© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՎՐԱՍՏԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
(Գանգատ թիվ 13255/07)
ՎՃԻՌ
(Ըստ էության քննություն)
[Քաղվածքներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2014 թվականի հուլիսի 3
Այս վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
...
Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործով (I),
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` որպես Մեծ Պալատ, հետևյալ կազմով.
Josep Casadevall, Նախագահ,
Nicolas Bratza,
Mark Villiger,
Isabelle Berro-Lefèvre,
Corneliu Bîrsan,
Peer Lorenzen,
Elisabeth Steiner,
Khanlar Hajiyev,
Päivi Hirvelä,
Luis López Guerra,
Mirjana Lazarova Trajkovska,
Nona Tsotsoria,
Ann Power-Forde,
Zdravka Kalaydjieva,
Vincent A. De Gaetano,
André Potocki,
Dmitry Dedov, դատավորներ,
և Michael O’Boyle, Քարտուղարի տեղակալ,
2012 թվականի հունիսի 13-ին և 14-ին, և 2014 թվականի մարտի 26-ին դռնփակ նիստի ընթացքում կայացրեցին հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջինը նշված օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը սկիզբ է առել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի («Կոնվենցիա») 33-րդ հոդվածի համաձայն Վրաստանի կողմից Ռուսաստանի Դաշնության դեմ 2007 թվականի մարտի 26-ին բերված գանգատի (թիվ 13255/07) հիման վրա: Վրացական Կառավարությանը («դիմող Կառավարություն») Դատարանում ներկայացնում էր նրա Ներկայացուցիչը պարոն Լևան Մեշխորաձեն: Նրանց նախկինում հաջորդաբար ներկայացնում էին նախորդ ներկայացուցիչները` պարոն Բեսարիոն Բոխաշվիլին և պարոն Դավիթ Թոմաձեն:
2. Ռուսական Կառավարությանը («պատասխանող Կառավարություն») ներկայացնում էր նրանց ներկայացուցիչը` պարոն Գեորգի Մատյուշկինը: Նրանց նախկինում ներկայացնում էին նրանց նախորդ ներկայացուցիչը` տիկին Վերոնիկա Միլինչուկը:
3. Դիմող Կառավարությունը պնդել է, որ պատասխանող Կառավարությունը թույլատրել կամ նախաձեռնել է 2006 թվականի աշնանը Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և կոլեկտիվ արտաքսման վարչական պրակտիկան, որի արդյունքում խախտվել են Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները, 1-ին Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները, 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը և 7-րդ Արձանագրությունը 1-ին հոդվածը:
II. ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՊԱԼԱՏՈՒՄ
4. Գանգատը փոխանցվել է Դատարանի 5-րդ Բաժանմունքին (Դատարանի կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին մաս):
5. 2007 թվականի ապրիլի 13-ին Պալատի նախագահը որոշեց ծանուցել պատասխանող Կառավարությանը գանգատի մասին` հրավիրելով նրանց դիրքորոշում ներկայացնել գանգատների ընդունելիության վերաբերյալ: Այդ նպատակի համար սահմանված վաղեմության ժամկետի ավարտից հետո` 2007 թվականի դեկտեմբերի 26-ին, պատասխանող Կառավարությունը ներկայացրել է իր դիրքորոշումը հավելվածների հետ միասին:
6. 2008 թվականի հունվարի 4-ին դիմող Կառավարությանը ծանուցեցին ի պատասխան ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Այդ նպատակի համար սահմանված վաղեմության ժամկետի ավարտից հետո` 2008 թվականի մայիսի 5-ին, նրանք ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հավելվածների հետ միասին:
7. Պատասխանող Կառավարությունը 2008 թվականի 23-ին պատասխանող Կառավարությունը լրացուցիչ դիրքորոշում է ներկայացրել:
8. Դատարանը 2008 թվականի նոյեմբերի 25-ին գնահատել է վարույթների դրությունն ու որոշել է լսել կողմերի բանավոր դիրքորոշումները գանգատի ընդունելիության վերաբերյալ: Այն նաև որոշել է կողմերին ծանուցել նախքան լսումները գրավոր պատասխանել առաջադրված հարցերին:
9. 2009 թվականի մարտի 18-ին կողմերը գրավոր ներկայացրել են Դատարանի կողմից առաջադրված հարցերին:
10. 2009 թվականի հունիսի 30-ին` ընդունելիության հարցերի վերաբերյալ 2009 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցած նիստից հետո, այդ Բաժանմունքի պալատը հետևյալ կազմով` Պիեր Լորենզեն` Նախագահ, Ռայթ Մարուստե, Կարել Ջունգվիերթ, Անատոլի Կովլեր, Ռենատե Ջաեգեր, Մարկ Վիլլիջեր և Նոնա Ցոցորիա, ինչպես նաև` Կլաուդիա Վեսթերդիեկ` Բաժանմունքի քարտուղար, գանգատն ընդունելի հայտարարեցին:
III. ՄԵԾ ՊԱԼԱՏՈՒՄ ԳՈՐԾԻ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. 2009 թվականի դեկտեմբերի 15-ին Պալատը հրաժարվեց իր իրավազորությունից հօգուտ Մեծ Պալատի. կողմերից ոչ մեկն առարկություն չուներ հրաժարման դեմ (Կոնվենցիայի 30-րդ հոդված և 72-րդ կանոն):
12. 2010 թվականի հունվարի 8-ին Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի ու Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն որոշվել է Մեծ Պալատի հետևյալ կազմը. Ժան-Պոլ Կոստա` Նախագահ, Խրիստոս Ռոզակիս, Նիկոլաս Բրատցա, Պիեր Լորենզեն, Ֆրանսուիզ Թուլկենս, Ջոսեֆ Կասադեվալ, Կարել Ջունգվիերթ, Ռայթ Մարուստե, Անատոլի Կովլեր, ռենատե Ջաեգեր, Մարկ Վիլլիջեր, Իզաբելլա Բերրո-Լեֆեվրե, Լուիզ Լոպեզ Գուերրա, Միրժանա Լազարովա Տրաժկովսկան, Նոնա Ցոցորիան, Աննա Պաուրը և Զդրավկա Կալայջիևան` դատավորներ, ու Միքայել Օ Բոյլը` Դատարանի քարտուղարի տեղակալը: 2011 թվականի նոյեմբերի 3-ին Ժան-Պոլ Կոստայի լիազորությունները որպես դատարանի նախագահ ավարտվեցին: Նիկոլաս Բրատցան փոխարինեց նրան այդ պաշտոնում և այդ օրվանից ստանձնեց սույն գործով Մեծ Պալատի նախագահությունը (9-րդ Կանոնի 2-րդ մաս): 2012 թվականի հոկտեմբերի 31-ին Նիկոլաս Բրատցայի լիազորությունները որպես Դատարանի նախագահի ավարտվեցին: Այդ օրվանից Ջոզեֆ Կասադեվալը` Դատարանի փոխնախագահը, սույն գործով ստանձնեց Մեծ Պալատի նախագահությունը: Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 24-րդ կանոնի 4-րդ մասի համաձայն` Նիկոլաս Բրատցան շարունակեց պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը: 2014 թվականի մարտի 26-ին` սույն վճռի կայացման օրը, Մեծ Պալատի նոր կազմը տեքստի սկզբում վերոհիշատակվածն է:
13. Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման պայմանների հետ կապված որոշակի հանգամանքները հստակեցնելու համար Կոնվենցիայի 38-րդ հոդվածի ու Դատարանի կանոնակարգի հավելվածի Ա1 կանոնի համաձայն Դատարանը որոշեց մյուս ապացույցները հետազոտել բանավոր կարգով: Այդ նպատակի համար Դատարանը Մեծ Պալատի կազմից 5 դատավորների` Ջոզեպ Կասադեվալլին, Անատոլի Կովլերին, Մարկ Վիլիջերին, Իզաբելլ Բերրո-Լեֆեվրեյին և Նոնա Ցոցորիային պատվիրակ նշանակեց:
14. 2010 թվականի հունիսի 28-ին Մեծ պալատի նախագահը յուրաքանչյուր կողմին տեղեկացրեց, որ կարող են ներկայացնել վկաների դատակոչի ցուցակ (առավելագույնը 10 մարդ), ում նրանք կցանկանային, որ պատվիրակությունը լսեր: Նա նաև ծանուցեց Դատարանի կողմից ընտրված լրացուցիչ 5 վկաների: Դիմող Կառավարությունն իր վկաների դատակոչի ցուցակն ուղարկեց 2010 թվականի օգոստոսի 11-ին, իսկ պատասխանող Կառավարությունը ցուցակն ուղարկեց 2010 թվականի օգոստոսի 14-ին:
15. 2011 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Մեծ Պալատի դատավորների պատվիրակությունը դռնփակ դատական նիստում կողմերի ներկայացուցիչների ներկայությամբ Ստրասբուրգում` Մարդու իրավունքների վարչական շենքում, լսեց վկաներին:
16. Ընդհանուր առմամբ պատվիրակությունը լսեց 21 վկաների, որոնցից 9-ին դատակոչել էր դիմող Կառավարությունը, 10-ին` պատասխանող Կառավարությունը, իսկ նրանցից 2-ին ընտրել էր Դատարանը:
17. Պատվիրակության կողմից հարցաքննված վկաների դատակոչի ցուցակն ու նրանց բանավոր ցուցմունքների արձանագրությունը կցվել են սույն վճռին` որպես հավելված: Վկաների կողմից պատվիրակությանը տրված ցուցմունքների արձանագրությունը Դատարանի քարտուղարության կողմից ներառվեց այս գործի նյութերում:
18. 2010 թվականի հունիսի 28-ի և 2011 թվականի մարտի 8-ի նամակներով Նախագահը պատասխանող Կառավարությանը ծանուցեց Դատարանին այլ փաստաթղթեր ներկայացնելու մասին: Պատասխանող Կառավարությունն այս նամակներին համապատասխանաբար պատասխանեց 2010 թվականի օգոստոսի 14-ին և 2011 թվականի ապրիլի 15-ին:
19. 2011 թվականի հուլիսի 18-ին Նախագահը կողմերին ծանուցեց գործի քննության նյութերի և վկաների բանավոր հարցաքննության արձանագրության վերաբերյալ ամենաուշը մինչև 2011 թվականի նոյեմբերի 30-ը դիրքորոշում ներկայացնելու մասին, որոնք նրանց նախօրոք էին ուղարկվել (Դատարանի կանոնակարգի 58-րդ կանոնի 1-ին մաս և Հավելվածի Ա8 կանոնի 3-րդ մաս): Կողմերի դիրքորոշումները Դատարան մուտք եղան այդ օրը:
20. Գործի ըստ քննության դռնբաց նիստը տեղի ունեցավ 2012 թվականի հունիսի 13-ին Սրասբուրգում` Մարդու իրավունքների վարչական շենքում (58-րդ կանոնի 2-րդ մաս):
Դատարան էին ներկայացել.
(ա) դիմող Կառավարության կողմից
տիկին Տ. Բուրժալիանին, Արդարադատության նախարարի 1-ին տեղակալը,
պարոն Լ. Մեշխորաձեն, Ներկայացուցիչ,
տիկին Կ. Ցխոմելիձեն,
տիկին Մ. Վաշակիձեն,
տիկին Ն. Աբրամիշվիլին, Խորհրդականներ,
(բ) պատասխանող Կառավարության կողմից
պարոն Գ.Մատյուշկինը, Արդարադատության նախարարի տեղակալը, Ներկայացուցիչ,
տիկին Ն. Զյաբկինան, Ներկայացուցչի 1-ին տեղակալը,
տիկին Ա. Զեմսկովան,
տիկին Ի. Կորիեվան,
պարոն Յու. Պետուխովը,
տիկին Գ. Խոխրինան,
տիկին Յու. Ցիմբալովան,
պարոն Ե. Շիպիտցինը,Խորհրդականներ.
Տիկին Բուրժալիանին ու պարոն Մատյուշկինն էին դիմում Դատարանին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
21. Գործի փաստերը կարելի է շարադրել հետևյալ կերպ.
Ա. Ներածություն
22. Ուսումնասիրելով Դատարանին ներկայացված բոլոր ապացույցները` պարզ է դառնում, որ 2006 թվականի սեպտեմբերի 27-ին Թբիլիսիում 4 ռուսական սպաների ձերբակալությամբ և Ռուսաստանի Դաշնության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 3-ին Վրաստանի հետ բոլոր` օդային, ցամաքային, ծովային, երկաթուղային, փոստային և ֆինանսական կապերի դադարեցմամբ 2006 թվականի ամռան վերջին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև քաղաքական լարվածությունը հասել էր իր բարձրագույն կետին: Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի քաղաքացիների արտաքսումը 2006 թվականի սեպտեմբերի վերջին արդեն զեկուցվել էր միջազգային մեդիայի կողմից և այդ զեկույցները հետագայում վերահաստատվել էին բազմաթիվ միջազգային կառավարական և հասարակական կազմակերպությունների կողմից (տես, inter alia, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի 2007 թվականի հունվարի 22-ի զեկույցը (PACE)` «Վրաստանի և Ռուսաստանի միջև ընթացիկ հակասությունները», AS/Mon(2006)40 rev., «Human Rights Watch (HRW)»-ի 2007 թվականի հոկտեմբերի զեկույցը` «Վտարել. վրացիների կալանավորումն ու արտաքսումը ռուսների կողմից», 19-րդ Հատոր, թիվ 5(Դ), և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) 2007 թվականի ապրիլի զեկույցը` «Միգրանտները Ռուսաստանում» թիվ 472):
23. Հաստատվել է, որ քննարկվող ժամանակահատվածում (2006 թվականի սեպտեմբերի վերջից մինչև 2007 թվականի հունվարի վերջը) Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել, կալանավորվել և հետագայում արտաքսվել են Ռուսաստանի Դաշնության տարածքից:
24. Ըստ դիմող Կառավարության` այս ռեպրեսալիաները հաջորդել են Թբիլիսիում ռուս սպաների ձերբակալությանը և Վրաստանի քաղաքացիներն արտաքսվել են ուղղակի այն պատճառով, որ վրացիներ են` առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե նրանք օրինական կամ անօրինական են գտնվել Ռուսաստանի Դաշնության տարածքում:
25. Ըստ պատասխանող Կառավարության` Թբիլիսիում ռուս 4 սպաների ձերբակալությանն առնչվող դեպքերն ամբողջությամբ տեղին չեն այն փաստերի հետ, որոնք շարադրված են դիմող Կառավարության կողմից ներկայացված գանգատում: Ռուսաստանի իշխանությունները Վրաստանի քաղաքացիների դեմ ռեպրեսալիայի որևէ միջոց չեն ձեռնարկել, այլ միայն շարունակել են Կոնվենցիայի պահանջներին ու Ռուսաստանի Դաշնության միջազգային պարտավորություններին համապատասխան կիրառել օրենսդրական դրույթներն անօրինական միգրացիան արգելելու համար:
26. Կողմերը ներկայացրել են իրարամերժ վիճակագրական ապացույցներ այդ ժամանակահատվածում արտաքսված Վրաստանի քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ:
27. Մասնավորապես դիմող Կառավարությունը ներկայացրել է, որ 2006 թվականի սեպտեմբերի վերջից մինչև 2007 թվականի հունվարի վերջն ընկած ժամանակահատվածում 4 634 արտաքսման հրամաններ են արձակվել ընդդեմ Վրաստանի քաղաքացիների, որոնցից 2 380-ը ձերբակալվել էր և հարկադրաբար արտաքսվել, իսկ մնացած 2 254-ը երկիրը լքել էր սեփական միջոցների հաշվին: Նրանք հստակեցրել են, որ 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի հունվարը եղել է Վրաստանի քաղաքացիների արտաքսման կտրուկ աճ, որը 2006 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր կազմել է ամսական 80-ից մինչև 100 քաղաքացի, իսկ 2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում` մոտավորապես 700-ից մինչև 800 քաղաքացի: Վկաների հարցաքննության ժամանակ պարոն Պատարիձեն` այդ ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպանը, հայտարարեց, որ 2006 թվականի վերջից Մոսկվայում Վրաստանի դեսպանատունը ողողված էր ձերբակալված անձանց հարազատների հեռախոսազանգերով և օգնության մասին խնդրանքներով և որ ամեն օր 200-ից 300 Վրաստանի քաղաքացիներ էին գալիս դեսպանատուն: Նա նաև ասեց, որ այդ ժամանակահատվածում աճել էր ճամփորդական փաստաթղթերի թիվը (որոնք անհրաժեշտ էին Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու համար), մասնավորապես` այդ թիվն օրական 10-ից 15 թղթից ավելացել էր մինչև օրական 150 թղթի ...
28. Պատասխանող Կառավարությունը, որը հայտարարեց, որ նրանք ունեն միայն տարեկան կամ կիսամյակային վիճակագրական տվյալները, հայտնեց, որ 2006 թվականի Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու վերաբերյալ 4 022 վարչական հրաման է արձակվել, որը 39.7 տոկոսով ավել է 2005 թվականի համեմատ: Այնուամենայնիվ, այդ տարվա ընթացքում արտաքսման վերաբերյալ ամենամեծ թվով վարչական հրամաններ արձակվել են Ուզբեկստանի քաղաքացիների նկատմամբ (6 089), որոնց հաջորդում են Տաջիկստանի քաղաքացիները (4 960) և հետո Վրաստանի քաղաքացիները (4 022), ովքեր իրականում միայն 3-րդ տեղում են: 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2007 թվականի ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի 2 862 քաղաքացիներ են եղել արտաքսման հրամանների սուբյեկտներ: Նրանք նաև մատնանշել են, որ 2006 թվականի հոկտեմբերի ընթացքում Ռուսաստանի Դաշնության 4 ինքնաթիռներ չարթերային չվերթով 445 Վրաստանի քաղաքացիների Մոսկվայից տեղափոխել են Թբիլիսի և որ 2006 թվականի հոկտեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին Վրաստանի 2 ինքնաթիռներ չարթերային չվերթով Վրաստանի 220 քաղաքացիների Մոսկվայից տեղափոխել են Թբիլիսի: Վկաների հարցաքննության ժամանակ պարոն Շևչենկոն, ով քննարկվող ժամանակահատվածում եղել էր Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի հսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, հայտնեց, որ 2006 թվականի հոկտեմբերի 6-ի թռիչքը եղել է Արտակարգ իրավիճակների նախարարության բեռնատար ինքնաթիռով (ԻԼ 76), 2006 թվականի հոկտեմբերի 10-ին, 11-ին և 17-ին Ռուսական մարդատար ինքնաթիռներով (ԻԼ 62 Մ), իսկ 2006 թվականի հոկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 6-ին` Վրացական մարդատար ինքնաթիռներով ...
29. Ինչ վերաբերում է միջազգային կառավարական և հասարակական կազմակերպություններին, ապա նրանք մասամբ կրկնել են դիմող Կառավարության կողմից ներկայացրած հանգամանքները (տես, inter alia, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի զեկույցը – ԽՎՄԿ զեկույց, կետ 56): «Human Rights Watch (HRW)»-ն իր մասով իր զեկույցում նույնպես հղում է տվել Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ միգրացիոն ծառայության 2006 թվականի նոյեմբերի 1-ի տեղեկատվական հաղորդագրությանը («HRW» զեկույց, էջ 37): Ըստ «HRW»-ի` այդ հաղորդագրությունը մատնանշում էր, որ 2006 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների դեմ արտաքսման 2 681 վարչական հրամաններ են արձակվել և Վրաստանի 1 194 քաղաքացիներ են արտաքսվել: Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան («FIDH») իր զեկույցում նշել է 2006 թվականի սեպտեմբերի 27-ի միջադեպից հետո «հազարավոր ձերբակալվածների (Վրաստանի քաղաքացիների), հարյուրավոր կալանավորվածների և Վրաստան արտաքսման մասին» («FIDH» զեկույց, էջ 23):
Բ. Հատկապես Վրաստանի քաղաքացիների նկատմամբ արտաքսման թիրախավորված քաղաքականության ենթադրյալ առկայությունը
1.Կարգադրություններ և հրամաններ
30. Իրենց գանգատների հիմնավորման համար դիմող Կառավարությունը ներկայացրել է Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության (GUVD) և Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայության կողմից ներկայացված որոշ փաստաթղթեր: Դրանք վերաբերում էին 2 հրամաների, մասնավորապես` Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության 2006 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 0215 հրամանին (приказ) և Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 849 հրահանգին (указание):
31. Այդ փաստաթղթերը հետևյալներն էին.
i. Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության (GUVD) կողմից 2006 թվականի հոկտեմբերի 2-ին և 3-ին ընդունված ցուցումները.
(ա) 2006 թվականի հոկտեմբերի 2-ի առաջին ցուցումը, որն ուղարկված էր Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության (GUVD) պետի, այդ ժամանակ ոստիկանության գեներալ-մայոր պարոն Վ.Ջ.Պիոտրովսկու կողմից և հասցեագրված էր վարչության բաժիների պետերին, վերնագրված էր հետևյալ կերպ. «ՆԳԳՎ (GUVD) 2006 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 0215 հրամանի (§§ 6.1-րդ, 6.2-րդ և 7-րդ մասերի) կիրառության արդյունավետության բարձրացում», և հրամայում էր, որ
«1. 2006 թվականի հոկտեմբերի 2-ից մինչև 4-ը Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ֆեդերալ միգրացիոն ծառայության տարածքային բաժինների, այդ թվում` բոլոր բաժանմունքների աշխատակիցների հետ համագործակցությամբ անհրաժեշտ է ձեռնարկել լայնամասշտաբ միջոցառումներ հնարավորինս շատ Վրաստանի այն քաղաքացիներին (граждане) բացահայտելու համար, ովքեր անօրինական հիմունքներով են գտնվում Ռուսաստանի տարածքում, և նրանց արտաքսել»,
«2. միջնորդություններ ներկայացնել (Инициировать) դատարաններ այն գործերով, որոնցով խախտվել են օտարերկրյա քաղաքացիների գրանցման կանոնները` արտաքսելով միայն վերոհիշյալ կատեգորիայի քաղաքացիներին` նրանց կալանավորելով Ներքին գործերի գլխավոր վարչության (GUVD) ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու կենտրոնում: Այս միջոցառումների կիրառումը հաստատվել է Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ֆեդերալ միգրացիոն ծառայության դիրեկտորիատի (UFMS) կողմից և որոշումների ընդունումը կոորդինացվել է Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանի և Լենինգրադի շրջանային դատարանի հետ» (քննարկվող ցուցումն առկա է նաև «PACE»-ի զեկույցի հավելվածում և «HRW»-ի զեկույցում, ինչպես նաև այն մատնանշված է «FIDH»-ի զեկույցում` էջ 26 (բ) եզրափակիչ մասում):
(բ) 2006 թվականի հոկտեմբերի 2-ի երկրորդ ցուցումը (թիվ 122721∕13) և 2006 թվականի հոկտեմբերի 3-ի երրորդ ցուցումը (թիվ 122721∕17) լրացնում էին առաջինին: Երկրորդ ցուցումը, որն ուղարկված էր այդ ժամանակ Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության (GUVD) բաժնի պետի` պարոն Ս.Ն.Ստարաժենկոյի կողմից և հասցեագրված էր ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանային բաժանմունքների պետերին ու Սանկտ-Պետերբուրգի տրանսպորտի դեպարտամենտի պետին, նույնպես վկայակոչում էր թիվ 0215 հրամանը: Երրորդ ցուցումը, որն ուղարկված էր այդ ժամանակ ոստիկանության Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պետի` պարոն Վ.Դ.Կուդրյավցևի կողմից և հասցեագրված էր ոստիկանության շրջանային դեպարտամենտների պետերին, համապատասխան մարմիններին կարգադրում էր օրական հաշվետվություններ ներկայացնել «վարչական իրավախախտումների ... և բնակության վայրում գրանցվելը կարգավորող նորմերի խախտումների համար» ձերբակալված Վրաստանի քաղաքացիների թվաքանակի մասին:
ii. այդ ժամանակ ոստիկանության Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի պետի` պարոն Վ.Դ.Կուդրյավցևի 2006 թվականի հոկտեմբերի 2-ի ցուցումը (թիվ 122721∕11) հղում էր տալիս թիվ 0215 հրամանի 3-րդ պարագրաֆի իմպլեմենտացմանը:
iii. Ֆեդերալ միգրացիոն ծառայության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունված` Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 849 հրամանը կիրառելու մասին պարզաբանումը մատնանշում էր այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին ապահովելու համար Վրաստանի քաղաքացիների` Ռուսաստանի Դաշնությունում գրանցվելու օրինականության նկատմամբ հսկողությունը. գործատուների կողմից Վրաստանի քաղաքացիների հավաքագրման ստուգումը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-18.11 հոդվածները խախտած Վրաստանի քաղաքացիների ստուգումը, Վրաստանի քաղաքացիների կողմից հայցվող որոշակի փաստաթղթերի մասին նրանց դիմումների կասեցումը (Ռուսաստանի քաղաքացիության ձեռքբերման մասին, հաշվառման փաստաթղթերը, մշտական կամ ժամանակավոր կացության թույլտվությունները) և նման փաստաթղթերը տրամադրելու մասին որոշումների օրինականության ստուգումը (պարզաբանումը հայտնվել է նաև «HRW»-ի զեկույցի հավելվածում):
32. Պատասխանող Կառավարությունը հայտնել է, որ այս բոլոր կարգադրությունները` հրամանն ու ցուցումը, կեղծվել են, իսկ բովանդակությունն էլ վիճելի է: Այնուամենայնիվ, նրանք հաստատել են այդ երկու հրամանների գոյությունը, սակայն հավելել են, որ դրանք չեն կարող տրամադրվել Դատարանին, քանի որ դրանք դասակարգված են որպես «պետական գաղտնիք» կազմող փաստաթղթեր: Վկաների հարցաքննության ժամանակ պարոն Նիկիշկինը, ով հարցաքննության պահին Ներքին գործերի նախարարության իրավական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, հաստատեց, որ ենթադրաբար Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի գլխավոր վարչության կողմից 2006 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված ցուցումը (թիվ 122721∕08) (տե´ս վերը` կետ 31) կեղծված փաստաթուղթ է, իսկ թիվ 0215 և թիվ 849 հրամանները (վերջինն իրականում հեռագիր է եղել) դասակարգված են եղել որպես «պետական գաղտնիք» կազմող փաստաթղթեր ու վերաբերել են բազմաթիվ ազգային հանցավոր խմբավորումներին, և ոչ թե թիրախավորված վերաբերել են Վրաստանի քաղաքացիներին: Դրանք չեն կարող բացահայտվել, քանի որ դա արգելված է Ռուսաստանի օրենսդրությամբ (...):
33. 2006 թվականի իր տարեկան զեկույցում պարոն Վ.Պ.Լուկինը` քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը (ՌԴ մարդու իրավունքների պաշտպանը) հրապարակել է 2006 թվականի հոկտեմբերի 2-ի (թիվ 122721∕08) ցուցումի ամբողջական տեքստը, որում պարոն Վ.Յ.Պիոտրովսկիի անվան դիմաց ստորագրություն առկա չէ: Հանձնակատարն ասաց, որ ցուցումն իրեն ուղարկել են Սանկտ-Պետերբուրգի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները և որ դա հրապարակվել էր տեղական թերթերի կողմից: Նա մեկնաբանել է հետևյալ կերպ. «Իրերն իրենց անունով կոչելու համար, այս աննախադեպ փաստաթուղթն այն բանի ապացույցն է, որ (...) ոստիկանության բազմաթիվ բարձրաստիճան սպաներ դատական իշխանության հետ համաձայնության մեջ են մտել ժամանակավոր հաշվառման կանոնները խախտած ու դեռևս ինքնությունը չպարզված անձանց վերաբերյալ չարդարացված դատական ակտեր ձեռք բերելու նպատակով և միայն այն հիմքով, որ վերջիններս Վրաստանի քաղաքացիներ են` անտեսելով այդ հանգամանքներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները»: Շարունակել է, որ խնդրել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազին ստուգել, թե փաստաթուղթն արդյոք կեղծված է, թե` ոչ, և եթե կեղծված է, ապա «ձեռնարկել համարժեք միջոցառումներ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար և վերացնել դրանում պարունակվող ակնհայտ անօրինական ցուցումը» (Ռուսաստանի Դաշնության Մարդու իրավունքների հանձնակատարի 2006 թվականի տարեկան զեկույց, կետ 7` «Միջէթնիկական հարաբերություններ և մարդու իրավունքներ»):
34. Իր նամակում` պատասխանելով 2006 թվականի դեկտեմբերի 8-ի նամակին, պարոն Ա.Ե.Բուկսմանը` քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալը, ասաց, որ «հաստատվել էր, որ Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի իրավապահ մարմինները կանոնավոր կերպով ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ, որոնց նպատակը Սանկտ-Պետերբուրգում և Լենինգրադի շրջանում անօրինական կերպով գրանցված օտարերկրյա քաղաքացիների արտաքսումն է: Այս միջոցառումները ձեռնարկվել են Ռուսաստանի Դաշնության քրեական դատավարության օրենսգրքի, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՌԴ օրենքի (Об оперативно-розыскной деятельности РФ) դրույթներին և ենթաօրենսդրական ակտերին, այդ թվում` նրանք, որոնք պարունակում են «պետական գաղտնիք», համապատասխան: Ընթացիկ տարվա ընթացքում 1 069 օտարերկրյա քաղաքացի է Սանկտ-Պետերբուրգից հետ ուղարկվել իր հայրենիք, որոնցից 131-ն ունեցել են Վրաստանի քաղաքացիություն: Ոստիկանության պաշտոնյաների կողմից իշխանության չարաշահման որևէ դեպք չի արձանագրվել»:
35. Իր զեկույցում Մարդու իրավունքների հանձնակատարը հետևյալ կերպ է նկարագրել Գլխավոր դատախազի պատասխանը. «լավագույն բյուրոկրատիկ ավանդույթներին համապատասխան փաստաթուղթը որևէ պատասխան չէր տալիս Հանձնակատարի կողմից առաջ քաշված հարցերին: Փոխարենը Գլխավոր դատախազի տեղակալի «պատասխանը» պարունակում էր Սանկտ-Պետերբուրգի իրավապահ մարմինների հաջողությունների մասին համառոտ զեկույց և հղում տալով ենթաօրենսդրական ակտերին, որոնք պահանջվող տեղեկատվությունը որակում են որպես «պետական գաղտնիք»` հաստատելով, որ ապացույց առկա չէ աշխատողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու մասին: Անորոշ է մնում այն հարցը, թե արդյունքում Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի ներքին գործերի նախարարության դիրեկտորիատի ենթաբաժիններն արդյոք չեն կատարել իրենց վերահսկողական պարտականությունները բացահայտելու ակնհայտ անօրինական ցուցումները»:
2. Տարբեր դպրոցներ ուղարկված հարցումներն և Ռուսաստանի իշխանությունների պատասխանները
36. Դիմող Կառավարությունը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության` Մոսկվայի 2 բաժինների` «Տագանսկի» (այդ ժամանակ ղեկավարը եղել է պարոն Գ.Ս.Զախարովը) և «Զապադնի (Արևմտյան)» (այդ ժամանակ ղեկավարի տեղակալը եղել է պարոն Ա.Վ.Կոմարովը) կողմից 2006 թվականի հոկտեմբերի 2-ին և 3-ին դպրոցներին ուղարկված 2 նամակները վրացի աշակերտների ինքնության պարզման վերաբերյալ, ի թիվս այլնի, նպատակ ունենալով «ապահովել հասարակական կարգն ու օրենքի նկատմամբ հարգանքը, կանխել ահաբեկչական ակտերն ու լարվածությունը Մոսկվայում բնակվող երեխաների ու վրացի երեխաների (национальность) միջև» (պարոն Զախարովի նամակը): 2006 թվականի հոկտեմբերի 4-ի պատասխան նամակում այդ հաստատություններից մեկի տնօրենը (պարոն Էնգելս) հայտնել է, որ աշակերտների գրանցումն ըստ ազգային պատկանելիության չի կատարվում (պարոն Զախարովի և պարոն Էնգելսի նամակները նույնպես հայտնվեցին Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի (PACE) և «HRW»-ի զեկույցների հավելվածներում): Տեղեկատվություն տրամադրելու մասին այս դիմումների ուղարկումը լայնորեն քննարկվեց ռուսական լրատվության միջոցներով:
37. Պատասխանող Կառավարությունը չվիճարկեց նամակների գոյությունը և նույնիսկ տեղեկացրեց, որ 2006 թվականի հոկտեմբերի սկզբին Ներքին գործերի նախարարության դիրեկտորիատի Մոսկվայի Բուտիրսկի շրջանի ղեկավարի (ղեկավարն այդ ժամանակ Ն.Վ.Մարկովան էր) կողմից նույնաբովանդակ այլ դիմումներ էին ուղարկվել տարբեր դպրոցներ այն հիմքով, որ վերջինս ցանկացել էր պարզել կաշառակերության այն դեպքերը, որոնք տրվել էին դպրոցականների համար անօրինական միգրանտների կողմից, ինչպես նաև` նման նամակ ուղարկել էր նաև Սամարայի շրջանի Տոլիատիի անչափահասների գործերով դեպարտամենտի ղեկավարը (ղեկավարն այդ ժամանակ Ս.Վ.Վոլկովան էր) այն հիմքով, որ ցանկացել էր պարզել անառողջ պայմաններում ապրող երեխաների ինքնությունը: Պատասխանող Կառավարությունը հայտնեց, որ հետագա քննությունների արդյունքում եզրակացրեցին, որ նման պաշտոնական ցուցումներ Ներքին գործերի նախարարության կողմից չի տրվել: Այնուամենայնիվ, եթե առանձին դեպքերում պաշտոնյաները եղել են չափից ավելի հետևողական, նրանք արդյունքում պատժվել են իրենց անօրինական գործողությունների համար: Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերը ցույց են տալիս, որ քննարկվող պաշտոնյաները համապատասխանաբար ստացել են նկատողություն (выговор), պաշտոնի իջեցում և կարգապահական տույժ: Վկաների հարցաքննության ժամանակ տիկին Կուլագինան, ով այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչության Սամարայի շրջանի անչափահասների գործերով շրջանային ոստիկանության աշխատողների և շրջանային ոստիկանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող ոստիկանության աշխատողների գործունեության կազմակերպման դեպարտամենտի տեսուչ էր, և պարոն Շաբասը, ով այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի Հյուսիս-արևելյան վարչական շրջանի դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, հաստատեցին այդ տեղեկությունն ու բացատրեցին, թե ինչպես է հետաքննությունը կատարվել և ինչ պատիժներ են, ի թիվս այլնի, կիրառվել տիկին Վոլկովայի ու տիկին Մարկովայի նկատամբ ...
38. Պատասխանող Կառավարությունը նաև ներկայացրեց բոլոր դատախազներին ուղղված` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի 2006 թվականի դեկտեմբերի 6-ի նամակը, որում նշված էր, որ ներքին գործերի նախարարության տարբեր բաժիններ անօրինական են վարվել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ պետությունների քաղաքացիների հետ: Նա հղում էր տվել, մասնավորապես, վրացի աշակերտներին նույնականացնելու նպատակով դպրոցներ ուղարկված չարդարացված դիմումներին, և եզրակացրեց, որ նա դատախազներից պահանջում էր խստացնել իրենց հսկողոթյունն այդ որոշումների նկատմամբ ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքների և ազատությունների նկատմամբ հարգանքի ապահովման նպատակով:
3.Տարբեր միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների դիրքորոշումը
39. Միջազգային կառավարական և ոչ-կառավարական կառավարություններ իրենց մասով մատնանշում էին վարչական և դատական իշխանության մարմինների միջև կոորդինացված գործողություններին` հղում տալով 2006 թվականի հոկտեմբերի 2-ի ցուցումին (թիվ 122721∕08) և Ներքին գործերի նախարության Լենինգրադի շրջանի ու Սանկտ-Պետերբուրգի գլխավոր վարչության 2006 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 0215 հրամանին («PACE»-ի զեկույց` 55 և 71 կետեր, «HRW»-ի զեկույց` կետ 37, և «FIDH»-ի զեկույց` 26 և 27 կետեր): Վկաների հարցաքննության ընթացքում պարոն Եորսին, ով այդ ժամանակ Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեյի լրագրող էր, հայտնեց, որ այդքան կարճ ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների այդքան մեծ թվով արտաքսումը չէր կարող իրականացվել առանց Ռուսաստանի իշխանությունների շրջանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց իմացության ու առանց նրանց ցուցումի:
40. Ավելին, «FIDH»-ը մատնացույց արեց, որ «Ռուսաստանում գործող մարդու և փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները գտել էին, որ Ռուսաստանի ողջ տարածքում նման ակնհայտ կերպով իրականացված գործողությունը կարող էր իրականացվել միայն Ներքին գործերի նախարարության հիերարխիայի գրավոր հրամանի հիման վրա: Եվ քանի դեռ Ներքին գործերի նախարարության ու Ֆեդերալ միգրացիոն ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձինք հերքում էին` տալով Վրաստանի քաղաքացիների վերաբերյալ ակնհայտ թիրախավորված հրամաներ, «Միգրացիա և օրենք»-ի (մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ռուսական ոչ-կառավարական կազմակերպություն) բազմաթիվ անդամներ տարածքային դեպարտամենտներում կամ ոստիկանության բաժիններում տեսել էին գրավոր ցուցումներ, որոնք պարունակում էին այդ գործողության տարրերը: Ներքին գործերի նախարության Լենինգրադի շրջանի ու Սանկտ-Պետերբուրգի գլխավոր վարչության կողմից ընդունված գաղտնի հրամանի գործն ու Մոսկվայում դպրոցներին ուղարկված նամակները (տե´ս վերը` 36 և 37 կետեր) չեն կարող դիտարկվել որպես առանձին դեպքեր» («FIDH»-ի զեկույց, կետեր 28-29, տեղեկատվություն տրամադրելու մասին դպրոցներ ուղարկված դիմումաների մասին տե´ս նաև` «PACE»-ի զեկույցի V հավելվածը և «HRW»-ի զեկույցի 37 կետը):
Գ. Վիճարկվող իրադարձություններն ըստ վկաների հայտարարությունների
1.Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի քաղաքացիների իրավական կարգավիճակը էմիգրացիոն կանոնների ներքո
41. Կողմերի միջև վեճի առարկա է, թե արտաքսված Վրաստանի քաղաքացիները քննարկվող ժամանակահատվածում արդյոք պահպանել էին Ռուսաստանի Դաշնության էմիգրացիոն կանոնները, թե` ոչ: Բազմաթիվ միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպություններ ընդգծել են այդ կանոնների բարդությունը (տե´ս ներքևում` կետ 76):
42. Ըստ վրացական կողմի վկաների, ովքեր ցուցմունք էին տվել հարցաքննության ընթացքում, եթե նույնիսկ նրանց իրավական կարգավիճակը Ռուսաստանի Դաշնությունում հաճախ վիճելի էր, դատարանները գտնում էին, որ նրանց մեծամասնությունը տարբեր պատճառներով մի քանի տարի ֆորմալ առումով անօրինական է գրանցված եղել Ռուսաստանի Դաշնությունում (օրինակ` առկա չէ օրինական աշխատանքի թույլտվություն, վիզա կամ գրանցման վկայական, որոնք հաճախ տրված էին նրանց անհայտ մասնավոր կազմակերպությունների կողմից, որոնք լայն տարածված են Ռուսաստանի Դաշնությունում): Նրանք հայտարարեցին, որ իրականում նրանց փաստաթղթերը նախկինում երբեմն-երբեմն ստուգվել էին, հաճախ որևէ վճարում կատարելու արդյունքում, սակայն դա առաջին անգամ է եղել, որ նրանք ձերբակալվել են ու հարկադրաբար արտաքսվել Ռուսաստանի տարածքից:
43. Պարոն Պատարիձեն, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպան էր, հայտնեց, որ գործնականում պաշտոնական ընթացակարգերը դժվարությամբ էին կատարվում և բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում` վրացիները, դառնում էին մասնավոր կազմակերպությունների խարդախությունների զոհը, որոնց մեծ մասն անօրինական էր գործում և նույնիսկ տրամադրում էին կեղծ հաշվառման վկայականներ: Նա հավելեց, որ Ռուսաստանի Դաշնության այս հետընթացը պայմանավորված է այս մասնավոր կազմակերպություններով, որոնց մասին գովազդները բոլոր մեծ քաղաքների հանրային վայրերում էին փակցված ...:
44. Պարոն Ազարովը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, և պարոն Կոնդրատևը, ով այդ ժամանակ նույն դեպարտամենտի սահմանային հսկողության թիվ 2 բաժնի տեսուչ էր, նշեցին, որ միայն պաշտոնական իշխանություններն են իրավասու տրամադրելու նման փաստաթղթեր և որ նրանք կանոնավոր կերպով հրապարակել են համապատասխան տեղեկությունն օտարերկրյա քաղաքացիների համար: Նրանք հաստատեցին նման մասնավոր գրասենյակների առկայությունը, բայց ընդգծեցին, որ նրանք գործունեությունը հաճախ անօրինական է և քրեական դատավարությունների առարկա, այնուամենայնիվ առանց ներկայացնելու որևէ կոնկրետ օրինակ ...
2. Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունը, կալանավորումն ու արտաքսումը
45. Հետևելով վկաների ցուցմունքներին` վիճարկվող դեպքերը կարելի է հետևյալ կերպ շարադրել. փողոցներում, շուկաներում և այլ աշխատավայրերում ու նրանց բնակարաններում Վրաստանի քաղաքացիների ինքնության ստուգում, որից հետո նրանք ձերբակալվում ու տեղափոխվում են ոստիկանության բաժիններ: Ոստիկանության բաժիններում որոշակի ժամկետով կալանավորումից հետ (ըստ վկաների ցուցմունքների այն տատանվել է մի քանի ժամից մինչև մեկ կամ երկու օր) նրանց հավաքել են խմբով և ավտոբուսով տարել դատարաններ, որոնք առանց հետաձգման նրանց նկատմամբ նշանակել է վարչական պատիժներ և կայացրել է նրանց Ռուսաստանի տարածքից արտաքսելու մասին որոշումներ: Հաջորդիվ մի քանի անգամ բժշկական զննության ենթարկվելուց և արյան թեստ հանձնելուց հետո նրանց տեղափոխել են օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված կալանավորման կենտրոններ, որտեղ նրանց տարբեր ժամկետներով (ըստ վկաների ցուցմունքների այն տատանվել է երկուսից մինչև 14 օր) պահել են կալանքի տակ և հետո ավտոբուսով տարել են Մոսկվայի տարբեր օդանավակայաններ և օդանավով արտաքսել Վրաստան: Հարկ է նշել, որ Վրաստանի որոշ քաղաքացիներ, ում նկատմամբ կայացվել է արտաքսման որոշում, Ռուսաստանի Դաշնության տարածքը լքել են սեփական միջոցների հաշվին:
ա. Ձերբակալության պայմանները
46. Վրացական կողմի վկաները հայտնեցին, որ նրանք Ռուսաստանի ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են այն հիմքով, որ նրանց նույնականացման փաստաթղթերը չեն համապատասխանել օրենքին: Նրանք հաճախ անկարող են եղել սեփական գույքն իրենց հետ վերցնել կամ տեղեկացնել իրենց մերձավորներին: Երբ նրանք հարցրել են, թե ինչու են ձերբակալվել, նրանց հայտնել են, որ վրացի լինելու պատճառով են ձերբակալում և որ վերևներից Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին հրաման է առկա ...
47. Պարոն Ազարովը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, և պարոն Կոնդրատևը, ով այդ ժամանակ նույն դեպարտամենտի սահմանային հսկողության թիվ 2 բաժնի տեսուչն էր, հայտնեցին, որ ստացված տեղեկատվության հիման վրա իրենց դեպարտամենտը նախաձեռնել է այն օտարերկրյա քաղաքացիների կամ գործատուների ինքնության ստուգումը, ովքեր կասկածվել են Ռուսաստանի Դաշնությունում միգրացիոն կանոնները խախտելու մեջ:
բ. Դատավարությունները
48. Վրացական կողմի բոլոր վկաները հայտնեցին, որ դատավարությունները շատ կարճ են տևել: Երբեմն նրանք նույնիսկ չեն գիտակցել, որ դատարան են բերվել (...): Քանի դեռ նրանց մի մասը նշել է, որ միջինը 5 րոպե տևողությամբ հանդիպել է դատավորին` առանց գործի հանգամանքների իրական քննության ..., մյուսները հայտնեցին, որ նրանք դատական նիստերի դահլիճ չեն մտել և սպասել են միջանցքներում կամ նույնիսկ ավտոբուսներում, որոնք նրանց բերել էին դատարան ..., Վրաստանի այլ քաղաքացիների հետ (նրանց թիվը տատանվում է 15-ից մինչև 150-ի): Նրանք հայտնեցին, որ իրենց կարգադրել էին ստորագրել դատարանի որոշումներն առանց հնարավորություն ունենալու ընթերցել որոշման բովանդակությունը կամ ստանալ որոշման պատճենը: Նրանք չեն ունեցել պաշտպան և թարգմանիչ ...: Որպես ընդհանուր կանոն և դատավորները, և ոստիկանները նրանց խորհուրդ չեն տվել վերաքննիչ բողոք բերել, քանի որ հայտնել են, որ առկա է Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին հրաման և ամեն դեպքում նրանք այնքան էին լարվել շարունակական կալանքի տակ մնալու մտքից և այնքան շատ էին ցանկանում Վրաստան վերադառնալ, որ նրանք պատրաստ էին ստորագրել «ինչ պատահի»: Երբ նրանք հարցրել էին, թե ինչու էին իրենց արտաքսում, նրանց հայտնել էին, որ դա Վրաստանի քաղաքացիներ լինելու պատճառով է և նրանք այդ հարցը պետք է տան իրենց նախագահին` պարոն Սաակաշվիլիին:
49. Պարոն Պատարիձեն, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպան էր, ասաց, որ Ռուսաստանի պաշտոնյաները մասնավոր զրույցներում իրեն գաղտնի հայտնել են, որ նման վերաքննիչ բողոքներն անիմաստ են, քանի որ Ռուսաստանի Դաշնությունից Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին որոշումը քաղաքական է ...:
50. Պարոն Կոնդրատևը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի սահմանային հսկողության թիվ 2 բաժնի տեսուչն էր, դատավարությունները հետևյալ կերպ է նկարագրում. պաշտպանյալը ներկայացվել է դատավորին, ով նրան տեղեկացրել է նրա իրավունքների և պարտականությունների մասին, հարցրել է, թե արդյոք նա ցանկանում է, որ պաշտպանը կամ թարգմանիչը ներկա լինեն, եթե ցանկացել են, նրա խնդրանքը հաշվի է առնվել, այնուհետև դատավորը նրան հարցեր է տվել նրա կարգավիճակի վերաբերյալ, լքել է նիստերի դահլիճը և վերադարձել է որոշմամբ: Եթե դա եղել է արտաքսման մասին որոշում, պաշտպանյալը ստացել է պատճենը և տեղափոխվել է կալանավորվածներին պահելու կենտրոն արտաքսման նպատակով: Նրանք 10 օր են ունեցել վերաքննիչ բողոք բերելու համար, եթե նույնիսկ արտաքսվեին Ռուսաստանի Դաշնությունից և այդ վաղեմության ժամկետը կարող էր երկարաձգվել ...:
51. Պարոն Մաներկինը, ով այդ ժամանակ Դատախազության Ֆեդերալ օրենսդրության կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետն էր, բացատրեց, որ այդ ժամանակահատվածում իր վարչությունը հաստատել է ընթացակարգային խախտումներ, մասնավորապես` Ֆեդերալ միգրացիոն ծառայության կողմից մի քանի օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերաբերյալ կազմված զեկույցների գործընթացում: 22 գործերով այս հետևությունները հանգեցրել են արտաքսման որոշումների վերացմանը: Նա հավելել է, որ Գլխավոր դատախազը Մոսկվայի շրջանի բոլոր դատախազներից պահանջել է, որ օտարերկրյա քաղաքացիների բոլոր իրավունքները հարգվեն: Նա հայտնեց, որ երբևէ որևէ ցուցում չի եղել սահմանափակելու Վրաստանի քաղաքացիների իրավունքները, քանի որ դա կհակասի օրենքին և կարող ըստ Ռուսաստանի օրենսդրության կարող է որակվել որպես հանցագործություն:
գ. Կալանավորման պայմանները
52. Վրացի վկաները, խոսելով կալանավորման «գերհագեցվածության», «անտանելի» և «անմարդկային» պայմանների ու հիգիենայի սարսափելի վիճակի մասին, հայտնեցին, որ նրանց ընկերակից կալանավորները հիմնականում եղել են Վրաստանի քաղաքացիները, թեև եղել են նաև մեկ կամ երկու այլ ազգությունների կալանավորներ:
53. Նրանք հայտնեցին, որ ոստիկանության բաժիններում իրենց կալանքի ընթացքում բանտախցերը, որոնք կոչվում են կապիկի վանդակներ, եղել են շատ փոքր և գերհագեցված, և նույնիսկ եղել են դեպքեր, երբ տղամարդիկ և կանայք միասին են կալանավորված եղել և անհնար է եղել նույնիսկ նստել (...):
54. Նրանք հայտնեցին, որ օտարերկրացիների համար կալանավորման կենտրոններում բանտախցերը նույնպես գերհագեցած են եղել. բանտախցերի մակերեսը տատանվել է 40-ից մինչև 50մ2 100 կալանավորների համար, 22-ից 25մ2 23 կալանավորների համար 10 մահճակալներով ..., 6 x 8 ոտնաչափ մակերես 30 կալանավորների համար 6 մահճակալներով ..., և 25մ2 40 կալանավորներով և 15 մահճակալներ ...: Մյուս վկաները հղում են տալիս փոքր բանտախցերին 7-ից 8 կալանավորների համար ... կամ 45 կալանավորներ և 6 ...: Մահճակալները պատրաստված են եղել բացառապես երկաթյա ձողերից կամ շատ բարակ ներքնակներից և առանց վերմակի. կալանավորները ստիպված էին հերթով քնել. դույլը ծառայել է որպես զուգարան և առանձնացված չի եղել բանտախցի մնացած մասից, և եղել խմելու համար պիտանի ջուր կամ ուտելու համար պիտանի ուտելիք:
55. Պարոն Պատարիձեն, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպան էր, հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության տարբեր վայրերում ինքն ու իր թիմն այցելել է 12-ից ավել կալանավորման վայրեր, այդ թվում` Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: Նա հաստատեց, որ բոլոր վայրերում հիմնական կալանավորները Վրաստանի քաղաքացիներն էին, և որ բանտախցերը գերհագեցված էին, կալանքի պայմանները շատ վատ էին, սարսափելի հիգիենա էր և շատ քիչ մահճակալներ ու ներքնակներ էին առկա: Միայն Մոսկվայի թիվ 1 կալանավորման կենտրոնը (լրագրողներին ներկայացված օրինակելի կենտրոն) ուներ կալանավորման լավ պայմաններ, թեև այն նույնպես գերհագեցված էր ...:
56. Պարոն Ազարովը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, հայտնեց, որ նա Մոսկվայում սպասարկել է 8 կալանավորման կենտրոններ և ինքը դրանք բոլորն այցելել է. բոլոր օտարերկրացիների համար կալանավորման պայմանները նույն են եղել, մասնավորապես` երկար բանտախցեր` մոտ 50մ2, մահճակալներով, առանձնացված զուգարաններով, հոսող ջրով և օրը երեք անգամ տրվող տաք սննունդով ...: Ռուսական կողմի մյուս վկաները հայտնեցին, որ կալանավորման պայմանների վերաբերյալ երբև Վրաստանի դեսպանից կամ Վրաստանի որևէ քաղաքացուց գանգատ չի եղել:
դ. Արտաքսման պայմանները
57. Վրացական կողմի վկաները հայտնեցին, որ իրենք և Վրաստանի մյուս քաղաքացիներն ավտոբուսով Ռուսական ոստիկանության հատուկ ուժերի ուղեկցությամբ (OMON) տեղափոխվել են Մոսկվայի տարբեր օդանավակայաններ, որտեղից նրանք օդանավերով արտաքսվել են Թբիլիսի: Նրանք հայտնեցին, որ «OMON»-ի սպաներն իրենց ստորացրել են, մասնավորապես, օրինակ` ավտոբուսում իրենց հարկադրել են վճարել ազատելու կամ ծխելու կամ իրենց անձնական իրերը վերցնելու դիմաց ..., և արդյունքում ստիպված են եղել քայլել կամ վազել դեպի օդանավը «OMON»-ի սպաներից կազմված մարդկային միջանցքով ձեռքերը հետևում պահած: Արտաքսման ենթակա Վրաստանի առաջին քաղաքացիները մեկնել են բեռնատար օդանավով (2006 թվականի հոկտեմբերի 6-ին), իսկ արդեն հաջորդ քաղաքացիները` օդանավերով (2006 թվականի հոկտեմբերի 10-ին, 11-ին և 17-ին): Թեև օդանավում փոխադրման պայմաններն ընդունելի են եղել, սակայն բեռնատար օդանավում դրանք եղել են շատ պարզունակ. Վրացական կողմի վկաները հայտնեցին, որ այնտեղ եղել է երկու շարք նստարաններ, որոնց վրա նստել են կանայք և երեխաները (մոտ 20 հոգի), իսկ տղամարդիկ նստել են կամ հատակին կամ կանգնած են եղել և որ տակառի մի տեսակ ծառայել է որպես զուգարան և փոխանցվել է շարքից շարք: Վրացի ուղևորների թիվը տատանվել է 80-ից 150-ի միջև:
58. Պարոն Կոնդրատևը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի սահմանային հսկողության թիվ 2 բաժնի տեսուչն էր, հայտնեց, որ բեռնատար օդանավերը սովորական օդանավերի համեմատությամբ ավելի քիչ հարմարավետություններ ունեն, սակայն ամեն դեպքում նրանք հագեցած են նստարաններով կամ դազգահներով և անվտանգության գոտիներով, իսկ օդանավում տրվել է ջուր և ուտելիք, իսկ հատակին ֆիքսված են եղել զուգարանները: Նա ուղեկցել է 2006 թվականի հոկտեմբերի 6-ի բեռնատար օդանավով փոխադրումը և բացատրել է, որ այն տևել է մոտ 3 ժամ, իսկ օդանավում եղել են մոտ 150 ուղևորներ, ովքեր ոչ միայն չեն բողոքել փոխադրամիջոցի պայմաններից, այլև` Վրաստան ժամանելուն պես շնորհակալություն են հայտնել իր դեպարտամենտի անդամներին: Վերադարձի ճանապարհին նույն օդանավը Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստանից փոխադրել է Ռուսաստանի Դաշնություն:
59. Պարոն Ազարովը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալն էր, ներկա է եղել «Զուկովսկայա» և «Դոմոդեդովա» օդանավակայաններում և զննել է Վրաստանի քաղաքացիներին Վրաստան արտաքսող 2 օդանավերում: Նա հայտնեց, որ օդանավերը հագեցած են եղել նստարաններով ու դազգահներով և օդանավում ջուր և չորացված բիսկվիտ է մատուցվել:
60. Պարոն Շևչենկոն, ով այդ ժամանակ եղել է Ֆեդերալ միգրացիոն ծառայության էմիգրացիայի նկատմամբ հսկողության դեպարտամենտի ղեկավարի տեղակալը, հայտնեց, որ ինքը ներկա է եղել օդանավակայանում, երբ Վրաստանի քաղաքացիներին արտաքսել են և ընդգծեց, որ բեռների քաշի սահմանափակում չի եղել, ընդհակառակը նրանց անձնական իրերը նրանց հետ են եղել և լրատվության միջոցները ներկա են եղել: Արդյունքում, նախկին Դերբենտ (Դաղստան) քաղաքի Ֆեդերալ միգրացիոն ծառայության պետին Վրաստանի դեսպանի ուղարկած շնորհակալական նամակում շնորհավորել է Ռուսաստանի իշխանություններին արտաքսման գործընթացում ցուցաբերած դրական համագործակցության համար` առանց որևէ գանգատ ներկայացնելու:
ե. Դրությունը Վրաստանում արտաքսումից հետո
61. Վրացական կողմի վկաներն ընդգծեցին, որ իրենց օժանդակել էին Վրաստան վերադառնալու հարցում և այդ պատճառով Վրաստան վերադառնալուց հետո արտաքսելու մասին հրամանների դեմ վերաքննիչ բողոքներ չէին ներկայացրել Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն կամ հյուպատոսարան: Ամեն դեպքում Ռուսաստանի Դաշնության դատարաններում դատավարության ընթացքում և դատավորները, և ոստիկանները նրանց մի քանի անգամ ասել էին, որ անիմաստ է վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի առկա է եղել «վերևից» տրված հրաման արտաքսել Վրաստանի քաղաքացիներին: Ոմանք հղում էին տվել գործնական խոչընդոտներին, օրինակ` Թբիլիսիում Ռուսաստանի հյուպատոսարանի փակվելը, իսկ մյուսները հայտնեցին հյուպատոսորանի դիմաց մեծ հերթերին:
62. Պարոն Վասիլևը, ով այդ ժամանակ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսն էր, հայտնեց, որ 2006 թվականի սեպտեմբերի վերջին` Թբիլիսի դեսպանատան աշխատակազմի մի մասի և Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի` հայրենիք վերադառնալուց հետո, դեսպանատունը շարունակել է սովորական աշխատանքային ժամերին (ժամը 900-ից մինչև 1600-ն) բնականոն աշխատանքը դեսպանատան կրճատված 15 աշխատողներով (դիվանագետներ և վարչական անձնակազմ) և հյուպատոսարանի 3 դիվանագետներով: Այնուամենայնիվ, Վրաստանի քաղաքացիներն անձամբ կամ Վրաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով ներկայացնել վերաքննիչ բողոք կամ գանգատ, որը համապատասխան մարմինների միջոցով կփոխանցվեր Ռուսաստանի Դաշնությանը, սակայն վերաքննիչ բողոք կամ գանգատ չի ներկայացվել: Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո` 2009 թվականի մարտից, Ռուսաստանի Դաշնությունը գրասենյակ էր պահում, որը բացել էր Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, և Վրաստանը նույնպես գրասենյակ էր պահում, որը բացել էր Ռուսաստանի Դաշնությունում Շվեյցարիայի դեսպանատանը: Երկու պետությունների համապատասխան դիվանագետների հետ կարող էին կապնվել այնտեղ ...: 2011 թվականի ապրիլի 15-ի իրենց նամակում պատասխանող Կառավարությունը հաստատել է, որ 2006 թվականի սեպտեմբերի վերջին` իրենց դիվանագիտական կորպուսի էվակուացիայից հետո, դիվանագիտական անձնակազմի 10 անդամները շարունակել են աշխատել Թբիլիսիում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և 3 անձ հյուպատոսարանում:
Դ. Վիճարկվող իրադարձությունները ըստ տարբեր միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների
1. Ներածություն
63. ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեն գտել է, որ եղել է «էթնիկական հիմքի վրա հիմնված ընտրողական և դիտավորյալ հետապնդման արշավ, որն ակնհայտորեն հակասում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) 14-րդ հոդվածի և 12-րդ Արձանագրության էությանը ..., և որում այս խումբն ակնհայտ թիրախ է եղել փողոցներից, շուկաներից կամ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերից (Մոսկվայում Վրաստանի հյուպատոսարան, Վրաստանի ուղղափառ եկեղեցի) ոստիկանության միջոցով իրականացված` բնակչությանը բռնելու արշավի ընթացքում» («PACE» զեկույց, 52-53 կետեր):
64. Ոչ-կառավարական կազմակերպությունները գտել են, որ եղել է «վերահսկողության խոշոր գործողություններ և ռեպրեսիաներ ընդդեմ Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում բնակվող վրացիների» («FIDH» զեկույց, II կետ «2006 թվականի հակավրացական արշավը», էջ 20): Վրաստանի քաղաքացիներն ու էթնիկ վրացիները եղել են կալանավորման և արտաքսման կանխամտածված քաղաքականության զոհեր («HRW» զեկույց, էջ 1):
65. «HRW»-ը հղում է տվել տիկին Էլլա Պամֆիլովային` Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության վերաբերյալ ՌԴ Նախագահի խորհրդատվական խորհրդի ղեկավարին (պետական մարմին, որը մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության վերաբերյալ հարցերով խորհուրդներ է տալիս Ռուսաստանի Նախագահին), ով հայտնեց, որ «Վրաստանի քաղաքացիների դեմ նախաձեռնված վարչական և իրավական միջոցառումները հիմնավոր չեն. Վրաստանի քաղաքացիներին աշխատանքի ընդունող բիզնեսները փակվել էին, Վրաստանի քաղաքացիներին օրինական հիմքով տրված վիզաներն ու հաշվառման փաստաթղթերը վերացվել էին, մարդիկ անօրինական կալանավորվել էին և արտաքսվել Ռուսաստանից» (2006 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարություն, զեկույի 30-րդ էջ):
66. Տիկին Սվետլանա Գանուշկինան, ով այդ ժամանակահատվածում նույն խորհրդատվական խորհրդի անդամ էր, «Միգրացիա և իրավունք» գրասենյակի ղեկավար, Քաղաքացիական աջակցության կոմիտեյի նախագահող, «Հուշարձան (Memorial)» մարդու իրավունքների կենտրոնի խորհրդի անդամ, ասաց, որ 2006 թվականին Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացվել է կազմակերպված հետապնդում: Նա կարծում էր, որ «մարդկանց որոշակի խմբի նկատմամբ հետապնդումն անօրինական խտրականության ձև է, որը չի կարող դիտարկվել որպես անօրինական միգրացիայի դեմ օրինական պայքար» (2006 թվականի նոյեմբերի 21-ի Եվրոպական Պառլամենտում ելույթը):
67. Մյուս եվրոպական ինստիտուտները նույնպես իրենց մտահոգությունն են հայտնել արտաքսված մեծ թվով Վրաստանի քաղաքացիների կապակցությամբ և խնդրել են Ռուսաստանի իշխանություններին չեղյալ ճանաչել իրենց տարածքում գրանցված Վրաստանի քաղաքացիների դեմ իրականացվող բոլոր միջոցառումները (Եվրոպական հարևանության քաղաքականության և արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնաժողովի անդամ, պարոն Ֆերրերո-Վալդների 2006 թվականի հոկտեմբերի 25-ի ելույթը, Հարավային Օսեթիայում իրավիճակի վերաբերյալ ռեզոլյուցիայի ընդունման համար Եվրոպական Պառլամենտին ուղղված 2007 թվականի մարտի 6-ի համատեղ միջնորդությունը, I), 11 և 12-րդ կետեր, Անհանդուրժողականության և ռասիզմի դեմ եվրոպական հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 15-ի հայտարարությունը (ԱՌԵԿ «ECRI»):
2. Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունը, կալանավորումը և արտաքսումը
ա. Ձերբակալության և դատավարությունների պայմանները
68. ԵԽԽՎ Մոնիտորինգի Կոմիտեն ասաց, որ արտաքսումների սխեման ամբողջ երկրում կրկնվող օրինակների շարք է. վրացիներին նրանց փաստաթղթերը ստուգելու պատրվակով կանգնացնում էին փողոցում և կալանավորում էին անկախ նրանից, թե նրանց փաստաթղթերը կարգին էին, թե՝ ոչ, և տանում էին Միլիցիայի բաժիններ, որտեղ նրանց հավաքում էին մեծ խմբերով և տանում դատարաններ, որտեղ Ռուսաստանի տարածքից արտաքսելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացվում էր դատարանների հետ ունեցած նախնական համաձայնության հիման վրա, առանց պաշտպանների և առանց դատարանների կողմից գործի անհատական հանգամանքները քննելու, ամբողջ դատավարությունը տևում էր 2-ից 10 րոպե: Հաճախ այն մարդիկ, ովքեր ենթարկվել էին այս միջոցառումներին, դատական նիստերի դահլիճ չէին մտնում. կալանավորերին պահում էին միջանցքներում և նույնիսկ այն մեքենաներում, որոնցով նրանց բերել էին» («PACE» զեկույց, կետ 59):
69. Այս նկարագրությունը համապատասխանում է «FIDH»-ի և «HRW»-ի նկարագրություններին («FIDH» զեկույց, 23-26-րդ էջեր, «Ճգնաժամի զարգացումն ու հետապնդումների տեսակները՝ ա) «Հսկողության և ձերբակալության միջոցառումները», բ) «Արդարադատություն իրականացնելուց ակնհայտ հրաժարվելն ու դատավարությունների շրջանցումը» գլխում, և «HRW» զեկույց, էջեր 40-53, «Վրացիների կամայական ու անօրինական կալանավորումն և արտաքսումը»):
70. Ըստ «HRW»-ի՝ «թեև Վրաստանի արտաքսված քաղաքացիների մեծ մասը տեխնիկական առումով տիրապետում էին արտաքսման մասին իրենց հրամաններին, սակայն եղանակը, որով այս որոշումները կայացվել էին (ոմանք կայացվել էին խմբակային դատավարություններում), մասնավորապես՝ ներկայացուցչության և համապատասխան առարկության ներկայացման հնարավորության բացակայությունը, ինչպես նաև հանգամանքը, որ շատերին մերժել էին վերաքննիչ բողոք բերելու իրավունքը, մատնանշում է Ռուսաստանի ձախողման մասին կատարելու ՄԻԵԿ-ով ստանձնած իր պարտավորությունները» («HRW»-ի զեկույց, կետ 13):
71. »FIDH»-ն իր մասով մատնանշել է, որ «ձերբակալված անձինք օտարերկրացի կալանավորներին ժամանակավոր պահելու վայրից («TsVSIG») խմբերով տարվում էին դատարաններ, որոնք մի քանի րոպեյում կարգադրում էին նրանց արտաքսել Ռուսաստանից անկախ հանգամանքներից կամ անհատի ընտանեկան դրությունից» («FIDH»-ի զեկույց, կետ 25):
Այն հավելել է, որ «Քաղաքացիական աջակցության» Ռուսաստանյան գրասենյակի իրավաբանը «վկայել է այդ արշավի ընթացքում արդարադատության ձախողման մի քանի դեպքերի մասին. ձերբակալվածները ոչ միայն փաստաբաններ չունեին, այլև նրանք շատ հաճախ ոստիկանների կողմից խմբերով բերվում էին դատարաններ: Դատարաններում դատավորները գործերին վերաբերվում էին որպես արտադրական գործընթացի և հաճախ առանց արտաքսման հրամանի շահագրգիռ կողմի ներկայության և առանց հաշվի առնելու յուրաքանչյուր գործի առանձնահատուկ հանգամանքները: Արտաքսման մասին այս ծանուցումները ներկայացվում էին կալանավորվածներին, որոնցից ոմանք դրանք ստորագրում էին կարծելով, որ ստորագրում են տույժ նշանակելու մասին որոշում՝ որպես էմիգրացիոն կանոնները խախտելու համար նախատեսված վարչական պատասխանատվության մի մաս: Մի շարք դեպքերում շահագրգիռ անձանց ի սկզբանե հուսալքում էին վերաքննիչ բողոք բերելուց այն հիմքով, որ «դրանք գործերն ավելի կվատացնեն»: Մի շարք դեպքերում «համաձայնագրերը» ստորագրվում էին «արտաքսման վայրում» («FIDH» զեկույց, կետ 26):
Այն նաև հայտարարեց, որ «բազմաթիվ հանգամանքներ վկայում են ոստիկանության և դատական իշխանության միջև գաղտնի համաձայնության մասին, որը հաստատում է, որ այս քաղաքականությունը նախօրոք էր համաձայնեցվել. Մոսկվայում ոստիկանության և դատական իշխանության միջև գաղտնի համաձայնության առկայության մասին վկայում է այն հանգամանքը, որ դատարանները որևէ այլ գործեր չէին քննում այն ժամանակ, երբ ոստիկանները վրացիներին դատարան էին ներկայացնում: Նրանք ձերբակալվում էին ժամը 0900-ին, և խմբով դատարանին ներկայացվում ժամը 1000-ին: Մի քանի օրվա ընթացքում դատավորները մեծ թվով որոշումներ էին կայացնում, թեև սովորաբար նրանք վեց ամսվա ընթացքում էին նման որոշում կայացնում» («FIDH»-ի զեկույց, կետ 26):
բ. Կալանավորման և արտաքսման պայմանները
72. Ինչ վերաբերում է կալանավորման և ձերբակալության պայմաններին, ապա ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հղում է տվել համազեկուցողների կողմից ձեռնարկված առաքելության ընթացքում հարցաքննված վկաների հայտարարություններին, ովքեր հայտնել են կալանավորման գերբնակեցվածության, անտանելի և անմարդկային պայմանների մասին: Ըստ հավաստիացումների նրանք ոչ միայն զրկված են եղել բժշկական օժանդակությունից, այլև իրենց հիմնական կարիքները բավարարելու հնարավորությունից:
Այս իրավիճակի հանգեցրել է Վրաստանի 48-ամյա քաղաքացի Թենգիզ Թոգոնիձեյի մահվանը, ով ըստ ականատեսների՝ տառապել է ասթմայից: Երկու շաբաթ առանց բժշկական օգնության և առանց թարմ օդի դուրս գալու հնարավորության, նա մահացել էր մի քանի ժամ տևած ճանապարհորդության ընթացքում 2006 թվականի հոկտեմբերի 17-ին Սանկտ-Պետերբուրգի կալանավորման վայրից Մոսկվայի Դոմոդեդովո միջազգային օդանավակայան տանելու ճանապարհին: Պարոն Տուրկինը, ով այդ ժամանակ Ֆեդերալ միգրացիոն ծառայության ղեկավարի տեղակալն էր, որ քննարկվող կալանավայրերը փակվել են: Մոնիտորինգի կոմիտեն նաև հղում է տվել Վրաստանի 2-րդ քաղաքացուն վերաբերող գործին՝ 52-ամյա Մանանա Ջաբելիային, ով մահացել էր 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Մոսկվայի թիվ 2 կալանավայրում 2-ամսյա անադեկվատ բժշկական օգնությունից և շտապ բժշկական օգնության տրամադրման մերժումից հետո («PACE»-ի զեկույց, կետ 60):
Վերջապես, Մոնիտորինգի կոմիտեն հղում է տվել նաև այն պայմաններին, որոնցով Վրաստանի քաղաքացիները բեռնատար ինքնաթիռներով տեղափոխվել են 2006 թվականի հոկտեմբերի սկզբին: Դա կատարվել էր Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպության նորմերի խախտմամբ, ինչպիսիք են ուղևորների փոխադրումը նրանց կյանքին սպառնացող վտանգի պայմաններում («PACE»-ի զեկույց, կետ 57):
73. »FIDH» հստակեցրել է, որ Մոսկվայում և նրան հարակից տարածքներում օտարերկրացիների համար եղել են ժամանակավոր կալանավորման 8 կենտրոններ (TsVSIG), որ հիմնականում վերափոխված նախկին սթափարաններ էին: Թիվ 1 (Նովոսլաբոդսկայա շրջան), թիվ 2 (Պերեդելկինոյում) և թիվ 8 (Մնեվնիկիյում) կալանավայրեր այցելել էր Քաղաքացիական աջակցության կոմիտեյի աշխատակազմը: Դիմիտրովսկոյե պողոտայում եղել է 2կմ երկարությամբ ոստիկանական մեքենաների հերթ, որոնք սպասել են ձերբակալված մոտ 320 անձանց կալանավայրում իջեցնելուն: Կալանավորներն ասացին, որ յուրաքանչյուր խցում եղել են 16 հոգի 8-ի փոխարեն, իսկ սննդի չափաբաժինը չի ավելացվել: Բացի դրանից, այնքան շատ մարդ է եղել, որ կալանատունը նույնիսկ չի հասցրել կազմելու կալանավայր մուտք եղած կալանավորների փաստաթղթեր: «FIDH»-ը նաև հղում է տվել կալանատանը կամ արտաքսմանը նախորդող ճանապարհորդության ընթացքում մահվան 4 դեպքերին («FIDH»-ի զեկույց, էջեր 26-27 «գ) Կալանավորման պայմաններն ու կալանավայրերում մահվան դեպքեր» վերտառությամբ գլխում):
74. »HRW» զեկուցել է նմանատիպ հանգամանքների մասին և հղում է տվել կալանավորման ընթացքում մահվան 4 դեպքերի մասին («HRW»-ի զեկույց, էջեր 53-57 «Կալանավորման ընթացքում վրացիների մահվան դեպքերը» վերտառությամբ գլխում և էջեր 57-63 «Անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք» վերտառությամբ գլխում):
Առաջին կետի կապակցությամբ «HRW» նաև հղում է տվել պարոն Թոգոնիձեյի և տիկին Ջաբելիայի դեպքին, ովքեր ըստ հավաստիացումների գտնվել են կալանավորման շատ ծանր պայմաններում և չեն ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն, որի արդյունքում նրանք մահացել են: Վրաստանի մյուս 2 քաղաքացիների դեպքը, ովքեր մահացել էին կալանավորման ընթացքում նույնպես նշված էր: Բացի դրանից, Ռուսաստանի իշխանությունները չէին ձեռնարկել արդյունավետ քննություն մահվան այս դեպքերի կապակցությամբ չնայած Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ստանձնած պարտավորությունների:
2-րդ կետի կապակցությամբ «HRW»-ը մատնանշել է, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի կալանավորման և արտաքսման վատ պայմանների արդյունքում (գերբնակեցված խցեր, ջրի և սննդի բացակայություն, և Վրաստանի հարյուրից ավելի քաղաքացիների տեղափոխումը բեռնատար ինքնաթիռներով):
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Միգրացիոն օրենքներն ու Վրաստանի քաղաքացիների կոնկրետ կարգավիճակը
75. Էմիգրանտների մուտքն ու հաշվառումը կարգավորվում է 2 օրենքներով. Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հուլիսի 25-ի թիվ 115-ՖՕ օրենքով և Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող միգրանտների Ռուսաստանի Դաշնությունում հաշվառման մասին 2006 թվականի հուլիսի 18-ի 109-ՖՕ օրենքով:
Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելու պահից՝ 2002 թվականի հոկտեմբերի 29-ից սկսած ԱՊՀ անդամ պետությունների բոլոր քաղաքացիներից, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիներից պահանջվում էր կարգավորել իրենց կարգավիճակը հաշվառման թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելու միջոցով, թեև նրանք նախկինում օրինական հաշվառված էին Ռուսաստանի տարածքում: Այդ օրենքի 20-րդ և 21-րդ բաժինների ներքո նրանք նաև պետք է հաշվառման դիմում ներկայացնեին Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ միգրացիոն ծառայության տեղական գրասենյակներ, որպիսի ստանային հաշվառման վկայականներ, որոնք կմատնանշեին նրանց հաշվառման վայրը: Եթե նրանք ցանկանում էին մասնագիտական գործունեություն ծավալել, ապա նրանցից պահանջվում էր ձեռք բերել աշխատանքի թույլտվություն և միգրանտ աշխատողի քարտ 13-րդ բաժնին համապատասխան կարգով: Ոչ մշտական ժամանակահատվածով բիզնես վիզան (деловая) տրամադրվում էր այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ցանկանում էին մասնակցել սեմինարի կամ բիզնես կոնտակներ ունենալ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն նրանց չէր լիազորում օրինական հիմքով աշխատել այնտեղ:
Բացի դրանից, սկսած 2000 թվականի դեկտեմբերի 5-ից՝ ԱՊՀ որոշ անդամ պետությունների, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիներին առանց վիզայի շրջագայության մասին Բիշքեկի համաձայնագրի չեղյալ ճանաչման պահից սկսած Վրաստանի բոլոր քաղաքացիները Ռուսաստանի տարածք մուտք գործելու նպատակով պետք է դիմեյին վիզա ստանալու համար:
Բ. Տարբեր միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների դիրքորոշումը
76. ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն, «FIDH»-ը և Ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ECRI) ընդգծել են Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 2002 թվականի հուլիսի 25-ի օրենքում անցումային դրույթների բացակայությունը և հաշվառման կամ աշխատանքի թույլտվություն կամ հաշվառման վկայական ձեռք բերելու ընթացակարգերի բարդությունը, որը միգրանտներին դնում էր անվստահելի վիճակում (տե՛ս «PACE»-ի զեկույցը, կետ 54, «FIDH»-ի զեկույցը, էջեր 12-13, որոնք նույնպես հղում էին տալիս Ռասսայական խտրականության վերացման մասին ՄԱԿ-ի կոմիտեյի (CERD) 2003 թվականի հունիսի 2-ի եզրակացություններին՝ CERD/C/62C0/7, և Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ «ECRI»-ի 2005 թվականի դեկտեմբերի 16-ի 3-րդ զեկույցին՝ ECRI (2006) 21):
Գ. Վարչական արտաքսման ընթացակարգը
77. Որևէ օտարերկրյա քաղաքացի, ով խախտում է Ռուսաստանի Դաշնության էմիգրացիոն կարգավորումները (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8, 18.10 և 18.11 հոդվածներ) ենթակա է վարչական տույժերի և արտաքսման վտանգի (3.2 հոդված): Վարչական բնույթ կրող մեղադրանքի վերաբերյալ որևէ որոշում, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսմանը, պետք է ընդունվի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից (23.1 հոդվածի 3-րդ մաս): Վերաքննիչ բողոքը դատարան կամ վերաքննիչ դատարան կարող է ներկայացվել 10 օրվա ընթացքում (30.1 հոդվածի 1-ին մաս, 30.2 հոդվածի 2-րդ մաս և 30.3 հոդվածի 1-ին մաս): Այս ժամկետը կարող է երկարացվել բողոք բերողի խնդրանքով (30.3 հոդվածի 2-րդ մաս): Վարչական արտաքսման հրամանի դեմ վերաքննիչ բողոքը քննվում է մեկ օրվա ընթացքում բողոքը ներկայացնելու պահից (30.5 հոդվածի 3-րդ մաս), և ազատվում է դատական ծախսերից և կասեցվում է որոշման կատարումը (31.1 հոդված, 31.2 հոդվածի 2-րդ մաս և 31.3 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասեր): Վերջապես, օտարերկրյա քաղաքացիները կարող են վերաքննիչ բողոք ներկայացնել նաև արտաքսման այն հրամանների դեմ, որոնք օրինական ուժի մեջ են մտել (Սահմանադրական դատարանի 2004 թվականի ապրիլի 22-ի և 2005 թվականի ապրիլի 12-ի վճիռները Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 30.11 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի սահմանադրականության վերաբերյալ):
III. ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ա. Դիմող Կառավարություն
78. Դիմող Կառավարությունը Դատարանին միջնորդել է բավարարել, մասնավորապես՝
«I. Ընդունելիության վերաբերյալ.
ա. որ դիմողի գանգատներն ընդունելի են, քանի որ ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու մասին կանոնը սույն դատավարության նկատմամբ կիրառելի չէ: Այս հետևության պատճառն այն է, որ ենթադրյալ խախտումները կրկնվող գործողությունների օրինակների մաս են, որոնք եղել են Ռուսաստանի իշխանությունների հովանավորության արդյունքում և հետևաբար վերաբերվում են վարչական պրակտիկային:
բ. Որպես այլընտրանք. դիմողի գանգատի նկատմամբ ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու մասին կանոնը կիրառելի չէ, քանի որ Ռուսաստանի Դաշնության ներպետական դատական պաշտպանության միջոցներն արդյունավետ և մատչելի չեն Կոնվենցիայի իմաստով և առկա են եղել առանձնահատուկ հանգամանքներ, որոնք բացառել են Վրաստանի քաղաքացիների կամ վրացիների համար դրանք սպառելու հնարավորությունը:
գ. Գանգատը ներկայացվել է վեցամսյա ժամկետի պահպանմամբ:
II. Գործի ըստ էության քննության վերաբերյալ. այն, որ Ռուսաստանի Դաշնությունը խախտել է Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածները, 1-ին Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածները, 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը և 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածը:
III. Փոխհատուցումը. այն, որ դիմող պետությանը տրամադրել արդարացի փոխհատուցում այս խախտումների համար»:
79. Վերջին կետի կապակցությամբ, նրանք Դատարանին միջնորդել են «41-րդ հոդվածի հիման վրա տրամադրել արդարացի բավարարում, մասնավորապես՝ փոխհատուցում, ռեպարացիա, restitutio in integrum (մինչև խախտումը եղած դրության վերականգնում), ինչպես նաև այդ խախտումների արդյունքում կրած նյութական և ոչ-նյութական բոլոր վնասների ու կատարած ծախսերի հատուցում»:
80. Ընդունելիության վերաբերյալ դատական նիստերին դիմող Կառավարությունը բացահայտ մատնացույց արեց, որ իրենց գանգատում նկարագրված անհատական դեպքերն ու Վրաստանի վկաների հայտարարությունները վկայում են վարչական պրակտիկայի առկայությունը: Բացի դրանից, վրացի 23 դիմողներ (որոնցից 3-ը հարցաքննվել էին վկաների հարցաքննության ընթացքում) նույնպես անհատական գանգատներ էին ներկայացրել Դատարանին:
Բ. Պատասխանող Կառավարությունը
81. Պատասխանող Կառավարությունն իր մասով հայտնել է, որ.
«Դատարանի Մեծ Պալատի դատավորների պատվիրակության կողմից վկաների հարցաքննությունն ամբողջությամբ պաշտպանում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 3-րդ, 5-րդ, 8-րդ, 13-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների, 1-ին Արձանագրության 1-ին և 2-րդ հոդվածների, 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածի խախտման վերաբերյալ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (1) գանգատն ամբողջությամբ անհիմն է: Վկաների հարցաքննության ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել, որը մատնացույց կաներ, որ համապատասխան ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության իշխանություններն իրականացրել են վարչական պրակտիկա և Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսում:
Վկաների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի իշխանությունների փաստարկներն օբյեկտիվորեն հիմնավորում են, որ Ռուսաստանում առկա են դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ Ռուսաստանի տարածքից վարչական ընթացակարգով արտաքսման դեմ, քանի որ Վրաստանի մյուս քաղաքացիները, ովքեր հավատում էին, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից խախտվել են իրենց իրավունքները, պետք է սպառեին դատական պաշտպանության միջոցները նախքան Դատարանին գանգատ ներկայացնելը: Համապատասխանաբար, հաշվի առնելով Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (1) 2009 թվականի հունիսի 30-ի միջպետական գանգատի ընդունելիության վերաբերյալ որոշումը, որին միացվել է 6-ամսյա և ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու մասին կանոնների պահպանման հարցի քննությունը, Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հավատում են, որ այս գանգատի ըստ էության քննություն չպետք է լինի (տե՛ս Դատարանի վճիռը Մարկինն ընդդեմ Ռուսաստանի գործով, գանգատ թիվ 59502/00, 2006 թվականի մարտի 30)»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԵՐԻ ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
82. Նախքան յուրաքանչյուր գանգատի հիման վրա գործի ըստ էության քննությանն ու ապացույցների գնահատմանն անդրադառնալը, Դատարանը պետք է ներկայացնի բոլոր այն գրավոր և բանավոր ապացույցները, որոնք վերաբերելի են և գնահատման այն սկզբունքները, որոնք կիրառելու է:
Ա. Գործի փաստերի հաստատումը
83. Գործի փաստերը հաստատելու համար Դատարանն ինքնին պետք է հիմնվի կողմերի դիրքորոշումների վրա և նրանց կողմից ներկայացված բազմաթիվ փաստաթղթերի, ինչպես նաև՝ Ստրասբուրգում հարցաքննված վկաների հայտարարությունների վրա:
84. Այն նաև պետք է անդրադառնա միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեի, «HRW»-ի, «FIDH»-ի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի (Ռուսաստանի օմբուդսմեն) 2006 թվականի տարեկան զեկույցին: Դիմող Կառավարության կողմից ներկայացված մի շարք փաստաթղթեր նույնպես նշված են այս զեկույցներում:
1. Հետագա փաստաթղթային ապացույցները
85. Բացի դրանից, 2010 թվականի հունիսի 28-ի և 2011 թվականի մարտի 8-ի նամակներում և վկաների հարցաքննության դատական նիստերի ընթացքում Դատարանը պատասխանող Կառավարությունից խնդրել է ներկայացնել հետևյալ լրացուցիչ փաստաթղթերը.
i) 2006 և 2007 թվականների ընթացքում Վրաստանի քաղաքացիների արտաքսման մասին ամսական վիճակագրությունները, որպիսի հնարավորություն ունենա համեմատություն իրականացնելու 2006 թվականի հոկտեմբերից (որի ընթացքում ենթադրաբար սկսվել է Վրաստանի քաղաքացիների մասսայական ձերբակալությունն ու արտաքսումը) առաջ և հետո իրականացված արտաքսումների միջև. պատասխանող Կառավարությունը պատասխանել է, որ նրանք վարում են միայն տարեկան և կիսամյակային վիճակագրություն, որը նրանք արդեն ներկայացրել էին Դատարանին.
ii) 2006 թվականի սեպտեմբերի վերջին ընդունված թվով երկու՝ թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականները, որոնք ընդունվել էին համապատասխանաբար Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից և որին հղում էին տալիս դիմող Կառավարության ներկայացրած փաստաթղթերը. պատասխանող Կառավարությունը վիճարկեց այս փաստաթղթերի աուտենտիկությունն և ասաց, որ նրանք չեն կարող ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, քանի որ դրանք «Պետական գաղտնիք» հանդիսացող փաստաթղթեր են (տե՛ս վերը պարագրաֆ 32).
iii) Ռուսաստանի այն պաշտոնյաների դեմ իրականացված կարգապահական վարույթների վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Ռուսաստանի տարբեր դպրոցներ գրություններ էին ուղարկել՝ խնդրելով տրամադրել վրացի աշակերտների ցուցակները. պատասխանող Կառավարությունը ներկայացրել է մի քանի փաստաթղթերի պատճեններ, որոնք մատնացույց էին անում, որ տվյալ պաշտոնյաների նկատմամբ կարգապահական տարբեր տույժեր էին նշանակվել.
iv) քննարկվող ժամանակահատվածում (2006 թվականի հոկտեմբերից մինչև 2007 թվականի հունվար) Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքների հիման վրա Ռուսաստանի դատարանների կողմից կայացված որոշումների վերաբերյալ վիճակագրությունը. ի պատասխան այս խնդրանքի իր 2011 թվականի ապրիլի 15-ի նամակում պատասխանող Կառավարությունը կրկին ասաց, որ նրանք Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու վերաբերյալ ամսական վիճակագրություն չեն վարում (առաջին ատյանի դատարանների կողմից վարած վիճակագրությունում վարչական իրավախախտում կատարած անձանց ազգությունը չի նշվում, իսկ ողջ Ռուսաստանի Դաշնության համար էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանը գործում է սկսած 2010 թվականից), սակայն, այնուհանդերձ նրանք տեղեկատվություն տրամադրեցին , որը ներառում էր Ռուսաստանի Դաշնության 18 շրջանների դատարանների տարեկան հաշվետությունը՝ Դատարանին տրամադրելով 86 վերանայման որոշումներ: Հարկ է նշել, որ դրանցից միայն 42 էին վերաբերում Վրաստանի քաղաքացիներին, ովքեր արտաքսվել էին քննարկվող ժամանակահատվածում, որոնցից 21-ը բեկանել էին առաջին ատյանի դատարանների վճիռները. Բացի դրանից, Դատարան ներկայացված 86 որոշումներից միայն 8-ն էին վերաբերվում Մոսկվա քաղաքին և 17-ը Սանկտ-Պետերբուրգ քաղաքին, որտեղից տեղի էր ունեցել Վրաստանի քաղաքացիների մեծամասնության արտաքսումը: Վերջապես, Մոսկվա քաղաքին վերաբերող 8 վերանայման որոշումները և Սանկտ-Պետերբուրգին վերաբերող 17 որոշումներից 12 որոշումներն ուղղված էին վարչական իշխանություններին այն հիմքով, որ ոստիկանները Վրաստանի քաղաքացիներին դատարան էին ներկայացրել առանց Ֆեդերալ միգրացիոն ծառայություն ներկայացնելու ինչպես պահանջում է օրենքը:
2. Վկաների հարցաքննությունը
86. 2011 թվականի հունվարի 31-ից մինչև փետրվարի 4-ն ընկած շաբաթվա ընթացքում Մեծ Պալատի դատավորների պատվիրակությունը ընդհանուր առմամբ լսել էր 21 վկաների, որոնցից 9-ը ներկայացվել էին դիմող Կառավարության կողմից, 10-ը՝ պատասխանող Կառավարության կողմից և 2-ն ընտրվել էին պատվիրակության կողմից:
87. Դիմող Կառավարության կողմից ներկայացված 9 վկաները (բացառությամբ թիվ 8 վկայի՝ պարոն Տոգոնիձեյի կնոջից, ով նաև այդ իրադարձությունների «անուղղակի» ականատեսն էր, և պարոն Պատարիձեյից, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպանն էր) Վրաստանի այն քաղաքացիներն էին, ովքեր ձերբակալվել էին, կալանավորվել և արտաքսվել Ռուսաստանի իշխանությունների կողմից: Նրանց ցուցմունքները վերաբերում էին 2006 թվականի աշնանը տեղի ունեցած ձերբակալության, կալանավորման և արտաքսման պայմաններին:
88. Պատասխանող Կառավարության կողմից ներկայացված 10 վկաները Ռուսաստանի Դաշնության պաշտոնյաներ էին, որոնց ցուցմունքները վերաբերում էին մասնավորապես Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման պայմաններին, վիճակագրական տվյալներին և Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից ընդունված ցուցումների և այն շրջաբերականների աուտենտիկությանը, որոնց դրանք հղում էին տալիս:
89. Դատարանի կողմից ընտրված 2 վկաները պարոն Եորսին էր՝ քննարկվող ժամանակահատվածում ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեյի զեկուցողը, և պարոն Տուգուշին՝ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մարդու իրավունքների հարցերով պատասխանատուն:
90. Պատվիրակությունը պլանավորել էր լսել նաև այլ վկաների, այդ թվում՝ պարոն Պիոտրովսկուն, ով այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր, և ենթադրվում էր, որ նա էր ստորագրել 2006 թվականաի հոկտեմբերի 2-ի ցուցումը, որի նպատակը «[2006 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 0215 շրջաբերականի կիրառման արդյունավետության բարձրացումն է» (տե՛ս վերը պարագրաֆ 31): Նրա հարցաքննության նախորդ օրը պատասխանող Կառավարության ներկայացուցիչը մատնանշեց, որ պարոն Պիոտրովսկին շտապ տեղափոխվել է հիվանդանոց և այդ կապակցությամբ ներկայացրեց հիվանդանոցի քարտը:
91. Պատվիրակությունը ցանկանում էր լսել նաև պարոն Լուկինին՝ քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարին, սակայն նա չարձագանքեց Դատարանի ծանուցումներին:
92. Վերջապես պատվիրակությունը ցանկանում էր լսել նաև տիկին Պամֆիլովային, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության հարցերով նախագահի խորհրդատվական խորհրդի ղեկավարն էր: Այնուհանդերձ հնարավոր չէր նրան որպես վկա հարցաքննելը, քանի որ, ինչպես նշված էր 2010 թվականի հոկտեմբերի 15-ի նամակում, պատասխանող Կառավարությունը Դատարանին տեղեկացրեց, որ տիկին Պամֆիլովան այլևս հանրային ծառայող չէ, այլ մասնավոր անձ և հետևաբար նրանք անկարող են Դատարանին տրամադրել նրա հասցեն: Այստեղ հարկ է կրկնել, որ Պայմանավորվող կողմերը պարտավորություն ունեն ապահովելու իր տարածքում հաշվառված յուրաքանչյուր վկայի ծանուցումը (տե՛ս Դատարանի կանոնակարգի հավելվածի Ա5 կանոնի 4-րդ մասը՝ առաջին նախադասությունը):
Բ. Ապացույցի գնահատման սկզբունքները
93. Ապացույցը գնահատելիս Դատարանը որդեգրել է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի չափանիշը՝ սահմանված իր 2 միջպետական գործերով (տե՛ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1978 թվականի հունվարի 18, պարագրաֆ 161, Ա Սերիա թիվ 25, և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 25781/94, պարագրաֆ 113, ՄԻԵԴ, 2001‑IV), որոնք դարձել են իր նախադեպային իրավունքի մի մասը (տե՛ս, inter alia, Իլասկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի գործը [ՄՊ], գանգատ թիվ 48787/99, կետ 26, ՄԻԵԿ 2004-VII, և Դավիդովն ու այլոք ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատներ թիվ 17674/02 և 39081/02, կետ 158, 2010 թվականի հուլիսի 1):
94. Այնուհանդերձ, դա երբեք իր նպատակը չի եղել փոխառելու ազգային իրավական համակարգերի մոտեցումը, որոնք այդ չափանիշն օգտագործում են քրեական գործերով: Դատարանի դերը ոչ թե քրեական իրավունքի հիման վրա անձի մեղավորության որոշումն է կամ քաղաքացիական պատասխանատվության առկայությունը, այլ Պատասխանող պետության պատասխանատվությունը Կոնվենցիայի ներքո: Կոնվենցիայի 19-րդ հոդվածի ներքո Դատարանի կոնկրետ խնդիրը Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ապահովման հարցում Պայմանավորվող պետության ներգրավվածության գնահատումն է, որի մասն է կազմում ցուցմունքների և ապացույցների խնդրի վերաբերյալ իր որդեգրած մոտեցման պայմանների սահմանումը: Դատարանի կողմից իրականացվող դատավարություններում ապացույցների ընդունելիության ընթացակարգային արգելքներ կամ դրանց նախապես գնահատման բանաձևեր չկան: Դատարանն ընդունում է այն եզրակացությունները, որոնք իր կարծիքով հանգում են բոլոր ապացույցների, այդ թվում նրանցից, որոնք բխում են գործի փաստական հանգամանքներից կամ կողմերի ներկայացրած փաստարկումներից: Ըստ իր նախադեպային իրավունքի՝ ապացույցը կարող է բխել բավարար ուժեղ, հստակ, համաձայնեցված հետևությունների համակցությունից կամ չհերքված փաստական հանգամանքների կանխավարկածից: Ավելին, կոնկրետ եզրակացության հասնելու համար համոզվածության աստիճանը և դրա հետ փոխկապակցված ապացույցի բախշումը ըստ էության կապված են գործի փաստական հանգամանքների կոնկրետության, ներկայացված փաստարկների բնույթի և քննարկվող Կոնվենցիոն իրավունքի հետ: Դատարանը նաև ուշադրություն է դարձնում այն հետևության կարևորությանը, որ Պայմանավորվող պետությունը խախտել է հիմնարար իրավունքները (տե՛ս, inter alia, Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի գործը [ՄՊ], գանգատներ թիվ 43577/98 և 43579/98, կետ 147, ՄԻԵԿ 2005-VII, և Մատյուն ընդդեմ Հոլանդիայի գործը, գանգատ թիվ 24919/03, կետ 156, ՄԻԵԿ 2005‑IX):
95. Վարչական պրակտիկայի գոյությունը հաստատելիս Դատարանը չի հիմնվի այն հայեցակարգի վրա, որ ապացուցման բեռը դրված է շահագրգիռ երկու կառավարություններից որևէ մեկի վրա, այլ կքննարկի իրեն ներկայացված բոլոր նյութերն անկախ դրանց ստացման աղբյուրից (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործերը, ibid.): Բացի դրանից, ապացույցներ ձեռք բերելու համար Դատարանի կողմից գործադրված ջանքերի նկատմամբ կողմերի վերաբերմունքը կարող է պարունակել ուշադրության արժանի տարրեր (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, Իլասկուն ու այլոք և Դավիդովն ու այլոք գործերը, ibid.):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
96. Հաշվի առնելով պատասխանող Կառավարության մշտական մերժումը Դատարանին տրամադրելու 2006 թվականի սեպտեմբերի վերջին ընդունված 2՝ թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականների պատճենները, որոնք ընդունվել էին համապատասխանաբար Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության կողմից (տե՛ս վերը՝ պարագրաֆ 30), Դատարանը կարծում է, որ անհրաժեշտ է սույն գործի քննությունը սկսել վերլուծելով, թե արդյոք պատասխանող Կառավարությունը կատարել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածի ներքո ստանձնած իր ընթացակարգային պարտավորությունը, որը սահմանում է հետևյալը.
«Եթե Դատարանը գանգատը հայտարարում է ընդունելի, նա՝ նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմող Կառավարությունը
97. Դիմող Կառավարությունը հայտնել է, որ պատասխանող Կառավարությունը չի տրամադրել բավարար բացատրություն, թե ինչու է հրաժարվել Դատարանին տրամադրելուց թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականները: Հղում տալով Դատարանի համապատասխան նախադեպային իրավունքին՝ նրանք միջնորդեցին Դատարանին բավարարել իրենց գանգատը, քանի որ իրենց փաստարկները լավ հիմնավորված են և եզրակացնել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում:
2.Պատասխանող Կառավարությունը
98. Պատասխանող Կառավարությունն իր մասով հայտարարեց, որ նրանք ի վիճակի չեն Դատարանին տրամադրելու այդ շրջաբերականները, քանի որ դրանք «պետական գաղտնիք» հանդիսացող փաստաթղթեր են և չեն կարող բացահայտվել: Ըստ Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության՝ շրջաբերականները ցուցումներ չեն պարունակել ուղղված Ռուսաստանի Դաշնության վարչական միավորներին միջոցներ ձեռնարկել դիտավորյալ խախտելու Վրաստանի քաղաքացիների իրավունքները: Վկաների հարցաքննության ընթացքում պարոն Նիկիշինը, ով այդ ժամանակ Ներքին գործերի նախարարության իրավական բաժնի ղեկավարի տեղակալն էր, հաստատեց, որ 2006 թվականի հոկտեմբերի 2-ի ցուցումը, որը ենթադրաբար տրվել էր Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից, կեղծիք է և որ այդ երկու՝ թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականները (վերջինը փոստային հաղորդագրություն է եղել) «պետական գաղտնիք» հանդիսացող փաստաթղթեր են և պարունակել են տարբեր ազգային քրեական խմբերի վերաբերող հղումներ, այլ ոչ թե վերաբերել են կոնկրետ Վրաստանի քաղաքացիներին: դրանց բացահայտումն արգելված է Ռուսաստանի օրենքով ...:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքները
99. Դատարանը կրկնում է հետևյալ ընդհանուր սկզբունքները, որոնք նա զարգացրել էր անհատական գանգատների կապակցությամբ և կարող է կիրառել նաև միջպետական գանգատների նկատմամբ.
«... Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն անհատական գանգատների հարուցման համակարգի արդյունավետ գործողության համար շատ կարևոր է, որպեսզի պետությունները ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները գանգատների պատշաճ և արդյունավետ քննության համար: Այս պարտավորությունը պահանջում է, որպեսզի պայմանավորվող պետությունները ստեղծեն Դատարանի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, անկախ նրանից այն հետաքննություն է անցկացնում պարզելու համար փաստերը, թե կատարում է գանգատը ուսումնասիրելու իր ընդհանուր բնույթի պարտավորությունները: Իր տիրապետության տակ գտնվող տեղեկությունը տրամադրելու Կառավարության մերժումը` առանց բավարար բացատրության, կարող է ոչ միայն հանգեցնել դիմողի պնդումների հիմնավորվածության ճանաչմանը, այլ նաև բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության կողմից իր` Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարման մակարդակի վրա (տե՛ս Տահսին Ացարն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 26307/95, կետեր 253-254, ՄԻԵԴ 2004-III, Տիմուրտասն ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատ թիվ 23531/94, կետեր 66 և 70, ECHR 2000-VI, և Տանրիկուլուն ընդդեմ Թուրքիայի գործը, [ՄՊ], գանգատ թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999-IV)»:
(տե՛ս Յանովիեցն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործը, [ՄՊ], գանգատներ թիվ 55508/07 և 29520/09, կետ 202, ՄԻԵԴ 2013):
2. Այս սկզբունքների կիրառումը
100. Սույն գործով Դատարանը նկատում է, որ 2010 թվականի հունիսի 28-ի իր նամակում նա պատասխանող Կառավարությանը խնդրել է տրամադրել թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականների պատճենները, որոնց վերաբերյալ հղում են պարունակում 2006 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 122721/08 ցուցումը՝ արձակված Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից, 2006 թվականի հոկտեմբերի 2-ի հրամանը (թիվ 12272/11)՝ արձակված Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից և 2006 թվականի հոկտեմբերի 18-ի տեղեկատվական նշումը՝ արձակված Ֆեդերալ միգրացիոն ծառայության կողմից (տե՛ս վերը պարագրաֆներ 30 և 31), և որոնք էական նշանակություն ունեցող փաստաթղթեր են սույն գործի փաստերը հաստատելու տեսանկյունից:
101. Վկաների հարցաքննության ընթացքում դատավորների պատվիրակությունը պատասխանող Կառավարության ներկայացուցչին բանավոր կրկնել է երկու շրջաբերականների պատճենների տրամադրման մասին Դատարանի խնդրանքի մասին՝ նրա ուշադրությունը հրավիրելով Դատարանի կանոնակարգի 44 Ա-Գ (Դատարանի հետ համագործակցելու պարտականություն) և 33 (Փաստաթղթերի հանրային բնույթը) կանոնների վրա:
102. 2011 թվականի մարտի 8-ի նամակում Դատարանը գրավոր կրկնել է իր խնդրանքը և նաև հղում է տվել վերոհիշյալ 2 կանոններին, որոնք 44Գ կանոնի տառին համապատասխան բացահայտ սահմանում են, որ «եթե կողմը Դատարանի կողմից պահանջված ապացույցը կամ տեղեկատվությունը չի տրամադրում կամ իր սեփական նախաձեռնությամբ հրապարակում է տեղեկատվությունը կամ այլ կերպ հրաժարվում է արդյունավետորեն մասնակցելու դատավարություններին, ապա Դատարանը կարող է այնպիսի հետևությունների գալ, որոնք իրեն համարժեք են թվում»:
103. Պատասխանող Կառավարությունն իր մասով չի վիճարկել այդ շրջաբերականների առկայությունը, սակայն հայտնել է, որ դրանց բովանդակությունը չի համապատասխանում դիմող Կառավարության փաստարկներին՝ միաժամանակ մերժելով Դատարանին տրամադրելու պատճեններն այն հիմքով, որ դրանք «Պետական գաղտնիք» հանդիսացող փաստաթղթեր են և դրանց բացահայտումն արգելված է Ռուսաստանի օրենքով:
104. Դատարանը կրկնում է, որ այն գործերում, որոնցով առկա են իրադարձությունների իրարամերժ նկարագրություններ, Դատարանն անխուսափելիորեն հանդիպում է այնպիսի դժվարությունների, որոնց հանդիպում է առաջին ատյանի դատարանը: Երբ պատասխանող Կառավարությունը բացառիկ մատչելիություն ունի այն տեղեկատվությանը, որը հերքում կամ հաստատում է դիմող Կառավարության փաստարկները, ինչպես սույն դեպքում է, ապա պատասխանող Կառավարության կողմից առանց ընդունելի հիմնավոր պատճառների համագործակցությունից հրաժարվելը կարող է հիմք ծառայել եզրակացնելու, որ դիմող Կառավարության ենթադրությունները հիմնավոր են (տե՛ս Իմակաևան ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 7615/02, կետ 111, ՄԻԵԴ 2006-XIII (քաղվածքներ)):
105. Բացի դրանից, ինչպես Դատարանն արդեն իսկ հաստատել է «պետական գաղտնիքին» առնչվող գործերով, պատասխանող Կառավարությունը չի կարող հիմնվել ներպետական օրենսդրության վրա արդարացնելու Դատարանին ապացույց տրամադրելու մասին խնդրանքի մերժումը (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Դավիդովն ու այլոք գործը, կետ 170, Նոլան և Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 2512/04, կետ 56, 2009 թվականի փետրվարի 12, և վերոհիշյալ Յանովիչն ու այլոք գործը, կետ 206):
106. Վերջապես, Դատարանը նկատում է սույն գործում, որ պատասխանող Կառավարությունը քննարկվող շրջաբերականները գաղտնի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ կոնկրետ բացատրություն չի ներկայացրել: Հետևաբար այդ դասակարգումը լուրջ կասկածներ է առաջացնում, քանի որ եթե դրանք ներքին փաստաթղթեր էին շրջաբերականների կիրառումն ապահովելու նպատակով ընդունված, ապա պետք է տրամադրվեին տարբեր վարչական մակարդակներում գտնվող մեծ թվով պաշտոնյաների:
107. Դատարանը կրկնում է, որ փաստաթղթերի գաղտնիության գնահատման չափանիշներից մեկն այն է, թե բացի այդ փաստաթղթի հասցեատերերից ու բարձրաստիճան պաշտոնյաներից այլ անձինք արդյոք տեղյակ են դրա մասին (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Նոլան և Կ.-ն գործը, կետ 56, և Յանովիչն ու այլոք գործը, կետ 206):
108. Եթե ընդունենք, որ պատասխանող Կառավարությունն ունեցել է իրավաչափ անվտանգության շահեր այդ շրջաբերականների չբացահայտման հարցում, ապա հարկ է նշել, որ Դատարանը նրանց ուշադրությունը հրավիրում է Դատարանի կանոնակարգի 33-րդ կանոնի 2-րդ մասով տրամադրված հնարավորության վրա հանրային մատչելիությունը սահմանափակելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Շամաևն ու այլոք ընդդեմ Վրաստանի ու Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 36378/02, կետեր 15-17, 246 և 362, ՄԻԵԿ 2005-III, որտեղ Պալատի նախագահը Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված մի շարք փաստաթղթերի համար գաղտնիության երաշխավորություն էր տվել):
109. Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր հանգամանքները՝ Դատարանը կարծում է, որ պատասխանող Կառավարությունը ձախողել է գործի փաստերը հաստատելու խնդրում Դատարանին իր տրամադրության ներքո գտնվող բոլոր անհրաժեշտ միջոցները տրամադրելու իր պարտավորությունը, ինչպես սահմանված է Կոնվենցիայի 38-րդ հոդվածով: Դատարանը գալիս է այն եզրակացության, որ գործի ըստ էության քննության վերաբերյալ դիմող Կառավարության բոլոր փաստարկները, որոնք Դատարանի կարծիքով լավ հիմնավորված են, հավաստի են:
110. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում:
III. ՎԱՐՉԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ, ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՍՊԱՌԵԼՈՒ ԵՎ ՎԵՑԱՄՍՅԱ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
111. Դատարանը կրկնում է, որ իր ընդունելիության որոշման մեջ Պալատը վարչական պրակտիկայի նկատմամբ կիրառել է «ապացուցված լինելու» (prima facie evidence) կանոնը և գործի ըստ էության քննությանը միացրել է «նման վարչական պրակտիկայի առկայությանն ու շրջանակին վերաբերող մյուս բոլոր հարցերը, ինչպես նաև՝ դրանց համապատասխանելիությունը Կոնվենցիոն դրույթներինե և վեցամսյա կանոնի կիրառման հարցը: Այն նաև գործի ըստ էության քննությանն է միացրել «ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու կանոնի կիրառման հարցն ու դրա համապատասխանությունը սույն գործի հանգամանքներին» (տե՛ս Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I) գործը (dec.), գանգատ թիվ 13255/07, կետեր 44, 46 և 50, 2009 թվականի հունիսի 30):
Ա. Վարչական պրակտիկան ու ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումը
1. Կողմերի դիրքորոշումները
ա. Վարչական պրակտիկան
i. Դիմող Կառավարության դիրքորոշումները
112. Դիմող Կառավարությունը, որպես իրենց սկզբունքային դիրքորոշում, պնդել է, որ վարչական պրակտիկայի 2 բաղկացուցիչ տարրերը, մասնավորապես՝ գործողությունների կրկնվելն ու պաշտոնական հադուրժողականությունը կամ թողտվությունը, սույն գործում առկա են:
113. Գործողությունների կրկնման կապակցությամբ դիմող Կառավարության կողմից դատակոչված վկաները Մեծ Պալատի դատավորների պատվիրակությանը հաստատել են, որ 2006 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնության իշխանությունների կողմից Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունը, կալանավորումը և արտաքսումը կրել է կազմակերպված բնույթ: Ավելին, քանի դեռ նրանք նախկինում նման դժվարությունների չէին հանդիպել, նրանց փաստաթղթերը հանկարծ դարձան անօրինական: Սա նաև ապացուցում է այն, որ Ռուսաստանի իշխանությունների գործողությունները բավականին շատ էին և լավ կազմակերպված, ինչը բացառում է այն հետևությունը, որ եղել են միայն խախտումների առանձին օրինակներ, որոնք բացառիկ ու առանձին դեպքեր էին: Վարչական պրակտիկայի առկայությունը հատկապես ակնհայտ է դառնում, եթե համեմատություն անցկացվի 2006 թվականի աշնանն արտաքսված Վրաստանի քաղաքացիների թվի և դրան նախորդող կամ հաջորդող տարիների ու ամիսների ընթացքում արտաքսվածների թվի միջև: Սա նաև հաստատվում է այն հանգամանքով, որ պատասխանող Կառավարությունը չի վիճարկում այն, որ նրանք կասեցրել են փոստային ծառայությունները Վրաստանի հետ, ինչպես նաև այն, որ 2006 թվականի նոյեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնության Ֆեդերալ Ժողովը (երկպալատ օրենսդիր մարմին) խստացրել է միգրացիոն օրենքների խախտումների համար սահմանված պատիժները: Վերջապես, դիմող Կառավարությունը հղում է տվել բազմաթիվ միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների մի քանի զեկույցներին (այդ թվում «HRW»-ի զեկույցին) և Ռուսաստանի Դաշնության լրատվության միջոցներով տարածում գտած ռասիզմին և քսենոֆոբիային, որը հիմնականում կրել է հակավրացական ուղղվածություն և իր գագաթնակետին է հասել 2006 թվականի աշնանը:
114. Պաշտոնական թողտվության կապակցությամբ դիմող Կառավարությունը մասնավորապես հղում է տվել «HRW»-ի զեկույցին, որը մատնացույց է անում, որ Ռուսաստանի Կառավարության և բարձր, և ստորին մակարդակները համատեղ էին աշխատել ապահովելու Վրաստանի քաղաքացիների մասսայական արտաքսումը: Զեկույցը հղում է տալիս ոստիկանության կողմից ազգությամբ վրացիների փաստաթղթերի լայնամասշտաբ ստուգմանը, ինչպես նաև, նախ և առաջ, Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից ոստիկանությանը, Ֆեդերալ միգրացիոն ծառայությանը և դատարաններին ուղղված ցուցումներին ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները պարզելու Վրաստանի քաղաքացիներին ու նրանց արտաքսելու համար: Ավելին, տուժողների հայտարարությունները, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցներն ու լրատվությունն ապացուցում են և թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականների վրա հիմնված ցուցումների առկայությունը և դրանց բովանդակությունը: Դիմող Կառավարությունը հղում է տվել նաև Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի 2006 թվականի տարեկան զեկույցին: Վերջապես, Ռուսաստանի պաշտոնյաների կողմից վրացի աշակերտների ցուցակները տրամադրելու մասին միջնորդություններ էին ուղարկվել Ռուսաստանի Դաշնության մի քանի դպրոցներ նրանց ծնողների ինքնությունը պարզելու նպատակով: Հանգամանքը, որ անձինք նման միջնորդություններ են կատարել, որոնք ակնհայտ ապօրինի են եղել և հետագայում էլ չեն պատժվել, ապացուցում է 2006 թվականի աշնանը Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրականացված խտրական քաղաքականության առկայությունը:
ii. Պատասխանող Կառավարության դիրքորոշումները
115. Պատասխանող Կառավարությունը հերքել է այս բոլոր փաստարկները: Նրանց կարծիքով Մեծ Պալատի դատավորների պատվիրակությա կողմից վկաների հարցաքննությունը որևէ ապացույց չի տվել հիմնավորելու Վրաստանի իշխանությունների հիմնավորումները, որ Ռուսաստանի Դաշնությունը, ի պատասխան լրտեսության մեջ մեղադրվող ռուս սպաների ձերբակալության, Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կազմակերպել և թույլատրել է հետապնդումներ և կազմակերպել է նրանց մասսայական ձերբակալությունն ու կոլեկտիվ արտաքսումը:
116. Պատասխանող Կառավարությունը հայտնել է, որ վարչական հանցագործությունների համար Վրաստանի քաղաքացիների դեմ իրենց գործողությունները և Ռուսաստանի տարածքից նրանց արտաքսելու միջոցառումներն իրականացվել են օրենքով սահմանված կարգով և հետապնդել են օրինաչափ նպատակ և երբեք կապված կամ պայմանավորված չեն եղել Վրաստանի քաղաքացիների էթնիկ կարգավիճակով կամ նրանց ազգությամբ: Ռուսաստանի իշխանությունները Վրաստանի քաղաքացիների դեմ երբեք որևէ վարչական պրակտիկա կամ Կոնվենցիայի իմաստով կոլեկտիվ արտաքսում չեն իրականացրել:
117. Նրանք մասնավորապես գտնում են, որ դիմող Կառավարությունը որևէ ապացույց չի ներկայացրել հիմնավորելու Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից ընդունված ցուցումների աուտենտիկությունը, այդ թվում՝ պարոն Պիոտրովսկիի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրվածը, որի «բովանդակությունը» ի թիվս այլնի հայտնվել էր ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեյի զեկույցի հավելվածում, «HRW»-ի զեկույցում և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցում՝ հղում տալով վարչական և դատական իշխանությունների գործողությունների միջև կոորդինացմանն արտաքսման քաղաքականության իրականացման համար հատկապես թիրախավորելով Վրաստանի քաղաքացիներին: Նման կոորդինացման հիշատակումն անհեթեթություն է, քանի որ Ռուսաստանի դատարաններն անկախ են գործադիր մարմնից: Ավելին, վկաների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի պաշտոնյաները հաստատել էին, որ նման ցուցում երբեք չի տրվել: Նույնը վերաբերում է նաև Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի ոստիկանության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի 2006 թվականի հոկտեմբերի 2-ի հրամանին և Ֆեդերալ միգրացիոն ծառայության 2006 թվականի հոկտեմբերի 18-ի տեղեկատվական ծանուցմանը: Միակ ցուցումը, որին հղում էին տալիս ռուս պաշտոնյաները, Գլխավոր դատախազի տեղակալի ցուցումն էր, որով բոլոր դատախազներից խնդրում էր ուժեղացնել իրենց հսկողությունը, որպիսի ապահովվի ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը (տե՛ս վերը պարագրաֆ 38): Ինչ վերաբերում է թիվ 0215 և թիվ 849 շրջաբերականներին, որոնց վրա ըստ հավաստիացումների այդ հրամանն ու ծանուցումը հիմնվում էին, ապա պատասխանող Կառավարությունը վիճարկեց նրանց բովանդակության վերաբերյալ դիմող Կառավարության փաստարկները:
118. Բացի դրանից, ռուս պաշտոնյաները, ովքեր Ռուսաստանի Դաշնության դպրոցներից պահանջել էին վրացի աշակերտների ցուցակները, առանձին դեպքեր են (ընդամենը 4 միջնորդություններ են եղել երկու վարչական միավորներից) և պատշաճ կերպով պատժվել են, ինչպես հաստատվել էր վկաների հարցաքննության ընթացքում:
119. Պատասխանող Կառավարությունը նաև հերքել է դիմող Կառավարության կողմից ներկայացված վիճակագրական տվյալները՝ գտնելով, որ քննարկվող ժամանակահատվածում վրացիների աննախադեպային արտաքսման մասին Վրաստանի իշխանությունների փաստարկներն ի պաշտպանություն մասսայական «հակավրացական քաղաքականությանե, որևէ պաշտոնական վիճակագրական տվյալով չի ապացուցվել: Նրանք ընդհանուր առմամբ վիճարկում էին կոնկրետ զեկույցներում տրված տեղեկատվության համապատասխանությունը, այդ թվում՝ «HRW»-ի և ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեյի զեկույցները՝ պնդելով, որ դրանց մեծ մասի բովանդակությունը հիմնված է Վրաստանի պաշտոնյաների և քաղաքացիների հայտարարությունների վրա և չի հաստատվել որևէ փաստաթղթերով կամ այլ թույլատրելի ապացույցով: Հետևաբար, այդ զեկույցները չեն կարող հիմք հանդիսանալ եզրակացնելու, որ պատասխանող Կառավարության կողմից թույլ են տրվել լուրջ խախտումներ:
բ. Ներպետական դատական պաշտպանության միջոցների սպառումը
i.Դիմող Կառավարության դիրքորոշումները
120. Որպես այլընտրանք, եթե սույն գործի նկատմամբ ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու կանոնները կիրառելի լինեն, ապա դիմող Կառավարությունը նշեց, որ պատասխանող Կառավարության կողմից մատնանշած պաշտպանության միջոցները գործի բացառիկության համատեքստում անարդյունավետ են և մատչելի չեն: Ավելին, Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացված հակավրացական քաղաքականության համատեքստում և մարդու իրավունքների մասսայական խախտման արդյունքում Վրաստանի քաղաքացիները չէին կարող կատարել իրենց պարտականությունն ու օգտվել այդ պաշտպանության միջոցներից:
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի քաղաքացիները մինչև այժմ չեն բողոքարկում արտաքսման մասին հրամանները, քանի որ նրանց չէին տեղեկացրել այդ հնարավորության մասին և որոշ դեպքերում Ռուսաստանի պաշտոնյաները հարկադրել էին ստորագրել վերաքննիչ բողոքից հարաժարվելու մասին դիմումներ: Արդյունքում, նրանց արտաքսելիս նրանք այլևս վերաքննիչ բողոք բերելու իրավունք չունեին, քանի որ հաղորդակցության բոլոր միջոցները երկու պետությունների միջև անջատվել էին, իսկ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի կամ Վրաստանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանների ծառայություններից օգտվել հնարավոր չէր: Ավելին, արտաքսման մասին հրամանները սուբյեկտիվ էին և խախտում էին Վարչական իրավախախտումների մասին ՌԴ օրենսգրքի կանոնները, որոնց համաձայն՝ նման որոշումները չէին կարող ի կատար ածվել նախքան վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի՝ 11 օր, ավարտը (տե՛ս վերը պարագրաֆ 77): Վերջապես, պատասխանող Կառավարության կողմից 2011 թվականի ապրիլի 15-ի նամակով ներկայացված փաստաթղթերի դեֆիցիտը (տե՛ս վերը՝ 85 in fine) հաստատում է, որ քննարկվող ժամանակահատվածում ներպետական դատական պաշտպանության միջոցներն անարդյունավետ են եղել:
ii.Պատասխանող Կառավարության դիրքորոշումները
121. Պատասխան Կառավարության դիրքորոշումից բխում է, որ ըստ նրանց՝ վկաների հարցաքննությունից ակնհայտ է, որ դիմող Կառավարության կողմից վկայակոչված Վրաստանի բոլոր քաղաքացիները Ռուսաստանի Դաշնությունում անօրինական էին գրանցված և կարող էին օգտագործել մատչելի ու արդյունավետ ներպետական դատական պաշտպանության միջոցները վիճարկելու արտաքսման մասին հրամանները: Նախքան նրանց փաստացի արտաքսելը նրանք կարող էին վերաքննիչ բողոք բերել իրենց դեմ կայացված որոշումների դեմ կամ դիմել դատական վերանայման համար: Ի պատասխան Դատարանի խնդրանքի 2011 թվականի ապրիլի 15-ին նրան ուղարկված նամակում Ռուսաստանի իշխանությունները հստակ ու մանրամասն նշել են Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված երաշխիքները նման խախտումներից դատական պաշտպանություն ստանալու համար, ինչպես նաև՝ Վրաստանի քաղաքացիների կողմից բերված վերաքննիչ բողոքների քննության կայացված դատական որոշումների օրինակներ: Այդ տեղեկատվությունն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանից արտաքսված քաղաքացիների վերաբերյալ վիճակագրական տվյալներին և Ռուսաստանի իշխանությունների հայտարարություններին, որ այդ ժամանակ նրանք երբեք «հակավրացական քաղաքականությանե կամ Վրաստանի քաղաքացիների կոլեկտիվ արտաքսում չեն իրականացրել: Վրաստանի քաղաքացիները կարող էին դիմել նաև դատախազությանը, որը Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ունի բողոք (протест) բերելու իրավունք օրինականության ապահովման կամ որոշումը վերանայելու նպատակով:
2.Դատարանի գնահատականը
Ա. Ընդհանուր սկզբունքները
122. Դատարանը կրկնում է, որ վարչական պրակտիկան պարունակում է 2 տարրեր. «գործողությունների կրկնողությունը» և «պաշտոնական թողտվությունը կամ հանդուրժողականությունը» (տե՛ս Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան և Հոլանդիան ընդդեմ Թուրքիայի գործը, գանգատներ թիվ 9940‑9944/82, 1983 թվականի դեկտեմբերի 6-ի Հանձնաժողովի որոշումը, կետ 19, DR 35, և վերոհիշյալ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, կետ 99):
123. Ինչ վերաբերում է «կրկնվող գործողություններին», ապա Դատարանը դրանք նկարագրում է որպես «միանման կամ նույնաբովանդակ այնպիսի խախտումների ամբողջություն, որոնք այնքան շատ են ու փոխկապակցված, որ չեն կարող դիտարկվել որպես միայն առանձին դեպքեր կամ բացառություններ, այլ օրինակներ են կամ համակարգ» (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 159, և Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, կետ 115):
124. «Պաշտոնական թողտվությունը կամ հանդուրժողականությունը» նշանակում է, որ «ապօրինի գործողությունները թույլատրվում են, քանի որ դրանց համար անմիջականորեն պատասխանատու վերահսկողները չնայած դրանց մասին տեղեկացվածությանը որևէ գործողություն չեն ձեռնարկում պատժելու դրանք կամ կանխելու դրանց կրկնվելը կամ բարձր իշխանությունները հանդիպելով բազմաթիվ հավաստիացումների անտարբերություն են ցուցաբերում՝ հրաժարվելով ձեռնարկել որևէ ադեկվատ գործողություն պարզելու դրանց իսկությունը կամ իրականությանն անհամապատասխանությունը կամ դատավարությունների ընթացքում նման գանգատների արդար դատաքննությունը մերժվում է»: Այս վերջին բաղկացուցիչ տարրին Հանձնաժողովը հավելեց, որ «բարձր իշխանության կողմից ձեռնարկված որևէ գործողություն պետք է տարբեր ուղղություններ ունենա, որը բավարար կլինի վերջ դնելու այդ գործողությունների կրկնողությունը կամ ընդհատի օրինակները կամ ամբողջ շղթան» (տե՛ս վերոհիշյալ Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան և Նիդերլանդներն ընդդեմ Թուրքիայի գործը, ibid.): Այդ կապակցությամբ Դատարանը գտել է, որ «անհավատալի է, որ պետության բարձրագույն իշխանությունները տեղյակ չեն կամ նվազագույնը պարտավոր չեն տեղյակ լինել նման պրակտիկայի առկայության մասին: Ավելին, Կոնվենցիայի համաձայն այդ իշխանություններն ուղղակիորեն պատասխանատու են իրենց ենթակաների վարքագծի համար, նրանք պարտավոր են իրենց կամքը թելադրել իրենց ենթականերին և չեն կարող թաքնվել իրենց անկարողության հետևում, որպիսի երաշխավորեն, որ դա հարգելի է» (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 159):
125. Ինչ վերաբերում է ներպետական դատական պաշտպանության միջոցները սպառելու կանոնին, ապա Դատարանը կրկնում է, որ միջպետական գանգատների գործերով իր նախադեպային իրավունքի համաձայն այս կանոնը սկզբունքորեն կիրառելի չէ այդ գործերով, որտեղ դիմող Կառավարությունը «բողոքում է նման պրակտիկայից դրանց կրկնվելը կամ շարունակվելը կանխելու համար սակայն ... Դատարանին չի միջնորդում ներկայացված գործերից յուրաքանչյուրի համար կայացնել որոշում որպես ապացույց այդ պրակտիկայի առկայության մասին» (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 159): Ամեն դեպքում այն չի կիրառվում, եթե «վարչական պրակտիկան, մասնավորապես՝ գործողությունների կրկնողությունն անհամատեղելի է Կոնվենցիայի հետ և ապացուցվել է պետության հանդուրժողականության կամ թողտվության առկայությունը, որոնք այդպիսով այդ միջոցներն իրենց բնույթով դարձնում են անարդյունավետ» (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, ibid; Ակդիվարն ու այլոք ընդդեմ Թուրքիայի գործը, 1996 թվականի սեպտեմբերի 16, կետ 67, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑IV և վերոհիշյալ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, կետ 99):
126. Այնուհանդերձ ներպետական դատական պաշտպանության միջոցների մատչելիությունն ու արդյունավետությունը կարող է հաշվի առնվել որոշելու համար, թե արդյոք նման պրակտիկա առկա է, թե՝ ոչ (տե՛ս, մասնավորապես, վերոհիշյալ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործը, կետ 87):
127. Դատարանը կարծում է, որ այս հարցի քննարկման պայմանավորումը վարչական պրակտիկայի առկայության հարցի հետ սույն գործի դեպքում համարժեք է:
բ. Այս սկզբունքների կիրառումը
i. Վարչական պրակտիկա
128. Այս գործում Դատարանին չեն միջնորդել որոշում կայացնելու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների անհատական խախտումներով, սակայն Դատարանի ուշադրությանը ներկայացված անհատական գործերը կարող են քննարկվել որպես նման հնարավոր պրակտիկայի ապացույց (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 157, in fine):
129. Որոշելու համար, թե վարչական պրակտիկա արդյոք առկա է եղել, թե՝ ոչ, Դատարանը պետք է սահմանված վերոհիշյալ չափանիշների լույսի ներքո գնահատի իրեն մատչելի ապացույցները (տե՛ս վերը պարագրաֆներ 93-95):
130. Այդ կապակցությամբ այն նկատում է, որ նախ և առաջ կողմերի ներկայացրած վիճակագրական տվյալները միմյանցից տարբերվում են, մասնավորապես՝ թե այդ ժամանակահատվածում (2006 թվականի սեպտեմբերի վերջից մինչև 2007 թվականի հունվարի վերջ) Վրաստանի քանի քաղաքացիներ են ձերբակալվել, կալանավորվել և արտաքսվել (տե՛ս վերը պարագրաֆներ 27-28):
131. Իրականում, դիմող Կառավարությունը գանգատ է ներկայացրել, որ այդ ժամանակահատվածում 4 634 արտաքսման հրամաններ ներկայացվել էին Վրաստանի քաղաքացիների դեմ, որոնցից 2 380-ը կալանավորվել և հարկադրաբար արտաքսվել էին, իսկ մնացած 2 254-ը երկիրը լքել էին իրենց միջոցներով, ինչի արդյունքում, համեմատած նախորդ տարիների հետ, 2006 թվականի հոկտեմբերի սկզբին արձանագրվել էր արտաքսվածների թվի կտրուկ աճ:
132. Պատասխանատու Կառավարությունն իր մասով թեև հայտնեց, որ իրենք վարում են միայն տարեկան և կիսամյակային վիճակագրություն, սակայն հայտարարեց, որ 2006 թվականին Վրաստանի քաղաքացիների դեմ արձակվել են վարչական արտաքսման մասին 4 022 հրամաններ և հավելեց, որ 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2007 ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի 2 862 քաղաքացիների վերաբերյալ կայացվել է արտաքսման հրամաններ:
133. Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարության ներկայացրած վիճակագրությունը վերաբերում է 2006 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը, որը չի համապատասխանում օրացույցի կեսին և առաջարկեց, որ ամսական վիճակագրությունը հավաքվի:
134. Հաշվի առնելով 2006 և 2007 թվականների ամսական վիճակագրության տրամադրման ձախողումը՝ Դատարանը հակված չէ ընդունելու այն տեսակետը, որ պատասխանող Կառավարության կողմից մատնանշված թիվը համապատասխանում է քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի արտաքսված քաղաքացիների իրական թվին:
135. Համապատասխանաբար, այն գտնում է, որ ոչինչ իրեն չի խոչընդոտում հաստատելու, որ դիմող Կառավարության փաստարկները Վրաստանի արտաքսված քաղաքացիների թվի վերաբերյալ արժանահավատ չեն: Սույն գործի քննության ընթացքում հետևաբար Դատարանը հաստատված է համարում, որ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների դեմ կայացվել են առավել քան 4 600 արտաքսման հրամաններ, որոնցից մոտավորապես 2 380-ը կալանավորվել և հարկադրաբար արտաքսվել է:
136. Իր տրամադրության ներքո գտնվող նյութերի լույսի ներքո Դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքերը՝ ցուցումների և շրջաբերականների ընդունումը, Վրաստանի քաղաքացիների մասսայական ձերբակալությունն ու արտաքսումը, Մոսկվայից Թբիլիսի չվերթները և դպրոցներին ուղարկված Ռուսաստանի պաշտոնյաների նամակները, տեղի են ունեցել նույն ժամանակահատվածում, մասնավորապես՝ 2006 թվականի սեպտմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից վիճարկվող իրադարձությունների նկարագրությունը նույնպես էականորեն ներդաշնակ են այս կապակցությամբ (տե՛ս վերը պարագրաֆներ 63-74):
137. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է այս կազմակերպությունների զեկույցներում պարունակվող տեղեկությունների ապացուցողական ուժը:
138. Այնուամենայնիվ, Դատարանը կրկնում է, որ «լինելով իր դատավարության և իր կանոնների լավագույն գիտակը, ինքը լիովին ազատ է գնահատելու ոչ միայն իրեն ներկայացված ապացույցի կամ դրա մի մասի ընդունելիությունը և վերաբերելիությունը, այլև՝ դրա ապացուցողական նշանակությունը (տե՛ս վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, կետ 210): Այն հաճախ շատ մեծ կարևորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անկախ միջազգային միավորումների կողմից ներկայացված զեկույցներում պարունակվող տեղեկություններին կամ կառավարական աղբյուրներին (տե՛ս, mutatis mutandis, Սաադին ընդդեմ Իտալիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 37201/06, կետ 131, ՄԻԵԿ 2008, ՆԱ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատ թիվ 25904/07, կետ 119, 2008 թվականի հուլիսի 17, Մ.Ս.Ս.-ն ընդդեմ Բելգիայի և Հունաստանի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 30696/09, կետեր 227 և 255, ՄԻԵԿ 2011, և Հիրսին ու այլոք ընդդեմ Իտալիայի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 27765/09, կետ 118, ՄԻԵԿ 2012): Այս զեկույցների արժանահավատությունը գնահատելու համար համապատասխան չափանիշը դրանց հեղինակների իշխանությունն ու հեղինակությունն է, միջոցների կարևորությունը, որոնցով կատարվել է քննությունը, նրանց եզրակացությունների հավաստիությունը և արդյոք դրանք հաստատվել էին այլ աղբյուրներից (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Սաադի գործը, կետ 143, ՆԱ-ի գործը, կետ 120, ու Սուֆին և Ելմին ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, գանգատներ թիվ 8319/07 և 11449/07, կետ 230, 2011 թվականի հունիսի 28):
139. Այս գործու, հաշվի առնելով այս զեկույցների մանրակրկիտ բնույթն ու այն հանգամանքը, որ քննարկվող հարցերի կապակցությամբ նրանց եզրակացությունները հաստատում են Վրաստանի վկաների հայտարարությունները՝ Դատարանը որևէ պատճառ չի տեսնում կասկածի տակ դնելու այս զեկույցների արժանահավատությունը:
140. Բացի դրանից, Դատարանը կարծում է, որ հետևելով Կոնվենցիայի 38-րդ հոդվածի վերաբերյալ խախտման մասին իր հետևությանը, առկա է հզոր կանխավարկած, որ դիմող Կառավարության փաստարկները շրջաբերականների բովանդակության մասին արտաքսելու միայն Վրաստանի քաղաքացիներին արժանահավատ են:
141. Նույնը վերաբերում է դիմող Կառավարության կողմից ներկայացված մյուս փաստաթղթերի աուտենտիկությանը ու այդ շրջաբերականների հղումներին, մասնավորապես՝ 2006 թվականի հոկտեմբերի 2-ին Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության կողմից ընդունված թիվ 122721/08 հրամանին (տե՛ս վերը՝ պարագրաֆ 31):
142. Այդ ցուցումը, որը կիրառում էր Ներքին գործերի նախարարության Սանկտ-Պետերբուրգի ու Լենինգրադի շրջանի գլխավոր վարչության 2006 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 0215 շրջաբերականը, հստակորեն նշում էր Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական գրանցված Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին: Բացի դրանից այն նշում էր, որ ընդունված որոշումը կոորդինացված է Սանկտ-Պետերբուրգի քաղաքային դատարանի և Լենինգրադի շրջանային դատարանի հետ:
143. Դատարանը նաև հղում է տալիս նաև կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցներին, որոնք հղում են տալիս այդ հրամանին (տե՛ս ԵԽԽՎ և «HRW»-ի զեկույցները, որոնց այն կցվել էր, և «FIDH»-ի զեկույցը, էջ 26 բ) – տե՛ս վերը պարագրաֆներ 39-40) և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հետևությանը, որը նշել էր այն իր 2006 թվականի տարեկան զեկույցում՝ գտնելով, որ Գլխավոր դատախազի տեղակալի պատասխանն իր խնդրանքին այդ հրամանի աուտենտիկության մասին տեղեկություն տրամադրելու վերաբերյալ, անբավարար էր (տե՛ս վերը պարագրաֆ 35): Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ 2006 թվականի դեկտեմբերի 8-ի իր պատասխանում Գլխավոր դատախազի տեղակալը չէր ասել, որ քննարկվող ցուցումն աուտենտիկ չէ (տե՛ս վերը՝ 34):
144. Վերջապես անվիճելի է, որ 2006 թվականի հոկտեմբերի սկզբին Մոսկվայի շրջանների և Սամարայի շրջանի ներքին գործերի նախարարության տարբեր բաժինների կողմից նամակներ էին ուղարկվել դպրոցների տնօրիններին՝ խնդրելով տրամադրել վրացի աշակերտների ցուցակները տարբեր պատճառաբանություններով (ինչպես օրինակ՝ հասարական կարգը պահպանելու, ահաբեկչական ակտերը կամ Մոսկվայում բնակվող երեխաների և վրացի երեխաների միջև բախումները կանխելու, անօրինական էմիգրանտների կողմից դպրոցներին կաշառք տալու դեպքերը բացահայտելու, անառողջ պայմաններում ապրող երեխաներին բացահայտելու համար) (տե՛ս վերը պարագրաֆներ 36-ից 37):
145. Հարկ է նշել, որ նախքան հոկտեմբերի սկիզբը նախկինում նման տեսակի խնդրանք երբևէ չէր ուղարկվել: Եթե նույնիսկ նմանատիպ խնդրանքներ շատ չէին ուղարկվել և չի կարելի բացառել հնարավորությունը, որ դրանք ուղարկվել էին պաշտոնյաների սեփական նախաձեռնությամբ, ապա միևնույն է ճչացող փաստ է, որ այս նամակներն ուղարկվել էին այն նույն ժամանակահատվածում, երբ ուղարկվել էին շրջաբերականներն ու ցուցումները: Բացի դրանից, վկաների հարցաքննության ընթացքում Ռուսաստանի պաշտոնյաները հաստատեցին, որ նման գործողություններն անմիջականորեն արգելված են օրենքով և ուստի զարմանալի է, որ մի քանի պաշտոնյաներ միաժամանակ և սեփական նախաձեռնությամբ խախտել են օրենքը: Վերջապես, Դատարանը նկատում է, որ պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատիժները կարգապահական միջոցառումներ են (տե՛ս վերը՝ պարագրաֆ 37):
146. Համապատասխանաբար, այն գտնում է, որ պատասխանող Կառավարության կողմից ներկայացված ապացույցը, մասնավորապես՝ Գլխավոր դատախազի տեղակալի 2006 թվականի դեկտեմբերի 2 նամակները և Ռուսաստանի իշխանությունների կողմից իրականացված քննությունների զեկույցները, չեն կարող հերքել Ռուսաստանի իշխանությունների կողմից նման անօրինական ակտերի նկատմամբ հանդուրժողականությունը և թողտվությունը:
ii. Ներպետական դատական պաշտպանության միջոցները
147. Ինչ վերաբերում է ներպետական դատական պաշտպանության միջոցների արդյունավետությանն ու մատչելիությանը, Դատարանը նախ և առաջ նկատում է, որ Վրաստանի դատակոչած վկաների հայտարարություններն իրենց ձերբակալության պայմանների և Ռուսաստանի Դաշնությունում անցկացված դատավարությունների հակիրճ նկարագրության վերաբերյալ համապատասխանում են միմյանց (տե՛ս վերը պարագրաֆներ 45-46 և 48-49):
148. Նույնը ճշմարիտ է նաև այդ իրադարձություններին միջազգային կառավարական և ոչ-կառավարական կազմակերպությունների կողմից տրված նկարագրության դեպքում, որոնք հղում են տվել վարչական և դատական իշխանությունների գործողությունների միջև կոորդինացման վրա (տե՛ս վերը պարագրաֆներ 39-40 և 68-71):
149. Դատարանը նկատում է, որ Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել, կալանավորվել և արտաքսվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 18.8-րդ, 8.10-րդ և 18.11-րդ հոդվածների խախտումների համար (օրինակ՝ անօրինական աշխատանքի թույլտվություն, վիզա կամ գրանցման վկայական) և այդ հրամաններն ընդունվել էին ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
150. Կասկած չի հարուցում, որ ձերբակալության, կալանավորման և արտաքսման մասին հրամանների դեմ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դատական իշխանությունների առջև առկա են եղել դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ, ինչպես հայտարարել է պատասխանող Կառավարությունն իր տարբեր դիրքորոշումներում և նկարագրել են ռուսական կողմի վկաները հարցաքննության ընթացքում (տե՛ս նաև Նիյազովն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 27843/11, կետ 87, 2012 թվականի հոկտեմբերի 16):
151. Այնուամենայնիվ, Դատարանը պետք է իրատեսական մոտեցումը հաշվի առնի, մասնավորապես՝ «ոչ միայն շահագրգիռ պետության իրավական համակարգում դատական պաշտպանության ֆորմալ միջոցների առկայությունը, այլ նաև այն քաղաքական համատեքստը, որի պայմաններում այդ միջոցներն առկա են, ինչպես նաև՝ դիմողների անհատական հատկանիշները» (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Ակդիվարն ու այլոք գործը, կետ 69):
152. Հաշվի առնելով իր տիրապետության ներքո գտնվող բոլոր նյութերը՝ Դատարանը կարծում է, որ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների համար իրական արգելքներ են եղել այդ պաշտպանության միջոցներից օգտվելու հարցում թե Ռուսաստանում տեղի ունեցած դատավարությունների ընթացքում, թե Վրաստան արտաքսվելուց հետո:
153. Այն գտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունում այդ արգելքներն առաջացել են Ռուսաստանի դատարանների կողմից իրականացված դատավարությունների արդյունքում, ինչպես նկարագրում են Վրաստանի վկաները, մասնավորապես՝ նրանք դատարան են ներկայացվել խմբերով: Մինչդեռ որոշները հայտնում են, որ դատական նիստը միջինը տևել է 5 րոպե և առանց գործի հանգամանքների պատշաճ քննության, մյուսները հայտնում են, որ իրենք սպասել են միջանցքներում և նույնիսկ այն ավտոբուսներում, որոնք նրանց դատարան էին բերել Վրաստանի մյուս քաղաքացիների հետ: Նրանք ասացին, որ արդյունքում իրենց կարգադրել էին ստորագրել դատարանի որոշումներն առանց հնարավորություն ունենալու կարդալու դրանց բովանդակությունը կամ ձեռք բերելու որոշման պատճենը: Նրանք ոչ պաշտպան են ունեցել, ոչ թարգման: Որպես կանոն, և դատավորները, և ոստիկանները նրանց չեն խրախուսել վերաքննիչ բողոք բերել՝ ասելով, որ առկա է Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու հրաման:
154. Բացի դրանից, այն մթնոլորտը, որի պայմաններում այս միջոցառումները ձեռնարկվել էին նույնպես բացատրում են Վրաստանի քաղաքացիների մոտ այդ որոշումները բողոքարկելու ցանկության բացակայությունը:
155. Այդ կապակցությամբ Դատարանն առավելապես արժանահավատ է համարում այս դատավարությունների վերաբերյալ Վրաստանի վկաների նկարագրությունները, որոնք համընկնում են միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների զեկույցների նկարագրությանը, քան Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք անհավանական էին համարում քննարկվող ժամանակահատվածում այդ թվով Վրաստանի քաղաքացիների արտաքսումը:
156. Վրաստանում ի լրումն հոգեբանական հանգամանքների առկա էին գործնական խոչընդոտներ այդ պաշտպանության միջոցների օգտագործման հարցում երկու պետությունների միջև տրանսպորտային կապի բացակայության պատճառով: Բացի դրանից, շատ դժվար էր կապնվել Վրաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հետ, որը շատ փոքր աշխատակազմ ուներ ընդամենը 3 դիվանագետ այդ ժամանակ:
157. Դատարանը նաև գտնում է, որ քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի դատարանների կողմից Վրաստանի քաղաքացիների արտաքսման մասին հրամանների քանակության վերաբերյալ ամսական վիճակագրություն չտրամադրելու արդյունքում պատասխանող Կառավարության կողմից 2011 թվականի ապրիլի 15-ի իրենց նամակում (տե՛ս վերը՝ պարագրաֆ 85 in fine) չի ապահովվել անհրաժեշտ ապացույց այն մասին, որ քննարկվող ժամանակահատվածում ներպետական դատական պաշտպանության այդ միջոցներն արդյունավետ ու մատչելի էին և ունեին հաջողության ողջամիտ հեռանկարներ:
158. Մասնավորապես, ներկայացված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումների թիվը (42) ցույց է տալիս, որ դրանք հնարավոր նվազագույնն են՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունում առկա վարչատարածքային միավորների թիվն ու այդ ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների դեմ արձակված արտաքսման մասին հրամանների քանակը (տե՛ս վերը պարագրաֆ 135): Մոսկվա և Սանկտ-Պետերբուրգ քաղաքների համար ներկայացված վերաքննիչ որոշումների թիվը, համապատասխանաբար 8 և 17, նույնպես աննշան է՝ հաշվի առնելով, որ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների մեծ մասի արտաքսումը տեղի է ունեցել այդ քաղաքներում, որտեղ նրանց մեծամասնությունը նաև ապրում էր:
iii. Եզրակացություն
159. Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները՝ Դատարանը եզրակացնում է, որ սկսած 2006 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնությունում եղել է Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման կոորդինացված քաղաքականություն, որը Կոնվենցիայի նախադեպային իրավունքի լույսի ներքո հանդիսանում է վարչական պրակտիկա: Համապատասխանաբար, պատասխանող Կառավարության առարկությունները ներպետական դատական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ պետք է մերժել:
Բ. 6-ամսյա կանոնը
160. Դատարանը կրկնում է, որ «ներպետական դատական պաշտպանության միջոցների բացակայության պայմաններում այս կանոնը հաշվարկվում է սկսած այն ակտի ընդունման կամ գործողության կատարման պահից, որը չի համապատասխանում Կոնվենցիային» (տե՛ս, inter alia, վերոհիշյալ Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի գործը, կետ 47):
161. Չնայած Պալատը ռեզերվացրել է հարցը, այն գործի ըստ էության քննությանը միացնելու համար, սակայն 2 Կառավարություններից ոչ մեկը որևէ դիրքորոշում չի ներկայացրել այդ կապակցությամբ: Դիմող Կառավարությունը միայն միջնորդել է Դատարանին, որպիսի արձանագրի, որ գանգատը ներկայացվել է Կոնվենցիայով սահմանված 6-ամսյա ժամկետի սահմաններում:
162. Սույն գործով գանգատը Դատարան է ներկայացվել 2007 թվականի մարտի 26-ին, մինչդեռ Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու մասին հրամաններն արձակվել են 2006 թվականի սեպտեմբերի 27-ից հետո:
163. Համապատասխանաբար, Դատարանը կարծում է, որ Կոնվենցիայով սահմանված 6-ամսյա կանոնը պահպանվել է:
IV. 4-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
164. Դիմող Կառավարությունը հղում է տվել 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«Օտարերկրացիների կոլեկտիվ արտաքսումն արգելվում է»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմող Կառավարությունը
165. Դիմող Կառավարությունը հայտնել է, որ պատասխանող Կառավարությունը վրացիներին կոլեկտիվ արտաքսել է Ռուսաստանի Դաշնության տարածքից և զրկել է դատարանների կողմից նրանց գործերը քննելու իրավունքից: Ըստ նրանց՝ լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ դատավարությունների ընթացքում արտաքսման հրամանի սուբյեկտների գործերը երբեք ըստ էության չեն քննվել: Ինչպես կարելի է եզրակացնել վկաների ցուցմունքներից և միջազգային կառավարական ու ոչ-կառավարական կազմակերպությունների զեկույցներից, դատարանները չեն ցանկացել լսել Վրաստանի քաղաքացիների առարկությունները և վերջիններս հնարավորություն չեն ունեցել վերաքննիչ բողոք ներկայացնելու իրենց արտաքսման հրամանների հիմքերի դեմ: Դատավորներն օգտագործել են նույն ստանդարտ ձևն արտաքսման բոլոր հրամանների համար, միայն մուտք անելով համապատասխան անուններն ու ամսաթվերը, առանց քննելու յուրաքանչյուր գործի փաստական հանգամանքները: Տուժողների մի մասը նույնիսկ հնարավորություն չի ունեցել ներկայանալու դատարան:
2. Պատասխանող Կառավարությունը
166. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է այս փաստարկները և հայտնել է, որ այս գործն էականորեն տարբերվում է Ցոնկան ընդդեմ Բելգիայի գործից (գանգատ թիվ 51564/99, ՄԻԵԴ, 2002-I), քանի որ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները երբեք չեն հայտարարել, որ նրանք կոլեկտիվ արտաքսում են Վրաստանի քաղաքացիներին և երբեք նման ցուցումներ համապատասխան պաշտոնյաներին չեն տվել: Բացի դրանից, Վրաստանի քաղաքացիները նախկիում երբեք չէին ծանուցվել Ներքին գործերի նախարարության համապատասխան իշխանությունների կողմից և նրանց մեծ մասը կարող էր Ռուսաստանի Դաշնությունը կարող էր լքել սեփական միջոցների հաշվին: Վերջապես, Վրաստանի քաղաքացիների գործերը, որոնց դեմ դատավարություններ էին սկսվել վարչական խախտումների համար և ովքեր եղել էին արտաքսման մասին վարչական հրամանի սուբյեկտ, անհատապես քննվել էին Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխան: Պատասխանող Կառավարությունն այդ կապակցությամբ վիճարկել էր Վրաստանի ներկայացրած վկաների հայտարարությունների արժանահավատությունն ու հղում էր տվել ռուս պաշտոնյաների հայտարարություններին: Ըստ պատասխանող Կառավարության՝ սույն գործն ավելի շատ նմանություն ունի Սուլթանին ընդդեմ Ֆրանսիայի գործին (գանգատ թիվ 45223/05, ՄԻԵԴ, 2007‑IV (քաղվածքներ)), քանի որ, ինչպես այդ գործում, այս դեպքում էլ պատասխանող Կառավարությունը Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսապանատան ունեցած պայմանավորվածության հիման վրա 2006 թվականի հոկտեմբերին Վրաստանի քաղաքացիներին տեղափոխելու համար հատուկ ուղիղ չվերթներ էր կազմակերպել Մոսկվայի և Թբիլիսի միջև, քանի որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել էր: Անօրինական էմիգրանտների և Ռուսաստանի տարածքում կացության մասին օրենսդրական պայմաններն այլ կերպ խախտած անձանց արտաքսումը Ռուսաստանի սուվերեն իրավունքն ու պարտականությունն է որպիսի ապահովի ազգային և միջազգային անվտանգությունը:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքները
167. Դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքը, որի համաձայն՝ «4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի իմաստով կոլեկտիվ արտաքսումն իրավասու իշխանության կողմից ձեռնարկված ցանկացած միջոցն է, որով օտարերկրացիներին որպես խմբի հարկադրվում են լքել երկիրը, բացառությամբ այն դեպքի, երբ նման միջոցառումն իրականացվում է խմբի յուրաքանչյուր օտարերկրացի անդամի անհատական գործի ողջամիտ և անաչառ քննության հիման վրա և արդյունքում» (տե՛ս Ցոնկայի գործը, կետ 59): Ավելի ուշ Դատարանը հստակեցրել էր, որ «այն փաստը, որ մի շարք օտարերկրացիների նկատմամբ կայացվում էր նույնանման որոշում, ինքնին չի հանգեցնում այն եզրակացության, որ առկա է կոլեկտիվ արտաքսում, եթե գործում ներգրավված անձանցից յուրաքանչյուրին հնարավորություն է ընձեռնվել իրավասու մարմիններին անհատական փաստարկներ ներկայացնել իր արտաքսման գործով» (տե՛ս, այլ որոշումների շարքում, վերոհիշյալ Սուլթանիի գործը, կետ 81, և Հիրսի Ջամաան ու այլոք գործը, կետ 184): Սակայն դա, այնուամենայնիվ, չի նշանակում, որ եթե տեղի է ունեցել յուրաքանչյուր անհատի առանձին գործի ողջամիտ ու օբյեկտիվ քննություն, ապա արտաքսման հրամանի ի կատար ածման պայմանները նշանակություն չունեն 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի համապատասխանության որոշման հարցում (տե՛ս վերոհիշյալ Ցոնկայի գործը, ibid.):
168. Ինչ վերաբերում է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի կիրառման շրջանակին, ապա Դատարանը նկատում է, որ դրույթի ձևակերպումը չի վերաբերվում շահագրգիռ անձանց իրավական կարգավիճակին, ի տարբերություն 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածի, որը Դատարանը ստորև կքննարկի (տե՛ս պարագրաֆներ 228-231): Բացի դրանից, 4-րդ Արձանագրության նախագծի մեկնաբանությունից կարելի է եզրակացնել, որ, ըստ Փորձագետների կոմիտեյի՝ այն օտարերկրացիները, որոնց հղում է տալիս 4-րդ հոդվածը, ոչ միայն նրանք են, ովքեր օրինական հաշվառված են պետության տարածքում, այլև նրանք են, ովքեր այդ պետության քաղաքացիության իրավունք չունենալով ուղղակի անցնում են այդ պետության տարածքով կամ բնակվում են կամ մուտք են գործել սեփական նախաձեռնությամբ կամ փախստական են կամ քաղաքացիություն չունեցող անձ են կամ օտարերկրացի (Կոմիտեյի վերջնական նախագծի 4-րդ հոդված, էջ 505, կետ 34):
169. Ըստ այդ մեկնաբանության՝ այն գործերը, որոնք քննվել են Դատարանի կողմից, վերջինս 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառել է այն անձանց նկատմամբ, ովքեր տարբեր պատճառներով գտնվում են պետության տարածքում կամ այդ պետության դրոշի ներքո նավարկող նավով մտնում են պատասխանող պետության տարածք և վերադառնում ծագման պետություն (տե՛ս, inter alia, վերոհիշյալ Ցոնկայի, Սուլթանի և Հիրսի Ջամաայի ու այլոց գործերը):
2.Այս սկզբունքների կիրառումը
170. Սույն գործով 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը կիրառելի է անկախ այն հանգամանքից, թե Վրաստանի քաղաքացիները Ռուսաստանի Դաշնության տարածքում օրինական հիմքերով էին գտնվում, թե՝ ոչ:
171. Գործի ըստ էության քննության արդյունքում Դատարանը պետք է որոշի, թե արտաքսման միջոցառումներն արդյոք ձեռնարկվել են Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ գործի օբյեկտիվ ու ողջամիտ քննության հիման վրա հաշվի առնելով այն համատեքստը, որի պայմաններում այդ որոշումները կայացվել են այդ ժամանակահատվածում:
172. Այդ կապակցությամբ այն հղում է տալիս Ռուսաստանի դատարաններում տեղի ունեցած դատավարությունների վերաբերյալ Վրաստանի վկաների և միջազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների նկարագրության համապատասխանությանը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 48-49, և 68-71):
ԵԽԽՎ Մոնիտորինգի Կոմիտեն ասաց, որ արտաքսումների սխեման ամբողջ երկրում կրկնվող օրինակների շարք է. վրացիներին նրանց փաստաթղթերը ստուգելու պատրվակով կանգնացնում էին փողոցում և կալանավորում էին անկախ նրանից, թե նրանց փաստաթղթերը կարգին էին, թե՝ ոչ, և տանում էին Միլիցիայի բաժիններ, որտեղ նրանց հավաքում էին մեծ խմբերով և տանում դատարաններ, որտեղ Ռուսաստանի տարածքից արտաքսելու և վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կայացվում էր դատարանների հետ ունեցած նախնական համաձայնության հիման վրա, առանց պաշտպանների և առանց դատարանների կողմից գործի անհատական հանգամանքները քննելու, ամբողջ դատավարությունը տևում էր 2-ից 10 րոպե: Հաճախ այն մարդիկ, ովքեր ենթարկվել էին այս միջոցառումներին, դատական նիստերի դահլիճ չէին մտնում. կալանավորերին պահում էին միջանցքներում և նույնիսկ այն մեքենաներում, որոնցով նրանց բերել էին» («PACE» զեկույց, կետ 59):
173. Բացի դրանից, միջազգային կազմակերպությունները մատնանշել են, որ Վրաստանի քաղաքացիների մասսայական ձերբակալություններն ու արտաքսումները սկսվել էին 2006 թվականի հոկտեմբերի սկզբին և հղում էին տվել վարչական և դատական իշխանությունների միջև գործողությունների կոորդինացված բնույթին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 39-40 և 68-71):
174. Ըստ Դատարանի՝ այս գործն ավելի նման է Ցոնկայի գործին, որում Դատարանը գտել էր, որ տեղի է ունեցել կոլեկտիվ արտաքսում հաշվի առնելով արտաքսման հրամանների կիրառմանն ուղեկցող բոլոր հանգամանքները, քան Սուլթանիի գործին, որում այն գտել էր, որ համապատասխան իշխանությունը հաշվի էր առել դիմողի անհատական կարգավիճակը՝ ապաստան հայցող աֆղանցի, և գնահատել էր հնարավոր ռիսկերը ծագման երկիր վերադառնալու դեպքում:
175. Այս գործի առանձնահատկության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի դատարանները կայացրել են Վրաստանի քաղաքացիների արտաքսման մասին հազարավոր որոշումներ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 135): Եթե նույնիսկ ֆորմալ առումով Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վերաբերյալ առկա է դատական որոշում, ապա Դատարանը գտնում է, որ այդ ժամանակահատվածում արտաքսման իրականացման ընթացակարգը՝ հրամանների ու շրջաբերականների ընդունումից հետո, և 2006 թվականի հոկտեմբերից արտաքսված Վրաստանի քաղաքացիների թիվն անհնարին է դարձնում յուրաքանչյուրի գործի օբյեկտիվ ու ողջամիտ քննությունը:
176. Բացի դրանից, Դատարանի եզրակացությունը 2006 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման կոորդինացված քաղաքականության վերաբերյալ (տե՛ս վերը՝ պարագրաֆ 159) նույնպես ցույց է, որ արտաքսումն իր բնույթով հավաքական էր:
177. Այս հետևությունը կասկածի տակ չի դնում իրենց սեփական էմիգրացիոն քաղաքականությունը սահմանելու պետությունների իրավունքը: Սակայն հարկ է նկատել, որ միգրանտների հոսքը կարգավորելու խնդիրները չեն կարող արդարացնել այն պրակտիկան, որը չի համապատասխանում Կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Հիրսին և այլոք գործը, կետ 179):
178. Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների արտաքսումը չի կատարվել յուրաքանչյուրի անհատական գործի օբյեկտիվ ու ողջամիտ քննության արդյունքի հիմքի վրա, որը հանդիսանում է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը խախտող վարչական պրակտիկա:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
179. Դիմող Կառավարությունը հղում է տվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, որի համապատասխան մասերը սահմանում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով:
...
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1.Դիմող Կառավարությունը
180. Դիմող Կառավարության դիրքորոշման համաձայն՝ բոլոր վկաների հարցաքննությունների արձանագրություններից ակնհայտ է, որ այն կամայական եղանակը, որով ձերբակալվել և կալանավորվել են Վրաստանի քաղաքացիները, վկայում են, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նրանց ձերբակալությունն ու կալանավորումն անօրինական են եղել: Բացի դրանից, Վրաստանի քաղաքացիների անկարողությունը վիճարկելու իրենց ձերբակալության և կալանավորման օրինականությունը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը: Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու նպատակով նրանց ձերբակալությունը ստացել էր մասսայական արշավի ձև, այդ թվում՝ նրանց փնտրտուքները եկեղեցիների բակում, շուկաներում, փողոցներում և դպրոցներում, ինչպես նաև՝ նրանց տներում և աշխատավայրում:
2. Պատասխանող Կառավարությունը
181. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է դիմող Կառավարության փաստարկները և հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու նպատակով նրանց ձերբակալությունը կատարվել է Ռուսաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով անօրինական միգրացիայի դեմ պայքարելու նպատակով: Այդ կապակցությամբ նրանք նույն փաստարկներն են ներկայացրել, որոնք ներկայացրել էին 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի ներքո (տե՛ս վերը՝ պարագրաֆ 166):
Բ. Դատարանի գնահատականը
182. Նախ Դատարանը գտնում է, որ Կողմերը չեն վիճարկում այն, որ քննարկվող ձերբակալությունները կատարվել են Ռուսաստանի տարածքից Վրաստանի քաղաքացիներին արտաքսելու նպատակով, և հետևաբար Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը կիրառելի է այս գործի նկատմամբ: «Եթե քննարկվում է կալանավորման օրինականությունը, որը ներառում է նաև այն հարցը, թե ընթացակարգն օրենքով սահմանված կարգով իրականացնելու պահանջն արդյոք պահպանված էր, թե՝ ոչ, ապա Կոնվենցիան, ըստ էության, հղում է տալիս ազգային օրենսդրության ընթացակարգային և նյութական պահանջների պահպանմանը, սակայն հավելյալ պահանջում է, որ ազատության յուրաքանչյուր սահմանափակում պետք է իրականացվի 5-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, ոը կոչված է անհատին պաշտպանելու կամայականությունից» (տե՛ս այլ որոշումների շարքում վերոհիշյալ Ցոնկայի գործը, կետ 39, և Շամաևի ու այլոց գործը, կետ 397):
183. 5-րդ հոդվածի 4-րդ պարագրաֆի ուժով ձերբակալված և կալանավորված անձինք ունեն իրենց ազատության սահմանափակման՝ Կոնվենցիայի իմաստով «օրինականության» համար կարևոր նշանակություն ունեցող ընթացակարգային և նյութական պայմանների վերանայման իրավունք: «Օրինականություն» հասկացությունը պետք է նույն իմաստն ունենա և 5-րդ հոդվածի 4-րդ մասում և 1-ին մասում, որպիսի կալանավորված անձն իրավունք ունենա վերանայելու իր կալանավորման օրինականությունը ոչ միայն ներպետական օրենսդրության, այլ նաև Կոնվենցիայի լույսի ներքո (տե՛ս Չախալն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1996 թվականի նոյեմբերի 15, կետ 127, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑V, mutatis mutandis, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 36760/06, կետ 168, ՄԻԵԴ 2012, և Իդալովն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 5826/03, կետ 160, 2012 թվականի մայիսի 22):
184. Դատարանը գտում է, որ սույն գործով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի և 1-ին մասի ներքո բարձրացված գանգատները սերտորեն կապված են 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի ներքո բարձրացված հարցերին:
185. Վրաստանի քաղաքացիների արտաքսմանը նախորդել է նրանց մասսայական ձերբակալությունը փողոցներում, տներում և նրանց աշխատավայրում: Այս կապակցությամբ Դատարանը հղում է տալիս ձերբակալության պայմանների վերաբերյալ Վրաստանի վկաների և միջազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների նկարագրությունների համապատասխանությանը (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 45-46 և 68-71): Բացի դրանից, այն եզրակացրել է, որ սկսած 2006 թվականի հոկտեմբերից Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի քաղաքացիների ձերբակալության, կալանավորման և արտաքսման կոորդինացված քաղաքականություն է իրականացվել (տե՛ս վերը՝ պարագրաֆ 159):
186. Համապատասխանաբար, հանգամանքը, որ Դատարանի կողմից այդ արտաքսումները որակվել են որպես կոլեկտիվ, նշանակում է, որ սույն գործի դեպքում դրան նախորդող ձերբակալությունները կամայական են եղել:
187. Հաշվի առնելով վերոհիշյալ հետևությունները՝ քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների ձերբակալություններն ու կալանավորումները Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը խախտող վարչական պրակտիկա են եղել:
188. Քննարկվող ժամանակահատվածում ձերբակալման, կալանավորման և արտաքսման հրամանների դեմ Վրաստանի քաղաքացիների համար արդյունավետ և մատչելի դատական պաշտպանության միջոցների բացակայության պայմաններում (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 151-158), Դատարանը գտնում է, որ եղել է նաև Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
189. Դիմող Կառավարությունը հղում է տվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմող Կառավարությունը
190. Դիմող Կառավարությունը հայտնել է նաև խցերի գերբնակեցվածության, քնելու պարագաների անադեկվատության, հիգիենայի կամ սանիտարական միջոցների բացակայության, կալանավորների կողմից նույն սենյակում քնելու, ապրելու և զուգարանից օգտվելու հանգամանքի, կալանավորվածների շրջանում մահվան և ծանր հիվանդությունների, ինչպես նաև այլ հանգամանքների մասին, որոնք հստակ ցույց են տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը ձախողել է Կոնվենցիայիով ստանձնած իր պարտավորությունները կատարելու պահանջի իրականացումը: Նրանք հավելել են փոխադրման պայմանները, մասնավորապես՝ ավտոբուսներում և բեռնատար ինքնաթիռներում, որոնք հատկապես անմարդկային են եղել և այդ կապակցությամբ հղում են տվել Վրաստանի վկաներին: Համապատասխանաբար, դիմող Կառավարությունը Դատարանից խնդրել է եզրակացնելու, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
2. Պատասխանող Կառավարությունը
191. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է այս փաստարկները և հայտնել է, որ օտարերկրացիներին պահելու վայրերում կալանավորման պայմանների վերաբերյալ Վրաստանի վկաներն իրարամերժ հայտարարություններ են արել, որոնք նույնպես հակասում են Ռուսաստանի իշխանությունների կողմից ներկայացված փաստաթղթերին և մյուս վկաների հայտարարություններին: Համապատասխանաբար, այդ հայտարարությունները չեն կարող դիտարկվել որպես ողջամիտ կասկածից վեր ապացույցներ: Նրանք հավելել են, որ այդ կալանավայրերում գտնված ու հարցաքննված վկաներից ոչ մեկը Դատարանին չի հայտնել, որ իրենց կալանավորման պայմանները որևէ ձևով տարբերվել են այլ կալանավայրում գտնվող մյուս օտարերկրացի կալանավորների պայմաններից: Հղում տալով Ռուսաստանի պաշտոնյաների հայտարարություններին՝ նրանք ի վերջո հայտնել են, որ օդափոխադրման պայմանները պատշաճ են եղել և նույն օդանավերն օգտագործվել են նաև այլ օտարերկրացիներին տեղափոխելու համար:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդհանուր սկզբունքներ
192. Դատարանը կրկնում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը, որը հստակեցվել է իր պիլոտային վճռում Անանյաևն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործով և կրկին ներկայացվել է Իդալովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում.
« ... 3-րդ հոդվածն ամրագրվում է ժողովրադավարական հաստատության ամենահիմնարար արժեքներից մեկը։ Այն բացարձակ իմաստով արգելում է խոշտանգումները կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տե՛ս, օրինակ՝ Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործը [ՄՊ], գանգատ թիվ 26772/95, կետ 119, ՄԻԵԴ 2000‑IV): Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը պետք է պարունակի խստության նվազագույն աստիճան 3-րդ հոդվածի շրջանակում ընկնելու համար: Այդ նվազագույն շեմի գնահատականը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսիք են վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը և որոշ դեպքերում՝ սեռը, տարիքը և զոհի առողջական վիճակը (տե՛ս, այլ որոշումների շարքում, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1978 թվականի հունվարի 18-ի վճիռ, կետ 162, Ա Սերիա թիվ 25):
Արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը, որը հասնում է խստության այդ նվազագույն շեմին սովորաբար ներառում է մարմնական վնասվածք կամ ինտենսիվ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք: Այնուամենայնիվ, նույնիսկ սրանց բացակայության պայմաններում, երբ վերաբերմունքը նվաստացնում է անհատին՝ ցույց տալով նրա արժանապատվության նկատմամբ հարգանքի բացակայությունը, կամ առաջացնում է վախի կամ անձի դիմադրությունը կոտրող ֆիզիկական կամ հոգեբանական թերարժեքության զգացողություն, այն կարող է որակվել որպես նվաստացուցիչ և ընկնել 3-րդ հոդվածի արգելքների ներքո (տե՛ս, այլ որոշումների շարքում, Վասյուկովն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 2974/05, կետ 59, 2011 թվականի ապրիլի 5):
Ազատությունից զրկելու համատեքստում Դատարանը կանոնավոր կերպով ընդգծել է, որ 3-րդ հոդվածի ներքո ընկնելու համար ստորացումն ու տառապանքը պետք է ամեն դեպքում գերազանցեն ստորացման ու նվաստացման այն անհրաժեշտ տարրը, որը կապված է կալանքի հետ: Պետությունը պետք է երաշխավորի, որ անձի կալանավորման պայմանները համատեղելի են մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի հետ, իսկ այդ միջոցառումների իրականցումը չի հանգեցնում ավելի շատ տառապանքի, քան անխուսափելիորեն առկա է կալանավորման պարագայում՝ հաշվի առնելով ազատությունից զրկելու պրակտիկ խնդիրները (տե՛ս Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] գործը, գանգատ թիվ 30210/96, կետեր 92-94, ՄԻԵԴ 2000‑XI, և Պոպովն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 26853/04, կետ 208, 2006 թվականի հուլիսի 13):
Երբ գնահատում ենք կալանավորման պայմանները պետք է հաշվի առնենք դրանց հավաքական ազդեցությունը, ինչպես նաև դիմողի կողմից արված հատուկ հայտարարությունները (տե՛ս Դոուգոզն ընդդեմ Հունաստանի գործը, գանգատ թիվ 40907/98, կետ 46, ՄԻԵԴ 2001-II): Կոնկրետ պայմաններում անձի կալանքի ժամանակահատվածի տևողությունը նույնպես պետք է հաշվի առնել (տե՛ս, այլ որոշումների շարքում, Ալվերն ընդդեմ Էստոնիայի գործը, գանգատ թիվ 64812/01, կետ 50, 2005 թվականի նոյեմբերի 8):
(տե՛ս Անանաևն ու այլոք ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատներ թիվ 42525/07 և 60800/08, կետ 139‑42, 2012 թվականի հունվարի 10, և վերոհիշյալ Իդալովի գործը, կետեր 91-94, տրասպորտային փոխադրման պայմանների կապակցությամբ տե՛ս նաև, mutatis mutandis, Խուդոյորովն ընդդեմ Ռուսաստանի գործը գանգատ թիվ 6847/02, կետեր 116 և մյուսները, ՄԻԵԴ 2005‑X (քաղվածքներ)):
2. Այս սկզբունքների կիրառումը
193. Դատարանը նկատում է, որ Վրաստանի քաղաքացիները նախ կալանավորվել են ոստիկանության բաժիններում (ըստ վկաների հայտարարությունների՝ 1 ժամից մինչև 2 օր տևողությամբ), ապա օտարերկրացիների համար նախատեսված կենտրոններում (ըստ վկաների հայտարարությունների՝ 2 օրից մինչև 14 օր), որից հետո ավտոբուսներով տեղափոխվել են Մոսկվայի տարբեր օդանավակայաններ և ինքնաթիռներով արտաքսվել են Վրաստան (տե՛ս վերը՝ պարագրաֆ 45): Վրաստանի որոշ քաղաքացիներ, որոնց դեմ կայացվել էր արտաքսման մասին հրամաններ, Ռուսաստանի Դաշնության տարածքը լքել էին սեփական միջոցներով:
194. Վրաստանի քաղաքացիների կալանավորման պայմանների առանձին հանգամանքների մեծ մասի վերաբերյալ կողմերը չեն համաձայնվել: Այնուամենայնիվ, եթե կալանավորման պայմանները վիճարկվում են, ապա Դատարանի համար անհրաժեշտ չէ հաստատելու դրանցից յուրաքանչյուրի արժանահավատությունը: Այն կարող է եզրակացնել, որ տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում որևէ կարևոր փաստարկի հիման վրա, որը պատասխանող Կառավարությունը չի վիճարկում (տե՛ս, mutatis mutandis, վերոհիշյալ Իդալովի գործը, կետ 96):
195. Այս կապակցությամբ Դատարանը պետք է քննարկի նաև իրեն ներկայացված ապացույցները:
196. Այն նախ նկատում է, որ թեև հարցաքննությունների ընթացքում Վրաստանի վկաներն իրարամերժ հայտարարություններ են արել կոնկրետ հարցերի վերաբերյալ (մասնավորապես խցերի չափերի վերաբերյալ), ոստիկանության բաժիններում և օտարերկրացիներին պահելու վայրերում կալանավորման, ինչպես նաև վրացիների արտաքսման պայմանների վերաբերյալ նրանց նկարագրությունները ընդհանուր առմամբ տրամաբանական են և համընկնում են միջազգային կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների նկարագրություններին (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 52-55 և 72-74): Այս կազմակերպությունները մատնանշել են, որ Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ ենթարկվել են անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կալանավորման և արտաքսման վատթար պայմանների արդյունքում (օրինակ՝ գերբնակեցված խցերը, ուտելիքի և ջրի, հիգիենայի, ինչպես նաև՝ տրանսպորտի բացակայությունը, քանի որ Վրաստանի հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվել էին բեռնատար օդանավերով):
197. Բացի դրանից, պարոն Պատարիձեն, ով այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում Վրաստանի դեսպանն էր, ասաց, որ իր և իր աշխատակազմը Ռուսաստանի Դաշնության տարբեր տարածքներում այցելել է ավելի քան 12-ից ավել կալանավայրեր, այդ թվում՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Նա հաստատել է, որ այդ կենտրոններում առավելապես պահվում էին Վրաստանի քաղաքացիներ, այդ խցերը գերբնակեցված էին, կալանավորման պայմանները շատ ծանր էին, հիգիենան բացակայում էր և քիչ թվով մահճակալներ են եղել:
198. Դատարանը կասկածի տակ չի դնում այն հարցը, որ կալանավորման պայմանները շատ ծանր են եղել հաշվի առնելով Վրաստանի քաղաքացիները թիվը, որոնք այդքան կարճ ժամանակահատվածում կալանավորվել էին արտաքսվելու նպատակով: Այդ կապակցությամբ այն գտնում է, որ վկաների հարցաքննության ընթացքում վրացական կողմի վկաների հայտարարություններն ավելի արժանահավատ են, քան ռուսաստանի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք նկարագրում էին կալանավորման շատ լավ պայմաններ:
199. Հաշվի առնելով Դատարանին ներկայացված բոլոր նյութերը՝ նախ պարզ է ու անհերքելի, որ Վրաստանի քաղաքացիները կալանավորվել էին ոստիկանության բաժիններում կամ խիստ գերբնակեցված օտարերկրացիների համար նախատեսված կալանավայրերում: Շատ դեպքերում նրանց հասանելի անձնական տարածքը չէր բավարարում այն պահանջներին, որոնք ներկայացված են Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս, այլ որոշումների շարքում, վերոհիշյալ Իդալովի գործը, կետ 101): Բացի դրանից, Վրաստանի քաղաքացիները պետք է հերքով քնեին անհրաժեշտ մահճակալների բացակայության պատճառով:
200. Բանտախցում անհրաժեշտ տարածության բացակայությունն անհրաժեշտ պայման է գնահատելու համար, թե կալանավորման պայմաններն արդյոք նվաստացուցիչ են եղել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով (տե՛ս վերոհիշյալ, Անանաևի ու այլոց գործը, կետ 143):
201. Ընդհանուր առմամբ Դատարանը բազմաթիվ դեպքերում մատնանշել է, որ Ռուսաստանի բանտախցերի գերբնակեցվածությունը մասնավոր դեպքերում մտահոգության խնդիր է եղել: Գործերի մեծ մասով այն հաջորդաբար գտել է դիմողի իրավունքի խախտում կալանավորման ընթացքում անհրաժեշտ ազատ տարածության բացակայության պատճառով (տե՛ս, inter alia, վերոհիշյալ Իդալովի գործը, կետ 97, և Սոլովևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 918/02, կետ 123, 2012 թվականի ապրիլի 24): Սույն գործը, որը վերաբերում է օտարերկրացիների համար նախատեսված կալանավայրերին, այս կապակցությամբ բացառություն չէ:
202. Դատարանը նաև հղում է տալիս Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեյի (CPT) 2001 թվականի զեկույցին, որում վերջինս հայտարարում է, որ մեծապես մտահոգված է այդ կենտրոններում օտարերկրացիների կալանավորման պայմաններով, ընդգծելով գերբնակեցվածությունը խցերում (Ռուսաստանի Կառավարությանն ուղղված «CPT»-ի զեկույցը 2001 թվականի դեկտեմբերի 2-ից 7-ը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցելության արդյունքում, կետ 32, CPT/Inf (2003) 30):
203. Բացի դրանից, Դատարանը չի կարող չնկատել այս գործում, որ իրեն ներկայացված ապացույցը նույնպես մատնացույց է անում, որ հիմնական առողջական և սանիտարական պահանջները չէին պահպանվել, ու կալանավորները տառապել էին անձնական տարածության բացակայության պատճառով, օրինակ՝ այն փաստի արդյունքով, որ զուգարաններն առանձնացված չէին խցի մյուս մասերից:
204. Այդ կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ կալանավորման պայմանների անադեկվատությունը Ռուսաստանի Դաշնությունում հանդիսանում է համակարգային խնդիր, որը Ռուսաստանի բանտային համակարգի պատշաճ չգործելու հետևանք է և Դատարանին հանգեցնում է եզրակացնելու, որ բազմաթիվ վճիռներում տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում սկսած 2002 թվականին առաջին անգամ արձանագրված խախտումից՝ Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի գործով (գանգատ թիվ 47095/99, ՄԻԵԴ 2002‑VI) և հաստատված վերոհիշյալ Անանաևի ու այլոց գործով: Հետևաբար, Դատարանը որևէ պատճառ չի տեսնում այս գործով այդ եզրակացությունից տարբեր հետևության գալու համար:
205. Հաշվի առնելով վերոհիշյալ բոլոր հանգամանքները՝ Դատարանը եզրակացնում է, որ կալանավորման պայմանները Վրաստանի քաղաքացիներին պատճառել են անհերքելի տառապանքներ, որոնք պետք է դիտարկվեն որպես և անմարդկային, և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որն էլ իր հերթին հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող վարչական պրակտիկա:
206. Համապատասխանաբար, Դատարանն անհրաժեշտ չի համարում քննարկելու քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների արտաքսման պայմանների վերաբերյալ կողմերի մնացած դիրքորոշումները:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 4-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՈՒ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ
207. Դիմող Կառավարությունը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի ու 3-րդ հոդվածի հետ: 13-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
208. Ինչպես նրանք մատնանշել էին իրենց նախորդ դիտարկումներում, դիմող Կառավարությունը հայտնել է, որ Վրաստանի քաղաքացիները քննարկվող ժամանակահատվածում ձերբակալության և արտաքսման հրամանների դեմ դատական պաշտպանության արդյունավետ և մատչելի միջոցներ չեն ունեցել (տե՛ս վերը՝ պարագրաֆ 120):
209. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է այս բոլոր փաստարկները (տե՛ս վերը՝ պարագրաֆ 121):
Բ. Դատարանի գնահատականը
210. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածը պահանջում է, որ «դատական պաշտպանության ներպետական միջոցների դրույթները Կոնվենցիային համապատասխան գործ ունենան վիճարկելի գանգատի էության հետ և համապատասխան դատական պաշտպանություն ապահովեն» (տե՛ս, inter alia, վերոհիշյալ Ցոնկայի գործը, կետ 75):
211. Հաշվի առնելով 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ու 5-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի խախտումների վերաբերյալ իր հետևությունները՝ Դատարանը չի կարող չեզրակացնլ, որ դիմող Կառավարության կողմից ներկայացված գանգատները 13-րդ հոդվածի իմաստով վիճարկելի են:
212. Ավելին, 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման արձանագրումն ինքնին նշանակում է, որ բացակայում են դատական պաշտպանության արդյունավետ և մատչելի միջոցներ: Համապատասխանաբար, անհրաժեշտություն չկա առանձին քննելու դիմող Կառավարության գանգատը Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտման վերաբերյալ փոխկապակցված այդ հոդվածների հետ:
213. Բացի դրանից, Դատարանն արդեն գտել է, որ քննարկվող ժամանակահատվածում ձերբակալության, կալանավորման և արտաքսման հրամանների դեմ Վրաստանի քաղաքացիների համար դատական պաշտպանության արդյունավետ միջոցներ չեն եղել (տե՛ս վերը՝ պարագրաֆներ 151-158):
214. Հետևաբար այն գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում փոխկապակցված 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ:
215. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատին փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ, ապա Դատարանը նկատում է, որ վերոհիշյալ իր վճռում՝ Անանյաևն ու այլոք գործով, արձանագրել էր, որ քննարկվող ժամանակահատվածում Ռուսաստանի իրավական համակարգում դատական պաշտպանության այնպիսի արդյունավետ միջոց չի եղել, որը կարող էր վերջ տալ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող կալանավորման պայմաններին կամ դրանց մասին գանգատներին (տե՛ս վերոհիշյալ Անանայևն ու այլոք գործը, կետ 119):
216. Համապատասխանաբար, այն գտնում է, որ այս գործը չի տարբերվում և հետևաբար եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ:
VIII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 4-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՈՒ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ
217. Դիմող Կառավարությունը պնդել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի և 3-րդ հոդվածի հետ: 14-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելը ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
218. Դիմող Կառավարությունը պնդել է, որ Վրաստանի քաղաքացիների ձերբակալությունները, կալանավորումները և արտաքսումները հիմնված էին եղել նրանց ազգային և էթնիկական պատկանելիության վրա և ոչ թե էմիգրացիոն կանոնների ներքո Ռուսաստանի Դաշնությունում նրանց կարգավիճակի վրա: Նրանց կարծիքով ձերբակալությունները Վրաստանի քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիալ միջոցառումներ էին և հիմնված չէին տուժողների անհատաան արարքների վրա: Բացի դրանից, այդ փաստարկն ամրապնդվում էր «HRW»-ի զեկույցով, որի համաձայն՝ արտաքսվածների թվում եղել են նաև Ռուսաստանի Դաշնությունում օրինական հաշվառված Վրաստանի քաղաքացիներ, ինչպես օրինակ՝ ազգությամբ վրացի Ռուսաստանի քաղաքացիներ, հաշվառման կամ աշխատանքի թույլտվություն, կամ լիովին օրինական վիզաներ ունեցող վրացիներ, որոնց մի մասը սպասում էին իրենց անձնագրերին կամ վիզաներին, կամ Ռուսաստանի համալսարաններում գրանցված վրացի ուսանողներ:
219. Պատասխանող Կառավարությունն իր մասով մերժել է Վրաստանի քաղաքացիների՝ նրանց ազգային պատկանելիության կամ էթնիկական ծագման վրա հիմնված ձերբակալությունների ու արտաքսումների մասին բոլոր փաստարկները: Նրանք կրկնեցին իրենց նախորդ դիրքորոշումներում տեղ գտած հայտարարությունները, մասնավորապես՝ որ Վրաստանի քաղաքացիները ձերբակալվել, կալանավորվել և արտաքսվել էին անօրինական էմիգրացիայի դեմ պայքարի մեծ քաղաքականության շրջանակներում այն հիմքով, որ նրանք անօրինական էին հաշվառված Ռուսաստանի Դաշնությունում (օրինական վիզայի, հաշվառման կամ աշխատանքի թույլտվության կամ գրանցման վկայականի բացակայությունը, տե՛ս վերը՝ պարագրաֆներ 25 և 115-116): Այդ կապակցությամբ վկաների հարցաքննությունը ցույց տվեց, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ կիրառված ընթացակարգն ամբողջությամբ նույն է, որը կիրառվել է մյուս այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կատարել էին նույն տեսակի հանցագործություններ: Այնուհետև նրանք հայտնեցին, որ դիմող Կառավարության փաստարկներն ազգությամբ վրացի Ռուսաստանի քաղաքացիների արտաքսման մասին հիմնավոր չէին:
Բ. Դատարանի գնահատականը
220. Դատարանը գտավ, որ դիմող Կառավարության կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո ներկայացված գանգատը փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հետ, թեև այլ տեսանկյունից է դիտարկվել, սակայն գործի փաստական հանգամանքների ներքո նույնական է այն գանգատների հետ, որոնք քննարկվել են վերջին 2 հոդվածների ներքո և որոնց կապակցությամբ խախտում է արձանագրվել: Համապատասխանաբար, այն գտավ, որ սույն գործով անհրաժեշտ չէ սահմանելու, թե Վրաստանի քաղաքացիների նկատմամբ խտրական վերաբերմունքի արդյունքում արդյոք տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում փոխկապակցված այդ հոդվածների հետ:
221. Այն նաև կարծում է, որ անհրաժեշտ չէ սահմանելու, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի խախտում փոխկապակցված 3-րդ հոդվածի հետ՝ նկատի ունենալով Ռուսաստանի բանտերում կալանավորման պայմանների անադեկվատությունը կախված կալանավորների քաղաքացիության հանգամանքից:
IX. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 4-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՈՒ 4-ՐԴ ՄԱՍԵՐԻ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ
222. Դիմող Կառավարությունը հղում է տվել Կոնվենցիայի 18-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«Նշված իրավունքների և ազատությունների՝ սույն Կոնվենցիայով թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են»:
223. Դատարանը կրկնում է, որ 18-րդ հոդվածն ինքնուրույն չի կիրառվում: Այն կարող է կիրառվել միայն Կոնվենցիայի այլ հոդվածների հետ փոխկապակցված (տե՛ս, inter alia, Գուսինսկին ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 70276/01, կետ 73, ՄԻԵԿ 2004‑IV, Մուդաևն ընդդեմ Ռուսաստանի գործը, գանգատ թիվ 33105/05, կետ 127, 2010 թվականի ապրիլի 8, Լուցենկոն ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ թիվ 6492/11, կետ 105, 2012 թվականի հուլիսի 3, և Տիմոշենկոն ընդդեմ Ուկրաինայի գործը, գանգատ թիվ 49872/11, կետ 294, 2013 թվականի ապրիլի 30):
224. Դատարանն արդեն գտել է, որ վարչական պրակտիկայի առկայությունը խախտում է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածն ու 5-րդ հոդվածի 1-ին մասն ու Կոնվենցիայի 3-րդ հոդվածն առանձին վերցրած և գտավ, որ եղել է 5-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ չէ նույն հարցերը քննարկել Կոնվենցիայի 18-րդ հոդվածի ներքո:
X. 7-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
225. Դիմող Կառավարությունը հղում է տվել 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«1.Որևէ պետության տարածքում օրինական կարգով բնակվող օտարերկրացին չի կարող այնտեղից արտաքսվել այլ կերպ, քան ի կատարումն օրենքին համապատասխան ընդունված որոշման: Նա պետք է հնարավորություն ունենա՝
ա) փաստարկներ ներկայացնելու իր արտաքսման դեմ,
բ) վերանայել տալու իր գործը, և
գ) այդ նպատակով ներկայացվելու իրավասու մարմնի կամ այդ մարմնի նշանակած մեկ կամ մի քանի անձանց առջև:
2. Օտարերկրացին կարող է արտաքսվել նախքան սույն հոդվածի 1-ին կետի ա), բ) և գ) ենթակետերում նշված իր իրավունքների իրականացումը, եթե արտաքսումն անհրաժեշտ է ի շահ հասարակական կարգի կամ պատճառաբանվում է պետական անվտանգության նկատառումներով»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
226. Դիմող Կառավարությունը հայտնել է, որ Վրաստանի արտաքսված բազմաթիվ քաղաքացիներ Ռուսաստանի Դաշնությունում օրինական էին գրանցված և այդ կապակցությամբ հղում է տվել «HRW»-ի զեկույցին:
227. Ըստ պատասխանող Կառավարության՝ բացառությամբ շատ քիչ դեպքերի դատավարությունների արդյունքում կայացված վարչական հրամաններով արտաքսված Վրաստանի բոլոր քաղաքացիներն անօրինական էին գրանցված Ռուսաստանի տարածքում, քանի որ նրանց փաստաթղթերը կարգին չէին եղել: Համապատասխանաբար, 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածը, որը կիրառելի է միայն այն անձանց նկատմամբ, ովքեր օրինական են գրանցված տվյալ պետության տարածքում, սույն գործի նկատմամբ կիրառելի չէ:
Բ. Դատարանի գնահատականը
228. Դատարանը նկատում է, որ 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածը վերաբերում է բացառապես այն օտարերկրացիներին, ովքեր օրինական են հաշվառված տվյալ պետության տարածքում:
229. Հաշվի առնելով իր տիրապետության ներքո գտնվող բոլոր նյութերը՝ Դատարանը գտնում է, որ հաստատված չէ այն, որ քննարկվող ժամանակահատվածում արտաքսվել են նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում օրինական գրանցված Վրաստանի քաղաքացիները:
230. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ այս հոդվածի ներքո դիմող Կառավարության բարձրացրած գանգատները բավարար հիմնավորված չեն, իսկ ներկայացված ապացույցները բավարար չեն եզրակացնելու, որ խախտում է եղել:
231. Հետևաբար 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածի խախտում չի եղել:
XI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 1-ԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
232. Դիմող Կառավարությունը հղում է տվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, որը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք։
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
233. Նրանք նաև հղում են տվել 1-ին Արձանագրությանը, որի 1-ին և 2-րդ հոդվածները սահմանում են հետևյալը.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
«Ոչ մեկին չի կարելի մերժել կրթության իրավունքը։ Պետությունը կրթության և ուսուցման բնագավառում իր ստանձնած ցանկացած գործառույթ իրականացնելիս հարգում է ծնողների՝ զավակների համար իրենց կրոնական ու փիլիսոփայական համոզմունքներին համապատասխան կրթություն և ուսուցում ապահովելու իրավունքը»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
234. Դիմող Կառավարությունը հղում է տվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի վերաբերյալ Պալատին ներկայացրած իրենց նախորդ դիտարկումները:
Նրանք մասնավորապես հայտնեցին, որ արտաքսման մասին անհատական հրամանները հաշի չէին առնում շահագրգիռ անձի ընտանեկան կարգավիճակը, որի արդյունքը բաժանված ընտանիքներն են (երբեմն շատ փոքր երեխաներ թողնվում էին իրենց սեփական խնամքին), որը հակասում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին: Ավելին, վրացի աշակերտների ազգության, ընտանեկան դրության և բնակության հասցեի մասին տեղեկատվության բացահայտումը դպրոցների ու համալսարանների կողմից օրենքով սահմանված չի եղել և հետևաբար խախտում է այս հոդվածը:
Բացի դրանից, Վրաստանի քաղաքացիների ձերբակալության ու կալանավորման պայմանները երբեմն նրանց հարկադրում էին հրաժարվել իրենց սեփականությունից. Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև հաղորդակցության դադարեցումն ու կապի միջոցների հեռացումը նրանց խոչընդոտում էր իրենց սեփականության պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց, որի արդյունքում խախտվում է 1-ին Արձանագրության 1-ին հոդվածը:
Ի վերջո Վրաստանում ռուսական դպրոցների փակումը բացառեց Ռուսաստանում վրացի երեխաների կրթության մատչելիությունը և խախտեց 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածը:
235. Պատասխանող Կառավարությունն ընդգծեց, որ կապը չափազանցված է և դիմող Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց իր պնդումների հիմնավորման համար:
Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, ապա նրանք 1-ին կետի կապակցությամբ հայտարարեցին, որ ռուսական դատարանների համար շատ դժվար է եղել Վրաստանի քաղաքացիների ընտանիքների վերաբերյալ հստակ տեղեկատվություն ստանալը և կրկնեց, որ ընտանիքի վերամիավորման իրավունք դրանում ուղղակի չկա: 2-րդ կետի կապակցությամբ հայտնեց, որ եթե Ռուսաստանի իշխանությունների կողմից նման տեղեկատվություն տրամադրելու մասին միջնորդություններ են ներկայացվել, ապա համապատասխան պաշտոնյաները հետագայում պատշաճ կերպով պատժվել են:
Ինչ վերաբերում է 1-ին Արձանագրության 1-ին հոդվածին ապա Վրաստանի քաղաքացիներն իրենց սեփականության իրավունքից չէին զրկվել և կարող էին ցանկացած գործողություն իրականացնել իրենց սեփականության տնօրինման և օգտագործման համար:
Վերջապես, 1-ին Արձանագրության 2-րդ հոդվածի կապակցությամբ Վրաստանում Ռուսաստանի դպրոցները շահագործվում էին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից և Վրաստանից ռուս զինվորների հեռանալուց հետո դրանք փակվել էին:
Բ. Դատարանի գնահատականը
236. Դատարանը գտնում է, որ այս հոդվածների ներքո դիմող Կառավարության կողմից բարձրացված գանգատները բավարար հիմնավորված չեն, իսկ ներկայացված ապացույցները բավարար չեն եզրակացնելու, որ խախտում է եղել:
237. Հետևաբար Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 1-ին Արձանագրության 1-ին հոդվածի խախտում չի եղել:
XII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾ
238. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
239. Դիմող Կառավարությունը խնդրել է Դատարանին «41-րդ հոդվածի ներքո իրեն արդարացի փոխհատուցում տրամադրել, մասնավորապես փոխհատուցում, ռեպերացիա, մինչև խախտումը եղած դրության վերականգնում (restitutio in integrum), խախտումների արդյունքում կրած բոլոր նյութական և ոչ-նյութական վնասների, ծախսերի վերականգնում և այդ հարցերի վերաբերյալ դատավարությունների իրականացում» (տե՛ս վերը՝ պարագրաֆ 79):
240. Դատարանը կարծում է, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառելիության մասին հարցը քննության համար պատրաստ չէ:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ եղել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում.
2. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ 2006 թվականի աշնանը Ռուսաստանի Դաշնությունում եղել է Վրաստանի քաղաքացիների կոորդինացված ձերբակալություն, կալանավորում և արտաքսում, որը Կոնվենցիայի նախադեպային իրավունքի իմաստով հանդիսանում է վարչական պրակտիկա.
3. Մերժում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ պատասխանող Կառավարության նախնական առարկությունը ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ.
4. Վճռում է միաձայն, որ դիմող Կառավարության գանգատը ներկայացվել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վեցամսյա ժամկետում.
5. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ վարչական պրակտիկա հանդիսացող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների արտաքսումը խախտում է 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածը
6. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ վարչական պրակտիկա հանդիսացող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների ձերբակալություններն ու կալանավորումները խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը.
7. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ քննարկվող ժամանակահատվածում ձերբակալման, կալանավորման և արտաքսման հրամանների դեմ Վրաստանի քաղաքացիների համար դատական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը.
8. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ վարչական պրակտիկա հանդիսացող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների կալանավորման պայմանները խախտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածը.
9. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ անհրաժեշտ չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո քննելու քննարկվող ժամանակահատվածում Վրաստանի քաղաքացիների արտաքսման պայմաններին վերաբերող կողմերի դիրքորոշումների մնացած մասը.
10. Վճռում է ձայների 13 կողմ և 4 դեմ հարաբերակցությամբ, որ եղել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում փոխկապակցված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի հետ.
11. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ եղել է Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում փոխկապակցված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ.
12. Վճռում է միաձայն, որ անհրաժեշտություն չկա քննելու դիմող Կառավարության կողմից Կոնվենցիայի 13-րդ հոդվածի ներքո, փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հետ, ներկայացված գանգատները.
13. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ անհրաժեշտություն չկա քննելու դիմող Կառավարության կողմից Կոնվենցիայի 14-րդ հոդվածի ներքո, փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի և 3-րդ հոդվածի հետ, ներկայացված գանգատները.
14. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ անհրաժեշտություն չկա քննելու դիմող Կառավարության կողմից Կոնվենցիայի 18-րդ հոդվածի ներքո, փոխկապակցված 4-րդ Արձանագրության 4-րդ հոդվածի և Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի և 3-րդ հոդվածի հետ, ներկայացված գանգատները.
15. Վճռում է ձայների 16 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ, որ 7-րդ Արձանագրության 1-ին հոդվածի խախտում չի եղել.
16. Վճռում է միաձայն, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի և 1-ին Արձանագրության 1-ին ու 2-րդ հոդվածների խախտում չի եղել.
17. Վճռում է միաձայն, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառման մասին հարցը դեռևս պատրաստ որոշման կայացման համար, այդպիսով,
ա) ամբողջությամբ ռեզերվացնում է այդ հարցը.
բ) դիմող Կառավարությանը և պատասխանող Կառավարությանը հրավիրում է այս վճռի ծանուցումից հետո 12 ամսվա ընթացքում գրավոր ներկայացնել իրենց դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, մասնավորապես՝ Դատարանին տեղեկացնելու որևէ համաձայնության մասին, որին նրանք կարող են հասնել.
գ) ռեզերվացնում է հետագա դատավարությունը և լիազորում է Դատարանի նախագահին ֆիքսելու նույնը, եթե նման անհրաժեշտություն լինի:
Կատարված է անգլերենով և ֆրանսերենով ու հրապարակվել է դռնբաց նիստում` 2014 թվականի հուլիսի 3-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների գրասենյակում:
Միքայել օԲոյլՋոսեպ Կասադեվալլ
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն վճռին կցվել են հետևյալ հատուկ կարծիքները.
(ա) դատավոր Լոպեզ Գուերրայի մասնակի հատուկ կարծիքը, որին միացել են դատավորներ Բրատցան ու Կալայջիևան.
(բ) դատավոր Ցոցորիայի մասնակի հատուկ կարծիքը.
(գ) դատավոր Դեդովի հատուկ կարծիքը.
Ջ.Ս.Մ.
Մ. օԲ.
Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy