ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 15998/11 եւ 8 այլ գործեր.
տե՛ս կից ցանկը)
ՎՃԻՌ
Հոդված 2 (նյութաիրավական) • Կյանք • 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային ցույցերի ընթացքում ստացված վնասվածքների հետեւանքով դիմումատուների հարազատների մահ • Պատասխանող պետությանը վերագրվող՝ ինը տուժողից յոթի մահվան հանգեցնող մահաբեր ուժի կիրառումը «բացարձակ անհրաժեշտություն» չէր • Ամբոխի զսպման համար նախատեսված միջոցների կիրառմամբ եւ մահաբեր ուժի կամայական ու անհամաչափ գործադրմամբ իրականացված վատ պլանավորված օպերատիվ միջոցառման հետեւանքով մահվան դեպքեր • Դատարանը չի կարողացել հաստատել, որ տուժողներից մեկը սպանվել է այդ ուժի գործադրման հետեւանքով • Չկան բավարար ապացույցներ՝ վճռելու համար, որ մյուս տուժողի նկատմամբ տեղի է ունեցել խախտում
Հոդված 2 (դատավարական) • Մահվան բոլոր դեպքերով արդյունավետ քննություն չի իրականացվել
Հոդված 38 • Պետությունը չի կատարել բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելու պարտավորությունը
Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
18 սեպտեմբերի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Ֆարմանյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčková]՝ Նախագահ,
Մարիա Էլոսեգի [Maria Elósegui],
Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides],
Թիմ Այքը [Tim Eicke],
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
Աննա Մարգարյան [Anna Margaryan]՝ ad hoc [ժամանակավոր] դատավոր,
եւ Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի տասնյոթ քաղաքացիների՝ պրն Վաչագան Ֆարմանյանի, տկն Լյուդմիլա Ֆարմանյանի, տկն Վարդանուշ Ֆարմանյանի, տկն Վարդուհի Բաղդասարյանի, պրն Վահան Անտոնյանի, տկն Մարիամ Հովհաննիսյանի, տկն Ռուզաննա Հարությունյանի, տկն Ջեմմա Վարդումյանի, պրն Հովսեփ Խաչատրյանի, տկն Ալլա Հովհաննիսյանի, պրն Արամ Խաչատրյանի, տկն Լիլյա Մինասյանի, տկն Գայանե Հովհաննիսյանի, պրն Էդիկ Հարությունյանի, պրն Սարգիս Քլոյանի, տկն Ազատուհի Մանուկյանի եւ տկն Ռուզաննա Հունանյանի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի փետրվարի 28-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 15998/11, 15964/11, 16015/11, 16024/11, 16030/11, 16035/11, 16046/11, 16055/11 եւ 16060/11),
Կոնվենցիայի 2-րդ եւ 13-րդ հոդվածների համաձայն ներկայացված՝ դիմումատուների հարազատների մահվան եւ իշխանությունների կողմից նրանց մահվան հանգամանքների արդյունավետ քննություն ենթադրաբար չիրականացնելու վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու եւ գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2025 թվականի սեպտեմբերի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաների ընթացքում ստացված վնասվածքների հետեւանքով դիմումատուների հարազատների մահվանը։ Դրանով բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում։ Դիմումատուները հիմնվում են Կոնվենցիայի 38-րդ հոդվածի վրա։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուները, որոնց անձնական տվյալները ներկայացված են հավելվածում, վերոնշյալ բողոքի ակցիաների ընթացքում ստացված վնասվածքների արդյունքում մահացած ինն անձի հարազատներն են։ Մասնավորապես՝
ա) դիմումատուներ Վաչագան, Լյուդմիլա եւ Վարդանուշ Ֆարմանյանները (գանգատ թիվ 15998/11) 2008 թվականի մարտի 1-ին 33 տարեկան հասակում մահացած պրն Արմեն Ֆարմանյանի հայրը, մայրը եւ քույրն են.
բ) դիմումատուներ Հովսեփ Խաչատրյանը, Ալլա Հովհաննիսյանը եւ Արամ Խաչատրյանը (գանգատ թիվ 16035/11) 2008 թվականի մարտի 1-ին 23 տարեկան հասակում մահացած պրն Տիգրան Խաչատրյանի հայրը, մայրը եւ եղբայրն են։ Պատասխանող Կառավարությանը գանգատի մասին ծանուցելուց հետո Արամ Խաչատրյանը Դատարանին տեղեկացրել է, որ նա ստացել է Բելգիայի քաղաքացիություն.
գ) դիմումատուներ Սարգիս Քլոյանը, Ազատուհի Մանուկյանը եւ Ռուզաննա Հունանյանը (գանգատ թիվ 16060/11) 2008 թվականի մարտի 2-ին 28 տարեկան հասակում մահացած պրն Գոռ Քլոյանի հայրը, մայրը եւ կինն են.
դ) դիմումատուներ Լիլյա Մինասյանը եւ Գայանե Հովհաննիսյանը (գանգատ թիվ 16046/11) 2008 թվականի մարտի 1-ին 47 տարեկան հասակում մահացած պրն Հովհաննես Հովհաննիսյանի կինը եւ դուստրն են.
ե) դիմումատու Ջեմմա Վարդումյանը (գանգատ թիվ 16030/11) 2008 թվականի մարտի 2-ին 32 տարեկան հասակում մահացած պրն Դավիթ Պետրոսյանի մայրն է.
զ) դիմումատուներ Վարդուհի Բաղդասարյանը եւ Վահան Անտոնյանը (գանգատ թիվ 15964/11) 2008 թվականի մարտի 1-ին 27 տարեկան հասակում մահացած պրն Գրիգոր Գեւորգյանի կինը եւ մորեղբայրն են.
է) դիմումատու Էդիկ Հարությունյանը (գանգատ թիվ 16055/11) 2008 թվականի մարտի 1-ին ստացած վնասվածքների հետեւանքով 2008 թվականի ապրիլի 11-ին 28 տարեկան հասակում մահացած պրն Սամվել Հարությունյանի հայրն է.
ը) դիմումատու Մարիամ Հովհաննիսյանը (դիմում թիվ 16015/11) 2008 թվականի մարտի 2-ին 30 տարեկան հասակում մահացած պրն Զաքար Հովհաննիսյանի քույրն է.
թ) դիմումատու Ռուզաննա Հարությունյանը (գանգատ թիվ 16024/11) 2008 թվականի մարտի 1-ին ստացած վնասվածքների հետեւանքով 2008 թվականի ապրիլի 11-ին 19 տարեկան հասակում մահացած պրն Տիգրան Աբգարյանի մայրն է։
3. Բոլոր մահացածները եղել են քաղաքացիական անձինք՝ բացառությամբ Տիգրան Աբգարյանի, որը տվյալ ժամանակահատվածում եղել է ՀՀ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնող զինծառայող։
4. Դիմումատուներին ներկայացրել են Լոնդոնում գտնվող՝ Մարդու իրավունքների շահերի պաշտպանության եվրոպական կենտրոնի (ՄԻՇՊԵԿ) իրավաբաններ տկն Ջ. Էվանսը, տկն Ջ. Գավրոնը, պրն Վ. Գրիգորյանը, պրն Պ. Լիչը, տկն Կ. Լեւինը եւ տկն Ջ. Սոյերը եւ Երեւանում գործող իրավաբան պրն Տ. Եգորյանը։
5. Կառավարությունը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը, իսկ այնուհետեւ պրն Ե. Կիրակոսյանը։
6. Գործով փաստերը կարելի է ամփոփ ներկայացնել հետեւյալ կերպ.
I. 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները եՎ հետընտրական ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. Նախագահական ընտրությունները եւ հետընտրական ցույցերը
7. 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հիմնական թեկնածուներն էին այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող պրն Սերժ Սարգսյանը, որը ներկայացնում էր իշխող կուսակցությունը, եւ հիմնական ընդդիմադիր թեկնածու պրն Լեւոն Տեր-Պետրոսյանը:
8. Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց անմիջապես հետո պրն Տեր-Պետրոսյանն իր աջակիցներին կոչ է արել հավաքվել Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում՝ ընտրական գործընթացում տեղի ունեցած ենթադրյալ խախտումների դեմ իրենց բողոքն արտահայտելու նպատակով՝ հայտարարելով, որ ընտրություններն ազատ եւ արդար չեն եղել։ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած պրն Տեր-Պետրոսյանի աջակիցներն ամբողջ երկրում ամեն օր անցկացնում էին բողոքի ցույցեր՝ իրենց հանդիպումների հիմնական վայրը դարձնելով Երեւանում գտնվող Ազատության հրապարակը եւ շրջակա այգին։ Ազատության հրապարակում հավաքվածների թիվը երբեմն հասել է տասնյակ հազարների, իսկ մի քանի հարյուր ցուցարար, տեղադրելով վրաններ, քսանչորս ժամ շարունակ մնացել են այդ վայրում։ Ըստ Կառավարության՝ իշխանությունները բազմիցս դիմել են Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին՝ տեղեկացնելով, որ նրանց կողմից անցկացվող շարունակական ցույցերը անօրինական բնույթ են կրում։
9. Կառավարությունը պնդել է, որ 2008 թվականի փետրվարի 28-ին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ստացել է օպերատիվ տեղեկություն, որը նույն օրն այն փոխանցել է ոստիկանությանը, ըստ որի՝ Երեւանում սադրիչ գործողություններ եւ զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով Ազատության հրապարակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին պետք է բաժանվի մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ մետաղյա ձողեր, փայտյա մահակներ, հրազեն, նռնակներ եւ պայթուցիկ նյութեր։ Հայաստանի ոստիկանության պետը (այսուհետ՝ Ոստիկանության պետ) իր երկու տեղակալներին կարգադրել է ստուգել այդ տեղեկությունը։ 2008 թվականի փետրվարի 29-ին Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը Ոստիկանության պետին զեկուցել է, որ նախորդ մի քանի օրվա ընթացքում հավաքվել են հետախուզական տվյալներ առ այն, որ ցուցարարները պլանավորում են ապակայունացնել իրավիճակը, եւ նրանց մոտ նկատել են հրազեն, պայթուցիկ նյութեր, մետաղյա ձողեր, դյուրավառ հեղուկով լցված շշեր, փայտե մահակներ եւ այլ վտանգավոր իրեր, այդ թվում՝ հատուկ հավաքված մետաղական կոնստրուկցիաներ՝ սեպերով, որոնք կոչվում են «ոզնիներ»։ Նա այնուհետեւ կարգադրել է 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 07։00-ին, Ազատության հրապարակում իրականացնել «տեղանքի զննություն»՝ այդ տեղեկությունը ստուգելու նպատակով։ Ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ անցկացվել է օպերատիվ խորհրդակցություն՝ այդ օպերատիվ միջոցառման պլանը, այդ թվում՝ տեղակայվելիք հիմնական եւ պահեստային ուժերի մոտավոր թվաքանակը քննարկելու եւ հաստատելու նպատակով։ «Տեղանքի զննությունը» հանձնարարվել է ոստիկանության 133 ծառայողներից բաղկացած խմբին՝ Ոստիկանության պետի տեղակալի գլխավորությամբ, որտեղ ընդգրկված են եղել նաեւ ոստիկանության օպերատիվ ծառայության անդամները։ Ոստիկանության պահեստային ուժերը բաղկացած են եղել 602 ծառայողից, ներառյալ՝ պարեկային ծառայության գունդը, որոնք տեղակայվել են Ազատության հրապարակի հարակից տարածքներում՝ իրավիճակի վատթարացման դեպքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Հայաստանի ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման գնդի անդամները (տե՛ս ստորեւ՝ 152-156-րդ պարբերությունները) չեն ներգրավվել «տեղանքի ստուգման» գործընթացում եւ պահվել են մոտակայքում՝ որպես պահեստային ուժեր։
10. Դիմումատուները նշել են, որ Կառավարության կողմից ներկայացված վերոնշյալ պնդումներից որեւէ մեկը չի հիմնավորվել ապացույցով։
Բ. 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները եւ դիմումատուների հարազատների մահը
1. Վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված օպերատիվ միջոցառումը եւ հետագա զարգացումները
ա) Ազատության հրապարակում հավաքը ցրելը եւ Մյասնիկյանի հուշարձանի մոտ ցուցարարների հավաքվելը
11. 2008 թվականի մարտի 1-ին՝ ըստ երեւույթին ժամը 06։00-07։00-ի սահմաններում, ոստիկանական ուժերը ժամանել են Ազատության հրապարակ։
12. Դիմումատուները պնդել են, որ ոստիկանության առնվազն 300 ուժեղ ծառայողներ, առանց նախազգուշացման կամ ցրվելու հրաման արձակելու, բռնի կերպով հարձակվել են Ազատության հրապարակում գիշերած մի քանի հարյուր ցուցարարների վրա եւ սկսել են ռետինե մահակներով ծեծի ենթարկել նրանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ ոչնչացնելով նրանց վրանները։ Րոպեների ընթացքում հրապարակն ազատել են բոլոր ցուցարարներից եւ շրջափակել, իսկ պրն Տեր-Պետրոսյանին ոստիկանությունն ուղեկցել է իր տուն, որտեղ նա փաստացի տնային կալանքի տակ է վերցվել։
13. Կառավարությունը վիճարկել է վերոնշյալ պնդումները եւ պնդել է, որ ոստիկանության օպերատիվ միջոցառման նպատակն է եղել իրականացնել նախորդ օրը կարգադրված «տեղանքի զննությունը» (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը)։ Ոստիկանության օպերատիվ միջոցառման իրականացմանը մասնակցած թե՛ հիմնական եւ թե՛ պահեստային ուժերը եղել են անզեն եւ առանց որեւէ անձնական պաշտպանության միջոցի՝ բացառությամբ պարեկային ծառայության գնդի 250 ծառայողի, որոնք զինված են եղել վահաններով, ռետինե մահակներով եւ սաղավարտներով։ Ոստիկանության հիմնական ուժերը մուտք են գործել հրապարակ եւ պահանջել են, որ ցուցարարները թույլ տան իրենց իրականացնելու տեղանքի զննություն, սակայն մոտ 800-ից 900 զայրացած ցուցարարներ, որոնք արդեն իսկ տեղյակ են եղել ոստիկանության ժամանման մասին, փայտե մահակներով, մետաղյա ձողերով, քարերով եւ այլ պատահական առարկաներով հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա։ Կայացվել է դիմադրությունն անմիջապես ճնշելու եւ ոստիկանության պահեստային ուժերին, այդ թվում՝ պարեկային ծառայությանը կանչելու որոշում։ Ոստիկանության օպերատիվ միջոցառումը տեւել է մոտ կես ժամ, եւ ստեղծվել է միջանցք՝ ցուցարարներին ընձեռելով հրապարակը լքելու հնարավորություն։ Հրապարակը բոլոր ցուցարարներից ազատելուց հետո ոստիկանությունն իրականացրել է տեղանքի զննություն, որի ընթացքում նրանք հայտնաբերել են թաքցված բազմաթիվ զենքեր։ Դրանց թվում եղել են երեք ատրճանակ, զինամթերք, նռնակներ, մետաղյա ձողեր, փայտյա եւ ռետինե մահակներ, «ոզնիներ» (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը), դյուրավառ հեղուկով լցված շշեր, հակագազեր եւ դանակներ։
14. Դիմումատուները վիճարկել են այն պնդումը, որ ցուցարարները կրել են զենք, կամ որ նրանց զենք է բաժանվել։ Տեղանքի ենթադրյալ զննությունը չի հիմնավորվել որեւէ լուսանկարով կամ այլ համոզիչ ապացույցով, որով հաստատվում է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի՝ ցուցարարներին պատկանելիությունը։ Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած օպերատիվ միջոցառման միակ նպատակը եղել է ցրել այդտեղ ճամբարած ցուցարարներին եւ թույլ չտալ, որ ցույցերը շարունակվեն։
15. Դիմումատուները նաեւ պնդել են, որ Ազատության հրապարակում հավաքը ցրելուց հետո ոստիկանությունը երկու ժամ շարունակ փախուստի դիմած ցուցարարներին հետապնդել է Երեւանի փողոցներում։ Նրանցից մի քանիսը տեղափոխվել են Մյասնիկյանի հուշարձանի տարածք՝ Ազատության հրապարակից մոտ 1.7-2 կմ հեռավորության վրա, որտեղ տեղակայված են մեծ թվով օտարերկրյա դեսպանատներ, այդ թվում՝ Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի դեսպանատները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանը՝ կարծելով, որ այդտեղ իրենք ապահով կլինեն։ Վաղ առավոտյան ոստիկանության իրականացրած բռնի միջամտության եւ հիմնական ընդդիմադիր թեկնածուի տնային կալանքի մասին լուրը տարածվելուն պես՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նպատակով Երեւանի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ, որոնցից շատերը շարժվել են դեպի Մյասնիկյանի հուշարձանի տարածք։ Ժամը 10։00-ի սահմաններում այնտեղ սկսեց մեծ ամբոխ հավաքվել, որի թիվը կարճ ժամանակում հասավ մի քանի հազարի։
16. Հավաքի էպիկենտրոնը, ըստ երեւույթին, եղել է Մյասնիկյանի հուշարձանի դիմաց գտնվող հրապարակը (Մյասնիկյանի հրապարակ) եւ շրջակա տարածքը։ Ավելին, ըստ երեւույթին, ինչ-որ պահի ցուցարարներն սկսել են երթուղուց դուրս բերված տրոլեյբուսներով կառուցել արգելապատնեշ՝ աստիճանաբար ավելացնելով այլ տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ ավտոմեքենաներ եւ հավանաբար՝ աղբատար մեքենա։ Դիմումատուները պնդել են, որ բողոքի ակցիայի մասնակիցներն այդպես են վարվել ոստիկանության մեկ այլ հնարավոր հարձակումից իրենց պաշտպանելու համար։
17. Ըստ Կառավարության՝ Ազատության հրապարակում ոստիկանության կողմից օպերատիվ միջոցառման իրականացումից հետո պարեկային ծառայության գունդը բաժանվել է փոքր խմբերի, որոնց կարգադրվել է Երեւանում պահպանել կարգը եւ թույլ չտալ քաղաքի կենտրոնում բողոքի ակցիայի մասնակիցների որեւէ նոր հավաք։ Ժամը 11։00-ին խմբերից մեկից ստացվել է տեղեկություն, որ ագրեսիվ վարք դրսեւորող մոտ 300 ցուցարար հավաքվել են Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում, որտեղ նրանց ուղղորդել էին ընդդիմադիր առաջնորդները։ Պարեկային ծառայության հիսուն ծառայող անմիջապես ուղարկվել են այդ տարածք, որտեղ կայացվել է անվերահսկելի ամբոխի անօրինական գործողությունները կանխելու որոշում։ Ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա՝ նրանց ուղղությամբ նետելով քարեր եւ այլ զանազան առարկաներ։ Ոստիկանությունը փակել էր Մյասնիկյանի հրապարակ տանող մի շարք փողոցներ։
18. Դիմումատուները վիճարկել են Կառավարության ներկայացրած դեպքերի տարբերակը եւ նշել են, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտ անցկացված ցույցի ամբողջ ընթացքում ցուցարարները բռնություն չեն գործադրել։ Ոստիկանությունն է բազմաթիվ բռնարարքներ կատարել ցուցարարների նկատմամբ, որոնք պահպանել են հանգստությունը՝ նույնիսկ բախվելով ոստիկանության դաժան վերաբերմունքին։
19. Ինչպես պարզ է դառնում, ժամը 12։00-ի սահմաններում ընդդիմության մի քանի առաջնորդներ եւ ակտիվիստներ, այդ թվում՝ Ազգային ժողովի անդամներ, ժամանել են դեպքի վայր եւ կարողացել են բարձրախոսով դիմել ամբոխին։ Ոստիկանական ուժերը Ոստիկանության պետի երկու տեղակալների եւ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի գլխավորությամբ բանակցություններ են վարել ընդդիմության այդ ղեկավարների հետ ցույցը կենտրոնից այլ վայր տեղափոխելու հնարավորության վերաբերյալ, սակայն բանակցություններն ավարտվել են անարդյունք ժամը 14։20-ի սահմաններում, քանի որ ցուցարարները հրաժարվել են տեղափոխվել ոստիկանության առաջարկած վայր։ Ինչպես նաեւ պարզ է դառնում, որ մոտավորապես այդ նույն ժամանակ տեղի է ունեցել միջադեպ ոստիկանական մեքենայի մասնակցությամբ, որը ենթադրաբար պատահաբար մխրճվել է ցուցարարների բազմության մեջ՝ վիրավորելով նրանցից առնվազն երկուսին։ Սա զայրացնում է որոշ ցուցարարների, որոնք հարձակվում եւ այրում են ոստիկանական մեքենան այն բանից հետո, երբ այն վարող ծառայողները փախուստի էին դիմել։
20. Կառավարությունը պնդել է, որ ցուցարարները հրաժարվել են տեղափոխվել մեկ այլ վայր, քանի որ որոշ ընդդիմադիր առաջնորդներ եւ ակտիվիստներ նրանց հորդորել են մնալ իրենց տեղերում։ Մոտավորապես այդ նույն ժամանակ ցուցարարները երթուղուց դուրս են բերել մեկ այլ տրոլեյբուս, որով արգելափակել են հրապարակ տանող ճանապարհների մուտքերից մեկը։ Ընդդիմության ակտիվ անդամներից մեկը ենթադրաբար ելույթ է ունեցել բարձրախոսով՝ հորդորելով ցուցարարներին զինվել «հնարավոր բոլոր միջոցներով» եւ պատրաստ լինել դիմակայության։
բ) Հետագա զարգացումները՝ Կառավարության պնդմամբ
21. Իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ Կառավարությունը արել է հետեւյալ հայտարարությունները։
22. Ժամը 15։00-ին արձակվել է նոր հրաման՝ Նախագահի նստավայրի, Կառավարության շենքի եւ Հանրային հեռուստատեսության շենքի մոտակայքում ոստիկանության ստորաբաժանումները համալրելու մասին, որոնցում արդեն իսկ ներգրավված էին Հայաստանի ոստիկանության պետական պահպանության վարչության 200 ծառայող եւ ոստիկանության զորքերի 300 զինծառայող։ Մյուս ոստիկանական ուժերին կարգադրվել է գնալ Ազատության հրապարակ։ Պետական պահպանության վարչության եւս 150 ոստիկան կարգադրություն են ստացել փակելու ցույցի հյուսիսային հատվածը՝ Հանրապետության հրապարակ մուտքն արգելելու համար, որտեղ գտնվում էր Կառավարության շենքը։
23. Ժամը 15։40-ի սահմաններում բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ ոստիկանական մեքենայից հափշտակել են վահաններ եւ մահակներ, եւ ժամը 15։30-ի սահմաններում բողոքի ակցիայի մի խումբ երիտասարդ մասնակիցներ պոկել են երկաթյա խողովակի կտորներ մայթեզրի ճաղաշարից եւ մոտակայքում գտնվող շինհրապարակից։
24. Ժամը 18։00-ին ամբոխի ագրեսիվ հատվածը փակել է Երեւանի քաղաքապետարան եւ Մաշտոցի պողոտա տանող ճանապարհահատվածները՝ կաթվածահար անելով երթեւեկությունը, իսկ այդ հատվածներին պատահաբար մոտեցող մեքենաները հափշտակվում էին, թալանվում եւ օգտագործվում բարիկադներ կառուցելու համար։ Աստիճանաբար նկատվել է ամբոխի ագրեսիվ հատվածի տեղաշարժ դեպի Մաշտոցի պողոտա եւ Հանրապետության հրապարակ։
25. Ժամը մոտ 19։45-ից սկսած բողոքի ակցիայի մասնակիցները քարերով, մետաղյա ձողերով, փայտյա մահակներով եւ դյուրավառ հեղուկով լցված շշերով զինված, պարբերաբար հարձակումներ գործելով ոստիկանության վրա, փորձել են առաջ շարժվել Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկ։ Ըստ Կառավարության՝ նրանք մտադիր էին շարունակել շարժվել Պարոնյան փողոցով՝ ի վերջո հասնելով Նախագահի նստավայր եւ Ազգային ժողովի շենք, որոնք գտնվում էին այդ ուղղությամբ մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նրանց առաջխաղացումը կանգնեցնելու համար ոստիկանական զորքերը կազմել են շղթա եւ սկսել են վահաններով, ռետինե մահակներով եւ սաղավարտներով զինված առաջ շարժվել։ Ոստիկանական զորքերի — ենթասպաները տեղակայվել են թիկունքում՝ զինված «հատուկ միջոցներով» (օրինակ՝ ամբոխի զսպման համար նախատեսված ոչ մահաբեր զենքեր), այդ թվում՝ արցունքաբեր գազ արտանետող սարքերով։ Ցուցարարները նրանց ուղղությամբ նետել են քարեր, դյուրավառ հեղուկով լցված շշեր եւ այլ առարկաներ։
26. Ժամը 20։15-ի սահմաններում ամբոխի միջից արձակվել են առաջին կրակոցները, եւ նետվել են առաջին նռնակները, որի հետեւանքով որոշ ոստիկաններ ստացել են իրենց առաջին վիրավորումները, որոնցից մեկը հասցվել էր կոտորակառումբով (շրապնել) եւ եղել է մահացու։ Իր անձնակազմը պաշտպանելու համար ոստիկանության զորքերի հրամանատարը որոշել է հետ քաշել նրանց, կիրառել հատուկ միջոցներ, այդ թվում՝ արցունքաբեր գազ, իսկ հոգեբանական ազդեցություն գործելու նպատակով՝ կրակ բացել անգնդակ փամփուշտներով։ Բողոքի ակցիայի մասնակիցները թաքնվել են ավտոմեքենաների հետեւում եւ ի պատասխան՝ նետել քարեր եւ դյուրավառ հեղուկով լցված շշեր։
27. Ոստիկանության զորքերի հրամանատարը որոշել է դեպի առաջ ուղարկել մետաղյա արգելափակոց-փշալար փռող մեքենա՝ արգելափակոց տեղադրելու համար։ Սակայն ամբոխի հարձակումը ստիպել է մեքենայի վարորդին եւ անձնակազմին լքել այն։ Հինգ րոպե անց համանման գործողություն է իրականացվել Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում, որը եւս ձախողվել է, քանի որ ամբոխն առաջ է շարժվել, իսկ արգելափակոցը մնացել է կիսաբաց։ Ագրեսիվ ամբոխի մի մասին հաջողվել է զավթել մի քանի ոստիկանական մեքենա, այդ թվում՝ մետաղյա արգելափակոց-փշալար փռող երկու մեքենա, մեկ ավտոբուս եւ այլ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսը տեղում հրկիզվել է։ Մնացած տրանսպորտային միջոցներն օգտագործվել են ոստիկանական շարքերի վրա հարձակում գործելու համար եւ հետագայում դրանք հրկիզվել են Լեոյի փողոցի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկում։
28. Ժամը 22։00-ի սահմաններում գործի են դրվել երեք ջրանետ մեքենա։ Դրանք ժամանակավորապես հետ են մղել ամբոխը եւ կանխել դրա առաջխաղացումը, սակայն ջուրը վերջանալուց հետո ստիպված են եղել նահանջել։ Ամբոխը կրկին շարժվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցով դեպի Պարոնյան փողոց՝ հարձակում գործելով ջրանետ մեքենաների վրա եւ ոստիկանության ծառայողների ու ոստիկանության զորքերի զինծառայողների ուղղությամբ նետելով մետաղյա ձողեր, քարեր եւ դյուրավառ հեղուկով լցված շշեր։ Հաշվի առնելով ամբոխի հետ բախումների ժամանակ անձնակազմի կորուստների հնարավորությունը՝ ոստիկանությունը որոշել է կազմել զորային շղթա եւ նահանջել դեպի Լեոյի փողոց։ Հարձակումները դադարեցնելու նպատակով ինքնաձիգով զինված ոստիկանության զորքերի յոթ զինծառայող լուսարձակող փամփուշտներով կրակ են բացել օդ՝ բողոքի ակցիայի մասնակիցների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների մոտ 200 ծառայողներ կազմել են շղթա՝ փակելով Պարոնյան փողոցը։
29. Ժամը 23։00-ին Հայաստանի նախագահը Երեւան քաղաքում հայտարարել է արտակարգ դրություն։ Չնայած դրան՝ զանգվածային անկարգությունները շարունակվել են՝ զուգորդվելով տարածքում գտնվող խանութներ ներխուժելով եւ դրանք թալանելով։
30. Զանգվածային անկարգությունների հետեւանքով մահացել են տասը մարդ, այդ թվում՝ ութ քաղաքացիական անձ եւ ոստիկանության զորքերի երկու ծառայող։ Երեսունհինգ քաղաքացիական անձ եւ 186 ոստիկանության ծառայող եւ զինծառայող վիրավորվել են, վնասվել են իննսուներկու հասարակական եւ մասնավոր տրանսպորտային միջոց, եւ թալանվել են տասներկու առեւտրային կետեր։
գ) Հետագա զարգացումները՝ դիմումատուների պնդմամբ
31. Դիմումատուները վիճարկել են Կառավարության՝ իրադարձությունների տարբերակը եւ պնդել են, որ մինչեւ ժամը 17։00-ը ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին չի հորդորել ցրվել։ Ընդդիմության ներկա գտնվող առաջնորդները կոչ են արել բողոքի ակցիայի մասնակիցներին մնալ հանգիստ եւ չսադրել ոստիկանությանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանության հարձակումը կանխելու համար կառուցել են բարիկադներ եւ պահանջել են Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը։
32. Ժամը 19։30-20։00-ն ընկած ժամանակահատվածում հրազենով զինված ոստիկանական ուժերն իրենց առաջին ագրեսիվ հարձակումն են գործել Մյասնիկյանի հրապարակում հավաքված բողոքի ակցիայի մասնակիցների վրա, սակայն նահանջել են՝ սադրելով բողոքի ակցիայի մասնակիցներին ճեղքել Մաշտոցի պողոտայի, Պարոնյան փողոցի եւ Լեոյի փողոցի ուղղությամբ տեղադրված արգելապատնեշները։
33. Ժամը 21։00-ից մի փոքր անց ոստիկանական ուժերը, առանց նախազգուշացման, սկսել են լուսարձակող գնդակներով ինտենսիվ կրակ բացել օդ՝ ակնհայտորեն ունենալով ցուցարարներին վախեցնելու եւ նրանց ցրելու նպատակ։ Լուսարձակող գնդակների առաջին կրակահերթը տեւել է տասից տասնհինգ րոպե։ Բողոքի ակցիայի առաջին մասնակցին գնդակը դիպչելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցների դիմադրությունն ակտիվացել է։ Կես ժամ անց ոստիկանությունը փողոցային անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված հանդերձանքով սկսել է մոտենալ Պարոնյան փողոցից եւ Լեոյի փողոցից։ Նրանք՝ դասավորված չորսից հինգ շարքերով, շարժվել են ցուցարարների ուղղությամբ՝ միաժամանակ երկրորդ անգամ կրակելով լուսարձակող գնդակներ։
34. Հանդիպելով ցուցարարների դիմադրությանը՝ ոստիկանությունը նահանջել է՝ միայնակ թողնելով Մյասնիկյանի հրապարակում հավաքված մեծ ամբոխին, եւ վերադասավորվել է Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկում՝ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին տանող կամարից մի քանի մետր հեռավորության վրա։ Այդտեղ նրանք բախվել են մի քանի տասնյակ ցուցարարների, որոնց մեծ մասը եղել են երիտասարդ, բացականչել են «Լեւո՛ն, Լեւո՛ն» եւ 15-20 մետր հեռավորությունից քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ։ Որոշ ցուցարարներ զինված են եղել նաեւ երկաթե մահակներով եւ փայտյա ձողերով։ Ինչպես պարզ է դառնում, ոստիկանությունը, ի պատասխան, կիրառել է արցունքաբեր գազ, որին հաջորդել են բախումները։
35. Ականատեսները նկարագրել են ոստիկանության կողմից ինքնաձիգներով բողոքի ակցիայի մասնակիցներին թիրախավորելու կամ արցունքաբեր գազ կիրառելու մի քանի դեպք, ինչպես նաեւ «Մակարով» ատրճանակից կամայական կրակոցներ արձակելու եւ բողոքի ակցիայի մասնակիցների վրա անկանոն կրակ բացելու դեպքեր։ Ոստիկանությունը նույնպես հարձակվել եւ ծեծի է ենթարկել քաղաքացիական անձանց եւ անխնա վատ վերաբերմունք ցուցաբերել բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ։
36. Ինչպես պարզ է դառնում, իրավիճակն սկսել է հանդարտվել արտակարգ դրություն հայտարարելուց հետո, իսկ Մաշտոցի պողոտայում եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Պարոնյան փողոցում եւ Լեոյի փողոցում տեղի ունեցող բախումներն աստիճանաբար մարել են՝ չնայած մինչեւ անկարգությունների վերջնական դադարումը, ըստ էության, վնասվել էին որոշ հանրային նշանակության շենքեր, եւ ցուցարարները ներխուժել էին որոշ խանութներ եւ թալանել դրանք։ Մյասնիկյանի հուշարձանի մոտ մի քանի հազար մարդու մասնակցությամբ հիմնական ցույցը (տե՛ս վերեւում՝ 16-րդ պարբերությունը), ըստ էության, շարունակվել է մինչեւ 2008 թվականի մարտի 2-ը՝ ժամը 03։00-ի սահմանները։
2. Դիմումատուների հարազատների մահը
ա) Արմեն Ֆարմանյանի մահը (գանգատ թիվ 15998/11)
37. Արմեն Ֆարմանյանը մահացու վիրավորվել է Պարոնյան փողոցում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, համաձայն իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հարցուպատասխանի (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Ինչպես պարզ է դառնում, ժամը 21։50-ին նրա մարմինը՝ գլխին հասցված հրազենային վիրավորումով, տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով, ինչն իրականացվել է հաջորդ օրը։
38. Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ մահը վրա է հասել գլխի ձախ կողմում ստացված վնասվածքի հետեւանքով։ Գանգի ներսում հայտնաբերվել են օտար մարմիններ, իսկ գլխի հյուսվածքներում եւ մկաններում, ուղեղի փափուկ թաղանթում եւ կարծրենիում, գլխուղեղի հյուսվածքում եւ գլխուղեղի փորոքներում՝ բազմաթիվ արյունազեղումներ։ Կարծրենին պատռված էր, իսկ գլխուղեղը ջնջխված՝ ուղեկցված արտազատուկով։ Արմեն Ֆարմանյանի գլխուղեղի աջ կիսագնդից հեռացվել է երկու օտար մարմին. գլանաձեւ մետաղյա բեկոր՝ 3.9 x 1.85 սմ չափերով եւ գլանաձեւ պլաստմասսայե սպիտակավուն բեկոր՝ 2.35 x 1.9 սմ չափերով։
39. Դատաձգաբանական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ Արմեն Ֆարմանյանի մարմնից հեռացված մետաղյա եւ պլաստմասսայե բեկորները եղել են «Չերյոմուխա-7» տեսակի արձակված փամփուշտի կոնտեյների՝ գազային նռնակի եւ առանձնացած պլաստմասսայե խցանի մասեր, որը նախատեսված է «ԿՍ-23» հատուկ կարբիններից (23 մմ տրամաչափի) կրակելու համար։ Կոնտեյների վրա առկա կրակոցի հետքերը բնորոշ են «ԿՍ-23» հատուկ կարբիններին։ Խցանի գլխային հատվածում հայտնաբերվել են ձեւախախտում եւ պատռվածք, որոնք կարող էին առաջանալ պինդ մարմնի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով։
40. Կառավարությունը պնդել է, իսկ դիմումատուները վիճարկել են, որ քննությամբ պարզվել է, որ Արմեն Ֆարմանյանը հավաքագրել է զանգվածային անկարգությունների մասնակիցների, նրանց բաժանել է մետաղյա ձողեր եւ դյուրավառ հեղուկով լցված շշեր, ինչպես նաեւ ուղղորդել է նրանց գործողությունները (տե՛ս ստորեւ՝ 97-րդ եւ 100-րդ պարբերությունները)։
բ) Տիգրան Խաչատրյանի մահը (գանգատ թիվ 16035/11)
41. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Տիգրան Խաչատրյանը մահացու վիրավորվել է Լեոյի փողոցի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 20։00-ից հետո (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Ժամը 22։00-ին նրա մարմինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննության նպատակով, որն իրականացվել է հաջորդ օրը։
42. Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Տիգրան Խաչատրյանը գլխի հատվածում ստացել է բաց, բութ վնասվածք։ Նրա մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը գլխի հատվածում ստացված վնասվածքի հետեւանք է։ Դիահերձման ժամանակ նրա գանգից հանվել է մետաղյա բեկոր։
43. Դատաձգաբանական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ Տիգրան Խաչատրյանի մարմնից հեռացված մետաղյա բեկորը եղել է «Չերյոմուխա-7» տեսակի արձակված փամփուշտի գազային նռնակ՝ առանց դրա պլաստմասսայե խցանի, որը նախատեսված է «ԿՍ-23» հատուկ կարբիններից (23 մմ տրամաչափի) կրակելու համար։ Քանի որ գազային կոնտեյներների պլաստմասսայե խցանները կրակելու ընթացքում հպվել էին կարբինի փողի պատերին, անհնար էր որոշել այն զենքի տեսակը, որից արձակվել էր նշված գազային նռնակը։ Պլաստմասսայե խցաններն ամենայն հավանականությամբ անջատվել են որեւէ պինդ մարմնի հետ բախվելու կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով։
գ) Գոռ Քլոյանի մահը (գանգատ թիվ 16060/11)
44. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Գոռ Քլոյանը մահացու վիրավորվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Ինչպես պարզ է դառնում, ժամը 21։30-ի սահմաններում ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրան տեղափոխել են Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ աճուկային շրջանի ձախակողմյան հատվածում ստացած վիրավորումով։ Ինչպես պարզ է դառնում, նրան վիրահատել են, եւ այդ հատվածից հեռացվել է մետաղյա բեկոր։ Պարզ է դառնում նաեւ, որ նրա մարմնից հեռացվել է 1 մմ չափով վեց սեւ մասնիկ։ Գոռ Քլոյանը մահացել է 2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 4։30-ին։ Միեւնույն օրն իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն։
45. Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Գոռ Քլոյանի աճուկի ձախակողմյան հատվածում առկա է եղել ջնջխված բեկորային վնասվածք՝ զստային զարկերակի ավուլսիայով, զստային երակների վնասվածքով եւ ցայլոսկրի կոտրվածքով։ Վնասվածքն ուղեկցվել է սուր արյունահոսությամբ՝ հանգեցնելով նրա մահվան։
46. Դատաձգաբանական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ Գոռ Քլոյանի մարմնից հեռացված մետաղյա բեկորը եղել է «Չերյոմուխա-7» տեսակի արձակված փամփուշտի կոնտեյների՝ գազային նռնակի եւ առանձնացած պլաստմասսայե խցանի մասեր, որը նախատեսված է «ԿՍ-23» հատուկ կարբիններից (23 մմ տրամաչափի) կրակելու համար։ Պլաստմասսայե խցանի վրա առկա կրակոցի հետքերը բնորոշ են «ԿՍ-23» հատուկ կարբիններին։ Պլաստմասսայե խցանի վրա հայտնաբերվել են ձեւախախտում եւ պատռվածք, որոնք կարող էին առաջանալ պինդ մարմնի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով։ Նրա մարմնից հեռացվել է 1 մմ չափով վեց սեւ մասնիկ, սակայն հաշվի առնելով դրանց փոքր չափը եւ անհրաժեշտ հատկանիշների բացակայությունը՝ դրանց էությունը պարզել հնարավոր չէր։
դ) Հովհաննես Հովհաննիսյանի մահը (գանգատ թիվ 16046/11)
47. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Հովհաննես Հովհաննիսյանն արձակված կրակոցից մահացել է Մաշտոցի պողոտայում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Դիմումատուները նշել են, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների վերաբերյալ քննության նյութերում առկա է պնդում, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22։05-ին։ Ինչպես պարզ է դառնում, ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրա մարմինը՝ կրծքավանդակին ստացած հրազենային վիրավորումով, տեղափոխել են Երեւանի թիվ 2 բուժմիավորում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։40-ի սահմաններում։ 2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 12։20-ին, նրա մարմինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով, որը կատարվել է նույն օրը։ Հեռացվել է 5.45 մմ տրամաչափի գնդակ։
48. Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ մահը վրա է հասել կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային կույր վիրավորման հետեւանքով։
49. Դատաձգաբանական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ Հովհաննես Հովհաննիսյանի մարմնից հեռացված գնդակը եղել է 5.45 մմ տրամաչափի մարտական փամփուշտի մաս։ Այդպիսի փամփուշտները նախատեսված են եղել ԱԿ-74 ինքնաձիգի, ՌՊԿ-74 գնդացիրի կամ դրանց ձեւափոխված մոդելների հետ օգտագործելու համար։ Փամփուշտի վրա առկա կրակոցի հետքերը բնորոշ են 5.45 մմ տրամաչափի ԱԿ-74 ինքնաձիգից, ՌՊԿ-74 գնդացիրից կամ դրա ձեւափոխված մոդելներից արձակված փամփուշտներին։
ե) Դավիթ Պետրոսյանի մահը (գանգատ թիվ 16030/11)
50. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Դավիթ Պետրոսյանն արձակված կրակոցից վիրավորվել է Մաշտոցի պողոտայում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Դիմումատուները նշել են, որ վերոնշյալ քննության նյութերում (տե՛ս վերեւում՝ 47-րդ պարբերությունը) առկա է պնդում, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22։10-ին։ Ինչպես պարզ է դառնում, ժամը 22։30-ի սահմաններում ինքնությունը չպարզված մի խումբ անձինք Դավիթ Պետրոսյանին տեղափոխել են Երեւանի թիվ 2 հիվանդանոց՝ թիկունքին ստացած հրազենային վիրավորումով, որից հետո նա տեղափոխվել է Մարգարյան հիվանդանոց, որտեղ, ըստ ամենայնի, կատարվել է վիրահատությունը, եւ նրա մարմնից հեռացվել է 9 մմ տրամաչափի գնդակ։ Դավիթ Պետրոսյանն ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում 2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 00։30-ին։ Նրա մարմինն այնուհետեւ ուղարկել են դատաբժշկական փորձաքննության, որը կատարվել է նույն օրը։
51. Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Դավիթ Պետրոսյանի կրծքավանդակի աջ հատվածի հետին մակերեսին հայտնաբերվել է հրազենային վնասվածքի մուտքի անցքի վերք, իսկ աջ երիկամի, լյարդի, դիաֆրագմայի եւ աջ թոքի վրա՝ թափանցող վնասվածքներ, որոնք հասցվել են, երբ նա դեռ ողջ էր, եւ դրանք հրազենային կրակոցի հետեւանք են։ Մահը վրա է հասել արյան մեծ կորստի հետեւանքով։
52. Համաձայն դատաձգաբանական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ վիրահատության ընթացքում նրա մարմնից հեռացված գնդակը եղել է 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս։ Այդպիսի փամփուշտները նախատեսված են ՊՄ («Մակարով» ատրճանակ) եւ ԱՊՍ տիպի ատրճանակների համար։ Գնդակի վրա առկա կրակոցի հետքերը բնորոշ են ՊՄ ատրճանակին։ Գնդակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ՝ հիմնականում առջեւի մասում, որոնք առաջացել են որեւէ պինդ մարմնի հետ բախման, հնարավոր է՝ ռիկոշետի, կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով։
զ) Գրիգոր Գեւորգյանի մահը (գանգատ թիվ 15964/11)
53. Գրիգոր Գեւորգյանը իր աներորդու՝ Ռ.Բ.-ի հետ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման վայր էր գնացել 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում։ Ինչպես պարզ է դառնում, քաոսային իրավիճակի պատճառով նրանք կորցրել են միմյանց Գրիգոր Լուսավորիչ եւ Զաքյան փողոցների խաչմերուկում ժամը 21։00-ի սահմաններում։ Համաձայն ԱԺ հարցուպատասխանի (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)՝ ժամը 21։15-ի սահմաններում բողոքի ակցիայի մի խումբ այլ մասնակիցների հետ նա ուղեւորվել է Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկ, որտեղ արձակված կրակոցից վիրավորում է ստացել կոշիկի վերանորոգման կետի դիմաց եւ տեղում մահացել։ 2008 թվականի մարտի 2-ին կատարվել է դատաբժշկական փորձաքննություն։
54. Համաձայն դատաբժշկական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Գրիգոր Գեւորգյանը մահացել է գլխին ստացած թափանցող հրազենային վիրավորումից, որի մուտքի անցքը հայտնաբերվել է քթային հատվածում, իսկ ելքի անցքը՝ ճակատի ձախ կողմում՝ վնասելով գլխուղեղը։ Վիրավորման մուտքի անցքի չափերն են 0.5 x 0.4 սմ։ Վիրավորման մուտքի անցքի շրջանում հրազենային կրակոցի լրացուցիչ տարրեր չեն հայտնաբերվել, օրինակ՝ մրի, այրվածքի, ինչպես նաեւ այրված կամ կիսայրված վառոդի հատիկներ, ինչը նշանակում է, որ կրակոցն արձակվել էր տվյալ հրազենին բնորոշ կրակոցի լրացուցիչ գործոնների ազդեցության սահմաններում։
55. Գրիգոր Գեւորգյանին սպանած գնդակը չի հայտնաբերվել։
է) Սամվել Հարությունյանի մահը (գանգատ թիվ 16055/11)
56. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Սամվել Հարությունյանը գլխի շրջանում վիրավորում ստացել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Ինչպես պարզ է դառնում, ժամը 22։00-ի սահմաններում ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրան տեղափոխել են Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ անգիտակից վիճակում եւ գանգի շրջանում բաց վերքով։ Այնուհետեւ նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ 2008 թվականի ապրիլի 11-ին, գիտակցության չգալով, մահացել է ստացված վնասվածքներից։ 2008 թվականի ապրիլի 13-ին կատարվել է դատաբժշկական փորձաքննություն։
57. Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Սամվել Հարությունյանն ստացել է գանգի բաց, բութ եւ թափանցող վնասվածք՝ ձախից գագաթաքունքային շրջանի սալջարդ, ներառյալ՝ վերքը, կարծրենու պատռվածքային դեֆեկտը, գլխուղեղի ջնջխումը եւ սեկրեցիան, ինչպես նաեւ ձախ գագաթոսկրի եւ քունքոսկրի բազմաբեկոր կոտրվածքներ։ Վնասվածքները հասցվել են բութ առարկայով, երբ նա դեռ ողջ էր։
ը) Զաքար Հովհաննիսյանի մահը (գանգատ թիվ 16015/11)
58. Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ Զաքար Հովհաննիսյանն արձակված կրակոցից վիրավորվել է Մաշտոցի պողոտայում գտնվող տոնավաճառի մոտ՝ Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկից մոտ 100-150 մետր հեռավորության վրա, 2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում (տե՛ս ստորեւ՝ 125-131-րդ պարբերությունները)։ Ինչպես պարզ է դառնում, ժամը 02։00-ին ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրան տեղափոխել են Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց՝ անգիտակից վիճակում եւ որովայնի շրջանում հրազենային վիրավորումով։ Պարզվել է, որ նրա մարմնից դուրս է բերվել 9 մմ տրամաչափի գնդակ։ Նա մահացել է վիրահատության ընթացքում՝ ստացված վնասվածքներից, եւ ժամը 02։55-ին նրա մարմինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու նպատակով, որը կատարվել է նույն օրը։
59. Դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Զաքար Հովհաննիսյանի որովայնի առաջնային շրջանի մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքի մուտքի անցքի վերք, ինչպես նաեւ լյարդի, դիաֆրագմայի, ձախ թոքի ստորին հատվածի եւ գոտկային մկանի թափանցող վնասվածքներ։ Գոտկային շրջանի ձախ հատվածում եւս հայտնաբերվել է արյունազեղում։ Մահը վրա է հասել արյան մեծ կորստի հետեւանքով։
60. Համաձայն դատաձգաբանական փորձաքննության արդյունքների (տե՛ս ստորեւ՝ 72-րդ պարբերությունը)՝ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հեռացված գնդակը եղել է 9 մմ տրամաչափի փամփուշտի մաս։ Այդպիսի փամփուշտները նախատեսված են ՊՄ («Մակարով» ատրճանակ) եւ ԱՊՍ տիպի ատրճանակների համար։ Գնդակի վրա առկա կրակոցի հետքերը բնորոշ են ՊՄ ատրճանակին։
թ) Տիգրան Աբգարյանի մահը (գանգատ թիվ 16024/11)
61. Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, հերթապահություն է իրականացրել Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ որպես Հայաստանի ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի զինծառայող։ Համաձայն ԱԺ հարցուպատասխանի՝ ժամը 23։00-ի սահմաններում պարանոցի շրջանում թափանցող հրազենային վիրավորում է ստացել Լեոյի փողոցում՝ «Սվին» խանութի դիմաց (տե՛ս ստորեւ՝ 125-131 պարբերությունները)։ Դիմումատուները նշել են, որ վերոնշյալ քննության նյութերում (տե՛ս վերեւում՝ 47-րդ պարբերությունը) առկա է պնդում, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22։25-ին։ Այնուհետեւ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ կատարվել է վիրահատություն։ Նա մնացել է անշարժ եւ արհեստական շնչառության սարքին միացված, սակայն հաջորդող շաբաթների ընթացքում նրա վիճակը վատթարացել է, եւ մահացել է 2008 թվականի ապրիլի 11-ին։ Հաջորդ օրը կատարվել է դատաբժշկական փորձաքննություն։
62. Երկու դատաբժշկական փորձաքննության արդյունքների համաձայն (տե՛ս ստորեւ՝ 67-րդ պարբերությունը)՝ Տիգրան Աբգարյանի մահվան պատճառը եղել է ստացված վնասվածքի հետեւանքով ողնուղեղի կենսական ֆունկցիաների խանգարումը։ Վիրավորումը հասցվել է գնդակից, որն անցել է նրա պարանոցի աջ կողմով՝ առջեւից դեպի հետ արձակված գնդակից՝ ուղեկցվելով պայթյունային բարդություններով։ Պարանոցի առջեւի հատվածում գտնվող վնասվածքի մուտքի անցքի վերքի չափերը եղել են 3 x 3 սմ։ Դատաբժշկական փորձագետը նշել է, որ չեն հայտնաբերվել կարճ տարածությունից կրակելու լրացուցիչ տարրերի հետքեր, սակայն այդ հարցին կարող է հստակ պատասխան տրվել հագուստի հետքաբանական փորձաքննություն իրականացնելուց հետո։ Նա նաեւ ավելացրել է, որ հրազենի տեսակը եւ գնդակի տրամաչափը պարզելուն վերաբերող հարցերն իր իրավասության շրջանակից դուրս են։
63. Տիգրան Աբգարյանին կրակած գնդակը չի հայտնաբերվել։
II. քրեական վարույթները
Ա. Քրեական գործերի հարուցումը եւ դատական փորձաքննությունները
64. 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) Քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորեւ՝ 138-րդ, 140-րդ եւ 141-րդ պարբերությունները) հարուցվել է թիվ 62202508 քրեական գործը։ Համաձայն գործի հարուցման մասին որոշման՝
«2008 թվականի փետրվարի 19-ին՝ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները հայտարարելուց հետո, նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը, խորհրդարանի անդամները [Կ.Ս-ն եւ Ս.Մ.-ն], «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը [Ն.Փ.-ն] եւ այլք Երեւանի Ազատության հրապարակում կազմակերպել եւ իրականացրել են զանգվածային հրապարակային միջոցառում՝ խախտելով օրենքով սահմանված կարգը, եւ հրահրել են անհնազանդություն օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացվող միջոցառումներին վերջ դնելու մասին որոշման դեմ, մինչդեռ զանգվածային միջոցառումների մի շարք մասնակիցներ ապօրինաբար պահել եւ կրել են անօրինական ճանապարհով ձեռքբերված զենք ու զինամթերք:
2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 6:00-ի սահմաններում, երբ ոստիկանությունը ձեռնարկում էր օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող հրապարակային միջոցառումները հարկադրաբար դադարեցնելու միջոցներ՝ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն, միջոցառումների կազմակերպիչները եւ մասնակիցները, չենթարկվելով իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական հրահանգներին, գործադրել են կյանքին եւ առողջությանը վնաս հասցնող բռնություն նրանց նկատմամբ՝ իրենց մահակներով, մետաղյա ձողերով եւ այլ հարմարեցված առարկաներով, որոնք պահվում էին իրենց մոտ այդ նպատակով՝ ոստիկանության ծառայողներին պատճառելով տարբեր ծանրության վնասվածքներ»:
65. 2008 թվականի մարտի 2-ին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս ստորեւ՝ 139-րդ եւ 140-րդ պարբերությունները) հարուցվել է մեկ այլ՝ թիվ 62202608 քրեական գործը։ Համաձայն այդ որոշման՝
«[Պրն Տեր-Պետրոսյանը]՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին առաջադրված նախագահի թեկնածուն, եւ իր հետեւորդներն ու կողմնակիցները, [մասնավորապես] խորհրդարանի անդամները [Կ.Ս.-ն եւ Ս.Մ.-ն], «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը [Ն.Փ.-ն] եւ այլք, չցանկանալով ընդունել իրենց պարտությունն ընտրություններում, ընտրությունների հետ կապված կասկածներ հարուցելու, բնակչության լայն շրջանակում վերջինիս արդյունքների նկատմամբ անվստահություն ներշնչելու, հանրության անհամաձայնության պատրանք ստեղծելու եւ ընտրությունների եւ իշխանությունների դեմ ապստամբելու եւ նրանց վարկաբեկելու նպատակով 2008 թվականի մարտի 1-ին Երեւանի քաղաքապետարանի տարածքում եւ կենտրոնական փողոցներում կազմակերպել են զանգվածային անկարգություններ, այդ թվում՝ սպանություններ, բռնություն, ջարդարարություններ, հրկիզումներ, գույքի ոչնչացում եւ պետական պաշտոնյաների դեմ զինված դիմադրություն՝ հրազենի, պայթուցիկների եւ այլ հարմարեցված առարկաների օգտագործմամբ»:
66. Նույն օրը ՀՔԾ քննիչը կայացրել է թիվ 62202508 եւ թիվ 62202608 քրեական գործերը վերջին հիշատակված համարի ներքո միավորելու որոշում այն հիմքով, որ նշված իրադարձություններում եւ հանցագործություններում ներգրավված են միեւնույն անձինք։ Ինչպես պարզ է դառնում, միացված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել առնվազն 140 անձանց, այդ թվում՝ չորս ընդդիմադիր պատգամավորի եւ բազմաթիվ այլ ընդդիմադիր առաջնորդների եւ աջակիցների (այս գործերից մի քանիսն ուղարկվել են Դատարան, տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, 2018 թվականի սեպտեմբերի 20, Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia], թիվ 49020/08, 2020 թվականի հոկտեմբերի 15, Ջհանգիրյանն ընդդեմ Հայաստանի [Jhangiryan v. Armenia], թիվ 44841/08 եւ 63701/09, 2020 թվականի հոկտեմբերի 8, Սմբատ Այվազյանն ընդդեմ Հայաստանի [Smbat Ayvazyan v. Armenia], թիվ 49021/08, 2020 թվականի հոկտեմբերի 8, Միքայելյանն ընդդեմ Հայաստանի [ԿՄԵ] [Mikayelyan v. Armenia [CTE]], թիվ 1879/10, 2021 թվականի օգոստոսի 31, Արզումանյանն ընդդեմ Հայաստանի [ԿՄԵ] [Arzumanyan v. Armenia [CTE]], թիվ 63845/09, 2021 թվականի օգոստոսի 31, եւ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի [ԿՄԵ] [Pashinyan v. Armenia, [CTE]], թիվ 22665/10 եւ 2305/11, 2022 թվականի հունվարի 18): Ինչպես նաեւ պարզվել է, որ վնասվածք ստացած տասնյակ ոստիկանության ծառայողներ այդ գործի շրջանակներում ճանաչվել են տուժող։
67. Նույն օրը ՀՔԾ քննիչը նշանակել է մահացածների, մասնավորապես՝ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի եւ Զաքար Հովհաննիսյանի դատաբժշկական փորձաքննությունները, որոնք իրականացվել են նույն օրը Առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի փորձագետների կողմից։ Համապատասխան փորձագիտական եզրակացությունները կազմվել են 2008 թվականի մարտի վերջից մինչեւ ապրիլի սկիզբը (տե՛ս վերեւում՝ 38-րդ, 42-րդ, 45-րդ, 48-րդ, 51-րդ, 54-րդ եւ 59-րդ պարբերությունները)։ Համանման փորձաքննություններ նշանակվել են Տիգրան Աբգարյանի համար՝ 2008 թվականի մարտի 11-ին եւ ապրիլի 12-ին, եւ Սամվել Հարությունյանի համար՝ 2008 թվականի ապրիլի 13-ին, որոնց համապատասխան փորձագիտական եզրակացությունները կազմվել են համապատասխանաբար 2008 թվականի մարտի 14-ին եւ մայիսի 22-ին ու 23-ին (տե՛ս վերեւում՝ 57-րդ եւ 62-րդ պարբերությունները)։
68. 2008 թվականի մարտի 4-ին Գլխավոր դատախազը մամուլի ասուլիս է տվել, որտեղ նա նշել է, որ «ակնհայտ [էր], որ իրավապահ մարմինների գործողությունները [եղել են] զանգվածային անկարգությունները կանխելու նպատակին համաչափ»։ Նա նաեւ անդրադարձ է կատարել քրեական իրավունքում առկա «ինքնապաշտպանություն» եւ «բացարձակ անհրաժեշտություն» եզրույթներին, որոնց դեպքում անձն ազատվում է քրեական հետապնդումից, եւ նշել է, որ քննությամբ ձեռք են բերվել իրադարձությունների բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ։ Ի վերջո, Գլխավոր դատախազը նշել է, որ բավարար ապացույցներ կան ենթադրելու, որ զանգվածային անկարգությունները եղել են կազմակերպված եւ նպատակ են հետապնդել ցանկացած գնով զավթելու իշխանությունը. այս դեպքում գինը ութ մարդկային կյանքն էր։
69. Նույն օրը ՀՔԾ քննիչ նշանակել է Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանի մարմիններից հեռացված մետաղյա եւ պլաստմասսայե բեկորների, ինչպես նաեւ Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյան մարմիններից հեռացված գնդակների դատաձգաբանական փորձաքննություն (տե՛ս վերեւում՝ 39-րդ, 43-րդ, 46-րդ, 49-րդ, 52-րդ եւ 60-րդ պարբերությունները)։ Նա նաեւ նշանակել է Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի հագուստի ձգաբանական եւ քիմիական համալիր փորձաքննություն։
70. 2008 թվականի մարտի 7-ի գրությամբ Գլխավոր դատախազը ՀՔԾ ավագ քննիչին տվել է հետեւյալ հրահանգները.
«Հաշվի առնելով մահվան եւ մարմնական վնասվածքների բոլոր դեպքերի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու անհրաժեշտությունը ...՝ հրամայում եմ՝
1. Սույն քրեական գործի քննության շրջանակներում համապարփակ, ամբողջական եւ օբյեկտիվ ձեւով պարզել՝
1.1. ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման բոլոր հանգամանքները, այդ թվում՝ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դրանք գործադրելու կամ չգործադրելու պատճառները եւ հիմքերը.
1.2. անձանց [ինքնությունը], որոնց նկատմամբ կիրառվել է ֆիզիկական հարկադրանք կամ ուժ .
1.3. հատուկ միջոցներ գործադրվելու դեպքում՝ դրանց տեսակը, գործադրման եղանակը, հանգամանքները եւ ֆիզիկական ուժ կամ հարկադրանքի այլ տեսակ կիրառվելու ժամանակ հարկադրանքի ենթարկված անձանց գործողությունները.
1.4. հրազենի գործադրման յուրաքանչյուր դեպքում՝ հրազենի տեսակը, տրամաչափը, սերիական համարը եւ գրանցման վայրը, հրազենի եւ զինամթերքի ստացման եւ վերադարձման վայրը եւ ժամանակը, հրազենի գործադրման վայրը եւ ժամանակը, կրակելու ռեժիմը, թիրախը եւ ուղղությունը, տրամադրված եւ արձակված փամփուշտների քանակը, հրազենի գործադրման հանգամանքները, եթե դրանք հայտնի են կրակողին։
2. Վերոնշյալ հարցերի եւ դրանցից բխող հարցերի վերաբերյալ հարցաքննության, ինչպես նաեւ ոստիկանության այն ծառայողների եւ զինծառայողների հարցաքննության [ընթացքում], որոնք չեն գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն, կամ [որոնք] չեն կրել հատուկ միջոցներ կամ հրազեն, անհրաժեշտ է պարզել՝ ինչպիսի ֆիզիկական կամ հոգեբանական բռնության են նրանք ենթարկվել խմբային հարձակումների կամ զանգվածային անկարգությունների ընթացքում, ինչ զենք կամ զինամթերք է կիրառվել նրանց նկատմամբ կամ նրանց ներկայությամբ՝ ոստիկանության այլ ծառայողների կամ զինծառայողների նկատմամբ, ինչ տեղեկություններ նրանք ունեն զենքերի, զինամթերքի կամ զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից ավերածություն կամ հրդեհ առաջացնելու համար նախատեսված այլ միջոցների օգտագործման եւ դրանց օգտագործման հետեւանքների մասին։
3. Զանգվածային անկարգություններին մասնակցության մեջ կասկածվող կամ մեղադրվող անձանց հարցաքննելիս անհրաժեշտ է նաեւ առաջարկել նրանց ցուցմունք տալ ոստիկանության ծառայողների եւ զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական հագուստով անձանց կողմից վերոնշյալ հրազենի, զինամթերքի կամ այլ միջոցների օգտագործման՝ նրանց հայտնի հանգամանքների մասին։
4. Անհրաժեշտ է իրականացնել քննություն իրադարձությունների ականատեսների շրջանում, մասնավորապես՝ այն տարածքում բնակվող անձանց, որտեղ տեղի են ունեցել անկարգությունների հետ կապված իրադարձությունները, նախապես հրահանգելով Հայաստանի ոստիկանությանը բացահայտել ականատեսներին եւ կանչել նրանց հարցաքննության՝ օրենքով սահմանված կարգով։
5. Վերոնշյալ հանգամանքների եւ համապատասխան դատական փորձաքննությունների եզրակացությունների (կամ փորձագետների նախնական պաշտոնական եզրակացությունների) արդյունքների համեմատությամբ հնարավորության սահմաններում պարզել՝ արդյոք նույնանման վնասվածքները հասցվել են նույն վայրում կամ վայրերում։
Հրազենային [վիրավորումների] կամ ծանր մարմնական վնասվածքների դեպքում պարտադիր պարզել՝ արդյոք ոստիկանության ծառայողները կամ զինծառայողներն օգտագործել են տվյալ վնասվածքներին համապատասխանող տրամաչափի եւ տեսակի հրազեն կամ այդպիսի վնասվածքներ պատճառող զինամթերք։
6. Սեղմ ժամկետում պաշտոնական հարցումներ ուղարկել Հայաստանի ոստիկանություն, Պաշտպանության նախարարություն եւ [ԱԱԾ]՝ իրենց զինամթերքի ամբողջականությունը եւ բացակայող հատուկ միջոցների եւ անձնական անվտանգության միջոցների, մասնավորապես՝ հրազենի կորստի հնարավորությունը ստուգելու համար. հատուկ քննության առարկա դարձնել յուրաքանչյուր միավոր հատուկ միջոցի, անձնական անվտանգության միջոցի կամ հրազենի կորստի փաստը»։
71. 2008 թվականի մարտին ՀՔԾ պետը հրահանգել է մարզային դատախազներին հայտնաբերել այն անձանց, որոնք մասնակցել են ցույցերին եւ զանգվածային անկարգություններին, եւ քննել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավի մարզային շտաբների պետերին։
72. 2008 թվականի մարտի 21-ին ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի պետի տեղակալը, որին հանձնարարվել է դատաձգաբանական փորձաքննությունը (տե՛ս վերեւում՝ 69-րդ պարբերությունը), ներկայացրել է Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի, Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի մարմիններից հեռացված բեկորների եւ գնդակների քննության արդյունքները (Եզրակացություն թիվ 389)։ Բացի վերեւում՝ 39-րդ, 43-րդ, 46-րդ, 49-րդ, 52-րդ եւ 60-րդ պարբերություններում նշված եզրահանգումներից, փորձագետը եզրակացրել է, որ «Չերյոմուխա-7»-ի փամուշտների պլաստմասսայե խցանների վրա առկա կրակոցի հետքերը համատեղելի չեն կոնկրետ զենքի հետ, քանի որ դրանք հստակ չեն արտացոլում փողանցքի հատկանիշները, իսկ գազային նռնակների վրա առկա չէ փողանցքի հետ շփման որեւէ հետք, հետեւաբար դրանք համատեղելի չէին այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել են։ Ինչ վերաբերում է գնդակներին, դրանց դեպքում իրականացվել է համեմատական քննություն, որը թույլ է տվել պարզել, որ դրանք արձակվել են տարբեր զենքերից։ Գնդակները համեմատվել են Հայաստանի տարածքում կատարված, սակայն չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրում հայտնաբերված եւ գնդակների հետ եւ Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում գրանցված գնդակների հետ, սակայն որեւէ համընկնում չի հայտնաբերվել։
73. 2008 թվականի ապրիլի 17-ին Փորձաքննությունների ազգային բյուրոյի երկու փորձագետ եւ Պաշտպանության նախարարության մեկ փորձագետ ուսումնասիրել են մոտ հինգ րոպե տեւողությամբ տեսաձայնագրությունը՝ հանգելով այն եզրակացության, որ տեսանյութում պատկերված համազգեստ կրող հինգ անձինք ԱԿ-74 ինքնաձիգից կրակում են անգնդակ փամփուշտներ։
74. 2008 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի ավագ փորձագետը եւ պետը, որին հանձնարարվել է դատաձգաբանական եւ քիմիական համակցված փորձաքննության իրականացումը (տե՛ս վերեւում՝ 69-րդ պարբերությունը in fine (վերջում)), ներկայացրել է իրենց կողմից իրականացված փորձաքննության արդյունքները (Եզրակացություն թիվ 385)։ Փորձագետները եզրակացրել են, inter alia (ի թիվս այլնի), որ Գոռ Քլոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի հագուստի բոլոր վնասվածքները հրազենային կրակոցների հետեւանք են, սակայն առկա չէ կարճ տարածությունից կրակոց արձակելու որեւէ ապացույց։ Հագուստի վրա առկա վնասվածքներից հնարավոր չէր որոշել կրակոցների անկյունը։ Վնասվածքի շրջանում չի հայտնաբերվել ռիկոշետի որեւէ նշան, սակայն հաշվի առնելով հնարավոր ռիկոշետի առնչությամբ Դավիթ Պետրոսյանի վերաբերյալ թիվ 389 եզրակացության մեջ առկա եզրահանգումները (տե՛ս վերեւում՝ 52-րդ պարբերությունը), կարելի էր եզրակացնել, որ նրա հագուստի վնասվածքները կարող էին նաեւ առաջացած լինել ռիկոշետի հետեւանքով։
75. 2008 թվականի հունիսի 23-ին ՀՔԾ քննիչի հրամանով Դատաբժշկական փորձաքննությունների ազգային կենտրոնի փորձագետն իրականացրել է Տիգրան Աբգարյանի ձմեռային զինվորական բաճկոնի համակցված դատահետքաբանական, ձգաբանական եւ պայթյունատեխնիկական փորձաքննություն։ Արդյունքում եզրակացվել է, inter alia, որ օձիքի հետնամասում առկա 19 x 9 մմ չափերով պատռվածքն առաջացել է պղինձ պարունակող առնվազն մեկ գնդակով հրազենային կրակոցի հետեւանքով, որն անցել է առջեւից դեպի հետեւ եւ առաջացրել է վնասվածքի ելքի անցքի վերք։ Նշված պատռվածքի շրջանում չի հայտնաբերվել վառոդի մրի կամ կիսայրված վառոդի մասնիկներ (Եզրակացություն թիվ 09330802)։
76. 2008 թվականի մայիսի 13-ին, հունիսի 16-ին, հունիսի 19-ին, հունիսի 23-ին, հունիսի 24-ին, հունիսի 25-ին եւ հունիսի 26-ին քննիչը որոշում է կայացրել դիմումատուներ Վաչագան Ֆարմանյանին, Ալլա Հովհաննիսյանին, Սարգիս Քլոյանին, Լիլյա Մինասյանին, Ջեմմա Վարդումյանին, Վարդուհի Բաղդասարյանին, Էդիկ Հարությունյանին, Մարիամ Հովհաննիսյանին եւ Ռուզաննա Հարությունյանին (տե՛ս վերեւում՝ 2-րդ պարբերությունը) թիվ 62202608 քրեական գործի շրջանակներում ճանաչել որպես տուժողների իրավահաջորդներ։
77. 2008 թվականի հունիսին եւ հուլիսին դիմումատուներին ներկայացվել են դատաբժշկական փորձաքննությունների երզակացությունները (տե՛ս վերեւում՝ 67-րդ պարբերությունը)։ Դիմումատուներից յոթին նաեւ ներկայացվել է թիվ 389 եզրակացությունը (տե՛ս վերեւում՝ 72-րդ պարբերությունը) եւ վեցին՝ թիվ 385 եզրակացությունը (տե՛ս վերեւում՝ 74-րդ պարբերությունը)։
78. Երկու ռուս փորձագետների կողմից ներկայացված եզրակացությունից պարզ է դառնում (տե՛ս վերեւում՝ 82-րդ պարբերությունը), որ 2008 թվականի նոյեմբերի 8-ին Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի պետի կողմից իրականացվել է «Չերյոմուխա-7» գազային նռնակների մեկ այլ ձգաբանական փորձաքննություն (Եզրակացություն թիվ 1466)։ Այս փորձաքննությունների արդյունքները, ըստ ամենայնի, ներառել են հետեւյալ եզրահանգումները։
ա) «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտներից գազի բացթողման հետեւանքով դրանց պլաստմասսայե խցանները ենթարկվել են ջերմային ազդեցության եւ դարձել են համադրման համար անպիտան։ Բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով դրանց վրա առաջացել են կողմնակի մեխանիկական հետքեր, որոնք եւս դժվարացրել են համադրման գործընթացը:
բ) Փորձաքննության ներկայացված «Չերյոմուխա‑7» արցունքաբեր գազային նռնակների պլաստմասսայե խցանների վրա հայտնաբերվել են կողմնակի հետքեր, օրինակ՝ ձեւախախտումներ, ճաքեր, հպման եւ շփման հետքեր, որոնք առաջացել են որեւէ պինդ առարկայի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով։
գ) Փորձաքննության ներկայացված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակների պլաստմասսայե խցանների վրա առկա կրակոցի հետքերը կոնկրետ զենքի հետ համատեղելի չեն եղել, քանի որ դրանք հստակ չեն արտացոլել փողանցքի հատկանիշները, իսկ գազային նռնակների վրա առկա չի եղել փողի հետ շփման որեւէ հետք, հետեւաբար դրանք համատեղելի չեն այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել են։
79. Չնշված օրը ՀՔԾ-ն հարցում է ուղարկել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարություն՝ «Չերյոմուխա-7» գազային նռնակների տեխնիկական փորձաքննություն իրականացնելու համար։
80. 2008 թվականի դեկտեմբերի 30-ին Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան վարչության աշխատակիցն իրականացրել է տեխնիկական փորձաքննություն՝ նշելով, որ 1976 թվականին ընդունված տեխնիկական պայմանների համաձայն՝ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտների պահման առավելագույն ժամկետը հինգ տարի է։ 1986 եւ 1989 թվականներին արտադրված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտների՝ օգտագործման համար պիտանիությունը կարող է որոշվել միայն դրանց փորձարկումից հետո։ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտների պահման ժամկետը լրանալուց հետո դրանց տեխնիկական բնութագրերը կարող են փոփոխվել, իսկ դրանց՝ մարտական նպատակով կիրառման արդյունավետությունը կարող է նվազել։ Մասնավորապես արցունքաբեր գազի բացթողման տեւողությունը եւ գազային նռնակի թռիչքի առավելագույն տարածությունը կարող է նվազել, կամ կարող է տեղի ունենալ փամփուշտի խափանում՝ կապսուլի անսարքության պատճառով։ Պահման ժամկետը լրացած «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտի՝ մարդկանց նկատմամբ կիրառումը կարող է վնաս հասցնել նրանց կյանքին կամ առողջությանը։ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակ փամփուշտների կիրառումը բաց տարածքում արգելված չէ, սակայն արգելված է ուղղակիորեն մարդկանց ուղղությամբ կրակելը։ Դրանցից կարելի է կրակել տեղանքում կամ հանցանք կատարած անձանց մոտ գտնվող օբյեկտների ուղղությամբ՝ հաշվի առնելով քամու ուղղությունը՝ ապահովելու համար, որ գազային ծուխն ուղղվի դեպի հանցանք կատարած անձինք։
81. 2009 թվականի հունվարի 20-ին ՀՔԾ-ն դիմել է Ռուսաստանի իշխանություններին «Չերյոմուխա‑7» գազային նռնակների եւ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանի մարմիններից հեռացված դրանց պլաստմասսայե խցանների դատաձգաբանական փորձաքննություն իրականացնելու խնդրանքով։
82. 2009 թվականի փետրվարի 4-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնի երկու ձգաբանական փորձագետ «Չերյոմուխա-7» գազային նռնակների եւ դրանց պլաստմասսայե խցանների փորձաքննություն իրականացնելուց հետո ներկայացրել են իրենց եզրակացությունը (Եզրակացություն թիվ 913)։ Նրանք սկսել են 2008 թվականի նոյեմբերի 8-ին իրականացված ձգաբանական փորձաքննության եզրահանգումների թվարկմամբ (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերությունը)։ Փորձագետներն այնուհետեւ եզրակացրել են, որ մետաղական պատյանների մակերեւույթին չեն հայտնաբերվել այն զենքերի փողանցքի հետքերը, որոնցից արձակվել են գազային նռնակները։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պատյանի մակերեւույթի եւ փողանցքի միջեւ անմիջական շփում տեղի չի ունեցել, քանի որ պատյանի երկու կողմերում առկա են եղել պլաստմասսայե խցաններ, որոնց նպատակն է նռնակը մղել փողանցքով եւ վառոդ-գազը «կենտրոնացնել» կրակելու պահին։ Պլաստմասսայե խցանների մակերեսին փողանցքի հետքերը համատեղելի չեն եղել այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել են։
83. 2009 թվականի մարտի 23-ին Քրեական օրենսգրքում կատարվել են փոփոխություններ։ 225-րդ հոդվածի 3-րդ մասը (տե՛ս վերեւում՝ 139-րդ պարբերությունը) ճանաչվել է ուժը կորցրած, իսկ 104-րդ հոդվածի 2-րդ մասը լրացվել է նոր 10.1 կետով, որով սահմանվել է պատիժ՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից կատարված սպանության համար (տե՛ս վերեւում՝ 137-րդ պարբերությունը)։
84. Ինչպես պարզ է դառնում, 2009 թվականի մարտի 24-ին Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է թիվ 62202608 գործին։
85. Ինչպես նաեւ պարզ է դարձել, որ 2009 թվականի հուլիսի 13-ին Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, inter alia, հարուցվել է մեկ այլ քրեական գործ (տե՛ս ստորեւ՝ 142-րդ պարբերությունը) զանգվածային անկարգությունները ճնշելիս ԿՍ‑23 հատուկ միջոցի գործադրման կանոնները խախտելու եւ արդյունքում երեք անձի անզգուշությամբ սպանելու եւ եւս երեք անձի վնասվածք հասցնելու համար։ Գործը միացվել է թիվ 62202608 քրեական գործին եւ, ըստ ամենայնի, պարզվել է, որ հատուկ նշանակության հրազեն համարվող ԿՍ-23 է գործադրվել Մաշտոցի պողոտայում եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Լեոյի փողոցում եւ Պարոնյան փողոցում ոստիկանության զորքերի չորս ենթասպայի կողմից՝ Լ.Հ.-ի եւ Ա.Ա.-ի՝ Հատուկ նշանակության ջոկատից եւ Մ.Գ.-ի եւ Վ.Ս.-ի՝ թիվ 1033 զորամասից։ Պարզվել է նաեւ, որ արձակված ընդհանուր հիսունվեց «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային փամփուշտներից քսանը, տասնինը, ութը եւ ինը արձակվել են համապատասխանաբար Լ.Հ.-ի, Ա.Ա.-ի, Մ.Գ.-ի եւ Վ.Ս.-ի կողմից։ Չնշված ամսաթվերի դրությամբ բոլոր չորս ծառայողներին մեղադրանք է առաջադրվել, inter alia, Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արման Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին եւ Գոռ Քլոյանին անզգուշությամբ սպանելու համար։
86. Կառավարությունը պնդել է, իսկ դիմումատուները վիճարկել են, որ այդ գործով քննությամբ նաեւ պարզվել է, որ թե՛ անկարգության մասնակիցները եւ թե՛ ոստիկանության զորքերը գործադրել են տարբեր տեսակի եւ տրամաչափի զենքեր, եւ որ ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ կիրառվել են տարբեր պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ մարտական նռնակ։ Ինչպես պարզվել է, «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակները պատից կամ որեւէ արգելքից ռիկոշետ կատարելու կամ որեւէ արգելքի միջով անցնելուց հետո կարող են պատճառել վնասվածք, այդ թվում՝ մահացու վնասվածք՝ կախված բախման անկյունից եւ արգելքի տեսակից։
Բ. Դիմումատուների ներկայացրած բողոքները
87. 2010 թվականի փետրվարի 3-ին դիմումատուները Գլխավոր դատախազին ներկայացրել են բողոքներ՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա՝ պնդելով, որ ՀՔԾ-ն իրենց հարազատների մահվան դեպքերով չի իրականացրել արդյունավետ քննություն։ Նրանք պնդել են, որ իրենց հարազատների սպանության առնչությամբ չի հարուցվել քրեական վարույթ, որ նրանք ճանաչվել են տուժող (տե՛ս վերեւում՝ 76-րդ պարբերությունը) մոտ երկուսից չորս ամիս ուշացմամբ, եւ որ դեպքի վայրում զննություն չի իրականացվել եւ չի լուսանկարահանվել։ Նրանք նաեւ ներկայացրել են իրենց առանձին գործերի հետ կապված փաստարկներ։
88. 2010 թվականի փետրվարի 8-ին Գլխավոր դատախազը մերժել է բոլոր բողոքները՝ գտնելով, որ ՀՔԾ-ն իրականացրել է եւ շարունակում է իրականացնել համապարփակ եւ օբյեկտիվ քննություն։ Ինչպես պարզ է դառնում, Գլխավոր դատախազը դիմումատուներին գրավոր տեղեկացրել է իր որոշման մասին, սակայն չի տրամադրել դրա որեւէ օրինակ։ Դիմումատուների՝ այդ օրինակները տրամադրելու դիմումները մերժվել են Գլխավոր դատախազի կողմից այդպիսի պարտավորություն չունենալու հիմքով։
89. 2010 թվականի ապրիլի 2-ին դիմումատուները բողոք են ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան)՝ պնդելով, որ ՀՔԾ-ն չի իրականացրել արդյունավետ քննություն եւ մահվան հանգամանքները ուսումնասիրելիս չի ցուցաբերել պատշաճ ջանասիրություն, եւ այդ առնչությամբ պահանջում են վնասների փոխհատուցում։ Նրանք նաեւ բողոք են ներկայացրել առ այն, որ իրենց հասանելի չեն գործի նյութերը, ինչի հետեւանքով նրանք չեն կարողացել դիմումներ եւ բողոքներ ներկայացնել եւ արդյունավետորեն պաշտպանել իրենց իրավունքները, եւ որ իրենց 2010 թվականի փետրվարի 3-ի բողոքների վերաբերյալ Գլխավոր դատախազը չի կայացրել որոշում (տե՛ս վերեւում՝ 87-րդ պարբերությունը)։
90. 2010 թվականի մայիսի 24-ի, հունիսի 2-ի, հունիսի 4-ի եւ հունիսի 8-ի որոշումներով Վարչական շրջանի դատարանը մերժել է բողոքները։ Ինչ վերաբերում է ոչ արդյունավետ քննության վերաբերյալ հայտարարություններին, այն գտել է, որ՝
«... Քրեական դատավարության օրենսգրքով չեն սահմանվում այդպիսի քննչական կամ դատավարական միջոցառումներ, իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումների եւ գործողությունների օրինական եւ հիմնավոր չլինելու դեմ կարող են բողոքներ ներկայացվել դատարան»։
Ըստ այդմ, սույն բողոքը դուրս է մնում քննության դատական վերանայման շրջանակից։
91. Ինչ վերաբերում է գործի նյութերին հասանելիության ենթադրյալ բացակայությանը (տե՛ս վերեւում՝ 89-րդ պարբերությունը), Վարչական շրջանի դատարանը գտել է, որ տեղի չի ունեցել դիմումատուների իրավունքների խախտում, քանի որ քրեական դատավարության իրավունքի նորմերով գործի նյութերին հասանելիություն տրվում է միայն քննության ավարտից հետո։ Ի վերջո, դատարանը գտել է, որ Գլխավոր դատախազը չի դրսեւորել անգործություն, քանի որ 2010 թվականի փետրվարի 8-ին դիմումատուների բողոքների վերաբերյալ նա ընդունել է որոշումներ եւ այդ մասին տեղեկացրել է գրավոր (տե՛ս վերեւում՝ 88-րդ պարբերությունը)։
92. 2010 թվականի հունիսի 2-ին, 12-ին, 14-ին եւ 18-ին դիմումատուները ներկայացրել են բողոքներ։
93. 2010 թվականի հուլիսի 2-ի, 13-ի, 17-ի եւ 19-ի որոշումներով Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուների բողոքները եւ Վարչական շրջանի դատարանի համապատասխան որոշումները թողել է անփոփոխ։
94. Դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանը ճանաչել է անընդունելի՝ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին եւ հոկտեմբերի 22-ին։
95. 2011 թվականի փետրվարի 28-ին դիմումատուներն իրենց գանգատներն են ներկայացրել Դատարան։
Գ. «ՀՔԾ փաստաթուղթը»
96. 2011 թվականի դեկտեմբերի 26-ին, ՀՔԾ-ն հրապարակել է «ՀՔԾ-ի կողմից քննվող քրեական գործի շրջանակներում իրականացվող՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հանգամանքների քննության արդյունքների մասին հաղորդագրություն» վերտառությամբ փաստաթուղթը (այսուհետ՝ «ՀՔԾ փաստաթուղթ»)։
97. ՀԾՔ փաստաթուղթն սկսվում էր փետրվարի 20-ից ի վեր Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգամանքների շարադրմամբ՝ նկարագրելով, թե ինչպես են ընդդիմադիր առաջնորդները ենթադրաբար ծրագրել, կազմակերպել եւ սադրել մարտի 1-ի եւ 2-ի զանգվածային անկարգությունները, այդ թվում՝ կազմելով բռնություն գործադրելու պատրաստ մարդկանց խմբեր եւ նրանց բաժանելով զենքեր՝ երկրում ներքաղաքական վիճակն ապակայունացնելու նպատակով (տե՛ս վերեւում՝ 9-րդ, 13-րդ, 17-րդ, եւ 21-րդ պարբերությունները)։ Արդյունքում Մյասնիկյանի հուշարձանի տարածքում, Գրիգոր Լուսավորիչ փողոցում, Լեոյի փողոցում, Պարոնյան փողոցում եւ Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել զինված դիմադրություն եւ ընդվզումներ, որոնց հետեւանքով վնասվածք են ստացել ոստիկանության զորքերի 187 զինծառայող եւ ոստիկանության ծառայող, երեսուներկու քաղաքացիական անձինք, մահացել է տասը անձ, եւ ավելի քան 500,000,000 ՀՀ դրամի չափով վնաս է հասցվել պետական եւ մասնավոր գույքին։
98. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների նկարագրության մեջ նշվել է, որ ժամը 18:00-ից սկսած թե՛ Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկում տեղակայված ոստիկանության կանոնավոր ուժերի եւ թե՛ ոստիկանության զորքերի հրամանատարությունը վերապահվել է Ոստիկանության պետի տեղակալ Ա.Ե-ին եւ Ոստիկանության զորքերի հրամանատար Գ.Գ.-ին։ Նրանք այդտեղ են տեղակայվել Ազգային ժողովի շենքի եւ նախագահի նստավայրի ուղղությամբ ամբոխի շարժը կանխելու համար։ Նաեւ նշվել էր, որ ժամը 20:00-23:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակիցները կանոնավոր զինված հարձակումներ են գործել ոստիկանության ուժերի վրա։ Արգելափակոց տեղադրելու փորձերը ձախողվելուց հետո եւ ջրանետ մեքենաները գործի դնելուց առաջ, ամբոխին հանգստացնելու եւ հարձակումները կանխելու նպատակով, արցունքաբեր գազ արձակող միջոցներից եւ անգնդակ փամփուշտներից բացի, որոշվել է թույլատրել ոստիկանության զորքերի սպաներին եւ ենթասպաներին զինվել ինքնաձիգներով՝ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով լուսարձակող փամփուշտներով օդ կրակ բացելու համար։ Ավելին, այն բանից հետո, երբ ոստիկանության զորքերը նահանջել են դեպի Լեոյի փողոց, զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը շենքի անկյունից հրացանից կրակելով սպանել է Տիգրան Աբգարյանին (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները)։ Ոստիկանության զորքերի դիպուկահարը կրակել է նրա վրա՝ վիրավորելով նրա ոտքը։ Նշվել է, որ այդ անձի ինքնությունը դեռեւս պարզվում է։
99. Զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ոստիկանության զորքերը զինվել են հետեւյալ տեսակի զենքերով եւ զինամթերքով.
ա) 16 միավոր ԱԿ-74 ինքնաձիգ՝ 1,920 միավոր՝ 5.45 մմ տրամաչափի լուսարձակող փամփուշտներով, որոնցից 1,405-ն օգտագործվել է, իսկ 515 միավորը վերադարձվել է զինանոց.
բ) ութ միավոր ԱԿ-74 ինքնաձիգ՝ 480 միավոր՝ 5.45 մմ տրամաչափի անգնդակ փամփուշտով, որոնցից 280 միավորն օգտագործվել է.
գ) տասը միավոր «Կորնետ» տեսակի ատրճանակ՝ 130 ռետինե գնդակներով, որոնցից օգտագործվել են 62-ը.
դ) չորս միավոր «ԿՍ-23» հրացան` նախատեսված «Չերյոմուխա‑7» եւ «Սիրեն-7» արցունքաբեր գազային փամփուշտներ եւ «Վոլնա-Ռ» ռետինե գնդակներ կրակելու համար.
ե) 89 միավոր «Չերյոմուխա-7» եւ հինգ միավոր «Սիրեն-7» արցունքաբեր գազային փամփուշտ եւ 180 միավոր «Վոլնա-Ռ» ռետինե գնդակ, որոնցից օգտագործվել են 56 միավոր «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային փամփուշտներ եւ 129 միավոր «Վոլնա-Ռ» ռետինե գնդակներ.
զ) յոթ միավոր «ՍՊՇ»՝ նախատեսված «Չերյոմուխա-4» արցունքաբեր գազային փամփուշտներ կրակելու համար.
է) 154 միավոր «Չերյոմուխա-4» արցունքաբեր գազային փամփուշտ, որոնցից օգտագործվել է 79 միավոր.
ը) 15 միավոր «Չերյոմուխա-1», 15 միավոր «Չերյոմուխա-5», 80 միավոր «Սիրեն-6» եւ 16 միավոր «Դրեյֆ» արցունքաբեր գազային նռնակ, որոնցից օգտագործվել են 29 միավոր «Սիրեն-6» եւ չորս միավոր «Դրեյֆ» արցունքաբեր գազային նռնակներ.
թ) յոթ միավոր «Զարյա» եւ հինգ միավոր «Կասսետ» լուսաձայնային նռնակներ, որոնցից օգտագործվել են չորս միավոր «Զարյա» եւ հինգ միավոր «Կասսետ» լուսաձայնային նռնակներ. եւ
ժ) մեկ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացան՝ 20 միավոր՝ 7.62 մմ տրամաչափի գնդակով, որոնցից օգտագործվել է 1-ը, իսկ 19-ը վերադարձվել են զինանոց։
100. ՀՔԾ փաստաթղթում նաեւ նկարագրվում էին քննչական եւ այլ միջոցառումներ, որոնք իրականացվել են յուրաքանչյուր գործով՝ մահվան հանգամանքները պարզելու համար։ Այս առումով դրանում նշվում են իրականացված տարբեր դատական փորձաքննություններ, այդ թվում՝ բժշկական, ձգաբանական եւ այլ փորձաքննություններ։ Դրանում նաեւ նշվում էր, որ քննությամբ պարզվել է հետեւյալը.
ա) Արմեն Ֆարմանյանը (վերեւում՝ 37-40-րդ պարբերությունները), որին ներգրավել եւ ֆինանսավորել է Ազգային ժողովի ընդդիմադիր անդամը, զանգվածային անկարգություններ իրականացնելու նպատակով հավաքագրել է մասնակիցներ։ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, նա մի խումբ երիտասարդների ուղղորդել է Մյասնիկյանի հուշարձանի տարածք, որտեղ ժամը 16:00-ի սահմաններում նրանց բաժանել է մետաղյա ձողեր, փայտյա մահակներ եւ դյուրավառ հեղուկով լցված շշեր եւ հրահանգել է պատրաստ լինել ոստիկանության ծառայողների վրա հարձակման, որը հետագայում տեղի է ունեցել իր գլխավորությամբ։ Ժամը 21:00-ի սահմաններում Պարոնյան փողոցում գտնվող թիվ 24 դպրոցի դիմաց Արման Ֆարմանյանը կրակոցից վիրավորում է ստացել եւ տեղում մահացել։ Նրա ընկեր Ա.Վ.-ն եւ ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրա մարմինը տեղադրել են մոտակայքում գտնվող անձին՝ Բ.ՈՒ.-ին պատկանող ավտոմեքենայի տանիքին՝ պահանջելով, որ նա տեղափոխվի հիվանդանոց։ Նրանք վարել են մինչեւ Լեո փողոցի 7 հասցեն, որտեղ մարմինը հանձնել են շտապօգնությանը։ Այս հանգամանքները պարզվել են մոտ հիսուն անձանց, այդ թվում՝ Ա.Վ.-ի, Բ.ՈՒ.-ի, շտապօգնության մեքենայի վարորդ Լ.Կ.-ի, բժիշկ Մ.Ա.-ի, բուժքույր Ա.Մ.-ի հարցաքննությամբ, բուժքույր Ա.Մ.-ի կողմից լուսանկարներով ճանաչման արձանագրությամբ եւ դեպքի վայրի զննության արդյունքներով, որտեղ մարմինը տեղափոխվել է շտապօգնության մեքենա՝ Լ.Կ.-ի մասնակցությամբ։
բ) Տիգրան Խաչատրյանը (վերեւում՝ 41-43-րդ պարբերությունները) իր ընկերոջ՝ Ար.Աբ.-ի հետ ժամը 19:00-ի սահմաններում գնացել է զանգվածային անկարգությունների վայր ։ Ժամը 20:00-ի սահմաններում նրանք բաժանվել են տիրող քաոսային իրավիճակի պատճառով, որից հետո Տիգրան Խաչատրյանը զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետո ուղեւորվել է Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կամար, որտեղ էլ ստացել է վիրավորում եւ մահացել է։ Այս հանգամանքները պարզվել են մոտ քսան անձանց, այդ թվում՝ Ար.Աբ.-ի, Ս.Կ.-ի, շտապօգնության մեքենայի վարորդ Ն.Ս.-ի, բժիշկ Լ.Ն-ի, բուժքույր Ա.Մ.-ի հարցաքննությամբ, լուսանկարներով ճանաչման արձանագրությամբ, դեպքի վայրի զննության արդյունքներով, որտեղ մարմինը տեղափոխվել է շտապօգնության մեքենա, եւ որին մասնակցել է Լ.Ն-ն, ինչպես նաեւ քրեական գործի այլ նյութերով:
գ) Գոռ Քլոյանը (վերեւում՝ 44-46-րդ պարբերությունները) զանգվածային անկարգությունների վայր է գնացել ժամը 20:00-ի սահմաններում։ Ժամը 21:30-ի սահմաններում մի խումբ մասնակիցների հետ նա ուղեւորվել է Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, որտեղ վիրավորվել է։ Այնուհետեւ ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրան տեղափոխել են տաքսիով։ Այս հանգամանքները պարզվել են մոտ հիսուն անձանց, այդ թվում՝ Վ.Ա.-ի եւ Կ.Ա.-ի հարցաքննությամբ, նրանց կողմից լուսանկարներով ճանաչման արձանագրությամբ եւ քրեական գործի այլ նյութերով։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Գոռ Քլոյանին զանգվածային անկարգություններում ներգրավել է Արմեն Ֆարմանյանը (տե՛ս այդ նույն պարբերությունը «ա» տառի ներքո):
դ) Հովհաննես Հովհաննիսյանը (վերեւում՝ 47-49-րդ պարբերությունները) ժամը 20:00-ի սահմաններում կանգնած է եղել Մյասնիկյան հուշարձանի մոտ՝ գարեջրի շիշը ձեռքին։ Ժամը 21:00-ի սահմաններում նա, ձեռքի փայտը թափահարելով, զանգվածային անկարգությունների այլ մասնակիցների հետ գնացել է դեպի Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, որտեղ էլ նա վիրավորվել է արձակված կրակոցից եւ մահացել։ Մոտակայքում գտնվող անձը՝ Հ.Հ.-ն եւ ինքնությունը չպարզված կինը նրա մարմինը տեղափոխել են Երեւանի թիվ 2 բժշկական կենտրոն։ Այս հանգամանքները պարզվել են մոտ քսան անձանց, այդ թվում՝ Հ.Հ.-ի եւ վկաներ Գ.Պ.-ի եւ Կ.Հ-ի հարցաքննությամբ եւ դեպքի վայրի զննության արդյունքներով:
ե) Դավիթ Պետրոսյանը (վերեւում՝ 50-52-րդ պարբերությունները) զանգվածային անկարգությունների վայր՝ Գրիգոր Լուսավորիչ փողոց է գնացել իր աներորդիների՝ Վ.Դ.-ի եւ Կ.Դ.-ի, ինչպես նաեւ իր զարմիկի՝ Ն.Վ.-ի հետ՝ ժամը 20:00-ի սահմաններում։ Ժամը 21:00-ի սահմաններում Պարոնյան փողոց 2 հասցեում լուսանկարներ է արել իր բջջային հեռախոսով եւ ժամանակավորապես բաժանվել է մյուսներից։ Որոշ ժամանակ անց նրան հայտնաբերել են վիրավոր եւ չպարզված ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։ Այս հանգամանքները պարզվել են մոտ հիսուն անձանց, այդ թվում՝ նրա մոր եւ տուժողի իրավահաջորդի՝ Դավիթ Պետրոսյանի կնոջ՝ դիմումատու Ջեմմա Վարդումյանի, Լ.Դ.-ի, ինչպես նաեւ Վ.Դ.-ի, Կ.Դ.-ի եւ Ն.Վ.-ի հարցաքննությամբ, համակարգչատեխնիկական փորձաքննության եզրակացություններով, դեպքի վայրի զննության արդյունքներով եւ քրեական գործի այլ նյութերով:
զ) Գրիգոր Գեւորգյանը (վերեւում՝ 53-54-րդ պարբերությունները) վիրավորում է ստացել 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի եւ Լեոյի փողոցի խաչմերուկում գտնվող կոշիկի վերանորոգման կետի դիմաց։ Ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրա մարմինը տեղափոխել են Զաքյան փողոց, որտեղից շտապօգնության մեքենայով այն տեղափոխվել է դիահերձարան։ Այս հանգամանքները պարզվել են մոտ քսան անձանց, այդ թվում՝ շտապօգնության մեքենայի վարորդ Մ.Մ.-ի, բուժքույր Դ.Զ.-ի եւ Գրիգոր Գեւորգյանի՝ նույն թաղամասում բնակվող ծանոթ Ռ.Ս.-ի հարցաքննությամբ, լուսանկարներով ճանաչման արձանագրություններով եւ դեպքի վայրի զննության արդյունքներով, որտեղ մարմինը տեղափոխվել է շտապօգնության մեքենա։ Համաձայն Գրիգոր Գեւորգյանի կնոջ եւ իրավահաջորդ՝ դիմումատու Վարդուհի Բաղդասարյանի, ինչպես նաեւ նրա եղբոր՝ Ռ.Բ.-ի ցուցմունքների՝ Գրիգոր Գեւորգյանը զանգվածային անկարգությունների վայր է գնացել Ռ.Բ.-ի հետ, սակայն նրանք կորցրել են միմյանց ժամը 21:00-ի սահմաններում:
է) Սամվել Հարությունյանը (վերեւում՝ 56-57-րդ պարբերությունները) զանգվածային անկարգությունների վայր է գնացել իր ընկերոջ՝ Ա.Բ.-ի եւ իր զարմիկի՝ Գ.Գ.-ի հետ՝ ժամը 18:30-ի սահմաններում։ Ժամը 21:30-ի սահմաններում Սամվել Հարությունյանը Ա.Բ.-ից եւ Գ.Գ.-ից բաժանվելուց հետո զանգվածային անկարգությունների մի խումբ մասնակիցների հետ գնացել է Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի խաչմերուկ, որտեղ նա, քարեր նետելով, առաջ է շարժվել եւ վիրավորվել։ Այնուհետեւ ինքնությունը չպարզված մի խումբ անձինք նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այս հանգամանքները պարզվել են մոտ քսան անձի, այդ թվում՝ Ա.Բ.-ի եւ Գ.Գ.-ի, ականատեսներ Կ.Ա.-ի եւ Վ.Ա.-ի, ինչպես նաեւ Սամվել Հարությունյանի հոր եւ իրավահաջորդի՝ դիմումատու Էդիկ Հարությունյանի հարցաքննությամբ, Կ.Ա.-ի եւ Վ.Ա.-ի կողմից լուսանկարներով ճանաչման արձանագրություններով, նրանց մասնակցությամբ քննչական փորձարարության արդյունքներով եւ քրեական գործի այլ նյութերով:
ը) Զաքար Հովհաննիսյանը (վերեւում՝ 58-60-րդ պարբերությունները) եւ նրա ընկերը՝ Ար.Ավ.-ն, զանգվածային անկարգությունների վայր են գնացել 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում։ Ժամը 00:00-01:00-ն ընկած ժամանակահատվածում Զաքար Հովհաննիսյանը եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցները գտնվել են Մաշտոցի պողոտայի մոտակայքում, որտեղ էլ նրան կրակել են։ Ար.Ավ.-ն դեպքի վայրից փախուստի է դիմել, իսկ Զաքար Հովհաննիսյանին ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տեղափոխել են հիվանդանոց։ Չնայած Ար.Ավ.-ն, որը մեկուկես տարի շարունակ խուսափել է քննչական մարմին ներկայանալուց, ժխտել է զանգվածային անկարգությունների վայրում գտնվելու եւ դեպքին ականատես լինելու հանգամանքը, այդ փաստը հաստատվել է մոտ հիսուն անձի, այդ թվում՝ Զաքար Հովհաննիսյանի աներորդու՝ Վ.Ս.-ի, նրա ընկերների՝ Ն.Մ.-ի եւ Վ.Ե.-ի, վերջինիս հոր՝ Ա.Ե.-ի, Ար.Ավ.-ի ընկերոջ՝ Գ.Մ.-ի հարցաքննությամբ եւ քրեական գործի այլ նյութերով։ Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Զաքար Հովհաննիսյանին զանգվածային անկարգություններում ներգրավել է Արմեն Ֆարմանյանը (տե՛ս նույն պարբերությունը՝ «ա» տառի ներքո):
թ) Տիգրան Աբգարյանին (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները) կրակել է զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը՝ 2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում՝ Լեոյի փողոցում տեղակայված լինելու ընթացքում։ Կրակոցն արձակվել է Գրիգոր Լուսավորիչ փողոցի անկյունից։ Այս հանգամանքները պարզվել են մոտ երեսուն անձանց, այդ թվում՝ նրա ծառայակիցների հարցաքննությամբ։
Ամփոփելով՝ յուրաքանչյուր գործով նշվել է, որ Ոստիկանությանը եւ ԱԱԾ-ին հրահանգվել էր իրականացնել օպերատիվ միջոցառումներ՝ ուղղված վերոնշյալ միջադեպերի վկաների ինքնությունը պարզելուն եւ պատասխանատուների ինքնությունը պարզելուն եւ նրանց գտնելուն։
101. ՀՔԾ փաստաթղթում այնուհետեւ նկարագրվում էր քրեական գործով քննությունը՝ նշելով, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 62202608 քրեական գործը եւս հարուցվել էր սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգությունների հիմքով (տե՛ս վերեւում՝ 65-րդ պարբերությունը եւ ստորեւ՝ 139-րդ պարբերությունը), մահվան դեպքերը քննվել են այս վարույթի շրջանակներում։ Հետագայում Քրեական օրենսգրքի 104-րդ եւ 225-րդ հոդվածներում փոփոխություններ կատարվելուց հետո (տե՛ս վերեւում՝ 83-րդ պարբերությունը) Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով հարուցվել է նոր քրեական գործ (տե՛ս վերեւում՝ 84-րդ պարբերությունը)։
Տասնյակ անձինք ենթարկվել են հարցաքննության, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներ եւ ոստիկանության զորքերի զինծառայողներ, որոնք մասնակցել են զանգվածային անկարգությունները ցրելու գործողությանը։ Ոստիկանության զորքերի համապատասխան զորամասերից առգրավվել են զենքերի ընդունման եւ հանձնման բոլոր արձանագրությունները, իրականացվել են դրանց ուսումնասիրություն եւ զինանոցից դուրս բերված բոլոր զենքերի նույնականացում։ Զանգվածային անկարգությունների վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության զորքերի զինծառայողներին կցված բոլոր հրազենները եւ հատուկ միջոցները, ինչպես նաեւ ներքին ծառայության նպատակով զինանոցից դուրս բերված բոլոր հրազենները եւ հատուկ միջոցները առգրավվել են եւ ենթարկվել են ձգաբանական փորձաքննությունների։
Դավիթ Պետրոսյանի, Հովհաննես Հովհաննիսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի մարմիններից դուրս բերված գնդակները համեմատվել են դեպքի վայրում հայտնաբերված պարկուճների, ինչպես նաեւ Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում գրանցված գնդակների եւ զանգվածային անկարգությունները ցրելու գործողությանը մասնակցած ոստիկանության ծառայողներին եւ ոստիկանության զորքերի զինծառայողներին կցված զենքերից արձակված գնդակների հետ։ Որեւէ համընկնում չի հայտնաբերվել, իսկ այն զենքերը, որոնցից կրակոցներ են արձակվել, չեն նույնականացվել։
Հաշվի առնելով այն փաստը, որ Գոռ Քլոյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Արմեն Ֆարմանյանի մարմիններից հեռացված մասնիկների վրա առկա կրակոցի հետքերը «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակներից համատեղելի չեն եղել կոնկրետ զենքի հետ, չի պարզվել, թե ինչ զենքից են արձակվել մահացու կրակոցները։ Այն փաստը, որ որեւէ համընկնում չի հայտնաբերվել «Չերյոմուխա-7» գազային նռնակի՝ մարմիններից հեռացված մասնիկների եւ այն զենքերի միջեւ, որոնցից դրանք արձակվել են, եւս հաստատվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչությունների կողմից (տե՛ս վերեւում՝ 82-րդ պարբերությունը)։
Հատուկ միջոցներից կրակած անձանց տեղաշարժը, նրանց կողմից արձակված կրակոցների քանակը, արձակված կրակոցների տեղանքը եւ այդ կրակոցների հետագիծը պարզվել է (հնարավորության սահմաններում) հարցաքննությունների միջոցով։
102. ՀՔԾ փաստաթղթում նաեւ նշվում էր այն փաստը, որ 2009 թվականի հուլիսի 13-ին Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը), եւ նշվում էր, որ համապատասխան քննությամբ պարզվել է ԿՍ-23 հատուկ միջոցներից կրակած չորս ծառայողների ինքնությունը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Արմեն Ֆարմանյանին, Տիգրան Խաչատրյանին եւ Գոռ Քլոյանին անզգուշությամբ մահ պատճառելու համար։
Դրանում հղում էր կատարվում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության փորձագետների եզրահանգումներին (տե՛ս վերեւում՝ 80-րդ եւ 82-րդ պարբերությունները)՝ ավելացնելով, որ նրանք նաեւ պարզել են, որ պատից կամ այլ արգելքից ռիկոշետ կատարելուց կամ որեւէ արգելքի միջոց հաղթահարելուց հետո «Չերյոմուխա-7» գազային նռնակ փամփուշտը կարող էր վնասվածք պատճառել անձանց, այդ թվում՝ մահացու վնասվածք՝ կախված բախման անկյունից եւ արգելքի տեսակից։
Ավելին, 2008 թվականի նոյեմբերի 19-24-ը Երեւան կատարած իր այցի ընթացքում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Գլխավոր դատախազին ներկայացրել է իռլանդացի փորձագետ Ս.Բ.-ին, որն ունեցել է հատուկ միջոցների գործադրման ոլորտում մասնագիտական գիտելիքներ։ Փորձագետը հրավիրվել է Երեւան՝ մասնակցելու փորձաքննությանը՝ զոհերի մարմիններից հեռացված գազային նռնակների բեկորները եւ այն հատուկ հրազենները համադրելու նպատակով, որոնցից ոստիկանության ծառայողները կրակել են «Չերյոմուխա‑7» հատուկ միջոցները։ Էլեկտրոնային փոստով ստանալով այս բոլոր տեղեկությունները եւ նյութերը՝ Ս.Բ.-ն նշել էր, որ այդպիսի համադրումն անհնար է։
103. ՀՔԾ փաստաթղթում նաեւ նշվում էր, որ քննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգությունների եւ դրանք ցրելու ընթացքում տարբեր տեսակի եւ տրամաչափի զենքեր, այդ թվում՝ ԿՍ-23 հատուկ միջոցներ են գործադրվել թե՛ անկարգությունների մասնակիցների եւ թե՛ ոստիկանության ծառայողների եւ ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից, եւ որ ոստիկանության ծառայողների ու ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ կիրառվել են տարբեր պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ մարտական նռնակներ։
104. Վերջապես, ՀՔԾ փաստաթղթում նշվում էր, որ Հայաստանի նախագահի կարգադրությամբ քննությանը նոր թափ է հաղորդվել։ Քննչական խմբին միացել են նոր փորձառու քննիչներ, որոնք այնուհետեւ ուսումնասիրել են մի քանի հարյուր հատորից եւ մի քանի հարյուր հազար էջից բաղկացած գործի նյութերը, հարյուրավոր դատական փորձաքննությունների եզրակացությունները, տասնյակ ժամ տեւողությամբ տեսագրությունները եւ այլ ապացույցներ։ Հարցաքննության է ենթարկվել ավելի քան 500 վկա։ Տեսանյութերի եւ լուսանկարների ուսումնասիրությունից հետո հրահանգվել է պարզել մի շարք անձանց ինքնությունը, որոնք կարող են լինել ուժի գործադրման վկաներ։
Դ. Վարույթների անջատումը
105. Կառավարությունը նշել է, որ 2014 թվականի նոյեմբերի 5-ին գլխավոր դատախազը հանդիպել է դիմումատուների հետ՝ հետագա քննչական միջոցառումները քննարկելու նպատակով։ Ըստ դիմումատու Վաչագան Ֆարմանյանի՝ նա հրավիրված է եղել այդ հանդիպմանը, որի ընթացքում նրան տեղեկացրել են, որ մահվան դեպքերը կբաժանվեն առանձին վարույթների՝ այդ որոշման համար չներկայացնելով որեւէ պարզաբանում։
106. 2014 թվականի դեկտեմբերի 9-ին, 10-ին, 11-ին եւ 13-ին եւ 2015 թվականի հունվարի 29-ին Գլխավոր դատախազի կարգադրությամբ ՀՔԾ-ն որոշել է թիվ 62202608 քրեական գործից անջատել դիմումատուների հարազատների մահվանն առնչվող վարույթներն առանձին քրեական վարույթների։ Երեք գործերը, որոնք վերաբերում էին ԿՍ-23 հատուկ միջոցների գործադրման կանոնների խախտման հետեւանքով անզգուշությամբ կատարված սպանությանը, քննվել են Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը), իսկ մնացած վեց գործերը քննվել են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (տե՛ս վերեւում՝ 84-րդ պարբերությունը)։
107. 2015 թվականի ապրիլի 8-ին դիմումատուները դիմել են ՀՔԾ՝ քրեական գործի նյութերի օրինակները կամ էլ քննության շրջանակներում ձեռնարկված քննչական միջոցառումների մասին տեղեկություններ տրամադրելու խնդրանքով՝ Դատարանի պահանջով այդ տեղեկությունները ներկայացնելու համար։
108. 2015 թվականի ապրիլի 9-ի գրությամբ ՀՔԾ պետի տեղակալը դիմումատուներին տեղեկացրել է, որ քննությունը դեռեւս գտնվում է ընթացքի մեջ, հետեւաբար ձեռնարկված քննչական միջոցառումների վերաբերյալ նյութերի օրինակներ կամ տեղեկություններ չեն կարող տրամադրվել։
III. Կառավարության կողմից համագործակցության ենթադրյալ մերժումը
109. 2015 թվականի սեպտեմբերի 8-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատների մասին, որին մասնավորապես առաջարկվել է ներկայացնել «բոլոր փաստաթղթերի օրինակները, քննության ընթացքում իրականացված բոլոր ձգաբանական եւ այլ փորձաքննությունների արդյունքները» եւ «ԱԺ փաստահավաք խմբի կողմից կազմված բոլոր փաստաթղթերը» (այսուհետ՝ ՓՀԽ), որը ստեղծվել է Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների քննության ընթացքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին աջակցելու նպատակով (տե՛ս ստորեւ՝ 125-րդ պարբերությունը)։
110. 2016 թվականի մայիսի 12-ին Կառավարության կողմից իր դիտարկումները ներկայացնելուց հետո, դիմումատուները գրավոր դիմել են Դատարան՝ ներկայացնելով բողոք առ այն, որ չեն կարողանում հասանելիություն ստանալ որոշ փաստաթղթերի, եւ որ Կառավարությունը չի տրամադրել Դատարանի կողմից պահանջված բոլոր նյութերի օրինակները, որոնք անհրաժեշտ են գործի արդյունավետ քննությունն իրականացնելու համար։ Նրանք նշել են մասնավորապես, որ Կառավարությունը չի տրամադրել Դատարանի կողմից պահանջված դատական փորձաքննությունների արդյունքները եւ ՓՀԽ-ի կողմից կազմված փաստաթղթերը։ Ավելին, Կառավարությունը ներկայացրել է բազմաթիվ փաստարկներ, սակայն ի հիմնավորումն դրանց՝ չի ներկայացրել որեւէ ապացույց։ Դիմումատուները Դատարանին խնդրել են պահանջել, որ Կառավարությունը ներկայացնի բացակայող փաստաթղթերը, այդ թվում՝ այն բոլոր փաստաթղթերը, որոնց վրա նրանք հիմնվել են իրենց փաստարկներում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ փաստաթղթեր, որոնք դիմումատուները համարել են գործի համար կարեւոր նշանակություն ունեցող։ Նրանք նաեւ պնդել են, որ Կառավարությունը ներկայացնի գործի նյութերում առկա բոլոր տեսագրությունները։
111. 2016 թվականի մայիսի 18-ին Դատարանը դիմումատուի գրությունն ուղարկել է Կառավարություն՝ նրա ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ վերջինիս դիտարկումներում բացակայում են 2015 թվականի սեպտեմբերի 8-ի իր հաղորդագրություն-գրության մեջ նշված փաստաթղթերը (տե՛ս վերեւում՝ 109-րդ պարբերությունը), եւ հորդորելով այդ փաստաթղթերը ներկայացնել Կառավարություն։
112. 2016 թվականի հունիսի 1-ին Կառավարությունը ներկայացրել է մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ դիակների փորձաքննությունների (տե՛ս վերեւում՝ 67-րդ պարբերությունը), ձգաբանական փորձաքննությունների (տե՛ս վերեւում՝ 72-րդ պարբերությունը), համակցված ձգաբանական եւ քիմիական փորձաքննությունների (տե՛ս վերեւում՝ 74-րդ պարբերությունը) եւ համակցված հետքաբանական, ձգաբանական եւ պայթյունատեխնիկական փորձաքննությունների (տե՛ս վերեւում՝ 75-րդ պարբերությունը), ինչպես նաեւ քննության ընթացքում իրականացված մի շարք այլ դատական փորձաքննությունների արդյունքները։ Ինչ վերաբերում է ՓՀԽ-ի նյութերին, Կառավարությունը պատասխանել է, որ ՓՀԽ-ն չի տրամադրել որեւէ վերջնական զեկույց՝ բացառությամբ ոստիկանության ծառայող Հ.Տ.-ի վերաբերյալ զեկույցի, որը եղել է նշված իրադարձությունների տասներորդ զոհը։ Սակայն այդ փաստաթուղթը սույն գործի համար նշանակություն չի ունեցել, քանի որ Հ.Տ.-ի հարազատները գանգատ չեն ներկայացրել։ Կառավարությունն ավելացրել է, որ եթե դիմումատուները կամ Դատարանը նշում են ՓՀԽ-ի կողմից կազմված որեւէ փաստաթուղթ, ապա առկայության դեպքում այն անմիջապես կտրամադրվի։
113. 2016 թվականի հունիսի 9-ին Դատարանը գրավոր դիմել է Կառավարություն՝ նշելով, որ գործի նյութերից պարզ է դարձել, որ ՓՀԽ-ն եւ (կամ) դրա առանձին անդամները կազմել են առնվազն երկու փաստաթուղթ (տե՛ս ստորեւ՝ 126-րդ եւ 127-րդ պարբերությունները), եւ հորդորելով նրանց ներկայացնել այդ փաստաթղթերի օրինակները։
114. 2016 թվականի հունիսի 23-ին Կառավարությունը պատասխանել է, որ ՀՓԽ-ն իր առանձին անդամներից չի ստացել վերոնշյալ երկու փաստաթղթերը կամ դրա առանձին անդամների կողմից կազմված՝ գործում բարձրացված հարցերին առնչվող որեւէ այլ փաստաթուղթ։
115. 2016 թվականի հուլիսի 7-ին դիմումատուները գրավոր դիմել են Դատարան՝ նշելով այն փաստը, որ ՓՀԽ-ի փաստաթղթերը չներկայացնելու առնչությամբ Կառավարությունը ներկայացրել է «տարօրինակ» պարզաբանում։ Նրանք նաեւ բողոքել են տրամադրված որոշ փաստաթղթերի որակի եւ այն փաստի առնչությամբ, որ Կառավարությունը միայն տրամադրել էր չորս ձգաբանական փորձաքննության արդյունքների օրինակներն այն դեպքում, երբ պահանջվել էր ներկայացնել բոլորը։ Համաձայն ՀՔԾ փաստաթղթի (տե՛ս վերեւում՝ 96-104-րդ պարբերությունները)՝ քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են ավելի քան 800 դատական փորձաքննություն եւ հարցաքննվել են ավելի քան 5,000 վկա, սակայն Կառավարությունը տրամադրել է այդ փաստաթղթերից միայն մի քանիսը։ Դիմումատուները կրկին դիմել են Դատարան՝ խնդրելով հորդորել Կառավարությանը տրամադրել գործի արդյունավետ քննություն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը։
IV. Հետագա զարգացումները
116. 2018 թվականի հուլիսի 3-ին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է թիվ 62202608 քրեական գործին (տե՛ս վերեւում՝ 65-րդ պարբերությունը)։ Նախկին նախագահ Քոչարյանը եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք ձերբակալվել են եւ մեղադրվել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու համար։ Հայտարարվել է, որ նրանք քաղաքական գործընթացներում անօրինականորեն ներգրավել են զինված ուժեր՝ խախտելով զինված ուժերի՝ քաղաքական չեզոքություն պահպանելու սահմանադրական պահանջը։ Այդ գործի նպատակներով դիմումատուները ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ։
117. 2019 թվականի փետրվարի 14-ին այդ գործով քննությունն ավարտվել է, եւ գործի նյութերը տրամադրվել են դիմումատուների ներկայացուցիչներին։
118. 2019 թվականի ապրիլի 29-ին գործն ուղարկվել է դատարան։
119. 2019 թվականի մայիսի 20-ին գործը քննող դատարանը կասեցրել վարույթը եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը սահմանելու խնդրանքով։
120. 2019 թվականի հունիսի 21-ին Սահմանադրական դատարանը դիմումն ընդունել է քննության։
121. 2020 թվականի հուլիսի 6-ին դիմումատուները դիմել են Սահմանադրական դատարան՝ իրենց որպես վարույթի կողմ ներգրավելու խնդրանքով՝ պնդելով, որ դրա շրջանակներում ուղղակիորեն շոշափվում են իրենց իրավունքները։ Այս պահանջը, ըստ ամենայնի, մերժվել է կամ թողնվել է անպատասխան։
122. 2021 թվականի մարտի 26-ին Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչելով Սահմանադրությանը հակասող եւ հայտարարելով այդ դրույթն ուժը կորցրած։
123. 2021 թվականի ապրիլի 6-ին պրն Քոչարյանի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց առաջադրված մեղադրանքները հանվել են, իսկ քրեական գործը կարճվել է՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանում վարույթի ելքը (նախկին Նախագահ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի եւ Սահմանադրական դատարանում վարույթի վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն՝ ըստ հղման» տեխնիկայի կիրառման եւ հանցանքի կատարման պահին գործող քրեական օրենսդրության ու փոփոխված քրեական օրենսդրության համեմատության չափորոշիչների վերաբերյալ խորհրդատվական կարծիք [ՄՊ] [Advisory opinion concerning the use of the “blanket reference” or “legislation by reference” technique in the definition of an offence and the standards of comparison between the criminal law in force at the time of the commission of the offence and the amended criminal law [GC]], դիմում թիվ P16-2019-001, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան, §§ 16-21, 2020 թվականի մայիսի 29):
124. Կառավարությունը, առանց լրացուցիչ մանրամասներ տրամադրելու, հայտարարել է, որ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ քննության փուլում են գտնվում Պաշտպանության նախարարության եւ այլ անձանց դեմ հարուցված մի քանի քրեական գործեր՝ սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ քննիչի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում՝ փաստաթղթեր կեղծելու համար։
V. ԱԺ հարցուպատասխանը
125. 2008 թվականի հունիսի 16-ին Ազգային ժողովում ստեղծվել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ ԱԺ հանձնաժողով)՝ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունները եւ դրանց հանգեցրած հանգամանքները քննելու համար։ Դրա խնդիրը Ազգային ժողով եզրակացություն ներկայացնել է եղել տեղի ունեցած բռնության, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների օրինականության եւ համաչափության, մահվան դեպքերի հանգամանքների եւ հետագայում այդպիսի իրադարձությունների կանխարգելման վերաբերյալ։ Փաստահավաք խումբը (ՓՀԽ, տե՛ս վերեւում՝ 109-րդ պարբերությունը) ստեղծվել է 2008 թվականի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկությամբ՝ Ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին աջակցելու նպատակով։ ՓՀԽ-ն, ըստ ամենայնի, լուծարվել է 2009 թվականի մայիսին՝ դրա անդամների միջեւ առկա լարվածության պատճառով։ ՓՀԽ-ն եւ դրա առանձին անդամներն այնուհանդերձ կազմել են մի քանի փաստաթուղթ՝ մահվան դեպքերի առանձին հանգամանքների վերաբերյալ, որոնք տրամադրվել են Ժամանակավոր հանձնաժողովին, եւ որոնց վրա հիմնվել է այն իր վերջնական եզրակացությունները կազմելիս։
Ա. ՓՀԽ-ի անդամների կողմից կազմված զեկույցները
1. «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակների օգտագործման հետ կապված հարցերը
126. ՓՀԽ-ի անդամների կողմից կազմված զեկույցներից մեկը վերնագրված է եղել՝ «Հատուկ միջոցների գործադրման փաստերի ուսումնասիրության եզրահանգումները»։ Դրա հիմքում ընկած էին հետեւյալ անձանց հետ անցկացված հարցաքննությունները՝ ա) «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակներ կրակած չորս ծառայողներ՝ Լ.Հ., Ա.Ա., Մ.Գ. եւ Վ.Ս. (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը) . բ) չորս ավագ սպաներ, որոնք արձակել են արցունքաբեր գազային նռնակ կրակելու հրաման, այդ թվում՝ ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալը՝ Գ.Պ.-ն, ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի հրամանատար եւ նրա տեղակալ Բ.Կ.-ն եւ Մ.Դ.-ն, ինչպես նաեւ թիվ 1033 զորամասի շտաբի պետ Ար.Ան.-ն. եւ գ) 2008 թվականի մարտի 21-ի ձգաբանական փորձաքննությունն իրականացրած ոստիկանության ծառայող Ա.Հ.-ն (տե՛ս վերեւում՝ 72-րդ պարբերությունը): ՓՀԽ-ի անդամները նաեւ ուսումնասիրել են ԽՍՀՄ համապատասխան իրավական փաստաթղթերը, ինչպես օրինակ՝ «Հատուկ միջոցների գործադրման կարգը սահմանելու մասին» 1989 թվականի հուլիսի 6-ի թիվ 127 հրամանը եւ 1990 թվականին հրապարակված՝ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցների գործադրման ցուցումները, որոնք երկուսն էլ Ռուսաստանում դեռեւս գտնվում են ուժի մեջ։ Զեկույցը ներառում էր հետեւյալ հատվածները.
«ՓՀԽ-ն պարզել է, որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցների գործադրման հետեւանքով սպանվել են քաղաքացիներ Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Տիգրան Խաչատրյանը, եւ [եւս երեք քաղաքացիական անձինք] ստացել են մարմնական վնասվածքներ։ [ՓՀԽ-ն] նաեւ հայտնաբերել է, որ [տասնհինգ] զինծառայող ... տեղափոխվել են Երեւանի տարբեր հիվանդանոցներ՝ թունավորում ախտորոշմամբ ...»:
Բ. Հատուկ միջոցների գործադրմանն ուղղված ուսուցումը
[Բ.Կ.] ընդունել է, որ «Չերյոմուխա-7» գազային նռնակները նախատեսված են փակ տարածքներում կիրառելու համար ... Այնուհանդերձ բաց տարածությունում ոստիկանության զորքերի կողմից «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի գործադրումը հիմնավորելու համար [Բ.Կ.-ն] նշել է, որ նա միանգամայն հստակ հիշում էր, որ «Չերյոմուխա-7»-ի գործադրումը թույլատրվում է նաեւ զանգվածային անկարգությունների ժամանակ։ Սակայն նա չի կարողացել այդ տեղեկության աղբյուրը ներկայացնել [ՓՀԽ-ին]։
[Մ.Դ.-ն] ... [ի սկզբանե] նշել էր, որ հատուկ միջոցների գործադրմանն ուղղված ուսուցման դասընթացը կազմակերպել եւ անցկացրել է [Բ.Կ.-ն], եւ որ ծանրաբեռնվածության պատճառով նա չէր կարողացել մասնակցել համապատասխան դասընթացին։ Վերջում [Մ.Դ..-ն], հակասելով իր նախորդ ցուցմունքին, հայտնել է [ՓՀԽ-ին], որ մասնակցել էր երկու ուսումնական դասընթացի եւ հատուկ միջոցները գործադրել էր ... ձեռքբերված գիտելիքներին համապատասխան ... [Մ.Դ.-ն] հայտնել է [ՓՀԽ-ին], որ իմացել է հատուկ միջոցների գործադրման կանոններն անձնական փորձից, այլ ոչ թե մասնագիտական գրականությունից։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ տեղյակ չի եղել, որ ստորաբաժանումն ունեցել է այդպիսի գրականություն։
[Ար.Ան.-ն] ... նշել է, որ ջոկատի համար անցկացրել է հատուկ միջոցների գործադրման կանոնների եւ մարտավարական տեխնիկական պարամետրերի վերաբերյալ դասընթաց, եւ ամբողջ անձնակազմը հաջողությամբ հանձնել է անհրաժեշտ քննությունները։ Երբ [ՓՀԽ-ն] հարցրել է «Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-4» հատուկ միջոցների միջեւ տարբերության մասին, [Ար.Ան.-ն] պատասխանել է, որ դրանց կառուցվածքը եւ գործադրման եղանակները տարբեր են, [սակայն] խուսափել է պատասխանել այն հարցին, թե ինչ հանգամանքներում դրանցից յուրաքանչյուրը պետք է գործադրվի, եւ միայն նշել է, որ երկու տեսակներն էլ արցունքաբեր են։ [ՓՀԽ-ին] հայտնի է դարձել, որ [Ար.Ան.-ն] վերահսկել է թիվ 1033 զորամասի զինծառայողների կողմից հատուկ միջոցների գործադրումը։
[Լ.Հ.-ն] եւ [Ա.Ա.-ն] ... հաստատել են, որ մասնակցել են վերոնշյալ դասընթացին։ Ավելին, [ՓՀԽ-ին] ներկայացրել են փաստաթղթեր՝ հավաստելով, որ դասընթացը տեղի է ունեցել, եւ վերոնշյալ բոլոր անձինք հաջողությամբ հանձնել են քննությունները։
Գ. Հատուկ միջոցներ գործադրելու հրամանը
[Գ.Պ.-ն] ... սկզբում նշել է, որ որեւէ մեկը չի արձակել «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներ կրակելու նպատակով ԿՍ-23 կարբինները գործադրելու հրաման, որի հետեւանքով սպանվել է երեք եւ վնասվածք է ստացել երեք բողոքի ակցիայի մասնակից։ Ըստ [Գ.Պ.-ի]՝ նրանք հրաման են ստացել կրակելու իրենց ուղղությամբ շարժվող ավտոմեքենայի վրա եւ ... հատուկ միջոցներով զինված զինծառայողները սեփական նախաձեռնությամբ կրակել են բողոքի ակցիայի մասնակիցների ուղղությամբ։
Ի պատասխան [ՓՀԽ-ի] այն հարցին, թե արդյոք ոստիկանության զորքերն իրավասու են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից կրակելու փոխադրամիջոցի վարորդի ուղղությամբ, [Գ.Պ.-ը] պատասխանել է, որ «նրանք» ունեցել են փոխադրամիջոցի վարորդի ուղղությամբ կրակելու լիազորություն, եւ որ իրենք հաշվետու չէին որեւէ մեկին այդպիսի հրաման արձակելու համար։
Ի պատասխան [ՓՀԽ-ի] այն հարցին, թե արդյոք «նրանք» օրենքով լիազորված էին «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից կրակելու ամբոխի ուղղությամբ, [Գ.Պ.-ն] նշել է, որ նա չի ցանկանում պատասխանել այդ հարցին, եւ որ իրենց գործողությունները համապատասխանել են օրենքին։
․․․ [Գ.Պ.-ն] նաեւ նշել է, որ նրանց գործադրած հատուկ միջոցների պահման ժամկետը եղել է լրացած, եւ կրակելուց հետո ծուխն օդ բարձրանալու փոխարեն սկսել է տարածվել տարածքում, որի հետեւանքով մի քանի զինծառայողներ թունավորվել են։ Նա այդ հարցը ներկայացրել է Հայաստանի իշխանություններին, սակայն որեւէ գումար չի հատկացվել հատուկ միջոցներ ձեռք բերելու համար։
․․․ [Բ.Կ.-ն] ... հաստատել է, որ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակները նախատեսված են եղել փակ տարածքներում գործադրման համար, իսկ «Չերյոմուխա-4»-ը՝ բաց տարածքներում զանգվածային անկարգությունների ընթացքում, եւ որ երկուսն էլ չեն կարող գործադրվել մարդկանց խմբերի նկատմամբ։ Ի սկզբանե [Բ.Կ.-ն] նշել է, որ հատուկ միջոցներով զինված ծառայողները ... չեն ստացել «Չերյոմուխա-7» կրակելու հատուկ հրահանգ։ Այնուհանդերձ նախաքննության ընթացքում նրա կողմից տրված ցուցմունքը նրան ներկայացնելուց հետո, որի ժամանակ նա ցուցմունք էր տվել, որ ինքը տվել է «Չերյոմուխա-7» կրակելու հրաման, [Բ.Կ.-ն] մեզ հայտնել է, որ նա այդ հրամանն ստացել է ... [Գ.Փ.-ից] եւ այն փոխանցել է իր թիմի անդամներին (Հատուկ նշանակության ջոկատ) [ծառայողներ Ա.Ա. եւ Լ.Հ.], որոնք զինված են եղել ԿՍ-23 կարբիններով եւ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակներով։
Ըստ [Բ.Կ.-ի]՝ մի քանի անձինք դուրս են եկել ձկան խանութի մոտ գտնվող ձախ կամարից եւ սկսել են քարեր նետել իրենց ուղղությամբ, որից հետո նա հրաման է արձակել կրակելու «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից՝ խախտելով թիվ 127 հրամանի պահանջները։
Ավելին, [Բ.Կ.-ն] հայտնել է [ՓՀԽ-ին], որ Լեոյի փողոցի եւ Պարոնյան փողոցի խաչմերուկում մի բեռնատար է շարժվել նրանց ուղղությամբ, ըստ այդմ՝ նա հրամայել է [Ա.Ա.-ին] «Չերյոմուխա-7»-ից կրակել բեռնատարի դիմապակուն՝ [ուղեւորների նստատեղի] ուղղությամբ։ Սակայն նա չկարողացավ որեւէ ողջամիտ բացատրություն տալ, թե ինչպես էր Տիգրան Խաչատրյանը, որը հայտնաբերվել է համանման բեռնատարի մոտ, ... մահացել «Չերյոմուխա-7»-ից ստացած վնասվածքներից (թիկունքից հարված գլխին)։
Այդ առնչությամբ Հատուկ նշանակության ջոկատի ծառայող ... [Ա.Ա.-ն] հայտնել է [ՓՀԽ-ին], որ ... հատուկ միջոցը գործադրել է Ռուսաստանի դեսպանատան առջեւում հավաքվածներից 30 մետր հեռավորության վրա եւ կրակել է Լեոյի փողոցի ուղղությամբ։ Նա նշել է, որ զինվորների ուղղությամբ դանդաղ շարժվող բեռնատարին կրակել է 20 մետր հեռավորությունից։
[Հատուկ նշանակության ջոկատի մեկ այլ ծառայող Լ.Հ.-ն] հայտնել է [ՓՀԽ-ին], որ ... նրանք ի սկզբանե ռետինե գնդակներ են կրակել ցուցարարների ոտքերին՝ նրանց առաջխաղացումը նախապես կանգնեցնելու համար։ Շարժը դադարեցնել չկարողանալուց հետո [Բ.Կ.-ն] արձակել է «Չերյոմուխա-7»-ից կրակելու հրաման։ Ըստ նրա՝ նա սկզբում կրակել է պատերին, այնուհետեւ ձկան խանութի մոտ գտնվող մայթեզրի եզրաքարերին։
Ի պատասխան [ՓՀԽ-ի] այն հարցին, թե ինչու նրանք չեն պահպանել օրենքը եւ բարձրախոսներով չեն նախազգուշացրել մարդկանց, որ պատրաստվում են նրանց նկատմամբ գործադրել հատուկ միջոցներ, եւ բավարար ժամանակ չեն տվել, որպեսզի նրանք գործեն համապատասխանաբար, [Բ.Կ.-ն] պատասխանել է, որ դա եղել է ոստիկանության զորքերի հրամանատարի կարգադրությունը, եւ որ նա չի ստացել հատուկ միջոցների գործադրման մասին ցուցարարներին բարձրախոսով նախազգուշացնելու եւ ցրվելու համար ժամանակ տալու հրաման։
․․․ [Մ.Դ.-ն], որը պատասխանատու էր հատուկ միջոցներով զինված ծառայողների համար, նշել է, որ «Չերյոմուխա-4»-ը եւ «Չերյոմուխա-7»-ը նախատեսված են եղել զանգվածային անկարգությունների ժամանակ գործադրելու համար։ [Մ.Դ.-ն] հայտնել է [ՓՀԽ-ին], որ նրանք իրենց տրամադրության տակ ունեցել են «Չերյոմուխա-4» եւ «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակներ եւ «իրենք» «Չերյոմուխա-4» եւ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցներից կրակել են ամբոխի ուղղությամբ՝ առանց որեւէ արդյունքի։
Նրանք «Չերյոմուխա‑4» հատուկ միջոցից կրակել են ձկան խանութի մոտ գտնվող կամարի ուղղությամբ, սակայն անարդյունք, [եւ] այդ իսկ պատճառով միաժամանակ կրակել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից։ ․․․ [Մ.Դ.-ն] հակասել է ինքն իրեն, երբ ասել է, որ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցից կրակելիս մարդիկ գտնվել են իրենցից բավականին հեռու, ինչը կասկածի տակ է դնում «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակների գործադրման անհրաժեշտությունը եւ նպատակը։
․․․
Չնայած նախաքննության ընթացքում տրված իր ցուցմունքի մեջ [Ար.Ան.-ն] նշել է, որ ոստիկանության զորքերի հրամանատար [Գ.Գ.-ն] արձակել է «Չերյոմուխա-7»-ից կրակելու հրաման, նա այնուհանդերձ պարզաբանել է ՓՀԽ-ին, որ [Գ.Գ.-ն] հրամայել է, որ կրակեն միայն փոխադրամիջոցների ուղղությամբ ...
․․․
Ե. Գազային նռնակների ձգաբանական փորձաքննությունների ուսումնասիրությունը
Ձգաբանական փորձագետ [Ա.Հ.-ն] «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազային նռնակների փորձաքննության վերաբերյալ ՓՀԽ-ում ցուցմունք տալիս նշել է, որ փորձաքննությունն իրականացնելիս օգտվել է Խորհրդային ժամանակաշրջանի թիվ 127 հրամանից եւ համացանցից։ [Ա.Հ.-ն] հայտնել է ՓՀԽ-ին, որ համապատասխան նյութերի բացակայության պատճառով ինքը ոչինչ չգիտի «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կառուցվածքային եւ տեխնիկական առանձնահատկությունների մասին, ինչը կասկածելի է թվացել ՓՀԽ-ին, հաշվի առնելով, որ թիվ 127 հրամանում առկա է «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի կառուցվածքային եւ տեխնիկական առանձնահատկությունների մասին ամբողջական տեղեկություն։ Ի պատասխան ՓՀԽ-ի՝ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի գործադրման դեպքերին վերաբերող հարցին՝ [Ա.Հ.-ն] պատասխանել է, որ այդ մասին որեւէ պատկերացում չունի։ Ի պատասխան հաջորդ հարցին՝ թե [ինչու] է նա թիվ 389 եզրակացության մեջ նշել, որ «Չերյոմուխա‑7»-ը եղել է հասարակական կարգը պահպանելու համար նախատեսված հատուկ միջոց, փորձագետ [Ա.Հ.-ն] պատասխանել է, որ այդ մասին ընթերցել է համացանցում՝ չնայած այն հանգամանքին, որ թիվ 127 հրամանում հստակ նշվում են «Չերյոմուխա-7»-ի գործադրման դեպքերը (Տե՛ս Ա գլուխը) ...»:
2. Տիգրան Աբգարյանի մահը
127. ՓՀԽ-ի երկու անդամի կողմից կազմված՝ «Ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի 2-րդ գումարտակի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները» վերտառությամբ մեկ այլ զեկույցի մեջ նշել են իրենց կարծիքով նրա մահվան հանգամանքների քննության, այդ թվում՝ դատական փորձաքննությունների իրականացման գործընթացում մի շարք թերություններ (տե՛ս վերեւում՝ 62-րդ եւ 75-րդ պարբերությունները)։ Այս զեկույցը կազմելիս ՓՀԽ անդամները հարցուպատասխան են անցկացրել ոստիկանության զորքերի՝ տարբեր կոչումներ ունեցող մի քանի սպաների հետ։ Նրանցից մեկը՝ Շտաբի պետը, պնդել է, որ նա ականատես է եղել՝ ինչպես է զանգվածային անկարգության մասնակիցներից մեկը Տիգրան Աբգարյանին կրակել շենքի անկյունից։ Այնուհետեւ նրա վրա կրակել է դիպուկահարը, սակայն նա, այնուամենայնիվ, կարողացել է փախուստի դիմել։
Բ. Ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը
128. 2009 թվականի սեպտեմբերի 17-ին Ժամանակավոր հանձնաժողովը հրապարակել է իր զեկույցը (այսուհետ՝ Եզրակացություն), որտեղ ուսումնասիրվել է 2008 թվականի մարտի 1-ի բախումներին նախորդող իրադարձությունները, Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած օպերատիվ միջոցառումը եւ այդ միջոցառմանը հաջորդող զարգացումները՝ մինչեւ արտակարգ դրության հայտարարումը։ Ինչ վերաբերում է մասնավորապես Ազատության հրապարակում հավաքը ցրելուց հետո ծավալված իրադարձություններին՝ Եզրակացությունը ներառում է, որքանով վերաբերելի է, հետեւյալ եզրահանգումները.
«1. Չնայած սույն զեկույցում նշված առանձին դեպքերի՝ Հանձնաժողովը եզրակացրել է, որ ոստիկանության գործողությունները, որոնք ուղղված են եղել 2008 թվականի մարտի 1-2-ը [ոստիկանության օպերատիվ միջոցառման իրականացումից հետո] Երեւանում [տեղի ունեցած] իրադարձություններին, ապա նաեւ զանգվածային անկարգությունները կանխելուն, եղել են օրինական եւ համապատասխանել են [ներպետական օրենսդրության] պահանջներին։
․․․
3. Կոմիտեի կարծիքով՝ ոստիկանության կողմից իրականացված գործողություններն օպերատիվ լինելու առումով բավականաչափ համակարգված [չեն] եղել, իսկ ոստիկանության առանձին ծառայողների գործողությունները եղել [են] մասնագիտական ցածր կարողությունների հետեւանք. հակառակ դեպքում հնարավոր կլիներ նվազեցնել լուրջ հետեւանքների առաջացման հնարավորությունը։
4. Հանձնաժողովի այս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հատուկ միջոց համարվող «Չերյոմուխա-7»-ը կիրառվել է Հայաստանի ոստիկանության զորքերի, մասնավորապես՝ թիվ 1033 զորամասի եւ Հատուկ նշանակության ջոկատի ենթասպաների կողմից, որոնք միջոցը գործադրելիս միշտ չէ, որ պահպանել են անհրաժեշտ անվտանգության կանոնները, որոնց համաձայն հատուկ միջոց համարվող «Չերյոմուխա-7»-ի գործադրումը մարդկանց կուտակումների ուղղությամբ արգելվում է. սա հաստատվել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տեխնիկական փորձաքննության եզրակացությամբ։ (Արդյունքում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի փամփուշտներից մարմնական վնասվածք է ստացել ... վեց քաղաքացիական անձինք, որոնցից երեքը մահացել են։ Այս արցունքաբեր գազային փամփուշտների՝ անհրաժեշտ անվտանգության կանոնների խախտմամբ գործադրված լինելու հանգամանքը հաստատվել է այն փաստով, որ ոստիկանության զորքերի [յոթ] զինծառայողներ եւս թունավորվել են եւ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ փամփուշտների գործադրման հետեւանքով արտազատված գազի պատճառով): Արդյունքում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի գործադրումը, որը չնայած հավանաբար եղել է իրավիճակով պայմանավորված, այնուհանդերձ [եղել է] անօրինական։
5. Հանձնաժողովն անհրաժեշտ է համարել նշել, որ արդյունավետության առումով «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի փամփուշտները նախատեսված են փակ տարածքում գործադրելու համար։ (Ի պատասխան Հանձնաժողովի հարցման՝ [Հայաստանի] ոստիկանությունը նշել է, որ հատուկ միջոց համարվող «Չերյոմուխա-7» գազային փամփուշտները, որոնք գործադրվել են իրադարձության մասնակիցների նկատմամբ, վերջին անգամ ձեռք են բերվել 1990 թվականին, այսինքն՝ դրանք առկա են [եղել] 18 տարի, իսկ դրանց պահման ժամկետը հինգ տարի է։ Փամփուշտների մի մասը [չեն պահպանել իրենց անհրաժեշտ հատկանիշները]՝ հավանաբար պահման ժամկետը լրացած լինելու պատճառով։
[Հայաստանի] ոստիկանության [փորձա]քրեագիտական վարչության կողմից իրականացված դատաձգաբանական փորձաքննության թիվ 1466 եզրակացության մեջ նշվում է, որ փորձաքննության ներկայացված «Չերյոմուխա-7» փամփուշտների փորձարարական կրակոցներից պարզ է դարձել, որ կրակած փամփուշտների 40%-ի դեպքում գազային նռնակներից տեղի չի ունեցել գազի տեսանելի արտահոսք. մինչդեռ արձանագրվել [է] գազային նռնակների թռիչքի ցածր արագություն):
6. Հանձնաժողովը եզրակացնում է, որ տեխնիկական, կազմակերպչական եւ բարոյահոգեբանական առումով ոստիկանությունը միանգամայն պատրաստ չի եղել կանխելու զանգվածային անկարգությունները եւ համանման բարդ իրավիճակները։ Այս մասին վկայում է մի քանի փաստ, այդ թվում՝ արգելափակոց տեղադրելու երկու անհաջող փորձը, ջրանետ մեքենաների անարդյունավետ օգտագործումը, եւ ընդհանուր առմամբ զանգվածային անկարգությունների կանխարգելմանն ուղղված այլ գործողություններ։
7. Հանձնաժողովը գտնում է, որ ոստիկանությունը [եղել է] անպատրաստ եւ [չի] կարողացել նախապես կանխատեսել իրադարձությունների այսպիսի զարգացումը, ինչը թույլ կտար նրանց վերահսկել եւ կառավարել իրադարձությունների ընդհանուր ընթացքը, իսկ զանգվածային անկարգությունների մասնակիցների գործողություններին նրանք դիմակայել են մեծ դժվարությամբ։
8. Ավելին, Հանձնաժողովն ընդունում է այն փաստը, որ մարտի 1-ի իրադարձություններն իրենց բնույթով եւ ծավալով եղել են աննախադեպ. փաստացի, ոչ միայն ոստիկանությունը, այլեւ մեր ամբողջ հասարակությունն էր ցնցված այդ ամենից, եւ ակնհայտորեն ոստիկանությունը կարող էր պատրաստ չլինել այդպիսի զարգացումների։
9. Այս առումով, Հանձնաժողովը կարեւոր է համարում, որ հասարակական կարգը եւ հանրային անվտանգությունն ապահովող ոստիկանության ուժերը համալրվեն պրոֆեսիոնալ անձնակազմով։
10. Հասարակական կարգը եւ հանրային անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողները եւ ոստիկանության զորքերը պետք է պարբերաբար անցնեն մասնագիտական վերապատրաստում։
․․․
11. Հանձնաժողովը նշում է, որ [Հայաստանի] ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործողությունները չեն եղել համակարգված եւ կազմակերպված, եւ անձնակազմի որոշ անդամներ խուճապի են մատնվել ...
12. Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ոստիկանության տեխնիկական համալրումը տեխնիկական եւ հատուկ միջոցներով, որոնց գործադրումը կլինի առավել արդյունավետ եւ անվտանգ։
13. Հանձնաժողովը նաեւ կարեւոր է համարում ... հասարակական կարգի եւ հանրային անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման, մասնավորապես՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի գործադրման առնչությամբ իրավական դաշտի ստեղծումը։
14. Հանձնաժողովը գտնում է, որ հասարակական կարգը պահպանող եւ անվտանգությունը պաշտպանող, ինչպես նաեւ արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը ներգրավված բոլոր ուժային կառույցների ծառայողները պարտավոր են կրել համապատասխան համազգեստ՝ տարբերակիչ նշաններով, ինչը շատ դեպքերում չի պահպանվել։ (Թիվ 2 տեսագրության մեջ երեւում է ոստիկանության ծառայողների ներկայությամբ ինքնաձիգով զինված քաղաքացիական հագուստով երիտասարդ։ Մինչդեռ պարզվել է, որ այս անձը [եղել է ] Պաշպանության նախարարության զինծառայող-վարորդը, որը հրատապ զանգի պատճառով ծառայության է ներկայացել քաղաքացիական հագուստով)»:
129. Եզրակացության մեջ նաեւ առկա է մահվան հանգամանքների ուսումնասիրության վերաբերյալ գլուխ։ Մահվան դեպքերն ուսումնասիրվել են առանձին, իսկ Տիգրան Աբգարյանի դեպքը ենթարկվել է առավել մանրամասն ուսումնասիրության։ Այս նպատակով Ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրել է ՓՀԽ-ի անդամների կողմից կազմված Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ փաստաթուղթը (տե՛ս վերեւում՝ 127-րդ պարբերությունը) եւ ՀՔԾ-ի կողմից ի պատասխան ներկայացված դիտողությունները՝ հանգելով, որքանով վերաբերելի է, հետեւյալ եզրահանգումների.
«Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում պատճառած գնդակը չհայտնաբերվելու պատճառով նշանակվել է նրա համազգեստի համակցված հետքաբանական, ձգաբանական եւ պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Համաձայն փորձաքննության եզրակացության՝ «Զինվորական ձմեռային բաճկոնի վրա առկա վնասվածքը հրազենային գնդակի հետք է, որն առաջացել է առջեւից դեպի հետ ուղղված առնվազն մեկ՝ պղինձ պարունակող գնդակի կրակոցից։ Զինվորական ձմեռային բաճկոնի նկարագրված հրազենային վնասվածքը ելքի անցքի վերք է։ Ըստ ոստիկանության եւ [նախաքննության մարմնի] վարկածի՝ Տիգրան Աբգարյանը մահացել է զանգվածային [անկարգությունների] մասնակցի կողմից հրազենից արձակված կրակոցից։ Այնուամենայնիվ, քանի որ նախաքննությամբ չի պարզվել այն անձի ինքնությունը, որի հրազենով սպանվել է Տիգրան Աբգարյանը, Հանձնաժողովը չի կարող հերքել ոստիկանության եւ նախաքննության մարմնի առաջադրած վարկածը կամ առաջադրել մեկ այլ վարկած։
․․․
Հանձնաժողովը նշում է, որ [ՓՀԽ-ի անդամների] դիրքորոշումը վերջնական չէ ..., [իսկ] [նրանց] կողմից առաջադրված վարկածն անընդունելի է։
Այնուամենայնիվ, Հանձնաժողովին չի գոհացրել նախաքննության մարմնի գործողությունները, քանի որ մինչ այժմ ամբողջությամբ չեն բացահայտվել Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները, մասնավորապես՝ հանցանք կատարած անձը, ինչպես նաեւ հանցագործության գործիքը։
Ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին, Հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործական կենտրոնի կողմից տրված մի շարք եզրակացությունները երբեմն անհասկանալի են նույնիսկ մասնագետների համար եւ, իհարկե, առաջ է բերել բազմաբնույթ տարընթերցումներ, ենթադրություններ եւ երկիմաստ մեկնաբանություններ։ Նույնը վերաբերում է դատաքիմիական ... ձգաբանական եւ պայթյունատեխնիկական եւ մյուս փորձաքննություններին»:
130. Ժամանակավոր հանձնաժողովը լրացուցիչ ուսումնասիրել է հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտության եւ օրինականության հարցը, այդ թվում՝ ՓՀԽ-ի կողմից այդ կապակցությամբ կազմված վերոնշյալ փաստաթուղթը (տե՛ս վերեւում՝ 126-րդ պարբերությունը) եւ ՀՔԾ-ի կողմից ի պատասխան արված մեկնաբանությունները՝ համապատասխանաբար կատարելով հետեւյալ եզրահանգումները.
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների գործադրման օրինականության եւ դրանց գործադրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման հետ կապված հարցերը դարձան հանձնաժողովի կողմից հատուկ քննության եւ դիտարկման առարկա՝ հաշվի առնելով մասնավորապես այն փաստը, որ այդ միջոցների գործադրումը հանգեցրել է երեք մարդու մահվան եւ եւս երեքի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների, ինչպես նաեւ արցունքաբեր գազով թունավորման, եւ որը մարմնական վնասվածքներ է պատճառել ոստիկանության զորքերի տասնմեկ զինծառայողի։
Քննությունը պազել է, որ՝
2008 թվականի մարտի 1-ին՝ ժամը [19։30-ի] սահմաններում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար [Գ.Գ.-ն] ոստիկանության զորքերի շուրջ 800 ծառայողների հետ միասին գտնվում էր Գ.Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում։ Ըստ նրա հրահանգի՝ Շահումյանի հրապարակ են տարվել թվով 350 ծառայողներ, իսկ ոստիկանության զորքերի շուրջ 450 ծառայողներ մնացել են տեղում՝ երեք շարքով կանգնած։ Առաջին եւ երկրորդ շարքերում կանգնած ոստիկանության զորքերի ծառայողները կրում էին միայն ռետինե մահակներ եւ պաշտպանիչ վահաններ, մինչդեռ երրորդ շարքում դիրքավորված ենթասպաները նույնպես զինված էին հատուկ միջոցներով։
Համաձայն հանձնաժողովի նիստի ընթացքում Գ.Գ.-ի կողմից արված պարզաբանումների՝ հատուկ միջոցներով զինված էին միայն ոստիկանության զորքերի թիվ 1033 զորամասի եւ հատուկ նշանակության ջոկատի ենթասպաները։ Ժամը 19։45-ի սահմաններում զանգվածային անկարգությունների մասնակիցների մի ստվար խումբ, դուրս գալով Ռուսաստանի դեսպանատան հարեւանությամբ կառուցված արգելապատնեշի հետեւից, շարժվել է դեպի Գ.Լուսավորիչ փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկ։ Դեպի Մաշտոցի պողոտա նրանց տեղաշարժն արգելափակելու նպատակով զորքերը շարժվել են առաջ, իսկ փշալարեր տեղադրող մեքենան փշալարերի միջոցով փորձել է ամբողջ լայնությամբ արգելափակել Գ. Լուսավորչի փողոցը։ Ոստիկանության զորքերի ծառայողները, այնուամենայնիվ, բախվել են զանգվածային անկարգությունների մասնակիցների ակտիվ դիմադրությանը, որոնք նրանց վրա նետել են քարեր, մետաղյա ձողեր եւ դյուրավառ նյութերով լցված շշեր, այսինքն՝ այսպես կոչված «Մոլոտովի կոկտեյլներ»։ Բախման ընթացքում ոստիկանության զորքերի տարբեր ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի եւ տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ, իսկ փշալարեր տեղադրող մեքենան առեւանգվել է զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից։ Անձնակազմի շրջանում վիրավորների քանակը չավելացնելու եւ նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու համար՝ Գ.Գ.-ն որոշել է անձնակազմը դուրս բերել եւ նրանց տեղափոխել Լեո եւ Պարոնյան փողոցների ուղղությամբ՝ ստեղծելով «տեստուդո» կոչվող կրիաների կազմավորում, եւ հարձակումները կանխելու նպատակով գործադրել է հատուկ միջոցներ՝ ռետինե եւ դատարկ փամփուշտներ։
Զանգվածային անկարգության մասնակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների միջեւ երկրորդ խոշոր բախումը տեղի է ունեցել Լեո եւ Պարոնյան փողոցների տարածքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, որտեղ նռնակի պայթուցիչի պայթյունից բեկորային վնասվածքներ է ստացել ոստիկանության զորքերի սպա [Հ.Թ.-ն], եւ ոստիկանության զորքերը կրկին ստիպված են եղել գործադրել հատուկ միջոցներ՝ զանգվածային անկարգության մասնակիցների առաջխաղացումը կասեցնելու եւ նրանց վրա հարձակումները կանխելու համար։
Գործողությունների ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել են հետեւյալ հատուկ միջոցները՝ 10 միավոր «Կորնետ» տեսակի ատրճանակ՝ նախատեսված ռետինե փամփուշտ կրակելու համար, 4 միավոր «ԿՍ-23» հրացաններ՝ «Չերյոմուխա-7» եւ «Սիրեն-7» արցունքաբեր գազային փամփուշտ կրակելու համար, եւ «Վոլնա-Ռ» տեսակի ռետինե փամփուշտ, 7 միավոր «SPSh» տեսակի ատրճանակներ՝ նախատեսված «Չերյոմուխա-4» տեսակի արցունքաբեր գազ կրակելու համար, «Չերյոմուխա-1» տեսակի 15 միավոր, «Չերյոմուխա-5» տեսակի 15 միավոր, 80 միավոր «Սիրեն-6» եւ 16 միավոր «Դրեյֆ» տեսակի արցունքաբեր գազով նռնակներ, 7 միավոր «Զարյա» եւ 5 միավոր «Կասսետ» տեսակի լուսաձայնային նռնակներ, 154 միավոր «Չերյոմուխա-4», 89 միավոր «Չերյոմուխա-7» եւ 5 միավոր «Սիրեն-7» արցունքաբեր գազով փամփուշտ, 180 միավոր «Վոլնա-Ռ» տեսակի ռետինե փամփուշտ եւ 130 ռետինե փամփուշտ՝ «Կորնետ» տեսակի ատրճանակների համար։ Նշված տեսակներից օգտագործվել են 79 միավոր «Չերյոմուխա-4», 56 միավոր «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազով փամփուշտներ, 29 միավոր «Սիրեն-6», 4 միավոր «Դրեյֆ» արցունքաբեր գազով նռնակ, 4 միավոր «Զարյա», 2 միավոր «Կասսետ» տեսակի լուսաձայնային նռնակ, 129 միավոր «Վոլնա-Ռ» տեսակի ռետինե փամփուշտ եւ «Կորնետ» տեսակի ատրճանակների համար նախատեսված 62 միավոր ռետինե փամփուշտ։ Օգտագործված «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի 56 միավոր փամփուշտներից 39-ն օգտագործել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատի երկու ենթասպաներ (20 միավոր եւ 19 միավոր), իսկ 17-ը՝ թիվ 1033 ստորաբաժանման երկու ենթասպաներ (8 միավոր եւ 9 միավոր)»:
131. Ի վերջո, եզրակացության մեջ առկա էին ժամանակավոր հանձնաժողովի հետեւյալ ընդհանուր եզրահանգումները.
«Հաշվի առնելով այն փաստը, որ վերոնշյալ վայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ երեք քաղաքացի՝ Արմեն Ֆարմանյանը, Գոռ Քլոյանը եւ Տիգրան Խաչատրյանը, մահացել են հատուկ տեսակի, մասնավորապես՝ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակի փամփուշտներից, հանձնաժողովը եզրակացրել է, որ դրանք հավանաբար օգտագործվել են կա՛մ մարդկանց կուտակումների ուղղությամբ, կա՛մ դա տեղի է ունեցել բետոնե պատերից, այլ արգելապատնեշներից կամ պատնեշներից կրակոցների հետեւանքով։
Հանձնաժողովի՝ 2009 թվականի ապրիլի 30-ի նիստի ժամանակ հանձնաժողովի անդամ Ն.Զ.-ի հարցին ի պատասխան, թե ինչպես է հնարավոր բացատրել այն փաստը, որ մարդիկ մահացել են «Չերյոմուխա-7» հատուկ միջոցի գործադրման հետեւանքով, նախկին ոստիկանապետ Հ.Հ.-ն պատասխանել է, որ վնասվածքներ կարող էին առաջանալ, եթե կրակ բացեին մոտ հեռավորությամբ գտնվող մարդկանց ուղղությամբ։ Նա շարունակել է. «Միգուցե կրակոցը ճիշտ անկյունից չի եղել, միգուցե եղել են բախումներ, քանի որ այդ պահին իրավիճակը քաոսային էր»:
Այդ արցունքաբեր գազի փամփուշտները՝ սահմանված անվտանգության կանոնների խախտմամբ օգտագործելու հանգամանքը հաստատվում է նաեւ այն փաստով, որ ոստիկանության զորքերի թվով տասնմեկ ծառայողներ նույնպես թունավորվել են եւ ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ։ Դա հաստատվել է նաեւ մի շարք փորձաքննություններով:
Եզրակացության 55-րդ էջում մանրամասն նկարագրված է, որ արձակված փամփուշտների 40%-ի գազային նռնակները նկատելի գազի արտահոսքեր չեն ունեցել. գրանցվել է գազային նռնակների ցածր թռիչքի արագություն, գազային փամփուշտներն ստացվել են 1990 թվականին, իսկ դրանց պահպանման սահմանված ժամկետը հինգ տարի է։
Հանձնաժողովն իր վերապահումներն է հայտնում Հայաստանի ոստիկանության վերաբերմունքի կապակցությամբ, քանի որ, չնայած այն հանգամանքին, որ հանձնաժողովը դիմել է ոստիկանությանը՝ խնդրելով տրամադրել հատուկ միջոցների գործադրման եւ օգտագործման անվտանգության կանոնների վերաբերյալ համապատասխան հրահանգ, վերջինս չի տրամադրվել։ Միայն ՓՀԽ-ի գործունեության դադարեցման կապակցությամբ մյուս փաստաթղթերի հետ միասին մեզ փոխանցվեց ոստիկանության կողմից ՓՀԽ-ին տրամադրված հրահանգը։
«Ներքին գործերի մարմինների եւ ներքին զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի մասին» հրահանգը հաստատվել է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարի՝ 1989 թվականի հուլիսի 6-ի թիվ 127 հրամանով, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունում ուժը կորցրած է ճանաչվել 2006 թվականին այլ իրավական ակտերի հետ միասին։ Դա նշանակում է, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը չունեն հատուկ միջոցների պահպանման եւ օգտագործման կանոնները կամ դրանց անվտանգության կանոնները սահմանող կարգ։
.. Հրահանգի 1.3 կետով սահմանվում է հատուկ միջոցների գործադրման դեպքերը, մասնավորապես՝ 1.3.1 կետով սահմանվում է, որ հատուկ միջոցները կիրառվում են նաեւ զանգվածային անկարգությունները, ինչպես նաեւ բռնությամբ ուղեկցվող հասարակական կարգի խմբակային խախտումները կանխելու համար։ Հրահանգի «Ընդհանուր ուղղություններ» գլխի համաձայն՝ KS-23 կարաբինները նախատեսված են «Չերյոմուխա-7» գազային նռնակի փամփուշտներով ուղղորդված կրակ բացելու համար (էջ 14), սակայն արգելվում է կրակ բացել մարդկանց կուտակումների ուղղությամբ, ինչպես նաեւ կրակ բացել հանցագործների վրա ուղիղ կրակոցի հեռավորությունից։
Հրահանգի 2.6 կետում ակնհայտորեն նշված է. «Չերյոմուխա-7» տիպի գազային նռնակը նախատեսված է շենքերի ներսում ուղղորդված կրակ բացելու համար՝ այնտեղ ստեղծելով գազային ամպ»: Չնայած նույն հրահանգը որեւէ ուղղակի արգելք չի պարունակում «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները բաց տարածքներում գործադրելու վերաբերյալ, այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ դրա գործադրումն անտեղի եւ աննպատակահարմար էր, քանի որ այն չէր կարող հանգեցնել ցանկալի արդյունքների։
Հանձնաժողովը նաեւ նշում է, որ թեեւ վերոնշյալ հրահանգը չեղյալ է հայտարարվել 2006 թվականին, Հայաստանի ոստիկանությունը դեռեւս չի ընդունել այն փոխարինող նոր հրահանգ։
Չնայած նախաքննության մարմնի եւ մեր կողմից կատարված մանրակրկիտ ուսումնասիրություններին՝ հանձնաժողովը նշում է, որ, ցավոք, տեխնիկապես անհնար էր հայտնաբերել KS-23 կարաբինները եւ հետեւաբար՝ դրանցով զինված անձին, որի կրակոցից մահացել են երեք քաղաքացիներ։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում անցկացվում են դատաձգաբանական փորձաքննություններ: Մասնավորապես «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտներից արձակած KS-23 կարաբինները եւ մահացածների դիերից հանված «Չերյոմուխա-7» փամփուշտներն ուղարկվել են Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ պարզելու հետեւյալը.
1. Հնարավո՞ր է արդյոք «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակները նույնականացնել այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել են։
2. Արդյոք զոհերի մարմիններից հանված «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների վրա կան հետքեր, որոնք օգտակար են նույնականացման համար։
Համաձայն Հայաստանի ոստիկանության փորձաքրեագիտական վարչության թիվ 1466 եզրակացության՝ փորձագետները հանգել են հետեւյալ եզրակացություններին.
1. «Ռիկոշետի դեպքում պատի կամ որեւէ այլ խոչընդոտի բախվելուց հետո, ինչպես նաեւ որեւէ խոչընդոտի միջով անցնելիս, «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակները, կախված բախման անկյունից եւ խոչընդոտի նյութի բնույթից, կարող էին մարդուն պատճառել մարմնական վնասվածքներ, այդ թվում՝ մահացու»:
2. «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտներից գազի արտահոսքի արդյունքում պլաստիկ լողացող պատիճները ենթարկվում են ջերմային ռեակցիայի, հալվում են եւ այլեւս պիտանի չեն նույնականացման նպատակով։ Բախման կամ խոչընդոտի հետ շփման արդյունքում առաջանում են կողային մեխանիկական հետքեր՝ վնասվածքներ, քերծվածքներ, որոնք նույնպես խոչընդոտում են նույնականացմանը։
3. Փորձաքննության ներկայացված «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների պլաստիկ լողացող պատիճների վրա կրակոցի հետքերն անհարմար են զենքի որոշակի միավորի նույնականացման համար, քանի որ դրանց վրա հստակ նշված չեն փողի բնութագրերը, իսկ գազային նռնակների մետաղական կորպուսների վրա փողի հետ շփման հետքեր չկան եւ հետեւաբար անհարմար են զենքի կրակոցի միավորի նույնականացման համար։
[ՀՔԾ-ն] նաեւ դիմել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության «Հատուկ տեխնիկայի եւ կապի միջոցների հետազոտությունների եւ արդյունաբերության միավորում» պետական ինստիտուտին՝ տրամադրելով «Չերյոմուխա-7» գազային նռնակների փամփուշտներով արձակված KS-23 կարաբինները, ինչպես նաեւ զոհերի մարմիններից ... հանված «Չերյոմուխա-7» գազային նռնակները, եւ պատասխաններ է խնդրել հետեւյալ հարցերին.
ա. Որքա՞ն է «Չերյոմուխա-7» տեսակի փամփուշտների պահպանման առավելագույն ժամկետը։ Արդյո՞ք 1986 եւ 1989 թվականներին արտադրված փամփուշտները հարմար են նպատակային օգտագործման համար։
բ. Երբ փամփուշտների պահպանման ժամկետը լրացել է, հնարավո՞ր է արդյոք դրանց նպատակային օգտագործումը՝ հաշվի առնելով մարդկանց առողջությանը եւ կյանքին վնաս պատճառելու ռիսկը։
գ. Արդյո՞ք «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտների օգտագործումը բաց տարածքներում արգելված է։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող են դրանք օգտագործվել։
դ. Մշակվե՞լ է արդյոք որեւէ մեթոդաբանություն, եւ հնարավո՞ր է արդյոք «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների նույնականացումն այն հրացանների հետ, որոնցից դրանք բաց են թողնվել։
Ստացվել են հետեւյալ պատասխանները.
ա. «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակի փամփուշտների պահպանման առավելագույն ժամկետը հինգ տարուց ոչ ավելի է։
բ. Պիտանելիության ժամկետը լրանալուց հետո «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտների աշխատանքային բնութագրերը կարող են փոփոխության ենթարկվել, այսինքն՝ կարող է տեղի ունենալ մարտական բնութագրերի նվազում, արցունքաբեր գազի արտանետման տեւողության կրճատում, գազային նռնակի առավելագույն հեռահարության նվազում, փամփուշտների խափանում՝ պայմանավորված հարվածային պատիճների անսարքությամբ։ Ժամկետանց «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակի փամփուշտների օգտագործումը մարդկանց դեմ չի վնասի նրանց առողջությանը եւ կյանքին։
գ. «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտների օգտագործումը բաց տարածքներում արգելված չէ։
«Չերյոմուխա-7» եւ «Չերյոմուխա-7 M» տեսակի գազային նռնակների փամփուշտներ օգտագործելիս ուղղակիորեն մարդու վրա կրակելն արգելվում է։ Կրակ կարող է բացվել իրավախախտների շրջակայքում գտնվող վայրերի կամ առարկաների վրա. ավելին, պետք է հաշվի առնել քամու ուղղությունը, որն ապահովում է ծխի ամպի տարածումը իրավախախտների վրա։
դ. Մեր կազմակերպությունն իրավասու չէ անցկացնել ձգաբանական փորձաքննություններ եւ տվյալ տեսակի փամփուշտների եւ զենքի միավորների նույնականացման մեթոդների վերաբերյալ տեղեկությունների չի տիրապետում։ Նպատակահարմար է այս հարցն ուղղել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոնին։
Վերջին հարցի պատասխանն ստանալու համար՝ Հանձնաժողովը եւ ՀՔԾ-ն դիմել են Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական կենտրոն, որը տվել է թիվ 913 եզրակացությունը, որում նշվում էր, որ՝
«Գազային նռնակների մետաղական պատյանների մակերեսին կրակող զենքի փողի հետքեր չեն հայտնաբերվել։
Դա բացատրվում է նրանով, որ գազային նռնակների պատյանի մակերեսի եւ փողի ներքին մակերեսի միջեւ անմիջական շփում չկա, քանի որ պոլիմերային խցանիչները, որոնք նախատեսված են նռնակը կարաբինի փողի փորձնական հատվածով սահեցնելու եւ վառոդային գազերն արգելափակելու համար, պատյանը ծածկում են երկու կողմից։
Պոլիմերային պատիճների վրա փողի հետքերը հարմար չեն այդ հետքերն առաջացնող զենքի միավորը նույնականացնելու համար»։
«Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակների փամփուշտները զենքի այն միավորների հետ նույնականացնելու պահանջի հետ համատեղ, որոնցից դրանք բաց են թողնվել, հանձնաժողովը նաեւ խնդրել է ԱՄՆ-ից ժամանած եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերի քննություն իրականացնող փորձագետների խմբին, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին, որպեսզի միջազգային փորձագետների կողմից համապատասխան փորձաքննություն անցկացվի, սակայն պատասխան են ստացել, որ դա տեխնիկապես անհնար էր։ Սա հաստատվում է նաեւ իռլանդացի փորձագետ [Ք.Բ.-ի]՝ ՀՔԾ-ին ուղղված պատասխանով, որն ասել է. «Ես չեմ կարծում, որ հնարավոր է պարզել, թե կոնկրետ որ զենքից են կրակել, քանի որ նռնակները, ի տարբերություն փամփուշտների, չունեն դատափորձագիտական ստորագրություն»։
Այնուամենայնիվ, հանձնաժողովը դրական գնահատական է տվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եւ Հայաստանի Հանրապետության ՀՔԾ-ի ջանքերին, որոնք ուղղված են եղել «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակներով երեք անձանց ... մահվան հանգամանքները բացահայտելուն. մասնավորապես քրեական գործ է հարուցվել ոստիկանության զորքերի թվով չորս ծառայողների դեմ, որոնք զանգվածային ապստամբությունները կանխելուն ուղղված գործողությունների ընթացքում գործադրել էին հատուկ միջոցներ. նրանց մեղադրանք էր առաջադրվել հատուկ տեսակի հրազեն հանդիսացող KS-23 կարաբինների հետ վարվեցողության կանոնները խախտելու համար։
...
4. Հայաստանի Հանրապետության նախագահի [պահանջով] Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը հանձնաժողովին է փոխանցել նախաքննության մարմնի տրամադրության տակ գտնվող թվով տասն անձանց մահվան վերաբերյալ բոլոր նյութերը. սույն նյութի քննության հիման վրա հանձնաժողովը գտնում է, որ գործի հանգամանքները պարզելու համար նախաքննության մարմինը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները։
Այնուամենայնիվ, հանձնաժողովն առաջնահերթություն է տալիս նախաքննության մարմնի կողմից թվով տասն անձանց մահվան հանգամանքների վերաբերյալ հասարակությանը պարբերաբար տեղեկություններ տրամադրելու հարցին, մասնավորապես՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելուն եւ արդարադատությանը ներկայացնելուն ուղղված հետագա գործողությունների մասով։
...
Հանձնաժողովի կարեւոր խնդիրներից մեկն է մահացածների մահվան հանգամանքների պարզաբանումը։ Այդ կապակցությամբ ամենից առաջ անհրաժեշտ է նշել մեկ հանգամանք. հանձնաժողովն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, ինչպես նաեւ իր տրամադրության տակ գտնվող նյութերի եւ փաստերի համեմատության հիման վրա, պետք է եւ կարող է եզրահանգումներ կատարել այնպիսի հանգամանքների վերաբերյալ, ինչպիսիք են զենքի տեսակը, որը բերել է մահվան, ինչպես նաեւ մահվան ժամը, վայրը եւ հանգամանքները... Միաժամանակ հանձնաժողովը չի պատասխանել հանրային մտահոգության առարկա հանդիսացող ամենախնդրահարույց հարցերից մեկին, այն է՝ թե ում գործողություններն են հանգեցրել մահվան, քանի որ, նույնիսկ եթե հանձնաժողովը ցանկանար, այն չէր կարողանա եւ իրավունք չէր ունենա դառնալու նախաքննության մարմին եւ իրականացնելու քրեական դատավարության օրենսդրությամբ բացառապես նախաքննության մարմնին վերապահված լիազորությունները։
Այնուամենայնիվ, հանձնաժողովը լիահույս է, որ ընթացիկ նախաքննությամբ հնարավոր կլինի կարգավորել իրեն առաջադրված խնդիրը։ Այդ կապակցությամբ առաջարկվում է, որ ՀՔԾ-ն ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ մահվան, բռնության, մարմնական վնասվածքների եւ մյուս բոլոր պատճառները պարզելու համար։
Հանձնաժողովը նշում է, որ օպերատիվ հետախուզական գործողությունները մինչեւ այժմ արդյունավետ չեն եղել, մասնավորապես՝
ա) 2008 թվականի մարտի 1-ին Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում հայտնաբերված զենքի, ռազմամթերքի եւ այլ առարկաների նկատմամբ սեփականության իրավունքը, ինչպես նաեւ տարածքում դրանց գտնվելու հանգամանքներն ամբողջությամբ չեն պարզվել,
բ) զանգվածային անկարգությունների ընթացքում թվով տասն անձանց մահվան բոլոր հանգամանքները չեն պարզվել, այդ սպանությունները կատարողները եւ տարբեր անձանց մարմնական վնասվածքներ հասցրած անձինք չեն հայտնաբերվել,
...
դ) զանգվածային անկարգությունների ժամանակ օգտագործված բոլոր զինատեսակները եւ այդ զինատեսակներն օգտագործող անձինք չեն հայտնաբերվել՝ բացառությամբ [Ֆ.Գ.-ի] դեպքի,
ե) զանգվածային անկարգություններին ակտիվ մասնակցող եւ շրջանառվող տեսաձայնագրություններում հստակ պատկերված անձինք չեն հայտնաբերվել,
զ) ոստիկանության զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանի վրա կրակած եւ մյուս ծառայողների վրա կրակելու փորձ կատարած անձի ինքնությունը չի բացահայտվել, չնայած նրան, որ ոստիկանության զորքերի դիպուկահարը նկատել եւ վիրավորելով վնասազերծել է նրան (դիպուկահարը հստակ նկարագրել է անձին, ստացած վնասվածքների ճշգրիտ տեղը),
...
l) զանգվածային անկարգությունների մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժ եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանները չեն հայտնաբերվել ...»:
VI. դիմումատուների կողմից տրամադրված ապացույցները
132. Դիմումատուները Դատարան են ներկայացրել ՄԻՇՊԵԿ-ի պահանջով կազմված մի քանի փորձագիտական եզրակացություններ (տե՛ս վերոնշյալ 4-րդ պարբերությունը), այդ թվում՝ դատաբժիշկ, պաթոլոգաանատոմ [Ջ.Ք.-ի] կողմից 2016 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրություններին հաջորդող մահվան դեպքերի բժշկական հայեցակետերի վերաբերյալ կազմված եզրակացությունը (տե՛ս ստորեւ 133-րդ պարբերությունը) եւ հրազենի, ձգաբանության եւ պայթուցիկ նյութերի ոլորտում դատական փորձագետ Դ.Դ.-ի կողմից 2016 թվականի սեպտեմբերի 26-ին կազմված եզրակացությունը (տե՛ս ստորեւ 134-136-րդ պարբերությունները)։ Երկու փորձագետները գտնվում եմ Միացյալ Թագավորությունում։
Ա. Եզրակացություն ընտրություններին հաջորդող մահվան դեպքերի բժշկական հայեցակետերի վերաբերյալ
133. Դատաբժիշկ, պաթոլոգաանատոմ Ջ.Ք.-ն իրականացրել է ներպետական մակարդակով իրականացվող դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննությունների գնահատում։ Նրա եզրակացության համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.
Գոռ Քլոյան (տե՛ս վերոնշյալ 44-46-րդ պարբերությունները)՝ դատաբժշկական փորձագետի կողմից արձանագրված կոնքոսկրի եւ հարակից հյուսվածքի մակերեսի սեւացումը կարող է մատնանշել կրակոց բավականին մոտ տարածությունից, որի ժամանակ մուրը ներթափանցել է վերքի մեջ: Ավելին, հաշվի առնելով հիվանդանոց ժամանելու պահին Գոռ Քլոյանի մահամերձ վիճակը՝ մինչեւ այդ փուլը նա ակնհայտորեն մեծ քանակությամբ արյուն էր կորցրել, եւ հետեւաբար վաղ փուլում նախնական վերակենդանացումը կարող էր մեծացնել նրա կենդանի մնալու հնարավորությունները, հատկապես, եթե նրան հեղուկներ եւ արյուն տրվեր՝ արյան ծավալը վերականգնելու համար:
Դավիթ Պետրոսյան (տե՛ս վերոնշյալ 50-52-րդ պարբերությունները)՝ տեսականորեն միայն երիկամների եւ լյարդի վնասվածքով, Դավիթ Պետրոսյանի վնասվածքն այնպիսի հրազենային վիրավորում էր, որի դեպքում կենդանի մնալու հնարավորություն կար։ Հետեւաբար, եթե նրան տեղում անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերվեր՝ հեղուկի եւ արյան փոխարինմամբ, նրա գոյատեւման հնարավորություններն ավելի մեծ կլինեին, իսկ արդյունքը կարող էր այլ լինել։
Գրիգոր Գեւորգյան (տե՛ս վերեւում՝ 53-54-րդ պարբերությունները)՝ գլխի հրազենային վիրավորումը գանգի եւ ուղեղի էական վնասվածքներ է առաջացրել, ինչը վկայում էր բարձր էներգիայով զենքից (հրացան՝ գնդակի թռիչքի բարձր արագությամբ) ստացված վնասվածքի մասին։ 0.5 x 0.4 սմ մուտքի անցքով վնասվածքը համապատասխանում էր 5.45 մմ տրամաչափի զինամթերքի օգտագործմանը, որը, ըստ տեղեկությունների, առկա էր։
Սամվել Հարությունյան (տե՛ս վերոնշյալ 56-57-րդ պարբերությունները)՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ վերքի ձեւը նկարագրված չէ, այն է՝ արդյո՞ք այն գծային, աստղային (աստղաձեւ) կամ այլ ձեւ ուներ։ Եզրակացությանը կից կլինիկական լուսանկարներ չեն ներկայացվել։ Դժվար էր ենթադրել, թե ինչ առարկա կարող էր բաց վնասվածք պատճառել, չնայած հետաքրքիր է, որ ընդունման ժամանակ նախնական ախտորոշումը հրազենային վիրավորումն էր։ Հաշվի առնելով այն, թե ինչ էր հայտնաբերվել մի քանի այլ մահացածների մոտ, դա կարող էր լինել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակի հարվածը, որն այլեւս ուժ չուներ ամբողջությամբ ներթափանցելու համար: Այնուամենայնիվ, դա կարող էր լինել որպես զենք օգտագործվող ծանր ոչ հրազենային օբյեկտի տարատեսակ։
Տիգրան Աբգարյան (տե՛ս վերոնշյալ 61-63-րդ պարբերությունները)՝ 3 սմ չափ ունեցող մուտքի անցքի վերքը շատ մեծ էր, մինչդեռ հետաքրքիր է, որ բաճկոնի օձիքի վրայի անցքն ընդամենը 19 x 9 մմ չափսերի էր։ Օրինակ՝ 5.45 մմ կամ 9 մմ չափ ունեցող գնդակներից առաջացած վերքերը համապատասխանաբար մոտ 6 մմ եւ 9 մմ տրամագիծ կունենային։ Մոտ տարածությունից արձակված որսորդական հրացանից առաջանում է շուրջ 3 սմ տրամագծով մեծ կլոր վերք, սակայն ընդհանրապես ոչինչ չի ենթադրում, որ Տիգրան Աբգարյանի վնասվածքը նման զենքից է եղել։ «Չերյոմուխա-7» արցունքաբեր նռնակի հետեւանքով առաջացած վերքը նույնպես մեծ կլիներ, սակայն վնասվածքի նկարագրությունից, մասնավորապես՝ ներքին տվյալներից, չի երեւում, որ այդ վնասվածքի պատճառը եղել է արցունքաբեր գազով նռնակը: Դատաբժշկական փորձագետը, այնուամենայնիվ, նշված հարցերը որեւէ կերպ չի պարզաբանել։
Որպես ընդհանուր դիտարկում՝ Ջ.Ք.-ն նշել է, որ դիահերձման եզրակացությունների ընդհանուր առանձնահատկությունն այն է, որ դատաբժշկական փորձագետներն արձանագրել են իրենց եզրահանգումները, սակայն չեն կարողացել պարզաբանել, թե այդ եզրահանգումներն ինչ կարող էին նշանակել: Օրինակ՝ ոչինչ չէր նշվում Գրիգոր Գեւորգյանի հրազենային վիրավորման բնույթի (հնարավոր բարձր էներգիայի հրազենի հետեւանքով առաջացած), Սամվել Հարությունյանի գլխի վնասվածքի հնարավոր պատճառների մասին (հնարավոր է ծանր զենք կամ արցունքաբեր նռնակի հարված), կամ ընդհանուր առմամբ առկա չէր նույնիսկ որեւէ պարզ մեկնաբանություն արցունքաբեր գազերի հետեւանքով մահերի անսովոր դեպքի մասին։ Ջ.Ք.-ն այնուհետեւ նշել է, որ իմաստ չունի Արմեն Ֆարմանյանի (տե՛ս վերոնշյալ 37-40-րդ պարբերությունները) եւ Տիգրան Խաչատրյանի (տե՛ս վերոնշյալ 41-43-րդ պարբերությունները) մահվան պատճառը նկարագրել որպես «գլխի վնասվածք» եւ նշել, որ «հրազենային վնասվածքներ չեն հայտնաբերվել», քանի որ հրազենից գանգի մեջ արձակված արցունքաբեր գազի նռնակը դեռեւս համարվում է հրազենային վնասվածք։ Ինչ վերաբերում է արցունքաբեր գազի նռնակների ձգաբանական հատկություններին, այն է՝ նռնականետից դուրս գալու արագությանը, դրանց արդյունավետ հեռահարությանը եւ մարմնի մեջ ներթափանցելու ուժին, դրանք ավելի շատ հրազենի փորձագետին ուղղվող հարցեր էին։ Սակայն անհավանական է թվում, որ արցունքաբեր գազի նռնակը, որը նախ հարվածել է մեկ այլ բանի, այսինքն՝ հարվածել է ռիկոշետով, այնուհետեւ ուժ ունենա ներթափանցելու մեկի գանգը, եթե հարվածը չլինի շատ մոտիկից։
Բ. Հրազենի, ձգաբանության եւ պայթուցիկ նյութերի ոլորտում դատական փորձագետի կողմից տրամադրված եզրակացությունը
134. Դատական փորձագետ Դ.Դ.-ն քննել է մահվան դեպքերի հանգամանքները ձգաբանական տեսանկյունից։ Նրա եզրակացության համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.
1. Արցունքաբեր նռնակների հետեւանքով պատճառված մահվան դեպքերը
135. «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներից հարված ստանալուց հետո մահացած Արմեն Ֆարմանյանի (տե՛ս վերեւում՝ 37-40-րդ պարբերությունները), Տիգրան Խաչատրյանի (տե՛ս վերեւում՝ 41-43-րդ պարբերությունները) եւ Գոռ Քլոյանի (տե՛ս վերեւում՝ 44-46-րդ պարբերությունները) ստացած վնասվածքները ծանր էին, եւ հարվածի կետում արկերի էներգիան բավարար էր, որպեսզի դրանք թափանցեին զգալի խորությամբ՝ անցնելով ոսկորների եւ մարմնի հյուսվածքների միջով։ Քանի որ արկերը պահել էին այդքան մեծ էներգիա, դա ենթադրում էր մոտ հեռավորություն, այնուամենայնիվ, առանց համեմատական փորձարկումներ իրականացնելու հնարավոր չէր ապահովել կոնկրետ հեռավորությունը: Հնարավոր էր, որ որոշակի հանգամանքներում ռիկոշետից հետո մարդու ոսկորները, այդ թվում՝ գանգը կոտրելու համար կարող էր պահպանվել բավարար էներգիա, օրինակ, եթե ընդհանուր միջակայքը մոտ էր, եւ եթե ռիկոշետի ազդեցության արդյունքում կլանվել է համեմատաբար փոքր քանակությամբ էներգիա։
Ինչ վերաբերում է Արմեն Ֆարմանյանին (տե՛ս վերոնշյալ 37-40-րդ պարբերությունները), հաշվի առնելով այն էներգիան, որով արկը հարվածել է տուժողին, միանգամայն հավանական էր, որ արկի վնասը պատճառվել է նրա գանգի հարվածից։ Շատ մոտ հեռավորությունից արձակման որեւէ ապացույց չկար, բայց քանի որ արկը հարվածի ժամանակ ակնհայտորեն մեծ էներգիա էր պահպանել, միջակայքը չէր կարող այնպիսին լինել, որ սկզբնական արձակման էներգիան մեծապես սպառված լիներ։ Քանի որ պլաստմասսայե խցանը հանվել էր գանգից, թվում էր, թե այն պոկվել էր կա՛մ գանգին հարվածելու հետեւանքով, կա՛մ գանգի մեջ ներթափանցելու հետեւանքով առաջացած շփման պատճառով։
Ինչ վերաբերում է Տիգրան Խաչատրյանին (տե՛ս վերոնշյալ 41-43-րդ պարբերությունները), պլաստմասսայե խցանի՝ արկի մարմնից անջատումը հավանաբար տեղի է ունեցել որեւէ հարվածի պատճառով, եւ հնարավոր է, որ դա տեղի է ունեցել զոհի կրած հարվածի հետեւանքով։ Այնուամենայնիվ, հավանականությունը, որ դրանից առաջ պատիճները առանձնացել էին, լիովին չէր կարող բացառվել։ Տուժողի գանգի աղետալի վնասը ցույց էր տալիս, որ արկը պահպանել է էներգիայի մեծ աստիճան, հետեւաբար, եթե մինչեւ զոհի հետ շփվելն այն հարվածել է որեւէ առարկայի, ապա դա բավարար չի եղել էներգիան էականորեն սպառելու համար: Չկար ոչինչ, որը կհերքեր այն ենթադրությունը, որ վնասը պատճառվել է զոհի գանգի հարվածից, եւ որ նախկինում որեւէ հարված կամ ռիկոշետ չի եղել։
Ինչ վերաբերում է Գոռ Քլոյանին (տե՛ս վերոնշյալ 44-46-րդ պարբերությունները), նրա մարմնից վերցված արկն էականորեն խափանված չէր, եւ հաշվի առնելով, որ այն կոտրվածք էր առաջացրել ձախ կոնքոսկրի վերին հատվածում, ոսկորին հարվածը պետք է զգալի լիներ: Հետեւաբար բավականին հնարավոր էր թվում, որ նռնակի պատիճի ճեղքվածքը կարող էր առաջացած լինել ոսկորին հասցված հարվածի պատճառով։ Ձգաբանական եզրակացության մեջ ներկայացված որոշ չափով անտեսվող տեսակետը որեւէ հնարավորություն չէր առաջարկում զոհի մարմնից հանված վեց փոքրիկ մասնիկների բնույթի վերաբերյալ։ Թվում էր, թե մասնիկներն առաջացել են հենց զենքի արձակումից կամ արկի միջոցով ներթափանցել են վերքի խոռոչ։ Չի կարելի բացառել, որ մասնիկները արտանետվել են, ինչը, եթե ճիշտ է, վկայում է շատ մոտ հեռավորությունից արձակման մասին։ Դատաբժշկական եզրակացության մեջ առկա հղումը կոնքոսկրի «թեթեւակի սեւացած մակերեսին» կարող է համարվել մոտ տարածության ազդեցություն։ Այնուամենայնիվ, ակնկալվում էր, որ ցանկացած նման ազդեցություն կհայտնվի հագուստի եւ մաշկի վրա, եւ որ միջանկյալ հյուսվածքը կկանխի ոսկորների ախտահարումը: Հետեւաբար սեւանալու պատճառն ակնհայտ չէր։ Հետեւաբար խելամիտ կլիներ թույլատրել հագուստի քննության մեջ մասնագիտացած փորձագետների մասնակցությունը, քանի որ նրանք կիրառել են մանրադիտակային եւ քիմիական վերլուծություն, ուսումնասիրել դիտարկվող վեց մասնիկները՝ որոշելու համար, թե արդյոք դրանք կրակոցի մասնիկներ են եղել։
Դ.Դ.-ն նաեւ նշել է, որ եթե «Չերյոմուխա-7» արկի հարվածից միայն մեկ մահացու դեպք է եղել, կարելի է դիտարկել այն հնարավորությունը, որ զոհին հարվածելու մտադրություն չի եղել։ Այնուամենայնիվ, քիչ հավանական է թվում, որ երեք անձի հարվածներ են հասցվել այնպիսի բարձր արագությամբ ընթացող գազային կոնտեյներներով, որոնք կարող էին մահացու հարվածներ հասցնել, եթե նրանք հատուկ չեն թիրախավորվել: Թեեւ հնարավոր չէր գնահատել հեռավորությունը, այն փաստը, որ արկերը պահպանել էին շատ բարձր կինետիկ էներգիա, ենթադրում էր համեմատաբար մոտ տարածություն, չնայած համեմատական փորձարկումները կարող էին օգնել այս առումով։ Այդպիսի փորձարկումը կարող էր կատարվել մահվան դեպքերի քննություն իրականացնող անձանց կողմից։
2. Արկերի հետեւանքով պատճառված մահվան դեպքերը
136. Դ.Դ.-ն այնուհետեւ անդրադարձել է հրազենով պատճառված մահվան դեպքերին՝ նշելով, որ վերլուծություն չի իրականացվել՝ պարզելու համար մահացու 5.45 մմ եւ 9 մմ տրամաչափի գնդակներն արձակելու համար օգտագործված կոնկրետ զենքերը։ Եթե գործածված զենքերից փորձնական արձակված գնդակները համեմատվեին հայտնաբերված փամփուշտների հետ, հնարավոր կլիներ, որ գնդակները կրակելու համար օգտագործված կոնկրետ զենքը նույնականացվեր մանրադիտակային համեմատության միջոցով։ Կարճ հեռավորության վրա այնպիսի ազդեցությունների բացակայության պայմաններում, ինչպիսիք են այրվածքը, մաշկի աստղաձեւ պատռվածքը եւ դաջվածքները, 5.45 մմ եւ 9 մմ տրամաչափի գնդակներից առաջացած վնասվածքների շփման կամ շատ մոտ հեռավորությունից արձակման մասին ոչինչ չէր վկայում։ Հետեւաբար կրակոցները կարող էին արձակված լինել մոտավորապես 1 մետրը գերազանցող ցանկացած հեռավորությունից: Հայտնի չէր, թե քանի զենք էր գործի դրվել կամ արձակվել բողոքի ցույցը ճնշելու ընթացքում, սակայն սկզբունքորեն հնարավոր էր 5.45 մմ եւ 9 մմ տրամաչափի գնդակները կապել առանձին զենքերի հետ՝ գնդակները համեմատելով օգտագործված հնարավոր զենքերից արձակված փորձնական գնդակների հետ։ Ինչ վերաբերում է Դավիթ Պետրոսյանի մարմնից հանված գնդակին (տե՛ս վերոնշյալ 52-րդ պարբերությունը), Դ.Դ.-ն նշել է, որ համապատասխան լուսանկարում որոշ հետքեր կային: Վնասի բնույթը վկայում էր պինդ մարմնի հետ ակնհայտ բախման մասին, չնայած զոհին հարվածելուց առաջ գնդակով հասցված առարկայի ճշգրիտ բնույթը հնարավոր չէր գնահատել։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ
I. ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ներպետական իրավունքը եվ այլ նյութեր
Ա. Քրեական օրենսգիրք (2003-2022թթ., ինչպես գործում էր տվյալ ժամանակահատվածում)
137. Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով սպանությունը սահմանվում էր որպես ապօրինաբար եւ դիտավորությամբ մեկ ուրիշին կյանքից զրկելը։ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10.1 կետով, որն ավելացվել է 2009 թվականի մարտի 23-ին (տե՛ս վերոնշյալ 83-րդ պարբերությունը), պատիժ էր սահմանվում զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակիցներից մեկի կողմից կատարված սպանության համար։
138. 225.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով պատիժ էր սահմանվում օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անցկացված հրապարակային միջոցառումը դադարեցնելու մասին հրամանի դեմ անհնազանդություն հրահրելու համար:
139. 225-րդ հոդվածի 3-րդ մասով պատիժ էր սահմանվում, ի թիվս այլնի, սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար։ Սույն դրույթն ուժը կորցրել է 2009 թվականի մարտի 23-ին (տե՛ս վերոնշյալ 83-րդ պարբերությունը):
140. 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը նախատեսում էին պատիժ՝ համաձայնությամբ գործող մի քանի անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, շրջանառության մեջ դնելու կամ կրելու համար:
141. 316-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում էր պատիժ պետական պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող հարձակման համար՝ նրա կողմից ծառայողական պարտականությունները կատարելիս։
142. 373-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում էր պատիժ՝ զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ նյութերի կամ պայթուցիկ նյութերի կամ առանձնապես վտանգավոր այլ սարքերի, առարկաների կամ նյութերի օգտագործման կանոնները խախտելու համար, ինչն առաջացրել է մահ։
Բ. Քրեական դատավարության օրենսգիրքը (1999-2022թթ., ինչպես գործում էր տվյալ ժամանակահատվածում)
1. Տուժողը եւ տուժողի իրավահաջորդը
143. Քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում էր, որ հանցագործության հետեւանքով ոչ նյութական, ֆիզիկական կամ նյութական վնաս կրած անձին որպես տուժող ճանաչելու որոշումն ընդունում էր հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը։
144. 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսվում էր, որ գործի նախաքննության ավարտման պահից տուժողն իրավունք ուներ ծանոթանալու գործի նյութերին, պատճենահանելու դրանք եւ պատճենելու գործից դուրս գրելու ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն:
145. 80-րդ հոդվածը նախատեսում էր, որ տուժողի իրավահաջորդ է ճանաչվում տուժողի մերձավորներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ անգործունակ ճանաչված տուժողի իրավունքներն ու պարտականությունները։ Մերձավոր ազգականներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում էր հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը՝ նրա պահանջով։ Եթե նման խնդրանքով դիմում էին մի քանի մերձավոր ազգականներ, ապա տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում էր դատախազը կամ դատարանը։ Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձը քրեական գործով վարույթին մասնակցում էր տուժողի փոխարեն եւ օգտվում էր վերջինիս իրավունքներից։
2. Բողոքներ՝ ընդդեմ քննչական մարմինների որոշումների եւ գործողությունների
146. 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում էր, որ քրեական դատավարության մասնակիցներն օրենսգրքով սահմանված կարգով կարող էին բողոք ներկայացնել ընդդեմ դրանք իրականացնող մարմնի գործողությունների եւ որոշումների։ Քննիչի կամ հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունների եւ որոշումների դեմ բողոք կարող էր ներկայացվել համապատասխան դատախազին, դատախազի գործողությունների եւ որոշումների դեմ բողոք կարող էր ներկայացվել վերադաս դատախազին, իսկ դատարանի գործողությունների եւ որոշումների դեմ բողոք կարող էր ներկայացվում վերադաս դատարան։ Օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազության մարմնի գործողությունների եւ որոշումների դեմ կարող էր բողոք ներկայացվել դատարան։
147. «Դատական վերահսկողության ոլորտը» վերտառությամբ 278-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում էր, որ դատարանն այդ օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների եւ գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները։
148. «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական եւ անհիմն որոշումների եւ գործողությունների բողոքարկումը դատարան» վերտառությամբ 290-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերով նախատեսվում էր, որ այդպիսի որոշումներն ու գործողությունները կարող են դատարանում բողոքարկվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների եւ այլ անձանց կողմից, որոնց իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով եւ գործողություններով, եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից։ Եթե բողոքը համարվում է հիմնավորված, դատարանն ընդունում է որոշում, որով քրեական վարույթն իրականացնող մարմնին կարգադրում է վերացնել անձի իրավունքների եւ ազատությունների խախտումները:
Գ. «Ոստիկանության մասին» օրենք (2001թ., ինչպես գործում էր տվյալ ժամանակահատվածում)
149. «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով՝ վերնագրված «Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման հիմքերը, պայմանները եւ սահմանները», նախատեսվում է, որ ոստիկանության ծառայողը կարող է գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն՝ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով։ Ոստիկանության ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստություն եւ պարբերաբար անցկացնել փորձարկումներ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրում պահանջող իրավիճակներում գործելու նրանց կարողությունը սահմանելու համար։ Համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո, ոստիկանության ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու հրազեն եւ հատուկ միջոցներ։ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելու որոշում կայացնելիս ոստիկանության ծառայողը պետք է առաջնորդվի իրավիճակով, հանցագործության բնույթով եւ հանցագործություն կատարած անձի բնավորությամբ։ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ հրազեն գործադրելուց առաջ ոստիկանության ծառայողը պարտավոր է նախազգուշացնել դրանց գործադրման մասին՝ հանցագործություն կատարած անձին տրամադրելով բավարար ժամանակ՝ օրինական կարգադրությունները կատարելու եւ խախտումը վերացնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք գործադրելու ուշացումը կարող է անմիջական սպառնալիք ներկայացնել քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողների կյանքի եւ առողջության համար կամ հանգեցնել այլ ծանր հետեւանքների, կամ երբ նման նախազգուշացումն անհնար է տվյալ հանգամանքներում։ Ոստիկանության ծառայողը պարտավոր է նաեւ՝ i) փորձել նվազագույնի հասցնել հանցագործություն կատարած անձին պատճառված վնասը՝ հաշվի առնելով հանցագործության բնույթը, տվյալ արարքով պատճառված վտանգի աստիճանը կամ հանցագործի կողմից հանրության համար ներկայացրած վտանգի աստիճանը եւ ցուցաբերված դիմադրության ու անհնազանդության չափը, ii) ապահովել, որ մարմնական վնասվածքներ ստացած անձանց տրամադրվի առաջին բուժօգնություն, եւ iii) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրման հետեւանքով առաջացած վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերն անհապաղ հաղորդել ոստիկանության վերադաս մարմնին։ Ոստիկանությունը պարտավոր է միջադեպի մասին անհապաղ տեղեկացնել տուժողի մերձավոր ազգականներին եւ դատախազին։ Ոստիկանության ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ հրազենի գործադրումը օրենքով չնախատեսված դեպքերում կամ դրանց գործադրման սահմաններն անցնելը ենթադրում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։
150. «Հատուկ միջոցների գործադրումը» վերտառությամբ 31-րդ հոդվածով հատուկ միջոցները սահմանվում են որպես ոստիկանության սպառազինության մեջ ներառված տեխնիկական միջոցներ (սարքեր, սարքավորումներ, առարկաներ եւ նյութեր) կամ ոստիկանական շներ, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ ֆիզիկական ներգործությունն է։ Դրանում թվարկվում է ոստիկանության ծառայողների կողմից օգտագործվող հատուկ միջոցների տեսակները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են մահակներ, ռետինե գնդակներ, ձեռնաշղթաներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան սարքեր, էլեկտրաշոկային սարքեր, ոստիկանական շներ եւ արցունքաբեր գազ։ Դրանում այնուհետեւ նշվում են այն իրավիճակները, երբ կարող են գործադրվել հատուկ միջոցներ։ Ինչ վերաբերում է արցունքաբեր գազին, այն կարող է օգտագործվել՝ ա) եթե անհրաժեշտ է՝ i) խափանել քաղաքացիների եւ ոստիկանների վրա հարձակումը, ii) հաղթահարել անհնազանդությունը կամ խափանել դիմադրությունը ոստիկանի կամ այլ իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ, iii) ազատել առեւանգված, ապօրինի կերպով ազատությունից զրկված կամ իրենց կամքին հակառակ պահվող անձանց կամ առգրավված բնակարանները, շենքերը, տարածքները եւ տրանսպորտային միջոցները, կամ iv) խափանել զանգվածային անկարգությունները եւ հասարակական տրանսպորտի, կապի եւ այլ հաստատությունների գործունեությունը խոչընդոտող այլ խմբային միջոցառումներ, կամ բ) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձը կամ մարդկանց խումբը մտադիր է զինված դիմադրություն ցույց տալ։ Բոլոր տեսակի հատուկ միջոցները կարող են օգտագործվել նաեւ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում (տե՛ս ներքոհիշյալ 151-րդ պարբերությունը): Արգելվում է հատուկ միջոցներ գործադրել հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, նկատելի հաշմանդամություն ունեցող անձանց եւ անչափահասների նկատմամբ (բացառությամբ այնպիսի դեպքերի, երբ նրանք մասնակցում են մարդկանց կյանքը եւ առողջությունը վտանգող զինված հարձակումներին, զինված դիմադրությանը կամ խմբային հարձակումներին), ինչպես նաեւ խաղաղ եւ անզեն չարտոնված հավաքները խաթարելու դեպքում, եթե նրանք չեն խախտում հանրային տրանսպորտի, կապի եւ հաստատությունների աշխատանքը։
151. «Հրազենի գործադրումը (կիրառումը) եւ օգտագործումը» վերտառությամբ 32-րդ հոդվածի 1-ին մասում թվարկվում է այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել հրազեն, այդ թվում՝ երբ անհրաժեշտ է՝ i) քաղաքացիներին պաշտպանել նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումներից, ii) հետ մղել ոստիկանության ծառայողի վրա կատարվող հարձակումը, որը սպառնում է նրա կյանքին եւ առողջությանը, եւ կանխել նրա զենքը խլելու փորձը, iii) ազատել պատանդներին, iv) ձերբակալել կյանքի, առողջության կամ գույքի դեմ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարած եւ փախուստի փորձ կատարած անձանց, ինչպես նաեւ զինված դիմադրություն ցուցաբերող անձանց, v) հետ մղել խմբային կամ զինված հարձակումները քաղաքացիների բնակարանների կամ պետական մարմինների կամ հաստատությունների կողմից զբաղեցված տարածքների, ինչպես նաեւ ուղեկցող ոստիկանական ուժերի վրա, vi) բռնել ոստիկանության կալանքից, կալանավայրից կամ բանտից փախուստի դիմած անձանց կամ կանխել նրանց փախուստը, ինչպես նաեւ հետ մղել նրանց բռնի կերպով ազատ արձակելու փորձերը, կամ vii) կանխել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման համար հետախուզվող անձի փախուստը։
Դ. «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը (1998թ.)
152. «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի ոստիկանության զորքերը Հայաստանի ոստիկանության համակարգի մասն են եւ կոչված են պաշտպանելու մարդու իրավունքներն ու ազատությունները հակաիրավական ոտնձգություններից եւ ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը։
153. 2-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության զորքերի պարտականությունները, ի թիվս այլնի, ներառում են հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգության ապահովումը։
154. 9-րդ հոդվածով նախատեսվում է, որ ոստիկանության զորքերի անձնակազմը բաղկացած է զինծառայողներից եւ քաղաքացիական անձնակազմից։
155. 10-րդ հոդվածը սահմանում է, որ ոստիկանության զորքերի զորակոչը կատարվում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքով սահմանված կարգով։
156. 14-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակական կարգը պահպանելիս եւ հասարակական անվտանգությունն ապահովելիս ոստիկանության զորքերի զինվորական ստորաբաժանումների պարտականությունները, ի թիվս այլնի, ներառում են զանգվածային անկարգությունների կանխարգելման եւ խափանման մեջ ներգրավվածությունը։ Արգելվում է ոստիկանության զորքերին ներգրավել խաղաղ եւ առանց զենքի հավաքներին, հանրահավաքներին, երթերին եւ ցույցերին։
Ե. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) հատուկ զեկույցը. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ
157. Հայաստանի օմբուդսմենն իրականացրել է Հայաստանում տեղի ունեցող հետընտրական իրադարձությունների խորը վերլուծություն, որի համապատասխան մասերը վկայակոչվել են «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» [Mushegh Saghatelyan v. Armenia] գործում (թիվ 23086/08, § 124, 2018 թվականի սեպտեմբերի 20)։ Այդ վճռում չհիշատակված համապատասխան մասերը շարադրված են հետեւյալ բովանդակությամբ.
«3.2.2. Ֆրանսիայի դեսպանությունը (սկսած մարտի 1-ի առավոտյան ժամը 11։30-ից)
Մարտի 1-ին՝ առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում, մարդիկ սկսել են հավաքվել Ֆրանսիայի դեսպանատան հարեւանությամբ գտնվող հրապարակում։ Մարդիկ հավաքվել էին՝ արտահայտելու իրենց բողոքը եւ վրդովմունքն այդ առավոտ ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։
Մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները եւ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները սերտորեն փոխկապակցված են։ Մարտի 1-ի երկրորդ կեսին տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող քննվել առանց այդ առավոտ ավելի վաղ անցկացված ցույցի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնության հետ պատճառահետեւանքային կապի վրա կենտրոնանալու. հետեւաբար այս երկու իրադարձությունները պետք է քննվեն ընդհանուր շրջանակներում։
Մարտի 1-ին՝ առավոտյան ժամը 11։15-ի սահմաններում, ոստիկանությունը եւ ոստիկանության զորքերի ջոկատները, որոնք Օպերայի շենքի մոտ էին գտնվում, սկսել են շարժվել դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։ Ոստիկանության զորքերի եւ այլ հատուկ ջոկատների ծառայողները կանգնած էին մի քանի ուղղություններով եւ շարքերով։ «Ոստիկանության որոշ ծառայողների» դեմքերը ծածկված էին դիմակներով։ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մասնակցում էին ցուցարարներին ցրելու փորձին։
Ցուցարարների շարքերում տեղակայված բազմաթիվ սադրիչներ ամեն ինչ անում էին ոստիկանության հետ բախումներ հրահրելու համար։ Բոլոր մեղադրանքները, այդ թվում՝ ականատեսների ցուցմունքները, պետք է մանրամասն քննվեին։
Ի տարբերություն Ազատության հրապարակում այդ առավոտ տեղի ունեցած գործողության, որը պետք է կարգավորվեր քրեական դատավարության օրենսդրությամբ (հաշվի առնելով «զենքի կուտակման» վարկածը), Ֆրանսիայի դեսպանատան մոտ ուժի գործադրումը կարգավորվում է բացառապես «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքով, մասնավորապես՝ ցույցերի դադարեցման եւ հատուկ միջոցների գործադրման վերաբերյալ դրա դրույթներով։ Ոստիկանությունն իրավունք ունի հարկադիր դադարեցնելու հավաքը, եթե այն իրական սպառնալիք է ներկայացնում մարդկանց կյանքի, առողջության, պետական եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի համար կամ կարող է զգալի գույքային վնաս պատճառել պետությանը, համայնքին կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց։ Հետեւաբար մարտի 1-ին, կեսօրին՝ ժամը 12։00-ի սահմաններում, ոստիկանության կողմից գործադրված ֆիզիկական ուժը պետք է համարել անօրինական, քանի որ պաշտոնական պարզաբանում եւ բացատրություն չի եղել առ այն, որ քաղաքացիների կուտակումը Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում իրական սպառնալիք էր ներկայացնում վերը նշվածներից որեւէ մեկի համար։ Ավելին, մինչեւ ժամը 14։00-ը ցույցը խաղաղ էր։
Մարտի 1-ին՝ կեսօրվա ժամը 12:00-ին, Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում քաղաքացիներին ցրելու փորձին Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի ներգրավումը նույնպես պետք է համարել անօրինական, քանի որ «Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 20-րդ հոդվածը [ըստ բնօրինակի] (տե՛ս վերոնշյալ 156-րդ պարբերությունը) ուղղակիորեն սահմանում է, որ «արգելվում է ոստիկանության զորքերի ներգրավումը խաղաղ եւ անզեն հավաքները, հանրահավաքները, երթերը եւ ցույցերը կանխելու գործընթացին» ... Անհրաժեշտ է պարզել, թե ով է տվել ոստիկանության զորքերին ներգրավելու անօրինական հրամանը, եւ արդյոք սկսվել է ծառայողական քննություն։
Իրավիճակն այլ էր օրվա երկրորդ կեսին, երբ ցուցարարները, որոշ առումով, դարձել էին անվերահսկելի, ինչն ուղեկցվել է անկարգություններով։ Մարտի 1-ի երկրորդ կեսին Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձությունները տեղի են ունեցել երկու վայրում՝ i) Մյասնիկյանի հուշարձանի մոտակայքում, որտեղ ցուցարարները հավաքվել էին եւ սպասում էին իրենց առաջնորդին, եւ ii) Մաշտոցի պողոտայի, Պարոնյան փողոցի եւ Լեոյի փողոցի միջեւ ընկած տարածքում, որտեղ տեղի են ունեցել առանձին բախումներ ոստիկանության ծառայողների եւ մարդկանց խմբերի միջեւ։ Ավելին, մարտի 1-ի գիշերը Մաշտոցի պողոտայի խանութների թալանն ու մեքենաների հրկիզումը տեղի են ունեցել կասկածելի եւ վիճելի հանգամանքներում։ Հարկ է նշել, որ Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցած ցույցի մասնակիցները չեն հարձակվել մոտակա խանութներից որեւէ մեկի վրա ... Քննությունը պետք է պարզի, թե արդյոք Ֆրանսիայի դեսպանատան մոտակայքում հավաքված խաղաղ ցուցարարներն իրականում կապված են մոտակա փողոցներում անկարգություններ կազմակերպողների հետ։ Այս հարցը հատկապես իրավական նշանակություն ունի ցույցի փաստացի առաջնորդներին մոտակա փողոցներում անկարգություններ կազմակերպելու մեղադրանք առաջադրելու տեսանկյունից։
Քննությունը պետք է անդրադառնա նաեւ ոստիկանության ծառայողներին հրազենային վնասվածքներ հասցնելու հարցին՝ հաշվի առնելով այն փաստը, որ ոստիկանությունը դեռեւս չի հրապարակել ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակելու որեւէ ապացույց։
Մաշտոցի պողոտայի եւ Պարոնյան փողոցի եւ Լեոյի փողոցի միջեւ ընկած տարածքում տեղի ունեցած բախումների ժամանակ, ըստ պաշտոնական տեղեկությունների, մահացել է ութ մարդ, որոնցից յոթը քաղաքացիական անձինք էին։ Քաղաքացիներից չորսը մահացել են հրազենային վնասվածքներից, մինչդեռ մյուս երեքը՝ հատուկ միջոցների (արցունքաբեր գազի) գործադրումից։
Ցույցերում հրազենի օգտագործման օրինականությունը որոշելու համար՝ պետք է կատարվեն հետեւյալ փորձարկումները.
«Հրազենի օգտագործումն օրինական է «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածում նշված ցանկացած իրավիճակում, այդ թվում՝ մասնավորապես՝ «ոստիկանության ծառայողի վրա հարձակումը հետ մղելիս, երբ նրա կյանքը կամ առողջությունը վտանգված է, ինչպես նաեւ նրա զենքը խլելու փորձը կանխելիս»։ Մնում է պարզել, թե արդյոք հրազենի օգտագործման յուրաքանչյուր դեպքի նախորդել է ցուցարարի հարձակումը ոստիկանության ծառայողների վրա, որն իրական սպառնալիք է ներկայացրել ոստիկանության ծառայողների կյանքի կամ առողջության համար, թե՞ ոստիկանության ծառայողներն են առաջինը հարձակվել եւ օգտագործել հրազեն։Եթե պարզվի, որ ոստիկանությունն իրատեսորեն կարող էր իր նպատակին հասնել՝ հատուկ միջոցներ գործադրելով, բայց փոխարենը նախընտրել է օգտագործել հրազեն, ապա դա նշանակում է, որ համաչափության սկզբունքը խախտվել է։ Հարկ է նշել, որ հատուկ միջոցների գործադրման արդյունքում մահացել է երեք քաղաքացիական անձ։ Այս առումով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Իրադարձությունները ցույց են տվել, որ այն, ինչ մենք ունենք, բավականին հնացած է եւ միշտ չէ, որ անվտանգ է»։ Եթե հատուկ միջոցներն իսկապես ավելի անվտանգ լինեին, ապա յոթ քաղաքացիական անձանցից երեքի կյանքը կարող էր փրկվել»։ Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս է պատահել, որ գործադրվել են վտանգավոր հատուկ միջոցներ, որոնք հանգեցրել են եւս երեք անձի մահվան, հատկապես, եթե հաշվի առնենք, ինչպես ասաց նախագահը, որ այդ միջոցները մենք ժառանգել ենք խորհրդային ժամանակաշրջանից[?]: Քննության համար պատասխանատու մարմինները պետք է տան հետեւյալ հարցը. ո՞վ է հրամայել գործադրել այդ հատուկ միջոցները։ Ավելին, «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ հոդվածը] սահմանում է. «Ոստիկանության ծառայողները պետք է անցնեն հատուկ վերապատրաստում եւ կանոնավոր փորձարկումներ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրում պահանջող իրավիճակներում գործելու իրենց կարողությունը սահմանելու համար»։ Ո՞ր պաշտոնատար անձն է պատասխանատու այդ փորձարկումներն անցկացնելու համար։ Ե՞րբ են դրանք վերջին անգամ անցկացվել։... Ուժի գործադրման դեպքի համաչափությունը գնահատելիս պետք է հաշվի առնել, որ մահացած ցուցարարների ուղեղները ջնջխված են եղել։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության ծառայողները մեկ ժամից ավելի կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Ի վերջո, Հայաստանում կան տեսագրություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են դիմակավորված անձինք կրակում մարդկանց վրա։ Գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել ներգրավել ՄԱԿ-ի փորձագետներին՝ այդ տեսանյութերի իսկությունը ստուգելու համար։Պետք է որոշել, թե մարդկանց զգալի կուտակման պայմաններում հրազեն գործադրելիս արդյո՞ք հնարավոր է վնաս հասցնել այլ անձանց։ «Ոստիկանության մասին» օրենքի 32-րդ հոդվածն ակնհայտորեն արգելում է հրազենի օգտագործումը մարդկանց զգալի կուտակման դեպքում, եթե այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել այլ անձանց։ Հարկ է նշել, որ հրազենի օգտագործումը արգելող դրույթում օրենսդիրն օգտագործել է «մարդկանց զգալի կուտակում» եզրույթը, որը ներառում է հավաքների բոլոր ձեւերը։ Եթե պարզվի, որ տվյալ դեպքում հրազենն օգտագործվել է այնպիսի իրավիճակում, երբ առկա է եղել այլ անձանց վնաս հասցնելու իրական սպառնալիք, ապա նման միջամտությունը կհամարվի անօրինական»։
II. համապատասխան միջազգային նյութերը
158. 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող Եվրոպայի խորհրդի համապատասխան եւ այլ միջազգային փաստաթղթերի համար տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] գործը (վերեւում հիշատակված, §§ 125-34) եւ Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia] գործը (թիվ 49020/08, §§ 50-56, 2020 թվականի հոկտեմբերի 15)։ Այդ վճիռներում չմեջբերված նյութերի քաղվածքները ներկայացված են ստորեւ։
Ա. Եվրոպայի խորհրդի մարմինները
1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
ա) Հայաստանի Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2008 թվականի մարտի 1-ի եւ մարտի 2-ի դեպքերի եւ դրանց պատճառների մասին եզրակացության վերաբերյալ տեղեկատվական գրառում (AS/Երկ(2009)38 rev2, 2010 թվականի հունվարի 6)
159. 2010 թվականի հունվարի 6-ին Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման հարցերով ԵԽԽՎ հանձնաժողովը (մշտադիտարկման հանձնաժողով) կազմել է ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ տեղեկատվական գրությունը (տե՛ս վերոնշյալ 128-131-րդ պարբերությունները): Համապատասխան մասերը շարադրվել են հետեւյալ բովանդակությամբ.
«1. ... Հայաստանի Ազգային ժողովը ստեղծել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով՝ այս դեպքերի եւ «դրանց պատճառների» հետաքննություն իրականացնելու համար։ Այնուամենայնիվ, դրա կազմի շնորհիվ, որում գերակշռում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, եւ պայմանավորված այն փաստով, որ այն բոյկոտվել էր պրն Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի կողմից, եկել են այն եզրակացության, որ սույն հանձնաժողովը հայ հասարակության աչքերում չէր ունենա անհրաժեշտ հեղինակություն։
2. Հետեւաբար Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի առաջարկությամբ նախագահի հրամանագրով ստեղծվել է անկախ փորձագիտական խումբ, որին հանձնարարվել է պարզաբանել մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաեւ այն հանգամանքները, որոնք հանգեցրել են դրան [ըստ բնօրինակի], որոնց հիման վրա խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը կարող էր կազմել իր եզրակացություններն ու առաջարկությունները։
3. Ցավոք, սույն փաստահավաք խմբի անդամների միջեւ անհաղթահարելի լարվածության, ինչպես նաեւ բոլոր կողմերի կողմից դրա աշխատանքը քաղաքականացնելու շարունակական փորձերի արդյունքում խումբը կազմալուծվել է եւ իշխանությունների կողմից լուծարվել է 2009 թվականի մայիսին։
...
8. Երբ Վեհաժողովի զեկուցողները հանդիպել են ժամանակավոր հանձնաժողովի նախագահի հետ, վերջինս նշել է այն դժվարությունները, որոնց ժամանակավոր հանձնաժողովը հանդիպել էր իշխանություններից, մասնավորապես՝ իրավապահ մարմիններից եւ գաղտնի ծառայություններից նյութեր ստանալու ընթացքում։ Այնուամենայնիվ, զեկույցում այդ մասին որեւէ նշում առկա չէ։
...
10. Համաձայնության գալով Մարդու իրավունքների պաշտպանի հետ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հիմքում ընկած գործոնների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդգծելով լրատվամիջոցներում բազմակարծության բացակայության հետեւանքները, ժամանակավոր հանձնաժողովը, այնուամենայնիվ, եզրակացնում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից այս գործոնների ցինիկ շահագործումը դիտարկվել է որպես «իշխանությունների դեմ քարոզչություն», որը ստեղծել է անհանդուրժողականության եւ հանրային դժգոհության մթնոլորտ, որն էլ իր հերթին մանիպուլացվել է ընդդիմության կողմից՝ զանգվածային անկարգություններ հրահրելու համար։
11. Քաղաքական ճգնաժամի հիմքում ընկած պատճառների այս բավականին միակողմանի տեսակետը, իշխանությունների քննադատության զարմանալի բացակայությունը եւ քաղաքական բեւեռացված մթնոլորտի մեղքը միայն ընդդիմադիր ուժերի՝ հատկապես պրն Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակիցների վրա բարդելը ցավալի է, քանի որ այն խաթարում է հանձնաժողովի զեկույցի հավաստիությունը։ Այդպիսով, զեկույցում պարունակվող առաջարկություններից (տե՛ս ստորեւ) պարզ է դառնում, որ իրականում հանձնաժողովը ճգնաժամի պատճառ հանդիսացող գործոնների շատ ավելի համապարփակ եւ վիճարկելիորեն ավելի հավասարակշռված վերլուծություն է կատարել, քան այն պատրաստ էր հրապարակել իր զեկույցում։
...
17. Հիմնվելով լուրերի եւ ականատեսների վկայությունների վրա՝ հանձնաժողովը ներկայացնում է Ազատության հրապարակում ոստիկանության գործողություններից հետո Երեւանի կենտրոնում ծավալվող բողոքի ցույցերի պատկերը, որոնք, բորբոքվելով ոստիկանության կողմից անմեղ ցուցարարների սպանության մասին լուրերից, արագորեն վերածվեցին գործնականում անվերահսկելի անկարգությունների։ Թեեւ զեկույցում հստակ նշվում է, որ ընդդիմության առաջնորդները կոչ էին անում մարդկանց գնալ Ֆրանսիայի դեսպանատան մոտ գտնվող տարածք, այն նաեւ ընդունում է, որ այդ բողոքի ցույցերի ընդհանուր բնույթն ինքնաբուխ էր, այլ ոչ թե կանխամտածված։ Այդ կապակցությամբ զեկույցը հաստատում է վեհաժողովի զեկուցողների դիրքորոշումն առ այն, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերը չեն եղել պետական հեղաշրջման կանխամտածված փորձ։
18. Հանձնաժողովը նշում է, որ օգտագործվել են ոստիկանական դիպուկահարներ (չնայած սկզբնական շրջանում իշխանությունների հակառակ պնդումներին), եւ որ ոստիկանությունը որոշել է, որ «[AK-47] ինքնաձիգով զինված» ոստիկանության ծառայողներն օդ կրակեն լուսարձակող փամփուշտներով՝ ցուցարարների վրա հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։
19. Արագ վատթարացող իրավիճակի վերլուծության հիման վրա հանձնաժողովը եզրակացրել է, որ ոստիկանությունն ընդհանուր առմամբ գործել է օրինական, սակայն լուրջ հարցեր է առաջադրել ոստիկանության կողմից «հատուկ միջոցների» գործադրման կապակցությամբ։ Բացի այդ, հանձնաժողովը դատապարտել է ոստիկանության կողմից բռնի ուժի գործադրման դեպքերը, որոնք, ըստ նրա, տեղի են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին։
20. Հանձնաժողովն ընդհանուր առմամբ համարում էր, որ ոստիկանությունը բավարար չափով պատրաստված չէր տեխնիկական, կազմակերպչական եւ «բարոյահոգեբանական» առումներով՝ կանխելու եւ լուծելու 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին տեղի ունեցած մասշտաբի քաղաքացիական անկարգությունները։
...
27. Հրազենային վիրավորումներից առաջացած մահվան հինգ դեպքերից երկուսի դեպքում գնդակը չի հաջողվել դուրս բերել, ինչն անհնար է դարձնում պարզելը, թե ինչ զենքից է եղել կրակոցը։ Հրազենային վնասվածքների հետեւանքով մնացած երեք մահերից երկուսը «Մակարով ՊՄ» տեսակի ատրճանակից արձակված գնդակի հետեւանք էին, իսկ մեկը «Կալաշնիկով 47» տեսակի ինքնաձիգից արձակած գնդակի հետեւանք էր։ Հաշվի առնելով այն փաստը, որ ոստիկանությունը «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներից լուսարձակող փամփուշտներ էր կրակում ցուցարարների գլխավերեւով (իսկ ինչ բարձրանում է վերեւ, պետք է իջնի), ինչպես նաեւ այն փաստը, որ «Մակարով ՊՄ» տեսակի ատրճանակը Հայաստանի ոստիկանության ստանդարտ ծառայողական զենքն է, կարելի է ենթադրել, որ վիճակագրական շատ բարձր հավանականությամբ այս գնդակներից մի քանիսը կարող են հետագծվել այն զենքերից, որոնցից դրանք արձակվել են։ Այնուամենայնիվ, զարմանալիորեն, հանձնաժողովը հայտնում է, որ քննչական ծառայությունները չեն կարողացել հետագծել որեւէ գնդակի հետք։ Ցավալի է այն փաստը, որ հանձնաժողովը սույն եզրակացությունը կասկածի տակ չի դնում, քանի որ այն պնդումը, որ գնդակները հնարավոր չէ հետագծել, մի շարք լուրջ հարցեր է առաջադրում եւ հեշտությամբ կարող է մեկնաբանվել որպես հնարավոր քողարկում ոստիկանության կողմից։
28. Մեկ մարդ մահացել է բութ առարկայով գլխին հասցված հուժկու հարվածի հետեւանքով, որը կոտրել է գանգը եւ ներթափանցել է ուղեղի մեջ։ Զեկույցում լրացուցիչ մանրամասներ ներկայացված չեն բութ օբյեկտի բնույթի կամ տվյալ անձի մահվան հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ այդ կապակցությամբ որեւէ եզրակացություն առկա չէ։
29. Ոստիկանության կողմից արձակված արցունքաբեր գազի նռնակներից թվով երեք մարդու մահը մեծ վիճաբանության առիթ է դարձել։ Հանձնաժողովը պարզել է, որ այդ արցունքաբեր նռնակները ձեռք են բերվել դեռեւս Խորհրդային Միության տարիներին եւ վաղուց ժամկետանց էին։ Այնուամենայնիվ, փորձագետների ցուցմունքների հիման վրա հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ այդ փաստը չի նպաստել դրանց՝ մահվան ելքով օգտագործմանը։ Փոխարենը, այն եզրակացրել է, որ մահվան դեպքերը նռնակներն անմիջապես ցուցարարների վրա կամ նրանց մոտակայքում ուղիղ հեռահարությամբ կրակելու հետեւանք են եղել, ինչը հստակորեն արգելված է դրանց օգտագործումը կարգավորող կանոնակարգերով։ Ցավոք, Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ Իռլանդիայից ժամանած միջազգային փորձագետները հանձնաժողովի համար հաստատել են, որ անհնար է համապատասխանեցնել նռնակն այն զենքին, որից կրակել են՝ պայմանավորված այն փաստով, որ փողը նռնակի պլաստիկ պատյանի վրա համապատասխան ձգաբանական հետք չի թողնում։ Հետեւաբար կասկածելի է, որ մահվան ելքով այդ նռնակները կրակող ոստիկաններին կարող են երբեւէ հայտնաբերել։
30. Քննության ընթացքում հանձնաժողովը պարզել է, որ ներկայումս չկան գործող իրավական կարգավորումներ, որոնք կարող են կարգավորել իրավապահ մարմինների կողմից «հատուկ միջոցների» գործադրումը։
...
41. Առաջարկությունների համապարփակ փաթեթը ցույց է տալիս, որ հանձնաժողովը 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի շատ ավելի խորը վերլուծություն է կատարել, քան արտացոլված է զեկույցի մնացած մասում։ Այդ հակասությունը, ինչպես նաեւ որոշակի հարցերի շեշտադրման կամ դրանցից խուսափելու ձեւն այնպիսի տպավորություն է ստեղծում, թե հանձնաժողովն ամեն գնով ցանկանում էր խուսափել դեպքերի պաշտոնական վարկածի նկատմամբ չափազանց մեծ անվստահություն ցուցաբերելուց կամ իշխանությունների կողմից դրանց կարգավորման կապակցությամբ չափազանց կոշտ քննադատությունից։ Այդ «ինքնագրաքննությունը» ցավալի է, քանի որ այն խաթարում է քննության ընդհանուր վստահելիությունը։
...
43. Զեկույցի երկու ամենաակնառու թույլ կողմերն են 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի ճգնաժամին հանգեցրած դեպքերի միակողմանի, կողմնակալության հարող նկարագրությունը եւ գործնականում 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ի դեպքերին հաջորդող զարգացումների քննարկման եւ վերլուծության բացակայությունը, օրինակ՝ ընդդիմության մեծաքանակ աջակիցների ձերբակալությունն ու հետապնդումը։
...
46. 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի ժամանակ տեղի ունեցած թվով 10 մահվան դեպքերի քննության որեւէ կոնկրետ արդյունքի բացակայությունը բավարար չէ։ Պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի հետեւանքով 10 հոգուց հինգին սպանած գնդակներից որեւէ մեկը հայտնաբերելու, դրանց արձակած զենքերը գտնելու համար, հատկապես, որ առկա են ցուցումներ, որ այդ գնդակներից առնվազն երեքը կարող էին արձակված լինել այնպիսի զենքերից, որոնք ոստիկանության կողմից օգտագործվել էին դեպքերի ընթացքում։ Այդ մտահոգություններին պատշաճ կերպով չպատասխանելը կարող է հեշտությամբ հանգեցնել ոստիկանության կողմից ապօրինի գործողությունների կամ քողարկման մեղադրանքների»։
բ) Բանաձեւ թիվ 1837 (2011թ.). Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը
160. Թիվ 1837 բանաձեւի համապատասխան մասերը՝ ընդունված ԵԽԽՎ-ի կողմից 2011 թվականի հոկտեմբերի 5-ին, սահմանում են հետեւյալը.
«3. Վեհաժողովը վերահաստատում է իր մտահոգությունը 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում թվով 10 մահվան դեպքերի քննություն արդյունքների բացակայության վերաբերյալ։ Հետեւաբար այն ողջունում է վերջին ամիսների ընթացքում Հայաստանի նախագահի կողմից տրված նոր խթանը։ Այդ քննության կապակցությամբ վեհաժողովը համարում է, որ՝
3.1. այն պետք է նաեւ կենտրոնանա հրամանատարական շղթայում պատասխանատվության հարցի եւ այն համատեքստի վրա, որում տեղի են ունեցել թվով 10 մահվան դեպքերը, որպեսզի հնարավոր լինի խուսափել ապագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունից.
3.2. եթե թվով 10 մահվան դեպքերի համար անհատական պատասխանատվությունը հնարավոր չէ պարզել, ապա դրա պատճառները պետք է ամբողջությամբ պարզաբանվեն քննության զեկույցում։
161. Այդ բանաձեւի Բացատրական հուշագրի համապատասխան մասերը, որոնք ներկայացվել են Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողների կողմից, սահմանում են հետեւյալը.
«5. 2011 թվականի ապրիլի 20-ին նախագահ Սարգսյանն իրավապահ մարմիններին հանձնարարել է նոր թափ հաղորդել 2008 թվականի մարտի դեպքերի եւ հատկապես թվով տասը մահացածների համար պատասխանատվության վերաբերյալ կասեցված քննություններին։ .
...
20. Ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը մարտի 1-ի իրական իրադարձությունները ներկայացնում է որպես վատ պլանավորված եւ վատ կառավարվող ոստիկանական գործողություն՝ ենթադրաբար գործողություններ ձեռնարկելու այն հաղորդագրությունների հիման վրա, որ ցուցարարները զենք են կուտակում Ազատության հրապարակում, ինչը վերածվել է գործնականում անվերահսկելի անկարգությունների։ Այդ առումով զեկույցը ճանաչում է, որ այդ բողոքի ցույցերի ընդհանուր բնույթն ինքնաբուխ էր եւ նախապես չպլանավորված։ Սույն եզրակացությունը հաստատում է Վեհաժողովի դիրքորոշումը, որն արտահայտվել է այդ հարցի վերաբերյալ իր բոլոր բանաձեւերում, որ 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունները չեն կարող համարվել պետական հեղաշրջման նախապես պլանավորված փորձ։
21. Իր զեկույցում 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան ոստիկանության գործողությունները «ընդհանուր առմամբ օրինական եւ համապատասխան» համարելով՝ ժամանակավոր հանձնաժողովը խստորեն քննադատել է այն, թե ինչպես է ոստիկանությունը վարվել այդ իրադարձությունների ընթացքում եւ մասնավորապես ցուցարարների հետ երկխոսություն հաստատելու կամ ամբոխի վերահսկողության այլ ոչ բռնի մեխանիզմներ կիրառելու համար միջոցներ չիրականացնելու համար։ Բացի այդ, այն համարել է, որ ոստիկանության անհատական գործողությունների զգալի մասը, այդ թվում՝ լրագրողների տեսանյութերի առգրավումը եւ հետագա ոչնչացումը, ինչպես նաեւ ոստիկանական բռնության դեպքերը, խախտել են իրավական ընթացակարգերը եւ ընդհանուր առմամբ անընդունելի են։
...
31. Մինչ օրս Գլխավոր դատախազությունը եւ ՀՔԾ-ն չեն կարողացել բացահայտել թվով տասը մահացածների համար պատասխանատու որեւէ անձի կամ անձանց։ Հետեւաբար իշխանությունները եզրակացրել են, որ քննության մեկնարկը հնարավոր չէ, քանի դեռ բացակայում են հստակ ապացույցներ, որոնք կբացահայտեն տասը մահացածների համար անմիջապես պատասխանատու անձանց։
32. Մեր կարծիքով սա սահմանափակ պատկերացում էր այն մասին, թե ինչ պետք է ենթադրվի նման քննության իրականացմամբ։ Մենք իշխանությունների համար ընդգծել ենք, որ Վեհաժողովի կողմից պահանջվող քննության նպատակը ոչ միայն հնարավորության դեպքում թվով տասը մահացածների համար պատասխանատու անձանց բացահայտելն էր, այլեւ պարզելը, թե ինչպես կարող էին մահացածներ լինել հանրային ցույցի ժամանակ, քննել հնարավոր հրամանատարական պատասխանատվությունը եւ առաջարկել միջոցներ ձեռնարկել՝ ապագա ցույցերի ժամանակ նմանատիպ իրավիճակից խուսափելու համար։ Ավելին, եթե անհատական պատասխանատվություն չի կարող հաստատվել, ապա այդպիսի քննությամբ պետք է պարզաբանվի, թե ինչու է դա այդպես...
...
35. 2011 թվականի հուլիսին՝ մեր այցելության ժամանակ, մենք հանդիպեցինք ՀՔԾ պետին, որին Հայաստանի նախագահը հանձնարարել էր վերագնահատել թվով տասը մահվան դեպքերի քննության բոլոր ապացույցներն ու եզրահանգումները։ Մինչդեռ նա հույս ուներ եւ վստահ էր, որ հետաքննությունը կհանգեցնի արդյունքների, նա վստահեցրել է, որ մինչ օրս որեւէ նոր ապացույց չի հայտնաբերվել, որը կարող է օգնել բացահայտել պատասխանատու անձանց։ Նրա կարծիքով ամբողջ գործի քաղաքականացումն ազդում էր վկաների ցուցմունքների եւ ցուցմունք տալու նրանց պատրաստակամության վրա։ Մենք ընդգծել ենք հրամանատարական պատասխանատվությունը լիարժեք քննելու եւ քննության ընթացքի կամ դրա բացակայության վերաբերյալ բացարձակ թափանցիկություն ապահովելու անհրաժեշտությունը ...
...
37. Այն փաստը, որ ի վերջո, ոստիկանությունն է պատասխանատու թվով տասը մահվան դեպքերի վերաբերյալ իր սեփական որոշումների եւ գործողությունների քննության համար, քննության թույլ կողմերից է եւ հարցեր է առաջ բերում հայ հանրության մոտ նրանց անաչառության եւ հավաստիության վերաբերյալ։
2. Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար
ա) Հանձնակատարի զեկույցը 2008 թվականի մարտի 12-15-ին դեպի Հայաստան իր հատուկ առաքելության վերաբերյալ, CommDH (2008)11REV, 2008 թվականի մարտի 20
162. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«... Գլխավոր դատախազը հայտարարել է, որ զինամթերք տեսակներ ներթափանցել են մարմինների մեջ, ինչը, կարծես, ցույց է տալիս, որ դրանք պետք է արձակված լինեին շատ մոտ տարածությունից ...
Անհրաժեշտ է վերանայել ոստիկանության կողմից կիրառվող՝ անկարգությունների դեմ պայքարի ներկայիս միջոցառումները, քանի որ թույլ են տրվել լուրջ սխալներ ...
Գլխավոր դատախազը հատկապես նշել է միջազգային դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտությունը՝ թվով ութ անձանց մահվան պատճառը պարզելու համար: Ավելին, իշխանությունները խնդրել են տեխնիկական աջակցություն՝ իրադարձությունների առկա տեսագրությունները վերլուծելու եւ պարզելու համար, թե արդյոք դրանք մոնտաժվել են ...»:
բ) 2011 թվականի հունվարի 18-ից 21-ն ընկած ժամանակահատվածում հանձնակատարի այցից հետո իր կողմից պատրաստված զեկույցը, CommDH (2011)12, 2011 թվականի մայիսի 9
163. Զեկույցի համապատասխան քաղվածքներն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«38. Հանձնակատարը հատուկ ուշադրություն է դարձրել 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ թվով տասը մահվան դեպքերի հարցին։ Այս դեպքերի քննության արդյունքների բացակայությունը լուրջ մտահոգության աղբյուր է եղել։ Մինչ օրս հանցագործություն կատարած անձանցից որեւէ մեկը չի բացահայտվել։ Ավելին, պարզվում է, որ ոստիկանության եւ անվտանգության ծառայություններում այդ իրադարձությունների ժամանակ պատասխանատու ավագ պաշտոնատար անձանց հրամանատարական պատասխանատվությունը լրջորեն չի դիտարկվել։
...
40. Հարկ է նշել, որ 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը ցուցարարների գլխավերեւում լուսարձակող փամփուշտներով կրակում էր «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգներից։ Հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ «Մակարով ՊՄ» տեսակի ատրճանակը ՀՀ ոստիկանության ստանդարտ ծառայողական զենքն է, շատ հավանական է թվում, որ հնարավոր է պարզել, թե զոհերի մարմիններում հայտնաբերված որոշ գնդակներ ինչ զենքերից են արձակվել։ Այնուամենայնիվ, քննչական ծառայությունները նշում էին, որ իրենք չեն կարողացել պարզել, թե գնդակներն ինչ զենքերից են արձակվել՝ չնայած այն բանին, որ անցկացվել են ոստիկանության կողմից օգտագործվող բոլոր առկա զենքերի ստուգումներ։ Նաեւ անհնար է եղել գտնել այն զենքը, որից բաց են թողնվել երեք մարդու սպանած արցունքաբեր նռնակներ՝ պայմանավորված նրանով, որ փողը նռնակի պլաստմասսայե պատյանի վրա համապատասխան ձգաբանական հետք չի թողնում (այս փաստը հաստատվել է նաեւ օտարերկրյա փորձագետի կողմից)։
41. Հանձնակատարի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի գլխավոր դատախազ Ա.Հ.-ն ընդունել է, որ մինչեւ այժմ հնարավոր չի եղել լուծում տալ մահվան դեպքերին։
42. Քննությամբ հնարավոր չեղավ պարզել, թե 2008 թվականի մարտին տեղի ունեցած բախումների ժամանակ «Չերյոմուխա‑7» տեսակի գազային նռնակ օգտագործած չորս ոստիկաններից ով է արձակել մահվան ելքով կրակոցները, որոնք երեք անձի կյանք են խլել։ Ավելին, քննությունը չէր կարողացել պարզել միջադեպի տարածքում ներկա գտնվող վկաներին, որոնք կարող էին օգնել տվյալ խնդիրը պարզաբանելու հարցում։ Դատախազության մարմինները պնդում են, որ «Չերյոմուխա-7» տեսակի գազային նռնակներն օգտագործվել են օրենքի շրջանակներում։ Ի հակադրություն՝ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում եկել են այն եզրակացության, որ արցունքաբեր գազի նռնակներն օգտագործվել են անվտանգության կանոնների խախտմամբ՝ հաշվի առնելով ոստիկանության ծառայողների կրած վնասվածքները։
43. Գլխավոր դատախազը հանձնակատարին տեղեկացրել է, որ դիտավորությամբ կատարված սպանության քննությունը կշարունակվի։ Նրա կարծիքով իրավապահ մարմինների եւ անվտանգության աշխատակիցների կողմից ուժի կիրառումը 2008 թվականի մարտին տեղի ունեցած դեպքերի ընթացքում եղել է օրինական եւ անհրաժեշտ՝ հետագա մահվան դեպքերը եւ պետական հաստատությունների վրա հարձակումները կանխելու համար։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Գլխավոր դատախազությունը պատրաստ է քննության համար հաշվի առնել նոր փորձաքննություն, փաստեր եւ քննության այլ տարրեր։
44. Հանձնակատարի որոշ զրուցակիցներ գտնում են, որ քննությունը պրոֆեսիոնալ մակարդակով չի իրականացվել։ Ավելին, ինչպես նշված է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում, լրագրողների եւ քաղաքացիների կողմից նկարահանված կարեւոր տեսագրությունների նյութերը ոստիկանության կողմից ջնջվել են։
...
48. Հայաստանում ոստիկանության կողմից իրականացվող բռնությունների եւ չարաշահումների հարցն արդիական խնդիր է։ 2008 թվականի մարտին տեղի ունեցած դեպքերի ժամանակ մահվան տասը դեպքերը, որոնց մի մասն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել պետական մարմինների կողմից ուժի չափից ավելի գործադրման հետեւանքով, ուշադրությունը հրավիրել են ընթացիկ խնդիրների վրա։
...
50. Հանձնակատարը գտնում է, որ 2008 թվականի մարտի 1-2-ին ուժի գործադրումը չափազանցված է եղել եւ հանգեցրել է մարդու իրավունքների լուրջ խախտումների։
...
57. 2008 թվականի հունիսին Ազգային ժողովը ստեղծել է խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների եւ «դրանց պատճառների» քննություն իրականացնելու համար։ Ժամանակավոր հանձնաժողովի կազմում գերակշռում էին իշխող կոալիցիայի ներկայացուցիչները, քանի որ ընդդիմությունը չէր արձագանքել հանձնաժողովի մասնակցության հրավերին։ Ընդդիմության ներկայացուցիչների չմասնակցելը շատերի կողմից ընկալվել է որպես ժամանակավոր հանձնաժողովի անաչառության եւ հեղինակության վրա ազդող գործոն։
58. 2008 թվականի հուլիսին իր այցի ընթացքում հանձնակատարն առաջարկել է ստեղծել անկախ փորձագետների առանձին, փոքր խումբ, որոնց կհանձնարարվեր կազմել 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունների փաստագրությունը, որի վրա քննող հանձնաժողովը կարող էր հիմնել իր եզրակացություններն ու առաջարկությունները կազմելիս։ Փաստահավաք խումբը ստեղծվել է նախագահի հրամանագրով՝ 2008 թվականի հոկտեմբերի 23-ին՝ բոլոր կողմերի համաձայնությամբ եւ իշխող կոալիցիայի եւ ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուների միջեւ հավասարության սկզբունքի հիման վրա։ Այնուամենայնիվ, փաստահավաք խմբի անդամների միջեւ առաջացել են քաղաքական եւ ներքին լարվածություններ, որոնք, ի վերջո, խոչընդոտել են դրա կողմից նախատեսված նպատակներին հասնելը։ Թեեւ խումբն իշխանությունների կողմից լուծարվել է 2009 թվականի մայիսին, այն, այնուամենայնիվ, կարողացել է որոշ նյութեր եւ հաշվետվություններ ներկայացնել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից օգտագործման համար։
59. 2009 թվականի սեպտեմբերի 16-ին եւ 17-ին խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս.Ն.-ն ներկայացրել է հանձնաժողովի վերջնական զեկույցը։ Ընդունելով իշխանությունների պատասխանատվությունը 2008 թվականի մարտին տեղի ունեցած իրադարձությունների «հիմնական պատճառների» որոշ հայեցակետերում՝ զեկույցում արտահայտվել է այն դիրքորոշումը, որ ընդդիմությանը, մասնավորապես՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող ուժերի կողմից այս գործոնների եւ դրանց հետեւանքով առաջացած հանրային դժգոհության շահագործումն անմիջապես հրահրել է զանգվածային անկարգությունները։ Քննչական հանձնաժողովի զեկույցից ստացվող տպավորությունն այն է, որ ընդդիմությունն ու ցուցարարներն են կրում իրադարձությունների ողբերգական հաջորդականության պատասխանատվության հիմնական մասը։ Ընդդիմության դերի այս բավականին կատեգորիկ դատապարտումը եւ իշխանությունների քննադատության համեմատական բացակայությունը շատերի կողմից դիտվել են որպես զեկույցի հավաստիության վրա ազդող գործոններ։
60. Զեկույցում նաեւ առկա էր այն եզրահանգումը, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ օրինական եւ համաչափ էին՝ միեւնույն ժամանակ ընդունելով, որ ոստիկանությունը պատրաստված չէր, եւ որ եղել են չարաշահումների, ոստիկանության կողմից ուժի եւ բռնության անհամաչափ գործադրման դեպքեր, որոնք պետք է պատշաճ կերպով քննվեին։ Ավելի ընդհանրացնելով՝ ժամանակավոր հանձնաժողովի՝ ոստիկանության գործողությունների վերաբերյալ զեկույցում շեշտը դրվել է պրոֆեսիոնալիզմի բացակայության, այլ ոչ թե վատ վերաբերմունքի եւ մարդու իրավունքների այլ խախտումների վերաբերյալ կոնկրետ մեղադրանքների մանրակրկիտ վերանայման վրա։
61. Զեկույցում մանրամասնորեն քննարկվել են մահվան տասը դեպքերի հանգամանքները, այդ թվում՝ փաստահավաք խմբի անդամների կողմից բարձրացված հարցերի հիման վրա։ Այնուամենայնիվ, ժամանակավոր հանձնաժողովը չի կարողացել ներկայացնել նոր տարրեր, որոնք կպարզաբանեին մահվան հանգամանքները եւ կնպաստեին պատասխանատու անձանց բացահայտմանը։ Զեկույցով հույս էին հայտնում, որ ընթացիկ քննությունը կնպաստի գործերի կարգավորմանը։ Զեկույցում ոստիկանությանը քննադատում էին քննության ընթացքում եւ հատուկ միջոցներ գործադրելիս թույլ տրված սխալների համար` միաժամանակ ընդհանուր առմամբ դրական գնահատական տալով գլխավոր դատախազության գործողություններին։
...
66. Հանձնակատարը հանդիպել է Ս.Ն.-ին, որն անդրադարձել է ժամանակավոր հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր փորձին եւ տվյալ իրադարձությունից քաղված դասերին։ Ս.Ն.-ն նշել է, որ քննչական հանձնաժողովի աշխատանքի երկու ամենակարեւոր խոչընդոտներն էին ընդդիմությանը ներգրավելու անկարողությունը եւ տասը մահվան դեպքերի չլուծված հարցը։
67. Ս.Ն.-ն նաեւ դժգոհություն հայտնեց հանձնաժողովի կողմից կատարված քննությունների նկատմամբ ոստիկանության ոչ համագործակցային վերաբերմունքի կապակցությամբ, որը լիովին չէր արտացոլվել ժամանակավոր հանձնաժողովի գրավոր զեկույցում։ Նա հիշեցրել է, որ ոստիկանությունը բռնագրավել եւ ջնջել էր լրագրողներից եւ քաղաքացիներից վերցված մի քանի տեսանյութեր, որոնք կարող էին կարեւոր լինել դեպքերի հանգամանքները պարզաբանելու համար։
Բ. Միավորված ազգերի կազմակերպությունը
164. Միավորված ազգերի կազմակերպության՝ իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի գործադրման վերաբերյալ հիմնարար սկզբունքները («ՄԱԿ-ի ուժի եւ հրազենի սկզբունքներ») ընդունվել են 1990 թվականի սեպտեմբերի 7-ին Հանցագործությունների կանխարգելմանը եւ հանցագործություն կատարած անձանց հետ վարվելակերպին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության ութերորդ կոնգրեսի կողմից։
2-րդ սկզբունքում նշվում է, որ կառավարությունները եւ իրավապահ մարմինները պարտավորվում են մշակել միջոցներ հնարավորինս լայն շրջանակի համար եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին զինել տարբեր տեսակի զենքերով եւ զինամթերքով, որոնք ուժի եւ հրազենի տարբերակված գործադրման հնարավորություն կտան։ Դրանք պետք է ներառեն ոչ մահաբեր, սակայն հաշմանդամություն առաջացնող զենքերի մշակում՝ համապատասխան իրավիճակներում օգտագործելու համար՝ մահ կամ վնասվածք առաջացնելու հնարավորություն ունեցող միջոցների օգտագործումն ավելի զսպելու նպատակով։ Նույն նպատակով իրավապահ մարմինների աշխատակիցներին պետք է նաեւ հնարավորություն տրվի զինված լինել ինքնապաշտպանության համար նախատեսված միջոցներով, ինչպիսիք են վահանները, սաղավարտները, զրահաբաճկոնները եւ գնդականթափանց տրանսպորտային միջոցները, որպեսզի նվազեցվի ցանկացած տեսակի զենքի օգտագործման անհրաժեշտությունը։
9-րդ սկզբունքով սահմանվում է, որ «իրավապահ մարմինները չպետք է հրազեն օգտագործեն անձանց դեմ՝ բացառությամբ ինքնապաշտպանության կամ մահվան կամ լուրջ վնասվածքի անմիջական սպառնալիքից մյուսներին պաշտպանելու դեպքերի... եւ միայն այն դեպքում, երբ ավելի պակաս ծայրահեղ միջոցները բավարար չեն այդ նպատակներին հասնելու համար։ Ամեն դեպքում հրազենի դիտավորյալ գործադրումը, որն առաջացնում է մահ, կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ կյանքը պաշտպանելու համար դա խիստ անխուսափելի է։
14-րդ սկզբունքով սահմանվում է, որ «բռնությամբ ուղեկցվող հավաքները ցրելիս իրավապահ մարմինները կարող են հրազեն օգտագործել միայն այն դեպքում, երբ պակաս վտանգավոր միջոցները գործնականում կիրառելի չեն, եւ միայն անհրաժեշտ նվազագույն չափով»։ Իրավապահ մարմիններն այդպիսի դեպքերում չպետք է օգտագործեն հրազեն՝ բացառությամբ 9-րդ սկզբունքով սահմանված պայմանների։
Գ. «HUMAN RIGHTS WATCH»
165. «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությունը հրապարակել է «Ժողովրդավարությունը քարքարոտ ճանապարհին, Հայաստանի 2008 թվականի վիճարկվող նախագահական ընտրությունները, հետընտրական բռնությունները եւ միակողմանի պատասխանատվության կանչելու քաղաքականությունը, 2009 թվականի փետրվար», վերնագրով զեկույցը։ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության իրականացրած միջոցառման նկարագրությունը տե՛ս Մուշեղ Սաղաթելյանի գործում (վերեւում հիշատակված՝ 134-րդ պարբերությունը): Նույն օրը՝ ավելի ուշ, Մյասնիկյանի արձանի եւ Ֆրանսիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած իրադարձությունների նկարագրությունը տե՛ս Մյասնիկ Մալխասյանի գործում (վերեւում հիշատակված՝ 57-րդ պարբերությունը): 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպության զեկույցի համապատասխան քաղվածքներում ներկայացվում է հետեւյալը․
«Ոստիկանական ուժերի կուտակումը. [մարտի 1-ի] երեկոն»
Օրվա վերջին լրագրողներն ու ցուցարարները ոստիկանության եւ անվտանգության այլ ծառայողների վերախմբավորում են նկատել քաղաքի կենտրոնի որոշ հատվածներում, որտեղ հավաքված էին ցուցարարները, մասնավորապես՝ Հանրապետության հրապարակի եւ Մաշտոցի պողոտայի մոտակայքում, ինչպես նաեւ Լեոյի [փողոցում] եւ Պարոնյան [փողոցում] ...
Բռնությամբ ուղեկցվող բախումները եւ ոստիկանության կողմից ուժի կիրառումը
Մյասնիկյանի արձանի մոտ հանրահավաքը շարունակվել է մինչեւ [մարտի 2]-ի ժամը 03։00-ն։ Ամբոխը ցրելու ոստիկանության ագրեսիվ գործողությունները սկսվել են [մարտի 1-ին] երեկոյան ժամը 21:30-ին եւ հանդիպել են ցուցարարների դիմադրությանը, որն ուղեկցվել է քարեր եւ նույնիսկ բենզինի շշեր նետելով: Դրանից հետո ոստիկանությունը նահանջել է եւ հանգիստ թողել մեծ ամբոխին: Ցուցարարների մի ավելի փոքր խումբ, սակայն, կատաղի առճակատում է ունեցել ոստիկանության եւ անվտանգության ուժերի հետ։ Հենց այս համատեսքտում են տեղի ունեցել մահվան դեպքերից շատերը։
Լուսարձակող փամփուշտներն ու ոստիկանության հարձակումը
Բազմաթիվ վկաներ հայտնել են «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը, որ ժամը 21։00-ից կարճ ժամանակ անց, առանց նախազգուշացման, ոստիկանությունը սկսել է լուսարձակող փամփուշտներ կրակել օդ՝ մասնավորապես նպատակ ունենալով վախեցնել ցուցարարներին եւ ստիպել ցրվել։ Լուսարձակող փամփուշտներով առաջին կրակի տեւողությունը եղել է 10-15 րոպե։ Կես ժամ անց ոստիկանությունը՝ փողոցային անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված հանդերձանքով, սկսել է մոտենալ Լեոյի փողոցից եւ Պարոնյան փողոցից։ Նրանք, դասավորված չորսից հինգ շարքով, շարժվել են ցուցարարների ուղղությամբ՝ միաժամանակ երկրորդ անգամ կրակ բացելով լուսարձակող փամփուշտներով։
Մի վկա, որը Շահումյանի հրապարակում էր եղել՝ հենց Մյասնիկյանի արձանի հետնամասում, հայտնել է «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը. «Ես տեսնում էի լուսարձակող փամփուշտներով լի, կարմիր լույսերից փայլատակող երկինքը։ Ակտիվ կրակը շարունակվեց 10 րոպե եւ ես տեսա, թե ինչպես է ոստիկանությունն առաջանում մի քանի շարքերով՝ մահակներով հարվածելով վահաններին եւ բարձր աղմուկ բարձրացնելով»:
...
Ըստ վկա [Գ.Գ.]-ի խոսքերի՝ «մենք սկսեցինք հակահարված տալ այն ժամանակ, երբ ոստիկանությունն արցունքաբեր գազ բաց թողեց։ Թաքնվելով մեքենաների եւ ավտոբուսների հետեւում՝ մենք ի պատասխան քարեր էինք նետում։ Ոմանք նաեւ բենզինով պատրաստված «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում»:
Մի այլ ցուցարար, որը Ռուսաստանի դեսպանատան մոտ կանգնած ամբոխի շարքերում էր, «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը հայտնել է հետեւյալը.
«Ներքին ուժերը եկան եւ առանց նախազգուշացման հարձակվեցին ցուցարարների վրա։ Ես կանգնած էի ցուցարարների կենտրոնում։ ... Երբ ոստիկանությունը մոտեցավ, ցուցարարները սկզբում նահանջեցին դեպի տրոլեյբուսները, որոնք օգտագործվում էին ցույցի հիմնական տարածքը բարիկադավորելու համար։ Սակայն մենք հասկացանք, որ այլեւս չենք կարող նահանջել, քանի որ հետեւում մեր մայրերը, քույրերն ու եղբայրներն էին կանգնած... Ես չեմ տեսել, թե ով է նետել առաջին քարը, բայց երկու կողմից էլ քարեր էին նետում։ Մենք մայթերից քարեր էինք հավաքում, կոտրատում եւ օգտագործում ոստիկանության վրա նետելու համար»։
Մի լրագրող, որը հետեւում էր իրադարձություններին, «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը ներկայացրել է իր տեսածը. «Ես այնպիսի զգացողություն ունեի, որ [անվտանգության ուժերը] սպանելու են մեզ բոլորիս։ Ես սարսափած էի եւ հետ վազեցի Պռոշյան փողոցով։ Մարդիկ քարեր եւ «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Նրանք ցանկանում էին կանգնեցնել մոտեցող ոստիկաններին»։
Չնայած «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությունը չի կարողացել պարզել, թե կոնկրետ ինչ հանգամանքներում են տեղի ունեցել առաջին պատահարները, սակայն ցուցարարների դիմադրությունն ուժեղացել է, երբ ցուցարարներից առնվազն մեկը կրակոց է ստացել։
...
[Գ.Գ.]-ն ներկայացրել է «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը, թե ինչպես է 10-15 երիտասարդների մի խումբ կռվել ոստիկանության դեմ՝ վանկարկելով՝ «Պայքար, պայքար, պայքար մինչեւ վերջ»։
Այս մակարդակի դիմադրության հանդիպելով՝ ոստիկանությունը նահանջել է, սակայն ամբոխի մի փոքր խումբ՝ մոտավորապես 100 մարդ, ըստ մի վկայի, հետապնդել է նրանց՝ շարունակելով հարձակումը։ [Գ.Գ.]-ի խոսքերով ոստիկանությունը փորձել է փակել ճանապարհը փշալարերով, «սակայն [արգելքը] չի կանգնեցրել մարդկանց։ Այն պարզապես մի կողմ է նետվել»։ Փշալարը տանող բեռնատարը հրկիզվել է։ [Մեկ այլ վկա, ինչպես նաեւ Գ.Գ.-ն] հայտնել են «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը, որ տեսել են հինգ վառվող ոստիկանական ավտոմեքենա եւ մեկ քաղաքացիական ավտոմեքենա՝ գլխիվայր շուռ եկած, առաջին բախումների արդյունքում։
...
Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումը Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժնի մոտակայքում
Ոստիկանությունը վերախմբավորվել է ցույցի վայրից հյուսիս՝ [Պարոնյան փողոցի եւ Լեոյի փողոցի] խաչմերուկում՝ դեպի Կենտրոն վարչական շրջանի (Կենտրոն վարչական շրջան) ոստիկանության բաժին տանող կամարից մի քանի մետր հեռավորության վրա։ Ըստ [վկա Ս.Ս.-ի]՝ բարձրաստիճան ոստիկանները (ինչի մասին վկայում էին վերջիններիս համազգեստն ու ուսադիրները) գտնվում էին կամարի մոտ այն պահից, երբ ոստիկանությունը սկսեց հարձակվել ամբոխի վրա, ինչը ենթադրում է, որ գործողությունները ղեկավարվում կամ առնվազն պաշտոնապես վերահսկվում էին այնտեղից:
...
Ոստիկանական շղթայից մոտ 15-20 մետր հեռավորության վրա կանգնած էին մի քանի տասնյակ ցուցարարներ՝ հիմնականում երիտասարդներ, որոնք վանկարկում էին՝ «Լեւոն, Լեւոն» եւ քարեր էին նետում ոստիկանների ուղղությամբ։ Ցուցարարները զինված չէին, սակայն քարեր էին հավաքում մայթերից եւ կոտրում դրանք՝ բաժանում մասերի։ Ոմանք ունեին մետաղյա եւ փայտյա ձողեր։ Երկու վկաներն էլ «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը հայտնել են, որ առանց որեւէ նախազգուշացման ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել.. [եւ] որ լուսարձակող փամփուշտներն արձակվել են ոստիկանության հատուկ նշանակության եւ արագ արձագանքման զորքերի երեք-չորս շարքերի հետեւում կանգնած ռազմական ուժերի կողմից:
Որոշ ցուցարարներ փորձել են օգտագործել առանց վարորդ ավտոմեքենան՝ ոստիկանական շարքը ճեղքելու նպատակով։ [Ս.Ս.]-ն «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը հայտնել է հետեւյալը.
«Ես տեսա ոստիկանական շարքի ուղղությամբ ընթացող «Ուրալ» տեսակի ավտոմեքենա, որի ներսում վարորդ չկար։ Ավտոմեքենան կանգ է առել կենտրոնում։ Անվտանգության ուժերն անմիջապես ինքնաձիգներով ինտենսիվ կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ։ Ես տեսա, որ մի երիտասարդ փորձում էր նստել ավտոմեքենան, սակայն ոստիկանությունն արցունքաբեր գազ կիրառեց եւ ես ստիպված էի վազել դեպի բակ՝ թարմ օդ շնչելու։ ... Երբ ես վերադարձա, կրակոցները դադարել էին, եւ ես տեսա մահացած մարդու մի մարմին ավտոմեքենայի կողքին։ Մեկ այլ երիտասարդ՝ ըստ երեւույթին նրա ընկերը, օգնություն էր կանչում»:
[Ս.Ս.]-ն վազել է օգնության։ Գետնին պառկած տղամարդը մոտ 40 տարեկան էր, մասամբ ճաղատ եւ սեւ վերարկուով. նրա գլուխն ու վիզը պատված էին արյամբ։ [Ս.Ս.]-ն օգնել է մարմինը տեղափոխել մայթեզր, որտեղ ինչ-որ մեկը ստուգել է զարկերակն ու ասել, որ տղամարդն արդեն մահացած է։
[Ա.Ա.]-ն տեսել է, թե ինչպես է մոտավորապես 15 երիտասարդ ցուցարարներով մի միկրոավտոբուս շարժվում ոստիկանության շարքերի ուղղությամբ։ Ոստիկանությունը կրակ է բացել վերջինիս ուղղությամբ՝ կանգնեցնելով այն, եւ միկրոավտոբուսի մեջ գտնվողները դիմել են փախուստի (վկան չի հայտնել՝ արդյոք տեսել է, թե նրանցից որեւէ մեկը որեւէ վնասվածք ստացել է, թե՝ ոչ)։
[Ս.Ս.]-ն «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը նաեւ հայտնել է, թե ինչպես է ժամը 22:00-ի սահմաններում կամարի տակից դուրս եկել ոստիկանության ծառայողը, իր «Մակարով» տեսակի ատրճանակն ուղղել ցուցարարների ուղղությամբ, որոնք իրենից մի քանի մետր հեռավորության վրա քարեր էին նետում, եւ վեց կրակոց արձակել, ըստ երեւույթին՝ պատահականության սկզբունքով: [Ս.Ս.]-ն չի տեսել՝ արդյոք որեւէ մեկը վնասվել է, թե՝ ոչ։
Ոստիկանության շարքերի ուղղությամբ քայլելիս [Ա.Ա.]-ն տեսել է կրակոցից սպանված մեկ տղամարդու եւ մեկ ուրիշին՝ ոտքից վիրավորված.
«Ես տեսա երկու երիտասարդների, որոնք միասին գալիս էին Մաշտոցի պողոտայից, եւ երբ նրանք մոտեցան խաչմերուկին, ես լսեցի կրակոց, եւ նրանցից մեկն ընկավ գետնին: Մյուսը սկսեց գոչել, որ վերջինս սպանված է։ Ապա կամարի տակ կանգնած մի ոստիկան եկավ եւ ոտքով հարվածեց ընկած մարմնին, սակայն մյուսները ասացին նրան չանել դա, քանի որ վերջինս արդեն մահացած էր։ Չորս-հինգ րոպե անց կրակել են նաեւ մի այլ տղայի ոտքին, եւ նա վայր է ընկել։ Մյուսները նրան բարձրացրել եւ նստեցրել են [ավտոմեքենան] եւ տարել են նրան»։
[Ս.Ս.]-ն «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը հայտնել է, թե ինչպես են չորս ոստիկաններ վիրավոր ցուցարարին քարշ տվել կամարի տակ եւ մահակներով ծեծի ենթարկել նրան, մինչեւ վերջինս կորցրել է գիտակցությունը: [Ա.Ա.]-ն նույնպես տեսել է, թե ինչպես են ոստիկանության մոտ վեց ծառայողներ հարձակվել երեք երիտասարդների վրա, որոնք հիմնական ցույցի կողմից մոտեցել էին շարքերին.
«Ոստիկանը մահակով հարվածում էր մի տղայի ոտքերին։ Նա ցավից կռացել էր, իսկ հետո ոստիկանները ստիպել են նրան պառկել գետնին ու սկսել ոտքերով հարվածել ու մահակներով ծեծի ենթարկել նրան։ Այնուհետեւ նրան բարձրացրել եւ նստեցրել են ոստիկանական մեքենան եւ տարել»։
Բախումներն ավարտվել են կեսգիշերին։ Ինչպես վկաներից մեկն է ասել «HUMAN RIGHTS WATCH»-ին՝ «Խաչմերուկն ու մոտակա փողոցները նման էին մարտի դաշտի։ Մյուս կողմում Մյասնիկյանի արձանի դիմաց իրականացվող հիմնական ցույցը՝ մոտավորապես չորս կամ հինգ հազար ցուցարարներով, ընթանում էր՝ շարունակելով մնալ խաղաղ։ Պարզվում է, նրանց մեծ մասը գաղափար չուներ մի շարք բախումների մասին, որոնք տեղի էին ունեցել մեկ թաղամաս դեպի հյուսիս՝ խաչմերուկում: Երբ իրադարձությունների ականատեսը մոտեցել է առաջնորդներին եւ հարցրել՝ արդյոք նրանք գիտեն, թե ինչ է կատարվում բարիկադների մյուս կողմում, ընդդիմության առաջնորդները նրան պատասխանել են, որ ոստիկանությունը կրակում է, բայց միայն նրանց վախեցնելու համար: Հիմնական ցույցի մասնակիցները ցրվել են ժամը 02-03-ի սահմաններում, այն բանից հետո, երբ [Լեւոն Տեր Պետրոսյանը] հեռախոսով դիմել է նրանց՝ խնդրելով վերջիններիս այդպես վարվել՝ ավելի մեծ թվով զոհերից խուսափելու համար։
...
Խանութների թալանն ու հանցագործության հետեւանքով հասցված այլ վնասներ
Որոշ ցուցարարներ ներխուժել էին Մաշտոցի պողոտայում գտնվող խանութներն ու թալանել դրանք։ Ցուցարարներից շատերը, որոնց հետ խոսել էին «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպության ներկայացուցիչները, ենթադրում էին, որ նշված խանութներ ներխուժել են այսպես կոչված սադրիչները՝ փորձելով զրպարտել խաղաղ ցուցարարներին։ Սակայն ցույցերի մասնակից առնվազն երկու վկա «HUMAN RIGHTS WATCH» կազմակերպությանը հայտնել է, որ ներխուժումը տեղի է ունեցել այն ժամանակ նորընտիր նախագահ Սարգսյանի հայտնի կողմնակիցներին պատկանող երեք խանութներում. վկաներն այդ կերպ փորձել են արդարացնել ամբոխի [պահվածքը] նրանով, որ վերջիններս թիրախավորել են միայն որոշ օլիգարխների։ ...
Դատախազությունը հայտնել է, որ ընդհանուր առմամբ թալանվել է 7 խանութ եւ հրկիզվել 63 ավտոմեքենա:
...
Անհամաչափ ուժի կիրառման դեպքերի քննությունը
...
Ինչ վերաբերում է ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման բազմաթիվ դրվագներին, ապա այն փաստը, որ ցուցարարների նկատմամբ բռնությունը տարածված երեւույթ է եղել, եւ կիրառված մեթոդները վկայում են այն մասին, որ ուժի կիրառումը խրախուսվել կամ առնվազն հանդուրժելի է համարվել միջոցառումների հրամանատարության համար պատասխանատու ոստիկանության ավագ ծառայողների կողմից: Նշված անձինք հարձակումներին եւ այլ հանցագործությունների ներգրավված ոստիկանության առանձին ծառայողների հետ մեկտեղ պետք է քննվեն եւ ենթարկվեն պատասխանատվության: ...
[Մարտի 1-ի] դեպքերի պաշտոնական քննության ընթացքում մինչ օրս չի հաջողվել պարզել 10 մահվան դեպքերի համար պատասխանատուներին, եւ արդյոք դրանցից որեւէ մեկը պայմանավորված է եղել անհամաչափ ուժի կիրառմամբ: Նույնիսկ երեք մահերի դեպքում, որոնց պատճառը եղել է արցունքաբեր գազի նռնակների ուղղակի հարվածը՝ զենք, որն օգտագործվել է բացառապես ոստիկանության կողմից, քննությամբ չի հաջողվել պարզել ճշգրիտ հանգամանքները, որոնցում տեղի են ունեցել այդ մահվան դեպքերը, թեեւ միայն չորս ոստիկաններ են ունեցել արցունքաբեր գազի նռնականետներ»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
166. Հաշվի առնելով գանգատների ընդհանուր փաստական եւ իրավական հիմքերը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ` մեկ վճռով (Դատարանի կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետ):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
167. Դիմումատուները, հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, բողոքել են, որ իրենց հարազատները սպանվել են ուժի գործադրման արդյունքում, որը «բացարձակապես անհրաժեշտ» չի եղել։ Նրանք նաեւ բողոքել են, հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ եւ 13-րդ հոդվածների վրա, որ իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել իրենց հարազատների մահվան հանգամանքների առնչությամբ: Դատարանը վերահաստատում է, որ ունենալով գործով փաստերին իրավական բնութագիր տալու իրավասություն, վերջինիս համար պարտադիր չէ Կողմերի կողմից տրված բնութագիրը (տե՛ս ի թիվս այլ վճիռների՝ Մինասյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Minasyan and Others v. Armenia] թիվ 59180/15 գործը, § 35, 2025 թվականի հունվարի 7): Սույն գործում, հաշվի առնելով գործի առանձնահատուկ հանգամանքները եւ նմանատիպ գործերով Դատարանի կողմից կիրառվող մոտեցումը (տե՛ս mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Շումկովան ընդդեմ Ռուսաստանի [Shumkova v. Russia] թիվ 9296/06 գործը, § 123, 2012 թվականի փետրվարի 14), այն գտնում է, որ դիմումատուների բողոքը, որը վերաբերում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետին, ընդգրկում է նաեւ 13-րդ հոդվածի վրա հիմնված բողոքը: Հետեւաբար դիմումատուի բողոքները պետք է քննվեն բացառապես Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա, որով սահմանվում է հետեւյալը․
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»։
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
168. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով։ Վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ, 278-րդ եւ 290-րդ հոդվածները (տե՛ս վերեւում՝ 146-րդ, 147-րդ եւ 148-րդ պարբերությունները), նրանք պնդում էին, որ դիմումատուներն իրավունք ունեին բողոքներ ներկայացնելու դատարան՝ քննչական մարմինների հատուկ որոշումների կամ գործողությունների վերաբերյալ, սակայն փոխարենը նրանք բողոքներ են ներկայացրել Գլխավոր դատախազին 2010 թվականի փետրվարի 3-ին՝ անորոշ եւ վերացական ձեւով պնդելով, որ իրականացվող քննությունն անարդյունավետ եւ անօրինական էր (տե՛ս վերեւում՝ 87-րդ պարբերությունը): Այդպիսի բողոքները, սակայն, դուրս են քննության նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներից, քանի որ ներպետական իրավունքով չի նախատեսվում քրեական գործով քննության ամբողջական օրինականության գնահատումը դատարանների կողմից։ Բացի այդ, ծանոթանալով մի շարք դատական փորձաքննությունների արդյունքներին՝ դիմումատուները որեւէ առարկություն չեն հայտնել եւ որեւէ միջնորդություն չեն ներկայացրել լրացուցիչ փորձաքննություններ կամ քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ: Այդպիսի միջնորդություններ ներկայացնելը կհանգեցներ քննիչի որոշակի գործողությունների կամ հնարավոր անգործության, որոնք այնուհետեւ դիմումատուները կարող էին վիճարկել դատարաններում՝ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն: Վկայակոչելով Սահակյանը եւ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի (որոշում) [ Sahakyan and Mkrtchyan v. Armenia] թիվ 57687/09, 63452/09 եւ 63455/09 գործերը, § 92, 2013 թվականի հոկտեմբերի 1, կառավարությունը պնդել է, որ հատուկ դրույթը Դատարանի կողմից ճանաչվել է որպես պաշտպանության արդյունավետ միջոց։
169. Այնուհետեւ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն պահպանել նաեւ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված վեցամսյա ժամկետի կանոնը։ Մասնավորապես վերջիններս իրենց գանգատները ներկայացրել են Դատարան այն ժամանակ, երբ քննությունը դեռ ընթացքի մեջ էր, եւ վերջնական որոշում դեռեւս չէր կայացվել։ Դիմումատուները սխալվում էին՝ պնդելով, որ Վճռաբեկ դատարանի 2010 թվականի սեպտեմբերի 14-ի որոշումը (տե՛ս վերեւում՝ 94-րդ պարբերությունը) Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «վերջնական որոշում» էր, ուստի նրանց գանգատները վաղաժամ էին: Վկայակոչելով Էմինը եւ այլք ընդդեմ Կիպրոսի [Emin and Others v. Cyprus ](որոշում), թիվ 59623/08, § 36, 2012 թվականի ապրիլի 3, եւ Հարիսոնը եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշում) [Harrison and Others v. the United Kingdom], 44301/13, 2014 թվականի մարտի 25, գործերը, կառավարությունը պնդում էր, որ գանգատների ներկայացման պահին, մասնավորապես՝ 2011թվականի փետրվարի 28-ին, չէր կարելի համարել, որ դիմումատուներն այլեւս որեւէ հույս չունեին քննության դրական արդյունքի վերաբերյալ, կամ վերջիններիս համար չկար իրավական պաշտպանության որեւէ արդյունավետ ներպետական միջոց։ Քննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ նրանց գանգատները ներկայացնելուց հետո: Ավելին, 2014 թվականին՝ գանգատները ներկայացնելուց երեք տարի անց, դիմումատուները հանդիպում են ունեցել Գլխավոր դատախազի հետ՝ հետագա քննչական գործողությունները քննարկելու համար (տե՛ս վերեւում՝ 105-րդ պարբերությունը): Ավելի ուշ վարույթին նոր ուղղություն է տրվել, եւ դիմումատուների գործերն առանձնացվել են առանձին քրեական գործերով՝ քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով (տե՛ս վերեւում՝ 106-րդ պարբերությունը): Վերջինս կարելի է դիտարկել որպես նոր գործոն, որով վերականգնվել է իշխանությունների պատշաճ քննություն իրականացնելու դրական պարտականությունը։ Դրանից հետեւում է, որ քանի որ շարունակվող քննությունը չէր կարող համարվել «շարունակվող իրավիճակ», գանգատները ներկայացվել էին վաղաժամ։
բ) Դիմումատուները
170. Դիմումատուները նշել են, որ սպառել են իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները։ Մասնավորապես նրանք բողոքներ են ներկայացրել Դատախազություն, ապա դատարաններ՝ հիմնվելով Քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ, 278-րդ եւ 290-րդ հոդվածների վրա, որոնց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ին կայացրել է իր վերջնական որոշումը (տե՛ս վերեւում՝ 87-94-րդ պարբերությունները)։ Տվյալ բողոքները ներկայացվել էին մասնավորապես քննչական մարմնի անգործության, գործողությունների եւ որոշումների դեմ, եւ ներպետական դատարանների կողմից դրանք մերժվել էին ոչ թե անորոշության հիմքով, ինչպես պնդում է Կառավարությունը, այլ դատարանների կողմից վերջիններս քննելու իրավասության բացակայության հիմքով։ Նրանց՝ բողոքը քննելուց հրաժարվելը ցույց է տալիս, որ վերջիններս որեւէ արդյունավետ միջոց չեն ունեցել քննության անարդյունավետության դեմ, եւ Կառավարությունը համաձայնել է՝ ընդունելով, որ ներպետական իրավունքով չի նախատեսվում քննության ընդհանուր արդյունավետության գնահատման հնարավորություն ներպետական դատարանների կողմից (տե՛ս վերեւում՝ 168-րդ պարբերությունը): Բացի այդ, Կառավարության անդրադարձը Սահակյանի եւ Մկրտչյանի գործին տեղին չէր, քանի որ տվյալ գործով դիմումատուները երբեք դատարաններ չէին դիմել: Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ վերջիններս չեն ներկայացրել որեւէ հատուկ միջնորդություն քննչական մարմին, ապա դիմումատուները չեն կարողացել որեւէ արդյունավետ միջնորդություն ներկայացնել, քանի որ քննության ամբողջ ընթացքում նրանց թույլ չեն տվել հասանելիություն ունենալ գործով նյութերին, հետեւաբար չեն տիրապետել գործի ընթացքի վերաբերյալ հիմնական տեղեկություններին։
171. Ինչ վերաբերում է Կառավարության առարկությանը՝ իրենց ենթադրյալ վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 169-րդ պարբերությունը), դիմումատուները վկայակոչել են Թյուրքօղլուն ընդդեմ Թուրքիայի [Türkoğlu v. Turkey] թիվ 34506/97 գործը, 2005 թվականի մարտի 17, որում Դատարանը որոշել է, որ գանգատն ընդունելի է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, չնայած այն հանգամանքին, որ քննությունը դեռեւս ավարտված չի եղել։ Դիմումատուները նշել են, որ ամբողջովին կորցրել են արդյունավետ քննության իրականացման բոլոր իրատեսական հույսերը եւ այլեւս չեն ունեցել սպառելու այլ պաշտպանության միջոցներ երեք ատյանների մակարդակով բողոքելուց հետո, երբ Վճռաբեկ դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ին կայացրել է իր վերջնական որոշումը (տե՛ս 94-րդ պարբերությունը)։ Կառավարության անդրադարձը Էմինը եւ այլք գործին տեղին չէր, քանի որ տվյալ գործով վերջիններիս հարազատների մահվանն առնչվող քննությունը կեղծ է եղել, անբարեխիղճ եւ չի տվել որեւէ շոշափելի արդյունք գրեթե ինը տարի անց։ Քրեական գործերն առանձնացնելու որոշումը նույնպես չէր կարող նույնը լինել, ինչ նոր փաստերի ի հայտ գալը եւ քննության վերականգնումը, ինչպես Հարիսոնը եւ այլք գործով։ Ավելին, արդյունավետ քննություն իրականացնելու դրական պարտավորությունը պահպանվել է ամբողջ քննության ընթացքում եւ չէր կարող վերականգնվել այդպիսի ընթացակարգային որոշմամբ, հետեւաբար Կառավարության կողմից այդ առնչությամբ ներկայացված փաստարկները հակասական են։ Վերջիվերջո, դիմումատուները պնդել են, որ բոլոր դեպքերում վերջիններս պահպանել են վեցամսյա ժամկետի կանոնը, քանի որ նրանց իրավունքների խախտումը շարունակական է եղել, եւ եթե նույնիսկ այդպես չի եղել, նրանք ներկայացրել են իրենց գանգատները 2010 թվականի սեպտեմբերի 14-ի վերջնական որոշման օրինակներն ստանալու օրվանից վեցամսյա ժամկետում։
2. Դատարանի գնահատականը
172. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնին վերաբերող ընդհանուր սկզբունքներն առկա են Վուչկովիչը եւ այլք ընդդեմ Սերբիայի [Vučković and Others v. Serbia [GC]] (նախնական առարկություն) ([ՄՊ], թիվ 17153/11 եւ 29 այլ վճիռներ, § 69‑77, 2014 թվականի մարտի 25) եւ «Communauté genevoise d’action syndicale» (CGAS) ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Communauté genevoise d’action syndicale (CGAS) v. Switzerland], թիվ 21881/20 գործը, §§ 138-145, 2023 թվականի նոյեմբերի 27)։ Դատարանը մասնավորապես վերահաստատում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ ներպետական իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնը անձանց, որոնք ցանկանում են պետության դեմ գործ հարուցել որեւէ միջազգային դատական ատյանում, պարտավորեցնում է առաջին հերթին օգտվել ներպետական իրավական համակարգով նախատեսված իրավական պաշտպանության միջոցներից՝ դրանով իսկ պետությանը զերծ պահելով միջազգային ատյանի առջեւ պատասխան տալուց այնպիսի գործողությունների համար, որոնք նա հնարավորություն չի ունեցել լուծելու իր սեփական իրավական համակարգի միջոցով։ Այդ կանոնին համապատասխանելու համար դիմումատուն պետք է դիմի այն իրավական պաշտպանության միջոցներին, որոնք առկա են եւ բավարար իրավունքի ենթադրյալ խախտումները վերացնելու համար (տե՛ս, ի թիվս այլ գործերի, վերեւում հիշատակված Վուչկովիչի [Vučković] գործը, §§ 70 եւ 71)։
173. Սույն գործով Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուները չեն սպառել պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ նրանք քննչական մարմնի հատուկ որոշումները եւ գործողությունները վիճարկող միջնորդություն չեն ներկայացրել եւ փոխարենը կիրառել են սխալ պաշտպանության միջոց՝ անորոշ ձեւով բողոքելով դատարաններին քննության ընդհանուր անարդյունավետության մասով։ Ավելին, նրանք քննչական որոշ գործողությունների արդյունքների վերաբերյալ առարկություն կամ լրացուցիչ քննչական միջոցառումներ ձեռնարկելու մասին միջնորդություն չեն ներկայացրել (տե՛ս վերեւում՝ 168-րդ պարբերությունը)։
174. Հաշվի առնելով Կառավարության փաստարկները՝ Դատարանը ցանկանում է նախ եւ առաջ տարբերակել սույն գործը եւ Կառավարության կողմից վկայակոչված Սահակյանի ու Մկրտչյանի գործը։ Այդ գործում բարձրացված էին Կոնվենցիայի 3-րդ հոդվածին առնչվող հարցեր, եւ դիմումատուներն իրենց նկատմամբ դրսեւորված վատ վերաբերմունքին վերաբերող պնդումները դատախազի կողմից մերժելը չեն վիճարկել դատարաններում։ Իսկապես, ինչպես նշել է Դատարանը, քրեական վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատարաններում՝ համաձայն Հայաստանի իրավական համակարգի (տե՛ս վերեւում հիշատակված՝ Սահակյանի եւ Մկրտչյանի գործը, §§ 92, եւ Զալյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի, թիվ 36894/04 եւ 3521/07 գործերը, § 228, 2016 թվականի մարտի 17): Սակայն սույն գործով այդպիսի որոշում կամ ցանկացած նմանատիպ որոշում՝ քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, երբեէ չի կայացվել, եւ եթե կայացվել է, ապա դիմումատուներին չեն ծանուցել այդ մասին: Կառավարության փաստարկներից պարզ է դառնում նաեւ, որ պնդելով, որ դիմումատուները չեն սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները, նրանք միեւնույն ժամանակ ընդունում էին, որ ներպետական օրենսդրության համաձայն վերջիններս իրավունք չունեին դատարաններին բողոքելու քննության ընդհանուր անարդյունավետության մասին (տե՛ս վերեւում՝ 168-րդ պարբերությունը): Իսկապես, ներպետական դատական որոշումներից ակնհայտ է, որ դիմումատուների կողմից դատարաններ ներկայացված բողոքն այն պնդմամբ, որ քննչական մարմինն արդյունավետ քննություն չի իրականացրել (տե՛ս վերեւում՝ 89-րդ պարբերությունը), դատական կարգով քննության ենթակա չէր (տե՛ս վերեւում՝ 90-րդ պարբերությունը): Այսպիսով, պարզ է դառնում, որ դիմումատուները չեն ունեցել որեւէ արդյունավետ իրավական պաշտպանության միջոց, որը նրանք կարող էին սպառել քննչական մարմնի ենթադրյալ անգործության եւ որոշ քննչական գործողություններ պատշաճ կերպով չկատարելու եւ ընդհանրապես այլ քննչական գործողությունների, ինչպես նաեւ նրանց կողմից որոշ որոշումներ չընդունելու մասով: Մինչ Կառավարությունը պնդում էր, որ դիմումատուներն իրավունք ունեին ներպետական իրավունքի համաձայն վիճարկել քննչական մարմնի հատուկ որոշումները կամ գործողությունները, եւ որ նրանց կողմից դատարաններին ներկայացված բողոքների կենտրոնում պետք է լիներ նշված ասպեկտները, այն չի հստակեցրել, թե քննչական մարմնի հատկապես որ որոշումները կամ գործողությունները կարող էին բողոքարկվել դիմումատուների կողմից դատարաններում, սակայն չեն բողոքարկվել. այս առնչությամբ վերջիններիս փաստարկները բավականին վերացական են: Ինչ վերաբերում է Կառավարության այն փաստարկին, որ դիմումատուները պետք է վիճարկեին տարբեր քննչական գործողությունների արդյունքները կամ պահանջեին լրացուցիչ միջոցների ձեռնարկում, Դատարանը եւս մեկ անգամ նշում է, որ այդ փաստարկը հստակ չէ: Բոլոր դեպքերում Դատարանն ընդգծում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն արդյունավետ քննություն նախաձեռնելու եւ իրականացնելու պարտավորությունը կրում են իշխանությունները, որոնք պետք է գործեն իրենց նախաձեռնությամբ՝ հարցի մասին տեղեկանալուն պես։ Նրանք չեն կարող իրավահաջորդների հայեցողությանը թողնել ոչ պաշտոնական բողոք ներկայացնելը, ոչ էլ որեւէ քննչական գործողության իրականացման համար պատասխանատվություն ստանձնելը, այդ թվում՝ քննության կոնկրետ ուղղություններ կամ քննչական գործողություններ պահանջելու միջոցով (տե՛ս Նաչովան եւ այլք ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], [Nachova and Others v. Bulgaria] [GC], թիվ 43577/98 եւ 43579/98 գործերը, § 111, ՄԻԵԴ 2005‑VII, եւ Ալ-Սքեյնին եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ][Al-Skeini and Others v. the United Kingdom] [GC] թիվ 55721/07 գործը, § 165, ՄԻԵԴ 2011): Այսպիսով, իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասին Կառավարության առարկությունն ընդունելու հիմքեր չկան։
175. Դատարանը նաեւ նշում է, որ դիմումատուների կողմից վեցամսյա ժամկետի կանոնը ենթադրաբար չպահպանելու վերաբերյալ Կառավարության առարկությունը (տե՛ս վերեւում՝ 169-րդ պարբերությունը ), ըստ էության, հիմնված է այն փաստարկի վրա, որ գանգատները շատ շուտ են ներկայացվել քննության, հետեւաբար վաղաժամ են եղել: Դատարանը գտնում է, որ այս հարցը սերտորեն կապված է դիմումատուների բողոքի բովանդակության հետ՝ պայմանավորված արդյունավետ քննության ենթադրյալ բացակայությամբ, եւ հետեւաբար պետք է կցվի գործի ըստ էության քննությանը։
176. ատարանը նշում է, որ սույն բողոքը ոչ ակնհայտորեն անհիմն է, ոչ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետը
ա) Կողմերի փաստարկները
i) Դիմումատուները
177. Դիմումատուները փաստել են, որ իրենց հարազատները մահացել են ուժի գործադրման արդյունքում, որը «բացարձակապես անհրաժեշտ» չի եղել։ Նրանք սկզբում պնդել են, որ սույն գործով բոլոր մահվան դեպքերը վերագրելի են պետությանը։ Միայն ոստիկանության ուժերն են զինված եղել հրազենով եւ այլ զենքերով, այդ թվում՝ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգներով, «Մակարով» տեսակի ատրճանակներով եւ «ԿՍ-23» տեսակի արցունքաբեր նռնականետներով, հետեւաբար միայն նրանք կարող էին պատասխանատու լինել վերջիններիս հարազատների մահվան համար։ Ցուցարարներից ոչ մեկը երբեւէ չի կասկածվել կամ մեղադրվել հրազեն կամ այլ տեսակի զենք կրելու կամ դրանք գործադրելու մեջ։ Կառավարության պնդումը, թե Ազատության հրապարակում ցուցարարների մոտ հրազեն է եղել, հավաստի չէ եւ հիմնված է կասկածելի հանգամանքներում ձեռք բերված ապացույցների վրա: Նրանք չեն ներկայացրել որեւէ ապացույց՝ մարտի 1-ի բողոքի ակցիաների որեւէ փուլում ցուցարարների կողմից հրազենի գործադրման վերաբերյալ, եւ որ Տիգրան Աբգարյանը (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները) սպանվել է ենթադրյալ զանգվածային անկարգությունների մասնակիցների արձակած գնդակից։ Ինչ վերաբերում է անհայտ առարկայի հարվածից մահացած Սամվել Հարությունյանին (տե՛ս վերեւում՝ 56-57-րդ պարբերությունները), ապա նրա վնասվածքները կարող էին նույնպես պատճառված լինել ոստիկանության ուժերի կողմից՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ուժի կամայական եւ անհամաչափ կիրառումը: Ավելին, ըստ դիմումատուներից մեկի կողմից վարձված փորձագետի՝ Սամվել Հարությունյանի վնասվածքը, ամենայն հավանականությամբ, պատճառված է եղել միեւնույն տեսակի արցունքաբեր նռնակից, ինչպես սույն գործով մյուս տուժածների դեպքում (տե՛ս վերեւում՝ 133-րդ պարբերությունը)։
178. Դիմումատուները մատնանշել են ոստիկանական գործողության պլանավորման եւ վերահսկման մի շարք ձախողումներ՝ քննադատելով Կառավարության կողմից դրա վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չտրամադրելու փաստը, այդ թվում՝ վերջինիս պլանավորմանն ու պատրաստմանն առնչվող որեւէ փաստաթուղթ չտրամադրելը, ինչը հնարավորություն կտար իրականացնելու լիարժեք եւ արդյունավետ գնահատում:
179. Նախեւառաջ, նրանք ընդգծում են 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունների նշանակալիությունը՝ նույն օրը՝ ավելի ուշ, տեղի ունեցած իրադարձությունները գնահատելու համար։ Ոստիկանության կողմից նշված նախնական միջամտությունն իր բնույթով եւ ակնհայտ մտադրություններով ավելի շուտ հանգեցրեց հավանական բախման սրմանը, քան դրա մեղմացմանը: Դիմումատուները պնդում են, որ ոստիկանությունը լուսադեմից առաջ շրջափակել է Հրապարակը եւ առանց որեւէ նախազգուշացման կամ իր ներկայության պատճառը նշելու սկսել է դաժան ծեծի ենթարկել ցուցարարներին: Կառավարությունը որեւէ ապացույց եւ որեւէ փաստարկ չի ներկայացրել հավաքը անվտանգ եւ խաղաղ ցրելու համար մշակված անվտանգության ապահովման որեւէ պլանի վերաբերյալ: Հավաքի առաջիկա դադարեցման մասին որեւէ հայտարարություն չի արվել, ինչը մարդկանց ժամանակ կտար կամավոր ցրվելու համար, չեն պլանավորվել նաեւ տարհանման ուղիներ: Ընդհակառակը, տպավորություն է, թե անակնկալի բերելու տարրը միտումնավոր էր պլանավորված, քանի որ գործողությունն սկսվել է առավոտյան ժամը 6-ին, երբ ցուցարարները դեռ քնած էին: Ազատության հրապարակում խաղաղ ցույցի բռնի կերպով ցրելը հանգեցրեց օրվա ընթացքում ոստիկանության ուժերի նկատմամբ աստիճանաբար ուժգնացող դիմադրության, ինչը զուգորդվեց անհաջող պլանավորված եւ վերահսկվող գործողության հետ, հանգեցրեց փողոցներում ցուցարարների նկատմամբ բռնության աճին, այդ թվում՝ ոստիկանության ուժերի կողմից հրազենի զանգվածային եւ կամայական գործադրմանը՝ դառնալով այդ երեկո տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառ: Զինամթերքի այսպիսի կամայական եւ վտանգավոր գործադրումը, որն անխտիր վտանգի տակ էր դրել ցուցարարների կյանքը, ոստիկանական գործողությունների պլանավորման եւ վերահսկման ձախողման եւս մեկ օրինակ է, որն ավելի շատ հիշեցնում էր ռազմական միջոցառում, քան ոստիկանական գործողություն՝ ուղղված ցույցը ցրելուն եւ հասարակական կարգի խախտման ենթադրյալ մեղավորներին ձերբակալելուն: Այսպիսով, իշխանությունները ձախողել են ոստիկանական գործողության պլանավորումն ու վերահսկումը մարտական փամփուշտների եւ նմանատիպ ծանր մարտական զենքերի գործադրման մասով:
180. Երկրորդ՝ իշխանությունները չեն կարողացել պատշաճ պլանավորել եւ վերահսկել ոստիկանական գործողությունը՝ ոստիկանության զորքերի ծառայողներին լիարժեք պաշտպանիչ հագուստով ապահովելու մասով, ինչը հանգեցրել է Տիգրան Աբգարյանի մահվանը, որը, լինելով երիտասարդ զորակոչիկ, առանց որեւէ վերապատրաստման կամ ոստիկանությունում աշխատելու փորձի, նույնիսկ չպետք է ներգրավված լիներ այդպիսի լարված գործողության մեջ, որի ընթացքում ոստիկանությունը մեծ քանակությամբ մարտական զենքեր էր գործադրել:
181. Երրորդ՝ ոստիկանության իրականացրած միջոցառման ընթացքում իշխանությունները չեն ապահովել անվտանգ մուտքի ուղիներ եւ տարհանման անցուղիներ շտապ բուժօգնության ծառայությունների համար, ինչը հանգեցրել է Գոռ Քլոյանի եւ Դավիթ Պետրոսյանի մահվան (դիմումատուներն այս կապակցությամբ վկայակոչում են դատաբժշկական փորձագետ Ջ.Ս.-ի գնահատումը՝ ամփոփված վերեւում` 133-րդ պարբերությունում)։
182. Դիմումատուներն անդրադարձել են նաեւ զենքի գործադրման կոնկրետ դեպքերին:
183. Ինչ վերաբերում է Արմեն Ֆարմանյանի (տե՛ս վերեւում՝ 37‑40-րդ պարբերությունները), Տիգրան Խաչատրյանի (տե՛ս վերեւում՝ 41-43-րդ պարբերությունները), Գոռ Քլոյանի (տե՛ս վերեւում՝ 44-46 -րդ պարբերությունները) եւ հավանաբար Սամվել Հարությունյանի մահվան դեպքերին (տե՛ս վերեւում՝ 56-57-րդ պարբերությունները, տե՛ս նաեւ Ջ.Ս.-ի գնահատումը՝ ամփոփված վերեւում՝ 133-րդ պարբերությունում), որոնք տեղի են ունեցել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների գործադրման պատճառով, դիմումատուները պնդում էին, որ զոհերը դիտավորությամբ թիրախավորվել են «կրակել սպանելու համար» հրահանգի համաձայն։ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած եւ վնասվածքներ ստացած անձանց թիվը, «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներով պատճառված վնասվածքների բնույթը եւ գործով մնացած բոլոր ապացույցները վկայում են այն մասին, որ զոհերն ուղղակիորեն թիրախավորվել են, եւ որ արցունքաբեր նռնակները՝ դիտավորությամբ, թե անփութությամբ, ի հեճուկս ամբոխի վերահսկման զենքերի, օգտագործվել են որպես հրազեն ուղղակի եւ հնարավոր է նույնիսկ մոտ տարածությունից կրակելու համար։ Այս կապակցությամբ դիմումատուները վկայակոչել են, ի թիվս այլնի, արցունքաբեր գազի նռնակներ կիրառած ծառայողների եւ նրանց հրամանատարների կողմից ՓՀԽ ներկայացված փաստարկները (տե՛ս վերեւում՝ 126-րդ պարբերությունը), նախկին ոստիկանապետի կողմից ժամանակավոր հանձնաժողով ներկայացրած փաստարկները (տե՛ս վերեւում՝ 131-րդ պարբերությունը), ինչպես նաեւ դատական ախտաբանաանատոմ եւ դատաբժիշկ Ջ. Ս. -ի եւ Դ. Դ.-ի եզրակացությունները (տե՛ս վերեւում՝ 133-րդ եւ 134-135-րդ պարբերությունները): Այդ նույն ապացույցից հետեւում է, որ ծառայողները լիովին տեղյակ են եղել նշված զենքերի հնարավոր կործանիչ ազդեցությունների եւ սխալ գործադրման դեպքում մահացու հետեւանքների մասին: Հաշվի առնելով մահացու վնասվածքների աղետալի բնույթը եւ այդպիսի վնասվածք ստանալու համար անհրաժեշտ մեծ արագությունը՝ Կառավարության կողմից ռիկոշետի վերաբերյալ պնդումը համոզիչ չէր: Բացի այդ, ոչ մի ապացույց չի ներկայացվել ենթադրյալ ռիկոշետի անկյան կամ հնարավոր մակերեսի վերաբերյալ, որից նռնակները ենթադրաբար ռիկոշետ են կատարել։
184. Ավելին, խնդրո առարկա ժամանակահատվածում Հայաստանում գործող օրենսդրական դաշտը համարժեք չէր, քանի որ գոյություն չուներ որեւէ կարգավորում կամ ուղեցույց, որով սահմանվում կամ սահմանափակվում էր «ԿՍ-23» տեսակի կարաբիններից կրակված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազով նռնակների օգտագործումը։ Ոստիկանության մասին օրենքում (տե՛ս վերեւում՝ 149-151-րդ պարբերությունները) չկան հատուկ դրույթներ կամ ցուցումներ արցունքաբեր գազի գործադրման համար համապատասխան հանգամանքների եւ սահմանափակումների, վերջինիս գործադրման ժամանակ ձեռնարկվելիք նախազգուշական միջոցառումների, ինչպես նաեւ դրա տրամադրման, պահպանման եւ պիտանելիության ժամկետի ավարտի վերաբերյալ: Փաստորեն, 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ օգտագործված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազով նռնակների պիտանելիության ժամկետը լրացել էր 1995 թվականին, իսկ հատուկ միջոցների գործադրման հետ կապված հարցերը կարգավորող Կառավարության որոշումը ուժը կորցրել էր 2006 թվականին: Հետեւաբար համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությունը հանգեցրել է «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների անթույլատրելի արձակմանը՝ ուղղակիորեն ցուցարարների ամբոխի ուղղությամբ: Հատկանշական է, որ ի լրումն «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների արձակման հետեւանքով առաջացած երեք մահվան դեպքերի՝ հաստատվել է, որ եւս երեք անձ է վնասվածք ստացել նույն տեսակի նռնակների գործադրման արդյունքում (տե՛ս վերեւում՝ 85-րդ, 126-րդ, 128-րդ եւ 130-րդ պարբերությունները):
185. Ինչ վերաբերում է մարտական զինամթերքի հետեւանքով տեղի ունեցած մահվան դեպքերին, մասնավորապես ՝ Հովհաննես Հովհաննիսյանի (տես վերեւում՝ 47-49-րդ պարբերությունները), Դավիթ Պետրոսյանի (տե՛ս վերեւում՝ 50-52-րդ պարբերությունները), Գրիգոր Գեւորգյանի (տե՛ս վերեւում՝ 53-55-րդ պարբերությունները), Զաքար Հովհաննիսյանի (տե՛ս վերեւում՝ 58-60-րդ պարբերությունները) եւ Տիգրան Աբգարյանի (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները), ապա չի վիճարկվել այն հանգամանքը, որ ոստիկանության ուժերը ոստիկանության իրականացրած միջոցառումների ընթացքում լայնորեն գործադրել են հրազեն, այդ թվում այնպիսի մարտական հրազեն, ինչպիսիք են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգները եւ «ՍՎԴ» տեսակի դիպուկահար հրացանը: Կառավարությունը նաեւ ընդունել է, որ 1,920 միավոր 5,45 մմ տրամաչափի գնդակներից ոստիկաններն արձակել են 1405 միավոր՝ առանց որեւէ կերպ նշելու, թե ինչպես են դրանք օգտագործվել եւ ինչպիսի հանգամանքներում: Ավելին, նշված թիվը սպառիչ չէ, քանի որ դրանում ներառված չեն ոստիկանության շարքային ծառայողների արձակած գնդակները, որոնք նույնպես մասնակցել են 2008 թվականի մարտի 1-ի գործողություններին: Գործով նյութերը սահմանափակվում են ոստիկանության զորքերի տիրապետության տակ եղած եւ նրանց կողմից օգտագործված հրազենի եւ հատուկ միջոցների մասին տվյալներով, սակայն ոստիկանության շարքային ծառայողների տիրապետության տակ գտնված եւ նրանց կողմից օգտագործված հրազենի վերաբերյալ որեւէ տեղեկություն առկա չէ՝ չնայած այն ապացույցներին, որ օգտագործվել են «Մակարով» ատրճանակներ, որոնք համարվում են Հայաստանի ոստիկանության կողմից օգտագործվող սովորական զենք։ Այստեղից հետեւում է, որ արձակված գնդակների քանակը պետք է է՛լ ավելի մեծ լիներ, եւ որ զինամթերքի քանակը հավասար էր դեպի առաջնագիծ մարտական հերթապահության ճանապարհվող յուրաքանչյուր զինվորի տրամադրված զինամթերքի քանակին։ Այս ամենը տեղի է ունեցել ոստիկանության կողմից իրականացված գործողության ժամանակ, որի ընթացքում, ըստ ոստիկանության եւ Կառավարության, նրանց դիմակայում էին տասնհինգից քսանհինգ «ագրեսիվ» ցուցարարներ՝ զինված քարերով, փայտերով եւ «Մոլոտովի կոկտեյլներով»: Անզգուշություն էր այդքան մարտական զինամթերք գործադրելը եւ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մոտ 4000 խաղաղ ցուցարարների կյանքը վտանգելը՝ երեսուն ցուցարարներից բաղկացած ագրեսիվ խումբը հետ մղելու համար:
186. Մեկ այլ խնդիր էր նշված հրազենի կամայական օգտագործումը, այն է՝ մարտական լուսարձակող գնդակներ արձակելը ցուցարարների մեծ ամբոխի գլխավերեւում՝ նրանց վախեցնելու նպատակով։ Մարտական գնդակներով մահացու հրազենի այդպիսի պատահական եւ քաոսային օգտագործումը, առանց որեւէ նախազգուշացման, ստեղծել է շատ բարձր վիճակագրական հավանականություն՝ մահվան կամ վնասվածքների հանգեցնելու համար: Հաստատվել է, որ առնվազն մեկ անձ սպանվել է 5,45 մմ տրամաչափի լուսարձակող գնդակից, սակայն հաստատվել է, որ եւս չորսը վիրավորում են ստացել, իսկ մեկ այլ անձի դեպքում կասկած կա, որ սպանվել է միեւնույն տեսակի գնդակից: Սա իրավիճակը սրող գործողություն էր, ինչը ստիպեց առավել վճռական ցուցարարներից մի քանիսին է՛լ ավելի ամրապնդվել։ Բացի այդ, զինամթերքի օգտագործումը չի համապատասխանել զանգվածային միջոցառումների ժամանակ կարգուկանոնի ապահովման համար կիրառվող լավագույն գործելակերպին կամ իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի գործադրման վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնական սկզբունքներին (տե՛ս վերեւում՝ 164-րդ պարբերությունը), որով պահանջվում է համապատասխան դեպքերում մահացու եւ ոչ մահացու ուժի տարբերակված գործադրում: Եթե նպատակը ցուցարարներին վախեցնելն էր, ոստիկանության ուժերը կարող էին օգտագործել անգնդակ փամփուշտներ։ Սակայն առնվազն 1405 մարտական փամփուշտի համեմատությամբ արձակվել էր ընդամենը 280 անգնդակ փամփուշտ: Դա անպատասխանատու որոշում էր՝ թելադրված զինվորականների մարտական մտածելակերպով, եւ հանգեցրել էր ճակատագրական սխալ որոշումների կայացմանը ինչպես իրադարձությունների վայրում, այնպես էլ հրամանատարության կողմից: Ավելին, մինչ Կառավարությունը պնդում էր, որ օգտագործվել է 1405 լուսարձակող փամփուշտ, վերջինս չի ներկայացրել որեւէ նկարագրություն, թե ինչ հանգամանքներում են դրանք օգտագործվել, այդ թվում՝ երբ, ում կողմից եւ ում հրամանով: Հետեւաբար առկա չէ որեւէ ապացույց, որ նշված բոլոր փամփուշտները օգտագործվել են օդ կրակելու համար: Դիմումատուները խնդրել են Դատարանին փոփոխել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն մարտական գնդակների գործադրման վերաբերյալ իր նախադեպային իրավունքը եւ պետության վրա դնել մահացու զենքը ոչ մահացու տարբերակներով փոխարինելու դրական պարտավորություն՝ հաշվի առնելով, որ ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են արդյունավետ ոչ մահացու միջոցներ՝ անկարգությունները ճնշելու համար։ Դիմումատուները վիճարկել են իշխանությունների պնդումները, որ իրենց հարազատները մասնակցել են զանգվածային անկարգություններին, եւ որ նրանցից ոմանք նույնիսկ հավաքագրել են այլ ցուցարարների, որոնք պատրաստակամ են եղել բռնություն գործադրել (տե՛ս ստորեւ՝ 189-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, նույնիսկ ենթադրելով, որ զոհերը այն անձանց թվում էին, որոնք կարող էին ոստիկանությանը դիմադրություն ցույց տալ, դա չի արդարացնում մահացու ուժի գործադրումն առհասարակ ցուցարարների եւ մասնավորապես՝ զոհերի նկատմամբ:
ii) Կառավարությունը
187. Կառավարությունն ի սկզբանե հայտարարել է, որ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի իրադարձությունները պետք է գնահատվեն ընտրություններից առաջ եւ հետո տիրող անհանդուրժողականության եւ բեւեռացման մթնոլորտի, ինչպես նաեւ հետագա սրացումների լույսի ներքո։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ 2016 թվականի մարտին, երբ Կառավարությունը ներկայացնում էր իր դիտարկումները, քննությունը դեռեւս ընթացքի մեջ էր, եւ օբյեկտիվորեն դժվար էր հստակորեն պարզել դիմումատուների հարազատների մահվան հանգամանքները։
188. Առաջին հերթին, Կառավարությունը մեկնաբանել է գործողության պլանավորումը եւ վերահսկողությունը։ Կառավարությունը բացատրել է Ազատության հրապարակում ոստիկանական գործողության պատճառները՝ հերքելով, որ դրա նպատակն է եղել հավաքը ցրելը, եւ նկարագրել է, թե ինչպես է այն պլանավորվել եւ իրականացվել, ներառյալ այն զարգացումները, որոնք տեղի էին ունեցել արտակարգ դրություն հայտարարելուց հետո (տե՛ս վերեւում հիշատակված 9-րդ, 13-րդ, 17-րդ եւ 21-29-րդ պարբերությունները)։ Կառավարությունը հայտարարել է, որ իրադարձությունների ժամանակագրությունը եւ զարգացումը նկարագրելով՝ իրենց նպատակն էր լույս սփռել իրավիճակի սրացման բնույթի, ինչպես նաեւ ցուցարարների անհանդուրժողականության եւ ագրեսիվ վարքագծի վրա։ Կառավարությունը պնդել է, որ իրադարձությունները զարգացել եւ սրվել են անսպասելիորեն եւ քաոսային պայմաններում, եւ քանի որ ոստիկանությունը պատասխանատու էր իրավիճակի կայունացման եւ քաղաքացիների ընդհանուր անվտանգության ապահովման համար, նրանք ստիպված էին արձագանքել իրադարձությունների զարգացմանը թեժ պահին։ Այնուհետեւ կարեւոր էր հաշվի առնել, որ իրադարձությունները ծավալվում էին Երեւանի հենց կենտրոնում, եւ որ ամեն ինչ րոպե առ րոպե քաոսային էր դառնում։ Նման պայմաններում պետությունը ոչ միայն ունեցել է բացասական պարտավորություն՝ ուժ չկիրառելու, այլեւ դրական պարտավորություն՝ պաշտպանելու քաղաքացիների անվտանգությունը։ Ամփոփելով՝ կարելի է ասել, որ գործողությունը պատշաճ կերպով պլանավորվել է եւ վերահսկողության տակ է գտնվել, սակայն այն վերածվել է անկանխատեսելի եւ քաոսային զանգվածային միջոցառման՝ զինված եւ վտանգավոր ամբոխի անընդունելի վարքագծի պատճառով։
189. Կառավարությունն առանձին նկարագրել է յուրաքանչյուր մահվան հանգամանքները, որոնք ներկայացված են ՀՔԾ-ի փաստաթղթում (տե՛ս վերեւում՝ 96-104-րդ պարբերությունները), ներառյալ այն պնդումները, որ Արմեն Ֆարմանյանը եղել է զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից մեկը եւ մասնակցել է դրանց իր կողմից հավաքագրված Գոռ Քլոյանի եւ Զաքար Հովհաննիսյանի հետ միասին (տե՛ս վերեւում՝ 100-րդ պարբերությունը): Կառավարությունն այնուհետեւ պնդել է, որ չի հաստատվել, որ այդ մահերը վրա են հասել ոստիկանական ուժերի կողմից ուղղակի ուժի գործադրման հետեւանքով: Մասնավորապես, չնայած որ երեք մահերը վրա են հասել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների գործադրման հետեւանքով, այդ դեպքերից երկուսում պարզվել է, որ նռնակները, ամենայն հավանականությամբ, հարվածել են պինդ առարկայի կամ անցել են արգելքի միջով՝ նախքան զոհերին հարվածելը (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերության «բ» ենթապարբերությունը): Պարզվել է նաեւ, որ «Չերմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները պատից կամ որեւէ առարկայից ռիկոշետ կատարելուց կամ որեւէ արգելքի միջով անցնելուց հետո կարող էին պատճառել վնասվածք, այդ թվում՝ մահացու վնասվածք՝ կախված բախման անկյունից եւ արգելքի տեսակից (տե՛ս վերեւում նշված 131-րդ պարբերությունը): Հետեւաբար կարելի է ենթադրել, որ ցուցարարների վրա ուղղակիորեն կրակ չի բացվել։ Նույն կերպ, «Մակարով» տեսակի ատրճանակով պատճառված մահերից մեկի դեպքում, մասնավորապես՝ Զաքար Հովհաննիսյանի մահվան դեպքում (տե՛ս վերեւում՝ 58-60-րդ պարբերությունները), նրա մարմնից հանված գնդակը դեֆորմացված էր եւ քերծված, ինչը նույնպես առաջացել էր կոշտ առարկայի հետ բախման արդյունքում։ Կառավարությունը համաձայն չէ փորձագետ Դ.Դ.-ի այն դիրքորոշման հետ, որ արցունքաբեր գազից տուժածները եղել են թիրախավորված (տե՛ս վերեւում՝ 135-րդ պարբերությունը), եւ խնդրել է Դատարանին անտեսել այն։ Նրանք մասնավորապես հղում էին կատարել Դ.Դ.-ի այն հայտարարությանը, ըստ որի ռիկոշետի անկյան վերաբերյալ որեւէ ապացույց չի եղել՝ պնդելով, որ անկյան գնահատումը հնարավոր կլիներ միայն այն դեպքում, երբ մարմինները զննվեին հանցագործության վայրում եւ մահից անմիջապես հետո։ Քննչական մարմինը զրկվել է այդ հնարավորությունից, քանի որ մարմինները տեղահանվել եւ տեղափոխվել էին հիվանդանոց։
190. Կառավարությունը նաեւ վիճարկել էր այն հանգամանքը, որ Հովհաննես Հովհաննիսյանը, Սամվել Հարությունյանը եւ Տիգրան Աբգարյանը մահացել էին ոստիկանական ուժերի կողմից ուժի գործադրման հետեւանքով: Հովհաննես Հովհաննիսյանի դեպքի (տե՛ս վերեւում հիշատակված 47-49-րդ պարբերությունները) առնչությամբ, որը սպանվել էր «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից արձակված գնդակից, նրանք պնդում էին, որ տվյալ գնդակը չի արձակվել ոստիկանական ուժերի կողմից, քանի որ այն համեմատվել էր հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի բազայում գրանցված գնդակների հետ, բայց համընկնում չէր հայտնաբերվել։ Սամվել Հարությունյանը (տե՛ս վերեւում՝ 56-57-րդ պարբերությունները) մահացել էր բութ առարկայով պատճառված գանգի բաց, բութ եւ թափանցող վնասվածքից, եւ քանի որ շատ ցուցարարներ ունեցել են տարբեր վտանգավոր առարկաներ, նրա մահը կարող էր առաջանալ այդպիսի առարկայից։ Ինչ վերաբերում է Տիգրան Աբգարյանին (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները), որը սպանվել էր անհայտ գնդակից, եւ հաշվի առնելով այն փաստը, որ նա ժամկետային զինծառայող էր, կարելի էր ենթադրել, որ նրա մահը առաջացել էր ցուցարարներից մեկի ապօրինի գործողություններից։
191. Ոստիկանական ուժերի դեմ ուղղված բռնության մասշտաբը ցույց տալու համար Կառավարությունը նշել էր, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ վիրավորվել էին ոստիկանության երեսունչորս աշխատակիցներ եւ քսաներկու քաղաքացիական անձինք, եւ որ այնտեղ հայտնաբերված զենքերի ցուցակում ներառված էին, ի թիվս այլոց, ատրճանակներ, ինքնաձիգ հրացաններ, զինամթերք, «Մոլոտովի կոկտեյլներ» եւ այլ վտանգավոր առարկաներ։ Մյասնիկյանի հուշարձանի շրջակայքում եւ մոտակա փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվել էին ութ քաղաքացիական անձինք, ոստիկանության զորքերի մեկ զինծառայող եւ մեկ ոստիկան, մինչդեռ վիրավորվել էին երեսունհինգ քաղաքացիական անձինք, ինչպես նաեւ ոստիկանության զորքերի 186 ոստիկան եւ զինծառայող: Վնասվել էր թվով իննսուներկու տրանսպորտային միջոց, այդ թվում՝ պետական, մասնավոր եւ ոստիկանության մեքենաներ, իսկ տասներկու առեւտրային օբյեկտ թալանվել էր։ Երեւան քաղաքի, ինչպես նաեւ այլ հանրային եւ մասնավոր կազմակերպությունների ու անհատների կրած ընդհանուր վնասը գերազանցել էր 400,000,000 դրամը։ Մյասնիկյանի հուշարձանի շրջակայքում եւ հարակից կենտրոնական փողոցներում կատարված զննության արդյունքում հայտնաբերվել էին մոտ 1,600 պարկուճ եւ հիսունից ավելի տարբեր տրամաչափի փամփուշներ, ավելի քան 1,000 մետաղյա մահակներ եւ փայտյա ձողեր, վաթսունմեկ «Մոլոտովի կոկտեյլ» եւ երկուական 20 լիտր տարողությամբ՝ դյուրավառ հեղուկով լցված տարաներ։ Հետեւաբար տվյալ դեպքում ոստիկանության գործողությունները եւ ուժի կիրառումը եղել են համաչափ եւ «բացարձակ անհրաժեշտություն»։
192. Վերջապես, Կառավարությունը վիճարկել է դիմումատուների պնդումը, որ Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված չէ որեւէ հատուկ դրույթ կամ ուղեցույց արցունքաբեր գազի նռնակների կամ հատուկ այլ միջոցների գործադրման համապատասխան հանգամանքների ու սահմանափակումների վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 184-րդ պարբերությունը)՝ հղում անելով Ոստիկանության մասին օրենքի 29-րդ եւ 31-րդ հոդվածներին (տե՛ս վերեւում՝ 149-րդ եւ 150-րդ պարբերությունները)։
բ) Դատարանի գնահատականը
i) Ընդհանուր սկզբունքները
193. Դատարանը վերահաստատում է, որ 2-րդ հոդվածը Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է։ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը 3-րդ հոդվածի հետ միասին որպես դրա ամենահիմնարար դրույթներից մեկն ամրագրում է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնական արժեքներից մեկը (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, ՄաքՔեննը եւ այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [McCann and Others v. the United Kingdom], 1995 թվականի սեպտեմբերի 27, կետ 147, շարք Ա, թիվ 324, եւ Ջուլիանին եւ Գաջիոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy] [GC] գործերը, թիվ 23458/02, § 174, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ)):
194. Երկրորդ կետով սահմանված բացառությունները ցույց են տալիս, որ 2-րդ հոդվածը տարածվում է դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքերի վրա, սակայն այն չի վերաբերում բացառապես դրան։ Ամբողջությամբ վերցված՝ 2-րդ հոդվածի տեքստը ցույց է տալիս, որ 2-րդ կետով ընդհանուր առմամբ չեն սահմանվում այն դեպքերը, երբ թույլատրվում է դիտավորությամբ կյանքից զրկել որեւէ անձի, այլ նկարագրում է այն իրավիճակները, երբ թույլատրվում է «ուժ գործադրել», ինչը կարող է հանգեցնել անձին կյանքից զրկելուն՝ որպես չնախատեսված հետեւանք։ Այնուամենայնիվ, ցանկացած տեսակի ուժի գործադրում չպետք է ենթադրի ավելին, քան «բացարձակ անհրաժեշտություն», եւ պետք է լինի խիստ համաչափ «ա», «բ» եւ «գ» ենթակետերով սահմանված մեկ կամ ավելի նպատակների իրականացմանը (տե՛ս վերեւում՝ ՄաքՔենի եւ այլոց [McCann and Others], կետ 148, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio], կետ 175, երկու գործերը)։ «Բացարձակ անհրաժեշտություն» եզրույթի կիրառումը վկայում է, որ անհրաժեշտության ավելի խիստ եւ ավելի համոզիչ հարկադրանքի միջոց պետք է կիրառվի, քան այն, որը սովորաբար կիրառվում է՝ սահմանելու համար, թե արդյոք պետության գործողությունը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»՝ ըստ Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածների երկրորդ կետերի։ Մասնավորապես ուժի գործադրումը պետք է խիստ համաչափ լինի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերով սահմանված նպատակների իրականացմանը (տե՛ս վերեւում՝ ՄաքՔենի եւ այլոց [McCann and Others], կետ 149, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] երկու գործերը, § 176):
195. 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետությունը պարտավորվում է ոչ միայն զերծ մնալ կյանքից դիտավորյալ եւ ապօրինաբար զրկելուց, այլեւ ձեռնարկել պատշաճ քայլեր՝ իր տարածքում գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար: Պետության հիմնական պատասխանատվությունն է՝ պաշտպանել կյանքի իրավունքը, որով մասնավորապես ենթադրվում է համարժեք իրավական եւ վարչական շրջանակի ապահովում, որը սահմանում է այն սահմանափակ հանգամանքները, որոնց դեպքում իրավապահ մարմինների աշխատակիցները կարող են գործադրել ուժ եւ հրազեն՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային չափանիշները (տե՛ս վերեւում՝ Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [ՄՊ] [Makaratzis v. Greece] [GC], թիվ 50385/99, § 57, ՄԻԵԴ 2004-XI, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] երկու գործերը, §§ 208-09)։
196. Ինչպես երեւում է 2-րդ հոդվածի տեքստից, ոստիկանների կողմից մահաբեր ուժի գործադրումը կարող է արդարացված լինել կոնկրետ հանգամանքներում։ Այնուամենայնիվ, 2-րդ հոդվածով չի շնորհվում քարտ բլանշ: Պետական մարմինների չկարգավորվող եւ կամայական գործողություններն անհամատեղելի են մարդու իրավունքների նկատմամբ հարգանք դրսեւորելու պարտավորության հետ: Սա նշանակում է, որ ներպետական օրենսդրությամբ թույլատրելի լինելուց բացի՝ ոստիկանության գործողությունները պետք է նաեւ բավարար չափով կարգավորվեն այդ օրենսդրությամբ՝ կամայականության եւ ուժի չարաշահման, ինչպես նաեւ խուսափելի դեպքերի նկատմամբ համարժեք եւ արդյունավետ պաշտպանության համակարգի շրջանակներում (տե՛ս վերեւում՝ Մակարացիսի [Makaratzis], § 58, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] §§ 209 եւ 249, երկու գործերը)։ Համապատասխանաբար եւ ժողովրդավարական հասարակությունում 2-րդ հոդվածի կարեւորության հիման վրա՝ Դատարանը պետք է այդ դրույթի խախտման վերաբերյալ պնդումները ենթարկի մանրամասն ուսումնասիրության՝ հաշվի առնելով ոչ միայն պետական պաշտոնյաների գործողությունները, որոնք փաստացի գործադրել են ուժ, այլ նաեւ առկա բոլոր հանգամանքները, այդ թվում՝ այնպիսի հարցեր, ինչպիսիք են մահվան պատճառ դարձած ոստիկանական գործողության պլանավորումը եւ վերահսկողությունը՝ գնահատելու համար, թե արդյոք տվյալ գործի կոնկրետ հանգամանքներում իշխանությունները ձեռնարկել են համապատասխան միջոցներ՝ ապահովելու, որ կյանքին սպառնացող ցանկացած վտանգ նվազագույնի հասցվի, եւ որ նրանք անփույթ չեն գտնվել իրենց գործողության ընտրության հարցում (տե՛ս վերեւում՝ ՄաքՔեննի եւ այլոց [McCann and Others], §§ 194 եւ 201, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio], §§ 176 եւ 249, երկու գործերը)։
197. Այս առնչությամբ ոստիկաններն իրենց պարտականությունները կատարելիս չպետք է թողնվեն անորոշության պայմաններում․ իրավական եւ վարչական շրջանակով պետք է սահմանվի այն սահմանափակ հանգամանքները, որոնց դեպքում իրավապահ մարմինների կողմից կարող է ուժ եւ հրազեն գործադրվել՝ հաշվի առնելով այս ոլորտում մշակված միջազգային չափանիշները (տե՛ս վերեւում՝ Մակարացիսի [Makaratzis], § 59, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio], §249, երկու գործերը)։ Մասնավորապես իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է պատրաստություն անցած լինեն գնահատելու համար՝ արդյոք հրազենի գործադրումը բացարձակ անհրաժեշտություն է, ոչ միայն համապատասխան կարգավորումների տառին համապատասխան, այլեւ հաշվի առնելով մարդու կյանքի նկատմամբ հարգանքի գերակայությունը որպես հիմնարար արժեք (տե՛ս վերեւում՝ Նաչովայի եւ այլոց [Nachova and Others], § 97, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio], § 250, երկու գործերը)։
198. Վերջապես, չպետք է անտեսվի այն հանգամանքը, որ տվյալ գործով մահվան դեպքերը տեղի են ունեցել զանգվածային ցույցի ընթացքում։ Թեեւ Պայմանավորվող կողմ հանդիսացող պետությունների պարտավորությունն է ձեռնարկել ողջամիտ եւ համապատասխան միջոցներ օրինական ցույցերի անցկացման մասով՝ ապահովելու համար դրանց խաղաղ ընթացքը եւ բոլոր քաղաքացիների անվտանգությունը, այնուամենայնիվ, նրանք չեն կարող դա բացարձակապես երաշխավորել եւ ունեն լայն հայեցողություն ձեռնարկվելիք միջոցների ընտրության հարցում։ Սույն ոլորտում Կոնվենցիայի 11-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունը ձեռնարկվելիք միջոցառումների, այլ ոչ թե ձեռք բերվելիք արդյունքների մասով պարտավորություն է։ Այնուամենայնիվ, կարեւոր է, որ ցանկացած միջոցառման, հանդիպման կամ այլ հավաքների՝ լինի դա քաղաքական, մշակութային, թե այլ բնույթի, անխափան ընթացքն ապահովելու նպատակով ձեռնարկվեն անվտանգության կանխարգելիչ միջոցներ, ինչպիսիք են ցույցերի վայրում առաջին բուժօգնության ծառայությունների առկայությունը։ Ավելին, երբ ցուցարարները չեն դիմում բռնի գործողությունների, կարեւոր է, որ պետական իշխանությունները դրսեւորեն որոշակի հանդուրժողականություն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատությունը, ինչպես երաշխավորված է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով, չկորցնի իր նշանակությունը։ Մյուս կողմից, երբ ցուցարարները դիմում են բռնի գործողությունների, այդ դրույթով երաշխավորված իրավունքի նկատմամբ միջամտությունները սկզբունքորեն արդարացված են անկարգությունների կամ հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաեւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով (տե՛ս վերեւում՝ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio] գործը, § 251, հետագա հղումներով)։
ii) Այս սկզբունքների կիրառումը սույն գործում
1) Արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի, Սամվել Հարությունյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերը կարող են վերագրվել պետությանը։
199. Դատարանն ի սկզբանե նկատում է, որ անվիճելի է այն փաստը, որ Արմեն Ֆարմանյանի (տե՛ս վերեւում՝ 37-40-րդ պարբերությունները), Տիգրան Խաչատրյանի (տե՛ս վերեւում՝ 41-43-րդ պարբերությունները), Գոռ Քլոյանի (տե՛ս վերեւում՝ 44-46-րդ պարբերությունները), Դավիթ Պետրոսյանի (տե՛ս վերեւում՝ 50-52-րդ պարբերությունները), Գրիգոր Գեւորգյանի (տե՛ս վերեւում՝ 53-55-րդ պարբերությունները) եւ Զաքար Հովհաննիսյանի (տե՛ս վերեւում՝ 58-60-րդ պարբերությունները) մահվան դեպքերը վերագրվում են պետությանը։ Մյուս կողմից՝ կողմերը համաձայնության չեն եկել այն հարցի շուրջ, թե արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի (տե՛ս վերեւում՝ 47-49-րդ պարբերությունները), Սամվել Հարությունյանի (տե՛ս վերեւում՝ 56-57-րդ պարբերությունները) եւ Տիգրան Աբգարյանի (տե՛ս վերեւում՝ 61-63-րդ պարբերությունները) մահվան դեպքերը տեղի են ունեցել ոստիկանական ուժերի կողմից ուժի գործադրման արդյունքում (տե՛ս դիմումատուների փաստարկների ամփոփումը վերեւում հիշատակված 183-րդ եւ 185-րդ պարբերություններում եւ Կառավարության դիրքորոշումը՝ ներկայացված 190-րդ պարբերությունում)։
200. Այն դեպքերում, երբ իրադարձությունների վերաբերյալ կան հակասական վարկածներ, Դատարանը փաստերը պարզելու հարցում անխուսափելիորեն բախվում է նույն դժվարություններին, որոնց բախվում է ցանկացած առաջին ատյանի դատարան։ Եթե պատասխանող Կառավարությունը, ինչպես տվյալ գործում, ունի բացառիկ հասանելիություն այնպիսի տեղեկությունների նկատմամբ, որոնցով կարող է հաստատվել կամ հերքվել դիմումատուների պնդումները, ապա Կառավարության կողմից համագործակցության բացակայությունը՝ առանց բավարար հիմնավորման, կարող է հիմք հանդիսանալ դիմումատուների պնդումների հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգումների մասով (տե՛ս Տանիշը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Tanış and Others v. Turkey, թիվ 65899/01, § 160, ՄԻԵԴ 2005-VIII, Իմակաեւան ընդդեմ Ռուսաստանի [Imakayeva v. Russia], թիվ 7615/02, § 111, ՄԻԵԴ 2006-XIII (քաղվածքներ), եւ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի [Georgia v. Russia] գործերը (I) [ՄՊ], թիվ 13255/07, § 104, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ))։
201. Դատարանի նախադեպային իրավունքի շրջանակներում մշակվել են մի շարք սկզբունքներ այն իրավիճակների համար, երբ Դատարանը կանգնած է այնպիսի փաստական հանգամանքներ պարզելու խնդրի առաջ, որոնց վերաբերյալ կողմերը տարակարծիք են։ Հետեւաբար փաստական ապացույցները գնահատելիս Դատարանը որդեգրել է ապացուցման «ողջամիտ կասկածից վեր» չափանիշը։ Այդպիսի ապացույցը կարող է բխել այն հանգամանքից, որ առկա են բավարար լուրջ, պարզ եւ համաձայնեցված ենթադրություններ կամ փաստի համանման անհերքելի կանխավարկածներ։ Այս համատեքստում պետք է նաեւ հաշվի առնվի կողմերի վարքագիծն ապացույցներ ձեռք բերելու գործընթացում։ Ավելին, որոշակի եզրահանգման գալու համար անհրաժեշտ համոզման աստիճանը, ինչպես նաեւ այս առումով ապացուցման բեռի բաշխումն անքակտելիորեն կապված են փաստերի առանձնահատկությունների, ներկայացված պնդումների բնույթի եւ Կոնվենցիայով նախատեսված վտանգված իրավունքի հետ։ Դատարանը նաեւ ուշադրություն է դարձնում այն որոշման լուրջ լինելու փաստին, ըստ որի պայմանագրի կողմ պետությունը խախտել է հիմնարար իրավունքները (տե՛ս վերեւում՝ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio] գործը, § 181, հետագա հղումներով)։
202. Դատարանը գիտակցում է իր դերի երկրորդական բնույթը եւ ընդունում է, որ պետք է զգուշություն ցուցաբերի առաջին ատյանի տրիբունալի դեր ստանձնելու հարցում, եթե դա անխուսափելի չէ տվյալ գործի հանգամանքներից ելնելով (տե՛ս վերեւում Ռամսահայը եւ այլք ընդդեմ Նիդերլանդների [ՄՊ][Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 274, ՄԻԵԴ 2007-II, եւ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani եւ Gaggio] գործերը, § 180)։ Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն ներկայացված պնդումների դեպքում Դատարանը պետք է իրականացնի մանրամասն ուսումնասիրություն, նույնիսկ եթե որոշ ներպետական վարույթներ եւ քննություններ արդեն իրականացվել են (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ռամսահայի եւ այլոց [Ramsahai and Others] գործը, § 274)։ Հնարավորության դեպքում Դատարանը նախընտրում է հիմնվել իրավասու ներպետական մարմինների, այդ թվում՝ խորհրդարանական մարմինների՝ ինչպես օրինակ՝ տվյալ գործին միջամտած մարմնի եզրակացությունների վրա՝ առանց ամբողջությամբ հրաժարվելու իր վերահսկողական լիազորությունից՝ ելնելով այն սկզբունքից, որ այն կարող է նորովի գնահատել ներկայացված ապացույցները (տե՛ս Քավաքլըօղլուն եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Kavaklıoğlu and Others v. Turkey] գործը, թիվ 15397/02, § 176, 2015 թվականի հոկտեմբերի 6)։ Դատարանի կողմից ներպետական մակարդակով անցկացված քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների եւ ներպետական վարույթում հաստատված փաստերի վրա հիմնվելը մեծապես կախված կլինի ներպետական մակարդակով անցկացված քննչական գործընթացի որակից, դրա մանրակրկտությունից եւ հետեւողականությունից (տե՛ս Ֆինոգենովը եւ այլք ընդդեմ Ռուսաստանի [Finogenov and Others v. Russia], թիվ 18299/03 եւ 27311/03, § 238, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), Տագաեւան եւ այլք ընդդեմ Ռուսաստանի [Tagayeva and Others v. Russia] գործերը, թիվ 26562/07 եւ 6 այլ գործեր, § 586, 2017 թվականի ապրիլի 13, եւ Լափշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan] գործը, թիվ 13527/18, § 95, 2021 թվականի մայիսի 20)։
203. Սույն գործով Դատարանը նշում է, որ բախվում է մահվան դեպքերի, այդ թվում՝ վիճարկվող երեք մահվան դեպքերի վերաբերյալ փաստերի սակավության հետ, ինչը հետագայում բարդանում է այն փաստով պայմանավորված, որ ներպետական մակարդակում փաստերի վերաբերյալ դատական որոշում չի կայացվել (համեմատել վերեւում հիշատակված՝ Մակարացիսի [Makaratzis] գործը, § 47)։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Դատարանի տրամադրության տակ գտնվող նյութերով հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել այդ երեք մահվան դեպքերի հանգամանքների վերաբերյալ, այդուհանդերձ, Կառավարության կողմից ներկայացված փաստարկը համոզիչ չէ Դատարանի համար այն մասով (տե՛ս վերեւում՝ 190-րդ պարբերությունը), որ Հովհաննես Հովհաննիսյանին սպանած գնդակը չի արձակվել ոստիկանական ուժերի կողմից, քանի որ այն չի համապատասխանում հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանի բազայում գրանցված որեւէ գնդակի։ Մասնավորապես Դատարանը ստորեւ մեջբերում է իր եզրակացությունները, որոնք կասկածի տակ են դնում այս ենթադրյալ քննչական գործողության պատշաճ իրականացումը (տե՛ս ստորեւ՝ 260-րդ պարբերությունը), եւ համարում է, որ քննության մեջ այդպիսի թերություններն ավելի հիմնավոր բացատրություն են գնդակի հետքը չհայտնաբերելու համար։ Նաեւ այն հանգամանքը, որ Տիգրան Աբգարյանը ժամկետային զինծառայող էր, ինքնին չի ենթադրում, որ նա կարող էր սպանվել ցուցարարներից մեկի արձակած գնդակից, քանի որ այն կարող էր լինել նաեւ պատահական գնդակ կամ ռիկոշետի հետեւանք։ Դատարանն այս առնչությամբ նկատում է, որ ինչպես հետեւում է գործի որոշ նյութերից, քննչական մարմնի կողմից ներկայացվել է իրադարձությունների մի վարկած, համաձայն որի՝ Տիգրան Աբգարյանի վրա կրակ է արձակվել զանգվածային անկարգության մասնակիցներից մեկի կողմից, որն այնուհետեւ կարողացել է փախչել, չնայած նրան, որ իր վրա կրակ է արձակվել դիպուկահարի կողմից (տե՛ս վերեւում՝ 98-րդ, 127-րդ եւ 131-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, գործի նյութերում չկան ապացույցներ, որոնք կհաստատեին իրադարձությունների այս վարկածը, որը, ավելին, կարծես հիմնված լինի բացառապես իրադարձություններում ներգրավված ոստիկանական ուժերի աշխատակիցների կողմից տրված ցուցմունքների վրա, որոնք, սակայն, չեն կարող համարվել անաչառ վկաներ։
204. Դատարանն այնուհետ նշում է, որ դիմումատուները պնդել են, որ Հովհաննես Հովհաննիսյանը եւ Տիգրան Աբգարյանը չէին կարող սպանված լինել ցուցարարներից որեւէ մեկի կողմից, քանի որ միայն ոստիկանական ուժերն են եղել զինված հրազենով եւ մարտական զինամթերքով (տե՛ս վերեւում՝ 177-րդ պարբերությունը), որը Կառավարությունը վիճարկել է՝ նշելով, որ որոշ ցուցարարներ նույնպես ունեցել են նման մահաբեր զենքեր (տե՛ս վերեւում՝ 86-րդ եւ 190-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել իրենց պնդումները հաստատող որեւէ համոզիչ ապացույց (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Գյուլեքն ընդդեմ Թուրքիայի [Güleç v. Turkey] գործը, 1998 թվականի հուլիսի 27, § 72, Վճիռների եւ որոշումների վերաբերյալ հաշվետվություններ, 1998-IV): Դատարանը նշում է, որ նրանց պնդումը հիմնականում հիմնված է պաշտոնական վարկածի վրա, ըստ որի՝ հետընտրական հանրահավաքներն ու 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները դիտարկվում են որպես նախապես ծրագրված հեղաշրջման փորձ, որը կազմակերպվել եւ հրահրվել է ընդդիմության ղեկավարների կողմից, ինչը, ենթադրաբար, ներառել է Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների միջեւ զենքի ծրագրված բաշխումը՝ զինված անկարգություններ հրահրելու նպատակով (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը): Կառավարությունն այնուհետեւ անդրադարձել է այն փաստին, որ հավաքը ցրելուց հետո Ազատության հրապարակում հայտնաբերվել են բազմաթիվ զենքեր (տե՛ս վերեւում՝ 13-րդ պարբերության վերջում), ինչպես նաեւ անդրադարձել է ՀՔԾ-ի կողմից ներկայացված փաստաթղթին, ըստ որի՝ քննության արդյունքում պարզվել է, որ ցուցարարները ոստիկանության հետ բախումների ընթացքում կիրառել են տարբեր տեսակի հրազեններ (տե՛ս վերեւում՝ 103-րդ պարբերությունը): Դիմումատուները վիճարկել են այս պնդումները (տե՛ս վերեւում՝ 14-րդ եւ 177-րդ պարբերությունները):
205. Դատարանը նկատում է, որ այս հարցերն արդեն քննարկվել են Հայաստանի դեմ ներկայացված մի շարք գործերում, որոնք նույնպես առնչվել են Ազատության հրապարակում տեղի ունեցած հետընտրական հանրահավաքների եւ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին: Դատարանը վճռել է, որ Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքները եղել են խաղաղ՝ առանց բռնության հրահրման կամ բռնի գործողությունների որեւէ նշանի, մինչեւ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության կողմից իրականացված գործողությունը (տե՛ս Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի [Mushegh Saghatelyan v. Armenia], թիվ 23086/08, §§ 230-233 եւ 246, 2018 թվականի սեպտեմբերի 20, եւ Մյասնիկ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Myasnik Malkhasyan v. Armenia] թիվ 49020/08, § 72, 2020 թվականի հոկտեմբերի 15, գործերը): Դատարանը պարզել է, որ չի եղել որեւէ համոզիչ ապացույց, որով կհաստատվեր, որ Ազատության հրապարակում զենք է կուտակվել՝ անկարգություններ հրահրելու նպատակով, եւ մերժել է Կառավարության այն պնդումները, թե ոստիկանությունը տեղակայվել էր Ազատության հրապարակում զենքերի որոնման նպատակով, եւ որ զինված ցուցարարներն էին առաջինը հարձակվել ոստիկանության վրա։ Դատարանը պարզել է նաեւ, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան իրականացված ոստիկանության գործողության հիմնական՝ եթե ոչ միակ, նպատակը եղել է Ազատության հրապարակում անցկացվող հավաքը ցրելը, եւ որ այնտեղ տեղի ունեցած բախումներն ամենայն հավանականությամբ եղել են հավաքը ավարտելուն ուղղված ոստիկանության միջոցառումների, այդ թվում՝ ենթադրյալ չափից ավելի ուժի կիրառման հետեւանք, այլ ոչ թե ցուցարարների կանխամտածված գործողությունների արդյունք (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan], §§ 230, 232, 245 եւ 247, եւ Մյասնիկ Մալխասյանի [Myasnik Malkhasyan] գործերը, § 80): Դատարանն այնուհետեւ նշել է Ազատության հրապարակում ենթադրաբար հայտնաբերված զենքերի, այդ թվում՝ ատրճանակների, նռնակների եւ «ոզնիներ» հիշեցնող սուր առարկաների առնչությամբ ցուցարարներից որեւէ մեկի հետ կապ ունեցող ցանկացած ապացույցի բացակայությունը եւ զարմանալի է համարել այն, որ Ազատության հրապարակում ոստիկանության գործողության ժամանակ ցուցարարները չեն կիրառել հրազեն, պայթուցիկներ կամ սառը զենքեր՝ հաշվի առնելով այն պնդումը, որ նրանք զինված են եղել այդպիսի զենքերով՝ զինված անկարգություններ սկսելու մտադրությամբ (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] գործը, § 230):
206. Դատարանն այնուհետեւ վճռել է, որ Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված մարդկանց հավաքը տեղի է ունեցել ինքնաբուխ եւ անկազմակերպ զարգացումների հետեւանքով, մինչդեռ ավելի վաղ՝ Ազատության հրապարակից ցուցարարներին ցրելը, այդ թվում՝ դրա կոպիտ բնույթը, ինչպես նաեւ նույն օրը տեղի ունեցած մի շարք այլ նմանատիպ կամ անվերահսկելի իրադարձություններ հնարավոր է՝ դեր են խաղացել բռնության հետագա սրման գործում՝ ի հակադրություն նախապես պլանավորված եւ կազմակերպված անկարգության կամ հեղաշրջման փորձի (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մյասնիկ Մալխասյանի [Myasnik Malkhasyan], § 80, եւ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Dareskizb Ltd v. Armenia] թիվ 61737/08, § 61, 2021 թվականի սեպտեմբերի 21, գործերը): Վերջին գործով Դատարանը վճռել է, որ չի եղել Կառավարության պնդումները հաստատող որեւէ համոզիչ ապացույց, որ տարածքում բռնություն գործադրած ցուցարարները զինված են եղել ոչ թե ինքնաշեն առարկաներով, այլ հրազենով, ինչպես նաեւ որեւէ ապացույց, որը կհաստատեր, որ մահերն առաջացել են ցուցարարների կողմից դիտավորությամբ կամ նույնիսկ անզգուշությամբ իրականացված գործողությունների արդյունքում (նույն տեղում):
207. Դատարանը նաեւ հղում է կատարում մի շարք անկախ զեկույցների, որոնք առնչվում են խնդրո առարկա իրադարձություններին, այդ թվում՝ Հայաստանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի եւ «Human Rights Watch» կազմակերպության կողմից հրապարակված զեկույցներին, որոնք հիմնված էին տեղում հավաքված տեղեկությունների վրա եւ վկայակոչվել էին վերոնշյալ դատավճիռներում, որոնցից ոչ մեկում նշված չի եղել պնդումներ այն մասին, որ ցուցարարները զինված են եղել հրազենով (տե՛ս վերեւում՝ 157-րդ եւ 165-րդ պարբերությունները):
208. Դատարանը նշում է, որ Կառավարությունը սույն գործով չի տրամադրել որեւէ ապացույց, որը կարող էր իրենց ստիպել կասկածի տակ դնել վերոնշյալ զեկույցները կամ վերեւում հիշատակված գործերի վերաբերյալ եզրակացությունները։ ՀՔԾ-ի կողմից քննվող քրեական գործի նյութերում ցուցարարների կողմից հրազենի տիրապետման եւ օգտագործման վերաբերյալ առկա պնդումները որեւէ ապացույցով չեն հիմնավորվել, եւ պարզվում է, որ դրանք եղել են չհաստատված հայտարարություններ։ Այսպիսով, թեեւ անվիճելի է այն փաստը, որ որոշ ցուցարարներ իրականացրել են բռնի գործողություններ, Դատարանի տրամադրության տակ եղած բոլոր նյութերը վկայում են այն մասին, որ նրանք զինված են եղել իմպրովիզացված կամ տեղում պատրաստված առարկաներով, ինչպիսիք են մետաղե ձողերը, փայտյա մահակները, «Մոլոտովի կոկտեյլները», քարերը, եւ նմանատիպ այլ առարկաներով, բայց ոչ հրազենով։ Մյուս կողմից՝ անվիճելի է, որ ոստիկանության ուժերը զինված են եղել հրազենով, որը, ավելին, լայնամասշտաբ կիրառվել է, այդ թվում՝ «ԱԿ‑74» տեսակի ինքնաձիգներով, որոնք կրակում էին 5.45 մմ տրամաչափի գնդակներով, եւ հենց այդպիսի գնդակից է սպանվել Հովհաննես Հովհաննիսյանը (տե՛ս վերեւում՝ 49-րդ պարբերությունը)։ Թեեւ այն գնդակը, որից սպանվել է Տիգրան Աբգարյանը, երբեւէ չի հայտնաբերվել, եւ դրա տեսակն ու տրամաչափը չեն բացահայտվել (տե՛ս վերոնշյալ 63-րդ պարբերությունը), հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ Դատարանն ունի բավարար հիմքեր՝ ողջամիտ կասկածից վեր համարելու, որ երկու զոհերն էլ սպանվել են ոստիկանական ուժերի արձակած գնդակներից։
209. Այնուամենայնիվ, իրավիճակը մի փոքր այլ է Սամվել Հարությունյանի պարագայում, որը մահացել է անորոշ ծագման առարկայից ստացված հարվածից (տե՛ս վերոնշյալ 57-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, որ թեեւ կան որոշ փաստեր, որոնցով հաստատվում է, որ այն կարող էր լինել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակ, դիմումատուների կողմից ներկայացված դատաբժշկական պաթոլոգ Ջ.Կ.-ի զեկույցով որեւէ վերջնական եզրակացության հնարավոր չի եղել հանգել այդ հարցի վերաբերյալ, եւ չի բացառվել, որ դա կարող էր լինել հրազենից բացի ցանկացած այլ ծանր առարկայից (տե՛ս վերոնշյալ 133-րդ պարբերությունը)։ Գործի նյութերից հետեւում է, որ ընդհանուր առմամբ վեց անձինք վիրավորվել են «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներից բողոքի ակցիաների ճնշման ընթացքում, որոնցից երեքը՝ մահացու (տե՛ս վերոնշյալ 126-րդ եւ 128-րդ պարբերությունները), ինչը Դատարանը համարում է լուրջ ցուցանիշ, որ նույնը կարող էր պատահել նաեւ Սամվել Հարությունյանի հետ, հատկապես, որ նա մահացել է գրեթե նույն ժամանակահատվածում եւ նույն տարածքում, որտեղ տեղի են ունեցել արցունքաբեր գազի նռնակների օգտագործման հետ կապված եւս երեք մահվան դեպքեր (տե՛ս վերեւում՝ 56-րդ պարբերությունը եւ ստորեւ՝ 215-216-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, միայն այս տեղեկությունը բավարար չէ եզրակացնելու, որ Սամվել Հարությունյանը եւս մահացել է «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակից։ Բացի այդ, չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ, ինչպես ավելի մանրամասն ներկայացված է ստորեւ, ցուցարարների կողմից եւս կիրառվել են բռնի գործողություններ, այդ թվում՝ քարեր եւ «Մոլոտովի կոկտեյլներ» նետելը, եւ չի կարող բացառվել, որ Սամվել Հարությունյանի մահը եղել է այդ բռնի գործողությունների հետեւանքով առաջացած դժբախտ պատահարի արդյունք։ Պարզ չէ՝ արդյոք իշխանությունների կողմից ձեռնարկվել են համապատասխան քայլեր Սամվել Հարությունյանի մահվան պատճառ դարձած առարկան նույնականացնելու ուղղությամբ, այդ թվում՝ պարզելու այն հարցը՝ արդյոք դա կարող էր լինել հրազեն, թե այլ մահաբեր կամ ոչ մահաբեր զենք, հետեւաբար այդ հարցերը պետք է ստորեւ քննվեն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի ներքո։ Ինչ վերաբերում է նյութաիրավական հայեցակետին, Դատարանն ի զորու չէ հաստատելու, որ Սամվել Հարությունյանը սպանվել է պետությանը վերագրվող ուժի գործադրման հետեւանքով։
210. Համապատասխանաբար նրա մահվան առնչությամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում չի կարող արձանագրվել։ Հետեւաբար Դատարանի քննությունը տվյալ նյութաիրավական հայեցակետի ներքո այսուհետ կսահմանափակվի մնացած ութ զոհերով, որոնց Դատարանը հարմարության համար կշարունակի անվանել «դիմումատուների հարազատներ»։
2) Արդյո՞ք դիմումատուների հարազատների սպանությունները խախտել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական պահանջները։
211. Դատարանն ի սկզբանե նշում է, որ տվյալ գործով բոլոր մահերը տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կազմակերպված հանրահավաքների շրջանակներում եւ մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ակցիաների ընթացքում, որոնք Կառավարությունը որակել է որպես «զանգվածային անկարգություններ», եւ որոնց իրականացման ընթացքում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների մի մասի եւ ոստիկանության միջեւ։ Այն փաստը, որ այդ օրը տեղի ունեցած բողոքի որոշ ակցիաներ վերածվել են բռնության, կողմերի միջեւ վիճարկման առարկա չէ։ Անշուշտ, Դատարանին ներկայացված ապացույցներից պարզ է դառնում, որ որոշ ցուցարարներ խաղաղ չեն եղել եւ իրականացրել են բռնի գործողություններ՝ ոստիկանության ուղղությամբ քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» եւ այլ առարկաներ նետելով, ինչպես նաեւ պատճառելով զգալի վնաս հանրային եւ մասնավոր գույքին։ Այնուամենայնիվ, պարզ է, որ նման գործողություններում ներգրավված են եղել միայն ցուցարարների փոքր խմբեր, որոնք հեռացել էին Մյասնիկյանի հուշարձանի մոտ հավաքված մի քանի հազար մարդկանցից բաղկացած հիմնական ամբոխից, որը, ըստ ամենայնի, այդ ամբողջ ժամանակահատվածում մնացել էր հիմնականում խաղաղ, եւ շարժվել դեպի հարակից մի շարք փողոցների ուղղությամբ (տե՛ս վերեւում հիշատակված՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի [Dareskizb Ltd] գործը, § 46՝ վերջում, եւ § 61): Այնուհետեւ պարզվում է, որ ոստիկանական ուժերի հետ կատաղի բախումների մեջ ներգրավված ցուցարարների թիվը տատանվել է մի քանի տասնյակից մինչեւ մոտ հարյուր մարդ (տե՛ս վերեւում հիշատակված՝ «Human Rights Watch» կազմակերպության զեկույցը վերեւում՝ 165-րդ պարբերությունում), մինչդեռ այն տարածքը, որտեղ տեղի էին ունենում հիմնական բախումները, ընդգրկում էր Մաշտոցի պողոտան եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցը, Պարոնյան փողոցն ու Լեոյի փողոցը կապող երկու խաչմերուկները, որոնք գտնվում էին Մյասնիկյանի հուշարձանի մոտ՝ հիմնական հանրահավաքից մոտավորապես 400-ից 600 մետր հեռավորության վրա եւ միմյանցից մոտ 250 մետր հեռավորության վրա։ Թեեւ Դատարանի մոտ ակնհայտորեն առկա չեն բավականաչափ նյութեր՝ հաստատելու համար, որ դիմումատուների հարազատներն իրենք են մասնակցել որեւէ բռնի գործողության, եւ այդ առնչությամբ Կառավարության պնդումները (տե՛ս վերեւում՝ 189-րդ պարբերությունը) ենթադրական են եւ չեն հաստատվում որեւէ համոզիչ ապացույցով (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Եվրիմ Ըյուքտեմն ընդդեմ Թուրքիայի [Evrim Öktem v. Turkey] գործը, թիվ 9207/03, § 48, 2008 թվականի նոյեմբերի 4), անվիճելի է, որ դիմումատուների բոլոր հարազատները գտնվել են այդ տարածքում եւ ստացել են մահացու վնասվածքներ։ Դատարանը նաեւ ընդունում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի շրջանակներում ուժի կիրառման թիրախ հանդիսացած ցուցարարների եւ ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հետ կապված՝ կարող են կիրառվել տարբեր դիտարկումներ։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով իր ստորեւ ներկայացված եզրակացությունները՝ կապված ոստիկանության գործողությունների հատուկ թերացումների եւ հրազենի անխտիր օգտագործման հետ (տե՛ս ստորեւ՝ 212-214-րդ եւ 228-230-րդ պարբերությունները), Դատարանն անհրաժեշտ չի համարում տարբերակել այս երկու իրավիճակները սույն գործի հատուկ հանգամանքներում։
212. Ոստիկանական գործողության պլանավորման եւ վերահսկման մասով Դատարանն ի սկզբանե նշում է, որ Կառավարությունը չի ներկայացրել գործողության պլանավորմանն առնչվող որեւէ փաստաթուղթ եւ հիմնականում տրամադրել է ընդհանրական տեղեկություններ, ինչը սահմանափակում է Դատարանի հնարավորությունը՝ իրականացնելու գործողության պլանավորման եւ իրականացման վերաբերյալ մանրակրկիտ գնահատում (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Իսաեւան ընդդեմ Ռուսաստանի [Isayeva v. Russia] թիվ 57950/00 գործը, § 182, 2025 թվականի փետրվարի 24)։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության միջամտությունն էր միայն նախապես պլանավորված գործողություն, մինչդեռ ուժի կիրառումը, որի արդյունքում առաջացել են դիմումատուների հարազատների մահվան դեպքերը, տեղի է ունեցել նույն օրը՝ ավելի ուշ՝ ինքնաբուխ զարգացող իրադարձությունների ընթացքում։ Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ սույն գործով մահաբեր ուժ գործադրած ոստիկանական ուժերն ստիպված են եղել արձագանքել անսպասելի հանգամանքներին՝ թեժ պահին, քանի որ Երեւան քաղաքի հասարակական կարգի ընդհանուր վատթարացումը, ըստ ամենայնի, մեծ մասամբ այդ օրը՝ ավելի վաղ, Ազատության հրապարակում իրականացված ոստիկանական գործողության հետեւանքն էր։ Դատարանը նախկինում վճռել է, որ այն հանգամանքներում, երբ հնարավոր մահաբեր ուժ գործադրելու անհրաժեշտությունը առաջանում է ոստիկանի կողմից ձեռնարկված որոշումների եւ գործողությունների արդյունքում, այդ որոշումները կներգրավեն պետության պատասխանատվությունը նույն չափով, ինչ ոստիկանության գործողությունների պլանավորումն ու վերահսկումը (տե՛ս Հաասը եւ Սաբոն ընդդեմ Հունգարիայի [Haász and Szabó v. Hungary], թիվ 11327/14 եւ 11613/14, § 57, 2015 թվականի հոկտեմբերի 13): Սույն գործով Դատարանն արդեն պարզել է, որ 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած բռնի բախումներից առաջ՝ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո սկսված ցույցերը տասն օր շարունակ խաղաղ են ընթացել՝ առանց որեւէ բռնության ուղղորդված միջադեպերի կամ բռնության կոչերի։ Միայն 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները որոշեցին միջամտել եւ դադարեցնել այդ ցույցերը, եւ դա արեցին որոշ չափով կասկածելի հանգամանքներում, ակնհայտորեն, առանց ցրելու որեւէ նախազգուշացման եւ անհիմն ու անհամաչափ ուժի կիրառման (տե՛ս Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի [Ter-Petrosyan v. Armenia], թիվ 36469/08, § 64, 2019 թվականի ապրիլի 25)։ Դատարանը ոչ միայն պարզել է, որ ոստիկանության կողմից այդ միջամտությունը խախտել է ցույցերի մասնակիցների եւ կազմակերպիչների իրավունքները՝ ամրագրված Կոնվենցիայի 11-րդ հոդվածով (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan], § 255, եւ Տեր-Պետրոսյանի [Ter-Petrosyan] երկու գործերը, § 65), այլեւ պարզ է, որ դա ուղղված է եղել հակամարտության սրմանը։ Թեեւ Դատարանը որեւէ կերպ չի արդարացնում ցուցարարների կողմից այդ օրը ավելի ուշ իրականացված բռնությունները, այնուամենայնիվ, հաշվի առնելով ցույցերի մասշտաբային բնույթը, դրանց կարեւորությունը հայ հասարակության լայն շերտերի համար (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] գործը, § 246, որով Դատարանը վճռել էր, որ Ազատության հրապարակը դարձել է հանրային կարծիքի արտահայտման հարթակ՝ քաղաքական մեծ նշանակություն ունեցող, ժողովրդավարության գործունեության հետ անմիջականորեն կապ ունեցող եւ հայ հասարակության լայն շերտերի համար լուրջ մտահոգություն առաջացնող հանրային կարեւորություն ներկայացնող հարցի վերաբերյալ), ինչպես նաեւ դրանց դադարեցման եղանակը, հնարավոր էր կանխատեսել հասարակական կարգի իրավիճակի էական վատթարացումը: Պետք է ընդունել այն փաստը, որ անիրատեսական կլիներ ակնկալել, որ իշխանությունները կկարողանան կանխատեսել եւ պատրաստվել բոլոր հնարավոր սցենարներին՝ հաշվի առնելով նման զանգվածային հանրային միջոցառումների անկանխատեսելիությունը։ Այնուամենայնիվ, սույն գործով կարծես թե այդ սցենարի համար որեւէ գործողության պլան չի եղել՝ բացառությամբ որպես պահեստային ուժեր մի քանի հարյուր ոստիկանների եւ ոստիկանության զորքերի ներկայության՝ (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը` վերջում):
213. Դատարանը սահմանափակ տեղեկություններ ունի տեղի ունեցած գործողություններից հետո ոստիկանության ձեռնարկած գործողությունների, այդ թվում՝ հասարակական կարգը վերականգնելու նպատակով Երեւանում ինքնաբուխ զարգացող իրավիճակին ի պատասխան կայացված որոշումների եւ տրված հրահանգների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ոստիկանության գործողությունները համարվել են անբավարար՝ 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի ողբերգական իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով հատուկ ստեղծված խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի կողմից (տե՛ս վերոնշյալ 125-րդ պարբերությունը): Ժամանակավոր հանձնաժողովը, ի թիվս այլնի, վճռել է, որ տեխնիկական, կազմակերպչական եւ «բարոյահոգեբանական» առումներով ոստիկանությունը պատշաճ կերպով պատրաստված չի եղել, ինչպես նաեւ նրանց գործողությունները պատշաճ կերպով պլանավորված եւ կազմակերպված չեն եղել` մատնանշելով որոշակի թերացումներ (տե՛ս վերոնշյալ 128-րդ պարբերությունը): Դատարանը որեւէ պատճառ չունի չհամաձայնվելու ժամանակավոր հանձնաժողովի կողմից տրված գնահատականի հետ։ Անշուշտ, պարզ չէ, թե արդյոք անկարգություններին ի պատասխան իրականացվել է որեւէ հետեւողական ռազմավարություն, այդ թվում՝ արդյունավետ վերահսկողություն եւ կենտրոնացված հրամանատարություն, կամ արդյոք իշխանությունները պատրաստ են եղել ռեսուրսների բավարարության առումով։ Հատկանշական է, որ Հայաստանի ոստիկանական զորքերը, որոնք ներգրավված են եղել այս գործընթացում քաղաքացիական ոստիկանական ուժերի հետ միասին (տե՛ս վերոնշյալ 9-րդ, 22-րդ եւ 25-28-րդ պարբերությունները), համալրված են եղել ոչ թե մասնագիտացված ոստիկաններով, այլեւ ժամկետային զինծառայողներով (տե՛ս վերեւում՝ 154-րդ պարբերությունը): Թեեւ տեսականորեն ոստիկանության զորքերի խնդիրներից մեկը եղել է «զանգվածային անկարգությունների ճնշումը» (տե՛ս վերեւում՝ 156-րդ պարբերությունը), պարզ չէ, թե արդյոք հիմնականում երիտասարդ այս նորակոչիկներն անցել են անհրաժեշտ պատրաստություն եւ ունեցել են փորձ՝ մասնակցելու այդպիսի մասշտաբային ցույցերի վերահսկմանը, որոնք, ավելին, վերածվել են բռնության, այդ թվում, ինչպես ստորեւ ներկայացված է ավելի մանրամասն, անհրաժեշտ գիտելիքներ՝ որոշ հնարավոր մահաբեր սարքերի հետ աշխատելու վերաբերյալ։ Այնուհետեւ պարզ չէ, թե արդյոք այդ զորքերը պատշաճ եւ բավարար կերպով զինված են եղել։ Մասնավորապես նրանց զանգվածային անկարգություններին հակազդելու համար նրանց տրամադրված միջոցները եւ ոչ մահաբեր այլ զենքերի քանակը շատ ավելի քիչ է եղել մարտական զինամթերքի քանակից (տե՛ս վերեւում՝ 99-րդ պարբերությունը), մինչդեռ զանգվածային անկարգություններին հակազդելու միջոցներից մի քանիսը, ինչպիսիք են խորհրդային արտադրության «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները, հնացած են եղել, անսարք եւ նույնիսկ նախատեսված չեն եղել բաց տարածքներում օգտագործելու համար (տե՛ս վերոնշյալ 80-րդ եւ 131-րդ պարբերությունները): Ակնհայտ է, որ պատրաստվածություն չունենալու այդ բացը եւ ոստիկանության ընդհանուր արձագանքի անբավարարությունը դրդել են նրանց կիրառելու կյանքի համար ավելի մեծ վտանգ ներկայացնող մահաբեր զենքեր:
214. Վերոնշյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ խնդրո առարկա գործողությունը պլանավորված չի եղել եւ իրականացվել է այնպես, որ նվազագույնի հասցվի մարդկային կյանքին սպառնացող ռիսկը։
215. Ինչ վերաբերում է ուժի կիրառման հատուկ դեպքերին եւ դրանց հետեւանքով վրա հասած մահվան դեպքերին, մի շարք զեկույցներից (տե՛ս մասնավորապես ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը եւ «Human Rights Watch» կազմակերպության զեկույցը վերեւում հիշատակված 130-րդ եւ 165-րդ պարբերություններում) պարզ է դառնում, որ ցուցարարների խմբերի եւ ոստիկանական ուժերի միջեւ ամենալարված եւ կատաղի բախումներից մեկը, որը «Human Rights Watch» կազմակերպությունը բնութագրել է որպես «ամբոխը ցրելու նպատակով իրականացված ագրեսիվ ոստիկանական գործողություններ», սկսվել է 2008 թվականի մարտի 1-ին՝ մոտավորապես երեկոյան ժամը 21:00-ից մինչեւ 21:30-ի սահմաններում, վերեւում՝ 211-րդ պարբերությունում նշված տարածքում, որի ընթացքում ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ինչպես մահաբեր, այնպես էլ ոչ մահաբեր զենքեր՝ անկարգությունները ճնշելու նպատակով: Այս համատեքստում են տեղի ունեցել պետությանը վերագրվող ութ մահվան դեպքերից վեցը (տե՛ս վերեւում՝ 37-րդ, 41-րդ, 44-րդ, 47-րդ, 50-րդ եւ 53-րդ պարբերությունները), իսկ մնացած երկուսը տեղի են ունեցել նույն տարածքում, սակայն ուշ ժամերի (տե՛ս վերեւում՝ 58-րդ եւ 61-րդ պարբերությունները)։ Դատարանը վերահաստատում է, որ ուժի գործադրումը կարող է արդարացվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, երբ այդ գործողությունը ձեռնարկվում է խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով, սակայն ինքնին հասկանալի է, որ տվյալ նպատակին հասնելու համար կիրառված միջոցները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին (տե՛ս վերեւում հիշատակված՝ Գյուլեչի [Güleç], § 71, եւ Շիմշեկը եւ այլք ընդդեմ Թուրքիայի [Şimşek and Others v. Turkey] թիվ 35072/97 եւ 37194/97 գործերը, § 108, 2005 թվականի հուլիսի 26)։ Դեռ պետք է որոշել, թե արդյոք սույն գործով ապահովվել է այդ համաչափությունը։
‒ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանի մահվան դեպքերը
216. Դատարանը գտնում է, որ թեեւ դիմումատուների հարազատներից յուրաքանչյուրը մահացել է տարբեր հանգամանքներում, այնուամենայնիվ, առկա են որոշ ընդհանուր տարրեր, որոնք հնարավորություն են տալիս Դատարանին միասին քննել այդ դեպքերը։ Ութ զոհերից երեքը՝ Արմեն Ֆարմանյանը, Տիգրան Խաչատրյանը եւ Գոռ Քլոյանը, մահացել են վերոնշյալ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներից ստացած հարվածից (տե՛ս վերոնշյալ 39-րդ, 43-րդ եւ 46-րդ պարբերությունները)։ Դիմումատուները պնդել են, որ երեք մահացածները դիտավորյալ թիրախավորվել են, եւ նրանց վրա կրակ է արձակվել՝ «կրակել սպանելու նպատակով» հրահանգի ներքո (տե՛ս վերեւում՝ 183-րդ պարբերությունը)։ Կառավարությունը չի վիճարկել այն հանգամանքը, որ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները, որոնք դարձել էին երեք զոհերի մահվան պատճառ, արձակվել էին ոստիկանության զորքերի ծառայողների կողմից, սակայն հերքել է դիմումատուների ներկայացրած պնդումը դիտավորյալ սպանությունների վերաբերյալ՝ իր հերթին պնդելով, որ նռնակներն ուղղակիորեն ցուցարարների վրա չեն արձակվել, այլ վերջիններիս վրա հարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է նռնակների որեւէ մակերեսից ռիկոշետ անելու հետեւանքով (տե՛ս վերեւում՝ 189-րդ պարբերությունը)։ Այս առումով Կառավարությունն անդրադարձել է համապատասխան արցունքաբեր գազի նռնակների պլաստմասսայե ծայրերի վրա առկա դեֆորմացիաներին (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերությունը)։
217. Դատարանը կասկած չունի, որ Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանի մահվան պատճառ դարձած «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներն արձակվել են ոստիկանության զորքերի զինծառայողների կողմից՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն նրանք են զինված եղել ԿՍ-23 կարաբիններով, որոնցից արձակվել էին այդ նռնակները։ Դատարանը նաեւ կասկածի տակ չի դնում արցունքաբեր գազի կիրառման անհրաժեշտությունը տվյալ իրավիճակում, քանի որ խնդրո առարկա տարածքում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ակնհայտորեն խաղաղ բնույթ չեն կրել (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Աբդուլլահ Յաշայի եւ այլոց [Abdullah Yaşa and Others] գործը, թիվ 44827/08, § 41, 2013 թվականի հուլիսի 16)։
218. Այնուամենայնիվ, Դատարանը հաշվի է առնում այն, որ երբ արցունքաբեր գազ է կիրառվում նռնականետից նռնակն արձակելիս, առաջանում է լուրջ վնասվածքների կամ մահ պատճառելու վտանգ, եթե նռնականետը կիրառվում է ոչ պատշաճ կերպով։ Հետեւաբար, հաշվի առնելով այդ սարքերի վտանգավոր բնույթը, հնարավոր մահաբեր ուժի գործադրման վերաբերյալ Դատարանի նախադեպային իրավունքը կիրառելի է նաեւ նման գործերով, ինչը նշանակում է, որ ոստիկանության գործողությունները, ներառյալ՝ արցունքաբեր նռնակների արձակումը, ոչ միայն պետք է թույլատրված լինեն, այլեւ բավարար չափով սահմանափակված լինեն ներպետական իրավունքով՝ կամայական գործողությունների, ուժի չարաշահման եւ կանխարգելելի դեպքերի նկատմամբ համարժեք եւ արդյունավետ պաշտպանության համակարգի շրջանակներում (նույն տեղում՝ §§ 42-43)։ Դատարանն արդեն պարզել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում այն դեպքում, երբ ցույցերի ընթացքում արցունքաբեր նռնակների կիրառումը, որը հանգեցրել է մարմնական վնասվածքների, բավարար չափով կարգավորված չի եղել՝ անկախ 3-րդ հոդվածի բովանդակությունից (տե՛ս վերեւում հիշատակված՝ Աբդուլլահ Յաշայի եւ այլոց [Abdullah Yaşa and Others], § 49, եւ Իզջին ընդդեմ Թուրքիայի [İzci v. Turkey] թիվ 42606/05 գործերը, §§ 64-66, 2013 թվականի հուլիսի 23)։ Վերջին գործով Դատարանը, համաձայն Կոնվենցիայի 46-րդ հոդվածի, նշել է, որ արցունքաբեր գազի կիրառումը պետք է կարգավորվի հստակ կանոններով, եւ պետք է գործի համակարգ, որը կապահովի իրավապահ մարմինների աշխատակիցների պատշաճ պատրաստվածությունը, նրանց նկատմամբ վերահսկողությունն ու հսկողությունը ցույցերի ընթացքում, ինչպես նաեւ ցանկացած ուժի գործադրման դեպքի անհրաժեշտության, համաչափության եւ ողջամտության արդյունավետ ex post facto (փաստացի իրողությունից հետո) ուսումնասիրություն հատկապես այն անձանց նկատմամբ, որոնք բռնի դիմադրություն չեն ցուցաբերում (նույն տեղում՝ § 99)։
219. Սույն գործով 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ճնշման ընթացքում արցունքաբեր նռնակներից տուժած անձանց զգալի թիվը՝ ընդհանուր առմամբ վեց մարդ, որոնցից երեքը, որոնց վերաբերում է սույն գործը, մահացու վնասվածքներ են ստացել (տե՛ս վերեւում՝ 128-րդ պարբերությունը), վկայում է այն մասին, որ դրանք առանձին պատահարներ չեն եղել, այլ եղել են ավելի համակարգային խնդրի արդյունք։ Դիմումատուները պնդել են, որ տուժածները դիտավորյալ թիրախավորվել են ոստիկանների կողմից, որոնք արձակել էին արցունքաբեր գազի նռնակներ, քանի որ հրահանգ էին ստացել «կրակել սպանելու նպատակով» (տե՛ս վերեւում՝ 183-րդ եւ 216-րդ պարբերությունները)։ Թեեւ այդ հնարավոր վարկածը լիովին բացառել չի կարելի, Դատարանը նման եզրակացության գալու համար պետք է ունենար հստակ ապացույցներ։ Սակայն գործի նյութերում այդպիսի ապացույցներ չկան։ Միեւնույն ժամանակ Դատարանը կարող է մի շարք այլ պատճառներ նշել այդ ողբերգական հետեւանքի վերաբերյալ, որոնք առնչություն չունեն նռնակներ արձակած իրավապահ մարմինների կողմից սպանելու կամ վնաս պատճառելու դիտավորության հետ։ Այնուամենայնիվ, Դատարանը այս հարցը վճռորոշ չի համարում, քանի որ, ինչպես արդեն նշվել է վերեւում՝ 194-րդ պարբերությունում, Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի վերաբերում միայն դիտավորությամբ կյանքից զրկելուն, եւ այդ հոդվածի խախտման հարց կարող է առաջանալ, նույնիսկ եթե սպանությունները դիտավորությամբ չեն կատարվել։
220. Այս կապակցությամբ Դատարանը նախեւառաջ նշում է, որ համապատասխան ժամանակահատվածում Հայաստանի օրենսդրությամբ չի սահմանվել որեւէ հատուկ դրույթ՝ հատուկ միջոցների, ներառյալ՝ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների կիրառման վերաբերյալ, եւ ոչ էլ դրանց կիրառման վերաբերյալ որեւէ հրահանգ։ Միակ իրավական ակտը, որը ներառել է այդպիսի հրահանգներ, ինչպես նաեւ հենց նռնակները, վերագրվել է խորհրդային ժամանակաշրջանին, եւ այն Հայաստանում ուժը կորցրած է ճանաչվել 2006 թվականին, սակայն չի փոխարինվել հրահանգների նոր փաթեթով (տե՛ս վերեւում՝ 131-րդ պարբերությունը)։ Կառավարությունը հղում է կատարել «Ոստիկանության մասին» օրենքի 29-րդ եւ 31-րդ հոդվածներին՝ որպես արցունքաբեր գազի կիրառումը կարգավորող դրույթների (տե՛ս վերեւում՝ 149-րդ, 150-րդ եւ 192-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, այդ ակտով միայն սահմանվում էին այն իրավիճակները, որոնց դեպքում ոստիկանությունը կարող էր արցունքաբեր գազ կիրառել, բայց չէր պարունակում դրա կիրառման վերաբերյալ որեւէ մանրամասն եւ հատուկ հրահանգներ, այդ թվում՝ անվտանգության կանոններ։ Հետեւաբար պարզ չէ, թե արդյոք «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ կիրառող ոստիկանական զորքերի զինծառայողներն ունեցել են անվտանգության կանոններին հետեւելու պարտավորություն։ Ավելին, Դատարանին որեւէ համոզիչ ապացույց չի ներկայացվել, որ նրանք պատրաստություն են անցել արցունքաբեր գազի նռնակների պատշաճ եւ անվտանգ գործադրման վերաբերյալ: Փաստացի, Կառավարությունը չի տրամադրել որեւէ տեղեկություն կամ ապացույց՝ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ օգտագործած չորս ոստիկանների պատրաստվածության վերաբերյալ, եթե այդպիսին եղել է։ Այնուհետեւ գործի որոշ նյութերից, մասնավորապես՝ ՀՔԾ-ի կողմից այդ զինծառայողներին մարզած եւ նրանց վերահսկող այլ անձանց հետ անցկացված հարցաքննություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանցից ոչ բոլորն են ունեցել դրանից օգտվելու անհրաժեշտ գիտելիքներ ու կարողություններ (տե՛ս վերեւում՝ 126-րդ պարբերությունը):
221. Այն փաստը, որ անվտանգության հրահանգների բացակայությունը նպաստել է արցունքաբեր գազի նռնականետների ոչ պատշաճ կիրառմանը, հաստատվել է նաեւ խորհրդարանի կողմից իրականացված հարցմամբ (տե՛ս վերեւում՝ 128-րդ, 130-րդ եւ 131-րդ պարբերությունները): Այդ ընթացքում ժամանակավոր հանձնաժողովը նշել է նաեւ այն փաստը, որ բացի ցուցարարների մահվան եւ վնասվածքներ ստանալու վեց դեպքերից՝ մոտ մեկ տասնյակ զինծառայողներ թունավորվել են «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազից։ Դատարանը որեւէ պատճառ չունի կասկածի տակ դնելու ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունները։ Անշուշտ, հաշվի առնելով արցունքաբեր գազի նռնականետներից պատճառված վնասվածքների քանակն ու բնույթը, որոնք նախատեսված են եղել ամբոխը ցրելու համար, այլ ոչ թե վնասվածքներ, առավել եւս մահացու վնասվածքներ պատճառելու համար, կարելի է եզրակացնել, որ ոստիկանները հնարավորություն են ունեցել գործելու չափազանց ինքնուրույն եւ նախաձեռնելու չմտածված քայլեր, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի չէր ունենա, եթե նրանք համապատասխան պատրաստություն անցած լինեին եւ հստակ հրահանգներ ստացած լինեին (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերեւում հիշատակված՝ Աբդուլլահ Յաշայի եւ այլոց [Abdullah Yaşa and Others] գործը, § 49)։
222. Դատարանը նաեւ չի կարող անտեսել այն փաստը, որ արցունքաբեր գազի կիրառման հետեւանքով առաջացած մահվան եւ վնասվածքի բոլոր վեց դեպքերը եղել են միայն «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներից, չնայած որ բողոքի ակցիաները ճնշելու ընթացքում օգտագործվել են նաեւ այլ տեսակի արցունքաբեր նռնակներ (տե՛ս վերեւում՝ 99-րդ պարբերությունը): Այս առումով հատկանշական է, որ ինչպես արդեն նշվել է վերեւում՝ 213-րդ պարբերությունում, օգտագործված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները վաղուց ժամկետանց են եղել։ Դա հանգեցրել է դրանցից մեծ մասի անսարքության, այդ թվում՝ գազի արտահոսքի եւ թռիչքի արագության նվազման (տե՛ս վերեւում՝ 80-րդ եւ 131-րդ պարբերությունները)։ Թեեւ ժամկետանց արցունքաբեր նռնակները, ըստ փորձագետների, որպես այդպիսին, վտանգ չեն ներկայացնում մարդու կյանքի համար (տե՛ս վերեւում՝ 80-րդ պարբերությունը), սակայն Դատարանի կարծիքով այն փաստը, որ նռնակները չեն գործել ըստ նախատեսվածի, կարող էր նպաստել դրանց ոչ պատշաճ կիրառմանը եւ մեծացնել վնասվածք պատճառելու հավանականությունը։ Բացի այդ, ինչպես արդեն նշվել է վերեւում՝ 213-րդ պարբերությունում, «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները նախատեսված չեն եղել բաց տարածքներում օգտագործելու համար, այլ փակ տարածքներում օգտագործելու համար։ Այսպիսով, թեեւ ակնհայտորեն բաց տարածքներում «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների օգտագործման ընդհանուր արգելք չի եղել, արգելվում էր կրակ բացել մարդկանց բազմության ուղղությամբ (տե՛ս վերեւում՝ 128-րդ պարբերությունում մեջբերված ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը): Դատարանը նախկինում առիթ է ունեցել նկատելու, որ արցունքաբեր գազի նռնակի ուղիղ, հարթ հետագծով կրակ արձակելը նռնականետի միջոցով չի կարող դիտարկվել որպես ոստիկանության իրավաչափ գործողություն, քանի որ դա կարող է պատճառել լուրջ կամ նույնիսկ մահացու վնասվածքներ, մինչդեռ բարձր անկյան տակ կրակելն ընդհանուր առմամբ համարվում է համարժեք մոտեցում, քանի որ այն կանխում է մարդկանց վնասվածք կամ մահ պատճառելու ռիսկը հարվածի դեպքում (տե՛ս վերեւում հիշատակված՝ Աբդուլլահ Յաշայի [Abdullah Yaşa] գործը § 48, եւ Աթայքայան ընդդեմ Թուրքիայի[Ataykaya v. Turkey] թիվ 50275/08 գործը, § 56, 2014 թվականի հուլիսի 22):
223. Կառավարությունը պնդել է, որ արցունքաբեր գազի նռնակները չեն արձակվել ցուցարարների ուղղությամբ, եւ որ վերջիններս վնասվել են ռիկոշետային եղանակով կրակոցների հետեւանքով (տե՛ս վերեւում՝ 189-րդ եւ 216-րդ պարբերությունները)։ Սակայն այդ պնդումները պատշաճ կերպով ապացուցված չեն եւ կարծես թե չեն կարող համարվել համոզիչ։ Հատկանշական է, որ 2008 թվականի մարտին անցկացված արցունքաբեր գազի նռնակների նախնական ձգաբանական փորձաքննության արդյունքում պլաստմասսայե գլխիկների վրա որեւէ դեֆորմացիա կամ այլ հետքեր չէր հայտնաբերվել (տե՛ս վերեւում՝ 72-րդ պարբերությունը)։ Այդպիսի հետքեր նկատվել են միայն լրացուցիչ ձգաբանական փորձաքննության ընթացքում, որն ակնհայտորեն իրականացվել է 2008 թվականի նոյեմբերին, եւ համարվել է, որ դրանք կարող էին առաջանալ կոշտ առարկայի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու հետեւանքով (տե՛ս մասնավորապես թիվ 1466 եզրակացության հղումները վերեւում՝ 78-րդ, 82-րդ եւ 128-րդ պարբերություններում)։ Նշվել էր նաեւ, որ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներով հնարավոր է պատճառել մահացու վնասվածքներ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք անդրադարձել կամ անցել են որեւէ արգելքի միջով (տե՛ս մասնավորապես թիվ 1466 եզրակացության հղումները վերեւում՝ 131-րդ պարբերությունում)։
224. Դատարանը նշում է, որ չնայած նրան, որ Կառավարությունը հիմնվել է ձգաբանական փորձաքննության արդյունքների վրա՝ ռիկոշետի վերաբերյալ իրենց պնդումները հաստատելու նպատակով, այնուամենայնիվ, Կառավարությունը չի ներկայացրել այդ փորձաքննությանն առնչվող որեւէ փաստաթուղթ, այդ թվում՝ դա նշանակելու վերաբերյալ որոշում եւ փորձագետների կողմից արված եզրակացություն։ Ամեն դեպքում Դատարանին հասանելի փաստաթղթերից պարզ է դառնում, որ նշված փորձաքննությունն իրականացրած փորձագետների կողմից արված եզրակացությունները չէին պարունակում մանրամասներ կամ հարցի խորքային ցանկացած վերլուծություն։ Բացի այն ընդհանուր պնդումից, որ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակները կարող էին ռիկոշետի արդյունքում մահացու վնասվածքներ պատճառել (տե՛ս մասնավորապես թիվ 1466 եզրակացության հղումը վերեւում՝ 131-րդ պարբերությունում), սույն գործի շրջանակում որեւէ հիմնավոր գնահատական չի տրվել ռիկոշետի հավանականության վերաբերյալ՝ հաշվի առնելով ստացած կոնկրետ վնասվածքների բնույթը, այդ թվում՝ դրանց ծանրության աստիճանը, տեղը եւ բախման անկյունը։ Երեք գործերով էլ փորձագետների եզրակացությունները ներառում են կարծրատիպային լեզու, որը սահմանափակվել է մեկ արտահայտությամբ, այն է, որ դեֆորմացիաները առաջացել են «կոշտ առարկայի հետ բախման կամ որեւէ արգելքի միջով անցնելու» հետեւանքով։ Պարզվում է, որ ձգաբանական փորձաքննության ընթացքում անտեսվել են նաեւ այնպիսի հարակից հարցեր, ինչպիսիք են կրակոցների հավանական հետագիծը եւ հեռավորությունը։ Նաեւ չի կատարվել վերլուծություն այն հնարավոր մակերեւույթի վերաբերյալ, որտեղից, ենթադրաբար, նռնակները ռիկոշետ են կատարել, կամ ռիկոշետի ենթադրյալ անկյան վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերությունը):
225. Միեւնույն ժամանակ գործի նյութերում առկա են բավարար ապացույցներ, որոնք կասկածի տակ են դնում ռիկոշետի հիպոթեզը, այդ թվում՝ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ երեք կրակոցներից առնվազն մեկը կարող էր արձակվել մոտ հեռավորությունից, ինչպես նաեւ այլ ապացույցներ, որոնք չեն բացառում, որ պլաստմասսայե գլխիկների վրա առկա հետքերը կարող էին առաջանալ ոչ թե ուրիշ մակերեւույթների, այլ զոհերի մարմինների հետ բախման արդյունքում (տե՛ս վերեւում՝ 133-րդ եւ 134‑135-րդ պարբերություններում նշված՝ դիմումատուների կողմից ներկայացված ապացույցները եւ 131-րդ պարբերությունում նշված նախկին ոստիկանապետ Հ.Հ.-ի՝ ժամանակավոր հանձնաժողով ներկայացրած փաստարկները): Հաշվի առնելով, որ Կառավարությունը չի ներկայացրել որեւէ համոզիչ ապացույց կամ փաստարկ ռիկոշետի վերաբերյալ իր պնդումները հաստատելու նպատակով, Դատարանը, համաձայն դիմումատուների պնդման, կարծում է, որ պատճառված վնասվածքների ծանրությունը եւ դրանց տեղը, որոնցից երկուսը գտնվում էին մարդու գլխի հատվածում, իսկ մեկը՝ մարդու գոտկատեղի շրջանում, ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ, դրանք եղել են ուղիղ, հորիզոնական հետագծով արված կրակոցներ, որոնք արձակվել են ուսի կամ գոտկատեղի վրա տեղադրված արցունքաբեր նռնականետներից, ինչը ակնհայտորեն չի համապատասխանել դրանց պատշաճ կիրառմանը (տե՛ս համապատասխան փոփոխություններով, վերեւում հիշատակված՝ Աբդուլլահ Յաշայի եւ այլոց [Abdullah Yaşa and Others], § 48, եւ Աթայքայայի [Ataykaya] երկու գործերը, § 56): Պարզ է դառնում, որ այդ եզրակացությանն է հանգել նաեւ ժամանակավոր հանձնաժողովը, որը եզրակացրել է, որ արցունքաբեր գազի նռնակներով կրակ արձակելիս մշտապես չեն պահպանվել անվտանգության կանոնները, այդ թվում՝ մարդկանց հավաքների ուղղությամբ կրակ արձակելու արգելքը (տե՛ս վերեւում՝ 128-րդ պարբերությունը):
226. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը եզրակացնում է, որ արցունքաբեր գազի նռնակների օգտագործման վերաբերյալ պարզ, մանրամասն եւ պարտադիր հրահանգների բացակայությունը, համապատասխան պատրաստվածության եւ վերահսկողության բացը, ինչպես նաեւ արցունքաբեր գազի նռնակների վիճակի եւ գործադրման հետ կապված վերոնշյալ խնդիրները զգալի չափով նպաստել են այդ ամբոխի վերահսկման համար նախատեսված զենքերի ոչ պատշաճ գործադրմանը՝ անվտանգության կանոնների խախտմամբ, ինչի հետեւանքով վրա է հասել Արմեն Ֆարմանյանի, Տիգրան Խաչատրյանի եւ Գոռ Քլոյանի մահը։
‒ Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Զաքար Հովհաննիսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահը
227. Դատարանն այժմ կանդրադառնա մյուս հինգ զոհերի, մասնավորապես՝ Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի, Գրիգոր Գեւորգյանի, Զաքար Հովհաննիսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերին, որոնք բոլորը սպանվել են մարտական փամփուշտներից (տե՛ս վերեւում՝ 49-րդ, 52-րդ, 54-րդ, 60-րդ եւ 61-րդ պարբերությունները)։ Դատարանը նշում է, որ արդեն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Հովհաննես Հովհաննիսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահերը վերագրելի են պետությանը (տե՛ս վերեւում՝ 208-րդ պարբերությունը)։ Ինչ վերաբերում է մնացած երեք զոհերին, Կառավարությունը չի վիճարկել, որ նրանք մահացել են ոստիկանության կողմից ուժի գործադրման հետեւանքով։ Դատարանն արձանագրում է, որ Գրիգոր Գեւորգյանը սպանվել է չպարզված փամփուշտով (տե՛ս վերեւում՝ 55-րդ պարբերությունը), մինչդեռ Դավիթ Պետրոսյանը եւ Զաքար Հովհաննիսյանը կրակոցներ են ստացել «Մակարով» տեսակի ատրճանակներից (տե՛ս վերեւում՝ 52-րդ եւ 60-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով իրեն ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը որեւէ կասկած չունի, որ այս երեք զոհերն էլ սպանվել են ոստիկանության կողմից հրազենի գործադրման արդյունքում։ Նախ՝ Դատարանը հիշեցնում է իր վերոնշյալ եզրակացությունը, ըստ որի՝ հրազենով եւ ռազմամթերքով զինված են եղել միայն ոստիկանական ուժերը, այլ ոչ ցուցարարները (տե՛ս վերեւում՝ 208-րդ պարբերությունը)։ Երկրորդ՝ չնայած այն հանգամանքին, որ Գրիգոր Գեւորգյանին սպանած փամփուշտը չի հայտնաբերվել, դատաբժշկի արձանագրած հրազենային վերքը համատեղելի է այն տեսակի զենքի եւ փամփուշտի տրամաչափի հետ, որը կիրառվել է ոստիկանական զորքերի կողմից՝ բողոքի ցույցերը ճնշելու ժամանակ, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, որը կրակում է 5.45 մմ տրամաչափի փամփուշտներ (տե՛ս նաեւ դատաբժիշկ Ջ․ Ս․-ի փորձագիտական եզրակացությունը վերոնշյալ 133-րդ պարբերությունում)։ Երրորդ՝ ինչ վերաբերում է «Մակարով» տեսակի ատրճանակներով հասցված վնասվածքներին՝ Դատարանը նշում է, որ գործի նյութերում որեւէ տեղեկություն չկա այն մասին, որ այդ զենքերը կիրառվել են բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, քանի որ հրազենի օգտագործման մասով իրականացված քննությունը հիմնականում սահմանափակվել է ոստիկանական զորքերի կողմից օգտագործված զենքերով, չնայած այն հանգամանքին, որ դեպքերին մասնակցել են նաեւ ոստիկանական այլ ստորաբաժանումներ։ Միաժամանակ գործի նյութերից հետեւում է եւ Կառավարության կողմից չի վիճարկվում, որ «Մակարով» տեսակի ատրճանակը Հայաստանի ոստիկանության կողմից օգտագործվող սովորական զենք է (տե՛ս վերեւում՝ 159-րդ եւ 163-րդ պարբերությունները)։ Հետեւաբար, հաշվի առնելով, որ եւ՛ Դավիթ Պետրոսյանը, եւ՛ Զաքար Հովհաննիսյանը սպանվել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցներից (տե՛ս վերեւում՝ 52-րդ եւ 60-րդ պարբերությունները), միակ հավանական բացատրությունն այն է, որ նրանք երկուսն էլ սպանվել են այդ տեսակի զենք կրող ոստիկանների կողմից։ Հաշվի առնելով վերոգրյալ բոլոր հանգամանքները՝ Դատարանը կասկածից վեր է համարում, որ հրազենի միջոցով պատճառված բոլոր հինգ մահերը վերագրելի են պետությանը։
228. Դատարանը նշում է, որ զոհվածներից երեքը՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Գրիգոր Գեւորգյանը եւ Դավիթ Պետրոսյանը, մահացել են այն ժամանակ, երբ, ինչպես արդեն նշվել է վերեւում, ոստիկանության ուժերը մոտավորապես ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել են ուժային գործողություններ՝ անկարգությունները դադարեցնելու նպատակով (տե՛ս վերեւում՝ 215-րդ պարբերությունը)։ Ինչ վերաբերում է առաջին երկու զոհերին, անվիճարկելի է, որ ոստիկանության զորքերը, զինված լինելով ԱԿ-74 ինքնաձիգներով, սկսել են 5.45 մմ տրամաչափի լուսարձակող փամփուշտներով կրակել ցուցարարների գլխավերեւով, որոնցից երկուսով էլ սպանվել են Հովհաննես Հովհաննիսյանը եւ Գրիգոր Գեւորգյանը։ Գործի նյութերում առկա մի շարք փաստաթղթերից հետեւում է, որ լուսարձակող փամփուշտների գործադրման նպատակը եղել է ցուցարարներին վախեցնելն ու նրանց ցրելը (տե՛ս վերեւում՝ 98-րդ, 159-րդ եւ 165-րդ պարբերությունները)։ Կառավարությունը նաեւ ընդունել է (տե՛ս վերեւում՝ 28-րդ պարբերությունը), որ դրա նպատակը ցուցարարների վրա հոգեբանական ճնշում գործադրելն է եղել (համեմատի՛ր վերեւում հիշատակված՝ Ջուլիանին եւ Գաջիոն ընդդեմ Իտալիայի [Giuliani and Gaggio] գործի հետ, § 216, որտեղ ցույցի ժամանակ կիրառվել է ուժ՝ հանկարծակի եւ բռնի հարձակման պատճառով հավանական մահվան կամ մարմնական լուրջ վնասվածքի անմիջական սպառնալիքը կանխելու համար)։ Ընդհանուր առմամբ, բողոքի ակցիաները ցրելու ընթացքում արձակվել է 1,405 միավոր 5.45 մմ տրամաչափի լուսարձակող փամփուշտ։ Դատարանն ընդունելի չի համարում մահաբերության բարձր աստիճան ունեցող հրազենի՝ նման առանց տարբերակման եւ պատահական եղանակով գործադրումը, որը ստեղծել էր մահվան կամ լուրջ վնասվածքի առաջացման շատ բարձր հավանականություն։ Այդ գործողությունները չեն համապատասխանում նաեւ ՄԱԿ-ի՝ Իրավապահ մարմինների կողմից ուժի եւ հրազենի կիրառման վերաբերյալ հիմնարար սկզբունքներին (տե՛ս վերեւում՝ 164-րդ պարբերությունը)։ Ավելին, արձակված լուսարձակող փամփուշտների թիվը՝ 1,405 միավոր, ակնհայտորեն անհամաչափ է, հատկապես եթե համեմատենք ոչ մահաբեր միջոցների կիրառման ծավալի հետ, մասնավորապես՝ օգտագործվել է ընդամենը 280 անգնդակ փամփուշտ եւ 191 ռետինե փամփուշտ (տե՛ս վերեւում՝ 99-րդ պարբերությունը)։ Ուստի ողջամիտ կասկած կա այն հարցի շուրջ, որ մինչ այդ իշխանությունները լիարժեք ուսումնասիրել եւ օգտագործել էին ոչ մահաբեր միջոցներով ցուցարարներին ցրելու բոլոր հնարավորությունները։ Ավելին, լուսարձակող փամփուշտների կիրառումը տեղի է ունեցել նախքան ամբոխը ջրցան մեքենայի օգտագործմամբ ցրելու ցանկացած փորձը։ Այս առումով ուշագրավ է, որ, չնայած Կառավարության ներկայացրած իրադարձությունների հաջորդականությունից դա հստակ չի երեւում, սակայն նրանց ներկայացրած փաստարկներից պարզ է դառնում, որ ջրցան մեքենան կիրառվել է միայն ժամը 22:00-ի սահմաններում (տե՛ս վերեւում՝ 28-րդ պարբերությունը), մինչդեռ, ինչպես նշվել է վերեւում եւ ինչպես բխում է գործի որոշ նյութերից ու գործով չվիճարկված փաստարկներից, լուսարձակող փամփուշտների կրակոցները սկսվել էին մինչ այդ՝ ժամը 21:00-ից 21:30-ն ընկած ժամանակահատվածում (տե՛ս վերեւում՝ 33-րդ, 98-րդ, 130-րդ եւ 165-րդ պարբերությունները)։ Սա հաստատվում է նաեւ այն փաստով, որ թե՛ Հովհաննես Հովհաննիսյանը, թե՛ Գրիգոր Գեւորգյանն այդ ժամանակահատվածում ստացել էին 5.45 մմ տրամաչափի լուսարձակող փամփուշտների միջոցով պատճառված հրազենային վնասվածքներ (տե՛ս վերեւում՝ 47-րդ, 53-րդ եւ 133-րդ պարբերությունները)։ Հետեւաբար ակնհայտ է, որ նախապատվություն է տրվել հզոր եւ պոտենցիալ մահաբեր զենքերի կիրառությանը, մինչդեռ դրանք պետք է դիտարկվեին որպես ծայրահեղ անհրաժեշտության միջոց։ Դատարանն այս առնչությամբ վերահաստատում է, որ Կոնվենցիայի տեսանկյունից «բացարձակ անհրաժեշտության» սկզբունքը պահանջում է, որ եթե առկա են նույն նպատակն իրագործելու մի քանի տարբեր միջոցներ, ապա պետք է ընտրվի այն միջոցը, որն ամենաքիչ վտանգն է ներկայացնում այլ անձանց կյանքի համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ջուլիանիի եւ Գաջիոյի գործը, § 214)։
229. Դատարանը վերոնշյալ ոստիկանական հարձակման հետեւանքով զոհված երրորդ անձի՝ Դավիթ Պետրոսյանի հետ կապված նաեւ նշում է, որ վերջինս չի սպանվել լուսարձակող փամփուշտից, այլ «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված փամփուշտից, որը պատկանել է շարքային ոստիկաններին (տե՛ս վերեւում՝ 52-րդ պարբերությունը)։ Ինչպես արդեն նշվել է վերոնշյալ 227-րդ պարբերությունում, բախումների ժամանակ այդ զենքերի օգտագործման վերաբերյալ քիչ բան է հայտնի։ Այնուամենայնիվ, անվիճարկելի է, որ տվյալ տարածքում ներկա են եղել նաեւ շարքային ոստիկաններ, որոնք ոստիկանության զորքերի հետ միասին մասնակցել են անկարգությունների ճնշմանը (տե՛ս վերեւում՝ 13-րդ, 17-րդ, 19-րդ, 22-րդ եւ 98-րդ պարբերությունները)։ Հաշվի առնելով ոստիկանության ուժերի եւ ցուցարարների միջեւ ամբողջ օրը շարունակված բախումների՝ տվյալ փուլում ոստիկանության կողմից ուժի անկանոն կիրառումը՝ վստահ կարելի է ենթադրել, որ ներգրավված ոստիկանության մյուս ստորաբաժանումներն էլ են կիրառել նույն մարտավարությունը, եւ որ Դավիթ Պետրոսյանի մահը վրա է հասել անկանոն կերպով կիրառված այդ մեթոդների հետեւանքով։ Հատկանշական է, որ նրա մարմնից հանված փամփուշտն ունեցել է ռիկոշետով կրակոցին բնորոշ դեֆորմացիաներ (տե՛ս վերեւում՝ 52-րդ եւ 136-րդ պարբերությունները), ինչը ենթադրում է, որ Դավիթ Պետրոսյանը գուցե եւ կրակոցի թիրախը չի եղել, եւ միայն ամրապնդում է Դատարանի եզրակացությունն այն մասին, որ նրա մահն ուժի անկանոն գործադրման հետեւանք է եղել։
230. Եվ վերջապես, Զաքար Հովհաննիսյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան մասով Դատարանը նշում է, որ երկուսի վրա էլ կրակ են բացել նույն տարածքում, սակայն տարբեր ժամերի՝ համապատասխանաբար՝ մոտավորապես ժամը 01:30-ին եւ 23:00-ին (տե՛ս վերեւում՝ 58-րդ եւ 61-րդ պարբերությունները)։ Առաջինը եղել է քաղաքացի, որին կրակել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի փամփուշտով (տե՛ս վերեւում՝ 60-րդ պարբերությունը), իսկ երկրորդը եղել է ոստիկանության զորքերի զինծառայող, որին կրակել են չպարզված փամփուշտով (տե՛ս վերեւում՝ 63-րդ պարբերությունը)։ Դատարանը քիչ տեղեկություններ ունի այն մասին, թե ինչպես են իրադարձությունները ծավալվել ոստիկանության հարձակումից հետո, որը սկսվել է մոտավորապես 21:00-ից 21:30-ի սահմաններում։ Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բախումները շարունակվել են այն պահին, երբ Տիգրան Աբգարյանին կրակել են, մոտավորապես ժամը 23:00-ին, եւ չկա որեւէ հիմք կարծելու, որ մինչ այդ պահը ոստիկանական ուժերը դադարեցրել էին մահացու զենքերի օգտագործումը։ Հետեւաբար, հաշվի առնելով վերոհիշյալ 203-208-րդ պարբերություններում ներկայացված եզրակացությունները, Դատարանը գտնում է, որ Տիգրան Աբգարյանի մահվան միակ հնարավոր բացատրությունը ռիկոշետով կրակոցն է կամ պատահաբար արձակված փամփուշտը, որը, ամենայն հավանականությամբ, եղել է բախումների ժամանակ ոստիկանության ուժերի կողմից մահացու ուժի անկանոն կիրառման հետեւանք։
231. Զաքար Հովհաննիսյանի դեպքում իրավիճակը փոքր-ինչ այլ է։ Գործի նյութերում առկա մի շարք տվյալներից երեւում է, որ բախումները կարող էին ավարտված լինել կեսգիշերին (տե՛ս վերեւում՝ 165-րդ պարբերությունը), այն է՝ մինչ մոտավորապես ժամը 01։30-ին նրա վրա կրակելը, թեեւ ըստ Կառավարության՝ հարակից խանութների թալանը կարող էր շարունակված լինել մինչեւ ավելի ուշ ժամեր (տե՛ս վերեւում՝ 29-րդ պարբերությունը)։ Հետեւաբար Դատարանի համար բարդ է որոշելը, թե Զաքար Հովհաննիսյանի նկատմամբ մահացու ուժն ինչ հանգամանքներում է կիրառվել, այդ թվում՝ ուժի կիրառման պատճառները եւ կոնկրետ հանգամանքները որոշելը։ Թեեւ հնարավոր չէ եզրակացնել, որ անկանոն բախումները շարունակվել են նրա սպանության պահին, Դատարանը չունի բավարար ապացույցներ, որպեսզի կարողանա եզրակացնել, որ Զաքար Հովհաննիսյանի սպանությամբ խախտվել են 2-րդ հոդվածի էական պահանջները։
232. Նախորդ դիտարկումները բավարար են, որպեսզի Դատարանը հանգի այն եզրակացության, որ բացառությամբ Զաքար Հովհաննիսյանի՝ դիմումատուների հարազատների նկատմամբ կիրառված մահացու ուժը «բացարձակ անհրաժեշտություն» չէր, եւ նրանց մահվան պատճառը եղել է վատ պլանավորված եւ կատարված գործողությունը, որի ընթացքում տեղի են ունեցել ամբոխի զսպման համար նախատեսված միջոցների չարաշահում եւ մահացու ուժի անկանխատեսելի եւ անհամաչափ կիրառում։
233. Հետեւաբար դիմումատուների հարազատների նկատմամբ, բացառությամբ Զաքար Հովհաննիսյանի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային մասի խախտում։
234. Ինչ վերաբերում է Զաքար Հովհաննիսյանի մահվանը, Դատարանը չունի բավարար ապացույցներ, որոնք թույլ կտային եզրակացնել, որ նրա գործով տեղի է ունեցել 2-րդ հոդվածի բովանդակային մասի խախտում։
2. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետը
ա) Կողմերի փաստարկները
i) Դիմումատուները
235. Դիմումատուները պնդել են, որ իշխանություններն իրենց հարազատների մահվան դեպքով արդյունավետ քննություն չեն իրականացրել։
236. Դիմումատուները նախ եւ առաջ պնդում էին, որ քննությունն անկախ կերպով չի իրականացվել՝ ներկայացնելով մի շարք փաստարկներ այս առնչությամբ։
Նախ՝ քննությունը գործնականում անկախ կերպով չի իրականացվել՝ հաշվի առնելով Կառավարության կողմից 2008 թվականի մարտի 1-ին իրականացված խիստ բռնաճնշման քաղաքական նկատառումները։ Հետընտրական բողոքի ակցիաները ճնշվել են Հայաստանի՝ հրաժարական տվող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ընտրված նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական ցուցումներով, իսկ մարտական զինամթերքի, ինչպես նաեւ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների օգտագործումը պետք է թույլատրված լիներ ամենաբարձր մակարդակով՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանը զինված ուժերի, այդ թվում՝ ոստիկանության զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն էր։ Այնուամենայնիվ, Հայաստանի քննչական համակարգի ողջ մեխանիզմը կազմված եւ ստեղծված էր Ռոբերտ Քոչարյանի գրեթե անսահմանափակ հայեցողությամբ, որն իրավունք ուներ նաեւ աշխատանքից ազատելու, առաջ տանելու եւ պաշտոնի նշանակելու ոստիկանության գործողություններում եւ հետաքննության հետ կապված հարցերում անմիջականորեն ներգրավված անձանց։ Արդյունքում, ՀՔԾ պետը, որ նշանակվել էր Ռոբերտ Քոչարյանի կողմից եւ նրա ջերմեռանդ կողմնակիցն էր, հետաքննությունը վարել է՝ ելնելով երկրի ղեկավարության քաղաքական պահանջներից։ Մահվան հանգամանքների վերաբերյալ արդյունավետ հետաքննություն իրականացնելու փոխարեն հետաքննություն իրականացնող մարմիններն ու դատարանները հիմնականում զբաղված էին քաղաքական ընդդիմության անդամների քրեական հետապնդմամբ եւ դատավարություններով։ Հետաքննություն սկսելու վերաբերյալ որոշումը սկզբից հիմնված էր այնպիսի ենթադրության վրա, որ մահերը վրա են հասել ընդդիմության եւ ցուցարարների գործողությունների հետեւանքով։ Այս ենթադրությունը շարունակվել է բոլոր այն անձանց գործերով դատավարությունների ընթացքում, որոնց մեղադրանք էր առաջադրվել քրեական գործերով վարույթների շրջանակներում, մինչդեռ գլխավոր դատախազը եւ բարձրաստիճան պետական այլ պաշտոնյաներ հաճախ են հնչեցրել հայտարարություններ քաղաքական ընդդիմության մեղավորության եւ իրավապահ մարմինների անմեղության վերաբերյալ։ Որպես անկախության բացակայության օրինակներ դիմումատուները հիմնվում էին նաեւ գլխավոր դատախազի կողմից հետաքննության սկզբում արված հայտարարությունների վրա (տե՛ս վերեւում՝ 68-րդ պարբերությունը) եւ ՀՔԾ-ի կողմից շրջանային դատախազներին տրված՝ ընդդիմության անդամներին հետաքննելու վերաբերյալ հրահանգների վրա (տե՛ս վերեւում՝ 71-րդ պարբերությունը)։ Դիմումատուները պնդում էին, որ բոլոր իրավապահ մարմինները, այդ թվում՝ հետաքննություն իրականացնող մարմինները սերտորեն ներգրավված էին քաղաքական ընդդիմության հետ բախումներում եւ ստացել էին գործողությունների ազատություն (carte blanche)՝ ամբողջ կատարվածի համար մեղավորությունը բարդելու ընդդիմության եւ նրա կողմնակիցների վրա։ Հետեւաբար հետաքննության նպատակը ոչ թե ուժի կիրառման համար պատասխանատուներին բացահայտելն ու պատժելն էր, այլ զանգվածային անկարգությունների, ինչպես նաեւ մահերի հարցում քաղաքական ընդդիմության մեղավորությունն ապացուցելը։ Հետաքննությունը ոչ անկախ է եղել, ոչ էլ անաչառ, եւ դրա նպատակները հարցականի տակ էին դրված ինչպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի (տե՛ս վերեւում՝ 163-րդ պարբերությունը), այնպես էլ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (տե՛ս վերեւում՝ 159-161-րդ պարբերությունները) կողմից։
Հետաքննության անկախություն հարցն ավելի շատ էր վտանգվել ոստիկանության խիստ ներգրավվածության պատճառով։ ՀՔԾ-ում ձեւավորված հետաքննություն իրականացնող խմբի քննիչների մեծամասնությունը կազմված էր Հայաստանի ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցներից։ Հետաքննության եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների մեծ մասն իրականացվել եւ ապացույցների մեծ մասը համապատասխանաբար հավաքվել են Հայաստանի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության այն աշխատակիցների կողմից, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով կապ ունեն 2008 թվականի մարտի 1-ին իրականացված ոստիկանական գործողության հետ, ինչը զգալիորեն ազդել է խնդրո առարկա ապացույցների հուսալիության վրա։ Սրանք, ի թիվս այլնի, ներառում էին ձգաբանական բոլոր փորձաքննությունները եւ մի շարք այլ փորձաքննություններ, Ազատության հրապարակում կատարված խուզարկությունները, երեկոյան ժամերին տեղի ունեցած իրադարձությունների վայրերում իրականացված զննություններն ու տեսագրությունները, վկաների նույնականացումը եւ հատուկ միջոցների ու հրազենի ամբողջականության ստուգումը։ Այդ բոլոր միջոցառումներն իրականացվել են այն նույն բարձրաստիճան պաշտոնյաների անմիջական կամ անուղղակի հսկողության ներքո, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի ոստիկանության գործողության պլանավորման, իրականացման եւ վերահսկման գործընթացներին։ Հաշվի առնելով, որ ոստիկաններն անմիջականորեն ներգրավված էին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններում՝ ոչ մի ոստիկանական ստորաբաժանում չէր կարող անկախ լինել։
237. Երկրորդ՝ հետաքննությունը չի իրականացվել պատշաճ կերպով եւ ողջամիտ արագությամբ։ Այն պաշտոնապես չի սկսվել մինչեւ 2009 թվականի մարտ ամիսը կամ ավելի ուշ եւ դեռ ընթացքի մեջ է եղել այն ժամանակ, երբ կողմերը 2016 թվականին փոխադարձաբար արձագանքել են մեկմեկու արված դիտողություններին։ Որեւէ իրավախախտ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ տեղեկությունները եղել են դասակարգված, եւ դրանց հասանելիություն ունենալու հնարավորություն չի եղել։ Հետաքննության նկատմամբ հասարակական վերահսկողություն չի եղել, եւ դրա արդյունքները մնացել են անհայտ։ Դիմումատուների արդյունավետ մասնակցությունը հետաքննության գործընթացին համառորեն սահմանափակվել է ամբողջ ընթացքում։ Մասնավորապես մշտապես խոչընդոտվել է նրանց հասանելիությունը մահվան հանգամանքներին առնչվող նյութերին եւ փաստաթղթերին։ Ավելին, համապատասխան մարմինները նրանց չեն իրազեկել իրենց դատավարական իրավունքների մասին կամ հետաքննության եւ քրեական վարույթի ընթացքի մասին, այդ թվում՝ այն չորս ծառայողների դեմ հարուցված քրեական գործի արդյունքների մասին, որոնց մեղադրանք էր առաջադրվել հատուկ միջոցների չարաշահման համար (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը)։ Նրանք պարզապես ճանաչվել են որպես զոհվածների իրավահաջորդներ երեք-չորս ամիս ուշացումով (տե՛ս վերեւում՝ 76-րդ պարբերությունը)։ Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում բացառված է եղել նրանց կողմից հետաքննությանն արդյունավետորեն մասնակցությունը, եւ նրանք զրկված են եղել իրենց իրավունքներից օգտվելու հնարավորությունից։ Այդ ուշացումը նրանց մեղքով չի եղել, այլ պայմանավորված է եղել նրանով, որ իրենց մահացած հարազատները որպես զոհ են ճանաչվել երեք-չորս ամիս ուշացումով, եւ միայն դրանից հետո է նրանց թույլատրվել օրենքով ճանաչվել որպես զոհվածների իրավահաջորդներ։ Այնուամենայնիվ, դիմումատուները հավելել են, որ թեեւ ընդդիմության առաջնորդների նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ճանաչվել են որպես զոհվածների իրավահաջորդներ, իրենք չեն զգացել, որ մեղադրյալները պատասխանատու էին իրենց հարազատների մահվան համար։
238. Դիմումատուները քննադատեցին նաեւ քննության մի քանի այլ հայեցակետեր։ Հիմնվելով փորձագետներ Ջ.Ս.-ի եւ Դ.Դ.-ի կողմից ներկայացված ապացույցների վրա (տե՛ս վերեւում՝ 133-րդ եւ 134-136-րդ պարբերությունները)՝ նրանք մատնանշել են բազմաթիվ թերություններ տարատեսակ դատական փորձաքննությունների, այդ թվում՝ հետմահու եւ ձգաբանական փորձաքննությունների անցկացման ընթացքում։ Նրանք նաեւ բողոքել են, որ հայտնաբերված գնդակներից որեւէ մեկը չի հետագծվել այն հրազենի հետքերով, որից դրանք կրակվել են՝ պնդելով, որ ոստիկանությունը քողարկել է այն։ Որեւէ քննություն չի իրականացվել հրազենի, մասնավորապես՝ «Մակարով» տեսակի ատրճանակների օգտագործման վերաբերյալ ոստիկանության շարքային ծառայողների կողմից, որոնք, անվիճելի է, որ նույնպես մասնակցել են ոստիկանության գործողությանը եւ բողոքի ցույցերը ճնշելու գործընթացին։ Կառավարությունը որեւէ ապացույց չի ներկայացրել, որ գործողությանը մասնակցած բոլոր իրավապահ մարմինների աշխատակիցները նույնականացվել են։ Բացի այդ, որեւէ ապացույց չի եղել հրազենի մուտքագրման եւ դուրսգրման գրանցամատյանների ուսումնասիրության, գնդակների որոնումների կամ հայտնաբերված գնդակների համեմատական փորձարկման վերաբերյալ։ Պնդելով, որ գործողությանը մասնակցած բոլոր իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննվել են քննչական մարմնի կողմից, Կառավարությունը չի ներկայացրել որեւէ հարցաքննության պատճեն։ Բազմաթիվ այլ փաստաթղթեր նույնպես չեն ներկայացվել, այդ թվում՝ բոլոր ձգաբանական փորձաքննությունների պատճենները, Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում գրանցված գնդակները, իռլանդացի փորձագետ Ս.Բ.-ին առաջադրված հարցերը (տե՛ս վերեւում՝ 102-րդ պարբերությունը) եւ նրա պատասխանները, ինչպես նաեւ արցունքաբեր գազի նռնակներ արձակած չորս աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործին վերաբերող նյութերը։ Չի տրամադրվել նաեւ որեւէ տեսագրություն՝ չնայած այդպիսի նյութերի բազմաթիվ հղումներին եւ հարյուրավոր ժամեր տեւողությամբ տեսագրությունների գոյության անհերքելի ապացույցներին։ Դիմումատուները նաեւ բողոքել են, որ հրամանատարական շղթան որեւէ կերպ չի քննվել։ Նրանցից մի քանիսը նաեւ բողոքել են, որ իրենց հարցաքննություններն անցկացվել են փաստաբանի բացակայությամբ։
239. Դիմումատուները նաեւ համեմատել են «Չերյոմուխա‑7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների հետքը գտնելու անկարողությունը հատուկ գործողությունների ժամանակ բալակլավաների օգտագործման հետ (այս առումով նրանք մեջբերում են վերեւում հիշատակված՝ Աթայքայայի գործը, § 52) այն իմաստով, որ երկուսն էլ կրում էին հանցագործներին քրեական հետապնդումից անձեռնմխելիությամբ օժտելու ուղղակի հետեւանքը, քանի որ նրանց նույնականացումն անհնար էր։ Այդ նռնակների հայտնի անհետագծելի բնույթը նպաստել էր դրանց անզգույշ կամ դիտավորյալ մահաբեր օգտագործմանը։ Միայն չորս աշխատակիցներ էին լիազորված օգտագործել այդ տեսակի հատուկ միջոցները, եւ այնուամենայնիվ, անհնար էր պարզել, թե նրանցից ով էր արձակել մահաբեր կրակոցները։
240. Վերջապես, դիմողները պնդում էին, որ քննության անարդյունավետության դեմ իրենց բոլոր բողոքներն ապարդյուն էին եւ մնացել էին չքննված ներպետական դատարանների կողմից՝ իրավասության բացակայությամբ պայմանավորված։
241. 2021 թվականի սեպտեմբերի 29-ին` կողմերի կողմից միմյանց դիտարկումներին պատասխանելուց հետո, դիմումատուները 2-րդ հոդվածի համաձայն ներկայացրել են նոր բողոքներ՝ Սահմանադրական դատարանում հարուցված վարույթի վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 119-122-րդ պարբերությունները)՝ վիճարկելով, որ որոշումը հակասել է պետության՝ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությանը, եւ բողոքելով, որ իրենք ներգրավված չեն եղել որպես կողմ այդ վարույթում, թեեւ իրենց իրավունքներն անմիջականորեն տուժել են։
ii) Կառավարությունը
242. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների մեղադրանքները՝ պնդելով, որ իշխանություններն արդյունավետ քննություն են անցկացրել։
243. Առաջին հերթին, քննությունն անկախ է եղել, քանի որ պատասխանատվության ենթարկվող անձանց եւ քննությունն իրականացնող պաշտոնատար անձանց միջեւ որեւէ աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապ չի եղել։ Դիմումատուների մեղադրանքները ենթադրական էին եւ հիմնականում հիմնված էին իրենց ենթադրությունների, այլ ոչ թե փաստական հիմքերի վրա։ ՀՔԾ-ն որպես նոր քննչական մարմին ստեղծելու մասին օրենքը Հայաստանի նախագահի կողմից ստորագրվել էր 2007 թվականի նոյեմբերի 30-ին, եւ անտրամաբանական էր ենթադրել, որ նա կարող էր կանխատեսել հետընտրական զարգացումները եւ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները։ Այն փաստը, որ բարձրաստիճան իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք նշանակվել էին Հայաստանի նախագահի կողմից, չէր նշանակում, որ նրանք անկախ չէին։ Դիմումատուների մեղադրանքը, որ իշխանությունները քաղաքականացրել էին քննությունը, ինքնին քաղաքական բնույթի էր եւ զուրկ էր որեւէ էական ապացույցից։ Կառավարությունը վիճարկել է, որ գործի քննությունն անցկացրել են ՀՔԾ-ն եւ Ոստիկանությունը, եւ որ ԱԱԾ-ն երբեք ներգրավված կամ լիազորված չի եղել քննությունն իրականացնելու համար։ Նրանք նաեւ բարձրացրել են այն հարցը, թե ով պետք է իրականացներ քննությունը, եթե բոլոր իրավապահ մարմինները, ինչպես պնդում էին դիմումատուները, ներգրավված են եղել ընդդիմության հետ քաղաքական բախման մեջ։ Գլխավոր դատախազի կողմից 2008 թվականի մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում արված հայտարարությունների մասով (տե՛ս վերեւում՝ 68-րդ պարբերությունը)․ այդ հայտարարություններն արվել են այն ժամանակ, երբ քննությունը նոր էր սկսվել, եւ նա չէր կարող որեւէ այլ հայտարարություն անել՝ հաշվի առնելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։ ՀՔԾ-ի պետի կողմից շրջանային դատախազներին տրված հրահանգների մասով (տե՛ս վերեւում՝ 71-րդ պարբերությունը) նրանց հանձնարարված քննությունները համապատասխան եւ անհրաժեշտ էին՝ հաշվի առնելով, որ դրանք կատարվել են ընդդիմության առաջնորդների դեմ զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետականպաշտոնյաների նկատմամբ բռնություն գործադրելու կապակցությամբ հարուցված թիվ 62202508 քրեական գործի շրջանակներում (տե՛ս վերեւում՝ 64-րդ պարբերությունը)։ Այդ քննությունը չէր վերաբերում մահվան հանգամանքներին։
244. Երկրորդ՝ քննությունը եղել է համարժեք եւ արագ։ Այդ կապակցությամբ Կառավարությունը վկայակոչել է այն փաստը, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին հարուցվել է քրեական վարույթ, եւ այդ վարույթների շրջանակներում անցկացվել են մի շարք դատական փորձաքննություններ, այդ թվում՝ բժշկական, ձգաբանական, քիմիական եւ հետքաբանական փորձաքննություններ։ 2008 թվականի մարտի 7-ին գլխավոր դատախազը հատուկ ցուցումներ է տվել ՀՔԾ քննությամբ զբաղվող ավագ քննիչին (տե՛ս վերեւում՝ 70-րդ պարբերությունը)։ Կառավարությունը լրացուցիչ հիմնվել է ՀՔԾ փաստաթղթի վրա՝ վիճարկելով, որ իրականացվել են մի շարք կարեւոր քննչական գործողություններ, այդ թվում՝ անցկացվել են հարցաքննություններ անկարգությունները ճնշելու գործընթացին մասնակցած ոստիկանության բոլոր աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների, ինչպես նաեւ առնվազն 175 այլ վկաների հետ (տե՛ս վերեւում՝ 100-րդ եւ 101-րդ պարբերությունները)։ Ավելին, 2009 թվականի հուլիսի 13-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զանգվածային անկարգությունները ճնշելու ընթացքում «ԿՍ-23» տեսակի հատուկ միջոցների կիրառման կանոնների խախտման եւ դրա հետեւանքով երեք անձի՝ անզգուշությամբ կատարված սպանության համար։ Չորս ծառայողներ, որոնք կրակոցներ էին արձակել «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներից, նույնականացվել են, եւ նրանց մեղադրանք է առաջադրվել (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, անհնար էր հետագծել արցունքաբեր գազի նռնակներն այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել էին, ինչը հաստատել են նաեւ միջազգային փորձագետները։ Կառավարությունը նաեւ պնդել է, որ այդ գործով քննությունը պարզել էր, որ ոստիկանության ուժերը եւ անկարգությունների մասնակիցներն օգտագործել են տարբեր տեսակի եւ տրամաչափի զենքեր, ինչպես նաեւ «ԿՍ-23» տեսակի հատուկ միջոցներ, եւ որ ոստիկանության աշխատակիցների եւ ոստիկանության զորքերի ծառայողների դեմ օգտագործվել են տարբեր պայթուցիկ սարքեր, այդ թվում՝ ռազմական նռնակներ։ Հետագա զարգացումների արդյունքում՝ 2014 թվականի դեկտեմբերին եւ 2015 թվականի հունվարին, գլխավոր դատախազի ցուցումների հիման վրա մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերը բաժանվել էին առանձին վարույթների։ Ավելին, ՀՔԾ-ի կողմից անցկացված քննությունից բացի՝ Ազգային ժողովը նույնպես իրականացրել էր իր սեփական քննությունը։
245. Երրորդ՝ իշխանություններն ապահովել են դիմումատուների արդյունավետ ներգրավվածությունը քննությանը։ Նրանք ճանաչվել էին որպես մահացածների իրավահաջորդներ եւ ստորագրել համապատասխան փաստաթղթեր, որոնք հավաստում էին, որ նրանք տեղեկացված էին իրենց իրավունքների մասին։ Մի քանի ամիս ուշացումով անելու պատճառն այն էր, որ դիմումատուներն իրենք էին համապատասխան հարցումները ներկայացրել, ինչպես պահանջվում է Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածով (տե՛ս վերեւում՝ 145-րդ պարբերությունը)՝ ուշացումներով։ Դրանից հետո դիմումատուները ծանոթացել էին դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներին։ Բացի այդ, դիմումատուները ծանոթացել էին ձգաբանական փորձաքննության եւ համատեղ ձգաբանական եւ քիմիական փորձաքննության արդյունքներին, մասնավորապես՝ համապատասխանաբար թիվ 389 եւ թիվ 385 եզրակացություններին (տե՛ս վերեւում՝ 72-րդ, 74-րդ եւ 77-րդ պարբերությունները)։ Դիմումատուների գործի նյութերին հասանելիություն չունենալու մասին բողոքի մասով, Քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերեւում՝ 144-րդ պարբերությունը), տուժողն իրավունք ուներ ծանոթանալու քրեական գործի նյութերին միայն քննության ավարտից հետո։ Հետեւաբար դիմումատուներին գործի նյութերին հասանելիության մերժումը համապատասխանում էր ներպետական իրավունքին։ Գործի քննությունը դեռեւս ընթացքի մեջ էր, եւ դիմումատուներին բոլոր նյութերին հասանելիության հնարավորությունը կտրամադրվեր դրա ավարտից հետո։ Ամեն դեպքում քննության ընթացքում դիմումատուներին տրամադրվել էին բազմաթիվ դատական փորձաքննությունների եզրակացությունների պատճեններ։
246. Դիմումատուների կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ին ներկայացված բողոքների մասով (տե՛ս վերեւում՝ 241-րդ պարբերությունը) Կառավարությունը պնդել է, որ Սահմանադրական դատարանում հարուցված վարույթը սահմանափակվել է քրեական դրույթի սահմանադրականությունը որոշելով։ Սահմանադրական դատարանը գործերը չի քննել ըստ էության։ Հետեւաբար դիմումատուները, ներպետական իրավունքի համաձայն, իրավունք չունեին այդ վարույթներում որպես երրորդ կողմեր ներգրավվելու, քանի որ նրանց իրավունքները չէին խախտվել։
247. Ի վերջո, Կառավարությունը Դատարանին խնդրել է հաշվի առնել այն փաստը, որ 2019 թվականի հունիսի 4-ին ուժի մեջ է մտել 2008 թվականի մարտի 1-ի եւ 2-ի դեպքերի ժամանակ տուժած անձանց օգնություն տրամադրելու մասին օրենքը, եւ որ մահացածի իրավահաջորդներին՝ սույն գործով դիմումատուներին, յուրաքանչյուրին շնորհվել է 300,000 ՀՀ դրամ փոխհատուցում։
բ) Դատարանի գնահատականը
i) Ընդհանուր սկզբունքները
248. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքը պաշտպանելու պարտավորությունը պետության՝ «իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու վերաբերյալ» 1-ին հոդվածով նախատեսված ընդհանուր պարտավորության հետ միասին ենթադրում է, որ պետք է իրականացվի արդյունավետ պաշտոնական քննության որոշակի ձեւ, երբ անձինք սպանվել են, ի թիվս այլնի, պետության ներկայացուցիչների կողմից ուժի կիրառման հետեւանքով (տե՛ս վերեւում հիշատակված՝ ՄաքՔեննի եւ այլոց [McCann and Others] գործը, § 161, Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 298 եւ Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom] [GC] թիվ 5878/08 գործը, § 230, 2016 թվականի մարտի 30):
249. «Արդյունավետության» նպատակներով, ինչպես տվյալ արտահայտությունը պետք է հասկանալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համատեքստում, մահվան դեպքի քննությունը, որը ենթադրում է Պայմանավորվող կողմի պատասխանատվությունը տվյալ հոդվածի համաձայն, նախ պետք է լինի համարժեք (տե՛ս վերեւում հիշատակված՝ Արմանի Դա Սիլվայի [Armani Da Silva] գործը, § 233): Սա նշանակում է, որ այն պետք է հնարավորություն տա հաստատելու փաստերը, որոշելու, թե արդյոք կիրառված ուժը տվյալ հանգամանքներում արդարացված էր, թե՝ ոչ, եւ հայտնաբերելու եւ անհրաժեշտության դեպքում պատժելու պատասխանատուներին։ Սա ոչ թե արդյունքի պարտականություն է, այլ միջոցների: Իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները՝ միջադեպի վերաբերյալ ապացույցներ ձեռք բերելու համար, ներառյալ, ի թիվս այլնի, վկաների ցուցմունքները, դատափորձագիտական ապացույցները եւ անհրաժեշտության դեպքում՝ դիահերձումը, որի միջոցով հնարավոր է ստանալ վնասվածքի ամբողջական եւ ճշգրիտ պատկերը եւ կլինիկական եզրակացությունների, այդ թվում՝ մահվան պատճառների օբյեկտիվ վերլուծությունը: Քննության ընթացքում ցանկացած թերացում, որը խաթարում է մահվան պատճառը կամ պատասխանատու անձին պարզելու նրա կարողությունը, կարող է խախտել սույն չափորոշիչը (տե՛ս Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 301, եւ Արմանի Դա Սիլվայի [Armani Da Silva] գործը, § 233, երկուսն էլ վերեւում հիշատակված՝ լրացուցիչ հղումներով):
250. Մասնավորապես քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ եւ անաչառ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճ կերպով չձեռնարկելը էականորեն խաթարում է գործի փաստական հանգամանքները պարզելու եւ անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատու անձանց ինքնությունը պարզելու քննության հնարավորությունը։ Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող հետազոտության բնույթը եւ աստիճանը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից: Դրանք պետք է գնահատվեն բոլոր համապատասխան փաստերի հիման վրա եւ պետք է հաշվի առնվեն քննչական աշխատանքի գործնական իրողությունները (տե՛ս Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 302, եւ Արմանի Դա Սիլվայի [Armani Da Silva] գործը, § 234, երկուսն էլ վերեւում հիշատակված):
251. Բացի այդ, պետության ներկայացուցիչների կողմից ենթադրյալ ապօրինի սպանությունը քննելու արդյունավետությունն ապահովելու նպատակով դեպքերին մասնակից անձանցից քննության համար պատասխանատու եւ քննություն իրականացնող անձանց անկախությունը, որպես կանոն, կարող է համարվել անհրաժեշտ պայման։ Սա նշանակում է ոչ միայն աստիճանակարգային կամ ինստիտուցիոնալ կապի բացակայություն, այլ նաեւ գործնական անկախություն։ Այստեղ վտանգված է ոչ այլ ինչ, քան հանրության վստահությունը պետության կողմից ուժի կիրառման մենաշնորհի նկատմամբ (տե՛ս Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 300, եւ Արմանի Դա Սիլվայի [Armani Da Silva] գործը, § 232, երկուսն էլ վերեւում հիշատակված):
252. Բացի այդ, քննությունը պետք է հասանելի լինի տուժողի ընտանիքին այնքանով, որքանով դա անհրաժեշտ է նրանց օրինական շահերը պաշտպանելու համար: Նաեւ պետք է լինի քննության հանրային վերահսկողության բավարար տարր, որի աստիճանը կարող է գործից գործ տարբեր լինել (տե՛ս Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 303, եւ Արմանի Դա Սիլվայի [Armani Da Silva] գործը, § 235, երկուսն էլ վերեւում հիշատակված): Այնուամենայնիվ, ոստիկանական հաղորդումների եւ քննչական նյութերի բացահայտումը կամ հրապարակումը կարող է ներառել զգայուն հարցեր՝ առանձին անձանց կամ քննչական գործողությունների համար հնարավոր վնասակար հետեւանքներով, եւ հետեւաբար, 2-րդ հոդվածի համաձայն, չի կարող համարվել ավտոմատ պահանջ։ Հետեւաբար հանրության կամ տուժողի ազգականների պարտադիր հասանելիությունը կարող է նախատեսվել ընթացակարգի այլ փուլերում (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ջուլիանիի եւ Գաջիոյի [Giuliani and Gaggio] գործը, § 304):
253. Արագ եւ ողջամիտ գործելու պահանջն այս համատեքստում ինքնին ենթադրվում է: Պետք է ընդունել, որ կարող են լինել խոչընդոտներ կամ դժվարություններ, որոնք խոչընդոտում են որոշակի իրավիճակում քննության առաջընթացը։ Այնուամենայնիվ, մահաբեր ուժի կիրառման քննությանը իշխանությունների կողմից արագ արձագանքն ընդհանուր առմամբ կարող է համարվել էական՝ օրենքի գերակայության նկատմամբ իրենց հավատարմության հետ կապված հանրության վստահությունը պահպանելու եւ ապօրինի գործողությունների հետ կապված դավադրության կամ դրանց նկատմամբ հանդուրժողականության ցանկացած դրսեւորում կանխելու համար (տե՛ս վերեւում հիշատակված՝ Ջուլիանիի եւ Գաջիոյի գործը, § 305, եւ Արմանի Դա Սիլվայի գործը, § 237):
ii) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործում
254. Դատարանը համարում է, որ դիմումատուները սկզբնական շրջանում վիճարկել են իշխանությունների կողմից անցկացված քննության անկախությունն ու անաչառությունը։ Նրանք նախ պնդում էին, որ քննությունը գործնականում անկախ չի եղել, քանի որ քննչական ամբողջ ապարատը, այդ թվում՝ ՀՔԾ-ն, որին հանձնարարվել էր քննության իրականացումը, կողմնակալ է եղել իշխող կուսակցության օգտին եւ ընդդիմության դեմ (տե՛ս վերեւում՝ 236-րդ պարբերությունը)։ Դատարանը գտնում է, որ դիմումատուների մեղադրանքներն անհիմն չեն, եւ նշում է հետեւյալը։
255. Այն նշում է, որ վիճարկվող իրադարձություններից անմիջապես հետո հարուցված միակ քրեական վարույթները քաղաքական ընդդիմության այն առաջնորդների եւ կողմնակիցների դեմ հարուցված վարույթներն էին, որոնք մեղադրվում էին, ի թիվս այլնի, Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ սպանությամբ ուղեկցվող զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ (տե՛ս վերեւում՝ 64-րդ եւ 65-րդ պարբերությունները): Հետեւաբար սկզբնական շրջանում ընդդիմության առաջնորդները ներկայացվել են որպես 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի համար անուղղակիորեն պատասխանատու անձինք։ Հետեւաբար մահվան դեպքերի քննությունն անցկացվել է տվյալ հարցաքննության շրջանակներում (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] գործը, § 153), մինչեւ այդ գործերը գրեթե յոթ տարի անց բաժանվել են առանձին վարույթների (տե՛ս վերեւում՝ 106-րդ պարբերությունը): Ոստիկանական ուժերի, այդ թվում՝ որեւէ առանձին ոստիկանի կողմից ուժի ապօրինի եւ (կամ) անհամաչափ կիրառման դեպքի քննության համար որեւէ վարույթ՝ գոնե սկզբում, չի հարուցվել, եւ արդեն 2008 թվականի մարտի 4-ին Գլխավոր դատախազը հայտարարել է, որ անկարգությունները ճնշելու ընթացքում իրավապահ մարմինների գործողությունները համաչափ են եղել (տե՛ս վերեւում՝ 68-րդ պարբերությունը): Այդպիսի քննության ընթացքում իրականացված բոլոր քննչական միջոցառումների, այդ թվում՝ մահվան հանգամանքները պարզելու համար անհրաժեշտ միջոցառումների հիմնական նպատակը ընդդիմության առաջնորդների եւ կողմնակիցների դեմ մեղադրանքները հիմնավորող ապացույցներ հավաքելն էր: Դատարանի կարծիքով՝ մահվան դեպքերի քննությունը, որը կատարվել է այդքան շտապողականորեն ընդունված նախադրյալների հիման վրա, ոչ միայն պատշաճ կերպով չի անդրադարձել ոստիկանության զորքերի որեւէ ոստիկանի կամ ծառայողի հնարավոր անհատական պատասխանատվության հարցերին տվյալ մահվան դեպքերի համար, այլեւ տպավորություն է ստեղծվել, որ այն քաղաքական առումով կողմնակալ է եղել: Զարմանալի չէ, որ այդ վարույթի շրջանակներում առաջադրված շատ մեղադրանքների կապակցությամբ ԵԽԽՎ-ն կասկածում էր, որ դրանք կարող էին «արհեստական եւ քաղաքական դրդապատճառներ» ունենալ, մինչդեռ մեղադրանքները որակվել են որպես «ընդդիմության դե ֆակտո ճնշում» (տե՛ս վերեւում հիշատակված՝ Մուշեղ Սաղաթելյանի [Mushegh Saghatelyan] գործը, §§ 125 եւ 127, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի՝ իր զեկույցում արտահայտած կասկածները՝ վկայակոչված նույն վճռի 130-րդ պարբերությունում): Անկախ նրանից, թե քննչական մարմինների անկախության պակասն էր պատճառը, թե ոչ՝ կապված նրա հետ, թե ինչպես է անցկացվել դատավարությունը, պարզ է, որ մահվան հանգամանքների վերաբերյալ նման քննությունը չի կարող համարվել օբյեկտիվ, մանրակրկիտ եւ անաչառ։
256. Դիմումատուները բողոքել են, որ քննության անկախությունն է՛լ ավելի է խաթարվել՝ պայմանավորված ոստիկանության եւ ԱԱԾ բազմաթիվ աշխատակիցների ներգրավմամբ։ Նրանք պնդում էին, որ քննչական խմբում ներառված էին բազմաթիվ ոստիկաններ եւ ԱԱԾ քննիչներ, մինչդեռ ոստիկանությունն անցկացրել էր մի շարք կարեւոր դատական փորձաքննություններ եւ այլ քննչական գործողություններ (տե՛ս վերեւում՝ 236-րդ պարբերությունը): Դատարանը նշում է, որ իրեն հասանելի նյութերը թույլ չեն տալիս գնահատել քննչական խմբի կազմը: Մյուս կողմից՝ դիմումատուները ճիշտ էին՝ պնդելով, որ մի շարք կարեւոր դատական փորձաքննություններ, մասնավորապես՝ երկու ձգաբանական փորձաքննությունները (տե՛ս վերեւում՝ 72-րդ եւ 78-րդ պարբերությունները) եւ համատեղ ձգաբանական եւ քիմիական փորձաքննությունը (տե՛ս վերեւում՝ 74-րդ պարբերությունը) անցկացվել են ոստիկանության ծառայողների կողմից, որոնք հանդես էին գալիս որպես համապատասխան ոլորտների փորձագետներ: Դատարանին որեւէ ապացույց չի տրամադրվել, որը ցույց կտար, որ ոստիկանները որեւէ կապ են ունեցել տվյալ ոստիկանական գործողությանը մասնակցած ոստիկանների կամ ոստիկանության զորքերի ծառայողների հետ: Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ ոստիկանության գործողությունները պլանավորվում եւ վերահսկվում էին մի շարք բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ փոխոստիկանապետի եւ ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից, եւ որ դրան մասնակցել են տարբեր ոստիկանական ստորաբաժանումների ոստիկաններ եւ ոստիկանության զորքերի հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ծառայողներ, որոնցից շատերը կարող էին ներգրավված լինել ոստիկանական գործողության ձախողման եւ դրա հետեւանքով առաջացած մահերի մեջ (տե՛ս վերեւում՝ 9-րդ, 13-րդ, 22-րդ, 28-րդ եւ 98-րդ պարբերությունները): Նույնիսկ ենթադրելով, որ դատական փորձաքննություններն իրականացրած ոստիկանների եւ այն անձանց միջեւ, որոնց գործողությունները կարող էին քննության կենտրոնում լինել, ուղղակի կապ չկա, Դատարանը դժվարանում է հավատալ, որ փորձաքննություններն իրականացնելու համար պատասխանատու ոստիկանները կարող էին գործել լիովին անկախ եւ անաչառ այդքան շատ ոստիկան գործընկերների ընդգրկող քննության ընթացքում։ Սա առավել եւս վերաբերում է այն դեպքերին, երբ խոսքը գնում է ոստիկանության շատ բարձրաստիճան պաշտոնյաների մասին, եւ առկա է լուրջ հանցագործությունների համար քրեական հետապնդում իրականացնելու ռիսկ՝ Հայաստանի ոստիկանության ուժերի մեծ մասի վրա ազդեցություն ունեցող բարձր ռիսկայնությամբ գործի առնչությամբ, ինչը, թերեւս, կարող է ստվեր գցել ոստիկանության՝ որպես ինստիտուտի հեղինակության վրա։ Հետեւաբար այն կիսում է դիմումատուների մտահոգությունները ոստիկանության փորձագետների անկախության վերաբերյալ եւ ընդունում է, որ նրանց կողմից ներկայացված եզրակացությունների հավաստիության ու մանրակրկտության հարցը կասկած է հարուցում։ Այս առումով Դատարանը հաշվի է առնում վերոնշյալ 223-րդ եւ 224-րդ պարբերություններում առկա իր եզրակացությունները ձգաբանական փորձաքննություններում առկա թերությունների վերաբերյալ։
257. Անդրադառնալով քննության ընթացքում ձեռնարկված կոնկրետ միջոցառումներին՝ Դատարանը նշում է, որ չնայած Գլխավոր դատախազի կողմից 2008 թվականի մարտի 7-ին տրված ցուցումներին (տե՛ս վերեւում՝ 70-րդ պարբերությունը), շատ քիչ բան է արվել մահվան դեպքերի համար պատասխանատու անձանց եւ այդ մահերի հանգամանքները պարզաբանելու ուղղությամբ։ Նույնիսկ ձեռնարկված քննչական գործողություններից մի քանիսը, ինչպիսիք են դիահերձումները եւ ձգաբանական փորձաքննությունները, վերոնշյալ թերություններից բացի, չեն հանգեցրել որեւէ իմաստալից գնահատման կամ հետագա գործողությունների։ Դատարանը մասնավորապես նշում է հետեւյալը.
258. Մասնավորապես «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների հարվածի հետեւանքով պատճառված մահվան չորս դեպքերի մասով ոստիկանության զորքերի միայն չորս ծառայողներ էին զինված այդպիսի ամբոխի դեմ պայքարի համար անհրաժեշտ զենքերով, եւ ակնհայտ է, որ նրանց ինքնությունը պետք է հայտնի լիներ իշխանություններին։ Այնուամենայնիվ, իշխանություններին պահանջվել է ավելի քան մեկ տարի եւ չորս ամիս՝ այդ ծառայողներին նույնականացնելու եւ նրանց դեմ քրեական գործ հարուցելու համար (տե՛ս վերեւում՝ 85-րդ պարբերությունը), ուշացում, որը կարող էր հանգեցնել ապացույցների կորստի։ Կառավարությունը չի ներկայացրել այդ քրեական գործին վերաբերող որեւէ փաստաթուղթ։ Այնուամենայնիվ, թվում է, թե այն ոչ միայն հարուցվել է այդքան զգալի ուշացումով, այլեւ հիմնականում անբավարար է եղել։ Որեւէ հիմք չկա ենթադրելու, որ տվյալ ծառայողները երբեւէ հարցաքննվել են քննչական մարմնի կողմից, կամ հարցաքննվելու դեպքում այդ հարցաքննություններն անցկացվել են մանրակրկիտ եւ պատշաճ կերպով։ Ինչպես նաեւ որեւէ կերպ չի երեւում, որ իշխանությունները փորձել են ձեռք բերել որեւէ այլ ապացույց, այդ թվում՝ իրականացնել վկաների նույնականացում եւ հարցաքննություն։ Չնայած Դատարանում առկա չէ հստակ տեղեկություն այն մասին, թե ի վերջո ինչ է պատահել այդ ծառայողների դեմ առաջադրված մեղադրանքների հետ, գործի նյութերում առկա այլ նյութերից երեւում է, որ նրանց նկատմամբ որեւէ հետապնդում չի իրականացվել, քանի որ անհնար էր նույնականացնել այն ծառայողին կամ ծառայողներին, որոնք իրականում արձակել էին մահացու կրակոցներ, քանի որ արցունքաբեր գազի նռնակները հնարավոր չէր հետագծել (տե՛ս վերեւում՝ 78-րդ եւ 82-րդ պարբերությունները): Դիմումատուները արցունքաբեր գազի նռնակների հետքը հետագծելու անկարողությունը համեմատել են հատուկ գործողությունների ժամանակ բալակլավաների օգտագործման հետ՝ վիճարկելով, որ երկուսն էլ ուղղակի հետեւանք ունեին Կոնվենցիայի, այդ թվում՝ դրա 2-րդ եւ 3-րդ հոդվածների հետ անհամատեղելի գործողություններ կատարելու համար պատասխանատու անձանց քրեական հետապնդումից անձեռնմխելիություն շնորհելու հարցում (տե՛ս վերեւում՝ 239-րդ պարբերությունը). այս առումով նրանք մեջբերել են Աթայքայայի [Ataykaya] գործը (վերեւում հիշատակված՝ §§ 50-54): Դատարանը, այնուամենայնիվ, չի համարում, որ երկու իրավիճակները համեմատելի են։ Այն նշում է, որ արցունքաբեր գազի նռնակները ամբոխի վերահսկողության համար նախատեսված ոչ մահաբեր զենքեր էին, որոնք ի սկզբանե նախատեսված չէին ֆիզիկական վնասվածք պատճառելու կամ որպես հրազեն օգտագործելու համար։ Հետեւաբար հիմնական խնդիրն այն չէ, որ արցունքաբեր գազի նռնակները հետագծելի չէին, այլ այն, որ դրանք պատշաճ կերպով չէին օգտագործվել (տե՛ս վերեւում՝ 220-226-րդ պարբերությունները), ինչը ֆիզիկական վնասվածքների եւ մահվան պատճառ էր դարձել։ Ավելին, այդպիսի դժբախտ պատահարի դեպքում իշխանությունների պարտականությունն է ձեռնարկել անհապաղ եւ համարժեք միջոցներ, որոնք կարող են պարզել դեպքերի հանգամանքները եւ հանգեցնել պատասխանատու անձանց հայտնաբերմանը՝ հատկապես հաշվի առնելով նման զենքերը հետագծելու անկարողությունը, ինչն իշխանությունները ակնհայտորեն չեն արել այս դեպքում։
259. Անդրադառնալով մարտական զինամթերքով պատճառված մահվան դեպքերին՝ Դատարանը նշում է, որ բողոքի ցույցերը ճնշելու ընթացքում հրազենի օգտագործման վերաբերյալ շատ մակերեսային կամ ընդհանրապես քննություն չի անցկացվել։ Դատարանին ներկայացված ամբողջ նյութից երեւում է, որ ոստիկանության ուժերը մարտական գնդակներ արձակելու համար հիմնականում օգտագործել են երկու տեսակի հրազեն՝ «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգներ, որոնք կրակում էին 5.45 մմ գնդակներով, եւ «Մակարով» տեսակի ատրճանակներ, որոնք կրակում էին 5.45 մմ գնդակներով։ Չնայած նրան, որ քննությունը բացահայտել է ոստիկանության զորքերի ծառայողների կողմից գործողության ընթացքում օգտագործված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգների եւ 5.45 մմ տրամաչափի գնդակների քանակը (տե՛ս վերեւում՝ 99-րդ պարբերությունը), շարքային ոստիկանական ուժերի կողմից արձակված «Մակարով» տեսակի ատրճանակներից բաց թողնված 9 մմ տրամաչափի գնդակների օգտագործման վերաբերյալ այդպիսի քննություն չի իրականացվել։ Հետեւաբար, գործի նյութերն այդպիսի զենքերի գործադրման վերաբերյալ տեղեկություններ չեն պարունակում։
260. Ամեն դեպքում, չի երեւում, որ որեւէ լուրջ փորձ է արվել ոստիկանության զորքերի ծառայողներին եւ այն ոստիկաններին նույնականացնելու եւ հարցաքննելու համար, որոնք կրում էին եւ կրակել էին երկու տեսակի զենքերից։ Նաեւ չի երեւում, որ որեւէ պատշաճ քայլ է ձեռնարկվել Հովհաննես Հովհաննիսյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Զաքար Հովհաննիսյանի մարմիններից հեռացված գնդակները (տե՛ս վերեւում՝ 49-րդ, 52-րդ եւ 60-րդ պարբերությունները) հետագծելու այն զենքերի հետ, որոնցից դրանք արձակվել են։ Չնայած առաջին դատաձգաբանական փորձաքննության եզրակացության մեջ նշվում էր, որ դիտարկվող գնդակները համեմատվել են Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարանում գրանցված գնդակների հետ, որեւէ համընկնում չի հայտնաբերվել (տե՛ս վերեւում՝ 72-րդ պարբերությունը), ենթադրաբար ձեռնարկված սույն քննչական գործողության մասին լրացուցիչ մանրամասներ չեն ներկայացվել։ Կառավարությունը նաեւ որեւէ տեղեկություն կամ փաստաթուղթ չի ներկայացրել գնդակների ենթադրյալ համապատասխանեցման վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Դատարանն արդեն կասկածներ է հայտնել դիտարկվող ձգաբանական փորձաքննության անկախության, այդ թվում՝ դրա եզրակացությունների մանրակրկիտ լինելու եւ հավաստիության վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 256-րդ պարբերությունը)։ Կատարված ենթադրյալ համապատասխանեցման վերաբերյալ որեւէ մանրամասնության կամ կոնկրետ գրառումների բացակայությունը Դատարանին դրդում է ավելի շատ կասկածի տակ դնել այդ գործողության լրջությունը եւ պատշաճությունը։ Ավելին, թվում է, թե ոստիկանության կողմից իրականացվող գործողության ընթացքում օգտագործված զենքերի որեւէ փորձնական կրակոց, որը կարող էր հնարավորություն տալ նույնականացնելու այն զենքերը, որոնցից մահաբեր կրակոցներն արձակվել էին, նույնպես չի իրականացվել (տե՛ս վերեւում՝ 136-րդ պարբերությունը)։
261. Գրիգոր Գեւորգյանի, Սամվել Հարությունյանի եւ Տիգրան Աբգարյանի մահվան դեպքերի մասով, որոնց դեպքում գնդակները երբեւէ չեն հայտնաբերվել, կամ մահվան պատճառ հանդիսացող առարկան մնացել է անհայտ, պարզ չէ, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել նրանց մահվան հանգամանքները պարզելու եւ պատասխանատու անձանց հայտնաբերելու համար՝ բացի հետմահու իրականացվող փորձաքննություններից (տե՛ս վերեւում՝ 54-րդ, 57-րդ եւ 62-րդ պարբերությունները) եւ Տիգրան Աբգարյանի գործով համատեղ հետքաբանական, ձգաբանական եւ պայթյունատեխնիկական փորձաքննությունից (տե՛ս վերեւում՝ 75-րդ պարբերությունը): Դատարանը կարեւոր է համարում ընդգծել, որ չնայած Կառավարությունը հղում է կատարել քննության ընթացքում անցկացված հարյուրավոր հարցաքննությունների (տե՛ս վերեւում՝ 244-րդ պարբերությունը), նրանք չեն ներկայացրել որեւէ հարցաքննության, այդ թվում՝ այս եւ մյուս գործերին վերաբերող որեւէ հարցաքննության պատճեն։ Հետեւաբար պարզ չէ, թե արդյոք որեւէ ջանք գործադրվել է վկաներին, ինչպես նաեւ ոստիկանության ուժերի այն անդամներին նույնականացնելու եւ հարցաքննելու համար, որոնք մասնակցել են բողոքի ցույցերը ճնշելու գործընթացին։ Նույնը վերաբերում է նաեւ դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություններին, որոնցից ոչ մեկը Դատարան չի ներկայացվել։ Ավելին, չնայած գործի նյութերից, այդ թվում՝ գլխավոր դատախազի՝ 2008 թվականի մարտի 4-ի հայտարարությունից (տե՛ս վերեւում՝ 68-րդ պարբերությունը) պարզ է դառնում, որ քննչական մարմիններին հասանելի են եղել ենթադրաբար տասնյակ ժամ տեւողությամբ բազմաթիվ տեսագրություններ (տե՛ս վերեւում՝ 104-րդ պարբերությունը) եւ իրադարձությունների լուսանկարները (տե՛ս նաեւ Հայաստանի՝ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում եւ Եվրոպայի խորհրդի հանձնակատարի զեկույցում տեսանյութերի հղումները՝ մեջբերված վերոնշյալ 157-րդ եւ 162-րդ պարբերություններում), գործի նյութերում քիչ տեղեկություններ կան այդպիսի նյութերի եւ դրանց վերաբերյալ կատարված որեւէ գնահատման վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 73-րդ պարբերությունը)։ Ավելին, պարզվում է, որ որոշ «կարեւոր» ձայնագրություններ, որոնք առգրավվել էին լրագրողներից եւ այլ քաղաքացիներից, ջնջվել են ոստիկանության կողմից (տե՛ս վերեւում՝ 161-րդ եւ 163-րդ պարբերությունները): Արդյունքում ապացույցները, որոնք կարող էին պարունակել արժեքավոր եւ մահվան դեպքերի վերաբերյալ կարեւոր տեղեկություններ, դիտավորյալ կամ անփութորեն ոչնչացվել են ոստիկանության կողմից, ինչը, անշուշտ, լուրջ մտահոգության առարկա է եւ քննության համար՝ լուրջ թերություն:
262. Ի վերջո, Դատարանը նշում է, որ հրազենի գործադրման հետեւանքով պատճառված մահվան դեպքերի գործով քննությունը հետագայում շարունակվել է ակնհայտորեն Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերեւում՝ 84-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, այդ քրեական գործը ոչ միայն հարուցվել է մեկ տարուց ավելի ուշացումով, այլեւ կասկածելի բնույթ է կրել: Չնայած Դատարանը գրեթե որեւէ տեղեկություն կամ փաստաթուղթ չունի այդ քրեական գործի վերաբերյալ, այնուամենայնիվ, ՀՔԾ փաստաթղթից երեւում է, որ այն հարուցվել է միայն Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի՝ 2009 թվականի մարտին կատարված փոփոխությունից հետո, որը սահմանում էր սպանության համար պատիժը (տե՛ս վերեւում՝ 83-րդ եւ 137-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, տվյալ փոփոխությունը նախատեսում էր պատիժ՝ զանգվածային անկարգությունների մասնակցի կողմից կատարված սպանության համար, այլ ոչ թե անվտանգության ուժերի ներկայացուցչի։ Հետեւաբար անհասկանալի է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարող էր որեւէ ոստիկան պատասխանատվության ենթարկվել այդ դրույթի համաձայն։
263. Դիմումատուները նաեւ պնդում էին հանրային վերահսկողության եւ քննությանը արդյունավետ մասնակցության բացակայության մասին։ Դատարանը նշում է, որ դիմումատուները ճանաչվել են որպես մահացածների իրավահաջորդներ առնվազն երկուսից մինչեւ գրեթե չորս ամիս ուշացումներով (տե՛ս վերեւում՝ 76-րդ պարբերությունը)։ Մինչդեռ Կառավարությունը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածին (տե՛ս վերեւում՝ 145-րդ պարբերությունը), վիճարկում էր, որ դա եղել է դիմումատուների մեղքով, քանի որ նրանք նախկինում չէին ներկայացրել դիմումներ՝ մահացածների իրավահաջորդներ ճանաչվելու համար (տե՛ս վերեւում՝ 245-րդ պարբերությունը). դիմումատուների ներկայացրած փաստարկներից, որոնք Կառավարությունը չի վիճարկել, երեւում է, որ նրանց խոչընդոտել են դա անելու հարցում՝ պայմանավորված իրենց մահացած ազգականներին մահացած ճանաչելու ուշացմամբ (տե՛ս վերեւում՝ 237-րդ պարբերությունը)։ Հետեւաբար երեւում է, որ դիմումատուների՝ քննությանը ուշացումով ներգրավվելու համար որեւէ արդարացում չկար, եւ որ նրանք այդպիսով զրկվել էին մահացածների իրավահաջորդներ ճանաչվելուց առաջ ձեռնարկված քննչական գործողությունների ընթացքում արդյունավետ միջամտության հնարավորությունից (տե՛ս համապատասխան փոփոխություններով՝ Միքայիլ Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի [Mikayil Mammadov v. Azerbaijan] թիվ 4762/05 գործը, § 132, 2009 թվականի դեկտեմբերի 17): Ավելին, նույնիսկ այն բանից հետո, երբ դիմումատուները ճանաչվել են որպես մահացածների իրավահաջորդներ (տե՛ս վերեւում՝ 76-րդ պարբերությունը), դա չի հանգեցրել քննությանը նրանց նշանակալի մասնակցությանը: Թեեւ ճիշտ է, որ դիմումատուների մեծ մասին տրամադրվել են քննության սկզբնական ամիսներին անցկացված որոշ դատական փորձաքննությունների արդյունքները (տե՛ս վերեւում՝ 77-րդ պարբերությունը), չի երեւում, թե արդյոք նրանց տրամադրվել են լրացուցիչ տեղեկություններ դրա ընթացքի, այդ թվում՝ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 373-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հարուցված երկու քրեական գործերի վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 84-րդ եւ 85-րդ պարբերությունները): Հետեւաբար հաջորդ երկուսուկես տարիների ընթացքում՝ նախքան Դատարան իրենց գանգատները ներկայացնելը (տե՛ս վերեւում՝ 95-րդ պարբերությունը), դիմումատուները, կարծես, լիովին անտեղյակ են մնացել գործի որեւէ զարգացումից։ Համապատասխանաբար քննությունը չի ապահովել բավարար հանրային հաշվետվողականություն՝ քննության եւ դրա արդյունքների հանրային վերահսկողության բավարար տարր ապահովելու համար, ինչպես նաեւ չի պաշտպանել մերձավոր ազգականների շահերը։
264. Ի վերջո, Դատարանը նշում է, որ հրամանատարական շղթայի, այդ թվում՝ ուժ գործադրած ծառայողների պատրաստության եւ նրանց նկատմամբ վերահսկողության պարտականություն ունեցող ավագ ծառայողների, ինչպես նաեւ ոստիկանության կողմից իրականացվող գործողության պլանավորմամբ եւ ղեկավարմամբ զբաղվող ավելի բարձրաստիճան ծառայողների հնարավոր պատասխանատվության վերաբերյալ որեւէ քննություն չի իրականացվել։ Այս առումով Դատարանը նշում է, որ մոտ տասը տարվա զգալի ուշացումից հետո, կարծես թե, հարուցվել է նոր քրեական գործ, եւ մեղադրանքներ են առաջադրվել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Քոչարյանի դեմ (տե՛ս վերեւում՝ 116-րդ պարբերությունը)։ Այդ վարույթների ելքը, սակայն, անհայտ է, մինչդեռ նախկին նախագահին առաջադրված մեղադրանքները, ըստ երեւույթին, հանվել են 2021 թվականի ապրիլին՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո (տե՛ս վերեւում՝ 123-րդ պարբերությունը)։ Նաեւ երեւում է, որ 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ քննությունը դեռեւս ընթացքի մեջ էր (տե՛ս վերեւում՝ 124-րդ պարբերությունը), այսինքն՝ իրադարձություններից ավելի քան տասներեք տարի անց, ընդ որում՝ առանց որեւէ արդյունքի։
265. Վերոնշյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ քննություն իրականացնել դիմումատուների ազգականների մահվան հանգամանքների վերաբերյալ։ Այն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ դիմումատուների կողմից նշված քննության մյուս թերություններին (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Ալիքայը եւ այլք ընդդեմ Իտալիայի [Alikaj and Others v. Italy] թիվ 47357/08 գործը, § 100, 2011 թվականի մարտի 29):
266. Սույն եզրահանգմամբ Դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Կառավարության նախնական առարկություններին՝ դիմումատուների կողմից վեցամսյա կանոնը չպահպանելու եւ գանգատները ենթադրաբար վաղաժամկետ համարելու վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 169-րդ պարբերությունը):
267. Դատարանը վկայակոչում է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ վեցամսյա կանոնի վերաբերյալ իր սկզբունքները, այդ թվում՝ դրա կիրառումը մահվան կամ վատ վերաբերմունքի մասով քննության արդյունավետության վերաբերյալ հարցեր առաջադրելու դեպքերում (տե՛ս Վարնավան եւ այլք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Varnava and Others v. Turkey] [GC], թիվ 16064/90 եւ 8 այլ գործեր, §§ 156-58, ՄԻԵԴ 2009 եւ Մոկանուն եւ այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ][Mocanu and Others v. Romania], թիվ 10865/09 եւ 2 այլ գործեր, §§ 258-69, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)): Դատարանը մասնավորապես մատնանշում է դիմումատուների կողմից պատշաճ ուսումնասիրության պարտականությունը, որը պահանջում է նրանց անհապաղ ներկայացնել իրենց գանգատներն այն պահից, երբ տեղեկացել են կամ պետք է տեղեկացած լինեին, որ քննությունն արդյունավետ չէ (նույն տեղում, § 264): Այս փուլի անցկացման ճշգրիտ պահը որոշելու հարցը անպայմանորեն կախված է գործի հանգամանքներից, եւ դժվար է այն ճշգրիտ կերպով որոշել (նույն տեղում, § 266):
268. Սույն գործում Դատարանը վկայակոչում է իր վերոնշյալ եզրակացությունները, որոնք վերաբերում են իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելուն (տե՛ս վերեւում՝ 254-265-րդ պարբերությունները): Ինչպես նշվել է վերեւում, մահվան հանգամանքները քիչ են քննվել կամ ընդհանրապես չեն քննվել, մինչդեռ դիմումատուները գործնականում զրկվել են ներպետական ընթացակարգերին մասնակցությունից եւ գրեթե բացարձակապես տեղյակ չեն եղել զարգացումների մասին: Հետեւաբար Դատարանն անհիմն չի համարում, որ նրանք կորցրել են վստահությունը քննության նկատմամբ դիտարկվող իրադարձություններից մոտ երեք տարի անց, եւ այդ հարցը ներպետական մարմիններին առաջադրելու անհաջող փորձեր կատարելով (տե՛ս վերեւում՝ 89-94-րդ պարբերությունները)՝ դիմել են Դատարան։ Կառավարությունը չի նշել, թե ինչ քննչական գործողություններ են ձեռնարկվել դիմումները ներկայացնելուց հետո։ Ինչ վերաբերում է մահվան դեպքերը թիվ 62202608 քրեական գործից (տե՛ս վերեւում՝ 106-րդ պարբերությունը) առանձնացնելու որոշմանը, որը Կառավարությունը նշել է որպես քննությունը վերսկսելու նոր տարր (տե՛ս վերեւում՝ 169-րդ պարբերությունը), սա ոչ այլ ինչ էր, քան պարզ ընթացակարգային որոշում, եւ չի կարող համարվել վեցամսյա ժամկետի հաշվարկման վրա որեւէ ազդեցություն ունեցող հանգամանք։ Հետեւաբար Դատարանը մերժում է Կառավարության նախնական առարկությունները դիմումատուների կողմից վեցամսյա կանոնը չպահպանելու եւ գանգատները ենթադրաբար վաղաժամկետ համարելու վերաբերյալ։
269. Հետեւաբար խախտվել է 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետը։
270. Սույն եզրակացությանը գալով՝ Դատարանը անհրաժեշտ չի համարում անդրադառնալ նաեւ դիմումատուների կողմից 2021 թվականի սեպտեմբերի 29-ի լրացուցիչ փաստարկներում 2-րդ հոդվածի համաձայն բարձրացված բողոքներին (տե՛ս վերեւում՝ 241-րդ պարբերությունը):
III. Կոնվենցիայի ենթադրյալ այլ խախտումներ
271. 2021 թվականի սեպտեմբերի 29-ի իրենց լրացուցիչ փաստարկներում (տե՛ս վերեւում՝ 241-րդ պարբերությունը) դիմումատուները նաեւ բողոք են ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ պնդելով, որ Հայաստանի նախկին նախագահի դեմ մեղադրանքները վերացնելու մասին որոշումը (տե՛ս վերեւում՝ 123-րդ պարբերությունը) իրենց պատճառել է տանջանք եւ տառապանք։
272. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը եւ այնքանով, որքանով այդ բողոքները գտնվում են իր իրավասության ներքո, Դատարանը համարում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների եւ ազատությունների խախտման որեւէ հատկանիշ։ Դրանից հետեւում է, որ գանգատների սույն մասը ենթակա է մերժման ակնհայտորեն անհիմն լինելու պատճառով՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
273. Ի վերջո, դիմումատուները բողոքել են, որ Կառավարությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, որը սահմանում է հետեւյալը.
«Դատարանը նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր պայմանավորվող կողմերն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
274. Դիմումատուները պնդում էին, որ Կառավարությունը չի բացահայտել գործի քննության եւ իրենց ազգականների մահվան հանգամանքները պարզաբանելու համար կարեւոր նյութեր եւ տեղեկություններ։ Նրանք մասնավորապես անդրադառնում էին Կառավարության կողմից Դատարանի պահանջած բոլոր նյութերը չտրամադրելու եւ քրեական գործի բազմաթիվ նյութերը չբացահայտելու ենթադրյալ անկարողությանը, որոնց վրա նրանք հիմնվել էին իրենց դիտարկումներում։ Վերջինիս կապակցությամբ դիմումատուները ներկայացրել են կոնկրետ ապացույցների ցանկ, որոնք նրանք պնդել են, որ Կառավարությունը բացահայտի։
275. Կառավարությունը չի մեկնաբանել դիմումատուների պնդումները։
276. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված անհատական դիմումների համակարգի արդյունավետ գործունեության համար չափազանց կարեւոր է, որ պետություններն ապահովեն բոլոր անհրաժեշտ հնարավորությունները՝ գանգատների պատշաճ եւ արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար։ Սույն պարտավորության համաձայն՝ Պայմանավորվող պետություններից պահանջվում է Դատարանին տրամադրել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ անկախ նրանից՝ այն իրականացնում է փաստահավաք քննություն, թե կատարում է գանգատների ուսումնասիրության հետ կապված իր ընդհանուր պարտականությունները: Կառավարության կողմից իր ձեռքում գտնվող այդպիսի տեղեկությունները չներկայացնելը՝ առանց բավարար բացատրության, կարող է ոչ միայն հիմք լինել դիմումատուի պնդումների հիմնավորվածության վերաբերյալ եզրակացություններ անելու համար, այլեւ բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունների կատարման մակարդակի վրա (տե՛ս Յանովիեցը եւ այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Janowiec and Others v. Russia] [GC] թիվ 55508/07 եւ 29520/09 գործերը, § 202, ՄԻԵԴ 2013, լրացուցիչ հղումներով):
277. Դատարանի կողմից պահանջվող ապացույցները տրամադրելու պարտավորությունը պարտադիր է պատասխանող Կառավարության համար այդպիսի խնդրանքը ձեւակերպելու պահից՝ անկախ նրանից՝ դա Կառավարություն ներկայացված գանգատի մասին նախնական ծանուցման պահին է, թե դատավարության հետագա փուլում: Հիմնական պահանջ է, որ պահանջվող նյութերը ներկայացվեն ամբողջությամբ, եթե Դատարանը այդպես է հրահանգել, եւ որ բացակայող բոլոր տարրերը պատշաճ կերպով հաշվի առնվեն (նույն տեղում, § 203): Այն դեպքում, երբ գանգատը բարձրացնում է հարցեր քննության արդյունավետության վերաբերյալ, քրեական գործով քննության փաստաթղթերը հիմնարար նշանակություն ունեն փաստերի հաստատման հարցում, եւ դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել Դատարանի կողմից բողոքի պատշաճ քննությունը թե՛ ընդունելիության փուլում, թե՛ ըստ էության քննություն իրականացնելու փուլում (տե՛ս Մասլովան եւ Նալբանդովն ընդդեմ Ռուսաստանի[Maslova and Nalbandov v. Russia] թիվ 839/02 գործը, § 128, 2008 թվականի հունվարի 24): Հետեւաբար, երբ գանգատը պարունակում է բողոք, որ արդյունավետ քննություն չի իրականացվել, ինչպես այս գործում, պատասխանող պետության պարտականությունն է տրամադրել դրան վերաբերող բոլոր փաստաթղթերը (տե՛ս Թանրըքուլուն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ],[Tanrıkulu v. Turkey ] [GC] թիվ 23763/94 գործը, § 71, ՄԻԵԴ 1999-IV):
278. Դատարանը սկզբնական շրջանում նշում է, որ դիմումատուների՝ 38-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը վերաբերում է Կառավարության՝ ոչ միայն Դատարանի կողմից հատուկ պահանջված, այլեւ դիմումատուների փաստաբանների կողմից պահանջված փաստաթղթերը չտրամադրելու ենթադրյալ հանգամանքին։ Դատարանը համարում է, որ չնայած Կառավարության համար ցանկալի կլիներ տրամադրել որքան հնարավոր է շատ համապատասխան նյութեր՝ այդպիսով օգնելով Դատարանին գործի լիարժեք եւ մանրակրկիտ քննություն անցկացնել, չի կարող համարվել, որ նրանք խախտում են Կոնվենցիայի 38-րդ հոդվածը միայն այն պատճառով, որ նրանք չեն կարողացել հիմնավորել իրենց բոլոր պնդումները համապատասխան ապացույցներով կամ չեն կարողացել բավարարել դիմումատուների պահանջները՝ կոնկրետ նյութերի բացահայտման վերաբերյալ (համեմատել Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի [Makuchyan and Minasyan v. Azerbaijan and Hungary] թիվ 17247/13 գործի հետ, § 225, 2020 թվականի մայիսի 26):
279. Կառավարության՝ Դատարանի կողմից պահանջվող նյութերը չտրամադրելու ենթադրյալ փաստի մասով Դատարանը նշում է, որ գանգատների մասին ծանուցելու պահին Կառավարությանը հատուկ խնդրել են ներկայացնել «բոլոր համապատասխան փաստաթղթերը, այդ թվում՝ քննության ընթացքում անցկացված բոլոր ձգաբանական փորձաքննությունների եւ այլ փորձաքննությունների արդյունքները» եւ «Խորհրդարանական [ՓՀԽ] կողմից կազմված բոլոր փաստաթղթերի» պատճենները (տե՛ս վերեւում՝ 109-րդ պարբերությունը): Պահանջված արդյունքներից կամ ՓՀԽ փաստաթղթերից ոչ մեկը չի տրամադրվել Կառավարության դիտարկումների հետ միասին: Փաստորեն, նրանց դիտարկումներին կից միակ փաստաթղթերն էին համապատասխան դիմումատուների զոհերի իրավահաջորդներ ճանաչող որոշումները (տե՛ս վերեւում՝ 76-րդ պարբերությունը) եւ որոշակի դատական փորձաքննությունների եզրակացությունները դիմումատուներին ներկայացնելու արձանագրությունները (տե՛ս վերեւում՝ 77-րդ պարբերությունը), որոնք դժվար թե կարելի լիներ համարել «բոլոր համապատասխան փաստաթղթերը»։ Դատարանը կրկնել է իր խնդրանքը 2016 թվականի մայիսի 18-ին (տե՛ս վերեւում՝ 111-րդ պարբերությունը), որին ի պատասխան Կառավարությունը ներկայացրել է դատական փորձաքննությունների մի շարք եզրակացություններ (տե՛ս վերեւում՝ 112-րդ պարբերությունը)։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է քսանչորս փաստաթուղթ, այդ թվում՝ դիմումատուների կողմից արդեն ներկայացված ինը դատաբժշկական փորձաքննությունները (տե՛ս վերեւում՝ 67-րդ պարբերությունը)։ Մնացած փաստաթղթերի թվում էին թիվ 385, 389 եւ 09330802 եզրակացությունները (տե՛ս վերեւում՝ 74-րդ, 72-րդ եւ 75-րդ պարբերությունները), Ռուսաստանի Դաշնությունում անցկացված երկու փորձաքննությունները (տե՛ս վերեւում՝ 80-րդ եւ 82-րդ պարբերությունները) եւ տասնմեկ այլ դատական փորձաքննություններ, որոնք մահվան դեպքերի հետ կապված որեւէ ակնհայտ եւ ուղղակի ապացուցողական արժեք չունեին։ «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակների երկրորդ ձգաբանական փորձաքննության արդյունքում կազմված թիվ 1466 եզրակացության պատճենը (տե՛ս վերեւում՝ 78-րդ պարբերությունը) չի ներկայացվել։ Մահվան դեպքերին ուղղակիորեն վերաբերող եւ խիստ կարեւոր որոշ այլ նյութեր նույնպես չեն ներկայացվել, ինչպիսիք են Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 373-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա հարուցված քրեական վարույթին վերաբերող նյութերը (տե՛ս վերեւում՝ 84-րդ եւ 85-րդ պարբերությունները) կամ ՀՔԾ փաստաթղթում նշված հանցագործության վայրի վկաների հարցաքննությունները եւ զննումները (տե՛ս վերեւում՝ 100-րդ պարբերությունը):
280. Դատարանն ընդունում է, որ վերոնշյալ փաստաթղթերը հատուկ չեն նշվել իր հարցումներում։ Այնուամենայնիվ, այն ակնհայտորեն չի կարող տրամադրել պատասխանող Կառավարության կողմից ներկայացվող բոլոր կոնկրետ փաստաթղթերի մանրամասն ցանկը հատկապես այնպիսի դեպքերում, ինչպիսին է ներկայիս դեպքը, երբ այն բախվում է փաստական տեղեկությունների պակասի հետ, այդ թվում՝ քննության ընթացքում ձեռնարկված քայլերի վերաբերյալ։ Միեւնույն ժամանակ կոնկրետ դեպքում Դատարանին խոչընդոտել են ամբողջ նախաքննական գործում առկա նյութերը պահանջելու հնարավորությունից, ինչպես հաճախ արվում է այս տեսակի գործերում (տե՛ս, օրինակ, վերեւում հիշատակված՝ Մասլովայի եւ Նալբանդովի [Maslova and Nalbandov] գործը, § 129, Բեկիրսկին ընդդեմ Բուլղարիայի [Bekirski v. Bulgaria] թիվ 71420/01 գործը, § 115, 2010 թվականի սեպտեմբերի 2, եւ Տիգրան Այրապետյանն ընդդեմ Ռուսաստանի [Tigran Ayrapetyan v. Russia] թիվ 75472/01 գործը, § 63, 2010 թվականի սեպտեմբերի 16)՝ պայմանավորված նրանով, որ մահվան դեպքերի վերաբերյալ քննությունը կազմում էր նախաքննական գործի միայն մի փոքր մասը, քանի որ մահվան դեպքերը քննվել են շատ ավելի լայն քրեական գործի շրջանակներում, որը բաղկացած էր մեծ քանակությամբ նյութերից (տե՛ս վերեւում՝ 104-րդ պարբերությունը), որոնց մեծ մասն ուղղակիորեն չէր համապատասխանում սույն գործին։ Հետեւաբար այս կոնկրետ իրավիճակում դիմումների արդյունավետ քննությունը մեծապես կախված էր Կառավարության բարի կամքից՝ մահվան դեպքերի վերաբերյալ բոլոր քննչական նյութերը տրամադրելու հարցում։ Այնուամենայնիվ, թվում է, թե Կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ նվազագույնը։ Թեեւ կարելի է պնդել, որ սա պարզապես սովորական բացթողում էր՝ ի տարբերություն համագործակցելու ցանկության բացակայության կամ մերժման, Դատարանը դժվարանում է հավատալ, որ այնպիսի կարեւոր եւ ուղղակիորեն համապատասխան նյութերը, ինչպիսիք են դատաձգաբանական փորձաքննության թիվ 1466 կամ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված վարույթը «Չերյոմուխա-7» արցունքաբեր գազի նռնակներ արձակած սպաների դեմ, կարող էին պարզապես անտեսված լինել Կառավարության կողմից։
281. Ավելին, ՓՀԽ-ի կողմից կազմված փաստաթղթերի մասով Կառավարությունը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ նշելով, որ ՓՀԽ-ն վերջնական զեկույց չի կազմել։ Նրանք նաեւ նշել են, որ եթե այդ խմբի կազմած փաստաթուղթը ներկայացվի նրանց, ապա նրանք այն անմիջապես կներկայացնեն (տե՛ս վերեւում՝ 112-րդ պարբերությունը): Դատարանը պատասխան հղում է կատարել սույն վճռում նշված երկու փաստաթղթերին (տե՛ս վերեւում՝ 126-րդ եւ 127-րդ պարբերությունները)՝ Կառավարությանը կոչ անելով ներկայացնել այդ փաստաթղթերը (տե՛ս վերեւում՝ 113-րդ պարբերությունը): Կառավարությունը պատասխանում նշել է, որ ՓՀԽ-ն իր առանձին անդամներից չի ստացել Դատարանի կողմից նշված փաստաթղթերը կամ իր առանձին անդամների կողմից ներկայացված՝ սույն գործում առաջադրված հարցերի հետ կապված որեւէ այլ փաստաթուղթ (տե՛ս վերեւում՝ 114-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, Դատարանը դժվարանում է հասկանալ Կառավարության բացատրությունը: Փաստորեն, երկու փաստաթղթերին բազմաթիվ հղումներ են կատարվել ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ (տե՛ս վերեւում՝ 128-131-րդ պարբերությունները), եւ Կառավարությունը չէր կարող տեղյակ չլինել դրանց գոյության կամ այն փաստի մասին, որ դրանք ներկայացված են եղել ժամանակավոր հանձնաժողովին: Դատարանը նշում է, որ դրանք, ի վերջո, Դատարանին տրամադրվել են դիմումատուների կողմից, որոնք հետագայում կարողացել են ստանալ դրանք: Սակայն, Դատարանի կարծիքով, սա չի ազատում Կառավարությանը Կոնվենցիայի 38-րդ հոդվածով իրենց ստանձնած պարտավորություններից:
282. Վերոնշյալի լույսի ներքո, հաշվի առնելով պատասխանող Կառավարության համագործակցության կարեւորությունը Կոնվենցիայի շրջանակներում իրականացվող գործընթացներում եւ սույն դեպքի նման դեպքերում փաստերի հաստատման հետ կապված դժվարությունները, Դատարանը համարում է, որ Հայաստանի կառավարությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունները՝ չներկայացնելով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պահանջված փաստաթղթերի պատճենները։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
283. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը համարում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը, անհրաժեշտության դեպքում, որոշում է տուժող կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
284. Դիմումատուների ընտանիքներից յուրաքանչյուրը պահանջել է 60,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
285. Դիմումատու Ջեմմա Վարդումյանը՝ Դավիթ Պետրոսյանի մայրը (գանգատ թիվ 16030/11), եւ դիմումատուներ Սարգիս Քլոյանը, Ազատուհի Մանուկյանը եւ Ռուզաննա Հունանյանը՝ Գոռ Քլոյանի հայրը, մայրը եւ կինը (գանգատ թիվ 16060/11), նույնպես ներկայացրել են Դավիթ Պետրոսյանի եւ Գոռ Քլոյանի կորցրած եկամտի համար նյութական վնասի փոխհատուցման պահանջ՝ համապատասխանաբար 25,960,000 ՀՀ դրամի եւ 45,787.50 ԱՄՆ դոլարի չափով։
286. Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի համար պահանջվող գումարը չափազանց մեծ է, մինչդեռ նյութական վնասի պահանջը որեւէ ապացույցով չի հիմնավորվել։
287. Դատարանը նշում է, որ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջող դիմումատուները չեն կարողացել որեւէ ապացույցով հիմնավորել իրենց պահանջները, այդ թվում չեն կարողացել պահանջվող կորցրած եկամտի մասով որեւէ ապացույց ներկայացնել, հետեւաբար այն մերժել է դրանք։ Այնուամենայնիվ, այն յուրաքանչյուր մահացածի ազգականներին տրամադրել է 30,000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած գանձման ենթակա որեւէ հարկ։
Բ. Ծախսերը եւ ծախքերը
288. Դիմումատուները նաեւ համատեղ պահանջել են ընդհանուր առմամբ 46,195.33 ֆունտ ստերլինգ՝ Դատարանում կրած ծախսերի եւ ծախքերի համար։ Իրենց պահանջը հիմնավորելու համար նրանք ներկայացրել են ՄԻՇՊԵԿ-ի հետ կնքված պայմանագրերը (տե՛ս վերեւում՝ 4-րդ պարբերությունը), ինչը ցույց է տալիս, որ իրենք պարտավոր էին վճարել իրավական ծախսերը, ինչպես նաեւ ժամանակացույցներ, որոնք ցույց են տալիս ՄԻՇՊԵԿ-ի երեք փաստաբաններին՝ պրն Վ. Գրիգորյանին, տկն Ջ. Գավրոնին եւ տկն Ջ. Սոյերին չվճարված գումարները՝ 29,865 ֆունտ ստերլինգ գումարի չափով։ Նրանք նաեւ ներկայացրել են թվով տասը հաշիվ-ապրանքագիր՝ կապված ՄԻՇՊԵԿ-ին ներկայացված թարգմանությունների հետ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 5,545.21 ֆունտ ստերլինգ։ Մնացած ծախսերը ներառում էին փորձագետների վարձատրությունը (9,527.92 ֆունտ ստերլինգ), ճանապարհածախսը (966.78 ֆունտ ստերլինգ) եւ վարչական ծախսերը (290.42 ֆունտ ստերլինգ): Դիմումատուները պահանջել են, որ ծախսերի եւ ծախքերի վճարումը ֆունտ ստերլինգով կատարվի Միացյալ Թագավորությունում իրենց ներկայացուցիչների բանկային հաշվին:
289. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն ներկայացրել իրենց փաստաբանների հետ կնքված որեւէ պայմանագիր կամ հաշիվ-ապրանքագիր, որը ցույց կտա, որ գումարներն իրականում վճարվել են նրանց։ Թարգմանության ծախսերի մասով այս պահանջը պատշաճ կերպով հիմնավորված չէր, քանի որ ներկայացված հաշիվ-ապրանքագրերում մանրամասն չէր նկարագրվում կատարված աշխատանքը, այդ թվում՝ նշելով թարգմանված կոնկրետ փաստաթղթերը։ Ավելին, կարելի է ասել, որ ոչ բոլոր թարգմանչական աշխատանքներն էին անհրաժեշտ։ Նմանապես պարտադիր չէր, որ նշված երկու փորձագիտական կարծիքների համար վճարները եւ փաստաբանների գործուղման ծախսերը կատարված լինեին։ Կառավարությունը խնդրել է Դատարանին մերժել բոլոր պահանջները՝ բացառությամբ վարչական ծախսերի վերաբերյալ պահանջների։
290. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են, անհրաժեշտ են եղել, եւ որ դրանց չափը եղել է ողջամիտ: Ներկայացուցչի վարձատրությունն իրականում կատարվում է, եթե դիմումատուն վճարել է այն կամ պարտավոր է վճարել այն (տե՛ս Խոջոյանը եւ Վարդազարյանն ընդդեմ Ադրբեջանի [Khojoyan and Vardazaryan v. Azerbaijan] թիվ 62161/14 գործը, § 93, 2021 թվականի նոյեմբերի 4): Սույն գործում, ի տարբերություն Կառավարության փաստարկի, ներկայացվել են պայմանագրեր, որոնք ցույց են տալիս, որ ինը մահացածներից ութի ազգականները պարտավոր էին վճարել իրական վճարները ՄԻՇՊԵԿ-ին: Հետեւաբար, հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը եւ վերը նշված չափանիշները, Դատարանը ողջամիտ է համարում Դատարանում վարույթի համար տրամադրել ընդհանուր 35,000 եվրո գումար, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգով եւ անմիջապես վճարվի դիմումատուների ներկայացուցիչների՝ Միացյալ Թագավորությունում գտնվող բանկային հաշվին (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Խլայֆիան եւ այլք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Khlaifia and Others v. Italy ] [GC] թիվ 16483/12 գործը, § 288, ՄԻԵԴ 2016 (քաղվածքներ)):
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Որոշում է գործի ըստ էության քննությանը միացնել վեցամսյա կանոնը ենթադրաբար չպահպանելու վերաբերյալ նախնական առարկությունները եւ գանգատների ենթադրյալ վաղաժամկետ բնույթը եւ մերժում է դրանք.
3. Հայտարարում է դիմումատուի ազգականների մահվան եւ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքները ընդունելի՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի, իսկ գանգատները մնացած մասով՝ անընդունելի.
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նյութաիրավական հայեցակետով բոլոր դիմումատուների ազգականների մասով՝ բացառությամբ Սամվել Հարությունյանի (գանգատ թիվ 16055/11) եւ Զաքար Հովհաննիսյանի (գանգատ թիվ 16015/11).
5. Վճռում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի խախտվել իր նյութաիրավական հայեցակետով՝ Սամվել Հարությունյանի (գանգատ թիվ 16055/11) եւ Զաքար Հովհաննիսյանի (գանգատ թիվ 16015/11) մասով.
6. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում առ այն, որ դիմումատուների ազգականների մահվան դեպքերի արդյունավետ քննություն չի իրականացվել.
7. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում.
8. Վճռում է, որ՝
ա) Պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պետք է վճարի հետեւյալ գումարները.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 30 000 եվրո (երեսուն հազար եվրո) յուրաքանչյուր գանգատի մեջ նշված դիմումատուներին՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
ii) ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 35 000 եվրո (երեսունհինգ հազար եվրո) դիմումատուներին համատեղ՝ գումարած նրանցից գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի ֆունտ ստերլինգով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, եւ վճարվի Միացյալ Թագավորությունում դիմումատուների ներկայացուցիչների բանկային հաշվեհամարին,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
9. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 18-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտոր Սոլովեյչիկ՝
Կատերինա Շիմաչկովա՝
Քարտուղար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Գործերի ցանկը
Թիվ
Գանգատ թիվ
Գործի անվանումը
Դիմումատուն
Ծննդյան տարեթիվը
Բնակության վայրը
Քաղաքացիությունը
1.
15964/11
Բաղդասարյանը եւ Անտոնյանն ընդդեմ Հայաստանի [Baghdasaryan and Antonyan v. Armenia]
Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
1981թ.
Մոսկվա
Հայաստանի
Վահան ԱՆՏՈՆՅԱՆ
1953 թ.
Երեւան
Հայաստանի
2․
15998/11
Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի [Farmanyan v. Armenia]
Վաչագան ՖԱՐՄԱՆՅԱՆ
1951թ.
Երեւան
Հայաստանի
Լյուդմիլա ՖԱՐՄԱՆՅԱՆ
1954թ.
Երեւան
Հայաստանի
Վարդանուշ ՖԱՐՄԱՆՅԱՆ
1981թ.
Երեւան
Հայաստանի
3․
16015/11
Մարիամ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի [Mariam Hovhannisyan v. Armenia]
Մարիամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1972թ.
Երեւան
Հայաստանի
4․
16024/11
Ռուզաննա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ruzanna Harutyunyan v. Armenia]
Ռուզաննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1953թ.
Երեւան
Հայաստանի
5.
16030/11
Վարդումյանն ընդդեմ Հայաստանի [Vardumyan v. Armenia]
Ջեմմա ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
1949թ.
Վանաձոր
Հայաստանի
6.
16035/11
Խաչատրյանը եւ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի [Khachatryan and Hovhannisyan v. Armenia]
Հովսեփ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1954թ.
Երեւան
Հայաստանի
Ալլա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1963թ.
Երեւան
Հայաստանի
Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
1986թ.
Հույ
Բելգիայի
7.
16046/11
Մինասյանը եւ Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Hovhannisyan v. Armenia]
Լիլյա ՄԻՆԱՍՅԱՆ
1959թ.
Երեւան
Հայաստանի
Գայանե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
1990թ.
Երեւան
Հայաստանի
8.
16055/11
Էդիկ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Edik Harutyunyan v. Armenia]
Էդիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1955թ.
գյուղ Եղեգնավան
Հայաստանի
9.
16060/11
Քլոյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Kloyan and Others v. Armenia]
Սարգիս ՔԼՈՅԱՆ
1951թ.
Երեւան
Հայաստանի
Ազատուհի ՄԱՆՈՒԿՅԱՆ
1958թ.
Երեւան
Հայաստանի
Ռուզաննա ՀՈՒՆԱՆՅԱՆ
1982թ.
Երեւան
Հայաստանի