ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 32986/10)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
29 մարտի 2022 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Ղուկասյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Յուլյա Անտոանելլա Մոտոկ [Iulia Antoanella Motoc]՝ Նախագահ,
Գաբրիել Կուչկո-Ստադլմայեր [Gabriele Kucsko-Stadlmayer],
Պերե Պաստոր Վիլանովա [Pere Pastor Vilanova]՝ դատավորներ,
եւ Իլզե Ֆրայվըրթ [Ilse Freiwirth]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Երեւանում գործող իրավաբաններ պրն Հ. Ալումյանի եւ պրն Տ. Հայրապետյանի կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիների եւ Հայաստանում հիմնադրված մեկ իրավաբանական անձի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հունիսի 9-ին Դատարան ներկայացված (թիվ 32986/10) գանգատը,
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն դիմումատուների գույքի օտարմանն առնչվող բողոքների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե.Կիրակոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու եւ գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2022 թվականի մարտի 8-ին անցկացնելով փակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուների՝ Երեւանի կենտրոնում գտնվող գույքի օտարմանը եւ դրան հաջորդած վարույթին։ Դիմումատուները Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն ներկայացրել են բողոքներ:
2. Դիմումատուների տվյալները եւ գույքի օտարման նկարագրությունները նշված են կից ներկայացված աղյուսակում։
3. Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ դիմումատուներին պատկանող գույքը ներառվել է օտարման գոտում։ Նրանց գույքը ձեռք է բերվել «ԷյԷֆԷմԷյչ» մասնավոր ընկերության (Ընկերություն) կողմից։
4. Օտարման գործընթացի հիման վրա հարուցվել են երեք դատական վարույթներ, որոնք ավարտվել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի (Վարչական դատարան) 2008 թվականի հունիսի 19-ի, 2009 թվականի հուլիսի 17-ի եւ սեպտեմբերի 15-ի վճիռներով, որոնք բողոքարկման արդյունքում թողնվել են անփոփոխ։
5. Չորրորդ դիմումատուի գույքի օտարման վարույթում ծագել է վեճ այն մասին, թե արդյոք փոխհատուցումը պետք է ներառի երկու այնպիսի հարկից բաղկացած շինության շուկայական արժեքը, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմում է 125, 22 քառ. մետր։ Ի վերջո, Վարչական շրջանի դատարանը պահանջել է չորրորդ դիմումատուի գրանցված գույքի շուկայական արժեքի վերաբերյալ փորձագիտական գնահատական։ Դրան հաջորդած փորձագիտական եզրակացության մեջ նշվել է, որ շինությունը բաղկացած է երկու հարկից, որոնցից յուրաքանչյուրն ունի 125, 22 քառ. մետր տարածք, եւ 250, 44 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի գնահատված շուկայական արժեքը 398 314 000 ՀՀ դրամ է։ Փորձագետը նշել է, որ երկրորդ հարկը չի համարվում ինքնակամ կառույց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը, այդ թվում՝ ձեղնահարկն ու նկուղը, սեփականության իրավունքի վկայագրում նշված են եղել հատուկ կնիքով, մինչդեռ երկրորդ հարկի դեպքում դա բացակայել է։
6. Վարչական շրջանի դատարանը 2009 թվականի հուլիսի 17-ի վճռով բավարարել է Ընկերության՝ առաջին դիմումատուի դեմ բերված բողոքը, այնուհետեւ չորրորդ դիմումատուի տնօրենի բողոքը՝ պահանջելով 207 282 900 ՀՀ դրամ փոխհատուցման դիմաց օտարել առաջին դիմումատուի գույքը։ Վարչական շրջանի դատարանը հիմնվել է Ընկերության ներկայացրած գնահատման եզրակացության վրա եւ մերժել է ընդունել դատարանի կողմից նշանակված փորձագետի գնահատման եզրակացությունը՝ նշելով, որ վերջինս չի որոշել գույքի գրանցված հատվածի շուկայական արժեքը։ Դա այնուհետեւ հստակեցվել է նույն դատարանի՝ վերաքննիչ բողոքով անփոփոխ թողնված 2010 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ, համաձայն որի՝ 2009 թվականի հուլիսի 17-ի վճռի եզրափակիչ մասը պետք է համարվի որպես չորրորդ դիմումատուին վերաբերելի։
7. Առաջին դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, բողոքել է, որ 2008 թվականի հունիսի 19-ի վերջնական վճիռը չի կատարվել։
8. Առաջին եւ երկրորդ դիմումատուները, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, բողոքել են, որ իրենց համատեղ գույքի օտարումը եղել է ապօրինի եւ առանց փոխհատուցման։
9. Երրորդ եւ չորրորդ դիմումատուները, 6-րդ հոդվածի համաձայն, բողոքել են, որ իրենք ներգրավված չեն եղել չորրորդ դիմումատուի գույքի օտարման վարույթում։
10. Չորրորդ դիմումատուն, Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն, բողոքել է, որ իրեն զրկել են գույքից (երկհարկանի շինությունից)՝ առանց որեւէ դատական գործընթաց սկսելու, եւ որ շինության երկրորդ հարկի համար փոխհատուցում չի տրամադրվել։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ
11. Առաջին եւ երկրորդ դիմումատուները մահացել են համապատասխանաբար 2021 եւ 2012 թվականներին։
Ա. Երկրորդ դիմումատուի կողմից բարձրացված բողոքների առնչությամբ
12. Երկրորդ դիմումատուի մահից հետո նրա որդին՝ առաջին դիմումատուն, ցանկություն է հայտնել շարունակել վարույթը նրա անունից։ Կառավարությունը պնդել է, որ առաջին դիմումատուն չի կարողացել հիմնավորել երկրորդ դիմումատուի գանգատով վարույթը շարունակելու իր իրավունքը:
13. Առաջին դիմումատուն չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, ինչպիսին է իրավահաջորդության վկայագիրը՝ երկրորդ դիմումատուի իրավահաջորդության ընդունումը հաստատելու համար, կամ որեւէ ապացույց՝ հաստատելու համար, որ նա ընդունել է իր մահացած մոր ժառանգությունը (տե՛ս, ի հակադրության դրա, Ռոմանկեւիչն ընդդեմ Լիտվայի [Romankevič v. Lithuania] գործով վճիռը, թիվ 25747/07, § 15, 2014 թվականի դեկտեմբերի 2), կամ ցանկացած այլ փաստաթուղթ կամ մանրամասն տեղեկատվություն, որը կարող է վերաբերելի լինել նրա կոնկրետ գործին (տե՛ս, ի հակադրության դրա, Անդրեեւան ընդդեմ Ռուսաստանի, [Andreyeva v. Russia] գործով վճիռը, (որոշում) թիվ 76737/01, 2003 թվականի հոկտեմբերի 16):
14. Հետեւաբար Դատարանը չի ընդունում, որ առաջին դիմումատուն իրավասու է երկրորդ դիմումատուի անունից շարունակել վարույթը (տե՛ս Փիլոյանն ընդդեմ Հայաստանի [Piloyan v. Armenia [CTE] գործով վճիռը, թիվ 112/11, 2020 թվականի նոյեմբերի 19)։ Ուստի որեւէ հարց չի առաջանում այն մասին, թե արդյոք առաջին դիմումատուի կինը, որը ցանկություն է հայտնել առաջին դիմումատուի անունից շարունակել վարույթը (տե՛ս ստորեւ նշված 16-րդ պարբերությունը), կարող է վարույթը շարունակելու իրավասություն ունենալ այնքանով, որքանով երկրորդ դիմումատուի բողոքները վերաբերելի են գործին։
15. Համապատասխանաբար Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ գանգատը չպետք է վարույթ ընդունվի այն մասով, որը վերաբերում է երկրորդ դիմումատուի կողմից ներկայացված բողոքներին:
Բ. Առաջին դիմումատուի կողմից բարձրացված բողոքների առնչությամբ
16. Առաջին դիմումատուի մահից հետո նրա կինը՝ տկն Լիլյա Գեւորգյանը, նրա անունից վարույթը շարունակելու պահանջ է ներկայացրել։ Նա ներկայացրել է նոտարի կողմից վավերացված վկայագիր առաջին դիմումատուի ժառանգությունն ընդունելու մասին։ Կառավարությունն առարկել է տկն Գեւորգյանի՝ առաջին դիմումատուի բողոքներին հետամուտ լինելու իրավասության առկայությանը։ Դատարանը, հաշվի առնելով իր նախադեպային իրավունքը (տե՛ս Անդրեեւայի եւ Փիլոյանի գործերը, երկուսն էլ հիշատակված են վերեւում), գտնում է, որ ներկայացված փաստաթուղթը բավարար է տկն Գեւորգյանի իրավական կարգավիճակը հիմնավորելու համար: Հետեւաբար Կառավարության առարկությունները մերժվում են:
17. Համապատասխանաբար Դատարանն ընդունում է, որ տկն Գեւորգյանը իրավասու է առաջին դիմումատուի անունից շարունակել վարույթն այնքանով, որքանով վերջինիս սեփական բողոքները վերաբերելի են գործին (տե՛ս վերեւում նշված 14-րդ պարբերությունը): Հարմարավետության նկատառումներով Դատարանը կշարունակի պրն Ղուկասյանին վկայակոչել որպես առաջին դիմումատու:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Դատարանը նշում է, որ չորրորդ դիմումատուի բողոքը (տե՛ս վերեւում նշված 10-րդ պարբերությունը), Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ո՛չ ակնհայտորեն անհիմն է, ո՛չ էլ անընդունելի որեւէ այլ հիմքով: Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
19. Կողմերի միջեւ վիճարկելի չէ այն փաստը, որ տեղի է ունեցել «գույքից զրկում»՝ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ նախադասության իմաստով։
20. Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի պահանջների պահպանման տեսանկյունից օտարման համապատասխան միջոցը պետք է բավարարի հետեւյալ երեք պայմանները. այն պետք է իրականացվի ազգային մարմինների կողմից ցանկացած կամայական գործողություն բացառող՝ «օրենքով նախատեսված պայմաններին համապատասխան», պետք է բխի «հանրային շահից», ինչպես նաեւ դրանով պետք է հաստատվի արդարացի հավասարակշռություն սեփականատիրոջ իրավունքների եւ հասարակական շահի միջեւ (տե՛ս Վիստինշը եւ Պերեպյոլկինսն ընդդեմ Լատվիայի [ՄՊ] [Vistiņš and Perepjolkins v. Latvia [GC] գործով վճիռը, թիվ 71243/01, § 94, 2012 թվականի հոկտեմբերի 25)։
21. Որպեսզի միջամտությունը համարվի օրինական, այն պետք է ուղեկցվի կամայականությունների դեմ բավարար ընթացակարգային երաշխիքներով, այդ թվում՝ դիտարկվող միջոցն արդյունավետորեն վիճարկելու հնարավորությամբ (տե՛ս Կապիտալ Բանկ ԷյԴի-ն ընդդեմ Բուլղարիայի [Capital Bank AD v. Bulgaria] գործով վճիռը, թիվ 49429/99, § 134, ՄԻԵԴ 2005‑III (քաղվածքներ), վերեւում հիշատակված՝ Վիստինշի եւ Պերեպյոլկինսի գործը, § 97, Փրոջեքթ-Թրեյդ ԴԻ.Օ.Օ-ն ընդդեմ Խորվաթիայի [Project-Trade d.o.o. v. Croatia] գործով վճիռը, թիվ 1920/14, § 82, 2020 թվականի նոյեմբերի 19)։
22. Ընկերությունը չորրորդ դիմումատուի գույքն օտարելու պահանջով իր բողոքը ներկայացրել է անձամբ առաջին դիմումատուի (չորրորդ դիմումատուի գլխավոր բաժնետեր ու տնօրեն) դեմ, այլ ոչ թե որպես ընկերության տնօրեն հանդիսացող առաջին դիմումատուի կողմից ներկայացված չորրորդ դիմումատուի դեմ։ Իր հերթին Վարչական շրջանի դատարանը առանձին իրավաբանական անձ հանդիսացող չորրորդ դիմումատուին, որը տվյալ գույքի միակ սեփականատերն է եղել, չի ներգրավել վարույթում որպես պատշաճ պատասխանող, չնայած, ի վերջո, այն նրա գույքն օտարելու մասին որոշում է կայացրել։ Այն փաստը, որ Վարչական շրջանի դատարանը հետագայում ներկայացրել է պարզաբանում, որում նշվում է, որ 2009 թվականի հուլիսի 17-ի վճիռը (տե՛ս վերեւում 6-րդ պարբերությունը) վերաբերում է չորրորդ դիմումատուին եւ նրա գույքին, ոչ մի կերպ չի փոխհատուցում չորրորդ դիմումատուին պատճառված ընթացակարգային սահմանափակումը՝ առավել եւս հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն չի ներգրավվել նաեւ այդ վճռի պարզաբանման վերաբերյալ վարույթում։
23. Դատարանը հետեւաբար եզրակացրել է, որ չորրորդ դիմումատուին ունեցվածքից զրկելը չի ուղեկցվել կամայականության դեմ բավարար ընթացակարգային երաշխիքներով եւ ուստի եղել է ապօրինի Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի իմաստով: Այս եզրակացությամբ Դատարանն անհրաժեշտ չի համարում պարզել այն հանգամանքը, թե արդյոք այդ դրույթի մյուս պահանջները բավարարվել են, թե՝ ոչ (տե՛ս Մինասյանը եւ Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի [Minasyan and Semerjyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 27651/05, § 76, 2009 թվականի հունիսի 23):
24. Հետեւաբար չորրորդ դիմումատուի մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
III. ԱՅԼ ԲՈՂՈՔՆԵՐ
25. Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի վրա՝ չորրորդ դիմումատուն բողոքել է, որ ինքը ներգրավված չի եղել 2009 թվականի հուլիսի 17-ի վճռով ավարտված վարույթում։ Հաշվի առնելով իր նախորդ եզրակացությունները (տե՛ս վերեւում 23-րդ պարբերությունը)՝ Դատարանը գտնում է, որ այս բողոքների մասով առանձին որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա (տե՛ս Հակոբյանը եւ Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Hakobyan and Amirkhanyan v. Armenia] գործով վճիռը, թիվ 14156/07, § 56, 2019 թվականի հոկտեմբերի 17):
IV. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
26. Առաջին եւ երրորդ դիմումատուները մի քանի բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի մասով (տե՛ս վերեւում 7-րդ, 8-րդ եւ 9-րդ պարբերությունները): Դատարանը քննել է գանգատի այդ մասը եւ համարում է, որ իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերի լույսի ներքո եւ այնքանով, որքանով բողոքարկման ենթակա հարցերը գտնվում են իր իրավասության շրջանակներում, այդ բողոքները կա՛մ չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ եւ 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների եւ ազատությունների խախտման որեւէ դեպք։
Սրանից հետեւում է, որ գանգատի այս մասը պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
27. Չորրորդ դիմումատուն նյութական վնասի դիմաց պահանջել է 2 430 350 եվրո, այդ թվում՝ 677 350 000 ՀՀ դրամ՝ օտարված շինության երկրորդ հարկի, ձեղնահարկի եւ նկուղի համար եւ դրանով ծանրաբեռնված հողակտորի համար, ինչպես նաեւ 943 140 եվրո՝ վարձակալության բաց թողնված օգուտների համար: Այն նաեւ պահանջել է 6 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
28. Կառավարությունը վիճարկել է նյութական վնասի մասով պահանջները եւ համարել է, որ ոչ նյութական վնասի մասով պահանջը չափազանցված է:
29. Դատարանը գտել է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում՝ այդ հոդվածով նախատեսված պետության ընթացակարգային պարտավորությունների խախտման պատճառով (տե՛ս վերեւում 23-րդ եւ 24-րդ պարբերությունները): Չնայած չորրորդ դիմումատուի գույքն իսկապես օտարվել է, այնուամենայնիվ, Դատարանը չի կարող ենթադրել, թե ինչպիսին կարող էր լինել վերջնական արդյունքը, եթե չորրորդ դիմումատուն կարողանար արդյունավետորեն մասնակցել համապատասխան վարույթին եւ ներկայացնել իր փաստարկները, այդ թվում՝ փոխհատուցման հաշվարկի հիմքի վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Կապիտալ Բանկ ԷյԴի-ի գործով վճիռը, § 144, Փրոջեքթ-Թրեյդ ԴԻ.Օ.Օ-ի գործով վճիռը, § 110, երկուսն էլ հիշատակված են վերեւում): Ինչ վերաբերում է բաց թողնված օգուտների վերաբերյալ պահանջին, ապա այն կրում է ենթադրյալ բնույթ (տե՛ս Վարդանյանն ընդդեմ Հայաստանի [Vardanyan v. Armenia] գործով վճիռը (արդարացի փոխհատուցում), թիվ 8001/07, § 37, 2019 թվականի հուլիսի 25 եւ տե՛ս, ի հակադրության դրա, Հակոբյանի եւ Ամիրխանյանի գործը՝ վերեւում հիշատակված, §§ 58 եւ 67): Այս հանգամանքներում Դատարանը մերժում է նյութական վնասի մասով պահանջը։ Մյուս կողմից, այն չորրորդ դիմումատուին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
30. Դիմումատուները միասին պահանջել են 60 000 եվրո՝ ներպետական դատարաններում եւ Դատարանում կրած ծախսերի եւ ծախքերի համար։ Ի հիմնավորումն իրենց պահանջի՝ նրանք ներկայացրել են համաձայնագիր, ըստ որի՝ նրանք պարտավորվել են իրենց օգտին կայացված վճռի դեպքում իրենց ներկայացուցիչներին վճարել դատարանի կողմից տրված գումարի 5 տոկոսը եւ ամեն դեպքում՝ ոչ պակաս, քան 10 000 եվրո եւ ոչ ավելի, քան 60 000 եվրո:
31. Կառավարությունը համարել է, որ դատական ծախսերի հետ կապված պահանջները չափազանցված են:
32. Դատարանը նախկինում ճանաչել է ըստ արդյունքի վճարման մասին համաձայնագրերի վավերականությունը (տե՛ս, օրինակ, Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v. Armenia] գործով վճիռը, թիվ 3571/09, §§ 78-79, 2017 թվականի ապրիլի 27 եւ Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի [Safaryan v. Armenia] գործով վճիռը, թիվ 576/06, §§ 62-63, 2016 թվականի հունվարի 21): Այն որեւէ պատճառ չի տեսնում սույն գործով այդ մոտեցումից շեղում կատարելու համար: Մյուս կողմից, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ այն փաստը, որ խախտում է հայտնաբերվել միայն չորրորդ դիմումատուի մասով (տե՛ս վերում 24-րդ պարբերությունը), Դատարանը ողջամիտ է համարում չորրորդ դիմումատուին շնորհել 2000 եվրո՝ Դատարանի վարույթում կրած ծախսերի համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ:
33. Դատարանը նաեւ համարում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է երկրորդ դիմումատուի կողմից ներկայացված բողոքների մասով գանգատը վարույթ չընդունել՝ Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան.
2. Վճռում է, որ տկն Լ. Գեւորգյանը իրավասու է շարունակել գանգատով վարույթը առաջին դիմումատուի փոխարեն.
3. Հայտարարում է չորրորդ դիմումատուի գույքի օտարման վերաբերյալ բողոքներն ընդունելի, իսկ գանգատի մնացած մասը՝ անընդունելի.
4. Վճռում է, որ չորրորդ դիմումատուի նկատմամբ Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել.
5. Վճռում է, որ չորրորդ դիմումատուի ներկայացրած բողոքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն քննելու անհրաժեշտություն չկա.
6. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է չորրորդ դիմումատուին վճարի հետեւյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի եւ ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
7. Մերժում է չորրորդ դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2022 թվականի մարտի 29-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Իլզե Ֆրայվըրթ՝
Քարտուղարի տեղակալ
Յուլյա Անտոանելլա Մոտոկ՝
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Թիվ
Դիմումատու
Ծննդյան ամսաթիվը / Գրանցման ամսաթիվը/ Գրանցման վայրը/ Գրանցման հասցեն
Դիմումատուների եւ նրանց օտարված գույքի տվյալները
1.
Հովհաննես ՂՈՒԿԱՍՅԱՆ (առաջին դիմումատու)
1957թ., Երեւան
Առաջին դիմումատուին սեփականության իրավունքով պատկանել է Աբովյան 4 հասցեում գտնվող 147,03 քառ. մետր ընդհանուր մակերեսով տուն։ Նրան երկրորդ դիմումատուի հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանել է նաեւ 54 քառ. մետր բնակելի մակերեսով տուն եւ Արամի 24 հասցեում գտնվող
281 քառ. մետր մակերեսով հողատարածքի վրա գտնվող
34,6 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով պատշգամբ։
2.
Զվարթ ՄՐՅԱՆ
(երրորդ դիմումատու)
1935թ., Երեւան
Երկրորդ դիմումատուն առաջին եւ երրորդ դիմումատուների մայրն է: Նրան առաջին դիմումատուի հետ համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Արամի 24 հասցեում գտնվող գույքը (տե՛ս վերեւում):
3.
Լուսիկ ՄՐՅԱՆ
(երրորդ դիմումատու)
1951 թ., քաղաք Երեւան
Երրորդ դիմումատուին, որը առաջին դիմումատուի քույրն է եւ երկրորդ դիմումատուի դուստրը, պատկանում է չորրորդ դիմումատուի բաժնեմասերի 1,5 տոկոսը։
4.
«Օլիմպ» արտադրական կոոպերատիվ
(չորրորդ դիմումատու)
1995թ., Երեւան
1995 թվականին առաջին, երկրորդ եւ երրորդ դիմումատուները հիմնել են չորրորդ դիմումատուին, որը պետությունից ձեռք է բերել Աբովյան 4 հասցեում գտնվող շինությունը։ Մինչեւ շինության օտարումը չորրորդ դիմումատուի կողմից այն օգտագործվել է գործարարական նպատակներով։
Առաջին դիմումատուին է պատկանում չորրորդ դիմումատուի բաժնեմասերի 95,875 տոկոսը, իսկ երկրորդ եւ երրորդ դիմումատուներին՝ համապատասխանաբար դրա բաժնեմասերի
2,625 տոկոսը եւ 1,5 տոկոսը։