© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԿԻՊՐՈՍՆ ընդդեմ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Գանգատ թիվ. 25781/94)
ՎՃԻՌ
(Արդարացի բավարարում)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
12-ը մայիսի, 2014թ.
Սույն դատավճիռը վերջնական է, բայց կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ գումարվելով մեծ պալատով, որի կազմում էին՝
Ժոզեֆ Քասադեվալը,Նախագահ,
Ֆրանսուա Տուլկենսը,
Գվիդո Ռայմոնդին,
Նինա Վայիչը,
Մարկ Վիլիգերը,
Կոռնելիու Բըրսանը,
Բոշտյան Մ. Զուպանչիչը,
Ալվինա Գյուլումյանը,
Դեյվիդ Թոր Բյորգվինսոնը,
Ջորջ Նիկոլաուն,
Անդրեաս Սայոն,
Միրյանա Լազարովա Տրայկովսկան,
Լեդի Բիանկուն,
Էն Փաուեր-Ֆորդեն,
Իշիլ Քարաքաշը,
Նեբոյշա Վուչինիկը,
Պաոլո Պինտո դե Ալբուքերքը, դատավորներ,
և Մայքլ Օ Բոյլը, Փոխքարտուղար,
Գումարվելով փակ նիստում 2012թ. մարտի 14-ին, 2013թ. ապրիլի 10-ին, 2013թ. հունիսի 27-ին և 2014թ. մարտի 12-ին՝
Կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է վերոնշյալ վերջին ամսաթվին.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը ներկայացվել է Դատարան համաձայն այն դրույթների, որոնք կիրառելի էին մինչև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայի (“Կոնվենցիան”) Թիվ 11 արձանագրության ուժի մեջ մտնելը, Կիպրոսի հանրապետության Կառավարության (“գանգատարկու Կառավարություն”) կողմից՝ 1999թ. օգոստոսի 30-ին և Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի կողմից՝ 1999թ. սեպտեմբերի 11-ին (Թիվ 11 արձանագրության Հոդված 5 § 4 և Կոնվենցիայի նախկին Հոդվածներ 47 և 48)։
2. 1999թ, հոկտեմբերի 27-ին գործի էությանը նվիրված դատավարությունների ընթացքում Դատարանի նախագահը հանդիպել է գանգատարկու պետության Ներկայացուցչին և Թուրքիայի հանրապետության կառավարության (“պատասխանող Կառավարություն”) ներկայացուցչին՝ նպատակ ունենալով քննարկել տվյալ գործով որոշ նախնական ընթացակարգային հարցեր։ Ներկայացուցիչներն ընդունել են, որ եթե Դատարանը խախտում գտներ, ապա առանձին ընթացակարգ կպահանջվեր Կոնվենցիայի Հոդված 41-ի համաձայն բերված բողոքների քննման համար։
3. 1999թ. նոյեմբերի 29-ի մի նամակով Դատարանը երկու կողմերին էլ հրահանգեց հետևյալը՝
“Գանգատարկու կառավարությունից չի պահանջվում ներկայացնել որևէ պահանջ դատավարության այս փուլում Կոնվենցիայի Հոդված 41-ի համաձայն արդարացի բավարարման նպատակով։ Այս խնդրի վերաբերյալ հետագա ընթացակարգը կկազմակերպվի ելնելով բողոքի էության վերաբերյալ Դատարանի կողմից կատարված եզրակացություններից”։
4. 2001թ, մայիսի 10-ին կայացված վճռում (“հիմնական վճիռ”), Դատարանը (Մեծ պալատը) գտավ Թուրքիայի կողմից Կոնվենցիայի բազմաթիվ խախտումներ, որոնք ի հայտ էին եկել 1974թ. հուլիս և օգոստոս ամիսներին հյուսիսային Կիպրոսում Թուրքիայի ռազմական գործողությունների, Կիպրոսի տարածքի շարունակական մասնատման և “Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության” (“ՀԿԹՀ/TRNC”) գործունեության արդյունքում (Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 25781/94, ՄԻԵԴ 2001‑IV)։ Ինչ վերաբերում է արդարացի բավարարմանը, ապա Դատարանը միաձայն վճռեց, որ Կոնվենցիայի Հոդված 41-ի հնարավոր կիրառման խնդիրը դեռ պատրաստ չէ որոշում կայացնելու համար և հետաձգեց դրա քննարկումը։
5. Հիմնական վճռին վերաբերող գործը դրված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի քննարկմանը։
6. 2007թ. օգոստոսի 31-ին գանգատարկու Կառավարությունը տեղեկացրեց Դատարանին, որ մտադրություն ունի ներկայացնել մի “գանգատ Մեծ Պալատին՝ վերսկսելու Կոնվենցիայի Հոդված 41-ի հնարավոր կիրառությանը վերաբերող քննությունը”։ 2010թ. մարտի 11-ին գանագատարկու Կառավարությունը Դատարանին ներկայացրեց արդարացի բավարարման իր պահանջը՝ կապված անհետ կորած անձանց հետ, որի առնչությամբ Դատարանը գտել էր, որ խախտվել են Կոնվենցիայի Հոդվածներ 2-ը, 3-ը և 5-ը (տես Գլուխ II, հիմնական վճռի օպերատիվ հատվածի կետեր 2, 4 և 7 և այն համապատասխան պարբերությունները, որոնց դրանք վերաբերում են)։ Գանգատարկու կառավարությունը հայտարարեց, որ արդարացի բավարարման խնդիրը կապված մնացած ոտնահարումների հետ, մասնավորապես այն խախտումների, որոնք վերաբերում են հույն կիպրոսցիների տներին և գույքին, դեռ առկա էին և որ նրանք գուցե վերադառնան այդ խնդրին ավելի ուշ։ Թե՛ գանգատարկու և թե՛ պատասխանող կառավարությունները այնուհետև ներկայացրին իրենց դիտարկումները։
7. 2011թ. ապրիլի 7-ին Դատարանի նախագահը հաստատեց Մեծ Պալատի կազմը՝ Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով, վիճակահանության միջոցով (Դատարանի Կանոնակարգի կանոններ 24 և 75 § 2)։ Այնուհետև վիճակահանություն կատարվեց Դատարանի Նախագահի կողմից՝ կազմը համալրելու նպատակով (Դատարանի կանոնակարգի կանոն 24 § 2 (e))։
8. 2011թ. Նոյեմբերի 25-ին գանգատարկու Կառավարությունը Դատարան ուղարկեց մի խնդրանք, որը վերնագրված էր “Արդարացի բավարարման դիմում (Հոդված 41) Կիպրոսի հանրապետության անունից”, որն ուղղված էր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից սահմանվող՝ հիմնական վճռի կատարման ընթացակարգին և որով Դատարանին խնդրանք էր ներկայացված՝ ձեռնարկելու որոշակի քայլեր հիմնական վճռի կատարումը խթանելու նպատակով։
9. 2012թ. մարտի 21-ի մի նամակով, որը հետևեց 2012թ. Մարտի 14-ի քննարկումներին, Դատարանը գանգատարկու Կառավարությանը հրավիրեց պատասխանել որոշ լրացուցիչ հարցերի և ներկայացնել արդարացի բավարարման իրենց պահանջի վերջնական տարբերակը։ Ի պատասխան, 2012թ. հունիսի 18-ին գանգատարկու Կառավարությունը փոփոխեց իր նախնական պահանջը Կոնվենցիայի Հոդված 41-ի համաձայն, կապված անհետ կորած անձանց հետ, և ներկայացրեց արդարացի բավարարման նոր պահանջներ Կարպասի թերակղզու գերեվարված (փակված) հույն կիպրոսցի բնակիչների մարդու իրավունքների ոտնահարման առնչությամբ (մասնավորապես, Կոնվենցիայի Հոդվածներ 3, 8, 9, 10 և 13 Թիվ 1 Արձանագրության Հոդված 2) (տես հիմնական վճռի օպերատիվ մասի Գլուխ IV, կետեր 4, 6, 11, 12, 15 և 19 և այն համապատասխան պարբերությունները, որոնց դրանք վերաբերում են)։ 2012թ. հոկտեմբերի 26-ին պատասխանող Կառավարությունը ներկայացրեց իր դիտարկումները վերոնշյալ պահանջների առնչությամբ։
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
10. Կոնվենցիայի Հոդված 41-ն ամրագրում է՝
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”։
11. Կոնվենցիայի Հոդված 46-ի համապատասխան հատվածն ամրագրում է՝
“1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են։
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ”։
12. Դատարանի Կանոնակարգի Կանոն 60-ն ամրագրում է՝
“1. Գանգատարկուն, ով ցանկանում է ստանալ արդարացի բավարարում համաձայն Կոնվենցիայի Հոդված 41-ի, եթե Դատարանը գտնում է, որ խախտվել են Կոնվենցիայով ամրագրված իր իրավունքները, պետք է առանձին գանգատ ներկայացնի դրա վերաբերյալ։
2. Գանգատարկուն պետք է ներկայացնի բոլոր գանգատների առանձնահատկությունները համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հետ միասին այն ժամանակահատվածում, որը սահմանվել է ըստ էության գանգատարկուի դիտարկումների ներկայացման համար, եթե Պալատի նախագահը այլ բան չի հրահանգում։
3. Եթե գանգատարկուն չի կարողանում կատարել վերոնշյալ պարբերություններում սահմանված պահանջները, ապա Պալատը կարող է մերժել գանգատները մասամբ կամ ամբողջությամբ։
4. Գանգատարկուի պահանջները պետք է փոխանցվեն պատասխանող պայմանավորվող Կողմին՝ մեկնաբանությունների համար”։
I. ԳԱՆԳԱՏԱՐԿՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱՑԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ
A. Ընդունելիություն
1. Արդյոք գանգատարկու Կառավարության Արդարացի բավարարման պահանջը ժամանակավրեպ էր (ժամկետանց)
a. Կողմերի ներկայացումները
i. Կիպրոսի Կառավարությունը
13. Կիպրոսի Կառավարությունը ընդունել էր, որ արդարացի բավարարման իր պահանջը ներկայացվել էր միայն 2010թ. մարտի 11-ին, այսինքն հիմնական վճռի կայացումից գրեթե ինը տարի անց։ Այնուամենայնիվ, այն համարել էր, որ իր անգործությունը 2001-2010թթ. ընթացքում լիովին արդարացված է եղել։ Նախ և առաջ, ըստ էության կայացված դատավճռում Դատարանը հետաձգել էր sine die Կոնվենցիայի Հոդված 41-ի հնարավոր կիրառման խնդիրը՝ հարցը թողնելով բաց։ Թե՛ նախքան դատավճիռը և թե՛ դրանից հետո գանգատարկու Կառավարությունը պարզապես սպասել էր Դատարանի կողմից հետագա հրահանգների, որոնք ենթադրվում է, որ կամրագրեին հետագա ընթացակարգը համաձայն վերջինի սեփական Կանոնակարգի։ Երկրորդը, հիմնական վճռի հրապարակումից հետո Կիպրոսը հույս ուներ bona fide որ այն պատշաճ կերպով ի կատար կածվի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի սովորական մեխանիզմների միջոցով։ Միայն մի քանի տարի անց, երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան ցանկություն չունի լուծելու այս խնդիրը քաղաքական միջոցներով (այսինքն, ընդհանուր և առանձին միջոցներ ընդունելու միջոցով), Կիպրոսի Կառավարությունը հասկացավ, որ այն այլևս չունի այլ տարբերակ, քան կրկին Դատարան դիմելը՝ վճռի պատշաճ կատարումը երաշխավորելու համար՝արդարացի փոխհատուցում ստանալու միջոցով։ Մասնավորապես, մի փակուղի էր առաջացել Demopoulos-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի վճռի (վճիռ [GC], թիվ. 46113/99, 3843/02, 13751/02, 13466/03, 10200/04, 14163/04, 19993/04 և 21819/04, ՄԻԵԴ 2010) տարբեր մեկնաբանությունների հետևանքով։ Ի տարբերություն Թուրքիայի, Կիպրոսի կառավարությունը չէր համարում, որ այն կարող է մեկնաբանվել այնպես, որ Թուրքիան բավարարել է իր պարտավորությունները՝ հիմնական վճռին համապատասխանություն ապահովելով։ Բացի այդ, Նախարարների կոմիտեի քննարկման համապատասխան արդյունքներից երևում էր, որ վճռի համաձայն պահանջվող հետաքննողական միջոցառումները չէին իրականացվել։
14. Տեղյակ լինելով, որ մի շարք անհատական գանգատներ, որոնք համընկնում էին միջ-Պետական գործի հետ, դեռ քննվում էին Դատարանի առջև, գանգատարկու Կառավարությունը համարել էր, որ նման անհատական գանգատներին պետք է առաջնահերթություն տրվեր։ Սակայն, Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի ([GC], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, ՄԻԵԴ 2009), “նոր վերաձևակերպված ժամանակային սահմանափակումների” լույսի ներքո նրանք ստիպված էին ներկայացնել այս գանգատը՝ Հոդված 41-ով ամրագրված իրենց իրավունքները չկորցնելու նպատակով։
15. Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ժամանակային գործոնը Դատարանին խոչընդոտում է քննել գանգատը արդարացի բավարարման տեսանկյունից, ապա Կիպրոսի կառավարությունը համարում էր, որ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքները վեցն էին, այսինքն՝ մարման վաղեմություն, հրաժարում և լուռ համաձայնություն, ընթացակարգային բացարկ, res judicata, status quo-ն պահպանելու պարտականություն և բարի կամք։ Դրանցից և ոչ մեկը չի արդարացնում գործի մերժումը՝ ժամանակային նկատառումների հիման վրա։ Գանգատարկու կառավարության վկայակոչած հիմնական փաստարկները համաձայն վերոնշյալ բոլոր վեց սկզբունքների, հետևյալն էին։ Նախ և առաջ հիմնական վճռում Դատարանը հստակ նշել էր, որ խնդիրը պարզապես հետաձգվել է, ուստիև այն ակնհայտորեն բաց էր մնացալ անորոշ ժամանակով։ Բացի այդ,իրավունքից հրաժարումը պետք է լինի հստակ և աներկբայելի. Այն չի կարող ենթադրվել։ Կիպրոսը որևէ ակնհայտ կամ ենթադրելի հայտարարություն չէր արել և կամ չէր գործել այնպիսի եղանակով, որը ցույց կտար, որ հրաժարվում է կամ հրաժարվել է արդարացի բավարարման պահանջ ներկայացնելու իր իրավունքից։ Հակառակը, 2007թ. Այն ակնհայտորեն պնդել էր այս իրավունքը Դատարանի առջև, և ոչ ոք չէր առարկել դրա դեմ։ Ավելի շուտ Թուրքիան է, որը հիմա ընթացակարգային բացարկ է վկայակոչում ընթացակարգային բացարկ կատարելու նպատակով, մինչդեռ դա չի արել 2007թ։
16. Ըստ Կիպրոսի կառավարության, ժամանակի անցնելը որևէ ակնհայտ անբարենպաստ վիճակում չի դրել Թուրքիայի կառավարությանը, որովհետև փաստերը չեն փոխվել։ Դրանք ըստ էության նույնն են, ինչպես որ 2001թ.։ Բացի այդ, Թուրքիան չէր կարող ողջամտորեն ակնկալած լինել, որ արդարացի բավարարման պահանջին այլևս հետամուտ չէին լինելու։ Եվ վերջապես, 2001թ. Դատարանի կողմից որոշվել էր, որ կողմերը կսպասեն արդարացի բավարարման խնդրի շուրջ վերջնական որոշմանը, և որ բարի կամքի սկզբունքը նրանց պարտավորեցնում էր պահպանել առկա իրավիճակը այնքանով որքանով որ հնարավոր է, որպեսզի վերջնական վճիռը անաչառ լիներ։ Արդյունավետության սկզբունքը կվտանգվեր, եթե Թուրքիային թույլ տրվեր, վճռի կատարումը ձախողելու միջոցով, խափանել այդ վերջնական վճռի կայացումը։
17. Կիպրոսի կառավարությունը նաև վկայակոչել էր առանձին զոհերի օրինական ակնկալիքները։ Կառավարությունը հիշատակել էր Կոնվենցիայի Հոդված 55-ը, որի համաձայն Պայմանավորվող կողմերը համաձայնել են “Որ բացառությամբ հատուկ համաձայնագրի, իրենք չեն օգտվի իրենց միջև գործող պայմանագրերից, կոնվենցիաներից կամ հռչակագրերից, սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման առնչությամբ ծագած վեճը գանգատի միջոցով կարգավորման այլ միջոցների ներկայացնելու նպատակով, քան նրանք, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով”։ Դա կհակասեր օրինական ակնկալիքի սկզբունքին՝ մերժելու պաշտպանության համարժեք միջոցը երկու Պետությունների միջև վեճերի դեպքում, որոնցից երկուսն էլ որոշակիորեն համաձայնել են ապավինել Դատարանի արդարադատությանը և բացառել վեճի կարգավարման այլ ճանապարհները։
ii. Թուրքիայի կառավարությունը
18. Պատասխանող կառավարությունը համարում էր, որ գանգատարկու Կառավարության՝ արդարացի բավարարման պահանջը ուշացած էր։ Ոչինչ չէր պատահել, կամ շատ քիչ բան էր պատահել 2001-2010թթ., բացառությամբ 2007թ. oգոստոսին Դատարան ուղարկված նամակից։ Նույնիսկ ենթադրելու դեպքում, թե Կոնվենցիայի Հոդված 41-ը կիրառվում է միջ-պետական գործերում, գանգատարկու Կառավարությունը մնում է սահմանափակված նվազագույն ջանադրության պահանջով` համաձայն Դատարանի կանոնակարգի Կանոն 60-ի, ըստ որի չպետք է լինեն Հոդված 41-ով նախատեսված արդարացի բավարարման պահանջի ոչ պատշաճ հապաղումներ (ձգձգումներ)։ Տվյալ դեպքում գանգատարկու Կառավարության կողմից թույլ է տրվել նման անընդունելի ձգձգում։
19. Թուրքիայի կառավարությունը հիշեցրել էր, որ Կիպրոսի կառավարությունը արդարացի բավարարման որևէ պահանջ չէր ներկայացրել գործն ըստ էության քննելու ընթացակարգում։ 1994 թվականի նոյեմբերի 22-ի իր գրավոր ներկայացման մեջ գանգատարկու Կառավարությունը արդարացի բավարարման պահանջ չէր ներկայացրել, փոխարենը հայտարարելով, որ միջ-պետական գանգատ է ներկայացվել “առանց խոչընդոտելու Թուրքիայի դեմ անհատական գանգատներին, որոնք ներկայացվել են Կոնվենցիայի Հոդված 25-ի [այժմ Հոդված 34] համաձայն, որոնք արդեն բերվել են կամ կբերվեն ապագայում”։ Դա նշանակում էր, որ Կիպրոսն իսկապես նախընտրել էր նախապատվությունը տալ Նախարարների կոմիտեի վերահսկող գործառույթին և չդիմել Դատարանին արդարացի բավարարման պահանջով։ Դա նրանց ընտրությունն էր այդ ժամանակ, բայց նրանք կարող էին նաև այլ ընտրություն կատարած լինել։ Ըստ էության Կոնվենցիայի Հոդվածներ 41-ը և 46-ը ունեն տարբեր նպատակներ և Կիպրոսի կառավարությանը ոչինչ չէր խանգարում ժամանակին բերել արդարացի բավարարման պահանջներ՝ Նախարարների կոմիտեի վերահսկող գործընթացների հետ միաժամանակ։ Ամեն դեպքում, գանգատարկու կառավարության որոշումն էր ընթացք տալ այդ գործընթացին հիմնական վճռից հետո և չակնկալել, որ Դատարանը կամրագրի ընթացակարգը իր սեփական նախաձեռնությամբ։ Չանելով այդ՝ գանգատարկու կառավարությունը չէր արել այն ամենն ինչ կարող էր արած լինել իր պահանջին ողջամտորեն հետամուտ լինելու համար, և նրա վարքը պետք է մեկնաբանվեր որպես արդարացի բավարարման պահանջից ակնհայտ հրաժարում տվյալ դեպքում։
20. Պատասխանող կառավարությունը նաև մատնանշել էր այն փաստը, որ արդարացի բավարարման պահանջները ներկայացվել են Դատարան միայն այն բանից հետո, երբ Մեծ Պալատը վճիռ է կայացրել վերը նշված՝ Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով,որը վերաբերում էր մի շարք անհատական գանգատների, որոնք ներկայացվել էին Հոդված 34-ի համաձայն, և Կիպրոսի կառավարության կողմից սկզբում պահանջված գումարները կազմում էին մինչև 12,000 եվրո(EUR) յուրաքանչյուր գործում, որը ճիշտ և ճիշտ նույն գումարն էր, որը շնորհվել էր Varnava-ն և այլոք գործով անհատ գանգատարկուներից յուրաքանչյուրին։ Դա նշանակում է, որ Դատարանի վճիռը Varnava-ն և այլոք գործով, որը սահմանափակել էր անհատ գանգատարկուների հաջողությունների հնարավորությունը, տագնապի զանգ էր հնչեցրել գանգատարկու կառավարության համար՝ նրանց հուշելով հետ վերադառնալ Դատարան։ Սակայն, ըստ Թուրքիայի կառավարության, թե՛ բարի կամքի սկզբունքը և թե՛ res judicata կանոնի նկատմամբ հարգանքը անհնար են դարձնում Կիպրոսի կառավարության կողմից տվյալ պահին նշված խնդրի վերակենդանացումը։ Արդարացի բավարարման որևէ պահանջ պետք է ներկայացվի այնպիսի անհատական գանգատներում (ինչպես Varnava-ն և այլոք), այլ ոչ տվյալ միջ-պետական գործով։
21. Համաձայն Թուրքիայի կառավարության, Հոդված 41-ի կիրառումը արդարացված չի լինի, քանի որ Միավորված ազգերի կազմակերպության՝ անհետ կորած անձանց հարցերով հանձնաժողովը զգալի զարգացում է ապրել հիմնական վճռի կայացումից հետո։ Չնայած Կիպրոսի կառավարության պնդումներին, զգալի առաջընթաց է գրանցվել զոհերի աճյունները հայտնաբերելու և տեղակայելու գործում և սա ակնհայտորեն ճանաչվել է Դատարանի կողմից (տես՝Charalambous-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի (dec.), թիվ 46744/07 և այլք., 3-ը ապրիլի, 2012թ.)։ Ուստիև,“անհայտ կորած անձանց” խնդիրը աստիճանաբար վերածվում է “մահացած անձանց” խնդրի, և համապատասխանաբար, համաձայն Դատարանի վճռի Brecknell-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (թիվ. 32457/04, 27-ը նոյեմբերի, 2007թ.), սա առաջացնում է ըստ էության նոր ընթացակարգային պարտավորություններ ժամանակային նոր սահմանափակումներով։ Այսպիսով, մի կողմից, Նախարարների կոմիտեում վերահսկողական ընթացակարգերը արդյունավետ են և մյուս կողմից, անհետ կորած անձանց հարազատները այժմ սպասում են ընթացակարգային պարտականության վերականգնմանը համաձայն Brecknell-ի կանոնի, իրենց օրինական շահերը պաշտպանելու նպատակով։
22. Թուրքիայի կառավարությունը պնդել էր, որ Կոնվենցիայի որոշակի ժամանակավոր դրույթները (ինչպես մեկնաբանվել են Varnava-ն և այլոք գործում) պետք է գերակայեն միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների նկատմամբ։ Ավելի ճիշտ, հնարավոր չէ ներկայացնել պահանջ միջ-պետական գանգատում, այնպիսի պահանջների դեպքում, որոնց վաղեմության ժամկետն անցած կհամարվեր, եթե դրանք բերվեին անհատական գանգատով՝ համաձայն Հոդված 34-ի։ Թուրքիային հսկայական վնաս կհասցվեր, եթե անհատական բողոքները, որոնց վաղեմության ժամկետները սպառվել են, հնարավոր լիներ նորոգել արդարացի բավարարման պահանջ հետապնդող գանգատով, որը ներկայացվեր ըստ էության վճռի ընդունումից գրեթե ինը տարի անց։
b. Դատարանի գնահատականը
23. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի դրույթները չեն կարող մեկնաբանվել և կիրառվել վակուումում։
Չնայած որպես մարդու իրավունքների պաշտպանության գործիք իր ունեցած բնորոշ հատկության, Կոնվենցիան մի միջազգային փաստաթուղթ է, որը պետք է մեկնաբանվի հանրային միջազգային իրավունքի համապատասխան նորմերի և սկզբունքների և մասնավորապես 1969թ.մայիսի 23-ի Միջազգային պայմանագրերի իրավունք մասին Վիեննայի կոնվենցիայի (“Վիեննայի կոնվենցիա) լույսի ներքո։ Ըստ էության Դատարանը երբեք չի համարել Կոնվենցիայի դրույթները որպես հղումների միակ շրջանակ՝ նրանում ամրագրված իրավունքները և ազատությունները մեկնաբանելու համար։ Հակառակը, այն պետք է հաշվի առնի միջազգային ցանկացած համապատասխան կանոն և սկզբունք, որը կիրառելի է Պայմանավորվող պետությունների միջև փոխհարաբերություններում (տես, ի թիվս բազմաթիվ այլ գործերի՝Loizidou-ն ընդդեմ Թուրքիայի, 18-ը դեկտեմբերի 1996թ., § 43, Զեկույցներ 1996-VI, Al‑Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], թիվ. 35763/97, § 55, ՄԻԵԴ 2001‑XI, Bosphorus Hava Yolları Turizm ve Ticaret Anonim Şirketi-ն ընդդեմ Իռլանդիայի [GC], թիվ. 45036/98, § 150, ՄԻԵԴ 2005‑VI, Demir-ը և Baykara-ն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ. 34503/97, § 67, ՄԻԵԴ 2008, և Վիեննայի կոնվենցիայի Հոդված 31 § 3 (c))։
24. Դատարանն ընդունում է, որ ընդհանուր միջազգային իրավունքը սկզբունքորեն ճանաչում է միջպետական վեճում գանգատարկու Կառավարության պարտականությունը՝ գործել առանց անպատշաճ հապաղման՝ ի շահ իրավական որոշակիության և չպատճառել անհամաչափ վնաս պատասխանող պետության օրինական շահերին։ Այսպիսով, Որոշ ֆոսֆատի հողեր Նաուրույում (Certain Phosphate Lands in Nauru) (Nauru-ն ընդդեմ Ավստրալիայի,Նախնական առարկություններ, 1992 ICJ Rep. 240) գործում Արդարադատության միջազգային դատարանը վճռել է՝
“32. Դատարանը ճանաչում է, որ նույնիսկ որևէ կիրառելի պայմանագրային կետի բացակայության դեպքում, պահանջատեր Պետության կողմից հապաղումը կարող է գանգատը որակել որպես անընդունելի։ Այն նշում է, սակայն, որ միջազգային իրավունքը չի սահմանում որևէ որոշակի ժամանակային սահմանափակում այս առնչությամբ։ Հետևաբար, Դատարանին է մնում յուրաքանչյուր գործին բնորոշ հանգամանքների լույսի ներքո որոշել, թե արդյոք ժամանակի անցնելը գանգատը դարձնում է անընդունելի։
...
36. ...Դատարանը գտնում է, որ նկատի ունենալով Ավստրալիայի և Նաուրույի միջև փոխհարաբերությունները, ինչպես նաև համապատասխանաբար ձեռնարկված քայլերը, Նաուրուի գանգատը չէր համարվել անընդունելի ժամանակի անցնելու պատճառով։ Այնուամենայնիվ, Դատարանին էր վերապահված պատշաճ ժամանակահատավածում երաշխավորել, որ Նաուրուի կողմից հապաղումը որևէ ձևով վնաս չէր հասցնի Ավստրալիային թե՛ փաստերի հաստատման և թե՛ կիրառելի օրենքի բովանդակութունը որոշելու առումով ”։
25. Առաջինը և ամենակարևորը, Դատարանը հիշեցնում է, որ ներկա գանգատը ներկայացվել է 1994թ., նախկին Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական հանձնաժողովի առջև, մի համակարգում, որը նախորդում էր Թիվ 11 Արձանագրության ուժի մեջ մտնելուն (վերը նշված պարբերություն 1)։ Այն ժամանակ ուժի մեջ եղած Հանձնաժողովի կանոնների համաձայն ոչ գանգատարկու Կառավարությունը, միջ-պետական գործում, և ոչ էլ անհատ գանգատարկուն պարտավոր չէին ընդհանրապես մատնանշել արդարացի բավարարման իրենց պահանջի մասին գանգատի ձևում։ Դատարանը այնուհետև վերահաստատում է, որ 1999թ. նոյեմբերի 29-ի իր նամակում, որն ուղարկվել էր երկու կառավարություններին, Դատարանն ակնհայտորեն ցուցում է տվել գանգատարկու Կառավարությանը չներկայացնել Կոնվենցիայի Հոդված 41-ով որևէ բողոք արդարացի բավարարման համար ըստ էության քննության փուլում (վերը նշված պարբերություն 3)։ Այսպիսով հասկանալի է, թե ինչու վերջիններն այդ չէին արել։ Դատարանը նաև նշում է, որ 2001թ. մայիսի 10-ի իր վճռում այն որոշել է,“որ Կոնվենցիայի Հոդված 41-ի հնարավոր կիրառման հարցը պատրաստ չէր որոշում կայացնելու համար և հետաձգել էր դրա քննարկումը” (օպերատիվ մաս, Բաժին VIII)։ Ժամանակային ոչ մի սահմանափակում չէր ամրագրվել կողմերի համար իրենց արդարացի բավարարման պահանջները ներկայացնելու առումով (վերը նշված պարբերություններ 2-4)։ Դատարանը պետք է պարզի, թե արդյոք չնայած ժամանակային սահմանափակման բացակայությանը, այն փաստը, որ Կիպրոսի կառավարությունն իր գանգատը արդարացի բավարարման պահանջով չէր ներկայացրել մինչև 2010թ.մարտի 11-ը, այնուամենայնիվ չէր դարձնում այս պահանջն անընդունելի Nauru-իգործով սահմանված հիմնական չափանիշների համաձայն։
26. Դատարանը համարում է, որ սա այդ դեպքը չէ։ Առաջին հերթին, ի տարբերություն Nauru-ի գործի, որը քննել էր Արդարադատության միջազգային դատարանը, վիճարկվող ձգձգումը տեղի չէր ունեցել նախքան միջպետական գանգատ բերելը, այլ այս Դատարանի կողմից ըստ էության վճռի կայացման և Նախարարների կոմիտեի կողմից այդ վճռի կատարման վերահսկման միջև ընկած ժամանակահատվածում։ Գործի նշված փուլում երկու Կառավարություններն էլ իրավունք ունեին կարծելու, որ արդարացի բավարարման հնարավոր տրամադրմանն առնչվող խնդիրը անորոշության մեջ էր մնում՝ կախված հետագա զարգացումներից։ Բացի այդ, արդարացի բավարարման խնդիրը մշտապես նշվում էր գործի ըստ էության դատավարությունների ընթացքում (վերը նշված պարբերություններ 2-3)։ Հիմնական դատավճռում արդարացի բավարարման հնարավոր տրամադրման խնդրի քննարկումը հետաձգվել էր, ինչը պարզորոշ և հստակ նշանակում էր, որ Դատարանը չէր բացառել ապագայում որևէ հարմար պահի այս խնդրի քննարկումը վերսկսելու հնարավորությունը։ Ուստիև կողմերից ոչ մեկը չէր կարող ողջամտորեն ակնկալել, որ այս խնդիրը մնալու էր չքննված, փակվելու կամ զրոյացվելու էր ժամանակի ընթացքում։ Վերջապես, ինչպես ճշմարտացիորեն մատնանշել էր Կիպրոսի կառավարությունը, ինքը երբեք ակնհայտ կամ ենթադրելի հայտարարություն չէր արել, որը ցույց կտար, որ իրենք չեղյալ են հայտարարել կամ հրաժարվել են արդարացի բավարարում պահանջելու իրենց իրավունքից։ Հակառակը, 2007թ. օգոստոսի 31-ի նրա նամակը պետք է ընկալվեր որպես նրանց իրավունքի հստակ և աներկբաելի վերահաստատումը։ Այս հանգամանքներում պատասխանող Կառավարությունը չի արդարացվում՝ պնդելով, որ գանգատարկու Կառավարության պահանջների քննման վերսկսումը կվնասի իր օրինական շահերին, քանի որ պետք է ողջամտորեն ակնկալած լիներ, որ այս խնդրի քննարկումը հետ է վերադառնալու Դատարան ինչ-որ մի պահի։ Վերը նշված՝ Nauru-ի դատավճռի լույսի ներքո, Դատարանը համարում է, որ “վնասելու” տարրը առաջինը և հիմնականում վերաբերում է պատասխանող կառավարության ընթացակարգային շահերին (“փաստերի հաստատում և կիրառելի իրավունքի բովանդակության որոշում”), և որ պատասխանող Կառավարության գործն էր համոզիչ կերպով ապացուցել նման վնասի մոտալուտությունը կամ հավանականությունը։ Այնուհանդերձ, Դատարանը ոչ մի նման ապացույց չի տեսնում տվյալ գործում։
27. Այնքանով, որքանով Թուրքիայի կառավարությունը վկայակոչել էր Նախարարների կոմիտեում վերահսկիչ ընթացակարգը, Դատարանը վերահաստատում է, որ իր վճիռների չկատարումը (խախտումը) հայտնաբերելը ըստ էության դեկլարատիվ բնույթ ունի և որ համաձայն Կոնվենցիայի Հոդված 46-ի, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորություն են ստանձնել կատարելու Դատարանի վերջնական վճիռները այն բոլոր գործերի առնչությամբ, որոնց կողմ են հանդիսանում, որոնց կատարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից (Vereingegen Tierfabriken Schweiz (VgT)-ն ընդդեմ Շվեյցարիայի (թիվ. 2) [GC], թիվ. 32772/02, § 61, ՄԻԵԴ 2009)։ Այս առումով չպետք է շփոթել մի կողմից, վարույթները Դատարանի առջև, որը իրավազոր է գտնել Կոնվենցիայի խախտումները իր վերջնական վճիռներում, որոնք պարտադիր են Կողմ պետությունների համար(Հոդված 19, Հոդված 46 § 1-ի հետ միասին վերցված), և տրամադրելու արդարացի փոխհատուցում (Հոդված 41) անհրաժեշտության դեպքում, և մյուս կողմից, վճիռների կատարումը վերահսկող մեխանիզմը՝ Նախարարների կոմիտեի պատասխանատվության ներքո (Հոդված 46 § 2)։ Համաձայն Հոդված 46-ի, Կողմ պետությունը պարտավորություն է կրում ոչ թե միայն տրամադրելու համապատասխան ներգրավվածներին Դատարանի կողմից շնորհված գումարները, այլև ձեռնարկելու անհատական կամ անհրաժեշտության դեպքում ընդհանուր միջոցառումներ ներպետական իրավական համակարգում կամ երկուսն էլ՝ վերջ դնելու Դատարանի կողմից հայտնաբերված ոտնահարմանը և շտկելու դրա հետևանքները, ինչի նպատակն է գանգատարկուին հնարավորինս դնել այն վիճակում, որում նա եղած կլիներ, եթե Կոնվենցիայի պահանջները անտեսված չլինեին (ibid., § 85)։ Թեև կապված լինելով իրար հետ, անհատական կամ ընդհանուր կամ այս երկու միջոցները միասին ձեռնարկելու պարտականությունը և արդարացի փոխհատուցման վճարումը փոխատուցման երկու հստակ ձևերն են, և առաջինը ոչ մի դեպքում չի բացառում երկրորդը։
28. Ինչ վերաբերում է 2001-2010թթ.զարգացումներին, Նախարարների կոմիտեում վերահսկիչ վարույթի ընթացքում կամ դրա կապակցությամբ Դատարանը համարում է, որ այս զարգացումներն անկասկած կարևոր են, երբ գնահատվում է գանգատարկու Կառավարության՝ արդարացի փոխհատուցման պահանջի էությունը։ Սակայն դրանք չեն բացառում Դատարանի կողմից նշված պահանջի քննումը։
29. Վերոնշյալ լույսի ներքո Դատարանը որևէ հիմնավոր պատճառ չի տեսնում գտնելու, որ Կիպրոսի կառավարության՝ արդարացի բավարարման պահանջը ուշացած է, և այն անընդունելի համարելու։ Հետևաբար Թուրքիայի կառավարության առարկությունը պետք է մերժվի։
30. Միևնույն ժամանակ Դատարանը վերահաստատում է, որ 2012թ.մարտի 14-ին հրավիրել է Գանգատարկու կառավարությանը ներկայացնել արդարացի փոխհատուցման իր պահանջի “վերջնական” տարբերակը, և որ դրա արդյունքում 2012թ. հունիսի 18-ին Կառավարության ներկայացրածը պետք է իսկապես ընկալվի որպես վերջնական տարբերակ։ Հետևաբար, Դատարանը համարում է, որ ներկա վճռով եզրափակվում է նշված հարցի քննարկումը։
2. Կոնվենցիայի Հոդված 41-ի կիրառելիությունը սույն գործով
a. Կողմերի ներկայացումները
i. Կիպրոսի կառավարությունը
31. Գանգատարկու կառավարությունը պնդում էր, որ Կոնվենցիայի Հոդված 41-ը կիրառելի է միջ-պետական գործերում ընդհանուր առմամբ, և մասնավորապես սույն գործով։ Առաջին հերթին նրանք մատնացույց էին անում այն փաստը, որ Հոդված 41-ի բուն տեքստում տարբերակում չի կատարվում անհատական և միջ-պետական գործերի միջև, և վերջինը ակնհայտորեն չի բացառվում արդարացի բավարարման կանոնի շրջանակներից։ Նրանք նաև վկայակոչում էին Կոնվենցիայով պաշտպանվող անհատական իրավունքների արդյունավետության սկզբունքը։ Գանգատարկու կառավարությունն առաջարկում էր դիտարկել այս նորմը Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված երկու այլ սկզբունքների լույսի ներքո՝ մի կողմից՝ Կոնվենցիայի կարգավիճակը որպես հանրային միջազգային իրավունքի փաստաթղթի, որը պետք է մեկնաբանվի համաձայն կանոնների և սկզբունքների, որոնք ամրագրված են 1969թ.Պայմանագրերի մասին իրավունքի Վիեննայի կոնվենցիայում և մյուս կողմից՝ Կոնվենցիային բնորոշ առարկան և նպատակը, որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պայմանագրի։ Համաձայն Կիպրոսի կառավարության, այս սկզբունքները մասնավորապես վերաբերում են Կոնվենցիայի Հոդված 41-ի համաձայն արդարացի բավարարում տրամադրելու՝ Դատարանի կարողությանը, ինչը երաշխավորում է, որ կա Կոնվենցիայի կիրառման արդյունավետ միջոց և խրախուսում է Պայմանավորվող կողմերին չանտեսել Դատարանի վճիռները։ Այլ կերպ ասած, Հոդված 41-ը պետք է մեկնաբանվի որպես Դատարանի տնօրինած կարևոր գործիք՝ իր սեփական վճիռների կատարմանը հասնելու համար թե՛ Հոդված 34-ով նախատեսված անհատական գործերի և թե՛ Հոդված 33-ով նախատեսված միջ-պետական գործերի դեպքում։
32. Գանգատարկու կառավարությունը նաև վկայակոչում էր Կոնվենցիայի Հոդված 32 § 1-ը, որի համաձայն “[Դ]ատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը, և որոնք իրեն հանձնվում են 33-րդ, 34-րդ և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում”։ Գանգատարկու կառավարության կարծիքով այս չորս Հոդվածները պետք է դիտարկվեն որպես մի յուրօրինակ կառուցվածքային համակարգի մաս՝ Հոդված 32 § 1-ի հետ միասին։ Հոդվածներ 33-ը, 34-ը, 46-ը և 47-ը տարբեր ուղիներ են ամրագրում, որոնցով գործը կարող է բերվել Դատարան, սակայն դրանք չեն ամրագրում Դատարանի իրավասության հստակ ոլորտներ կամ տեսակներ։ Անկախ նրանից, թե ինչպես է գանգատը որևէ պետության դեմ հասնում Դատարան, վերջինի իրավասությունը մնում է նույնը և ներառում է արդարացի փոխհատուցում տրամադրելու լիազորությունը։ Չկա այլ կերպ մտածելու հիմնավոր պատճառ, քանի որ վիճարկվող մարդու իրավունքները նույնն են և գուցե թե ավելի լուրջ, քան անհատական գործում։ Բացի այդ, Կոնվենցիայի հեղինակները ակնհայտորեն սահմանափակում չեն կիրառել արդարացի փոխհատուցում կատարելու կարողության նկատմամբ Հոդված 41-ի տեսքստում։ Եվ վերջապես, չկա որևէ ցուցում, որ առկա է ենթադրելի սահմանափակում՝ ելնելով այս դրույթի (կամ Հոդված 33-ի) բուն տրամաբանությունից։ Ուստիև չի կարելի ասել, որ Դատարանն ավելի քիչ լիազորություններ ունի այն գործերով, որոնք ներկայացվում են իրեն միջ-պետական գանգատի ձևով, այն գործերի համեմատությամբ, որոնք բերվում են անհատական գանգատի ձևով։
33. Ըստ Կիպրոսի կառավարության, Դատարանն ինքնին միշտ էլ անուղղակիորեն է վերաբերվել Հոդված 41-ին՝ միջ-պետական գործերում կիրառելիության առումով, և սա արտացոլվել է թե՛ Դատարանի Կանոնակարգում և թե՛ Դատարանի նախադեպային իրավունքում։ Այս կապակցությամբ այն մեջ է բերել Կանոն 46 (e)-ն, համաձայն որի Գանգատարկու կառավարությունը միջ-պետական գործում պարտավոր է բերել գանգատ, որում ներկայացվում է “արդարացի բավարարման ցանկացած պահանջի ընդհանուր մատնանշում՝ համաձայն Կոնվենցիայի Հոդված 41-ի՝ ենթադրելի տուժած կողմի կամ կողմերի անունից”, ինչպես նաև Կանոններ 60-ը և 75 § 1-ը, որոնք տարբերակում չեն կատարում անհատական և միջ-պետական գանգատների միջև։
34. Ինչ վերաբերում է Դատարանի նախադեպային իրավունքին, ապա Կիպրոսի կառավարությունը համարել էր, որ Դատարանն ինքնին ոչ ուղղակիորեն բայց խիստ պարզորոշ ճանաչել է, որ արդարացի բավարարման կանոնը կիրառվում է միջ-պետական գործերում։ Այսպիսով, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության (18-ը հունվարի, 1978թ., § 244-246, Շարք A, թիվ. 25) գործում Դատարանը, նախկին Հոդված 50-ը ոչ կիրառելի ճանաչելու փոխարեն պարզապես նկատի է առել, որ “անհրաժեշտություն չի եղել այն կիրառելու”։ Նմանապես, ներկա գործում Դատարանը պարզապես հետաձգել է արդարացի բավարարման խնդրի քննարկումը՝ այն բացառելու փոխարեն։
35. Եվ վերջապես, գանգատարկու Կառավարությունը մատնանշել էր, որ Դատարանն ունի հայեցողական լիազորություն համաձայն Հոդված 41-ի։ Թե՛ Դատարանի նախադեպային իրավունքը և թե՛ իրավաբանները մշտապես շեշտել են, որ երբ Դատարանը տրամադրում է արդարացի բավարարում, Հոդված 41-ի կիրառումը ամբողջապես Դատարանի հայեցողության խնդիր է ցանկացած առանձին գործում, այդ թվում նաև միջ-պետական գանգատի դեպքում։ Ներկա գործով Կիպրոսի կառավարության արդարացի բավարարման պահանջը նյութական վնասների դիմաց չէ, որոնք պատճառվել են ուղղակիորեն Կիպրոսին որպես Պետություն, այլ ավելի շուտ մի պահանջ, որպեսզի արդարացի բավարարում տրամադրվի առանձին տուժած կողմերի քաղաքացիներին, այն բռնությունների առնչությամբ, որոնց տեղի ունենալը արդեն հաստատվել է։
ii. Թուրքիայի կառավարությունը
36. Թուրքիայի կառավարությունը համարում էր, որ որպես ընդհանուր կանոն Հոդված 41-ը չի կիրառվում միջ-պետական գործերի նկատմամբ։ Առաջին հերթին հիմնական վճռի օպերատիվ հաստվածը չի կարող մեկնաբանվել որպես ճանաչում, թեկուզ ենթադրելի, որ արդարացի փոխհատուցման կանոնը կիրառելի է միջ-պետական գործերում։ Վճռում Դատարանը խոսել է Հոդված 41-ի զուտ “հնարավոր” կիրառման մասին։ Թուրքիայի կառավարությունը նույնպես պնդել է, որ Մեծ պալատի վճիռը Varnava-ն և այլոք գործով, որի մասին վերը նշվեց, պետք է մեկնաբանվեր որպես Դատարանի իրավասության պակասի ճանաչում՝ միջ-պետական գործում արդարացի բավարարում տրամադրելու ոլորտում (տես այդ վճռի § 118-ը)։ Բացի այդ, պատասխանող Կառավարությունն առաջարկել էր դիտարկել Կոնվենցիայի Հոդված 41-ը միջազգային պարտավորվածության իրավունքի, դիվանագիտական պաշտպանվածության իրավունքի և մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ընդհանուր համատեքստում։ Չնայած որ Հոդված 33-ը ըստ էության համապատասխանում է դիվանագիտական պաշտպանության դասական տրամաբանությանը (ուղղակի պետության պատասխանատվությունը պետության նկատմամբ (State-to-State liability)), Հոդված 34-ը շեղվում է այս տրամաբանությունից։ Անհատները կարող են անհատական դիմումների միջոցով գործել ուղղակիորեն՝ ենթադրելի իրավախախտ Պետության նկատմամբ և արդարացի բավարարում խնդրել՝ առանց ստիպված լինելու միջնորդել իրենց ազգային պետության դիվանագիտական պաշտպանության համար։ Թուրքիայի կառավարության համար այս նկարագրությունը արդարացնում է այն եզրակացությունը, թե Կոնվենցիայի Հոդված 41-ը չի կիրառվում միջ-պետական վարույթներում, բացառությամբ թերևս այն դեպքերի, երբ իրավախախտումը հասցրել է ուղղակի վնաս գանգատ ներկայացնող Կողմ պետությանը։ Այլ կերպ ասած, Հոդված 41-ի շրջանակը որպես այդպիսին, սկզբունքորեն սահմանափակված է անհատական գանգատների մեխանիզմով։
37. Միջ-պետական գործերում Հոդված 41-ի չկիրառելիության օգտին պատասխանող Կառավարության բերած մեկ այլ փաստարկն այն էր, որ նման գործերը չեն խթանվում՝ ելնելով գանգատարկուի անձնական շահից։ Այս առումով Թուրքիայի կառավարությունը վկայակոչել էր Մարդու իրավունքների եվրոպական հանձնաժողովի նախադեպային իրավունքը, համաձայն որի գանգատարկու Պետությունը միջ-պետական գործում չի կիրառում իր սեփական իրավունքները կամ իր հպատկների իրավունքները, այլ ավելի շուտ արդարացնում է Եվրոպայի հանրային կարգը (տեսԱվստրիան ընդդեմ Իտալիայի, թիվ. 788/60, 1961թ.հունվարի 11-ի որոշումը, Տարեգիրք 4, էջ. 116)։ Իսկապես, միջ-պետական գանգատների նպատակն է բողոքել այն պաշտոնական վարքի տեսակից, որն ի հայտ է բերում Կոնվենցիայի շարունակական ոտնահարումներ։ Միջ-պետական բողոքները պետք է իրենց սահմանմամբ լինեն ավելի լայն, քան անհատական գանգատները։ Դրանք պետք է վերաբերեն ավելի շուտ համակարգային, քան անհատական խախտումներին։ Այս համատեքստում ոտնահարումը գտնելն ինքնին ծառայում է միջ-պետական դատավարության նպատակին։ Մի կողմից յուրաքանչյուր առանձին գանգատարկու հնարավորություն ունի բերելու իր սեփական գանգատը Դատարան համաձայն Կոնվենցիայի Հոդված 34-ի, և ստանալու արդարացի բավարարում։ Ուստիև սխալ կլինի շփոթել այս ընթացակարգերը, որոնք ունեն այնքան տարբեր նպատակներ։
38. Անդրադառնալով Դատարանի նախադեպային իրավունքին՝ պատասխանող Կառավարությունը համարել է, որ համաձայն Կոնվենցիայի Հոդված 41-ի արդարացի բավարարման կիրառումը ներառել է ֆիզիկական կամ հոգեբանական վնաս, ցավ, տառապանք, մտահոգություն, անհանգստություն, անելանելիություն, անարդարության կամ նվաստացման զգացումներ, երկարաձգված անորոշություն, կյանքի խաթարում և այլն։ Այս գործոնները բացառապես վերաբերում են անհատական գանգատարկուի տառապանքներին, այսինքն՝ ֆիզիկական անձի, և ոչ մի նշանակություն չունեն միջ-պետական գործում։ Ինչ վերաբերում է Դատարանի կանոնակարգին, ապա պատասխանող Կառավարությունը պնդել է, որ անձնական դերանունների “նրա” օգտագործումը (“դրա”-ի փոխարեն) Կանոն 60 § 1-ում ցույց էր տալիս, որ այս կանոնը վերաբերում է միայն անհատներին և ոչ պետություններին։
b. Դատարանի գնահատականը
39. Դատարանը հիշեցնում է, որ մինչ այժմ միակ դեպքը, երբ ինքը քննել է արդարացի բավարարման կանոնի կիրառելիության խնդիրը միջ-պետական գործում, վերոնշյալ՝ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռն է։ Նշված գործում Դատարանը գտել է, որ անհրաժեշտ չի եղել կիրառել այս կանոնը (Կոնվենցիայի նախկին Հոդված 50-ը), քանի որ գանգատարկու Կառավարությունը բացահայտորեն հայտարարել է, որ ինքը“[չի] հրավիրել Դատարանին արդարացի բավարարում տրամադրել..., դրամական փոխհատուցման բնույթի,Կոնվենցիայի ոտնահարման որևէ առանձին զոհի” (ibid., §§ 245-246)։
40. Այնուհետև Դատարանը վերահաստատում է, որ արդարացի բավարարման կանոնի ընդհանուր տրամաբանությունը (Կոնվենցիայի Հոդված 41, կամ նախկին Հոդված 50), ինչպես նախատեսել են այն մշակողները, ուղղակիորեն բխեցվում է Պետության պատասխանատվությանն առնչվող՝ հանրային միջազգային իրավունքի սկզբունքներից և պետք է մեկնաբանվի այս համատեքստում։ Սա հաստատվում է Կոնվենցիայի Travaux préparatoires-ով, որի համաձայն
“...[Ա]յս դրույթը համապատասխանում է փաստացի միջազգային իրավունքին կապված Պետության կողմից որևէ պարտավորության խախտման հետ։ Այս առումով Եվրոպական դատարանի ընդդատությունը երբեք հետևաբար չի ներմուծի որևէ նոր կամ առկա միջազգային իրավունքին որևէ հակասող տարր ...” (Զեկույցը, որը ներկայացվել էր փորձագետների կոմիտեի կողմից Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին 1950թ. մարտի 16-ին (Փաստ. CM/WP 1(50)15))։
41. Միջազգային իրավունքի ամենակարևոր սկզբունքը կապված Պետության կողմից որևէ պայմանագրային պարտավորության խախտման հետ այն է, “որ պարտավորության խախտումը ենթադրում է համապատասխան ձևի փոխհատուցման պարտավորություն” (տես Միջազգային արդարադատության մշտական դատարանի վճիռը Factory at Chorzów գործով (ընդդատություն), Վճիռ թիվ. 8, 1927, PCIJ, Շարք A, թիվ. 9, էջ. 21)։ Չնայած Կոնվենցիայի առանձնահատուկ բնույթին, Հոդված 41-ի ընդհանուր տրամաբանությունը էապես չի տարբերվում հանրային միջազգային իրավունքի փոխհատուցումից, համաձայն որի, “միջազգային իրավունքի լավ հաստատված կանոն է, որ վնաս կրած Պետությունը լիազորված է ստանալ փոխհատուցում այն Պետությունից, որը իրականացնել է միջազգայնորեն անօրեն գործողություն, դրա հետևանքով պատճառված վնասի դիմաց” (տես Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Gabčikovo-Nagymaros Project (Հունգարիան ընդդեմ Սլովակիայի) գործով, ICJ Reports 1997,էջ. 81, § 152)։ Հավասարապես լավ հիմնավորված է, որ միջազգային դատարանը կամ տրիբունալը, որն ունի Պետության պարտավորությանն առնչվող գանգատ քննելու իրավասություն, որպես նշված իրավասության ասպեկտ, նաև լիազորություն ունի տրամադրելու փոխհատուցում կրած վնասի դիմաց (տես Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Fisheries Jurisdiction գործով (Գերմանիայի դաշնային հանրապետությունն ընդդեմ Իսլանդիայի), Էությունը, ICJ զեկույցներ 1974թ.,էջ. 203-205, §§ 71-76)։
42. Նշված հանգամանքներում, մտապահելով Հոդված 41-ին lex specialis հատուկ բնույթը միջազգային իրավունքի ընդհանուր կանոնների և սկզբունքների հետ կապված, Դատարանը չի կարող այս դրույթը մեկնաբանել նման նեղ և սահմանափակ ձևով՝ նրա շրջանակներից միջ-պետական գանգատը բացառելու առումով։ Հակառակը, նման մեկնաբանությունը վերահաստատվում է Հոդված 41-ի ձևակերպմամբ, որը նախատեսում է “տուժած կողմին արդարացի փոխհատուցման [տրա]մադրում” (Ֆրանսերեն՝ – “à la partie lésée”). “կողմ” բառը (փոքրատառով) պետք է հասկացվի որպես Դատարանում դատավարության փաստացի կողմերից մեկը։ Պատասխանող կառավարության հղումը Դատարանի կանոնակարգի Կանոն 60 § 1-ի ձևակերպմանը (վերը նշված պարբերություններ 12 և 38) չի կարող համոզիչ համարվել այս առումով։ Իրականում, այս նորմը, որը Կոնվենցիայի հետ համեմատելիս ունի ավելի ցածր ստորակարգային արժեք, արտացոլում է միայն այն ակնհայտ իրականությունը, որ գործնականում Դատարանի կողմից շնորհված բոլոր փոխհատուցումները համաձայն նշված դրույթի, մինչև այժմ շնորհվել են անհատ գանգատարկուների։
43. Հետևաբար Դատարանը համարում է, որ Կոնվենցիայի Հոդված 41-ը որպես այդպիսին վերաբերում է միջ-պետական գործերին։ Այնուամենայնիվ, այն հարցը, թե արդյոք արդարացի բավարարումը գանգատարկու Պետությանը արդարացված է, պետք է գնահատվի և վճռվի Դատարանի կողմից յուրաքանչյուր դեպքի համար առանձին, հաշվի առնելով, inter alia, գանգատարկու Կառավարության կողմից ներկայացված բողոքի տեսակը, թե արդյոք իրավախախտման զոհերը կարող են բացահայտվել, ինչպես նաև վարույթի հարուցման հիմնական նպատակը, այնքանով, որքանով դա կարելի է բխեցնել Դատարան ներկայացված նախնական գանգատից։ Դատարանը ընդունում է, որ իր առջև բերված գանգատը համաձայն Կոնվենցիայի Հոդված 33-ի, կարող է պարունակել տարբեր տեսակի բողոքներ՝ հետապնդելով տարբեր նպատակներ։ Նման դեպքերում յուրաքանչյուր բողոք պետք է քննվի առանձին՝ որոշելու, թե արդյոք արդարացի փոխհատուցման տրամադրումը դրա առնչությամբ արդարացված կլինի։
44. Այսպիսով, օրինակ, որևէ գանգատարկու Պայմանավորվող կողմ կարող է բողոքել ընդհանուր խնդիրներից (համակարգային խնդիրներից և թերություններից, վարչական գործելակերպից և այլն) Պայմանավորվող մեկ այլ պետությունում։ Նման դեպքերում գանգատարկու Կառավարության հիմնական խնդիրն է պաշտպանել հանրային կարգը Եվրոպայում կոլեկտիվ պատասխանատվության շրջանակներում՝ համաձայն Կոնվենցիայի։ Նշված հանգամանքներում կարող է նպատակահարմար չլինել արդարացի բավարարման տրամադրումը համաձայն Հոդված 41-ի, նույնիսկ եթե գանգատարկու Կառավարությունը նման պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն ունեցած լինի։
45. Գոյություն ունի նաև միջ-պետական գանգատի մեկ այլ կատեգորիա, երբ գանագատարկու Պետությունը դատապարտում է մեկ այլ Պայմանավորվող կողմից իր հպատակների (կամ այլ զոհերի) պարզ մարդու իրավունքների խախտումները։ Իրականում նման գանգատները էապես նման են ոչ միայն այն գանգատներին, որոնք բերվում են որպես անհատական գանգատներ՝ համաձայն Կոնվենցիայի Հոդված 34-ի, այլ նաև այն գանգատներին, որոնք բերվում են դիվանագիտական պաշտպանության համատեքստում, այսինքն, “Պետության կողմից կոչ, դիվանագիտական գործողության կամ խաղաղ կարգավորման այլ միջոցներով, մեկ այլ Պետության պատասխանատվության կանչելու այն վնասի համար, որը տվյալ Պետության մտադրված անօրեն գործողությամբ պատճառվել է ֆիզիկական կամ իրավական անձի, որը մյուս պետության քաղաքացի է, այդ պատասխանատվության կիրառման նպատակով” (Միջազգային իրավական հանձնաժողովի Հոդվածի նախագծեր Դիվանագիտական պաշտպանության մասին, Հոդված 1, 2006թ., տեսԳլխավոր վեհաժողովի գրառումները, Վաթսունմեկերորդ նստաշրջան, Լրացում թիվ. 10 (A/61/10), ինչպես նաև Արդարդատության միջազգային դատարանի վճիռը Diallo (Գվինեան ընդդեմ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության) գործով (Նախնական առարկություններ), ICJ Զեկ. 2007, էջ. 599, § 39)։ Եթե Դատարանը ընդունում է այս տեսակի բողոքն ու գտնում Կոնվենցիայի խախտում, ապա արդարացի բավարարումը կարող է տեղին լինել՝ նկատի առնելով գործին բնորոշ առանձնահատուկ հանգամանքները և վերը նշված չափանիշները (տես պարբերություն 43)։
46. Այնուհանդերձ, միշտ պետք է մտապահել, որ ըստ Կոնվենցիայի բուն բնույթի, անհատը և ոչ թե Պետությունն է, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վնաս է կրում և հիմնականում “տուժում է” Կոնվենցիայի իրավունքներից մեկի կամ մի քանիսի ոտնահարման հետևանքով։ Հետևաբար, եթե միջ-պետական գործում տրամադրվում է արդարացի փոխհատուցում, ապա դա պետք է միշտ տեղի ունենա ի շահ անհատ զոհերի։Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Դիվանագիտական պաշտպանության վերոնշյալ Հոդվածներից Հոդված 19-ը հանձնարարում է “[փ]ոխան[ցել] տուժած անձին ցանկացած փոխհատուցում, որը վնասի համար ձեռք է բերվել պատասխանատու Պետությունից՝ համապատասխան ողջամիտ նվազեցումներից հետո” (ibid.)։ Բացի այդ, վերը նշված Diallo-ի գործում Արդարադատության միջազգային դատարանը բացահայտ մատնանշել է, որ “գումարը, որը տրամադրվել է [գանգատարկու Պետությանը] ի շահ Պարոն Դիալոյի դիվանագիտական պաշտպանության հետապնդում է փոխհատուցել վերջինի կրած վնասները” (տես Diallo (Գվինեան ընդդեմ Կոնգոյի ժողովրդավարական հանրապետության) (Փոխհատուցում), ICJ Զեկ. 2012, § 57)։
47. Ներկա գործում Դատարանը գտնում է, որ Կիպրոսի կառավարությունը արդարացի բավարարման պահանջ է ներկայացրել կապված մարդկանց երկու բավականին հստակ և օբյեկտիվորեն սահմանվող խմբի Կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման հետ, այսինքն՝ 1,456 անհետ կորած անձանց և Կարպասի թերակղզում փակված հույն կիպրոսցի բնակիչների։ Այլ կերպ ասած, արդարացի բավարարումը չի ակնկալվում Պետությանը նրա իրավունքների ոտնահարման համար փոխհատուցելու նպատակով, այլ ի շահ անհատ զոհերի, ինչպես ներկայացված է վերը նշված պարբերություն 45-ում։ Նշված հանգամանքներում, և այնքանով, որքանով ներգրավված են անհետ կորած անձինք և Կարպասի բնակիչները, Դատարանը համարում է, որ գանգատարկու Կառավարությունն իրավունք ունի գանգատ բերել համաձայն Կոնվենցիայի Հոդված 41-ի, և որ արդարացի բավարարումն այս դեպքում կլինի արդարացված։
B. Կիպրոսի կառավարության արդարացի բավարարման պահանջները
1. Կողմերի ներկայացումները
a. Պահանջները անհետ կորած անձանց վերաբերյալ
i. Կիպրոսի կառավարությունը
48. Կիպրոսի կառավարությունը հայտարարել էր, որ նկատի ունենալով վերոնշյալ Varnava-ն և այլոք, և Karefyllides-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի (դեկտ., թիվ. 45503/99, 1-ը դեկտեմբերի, 2009թ.) գործերի արդյունքները,“արդեն պարզվում [էր], որ ընտանիքի անդամների անհետացմանն առնչվող իրավախախտումների հետ կապված անհատական գանգատարկուները, [չէին] կարող (եթե միայն [չկար] նոր ապացույց կամ տեղեկություն, որը ի հայտ բերեր թարմ պարտավորություններ իշխանությունների համար հետագա հետաքննական միջոցներ ձեռնարկելու առումով) գանգատ բերել Դատարան ընդունելիության նոր վճիռների պատճառով”։ Գանգատարկու կառավարությունը ճանաչել է,որ հիմնական վճռի § 119-ում նշված 1,485անհետ կորած անձանցից ոմանց անհրաժեշտ է բացառել։ Առաջինը, անհետ կորած ինը անձինք արդեն փոխհատուցվել էին անհատական գանգատներով Varnava-ի գործով։ Երկրորդը, քսանութ անձանց աճյունը արտաշիրիմվել և նույնականացվել է, սակայն չի պարզվել, թե արդյոք նրանք իսկապես մահացել են Թուրքիայի գործողությունների հետևանքով։ Հետևաբար ոչ մի պահանջ չէր կարող ներկայացվել այս մարդկանց առնչությամբ։ Մյուս կողմից, Գանգատարկու կառավարությունը պնդել է անհետ կորած անձանց այս ցուցակի փաստացի ճշգրիտ լինելը, իսկ թուրքական կողմը երբեք այդ ցուցակի վավերականությունը չի վիճարկել։ Հետևաբար արդարացի փոխհատուցում է ակնկալվում 1,456 անձի համար։
49. Իր նախնական դիտարկումներում Կիպրոսի կառավարությունը խնդրել էր 12,000եվրո (EUR) յուրաքանչյուր անհետ կորած անձի համար։ Այս գումարը համապատասխանում էր այն գումարին, որը տրամադրել էր Դատարանը Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով։ Իր դիտարկումների վերջնական տարբերակում Կիպրոսի կառավարությունը մի կողմ էր թողել այս պահանջը և փոխարենը խնդրել Դատարանին արդարացի փոխհատուցում տրամադրել “ստանդարտ չափով՝ համաձայն արդարացի սկզբունքների”։ Այս առումով Կիպրոսի Կառավարությունը նկատի էր առել, որ 12,000 եվրո գումարը, որը տրամադրվել էր Varnava-ի գործով, չէր համապատասխանել վերջին մյուս և իրավականորեն նման գործերով տրամադրված զգալիորեն ավելի բարձր գումարներին։ Արդարացի փոխհատուցման գումարները պետք է տրամադրվեն Դատարանի կողմից Կիպրոսի կառավարությանը, որն այնուհետև դրանք կբաշխի անհատ զոհերի միջև, այսինքն անհատ կորած անձանց ընտանիքի անդամների միջև։
ii. Թուրքիայի կառավարությունը
50. Թուրքիայի կառավարությունը պնդել էր, որ Դատարանը որևէ հատուկ որոշում չի կայացրել կապված անհատ կորած անձանց թվի հետ ըստ էության կայացրած դատավճռում։ Ուստիև հիմնավորված չէր գանգատարկու կառավարության վարկածային պահանջը չբացահայտված շահառուների անունից։ Անհետ կորած անձանց բարեկամները այժմ պետք է սպասեն ընթացակարգային պարտականության վերականգնմանը՝ համաձայն այն սկզբունքների, որոնք ամրագրված են վերը նշված՝ Brecknell-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործում։ Ժամանակի անցնելու պատճառով հնարավոր շահառուների թիվը կարող է փոփոխված լինել։ Ոմանց իրավական շահերը կարող են անհետացած լինել և այլն։ Ավելին, դժվար է երաշխավորել վնասների հստակ հաշվարկ։ Այս իրավիճակը վատթարացել է գործողության բացակայության պատճառով ավելի քան ինը տարի շարունակ ըստ էության կայացված դատավճռից հետո, որի մեղքը Թուրքիային չի վերագրվում։
b. Կարպասի թերակղզու բնակիչներին վերաբերող գանգատներ
i. Կիպրոսի կառավարությունը
51. 2012թ. հունիսի 18-ի իր դիտարկումներում Կիպրոսի կառավարությունը արդարացի փոխհատուցում էր պահանջել ոչ միայն կապված անհետ կորած անձանց հետ, այլև կապված հույն կիպրոսցիների մարդու իրավունքների ոտնահարումների հետ Կարպասի թերակղզում, որի շուրջ վճիռ էր կայացրել Մեծ Պալատը։ Ավելի հստակ,այս նոր գանգատները վերաբերում էին Կոնվենցիայի Հոդվածներ 3-ի, 8-ի, 9-ի, 10-ի և 13-ի և Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ի խախտումներին, որոնք հայտնաբերել էր Դատարանը։ Կիպրոսի կառավարությունը շեշտել էր, որ այս նոր պահանջները չէին վերաբերում Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ով ամրագրված՝ սեփականության իրավունքի ոտնահարմանը։
52. Այս կապակցության Կիպրոսի կառավարությունը խնդրել էր հետևյալը՝
“Հաշվի առնելով այն փաստը, որ Կարպասի բնակիչները չեն հանդիսացել միայն մեկ և առանձին ոտնահարման զոհ (ինչպես վկայակոչում էին վերոնշյալ գործերը), այլ հանդիսացել են պետության կողմից ամրագրված և ռասայական խտրականությամբ խթանված բազմաթիվ ոտնահարումների զոհեր բազում տարիներ շարունակ, վերոնշյալ նշաձողը ենթադրում է ոչ նյութական վնասի դիմաց համեստ փոխհատուցում ոչ պակաս քան £50,000 յուրաքանչյուր անհատի համար։ Անհրաժեշտ է հիշել, որ Դատարանը վճռել է, որ Թուրքիայի գործողությունները եղել են նվաստ և ոտնահարել են Կարպասի համայնքի անդամների արժանապատվության բուն հասկացությունը։
(1) Դատարանը պետք է հրահանգի Թուրքիային Կիպրոսին վճարել £50,000 գումար Կարպասի թերակղզում 1974 թվականից մինչև 2001 թվականի մայիսին Մեծ Պալատի կողմից դատավճռի կայացումն ընկած ժամանակահատվածում բնակված հույն կիպրոսցի յուրաքանչյուր քաղաքացու համար (Կիպրոսն այնուհետև գումարները կբաշխի զոհերին կամ նրանց ժառանգորդներին...)։
(2) Նման բնակիչների թիվը պետք է համաձայնեցվի կողմերի միջև Դատարանի հրամանին հաջորդիվ 6 ամսվա ընթացքում, իսկ փոխհամաձայնության բացակայության պարագայում որոշվի Դատարանի նախագահի կողմից՝ հիմնվելով բնակիչների և նրանց ժառանգորդների թվի և գտնվելու վայրի վերաբերյալ գրավոր փաստերի և ներկայացումների վրա”։
ii. Թուրքիայի կառավարությունը
53. Թուրքիայի կառավարությունն ի սկզբանե շեշտել էր, որ Կիպրոսի կառավարությունից ավելի քան տասնմեկ տարի էր պահանջվել հիմնական վճռի կայացումից հետո, որպեսզի ներկայացներ իր պահանջները։ Ավելին, նրանք որևէ ջանք չէին գործադրել պարզելու հնարավոր շահառուների թիվը։ Ի վերջո, Գանգատարկու կառավարության պնդումները վերաբերում էին այնպիսի փաստերի, որոնք 1974թ. վաղեմության էին, մինչդեռ նախկին Հանձնաժողովն իր զեկույցում վճռել էր, որ այն պետք է քննի միայն այն իրավախախտումները, որոնք ենթադրաբար տեղի էին ունեցել գանգատին նախորդող վեցամսյա ժամանակահատվածում։
54. Թուրքիայի կառավարությունն այնուհետև բացատրել է, որ Կարպասում կենսապայմանները բարելավվել են և որ առկա է գործող դատական համակարգ “ՀԿԹՀ”-ում, որը հասանելի է հյուսիսում բնակվող հույն կիպրոսցիների համար։
55. Ըստ Թուրքիայի կառավարության, Հոդված 41-ը չի ստեղծում արդարացի բավարարման որևէ իրավունք, և առկա է հայեցողականության տարր այս դրույթի բուն տեքստում։ Սույն գործի համատեքստում Դատարանը պետք է հաշվի առնի վճիռների կատարումը ապահովող շարունակական գործընթացը Նախարարների կոմիտեում։ Եվ վերջապես, Կոնվենցիան չի երաշխավորում պատժիչ վնասի իրավունք։ Դատարանը մշտապես մերժել է նման գանգատները։ Ներկա գործում պատասխանող Կառավարությունը համարել է, որ Դատարանը պետք է վճռի, որ իրավախախտման մասին ըստ էության վճիռը հանդիսանում է բավարար փոխհատուցում։
2. Դատարանի գնահատականը
56. Դատարանը կուզենար կրկնել իր ընդհանուր հայտարարությունը, որն արվել էր վերը նշված՝Varnava-ն և այլոք գործով և որը նաև տեղին է որևէ միջ-պետական գործում վնասների որևէ փոխհատուցման առնչությամբ (ibid., § 224):
«Դատարանը նկատում է, որ չկա որևէ արագ (էքսպրես) դրույթ ոչ նյութական կամ բարոյական վնասի համար։ Զարգանալով առանձին գործերում՝ արդարացի բավարարում տրամադրելու Դատարանի մոտեցումը տարբերակում է կատարել այնպիսի իրավիճակների միջև, երբ գանգատարկուն տուժել է ակնհայտ վնասից, ֆիզիկական կամ հոգեբանական, ցավից և տառապանքից, վշտից, անհանգստությունից, հիասթափությունից, անարդարության կամ նվաստացման զգացումից, շարունակական անորոշությունից, կայնքի խաթարումից կամ հնարավորության իրական կորստից...և այն իրավիճակների միջև, երբ գանգատարկուի կողմից կրած տառապանքի հանրային արդարացումը մի վճռում, որը պարտադիր է Պայմանավորվող պետության համար, ինքնին հանդիսանում է փոխհատուցման հզոր միջոց։ Շատ դեպքերում, երբ պարզվում է, որ օրենքը, ընթացակարգը կամ գործելակերպը չի կարողացել ապահովել Կոնվենցիայի չափանիշները, դա բավական է հարցերը ճիշտ լուծելու համար։...Որոշ իրավիճակներում, սակայն, կարող է համարվել, որ բռնության հետևանքը այնպիսի բնույթ կամ աստիճան ունի, որը այնքան էապես է ազդել գանգատարկուի բարոյական բարեկեցության վրա, որ պահանջվի ավելին։ Նման տարրերը չեն ենթարկվում հաշվարկի կամ ճշգրիտ քանակական գնահատման։ Ոչ էլ Դատարանի դերն է գործել որպես ներպետական իրավախախտումների մեխանիզմի դատարան, որը որոշում է հանցանքը և վնասների փոխհատուցումը քաղաքացիական կողմերի միջև։ Նրա ուղղորդող սկզբունքը արդարությունն է, որն առաջին հերթին ներառում է ճկունություն և օբյեկտիվ քննություն, թե ինչն է արդար, ազնիվ և ողջամիտ գործի բոլոր հանգամանքներում, ներառելով ոչ միայն գանգատարկուի դիրքորոշումը, այլև այն ողջ համատեքստը, որում տեղի է ունեցել իրավախախտումը։ Նրա ոչ նյութական փոխհատուցումները ծառայում են այն փաստի ճանաչմանը, որ բարոյական վնասը տեղի է ունեցել մարդու հիմնարար իրավունքի խախտման հետևանքով, և արտացոլում են վնասի խորությունը լայն իմաստով։ Դրանք նախատեսված չեն և չեն տրամադրում ֆինանսական հարմարավետություն կամ բարյացկամ հարստացում խնդրո առարկա Պայմանավորվող կողմի հաշվին”։
Դատարանը նաև շեշտել է, որ “գանգատարկուները [այդ դեպքում] [ապր]ել են տասնամյակներ՝ չիմանալով, ինչը պետք է որ նրանց խորապես ցնցած լինի” (ibid., § 225)։
57. Սրան Դատարանը կարող է միայն ավելացնել, որ կասկած չկա Կարպասի բնակիչների անօգնականության, տառապանքի և անհանգստության զգացումների տևականության մասին, ում Կոնվենցիայի Հոդվածներ 3, 8, 9, 10-ով և 13-ով և Թիվ 1 Արձանագրության Հոդված 2-ով արմրագված իրավունքները խախտվել են, ինչպես հաստատել է հիմնական դատավճիռը։
58. Հաշվի առնելով այս գործի բոլոր համապատասխան հանգամանքները և իր գնահատականը արդարության սկզբունքին հիմնվելով կատարելով՝ Դատարանը համարում է, որ ողջամիտ է Կիպրոսի կառավարությանը տրամադրել EUR 30,000,000 հանրագումար ոչ նյութական վնասի դիմաց, որից տուժել են անհետ կորած անձանց տուժած հարազատները և EUR 60,000,000 հանրագումար ոչ նյութական վնասի համար, որից տուժել են Կարպասի թերակղզում փակված բնակիչները, հավելյալ ցանկացած հարկ, որը կարող է պահվել նշված գումարներից։ Վերոնշյալ գումարները պետք է բաշխվեն գանգատարկու կառավարության կողմից իրավախախտումների անհատ զոհերին, ովքեր հաստատվել են հիմնական վճռով նշված երկու գլուխների տակ (տես, mutatis mutandis, վերը նշված՝Արդարադատության միջազգային դատարանի վճիռը Diallo-ի (Փոխհատուցում) գործով, loc.cit.)։
59. Դատարանն այնուհետև հիշեցնում է, որ համաձայն Կոնվենցիայի Հոդված 46 § 2-ի, Նախարարների կոմիտեին է վերապահվում վերահսկել Դատարանի վճիռների կատարումը։ Նկատի ունենալով գործի առանձնահատուկ հանգամանքները՝ Դատարանը համարում է, որ Կիպրոսի կառավարությանը, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ, պետք է վերապահվի ստեղծել վերոնշյալ գումարը անհատ զոհերին բաշխելու արդյունավետ մեխանիզմ։ Այս բաշխումը պետք է իրականացվի պատասխանող Կառավարության կողմից վճարը ստանալու հաջորդած տասնութ ամսվա ընթացքում կամ ցանկացած այլ ժամանակահատվածում, որը պատշաճ կհամարի Նախարարների կոմիտեն։
C. Տուգանք
60. Դատարանը նպատակահարմար է համարում, որ տուգանքի նախնական տոկոսադրույքը հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքին, որին պետք է հավելել երեք տոկոս։
II. ԿԻՊՐՈՍԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ “ԴԵԿԼԱՐԱՏԻՎ ՎՃՌԻ” ՊԱՀԱՆՋԸ
61. 2011թ. նոյեմբերի 25-ի իր գանգատում Կիպրոսի կառավարությունը Դատարանին խնդրել էր ընդունել “դեկլարատիվ վճիռ”, որում նշվեր,
“(i) որ Հոդված 46-ով Թուրքիայից պահանջվում է կատարել Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով վճռին, զերծ մնալով Կիպրոսի հյուսիսային մասում հույն կիպրոսցիների բնակարանների և գույքի ապօրինի վճառքը կամ շահագործումը թույլ տալուց, դրան մասնակցելուց կամ լռելյայն համաձայնելուց կամ դրան այլ կերպ հանցակից լինելուց։
(ii) որ այս պարտավորությունը, որը բխում է Հոդված 46-ից, չի վերանում Demopoulos-ի գործով Դատարանի կողմից կայացված ընդունելիության մասին որոշմամբ”։
62. Դատարանը նկատում է, որ պատասխանող Պետությունը պարտավորված է Հոդված 46-ով, ուստիև հիմնական վճիռն ի կատար ածելու իր միջազգային պարտավորություններով։ Այն վերահաստատում է այն ընդհանուր սկզբունքը, որ պատասխանող պետությունն ազատ է ընտրելու այն միջոցները, որոնցով կիրականացնի իր իրավական պարտավորությունը վերը նշված դրույթի համաձայն, և որ Դատարանի վճիռների կատարման վերահսկումը Նախարարների կոմիտեի պարտավորությունն է։
63. Դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ քննել այն հարցը, թե արդյոք Դատարանը համաձայն Կոնվենցիայի, իրավունք ունի կայացնել “դեկլարատիվ վճիռ” այն եղանակով, որը խնդրել է գանգատարկու Կառավարությունը, քանի որ պարզ է, որ պատասխանող Կառավարությունն ամեն դեպքում պաշտոնապես պարտավորված է հիմնական վճռի համապատասխան կետերով։ Այս կապակցությամբ հիշեցվում է, որ Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Թիվ 1 Արձանագրության Հոդված 1-ի շարունակական ոտնահարում այն փաստի ուժով, որ հյուսիսային Կիպրոսում գույքի սեփականատեր հանդիսացող հույն կիպրոսցիներին մերժվում է մուտք ունենալ, վերահսկել, օգտագործել և տնօրինել իրենց գույքը, ինչպես նաև տրամադրել որևէ փոխհատուցում նրանց սեփականատիրական իրավունքներին միջամտելու համար (բաժին III, հիմնական վճռի օպերատիվ մասի կետ III)։ Այսպիսով Նախարարների կոմիտեին է վերապահվում երաշխավորել, որ այս վճիռը, որը պարտադիր է համաձայն Կոնվենցիայի, և որը դեռևս ի կատար չի ածվել, լրիվ ուժ ստանա պատասխանող Կառավարության կողմից։ Նման կատարումը չի կարող Դատարանի կարծիքով հետևողական լինել Կիպրոսի հյուսիսային հատվածում հույն կիպրոսցիների բնակարանների և գույքի որևէ ապօրինի վաճառքին կամ շահագործմանը հնարավոր թույլտվության, մասնակցության, լուռ համաձայնության կամ այլապես մեղսակցության դեպքում։ Բացի այդ, Դատարանի որոշումը վերը նշված՝Demopoulos-ը և այլոք գործով, այն մասին, որ անհատների կողմից ներկայացված գանգատները կապված գույքի պահանջի խախտումների հետ պետք է մերժվեն ներպետական միջոցների չսպառման պատճառով, չպետք է քննարկվի առանձին, Թուրքիայի կողմից միջ-պետական գործում հիմնական վճռի օպերատիվ դրույթների բաժին III-ի կատարման հարցից խուսանավելու նպատակով։
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է տասնվեց կողմ և մեկ դեմ ձայնով, որ ժամանակի անցնելը 2001թ. մայիսի 10-ին կայացված հիմնական դատավճռից հետո անընդունելի չի դարձրել գանգատարկու կառավարության արդարացի բավարարման պահանջը։
2. Վճռում է, տասնվեց կողմ և մեկ դեմ ձայնով, որ Հոդված 41-ը կիրառվում է այս գործով այնքանով, որքանով ներգրավված են անհայտ կորած անձինք։
3. Վճռում է, տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով, որ Հոդված 41-ը կիրառվում է ներկա գործով այնքանով, որքանով ներգրավված են Կարպասի թերակղզում գերի դարձած հույն կիպրոսցի բնակիչները։
4. Վճռում է, տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով,
(a) որ պատասխանող Կառավարությունը պետք է վճարի գանգատարկու Կառավարությանը, երեք ամսվա ընթացքում EUR 30,000,000 (երեսուն միլիոն եվրո), հավելյալ ցանկացած հարկ, որը ենթակա է գանձման, ոչ նյութական վնասի դիմաց, որից տուժել են անհայտ կորած անձանց հարազատները.
(b) որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև կարգավորումը պարզ տոկոսադրույք պետք է հավելյալ վճարվի վերոնշյալ գումարին Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքով, տուգանքի ժամանակահատվածում, որին պետք է հավելել երեք տոկոս.
(c) որ վերոնշյալ գումարը պետք է բաշխվի գանգատարկու Կառավարության կողմից անհատ զոհերին Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ վճարման օրվանից հետո տասնութ ամսվա ընթացքում կամ ցանկացած այլ ժամանակահատվածում, որը նպատակահարմար կհամարվի Նախարարների կոմիտեի կողմից։
5. Վճռում է, տասնհինգ կողմ և երկու դեմ ձայնով,
(a) որ պատասխանող Կառավարությունը պետք է գանգատարկու Կառավարությանը վճարի երեք ամսվա ընթացքում, EUR 60,000,000 (վաթսուն միլիոն եվրո), հավելյալ ցանկացած հարկ, որը կարող է ենթակա լինել գանձման, ոչ նյութական վնասի դիմաց, որից տուժել են Կարպաս թերակղզում գերի դարձած հույն կիպրոսցի բնակիչները.
(b) որ վերը նշված եռամսյա ժամանակահատվածի սպառվելուց հետո պարզ տոկոսադրույք պետք է վճարվի հավելյալ վերոնշյալ գումարին Եվրոպական կենտրոնական բանկի նվազագույն փոխարկային տոկոսադրույքով, տուգանքի ժամանակահատվածում, որին պետք է հավելել երեք տոկոս.
(c) որ վերոնշյալ գումարը պետք է բաշխվի գանգատարկու Կառավարության կողմից անհատ զոհերին՝ Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ վճարման օրվանից հետո տասնութ ամսվա ընթացքում կամ ցանկացած այլ ժամանակահատվածում, որը նպատակահարմար կհամարվի Նախարարների կոմիտեի կողմից։ .
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և հրապարակված է բաց նիստում Մարդու իրավունքների պաշտպանության շենքում, Ստրասբուրգ, 2014թ. մայիսի 12-ին։
Մայքլ OԲոյլԺոզեֆ Քասադևալ Փոխքարտուղար Նախագահ
Համաձայն Կոնվենցիայի Հոդված 45 § 2-ի և Դատարանի կանոնակարգի Կանոն 74 § 2-ի, վճռին են կցվում հետևյալ առանձին կարծիքները՝
(a) Դատավորներ Զուպանչիչի, Գյուլումյանի,Դեյվիդ Թոր Բյորգվինսոնի,Նիկոլաուի, Սայոյի, Լազարովա Տրայկովսկայի,Փաուեր-Ֆորդի,Վուչինիկի և Պինտո դե Ալբուքերքի համատեղ համընկնող կարծիքը։
(b) Դատավոր Պինտոդե Ալբուքերքի համընկնող կարծիքը, որին միացել է դատավորՎուչինիկը։
(c) Դատավորներ ՏուլկենսիՎայիչի, Ռայմոնդիի և Բիանկուի մասամբ համընկնող կարծիքը, որին միացել է դատավոր Քարաքաշը։
(d) Դատավոր Քասադևալի մասամբ համընկնող և մասամբ չհամընկնող կարծիքը։
(e) Դատավոր Քարաքաշի չհամընկնող կարծիքը։
J.C.M
M.O’B
Առանձին կարծիքները չեն թարգմանվել, բայց ներառված են անգլերենով կա ֆրանսերենով դատավճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որին կարելի է ծանոթանալ Դատարանի դատականնախադեպերի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy