© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ELBERTE-Ն ԸՆԴԴԵՄ ԼԱՏՎԻԱՅԻ
(Գանգատ թիվ 61243/08)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
13 հունվարի 2015թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ Է
13/04/2015
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Elberte-ն ընդդեմ Լատվիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Päivi Hirvelä-ն, Նախագահ,
Ineta Ziemele-ն,
George Nicolaou-ն,
Nona Tsotsoria-ն,
Zdravka Kalaydjieva-ն,
Krzysztof Wojtyczek-ը,
Faris Vehabović-ը, դատավորներ,
և Fatoş Aracı-ն, Պալատի քարտուղարի տեղակալ,
2014թ. նոյեմբերի 4-ին և դեկտեմբերի 2-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2014թ. դեկտեմբերի 2-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2008թ. դեկտեմբերի 5-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Լատվիայի քաղաքացի՝ տկն. Dzintra Elberte-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Լատվիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 61243/08) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել է Ռիգայում գործող փաստաբան տկն. I. Nikuļceva-ն: Լատվիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել են պետության լիազոր ներկայացուցիչներ՝ նախ տկն. I. Reine-ն, իսկ հետագայում՝ տկն. K. Līce-ն:
3. Դիմումատուն, մասնավորապես, պնդել է, որ իր մահացած ամուսնու հյուսվածքների հեռացումը տեղի է ունեցել առանց իր համաձայնության և որ նրան թաղել են ոտքերը կապած վիճակում:
4. 2010թ. ապրիլի 27-ին գանգատը՝ Կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների մասով ուղարկվել է Կառավարությանը: 2013թ. հուլիսի 9-ին որոշվել է իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1969 թվականին և ապրում է Sigulda-ում: Նա պրն. Egils Elberts-ի (դիմումատուի ամուսին) կինն է, որը Լատվիայի քաղաքացի էր, ծնվել էր 1961 թվականին և մահացել՝ 2001թ. մայիսի 19-ին:
Ա. Իրադարձությունները, որոնց արդյունքում դիմումատուն տեղեկացել է հյուսվածքների հեռացման մասին
6. 2001թ. մայիսի 19-ին դիմումատուի ամուսինը Allaži-ի շրջանում ընկել է ավտովթարի մեջ: Ժամանած շտապօգնությունը տեղափոխել է նրան Sigulda-ի հիվանդանոց, սակայն ստացած վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Նրա դին տեղափոխել են Sigulda-ի հիվանդանոցի դիարան: Դիմումատուի սկեսուրը, որը աշխատում էր Sigulda-ի հիվանդանոցում, անմիջապես տեղեկացել է իր որդու մահվան մասին, գտնվել է նրա մարմնի մոտ Sigulda-ի հիվանդանոցում, մինչև որ մարմինը չէր տեղափոխվել Ռիգայի Դատաբժշկական փորձաքննությունների պետական կենտրոն (Valsts tiesu medicīnas expertīžu centrs) («Դատաբժշկական կենտրոն»):
7. 2001թ. մայիսի 20-ին, ժամը 05.00-ին մարմինը մուտք է եղել Դատաբժշկական կենտրոն՝ պարզելու համար մահվան պատճառը: 13.00-ից մինչև 15.00 ընկած ժամանակահատվածում կատարվել է դիահերձում, որի արդյունքում բազմաթիվ վնասվածքներ էին հայտնաբերվել գլխի և կրծքավանդակի վրա, այդ թվում՝ մի քանի կոտրված կողոսկրներ և ողնոսկր: Կապտուկներ կային նրա աջ ուսի, ազդրի և ծնկի վրա: Դատաբժշկական փորձագետը՝ N.S.-ը ստացված վնասվածքները դասակարգել է որպես լուրջ և կյանքի հետ անհամատեղելի և պատճառահետևանքային կապ է գտել դրանց և նրա մահվան միջև:
8. Կառավարության պնդմամբ՝ դիահերձումից հետո N.S.-ը ստուգել է, որ պրն. Elberts-ի անձնագրում բացակայում է կնիքը, որը նշում է կատարում այն մասին, որ վերջինս համաձայն չէ իր մարմնի հյուսվածքները օգտագործելու հետ, և ուստի նա հեռացրել է պրն. Elberts-ի մարմնից 10 սմ x 10 սմ ընդհանուր մակերեսով հյուսվածքներ, այն է՝ ուղեղային նրբաթաղանթի արտաքին շերտը (dura mater): Դիմումատուի պնդմամբ՝ N.S.-ը չէր կարող ստուգել պրն. Elberts-ի անձնագրում այդ կնիքի առկայությունը, քանի որ անձնագիրը այդ ժամանակ գտնվում էր իրենց տանը՝ Sigulda-ում: Դիմումատուն պնդել է, որ հեռացված հյուսվածնքերի մակերեսը ավելի մեծ էր, քան 10 սմ x 10 սմ մակերեսը և որ այն միայն dura mater-ով չէր սահմանափակվում:
9. 2001թ. մայիսի 21-ին դատախազությունը որոշում է կայացրել թույլատրել հուղարկավորել մարմինը: Դիմումատուի պնդմամբ՝ 2001թ. մայիսի 21-ին կամ 22-ին վերջինիս քույրը գնացել է Դատաբժշկական կետրոն՝ նպատակ ունենալով վերցնել մահվան պատճառը հավաստող վկայականը, որի համար նա ստորագրել է գրանցման մատյանում: 2001թ. մայիսի 22-ին նրա քույրը՝ մահվան վկայական ստանալու համար այդ փաստաթուղթը՝ պրն. Elberts-ի անձնագրի հետ միասին ներկայացրել է Sigulda-ի համապատասխան մարմին:
10. Կառավարության պնդմամբ՝ 2001թ. մայիսի 25-ին պրն. Elberts-ի մարմինը հանձնվել է նրա հարազատին: Դիմումատուի պնդմամբ՝ մարմինը հանձնվել է մեկ այլ անձի, որը պարզապես օգնում էր մինչև հուղարկավորությունը մարմինը տեղափոխելու հարցում:
11. 2001թ. մայիսի 26-ին հուղարկավորությունը տեղի ունեցավ Sigulda-ում: Դիմումատուն առաջին անգամ տեսել է իր հանգուցյալ ամուսնուն, երբ նրա աճյունը հուղարկավորության համար ետ էր փոխադրվել Դատաբժշկական կենտրոնից: Նա տեսել է, որ նրա ոտքերը գտնվում են կապած վիճակում: Նրան այդպես էլ թաղել էին: Դիմումատուն այդ ժամանակ հղի էր երկրորդ երեխայով:
12. Դիմումատուն տեղյակ չէր այն մասին, որ իր ամուսնու մարմնից հյուսվածքներ են հեռացվել, մինչև որ շուրջ երկու տարի անց Անվտանգության հարցերով ոստիկանությունը տեղեկացրել է նրան, որ քրեական գործ է հարուցվել մարդկային օրգանների և հյուսվածքների ապօրինի հեռացման փաստի առթիվ և որ իր ամուսնու մարմնից հյուսվածքներ են հեռացվել:
Բ. Օրգանների և հյուսվածքների ապօրինի հեռացման փաստի առթիվ հարուցված քրեական գործը
13. 2003թ. մարտի 3-ին Անվտանգության հարցերով ոստիկանությունը (Drošības Policija) քրեական գործ է հարուցել մարդկային օրգանների և հյուսվածքների ապօրինի հեռացման փաստի առթիվ, որոնք 1994 և 2003 թվականների ընթացքում մատակարարվել էին Գերմանիայում հիմնված դեղագործական մի ընկերության («ընկերություն»): Հաստատվել է իրադարձությունների հետևյալ հաջորդականությունը:
14. 1994թ. հունվարին Դատաբժշկական կենտրոնի իրավանախորդ հանդիսացող հաստատությունը ընկերության հետ համաձայնագիր է կնքել` գիտական հետազոտությունների հարցերով համագործակցելու վերաբերյալ: Ըստ համաձայնագրի` տարբեր տեսակի հյուսվածքներ պետք է հեռացվեին մահացած անձանցից, որոնք միջազգային չափանիշների պահպանմամբ պետք է ընտրվեին Դատաբժշկական կենտրոնի կողմից և ուղարկվեին ընկերությանը` մշակման համար: Ստացված այդ հյուսվածքները ընկերությունը ձևափոխում էր բիո իմպլանտների և փոխպատվաստման նպատակների համար հետ ուղարկում Լատվիա: Սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը համաձայնել է համաձայնագրի տեքստի հետ և մի շարք առիթներով ստուգել դրա համապատասխանությունը ներպետական օրենսդրության հետ: Դատախազությունը տվել է երկու եզրակացություններ` ներպետական օրենսդրության հետ համաձայնագրի համապատասխանության հարցի վերաբերյալ, մասնավորապես` որքանով է համաձայնագիրը համահունչ «Մահացած անձանց մարմինների պաշտպանության և մարդկային օրգանների և հյուսվածքների օգտագործման մասին» օրենքի հետ («Օրենք»):
15. Դատաբժշկական կենտրոնի աշխատակազմի որոկավորում ունեցող ցանկացած անձին («փորձագետ») թույլատրվում էր իր նախաձեռնությամբ իրականացնել հյուսվածքների հեռացում: Դատաբժշկական կենտրոնի Թանատոլոգիայի բաժնի ղեկավարը պատասխանատու էր նրանց վերապատրաստման և աշխատանքի վերահասկման համար: Վերջինս նաև պատասխանատու էր հյուսվածքները Գերմանիա ուղարկելու համար: Փորձագետները վարձատրվում էին իրենց աշխատանքի համար: Սկզբում, հյուսվածքների հեռացումը իրականացվում էր Ventspils-ում, Saldus-ում, Kuldīga-ում, Daugavpils-ում և Rēzekne-ում գտնվող դատափորձագիտական բաժիններում: Սակայն, 1996թ. սկսած հյուսվածքների հեռացումը իրականացվում էր միայն Ռիգայի Դատաբժշկական կենտրոնի և Rēzekne-ի դատափորձագիտական բաժնի կողմից:
16. Ըստ համաձայնագրի` փորձագետները կարող էին հեռացնել դատափորձագիտական քննության նպատակով Դատաբժշկական կենտրոն փոխադրված մահացած անձանց հյուսվածքները: Ամեն մի փորձագետ պետք է վստահ լիներ, որ պոտենցիալ դոնորը իր կենդանության օրոք համաձայն է եղել մահից հետո իր օրգանների կամ հյուսվածքների հեռացման հետ, որի համար այդ անձը պետք է ստուգեր համապատասխան կնիքի առկայությունը հանգուցյալի անձնագրում: Հարազատների ցանկությունները բոլոր դեպքերում հարգվում էին, եթե նունիսկ վերջիններս համաձայն չէին հեռացման հետ, սակայն փորձագետները ինքնուրույն չէին փորձում կապ հաստատել հարազատների հետ կամ պարզել նրանց ցանկությունները: Հյուսվածքները պետք է հեռացվեին մարդու կենսաբանական մահից հետո քսանչորս ժամվա ընթացքում:
17. Փորձագետները պարտավոր էին ենթարկվել ներպետական օրենսդրությանը, սակայն վերջիններիս ցուցմունքների համաձայն՝ նրանցից ոչ բոլորն են կարդացել Օրենքը: Սակայն, նրանք ծանոթ էին Օրենքի բովանդակության հետ, քանի որ Դատաբժշկական կենտրոնի Թանատոլոգիայի բաժնի ղեկավարը բացարտրել է նրանց, որ հեռացումը թույլատրվում է միայն այն դեպքերում, երբ մահացած անձի անձնագրում բացակայում է օրգանների կամ հյուսվածքների հեռացման հետ համաձայն չլինելու կնիքը, և եթե հարազատները չեն առարկում հեռացման դեմ:
18. Հետաքննության ընթացքում քննիչները հարցաքննել են քրեական իրավունքի, ինչպես նաև օրգանների և հյուսվածքների հեռացմամբ զբաղվող մասնագետների: Արդյունքում նրանք հանգել են այնպիսի եզրակացության, որ, ընդհանուր առմամբ, գոյություն ունեն օրգանների և հյուսվածքների հեռացումը կանոնակարգող երկու իրավական համակարգեր, դրանք են՝ «իրազեկված համաձայնություն» և «ենթադրյալ համաձայնություն»: Մի կողմից, Դատաբժշկական կենտրոնի ղեկավարը, Դատաբժշկական կենտրոնի Թանատոլոգիայի բաժնի ղեկավարն ու Դատաբժշկական կենտրոնի փորձագետները կիսում էին այն կարծիքը, ըստ որի խնդրո առարկա ժամանակահատվածում (ասված է՝ 1993թ. հունվարի 1-ին Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) Լատվիայում գործում էր «ենթադրյալ համաձայնության» համակարգը: Հիշատակված անձինք գտնում էին, որ ենթադրյալ համաձայնության համակարգը ենթադրում է, որ «այն, ինչ արգելված չէ՝ թույլատրվում է»: Քննիչները՝ մյուս կողմից, գտնում էին, որ Օրենքի 2-րդ հոդվածը հստակ նշում է կատարում այն մասին, որ լատվիական իրավական համակարգը հիմնվում է ավելի շատ «իրազեկված համաձայնության» համակարգի վրա և, հետևաբար, հեռացումը թույլատրվում էր միայն այն դեպքերում, երբ այն (ուղղակիորեն) թույլատրված էր, այլ կերպ ասած՝ երբ համաձայնությունը տրվում է կա՛մ դոնորի կողմից՝ իր կենդանության օրոք, կա՛մ վերջինիս հարազատների կողմից:
19. Մասնավորապես, 2003թ. մայիսի 12-ին փորձագետ N.S.-ն հարցաքննվել է դիմումատուի ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացման հարցերի շուրջ: Այնուհետ, 2003թ. հոկտեմբերի 9-ին դիմումատուն ճանաչվել է որպես տուժող կողմ (cietušais) և նույն օրը՝ հարցաքննվել:
20. 2005թ. նոյեմբերի 30-ին որոշում է կայացվել հյուսվածքների հեռացման առթիվ Դատաբժշկական կենտրոնի ղեկավարի, Դատաբժշկական կենտրոնի Թանատոլոգիայի բաժնի ղեկավարի և Rēzekne-ի Դատափորձագիտական բաժնի ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին: Վերևում նշված նկատառումները նշվել են որոշման մեջ (lēmums par kriminālprocesa izbeigšanu), մինչդեռ ներպետական օրենսդրության տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը լուծվել է հօգուտ մեղադրյալի: Բացի այդ, Օրենքի՝ 2004թ. փոփոխությունները պետք է այնպես մեկնաբանվեին, համաձայն որի Լատվիայում պետք է գործեր «ենթադրյալ համաձայնության» համակարգը: Որոշվել է, որ Օրենքի 2-4-րդ և 11-րդ հոդվածները չեն խախտվել և որ Քրեական օրենքի 139-րդ հոդվածով սահմանված հանցագործության որևէ տարր չի հաստատվել:
21. 2005թ. դեկտեմբերի 20-ին և 2006թ. հունվարի 6-ին դատախազները մերժել են դիմումատուի բողոքները և որոշել, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը օրինական է և արդարացի:
22. 2006թ. փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության վերադաս դատախազը ուսումնասիրել է գործի նյութերը և եզրակացրել, որ քրեական գործի վարույթը չպետք է կարճվեր: Վերջինս հաստատել է, որ Դատաբժշկական կենտրոնի փորձագետները խախտել են Օրենքի դրույթները և որ հյուսվածքների հեռացումը ապօրինի է եղել: Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը չեղյալ է համարվել, իսկ գործի նյութերը՝ հետ ուղարկվել Անվտանգության հարցերով ոստիկանություն:
23. 2007թ. օգոստոսի 3-ին քրեական գործի վարույթը՝ այն մասով, որով այն վերաբերում էր դիմումատուի հանգուցյալ ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացմանը, վաղեմության հինգ տարի ժամկետը անցնելու հետևանքով կարճվել է: Սակայն, գործի կարճման իրավական հիմքում էր դրվել հանցագործության հատկանիշների բացակայության պատճառը: 2007թ. օգոստոսի 13-ին դիմումատուն տեղեկացվել է այդ որոշման մասին: 2007թ. սեպտեմբերի 19-ին և հոկտեմբերի 8-ին՝ ի պատասխան դիմումատուի ներկայացված բողոքների, դատախազները պնդել են, որ այդ որոշումը օրինական է և արդարացի:
24. 2007թ. դեկտեմբերի 3-ին Գլխավոր դատախազության մեկ այլ վերադաս դատախազ ուսումնասիրել է գործի նյութերը և եզրակացրել, որ քրեական գործի վարույթը չպետք է կարճվեր: Վերադաս դատախազը հաստատել է, որ Դատաբժշկական կենտրոնի փորձագետները խախտել են Օրենքի դրույթները և որ հյուսվածքների հեռացումը ապօրինի է եղել: Քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը մեկ անգամ ևս չեղյալ է համարվել, իսկ գործի նյութերը կրկին հետ ուղարկվել Անվտանգության հարցերով ոստիկանություն:
25. 2008թ. մարտի 4-ին նոր որոշում էր կայացվել քրեական գործի վարույթը՝ վաղեմության ժամկետը անցնելու պատճառով կարճելու մասին: 2008թ. մարտի 27-ին՝ ի պատասխան դիմումատուի բողոքի, դատախազը կրկին անգամ չեղյալ է համարել այդ որոշումը:
26. Նոր հետաքննություն է կատարվել: Այդ հետաքննության ընթացքում հաստատվել է, որ 1999 թվականին հյուսվածքներ էին վերցվել 152 մարդկանցից, 2000 թվականին՝ 151-ից, 2001 թվականին՝ 127-ից, և 2002 թվականին՝ 65-ից: Ընկերությանը հյուսվածքներով մատակարարելու դիմաց Դատաբժշկական կենտրոնը Լատվիայի բժշկական հաստատությունների համար կազմակերպում էր բժշկական տարբեր սարքավորումների, գործիքների, տեխնոլոգիաների և համակարգիչների գնումներ, որոնց համար վճարում էր ընկերությունը: Համաձայնագրի շրջանակներում ընկերության կողմից վճարված սարքավորումների ընդհանուր դրամային արժեքը գերազանցում էր ընկերության ուղարկված հյուսվածքների արժեքը: 2008թ. ապրիլի 14-ի որոշման մեջ (տե՛ս անմիջապես ստորև) նշվել է, որ հյուսվածքները չեն հեռացվել փոխպատվաստման նպատակներով՝ համաձայն Օրենքի 10-րդ հոդվածի, սակայն, ըստ էության, հեռացվել են ձևափոխվելու համար այլ արդյունքների, որոնք պետք է օգտագործվեին ոչ միայն Լատվիայի, այլև՝ այլ երկրների հիվանդների կողմից:
27. 2008թ. ապրիլի 14-ին քրեական գործի վարույթը կարճվել է` վաղեմության ժամկետը անցնելու պատճառով: Այդ որոշման մեջ նշվել է, որ այն դեպքերում, երբ, օրինակ, Rēzekne-ի Դատափորձագիտական բաժնի փորձագետը` մինչև օրգանների կամ հյուսվածքների հեռացումը զրուցում էր հանգուցյալի հարազատների հետ, վերջինս երբեք ուղղակիորեն չէր տեղեկացնում հեռացման հավանական լինելու մասին և իսկապես չէր ստանում նրանց համաձայնությունը: Բոլոր հարազատների կողմից տված ցուցմունքների համաձայն` նրանք չէին համաձայնի օրգանների կամ հյուսվածքների հեռացման գործողության հետ, եթե տեղեկացված լինեին դրա մասին և եթե նրանցից պարզեին իրենց ցանկությունները: Ըստ փորձագետների ցուցմունքների` նրանք պարզապես ստուգում էին հանգուցյալի անձնագրում կնիքի առկայության փաստը և չէին ջանում ստանալ հարազատների համաձայնությունը, քանի որ չէին գտնվում նրանց հետ շփման մեջ: Նաև նշվել է, որ 2002թ. հունվարի 1-ից սկսած, այդ տեղեկությունը պետք է ձեռք բերվեր Բնակչության ռեգիստրից, որը փորձագետները չէին արել: Որոշվել է, որ փորձագետների, այդ թվում` N.S.-ի գործողությունները չեն բխել Օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից, որի արդյունքում խախտվել են հարազարտների իրավունքները: Սակայն, քրեական գործի վարույթը կարճվել է` վաղեմության հինգ տարի ժամկետը անցնելու պատճառով (որը սկսել է հոսել 2003թ. մարտի 3-ին), իսկ 2008թ. մայիսի 9-ին և հունիսի 2-ին դատախազները անփոփոխ են թողել այդ որոշումը, հաշվի չառնելով դիմումատուի կողմից ներկայացված բողոքները: Դրանից հետո դիմումատուն նոր բողոք է ներկայացրել:
28. Միաժամանակ, փորձագետները, այդ թվում` N.S.-ն բողոք են ներկայացրել, որով վիճարկում էին քրեական գործի վարույթը կարճելու հիմքերը (kriminālprocesa izbeigšanas pamatojums): Նրանք վիճարկում էին քրեական գործում ունեցած իրենց կարգավիճակը, որը հարուցվել էր նրանց նկատմամբ ապօրինի հյուսվածքների հեռացման հիմքով և հիմնավորում էին իրենց բողոքը նրանով, որ իրենք որևէ մի փուլում չեն տեղեկացվել քրեական գործի մասին և, համապատասխանաբար, վիճարկում էին, որ զրկված են եղել իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կազմակերպելու հնարավարությունից: 2008թ. հունիսի 26-ի վերջնական որոշմամբ Ռիգա քաղաքի Vidzeme-ի շրջանային դատարանը բավարարել է նրանց բողոքը (գործ թիվ 1840000303), բեկանել է 2008թ. ապրիլի 14-ի որոշումը և գործը հետ ուղարկել Անվտանգության հարցերով ոստիկանություն: Դատարանը գտել է հետևյալը.
«Անկախ այն հանգամանքից, որ փոխպատվաստման որոշ մասնաբաժինը չէր վերադարձվել Լատվիա` հիվանդների կողմից այնտեղ օգտագործվելու նպատակով, գործում չկար որևէ ապացույց առ այն, որ դրանք օգտագործվել են այլ արտադրանքի տեսակներ ստանալու կամ գիտական կամ կրթական նպատակներով: Հետևաբար, դատարանը գտնում է, որ գործում չկա որևէ ապացույց այն մասին, որ հեռացված հյուսվածքներն օգտագործվել են փոխպատվաստումից բացի այլ նպատակներով...
Գործում չկա որևէ ապացույց, որով կհիմնավորվեր, որ փոխպատվաստման նպատակներով հյուսվածքների հեռացումը կատարվել է հանգուցյալի կամահայտնության անտեսմամբ, որը վերջինս արտահայտել է իր կենդանության օրոք և որը գրանցվել է խնդրո առարկա ժամանակահատվածում գործող օրենքների համաձայն կամ թե մերձավոր հարազատների կողմից դրան համաձայն չլինելու պարագայում:
Հաշվի առնելով այն փաստը, որ իրավական փաստաթղթերը մահացած անձանց մարմիններից հյուսվածքների և օրգանների հեռացմամբ զբաղվող փորձագետների համար չեն առաջացնում այնպիսի մի պարտավորություն, համաձայն որի նրանք պետք է տեղեկացնեն անձանց՝ հյուսվածքների կամ օրգանների հեռացման հետ անհամաձայն լինելու իրենց իրավունքների մասին, դատարանը գտնում է, որ փորձագետները պարտականություն չեն կրում այդպես գործելու համար. հյուսվածքները հեռացնելու մտադրության մասին հանգուցյալի հարազատներին տեղյակ չպահելով՝ փորձագետները չէին խախտում 1999թ. մինչև 2003թ. մարտ ամիսն ուժի մեջ եղած [Օրենքի] դրույթները: [Օրենքի] 4-րդ հոդվածը իրավունք է ընձեռում մերձավոր հարազատներին թույլ չտալու կատարել հանգուցյալի օրգանների և/կամ հյուսվածքների հեռացում, սակայն չի նախատեսում մի պարտավորություն, որի համաձայն փորձագետները պետք է այդ իրավունքները բացատրեն հարազատներին: Հաշվի առնելով այնպիսի իրավական փաստաթղթերի բացակայությունը, որով փորձագետները պարտավոր կլինեին տեղեկացնել հարազատներին հյուսվածքները և/կամ օրգանները հեռացնելու իրենց մտադրության մասին, ինչպես նաև բացատրելու վերջիններիս, որ նրանք իրավունք ունեն չհամաձայնել դրա հետ, դատարանը գտնում է, որ անձը չի կարող պատիժ կրել այնպիսի պարտականության խախտման համար, որը հստակորեն ձևակերպված չէ գործող իրավական փաստաթղթով: Ուստի, դատարանը գտնում է, որ փորձագետները՝ հեռացնելով մահացած անձի հյուսվածքները և օրգանները, չեն խախտել ... սույն [Օրենքը]:
... Դատարանը գտնում է, որ փորձագետների գործողություններում բացակայում են Քրեական օրենքի 139-րդ հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշները. ուստի, հնարավոր է կարճել քրեական գործի վարույթը Քրեական դատավարության օրենքի 377-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ հանցագործության հատկանիշների բացակայության հիմքով»:
29. 2008թ. հուլիսի 2-ին վերադաս դատախազը պատասխանել է դիմումատուի ներկայացրած բողոքին: Նա ընդունել է, որ քննությունը ավելի երկար է տևել, ինչը պայմանավորված է եղել այդ որոշման վերաբերյալ կայացված բազմաթիվ բողոքներով: Սակայն, նա չէր մատնանշել որևէ կոնկրետ հանգամանքներ, որոնք կվկայեին քննության անհարկի ձգձգվելու մասին: Միաժամանակ, նա տեղեկացրել է դիմումատուին, որ դատարանը` փորձագետների բողոքի հիման վրա բեկանել է 2008թ. ապրիլի 14-ի որոշումը: Նա նաև նշել է, որ 2008թ. հունիսի 27-ին կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին նոր որոշում և շուտով դիմումատուն պատշաճորեն կտեղեկացվի դրա մասին:
30. Եվ իսկապես, դիմումատուն 2008թ. հունիսի 27-ի որոշումը ստացել է մի քանի օր անց: Որոշման մեջ կրկին հաստատվել է այն միտքը, որ փորձագետները իրավական որևէ պարտականություն չունեին` անձանց տեղեկացնել այն իրավունքի մասին, որով վերջիններս կարող էին առարկել կամ համաձայնել օրգանների կամ հյուսվածքների հեռացման հետ: Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է մերձավոր հարազատների այն իրավունքը, որով վերջիններս կարող են առարկել մահացած անձի օրգանների և հյուսվածքների հեռացման դեմ, սակայն չի նախատեսում փորձագետների համար որևէ պարտականություն, ըստ որի նրանք պետք է բացատրեն այդ իրավունքները հարազատներին: Անձը չի կարող պատժի ենթարկվել այնպիսի մի պարտականություն չկատարելու համար, որը հստակորեն սահմանված չէ իրավական դրույթներով: Ուստի, փորձագետները չեն խախտել Օրենքը: Դիմումատուն ներկայացրել է հաջորդ բողոքը:
31. 2008թ. օգոստոսի 15-ին դատախազը պատասխանել է, inter alia, որ գործի հանգամանքներից և ոչ մեկը չի վկայում այն մասին, որ դիակը անարգանքի է ենթարկվել: Միաժամանակ, նա նշել է, որ փորձագետների կողմից հյուսվածքների ապօրինի հեռացման ուղղությամբ գործողությունները ձեռնարկվել են հյուսվածքները բժշկական նպատակներով օգտագործելու համար: Հյուսվածքների հեռացումից հետո դիակների տեսողական ամբողջականությունը վերականգնվել է այլ նյութերի փոխպատվաստման օգնությամբ: Ուստի, քրեական գործի վարույթը կարգավորվում էր Քրեական օրենքի 139-րդ հոդվածով և ոչ թե` 228-րդ հոդվածի դրույթներով, որը վերաբերում է դիակն անարգանքի ենթարկելուն:
32. 2008թ. սեպտեմբերի 10-ին վերադաս դատախազը պատասխանել է, որ հիմքեր չկան հյուսվածքների հեռացմամբ զբաղվող անձանց գործողությունները Քրեական օրենքի 228-րդ հոդվածի համաձայն որակել որպես դիակն անարգանքի ենթարկել: Հեռացված հյուսվածքները այլ նյութերով փոխպատվաստելու ժամանակ փորձագետները գործում էին Արդարադատության նախարարության կողմից արձակված հրահանգի համաձայն: Այդ հանձնարարության համաձայն՝ հյուսվածքները պետք է հեռացվեին այնպիսի եղանակով, որպեսզի տեղի չունենար մարմնի խեղում, և անհրաժեշտության դեպքում էլ հետագայում հնարավոր լիներ վերականգնել մարմինը:
33. 2008թ. հոկտեմբերի 23-ին Գլխավոր դատախազության մեկ այլ վերադաս դատախազ կայացրել է վերջնական ոչ բարենպաստ որոշում:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
34. 1978թ. մայիսի 11-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունել է թիվ (78) 29 բանաձևը՝ «Մարդկային նյութերի հեռացման, պատվաստման և փոխպատվաստման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին», որով անդամ պետությունների կառավարություններին առաջարկվում է ապահովել, որ իրենց օրենքները համապատասխանեցվեն բանաձևի հավելվածի կանոններին կամ նոր օրենսդրության ներկայացման ընթացքում ընդունվեն այդ կանոններին համապատասխանող դրույթներ:
Բանաձևի 10-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հեռացումը չի կարող տեղի ունենալ, եթե առկա է հանգուցյալի՝ դրա վերաբերյալ ուղղակի կամ ենթադրյալ առարկություն, մասնավորապես, հաշվի առնելով վերջինիս կրոնական և փիլիսոփայական համոզմունքները:
2. Հեռացումը կարող է կատարվել հանգուցյալի հստակ կամ անուղղակի ցանկության բացակայության դեպքում: Սակայն, պետությունը կարող է որոշել, որ հեռացումը չպետք է կատարվի, եթե գործնականում պատշաճ հարցում է արվել հանգուցյալի ընտանիքի, իսկ կենդանի մնացած իրավաբանորեն անգործունակ անձի դեպքում՝ նրա օրինական ներկայացուցչի կարծիքի վերաբերյալ և առարկությունը անկհայտ է. այն դեպքում, երբ հանգուցյալն իրավաբանորեն անգործունակ անձ է, նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը նույնպես անհրաժեշտ է»:
35. Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին կոնվենցիան (Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք թիվ 164) միջազգային առաջին պայմանագիրն է բիոէթիկայի ոլորտում («Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիա»): Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999թ. դեկտեմբերի 1-ին այն պետությունների առնչությամբ, որոնք վավերացրել են այն: Լատվիան ստորագրել է Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան 1997թ. ապրիլի 4-ին, վավերացրել՝ 2010թ. փետրվարի 25-ին և Լատվիայի առնչությամբ այն ուժի մեջ է մտել 2010թ. հունիսի 1-ից: Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան կիրառելի չէ մահացած անձանց օրգանների և հյուսվածքների հեռացման հարցերի առնչությամբ: Այն վերաբերում է կենդանի դոնորների օրգանների և հյուսվածքների հեռացման հարցերին, այն էլ՝ փոխպատվաստման նպատակներով իրականացվող (հոդվածներ 19, 20):
36. Ինչ վերաբերում է մահացած անձանց օրգանների և հյուսվածքների հեռացմանը, ապա հարցերը կանոնակարգելու համար ընդունվել է Մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ Լրացուցիչ արձանագրություն (Եվրոպայի խորհրդի պայմանագրերի շարք թիվ 186), որի վրա հղում էր կատարել Կառավարությունը: Լրացուցիչ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2006թ. մայիսի 1-ին այն պետությունների առնչությամբ, որոնք վավերացրել են այն: Լատվիան չի ստորագրել և ոչ էլ՝ վավերացրել Լրացուցիչ այդ արձանագրությունը:
37. Լրացուցիչ արձանագրության համապատասխան հոդվածները սահմանում են.
Հոդված 1 – Նպատակը
«Սույն Արձանագրության կողմերը մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման կիրառման հետ կապված պաշտպանում են մարդու արժանապատվությունը և անհատական ինքնությունը և երաշխավորում են յուրաքանչյուրին, առանց խտրականության, անձի անձեռնմխելիությունը և այլ իրավունքներն ու հիմնական ազատությունները»:
Հոդված 16 – Մահվան փաստի հաստատումը
«Չի թույլատրվում մահացած անձի մարմնից հեռացնել օրգաններ կամ հյուսվածքներ, քանի դեռ օրենքով սահմանված կարգով չի հաստատվել այդ անձի մահվան փաստը:
Անձի մահվան փաստը հաստատող բժիշկը չի կարող լինել նույն բժիշկը, ով անձամբ մասնակցել է մահացած անձի օրգանների կամ հյուսվածքների հեռացման, կամ հետագայում՝ փոխպատվաստման գործընթացին, կամ պատասխանատվություն է կրում օրգանների կամ հյուսվածքների հավանական ստացողի խնամքի համար»:
Հոդված 17 – Համաձայնությունը և թույլտվությունը
«Չի թույլատրվում մահացած անձի մարմնից հեռացնել օրգաններ կամ հյուսվածքներ, քանի դեռ ձեռք չի բերվել օրենքով նախատեսված համաձայնությունը կամ թույլտվությունը:
Չի թույլատվրում կատարել հեռացում, եթե մահացած անձը առարկել է դրան»:
Հոդված 18 – Մարդու մարմնի նկատմամբ հարգանքը
«Հեռացման ժամանակ մարդու մարմնին պետք է վերաբերվել ամենայն հարգանքով և ձեռնարկել բոլոր ողջամիտ միջոցները դիակի տեսքը վերականգնելու ուղղությամբ»:
Լրացուցիչ արձանագրության բացատրական զեկույցի համապատասխան մասերը սահմանում են.
Ներածություն
«2. Սույն Արձանագրության նպատակն է սահմանել և պաշտպանել օրգանների և հյուսվածքների դոնորների՝ անկախ նրանց կենդանի կամ մահացած լինելու հանգամանքից, ինչպես նաև մարդկային ծագում ունեցող փոխպատվաստված օրգաններ և հյուսվածքներ ստացող անձանց իրավունքները»:
Արձանագրության մշակումը
«7. Սույն Արձանագրությունը տարածում է Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի դրույթների կիրառումը մարդկային ծագում ունեցող օրգանների, հյուսվածքների և բջիջների ոլորտի նկատմամբ: Կոնվենցիայի դրույթները կիրառելի են սույն Արձանագրության նկատմամբ: Սույն Արձանագրությունից օգտվելու հարմարավետությունը ապահովելու համար, այն մշակվել է այնպիսի եղանակով, որպեսզի դրանից օգտվողները կարիք չունենան վկայակոչել Կոնվենցիան՝ Արձանագրության դրույթների շրջանակը հասկանալու համար: Սակայն, Կոնվենցիան ներառում է այնպիսի սկզբունքներ, որոնք սույն Արձանագրությունը նախատեսված է զարգացնել: Հետևաբար, երկու տեքստերի համակարգային ուսումնասիրությունը կարող է օգտագակ լինել և որոշ դեպքերում էլ՝ անհրաժեշտ»:
Արձանագրության դրույթների վերաբերյալ մեկնաբանություններ
Նախաբան
«13. Նախաբանը ընդգծում է այն փաստը, որ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի 1-ին հոդվածը՝ պաշտպանելով բոլոր մարդկանց արժանապատվությունը և անհատական ինքնությունը և երաշխավորելով յուրաքանչյուրի՝ իրենց անձեռնմխելիության նկատմամբ հարգանքը, հանդիսանում է համապատասխան այն հիմքը, որի հիման վրա հնարավոր է ձևակերպել լրացուցիչ սկզբունքներ՝ դոնորների, հավանական դոնորների և օրգանների և հյուսվածքների ստացողների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»:
Հոդված 1 – Նպատակը
«16. Այս հոդվածը սահմանում է, որ սույն Արձանագրության նպատակն է մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման կիրառման հետ կապված պաշտպանել մարդու արժանապատվությունը և անհատական ինքնությունը և երաշխավորել յուրաքանչյուրին, առանց խտրականության, անձի անձեռնմխելիությունը և այլ իրավունքներն ու հիմնական ազատությունները:
17. «Յուրաքանչյուրին» եզրույթը օգտագործվել 1-ին հոդվածում, քանի որ այն դիտվել է որպես առավել համահունչ եզրույթ՝ դուրս թողնելով սույն Արձանագրության շրջանակից, ինչպես որ նշվում է 2-րդ հոդվածում (տե՛ս ստորև՝ 24-րդ պարբերությունը), սաղմնային և պտղի օրգանները կամ հյուսվածքները: Սույն Արձանագրությունը բացառապես վերաբերում է այն անձի օրգանների կամ հյուսվածքների հեռացմանը, որն արդեն ծնվել է՝ անկախ նրանից, թե ներկայումս այդ անձը կենդանի է կամ մահացած, ինչպես նաև մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստմանը մեկ այլ անձին, որը նույնպես ծնվել է»:
Հոդված 16 – Մահվան փաստի հաստատումը
«94. Առաջին կետի համաձայն՝ նախքան օրգանների կամ հյուսվածքների «օրենքով նախատեսված կարգով» հեռացմանը, պետք է հաստատել անձի մահվան փաստը: Պետությունների պարտականությունն է օրենսդրորեն սահմանել մահվան փաստի ճանաչման որոշակի ընթակարգ, այն դեպքում երբ անձի՝ կենսական ֆունկցիաները շարունակվում են արհեստականորեն պահպանվել: Այս առումով, հարկավոր է նշել, որ շատ երկրներում օրենքով սահմանվում են ուղեղի մահվան հասկացությունն ու պայմանները:
95. Սահմանված կարգի պահպանմամբ՝ մահվան փաստը հաստատվում է բժշկի կողմից և մահվան փաստի հաստատման միայն այդ ձևն է, որ կարող է փոխպատվաստմանը թույլատրել մեկնարկել: Վերականգնողական թիմը պետք է համոզված լինի, որ պահանջվող ընթացակարգն ավարտվել է նախքան վերականգնողական գործողության սկսելը: Մահվան փաստի հաստատման այս ընթացակարագն որոշ պետություններում առանձնացված է մահվան վկայականի պաշտոնական տրամադրումից:
96. 16-րդ հոդվածի երկրորդ կետը կարևոր երաշխիք է նախատեսում մահացած անձի համար՝ ապահովելով մահվան փաստի հաստատման անկողնակալությունը, և պահանջելով, որ մահվան փաստը հաստատող բժշկական անձնակազմը չլինի այն նույն անձնակազմը, որը ներգրավված է փոխպատվաստման գործընթացի որևէ մի փուլում: Կարևոր է, որ մահացած յուրաքանչյուր նման անձի շահերը և մահվան փաստի հաստատման հետագա գործընթացը վերապահված լինեն բժշկական այն անձնակազմին, որը ամբողջությամբ չեզոք է փոխպատվաստմանը մասնակող բժիշկների թիմից: Այդ երկու գործառույթները միմյանցից չառանձնացնելու դեպքում կարող է վտանգվել հասարակության վստահությունը փոխպատվաստման համակարգի նկատմամբ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ դոնորների վրա:
97. Սույն Արձանագրության նպատակների համար նորածինները, այդ թվում՝ անէնցեֆալ նորածինները օգտվում են նույն պաշտպանությունից, ինչպես և ցանկացած անձ, և մահվան փաստի հաստատման կանոնները նույնպես կիրառելի են նրանց նկատմամբ»:
Հոդված 17 – Համաձայնությունը և թույլտվությունը
«98. 17-րդ հոդվածը չի թույլատրում հեռացնել որևէ օրգան կամ հյուսվածք, քանի դեռ ներպետական օրենսդրության համաձայն ձեռք չի բերբել այն անձի համաձայնությունը կամ թույլտվությունը, որը կարող է առաջարկել հեռացնել դրանք: Դա պահանջում է անդամ պետություններից ներդնել օրինական հիմքերով գործող այնպիսի մի համակարգ, որով կսահմանվեն օրգանների կամ հյուսվածքների հեռացումը թույլատրող պայմաններ: Բացի այդ, 8-րդ հոդվածի ուժով, կողմերը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ իրազեկելու հանրությանը մասնավորապես այն խնդիրների մասին, որոնք վերաբերում են մահացած անձանց օրգանների կամ հյուսվածքների հեռացման համաձայնության կամ թույլտվության հետ կապված հարցերին (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը):
99. Եթե անձը իր կենդանության օրոք հայնտի է դարձրել մահից հետո իր օրգանների կամ հյուսվածքների հեռացման նկատմամբ իր դրական կամ բացասական վերաբերմունքի մասին, ապա նրա ցանկությունները պետք հարքվեն նրա մահից հետո: Եթե առկա է պաշտոնական հաստատություն, որը գրառում է կատարում նման ցանկությունները և անձը գրանցել է իր օրգանները կամ հյուսվածքները նվիրաբերելու համաձայնությունը, ապա նման համաձայնությունը պետք է գերակշռող դեր ունենա. հեռացումը՝ հնարավոր լինելու դեպքում, պետք է ի կատար ածվի: Նույն պատճառով, հեռացումը չի կարող կատարվել, եթե հայտնի է, որ անձը առարկել է դրա դեմ: Այնուամենայնիվ, անձի վերջին ցանկությունների վերաբերյալ գրառում կատարող պաշտոնական հաստատության հետ խորհրդակցելը վավեր կլինի միայն այն անձանց առնչությամբ, որոնք առկա են այնտեղ: Այն չի կարող հանդիսանալ մահացած անձի ցանկությունները պարզելու միակ եղանակը, եթե նման ցանկության գրանցումը պարտադիր բնույթ չի կրում:
100. Օրգանների կամ հյուսվածքների հեռացումը կարող է կատարվել այն մահացած անձի պարագայում, որն իր կենդանության օրոք ունակ չի եղել համաձայնելու, և եթե օրենքով պահանջվող բոլոր թույլտվությունները ձեռք են բերվել: Այդպիսի թույլտվությունը հավասարապես կարող է պահանջվել կատարելու համար մահացած այն անձի օրգանների կամ հյուսվածքների հեռացում, որն իր կենդանության օրոք ունակ է եղել տալ համաձայնություն, սակայն հայտնի չի դարձրել իր ցանկությունները՝ դիահերձման ժամանակ իր օրգանների կամ հյուսվածքների հնարավոր հեռացման վերաբերյալ:
101. Չսպասելով այդ համակարգի ներդրմանը, հիշատակված հոդվածը, հետևաբար, նախատեսում է, որ եթե մահացած անձի ցանկանությունները կասկածանքի տակ են դրվում, ապա հնարավոր է ապավինել ներպետական օրենսդրությանը՝ համապատասխան ընթացակարգի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար: Որոշ երկրներում օրենքը թույլատրում է կատարել հեռացումը, եթե նվիրաբերելու հարցում գոյություն չունի ուղղակի կամ անուղղակի առարկություն: Տվյալ դեպքում, օրենքը սահմանում է մտադրությունն արտահայտելու այնպիսի միջոցներ, ինչպիսին են առարկությունների մասին գրանցամատյանը: Այլ երկրներում, օրենքը թերհավատորեն չի կանխորոշում շահագրգիռ կողմի ցանկությունները և սահմանում է հարազատների և ընկերների շրջանում հարցում կատարելու մեխանիզմ, որի նպատակն է՝ պարզել, թե արդյոք հանգուցյալը համակրել է օրգանների նվիրավերությանը:
102. Ինչ համակարգ էլ լինի, եթե մահացած անձի ցանկությունները բավարար կերպով չեն պարզվում, ապա օրգանների հեռացման համար պատասխանատու թիմը պետք է ջանքեր գործադրի՝ նախօրոք ստանալու համար հանգուցյալի հարազատների հաստատումը: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, նման թույլտվությունը պետք է կախված լինի մերձավոր հարազատների՝ օրգանների և հյուսվածքների նվիրաբերության հարցի հանդեպ դեմ կամ կողմ լինելու նախապատվություններից: Մերձավոր հարազատներից անհրաժեշտ է միայն տեղեկանալ հանգուցյալի արտահայտած կամ ենթադրյալ ցանկությունների մասին: Հավանական դոնորի արտահայտած տեսակետներն են, որոնց առաջնահերթ ուշադրություն է պետք դարձնել օրգանների կամ հյուսվածքների հեռացման հարցը քննարկելիս: Կողմերը պետք է հստակեցնեն, թե արդյոք օրգանների կամ հյուսվածքների հեռացումը կարող է կատարվել, եթե մահացած անձի ցանկությունները հայտնի չեն կամ դրանք հնարավոր չէ պարզել հարազատներից կամ ընկերներից:
103. Այն դեպքում, երբ անձը մահանում է մի երկրում, որում նա, որպես կանոն, չի բնակվում, օրգանների կամ հյուսվածքների ձեռք բերման հարցերով զբաղվող թիմը պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի պարզելու հանգուցյալի ցանկությունները: Կասկածանքներ առաջանալու դեպքում, այդ թիմը պետք է պահպանի այն երկրի կիրառման ենթակա համապատասխան օրենսդրությունը, որտեղ հանգուցյալը, որպես կանոն, բնակվել է կամ, լռելյայն, որի քաղաքացի է հանդիսացել»:
Հոդված 18 – Մարդու մարմնի նկատմամբ հարգանքը
«104. Դիակը՝ իրավաբանորեն անձ չի հանդիսանում, սակայն դրան հարգանքով պետք է վերաբերվել: Այս հոդվածը համապատասխանաբար սահմանում է, որ օրգանների կամ հյուսվածքների հեռացման ժամանակ մարդու մարմնի նկատմամբ պետք է հարգանքով վերաբերվել և հեռացումից հետո՝ մարմինը, որքանով դա հնարավոր է, անհրաժեշտ է վերականգնել իր նախնական տեսքի»:
38. 2002թ. մայիսին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հարցաթերթիկ է ուղարկել Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններին, որը վերաբերել է փոխպատվաստման[1] օրենսդրության և պրակտիկայի ասպետկներին: Լատվիայի կառավարությունը դրական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք կենդանի դոնորի մոտից օրգանների կամ հյուսվածքների հեռացումը թույլտվություն է պահանջում և հղում կատարել Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի 19-րդ և 20-րդ հոդվածներին, ինչպես նաև «Մահացած անձանց մարմինների պաշտպանության և մարդկային օրգանների և հյուսվածքների օգտագործման մասին» օրենքի 13-րդ հոդվածին: Նրանք նշել են, որ դրա համար գրավոր թույլտվություն է հարկավոր: Իրենց պատասխանում այն հարցին, թե «ի՞նչ հարաբերություններ պետք է գոյություն ունենան օրգանի կենդանի դոնորի և ստացողի միջև», նրանք հղում են կատարել Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիայի 19-րդ և 20-րդ հոդվածներին: «Ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսվում [օրգանների թրաֆիկինգով զբաղվող] հանցագործների համար, մասնավորապես՝ միջնորդների և առողջապահության ոլորտի մասնագետների համար» հարցին Լատվիայի կառավարությունը պատասխանել է հղում կատարելով Քրեական օրենքի 139-րդ հոդվածին (տե՛ս ստորև՝ 53-րդ պարբերությունը):
Բ. Եվրոպական միության փաստաթղթերը
39. 1998թ. հուլիսի 21-ին Եվրոպական հանձնաժողովի Գիտական էթիկայի և նոր տեխնոլոգիաների հարցերով եվրոպական խումբը (EGE)[2] ընդունել է «Մարդկային հյուսվածքների պահեստավորման էթիկական ասպետկների մասին» թիվ 11 եզրակացությունը: Դրա համապատասխան մասերում սահմանվում է.
«2.3 Տեղեկատվություն և համաձայնություն
Մարդկային հյուսվածքների ձեռք բերումը, որպես սկբունք, պահանջում է շահագրգիռ անձի իրազեկված և ազատ համաձայնությունը: Այն կիրառելի չէ դատական, մասնավորապես՝ քրեական գործի շրջանակում դատավորի որոշման հիման վրա հյուսվածքների ձեռք բերման դեպքերին:
Թեև համաձայնության առկայությունը էթիկական հիմնարար սկզբունք է հանդիսանում Եվրոպայում, այդ համաձայնությունը տալու հետ կապված ընթացակարգերը և տեսակները (բանավոր կամ գրավոր, որպես վկա և ոչ, ուղղակի կամ անուղղակի, և այլն) ներպետական օրենսդրության հարցեր են, որոնք կապված են յուրաքանչյուր երկրի իրավական ավանդույթների հետ:
...
2.3.2 Մահացած դոնորները
Մահից հետո հյուսվածքները հեռացնելու դոնորի համաձայնությունը՝ կապված ներպետական համակարգերից, կարող է տարբեր ձևերով արտահայտվել («ուղղակի» կամ «ենթադրյալ» համաձայնություն): Սակայն, հյուսվածքների հեռացումը չի կարող կատարվել, բացառությամբ դատական կարգով նախատեսված դեպքերի, եթե շահագրգիռ կողմը իր կենդանության օրոք պաշտոնապես առարկել է: Բացի այդ, եթե կամարտահայտում տեղի չի ունեցել և կիրառվող համակարգն էլ «ենթադրյալ» համաձայնության հետ է կապված, ապա բժիշկները պետք է ապահովեն, որքանով դա հնարավոր է, որ հարազատը կամ ազգակիցը հնարավորություն ունենա արտահայտել հանգուցյալի ցանկությունները և պետք է հաշվի առնեն այն»:
40. Մարդկային հյուսվածքների և բջիջների նվիրաբերության, ձեռք բերման, փորձարկման, մշակման, պահպանման, պահեստավորման և բաշխման որակի և անվտանգության չափանիշները գործի մեջ դնող Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2004թ. մարտի 31-ի թիվ 2004/23/EC հրահանգը սահմանում է.
Հոդված 13 – Համաձայնություն
«1. Մարդկային հյուսվածքների կամ բջիջների ձեռք բերումը պետք է միայն թույլատրվի համապատասխան անդամ պետությունում գործող պարտադիր կատարման ենթակա համաձայնության կամ թույլտվության հետ կապված բոլոր պահանջները կատարելուց հետո:
2. Անդամ պետությունները պետք է իրենց ներպետական օրեսնդրության համապատասխան ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները ապահովելու, որ դոնորները, նրանց հարազատները կամ դոնորի անունից թույլտվություն տվող ցանկացած անձ պատշաճ կերպով տեղեկացված լինի այն ամենի մասին, որը տեղ է գտել սույն Հավելվածում»:
ՀԱՎԵԼՎԱԾ - ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ Է ԲՋԻՋՆԵՐԻ ԵՎ/ԿԱՄ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Բ. Մահացած դոնորները
«1. Ամբողջ տեղեկատվությունը և անհրաժեշտ բոլոր թույլտվությունները և համաձայնությունները պետք է ձեռք բերվեն անդամ պետություններում գործող օրենսդրության համաձայն:
2. Դոնորների կատարած գնահատման հայտնի դարձած արդյունքները՝ անդամ պետությունների օրենսդրության համաձայն պետք է հաղորդվեն և հստակ կերպով բացատրվեն համապատասխան անձանց»:
Գ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության («ԱՀԿ») փաստաթղթերը
41. ԱՀԿ-ի Մարդկային բջիջների, հյուսվածքների և օրգանների փոխպատվաստման մասին ուղեցուցային սկզբունքները (ընդունվել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 2010թ. մայիսի 21-ին կայացած վաթսուն երրորդ նստաշրջանին, Բանաձև WHA63.22) համապատասխանաբար սահմանում են.
Ուղեցուցային սկզբունք 1
«Բջիջները, հյուսվածքները և օրգանները կարող են փոխպատվաստման նպատակով հեռացվել մահացած անձի մարմնից, եթե.
(ա) առկա են օրենքով պահանջվող բոլոր համաձայնությունները, և
(բ) որևէ պատճառ չկա հավատալու, որ մահացած անձն առարկել է նման հեռացման դեմ»:
Ուղեցուցային սկզբունք 1՝ մեկնաբանություն
Համաձայնությունը հանդիսանում է բժշկական բոլոր միջամտությունների էթիկայի անկյունաքարը: Ներպետական մարմինները պատասխանատու են միջազգային էթիկական չափանիշների համապատասխան բջիջների, հյուսվածքների և օրգանների նվիրաբերության համաձայնությունը ձեռք բերելու և գրառելու կարգը սահմանելու համար, այն կարգի համար, որով օրգանների ձեռք բերումը կազմակերպվում է իրենց երկրում, ինչպես նաև համաձայնության՝ որպես չարաշահումների և անվտանգությանն առնչվող խախտումների դեմ երաշխիքի, գործնական դերի համար:
Այն, թե արդյոք մահացած անձից օրգանների և հյուսվածքների ձեռք բերումը թույլատրող համաձայնությունը «ուղղակի» է կամ «ենթադրյալ», կապված է յուրաքանչյուր երկրի սոցիալական, բժշկական և մշակութային սովորույթներից, այդ թվում՝ նրանից, թե ինչ կարգով են ընտանիքներն ընդգրկվում ընդհանուր առողջապահության բնագավառում որոշումների կայացման գործընթացին: Երկու համակարգերում էլ մահացած անձի բջիջների, հյուսվածքների կամ օրգանների հետմահու հեռացմանը դեմ լինելու մասին վկայող ցանկացած վավեր վկայություն կարգելափակի նման հեռացումը:
Ուղղակի համաձայնության ռեժիմի համաձայն, որն երբեմն անվանում են «մասնակցային», բջիջները, հյուսվածքները կամ օրգանները կարող են հեռացվել մահացած անձից, եթե այդ անձն իր կենդանության օրոք ուղղակիորեն համաձայն է եղել նման հեռացման հետ: Ներպետական օրենսդրությունից ելնելով՝ նման համաձայնությունը կարող է արվել բանավոր կարգով կամ գրանցվել դոնորի քարտի, վարորդական վկայականի կամ նույնականացման քարտի վրա կամ բժշկական գործում կամ դոնորների ռեեստրում: Այն դեպքերում, երբ հանգուցյալը չի տվել իր համաձայնությունը և ոչ էլ՝ հստակորեն առարկել օրգանների հեռացման դեմ, թույլտվությունը անհրաժեշտ է ձեռք բերել իրավաբանորեն հայտնի փոխարինողից, որը հաճախ ընտանիքի անդամն է լինում:
Դրա այլընտրանքը, այն է՝ ենթադրյալ համաձայնության համակարգը, որին շնորհվել է «խուսափողական (կամ պայմանագրային)» եզրույթը, մահացած անձի մարմնից թույլ է տալիս հեռացում կատարել փոխպատվաստման, իսկ մի շարք երկրներում՝ անատոմիական ուսումնասիրության կամ հետազոտության համար, եթե անձը իր մահից առաջ չի արտահայտել իր անհամաձայնությունը՝ այն համապատասխան գրասենյակին ուղարկելով, կամ իրազեկված կողմի հաղորդումներն այն մասին, որ հանգուցյալը հստակորեն արտահայտել է նվիրաբերելու դեմ իր անհամաձայնությունը: Հաշվի առնելով համաձայնության էթիկական կարևորությունը, նման համակարգը պետք է ապահովի, որ անձինք լիովին տեղեկացված են այդ քաղաքականության վերաբերյալ և հնարավորություն ունեն հեշտությամբ դրանից խուսափել:
Թեև արտահայտված համաձայնության առկայությունը չի պահանջվում խուսափողական համակարգում՝ մինչև մահացած այն անձանց բջիջների, հյուսվածքների կամ օրգանների հեռացումը, որոնք իրենց կենդանության օրոք չեն առարկել դրան, գնումների ծրագրերը կարող են որոշակի դիմադրության հանդիպել, եթե հարազատները անձամբ առարկում են նվիրաբերությանը. նմանապես, մասնակցային համակարգերում ծրագրերը սովորաբար ջանում են նաև ստանալ ընտանիքի թույլտվությունը, նույնիսկ երբ հանգուցյալը տվել է հետմահու համաձայնություն: Ծրագրերը կարող են ավելի շատ ապավինել հանգուցյալի ուղղակի կամ ենթադրյալ համաձայնության վրա՝ չփորձելով լրացուցիչ կարգով ստանալ ընտանիքի անդամների թույլտվությունը, եթե բջիջների, հյուսվածքների և օրգանների նվիրաբերության գործընթացի հանրային ընկալումը և դրա հավանությունը խորը արմատներ ունի և աներկբա է: Նույնիսկ, երբ կարիք չկա ստանալ հարազատների թույլտվությունը, դոնորների ծրագրերը՝ հանգուցյալին լավ ճանաչող ընտանիքի անդամների հետ պետք է ստուգեն նրա բժշկական քարտը և վարքագծի հետ կապված որոշ մանրամասներ, քանի որ դոնորների վերաբերյալ ստացված ճշգրիտ տեղեկատվությունը օգնում է բարձրացնել փոխպատվաստման անվտանգությունը:
Հյուսվածքների նվիրաբերության դեպքում, որը մի փոքր ավելի շահեկան վիճակում է գտնվում ժամանակի սղության առումով, մշտապես խորհուրդ է տրվում ստանալ մերձավոր հարազատի համաձայնությունը: Կարևոր է պատասխանել այն հարցին, թե հյուսվածքների հեռացումից հետո ինչպես պետք է վերականգնվի դիակի տեսքը»:
Դ. Ներպետական օրենսդրությունը
1. «Մահացած անձանց մարմինների պաշտպանության և մարդկային օրգանների և հյուսվածքների օգտագործման մասին» օրենքը
42. «Մահացած անձանց մարմինների պաշտպանության և մարդկային օրգանների և հյուսվածքների օգտագործման մասին» օրենքը (likums «Par miruša cilvēka ķermeņa aizsardzību un cilvēka audu un orgānu izmantošanu medicīnā», «Օրենք»), որը գործում էր խնդրո առարկա ժամանակահատվածում (համապատասխան փոփոխություններով, որոնք գործել են 1995թ. նոյեմբերի 1-ին մինչև 2001թ. դեկտեմբերի 31-ը), 2-րդ հոդվածում սահմանում է, որ իրավունակություն ունեցող յուրաքանչյուր կենդանի անձ իրավունք ունի գրավոր կարգով համաձայնել կամ առարկել իր մարմինը մահից հետո օգտագործելու դեմ: Արտահայտված այդ ցանկությունը, բացառությամբ, եթե այն չի հակասում օրենքին, պարտադիր ուժ ունի:
43. 3-րդ հոդվածը սահմանում է, որ իրավական հետևանքներ է առաջացնում միայն այն առարկությունը կամ համաձայնությունը՝ սեփական մարմինը մահից հետո օգտագործելու վերաբերյալ, որը ստորագրվել է իրավունակություն ունեցող անձի կողմից, գրառվել է նրա բժշկական քարտում և մատնանշվել անձնագրում հատուկ կնիքով: Սոցիալական ապահովության հարցերի նախարարության առողջապահության վարչությունը պատասխանատու է անձի բժշկական քարտում այդ առարկությունը կամ համաձայնությունը գրառելու ընթացակարգը մշակելու համար (տարբերվում է 2002թ. հունվարի 1-ից գործող օրենսդրական փոփոխություններից հետո առկա իրավիճակից, Petrova-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 4605/05, § 35, 24 հունիսի 2014թ.):
44. 4-րդ հոդվածի համաձայն, որը կրում է «Մերձավոր հարազատների իրավունքները» խորագիրը, մահացած անձի օրգանները և հյուսվածքները չեն կարող հեռացվել, եթե անձը իր կենդանության օրոք դեմ է արտահայտվել դրան: Արտահայտած ցանկությունների բացակայության պարագայում հեռացումը կարող է կատարվել, եթե դրան չեն առարկում մերձավոր հարազատներից և ոչ մեկը (երեխաներ, ծնողներ, եղբայրներ և քույրեր, ամուսին): Փոխպատվաստումը կարող է միայն կատարվել հավանական դոնորի կենսաբանական կամ ուղեղի մահից հետո (հոդված 10):
45. Ավելի կոնկրետ, Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է, որ մահացած դոնորի օրգանները և հյուսվածքները կարող են հեռացվել փոխպատվաստման նպատակներով, եթե այդ անձը իր կենդանության օրոք չի առարկել նման հեռացման դեմ և եթե այն չեն արգելում վերջինիս մերձավոր հարազատները:
46. Օրենքի անցումային դրույթի շնորհիվ 2001թ. դեկտեմբերի 31-ից առաջ անձի անձնագրում ավելացված կնիքը, որը վկայում էր անձի՝ մահից հետո իր մարմինը օգտագործելու հետ համաձայն կամ դեմ լինելու մասին, իրավական հետևանքներ ուներ մինչև նոր անձնագրի տրամադրումը կամ Քաղաքացիության և միգրացիայի հարցերի գրասենյակ դիմում ներկայացնելը:
47. 17-րդ հոդվածը նախատեսում է պետության` մահացած անձի մարմինը պահպանելու և բժշկական նպատակներով օրգանների կամ հյուսվածքների օգտագործելու պարտավորությունը: Խնդրո առարկա ժամանակահատվածում այդ գործառույթը վստահված էր Սոցիալական ապահովության հարցերի նախարարության առողջապահության վարչությանը (2002թ. հունվարի 1-ից Սոցիալական ապահովության հարցերի նախարարությանը, իսկ 2004թ. հունիսի 30-ից՝ Առողջապահության նախարարությանը): Որևէ կազմակերպություն կամ իշխանական մարմին չէր կարող իրականացնել օրգանների կամ հյուսվածքների հեռացում և օգտագործեր դրանք առանց առողջապահության վարչության թույլտվության (2002թ. հունվարի 1-ից Սոցիալական ապահովության հարցերի նախարարության, իսկ 2004թ. հունիսի 30-ից՝ Առողջապահության նախարարության):
48. 18-րդ հոդվածը արգելում է հեռացված օրգանների և հյուսվածքների ընտրությունը, փոխադրումը և օգտագործումը առևտրային նպատակներով: Այն նաև սահմանում է, որ օրգանների և հյուսվածքների հեռացումը ցանկացած կենդանի կամ մահացած անձից կարող է կատարվել նրա արտահայտած համաձայնության կամ առարկության հանդեպ խիստ հարգանքի մթնոլորտում:
49. 21-րդ հոդվածը սահմանում է, որ դատախազությունը պետք է իրականացնի սույն Օրենքի հետ համապատասխանության շուրջ վերահսկողությունը (կետ 1): Սոցիալական ապահովության հարցերի նախարարության առողջապահության վարչությունը և այլ պատկան մարմիններ պատասխանատու են մարդկային հյուսվածքների և օրգանների օգտագործման օրինականության նկատմամբ մշտադիտարկում կատարելու համար (կետ 2): 2002թ. հունվարի 1-ից գործող փոփոխությունների արդյունքում 1-ին կետը ուժը կորցրած է ճանաչվել. հոդվածի մյուս կետը նախատեսում է, որ Սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը պատասխանատվություն է կրում մարդկային հյուսվածքների և օրգանների օգտագործման համապատասխանությունը օրենքի և այլ օրենսդրական փաստաթղթերի հետ ստուգելու համար: 2004թ. հունիսի 30-ից այս խնդիրը վստահված է Առողջապահության նախարարությանը: Վերջապես, 2012թ. օգոստոսի 27-ից այս հոդվածը ամբողջությամբ ուժը կորցրած է ճանաչվել:
50. 2004թ. հունիսի 2-ին խորհրդարանն ընդունել է Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 2004թ. հունիսի 30-ից: Այդ օրվանից սկսած 4-րդ հոդվածը սահմանում է, որ այն դեպքերում, երբ որևէ տեղեկատվություն առկա չէ Բնակչության ռեգիստրում առ այն, թե մահացած անձը հրաժարվել կամ համաձայնել է իր մարմինը, օրգանները կամ հյուսվածքները մահից հետո օգտագործելու հետ, մերձավոր հարազատներն իրավունք ունեն գրավոր կարգով տեղեկացնել բժշկական հաստատությանը հանգուցյալի կողմից իր կենդանության օրոք արտահայտած ցանկությունների մասին: 11-րդ հոդվածը սահմանում է, որ մահացած անձի օրգանները և մարմնի հյուսվածքները կարող են հեռացվել փոխպատվաստման նպատակներով, եթե որևէ տեղեկություն առկա չէ Բնակչության ռեգիստրում՝ մահացած անձի կողմից իր օրգանները կամ մարմնի հյուսվածքները մահից հետո օգտագործելու հետ համաձայն կամ դրան դեմ լինելու վերաբերյալ, և եթե մահացածի մերձավոր հարազատները փոխպատվաստումից առաջ գրավոր կարգով չեն իրազեկել բժշկական հաստատությանը հանգուցյալի կենդանության օրոք՝ իր օրգանները և մարմնի հյուսվածքները մահից հետո օգտագործելու գաղափարին ընդդիմադիր լինելու մասին: Արգելվում է հեռացնել մահացած երեխայի օրգանները և մարմնի հյուսվածքները փոխպատվաստման նպատակներով, եթե ծնողներից մեկը կամ օրինական խնամակալը գրավոր կարգով չի համաձայնել դրան:
2. Կառավարության թիվ 431 (1996) որոշումը
51. Այս որոշումը (Noteikumi par miruša cilvēka audu un orgānu uzkrāšanas un izmantošanas kārtību medicīnā) նախատեսում է, որ օրգանների և հյուսվածքների հեռացումը կարող է կատարվել անձի՝ կենսաբանական կամ ուղեղի մահից հետո, եթե վերջինիս անձնագրում և բժշկական քարտում առկա է դրա հետ համաձայն լինելու մասին վկայող կնիքը (կետ 3): Այդ կնիքի բացակայության պարագայում գործում են սույն Օրենքի (տե՛ս վերևում) դրույթները:
3. MADEKKI-ի իրավական որոշումը
52. Բժշկական ծառայության որակի վերահսկման և աշխատանքի կարողության հարցերի տեսչության («MADEKKI») իրավական որոշումը լատվիական օրենսդրությունում վերլուծվել է L.H.-ն ընդդեմ Լատվիայի գործով (թիվ 52019/07, §§ 24-27, 29 ապրիլի 2014թ.): Սույն գործի նպատակների համար բավարար է ընդգծել, որ կառավարության կողմից ընդունված (թիվ 391 (1999) որոշում, գործել է 1999թ. նոյեմբերի 26-ից մինչև 2004թ. հունիսի 30-ը) տեսչության այդ որոշումները մասնավորապես սահմանում են, որ MADEKKI-ի հիմնական գործառույթներից մեկը՝ բժշկական հաստատություններում առողջապահության մասնագիտական որակի վերահսկումն է:
4. Քրեական օրենքի դրույթները
53. Քրեական օրենքի (Krimināllikums) 139-րդ հոդվածը սահմանում է, որ բժշկական նպատակների օգտագործման համար կենդանի կամ մահացած մարդու օրգանների կամ հյուսվածքների ապօրինի հեռացումը քրեական հանցանագործություն է, եթե կատարվել է մասնավոր պրակտիկայով զբաղվող բժշկի կողմից:
54. Նախկին Քրեական դատավարության օրենսգրքի (Latvijas Kriminālprocesa kodekss) (գործել է մինչև 2005թ. հոկտեմբերի 1-ը) համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով կողմերի իրավունքներին վերաբերող համապատասխան դրույթները մեկնաբանվել են Liģeres-ն ընդդեմ Լատվիայի (թիվ 17/02, §§ 39-41, 28 հունիսի 2011թ.) և Pundurs-ն ընդդեմ Լատվիայի ((որոշ.), թիվ 43372/02, §§ 12-17, 20 սեպտեմբերի 2011թ.) գործերով:
55. Բացի այդ, խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Քրեական դատավարության օրենքի (Kriminālprocesa likums) (գործում է 2005թ. հոկտեմբերի 1-ից) համաձայն՝ քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով կողմերի իրավունքներին վերաբերող համապատասխան դրույթները սահմանում են.
Հոդված 22 – Վնասի փոխհատուցման իրավունքը
«Քրեական հանցանագործության հետևանքով հոգեբանական տառապանքներ, ֆիզիկական վնասվածքներ կամ նյութական կորուստներ կրած անձին պետք է երաշխավորվեն դատավարական այնպիսի հնարավորություններ, որով նա կարող է դիմել և ստանալ նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում»:
Հոդված 351 - Փոխհատուցման պահանջը
«(1) Տուժող կողմը պետք է իրավունք ունենա քրեական գործի ցանկացած փուլում պատճառված վնասի դիմաց փոխհատուցման պահանջ ներկայացնել, ընդհուպ մինչև առաջին ատյանի դատարանում դատավարության սկսելը: Պահանջում պետք է ներկայացվեն պահանջվող փոխհատուցման չափի վերաբերյալ հիմքերը:
(2) Պահանջը պետք է ներկայացնել գրավոր կամ բանավոր կարգով: Բանավոր պահանջը պետք է արձանագրվի դատավարությունը նախագահողի կողմից:
(3) Նախաքաննության ընթացքում դատախազը պետք է նշում կատարի պահանջ ներկայացնելու և փոխհատուցման չափի մասին, իսկ նախաքննության ավարտը հայտարարող փաստաթղթում նաև նշի դրա վերաբերյալ իր կարծիքը:
(4) Անձի քրեական պատասխանատվության շուրջ որոշում չկայացնելը չպետք է խոչընդոտ հանդիսանա փոխհատուցման պահանջի ներկայացման համար:
(5) Տուժող կողմը պետք է իրավունք ունենա հետ վերցնելու ներկայացված փոխհատուցման պահանջը քրեական դատավարության ցանկացած փուլում՝ նույնիսկ մինչև այն պահը, երբ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու համար: Տուժողի կողմից փոխհատուցումից հրաժարվելը չի կարող հիմք հանդիսանա մեղադրանքի վերացման կամ փոփոխման կամ արդարացման համար»:
5. Փոխհատուցում ստանալու իրավունքը
56. Սահմանադրության (Satversme) 92-րդ հոդվածը սահմանում է, inter alia, որ «յուրաքանչյուր ոք, ում իրավունքներն անհիմն կերպով խախտվել են, իրավունք ունի համաչափ փոխտահուցում ստանալ»:
57. Քաղաքացիական օրենքի համաձայն՝ (Civillikums) (2006թ. մարտի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններից առաջ և հետո) նյութական և ոչ նյութական փոխհատուցման վնասին վերաբերող ներպետական իրավադրույթները ամբողջությամբ վկայակոչվել են Zavoloka-ն ընդդեմ Լատվիայի գործով (թիվ 58447/00, §§ 17-19, 7 հուլիսի 2009թ.): 1635-րդ և 1779-րդ հոդվածները նաև ներկայացվել են Holodenko-ն ընդդեմ Լատվիայի գործով (թիվ 17215/07, § 45, 2 հուլիսի 2013թ.):
58. 2004թ. փետրվարի 1-ից գործող Վարչական դատավարության օրենքի (Administratīvā procesa likums) 92-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի համաչափ փոխհատուցում ստանալ նյութական կամ ոչ նյութական վնասի դիմաց, որը պատճառվել է վարչական ակտի կամ պետական մարմնի գործողությունների հետևանքով: Նույն օրենքի 93-րդ հոդվածի համաձայն՝ փոխհատուցման պահանջը կարող է ներկայացվել ինչպես վարչական դատարան՝ վարչական ակտը կամ պետական մարմնի գործողություններն ապօրինի ճանաչելու վերաբերյալ հայցի հետ միասին, այնպես էլ նման վարույթի շրջանակում ընդունված վճռից հետո՝ շահագրգիռ պետական մարմնին: 188-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտի կամ պետական մարմնի գործողության վերաբերյալ հայցը՝ ելնելով հանգամանքներից պետք է ներկայացվի մեկ ամսվա կամ մեկ տարվա ընթացքում: Պետական մարմնի գործողությունների մասով՝ մեկ տարվա հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսում է հոսել այն օրվանից, երբ հայցվորը իմացել է այդ գործողությունների մասին: Վերջապես, 191-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցը ենթակա է մերժման, եթե երեք տարի է անցել այն օրվանից, երբ հայցվորը իմացել է կամ պետք է իմանար նման գործողությունների տեղի ունենալու մասին: Հայցային վաղեմության այս ժամկետը չի կարող երկարաձգվել (atjaunots):
59. Փոխհատուցման չափը, ինչպես նաև պետական մարմնից՝ ապօրինի վարչական ակտի կամ պետական մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով վնասներ պահանջելու ընթացակարգը ամրագրված է 2005թ. հուլիսի 1-ից գործող Պետական մարմինների պատճառած վնասի փոխհատուցման մասին օրենքով (Valsts pārvaldes iestāžu nodarīto zaudējumu atlīdzināšanas likums): Այդ օրենքի III-րդ Գլուխը սահմանում է այն ընթացակարգը, որով անձը պետք է ներկայացնի պետական մարմնից կրած վնասների վերաբերյալ անհատական հայցերը: 15-րդ հոդվածի համաձայն՝ անձը իրավունք ունի հայց ներկայացնել պետական այն մարմնին, որը պատասխանատու է վնասի համար: 17-րդ հոդվածի համաձայն՝ հայցը պետք է ներկայացնել ոչ ուշ քան մեկ տարի անց այն օրվանից, երբ անձը իմացել է պատճառված վնասի մասին և, ցանկացած դեպքում, ոչ ուշ քան հինգ տարի անց այն օրվանից, երբ կայացվել է ապօրինի վարչական ակտը կամ տեղի ունեցել պետական մարմնի ապօրինի գործողությունները:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
60. Դիմումատուն, նախ, բողոքել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի նյութական մասով այն մասին, որ իր ամուսնու հյուսվածքների հեռացումը կատարվել է առանց նրա կամ դիմումատուի նախնական համաձայնության: Երկրորդ՝ նա բողոքել է, որ նման համաձայնության բացակայության պարագայում խախտվել է նրա արժանապատվությունը, ինքնությունը կամ ամբողջականությունը և նրա մարմնի նկատմամբ անհարգալից են վերաբերվել:
61. Կոնվենցիայի 8-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»։
62. Կառավարությունը չի համաձայնել, որ նշված հոդվածի խախտում է տեղի ունեցել:
Ա. Նախնական հարցեր
63. Դատարանը պետք է սկսի գործի քննությունը այն հարցից, թե արդյոք այն իրավասու է ratione personae քննելու դիմումատուի բողոքը. այս հարցը ենթադրում է Դատարանի ex officio քննություն (տե՛ս Sejdić-ը և Finci-ն ընդդեմ Բոսնիայի և Հերցեգովինայի [ՄՊ], թիվ թիվ 27996/06 և 34836/06, § 27, ՄԻԵԴ 2009):
64. Ուղղակի և անուղղակի տուժողների հարցի վերաբերյալ Դատարանի մոտեցումը վերջերս ամփոփվել է Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu-ն ընդդեմ Ռումինիայի գործով ([ՄՊ], թիվ 47848/08, §§ 96-100, 17 հուլիսի 2014թ.) հետևյալ կերպ (հղումները բաց են թողնվել).
«(i) Ուղղակի տուժողները
96. 34-րդ հոդվածի համաձայն գանգատ ներկայացնելու համար անձը պետք է կարողանա ցույց տալ, որ (...) վիճարկվող միջոցը «անմիջական ազդեցություն» է ունեցել նրա վրա: Դա անհրաժեշտ է կոնվենցիոն պաշտպանության մեխանիզմը շարժման մեջ դնելու համար, թեև այս չափանիշը չպետք է կիրառվի ողջ դատավարության ընթացքում կարծր, մեխանիկական և անզիջող եղանակով (...):
Բացի այդ, Դատարանի նախադեպային իրավունքի և Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ գանգատները կարող են ներկայացնել միայն այն անձինք, կամ անձանց անունից, ովքեր կենդանի են (...): Հետևաբար, մի շարք գործերով, որոնցով ուղղակի տուժողը մահացել էր մինչև գանգատ ներկայացնելը, Դատարանը չի համաձայնել, որ ուղղակի տուժողը, նույնիսկ Դատարանում ներկայացված լինելու պարագայում, Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակների համար կարող է դիմումատուի կարգավիճակ ունենալ (...):
(ii) Անուղղակի տուժողները
97. Վերևում հիշատակված գործերի տեսակը տարբերվում է այն գործերից, որոնցով դիմումատուի ժառանգներին թույլատրվել է հետամուտ լինել արդեն ներկայացված գանգատի ընթացքին: Այս հարցի կապակցությամբ վստահելի աղբյուր է հանդիսանում Fairfield-ը և այլոք (...) գործը, որով հոր մահվանից հետո դուստրը գանգատ է ներկայացրել՝ պնդելով, որ տեղի է ունեցել մտքի, կրոնի և արտահայտվելու իր իրավունքների խախտում (Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներ): Թեև ներպետական դատարանները թույլ են տվել տկն. Fairfield-ին հետամուտ լինել բողոքի ընթացքին նրա հոր մահվանից հետո, Դատարանը չի համաձայնել դստեր՝ դիմումատուի կարգավիճակ ունենալու հետ և այդ գործը տարբերակել Dalban-ն ընդդեմ Ռումինիայի (...) գործով իրավիճակից, որով գանգատը ներկայացրել է հենց դիմումատուն, և նրա այրին հետամուտ է եղել դրա ընթացքին միայն ամուսնու մահից հետո:
Այս առումով, Դատարանը տարբերություն է դրել գանգատների միջև, որոնցով, մի դեպքում՝ ուղղակի տուժողը մահացել է Դատարան ներկայացված գանգատից հետո, իսկ, մյուս դեպքում՝ դիմումատուն մահացել է մինչև գանգատի ներկայացնելը:
Այն դեպքերում, երբ դիմումատուն մահացել է գանգատը ներկայացնելուց հետո, Դատարանը համաձայնել է, որ մերձավոր հարազատը կամ ժառանգը սկզբունքորեն կարող են հետամուտ լինել գանգատի ընթացքին, եթե նրանք բավարար չափով հետաքրքրված են գործի ելքով (...):
98. Սակայն, խնդիրը տարբերվում է, երբ ուղղակի տուժողը մահանում է մինչև գանգատի ներկայացնելը Դատարանին: Նման իրավիճակներում, Դատարանը՝ հղում կատարելու «տուժող» հասկացության ինքնավար մեկնաբանությանը, պատրաստակամ է ճանաչել հարազատի՝ գանգատին հետամուտ լինելու իրավունքը այն դեպքերում, երբ բողոքները ընդհանուր հետաքրքրության հարց են բարձրացրել «մարդու իրավունքների հարգման» վերաբերյալ (Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի վերջում), իսկ դիմումատուներն էլ՝ որպես ժառանգներ իրավաչափ շահ են հետապնդել գանգատին հետամուտ լինելու հարցում, կամ թե դիմումատուի սեփական իրավունքների առնչությամբ ուղղակի հետևանքների հիմքով (...): Հարկ է նշել, որ վերջին հիշատակված գործերը Դատարան են ներկայացվել ներպետական այնպիսի դատավարություններին հաջորդիվ կամ դրանց առնչությամբ, որին ուղղակի տուժողը մասնակցել է իր կենդանության օրոք:
Հետևաբար, Դատարանը ճանաչել է տուժողի մերձավոր հարազատի՝ գանգատ ներկայացնելու իրավունքը այն գործերով, երբ տուժողը մահացել է կամ անհետացել այնպիսի հանգամանքներում, որոնք ենթադրաբար հարց են առաջացնում պետության պատախասխանատվության հետ (...):
99. Varnava-ն և այլոք (...) գործով դիմումատուները գանգատներ են ներկայացրել ինչպես իրենց անունից, այնպես էլ՝ անհայտ կորած իրենց հարազատների: Դատարանը անհրաժեշտ չի գտել վճիռ կայացնելու այն մասին, թե արդյոք անհայտ կորած տղամարդիկ կարող են ունենալ դիմումատուի կարգավիճակ, թե՝ ոչ, քանի որ բոլոր դեպքերում այդ անհայտ կորած անձանց մերձավոր հարազատներն իրավունք ունեին բողոք բերեին վերջիններիս անհետացման վերաբերյալ (...): Դատարանը քննել է գործը այն հիմքով, որ անհայտ կորած անձանց հարազատները Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակներով հանդիսանում էին դիմումատուներ:
100. Այն գործերով, որտեղ Կոնվենցիայի ենթադրյալ խախտումը սերտորեն կապված չէ անհետացման կամ մահվան դեպքերի հետ, որոնք կարող են հարցեր առաջացնել 2-րդ հոդվածի ներքո, Դատարանը որդեգրել է ավելի խստապահանջ մոտեցում, որին կարելի է հանդիպել Sanles Sanles-ն ընդդեմ Իսպանիայի գործով (...), որը վերաբերում էր ինքնասպանության օժանդակության արգելմանը: Դատարանը վճռել է, որ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ դիմումատուի կողմից վկայակոչված իրավունքները պատկանում են չփոխանցվող իրավունքների կատեգորիային և ուստի եզրահանգել է, որ դիմումատուն, որը հանգուցյալի քենի էր և իրավահաջորդը, չէր կարող իր հանգուցյալ տեգրի անունից հավակնել լինել խախտման զոհ: Դատարանը նույն եզրահանգման է եկել 9-րդ և 10-րդ հոդվածների համաձայն ենթադրյալ տուժողի դստեր կողմից ներկայացված բողոքների առնչությամբ (...):
5-րդ, 6-րդ և 8-րդ հոդվածներին վերաբերող բողոքների այլ գործերով Դատարանը տուժողի կարգավիճակ է շնորհել մերձավոր հարազատներին, թույլ տալով նրանց գանգատ ներկայացնել այն դեպքերում, երբ նրանք կարող են հիմնավորել հանգուցյալ տուժողի՝ մեղքից ազատելու (...) կամ իր և իր ընտանիքի հեղինակությունը (...) պաշտպանելու հարցում իրենց բարոյական շահը կամ երբ նյութական իրենց իրավունքների նկատմամբ ուղղակի ազդեցության հիմքով նրանք կարող են հիմնավորել նյութական շահի առկայությունը (...): Ընդհանուր շահի առկայությունը, որն առիթ է հանդիսանում բողոքների ուսումնասիրման համար վարույթի բացման համար, նույնպես պետք է հաշվի առնվի (...):
Դատարանը գտել է, որ դիմումատուի մասնակցությունը ներպետական դատավարություններին, մի շարք վերաբերելի չափանիշներից ընդամենը մեկն է (...)»:
65. Ինչ վերաբերում է բողոքի առաջին մասին, Դատարանը գտնում է, որ դիմումատուն պատշաճ կերպով հիմնավորել է, որ իր հանգուցյալ ամուսնու հյուսվածքների հեռացումը՝ առանց իր համաձայնության, ուղղակիորեն ազդեցություն է ունեցել իր վրա (տե՛ս նաև Petrova-ի գործը, մեջբերված է վերևում, § 56): Ուստի, Դատարանը բավարարված է նրանով, որ դիմումատուն կարող է այս առումով համարվել «ուղղակի տուժող» (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը): Սակայն, այն մասով, որով դիմումատուի բողոքը վերաբերում է իր հանգուցյալ ամուսնու համաձայնության առկա չլինելուն, Դատարանը գտնում է, որ այն անհամատեղելի է ratione personae Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստի հետ և ուստի պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն:
66. Ինչ վերաբերում է բողոքի երկրորդ մասին, Դատարանը նշում է, որ դիմումատուն ընդունել է, որ այն առնչվում է իր հանգուցյալ ամուսնու իրավունքներին: Հետևաբար, այն նույնպես պետք է մերժվի՝ ըստ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի՝ որպես ratione personae անհամատեղելի:
67. Վերջապես, Դատարանը նշում է, որ որոշ առումներով բողոքի երկրորդ մասը համընկնում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո բողոքի հետ, և ուստի Դատարանը քննելու է այդ բողոքը ստորև, որքանով որ այն վերաբերում է դիմումատուի իրավունքներին:
Բ. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
68. Կառավարությունը ընդունել է, որ դիմումատուի բողոքն ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն «անձնական կյանք» սահմանի շրջանակներում, սակայն Կառավարությունը չի համաձայնել, որ այն վերաբերում է «ընտանեկան կյանքին»:
69. Նախ, հիմնվելով Դատարանի Grišankova-ն և Grišankovs-ն ընդդեմ Լատվիայի գործով ((որոշ.), թիվ 36117/02, ՄԻԵԴ-2003 II (հատվածներ)) որոշման վրա, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները: Կառավարությունը գտել է, որ դիմումատուն պետք է դիմում ներկայացներ Սահմանադրական դատարան, քանի որ նրա ամուսնու հյուսվածքների հեռացումը կատարվել է Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգի համապատասխան: Դիմումատուն պետք է հարց բարձրացներ հիշատակված իրավական դրույթների՝ Լատվիայի Սահմանադրության հետ համապատասխանության հարցի շուրջ:
70. Երկրորդ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն MADEKKI-ին բողոք չի ներկայացրել: Կառավարությունը ընդգծել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում MADEKKI-ն այն մարմինն էր, որը իրավասու էր քննել դիմումատուի բողոքները, քանի որ վերջինիս գործառույթների մեջ էին մտնում բժշկական հաստատություններում առողջապահության որակի ստուգումը: Կառավարության պնդմամբ՝ MADEKKI-ի կողմից հյուսվածքների հեռացման ընթացակարգի՝ ներպետական օրենսդրության հետ համապատասխանության հարցի վերաբերյալ իրականացվող քննությունն անհրաժեշտ նախապայման էր պատասխանատուի նկատմամբ քաղաքացիական կամ քրեական վարույթ սկսելու համար: Այս կապակացությամբ, Կառավարությունը լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել:
71. Երրորդ, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր վկայակոչել Քաղաքացիական օրենքի 1635-րդ հոդվածը (2006թ. մարտի 1-ից գործող) և քաղաքացիական գործեր քննող դատարաններում նյութական կամ ոչ նյութական փոխհատուցման պահանջի հայց ներկայացներ: Կառավարությունը որոշ օրինակներ է ներկայացրել ներպետական նախադեպային իրավունքից, որը վերաբերում է պրակտիկայում 1635-րդ հոդվածի կիրառությանը: Կառավարությունը վկայակոչել է PAC-714 գործով (հարուցվել է 2005թ. փետրվարի 7-ին) դատավարությանը, որով հայցվորը ոչ նյութական փոխհատուցում էր պահանջում այն հիվանդանոցին, որտեղ նա ծննդաբերել էր և առանց նրա համաձայնության իրականացվել էր վերջինիս ֆալոպյան խողովակների փոխկապում (վիրաբուժական բեղմնականխում) (տե՛ս L.H.-ն ընդդեմ Լատվիայի, մեջբերված է վերևում, § 8): 2006թ. դեկտեմբերի 1-ին այդ հայցը բավարարվել էր և Քաղաքացիական օրենքի 2349-րդ հոդվածի հիման վրա վճռվել հայցվորին վճարել 10,000 լատվիական լաթի (LVL)՝ որպես ֆիզիկական վնասվածքների և հոգեբանական տագնապի փոխհատուցում: Այդ վճիռը ուժի մեջ էր մտել 2007թ. փետրվարի 10-ին: Կառավարությունը նաև վկայակոչել է «Տալսիի ողբերգության» գործերից մեկը (հարուցվել է 2006թ. սեպտեմբերի 15-ին), որով 2010թ. մարտի 16-ին վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է պետությանը 20,000 LVL գումարի չափով փոխհատուցում տրամադրել 1997թ. հունիսի 28-ին Տալսիում տեղի ունեցած իրադարձությունների կապակացությամբ, որի ժամանակ՝ այլ երեխաների հետ միասին նաև հայցվորի դստերն էր մահացել: Սույն գործով վերջնական որոշումը կայացվել է 2011թ. սեպտեմբերի 28-ին: Կառավարությունը չէր տրամադրել այդ գործով կայացված որոշումների պատճեները:
72. Դիմումատուն առարկել է դրան: Նա գտել է, որ իր բողոքը ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն անձնական և ընտանեկան կյանքի սահմանի ներքո:
73. Կառավարության կողմից վկայակոչված իրավական պաշտպանության առաջին ներպետական միջոցի, այն է՝ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորության մասով, դիմումատուն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանի իրավասությունը սահմանափակված էր օրենքների և իրավական այլ ակտերի՝ Սահմանադրության հետ համապատասխանության հարցի վերանայմամբ: Դիմումատուն պնդել է, որ հյուսվածքների հեռացումը հակասում էր Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների պահանջներին. նա չէր գտնում, որ այդ իրավական դրույթները հակասում են Սահմանադրությանը: Grišankovs-ը և Grišankova-ի գործը վերաբերում էր Կրթության մասին օրենքի ձևակերպմանը: Մինչդեռ, սույն գործը վերաբերում էր առանձին գործողությանը, այն է՝ նրա ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացման հետ: Բացի այդ, դիմումատուն պնդել է, որ եթե Օրենքի ինչ-որ մի դրույթ հակասում էր Սահմանադրությանը, ապա քրեական դատարանը, Գլխավոր դատախազը և Կառավարությունը կարող էին և պետք է դիմում ներկայացներին Սահմանադրական դատարան:
74. Կառավարության կողմից վկայակոչված իրավական պաշտպանության երկրորդ ներպետական միջոցի, այն է՝ MADEKKI-ին բողոքելու հնարավորության մասով, դիմումատուն նշել է, որ այն իրավասու մարմին չէր կարող համարվել: Հյուսվածքների հեռացումը առողջապահության հետ կապ չունի: Դիմումատուն վկայակոչել է Օրենքի 21-րդ հոդվածը և բացատրել, որ խնդրո առարկա ժամանակահատվածում վերահսկողություն իրականացնելը դատախազության պարտականությունների մեջ էր մտնում (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը):
75. Կառավարության կողմից վկայակոչված իրավական պաշտպանության երրորդ ներպետական միջոցի մասով դիմումատուն պնդել է, որ Դատաբժշկական կենտրոնը պետության հաստատություն էր, որը գտնվում էր Առողջապահության նախարարության հսկողության ներքո: 2004թ. փետրվարի 1-ից Վարչական դատավարության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վարչական ակտերը և պետական մարմինների գործողությունները ենթակա են դատական վերանայման վարչական դատարանների կողմից: Հետևաբար, պետական մարմնի գործողության, տվյալ պարագայում՝ դիմումատուի ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացման դեմ բողոքը կարող է ներկայացվել միայն վարչական դատարան: Անդրադառնալով Դատաբժշկական կենտրոնի կանոնակարգերին՝ դիմումատուն նշել է, որ վերջինիս աշխատակիցների գործողություններն ենթակա էր բողոքարկման կենտրոնի ղեկավարին, որի որոշումները կամ գործողություններն՝ իր հերթին ենթակային դատական վերանայման վարչական դատարանի կողմից: Սակայն, Վարչական դատավարության օրենքի համաձայն բողոք բերելու հնարավորությունը անհնարին էր դառնում դիմումատուի դեպքում, քանի որ քրեական վարույթի շրջանակում կայացված վերջնական որոշումից հետո վերջինս բաց էր թողնում հայցային վաղեմության ժամկետը: Դիմումատուն եզրակացրել է, որ փորձագետների գործողությունները ենթակա չէին դատական վերանայման քաղաքացիական գործեր քննող դատարանների կողմից:
76. Դիմումատուն նաև ընդգծել է, որ փոխհատուցման գումարը, ինչպես նաև ապօրինի վարչական ակտի կամ պետական մարմնի ապօրինի գործողությունների հետևանքով պետական մարմնից վնասներ պահանջելու ընթացակարգը սահմանված էր Պետական մարմինների պատճառած վնասի փոխհատուցման մասին օրենքով և ոչ թե՝ Քաղաքացիական օրենքով: Նախկին օրենքի համաձայն՝ հիշատակված գործողությունը՝ հայցային վաղեմության ժամկետը բացթողնված լինելու պատճառով նույնպես չէր կարող վիճարկվել:
77. Վերջապես, եթե նույնիսկ դիմումատուն Քաղաքացիական օրենքի 1635-րդ հոդվածի հիմքով հայց ներկայացներ ընդդեմ այն փորձագետների, ովքեր հյուսվածքներ էին հեռացրել իր ամուսնու մարմնից, Կառավարության կարծիքով, այդպիսի հայցն արդեն իսկ ձախողված կարող էր համարվել, քանի որ քրեական վարույթի շրջանակում ապացուցվել էր այդ փորձագետների անմեղությունը: Դիմումատուն նաև ընդգծել է, որ Կառավարության կողմից վկայակոչված ներպետական դատական պրակտիկայից վերցված օրինակները համադրելի չեն սույն գործի հետ: Վկայակոչված առաջին գործով քաղաքացիական վարույթ էր հարուցվել ընդդեմ մասնավոր հիվանդանոցի և ոչ թե՝ պետական հաստատության: Երկրորդ գործը վերաբերում էր 1997թ. իրադարձություններին, որոնք տեղի էին ունեցել նախքան Վարչական դատավարության օրենքի, ինչպես նաև Պետական մարմինների պատճառած վնասի փոխհատուցման մասին օրենքի ուժի մեջ մտնելը: Ի լրումն դրան, այդ ժամանակահատվածում Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի գլուխը վերաբերում էր վարչական իրավահարաբերությունների հետևանքով հարուցված դատական գործերի քննությանը, որը փոխարինվեց Վարչական դատավարության օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:
2. Դատարանի գնահատականը
(ա) Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
78. Այնքանով, որքանով որ Կառավարությունը վկայակոչում է սահմանադրական բողոքի՝ որպես իրավական պաշտպանության ներպետական միջոցի առկայությունը դիմումատուի դեպքում, Դատարանը գտնում է, որ նման բողոքը՝ ստորև ներկայացված պատճառներով չէր կարող արդյունավետ միջոց համարվել դիմումատուի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո իրավունքների պաշտպանության համար:
79. Դատարանը արդեն քննել է Լատվիայի Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակի հարցը (տե՛ս Grišankova-ն և Grišankovs-ի գործը, մեջբերված է վերևում, Liepājnieks-ն ընդդեմ Լատվիայի (որոշ.), թիվ 37586/06, §§ 73-76, 2 նոյեմբերի 2010թ., Savičs-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 17892/03, §§ 113-117, 27 նոյեմբերի 2012թ., Mihailovs-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 35939/10, §§ 157-158, 22 հունվարի 2013թ., Nagla-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 73469/10, § 48, 16 հուլիսի 2013թ., և Latvijas jauno zemnieku apvienība-ն ընդդեմ Լատվիայի (որոշ.), թիվ 14610/05, §§ 44-45, 17 դեկտեմբերի 2013թ.):
80. Դատարանը նշել է, որ Սահմանադրական դատարանը, inter alia, քննել է իրավական դրույթի սահմանադրականությունը կամ դրա համապատասխանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող դրույթի հետ վիճարկող անհատական բողոքները: Անհատական բողոքը կարող է բերվել իրավական դրույթի դեմ այն դեպքերում միայն, երբ անձը գտնում է, որ խնդրո առարկա դրույթը խախտում է Սահմանադրությամբ ամրագրված իր հիմնարար իրավունքները: Ուստի, անհատական բողոքի ընթացակարգը չի կարող հանդիսանալ իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, եթե ենթադրյալ խախտման համար հիմք է հանդիսացել իրավական դրույթի սխալ կիրառությունը կամ մեկնաբանությունը, որը, ըստ էության, Սահմանադրությանը հակասող չէ (տե՛ս Latvijas jauno zemnieku apvienība-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 44-45):
81. Սույն գործով, Դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ հյուսվածքների առնչությամբ բողոքը չի վերաբերել իրավական մեկ դրույթի՝ իրավական ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող մեկ այլ դրույթի համապատասխանության հարցին: Կառավարությունը առարկել է, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է օրենքով նախատեսված կարգով: Դիմումատուն՝ իր հերթին, չի վիճարկել այդ ընթացակարգի սահմանադրականությունը: Փոխարենը, նա առարկել է, որ իր ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացումը հանդիսացել է մասնավոր մի դեպք, որը հակասում էր Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածներին: Դատարանը գտնում է, որ դիմումատուի բողոքը վերաբերում է ներպետական օրենքի կիրառությանը և մեկնաբանությանը, մասնավորապես՝ համապատասխան վարչական կարգավորման բացակայության պարագայում հնարավոր չէ պնդել, որ համապատասխանության որևէ հարց կարող է առաջ գալ: Նման հանգամանքներում, Դատարանը գտնում է, որ դիմումատուն չպետք է սպառեր առաջարկվող իրավական պաշտպանության ներպետական միջոցը:
82. Դատարանը հասկանում է Կառավարության՝ MADEKKI-ի քննության շուրջ փաստարկը գլխավորապես որպես իրավական պաշտպանության քաղաքացիական միջոցների կապակացությամբ փաստարկ. Դատարանն այն անհապաղ կքննարկի ստորև: Գործի նյութերում առկա ապացույցներից պարզ չէ, թե արդյոք MADEKKI-ն որևէ քննություն իրականացրել է սույն գործի առնչությամբ հարուցված քրեական գործի առնչությամբ (հակառակ՝ Petrova-ի գործի, մեջբերված է վերևում, § 15): Բոլոր դեպքում, չի թվում, որ MADEKKI-ի քննությունն որևէ առումով անհրաժեշտ էր քրեական գործի հարուցման համար: Անկախ ամեն ինչից, կարևոր չէ, թե դիմումատուն առանձին բողոք ներկայացրել է MADEKKI-ին, քանի որ վերջինս բողոքել է բոլոր այն որոշումների դեմ, որոնք ընդունվել են քննչական և դատախազական մարմինների կողմից, որոնց խնդիրն է, որպես կանոն, պարզել, թե արդյոք հանցագործություն կատարվել է (տե՛ս նույն տեղում, § 71):
83. Ինչ վերաբերում է վնասների փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայց ներկայացնելու հնարավորությանը, ապա Calvelli-ն և Ciglio-ն ընդդեմ Իտալիայի գործով ([ՄՊ], թիվ 32967/96, § 51, ՄԻԵԴ 2002‑I) Դատարանը վճռել է.
«Բժշկական անփութության այս հատուկ ոլորտում պարտավորությունը, որպես օրինակ, նույնպես կարող է բավարարման ենթակա լինել, եթե իրավական համակարգը տուժողներին պաշտպանության ներպետական միջոցի հնարավորություն է տալիս քաղաքացիական դատարաններում, որը հայցվորը կարող է օգտագործել ինչպես առանձին կարգով, այնպես էլ՝ քրեական դատարաններ դիմելու իրավական պաշտպանության միջոցի հետ միասին, ինչը հնարավորություն է տալիս հաստատել շահագրգիռ բժշկի պատասխանատվությունը և օգտվել իրավական պաշտպանության քաղացիական միջոցներից, օրինակ՝ վնասների փոխհատուցման մասին որոշում կամ հրապարակելու մասին որոշում ստանալը: Կարգապահական միջոցները նույնպես կարող են նախատեսվել»:
84. Դատարանը այնուհետ նշել է, որ այս սկզբունքը կիրառվում է, երբ կյանքի կամ անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը դիտավորությամբ տեղի չի ունեցել (տե՛ս Vo-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 53924/00, § 90, ՄԻԵԴ 2004‑VIII, և Öneryıldız-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 48939/99, § 92, ՄԻԵԴ 2004‑XII):
85. Սակայն, Դատարանը նաև գտել է, որ այն պարագայում, երբ անձը հնարավորություն ունենար հետամուտ լինել իրավական պաշտպանության ներպետական մի շարք միջոցների, այդ անձը իրավունք կունենար ընտրել իրավական պաշտպանության այն միջոցը, որը կլուծեր իր պահանջի էական մասը (տե՛ս Jasinskis-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 45744/08, § 50, 21 դեկտեմբերի 2010թ.): Դատարանը գտնում է, որ դիմումատուն ի սկզբանե տեղյակ չէր այն փաստի մասին, որ իր ամուսնու հյուսվածքները հեռացվել են. նա տեղյակ է դարձել դրա մասին, երբ Անվտանգության հարցերով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել այդ փաստերի առթիվ: Այնուհետև, նա օգտվել է քրեաիրավական պաշտպանության այս միջոցից և քրեական վարույթի շրջանակում տուժող է ճանաչվել և հետամուտ եղել քննությանը՝ քննչական և դատախազական մարմիններին տարբեր բողոքներ ներկայացնելու միջոցով: Քրեաիրավական պաշտպանության միջոցը կարող էր առիթ տար կարծելու, որ իր ամուսնու հյուսվածքների հեռացումը հակասել է ներպետական ընթացակարգին և որ նրա՝ որպես մերձավոր հարազատի իրավունքները խախտվել են: Վերջապես, քրեական գործի արդյունքում կարող էր լուծվել փոխհատուցման հարցը, քանի որ լատվիական իրավական համակարգը իրավունք է ընձեռում տուժողներին քրեական դատավարության շրջանակում ներկայացնել քաղաքացիական հայց՝ պահանջելով հանցանքի հետևանքով կրած վնասների փոխհատուցում (տե՛ս վերևում՝ 54-րդ և 55-րդ պարբերությունները): Նման հանգամանքներում, ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուն կարող էր իրավաչափորեն ակնկալել, որ քրեաիրավական պաշտպանության այդ միջոցը իր գործով արդյունավետ չէր լինի:
86. Դատարանը գտնում է, որ դիմումատուն պարտավոր չէր փոխհատուցման առանձին լրացուցիչ պահանջ ներկայացներ քաղաքացիական դատարան, ինչը կարող էր հանգեցնել նրան, որ իր ամուսնու հյուսվածքների հեռացումը հակասեր ներպետական ընթացակարգին և խախտվեին նրա՝ որպես մերձավոր հարազատի իրավունքները (տե՛ս նաև Sergiyenko-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 47690/07, §§ 40-43, 19 ապրիլի 2012թ., Arskaya-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 45076/05, §§ 75-81, 5 դեկտեմբերի 2013թ., և Valeriy Fuklev-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 6318/03, §§ 77-83, 16 հունվարի 2014թ., որոնցով դիմումատուները պարտավոր չէին բժշկական ենթադրյալ անփութությունը վիճարկել քաղաքացիական առանձին հայց ներկայացնելու միջոցով): Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն սպառել է հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները՝ հետամուտ լինելով քրեաիրավական պաշտպանության միջոցին:
87. Վերը նշված եզրակացության լույսի ներքո՝ Դատարանն անհրաժեշտ չի գտնում անդրադառնալ Կառավարության այն փաստարկին, որ MADEKKI-ի կողմից քննությունն անհրաժեշտ պայման էր քաղաքացիական գործի հարուցման համար: Դատարանը նաև անհրաժեշտ չի գտնում անդրադառնալ դիմումատուի այն փաստարկին, ըստ որի նա բաց էր թողել Վարչական դատավարության օրենքի և Պետական մարմինների պատճառած վնասի փոխհատուցման մասին օրենքի համաձայն հայցապահանջ ներկայացնելու ժամկետը և որ Քաղաքացիական օրենքի համաձայն պահանջը բավարարվելու հեռանկար չուներ:
(բ) Կիրառելիությունը
88. Դատարանը նշում է, որ թեև Կառավարությունը չէր ընդունում, որ դիմումատուի բողոքը վերաբերում էր «ընտանեկան կյանքին», նրանք չեն վիճարկում, որ այն ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն «անձնական կյանք» սահմանի ներքո:
89. Դատարանը կրկնում է, որ անձնական և ընտանեկան կյանք հասկացությունները լայն եզրույթներ են, որոնք չեն ենթարկվում սպառիչ սահմանման (տե՛ս Hadri-Vionnet-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 55525/00, § 51, 14 փետրվարի 2008թ.): Pannullo-ն և Forte-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով (թիվ 37794/97, § 36, ՄԻԵԴ 2001-X) Դատարանը գտել է, որ ֆրանսիական իշխանությունների կողմից դիահերձումից հետո նրանց երեխայի մարմինը չափից ավելի ձգձգումներով վերադարձնելը հանդիսանում է դիմումատուների՝ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտություն: Դատարանը նաև վճռել է, որ հետաքննության մարմինների կողմից մահացած անձանց մարմինները նրանց հարազատներին վերադարձնելու մերժումը հանդիսացել է դիմումատուների՝ անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտություն (տե՛ս Sabanchiyeva-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 38450/05, § 123, ՄԻԵԴ 2013 (հատվածներ) և Maskhadova-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 18071/05, § 212, 6 հունիսի 2013թ.): Սակայն, սույն գործով այդ հարցը չի բարձրացվել և նման բողոք էլ չի ներկայացվել: Դատարանը նշում է, որ կողմերի միջև չկա վեճ առ այն, թե արդյոք դիմումատուի՝ ներպետական օրենքով սահմանված իրավունքն իր ամուսնու հյուսվածքների հեռացման առնչությամբ համաձայն կամ դրան դեմ լինելու արտահայտումը, այնքանով, որքանով այն վերաբերում է անձնական կյանքին, ընկնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի շրջանակի ներքո: Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այլ որոշում կայացնելու համար և, հետևաբար, գտնում է, որ տվյալ հոդվածը կիրառելի է սույն գործի հանգամանքներում:
(գ) Եզրակացություն
90. Դատարանը նշում է, որ դիմումատուի բողոքը՝ այնքանով, որքանով այն վերաբերում է իր հանգուցյալ ամուսնու հյուսվածքների՝ առանց իր համաձայնության հեռացմանը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ: Դատարանը այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Գ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
91. Դիմումատուն գտել է, որ ամուսնու՝ առանց իր համաձայնության հյուսվածքների հեռացումը հավասարազոր է իր անձնական կյանքի իրավունքի խախտմանը: Նա պնդել է, որ իրեն խոչընդոտել են արտահայտելու իր ցանկությունն ամուսնու մարմնից հյուսվածքներ վերցնելու վերաբերյալ: Իր անձնական կյանք ներխուժման այս փաստի մասին նրան նույնիսկ չեն տեղյակ չեն պահել: Դիմումատուն նաև ներկայացրել է, որ փորձագետը չէր կարող ստուգել ամուսնու անձնագրի մեջ կնիքի առկայությունը, քանի որ անձնագիրը գտնվում էր Sigulda-ում՝ իրենց տանը, այդ իսկ պատճառով փարձագետը չէր կարող տեսնել այն:
92. Նախևառաջ, հիմնվելով Hokkanen-ն ընդդեմ Ֆինլանդիայի գործի վրա (23 սեպտեմբերի 1994թ., § 55, Շարք Ա, թիվ 299‑Ա), դիմումատուն վիճարկել է, որ միջամտությունը տեղի չի ունեցել օրենքին համապատասխան և իրավաչափ նպատակ չի հետապնդել: Դիմումատուն հղում է կատարել Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածներին, և վիճարկել է, որ 2001թ. Լատվիայում գործել է «հստակորեն արտահայտված համաձայնության» համակարգը: Դիմումատուն այն կարծիքին էր, որ փորձագետները պետք է ճշտեին, թե արդյոք մերձավոր հարազատները հյուսվածքների հեռացմանը համաձայն են, թե առարկում են դրան, և որ նրանք պարտավորված էին այդպես վարվել համաձայն օրենքի վերոհիշյալ դյութների: Նա պնդել է, որ Օրենքի նպատակն է պաշտպանել մահացած մարդու մարմինը և որ անհրաժեշտ էր դա հաշվի առնել Օրենքի դրույթները մեկնաբանելու ժամանակ: Այս կապակցությամբ նա հղում է կատարել միջազգային փաստաթղթերին (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Եվ վերջապես, 2004թ. կատարված Օրենքի փոփոխությունները մատնացույցն են այն փաստը, որ նախկինում գերակշռող էր «հստակորեն արտահայտված համաձայնության» համակարգը: Լատվիայում «հստակորեն արտահայտված» և «ենթադրյալ» եզրույթների շուրջ ծավալվող քննարկումները դեռև նոր էին սկսում ծավալվել` համարյա սույն գործով քրեական վարույթի բացման հետ միաժամանակ: Արդյունքում, 2004թ. խորհրդարանն էական փափոխություններ անցկացրեց (տե՛ս վերևում՝ 50-րդ պարբերությունը): Դիմումատուն ներկայացրել է, որ նույնիսկ այս փոփոխություններից հետո էլ համապատասխան իրավական դրույթները բավականաչափ հստակ չէին, սակայն դրանց ձևակերպումը փոփոխվել էր, որի արդյունքում հաստատվել էր «ենթադրյալ համաձայնության» համակարգը:
93. Դիմումատուն նաև վիճարկել է, որ ներպետական օրենսդրությունը կիրառության տեսանկյունից կանխատեսելի չէր, քանի որ այն հնարավորություն չէր ստեղծում հարազատների համար առարկելու հյուսվածքների հեռացմանը: Նա հղում է կատարել ներպետական իշխանությունների կողմից կատարված տարբեր եզրակացությունների առ այն, որ օրենսդրական դրույթները հստակ չեն (տե՛ս, օրինակ, վերևում՝ 28-րդ պարբերությունը), ինչպես նաև նշել է, որ մի քանի դատախազներ գտել են, որ Օրենքի խախտում իրականում տեղի է ունեցել (տե՛ս, օրինակ, վերևում՝ 22-րդ, 24-րդ և 27-րդ պարբերությունները): Դիմումատուն գտել է, որ փորձագետները հստակության պակասն օգտագործել են ի օգուտ իրենց և դրանից ֆինանսական օգուտ են ստացել: Դիմումատուն եզրակացրել է, որ իր ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացումը չի կատարվել օրենքին համապատասխան:
94. Երկրորդ, դիմումատուն գտել է, որ «այլոց կյանքը փրկելը» չի կարող առանց համաձայնության կատարված հյուսվածքները հեռացնելու համար համարվել իրավաչափ նպատակ: Եվ երրորդ, նա վիճարկել է, որ Կառավարությունը բավականաչափ ապացույցներ չի ներկայացրել առ այն, որ այդ գործողությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում:
95. Կառավարությունը պնդել է, որ առանց նախապես անձի կամ նրա կնոջ համաձայնությունը ստանալու ամուսնու հյուսվածքների հեռացման միջոցով դիմումատուի անձնական կյանքի միջամտությունը համահունչ է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանված չափանիշներին:
96. Նախ, Կառավարությունը վիճարկել է, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է համաձայն ներպետական օրենսդրության: Այն, մասնավորապես, մատնացույց է արել այն հանգամանքին, որ եթե Դատարանը այն պետք է մերժի դիմումատուի կողմից Սահմանադրական դատարան չդիմելու պատճառով ներպետական միջոցների սպառված չլինելու փաստարկով, ապա այն պետք է եզրակացնի, որ ներպետական օրենսդրությունը համատեղելի է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված չափանիշի հետ:
97. Կառավարությունը անդրադարձել է թիվ 431 (1996) որոշման 3-րդ կետին և Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածներին և վիճարկել, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է համաձայն ներպետական օրենսդրության: Նախապես համաձայնությունն անհրաժեշտ չէր, ինչպես նաև անհրաժեշտ չէր ստանալ մահացածի հարազատների համաձայնությունը: Առանց անձի համաձայնության, ինչպես նաև առանց նրա մերձավոր հարազատների համաձայնությունը ստանալու հյուսվածքների հեռացումը օրենքի խախտում չէր հանդիսանում: Կառավարությունը պնդել է, որ համաձայն Օրենքի 4-րդ և 11-րդ հոդվածների՝ անհրաժեշտ էր միայն «մահվանից առաջ մահացած անձի կողմից արտահայտած անհամաձայնության բացակայություն կամ [նրա մերձավոր հարազատների] կողմից նախքան հյուսվածքների հեռացումը «հստակորեն արտահայտած համաձայնություն»: Այդպիսով, Կառավարությունը վիճարկել է, որ տվյալ ժամանակահատվածում Լատվիայում գործում էր «ենթադրյալ համաձայնության» համակարգը: Կառավարությունը նշել է, որ «ենթադրյալ համաձայնության» համակարգը նորարարություն չէ, և որ Լատվիան միակ երկիրը չէ, որն օգտագործում է տվյալ համակարգը. այն գործում է ևս տասնմեկ երկրներում:
98. Ըստ Կառավարության՝ փորձագետը նախքան հյուսվածքների հեռացումը ճշտել է պրն. Elberts-ի անձնագրում կնիքի բացակայությունը, որը մատնացույց կաներ նրա կողմից իր մարմնի հյուսվածքներն օգտագործելուց հրաժարվելու փաստին, ինչի վերաբերյալ հապավման տեսքով համապատասխան նշում է կատարվել գրանցամատյանում («zīm. nav»): Սակայն, Դատարանին ներկայացված գրանցամատյանի պատճենում որևիցե այդպիսի ընթեռնելի հապավում չի հայտնաբերվել:
99. Միևնույն ժամանակ, Կառավարությունը հաստատել է, որ ներպետական օրենսդրությամբ այնպիսի պահանջ հաստատված չէ, որի համաձայն անհրաժեշտ է առանձին հարցումներ անել պարզելու համար, թե արդյոք անձը ունի մերձավոր հարազատներ և, վերջիններիս գտնելու դեպքում, հայտնել նրանց հյուսվածքների հնարավոր հեռացման մասին: Այս կապակցութամբ, նրանք հղում են կատարել քրեական գործով դատարանի որոշմանը (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը):
100. Երկրորդ, Կառավարությունը հաշվի է առել այն հանգամանքը, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է «այլոց կյանքը փրկելու կամ բարելավելու նպատակով»: Նրանք հղում են կատարել քրեական գործով դատարանի որոշմանը (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը), որտեղ նշվել է, որ՝ «հյուսվածքները հեռացվել [են] հանուն մարդկության՝ այլոց կյանքը բարելավելու և երկարեցնելու նպատակով»: Նրանք նաև հղում են կատարել Մարդկային ծագում ունեցող օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման վերաբերյալ Լրացուցիչ արձանագրության նախաբանին՝ նշելով, որ այնտեղ նույնպես սահմանված է, որ հյուսվածքների նվիրաբերության և փոխպատվաստման նպատակներով հյուսվածքների հեռացման գործելակերպը նպաստում է «այլոց կյանքը փրկելուն կամ դրա որակն էականորեն բարելավելուն» և որ «[...] հյուսվածքների փոխպատվաստումը հանդիսանում է բնակչությանն առաջարկվող առողջապահական ծառայությունների ամրագրված մաս»: Կառավարությունը եզրակացրել է, որ հյուսվածքների հեռացումը հետապնդել է իրավաչափ նպատակ, այն է՝ առողջության պաշտպանությունը և այլ անձանց իրավունքների պաշտպանությունը:
101. Երրորդ, Կառավարությունը վերահաստատել է, որ պետություններն ունեն հայեցողության սահմաններ այնպիսի դեպքերում, երբ անհրաժեշտ է որոշել այլ անձանց առողջությունը և իրավունքները պաշտպանելու սոցիալական ծայրահեղ կարիքները բավարարելու միջոցները: Կառավարությունը հիմնվել է Dudgeon-ի գործի վրա՝ պնդելով, որ յուրաքանչյուր գործով սոցիալական ծայրահեղ կարիքի նախնական գնահատումը ներպետական իշխանության իրավասությունն է, և որ դրա հայեցողության սահմանները թողնված են վերջինիս (Dudgeon-ն ընդդեմ Միացալ Թագավորության, 22 հոկտեմբերի 1981թ., § 52, Շարք Ա թիվ 45): Հյուսվածքների հեռացումը և փոխպատվաստումը օգնում է կյանքեր փրկել և կարող է մեծապես նպաստել դրանց որակի բարձացմանը: Ուստի, հյուսվածքների նվիրաբերությունը «սոցիալական ծայրահեղ կարիք» է, քանի որ հյուսվածքների փոխպատվաստումը դարձել է ողջ բնակչությանն առաջարկվող առողջապահական ծառայությունների հաստատված անբաժանելի մաս: Կառավարությունը կրկին անգամ հաստատել է, որ պրն. Elberts-ի հյուսվածքները վերցվել են փոխպատվաստման համար բիո նյութ ապահովելու միջոցով այլոց կյանքերն ըստ հնարավորինս բարելավելու և փրկելու նպատակներով:
102. Հիմնականում մահացածի մերձավոր հարազատների պարտականությունն էր պատշաճ կերպով և ժամանակին բժշկական անձնակազմին տեղյակ պահել մահացածի հյուսվածքներն օգտագործելուն առարկելու վերաբերյալ: Այդ ժամանակահատվածում ներպետական օրենսդրությունը չի արգելել ո՛չ պրն. Elberts-ին և ո՛չ էլ դիմումատուին հյուսվածքների նվիրաբերության առարկության կապակցությամբ արտահայտել իրենց կարծիքը: Սակայն, նրանցից և ոչ մեկը դա չի արել նախքան հյուսվածքների հեռացումը, որը կատարվել է օրենքին համապատասխան: Կառավարությունը եզրահանգել է, որ արդար հավասակշռություն է հաստատվել դիմումատուի՝ «Կոնվենցիայի ներքո ամրագրված անձնական կյանքի իրավունքի (քանի որ ներպետական օրենսդրությամբ նախատեսված է նախքան հյուսվածքների հեռացումը դրա վերաբերյալ առարկություն ներկայացնելու մերձավոր հարազատի իրավունքը, որը չի իրացվել ո՛չ պրն. Elberts-ի և ո՛չ էլ դիմումատուի կողմից) և ողջ բնակչությանը մատուցվող առողջապահության ծառայությունների շրջանակներում հյուսվածքների փոխպատվաստման համար բիո իմպլանտներ ապահովելու սոցիալական ծայրահեղ կարիքի միջև»:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքները
103. 8-րդ հոդվածի հիմնական նպատակն է անհատներին պաշտպանել իշխանությունների կամայական միջամտություններից: 8-րդ հոդվածի առաջին կետի ներքո կատարված ցանկացած միջամտություն պետք է լինի արդարացված, այն է՝ «նախատեսված օրենքով» և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ բավարարելով 2-րդ կետով սահմանված իրավաչափ նպատակների ցանկից մեկը կամ մի քանիսը: Անհրաժեշտության գաղափարը ենթադրում է, որ միջամտությունը փոխկապակցված է սոցիալական ծայրահեղ կարիքի հետ և որ, մասնավորապես, այն համաչափ է իշխանությունների կողմից հետապնդվող իրավաչափ նպատակներից մեկի հետ (տե՛ս A-ն, B-ն և C-ն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ], թիվ 25579/05, §§ 218-241, 16 դեկտեմբերի 2010թ.):
104. Դատարանն անդրադառնում է «նախատեսված է օրենքով» արտահայտության առնչությամբ իր նախադեպային իրավունքում տեղ գտած մեկնաբանություններին (տե՛ս S.-ը և Marper-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ թիվ 30562/04 և 30566/04, §§ 95-96, ՄԻԵԴ 2008): Սույն գործի առնչությամբ հատկապես կարևոր է այն պահանջը, որ վիճարկվող միջոցը պետք է ներպետական օրենսդության մեջ որոշակի հիմքեր ունենա, որը պետք է լինի իրավունքի գերակայության սկզբունքի հետ համատեղելի, որն էլ իր հերթին նշանակում է, որ ներպետական օրենսդրությունը պետք է սահմանվի պատշաճ հստակությամբ և որ այն պետք է կամայականությունների դեմ համարժեք իրավական պաշտպանություն ապահովի: Համապատասխանաբար, ներպետական օրենսդրությունը պետք է բավարար հստակությամբ սահմանի իրավասու պետական մարմինների հայեցողության սահմանները և դրանք իրականացնելու եղանակները (տե՛ս բոլորովին վերջերս կայացված L.H.-ն ընդդեմ Լատվիայի, մեջբերված է վերևում, § 47):
(բ) Այս սկզբունքների կիրառելիությունը սույն գործում
105. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ հարկ է նշել, որ քանի որ ենթադրյալ միջամտության կապակցությամբ Դատարանը ուշադրության է առնում այն հանգամանքը, որ ավտովթարի հետևանքով դիմումատուի ամուսինը ստացել է կյանքին սպառնացող վնասվածքներ, որի հետևանքով վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հաջորդ օրը նրա մարմինը տեղափոխվել է Դատաբժշկական կենտրոն, որտեղ կատարվել է դիահերձում: Այնուհետև, վերջինիս մարմնի հյուսվածքներից հեռացվել է և ուղարկվել Գերմանիայում տեղակայված մի ընկերության, որտեղ դրանք պետք է վերափոխվեին բիո իմպլանտների. նախատեսված էր, որ դրանք դարձյալ ետ էին ուղարկվելու Լատվիա՝ փոխպատվաստման նպատակներով: Դիմումատուն, ով հանդիսանում էր մահացածի մերձավոր հարազատներից մեկը, այս մասին չի տեղեկացվել և հնարավորություն չի ունեցել իրականացնել ներպետական օրենդրությամբ սահմանված իր որոշ իրավունքները, այն է՝ ամուսնու մարմնից հյուսվածքներ հեռացնելու կապակցությամբ իր համաձայնությունը կամ առարկությունը հայտնելու: Նա հյուսվածքների հեռացման մասին տեղեկացվել է միայն երկու տարի անց, երբ Անվտանգության հարցերով ոստիկանությունը 1994-2003թթ. ընկած ժամանակահատվածում կատարված օրգանների և հյուսվածքների ապօրինի հեռացման փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել և դրա առնչությամբ կապվել էր դիմումատուի հետ:
106. Դատարանը նշում է, որ Դատաբժշկական կենտրոնի հանրային հաստատություն լինելու փաստը չի վիճարկվել և որ դրա բժշկական անձնակազմի, այդ թվում՝ օրգանների և հյուսվածքների հեռացում կատարող փորձագետների գործողությունները կամ անգործությունը կարող են առաջ բերել պատասխանող պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո (տե՛ս Glass-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 61827/00, § 71, ՄԻԵԴ 2004‑II):
107. Դատարանը գտնում է, որ վերոհիշյալ հանգամանքները բավարար են եզրակացնելու համար, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո ամրագրված անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ միջամտություն:
108. Իսկ այն հարցի առնչությամբ, թե արդյոք միջամտությունը եղել է «նախատեսված օրենքով», Դատարանը գտնում է, որ տվյալ ժամանակահատվածում լատվիական օրենսդրությունը հստակորեն սահմանել է ոչ միայն տվյալ անձի, այլև նրա մերձավոր հարազատների, այդ թվում նաև՝ ամուսինների իրավունքը տվյալ անձի մահվանից հետո հյուսվածքներ հեռացնելու կապակցությամբ արտահայտելու իրենց ցանկությունը (տե՛ս վերևում՝ 44-րդ և 45-րդ պարբերությունները): Կողմերը վիճարկել են սա: Դիմումատուն նշել է, որ փորձագետները պարտավոր էին ճշտել մերձավոր հարազատների ցանկությունը: Կառավարությունն իր հերթին գտել է, որ լոկ առարկությունների բացակայության փաստն արդեն իսկ բավարար է հյուսվածքների հեռացում իրականացնելու համար: Դատարանի կարծիքով այսպիսի խնդիրներն արտացոլում են ներպետական օրենսդրության որակը, մասնավորապես՝ այն հարցը, թե արդյոք ներպետական օրենսդրությունը եղել է բավարար հստակ ձևակերպված և թե արդյոք համապատասխան վարչական ընթացակարգերի բացակայության պարագայում այն ապահովում է կամայականությունների նկատմամբ պատշաճ իրավական պաշտպանություն:
109. Այս համատեքստում, Դատարանը գտնում է, որ կողմերի միջև ծագած գլխավոր տարաձայնությունն այն հարցի շուրջ է, թե արդյոք ներպետական օրենքը, որը սկզբունքորեն ապահովում է մերձավոր հարազատների իրավունքը հյուսվածքների հեռացման վերաբերյալ տալու համաձայնություն կամ առարկելու դրա դեմ, կիրառության համար բավարար պարզ և կանխատեսելի է: Դիմումատուն պնդել է, որ նա, որպես ամենամերձավոր ազգական, հնարավորություն չի ունեցել առարկելու հյուսվածքների հեռացմանը, մինչդեռ Կառավարությունն այն տեսակետին է, որ այդուհանդերձ, վերջինս կարող էր իրացնել իր իրավունքը, քանի որ այդ իր համաձայնությունը կամ առարկությունն արտահայտելու համար ոչ մի խոչընդոտ չի եղել:
110. Դատարանը վերահաստատում է, սակայն, որ երբ քննության առարկան ներպետական օրենսդրությունն է, Դատարանի խնդիրը չէ համապատասխան օրենսդրությունը վերացական դիտարկելը: Փոխարենը, Դատարանը պետք է հնարավորինս սահմանափակվի իր առջև բերված գործի շրջանակներում խնդիրների ուսումնասիրմամբ (տե՛ս Taxquet-ն ընդդեմ Բելգիայի [ՄՊ], թիվ 926/05, § 83 վերջում, ՄԻԵԴ 2010): Դատարանը գտնում է, որ կողմերը որոշակի տևողությամբ վիճարկել են, թե արդյոք Լատվիայում տվյալ ժամանակահատվածում գործել է «իրազեկված համաձայնության» կամ «ենթադրյալ համաձայնության» համակարգը (տե՛ս նաև վերևում՝ 18-րդ պարբերությունում բերված փորձագետների և քննիչների տարամիտված տեսակետները): Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, սակայն, որ սույն գործով Դատարանի առջև բերված խնդիրը այն ընդհանուր հարցը չէ, թե արդյոք պատասխանող պետությունը պետք է համաձայնության արտահայտման որևէ կոնկրետ համակարգ հաստատեր: Խնդիրն ավելի շուտ վերաբերում է մահացած ամուսնու հյուսվածքները հեռացնելու կապակցությամբ դիմումատուի ցանկություն հայտնելու իրավունքին և պետական իշխանության ենթադրյալ անկարողությունն այդ իրավունքի իրացման համար ապահովելու իրավական և իրավակիրառ հիմքեր:
111. Դատարանի վերլուծության մեկնարկային կետն այն է, որ դիմումատուն հյուսվածքների հեռացման ժամանակ չի եղել տեղեկացված: Պետական իշխանությունները հաստատել են, որ այդ ժամանակ լայնորեն ընդունված գործելակերպ էր Դատաբժշկական կենտրոնի փորձագետների կողմից հյուսվածքների հեռացումն իրականացնել առանց մահացած անձանց հարազատների հետ կապ հաստատելու փորձի (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Ապացույցներ կային առ այն, որ նույնիսկ այն դեպքերում, երբ փորձագետները կապ են հաստատել հարազատների հետ, նրանք ո՛չ տեղեկացրել են կատարվելիք հեռացման վերաբերյալ, ո՛չ էլ փորձել են ստանալ վերջիններիս համաձայնությունը (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը):
112. Այն հարցի առնչությամբ, թե արդյոք ներպետական օրենսդրությունը եղել է բավարար հստակությամբ սահմանված թե ոչ, դատարանը գտնում է, որ ներպետական մարմիններն իրենք հակասական տեսակետներ են արտահայտել ներպետական օրենքով սահմանված պարտավորությունների շրջանակի վերաբերյալ: Մի կողմից, մինչ Անվտանգության հարցերով ոստիկանությունը գտել է, որ հյուսվածքների հեռացումն թույլատրելի է միայն այն պարագայում, եթե այդ կապակցությամբ նախապես համաձայնություն է արտահայտվել, միևնույն ժամանակ վերջինս գտել է, որ դրա բացակայության պարագայում հյուսվածքների հեռացումը օրինական է, նրանք նաև ընդունում են, որ, հղում կատարելով փորձագետների կողմից արտահայտած կարծիքներին, հնարավոր են ներպետական օրենսդրության տարբեր մեկնաբանություններ, այդպիսով, մեղադրանքի առաջադրումը դարձնելով անհնարին (տե՛ս վերևում՝ 18-րդ և 20-րդ պարբերությունները): Մյուս կողմից, վերադաս մի շարք դատախազներ եզրահանգել են, որ առանց համաձայնություն ստանալու հյուսվածքների հեռացում կատարելով՝ փորձագետները խախտել են օրենքը և պետք է դրա համար ենթարկվեն քրեական պատասխանատվության (տե՛ս վերևում՝ 22-րդ և 24-րդ, 25-րդ պարբերությունները): Ի վերջո, Անվտանգության հարցերով ոստիկանությունն ընդունել է դատախազների կողմից տրվող ներպետական օրենքի մեկնաբանությունը և գտել, որ տեղի է ունեցել մերձավոր հարազատների, այդ թվում նաև՝ դիմումատուի իրավունքների խախտում: Սակայն այդ ընթացքում ցանկացած քրեական գործ ենթակա է կարճման՝ վաղեմության ժամկետի բացթողնված լինելու հիմքով (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Վերջապես, ներպետական դատարանը, միևնույն ժամանակ ընդունելով, որ մերձավոր հարազատներն ունեին հյուսվածքների հեռացման կապակցությամբ իրենց համաձայնությունը տալու կամ դրանից հրաժարվելու իրավունք, դատախազության կողմից արտահայտած տեսակետին հակառակ դիրքորոշում է ընդունել՝ գտնելով, որ ներպետական օրենսդրությունը փորձագետների համար պարտավորություն չի սահմանում կապված հյուսվածքների հեռացման մասին մերձավոր հարազատներին տեղեկացնելու և նրանց՝ իրենց իրավունքները բացատրելու հետ: Փորձագետները չեն կարող դատապարտվել այնպիսի մի պարտավորություն չկատարելու համար, որը չի եղել օրենսդրությամբ հստակ սահմանված (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը):
113. Դատարանը գտնում է, որ կիրառելի օրենսդրության շրջանակների շուրջ եղած նման անհամաձայնությունը հենց այն իշխանության շրջանում, որը պատասխանատու է դրա կիրառման համար, անխուսափելիորեն ցույց է տալիս դրա ոչ բավարար հստակ լինելը: Այս առումով, Դատարանն անդրադառնում է ներպետական դատարանի այն եզրակացությանը, համաձայն որի թեև Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ մերձավոր հարազատները իրավունք ունեն հրաժարվելու իրենց մահացած հարազատի օրգանները և/կամ հյուսվածքները տրամադրելուց, այն փորձագետներին չի պարտավորեցնում այս իրավունքը բացատրելու հարազատներին (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Կառավարությունն, այս պնդման վրա հիմնվելով, վիճարկել է, որ հյուսվածքների հեռացումը անօրինական չի եղել (տե՛ս վերևում՝ 97-րդ և 99-րդ պարբերությունները): Սա թույլ է տալիս Դատարանին եզրահանգելու, որ թեև լատվիական օրենսդրությունը մերձավոր հարազատների կողմից համաձայնություն կամ առարկություն արտահայտելու իրավունքն իրացնելու իրավական շրջանակ է սահմանել, այն հստակ չի առանձնացրել փորձագետների կամ պետական այլ մարմինների համապատասխան պարտավորությունների շրջանակները կամ հայեցողության սահմանները: Այս կապակցությամբ, Դատարանը նշում է, որ այս խնդրին առնչվող եվրոպական և միջազգային համապատասխան փաստաթղթերը առանձնահատուկ կարևորություն են տալիս այն սկզբունքին, որ ողջամիտ ճանապարհներով անհրաժեշտ է ճշտել հարազատների դիրքորոշումը (տե՛ս վերևում՝ 34-րդ և դրան հաջորդող պարբերությունները): Ավելի կոնկրետ, ինչպես նշվել է Լրացուցիչ արձանագրության բացատարական զեկույցում, ցանկացած տեսակի համակարգի՝ «իրազեկված համաձայնության» թե «ենթադրյալ համաձայնության» ընտրության պարագայում անհրաժեշտ է հաստատել համապատասխան ընթացակարգեր և վարել գրանցամատյաններ: Եթե մահացած անձանց ցանկությունը հստակորեն չի հաստատվել, ապա անհրաժեշտ է նախքան հյուսվածքների հեռացումը կապ հաստատել հարազատների հետ՝ ապացույցներ ձեռք բերելու նպատակով (տե՛ս, մասնավորապես, Լրացուցիչ արձանագրության 17-րդ հոդվածը, մեջբերված է վերևում՝ 37-րդ պարբերությունում):
114. Ավելին, Դատարանը վերահաստատում է, որ օրինականության սկզբունքը պահանջում է, որ պետությունները ոչ միայն կանխատեսելիորեն և հետևողականորեն հարգեն և կիրառեն իրենց կողմից ընդունված օրենքները, այլև որպես անհրաժեշտ բաղադրատարր, ապահովեն դրանց իրականացման համար օրենսդրական և իրավակիրառ պայմաններ (տե՛ս mutatis mutandis Broniowski-ն ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 31443/96, §§ 147 և 184, ՄԻԵԴ 2004‑V): 2001թ. մայիսի 19-ին դիմումատուի ամուսնու մահվանից հետո Դատաբժշկական կենտրոնի փորձագետը իրավասու էր 24 ժամվա ընթացքում մահացածի անձնագրում հրաժարումը հաստատող հատուկ կնիքի բացակայության փաստը ճշտելուց հետո կատարել հյուսվածքների հեռացում (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Սակայն, պարզվել է, որ նշված ժամանակահատվածում կնիքների ընդհանուր գրանցամատյան գոյություն չի ունեցել, որտեղից հնարավոր էր ճշտել, որ անձի անձնագրում նշում է եղել այն մասին, որ վերջինս մահվանից հետո իր հյուսվածնքերն օգտագործելու վերաբերյալ տվել է իր համաձայնությունը կամ հրաժարվել է այն տալուց (ի տարբերություն 2002թ. հունվարի 1-ից հետո ընդունված օրենսդրության արդյունքում հաստատված իրավիճակի և դրա արդյունքում Բնակչության ռեգիստրում այս տեղեկատվությունն ավելացնելուց հետո, ինչպես որ նկարագրված է վերևում մեջբերված Petrova-ի գործում, § 35): Ավելին, պարզվել է, որ հաստատված ընթացակարգեր չկային, որոնց համաձայն պետական հաստատությունները և փորձագետները կարող էին դիմել և ստանալ այդ տեղեկատվությունը: Կառավարությունը պնդել է, որ նախքան հյուսվածքների հեռացումը փորձագետը ստուգել է պրն. Elberts-ի անձնագիրը, սակայն դիմումատուն պնդել է, որ այդ ժամանակ նրա անձնագիրը գտնվել է տանը: Այդ իսկ պատճառով հայտնի չէ, թե ինչ ընթացակարգով է փորձագետը ճշտել անձնագրում առկա տեղեկատվությունը: Անկախ այն հանգամանքից, թե արդյոք փորձագետը ստուգել է պրն. Elberts-ի անձնագիրը, թե ոչ, պարզ չէ, թե տվյալ ժամանակահատվածում լատվիական օրենսդրությամբ հաստատված համաձայնության ստուգման համակարգը ինչպես էր գործնականում աշխատում այն իրավիճակում, որում հայտնվել էր դիմումատուն, որի պարագայում վերջինս, լինելով մերձավոր ազգական, ուներ որոշ իրավունքներ, սակայն տեղեկացված չէր, թե ինչպես և երբ կարող է այդ իրավունքներն իրացնել, բացի այդ ոչ ոք չի փորձել բացատրել դրանք:
115. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ապահովում է կամայականություններից պատշաճ իրավական պաշտպանություն, Դատարանը նշում է, որ հյուսվածքների հեռացումը սույն գործով չպետք է դիտարկել որպես մեկուսի գործողություն, ինչպես վերևում մեջբերված Petrova-ի գործով էր, այլ որ այն իրականացվել է պետության հովանավորության ներքո՝ արտերկրում գտնվող դեղագործական ընկերության հետ համատեղ. հյուսվածնքերի հեռացումը կատարվել է մեծ թվով անձանցից (տե՛ս վերևում՝ 13-րդ, 14-րդ և 26-րդ պարբերությունները): Նման հանգամանքներում շատ ավելի կարևոր է, որ համապատասխան մեխանիզմներ հաստատվեն փորձագետներին շնորհված հայեցողության լայն շրջանակը հավասարակշռելու համար, որի ներքո վերջիններս իրենց նախաձեռնությամբ կարող են իրականացնել հյուսվածքների հեռացում (15-րդ պարբերություն), սակայն սա չի արվել (տե՛ս նաև վերևում՝ 34-րդ և դրան հաջորդող պարբերություններում մեջբերված միջազգային փաստաթղթերը): Ի պատասխան Կառավարության այն պնդմանը, համաձայն որի չի եղել որևէ խոչընդոտող հանգամանք, որը կարգելեր դիմումատուին հայտնել իր ցանկությունը հյուսվածքների հեռացման կապակցությամբ, Դատարանը նշում է, որ առկա էր վարչական կամ իրավական կարգավորման մեխանիզմների թերացում: Հետևաբար, դիմումատուն չէր կարող կանխատեսել, թե ինչ էր ակնկալվում իրենից, եթե նա ցանկություն ուներ իրացնելու այդ իրավունքը:
116. Վերոհիշյալից ելնելով՝ Դատարանը չի կարող եզրահանգել, որ կիրառելի լատվիական օրենսդրությունը եղել է բավականաչափ հստակ ձևակերպված կամ որ կամայականությունների դեմ համարժեք իրավական պաշտպանություն ապահովվել է:
117. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ միջամտությունը նախատեսված չի եղել օրենքով՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով: Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում: Հաշվի առնելով այս եզրակացությունը՝ Դատարանն անհրաժեշտ չի համարում քննության առնել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի ներքո սահմանված մյուս պահանջների հետ համապատասխանությունը (տե՛ս օրինակ՝ Kopp-ն ընդդեմ Շվեյցարիայի, 25 մարտի 1998թ., § 76, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑II, և Heino-ն ընդդեմ Ֆինլանդիայի, թիվ 56720/09, § 49, 15 փետրվարի 2011թ.):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
118. Դիմումատուն նաև բողոքել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո այն փաստի հիմքով, որ իր ամուսնու հյուսվածքների հեռացումը կատարվել է առանց իր համաձայնությունը նախապես ստանալու կամ իր գիտության և որ նրան ստիպել են ամուսնուն թաղել ոտքերն իրար կապված վիճակում:
119. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
120. Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա. Ընդունելիությունը
121. Դատարանը ներկայացրել է միևնույն նախնական առարկությունները, որով վերջինս պնդում էր, որ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չեն սպառվել, ինչպես արդեն նշվել է վերևում, և որի կապակցությամբ դիմումատուն արտահայտել է իր անհամաձայնությունը (տե՛ս վերևում՝ 69-77-րդ պարբերությունները): Այս առումով Դատարանն անդրադառնում է իր՝ վերևում բերված գնահատականին (տե՛ս վերևում՝ 78-87-րդ պարբերությունները) և համարում այն կիրառելի նաև սույն գլխի ներքո:
122. Բացի այդ, Կառավարությունը հղում է կատարել դիահերձման միջոցով դատաբժշկական փորձաքննության վերաբերյալ Արդարադատության նախարարության կողմից արձակված հրահանգին (ուժի մեջ է եղել մինչև 2002թ. հունվարի 1-ը) և Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դիմումների, բողոքների և առաջարկությունների ուսումնասիրման կարգի վերաբերյալ օրենքին (ուժի մեջ է եղել մինչև 2008թ. հունվարի 1-ը): Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն կարող էր բողոք ներկայացնել մահացած ամուսնու մարմնի վիճակի վերաբերյալ: Դիմումատուն առարկել է դրան: Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի մասնավորեցրել այն եղանակը, որով առաջարկվող միջոցը դիմումատուի գործով որևէ լուծում կառաջադրեր: Դատարանը հարկ է համարում հղում կատարել իր վերոհիշյալ գնահատականին, համաձայն որի նպատակահարմար էր, որ դիմումատուն դիմեր քրեական իրավունքի պաշտպանությանը (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը): Դատարանն այստեղ ցանկանում է ավելացնել նաև, որ դիմումատուն նաև բողոքել է հյուսվածքների հեռացումից հետո իր մահացած ամուսնու մարմնի ենթադրյալ անարգանքի ենթարկելու առթիվ քրեական գործի քննության առնչությամբ: Դատախազները երկու մակարդակով ուսումնասիրել են դիմումատուի բողոքները և մերժել դրանք՝ նշելով, որ անարգանքի ենթարկելու ապացույցներ չկան (տե՛ս վերևում՝ 31-32-րդ պարբերությունները): Հետևաբար, Կառավարության ներկայացրած առարկություններն ենթական են մերժման:
123. Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուն չի բավարարել վեցամսյա ժամկետում բողոք ներկայացնելու պահանջը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմումատուն իր ամուսնու մարմնի վիճակի մասին եղել է տեղակացված 2001թ. մայիսի 26-ին՝ վերջինիս թաղման օրը: Դատարանը նշում է, որ այդ օրը դիմումատուն հյուսվածքների հեռացման մասին դեռևս տեղյակ չի եղել, նա այդ մասին իմացել է միայն երկու տարի անց, երբ քրեական գործով հետաքննությունն արդեն ընթացքի մեջ էր: Հետագայում նա նույնպես ներգրավվել է այս գործի քննությանը: Հետևաբար, Դատարանը համարում է, որ դիմումատուի բողոքի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է 2008թ. հոկտեմբերի 23-ին, երբ քրեական գործի կարճման մասին վերջնական որոշում է կայացվել: Այս կապակցությամբ նախնական առարկությունները ևս ենթակա են մերժման:
124. Կառավարությունը, հիմնվելով Çakıcı-ն ընդդեմ Թուրքիայի գործի վրա ([ՄՊ], թիվ 23657/94, § 98, ՄԻԵԴ 1999‑IV), վիճարկել է, որ դիմումատուն չի կարող Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով համարվել տուժող, քանի որ ո՛չ ինքը, ո՛չ էլ նրա ամուսինը երբևիցե չեն առարկել հյուսվածքների հեռացման դեմ: Կառավարությունը նաև պնդել է, որ քանի որ դիմումատուն ներպետական մակարդակով երբևիցե բողոք չի ներկայացրել այն մասին, որ ստիպված է եղել ամուսնուն թաղել ոտքերն իրար կապված վիճակում, նա չի կարող Դատարանի առջև ներկայանալ որպես տուժող: Դիմումատուն նշել է, որ Çakıcı-ի գործը վերաբերում էր անձի անհետացմանը, մինչդեռ նա տեսել է ամուսնու մարմինը թաղմանից առաջ և նրա ոտքերը եղել են կապված: Դա նրան ցնցել է, սակայն այդ ժամանակ տեղեկացված չի եղել, որ ամուսնու մարմնից հյուսվածքներ են հեռացվել: Դատարանը գտնում է, որ սույն գործով այն հարցը, թե արդյոք դիմումատուն կարող է համարվել տուժող թե ոչ, սերտ առնչվում է գործի ըստ էության քննության հետ: Հետևաբար, այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:
125. Վերջապես, Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուի գանգատը ratione materiae անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ: Կառավարությունը պնդել է, որ հեռացվել է միայն ուղեղային նրբաթաղանթի արտաքին շերտը (dura mater): Թեև Կառավարությունն ընդունել է, որ մահացածի մարմնից հյուսվածքների հեռացումը առանց նրա մերձավոր հարազատների համաձայնության կամ տեղեկացման կարող էր անհատական և սուբյեկտիվ պատճառներով հոգեկան ծանրն ապրումներ պատճառել, այն չի գտնում, որ այս հարցը ինքնին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիր է առաջացնում: Կառավարությունը փաստարկել է, որ տվյալ դրույթը հյուսվածքների հեռացման համար համաձայնություն ձեռք բերելու կամ մերձավոր հարազատներին տեղեկացնելու վերաբերյալ ընդհանուր պարտավորություն չի սահմանում: Կառավարությունը գտել է, որ դիմումատուի գործը պետք է բացառապես քննվի Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո: Դատարանը գտնում է, որ սույն գործով այն հարցը, թե արդյոք դիմումատուի գանգատն ընկնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո, սերտորեն առնչվում է գործի ըստ էության քննության հետ: Հետևաբար, այն պետք է միացվի գործի ըստ էության քննությանը:
126. Դատարանը նշում, է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի համաձայն ակնհատորեն անհիմն չէ: Դատարանը նաև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով՝ պայմանով, որ վերը հիշատակված հարցերը միացվեն գործի ըստ էության քննությանը: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
127. Դիմումատուն պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խախտման նվազագույն ծանրությունը սույն գործով առկա է: Դիմումատուն տեսել է հյուսվածքների հեռացումից հետո ամուսնու մարմնի վիճակը՝ ոտքերը կապված իրար: Այդ ժամանակ նա եղել է իր երկրորդ երեխայով հղի: Դիմումատուն գտել է, որ հյուսվածքների ապօրինի հեռացումը հավասարազոր է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո արգելված անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի. այն ցնցել և ծանր ապրումներ է առաջացրել: Դիմումատուն ներկայացրել է նաև այս պնդումը հաստատող վկայություն՝ արված դիմումատուի քրոջ կողմից, ով պնդել է, որ պրն. Elberts-ի մարմինը տեսել է Sigulda-ում, որից հետո մարմինը թաղման արարողությունից կարճ ժամանակ առաջ Դատաբժշկական կենտրոնից տեղափոխվել է, և որ նրա ոտքերը եղել են մուգ ժապավենով կապված. նա ենթադրել է, որ դա ավտովթարի հետևանքով էր:
128. Բացի այդ, դիմումատուն ընդգծել է, որ քրեական գործի քննության ողջ ընթացքում վերջինիս հնարավորություն չեն տվել պարզել, թե ամուսնու մարմնից ինչ հյուսվածքներ կամ ներքին օրգաններ են հեռացվել: Սկզբում նա կարծել է, որ ամուսնու ոտքերը կապված են եղել ավտովթարի հետևանքով առաջացած վնասվածքի պատճառով: Ավելի ուշ նա ենթադրել է, որ ոտքերը կապվել են ամուսնու հյուսվածքները հեռացնելուց հետո և այն պատճառով, որ այլ նյութ է ավելացվել: Դիմումատուն, ի վերջո, հայտնաբերել է, թե հատկապես ինչն է հեռացվել ամուսնու մարմնից, միայն այն բանից հետո, երբ վերջինս ստացել է սույն գործով Կառավարության դիտակումները:
129. Դիմումատուն, հիմնվելով, Labita-ն ընդդեմ Իտալիայի գործի վրա ([ՄՊ], թիվ 26772/95, § 131, ՄԻԵԴ 2000‑IV), վիճարկել է, որ գործով արդյունավետ քննություն չի կատարվել: Հետաքննությունն ընթացել է շուրջ հինգ տարի: Այն կարճվել է օրենքով սահմանված վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Դիմումատուն նշել է, որ ներկայացրել է 13 բողոք, և 4 որոշումներ բեկանվել են: Նա նշել է այն հանգամանքը, որ հետաքննությունը ողջամիտ ժամկետում չի կատարվել և անհարկի երկարաձգվել է: Դիմումատուն մյուս տուժողների հետ միասին փոխհատուցում չի ստացել, իսկ փորձագետները մնացել են անպատիժ:
130. Կառավարությունը պնդել է, որ հյուսվածնքերի հեռացումը կատարվել է ներպետական օրենսդրության համաձայն: Դիմումատուն չի կարողացել ցույց տալ, որ ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացումը հավասարվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի: Հղում կատարելով Selçuk-ը և Asker-ն ընդդեմ Թուրքիայի գործին (24 ապրիլի 1998թ., § 78, Զեկույցներ, 1998‑II)՝ Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուն չի կարողացել ցույց տալ, որ առանց իր նախնական համաձայնության ամուսնու մարմնից հյուսվածքների հեռացման պատճառով «ծանր ապրումներ և տառապանք» է ունեցել: Հղում կատարելով Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործին (18 հունվարի 1978թ., § 167, Շարք Ա թիվ 25)՝ Կառավարությունը նաև վիճարկել է, որ դիմումատուն անկարող է եղել ցույց տալու, որ ունեցել է «վախի, ծանր ապրումների, թերաժեքության զգացումներ, որը կարող էր նվաստացնել և ստորացնել»: Կառավարությունը վերահաստատել է, որ մահացածի մարմնից հեռացվել է միայն dura mater-ը: Եթե նույնիսկ դիմումատուն առանց իր համաձայնության կամ տեղեկացված լինելու հյուսվածքների հեռացման պատճառով որոշակի աստիճանի հուզական տառապանք և հոգեկան ծանր ապրումներ է ունեցել, որն ուղեկցվել է ընտանիքի սիրելի անդամի կորուստին բնորոշ տառապանքով և հոգեկան ծանր ապրումներով, այդ ապրումները չեն հասել նույնիսկ նվազագույն աստիճանի ուժգնության, որպեսզի ընկնեին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակի ներքո: Կառավարությունը նաև վիճարկել է, որ դիահերձման ժամանակ դիմումատուի ամուսնու մարմնից սիրտը նույնպես հեռացվել է, իսկ dura mater-ն ամեն դեպքում պետք է հեռացվեր, քանի որ անհրաժեշտ էր գնահատել, թե արդյոք անձի գլխուղեղը վնասված եղել է թե ոչ: Սա ևս կարող էր տառապանք առաջացնել, սակայն այն չէր կարող համարվել 3-րդ հոդվածի կիրառության համար բավարար նվազագույն աստիճանի ուժգնության հույզ:
131. Կառավարությունը մատնացույց է անում այն հանգամանքը, որ դիմումատուն անձամբ չի ներկայացել Sigulda-ի հիվանդանոց, մինչդեռ մերձավոր հարազատների պարտականությունն էր բժշկական անձնակազմին տեղեկացնել իրենց գտնվելու վայրի մասին և կապ հաստատել վերջիններիս հետ այն դեպքում, եթե ցանկություն են ունեցել հյուսվածքների հեռացման վերաբերյալ առարկություն հայտնելու: Կառավարությունը նաև ընդգծել է, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է համաձայն ընկերության հետ կնքված պայմանագրի և որ հյուսվածնքերն ուղարկվել են ընկերությանը բիո իմպլանտի վերափոխման նպատակով, որից հետո դրանք ետ են ուղարկվել Լատվիա՝ փոխպատվաստման համար, և որ այս գործողության հիմքում այլոց առողջությունը բարելավելն ու նրանց կյանքը փրկելն էր: Կառավարությունը շեշտում է, որ հյուսվածքների հեռացման գործողությունը պետք էր «շատ արագ» կատարել, որի դեպքում նույնիսկ ամենաաննշան հապաղումը կարող էր թանկարժեք ժամանակի կորուստ նշանակել, որի ընթացքում հյուսվածքների հեռացումը հնարավոր էր: Հիմնվելով այն փաստի վրա, որ դիմումատուի ամուսինն իր կենդանության օրոք չի առարկել հյուսվածքների հեռացման դեմ կամ նույնիսկ դրա վերաբերյալ տեսակետ չի արտահայտել վերջինիս ներկայությամբ՝ Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուն չի կարող պնդել, որ այն կատարվել է հակառակ ամուսնու կամ կնոջ ցանկության:
132. Կառավարությունը նաև ներկայացրել է, որ դիմումատուի այն պնդումը, որ ամուսնու ոտքերը եղել են կապված իրար, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այն չի հիմնավորվել որևէ արժանահավատ ապացույցով: Ըստ Կառավարության, համաձայն Դատաբժշկական կենտրոնի կողմից տրամադրված տեղեկատվության՝ ամուսնու մարմինը դիահերձումից հետո կարգի է բերվել, մաքրվել և լվացվել է: Կառավարությունը վերահաստատել է, որ հանգուցյալի մարմնի վիճակի վերաբերյալ որևիցե բողոք չի ստացվել: Ըստ դիահերձման վերաբերյալ զեկույցի՝ հանգուցյալի ոտքերը ավտովթարի հետևանքով վնասված չեն եղել: Սույն գործով «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման չափանիշի պայմանները բավարարված չեն եղել, քանի որ դիմումատուի պնդումները ամուսնու մարմնի վիճակի վերաբերյալ ոչ մի ապացույցով չեն հիմնավորվել:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքները
133. Svinarenko-ն և Slyadnev-ն ընդդեմ Ռուսաստանի գործով ([ՄՊ], թիվ թիվ 32541/08 և 43441/08, §§ 113-118, 17 հուլիսի 2014թ.) վերջերս Դատարանը կիրառելի սկզբունքները ամփոփ ներկայացրել է հետևյալ կերպ.
«113. Ինչպես արդեն Դատարանը բազմից նշել է, Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ամրագրում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնարար արժեքներից մեկը: Այն կտրականապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը՝ անկախ հանգամանքներից և տուժողի վարքագծից (ի թիվս բազմաթիվ այլ հեղինակավոր աղբյուրների տե՛ս նաև՝ Labita-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 26772/95, § 119, ՄԻԵԴ 2000-IV):
114. Վատ վերաբերմունքը պետք է որոշակի նվազագույն աստիճանի ծանրության լինի, որպեսզի այն դիտարկվի 3-րդ հոդվածի ներքո: Այս նվազագույն աստիճանի գնահատումը հարաբերական է, այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ՝ վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և մտավոր ազդեցությունը, իսկ որոշ դեպքերում նաև՝ սեռը, տարիքը և տուժողի առողջական վիճակը (տե՛ս օրինակ՝ Jalloh-ն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ], թիվ 54810/00, § 67, ՄԻԵԴ 2006‑IX): Թեև այն հարցը, թե արդյոք վերաբերմունքի նպատակը անձին նվաստացնելը կամ ստորացնելն էր, այնպիսի գործոն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել, այդ նպատակներից ցանկացածի բացակայության պարագայում չի կարող վերջնականապես սպառվել 3-րդ հոդվածի ներքո խախտում հայտնաբերելու հավանականությունը (ի թիվս բազմաթիվ այլ հեղինակավոր աղբյուրների տե՛ս նաև՝ V.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 24888/94, § 71, ՄԻԵԴ 1999-IX):
115. Վերաբերմունքը համարվում է 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» այն դեպքում, եթե դրա միջոցով անձին նսեմացրել կամ ստորացրել են՝ նրա հետ անհարգալից վարվելու կամ մարդկային արժանապատվությունը նսեմացնելու միջոցով, կամ դրա արդյունքում առաջացել է վախի, հոգեկան ապրումների կամ թերարժեքության զգացում, որն ունակ է կոտրելու անձի բարոյական կամ ֆիզիկական դիմադրությունը (տե՛ս՝ M.S.S.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի [ՄՊ], թիվ. 30696/09, § 220, ՄԻԵԴ 2011, և El-Masri-ն ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ], թիվ 39630/09, § 202, ՄԻԵԴ 2012): Վերաբերմունքի հանրային բնույթը կարող է հանդես գալ որպես համապատասխան կամ ծանրացուցիչ գործոն, որի դեպքում անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք այն եղել է 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» (տե՛ս, inter alia, Tyrer-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 ապրիլի 1978թ., § 32, Շարք Ա թիվ 26, Erdoğan Yağız-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 27473/02, § 37, 6 մարտի 2007թ., և Kummer-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, թիվ 32133/11, § 64, 25 հուլիսի 2013թ.):
116. Որպեսզի վերաբերմունքը համարվի «նվաստացնող», պատճառված տառապանքը կամ նվաստացումը պետք է ցանկացած պարագայում սահմանազանցեն տառապանքի կամ նվաստացնող վերաբերմունքի անխուսափելի տարրը, որն առնչվում է տվյալ դեպքով որևէ իրավաչափ վերաբերմունքի ձևին (տե՛ս V.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, մեջբերված է վերևում, § 71): ...
118. Մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը Կոնվենցիայի բուն էության մաս է կազմում (տե՛ս Pretty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 2346/02, § 65, ՄԻԵԴ 2002‑III): Կոնվենցիայի առարկան և նպատակը, որպես անհատների իրավունքների պաշտպանության գործիք, պահանջում են, որպեսզի դրա դրույթները մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ դրա երաշխիքները լինեն կիրառելի և արդյունավետ: Երաշխավորված իրավունքների և ազատությունների ցանկացած մեկնաբանություն պետք է լինի Կոնվենցիայի համընդհանուր ոգուն համահունչ, մի գործիք, որը նախագծվել է ժողովրդավարական հասարակության իդեալների և արժեքների պահպանման և առաջընթացն ապահովելու համար (տե՛ս Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., § 87, Շարք Ա թիվ 161):
134. Դատարանն այնուհետև նշում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ ապացույցները գնահատելիս վերջինս որդեգրել է «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը: Այսպիսի ապացույցը կարող է, սակայն, հիմնվել բավականաչափ ուժեղ, հստակ և համաձայնեցված հետևությունների համագոյության կամ անհերքելի փաստերի ենթադրությունների վրա (տե՛ս Farbtuhs-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 4672/02, § 54, 2 դեկտեմբերի 2004թ., և Bazjaks-ն ընդդեմ Լատվիայի, թիվ 71572/01, § 74, 19 հոկտեմբերի 2010թ.):
(բ) Այս սկզբունքների կիրառելիությունը սույն գործում
135. Վերադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանը դիտարկում է, որ դիմումատուն պնդում է, որ հուզական ծանր ապրումներ է ունեցել այն փաստի պատճառով, որ ամուսնու հյուսվածքների հեռացումը տեղի է ունեցել առանց իր համաձայնությունը ստանալու կամ իր գիտության` հակասելով ներպետական օրենսդրությանը, և որ նա ստիպված է եղել ամուսնուն թաղել ոտքերը իրար կապած. Կառավարությունը վիճարկել է, որ այս պնդումներից առաջինը Կոնվենցիայի 3-րդ հոդվածը կիրառելի դարձնելու համար բավարար աստիճանի ծանրության չէ, և որ երկրորդը «ողջամիտ կասկածից վեր» ապացուցելի չէ:
136. Դատարանը նշում է, որ դիմումատուն հյուսվածքների հեռացման փաստի մասին իմացել է ամուսնու թաղմանից երկու տարի անց և որ ևս հինգ տարի է անցել մինչև վերջնական որոշումներ են կայացվել այդ արարքներն որպես քրեաիրավական որակելու հնարավորության վերաբերյալ: Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը չի հերքել այն փաստը, որ ողջ ժամանակահատվածի ընթացքում նրան չեն հայտնել այն մասին, թե մահացած ամուսնու մարմնից ինչ օրգաններ կամ հյուսվածքներ են հեռացվել. նա այդ մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ ստացել է Կառավարության կողմից սույն գործով ներկայացված դիտարկումները: Բացի այդ, ամուսնու ոտքերի կապված լինելու առնչությամբ դիմումատուն ներկայացրել է մի քանի պատճառներ, նրա կողմից ներկայացված փաստարկները հիմնավորվել են ընտանիքի անդամներից մեկի կողմից ներկայացված գրավոր վկայությամբ: Հաշվի առնելով այս փաստերը՝ որպես ամուսնու մերձավոր ազգական դիմումատուն կարող էր հուզական ապրումներ ունենալ:
137. Դատարանի խնդիրն է պարզել, թե հաշվի առնելով գործի մասնավոր հանգամանքները՝ արդյոք այդ ապրումները կարող են դիտարկվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի լույսի ներքո: Դատարանն իր նախադեպային իրավունքում երբևէ հարցականի տակ չի դրել մարդու իրավունքների լուրջ խախտման արդյունքում խորը հոգեբանական ազդեցությունը: Սակայն, որպեսզի տուժողի հարազատների առնչությամբ հայտնաբերվի 3-րդ հոդվածի խախտում, անհրաժեշտ է առանձին կոնկրետ գործոնների առկայությունը, որոնք տառապանքին են հաղորդում հուզական ապրումներից տարբերակվող խորություն և բնույթ, որոնք ակնհայտորեն բխում են մարդու իրավունքների վերահիշյալ խախտումից (տե՛ս Salakhov-ը և Islyamova-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 28005/08, § 199, 14 մարտի 2013թ.): Համապատասխան տարրերը ներառում են ընտանեկան կապերի մերձավորությունը և այն, թե ինչ կերպ են իշխանությունները պատասխանել հարազատների հարցումներին (տե՛ս, օրինակ՝ Çakıcı-ի գործը, մեջբերված է վերևում, § 98, որտեղ այս սկզբունքը կիրառվել է բռնությամբ անհետացման դեպքի համատեքստում, Mubilanzila Mayeka-ն և Kaniki Mitunga-ն ընդդեմ Բելգիայի, թիվ 13178/03, § 61, 12 հոկտեմբերի 2006թ., որտեղ Դատարանը հիմնվում էր սույն սկզբունքի վրա՝ իր հինգ տարեկան աղջկան մեկ այլ պետության տարածքում անազատության մեջ պահելու պատճառով առաջացած մոր տառապանքները հաշվի առնելիս, և M.P.-ն և այլոք ընդդեմ Բելգիայի, թիվ 22457/08, §§ 122-124, 15 նոյեմբերի 2011թ., որտեղ համապատասխան բողոքը վերաբերում էր բռնության ենթարկված երեխայի հարազատների տառապանքներին): Մեջբերված գործերում Դատարանը ծնող-երեխա կապը ծանրակշիռ հանգամանք է համարել: Դատարանը գտել է, որ խախտման բնույթը ստեղծված իրավիճակի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջիններիս ուշադրությանը ներկայացնելու ժամանակ տրվող արձագանքների և վերաբերմունքի մեջ է (տե՛ս Salakhov-ի և Islyamova-ի գործը, մեջբերված է վերևում, § 200): Համանման նկատառումներ կիրառելի են նաև տվյալ գործով դիմումատուի և նրա մահացած ամուսնու նկատմամբ:
138. Դատարանը տարբերակում է սույն գործը իր առջև բերված այլ՝ «անհետացածների» ընտանիքի անդամների և անվտանգության աշխատակիցների կողմից ծառայողական պարտականություններից դուրս գործած սպանության վերաբերյալ գործերից (տե՛ս նաև, օրինակ՝ Luluyev-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 69480/01, §§ 116-118, ՄԻԵԴ 2006‑XIII (հատվածներ)) և այն գործերից, որոնց դեպքում իշխանությունների՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտմամբ կատարված գործողությունների արդյունքում մարդիկ էին սպանվել (տե՛ս նաև, օրինակ՝ Esmukhambetov-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 23445/03, §§ 138-151 և 190, 29 մարտի 2011թ.): Սույն գործով ապացույցներ՝ մարմնի խեղման (տե՛ս Akkum-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 21894/93, §§ 258-259, ՄԻԵԴ 2005‑II (հատվածներ), և Akpınar-ը և Altun-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 56760/00, §§ 84-87, 27 փետրվարի 2007թ.) կամ անդամահատման ու գլխատման վերաբերյալ ևս չկային (տե՛ս Khadzhialiyev-ը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 3013/04, §§ 120-122, 6 նոյեմբերի 2008թ.):
139. Թեև չի կարելի ասել, որ դիմումատուն տառապել է ամուսնու ճակատագրի վերաբերյալ ունեցած ձգձգված անորոշությունից, Դատարանը գտնում է, որ դիմումատուն տևական ժամանակահատվածում ունեցել է անորոշության զգացում, հոգեկան և հուզական ապրումներ այն հարցի հետ կապված, թե ամուսնու մարմնից ինչ օրգաններ կամ հյուսվածքներ են հեռացվել և թե ինչ եղանակով կամ ինչ նպատակներով է դա արվել: Կառավարության այն փաստարկը, որ հեռացվել է միայն dura mater-ը այստեղ էական չէ: Ցանկացած պարագայում դիմումատուն այդ հարցի պարզաբանումը ստացել է միայն Դատարանի առջև ընթացող վարույթի շրջանակներում: Իրադարձությունների զարգացման ընթացքում դիմումատուն պատճառներ չուներ Դատաբժշկական կենտրոնի գործողությունները կասկածի տակ առնելու, քանի որ նրա ամուսնու մարմինը տարվել էր այնտեղ մահվան պատճառը պարզելու նպատակով: Քրեական հետաքննությունը հետագայում մեկնարկել էր Դատաբժշկական կենտրոնում կատարվող հյուսվածքների հեռացման գործողությունների օրինականությունը պարզելու նպատակով, որի արդյունքում պարզվել էր, որ հյուսվածքների հեռացումը կատարվել էր ոչ միայն դիմումատուի ամուսնու, այլև հարյուրավոր այլ անձանց մարմիններից (որպես օրինակ նշվում է՝ միայն 3 տարվա ընթացքում 500 մահացած անձ)՝ շուրջ ինը տարի ժամանակահատվածում (տե՛ս վերևում՝ 13-33-րդ պարբերությունները): Հաստատվել է նաև, որ հյուսվածքների հեռացումը կատարվել է պետության հովանու ներքո արտերկրում տեղակայված ընկերության հետ կնքած պայմանագրի շրջանակներում: Այս սխեման իրագործվել է պետական պաշտոնյաների՝ դատաբժշկական փորձագետների կողմից, ովքեր, ի լրումն դատաբժշկական հետազոտություններ կատարելու իրենց սովորական պարտականությունների, սեփական հայեցողությամբ կատարել են նաև օրգանների կամ հյուսվածքների հեռացումներ (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Սրանք այն առանձնահատուկ գործոններն են, որոնք դիմումատուին լրացուցիչ տառապանք են պատճառել:
140. Դատարանը գտնում է, որ դիմումատուի տառապանքն ունեցել է այնպիսի խորություն և բնույթ, որ այն սահմանազանցել է մերձավոր հարազատի մահվան հետևանքով առաջացած կսկիծը: Դատարանն արդեն իսկ գտել է, որ խախտվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, քանի որ որպես մերձավոր ազգական դիմումատուն իրավունք ուներ հյուսվածքների հեռացման կապակցությամբ արտահայտելու համաձայնություն կամ հրաժարվելու դրանից, սակայն պետական իշխանությունների համապատասխան պարտավորությունները և հայեցողության սահմանները լատվիական օրենսդրությամբ հստակ սահմանված չէին, և որ այս կապակցությամբ վարչական կամ իրավական կարգավորումներ չկային (տե՛ս վերևում՝ 109-116-րդ պարբերությունները): Թեև սույն գործի և վերևում մեջբերված Petrova-ի գործի միջև զգալի տարբերություններ կան՝ կապված օրգանների կամ հյուսվածքների հեռացման ծավալի և աստիճանի հետ, Դատարանն, այնուամենայնիվ, երկու գործերով էլ նշել է, որ Լատվիայում օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում որոշ կառուցվածքային բացթողումներ գերակշռում են: Լատվիական համատեքստում այս գործոնները պետք հաշվի առնվեն նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առնչությամբ: Բացի այդ, ոչ միայն դիմումատուի՝ որպես մերձավոր հարազատի իրավունքները չեն հարգվել, այլև վերջինս բախվել է իշխանությունների կողմից արտահայտած հակասական կարծիքներին՝ կապված ներպետական օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների խնդրի հետ: Ավելին, թեև Անվտանգության հարցերով ոստիկանությունը և մի շարք դատախազներ տարակարծություններ են ունեցել կապված այն հարցի հետ, թե արդյոք ներպետական օրենսդրությունը բավականաչափ հստակորեն սահմանում է նշված հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը, նրանք բոլորը համակարծիք էին այն մասով, որ առանց համաձայնության ստացման հյուսվածքների կամ օրգանների հեռացումը ապօրինի է (տե՛ս վերևում՝ 18-րդ, 20-րդ, 22-րդ, 24-25-րդ պարբերությունները): Սակայն, նրանց տարաձայնությունների հարթման հետ միասին քրեական հետապնդման համար սահմանվել է ժամկետ (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը) և, ցանկացած պարագայում, ներպետական դատարանը այդպիսի հետապնդումը համարել է ապօրինի, քանի որ այն օրենսդրությամբ հստակ սահմանված չի եղել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Այս փաստերը ցույց են տալիս, թե ինչպես են պետական իշխանությունները վարվել իրենց ուշադրությանը ներկայացված բողոքների, ինչպես նաև՝ վերջիններիս անտարբերությունը տուժողների և նրանց մերձավոր հարազատների նկատմամբ, այդ թվում նաև՝ դիմումատուի: Այս հանգամանքները նպաստել են դիմումատուի մոտ իր անձնական կյանքի չափազանց զգայուն մի հատվածի, այն է՝ հանգուցյալ ամուսնու մարմնից հյուսվածների հեռացման համար իր համաձայնությունը տալու կամ դրան դեմ լինելու հետ կապված իրավունքների խախտմամբ անզորության զգացումը խորացնելուն՝ զուգակցված ցանկացած փոխհատուցում ստանալու անհնարինության հետ:
141. Դիմումատուի տառապանքներն ավելի են խորացել այն փաստի առկայությամբ, որ նրան չեն տեղեկացրել այն մասին, թե հատկապես ինչ գործողություններ են կատարվել Դատաբժշկական կենտրոնի ներսում: Նրան չեն տեղեկացրել հյուսվածքների հեռացման մասին, իսկ թաղման օրը հայտնաբերելով, որ ամուսնու ոտքերը կապված են իրար, նա կարծել է, որ դա ավտովթարի հետևանք է: Երկու տարի անց նրան տեղեկացրել են ընթացող քրեական հետաքննության և հանգուցյալ ամուսնու մարմնի նկատմամբ հնարավոր ապօրինի գործողությունների կատարված լինելու մասին: Պարզ է, որ այդ պահին դիմումատուն առանձնակի ցավ է ապրել՝ հասկանալով նաև, որ հնարավոր է, որ ամուսինը թաղվել է ոտքերը կապված վիճակում հենց նրա մարմնի վրա Դատաբժշկական կենտրոնում կատարված գործողությունների արդյունքում: Կառավարության այն փաստարկը, որ այս կապակցությամբ «ողջամիտ կասկածից վեր» ապացույցներ չեն ներկայացվել, տեղին չէ, քանի որ դիմումատուին հոգեկան ծանր ապրումներ է պատճառել այն հանգամանքը, որ վերջինիս հստակ չեն հայտնել և թողել են անորոշության առ այն, թե իր մահացած ամուսնու մարմնի նկատմամբ հատկապես ինչ գործողություններ են կատարվել Դատաբժշկական կենտրոնում:
142. Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման այս առանձնահատուկ ոլորտում ճանաչվել է մարդու մարմնի հետ մահվանից հետո հարգալից վերաբերմունքի անհրաժեշտությունը: Իսկապես, միջազգային պայմանագրերը, այդ թվում նաև՝ Մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան և դրա Լրացուցիչ արձանագրությունը, ինչպես որ նշված է վերջինիս վերաբերյալ բացատրական զեկույցում, նախագծվել են պաշտպանելու համար օրգանների և հյուսվածքների դոնորների իրավունքները՝ անկախ վերջիններիս մահացած կամ կենդանի լինելու հանգամանքից: Սույն պայմանագրերի առարկան լույս աշխարհ եկած «յուրաքանչյուր ոքի», անկախ նրա մահացած թե կենդանի լինելու հանգամանքի, արժանապատվության, ինքնության և ամբողջության իրավունքի պաշտպանությունն է (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Ինչպես մեջբերված է վերևում՝ 133-րդ պարբերության մեջ, մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքը կազմում է Կոնվենցիայի բուն էության մասը, վերաբերմունքը համարվում է 3-րդ հոդվածի իմաստով «նվաստացնող» այն դեպքում, եթե, inter alia, դրա միջոցով անձին նվաստացրել են՝ դրսևորելով նրա մարդկային արժանապատվության նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Դիմումատուի տառապանքները եղել են պատճառված ոչ միայն նրա՝ որպես մերձավոր ազգանի իրավունքների խախտման և Դատաբժշկական կենտրոնում կատարված գործողությունների առնչությամբ անորոշության հետևանքով, այլև նրա հանգուցյալ ամուսնու մարմնի վրա կատարված գործողությունների անհարկի միջամտող բնույթի և դրա արդյունքում նրան՝ որպես նրա մերձավոր ազգականին պատճառած ծանր ապրումների արդյունքում:
143. Այս կոնկրետ հանգամանքներում Կառավարության առարկություններն առ այն, որ դիմումատուի գանգատում նշված գործողությունները չեն կարող դիտարկվել որպես Կոնվեցիայի 3-րդ հոդվածի շրջանակներում կատարված խախտում, իսկ վերջինս այս կապակցությամբ չի կարող համարվել տուժող, ենթակա են մերժման: Դատարանը կասկածներ չունի առ այն, որ սույն գործով դիմումատուին պատճառված տառապանքները հավասարազոր են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո սահմանված նվաստացնող վերաբերմունքին: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել տվյալ դրույթի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԱՅԼ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
144. Վերջապես, դիմումատուն վկայակոչել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածն այն փաստի առնչությամբ, որ ներպետական օրենքը թույլ էր տալիս տարաբնույթ մեկնաբանություններ:
145. Կառավարությունը առարկել է այդ փաստարկի դեմ:
146. Դատարանը նշում է, որ սույն բողոքը կապված է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո քննված բողոքի հետ և, հետևաբար, պետք է նույնպես հայտարարվի ընդունելի:
147. Սակայն, Դատարանը գտնում է, որ վերևում արդեն քննել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն ներպետական օրենքի հստակ ձևակերպած չլինելու հարցը: Հետևաբար, Դատարանը անհրաժեշտ չի գտնում այս բողոքը քննել առանձին կարգով՝ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
148. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, և եթե Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավարություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին տրամադրել արդարացի փոխհատուցում»:
Ա. Վնաս
149. Դիմումատուն պահանջել է 40,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
150. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն բավարար չափով չի ապացուցել, որ նրա կրած ոչ նյութական վնասը այդ աստիճան է եղել և համարել, որ դիմումատուի պահանջած գումարը անհամաչափ է և անհիմն: Վկայակոչելով Shannon-ն ընդդեմ Լատվիայի գործը (թիվ 32214/03, § 84, 24 նոյեմբերի 2009թ.), Կառավարությունը համարել է, որ խախտման ճանաչումն ինքնին համարժեք և բավարար փոխհատուցում կհանդիսանա:
151. Հաշվի առնելով սույն գործով արձանագրված խախտումների բնույթը և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուին տրամադրում է 16,000 եվրո փոխհատուցում որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
Բ. Ծախսեր և ծախքեր
152. Դիմումատուն նաև պահանջել է 500 եվրո՝ Դատարանի հետ կապված ծախսերի և ծախքերի համար:
153. Կառավարությունը չի առարկել դիմումատուի՝ այս գլխի ներքո պահանջի դեմ: Կառավարությունը գտել է, որ այն բավարար չափով հիմնավորված է և ողջամիտ:
154. Դատարանի նախադեպային իրավունքի համապատասխան՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ցույց է տրվել, որ դրանք իրականում կատարվել են, եղել են անհրաժեշտ, և դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով, հաշվի առնելով իր տրամադրության ներքո գտնվող փաստաթղթերը և վերը նշված չափանիշները, Դատարանը ողջամիտ է համատում դիմումատուին վճարել 500 եվրո գումար՝ որպես կատարված բոլոր ծախսերի փոխհատուցում:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույք
155. Դատարանը պատշաճ է համարում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության առավելագույն տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Միացնում է գործի ըստ էության քննությանը Կառավարության փաստարկները, որ դիմումատուի՝ 3-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքը անհամատեղելի է ratione materiae և ratione personae Կոնվենցիայի դրույթների հետ և մերժում է դրանք:
2. Հայտարարում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո ներկայացված բողոքը՝ այնքանով, որքանով այն վերաբերում է դիմումատուի հանգուցյալ ամուսնու հյուսվածքների՝ առանց իր համաձայնության հեռացմանը, և Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո բողոքն ընդունելի, իսկ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի ներքո բողոքի մնացած մասը՝ անընդունելի:
3. Հայտարարում է դիմումատուի գանգատը 3-րդ հոդվածի ներքո ընդունելի:
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
6. Վճռում է, որ անհրաժեշտություն չկա գանգատը քննել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո:
7. Վճռում է, որ՝
(ա) պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում դիմումատուին պետք է վճարի հետևյալ գումարները.
(i) 16,000 եվրո (տասնվեց հազար եվրո), գումարած նշված գումարի վրա հաշվարկվող որևէ տեսակի հարկեր՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
(ii) 500 եվրո (հինգ հարյուր եվրո), գումարած նշված գումարի վրա դիմումատուին վճարվող գումարից գանձման ենթակա բոլոր տեսակի հարկերը՝ որպես ծախսերի և ծախքերի փոխհատուցում,
(բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի վերը նշված գումարի պարզ տոկոս՝ Եվրոպական կենտրոնական բանկի կողմից փոխառության տրամադրման համար սահմանված առավելագույն տոկոսադրույթի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար՝ գումարած երեք տոկոս:
8. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2015թ. հունվարի 13-ին՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Fatoş AracıPäivi Hirvelä
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում է դատավոր Wojtyczek-ի առանձին կարծիքը:
P.H.
F.A.
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1](2003)11rev2.pdf
[2] Հիմնադրվել է 1997թ. դեկտեմբերին, EGE-ին անկախ խորհրդատվական մարմին է: Դրա իրավանախորդն է եղել Եվրոպական հանձնաժողովի Բիոտեխնոլոգիայի էթիկական հետևանքների հարցերով խորհրդականների խումբը, որը ad hoc խորհրդատվական մարմին էր:
Full & Egal Universal Law Academy