© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ԳԱՅԱՐԴՈ ՍԱՆՉԵՍՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ
[ GALLARDO SANCHEZ c. ITALIE]
(Գանգատ թիվ 11620/07)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Մարտի 24, 2015թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
24/06/2015
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների համաձայն: Վճիռը կարող է ենթարկվել խմբագրման:
Գայարդո Սանչեսն ընդդեմ Իտալիայի [Gallardo Sanchez c. Italie] գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (չորրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Պաիվի Հիրվելա (Päivi Hirvelä), նախագահ,
Դատավորներ`
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi),Guido Raimondi,
Գեորգե Նիկոլաու (George Nicolaou),
Լեդի Բիանկու (Ledi Bianku),
Նոնա Ծոծորիա (Nona Tsotsoria),
Պոլ Մահոնի (Paul Mahoney),
Քրիստոֆ Վոյտչեկ (Krzysztof Wojtyczek),
և Ֆատոշ Արասի (Fatoş Aracı), բաժանմունքի քարտուղարի տեղակալ
2015թ. մարտի 3-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Վենեսուելայի քաղաքացի պարոն Մանուել Ռոխելիո Գայարդո Սանչեսի (Manuel Rogelio Gallardo Sanchez) (այսուհետ`«դիմումատու») Իտալիայի հանրապետության դեմ գանգատը (թիվ 11620/07), որը Դատարան է ներկայացվել 2007թ. մարտի 7-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` §Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուին ներկայացնում է փաստաբան փաստաբան Ս. Կուլուրուդիսը (S. Koulouroudis) Աթենքից: Իտալիայի կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը` տիկին Է. Սպատաֆորան (E. Spatafora):
3. Դիմումատուն պնդում է, որ հանձնման (էքստրադիցիայի) նպատակով նրա կալանքի տևողությունը հանգեցրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման:
4. Գանգատը վերադասակարգվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) ենթակետի առումով: 2013թ. մայիսի 2-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատի մասին:
5. 2013թ դեկտեմբերի 16-ին Կառավարության դիտողությունների պատճենն ուղարկվել է դիմումատուի ներկայացուցչին` Դատարանին իր դիտողությունները և արդարացի փոխհատուցման պահանջը ներկայացնելու համար: Չնայած դիմումատուի ցուցաբերած հետաքրքրությանը և գործը շարունակելու պատրաստակամությանը` նրա ներկայացուցիչը դիտողությունները պահանջվող ժամկետներում չի ուղարկել:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Գործի փաստերը, այնպիսին, ինչպիսին ներկայացրել են կողմերը, կարող են ամփոփվել հետևյալ կերպ:
7. Դիմումատուն` Մանուել Ռոժելիո Գայարդո Սանչեսը (Manuel Rogelio Gallardo Sanchez) Վենեսուելայի քաղաքացի է, ծնվել է 1965թ. և բնակվում է Քեյփթաունում:
8. 2005թ. ապրիլի 19-ին դիմումատուն, հունական իշխանությունների կողմից մեղադրվելով միտումնավոր հրդեհման մեջ, հանձնման նպատակով կալանքի է ենթարկվել Հռոմի ոստիկանության կողմից` ի կատարումն 2005թ. հունվարի 26-ի Աթենքի վերաքննիչ դատարանի ձերբակալման որոշման` 1957թ. դեկտեմբերի 13-ի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի» համաձայն:
9. 2005թ. ապրիլի 22-ին Լ’Աքիլայի (L’Aquila) վերաքննիչ դատարանը հաստատեց դիմումատուի ձերբակալումը և հրամայեց շարունակել կալանքը:
10. 2005թ. ապրիլի 26-ին Արդարադատության նախարարությունը դիմեց վերաքննիչ դատարան դիմումատուի կայանքը շարունակելու պահանջով:
11. 2005թ. ապրիլի 27-ի նիստի ժամանակ վերաքննիչ դատարանի նախագահը, հիմնվելով Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 717-րդ հոդվածի վրա (ստորև նշված 25-րդ կետ), հաստատեց դիմումատուի ինքնությունը և հարցրեց, թե արդյոք նա համաձայն է հանձնմանը: Դիմումատու չհամաձայնեց:
12. 2005թ. հունիսի 9-ին Արդարադատության նախարարությունը վերաքննիչ դատարանին տեղեկացրեց, որ 2005թ. մայիսի 25-ին հունական իշխանություններն ուղարկել են հանցագործություն կատարած անձին հանձնելու հարցում` հիմնավորող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով:
13. 2005թ. հունիսի 21-ին դատախազը վերաքննիչ դատարանին խնդրեց ընդունել հանձնման պահանջը:
14. Նիստը նշանակվեց 2005թ. դեկտեմբերի 15-ին: Դիմումատուի ներկայացուցչի խնդրանքով նիստը հետաձգվեց մինչև 2006թ. հունվարի 12-ը:
15. Առանց քննություն անցկացնելու վերաքննիչ դատարանը 2006թ. հունվարի 12-ի որոշմամբ բավարարեց հանձնման պահանջը, որը հրապարակեց 2006թ. հունվարի 30-ին: Այն ստուգեց «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի» հետ հանձնման պահանջի համատեղելիությունը և ne bis in idem և կրկնակի մեղադրման սկզբունքների պահպանված լինելու փաստը, չեղյալ համարեց այն վարկածը, համաձայն որի քրեական հետապնդման հիմքում ընկած էին քաղաքական կամ խտրական բնույթի պատճառներ:
16. 2006թ. մարտի 3-ին դիմումատուն դիմեց վճռաբեկ դատարան` պնդելով, մասնավորպես, որ իր հանձնման պահանջը հունական իշխանությունների կողմից ուղարկվել էր «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի» 16-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված քառասունօրյա ժամկետից հետո, ինչի արդյունքում, ըստ նրա, իր կալանքն անօրինական է եղել: Բացի այդ, նա պնդում էր, որ հունական իշխանությունների մեղադրանքնեը հիմնված չեն մեղքի լուրջ ապացույցների վրա: Հետևաբար, ըստ նրա, կալանքը պետք է դադարեցվի:
17. 2006թ. մայիսի 11-ի վճռով, որը դատարանի քարտուղարություն էր հանձնվել 2006թ. սեպտեմբերի 18-ին, Վճռաբեկ դատարանը մերժեց բողոքը մեկ էջանոց հիմնավորմամբ, մասնավորապես այն պատճառով, որ հանձնման հարցումը կատարվել էր «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայով» սահմանված ժամկետներում և որ Վճռաբեկ դատարանն իրավասու չէ որոշում կայացնել մեղքի լուրջ ապացույցների առկայության վերաբերյալ:
18. Այդ ընթացքում 2005թ. հունիսից սեպտեմբեր ամիսների ժամանակահատվածում դիմումատուն երեք անգամ դիմել էր Հռոմի վերաքննիչ դատարան իրեն ազատ արձակելու խնդրանքով: Հռոմի վերաքննիչ դատարանը 2005թ. դեկտեմբերի 27-ի իր վերջին որոշման մեջ, որը կայացվել էր դռնփակ նիստում մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ և առանց ապացույցների քննության, ընդգծեց, որ որևէ պատճառ չի տեսնում կայացնել այլ որոշում, քան նախկինում ընդունված հայցի մերժման վերաբերյալ որոշումը` հաշվի առնելով, մի կողմից, դիմումատուի փախուստի վտանգը, չնայած նրան, որ համապատասխան ատյանները զրկել էին նրան անձնագրից, և, մյուս կողմից, պետության միջազգային պարտավորություններն ապահովելու պահանջը:
19. 2006թ. հոկտեմբերի 9-ին Արդարադատության նախարարը ստորագրեց հանձնման որոշումը:
20. 2006թ. հոկտեմբերի 26-ին դիմումատուն հանձնվեց հունական իշխանություններին:
II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԹՂԹԵՐԸ
21. 1957թ. դեկտեմբերի 13-ին Փարիզում ստորագրված «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիան», որն Իտալիան վավերացրել էր 1963թ. հունվարի 30-ի թիվ 300 օրենքով, որն ուժի մեջ էր մտել 1963թ. նոյեմբերի 4-ին և այնուհետև փոփոխվել 1978թ. մարտի 17-ին ստորագրված թիվ 2 արձանագրությամբ, Իտալիայում ուժի մեջ է մտել 1985թ. ապրիլի 23-ին: Այն սահմանում է հետևյալը`
Հոդված 8 – Միևնույն հանցագործությունների հետ կապված անավարտ
դատավարություն
« Հայցվող կողմը կարող է մերժել հայցվող անձին հանձնել, եթե այդ կողմի իրավասու մարմինները նրա հանդեպ արդեն գործ են հարուցել այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում:
Հոդված 9 – Non bis in idem
Հանձնում չի իրականացվի, եթե այն հանցագործության կամ հանցագործությունների համար, որոնց համար հանձնում է պահանջվում, հայցվող անձի նկատմամբ վերջնական դատապարտման որոշում է կայացվել հայցվող կողմի իրավասու մարմինների կողմից: Հանձնումը կարող է մերժվել, եթե հայցվող կողմի իրավասու մարմինները որոշել են կամ գործ չհարուցել կամ այն կարճել նույն հանցագործության կամ հանցագործությունների առնչությամբ:
Հոդված 12 –Հարցումը և օժանդակ փաստաթղթերը
1. Հարցումը պետք է լինի գրավոր և փոխանցվի հայոցող կողմի արդրադատության նախարարության կողմից հայցվող կողմի արդարդատության նախարարությանը, այնուամենայնիվ կարելի է չբացառել դիվանագիտական ուղիներով: Փոխանցման այլ միջոցները կարող են համաձայնեցվել երկու կամ ավելի կողմերի ուղղակի համաձայնությամբ:
2. Հարցմանը պետք է կցել`
ա) դատապարտման և միանգամից կիրարկելի դատավճռի կամ կալանավորման հրամանագրի բնագիրը կամ հաստատված պատճենը կամ ձերբակալման սանկցիան կամ ուրիշ այլ փաստաթուղթ, որն ունի նույն ուժը և տրված է հայցող կողմի օրենքով նախատեսված ընթացակարգին համապատասխան,
բ) հանձնման ենթակա հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն: Դրանց կատարման ժամանակը և վայրը, դրանց իրավաբանական դասակարգումը և հղումը համապատասխան իրավական դրույթներին պետք է հնարավորին չափ ճշգրիտ շարադրված լինեն, և
գ) գործին վերաբերող օրենսդրական համապատասխան ակտերի պատճենները կամ, եթե դա հնարավոր չէ, համապատասխան օրենքի մասին տեղեկատվություն և հայցվող անձի հնարավորին չափ ճշգրիտ նկարագրությունը` ցանկացած այլ տեղեկատվության հետ միասին, որը կօգնի հաստատել նրա ինքնությունը և քաղաքացիությունը:
Հոդված 16- Ժամանակավոր ձերբակալություն
1. Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հայցող կողմի իրավասու մարմինները կարող են պահանջել հետախուզվող անձի ժամանակավոր ձերբակալություն: Հայցվող կողմի իրավասու մարմինները գործը կլուծեն իրենց օրենսդրությանը համաձայն:
2. Ժամանակավոր ձերբակալման մասին հարցումը պետք է հավաստիացնի, որ գոյություն ունի 12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» պարբերությունում նշված փաստաթղթերից որևէ մեկը, և որ նախատեսվում է հարցում ուղարկել հանձնման համար: Այն պետք է սահմանի նաև, թե ինչ հանցագործության համար է պահանջվելու հանձնումը, որտեղ և երբ է կատարվել այդ հանցագործությունը, և, հնարավորության դեպքում, պետք է տրվի հետախուզվող անձի նկարագրությունը:
3. Ժամանակավոր ձերբակալության մասին հարցումը պետք է ուղարկվի հայցվող կողմի իրավասու մարմիններին դիվանագիտական ճանապարհով կամ փոստով կամ հեռագրով կամ Ինտերպոլի միջոցով կամ հայցվող կողմի ընդունած ցանկացած գրավոր ձևով: Հայցող մարմինը անհապաղ պետք է տեղեկացվի իր հարցման արդյունքների մասին:
4. Ժամանակավոր ձերբակալությունը կարող է դադարեցվել, եթե ձերբակալումից հետո 18 օրվա ընթացքում հայցվող կողմը չի ստացել հանձնման վերաբերյալ հարցումը և 12-րդ հոդվածում նշված փաստաթղթերը: Ամեն դեպքում այդ ժամանակահատվածը ձերբակալման օրվանից չպետք է գերազանցի 40 օրը: Ժամանակավոր ձերբակալման ընդհատում չի բացառվում ցանկացած ժամանակ, բայց հայցվող կողմը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները հետախուզվող անձի փախուստը կանխելու համար:
5. Ազատ արձակումը չի խոչընդոտում կրկնակի ձերբակալմանը և հանձնմանը, եթե հանձնման վերաբերյալ հարցումը ստացվել է հետագայում»:
III. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
22. Ինչ վերաբերում է ժամանակավոր միջոցառումների կիրառմանը, Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 715-րդ հոդվածը նախատեսում է, որ այլ պետության հարցման հիման վրա վերաքննիչ դատարանը կարող է հրամայել ժամանակավորապես ձերբակալել համապատասխան անձին հանձնման գործընթացի իրականացման նպատակով: Հարցումը կարող է ընդունվել` ա) եթե հայցող պետությունը գործում է դատապարտման միանգամից կիրարկելի դատավճռի կամ կալանավորման հրամանագրի հիման վրա և պարտավորվում է հանձնման հարցում ուղարկել, բ) եթե հայցող պետությունը ներկայացրել է հանձնումը հիմնավորող օժանդակ փաստաթղեր, նշել հետախուզվող անձի կողմից կատարված հանցագործությունը և այդ մասին վերջինիս ծանուցումն ապացուցող փաստաթղթեր, գ) եթե կա փախուստի վտանգ: Խափանման միջոցի կատարման մասին Արդարադատության նախարարությունը ծանուցում է հայցող պետությանը: Ժամանակավոր ձերբակալումը դադարեցվում է, եթե հայցող պետությունն Արտաքին գործերի նախարարության կամ Արդարադատության նախարարության ծանուցումից հետո քառասուն օրվա ընթացքում չի ներկայացնում հանձնման հարցումը և նման հարցումը հիմնավորող օժանդակ փաստաթղթերը:
23. ՔԴՕ-ի 716-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`վերաքննիչ դատարանի նախագահը պետք է 96-ժամվա ընթացքում հաստատի ժամանակավոր ձերբակալումը և, անհրաժեշտության դեպքում, կիրառի ժամանակավոր կալանք:
24. ՔԴՕ-ի 716-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ժամանակավոր միջոցառումն ընդհատվում է, եթե Արդարադատության նախարարությունը ժամանակավոր ձերբակալման հաստատումից տաս օրվա ընթացքում կալանքը շարունակելու հայցով չի դիմում վերաքննիչ դատարան:
25. ՔԴՕ-ի 717-րդ հոդվածի համաձայն` ներպետական իշխանությունները հրամանագրում են իրականանցել ժամանակավոր ձերբակալություն կամ կիրառում են խափանման ժամանակավոր մեկ այլ միջոց, վերաքննիչ դատարանի նախագահը նիստ է հրավիրում տվյալ անձի ինքնություն հաստատելու համար և պարզելու, թե արդյոք վերջինս համաձայն է հանձնմանը:
26. ՔԴՕ-ի 714 հոդվածի համաձայն` ժամանակավոր կալանքի տևողությունը չի կարող գերազանցել մեկ տարի և վեց ամիս ժամետը: Այնուամենայնիվ, այն կարող է երկարաձգվել առավելագույնը երեք ամիս ժամանակով:
27. ՔԴՕ-ի 718 հոդվածի համաձայն` ժամանակավոր կալանքը, կարող է կողմերից մեկի խնդրանքով կամ ուղղակիորեն դադարեցվել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից, որն այդ դեպքում գործում է ինչպես առաջին ատյանի դատարանը: Վերաքննիչ դատարանը կողմերին լսելուց հետո որոշում է կայացնում դռնփակ խորհրդակցության արդյունքում: Վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում օրենքի խախտման հիմքով: Այս առումով, Վճռաբեկ դատարանը բազմիցս հաստատել է, որ նա իրավասու չէ քննել այն բողոքները, որոնցում դիմումատուն խնդրում է իրեն ազատ արձակել այն հիմնավորմամբ, որ սկզբնական շրջանում իր նախնական կալանքը հիմնավորող փախուստի վտանգն այլևս գոյություն չունի (տե´ս, օրինակ` Վճռաբեկ դատարան, վճիռ թիվ 33545, սեպտեմբերի 7, 2010թ., դատարանի քարտուղարությանն է հանձնվել 2010թ. սեպտեմբերի 13-ին, իսկ ընդհանուր առմամբ, վերաքննիչ դատարանի որոշումների հիմնավորումների կամայական բնույթի հիմքով հայցերի ուսումնասիրության իրավասության բացակայության վերաբերյալ տե´ս Վճռաբեկ դատարան, վճիռ թիվ 37123, սեպտեմբերի 24, 2012թ., դատարանի քարտուղարությանը հանձնվել է 2012թ. սեպտեմբերի 26-ին):
28. Ինչ վերաբերում է հանձնման դատական փուլին, ՔԴՕ-ի 704-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ դատարանը կողմերին լսելուց և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան տեղեկությունները ստանալուց և անհրաժեշտ ստուգումները կատարելուց հետո որոշում է կայացնում դռնփակ խորհրդակցության արդյունքում: Այն պետք է որոշի, թե արդյոք միջազգային և ներպետական իրավունքով նախատեսված պայմաններն ապահովվել են. «Հանձնման մասին եվրոպական կոնվեցիայով» նախատեսված կանոններից բացի, ՔԴՕ-ի 705-րդ հոդվածը պարտադրում է դատարաններին ստուգել, թե արդյոք տվյալ անձը հետապնդվում է քաղաքական բնույթի հանցանքների համար կամ արդյոք առկա է հիմնարար իրավունքներին հակասող ընթացակարգով դատապարտվելու վտանգ կամ, ավելին, արդյոք հանձնման դեպքում տվյալ անձը կարող է ենթարկվել անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող, խտրական կամ ամեն դեպքում, հիմնարար իրավունքներին հակասող վերաբերմունքի: Նույն հոդվածի համաձայն` այն դեպքում, երբ կիրառվում է «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիան», դատարաններն իրավասու չեն քննելու մեղքի լուրջ ապացույցների առկայությունը (gravi indizi di colpevolezza):
29. ՔԴՕ-ի 706-րդ հոդվածի համաձայն` այս որոշումը, իրապես և օրենքով, ենթակա է բողոքարկման Վճռաբեկ դատարանում, որն որոշում է կայացնում ՔԴՕ-ի 704-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն:
30. ՔԴՕ-ի 708-րդ հոդվածը նախատեսում է, որ ի օգուտ հանձնման Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման հրապարակումից քառասունհինգ օրվա ընթացքում Արդարադատության նախարարն որոշում է կայացնում տվյալ անձի հանձնման վերաբերյալ: Այս որոշման բացակայության կամ բացասական որոշման դեպքում, ժամանակավոր կալանքը դադարում է:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Զ) ԵՆԹԱԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
31. Դիմումատուն բողոքում է երրորդ երկիր հանձնման նպատակով իր կրած ժամանակավոր կալանքի տևողությունից: Այս առում նա պնդում է, որ տեղի է ունցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:
32. Իրավասու լինելով իրականացնել գործի հանգամանքերի իրավական դասակարգում (տե´ս, ի թիվս այլոց, Գերրան և մյուսներն ընդդեմ Իտալիայի [Guerra et autres c. Italie], փետրվարի 19, 1998թ., կետ 44, Վճռիների և որոշումների ժողովածու (Recueil des arrêts et décisions) 1998‑I)` Դատարանը համարում է, որ նպատակահարմար է գործը քննել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) ենթակետի տեսանկյունից (տե´ս,Քուինն ընդդեմ Ֆրանսիայի [Quinn c. France], մարտի 22, 1995թ., շարք Ա թիվ 311, Շահալն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Chahal c. Royaume-Uni], նոյեմեբերի 15, 1996թ., Ժողովածու (Recueil) 1996‑V և Բոգդանովսկին ընդդեմ Իտալիայի [Bogdanovski c. Italie], թիվ 72177/01, դեկտեմբերի 14, 2006թ.), որը սահմանում է հետևյալը`
« 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերμակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերμակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
(...) »
Ա) Գործի ընդունելիության վերաբերյալ
Նշելով, որ գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առումով և որ չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ այլ պատճառ, Դատարանը գանգատն ընդունելի է հայտարարում:
Բ) Գործի էության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
33. Դիմումատուն պնդում է, որ հանձնման գործընթացի տևողությունը չափազանց երկար է եղել` հաշվի առնելով, ըստ իրեն, գործի ոչ այնքան բարդ բնույթը:
34. Կառավարությունը վիճարկում է դիմումատուի փաստարկները: Այն նշում է, որ վիճահարկվող կալանքն իրականացվել է հանձնման կանոնների պահպանմամբ, ինչպես հաստատել են իտալական դատական մարմինները և այն միայն նպատակ է ունեցել հանձնել դիմումատուին հայցող պետության արդարադատության մարմիններին: Կառավարությունը հավելում է, որ դիմումատուն չի համաձայնել հանձնմանը, ինչը, ըստ Կառավարության, կարող էր արագացնել գործընթացը, իսկ վերաքննիչ դատարանի կողմից գործի էության քննության նիստի նշանակման ուշացումը հիմնավորված է ազատ արձակման երեք հայցերով, որը դիմումատուն ներկայացրել էր երեք ամսվա ընթացքում: Վերջապես, այն համարում է, որ գործընթացը, որի արդյունքում իտալական թե´ դատական, թե´ վարչական իշխանությունները թույլ են տվել իրականացնել հանձնումը, ընթացել է ներպետական և միջազգային իրավունքի կանոններով նախատեսված ժամկետներում:
2. Դատարանի գնահատականը
ա) Կալանքի համապատասխանությունը ներպետական իրավունքին
35. Պարզելու համար, թե արդյոք վիճարկվող կալանքը համապատասխանել է Կոնվեցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) դրույթներին, Դատարանը պետք է ստուգի, թե արդյոք այդ ազատազրկումն եղել է ոչ միայն այն բացառություններից մեկը, որոնք նախատեսված են ա)-ից մինչև զ) ենթակետերում, այլ նաև «օրինական» է եղել: Այն հիշեցնում է, որ կալանքի «օրինականության», այդ թվում` «իրավական ճանապարհների» պահպանման առումով, Կոնվենցիան հղում է կատարում հիմնականում ներպետական օրենսդրությանը և սահմանում է էությանը, ինչպես նաև ընթացակարգին վերաբերվող նորմերի պահպանման պարտավորությունը (Սաադին ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Saadi c. Royaume-Uni][ՄՊ], թիվ 13229/03, կետ 67, ՄԻԵԴ 2008):
36. Սույն գործի կապակցությամբ Դատարանը նշում է, որ, Կոնվենցիայի օրգաններից ներպետական իրավունքի պահպանումը վերահսկելու առումով ավելի զինված ներպետական ատյանները, երբ նրանց դիմումատուն հայց է ներկայացրել կամ երբ դա նախատեսված է եղել օրենքով, հաստատել են սկզբնական փուլում և նպատակի առումով վիճարկվող կալանքի օրինականությունը: Սկզբում Լ’Աքիլայի վերաքննիչ դատարանը հաստատել է դիմումատուի ձերբակալման միջնորդություն, այնուհետև վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը ստուգել են հունական իշխանությունների կողմից հանձնման հարցումը «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայի» 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն քառասունօրյա ժամկետում ուղարկելու պայմանի ապահովումը ( վերը նշված 15-րդ, 17-րդ և 21-րդ կետեր): Վերջապես, երեք անգամ դատարանները հաստատել են, որ ժամանակավոր միջացառումների կիրառումը և պահպանումը հիմնավորված է Պետության կողմից միջազգային պարտավորությունների պահպանման պահանջով, ինչպես նաև դիմումատուի կողմից փախուստ իրականացնելու վտանգի առկայությամբ (վերը նշված 18-րդ կետ):
37. Հաշվի առնելով այս հանգամանքները` Դատարանը չի գտնում որևէ ապացույց ենթադրելու համար, որ հանձնման նպատակով դիմումատուի կրած կալանքն ունեցել է այլ նպատակ և որ այն չի համապատասխանել ներպետական իրավունքի պահանջներին:
բ) Կալանքի կամայական բնույթի վերաբերյալ
38. Դատարանը հիշեցնում է, որ, հակառակ Կառավարության փաստարկների, ներպետական իրավունքով նախատեսված ժամկետների պահպանումը չի կարող ավտոմատ կերպով դիտարկվել որպես կալանքի համատեղելիություն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) ենթակետից բխող պահանջներին (Աուադն ընդդեմ Բուլղարիայի [Auad c. Bulgarie], թիվ 46390/10, կետ 131, հոկտեմբերի 11, 2011թ.): Ավելին, այս դրույթը պահանջում է, որ ցանկացած ազատազրկում համապատասխանի կամայականություններից անհատին պաշտպանելու նպատակին (տե´ս, ի թիվս այլոց, Վինտերվերպն ընդդեմ Նիդրելանդների [Winterwerp c. Pays-Bas], հոկտեմբերի 24, 1979թ., կետ 37, շարք Ա թիվ 33, Ամյուրն ընդդեմ Ֆրանսիայի [Amuur c. France], հունիսի 25, 1996թ., կետ 50, Ժողովածու (Recueil) 1996‑III և Վիտոլդ Լիտվան ընդդեմ Լեհաստանի [Witold Litwa c. Pologne], թիվ 26629/95, կետ 78, ՄԻԵԴ 2000‑III): Դա հիմնարար սկզբունք է, համաձայն որի ոչ մի կամայական կալանք չի կարող համատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ, իսկ «կամայականության» հասկացությունն ավելի հեռու է գնում, քան ներպետական իրավունքի հետ համատեղելիության բացակայությունը, այնպես, որ ազատազրկումը կարող է օրինական լինել ներպետական իրավունքով` լինելով կամայական և Կոնվենցիային հակասող (վերը նշված Սաադի [Saadi], կետ 67, և Սուսո Մուսակն ընդդեմ Մալթայի [Suso Musac. Malte], թիվ 42337/12, կետ 92, հուլիսի 23, 2013թ.):
39. Ավելին, այս առումով Դատարանը հիշեցնում է, որ այս դրույթի համատեքստում միայն հանձնման գործընթացն է հիմնավորում այս հոդվածի հիման վրա իրականացված ազատազրկումը և որ, եթե գործընթացը չի ընթացել պատշաճ կերպով, ապա կալանքը դադարում է հիմնավորված լինելուց (վերը նշված Քուին [Quinn], կետ 48 և Շահալ [Chahal], կետ 113):
40. Այսպիսով, Դատարանը պետք է ոչ թե գնահատի, թե արդյոք հանձնման գործընթացի տևողությունն ընդհանուր առմամբ ողջամիտ է եղել, այն, ինչ Դատարանն անում է մասնավորապես 6-րդ հոդվածի տեսանկյունից ընթացակարգերի տևողության գնահատման ժամանակ, այլ համոզվի, որ գործընթացի ընդհանուր տևողությունից անկախ կալանքի տևողությունը չի գերազանցել հետապնդվող նպատակի համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը (վերը նշված Սաադի [Saadi], 72-74 կետեր): Այսպիսով, եթե առկա են իշխանությունների կողմից անգործության ժամանակահատվածներ և, հետևաբար, գործընթացը պատշաճ արագությամբ չի ընթացել, կալանքի շարունակումը դադարում է հիմնավորված լինելուց: Եզրափակելով Դատարանը պետք է գնահատի, դեպք առ դեպք, թե արդյոք վիճարկվող կալանքի ժամանակահատվածում ներպետական իշխանությունները պասիվ են եղել, թե ոչ (տե´ս, այս արտաքսման առումով Տաբեշն ընդդեմ Հունաստանի [Tabesh c. Grèce], թիվ 8256/07, կետ 56, նոյեմբերի 26, 2009թ.):
41. Սույն գործում Դատարանը գտնում է, որ դիմումատուն հանձնման նպատակով կալանքի էր ենթարկվել, որպեսզի թույլ տրվի հունական իշխանություններին վերջինիս հետապնդել: Այս առումով, այն անհրաժեշտ է համարում տարբերակել հանձնման երկու տեսակ, որպեսզի հստակեցվի յուրաքանչյուրի համար պահանջվող արագության մակարդակը, այսինքն` մի կողմից, պատժի անհապաղ կատարման նպատակով հանձնում և, մյուս կողմից, հանձնում, որը թույլ է տալիս հայցող պետությանը դատել տվյալ անձին: Այս վերջին դեպքում քանի որ քրեական վարույթը դեռևս ավարտված չէ, հանձնման նպատակով կալանավորված անձն անմեղ է համարվում, ավելին, այս փուլում, իր անմեղությունն ապացուցելու նպատակով քրեական վարույթի ժամանակ պաշտպանության իր իրավունքներն իրագործելու հնարավորությունը զգալիորեն սահմանափակ է, նույնիսկ գոյություն չունեցող: Վերջապես, հայցվող պետության իշխանություններին արգելվում է գործը քննել ըստ էության (վերը նշված 28-րդ կետ): Բոլոր այս պատճառներով, տվյալ անձի իրավունքների պաշտպանությունը և հանձնման գործընթացի նորմալ ընթացքը, այդ թվում` ողջամիտ ժամկետներում տվյալ անձի նկատմամբ վարույթ հարուցելը հայցվող պետությանը պարտադրում են գործել առավել արագ:
42. Դատարանն արդեն առիթ է ունեցել համարելու, որ ներպետական իշխանությունների չհիմնավորված հետաձգումների պատճառով հանձնման նպատակով մեկ տարի և տասնմեկ ամիս տևողությամբ կալանքը (վերը նշված Քուին [Quinn]) և արտաքսման նպատակով երեք ամիս կալանքը (վերը նշված Տաբեշ [Tabesh]) չափազանց են:
43. Այն նշում է, որ սույն գործում հանձնման նպատակով կալանքը տևել է մոտ մեկ տարի և վեց ամիս ( 2005թ. ապրիլի 19-ից մինչև 2006թ. հոկտեմբերի 26-ը):
44. Այն արձանագրում է, որ հանձնման գործընթացի տարբեր փուլերում տեղի են ունցել զգալի ձգձգումներ:
45. Առաջին հերթին վերաքննիչ դատարանի առաջին նիստը նշանակվել էր 2005թ. դեկտեմբերի 15-ին, կամ վերաքննիչ դատարան հանձնման հարցման ուղարկումից վեց ամիս անց և դիմումատուին հանձնման նպատակով կալանելուց ութ ամիս անց:
46. Դատարանը չի կարող համաձայնել Կառավարության դիրքորոշման հետ, համաձայն որի այդ ժամանակահատվածում դիմումատուի կողմից ներկայացված ազատ արձակման հայցերը (վերը նշված 18-րդ կետ) կարող են ինքնին հիմնավորել վարույթի ձգձգումը: Իրականում, խոսքը գնում է վարույթների մասին,որոնք ունեն տարբեր օբյեկտներ և նպատակներ: Առաջինը նպատակ ունի պարզել, թե արդյոք ապահովված են հանձնման ձևական պայմանները, իսկ մյուսը թույլ էր տալու պարզել, թե արդյոք պահանջները, որոնք հանգեցրել էին ժամանակավոր միջոցառման կիրառման, դեռևս վավեր էին ու բավարար: Այն փաստը, որ ներպետական իրավունքը նույն վերաքննիչ դատարանին է պատվիրակում այս կրկնակի առաքելությունը, դա պետության օրինական ընտրությունն է, ընտրություն, որը, սակայն, չի կարող վկայակոչվել գործի էության քննության զգալի ձգձգումները հիմնավորելու համար: Ամեն դեպքում Դատարանը չի պատկերացնում, թե ինչպես դիմումատուի կրկվնող հայցերը, որոնք սկզբունքորեն հիմնավորված էին այնքանով, որքանով կալանքը շարունակվում էր առանց գործի էության վերաբերյալ քննության, կարող էին խոչընդոտել դատարանին նշված նիստն ավելի շուտ նշանակելու հարցում (տե´ս, բոլոր փոփոխություններով, Քուին [Quinn], կետ48): Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումները հիմնվել են բացառապես նրա տրամադրության տակ գտնվող փաստաթղթերի վրա, ընդունվել են դռնփակ նիստում մրցակցային քննության սկզբունքի պահպանմամբ (վերը նշված 27-րդ կետ) և վերաբերում էին հիմնականում փախուստի վտանգի պատճառով դիմումատուի կալանքի շարունակմանը (վերը նշված 18-րդ կետ):
47. Դատարանը նշում է այնուհետև, որ գործը բարդ չէ (տե´ս, հակառակը, Բոգդանովսկի [Bogdanovski] գործով վճիռը, որտեղ դիմումատուն խնդրել էր քաղաքական փախստականի կարգավիճակ ստանալու համար, իսկ արտաքսման գործընթացը կասեցվել էր Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովի և Դատարանի խնդրանքով` կանոնակարգի 39-րդ հոդվածի կիրառման արդյունքում: Վերաքննիչ դատարանի առաքելությունը սահմանափակված էր միայն հետևյալ տարրերի վերլուծությամբ` ստուգել, որ հանձնման հարցումը կատարված լինի «Հանձնման մասին եվրոպական կոնվենցիայով» նախատեսված պայմանների համաձայն, համոզվել, որ պահպանվել էին ne bis in idem-ի և կրկնակի մեղադրման սկզբունքները, բացառել հետապնդումների քաղաքական կամ խտրական բնույթի պատճառները: Օրենքը չի թույլատրում գնահատել մեղքի լուրջ ապացույցների առկայությունը (gravi indizi di colpevolezza) (վերը նշված 28-րդ կետ) և հետաքննության կամ գործի ուսումնասիրության որևէ գործողություն անհրաժեշտ չի եղել (վերը նշված 15-րդ կետ):
48. Երկրորդ, Դատարանը զարմացած է այն փաստից, որ երկու ամսվա ընթացում դիմումատուի բողոքը քննելուց հետո Վճռաբեկ դատարանից պահանջվել է ավելի, քան չորս ամիս դատարանի քարտուղարությանն մեկ էջանոց մի որոշում հանձնելու համար, որում այն ընդամենը հստակեցնում է, որ հայցող պետությունը հանձնման հարցումն ուղարկել է պահանջվող կարգի համաձայն և որ այն իրավասու չէ վիճարկել հունական իշխանությունների կողմից դիմումատուի դեմ ուղղված մեղադրանքները (վերը նշված 17-րդ կետ): Կառավարությունը չի ներկայացնում որևէ ապացույց, որը կարող էր հիմնավորել նման ժամկետը:.
49. Վերջապես, ինչ վերաբերում է Կառավարության փաստարկին, համաձայն որի դիմումատուն կարող էր արագացնել գործընթացը` հանձնմանը չընդդիմանալով, Դատարանը համարում է, որ ընդդիմանալը կարող է սկզբունքորեն հիմնավորել կալանքի տևողության երկարաձգումն այնքանով, որքանով անհրաժեշտ է լինում դատական ստուգում իրականացնել, սակայն սա չի կարող ազատել պետությանը դատական փուլում ցանկացած ձգձգումների համար պատասխանատվությունից:
50. Հետևաբար, հաշվի առնելով հանձնման գործընթացի բնույթը, որը նպատակ է ունեցել դիմումատուին երրորդ երկիր փոխանցել, և իտալական դատարանների ուշացումների անհիմն բնույթը, Դատարանն եզրակացնում է, որ դիմումատուի կալանքն «օրինական» չի եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) ենթակետի տեսանկյունից և որ, հետևաբար, տեղի է ունեցել այդ հոդվածի դրույթների խախտում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
52. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
51. Դիմումատուն արդարացի փոխհատուցման պահանջ չի ներկայացրել (վերը նշված 5-րդ կետ): Հետևաբար, Դատարանը համարում է, որ կարիք չկա նրան այս նպատակով գումար հատկացնել:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է գանգատն ընդունելի,
2. Վճռում է, որ տեղի է ունցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) ենթակետի խախտում:
Կատարվել է ֆրանսերեն և գրավոր ծանուցվել է 2015թ. մարտի 24-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Ֆաթոշ Արասի (Fatoş Aracı)Պաիվի Հիրվելա (Päivi Hirvelä)
Բաժանմունքի քարտուղարիՆախագահ տեղակալ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy