ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳԵՎՈՐԳՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 231/16)
ՎՃԻՌ
Հոդված 10 • Արտահայտվելու ազատություն • Դիմումատուի լրագրողական գործունեությանը չարդարացված միջամտությունը թռուցիկներ բաժանելու միջոցառման ժամանակ՝ վերջինիս մասնագիտական պարտականությունները կատարելիս, նրա հետագա ձերբակալումը, ինչպես նաեւ լրագրողական սարքավորումների առգրավումն ու զննությունը ոստիկանությունում արգելանքի տակ պահվելու ընթացքում
Հոդված 3 • Ոստիկանության ծառայողների կողմից որոշակի ֆիզիկական ուժի կիրառումը, ըստ երեւույթին, միջոցառման ժամանակ լրագրողի տեսախցիկն առգրավելու համար. արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի շեմին չհասնող հանգամանքների դեպքում դիմումատուի բողոքները՝ կապված ոստիկանության ծառայողների կողմից իր լրագրողական գործունեությանը խոչընդոտելու հետ, քննվել են 10-րդ հոդվածի համաձայն • Ակնհայտ անհիմն
Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
2025 թվականի մայիսի 22
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Գեւորգյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Ստեֆանի Մուրու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Անի Գեւորգյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 231/16),
ոստիկանության կողմից ենթադրյալ բռնություն կիրառելու եւ այդ միջադեպի առնչությամբ իշխանությունների կողմից արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ՝ 3-րդ հոդվածին համապատասխան փոխանցվող բողոքների մասին եւ 10-րդ հոդվածին համապատասխան բողոք ներկայացնելու մասին (ոստիկանության կողմից իր տեսախցիկը բռնի կերպով խլելու եւ դիմումատուին պատկանող հիշողության քարտերը ոստիկանության բաժնում առգրավելու եւ վնասելու ենթադրյալ փորձեր) Հայաստանի Հանրապետության Կառավարությանը (այսուհետ՝ Կառավարություն) ծանուցելու եւ բողոքի մնացած մասն անընդունելի հայտարարելու մասին որոշում,
կողմերի դիտարկումները,
2025 թվականի ապրիլի 1-ին եւ 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործը վերաբերում է ոստիկանության կողմից ենթադրյալ ուժի կիրառմանը լրագրող դիմումատուի նկատմամբ եւ իշխանությունների կողմից այդ միջադեպի առնչությամբ ենթադրյալ արդյունավետ քննություն չիրականացնելուն, ոստիկանության կողմից դիմումատուի տեսախցիկը խլելուն, ինչպես նաեւ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում նրան պատկանող հիշողության քարտերը վերցնելուն եւ վնասելուն: Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ եւ 10-րդ հոդվածների վրա։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուն ծնվել է 1988 թվականին եւ ապրում է Երեւանում։ Դիմումատուին ներկայացրել են համապատասխանաբար Երեւանում եւ Լոնդոնում գործող իրավաբաններ պրն Ս. Գրիգորյանը եւ պրն Է. Սահակյանը։
3. Կառավարությունը ներկայացրել է կառավարության լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը։
4. Գործով փաստերը կարելի է ամփոփել հետեւյալ կերպ:
Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպը եւ դիմումատուի ձերբակալությունը
5. Վիճարկվող դեպքերի ժամանակ դիմումատուն եղել է հայկական թերթի լրագրող։
6. 2014 թվականի փետրվարի 12-ին «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր քաղաքական կուսակցության մի խումբ համակիրներ Երեւանի Մաշտոցի պողոտայում թռուցիկներ էին բաժանում՝ հանրությանը տեղեկացնելով ՀԱԿ-ի առաջիկա ցույցի մասին: Դիմումատուն իր տեսախցիկով այնտեղ էր գտնվում՝ միջոցառումը լուսաբանելու նպատակով։
7. Ինչպես երեւում է միջոցառման տեսագրությունում, ինչ-որ պահի մի խումբ երիտասարդներ, որոնք այդ ժամանակ իշխող «Հանրապետական կուսակցության» համակիրներն էին, մոտեցել եւ փորձել են խափանել թռուցիկների բաժանման միջոցառումը՝ ծաղրելով ՀԱԿ ակտիվիստներին եւ ագրեսիվ վարքագիծ դրսեւորելով, այդ թվում՝ հրելով եւ խլելով վերջիններիս թռուցիկները: Րոպեներ անց ժամանել են ոստիկանության մեքենաները եւ ոստիկանության ծառայողները սկսել են ձերբակալել երկու կուսակցությունների համակիրներին։
8. Տեսանյութում երեւում է, որ նախ ոստիկանության ծառայողներից մեկը (որը ճանաչվում էր որպես Վ. Գ., տես ստորեւ՝ 15-րդ պարբերությունը), այնուհետեւ մյուս երկուսը (որոնք ճանաչվում էին որպես Ա. Ա. եւ Գ.Մ., տե՛ս ստորեւ՝ 27-րդ պարբերությունը) փորձում էին ինչ-որ առարկա վերցնել դիմումատուի ձեռքից, մինչդեռ նա դիմադրում էր՝ բղավելով. «Բա՛ց թողեք իմ տեսախցիկը, ես լրագրող եմ»։ Լսվում էր ոստիկանության ծառայող Վ.Գ.-ի պատասխանը. «Բա՛ց թող այն»։ Կարճ ժամանակ անց դիմումատուին նստեցրել են ոստիկանության մեքենան եւ տարել Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության բաժին մեկ այլ լրագրողի՝ իր եղբոր՝ Ս.Գ.-ի հետ միասին։ Միջադեպը տեղի էր ունեցել մայթին հարակից երթեւեկելի գոտում, որտեղ ոստիկանության ծառայողները կայանել էին իրենց ավտոմեքենաները, եւ մարդկանց բազմություն էր հավաքվել, փողոցի այդ հատվածում էապես խոչընդոտելով երթեւեկությունը:
9. Դիմումատուի ձերբակալության առնչությամբ կազմված արձանագրության մեջ նշվում էր, որ նա ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով: Ոստիկանության բաժնում նրան տեղափոխվել են մի աշխատասենյակ, որտեղ ենթարկվել է անձնական խուզարկության։ Խուզարկության արձանագրության համաձայն՝ դիմումատուի իրերը, ներառյալ՝ նրա տեսախցիկը եւ հիշողության քարտերը, վերցրել են զննություն կատարելու նպատակով:
10. Դիմումատուն ազատ է արձակվել երեք ժամ հետո, եւ իր իրերը վերադարձվել են, որի համար վերջինս ստորագրել է ստացման անդորրագիր։
11. 2014 թվականի փետրվարի 13-ին հարուցվել է քրեական գործ խուլիգանության վերաբերյալ (գործ թիվ 13115414) առ այն, որ 2014 թվականի փետրվարի 12-ին մի խումբ անձինք, այդ թվում՝ դիմումատուն, մասնակցել են վիճաբանության՝ դրանով իսկ դիտավորությամբ եւ կոպտորեն խախտել հասարակական կարգը եւ ցուցաբերել բացահայտ անհարգալից վերաբերմունք հանրության նկատմամբ:
12. 2014 թվականի փետրվարի 13-ին մի քանի ոստիկանության ծառայողներ, ներառյալ՝ Գ.Մ-ն, Կ.Կ-ն եւ Ա.Մ.-ն (տե՛ս ստորեւ՝ 27-րդ պարբերությունը), հարցաքննվել են վերոնշյալ քրեական գործի շրջանակներում։ Նրանք միեւնույն բովանդակությամբ ցուցմունք են տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 12-ին, Մաշտոցի պողոտայի մայթեզրին նկատելով ծեծկռտուք, միջամտել են եւ իրավախախտներին տեղափոխել ոստիկանության բաժին։
Ենթադրյալ բռնություն գործադրելու եՎ դիմումատուի լրագրողական աշխատանքին խոչընդոտելու առնչությամբ քննությունը
13. 2014 թվականի փետրվարի 15-ին դիմումատուն քրեական բողոք է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), inter alia (ի թիվս այլնի), բողոքելով, որ 2014 թվականի փետրվարի 12-ին ոստիկանության ծառայող Վ.Գ.-ն խոչընդոտել է իր լրագրողական գործունեությունը՝ փորձելով վերցնել իր տեսախցիկը՝ քաշելով եւ հարվածելով իր ձեռքին: Ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայող Ս.Մ-ն առգրավել է տեսախցիկի հիշողության քարտը, որը նրան չի վերադարձվել:
14. Նույն օրը ՀՔԾ-ի քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ դիմումատուի մարմնական վնասվածքները պարզելու համար: Դիմումատուն դատաբժշկական փորձագետին պատմել է, որ միջադեպի օրը ոստիկանության ծառայողը քաշել է իր ձեռքը՝ փորձելով խլել տեսախցիկը, արդյունքում նա ստացել է տվյալ ձեռքի վնասվածք. վերջինս բողոքել է ձեռքի եւ դաստակի ցավից: Համապատասխան փորձագիտական եզրակացության համաձայն՝ նրա աջ դաստակի հետեւի մասում արձանագրվել է միայն փոքր հեմատոմայի տեսքով (0,6-ը 0,5 սմ չափսի) վնասվածք, որը չի համապատասխանել առողջությանը թեթեւ վնաս պատճառելու չափանիշներին: Հետագա հարցաքննության ընթացքում փորձագետը չի բացառել հավանականությունը, որ վնասվածքը կարող էր հասցված լինել դիմումատուին փողոցում՝ ոստիկանության ծառայողների կողմից նրա ձեռքը բռնելու եւ քաշելու հետեւանքով:
15. 2014 թվականի փետրվարի 18-ին դիմումատուի գործով քննիչը ցուցմունք է վերցրել նրանից: Դիմումատուն պնդել է, որ 2014 թվականի փետրվարի 12-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայող Վ.Գ.-ն բղավել է. «Վերցրե՛ք տեսախցիկները»։ Այնուհետեւ ոստիկանության ծառայողներից առաջինը՝ Վ.Գ.-ն, այնուհետեւ երկու այլ ծառայողներ (ավելի ուշ նրանց ճանաչել են որպես ոստիկանության ծառայողներ Ա.Ա. եւ Գ.Մ., տե՛ս ստորեւ՝ 27-րդ պարբերությունը) քաշել եւ խլել են նրա տեսախցիկը՝ փորձելով պահել իրենց մոտ, ինչպես նաեւ խփել ձեռքին, ոլորել եւ քաշել նրա ձեռքերը: Կարճ ժամանակ անց Վ. Գ.-ն կարգադրել է, որ դիմումատուին եւ նրա եղբորը՝ Ս. Գ. - ին, որը նույնպես լրագրող էր եւ նկարահանում էր միջադեպը, նստեցնեն ոստիկանության մեքենա եւ տեղափոխեն ոստիկանության բաժին։ Դիմումատուն պնդել է, որ ոստիկանության մեքենայում, այնուհետեւ ոստիկանության բաժնում ոստիկանության ծառայողները կրկին փորձել են խլել իրենց տեսախցիկները: Ոստիկանության բաժանում նա ենթարկվել է անձնական խուզարկության, իսկ նրա իրերը, ներառյալ՝ տեսախցիկը եւ հիշողության քարտերը, վերցրել են զննության նպատակով: Սակայն նրա տեսախցիկից հանված հիշողության քարտն այդպես էլ չեն վերադարձրել. անձնական խուզարկության ժամանակ ոստիկանության ծառայող Ս.Մ.-ն տեսախցիկը դուրս է բերել զննության սենյակից, իսկ երբ վերադարձել է, հայտնել է, որ տեսախցիկում հիշողության քարտ չի եղել: Ավելին, նախկինում գործող եւ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը պարունակող երեք այլ հիշողության քարտեր նրան են վերադարձվել վնասված: Դիմումատուն պնդել է նաեւ, որ Մաշտոցի պողոտայում իր պայուսակին փակցված է եղել լրագրողական վկայական, որն ավելի ուշ ներկայացրել է ոստիկանության բաժնում:
16. 2014 թվականի փետրվարի 19-ին դիմումատուն քննիչի կողմից որպես վկա հարցաքննվել է խուլիգանության գործի շրջանակներում (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը): Նա կրկնել է վերը նշված 15-րդ կետում ամփոփված իր հայտարարությունները:
17. 2014 թվականի փետրվարի 24-ին դիմումատուի քրեական բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ (գործ թիվ 62203514) նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ կետով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, որը կատարվել է պետական պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով (տե՛ս ստորեւ՝ 36-րդ պարբերությունը), եւ 309-րդ հոդվածի 2-րդ կետով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը, տե՛ս ստորեւ՝ 38-րդ պարբերությունը) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
18. 2014 թվականի մարտին ոստիկանության երեք ծառայողներ, այդ թվում՝ Ս.Մ.-ն եւ երկու ընթերականեր, որոնք ներկա են եղել դիմումատուի խուզարկության ժամանակ, հարցաքննվել են դիմումատուի ոստիկանությունում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ: Նրանք նույն բովանդակությամբ ցուցմունքներ են տվել այն մասին, որ դիմումատուի տեսախցիկը չի հանվել զննության սենյակից, եւ որ նրա տեսախցիկի հիշողության քարտի բնիկում, որը բացվել եւ զննվել էր նրա ներկայությամբ, հիշողության քարտ չէր հայտնաբերվել: Միայն հինգ հիշողության քարտ էր հայտնաբերվել դիմումատուի գրպաններում եւ պայուսակում, որոնք չեն տեղադրվել որեւէ սարքի մեջ եւ չեն կրկնօրինակվել ոստիկանության կողմից: Բոլոր ձեւականությունների ավարտից հետո դիմումատուի իրերը՝ փաթեթավորված եւ կնքված, ուղարկվել են քննչական բաժին:
19. Դիմումատուի եւ ոստիկանության վերոհիշյալ ծառայողների (ներառյալ՝ Ս.Մ.-ի) միջեւ տեղի է ունեցել առերեսում, որի ընթացքում կողմերը հաստատել են իրենց ցուցմունքները:
20. 2014 թվականի հունիսին ոստիկանության ծառայող Լ.Կ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ դիմումատուի խուզարկությունից հետո վերջինս քննչական բաժնում դիմումատուին է հանձնել իր իրերի փաթեթը: Դիմումատուն ստուգել է փաթեթի պարունակությունը նախքան ստացման անդորրագիրը ստորագրելը:
21. 2014 թվականի մարտի 17-ին ոստիկանության ծառայող Վ.Գ.-ն ցուցմունք է տվել որպես վկա այն մասին, որ 2014 թվականի փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում տեսնելով մի խումբ անձանց վիճաբանելիս՝ միջամտել է ոստիկանության այլ ծառայողների հետ միասին՝ հասարակական կարգը վերականգնելու նպատակով։ Ներգրավված անձանցից մի քանիսը, այդ թվում՝ դիմումատուն, տեղափոխվել են ոստիկանության բաժին: Վ.Գ.-ն ընդգծել է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ոստիկանության ծառայողներից որեւէ մեկը չեն փորձել խոչընդոտել դիմումատուի լրագրողական գործունեությունը եւ բռնության չեն ենթարկել նրան: Ավելին, դիմումատուն ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար, եղել է վիճաբանող խմբի մեջ, փորձել է կանխել ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունը եւ ճանապարհին կանգնած լինելով բղավել է: Վ.Գ.-ն նշել է, որ թեեւ դիմումատուն ձեռքին տեսախցիկ է ունեցել, վերջինս չի փորձել այն խլել նրանից, այլ բռնել եւ քաշել է նրա ձեռքերից՝ ճանապարհից հեռացնելու եւ ոստիկանության մեքենան նստեցնելու համար: Նա չի նկատել ոչ մի լրագրողական վկայական դիմումատուի մոտ։
22. Մարտ եւ ապրիլ ամիսներին երկու անցորդ ցուցմունք են տվել, որի համաձայն՝ նրանք տեսել են միջադեպը փողոցի հանդիպակաց հատվածից. նրանք տեսել են մի խումբ տղամարդկանց վիճաբանությունը Մաշտոցի պողոտայի մայթեզրին։ Կարճ ժամանակ անց ժամանել է ոստիկանությունը եւ փորձել հանդարտեցնել նրանց։ Բոլոր վկաները պնդել են, որ տեսել են մի կնոջ ճանապարհին կանգնած, որը դիմադրում էր եւ բղավում ոստիկանության ծառայողների վրա, որոնք փորձում էին նրան ճանապարհից դուրս բերել դեպի մայթ: Վկաներից ոչ մեկը չի տեսել, որեւէ ոստիկանության ծառայողի նշված կնոջից տեսախցիկը վերցնելիս կամ նրան կամ որեւէ այլ անձի ծեծի ենթարկելիս:
23. 2014 թվականի մարտի 28-ին դիմումատուն որպես վկա հարցաքննվել է եւ կրկնել է 2014 թվականի փետրվարի 18-ի իր ցուցմունքները (տե՛ս վերեւում՝ 15-րդ պարբերությունը):
24. 2014 թվականի ապրիլի 15-ին քննիչը որոշում է կայացրել նշանակել վնասված հիշողության քարտերի տեխնիկական փորձաքննություն:
25. 2014 թվականի մայիսի 13-ին փորձաքննությունն ավարտվել է։ Համապատասխան փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված հիշողության քարտերն այլեւս չեն աշխատել, սակայն հնարավոր չի եղել պարզել անսարքության պատճառը: Նշվել է նաեւ, որ այդպիսի հիշողության քարտի անսարքությունը կարող է առաջանալ հիշողության քարտի մեխանիկական վնասման կամ կոտրվելու, ինչպես նաեւ հիշողության քարտի ներքին անսարքության պատճառով:
26. 2014 թվականի հունիսի 3-ին եւ 6-ին Մաշտոցի պողոտայում պատահարը լուսաբանող երեք լրագրող, ներառյալ՝ դիմումատուի եղբայրը՝ Ս.Գ.-ն, տվել են նույն բովանդակությամբ ցուցմունքներ այն առնչությամբ, որ դիմումատուն, ոստիկանության մեքենայի մոտ գտնվելով, նկարահանելիս է եղել ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունը, երբ ոստիկանության ծառայողներն սկսել են քաշքշել նրան՝ փորձելով խլել նրա տեսախցիկը։ Լրագրող Լ.Մ.-ն հետագայում պնդել է, որ ոստիկանության ծառայողները փորձել են նաեւ խլել իր բջջային հեռախոսը, որը վերջինս օգտագործում էր տեսանկարահանման համար։ Բացի այդ, Ս.Գ.-ն նաեւ հավելել է, որ ոստիկանության ծառայողներն իրեն եւ դիմումատուին բռնի ուժով նստեցրել են ոստիկանական մեքենա, որտեղ նրանք շարունակել են տեսախցիկները խլելու փորձերը։ Ոստիկանությունում արգելանքի տակ պահվելու ընթացքում Ս.Գ.-ն լսել է, թե ինչպես է դիմումատուն բղավում՝ պահանջելով իրեն վերադարձնել հիշողության քարտը. երբ ազատ է արձակվել, դիմումատուն Ս.Գ.-ին պատմել է, որ ոստիկանության ծառայող Ս.Մ.-ն գողացել է իր հիշողության քարտը:
27. Հունիսի 9-ին ոստիկանության հինգ ծառայողներ հարցաքննվել են որպես վկա: Մասնավորապես ծառայողներ Ա.Ա.-ն եւ Գ.Մ.-ն, որոնք քննությամբ ճանաչվել են որպես Վ. Գ.-ի հետ դիմումատուի ձեռքերը բռնած ծառայողներ, պնդել են, որ վերջիններիցս ոչ մեկը չի փորձել վերցնել դիմումատուի տեսախցիկը: Ավելին, նա խախտել է հասարակական կարգը՝ խոչընդոտելով տրանսպորտի երթեւեկությունը եւ բղավելով բանուկ փողոցում։ Այդ իսկ պատճառով, նրանք պարզապես փորձել են նրան դուրս բերել ճանապարհից: Հաշվի առնելով դիմումատուի խոչընդոտող վարքագիծը՝ նրանք ձերբակալել են վերջինիս։ Նրանք տեղյակ չեն եղել դիմումատուի լրագրող լինելու մասին։ Այդ օրը հարցաքննություն անցած ոստիկանության երեք այլ ծառայողներ՝ Կ.Կ.-ն, Թ.Մ.-ն եւ Ա.Մ.-ն, նույնպես տվել են նույն բովանդակությամբ ցուցմունքներ։ Նրանք նաեւ պնդել են, որ ոստիկանության մեքենայում աշխատակից Կ.Կ.-ն փորձել է կանխել դիմումատուի կողմից մեքենայում նկարահանում իրականացնելու փորձերը, վարորդին չխանգարելու նպատակով, սակայն ոչ ոք չի փորձել վերցնել վերջինիս տեսախցիկը:
28. 2014 թվականի հունիսի 17-ին դիմումատուի եւ ոստիկաններ Վ.Գ.-ի եւ Կ.Կ.-ի միջեւ տեղի է ունեցել առերեսում, որի ընթացքում երկու կողմերն էլ հաստատել են իրենց ցուցմունքները:
Քրեական գործով քննության դադարեցումը եՎ դիմումատուի բողոքները
29. 2014 թվականի հունիսի 24-ին քրեական գործը վարող քննիչը հրաժարվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ հետապնդում իրականացնել եւ կարճել է գործը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Որոշման մեջ ասվում էր, որ 2014 թվականի փետրվարի 12-ին ոստիկանության ծառայողները, նկատելով քաշքշուկ Մաշտոցի պողոտայում, միջամտել են հասարակական կարգը վերականգնելու եւ իրավախախտներին բերման ենթարկելու համար: Ինչ վերաբերում է դիմումատուին, ապա նա արգելանքի տակ է վերցվել նաեւ հասարակական կարգը խախտելու համար. բանուկ փողոցում խոչընդոտել է երթեւեկությունը, բղավել, միջամտել է ոստիկանության ծառայողների գործողություններին եւ չի ենթարկվել նրանց՝ ճանապարհից դուրս գալու պահանջներին: Արդյունքում, ինչպես նաեւ վերջինիս անձնական անվտանգության ապահովման նպատակով ոստիկանության ծառայողները բռնել են նրա ձեռքերից եւ հաղթահարելով նրա դիմադրությունը՝ հեռացրել են նրան ճանապարհից եւ տեղափոխել ոստիկանական բաժին։ Ուժի կիրառումը դրսեւորվել է նրա ձեռքերից բռնելու եւ քաշելու տեսքով, ինչը հիմնավորվել է տեսագրությամբ։ Արդյունքում նա ստացել է առողջությանը նույնիսկ թեթեւ վնաս չպատճառող դաստակի վնասվածք։ Այսպիսով, ոստիկանության ծառայողները գործել են «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում (տե՛ս ստորեւ՝ 41-րդ պարբերությունը), եւ դիմումատուի լրագրողական գործունեության նկատմամբ որեւէ խոչընդոտ չի եղել: Ինչպես նշվել է ոստիկանության ծառայողների կողմից, դիմումատուն ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար, այլ ոչ լրագրող լինելու պատճառով։ Ոչ ոք չի փորձել խլել նրա տեսախցիկը, այլ վերջինիս ձեռքերից քաշել են փողոցից դուրս բերելու նպատակով։ Ոստիկանության մեքենայում ոստիկանության ծառայող Կ.Կ.-ն պարզապես թույլ չի տվել դիմումատուին իր տեսախցիկով խանգարել վարորդին։ Դիմումատուի պնդումներն առգրավված եւ վնասված հիշողության քարտերի վերաբերյալ նույնպես չեն ապացուցվել: Գործը կարճելու մասին որոշումը դատախազի կողմից թողնվել է ուժի մեջ:
30. 2014 թվականի օգոստոսի 15-ին դիմումատուն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան (Վարչական շրջանի դատարան) է ներկայացրել վերաքննիչ բողոք քննիչի եւ դատախազի որոշումների դեմ: Նա, inter alia, պնդել է, որ քննիչը չի կատարել փաստերի եւ ապացույցների պատշաճ գնահատում։ Դիմումատուն նշել է, որ, չնայած իր դիմումին, քննիչն իրեն չի շնորհել հանցագործության զոհի կարգավիճակ՝ դրանով իսկ ապացուցման բեռը դնելով նրա վրա եւ զրկելով վերջինիս որեւէ դատավարական կարգավիճակից եւ քննչական մարմնի գործողությունները բողոքարկելու հնարավորությունից: Դիմումատուն այնուհետեւ պնդել է, որ Վ.Գ.-ի կողմից իր նկատմամբ կիրառված բռնությունն ակնհայտ է եղել ներկայացված տեսագրություններից, մինչդեռ քննիչը հիմք է ընդունել միայն Վ. Գ.-ի ցուցմունքները եւ նրա գործողություններում հանցակազմ չի գտել: Մինչ նա պարզապես կատարել է իր մասնագիտական պարտականությունները, ոստիկանության ծառայողների եւ մասնավորապես Վ.Գ.-ի գործողություններն անօրինական են եղել, ինչը հանգեցրել է նրանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելուն եւ նրա մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելուն: Նշված գործողությունների արդյունքում նրան տեղափոխել են ոստիկանական բաժին, որտեղ նրա հիշողության քարտերը վնասվել են, իսկ տեսագրությունները՝ կորել։
31. 2014 թվականի օգոստոսի 26-ին խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննությունը (տե՛ս վերեւում՝ 11-րդ պարբերությունը) կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: Որոշման մեջ մասնավորապես նշվել է, որ վիճաբանությանը մասնակցած անձինք, այդ թվում՝ դիմումատուն, հասարակական կարգը կոպտորեն խախտելու մտադրություն չեն ունեցել, քանի որ միջադեպը կրել է միջանձնային բնույթ եւ երկար չի շարունակվել:
32. 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի 2014 թվականի օգոստոսի 15-ի բողոքը։ Դատարանը պարզել է, որ դիմումատուի բողոքն առ այն, որ նրան ոստիկանության բաժին են տեղափոխել իր մասնագիտական լրագրողական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, քննվել եւ հերքվել է քննչական մարմնի կողմից՝ հիմնվելով ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ համեմատաբար չեզոք անցորդների ցուցմունքների վրա: Դատարանն ընդգծել է այն փաստը, որ նույն միջոցառումը լուսաբանող այլ լրագրողներ կարողացել են իրենց պարտականությունները կատարել առանց ոստիկանության կողմից որեւէ խոչընդոտի, եւ որ դիմումատուն վերջիններիս նկարահանած տեսագրությունները ներկայացրել է քննչական մարմնին: Ուսումնասիրելով նշված տեսագրությունները՝ դատարանը հանգել է այն եզրակացության, որ դիմումատուի մասնագիտական գործունեության նկատմամբ որեւէ խոչընդոտ չի եղել, ինչպես նաեւ չի հայտնաբերվել ոստիկանության ծառայողների կողմից նրա տեսախցիկը վերցնելու փորձերի մասին վերջինիս պնդումները հաստատող որեւէ փաստական տեղեկություն։ Ավելի շուտ, տեսագրությունը հաստատել է ոստիկանության ծառայողների ցուցմունքները դիմումատուին բռնի կերպով ճանապարհից դուրս բերելու եւ ոստիկանության մեքենա նստեցնելու, ապա ոստիկանության բաժին տեղափոխելու մասին, ինչը ոստիկանության ծառայողների կողմից տրամադրված պատճառների համատեքստում լրագրողական գործունեության նկատմամբ խոչընդոտ չի համարվում: Ինչ վերաբերում է իրեն պատկանող հիշողության քարտերից մեկի առգրավվման եւ չվերադարձնելու, իսկ մյուսների վնասման մասին դիմումատուի պնդումներին, դատարանը վճռել է, որ դրանք հերքվել են ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ անաչառ վկաների ցուցմունքներով: Դատարանն ընդգծել է այն փաստը, որ դիմումատուն, որը համառորեն հրաժարվել է ստորագրել ոստիկանության բաժնում կազմված որեւէ փաստաթուղթ, ստորագրել է իր իրերի ստացման անդորրագիրը, որում նա թվարկել է իրենից առգրավված բոլոր իրերը՝ առանց որեւէ նշում կատարելու ենթադրաբար վնասված հիշողության քարտերի վերաբերյալ, չնայած վերջինս իսկապես ունեցել է քարտերի պարունակությունը տեղում ստուգելու հնարավորություն: Ընդունելով, որ քննչական մարմինը դիմումատուին պետք է ճանաչեր որպես տուժող եւ հարցաքններ ներգրավված ոստիկանության ծառայողներին որպես կասկածյալներ, դատարանը հանգել է այն եզրակացությանը, որ ե՛ւ դիմումատուն, ե՛ւ ոստիկանության ծառայողները գտնվել են հավասար պայմաններում. դիմումատուն հնարավորություն է ունեցել մասնակցելու առերես հարցաքննություններին, ներկայացնել ապացույցներ, եւ իր առաջարկությամբ քննիչը հարցաքննել է միջադեպի ականատես այլ լրագրողների։ Բոլոր դեպքերում վիճարկվող որոշումը հանձնվել է դիմումատուին՝ թույլ տալով նրան վիճարկել այն:
33. 2014 թվականի հոկտեմբերի 10-ին դիմումատուն բողոքարկել է վերոնշյալ որոշումը՝ վերահաստատելով Վարչական շրջանի դատարան ներկայացրած իր բողոքները։
34. 2014 թվականի նոյեմբերի 20-ին Քրեական գործերով վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատուի բողոքը եւ Վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
35. 2014 թվականի դեկտեմբերի 10-ին դիմումատուն ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը 2015 թվականի մայիսի 25-ին մերժվել է Վճռաբեկ դատարանի կողմից։ Տվյալ որոշման մեկ օրինակը դիմումատուին է հանձնվել 2015 թվականի հունիսի 3-ին։
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
Ա. Նախկին Քրեական օրենսգիրք (գործել է մինչեւ 2022 թվականի հունիսի 30-ը)
36. Նախկին Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում էր, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը կամ նրան՝ տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով: 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ նույն արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձը՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
37. 258-րդ հոդվածի 1-ին մասով «խուլիգանությունը» սահմանվում է որպես դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով եւ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:
38. 309-րդ հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորություններն անցնելը») սահմանվում էր, որ պետական պաշտոնյայի կողմից կատարված դիտավորյալ արարքները, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են հասցրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, երբ զուգորդվել են բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Բ. Վարչական դատավարության օրենսգիրքը
39. 69-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանաչման հայց) սահմանվում է, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլեւu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որեւէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այuինքն՝ 1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ, 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնաuի հատուցում, կամ 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։
Գ. Քաղաքացիական օրենսգիրքը
40. Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետեւանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Կոնվենցիայով երաշխավորված հիմնարար իրավունքները, այդ թվում՝ սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը։
Դ. «Ոստիկանության մասին» օրենքը
41. «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածով սահմանվում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու եւ ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրելու ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում ոստիկանության վրա դրված պարտականությունների կատարումը:
Ե. Վարչական դատարանի նախադեպային իրավունքը
42. Կառավարությունը ներկայացրել է մինչ ոստիկանության նախկին ծառայողի նկատմամբ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, inter alia, լրագրողական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու մեղադրանքով քրեական վարույթի ավարտը Վարչական մի քանի վարույթների կասեցման մասին Վարչական դատարանի (թիվ ՎԴ/2188/05/16) որոշումը: Մասնավորապես այդ գործով հայցվորը (հասարակական կազմակերպություն) բողոքել է, որ ցույցի ժամանակ ոստիկանության ծառայողն առգրավել եւ վնասել է իր լրագրողական տեսախցիկը։ Նշված ծառայողը, ի վերջո, դատապարտվել է առաջադրված մեղադրանքով։ Քրեական վարույթի ավարտից հետո Վարչական դատարանը վերսկսել է գործով վարույթը, եւ ներկայումս գործը գտնվում է քննության փուլում:
43. Կառավարությունը վկայակոչել է նաեւ Վարչական դատարանի մեկ այլ (թիվ ՎԴ/6967/05/16) որոշում, որի հիման վրա վերոնշյալ դատարանը դադարեցրել է մի շարք վարչական վարույթներ, քանի որ հայցվորի բողոքի համաձայն ցույցի ընթացքում նրա անօրինական ձերբակալումն ուղեկցվել է չափազանց մեծ ուժի կիրառմամբ եւ ենթադրաբար, inter alia, նրա խոսքի ազատության իրավունքի խախտմամբ, ինչը կարող էր պարունակել քրեական հանցագործության տարրեր, հետեւաբար նրա հայցը, առաջին հերթին, պետք է քննության ենթարկվեր քրեական դատավարության շրջանակներում: Վերաքննիչ վարչական դատարանն ուժի մեջ է թողել այդ որոշումը, որով նշվում է, inter alia, որ հայցվորը կարող է դիմել վարչական իրավական պաշտպանության միջոցների միայն այն դեպքում, երբ վիճարկվող գործողությունները կապված չեն եղել հանցավոր վարքագծի ցուցաբերման հետ եւ չեն առնչվել քրեական իրավունքի ոլորտին:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
44. Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանության կողմից բռնության է ենթարկվել, երբ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողները փորձել են բռնի ուժով խլել իր տեսախցիկը, եւ իր բողոքի վերաբերյալ արդյունավետ քննություն չի իրականացվել: Նա հիմնվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա։ Դատարանը, իրավասու լինելով գործով փաստերին տալ իրավական բնութագիր (տե՛ս Ռոդամիլյան եւ այլք ընդդեմ Խորվաթիայի [Radomilja and Others v. Croatia] [ՄՊ], թիվ 37685/10 եւ 22768/12 գործը, § 126, 2018 թվականի մարտի 20) եւ հաշվի առնելով դիմումատուի փաստարկներն ընդհանուր առմամբ, գտնում է, որ սույն գործով բողոքի էությունը համապատասխանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին, որում ամրագրված է.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։
Ա. Կողմերի փաստարկները
1. Կառավարությունը
45. Կառավարությունը պնդել է, որ գործով նյութերում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնց համաձայն դիմումատուն ենթարկվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված դաժան վերաբերմունքի: Այդ կապակցությամբ նրանք վկայակոչել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն այն մասին, որ դիմումատուն ստացել է միայն աննշան վնասվածք, որը վնաս չի պատճառել վերջինիս առողջությանը (տե՛ս վերեւում՝ 14-րդ պարբերությունը): Նրանք պնդել են, որ դատաբժշկական փորձագետը չի բացառել այն հնարավորությունը, որ այդպիսի վնասվածքը կարող էր առաջանալ դիմումատուի նկատմամբ համաչափ ուժի կիրառման արդյունքում, ոստիկանության ծառայողներին դիմադրություն ցույց տալու ժամանակ: Նշվում է, որ քննությամբ իրականում չի հաստատվել, դիմումատուի մարմնական վնասվածքներն ուժի կիրառման արդյունքում ստացած լինելու հանգամանքը: Բոլոր դեպքերում ավելի ուշ հաստատվել է, որ ոստիկանության համապատասխան ծառայողների գործողությունները եղել են օրենքի շրջանակներում սահմանված, մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» օրենքով։ Հատկապես ոստիկանության ծառայողների նպատակն էր միայն դադարեցնել դիմումատուի անօրինական վարքագիծը եւ հաղթահարել նրա դիմադրությունը. այսպիսով, ուժի կիրառումը պայմանավորված էր բացառապես նրա սեփական պահվածքով եւ չէր կարող համարվել դաժան վերաբերմունք: Կառավարությունը վկայակոչել է ներգրավված ոստիկանության ծառայողների ցուցմունքներն այն մասին, որ դիմումատուն ձերբակալվել է, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել երթեւեկելի հատվածից դուրս գալու վերաբերյալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, դրանով իսկ՝ խախտելով ճանապարհային երթեւեկությունը եւ հասարակական կարգը (տե՛ս վերեւում՝ 21-րդ եւ 27-րդ պարբերությունները): Հետեւաբար նրանք դիմել են ֆիզիկական ուժի՝ նրան մայթ բերելու, այնուհետեւ ոստիկանական բաժանմունք տեղափոխելու համար: Ոստիկանության նշված ծառայողների ցուցմունքները հաստատվել են դեպքի ականատեսների ցուցմունքներով (տե՛ս վերեւում՝ 22-րդ պարբերությունը), ինչպես նաեւ միեւնույն միջոցառումը լուսաբանող լրագրողների տեսանյութերով: Կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ հաշվի առնելով ուժի կիրառման օրինական լինելը, որը խիստ անհրաժեշտ է եղել դիմումատուի ապակառուցողական պահվածքի պատճառով եւ հանգեցրել է միայն աննշան վնասվածքների, այն չի հասել 3-րդ հոդվածի համաձայն պահանջվող խստության շեմին:
46. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի շուրջ քննությունը համապատասխանում է այդպիսի քննությունն արդյունավետ իրականացնելու մասին պահանջին: Իշխանություններն անհապաղ արձագանքել են դիմումատուի քրեական գործով բողոքին։ Նրան հարցաքննել են եւ անմիջապես որոշում են կայացրել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ դիմումատուին պատճառված մարմնական վնասվածքները պարզելու համար: Այնուհետեւ ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել դիմումատուի պնդումների առնչությամբ եւ պարզել վերջինիս ձերբակալությանը ներգրավված ոստիկանության ծառայողների եւ մի քանի վկաների ինքնությունը, որոնք բոլորը հարցաքննվել են միջադեպի գործով: Բացի այդ, դիմումատուի եւ ոստիկանության համապատասխան ծառայողների միջեւ առերեսում է իրականացվել, որի ընթացքում դիմումատուն կարողացել է վերջիններիս ուղղել իր հարցերը: Այսպիսով, քննությունը եղել է արագ, համարժեք եւ մանրակրկիտ, եւ դիմումատուն հնարավորություն է ունեցել ակտիվորեն մասնակցելու քննությանը։ Վերջապես, քննությունն իրականացվել է անկախ մարմնի, այսինքն՝ ՀՔԾ-ի կողմից:
2. Դիմումատուն
47. Հիմք ընդունելով դատարանին ներկայացված միջադեպի տեսագրությունը՝ դիմումատուն պնդել է, որ նշված տեսագրությունից պարզ է դարձել, ինչպես են ոստիկանության ծառայողները նրա նկատմամբ ուժ կիրառել՝ հրելով նրան դեպի մայթ եւ փորձելով խլել նրա տեսախցիկը, չնայած վերջինիս հնչեցրած տեսախցիկը բաց թողնելու պահանջին։ Ի պաշտպանություն իր ցուցմունքների՝ դիմումատուն վկայակոչել է այլ լրագրողների ցուցմունքները, որոնք, ականատես լինելով, թե ինչպես են ոստիկանության ծառայողները խլել իր տեսախցիկը, տեսանկարահանել են միջադեպը (տե՛ս վերեւում՝ 26-րդ պարբերությունը), իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների հաղորդագրությունները, որոնք, ի թիվս այլ բաների, անդրադարձել են միջադեպին, ինչպես նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որը նույնպես հիշատակել է միջադեպը: Դիմումատուն, ըստ էության, պնդել է, վկայակոչելով Բուիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid V. Belgium] ([ՄՊ], թիվ 23380/09 գործը, ՄԻԵԴ 2015 թվական) եւ համապատասխան դատական գործելակերպը, որ իր մարմնական վնասվածքների ծանրությունը որեւէ առնչություն չի ունեցել ոստիկանության ծառայողների գործողությունները որպես վատ վերաբերմունք որակելու հետ, քանի որ ուժի կիրառումը չի եղել խիստ անհրաժեշտ՝ պայմանավորված վերջինիս պահվածքով, եւ Կառավարությունը որեւէ բացատրություն չի ներկայացրել նրան մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ: Փաստորեն դատաբժշկական փորձագետը չի բացառել, որ իր վնասվածքը կարող էր պատճառված լինել ինչ-որ մեկի կողմից իր ձեռքը բռնելու եւ քաշելու արդյունքում (տե՛ս վերեւում՝ 14-րդ պարբերությունը): Հետեւաբար նա դարձել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված վատ վերաբերմունքի զոհ։ Նա պնդել է, որ միջադեպն զգալի ազդեցություն է ունեցել իր վրա, եւ վերջինս սարսափած է եղել ոստիկանության ծառայողների պահվածքից:
48. Դիմումատուն վիճարկել է նաեւ Կառավարության այն պնդումը, որ, դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն, իր մարմնական վնասվածքները կարող էին լինել համաչափ ուժի կիրառման արդյունք, քանի որ այդպիսի գնահատականը, ըստ դիմումատուի, եղել է դատաբժշկական փորձագետի իրավասության սահմաններից դուրս: Բոլոր դեպքերում փորձագետը երբեք որեւէ հայտարարություն չի արել ուժի կիրառման համաչափության վերաբերյալ։ Նա նաեւ մատնացույց է արել այն փաստը, որ խուլիգանության գործով քրեական վարույթի շրջանակներում ոստիկանության համապատասխան ծառայողները երբեէ չեն պնդել, որ դիմումատուն խախտել է հասարակական կարգը՝ խոչընդոտելով երթեւեկությունը (տե՛ս վերեւում՝ 12-րդ պարբերությունը):
49. Դիմումատուն պնդում էր, որ իր նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքի գործով քննությունը չի եղել պատշաճ եւ մանրակրկիտ: Մասնավորապես ոստիկանության ծառայողների նկատմամբ հետապնդում չիրականացնելու որոշումը հիմնվում էր հիմնականում նրա նկատմամբ ուժ կիրառած ոստիկանության ծառայողների ցուցմունքների եւ ականատեսների ցուցմունքների վրա՝ անտեսելով նրա գործընկեր լրագրողների ցուցմունքներն ու միջադեպի տեսագրությունը: Դիմումատուն նաեւ նշել է, որ ինքը հնարավորություն չի ունեցել առերեսվելու կամ հարցեր ուղղելու վկաներին, որոնք իրենց ցուցմունքներում հերքել են իր դեմ ուժի կիրառումը:
Բ. Դատարանի գնահատականը
50. Համապատասխան ընդհանուր սկզբունքներն ամփոփված են Բուիդի [Bouyid] գործում (վերեւում՝ §§ 81-90): Որեւէ անձի նկատմամբ իրավապահ մարմինների ծառայողների կողմից մարդու արժանապատվությունը նսեմացնող ցանկացած վարքագիծ համարվում է 3-րդ հոդվածի խախտում։ Դա վերաբերում է հատկապես անձի նկատմամբ նրանց կողմից ֆիզիկական ուժի կիրառմանը, երբ դա խիստ անհրաժեշտ չէ՝ ելնելով նրա վարքագծից, անկախ նրանից, թե ինչ ազդեցություն դա կունենա տվյալ անձի վրա (նույն տեղում § 101):
51. Վերաբերմունքի բնութագրման չափանիշներից մեկը, ըստ որի այն պետք է դիտարկել 3-րդ հոդվածի համաձայն, վերաբերմունքի խստությունն է (տե՛ս Գրեմինան ընդդեմ Ռուսաստանի [Gremina V. Russia], թիվ 17054/08 գործը, § 83, 2020 թվականի մայիսի 26): Նույնիսկ իրական մարմնական վնասվածքների կամ ֆիզիկական կամ հոգեկան ծանր տառապանքների բացակայության դեպքում, եթե վերաբերմունքը նվաստացնում կամ ստորացնում է անձին՝ ցուցաբերելով հարգանքի բացակայություն կամ ցածրացնելով նրա մարդկային արժանապատվությունը, կամ առաջացնում է վախի, տառապանքի կամ անլիարժեքության զգացումներ, որոնք ունակ են կոտրելու անձի բարոյական եւ ֆիզիկական դիմադրությունը, այն կարող է բնորոշվել որպես արժանապատվությունը նվաստացնող, եւ դրա վրա կտարածվի նաեւ 3-րդ հոդվածով սահմանված արգելքը։ Պետք է նաեւ նշել, որ բավարար կարող է համարվել, զոհի աչքերում, եթե նույնիսկ ոչ այլ անձանց, նվաստացված լինելը։ Իսկապես, նախկինում հաստատվել է, որ անձի արժանապատվության եւ ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունը կարող է համարվել նվաստացուցիչ վերաբերմունք, նույնիսկ եթե վերջինս լուրջ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք չի զգում (տե՛ս Բուիդի [Bouyid ] [ՄՊ] գործը, վերեւում հիշատակված՝ §§ 88, 90 եւ 112):
52. Սույն գործով ներպետական քննությամբ պարզվել է, որ ոստիկանության ծառայողները դիմումատուի նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ինչի հետեւանքով նա ստացել է դաստակի վնասվածք (տե՛ս վերեւում՝ 29-րդ պարբերությունը): Հետեւաբար հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից ճանաչված է եղել դիմումատուին պատճառված մարմնական վնասվածքի պատճառը, Դատարանը հաստատված է համարում, որ նրա վնասվածքը, թեեւ բնույթով աննշան, սակայն ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի կիրառման արդյունք է (համեմատի՛ր Իշիկն ընդդեմ Թուրքիայի, [İşik v. Türkiye] թիվ 42202/20 գործը, § 52 2024 թվականի հոկտեմբերի 8):
53. Դատարանը նկատում է, որ քննիչի ներպետական դատարանների կողմից հաստատված եզրակացությունն այն մասին, որ ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել, քանի որ դիմումատուն գտնվել է բանուկ փողոցում, խանգարել երթեւեկությանը, խոչընդոտել ոստիկանության աշխատանքին եւ չի ենթարկվել նրանց պահանջներին, չի արտացոլում միջադեպի ամբողջական պատկերը, ինչպես ներկայացված է տեսանյութում։ Ի հակադրություն՝ Դատարանի տրամադրության տակ գտնվող տեսագրությունը (որի հավաստիությունը չի վիճարկվել կառավարության կողմից) ցույց է տալիս, որ դիմումատուի եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կարճ բախում է տեղի ունեցել դիմումատուի ձեռքում գտնվող առարկայի պատճառով, ամենայն հավանականությամբ՝ նրա տեսախցիկի: Իսկապես, տեսանյութում լսվում է, թե ինչպես է դիմումատուն բղավում. «Բա՛ց թողեք իմ տեսախցիկը, ես լրագրող եմ», եւ Վ.Գ.-ն, ըստ երեւույթին, պատասխանում է. «Բա՛ց թող այն»։ Այնուամենայնիվ, չնայած այն հանգամանքին, որ ոստիկանության ծառայողները որոշակի ֆիզիկական ուժ են կիրառել առարկան նրա ձեռքից վերցնելու համար եւ քաշքշուկի ժամանակ նույնիսկ նրան հրել են դեպի մայթ, չի կարելի վստահորեն պնդել, որ դիմումատուն թիրախավորվել է ոստիկանության ծառայողների կողմից, կամ որ մինչ իր ձերբակալությունը գտնվել է նրանց վերահսկողության տակ (համեմատի՛ր վերեւում հիշատակված Բույիդի [Bouyid] գործը, § § 84 եւ 106-07, Տիցիանա Պենինոն ընդդեմ Իտալիայի, [Tiziana Pennino v. Italy] թիվ 21759/15 գործը, §§ 41 եւ 45, 2017 թվականի հոկտեմբերի 12, Պրանջիչ-Մ-Լուկիչն ընդդեմ Բոսնիայի եւ Հերցեգովինայի, [Pranjić-M-Lukić v. Bosnia and Herzegovina] թիվ 4938/16, §§ 75 եւ 79, 2020 թվականի հունիսի 2-ի գործը, Միտսուն ընդդեմ Մոլդովայի Հանրապետության, [Mîţu v. the Republic of Moldova] թիվ 23524/14 գործը, § § 32-35, 2020 թվականի հունիսի 30 եւ Զախարովն ու Վարժապետյանն ընդդեմ Ռուսաստանի, [Zakharov and Varzhabetyan v. Russia] թիվ 35880/14 եւ 75926/17 գործը, §§ 67-73, 2020 թվականի հոկտեմբերի 13, տե՛ս նաեւ Կազանն ընդդեմ Ռումինիայի, [Cazan v. Romania] թիվ 30050/12 գործը, § 40, 2016 թվականի ապրիլի 5, որտեղ դատարանը, inter alia, վկայակոչել է իշխանությունների վերահսկողության տակ գտնվող իրավիճակները, այդ թվում՝ ձերբակալությունները, հարցաքննությունները, ինքնության ստուգումները կամ բերման ենթարկվելը): Միջադեպից հետո նրան ձերբակալել են եւ նստեցրել ոստիկանության մեքենան, սակայն ուժի կիրառման ակնհայտ նշաններ չեն նկատվել ո՛չ նրա ձերբակալման ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո: Ըստ երեւույթին, քաշքշուկի հետեւանքով դիմումատուն սիսեռի հատիկի մեծության կապտուկ է ստացել, որը նրա առողջությանը վնաս չի պատճառել: Դատարանը համարում է, որ գործի նշված հայեցակետերը վկայում, որ թեեւ ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել այն առարկան վերցնելու համար, որը, ըստ երեւույթին, դիմումատուի տեսախցիկն է եղել, առկա չէ որեւէ նշան, որ նրանք վերջինիս նվաստացնելու մտադրություն են ունեցել: Իսկապես, այդպիսի մտադրության բացակայությունը չի կարող վերջնականապես բացառել 3-րդ հոդվածի խախտման արձանագրումը (տե՛ս վերեւում հիշատակված Բուիդի [Bouyid] գործը, § 86): Այնուամենայնիվ, երբ այդպիսի բողոքները վերաբերում են ֆիզիկական ուժի կիրառմանը, Դատարանը հատուկ կարեւորություն է տալիս նաեւ ստացած վնասվածքների տեսակին եւ այն հանգամանքներին, որոնց դեպքում ուժ է կիրառվել (համեմատի՛ր Շակիր Քաչմազն [Şakir Kaçmaz v. Turkey] ընդդեմ Թուրքիայի թիվ 8077/08 գործը, § 80, 2015 թվականի նոյեմբերի 10): Դատարանը համարում է, որ վերոհիշյալ տարրերը, ինչպես նաեւ դիմումատուի փաստարկները պետք է հաշվի առնվեն՝ գնահատելու համար, թե արդյոք ոստիկանության ծառայողների վիճարկվող վարքագիծը կարող է դիտվել որպես նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք եւ դրանով իսկ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
54. Սույն գործով, չնայած դիմումատուն պնդում էր, որ միջադեպը խորապես ազդել է իր վրա, եւ նա սարսափած է եղել ոստիկանության ծառայողների պահվածքից (տե՛ս վերեւում՝ 47-րդ պարբերությունը), նա չի հիմնավորել տվյալ պնդումը խնդրո առարկա վերաբերմունքի օբյեկտիվ բնութագրերում, ինչը թույլ կտար Դատարանին եզրակացնել, թե արդյոք ոստիկանության ծառայողների գործողությունները նվաստացրել են վերջինիս կամ հավասարազոր եղել նրա արժանապատվության դեմ ոտնձգությանը (համեմատի՛ր Իլիեւին եւ Գանչեւին ընդդեմ Բուլղարիայի, [Ilievi and Ganchevi v. Bulgaria] թիվ 69154/11 եւ 69163/11գործը, §§ 58-62, 2021 թվականի հունիսի 8, համեմատի՛ր վերեւում հիշատակված Գրեմինայի [Gremina] գործը, § § 38 եւ 89 90, եւ Սկորուպան ընդդեմ Լեհաստանի, [Skorupa v. Poland] թիվ 44153/15 գործը, § § 266-67, 2022 թվականի հունիսի 16, տե՛ս նաեւ այդ գործով դիմումատուին ձերբակալելու համար ոստիկանական գործողության համատեքստում, Կաստելանին ընդդեմ Ֆրանսիայի, [Castellani v. France] թիվ 43207/16 գործը, §§ 5 եւ 56, 2020 թվականի ապրիլի 30): Հետեւաբար նշված տարրերի համադրությունը, մասնավորապես՝ այն փաստը, որ դիմումատուն չի գտնվել ոստիկանության ծառայողների վերահսկողության տակ կամ չի եղել նրանց գործողությունների առարկա, քաշքշուկի շատ կարճ բնույթը՝ նվազագույն ինտենսիվությամբ, ոստիկանության ծառայողների կողմից դիմումատուին նվաստացնելու մտադրության բացակայությունը կամ առնվազն ակնհայտ մտադրության բացակայությունը, նրանց վերաբերմունքը, ինչպես ուսումնասիրվել է Դատարանին տրամադրված տեսանյութում, ինչպես նաեւ դիմումատուի մարմնական վնասվածքների շատ աննշան բնույթը Դատարանին բերում են այն եզրակացության, որ ոստիկանության ծառայողների վարքագիծը, տվյալ մասնավոր դեպքում, չի կարող բնութագրվել որպես նվաստացնող վերաբերմունքի շեմին հասնող:
55. Դատարանը հաշվի է առնում այն փաստը, որ վիճարկվող գործողությունները, անշուշտ, կարող էին դիմումատուի մոտ զայրույթի կամ անարդարության զգացում առաջացնել, քանի որ նրան խանգարել են կատարել իր լրագրողական աշխատանքը: Այնուամենայնիվ, այդպիսի հարցերը ենթակա են քննության Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն եւ բավարար հիմք չեն այն եզրակացության համար, որ դիմումատուն ներկայացրել է 3-րդ հոդվածով սահմանված վատ վերաբերմունքի մասին հիմնավորված հայց։ Հետեւաբար բողոքը թե՛ նյութաիրավական, թե՛ դատավարական հայեցակետերով ակնհայտ անհիմն է եւ պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ կետերի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
56. Դիմումատուն բողոքել է, որ ոստիկանության ծառայողները փորձել են բռնի ուժով խլել իր տեսախցիկը Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպը նկարահանելու ժամանակ, ինչպես նաեւ ավելի ուշ՝ ոստիկանական մեքենայում եւ ոստիկանության բաժնում իր խուզարկության ժամանակ, որտեղ նրանք առգրավել են եւ չեն վերադարձրել իր հիշողության քարտերից մեկը եւ վնասել են մյուս երեքը՝ կանխելով վերջինիս կողմից իր տեսագրությունների հրապարակումը: Նա հիմնվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա, որն ունի հետեւյալ բովանդակությունը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք։ Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից ...
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով։
Ա. Ընդունելիությունը
1. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի կիրառելիությունը։
57. Հետեւաբար Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի ազատ արտահայտվելու իրավունքին որեւէ միջամտություն չի եղել: Վերջինս պնդել է, որ դիմումատուն ենթարկվել է ուժի կիրառման եւ հաջորդիվ ձերբակալվել է Մաշտոցի պողոտայում իր պահվածքի, այն է՝ երթեւեկությունը խոչընդոտելու եւ ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար: Հետեւաբար ոստիկանության կողմից կիրառված միջոցներն ուղղված են եղել ոչ թե դիմումատուի՝ որպես լրագրողի, այլ իրավախախտի դեմ, որը բացի այդ ակտիվորեն ներգրավված էր թռուցիկների տարածման գործում եւ իր դժգոհությունն էր հայտնել ՀԱԿ ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ: Ինչ վերաբերում է վերջինիս տեսախցիկի առգրավմանը եւ հիշողության քարտերի վնասմանը, Կառավարությունը պնդել է, որ այդ պնդումները հերքվել են քննությամբ: Ավելին, դիմումատուն ստորագրել է իր իրերի վերադարձման անդորրագիրը՝ առանց որեւէ նշում կատարելու իր հիշողության քարտերի ենթադրյալ առգրավման կամ վնասման մասին:
58. Դիմումատուն բողոքարկել է կառավարության պնդումները։
59. Դատարանը գտնում է, որ այն հարցը, թե արդյոք տեղի է ունեցել միջամտություն դիմումատուի խոսքի ազատության իրավունքին, սերտորեն կապված է տվյալ բողոքի էության հետ։ Հետեւաբար այն համարում է, որ Կառավարության առարկությունը պետք է միացվի դիմումատուի բողոքի ըստ էության քննությանը։
2. Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելը
60. Առանց վիճարկելու քրեական գործով քննության արդյունավետությունը քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն, որպես դիմումատուի 10-րդ հոդվածով բողոքների համար իրավական պաշտպանության միջոց, Կառավարությունը պնդել է, որ վերջինս չի սպառել ներպետական իրավական պաշտպանության միջոցները. վկայակոչելով վերը նշված 42-րդ կետում ամփոփված դատական գործելակերպի օրինակները, Կառավարությունը պնդել է, որ քննիչի կողմից համապատասխան ոստիկանության ծառայողներին պատասխանատվության չենթարկելու մասին որոշումից հետո դիմումատուն կարող էր դիմել Հայաստանի Հանրապետության Վարչական դատարան: Մասնավորապես նա կարող էր ներկայացնել ճանաչման հայց Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն (տե՛ս վերեւում՝ 39-րդ պարբերությունը): Վերջինիս ճանաչման հայցի բավարարման դեպքում (եւ հետեւաբար, եթե ոստիկանության գործողությունները համարվել են անօրինական), նա կարող էր հաջորդիվ փոխհատուցման հայց ներկայացնել Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի համաձայն (տե՛ս վերեւում՝ 40-րդ պարբերությունը):
61. Դիմումատուն պատասխանել է, որ սպառել է իրավական պաշտպանության միակ արդյունավետ միջոցը, որն այս դեպքում ոստիկանության ծառայողների դեմ քրեական գործ հարուցելն էր: Նա պնդել է, որ քանի որ ոստիկանության գործողությունները պարունակում էին հանցավոր վարքագծի տարրեր, այդ հարցը չէր կարող գտնվել Վարչական դատարանի իրավասության ներքո:
62. Իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման կանոնին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Վուչկովիչը եւ այլք ընդդեմ Սերբիայի [Vučković and Others v. Serbia [GC]] (նախնական առարկություն) [ՄՊ], թիվ 17153/11 եւ 29 այլ վճիռներ, § 69 եւ հաջորդող պարբերություններ, 2014 թվականի մարտի 25) եւ «Communauté genevoise d’action syndicale» (CGAS) ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] [Communauté genevoise d’action syndicale (CGAS) v. Switzerland], թիվ 21881/20 գործը, § 138 եւ հաջորդող պարբերություններ, 2023 թվականի նոյեմբերի 27)։ Իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու պարտավորությամբ պահանջվում է, որ դիմումատուն բնականոն ձեւով օգտվի Կոնվենցիայով նախատեսված բողոքների հետ կապված մատչելի եւ բավարար իրավական պաշտպանության միջոցներից (նույն տեղում, § 139, եւ դրանում նշված այլ վճիռներ)։
63. Եթե առկա են մեկից ավելի հավանական արդյունավետ միջոցներ, ապա դիմումատուն պետք է օգտվի դրանցից միայն մեկից (տե՛ս Մորիերա Բարբոսան ընդդեմ Պորտուգալիայի [Moreira Barbosa v. Portugal] (որոշում)) թիվ 65681/01 գործը, ՄԻԵԴ 2004-V (քաղվածքներ), Ելիչիչն ընդդեմ Բոսնիայի եւ Հերցեգովինայի (որոշում) [Jeličić v. Bosnia and Herzegovina ], թիվ 41183/02 գործը, ՄԻԵԴ 2005-XII (քաղվածքներ) եւ Կարակոն ընդդեմ Հունգարիայի [Karakó v. Hungary], թիվ 39311/05 գործը, § 14, 2009 թվականի ապրիլի 28): Երբ պաշտպանության մեկ միջոց է կիրառվել, մեկ այլ միջոցի օգտագործումը, որն ըստ էության ունի նույն նպատակը, չի պահանջվում (տե՛ս Ռիադը եւ Իդիաբն ընդդեմ Բելգիայի [Riad and Idiab v. Belgium] թիվ 29787/03 եւ 29810/03 գործը, § 84, 2008 թվականի հունվարի 24, Կոզաչիօղլուն ընդդեմ Թուրքիայի [Kozacıoğlu v. Turkey] [ՄՊ], թիվ 2334/03 գործը, § § 44 եւ հաջորդող պարբերությունները, 2009 թվականի փետրվարի 19, եւ Միկալեֆն ընդդեմ Մալթայի [Micallef v. Malta] [ՄՊ], թիվ 17056/06 գործը, § 58, ՄԻԵԴ 2009 թվական): Դիմումատուն է ընտրում այն պաշտպանության միջոցը, որն առավել հարմար է իր դեպքում (տե՛ս Օ’Քիֆն ընդդեմ Իռլանդիայի [O’Keeffe v. Ireland ] [ՄՊ]) թիվ 35810/09 գործը, § § 110-11, ECHR 2014 թվական (քաղվածքներ)): Ամփոփելով կարելի է ասել, որ եթե ներպետական իրավունքով նախատեսվում է մի քանի զուգահեռ պաշտպանության միջոցներ իրավունքի տարբեր ոլորտներում, ապա դիմումատուն, որը փորձել է փոխհատուցում ստանալ Կոնվենցիայի ենթադրյալ խախտման համար տվյալ պաշտպանության միջոցներից որեւէ մեկի միջոցով, պարտավորված չէ օգտագործել բոլոր այն միջոցները, որոնք ըստ էության հետապնդում են նույն նպատակը (տե՛ս Յասինսկիսն ընդդեմ Լատվիայի, [Jasinskis v. Latvia] թիվ 45744/08 գործը, §§ 50 եւ 53-54, 2010 թվականի դեկտեմբերի 21):
64. Սույն գործով Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրականացվող (տե՛ս վերեւում՝ 36-րդ պարբերությունը) քննությունը նպատակ ուներ պարզելու, թե արդյոք ոստիկանության ծառայողների գործողությունները խոչընդոտել են դիմումատուի՝ որպես լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը՝ համարվելով քրեական իրավախախտում ներպետական իրավունքի համաձայն: Հետեւաբար հաշվի առնելով սույն գործով փաստերը, ինչպես նաեւ ներպետական քրեական իրավունքի դրույթը, դիմումատուի կողմից քրեաիրավական պաշտպանության միջոցի օգտագործումը թերեւս անհիմն չէ։ Ավելին, Կառավարությունը համաձայնել է, որ քրեական գործով քննությունն արդյունավետ պաշտպանության միջոց էր համարվում դիմումատուի բողոքներն ըստ էության քննելու համար՝ համաձայն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի։
65. Ինչ վերաբերում է Վարչական դատարան դիմելու հնարավորությանը, ապա Կառավարությունը այդպիսի քրեական գործով քննությունը դադարեցնելուց հետո չի ներկայացրել հանցավոր վարքագծի դրսեւորման ապացույցների բացակայության հիմքով հայցի բավարարման օրինակ (տե՛ս վերեւում՝ 42-րդ եւ 43-րդ պարբերությունները): Նրանք նաեւ չեն հստակեցրել, թե որն էր լինելու վարչական վարույթի նպատակը դիմումատուի կողմից ճանաչման հայց ներկայացնելու դեպքում, հաշվի առնելով, որ քննությամբ որոշվել էր, որ դիմումատուի նկատմամբ ուժի կիրառումը համապատասխանել է ներպետական իրավունքին (մասնավորապես՝ «Ոստիկանության մասին» օրենքի 30-րդ հոդվածին, տե՛ս վերեւում՝ 41-րդ հոդվածը), եւ ոստիկանության մեքենայում նրա տեսախցիկը վերցնելու ենթադրյալ փորձերի, ինչպես նաեւ նրա հիշողության քարտերի ենթադրյալ առգրավման եւ վնասման վերաբերյալ նրա պնդումները չեն ապացուցվել: Այս առնչությամբ Դատարանը նկատում է, որ Վարչական շրջանի դատարանը, ուսումնասիրելով միջադեպի տեսագրությունը, հանգել է այն եզրակացության, որ տեսագրությունում չի երեւում դիմումատուի տեսախցիկը խլելու որեւէ փորձ (տե՛ս վերեւում՝ 32-րդ պարբերությունը), եւ այդ եզրակացությունն անփոփոխ է թողնվել վերադաս ատյանների կողմից: Այդպիսի պայմաններում դիմումատուի համար ողջամիտ էր կարծել, որ մեկ այլ դատական մարմին կհանգեր միեւնույն փաստական եզրակացության: Հետեւաբար, թեեւ Դատարանը չի բացառում, որ որոշակի հանգամանքներում Վարչական դատարան դիմելը կարող էր արդյունավետ լինել 10-րդ հոդվածի համաձայն ոստիկանության վարքագծի դեմ բողոքների համար (համեմատի՛ր Իշխանյանն ընդդեմ Հայաստանի, [Ishkhanyan v. Armenia] թիվ 5297/16 գործը, § § 124-29, 2025 թվականի փետրվարի 13, (ոչ վերջնական), որտեղ ճանաչման հայցն ընդունվել է որպես պաշտպանության արդյունավետ միջոց ոստիկանության կողմից ցույցը ցրելու վերաբերյալ հայցը բողոքարկելու համար), սույն գործի համապատասխան հանգամանքներից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուն պարտավորված չէր լրացուցիչ իրավական միջոց օգտագործել ճանաչման հայցի տեսքով: Դատարանը համոզված է, որ դիմումատուն այդպիսով սպառել է պաշտպանության ներպետական միջոցները:
66. Այդպիսի հանգամանքներում Դատարանն անհրաժեշտ չի համարում քննել դիմումատուի ոչ նյութական վնասի փոխհատուցում պահանջելու հնարավորություն ունենալը, քանի որ այն կախված կլիներ ճանաչման հայցի բավարարված լինելուց, ինչպես նշվել է Կառավարության կողմից:
67. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը մերժում է ներպետական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ Կառավարության առարկությունները:
3. Եզրակացություն
68. Դատարանը նշում է, որ բողոքը ո՛չ ակնհայտ անհիմն է, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար այն պետք է ճանաչվի ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
69. Դիմումատուն պնդել է, որ ոստիկանության ծառայողների գործողությունները, որոնք նպատակաուղղված են եղել իր տեսախցիկը վերցնելուն, ինչպես Մաշտոցի պողոտայում, այնպես էլ ոստիկանական մեքենայում, ինչպես նաեւ իր հիշողության քարտերն առգրավելուն եւ վնասելուն, անհրաժեշտ չեն եղել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն:
70. Կառավարության փաստարկներն ամփոփված են վերոնշյալ 57-րդ պարբերության մեջ:
71. Դատարանը վերահաստատում է, որ պետական այն միջոցները, որոնք խոչընդոտում են լրագրողներին կատարել իրենց աշխատանքը կամ բացասաբար են ազդում նրանց գործառույթների կատարման վրա, կարող են խնդիրներ առաջացնել 10-րդ հոդվածի համաձայն (տե՛ս Պենտիկյաինենն ընդդեմ Ֆինլանդիայի [ՄՊ], [Pentikäinen v. Finland] [ՄՊ] թիվ 11882/10 գործը, § 83, ՄԻԵԴ 2015 թվական, եւ Նաջաֆլին ընդդեմ Ադրբեջանի, [Najafli v. Azerbaijan] թիվ 2594/07 գործը, § 68, 2012 թվականի հոկտեմբերի 2)։
72. Նախ, ի հեճուկս Կառավարության պնդումների՝ Դատարանը նշում է, որ իրեն ներկայացված տեսագրություններում երեւում էր, թե ինչպես է դիմումատուն իր տեսախցիկով նկարահանում միջոցառումը եւ ոստիկանության ծառայողներին հայտարարում, որ ինքը լրագրող է (տե՛ս վերեւում՝ 8-րդ պարբերությունը): Ավելին, քննության ընթացքում դիմումատուն պնդել է, որ իր լրագրողական բեյջը փակցված է եղել պայուսակին։ Ոստիկանության հետ քաշքշուկը զգալիորեն խոչընդոտել է վերջինիս լրագրողական աշխատանքի կատարումը: Այնուհետեւ նա ձերբակալվել է, եւ իր լրագրողական սարքավորումները զննվել ու առգրավել են ոստիկանության բաժնում արգելանքի տակ պահվելու ընթացքում: Համապատասխանաբար Դատարանը գտնում է, որ միջամտություն է տեղի ունեցել դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին (համեմատի՛ր վերեւում հիշատակված՝ Պենտիկյաինենի [Pentikäinen] գործը, § 83), եւ մերժում է Կառավարության առարկությունը 10-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ (տե՛ս վերեւում՝ 57-րդ պարբերությունը):
73. Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողների գործողությունների արդարացված լինելուն, Դատարանը վերեւում նշված 53-րդ պարբերությունում արդեն հաստատել է, որ գործի նյութերում առկա չէ դիմումատուի կողմից ճանապարհը փակելու, ՀԱԿ ակտիվիստների ձերբակալությունները խոչընդոտելու կամ այդ կապակցությամբ ոստիկանության հնչեցրած պահանջները չկատարելու մասին որեւէ փաստ: Փաստորեն տեսանյութում ոչ մի այդպիսի պահանջ չի լսվում։ Ընդհանուր առմամբ նշված տեսանյութը ցույց է տալիս, որ ոստիկանության ծառայողները ցանկանում էին դիմումատուի ձեռքից խլել ինչ-որ առարկա, ամենայն հավանականությամբ՝ վերջինիս տեսախցիկը. չնայած նա պահանջում էր բաց թողնել իր տեսախցիկը, քանի որ ինքը լրագրող էր։ Այսպիսով, վերը նշված բոլոր տարրերը թույլ են տալիս ենթադրել, որ դիմումատուի եւ ոստիկանության ծառայողների միջեւ վիճաբանության առարկան իրականում դիմումատուի տեսախցիկն է եղել: Կառավարությանը չի հաջողվել ապացուցել, որ ոստիկանության ծառայողների վարքագիծն արդարացված է եղել կարգուկանոնի պահպանման անհրաժեշտությամբ կամ այլ օրինական հիմքերով: Բացի այդ, չնայած առկա չէ որեւէ ապացույց, որը ողջամիտ կասկածից վեր կարող է հաստատել, որ ոստիկանության ծառայողները շարունակել են դիմումատուի տեսախցիկը խլելու փորձերը նրա ձերբակալությունից հետո, կամ որ նրանք գողացել են նրա հիշողության քարտերից մեկը եւ վնասել մյուս երեքը. փաստն այն է, որ լրագրողը ձերբակալվել է, իսկ նրա լրագրողական սարքավորումները ժամանակավորապես առգրավվել եւ զննվել են, մինչդեռ վերջինս այնպիսի վարքագիծ չէր դրսեւորել, որի դեպքում կարող էր արդարացվել այդպիսի միջոցներ կիրառելը (համեմատի՛ր Պենտիկյաինենի,[Pentikäinen] վերեւում հիշատակված գործը §§ 97-105, եւ համեմատի՛ր Մամեդովը եւ Աբբասովն ընդդեմ Ադրբեջանի [Mammadov and Abbasov v. Azerbaijan] թիվ 1172/12 գործը, § 62, 2021 թվականի հուլիսի 8): Ինչպես նշված է վերեւում, գործի նյութերում առկա չէ որեւէ փաստ, որը ցույց է տալիս, որ դիմումատուն պատկանել է վիճաբանող ամբոխին, խոչընդոտել ակտիվիստներին բերման ենթարկելու ոստիկանության գործողություններին կամ խանգարել երթեւեկությանը, ինչը կարող էր արդարացնել նրա ոստիկանությունում արգելանքի տակ պահվելը եւ ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված հետագա գործողությունները
74. Հաշվի առնելով վերոգրյալը՝ Դատարանը գտնում է, որ 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն միջամտությունն արդարացված չի եղել: Կառավարությունը համոզիչ կերպով չի ապացուցել, վերջինիս օրինական լինելը կամ որեւէ իրավաչափ նպատակ հետապնդելը: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ սույն գործում տեղի ունեցած միջամտությունը, չի կարող համարվել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»:
75. Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
76. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանն անհրաժեշտության դեպքում որոշում է տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
77. Դիմումատուն պահանջել է 10 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
78. Կառավարությունը պնդել է, որ պահանջված գումարը չափազանցված է։
79. Դատարանը դիմումատուին շնորհում է 4 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը եւ ծախքերը
80. Դիմումատուն պահանջել է նաեւ 2 341 եվրո (որը նրա պնդմամբ համարժեք է եղել 1 290 000 ՀՀ դրամին)՝ որպես Դատարանում կրած դատական ծախսերի փոխհատուցում:
81. Կառավարությունը պնդել է, որ պահանջը չափազանցված է, եւ բոլոր դեպքերում, ըստ դիմումատուի ներկայացրած՝ վստահորդի եւ փաստաբանի միջեւ կնքված պայմանագրի, նա պարտավորվում էր իր ներկայացուցիչների ծառայությունների համար վճարել միայն դատարանի կողմից կայացված վճռի կատարման փուլում: Այսպիսով, Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուն, որպես այդպիսին, որեւէ ծախս չի կատարել, այդ իսկ պատճառով նրա հայցը պետք է մերժվի։
82. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են, անհրաժեշտ են եղել, եւ որ դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Մագյար Քեթֆարքու Քությա Փարթն ընդդեմ Հունգարիայի [ՄՊ] [Magyar Kétfarkú Kutya Párt v. Hungary], թիվ 201/17 գործը, § 125, 2020 թվականի հունվարի 20): Սույն գործով դիմումատուն հիմնավորել է դատական ծախսերի փոխհատուցման իր պահանջը՝ ներկայացնելով վստահորդի եւ փաստաբանի միջեւ կնքված պայմանագիրը (համեմատի՛ր Մնացականյանն ընդդեմ Հայաստանի [Mnatsakanyan v. Armenia], թիվ 2463/12 գործը, §§ 99-101, 2022 թվականի դեկտեմբերի 6)։ Հիմնվելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերի եւ վերոնշյալ չափանիշների վրա՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել 1 000 եվրո գումար՝ Դատարանում գտնվող վարույթների հետ կապված ծախսերի համար, գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Միաձայն հայտարարում է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
2. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի10-րդ հոդվածի խախտում.
3. Միաձայն վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 4 500 եվրո (չորս հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձվելիք որեւէ հարկ,
ii) ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Ձայների՝ հինգ կողմ եւ երկու դեմ հարաբերակցությամբ, մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի մայիսի 22-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Մատիաս Գայոմար
Վիկտոր Սոլովեյչիկ
Նախագահ
Քարտուղար
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի եւ Դատարանի կանոնակարգի 74 րդ կանոնի 2-րդ կետի համաձայն՝ սույն վճռին կից ներկայացվում է դատավորներ Հարությունյանի եւ Սարկուի առանձին կարծիքը։
ԴԱՏԱՎՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԱՏԱՎՈՐ ՍԱՐԿՈՒԻ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ ՄԱՍԱՄԲ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Ես համաձայն եմ մեծամասնության հետ, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ Այնուամենայնիվ, մեծագույն հարգանքով, ես չեմ կարող միանալ մեծամասնության կարծիքին ոստիկանության կողմից բռնության վերաբերյալ 3-րդ հոդվածի համաձայն քննարկված բողոքի վերաբերյալ:
Իմ կարծիքով՝ ներկա վճիռը շեղվում է Մեծ պալատի կողմից հաստատված հստակ կանոնից (Բուիդն ընդդեմ Բելգիայի [Bouyid v. Belgium] թիվ 23380/09 գործում, ՄԻԵԴ 2015 թվական). նշվում է, որ իրավապահ մարմինների կողմից ֆիզիկական անձի նկատմամբ ուժի ցանկացած կիրառում, եթե դա չի արվել վերջինիս սեփական վարքագծից առաջացած խիստ անհրաժեշտության հանգամանքներում, նվաստացնում է մարդկային արժանապատվությունը եւ համարվում է 3-րդ հոդվածում ամրագրված իրավունքի խախտում ՝ անկախ տվյալ անձի համար ունեցած հետեւանքներից (նույն տեղում, § 101):
Հաստատելով, որ դիմումատուի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ (տե՛ս սույն վճռի 52-րդ պարբերությունը), Պալատը պետք է քննարկեր՝ արդյոք այդպիսի ուժի կիրառումը եղել է սեփական վարքագծից առաջացած խիստ անհրաժեշտության հանգամանքներում՝ 3-րդ հոդվածի խախտում արձանագրելու համար (համեմատի՛ր Բուիդի [Bouyid] վերեւում հիշատակված գործը §§ 100-01 եւ Իշիկն ընդդեմ Թուրքիայի [Işik v. Türkiye] թիվ 42202/20 գործը, § 53, 2024 թվականի հոկտեմբերի 8)։ Փաստորեն Պալատը պարզել է, որ գործի հանգամանքներում ոստիկանության կողմից ուժ գործադրելու անհրաժեշտություն չի եղել (տե՛ս սույն վճռի 53-րդ եւ 73-րդ պարբերությունները): Այնուամենայնիվ, Բուիդի գործով նախադեպային իրավունքը կիրառելու փոխարեն, որը կհանգեցներ 3-րդ հոդվածի խախտման արձանագրման եզրակացության (նույն տեղում, § 101, համեմատի՛ր Զախարովը եւ Վարժապետյանն ընդդեմ Ռուսաստանի, [Zakharov and Varzhabetyan v. Russia] թիվ 35880/14 եւ 75926/17 գործը, § 74, 2020 թվականի հոկտեմբերի 13 եւ Նավալնին եւ Գունկոն ընդդեմ Ռուսաստանի, [Navalnyy and Gunko v. Russia] թիվ 75186/12 գործը, §§ 48-49, 2020 թվականի նոյեմբերի 10), Պալատը եզրակացրել է, որ ոստիկանության ծառայողների վարքագիծը չի կարող բնութագրվել որպես նվաստացնող վերաբերմունքի շեմին հասնող (տե՛ս սույն վճռի 54-րդ պարբերությունը)։
Ամենայն հարգանքով, ես համաձայն չեմ մեծամասնության եզրակացության հետ։ Իմ կարծիքով, տվյալ դեպքը հակասում է Բուիդի [Bouyid ] նախադեպային իրավունքին (վերեւում հիշատակված), որը չի դիտարկում խստության շեմը սահմանող թեստն այն դեպքերում, երբ անձը զրկված է ազատությունից կամ ընդհանուր առմամբ բախվում է իրավապահ մարմինների ծառայողների հետ, եւ վերջիններս դիմում են ուժի կիրառմանը (նույն տեղում, § 101): Իմ կարծիքով՝ ոստիկանությունում արգելանքի տակ չգտնվելով՝ դիմումատուն՝ կին լրագրողը, անսպասելիորեն բռնության է ենթարկվել երեք արական սեռի ծառայողների կողմից (տե՛ս սույն վճռի 8-րդ պարբերությունը): Վերջիններիս վարքագիծը միանգամայն անտեղի էր եւ ակնհայտորեն չուներ իրավական հիմք. ինչպես նշված է սույն վճռի 53-րդ եւ 73-րդ պարբերություններում, ոչինչ չի վկայում այն մասին, որ դիմումատուն կատարել է որեւէ իրավախախտում, որը կարող էր արդարացնել ոստիկանության ծառայողների միջամտությունը: Տվյալ իրավապահ մարմինների ծառայողների այդպիսի վարքագիծը դիմումատուի մոտ հավանաբար առաջացրել է զգացողություն, որ իր նկատմամբ կամայական վերաբերմունք է դրսեւորվում, ինչպես նաեւ վախի եւ անօգնական լինելու զգացում, ինչը, հավանաբար, ստիպել է վերջինիս նվաստացած զգալ: Իրականում, ինչպես նշել է դիմումատուն, միջադեպն զգալի ազդեցություն է ունեցել իր վրա, եւ նա սարսափած է եղել ոստիկանության ծառայողների պահվածքից։ Դիմումատուի կողմից իր իսկ աչքերում նվաստացած լինելու զգացումը, հավանաբար, սրվել է այն հանգամանքից, որ միջադեպը տեղի է ունեցել փողոցում, մեծ թվով մարդկանց ներկայությամբ, եւ հետագայում լուսաբանվել է լրատվական միջոցներով (համեմատի՛ր Գրեմինան ընդդեմ Ռուսաստանի [Gremin V. Russia] թիվ 17054/08 գործը, § 89, 2020 թվականի մայիսի 26 եւ Նավալնիի եւ Գունկոյի [Navalnyy and Gunko] վերեւում հիշատակված գործը, § 48 վերջում): Եվ որ ամենակարեւորն է դիմումատուն պարզապես իր աշխատանքն էր կատարում եւ, ինչպես երեւում է տեսանյութից, փորձել է ներկայանալ որպես լրագրող (տե՛ս սույն վճռի 8-րդ պարբերությունը): Ոչինչ չի վկայում այն մասին, որ վերջինս վտանգ է ներկայացրել ոստիկանության կամ հասարակական կարգի համար (համեմատի՛ր Ռիզվանովն ընդդեմ Ադրբեջանի [Rizvanov v. Azerbaijan], թիվ 31805/06 գործը, § 50, 2012 թվականի ապրիլի 17): Հետեւաբար ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժի չհիմնավորված կիրառումը դիմումատուին պատճառել է վնաս նվաստացուցիչ վերաբերմունքի տեսքով՝ այդպիսով իսկ համարվելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
Ես նաեւ կարծում եմ, որ սույն գործով քննությունը պատշաճ չի եղել եւ չի համապատասխանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին: