© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
DELFI AS-Ն ԸՆԴԴԵՄ ԷՍՏՈՆԻԱՅԻ
(Գանգատ թիվ 64569/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
16 հունիսի 2015թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Բովանդակություն
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Գործի նախապատմությունը
Բ. Լրատվական համացանցային պորտալում հրապարակված հոդվածն ու մեկնաբանությունները
Գ. Դիմումատու ընկերության դեմ հարուցված քաղաքացիական վարույթը
Դ. Հետագա զարգացումները
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
Բ. Այլ միջազգային փաստաթղթեր
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպական միության փաստաթղթերը և նախադեպային իրավունքը
1. Թիվ 2000/31/EC հրահանգ
2. Թիվ 98/34/EC հրահանգը՝ փոփոխված թիվ 98/48/EC հրահանգով
3. Եվրոպական միության Արդարադատության դատարանի նախադեպային իրավունքը
Բ. Համեմատական իրավունքի նյութեր
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Ա. Պալատի վճիռը
Բ. Մեծ Պալատին ներկայացված կողմերի փաստարկները
1. Դիմումատու ընկերությունը
2. Կառավարությունը
Գ. Երրորդ կողմերի փաստարկները
1. Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ
2. Article 19
3. Access
4. Լրատվամիջոցների իրավական պաշտպանության նախաձեռնություն (Media Legal Defence Initiative)
5. EDiMA, CCIA Europe և EuroISPA
Դ. Դատարանի գնահատականը
1. Նախնական նկատառումներ և Դատարանի գնահատման շրջանակը
2. Միջամտության առկայությունը
3. Օրինականությունը
4. Իրավաչափ նպատակ
5. Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ`
Delfi AS-ն ընդդեմ Էստոնիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Mark Villiger-ը,
Işıl Karakaş-ը,
Ineta Ziemele-ն,
Boštjan M. Zupančič-ը,
András Sajó-ն,
Ledi Bianku-ն,
Nona Tsotsoria-ն,
Vincent A. De Gaetano-ն,
Angelika Nußberger-ը,
Julia Laffranque-ն,
Linos-Alexandre Sicilianos-ը,
Helena Jäderblom-ը,
Robert Spano-ն,
Jon Fridrik Kjølbro-ն, դատավորներ,
և Johan Callewaert-ը, Մեծ Պալատի քարտուղարի տեղակալ,
2014թ. հուլիսի 9-ին և 2015թ. մարտի 18-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2015թ. մարտի 18-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2009թ. դեկտեմբերի 4-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Էստոնիայում գրանցված Delfi AS սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության («դիմումատու ընկերություն») կողմից ընդդեմ Էստոնիայի բերված գանգատի (թիվ 64569/09) հիման վրա:
2. Դիմումատու ընկերության շահերը ներկայացրել են Տալլինում գործող փաստաբաններ պրն. V. Otsmann-ը և տկն. K. Turk-ը: Էստոնիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության լիազոր ներկայացուցիչ տկն. M. Kuurberg-ը՝ Արտաքին գործերի նախարարությունից:
3. Դիմումատու ընկերությունը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության խախտում այն փաստի հիմքով, որ ընկերությունը պատասխանատվության էր ենթարկվել համացանցի լրատվական պորտալում հրապարակված երրորդ կողմի դիտարկումների համար:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): 2011թ. փետրվարի 1-ին Դատարանը փոխարինել է Բաժանմունքների կազմերը (Կանոն 25 § 1), որից հետո գանգատը հանձնվել է Հինգերորդ Բաժանմունքի նոր կազմին: 2013թ. հոկտեմբերի 10-ին Պալատը, հետևյալ կազմով` Isabelle Berro-Lefèvre-ն, որպես Նախագահ, Elisabeth Steiner-ը, Khanlar Hajiyev-ը, Mirjana Lazarova Trajkovska-ն, Julia Laffranque-ն, Ksenija Turković-ը, Dmitry Dedov-ը, որպես դատավորներ, ինչպես նաև André Wampach-ը, որպես Բաժանմունքի քարտուղարի տեղակալ, կայացրեց վճիռ: Դատարանը, միաձայն, հայտարարել է գանգատն ընդունելի և վճռել, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
5. 2014թ. հունվարի 8-ին դիմումատու ընկերությունը խնդրել է գործը` Կոնվենցիայի 43-րդ հոդվածի համաձայն հանձնել Մեծ Պալատին: 2014թ. փետրվարի 17-ին Մեծ Պալատի հանձնախումբը ընդունեց այդ պահանջը:
6. Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
7. Դիմումատու ընկերությունը և Կառավարությունը գործի ըստ էության (Կանոն 59 § 1) վերաբերյալ ներկայացրել են լրացուցիչ գրավոր առարկություններ:
8. Բացի այդ, գրավոր դիտողություններ են ներկայացրել Մեծ Պալատի Նախագահի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և Դատարանի Կանոնակարգի 44-րդ կանոնի 2-րդ կետ) հետևյալ կազմակերպությունները. Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը (the Helsinki Foundation for Human Rights), Հոդված 19-ը (Article 19), Մուտթի թույլտվությունը (Access), Լրատվամիջոցների իրավական պաշտպանության նախաձեռնությունը (Media Legal Defence Initiative, MLDI), որը գործել է քսանութ փոխկապակցված կազմակերպությունների հետ, ինչպես նաև համատեղ գործող Թվային լրատվամիջոցների եվրոպական ասոցիացիան (European Digital Media Association, EDiMA), Համակարգչային և հաղորդակցության արդյունաբերության ասոցիացիան (the Computer and Communications Industry Association, CCIA Europe) և Համացանցային ծառայություններ մատուցողների ասոցիացիաների համաեվրոպական ասոցիացիան (the pan-European association of European Internet Services Providers Associations, EuroISPA):
9. 2014թ. հուլիսի 9-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի է ունեցել հրապարակային նիստը (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացրել են`
(ա) Կառավարության անունից`
տկն. M. Kuurberg-ը, Կառավարության լիազոր ներկայացուցիչ,
տկն. M. Kaur-ը,
տկն. K. Mägi-ն, խորհրդատուներ,
(բ) դիմումատու ընկերության անունից`
պրն. V. Otsmann-ը,
տկն. K. Turk-ը,իրավախորհրդատու:
Դատարանը լսել է պրն. Otsmann-ի, տկն. Turk- և տկն. Kuurberg-ի հարցերը, ինչպես նաև նրանց պատասխանները դատավորներ Ziemele-ի, Spano-ի, Raimondi-ի, Villiger-ի և Bianku-ի կողմից արված հրացադրումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Դիմումատու ընկերությունը Էստոնիայում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է (aktsiaselts):
Ա. Գործի նախապատմությունը
11. Դիմումատու ընկերությունը հանդիսանում է Delfi-ի` լրատվական համացանցային պորտալի սեփականատեր, որը գանգատը ներկայացնելու ժամանակահատվածում յուրաքանչյուր օրվա ընթացքում հրապարակել է մինչև 330 լրավական հոդվածներ: Էստոնիայի համացանցային տարածքում Delfi-ին հանդիսանում է խոշորագույն լրատվական պորտալներից մեկը: Էստոնիայում այն նորություններ է հրապարակում էստոներեն և ռուսերեն լեզուներով: Պորտալը նաև գործում է Լատվիայում և Լիտվայում:
12. Խնդրո առարկա ժամանակահատվածում լրատվական հոդվածների բուն տեքստի վերջում հնարավոր էր գտնել «ավելացրեք ձեր մեկնաբանությունը» բառերը, ինչպես նաև մեկնաբանության համար նախատեսված դաշտերը, մեկնաբանողի անունը և նրա էլեկտրոնային հասցեն (պարտադիր չէ): Այդ դաշտերի ստորև հատվածում հանդիպում էին «հրապարակել մեկնաբանությունը» և «ընթերցել մեկնաբանությունները» կոճակները: Այլ անձանց կողմից թողնված ընթերցման համար նախատեսված մեկնաբանությունների մասը մի առանձին հատված էր կազմում, որը կարող էր հասանելի դառնալ «ընթերցել մեկնաբանությունները» կոճակը սեղմելու պարագայում: Մեկնաբանությունները ավտոմատ կերպով էին վերբեռնվում և, որպես կանոն, չէին խմբագրվում կամ վերահսկվում դիմումատու ընկերության կողմից: Հոդվածները օրական շուրջ 10,000 ընթերցողների մեկնաբանությունների էին արժանանում, որոնցից մեծ մասը կեղծանունների տակ էիկ հրապարակվում:
13. Սակայն, ներդրված էր «նկատելուն պես հեռացնելու» համակարգ (notice-and-take-down system). ցանկացած ընթերցող կարող էր մեկնաբանությունը տարբերանշել որպես leim (էստոներենում վիրավորական կամ ծաղրական կամ համացանցում ատելություն հրահրող հաղորդագրություն նշանակող բառ) և այդ մեկնաբանությունը արագ հեռացվում էր: Բացի այդ, գործում էր նաև ինքնաբերաբար ջնջելու մի համակարգ, որը տարածվում էր անպարկեշտ բառերի հիմքեր պարունակող մեկնաբանությունների վրա: Ի հավելումն, զրպարտչական մեկնաբանության զոհը կարող էր ուղղակիորեն տեղեկացնել դիմումատու ընկերությանը, որի դեպքում այդ մեկնաբանությունը անմիջապես հեռացվում էր:
14. Դիմումատու ընկերությունը քայլեր էր գործադրել օգտատերերին տեղեկացնելու այն մասին, որ մեկնաբանությունները չեն արտահայտում ընկերության տեսակետը և որ մեկնաբանությունների հեղինակներն են պատասխանատու դրանց բովանդակության համար: Delfi-ի համացանցային կայքում տեղադրված էր «Մեկնաբանությունների կանոնները», որոնք ներառում էին հետևյալը.
«Delfi-ի հաղորդագրության հարցերով խորհուրդը տեխնիկական միջավայր է, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել մեկնաբանություններ: Delfi-ն չի խմբագրում մեկնաբանությունները: Մեկնաբանության հեղինակը պատասխանատու է դրա համար: Հարկ է նշել, որ էստոնական դատարանները քննել են այնպիսի գործեր, որով հեղինակները պատասխանատվության են ենթարկվել մեկնաբանության բովանդակության համար ...
Delfi-ն արգելում է այնպիսի մեկնաբանություններ, որոնց բովանդակությունը չի համապատասխանում ազնիվ գործելակերպին:
Դրանք են այն մեկնաբանությունները, որոնք.
– սպառնալիք են պարունակում.
– վիրավորանք են պարունակում.
– թշնամանք ու բռնություն են հրահրում.
– անօրինական գործողությունների են հրահրում ...
– թեմային չառնչվող հղումներ, փոստաղբ (spam) կամ գովազդ են պարունակում.
– անբովանդակ են և/կամ թեմային չեն առնչվում.
– անպարկեշտ արտահայտություններ և գռեհկություններ են պարունակում ...
Delfi-ն իրավունք ունի հեռացնել այդպիսի մեկնաբանությունները և սահմանափակել դրանց հեղինակների` մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը ...»
«Նկատելուն պես հեռացնելու» համակարգի դերը բացատրվել է նաև «Մեկնաբանությունների կանոններում»:
15. Կառավարությունը պնդել է, որ Էստոնիայում Delfi-ն զրպարտող և նվաստացնող մեկնաբանություններ հրապարակելու տխրահռչակ փորձ ուներ: Հետևաբար, 2005թ. սեպտեմբերի 22-ին Eesti Ekspress շաբաթաթերթը հրապարակել է իր խմբագրական խորհուրդի կողմից Արդարադատության նախարարին, Գլխավոր դատախազին և Գերագույն դատարանի նախագահին հասցեագրված բաց նամակ, որով մտահոգություն էր հայտնվել այն մասին, որ էստոնական հանրային կայքերում հաճախակի են դարձել մարդկանց մասին չարախոսելու դեպքերը: Delfi-ին հիշատակվել է որպես դաժան և ամբարտավան ծաղրի մի աղբյուր: Բաց նամակի հասցեատերերն իրենց պատասխանը հրապարակել են նույն Eesti Ekspress թերթի 2005թ. սեպտեմբերի 29-ի համարում: Արդարադատության նախարարը ընդգծել է, որ զրպարտության ենթարկված անձինք իրավունք ունեն դատարանում պաշտպանել իրենց պատիվն ու բարի համբավը` Delfi-ի դեմ հայց բերելու և վնասներ պահանջելու միջոցով: Գլխավոր դատախազը հղում է կատարել իրավական այն հիմքերին, որոնք քրեորեն պատժելի են դարձնում սպառնալիքը, հասարակության շրջանում ատելիության հրահրումը, ինչպես նաև անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունը, և նշել, որ զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվությունը կարգավորվում է քաղաքացիական օրենսդրությամբ: Գերագույն դատարանի նախագահը վկայակոչել է այն իրավական դրույթները, որոնք կոչված են երաշխավորելու արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև պաշտպանելու յուրաքանչյուր անձի պատիվն ու բարի անունը, այդ թվում` Պարտավորությունների մասին օրենքի (Võlaõigusseadus) 1043-րդ և 1046-րդ հոդվածների պահանջները:
Բ. Լրատվական համացանցային պորտալում հրապարակված հոդվածն ու մեկնաբանությունները
16. 2006թ. հունվարի 26-ին դիմումատու ընկերությունը Delfi-ի պորտալում հրապարակել է «SLK-ն ոչնչացրել է նախագծված սառցային ճանապարահը» վերտառությամբ հոդվածը: Այսպես կոչված սառցային ճանապարհները դրանք հանրային ճանապարհներն են՝ սառեցված ծովի վրայով ընկած, որոնք ձմռան ընթացքում բացվում են մայրցամաքային Էստոնիայի և մի շարք կղզիների միջև: «SLK»-ն AS Saaremaa Laevakompanii (Saaremaa բեռնափոխադրող ընկերության, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն) հապավումն է: «SLK»-ը ապահովում է հանրային լաստանավերի ծառայության մատուցումը մայրցամաքի և որոշ կղզիների միջև: L.-ն հանդիսացել է «SLK»-ի վերահսկող խորհրդի անդամ և խնդրո առարկա ժամանակահատվածում՝ ընկերության միակ կամ խոշոր բաժնետերը:
17. 2006թ. հունվարի 24-ի և 25-ին հոդվածը 185 մեկնաբանության էր արժանացել: Դրանցից շուրջ քսանը պարունակում էին անձնական սպառնալիքներ, ինչպես նաև L.-ին հասցեագրված վիրավորական արտահայտություններ:
18. 2006թ. մարտի 9-ին L.-ի փաստաբանները դիմումատու ընկերությունից պահանջել էին հեռացնել վիրավորական բնույթի մեկնաբանությունները և 500,000 էստոնական կրոն (շուրջ 32,000 եվրո) պահանջել՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում: Պահանջը վերաբերում էր հետևյալ քսան մեկնաբանություններին.
«1. (1) կան հոսանքներ [V]äinameri-ում
(2) ջուրը ավելի մոտ է ձեր նշված տարածքներին, իսկ սառույցն էլ՝ ավելի բարակ է:
Առաջարկ՝ եկեք անենք, ինչպես որ 1905 թվականում էին անում, եկեք փայտերով գնանք [K]uressaare և [L.]-ին և [Le.]-ին դնենք պարկի մեջ
2. արյունոտված ապուշներ ...
Մենաշնորհի և պետական սուբսիդիաների շոնրհիվ նրանք ամեն դեպքում լողում են փոխի մեջ և ներկայումս սկսել են վախենալ, որ մեքենաները կարող են մի քանի օրվա ընթացքում հասնել կղզիներ՝ առանց որևէ լումա ավելացնելու նրանց դրամապանակներին: Այրվիր քո սեփական նավում, այ հիվանդ հրեա:
3. լավ է, որ [La.]-ի նախաձեռնությունը չի կոտրել համացանցի գոռգոռացողների տողերը: Առաջ գնացեք, տղաներ, [L.]-ին փուռը գցեք:
4. [փոքր L.] գնա քեզ խեղդիր
5. ըհը... [Ես] դժվար կհավատամ, որ դա պատահաբար է տեղի ունեցել... գրողը տարած ապուշներ
6. խարդախ [ռուսերեն]
7. Ինչ եք վնգստոցներդ դրել, տապալեք այդ տականքին մեկընդմիշտ [:] Ապագայում մյուսները ... կիմանան, թե ինչ են վտանգում, և միայն իրենց խղճուկ կյանքը կունենան:
8. ... անիծյալը ճշմարտացի է: Ինքնադատաստան է, զգուշարցա մյուս [կղզիաբնակների] և տղամարդ կկոչվես: Ապա նման բան այլևս էլ տեղի չի ունենա: Ամեն դեպքում, [L.]-ն արժանի էր դրան, այդպես չէ՞:
9. «լավ մարդը ապրում է երկար, իսկ կեղտոտ մարդը՝ օր կամ երկու»
10. եթե սառցային ճանապարհ լիներ [մի հոգին] հեշտորեն կարող էր 500 խնայել մի շքեղ մեքենայի համար, գրողը տարած [L.]-ն վճարելու է այդ տնտեսման համար, ինչու՞ 3 [ժամ] է պահանջվում ձեր լաստանավերի համար, եթե այդքան լավ սառցահատներ ունեք, փոխարենը ... գնացեք և կոտրեք սառույցը Pärnu-ի նավահանգիստում, գրողը տարած կապիկ, ես ամեն դեպքում կհատեմ [նեղուցը] և եթե խեղդվեմ, ապա դա քո մեղքով է
11. և արդյո՞ք չկա մեկը, որը կարող է չենթարկվել այդ տականքներին
12. Saaremaa-ի և Hiiumaa-ի կղզիների բնակիչները, 1:0 արեք այդ անխելքին:
13. մտացում եմ, թե արդյո՞ք Saaremaa-ում հնարավոր է [L.]-ն ոտքի տակ առնել: Սեփական ժողովրդին այդպես շորթելու համար:
14. Մարդիկ մի քանի օր կբամբասեն համացանցում, իսկ սրիկաները (և նաև նրանք, ովքեր մեջքերին մարդիկ ունեն և ում մենք ինքներս ենք ընտրել մեզ ներկայացնելու) դրամ կգրպանեն և ուշադրություն չեն դարձնի այս բորբոքված վիճակին. որևէ մեկին հետաքրքիր չէ այդ ամենը:
Նրանից հետո, երբ [M.]-ն և այլ խոշոր խարդախները փորձեն վատ վերաբերվել, նրանց ագահությունը իրենց է հենց խփելու (օղորմի): Նման խարդախները վաղ թե ուշ ստանալու են իրենցը: Ինչ ցանեն՝ այն էլ քաղելու են, սակայն նրանց բոլոր դեպքերում պետք է ետ պահել (ինքնադատաստան տեսնելու միջոցով, քանի որ պետությունը անզոր է նրանց դեմ. իրականում նրանք են կառավարում պետությունը), քանի որ նրանք ներկայիս օրով են ապրում: Իսկ վաղը, թեկուզ՝ զրհեղեղ:
15. այս [V.]-ն մի օր իմ կողմից թխվածքով դեմքին կստանա:
գրողը տանի, հենց որ խառնարանը դնում եք կրակի վրա և տեսնում, թե ինչպես է ծուխը գալիս սաունայի ծխնելույզից, նշանակում է, որ Saaremaa-ի ագռավներն իրենց տեղերում են և մտածում են, որ ... խոզին պատրաստում են մորթել. ոչ մի դեպքում
16. շան որդիներ: Օֆելյան նույնպես սառցային դասարան ունի, ուստի դա չի արդարացնում, թե ինչու է Օլյան անհրաժեշտ:
17. Էստոնական պետությունը, որը ղեկավարվում [և] ֆինանսավորվում է մի տականքի կողմից, անշուշտ, չի կարող կանխարգելել կամ պատժել այդ տականքի հակասոցիալական գործողությունները: Բայց լավ, ամեն մի [L.]-ի համար գալիս է նրա Միքայել հրեշտակապետի օրը ... որն ընդհանրապես չի կարող համեմատվել Միքայել հրեշտակապետի խոյի հետ:[1] Փաստորեն, ցավում եմ, [L.]-ն ի վերջո մարդ արարծ է ... :D :D :D
18. ... եթե այդ գործողություններից հետո այնպես պատահի, որ [L.]-ն հիվանդության պատճառով արձակուրդում գտնվի և որ հաջորդ անգամ սառցային ճանապարհը քանդվի ... արդյո՞ք նա [այնուհետև] կհամարձակվի երրորդ անգամ խոզի նման իրեն պահի :)
19. գրողը տարած շան որդին, որ [L.]-ն ... կարող է շուտով իմ երեխայի հետ գնալ տուն ... ամեն դեպքում, նրա ընկերությունը չի կարող երաշխավորել լաստանավային ծառայության բնականոն ընթացքը և գներն էլ այնպիսին են, որ ... իրական սրիկան ... հարց է առաջանում, թե ում գրպաններն ու բերաններն էր նա փողով փակել, այնպես որ նա խոզի նման էր իրեն տարեցտարի պահում
20. դու չես կարող կեղտից հաց պատրաստել: Ե՛վ թուղթն, և՛ համացանը կարող են ամեն ինչ տանել: Եվ պարզապես իմ սեփական հաճույքի համար (իսկապես, որ պետությանն ու [L.]-ն չի հետաքրքրում մարդկանց կարծիքը) ... պարզապես հաճույքի համար, առանց փողի նկատմամբ ագահության. ես միզում եմ [L.]-ի ականջին և նաև կեղտոտում նրա գլխին: :)»
19. Մեկ օրվա ընթացքում, սակայն դրանց հրապարակումից վեց շաբաթ անց, վիրավորական մեկնաբանությունները հեռացվել են դիմումատու ընկերության կողմից:
20. 2006թ. մարտի 23-ին դիմումատու ընկերությունը պատասխանել է L.-ի փաստաբանների հարցմանը: Ընկերությունը տեղեկացրել է L.-ին, որ մեկնաբանությունները հեռացվել են «նկատելուն պես հեռացնելու» պարտականության համաձայն և մերժել է փոխհատուցում վճարել:
Գ. Դիմումատու ընկերության դեմ հարուցված քաղաքացիական վարույթը
21. 2006թ. ապրիլի 13-ին L.-ն դիմումատու ընկերության դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել Harju-ի շրջանային դատարան:
22. 2007թ. մայիսի 28-ին դիմումատու ընկերության ներկայացուցիչները, inter alia, ներկայացրել են, որ այնպիսի գործով (2007թ. ապրիլին բրոնզե զինվորի արձանի տեղափոխման վերաբերյալ իշխանությունների կողմից արձակված հրահանգի առնչությամբ առաջացած անկարգությունները), ինչպիսին «բրոնզե գիշեր»-ն էր, դիմումատուն օրական հեռացնում էր 5,000 և 10,000 մեկնաբանություններ, այդ թվում՝ սեփական նախաձեռնությամբ:
23. 2007թ. հունիսի 25-ի վճռով L.-ի հայցապահանջը մերժվել է: Շրջանային դատարանը գտել է, որ դիմումատու ընկերությունը չի կարող ենթարկվել պատասխանատվության` համաձայն Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի (Infoühiskonna teenuse seadus), որի հիմքում Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգն է (Տեղեկատվական հասարակության ծառայությունների, մասնավորապես, էլեկտրոնային առևտրի ոլորտում՝ ներքին շուկայում կարգավորման, որոշ իրավական կողմերի վերաբերյալ Եվրոպական խորհրադարանի և Խորհրդի թիվ 2000/31/EC հրահանգը, ընդունված 2000թ. հունիսի 8-ին): Դատարանը գտել է, որ անհրաժեշտ է տարբերակել դիմումատու ընկերության տեղեկատվական պորտալում տեղ գտած մեկնաբանությունների հատվածը հրապարակվող լրագրողական նյութի համար նախատեսված հատվածից: Առաջինի կարգավորումը հիմնականում մեխանիկական և պասիվ բնույթ էր կրում: Դիմումատու ընկերությունը չէր կարող համարվել մեկնաբանությունները հրապարակող, այն նաև չուներ դրանք վերահսկելու որևէ պարտավորություն:
24. 2007թ. հոկտեմբերի 22-ին Տալլինի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել L.-ի բողոքը: Այն գտել է, որ շրջանային դատարանը սխալվել է՝ գտնելով, որ դիմումատու ընկերության պատասխանատվության ենթարկելը Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի ներքո հնարավոր չէ: Շրջանային դատարանի վճիռը բեկանվել էր և գործը ետ ուղարկվել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
25. 2008թ. հունվարի 21-ին Գերագույն դատարանը դիմումատու ընկերության կողմից ներկայացված բողոքը վարույթ չէր ընդունել:
26. 2008թ. հուլիսի 27-ին Harju-ի շրջանային դատարանը, կրկին անգամ քննելով գործը, վճիռ էր կայացրել հօգուտ L.-ի: Համաձայն Վերաքննիչ դատարանի կողմից գործի վերանայման վերաբերյալ տրված ցուցումների, դատարանը հիմնվել էր Պարտավորությունների մասին օրենքի վրա, իսկ Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքը համարել ոչ կիրառելի: Դատարանը նշել էր, որ դիմումատու ընկերությունն իր համացանցային կայքում տեղադրել էր գրառում, որի արդյունքում օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունները չէին խմբագրվում, իսկ ազնիվ գործելակերպին հակասող մեկնաբանությունների տեղադրումն արգելված էր, և որ դիմումատու ընկերությանը իրավունք էր վերապահված այդպիսի մեկնաբանությունները կայքից հեռացնել: Սակայն, շրջանային դատարանը գտել էր, որ սա բավարար չէ և որ այս դրույթը չի ապահովում այլ անձանց իրավունքների պաշտպանությունը: Դատարանը գտել էր, որ դիմումատու ընկերությունն ինքը պետք է համարվի այդպիսի մեկնաբանությունների հրապարակող և որ այն չի կարող խուսափել պատասխանատվությունից սոսկ հրապարակելով մեկնաբանությունների բովանդակության համար պատասխանատվություն չկրելու մասին նշումը:
27. Շրջանային դատարանը գտել էր, որ Delfi-ի լրատվական պորտալի կողմից հրապարակված հոդվածն ինքնին հավասարակշռված հոդված էր: Մեկնաբանություններից մի քանիսը, սակայն, գռեհիկ բնույթի էին. դրանք վիրավորական էին և զրպարտող, և արատավորում էին L.-ի պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը: Այդ մեկնաբանություններն անցնում էին արդարացի քննադատության սահմանները և հավասարազոր էին պարզ վիրավորանքի: Դատարանը եզրակացրել էր, որ արտահայտվելու ազատությունը խնդրո առարկա մեկնաբանությունները պաշտպանության տակ չի առնում և որ L.-ի իրավունքները խախտվել էին: Դատարանը L.-ին շնորհել էր 5,000 էստոնական կրոնի (320 եվրո) չափով գումար՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
28. 2008թ. դեկտեմբերի 16-ին Տալլինի վերաքննիչ դատարանը շրջանային դատարանի վճիռը թողել էր անփոփոխ: Դատարանն ընդգծել էր, որ դիմումատու ընկերությունը պարտավոր չէր նախքան տեղադրելը ստուգել տեղեկատվական պորտալում տեղադրվող մեկնաբանությունների բովանդակությունը: Սակայն, նույնիսկ այն դեպքում, երբ ընկերությունն ինքն էր ընտրել աշխատելու այս տարբերակը, այն պետք է ապահովեր մեկ այլ արդյունավետ համակարգի գործարկումը, որի առկայությամբ անօրինական բնույթի մեկնաբանությունները պորտալից արագ կհանվեին: Վերաքննիչ դատարանը գտել էր, որ դիմումատու ընկերության կողմից ձեռնարկված միջոցները բավարար չէին, և որ բարեխղճության սկզբունքին դեմ էր ակնկալել, որ պոտենցիալ տուժողներն իրենք պետք է մշտադիտարկեին մեկնաբանությունները:
29. Վերաքննիչ դատարանը մերժել էր դիմումատու ընկերության այն փաստարկը, համաձայն որի Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի հիման վրա դիմումատու ընկերության պատասխանատվության ենթարկելը բացառվում էր: Դիմումատու ընկերությունը նշել էր, որ այն չէր հանդիսանում մեկնաբանությունների տեխնիկական սպասարկմամբ զբաղվող միջնորդ ընկերություն, և որ վերջինիս մատուցած ծառայությունները սոսկ տեխնիկական, ավտոմատացված և պասիվ բնույթի չէին, փոխարենը, կայքը բաց էր օգտատերերի կողմից կատարվող մեկնաբանությունների համար: Այսպիսով, դիմումատու ընկերությունը ավելի շուտ բովանդակային, այլ ոչ թե տեխնիկական ծառայություն էր:
30. 2009թ. հունիսի 10-ին Գերագույն դատարանը մերժել էր դիմումատու ընկերության կողմից ներկայացված բողոքը: Այն, ըստ էությամբ, անփոփոխ էր թողել Վերաքննիչ դատարանի վճիռը, սակայն մասամբ փոփոխել դրա պատճառաբանական մասը:
31. Գերագույն դատարանը նշել էր հետևյալը.
«10. Պալատը գտնում է, որ բողոքում բերված պնդումները չեն կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճիռը բեկանելու համար: Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռի եզրակացությունը ճիշտ է, սակայն անհրաժեշտ է փոփոխել և լրացնել դրա իրավական հիմնավորումները՝ հիմք ընդունելով Քաղաքացիական դատարավարության օրենսգրքի 692-րդ հոդվածի 2-րդ կետը:
11. Հետևյալ հանգամանքները կողմերը չեն վիճարկում.
• 2006թ. հունվարի 24-ին դիմումատուի համացանցային պորտալում հրապարակվել էր «SLK-ն ոչնչացրել է նախագծված սառցային ճանապարհը» վերտառությամբ հոդվածը,
• պատասխանողը համացանցային պորտալի այցելուներին հնարավորություն էր ընձեռում հոդվածների ներքո թողնել մեկնաբանություններ,
• խնդրո առարկա հոդվածի ներքո հրապարակված մեկնաբանություններից [avaldatud][2] 20-ը հայցվորին [L.] նսեմացնող արտահայտություններ են,
• 2006թ. մարտի 9-ին հայցվորի կողմից պատասխանողին ուղարկված նամակը ստանալուց հետո պատասխանողը հեռացրել է նվաստացուցիչ մեկնաբանությունները:
12. Կողմերի միջև ծագած իրավական վեճը վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատասխանողը որպես ձեռնարկատեր Պարտավորությունների մասին օրենքի իմաստով հանդիսանում է հրատարակիչ, թե արդյոք հրապարակվածը (մեկնաբանությունների բովանդակությունը) անօրինական չէ, և թե արդյոք պատասխանողը անօրինական բովանդակությամբ մեկնաբանությունների հրապարակման համար պետք է կրի պատասխանատվություն:
13. Պալատը համակարծիք է Վերաքննիչ դատարանի կողմից բերված եզրակացությունների այն մասի հետ, համաձայն որի ISSA-ի [Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենք] 10-րդ հոդվածում սահմանված պատասխանատվությունը բացառող հանգամանքները պատասխանողի իրավիճակին չեն վերաբերում:
Համաձայն Տեխնիկական կարգավորումների և ստանդարտների մասին օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի՝ տեղեկատվական հասարակության ծառայությունը ISSA-ի 2-րդ հոդվածի 1-ին կետում մանրամասն ներկայացված ծառայությունն է: Համաձայն ISSA-ում տեղ գտած դրույթի «տեղեկատվական հասարակության ծառայությունները» այնպիսի ծառայություններ են, որոնք տրամադրվում են տնտեսական կամ մասնագիտական գործունեության տեսքով՝ այդպիսի ծառայությունը ստացողի անմիջական պահանջով, որի դեպքում պարտադիր չէ, որ ծառայությունների մատուցման պահին երկու կողմերն էլ ներկա գտնվեն միևնույն վայրում, այդպիսի ծառայությունները ներառում են նաև այդպիսի տեղեկատվության մշակումը, պահումը կամ էլեկտրոնային միջոցներով տարածումը, որի նպատակն է տվյալների թվային մշակումը և պահպանումը: Այդպիսով, տեղեկատվական հասարակության ծառայությունների մատուցման կարևոր պայմաններից է այն, որ դրանք մատուցվեն առանց կողմերի ֆիզիկական ներկայության, տվյալները փոխանցվեն էլեկտրոնային միջոցներով, իսկ ծառայությունը մատուցվի վճարի դիմաց՝ ծառայությունից օգտվող անձի կողմից ներկայացված պահանջի հիման վրա:
ISSA-ի 8-րդ և 11-րդ հոդվածները տեղեկատվական հասարակության տարբեր ծառայություններ մատուցողների պատասխանատվություն են սահմանում: ISSA-ի 10-րդ հոդվածում նշված է, որ այն դեպքերում, երբ մատուցվող ծառայությունը ներառում է ինֆորմացիայի պահպանում, որը կատարվում է ծառայությունը ստացողի կողմից, ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում ծառայությունը ստացողի կողմից տեղեկությունը պահպանելու վերաբերյալ պահանջի դեպքում, այն դեպքերում, եթե՝ (1) ծառայություն մատուցողը փաստացի տեղեկություն չունի տեղեկավության բովանդակության մասին, իսկ ինչ վերաբերում է կրած վնասների համար ներկայացվող պահանջներին, ապա ծառայություն մատուցողը չի տիրապետում ցանկացած անօրինական գործողության մասին վկայող փաստերի կամ հանգամանքների մասին տեղեկատվության, (2) ծառայություն մատուցողը այդպիսի փաստերի մասին տեղեկանալուն պես անհապաղ գործողություններ է ձեռնարկում՝ ուղղված դրանք հեռացնելուն կամ դրանց հասանելիությունը սահմանափակելուն: Այսպիսով, խնդրո առարկա դրույթը կիրառվում է այն ժամանակ, երբ մատուցվող ծառայությունը բաղկացած է [ծառայություն մատուցողի] էլեկտրոնային պահոցի՝ սերվերի վրա տեղեկատվության պահպանումից՝ ապահովելով դրա հասանելիությունը օգտատերերի համար: Համաձայն ISSA-ի 10-րդ հոդվածում բերված պայմանների՝ այդպիսի ծառայություն մատուցողը ազատվում է պատասխանատվությունից իր կողմից պահպանված ինֆորմացիայի բովանդակության համար, քանի որ ծառայություն մատուցողն այս դեպքում մեջբերված դրույթի իմաստով սոսկ միջնորդի դերում է և ինֆորմացիա չի տեղադրում կամ այն չի փոփոխում: Քանի որ Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի հիմքում Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 2000/31/EC հրահանգն է, որը տեղեկատվական հասարակության ծառայությունների, մասնավորապես, էլեկտրոնային առևտրի, ներքին շուկայում առևտրի որոշ իրավական ասպեկտների մասին է (Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգ), ուստի, խնդրո առարկա օրենքը մեկնաբանելիս այս հրահանգի սկզբունքները և նպատակները ևս պետք է հաշվի առնվեն: Հրահանգի 12-ից 15-րդ հոդվածները, որոնք հիմք են հանդիսացել ISSA-ի 8-ից 11-րդ հոդվածների համար, լրացվում են հրահանգի նախաբանի 42-րդ նկարագրության բովանդակությամբ: Նախաբանի այդ նկարագարության համաձայն՝ 12-15-րդ հոդվածներում նշված պատասխանատվությունից ազատվելը վերաբերում է միայն այն դեպքերին, երբ տեղեկատվական հասարակության ծառայություններ մատուցողը սահմանափակված է սոսկ գործարկման տեխնիկական գործընթացով, որի ժամանակ ապահովվում է կապի ցանցի հասանելիությունը, որի միջոցով երրորդ կողմի կողմից տրամադրված ինֆորմացիան փոխանցվում է կամ ժամանակավորապես պահվում, որի միակ նպատակը ինֆորմացիայի փոխանցումն ավելի արդյունավետ դարձնելն է. այսպիսի գործունեությունը սոսկ տեխնիկական, ավտոմատացված և պասիվ բնույթի է, ինչը նշանակում է, որ տեղեկատվական հասարակության ծառայություններ մատուցողը փոխանցվող կամ պահպանվող տեղեկատվությանը ո՛չ տիրապետում է, ո՛չ էլ վերահսկում: Ուստի, այսպես կոչված «բովանդակային ծառայություններ» մատուցողները, որոնք պահվող տեղեկատվության նկատմամբ վերահսկողություն ունեն չեն կարող հիմնվել հրահանգի 12-15-րդ հոդվածներով սահմանված բացառությունների վրա:
Պալատը կիսում է Վերաքննիչ դատարանի այն կարծիքը, համաձայն որի պատասխանողի՝ մեկնաբանությունները հրապարակելու գործողությունները լոկ տեխնիկական, ավտոմատացված կամ պասիվ բնույթի չէին: Պատասխանողի նպատակը սոսկ միջնորդավորված ծառայությունների մատուցումը չէր: Պատասխանողը մեկնաբանությունների միջավայրը ներդրել է կայքում՝ այցելուներին առաջարկելով թողնել իրենց մեկնաբանությունները՝ այդպիսով նորությունները լրացնելով նրանց դատողություններով [hinnangud] և կարծիքներով (մեկնաբանություններ): Մեկնաբանությունների միջավայրում պատասխանողը այցելուներին ակտիվորեն հրավիրում է թողնել մեկնաբանություններ պորտալի նորությունների բաժնում: Պատասխանողի կայքի այցելուների քանակը կախված է մեկնաբանությունների քանակից, պորտալում տեղադրվող գովազդից ստացված եկամտի չափն իր հերթին նույնպես կախված է [կայքի այցելությունների թվից]: Ուստի, պատասխանողը մեկնաբանությունների հրապարակման հարցում տնտեսական շահագրգռվածություն ունի: Այն փաստը, որ պատասխանողը մեկնաբանությունները հրապարակողը չէ, չի նշանակում, որ վերջինս մեկնաբանությունների միջավայրը չի վերահսկում: Եվ հակառակը, պատասխանողի ծառայություններից օգտվողը չի կարող փոփոխել կամ հեռացնել իր կողմից կատարված գրառումը: Այդպիսով, պատասխանողը կարող է որոշել, թե ավելացված որ մեկնաբանություններն են հրապարակվում և որոնք՝ ոչ: Այն հանգամանքը, որ պատասխանողը չի օգտվել այս հնարավորությունից ինքնին չի հանգեցնում այն եզրակացությանը, որ մեկնաբանությունների հրապարակումը պատասխանողի վերահսկողությունից դուրս է: Պալատը համաձայն է Վերաքննիչ դատարանի այն կարծիքի հետ, որ պատասխանողը, կառավարելով մեկնաբանությունների տիրույթում պահպանվող տեղեկատվությունը, մատուցում է բովանդակային ծառայություններ, այդ իսկ պատճառով ISSA-ի 10-րդ հոդվածում սահմանված պատասխանատվությունը բացառելու հանգամանքները այս դեպքում կիրառելի չեն:
14. Այն հարցի շուրջ, որ պատասխանողը հանդիսանում է «SLK-ն ոչնչացրել է նախագծված սառցային ճանապարհը» վերտառությամբ հոդվածի հրապարակողը, իրավական վեճ չկա, այն Delfi-ի համացանցային պորտալում է հրապարակվել 2006թ. հունվարի 24-ին: Շրջանային դատարանը ևս գտել է, որ պատասխանողը պետք է համարվի մեկնաբանությունները հրապարակող: Վերաքննիչ դատարանը, այդ տեսակետի հետ համամիտ լինելով, ընդգծում է, որ այն փաստը, որ դիմումատուն հենվում է նաև իր արտահայտվելու ազատության վրա, նույնպես ցույց է տալիս, որ այն հենց իրեն, այլ ոչ թե մեկնաբանությունների հեղինակներին է համարում, այդ մեկնաբանությունները հրապարակող: Պալատի կարծիքով Պարտավորությունների մասին օրենքի իմաստով սույն գործով հրապարակող են թե՛ մեկնաբանությունների հեղինակները և թե՛ մեկնաբանություններ գրողները: Դիմումատուն իրավունք ունի ընտրելու, թե ում դեմ է ցանկանում հայցը ներկայացնել: Հայցը ներկայացվել է միայն պատասխանողի դեմ:
Պալատը թիվ 3-2-1-95-05 քաղաքացիական գործով 2005թ. դեկտեմբերի 21-ին կայացված իր վճռի 24-րդ պարբերությունում մեկնաբանել է բացահայտում և բացահայտող բառերը, գտնելով, որ Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի նպատակներով բացահայտում [avaldamine] նշանակում է տեղեկատվության փոխանցում երրորդ անձանց, իսկ բացահայտողն այն անձն է, ով այդ ինֆորմացիան փոխանցում է երրորդ անձին: Բացի այդ, Պալատը բացատրել է, որ տեղեկության՝ մամուլում հրապարակելու [avaldamine] դեպքում բացահայտողը/հրապարակողը [avaldaja] կարող է լինել թե՛ լրատվական ընկերությունը և թե՛ այն անձը, ով տվյալ տեղեկությունը փոխանցել է լրատվամիջոցին: Համացանցային պորտալում լուր կամ մեկնաբանություն հրապարակելը նույնպես համարվում է լրագրողական գործունեություն [ajakirjanduslik tegevus]: Միևնույն ժամանակ, ելնելով համացանցային լրատվամիջոցի բնույթից [internetiajakirjandus]՝ ողջամիտ չէ պորտալը գործարկողից պահանջել, որպեսզի հրապարակումից առաջ մեկնաբանությունները խմբագրվեն, ինչպես դա արվում է տպագիր մամուլի դեպքում [trükiajakirjanduse väljaanne]: Մինչ [տպագիր մամուլում] խմբագրվող մեկնաբանություն հրապարակողը [väljaandja] այդ մեկնաբանության նախաձեռնողն է, համացանցային պորտալում հրապարակման նախախաձեռնողը այդ մեկնաբանության հեղինակն է, ով այն հասանելի է դարձնում լայն հասարակությանը տվյալ պորտալի միջոցով: Ուստի, պորտալը գործարկողը այն անձը չէ, ում տվյալ տեղեկությունը բացահայտվում է: Մեկնաբանությունների հրապարակման նկատմամբ ունեցած [իրենց] տնտեսական շահի պատճառով, թե՛ տպագիր մամուլը և թե՛ համացանցային պորտալի գործարկմամբ հրապարակողը [väljaandja] ձեռնարկատեր հրապակողներ/բացահայտողներ [avaldajad] են:
Գնահատողական դատողությունների [väärtushinnang] դեպքում, որոնք առաջացնում են կանխակալ վերաբերմունք և վարկաբեկում են անձի պատիվն ու բարի անունը, երբ անհրաժեշտ է որոշել հրապարակում/բացահայտում և հրապարակող/բացահայտող եզրույթների սահմանումները, կարևոր չէ, թե արդյոք գնահատողական դատողությունը բխել է հրապարակված/բացահայտված տեղեկություններից կամ այն ինքնին իր բովանդակային իմաստով նսեմացուցիչ է ... Այսպիսով, հրապարակումը/բացահայտումը անձի վերաբերյալ երրորդ անձանց գնահատողական դատողության ներկայացումն է (Պարտավորությունների մասին օրենքի 1046-րդ հոդվածի 1-ին կետ) և/կամ այնպիսի տեղեկություն, որի առնչությամբ կարող է գնահատողական դատողություն արտահայտվել, իսկ հրապարակողը/բացահայտողն այն անձն է, ով այդպիսի դատողությունները [hinnangud] և տեղեկությունը փոխանցում է երրորդ անձանց: Տվյալ դեպքում մեկնաբանությունները հասանելի են եղել անսահմանափակ թվով մարդկանց (լայն հասարակությանը):
15. Ի պատասխան պատասխանողի բողոքում տեղ գտած այն պնդումներին, համաձայն որի Վերաքննիչ դատարանը Սահմանադրության 45-րդ հոդվածը սխալ է կիրառել՝ արդարացնելով արտահայտվելու ազատության իրավունքի նկատմամբ միջամտությունը, որի դեպքում վերջինս հիմնվել է բարեխղճության սկզբունքի, այլ ոչ թե՝ օրենքի, և որ մեկնաբանության հեռացումը պորտալից հանդիսանում է այդ մեկնաբանությունը կատարած անձի արտահայտվելու ազատության իրավունքի միջամտություն, Պալատը տալիս է հետևյալ պարզաբանումը:
Ցանկացած հիմնարար իրավունքի իրացումը սահմանափակվում է Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ կետով, որը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք պետք է հարգի և հաշվի առնի այլոց իրավունքներն ու ազատությունները և իր իրավունքներն ու ազատություններն իրացնելիս կամ իր պարտականությունները կատարելիս պետք է գործի օրենքի սահմաններում: Սահմանադրության 45-րդ հոդվածի առաջին կետի առաջին նախադասությունը սահմանում է յուրաքանչյուր անձի արտահայտվելու ազատության իրավունքը, այն է՝ ցանկացած բովանդակության տեղեկատվության ցանկացած կերպ տարածելու իրավունքը: Այդ իրավունքը սահմանափակվում է անձի պատիվը և բարի համբավը արատավորելու արգելքով, որը սահմանված է Սահմանադրությամբ (17-րդ հոդված): Պալատի կարծիքով՝ երբ քննվում է, մի կողմից՝ արտահայտվելու ազատության և, մյուս կողմից՝ անձի պատվի և բարի համբավի միջև ծագած հակասությունը, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը սահմանված է որպես արգելք, չի հանդիսանում անձի պատվի և բարի անվան նկատմամբ կատարվող ցանկացած միջամտության լիարժեք արգելք, այլ պարզապես արգելում է զրպարտությունը (Պարտավորությունների մասին օրենքի 1046-րդ հոդված): Այլ կերպ ասած՝ վերոհիշյալ արգելքի անտեսումը կհակասի Սահմանադրությանը (Սահմանադրության 11-րդ հոդված): Սահմանադրության 45-րդ հոդվածի առաջին կետի երկրորդ նախադասությունը ներառում է խոսքի ազատությունը օրենքի միջոցով սահմանափակելու հնարավորություն՝ անձի պատիվը և բարի անունը պաշտպանելու նպատակով:
Ի պաշտպանություն անձի պատվի և բարի անվան՝ Պարտավորությունների մասին օրենքի հետևյալ դրույթները կարող են համարվել արտահայտվելու ազատության սահմանափակումներ. 1045-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերը, 1046-րդ հոդվածի 1-ին կետը, 1047-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 1055-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, և 134-րդ հոդվածի 2-րդ կետը: Շրջանային դատարանը գտել է, որ հայցվորի պատվի արատավորումն արդարացված չէ, ուստի, այն անօրինական է, քանի որ մեկնաբանություններում թեմայի քննարկում չէր ընթանում, այլ պարզապես ներկայացված էին հայցվորի անձի հանդեպ վիրավորական արտահայտություններ, որոնց նպատակը նրան նսեմացնելն էր: Վերաքննիչ դատարանը նույնպես այդ դիրքորոշմանը համամիտ է եղել: Պալատը գտնում է, որ եթե Պարտավորությունների մասին օրենքի 1046-րդ հոդվածը մեկնաբանվում է Սաhմանադրությանը համահունչ, ապա անձի պատիվը վարկաբեկելը ևս անօրինական է: Նվաստացնող բնույթի քսան մեկնաբանություններին դատարանների կողմից տրված իրավական գնահատականը հիմնավորած է: Դատարանները արդարացիորեն գտել են, որ այդ մեկնաբանությունները զրպարտող են, քանի որ դրանք գռեհիկ բնույթի էին, մարդկային արժանապատվության համար ստորացուցիչ էին և պարունակում էին սպառնալիքներ:
Դատարանը համաձայն չէ Վերաքննիչ դատարանի այն կարծիքի հետ, որ հայցվորի անձնական իրավունքներին միջամտող անօրինական բնույթի մեկնաբանությունների հեռացումը չի հանդիսանում միջամտություն այդ մեկնաբանությունների հեղինակների արտահայտվելու ազատությանը: Պալատը գտնում է, որ ցանկացած միջոցի կիրառությունը, որի արդյունքում որևէ կերպ սահմանափակվում է անձի որևէ հիմնարար իրավունք կարող է համարվել միջամտություն այդ հիմնարար իրավունքի իրացմանը: Սակայն, համացանցային պորտալի կողմից մեկնաբանություններ հրապարակող անձանց արտահայտվելու ազատության նկատմամբ կատարված միջամտությունը կարող է լինել արդարացված այդ պորտալի օպերատոր-ձեռնարկատիրոջ ունեցած պարտավորությամբ՝ հարգել երրորդ կողմի պատիվը և բարի անունը, որն ամրագրված է Սահմանադրությամբ (17-րդ հոդված) և օրենքում (Պարտավորությունների մասին օրենքի 1046-րդ հոդված), և խուսափել նրանց վնաս պատճառելուց (Պարտավորությունների մասին օրենքի 1045-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետեր):
16. Համաձայն Վերաքննիչ դատարանի վճռի՝ մեկնաբանությունների բովանդակությունը անօրինական էր, լեզվաբանորեն անհամապատասխան: Գնահատողական դատողությունները ... անհամապատասխան են, եթե ողջամիտ ընթերցողի համար ակնհայտ է, որ դրանք գռեհիկ իմաստ ունեն և ուղղված են անձի մարդկային արժանապատվության նսեմացմանը և նրան ծաղրելուն: Այդ մեկնաբանությունները որևէ տեղեկատվություն չէին պարունակում, որի իսկությունը սեփական նախաձեռնությամբ ճշտելու համար պորտալի օպերատորից կպահանջվեին լրացուցիչ ջանքեր: Ուստի, պատասխանողի այն պնդումները, որոնց համաձայն նա չգիտեր և կարող էր տեղեկացված չլինել կատարված մեկնաբանությունների անօրինական լինելու վերաբերյալ, անհիմն են:
Հաշվի առնելով վնաս պատճառելուց խուսափելու օրենսդրական պատրավորությունը, պատասխանողը պետք է կանխեր ակնհայտորեն անօրինական այդ մեկնաբանությունների հրապարակումը: Սակայն, պատասխանողը դա չի արել: Համաձայն Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի 3-րդ կետի՝ տեղեկության կամ այլ հանգամանքների հրապարակումը անօրինական չի համարվում, եթե այն հրապարակող անձը կամ այն անձը, ում ուղղված է եղել տվյալ ինֆորմացիան, ունի այդպիսի հրապարակման համար շահագրգռվածություն և բավականաչափ մանրամասնությամբ ճշտել է այդ տեղեկության կամ այլ հանգամանքների իսկությունը՝ այդ արարքի արդյունքում առաջացած պոտենցիալ խախտման ծանրությանը համապատասխան: Լեզվաբանորեն անհամապատասխան գնահատողական դատողությունները, որոնք վնաս են հասցնում այլ անձի պատվին, չեն կարող արդարացված լինել Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի 3-րդ կետում նշված հանգամանքներին հղում կատարելով. այդպիսի դատողությունները հիմնված չեն բացահայտված որևէ տեղեկության վրա, այլ արտահայտվում և հրապարակվում են այդպիսի մտահոգություն հայտնած կողմի պատիվը և բարի անունը արատավորելու նպատակով: Ուստի, ակնհայտորեն անօրինական բնույթի մեկնաբանությունների հրապարակումը ևս անօրինական է: Բացահայտումից հետո պատասխանողը սեփական նախաձեռնությամբ պորտալից չի հեռացրել մեկնաբանությունները, որոնց անօրինական բնույթի մասին պետք է, որ վերջինիս հայտնի լիներ: Այսպիսի հանգամանքներում դատարանը ողջամտորեն գտել է, որ պատասխանողի անգործությունը օրենքի խախտում է: Պատասխանողը հայցվորին պատճառված վնասի փոխհատուցման համար կրում է պարտավորություն, քանի որ դատարանները հաստատել են, որ պատասխանողը չի ապացուցել մեղքի բացակայությունը [süü]. (Պարտավորությունների մասին օրենքի 1050-րդ հոդվածի 1-ին կետ)»:
Դ. Հետագա զարգացումները
32. 2009թ. հոկտեմբերի 1-ին Delfi-ին իր համացանցային պորտալում հայտարարեց, որ վիրավորական մեկնաբանություններ հրապարակած անձինք այլևս չեն կարող նոր մեկնաբանություններ հրապարակել, մինչև որ չկարդան և չընդունեն մեկնաբանությունների հրապարակման կանոնները: Ավելին, հայտարարվեց, որ Delfi-ն մոդերատորների թիմ է հավաքագրել, ովքեր վերահսկում են պորտալում հրապարակված մեկնաբանությունների բովանդակությունը: Մոդերատորները, նախևառաջ, վերանայում են ոչ պատշաճ բովանդակությամբ մեկնաբանությունների վերաբերյալ օգտատերերի կողմից թողնված նշումները: Համաձայն հրապարակված տեղեկատվության՝ Delfi-ի ընթերցողների կողմից թողնված մեկնաբանությունների քանակը 2009թ. օգոստոս ամսվա ընթացքում կազմել է 190,000: Delfi-ի մոդերատորների կողմից հեռացվել է 15,000 մեկնաբանություն (մոտավորապես 8%-ը), որոնց հիմնական մասը փոստաղբ կամ ոչ պատշաճ բնույթի մեկնաբանություններ էին: Զրպարտող մեկնաբանությունների տոկոսային հարաբերությունը ընդհանուր մեկնաբանությունների թվի հետ համեմատ կազմել է 0,5%:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
33. Էստոնիայի Հանրապետության Սահմանադրությունը (Eesti Vabariigi põhiseadus) սահմանում է՝
Հոդված 17
«Ոչ ոքի պատիվը և բարի անունը չպետք է արատավորվի»:
Հոդված 19
« (1) Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ինքնարտահայտման:
(2) Յուրաքանչյուր ոք պետք է հարգի այլոց իրավունքները և ազատությունները, իսկ իր իրավունքներն ու ազատություններն իրացնելիս և պարտականություններն կատարելիս պետք է գործի օրենքի սահմաններում»:
Հոդված 45
«(1) Յուրաքանչյուր ոք իրավունք ունի բանավոր խոսքի, տպագիր մամուլի, նկարի կամ այլ միջոցներով ազատորեն տարածելու գաղափարներ, համոզմունքներ և այլ տեղեկատվություն: Այս իրավունքը կարող է օրենքով սահմանափակվել հասարակական կարգի, բարոյականության, այլ անձանց իրավունքների և ազատությունների, առողջության, պատվի և բարի անվան պաշտպանության նպատակներով: Այս իրավունքը կարող է նաև օրենքով սահմանափակվել պետական կամ տեղական մարմինների հանրային ծառայողների համար, որոնց ի պաշտոնե հայտնի է դարձել պետական կամ առևտրային գաղտնիք կամ խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվություն, որը վերջիններս պարտավոր են պահպանել, այլ անձանց ընտանեկան և անձնական կյանքի գաղտնիության պահպանման, ինչպես նաև՝ ելնելով արդարադատության շահերից:
(2) Գրաքննությունն արգելվում է»:
34. Քաղաքացիական օրենսգիրք (Ընդհանուր սկզբունքներ) օրենքի (Tsiviilseadustiku üldosa seadus) 138-րդ հոդվածը սահմանում է, որ իրավունքները պետք է իրացվեն, իսկ պարտականությունները կատարվեն բարեխղճորեն: Իրավունքի իրացումը չպետք է կատարվի օրենքը խախտելու ճանապարհով կամ մեկ այլ անձին վնաս պատճառելու նպատակով:
35. Պարտավորությունների մասին օրենքի (Võlaõigusseadus) 134-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է հետևյալը.
«Այն դեպքում, երբ պատճառված վնասի փոխհատուցման պարտավորությունն առաջացել է ... անձնական իրավունքի խախտման, մասնավորապես՝ զրպարտության հետևանքով, պարտավորվություն ստանձանց անձը պարտավոր է տուժողին վճարել ոչ նյութական վնասի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե այն արդարացված է այդպիսի խախտման ծանրությամբ, մասնավորապես՝ վերջինիս պատճառվել են ֆիզիկական վնաս կամ հուզական ծանր ապրումներ»:
36. Պարտավորությունների մասին օրենքի 1043-րդ հոդվածը սահմանում է, որ անձը (վնաս պատճառած անձը), ով օրենքի խախտման հետևանքով այլ անձի (տուժողին) վնաս է պատճառել, պետք է վնասը փոխհատուցի, եթե հաստատվում է, որ վնաս պատճառած անձը մեղավոր (süüdi) է դրա պատճառման հարցում կամ եթե օրենքի համաձայն պատասխանատու է այդ վնասի պատճառման համար:
37. Պարտավորությունների մասին օրենքի 1045-րդ հոդվածը սահմանում է, որ վնասի պատճառումը անօրինական է, եթե, inter alia, այն առաջացել է տուժողի անձնական իրավունքի խախտման արդյունքում:
38. Պարտավորությունների մասին օրենքը նաև սահմանում է.
Հոդված 1046. Անձնական իրավունքի խախտմամբ առաջ եկած վնասի անիրավաչափությունը
«(1) Անձի պատվին վնաս պատճառելը, inter alia, ոչ պատշաճ գնահատողական դատողություն փոխանցելու, անձի անվան կամ լուսանկարի չարդարացված օգտագործման միջոցով կամ անձի մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը կամ այլ անձնական իրավունքի խախտումը անօրինական է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այսպիսի արարքի անօրինականությունը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման տեսակը, պատճառը և շարժառիթը, ինչպես նաև՝ խախտման ծանրությունը՝ հետապնդվող նպատակի համակցությամբ:
(2) Անձնական իրավունքի խախտումը անօրինական չէ, եթե այն արդարացված է օրենքով պաշտպանվող այլ իրավունքների և երրորդ կողմերի իրավունքների ու հանրային շահերի տեսանկյունից: Այսպիսի դեպքերում արարքի անօրինականությունը հաստատվում է օրենքով պաշտպանվող տարբեր իրավունքների և շահերի համեմատական գնահատմամբ»:
Հոդված 1047. Ոչ հավաստի տեղեկատվության բացահայտման անօրինականությունը
«(1) Ոչ հավաստի տեղեկատվության բացահայտման [avaldamine] կամ անձի կամ անձի գործունեության վերաբերյալ ոչ լիարժեք կամ ապակողմնորոշող տեղեկատվության միջոցով անձնական իրավունքների խախտումը կամ տնտեսական կամ մասնագիտական գործունեությանը միջամտությունը անօրինական է, բացառությամբ եթե այդպիսի տեղեկատվությունը բացահայտող անձն ապացուցի, որ այդպիսի բացահայտման ժամանակ տեղեկատվությունը տարածող անձն այն տարածելիս չգիտեր և չէր կարող իմանալ այդպիսի տեղեկատվության ոչ հավաստի կամ ոչ լիարժեք լինելու մասին:
(2) Անձին զրպարտող տեղեկությունների բացահայտումը կամ նրա վերաբերյալ այնպիսի տեղեկությունների տարածումը, որոնք կարող են բացասաբար ազդել անձի տնտեսական դրության վրա, համարվում է անօրինական, բացառությամբ եթե այդպիսի տեղեկություններ տարածողն ապացուցում է, որ դրանք իրականությանը համապատասխանում են:
(3) Անկախ սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթներից տեղեկության կամ այլ հանգամանքների բացահայտումը չի կարող համարվել անօրինական, եթե այդ տեղեկատվությունը կամ այլ հանգամանքները բացահայտած անձը կամ այն անձը ում բացահայտել են այդ տեղեկատվությունը ունի այդպիսի բացահայտման նկատմամբ օրինական շահ, և եթե այն բացահայտած անձը ստուգել է այդ տեղեկությունը կամ այլ հանգամանքները պոնտենցիալ խախտմանը համաչափ, բավարար մանրակրկտությամբ:
(4) Ոչ ճիշտ տեղեկատվության բացահայտման դեպքում տուժողը կարող է պահանջել, որպեսզի այդպիսի տեղեկատվությունը տարածող անձը սեփական միջոցներով տարածի հերքում կամ տպագրի այդ տեղեկությունը շտկող տեղեկություն՝ անկախ այն հանգամանքից, թե այդպիսի տեղեկության հրապարակումը անօրինական էր, թե ոչ»:
Հոդված 1050. Մեղքը [süü] որպես պատասխանատվության հիմք
«(1) Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, վնաս պատճառած անձը պարտավոր չէ փոխհատուցել պատճառված վնասի համար, եթե վերջինս ապացուցում է վնասի պատճառման հարցում իր մեղքի [süüdi] բացակայությունը:
(2) Սույն գլխի նպատակներով անձի մեղքը որոշելիս [süü] պետք է հաշվի առնվեն իրավիճակը, այդ անձի տարիքը, կրթությունը, գիտելիքները, կարողությունները և այլ անձնական հատկանիշները:
(3) Եթե վնասի փոխհատուցման համար պատասխանատվություն են կրում մի քանի անձինք, և եթե, օրենքի համաձայն, դրանցից մեկը կամ մի քանիսը պատասխանատվություն են կրում ոչ իրավաչափ վնասի պատճառման համար՝ անկախ վերջիններիս մեղավոր լինելու հանգամանքից, պատճառված վնասի փոխհատուցման համամասնությունը որոշելիս հաշվի են առնվում փոխհատուցման համար պատասխանատվություն կրող անձանց սխալ վարքագիծը և մեղքի աստիճանը»:
Հոդված 1055. Վնաս պատճառող գործողությունների արգելք
«(1) Այն դեպքում, եթե վնասի ոչ իրավաչափ պատճառումը տևական ժամանակ չի դադարում կամ եթե այդպիսի վնասի պատճառման վերաբերյալ հնչեցվել է սպառնալիք, տուժողը կամ այն անձը, ում ներկայացվել է այդպիսի սպառնալիք, իրավունք ունի պահանջելու վնաս պատճառող վարքագծի կամ այդպիսի վարքագիծ դրսևորելու սպառնալիքի դադարեցում: Մարմնական վնասվածքի, առողջությանը հասցված վնասի կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության կամ ցանկացած այլ անձնական իրավունքի խախտված լինելու դեպքում կարող է պահանջվել վնաս պատճառած անձին, inter alia, արգելել մոտենալ այլոց (դատարանի արգելող որոշում), իսկ վերջինիս կացարանից կամ հաղորդակցման միջոցներից օգտվելը լինի վերահսկողության տակ, կամ կիրառել այլ համանման միջոցներ:
(2) Սույն հոդվածի 1-ի կետով սահմանված վնաս պատճառող վարքագծի դադարեցում պահանջելու իրավունքը կիրառելի չէ, եթե ողջամտորեն կարելի է ակնկալել, որ այդպիսի վարքագիծը տանելի է մարդկային համակեցության պայմաններում կամ ծանրակշիռ հասարական շահի առկայությամբ: Այսպիսի դեպքերում տուժողը իրավունք ունի պահանջելու անօրինական կերպով պատճառված վնասի փոխհատուցում:
... »:
39. Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքը (Infoühiskonna teenuse seadus) սահմանում է հետևյալը.
Հոդված 8. Սահմանափակ պատասխանատվություն տեղեկատվության սոսկ տարածման և տվյալների փոխանցման հանրային ցանց մուտք գործելու հնարավորություն ընձեռելու դեպքում
«(1) Այն դեպքում, երբ մատուցվող ծառայությունը բաղկացած է սոսկ տվյալ տեղեկատվության՝ հանրային տեղեկատվական ցանցի միջոցով փոխանցումից, որը կատարվում է ծառայությունը ստացողի կողմից, կամ պարզապես հանրային ցանցի հասանելիությունը ապահովելուց, ծառայություն մատուցողը պատասխանատվություն չի կրում այդպիսի տեղեկատվության տարածման համար պայմանով, եթե վերջինս՝
1. չի նախաձեռնել այդպիսի փոխանցում,
2. չի ցուցաբերել ընտրողական մոտեցում՝ կապված այն ստացողի անձի հետ, և
3. չի ընտրել կամ չի փոփոխել հեռարձակվող նյութի պարունակության մեջ եղած տեղեկատվությունը:
(2) Փոխանցման և մուտք գործելու հնարավորության տրամադրելու գործողությունները սույն հոդվածի 1-ին կետի իմաստով ներառում է փոխանցվող տեղեկատվության համար ավտոմատ, միջանկյալ և ժամանակավոր պահոցի տրամադրում այն դեպքում, երբ այն կատարվում է հանրային տվյալների փոխանցման ցանցում և պայմանով, որ այդպիսի տեղեկատվությունը չի պահվելու ավելի երկար, քան ողջամտորեն անհրաժեշտ է այն փոխանցելու համար»:
Հոդված 9. Սահմանափակ պատասխանատվություն՝ հիշողության պահոցում
տեղեկատվության ժամանակավոր պահպանման համար
«(1) Այն դեպքում, երբ մատուցվում է ծառայություն, որը բաղկացած է հանրային տվյալների փոխանցման ցանցով ծառայությունից օգտվողի կողմից տեղեկության փոխանցումից, ծառայություն մատուցողը չպետք է պատասխանատվություն կրի այդպիսի տեղեկության ավտոմատ, միջանկյալ կամ ժամանակավոր պահման համար, եթե խնդրո առարկա փոխանցման մեթոդը պահանջում է փոխանցվող տվյալների տեխնիկական նպատակներով պահպանում, և այդպիսի պահպանումը սոսկ ծառայում է վերջիններիս խնդրանքով այդ տեղեկության՝ ծառայությունից այլ օգտվողների հետագա փոխանցման համար՝ պայմանով, որ՝
1. ծառայություն մատուցողը տեղեկությունը փոփոխման չենթարկի,
2. ծառայություն մատուցողը գործի տեղեկատվության հասանելիության պայմանների համաձայն,
3. ծառայություն մատուցողը գործի տեղեկատվության թարմացման վերաբերյալ կանոնների համաձայն, որոնք սահմանված են այնպես, ինչպես որ դրանք լայնորեն ընդունված են և կիրառվում են տնտեսության տվյալ ճյուղում,
4. ծառայություն մատուցողը չմիջամտի տեխնոլոգիայի իրավաչափ օգտագործման հարցում, որը տնտեսության տվյալ ճյուղի կողմից լայնորեն ճանաչվում և օգտագործվում է տեղեկատվության օգտագործման վերաբերյալ տվյալներ հավաքագրելու նպատակով,
5. ծառայություն մատուցողը անհապաղ ձեռնարկի այդ տեղեկության հեռացումը կամ սահմանափակի իր կողմից պահված տեղեկության հասանելիությունը այն բանից հետո, երբ վերջինս տեղեկանա, որ այդ տեղեկությունը հեռահաղորդակցման նախնական աղբյուրից հեռացվել կամ դրա հասանելիությունն այնտեղ սահմանափակվել է կամ երբ դատարանը, ոստիկանությունը կամ պետական վերահսկիչ մարմինը պահանջի այն հեռացնել»:
Հոդված 10. Սահմանափակ պատասխանատվություն
տեղեկությունների պահման ծառայության մատուցելու դեպքում
«(1) Այն դեպքում, երբ մատուցվում է ծառայություն, որը բաղկացած է ծառայությունից օգտվողի կողմից տրամադրված տեղեկության պահումից, ծառայություն մատուցողը չպետք է պատասխանատվություն կրի պահված տեղեկատվության համար, որը վերջինս պահել է ծառայությունից օգտվողի խնդրանքով, պայմանով, որ՝
1. ծառայություն մատուցողը այդ ինֆորմացիայի բովանդակության վերաբերյալ փաստացի տեղեկատվություն չունի, իսկ ինչ վերաբերում է վնասների փոխհատուցման պահանջներին, ապա վերջինս տեղեկացված չէ այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք ակնհայտ մատնանշում են ոչ իրավաչափ գործողության տեղի ունենալուն կամ տեղեկության գոյությանը,
2. ծառայություն մատուցողը, սույն կետի առաջին պարբերության ներքո նշված փաստերը հայտնի դառնալուն կամ դրանց մասին տեղեկացվելուն պես, պետք է գործի անհապաղ՝ այդ տեղեկությունը հեռացնելով կամ այն դարձնելով անհասանելի:
(2) Սույն հոդվածի 1-ին կետը կիրառելի չէ այն դեպքում, երբ ծառայություն ստացողը գործում է ծառայություն մատուցողի թույլատվությամբ կամ վերջինիս վերահսկողության ներքո»:
Հոդված 11. Մոնիտորինգի պարտավորության բացակայություն
«(1) Սույն օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներում նշված ծառայություն մատուցողը պարտավոր չէ սոսկ տեղեկատվության փոխանցման կամ դրա հասանելիության ապահովման, հիշողության պահոցում դրա ժամանակավոր պահման կամ ծառայությունը ստացողի պահանջով դրա պահպանման փաստի ուժով մշտադիտարկել այն, վերջինս պարտավոր չէ նաև ակտիվորեն փնտրել տեղեկատվություն կամ հանգամանքներ, որոնք կմատնանշեն ոչ իրավաչափ գործողություններին:
(2) Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն սահմանափակում պաշտոնական վերահսկողության իրականացումը, որի դեպքում ծառայություն մատուցողից կարող է պահանջվել բացահայտել այդպիսի տեղեկատվությունը:
(3) Ծառայություններ մատուցողները պարտավոր են իրավասու վերահսկող մարմիններին անհապաղ տեղեկացնել իրենց ծառայությունները ստացողների կասկածելի գործունեության կամ վերջիններիս կողմից փոխանցվող սույն օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներում նշված տեղեկատվության մասին, ինչպես նաև՝ փոխանցել վերջիններիս այն տեղեկությունները, որոնք կօգնեն նրանց նույնականցնել այն ծառայություններից օգտվողներին, ովքեր իրենց հետ կնքել են տեղեկատվությունը պահպանելու պայմանագիր:
... »:
40. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (Tsiviilkohtumenetluse seadustik) 244-րդ և դրան հաջորդող հոդվածները նախատեսում են մինչդատական վարույթի ընթացքում ապացույցների ձեռքբերում (eeltõendamismenetlus). սա մի գործընթաց է, որի դեպքում ապացույցը կարող է ձեռքբերվել նախքան դատական վարույթի մեկնարկը, եթե կարելի է ենթադրել, որ այդպիսի տեղեկատվությունը կարող է կորցվել կամ որ ինֆորմացիան օգտագործելու հնարավորությունը հետագայում կարող է բարդանալ:
41. 2005թ. դեկտեմբերի 21-ին (թիվ 3-2-1-95-05 գործ) կայացված վճռով Գերագույն դատարանը գտել է, որ Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի նպատակներով բացահայտում (avaldamine) նշանակում է տեղեկության բացահայտում երրորդ կողմերին: Անձը, ով տեղեկությունը փոխանցում է զանգվածային լրատվական միջոցով հրապարակողին (meediaväljaanne) կարող է համարվել հրապարակող (avaldaja), նույնիսկ եթե վերջինս խնդրո առարկա հոդվածի հրապարակողը չէ (ajaleheartikli avaldaja): Գերագույն դատարանը վերահաստատում է նախորդ վճիռներով արտահայտած իր դիրքորոշումը, ինչպիսին օրինակ՝ 2010թ. դեկտեմբերի 21-ի վճիռն է (թիվ 3‑2‑1-67-10 գործ):
42. Ներպետական ատյաններում քննված մի շարք գործերով զրպարտության վերաբերյալ հայցեր են ներկայացվել մի քանի պատասխանողների դեմ, այդ թվում նաև, օրինակ՝ լրագրի հրատարակչի և հոդվածի հեղինակի դեմ (թիվ 3-2-1-61-98 գործով Գերագույն դատարանի 1998թ. մայիսի 7-ի վճիռը), լրագրի հրատարակչի հարցազրույց տված անձի դեմ (թիվ 3-2-1-99-97 գործով Գերագույն դատարանի 1997թ. դեկտեմբերի 1-ի վճիռը), և միայն լրագրի հրատարակչի (թիվ 3-2-1-123-97 գործով Գերագույն դատարանի 1997թ. հոկտեմբերի 30-ի վճիռը, և թիվ 3-2-1-53-07 գործով 2007թ. հոկտեմբերի 10-ի վճիռը):
43. 2009թ. հունիսի 10-ին սույն գործով կայացված վճռին (թիվ 3-2-1-43-09 գործ) հաջորդել են ստորադաս ատյանի դատարանների վճիռները, որոնցով առցանց հոդվածների ներքո կատարված մեկնաբանությունների առնչությամբ պատասխանատվության հարցը լուծվել է համանման կերպ: Այսպես օրինակ՝ Տալլինի վերաքննիչ դատարանն իր 2012թ. փետրվարի 21-ին կայացված վճռով (թիվ 2‑08‑76058 գործ) հաստատել է ստորադաս դատարանի կողմից լրատվամիջոցի դեմ զրպարտության համար ներկայացված հայցի կապակցությամբ արձակված վճիռը: Այս վճռով հաստատվել էր, որ հրատարակիչը պատասխանատվություն է կրում ընթերցողի կողմից առցանց մեկնաբանությունների տիրույթում թողնված զրպարտող մեկնաբանությունների համար: Դատարանը գտել է, որ հրատարակիչը բովանդակային ծառայություններ մատուցող է: Դատարանը մերժել է հրատարակչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Եվրոպական միության Արդարադատության դատարանից (ԵՄԱԴ) նախնական որոշում կայացնելու պահանջի վերաբերյալ՝ գտնելով, որ ակնհայտ է, որ պատասխանողը չի բավարարում պասիվ ծառայություններ մատուցողի չափանիշներին, ինչպես որ նախկինում մեկնաբանվել է ԵՄԱԴ-ի և Գերագույն դատարանի կողմից, և որ համապատասխան կանոնները բավականաչափ հստակ էին: Հետևաբար, ԵՄԱԴ-ի կողմից նոր ուղղորդումներ անհրաժեշտ չեն: Դատարանները նաև նշել են, որ ԵՄԱԴ-ի 2010թ. մարտի 23-ին կայացված վճռի (միավորված գործեր՝ թիվ C‑236/08-ից մինչև թիվ C‑238/08, Google France-ը և Google-ը [2010] ECR I‑2417) համաձայն՝ ներպետական դատարաններն են որոշում՝ արդյոք ծառայություն մատուցողի դերակատարությունը եղել է չեզոք, թե՝ ոչ, այն իմաստով, որ վերջինիս վարքագիծը եղել է սոսկ տեխնիկական, ավտոմատացված և պասիվ, որը կմատնանշեր վերջինիս կողմից պահվող տեղեկությունների վերաբերյալ տեղեկացված չլինելու կամ վերահսկողություն չունենալու մասին: Դատարանները գտել են, որ քննվող գործով իրավիճակն այլ էր: Քանի որ հրատարակիչը նախքան վճռի արձակումը զրպարտող մեկնաբանություններն արդեն հեռացրել էր, այդ խնդրի կապակցությամբ վճիռ չի արձակվել. հայցվորի ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ պահանջը մերժվել է: 2013թ. հունիսի 27-ին Տալլինի վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է համանման վճիռ (թիվ 2-10-46710 գործ): Տվյալ գործով ևս համացանցային նորությունների պորտալը ճանաչվել է պատասխանատու ընթերցողների կողմից հրապարակված զրպարտող մեկնաբանությունների համար, իսկ հայցվորի կողմից բերված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջը մերժվել է:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
44. 2003թ. մայիսի 28-ին տեղի ունեցած նախարարների տեղակալների 840-րդ նստաշրջանի ժամանակ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է Համացանցային հաղորդակցման ազատության վերաբերյալ հռչակագիրը: Հռչակագրի համապարաստան հատվածներում նշված է հետևյալը.
«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները.
...
Համոզված լինելով նաև, որ անհրաժեշտ է սահմանափակել ծառայություն մատուցողների պատասխանատվությունը այն դեպքերում, երբ վերջիններս հանդես են գալիս սոսկ փոխանցողների դերում, կամ երբ վերջիններս, գործելով բարեխղճորեն, երրորդ կողմերից ստացվող տեղեկատվության համար ապահովում են հասանելիություն կամ ընդունում այն,
Հիշեցնելով այս կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կողմից 2000թ. հունիսի 8-ին ընդունված թիվ 2000/31/EC հրահանգը՝ Տեղեկատվական հասարակության ծառայությունների, մասնավորապես, էլեկտրոնային առևտրի ոլորտում՝ ներքին շուկայում կարգավորման, որոշ իրավական կողմերի մասին,
Ընդգծելով, որ համացանցով հաղորդակցվելու ազատությունը չպետք է վնասի այլ անձանց, հատկապես՝ անչափահասների մարդու արժանապատվությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների իրացմանը,
Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է հավասարակշռել համացանցից օգտվողների՝ իրենց ինքնությունը չբացահայտելու կամաարտահայտման հարգումը իրավապահ մարմինների կողմից քրեական արարքների համար պատասխանատու անձանց հետապնդելու անհրաժեշտության հետ,
...
Հռչակում է, որ պետությունները հանձն են առնում հավատարիմ մնալ համացանցային հաղորդակցման ոլորտի վերաբերյալ հետևյալ սկզբունքներին.
Սկզբունք 1. Համացանցի բովանդակության կանոնները
Անդամ պետությունները չպետք է համացանցի բովանդակությունը ենթարկեն ավելի մեծ սահմանափակումների, քան նախատեսված է ինֆորմացիայի փոխանցման այլ միջոցների համար:
...
Սկզբունք 3. Պետության կողմից նախքան հրապարակումը վերահսկողության բացակայություն
Հանրային մարմինները չպետք է ընդհանուր արգելափակման կամ ֆիլտրման միջոցներով սահմանափակեն հանրության կողմից համացանցով տեղեկատվության փոխանակումը կամ այլ տեսակի հաղորդակցությունը՝ անկախ սահմաններից: Սա չի կանխարգելում անչափահասների պաշտպանության նպատակով ֆիլտրերի տեղադրումը, հատկապես այնպիսի վայրերում, որտեղ համացանցը նրանց համար առավել մատչելի է, ինչպես օրինակ՝ դպրոցները և գրադարանները:
Պայմանով, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները կիրառվում են, միջոցներ կարող են ձեռնարկվել հստակ առանձնացող բովանդակությամբ համացանցային տեղեկատվությունը հեռացնելու համար կամ, որպես այլընտրանք, դրա հասանելիությունը սահմանափակելու համար, եթե պետական մարմինների կողմից կայացվել է նախնական կամ վերջնական որոշում այդպիսի բովանդակության ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ:
...
Սկզբունք 6. Ծառայություն մատուցողների համացանցային բովանդակության համար սահմանափակ պատասխանատվությունը
Անդամ պետությունները չպետք է ծառայություն մատուցողների նկատմամբ սահմանեն նրանց կողմից հասանելի դարձված համացանցային բովանդակությունը մշտադիտարկելու ընդհանուր պարտավորություն, որի միջոցով տեղեկությունները փոխանցվում կամ պահվում են, ոչ էլ պետք է վերջիններիս պարտադրեն ակտիվություն ցուցաբերել ոչ իրավաչափ փաստերը կամ հանգամանքները հայտնաբերելու հարցում:
Անդամ պետությունները պետք է ապահովեն, որ ծառայություն մատուցողները պատասխանատվության չենթարկվեն համացանցի միջոցով փոխանցվող տեղեկատվության համար այնպիսի դեպքերում, երբ տեղեկատվությունը փոխանցելիս կամ համացանցի հասանելիությունը ապահովելիս վերջիններիս գործառույթները սահմանափակ են, ինչը պետք է օրենսդրությամբ ամրագրված լինի:
Այն դեպքերում, երբ ծառայություն մատուցողների գործառույթներն ավելի լայն են և վերջիններս պահում են այլ կողմերի կողմից առաջացրած տեղեկատվությունը, անդամ պետությունները կարող են նրանց նկատմամբ սահմանել համապարտ պատասխանատվություն, եթե վերջիններս արագ միջոցներ չեն ձեռնարկում ներպետական օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ իրավաչափ բնույթի տեղեկության կամ, վնասի փոխհատուցման պահանջ ներկայացված լինելու դեպքում, գործողության կամ տեղեկության ոչ իրավաչափ լինելն ապացուցող փաստերը կամ հանգամանքները նրանց հայտնի դառնալուն պես դրանք հեռացնելու կամ դրանց հասանելիությունը սահմանափակելու ուղղությամբ:
Այն դեպքերում, երբ ծառայություն մատուցողների համար ներպետական օրենսդրությամբ սահմանված են պարտավորություններ նախորդ պարբերության մեջ նշվածի համաձայն, անհրաժեշտ է պատշաճ կերպով հոգ տանել այն անձանց արտահայտվելու ազատությունը հարգելու ուղղությամբ, ովքեր հանդիսացել են տեղեկության առաջնային աղբյուրը, ինչպես նաև օգտատերերի՝ այդ տեղեկատվությունը ստանալու համապատասխան իրավունքը հարգելու ուղղությամբ:
Բոլոր դեպքերում, պատասխանատվության վերոհիշյալ սահմանափակումները չպետք է ազդեն արգելող որոշումներ արձակելու հնարավորության վրա այն դեպքերում, երբ ծառայություն մատուցողները պետք է դադարեցնեն կամ հնարավորինս կանխեն իրավունքի խախտումը:
Սկզբունք 7. Անանունություն
Առցանց հսկողությունից պաշտպանվելու և տեղեկությունների ու գաղափարների ազատ տեղաշարժն ավելի պաշտպանված դարձնելու նպատակով անդամ պետությունները պետք է հարգեն համացանցի օգտատերերի անանուն մնալու ցանկությունը: Սա անդամ պետություններին չի արգելում ոչ իրավաչափ գործողությունների համար պատասխանատու անձանց հետապնդելու նպատակով միջոցներ ձեռնարկել և համագործակցել՝ համաձայն ներպետական օրենսդրության, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի և արդարադատության ու ոստիկանության ոլորտների այլ միջազգային պայմանագրերի»:
45. Անդամ պետություններին հասցեագրված «Համացանցի՝ հանրային ծառայության դերի կարևորմանն ուղղված միջոցների մասին» թիվ CM/Rec(2007)16 հանձնարարականում (ընդունված 2007թ. նոյեմբերի 7-ին) Նախարարների կոմիտեն նշել է, որ համացանցը մի կողմից կարող է զգալիորեն բարձրացնել մարդու որոշ իրավունքների և հիմնարար ազատությունների իրացման մակարդակը, մյուս կողմից այն կարող է բացասաբար ազդել այս և այլ այդպիսի իրավունքների իրացման վրա: Այն անդամ պետություններին առաջարկում է մշակել հստակ իրավական շրջանակ, որտեղ նոր տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմնական շահագրգիռ կողմերի դերերը և պատասխանատվությունները կլինեն հստակորեն ուրվագծված:
46. Անդամ պետություններին հասցեագրված «Լրատվամիջոցների նոր հասկացության մասին» Նախարարների կոմիտեի թիվ CM/Rec(2011)7 հանձնարարականը (ընդունված 2011թ. սեպտեմբերի 21-ին) շարադրված է հետևյալ կերպ.
«...
Նախարարների կոմիտեն, Եվրոպայի խորհրդի Կանոնադրության 15-րդ հոդվածի «բ» կետի դրույթների համաձայն, անդամ պետություններին առաջարկում է հետևյալը՝
– ընդունել լրատվամիջոցի նոր՝ ավելի լայն սահմանում, որը կներառի լրատվության արտադրության և տարածման մեջ ներգրավված բոլոր դերակատարներին՝ ընդհուպ մինչև այդ գործընթացի մեջ պոտենցիալ ներգրավված ավելի մեծ թվով անձանց, ինչպես նաև տարածվող նյութի բովանդակությունը (օրինակ՝ տեղեկություն, վերլուծություն, մեկնաբանություն, կարծիք, կրթական, մշակութային, արվեստաբանական և ժամանցային տեքստեր, լսողական և տեսողական կամ այլ տեսակի նյութեր) և ծրագրեր, որոնք նախագծված են, ինտերակտիվ զանգվածային հաղորդակցությունն ավելի դյուրին դարձնելու համար (օրինակ՝ սոցիալական ցանցերը) կամ այլ բովանդակային հիմքով և լայնածավալ ինտերակտիվ փորձառությունները (ինչպես օրինակ՝ առցանց խաղերն են), միևնույն ժամանակ (այս բոլոր դեպքերում) պահպանելով բովանդակության նկատմամբ խմբագրական վերահսկողությունը կամ հսկողությունը.
– վերանայել կարգավորման անհրաժեշտությունը՝ ներառելով մեդիա միջավայրում ծառայություններ մատուցող և արտադրող բոլոր դերակատարներին և ապահովելով անձանց՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ամրագրված տեղեկատվություն փնտրելու, ստանալու և փոխանցելու իրավունքը, և միջամտությունից զերծ պահելու համապատասխան երաշխիքները տարածել այն դերակատարների վրա, ում հանդեպ դրանց բացակայությունը կարող է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված իրավունքների իրացման մասով հակառակ ազդեցությունը ունենալ, այդ թվում նաև՝ առաջ բերել այնպիսի իրավիճակներ, որոնց պարագայում առկա է դեպի անհարկի ինքնասահմանափակում և ինքնագրաքննություն տանող ռիսկ:
– կիրառել սույն հանձնարարականին կից հավելվածով սահմանված չափանիշները այն դեպքում, երբ անհրաժեշտ է հաշվի առնել այն դերակատարների համար երաշխավորված և տարբերակված պատասխանը, ովքեր ընկնում են լրատվամիջոցի նոր սահմանման ներքո՝ հաշվի առնելով լրատվական գործընթացում նրանց առանձնահատուկ գործառույթները և նրանց՝ ժողովրդավարական հասարակության մեջ արյդունավետ կառավարման ապահովման և հզորացման գործում ունեցած պոտենցիալ ազդեցությունը և կարևորությունը.
...»
Հանձնարարականի հավելվածի վերաբերելի հատվածներում սահմանված է հետևյալը.
«7. Տարբերակված և կշռադատված մոտեցումը պահանջում է, որ յուրաքանչյուր դերակատար, ում ծառայությունները համարվում են լրատվական ծառայություններ կամ միջնորդավորված կամ օժանդակ գործունեություն, շահում է թե՛ պաշտպանության համապատասխան ձևի (տարբերակված) և թե՛ համապատասխան աստիճանի (կշռադատված) պարագայում, այդ պատասխանատվությունը պետք է նաև սահմանազատվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի և Եվրոպայի խորհրդի այլ համապատասխան չափանիշներին համապատասխան:
...
30. Խմբագրական վերահսկողությունը կարող է վկայակոչվել այդ դերակատարների կողմից բովանդակությունը հասանելի դարձնելու կամ խթանելու և այն ներկայացնելու կամ կազմակերպելու եղանակի վերաբերյալ քաղաքականությանն ուղղված սեփական որոշումներով: Ավանդական լրատվամիջոցները երբեմն հրապարակում են հստակ գրված խմբագրական քաղաքականություններ, սակայն դրանք կարող են նաև տեղ գտնել բովանդակության ներքին կարգավորումներում կամ ընտրելու կամ վերամշակելու չափանիշներում (օրինակ՝ հաստատման կամ վավերացման): Հաղորդակցման նորագույն միջավայրերում խմբագրական քաղաքականությունները կարող են ներառված լինել լրատվամիջոցի առաքելության մեջ կամ օգտագործման կանոնների և պայմանների մեջ (որոնք կարող են ներառել բովանդակության վերաբերյալ շատ մանրակրկիտ դրույթներ), կամ կարող են արտահայտվել ոչ ֆորմալ կերպով՝ որպես որոշակի սկզբունքներին հավատարիմ մնալու հանձնառություն (օրինակ՝ համացանցային վարվելակարգ, նշանաբան):
...
32. Խմբագրական գործընթացը կարող է ներառել օգտատերերին (օրինակ՝ ընկերների կողմից տեքստի վերանայում կամ հեռացնելու պահանջի ներկայացում), որոնց առնչությամբ վերջնական որոշումները կայացվում են համաձայն ներքին կարգով սահմանված գործընթացի՝ հաշվի առնելով հատկորոշված չափանիշները (արձագանքող մոդերացիա): Նոր լրատվամիջոցները օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակության համար շատ հաճախ օգտագործում են ex post մոդերացիան (որը հաճախ անվանվում է հետ-մոդերացիա), որն առաջին հայացքից կարող է աննկատ լինել: Խմբագրական գործընթացները կարող են նաև ավտոմատացված լինել (օրինակ՝ ալգորիթմերի կիրառման դեպքում բովանդակության ex ante ընտրություն կամ բովանդակության ստուգում հեղինակային իրավունքով պաշտպանված նյութի հետ):
...
35. Կրկին անհրաժեշտ է նշել, որ խմբագրական վերահսկման տարբեր մակարդակներ ուղեկցվում են խմբագրական տարբեր մակարդակի պատասխանատվությամբ: Խմբագրական վերահսկման տարբեր մակարդակներ կամ խմբագրման տարբեր ձևաչափեր (օրինակ՝ ex ante մոդերացիա, ի տարբերություն ex post-ի) մոդերացիայի տարբերակված մոտեցումներ են պահանջում և գրեթե միշտ թույլատրում են լավագույնս ավարտել պատասխանը:
36. Հետևաբար, միջնորդը կամ օժանդակ ծառայություն մատուցողը, որը նպաստում է լրատվամիջոցի գործարկմանը կամ դրա հասանելիության ապահովմանը, սակայն որը չի իրականացնում կամ չպետք է իրականացնի խմբագրական վերահսկողություն, և այդ իսկ պատճառով ունի սահմանափակ կամ չունի խմբագրական վերահսկողության պատասխանատվություն, չպետք է համարվի լրատվամիջոց: Սակայն, այդպիսի կարզմակերպության գործունեությունը մեդիա միջավայրում կարող է լինել էական: Այդուհանդերձ, միջնորդավորման կամ օժանդակ ծառայություններ մատուցողների կողմից օրենքով սահմանված պարտավորությունների կատարման արդյունքում ձեռնարկված գործողությունը (օրինակ՝ դատական որոշման արդյունքում նյութի հեռացում կայքից) չպետք է համարվի խմբագրական վերահսկում՝ վերը նշված իմաստով:
...
63. Անհրաժեշտ է ընդգծել միջնորդների դերի կարևորությունը: Մեդիա բովանդակությունը տարածելու համար նրանք առաջարկում են այլընտրանքային և լրացուցիչ միջոցներ կամ կապուղիներ, այսպիսով, ընդլայնելով տարածման շրջանակը և բարձրացնելով լրատվամիջոցի նպատակների և խնդիրների իրագործման արդյունավետությունը: Միջնորդների և օժանդակ ծառայություններ մատուցողների մրցակցային շուկայում նրանք կարող են նշանակալիորեն նվազեցնել պետական իշխանության կողմից միջամտության ռիսկերը: Սակայն, հաշվի առնելով, թե ինչ աստիճանի կախվածություն լրատվամիջոցները պետք է ունենան նրանցից նոր միջավայրում, գոյություն ունի գրաքննության ռիսկ, որը կարող է իրականացվել միջնորդ և օժանդակող կազմակերպությունների կողմից: Որոշ իրավիճակներում մասնավոր գրաքննության վտանգ կա (միջնորդ և օժանդակող կազմակերպությունների կողմից այն լրատվամիջոցի նկատմամբ, որին վերջիններս ծառայություններ են մատուցում, կամ վերջիններիս կողմից փոխանցվող ինֆորմացիայի նկատմամբ)»:
47. 2014թ. ապրիլի 16-ին Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին հասցեագրված թիվ CM/Rec(2014)6 հանձնարարականով ընդունվեց Մարդու իրավունքների ուղեցույցը համացանցի օգտատերերի համար: Ուղեցույցի համապատասխան հատվածը շարադրված է հետևյալ կերպ.
Արտահայտվելու և տեղեկատվության ազատությունը
«Դուք ունեք իրավունք փնտրելու, ստանալու և փոխանցելու տեղեկություն և գաղափարներ՝ ձեր ընտրությամբ առանց որևէ միջամտության և անկախ սահմաններից: Սա նշանակում է, որ՝
1. Դուք ազատորեն կարող եք արտահայտել ձեր մտքերը համացանցում և ստանալ տեղեկություններ, ինչպես նաև ծանոթանալ այլոց կարծիքներին և արտահայտություններին: Այդ թվում նաև՝ ծանոթանալ քաղաքական խոսքին, կրոնի մասին արտահայտած տեսակետներին, կարծիքներին և արտահայտություններին, որոնք լավ են ընդունվում կամ համարվում են ոչ վիրավորական, սակայն նաև այնպիսիները, որոնք կարող են այլոց վիրավորել, ցնցել կամ հուզել: Դուք պետք է պատշաճ հոգ տանեք այլոց համբավի կամ իրավունքների մասին, այդ թվում նաև՝ նրանց մասնավոր կյանքի անձեռնմխելիության:
2. Սահմանափակումներ կարող են կիրառվել խտրականության, ատելության կամ բռնություններ հրահրող արտահայտությունների նկատմամբ: Այս սահմանափակումները պետք է լինեն իրավաչափ, կոնկրետ իրավիճակների համար նախատեսված և կիրառվեն դատական վերահսկողության ներքո:
...
6. Կարող եք ընտրել ինքնությունդ համացանցում չբացահայտելու տարբերակը, օրինակ՝ օգտագործելով որևիցե կեղծանուն: Սակայն, դու պետք է իմանաս, որ ներպետական մարմինների կողմից միջոցներ կարող են ձեռնարկվել, որոնց արդյունքում քո ինքնությունը կարող է բացահայտվել»:
Բ. Այլ միջազգային փաստաթղթեր
48. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի՝ կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության իրավունքի քարոզման և պաշտպանության հարցերով հատուկ զեկուցողը 2011թ. մայիսի 16-ին Մարդու իրավունքների խորհրդին ուղղված իր զեկույցում (A/HRC/17/27) նշել է հետևյալը.
«25. Որպես այդպիսին, իրավաչափ սահմանափակման ենթակա տեղեկությունների թվում են մանկական պոռնոգրաֆիան (երեխաների իրավունքների պաշտպանության նպատակով), ատելության խոսքը (տուժած համայնքների իրավունքները պաշտպանելու նպատակով), զրպարտությունը (այլոց իրավունքները և համբավը անցանկալի հարձակումներից պաշտպանելու նպատակով), ցեղասպանություն գործելուն հրահրող ուղղակի և հրապարակային կոչեր (այլոց իրավունքները պաշտպանելու նպատակով), և ազգայնական, ռասիստական կամ կրոնական ատելության քարոզչությունը, որն, ըստ էության, խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում է (այլոց իրավունքերի պաշտպանության նպատակով, այդ թվում նաև՝ կյանքի իրավունքի):
...
27. Բացի այդ, Հատուկ զեկուցողն ընդգծում է, որ համացանցի առանձնահատուկ բնութագրերի շնորհիվ այն կարգավորումներն ու սահմանափակումները, որոնք կարող են ավանդական մամուլի համար համարվել իրավաչափ և համաչափ, հաճախ համացանցի դեպքում դադարում են այդպիսին լինելուց: Օրինակ՝ անհատների զրպարտության դեպքերում, երբ արատավորվում է նրանց բարի համբավը, հաշվի առնելով այն, որ շահագրգիռ անհատները հնարավորություն ունեն անհապաղ իրացնել իրենց պատասխանի իրավունքը և իրենց պատճառված վնասը վերականգնել, այնպիսի պատժամիջոցները, որոնք կիրառելի են ոչ համացանցի միջոցով տարածված զրպարտության դեպքում թերևս անհրաժեշտ կամ համաչափ չեն: ...
...
43. Հատուկ զեկուցողը այն համոզմունքին է, որ գրաքննության միջոցները երբեք չպետք է պատվիրակվեն մասնավոր սուբյետների, և որ ոչ ոք պետք է ենթարկվի պատասխանատվության համացանցում հայտնված բովանդակության համար, որի հեղինակը վերջինս չի հանդիսանում: Իսկապես, ոչ մի պետություն չպետք է օգտվի միջնորդների ծառայություններից կամ ստիպի նրանց իր փոխարեն կատարել գրաքննություն: ...
...
74. Միջնորդները հիմնարար դեր են խաղում՝ համացանցի օգտատերերին հնարավորություն ընձեռելով իրացնել իրենց արտահայտվելու և տեղեկություններ ստանալու ազատության իրավունքներից: Հաշվի առնելով նրանց աննախադեպ ազդեցությունը համացանցում ինֆորմացիայի շարժի և բովանդակության վրա՝ պետություններն աստիճանաբար սկսեցին ձգտել վերջիններիս նկատմամբ սահմանելու վերահոսկողություն և նրանց պատասխանատվության ենթարկելու ոչ իրավաչափ բովանդակությամբ նյութի տարածումը չկանխելու համար»:
49. ՄԱԿ-ի` Մտքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի, ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցչի, Խոսքի ազատության հարցերով Ամերիկյան պետությունների կազմակերպության հատուկ զեկուցողի 2005թ. դեկտեմբերի 21-ի համատեղ հռչակագրում նշված է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի պատասխանատվության համացանցում հայտնված բովանդակության համար, որի հեղինակը վերջինս չի հանդիսանում, բացառությամբ եթե վերջինս ճանաչել է այն որպես իր սեփականը կամ հրաժարվել է ենթարկվել այդ բովանդակությունը հեռացնելու դատարանի որոշմանը»:
IV. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Եվրոպական միության փաստաթղթերը և նախադեպային իրավունքը
1. Թիվ 2000/31/EC հրահանգ
50. Տեղեկատվական հասարակության ծառայությունների կարգավորման որոշ իրավական կողմերի, մասնավորապես, ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2000թ. հունիսի 8-ին ընդունած թիվ 2000/31/EC հրահանգը (Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգ) սահմանում է հետևյալը.
«(9) Ինֆորմացիոն հասարակության ծառայությունների ազատ տեղաշարժը շատ դեպքերում կարող է ընդհանուր սկզբուքներով Համայնքի օրենսդրության մեջ առանձնահատուկ կերպով արտացոլվել, այն է՝ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արտահայտվելու ազատության լույսի ներքո, որը վավերացվել է անդամ պետությունների կողմից, այդ իսկ պատճառով տեղեկատվական հասարակության ծառայությունների մատուցման վերաբերյալ հրահանգները պետք է ապահովեն, որ այսպիսի գործունեության մեջ մարդիկ ներգրավվեն ազատորեն՝ տվյալ հոդվածի լույսի ներքո՝ ենթակա լինելով սոսկ խնդրո առարկա հոդվածի 2-րդ կետով սահմանված սահմանափակումներին և Համաձայնագրի 46-րդ հոդվածի 1-ին կետի սահմանափակումներին. սույն հրահանգը նպատակ չի հետապնդում ներազդել արտահայտվելու ազատության ներպետական հիմնարար կանոնների և սկզբունքների վրա:
...
(42) Սույն հրահանգի ներքո ամրագրված պատասխանատվությունից ազատումը վերաբերում է այն դեպքերին, երբ տեղեկատվական հասարակության ծառայություն մատուցողի գործունեությունը սահմանափակված է սոսկ հաղորդակցության ցանցի գործարկման և մուտքի ապահովման տեխնիկական գործընթացով, որի միջոցով երրորդ կողմի կողմից տրամադրված տեղեկատվությունը փոխանցվում կամ ժամանակավորապես պահվում է՝ փոխանցումն առավել արդյունավետ դարձնելու միակ նպատակով, այսպիսի գործունեությունը սոսկ տեխնիկական, ավտոմատացված և պասիվ բնույթի է, ինչը նշանակում է, որ տեղեկատվական հասարակության ծառայություն մատուցողը փոխանցվող կամ պահվող տեղեկատվությանը ո՛չ տիրապետում է, ո՛չ էլ վերահսկում է այն:
(43) Ծառայություն մատուցողի համար «սոսկ խողովակ» լինելու կամ «պահոց հանդիսանալու» հիմքով պատասխանատվությունից ազատումը կարող է շահեկան լինել այն դեպքում, երբ վերջինս փոխանցվող տեղեկատվության հետ ոչ մի առնչություն չունի, սա, ի թիվս այլոց, պահանջում է, որ վերջինս իր կողմից փոխանցվող տեղեկությունը փոփոխման չենթարկի, այս պահանջը չի վերաբերում տեխնիկական բնույթի մանիպուլյացիաներին, որոնք տեղի են ունենում փոխանցման ժամանակ, քանի որ դրանք հաղորդվող տեղեկատվության ամբողջականությունը փոփոխության չեն ենթարկում:
(44) Ծառայություն մատուցողը, ով դիտավորությամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու նպատակով համագործակցում է իր ծառայություններից օգտվողներից մեկի հետ, սահմանազանցում է «սոսկ խողովակ» կամ «պահոց հանդիսանալու» գործառույթները, որի արդյունքում վերջինս չի կարող օգտվել գործունեության այս տեսակի համար սահմանված պատասխանատվությունից ազատ լինելու իրավունքից:
(45) Միջնորդ ծառայություններ մատուցողների՝ սույն Հրահանգով ամրագրված պատասխանատվության սահմանափակումները չեն բացառում տարբեր տեսակի արգելանքների նշանակման հավանականությունը, այդպիսի արգելանքների թվում կարող են մասնավորապես լինել դատարանների կամ վարչական մարմինների կողմից արձակված որոշումները, որոնցով պահանջվում է ցանկացած տեսակի խախտման դադարեցում, այդ թվում նաև՝ ոչ իրավաչափ տեղեկատվության հեռացում կամ դրա մատչելիության սահմանափակում:
(46) Սահամանափակ պատասխանատվության իրավունքից օգտվելու նպատակով տեղեկատվական հասարակության ծառայություն մատուցողը, որի գործունեությունը սահմանափակված է սոսկ տեղեկությունների պահմամբ, ոչ իրավաչափ գործողությունների մասին փաստացի տեղեկություն ստանալուն կամ վերջինիս հայտնի դառնալուն պես, պետք է գործի արագ` վիճահարույց տեղեկությունը հեռացնելով կամ դրա մատչելիությունը սահամանափակելով. ինֆորմացիայի հեռացման կամ մատչելիության սահամանփակման գործողությունը պետք է կատարվի արտահայտվելու ազատության սկզբունքի և այս նպատակով ներպետական մակարդակում հաստատված ընթացակարգի համաձայն. սույն հրահանգը չի սահմանափակում անդամ պետությունների կողմից հատուկ պահանջներ սահմանելու հնարավորությունը, որոնք պետք է բավարարվեն անհապաղ՝ նախքան տեղեկատվության հեռացումը կամ մատչելիության սահմանափակումը:
(47) Անդամ պետություններին արգելված է ծառայություն մատուցողների նկատմամբ սահմանել մշտադիտարկում իրականացնելու պարտավորություն՝ միայն ընդհանուր բնույթի պարտավորությունների առնչությամբ, սա չի վերաբերում առանձին դեպքերում մշտադիտարկելու պարտավորությանը, և մասնավորապես, սա չի ազդում պետական իշխանության կողմից ներպետական օրենսդրության համաձայն հրամանագրեր արձակելու վրա:
(48) Սույն Հրահանգը չի արգելում անդամ պետություններին ծառայություն մատուցողներից, ովքեր ընդունում են իրենց ծառայություններից օգտվողների կողմից տեղադրվող տեղեկությունները, պահանջել ստանձնել հոգածություն դրսևորելու պարտավորություններ, որոնք կարելի է վերջիններից ողջամտորեն ակնկալել և որոնք սահմանվում են ներպետական օրենսդրությամբ՝ որոշ տիպի ոչ իրավաչափ գործողությունների հայտնաբերման և կանխարգելման համար:
...
Հոդված 1. Նպատակը և կիրառման ոլորտը
1. Սույն Հրահանգը նպատակ է հետապնդում նպաստել ներքին շուկայի պատշաճ աշխատանքին՝ անդամ պետությունների տեղեկատվական հասարակության ծառայությունների միջև ազատ տեղաշարժի ապահովման միջոցով:
...
Հոդված 2. Սահմանումներ
Սույն Հրահանգի նպատակներով հետևյալ եզրույթները օգտագործվում են ստորև ներկայացված իմաստով.
(ա) «տեղեկատվական հասարակության ծառայություններ». ծառայություններ, որոնք օգտագործվում են թիվ 98/48/EC հրահանգով փոփոխված թիվ 98/34/EC հրահանգի 1-ին հոդվածի 2-րդ կետի մեջ ներառված իմաստով,
(բ) «ծառայություն մատուցող». տեղեկատվական հասարակության ծառայություն մատուցող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
(գ) «ճանաչված ծառայություն մատուցող» (‘established service provider’). ծառայություն մատուցող, որը արդյունավետ տնտեսական գործունեություն է ծավալում՝ դրա համար ստեղծված հաստատությունը անորոշ ժամկետով օգտագործելով: Ծառայությունը մատուցելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և տեխնոլոգիաների առկայությունը և օգտագործումը ինքնին չի համարվում ծառայություն մատուցողի ճանաչման առկայություն:
...
Բաժին 4. Միջանկյալ ծառայություն մատուցողների պատասխանատվությունը
Հոդված 12. «Սոսկ խողովակ»
1. Երբ մատուցվում է տեղեկատվական հասարակության ծառայություն, որն իրենից ներկայացնում է հաղորդակցման ցանցի ներսում ծառայությունից օգտվողի կողմից տրամադրված տեղեկության փոխանցում կամ հաղորդակցման ցանցի մատչելիության ապահովում, անդամ պետությունները պարտավոր են ապահովել, որ ծառայություն մատուցողները տեղեկության փոխանցման համար չենթարկվեն պատասխանատվության, պայմանով, որ այդպիսի ծառայություն մատուցողը՝
(ա) տեղեկության փոխանցումը չի կատարում սեփական նախաձեռնությամբ,
(բ) չի ընտրում տեղեկություն ստացողին, և
(գ) չի ընտրում կամ չի փոփոխում փոխանցվող տեղեկությունը:
2. 1-ին կետի մեջ նշված փոխանցման և մատչելիության ապահովման գործողությունները ներառում են փոխանցվող տեղեկատվության ավտոմատ, միջնորդավորված և ժամանակավոր պահեստավորում այնքանով, որքանով որ դա տեղի է ունենում հաղորդակցման ցանցում տեղեկության փոխանցման նպատակով և պայմանով, որ այդ տեղեկությունը չի պահվելու ավելի երկար քան դա ողջամտորեն անհրաժեշտ է փոխանցման համար:
3. Սույն հոդվածը նպատակ չի հետապնդում բացառել դատարանի կամ վարչական մարմնի կողմից, անդամ պետությունների իրավական համակարգերի համաձայն, ծառայություն մատուցողներին խախտումը դադարեցնելու կամ կանխելու վերաբերյալ ներկայացվող պահանջը:
Հոդված 13. «Պահեստավորում»
1. Այն դեպքում, երբ մատուցվում է տեղեկատվական հասարակության ծառայություն, որը բաղկացած է ծառայությունից օգտվողի կողմից հաղորդակցման ցանցի միջոցով տեղեկության հաղորդումից, անդամ պետությունները պարտավոր են ապահովել, որ ծառայություն մատուցողը պատասխանատվություն չկրի այդ տեղեկատվության ավտոմատ, միջնորդավորված փոխանցման կամ ժամանակավոր պահեստավորման (caching) համար, որը կատարվում է սոսկ ծառայությունից այլ օգտվողների կողմից ներկայացված պահանջին ի պատասխան այդ տեղեկատվության հետագա փոխանցումը վերջիններիս ավելի արդյունավետ դարձնելու նպատակով, պայմանով որ՝
(ա) ծառայություն մատուցողը տեղեկությունը չի փոփոխում,
(բ) ծառայություն մատուցողը գործում է տեղեկատվության մատչելիության վերաբերյալ պայմաններին համապատասխան,
(գ) ծառայություն մատուցողը գործում է տեղեկատվության թարմացման վերաբերյալ կանոններին համապատասխան, որոնք սահմանված են այնպես, ինչպես արդյունաբերության այս ճյուղում լայնորեն ընդունված է և օգտագործվում,
(դ) ծառայություն մատուցողը, տեխնոլոգիայից իրավաչափ օգտվելու դեպքում՝ այնպես, ինչպես արդյունաբերության այս ճյուղում լայնորեն ընդունված և օգտագործվում է, տեղեկության օգտագործման վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով չի միջամտում, և
(ե) ծառայություն մատուցողը գործում է արագ՝ հեռացնելով կամ արգելափակելով իր կողմից պահեստավորված տեղեկատվությունը, այն դեպքում, երբ վերջինս ձեռք է բերում փաստացի տեղեկություն այն մասին, որ փոխանցման առաջնային աղբյուրում հայտնված տեղեկատվությունը հեռացվել է կամ դրա հասանելիությունը սահմանափակվել է, կամ եթե դատարանի կամ վարչական մարմնի կողմից կայացվել է այն հեռացնելու կամ արգելափակելու մասին որոշում:
2. Սույն հոդվածը չպետք է հանդիսանա արգելք դատարանի կամ վարչական մարմնի կողմից՝ համաձայն անդամ պետության ներպետական օրենսդրության, խախտումը դադարեցնելու կամ կանխելու վերաբերյալ ծառայություն մատուցողին ներկայացված պահանջի համար:
Հոդված 14. Հոսթինք
1. Այն դեպքերում, երբ մատուցվող տեղեկատվական հասարակության ծառայությունը բաղկացած է տեղեկատվության պահեստավորումից, անդամ պետությունները պարտավոր են ապահովել, որ ծառայություն մատուցողը այն ստացողի խնդրանքով պահպանվող տեղեկության համար պատասխանատվություն չկրի պայմանով, որ՝
(ա) ծառայություն մատուցողը ոչ իրավաչափ գործողության կամ տեղեկության վերաբերյալ փաստացի տեղեկություն չունի, իսկ ինչ վերաբերում է պատճառված վնասի փոխհատուցման պահանջին, ապա վերջինս տեղյակ չէ այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք ակնհայտ մատնանշում են ոչ իրավաչափ գործողության կամ տեղեկության գոյության մասին, կամ
(բ) ծառայություն մատուցողը այսպիսի տեղեկություն ստանալուն կամ իմանալուն պես գործում է արագ՝ տեղեկությունը կայքից հեռացնելով կամ սահմանափակելով դրա մատչելիությունը:
2. 1-ին կետը չի գործում այն դեպքերում, երբ ծառայության ստացողը գործում է ծառայություն մատուցողի իրավասության կամ վերջինիս վերահսկողության ներքո:
3. Սույն հոդվածը նպատակ չի հետապնդում բացառել դատարանի կամ վարչական մարմնի կողմից անդամ պետությունների իրավական համակարգերի համաձայն, ծառայություն մատուցողներին խախտումը դադարեցնելու կամ կանխելու վերաբերյալ պահանջի ներկայացման հնարավորությունը, ոչ էլ այն բացառում է անդամ պետությունների կողմից տեղեկության հեռացումը կամ հասանելիության սահմանփակումը կարգավորող ընթացակարգեր սահմանելու հնարավորությունը:
Հոդված 15. Մոնիտորինգի ընդհանուր պարտավորության բացակայություն
1. Անդամ պետությունները չպետք է ծառայություններ մատուցողների (պրովայդերների) համար սահմանեն ընդհանուր պարտավորություններ, երբ վերջիններս մատուցում են 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներում նշված ծառայությունները, իրենց կողմից փոխանցվող կամ պահվող տեղեկատվությունը մշտադիտարկելու համար, ոչ էլ պետք է սահմանեն ընդհանուր պարտավորություններ ցուցաբերելու ակտիվություն ոչ իրավաչափ գործունեության վերաբերյալ վկայող փաստերը կամ հանգամանքները փնտրելու համար:
2. Անդամ պետությունները կարող են տեղեկատվական հասարակության ծառայություններ մատուցողների նկատմամբ սահմանել պարտավորություններ՝ իրավասու պետական մարմիններին անհապաղ տեղեկացնելու ենթադրաբար ընթացող ոչ իրավաչափ գործունեության կամ ծառայությունից օգտվողների կողմից տրամադրված տեղեկության մասին կամ պարտավորություններ իրավասու պետական մարմիններին վերջիններիս պահանջով տրամադրելու տեղեկություններ՝ հնարավոր դարձնելով իրենց ծառայություններից օգտվողների նույնականացումը ում հետ նրանք ունեն տեղեկատվության պահպանման համաձայնագրեր»:
2. Թիվ 98/34/EC հրահանգը՝ փոփոխված թիվ 98/48/EC հրահանգով
51. Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 98/34/EC հրահանգը՝ ընդունված 1998թ. հունիսի 22-ին, որով հաստատվում է տեխնիկական չափանիշների և կարգավորումների ոլորտում ինֆորմացիայի և տեղեկատվական հասարակության ծառայությունների կանոնների տրամադրման ընթացակարգը՝ փոփոխված թիվ 98/48/EC հրահանգով, սահմանում է հետևյալը.
Հոդված 1
«Սույն հրահանգի նպատակներով հետևյալ եզրույթները օգտագործվում են ստորև ներկայացված իմաստով.
2. «ծառայություն». տեղեկատվական հասարակության ծառայություն, այն է՝ ցանկացած ծառայություն, որը սովորաբար տրամադրվում է վարձատրության դիմաց հեռավար կարգով, էլեկտրոնային միջոցներով և ծառայությունները ստացողի անհատական պահանջին ի պատասխան:
Սույն սահմանման նպատակներով.
– «հեռավար կարգով» նշանակում է, որ ծառայությունը մատուցվում է առանց կողմերի միաժամանակ ներկա գտնվելու անհրաժեշտության.
– «էլեկտրոնային միջոցներ» նշանակում է, որ ծառայությունը ի սկզբանե ուղարկվում է և նշանակման կետում ստացվում տվյալներ մշակող և պահեստավորող էլեկտրոնային սարքավորման (այդ թվում նաև թվային սեղմում) միջոցով և հաղորդալարի, ռադիոկապի, օպտիկամանրաթելային կապի կամ որևիցե էլեկտրամագնիսական միջոցի օգնությամբ ամբողջությամբ հաղորդվում, փոխանցվում և ստացվում է,
– «ծառայություններ ստացողի մասնավոր պահանջին ի պատասխան» արտահայտությունը նշանակում է, որ ծառայությունը մատուցվում է անհատական պահանջին ի պատասխան տվյալների փոխանցման միջոցով:
Ծառայությունների ինդիկատիվ ցանկը, որոնց սահմանումներն այստեղ բերված չեն, ներկայացված է Հավելված V-ում:
Սույն հրահանգը չի կիրառվում՝
– ռադիո հեռարձակման ծառայությունների դեպքում,
– հեռուստատեսային հեռարձակման ծառայությունների դեպքում, որոնց անդրադառնում են թիվ 89/552/EEC հրահանգի 1-ին հոդվածի (ա) կետի ներքո»:
3. Եվրոպական միության Արդարադատության դատարանի նախադեպային իրավունքը
52. 2010թ. մարտի 23-ի վճռով (միավորված գործեր՝ թիվ C‑236/08-ից մինչև թիվ C‑238/08, Google France-ը և Google-ը) ԵՄԱԴ-ն նշել է, որ որպեսզի հաստատվի, թե արդյոք տվյալ ծառայություն մատուցողի պատասխանատվությունը թիվ 2000/31/EC հրահանգի 14-րդ հոդվածի համաձայն կարող է սահանափակվել, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք տվյալ ծառայություն մատուցողը չեզոք դեր էր խաղում, այն իմաստով, թե արդյոք այն սոսկ տեխնիկական, ավտոմատ և պասիվ էր, ինչի արդյունքում վերջինս տեղեկացված չէր և չէր վերահսկում իրեն ի պահ տրված տեղեկատվությունը: Էլեկրոնային առևտրի մասին հրահանգի 14-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի այն իմաստով, որ դրա ներքո սահմանված համացանցային հաղորդակցման ծառայություններ մատուցողին վերաբերող կանոնը կիրառելի է այն դեպքում, երբ այդ ծառայություն մատուցողը ակտիվ դեր չի խաղում, որի արդյունքում վերջինս կտեղեկանար կամ կվերահսկեր պահպանվող տեղեկատվությունը: Եթե վերջինս այդպիսի դեր չի խաղում, ապա ծառայություն մատուցողը չպետք է ենթարկվի պատասխանատվության այն տվալների համար, որոնք վերջինիս ի պահ էին տրվել գովազդողի կողմից, բացառությամբ եթե վերջինս, տեղեկանալով այդ տվյալների ոչ իրավաչափ բովանդակության մասին կամ գովազդողի գործունեության մասին, դրսևորել է անգործություն և անհապաղ չի հեռացրել կամ չի սահմանափակել այդպիսի տվյալների հասանելիությունը:
53. 2011թ. հուլիսի 12-ի վճռով (թիվ C‑324/09, L’Oréal-ի և այլոք գործը) ԵՄԱԴ-ն սահմանել է, որ թիվ 2000/31/EC հրահանգի 14-րդ հոդվածի 1-ին կետը պետք է մեկնաբանվի այնպես, որ այն վերաբերում է առցանց առևտրի շուկային, որի օպերատորը ակտիվ դեր չի խաղում, որի արդյունքում կարող էր տեղեկացված լինել կամ վերահսկել ի պահ տրված տվյալները: Օպերատորը այդպիսի դեր է խաղում այն ժամանակ, երբ այն օժանդակություն է տրամադրում, որի արդյունքում տվյալ վաճառքի առաջարկների ներկայացումը հասցվում է օպտիմալի, կամ նպաստում է վերջինիս առաջխաղացմանը: Այն դեպքերում, երբ առցանց առևտրի շուկայի օպերատորը այդպիսի ակտիվ դեր չի խաղում, ինչի արդյունքում վերջինիս կողմից տրամադրված ծառայությունը կարգավորվում է թիվ 2000/31/EC հրահանգի 14-րդ հոդվածի 1-ին կետով, օպերատորը, երբ վերջինից պահանջում են պատճառված վնասի փոխհատուցում, այդուհանդերձ, չի կարող հույսը դնել տվյալ հոդվածով ամրագրված պատասխանատվությունից ազատվելու հնարավորության վրա, եթե պարզվի, որ վերջինս տեղյակ է եղել փաստերի կամ հանգամանքների մասին, որի հիմքով ջանասեր տնտեսական օպերատորը պետք է գիտակցեր, որ խնդրո առարկա ապրանքների վաճառքի առաջարկը հակասում է օրենքին, և տեղեկացված լինելով՝ անհապաղ չի ձեռնարկել թիվ 2000/31/EC հրահանգի 14-րդ հոդվածի 1-ին կետի (բ) ենթակետի ներքո ներկայացված քայլերը:
54. 2011թ. նոյեմբերի 24-ի վճռով (թիվ C-70/10, Scarlet Extended-ի գործը) ԵՄԱԴ-ն գտել է, որ համացանցային ծառայությունների մատուցողի դեմ պատժամիջոց չի կարող սահմանվել՝ պահանջելով, որ վերջինս տեղադրի իր ծառայության միջոցով փոխանցվող բոլոր էլեկտրոնային հաղորդագրությունները ֆիլտրող համակարգ, մասնավորապես, ապակենտրոնացված (peer-to-peer) հսկող ծրագիր, որը անխտիր պետք է կիրառվեր բոլոր հաճախորդների նկատմամբ որպես կանխարգելիչ միջոցառում, և դա պետք է աներ բացառապես սեփական միջոցներով՝ առանց ժամանակային սահմանափակման, համակարգը ճանաչում էր պրովայդերի՝ ցանցի միջոցով տեղաշարժվող էլեկտրոնային ֆայլերը, որոնք պարունակում էին երաժշտական, կինեմատոգրաֆիական կամ տեսալսողական ստեղծագործություններ, որոնց նկատմամբ հայցվորը պնդում էր, որ ուներ մտավոր սեփականության իրավունք՝ նպատակ հետապնդելով կասեցնել այդ ֆայլերի փոխանցումը, որը կատարվում էր իրենց հեղինակային իրավունքի խախտմամբ:
55. 2012թ. փետրվարի 16-ի վճռով (թիվ C-360/10, SABAM-ի գործը) ԵՄԱԴ-ն գտել է, որ թիվ թիվ 2000/31/EC, 2001/29/EC և 2004/48/EC հրահանգները կանխել են ներպետական դատարանի կողմից հոսթինգային ծառայություններ մատուցողի նկատմամբ պատժամիջող կիրառելը՝ վերջինից պահանջելով տեղադրել մի համակարգ, որը նախատեսված էր ծառայությունից օգտվողների կողմից նրանց սերվերին ի պահ տրված ինֆորմացիան ֆիլտրելու համար, որը որպես կանխարգելիչ միջոց կիրառվելու էր այդ ծառայություններից օգտվող անխտիր բոլոր օգտատերերի նկատմամբ՝ անսահմանափակ ժամկետով, և որն ունակ էր ճանաչելու երաժշտական, կինեմատոգրաֆիական կամ տեսաձայնային ստեղծագործությունների էլեկտրոնային ֆայլերը, որոնց նկատմամբ պատժամիջոցի կիրառում պահանջող հայցվորը պնդում էր, որ ունի մտավոր սեփականության իրավունք՝ նպատակ ունենալով կասեցնել այդ ֆայլերի հանրայնացումը, որը կատարվում էր հեղինակային իրավունքի խախտմամբ:
56. 2014թ. մայիսի 13-ի վճռով (թիվ C-131/12, Google Իսպանիայի և Google-ի գործը) ԵՄԱԴ-ից պահանջել էին մեկնաբանել Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի թիվ 95/46/EC հրահանգը՝ անհատական տվյալների մշակման և այդ տվյալների ազատ տեղաշարժի մասին՝ ընդունված 1995թ. հոկտեմբերի 24-ին: Դատարանը գտել էր, որ համացանցային որոնողական համակարգի աշխատանքը պետք է դասակարգվի որպես «անհատական տվյալների մշակում»՝ թիվ 95/46/EC հրահանգի իմաստով, և նշել, որ անհատական տվյալների այդպիսի մշակումը, որը կատարվում է համացանցային որոնողական համակարգի օպերատորի կողմից, ենթակա է պատասխանատվության անձնական կյանքի անձեռնմխելիության հիմնարար իրավունքին էական միջամտության և անձնական տվյալների պաշտպանության խախտման համար (երաշխավորված է Եվրոպական միության հիմնարար իրավունքների խարտիայի 7-րդ և 8-րդ հոդվածներով), երբ այդ համակարգի միջոցով որոնումը կատարվել է անձի անվան հիմքով, քանի որ այդպիսի մշակումը համացանցից օգտվող ցանկացած անձի հնարավորություն է տալիս արդյունքների ցանկից ստանալ այդ անհատի վերաբերյալ համացանցում առկա ինֆորմացիայի համակարգված պատկերը, որի միջոցով վերջինս կարող է այդ անձի վերաբերյալ կազմել քիչ թե շատ մանրամասն բնութագիր: Ավելին, տվյալների սուբյետի իրավունքների միջամտության ազդեցության նկատմամբ ուշադրությունն ավելի է մեծանում հաշվի առնելով ժամանակակից հասարակության մեջ համացանցի և որոնողական համակարգերի խաղացած կարևոր դերը, որը այսպիսի արդյունքների ցանկում տեղ գտած տեղեկատվությունը դարձնում է ամենուր հասանելի: Այս միջամտության պոտենցիալ ծանրության լույսի ներքո այն չի կարող սոսկ օպերատորի տնտեսական շահի պատճառով լինել արդարացված: ԵՄԱԴ-ը նկատել է, որ անհրաժեշտ է գտնել արդարացի հավասարակշռություն համացանցի օգտատերերի՝ ինֆորմացիայի մատչելիության նկատմամբ ունեցած իրավաչափ շահի և տվյալների սուբյեկտի հիմնարար իրավունքների միջև: Տվյալների սուբյեկտի հիմնարար իրավունքները, որպես կանոն, համացանցից օգտվողների շահից ավելի բարձր են դասվում, սակայն այդ հավասարակշռությունը կարող է կախված լինել խնդրո առարկա տեղեկատվության բնույթից և դրա՝ տվյալների սուբյեկտի անձնական կյանքի հետ կապված զգայունությունից ու այդ տեղեկությունը ստանալու հանրային շահից: ԵՄԱԴ-ը գտել է, որ որոշ դեպքերում որոնողական համակարգի օպերատորը պարտավոր է անձի անվան հիմքով կատարված որոնումից հետո հեռացնել վեբ-կայքերում երևացող արդյունքների ցանկը, որոնք հրապարավում են երրորդ անձանց/կողմերի կողմից և ներառում են այդ անձին վերաբերող տեղեկություն, նույնիսկ եթե այդպիսի հրապարակումը տվյալ վեբ-կայքերում ինքնին իրավաչափ է: Սա հատկապես էական է այն դեպքերում, երբ տվյալները իրականությանը չեն համապատասխանում, ոչ էական են կամ այլևս վերաբերելի չեն կամ գերազանցում են մշակման նպատակների համար անհրաժեշտ տվայլները և անցած ժամանակի պատճառով այլևս կարևոր չեն:
57. 2014թ. սեպտեմբերի 11-ի վճռով (թիվ C-291/13, Papasavvas-ի գործը) ԵՄԱԴ-ը գտել է, որ քանի որ թերթ հրատարակող ընկերությունը, որը գործարկում է այդ թերթի առցանց տարբերակը, սկզբունքորեն տեղեկացված էր իր կողմից հրապարակված տեղեկության մասին, որի նկատմամբ իրականացնում է նաև վերահսկողություն, այն չի կարող համարվել «միջնորդավորված ծառայություն մատուցող»՝ թիվ 2000/31/EC հրահանգի 12-րդ և 14-րդ հոդվածների իմաստով՝ անկախ այդ կայքի մատչելիության անվճար լինելու կամ չլինելու հանգամանքից: Այսպիսով, դատարանը գտել է, որ 2000/31/EC հրահանգի 12-րդ և 14-րդ հոդվածներով սահմանված քաղաքացիական պարտավորությունների սահմանափակումները կիրառելի չեն թերթ հրատարակող ընկերությունների դեպքում, որոնք գործարկում են նաև վեբ-կայքեր, որոնց վրա հրապարակվում են թերթի առցանց տարբերակները, ավելին, եթե այդ ընկերությունները առցանց հրապարակվող կոմերցիոն գովազդից առաջացող եկամուտներ ունեն, քանի որ դրանք տեղեկացված են տեղադրված տեղեկությունների մասին և վերահսկում են դրանք՝ անկախ այդ կայքերի մատչելիության անվճար լինելու կամ չլինելու հանգամանքից:
Բ. Համեմատական իրավունքի նյութեր
58. Դատարանի ձեռքի տակ ունեցած տեղեկությունների համաձայն Եվրոպայի խորհրդի որոշ անդամ երկրներում, որոնք նաև Եվրոպական միության անդամ պետություններ են, Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգը, ներպետական օրենսդրության մեջ ներդրման միջոցով, խնդրո առարկա ոլորտի իրավական կարգավորման հիմնական աղբյուրն է: Այս տեղեկություններից երևում է նաև, որ որքան մեծ է օպերատորի ներգրավվածությունը երրորդ կողմի բովանդակությանը, անկախ այն հանգամանքից, թե ինչ տեսքով է այն, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ օպերատորը կենթարկվի պատասխանատվության դրա մեջ եղած ցանկացած պարունակության համար: Որոշ երկրներ ավելի մանրամասն կարգավորումներ են ընդունել, որոնք մասնավորապես վերաբերում են համացանցում առկա ենթադրաբար ապօրինի բովանդակության հեռացման ընթացակարգերին, այդ կարգավորումները ներառում են դրույթներ տվյալ համատեքստում պատասխանատվության բախշման վերաբերյալ:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
59. Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ ընթերցողների կողմից իր լրատվական համացանցային պորտալում արված մեկնաբանությունների պատճառով ընկերությանը պատասխանատվության ենթարկելով՝ խախտվում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իր արտահայտվելու ազատության իրավունքը, որտեղ սահմանվում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին՝ սահմանելու ռազիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:
60. Կառավարությունը վիճարկել է այս փաստարկը:
Ա. Պալատի վճիռը
61. 2013թ. հոկտեմբերի 10-ի վճռում Պալատը, նախևառաջ, նշել է, որ կողմերի տեսակետները տարանջատված են՝ կապված սույն գործով դիմումատու ընկերության դերի հետ: Կառավարության տեսակետի համաձայն՝ դիմումատու ընկերությունը պետք է հանդիսանար զրպարտող մեկնաբանության բացահայտողը, մինչդեռ դիմումատու ընկերությունը գտնում է, որ իր ազատությունը՝ փոխանցելու տեղեկություններ, որոնք ստեղծված և հրապարակված են երրորդ կողմերի կողմից, վտանգի տակ է: Պալատը չի փորձել պարզել դիմումատու ընկերության գործունեությանը վերագրելի ճշգրիտ դերը և նշել է, որ, ըստ էության, կողմերի միջև վեճի առարկա չէր այն, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու ընկերության նկատմամբ կայացված որոշումները հանդիսացել են միջամտություն այդ ընկերության՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատությանը:
62. Ինչ վերաբերում է միջամտության իրավաչափությանը, ապա պալատը մերժել է դիմումատու ընկերության փաստարկն առ այն, որ վերջինիս խոսքի ազատության միջամտությունը «օրենքով նախատեսված» չէր: Պալատը նկատել է, որ ներպետական դատարանները գտել էին, որ դիմումատու ընկերության գործունեությունը չէր կարգավորվում Էլեկտրոնային առևտրի հրահանգի և Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի շրջանակներում: Պալատը համարում է, որ Դատարանի առջև խնդիր չկա դրված ստանձնելու ներպետական դատարանների դերը, և որ հիմնականում ներպետական իշխանությունների, և գլխավորապես՝ դատարանների խնդիրն է մեկնաբանել ներպետական օրենսդրությունը: Պալատին նաև բավարարել են քաղաքացիական օրենսդրության մեջ ամրագրված այն դրույթները, չնայած դրանց չափազանց ընդհանրական լինելուն և Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքի մեջ տեղ գտած մանրամասն սահմանումների պակասին, որոնք համապատասխան նախադեպային իրավունքի հետ միասին, հստակ սահմանում են, որ լրատվամիջոցի հրատարակիչը պատասխանատու է իր հրապարակման մեջ տեղ գտած ցանկացած զրպարտող արտահայտության համար: Պալատը հաշվի է առել այն հանգամանքը, որ դիմումատու ընկերությունը պրոֆեսիոնալ հրատարակիչ է, որը գործարկել է Էստոնիայի ամենամեծ լրատվական պորտալներից մեկը, և որ կայքի մեկնաբանությունների հատվածը, այնտեղ տեղադրվող մեկնաբանությունների հետ կապված, որոշակի աստիճանի վատ համբավ ուներ: Հաշվի առնելով այս ամենը, Պալատը գտել էր, որ դիմումատու ընկերությունը կարող էր գնահատել իր գործունեության հետ կապված ռիսկերը և որ վերջինս ունակ էր ողջամիտ չափով կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող էին առաջանալ դրա պատճառով:
63. Պալատն այնուհետև գտել էր, որ դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության սահմանափակումը հետապնդել է այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակ: Պալատի կարծիքով՝ այն փաստը, որ մեկնաբանությունների իրական հեղինակները սկզբունքորեն նույնպես պատասխանատու էին, չի վերացնում դիմումատու ընկերությանը՝ այլ անձանց իրավունքների խախտման և հեղինակությանը հասցված վնասի համար պատասխանատվության ենթարկելու իրավաչափ նպատակը:
64. Ինչ վերաբերում է միջամտության համաչափությանը, ապա Պալատը նշել է, որ անվիճելի է այն, որ խնդրո առարկա մեկնաբանությունները եղել են բնույթով զրպարտող: Դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության իրավունքի միջամտության համաչափությունը գնահատելիս Պալատը հաշվի է առել հետևյալ տարրերը: Նախևառաջ՝ այն ուսումնասիրել է մեկնաբանությունների համատեքստը, երկրորդը՝ դիմումատու ընկերության կողմից գործադրված միջոցները՝ զրպարտող մեկնաբանությունները կանխելու կամ հեռացնելու ուղղությամբ, երրորդ՝ իրական հեղինակների պատասխանատվությունը որպես դիմումատու ընկերության պատասխանատվության այլընտրանք, և չորրորդ՝ ներպետական դատավարության հետևանքները դիմումատու ընկերության համար:
65. Մասնավորապես, Պալատը հաշվի է առել, որ դիմումատու ընկերության կողմից հրապարակված լրատվական հոդվածը, որի արդյունքում ծնվել են զրպարտող մեկնաբանությունները, վերաբերել է հանրային հետաքրքրության առարկայի և որ դիմումատու ընկերությունը կարող էր կանխատեսել բացասական արձագանքները և որոշակի աստիճանի զգուշավորություն ցուցաբերել՝ խուսափելով այլ անձանց հեղինակությանը վնասելու համար պատասխանատվության ենթարկվելուց: Սակայն, դիմումատու ընկերության կողմից կիրառվող նախապես ավտոմատ ֆիլտրումը և «նկատելուն պես հեռացնելու» համակարգը երրորդ կողմերի համար պատշաճ պաշտպանություն չեն ապահովել: Ավելին, լրատվական հոդվածների հրապարակումը և ընթերցողների մեկնաբանությունները հանրությանը հասանելի դարձնելը դիմումատու ընկերության մասնագիտական գործունեության մաս են կազմում, իսկ վերջինիս գովազդից ստացվող եկամուտները կախված են ընթերցողների և մեկնաբանությունների քանակից: Դիմումատու ընկերությունը կարողացել է ընթերցողների մեկնաբանությունների նկատմամբ էական աստիճանի վերահսկողություն հաստատել, և վերջինս ի վիճակի էր կանխատեսել, թե ինչ բնույթի մեկնաբանություններ կարող էին կոնկրետ հոդվածները առաջ բերել և տեխնիկական կամ ոչ տեխնիկական միջոցներ ձեռնարկել՝ կանխելով զրպարտիչ տեղեկությունների հանրայնացումը: Բացի այդ, մեկնաբանությունների իրական հեղինակների նկատմամբ քաղաքացիական հայց ներկայացնելու իրատեսական հնարավորություններ չկային, քանի որ նրանց ինքնությունը բացահայտելը հեշտ գործ չէր: Ավելին, Պալատի համար համոզիչ չէր այն, որ այն միջոցները, որոնք հնարավորություն կտային հայց ներկայացնել միայն զրպարտիչ մեկնաբանությունների իրական հեղինակների դեմ, կերաշխավորեին տուժող կողմի մասնավոր կյանքի հարգման իրավունքի արդյունավետ պաշտպանությունը: Դիմումատու ընկերության ընտրությունն էր չգրանցված օգտատերերին թույլատրել թողնելու մեկնաբանություններ, և այդպես վարվելով, վերջինս պետք է հաշվի առներ, որ այդպիսի մեկնաբանությունների համար ստանձնում է պատասխանատվության որոշակի աստիճան: Բոլոր վերոհիշյալ պատճառներով և հաշվի առնելով վնասի փախհատուցման չափավոր չափը, որը դիմումատու ընկերությունը պետք է վճարի՝ վերջինիս արտահայտվելու ազատության սահմանափակումը համարվել է հիմնավորված և համաչափ: Հետևաբար, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Բ. Մեծ Պալատին ներկայացված կողմերի փաստարկները
1. Դիմումատու ընկերությունը
(ա) Ընդհանուր նկատառումներ
66. Դիմումատու ընկերությունը պնդում է, որ ժամանակակից աշխարհում համացանցային լրատվամիջոցների բովանդակությունը ավելի ու ավելի հաճախ ստեղծվում է հենց իրենց օգտատերերի կողմից: Օգտատերերի կողմից գեներացվող բովանդակությունը չափազանց կարևոր է. նորությունների և հոդվածների ներքո թողնված մեկնաբանությունները շատ հաճախ վերածվում են հասարակության մեջ ծավալվող լուրջ բանավեճերի, և նույնիսկ լրագրողներին տեղեկացնում այնպիսի խնդիրների մասին, որոնց մասին հանրությանը դեռևս հայտնի չէր՝ այդպիսով նպաստելով լրագրողական հետաքննություններին: Հանրային բանավեճին մասնակցելու յուրաքանչյուրին ընձեռված հնարավորությունը նպաստում է ժողովրդավարության կայացմանը և լավագույնս ծառայում արտահայտվելու ազատության նպատակներին: Այսպիսի իրավիճակներում մեծ մարտահրավեր է այլ անձանց իրավունքները խախտողներին պատասխանատվության ենթարկելը և միևնույն ժամանակ գրաքննությունից խուսափելը:
67. Ինչ վերաբերում է օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությանը, ապա դիմումատու ընկերությունն այն կարծիքին է, որ հիմնավորված է հոսթինգային կայքի վրայից երրորդ կողմի կողմից թողնված բովանդակության հեռացումը վերջինիս կողմից՝ դրա ապօրինի բնույթի մասին տեղեկանալուն պես: Եթե Դատարանի կողմից սա համարվի ոչ նպատակահարմար, ապա միջնորդների կողմից անանուն հանրային խոսքը կարող է արգելվել կամ մեկնաբություններ թողնողների հաղորդակցվելու ազատությունը կարող է ենթարկվել կամայական սահմանափակումների, ինչի արդյունքում, հնարավոր հետագա պատասխանատվությունից խուսափելու նպատակով զգուշավորություն ցուցաբերելով, այն հարկադրաբար սխալներ կգործի:
(բ) Delfi-ի դերը
68. Դիմումատու ընկերությունը Մեծ Պալատին կոչ է արել գործը դիտարկել ամբողջության մեջ, այդ թվում նաև այն հարցը, թե արդյոք դիմումատու ընկերությունը պետք է բնորոշվի որպես ավանդական հրատարակիչ, թե՝ միջնորդ: Հրատարակիչը պատասխանատու է իր կողմից հրապարակվող ցանկացած տեսակի բովանդակության համար՝ անկախ տվյալ բովանդակության հեղինակը հանդիսանալու հանգամանքից: Սակայն, դիմումատու ընկերությունը պնդում է, որ այն պետք է դիտարկվի որպես միջնորդ, որի դեպքում վերջինս պարտավոր է գործել կոնկրետ և կանխատեսելի օրենքի սահմաններում, որի դեպքում վերջինիս պարտավորությունը՝ վերահսկելու երրորդ կողմի մեկնաբանությունները, սահմանափակված է: Սա հատկապես այդպես էր զրպարտիչ բովանդակության դեպքում, քանի որ տուժողը ինքը կարող է գնահատել, թե ինչն է իր հեղինակությանը պատճառել վնաս:
(գ) Օրինականությունը
69. Դիմումատու ընկերությունը վիճարկում է, որ իր արտահայտվելու ազատության իրավունքի միջամտությունը, այդ թվում նաև՝ տեղեկություն պահպանելու և օգտատերերին մեկնաբանություններ թողնելու հնարավորություն ընձեռելու իրավունքը, նախատեսված չէ օրենքով: Այն ներկայացրել է, որ օրենսդրությամբ կամ նախադեպային իրավունքով ոչ մի տեղ սահմանված չէ, որ միջնորդը պետք է համարվի հրատարակիչ մի բովանդակության, որի մասին վերջինս տեղեկություն չուներ: Ճիշտ հակառակը, կիրառելի օրենքը ուղղակիորեն արգելում է ծառայություն մատուցողին ենթարկել պատասխատվության երրորդ կողմի կողմից թողնված բովանդակության համար: Սրա հետ կապված, դիմումատու ընկերությունը հղում է կատարում Էլեկտրոնային առևտրի հրահանգին, Էստոնիայի Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքին և Եվրոպայի խորհրդի Համացանցային հաղորդակցման ազատության վերաբերյալ հռչակագրին: Հրահանգը նախատեսում է սահմանափակ պատասխանատվություն՝ անօրինական բովանդակությունը նկատելու և չհեռացնելու դեպքում, ինչպես նաև այդպիսի բովանդակությունը հեռացնելու ընթացակարգեր: Ծառայություն մատուցողներն ազատված են պատասխանատվությունից այն դեպքերում, երբ ապօրինի գործողությունների վերաբերյալ փաստացի տեղեկություններ ստանալուն պես վերջիններս գործում են արագ՝ խնդրո առարկա տեղեկությունը անհապաղ հեռացնելով կամ սահմանափակելով դրա մատչելիությունը: Այսպիսի հեռացումը կամ մատչելիության սահմանափակումը պետք է կատարվի հաշվի առնելով արտահայտվելու ազատության սկզբունքը և այս նպատակով ներպետական մակարդակով հաստատված ընթացակարգերը (Հրահանգի 46-րդ նկարագրություն): Դիմումատու ընկերությունը վիճարկում է, որ այս օրենքն անվիճելիորեն նախագծվել է բավարար մանրամասնությամբ՝ քաղաքացուն հնարավորություն ընձեռելով կարգավորելու սեփական վարքագիծը: Դիմումատու ընկերության համաձայն՝ իր վարքագիծը եղել է կիրառելի օրենքին լիովին համապատասխան, քանի որ վերջինս հեռացրել է զրպարտող մեկնաբանությունները հայցվորի կողմից այդ մասին տեղեկացվելու նույն օրը:
70. Դիմումատու ընկերությունը նաև պնդել է, որ նույնիսկ գործող քաղաքացիական իրավախախտումների մասին օրենքով տարածողները (փոստային ծառայողները, գրադարանները, գրախանութները և այլն) դասակարգված չեն որպես հրապարակիչներ: Ուստի, բոլորովին պարզ չէ, թե ինչպես է գործող իրավախախտումների մասին օրենքը կիրառվել Պալատի կողմից ընդունված վճռում նշված՝ «նոր տեխնոլոգիաների հետ առնչություն ունեցող նոր ոլորտի» նկատմամբ, այն է՝ առցանց լրատվական պորտալի օպերատորի, որի կողմից մատուցվող ծառայության շնորհիվ ընթերցողները հնարավորություն են ստանում շփվելու լրագրողների և միմյանց հետ և հանրային հետաքրքրության առարկա հանդիսացող հարցերի կապակցությամբ ներկայացնելու արժեքավոր գաղափարներ: Օրենսդրությամբ սահմանված չէր, որ դիմումատու ընկերությունը պարտավոր է նախաձեռնողականություն դրսևորել օգտատերերի կողմից կատարվող մեկնաբանությունները մշտադիտարկելիս:
(դ) Իրավաչափ նպատակ
71. Դիմումատու ընկերությունը չի վիճարկել, որ խնդրո առարկա միջամտությունը հետապնդել է իրավաչափ նպատակ:
(ե) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
72. Դիմումատու ընկերության համաձայն՝ միջամտությունն անհրաժեշտ չէր ժողովրդավարական հասարակությունում: Դիմումատուն պնդում է, որ Պալատի վճռի արդյունքում այն ուներ երկու ընտրության տարբերակ: Նախևառաջ, այն կարող է բարձր պատրաստությամբ համացանցային մոդերատորների մի ամբողջ բանակ վարձել՝ (անընդմեջ) պարեկություն անելու համար, ովքեր կհսկեն մեկնաբանությունների յուրաքանչյուր դաշտը (յուրաքանչյուր լրատվական հոդվածի ներքո), հայտնաբերելով յուրաքանչյուր մեկնաբանություն, որը կարող է համարվել զրպարտող (կամ որը կարող է, inter alia, խախտել մտավոր սեփականության իրավունք). օրվա վերջում այս մոդերատորները, ցանկացած դեպքում, կարող են հեռացնել ցանկացած զգայուն մեկնաբանություն, իսկ բոլոր քննարկումները մոդերատորների վերահսկողության ներքո կլինեն, այնպես որ դրանց շրջանակը կսահմանափակվեր միայն նվազ վիճահարույց խնդիրներով: Մյուս տարբերակն այն է, որ վերջինս խուսափեր այսպիսի զանգվածային ռիսկից և ընդհանրապես փակեր այս ֆորում-քննարկումները: Ցանկացած պարագայում սա նշանակում է սովորական ընթերցողներին զրկել ամենօրյա լուրերի տակ ազատորեն մեկնաբանություններ թողնելու տեխնիկական հնարավորությունից:
73. Դիմումատու ընկերությունը պնդում է, որ Գերագույն դատարանի վճիռը արտահայտվելու ազատության վրա «սառեցնող ազդեցություն» է ունեցել և որ այն սահմանափակել է դիմումատու ընկերության տեղեկություններ տարածելու ազատությունը: Այն հավասարվել է մասնավոր անձանց գրաքննության ենթարկելու պարտավորության հաստատման:
74. Որպես այն փաստարկի հիմնավորում, որ միջամտությունը ժողովրդավարական հասարակության համար անհրաժեշտ չէր, դիմումատու ընկերությունը նշել է հետևյալ գործոնները:
75. Նախևառաջ, ընկերությունը պնդել է, որ մեկնաբանությունները հասարակության անդամների արձագանքներն են Saaremaa բեռնափոխադրող ընկերության մեղքով տեղի ունեցած մի միջադեպին, այլ ոչ թե հոդվածին: Ավելին, հոդվածը հավասարակշռված և չեզոք բնույթի էր: Այն հասցեագրում էր Էստոնիայի ամենամեծ կղզու բնակիչների համար չափազանց կարևոր մի հիմնախնդիր, որն ազդեցություն ուներ վերջիններիս առօրյայի վրա: Ընթերցողների բացասական արձագանքների պատճառը ոչ թե հոդվածն էր, այլ բեռնափոխադրող ընկերությունը:
76. Երկրորդ, դիմումատու ընկերությունը բավարար միջոցներ է գործադրել զրպարտիչ մեկնաբանությունները կանխելու կամ հեռացնելու ուղղությամբ, իսկ սույն գործով խնդրո առարկա մեկնաբանությունները հեռացվել էին նույն օրը, երբ դիմումատու ընկերությանն այդ մասին տեղեկացրել էին:
77. Երրորդ, դիմումատու ընկերությունը պնդում է, որ մեկնաբանությունների իրական հեղինակները պետք դրանց բովանդակության համար կրեն պատասխանատվություն: Այն համաձայն չէր պալատի եզրակացության հետ առ այն, որ մեկնաբանությունների հեղինակների ինքնությունը պարզելը դժվար գործ է, և պնդում էր, որ հեղինակների ով լինելը կարելի էր պարզել քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածով նախատեսված «մինչդատական վարույթի ընթացքում ապացույցներ ձեռքբերելիս»: Այն բանից հետո, երբ պարզվի նրանց ինքնությունը, նրանց դեմ հայց ներկայացնելը դժվար գործ չի լինի:
78. Չորրորդ, դիմումատու ընկերությունը պնդում էր, որ ծառայություն մատուցող ընկերությունների համար պատասխանատվության խիստ չափանիշ նշանակելու սոցիալական հրատապ կարիք չկար: Այն պնդում էր, որ գոյություն ունի ընդհանուր եվրոպական փոխհամաձայնություն, ըստ որի ծառայություն մատուցող ոչ մի ընկերություն չպետք է ենթարկվի պատասխանատվության այն բովանդակության համար, որի հեղինակը չի հանդիսանում: Հետևաբար, անդամ պետություններին շնորհված թույլատրելի հայեցողության սահմանն այս առումով անհրաժեշտաբար նեղ է: Ավելին, այն գտնում է, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման համար պահանջված համեստ գումարի չափը ևս չի կարող արդարացնել միջամտությունը: Դիմումատուն շեշտում է նաև, որ եթե վերջինիս նկատմամբ սահմանափակ պատասխանատվություն սահմանված լիներ, առաջին հայցվորը առանց փոխհատուցման չէր մնա, քանի որ վերջինս կարող էր իրական հեղինակների դեմ հայց ներկայացնել: Դիմումատու ընկերությունը առարկում է մասնավոր գրաքննության հաստատման դեմ և պնդում, որ ավելի նպատակահարմար է ունենալ երրորդ կողմի իրավունքների պաշտպանության երկկողմանի համակարգ. «նկատելուն պես հեռացնելու» համակարգ և անմիջականորեն զրպարտիչ մեկնաբանությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն: Համացանցային ծառայություններ մատուցող ընկերություններին պատասխանատվության ենթարկելու սոցիալական հրատապ կարիք չկար:
79. Դիմումատու ընկերությունը նաև ընդգծել է համացանցում ազատ արտահայտվելու համար անանության կարևորությունը. սա քաջալերում է բոլորի մասնակցությունը, այդ թվում նաև՝ խոցելի խմբերի, քաղաքական այլախոհների, և գաղտնի ինֆորմատորների, և հնարավորություն է տալիս անհատներին լինել հաշվեհարդարից ապահովված:
80. Վերջապես, դիմումատու ընկերությունը պնդում է, որ ներպետական դատարանները Եվրոպական միության (ԵՄ) օրենսդրությունը ակնհայտորեն սխալ են մեկնաբանել: Վերջինս նշում է, որ Պալատի վճիռը առաջ է բերել պարտավորությունների բախում և իրավական անորոշություն, քանի որ հոսթինգ ծառայություններ մատուցողների պատասխանատվության խնդիրը կարգավորող ԵՄ օրենդրությանը հակվելն առաջացնում է պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո, մինդեռ վճռով սամմանված թեստին հակվելը հակասում է ԵՄ օրենսդրությանը:
2. Կառավարությունը
(ա) Ընդհանուր նկատառումներ
81. Կառավարությունը գործի շրջանակների առնչությամբ բերել է հետևյալ նկատառումները: Նախևառաջ, համաձայն դատարանի նախադեպային իրավունքի ներպետական դատարաններն են որոշում պետության ներսում կիրառելի օրենքը և մեկնաբանում այն: Ավելին, ԵՄ օրենսդրության մեկնաբանությունը ԵՄԱԴ-ի հանձնառությունն է: Ներպետական դատարանները պատճառաբանված որոշումներով գտել են, որ սույն գործով կիրառելի է Էստոնիայի Պարտավորությունների մասին օրենքը, այլ ոչ թե Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգը կամ Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքը: Մեծ Պալատի որոշումը ևս պետք է բխի այս տրամաբանությունից և այն պետք է մերժի դիմումատու ընկերության՝ ԵՄ օրենսդրության կիրառելիության վերաբերյալ պնդումները: Երկրորդ, Կառավարությունը շեշտում է, որ գոյություն ունեն համացանցային պորտալների մի շարք տեսակներ, և դրանց օպերատորների պատասխանատվության խնդիրը չի կարող ընդհանրացվել: Տվյալ գործի քննության շրջանակը սահմանափակված է տվյալ ժամանակահատվածում Delfi-ի պորտալի աշխատանքներով: Այս առումով Կառավարությունն ընդգծում է, որ Delfi-ն ընթերցողներին ակտիվորեն հրավիրում էր իր ընտրած հոդվածների ներքո թողնել մեկնաբանություններ, և որ այն տվյալ հոդվածների ներքո, միևնույն տիրույթում անանուն մեկնաբանություններ էին հրապարակվել, որոնք կարող էին փոփոխության ենթարկել կամ հեռացվել միայն Delfi-ի կողմից: Դիմումատու ընկերության պատասխանատվությունը պետք է որոշել հենց այդ մասնավոր համատեքստում:
82. Կառավարությունը ընդգծում է, որ խնդրո առարկա մեկնաբանությունների զրպարտիչ լինելու շուրջ վեճ չկա:
83. Կառավարությունը նշում է, որ չնայած դիմումատու ընկերության պնդումներին, նրան չեն պարտադրել սահմանափակել անանուն մեկնաբանությունների մատչելիությունը կամ իր բիզնես մոդելը ենթարկել փոփոխության: Ճիշտ հակառակը, Delfi-ն շարունակում է պահպանել Էստոնիայում ամենամեծ համացանցային պորտալի առաջնությունը, պորտալում անանուն մեկնաբանություններ թողնելը դեռևս հնարավոր է, իսկ մեկնաբանությունների քանակն աճել է 2009թ. գրանցված ամսական 190,000-ից մինչև 300,000-ի՝ 2013թ.-ին: Համաձայն 2013թ. սեպտեմբերի 26-ին հրապարակված մի հոդվածի՝ Delfi-ն ամսական պորտալից հեռացնում է 20,000-ից 30,000 մեկնաբանություն (որը կազմում է ընդհանուր մեկնաբանությունների թվի 7-10%-ը): Postimees-ը՝ մեծությամբ երկրորդ պորտալը, հեռացնում է 120,000 մեկնաբանությունների ընդհանուր թվի 7%-ը: Երկու պորտալներն էլ վարձել են հինգ աշխատակից, որոնք զբաղված են մեկնաբություններ հեռացնելով: 2013թ. դեկտեմբերից սկսած Delfi-ն գործարկել է մեկնաբանությունների երկաստիճան միջավայր, որտեղ անանուն և գրանցված օգտատերերի կողմից կատարվող մեկնաբանությունները առանձին են երևում:
(բ) Օրինականությունը
84. Կառավարությունը պնդում է, որ դիմումատուի իրավունքների միջամտությունը «նախատեսված է օրենքով»: Վերջինս հղում է կատարել ներպետական օրենսդրությանը, որը համառոտ ներկայացված է Պալատի վճռի 32-36-րդ, 38-րդ և 39-րդ պարբերություններում, ինչպես նաև՝ Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին, որը նույնպես Պալատի վճռում համառոտ ներկայացված է: Կառավարությունը նաև մատնանշում է, որ Էստոնիայում նախադեպային իրավունք ձևավորված չէ, որի հիման վրա Delfi-ն, որը ընթերցողներին քաջալերում է թողնել մեկնաբանություններ նշված հոդվածների ներքո, իսկ հետո հրապարակում դրանք, կարող է ենթադրել, որ համացանցային պորտալ գործարկողը, որպես նոր լրատվական հրատարակչություն, պատասխանատվություն չի կրում իր հոդվածների ներքո հրապարակված մեկնաբանությունների արդյունքում պատճառված վնասի համար, այդ մեկնաբանությունները կազմում էին լրատվության բաղկացուցիչ մասը, որը միայն Delfi-ն կարող էր կառավարել: Ավելին, մինչ ներպետական դատարանների կողմից վճիռների կայացումը, արդեն ավելի քան պարզ էր, որ այս համացանցային լրատվամիջոցը հանրության վրա ընդարձակ ազդեցություն է գործում և որ այլ անձանց մասնավոր կյանքի իրավունքը պաշտպանելու նպատակով պատասխանատվության կանոնները կիրառելի էին նաև նոր մամուլի նկատմամբ:
85. Կառավարությունը վերահաստատում է, որ դիմումատու ընկերության հղումները ԵՄ իրավունքին և Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքին պետք է հաշվի չառնվեն: Մեծ Պալատը կարող է միայն գնահատել, թե արդյոք Պարտավորությունների մասին օրենքը մեկնաբանելու արդյունքները համահունչ են Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետին, թե՝ ոչ, և չի կարող քննարկման առարկա դարձնել այն օրենսդրությունը, որը ներպետական դատարանների համաձայն տվյալ գործով կիրառելի չէր: Կառավարությունը նաև նշում է, որ ներպետական դատարանները բավարար ուշադրություն են դարձրել այն հարցին, թե արդյոք դիմումատու ընկերությունը կարող է դիտարկվել որպես տեղեկությունների ժամանակավոր պահոց տրամադրող կամ հոսթինգային ծառայություն մատուցող՝ պրովայդեր: Սակայն, վերջինս կարծում է, որ այս դեպքում դա անհրաժեշտ չէ: Մասնավորապես, հոսթինգի դեպքում ծառայություն մատուցողը պարզապես տվյալների պահեստավորման ծառայություն է մատուցում, մինդեռ պահեստավորված տվյալները և դրանց մուտքագրումը, փոփոխումը, հեռացումը և բովանդակությունը մնում է ծառայությունից օգտվողների վերահսկողության ներքո: Delfi-ի մեկնաբանությունների միջավայրում, սակայն, մեկնաբանություններ թողնող անձինք մուտքագրելուց հետո այլևս չէին կարողանում կառավարել դրանք, բացի այդ նրանք չէին կարող նաև փոփոխել կամ ջնջել դրանք: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել գործի մյուս կողմերը ևս. Delfi-ն ընտրում էր հոդվածները և դրանց վերնագրերը, Delfi-ն հրավիրում էր ընթերցողներին թողնել մեկնաբանություններ և սահմանում էր մեկնաբանությունների կանոններ (այդ թվում՝ նաև այն, որ մեկնաբանությունները պետք է վերաբերեն հոդվածին), Delfi-ի գովազդից գոյացող շահույթը մեկնաբանությունների քանակի հետ աճում էր, Delfi-ն նաև մեկնաբանությունները ընտրողաբար մշտադիտարկում էր: Ներպետական դատարանները գտել էին, որ Delfi-ն հանդես է եկել ոչ միայն որպես տեխնիկական միջնորդ ծառայություն մատուցող ընկերություն, այն չի կարող նաև համարվել ժամանակավոր պահեստավորման կամ հոսթինգային ծառայություն: Կառավարությունը նաև ընդգծում է, որ ԵՄԱԴ-ը Delfi-ի գործին նման գործով երբևիցե վճիռ չի կայացրել: Ցանկացած պարագայում, նույնիսկ եթե ԵՄԱԴ-ի նախադեպային իրավունքը, ինչպես օրինակ՝ L’Oréal-ը և այլոք գործն է, վերաբերելի լիներ, կարելի էր եզարակացնել, որ Delfi-ն ակտիվ դեր էր խաղում և որ այն չէր կարող պատասխանատվությունից ազատվել՝ համաձայն Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգի:
(գ) Իրավաչափ նպատակ
86. Կառավարությունը նշել է, որ դիմումատու ընկերության 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի միջամտությունը հետապնդում է այլ անձանց պատիվը պաշտպանելու իրավաչափ նպատակ:
(դ) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
87. Այն հարցի առնչությամբ, թե արդյոք միջամտությունը եղել է անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում Կառավարությունն ի սկզբանե ընդգծել է Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածների միջև հավասարակշռում գտնելու կարևորությունը:
88. Կառավարությունը ընդարձակորեն անդրադարձել է Պալատի վճռին: Բացի այդ, Կառավարությունն ընդգծել է հետևյալը:
89. Նախևառաջ, ինչ վերաբերում է մեկնաբանությունների համատեքստին, ապա Կառավարությունը նշում է, որ ներպետական դատարանները կարևորել են այն հանգամանքը, որ լրատվական հոդվածների ընտրությունը և հրապարակումը և այդ հոդվածների ներքո ընթերցողների մեկնաբանությունների հրապարակումը հանդիսացել է դիմումատու ընկերության ՝ որպես տեղեկատվության հրապարակողի, մասնագիտական գործունեության մի մասը: Delfi-ն ընթերցողներին հրավիրում էր իր հոդվածների ներքո թողնել մեկնաբանություններ՝ հաճախ հոդվածներին սադրիչ վերնագրեր տալով և գլխավոր էջում երևացող հոդվածի վերնագրի ներքո ընդգծված կարմիր տառերով նշելով դրա տակ թողնված մեկնաբանությունների քանակը, այնպես որ մենկաբանություններ անելն ավելի գայթակղիչ լիներ, ինչն իր հերթին գովազդից ստացվող ավելի մեծ եկամուտներ կապահովվեր:
90. Երկրորդ, ինչ վերաբերում է դիմումատու ընկերության կողմից կիրառված միջոցներին, ապա Կառավարությունն ընդգծում է երրորդ անձանց՝ համացանցի հետ կապված պաշտպանության ապահովումը, որը վերածվել է հասարակության մեծ մասի համար հասանելի, ամեն օր ընդարձակ օգտագործվող հաղորդակցման միջոցի: Կառավորությունն ավելացնում է, որ դիմումատու ընկերության՝ մեկնաբանությունների առնչությամբ պատասխանատվությունը նույնպես ակնհայտ է, քանի որ Delfi-ի լրատվական պորտալում մեկնաբանություններ թողած ընթերցողները այլևս չէին կարողանում փոփոխել կամ հեռացնել դրանք. միայն դիմումատու ընկերությունը կարող էր դա անել: Կառավարությունը նաև մատնացույց է անում այն հանգամանքին, որ համացանցով այդպիսի արագությամբ տարածված ցանկացած տեղեկատվություն, որի հետ կապված անձի պատվի պաշտպանությանն ուղղված միջոցները ձեռնարկվել են շաբաթներ կամ նույնիսկ օրեր անց, այլևս էական չէին, քանի որ դրանք արդեն հասցրել էին տարածվել հանրության շրջանում և վնաս պատճառել: Կառավարությունը նաև փաստարկում է, որ ամենամեծ միջազգային տարածում ունեցող համացանցային պորտալը ընթերցողներին հնարավորություն չէր ընձեռում թողնել անանուն (այսինքն՝ չգրանցված) մեկնաբանություններ, և որ հղում էր կատարում մի կարծիքի, որի համաձայն գոյություն ունի անանունությունից հրաժարվելու ընդհանուր միտվածություն: Միևնույն ժամանակ անանուն մեկնաբանությունները սովորաբար ավելի վիրավորական են լինում, քան այն մեկնաբանությունները, որոնք թողնում են գրանցված ընթերցողները, և որ կոպիտ մեկնաբանություններն ավելի շատ ընթերցողների էին ներգրավում: Կառավարությունը պնդում է, որ հենց այս պատճառով էր, որ Delfi-ն բարի համբավ չէր վայելում:
91. Երրորդ, ինչ վերաբերում է իրական հեղինակների պատասխանատվությանը, ապա Կառավարությունը ներկայացրել է, որ քաղաքացիական վարույթի ընթացքում, որը զրպարտության գործերով առավել նախընտրելի պաշտպանության միջոց է, քննչական միջոցառումները, ինչպիսիք են օրինակ՝ գաղտնի հսկողության ընթացակարգերը, կիրառելի չեն: Ինչ վերաբերում է «մինչդատական վարույթի ընթացքում ապացույցների ձեռքբերմանը», ապա Կառավարությունը փաստարկում է, որ անանուն մեկնաբանությունների դեպքում սա ողջամիտ այլընտրանք չէ: Նախևառաջ, համապատասխան համացանցային կանխագրի հասցեները (Internet Protocol (IP) addresses) միշտ չէ, որ հնարավոր է պարզել, օրինակ՝ երբ օգտատիրոջ տվյալները հեռացվել են կամ օգտագործվել է անանուն պրոքսի սերվեր: Երկրորդ, նույնիսկ եթե հնարավոր է եղել գտնել այն համակարգիչները, որոնց միջոցով անանուն մեկնաբանությունները տեղադրվել են, խնդրո առարկա գրառումները կատարած անձանց հայտնաբերումը դեռևս կարող է հնարավոր չլինել, օրինակ՝ այնպիսի դեպքերում, երբ օգտագործվել է հանրային համակարգիչ, Wi-Fi հարթակ, շարժական IP հասցե կամ օտար երկրում գտնվող սերվեր կամ այլ տեխնիկական պատճառներով:
92. Չորրորդ, ինչ վերաբերում է ներպետական ընթացակարգերի՝ դիմումատու ընկերության համար առաջացրած հետևանքներին, Կառավարությունը նշում է, որ Delfi-ն կարիք չունի փոփոխելու իր բիզնես մոդելը կամ արգելելու անանուն մեկնաբանությունները: Մեկնաբանությունների թիվը, որոնց զգալի մասը անանուն են, փաստացիորեն աճել է, միևնույն ժամանակ Delfi-ն այժմ վարձել է հինգ մոդերատոր: Կառավարությունը նաև մատնացույց է անում այն հանգամանքին, որ պատասխանատվության սահմանումը նպատակ չէր հետապնդում ընկերությանը պարտադրել վճարելու հսկայական կամ պատժիչ չափի փոխհատուցում: Իսկապես, Delfi-ի նկատմամբ սահմանված ոչ նյութական վնասի փոխհատուցման չափը չնչին էր (320 եվրո), իսկ հաջորդիվ ձևավորված նախադեպային իրավունքում (տե՛ս վերևում՝ 43-րդ պարբերությունը) Դատարանը հաստատել է, որ իրավախախտման հայտնաբերումը կամ մեկնաբանության հեռացումը կարող է փոխհատուցման բավարար միջոց լինել: Կառավարությունը եզրակացնում է, որ դիմումատու ընկերությանը քաղաքացիական պատասխանատվության ենթարկելը արտահայտվելու ազատության իրավունքի վրա «սառեցնող ազդեցություն» չի թողել, այլ եղել է արդարացված և համաչափ:
93. Վերջապես, անդրադառանալով մի շարք եվրոպական երկրների օրենսդրությանը և գործելակերպին՝ Կառավարությունը պնդում է, որ բովանդակային ծառայություններ մատուցող և իր հոդվածների ներքո անանուն մեկնաբանություններ հրապարակած համացանցային պորտալների սեփականատերերին պատասխանատվությունից ազատելու ձևավորված միասնական մոտեցում կամ միտվածություն չկա:
Գ. Երրորդ կողմերի փաստարկները
1. Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամ
94. Վարշավայում գործող Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամն ընդգծում է համացանցի և ավանդական լրատվամիջոցի տարբերությունը: Այն նշում է այնպիսի առցանց ծառայություններ մատուցող ընկերություններ, ինչպիսին Delfi-ն է, միաժամանակ երկու գործառույթով են հանդես գալիս. իրենց սեփական լուրերի բովանդակության տարածողներ (content providers) և երրորդ կողմի կողմից կատարված մեկնաբանությունների համար հոսթինգային ծառայություններ մատուցողներ: Հիմնադրամը նշել է, որ օգտատերերի կողմից կատարված մեկնաբանությունների մոդերացիան կամ դրա մատչելիության սահմանափակման լիազորությունը չի կարող համարվել արդյունավետ խմբագրական վերահսկողություն: Միջնորդավորված ծառայություններ մատուցողների հետ չի կարելի վերաբերվել ավանդական լրատվամիջոցի պես, դրանք չպետք է ենթարվեն միևնույն պատասխանատվության ռեժիմին, ինչ ավանդականները:
95. Հելսինկյան հիմնադրամը պնդում է, որ մեկնաբանությունների հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության, իսկ պետությունը պետք է ապահովի այնպիսի օրենսդրական շրջանակ, որը հնարավոր կդարձնի առցանց վիրավորական արտահայտություններ հրապարակողների հետապնդումը: Միևնույն ժամանակ, այն պնդում է, որ համացանցում անանուն հրապարակումներ կատարելու հնարավորությունը ևս պետք է շարունակել արժևորել:
2. Article 19
96. Article 19-ը պնդում է, որ համացանցի ամենանորարարական հատկանիշներից մեկն այն դյուրինությունն է, որով անձը կարողանում է իր տեսակետներն արտահայտել ի լուր համայն աշխարհի՝ առանց դրանց խմբագիրների կողմից նախօրոք հաստատվելու: Մեկնաբանությունների հարթակները հնարավորություն են ընձեռում սկսել և ծավալել հանրային բանավեճ՝ դրա ամենաչաղավաղված ձևի մեջ, և սա լուրեր հաղորդելու հետ շատ քիչ առնչություն ունի: Էության և ձևի տեսանկյունից լրատվական կայքերի մեկնաբանությունների հատվածը կարելի է ավելի շուտ ընկալել որպես տպագիր մամուլ, որը յուրացնում է մասնավոր քննարկումների մոդելը, որն ավելի շուտ առաջ է եկել հենց համացանցի հայնտվելու հետ մեկտեղ, քան՝ հակառակը: Article 19-ը փաստարկում է, որ ընթերցողների կողմից թողնված մեկնաբանությունների համար կայքերին պատասխանատվության ենթարկելը վերջիններիս համար անընդունելի բեռ կլինի:
97. Article 19-ը պնդում է, որ Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգը նպատակ է հետապնդում կայքերին պաշտպանել իրենց ընթերցողների կողմից կատարված մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկվելուց: Article 19-ը պնդում է նաև, որ մի կողմից պատասխանատվության սովորական կանոնները պետք է շարունակեն առցանց լրատվամիջոցների նկատմամբ գործել իրենց կողմից հրապարակվող հոդվածների դեպքում, սակայն իրենց կայքի մեկնաբանությունների հատվածի մասով նրանք պետք է ավելի շուտ համարվեն հոսթինգային ծառայություն մատուցողներ: Որպես հոսթինգային ծառայություններ մատուցողներ առցանց լրատվամիջոցները սկզբունքորեն պետք է երրորդ կողմի կողմից կատարված մեկնաբանությունների համար լինեն պատասխանատվությունից ազատված այն դեպքում, երբ վերջիններս անմիջականորեն ներգրավված չեն եղել դրա բովանդակության փոփոխման մեջ: Նրանք չպետք է պատասխանատվության ենթարկվեն այն դեպքում, երբ անհրաժեշտ և ողջամիտ բոլոր միջոցները ձեռնարկել են վիճահարույց մեկնաբանությունները հեռացնելու համար՝ այդ մասին անմիջապես տեղեկացվելուց հետո, բացի այդ նրանք չպետք է ավտոմատ կերպով պատասխանատվության կանչվեն այն բանի համար, որ մեկնաբանությունների մասին տեղեկացվելուց հետո որոշում են կայացրել դրանք չհեռացնելու վերաբերյալ:
3. Access
98. Ըստ Access-ի՝ անանուն և կեղծանվամբ հանդես գալը օժանդակում են մասնավոր կյանքի անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքների իրացմանը: Համացանցում անանուն հանդես գալու օրենսդրական արգելքը հավասարազոր կլինի Կոնվենցիայի 8-րդ և 10-րդ հոդվածներով ամրագրված մասնավոր կյանքի անձեռնմխելիության և արտահայտվելու ազատության իրավունքների նկատմամբ միջամտությանը, իսկ անանուն և կեղծանվան ներքո կատարված արտահայտությունների համընդհանուր սահմանափակումը կվտանգի այս իրավունքների էությունը: Access-ն անդրադարձել է մի շարք երկրների նախադեպային իրավունքում երկար ժամանակ ամրագրված անանուն հաղորդակցման պաշտպանությանը` առցանց թե անցանց:
99. Ավելին, Access-ը մատնացույց է անում այն հանգամանքին, որ համացանցից օգտվելիս գաղտնիության և անանության ավելի բարձր մակարդակ ապահովելու նպատակով ստեղծված ծառայությունները ավելի տարածված են դարձել, ինչը հետևանք է համատարած առցանց տեսահսկման բացահայտումների: Այն նաև փաստարկում է, որ համացանցից օգտվողներին պարտադրելը հանդես գալ միայն բացահայտված ինքնությամբ կվնասեր համացանցային տնտեսությանը. կազմակերպությունը հղում է կատարել մի ուսումնասիրության, որի եզրակացության համաձայն համացանցում ամենից շատ իրենց մասնակցությունն են բերում հենց կեղծանունով ներկայացող օգտատերերը:
100. Ինչ վերաբերում է իրական անվամբ հանդես գալու քաղաքականությանը, ապա Չինաստանի փորձը ցույց է տվել, որ այսպիսի միջոցի կիրառման արդյունքում համացանցում կատարվող մեկնաբանությունների քանակը կտրուկ անկում է ապրել: Կորեայի փորձը ցույց է տվել, որ իրական անվան օգտագործումը էականորեն չի ազդել մեկնաբանությունների որակի վրա, մինչդեռ այն խտրական է պետության ներսում գրանցված համացանցային ծառայություններ մատուցող ընկերությունների համար, քանի որ օգտատերերը այլընտրանք են փնտրում և նախապատվությունը տալիս էին միջազգային հարթակներին, որտեղ անանուն և կեղծանունով մեկնաբանություններ կատարելը դեռևս թույլատրելի է:
4. Լրատվամիջոցների իրավական պաշտպանության նախաձեռնություն (Media Legal Defence Initiative)
101. Լրատվամիջոցների իրավական պաշտպանության նախաձեռնությունն (MLDI) իր փաստարկները ներկայացրել է քսանութ ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների և ընկերությունների անունից: Այն նշել է, որ առցանց լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ընթերցողներին թույլատրում է մեկնաբանություններ թողնել: Մեկնաբանությունների հատվածի առկայության շնորհիվ ընթերցողները կարողանում են բանավեճեր ծավալել ինչպես միմյանց, այնպես էլ լրագրողների հետ: Սա լրատվամիջոցը միակողմանի տեղեկատվության հոսքից վերածում է մասնակցային խոսքի, որը ճանաչում է ընթերցողի ձայնը և վերջինիս հնարավորություն է տալիս արտահայտելու տարբեր տեսակետներ:
102. MLDI-ն նշում է, որ այսօր մատչելիության և բովանդակության միջև սահմաններն ավելի ու ավելի են դառնում լղոզված, իսկ «միջնորդները» ներառում են որոնման հզորացված համակարգերը, առցանց շուկաները, web 2.0 ծրագրերը և սոցիալական կայքերը: Օգտատերերի տեսանկյունից նայելով՝ այս բոլորը նպաստում են բովանդակության մատչելիությանը և օգտագործմանը և առանցքային դեր են խաղում արտահայտվելու ազատության իրավունքի իրացման գործում:
103. MLDI-ը պնդում է, որ պետությունների խնդիրն է ապահովել կարգավորման շրջանակ, որը կպատշպաներ և կնպաստեր արտահայտվելու ազատությանը՝ երաշխավորելով նաև մյուս իրավունքները: Այն մանրամասն անդրադարձել էր ԱՄՆ-ում և ԵՄ-ում միջնորդ կազմակերպությունների պատասխանատվությունը սահմանող օրենսդրական շրջանակին: MLDI-ն նշում էր, որ այս համակարգերում մոտեցումները տարբերվում են, սակայն դրանք նման են այն մասով, որ երկուստեք ընդունում են, որ միջնորդների պաշտպանությունը կենսական նշանակություն ունի և որ միջնորդների կողմից բովանդակությունը մշտադիտարկելու սահմանված պահանջ չկա: Այն նաև նշում է, որ որոշ անդամ պետություններում «նկատելուն պես հեռացնելու» ընթացակարգի գոյությունը հանգեցրել է միջնորդ կազմակերպությունների չափից ավելի պատասխանատվության ենթարկվելուն:
104. MLDI-ը նաև անդրադարձել է առցանց մամուլի կողմից օգտատերերի գրած մեկնաբանությունները կարգավորելու աստիճանաբար ավելացող գործելակերպին: Այն մատնացույց է անում այն հանգամանքին, որ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայում հրատարակիչների մեծ մասը մեկնաբանությունները տպագրելուց առաջ դրանք մոնիտորինգի չեն ենթարկում: Սակայն, մեկնաբանությունների հրապարակումից հետո մոդերացիայի որոշակի աշխատանքներ կատարվում են: Շատ առցանց լրատվամիջոցներ նաև գործարկում են ֆիլտրող ծրագրեր և ունեն անընդհատ կանոնները խախտող օգտատերերին արգելափակելու մեխանիզմներ: Առցանց լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում նաև՝ եվրոպականները, պահանջում են, որպեսզի օգտատերերը գրանցվեն, սակայն գրանցվելիս իրակական անունը նշելու պարտադիր պահանջ չկա:
5. EDiMA, CCIA Europe և EuroISPA
105. Թվային լրատվամիջոցների եվրոպական ասոցիացիան (EDiMA), Համակարգչային և հաղորդակցության արդյունաբերական ասոցիացիան (CCIA Europe) և EuroISPA-ն՝ Համացանցային ծառայություններ մատուցողների ասոցիացիաների համաեվրոպական ասոցիացիան, միասնաբար հանդես գալով որպես երրորդ կողմ, ներկայացրել են իրենց փաստարկները:
106. Միջամտող ընկերությունները փաստարկել են, որ ցայսօր օրենսդրության, միջազգային պայմանագրերի և հանձնարարականների միջև կա հաստատված կավասարակշռում, համաձայն որի հոսթինգային ծառայություններ մատուցողները, նախևառաջ, բովանդակության համար պատասխանատվությունից ազատվում են այն դեպքում, երբ վերջիններս «իսկապես տեղյակ չեն եղել», և երկրորդ, պետություններին արգելվում է հոսթինգային ծառայություններ մատուցողներից պահանջել, որպեսզի վեջիններս բովանդակության ընդհանուր մոնիտորինգ անցկացնեն:
107. Երրորդ կողմ կազմակերպությունները նշել են, որ չնայած համացանցում հայտնվող տեղեկատվության մի հատվածը ավանդական հրատարակչական աղբյուրներից է, ինչպիսիք են օրինակ՝ թերթերը, որը արդարացիորեն կարգավորվում է հրատարակիչներին վերաբերող օրենսդրությամբ, փոխարենը, առցանց հայտնվող բովանդակության մի զգալի ծավալը անհատներից է, ովքեր կարող են իրենց կարծիքը արտահայտել առանց ավանդական խմբագրական հաստատությունների հետ բանակցելու:
108. Երրորդ կողմ կազմակերպությունները պնդում են, որ այնպիսի առցանց լրատվական քննարկում-ֆորումի տեխնոլոգիական և օպերացիոն գործընթացները, ինչպիսին Delfi-ն է, տեխնոլոգիապես չեն տարբերվում այնպիսի հոսթինգային ծառայություններից, ինչպիսիք են սոցիալական մեդիա/ցանցային հարթակները, բլոգերը/միկրոբլոգերը և այլն: Օգտատերերի կողմից կազմված և ներբեռնված բովանդակությունն ավտոմատ կերպով դառնում է հանրության համար տեսանելի՝ առանց մարդու միջամտության: Հոսթինգային ծառայությունների մեծ մասի դեպքում, հաշվի առնելով ծավալները, բոլոր օգտատերերի կողմից թողնված բովանդակությունը մարդու կողմից պրոակտիվ վերահսկելը գործնականում անհնարին է: Փոքր վեբ-կայքերի և սկսնակների (start-ups) համար բովանդակության վերահսկումը կարծես թե ավելի մեծ մարտահրավեր է և կարող է արգելակելու աստիճանի թանկարժեք լինել:
109. Երրորդ կողմ կազմակերպությունները պնդում են, որ ԵՄ-ում և այլ երկրներում ընդունված օրենսդրությունը նախատեսում է «նկատելուն պես հեռացնելու» համակարգը՝ որպես համացանցային հոսթինգի իրավական և կիրառական շրջանակ: Օգտատերերի և հոսթինգային ծառայությունների միջև պատասխանատվությունների այս հավասարակշռումը թույլ է տալիս հայտնաբերելու և հեռացնելու զրպարտող կամ այլ ոչ իրավաչափ խոսքը, միևնույն ժամանակ հնարավորություն ընձեռելով հանրային բանավեճի խնդրահարույց թեմաների շուրջ ծավալել առողջ քննարկում:
Դ. Դատարանի գնահատականը
1. Նախնական նկատառումներ և Դատարանի գնահատման շրջանակը
110. Դատարանը, նախևառաջ, նշում է, որ օգտատերերի կողմից համացանցում արտահայտչական գործունեության ծավալումը արտահայտվելու ազատության աննախադեպ հնարավորություն է ստեղծում: Սա անվիճելի է և նախկինում այլ առիթների ժամանակ Դատարանի կողմից արդեն ճանաչվել է (տե՛ս Ahmet Yıldırım-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 3111/10, § 48, ՄԻԵԴ 2012, և Times Newspapers Ltd-ն (թիվ թիվ 1 և 2) ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ թիվ 3002/03 և 23676/03, § 27, ՄԻԵԴ 2009): Սակայն, այս առավելությունների հետ մեկտեղ որոշակի վտանգներ ևս կարող են ստեղծվել: Զրպարտիչ և այլ՝ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում նաև՝ ատելության խոսքը և բռնության հրահրող կոչերը կարող են վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տարածվել ավելի արագ քան նախկինում երբևէ տարածվել են, իսկ երբեմն նույնիսկ կայուն մնալ համացանցում: Այս երկու միմյանց հակասող իրականություններն ընկած են այս գործի հիմքում: Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը և հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի 10-րդ և 8-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպանվի: Այսպիսով, չնայած Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարևոր առավելություններ է տալիս, այն նաև հաշվի է առնում, որ զրպարտիչ կամ այլ անօրինական բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի և հանդիսանա անձնական իրավունքների խախտան համար արդյունավետ միջոց:
111. Այս հիմքով և հատկապես հաշվի առնելով, որ սա այս տեսակի բողոքներից առաջինն է, որը վերաբերում է շարունակաբար զարգացող տեխնոլոգիական նորարարությունների ոլորտին, Դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործի փաստերի լույսի ներքո ուրվագծել իր կողմից կատարվող քննության շրջանակը:
112. Նախևառաջ, Դատարանն նշում է, որ Գերագույն դատարանը ճանաչել է (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունում մեջբերված՝ 2009թ. հունիսի 10-ի վճռի 14-րդ պարբերությունը) այն հանգամանքը, որ «համացանցային պորտալում լուրերի և մեկնաբանությունների հրապարակումը նույնպես լրագրողական գործունեություն է: Միևնույն ժամանակ համացանցային լրատվամիջոցների բնույթի պատճառով համացանցային պորտալի օպերատորից ողջամտորեն չի կարելի պահանջել մեկնաբանությունները խմբագրել նախքան դրանց հրապարակելը միևնույն կերպ, ինչպես որ դա արվում է տպագիր մամուլի հրապարակումների դեպքում: Մինչ [տպագիր մամուլի հրապարակման] հրատարակիչը մեկնաբանությունների խմբագրման միջոցով ինքն է հանդիսանում այդ մեկնաբանության հրապարակման նախաձեռնողը, համացանցային պորտալում հրապարակման նախաձեռնողը մեկնաբանությունները գրող անձն է, ով պորտալի միջոցով իր մեկնաբանությունը դարձնում է հասանելի ընդհանուր հանրությանը: Այդ իսկ պատճառով պորտալի օպերատորը այն անձը չէ, ում տեղեկատվությունը բացահայտվում է: Մեկնաբանությունները հրապարակելու հետ կապված [իրենց] տնտեսական շահի պատճառով թե՛ տպագիր մամուլը և թե՛ համացանցային պորտալ գործարկողը հանդիսանում են հրատարակիչ ձեռներեցներ»:
113. Դատարանը որևէ պատճառ չի տեսնում Գերագույն դատարանի կողմից բերված վերոհիշյալ տարբերակումը կասկածի տակ առնելու համար: Ճիշտ հակառակը, Գերագույն դատարանի իրավական դիրքորոշման ելակետը, այն է՝ պորտալի օպերատորի և ավանդական լրատվամիջոցի միջև եղած տարբերության ճանաչումը, համահունչ է այս ոլորտի վերաբերյալ միջազգային փաստաթղթերին, ինչը ցույց է տալիս մի կողմից ավանդական տպագիր և տեսալսողական, մյուս կողմից՝ համացանցի միջոցով գործարկվող լրատվամիջոցները տարբերակելու իրավական կարգավորման սկզբունքների ձևավորման ուղղությամբ որոշակի զարգացում: Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված իր վերջին՝ Լրատվամիջոցների նոր հասկացության վերաբերյալ հանձնարարականում Նախարարների կոմիտեն այն սահմանել է որպես՝ «տարբերակված և աստիճանավորված մոտեցում, [որը] պահանջում է, որ յուրաքանչյուր դերակատար, որի ծառայությունները ճանաչվում են որպես լրատվական կամ միջնորդ կամ օժանդակող գործունեություն, օգտվի համապատասխան ձևի (տարբերակված) և համապատասխան մակարդակի (աստիճանավորված) պաշտպանությունից և որ պատասխանատվությունը նույնպես պետք է սահմանազատված լինի համաձայն Մադու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Եվրոպայի խորհրդի կողմից մշակված այլ համապատասխան չափանիշների» (տե՛ս թիվ CM/Rec(2011)7 հանձնարարականի հավելվածի 7-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 46-րդ պարբերությունում): Հետևաբար, Դատարանը գտնում է, որ համացանցի առանձնահատուկ բնույթի պատճառով համացանցային լրատվական պորտալի վրա 10-րդ հոդվածի նպատակներով դրվող «պարտավորություններն ու պատասխանատվությունը» կարող են երրորդ կողմի կողմից ներկայացված բովանակության մասով տարբերվել ավանդական հրատարակիչների համար սահմանվածներից:
114. Երկրորդ, Դատարանը նշում է, որ Էստոնիայի Գերագույն դատարանը գտել է, որ «դատարանների կողմից թվով քսան զրպարտիչ բնույթի մեկնաբանությունների իրավական գնահատականները [եղել են] պատճառաբանված: Դատարաններն իրավացիորեն գտել են, որ այդ մեկնաբանությունները [եղել են] զրպարտիչ բնույթի, քանի որ դրանք [եղել են] գռեհիկ արտահայտություններ, ինչպես նաև [եղել են] մարդկային արժանապատվությունը նվաստացնող և պարունակ[ել] են սպառնալիքներ» (տե՛ս վճռի 15-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 31-րդ պարբերությունում): Ավելին, վճռի 16-րդ պարբերությունում Գերագույն դատարանը վերահաստատում է, որ մեկնաբանությունները «մարդկային արժանապատվությունը նվաստացնող» և «ակնհայտորեն ոչ իրավաչափ» էին: Դատարանը նշում է, որ խնդրո առարկա մեկնաբանությունների այսպիսի բնութագրումը և վերլուծությունը (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը) ակնհայտորեն հիմնված է այն փաստի վրա, որ մեկնաբանությունների մեծ մասը, արտաքին գնահատմամբ, հավասարազոր են L.-ի նկատմամբ ատելության կամ բռնության կոչի:
115. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ գործը վերաբերում է համացանցային լրատվական պորտալների՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված «պարտավորություններին ու պատասխանատվությանը», երբ վերջիններս տնտեսական նպատակներով տրամադրում են հարթակ՝ արդեն տպագրված բովանդակության առնչությամբ օգտատերերի կողմից ստեղծված բովանդակություն թողնելու համար, որտեղ որոշ օգտատերեր, լինեն դրանք ինքնությունը բացահայտած կամ անանուն, արտահայտում են ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսք, որը խախտում է այլոց անձնական իրավունքներն ու հավասարվում վերջիններիս դեմ ատելության խոսքի և նրանց նկատմամբ բռնության քարոզի: Դատարանն ընդգծում է, որ սույն գործը վերաբերում է պրոֆեսիոնալ կառավարվող համացանցային ընդարձակ լրատվական պորտալին, որը գործում է կոմերցիոն հիմունքներով և հրապարակում է սեփական հոդվածներն ու ընթերցողներին հրավիրում դրանց վերաբերյալ թողնելու մեկնաբանություններ:
116. Հետևաբար, գործը չի վերաբերում համացանցի այլ ֆորումներին, որտեղ երրորդ կողմի մեկնաբանությունները կարող են տարածվել, ինչպես օրինակ՝ համացանցային քննարկման ֆորումներն են կամ հայտարարութունների համար նախատեսված հարթակները, որտեղ օգտատերերը ազատորեն կարող են թողնել իրենց գաղափարները ցանկացած թեմայի շուրջ՝ առանց քննարկման ֆորումը կարգավորողի կողմից որևէ ուղղորդման, կամ այն չի վերաբերում սոցիալական մեդիա հարթակ տրամադրողին այն դեպքում, եթե այդ հարթակը որևէ բովանդակություն չի առաջարկում և երբ այդ բովանդակություն տրամադրողը մասնավոր անձ է, ով կայքը կամ բլոգը գործարկում է որպես նախասիրություն:
117. Ավելին, Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերության լրատվական պորտալը երկրի ամենախոշոր համացանցային լրատվամիջոցներից մեկն է, այն լայնորեն ընթերցվում է, բացի այդ հայտնի էր հանրության մտահոգությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ այս կայքում հրապարակվում են հակասական բնույթի մեկնաբանություններ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Ավելին, ինչպես արդեն ներկայացվել է վերևում, սույն գործով վիճահարույց մեկնաբանությունները, ինչպես որ դրանք գնահատվել են Գերագույն դատարանի կողմից, հիմնականում ատելության խոսքեր էին, ինչպես նաև անմիջականորեն բռնության կոչեր էին քարոզում: Այսպիսով, դրանց ոչ իրավաչափ բնույթը հաստատելու համար որևէ լեզվաբանական կամ իրավական վերլուծություն չի պահանջվում, քանի որ այդ արտահայտությունները արտաքուստ ակնհայտորեն ոչ իրավաչափ էին: Այս փաստերի հիման վրա է, որ Դատարանը անցում է կատարում դիմումատու ընկերության կողմից ներկայացված բողոքը քննելուն:
2. Միջամտության առկայությունը
118. Դատարանը նշում է, որ կողմերի միջև վեճի առարկա չէ այն, որ ներպետական դատարանի կողմից արձակված որոշմամբ տեղի է ունեցել դիմումատու ընկերության՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության նկատմամբ միջամտություն: Դատարանը այլ կերպ որոշելու պատճառ չի տեսնում:
119. Դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության այսպիսի միջամտությունը պետք է լինի «օրենքով նախատեսված», 10-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո հետապնդի մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և լինի «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
3. Օրինականությունը
120. Դատարանը վերահաստատում է, որ 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության մեջ նշված «նախատեսված են օրենքով» արտահայտությունը ոչ միայն պահանջում է, որ խնդրահարույց միջոցը ունենա ներպետական օրենսդրության մեջ իրավական հիմք, այլև վերաբերում է խնդրո առարկա օրենքի որակին, որը պետք է շահագրգիռ անձի համար լինի հասանելի և հետևանքների առումով՝ կանխատեսելի (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, VgT Verein gegen Tierfabriken-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 24699/94, § 52, ՄԻԵԴ 2001‑VI, Rotaru-ն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], թիվ 28341/95, § 52, ՄԻԵԴ 2000-V, Gawęda-ն ընդդեմ Լեհաստանի, թիվ 26229/95, § 39, ՄԻԵԴ 2002-II, և Maestri-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 39748/98, § 30, ՄԻԵԴ 2004-I): Սակայն, հիմնականում ներպետական իշխանությունները՝ գերակշռորեն դատարաններն են մեկնաբանում և կիրառում ներպետական օրենքը (տե՛ս Centro Europa 7 S.r.l.-ը և Di Stefano-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 38433/09, § 140, ՄԻԵԴ 2012, Kruslin-ն ընդդեմ Ֆրանսիայի, 24 ապրիլի 1990թ., § 29, Շարք Ա թիվ 176-A, և Kopp-ն ընդդեմ Շվեյցարիայի, 25 մարտի 1998թ., § 59, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998-II):
121. «Նախատեսված են օրենքով» արտահայտությունից բխող պահանջներից մեկը կանխատեսելիությունն է: Այսպիսով, իրավական նորմը չի կարող 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար հստակությամբ, հնավորություն տալով անձին, եթե անհրաժեշտ լինի պատշաճ խորհրդատվության օգնությամբ, տվյալ հանգամանքներում ողջամտության սահմաններում կանխատեսել այն հետևանքները, որ տվյալ գործողությունը կարող է հանգեցնել: Նշված հետևանքները պարտադիր չէ, որ կանխատեսելի լինեն բացարձակ որոշակիությամբ: Չնայած որոշակիությունը խիստ ցանկալի է, այն կարող է իր հետևից բերել չափից դուրս կարծրություն այն դեպքում, երբ օրենքը պետք է հնարավորություն ունենա համահունչ լինել փոփոխվող իրավիճակներին: Հետևաբար, շատ օրենքներ ձևակերպված են այնպիսի եզրույթներով, որոնք առավել կամ նվազ չափով անորոշ են և որոնց մեկնաբանությունը և կիրառելիությունը խնդիրներ են, որ վերաբերում են դրանց պրակտիկ կիրառությանը (տե՛ս, օրինակ՝ Lindon-ը, Otchakovsky-Laurens-ը և July-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ թիվ 21279/02 և 36448/02, § 41, ՄԻԵԴ 2007‑IV, և Centro Europa 7 S.r.l.-ի և Di Stefano-ի գործը, մեջբերված է վերևում, § 141):
122. Ներպետական օրենսդրության անհրաժեշտ հստակության աստիճանը, որը չի կարող նախատեսվել բոլոր իրավիճակների համար, զգալիորեն կախված է խնդրո առարկա օրենքի բովանդակությունից, այն ոլորտից, որին վերաբերում է, և այն անձանց թվաքանակից և կարգավիճակից, ում այն հասցեագրված է (տե՛ս Centro Europa 7 S.r.l.-ի և Di Stefano-ի գործը, մեջբերված է վերևում, § 142): Դատարանը գտել է, որ մասնագիտական գործունեություն ծավալող անձինք, ովքեր իրենց մասնագիտական գործունեության ընթացքում սովոր են զգուշավորության բարձր մակարդակ դրսևորելուն, հաշվի առնելով սա, կարելի է ակնկալել, որ վերջիններս հատուկ ուշադրություն կդարձնեն այն ռիսկերը գնահատելիս, որոնք կարող են առաջանալ այսպիսի գործունեության արդյունքում (տե՛ս Lindon-ի, Otchakovsky-Laurens-ի և July-ի գործը, մեջբերված է վերևում, § 41, նաև հետևյալ հղումներով՝ Cantoni-ն ընդդեմ Ֆրանսիայի, 15 նոյեմբերի 1996թ., § 35, Զեկույցներ 1996‑V, և Chauvy-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 64915/01, §§ 43-45, ՄԻԵԴ 2004‑VI):
123. Սույն գործով կողմերի կարծիքները տարբերվում էին այն մասով, թե արդյոք դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության իրավունքի միջամտությունը եղել է «օրենքով նախատեսված»: Դիմումատու ընկերությունը վիճարկում է, որ ներպետական օրենք գոյություն չուներ, որի համաձայն միջնորդը կարող է դիտարկվել որպես երրորդ անձանց կողմից իր կայքում տեղադրված մեկնաբանությունների պրոֆեսիոնալ հրապարակող՝ անկախ այն հանգամանքից, թե վերջինս եղել է դրա կոնկրետ բովանդակության մասին տեղեկացված, թե՝ ոչ: Ճիշտ հակառակը, դիմումատու ընկերությունը, հիմք ընդունելով համացանցային ծառայություններ մատուցողների վերաբերյալ ներպետական և եվրոպական օրենսդրությունը, պնդում է, որ դրանք ուղղակիորեն արգելում են երրորդ կողմի մուտքագրած բովանդակության համար ծառայություն մատուցողների նկատմամբ պատասխանատվություն սահմանել:
124. Կառավարությունն անդրադարձել է քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթներին և ներպետական նախադեպային իրավունքին՝ փորձելով ապացուցել, որ լրատվամիջոցների հրատարակիչները հեղինակների հետ միասին պատասխանատու են իրենց կողմից հրապարակված բովանդակության համար: Կառավարությունն ավելացրել է, որ չկա ձևավորված այնպիսի նախադեպային իրավունք, որի հիման վրա դիմումատու ընկերությունը կարող էր ենթադրել, որ համացանցային լրատվական պորտալ գործարկողը, որպես նոր մամուլ հրատարակող ընկերություն, պատասխանատու չէ իր հոդվածների ներքո հրապարակվող մեկնաբանությունների համար: Վերջինիս կարծիքով Դատարանը պետք է իր որոշման հիմքում ընդունի ներկայացված փաստերը և օրենքները, ինչպես որ դրանք կիրառվել և մեկնաբանվել են, և չպետք է հաշվի առնի դիմումատու ընկերության կողմից ներկայացրած հղումները ԵՄ օրենսդրությանը: Ցանկացած պարագայում դիմումատու ընկերության կողմից մեջբերված ԵՄ օրենսդրությունը փաստացիորեն պաշտպանում է ներպետական դատարանների մեկնաբանություններն ու եզրակացություները:
125. Դատարանը նկատում է, որ կողմերի կարծիքների տարբերությունը՝ կապված կիրառման ենթակա օրենքի հետ, ծագում է վերջիններիս տարակարծությունից այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է դիմումատու ընկերությունը դասակարգվի: Ըստ դիմումատու ընկերության՝ այն պետք է երրորդ կողմի կողմից մուտքագրված մեկնաբանությունների առնչությամբ դասակարգվի որպես միջնորդ, մինդեռ Կառավարությունը պնդում է, որ վերջինս պետք է դիտարկվի որպես լրատվամիջոց հրապարակող, այդ թվում նաև այսպիսի մեկնաբանությունների առնչությամբ:
126. Դատարանն նկատում է (տե՛ս վերևում՝ 112-րդ և 113-րդ պարբերությունները), որ Գերագույն դատարանը ճանաչել է մի կողմից տպագիր լրատվամիջոցի հրատակչի և մյուս կողմից՝ տնտեսական նպատակով համացանցային պորտալ գործարկողի դերերի տարբերությունը: Սակայն, Գերագույն դատարանը գտել է, որ «մեկնաբանությունները հրապարակելու տնտեսական շահի» պատճառով «թե՛ տպագիր մամուլը և թե՛ համացանցային պորտալ գործարկողը հրապարակողներ/բացահայտողներ [էին]»՝ Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի իմաստով (տե՛ս վերևում՝ վճռի § 14, մեջբերված է 31-րդ պարբերությունում):
127. Դատարանը գտնում է, որ, ըստ էության, դիմումատուն պնդում է, որ ներպետական դատարանները սխալմամբ են կիրառել Պարտավորությունների մասին օրենքի ընդհանուր դրույթները սույն գործի փաստերի նկատմամբ, քանի որ վերջիններս պետք է հիմնվեին համացանցային ծառայություններ մատուցողների վերաբերյալ ներպետական և եվրոպական օրենսդրության վրա: Ինչպես և Պալատը, Մեծ Պալատը վերահաստատում է, որ այս համատեքստում իր առջև խնդիր չկա դրված ստանձնելու ներպետական դատարանի դերը: Հիմնականում ներպետական ատյաններն են, և գերակշռորեն՝ դատարանները, որ մեկնաբանում և կիրառում են ներպետական օրենքները (տե՛ս, ի թիվս այլոց, Centro Europa 7 S.r.l.-ի և Di Stefano-ի գործը, մեջբերված է վերևում, § 140, և Rekvényi-ն ընդդեմ Հունգարայի [ՄՊ], թիվ 25390/94, § 35, ՄԻԵԴ 1999‑III): Դատարանը նաև վերահաստատում է, որ իր իրավասության շրջանակներից դուրս է պատասխանող պետության օրենսդրի կողմից որևէ ոլորտի կարգավորման համար ընտրված մեթոդների հարմարության վերաբերյալ արտահայտել կարծիք: Դատարանի առջև դրված խնդիրը որոշելն է, թե արդյոք որդեգրված մեթոդները և դրանց հետևանքները Կոնվենցիայի հետ համահունչ են, թե՝ ոչ (տե՛ս Gorzelik-ը և այլոք ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 44158/98, § 67, ՄԻԵԴ 2004‑I): Այսպիսով, Դատարանի իրավասության շրջանակները սահմանափակված են այն հարցի քննությամբ, թե արդյոք Գերագույն դատարանի կողմից Պարտավորությունների մասին օրենքի ընդհանուր դրույթների կիրառումը դիմումատուի իրավիճակի նկատմամբ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով եղել է կանխատեսելի, թե՝ ոչ:
128. Սահմանադրության, Քաղաքացիական օրենսգիրք (Ընդհանուր սկզբունքներ) օրենքի և Պարտավորությունների մասին օրենքի համապատասխան դրույթների համաձայն (տե՛ս վերևում՝ 33-38-րդ պարբերությունները)՝ ինչպես որ դրանք մեկնաբանվել և կիրառվել են ներպետական դատարանների կողմից, դիմումատու ընկերությունը ճանաչվել է հրատարակիչ և հաստատվել է վերջինիս պատասխանատվությունը ակնհայտորեն անօրինական մեկնաբանությունների համար: Ներպետական դատարանները նախընտրել են կիրառել այս նորմերը, քանի որ վերջիններս գտել են, որ Տեղեկատվական հասարակության ծառայությունների մասին օրենքը, որը Էլեկտրոնային առևտրի մասին հրահանգը փոխակերպել է էստոնական օրենքի, սույն գործի հանգամանքների նկատմամբ կիրառելի չէր, քանի որ վերջինս վերաբերում էր բացառապես տեխնիկական, ավտոմատացված և պասիվ բնույթի գործունեության, որը տարբերվում էր դիմումատու ընկերության գործունեությունից, և որ դիմումատու ընկերության կողմից հետապնդվող նպատակը միայն միջնորդ ծառայություններ մատուցելը չէր (տե՛ս Գերագույն դատարանի վճռի 13-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 31-րդ պարբերությունում): Տվյալ համատեքստում, Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ որոշ երկրներ ճանաչել են այս թեմայի կարևորությունը և բարդությունը, այդ թվում նաև՝ տարբեր շահերի և հիմնարար իրավունքների պատշաճ հավասարակշռում ապահովելու, սույն գործին նման իրավիճակների համար առանձին կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությունը (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը): Այսպիսի գործողությունը համահունչ է նոր տեսակի լրատվամիջոցների կարգավորման համար Եվրոպայի խորհրդի կողմից առաջարկվող «տարբերակված և աստիճանավորված մոտեցմանը» (տե՛ս վերևում՝ 46-րդ պարբերությունը), որը սատարվում է Դատարանի նախադեպային իրավունքով (տե՛ս, mutatis mutandis, Editorial Board of Pravoye Delo-ն և Shtekel-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 33014/05, §§ 63-64, ՄԻԵԴ 2011): Այդուհանդերձ, թեև հաշվի առնելով լրատվամիջոցների բնույթների տարբերությունը՝ հնարավոր է օրենսդրության մեջ ընդունել տարբեր մոտեցումներ, Դատարանը բավարարված է սույն գործի փաստերով այն առումով, որ Սահմանադրությունը, Քաղաքացիական օրենսգիրք (Ընդհանուր սկզբունքներ) օրենքի և Պարտավորությունների մասին օրենքը, համապատասխան նախադեպային իրավունքի հետ միասին կանխատեսելի դարձրեցին այն, որ սկզբունքորեն հնարավոր լինի տնտեսական նպատակներով համացանցային լրատվական պորտալ գործարկող մամուլի հրատարակչին պատասխանատվության ենթարկել այդ պորտալում սույն գործով խնդրո առարկա ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի մեկնաբանություններ հրապարակելու համար:
129. Դատարանը համապատասխանաբար գտնում է, որ որպես պրոֆեսիոնալ հրատարակիչ դիմումատուն պետք է, որ ծանոթ լիներ օրենսդրությանը և նախադեպային իրավունքին, այն կարող էր նաև դիմել իրավական խորհրդատվության համար: Դատարանն նկատում է նաև, որ այս համատեքստում Delfi-ի լրատվական պորտալը Էստոնիայի ամենախոշոր լրատվական պորտալներից մեկն է: Սույն գործի շրջանակներում դիտարկվող մեկնաբանությունների առնչությամբ մտահոգությունները հանրայնացվել էին, և Արդարդատության նախարարը կարծիք էր արտահայտել այն մասին, որ վիրավորական արտահայտությունների արդյունքում տուժած անձինք կարող էին Delfi-ի դեմ հայց ներկայացնել և պահանջել փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Այսպիսով, Դատարանը գտնում է, որ դիմումատու ընկերությունը ի վիճակի էր գնահատել իր գործունեության հետ կապված ռիսկերը և որ այն կարող էր ողջամտության սահմաններում կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող էին առաջանալ: Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ խնդրո առարկա միջամտությունը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով եղել է «նախատեսված օրենքով»:
4. Իրավաչափ նպատակ
130. Կողմերը Մեծ Պալատի առջև չեն վիճարկել այն, որ դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության իրավունքի սահմանփակումը հետապնդել է այլ անձանց հեղինակությունը և իրավունքները պաշտպանելու իրավաչափ նպատակ: Դատարանը այլ եզրակացության հանգելու համար պատճառ չի տեսնում:
5. Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
(ա) Ընդհանուր սկզբունքները
131. Այն հարցին առնչվող հիմնարար սկզբունքները, թե արդյոք արտահայտվելու ազատության իրավունքի միջամտությունը եղել է «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում», հիմնավորապես հաստատված են Դատարանի նախադեպային իրավունքով և համառոտ ներկայացված են հետևյալ կերպ (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Hertel-ն ընդդեմ Շվեյցարիայի, 25 օգոստոսի 1998թ., § 46, Զեկույցներ 1998‑VI, Steel-ը և Morris-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 68416/01, § 87, ՄԻԵԴ 2005‑II, Mouvement raëlien Suisse-ն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ], թիվ 16354/06, § 48, ՄԻԵԴ 2012, և Animal Defenders International-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 48876/08, § 100, ՄԻԵԴ 2013).
«(1) Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմնաքարերից է, ինչպես նաև՝ դրա առաջընթացի և յուրաքանչյուր անհատի ինքնաիրացման հիմնական նախապայմաններից մեկը: Սահմանափակված լինելով 10-րդ հոդվածի 2-րդ կետով` այն կիրառելի է ոչ միայն բարեհաճությամբ ընդունվող կամ վիրավորական չհամարվող կամ անտարբերությամբ ընկալվող «տեղեկությունների» կամ «գաղափարների» նկատմամբ, այլև այնպիսի տեղեկությունների կամ գաղափարների, որոնք վիրավորում, ցնցում կամ անհանգստացնում են: Այդպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակություն» գոյություն չունի: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածի ներքո` այս ազատությունը ենթարկվում է որոշակի սահմանափակումների, որոնք ... պետք է լինեն հստակորեն սահմանված, իսկ ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հաստատվի համոզիչ կերպով ...
(2) «Անհրաժեշտ» ածականը 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով ենթադրում է «սոցիալական հրատապ կարիք»: Այդպիսի անհրաժեշտության առկայությունը գնահատելու համար պայմանավորվող պետություններն ունեն որոշակի հայեցողության թույլատրելի սահման, սակայն այն համընթաց է եվրոպական վերահսկման հետ, ինչը ներառում է թե՛ օրենսդրությունը և թե՛ դրա կիրառման վերաբերյալ որոշումները, նույնիսկ այն որոշումները, որոնք ընդունվել են անկախ դատարանի կողմից: Այդ իսկ պատճառով Դատարանին իրավունք է վերապահվել կայացնելու վերջնական որոշում առ այն, թե արդյոք «սահմանափակումը» Կոնվենցիայի 10-րդ հոդվածով պաշտպանվող արտահայտվելու ազատության հետ համատեղելի է, թե՝ ոչ:
(3) Վերահսկողական իրավասությունն իրականացնելիս Դատարանի առջև դրված խնդիրը ոչ թե իրավասու ներպետական դատարանների տեղը զբաղեցնելն է, այլև համաձայն իրեն վերապահված գնահատման իրավասության` այդ դատարանների կողմից 10-րդ հոդվածի ներքո կայացված վճիռների վերանայումը: Սա չի նշանակում, որ պատասխանող պետությունն իր հայեցողական իրավունքն իրականացրել է ողջամտորեն, ուշադրությամբ և բարեխղճորեն, իսկ Դատարանը պետք է քննի գործով վիճարկվող միջամտությունը, ընդհանուր առմամբ հաշվի առնելով գործի հանգամանքները, և որոշի, թե արդյոք այն «հետապնդվող օրինական նպատակին համաչափ էր» և թե արդյոք պետական մարմինների կողմից այն արդարացնող պատճառաբանությունները «հիմնավոր էին և բավարար»: Այդպես վարվելով` Դատարանը պետք է բավարարվի այն հանգամանքով, որ ներպետական իշխանությունները կիրառում են այնպիսի չափանիշներ, որոնք համահունչ են 10-րդ հոդվածում ամրագրված սկզբունքների հետ, ավելին` այն բանով, որ դրանք հենվում են համապատասխան փաստերի ընդունելի գնահատկանի վրա...»
132. Բացի այդ, Դատարանն ընդգծել է, թե որքան կարևոր է մամուլի դերը ժողովրդավարական հասարակությունում: Թեև լրատվամիջոցը չպետք է անցնի որոշակի սահմաններ, մասնավորապես, այլոց հեղինակության և իրավունքների և խորհրդապահական տեղեկությունների բացահայտումը կանխելու հետ կապված, այդուհանդերձ, վերջինիս պարտականությունն է իր պարտավորություններին և պատասխանատվությանը համապատասխան հաղորդել հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ և գաղափարներ (տե՛ս Jersild-ն ընդդեմ Դանիայի, 23 սեպտեմբերի 1994թ., § 31, Շարք Ա թիվ 298, De Haes-ը և Gijsels-ն ընդդեմ Բելգիայի, 24 փետրվարի 1997թ., § 37, Զեկույցներ 1997‑I, և Bladet Tromsø-ն և Stensaas-ն ընդդեմ Նորվեգիայի [ՄՊ], թիվ 21980/93, § 58, ՄԻԵԴ 1999‑III): Լրագրողական ազատությունը նաև ներառում է որոշակի աստիճանի չափազանցության կամ նույնիսկ սադրանքի օգտագործում (տե՛ս Prager-ը և Oberschlick-ն ընդդեմ Ավստրիայի, 26 ապրիլի 1995թ., § 38, Շարք Ա թիվ 313, և Bladet Tromsø-ի և Stensaas-ի գործը, մեջբերված է վերևում, § 59): Թոյլատրելի հայեցողության սահմաններն ավելի նեղ են մասնավոր քաղաքացիների դեպքում, քան քաղաքական գործիչների ու կառավարության անդամների (տե՛ս, օրինակ՝ Castells-ն ընդդեմ Իսպանիայի, 23 ապրիլի 1992թ., § 46, Շարք Ա թիվ 236, Incal-ն ընդդեմ Թուրքիայի, 9 հունիսի 1998թ., § 54, Զեկույցներ 1998‑IV, և Tammer-ն ընդդեմ Էստոնիայի, թիվ 41205/98, § 62, ՄԻԵԴ 2001‑I):
133. Ավելին, Դատարանը նախկինում հաստատել է, որ հաշվի առնելով հասանելիությունը և ընդարձակ տեղեկատվություն պահպանելու և հաղորդելու կարողությունը՝ համացանցը կարևոր դեր է խաղում՝ լրատվությունը հասարակության համար դարձնելով էլ ավելի հասանելի և, ընդհանրապես, օժանդակելով տեղեկատվության տարածմանը (տե՛ս Ahmet Yıldırım-ի գործը, մեջբերված է վերևում, § 48, և Times Newspapers Ltd.-ի գործը, մեջբերված է վերևում, § 27): Միևնույն ժամանակ համացանցում տեղադրված բովանդակության և հաղորդակցման արդյունքում մարդու իրավունքներին և ազատություններին, մասնավորապես՝ անձնական կյանքի հարգման իրավունքին, պատճառված վնասի ռիսկն, անշուշտ, ավելի մեծ է, քան տպագիր մամուլի դեպքում (տե՛ս Editorial Board of Pravoye Delo-ն և Shtekel-ի գործը, մեջբերված է վերևում, § 63):
134. Լրագրողի «պարտավորություններն ու պատասխանատվությունը» քննության առնելիս խնդրո առարկա լրատվամիջոցի պոտենցյալ ազդեցությունը կարևոր գործոն է, և համընդհանուր կերպով ընդունված է, որ տեսալսողական լրատվամիջոցը շատ հաճախ շատ ավելի անմիջական և հզոր ազդեցություն կարող է թողնել, քան տպագիր մամուլը (տե՛ս Purcell-ը և այլոք ընդդեմ Իռլանդիայի, թիվ 15404/89, Հանձնաժողովի՝ 1991թ. ապրիլի 16-ի որոշումը, Որոշումներ և Զեկույցներ 70, էջ 262): Օբյեկտիվ և հավասարակշռված լրագրության մեթոդները կարող են շատ տարբեր լինել՝ ի թիվս այլոց, կախված խնդրո առարկա լրատվամիջոցից (տե՛ս Jersild-ի գործը, մեջբերված է վերևում, § 31):
135. Դատարանը գտել է, որ՝ «լրագրողին պատժելը այն բանի համար, որ վերջինս օժանդակել է այլ անձի կողմից հարցազրույցի ժամանակ կատարված արտահայտության տարածմանը, լուրջ խոչընդոտ կհանդիսանար մամուլի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ ծավալվող քննարկումներին նպաստելու ճանապարհին, և այն չպետք է կիրառվի, բացառությամբ եթե դրա համար գոյություն ունեն ծանրակշիռ պատճառներ» (տե՛ս Jersild-ի գործը, մեջբերված է վերևում, § 35, Thoma-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի, թիվ 38432/97, § 62, ՄԻԵԴ 2001‑III, և, mutatis mutandis, Verlagsgruppe News GmbH-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 76918/01, § 31, 14 դեկտեմբերի 2006թ., և Print Zeitungsverlag GmbH-ն ընդդեմ Ավստրայի, թիվ 26547/07, § 39, 10 հոկտեմբերի 2013թ.):
136. Բացի այդ, Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի ներքո հայտարարված և երաշխավորված արժեքների հետ անհամատեղելի խոսքը 17-րդ հոդվածի համաձայն չի վայելում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը: Դատարանի կողմից ուսումնասիրված այդպիսի խոսքի օրինակները ներառում են հոլոքոստի հերքումը, պրո-նացիստական քաղաքականության արդարացումը, բոլոր մուսուլմաններին ծանր ահաբեկչական գործունեության հետ կապելը, հրեաներին որպես Ռուսաստանում առկա չարիքների աղբյուր ներկայացնելը (տե՛ս Lehideux-ը և Isorni-ն ընդդեմ Ֆրանսիայի, 23 սեպտեմբերի 1998թ., §§ 47 և 53, Զեկույցներ 1998‑VII, Garaudy-ն ընդդեմ Ֆրանսիայի (որոշ.), թիվ 65831/01, ՄԻԵԴ 2003‑IX, Norwood-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 23131/03, ՄԻԵԴ 2004‑XI, Witzschն ընդդեմ Գերմանիայի (որոշ.), no. 7485/03, 13 դեկտեմբերի 2005թ., և Pavel Ivanov-ն ընդդեմ Ռուսաստանի (որոշ.), թիվ 35222/04, 20 փետրվարի 2007թ.):
137. Դատարանն այնուհետև վերահաստատում է, որ հեղինակության պաշտպանության իրավունքը պաշտպանված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի ներքո (տե՛ս Chauvy-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 70, Pfeifer-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 12556/03, § 35, 15 նոյեմբերի 2007թ., և Polanco Torres-ը և Movilla Polanco-ն ընդդեմ Իսպանիայի, թիվ 34147/06, § 40, 21 սեպտեմբերի 2010թ.): Սակայն, 8-րդ հոդվածը գործի դնելու համար անձի հեղինակության նկատմամբ ոնտձգությունը պետք է լինի որոշակի ծանրության աստիճանի և կատարված այնպես, որ խոչընդոտի անձի մասնավոր կյանքի իրավունքի իրացմանը (տե՛ս A.-ն ընդդեմ Նորվեգիայի, թիվ 28070/06, § 64, 9 ապրիլի 2009թ., և Axel Springer AG-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], թիվ 39954/08, § 83, 7 փետրվարի 2012թ.):
138. Երբ քննվում է խոսքի ազատության իրավունքի նկատմամբ միջամտության հարցը ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ «այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքերի պաշտպանելու», Դատարանից կարող է պահանջվել որոշել, թե արդյոք ներպետական մարմինները կարողացել են գտնել արդարացի հավասարակշռում Կոնվենցիայով երաշխավորվող երկու արժեքների` 10-րդ հոդվածով երաշխավորվող արտահայտվելու ազատության և 8-րդ հոդվածով նախատեսված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքների միջև, որոնք որոշ դեպքերում կարող են միմյանց հետ հակասության մեջ լինել (տե՛ս Hachette Filipacchi Associés-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 71111/01, § 43, 14 հունիսի 2007թ., MGN Limited-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 39401/04, § 142, 18 հունվարի 2011թ., և Axel Springer AG-ի գործը, մեջբերված է վերևում, § 84):
139. Դատարանը գտել է, որ սկզբունքորեն 8-րդ և 10-րդ հոդվածների ներքո երաշխավորվող իրավունքները արժանի են հավասար ուշադրության, և գործի ելքը չպետք է սկզբունքորեն կախված լինի այն հանգամանքից, թե ում կողմից է այն ներկայացվել՝ վիրավորական բնույթի հոդված տպագրած հրատարակչի՝ 10-րդ հոդվածի հիմքով, թե՝ 8-րդ հոդվածի հիմքով այն անձի, ում վերաբերյալ հոդվածը գրվել է: Հայեցողության սահմանը երկու դեպքում էլ սկզբունքորեն պետք է լինի նույնը (տե՛ս Axel Springer AG-ի գործը, մեջբերված է վերևում, § 87, և Von Hannover-ն ընդդեմ Գերմանիայի (թիվ 2) [ՄՊ], թիվ թիվ. 40660/08 և 60641/08, § 106, ՄԻԵԴ 2012, հղումներով հետևյալին՝ Hachette Filipacchi Associés-ի գործը, մեջբերված է վերևում, § 41, Timciuc-ն ընդդեմ Ռումինիայի (որոշ.), թիվ 28999/03, § 144, 12 հոկտեմբերի 2010թ., և Mosley-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 48009/08, § 111, 10 մայիսի 2011թ.): Այն դեպքերում, երբ ներպետական մարմինների կողմից փորձ է արվել այդ երկու իրավունքները հավասարակշելու՝ համաձայն Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշների, Դատարանը ծանրակշիռ պատճառներ պետք է ունենա ներպետական դատարանների արտահայտած կարծիքը փոխարինելու համար (տե՛ս Axel Springer AG-ի գործը, մեջբերված է վերևում, § 88, և Von Hannover-ի գործը (թիվ 2), մեջբերված է վերևում, § 107, հղումներով հետևյալին՝ MGN Limited-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 150 և 155, և Palomo Sánchez-ը և այլոք ընդդեմ Իսպանիայի [ՄՊ], թիվ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06, § 57, 12 սեպտեմբերի 2011թ.): Այլ կերպ ասած՝ Դատարանը սովորաբար թույլատրելի լայն հայեցողության սահմաններ է շնորհում այն դեպքերում, երբ պետությունը պետք է հավասարակշռի մրցակցող մանսավոր շահերը կամ Կոնվենցիայով երաշխավորված մրցակցող իրավունքները (տե՛ս Evans-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 6339/05, § 77, ՄԻԵԴ 2007‑I, Chassagnou-ն և այլոք ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ թիվ 25088/94, 28331/95 և 28443/95, § 113, ՄԻԵԴ 1999‑III, և Ashby Donald-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 36769/08, § 40, 10 հունվարի 2013թ.):
(բ) Սույն գործով վերոնշյալ սկզբունքների կիրառումը
(i) Համաչափության գնահատման համար անհրաժեշտ տարրերը
140. Դատարանը նշում է, որ անվիճելի է այն, որ ընթերցողների կողմից դիմումատու ընկերության համացանցային լրատվական կայքում տպագրված հոդվածի արձագանքները, որոնք հասանելի էին հոդվածի մեկնաբանությունների հատվածում, ակնհայտորեն ոչ իրավաչափ բնույթի էին: Իսկապես, դիմումատու ընկերությունը հեռացրել էր այդ մեկնաբանությունները անմիջապես այն բանից հետո, երբ տուժողը վերջինիս այդ մասին տեղեկացրել է՝ դրանք Պալատի առջև բնութագրելով որպես «իրավունքները խախտող» և «ապօրինի» (տե՛ս Պալատի վճռի 84-րդ պարբերությունը): Ավելին, Դատարանն այն կարծիքին է, որ վիճահարույց մեկնաբանությունների մեծ մասը հավասարազոր են ատելության քարոզի կամ բռնության կոչերի, և որպես այդպիսին, չեն վայելում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը (տե՛ս վերևում՝ 136-րդ պարբերությունը): Հետևաբար, մեկնաբանությունների հեղինակների արտահայտվելու ազատության հարցը սույն գործով քննարկման առարկա չէ: Դատարանների առջև ավելի շուտ դրված է այն հարցը, թե արդյոք ներպետական դատարանների որոշումները, որոնցով ճանաչվել է դիմումատու ընկերության պատասխանատվությունը երրորդ անձանց կողմից կատարված մեկնաբանությունների համար, խախտում են վերջինիս՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված տեղեկություններ հաղորդելու ազատությունը:
141. Դատարանն նշում է, որ չնայած դիմումատու ընկերությունն անմիջապես հեռացրել է վիճելի մեկնաբանություններն իր կայքից այդ մասին L.-ի փաստաբանի կողմից ծանուցվելուց անմիջապես հետո (տե՛ս վերևում՝ 18-րդ և 19-րդ պարբերությունները), Գերագույն դատարանը գտել է, որ դիմումատու ընկերությունը ենթակա է պատասխանատվության Պարտավորությունների մասին օրենքի համաձայն, քանի որ վերջինս պարտավոր էր կանխել ակնհայտորեն ոչ իրավաչափ բովանդակության մեկնաբանությունների հրապարակումը: Այն նաև անդրադարձել էր Պարտավորությունների մասին օրենքի 1047-րդ հոդվածի 3-րդ կետին, համաձայն որի տեղեկատվության բացահայտումը չի համարվում ոչ իրավաչափ, եթե այն բացահայտող անձը կամ այն անձը, ում բացահայտում են տվյալ տեղեկությունը, ունի այդպիսի բացահայտման համար օրինական շահ և եթե տեղեկությունը բացահայտող անձը ճշտել է դրա հավաստիությունը այնպիսի մանրակրկտությամբ, որը համաչափ է «պոտենցիալ խախտման ծանրությանը»: Այդպիսով, Գերագույն դատարանը գտել է, որ մեկնաբանությունների հրապարակվելուց հետո դիմումատու ընկերությունը, որը պետք է տեղյակ լիներ այդ մեկնաբանությունների ոչ իրավաչափ բովանդակության մասին, սեփական նախաձեռնությամբ դրանք չի հեռացրել կայքից: Դիմումատու ընկերության անգործությունն, այդպիսով, դիտարկվել է ոչ իրավաչափ, քանի որ վերջինս չի կարողացել «ապացուցել իր մեղքի բացակայությունը»՝ համաձայն Պարտավորությունների մասին օրենքի 1050-րդ հոդվածի 1-ին կետի (տե՛ս Գերագույն դատարանի վճռի 16-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 31-րդ պարբերությունում):
142. Գերագույն դատարանի փաստարկների լույսի ներքո Դատարանը, հիմնվելով իր համապատասխան նախադեպային իրավունքի վրա, պետք է քննի, թե արդյոք ներպետական դատարանների եզրակացությունը՝ դիմումատու ընկերությանը պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ սույն գործի մասնավոր հանգամանքներում ուներ համապատասխան և բավարար հիմքեր (տե՛ս վերևում՝ 131-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, որ որոշելու համար այն հարցը, թե արդյոք ներպետական դատարանների կողմից դիմումատու ընկերությանը՝ երրորդ անձանց կողմից հրապարակված մեկնաբանությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները խախտում են արտահայտվելու ազատության իրավունքը, թե՝ ոչ, Պալատը վերլուծության համար առանձնացրել էր հետևյալ հանգամանքները. մեկնաբանությունների համատեքստը, դիմումատու ընկերության կողմից ձեռնարկված քայլերն՝ ուղղված զրպարտիչ մեկնաբանությունները կանխելուն կամ հեռացնելուն, մեկնաբանությունների իրական հեղինակներին պատասխանատվության կանչելը որպես դիմումատու ընկերությանը պատասխանատվության ենթարկելու այլընտրանք, և ներպետական վարույթների հետևանքները դիմումատու ընկերության համար (տե՛ս Պալատի վճռի 85-րդ և դրան հաջորդող պարբերությունները):
143. Դատարանը համաձայն է այն տեսակետի հետ, որ այս հանգամանքները էական են Դատարանի կողմից սույն գործի քննության շրջանակներում խնդրո առարկա միջամտության համաչափությունը ճշգրիտ որոշելու համար (տե՛ս վերևում՝ 112 -117-րդ պարբերությունները):
(ii) Մեկնաբանությունների համատեքստը
144. Ինչ վերաբերում է մեկնաբանությունների համատեքստին, ապա Դատարանը գտնում է, որ բեռնափոխադրող ընկերության մասին լրատվական հոդվածը, որը հրապարակվել էր Delfi-ի նորությունների պորտալում, հավասարակշռված էր շարադրված, չէր ներառում վիրավորական բառապաշար և չէր առաջացնում ներպետական դատարաններում դրանք վիճարկելու անհրաժեշտություն: Դատարանը տեղյակ է, որ նույնիսկ այսպիսի չեզոք թվացող թեմաներով հավասարակշռված հոդվածը կարող էր համացանցում ծավալվող լարված քննարկումների առիթ հանդիսանալ: Բացի այդ, այս համատեքստում Դատարանը Delfi-ի լրատվական պորտալի բնույթին հատուկ կշիռ է վերագրում: Դատարանը վերահաստատում է, որ Delfi-ն արհեստավարժորեն կառավարվող համացանցային լրատվական պորտալ է, որը գործարկվում է կոմերցիոն նպատակներով և ձգտում էր իր կողմից հրապարակվող հոդվածների ներքո վաստակել հնարավորինս շատ մեկնաբանություններ: Դատարանը նշում է, որ Գերագույն դատարանը հստակորեն անդրադարձել է այն փաստին, որ դիմումատու ընկերությունը իր լրատվական պորտալում է ներառել մեկնաբանությունների միջավայր՝ կայքի այցելուներին հրավիրելով սեփական դատողություններով և կարծիքներով լրացնել հոդվածները (մեկնաբանությունների տեսքով): Գերագույն դատարանը պարզել է, որ մեկնաբանությունների միջավայրում, դիմումատու ընկերությունը իր կայքում հրապարակված լրատվական նյութերի ներքո մեկնաբանություններ թողնելու ակտիվ կոչեր է անում: Ընկերության պորտալի այցելուների քանակը կախված է մեկնաբանությունների քանակից, իսկ կայքում տեղադրվող գովազդից ստացված եկամուտներն իրենց հերթին կախված են այցելությունների թվից: Հետևաբար, Գերագույն դատարանը եզրակացրել է, որ դիմումատու ընկերությունը մեկնաբանության հրապարակման հարցում հետապնդել է տնտեսական շահ: Գերագույն դատարանի տեսակետի համաձայն՝ այն փաստը, որ դիմումատու ընկերությունը մեկնաբանությունները գրողը չէր, չի նշանակում, որ վերջինս մեկնաբանությունների միջավայրի նկատմամբ վերահսկողություն չուներ (տե՛ս վճռի 13-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 31-րդ պարբերությունում):
145. Այս առիթով Դատարանը նաև նշում է, որ Delfi-ի կայքէջում տեղադրված «Մեկնաբանությունների կանոնները» սահմանում են, որ դիմումատու ընկերությունն արգելում է ոչ էական/կամ թեմայից դուրս մեկնաբանությունների հրապարակումը, որոնք հակասում են ազնիվ գործելակերպին և պարունակում են սպառնալիքներ, վիրավորանքներ, անպարկեշտ արտահայտություններ կամ գռեհկաբանություններ կամ հրահրում են թշնամանք կամ դրդում ապօրինի գործողություններ կատարելուն: Այսպիսի մեկնաբանությունները կարելի էր հեռացնել, իսկ դրանց հեղինակի մեկնաբանություններ ավելացնելու հնարավորությունը սահմանափակել: Ավելին, մեկնաբանություններն ավելացնելուց հետո դրանց իրական հեղինակները չէին կարող փոփոխել կամ հեռացնել իրենց մեկնաբանությունները. միայն դիմումատու ընկերությունն ուներ դրանք հեռացնելու տեխնիկական հնարավորություն: Վերոհիշյալի և Գերագույն դատարանի հիմնավորումների լույսի ներքո Դատարանը արտահայտում է իր համաձայնությունը Պալատի եզրակացության հետ առ այն, որ դիմումատու ընկերությունն էական վերահսկողություն է ունեցել իր պորտալում հրապարակվող հոդվածների նկատմամբ:
146. Ամփոփելով` Դատարանը գտնում է, որ բավականաչափ հիմքեր կային Գերագույն դատարանի եզրակացության համար առ այն, որ դիմումատու ընկերության կողմից Delfi-ի լրատվական պորտալում հանրայնացվող հոդվածների ներքո մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը ավելին էր, քան պասիվ՝ բացառապես տեխնիկական ծառայությունների մատուցում: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ Գերագույն դատարանը այս հարցի շուրջ փաստարկները հիմնավորել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համար էական նշանակություն ունեցող հիմքերով:
(iii) Մեկնաբանությունների հեղինակների պատասխանատվությունը
147. Այն հարցի առնչությամբ, թե արդյոք մեկնաբանությունների իրական հեղինակներին պատասխանատվության ենթարկելը սույն գործի նման գործով կարող է խելամիտ այլընտրանք հանդիսանալ համացանցային լրատվական կայքին պատասխանատվության ենթարկելուն, Դատարանը մտահոգություններ է հայտնում՝ կապված համացանցի օգտատերերի ինքնությունը չբացահայտելու շահերի հետ: Արդեն տևական ժամանակ է, ինչ անանությունը հաշվեհարդարից կամ անցանկալի ուշադրությունից խուսափելու միջոց է հանդիսանում: Որպես այդպիսին այն շոշափելի կերպով նպաստում է գաղափարների և տեղեկատվության ազատ հոսքին, այդ թվում նաև՝ շոշափելիորեն համացանցում: Միևնույն ժամանակ Դատարանը չի անտեսում այն դյուրինությունը, ընդարձակ տարածման հնարավորությունները և արագությունը, որով տեղեկատվությունը կարող է տարածվել համացանցով, այդ թվում նաև՝ մեկ անգամ արդեն բացահայտված տեղեկատվության անընդհատ առկայությունը համացանցում, ինչը կարող է ծանրացնել ոչ իրավաչափ խոսքի հասցրած վնասի հետևանքները համացանցի միջոցով տարածման դեպքում, որը շատ ավելի ծանր է, քան կարող էր լինել ավանդական մամուլի դեպքում: Այս կապակցությամբ Դատարանը նաև անդրադառնում է Եվրոպական միության Արդարադատության դատարանի կողմից Google Spain-ի և Google-ի գործով արձակված վճռին, որը թեև մի փոքր այլ համատեքստում, սակայն վերաբերում է համացանցում առկա տեղեկատվության՝ անձի մասնավոր կյանքի վրա տևական ժամանակ լուրջ հետևանքներ թողնելու հարցին, և գտնում, որ անձի հիմնարար իրավունքները, որպես կանոն, գերադասելի են որոնողական համակարգերի օպերատորների տնտեսական շահերից և համացանցի մյուս օգտատերերի շահերից (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը):
148. Դատարանը նշում է, որ համացանցում հնարավոր են անանունության տարբեր աստիճաններ: Համացանցի օգտատերը կարող է լինել չբացահայտված հանրության համար, սակայն ծառայություն մատուցողը կարող է տեսնել վերջինիս բացահայտված ինքնությունը որևէ հաշվի կամ կոնտակտային տվյալների միջոցով, որոնք կարող են լինել կա՛մ չհաստատված կա՛մ որևէ տեսակի հաստատմամբ՝ սահմանափակ հաստատումից (օրինակ՝ հաշվի՝ էլեկտրոնային փոստի կամ սոցիալական ցանցի հաշվի միջոցով ակտիվացում) մինչև անվտանգ նույնականացում, լինի դա ազգային էլեկտրոնային նույնականացման քարտերի, թե բանկային նույնականացման տվյալների միջոցով, ինչն ապահովում է օգտատիրոջ ավելի ապահով նույնականացումը: Ծառայություններ մատուցողը կարող է նաև թույլատրել օգտատերերի ավելի ազատ անանունություն, որի դեպքում գրանցվելիս վերջիններից ընդհանրապես չի պահանջվում բացահայտել իրենց ինքնությունը, իսկ նրանց հետագիծը հնարավոր է հայտնաբերել միայն որոշակի չափով, համացանցային կապի ծառայություններ մատուցողների մոտ պահպանված տեղեկատվության շնորհիվ: Այսպիսի տեղեկատվությունը ստանալու համար սովորաբար անհրաժեշտ է քննչական կամ դատական մարմնի որոշումը, որը ենթակա է որոշակի սահմանափակումների: Այդուհանդերձ, որոշ դեպքերում սա անհրաժեշտ է հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և հետապնդելու նպատակով:
149. Այսպես, K.U.-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործով, որը վերաբերում է անչափահասի առջև սեռական բնույթի «չարամտորեն թյուր ներկայացմանը», դատարանը գտել է, որ «թեև արտահայտվելու ազատությունը և հաղորդակցվելու գաղտնիությունը առաջնային մտահոգության առարկա են, և հեռահաղորդակցման և համացանցային ծառայություններից օգտվողների համար պետք է երաշխիքներ ապահովվեն առ այն, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և արտահայտվելու ազատությունը լինեն հարգված, այսպիսի երաշխիքները չեն կարող լինել բացարձակ, դրանք զիջում են այլ իրավաչափ հրամայականներին, ինչպիսիք են օրինակ՝ անկարգությունների կամ հանցագործությունների կանխումը կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը» (տե՛ս K.U.-ն ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 2872/02, § 49, ՄԻԵԴ 2008): Դատարանն այդ գործով մերժել է Կառավարության փաստարկներն առ այն, որ դիմումատուն հնարավորություն ուներ ծառայություն մատուցողից պահանջել վնասի փոխհատուցում, Դատարանը գտել է, որ դատելով տվյալ գործի հանգամանքներից՝ դա բավարար չէր: Դատարանը գտել է, որ անհրաժեշտ էր պաշտպանության միջոց, որի ներքո հնարավոր կլիներ իրական մեղավորին հայտնաբերել և կանգնեցնել արդարադատության առջև, մինչդեռ պատասխանող պետության օրենսդրական կարգավորման շրջանակը տվյալ ժամանակահատվածում հնարավորություն չէր ստեղծում համացանցային ծառայություններ մատուցողներին պարտադրելու տրամադրել այդ նպատակով պահանջվող տեղեկատվությունը (տե՛ս նույն տեղում՝ §§ 47 և 49): Թեև K.U.-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործը վերաբերում էր ներպետական օրենսդրությամբ քրեական հանցագործություն որակված իրավախախտմանը և ներառում էր տուժողի անձնական կյանքի անձեռնմխելիության նկատմամբ կատարված ավելի ծանր ոտնձգություն, քան սույն գործով է, Դատարանի հիմնավորումներից պարզ է, որ համացանցում անանուն հանդես գալը, լինելով կարևոր արժեք, այդուհանդերձ, պետք է հավասարակշռվի այլ իրավունքների և շահերի հետ:
150. Քաղաքացիական գործերով մեկնաբանությունների հեղինակների ինքնության բացահայտման մասով Դատարանը նշում է, որ կողմերի դիրքորոշումները տարբերվում են՝ կապված դրա իրագործելիության հետ: Կողմերի կողմից տրամադրված տեղեկության հիման վրա Դատարանը նշում է, որ Էստոնիայի դատարանները Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն «մինչդատական վարույթի ժամանակ ապացույցների ձեռքբերման» ընթացակարգն իրականացնելիս (տե՛ս վերևում՝ 40-րդ պարբերությունը), բավարարել են զրպարտությունից տուժած անձանց կողմից ներկայացված միջնորդությունները՝ առցանց լրատվամիջոցներից կամ լրատվական պորտալներից պահանջել ենթադրյալ զրպարտող մեկնաբանությունների հեղինակների IP հասցեների տրամադրում, իսկ համացանցային կապի պրովայդերների կողմից այն բաժանորդների անունների և հասցեների տրամադրում, ում անունով խնդրահարույց IP հասցեները գրանցվել են: Կառավարության կողմից ներկայացված օրինակները խառը արդյունքներ են ցույց տալիս. որոշ դեպքերում հնարավոր եղել է հայտնաբերել այն համակարգիչը, որի միջոցով վիճահարույց մեկնաբանությունները մուտքագրվել են, սակայն մի շարք այլ դեպքերում տեխնիկական պատճառներով դա հնարավոր չի եղել:
151. Համաձայն սույն գործով Գերագույն դատարանի կողմից արձակված վճռի՝ տուժողը ուներ դիմումատու ընկերության կամ մեկնաբանությունների հեղինակների դեմ հայց ներկայացնելու այլընտրանք: Դատարանը գտնում է, որ միջոցների անորոշ արդյունավետությունը, որով հնարավոր կլիներ բացահայտել մեկնաբանությունների հեղինակների ինքնությունը, սրան գումարած դիմումատու ընկերության կողմից միևնույն նպատակով գործարկված գործիքների սակավությունը, որի արդյունքում ատելության խոսքի արդյունքում տուժած անձը կկարողանար այդպիսի մեկնաբանությունների հեղինակների դեմ հայց ներկայացնել, այս բոլորը գործոններ են, որոնք օգնում են հանգելու այն եզրակացությանը, որ Գերագույն դատարանն իր վճիռը կայացրել է՝ ունենալով համապատասխան և բավարար հիմքեր: Այս համատեքստում Դատարանը հղում է կատարում նաև Krone Verlag-ի գործով (թիվ 4) վճռին, որով վերջինս գտել է, որ զրպարտության գործերով տուժող անձի փոխհատուցում տրամադրելու ընթացակարգի ժամանակ ռիսկը դնելով լրատվամիջոցի վրա, որը սովորաբար ավելի լավ ֆինանսական դրության մեջ է, քան զրպարտողը, որպես այդպիսին չի հանդիսանում լրատվամիջոցի արտահայտվելու ազատության անհամաչափ միջամտություն (տե՛ս Krone Verlags GmbH & Co. KG-ն ընդդեմ Ավստրիայի (թիվ. 4), թիվ 72331/01, § 32, 9 նոյեմբերի 2006թ.):
(iv) Դիմումատու ընկերության կողմից ձեռնարկված միջոցները
152. Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերությունը հատուկ ընդգծում էր իր կայքում տեղադրված յուրաքանչյուր հոդվածի ներքո կատարված մեկնաբանությունների թիվը, ուստի, լրատվական պորտալի խմբագիրների համար պետք է որ դյուրին լիներ հայտնաբերել ամենաակտիվ ընթացող քննարկումների հատվածները: Սույն գործով խնդրո առարկա հոդվածի ներքո թողնվել է ընդհանուր թվով 185 մեկնաբանություն, ինչն ակնհայտորեն սովորականից շատ ավելին է: Դիմումատու ընկերության կողմից խնդրահարույց մեկնաբանությունները հեռացվել են դրանց կայքի վրա ներբեռնվելուց մոտ վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ տուժող կողմի փաստաբանը այս մասին տեղեկացրել է դիմումատու ընկերությանը (տե՛ս վերևում՝ 17-19-րդ պարբերությունները):
153. Դատարանը նշում է, որ Գերագույն դատարանն իր վճռում նշել է, որ՝ «[հ]աշվի առնելով օրենքից բխող՝ վնաս պատճառելուց խուսափելու պարտավորությունը՝ [դիմումատու ընկերությունը] պետք է կանխեր ակնհայտորեն ոչ իրավաչափ բովանդակությամբ մեկնաբանությունների հրապարակումը»: Սակայն այն նաև գտել է, որ դրանց՝ «բացահայտվելուց հետո [դիմումատու ընկերությունը] սեփական նախաձեռնությամբ կայքից չի հեռացրել մեկնաբանությունները, որոնց ոչ իրավաչափ բովանդակության մասին վերջինիս պետք է լիներ հայտնի» (տե՛ս վճռի 16-րդ պարբերությունը, մեջբերված է վերևում՝ 31-րդ պարբերությունում): Այդ իսկ պատճառով Գերագույն դատարանը հստակորեն չի սահմանել, թե արդյոք դիմումատու ընկերությունն ուներ պարտավորություն կանխելու այդպիսի մեկնաբանությունների վերբեռնումը կայքի վրա, թե համաձայն ներպետական օրենսդրության բավարար էր, որ վերջինս հրապարակվելուց անմիջապես հետո անհապաղ հեռացներ կայքում հայտնված վիրավորական մեկնաբանությունները, որպեսզի հնարավոր լիներ խուսափել Պարտավորությունների մասին օրենքով սահմանված պատասխանատվությունից: Դատարանը հաշվի է առնում այն, որ երբ անհրաժեշտ է գնահատել այն հիմքերը, որոնք դրվել են Գերագույն դատարանի կողմից արձակված վճռի հիմքում՝ առաջացնելով դիմումատու ընկերության կոնվենցիոն իրավունքների միջամտություն, հիմքեր չկան եզրակացնելու, որ ներպետական դատարանը նպատակ ուներ սահմանափակել դիմումատուի իրավունքները ավելի քան դա անհրաժեշտ էր հետապնդվող նպատակին հասնելու համար: Այս հիմքով և հաշվի առնելով տեղեկություններ փոխանցելու ազատությունը, ինչպես որ այն սահմանված է 10-րդ հոդվածի ներքո, Դատարանն, այսպիսով, պետք է հիմնվի այն ենթադրության վրա, որ Գերագույն դատարանի վճիռն անհրաժեշտ է հասկանալ այն իմաստով, որ դիմումատու ընկերության կողմից մեկնաբանությունների հեռացումը՝ դրանց հրապարակումից անմիջապես հետո, բավարար կլիներ ներպետական օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությունից խուսափելու համար: Հետևաբար, հաշվի առնելով նաև վերոհիշյալ եզրակացություններն (տե՛ս վերևում՝ 145-րդ պարբերությունը) առ այն, որ դիմումատու ընկերությունը իր պորտալում հրապարակված մեկնաբանությունների նկատմամբ ուներ բավարար աստիճանի վերահսկողություն, Դատարանը չի գտնում, որ վերջինիս նկատմամբ սահմանված պարտավորությունը՝ հրապարակումից անմիջապես հետո հեռացնել այնպիսի մեկնաբանությունները, որոնք հավասար լինելով ատելության խոսքի և բռնության կոչի, արտաքինից ակնհայտորեն անօրինական էին, սկզբունքորեն հավասարազոր էր վերջինիս արտահայտվելու ազատության ոչ համաչափ միջամտության:
154. Սույն գործով խնդրո առարկա է այն, թե արդյոք ներպետական դատարանների եզրակացությունն առ այն, որ պատասխանատվության ճանաչումն արդարացված էր, քանի որ դիմումատու ընկերությունը հրապարակումից հետո անհապաղ չի հեռացրել մեկնաբանությունները, ուներ հիմնավոր և բավարար հիմքեր: Այս մտայնությամբ, նախևառաջ, անհրաժեշտ է հաշվի առնել, թե արդյոք դիմումատու ընկերությունը սահմանել էր այնպիսի մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր էր ֆիլտրել ատելության կամ բռնության կոչերի հավասարվող մեկնաբանությունները:
155. Դատարանը հաշվի է առնում այն, որ այս ուղղությամբ դիմումատու ընկերությունը որոշ քայլեր ձեռնարկել է: Delfi–ի նորությունների պորտալում տեղադրված էր պատասխանատվությունից հրաժարվելու մասին հայտարարություն (disclaimer), որտեղ ասվում էր, որ մեկնաբանությունների համար պատասխանատու են դրանք գրողները, այլ ոչ թե դիմումատու ընկերությունը, և որ այնպիսի մեկնաբանությունների տեղադրումը, որոնք հակասում են ազնիվ գործելակերպին կամ ներառում են սպառնալիքներ, վիրավորական, անպարկեշտ արտահայտություններ կամ գռեհկաբանություններ կամ եթե դրանք հրահրում են թշնամանք, բռնություն կամ ապօրինի գործողություններ, արգելված է: Ավելին, պորտալն ուներ մեկնաբանությունների ավտոմատ հեռացման համակարգ, որը գործի էր դրվում, երբ ֆիլտրող համակարգը կարողանում էր հայտնաբերել որոշ գռեհիկ բառերի արմատներ, այն ուներ նաև «նկատելուն պես հեռացնելու» համակարգ, որի դեպքում ցանկացած անձ կարող էր տեղեկացնել ոչ պատշաճ արտահայտության մասին՝ պարզապես սեղմելով հատուկ այդ նպատակով նախատեսված կոճակը, որի արդյունքում կայքի ադմինիստրատորների ուշադրությունը հրավիրվում էր դրա վրա: Բացի այդ, որոշ դեպքերում ադմինիստրատորները կարող էին ոչ պատշաճ մեկնաբանությունները հեռացնել նաև սեփական նախաձեռնությամբ:
156. Հետևաբար, Դատարանը նշում է, որ չի կարելի ասել, որ դիմումատու ընկերությունը ամբողջովին անտեսել է երրորդ անձանց վնաս պատճառելուց զերծ մնալու իր պարտավորությունը: Այնուամենայնիվ, ինչն ավելի կարևոր է, դիմումատու ընկերության կողմից բառերի հայտնաբերման միջոցով գործող ավտոմատ համակարգը չի կարողացել ֆիլտրել ընթերցողների կողմից կայքում տեղադրված զազրելի ատելության խոսքը և բռության հրահրող կոչերը, այդպիսով, սահմանափակելով վերջինիս՝ դրանք անմիջապես հեռացնելու հնարավորությունը: Դատարանը վերահաստատում է, որ այդ բառերի և արտահայտությունների մեծ մասը չէին պարունակում բարդ փոխաբերական կամ թաքնված իմաստ կամ թեթև սպառնալիք: Դրանք անթաքույց ատելություն արտահայտող արտահայտություններ և L.-ի հանդեպ ֆիզիկական ուժի գործադրմամբ բռություն գործադրելու կոպիտ սպառնալիքներ էին: Այսպիսով, նույնիսկ եթե բառերի ֆիլտրը որոշ դեպքերում օգտակար էր, սույն գործի փաստերը վկայում են այն մասին, որ այդ համակարգը անկարող էր գտնվել հայտնաբերելու այն մեկնաբանությունները, որոնց բովանդակությունը չի հանդիսանում Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պաշտպանությունը վայելող խոսք (տե՛ս վերևում՝ 136 պարբերությունը): Դատարանը նշում է, որ ֆիլտրող մեխանիզմի սխալ աշխատանքի պատճառով այսպիսի ակնհայտորեն ոչ իրավաչափ բովանդակությամբ մեկնաբանությունները համացանցում են մնացել շուրջ վեց շաբաթ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը):
157. Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ որոշ դեպքերում պորտալի ադմինիստրատորները իսկապես սեփական նախաձեռնությամբ հեռացրել են ոչ պատշաճ բովանդակությամբ մեկնաբանություններ, և որ սույն գործում նկարագրված իրադարձություններից որոշ ժամանակ անց դիմումատու ընկերությունը վարձել է եռանդուն աշխատող մոդերատորների մի ամբողջ թիմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցանկացած ոք բավականաչափ հնարավորություններ ունի իր ձայնը համացանցում դարձնելու լսելի, Դատարանը գտնում է, որ խոշոր լրատվական պորտալի նկատմամբ սահմանված պարտավորությունը՝ գործադրելու արդյունավետ միջոցներ ատելության խոսքի և բռնության հրահրող կոչերի տարածումը սահմանափակելու համար, ինչը սույն գործի խնդրո առարկան է, չի կարող հավասարվել «մասնավոր գրաքննության»: Ճանաչելով համացանցի խաղած «կարևոր դերը» «հանրության համար լուրերի մատչելիությունն ապահովելու և ընդհանրապես տեղեկությունների ավելի արագ տարածման գործում» (տե՛ս Ahmet Yıldırım-ի գործը, մեջբերված է վերևում, § 48, և Times Newspapers Ltd.-ի գործը, մեջբերված է վերևում, § 27)՝ միևնույն ժամանակ Դատարանը վերահաստատում է, որ այն նաև չի մոռանում համացանցում տեղադրվող բովանդակության և դրա միջոցով կատարվող հաղորդակցությունների արդյունքում առաջացող վնասի ռիսկի մասին (տե՛ս Editorial Board of Pravoye Delo-ի և Shtekel-ի գործը, մեջբերված է վերևում, § 63, տե՛ս նաև՝ Mosley-ի գործը, մեջբերված է վերևում, § 130):
158. Ավելին, հանգամանքներից կախված` առանձին տուժող անձ կարող է չլինել, օրինակ՝ ատելության խոսքը որոշ դեպքերում ուղղված է անձանց խմբի կամ դրանք ուղղակիորեն բռնության հրահրող կոչեր են, ինչպես սույն գործով քննվող մեկնաբանություններից մի քանիսի դեպքում էր: Այն դեպքերում, երբ կա անհատ տուժող, վերջինս կարող է հանդիպել խոչընդոտների՝ համացանցային ծառայություն մատուցողին իր իրավունքների ենթադրյալ խախտման մասին տեղեկացնելիս: Դատարանը կարևոր է համարում այն նկատառումը, համաձայն որի ատելության խոսքի արդյունքում պոտենցիալ տուժողի՝ համացանցը անընդմեջ մշտադիտարկելու հնարավորությունները շատ ավելի սահմանափակ են, քան ընդարձակ կոմերցիոն համացանցային լրատվական պորտալի՝ այդպիսի մեկնաբանությունների տեղադրումը կանխելու կամ դրանք արագ հեռացնելու հնարավորությունները:
159. Վերջապես, Դատարանը նշում է, որ դիմումատու ընկերությունը պնդում էր (տե՛ս վերևում՝ 78-րդ պարբերությունը), որ Դատարանը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի իր կողմից ներդրված «նկատելուն պես հեռացնելու» համակարգը: Եթե այս համակարգի գործարկումն ուղեկցվի արդյունավետ ընթացակարգերով, որոնք համապատասխան իրավիճակներում արագ արձագանքումը հնարավոր կդարձնեն, Դատարանի կարծիքով այն բազմաթիվ դեպքերում կարող է օգտագործվել որպես բոլոր ներգրավված անձանց իրավունքների ու շահերի հավասարակշռման գործիք: Սակայն, սույն գործի նման դեպքերում, երբ երրորդ անձանց կողմից թողնված մեկնաբանությունները ատելության խոսքի կամ անձի ֆիզիկական ոչնչացման ուղղակի սպառնալիքի տեսքով են՝ Դատարանի նախադեպային իրավունքում ներկայացված իմաստով (տե՛ս վերևում՝ 136-րդ պարբերությունը), Դատարանը համարում է, ինչպես որ ներկայացվել է վերևում (տե՛ս 153-րդ պարբերությունը), որ այլոց, ինչպես և ողջ հանրության իրավունքներն ու շահերը կարող են անդամ պետություններին իրավունք շնորհել համցանցային լրատվական կայքերի նկատմամբ սահմանելու պատասխանատվություն՝ առանց հակասելու Կոնվենցիայի 10-րդ հոդվածին, այն դեպքում, եթե վերջիններս միջոցներ չձեռնարկեն ակնհայտորեն ոչ իրավաչափ մեկնաբանությունները անհապաղ հեռացնելու ուղղությամբ նույնիսկ առանց ենթադրյալ տուժողի կամ որևէ երրորդ կողմի կողմից այդ մասին տեղեկացվելու:
(v) Դիմումատու ընկերության համար առաջացած հետևանքները
160. Վերջապես, անդրադառնալով այն հարցին, թե ներպետական ընթացակարգերի կիրառման արդյունքում ինչ հետևանքներ են առաջացել դիմումատու ընկերության համար, Դատարանը նկատում է, որ ընկերությունը ստիպված էր տուժողին վճարել 320 եվրոյին համարժեք ոչ նյութական վնասի փոխհատուցում: Դատարանը համաձայն է Պալատի եզրակացության հետ առ այն, որ այս գումարը, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատու ընկերությունը Էստոնաիայի ամենամեծ համացանցային լրատվական պորտալներից մեկի պրոֆեսիոնալ օպերատորն է, ոչ մի կերպ չի կարող համարվել ներպետական դատարանների կողմից հայտնաբերված խախտմանը ոչ համաչափ (տե՛ս Պալատի վճռի 93-րդ պարբերությունը): Դատարանն այս կապակցությամբ նշում է, որ այն հաշվի է առել նաև Delfi-ի գործից հետո ներպետական դատարանների կողմից համացանցային լրատվական պորտալների օպերատորների գործերով ձևավորված ներպետական նախադեպային իրավունքը (տե՛ս 43-րդ պարբերությունը): Դատարանը նկատում է, որ այս գործերով ստորադաս դատարանները հաշվի են առել Delfi-ի գործով Գերագույն դատարանի վճիռը, սակայն ոչ նյութական վնասի փախհատուցում այս գործերով չի նշանակվել: Այլ կերպ ասած՝ Delfi-ի գործից հետո օպերատորների համար գրանցված շոշափելի արդյունքը եղել է այն, որ վերջիններս պարտավորվել են հեռացնել վիրավորական մեկնաբանությունները, սակայն ոչ նյութական վնասի փոխհատուցում չեն վճարել:
161. Դատարանը նաև նկատում է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ ներպետական ընթացակարգերի արդյունքում դիմումատու ընկերությունը ստիպված է եղել փոփոխել իր բիզնես մոդելը: Եղած տեղեկատվության համաձայն՝ Delfi լրատվական պորտալը շարունակում է մնալ Էստոնիայի ամենամեծ համացանցային հրատարակիչներից մեկը, և անհամեմատ ամենահայտնին՝ մեկնաբանությունների հրապարակման առումով, որոնց թիվը շարունակաբար աճել է: Անանուն մեկնաբանությունները, այժմ նաև ընթերցողներին առաջին հերթին հասանելի գրանցված մեկնաբանություններ թողնելու հնարավորությանը զուգահեռ, դեռևս շարունակում են մնալ գերակշռող և դիմումատու ընկերությունն այժմ վարձել է մոդերատորների թիմ, որը վերահսկում է պորտալում տեղադրվող մեկնաբանությունների բովանդակությունը (տե՛ս վերևում՝ 32-րդ և 83-րդ պարբերությունները): Նման հանգամանքներում Դատարանը չի կարող եզրակացնել, որ այս հիմքով ևս դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության իրավունքի միջամտությունը եղել է ոչ համաչափ:
(vi) Եզրակացություն
162. Հիմնվելով վերոհիշյալ հանգամանքների կոնկրետ գնահատականների վրա, հաշվի առնելով Գերագույն դատարանի իրավական դիրքորոշումը սույն գործով, մասնավորապես, խնդրո առարկա մեկնաբանությունների ծայրահեղ բնույթը, այն փաստը, որ մեկնաբանությունները կատարվել են որպես դիմումատու ընկերության կողմից պրոֆեսիոնալ կերպով կառավարվող և կոմերցիոն հիմունքներով գործող նորությունների պորտալում հրապարակված հոդվածի արձագանք, դիմումատու ընկերության կողմից ոչ բավարար միջոցների ձեռնարկումը՝ ուղղված ատելության խոսքի և բռնության հրահրող կոչերի հավասարվող մեկնաբանությունների անհապաղ հեռացնելուն՝ դրանց հրապարակելուց անմիջապես հետո, և այդպիսի մեկնաբանությունների հեղինակներին պատասխանատվության կանչելու իրատեսական հնարավորություններ ապահովելուն, ինչպես նաև՝ դիմումատու ընկերության նկատմամբ սահմանված չափավոր պատժամիջոցը, Դատարանը գտնում է, որ ներպետական դատարանների կողմից դիմումատու ընկերության նկատմամբ պատասխանատվության սահմանման համար կային հիմնավոր և բավարար հիմքեր՝ հաշվի առնելով պատասխանող պետությանը շնորհված թույլատրելի հայեցողության սահմանները: Հետևաբար, կիրառված միջոցը չի հանդիսանում դիմումատու ընկերության արտահայտվելու ազատության ոչ համաչափ սահմանափակում:
Հետևաբար, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ`
Վճռում է, ձայների տասնհինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2015թ. հունիսի 16-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում:
Johan CallewaertDean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում են հետևյալ առանձին կարծիքները.
(ա) դատավորներ Raimondi-ի, Karakas-ի, De Gaetano-ի և Kjølbro-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող ընդհանուր կարծիքը,
(բ) դատավոր Zupančič-ի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող կարծիքը,
(գ) դատավորներ Sajó-ի և Tsotsoria-ի մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող կարծիքը:
D.S.
J.C.
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1]. Դա ակնարկ է էստոնական ասացվածքին, որ «ամեն խոյ ունի իր Միքայել հրեշտակապետին», ինչը պատմականորեն վերաբերում է ամորձատված խոյի սպանդին աշնանը՝ Միքայելի օրվան մոտ (սեպտեմբերի 29-ը), սակայն ներկայիս օրերում այդ արտահայտությունը նշանակում է, որ անձը չի կարող խուսափել իր ճակատագրից:
[2]. Էստոնական avaldama/avaldaja բառերը երկուսն էլ նշանակում են հրատարակել/հրատարակիչ և բացահայտել/բացահայտող:
Full & Egal Universal Law Academy