՝ Կառավարությունն իր բանավոր հայտարարություններում հիմնվել է ԼՂՀ-ի դատարանների կողմից երկու ադրբեջանցիների օգտին կայացված երկու վճիռների վրա (բառացիորեն ներառված):
40.Նկատի ունենալով Դատարան ներկայացված ապացույցների ընդունելիության վերաբերյալ Դատարանի կողմից հաստատված պրակտիկան եւ հաշվի առնելով այս գործը քննելու համար վերոնշյալ երկու վճիռների կարեւորությունը եւ այն փաստը, որ տվյալ ապացույցները Կառավարության կողմից ներկայացվել են պատշաճ ժամկետում՝ թեկուզ բանավոր կերպով, փաստաթղթերը ուշ ներկայացված լինելու հիմքով որոշիչ նշանակություն ունեցող ապացույցներ ստանալու մերժումը համոզիչ չէ եւ տպավորություն է ստեղծում, որ Դատարանը պարզապես թաքցրել է այն ապացույցը, որը կդժվարացներ իր կողմից համապատասխան եզրակացություններ կայացնելը: Հույս ունեմ, որ սա առաջին եւ վերջին անգամն է, որ Մարդու իրավունքների դատարանն ինքը թերանում է երաշխավորել արդարադատության կատարման տեսանելիությունը:
41.Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ չեմ կարող համաձայնել Մեծ պալատի մեծամասնության այն կարծիքի հետ, որ դիմումատուներից չի պահանջվել սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները:
Փաստերի հաստատումը
42.Գործերի զգալի մեծամասնության դեպքում Դատարանը կարողացել է իրեն ներկայացված փաստաթղթային ապացույցներից հաստատել փաստերը։ Հաշվի առնելով Կոնվենցիայի՝ նախքան Դատարան գանգատ ներկայացնելը իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պահանջը՝ շատ դեպքերում ներպետական դատարանների կայացրած որոշումներից հետո կարեւոր փաստերն այլեւս վիճարկելի չեն։ Այնպիսի բացառիկ դեպքերում, ինչպես օրինակ այս գործում, երբ ներպետական մարմինները չեն կարողացել իրականացնել փաստահավաք գործառույթ դիմումատուների կողմից իրենց պահանջները նրանց չներկայացնելու պատճառով, Դատարանի վրա է դրվում գործի փաստական հանգամանքները հաստատելու պարտավորությունը։ Ակնհայտ է, որ այս գործի կողմերի միջեւ ծագել են հիմնարար փաստերի հետ կապված վեճեր, որոնք հնարավոր չի եղել լուծել միայն ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելով։ Դիմումատուները ներկայացրել են տասնյակ հակասական հայտարարություններ եւ ապացույցներ, որոնց արժանահավատությունը կարելի է գնահատել միայն քննության իրականացման միջոցների օգնությամբ։ Հարկ է նշել, որ քննարկվող հողատարածքի եւ տան չափերի վերաբերյալ դիմումատուներն արել են հակասական հայտարարություններ, իսկ ավելի ուշ ներկայացրել են տեխնիկական անձնագիր՝ էականորեն տարբերվող թվանիշերով։
43.Ավելին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում Հայաստանի զինված ուժերի առկայության փաստը Դատարանի կողմից չի կարող հիմնավորվել՝ ելնելով դիմումատուի ներկայացուցիչների կողմից վկայակոչված՝ ուրիշի խոսքի վրա հիմնված ապացույցներից եւ տարիմաստ փորձագիտական եզրակացություններից։ Հետեւաբար, փաստերի հավաքումը եղել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Հայաստանի կողմից իրականացվող ռազմական վերահսկողության առկայության կամ բացակայության առնչությամբ ցանկացած պարտադիր իրավական լուծման նախապայմանը եւ բաղկացուցիչ տարրը։ Հետեւաբար, Դատարանի համար գործի փաստերը հաստատելու միակ տարբերակը փաստահավաք առաքելություն իրականացնելն էր, ինչպես Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի եւ Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի գործերում, կամ վկաների ցուցմունքները լսելը եւ քննություն իրականացնելը, ինչպես Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործում [Georgia v. Russia] (I)։ Կոնվենցիայի 19-րդ հոդվածը պարտավորեցնում է Դատարանին «ապահովելու Բարձր պայմանավորվող կողմերի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը», ինչը պահանջում է յուրաքանչյուր գանգատի ընդունելիության եւ ըստ էության քննության մասով համալիր ուսումնասիրություն։ Եթե հնարավոր չէ փաստերը հաստատել կողմերի գրավոր պնդումների հիման վրա, ապա Դատարանի՝ փաստահավաք առաքելություն նախաձեռնելու իրավունքը վերածվում է այդպես գործելու իրավական պարտավորության՝ Կոնվենցիայի շրջանակներում իր պարտավորությունները կատարելու համար։
44.Փաստահավաք առաքելությունն անհրաժեշտ է եղել ոչ միայն գործի ընդունելիության առնչությամբ որոշում կայացնելու, այլեւ ըստ էության քննության համար։ Դատարանը չի կարող որեւէ խելամիտ որոշում կայացնել դիմումատուներին ենթադրաբար պատկանող բնակելի տան եւ հողատարածքի չափի վերաբերյալ զուտ նրանց կողմից ներկայացված հակասական փաստաթղթերի հիման վրա։ Մասնավորապես, պարոն Չիրագովի ենթադրյալ գույքի մասով նրա ներկայացուցիչները պնդել են, որ նա ունեցել է 250 քառ. մետր մակերեսով բնակելի տուն։ Այնուամենայնիվ, բնակելի տան նկատմամբ նրա սեփականության իրավունքի փաստն ապացուցելու նպատակով ներկայացված փաստաթղթում նշվում է, որ նրա բնակելի տունը 260 քառ. մետր է։ Մյուս կողմից՝ բնակելի տան տեխնիկական անձնագրում նշվում է, որ տունն ունի 408 քառ. մետր մակերես։ Այս առնչությամբ Դատարանը հղում է կատարել ՄԱԿ-ի` Պինեյրոյի սկզբունքների 15-րդ հոդվածի 7-րդ կետին (տե՛ս 136-րդ պարբերությունը), որը տվյալ գործում վերաբերելի չէ, քանի որ դրանում խոսվում է փաստաթղթային ապացույցների բացակայության մասին, մինչդեռ այստեղ առկա են միեւնույն առարկայի վերաբերյալ հակասական փաստաթղթեր։
45.Այս առումով այնքանով, որքանով շոշափվում են համապատասխան փաստերը, պատշաճ եւ արդար արդարադատություն իրականացնելիս Դատարանը չուներ որեւէ այլընտրանք, քան առաջնորդվել փաստահավաքման ընթացակարգով կամ ձեռնարկել Դատարանի կանոնակարգին կից Հավելվածի Ա1 կանոնով սահմանված՝ քննություն իրականացնելու այլ միջոցներ: Առանց այս ընթացակարգերից որեւէ մեկն իրականացնելու Դատարանը չէր կարող հանգել վերջնական եզրակացության՝ առնվազն դիմումատուների՝ որպես տուժողների կարգավիճակը (ընդունելիության չափանիշներ) եւ գործի հանգամանքները գնահատելիս։
46.Մեղմ ասած՝ տարօրինակ է նաեւ այն հանգամանքը, որ Դատարանը որոշ միջազգային կազմակերպությունների բանաձեւեր ընդունել է որպես փաստ՝ միեւնույն ժամանակ ամբողջովին անտեսելով մյուսները։ Այս առումով կարեւոր է նշել ԵԱՀՀ փաստահավաք առաքելության զեկույցը, որում չափազանց հստակ կերպով նշվում է, որ «Փաստահավաք առաքելության ընթացքում չի հայտնաբերվել Լաչինի վերաբնակեցման գործում Հայաստանի կառավարության ներգրավվածությունը հավաստող ոչ մի ապացույց։» ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերը, որոնց պատրաստվում եմ հղում կատարել ստորեւ, փաստաթղթերի մեկ այլ խումբ են, որոնք կարեւոր նշանակություն ունեն եւ, չնայած վճռում վկայակոչված լինելու հանգամանքին, անտեսվել են Դատարանի կողմից տրված գնահատականում։
Իրավազորությունը եւ վերագրումը
47.Այս գործում առանցքային նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներով դիմումատուներին պետք է դիտարկել որպես Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո գտնվող, թե ոչ։ Կարծում եմ, որ արտատարածքային իրավազորության հարցի հետ կապված Դատարանի նախորդ իրավակիրառումը համապատասխանում էր միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ համընդհանուր ճանաչում ունեցող չափորոշիչներին, քանի որ դրանք կոդիֆիկացվել են Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի («ՄԻՀ») կողմից կամ կիրառվել եւ մեկնաբանվել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Այս գործով Դատարանի արտահայտած կարծիքը չնայած նոր, սակայն, կարծում եմ, որ ցավալի միտում է։
48.Այստեղ հիմնական խնդիրն այն մեթոդն է, որի համաձայն Դատարանը գտնում է, որ պետք է հաստատվի Հայաստանի իրավազորությունը։ Ինչպես Դատարանը նշում է 169-րդ պարբերության մեջ, այն վկայակոչում է ոչ թե «համապատասխան պաշտոնյայի» բացառությունը, այլ «տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության» բացառությունը։ Դատարանը նշում է.
«Փոխարենը, գործի փաստերի վերաբերյալ անհրաժեշտ է պարզել այն հարցը, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը նշված տարածքների նկատմամբ իրականացրել է եւ շարունակում է իրականացնել արդյունավետ վերահսկողություն, եւ, որպես հետեւանք, կարող է պատասխանատվություն կրել ենթադրյալ խախտումների համար։»:
49.Իրավազորության հարցի առնչությամբ վճռի հիմնական խնդիրը 180-րդ պարբերությունն է, որտեղ Դատարանը նշում է հետեւյալը.
«[Հ]իմնվելով արդեն իսկ ներկայացված բազմաթիվ զեկույցների եւ հայտարարությունների վրա, Դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, իր ռազմական ներկայության եւ ռազմական տեխնիկայով ու փորձառությամբ օժանդակելու միջոցով, նշանակալի ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ դրա վաղ շրջանից։ Ռազմական այս օժանդակությունը եղել է եւ շարունակում է որոշիչ լինել վեճի առարկա հանդիսացող տարածքների նվաճման եւ դրանց նկատմամբ շարունակական վերահսկողություն պահպանելու համար, եւ ապացույցներն ու հատկապես ռազմական համագործակցության մասին 1994 թվականի համաձայնագիրը հստակ վկայում են այն մասին, որ Հայաստանի եւ ԼՂՀ-ի զինված ուժերը սերտորեն ինտեգրված են։»:
Այսպիսով, մեծամասնության դիրքորոշմամբ այս գործը Կատանը եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի ([ՄՊ], թիվ 43370/04, 8252/05 եւ 18454/06, ՄԻԵԴ 2012) գործի նման ենթադրում է մի իրավիճակ, որում արտատարածքային սկզբունքով իրավազորության իրականացումը հիմնված է «տարածքի արդյունավետ վերահսկողության» բացառության վրա։ Այնուամենայնիվ, Դատարանի կողմից քննված նախորդ այլ գործերից սա տարբերվում է նրանով, որ այս վերահսկողությունը ենթադրաբար իրականացվում է «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման» միջոցով (ինչպես մատնանշելու եմ ստորեւ, Կիպրոսի գործերում այդպիսի վերահսկողություն հաստատվել էր ոչ թե «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման» միջոցով, այլ Թուրքիայի ռազմական ուժերի ուղղակի ներգրավվածության հիմքով)։
50.Հիմնական խնդիրն այն է, որ Դատարանը տարբերություն չի դնում տարածքի նկատմամբ «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման» միջոցով հաստատված վերահսկողություն ներառող իրավիճակների եւ «Պայմանավորվող պետության սեփական զինված ուժերի» միջոցով հաստատված վերահսկողություն ներառող իրավիճակների միջեւ։ Եվ սա ոչ թե զուտ փաստական հանգամանքների տարբերություն է, այլ իրավունքի մասով տարբերություն, քանի որ երկու իրավիճակներն էլ շոշափվում են վերագրման տարբեր կանոններով։
Կատանի գործում Դատարանը պնդել է, որ այն բացարձակապես առնչություն չունի վերագրման հետ՝ մատնանշելով, որ «Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ «իրավազորության» առկայությունը հաստատելու համար նախատեսված ստուգման չափորոշիչը երբեք չի նույնացվել միջազգային իրավունքի շրջանակներում միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների նկատմամբ պատասխանատվություն սահմանելու ստուգման չափորոշիչի» հետ (տե՛ս Կատանի գործը՝ վերեւում հիշատակված, § 115, տե՛ս նաեւ Ջալուդն ընդդեմ Նիդեռլանդների ([ՄՊ], թիվ 47708/08, § 154, ՄԻԵԴ 2014)) գործը։ Կարծում եմ, որ սա ճակատագրական նշանակություն ունեցող՝ չափից դուրս պարզեցում է եւ հիմնական պատճառն այն բանի, թե ինչու է Դատարանը հանգել այն եզրակացության, որ Հայաստանը պատասխանատվություն է կրում Լաչինի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների համար։
51.Այս չափից դուրս պարզեցումը նաեւ այն հիմնական պատճառն է, թե ինչու չեմ կարող համաձայնել Դատարանի հետ։ Ստորեւ կփորձեմ հստակ բացատրել՝ ինչու։
Իրավազորությունը չի կարող սահմանվել առանց գործելակերպի վերագրման
52.Կարծում եմ, որ ինքնին «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման» հասկացությունը ենթադրում է վերագրման կանոնների պարտադիր կերպով ներառում (օրինակ տե՛ս Ա. Կասսեզե, «Բոսնիայում ցեղասպանության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի վճռի լույսի ներքո վերանայված՝ Նիկարագուայի եւ Թադիչի ստուգման չափորոշիչները», [A. Cassese, “The Nicaragua and Tadić Tests Revisited in Light of the ICJ Judgment on Genocide in Bosnia”] Միջազգային իրավունքի եվրոպական տեղեկագիր, հ. 18 (2007 թվական), էջ 658, 17-րդ տողատակի ծանոթագրություն)։
53.Տեղական կազմավորման կողմից տարածքի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, անկախ այն հանգամանքից՝ որքան արդյունավետ կամ ակնհայտ է այդպիսի վերահսկողությունը, կարող է ոչ մի հետեւանք չունենալ Պայմանավորվող պետության պատասխանատվության համար, եթե այդ տեղական կազմավորման գործողությունները չեն վերագրվում այդ պետությանը կամ Դատարանի օգտագործած ձեւակերպման համաձայն՝ երբ տվյալ տեղական կազմավորումը պետության «ենթակայության տակ է գտնվում»։ Այսպիսի վերագրման (կամ «ենթակայության») բացակայության դեպքում տարածքի նկատմամբ առկա չէ պետության կողմից իրականացվող վերահսկողություն, եւ ուստի չի կարող հաստատվել դրա իրավազորությունը, հետեւաբար չի կարող շոշափվել դրա պատասխանատվության հարցը։
54.Իրականում վերագրման հարց առաջանում է նաեւ այն դեպքում, երբ վերահսկողությունն իրականացվում է «Պայմանավորվող պետության սեփական զինված ուժերի» միջոցով։ Տարբերությունը միայն կիրառվող վերագրման կանոնի մեջ է։
Վերագրման այս կանոնները, միանշանակ, կարելի է գտնել Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի նախատեսած՝ Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածներում (Գլխավոր ասամբլեային Հանձնաժողովի կողմից ներկայացված՝ իր քառասուներեքերորդ նստաշրջանի աշխատանքների մասին հաշվետվություն, 2 Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի տարեգիրք (2001 թվական) 2, էջ 26) (այսուհետ՝ ՊՊՀ), որոնք հավանության են արժանացել Գլխավոր ասամբլեայի կողմից (ԳԱ-ի բանաձեւ թիվ 56/83, ՄԱԿ-ի փաստաթուղթ A/56/589, 2002 թվականի հունվարի 28), եւ լայնորեն ճանաչվել են որպես տվյալ հարցն արտացոլող սովորութային իրավունք։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը նույնպես վկայակոչել է Պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածները բազմաթիվ գործերում (տե՛ս, inter alia, Բլեչիչն ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Blečić v. Croatia [GC]] գործը, § 48, թիվ 59532/00, ՄԻԵԴ 2000‑III, տե՛ս նաեւ Իլաշկուն եւ այլք ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի [ՄՊ] գործը, թիվ 48787/99, §§ 319-321, ՄԻԵԴ 2004‑VII)։
55.Այսպիսով, տարածքի նկատմամբ «Պայմանավորվող պետության սեփական զինված ուժերի» միջոցով իրականացվող վերահսկողության դեպքում կիրառվող կանոնը «Պետության մարմինների գործելակերպի» վերագրումն է (Պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների 4-րդ հոդված), մինչդեռ տարածքի նկատմամբ «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման» միջոցով իրականացվող վերահսկողության դեպքում կիրառվող կանոնը «Պետության կողմից ուղղորդվող կամ վերահսկվող գործելակերպի» վերագրումն է (Պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների 8-րդ հոդված)։
56.Հետեւաբար, վերագրումը միշտ է կիրառվում։ Տարբերությունն այն է, որ պետության զինված ուժերի գործելակերպի վերագրումը տվյալ պետությանը որպես այդպիսին ենթադրվում է, մինչդեռ տեղական կազմավորման գործողությունների վերագրումը պետք է ապացուցել եւ պետք է որոշել այդպիսի վերագրման համար պահանջվող վերահսկողության սահմանը (հաշվի առնելով Միջազգային իրավունքի դոկտրինայում հարցի շուրջ առկա բանավեճը)։
57.Այսպիսով, ավելորդ չի լինի եւս մեկ անգամ ընդգծելը, որ Դատարանի կողմից Կիպրոսի գործերում օգտագործվող «ընդհանուր արդյունավետ վերահսկողություն» հասկացությունն իրավազորության մասով ստուգման չափորոշիչ է, եւ դրանով որոշվում է պետության կողմից՝ իր ճանաչված սահմաններից դուրս գտնվող տարածքների նկատմամբ իրականացված վերահսկողության մակարդակը, մինչդեռ «արդյունավետ վերահսկողություն» կամ «ընդհանուր վերահսկողություն» հասկացությունները վերագրման մասով ստուգման չափորոշիչներ են եւ վերաբերում են պետության կողմից անհատների, խմբերի կամ կազմակերպությունների նկատմամբ իրականացված վերահսկողությանը (տե՛ս, օրինակ, Մ. Միլանովիչ, «Պետության պատասխանատվությունը ցեղասպանության համար» [ M. Milanovič, “State Responsibility for Genocide”], 17 Միջազգային իրավունքի եվրոպական տեղեկագիր (2006 թվական), էջ 586)։
58.Երկու հասկացությունների նույնացումը նույնպես անընդունելի է եւ փորձ է՝ ցույց տալու միայն մեկ, այլ ոչ թե երկու գործոնն էլ ապացուցելու անհրաժեշտությունը։
Տեղին կլիներ այստեղ եւս մեկ անգամ նշել, որ չնայած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ որպես մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրի հատուկ բնույթին (տե՛ս, inter alia, Մաքելհինին ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ] [McElhinney v. Ireland [GC]] գործը, թիվ 31253/96, § 36, ՄԻԵԴ 2001‑XI (քաղվածքներ)), Դատարանը բազմիցս նշել է, որ «Կոնվենցիայի հիմքում ընկած սկզբունքները չեն կարող մեկնաբանվել եւ կիրառվել մեկուսի», եւ որ Դատարանն «իր իրավազորության առնչությամբ որեւէ հարց ուսումնասիրելիս պետք է նաեւ հաշվի առնի միջազգային իրավունքի ցանկացած վերաբերելի կանոն, հետեւաբար՝ որոշի պետության պատասխանատվությունը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին համապատասխան եւ դրանց համահունչ, որի մասն է կազմում այն ....» (տե՛ս Բեհրամին եւ Բեհրամին ընդդեմ Ֆրանսիայի [Behrami and Behrami v. France] եւ Սարամատին ընդդեմ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Նորվեգիայի (որոշում) [ՄՊ] [Saramati v. France, Germany and Norway (dec.) [GC]], թիվ 71412/01 եւ 78166/01 գործերը, ընդգծումն ավելացված է, § 122, տե՛ս նաեւ Բանկովիչը եւ այլք ընդդեմ Բելգիայի եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների (որոշում) [ՄՊ] [Bankovič et al. v. Belgium and other NATO member states (dec.) [GC]] գործը, թիվ 52207/99, § 57)։
59.Դա հաշվի առնելով՝ այս գործում Դատարանի կողմից կիրառված մոտեցումը ոչ այլ ինչ է, քան ընդհանուր միջազգային իրավունքի կանոնների շրջանցում եւ դրանց անտեսում։ Այս մոտեցումն ըստ էության հանգեցնում է «իրավազորություն» եւ «վերագրում» հասկացությունները շփոթելուն եւ նույնացնելուն, ինչպես նաեւ պատասխանատվության մասով չափորոշիչ ձեւավորելուն, ինչն աննախադեպ է միջազգային դատարանների եւ տրիբունալների պրակտիկայում եւ ճիշտ այն է, ինչի առնչությամբ ավելի վաղ զգուշացրել էր Դատարանը՝ Կոնվենցիայի մեկուսի կիրառումը ։
Դատարանի՝ ավելի վաղ ձեւավորված նախադեպային իրավունքը անուղղակիորեն համապատասխանում է վերագրման կանոնների եւ իրավազորության տարբերակված կիրառմանը
60.Ինչպես վերը նշվել է, արտատարածքային իրավազորության հարցի վերաբերյալ Դատարանի ավելի վաղ ձեւավորված նախադեպային իրավունքը, կարծում եմ, համապատասխանում է միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ համընդհանուր ճանաչում ունեցող չափորոշիչներին, քանի որ դրանք կոդիֆիկացվել են Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի կողմից կամ կիրառվել եւ մեկնաբանվել՝ Արդարադատության միջազգային դատարանի կողմից։ Հետեւաբար, Դատարանի ներկայիս դիրքորոշման համար ոչ մի հիմնավորում հնարավոր չէ գտնել՝ ելնելով այդ իրավակիրառումից։
Սկսած Կիպրոսի գործերից՝ չնայած այն հանգամանքին, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ տարածքի նկատմամբ պետության ընդհանուր արդյունավետ վերահսկողությունը կարող է հաստատվել ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով, մինչեւ բոլորովին վերջերս Դատարանը չուներ որեւէ հստակ դեպք, երբ վերահսկողությունը հաստատվում է միայն այդպիսի կազմավորման միջոցով, եւ Կիպրոսի գործերը բացառություն չեն կազմում։ Իրականում, Կատանի գործից բացի՝ Եվրոպական դատարանի կողմից քննված բոլոր գործերում Պայմանավորվող պետությունն ուղղակիորեն ներգրավված է եղել կամ իր մեծ թվով զորքերի ներկայության հիմքով (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության) գործը, 1996 թվականի դեկտեմբերի 18, § 56, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ [Reports of Judgments and Decisions 1996 VI] 1996‑IV, Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] գործը, թիվ 25781/94, § 77, ՄԻԵԴ 2001‑IV) կամ քննարկվող խախտումներում իր ուղղակի ներգրավվածության միջոցով (որն արդեն իսկ «պետական պաշտոնյայի իրավասության» բացառության օրինակ է)։
Այս առումով Կիպրոսի գործերը կարեւոր ուղեցույց են։ Ճշմարիտ է այն, որ եւ՛ Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործում, եւ՛ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործում, Եվրոպական դատարանը նշել է, որ «տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողությունը» կարող է իրականացվել ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով (տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ) գործը, 1995 թվականի մարտի 23, § 62, շարք Ա թիվ 310, եւ Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության) գործը՝ վերեւում հիշատակված, § 52)։ Այնուամենայնիվ, փաստացի այդպիսի վերահսկողությունը, ի վերջո, հաստատվել էր ոչ թե Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության կողմից տարածքի նկատմամբ իրականացրած վերահսկողության հիմքով, այլ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի զգալի թվով զորքերի ներկայության եւ Հյուսիսային Կիպրոսի գրավման գործում նրանց անմիջական ներգրավվածության ու դիմումատուի՝ իր գույքից օգտվելու հնարավորությունը խոչընդոտելու հիմքով (տե՛ս Լոիզիդուի գործը (նախնական առարկություններ)՝ վերեւում հիշատակված, § 63)։ Լոիզիդուի գործով (տե՛ս Լոիզիդուի (ըստ էության) գործը, § 56) Դատարանը գտել է, որ՝
«Հյուսիսային Կիպրոսում զինվորական ծառայության մեջ գտնվող [Թուրքիայի] զորքերի մեծ թվից երեւում է, ... որ դրա բանակն ընդհանուր արդյունավետ վերահսկողություն է իրականացնում կղզու այդ հատվածի վրա։»:
Այնուհետեւ Դատարանը հանգել է այն եզրակացության, որ առաջացել է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության գործողությունների համար Թուրքիայի պատասխանատվության հարցը, սակայն որոշիչ է եղել ոչ թե Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նկատմամբ դրա իրականացրած վերահսկողության մակարդակը, այլ ինքնին տարածքի նկատմամբ ուղղակի վերահսկողություն իրականացնելու փաստը։
61.Սա նշանակում է, որ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման նկատմամբ իրականացվող վերահսկողության աստիճանն իրականում Դատարանի համար կարեւոր նշանակություն չուներ, քանի որ անկախ ինքնին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նկատմամբ իրականացված վերահսկողության աստիճանից՝ Թուրքիայի սեփական զինված ուժերի միջոցով կղզու նկատմամբ ուղղակի վերահսկողություն իրականացնելու փաստը ներառում էր Թուրքիայի՝ մարդու իրավունքների հետ կապված դրական եւ բացասական պարտավորությունները։
62.Այսպիսով, այս գործերում կիրառելի՝ Պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների համապատասխան կանոնը «Պետության մարմինների գործելակերպի» վերագրումն է (Հոդված 4).
«1.Միջազգային իրավունքի համաձայն՝ ցանկացած պետական մարմնի գործելակերպ համարվում է պետության գործողություն՝ անկախ մարմնի կողմից օրենսդիր, գործադիր կամ որեւէ այլ գործառույթ իրականացնելու հանգամանքից, պետական համակարգում զբաղեցրած դիրքից եւ դրա՝ որպես կենտրոնական կառավարության կամ պետության տարածքային ստորաբաժանման մարմին լինելու բնույթից։
2.Մարմինն ընդգրկում է ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը պետության ներպետական իրավունքի համաձայն օժտված է այդպիսի կարգավիճակով։»:
Այսպիսով, թուրքական զինված ուժերը, որոնց գործելակերպն ակնհայտորեն վերագրվում է Թուրքիային, դիտարկվել են որպես տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու միջոց։
63.Ինչպես նշել է Դատարանը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործում (վերեւում հիշատակված, § 77).
«Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն իրականացնելիս իր [Թուրքիայի] պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել Հյուսիսային Կիպրոսում իր իսկ զինվորների կամ պաշտոնյաների գործողությունների շրջանակով, պատասխանատվության հարց պետք է առաջանա նաեւ տեղական կազմավորման գործողությունների հիմքով ...»:
Այսպիսով, այդ վերահսկողությունն իրականացվում էր ոչ թե Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նկատմամբ (վերագրման հարց), այլ Հյուսիսային Կիպրոսի տարածքի նկատմամբ (իրավազորության հարց), եւ այս առնչությամբ այն հարցը, թե տեղական կազմավորման գոյությունն ապահովվում է Թուրքիայի տրամադրած օժանդակության միջոցով, թե ոչ, կամ ինչ աստիճանի վերահսկողություն է իրականացնում Թուրքիան այդ կազմավորման նկատմամբ, երկրորդական է, խնդիրն այստեղ տարածքի նկատմամբ Թուրքիայի անմիջական վերահսկողության հարցն է (եւ հետեւաբար ներգրավվող երրորդ կողմի պնդումն այն մասին, որ այս գործերը վերագրման «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչի համար ծառայում են որպես հիմնավորում, անհիմն է)։
64.Հետեւաբար, իրականում Կիպրոսի գործերում նույնպես առկա չէ համոզիչ հիմնավորում՝ ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով պետության կողմից տարածքի նկատմամբ անուղղակի վերահսկողություն հաստատելու վերաբերյալ, քանի որ այդ գործերում իրականում ոչ թե ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորումն է համարվել տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն հաստատելու միջոց, այլ թուրքական բանակը։
65.Լսումների ընթացքում եւ՛ դիմումատուի ներկայացուցիչները, եւ՛ ներգրավվող երրորդ կողմի ներկայացուցիչները վկայակոչել են Իլաշկուն ընդդեմ Մոլդովայի եւ Ռուսաստանի (վերեւում հիշատակված) գործի հետ կապված Դատարանի վճիռը՝ որպես պետության կողմից ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման նկատմամբ իրականացված վերահսկողության օրինակ։
66.Այնուամենայնիվ, համոզված եմ, որ Իլաշկուի գործը ոչ թե տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողության՝ ուղղակի կամ անուղղակի, դեպք էր, այլ «պետական պաշտոնյայի իրավասության» բացառության դեպք, հետեւաբար՝ լիովին տարբեր ու տվյալ գործով ոչ վերաբերելի։
67.Իլաշկուի գործում Ռուսաստանի կողմից արտատարածքային սկզբունքով իրավազորության իրականացման առնչությամբ (§§ 379-394) Դատարանի վերլուծության ոչ մի հատվածում հնարավոր չէ հանդիպել այնպիսի եզրույթների, ինչպիսիք են՝ «տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողություն», «խամաճիկ պետություն» կամ «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորում». այս եզրույթները միայն օգտագործվում են Դատարանի՝ այն իրավիճակների ընդհանուր նկարագրության մեջ, որտեղ կարող է սահմանվել արտատարածքային իրավազորությունը (արտատարածքային իրավազորության հարցի վերաբերյալ իրավունքի ուսումնասիրություն), այլ ոչ թե այնտեղ, որտեղ Դատարանը կիրառում է իրավունքը՝ գործի փաստական հանգամանքների նկատմամբ։
68.Այսպիսով, Դատարանի պատճառաբանությունը հիմնված էր ռուսական զինված ուժերի գործողությունների եւ դրանց հաջորդող՝ տեղական կազմավորման կողմից դիմումատուին ազատությունից զրկելու միջեւ առկա պատճառահետեւանքային կապի վրա։ Չնայած այն չէր ստացել որեւէ քաղաքական եւ ռազմական օժանդակության Ռուսաստանի Դաշնությունից, այնուամենայնիվ, այդ օժանդակությունը որոշիչ գործոն չէր եղել Ռուսաստանի պատասխանատվության հարցը որոշելու համար։
69.Եթե Ռուսաստանի կողմից մերձդնեստրյան իշխանություններին տրամադրված օժանդակությունը բավարար լիներ վերջինիս որպես «ենթակայության տակ գտնվող կազմավորում» որակելու համար, որի միջոցով Ռուսաստանն իրականացնում էր ընդհանուր արդյունավետ վերահսկողություն տարածքի նկատմամբ, ապա տվյալ գործում բացարձակապես անհրաժեշտություն չէր լինի սահմանելու ռուսական զինված ուժերի անմիջական ներգրավվածությունը ձերբակալման եւ դրան հաջորդող՝ դիմումատուների հետ վարվեցողության հարցում, քանի որ, ինչպես պարզաբանել է Դատարանը, «տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողությունը» ներառում է պետության պատասխանատվությունն այդ տարածքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունների համար՝ անկախ պետության անմիջականորեն ներգրավված լինելու հանգամանքից՝ հաշվի առնելով, որ «1-ին հոդվածի համաձայն՝ վերահսկող պետությունը պատասխանատվություն է կրում իր վերահսկողության տակ գտնվող տարածքի շրջանակներում Կոնվենցիայով եւ իր կողմից վավերացված լրացուցիչ արձանագրություններով սահմանված նյութական իրավունքների ամբողջ լրակազմի պահպանության համար։ Այն պատասխանատվության կենթարկվի այդ իրավունքների ցանկացած խախտման համար» (տե՛ս Իլաշկուի գործը՝ վերեւում հիշատակված, § 316, եւ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] գործը, թիվ 25781/94, § 77, ՄԻԵԴ 2001‑IV):
70.Այսպիսով, Իլաշկուի գործում Դատարանը չի նշել, որ մերձդնեստրյան իշխանությունների բոլոր գործողությունները վերագրվում են Ռուսաստանի Դաշնությանը, այլ միայն նշել է, որ այդ իշխանություններին տրամադրած օժանդակության հիմքով «առաջանում է[ր] Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության հարցը Մերձդնեստրյան անջատողականների կողմից կատարված անօրինական գործողությունների մասով՝ հաշվի առնելով անջատողական վարչակարգը հաստատելու նպատակով նրանց օգնելու համար դրա կողմից նրանց տրամադրած ռազմական եւ քաղաքական օժանդակությունը եւ զինված բախման մեջ դրա զինվորական անձնակազմի մասնակցությունը» (ընդգծումն ավելացված է, § 382)։
71.Միջազգային հանրային իրավունքի շրջանակներում դա որպես այդպիսին ենթադրում է ոչ թե մերձդնեստրյան իշխանությունների գործողությունների վերագրում Ռուսաստանի Դաշնությանը (ինչը համարժեք է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը որպես «խամաճիկ պետություն» որակելուն), այլ՝ պետության նկատմամբ պատասխանատվության սահմանում մեկ այլ սուբյեկտի օգնելու եւ աջակցելու համար։ Այսպիսով, Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների 16-րդ հոդվածով նախատեսվում է պետությունների պատասխանատվությունը «միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների կատարման նպատակով ցուցաբերված օգնության կամ աջակցության» համար։ Դրանով սահմանվում է հետեւյալը.
«Ցանկացած պետություն, որն օգնում կամ աջակցում է մեկ այլ պետության՝ վերջինիս կողմից միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողություններ կատարելու հարցում, միջազգային մակարդակով պատասխանատվություն է կրում այդպես գործելու համար, եթե.
այդ պետությունը այդպես է գործում՝ իմանալով միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքների մասին,
գործողությունը համարվում է միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողություն տվյալ պետության կողմից կատարվելու դեպքում:»։
72.Այնուամենայնիվ, այդպիսի պատասխանատվությունը չի կարող սահմանվել in abstracto (վերացական ձեւով), այն պետք է կապված լինի քննարկման առարկա յուրաքանչյուր եւ ցանկացած առանձին գործողության կամ խախտման հետ, ուստիեւ՝ 16(ա) հոդվածի պահանջի հետ առ այն, որ օգնություն եւ աջակցություն ցուցաբերող պետությունը պետք է «իմանա միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքների մասին»։ Եվ Դատարանը՝ դիմումատուների կալանավորման գործում ռուսական իշխանությունների՝ անմիջականորեն ներգրավված լինելու հանգամանքը հաստատելիս ակնհայտորեն հիմնվել է այդ պատճառաբանության վրա եւ ընդգծել քննարկման առարկա՝ հաջորդող իրադարձությունների մասին իմանալու հանգամանքը, որոնք տեղի են ունեցել դիմումատուներին մերձդնեստրյան իշխանություններին հանձնելուց հետո (§ 384, ընդգծումն ավելացված է).
«...այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությանը, ներառում են ոչ միայն այն գործողությունները, որոնցում մասնակցություն են ունեցել տվյալ պետական պաշտոնյաները, ինչպես օրինակ՝ դիմումատուների ձերբակալումը եւ կալանավորումը, այլ նաեւ նրանց հանձնումը մերձդնեստրյան ոստիկանությանը եւ վարչակարգին, ինչպես նաեւ դրան հաջորդող՝ ոստիկանության աշխատակիցների կողմից նրանց նկատմամբ ցուցաբերած վատ վերաբերմունքը, քանի որ այդպես գործելով՝ Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաները լիովին տեղյակ են եղել, որ իրենք դիմումատուներին հանձնում են ապօրինի եւ հակասահմանադրական վարչակարգին։
Ի հավելումն, հաշվի առնելով այն գործողությունները, որոնց առնչությամբ մեղադրանք է առաջադրվել դիմումատուներին, Ռուսաստանի կառավարության պաշտոնյաները գիտեին կամ առնվազն պետք է իմանային, թե ինչ ճակատագիր է սպասվում նրանց։»:
73.Այսպիսով, Դատարանը ոչ թե հանգել է այն եզրակացության, որ մերձդնեստրյան իշխանությունների գործողությունները վերագրվում են Ռուսաստանի Դաշնությանը, ինչը կլիներ տրամաբանական եզրահանգում, քանի որ այդ իշխանությունները կդիտարկվեին որպես «խամաճիկ պետություն», այլ այն եզրակացության, որ առաջանում է Ռուսաստանի Դաշնության պատասխանատվության հարցը կոնկրետ գործողությունների համար, ինչն օգնելու եւ աջակցելու համար պետության պատասխանատվությանը ներհատուկ ձեւակերպում է (տե՛ս նույն տեղում, § 385)։
«Ըստ Դատարանի դիրքորոշման՝ դիմումատուների նկատմամբ ռուսական զինվորների կողմից կատարված բոլոր գործողությունները, այդ թվում՝ նրանց անջատողական վարչակարգի իրավասությանը հանձնելը, այդ ապօրինի վարչակարգի հետ ռուսական իշխանությունների համագործակցության համատեքստում կարող են առաջացնել պատասխանատվության հարց այդ վարչակարգի գործողությունների համար:»:
74.Ուստի, մերձդնեստրյան իշխանությունների հետ Ռուսաստանի համագործակցության (ոչ թե նրանց վերահսկողության), զոհերի ճակատագրի մասին նրանց տեղյակ լինելու եւ քննարկվող իրադարձություններում Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների անմիջական ներգրավվածության հարցերի ամբողջությունն է առաջացրել վերջինիս պատասխանատվության հարցը։ Այդ տարրերը լիովին համապատասխանում են ոչ իրավաչափ գործողությունների կատարմանն օգնելու եւ աջակցելու համար պետության պատասխանատվության վերոնշյալ կանոնին։
75.Այստեղ մեկ այլ կարեւոր տարր է Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաների գործողությունների եւ դրանց հաջորդող՝ զոհերի նկատմամբ վերաբերմունքի միջեւ առկա պատճառահետեւանքային կապը։
76.Այնուամենայնիվ, Դատարանն առաջին անգամ դա սահմանել է ոչ թե Իլաշկուի գործում, այլ ավելի վաղ քննած՝ Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործում, որում այն օգտագործել է նույն ձեւակերպումը, ինչ Իլաշկուի գործում (տե՛ս Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1989 թվականի հուլիսի 7, § 88, շարք Ա թիվ 161).
«Հարցականի տակ է մնում այն հանգամանքը, թե արդյոք փախստականին հանձնելը մեկ այլ պետությանը, որտեղ նա կարող է ենթարկվել կամ ամենայն հավանականությամբ ենթարկվելու է խոշտանգման կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինքնին առաջացնում է Պայմանավորվող պետության պատասխանատվության հարցը ... Եթե Պայմանավորվող պետությունը գիտակցաբար փախստականին հանձնում է մեկ այլ պետության, որտեղ էական հիմքեր կան ենթադրելու, որ առկա է նրա կողմից խոշտանգման ենթարկվելու սպառնալիք, ապա որքան էլ լուրջ լինի ենթադրաբար կատարված հանցագործությունը, դժվար թե սա համապատասխանի Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքներին, այն է՝ «քաղաքական ավանդույթների, գաղափարների, ազատության եւ իրավական պետության ընդհանուր ժառանգությանը», որոնք հիշատակվում են Նախաբանում։»:
77.Սոերինգի գործով վճռում օգտագործված վերոնշյալ ձեւակերպումը հստակ եւ ակնհայտորեն ցույց է տալիս, որ զուտ այն փաստը, որ որոշակի գործողությունների հետեւանքով առաջանում է պետության պատասխանատվության հարցը, ոչ մի առնչություն չունի վերագրման հետ։ Հակառակ փաստարկի դեպքում կհանգենք այն անտրամաբանական եզրակացության, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունների հնարավոր գործողությունները վերագրելի էին Միացյալ Թագավորությանը։ Այսպիսով, Սոերինգի գործով վճռի դեպքում նույնպես իրականում գործ ունեինք օգնելու եւ աջակցելու համար պատասխանատվության հետ։
78.Իլաշկուի գործում Ռուսաստանի Դաշնության պատասխանատվությունը սահմանվել է մի քանի կուտակվող գործոնների համակցության հիմքով. 1) ռուսական զորքերի անմիջական ներգրավվածությունը դիմումատուների կալանավորման գործում, 2) ռուսական զորքերի կողմից դիմումատուների հանձնումը մերձդնեստրյան իշխանություններին եւ նրանց տեղեկացվածությունը դիմումատուների ճակատագրի մասին, 3) ռուսական իշխանությունների կողմից Մերձդնեստրին տրամադրած օժանդակությունը։ Հետեւաբար, Իլաշկուի գործում պետության պատասխանատվությունը սահմանվել է անօրինական գործողություններ իրականացնող խմբավորմանը դրա կողմից ցուցաբերած օգնության եւ աջակցության հիմքով, մինչդեռ արտատարածքային սկզբունքով իրավազորության իրականացման սահմանային չափանիշը սահմանվել է «համապատասխան պաշտոնյայի» բացառության ուժով, բայց ոչ մի դեպքում «տարածքի նկատմամբ ընդհանուր արդյունավետ վերահսկողության» բացառության հիմքով, ինչն ակնհայտ է Դատարանի կողմից այն պատճառահետեւանքային կապի վրա հիմնվելու հանգամանքից, որն առկա է ռուսական զորքերի գործողությունների եւ դրանց հաջորդող՝ դիմումատուների հետ վարվեցողության ու ազատությունից զրկելու իրողության միջեւ։
79.Հետեւաբար, Իլաշկուի գործով նույնպես չի նախատեսվում որեւէ հիմնավորում այս գործով Դատարանի արտահայտած դիրքորոշման առնչությամբ, ինչը լիովին տարբեր է։ Դիմումատուներին իրենց գույքից զրկելու գործում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներգրավվածության որեւէ ուղղակի ապացույցի կամ քննարկվող տարածքների նկատմամբ վերահսկողություն իրականացնող այդ ուժերի մեծ թվի վերաբերյալ ապացույցի բացակայության պայմաններում Հայաստանի կողմից արտատարածքային սկզբունքով իրավազորության իրականացումն ապացուցելու միակ եղանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Հայաստանի ենթակայության տակ գտնվելու հանգամանքն ապացուցելն է, որի դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ծառայի որպես տարածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու միջոց։
80.Առաջին հայացքից վերոնշյալ մոտեցումից շեղում կարելի է նկատել Կատանի գործով վճռում։ Այդ վճռում Դատարանը նշել է, որ գործը բացարձակապես որեւէ առնչություն չունի վերագրման հետ (§ 115)։ Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանն այնուհետեւ շարունակում է եզրակացնել, որ «Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)՝ Ռուսաստանի տրամադրած օժանդակությունից մեծ կախվածություն ունենալը ծանրակշիռ փաստարկ է առ այն, որ դպրոցական ճգնաժամի ընթացքում Ռուսաստանն իրականացրել է արդյունավետ վերահսկողություն եւ որոշիչ ազդեցություն է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության վարչակազմի վրա» (§ 122)։ Այսպիսով, չնայած Կիպրոսի գործերում օգտագործված ձեւակերպմանը, սա ոչ թե վերահսկողություն է տարածքի (իրավազորություն) նկատմամբ, այլ վերահսկողություն է սուբյեկտի նկատմամբ։
81.Այնուամենայնիվ, քանի դեռ Կատանի գործի շուրջ քննարկումները շարունակվում էին, Դատարանն արդեն քննել էր Իլաշկուի գործը։ Այսպիսով, Դատարանի եզրահանգումը կարելի է որոշ չափով բացատրել միեւնույն աշխարհաքաղաքական իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանության համար միեւնույն բոլոր չափորոշիչները կիրառելու՝ Դատարանի հակումով։
Կիրառման ենթակա վերագրման չափորոշիչները
82.Այսպիսով, նշելով, որ վերագրման հարցը անփոխարինելի է ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորման միջոցով արտատարածքային իրավազորության իրականացումը որոշելու համար, հաջորդ հարցը, որին պետք է պատասխանել, կիրառման ենթակա վերագրման չափորոշիչն է, այսինքն՝ վերագրման չափորոշիչը, որը պետք է օգտագործվի որոշելու համար՝ արդյոք տեղական կազմավորումը փաստացի ենթակայության տակ է գտնվում թե ոչ կամ, այլ կերպ ասած, արդյոք տեղական կազմավորումը կարող է որակվել որպես պատասխանող Պետության de facto մարմին։
83.Այս չափորոշիչը որոշելիս պետք է հիշել, որ դա պետության պատասխանատվության մասին ընդհանուր միջազգային իրավունքի մաս է կազմում եւ, հետեւաբար, պետք է առկա լինի այդ պետությունների պրակտիկայում։ Մեկ այլ հարց, որին պետք է ուշադրություն դարձնել այդ չափորոշիչը որոշելիս, ցանկացած միջազգային տրիբունալի՝ միջազգային իրավունքի միասնականության խախտմանը նպաստելուց խուսափելու պարտավորությունն է, կամ ավելի ճիշտ՝ այդ երեւույթի բավականին կոնկրետ տեսակը, երբ միեւնույն միջազգային իրավական հասկացությունները տարբեր ասպարեզներում [fora] տարբեր կերպ են մեկնաբանվում։
84.Ինչպես նշել է Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովը միասնականության խախտման մասին իր զեկույցում, առկա է միջազգային իրավունքում նորմատիվ բնույթի հակասության վերաբերյալ լուրջ ենթադրություն։ Ավելին, Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովը նշել է, որ «ընդհանուր իրավունքի բովանդակության վերաբերյալ միմյանցից տարբերվող կարծիքները ... խաթարում են իրավական անվտանգությունը» եւ «իրավական սուբյեկտներին դնում են միմյանց նկատմամբ անհավասար դիրքում», եթե «այն իրավունքները, որոնցով նրանք օժտված են, պայմանավորված են նրանով, թե որ սուբյեկտի իրավազորությանն է վերապահված դրանց իրականացումը» («Միջազգային իրավունքի միասնականության խախտում. Միջազգային իրավունքի բազմազանեցումից եւ ընդլայնումից բխող դժվարություններ», ՄԱԿ-ի փաստաթուղթ A/CN.4/L.682, § 52)։
85.Ասվածը նշանակում է, որ տարբեր դատարանների եւ այլ կառույցների կողմից ընդհանուր միջազգային իրավունքի մեկնաբանության եւ կիրառման միատեսակ բնույթը միջազգային արդարադատության եւ իրավակարգի նախապայմանն է։ Այսպիսով, նկատի ունենալով այս դիտարկումը՝ պետք է հաշվի առնել նաեւ այլ միջազգային կառույցների փորձը։
86.Ընդհանուր կանոնը նկարագրվում է Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածներում (ՊՊՀ), այն է՝ 8-րդ հոդվածում (Պետության կողմից ուղղորդվող կամ վերահսկվող գործելակերպը), որով սահմանվում է.
«Միջազգային իրավունքի համաձայն՝ անձի կամ մի խումբ անձանց գործելակերպը համարվում է պետության գործողություն, եթե տվյալ գործելակերպը դրսեւորելիս այդ անձը կամ մի խումբ անձինք իրականում գործում են տվյալ պետության ցուցումներով կամ դրա ուղղորդման կամ վերահսկողության տակ:»։
87.Հետեւաբար, տեղին է այն հարցը, թե ինչպիսի վերահսկողություն պետք է իրականացնի պետությունը, որպեսզի հանգեցնի անձանց կամ մի խումբ անձանց (կամ իրականում այնպիսի սուբյեկտի, որն օժտված է պետությանը բնորոշ բոլոր հատկանիշներով) գործողություններն իրեն վերագրելուն։
88.Ռազմական եւ ռազմականացված գործողությունները Նիկարագուայում եւ Նիկարագուայի դեմ գործով Արդարադատության միջազգային դատարանի պատճառաբանության համաձայն՝
«[ոչ պետական խմբավորումների] ֆինանսավորման, գործունեության կազմակերպման, վերապատրաստման, մատակարարման եւ սարքավորումներով ապահովման ինչպես նաեւ նրանց ամբողջ գործունեության ծրագրման գործում պետության նույնիսկ գերակշիռ կամ որոշիչ մասնակցությունը դեռեւս ինքնին բավարար չէ ... վերագրման համար։ Պետության ... կողմից իրենից բարձր աստիճանի կախվածության մեջ գտնվող ուժի նկատմամբ նույնիսկ ընդհանուր վերահսկողությունն առանց լրացուցիչ ապացույցի ինքնին չի նշանակում, որ [... պետությունը] ուղղորդում կամ կատարում է ... գործողությունները։ ... Այս գործելակերպով [... պետության] իրավական պատասխանատվություն առաջացնելու համար սկզբունքորեն պետք է ապացուցվի, որ այդ պետությունը արդյունավետ վերահսկողություն է իրականացրել այն ռազմական կամ կիսառազմական գործողությունների նկատմամբ, որոնց ընթացքում կատարվել են ենթադրյալ խախտումները» (ԱՄԴ-ի 1986 թվականի զեկույցներ 14, էջ 65, § 115, ընդգծումն ավելացված է):
89.Հարկ է նշել, որ Արդարադատության միջազգային դատարանը երբեք չի շեղվել «արդյունավետ վերահսկողության» կանոնից՝ այն մշտապես օգտագործելով բոլոր նույնանման գործերում։ Այսպիսով, «Զինված գործողություններ Կոնգոյի տարածքում (ԿԴՀ-ն ընդդեմ Ուգանդայի)» [Armed Activities on the Territory of the Congo (DRD v. Uganda)] գործում Արդարադատության միջազգային դատարանը այսպես կոչված Կոնգոյի ազատագրական շարժման գործողությունները չի վերագրել Ուգանդային` չնայած Ուգանդայի կողմից դրան տրամադրած ֆինանսական օժանդակության եւ դրա համար ապահովված վերապատրաստման հաստատված փաստին, որի պայմաններում որոշիչ գործոնն այն էր, որ Կոնգոյի ազատագրական շարժումը չէր ստեղծվել Ուգանդայի կողմից, եւ Ուգանդան չէր վերահսկել տրամադրված աջակցության օգտագործման եղանակը (ԱՄԴ-ի 2005 թվականի զեկույցներ 168, էջ 226, § 160):
90.Խնդրո առարկայի առնչությամբ ամենավերջերս քննած գործում՝ Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառման մասին [Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide], Արդարադատության միջազգային դատարանը եւս մեկ անգամ հաստատեց իր մոտեցումը՝ ժխտելով Սերբիայի Հանրապետության գործողությունների վերագրումը Սերբիային եւ Չեռնոգորիային՝ չնայած Սերբիայի կողմից Սերբիայի Հանրապետությանը տրամադրված ռազմական, ֆինանսական եւ նյութատեխնիկական օժանդակությանը, երկու սուբյեկտների միջեւ զինվորական անձնակազմի ակտիվ փոխանակմանը, ինչը շատ ավելի մեծ չափերի էր հասնում, քան Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրված ցանկացած օժանդակություն, եւ չնայած այն փաստին, որ Սերբիայի Հանրապետության բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներից շատերը միաժամանակ պաշտոն էին զբաղեցնում Սերբիայում եւ իրականում պաշտոնաթող են եղել Սերբիայում, ինչպես նաեւ չնայած այն փաստին, որ ի տարբերություն Նիկարագուայի եւ Կոնգոյի գործերի, Սերբիայի Հանրապետության զինված ուժերն իրականում ստեղծվել էին Սերբիայի կողմից (տե՛ս, օրինակ՝ Մ. Միլանովիչ, «Ցեղասպանության համար պետության պատասխանատվությունը» [ M. Milanovič, “State Responsibility for Genocide”], մեջբերված է աշխատության մեջ, էջ 598)։ Արդարադատության միջազգային դատարանը նշել է, որ.
«Այնուամենայնիվ, պետք է ցույց տալ, որ այդ «արդյունավետ վերահսկողությունն» իրականացվել է, կամ որ պետության կողմից ցուցումներ տրվել են յուրաքանչյուր գործողության առնչությամբ, որի շրջանակներում կատարվել է ենթադրյալ խախտումը, սակայն ոչ թե խախտումներ կատարած անձանց կամ անձանց խմբերի կողմից ձեռնարկված ընդհանուր առմամբ բոլոր գործողությունների առնչությամբ» (Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի կիրառումը (Բոսնիան եւ Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի եւ Չեռնոգորիայի [Application of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide (Bosnia and Herzegovina v. Serbia and Montenegro)], 2007 թվական, ԱՄԴ զեկույցներ 43, էջ 208, § 400):
91.Այսպիսով, Արդարադատության միջազգային դատարանի՝ պետությունների պատասխանատվության հետ առնչություն ունեցող հիմնական դատական մարմնի պրակտիկան, այս ոլորտում բացարձակապես հաստատուն է: Այնուամենայնիվ, ներգրավվող երրորդ կողմը ներկայացրել է հակառակ պահանջը, ըստ որի՝ «ընդհանուր վերահսկողությունը բավարար է», եւ ուստի այդ հարցը նույնպես պետք է վկայակոչվի այստեղ:
92.«Ընդհանուր վերահսկողություն» հասկացությունը մշակվել եւ կիրառվել է Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից («ՀՄՔՏ») (Դատախազն ընդդեմ Թադիչի [Prosecutor v. Tadič] գործը, թիվ IT-94-1-A, Վերաքննիչ պալատի՝ 1999 թվականի հուլիսի 15-ի վճիռ, § 137):
93.Այնուամենայնիվ, Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալը ոչ թե զբաղվում է պետության պատասխանատվության հարցերով, այլ անհատների միջազգային քրեական պատասխանատվության հարցերով: Հետեւաբար, «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչը կիրառելիս դրա հիմնական նպատակը (կամ ավելի ճիշտ՝ միակ նպատակը) քննարկման առարկա զինված ընդհարման բնույթը որոշելն էր, այսինքն՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի տարածքում տեղի ունեցող ընդհարման մեջ Սերբիայի եւ Չեռնոգորիայի ներգրավվածության փաստն՝ առկայության պարագայում, ապացուցելն էր, այլ ոչ թե տեղական սերբական զինված ուժերի գործողությունները Սերբիային վերագրելու հանգամանքը որոշելը:
94.Այսպիսով, Արդարադատության միջազգային դատարանը բացահայտորեն մերժել է պետության պատասխանատվության հետ կապված հարցերի առնչությամբ «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչի կիրառումը (տե՛ս Բոսնիան եւ Հերցեգովինան ընդդեմ Սերբիայի եւ Չեռնոգորիայի, մեջբերված է աշխատության մեջ, էջ 209, § 403): Ուստի, Արդարադատության միջազգային դատարանի համաձայն՝ «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչը կարելի է կիրառել, օրինակ, որոշելու համար՝ արդյոք ընդհարումը միջազգային է, թե ոչ, սակայն ոչ ցանկացած դեպքում, երբ առնչվում ենք պետության պատասխանատվության հարցերի հետ (տե՛ս նույն տեղում, էջ 210, § 404): Ասվածը նշանակում է, որ ներգրավվող կողմի կատարած հղումը «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչին, կարծում եմ, վերաբերելի չէ գործին:
95.Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում եմ՝ որոշելը, թե արդյոք Հայաստանն իրականացնում է արտատարածքային իրավազորություն Լաչինի տարածքի նկատմամբ, ուղղակիորեն պայմանավորված է այն հարցով, թե արդյոք Հայաստանը իրականացնում է արդյունավետ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի նկատմամբ, որոնք իրենց հերթին իրականում վերահսկում են քննարկվող տարածքը:
Արդյունավետ վերահսկողության մասով ստուգման չափորոշիչի կիրառումը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ առկա հարաբերությունների նկատմամբ
96.Ամփոփելով վերը նկարագրված արդյունավետ վերահսկողության մասով ստուգման չափորոշիչը՝ կարելի է ասել, որ դրա կիրառության համար պահանջվում է պետության կողմից համապատասխան գործելակերպի ուղղորդման կամ կատարման ապացույց: Դրա համար պահանջվում է ոչ միայն պետության կողմից տրամադրվելիք նյութական աջակցություն, այլեւ այդ աջակցության օգտագործման եղանակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու ապացույց: Ի լրումն, այն եզրահանգումը հիմնավորելու ապացույցը, որ պետությունն ինքն է ստեղծել քննարկվող սուբյեկտը, կարող է նպաստել պետության կողմից այդ սուբյեկտի նկատմամբ արդյունավետ վերահսկողության առկայությունը հաստատելուն: Այնուամենայնիվ, վերը նշվածներից եւ ոչ մեկը չի հաստատվել այս գործում:
97.Այն, ինչ իրականում գիտենք, հետեւյալն է. i) Հայաստանը դրամական միջոցներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, սակայն իրականում միակ պետությունը չի եղել, որ այդպես է վարվել, ii) մի քանի բարձրաստիճան պետական պաշտոնյա քաղաքական գործունեություն են իրականացրել Հայաստանի Հանրապետությունում՝ սակայն սկզբում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այդպես գործելուց հետո, iii) մի քանի պետական պաշտոնյա հայտարարություն են արել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդների միասնության առնչությամբ։ Այս ամենով, կարծում եմ, դժվար թե ապացուցվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Հայաստանի Հանրապետության ենթակայության տակ գտնվելու փաստը:
98.Դատարանը գտել է, որ պետք է հաստատել Հայաստանի Հանրապետության եւ Համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու փաստը: Այս գործում ոչինչ չի հաստատում այն դիրքորոշումը, որ Հայաստանն իրականում որեւէ կերպ ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից օգտագործված ֆինանսական աջակցության մեթոդի կամ եղանակի վրա:
99.Այնուամենայնիվ, նախքան այդ հարցն ավելի մանրամասն վկայակոչելը, այստեղ պետք է ընդգծել մի հանգամանք, որի մասին մոռանում է Դատարանը. այն է՝ այդ աջակցության տրամադրման պատճառը: Վճռում չի արտացոլվել այն փաստը, որ այս աջակցությունը տրամադրվել է բարելավելու համար այն անմարդկային պայմանները, որոնցում հայտնվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը իր միակ հարեւանի` Ադրբեջանի կողմից շարունակական շրջափակման եւ ռազմական հարձակումների հետեւանքով:
100.Այնուամենայնիվ հիմնական հարցն իհարկե այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի ուղղորդելու կամ իրականում ուղղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործողությունները: Կարծում եմ, որ Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերը եւ Միավորված ազգերի կազմակերպության այլ փաստաթղթերը կարեւոր նշանակություն ունեն այս խնդրի գնահատման հարցում:
101.Սկսելով Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձեւերի մեկնաբանությունից՝ հարկ է նշել, որ այս փաստաթղթերի, ինչպես ցանկացած այլ իրավական փաստաթղթի վրա տարածվում են մեկնաբանության հստակ եւ խիստ կանոններ:
102.Մեկնաբանության այդպիսի կանոններ կարելի է գտնել ընդհանուր միջազգային իրավունքում: Ինչպես նշել է Արդարադատության միջազգային դատարանը, երկու կամ ավելի նորմերի միջեւ փոխհարաբերությունը որոշելու փորձ կատարելիս նորմերը պետք է մեկնաբանվեն «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (ՄՊԻՎԿ) համաձայն եւ անալոգիայով եւ, մասնավորապես՝ հաշվի առնելով դրա 31-33-րդ հոդվածները, որոնք վերաբերում են միջազգային պայմանագրերի մեկնաբանությանը (Միջազգային իրավունքի միասնականության խախտման հարցերով հետազոտող խմբի աշխատանքների եզրակացություններ. Միջազգային իրավունքի բազմազանեցումից եւ ընդլայնումից բխող դժվարությունների, ՄԱԿ-ի փաստաթուղթ A/61/10, § 251):
103.Համապատասխանաբար, այս կանոններն Անվտանգության խորհրդի բանաձեւերի մեկնաբանության ժամանակ ծառայում են որպես ուղեցույց, որոնք հետեւաբար պետք է մեկնաբանվեն բարեխղճորեն` իրենց սովորական իմաստին համապատասխան, որը տրվում է բանաձեւերով նախատեսվող եզրույթների համատեքստի շրջանակներում եւ դրանց առարկայի ու նպատակի լույսի ներքո («Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիա, 1155, UNTS 331, 1969 թվականի մայիսի 23, 31-րդ հոդված):
104.Այնուամենայնիվ, մյուս կողմից՝ Արդարադատության միջազգային դատարանն ուշադրություն է հրավիրել «Անվտանգության խորհրդի բանաձեւերի եւ միջազգային պայմանագրերի միջեւ առկա տարբերությունների վրա [ինչը նշանակում է], որ Անվտանգության խորհրդի բանաձեւերի մեկնաբանության համար նույնպես պահանջվում է հաշվի առնել այլ գործոններ» (Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման մասով միջազգային իրավունքի հետ համապատասխանություն (Խորհրդատվական կարծիք), ԱՄԴ զեկույցներ 2010, էջ 442, § 94): Հետեւաբար, ըստ Արդարադատության միջազգային դատարանի՝
«Անվտանգության խորհրդի բանաձեւերի մեկնաբանության համար կարող է պահանջվել ... վերլուծելու Անվտանգության խորհրդի անդամ պետությունների կողմից՝ դրանց ընդունման ժամանակ արված հայտարարությունները, միեւնույն հարցի վերաբերյալ Անվտանգության խորհրդի մյուս բանաձեւերը, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների եւ այն պետությունների հետագա փորձը, որոնց վրա տարածվել են տվյալ բանաձեւերը։»:
105.Այսպիսով, Անվտանգության խորհրդի բանաձեւերի համապատասխան դրույթները նույնպես պետք է մեկնաբանվեն իրենց համատեքստի շրջանակներում՝ հաշվի առնելով բոլոր զարգացումները, դրանք են՝ հայտարարություններ, զեկույցներ եւ այլն, որոնցով ուղեկցվել են Անվտանգության խորհրդի այդ ժամանակահատվածի քննարկումները:
106.Այս խնդրի վերաբերյալ Անվտանգության խորհրդի առաջին բանաձեւում՝ Բանաձեւ թիվ 822 (1993 թվականի ապրիլի 30), մասնավորապես դրա նախաբանում ակնհայտորեն խոսվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ «տեղի հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի շրջան ներխուժելու մասին» (ԱԽ-ի բանաձեւ թիվ 822, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/25539, 1993 թվականի ապրիլի 30, նախաբան, ընդգծումն ավելացված է): Հայաստանի Հանրապետության եւ տեղի հայկական զինված ուժերի միջեւ միեւնույն տարբերակումը երեւում է բանաձեւի նախաբանում վկայակոչված՝ Անվտանգության խորհրդի նախագահի կատարած նշումի մեջ, որտեղ նախագահը, ԱԽ-ի անունից դիմելով Խորհրդին, հստակ տարբերակում է դնում Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների խնդրի եւ դրա հիման վրա թշնամական վերաբերմունքի միջեւ (Անվտանգության խորհրդի նախագահի կատարած նշում, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/25539, 1993 թվականի ապրիլի 6).
«Անվտանգության խորհուրդն իր խիստ մտահոգությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ հարաբերությունների վատթարացման ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ թշնամական գործողությունների ավելացման, մասնավորապես՝ տեղի հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի Հանրապետության Քելբաջարի շրջան ներխուժելու առնչությամբ։»:
107.Մինչդեռ ԱԽ-ի թիվ 822 բանաձեւի նախաբանում հղում է կատարվում մեկ այլ փաստաթղթի՝ Գլխավոր Քարտուղարի 1993 թվականի ապրիլի 14-ի զեկույցին (ՄԱԿ-ի փաստաթուղթ S/25600, §7 եւ § 8), որում հստակ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջանները ենթարկվել են գնդակոծության ադրբեջանական կողմի կողմից, եւ ի պատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի թշնամական գործողություն չի ձեռնարկել.
«Իր առաջին դաշտային առաքելության ընթացքում՝ ապրիլի 9-ից մինչեւ 10-ը, Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչը այցելել է Արարատի եւ Գորիսի հյուսիսային շրջաններ: Ադրբեջանական սահմանին մոտ գտնվող մի քանի գյուղերում առաքելություն իրականացնողներին ցույց են տրվել զգալի ավերածությունների մասին վկայող ապացույցներ, ինչը եղել է գնդակոծության հետեւանք: Խնձորեսկ գյուղն այցելելիս ՄԱԿ-ի մեքենայից միայն 20 մետր հեռավորության վրա ական է պայթել, ինչի մասին համապատասխանաբար նշում է կատարվել: Առաքելություն իրականացնողները ստիպված են եղել լքել Կորնիձոր գյուղը, երբ կրակոցներ են սկսվել տանկից՝ ակնհայտորեն Ադրբեջանի տարածքից:
...ապրիլի 12-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչը կարողացել է հետախուզել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Քելբաջարի շրջանի միջեւ առկա սահմանը՝ Հայաստանի օդային տարածքից: Հայաստանի Հանրապետության կողմից թշնամության, ռազմական գործողությունների կամ զինված ուժերի ներկայության որեւէ նշան չի նկատվել։»:
108.ԱԽ-ի թիվ 822 բանաձեւն ընդունելուց հետո Ֆրանսիայի մշտական ներկայացուցչի հաջորդող ելույթը եւս հաստատել է այդ դիրքորոշումը: Դրանում նշվում էր, որ Բանաձեւի նախաբանում արտացոլված է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած լարվածությունը հաստատելու եւ զինված բախման տեղայնացված բնույթը ճանաչելու միջեւ առկա ողջամիտ հավասարակշռությունը» (Անվտանգության խորհրդի երեք հազար երկու հարյուր հինգերորդ հանդիպման նախնական սղագիր արձանագրություն, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/PV.3205, 1993 թվականի ապրիլի 30, էջ 11)։ Ապա նշվում էր, որ պետք է կանխել, որ բախումները չվերածվեն պետությունների, այսինքն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընդհարման (տե՛ս նույն տեղում)։
109.Այսպիսով, ԱԽ-ի թիվ 822 բանաձեւի տեքստում, դրանում վկայակոչված փաստաթղթերում կամ այդ առնչությամբ կողմ հանդիսացող պետությունների կատարած հայտարարություններում ոչինչ ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի հիմնավորում այն պնդումը, որ Հայաստանի Հանրապետությունը վերահսկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերը, եւ որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի միջոցով վերահսկողություն է իրականացրել համապատասխան շրջանի նկատմամբ։ Ավելին, նշված բանաձեւն ընդունելիս Լաչինն արդեն իսկ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության ներքո։
110.Նույնը ճշմարիտ է նաեւ Անվտանգության խորհրդի մյուս երեք բանաձեւերի համար։ Թիվ 853 բանաձեւում խոսվում է «Լեռնային Ղարաբաղի հայերի» մասին որպես մի կողմի, որը ենթադրաբար պետք է պահպաներ եւ՛ թիվ 822, եւ՛ թիվ 853 բանաձեւերի պահանջները (ԱԽ-ի թիվ 853 բանաձեւ, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/853, 1993 թվականի հուլիսի 29, § 9)։
111.Այնուհետեւ այն հորդորում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել իր ազդեցությունը գործադրել, որպեսզի Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերը պահպանեն իր թիվ 822 (1993 թվական) եւ սույն բանաձեւի պահանջները...» (Տե՛ս նույն տեղում)։ Ազդեցության հաստատումն, այնուամենայնիվ, ոչ մի առնչություն չունի de facto վերահսկողության հետ։ «Շարունակել գործադրել» ձեւակերպումը, հետեւաբար, երկիմաստ չէ եւ կարող է մեկնաբանվել միայն հետեւյալ կերպ. 1) Հայաստանը ազդեցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա եւ 2) նախկինում Հայաստանն իր ազդեցությունը գործադրել է համապատասխանություն ապահովելու համար։
112.Բանաձեւին հաջորդող ելույթներում նույնպես ԱԽ-ի անդամները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Իսպանիան եւ Վենեսուելան, հստակ եւ պարզ վկայակոչել են «Լեռնային‑Ղարաբաղի հայեր», «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնք» կամ «տեղի հայկական զինված ուժեր» հասկացությունները (Երեք հազար երկու հարյուր հիսունիններորդ հանդիպման նախնական սղագիր արձանագրություն, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/PV.3259, 1993 թվականի հուլիսի 29)։ Միակ երկիրը, որը խոսել է Հայաստանի ներգրավվածության մասին, եղել է Պակիստանը՝ երկիր, որը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։
113.Մինչդեռ թիվ 853 բանաձեւի նախաբանում նշված մեկ այլ փաստաթղթում՝ ԵԱՀՀ Մինսկի համաժողովի նախագահի զեկույցում, այնուհետեւ հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Հայաստանում առկա հստակ քաղաքական մոտեցումները. այդ զեկույցի համաձայն՝ քանի դեռ Հայաստանի նախագահը վերահաստատել էր ԵԱՀՀ Մինսկի խմբի ժամանակացույցի առնչությամբ իր համաձայնությունը՝ դրա նախագահի՝ Երեւան կատարած այցելության ընթացքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ղեկավարների դիրքորոշումը բոլորովին այլ էր («Լեռնային Ղարաբաղում պարզեցի տեղի հայկական համայնքի ղեկավարների կողմից ցուցաբերած բոլորովին այլ մոտեցում», Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի Մինսկի համաժողովի նախագահի՝ Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված 1993 թվականի հուլիսի 27-ի զեկույց, ՄԱԿ-ի փաստաթուղթ S/26184, 1993 թվականի հուլիսի 28, §§ 4-5)։ Մինչդեռ սա եւս մեկ հիմք է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չեն առաջնորդվել միեւնույն քաղաքական կամքով։
114.Միմյանցից չեն տարբերվում Անվտանգության խորհրդի թիվ 874 եւ թիվ 884 բանաձեւերը։ Անվտանգության խորհրդի թիվ 874 բանաձեւում միեւնույն ձեւով տարբերակվում են «Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ առաջացած հակամարտություն» եւ «Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջեւ առկա լարվածություն» հասկացությունները (ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/874, 1993 թվականի հոկտեմբերի 14, նախաբան), մինչդեռ ԱԽ-ի թիվ 844 բանաձեւում նույնպես օգտագործվում է թիվ 853 բանաձեւում օգտագործված ձեւակերպմանը համանման ձեւակերպում՝ կոչ անելով «Հայաստանի կառավարությանը օգտագործելու իր ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից համապատասխանություն ապահովելու համար ...» (ՄԱԿ-ի փաստաթուղթ S/RES/884, 1993 թվականի նոյեմբերի 12, § 2)։
115.Այսպիսով, Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում ոչինչ չի հիմնավորում այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունը վերահսկողություն է իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։
116.Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պնդումը հիմնավորելու համար ներկայացված մեկ այլ փաստարկ է այսպես կոչված՝ «պաշտոնյաների փոխանակումը»։ Այս առնչությամբ նախ եւ առաջ պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչի համատեքստում Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից կիրառված գործոն է, մասնավորապես՝ ընդհարման բնույթը որոշելու, այլ ոչ թե վերագրման խնդիրները լուծելու համար։ Այս առնչությամբ դասական օրինակ է Դատախազն ընդդեմ Բլասկիչի գործը (գործ թիվ IT-95-14-T, Դատաքննության պալատի՝ 2000 թվականի մարտի 3-ի վճիռ), որում շոշափվում է Բոսնիա եւ Հերցեգովինայի ու այսպես կոչված՝ «Հերցեգ-Բոսնիայի Խորվաթական Հանրապետություն» Խորվաթիայի պաշտպանության խորհրդի միջեւ զինված ընդհարման բնույթը։
117.Այնուամենայնիվ, Բլասկիչի գործում այն փաստը, որ Խորվաթիայի զինվորական անձնակազմը ծառայել է նաեւ Խորվաթիայի պաշտպանության խորհրդի զինված ուժերում, ընդհանուր վերահսկողության առկայությունը որոշելու միակ գործոնը չի եղել։ Իրականում Դատաքննության պալատը գտել էր, որ ընդհանուր վերահսկողության չափորոշիչները պետք է բավարարվեն մի շարք գործոնների հիման վրա, ինչը ներառում է, inter alia i) անձնակազմի փոխանակումը, ii) Խորվաթիայի կողմից գեներալների ուղղակի նշանակումը, iii) այն փաստը, որ անձնակազմը շարունակում էր աշխատավարձ ստանալ Խորվաթիայից, iv) այն փաստը, որ նրանք անմիջական հրամաններ էին ստանում Խորվաթիայից, եւ v) նրանց՝ ֆինանսական եւ նյութատեխնիկական աջակցություն ստանալու փաստը (տե՛ս նույն տեղում, §§ 100-120)։
118.Դրանցից եւ ոչ մեկը չի ապացուցվել Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հարաբերությունների առնչությամբ։ Այս գործի փաստերով չի ապացուցվել ո՛չ Հայաստանի կողմից ուղղակի նշանակումներ կատարելու, ո՛չ անմիջապես Հայաստանից աշխատավարձեր ստանալու, ո՛չ էլ Հայաստանի կողմից հրամաններ տալու հանգամանքները։ Փոխարենը Դատարանը խոսում է «սերտորեն ինտեգրված լինելու» ընդհանրացված հասկացության մասին։
119.Ավելին, Բլասկիչի գործում անձնակազմի փոխանակումն ուներ ցիկլային բնույթ, Խորվաթիայի սպաները որոշ ժամանակ ծառայում էին Խորվաթիայի պաշտպանության խորհրդում, ապա՝ վերադառնում ծառայության Խորվաթիայի Հանրապետությունում (տե՛ս նույն տեղում, § 115)։ Այդ հանգամանքներում ակնհայտ էր, որ Խորվաթիայի պաշտպանության խորհրդում ծառայությունը պարզապես կազմում էր Խորվաթիայի Հանրապետության զինված ուժերում իրենց ծառայության եւ վերջինիս քաղաքական օրակարգի մի մասը։ Այնուամենայնիվ, այդպիսի իրավիճակ առկա չէ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարաբերություններում, եւ ներգրավվող երրորդ կողմի ներկայացրած մի քանի օրինակները չեն վկայում պետական պաշտոնյաների տեղափոխման քաղաքական օրակարգի մասին, այլ ավելի ճիշտ՝ ներկայացնում են այդ մի քանի անհատի քաղաքական գործունեության առանձնահատկությունները՝ անկախ նրանից, թե որքան ազդեցիկ են այդ պաշտոնները։
120.Ավելին, այս շարժումը սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ տարածվել Հայաստանի Հանրապետությունում, այլ ոչ թե հակառակը, հետեւաբար չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է սա նպաստել Հայաստանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերահսկելու հանգամանքը որոշելուն, նույնիսկ եթե կիրառենք Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալի կողմից օգտագործված «ընդհանուր վերահսկողություն» ստուգման չափորոշիչը եւ հետեւենք դրան։
121.Մինչդեռ մեկ այլ գործոն, որը Դատարանի կարծիքով ապացուցում է Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի միմյանց՝ «սերտորեն ինտեգրված լինելու» հանգամանքը, եւ որի հետ կրկին չեմ կարող համաձայնել, կապված է պետական պաշտոնյաների հայտարարությունների հետ։
Այսպիսով, ինչպես նշում է Դատարանը 177-րդ պարբերության մեջ, «բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նույնիսկ նախկին այն նախարարների եւ պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք առանցքային դեր են ունեցել տվյալ հակամարտության մեջ, մասնավորապես, ապացուցողական ուժ ունեն այն դեպքում, երբ նրանք խոստովանում են այնպիսի փաստեր կամ արարքներ, որոնք իշխանություններին ներկայացնում են ոչ շահեկան լույսի ներքո» (տե՛ս նաեւ Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] գործը, թիվ 39630/09, § 175, ՄԻԵԴ 2012)։ Այդ հիմնավորումը բառ առ բառ վերցված է Արդարադատության միջազգային դատարանի Նիկարագուան ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործով վճռից (մեջբերված է աշխատության մեջ, էջ 41, § 64)։
122.Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Դատարանն Արդարադատության միջազգային դատարանի տրամաբանությունը կիրառել է հիմնովին տարբեր եւ սխալ ձեւով։
123.Արդարադատության միջազգային դատարանն օգտագործել է պաշտոնյաների հայտարարությունները՝ փաստերի հետ կապված պնդումները գնահատելու (ինչպես օրինակ՝ արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգներն ուղարկել է օժանդակություն Նիկարագուայի ապստամբող զինված ուժերին, թե ոչ), այլ ոչ թե օրենքի վերաբերյալ պնդումները գնահատելու համար (արդյոք ապստամբող զինված ուժերի գործողությունները վերագրելի են Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե ոչ)։
124.Այսպիսով, իրավազորության, գործելակերպի վերագրման, զինված ուժերի «սերտորեն ինտեգրված լինելու», տեղական կազմավորման ենթակայության եւ այլ հանգամանքներն օրենքի կիրառման հարցեր են, որոնք պետք է լուծվեն Դատարանի կողմից փաստերի, այլ ոչ թե պետական պաշտոնյաների հայտարարությունների հիման վրա։ Այդ հայտարարությունները կարող են վկայակոչվել միայն այն փաստերն ապացուցելու համար, որոնց վրա կարող է հիմնված լինել իրավական հարցերի լուծումը։ Այդ լուծումը չի կարող ուղղակիորեն հիմնված լինել ընդհանուր բնույթի հայտարարությունների վրա։
125.Դատարանը, այնուհետեւ, հաշվի չի առել այն, որ այդպիսի հայտարարությունները կարող են ուղղորդվել հայրենասիրական եւ ներքին, ինչպես նաեւ արտաքին քաղաքական դիտարկումներով։ Այսպիսով, Արդարադատության միջազգային դատարանը նաեւ նշել է, որ այն պետք է «մեկնաբանի հայտարարությունները՝ հստակ պարզելու, թե որքանով են փաստերը հաստատված» (Նիկարագուա, մեջբերված է աշխատության մեջ, էջ 41, § 65, ընդգծումն ավելացված է)։ Այնուամենայնիվ, այս գործում չեմ տեսնում Դատարանի կողմից այդպիսի գնահատական։
126.Ամեն դեպքում, այդ հայտարարությունները նաեւ հեռու են որպես բավարար հիմք ծառայելուց, որով հնարավոր կլինի սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունն իրականում վերահսկում եւ ուղղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործողությունները, ինչպես նաեւ այն, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված՝ ենթակայության տակ գտնվող կազմավորում է։
127.Այսպիսով, հանգում եմ այն եզրակացության, որ Դատարանը չի մեկնաբանել համապատասխան հայտարարություններն իրենց համատեքստում, ինչպես նաեւ սխալ է եղել այդ հայտարարությունները որպես Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի՝ միմյանց ինտեգրված լինելու ուղղակի ապացույց օգտագործելը՝ դրանք որպես փաստերն ապացուցելու միջոց օգտագործելու փոխարեն, որոնք իրենց հերթին կարող են օգտագործվել այդպիսի ինտեգրումն ապացուցելու համար։
128.Հաշվի առնելով վերոնշյալը՝ չեմ կարող համաձայնել Դատարանի այն պնդման հետ, որ Հայաստանի Հանրապետությունն իրավազորություն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկողության տակ գտնվող տարածքների նկատմամբ, եւ որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների ցանկացած ենթադրյալ խախտման համար, որ կարող է կատարվել այդ տարածքներում։
ԴԱՏԱՎՈՐ ՊԻՆՏՈ ԴԵ ԱԼԲՈՒԿԵՐԿԵԻ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Բովանդակություն
No table of contents entries found.
I.Ներածություն
1.Չիրագովը եւ այլք գործը բաց թողնված հնարավորություն է՝ լուծելու քսանմեկերորդ դարի սկզբի միջազգային հանրային իրավունքի ամենակարեւոր խնդիրը, այն է՝ վերականգնողական անջատման իրավունքի ճանաչումը ոչ գաղութային համատեքստում: Այս գործի առանցքն են կազմում Խորհրդային միությունից Ադրբեջանի Հանրապետության անկախացումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անջատման միջազգային-իրավական ճանաչումը, եւ դրա հետեւանքները՝ կապված նոր՝ անջատված «Հանրապետությունից» ենթադրյալ տեղահանման ենթարկված անձանց իրավունքների եւ պարտականությունների, այդ թվում՝ Լաչինի շրջանում իրենց գույքից օգտվելու եւ ընտանեկան կյանքը վարելու իրավունքի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական իրավական պաշտպանության միջոցների սպառման պարտականության հետ[5]:
2.Այս իրավական հարցերի բարդությունից բացի՝ գործն ունի նաեւ չափազանց խճճված փաստական հիմք, որը ձեւավորվել է վերջին քսան տարիների ընթացքում: Կողմերի ներկայացրած ապացույցների բազմաթիվ թերությունները, ինչպես նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Դատարանի)՝ վկաներից ցուցմունքներ վերցնելու եւ տեղում քննություն իրականացնելու վերաբերյալ չարաբաստիկ մերժումը միայն ավելի դժվար, նույնիսկ անհնարին դարձրեցին կողմերի ներկայացրած փաստերի մեծ մասի հաստատումը: Հենց միայն այդ պատճառով եւ անկախ դիմումատուների՝ որպես տուժողի վիճարկվող կարգավիճակին առնչվող իրավական խնդիրներից եւ առավել եւս անկախ պատասխանող Պետության այն տարածքի նկատմամբ վիճարկվող իրավազորությունից, որտեղ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) ենթադրյալ խախտումներն են տեղի ունեցել, իմ ներքին համոզմամբ, ըստ էության քննության վերաբերյալ եզրահանգումները վաղաժամ են: Առանց գործի առանցքային փաստերի բազմակողմանի գնահատման՝ ըստ էության քննության վերաբերյալ կատարված եզրահանգումը փաստերի վերաբերյալ խիստ անորոշ ենթադրություններով հեշտությամբ փոխարինելն առաջացնում է ծառերի հետեւում անտառը կամ, ինչն ավելի վատ է, ծառերը չտեսնելու վտանգ:
II.Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
Ա.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական եւ իրավական համակարգը
3.Գանգատն արդեն իսկ մերժվում է իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով: Այս եզրակացությունը հիմնավորելու համար կարելի է բերել մի քանի փաստարկ: Նախեւառաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որեւէ սահմանադրական կամ իրավական դրույթ չկա, որով արգելվում է ադրբեջանական կամ քրդական էթնիկ ծագում ունեցող անձանց՝ հողի կամ այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը[6]: Երկրորդը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվելու իրավունք ունեցող ցանկացած անձ՝ անկախ քաղաքացիությունից, այնտեղ վերադառնալու իրավունք ունի[7]: Այսպիսով, ադրբեջանական կամ քրդական էթնիկ ծագում ունեցող անձինք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայր եւ պահանջել իրենց հողակտորներն ու տները, ինչպես նաեւ հատուցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակի անօրինական գործողությունների համար[8]:
4.Նույնիսկ ընդունելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային համայնքի կողմից չի ճանաչվել, այնուամենայնիվ, պետք է սպառել մարդու իրավունքների ցանկացած ենթադրյալ խախտման մասով պաշտպանության ներպետական միջոցները, եթե դրանք դիմումատուների համար հասանելի են Լեռնային Ղարաբաղի տարածքում կամ հարակից շրջաններում, այդ թվում՝ Լաչինում: Այսպես կոչված «Նամիբիայի բացառությունը» ամրագրվել է Դատարանի նախադեպային իրավունքով՝ Կիպրոս թուրքական ներխուժման վերաբերյալ գործերի արդյունքում, որի գործնական հետեւանքն այն է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումների դեպքում տարածքի ներկայիս եւ նախկին բնակիչները պետք է սպառեն իրավական պաշտպանության տեղի միջոցները նույնիսկ այնպիսի դատական համակարգի դեպքում, որը սահմանվել է չճանաչված քաղաքական ռեժիմի կողմից, եւ նույնիսկ այն դեպքում, երբ իրենք կամավոր չեն հայտվել դրա իրավազորության տակ[9]: Այն պետությանը, որը ենթադրվում է, որ խախտել է իր միջազգային պարտավորությունը, պետք է հնարավորություն տրվի՝ ուղղելու ենթադրյալ խախտումն իր սեփական միջոցներով եւ իր սեփական իրավական համակարգում[10]:
5.Ելնելով վերոնշյալից` քանի որ պետության միջազգային ճանաչման եւ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի միջեւ որեւէ կապ չկա, ուստի դիմումատուներից Լեռնային Ղարաբաղում իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառում պահանջելն ակնհայտորեն չի նշանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչում[11]: Դիմումատուները պետք է սպառեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հասանելի իրավական պաշտպանության միջոցները պարզապես այն պատճառով, որ այդ տարածքում առկա է de facto գործող դատական համակարգ, որով նրանց կարող է տրամադրվել արդյունավետ փոխհատուցում:
Բ.Իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցները
6.Փաստ է, որ Լաչինի իրավասու դատարանը կարող է քննել դիմումատուների այն բողոքները, որոնք առնչվում են միջազգային մակարդակով տեղահանման ենթարկված ադրբեջանական եւ քրդական ծագում ունեցող անձանց գույքի ռեստիտուցիային եւ իրենց գույքից զրկվելու համար հատուցում պահանջելուն: Այդ հնարավորության վերաբերյալ ապացույցը տրամադրվել է անձամբ Լաչինի իրավասու դատարանի դատավորի կողմից: Տեղի դատավորը միանշանակորեն փաստել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական համակարգի համաձայն՝ նա կարող էր կարգադրել գույքի վերականգնում եւ արդար բավարարում ցանկացած հարկադիր տեղահանման ենթարկված տուժողների համար: Հաշվի առնելով, որ այդ ապացույցների հիմքում ընկած փաստերի հավաստիությունը եւ իրավական ուժը դիմումատուների կողմից չի հերքվել, Դատարանն այն չի կարող անտեսել[12]: Այդուհանդերձ, դիմումատուների բողոքներն իրավասու դատարան ներկայացնելու ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվել:
7.Ավելին, ադրբեջանական կամ քրդական էթնիկ ծագում ունեցող անձանց՝ Լեռնային Ղարաբաղում կամ հարակից շրջաններում գտնվող իրենց գույքի մոտ վերադառնալու հետ կապված Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ենթադրյալ մերժման առումով պետք է նկատել, որ որեւէ կոնկրետ օրինակ որեւէ անձի վերաբերյալ, ում խանգարել են այդպես վարվել, չի նշվել: Ամեն դեպքում, հաշվի առնելով Միացյալ Թագավորությունում փաստաբան վարձելու՝ դիմումատուների կարողությունը, նրանք չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը ֆիզիկապես եւ ֆինանսապես անհասանելի էր նրանց համար[13]:
8.Այսպիսով, պատասխանող Կառավարության առարկության մերժման վերաբերյալ մեծամասնության հակիրճ հիմնավորումն ընդհանրապես համոզիչ չէ: Վճռի 118-րդ պարբերությունում ներկայացված է միայն երկու փաստարկ. ներպետական իրավական համակարգի թերի լինելը եւ քննարկման դրված կոնկրետ խնդրի վերաբերյալ ներպետական վճիռների բացակայությունը: Ավելին, մեծամասնությունը մերժեց գույքի առնչությամբ «ընդհանուր բնույթի» նորմերի կիրառելիությունը դիմումատուների պահանջների նկատմամբ՝ առանց որեւէ հետագա բացատրության հիմք տալով ենթադրելու, որ գործի փաստերը չէին կարող գնահատվել այդ նորմերի հիման վրա, եւ, այսպիսով, ենթադրելով, թե ինչ պետք է ներկայացվեր: Տրամաբանական սխալն ակնհայտ է: Circulus in demonstrando (սխալ դատողություններ)։
Այս կերպ վարվելով՝ մեծամասնությունն իր սեփական գնահատականն է տվել ներպետական իրավունքին, կարծես թե այն առաջին ատյանի դատարան է՝ ներպետական դատարաններին հնարավորություն չտալով նորույթ հանդիսացող իրավական հարցի նկատմամբ ներպետական իրավունքի կիրառման վերաբերյալ իրենց սեփական տեսակետներն արտահայտելու՝ առաջացնելով հնարավոր պարբերական, էական նշանակություն ունեցող իրավական հետեւանքներ՝ հաշվի առնելով տեղահանման ենթարկված անձանց հաշվարկված թիվը[14]:
Գ.Նախնական եզրակացություն. շեղվելով Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործից
9.Սույն գործը Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի ([ՄՊ], թիվ 25781/94, ՄԻԵԴ 2001‑IV) գործի հետ համեմատելիս արդյունքները բացահայտողական են: Կիպրոսի եւ Թուրքիայի միջեւ միջպետական գործում Թուրքիայի Կառավարությունը ներկայացրեց հույն կիպրոսցիների կողմից թուրքական-կիպրոսական դատարաններ բերված գործերի մի ցանկ, որում առկա էին գործեր, որոնք վերաբերում էին այլ անձանց կողմից հողերի ներխուժմանը եւ հույն կիպրոսցի հայցվորներին Կարպասի տարածքում պատկանող հողի անօրինական մշակմանը, եւ որոնք վարույթ էին ընդունվել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) իրավասու դատարանների կողմից: Կիպրոսի Կառավարությունը պնդել էր, որ պաշտպանության ցանկացած միջոց, որը կարող էր գոյություն ունենալ Թուրքիայում կամ «ՀԿԹՀ»-ում, Կառավարության կողմից վերահսկվող տարածքում ապրող հույն կիպրոսցիների համար գործնականում կիրառելի կամ արդյունավետ չէին, եւ որ դրանք անարդյունավետ էին բոլոր կողմերից շրջափակված հույն կիպրոսցիների համար՝ հաշվի առնելով բողոքների առանձնահատուկ բնույթը եւ Կիպրոսի հյուսիսում սահմանված իրավական եւ վարչական համակարգը: Կիպրոսի Կառավարությունը պնդել էր, որ «ՀԿԹՀ»-ի դատարանների նախադեպային իրավունքը, որին Թուրքիայի Կառավարությունը հղում էր կատարել, վերաբերում էր այնպիսի իրավիճակների, որոնք տարբերվում էին այն իրավիճակներից, որոնք նկարագրված էին գանգատում առկա բողոքներում, այսինքն՝ այն վերաբերում էր մասնավոր անձանց միջեւ վեճերին եւ ոչ օրենսդրությանն ու վարչարարությանն ուղղված բողոքներին: Թե ինչ ստացվեց Կիպրոսի Կառավարության կողմից ներկայացված փաստարկների արդյունքում, բոլորին հայտնի է. Դատարանը համարեց, որ Կիպրոսի Կառավարությունը չկարողացավ հերքել Հանձնաժողով ներկայացված ապացույցները, որոնց համաձայն տուժած հույն կիպրոսցիները կարող էին դիմել տեղի դատարաններ՝ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ քաղաքացիական հայց ներկայացնելու համար, եւ որոշեց, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով Հյուսիսային Կիպրոսում ապրող հույն կիպրոսցիների իրավունքների՝ մասնավոր անձանց կողմից միջամտության առնչությամբ իրավական պաշտպանության միջոցների ենթադրյալ բացակայության հիմքով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի որեւէ խախտում չի արձանագրվել[15]: Նույնը պետք է կիրառվի նաեւ սույն գործում:
10.Դատարանը չպետք է կիրառի երկակի չափորոշիչներ՝ Կիպրոսի դեպքում առաջնորդվելով մի հիմնավորմամբ, իսկ Հայաստանի դեպքում՝ լիովին հակառակ: Կիպրոսի միջպետական գործով Դատարանը չի պահանջել, որ Կիպրոսի գրավված հատվածում «ՀԿԹՀ»-ի դատարանների վարույթում գտնվող գործերը պետք վերաբերեն միայն գույքի ռեստիտուցիայի մասին հայցերին: Այն հանգամանքը, որ հույն կիպրոսցիների քաղաքացիական հայցերը քննվել էին «ՀԿԹՀ»-ի դատարանների կողմից, բավարար էր՝ եզրակացնելու, որ այդ դատարաններին պետք է վերաբերեին որպես սպառման ենթակա իրավական պաշտպանության միջոցներ տրամադրող մարմիններ: Հայաստանի կառավարությունն ապացույցներ է ներկայացրել՝ հիմնավորելու իր այն պնդումը, որ առկա էին դատական պաշտպանության միջոցներ, եւ մատնանշել է մի շարք ադրբեջանցիների եւ քրդերի՝ որպես դատավարության մասնակիցներ հանդես եկող անձանց կողմից քաղաքացիական եւ քրեական գործերով Հայաստանի դատարաններ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններ ներկայացված հայցեր, որոնք բավարարվել են[16]: Այս անհերքելի ապացույցը պետք է բավարար լիներ Կառավարության առարկությունն ընդունելու համար:
11.Մեծամասնությունը խելամիտ է համարում եզրափակել առարկության գնահատումը իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու հիմքով՝ հաշվի առնելով «քաղաքական եւ ընդհանուր համատեքստը» (119-րդ պարբերություն): Դժբախտաբար, Դատարանը սկսել է հակամարտությանը անտեղի քաղաքական գնահատական տալ՝ հիմնվելով իրադարձությունների արտաքին կողմի վրա («թվում է՝ ավելի է խստացել»): Այդ քայլը ողջունելի չէ, որովհետեւ Դատարանի որոշ հայտարարությունների քաղաքական երանգները կարող են տպավորություն ստեղծել, անշուշտ, չհիմնավորված, սակայն, ամեն դեպքում, մտահոգիչ, որ Դատարանն իր սեփական քաղաքական հայացքներն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
12.Վերջում հարկ է նշել, որ ես համոզված չեմ, որ իրավական պաշտպանության հասանելի ներպետական միջոցներն օգտագործելու ցանկացած փորձ անհաջող էր ավարտվելու: Եթե պահպանվեր Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործի չափորոշիչը, ապա մեծամասնությունը կգար այն եզրահանգման, որ այս դեպքում նույնպես առկա էին իրավական պաշտպանության ներպետական միջոցներ՝ հաշվի առնելով ներպետական իրավական համակարգը եւ պատասխանող Պետության կողմից ներկայացված նախադեպային իրավունքը: Ավելին, ներպետական դատարանը պատրաստակամ է քննելու դիմումատուների բողոքները, եւ դա կարող էր տեղի ունեցած լիներ առնվազն 2006 թվականից սկսած: Եթե նույնիսկ Խորհրդարանական վեհաժողովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղը «աշխարհագրական այն «սեւ անցքերից» մեկն է, որտեղ Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների հետ կապված մեխանիզմները չեն կարող լիովին կիրառվել»[17], իրավական պաշտպանության ներպետական միջոցների արդյունավետության վերաբերյալ կասկածների առկայությունը չի ազատում դիմումատուին դրանցից առնվազն օգտվելու փորձ կատարելու պարտականությունից[18]: Մտահոգիչ է, որ այս սկզբունքը չի պահպանվել սույն գործով: Այլ կերպ ասած՝ մեծամասնության համար Եվրոպայի այս հատվածում լրացուցչության (սուբսիդիարության) սկզբունքը որեւէ դեր չի խաղում:
III.Տուժողի կարգավիճակի բացակայությունը
Ա.Տուժողի կարգավիճակը դիմումատուների բնակելի տների առնչությամբ
13.Դիմումատուները բողոքել են, որ իրենց զրկել են իրենց տներ եւ հողակտորներ մուտք գործելու եւ դրանցից օգտվելու հնարավորությունից: Ես այդ հարցերին կանդրադառնամ առանձին-առանձին:
Ինչ վերաբերում է դիմումատուների բնակելի տներին, ապա Դատարանը հնարավորություն չունի պարզելու, թե արդյոք դրանք գոյություն ունեցել են, թե ոչ, եւ եթե այդպես է, ապա երբ, ինչպես եւ ում կողմից են դրանք ավերվել: Եթե ենթադրենք, որ այդ բնակելի տներն ավերվել են 1992 թվականին, ապա համապատասխան բողոքները Կոնվենցիայի ժամանակային շրջանակից դուրս կլինեին, քանի որ Հայաստանն այն վավերացրել է միայն տասը տարի անց: Իմանալով այդ առարկության մասին՝ դիմումատուները վկայակոչել են ոչ միայն գույքի նկատմամբ իրենց իրավունքը, այլեւ մշտական էմոցիոնալ կապն այն տարածքի հետ, որտեղ իրենք ապրել են: Այդ էմոցիոնալ կապը՝ չհաշված ավելի քան քսան տարի գոյություն ունեցող զգացմունքները, ապացուցելը բավականին բարդ առաջադրանք է, որը դիմումատուներին չի հաջողվել կատարել: Որեւէ ապացույց չի ներկայացվել Դատարան՝ հիմնավորելու այն պնդումը, որ դիմումատուներն էմոցիոնալ առումով մշտապես կապված են եղել եւ դեռ կապված են մի տարածքի հետ, որտեղից նրանք հեռացել են ավելի, քան քսաներկու տարի առաջ: Ցանկացած դեպքում, այդ ամբողջությամբ մտացածին պնդման նպատակը դիմումատուների՝ իրենց տների նկատմամբ իրավունքի վերաբերյալ չհիմնավորված բողոքն անորոշ՝ «գյուղում ապրելու իրավունքով» փոխարինելն է՝ այդ կերպ ընդլայնելով 8-րդ հոդվածի կիրառության շրջանակը հայտնի սահմաններից դուրս[19]:
Բ.Տուժողի կարգավիճակը դիմումատուների հողակտորների առնչությամբ
14.Ինչ վերաբերում է խնդրո առարկա հողակտորների մասով դիմումատուների իրավունքներին, ապա իրավիճակը պակաս անհստակ չէ: Դիմումատուները գիտակցել են, որ ԽՍՀՄ Սահմանադրությամբ, ադրբեջանական ԽՍՀ Սահմանադրությամբ եւ 1970 թվականի Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածով (Հողի նկատմամբ պետական սեփականությունը) իրենք երբեւէ գույքի նկատմամբ իրավունք չեն ունեցել, այլ իրավունք են ունեցել միայն օգտագործելու հողը: Նրանք պնդել են, որ իրենք այդ իրավունքը ունեին դեռեւս 2005 թվականին՝ իրենց բողոքները ներկայացնելու ժամանակ՝ չնայած, որ իրենք Լաչինից հեռացել էին տասներեք տարի առաջ՝ 1992 թվականին: Այդ իրավունքի վերաբերյալ որեւէ բավարար ապացույց գործում առկա չէ՝ ո՛չ փաստաթղթային, ոչ էլ ցուցմունքի ձեւով:
Վարույթների տարբեր փուլերում դիմումատուների կողմից ներկայացված բողոքների տարբեր տարբերակների միջեւ եւ այդ տարբերակների ու փաստաթղթային ապացույցների, իրենց կողմից անձամբ Դատարան ներկայացրած՝ այսպես կոչված «տեխնիկական անձնագրերի» միջեւ եղած հսկայական անհամապատասխանությունները համոզիչ կերպով չեն հերքվել[20]: Տեխնիկական անձնագրերում պարունակվող տեղեկություններն էականորեն տարբերվում են գանգատի ձեւաթղթում ներկայացված տեղեկություններից: Օրինակ՝ առաջին դիմումատուն սկզբնապես պնդել է, որ ինքն ուներ 250 քառ. մետր մակերեսով բնակելի տուն, բայց իր տեխնիկական անձնագիրը վերաբերում է 408 քառ. մետր մակերեսով բնակելի տանը եւ 60 քառ. մետր մակերեսով պահեստին, որի մասին նախկինում չի նշվել: Համանման ձեւով չորրորդ դիմումատուն սկզբնապես պնդել է, որ իր բնակելի տունը զբաղեցնում է 165 քառ. մետր տարածք, մինչդեռ «տեխնիկական անձնագրում» նկարագրված բնակելի տունը զբաղեցնում է 448 քառ. մետր տարածք՝ գումարած 75 քառ. մետր մակերեսով պահեստը, որը, ինչպես նախորդ դեպքում, չի նշվել: Դիմումատուներից շարունակաբար պահանջվել է ներկայացնել իրենց գույքի վերաբերյալ այլ փաստաթղթեր եւ բացատրել սկզբնական հայտարարությունների եւ «տեխնիկական անձնագրերի» միջեւ առկա տարբերությունների պատճառը: Դիմումատուների ենթադրյալ սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ որեւէ այլ փաստաթուղթ չի ներկայացվել, քանի որ, ըստ դիմումատուների, իրենք չեն կարողացել այլ փաստաթղթեր ձեռք բերել: Ինչ վերաբերում է վերոնշյալ հակասություններին, ապա դիմումատուների պնդմամբ 2005 թվականի սկզբին՝ Բաքվում իրենց ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ դրա կարճատեւության պատճառով իրենք նրան տրամադրեցին միայն ընդհանուր տեղեկություններ, եւ համաձայնության եկան, որ պաշտոնական փաստաթղթերի պատճենները կուղարկեն էլեկտրոնային փոստով ավելի ուշ: Ըստ իրենց պնդման՝ սկզբնական հայտարարությունները տրվել են հիշողությամբ՝ առանց փաստաթղթերից օգտվելու, հետեւաբար, պետք է հաշվի առնել «տեխնիկական անձնագրերում» պարունակվող տեղեկությունները:
Դիմումատուների կողմից ներկայացված բացատրությունները համոզիչ չեն, քանի որ իրենց սկզբնական հայտարարություններն ընդհանուր բնույթի ցուցմունքներ չէին, այլ բավականին մանրամասն էին, երբ նկարագրվում էր այն գույքի ծավալը, որն, ըստ իրենց պնդման, իրենց սեփականությունն էր, ինչպես նաեւ հողերի եւ բնակելի տների չափը: Բացի դրանից՝ դիմումատուների սկզբնական պահանջները, որոնք «տեխնիկական անձնագրերի» ներկայացման արդյունքում այժմ փոխվել են, որոշ դեպքերում հաստատվել են իրենց նախկին հարեւանների հայտարարություններով: Խաչաձեւ հարցաքննության չենթարկված վկաների ցուցմունքները, անշուշտ, չեն կարող լրացնել դիմումատուների ապացույցներում առկա բացը՝ հաշվի առնելով այդ բացահայտ հակասությունները:
15.Մեծամասնությունն ընդունում է դիմումատուների կողմից պահանջված բնակելի տների եւ այլ շարժական գույքի գտնվելու վայրի «ոչ հստակ» լինելը[21]: Հողերի առնչությամբ եւ դրանց առկայությունը որպես «մասնավոր սեփականություն» կամ «անձնական գույք» սահմանելու նպատակով մեծամասնությունը ներգրավվեց 1970 թվականի Հողային օրենսգրքի եւ 1983 թվականի Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության Բնակարանային օրենսգրքի մեկնաբանության քննարկումների մեջ՝ առանց հղում կատարելու համապատասխան ներպետական նախադեպային իրավունքին կամ իրավական դիրքորոշմանը: Գործնականում այսպիսի կիրառությունը նույնիսկ ավելի է բարդանում, երբ մեծամասնությունն ուշադրության տակ է առնում հողերի՝ հետագա մասնավորեցման գործընթացը, որն սկսվեց 1992 թվականի մայիսին: Մեծամասնության կողմից այդ գործընթացի իրավական ուժը չճանաչելը, վերջին հաշվով միայն այն հիմքով, որ այն սկիզբ է առել չճանաչված պետությունից եւ, հետեւաբար, իրավաբանորեն վավեր չէ, չի կարող ընդունվել, քանի որ այն պարզապես կասկածի տակ է դնում մասնավորեցման գործընթացի օրինականության հարցը՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ օրենսդրության միջազգային առումով անվավերության ենթադրության վրա, եւ այդպիսով հակասելով, ինչպես նշված է վերեւում, չճանաչված պետությունների կողմից ընդունված օրենսդրության վավերության մասին Դատարանի նախկին դիրքորոշումներին: Գործում որեւէ ապացույց չկա՝ հիմնավորելու այն ենթադրությունը, որ մասնավորեցման մասին օրենքն ընդունվել է էթնիկ հայերի շահեկան դիրքն ամրապնդելու կամ ադրբեջանական եւ քրդական էթնիկ ծագում ունեցող քաղաքացիների շահերը ոտնահարելու նպատակով: Վերջապես, թվում է, թե մեծամասնությունը մոռացության է մատնել լքված գույքը bona fide (բարեխղճորեն) զբաղեցրած այն անձանց իրավունքները, որոնց իրավական կարգավիճակը նույնպես պաշտպանվում է միջազգային իրավունքով, մասնավորապես, Պինեյրոյի սկզբունքների 17-րդ սկզբունքով:
Գ.Նախնական եզրակացություն. Պինեյրոյի սկզբունքների սահմանները
16.Երբ դատական մարմինները բախվում են փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց կողմից ներկայացվող՝ գույքի ռեստիտուցիայի մասին հայցերին, որոնք փաստաթղթային հիմնավորում չունեն, ապա, ըստ Պինեյրոյի սկզբունքների, կարելի է դրսեւորել որոշակի աստիճանի ճկունություն[22]: Իսկապես, մարդկանց հարկադիր զանգվածային տեղահանման իրավիճակներում տուժողների համար կարող է անհնարին լինել պաշտոնական ապացույցներ ներկայացնել իրենց նախկին տան, հողի, գույքի կամ նույնիսկ առավելապես բնակվելու վայրի վերաբերյալ: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ Դատարանի ապացուցային չափանիշների առումով որոշակի ճկունությունը կարող է ընդունելի լինել, մասնավորապես, խոցելի անձանց, ինչպես օրինակ՝ փախստականների եւ տեղահանման ենթարկված անձանց գույքային պահանջների համատեքստում, ապա Դատարանի ճկուն մոտեցումը պետք է լինի ողջամտության սահմաններում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ անձանց զանգվածային տեղահանումը հանգեցնում է անհիմն գույքային պահանջների ներկայացման՝ արկածախնդիր անձանց կողմից, որոնք հույս ունեն օգտվելու այդ քաոսից: Առանց սահմանափակումների ճկունությունը, հակառակ դեպքում, կասկածի տակ կդնի Դատարանի՝ փաստերի գնահատումը: Չկարողանալով կատարել ապացուցման իրենց պարտականությունը՝ դիմումատուները հույսը դրել են Դատարանի ճկունության վրա, որն այս դեպքում անցավ ողջամտության բոլոր սահմանները, քանի որ ակնհայտորեն հակասող վկայությունները եւ փաստաթղթային ապացույցներն այն ընդունեց որպես հիմնավորված ու վստահելի: Այդպիսի բացահայտ հակասությունները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ փաստերը կեղծվել են՝ այսպիսով կասկածի տակ դնելով դիմումատուների տուժողի կարգավիճակը:
IV.Իրավազորության բացակայությունը
Ա.Դատարանի գնահատման ժամկետները
17.Դիմումատուների գործի վերոնշյալ բոլոր թերություններից ամենալուրջը պատասխանող Պետության կողմից բարձրացված՝ իրավազորության բացակայության վերաբերյալ առարկությունն է: Գործի նյութերում հավաքված ապացույցների հիման վրա հաստատորեն հնարավոր չէ սահմանել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի նկատմամբ իրականացնում է արդյունավետ վերահսկողություն: Ոչ էլ կարելի է հաստատել, որ Հայաստանը լիազորություններ ունի եւ վերահսկում է այդ Հանրապետության պետական պաշտոնյաներին: Գործի նյութերի համաձայն նման եզրակացություններ անելու համար պարզապես որեւէ փաստական հիմք չկա:
Սույն գործի հանգամանքներում, Դատարանը պետք է որպես փաստ պարզեր, թե արդյոք իրականում Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի եւ հարակից շրջանների նկատմամբ իրականացրել է արդյունավետ վերահսկողություն առնվազն 1992 թվականի մայիսի 18-ից, այսինքն՝ Լաչինի գրավման եւ դրա բնակիչների փախուստի օրվանից հետո մինչեւ սույն վճռի կայացման օրը[23]: Ինչպես Սիլիհի գործում [Šilih], այդ ժամանակ (1992 թվականի մայիսի 18-ին) Լաչինի շրջանում ռազմական գործողությունները ոչ թե «վեճի հիմքն» էին, այլ դիմումատուների կողմից «վիճարկվող իրավունքների հիմքը», եւ այդ պայմանով են միայն հայտնվում սույն Դատարանի ratione temporis իրավազորության ներքո[24]:
Իրականում մեծամասնությունն ընդունել է ապացույցներն այն դեպքերի վերաբերյալ, որոնք ծագել էին նախքան Հայաստանի մասով Կոնվենցիան ուժի մեջ մտնելը, այն հիմքով, որ «[ա]վելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները կարող են վկայել այդպիսի տեւական իրավիճակի մասին» (193-րդ պարբերություն): Այդ ապացույցները գնահատվել են՝ դիմումատուների պնդած «շարունակվող խախտումները» բացահայտելու նպատակով, այլ ոչ թե դիմումատուների իրավունքներից զրկելն արդարացնելու նպատակով, ինչպես պնդել է պատասխանող Պետությունը (197-րդ պարբերություն): Ես չեմ կարող ընդունել փաստերի նկատմամբ այդ միակողմանի մոտեցումը:
18.Այդպիսի գնահատում իրականացնելիս Դատարանը կարող է որպես հիմք ընդունել իրեն ներկայացված բոլոր նյութերը, իսկ անհրաժեշտության դեպքում proprio motu (իր նախաձեռնությամբ) ձեռքբերված նյութերը[25]: Դժբախտաբար, դիմումատուների կողմից ներկայացված ապացույցների թերությունները չեն վերացվել Դատարանի՝ իր սեփական միջնորդությամբ այլ ապացույցներ հավաքելու որեւէ նախաձեռնությամբ:
Ես իրավազորության բացակայության վերաբերյալ առարկությունը կգնահատեմ մեծամասնության կողմից ընդունված՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Հայաստանի կողմից արդյունավետ վերահսկողության առկայության պնդման օգտին դիմումատուների կողմից առաջարկված տարբեր ռազմական, քաղաքական, վարչական եւ ֆինանսական փաստարկների վերաբերյալ առկա ապացույցների հիման վրա: Այդ նպատակով ես մեկ առ մեկ կուսումնասիրեմ բոլոր ապացույցները, որոնց վրա մեծամասնությունը հիմնվել է վճիռը կայացնելիս:
Բ.Ռազմական բնույթի ապացույցների գնահատումը
(i)Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ կնքված՝ 1994 թվականի ռազմական համաձայնագիրը
19.Մեծամասնությունը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությունը «նշանակալի ներգրավվածություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ՝ դրա վաղ շրջանից: Ռազմական այս օժանդակությունը եղել է եւ շարունակում է որոշիչ լինել վեճի առարկա հանդիսացող տարածքների նվաճման եւ դրանց նկատմամբ շարունակական վերահսկողություն պահպանելու համար» (180-րդ պարբերություն): Իրականում մեծամասնության հիմնավորումը կառուցված է argumentum ad ignorantum (հակառակը ապացուցող փաստարկների բացակայության) հիման վրա, որը հանգեցնում է պատասխանող Պետության համար ոչ նպաստավոր եզրակացության՝ ելնելով տեղեկությունների բացակայությունից կամ տեղեկությունների ոչ ամբողջական կամ անբավարար աղբյուրներից, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկություններն ստանալու ենթադրյալ անհնարինությունից (տե՛ս 173-րդ պարբերությունը. «եւ հնարավոր չէր ակնկալել»)՝ վիճարկելու այն, որ դիմումատուների պնդումներն ապացուցվել են, իսկ պատասխանող Կառավարության հակառակ պնդումները՝ ոչ: Այս հիմնավորումը հակասում է onus probandi (ապացուցման պարտականության) հիմնական սկզբունքին՝ մեղադրանք ներկայացրած անձանց գործնականում ազատելով ապացուցելու իրենց պարտականությունից, իսկ պատասխանող կողմի վրա դնելով մեղադրանքը հերքելու պարտականություն:
20.Դեռ ավելին, ռազմական իրականության վերաբերյալ մեծամասնության ընդհանուր գնահատականի ավելի քան վիճելի բնույթը (տե՛ս 174-րդ պարբերությունը. «դժվար է պատկերացնել, որ») հստակորեն ցույց է տալիս, որ համապատասխան հիմնավորման նպատակը նախապես որոշված եզրակացությունն ապացուցելն էր: Մեծամասնության երեք համապատասխան փաստարկներից ոչ մեկը պատշաճ կերպով չի հիմնավորում նշված ընդհանուր գնահատականը, որի հավաստիությունը պետք է կասկածի տակ դրվի: Ո՛չ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջեւ կնքած ռազմական համաձայնագիրը (տե՛ս 175-րդ պարբերությունը) եւ ո՛չ էլ միջազգային կազմակերպությունների (տե՛ս 176-րդ պարբերությունը) եւ Հայաստանի քաղաքական գործիչների (տե՛ս 177-րդ պարբերությունը) կողմից արված բազմաթիվ քաղաքական հայտարարությունները չեն կարող ընդունվել որպես Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ռազմական հսկողության վերաբերյալ «որոշիչ ապացույց»:
21.Վերոնշյալ՝ 1994 թվականի ռազմական համաձայնագրով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաեւ անցկացնել «փոխադարձ զորավարժություններ» եւ ապահովել «փոխադարձ տեխնիկական աջակցություն», որը ներառում է նաեւ հնարավորություն հայ զինապարտների համար իրենց զինվորական ծառայությունն անցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Համաձայնագրի տառացի նշանակությունը պարզ է՝ հստակորեն վերաբերելով Հայաստանի Հանրապետության զինակոչիկների՝ իրենց ժամկետային զինվորական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի բանակում անցնելու իրավունքին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինակոչիկների՝ իրենց զինվորական ծառայությունը հայկական բանակում անցնելու իրավունքին (տվյալ համաձայնագրի 4-րդ պարբերություն): Համաձայնագրի տառացի նշանակությունը, այսպիսով, չպետք է սխալ մեկնաբանվի՝ որպես հայ զինակոչիկների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծառայելու իրավական պարտավորության սահմանում: Բացի դրանից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայ զինվորների պարտադիր զինվորական ծառայության գրավոր կամ չգրված քաղաքականության վերաբերյալ որեւէ ապացույց չկա[26]: Պատասխանող Կառավարությունը չպարզաբանեց, թե Հայաստանի Հանրապետության կոնկրետ քանի զինապարտ է իր ծառայությունն անցնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ պնդելով, որ դա ռազմական գաղտնիք է: Քանի որ Դատարանի կանոնակարգով կողմերին ապացույցների չբացահայտման որեւէ հատուկ ռեժիմ չի սահմանվում, ապա պատասխանող Կառավարությունը միանշանակորեն ազատվում է Դատարանին այնպիսի հույժ գաղտնի ապացույց տրամադրելու պարտականությունից, որը կարող է խոցելի լինել ազգային եւ ռազմական անվտանգության համար, եւ այն չի կարող դատապարտվել այդ կերպ չվարվելու համար[27]: Բոլոր դեպքերում պատասխանող Պետությունը տրամադրել է որոշ հավաստի տեղեկություններ՝ կապված հայ զինծառայողների ռազմական ներկայության հետ՝ 1994 թվականի համաձայնագրի 4-րդ հոդվածին համախատասխան (տե՛ս վճռի 75-րդ պարբերությունը):
Այնուամենայնիվ, համապատասխան ռազմական համաձայնագիրն ինքնին որեւէ առանձնահատկություն չի պարունակում: Այլ եվրոպական ազգերի հազարավոր զինվորներ իրենց զինվորական ծառայությունն անցել են օտար հողի վրա՝ տեղի ռազմական ուժերի հետ կողք կողքի՝ ընդունող պետությունների եւ տրամադրող պետությունների միջեւ կնքված միջազգային համաձայնագրերի հիման վրա, որոնցից որոշները՝ Միացյալ ազգերի կազմակերպության աջակցությամբ[28]: Այս գործերից ոչ մեկում, այդ թվում՝ երբ համագործակցությունն ընդգրկել է զգալի չափի աշխատուժ եւ ֆինանսական միջոցներ, տրամադրող պետության կողմից հսկողության մասին հետեւություն չի կատարվել:
(ii)Միջազգային կազմակերպությունների լեզուն
22.Մեծամասնությունն ընդունում է, որ որեւէ «անհերքելի ապացույց» չկա այն զինված ուժերի կազմի վերաբերյալ, որոնք գրավել են Լեռնային Ղարաբաղը եւ վերահսկողություն հաստատել այնտեղ, եւ նույնիսկ հղում է կատարում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի երկիմաստ լեզվին (տե՛ս 173-րդ պարբերությունը): Իրականում 1993 թվականի ապրիլի 30-ի 822 (1993)[29], 1993 թվականի հուլիսի 29-ի 853 (1993)[30], 1993 թվականի հոկտեմբերի 14-ի 874 (1993)[31] եւ 1993 թվականի նոյեմբերի 12-ի 884 (1993)[32] բանաձեւերի եւ «Իրավիճակն Ադրբեջանի գրավված տարածքներում» անվանմամբ՝ Գլխավոր ասամբլեայի 2008 թվականի մայիսի 14-ի 62/243[33] բանաձեւի ձեւակերպումներով որեւէ կերպ չի հիմնավորվում Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ուղղակի ռազմական ներգրավվածության վերաբերյալ դիմումատուների պնդումը, այն է՝ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի գրավումը: Ադրբեջանում հայկական բանակի զորքերի ներգրավվածության կամ պատերազմի՝ որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային զինված հակամարտության վերաբերյալ որեւէ հստակ հղում չկա. տեքստում միայն նշվում է «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ առկա լարվածությունների» մասին, որոնք «վտանգի տակ են դնում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»:
Ավելին, Անվտանգության խորհրդի 884 (1993) բանաձեւը «կոչ է անում Հայաստանի կառավարությանն օգտագործել իր ազդեցությունն Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերի կողմից 822 (1993), 853 (1993) եւ 874 (1993) բանաձեւերի դրույթների կատարումն ապահովելու նպատակով»: Այդ կերպ այն ընդունում է, որ նախորդ բանաձեւերը գլխավորապես հասցեագրված էին «Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերին»՝ որպես հակառակորդ կողմ, այլ ոչ Հայաստանին, որը Լեռնային Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության հարցում ներկայացվում է որպես երրորդ կողմ:
23.Մեծամասնությունը նաեւ հղում է կատարում Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի 1997 թվականի հուլիսի «փաթեթային» առաջարկին եւ 1997 թվականի դեկտեմբերի առաջարկած «քայլ առ քայլ» մոտեցմանը (176-րդ պարբերություն), սակայն այդ երկու առաջարկությունների վերաբերյալ կարեւոր մանրամասներ է բաց թողնում: Նախ «փաթեթային» առաջարկում ներառված էր նաեւ հետեւյալը՝ «Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար Մարզի (ԼՂԻՄ, ստորեւ՝ VIII եւ IX դրույթներում ներկայացված բացառություններով) 1988 թվականի սահմանագծից ներս. Ադրբեջանի ուժերը դուրս կբերվեն դեպի թիվ 1 Հավելվածում համաձայնեցված դիրքեր՝ Բարձր մակարդակի պլանավորման խմբի [«ԲՄՊԽ»] հանձնարարականների հիման վրա»: Երկրորդ հերթին, 1997 թվականի դեկտեմբերին առաջարկված «քայլ առ քայլ» մոտեցումը եւ 1998 թվականի նոյեմբերի «ընդհանուր պետություն» առաջարկությունը նույնիսկ ավելի մանրամասն էին՝ ներառելով Լաչինի միջանցքի եւ Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու մասին հղումներ. «Լեռնային Ղարաբաղի ուժերը դուրս կբերվեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) 1988 թվականի սահմանագծից ներս՝ բացառությամբ Լաչինի միջանցքի: Ադրբեջանի զինված ուժերը դուրս կբերվեն թիվ 1 Հավելվածում նշված գիծ՝ ԲՄՊԽ-ի հանձնարարականների հիման վրա, ինչպես նաեւ դուրս կբերվեն Հայաստանի բոլոր տարածքներից»: Այդ բաց թողնված ասպեկտները հստակորեն ցույց են տալիս, որ ռազմական իրավիճակը 1997 եւ 1998 թվականներին շատ ավելի բարդ էր, քան մեծամասնության կողմից նկարագրված գերպարզեցված պատկերը:
(iii)Հայաստանի պետական այրերի քաղաքական հռետորությունը
24.Հայաստանի պետական այրերի եւ պետական պաշտոնյաների կողմից արված քաղաքական հռետորական հայտարարություններին, որոնց հղում է կատարվում վճռում, պետք է մոտենալ առավել զգուշությամբ, եւ դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ, որովհետեւ դրանք ակնհայտորեն իրավական ուժ ունեցող հայտարարություններ չեն, եւ երկրորդ, որովհետեւ այդ քաղաքական հայտարարությունները մեջբերելիս պետք է դիմակայել հապճեպ ընդհանրացումներ ու սխալ եզրակացություններ անելու ուժեղ գայթակղությանը: Գայթակղությունը նույնիսկ ավելի է ուժեղանում, երբ այդ հայտարարությունները համատեքստից դուրս են: Պրն Սերժ Սարգսյանի ելույթի մեջբերումը այդպիսի չարաբաստիկ օրինակ է (տե՛ս 178-րդ պարբերությունը): Շփոթեցնող է միայն «մեր բանակը» բառերի մեջբերումը եւ այն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերագրելը, կարծես թե, այդ բառերը ելույթ ունեցողի կողմից գործածվել են դրա կապակցությամբ: Դա այդ իմաստով չի գործածվել, ինչը հաստատվում է պարզապես ելույթ ունեցողի նախորդ նախադասությունները կարդալիս:
Դոկտոր Բուկուր-Մարկուի [Bucur-Marcu] անկախության ենթադրյալ բացակայության պատճառով (տե՛ս 179-րդ պարբերությունը) իր կարծիքը կասկածի տակ դնող ad hominem (անձին վերաբերող) փաստարկի հետեւողական օգտագործումը, առանց փորձագետին անձամբ հարցաքննելու կամ Դատարանի կասկածները փարատելու համար նրան առնվազն հնարավորություն ընձեռելու, լրացնում է գործի ապացույցների թյուր գնահատման ընդհանուր պատկերը:
25.Ի վերջո, մեծամասնությունն անգամ չնչին պատկերացում չունի, թե Հայաստանի Հանրապետության քանի զինվոր է ենթադրաբար ծառայել կամ դեռեւս ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ հարակից շրջաններում (180-րդ պարբերություն. «Դատարանն այս հարցը լուծելու անհրաժեշտություն չի տեսնում»): Մինչդեռ այս փաստերն էական նշանակություն ունեն: Դատարանի համապատասխան նախադեպերի հետ համեմատությունը այստեղ եւս կարող էր լույս սփռել քննարկվող հարցի վրա: Այս գործը չի կարող նմանեցվել ոչ Թուրքիայի կողմից Կիպրոս[34] ներխուժելու հետ, երբ Դատարանը հաստատեց, որ 30 000-անոց թուրքական զորքը ներխուժել էր Հյուսիսային Կիպրոս եւ գրավել այն, եւ ոչ էլ Մերձդնեստրյան հակամարտության հետ, երբ Դատարանը եւս հաստատեց, որ անջատողականները զինված էին եղել եւ աջակցություն էին ստացել Մերձդնեստրում տեղակայված՝ ԽՍՀՄ-ի 14-րդ բանակի զորամասերի կողմից, որոնք ուղիղ հրամաններ էին ստացել Մոսկվայից[35]: Սա այդ դեպքը չէ, քանի որ չկա որեւէ ապացույց, որը վկայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ստորաբաժանումների տեղակայման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ուժեր մեծաքանակ զենք ու զինամթերք փոխանցելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ցամաքային զորքերին Երեւանից ուղիղ հրամանների կամ անջատողականներին աջակցելու նպատակով Հայաստանի ռազմական ուժերի կողմից կազմակերպված ուղիղ հարձակումների մասին:
Գ.Քաղաքական բնույթի ապացույցների գնահատումը
(i)Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը
26.Մեծամասնությունն առաջ է քաշում այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչվել Միավորված ազգերի կազմակերպության որեւէ անդամ պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից (տե՛ս 182-րդ պարբերությունը)[36]: Ավելին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերը նշված բանաձեւերում (822 (1993), 853 (1993), 874 (1993), եւ 884 (1993)) եւ Գլխավոր ասամբլեայի 2008 թվականի մարտի 14-ի 62/243 բանաձեւում Լեռնային Ղարաբաղին հղում է կատարվում որպես Ադրբեջանի Հանրապետության շրջանի: Մինչդեռ, Անվտանգության խորհրդի բանաձեւերից ոչ մեկը չի ընդունվել Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության VII գլխի համաձայն[37], իսկ Գլխավոր ասամբլեայի բանաձեւը հաստատվել է շատ թույլ մեծամասնությամբ, զգալի թվով ձեռնպահ ձայների առկայությամբ եւ խաղաղ բանակցային գործընթացում ներգրավված այնպիսի երկրների առարկությամբ, ինչպիսիք են՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը[38]: Գլխավոր ասամբլեայի նախորդ երկու՝ «Ադրբեջանում փախստականներին եւ տեղահանված անձանց տրամադրվող անhետաձգելի միջազգային օգնությունը»[39] 1994 թվականի մարտի 23-ի թիվ 48/114 եւ «Իրավիճակն Ադրբեջանի գրավված տարածքներում»[40] 2006 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 60/285 բանաձեւերում անգամ հղում չի կատարվել Լեռնային Ղարաբաղին:
Ավելին, ո՛չ Անվտանգության խորհուրդը, եւ ո՛չ էլ Գլխավոր ասամբլեան Հայաստանը չեն ճանաչել որպես «գրավող ուժ» կամ «ագրեսոր» պետություն: Քանի որ Միավորված ազգերի կազմակերպության երկու մարմինների առաջնային մտահոգության առարկան «տարածաշրջանում մարդասիրական բնույթի լուրջ արտակարգ իրավիճակի» առաջացման հարցն էր, նրանք կոչ էին արել բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր տեսակի խախտումներից եւ հնարավոր դարձնել միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելուն ուղղված ջանքերի անարգել հասանելիությունը հակամարտության ներգործության շրջանակներում ընդգրկված բոլոր տարածքներում: Նրանք նաեւ կրկին շեշտել էին ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ «տարածաշրջանի մյուս բոլոր պետությունների» ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականության իրավունքը եւ, հետեւաբար, դատապարտել էին «հրադադարի ռեժիմի խախտումները», «ռազմական գործողությունները», «քաղաքացիական բնակչության վրա հարձակումները եւ ռմբակոծությունները» եւ հորդորել էին «տարածաշրջանի բոլոր պետություններին» ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից եւ այնպիսի միջամտությունից կամ ինտերվենցիայից, որը կարող էր հանգեցնել հակամարտության խորացմանը եւ վտանգել տարածաշրջանի խաղաղությունը եւ անվտանգությունը:
(ii)Եվրոպայի խորհրդի պաշտոնական դիրքորոշումը
27.1994 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ողջունեց Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների եւ Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի միջեւ 1994 թվականի հուլիսի 26-ի համաձայնագրի ստորագրումը: Ամենակարեւորն այն էր, որ դրանով Ադրբեջանին եւ Թուրքիային անհապաղ կերպով կոչ էր արվում «անմիջապես վերջ դնել Հայաստանի հետ իրենց հաղորդակցության միջոցների շրջափակմանը» եւ կոչ էր արվում հակամարտության կողմերին կազմակերպել փախստականների անհապաղ վերադարձը տուն եւ հարգել փոքրամասնությունների իրավունքները՝ այնպես, ինչպես առաջարկված էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1201 հանձնարարականում[41]:
1997 թվականին Վեհաժողովն ընդգծեց, որ հակամարտության մեջ ընդգրկված բոլոր կողմերը պետք է բանակցեն հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ՝ առաջնորդվելով հատկապես 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտի եւ 1990 թվականի Փարիզի խարտիայի հիման վրա սահմանված հետեւյալ սկզբունքներով՝ սահմանների անխախտելիություն, երաշխավորված անվտանգություն համապատասխան տարածքներում բոլոր ժողովուրդների համար, մասնավորապես, բազմազգ խաղաղապահ ուժերի միջոցով, զգալի ինքնավարության կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որի շուրջ պետք է բանակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձի իրավունք եւ նրանց վերաինտեգրում՝ պահպանելով մարդու իրավունքները[42]:
2002 թվականին Վեհաժողովն ընդունեց եւ ողջունեց «այն անժխտելի ջանքերը, որ Հայաստանը գործադրել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակում կանոնավոր կապեր պահպանելու ուղղությամբ եւ այն դրական ազդեցությունը, որ դրանք ունեն Լեռնային Ղարաբաղի հայերի վրա՝ համապատասխան խաղաղ լուծման հանգելու տեսանկյունից»[43]:
Այն բանից հետո, երբ Վեհաժողովը նշեց, որ «Ադրբեջանի տարածքի զգալի մասեր դեռ գրավված [էին] հայկական զորքերի կողմից, եւ անջատողական ուժերը դեռ վերահսկում [էին] Լեռնային Ղարաբաղի շրջանը», այն 2005 թվականին կրկին հաստատեց, որ «պետությունից շրջանային տարածքի անկախությունը եւ անջատումը [կարող էր] հնարավոր դառնալ միայն խաղաղ գործընթացի միջոցով՝ տվյալ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության հիման վրա, այլ ոչ էթնիկ հիմքով արտաքսման ու տվյալ տարածքի՝ մեկ այլ պետության de facto միանալուն հանգեցնող զինված հակամարտության արդյունքում»[44]: Վեհաժողովը կրկին նշեց, որ անդամ պետության կողմից օտար տարածքի գրավումը համարվում է տվյալ պետության կողմից՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում եւ կրկին հաստատեց հակամարտության շրջանից տեղահանված անձանց՝ իրենց տուն անվտանգ եւ արժանապատիվ կերպով վերադառնալու իրավունքը: Այն նաեւ հղում կատարեց Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի 822 (1993), 853 (1993), 874 (1993) եւ 884 (1993) բանաձեւերին եւ շահագրգիռ կողմերին կոչ արեց գործել դրանց համապատասխան, մասնավորապես` ձեռնպահ մնալով զինված ռազմական գործողություններից եւ դուրս բերելով ռազմական ուժերը բոլոր գրավված տարածքներից: Վեհաժողովը նկատեց, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ Ադրբեջանը 2001 թվականին Եվրոպայի խորհրդին միանալու ժամանակ ստանձնել են հակամարտության կարգավորման նպատակով միայն խաղաղ միջոցներ կիրառելու հանձնառություն՝ ձեռնպահ մնալով իրենց հարեւանների նկատմամբ ուժ կիրառելու որեւէ սպառնալիք գործադրելուց: Միեւնույն ժամանակ, Հայաստանը ստանձնել է հակամարտության լուծմանն օժանդակելու նպատակով Լեռնային Ղարաբաղի վրա իր ունեցած զգալի ազդեցությունն օգտագործելու հանձնառություն: Վեհաժողովը կոչ է արել երկու կառավարություններին գործել այս հանձնառություններին համապատասխան եւ ձեռնպահ մնալ միմյանց նկատմամբ զինված ուժեր կիրառելուց, ինչպես նաեւ ռազմական գործողություններ ծավալելուց:[45]
(iii)Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը
28.Եվրոպական միությունը (ԵՄ) ունի քաղաքականության չորս հիմնական գործիքներ, որոնց միջոցով փորձում է լուծել Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ հակամարտությունը. դրանք են՝ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը, որը մշակվել եւ իրականացվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից գործողությունների ծրագրերի միջոցով[46], ԵՄ Ռազմավարությունը Հարավային Կովկասում[47], ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիրը[48] եւ ԵՄ Հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, որը գործում է Եվրոպական միության խորհրդի մանդատի ներքո:
Այս փաստաթղթերի համաձայն՝ ԵՄ դիրքորոշումն այն է, որ Արեւելյան գործընկերության մեկ երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքի գրավմամբ խախտվում են Արեւելյան գործընկերության հիմնարար սկզբունքները եւ նպատակները, եւ որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականի 822, 853, 874 եւ 884 բանաձեւերին եւ «Aquila» համատեղ հայտարարություններում ամրագրված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներին համապատասխան: ԵՄ-ն դատապարտում է ռազմական ճանապարհով լուծման հասնելու գաղափարը եւ արդեն կիրառված ռազմական ուժի ծանր հետեւանքները, ինչպես նաեւ երկու կողմերին կոչ է անում խուսափել 1994 թվականի հրադադարի ռեժիմը հետագայում խախտելուց: Այն նաեւ կոչ է անում Ադրբեջանի բոլոր գրավված տարածքներից դուրս բերել «հայկական զինված ուժերը»՝ զուգահեռաբար տեղակայելով միջազգային զինված ուժեր, ինչը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ անցումային շրջանում անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ տրամադրելու նպատակով. դա կապահովի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը եւ տեղահանված անձանց հնարավորություն կտա վերադառնալու իրենց տուն՝ այսպիսով կանխելով անօթեւանության հետեւանքով առաջացող հնարավոր հետագա ընդհարումները: Ի վերջո, այն կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնարկել վստահության ամրապնդման այնպիսի առանցքային միջոցներ, ինչպիսիք են ընդհանուր ապառազմականացումը եւ դիպուկահարների դուրսբերումը շփման գծից[49]:
(iv)Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը
29.ԵԱՀԿ-ն ստանձնել է համաձայնության հասնելու ուղղությամբ աշխատանքներ կատարելու պարտավորություն, մասնավորապես՝ հենվելով Հելսինկիի եզրափակիչ ակտի` ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա: Այս ջանքերի արդյունքում դեռեւս հաջողություններ չեն արձանագրվել:
1992 թվականին Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի (ԵԱՀՀ) կողմից ստեղծվեց Մինսկի խումբը՝ նպատակ ունենալով խրախուսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը խաղաղ, բանակցային ճանապարհով: ԵԱՀԿ-ի 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովում անդամ պետությունները, որպես խաղաղ կարգավորման գործընթացի իրավական հիմքեր, ներկայացրեցին երեք սկզբունքներ: Այդ սկզբունքներն էին՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնորոշման հիման վրա համաձայնագրով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, որով Լեռնային Ղարաբաղին վերապահվում է ամենաբարձր աստիճանի ինքնավարություն Ադրբեջանի կազմում, եւ Լեռնային Ղարաբաղի ու դրա բնակչության համար երաշխավորված անվտանգությունը՝ ներառյալ մյուս կողմերի կողմից կարգավորման վերաբերյալ դրույթներին համապատասխանությունն ապահովելու փոխադարձ պարտավորությունները:
Հաջորդ տարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին համընդգրկուն համաձայնագրի վերաբերյալ Մինսկի խմբի «փաթեթում» Լաչինի միջանցքի հետ կապված ներկայացվեցին հետեւյալ միջոցառումները. «Ա. Ադրբեջանը Միջանցքը լիզինգով կտրամադրի ԵԱՀԿ-ին, որը պայմանագիր կկնքի Միջանցքը բացառապես Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից օգտագործվելու մասին (տարանցման համար նախատեսված բացառություններով, որոնք նկարագրված են ստորեւ բերված «Ե» կետում): Բ. ԵԱՀԿ-ն, Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ միասին, հետեւելու է անվտանգության պայմանների պահպանմանը: Գ. Լաչինի միջանցքի սահմանագծերը համաձայնեցված են II հավելվածում՝ պատշաճ կերպով հաշվի առնելով ԲՄՊԽ-ի հանձնարարականները: Դ. ԵԱՀԿ-ն հետեւելու է Լաչին քաղաքի շուրջ կառուցվող ճանապարհների շինարարությանը: Ճանապարհաշինարարության ավարտից հետո Լաչին քաղաքը հանվելու է Լաչինի միջանցքից: Այն վերադարձվելու է Ադրբեջանի իրավազորությանը (որպես բաժանարար գոտու մաս), իսկ դրա նախկին բնակիչները կկարողանան վերադառնալ այնտեղ: Ե. Չի թույլատրվում մշտական բնակություն հաստատել կամ զինված ուժեր տեղակայել Միջանցքում՝ բացառությամբ թույլատրված անվտանգության ուժերի զորակազմերի: Պաշտոնական մարմինների ներկայացուցիչները, դիտորդները եւ ԵԱՀԿ խաղաղապահ ուժերն ունեն տարանցման իրավունք՝ այդ մասին նախապես ծանուցելու պայմանով. նման իրավունք ունեն նաեւ Ադրբեջանի այդ շրջանի բնակիչները, որոնք տարանցում են կատարում Լաչինի շրջանից Կուբաթլուի շրջան կամ ընդհակառակը: Լաչինի շրջանի՝ Միջանցքից դուրս գտնվող տարածքը համարվում է բաժանարար գոտու մաս:»:
Մինսկի խմբի 1998 թվականի նոյեմբերի «ընդհանուր պետություն» առաջարկությունը Լաչինի միջանցքի հետ կապված ներառում էր հետեւյալ առաջարկությունը. «Լեռնային Ղարաբաղի կողմից Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ անարգել հաղորդակցության նպատակով օգտագործելու հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով, եթե Լաչինի շրջանում հատուկ ռեժիմի վերաբերյալ այլ որոշումներ չեն կայացվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կնքված համաձայնագրի հիման վրա: Լաչինի շրջանը պետք է մնա որպես մշտապես եւ ամբողջովին ապառազմականացված գոտի:»:
Համաձայն 2005 թվականի հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իրականացված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանի գրավված տարածքների բնակավայրերի (Աղդամ, Ջաբրայիլ, Ֆիզուլի, Զանգիլան, Կուբաթլու, Քելբաջար եւ Լաչին) հարցերով փաստահավաք առաքելության (ՓԱ)՝ «ՓԱ-ի կողմից չի հայտնաբերվել այդ տարածքներում Հայաստանի իշխանությունների ուղղակի ներգրավվածության մասին վկայող որեւէ ապացույց՝ բացառությամբ Հայաստանի Կապան քաղաքից Ջաբրայիլ եւ Կուբաթլու շրջանների որոշ մասերին էլեկտրականության մատակարարումից»: Հատկապես անդրադառնալով Լաչինում առկա իրադրությանը՝ «ՓԱ-ն անցկացրել է բազմաթիվ հարցազրույցներ Լաչինի ամբողջ շրջանում, որոնց արդյունքում հայտնի է դարձել, որ Լաչին տեղափոխվելու համար խթանիչ ուժ է հանդիսացել անձնական նախաձեռնությունը եւ ոչ կառավարության կողմից գործունեության իրականացումը: ՓԱ-ի կողմից չի հայտնաբերվել որեւէ ապացույց այն մասին, որ իշխանությունները, ծրագրված եւ կազմակերպված ձեւով, իսկապես խնդրել կամ ընտրել են մարդկանց՝ նրանց Լաչին քաղաքում բնակեցնելու համար: ... Ոչ կամավոր վերաբնակեցման կամ համակարգված հավաքագրման գործողությունների մասին վկայող ապացույցներ չեն գտնվել: ... ՓԱ-ի կողմից չի հայտնաբերել Լաչին բնակավայրում Հայաստանի կառավարության ուղղակի ներգավվածության մասին վկայող որեւէ ապացույց:»:[50]
2007 թվականի նոյեմբերին Մադրիդում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախարարները Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացրեցին Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախնական տարբերակը: Հիմնական սկզբունքներով կոչ էր արվում, inter alia, Ադրբեջանի վերահսկողությանը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքները, Լեռնային Ղարաբաղին տալ անվտանգության եւ ինքնակառավարման համար երաշխիքներ ապահովող միջանկյալ կարգավիճակ, ապահովել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, հետագայում որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամքի դրսեւորմամբ, ապահովել ներքին տեղահանման ենթարկված բոլոր անձանց եւ փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, ինչպես նաեւ տրամադրել միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություններ։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հիմնական սկզբունքներն ամփոփելիս՝ 2009 թվականի հուլիսի 20-ին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության եւ ԱՄՆ-ի նախագահները համատեղ հայտարարություն են արել՝ կրկին հաստատելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին աջակցելու իրենց հանձնառությունը: Նրանք նաեւ իրենց միջնորդներին հրահանգել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերին կազմված՝ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը:
Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղին հարակից գրավված յոթ տարածքներում 2010 թվականի հոկտեմբերին իրականացված, սակայն միայն 2011 թվականի մարտին հրապարակված՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների դաշտային գնահատման երկրորդ առաքելության արդյունքում հաստատվեց, որ 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի արձանագրվել: Այդ տարածքներում բնակություն հաստատած անձինք, որոնք Ադրբեջանի այլ վայրերից դեպի այդ տարածքներ տեղափոխված՝ հիմնականում էթնիկ հայեր են, ապրում են ոչ կայուն, թույլ զարգացած ենթակառուցվածքների, տնտեսական քիչ ակտիվության եւ հանրային ծառայությունների սահմանափակ մատչելիության պայմաններում։
(v)«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» արտաքին շրջանակներում ներկայացնելը
30.Բիշքեկի 1994 թվականի մայիսի 5-ի արձանագրության, ինչպես նաեւ դրա հիման վրա հրադադարի մասին համաձայնագրի կնքման ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» ներկայացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները. վերջինս ստորագրվել է, համապատասխանաբար, Մ. Մամեդովի կողմից՝ մայիսի 9-ին՝ Բաքվում, Ս. Սարգսյանի կողմից՝ մայիսի 10-ին՝ Երեւանում եւ Ս. Բաբայանի կողմից՝ 1994 թվականի մայիսի 11-ին՝ Ստեփանակերտում[51]: Ավելին, ԵԱՀՀ-ի Խորհրդի 1992 թվականի մարտի 24-ի Հելսինկիի լրացուցիչ հանդիպման թիվ 9-րդ եզրակացության համաձայն՝ «Լեռնային Ղարաբաղի ընտրված եւ մյուս ներկայացուցիչները Համաժողովի նախագահի կողմից կհրավիրվեն Համաժողովին՝ որպես շահագրգիռ կողմեր՝ Համաժողովին մասնակցող պետությունների հետ խորհրդակցություն անցկացնելուց հետո:»: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները հանդես էին գալիս որպես խաղաղության շուրջ բանակցությունների պաշտոնական կողմ, քանի դեռ Ադրբեջանը 1998 թվականին չհրաժարվեց շարունակել նրանց հետ ընթացող բանակցությունները:
1992 թվականից ի վեր՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական ոչ անդամ երկրների հետ հարաբերությունների հարցերով կոմիտեն մի շարք լսումներ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների, «Լեռնային Ղարաբաղի ղեկավարության» եւ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցի շահագրգիռ կողմի» պատվիրակությունների հետ[52]:
2005 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Ադրբեջանի կառավարությանը կոչ արեց առանց նախապայմանների կապ հաստատել «Լեռնային Ղարաբաղի շրջանի երկու համայնքների քաղաքական ներկայացուցիչների» հետ՝ շրջանի հետագա կարգավիճակի հարցը քննարկելու համար: Այն ավելացրեց, որ պատրաստ է տրամադրել հարմարություններ՝ Ստրասբուրգում նման կապերի հաստատման համար՝ վկայակոչելով, որ նախորդ դեպքերում դա իրականացվել է լսման ձեւով՝ հայկական կողմի մասնակցությամբ[53]:
Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» շահերն արտաքին շրջանակներում տեղի ներկայացուցիչների կողմից ներկայացնելու հանգամանքն ընդունվել է առանցքային մասնակիցների կողմից: Եթե Հայաստանի պետական գործիչները եւ պետական պաշտոնատար անձինք եւս ստանձնեն նման առաջադրանքների կատարումը, դա արտասովոր չի համարվի դիվանագիտական պրակտիկայի տեսանկյունից: Եվ ոչ էլ արտասովոր է այն, որ օտարերկրյա քաղաքացիները պետք է Արեւելյան Եվրոպայի մյուս պետություններում նշանակվեն բարձրաստիճան պաշտոնների, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի առաջին եւ երրորդ նախարարների դեպքում, ովքեր երկուսն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ էին: Այսպիսով, նման պրակտիկան per se (ինքնին) չի կարող դիտարկվել որպես համապատասխան պետության անկախությունը վտանգող գործոն:
Դ.Դատական, վարչական եւ ֆինանսական բնույթի ապացույցների գնահատումը
(i)Դատական համակարգի անկախությունը
31.Մեկ անդամ պետության կողմից մեկ այլ անդամ պետության տարածքի դատական, վարչական եւ ֆինանսական համակարգերի նկատմամբ վերահսկողությունը, պետական իշխանության միաժամանակյա իրականացման պարագայում, կարող է հանգեցնել երկրորդ պետության տարածքի նկատմամբ առաջին պետության իրավազորությանը[54]: Այս գործով նման վերահսկողության մասին վկայող որեւէ «անհերքելի ապացույց» Դատարանին չի ներկայացվել:
Հայաստանի օրենսդրությունը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ինքնաբերաբար չի կիրառվում: Քանի դեռ Հայաստանի օրենքներն ընդունվում են ինքնակամ ձեւով եւ կիրառվում ու մեկնաբանվում են անկախորեն, վերահսկողության մասին որեւէ ենթադրություն չի կարող լինել: Այսպիսով, մեծամասնության փաստարկն այն մասին, որ «ԼՂՀ-ի որոշ օրենքների համար հիմք է ծառայել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը», ոչինչ չի ապացուցում (182-րդ պարբերություն): Գերագույն դատարանի նախագահի եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» Փաստաբանների պալատի ղեկավարի, ինչպես նաեւ տեղի մյուս դատավորների եւ իրավաբանների կողմից ներկայացված ապացույցների հիման վրա, որոնք դիմումատուները չհերքեցին եւ որոնք մեծամասնությունը նախընտրեց անտեսել, պետք է եզրակացնել, որ «Հանրապետության» դատական համակարգը ոչ միայն տարբերվում է Հայաստանի դատական համակարգից, այլ նաեւ՝ այն Հայաստանի դատարանի որոշումները չի ընդունում որպես նախադեպեր կամ անգամ որպես հեղինակավոր աղբյուրներ: «Հանրապետության» դատարանները գործում են բացարձակ անկախորեն եւ դրանց կազմերում ընդգրկված չեն Հայաստանի դատավորներ, դատախազներ կամ քարտուղարներ:
(ii)Կառավարման ինքնավարությունը
32.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» քաղաքացիներին հայկական անձնագրերի տրամադրումը կարգավորվում է Հայաստան պետության եւ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» միջեւ 1999 թվականի փետրվարի 24-ին կնքված միջազգային համաձայնագրով, համաձայն որի՝ այդ հնարավորությունը տրվում է միայն «բացառիկ» դեպքերում (տե՛ս վճռի 83-րդ պարբերությունը): Ո՛չ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» քաղաքացիներին «բացառիկ» դեպքերում հայկական անձնագրերի տրամադրումը, եւ ո՛չ էլ վերջինիս տարածքում հայկական դրամի ընթացիկ օգտագործումը չեն հաստատում այն հանգամանքը, որ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» տարածքը գտնվում է այդ անձնագրերը կամ արժույթը տրամադրած պետության վերահսկողության ներքո: Լեռնային Ղարաբաղի կառավարման ինքնավար բնույթի մասին լավագույն ապացույցը ներկայացված է դրա վերահսկողության ներքո գտնվող տարածքներում իրականացված՝ ԵԱՀԿ-ի երկու փաստահավաք առաքելությունների կողմից, որոնց արդյունքում կազմված եզրակացության համաձայն՝ նշված տարածքներում չկա Հայաստան պետության ուղղակի ներգրավվածության մասին վկայող որեւէ ապացույց[55]:
(iii)Արտաքին ֆինանսական աջակցությունը
33.Էլ ավելի պակաս արժանահավատ է այն պնդումը, որ Հայաստան պետության եւ սփյուռքի կամ Միացյալ Նահանգների՝ հայկական ծագում ունեցող կամ Հայաստանի նկատմամբ բարեհաճ վերաբերմունք ունեցող քաղաքացիների եւ կազմակերպությունների կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը» տրամադրված ֆինանսական աջակցությամբ օրինականացվում է Հայաստանի կողմից համապատասխան տարածքի արդյունավետ վերահսկողության վերաբերյալ իրավական կանխավարկածը: Առանձին կամ միասին վերցրած՝ տարբեր աղբյուրներից ստացվող այս ֆինանսական օժանդակությունը չի կարող համոզիչ փաստարկ լինել՝ հաշվի առնելով միջազգային ֆինանսական համագործակցության ժամանակակից պրակտիկան[56]:
Ե.Նախնական եզրակացություն. Ալ-Սկեյնին եւ այլք գործի ավելի մեղմ տարբերակը
34.Ալ-Սկեյնին եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Դատարանը համառոտ կերպով ներկայացրել է իր նախադեպային իրավունքի վիճակը՝ ազգային տարածքից դուրս գտնվող տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկողության դրսեւորումների առկայությունը գնահատելիս «առաջնային» տարր համարելով «տարածքում պետության ռազմական ներկայության աստիճանը»[57]: Մյուս ցուցանիշները, ինչպես օրինակ այն, թե ինչ չափով է «ենթակայության տակ գտնվող տեղական կազմավորմանը տրամադրված ռազմական, տնտեսական եւ քաղաքական աջակցությունը նրան հնարավորություն տվել այդ շրջանի վրա ազդեցություն եւ վերահսկողություն ունենալ», «վերաբերելի» էին, սակայն, ակնհայտորեն, չէին կարող փոխարինել «առաջնային» գործոնին: Սա հենց այն է, ինչ տեղի է ունեցել այս գործով: Այսպիսով, գլխիվայր շրջվել են Դատարանի չափանիշները: Չիրագովը եւ այլք գործով Մեծ պալատի մեծամասնությունը հրաժարվել է «ռազմական ներկայության» «առաջնային» գործոնից եւ այն փոխարինել է այլ գործոնների, այդ թվում՝ «ռազմական օժանդակության» անհասկանալի խառնուրդով[58]: Խճճվելով իրենց հակասություններում՝ նրանք հրաժարվել են օտարերկրյա տարածքի նկատմամբ ռազմական վերահսկողության հետ կապված Դատարանի կողմից նախկինում կիրառվող՝ լավ հիմնավորված չափանիշից՝ աչք փակելով օտարերկրյա ցամաքային տարածքում ծառայող ռազմական ուժի իրական չափի եւ աստիճանի վրա: Նման մեթոդաբանությամբ լայն հնարավորություններ են ստեղծվում՝ վտանգավոր եւ սայթաքուն ուղով ընդլայնելու օտարերկրյա տարածքի նկատմամբ «արդյունավետ վերահսկողության» հասկացությունը՝ առանց որեւէ կանխատեսելի սահմանների:
«Ռազմական ներկայությունը», գրավված տարածքում թշնամական բանակի ֆիզիկական ներկայության իմաստով, այլեւս չի համարվում գրավման համար sine qua non պայման հանդիսացող պահանջ: Ընդունելով Հայաստան պետության կողմից հեռավորության վրա իշխանության հեռակառավարմամբ իրականացումը Լեռնային Ղարաբաղում՝ մեծամասնությունը նաեւ հեռանում է լայնորեն ընդունված՝ միջազգային մարդասիրական սովորութային եւ պայմանագրային իրավունքի նորմերից, որոնցով, Հաագայի 1907 թվականի կանոնակարգերի
42-րդ հոդվածի համաձայն, հաստատվում են, որ չի կարող լինել գրավում՝ առանց օտարերկրյա ցամաքային բանակի չհամաձայնեցված ֆիզիկական ներկայության եւ առանց՝ տեղական կառավարումը դրա իշխանությամբ փոխարինելու[59]:
35.Այս փուլում, Դատարանը պարզապես իր տրամադրության տակ չունի ապացույցներ՝ դիմումատուների պահանջները հիմնավորող փաստերը պահանջվող համոզվածությամբ հաստատելու համար: Դատարանը չի կարող գործել՝ հենվելով թվացյալ պնդումների եւ չհիմնավորված ենթադրությունների վրա՝ առանց օգտագործելու դատական փաստահավաք առաքելություն իրականացնելու հնարավորությունը կամ՝ առանց վկաներից ցուցմունքներ վերցնելու կամ անգամ առանց տեղական մակարդակում իրավասու դատարանների կողմից փաստերի նախնական գնահատման: Մեծ պալատի մեծամասնությունը հրաժարվել էր այդպիսի քայլեր ձեռնարկելուց՝ անկախ այն փաստից, որ Դատարանը, նմանօրինակ գործերի դեպքում իր պատրաստակամությունն էր հայտնել ձեռնարկելու հարցումների կատարումը, օրինակ՝ «ուղղված վերաբերելի փաստերը պարզելուն, ինչը հնարավորություն կտար որոշելու, թե արդյո՞ք Մոլդովան եւ Ռուսաստանի Դաշնությունը իրավազորություն ունեին, մասնավորապես՝ Մերձդնեստրում տիրող իրավիճակի, Մերձդնեստրի, Մոլդովայի եւ Ռուսատանի Դաշնության միջեւ հարաբերությունների նկատմամբ եւ դիմումատուների կալանավորման պայմանների առումով» (վերեւում նշված՝ Իլաշկուն եւ այլք, վերեւում նշված § 12), ինչն անգամ ներառում էր Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում ռուսական օպերատիվ խմբի գլխավոր գրասենյակում Դատարանի դատավորների կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող վկաներից ցուցմունքներ վերցնելը: Իսկապես, անգամ հաշվի չի առնվել Դատարանում վկաներին լսելու հնարավորությունը, ինչպես դա տեղի է ունեցել նմանօրինակ գործերով եւ հատկապես՝ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I) ([ՄՊ], թիվ 13255/07, ՄԻԵԴ 2014 թվական) գործով: Հաշվի առնելով, որ Դատարանը Եվրոպական սահմանադրական դատարանն է եւ առաջնորդվելով լրացուցչության սկզբունքով, փաստահավաք առաքելության առաջադրանք իրականացնելը եւ ցուցմունքներ վերցնելը պետք է մնան որպես բացառիկ գործառույթներ, որոնց իրականացումը պետք է վերապահվի, օրինակ՝ լուրջ համաեվրոպական արձագանքներ ստացած գործերին[60]: Սա հենց այդպիսի գործ էր[61]:
36.Ամփոփելով՝ պետք է նշել, որ Դատարանը պարզապես տեղյակ չէ, թե այսօր, իր իսկ անգործության հետեւանքով, ինչ է տեղի ունենում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» տարածքում եւ դրա հարակից շրջաններում, եւ էլ ավելի անտեղյակ է, թե ինչեր են կատարվել վերջին քսաներեք տարիների ընթացքում՝ 1992 թվականից ի վեր: Կարող էր բերվել այն փաստարկը, որ այս գործը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» տիրող իրավիճակի մասին ընդհանուր պատկերացում ստանալու մասին է՝ տարբեր տարրերից բաղկացած՝ հանրագումարի բերված մեկ օրինակի հիման վրա, եւ որ անգամ եթե ապացուցվի, որ այս օրինակի մեկ կամ ավելի տարրեր չեն համապատասխանում ճշմարտությանը, միեւնույն է ընդհանուր տպավորությունը մնում է անփոփոխ: Պետք է կտրականապես մերժել դատողությունների այս շղթան:
37.Սկզբունքորեն, միջազգային դատարանը պետք է որոշում կայացնի ոչ թե տպավորությունների, այլ, նախընտրելիորեն, ներպետական դատարանների կողմից հաստատված փաստերի հիման վրա: Սա եւս մեկ անգամ արձանագրում է այն փաստը, որ մի փունջ չհամակարգված կասկածահարույց ապացուցողական տարրերով չի ապացուցվում պահանջի արդարացիությունը: Ճշմարտությունը հնարավոր չէ պարզել ենթադրյալ զոհերի կասկածելի պնդումների, ընդհանրական բնույթի ձեւակերպումների հիման վրա, որոնք զուգակցված են վկայի հակասական ցուցմունքներով, կողմնակի անձանց անորոշ փաստական ենթադրություններով եւ փաստագրական ապացույցներից արված ոլորապտույտ հետեւություններով: Դատարանի կողմից արդեն տեւական ժամանակ որդեգրված՝ «հիմնավոր կասկածից վեր հաստատված փաստերի» ապացուցելիության չափանիշը չպետք է փոխարինվի տպավորությունների վրա հիմնված ընդհանրական բնույթի ապացույցով: Զուգահեռաբար, Դատարանի կողմից նշված «արդյունավետ վերահսկողության» առանցքային չափանիշը չպետք է մեղմվի՝ տվյալ գործի նպատակահարմարությունից ելնելով: Չիրագովը եւ այլք գործն, այսպիսով, կհիշվի որպես դատական նախաձեռնության բացակայության (իներցիայի), ապացույցների բացակայության, փաստերի սակավության եւ սահմանված իրավական չափանիշների մեղմման բացասական փոխկապակցվածության մի ցավալի օրինակ:
V.Վերականգնողական անջատման իրավունքը միջազգային իրավունքում
Ա.Անջատման երեւույթը չընդունելու կանխավարկածը
38.Պատասխանող Պետության կողմից հաստատվել է, որ Լաչինի զավթումը արդարացված է պատերազմի օրենքներով, քանի որ, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ցամաքային կապի ստեղծումը զինվորական տեսանկյունից ակնհայտ մեծ ռազմավարական նշանակություն է ունեցել՝ ռազմական տեխնիկա, սնունդ եւ այլ օժանդակ միջոցներ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու համար: Այլ կերպ ասած՝ Լաչինի զավթումը ռազմական պաշտպանության անհրաժեշտ միջոց է եղել՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը Ադրբեջանի ռազմական ուժերի կողմից շրջափակելուց խուսափելու համար: Ավելին, պատասխանող Պետությունը դիմել է նախկին Խորհրդային Լեռնային Ղարաբաղի շրջանի հայազգի բնակչության համար անջատվելու իրավունք ստանալու պահանջով՝ հաշվի առնելով նրանց նկատմամբ կատարված՝ մարդկության դեմ ուղղված ենթադրյալ հանցագործությունները, մասնավորապես՝ ադրբեջանական բնակչության եւ բանակի կողմից Ստեփանակերտի եւ այլ վայրերի վրա կատարված հարձակումները: Այս հարցերն անտեսվել են մեծամասնության կողմից ընդունված վճռում[62]:
39.Որեւէ կերպ չի բարձրաձայնվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայ բնակչության «ինքնապաշտպանության» ու դրա հետ սերտորեն կապված՝ միջազգային իրավունքի շրջանակներում վերականգնողական անջատման [remedial secession] խնդիրը, որը լայնորեն քննարկվել է ոչ միայն գրականության մեջ[63]., այլ նաեւ ազգային եւ միջազգային դատարանների կողմից, հատկապես՝ Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի 2010 թվականի խորհրդատվական կարծիքի ընդունումից[64]. եւ Կանադայի դաշնության Քվեբեկ նահանգի միակողմանի անջատման իրավունքի վերաբերյալ Կանադայի Գերագույն դատարանի 1998 թվականի գործով վճռելուց հետո[65].։ Դատարանի որեւէ դիրքորոշման բացակայությունն առավել անհասկանալի է՝ վերականգնողական անջատումը որպես իրավունք դիտարկող՝ վերջերս ձեւավորված միջազգային իրավական պրակտիկայի տեսանկյունից, հատկապես՝ Ինդոնեզիայի եւ Պորտուգալիայի միջեւ 1999 թվականին կնքված համաձայնագրի համատեքստում, որը վերաբերում էր հանրաքվեի միջոցով Արեւելյան Թիմորեսի ժողովրդի համազգային հարցման արդյունքում իրականացված՝ Արեւելյան Թիմորի ինքնորոշման եւ վերականգնողական անջատման իրավունքների ճանաչմանը[66].։
40.Նոր պետությունների, այդ թվում՝ անջատողական պետությունների ձեւավորումը կարգավորվում է միջազգային իրավունքով։ Քանի որ անջատման կամ ցանկացած այլ եղանակով պետությունների ձեւավորումը զուտ քաղաքական բնույթի հարց չէ, ուստի, ճանաչումը չպետք է լինի յուրաքանչյուր պետության հայեցողական, առավել եւս, կամայական որոշումը[67].։ Միջազգային իրավունքով նախատեսվում է չհամաձայնեցված անջատման արգելքի սկզբունքը, որը բխում է Ազգերի լիգայի դաշնագրի 10-րդ հոդվածով եւ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության սկզբունքներից։ Անջատման երեւույթը չընդունելու կանխավարկածը շատ ավելի ազդեցիկ է դառնում, եթե այն պայմանավորված է ուժի կիրառմամբ, քանի որ հակասում է «Պատերազմից հրաժարվելու մասին» 1928 թվականի ընդհանուր պայմանագրով, «Պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին» 1933 թվականի Մոնտեվիդեո կոնվենցիայի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով եւ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված ուժի կիրառման՝ սովորութային եւ պայմանագրային նորմերով սահմանված արգելքին։ Նույնը կիրառվում է «ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի՝ հատկապես jus cogens նորմերի այլ կոպիտ խախտումներ» թույլ տալու դեպքում[68].։ Ex injuria jus non oritur (հանցագործության հետեւանքները չեն կարող առաջացնել իրավունքներ)։
Բ.Չհամաձայնեցված անջատումը որպես ինքնորոշման դրսեւորում
(i)Անջատման փաստական եւ իրավական պահանջները
41.Ինչպես գաղութացված ազգերը[69]., այնպես էլ չգաղութացված ազգերն ունեն ինքնորոշման իրավունք, որը սահմանված է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» ու «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների[70]. մասին» 1966 թվականի երկու միջազգային դաշնագրերով, Միավորված ազգերի կազմակերպության[71]. Գլխավոր ասամբլեայի՝ 1970 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 2625 (XXV) բանաձեւով՝ ներառյալ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության համաձայն ընդունված՝ «Պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին» հռչակագրով եւ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի՝ «Մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի համաշխարհային համաժողովում ընդունված Վիեննայի հռչակագրին եւ գործողությունների ծրագրին»[72]. հավանություն տալու մասին 1994 թվականի փետրվարի 14-ի թիվ 48/121 բանաձեւով[73]., աֆրիկյան համատեքստում՝ Մարդու իրավունքների եւ ժողովուրդների իրավունքների[74]. վերաբերյալ աֆրիկյան խարտիայի 20-րդ հոդվածով, ամերիկյան համատեքստում՝ Կանադայի գերագույն դատարանի կողմից Քվեբեկի անջատման գործով [re Secession of Quebec] (1998)[75]. եւ, վերջապես, եվրոպական համատեքստում՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համաժողովի 1975 թվականի եզրափակիչ ակտով (Հելսինկյան համաձայնագրեր)[76]. ու «Արեւելյան Եվրոպայում եւ ԽՍՀՄ-ում նոր պետությունների ճանաչման վերաբերյալ» Եվրոպական համայնքի 1991 թվականի ուղեցույցներով[77].։
42.Ի դեմս ինքնորոշման իրավունքի իրականացման՝ չհամաձայնեցված անջատման եղանակով[78]. կարող են կազմավորվել նոր պետություններ դրանց կողմից հետեւյալ փաստական եւ իրավական պահանջները բավարարելու դեպքում եւ բավարարելու ժամանակ՝ 1) պետականության վերաբերյալ Մոնտեվիդեոյի չափորոշիչ, այն է՝ մշտական բնակչության, որոշակի տարածքի, կառավարության առկայություն եւ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու ունակություն[79].. 2) նախքան անջատումը մայր պետության ամբողջ բնակչությանը ներկայացնող երկրի կառավարմանը՝ անջատվող բնակչության կողմից արդար մասնակցություն ունենալու անթույլատրելիություն 3) անջատվող բնակչության նկատմամբ պարբերաբար խտրական կամ իրենց իրավունքները ոտնահարող վերաբերմունքի դրսեւորում կառավարության կողմից կամ էլ մայր պետության բնակչության՝ կառավարության կողմից խրախուսվող գործողություն դրսեւորող զանգվածի կողմից։ Այդ սահմանափակումների պայմաններում, չգաղութացված ազգերի վերականգնողական անջատման իրավունքը շարունակաբար խրախուսվել է զարգացող պետությունների պրակտիկայով եւ պետությունների պրակտիկայում առաջացած կանոնի՝ որպես opinio juris (պարտադիր ուժ ունեցողի) ճանաչմամբ, որը հետագայում վերածվել է միջազգային սովորութային իրավունքի նորմի[80].։
(ii)Պետականության վերաբերյալ Մոնտեվիդեոյի պահանջները
43.Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ որպես «ժողովուրդ» դիտարկելու շուրջ քննարկումներն ավելորդ են՝ հաշվի առնելով դրա անվիճելի էթնիկ, կրոնական, լեզվական եւ մշակութային ինքնությունն ու այդ տարածքի հետ դրա պատմական կապը։ Ինչպես մատնանշել է ԱՄԴ-ն[81]., Կոսովոյի ալբանացիները համարվում են «ժողովուրդ», ուստի Լեռնային Ղարաբաղի հայերը նույնպես պետք է, անխուսափելիորեն, համարվեն որպես այդպիսին: Բացի այդ, եթե ԱՄԴ-ի տրամաբանությամբ «տարածքային ամբողջականության սկզբունքը սահմանափակվում է պետությունների միջեւ հարաբերությունների ոլորտով», ապա, a contrario, ենթադրվում է, որ այդ նույն սկզբունքը չի սահմանափակում բազմազգ պետությունների շրջանակներում ոչ պետական խմբավորումների անջատումը՝ գաղութային համատեքստից դուրս[82]: Այս լույսի ներքո Մոնտեվիդեոյի՝ բնակչության եւ տարածքի չափորոշիչները խնդիր չեն հարուցի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անջատվելու իրավունքի ճանաչման համար։ Չեն վիճարկվում նաեւ պետականության այլ իրավական տարրերի առկայության ապացույցները, օրինակ՝ կառավարությունը, եւ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու ունակությունը[83]։
iii)Անջատվող բնակչության ներքին ինքնորոշման հնարավորության բացակայությունը
44.Նոր եւ անկախ պետություն ստեղծելու իրավունքը (օրինակ՝ արտաքին ինքնորոշման իրավունքը) առաջանում է, երբ անջատվող բնակչությունը չունի Մայր պետության սահմանադրական կառուցվածքում իր սեփական քաղաքական կամքն արտահայտելու իրավաբանական եւ փաստացի միջոցները, օրինակ՝ երբ անտեսվում է բնակչության ներքին ինքնորոշման իրավունքը[84]: Գործի կիզակետում՝ Լաչինի շրջանում, ռազմական գործողությունները տեղի են ունեցել 1992 թվականի մայիսի 18-ին` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անջատման մասին հայտարարությունից ութ ամիս անց եւ 1994 թվականի մայիսին Բիշքեկի արձանագրության կնքումից եւ 1994 թվականի մայիսի հրադադարի համաձայնագրի ստորագրումից եւ դրա` 1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտնելուց երկու տարի առաջ։
Հայ բնակչության ներքին ինքնորոշման հնարավորության ենթադրյալ բացակայությունը պարզաբանելու նպատակով պետք է բարձրացվեն հետեւյալ էական նշանակություն ունեցող հարցերը. արդյոք մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ը Ադրբեջանի կառավարությունն է՞ր ներկայացնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։ Հայ բնակչությունն ունե՞ր արդյոք այն սահմանադրական կարգավիճակը, որը նրան թույլ կտար Ադրբեջանի կազմում ազատորեն արտահայտել իր քաղաքական կամքը։ Արդյոք հայ բնակչությունն իրացնու՞մ էր ներքին ինքնորոշման իր իրավունքը այդ կազմում։
iv)Անջատվող բնակչության՝ մարդու իրավունքների նկատմամբ պարբերական ոտնձգությունները
45.Արտաքին ինքնորոշման իրավունքի համար նաեւ անհրաժեշտ է անջատվող բնակչության՝ մարդու իրավունքների նկատմամբ պարբերական այնպիսի ոտնձգությունների առկայություն, որոնք կատարվում են Մայր պետության կառավարության կամ նրա բնակչության մի մասի կողմից, որի գործողությունները խրախուսվում են կառավարության կողմից[85]։ Գրոտիուսի խոսքերով, ժողովուրդը չունի անջատվելու իրավունք, «եթե ակնհայտորեն պարզ չէ, որ դա բացարձակապես անհրաժեշտ է իր գոյատեւման համար»[86]։
Այս պահանջի գոյությունը պարզաբանելու նպատակով ուսումնասիրման ենթակա էական հարցերը վերաբերում են մինչեւ կրիտիկական ամսաթիվը Ադրբեջանի հայ եւ ադրբեջանական բնակչությունների միջեւ բախումներին, եւ դրանք հետեւյալն են. արդյո՞ք Ադրբեջանի կառավարությունը կատարել է ազգային տարածքում հայ բնակչության՝ մարդու իրավունքների նկատմամբ պարբերական ոտնձգություններ կամ խրախուսել է այդ ոտնձգությունների կատարումը մասնավոր անձանց կողմից։ Այս ոտնձգությունները կատարվե՞լ են մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կրիտիկական ամսաթիվը, թե դրանից հետո։
46.Վերջապես, անջատման համար պատերազմի ընթացքում տեղի ունեցող գործողությունների, մասնավորապես, քաղաքացիական բնակչության գույքի ավերման եւ վերջինիս տեղահանման համար պատասխանող Պետության հնարավոր միջազգային պատասխանատվության հարցը պարզելու նպատակով հետեւյալ հարցերը բացառիկ կարեւորություն ունեն. արդյոք Լեռնային Ղարաբաղում կամ հարակից շրջաններում Հայաստանի կողմից իրականացվել է ռազմական ինտերվենցիա մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կրիտիկական ամսաթիվը։ Լաչինի միջանցքի բացման եւ այդ շրջանի գրավման գործում Հայաստանը իրականացրե՞լ է արդյոք ռազմական ինտերվենցիա, եւ եթե այո, արդյո՞ք այդ գործողության համար այն ունեցել է որեւէ արդարացում, ինչպես օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության շրջափակումը, ագրեսիան եւ հայ բնակչության վերացման սպառնացող վտանգը։ Այդ դեպքի կապակցությամբ կամ դրանից հետո Հայաստանը շարունակե՞լ է ավերել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ դիմումատուների գույքը, եւ եթե այո, ապա այդ գործողության համար այն ունեցել է արդյոք որեւէ արդարացում։ Այդ դեպքի կապակցությամբ կամ դրանից հետո Հայաստանը արտաքսել կամ տեղահանե՞լ է տեղի բնակչությունը, այդ թվում՝ դիմումատուներին, եւ եթե այո, ապա այդ գործողության համար ունեցե՞լ է որեւէ արդարացում։ Արդյոք Հայաստանը խոչընդոտել է տեղի բնակչության, այդ թվում՝ դիմումատուների՝ Լաչինի շրջան վերադարձը, եւ եթե այո, ապա այդ գործողության համար այն ունեցե՞լ է որեւէ արդարացում։ Այս արդարացումը դեռեւս ճի՞շտ է։
47.Եթե մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 2-ի կրիտիկական ամսաթիվը մերժված լիներ Ադրբեջանի կազմում հայ բնակչության ներքին ինքնորոշման իրավունքը, իսկ Ադրբեջանի կառավարությունը կատարեր ազգային տարածքում հայ բնակչության՝ մարդու իրավունքների նկատմամբ պարբերական ոտնձգություններ, կամ խրախուսեր այդ ոտնձգությունների կատարումը մասնավոր անձանց կողմից, ապա այդ ամսաթվից հետո Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության օգտին Հայաստանի ռազմական ինտերվենցիան, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացումը, եթե դա տեղի է ունեցել, պետք է գնահատվեր միջազգային հանրության մարդասիրական պարտավորությունների եւ «պաշտպանելու պարտականության» լույսի ներքո[87]։
Գ.Նախնական եզրակացություն. գործի անպատասխան մնացած հարցերը
48.Ըստ իս՝ ներկայիս գործի ճակատագիրը սերտորեն կապված է վերոնշյալ հարցերին տրվելիք պատասխանների հետ։ Դատարանի փոփոխական եզրահանգումը հավաստի չէ՝ առանց գործի գնահատման համար տրամաբանորեն հետեւողական ինտելեկտուալ միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի)։ Հնարավորինս նեղացնելով իր քննարկումների սահմանները՝ Դատարանը խուսափում է իր պատճառաբանությունների նախադրյալների ամբողջական պարզաբանումից՝ ավելի կասկածի տակ դնելով այդ եզրահանգումները։ Նույնիսկ ընդունելով, որ դիմումատուներն ապրել են Լաչինի շրջանում եւ այնտեղ գույք են ունեցել, ինչպես նրանք պնդել են, բայց բավարար չափով չեն ապացուցել, գործը չէր կարող լուծվել՝ առանց Լաչինի շրջանում այդ ժամանակ (1992 թվականի մայիսի 18-ին) տեղի ունեցած ռազմական գործողությունների օրինականության մանրամասն վերլուծության՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անջատման համատեքստում, որը ներառում էր վտանգի տակ գտնվող հայ բնակչության պաշտպանության նպատակով Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մարդասիրական միջանցքի բացումը, եւ, վերջապես, նշված նպատակով դրան հաջորդող քաղաքացիական բնակչության տեղահանումը եւ նրանց գույքի ոչնչացումը[88]։
Անջատման համար պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքի՝ որպես կարեւոր ռազմական միջոցի բացման իրավական հետեւանքների ամբողջական գնահատումն անկասկած կարեւոր է՝ Լաչինի շրջանում իրենց գույքն օգտագործելու եւ ընտանեկան կյանքը վարելու՝ դիմումատուների իրավունքների ենթադրաբար շարունակվող սահմանափակումների օրինականությունն ու համաչափությունը որոշելու նպատակներով։ Հետեւաբար, Դատարանը չպետք է որոշում կայացնի այս իրավունքներից ենթադրաբար զրկելու վերաբերյալ՝ առանց գնահատելու «վիճարկվող իրավունքների հիմքը»[89]։
49.Կոնվենցիայի իմաստով, այս գործով բարձրացվող գերագույն հարցը, որը մեծամասնությունը գերադասեց արհամարհել, այն է, թե որքանով կարող են «միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքները», այդ թվում՝ պետությունների անջատման իրավունքը եւ միջազգային մարդասիրական իրավունքը սահմանափակել Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով (երկրորդ նախադասությամբ) նախատեսված՝ գույքի նկատմամբ իրավունքից օգտվելը։ Նման renvoi (հետադարձ հղումների) նպատակն է Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի կիրառությունը պայմանավորել դատարանի՝ անջատման իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի incidenter tantum (դիպվածային) մեկնաբանությամբ: Ինչպե՞ս կարող են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ դրան կից Թիվ 1 արձանագրությունը համաձայնեցվել պետությունների անջատման մասին իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի հետ։ Ինչպե՞ս կարող են պետության վերականգնողական անջատման, ինչպես նաեւ սպառնալիքի տակ գտնվող էթնիկ կամ կրոնական փոքրամասնության պաշտպանության ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողության համատեքստում պաշտպանվեն Կոնվենցիայով եւ Թիվ 1 արձանագրությամբ ամրագրված մարդու իրավունքները։ Այս հարցերի պարագայում մենք գործի նկատմամբ կունենայինք միանգամայն այլ մոտեցում։
VI.Վերջնական եզրակացություն
50.Ինքնորոշումը հնացած հարց [passé] չէ։ Այն զուտ քաղաքական կոչ չէ, այլ օրինական իրավունք, որը պատմական հակագաղութային պահանջից դարձել է մարդու իրավունքների վրա հիմնված ավելի ընդգրկուն պահանջ։ Սկզբունքայնորեն, արտաքին ինքնորոշման իրավունքը ճանաչված է միջազգային իրավունքում ոչ միայն գաղութային, այլեւ ոչ գաղութային համատեքստում։ Երբ պետության բնակչության մի մասն իր կառավարության կողմից ներկայացված չէ եւ այդ բնակչության՝ մարդու իրավունքները պարբերաբար խախտվում են այդ բնակչության սեփական կառավարության կամ մասնավոր անձանց կողմից, որոնց գործողությունները խրախուսվում է այդ կառավարության կողմից, տուժողի կարգավիճակում հայտնված բնակչությունը կարող է, ինչպես սահմանված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի նախաբանի ազդեցիկ ձեւակերպմամբ, «որպես վերջին միջոց ընդվզի բռնակալության ու ճնշման դեմ»։
51.Այս Դատարանը ratione materiae իրավասու է հաստատել մարդու իրավունքների նման խախտումները եւ դրանցից բխող իրավական հետեւանքները, մասնավորապես, տեղահանված քաղաքացիական բնակչության գույքային իրավունքների առումով։ Այնուամենայնիվ, սույն գործը պետք է կարճվեր իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու, զոհի կարգավիճակի բացակայության եւ իրավասության բացակայության հիմքերով։ Եթե Դատարանը ավելի լուրջ վերաբերվեր փաստերի հավաքագրման գործում իր դերին, ապա այս առարկությունները կարող էին հաղթահարվել։ Այդ եւ միայն այդ ժամանակ Դատարանը կկարողանար լիովին անդրադառնալ սույն գործում քննարկման դրված էական հարցերին։ Այն դա չի արել։ Այս բացթողումներից ավելի շատ տուժել են բարի համբավ ունեցող հայ եւ ադրբեջանցի կանայք եւ տղամարդիկ, որոնք պարզապես ուզում են խաղաղ ապրել Լեռնային Ղարաբաղում եւ դրան հարակից շրջաններում։
[1]. Տե՛ս, օրինակ՝ Է. Բենվենիստի, «Գրավման վերաբերյալ միջազգային իրավունքը» [E. Benvenisti, “The International Law of Occupation”] (Օքսֆորդ. Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն, 2012 թվական), էջ 43, Յ. Արաի-Տակահաշի, «Գրավման վերաբերյալ իրավունքը. միջազգային մարդասիրական իրավունքի շարունակականությունը և փոփոխությունը և դրա փոխազդեցությունը մարդու իրավունքների բնագավառում միջազգային իրավունքի հետ» [Y. Arai-Takahashi, “The Law of Occupation: Continuity and Change of International Humanitarian Law, and Its Interaction with International Human Rights Law] (Լեյդեն. Մարտինուս Նեյհոֆֆ հրատարակչություն, 2009 թվական), էջ 5-8, Յ. Դինշթայն, «Ռազմական գրավման վերաբերյալ միջազգային իրավունքը» [Y. Dinstein, “The International Law of Belligerent Occupation”] (Քեմբրիջ. Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2009 թվական) էջ 42-45, պարբերություններ 96-102, և Ա. Ռոբերտս, «Փոխակերպվող ռազմական գրավում. Պատերազմի և մարդու իրավունքների վերաբերյալ օրենքների կիրառումը» [A. Roberts, “Transformative Military Occupation: Applying the Laws of War and Human Rights”], Միջազգային իրավունքի ամերիկյան պարբերական 100, 580 (2006), էջ 585-586։
[2]. Շատ փորձագետներ, որոնց հետ խորհրդակցել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) գրավման և օտարերկրյա տարածքի կառավարման այլ ձևերի վերաբերյալ ծրագրի համատեքստում, համաձայնեցին, որ ցամաքային գործողություններն անհրաժեշտ են գրավման փաստը հաստատելու համար. - տե՛ս Տ. Ֆերարո, «Գրավումը և օտարերկրյա տարածքի կառավարման մյուս ձևերը» [T. Ferraro, “Occupation and other Forms of Administration of Foreign Territory”] (Ժնև, ԿԽՄԿ, 2012 թվական), էջ 10, 17 և 33, տե՛ս նաև Է. Բենվենիստի՝ վերևում հիշատակված, 43 և հաջորդ էջերում, Վ. Կոութղուլի, «Գրավման իրավունքի կիրառման սկիզբը և ավարտը» [V. Koutroulis, “Le debut et la fin de l’application du droit de l’occupation”] (Փարիզ. Պեդոնի հրատարակչություն, 2010 թվական), էջ 35-41։
[3].Տ. Ֆերարո՝ վերևում հիշատակված, էջ 17 և 137, Յ. Դինշթայն՝ վերևում հիշատակված, էջ 44, 100-րդ պարբերություն։
[4]. Ջ.-Մ. Հենցկաերց և Լ. Դոսվալդ-Բեք, «Միջազգային սովորութային մարդասիրական իրավունք» [J.-M. Henckaerts and L. Doswald-Beck, “Customary International Humanitarian Law”] (Ժնև/Քեմբրիջ. ԿԽՄԿ/Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 2005 թվական)։
[5] «Նագորնո-Կարաբախ» [Nagorno-Karabagh կամ Nagorno-Karabakh] անվանումը ռուսական, պարսկական և թուրքական ծագում ունի: «Նագորնո» [nagorno] ռուսերեն բառ է, որը նշանակում է «լեռնային»: «Կարա» [kara] բառն ունի թուրքական ծագում, իսկ «բախ»-ը [bagh/bakh]՝ պարսկական: «Ղարաբաղ» [Karabagh կամ Karabakh] բառը թարգմանվում է «սև այգի»: Տարածքի հայկական անվանումն է «Արցախ»: Ես կօգտագործեմ տառադարձած «Նագորնո-Կարաբախ» անվանումը, որպեսզի մեծամասնության վճռի հետ միանման լինի:
[6]. Տե՛ս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 33-րդ հոդվածը:
[7]. Տե՛ս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 25-րդ հոդվածը:
[8]. Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] գործով թիվ 25781/94, § 184, ՄԻԵԴ 2001-IV, Դատարանը համաձայնվեց ՀԿԹՀ-ի Սահմանադրության համապատասխան դրույթների վերաբերյալ հանձնաժողովի վերլուծության հետ: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական համակարգը սույն գործով ևս չի ուսումնասիրվել:
[9].Տե՛ս Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (ըստ էության) գործը, 1996 թվականի դեկտեմբերի 18-ի վճիռ, § 45, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-VI, Պետությունների համար Նամիբիայում (Աֆրիկայի հարավ-արևմուտք) Հարավային Աֆրիկայի շարունակական ներկայության իրավական հետևանքների մասին Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) խորհրդատվական կարծիքի հիման վրա՝ չհակասելով Անվտանգության խորհրդի 276 (1970) բանաձևին, ԱՄԴ զեկույցներ 1971, էջ 56, § 125:
[10].Դա միջազգային սովորութային իրավունքով հստակ սահմանված կանոն է (տե՛ս Ինտերհանդելի գործը [Interhandel Case], 1959 թվականի մարտի 21-ի վճիռ, ԱՄԴ զեկույցներ 1959, էջ 27, և Միջազգային իրավունքի հանձնաժողովի (ՄԻՀ) Դիվանագիտական պաշտպանության մասին նախագծային հոդվածների 14-րդ հոդվածը:
[11].Տե՛ս Դեմոպուլոսը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում) գործը, թիվ 46113/99, 3843/02, 13751/02, 13466/03, 10200/04, 14163/04, 19993/04, 21819/04, § 100, 2010 թվականի մարտի 1:
[12].Խորապես ցավալի է, որ այս ապացույցը, որը գործում առկա է եղել 2006 թվականից, մեծամասնության կողմից պարզապես անտեսվել է: Վճռի 117-րդ և 118-րդ պարբերություններում որևէ կերպ չի շոշափվում պատասխանող Պետության կողմից ներկայացված այս փաստարկը:
[13].Տե՛ս Փադը և այլք ընդդեմ Թուրքիայի (որոշում), թիվ 60617/00, § 69, 2007 թվականի հունիսի 28, և Դիվանագիտական պաշտպանության մասին ՄԻՀ-ի երրորդ զեկույցը (A/CN.4/523), § 83:
[14].Ես արդեն անդրադարձել եմ վարույթ իրականացնելու այդ դատապարտելի եղանակին մի գործով, որտեղ գործի ելքով պոտենցիալ շահագրգռված անձանց թիվն այդքան մեծ չէր (տե՛ս իմ առանձին կարծիքը՝ կցված Վալիանատոսը և այլք ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Vallianatos and Others v. Greece [GC]] գործին, թիվ 29381/09 և 32684/09, ՄԻԵԴ 2013 թվական)։
[15]. Տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը՝ վերևում հիշատակված, § 324:
[16].Եթե նույնիսկ մեծամասնությունը հաշվի չի առնում պատասխանող Կառավարության կողմից Մեծ պալատի լսումներին ներկայացված վերջնական վճիռները, որոնք վերաբերում են սույն գործում դիմումատուների կողմից ներկայացված բողոքների նման բողոքներին, ապա կան քրեական, աշխատանքային և հողային իրավունքին վերաբերող այլ դատական գործեր, որոնցով ադրբեջանական կամ քրդական ծագում ունեցող անձանց ներկայացրած հայցերը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների կողմից բավարարվել են. այդ գործերից մեկն էլ քրդական ծագում ունեցող անձի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարան ներկայացված՝ ժառանգության մասին հայցն է:
[17].Տե՛ս «Եվրոպայում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակի մասին» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի թիվ 1547 որոշումը (2007 թվական):
[18].Տե՛ս, օրինակ՝ Սարդինաս Ալբոն ընդդեմ Իտալիայի (որոշում) [Sardinas Albo v. Italy (dec.)] գործը, թիվ 56271/00, ՄԻԵԴ 2004-I, և Բրուսկոն ընդդեմ Իտալիայի (որոշում) [Brusco v. Italy (dec.)] գործը, թիվ 69789/01, ՄԻԵԴ 2001-IX:
[19].Վերևում հիշատակված՝ Լոիզիդուի գործում (ըստ էության), § 66, Դատարանը 8-րդ հոդվածի «տուն» հասկացությունը մեկնաբանելիս գտել է, որ. «այդ եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն ընդգրկի մի պետության այնպիսի տարածք, որտեղ անձը մեծացել է, և որտեղ նրա ընտանիքի արմատներն են, բայց որտեղ այդ անձն այլևս չի ապրում»:
[20].142-րդ պարբերությունում մեծամասնությունը գիտակցում է այդ հակասությունները, սակայն ընդունում է դրանք «ներկայացված ապացույցների ամբողջության», այսինքն՝ նախկին հարևանների ցուցմունքների և դիմումատուների անձը հաստատող փաստաթղթերի ներքո:
[21].Տե՛ս վճռի 146-րդ և 149-րդ պարբերությունները։ Հետևաբար, բնակելի տների առկայության պարզ հարցը, որը Դատարանի ընդունելիության որոշման մեջ բաց է թողնվել, անորոշ է մնում նույնիսկ հիմա:
[22].Տե՛ս վճռում վկայակոչված՝ Պինեյրոյի սկզբունքների 15.7 սկզբունքը: Դատարանի ճկունության զգալի աստիճանը կարելի է նկատել վճռի 142-րդ պարբերության վերջին նախադասությունում և 143-րդ պարբերությունում:
[23].Իլաշկուն և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] գործով, թիվ 48787/99, §§ 330 և 392, ՄԻԵԴ 2004-VII, Դատարանը գնահատել է մինչև Մեծ պալատի վճռի կայացման օրը արդյունավետ վերահսկողության առկայությունը: Այդ մոտեցումը հաստատվել է Կատանը և այլք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [ՄՊ] գործով, թիվ 43370/04, 8252/05 և 18454/06, §§ 109 և 111, ՄԻԵԴ 2012 թվական:
[24].Տե՛ս Սիլիհն ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Šilih v. Slovenia [GC]] գործը թիվ 71463/01, §§ 159-163, ՄԻԵԴ 2009 թվական: Դատարանի ժամկետների առումով (ratione temporis) իրավազորության վերաբերյալ իմ մեկնաբանությանը ծանոթանալու համար տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania [GC]] գործով իմ առանձին կարծիքը, թիվ 10865/09, 45886/07 և 32431/08, ՄԻԵԴ 2014 թվական:
[25]. Տե՛ս Կատանը և այլք գործը՝ վերևում հիշատակված, § 116:
[26].Առանձին գործերի հղում կատարելն ակնհայտորեն բավարար չէ: Փաստորեն, 76-րդ և 182-րդ պարբերություններում մեծամասնությունը հղում է կատարում երեք գործերի (Զալյանը, Սարգսյանը և Սերոբյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 36894/04 և 3521/07), որոնք ավարտին դեռևս նույնիսկ չեն հասցվել՝ հաշվի չառնելով, թե որքան ժամանակ է անցել ընդունելիության մասին որոշում կայացնելու պահից: Մեկ այլ նշված՝ չորրորդ՝ պրն. Արմեն Գրիգորյանի գործով, դատարանը որևէ ուղղակի ապացույց չունի:
[27].Դատարանի կանոնակարգի 33-րդ կանոնով նախատեսվում է որոշակի փաստաթղթերի հանրային մատչելիության սահմանափակման հնարավորություն հօգուտ հասարակական կարգի կամ ազգային անվտանգության: Այն չի պարունակում մեկ կողմին ապացույցները չբացահայտելու սահմանափակման որևէ կանոն: Դատարանի նախագահի կողմից 2002 թվականի մարտին հաստատված «Քարտուղարության համար՝ ներքին գաղտնի փաստաթղթերի հետ վարվեցողության ընդհանուր ցուցումները» նույնպես չեն կիրառվում կողմերի ներկայացրած ապացույցների նկատմամբ: Վերջապես, Դատարանի նախագահի կողմից 2003 թվականի նոյեմբերին ընդունված և 2008 և 2014 թվականներին փոփոխված «Գրավոր միջնորդությունների վերաբերյալ գործնական ուղեցույցը» («Գաղտնի փաստաթղթերը պետք է ուղարկել պատվիրված փոստով») ակնհայտորեն բավարար չէ:
[28].Այդ համաձայնագրերի որոշ օրինակների համար տե՛ս http://www.army.mod.uk/operations-deployments/22753.aspx., http://www.defense.gouv.fr/operations/rubriques_complementaires/carte-des-operations-exterieures և http://www.emgfa.pt/pt/operacoes/estrangeiro կայքերը:
[29].S/RES/882 (1993 թվական):
[30].S/RES/853 (1993 թվական):
[31].S/RES/874 (1993 թվական):
[32].S/RES/884 (1993 թվական): Օգտագործված արտահայտություններն են «տեղի հայկական ուժերը» (822 բանաձև) և «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայերը» (853 և 884 բանաձևեր):
[33].A/RES/62/243: Օգտագործված արտահայտությունն է «հայկական բոլոր ուժերը»: Այսպիսով՝ վճռի 176-րդ պարբերությունում տվյալ բանաձևին կատարված հղումը շփոթեցնող է, քանի որ Գլխավոր ասամբլեան հղում չի կատարում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դուրսբերմանը:
[34].Տե՛ս վերևում հիշատակված՝ Լոիզիդուի գործով վճռի 16-րդ պարբերությունը՝ փաստերի առավել մանրամասն նկարագրության համար:
[35].Իլաշկուն և այլք գործով վճռում (վերևում հիշատակված) Մեծ պալատը հաստատեց, որ «հիմնավոր կասկածից վեր» է (§ 26) այն, որ 14-րդ բանակի զորքերի կողմից անջատողականներին տրամադրված աջակցության և 14-րդ բանակի զինապահեստներից մեծաքանակ զենք ու զինամթերքի փոխանցման արդյունքում մոլդովական բանակը հայտնվել է այնպիսի թույլ դիրքում, որ չի կարողացել վերահաստատել իր վերահսկողությունը Մերձդնեստրում: 1992 թվականի ապրիլի 1-ին Ռուսաստանի Դաշնության նախագահը 14-րդ բանակը պաշտոնապես փոխանցել է ռուսական հրամանատարության ներքո, և դրանից հետո այն անվանվել է «Մոլդովայի Մերձդնեստրի շրջանում ռուսական օպերատիվ խումբ» (ՌՕԽ): Դատարանը այնուհետև նկարագրել է անջատողականներին աջակցելու նպատակով ՌՕԽ-ի կողմից ծավալված ռազմական գործողությունները: Ապացուցվածության նույն չափանիշը կիրառվել է վերևում հիշատակված՝ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործում (§ 113) և վերևում հիշատակված՝ Կատանը և այլք գործում (§§ 19 և 118):
[36].Այնուամենայնիվ, այն ճանաչվել է Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի կողմից, որոնք հենց իրենք սահմանափակ միջազգային ճանաչում ունեն:
[37].Սա չպետք է անպայմանորեն կասկածի տակ դնի դրանց պարտադիր բնույթը (տե՛ս Նամիբիայում (Հարավարևմտյան Աֆրիկա) Հարավային Աֆրիկայի շարունակական ներկայության իրավական հետևանքները պետությունների համար՝ անկախ վերը նշված՝ Անվտանգության խորհրդի 276 (1970) բանաձևից, էջ 53, 113-րդ կետ): Այս բանաձևերում օգտագործվող լեզուն վկայում է այն մասին, որ դրանք սոսկ հանձնարարականներ կամ հորդորներ չեն, այլ՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ: VII գլխի դրույթների շրջանակներից դուրս հաստատված՝ Անվտանգության խորհրդի ակտերի՝ իրավական ուժ ունենալու շուրջ տարաձայնությանը ծանոթանալու համար, տե՛ս օրինակ՝ Hervé Cassan and Suy/Angelet, in Cot et al., La Charte des Nations Unies, Commentaire article par article, I, 3-րդ խմբագրություն, Փարիզ, 2005 թվական, համապատասխանաբար՝ էջ 896-897 և 912-915:
[38].Բանաձևն ընդունելիս քվեարկությունը կատարվել է հետևյալ կերպ. 39 պետություն՝ կողմ, 7 պետություն՝ դեմ և 100 պետություն՝ ձեռնպահ: Երեք համանախագահները դեմ էին բանաձևի նախագծի «միակողմանի տեքստին», քանի որ այն «սպառնում էր վտանգել խաղաղության գործընթացը»: Մեծ պալատի մեծամասնությունը հղում է կատարել այս փաստաթղթին «Փաստերը» մասում, սակայն չի նշել կատարված քվեարկության արդյունքը և չի օգտագործել հղումը «Իրավունքը» մասում: Վճռում որևէ նշում չի արվել Գլխավոր ասամբլեայի՝ առանց քվեարկության ընդունված նախորդ երկու բանաձևերի մասին:
[39].A/RES/48/114:
[40].A/RES/60/285:
[41].«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1047 (1994) բանաձև և «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ» 1251 (1994) հանձնարարական:
[42].«Անդրկովկասում հակամարտությունների վերաբերյալ» ԵԽԽՎ 1119 (1997) բանաձև:
[43].«Հայաստանի ստանձնած պարտականությունների և պարտավորությունների վերաբերյալ» ԵԽԽՎ 1304 (2002) բանաձև:
[44].176-րդ պարբերությունում ԵԽԽՎ բանաձևի այս հատվածին կատարված խմբագրված հղումը մոլորեցնող է, քանի որ ԵԽԽՎ-ն չի նշում Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Ադրբեջանի տարածքի գրավման մասին, և ոչ էլ Հայաստան պետության կողմից Ադրբեջանի տարածքն իր տարածքին միացնելու մասին: Բանաձևի տառը չպետք է ընթերցվի այնպես, որ ներկայացվի որևէ պնդում, որը դրանում հստակ չի շարադրվում:
[45].«ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հակամարտության վերաբերյալ» ԵԽԽՎ-ի 1690 (2005)1 հանձնարարական և «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հակամարտության վերաբերյալ» 1416 (2005) բանաձև:
[46].Տե՛ս «Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) մասին» 2006 թվականի հունվարի 19-ի, «ԵՀՔ-ի ամրապնդման մասին» 2007 թվականի նոյեմբերի 15-ի, «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) մասին» 2006 թվականի հուլիսի 6-ի, «Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին. արևելյան ուղղվածություն» 2011 թվականի ապրիլի 7-ի և համեմատաբար վերջերս ընդունված «Եվրոպական հարևանության քաղաքականություն. գործընկերության ամրապնդման մասին» Եվրոպական պառլամենտի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի բանաձևերը: Եվրոպական պառլամենտի դիրքորոշումը 2012 թվականի զեկույցների վերաբերյալ:
[47].Տե՛ս «Հարավային Կովկասում ԵՄ Ռազմավարության անհրաժեշտության մասին» Եվրոպական պառլամենտի 2010 թվականի մայիսի 20-ի բանաձևը:
[48].Խորհրդին, Հանձնաժողովին և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանն ուղղված՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ Եվրոպական պառլամենտի հանձարարականները պարունակող՝ Եվրոպական պառլամենտի 2012 թվականի ապրիլի 18-ի բանաձև:
[49].Այսպիսով, վճռի 176-րդ պարբերությունում 2012 թվականի ԵՊ բանաձևին կատարված հղումը մոլորեցնող է, քանի որ ԵՊ-ն չի նշում Հայաստան պետության բանակի կողմից Ադրբեջանի տարածքի գրավման մասին: Հայաստանին ուղղված կոչը՝ կապված Լեռնային Ղարաբաղում ծառայելու համար զորակոչիկներ ուղարկելը դադարեցնելու հետ, որը հիմնված է վերը նշված 1994 թվականի համաձայնագրի վրա, պետք է հասկանալ տարածաշրջանի ընդհանուր ապառազմականացման վերաբերյալ ԵՄ առաջարկության շրջանակներում:
[50].Մեծամասնությունն այս ապացույցին հղում է կատարում «Փաստերը» մասում, սակայն դրան չի անդրադառնում «Իրավունքը» մասում:
[51].Տե'ս նաև Ժելեզնովոդսկի 1991 թվականի սեպտեմբերի 23-ի հայտարարությունը, Սոչիի 1992 թվականի սեպտեմբերի 19-ի համաձայնագիրը, «Սոչիի համաձայնագրի կիրարկման մասին» 1992 թվականի սեպտեմբերի 25-ի ռազմատեխնիկական արձանագրությունը, 1993 թվականի սեպտեմբերին ԵԱՀՀ-ի Մինսկի խմբի նախագահի կողմից առաջարկված՝ Հրատապ քայլերի ժամանակացույցը, որտեղ Լեռնային Ղարաբաղը որպես հակամարտության կողմ հանդես է գալիս առաջին անգամ:
[52].«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ» թիվ 1251 (1994 թվական) հանձնարարական:
[53].«ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հակամարտության վերաբերյալ» թիվ 1416 (2005 թվական) բանաձև:
[54].Տե՛ս Ալ-Սկեյնին և այլք գործը՝ վերևում հիշատակված, §139:
[55].Տե՛ս վերը նշված հղումները՝ ԵԱՀԿ-ի 2005 թվականի առաքելությանը, որի արդյունքները հաստատվել են 2010 թվականի առաքելությամբ:
[56].Օրինակ՝ Հայաստանը ազգային ծրագրի միջոցով ստանում է ֆինանսավորում Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքից (ԵՀԳԳ): Հայաստանին տրամադրված՝ ԵՄ երկկողմ օժանդակությունը 2011-2013 թվականների համար կազմում է 157 միլիոն եվրո (2007-2010 թվականներին տրամադրված 98,4 միլիոն եվրոյի համեմատությամբ): Բարեփոխումների, կառավարման և ժողովրդավարության բնագավառում գրանցված առաջընթացի արդյունքում Արևելյան գործընկերության ինտեգրման և համագործակցության (ԱԳԻՀ) ծրագրով Հայաստանին տրամադրվել է լրացուցիչ ԵՄ հատկացումներ (2012 թվականին՝ 15 միլիոն եվրո և 2013 թվականին՝ 25 միլիոն եվրո)՝ Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայված տարբերակում նշված՝ «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում: Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվել են նաև մի շարք թեմատիկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքը (ԺՄԻԵԳ): Այդուհանդերձ, որևէ մեկը չէր հավակնի հայտնել այն կարծիքը, որ Հայաստանը, հետևաբար, գտնվում է ԵՄ արդյունավետ վերահսկողության ներքո:
[57].Տե՛ս Ալ-Սկեյնին և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 55721/07, § 139, ՄԻԵԴ, 2011 թվական:
[58].Ի վերջո, մեծամասնությունը հակասում է ինքն իրեն, քանի որ վճռի 96-րդ պարբերությունում քննարկվում է այն հարցը, որ ռազմական գրավումը միշտ ենթադրում է «օտարերկրյա զորքերի ներկայությունը, որոնք կարող են իրականացնել արդյունավետ վերահսկողություն՝ առանց ինքնիշխան սուբյեկտի համաձայնության» և 146-րդ պարբերությունում այն, հստակ կերպով, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղին՝ Լաչինի շրջանին և հարակից մյուս տարածքներին որպես «ներկայումս գրավված» տարածքներ, մինչդեռ 180-րդ պարբերությունում այն հրաժարվում է «ռազմական ներկայության» գործոնից՝ հօգուտ տեխնիկայի և փորձի ու գիտելիքների առումով տրամադրվող ռազմական աջակցության վրա հիմնված՝ «նշանակալի ներգրավվածության» ավելի ինքնաբավ և սայթաքուն չափանիշի: Էլ ավելի ապշեցուցիչ է Չիրագովը և այլք գործի 180-րդ պարբերության հակասությունը Սարգսյանի գործով վճռի 144-րդ և 224-րդ պարբերությունների հետ: Սարգսյանի գործով վճռի 144-րդ պարբերությունում մեծամասնությունը վերադառնում է «օտարերկրյա զորքերի ներկայությանը»՝ որպես գրավումը հաստատելու անհրաժեշտ չափանիշ, իսկ 224-րդ պարբերությունում այն պնդում է, որ Ադրբեջանը «պատերազմի և գրավման արդյունքում կորցրել է վերահսկողությունն իր տարածքի մի մասի նկատմամբ»:
[59].Այսպիսով, միջազգային մարդասիրական իրավունքում արդյունավետ վերահսկողության առկայության ստուգումը կախված է թշնամական ցամաքային զորքերի չհամաձայնեցված ներկայության և տեղի իշխանությունը փոխարինելու միասնական պահանջներից (տե՛ս Զինված գործողությունները Կոնգոյի տարածքում (Կոնգոյի ժողովրդավարական Հանրապետությունն ընդդեմ Ուգանդայի [Democratic Republic of the Congo v. Uganda])), վճիռ, ԱՄԴ զեկույցներ 2005, էջ 230, § 173, և Պաղեստինի գրավված տարածքում պատի կառուցման իրավական հետևանքները, Խորհրդատվական կարծիք, 2004 թվականի հուլիսի 9, էջ 167, § 78. տե՛ս նաև Ֆերրարոյի «Գրավման սկիզբը և վերջը որոշելը՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում», Կարմիր Խաչի միջազգային զեկույց, 94 (2012 թվական), էջ 143-148, Վ. Կոութղուլի, «Գրավման իրավունքի կիրառման սկիզբը և ավարտը» [Koutroulis, “Le début et la fin de l´application du droit de l’occupation], Փարիզ, 2010 թվական, էջ 35-41, և Բենվենիստիի «Գրավման վերաբերյալ միջազգային իրավունքը», երկրորդ հրատարակություն, Օքսֆորդ, 2012 թվական, էջ 43-54): Վերը նշված առաջին գործով Արդարադատության միջազգային դատարանի կողմից հավանական համարվեց Կոնգոյի տարբեր ապստամբ խմբակցությունների կողմից «անուղղակի կառավարման» հնարավորությունը, սակայն այն մերժվեց ապացույցների բացակայության հիմքով: Ամեն դեպքում, պետություն չհանդիսացող դերակատարի կողմից իրականացված կոնկրետ գործողությունները պետք է վերագրվեին օտարերկրյա պետությանը՝ «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության մասին» Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից մշակված հոդվածների նախագծի 8-րդ հոդվածի իմաստով:
[60].Դատարանի՝ որպես Եվրոպական սահմանադրական դատարան, բնույթի մասին՝ տե՛ս իմ առանձին կարծիքը Ֆաբրին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Fabris v. France [GC]] գործում, թիվ 16574/08, ՄԻԵԴ 2013 թվական:
[61].Դժվար է հասկանալ, թե ինչու՞ այս գործը չարժանացավ նույն հոգածությանը և ուշադրությանը, ինչ որ մյուս՝ ավելի քիչ արձագանքներ ունեցող գործերը, ինչպես օրինակ՝ Դավիդովը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Davydov and Others v. Ukraine] գործը, թիվ 17674/02 և թիվ 39081/02, Նաումենկոն ընդդեմ Ուկրաինայի [Naumenko v. Ukraine] գործը, թիվ 42023/98, և Տեկին Յիլդիզն ընդդեմ Թուրքիայի [Tekin Yildiz v. Turkey] գործը, թիվ 22913/04, որոնց դեպքում կատարվեց քննություն՝ ապացույցներ հայտնաբերելու նպատակով: Դատարանն անգամ չհիմնավորեց իր մերժումը՝ կապված ապացույցներ հայտնաբերելու ուղղությամբ կողմերի առաջարկած քայլերի իրականացման հետ: Օրինակ՝ ՄըքՔըրն ընդդեմ Միացյալ Թագավորության [McKerr v. the United Kingdom] գործով, թիվ 28883/95, § 117, ՄԻԵԴ 2001-III, Դատարանը մերժել է քննության իրականացումը, քանի որ փաստահավաք գործունեության իրականացումը կլիներ առկա ներպետական ընթացակարգի կրկնօրինակում: Այս գործում նման խնդիր չէր կարող առաջանալ, քանի որ հենց ներպետական ընթացակարգերի բացակայության պատճառով էր անփոխարինելի դառնում փաստերի հայտնաբերման նպատակով իրականացվող նման լրացուցիչ հարցումների անհրաժեշտությունը:
[62].Չնայած այն հանգամանքին, որ մեծամասնությունն ուշադրություն է դարձրել վճռի §197-ում նշված՝ «համապատասխան տարածքում բնակվողների անձնական իրավունքներին միջամտելու հիմնավորվածության» հարցին, այնուամենայնիվ, խուսափել է այդ հարցին անդրադառնալուց՝ պարզապես ենթադրելով, որ 1992 թվականի մայիսին Լաչինը զավթելու «հիմնավորվածությունը» և Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի ստեղծումը որևէ «ուղղակի առնչություն» չունեն դրանց հաջորդող իրադարձությունների կամ ներկայիս իրավիճակի հետ: Մեծամասնությունը դրան բացատրություն չի տվել: Նրանք նաև չեն հիմնավորել այն, թե ինչու տվյալ իրավիճակն այլևս չի որակվում որպես «արտակարգ իրավիճակ» (§200): Այդ դիրքորոշումը չի համապատասխանում Սարգսյանի վճռի §§231-232-ում ներկայացված տեսակետին, որտեղ միևնույն մեծամասնությունը քննարկել է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վերաբերելիությունը տվյալ խնդրին՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքից զրկելը հիմնավորելու նպատակով: Չհամաձայնելով Չիրագովը և այլք գործում մեծամասնության արտահայտած դիրքորոշմանը, սակայն համաձայնելով Սարգսյանի գործում մեծամասնության արտահայտած դիրքորոշմանը՝ հայտնում եմ այն համոզմունքը, որ միայն 1992 թվականի իրադարձությունների «հիմնավորվածության» գնահատմամբ կարող են իրավական լուրջ հիմքեր ապահովվել թե՛ ներկայիս իրավիճակը, և թե՛ դրանց միջև ընկած ժամանակահատվածում տիրող իրավիճակը գնահատելու համար, ինչը ներկայացված է ստորև: Նմանօրինակ մեթոդաբանական քննադատությունը, համաձայն որի «անհնար է անձի շուրջ ձևավորված իրավիճակն առանձնացնել բարդ պատմական զարգացումների համատեքստից և ոչ պակաս բարդ ներկայիս իրավիճակից», կարելի է գտնել դատավոր Բերնհարդտի, ում հետ համակարծիք է եղել դատավոր Լոպե Ռոչան՝ Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի (վերը հիշատակված) գործով վճռում ներկայացված հատուկ կարծիքում, և դատավոր Կովլերի՝ Իլաշկուն և այլք (վերը հիշատակված) գործով վճռում ներկայացված հատուկ կարծիքում:
[63].Տե՛ս վերականգնողական անջատման իրավունքի օգտին գրականության մեջ տեղ գտած բազմաթիվ կարծիքները. Ումոզուրիկե, Ինքնորոշումը միջազգային իրավունքում [Umozurike, Self-determination in International Law], Համդեն, 1972 թվական, էջ 199, Բյուքանան, Անջատումը. Ինքնորոշման օրինականությունը [Buchanan, Secession: the Legitimacy of Self-Determination], Նյու Հեվեն, 1978 թվական, էջ 332, Քինգսբարի, «Ոչ պետական խմբավորումների պահանջները միջազգային իրավունքում» [Kingsbury, “Claims by non-state groups in international law”], Կորնելիի միջազգային իրավունքի ամսագիր, 25 (1992), էջ 503, Կիրգիս, «Ինքնորոշման աստիճանը Միավորված ազգերի կազմակերպության գործունեության դարաշրջանում» [Kirgis, “The degrees of self-determination in the United Nations era”], Միջազգային իրավունքի ամերիկյան ամսագիր, 88 (1994), էջ 306, ՄաքԿորկոդեյլ, «Ինքնորոշում. մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում» [McCorquordale, “Self‑determination: a Human Rights Approach”], Միջազգային իրավունքի և համեմատական իրավունքի եռամսյակային ամսագիր, 43 (1994), էջ 860-861, Կասսեզե, «Ժողովուրդների ինքնորոշումը» [Cassese, Self-determination of Peoples], Քեմբրիջ, 1995 թվական, էջ 112-118, Օկաֆոր, «Իրավասությունը, գործընթացն ու օրինականությունը ձևավորման փուլում գտնվող անջատման միջազգային իրավունքում» [Okafor, “Entitlement, Process, and Legitimacy in the Emergent International Law of Secession”], Փոքրամասնությունների և առանձին խմբերի իրավունքների վերաբերյալ միջազգային ամսագիր, 9 (2002), էջ 53-54, Ռեիք, Պետականություն և ինքնորոշման իրավունք [Raic, Statehood and the Law of Self-Determination], Լեյդեն, 2002 թվական, էջ 324-332, Դոերինգ, Սիմմա (խմբագրված), Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրություն [Doehring, in Simma (ed), The Charter of the United Nations], 2002 թվական, 1-ին հոդված, հավելված՝ Ինքորոշում, 40-րդ և 61-րդ նշումներ, Նովակ, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի դաշնագիր [Novak, UN Covenant on Civil and Political Rights Commentary], Մեկնաբանություն, 2-րդ վերանայված հրատարակություն, Քեհլ, 2005 թվական, էջ 19-24, Սուսկի, «Անջատումը որպես գաղտնի գործընթաց. փոքրամասնություն կազմող ժողովուրդների կողմից ինքնորոշման պահանջի իրավական մեկնաբանության տեսություն» [Suski, “Keeping the lid on the secession kettle: a review of legal interpretation concerning claims of self‑determination by minority populations”], Փոքրամասնությունների և առանձին խմբերի իրավունքների միջազգային ամսագիր, 12 (2005), էջ 225, Տոմուշատ, Անջատում և ինքնորոշում [Tomuschat, Secession and self-determination], Քոհեն (խմբագրված), Անջատում, միջազգային իրավունքի հեռանկարներ, Քեմբրիջի համալսարանի հրատարակություն, 2006 թվական, էջ 41-45, Դյուգարդ և Ռեիք, «Ճանաչման դերն իրավունքում և անջատման պրակտիկայում» [Dugard and Raic, “The role of recognition in the law and practice of secession”], Քոհեն (խմբագրված), տե՛ս նույն տեղում, էջ 103, Դյուգարդ, «Պետությունների անջատումն ու դրանց ճանաչումը Կոսովոյի իրադարձություններից հետո» [Dugard, “The Secession of States and their Recognition in the Wake of Kosovo”], Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի դասընթացների ժողովածու, Լեյդեն, 2013 թվական, էջ 116-117, և Բեն Սոուլ և այլք, «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի վերաբերյալ մեկնաբանություններ, նախադեպեր և նյութեր [Ben Saul et al., The International Covenant on Economic, Social and Cultural Rights Commentary, Cases and Materials], Օքսֆորդ, 2014 թվական, էջ 25-52 ։
[64].Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հարցերով միջազգային իրավունքի հետ համապատասխանելիությունը, Խորհրդատվական կարծիք, ԱՄԴ զեկույցներ 2010։
[65].[1998] 2 SCR 217։
[66].Ինքնորոշման իրավունքի erga omnes (համապարտադիր) բնույթը ծանրակշիռ հիմքով հաստատվել է ԱՄԴ-ի կողմից Արևելյան Թիմորի գործում (Արևելյան Թիմորի գործ (Պորտուգալիան ընդդեմ Ավստրալիայի [Portugal v. Australia]), ԱՄԴ, 1995 թվականի հունիսի 30-ի գործով վճիռ, էջ 102, §29)։ Այս հատուկ դեպքում՝ քանի դեռ Ինդոնեզիայի վերահսկման տակ գտնվող զինվորականները ջարդեր էին իրականացնում Արևելյան Թիմորում, գլխավոր քարտուղար Անանը ստիպված էր Ինդոնեզիայի կառավարությանը սպառնալ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար միջազգային քրեական հետապնդմամբ՝ միջազգային հանրության հետ չհամագործակցելու և Արևելյան Թիմորի ինքնորոշման սկզբունքը չընդունելու դեպքում (տե՛ս գլխավոր քարտուղարի՝ 1999 թվականի սեպտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում անցկացրած մամուլի ասուլիսը)։ Դա է պատճառը, որ ոմանք Ինդոնեզիայի դիրքորոշումը դիտարկել են որպես «հարկադրված համաձայնություն», ինչն Արևելյան Թիմորի անջատումն իսկապես կվերածեր չհամաձայնեցված անջատման (տե՛ս Էվանս, «Պաշտպանելու պարտավորություն. դաժանությամբ կատարվող զանգվածային հանցագործություններին մեկընդմիշտ բոլորի համար վերջ դնելը» [Evans, The Responsibility to Protect: Ending mass atrocity crimes once and for all], Վաշինգտոն, 2008 թվական, էջ 63, և Բելլամի, «Պաշտպանելու պարտավորությունը» [Bellami, Responsibility to Protect], Լոնդոն, 2009 թվական, էջ 147 և 148)։
[67].Ինչպես Սըր Հերշ Լաուտերպախտի («Ճանաչումը միջազգային իրավունքում», Քեմբրիջ, 1947 թվական [Sir Hersch Lauterpacht (Recognition in International Law, Cambridge, 1947], 1-ին էջ), այնպես էլ իմ ելակետային դիրքորոշումն այն է, որ ճանաչումը միջազգային իրավունքի առանցքից դուրս չէ և պայմանավորված է արժանահավատ փաստերի օբյեկտիվ իրավական գնահատմամբ։ Չնայած քաղաքական հետևանքներով լի սպառնալիքներին՝ այս խնդիրը զուտ քաղաքական բնույթի հարց չէ։
[68].ԱՄԴ-ն վկայակոչել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այն բանաձևերը, որոնք դատապարտում են անկախության հռչակման որոշ դեպքեր (տե՛ս Անվտանգության խորհրդի թիվ 216 (1965) և թիվ 216 (1965) բանաձևերը, որոնք վերաբերում են Հարավային Ռոդեզիային, Անվտանգության խորհրդի թիվ 541 (1983) բանաձևը, որը վերաբերում է Հյուսիսային Կիպրոսին և Անվտանգության խորհրդի թիվ 787 (1992) բանաձևը, որը վերաբերում է Սերբական Հանրապետությանը)՝ եզրակացնելու համար, որ «այդ բոլոր ատյաններում Անվտանգության խորհուրդը առկա կոնկրետ իրավիճակի համար որակումներ է տվել այն ժամանակահատվածում, երբ հռչակվել է համապատասխան սուբյեկտի անկախությունը, ուստի, անկախության հռչակման համապատասխան դեպքերն անօրինական որակելը որպես այդպիսին բխում էր ոչ թե անկախության հռչակման միակողմանի բնույթից, այլ այն փաստից, որ դրանք կապված էին կամ կարող էին կապված լինել ուժի անօրինական կիրառման կամ ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես՝ jus cogens կոպիտ խախտման հետ։ … Վերը թվարկված բանաձևերի բացառիկ բնույթը Դատարանին հիմք է տալիս հաստատելու այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի պրակտիկայից չի կարող բխեցվել անկախության միակողմանի հռչակման վրա տարածվող ընդհանուր արգելք»։ Նույն նպատակներով տե՛ս Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի նախատեսած՝ Միջազգային բնույթի ոչ իրավաչափ գործողությունների համար պետությունների պատասխանատվության վերաբերյալ հոդվածների նախագծի 40-րդ և 41-րդ հոդվածները։
[69].Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1960 թվականի թիվ 1514 (XV) բանաձև, որը ներառում է «Գաղութային երկրներին և ժողովուրդներին անկախություն շնորհելու մասին» հռչակագիրը (A/RES/1514 (XV), տե՛ս նաև A/L.323 և Add.1-6 (1960)) և, ԱՄԴ-ի հաստատված նախադեպային իրավունքը, Նամիբիայում (Հարավարևմտյան Աֆրիկա) Հարավային Աֆրիկայի շարունակական ներկայության իրավական հետևանքները պետությունների համար՝ չնայած Անվտանգության խորհրդի թիվ 276 (1970) բանաձևին, Խորհրդատվական կարծիք, վերը հիշատակված, էջ 31, §52, Արևմտյան Սահարա, Խորհրդատվական կարծիք, ԱՄԴ զեկույցներ 1975, էջ 31-33, §§54-59, Արևելյան Թիմոր (Պորտուգալիան ընդդեմ Ավստրալիայի) գործով վճիռ, ԱՄԴ զեկույցներ, 1995, էջ 102, §29, և Պաղեստինի գրավված տարածքներում պատի կառուցման իրավական հետևանքները, Խորհրդատվական կարծիք, վերը հիշատակված, էջ 171-172, §88)։
[70].ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով կոմիտեն հաստատել է, որ ինքնորոշման սկզբունքը տարածվում է ոչ թե միայն գաղութացված ազգերի, այլ բոլոր ազգերի վրա (Եզրափակիչ մեկնաբանություններ Ադրբեջանի մասին, CCPR/C/79/Add.38, §6, ինչպես նաև դրա վերաբերյալ Ընդհանուր մեկնաբանություն 12, §7, որը վերաբերում է Գլխավոր ասամբլեայի թիվ 2625 (XXV) բանաձևին)։
[71].A/RES/25/2625 (XXV) (տե՛ս նաև A/8082 (1970))։ Թեև ընդունվել է առանց քվեարկության, այնուամենայնիվ, հռչակագիրն արտացոլում է միջազգային սովորութային իրավունքը (տե՛ս Ռազմական և ռազմականացված գործողությունները Նիկարագուայում և Նիկարագուայի դեմ (Նիկարագուան ընդդեմ ԱՄՆ-ի) գործով վճիռը, ըստ էության, ԱՄԴ զեկույցներ 1986, էջ 101-103, §§191-193)։
[72].A/RES/48/121: Բանաձևն ընդունվել է առանց քվեարկության։
[73].A/CONF.157/24 (Մաս I), 20, (1993)։ Վիեննայի Հռչակագիրն ընդունվել է 171 պետությունների ներկայացուցիչների փոխհամաձայնությամբ։
[74].Տե՛ս Մարդու և ժողովուրդների իրավունքների աֆրիկյան հանձնաժողովի` Կատանգյան ժողովրդական կոնգրեսն ընդդեմ Զաիրի գործը, Հաղորդագրություն թիվ 75/92 (2000), և Քեվին Մգվանգա Գունմեն ընդդեմ Կամերունի գործը, Հաղորդագրություն թիվ 266/2003՝ երկու դեպքում էլ Աֆրիկյան խարտիայի 20-րդ հոդվածի խախտման բացակայությամբ։
[75].§138՝ «ինքնորոշման միջազգային իրավունքի նորմից, լավագույն դեպքում, բխեցվում է միայն արտաքին ինքնորոշման իրավունք նախկին գաղութներում ստեղծված իրավիճակների համար, երբ ժողովրդի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, ինչպես օրինակ՝ օտարերկրյա ռազմական գրավման հետևանքով, կամ երբ որոշակի խմբի զրկում են իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու նպատակով երկրի կառավարմանը նշանակալից մասնակցություն ունենալու իրավունքից»։
[76].Քանի որ ԵԱՀՀ մասնակից պետությունները բացառապես եվրոպական են, «ժողովուրդների իրավահավասարության և նրանց ինքնորոշման իրավունքը» չի կարող ակնհայտորեն վերագրվել գաղութային ժողովուրդներին։
[77].Տե՛ս նաև Հարավսլավիայի հարցերով Բադինտերի արբիտրաժային հանձնաժողովի թիվ 2 եզրակացությունը։
[78].Ռասայական խտրականության վերացման հարցերով հանձնաժողովը, Ընդհանուր առաջարկություն 21 (1996), §6, ընդունել է «շահագրգիռ բոլոր կողմերի ազատ համաձայնությամբ սահմանվող կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը»։
[79].Տե՛ս «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի 1993 թվականի կոնվենցիայի 1-ին հոդվածը։
[80].Ի լրումն վերոնշյալ հղումների՝ տե՛ս, հատկապես, վերը հիշատակված «Բարեկամական հարաբերությունների [և համագործակցության] միջազգային իրավունքի սկզբունքների վերաբերյալ» հռչակագիրը, V Սկզբունք, §7, որով պահանջվում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների պահպանում և «այնպիսի կառավարություն, որը կներկայացնի տվյալ տարածքին պատկանող ամբողջ ժողովրդին՝ անկախ ռասայից, կրոնական համոզմունքներից կամ մաշկի գույնից»։ A contrario՝ «երաշխիքային դրույթ» արտահայտությունը պետք է ընկալվի այն իմաստով, որ ռասայի, կրոնական համոզմունքների կամ մաշկի գույնի հիմքով իր բնակչության մի մասի նկատմամբ խտրականություն դրսևորող կառավարությունը չի ներկայացնում ամբողջ բնակչությանը և չի կարող դրանից հարգանք պահանջել իր տարածքային ամբողջականության նկատմամբ։ Հռչակագրի թե՛ համակարգված, և թե՛ նպատակային մեկնաբանություններն ամրապնդում են այդ եզրակացությունը՝ հաշվի առնելով նախաբանն ու դրանով սահմանվող ինքնորոշման իրավունքի բացառիկ կարևորությունը։ Վերը հիշատակված՝ Մարդու իրավունքների վերաբերյալ Վիեննայի 1993 թվականի Հռչակագրով ընդլայնվել է մարդու իրավունքների խախտման հետևանքով արտաքին ինքնորոշման իրավունքը՝ վկայակոչելով «տարածքին պատկանող ամբողջ ժողովրդին առանց որևէ խտրականության ներկայացնող կառավարությունը» (A/Conf.157.24 (1993))։ Գլխավոր ասամբլեայի 1995 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 50/6 բանաձևը, որով «միաձայնությամբ» հաստատվել է Միավորված ազգերի [կազմակերպության] հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ ընդունված հռչակագիրը (A/RES/50/6)՝ վերահաստատված Վիեննայի [համաժողովի] ձևակերպմամբ։ Անջատման այս իրավունքի պատմական իրավանախորդն այն Զեկուցողների հանձնաժողովի դիրքորոշումն է, որը ստեղծվել է Ազգերի լիգայի կողմից Ալանդյան կղզիների շուրջ ծագած վեճի վերաբերյալ եզրակացություն տալու համար, որը եզրակացրել է, որ՝ «Պետության մի մասը կազմող փոքրամասնության անջատումն այդ պետությունից և դրա ընդգրկումն այլ պետության կազմում կարող է համարվել միայն որպես միանգամայն բացառիկ լուծում՝ ծայրահեղ միջոց, երբ պետության մոտ բացակայում է արդար և արդյունավետ երաշխիքներ ընդունելու և կիրառելու կամքը կամ իրավասությունը» (Զեկուցողների հանձնաժողովի hաշվետվություն [Report of the Committee of Rapporteurs], 1921 թվականի ապրիլի 16, Ազգերի լիգայի խորհրդի փաստաթուղթ B7 21/68/106 (1921))։ Պրակտիկան վկայակոչող հավելյալ հղումների համար տե՛ս նաև իմ հատուկ կարծիքը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի (վերը հիշատակված) գործում։
[81].Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հարցերով միջազգային իրավունքի հետ համապատասխանելիությունը, Խորհրդատվական կարծիք, վերը հիշատակված, էջ 448, §109։
[82].Տե՛ս նույն տեղում, էջ 437, §80։ Դա թեև անհամարձակ, այնուամենայնիվ, ԱՄԴ-ի գլխավոր ներդրումն է՝ միջազգային իրավունքի շրջանակներում անջատման իրավունքի դեմ տարվող պայքարում։ Տարածքային ամբողջականության սկզբունքի այս նեղ մեկնաբանությամբ ԱՄԴ-ի դիրքորոշումը պետք է բազմազգ պետություններում ոչ պետական խմբավորումների համար դիտարկվի որպես այդ իրավունքի լռելյայն հաստատում, ինչը հանդիսացել է նաև Ալբանիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Հորդանանի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովենիայի և Շվեյցարիայի դիրքորոշումը։ Փաստարկների այս նույն շարքը կարելի է բխեցնել նաև Միջազգային իրավունքի հարցերով հանձնաժողովի՝ «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» հռչակագրի նախագծի 11-րդ հոդվածից («Յուրաքանչյուր պետություն պարտավոր է ձեռնպահ մնալ՝ 9-րդ հոդվածի խախտմամբ գործող մեկ այլ պետության կողմից որևէ տարածքային միավոր ձեռք բերելը ճանաչելուց»)։ Դատավոր Անտոնիո Կանսադո Տրինիդադեն Կոսովոյի վերաբերյալ ԱՄԴ-ի խորհրդատվական կարծիքին կցված իր համոզիչ հատուկ կարծիքում համանման տեսակետ է հայտնել՝ համաձայն որի Կոսովոյի ալբանացիների նկատմամբ մարդու իրավունքների պարբերաբար խախտումների արդյունքում է առաջացել մայր պետությունից արտաքին ինքնորոշման իրավունքը (Դատավոր Կանսադո Տրինիդադեի հատուկ կարծիք, տե՛ս նույն տեղում, էջ 594-595, §§177-181)։ Դատավոր Աբդուլքավի Ահմեդ Յուսուֆը նույնպես ընդունել է նման իրավունքի առկայությունը, որի համաձայն ԱՄԴ-ն պետք է ուսումնասիրած լիներ գործի կոնկրետ փաստերը (Դատավոր Յուսուֆի հատուկ կարծիք, տե՛ս նույն տեղում, Էջ 622-623, §§11-13)։ Նույնությամբ, Դատավոր Ուայլդհաբերը Լոիզիդուն ընդդեմ Թուրքիայի գործով իր հատուկ կարծիքում (վերը հիշատակված, ում հետ համակարծիք է եղել Նախագահ Ռիսդալլը) ընդունել է «ինքնորոշման իրավունքի առկայությունն այն դեպքում, երբ իրավունքները խախտվում են շարունակաբար և գիտակցաբար կամ երբ դրանց մասով ի սպառ բացակայում է ներկայացուցչությունը կամ երբ դրանց մասով ներկայացուցչությունը զանգվածային կերպով թերի է ներկայացվում՝ ոչ դեմոկրատական և խտրական ձևով»։
[83]։ Պետության կառուցվածքի և դրա գործունեության վերաբերյալ տեղեկատվության համար տե՛ս վերոնշյալ Հանրապետության Սահմանադրությունը և տարածքում պարբերաբար տեղի ունեցող բազմակուսակցական ընտրությունները։ Այլ պետությունների հետ անգամ մինչև 1994 թվականի մայիսին կնքված Բիշքեկի արձանագրությունը և դրան հաջորդող հրադադարի պայմանագրի կնքումը հարաբերությունների մեջ մտնելու ունակության մասին տե՛ս այս կարծիքում վերևում նշված ապացույցը։
[84]։Տե՛ս վերևում հիշատակված Կանադայի Գերագույն դատարանի գործը, ինչպես նաև Աֆրիկյան հանձնաժողովի գործերը՝ Կատանգյան ժողովրդական կոնգրեսն ընդդեմ Զաիրի գործը և Քեվին Մգվանգա Գունմեն ընդդեմ Կամերունի գործը, որոնցում մերժվել էր Քվեբեկի, Կատանգայի և Հարավային Կամերունի բնակչությունների արտաքին ինքնորոշման իրավունքը՝ իրենց ներքին ինքնորոշման պատճառով։ Այս դիրքորոշումը հաստատվել է ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին հռչակագրով, որն ընդունվել է Գլխավոր ասամբլեայի 2007 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 61/295 բանաձևով (A/RES/61/295)՝ Պետությունների մեծամասնության՝ 143 «կողմ», 4 «դեմ» և 11 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ:
[85].Պետության կողմից իր իրավասության ներքո այլ անձանց՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքները ոտնահարող անհատների գործողությունների հետ լուռ համաձայնությունը կամ դրանց թողտվությունը կարող են հիմք հանդիսանալ պետությանը Կոնվենցիայով նախատեսված պատասխանատվության ենթարկելու համար (տե՛ս Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի` վերևում հիշատակված, § 81, և Իլաշկուն և այլք` վերևում հիշատակված, § 318)։
[86].Գրոտիուս, De jure belli ac pacis, Libri tres, 2.6.5։
[87].Այս պահին արժե հիշատակել Լաչինի միջանցքի որոշիչ նշանակությունը, ինչպես դա հստակ ճանաչել են Անվտանգության խորհուրդը և ԵԱՀՀ/ԵԱՀԿ-ն։ Անվտանգության խորհրդի 822-րդ (1993) և 853-րդ (1993) բանաձևերում կրկին շեշտվել է հետևյալը. «Եվս մեկ անգամ կոչ է արվում ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը տարածաշրջան, մասնավորապես, հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ՝ քաղաքացիական բնակչության սաստկացող տառապանքները մեղմացնելու նպատակով, և վերահաստատում, որ բոլոր կողմերը պարտավոր են հետևել միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին և կանոններին»։ Թիվ 874/1 բանաձևում ներկայացվեց հետևյալ պնդումը. «Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին կոչ է անում զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր խախտումներից և կրկնում է թիվ 822 (1993) և թիվ 853 (1993) բանաձևերում արված կոչը՝ ապահովել միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը հակամարտությունից տուժած բոլոր տարածքներ»։ ԵԱՀՀ խորհրդի՝ Հելսինկիի լրացուցիչ հանդիպումը (Եզրակացությունների ամփոփում, Հելսինկի, 1992 թվականի մարտի 24, § 10) «ԵԱՀՀ բոլոր մասնակից պետություններին և բոլոր շահագրգիռ կողմերին հորդորել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը տրամադրվի բոլոր կարիքավորներին՝ արագ և արդյունավետ միջոցներով, ներառյալ՝ միջազգային վերահսկողության տակ գտնվող անվտանգ միջանցքների միջոցով»։ Այս կոչերից պարզ է դառնում, որ այդ ժամանակ տիրող իրավիճակում պահանջվում էր հրատապ մարդասիրական ինտերվենցիա, եթե անհրաժեշտ լիներ՝ ապահով միջանցքների միջոցով։ Մարդասիրական ինտերվենցիայի վերաբերյալ՝ որպես միջազգային համայնքի և՛ իրավունք և՛ պարտականություն տե՛ս իմ առանձին կարծիքը Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործում (վերևում հիշատակված)։
[88].Այս հարցերին մանրամասն պատասխաններ տալու համար հարկավոր կլինի մեծ ուշադրությամբ ուսումնասիրել այդ ժամանակ Ադրբեջանում հայ բնակչության՝ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հասանելի պաշտոնական ապացույցները, ինչպես օրինակ՝ Եվրոպական պառլամենտի 1988 թվականի հուլիսի 7-ի բանաձևը («հաշվի առնելով, որ վատթարացող քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է հակահայկական ջարդերի Սումգայիթում և բռնի վտանգավոր գործողությությունների Բաքվում, ինքնին սպառնում է Ադրբեջանում ապրող հայերի անվտանգությանը՝...[Եվրոպական պառլամենտը] դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների դեմ գործադրված բռնությունը»), 1990 թվականի հունվարի 18-ի բանաձևը («հաշվի առնելով Բաքվում ադրբեջանցիների կողմից հակահայկական գործողությունների վերսկսումը (նախնական գնահատականներով եղել են բազմաթիվ զոհեր, որոնցից որոշները մահացել են հատկապես ահավոր պայմաններում) և Լեռնային Ղարաբաղից դուրս հայկական գյուղերի վրա հարձակումները, օրինակ՝ Շահումյանում և Գետաշենում, ...հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը վերսկսվել է ավելի դաժանորեն, քան երբևէ»), 1990 թվականի մարտի 15-ի բանաձևը («մտահոգված լինելով Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակով, որը ղեկավարվում է Ադրբեջանի կողմից իր բնակիչների մեծամասնության կամքին հակառակ, որի 75 տոկոսից ավելին հայեր են, և մտահոգված լինելով Ադրբեջանում շարունակվող բռնությամբ»), 1991 թվականի մարտի 14-ի բանաձևը («Ադրբեջանում հայերի կոտորածները»), 1991 թվականի մայիսի 16-ի բանաձևը (դատապարտելով Կովկասում, մասնավորապես Ղարաբաղի ինքնավար մարզում հայերի դեմ բռնությունների շարունակական սաստկացումը»), 1992 թվականի փետրվարի 13-ի բանաձևը («հաշվի առնելով, որ վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչությունն անընդհատ ենթարկվել է շրջափակման և ագրեսիայի, հաշվի առնելով, որ 1991 թվականի դեկտեմբերի վերջին Ադրբեջանը մեծ և աննախադեպ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի դեմ, հաշվի առնելով, որ 1992 թվականի հունվարին Լեռնային Ղարաբաղում հայկական գյուղերը ծանր հրետանիով 34 անգամ ռմբակոծման ենթարկվեցին, նրանց ուղղությամբ արձակվեց ավելի քան 1 100 հրթիռ և ականանետ՝ վիրավորելով մոտավորապես 100 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց և երեխաների, հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սննդի և առողջության հետ կապված վիճակը վատթարացել է այն աստիճանի, որ դառնում է անտանելի»), 1993 թվականի հունվարի 21-ի բանաձևը («տեղյակ լինելով Ադրբեջանում ջարդերից փախչած 300 հազար հայ փախստականների ողբերգական վիճակի մասին...[Եվրոպական պառլամենտն] ընդունում է այն տեսակետը, որ Ադրբեջանի կողմից իրականացվող անողոք շրջափակումը միջազգային իրավունքի խախտում է, և պնդում, որ Ադրբեջանի կառավարությունն այն անմիջապես վերացնի»), ինչպես նաև 1994 թվականի փետրվարի 10-ի բանաձևը («հաշվի առնելով, որ Ադրբեջանի օդային ուժերը վերսկսել են քաղաքացիական անձանց ռմբակոծումը, մասնավորապես, Ստեփանակերտ քաղաքում»). ԱՄՆ-ի 1992 թվականի հոկտեմբերի 24-ի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածը, որը դեռևս ուժի մեջ է («սույն կամ որևէ այլ ակտով ԱՄՆ-ի աջակցությունը (բացի սույն օրենքի 5-րդ գլխով նախատեսված աջակցության) չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը մինչև Նախագահը որոշում կայացնի և Կոնգրեսին հայտնի այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը ակնհայտ քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները դադարեցնելու և հարձակողական այլ ուժեր չկիրառելու համար։»), և 1991 թվականի մայիսի 17-ի ԱՄՆ Սենատի բանաձևը («Հաշվի առնելով, որ սովետական և ադրբեջանական ուժերը հայկական գյուղեր են ավերել և դատարկել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող հայկական շրջանները՝ խախտելով միգազգայնորեն ճանաչված մարդու իրավունքները...[ԱՄՆ Սենատը] դատապարտում է Լեռնային Ղարաբաղում և դրան հարակից հայկական շրջաններում և համայնքներում, ինչպես նաև Հայաստանում անմեղ երեխաների, կանանց և տղամարդկանց վրա հարձակումները, դատապարտում է Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում ուժի՝ առանց սահմանափակումների կիրառումը, այդ թվում՝ քաղաքացիական վայրերում հրետանային ռմբակոծությունները, կոչ է անում դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված շրջափակումը, ինչպես նաև այլ ուժերի կիրառումը և ահաբեկումը»)։ Դատարանն ինքնին ընդունել է 1991 թվականի ապրիլ և մայիս ամիսներին Ադրբեջանի տարածքում «կառավարական ուժերի» կողմից հայ քաղաքացիական բնակչության դեմ «ձերբակալություններով և բռնությամբ» ուղեկցվող «աքսորումների» առկայությունը (Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի 32-րդ պարբերություն, վերևում հիշատակված)։
[89].Տե՛ս Սիլիհն ընդդեմ Սլովենիայի գործը՝ վերևում հիշատակված, §§ 159-163:
Full & Egal Universal Law Academy