ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 14875/23)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
28 oգոստոսի 2025թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2025 թվականի հուլիսի 3-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի՝ 2023 թվականի ապրիլի 11-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
2. Գանգատի մասին ծանուցումն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն (Կառավարություն)։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուի գանգատի առնչությամբ կարեւորություն ներկայացնող մանրամասները եւ տեղեկությունները ներկայացված են կից աղյուսակում:
4. Դիմումատուն բողոք է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ իր կալանքի տակ գտնվելու ընթացքում պատշաճ բժշկական օգնություն չստանալու եւ իր կալանքի տակ գտնվելու պայմանների, ներառյալ՝ սանհանգույցից օգտվելու սահմանափակ հնարավորության ու դիետիկ սննդի բացակայության վերաբերյալ, որոնք անհամատեղելի էին վերջինիս առողջական վիճակի հետ։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ5. Դիմումատուն հիմնականում բողոքել է, որ իր կալանքի տակ գտնվելու ընթացքում վերջինիս չեն տրամադրել պատշաճ բուժում, եւ կալանքի տակ գտնվելու պայմաններն անհամատեղելի են եղել իր առողջական վիճակի հետ։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա։
6. Դատարանը նշում է, որ դիմումատուն տառապել է կից աղյուսակում նշված լուրջ հիվանդություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա առօրյա կենսագործունեության վրա: Այսպիսով, նրան կարող էր զգալիորեն անհանգստացնել իրեն տրամադրված բուժման պատշաճ լինելու հանգամանքը։
7. Դատարանը վերահաստատում է, որ ցուցաբերված բուժօգնության «պատշաճ լինելը» շարունակում է մնալ այնպիսի տարր, որն ամենից բարդն է որոշել (տե՛ս Բլոխինն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Blokhin v. Russia], թիվ 47152/06 գործը, § 137, ՄԻԵԴ 2016)։ Այս համատեքստում Դատարանը պարզաբանել է, որ իշխանությունները պետք է ապահովեն ախտորոշման եւ բժշկական օգնության տրամադրման օպերատիվությունն ու ճշգրտությունը (տե՛ս, օրինակ, Գորբուլյան ընդդեմ Ռուսաստանի [Gorbulya v. Russia], թիվ 31535/09 գործը, § 62, 2014 թվականի մարտի 6, հետագա հղումներով, եւ Պոխլեբինն ընդդեմ Ուկրաինայի [Pokhlebin v. Ukraine] թիվ 35581/06 գործը, § 62, 2010 թվականի մայիսի 20, հետագա հղումներով), եւ առողջական վիճակով պայմանավորված հսկողության կանոնավոր եւ համակարգված լինելը՝ ներառելով համալիր բուժման ռազմավարություն՝ կալանքի տակ գտնվող անձի առողջական խնդիրները բարեհաջող կարգավորելու կամ դրանց վատթարացումը կանխելու նպատակով (տե՛ս, inter alia (ի թիվս այլնի), Յուխանն ընդդեմ Ուկրաինայի [Ukhan V. Ukraine], թիվ 30628/02 գործը, § 74, 2008 թվականի դեկտեմբերի 18, հետագա հղումներով եւ Կոլեսնիկովիչն ընդդեմ Ռուսաստանի [Kolesnikovich v. Russia], թիվ 44694/13 գործը, § 70, 2016 թվականի մարտի 22, հետագա հղումներով): Դատարանն ընդգծում է, որ քրեակատարողական հիմնարկներում բուժման տրամադրումը պետք է լինի համարժեք եւ համադրելի այն բուժման որակի հետ, որը պետական իշխանությունները պարտավորվել են տրամադրել ամբողջ ազգաբնակչությանը: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ կալանքի տակ գտնվող յուրաքանչյուր անձի համար պետք է երաշխավորված լինի միեւնույն մակարդակի բուժում, որը հասանելի է ազատազրկման վայրերից դուրս գտնվող լավագույն բուժհաստատություններում (տե՛ս, օրինակ, Սադրետդինովն ընդդեմ Ռուսաստանի [Sadretdinov v. Russia], թիվ 17564/06 գործը, § 67, 2016 թվականի մայիսի 24, հետագա հղումներով, եւ Կոնովալչուկն ընդդեմ Ուկրաինայի [Konovalchuk v. Ukraine], թիվ 31928/15 գործը, § 52, 2016 թվականի հոկտեմբերի 13 հետագա հղումներով):
8. Ուսումնասիրելով գործով ներկայացված բոլոր նյութերը՝ Դատարանը հայտնաբերել է դիմումատուի բուժման հետ կապված թերությունները, որոնք թվարկված են կից աղյուսակում: Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել սույն գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ (տե՛ս Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, [Ashot Harutyunyan v. Armenia] թիվ 34334/04 գործը, §§ 101-16, 2010 թվականի հունիսի 15, եւ Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի [Shirkhanyan v. Armenia], թիվ 54547/16 գործը, §§ 149-74, 2022 թվականի փետրվարի 22): Հաշվի առնելով տվյալ հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը գտնում է, որ տվյալ գործում դիմումատուն կալանքի տակ գտնվելու ընթացքում չի ստացել համալիր եւ պատշաճ բժշկական օգնություն: Բացի այդ, դիմումատուի վիճակն ավելի է վատթարացել նրա կալանքի տակ գտնվելու պայմանների հետեւանքով, որոնք պատշաճ չեն եղել սանհանգույցի սահմանափակ հասանելիության պատճառով (հետագա մանրամասների համար տե՛ս կից աղյուսակը) (տե՛ս վերեւում հիշատակված Շիրխանյանի գործը, §§ 166-69)։
9. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ բացահայտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։
10. Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ Դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերջինս արդեն սահմանել է սույն գործով ծագող հիմնական իրավական հարցերը, եւ հետեւաբար կարիք չկա առանձին քննելու դիմումատուի լրացուցիչ բողոքները Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝ նրա կալանքի պայմանների, այդ թվում՝ դիետիկ սննդի ենթադրյալ բացակայության վերաբերյալ (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Իրավական ռեսուրսների կենտրոնը՝ ի դեմս Վալենտին Կամպեանուի ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Centre for Legal Resources on behalf of Valentin Câmpeanu v. Romania], [GC]], թիվ 47848/08 գործը, § 156, ՄԻԵԴ 2014):
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ Դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված՝ Շիրխանյանի գործը, § 216)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է կալանքի տակ գտնվելու ընթացքում տրամադրված բուժօգնության ոչ պատշաճ լինելու եւ սանհանգույցի սահմանափակ հասանելիության մասին բողոքներն ընդունելի եւ համարում է կալանավորման պայմաններն անհամատեղելի դիմումատուի առողջական վիճակի հետ, ինչպես նշված է կից աղյուսակում, ինչպես նաեւ գտնում է, որ գանգատի մնացած մասն առանձին քննելու անհրաժեշտություն չկա.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում.
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2025 թվականի օգոստոսի 28-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Անդրեաս Զունդ՝
Վիկտորիա Մարադուդինա՝
Նախագահ
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատ
(կալանքի տակ գտնվելու ընթացքում տրամադրված ոչ պատշաճ բուժում) Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Ընդհանուր առողջական վիճակը
Բուժման թերությունները
Ամսաթվեր
Ազատազրկման վայրը, ազատազրկման ժամանակահատվածը
Կալանավորման պայմանների նկարագրությունը
Յուրաքանչյուր դիմումատուի ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի եւ ծախքերի համար տրվող գումարը
(եվրոյով)[2]
14875/23
2023 թվականի ապրիլի 11
Սերգեյ ԳՐԻԳՈՐՅԱՆ
1958
Ղազարյան Արայիկ
Երեւան
Ծանր ընթացքով շաքարային դիաբետ, սրտային պաթոլոգիա
Դեղորայքային բուժման բացակայություն/ուշացում, բժշկական հետազոտության բացակայություն/ուշացում, մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխման անհնարինություն/ ուշացում, մասնագետի հետ խորհրդատվության բացակայություն/ ուշացում, դեղորայքի ընդունման, ինչպես նաեւ այլ պլանային բժշկական պրոցեդուրաների համար անհրաժեշտ օգնության բացակայություն
05.05.2023- ենթակա է քննության,
Ավելի քան 2 տարի 15 օր
Արմավիր
(05.05.2023-26.06.2023), Վարդաշեն
(26.06.2023-մինչ օրս)
Դիմումատուն՝ տեղաշարժման լուրջ խնդիրներ ունեցող անձը, ունեցել է սանհանգույցից օգտվելու սահմանափակումներ. նշված տարածքները հարմարեցված չեն եղել եւ հետեւաբար անհասանելի են եղել այդպիսի բժշկական սահմանափակումներով անձանց համար. նա զրկված է եղել ամենօրյա օգնությունից՝ իր կարիքները հոգալու համար, ինչպիսիք են դեղորայքի ընդունումը եւ անձնական հիգիենայի պահպանումը. նրան օգնություն են ցուցաբերել խցակիցները՝ հոգալու իր ամենօրյա սանիտարական եւ բժշկական կարիքները
10,000
4,350
[1] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: