© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՆԱԽԿԻՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ԳԱՆ ԵՎ ԴՅՈՒԲՈՒԱՆ ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԳՈՐԾԸ
(Հայցադիմում թիվ 25951/07)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 մարտի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է Կոնվենցիայի 44 § 2 (c)հոդվածի հիման վրա: Այն կարող է ենթակա լինել խմբագրական վերանայման:
Գան և Դյուբուան ընդդեմ Ֆրանսիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (նախկին հինգերորդ ստորաբաժանում), նիստ գումարելով իբրև Պալատ և կազմված`
նախագահ Դին Սփիլմանից, դատավորներ Ժան-Պոլ Կոստայից, Կարել Յունգվիրտից, Բոշտյան Զուպանչիչից, Մարկ Վիլլիգերից, Իզաբել Բերրո-Լեֆեվրից, Գաննա Յուդկիվսկայից և ստորաբաժանման քարտուղար Կլաուդիա Վեստերդիկից,
դռնփակ նիստում 2011թ. ապրիլի 12-ին և 2012թ. փետրվարի 14-ին խորհրդակցելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործն սկսվել է հայցադիմումից (թիվ 25951/07) ընդդեմ Ֆրանսիայի Հանրապետության, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիայի 34 հոդվածի հիման վրա (“Կոնվենցիա”) Ֆրանսիայի երկու քաղաքացիների` տկն. Վալերի Գայի և տկն. Նատալի Դյուբուայի (“դիմողներ”) կողմից` 2007թ. հունիսի 15-ին:
2. Դիմողներին ներկայացնում էր Փարիզում փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Կ. Մեկարին: Ֆրանսիայի կառավարությունը (“Կառավարություն”) ներկայացնում էր Արտաքին գործերի նախարարության իրավաբանական հարցերի գծով տնօրեն տկն. Է. Բելիարը:
3. Դիմողները, մասնավորապես, հայտարարում էին, որ հետերոսեքսուալ զույգերի համեմատությամբ իրենց նկատմամբ ցուցաբերվել է խտրականություն, քանի որ Ֆրանսիայում չկան իրավական միջոցներ, որոնք միասեռական զույգերին թույլ կտան ունենալ երկրորդ ծնողի որդեգրման իրավունք: Հիմնվելով Կոնվենցիայի 14 հոդվածի վրա` 8 հոդվածի հետ համատեղ, նրանք հայտարարում էին, որ իրենց նկատմամբ ցուցաբերվել է խտրական վերաբերմունք, որը հիմնված է եղել իրենց սեռական կողմնորոշման վրա` խախտելով իրենց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
4. 2010թ. օգոստոսի 31-ի որոշմամբ Դատարանը հայցադիմումը հայտարարեց ընդունելի: 2010թ. նոյեմբերի 30-ին Պալատը որոշեց գործի էության վերաբերյալ նիստ գումարել:
5. Դիմողները և Կառավարությունը գործի էության վերաբերյալ ներկայացրեցին լրացուցիչ գրավոր դիտարկումներ (Դատարանի կանոնակարգի 59 § 1 կանոն): Ի լրումն դրա, երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեցին Մարդու իրավունքների միջազգային դաշնությունից (FIDH), Իրավաբանների միջազգային հանձնախմբից (ICJ), Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս- և ինտերսեքսուալների միջազգային միության եվրոպական տարածաշրջանից (ILGA-Europe), Որդեգրման բրիտանական միությունից (BAAF) և ԼԳԲՏ ընտանիքների եվրոպական միությունների ցանցից (NELFA), ում նախագահը թույլ էր տվել միջամտել: Կողմերը պատասխանեցին այդ մեկնաբանություններին (կանոն 44 § 6): Շահագրգիռ կազմակերպություններին թույլ տվեցին մասնակցել նաև բանավոր ընթացակարգերին:
6. 2011թ. ապրիլի 12-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում տեղի ունեցավ դռնբաց դատական նիստ (կանոն 59 § 3):
Դատարան ներկայացան`
(ա) Կառավարության կողմից`
տկն. Ա.-Ֆ. Տիսիեն` մարդու իրավունքների բաժնի պետ, Իրավաբանական վարչություն, Արտաքին գործերի նախարարություն, համաներկայացուցիչ, ,
պրն. Ժ.-Կ. Գրասիան, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարություն, իրավախորհրդատու
տկն. Կ. Բլանշը, Քաղաքացիական հարցերի վարչություն, Արդարադատության նախարարություն
տկն. Մ.-Ա. Ռեշե Լամբին, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարություն
տկն. Ա. Տալբոն, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարություն
տկն. Մ. Շուլցը, Սոցիալական հարցերին առընթեր սոցիալական համախմբվածության գլխավոր տնօրինություն և Համերաշխության և սոցիալական համախմբվածության հարցերի նախարարություն
տկն. Ժ. Սպիտերին, Ֆինանսական, իրավաբանական և սպասարկման վարչություն, Աշխատանքի, զբաղվածության և առողջապահության նախարարություն
տկն. Է. Տոպենը, Իրավաբանական վարչություն, Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարություն, խորհրդականներ
(b) դիմողների կողմից`
պրն. Կ. Մեկարին, փաստաբան
պրն. Ի. Ստրայֆը, փաստաբան,իրավախորհրդատու
պրն. Տ. Բուզենունըխորհրդական
(c) երրորդ կողմի միջամտողների կողմից`
պրոֆ. Ռ. Ուինթեմյութը, մարդու իրավունքների գծով դասախոս, Լոնդոնի King’s College խորհրդական
Մարդու իրավունքների միջազգային դաշնության (FIDH), Իրավաբանների միջազգային հանձնախմբի (ICJ), Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս- և ինտերսեքսուալների միջազգային միության եվրոպական տարածաշրջանի (ILGA-Europe), Որդեգրման բրիտանական միության (BAAF) և ԼԳԲՏ ընտանիքների եվրոպական միությունների ցանցի (NELFA) անունից:
7. Դատարանը լսեց պրն. Մեկարիի, տկն. Տիսիեի և պրոֆեսոր Ուինթեմյութի ելույթները, ինչպես նաև պրն. Մեկարիի և տկն. Տիսիեի պատասխանները դատավորների հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Դիմողները ծնվել են համապատասխանաբար 1961 և 1965 թթ. և բնակվում են Կլամարում:
9. Տկն. Վալերի Գան (“առաջին դիմողը”) 1989թ. ի վեր համատեղ ապրում է տկն. Նատալի Դյուբուայի հետ (“երկրորդ դիմող”): Վերջինս 2000թ. սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում դուստր է ունեցել` Ա.-ն, ով ծնվել է Բելգիայում անանուն դոնորի սերմնահեղուկից բեղմնավորման միջոցով: Ա.-ն հաստատված իրավաբանական կապ չունի իր հոր հետ, ով բելգիական օրենքների համաձայն գործել է իբրև անանուն դոնոր: Ամբողջ կյանքում երեխան ապրել է դիմողների համատեղ տանը: 2000թ. սեպտեմբերի 22-ին նրա անունը ներառվել է Կլամարի քաղաքապետարանում պահվող ծնունդների, մահերի և ամուսնությունների գրանցամատյանում: 2000թ. հոկտեմբերի 9-ին նրա մայրը պաշտոնապես ճանաչել է նրան:
10. Երկու դիմողները հետագայում կնքեցին քաղաքացիական ամուսնության համաձայնագիր, որը գրանցվեց Վանվի շրջանային դատարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:
11. 2006թ. մարտի 3-ին առաջին դիմողն իր ընկերուհու դստեր որդեգրման վերաբերյալ որոշման համար դիմեց Նանտերի վերին ատյանի դատարան` այն բանից հետո, երբ նրա ընկերուհին նոտարի ներկայությամբ տվեց իր համաձայնությունը:
12. 2006թ. ապրիլի 12-ին Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի հիման վրա առաջին դիմողի դիմումի դեմ դատախազն առարկություն ներկայացրեց (ստորև տես 19 կետը):
13. 2006թ. հուլիսի 4-ի վճռում վերին ատյանի դատարանը նշում էր, որ որդեգրման համար օրենքով սահմանված պայմանները բավարարվել են, և ցույց էր տրվել, որ դիմողներն ակտիվորեն ու համատեղ ներագրավված էին երեխայի դաստիարակության գործում, նրան ապահովում էին խնամքով ու սիրով: Այդուհանդերձ, դատարանը դիմումը մերժեց այն հիմքով, որ որդեգրման մասին խնդրանքը կարող է իրավական հետևանքներ ունենալ, որոնք հակառակ կլինեին դիմողների մտադրություններին և երեխայի շահերին` ծնողական պատասխանատվությունը փոխանցելով որդեգրող ծնողին և, այդպիսով, ծնող մորը զրկելով երեխայի նկատմամբ իր սեփական իրավունքներից:
14. Առաջին դիմողը բողոքարկեց այդ որոշումը, իսկ երկրորդ դիմողն իր սեփական նախաձեռնությամբ միջամտեց հայցին:
Վերսալի վերաքննիչ դատարանում դիմողները վերահաստատեցին իրենց ցանկությունը` որդեգրման միջոցով երեխային ապահովել կայուն իրավական համակարգով, որն արտացոլում էր նրա հասարակական իրողությունը: Նրանք վիճարկում էին, որ երեխայի մոր կողմից ծնողական պատասխանատվության կորուստը կարող էր շտկվել ծնողական պատասխանատվության ամբողջական կամ մասնակի պատվիրակման միջոցով և ներկայացրեցին այն փաստը, որ եվրոպական այլ երկրներում թույլատրվում են որդեգրումներ, որոնցով իրավական կապեր են հաստատվում միասեռական ընկերոջ հետ:
15. 2006թ. դեկտեմբերի 21-ի վճռով Վերաքննիչ դատարանը հաստատեց դիմումի մերժումը:
Առաջին ատյանի դատարանի պես Վերաքննիչ դատարանն էլ նշում էր, որ որդեգրման` օրենքով սահմանված պայմանները բավարարվել են, հաստատվել էր, որ առաջին դիմողն ակտիվ է երեխայի զգացմունքային և նյութական բարեկեցությունն ապահովելու հարցում: Այնուամենայնիվ, դատարանը հաստատեց այն եզրակացությունը, որ այդ որդեգրման իրավական հետևանքները չէին բխի երեխայի շահերից, քանզի դիմողները չէին կարող կիսել ծնողական պատասխանատվությունը, որը թույլատրված է Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածով` երեխայի մոր կամ հոր ամուսնու կողմից որդեգրման դեպքում, իսկ որդեգրումն, այդպիսով կարող է տկն. Դյուբուային զրկել իր երեխայի նկատմամբ բոլոր իրավունքներից: Դատարանը նաև կարծում էր, որ ավելի ուշ ծնողական պատասխանատվության իրականացման սոսկ պատվիրակումը բավարար չէր լինի երեխային սպառնացող վտանգը վերացնելու համար, որը կլիներ նրա մոր կողմից ծնողական պատասխանատվության կորստի արդյունքում: Համապատասխանաբար, դատարանի կարծիքով, հայցադիմումը լոկ համահունչ էր դիմողների ցանկությանը` երեխայի համատեղ ծնողներ լինելը տեսնել ճանաչված և օրինականացված:
16. 2007թ. փետրվարի 21-ին դիմողներն իրավունքի հարցերի վերաբերյալ բողոք ներկայացրին, սակայն Վճռաբեկ դատարան հայց չներկայացրեցին` վերջինիս եզրակացությունն ստանալու համար: 2007թ. սեպտեմբերի 20-ին Վճռաբեկ դատարանի նախագահը կարգադրություն արձակեց իրավունքի հարցերի վերաբերյալ բողոքի իրավունքից զրկված լինելու մասին:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Որդեգրում
17. Ֆրանսիական օրենսդրության մեջ կա որդեգրման երկու տեսակ` լիարժեք որդեգրում և հասարակ որդեգրում:
1. Լիարժեք որդեգրում
18. Լիարժեք որդեգրման մասին որոշումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ երեխան դեռևս անչափահաս է: Այդ մասին կարող է խնդրել ամուսնական զույգը կամ մեկ անձ: Դրանով ստեղծվում է ծնող-երեխա իրավական հարաբերություն, որը փոխարինում է իսկական հարաբերությանը (եթե այդպիսին եղել է): Երեխան ընդունում է որդեգրող ծնողի ազգանունը: Կազմվում է ծննդյան նոր վկայական, և որդեգրումը դառնում է անդառնալի (Քաղաքացիական օրենսգրքի 355 և հաջորդող հոդվածներ):
2. Հասարակ որդեգրում
19. Հասարակ որդեգրման որոշմամբ, ընդհակառակը, երեխայի և նրա իսկական ընտանիքի միջև կապերը չեն կտրվում, սակայն ստեղծվում են ծնող-երեխա լրացուցիչ իրավական հարաբերություններ (Քաղաքացիական օրենսգրքի 360 և հաջորդող հոդվածներ): Որոշումը կարող է ընդունվել անկախ որդեգրվող անձի տարիքից, այդ թվում` երբ է նա չափահաս դարձել: Որդեգրող ծնողի ազգանունն ավելացվում է որդեգրվողի ազգանվանը: Վերջինս իր իսկական ընտանիքում պահպանում է ժառանգության որոշակի իրավունքներ և իրավունքներ է ձեռք բերում որդեգրող ծնողի վերաբերմամբ: Հասարակ որդեգրումը որդեգրողի և որդեգրվողի միջև առաջ է բերում փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես ապրուստի միջոցների պահանջ: Կենսաբանական ծնողներից պահանջվում է որդեգրված անձին ֆինանսապես օժանդակել միայն այն դեպքում, երբ որդեգրող ծնողն անկարող է դա անել:
Այն դեպքում, երբ որդեգրվածն անչափահաս է, հասարակ որդեգրման արդյունքում ծնողական պատասխանատվությանն առնչվող բոլոր իրավունքները երեխայի հորից կամ մորից վերցվում են հօգուտ որդեգրող ծնողի: Օրենսդրությամբ առկա է այս կանոնի միայն մեկ բացառություն, այն է` երբ անձը որդեգրում է իր ամուսնու կամ կնոջ երեխային: Այդ դեպքում ամուսինն ու կինը կիսում են ծնողական պատասխանատվությունը: Հետևաբար`
Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդված
“Ծնողական պատասխանատվությանն առնչվող բոլոր իրավունքներն օրենքով պատկանում են միայն որդեգրող ծնողին, ներառյալ որդեգրի ամուսնությանը համաձայնություն տալու իրավունքը, եթե որդեգրող ծնողն ամուսնացած չէ որդեգրի մոր կամ հոր հետ: Այդ դեպքում որդեգրող ծնողը կամ նրա ամուսինը ունի համատեղ ծնողական պատասխանատվություն, սակայն ամուսինը շարունակում է այդ իրավունքը միայնակ գործադրել, մինչև որ զույգն այդ նպատակով համատեղ հայտարարություն անի վերին ատյանի դատարանի ավագ քարտուղարի ներկայությամբ, որպեսզի ծնողական պատասխանատվությունը համատեղ գործադրվի ...”
Ի տարբերություն լիարժեք որդեգրման մասին որոշման` հասարակ որդեգրման մասին որոշումը կարող է չեղյալ հայտարարվել որդեգրող ծնողի, որդեգրի կամ, եթե վերջինս անչափահաս է, դատախազի պահանջով:
Անչափահասների դեպքում հասարակ որդեգրումը հիմնականում նպատակ ունի փոխհատուցել կենսաբանական ծնողի կամ ծնողների ձախողումները: Գործնականում լիարժեք որդեգրման շատ դեպքեր անդրծովյան որդեգրումներ են, մինչդեռ հասարակ որդեգրման մասին ընտանիքներում տրված որոշումների մեծ մասը վերաբերում է անձանց, ովքեր արդեն չափահաս են և առնչվում են ժառանգությանը:
Բ. Ծնողական պատասխանատվությունը
20. Ծնողական պատասխանատվությունը սահմանվում է իբրև անչափահաս երեխաների նկատմամբ ծնողական իրավունքների և պարտականությունների ամբողջական կազմ: Դրա նպատակը երեխաների “առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանությունն է, որպեսզի ապահովվի նրանց կրթությունն ու զարգացումը” (Քաղաքացիական օրենսգրքի 371-1 հոդված): Սկզբունքորեն հենց որ ծագումը հաստատվում է, անչափահաս երեխայի ծնողներն ինքնաբերաբար ունեն ծնողական պատասխանատվություն, որը կարող է հետ վերցվել միայն լուրջ հիմքերի առկայության դեպքում: Ծնողական պատասխանատվությունն ավարտվում է, երբ երեխան չափահաս է դառնում` սովորաբար տասնութ տարեկանում: Տարբերակում է կատարվում ծնողական պատասխանատվության և դրա գործադրման միջև` վերջինը կարող է երեխայի լավագույն շահերին առնչվող պատճառներից ելնելով վստահվել միայն մեկ ծնողին: Ծնողական պատասխանատվությունը չգործադրող ծնողը պահպանում է իր երեխաներին պահելու և դաստիարակելու վերահսկողության իրավունքն ու պարտականությունը: Նրան պետք է իրազեկեն այն կարևոր որոշումների մասին, որոնք վերաբերում են երեխաներին, նրան չի կարելի զրկել շփվելու իրավունքից, ինչպես նաև առանց անհաղթահարելի պատճառների կարճաժամկետ այցելությունների իրավունքից:
21. Հնարավոր է ծնողական պատասխանատվությունը պատվիրակել երրորդ կողմի (Քաղաքացիական օրենսգրքի 376 և հաջորդող հոդվածներ): 2002թ. մարտի 4-ի Ծնողական պատասխանատվության մասին օրենքի ընդունումից ի վեր Քաղաքացիական օրենսգրքի 377 հոդվածը, որով ղեկավարվում է ծնողական պատասխանատվության “ստանդարտ” պատվիրակումը, նախատեսում է` այնտեղ, որտեղ հանգամանքները պահանջում են, ծնողներից մեկը կամ երկուսը կարող են դիմել ընտանեկան դատավորին, որպեսզի ծնողական պատասխանատվության գործադրումը պատվիրակվի երրորդ կողմի (անհատի, հաստատված կառույցի կամ երեխայի բարեկեցության ծառայության շահագրգիռ դեպարտամենտի): Պատասխանատվության պատվիրակումը մշտական չէ և չի արգելափակում որդեգրման համաձայնության իրավունքը: Այդ համատեքստում ծնողական պատասխանատվությունը կարող է փոխանցվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` ծնողական պատասխանատվությամբ շարունակում են օժտված մնալ ծնողները, սակայն դրա գործադրումը փոխանցվում է երրորդ կողմին:
22. Սովորական պատվիրակման ընթացակարգով 2002թ. մարտի 4-ի օրենքով ներդրվել է պատվիրակման ավելի ճկուն տարբերակ, որը հիմնված է ծնողական պատասխանատվությունը կիսելու վրա (Քաղաքացիական օրենսգրքի 377-1 հոդված): Ծնողական պատասխանատվությունը պատվիրակելու վերաբերյալ որոշմամբ “երեխայի դաստիարակության շահերից ելնելով” կարող է նախատեսվել, որ ծնողներից մեկը կամ երկուսն էլ երրորդ կողմի հետ ամբողջությամբ կամ մասամբ կիսեն իրենց ծնողական պատասխանատվության գործադրումը` այդպիսով պահպանելով համատեղ պատասխանատվությունը: Այդ միջոցը հնարավոր է դարձնում կարգավորելու երեխայի, առանձին ապրող զույգի և երրորդ կողմի միջև հարաբերությունները` այդ երրորդ կողմը լինեն տատիկն ու պապիկը, խորթ ծնողները, թե համատեղ բնակվող պարտնյորները: Յուրաքանչյուր ծնող պահպանում է ծնողական պատասխանատվությունը և շարունակում է այն գործադրել: Պատասխանատվության պատվիրակումը չի բերում ազգանվան փոփոխության կամ ծնող-երեխա իրավական հարաբերության հաստատման` այն ժամանակավոր է և դադարում է գործել երեխայի չափահաս դառնալու հետ:
Գ. Ամուսնությունն ու քաղաքացիական ամուսնությունները
23. Ֆրանսիայում ամուսնությունը հասանելի չէ միասեռական զույգերի համար (Քաղաքացիական օրենսգրքի 144 հոդված): Այդ սկզբունքը վերահաստատել է Վճռաբեկ դատարանը, որը 2007թ. մարտի 13-ին կայացրած վճռում կրկնել է, որ “Ֆրանսիայի օրենսդրության մեջ ամուսնությունը միություն է տղամարդու և կնոջ միջև”:
24. Քաղաքացիական ամուսնությունը Քաղաքացիական օրենսգրքի 515-1 հոդվածում սահմանված է իբրև “ իրենց կյանքը միասին կազմակերպելու նպատակով երկու չափահաս, հակառակ կամ միևնույն սեռի անձանց միջև համաձայնություն”: Քաղաքացիական ամուսնությունը դրա մասնակիցների համար ենթադրում է մի շարք պարտավորություններ, այդ թվում` որպես զույգ ապրելու և միմյանց նյութական և այլ աջակցություն ցուցաբերելու պարտավորությունը:
Քաղաքացիական ամուսնությունները նաև որոշակի իրավունքներ են տալիս կողմերին, որոնք ավելացել են 2006թ. հունիսի 23-ի ժառանգությանը և նվիրատվություններին վերաբերող պայմանների բարեփոխման օրենքի` 2007թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ: Այդ ժամանակվանից հարկային նպատակներով ամուսինները կազմում են մեկ տնտեսություն: Որոշակի իրավունքների գործադրման հարցում նրանց նաև վերաբերվում են այնպես, ինչպես ամուսնացած զույգերին, մասնավորապես առողջապահական ու մայրության ապահովագրության և կյանքի ապահովագրման հարցերում: Ամուսնությունից բխող որոշ գործողություններ քաղաքացիական ամուսնության նկատմամբ կիրառելի չեն: Ի թիվս այլ բաների, օրենսդրությունը չի առաջացնում ամուսինների միջև ազգակցական կամ ժառանգության կապեր: Մասնավորապես, ամուսնության լուծարումը ամուսնալուծության դատական վարույթ չի առաջացնում, այլ պարզապես ներկայացնում է երկու ամուսինների կողմից համատեղ հայտարարություն կամ միակողմանի հայտարարություն մեկ ամուսնու կողմից, որը ծանուցվում է մյուսին (Քաղաքացիական օրենսգրքի 515‑7 հոդված): Բացի այդ, քաղաքացիական ամուսնությունները որևէ հետևանք չունեն Քաղաքացիական օրենսգրքի դրույթների մասով, որոնք վերաբերում են որդեգրման իրավական հարաբերություններին և ծնողական պատասխանատվությանը:
Դ. Օժանդակ վերարտադրություն
25. Օժանդակ վերարտադրությունը, որը վերաբերում է փորձանոթի միջոցով բեղմնավորմանը, սաղմի տեղափոխությանը և արհեստական բեղմնավորմանը, ղեկավարվում է Հանրային առողջապահության օրենսգրքի L. 2141-1 և հաջորդող հոդվածներով: Օրենսգրքի L. 2141‑2 հոդվածով օժանդակ վերարտադրության եղանակները Ֆրանսիայում թույլատրված են միայն թերապևտիկ նպատակներով` նպատակ ունենալով “բուժել ախտորոշված չբերությունը” կամ “կանխարգելել երեխային կամ ընկերոջը հատկապես լուրջ հիվանդության փոխանցումը: Այդ եղանակները հասու են վերարտադրողական տարիքի հակառակ սեռի ներկայացուցիչներից կազմված զույգերին, ովքեր ամուսնացած են կամ ներկայացնում են համատեղ ապրելու մասին ապացույց:
26. Այդ հանգամանքներում Քաղաքացիական օրենսգրքի 311-20 հոդվածով նախատեսված է երկրորդ ծնողի հայրության իրավական ճանաչումը հետևյալ պայմաններով`
“Ամուսնացած կամ համատեղ բնակվող զույգերը, ովքեր բեղմնավորման նպատակով ունեն բուժօգնության պահանջի իրավունք, որը ներառում է երրորդ կողմի դոնոր, դատավորի կամ նոտարի ներկայությամբ գաղտնիություն ապահովող ձևով տալիս են իրենց նախնական համաձայնությունը, ով նրանց իրազեկում է այդ գործողության` ծնող-երեխա իրավական հարաբերությունների հետևանքների մասին:
...
Յուրաքանչյուր տղամարդ, ով իր համաձայնությունն է տվել օժանդակ վերարտադրության համար և չի ճանաչում դրա արդյունքում ծնված երեխային, պատասխանատվություն է կրում մոր և երեխայի նկատմամբ:
Այդ կապակցությամբ արվում է հայրության մասին իրավական հայտարարություն: Գործողությունը պետք է համապատասխանեցվի 328 և 331 հոդվածների դրույթներին”:
Ե. Նախադեպային իրավունքը
1. Անձի քաղաքացիական ամուսնու կողմից անչափահաս երեխայի հասարակ որդեգրման մասին դիմումների մերժումը
27. Վճռաբեկ դատարանն այս թեմայով մի քանի որոշում է կայացրել: Առաջին երկու վճիռները, որոնք կայացվել են 2007թ. փետրվարի 20-ին, վերաբերում էին քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող և երեխաներ դաստիարակող լեսբուհի զույգերի գործերին: Երեխաների միակ օրինական ծնողը նրանց մայրն էր, քանի որ նրանց հայրությունը իրավաբանորեն հաստատված չէր եղել: Երկու գործերով էլ մոր ամուսինը /պարտնյորը/ նրանց մոր համաձայնությամբ դիմել էր երեխաների հասարակ որդեգրման համար: Դիմումներից մեկը բավարարվել էր Բուրժի վերաքննիչ դատարանի կողմից այն հիմքով, որ, մասնավորապես, “որդեգրումը [բխում էր] երեխայի շահերից”, մինչդեռ մյուսը Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել էր: Վկայակոչելով Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածը` Վճռաբեկ դատարանի առաջին քաղաքացիական բաժինը բեկանեց Վերաքննիչ դատարանի վճիռը և այն հետևյալ առումով անվավեր հայտարարեց`
“Որդեգրման արդյունքը եղավ փոխանցված երեխայի համար ծնողական պատասխանատվությունը, իսկ կենսաբանական մայրը, ով ծրագրում էր շարունակել երեխայի դաստիարակությունը, զրկվեց իր իրավունքներից: Համապատասխանաբար, թեպետ տկն. իգրեկը որդեգրման համար տվել էր իր համաձայնությունը, Վերաքննիչ դատարանը, դիմումը բավարարելով, խախտել է վերը նշված դրույթը:”
Դատարանը հաստատեց Վերաքննիչ դատարանի երկրորդ վճիռը`
“Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը ճիշտ է նկատել, որ տկն. իգրեկը` երեխաների մայրը, կկորցներ երեխաների նկատմամբ իր ծնողական պատասխանատվությունը, եթե նրանք որդեգրվեին տկն. իքսի կողմից, թեպետ զույգը համատեղ էր բնակվում: Դատարանը նշում էր, որ ծնողական պատասխանատվության պատվիրակում կարելի էր պահանջել միայն այն դեպքում, երբ դա են պահանջում հանգամանքները, որոնք ոչ հաստատվել էին, ոչ էլ հայտարարվել, և ներկա գործով ծնողական պատասխանատվության պատվիրակումը կամ կիսումը որդեգրման համատեքստում կարող էր հակասական լինել, քանզի անչափահաս երեխայի որդեգրմամբ նախատեսված էր բացառիկ ծնողական պատասխանատվություն տալ որդեգրող ծնողին: Համապատասխանաբար, Վերաքննիչ դատարանը, որը, չնայած հակառակի մասին հայտարարություններին, քննել է հարցը, իր որոշման համար ներկայացրել է օրինական հիմքեր” (Առաջին քաղաքացիական բաժնի երկու վճիռներ, 20 փետրվարի 2007թ., Bulletin Civil 2007 I, թիվ 70 և 71):
Վճռաբեկ դատարանը հետագայում վերահաստատեց այդ մոտեցումը`
“Առաջին, երեխայի (հայրը կամ) մայրը երեխային որդեգրելու դեպքում կզրկվի ծնողական պատասխանատվությունից, չնայած այն բանին, որ կատարելապես պիտանի է այդ պատասխանատվությունն իրականացնելու և այն մերժելու որևէ ցանկություն չունենալու համար: Երկրորդ, Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածով նախատեսված է ծնողական պատասխանատվության կիսումը միայն ամուսնու երեխայի որդեգրման դեպքում: Ինչպես ասում է Ֆրանսիայի օրենսդրությունը, ամուսիններն անձինք են, ովքեր միացել են ամուսնական կապերով: Համապատասխանաբար, Վերաքննիչ դատարանը, որը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի որևէ դրույթ չի խախտել` որոշում կայացնելով, ներկայացրել է իր որոշման օրինական հիմքերը” (Առաջին քաղաքացիական բաժին, 19 դեկտեմբերի 2007թ., Bulletin Civil 2007 I, թիվ 392; այդ կապակցությամբ տես նաև Առաջին քաղաքացիական բաժնի 2008թ. փետրվարի 6-ի վճիռը թիվ 07‑12948 բողոքի վերաբերյալ, որը չի հրապարակվել):
28. Առաջին երկու վճիռները, որոնք կայացվել են 2007թ, փետրվարի 20-ին, հրապարակվել են Վճռաբեկ դատարանի տեղեկատուում, համացանցում և Վճռաբեկ դատարանի ամենամյա զեկույցում:
2. Ծնողական պատասխանատվության պատվիրակումը
29. Առաջին առաջնորդող վճռի մեջ (Վճռաբեկ դատարան, Առաջին քաղաքացիական բաժին, 24 փետրվարի 2006թ., հրապարակվել է տեղեկատուում) Վճռաբեկ դատարանը բավարարել է քաղաքացիական ամուսնությամբ ապրող միասեռական զույգի դիմումը, ով հետամուտ էր այդ տարբերակից օգտվելուն: Դատարանը որոշել էր, որ Քաղաքացիական օրենսգրքի 377-1 հոդվածը “[չէր] արգելել ծնողական պատասխանատվություն ունեցող միայնակ մորն այդ պատասխանատվությունն ամբողջությամբ կամ մասնակիորեն պատվիրակել այն կնոջը, ում հետ ինքն ապրում [ապրել] էր` կայուն և հարատև հարաբերություններ ունենալով, որտեղ հանգամանքներն այդպես էին պահանջում [պահանջել], և միջոցը համատեղելի [էր] երեխայի լավագույն շահերի հետ”: Դրանից հետո Վճռաբեկ դատարանը խստացրեց ծնողական պատասխանատվությունը պատվիրակելու դիմումը բավարարելու պայմանները (Վճռաբեկ դատարան, Առաջին քաղաքացիական բաժին, 8 հուլիսի 2010թ., հրապարակվել է տեղեկատուում): Թեպետ ամրագրված պայմանները նույնն են մնացել (հանգամանքները պետք է այդպիսի միջոց պահանջեն, և այն պետք է համատեղելի լինի երեխայի լավագույն շահերի հետ), այժմ Վճռաբեկ դատարանը պահանջում է, որպեսզի դիմողները ցույց տան, որ այդ միջոցը կբարելավի խնդրո առարկա երեխաների կյանքը և էական է: Սույն սահմանափակող մոտեցումը էության մասին նմանօրինակ գործեր քննելիս ներկայումս կիրառվում է դատարանների կողմից (Փարիզի բարձրագույն ատյանի դատարան, 5 նոյեմբերի 2010թ.):
3. 2010թ. հոկտեմբերի 6-ի Սահմանադրական խորհրդի որոշումը
30. Ներկա գործի փաստերի նման մի գործով դիմողները հայտարարել էին իրավահավասարության սահմանադրական սկզբունքի խախտման մասին և Վճռաբեկ դատարանից պահանջել էին սահմանադրականության մասին նախնական որոշման խնդրանքը փոխանցել Սահմանադրական խորհրդին: Վճռաբեկ դատարանը բավարարեց այդ խնդրանքը:
31. 2010թ. հոկտեմբերի 6-ի որոշմամբ Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ իր խնդիրը չէ որոշում կայացնել փաստաթղթի քաղվածքում ներկայացված, օրենքով սահմանված վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ, այլ ավելի շուտ Վճռաբեկ դատարանի հետևողական մենկաբանության լույսի ներքո: Քննարկվող գործով Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի սահմանադրականությունը պետք է գնահատվեր այն փաստի լույսի ներքո, որ վերջինս ուներ անձի ամուսնու կամ պարտնյորի կողմից երեխայի որդեգրումն սկզբունքորեն արգելելու ուժ, ինչպես որոշել է Վճռաբեկ դատարանը 2007թ. փետրվարի 20-ին:
Սահմանադրական խորհուրդը մատնանշեց, որ 365 հոդվածի դրույթները զույգերին չէին խանգարում համատեղ բնակվել կամ քաղաքացիական ամուսնության մեջ մտնել, զուտ այն բանի համար, որ դա կենսաբանական ծնողին արգելում էր իր ամուսնուն կամ համատեղ բնակվողին ներգրավել երեխայի դաստիարակության մեջ: Այնուամենայնիվ, Սահմանադրական խորհուրդը որոշեց, որ Սահմանադրությամբ երաշխավորված` ընտանեկան կյանքի իրավունքը իրավունք չի տալիս իրավական որդեգրային հարաբերություններ ստեղծել երեխայի և նրա ծնողի պարտնյորի միջև:
Ապա Սահմանադրական խորհուրդը նկատում էր, որ օրենսդիր մարմինը միտումնավոր է ընտրել հասարակ որդեգրման տարբերակը ամուսնացած զույգերով սահմանափակելը, իսկ օրենսդրի փոխարեն գնահատական տալն իր գործը չէ:
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՔՍՏԵՐՆ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Երեխաների որդեգրման մասին եվրոպական կոնվենցիան (լրամշակված)
32. Սույն կոնվենցիան ստորագրման համար բացվել է 2008թ. նոյեմբերի 27-ին և ուժի մեջ է մտել 2011թ. սեպտեմբերի 1-ին: Ֆրանսիան այն ոչ ստորագրել է, ոչ էլ վավերացրել: Կոնվենցիայի համապատասխան դրույթներում ասված է հետևյալը`
“Հոդված 7. Որդեգրման պայմանները
1 Օրենքը թույլ է տալիս երեխային որդեգրել`
ա. տարբեր սեռերի պատկանող երկու անձանց կողմից.
i ովքեր միմյանց հետ ամուսնացած են կամ
ii այնտեղ, որտեղ կա նմանօրինակ ինստիտուտ, միմյանց հետ մտել են գրանցված պարտնյորության մեջ.
բ. մեկ անձի կողմից:
2 Պետություններն ազատ են սույն Կոնվենցիայի կիրառության ոլորտը տարածել միասեռական զույգերի վրա, ովքեր միմյանց հետ ամուսնացած են կամ ովքեր միասին մտել են գրանցված պարտնյորության մեջ: Նրանք նաև ազատ են սույն Կոնվենցիայի կիրառության ոլորտը տարածելու տարբեր սեռերի պատկանող զույգերի և միասեռական զույգերի վրա, ովքեր միասին ապրում են` կայուն հարաբերություններ ունենալով:
...
Հոդված 11. Որդեգրման արդյունքները
1 Որդեգրման պահից երեխան դառնում է որդեգրողի(ների) ընտանիքի լիարժեք անդամ, որդեգրողի(ների) և նրա կամ նրանց ընտանիքի անդամների առնչությամբ ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ որդեգրողի (ների) երեխան, ում ծննդաբանությունն օրինական կերպով հաստատված է: Որդեգրողը(ները) երեխայի հանդեպ ունի(են) ծնողական պատասխանատվություն: Որդեգրմամբ դադարեցվում են երեխայի և նրա հոր, մոր և հարազատ ընտանիքի միջև եղած իրավահարաբերությունները:
2 Այնուամենայնիվ, որդեգրողի ամուսինը կամ պարտնյորը` գրանցված թե ոչ, որդեգրված երեխայի նկատմամբ պահպանում է իր իրավունքներն ու պարտականությւոնները, եթե վերջինս նրա երեխան է, և եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
...
4 Կոնվենցիայի կողմ պետությունները կարող են ապահովել որդեգրման այլ տեսակներ, որոնք ավելի սահմանափակ գործողություն ունեն, քան սույն հոդվածի նախորդ կետերում նշվածները":
Բ. Նախարարների կոմիտեի հանձնարարականը
33. Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ուղղված` Նախարարների կոմիտեի CM/Rec(2010)5 հանձնարարականը սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի միջոցների վերաբերյալ, որն ընդունվել է 2010թ. մարտի 31-ին, ի թիվս այլ բաների, անդամ երկրներին առաջարկում է`
“...
24. Այնտեղ, որտեղ ազգային օրենսդրությամբ ճանաչված են գրանցված միասեռական ամուսնությունները, անդամ պետությունները պետք է ջանան ապահովել, որպեսզի նրանց իրավական կարգավիճակը և իրավունքներն ու պարտականությունները համեմատելի իրավիճակում հավասարազոր լինեն հետերոսեքսուալ զույգերի իրավունքներին ու պարտականություններին:
25. Այնտեղ, որտեղ ազգային օրենսդրությամբ չեն ճանաչվում գրանցված միասեռական ամուսնությունների և չամուսնացած զույգերի իրավունքներն ու պարտականությունները կամ նրանց չեն օժտում դրանցով, անդամ պետություններին առաջարկվում է քննարկել առանց որևէ տեսակի խտրականության, ներառյալ ընդդեմ տարբեր սեռական զույգերի, միասեռական զույգերին իրավական կամ այլ միջոցների տրամադրման հնարավորությունը, որպեսզի ուսումնասիրվեն այն հասարակական իրողությանն առնչվող հիմնախնդիրները, որտեղ նրանք ապրում են:”
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
34. Դիմողները հայտարարում էին, որ իրենք ենթարկվել են խտրական վերաբերմունքի, որը հիմնված է եղել իրենց սեռական կողմնորոշման վրա` խախտելով իրենց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: Նրանք ապավինում էին Կոնվենցիայի 14 հոդվածին` 8 հոդվածի հետ մեկտեղ: Այդ երկու հոդվածներն ապահովում են`
Հոդված 8
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”:
Հոդված 14
“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից”:
I. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
35. Իբրև իր հիմնական առարկություն` Կառավարությունը կրկնում էր, որ Կոնվենցիայի 8 հոդվածը ներկա գործի նկատմամբ կիրառելի չէ: Կրկնելով հայցադիմումի ընդունելիության քննության ժամանակ արդեն իսկ առաջ քաշված փաստարկները` Կառավարությունը վկայակոչում էր Դատարանի նախադեպային իրավունքը, որի համաձայն ընտանեկան կյանքի գոյությունը կամ չգոյությունը, որը սահմանափակված չէր ամուսնության իրավական դաշտով, յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվեր: Այնուամենայնիվ, Կառավարությունը շեշտում էր, որ Դատարանի սահմանած նախադեպային իրավունքի համաձայն` 8 հոդվածը չէր երաշխավորում որդեգրման կամ միևնույն ընտանիքում մեծահասակի և երեխայի միջև իրավահարաբերությունների ստեղծման որևէ իրավունք, չխոսելով արդեն երեխա ունենալու իրավունքի մասին: Քանի որ Կոնվենցիայում ապահովված չէր որդեգրման իրավունքը, Կառավարությունը փաստարկում էր, որ դիմողները չէին կարող հայտարարել այդ իրավունքից օգտվելու խտրականության մասին, քանի որ 14 հոդվածն անկախ գոյություն չուներ:
36. Դիմողները վկայակոչում էին գործի ընդունելիության քննության ժամանակ ներկայացված փաստարկները:
37. Դատարանը նշում է, որ դիմողներն իրենց փաստարկները հիմնավորում էին Կոնվենցիայի 14 հոդվածով` 8 հոդվածի հետ համատեղ, և այն, որ վերջինս չի երաշխավորում ոչ ընտանիք ստեղծելու, ոչ էլ որդեգրման իրավունքը (տես E.B. v. France [GC], no. 43546/02, § 41, 22 January 2008): Կողմերը սա չվիճարկեցին: Այդուամենայնիվ, Դատարանը չի կարող չնշել, որ դիմողների
առանձնահատուկ գործի քննությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ նրանք Կոնվենցիայի 5 հոդվածի իմաստով ունեն “ընտանեկան կյանք”: Բացի այդ, սեռական կողմնորոշումը 8 հոդվածով պաշտպանվող անձնական ոլորտի տիրույթում է: Սրանից հետևում է, որ գործի փաստերը Կոնվենցիայի առնվազն մեկ հոդվածի “շրջանակում” են, որը կարելի է վերցնել 14 հոդվածի հետ մեկտեղ, որին ներկա գործում ապավինում են դիմողները:
38. Այդ կապակցությամբ Դատարանը վկայակոչում է 2010թ. օգոստոսի 31-ի իր որոշումն այն դիմումի ընդունելիության մասին, որում գտել է, որ ներկա գործով 14 հոդվածը` 8 հոդվածի հետ մեկտեղ, կիրառելի է:
39. Հետևաբար, Դատարանը պետք է մերժի Կառավարության նախնական առարկությունը և սկսի քննել բողոքի էությունը:
II. ԷՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողները
40. Դիմողները բողոքում էին, որ մերժվել էր իր պարտնյորի դստերը որդեգրելու մասին առաջին դիմողի հայցադիմումը: Նրանք հայտարարում էին, որ այդ մերժման պատճառը, այսինքն` այդօրինակ որդեգրման իրավական հետևանքները, որոնք երեխայի մորը կզրկեն ծնողական պատասխանատվությունից, որդեգրումը հստակ կերպով բացառում էր միայն միասեռական զույգերի համար, ովքեր, ի տարբերություն հակառակ սեռի ներկայացուցիչներից կազմված զույգերի, չէին կարող ամուսնանալ և դրանով օգտվել Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի դրույթներից: Նրանք փաստարկում էին, որ առաջին դիմողին Ա.-ի նկատմամբ հասարակ որդեգրման մասին որոշում կայացնելու մերժումը սկզբունքների պատճառով խտրական ձևով խախտել էր իրենց անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը:
41. Դիմողները մատնանշում էին, որ Ա-ի բեղմնավորումը կատարվել էր Բելգիայում` անանուն դոնորի սերմնահեղուկից: Չնայած նրան ծննդյան օրվանից դաստիարակել էին երկու կանայք, իրավաբանական տեսակետից նա ուներ միայն մեկ ծնող, այն է` երկրորդ դիմողը: Վերջինս իր ազգանունը տվել էր Ա.-ին, իրականացրել միայնակ ծնողի պատասխանատվություն և իր մահվանից հետո իր գույքը թողնելու էր Ա.-ին: Ընդհակառակը, իրավական տեսանկյունից առաջին դիմողը երեխայի նկատմամբ չուներ որևէ պարտականություն կամ իրավունքներ: Դիմողները բացատրում էին, որ իրենք հասարակ որդեգրման մասին որոշման համար դիմում ներկայացնելով փորձել էին շտկել իրավիճակը, որը, ի լրումն իսկական հարաբերությունների, կստեղծեր ծնող-երեխա իրավահարաբերություններ: Այդպիսով, Ա.-ն օրենքի աչքում կունենար երկու ծնող` դրանից բխող իրավական վստահությամբ: Ներպետական դատարանները դա մերժել էին:
42. Ուստի դիմողները հայտարարում էին, որ իրենց սեռական կողմնորոշման պատճառով իրենք ենթարկվել են խտրականության, քանի որ Ֆրանսիայի իշխանություններն արգելում էին միասեռական, այլ ոչ ամուսնացած զույգերին, ստանալ հասարակ որդեգրման մասին որոշում: Նրանք մատնանշում էին, որ միասեռական ամուսնությունը Ֆրանսիայում դեռևս արգելված է, ինչպես նշված է 2007թ. մարտի 13-ի Վճռաբեկ դատարանի վճռում:
Վերաբերմունքի այդ խտրական տարբերությունը կիրառվում էր նաև այն միասեռական զույգերի նկատմամբ, ովքեր համատեղ բնակվում էին կամ գտնվում էին քաղաքացիական ամուսնության մեջ` ի տարբերություն հետերոսեքսուալ զույգերի, քանի որ վերջիններս ամուսնանալու միջոցով կարող էին շրջանցել Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի խիստ պահանջները` մի տարբերակ, որը հասանելի չէր միասեռական զույգերի համար: Դիմողները շեշտում էին, որ ներկա գործով իրենք չեն փորձում ամուսնանալ, սակայն ընդգծում էին, որ Քաղաքացիական օրենսգրքի դրույթները թվում է, թե չեզոք են, սակայն, փաստորեն, անուղղակի խտրականություն են առաջացնում:
43. Դատական նիստի ժամանակ իրենց ասածը բացատրելու նպատակով դիմողները Ա.-ի իրավիճակը համեմատում էին մեկ այլ երեխայի` Ա.Դ.-ի վիճակի հետ: Վերջինս բեղմնավորվել էր անանուն դոնորի սերմնահեղուկից մի կնոջ կողմից, ով ապրում էր տղամարդու` պրն. Դ.-ի հետ: Թեպետ Ա.-ի իրավիճակը բոլոր առումներով Ա.Դ.-ի հետ համեմատելի էր, նրանց իրավական կարգավիճակը տարբեր էր, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 311-20 հոդվածի հիման վրա պրն. Դ.-ն դարձել էր երեխայի իրավաբանական հայրը` առանց անգամ ստիպված լինելու դիմել հասարակ որդեգրման որոշման համար (տես վերը բերված 26 կետը): Հետևաբար, առօրյա կյանքում (դպրոցական լինելու և դպրոցում երեխայի առաջընթացը վերահսկելու) կամ ավելի լուրջ հանգամանքներում (ճանապարհատրանսպորտային պատահար), Ա.-ին կարող էր ուղեկցել միայն մայրը, մինչդեռ Ա.Դ.-ի մասին կարող էր հոգ տանել պրն. Դ.-ն: Ավելին, երեխային ծնող մոր մահվան դեպքում Ա.-ն կարող է որբ դառնալ և նրան կտեղավորեն որդեգրող ընտանիքում կամ նա կլինի խնամակալի հոգածության ներքո, մինչդեռ Ա.Դ.-ի խնամակալությունը կվստահվեր նրա իրավաբանական հորը: Դիմողները սրանից եզրակացրեցին, որ հասարակ որդեգրմանը և անանուն դոնորի շնորհիվ տեղի ունեցած բեղմնավորմանը վերաբերող` Ֆրանսիայի օրենսդրությունն արգելում էր Ա.-ի և առաջին դիմողի միջև որդեգրման իրավահարաբերությունների ստեղծումը, որը կարող էր հնարավոր լինել, եթե վերջինս տղամարդ լիներ: Թեպետ դիմողները շեշտում էին, որ իրենք չեն ցանկանում հարցականի տակ դնել Ֆրանսիայի օրենսդրության դրույթները, որոնք վերաբերում են անանուն դոնորի միջոցով բեղմնավորման հասանելիությանը, նրանք հայտարարում էին, որ օրենքով կա վերաբերմունքի տարբերություն` կախված այն բանից, թե երեխաներին դաստիարակող զույգը կազմված է համատեղ ապրող կամ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող երկու կանանցից, թե միևնույն իրավիճակում գտնվող կնոջից և տղամարդուց:
44. Իբրև լրացուցիչ օրինակ` դիմողները վկայակոչում էին այն սցենարը, երբ պրն. Դ.-ն մեռնում է, Ա.Դ.-ի մայրը հանդիպում է մեկ այլ տղամարդու` պրն. Ն.-ին և որոշում է նրա հետ ընտանիք ստեղծել կամ ամուսնանալ նրա հետ: Պրն. Ն.-ն կարող է դիմել Ա.Դ.-ն հասարակ որդեգրման որոշման հաար, մինչդեռ առաջին դիմողը նույնը չի կարող անել Ա.-ի նկատմամբ:
45. Հետևաբար, տարբեր վերաբերմունք կար համատեղ ապրող, կամ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող երկու կանանց նկատմամբ, ովքեր չէին կարող ամուսնանալ` համեմատած տղամարդու և կնոջ հետ, ով կարող էր թույլտվություն ստանալ մոր ամուսնու համար` որդեգրել երեխային հասարակ որդեգրման որոշմամբ` ինքնաբերաբար կիսելով ծնողական պատասխանատվությունը:
46. Դիմողների կարծիքով, վերաբերմունքի այդ տարբերությունը որևէ օրինական նպատակ չէր հետապնդում: Ամեն դեպքում, երեխայի լավագույն շահերը պահանջում էին, որ նա պետք է ունենա երկու ծնողների, այլ ոչ թե մեկի իրավական պաշտպանությունը: Բացի այդ, ըստ դիմողների` համատեղ հիմքերով ծնողական պատասխանատվության պատվիրակումը (որը նրանք ներպետական դատարաններում չէին խնդրել) բավարար չէր լինի: Դա վերաբերում էր միայն ծնողական պատասխանատվությանը, ժամանակավոր էր և պատրաստակամորեն չէր բավարարվում ազգային դատարանների կողմից 2010թ. հուլիսի 8-ից ի վեր (տես վերը նշված 29 կետը): Նրանք շեշտում էին, որ ավելի շուտ հասարակ որդեգրման մասին որոշումը, այլ ոչ թե համատեղ հիմունքներով ծնողական պատասխանատվության պատվիրակումն էր ապահովում երեխայի շահերի լավագույն երաշխիքը:
47. Դիմողները եզրակացրեցին, որ հասարակ որդեգրման մասին որոշման համար դիմումի մերժումը հավասարազոր էր սեռական կողմնորոշման վրա հիմնված ուղղակի և անուղղակի խտրականության` խախտելով Կոնվենցիան: Նրանց կարծիքով Ֆրանսիայի կառավարությունը պետք է առաջարկի փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որպեսզի վերջ դրվի այդ խտրականությանը:
2. Կառավարությունը
48. Կառավարությունն սկզբում ամփոփ կերպով ներկայացրեց ֆրանսիական օրենսդրության մեջ որդեգրմանն ու ծնողական պատասխանատվությանն առնչվող նորմերը և դրանց նախապատմությունը (տես վերը նշված 17-22 կետերը): Ինչ վերաբերում է ներկա գործին, Կառավարությունը դատական նիստի ժամանակ նշել էր, որ դիմողները չէին դիմել համատեղ հիմունքներով ծնողական պատասխանատվությունը պատվիրակելու համար, թեպետ դա կարելի էր արդարացնել այդ հանգամանքներում (օր.` եթե երկրորդ դիմողը հեռավոր ճամփորդություն կատարեր):
49. Հաջորդը` Կառավարությունը փաստարկում էր, որ Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածը որևէ օբյեկտիվ խտրականություն չէր հարուցում, քանի որ այն միանման կերպով կիրառվում էր չամուսնացած բոլոր զույգերի նկատմամբ` անկախ զույգի կազմից: Խնդրո առարկա հոդվածով նախատեսված միակ բացառությունը, որը կիրառելի էր անձի ամուսնու նկատմամբ, մտցվել էր օրենսդրի կողմից` նպատակ ունենալով երաշխավորել երեխայի շահերը: Ըստ Կառավարության փաստարկների` ամուսնությունը մնում էր մի ինստիտուտ, որը զույգերի ներսում ավելի շատ կայունություն էր ապահովում, քան միության այլ տեսակների դեպքում: Ավելին, ամուսնության քայքայման դեպքում ընտանեկան դատավորն ինքնաբերաբար ներգրավվում էր: Մյուս կողմից, քաղաքացիական ամուսնությունները թույլ էին տալիս գործողությունների ավելի մեծ հարաբերական ազատություն` այդպիսի ամուսնությունների մեջ մտնելու և դրանք դադարեցնելու առումով, և որևէ հետևանք չունեին ընտանեկան օրենսդրության կամ ծնողների ու երեխաների միջև հարաբերությունների համար: Հաշվի առնելով այդ նկատառումները` օրենսդիրները ջանացել էին սահմանափակել հասարակ որդեգրման մասին որոշում ստանալու հնարավորությունը, որպեսզի երեխաների խնամքի ու դաստիարակության համար կայուն դաշտ ապահովեն:
50. Կառավարությունը նաև մերժել էր դիմողների փաստարկն առ այն, որ խտրականությունն առաջացել էր անուղղակիորեն կամ իբրև շղթայական ռեակցիա, որը բխում էր այն փաստից, որ Ֆրանսիայում ամուսնությունը հասանելի է միայն հետերոսեքսուալ զույգերին: Կառավարությունը նշում էր, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` ընտանեկան կյանքը կարող է գոյություն ունենալ ամուսնության սահմաններից դուրս` ճիշտ այնպես, ինչպես որ այն կարող է գոյություն ունենալ առանց ծննդաբանության իրավական կապերի:
51. Ամեն դեպքում, անգամ եթե Դատարանը գտնի, որ եղել է վերաբերմունքի տարբերություն, Կառավարությունն այն կարծիքին էր, որ դա հիմնավորված է և հավասարազոր չէ խտրականության` դիմողների իրավիճակը համեմատվում էր ամուսնացած զույգի, թե քաղաքացիական ամուսնությամբ կամ համատեղ ապրող հետերոսեքսուալ զույգի իրավիճակի հետ:
52. Դատական նիստի ժամանակ Կառավարությունը հատկապես շեշտում էր, որ ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունները ֆրանսիական օրենսդրության մեջ ամբողջությամբ հիմնված են սեռական տարբերությունների մոդելի վրա: Նկատի ունենալով այս մոտեցումը, որը հասարակության կատարած ընտրությունն էր` Կառավարությունն այն կարծիքին էր, որ երեխային թույլ տալ ծագման կապեր ունենալ երկու կանանց կամ երկու տղամարդկանց հետ` հիմնարար բարեփոխում է, որը կարող է ձեռնարկել միայն խորհրդարանը: Հետևաբար, հարցին պետք է մոտենալ միայն ամբողջությամբ` ժողովրդավարական քննարկումների ընթացքում, այլ ոչ շեղող հարցերի միջոցով, ինչպիսին է հասարակ որդեգրման ենթատեքստում ծնողական պատասխանատվության կիսումը:
3. Երրորդ կողմի միջամտողները
53. Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը (FIDH), Իրավաբանների միջազգային հանձնախումբը (ICJ), Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանս- և ինտերսեքսուալների միջազգային միության եվրոպական տարածաշրջանը (ILGA-Europe), Որդեգրման բրիտանական միությունը (BAAF) և ԼԳԲՏ ընտանիքների եվրոպական միությունների ցանցը (NELFA) Դատարանին ներկայացրեցին համատեղ ելույթ:
54. Շահագրգիռ կազմակերպություններն իրենց ելույթը սկսեցին` մատնանշելով այն հանգամանքը, որ կա երեք հստակ իրավիճակ, երբ լեսբուհիները կամ գեյերը երեխաներ են որդեգրում` առաջինը, անդամ երկրում, որտեղ թույլատրվում է, չամուսնացած անձը կարող է ջանալ որդեգրել (անգամ իբրև բացառություն), պայմանով, որ իր պարտնյորը ծնողական իրավունքներ չի ունենա (անհատական որդեգրում): Երկրորդը` միասեռական զույգի անդամներից մեկը կարող է փորձել որդեգրել մյուս պարտնյորի երեխային, այնպես, որ երկու պարտնյորներն էլ երեխայի նկատմամբ ունենան ծնողական իրավունքներ (որդեգրում երկրորդ ծնողի կողմից): Եվ, վերջապես, միասեռական զույգի երկու անդամներն էլ կարող են փորձել համատեղ երեխա որդեգրել, ով նրանցից որևէ մեկի հետ կապ չունի, որպեսզի երկու պարտնյորներն էլ երեխայի նկատմամբ միաժամանակ ձեռք բերեն ծնողական իրավունքներ (համատեղ որդեգրում): Է.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործում (վերը վկայակոչված) Դատարանը որոշում էր կայացրել հօգուտ անհատական որդեգրման բոլոր անձանց համար` անկախ նրանց սեռական կողմնորոշումից: Ներկա գործը վերաբերում էր երկրորդ ծնողի կողմից որդեգրմանը:
55. 2011թ. Եվրոպայի խորհրդի քառասունյոթ անդամ երկրներից տասում թույլատրված էր երկրորդ ծնողի կողմից որդեգրումը, այլ երկրներ քննարկում էին դա թույլատրելու վերաբերյալ իրենց օրենսդրությունը փոփոխելու հարցը: Ըստ երրորդ կողմի միջամտողների՝ մեծանում էր փոխհամաձայնությունն այն հարցում, որ այնտեղ, որտեղ երեխան դաստիարակվում է կայուն միասեռական զույգերից կազմված ընտանիքում, երկրորդ ծնողի կարգավիճակի ճանաչումը նպաստում է երեխայի բարեկեցությանը և նրա լավագույն շահերի պաշտպանությանը:
56. Այլ երկրներում նմանօրինակ միտումներ առկա էին օրենսդրության և նախադեպային իրավունքի մեջ: Միասեռական զույգերի համար երկրորդ ծնողի կողմից որդեգրումը հնարավոր է Կանադայի տասներեք նահանգներում, ԱՄՆ-ի հիսուն նահանգներից առնվազն տասնվեցում և այլ երկրներում, ինչպես, օրինակ, Բրազիլիայում, Ուրուգվայում, Նոր Զելանդիայում և Ավստրիայի որոշ մասերում:
57. Վկայակոչելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և Դատարանի ու ազգային որոշ դատարանների համապատասխան նախադեպային իրավունքը (օր.՝ Միացյալ Թագավորության Լորդերի պալատը և Հարավային Աֆրիկայի Սահմանադրական դատարանը)՝ երրորդ կողմի միջամտողները Դատարանին խնդրեցին ընդունել միևնույն մոտեցումը, որը, նրանց կարծիքով, առաջին տեղում էր դնում երեխայի շահերի պաշտպանությունը:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
58. Իր նախադեպային իրավունքում Դատարանը սահմանել է, որ 14 հոդվածի հիմքերով հարց առաջանալու համար պետք է համապատասխան նմանօրինակ իրավիճակներում տարբերություն լինի մարդկանց նկատմամբ վերաբերմունքի հարցում: Վերաբերմունքի այդ տարբերությունը խտրական է, եթե այն չունի որևէ նպատակ և ողջամիտ հիմնավորում: Այլ կերպ ասած, եթե այն օրինական նպատակ չի հետապնդում կամ գործադրված միջոցների և իրականացվելիք նպատակի միջև ողջամիտ համամասնություն չկա: Պայմանավորվող պետությունն օգտվում է հայեցողության թույլատրելի շրջանակից, երբ գնահատում է, թե արդյոք և ինչ չափով այլ կերպ նմանօրինակ իրավիճակներում տարբերությւոններն արդարացնում են տարբեր վերաբերմունքը (տես Burden v. the United Kingdom [GC], no. 13378/05, § 60, ECHR 2008), ներառյալ օրենսդրության մեջ տարբեր վերաբերմունքը (տես Marckx v. Belgium, 13 June 1979, § 38, Series A no. 31).
59. Մի կողմից Դատարանը մշտապես որոշել է, որ ինչպես սեռի վրա հիմնված տարբերությունները, սեռական կողմնորոշման վրա հիմնված տարբերությւոնները հիմնավորման միջոցով նույնպես պահանջում են հատկապես լուրջ պատճառներ (տես Karner v. Austria, no. 40016/98, § 37, ECHR 2003‑IX; L. and V. v. Austria, nos. 39392/98 and 39829/98, § 45, ECHR 2003‑I; Smith and Grady v. the United Kingdom, nos. 33985/96 and 33986/96, § 90, ECHR 1999‑VI; and Schalk and Kopf v. Austria, no. 30141/04, §§ 96 and 97, ECHR 2010).
60. Մյուս կողմից, հայեցողության թույլատրելի շրջանակը, որից օգտվում են պետությունները՝ գնահատելու համար նմանօրինակ իրավիճակներում, թե արդյոք և ինչ չափով են տարբերություններն արդարացնում տարբեր վերաբերմունքը, սովորաբար լայն է, երբ խոսք է գնում տնտեսական կամ սոցիալական ռազմավարության ընդհանուր միջոցների մասին (օր.՝ տես վերը բերված Schalk and Kopf, § 97).
2. Ներկա գործի նկատմամբ այդ սկզբունքների կիրառումը
61. Հենց սկզբից Դատարանը նկատում է, որ ներկա գործը պետք է տարբերակվի վերը նշված Է. Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի գործից: Վերջինս վերաբերում էր մեկ միասեռական անձի կողմից որդեգրման թույլտվության վերաբերյալ դիմումին: Այդ դեպքում Դատարանը մատնանշում էր, որ ֆրանսիական օրենսդրությունը միայնակ մարդկանց թույլատրում է երեխա որդեգրել՝ դրանով իսկ հնարավորություն տալով միայնակ միասեռականին երեխա որդեգրել: Ներպետական իրավական դրույթների խորապատկերում Դատարանը կարծում էր, որ Կառավարության ներկայացրած պատճառները չեն կարող դիտարկվել իբրև հատկապես համոզիչ և ծանրակշիռ, որպեսզի հիմնավորվի դիմողին թույլտվություն տալու մերժումը: Հետևաբար, նրա դիմումը մերժելու պատճառները վերաբերում էին նրա անձնական իրավիճակին, և Դատարանը գտավ, որ դրանք խտրական են (տես վերը բերված E.B. v. France, § 94):
62. Դատարանը նշում է, որ ներկա գործում դիրքորոշումը տարբեր է՝ դիմողները բողոքում էին երեխայի՝ Ա.-ի հասարակ որդեգրման մասին դիմումը բավարարելու մերժումից: Իրենց որոշման պատճառների մասին ազգային դատարանները գտել էին, որ քանի որ հասարակ որդեգրման մասին որոշման արդյունքում ծնողական պատասխանատվությանն առնչվող իրավունքները կփոխանցվեին որդեգրող ծնողին, դա չէր բխում երեխայի լավագույն շահերից՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նրան ծնած մայրը մտադիր էր շարունակել նրա դաստիարակությունը: Այդ որոշմամբ դատարանները կիրառել էին Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի դրույթները, որոնցով հասարակ որդեգրման դեպքում ղեկավարվում է ծնողական պատասխանատվության գործադրումը: Քանի որ դիմողներն ամուսնացած չէին, այդ դրույթով նախատեսված միակ բացառությունը նրանց վրա չէր տարածվում:
63. Ինչ վերաբերում է ֆրանսիական օրենսդրությամբ նախատեսված՝ անանուն դոնորի միջոցով բեղմնավորմանը՝ դատարանը նշում է, որ դիմողները, առանց ցանկություն ունենալու հարցականի տակ դնել այն պայմանները, որոնցում դա մատչելի է, քննադատել էին իրավական հետևանքները և հայտարարել վերաբերմունքի չհիմնավորված տարբերության մասին (տես վերը նշված 43 կետը, վերջում): Դատարանն ի սկզբանե նկատում է, որ դիմողները խնդրո առարկա օրենսդրությունն ազգային դատարաններում չեն վիճարկել: Բացի այդ ամենից, Դատարանը նշում է, որ թեպետ ֆրանսիական օրենսդրությամբ նախատեսված է, որ անանուն դոնորի միջոցով բեղմնավորումը հասանելի է միայն հետերոսեքսուալ զույգերին, այն նաև նշում է, որ դա պետք է արվի միայն թերապևտիկ նպատակներով՝ նպատակ ունենալով հատկապես բուժելու ախտորոշված անպտղությունը կամ կանխարգելելու հատկապես լուրջ հիվանդության փոխանցումը (տես վերը նշված 25 և 26 կետերը): Ուստի, ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում անանուն դոնորի միջոցով բեղմնավորումը սահմանափակված է ամուլ հետերոսեքսուալ զույգերով՝ մի իրավիճակ, որը համեմատելի չէ դիմողների իրավիճակի հետ: Այսպիսով,Դատարանի կարծիքով, չի կարելի ասել, որ այդ կապակցությամբ դիմողները ֆրանսիական օրենսդրությունից բխող վերաբերմունքի տարբերությունից տուժել են: Ապա Դատարանը նշում է, որ խնդրո առարկա օրենսդրությունը թույլ չի տալիս հաստատել որդեգրման այն իրավահարաբերությունները, որոնց հետամուտ էին դիմողները:
64. Դիմողները հայտարարում էին, որ Ա.-ի մասով առաջին դիմողին հասարակ որդեգրման մասին որոշման մերժումը ֆրանսիական դատարանների կողմից խտրական ձևով խախտել է իրենց անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրենց իրավունքը: Նրանք հայտարարում էին, որ իբրև միասեռական զույգ, վերաբերմունքի առումով իրենք ենթարկվել են չհիմնավորված տարբերության՝ համեմատած հետերոսեքսուալ զույգերի հետ՝ լինեն նրանք ամուսնացած, թե ոչ:
65. Առաջինը, Դատարանը հարկ է համարում քննել դիմողների իրավական վիճակը՝ համեմատած ամուսնացած զույգերի հետ: Այն նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածում նախատեսված է ծնողական պատասխանատվության կիսումն այն դեպքերում, երբ որդեգրող ծնողը կենսաբանական ծնողի ամուսինն է: Դիմողները չեն կարող իրենց թույլ տալ այդ հնարավորությունը, քանի որ ֆրնասիական օրենսդրությամբ նրանց արգելված է ամուսնանալ:
66. Դատարանը հենց սկզբից նկատում է, որ վերը բերված Schalk and Kopf գործը քննելիս ինքն արդեն որոշում է կայացրել, որ Կոնվենցիայի 12 հոդվածով Պայմանավորվող պետությունների կառավարություններին չի պարտադրվում միասեռական զույգերի համար ամուսնությունը հասանելի դարձնելը (տես վերը վկայակոչված Schalk and Kopf, §§ 49 to 64): Միասեռական զույգերի միջև ամուսնության իրավունքը չի բխում նաև Կոնվենցիայի 14 հոդվածից՝ 8 հոդվածի հետ մեկտեղ վերցրած (նույն տեղը, § 101): Հետագայում Դատարանը որոշում է կայացրել առ այն, որ եթե պետությունն ընտրում է միասեռական զույգերին ապահովել ճանաչման այլընտրանքային միջոցներով, տրված ճշգրիտ կարգավիճակի կապակցությամբ այն օգտվում է հայեցողության որոշակի շրջանակից (նույն տեղը, § 108):
67. Դատարանը նշում է, որ ներկա գործով դիմողները հայտարարել են, որ իրենք ոչ թե հետամուտ են եղել ամուսնության մատչելիությանը, այլ հայտարարում էին, որ քանի որ իրենց իրավիճակը համարժեք կերպով նման էր ամուսնացած զույգերի իրավիճակին, իրենք ենթարկվել են խտրական վերաբերմունքի:
68. Այդ փաստարկը Դատարանին չի համոզել: Դատարանը մատնանշում է, որ, ինչպես արդեն ինքն է որոշել, այդ ամուսնությունը հատուկ կարգավիճակ է շնորհում նրանց, ովքեր ամուսնանում են: Ամուսնանալու իրավունքի գործադրումը պաշտպանված է Կոնվենցիայի 12 հոդվածով և առաջացնում է սոցիալական, անձնական ու իրավական հետևանքներ (տես վերը վկայակոչված Burden, § 63, and Shackell v. the United Kingdom (dec.), no. 45851/99, 27 April 2000; տես նաև Nylund v. Finland (dec.), no. 27110/95, ECHR 1999‑VI; Lindsay v. the United Kingdom (dec.), no. 11089/84, 11 November 1986; and Şerife Yiğit v. Turkey [GC], no. 3976/05, 2 November 2010): Համապատասխանաբար, Դատարանը կարծում է, որ չի կարելի ասել, որ երկրորդ ծնողի կողմից որդեգրման նպատակներով դիմողների իրավական հանգամանքներըը համեմատելի են ամուսնացած զույգի իրավական հանգամանքների հետ:
69. Հաջորդը, դառնալով դիմողների բողոքի երկրորդ մասին, Դատարանը պետք է քննի նրանց վիճակը՝ համեմատելով չամուսնացած հետերոսեքսուալ զույգի վիճակի հետ: Վերջինս կարող է, ինչպես դիմողները, լինեն քաղաքացիական ամուսնության մեջ կամ համատեղ ապրեն: Իրականում դատարանը նշում է, որ համեմատելի իրավիճակում ցանկացած զույգ, քաղաքացիական ամուսնության մեջ մտնելով, նույնպես հասարակ որդեգրման համար դիմում ներկայացնելիս մերժում կստանար (տես վերը բերված 19, 24 և 31 կետերը): Հետևաբար, այն դիմողների սեռական կողմնորոշման վրա հիմնված վերաբերմունքի որևէ տարբերություն չի տեսնում:
70. Ճիշտ է, որ դիմողները նաև հայտարարել էին անուղղակի խտրականության մասին, որը հիմնված էր այն փաստի վրա, որ իրենց համար անհնարին էր ամուսնանալը, մինչդեռ հետերոսեքսուալ զույգերը կարող էին այդ միջոցով շրջանցել Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածը:
71. Այդուհանդերձ, այդ կապակցությամբ Դատարանը կարող է միայն հղում անել իր նախկին եզրակացություններին (տես վերը բերված 66-ից 68 կետերը):
72. Եվ, վերջինը, իբրև այլընտրանք, Դատարանը նկատում է, որ ինքը նախկինում ընդունել է, որ որդեգրման նկատմամբ այդ մոտեցման տրամաբանությունը, որը հանգեցնում է որդեգրվածի և նրա կենսաբանական ծնողի միջև գոյություն ունեցող ծնողական կապի խստացմանը, վավեր է անչափահասների դեպքում (տես, անհրաժեշտ փոփոխություններով, Emonet and Others v. Switzerland, no. 39051/03, § 80, 13 December 2007): Դատարանը կարծում է, որ, նկատի ունենալով Քաղաքացիական օրենսգրքի 365 հոդվածի նախապատմությունն ու նպատակը (տես վերը բերված 19 կետը), որով հասարակ որդեգրման դեպքում կառավարվում է ծնողական պատասխանատվության իրականացումը, որևէ հիմնավորում չկա, այդ դրույթի կիրարկումը վիճարկելու զուտ հիմքի վրա, թույլատրել Ա.-ի հետ ծնող-երեխա կրկնակի իրավահարաբերությունների ստեղծումը:
73. Համապատասխանաբար, Դատարանը եզրակացնում է, որ չի եղել Կոնվենցիայի 14 հոդվածի որևէ խախտում՝ 8 հոդվածի հետ մեկտեղ վերցրած:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. միաձայն մերժում է Կառավարության նախնական առարկությունը.
2. վեց ձայնով ընդդեմ մեկի որոշում է, որ չի եղել Կոնվենցիայի 14 հոդվածի որևէ խախտում՝ 8 հոդվածի հետ մեկտեղ վերցրած:
Կազմված է ֆրանսերեն լեզվով և կայացված դռնբաց նիստում, 2012թ. մարտի 15-ին, Ստրասբուրգում, մարդու իրավունքների դատարանի շենքում:
Կլաուդիա ՎեստերդիկԴին Սփիլման
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45 § 2 հոդվածի և Դատարանի Կանոնակարգի 74 § 2 կանոնի հիման վրա սույն վճռին կցված են հետևյալ առանձին կարծիքները`
(ա) Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող`դատավոր Կոստայի հատուկ կարծիքը, որին միացել է նախագահ Սփիլմանը.
(բ) Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը համընկնող` դատավոր Սփիլմանի հատուկ կարծիքը, որին միացել է դատավոր Բերրո-Լեֆևրը.
(գ) Դատարանի մեծամասնության դիրքորոշմանը չհամընկնող` դատավոր Վիլլիգերի կարծիքը:
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներով կան վճռի պաշտոնական լեզվական տարբերակում /տարբերակներում/: Այդ մասին կարելի է տեղեկություններ ստանալ Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների շտեմարանից` HUDOC-ից:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy