© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ՖՐԱՆՉԵՍԿՈ ՍԵՍՍԱՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ
(Գանգատ թիվ 28790/08)
ՎՃՒՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
3 ապրիլի 2012թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
24/09/2012
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
Ֆրանչեսկո Սեսսան ընդդեմ Իտալիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (երկրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Ֆրանսուազ Տյուլկեն (Françoise Tulkens), նախագահ
Դատավորներ`
Դրագոլյուբ Պոպովիչ (Dragoljub Popović),
Իզաբել Բերրո-Լեֆեվր(Isabelle Berro-Lefèvre)
Անդրաս Սայո (András Sajó),
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi),
Պաուլո Պինտո դե Ալբուքվերքվե(Paulo Pinto de Albuquerque),
Հելեն Կելլեր (Helen Keller),
և Ֆրանսուազ Էլենս-Պասոս (Françoise Elens-Passos), բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2012թ. մարտի 6-ին տեղի ունեցած խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Իտալիայի հանրապետության դեմ ուղղված գանգատը (թիվ 28790/08), որը 2008թ. հունիսի 3-ին Դատարան է ներկայացրել նույն պետության քաղաքացի պարոն Ֆրանչեսկո Սեսսան (Francesco Sessa) (այսուհետ` «դիմումատու»)` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` §Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուին ներկացնում է տիկին Մ.Կոցցան (M. Cozza)` փաստաբան Սալերնոյից: Իտալական կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը` տիկին Է. Սպատաֆորան (E. Spatafora)
3. Դիմումատուի գանգատը վերաբերում է մասնավորապես իր կրոնին դավանելու ազատության իրավունքի խախտմանը:
4. 2009թ. հուլիսի 6-ին երկրորդ բաժանմունքի նախագահությունն որոշել է այս մասին ծանուցել Կառավարությանը: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որոշվել է նաև ընդունելիության հետ միաժամանակ գանգատն ուսումնասիրել ըստ էության:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1955թ,-ին և բնակվում է Նեապոլում:
6. Դիմումատուն հրեա է, մասնագիտությամբ` փաստաբան: 2005թ. հունիսի 7-ին նա մասնակցել է Ֆորլիի քննիչ դատավորի («GIP») ապացույցի անհապաղ ներկայացման (« incidente probatorio ») վերաբերյալ լսումներին, որպես մի քանի բանկերի դեմ ուղղված քրեական դատավարության գործով տուժողներից մեկի ներկայացուցիչ: Քննիչ դատավորի փոխարեն նախագահող դատավորը, որը քննիչ դատավորին փոխարինում էր վերջինիս ներկա գնտվելու անհնարինության պատճառով, առաջարկել է երկու կողմերին դատավարությունը մեկ այլ օր տեղափոխելու համար ընտրել իր կողմից արդեն ընտրված երկու ամսաթվերից մեկը` 2005թ. հոկտեմբերի 13-ը կամ 18-ը:
7. Դիմումատուն նշել է, որ այս երկու ամսաթվերն էլ համընկնում են հրեական երկու տոների` Յոմ Կիպուրի և Սուկոտի հետ, ինչպես նաև հայտարարել է, որ չի կարողանալու ներկա գնտվել լսումներին իր կրոնական պարտավորությունների պատճառով: Նա նշել է, որ ինքը Նեապոլի հրեական համայնքի անդամ է և մատնանշել Իտալիայի հրեական համայնքների միության և պետության հարաբերությունները կարգավորող 1989 թվականի մարտի 8-ին թիվ 101 օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների խախտումները:
8. Քննիչ դատավորն որպես լսումների ամսաթիվ հաստատել է 2005թ. հոկտեմբերի 13-ը:
9. Նույն օրը, դիմումատուն լսումները մեկ այլ օր տեղափոխելու վերաբերյալ դիմում է ներկայացրել գործով նշանակված քննիչ դատավորին: 2005թ. հունիսի 20-ին տվյալ հարցն ուսումնասիրելուց հետո քննիչ դատավորն որոշել է դիմումը կցել գործին առանց ընթացք տալու:
10. 2005թ. հուլիսի 1-ին դիմումատուն բողոք է ներկայացրել գործը վարող քննիչ դատավորի և վերջինիս փոխարինողի դեմ` նրանց մեղադրելով 1989թ. թիվ 101 օրենքի 2-րդ հոդվածի խախտման մեջ: Նույն օրը դիմումատուն այդ մասին տեղեկացրել է Դատական բարձրագույն խորհրդին:
11. 2005թ. հոկտեմբերի 13-ի դատավարության ժամանակ քննիչ դատավորը նշել է, որ դիմումատուն բացակայել է «անձնական պատճառներով» և խնդրել է կողմերին իրենց դիրքորշումը ներկայացնել հունիսի 7-ի գործի տեղափոխման դիմումի վերաբերյալ: Դատախազությունը և պատասխանող կողմերի փաստաբանները հայտարարել են, որ իրենք դեմ են այս դիմումին` մասնավորապես պնդելով, որ այն հիմնավորված չի եղել օրենքով նախատեսված դատավարության հետաձգման պատճառներով: Մյուս կողմից մյուս հայցվորի փաստաբանը պաշպանել է դիմումատուի դիմումը:
12. Նույն օրվա հրամանով քննիչ դատավորը մերժել է դիմումատուի գործը տեղափոխելու դիմումը: Այս որոշումը կայացնելու համար նա նախ նշել է, որ, քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն, միայն դատախազության և պատասխանող կողմի փաստաբանի ներկայությունն է պահանջվում ապացույցների անհապաղ ներկայացման վերաբերյալ լսումներին, իսկ հայցվորի փաստաբանի ներկայությունը պարտադիր չի: Նա այնուհետև նշել է, որ քրեական դատավարության օրենսգիրքը դատավորին չի պարտադրում հետաձգել լսումները հայցվորի դատապաշտպանի ներկա գտնվելու անհնարինության դեպքում: Նա վերջապես ընդգծել է, որ դատավարության մասնակից շահագրգիռ կողմերը (մեղադրյալներ, տուժողներ, ի պաշտոնե նշանակված փորձագետներ, կողմերի կողմից հրավիրված փորձագետներ) շատ են և որ «հաշվի առնելով այս գրասենյակի աշխատանքի ծանրաբեռնվածություն, որը [կհանգեցներ] մինչև 2006թ. այս լսումների հետաձգմանը, դատավարության իրականացման ողջամիտ ժամկետի սկզբունքը պարտադրում էր մերժել այս դիմումը, որը ներկայացվել էր հետաձգում պահանջելու համար օրինական պատճառներ չունեցող անձի կողմից»:
13. 2006թ. հունվարի 23-ին Դատական բարձրագույն խորհուրդը դիմումատուին տեղեկացրել է, որ իրավասու չէ ուսումնասիրել վիճարկվող փաստերը, քանի որ դիմումատուի գանգատը կապված է դատական գործունեության իրականացման հետ:
14. Միևնույն ժամանակ 2006թ. հունվարի 9-ին Անկոնայի դատախազը պահանջել է մերժել քրեական վարույթ ընդունել դիմումատուի կողմից ներկայացված բողոքը: Վերջինս ներկայացրել է իր առարկությունը 2006թ. հունվարի 28-ին:
15. 2006թ. սեպտեմբերի 21-ի հրամանով Անկոնայի քննիչ դատավորը կարճել է դիմումատուի բողոքը` նշելով, որ վերջինս առարկություն չի ներկայացրել դատախազի քրեական վարույթ չընդունելու պահանջի դեմ:
16. 2007թ. հունվարի 19-ին դիմումատուն դիմել է վճռաբեկ դատարան` քննիչ դատավորին մեղադրելով 2006թ. հունվարի 28-ին կազմված իր առարկությունը հաշվի չառնելու մեջ: Համարելով, որ դիմումատուի առարկության անտեսումը հավանաբար դատարանի քարտուղարության սխալի արդյունք է, Վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել 2006թ. սեպտեմբերի 21-ի հրամանը և գործն ետ է ուղարկել Անկոնայի դատարան:
17. 2008թ. փետրվարի 12-ին, դիմումատուն և դատախազը մասնակցել են Անկոնայի քննիչ դատավորի կողմից վարած լսումներին: 2008թ. փետրվարի 15-ի հրամանով, վերջինս կարճել է գործը: Նա որոշումը հիմնավորել է այն փաստով, որ գործի ոչ մի տարր չի ապացուցել, որ գործը վարող քննիչ դատավորը կամ 2005թ. հունիսի 7-ին վերջինիս փոխարինող դատավորը մտադիր են եղել խախտել դիմումատուի հրեական կրոնն ազատ դավանելու իր իրավունքը կամ իր դավանանքի հետ կապված վիրավորել դիմումատուի արժանապատվությունը:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
18. 1989թ. մարտի 8-ի թիվ 101 օրենքը նախատեսում է Իտալիայում հրեական համայնքների միության և պետության միջև հարաբերությունները կարգավորող դրույթներ: Այս օրենքի 2-րդ հոդվածն ամրագրում է հրեական կրոնն ազատ դավանելու և իրականացնելու իրավունքը: 4-րդ հոդվածի դրույթների համաձայն` Իտալիան շնորհում է հրեաներին Շաբաթը պահելու իրավունքն աշխատանքի կազմակերպման հնարավորությունների շրջանակներում և առանց վնաս հասցնելու պետական իրավական համակարգի կողմից կենսական նշանակության ծառայությունների պահանջներին:
Թիվ 101 օրենքի 5-րդ հոդվածը Շաբաթի դասին է կարգում նաև Յոմ Կիպուր, Սուկոտ և հրեական այլ տոները:
19. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհանդուրժողականության և կրոնական կարծրատիպային արտահայտումները պատժվում են համաձայն թիվ 654 օրենքի 3-րդ հոդվածի դրույթների, որը Ռասսայական խտրականության ցանկացած տեսակի վերացման միջազգային կոնվենցիան վավերացնող օրենքն է: Այս դրույթի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով տարածում է ռասսայական գերազանցության կամ ռասսայական կամ էթնիկ ատելության հիման վրա կառուցված գաղափարներ կամ դրդում է կատարել ռասսայական, էթնիկ, ազգային կամ կրոնական պատճառներով պայմանավորված խտրական գործողություններ, պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի և վեց ամիս ժամկետով:
20. Քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի առաջին մասը, որը կարգավորում է ապացույցների անհապաղ ներկայացման դատավարությունը (« incidente probatorio »), սահմանում է`
« Դատական նիստը տեղի է ունենում խորհրդակցության ձևաչափով դատախազի և հետաքննության մեջ ներգրավված անձի պաշտպանի պարտադիր մասնակցությամբ: Տուժող կողմի պաշտպանը նույնպես իրավունք ունի ներկա գնտվելու նիստին»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
21. Դիմումատուն պնդում է, որ դատական մարմնի կողմից հրեական տոնին համընկնող ամսաթվին նշված վիճահարույց նիստը հետաձգելու մերժումն իրեն թույլ չի տվել ներկա գտնվել նիստին որպես տուժողներից մեկի ներկայացուցիչ և խախտել է իր կրոնն ազատ դավանելու իրավունքը: Նա վկայակոչում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, որոնք սահմանում են`
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատությունը:
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:
22. Կառավարությունը վիճարկում է այս փաստարկները:
Բ) Գործի էության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
29. Դիմումատուն պնդում է, որ իր գործը քննող դատավերները գործել են իր կրոնն ազատ դավանելու իրավունքը խախտելու մտադրությամբ:
30. Ըստ նրա, 1989 թ. թիվ 101 օրենքը նրան թույլատրում էր բացակայել աշխատանքից հրեական պաշտոնական տոների կապակցությամբ իր կրոնն ազատ դավանելու նպատակով: Ընդ որում, անհապաղ ծառայության ոչ մի պահանջ չէր կարող կիրառվել այս դեպքում այս իրավունքը սահմանափակելու համար, քանի որ 2005թ.հոկտեմբերի 13-ի նիստը կարող էր տեղափոխվել մեկ այլ օր առանց ազդելու դատավարութան սահուն ընթացքի և այլ մասնակիցների իրավունքների վրա: Այս դեպքում գործը չէր վերաբերում ազատազրկմանը կամ ձերբակալված անձի իրավունքներին, ուստի, վիճահարույց նիստը հրատապ չէր: Քանի որ նիստի հետաձգման համար դիմումատուն դիմել էր դեռևս չորս ամիս առաջ, դատական մարմինները բավականին ժամանակ ունեին նիստերի ժամանակացույցը կազմակերպել այնպես, որպեսզի ապահովվեին գործում առկա տարբեր իրավունքների պաշտպանությունը:
31. Կառավարությունն էլ իր հերթին պնդում է, որ տեղի չի ունեցել ոչ մի միջամտություն դիմումատուի իր կրոնն ազատ դավանելու իրավունքին, քանի որ վերջինիս չեն խանգարել մասնակցել հրեական տոներին և ազատ իրականցնել իր կրոնական պարտականությունները: Այն առաջ է բերում այն հանգամանքը, թե իշխանությունները հետևել են, որպեսզի դիմումատուն չխաթարի Պետության հանրային ծառայությունների գործունեությունը նիստի հետաձգումը պահանջելու իր իրավունքն իրականացնելիս:
32. Ըստ Կառավարության` դիմումատուի կողմից նշված իրավունքը բացարձակ չէ: Երբ նույնիսկ 1989թ. թիվ 101 օրենքը վերաբերվեր դատարանի և փաստաբանի միջև աշխատանքային հարաբերություններին, հարկ կլիներ նշել, որ այդ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը հստակորեն նախատեսում է կենսական նշանակության ծառայությունների հետ կապված պահանջների գերակայություն անձանց կրոնի ազատ դավանելու իրավունքի նկատմամբ: Ուստի, արդարադատության իրականացումը պետական կարևոր ծառայություն է` գերակա բոլոր հանգամանքներում:
Բացի այդ, տուժող կողմի փաստաբանի ներկայությունն ապացույցների անհապաղ ներկայացման վերաբերյալ նիստին պարտադիր չէր: Բոլոր դեպքերում, փաստաբանը, որը, անձնական պատճառներից ելնելով, չէր կարողանալու ներկա գտնվել նիստին, հնարավորություն ուներ նշանակել փոխարինող քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածով նախատեսված պայմանների համաձայն: Որոշելով չօգտվել այս հնարավորությունից` դիմումատուն հրաժարվել է համատեղել իր կրոնական պարտականություններն ու արդարադատության իրականացման պահանջները :
33. Վերջապես, վիճահարույց նիստի հետաձգումը կարող էր ազդել դատավարության սահուն ընթացքի և քսանմեկ ամբաստանյալների իրավունքի, դատավարության ողջամիտ ժամկետի վրա, որովհետև դիմումն ընդունելու դեպքում անհրաժեշտ կլիներ նիստի նոր ամսաթվի մասին ծանուցել տարբեր պատճառներով ներգրավված բազմաթիվ մարդկանց:
2. Դատարանի գնահատականը
34. Դատարանը հիշեցնում է, որ եթե կրոնական ազատությունը նախևառաջ անհատական է, այն ներառում է նաև սեփական կրոնը դավանելու ազատությունն ոչ միայն կոլլեկտիվ կերպով, հանրության մեջ կամ դավանակիցների շրջանում, այլ կարելի է օգտվել այդ ազատությունից անձնապես և մասնավոր կերպով (Կոկինակիսն ընդդեմ Հունաստաննի [Kokkinakis c. Grèce], 25 մայիսի 1993թ., § 31, Շարք Ա, թիվ 260-Ա) : 9-րդ հոդվածը թվարկում է կրոնի կամ համոզմունքի արտահայտման տարբեր դրսևորումները, այսինքն` պաշտամունքը, կրթությունը, փորձը և ծեսերի իրականացումը: Այնումենայնիվ, այն չի պաշտպանում որևէ կրոնի կամ համոզմունքով ոգեշնչված կամ հիմնավորված ցանկացած գործողություն (Քալաչն ընդդեմ Թուրքիայի [Kalaç c. Turquie], 1 հուլիսի 1997թ., § 27, Վճիռների և որոշումների ժողովածու 1997-IV, և Կոստեսկին ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավիական հանրապետության [ Kosteski c. « l’ex-République yougoslave de Macédoine »], թիվ 55170/00, § 37, 13 ապրիլի 2006թ.):
35. Այսպիսով, 9-րդ հոդվածի պաշտպանության ներքո չի կարող հայտնվել հանրային ծառայողը, եթե նա հեռացվել է աշխատանքից աշխատանքային ժամերը չպահպանելու համար այն պատճառով, որ Յոթերորդ օրվա ադվենտիստական եկեղեցին,որին նա հարում է, արգելում է իր անդամներին աշխատել ուրբաթ օրը մայրամուտից հետո (Կոնտինենը ընդդեմ Ֆինլանդիայի [Konttinen c. Finlande], թիվ 24949/94, 1996թ.-ի դեկտեմբերի 3-ի Հանձնաժողովի որոշում, Որոշումներ և հաշվետվություններ (ՈՀ) 87Բ, էջ 68), կամ ֆունդամենտալիստական տեսակետներ ունեցող զինվորականը, որին, որպես կարգապահական պատիժ, ուղարկել են թոշակի (վերը նշված Քալաչ գործը [Kalaç], տե´ս նաև Ստեդմանն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Stedman c. Royaume-Uni], թիվ 29107/95, 1997թ. ապրիլի 9 –ի Հանձնաժողովի որոշում, ՈՀ 89-Բ, էջ 104, որը վերաբերում է մասնավոր հատվածում գործող գործատուի կողմից կիրակնօրյա աշխատանքը մերժած աշխատակցի պաշտոնից ազատմանը): Այս գործերում, Հանձնաժողովը և Դատարանը համարել են, որ դիմումատուների նկատմամբ ձեռնարկված միջոցառումներում իշխանություններն ուղորդված չեն եղել վերջիններիս կրոնական համոզմունքներով, այլ դիմումատուների և համապատասխան գործատուների միջև պայմանագրային հատուկ պարտականություններով:
36. Այս դեպքում, Դատարանը նշում է, որ քննիչ դատավորի կողմից դիմումատուի հետաձգման դիմումի մերժումը հիմնված է եղել քրեական դատավարության օրենսգրքի դրույթների վրա, համաձայն որի ապացույցների անհապաղ ներկայացման վերաբերյալ նիստի հետաձգումը հիմնավորված է դատախազի կամ ամբաստանյալի պաշտպանի բացակայության դեպքում, տուժողի պաշտպանի ներկայությունը նիստին անհրաժեշտ չի: 37. Հաշվի առնելով գործի հանգամանքները` Դատարանը համոզված չի, որ հրեական տոնին համընկնող ամսաթվին վիճահարույց նիստի նշանակումը և մեկ այլ օր տեղափոխելու մերժումը հնարավոր է որակել որպես դիմումատուի իր կրոնն ազատ դավանելու իրավունքի սահմանափակում: Իրականում, վիճարկման առարկան չի վերաբերում այն հարցին, թե դիմումատուն չի կարողացել կատարել իր կրոնական պարտականությունները : Բացի այդ, վերջինս պետք է կանխատեսեր, որ հետաձգման իր դիմումը կարող էր մերժվել գործող օրենքի համաձայն և պետք է լուծեր վիճահարույց նիստին իրեն փոխարինելու հարցն իր մասնագիտական պարտականությունների կատարումն ապահովելու համար:
Վերջապես, Դատարանը նշում է, որ դիմումատուն չի ապացուցել, որ իր նկատմամբ կիրառվել են ճնշումներ իր կրոնական համոզմունքները փոխելու նպատակով կամ իրեն խոչընդոտել են արտահայտել իր կրոնը կամ համոզմունքները (Կնուդսենն ընդդեմ Նորվերգիայի [Knudsen c. Norvège], թիվ 11045/84, 1985թ. մարտի 8-ի Հանձնաժողովի որոշում, ՈՀ 42, էջ 258, և վերը նշված Կոնտտինեն [Konttinen] գործը):
38. Ինչևէ, եթե նույնիսկ կարելի է ենթադրել, որ տեղի է ունեցել միջամտություն 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դիմումատուի իրավունքին, Դատարանը համարում է, որ այս միջամտությունը նախատեսված է եղել օրենքով և հիմնավորված այլ անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությամբ` մասնավորապես պատասխանողների արդարադատության սահուն իրականացման իրավունքն ընդուպ մինչև դատավարության իրականացման ողջամիտ ժամկետի սկզբունքը (վերը նշված 12-րդ կետ), և որ այն եղել է կիրառված միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության ողջամիտ հարաբերակցության շրջանակներում (տե´ս, բոլոր փոփոխություններով (mutatis mutandis), Կազմիմիրոն և Ֆերեյրան ընդդեմ Լյուքսեմբուրգի [Casimiro et Ferreira c. Luxembourg] (որոշում), թիվ 44888/98, 1999թ. ապրիլի 27):
39. Հետևաբար, տեղի չի ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:
(...)
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
(...)
2. Վճռում է չորսն երեքի դեմ ձայների հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի խախտում:
Կատարվել է ֆրանսերենով և գրավոր ծանուցվել է 2012թ. ապրիլի 3-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Ֆրանսուազ Էլենս-Պասոս Ֆրանսուազ Տյուլկեն
(Françoise Elens-Passos) (Françoise Tulkens)
Քարտուղարի տեղակալ Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցված է դատավորներ Տյուլկենի (Tulkens), Պոպովիչի (Popović) և Կելլերի (Keller) հատուկ կարծիքը*:
Ֆ.Տ. (F.T.)
Ֆ.Է.Պ.(F.E.P.)
*«Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http://hudoc.[ECHR].), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը : Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@[ECHR].:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@echr..
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@echr.
Full & Egal Universal Law Academy