Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 161
մարտ 2013
Էոնն ընդդեմ Ֆրանսիայի - 26118/10
Վճիռ 14.03.2013 [Բաժանմունք V]
Հոդված 10
Հոդված 10-1
Արտահայտվելու ազատություն
Ֆրանսիայի նախագահին ծաղրող պաստառ թափահարելու համար քաղաքական ակտիվիստի դատապարտում. խախտում
Փաստեր - Ֆրանսիայի նախագահի 2008թ. կատարած այցելության ժամանակ դիմումատուն թափահարել է վերջինիս ուղղված “Casse toi pov’con” («Կորի՜ր անպետք խորոզ», “Get lost, you sad prick”) ծաղրական արտահայտությունը կրող փոքրիկ պաստառ ճիշտ այն ժամանակ, երբ նախագահի կուսակցությունն անցնում էր քաղաքի այդ հատվածով: Այս արտահայտությունը հանդիսանում էր նախագահի կողմից արված մեկ այլ արտահայտության ակնարկում, որը լայնածավալ քննարկումների և մամուլի կողմից ընդարձակ լուսաբանման առարկա էր դարձել և համացանցում լայնորեն տարածված էր, իսկ ցույցերի ժամանակ օգտագործվում էր որպես կարգախոս: Դիմումատուի գործողություններն անմիջապես դադարեցվել են ոստիկանության կողմից, իսկ հետագայում նրա նկատմամբ հայտարարվել է քրեական հետապնդում` նախագահին վիրավորանք հասցնելու մեղադրանքով: Դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել, և սահմանվել է տուգանք` երեսուն եվրոյի չափով, սակայն դատավճռի կատարումը կասեցվել է: Նյութական իրավունքի խախտման հիմքով դիմումատուի բողոքը վերադաս դատարանի կողմից չի քննվել:
Իրավունք - Հոդված 10
(ա) Ընդունելիություն (դիմումատուն չի կրել էական վնաս) - Խախտման աստիճանը որոշելու համար անհրաժեշտ է հաշվի առնել թե´ դիմումատուի ընկալման սուբյեկտիվության աստիճանը և թե´ կոնկրետ գործում ինչն էր օբյեկտիվորեն վտանգված: Գործի սուբյեկտիվ կարևորությունը դիմումատուի համար պարզ է, ով հետամուտ եղավ ներպետական բոլոր միջոցների սպառմանը, նույնիսկ լուրջ հիմքեր չլինելու պատճառաբանությամբ իրավական օժանդակության տրամադրումը մերժելու պարագայում: Իսկ այն մասով, թե օբյեկտիվորեն ինչն էր հանդիսանում խնդրո առարկան, պետք է նշել, որ գործը ընդարձակորեն լուսաբանվում էր մամուլում, որի ժամանակ քննարկվում էր այն հարցը, թե արդյոք երկրի գլուխը հանդիսացող նախագահին վիրավորելը պետք է քրեորեն պատժելի լինի թե ոչ. այս հարցը պարբերաբար դառնում է երկրի խորհրդարանի քննարկման առարկան: Իսկ այն հարցի կապակցությամբ, թե արդյոք Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով սահմանված մարդու իրավունքների հարգումը պահանջում են դիմումի ըստ էության ուսումնասիրություն, դատարանը նշեց, որ գործը վերաբերում է մի խնդրի, որը որոշակի կարևորություն ունի թե´ պետական մակարդակում և թե´ Կոնվենցիայի շրջանակներում:
Եզրակացություն. Նախնական առարկությունները չեն ընդունվել (ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ):
(բ) Էությունը - Դիմումատուի դատապարտումը հանդիսանում է անձի ազատ արտահայտվելու իրավունքը սահմանափակող «պետական մարմինների միջամտություն»: Միջամտությունը սահմանված էր օրենքով և հետապնդում էր այլոց համբավը պաշտպանելու օրինական նպատակ:
Նախագահի կուսակցության հանրային պողոտայով անցնելու ժամանակ “Casse toi pov’con” («Կորի՜ր անպետք խորոզ», “Get lost, you sad prick”) արտահայտությունը կրող պաստառի թափահարումը, բառացիորեն ասված, նախագահի համար վիրավորական էր: Սակայն այդ արտահայտությունն անհրաժեշտ է դիտարկել ընդհանուր համատեքստում, մասնավորապես, հաշվի առնելով այն անձի կարգավիճակը, ում այն ուղղված էր, դիմումատուի դիրքը, արտահայտության ներկայացման ձևը և դրա նախկինում արված արտահայտության կրկնություն հանդիսանալու հանգամանքը:
Դատարանը նախևառաջ հաշվի առավ, որ դիմումատուի արտահայտվելու ազատության սահմանափակումը կապ չունի մամուլի ազատության սահմանափակման հետ: Հետևաբար, այն նպատակահարմար չհամարեց գործը դիտարկել Կոլոմբանին և այլոք գործի լույսի ներքո, որում Դատարանը գտավ, որ ի տարբերություն զրպարտության մասին համընդհանուր իրավական դրույթի, դիմումատուները չեն կարողացել իրենց պաշտպանությունը կառուցել արդարացման վրա, այն է` ապացուցել պնդման ճշմարտացիությունը` այսպիսով խուսափելով քրեական պատասխանատվությունից. այս առանձնահատկությունը Դատարանի կարծիքով սահմանազանցում է անձի համբավը և իրավունքները պաշտպանելու անհրաժեշտ սահմանները, նույնիսկ այն դեպքերում, երբ անձը հանդիսանում է պետության կամ կառավարության գլուխ: Սույն գործում դիմումատուն, ով մեղադրվում է վիրավորական արտահայտություն գործածելու մեջ, չի պնդում, որ երկրի ղեկավարն օգտագործել է իր անձը վիրավորող վարք կամ խոսք, իսկ խնդրո առարկա արտահայտությունն ավելի շուտ վիրավորանք է, քան պնդում: Արդյունքում վերջինս կարող էր հիմնվել ուշադրություն գրավելու փորձի կամ հիմնավորում ներկայացնելու վրա: Բացի այդ, անհրաժեշտ է հաշվի առնել, որ գործող օրենսդրության սահմաններում, ներպետական դատարանը դիտարկել է այն հարցը, թե արդյոք դիմումատուն բարեխղճորեն է գործել, որը կարող էր ծառայել վերջինիս գործողությունների արդարացմանը, սակայն բացառել է այդ հնարավորությունը` հաշվի առնելով վերջինիս քաղաքական ակտիվությունը և օգտագործված արտահայտությունների նախապես պատրաստված լինելը: Եվ վերջապես, քրեական հետապնդումը հարուցվել է ոչ թե նախագահի կողմից, այլ հանրային դատախազության` համապատասխան ներպետական օրենսդրության համաձայն: Հաշվի առնելով այս հանգամանքները` Դատարանը դիտարկեց, որ անհրաժեշտություն չկա որոշելու, թե արդյոք դիմումատուի գործողությունների քրեական որակումը համահունչ է Կոնվենցիային, նույնիսկ եթե այն դիտարկվում է որպես հատուկ միջոցառում, քանի որ այն հատուկ ազդեցություն չի ունեցել երկրի գլխի վրա կամ վերջինիս հատուկ կարգավիճակ չի շնորհել` կապված վերջինիս մասին տեղեկություններ կամ կարծիք հայտնելու հետ:
Այնուամենայնիվ, նախագահի կողմից կատարված արտահայտության կրկնությունը ուղղված չէր վերջինիս անձնական կյանքի իրավունքի ոտնահարմանը կամ պատվի արատավորմանը կամ չի կարող որակվել որպես նախագահի անձին ուղղված պարզ անհարկի հարձակում: Դիմումատուն քաղաքական ակտիվիստ է և նախկինում ժողովրդի կողմից ընտրվել է որպես պատգամավոր, ով երկար պայքար է մղել անօրինական միգրանտների մի ընտանիքի իրավունքների համար, ովքեր նախագահի այցից մի քանի օր առաջ երկրից արտաքսվել էին:
Դատարանը նաև հաշվի առավ, որ կրկնելով նախագահի կողմից արված կոպիտ արտահայտությունը, որն արդեն իսկ մամուլում ընդարձակ կերպով լուսաբանվել էր և հանրային լայնածավալ քննարկման առարկա դարձել, ինչը մեծ մասամբ հեգնական նրբերարանգ ուներ, դիմումատուն որոշել էր իր քննադատությունն արտահայտել անհարգալից երգիծանքի միջոցով: Դատարանը մի շարք դեպքերում երգիծանքը դիտարկել է որպես գեղարվեստական և սոցիալական արտահայտչամիջոց, որին ներհատուկ են չափազանցման և իրականության աղավաղման տարրերը, որոնք բնականորեն ուղղված են հասարակության հետաքրքրությունը շարժելուն և հուզելուն: Հետևաբար դերասանի/արվեստագետի կողմից այս արտահայտչամիջոցն օգտագործելու իրավունքին միջամտությունը պետք է առանձնակի զգուշավորությամբ կատարվի: Սույն գործով դիմումատուի կատարած գործողության նման քայլի համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կարող է երգիծական արտահայտչաձևերի վրա սառեցնող ազդեցություն ունենալ` առանձին թեմաներով խնդիրների դեպքում: Այդպիսի արտահայտչաձևերը կարող են բավական կարևոր դեր խաղալ հանրային կարևորության խնդիրների շուրջ ազատ քննարկում ծավալելու առումով, առանց որի ժողովրդավարական հասարակություն գոյություն չունի: Հետևաբար, իշխանությունների կողմից քրեական պատժի կիրառումը հետապնդվող նպատակի հետ համաչափ չէ և ժողովրդավարական հասարակության համար անհրաժեշտ չէ:
Եզրակացություն. խախտում (ձայների վեց կողմ և մեկ դեմ ձայներով հարաբերակցությամբ):
Հոդված 41. Խախտման հայտնաբերումը ոչ նյութական վնասի փոխհատուցման առումով հանդիսանում է արդար փոխտահուցում:
(Տե´ս Կոլոմբանին և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 51279/99, 25 հունիս, 2002թ., Նախադեպային իրավունքի տեղեկագիր թիվ. 43)
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարի կողմից խմբագրված այս սեղմագիրը որևէ կերպ չի պարտավորեցնում դատարանին
Սեղմեք այստեղ Դատական պրակտիկայի վերաբերյալ տեղեկագրերին ծանոթանալու համար
Full & Egal Universal Law Academy