© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015թ.: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ՇԻՏՈՍՆ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ
[AFFAIRE CHITOS c. GRÈCE]
(Գանգատ թիվ 51637/12)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Հունիսի 4, 2015թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
19/10/2015
Սույն վճիռը վերջնական է դարձել` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Շիտոսն ընդդեմ Հունաստանի [Chitos c. Grèce],
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (առանջին բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Իզաբել Բերրո (Isabelle Berro), նախագահ,
Դատավորներ`
Խանլար Հաջիև (Khanlar Hajiyev),
Միրյանա Լազարովա Տրայկովսկա (Mirjana Lazarova Trajkovska),
Ջուլիա Լաֆրանկ (Julia Laffranque),
Պաուլո Պինտո դե Ալբուքերքե (Paulo Pinto de Albuquerque),
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս (Linos-Alexandre Sicilianos),
Էրիկ Մյոսե (Erik Møse),
և Սյորեն Նիլսենը (Søren Nielsen), բաժանմունքի քարտուղար,
2015թ. մայիսի 12-ին տեղի ունեցած փակ խորհրդակցության արդյունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Հունաստանի հանրապետության քաղաքացի պարոն Գեորգիոս Շիտոսի (Georgios Chitos) (այսուհետ`«դիմումատու») Հունաստանի հանրապետության դեմ գանգատը (թիվ 51637/12), որը Դատարան է 2012թ. հուլիսի 31-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` «Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուին ներկայացնում էր պարոն Կ. Գիանակոպուլոսը ( K. Giannakopoulos)` փաստաբան Աթենքից: Հունաստանի կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում են պաշտոնական ներկայացուցչի պատվիրակները`Պետական իրավական խորհրդի փորձագետներ տիկնայք Ֆ. Դեդուսին (F. Dedousi) և Կ. Նասոպուլուն (K. Nasopoulou), և տիկին Վ. Ստրուբուլին (V. Stroubouli)` Պետական իրավական խորհրդի աուդիտոր:
3. Դիմումատուն պնդում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների խախտում` առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համակցությամբ:
4. Կառավարությունը գանգատի մասին ծանուցվել է 2013թ. սեպտեմբերի 27-ին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1968թ.-ին և բնակվում է Սալոնիկ քաղաքում:
6. 1986թ. սեպտեմների 15-ին նա ընդունվում է զինվորական կորպուսի սպաների ռազմական դպրոց (բժշկական բաժին): Նա աշխատավարձ է ստանում և օգտվում սոցիալական արտոնություններից: Դիմումատուն Սալոնիկի համալսարանի բժշկական ֆակուլտետում ստանում է առողջապահության ծառայության բժիշկների ակադեմիական անվճար կրթություն` վեց տարի տևողությամբ:
7. 1993թ. հունիսի 3-ին` ուսումն ավարտելուց հետո նա ցամաքային զորքերում նշանակվում է բժիշկ` կրտսեր լեյտենանտի կոչմամբ:
8. Համաձայն տվյալ ժամանակաշրջանում դեռևս գործող «Զինված ուժերի սպաների կարգավիճակի մասին» թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի 1-ին մասի` դիմումատուն պարտավորվել էր զինված ուժերում ծառայել ռազմական դպրոցում իր ուսման տևողության եռապատիկի չափով, այսինքն` տասնութ տարի: Այս դրույթը փոփոխության էր ենթարկվել թիվ 3257/2004 օրենքի 1-ին հոդվածով, և տվյալ ժամանակաշրջանը նվազեցվել էր մինչև ուսման տևողության կրկնակի ժամանակահատված` այսինքն տասներկու տարի:
9. 1996թ հունվարի 18-ին ցամաքային զորքերի գլխավոր շտաբը մրցույթ կազմակերպեց մասնագետների պաշտոնները համալրելու նպատակով: Դիմումատուի նման բժիշկ-սպաները հրավիրվեցին մասնակցել այս մրցույթին մասնագիտացում ձեռքբերելու համար: Դիմումատուն ընդունվեց Սալոնիկի թիվ 424 զինվորական գլխավոր հիվանդանոց, ուր նա 1996թ. հուլիսի 26-ից մինչև 1997թ. հուլիսի 30-ը աշխատեց որպես կլինիկական օրդինատոր անեսթեզիոլոգիա մասնագիտությամբ: Այնուhետև, 1997թ. հուլիսի 30-ից մինչև 2001թ. հուլիսի 27-ը Սալոնիկի Պապանիկոլաուի անվան շրջանային գլխավոր հիվանդանոցում, որպես գերհաստիքային կադր (թիվ 123/1975 օրենքի 8-րդ հոդվածի համաձայն), զբաղեցրել է օգնական բժիշկի վարձատրվող պաշտոնը` շարունակելով մասնագիտանալ անեսթեզիոլոգիայի ոլորտում:
10. Մոտ հինգ տարի տևած մասնագիտացումից հետո, որի ժամանակ նա ստացել է սպայական աշխատավարձ, դիմումատուն, թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, բանակում ծառայեց ևս հինգ տարի: Վերը նշված օրենքի 67-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն ներկայացվել էր տեղեկանք:
11. Դիմումատուն զինված ուժերում ծառայեց մինչև 2006թ. հունվարի 22-ը (նույն օրը նա հրաժարական է ներկայացրել), երբ 37 տարեկան էր և ուներ արդեն բժիշկ-գնդապետի կոչում:
12. 2006թ. սեպտեմբերի 12-ի ակտով ցամաքային զորքերի գլխավոր շտաբը դիմումատուին տեղեկացրեց, որ, համաձայն թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի, նա կամ պետք է ծառայի ևս ինը տարի, չորս ամիս և տասներկու օր կամ փոխհատուցի պետությանը, որի չափը կհաշվարկի ծառայության մնացած ժամանակահատված հիման վրա:
13. 2007թ. մայիսի 26-ի որոշմամբ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի հաշվապահական ծառայությունը գնահատեց փոխհատուցման չափը, որը կազմում էր 106 960 եվրո: Որոշման մեջ նշվում էր, որ դիմումատուն կարող է վերաքննիչ հայց ներկայացնել Վերահսկիչ դատարան, որը կարող էր միայն հետաձգել վճարման ընթացակարգը:
14. 2007թ. հունիսի 25-ին դիմումատուն հայց է ներկայացնում Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատ` 2006թ. սեպտեմբերի 12-ի ակտն չեղյալ համարելու պահանջով: Նա պնդում է, որ թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 22-րդ հոդվածի 4-րդ մասին (ցանկացած տեսակի հարկադիր աշխատանքի արգելում) և Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասին` առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համակցությամբ: 2007թ. հունիսի 27-ին, դիմումատուն դիմեց նաև 2007թ. մայիսի 26-ի վերոնշյալ որոշման կատարումը դադարեցնելու պահանջով:
15. 2007թ. հուլիսի 5-ին Վերահսկիչ դատարանի պալատներից մեկի նախագահը միջանկյալ որոշում կայացրեց, որով դադարեցրեց 2007թ. մայիսի 26-ի որոշման կատարումը: 2007թ. հոկտեմբերի 29-ին Վերահսկիչ դատարանի հինգերրորդ պալատը հաստատեց պահանջված որոշման կատարման դադարեցումը:
16. 2009թ. փետրվարի 1-ին թիվ 175/2009 որոշմամբ, Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատը անհիմն լինելու հիմքով մերժեց դիմումատուի վերոնշյալ ակտը չեղյալ համարելու վերաքննիչ բողոքը: Այն մասնավորապես համարեց, որ դիմումատուի կողմից վճարվելիք փոխհատուցումը պատժամիջոց չէ, չի անտեսում համաչափության սկզբունքը և հաշվարկվել է օբյեկտիվ կերպով և նպատակ ուներ փոխհատուցել պետությանն այն ծախսերը, որոնք վերջինս կատարել էր իր զինվորներին վերապատրաստելու համար և որոնց նա, ի դեպ, աշխատավարձ է վճարել նրանց ուսման և մասնագիտացման ձեռքբերման բոլոր փուլերում:
17. 2009թ. մարտի 3-ին դիմումատուն այս որոշումը բողոքարկեց Վերահսկիչ պալատի լիագումար նիստում: 2009թ. մարտի 4-ին հայց ներկայացրեց նաև 2007թ. մայիսի 26-ի վերոնշյալ որոշման կատարումը դադարեցնելու պահանջով:
18. 2009թ. մարտի 17-ին Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի նախագահը միջանկյալ որոշում կայացրեց, որով դադարեցրեց 2007թ. մայիսի 26-ի որոշման կատարումը: Զուգահեռաբար, 2009թ. մարտի 18-ին և ապրիլի 9-ին, Սալոնիկի հարկային կենտրոնը դիմումատուից պահանջեց վճարել 106 960 եվրո` գումարած 2 139,20 եվրո հարկային նամականիշ և 427,84 եվրո` ի նպաստ գյուղատնտեսական ապահովագրության մարմնի:
19. 2009թ. հոկտեմբերի 21-ին Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը հաստատեց որոշման կատարումը հետաձգումը:
20. 2010թ. մայիսի 10-ին Ֆինանսների նախարարույթան հարկային ծառայությունը դիմումատուին տեղեկացրեց, որ 2007թ. մայիսի 26-ի որոշմամբ սահմանված գումարը նախորդ տարվա ընթացքում չվճարելու պատճառով, վերոնշյալ գումարին ավելացվել են ուշացման տոկոսները, որոնք կազմում են 13 143,24 եվրո: Այն տեղեկացրեց նաև, որ մինչև 2010թ. մայիսի 31-ը վճարելու դեպքում, կարող է օգտվել տոկոսների 80 % զեղչից:
21. 2010թ. մայիսի 26-ին դիմումատուն Սալոնիկի հարկային կենտրոնին վճարեց 112 155,69 եվրո:
22. 2011թ. դեկտեմբերի 7-ի թիվ 3230/2011 որոշմամբ (որի մասին դիմումատուն ծանուցվել է 2012թ. փետրվարի 10-ին), Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը հայցը բավարարեց մասամբ:
23. Նա համարեց, որ դիմումատուի մասնագիտացումը ավարտելու համար անհրաժեշտ հինգ տարիների չներառումը պարտադիր ծառայության տարիների ընդհանուր տևողության մեջ հակասում էր Սահմանադրության 25-րդ հոդվածով երաշխավորվող համաչափության սկզբունքին:
24. Այն համարեց, որ մասնագիտացման ձեռքբերմանն ուղղված տարիները բժիշկ սպայի կատարած զինվորական իրական ծառայության մասն էին կազմում: Հետևաբար, այն փոփոխեց հինգերորդ պալատի որոշումը, որը համարել էր, որ մասնագիտացման տարիները ուսման տարիներ են եղել և չպետք է ներառվեին դիմումատուի կողմից ապահովված պարտադիր ծառայության հաշվարկում:
25. Այն չհիմնավորված լինելու հիմքով մերժեց Կոնվենցիայի խախտման վերաբերյալ հայցը` մերժումը հիմնավորելով հետևյալ կերպ`
« Հրամանագրի 64-րդ հոդվածի 7-րդ մասը համատեղելի է Սահմանադրության դրույթների, Սոցիալական խարտիայի և Կոնվենցիայի հետ` հաշվի առնելով այն փաստը, որ հինգ տարվա ընթացքում բժիշկ սպան իր ծառայություններ է մատուցում զինված ուժերին, որոնք ապահովել են իր կրթությունը և, հասնում է հետապնդվող նպատակին` այսինքն զինված ուժերում ղեկավար կազմում ներգրավվելուն, առանց աշխատելու պարտավորության: Ինչ վերաբերում է փոխհատուցմանը` հաշվարկված նույն հոդվածի 16-րդ մասի համաձայն, ապա այն սպաների կրթության համար պետության կողմից կատարված ծախսերի փոխատուցման միջոց է և որևէ կերպ պատժամիջոց չի հանդիսանում»:
26. Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը գործը փոխանցեց հինգրերորդ պալատ` այլ կազմով գործը վերանայելու նպատակով: Հինգերորդ պալատը պետք է սահմանափակվեր միայն փոխհատուցման ակտի վերանայմամբ` որպես ծառայության տարիներ հաշվի առնելով դիմումատուի մասնագիտացմանն հինգ տարիները:
27. 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 4909/2013 որոշմամբ (որի մասին դիմումատուն ծանուցվել է 2014թ. հունվարի 10), հինգերորդ պալատը փոփոխեց ցամաքային զորքերի հաշվապահական ծառայության 2007թ. մայիսի 26-ի որոշումը` դիմումատուի կողմից փոխհատուցման գումարը սահմանելով 49 978,33 եվրո:
28. Մասնավորապես, Վերահսկիչ պալատը համարեց նախևառաջ, որ 2007թ. մայիսի 26–ի վերոնշյալ որոշումն օրինական է եղել, քանի որ դիմումատուն զինված ուժերը լքել է նախքան պարտադիր ծառայության տասնյոթ տարիների ժամանակահատվածի ավարտը: Սակայն այն նշեց, որ պարտադիր ծառայության տևողությունը, որը դիմումատուն դեռ պետք է ապահովեր, ոչ թե ինը տարի, չորս ամիս և տասներկու օր էր, ինչպես հաշվարկել էր ցամաքային զորքերի գլխավոր շտաբը, այլ չորս տարի, չորս ամիս և տաս օր: Այն ընդգծեց, որ ծառայության տարիների հաշվարկում պետք էր ընդգրկել նաև դիմումատուի մասնագիտացման տարիները, որոնք սկսվել էին 1996թ. հուլիսի 26-ին և ավարտվել 2001թ. հուլիսի 27-ին, քանի որ, ինչպես հստակեցրել էր թիվ 3230/2011 որոշումը, մասնագիտացման տարիները պետք է համարվեն իրական ծառայության տարիներ: 29. 2014թ. մարտի 13-ին պետությունը դիմումատուն վերադարձրեց 59 749,61 եվրո, որը կազմում էր նրա կողմից վճարված և վերը նշված թիվ 4909/2013 որոշմամբ սահմանված գումարի տարբերությունը:
30. Կառավարության կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն դիմումատուն այսուհետ աշխատում է Սալոնիկի մասնավոր խոշոր հիվանդանոցներից մեկում:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
31. Դիմումատուի ռազմական դպրոց և բժշկական ֆակուլտետ ընդունվելու, ինչպես նաև ուսման ավարտի ժամանակ դեռևս գործող «Զինված ուժերի սպաների կարգավիճակի մասին» թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի դրույթների համաձայն` կրտսեր լեյտենանտի կոչում ստանալուց հետո սպաները պարտավոր էին ծառայել իրենց կրթության տևողության եռապատիկի չափով: Բժշկական ծառայության սպաները, որոնք զինված ուժերի շնորհիվ ձեռք էին բերել նաև մասնագիտացում, պարտավոր էին զինված ուժերում ծառայել ևս հինգ տարի:
32. Այս դրույթները փոփոխվել էին թիվ 3257/2004 օրենքի 1-ին հոդվածով (զինված ուժերի անձնակազմի վերաբերյալ հարցերի կարգավորում): Օրենսդիր մարմինը պարտադիր ծառայության տևողությունը կրթության տևողության եռապատիկից նվազեցրել էի մինչև կրկնակի տևողության: Այն անփոփոխ էր թողել մասնագիտացում ստացած սպաների ծառայության լրացուցիչ հինգ տարիների պայմանը և նրանց հնարավորություն էր ընձեռել ժամկետից շուտ ազատվել այդ պարտավորությունից` պետությանը փոխհատուցելու միջոցով: Փոխհատուցման չափը հաշվարկվում է սպայի կոչմանը համապատասխան բազային աշխատավարձը բազմապատկելով ծառայության մնացյալ ամսիներով:
33 64-րդ հոդվածը` փոփոխված թիվ 3257/2004 օրենքով, այսուհետ սահմանում էր հետևյալը.
« 1. Զինված ուժերի բարձրագույն դպրոցների և սպայական դպրոցի սան սպաները կրտսեր լեյտենանտի կոչում ստանալուց հետո, նավատորմում, թե օդուժում, պարտավոր են զինված ուժերում ծառայել իրենց կրթության տևողության կրկնակի չափով (...)
7. Բժշկական կորպուսի սպաները, որոնք զինված ուժերի միջոցների հաշվին ձեռք են բերել մասնագիտացում, պարտավոր են ծառայել ևս հինգ տարի:
10. Սպաները (...) որոնք իրենց ծառայության կողմից գործուղվել են վերապարտաստման կամ իրենց դիմումի հիման վրա ընտրվել են վերապատրաստում անցնելու համար, պարտավոր են ստորագրել հավաստագիր ձեռքբերված պարտավորությունների մասին:
16. Նրանք, ովքեր զինված ուժերը լքում են հրաժարականի, բարեփոխման կամ հատուկ հիմքերով թոշակի անցնելու պատճառով (...) պարտավոր են պետության փոխհատուցել իրենց կոչմանը համապատասխան բազային աշխատավարձի և ծառայության մնացյալ ամիսների թվի բազմապատիկի չափով: Նրանք, ովքեր իրենց կամքով լքում են զինված ուժերը մինչև պարտադիր ծառայության ավարտը և որոնք վերապատրաստում են անցել արտասահմանում, բացի վերը նշված փոխհատուցումից, պարտավոր են փոխհատուցել նաև վերապատրաստման համար կատարված ծախսերը (...):
17. Նախորդ կետը չի կիրառվում առողջական խնդիրների պատճառով զինված ուժերից հեռացող անձանց նկատմամբ»:
34. Նույն օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը սահմանում են.
« 3. Գործող սպաներին արգելվում է
ա) կատարել մասնավոր վարձատրվող առաջադրանք կամ աշխատանք կամ իրականացնել եկամտաբեր այլ գործունեություն:
(...)
4. Բացառության կարգով թույլատրվում է
ա) Բժշկական ծառայության սպաներին զբաղվել մասնավոր բժշկությամբ, իրենց աշխատանքային ժամերից դուրս, բժշկական էթիկայի կանոնների պահպանմամբ և ռազմական տվյալ կորպուսի ղեկավարի (...) »
35. Թիվ 3257/2004 օրենքի ներածական զեկույցը հստակեցնում էր, որ փոփոխված հոդվածները սպաների և ենթասպաների համար նախատեսում էին զինված ուժերում ծառայության բավականին խիստ ժամկետներ, և որ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն հունական օրենսդրությանը ներդաշնակ դարձնել այն պարտավորությունների հետ, որոնք Հունաստանը ստանձնել է Եվրոպական սոցիալական խարտիան վավերացնելով: Բացի այդ, ըստ այս զեկույցի, Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ խարտիայի մասնակից կողմերը «պարտավորվում են արդյունավետ կերպով պաշտպանել իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով»: Զեկույցը, բացի այդ, նշում էր Սոցիալական խարտիայի մարմինների «ազատորեն ընտրված աշխատանք» հասկացությունով հիմնավորված մեկնաբանությունները, որոնք փաստում են զինված ուժերի անձնակազմի նկատմամբ պարտադիր ծառայության ժամկետների առումով կիրառվող չափազանց խիստ հարկադրման մասին, շատ հաճախ պետությանը և, մասնավորապես, Պաշտպանության նախարարությանը դրել են դժվար կացության մեջ:
36. Թիվ 1571/2010 որոշմամբ, Պետական խորհուրդը համարել է, որ թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի դրույթները, որոնք գործում էին մինչև թիվ 3257/2004 օրենքով կատարված փոփոխությունները, զինվորական անձնակազմին պարտադրում էին ծառայել չափազանց երկար ժամանակ` առանց իրենց պարտավորություններից հրաժարվելու հնարավորության, հակասում էիին Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ մասին: Համարվում է, որ այս հոդվածն «արգելում է պարտադրել ցանկացած աշխատողի` անկախ վերջինիս աշխատանքի իրավական բնույթից, շարունակել կատարել մի աշխատանք կամ զբաղվել մի մասնագիտությամբ, որը նա չի ցանկանում»:
37. Ցամաքային զորքերի ղեկավար անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ թիվ 1394/1983 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետը սահանում է.
«Առողջապահական ծառայության բժիշկ սպաները մասնագիտացում են ձեռքբերում ծառայության միջոցով: Եթե նրանք որևէ մասնագիտացում են ընտրում, ապա այդ մասին պարտավոր են տեղեկացնել առողջապահական ծառայության դպրոցի վերապատրաստման բաժնին իրենց ուսման վերջին երկու ամիսների ընթացքում: Վերապատրաստումն իրականացվում է պետության սահմանների ներսում կամ, անհնարինության դեպքում, արտասահմանում: Այն նպատակ ունի օգնել ձեռքբերել մի մասնագիտացում, որը համապատասխանում է ծառայության պահանջներին և ենթադրում է ծառայության լրացուցիչ ժամկետներ (...) »
38. Ազգային առողջապահության համակարգի վերաբերյալ թիվ 1397/1983 օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է հետևյալը.
«Մասնագիտացման նպատակով բժիշկի նշանակումն ի լրումն յուրաքանչյուր հիվանդանոցում առկա տեղերին արգելվում է: Այս արգելքը չի կիրառվում զինված ուժերի բժիշկների նկատմամբ, որոնք Առողջապահության նախարարի որոշմամբ կարող են նշանակվել գերհաստիքային կարգով (...) »
39. Թիվ 2763/2013 որոշմամբ Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատը որոշել էր, որ ինչ վերաբերում է առողջապահության ծառայության սպաներին, այս սահմանափակումը (այսինքն` որոշակի ժամկետներում ծառայության ապահովման պարտավորություն), որոնք, վերջինիս կարծիքով, կատարվել են ընդհանուր և օբյեկտիվ չափանիշների հիման վրա, հանդիսանում է անհրաժեշտ և համապատասխան միջոցառում զինվորական բժշկական հաստատությունների և ստորաբաժանումների կանոնավոր գործունեությունն ապահովելու համար, որոնց համար կարևոր է կատարել ծառայությունների երկարաժամկետ պլանավորում և խուսափել մասնագիտացված անձնակազմի պակասի հետևանքով ծառայության մակարդակի հանկարծակի թուլացումից: Այս առումով Վերահսկիչ դատարանը նշել է, որ այս պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես հարկադիր աշխատանք: Վերահսկիչ դատարանի համար, շահագրգիռ անձինք ռազմական սպայական դպրոց ընդունվելուց ընդունում են այս պարտավորությունը, ինչը հստակորեն նախատեսված է օրենքով և որի մասին վերջիններս տեղյակ են` հաշվի առնելով դրանից բխող առավելությունները և դժվարությունները: Հետևաբար, նրանք տեղյակ են այս պարտավորությունը չկատարելու հետևանքների, այսինքն` պետության փոխհատուցելու մասին: Բացի այդ, ըստ Վերահսկիչ դատարանի, բժիշկ-սպաների մասնագիտական վերապատրաստման նպատակի և այս պարտավորության միջև անհավասարակշռություն առկա չէ, քանի որ փոխարենը ստացել են իրենց աշխատանքային ժամերից հետո մասնավոր հատվածում իրենց մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն:
40. Վերահսկիչ դատարանը հավելել էր, որ 64-րդ հոդվածի 16-րդ կետով նախատեսված փոխհատուցման պարտավորությունը չափազանցված չէր և չէր խախտում համաչափության սկզբունքը: Այն հստակեցրել էր, որ այս պարտավորությունը փոխհատուցում էր այն ծախսերը, որոնք պետությունը կատարել էր այն մասնագետ զինվորականների կրթության համար` շարունակելով նրանց աշխատավարձ տրամադրել, որոնք զինված ուժերը կլքեին վաղաժամկետ և հանկարծակիորեն: Ըստ պալատի, ծախսեր ասելով չպետք է հասկանալ զինվորականների ուսումնառության ընթացքում կատարված ուղղակի ծախսերը (սնունդ, հագուստ և պահպանման ծախսեր), այլ նաև վարչական անուղղակի բոլոր ծախսերը, որոնք կապված են եղել շինություննների օգտագործման և պահպանման, ինչպես նաև տվյալ ռազմական դպրոցների շարունակական գործունեության հետ: Վերջապես, Վերահսկիչ դատարանը նշել է, որ անհնար է հստակ կերպով սահմանել զինված ուժերից հեռացող յուրաքանչյուր զինվորականի համար կատարված ծախսերը, փոխհատուցման գումարը սահմանվել էր օբյեկտիվորեն, քանի որ այն հիմված է պարտադիր ծառայության մնացած ժամկետի վրա:
41. Թիվ 3822/2013 որոշմամբ Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատը որոշել էր, որ կրթության տևողության կրկնակի չափով պարտադիր ծառայությունը և փոխհատուցման վճարումը համարժեք, ողջամիտ սահմանափակումներ են, որոնք անհրաժեշտ են հանրային նշանակության նպատակի ապահովման համար, այն է` զինված ուժերին ողջամտորեն պլանավորված ժամանակահատվածում ապահովել գիտակ և մասնագիտացված կադրերով: Այն նշել է, որ այս նպատակը չի կարող ապահովվել այլ կերպ, քանի որ զինված ուժերի համակարգից սպաների վաղաժամկետ և միաժամանակ հեռացման դեպքում նմանատիպ վերապատրաստում անցած այլ սպաներով վերջիններիս փոխարինումն անհնար կլիներ և կվտանգեր պետության պաշտպանությունը:
42. Վերահսկիչ դատարանը նշել է նաև, որ զինված ուժերի համակարգից վաղաժամկետ հեռացող կադրերի կողմից վճարվելիք փոխհատուցումը նպատակ ուներ փոխհատուցել պետության կողմից կատարած, մի կողմից, նրանց վերապատրաստման, բնակեցման, սննդի և հագուստի, ինչպես նաև ռազմական դպրոցների պահպանման և շահագործման ծախսերը և, մյուս կողմից, այս կադրերի փոխարինմամբ պայմանավորված ծախսերը:
43. Թիվ 356/1974 հրամանագրի 3-րդ հոդածի 1-ին մասը (պետության կողմից եկամուտների հավաքագրման մասին) սահմանում է, որ պետության նկատմամբ գոյացած պարտքերը վճարվում են մեկ փոխանցմամբ կամ, եթե նախատեսված է օրենքով, մի քանի փոխանցման միջոցով:
44. 2002թ. մարտի 27-ի թիվ 120/2002 կարծիքում, Պետական իրավական խորհուրդն ընդունել է, որ «Զինված ուժերի հաշվապահական հաշվառման և ֆինանսական պայմանների վերաբերյալ» թիվ 721/1970 հրամանագրի 96-րդ հոդվածը սպաների համար նախատեսում է պետության նկատմամբ գոյացած պարտքի մարման համար մի քանի փոխանցումներ կատարելու հնարավորությունը: Այն, այնուամենայնիվ, հստակեցրել է, որ, հաշվի առնելով տվյալ սպայի ֆինանսական դրությունը, պարտքի չափը, ինչպես նաև նախադեպերի առկայությունը` զինված ուժերն են որոշում, թե արդյոք վճարվելիք գումարը պետք է վճարվի մեկ կամ մի քանի փոխանցումների միջոցով` նպատակ ունենալով խուսափել պարտապանին ֆինանսական դժվար կացության մեջ դնելուց:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա) Եվրոպական սոցիալական խարտիա
45. Սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
« Աշխատանքի իրավունքի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով Կողմերը պայմանավորվում են`
2. պաշտպանել արդյունավետ կերպով իր ապրուստը վաստակելու աշխատողի իրավունքը նրա կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով»
Բ) Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտե
46. Հունաստանի վերաբերայլ իր տարբեր եզրակացություններում, Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն, մասնավորապես, նշել է.
47. 2004թ.-ի XVII-1 եզրակացություն`
«Իր նախորդ եզրակացության մեջ Կոմիտեն վեր է հանել անհամապատասխանության երեք հիմք` հարկադիր աշխատանքի արգելման հետ կապված: (...) 2) զինված ուժերի կադրային սպաների ծառայությունից չհեռանալու ժամանակահատվածի չափազանց երկար տևողությունը (25 տարի) (այս հիմքն առաջ էր քաշվել նաև 7/2000 գանգատի շրջանակներում, (...)
(...) Կոմիտեն նշում է, որ 2003թ. ընդունված օրենքը նախատեսում է, որ համալսարանական մակարդակի զինվորական կրթություն ստացած կադրային սպաները և նրանք, ովքեր ուսանել են արտասահմանում պարտավոր են ծառայել իրենց կրթության տևողության առնվազն կրկակի չափով: Զեկույցը նշում է, որ այս նոր մոտեցումը զինվորական կարիերայի պարտադիր ծառայության ժամկետը 25 տարուց նվազեցնում է մինչև 10 տարի: Կոմիտեն համարում է, որ նոր օրենքով նախատեսված պարտադիր ծառայության ժամկետը չափազանցված չէ »:
48. 2006թ.-ի XVIII-1եզրակացություն`
« Կոմիտեն իր նախորդ եզրակացության մեջ նշել էր, որ զինված ուժերի կադրային սպաների պարտադիր ծառայության ժամկետները (25 տարի) (Մարդու իրավունքների միջազգային դաշնությունն ընդդեմ Հունաստանի [Fédération internationale des droits de l’homme c. Grèce] գանգատի շրջանակներում բարձրացված հիմք (թիվ 7/2000, որոշում ըստ էության, 2000թ. դեկտեմբերի 5) կրճատվել էր թիվ 3257/2004 օրենքի համաձայն: Սույն փաստաթուղթը կրճատել էր կադրային սպաների մինչև զինված ուժերից հեռանալը պարտադիր ծառայության ժամկետը: Համալսարանական մակարդակի զինվորական կրթություն ստացած կադրային սպաները և նրանք, ովքեր ուսանել են արտասահմանում պարտավոր են ծառայել իրենց կրթության տևողության առնվազն կրկակի չափով: Այսպիսով, համաձայն նախորդ զեկույցի, պարտադիր ծառայության առավելագույն ժամետը նախկին 25-ի փոխարեն սահմանվել է 10 տարի: Կոմիտեն համարում է, որ այս ժամկետը համապատասխանում է 1-ին հոդվածի 2-րդ մասին»:
49. 2012թ.-ի XX-1 եզրակացություն`
« Զինված ուժերում ծառայության նվազագույն տևողությունը
Կոմիտեն ընդունում է ի գիտություն պրոֆեսիոնալ բանակում ծառայության նվազագույն ժամկետների մասին ներկայացված տեղեկությունները: Այն ընդգծում է, որ ցանկացած նվազագույն ժամկետ պետք է լինի ողջամիտ և երբ այն երկարացվում է ուսման կամ վերապատրաստման արդյունքով, ապա ժամկետը պետք է համաչափ լինի ուսման կամ վերապատրաստման տևողությանը: Նույն կերպ, պարտադիր ծառայության վաղաժամկետ դադարեցման հետ կապված բոլոր ծախսերը և ծախքերը պետք է նույնպես համաչափ լինեն»:
50. Բացի այդ, Իռլանդիայի վերաբերյալ 2012թ.-ի իր եզրակացություններում Կոմիտեն նշում էր.
« Զինված ուժերում ծառայության նվազագույն տևողությունը
Կոմիտեն հիշեցում է, որ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն էր կայացրել այն հիմքով, որ սպաները կարող էին դիմել զինված ուժերում իրենց ծառայության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու պահանջով իրենց վերապատրաստման ծախսերի առնվազն մի մասը փոխհատուցելու պայմանով, իսկ վաղաժամկետ թոշակի անցնումը թողնվել էր Պաշտպանության նախարարության հայեցողությանը: Այն համարել էր, որ արդյունքում ծառայության տևողությունը կարող էր անհամատեղելի համարվել աշխատանքն ընտրելու և դադարեցնելու ազատության հետ: Անհամապատասխանության այս հիմքն առաջ էր քաշվել 1998թ.-ից ի վեր (XIV-1 եզրակացություն, 435-րդ և 436-րդ էջեր) և զեկույցն որևէ փոփոխություն այս առումով չի արձանագրում»:
Գ) Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե
51. Նախարարների կոմիտեի Զինված ուժերի անդամների մարդու իրավունքների վերաբերյալ ՆԿ/Rec(2010)4 հանձնարարականն` ուղղված անդամ պետություններին (ընդունվել է 2010թ. փետրվարի 24-ին) նախատեսում է.
« 16. Իշխանությունները չպետք է զինված ուժերի անձնակազմին պարտադրեն ծառայության այնպիսի տևողություն, որը կարող է ոչ ողջամիտ սահմանափակում լինել զինված ուժերից դուրս գալու նրանց իրավունքի նկատմամբ և համարժեք լինի հարկադիր կամ պարտադիր աշխատանքի»:
Դ) Աշխատանքի միջազգային կազմակերպության Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վերաբերյալ թիվ 29 կոնվենցիա
52. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետը սահմանում է.
« 1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը նշանակում է` որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:
2. Այնուամենայնիվ, «հարկադիր կամ պարտադիր աշխատանք» եզրույթը սույն Կոնվենցիայի նպատակների համար չի ներառում.
ա) պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքներով պահանջվող և զուտ զինվորական բնույթի ցանկացած աշխատանք կամ ծառայություն»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
53. Դիմումատուն պնդում է, որ ներպետական օրենսդրության կողմից պարտադրվող երկար ժամանակ զինված ուժերում ծառայելու կամ ծառայելու իր հանձնառության դարդարեցման դիմաց ըստ նրա չափազանց մեծ գումար վճարելու պարտավորությունը հանդիսանում է հարկադիր կամ պարտադիր աշխատանք, քանի որ այն անհամաչափորեն է ազդում իր աշխատանքի ազատության վրա և չի հանդիսանում այդ ազատության անհրաժեշտ սահմանափակում: Այս առումով նա վկայակոչում է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասը, որը սահմանում է հետևյալը.
«
«Ոչ ոքի չպետք է պարտադրվի կատարել պարտադիր կամ հարկադիր աշխատանք»:
54. Դատարանը սույն գործի շրջանակներում նպատակահարմար է համարում նշել նաև 4-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան հասկացությունները`
« 3. Սույն հոդվածի տեսանկյունից «պարտադիր կամ հարկադիր աշխատանք հասկացությունը» չի ներառում`
բ) զինվորական բնույթի ցանկացած ծառայություն, իսկ այն երկրներում, որտեղ համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվելն օրինական է համարվում, պարտադիր զինվորական ծառայության փոխարեն նախատեսված այլ ծառայությունը»:
Ա) Ընդունելիության վերաբերյալ
1. Դիմումատուի տուժողի կարգավիճակի մասին
55. Հիմնվելով Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի որոշման վրա` Կառավարությունը վիճարկում է դիմումատուի տուժողի կարգավիճակը: Այս առումով այն նշում է, որ վերոնշյալ որոշման դրույթների մեկնաբանումը հանգեցրել է դիմումատուի պարտադիր ծառայության ժամկետի կրճատման և, հետևաբար, պետությանը վճարվելիք փոխհատուցման գումարի նվազեցման:
56. Դիմումատուն պնդում է, որ ո´չ Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի կայացրած թիվ 3230/2011 որոշումը, համաձայն որի նրա մասնագիտացման տարիները պետք է ընդգրկվեին զինված ուժերում պարտադիր ծառայության տևողության մեջ, ո´չ էլ Վերահսկիչ դատարանի հինգրերորդ պալատի թիվ 4909/2013 որոշումը նրան չեն զրկել տուժողի կարգավիճակից:
57. Դատարանը հիշեցնում է, որ ի շահ դիմումատուի կայացված որոշումը կամ միջոցառումը սկզբունքորեն ինքնին բավարար չեն նրան «տուժողի» կարգավիճակից զրկելու համար, որը եթե ներպետական իշխանություններն ուղղակիորեն կամ ըստ էության ընդունել են, ապա վերականգնել Կոնվենցիայի խախտումը: Ինչ վերաբերում է ներպետական մակարդակում Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի խախտման արդարացի և բավարար հատուցմանը, Դատարանը համարում է, որ այն, ընդհանուր առմամբ, կախված է գործի հանգամանքներից` հաշվի առնելով, մասնավորապես, Կոնվենցիայի խախտման բնույթը (Սկորդինոն ընդդեմ Իտալիայի [Scordino c. Italie] (թիվ 1) [ՄՊ], թիվ 36813/97, կետեր 180 և 186, ՄԻԵԴ 2006-V):
58. Դատարանը նշում է, որ սույն գործում դիմումատուի բողոքը հիմնվում է զինված ուժերում զինվորական պարտադիր ծառայության տևողության վրա, ինչպես նաև սահմանված ժամկետից շուտ ծառայողական պարտականությունների դադարեցման դեպքում պետությանը վճարվելիք գումարի վրա: Դատարանը նշում է, որ Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը վերջնականապես մերժել է Կոնվենցիայի խախտման վերաբերյալ բողոքները և ինչով էլ ուղղորդվել է հինգերորդ պալատը: Բացի այդ, Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատն իր որոշման մեջ սահմանափակվել է միայն նրանով, որ արձանագրել էր, որ դիմումատուն զինված ուժերում պետք է ծառայեր ևս չորս տարի, չորս ամիս և տաս օր և, հետևաբար, փոփոխել փոխհատուցման գումարը` 106 960 եվրոյից նվազեցնելով մինչև 49 978,33 եվրո : Վերահսկիչ դատարանն ուղղակիորեն կամ ըստ էության Կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման վերաբերյալ եզրակացություն չի կայացրել: Պարտադիր ծառայության ժամկետի և դիմումատուի կողմից փոխհատուցման գումարի զգալի կրճատումը գործի ըստ էության քննության մաս են կազմում և չեն կարող որևէ կերպ ազդել նրա տուժողի կարգավիճակի վրա:
2. Գանգատի ներկայացման վաղաժամ բնույթի վերաբերյալ
59. Կառավարությունը պնդում է, որ գանգատը ներկայացվել է վաղաժամ, քանի որ, ըստ վերջինիս, դիմումատուն մինչև Դատարան գանգատ ներկայացնելը կարող էր սպասել Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատի 2013թ. դեկտեմբերի 12-ի որոշմանը զինված ուժերում պարտադիր ծառայության տևողության և փոխհատուցման գումարի վերաբերյալ:
60. Դիմումատուն նշում է, որ 2011թ. դեկտեմբերի 7-ի թիվ 3230/2011 որոշմամբ Վերահսկիչ դատարանի լիագումար նիստը վերջնականապես մերժել էր Կոնվենցիայի խախտման վերաբերալ իր բողոքները: Նա հավելում է, որ այդ որոշումը պարտադիր էր նաև Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատի համար և այն չէր կարող նորից եզրակացություն կայացնել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման մասին:
61. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող մեկնաբանվել այն կերպ, համաձայն որի այն դիմումատուից կպահանջեր գանգատ ներկայացնել Դատարան մինչև վիճարկվող հարցի վերաբերյալ ներպետական մակարդակում վերջնական որոշման կայացումը (Վարնավան և մյուսներն ընդդեմ Թուրքիայի [Varnava et autres c. Turquie][ՄՊ], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, կետ 157, ՄԻԵԴ 2009).
62. Սույն գործում Դատարանը նշում է, որ դիմումատուն իր հայցը ներկայացրել է 2012թ. հուլիսի 31-ին, այսինքն`Վերահսկիչ դատարանի լիագումարի նիստի որոշումից հետո: 2013թ.-ի դեկտեմբերի 12-ին իրենց փոխանցված հայցի քննության ժամանակ Վերահսկիչ դատարանի հինգերորդ պալատն իրավասու է եղել միայն վերանայել դիմումատուի կողմից վիճարկվող վարչական ակտերը` ըստ լիագումար նիստի իրավական եզրակացությունների: Հինգրերորդ պալատն չէր կարող վերանայել Կոնվենցիայի վերաբերյալ հայցը, այլ կարող էր միայն դիմումատուի մասնագիտացման հինգ տարիներն ընդգրկել զինված ուժերում պարտադիր ծառայության տևողության մեջ և, հետևաբար, վերահաշվարկել վճարման ենթակա փոխհատուցման համապատասխան չափը: Հետևաբար Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից ներպետական վերջնական որոշումը Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի թիվ 3230/2011 որոշումն է եղել :
3. Գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման մասին
63. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուն չարաշահել է գանգատ ներկայացնելու իր իրավունքը, առավել ևս այն դեպքում, որ նա վիճարկում է այն փաստը, որ որպես գերհաստիքային կադր նշանակվել է Պապանիկոլաուի անվան շրջանային գլխավոր հիվանդանոցում որպես օգնական բժիշկ-անեթեզիոլոգ : Մինչդեռ թե´ Վերհսկիչ դատարանի հինգերորդ պալատը, թե´ վերջինիս լիագումար նիստը վերջնականպաես որոշում էին կայացրել այն մասին, որ դիմումատուն իր մասնագիտացումը ձեռք բերելու նպատակով օգտվել էր որպես գերհաստիքային կադր նշանակվելու հնարավորությունից :
64. Դիմումատուն պնդում է, որ իր գանգատն որևէ չարաշահող ձևակերպում չի պարունակում, զուրկ չէ իրական խնդրից և Դատարանին մոլորեցնելու նպատակ չունի:
65. Դատարանը հիշեցնում է, որ 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի համաձայն գանգատը կարող է հայտարարվել չարաշահող մասնավորապես, եթե այն հիմնվում է միտումնավոր ոչ իրական փաստերի վրա : Անավարտ և, հետևաբար, ապակողմնորոշող տեղեկությունը կարող է վերլուծվել որպես գանգատի ներկայացման իրավունքի չարաշահում, մասնավորապես, երբ այն վերաբերում է գործի առանցքին և որ դիմումատուն բավարար կերպով չի կարող բացատրել, թե ինչու չի բացահայտել համապատասխան տեղեկությունները (Գրոսնընդդեմ Շվեցարիայի [Gross c. Suisse] [ՄՊ], no 67810/10, կետ 28, սեպտեմբերի 30, 2014) :.
66. Սույն գործում, Դատարանը դիմումատուի գանգատում չի տեսնում որևէ տարր, որը թույլ կտար այն չարաշահող համարել : Մասնագիտացում ձեռբերելու համար դիմումատուի որպես գերհաստիք չնշանակվելու կամ չնշանակվելու հարցը փաստերին վերաբերող հարց է, կարևորությունը սահմանափակ է Կոնվենցիայի 4-րդ հոդվածի խախտման հիմնավորվածության վերաբերյալ Դատարանի գնահատականի շրջանակներում:
4. Եզրակացություն
67. Դատարանը մերժում է Կառավարության առարկությունները : Ավելին, համարելով, որ գանգատը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի տեսանկյունից անկնհայտորեն անհիմն չէ, Դատարանը չի տեսնում անընդունելիության որևէ պատճառ, ուստի, գանգատն ընդունելի է հայտարարում :
Բ) Էության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
68. Կառավարությունը պնդում է, որ սույն գործում ներկայացված իրավիճակը հարկադիր աշխատանքի դեպք չի հանդիսանում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից: Այն նշնում է, որ ռազմական դպրոցում ուսումառվելուց, կրստեր լեյտենանտի կոչում և մանագիտացում ստանալուց կամավոր կերպով պարտավորվել է ծառայել զինված ուժերում տասներկու տարի ժամկետով, որին ավելացել էին ևս հինգ տարի : Այն հավելում է, որ դիմումատուն տեղյակ է եղել այս պարտավորության մասին, որն ակնհայտորեն նախատեսված է եղել օրենքով, քանի որ վերջինի դրույթները բժիշկ սպայի կարիերայի կարգավորման շրջանակների մաս են կազմում և որ դիմումատուն նույնիսկ դիմել է այս նորմատիվային շրջանակով սահմանված ընթացակարգերին և օգտվել դրանից բխող արտոնություններից :
69. Կառավարությունը պնդում է նաև, որ դիմումատուի հայտարարությունները, համաձայն որոնց նա ստիպված է եղել մասնագիտացում ստանալ, հիմնավորված չեն : Նման մասնագիտացումը պարտադիր չէ և հաշվի է առնվել միայն դիմումատուի դեպքում : Վերջինս կամավոր է մասնակցել զինված ուժերի կողմից կազմակերպված մրցույթին, որը նպատակ է ունեցել համալրել մասնագետների պաշտոնները : Դիմումատուն ստացել է արտոնյալ վերաբերմունք` գերհաստիքի շրջանակներում բժիշկին սպաներին մասնագիտացող բժիշկների տեղերում նշանակվելով: Նա նաև օգտվել է առաջխաղացման հնարավորություններից (դարձել էր հրամանատար), որոնք բխել են նման մասնագիտացում ձեռբերելուց : Ավելին, ըստ Կառավարության, դիմումատուն, համաձայն նախագահական թիվ 1400/1973 հրամանագրի 63-րդ հոդվածի 4-րդ մասի, ստացել է մասնավոր ոլորտում բժիշկական գործունեության ծավալելու իրավունք:
70. Բացի այդ, Կառավարությունը կրկնում է, որ դիմումատուն ընդգրկվել է գերհաստիքի շրջանակներում մասնագիտացում ստանալու համար, մինչդեռ քաղաքացիական բժիշկները նշանակման համար ստիպված են եղել սպասել տեղերի ազատմանը և նոր հաստիքների ստեղծման դեպքում նշանակվել են ըստ առաջնահերթության կարգով կամ վիճակահանությամբ: Դիմումատուն, այսպիսով, ձեռք է բերել մասնագիտացում առանց ստիպված լինելու սպասել, առանց որևէ քայլեր ձեռնարկելու և ծախսեր կատարելու: Ավելին, մասնագիտացման ողջ ընթացքում, նա ստացել էր ռազմական բժիշկի աշխատավարձ:
71. Բացի այդ, Կառավարությունը պնդում է, որ չի բողոքում իր դեպքում համաչափության սկզբունքի խախտումից և, հետևաբար, Դատարանը նման հարցը քննելու իրավասություն չունի: Այն հավելում է, որ դիմումատուն, նույնիսկ որպես այլընտրանք, չի բողոքել այն մասին, որ իր ծառայության տևողությունն ավելի կարճ պետք է լիներ կամ որ նա պետք է ավելի քիչ փոխհատուցում վճարեր, այլ նա լոկ հայտարարել է, որ նա պետք է կարողանար դադարեցնել իր պարտավորությունների կատարումն առանց որևէ սահմանափակման և ընտրել զինված ուժերից հեռանալու պահը: 72. Ինչ վերաբերում է թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների նպատակին և համաչափությանը, Կառավարությունը հղում է կատարում Վերահսկիչ դատարանի թիվ 2763/2013 և 3822/2013 որոշումների ներածությանը (վերը նշված 39–42 կետեր) :
73. Վերջապես, Կառավարությունը հստակեցնում է, որ դիմումատուն վճարվելիք գումարն անմիջապես չվճարելու և Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի վերջնական որոշմանը սպասելու հնարավորություն ուներ` նախապես թիվ 721/1970 հրամագրի 94-րդ հոդվածի և թիվ 1225/1981 հրամանագրի 51-րդ հոդվածի հիման վրա որոշման կատարման հետաձգման հայց ներկայացնելով : Այն նշում է, որ ներպետական իրավունքը հնարավորություն է տալիս պարտքը մարել աստիճանաբար` այդ մասին զինված ուժերին դիմում ներկայացնելով: Կառավարությունը համոզված է, որ զինված ուժերը, այս առումով խոհեմ մոտեցում ցուցաբերելով, հաշվի կառնեին դիմումատուի ֆինանսական վիճակը, փոխհատուցման չափը և այս հարցում առկա պրակտիկան:
բ) Դիմումատուն
74. Վկայակոչելով Վան դեռ Մյուսելեն ընդդեմ Բելգիայի [Van der Mussele c. Belgique] (նոյեմբերի 23, 1983թ., 34-35 կետոր, շարք Ա, թիվ 70) վճիռը և Միհալն ընդդեմ Սլովակիայի [Mihal c. Slovaquie] ((որոշում.) թիվ 23360/08, 44-47 կետեր, հունիսի 28, 2011թ.) որոշումը` դիմումատուն պնդում է, որ միջոցառումը, որը կիրառվել է իր նկատմամբ, եթե նույնիսկ քրեական բնույթի չի եղել, «պատժի սպառնալիք» է հանդիսացել : Նա մասնավորապես նշում է, որ այս միջոցառումն առաջացրել է զգալի ծանր հետևանքներ, բավականաչափ ահռելի, որպեսզի նրան ստիպեին իր կամքին հակառակ ծառայել «պատժի սպառնալիքի» տակ: Այս առումով նա պնդում է, որ Կառավարությունը միայն նշում է այլ պետություններում նման կարգավորման օրինակներ և թվարկում որոշ արտոնություններ, որոնք կմեղմացնեին միջոցառման ծանրությունը:
75. Դիմումատուն, հիմնվելով Վան դեռ Մուսելե [Van der Mussele](վերը նշված) գործի շրջանակներում Դատարանի նախադեպային իրավունքի վրա, պնդում է, որ երբեք «կամավոր» չի ցանկացել կատարել տվյալ աշխատանքը : Նա ընդունում է, որ ցանկացել է դառնալ զինված ուժերի սպա և, հետևաբար, նա ստիպված է եղել ընդունել այս ընտրության հետ կապված բոլոր պահանջները : Այնուամենայնիվ, նա հստակեցնում է, որ միայն ընդունել է ընդհանուր բնույթի կարգավիճակ, ինչը, իր կարծիքով, կարող է համարվել որպես ուղղակի համաձայնություն ստանձնելու պարտավորություններ, որոնք հակասում է Կոնվենցիայով երաշխավորված իրավունքներին : Նա, բացի այդ, պնդում է, որ զինված ուժերն երբեք նրան չեն տեղեկացրել լրացուցիչ հինգ տարի ծառայելու պարտավորության մասին: Նա պնդում է, որ սպաներին, այդ թվում` իրենց ուղղված 1991թ. հունվարի 18-ի հրավերը նպատակ է ունեցել խրախուսել միայն մասնագիտացման ձեռքբերումը և, ստանալ լրացուցիչ փորձառություն, որը զինված ուժերում լավագույն հեռանկարներ կարող էր ապահովել :
76. Ինչ վերաբերվում է հարկադրանքի միջոցառման ողջամտությանը, դիմումատուն պնդում է, որ գիտական հոդվածներ հրապարակելու և մասնավոր ոլորտում բժշկական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունը բավարար չեն փոխհատուցելու պետության հարկադրանքը : Այս առում, նա ընդգծում է, որ նա անեսթեզիոլոգ է և ոչ թերապևտ: Իր համար, եթե վիճահարույց փոխհատուցումն ուղղված լիներ, ինչպես պնդում է Կառավարությունը, պետության կողմից սպաների վերապատրաստմանն ուղղված ծախսերը, այն պետք է հաշվարկվեր վերապատրաստման ժամանակահատվածի ( և ոչ պարտադիր ծառայության ողջ ընթացքի) և վերապատրաստման համապատասխան ծախսերի հիման վրա: Մինչդեռ Կառավարությունը չի կարողացել հաշվարկել նմանատիպ գումար:
77. Բացի այդ, դիմումատուն պնդում է, որ չնայած Կառավարության հայտարարություններին, սույն գործը չի ներառվում Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետի շրջանակներում: Նա համարում է, որ իրականում այս մասը վերաբերում է զորակոչին և չի կիրառվում կադրային զինվորականներին :
78. Վերջապես, դիմումատուն պնդում է, որ ոչ միայն իշխանություններն իրեն հնարավորությունն չեն տվել պահանջվող գումարը վճարել մի քանի փոխանցումների միջոցով, այլ որ նա ստիպված է եղել պարտքը մարել մինչև 2010թ. մայիսի 31-ը վճարման ուշացման հետ կապված տոկոսներն ամբողջովին չվճարելու համար:
2. Դատարանի գնահատականը
ա) Գործի նշանաությունը
79. Դատարանը հիշեցնում է, որ «հարկադիր կամ պարտադիր» աշխատանք հասկացությունում, ածականներից առաջինն ենթադրում է ֆիզիկական կամ բարոյական հարկադրանք: Ինչ վերաբերում է երկրորդին, այն ուղղված է իրավական պարտականությանը: Օրինակ, ազատ կամքով ստորագրված պայմանագրի շրջանակներում իրականցվելիք աշխատանքը չի կարող դիտարկվել 4-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ պայմանագրի երկու կողմերից մեկը մյուս առաջ պարտավորվել է իրականացնել աշխատանք և ենթակա է պատժամիջոցների պայմանագրային իր պարտավորություները չկատարելու դեպքում : Այստեղ խոսքը գնում է «ինչ-որ պատժի սպառնալիքի տակ պահանջվող աշխատանքի» մասին և, ավելին, հակառակ լինելով տվյալ անձի կամքին, այն «վերջինս կամովին չի կատարել» (վերը նշված Վան դեռ Մուսելե [Van der Mussele], կետ 34) :
80.Ինչ վերաբերում է 4-րդ հոդվածի 3-րդ մասին, Դատարանն արդեն առիթ էր ունեցել որոշելու, որ այն չի կարող թույլ տալ սահմանափակել 2-րդ մասով երաշխավորված իրավունքի իրագործումը, այլ հստակեցնել այս իրավունքի սահմանները : Այն 2-րդ մասի հետ մեկ ամբողջություն է կազմում և նշում է այն, ինչ հարկադիր կամ պարտադիր աշխատանք չի համարվում (նույն տեղում, կետ 38) : Մինչդեռ, ըստ 3-րդ մասի, հարկադիր կամ պարտադիր աշխատանք չի համարվում բ) « զինվորական ցանկացած ծառայություն, կամ, այն դեպքում, երբ համոզմունքների հիման վրա զինվորական ծառայությունից հրաժարվելն օրինական է տվյալ երկրում, զինվորական պարտադիր ծառայության փոխարեն նախատեսված մեկ այլ ծառայությունը» :
81. 1968թ, հուլիսի 19-ի W.-ը, X-ը., Y.-ը և Z-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [W., X., Y. et Z. c. Royaume-Uni] (թիվ 3435/67, 3436/67, 3437/67 և 3438/67, տեղեկագիր 11, էջ 594), որոշման մեջ Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովն համարել էր, որ 4-դր հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետը վերաբերում է ոչ միայն պարտադիր զինվորական ծառայությանը, այլ ցանկացած տեսակի զինվորական ծառայությանը, այդ թվում` կադրային զինվորականների կողմից իրենց կամքով ստանձնած ծառայությանը : Վերոնշյալ բացառության այս լայն մեկնաբանությունը, որոնք ուղղված էին չափահասության տարիքի զորակոչիկներին, կարծես թե հիմնում է միայն բ) ենթակետի նախադասության առաջին մասի վրա` վկայակոչելով «ցանկացած զինվորական ծառայություն» հասկացությունը:
82. Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ պատասխանող պետությունը չի վկայակոչել 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետ` կարծես թե համարելով, որ այս դրույթը չի կիրառվում բժիշկ զինվորական դիմումատուի դեպքում:
83. Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետը պետք է դիտարկվի ամբողջությամբ : Հետևաբար, պարզվում է, որ բ) ենթակետն` ամբողջությամբ և իր համատեքստում, ուղղված է պարտադիր զինվորական ծառայությանն այն երկրներում, ուր այն գոյություն ունի և սա երկու պատճառով. մի կողմից, կապված համոզմունքների հիման վրա ծառայություն հրաժարվող անձանց հետ, որոնք ամենայն հավանականությամ նորակոչիկներ են և ոչ կադրային զինվորականներ, իսկ մյուս կողմից պարբերության վերջում նշված զինվորական պարտադիր ծառայության հստակ հղման հետ կապված : Դատարանը հիշեցնում է այս առումով մեկնաբանման ընդհանուր սկզբունքը, համաձայն որի ցանկացած կանոնի բացառություն պետք է հստակորեն մեկնաբանվի : Սա վերաբերում է առավել ևս Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1 –ին և 2-րդ մասերի արգելքներին, որոնք Կոնվենցիայի միջուկն են հանդիսանում:
84. Բացի այդ, Դատարանը նշում է, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) թիվ 29 Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ մասի ա) ենթակետը սահմանում է, որ հարկադիր և պարտադիր աշխատանք հասկացությունը չի ներառում «պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքներով պահանջվող և զուտ զինվորական բնույթի ցանկացած աշխատանք կամ ծառայությունը», ինչը ենթադրում է, որ այս բացառությունը վերաբերում է միայն զորակոչին:
85. Նույն կերպ, Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների կոմիտեն հարկադիր աշխատանքի ոլորտում տարբերակում է զորակոչիկների և կադրային զինվորականների դեպքերը : Տարբեր երկրների, այդ թվում նաև` Հունաստանի վերաբերյալ եզրակացություններից պարզվում է, որ Կոմիտեն հարկադիր աշխատանքն արգելող Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2–րդ մասին հակասող է համարել կադրային զինվորականի պարտադիր ծառայության չափազանց երկար տևողությունը (վերը նշված 46-50-րդ կետեր):
86. Բացի այդ, Զինված ուժերի անդամների մարդու իրավունքների վերաբերյալ անդամ պետություններին ուղղված Նախարարների կոմիտեի ՆԿ/Rec(2010)4 հանձնարարականը հարկադիր աշխատանքի հասկացության հետ է կապում պարտադիր ծառայության ոչ ողջամիտ տևողությունը, որն իշխանությունները կարող են պարտադրել զինված ուժերի անդամներին (վերը նշված 52-րդ կետ):
87. Վերոնշյալի հիման վրա, Կոնվենցիայի առարկային և նպատակին համաձայն, Դատարանը համարում է, որ 4-րդ հոդվածի 3-րդ մասի բ) ենթակետը չի ընդգրկում կադրային զինվորականների աշխատանքը. Հետևաբար, այս դեպքում Դատարանը ստիպված ` հարցը քննել 4-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համապատասխանության տեսանկյունից :
բ) 4-րդ հոդվածի 2-րդ մասի հետ համապատասխանությունը
88. Այս համատեքստում, սույն գործում հարկավոր է պարզել, թե արդյոք դիմումատուն «կամովին» ցանկացել կատարել այդ աշխատանքը` նախապես տեղյակ լինելով դրանից բխող հետևանքների մասին, և արդյոք օրենքով նախատեսված ժամկետից առաջ աշխատանքի դադարեցման մասին որոշումը կարող էր փոփոխվել «պատժի սպառնալիքով» պայմանավորված :
89. Դատարանը հիշեցնում է, որ 1986թ.-ին դիմումատուն ընդունվել էր զինված ուժերի ռազմական դպրոց (բժշկական բաժին) և որ այս միջոցով նա ընդունվել են Սալոնիկի համալսարանի բժշկական ֆակուլտետ (ուսումը տևել է վեց տարի): Այս ընթացքում նա աշխատավարձ է ստացել: 1993թ. հունիսի 3-ին ուսումն ավարտելուց հետո, նա ստացել է ցամաքային զորքերի կրտսեր լեյտենանտի կոչում և, «Սպաների կարգավիճակի վերաբերյալ» թիվ 1400/1973 հրամագրի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պարտավորվել ծառայել զինված ուժերում իր կրթության տևողության եռապատիկի չափով, այսինքն` տասնութ տարի ժամկետով:
90. Այնուհետև, զինված ուժերի հրավերով դիմումատուն որոշել էր մասնագիտանալ անեսթեզիոլոգիայի ոլորտում և այսպիսով, զինված ուժերի միջնորդությամբ նշանակվել էր Սալոնիկի թիվ 424 զինվորական գլխավոր հիվանդանոցում, ուր 1996թ. հուլիսի 26-ից մինչև 1997թ, հուլիսի 30-ը զբաղեցրել է կլինիկական օրդինատորի պաշտոն: Այնուհետև, կրկին զինված ուժերի միջնորդությամբ 1997թ, հուլիսի 30-ից մինչև 2001թ. հուլիսի 27-ը աշխատել է Սալոնիկի Պապանիկոլաուի անվան շրջանային գլխավոր հիվանդանոցում, որպես օգնական բժիշկ` անեսթեզիոլոգայի մասնագիտացմամբ` ստանալով համապատասխան աշխատավարձ: Մասնագիտացում ձեռքբերելով, համաձայն թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի 7-րդ մասի, նա պարտավորվում էր զինված ուժերում ծառայել ևս հինգ տարի :
91. Դատարանը նշում է, որ դիմումատուի ուսումնառության ընթացքում ուժի մեջ է մտնում թիվ 3257/2004 նոր օրենքը, որը փոփոխում է սպաների ծառայության վաղաժամկետ դադարեցման պայմանները : Այսպիսով այս օրենքի 1-ին հոդվածը սպաների պարտադիր ծառայության ժամկետը կրճատում է ռազմական դպրոցում ուսումնառության տևողության կրկնակիի չափով, սակայն անփոփոխ է թողում մասնագիտացում ստացած սպաների լրացուցիչ հինգ տարվա ծառայության պայմանը և հնարավորություն ընձեռում դադարեցնել պարտադիր ծառայությունը մինչև սահմանված ժամկետի ավարտը պետությանը վճարելով փոխհատուցում, որը հաշվարկվում էր սպանի կոչմանը համապատասխան աշխատանքը պարտադիր ծառայության մնացյալ ամիսների թվի հետ բազմապատկելով: Ուստի, հաշվի առնելով 2006թ. հունվարի 22-ին գործող օրենսդրական շրջանակները, այդ ժամանակ 37-ամյա դիմումատուն որոշում է հրաժարական ներկայացնել: Դատարանը կքննի, թե արդյոք պահանջվող աշխատանքը կրում էր հարկադիր կամ պարտադիր բնույթ :
92. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ դիմումատուն իրավամբ չի կարող պնդել, որ տեղյակ չի եղել այս սկզբունքի և պարտավորությունների մասին, երբ որոշել է դառնալ սպա և զինվորական բժիշկ: Զինված ուժերում ընդգրկվելու հիմնական արտոնություններից մեկը կրթության անվճար լինելն է : Իրապես, զինված ուժերը ստանձնում են կրթության ընթացքում առաջացած բոլոր ծախսերը, վարձատրում են և տալիս կադրային զինվորականների համար նախատեսված սոցիալական արտոնություններ : Փոխարենը պահանջվում է, որ սպան պարտավորվի ծառայել զինված ուժերում դիպլոմը ստանալուց հետո որոշ ժամանակահատվածի ընթացքում :
93. Դատարանը նշում է, որ Պետական խորհուրդը (որոշում թիվ 1571/2010) համարել էր, որ թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածի սկզբնական տարբերակը, որը սպաների համար նախատեսում էրկրթության տևողության եռապատիկ չափով պարտադիր ծառայության պարտավորությունն առանց այն դադարեցնելու հնարավորության, հակասում է Եվրոպական սոցիալական խարտիայի 1-ին հոդվածի 2-րդ կետին: Այս պարտավորությունը մեղմացվել է 2004թ. հուլիսի 29-ին ուժի մեջ մտած թիվ 3257/2004 օրենքով : Հենց այս օրենքի հիման վրա էր հաշվարկվել դիմումատուի պետության փոխհատուցման գումարի չափը :
94. Դատարանը համարում է, որ ուսումնառությունից հետո զինվորական սպաների որոշակի ժամանակահատվածում պարտադիր ծառայության պարտավորությունն անբաժանելի է նրանց վստահված առաքելությունից : Զինված ուժերի միջոցների հաշվին վերապատրաստված սպաների ծառայության պարտավորության տևողությունը և պարտավորության դադարեցման պայմաններն ընդգրկված են պետությանը հայեցողության սահմաններում: Պետության սպաների և ռազմական բժիշկների վերապատրաստմանն ուղղությամբ կատարված ներդրումների եկամտաբերության և իր կարիքներին համապատասխան որոշակի ժամանակահատվածում բավարար կազմի ապահովման ցանկությունը հիմնավորում է որոշակի ժամանակահատվածում պարտավորություններից հրաժարվելու արգելքը և կենցաղային և ուսման այն բոլոր ծախսերի փոխհատուցման պահանջը, որոնք պետությունը կատարել է ուսման ողջ ընթացքում` ապահովելով տվյալ անձի վարձատրությունը և ընձեռելով սոցիալական արտոնություններ :
95. Այս առումով, Դատարանը տեղին է համարում Վերահսկիչ դատարանի թիվ 2763/2013 և 3822/2013 որոշումների ներածությունը, որի համաձայն վիճահարույց կարգը նպատակ ուներ խուսափել սպաների հանկարծակի, վաղաժամ և կոլեկտիվ հեռացումից և պետության պաշտպանունակությունը վտանգի դնելուց:
96. Մնում է միայն ստուգել, թե արդյոք դիմումատուին պարտադրվել է ոչ համաչափ բեռ, միակ բանը, որը կարող է հանգեցնել Դատարանի կողմից Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասին եզրակացմանը :
97. Վերը նշված Վան դեր Մուսելե [Van der Mussele] ( կետ 37) վճռում Դատարանը համարել էր, որ եթե որևէ մասնագիտության հասնելու համար մատուցվող ծառայությունը պարտադրում էր ապագայում այս ծառայության հետ կապված արտոնությունների համեմատությամբ չափազանց ծանր և անհամաչափ բեռ, որի կատարումը տվյալ անձի կողմից չի կարող ընկալվել, որ նա «կամովին» է հանձառել պահանջվող աշխատանքը, ապա պահանջվող ծառայությունն ընկնում էր պարտադիր աշխատանքի արգելման տակ : Որոշելու համար, թե արդյոք դիմումատուի սերվիտուտը գերազանցում է նրա կողմից ընտրված մասնագիտության արտոնությունները, Դատարանը կուսումնասիրի ոչ թե ռազմական դպրոց ընդունվելու և մասնագիտացում ստանալու, այլ 2004թ.-ին թիվ 1400/1973 հրամագրի ուժի մեջ մտնելու ժամանակաշրջանը: Իրականում, հենց այս հրամանագրի հիման վրա է դիմումատուն որոշել դադարեցնել իր պարտավորությունները և իր գործողությունները համապատասխանեցրել է վերջինիս պահանջներին:
98. Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ զինված ուժերի միջնորդությամբ է դիմումատուն սովորել բժշկական ֆակուլտետում և այնուհետև անեսթեզիոլոգի մասնագիտացում` ստացել 1996թ.-ից մինչև 2001թ. աշխատելով նախ Սալոնիկի թիվ 424 զինվորական գլխավոր հիվանդանոցում, այնուհետև Սալոնիկի Պապանիկոլաուի անվան շրջանային գլխավոր հիվանդանոցում: Այս առումով այն նշում է, որ թիվ 1397/1983 օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասն արգելում էր հիվանդանոցում առկա հաստիքներից ավել նշանակումներ կատարել, սակայն նման գործողությունը թույլ էր տալիս զինված ուժերի բժիշկների համար, մի հնարավորություն, որից օգտվել է դիմումատուն : Բացի այդ, հունական օրենսդրությունը դիմումատուի պես սպաներին ընտրություն է ընձեռում որոշակի ժամանակահատված աշխատել զինված ուժերում, այնուհետև սահմանված ժամկետից առաջ հեռաանալ համակարգից փոխհատուցում վճարելու պայմանով :
99. Դատարանը նշում է նաև, որ վերը նշված թիվ 3257/2004 օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, առողջապահական ծառայության սպաներին, ինչպես նաև դիմումատուին, թույլատրվել էր իրենց աշխատանքային ժամերից դուրս մասնավոր ոլորտում զբաղվել բժշկական գործունեությամբ:
100. Այս պայմանները ցույց են տալիս, որ ռազմական բժիշկներն իրենց կրթության և մասնագիտացման շրջանակներում օգտվում են արտոնություններից, որոնցից զուրկ են քաղաքացիական բժշկության ոլորտի ուսանողները, այդ թվում նաև` կայուն աշխատանք ունենալու հնարավորությունից: Եթե հավելվի նաև այն փաստը, որ իրենց ուսումնառության ողջ ընթացքում նրանք աշխատավարձ են ստանում, ապա պարտադիր ծառայության սահմանված ժամկետից առաջ զինված ուժեր համակարգից դուրս գալ ցանկացող անձանց պետությանը նրանց վերպատրաստման ուղղությամբ կատարված ծախսերի դիմաց փոխհատուցելու պարտավորությունը հիմնավորված է: Ուստի, Դատարանը համարում է, որ պարտադիր ծառայության մնացած տարիների դիմաց փոխհատուցումը համաչափության սկզբունքի տեսանկյունից որևէ խնդիր չի առաջացնում :
101. Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ որոշ դեպքերում, փոխհատուցման պայմանները կարող են խախտել այն հավասարակշռումը, որը պետք է լինի տվյալ զինվորականի անհատական իրավունքի պաշտպանության և համայնքի շահերի միջև:
102. Սույն գործում Դատարանը նշում է, որ երբ, մի կողմից, դիմումատուն հրաժարական է ներկայացրել, ցամաքային զորքերի գլխավոր շտաբը նրան տեղեկացրել էր, որ մնում է պարտադիր ծառայությունն ավարտելու համար նրան մնում էր ինը տարի, չորս ամիս և տասներկու օր և որ հակառակ դեպքում նա պարտավոր էր վճարել պետությանը 106 960 եվրո (2007թ. մայիսի 26-ի որոշում) : Մյուս կողմից, նա նշում է, որ 2013թ. դեկտեմբերի 12-ին Վերահսկիչ դատարանը վերջականապես վճռել էր, որ դիմումատուի մասնագիտացման հինգ տարիները պետք է ընդգրկեն պարտադիր ծառայության ժամկետի մեջ և, հետևաբար, պետությանը փոխհատուցման գումարը հաշվարկեց 49 978,33 եվրո:
103. Դատարանն ընդունում է ի գիտություն Կառավարության և դիմումատուի կողմից նշված ուսումնառության և անեսթեզիոլոգիայի բնագավառում մասնագիտացման տարիներին ստացած աշխատավարձի և պարգևատրումների չափը հստակեցնելու անհնարինությունը: Այն նշում է սակայն, որ նրանց սեփական գնահատակաանի համաձայն, դիմումատուն և Կառավարությունը նշում են, որ դիմումատուն ընդհանուր առմամբ ստացել է նվազագույնը 86 976 եվրո և առավելագույնը 91 476 եվրո 1986թ. սեպտեմբերից մինչև 1993թ. հունիս, այնուհետև 1996թ. օգոստոսից մինչև 2001թ. հուլիս ընկած ժամանակաշրջանում:
104. Դատարանը համարում է, որ 49 978,33 եվրո գումարը, որ դիմումատուն վճարել է Վերահսկիչ դատարանի 2013թ. դեկտեմեբրի 12-ի որոշման համաձայն, կազմել է վիճահարույց ժամանակաշրջանում (86 976 եվրոյից մինչև 91 476 եվրո) ստացած գումարի երկու երրորդ մասից ավելի քիչ և այս առումով այն չի կարող ոչ ողջամիտ համարվել:
105. Բացի այդ, Դատարանը նշում է, որ դիմումատուի դիմումին ի պատասխան, 2009թ. մարտի 17-ին Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի նախագահն ընդունեց միջանկյալ որոշում, որով դադարեցրեց 2007թ. մայիսի 26-ի որոշման կատարումը : Հետաձգումը հաստատվել էր 2009թ. հոկտեմբերի 21-ին Վերահսկիչ դատարանի լիագումար նիստում:
106. Սակայն որոշման կատարման հետաձգումը չի խանգարել Սալոնիկի հարկային կենտրոնին 2009թ. մարտի 18-ին և ապրիլի 9-ին դիմումատուից պահանջել վճարել 109 527 եվրո, որում ներառված էին վերը նշված 106 960 եվրոն` գումարած 2 139,20 եվրո արժողությամբ հարկային նամականիշ և 427,84 եվրո հօգուտ գյուղատնտեսական ապահովագրության կազմակերպության: 2010թ. մայիսի 10-ին Ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դիմումատուին տեղեկացրել է, որ նախորդ տարվա ընթացքում գումարը չվճարելու արդյունքում, ավելացվել են ուշացման տոկոսներ 13 143,24 եվրոյի չափով: Այն նաև տեղեկացնում էր, որ մինչև 2010թ. մայիսի 31-ը վճարելու դեպքում կարող էր օգտբել տոկոսների վրա կիրառվող 80 % զեղչից : 2010թ. մայիսի 26-ին դիմումատուն Սալոնիկի հարկային կենտրոնին վճարեց 112 155,69 եվրո :
107. Չնայած նախ Վերահսկիչ դատարանի լիագումար նիստի նախագահի, այնուհետև լիագումարի նիստի կողմից դիմումատուին շնորհված վիճահարույց որոշման կատարման հետաձգմանը և չնայած Վերհսկիչ դատարանում դեռևս նոր սկսված վարույթին, դիմումատուն ստիպված է եղել Ֆինանսերի նախարարության հարկային ծառայության 2010թ. մայիսի 10-ի միջամտության արդյունքում վճարել հասանելիք գումարը` գումարած 12% - 13% տոկոսները : Եթե նա չհամաձայներ վճարել ողջ գումարը, ապա այն ավելի կաճեր Վերահսկիչ դատարանի քննության համար անհրաժեշտ ժամանակահատվածի արդյունքում :
108. Բացի այդ, Դատարանը նշում է, որ եթե «Պետության եկամուտների հավաքագրման մասին» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և թիվ 721/1970 հրամանագրի 96-րդ հոդվածն այնպես, ինչպես մեկնաբանվել են Պետական իրավական խորհրդի կողմից, սահմանում են, որ զինված ուժերի նկատմամբ սպաների գոյացած պարտքերը կարող են մարվել աստիճանաբար, ապա նման հնարավորությունը պետք է նշվի փոխհատուցման հաշվարկի ակտում : Մինչդեռ սույն գործում այդ մասին նշված չի եղել 2007թ. մայիսի 26 որոշման մեջ :
109. Հաշվի առնելով այս հանգամանքները` Դատարանը չի կասկածում, որ ճնշման արդյունքում դիմումատուն ստիպված է եղել այս կերպ գործել (տե´ս, բոլոր փոփոխություններով, Դեվեերն ընդդեմ Բելգիայի [Deweer c. Belgique], 1980թ. փետրվարի 27-ի վճիռը, շարք Ա, թիվ, 35, կետ 51) : Այն նշում է, որ իշխանություններն անտեսել են իրենց համար պարտադիր դատական երկու որոշումները և ստիպել են կատարել 2007թ. մայիսի 26-ի իրենց նախնական որոշումը, որը հստակեցնում էր, որ վճարման գործընթացը կարող է կասեցվել դիմումատուի հնարավոր բողոքարկման արդյունքում (տե´ս, բոլոր փոփոխություններով, Գեորգուլիսը և մյուսներն ընդդեմ Հունաստանի [Georgoulis et autres c. Grèce], թիվ 38752/04, կետ 25, 2007թ. հունիսի 21) : Դիմումատուին ստիպելով անմիջապես վճարել 109 527 եվրո, որը տոկոսների ավելացման արդյուքում կազմում էր 112 155,69 եվրո, հարկային մարմինները դիմումատուի համար ստեղծել են անհամաչափ բեռ :
Հետևաբար, այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում :
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԱՄԱԿՑՈՒԹՅԱՄԲ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
110. Դիմումատուն պնդում է, որ միայն ցամաքային զորքերի սպա բժիշկներն են ստիպված մասնագիտացում ձեռքբերել` թիվ 1394/1983 օրենքի 14-րդ հոդվածի համաձայն և, այսպիսով, պարտավորվել ծառայել ևս հինգ տարի այն դեպքույ, երբ նման մասնագիտացում չի պահանջվում ո´չ նավատորմի, ո´չ էլ օդուժի սպա բժիշկներից : Այս առումով նա պնդում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում` առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համակցությամբ:
111. Առաջին հերթին Կառավարությունը պնդում է, որ այս բողոքը պետք է մերժվի իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները չսպառելու հիմքով : Երկրորդ, նա նշում է, որ թիվ 1400/1973 հրամանագրի 64-րդ հոդվածը կիրառվում է զինված ուժերի երեք կորպուսների` ցամաքային զորքերի, օդուժի և ազգային նավատորմի սպա բժիշկների դեպքում :
112. Դատարանը, ինչպես և Կառավարությունը , որ թիվ 1394/1983 հրամանագրի 14-րդ հոդվածի 1-ին մասի համակցությամբ վերը նշված հրամանագրի 64-րդ հոդվածի 7-րդ և 15-րդ մասերի համաձայն` մասնագիտացմն դեպքում պարտադիր ծառայության լրացուցիչ հինգ տարի ժամկետը կիրառվում է զինված ուժերի երեք կորպուսներին: Մասնավորապես, այն նշում է, որ թիվ 1394/1983 հրամանագրի 14-րդ հոդվածի 1-ին մասը չի պարտադրում ցամաքային զորքերի բժիշկների մասնագիտացում` սահմանելով միայն, որ նրանք, ովքեր ցանկանում են մասնագիտացում ձեռքբերել, կարող են այդ անել զինված ուժերի միջնորդությամբ (գերհաստիքների փնտրում կամ ստեղծում և դրանց հետ կապված ծախսերի վճարում):
113. Վերոնշյալից հետևում է, որ գանգատի այս մասը պետք է անընդունելի հայտարարվի ակնհայտորեն չհիմնավորված լինելու հիմքով` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի և 4-րդ մասի համաձայն:
III. . ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
114. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա) Նյութական վնաս
115. Որպես նյութական վնասի փոխհատուցում, դիմումատուն պահանջում է 106 960 եվրո`այսինքն փոխհատուցել այն գումարը, որը նա ստիպված է եղել որպես փոխհատուցում վճարել պետությանը:
116. Դատարանը, ինչպես և Կառավարությունը, նշում է, որ 2014թ. մարտի 13-ին պետությունը դիմումատուին վճարել էր 59 749,61 եվրո, որը դիմումատուի կողմից արդեն իսկ վճարված գումարի և վերը նշված թիվ 4909/2013 որոշմամբ սահմանված գումարի տարբերությունն էր: Դատարանը հիշեցնում է, որ խախտման իր եզրակացությունը հիմնավորվել է դիմումատուի կողմից վճարման ենթակա փոխհատուցման ակտի կատարման պայմաններով և ոչ թե զինված ուժերից վաղաժամկետ հեռանալու դեպքում փոխհատուցման վճարման սկզբունքով: Հետևաբար, այն համարում է, որ հարկ չկա որպես նյութական վնասի փոխհատուցում դիմումատուին վճարել որևէ գումար:
Բ) Բարոյական վնաս
117. Որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում դիմումատուն պահանջում է 50 000 եվրո:
118. Կառավարությունը համարում է, որ պահանջվող գումարը չափազանց է և որ միայն խախտման հաստատումը բավարար փոխհատուցում կհանդիսանար:
119. Դատարանը համարում է, որ դիմումատուն կրել է որոշակի բարոյական վնաս և այս առումով Կոնվենցիայի խախտման հաստատումը բավարար հատուցում չէ: Դատարանը դիմումատուին այս առումով հատկացնում է 5 000 եվրո:
Գ) Ծախսեր և ծախքեր
120. Ներպետական դատարաններում և Դատարանում կատարված ծախսերի և ծախքերի դիմաց դիմումատուն պահանջում է փոխհատուցել ընդհանուր 9 102,30 եվրո, որից 2 460 եվրոն պահանջվել են Դատարանում կատարված գործողությունների համար:
121. Կառավարությունը դիմումատուի պահանջը համարում է չափազանց, ոչ հստակ և չհիմնավորված: Այն ավելացնում է, որ դիմումատուն չի ներկայացրել իր հաշվարկի հիմքում ընկած համապատասխան տարրերը:
122. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուն ծախսերի և ծախքերի համար կարող է փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են փաստացիորեն, հաստատված անհրաժեշտությանբ և երբ դրանց ծավալն ողջամիտ է: Սույն գործի առնչությամբ, հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը, Դատարանն ողջամիտ է համարում դիմումատուին հատկացնել 2 500 եվրո բոլոր տեսակի ծախսերի դիմաց:
Դ) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսներ
123. . Դատարանը նպատակահարմար է համարում փոխհատուցումը չվճարելու տոկոսադրույքը հիմնել Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքի վրա, որոնց պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է գանգատի ընդունելիության մասին Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն և գանգատն անընդունելի է հայտարարում հավելյալ գումարի մասով,
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում,
3. Վճռում է,
ա) որ պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճիռը վերջնական համարվելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները`
i. 5 000 եվրո (հինգ հազար եվրո)` գումարած հնարավոր գանձվելիք հարկերը, որպես պատճառված բարոյական վնասի փոխահատուցում,
ii. 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)` գումարած հնարավոր գանձվելիք հարկերը, ծախսերի և ծախքերի դիմաց:
բ) Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մինչև գումարի վճարումը պետք է վերոնշյալ գումարի վրա պարզ տոկոս վճարվի` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքին ավելացրած երեք տոկոսի չափով:
4. Մերժում է, դիմումատուի արդարացի բավարարման պահանջը հավելյալ գումարի մասով:
Կատարվել է ֆրանսերեն և գրավոր ծանուցվել է 2015թ. հունիսի 4-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Սյորեն Նիլսեն (Søren Nielsen)Իզաբել Բերրո (Isabelle Berro)
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy