© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՋՈՒԼԻԱՆԻՆ ԵՎ ԳԱՋՋԻՈՆ ԸՆԴԴԵՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ
(գանգատ թիվ 23458/02)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
24 մարտի 2011թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Ջուլիանին և Գաջջիոն ընդդեմ Իտալիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Ժան-Պոլ Կոստա (Jean-Paul Costa),Նախագահ
Քրիստոս Ռոզակիս (Christos Rozakis),
Ֆրանսուազա Տուլկենս (Françoise Tulkens)
Իռենեու Կաբրալ Բարրետո (Ireneu Cabral Barreto),
Բոշտյան Զուպանչիչ (Boštjan M. Zupančič),
Նինա Վաջիչ (Nina Vajić),
Էլիզաբեթ Սթեիներ (Elisabeth Steiner),
Ալվինա Գյուլումյան Alvina Gyulumyan,
Դեյվիդ Տոր Բյորգվինսսոն (David Thór Björgvinsson),
Ինետա Զիեմելե (Ineta Ziemele),
Իզաբել Բերրո-Լեֆեվր (Isabelle Berro-Lefèvre),
Լեդի Բիանկու (Ledi Bianku),
Նոնա Ցոցորիա (Nona Tsotsoria),
Զդրավկա Կալաջիևա (Zdravka Kalaydjieva),
Իշլ Կարակաշ (Işıl Karakaş),
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi), դատավորներ
և Վինսենթ Բերգեր (Vincent Berger), իրավախորհրդատու,
2010թ. սեպտեմբերի 29-ին և 2011թ. փետրվարի 16-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ Գործը սկիզբ է առել 2002թ. հունիսի 18-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իտալիայի 3 քաղաքացիների` պարոն Ջուլիանո Ջուլիանիի, տիկին Ադելաիդա Գաջջիոյի (ամուսնական ազգանունը Ջուլիանի) և տիկին Էլենա Ջուլիանիի (դիմումատուներ) կողմից ընդդեմ Իտալիայի Հանրապետության բերված թիվ 23458/02 գանգատի հիման վրա: Դիմումատուներին ներկայացնում էին Հռոմում գործող իրավաբաններ պարոն Ն. Պաոլետտին և պարոն Ջ. Պիսապիան: Իտալիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էին ներկայացուցիչներ տիկին Ե. Սպատաֆորան և համաներկայացուցիչ պարոն Ն. Լետտիերին: Դիմումատուները բողոք են ներկայացրել իրենց որդու և եղբոր` Կառլո Ջուլիանիի մահվան կապակցությամբ, որը, նրանց կարծիքով, պատճառվել է ուժի անհամաչափ կիրառման արդյունքում: Նրանք այնուհետև պնդել են, որ պատասխանող պետությունը անհրաժեշտ օրենսդրական, վարչական և կարգավորիչ միջոցառումներ չի ձեռնարկել ուժի կիրառման անբարենպաստ հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար, որ ոստիկանական գործողությունների կազմակերպումը և պլանավորումը համատեղելի չեն եղել կյանքը պաշտպանելու պարտավորության հետ և որ իրենց հարազատի մահվան հանգամանքների քննությունն արդյունավետ չի եղել: Դիմումի քննությունը հանձնվել է Դատարանի Չորրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, § 1): 2007թ. փետրվարի 6-ին, ընդունելիության և էության վերաբերյալ (Կանոն 54, § 3) քննության արդյունքում, Բաժանմունքի Պալատը դատավորների հետևյալ կազմով` Սր Նիկոլաս Բրատցա, Ժոզեֆ Կասադեվալլ, Ջիովաննի Բոնելլո, Կրիստաք Տրայա, Վլադիմիրո Զագրեբելսկի, Ստանիսլավ Պավլովչի և Լեխ Գարլիկի, ինչպես նաև Լոուրենս Ըրլի` Բաժանմունքի քարտուղար դիմումը համարել է ընդունելի 2009թ. օգոստոսի 25-ին այդ Բաժանմունքի պալատը, դատավորների հետևյալ կազմով` Սր Նիկոլաս Բրատցա, Ժոզեֆ Կասադեվալլ, Լեխ Գարլիկի, Ջիովաննի Բոնելլո, Վլադիմիրո Զագրեբելսկի, Լիլիանա Միյովիչ և Յան Սիկուտա, ինչպես նաև Լոուրենս Ըրլի` Բաժանմունքի քարտուղար վճիռ է կայացրել, որում վճռել է հետևյալը` միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` նյութական տեսակետից` կապված ուժի անհամաչափ կիրառման հետ, ձայների հինգ կողմ և երկու դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նյութական տեսակետից` կապված կյանքի պաշտպանության դրական պարտավորության հետ, ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ առկա է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում դատավարական տեսակետից, միաձայն, որ անհրաժեշտ չէ քննել գործը Կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների համաձայն և միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում: Այն նաև 15 000 եվրո որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում է սահմանել դիմումատուներ Ջուլիանո Ջուլիանիին և Ադելաիդա Գաջջիոյին` յուրաքանչյուրին և 10 000 եվրո դիմումատու Էլենա Ջուլիանիին: 2009թ. նոյեմբերի 24-ին Կառավարությունը և դիմումատուները խնդրել են, Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և Դատարանի Կանոնների 73-րդ կանոնի համաձայն, գործը փոխանցել Մեծ պալատին: 2010թ. մարտի 1-ին Մեծ պալատի հանձնախումբը բավարարել է խնդրանքը: Մեծ պալատը կազմավորվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և Դատարանի կանոնների 24-րդ կանոնի համաձայն: Դիմումատուները և Կառավարությունը յուրաքանչյուրը ներկայացրել են հետագա գրավոր նկատառումներ (կանոն 59-ը կետ 1): 2010թ. սեպտեմբերի 27-ին դատավորները և սույն գործի քննության համար նշանակված պահեստային դատավորները դիտեցին կողմերի` 2010թ. հունիսի 28-ին և հուլիսի 9-ին ներկայացրած խտասկավառակները (տե՛ս ստորև` կետ 139):2010թ. սեպտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 29 կետ 3):
Դատարանում ներկայացան
(ա)Կառավարության անունից
պարոն Ն. Լետտիերին համաներկայացուցիչ
տիկին Պ. Ակկարդոն համաներկայացուցիչ
պարոն Ջ. Ալբենցիոն Avvocato dello Stato
(բ) Դիմումատուների անունից
պարոն Ն. Պաոլետտին
տիկին Ջ. Պաոլետտին
տիկին Ն. Պաոլետտին փաստաբան / իրավախորհրդատու
տիկին Ց. Սարտորին օգնական
Դատարանը լսեց նրանց ելույթները:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Դիմումատուները ծնվել են 1938թ., 1944թ. և 1972թ. համապատասխանաբար և բնակվում են Ջենովայում և Միլանում: Նրանք 2001թ. հուլիսին Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի նախօրեին տեղի ունեցած ցույցերի ընթացքում սպանված Կառլո Ջուլիանիի հայրը, մայրը և քույրն են:
Ա. Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի համատեքստը և Կառլո Ջուլիանիի մահվանը նախորդած դեպքերը
2001թ. հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին Ջենովայում տեղի ունեցավ Մեծ ութնյակի գագաթնաժողովը: Քաղաքում կազմակերպվել էին բազմաթիվ «հակագլոբալիզացիոն» ցույցեր և իտալական իշխանությունների կողմից ձեռք էին առնվել անվտանգության նշանակալի միջոցառումներ: 2000թ. հունիսի 8-ի թիվ 149 օրենքի 4(1) բաժնի համաձայն, Ջենովայի պրեֆեկտը լիազորվել էր զինվորական անձնակազմ տեղակայել` գագաթնաժողովի հետ կապված հասարակական անվտանգության ապահովման նպատակով: Ի հավելումն, քաղաքի այն հատվածը, որտեղ Մեծ ութնյակը հանդիպում էր (պատմական կենտրոնը), հայտարարվել էր «կարմիր գոտի» և շրջապատվել մետաղական ցանկապատով: Արդյունքում, մուտքը թույլատրված էի միայն բնակիչներին և այդ շրջանում աշխատող անձանց: Նավահանգիստ մուտքն արգելված էր և օդանավակայանը փակ էր ուղևորափոխադրման համար: Կարմիր գոտին ներառված էր դեղին գոտու մեջ, որն իր հերթին շրջապատված էր սպիտակ (նորմալ) գոտով:2001թ. հուլիսի 19-ի ծառայության հրահանգը տրված էր Կառլո Ջուլիանիի մահվանից մեկ օր առաջ իրավապահ մարմինների հրամանատարի կողմից: Իրավապահ մարմինների ամփոփ առաջնահերթությունները հետևյալն էին. կարմիր գոտում սահմանել պաշտպանության գիծ` ներս թափանցելու ցանկացած փորձի արագ հակազդելու համար, դեղին գոտում սահմանել պաշտպանության գիծ` ցանկացած միջադեպերի հետ գործ ունենալու համար, հաշվի առնելով ցուցարարների դիրքերը տարբեր վայրերում և ավելի ծայրահեղական տարրերի կողմից կատարվող արարքները, իրականացնել հասարակական կարգի պաշտպանության միջոցառումներ ցույցերի հետ կապված փողոցներում` ի նկատի ունենալով բռնության ռիսկը, որին նպաստում է մարդկային ամբոխի ներկայությունը:Կողմերը համաձայնել են այն փաստին, որ 2001թ. հուլիսի 19-ի ծառայության հրահանգը փոփոխել էր մատչելի միջոցների և ռեսուրսների տեղաբաշխման վերաբերյալ մինչ այդ եղած պլանները` նպատակ ունենալով իրավապահ մարմիններին հնարավորություն տալ արդյունավետ դիմագրավել կարմիր գոտի ներխուժելու ցանկացած փորձի` Tute Bianche (Սպիտակ վերնահագուստներ) ցույցի մասնակիցների կողմից. որը իրազեկվել էր և թույլատրվել էր հաջորդ օրը:Դիմումատուները պնդել էին, որ 2001թ. հուլիսի 19-ի ծառայության հրանագներով դինամիկ դեր էր հանձնարարված Կառլո Ջուլիանիի մահվան մեջ ներգրավված կարաբինիերների ջոկատին (carabinieri), որը նախկինում ենթադրվում էր, որ մնալու էր մեկ դիրքում: Կառավարությունը պնդել էր, որ ծառայության հրահանգը բանավոր էր հաղորդվել ծառայությունն իրականացնող սպաներին:Ջենովայի ոստիկանության կենտրոնակայանում (questura) տեղակայված կառավարման կենտրոնում, գործարկվել էր ռադիո հաղորդակցության համակարգ, որը ռադիոկապի մեջ էր ծառայություն իրականացնող սպաների հետ: Կարաբինիերները և ոստիկանները ռադիոկապի միջոցով չէին կարող ուղղակիորեն հաղորդակցվել միմյանց հետ: Նրանք կարող էին կապվել կառավարման կենտրոնի հետ:Հուլիսի 20-ի առավոտյան գործված սախավարտագլխարկներ և դիմակներ կրող առանձնապես ագրեսիվ ցուցարարների որոշ խմբեր (Սև բլոկ) բազմաթիվ բախումներ և միջադեպեր էին հրահրել իրավապահ մարմինների աշխատակիցների հետ: Tute Bianche-ի երթը պետք է սկսվեր Կարլինի մարզադաշտից: Այս ցույցը ներառում էի մի քանի կազմակերպություններ` «No Global» շարժման ներկայացուցիչներին, համայնքային կենտրոններից և Rifondazione comunista կուսակցության երիտասարդ կոմունիստներին: Չնայած նրանք խաղաղ բողոքի (քաղաքացիական անհնազանդության) կողմնակից էին, որպես ռազմավարական նպատակ հայտարարել էին կարմիր գոտի ներթափանցելը: 2001թ. հուլիսի 19-ին Ջենովայի ոստիկանության պետը (questore) արգելել է Tute Bianche-ի երթին մուտք գործել կարմիր գոտի կամ դրա հարակից տարածք և տեղակայել իրավապահ մարմինների ծառայողներին` երթը Պիացցա Վերդիի մոտ կանգնեցնելու համար: Հետևաբար, ցուցարարները կարողացել են երթով գնալ Կարլինի մարզադաշտից Վիա Տոլեմայդեի երկայնքով դեպի Պիացցա Վերդի, այսինքն Վիա Տոլեմայդեյի և Կորսո Տորինոյի հատումից բավականին այն կողմ, ուր տեղի են ունեցել բախումները` ինչպես մանրամասնվում է ստորև:Ժամը մոտ 13:30-ին երթը սկսվել է և դանդաղորեն ընթացել դեպի արևմուտք: Վիա Տոլեմայդեյի մոտ ի հայտ են եկել անկարգությունների առաջին նշանները: Երթն առաջնորդում էր քաղաքական գործիքներից կազմված կոնտակտային խումբը և մի խումբ լրագրողները` տեսանկարահանող և լուսանկարչական սարքերով: Երթի մասնակիցները մի քանի անգամ դանդաղեցրել էին ընթացքը և կանգ առել: Վիա Տոլեմայդեյի մերձակայքում տեղի են ունեցել միջադեպեր սաղավարտագլխարկներ և դիմակներ կրող անձանց և իրավապահ մարմինների ծառայողների միջև: Երթը հասել է Կորսո Տորինոյի հետ միացնող երկաթուղային թունելին: Հանկարծ պրն. Մոնդելլիի հրամանատարության ներքո գտնվող կարաբինիերների կողմից արցունքաբեր գազ է արձակվել ցուցարարների վրա: Կարաբինիերներն առաջ են շարժվել կիրառելով իրենց մահակները: Երթը ետ է մղվել արևելք մինչև Վիա Ինվրեայի խաչմերուկ:Ցուցարարները բաժանվել են` ոմանք ուղղվել են ծովափի կողմ, մյուսները փախուստի են դիմել Վիա Ինվրեա և ապա Պիացցա Ալիմոնդայի շրջակայք: Որոշ ցուցարարներ պատասխանել են հարձակմանը իրավապահ մարմինների ծառայողների վրա կոշտ առարկաներ նետելով` ինչպես օրինակ ապակե շշեր և աղբարկղեր: Կարաբինիերներին պատկանող զրահամեքենաներն արագ ընթացքով մուտք են գործել Վիա Կազարեգիս և Վիա Ինվրեա` քանդելով ցուցարարների կողմից կառուցված խաչընդոտները և ստիպելով այնտեղ գտնվող ցուցարարների հեռանալ: Ժամը 15:22-ին կառավարման կենտրոնը հրամայել է պարոն Մոնդելլիին ետ քաշվել և թույլ տալ ցուցարարներին անցնել:Որոշ ցուցարարներ պատասխանել են իրավապահ մարմիններին բռնությամբ և բախումներով: Ժամը մոտ 15:40-ին ցուցարարների մի խումբ հարձակվել է կարաբինիերների զրահապատ մեքենայի վրա և այրել այն:
Բ. Կառլո Ջուլիանիի մահը
Ժամը 15-ի մոտակայքում Պիացցա Ալիմոնդայի մոտ տեղակայված մոտ հիսուն կարաբինիերներից բաղկացած գումարտակը նկատել է չափազանց ագրեսիվ ցուցարարների մի խմբի: Մոտակայքում կայանված էին երկու «Դիֆենդեր» ջիպ: Ոստիկանության սպա Լաուրոն հրամայել է կարաբինիերներին հարձակվել ցուցարարների վրա: Կարաբինիերները շարժվել են երթով` երկու ջիպերի ուղելցությամբ: Ցուցարարներին հաջողվել է ետ մղել հարձակումը և կարաբինիերները ստիպված են եղել անկարգ նահանջել Պիացցա Ալիմոնդայի մոտ: Ուղղաթիռից ժամը 17:23 արված լուսանկարներում երևում են Վիա Կաֆֆայով վազող ցուցարարներ, որոնք հետապնդում են իրավապահ մարմինների ծառայողներին:Կարաբինիերների նահաջի ժամանակ ջիպերը փորձել են շրջադարձ կատարել և հեռանալ: Դրանցից մեկը կարողացել է հեռանալ, իսկ մյուսի ճանապարհը փակել է շրջված աղբամանը: Հանկարծ քարերով, փաստերով և երկաթե ամրաններով զինված ցուցարարների մի խումբ շրջապատել է մեքենան: Մեքենայի հետևի կողային ապակիները և հետնապակին փշրվել են: Ցուցարարները վիրավորանքներ և սպառնալիքներ են բղավել ջիպի ներսում գտնվողներին և քարեր և կրակմարիչ նետել մեքենայի վրա:Մեքենայում եղել են երեք կարաբինիեր` վարորդը` Ֆիլիպպո Կավատիոն («Ֆ.Կ.»), Մարիո Պլացանիցան («Մ.Պ.») և Դարիո Ռաֆֆոնեն («Դ.Ռ.»): Մ.Պ.-ն, ում կարաբինիերների գումարտակի հրամանատար Կապիտան Կապելլոն թույլ էր տվել բախման գոտուց հեռանալու համար նստել մեքենայում, քանի որ տառապում էր օրվա ընթացքում նետած արցունքաբեր գազի նռնակների հետևանքով: Ջիպի հետնամասում կռացած, վիրավոր և խուճապահար, նա իրեն մի կողմից պաշտպանում էր ոստիկանական վահանով (Պրեդոնզանի ազգանվամբ ցուցարարի վկայության համաձայն): Նա բղավում էր ցուցարարներին, որ հեռանան «այլապես կսպանի նրանց»: Մ.Պ.-ն հանել է իր 9 մմ Բերետտա ատրճանակը, ուղղել մեքենայի փշրված հետնապակու ուղղությամբ, և մոտ տաս վայրկյան անց երկու կրակոց արձակել: Կրակոցներից մեկը դիպել է սաղավարտագլխարկ կրող ցուցարարԿառլո Ջուլիանիի դեմքին` ձախ աչքի տակ: Նա գտնվել է ջիպի հետնամասի մոտ` հենց նոր վերցրած դատարկ կրակմարիչը վեր բարձրացրած: Նա ընկել է գետնին` մեքենայի ետևի ձախ անիվի մոտ:Քիչ անց, Ֆ.Կ.-ն կարողացել է վերագործարկել շարժիչը և փորձելով հեռանալ ետ շարժվել` ընթացքում անցնելով Կառլոյի մարմնի վրայով: Նա այնուհետև առաջ է շարժել և երկրորդ անգամ անցնելով մարմնի վրայով հեռացել դեպքի վայրից: Ջիպն այնուհետև շարժվել է դեպի Պիացցա Տոմմազեո:«Մի քանի մետր անց» կարաբինիերների սերժանտ-մայոր Ամատորին նստել է ջիպի ղեկին «քանի որ վարորդը շոկային վիճակում էր»: Մեքենան է նստել նաև Ռանդո ազգանունով մեկ այլ կարաբինիեր:Պիացցա Ալիմոնդայի մյուս կողմում տեղակայված ոստիկանական ուժերը միջամտել են և ցրել ցուցարարներին: Նրանց էին միացել որոշ կարաբինիերներ: Ժամը 17:27-ին դեպքի վայրում ներկա ոստիկանության ծառայողներից մեկը կապվել է կառավարման կենտրոնի հետ և շտապ օգնություն խնդրել: Դեպքի վայր ժամանած բժիշկն այնուհետև արձանագրել է Կառլո Ջուլիանիի մահը:Ներքին գործերի նախարարության համաձայն (ministero dell’Interno), հնարավոր չէ ասել Կառլո Ջուլիանիի մահվան պահին դեպքի վայրում եղած կարաբինիերների և ոստիկանության ծառայողների հստակ թիվը: Ջիպից մոտ 150 մետր հեռավորության վրա մոտ 150 կարաբինիեր է եղել: Բացի այդ, 200 մետր այն կողմ` Պիացցա Տոմմազեոյի մոտ մի խումբ ոստիկաններ են գտնվել:Զուգահեռ ընթացող դատավարությունների ընթացքում իրավապահ մարմինների ծառայողների կողմից տրված վկայությունների հիման վրա, inter alia, («քսանհինգի դատավարությունը», տե՛ս ստորև` կետեր 121-138), դիմումատուները պնդել են, մասնավորապես, որ Պիացցա Ալիմոնդայում կարաբինիերները կարողացել էին հանել իրենց գազային դիմակները, սնվել և հանգստանալ: «Հանգստի» իրավիճակում Կապիտան Կապելլոն հրամայել է Մ.Պ-ին և Դ.Ռ.-ին նստել երկու ջիպերից մեկը: Նա համարել է, որ երկու կարաբինիերները հոգեպես հոգնել են (“a terra”) և ֆիզիկապես պիտանի չեն ծառայության համար: Կապելլոն նաև համարել է, որ Մ.Պ.-ն պետք է դադարեցնի արցունքաբեր գազ կրակել և վերցրել նրա գազային զենքը և գազային նռնակներ պարունակող պայուսակը:Ճակատագրական կրակոցից քիչ առաջ արված լուսանկարներին հղում կատարելով` դիմումատուներն ընդգծել են, որ զենքը պահված է եղել հորիզոնական դիրքից ցած անկյան տակ: Նրանք նաև հղում են կատարել փոխգնդապետ Տրուգլիոյի արած հայտարարություններին (տե՛ս ստորև` կետ 43), ով ասել էր, որ եղել է Պիացցա Ալիմոնդայից մոտ տաս, իսկ ջիպից` երեսունից քառասուն մետր հեռավորության վրա: Կարաբինիերները (մոտ հարյուր հոգի) եղել են ջիպից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: Ոստիկանները գտնվել են Վիա Կաֆֆայի վերջում, դեպի Պիացցա Տոմմազեո: Դիմումատուները հայտնել են, որ գործի նյութերում առկա լուսանկարներում ջիպից ոչ հեռու հստակ երևում են որոշ կարաբինիերներ:
Գ. Տեղական իշխանությունների իրականացրած քննությունը
Քննության առաջին քայլերը
Կառլո Ջուլիանիի մարմնից մի քանի մետր այն կողմ հայտնաբերվել է կրակված պարկուճ: գնդակ չի հայտնաբերվել: Ոստիկանության կողմից մարմնի մոտակայքում առգրավված այլ իրերի թվում եղել է մեկ կրակմարիչ և արյունոտ մի քար: Գործի նյութերից երևում է որ դատախազությունը ոստիկանությանը երեսունվեց քննչական գործողություն է հանձնարարել: Ջիպը, որով Մ.Պ.-ն է երթևեկել, ինչպես նաև նրան պատկանող զենքը և հանդերձանքը մնացել են կարաբինիերի մոտ և հետագայում առգրավվել դատարանի որոշմամբ: Ջիպի ներսում հայտնաբերվել է կրակված պարկուճ:2001թ. հուլիսի 20-ի գիշերը Ջենովայի ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանումը ցուցմունք է վերցրել երկու ոստիկաններից` պրն. Մարտինոյից և պրն. Ֆիորիլլոյից: Հուլիսի 21-ին կապիտան Կապելլոն, ով ECHO վաշտի հրամանատարն էր, ներկայացրել է նախորդ օրվա իրադարձությունները և նշել ջիպում եղած կարաբինիերների անունները: Նա ասել է, որ կրակոց չի լսել, հավանաբար իր ռադիո ականջակալների, սաղավարտի և գազային դիմակի պատճառով, որոնք նվազեցրել էին լսելիությունը:
Մ.Պ-ին և Ֆ.Կ.-ի նկատմամբ քննությունը
2001թ. հուլիսի 20-ի գիշերը պարզվել է Մ.Պ.-ի և Ֆ.Կ.-ի ինքնությունը և նրանք քննվել են Ջենովայի դատախազության կողմից` դիտավորյալ սպանության կասկածանքով: Հարցաքննութոյւնները տեղի են ունեցել Ջենովայի կարաբինիերների կենտրոնակայանում:
ա. Մ.Պ.-ի առաջին ցուցմունքը
Մ. Պ.-ն թիվ 12 գումարտակում (Սիցիլիա) նշանակված օգնական կարաբինիեր էր և Մեծ ութնյակի գագաթնաժողովի կապակցությամբ կազմավորված ECHO վաշտի ծառայողներից մեկը: Իտալիայի տարբեր շրջաններից չորս այլ վաշտի հետ, այն ներառված էր փոխգնդապետ Տրուգլիոյի հրամանատարության ներքո գործող CCIR գնդի կազմում: ECHO վաշտը ենթարկվում էր կապիտան Կապելլոյի և նրա տեղակալներ Միրանտեի և Զապպիայի հրամաններին և ուղղորդվում էր Հռոմի ոստիկանության ավագ սպա (vice questore) պրն Լաուրոյի կողմից: Հինգ վաշտերից յուրաքանչյուրը բաժանված էր հիսուն մարդուց կազմված չորս դասակի: Վաշտերի ընդհանուր հրամանատարը գնդապետ Լեսոն էր: Մ.Պ.-ն ով ծնվել էր 1980թ. օգոստոսի 13-ին և որպես կարաբինիեր ծառայության էր անցել 2000թ. սեպտեմբերի 16-ին, դեպքի ժամանակ քսան տարեկան և տասնմեկ ամսական էր: Նրան սովորեցրել էին նռնակներ կիրառել և դիրքավորվել արցունքաբեր գազ կրակելու համար: Նա պնդել է, որ հասարակականն կարգի պահպանման գործողությունների ընթացքում նա պետք է ոտքով տեղաշարժվեր` իր վաշտի հետ միասին: Մի քանի արցունքաբեր նռնակ կրակելով, նա այրոց է զգացել աչքերում և դեմքին և կապիտան Կապելլոյից ջիպում նստելու թույլատվություն է խնդրել: Քիչ անց նրան է միացել մեկ այլ վիրավոր կարաբինիեր (Դ.Ռ.): Մ.Պ.-ն հայտնել է, որ շատ վախեցած էր այն ամենից ինչ այդ օրն իրենց վրա էր նետվում և, մասնավորապես, վախենում էր, որ ցուցարարները կարող են «Մոլոտովի կոկտեյլներ» նետել: Նա բացատրել է, որ ավելի է վախեցել այն բանից հետո, երբ մետաղյա առարկայով վիրավորվել է ոտքը և քարով` գլուխը: Նա հասկացել է, որ ջիպը հարձակման է ենթարկվել նետվող քարերի պատճառով և կարծել է, որ «հարյուրավոր ցուցարարներ շրջապատել են ջիպը», չնայած ավելացրել է, որ «կրակելու ժամանակ չի տեսել ոչ ոքի»: Նա ասել է, որ եղել է «խուճապահար»: Մի պահ նա գիտակցել է, որ ձեռքում բռնել է ատրճանակը: Նա մեկնել է ատրճանակը բռնած ձեռքը ջիպի հետնապակու միջով և մոտ մեկ րոպեից երկու կրակոց արձակել: Նա պնդել է, որ կրակելուց առաջ կամ հետո ջիպի հետևում չի նկատել Կառլո Ջուլիանիին:
բ. Ֆ.Կ.-ի ցուցմունքը
Ֆ.Կ.-ն` ջիպի վարորդը, ծնվել է 1977թ. սեպտեմբերի 3-ին և ծառայելիս է եղել որպես կարաբինիեր քսանչորս ամիս: Դեպքի ժամանակ նա քսաներեք տարեկան և տաս ամսական էր: Նա պնդել է, որ եղել է Պիացցա Ալիմոնդայի մոտ գտնվող նրբանցքում և փորձել է շրջվել դեպի հրապարակը, քանի որ վաշտը ետ էր մղվում ցուցարարների կողմից: Ինչևէ, նա տեսել է, որ իր ճանապարհը փակված է աղբամանով և շարժիչը հանգել է: Նա կենտրոնացել էր ջիպը դուրս հանելու վրա, մինչ նրա ծառայակիցները բղավում էին մեքենայի ներսում: Արդյունքում նա չի լսել կրակոցները: Վերջապես, նա պնդել է. «Ես ոչ ոքի չէի նկատել գետնին, քանի որ դիմակ էի կրում, որը մասնակիորեն սահմանափակում էր իմ տեսադաշտը ... և նաև դժվար էր տեսնել մեքենայից դուրս: Ես ետ ընթացա և որևէ դիմադրության չհանդիպեցի: Իրականում ես զգացի որ ձախ անիվը վեր բարձրացավ և կարծեցի, որ դա պետք է որ աղբակույտ լինի, քանի որ աղբամանը շրջվել էր: Միակ միտքը, որ գլխումս էր, թե ինչպես դուրս գամ այդ խառնաշփոթից:»
գ. Դ. Ռ.-ի ցուցմունքը
Դ.Ռ.-ն, ով ծնվել էր 1982թ. հունվարի 25-ին, զինվորական ծառայություն էր իրականացնում 2001թ. մարտի 16-ից: Դեպքի ժամանակ նա տասնինը տարեկան և վեց ամսական էր: Նա հայտնել է, որ հարված է ստացել դեմքին և մեջքին ցուցարարների նետած քարերից և սկսել արյունահոսել: Նա փորձել է պաշտպանել իրեն ծածկելով դեմքը, և Մ.Պ.-ն իր հերթին փորձել է մարմնով ծածկել իրեն: Այդ պահին նա չի կարողացել տեսնել որևէ բան, սակայն կարողացել է լսել բղավոցները և հարվածների և ջիպ թափանցող առարկաների ձայները: Նա լսել է, թե ինչպես է Մ.Պ.-ն բղավում իրենց վրա հարձակվողներին, որ դադարեցնեն և հեռանան, և ապա լսել է երկու կրակոց:
դ. Մ.Պ.-ի երկրորդ ցուցմունքը
2001թ. սեպտեմբերի 11-ին Մ.Պ.-ն, դատախազի կողմից հարցաքննվելու ընթացքում, հաստատել է իր` 2001թ. հուլիսի 20-ի ցուցմունքը, ավելացնելով, որ նա բղավել է ցուցարարներին. «հեռացե՛ք, թե չէ կսպանեմ ձեզ»:
Քննության ընթացքում վերցված այլ ցուցմունքներ
(ա) Այլ կարաբինիերների ցուցմունքները
Սերժանտ-մայոր Ամատորին, ով եղել է մեկ այլ ջիպի մեջ Պիացա Ալիմոնդայում, ասել է, որ նկատել է, որ ջիպը, որով երթևեկում էր Մ.Պ.-ն արգելափակվել էր աղբամանով և շրջապատվել մեծ թվով ցուցարարներով` «որոշակիորեն քսանից ավելի»: Վերջինները տարբեր առարկաներ էին նետում ջիպի վրա: Մասնավորապես, նա տեսել է, թե ինչպես է մի ցուցարար կրակմարիչ նետում հետնապակու վրա: Նա լսել է կրակոցներ և տեսել, որ Կառլո Ջուլիանին վայր է ընկել: Ջիպն այնուհետև երկու անգամ անցել է Կառլո Ջուլիանիի մարմնի վրայով: Երբ ջիպին հաջոցվել է հեռանալ Պիացցա Ալիմոնդայից, նա մոտեցել է մեքենային և տեսել, որ վարորդը դուրս է եկել և, ակնհայտորեն ցնցված, օգնություն է խնդրում: Սերժանտ-մայորը նստել է ղեկի մոտ և նկատելով, որ Մ.Պ.-ի ձեռքում ատրճանակ է, հրամայել է նրան տեղափոխել անվտանգության ապահովիչը: Նա անմիջապես մտածել է, որ դա է այն զենքը, որից քիչ առաջ կրակոցներ են արձակվել, սակայն ոչինչ չի ասել Մ.Պ.-ին, ով վիրավոր էր և գլխից արյուն էր հոսում: Վարորդն ասել է նրան, որ լսել է կրակոցները ջիպով մանևրելու ընթացքում: Սերժանտ-մայորին բացատրություններ չեն տրվել կրակելու որոշման հանգամանքների վերաբերյալ և նա էլ հարցեր չի տվել:Կարաբինիեր Ռանդոն ոտքով է մոտեցել ջիպին: Նա ասել է, որ տեսել է, որ ատրժանակը պահունակից դուրս է հանված և հարցրել է Մ.Պ.-ին, արդյոք նա կրակել է: Մ.Պ.-ն ասել է, որ կրակել է, առանց մանրամասնելու արդյոք օդ է կրակել, թե որոշակի ցուցարարի ուղղությամբ: Մ.Պ.-ն անընդհատ կրկնում էր «Նրանք ուզում էին սպանել ինձ: Ես չեմ ուզում մեռնել»:2001թ. սեպտեմբերի 11-ին դատախազը լսել է ECHO վաշտի հրամանատար կապիտան Կապելլոյի վկայությունը (տե՛ս վերը` կետ 34): Կապիտան Կապելլոն հայտնել է, որ նա է թույլատրել Մ.Պ.-ին նստել ջիպը և վերցրել արցունքաբեր գազ կրակող զենքը, քանի որ Մ.Պ.-ն խնդիրներ ուներ: Հետագայում նա պնդել է («քսանհինգի դատավարության» 2005թ. սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ), որ Մ.Պ.-ն ֆիզիկապես պիտանի չէր շարունակելու համար` իր հոգեկան վիճակի և նյարդային լարվածության պատճառով: Կապիտան Կապելլոն այնուհետև իր մարդկանցով` մոտ հիսուն հոգի, շարժվել է դեպի Պիացցա Ալիմոնդայի և Վիա Կաֆֆայի անկյունը: Ոստիկանության սպա Լաուրոն պահանջել է նրանից բարձրանալ վեր Վիա Կաֆֆայով` Վիա Տոլեմայդեի ուղղությամբ, ցուցարարներին հետ մղելով զբաղված մարդկանց աջակցություն ցույց տալու համար: Նա հայտնել է, որ իրեն զարմացրել է պահանջը, իր մարդկանց թիվը և նրանց հոգնածությունը հաշվի առնելով, բայց այնուամենայնիվ տեղակայել է նրանց Վիա Կաֆֆայի վրա: Վիա Տոլեմայդեից եկող ցուցարարները ստիպել են կարաբինիերներին նահանջել: Նրանք սկզբում նահանջել են կարգով, այնուհետև` անկարգ ձևով: Պարոն Կապելլոն կարաբինիերների նահանջելիս չի գիտակցել, որ իրենց հետևում են երկու ջիպեր, քանի որ մեքենաների այդտեղ գտնվելու որևէ «գործառնական պատճառ» չկար: Ցուցարարները ցրվել են միայն, երբ միջամտել են Պիացցա Ալիմոնդայի մյուս կողմում տեղակայված ոստիկանության արագ արձագանքման միավորները: Միայն այդ ժամանակ է նա նկատել գետնին պառկած սաղավարտագլխարկով մարդուն` ակնհայտորեն ծանր վնասվածքներով: Իր մարդկանցից մի քանիսը կրում էին տեսաձայնագրիչներով սարքավորված սաղավարտներ, որոնք կարող էին լույս սփռել իրադարձությունների հաջորդականության վրա: Տեսաձայնագրությունները փոխանցվել են գնդապետ Լեսոյին:Փոխգնդապետ Տրուգլիոն` կապիտան Կապելլոյի վերադաս սպան, պնդել է, որ նա կանգ էր առել Պիացցա Ալիմոնդայից մոտ տաս վրա և ջիպից` երեսունից քառասուն մետր հեռավորության և տեսել է, թե ինչպես է ջիպն անցնում գետնին պառկած մարմնի վրայով:
(բ) Ոստիկանության սպա Լաուրոյի ցուցմունքը
2001թ. դեկտեմբերի 21-ին պարոն Լաուրոն ցուցմունք է տվել դատախազին: Նա հայտնել է, որ տեղեկացել է ծառայության հրահանգների փոփոխությանը 2001թ. հուլիսի 20-ի առավոտյան: «քսանհինգի դատավարության» ընթացքում` 2005թ. ապրիլի 26-ի նիստին, նա հայտնել է, որ 2001թ. հուլիսի 19-ին տեղեկացվել է, որ հաջորդ օրվա համար որևէ երթ արտոնված չէ: Հուլիսի 20-ին նա դեռ անտեղյակ է եղել, որ պետք է արտոնված երթ տեղի ունենա: Օրվա ընթացքում նա գնացել է Պիացցա Տոմմազեո, որտեղ բախումներ էին տեղի ունենում ցուցարարների հետ: Ժամը 15:30-ին, երբ իրավիճակը դեռ հանդարտ էր, փոխգնդապետ Տրուգլիոն և երկու ջիպեր միացել են անձնազմին: 16:00-ից 16:45 միջև անձնակազմը ներգրավվել է Կորսո Տորինոյում տեղի ունեցող բախումներին: Այն այնուհետև ժամանել է Պիացցա Տոմմազեոյի և Պիացցա Ալիմոնդայի մերձակայք: Փոխգնդապետ Տրուգլիոն և երկու ջիպերը ետ են վերադարձել և անձնակազմը վերակազմակերպվել է: Պարոն Լաուրոն Վիա Կաֆֆայի վերջում նկատել է մի խումբ ցուցարարների, ովքեր, անվավոր աղբամաններն օգտագործելով, խոչընդոտներ էին կառուցել և առաջ էին շարժվում իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ: Նա հարցրել է կապիտան Կապելլոյին, արդյոք նրա մարդիկ ի վիճակի են գործել այդ իրավիճակում և վերջինս դրական պատասխան է տվել: Պարոն Լաուրոն և անձնակազմն այդ պատճառով դիրք են զբաղեցրել Վիա Կաֆֆայի մոտ: Նա լսել է նահանջի հրամանը և մասնակցել անձնակազմի անկարգ նահանջին:
(գ) Դատախազին տրված այլ ցուցմունքները
Դեպքերին ներկա եղած որոշ ցուցարարներ նույնպես ցուցմունք են տվել դատախազին: Նրանցից ոմանք ասել են, որ շատ մոտ են եղել ջիպին և իրենք էլ են քարեր նետել և փայտերով և այլ առարկաներով հարվածել ջիպին: Մի ցուցարար հայտնել է, որ Մ.Պ.-ն բղավել է «Սրիկաներ, ես սպանելու եմ ձեզանից շատերին»: Մյուսը նկատել է, որ ջիպի ներսում գտնվող կարաբինիերը հանել է իր ատրճանակը և բղավել իր ընկերներին, որ զգուշանան և մի կողմ գնացել: Մեկ այլ ցուցարար ասել է, որ Մ.Պ.-ն իրեն մի կողմից պաշտպանում էր ոստիկանական վահանով:Որոշ անձնք, ովքեր ականատես են եղել իրադարձություններին իրենց տների պատուհաններից, ասել են, որ տեսել են, որ ցուցարարներից մեկը վերցրել է կրակմարիչը և բարձրացրել վեր: Նրանք երկու կրակոց են լսել տեսել, թե ինչպես է ցուցարարն ընկնում գետնին:
Տեսալսողական նյութը
Դատախազությունը հրահանգել է իրավապահ մարմիններին փոխանցել ցանկացած տեսալսողական նյութ, որը կարող է օգնել Պիացցա Ալիմոնդայի դեպքերի վերարտադրմանը: Լուսանկարներ և տեսանկարահանումներ են կատարվել նկարահանող խմբերի, ուղղաթիռների տեսախցիկների և որոշ ծառայողների սաղավարտներին տեղադրված տեսախցիկների միջոցով: Մատչելի են եղել նաև որոշ մասնավոր անձանց կողմից կատարված լուսանկարներ:
Դատաբժշկական փորձաքննությունները
ա. Դիահերձումը
Քսանչորս ժամվա ընթացքում դատախազությունը հրահանգել է դիահերձման արդյունքում պարզել Կառլո Ջուլիանիի մահվան պատճառը: 2001թ. հուլիսի 21-ին 12:10 առաջին դիմումատուին` Կառլո Ջուլիանիի հորն է հանձնվել դիահերձման վերաբերյալ ծանուցումը` տեղեկացնելով, որ տուժած կողմը կարող է նշանակել փորձագետ և իրավաբան: 15:15 պարոն Կանալեին և պարոն Սալվիին` դատախազության կողմից նշանակված փորձագետներին, տրվել է պաշտոնական ամփոփագիրը և սկսվել է դիահերձումը: Դիմումատուները սեփական ներկայացուցիչ կամ փորձագետ չեն ուղարկել:Փորձագետները դատախազությունից վեց օր են խնդրել եզրակացությունը պատրաստելու համար: Խնդրանքը բավարարվել է: 2001թ. հուլիսի 23-ին դատախազությունը թույլ է տվել դիակիզել Կառլո Ջուլիանիի մարմինը` նրա ընտանիքի ցանկության համաձայն:Փորձագետների եզրակացությունը ներկայացվել է 2001թ. նոյեմբերի 6-ին: Դրա համաձայն Կառլո Ջուլիանիին ձախ աչքի տակ գնդակ է դիպել, որն անցել էր գանգի միջով և դուրս եկել գանգի հետևից` ձախից: Գնդակի հետագիծը հետևյալն է եղել. Այն արձակվել է տասնհինգ սանտիմետրը գերազանցող հեռավորությունից և անցել է առջևից ետ, աջից ձախ և դեպի ներքև ուղղությամբ: Կառլո Ջուլիանիի հասակը եղել է 1,65 մետր: Կրակոցն արձակած անձը եղել է տուժողի առջև` նրա թեթևակի աջ կողմում: Փորձագետների համաձայն գնդակի` գլխին պատճառած վնասվածքը մի քանի րոպեի ընթացքում հանգեցրել է մահվան, ջիպի` մարմնի վրայով անցնելը միայն աննշան փոքր վնասվածքներ է հասցրել կրծքավանդակում և որովայնում գտնվող օրգաններին:
բ. Մ.Պ.-ի և Դ.Ռ.-ի դատաբժշկական փորձաքննությունը
Պիացցա Ալիմոնդան լքելուց հետո ջիպում եղած երեք կարաբինիերները գնացել են Ջենովայի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք: Մ.Պ.-ն գանգատվել է աջ ոտքի արյունազեղումից և բաց վերքերով գանգի վնասվածքից: Հակառակ բժիշկների խորհրդի, ովքեր ցանկանում էին պահել նրան հիվանդանոցում, նա դուրսգրման փաստաթուղթը է ստորագրել և մոտ 21:30 հեռացել հիվանդանոցից: Նա ունեցել է գանգի վնասվածք, որն ասել է, որ պատճառվել է մեքենայում գտնվելիս` բութ գործիքով գլխին ստացած հարվածի արդյունքում:Դ.Ռ.-ն ունեցել է արյունազեղում և քերծվածքներ քթի շրջանում և աջ այտոսկրին և արյունազեղումներ ձախ ուսին և ձախ ոտքին: Ֆ.Կ.-ն տառապելիս է եղել հետտրավմատիկ հոգեբանական խանգարմամբ և ակնկալվել, որ կապաքինվի տասնհինգ օրվա ընթացքում:Բժշկական հետազոտություններն իրականացվել են վնասվածքների բնույթը և դրանց կապը ջիպի ուղևորների վրա տեղի ունեցած հարձակման հետ պարզելու համար: Եզրակացությունների համաձայն Մ.Պ-ին և Դ.Ռ.-ին պատճառված վնասվածքները կյանքի համար սպառնալիք չեն ներկայացրել: Մ.Պ.-ի գլխի վնասվածքները կարող էին պատճառված լինել նրա վրա նետված քարի հետևանքով, սակայն նրա մնացած վնասվածքների պատճառը հնարավոր չէ պարզել: Դ.Ռ.-ի դեմքի վնասվածքները կարող էին պատճառվել նրա վրա նետված քարի և նրա ուսի վնասվածքը` փայտե տախտակի հարվածի հետևանքով:
գ. Դատախազության կողմից նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը:
(i) Առաջին խումբ փորձերը
2001թ. սեպտեմբերի 4-ին դատախազությունը հրահանգել է պարոն Կանտարելլային պարզել, արդյոք դեպքի վայրում հայտնաբերված երկու կրակված պարկուճները (մեկը ջիպի մեջ, մյուսը` Կառլո Ջուլիանիի մարմնից մի քանի մետր հեռու` տե՛ս վերը` կետ 31) արձակվել են նույն զենքից և մասնավորապես` Մ.Պ.-ի զենքից: 2001թ. դեկտեմբերի 5-ի իր եզրակացությունում փորձագետը եզրակացրել է, որ հավանականությունը, որ ջիպում հայտնաբերված պարկուճը արձակվել է Մ.Պ.-ի ատրճանակից 90% է, մինչդեռ ընդամենը 10% է հավանական, որ Կառլո Ջուլիանիի մարմնի մոտ հայտնավերված գնդակն արձակվել է նույն զենքից: Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 392-րդ հոդվածի համաձայն, այդ փորձաքննություններն իրականացվում են միակողմ, այսինքն առանց տուժող կողմի մասնակցության հնարավորության:
(ii) Երկրորդ խումբ փորձերը
Դատախազությունը նշանակել է երկրորդ փորձագետին` ոստիկանության հետաքննիչ Մանետտոյին: Վերջինս 2002թ. հունվարի 15-ին ներկայացրած եզրակացության մեջ նշել է, որ որ հավանականությունը, որ տուժողի մարմնի մոտ հայտնաբերված պարկուճն արձակվել է Մ.Պ.-ի զենքից 60% է: Նա եզրակացրել է, որ երկու պարկուճներն էլ արձակվել են Մ.Պ.-ի ատրճանակից, և որոշել, որ հեռավորությունը Մ.Պ.-ի և Կառլո Ջուլիանիի միջև կրակոցի ժամանակ եղել է 110-ից 140 սմ-ի միջև: Փորձաքննություններն անցկացվել են միակողմ:
(iii) Երկրորդ խումբ փորձերը
2002թ. փետրվարի 12-ին դատախազությունը հրահանգել է փորձագետների հանձնաժողովին (կազմված պարոն Բալոսսինոյից, պարոն Բենեդետտիից, պարոն Ռոմանինիից և պարոն Տորրեից) «վերականգնել, նույնիսկ վիրտուալ ձևով, Մ.Պ.-ի և Կառլո Ջուլիանիի գործողությունները գնդակը զոհի մարմնին դիպչելուց անմիջապես առաջ և հետո»: Մասնավորապես, փորձագետներին խնդրել են «պարզել Մ.Պ.-ի և Կառլո Ջուլիանիի միջև հեռավորությունը, նրանց տեսողության համապատասխան անկյունները և Մ.Պ.-ի տեսադաշտը ջիպի ներսից կրակոցներն արձակելու պահին»: Գործի նյութերից պարզվում է, որ պարոն Ռոմանինին 2001թ. սեպտեմբերին մասնագիտական ամսագրում (TAC Armi) հոդված է հրապարակել, որում ի թիվս այլոց, տեսակետ է արտահայտել, որ Մ.Պ.-ի գործողությունները հանդիսացել են «հստակ և լիովին արդարացված պաշտպանիչ ռեակցիա»:Դիմումատուների կողմից նշանակված ներկայացուցիչները և փորձագետները մասնակցել են փորձագետների հանձնաժողովի հետազոտություններին: Դիմումատուների իրավաբան պարոն Վինչին հայտնել է, որ չի ցանկանում ապացույցի անհապաղ հետազոտման միջնորդություն ներկայացնել (incidente probatorio): ՔԴՕ-ի 392-րդ հոդվածի 1(f) և 2-րդ կետերը թույլ են տալիս դատախազին և մեղադրյալին, ի թիվս այլոց, խնդրել գործը քննող դատավորին (giudice per le indagini preliminari) նշանակել դատաբժշկական փորձաքննություն, եթե վերջինս վերաբերում է անձի, առարկայի կամ տեղի, որը ենթակա է անդառնալի փոփոխությունների կամ եթե, դատաքննության ընթացքում նշանակվելու դեպքում, քննարկվող փորձաքննությունը կարող է հանգեցնել դատավարության ընդմիջմանը վեց օրը գերազանցող ժամանակահատվածով: ՔԴՕ-ի 394-րդ հոդվածի համաձայն տուժող կողմը կարող է դիմել դատախազին ապացույցի անհապաղ հետազոտման միջնորդության համար: Եթե դատախազը մերժում է դիմումը նա պետք է պատճառաբանված որոշում ընդունի և հանձնի այն տուժող կողմին:2002թ. ապրիլի 20-ին իրականացվել է միակողմ զննություն: Կրակոցի հետքերը հայտնաբերվել են Պիացցա Ալիմոնդայի վրա գտնվող շենքերից մեկի պատին` մոտ հինգ մետր բարձրության վրա:2002թ. հունիսի 10-ին փորձագետները ներկայացրել են իրենց եզրակացությունը: Փորձագետներն ի սկզբանե հայտնել են, որ Կառլո Ջուլիանիի մարմնի անմատչելի լինելու փաստը (դիակիզման պատճառով) հանդիսացել է այն հիմնական խոչընդոտը, որը խանգարել է նրանց սպառիչ եզրակացություն ներկայացնել, քանի որ նրանք հնարավորություն չեն ունեցել կրկին հետազոտել մարմինը և փնտրել միկրո հետքեր: «Մատչելի սակավ նյութի» հիման վրա փորձագետները փորձել են նախևառաջ պարզել, թե ինչպես է խոցել գնդակը Կառլո Ջուլիանիի մարմինը, արտահայտելով հետևյալ նկատառումները:Գանգի վնասվածքները շատ լուրջ են եղել և հագեցրել են մահվան «կարճ ժամանակահատվածում»: Գնդակն ամբողջովին դուրս չի եկել Կառլո Ջուլիանիի գխից: Դիահերձումից առաջ իրականացված մարմնի ամբողջական սքանավորման նկարագրության մեջ (referto radiologico) նշվում է «ենթամաշկային բեկոր` հավանաբար մետաղ» ոսկորներից վեր` ծոծրակային մասում: Այս անթափանց մասնիկը նման է գնդակի պատյանի բեկորի: Գնդակի մուտքի վերքի տեսքը դեմքին ինքնին չի հանգեցնում միանշանակ մեկնաբանության: Դրա անկանոն ձևը հիմնականում բացատրվում է մարմնի` գնդակի խոցած հատվածում եղած հյուսվածքի տեսակով: Այնուամենայնիվ, հնարավոր բացատրություններից մեկն էլ այն է եղել, որ գնդակն ուղղակիորեն չի խոցել Կառլո Ջուլիանիին, այլ դիպել է միջանկյալ օբյեկտի, որը կարող էր ձևափոխել այն, և դանդաղեցնել մինչև այն կհասներ զոհի մարմնին: Այդ վարկածը կբացատրեր ելքի փոքր չափերը, ինչպես նաև այն փաստը, որ գնդակը բեկորների է բաժանվել Կառլո Ջուլիանիի գլխի մեջ:Փորձագետները հայտնել են կապարի փոքր կտորի մասին, հավանաբար գնդակից, որը հայտնաբերվել է Կառլոյի սաղավարտագլխարկի ուսումնասիրության արդյունքում: Հնարավոր չէ պնդել, արդյոք այդ բեկորն ի հայտ է եկել սաղավարտագլխարկի առջևի, թե հետևի մասից: Այն կրել է մի նյութի հետքեր, որը որպես այդպիսին գնդակի մաս չէ, այլ հանդիսանում է շինարարության ոլորտում կիրառվող նյութ: Ի հավելումն, կապարի միկրոմասնիկներ են հայտնաբերվել սաղավարտագլխարկի և՛ առջևի, և՛ հետևի մասից, հավանաբար հաստատելով այն հիպոթեզը, որը գնդակը բախման պահին կորցրել է իր պատյանի մի մասը: Փորձագետների կարծիքով հնարավոր չի եղել պարզել «միջանկյալ օբյեկտի» բնույթը, որին հավանաբար դիպել է գնդակը, այնուամենայնիվ նրանք բացառել են, որ դա կարող էր լինել կրակմարիչը, որը Կառլո Ջուլիանին պահած է եղել իր վեր պարզած ձեռքերում: Տարածությունը, որից կատարվել է կրակոցը, գերազանցել է 50-100 սանտիմետրը:«Միջանկյալ օբյեկտի» վարկածի հիման վրա իրադարձությունները վերականգնելու համար փորձագետները կատարել են փորձնական կրակոցներ և իրականացրել տեսանկարահանում և համակարգչային մոդելավորում: Նրանք եզրակացրել են, որ անհնար է պարզել գնդակի հետագիծը, քանի որ վերջինս անկասկած շեղվել է բախման արդյունքում: Օդում փշրվող քարը ցույց տվող տեսանկարահանման և ձայնագրության մեջ լսվող կրակոցի հիման վրա, փորձագետները եզրակացրել են, որ քարը կրակոցից անմիջապես հետո փշրվել է: Համակարգչային մոդելավորումը ցույց էր տալիս, թե ինչպես է վեր կրակված գնդակը խոցում Կառլո Ջուլիանիին, ցուցարարներից մեկի կողմից ջիպի վրա նետած քարին բախվելուց հետո: Փորձագետները ենթադրել էին, որ Կառլո Ջուլիանիի և ջիպի միջև հեռավորությունը մոտավորապես 1,75 մետր է եղել և որ Մ.Պ.-ն կարողացել է կրակոցն արձակելու պահին տեսնել Կառլո Ջուլիանիին:
Դիմումատուների քննությունները
Դիմումատուները ներկայացրել են 2002թ. փետրվարի 19-ին իրենց իրավաբանին ցուցարարներից մեկի` Ջ.Մ.-ի տված բացատրությունը: Ջ.Մ.-ն հայտնել է, մասնավորապես, որ Կառլո Ջուլիանին դեռ կենդանի էր ջիպի` նրա մարմնի վրայով անցնելուց հետո: Դիմումատուները նաև ներկայացրել էին կարաբինիեր Վ.Մ.-ի կողմից արված հայտարարությունը, ով հայտնել էր իրավապահ մարմինների ծառայողների մեջ տարածված պրակտիկայի վերաբերյալ, որը կայանում էր Մ.Պ.-ի կողմից օգտագործված գնդակների տիպի գնդակները ձևափոխելու մեջ` որպեսզի դիանք կարողանան ընդարձակվել և բեկորներ տալ:Վերջապես, դիմումատուները ներկայացրել են իրենց կողմից ընտրված փորձագետների երկու եզրակացությունները: Փորձագետներից մեկի` պարոն Ջենտիլեի համաձայն, գնդակն արդեն բեկորներով է եղել զոհին խոցելիս: Դրա` բեկորների բաժանվելու փաստը կարող է բացատրվել կամ արտադրական խոտանով կամ որ այն ձևափոխվել է, որպեսզի ավելի հավանական լինի դրա մասնատվելը: Փորձագետի կարծիքով, ինչևէ, այդ երկու տարբերակները հազվադեպ են հանդիպում և այդ պատճառով քիչ հավանական են, քան այն, որն առաջ է քաշվել դատախազության փորձագետների կողմից (այսինքն, որ գնդակը բախվել է միջանկյալ օբյեկտի հետ):Իրադարձությունները վերականգնելու համար դիմումատուների կողմից նշանակված մյուս փորձագետները եզրակացրել են, որ քարը ավելի հավանական է որ փշրվել է ջիպին բախվելու արդյունքում քան Մ.Պ-ի կրակած գնդակին: Տեսալսողական նյութի և հատկապես լուսանկարների հիման վրա իրադարձությունները վերականգենլու նպատակով անհրաժեշտ է պարզել լուսանկարչի հստակ դիրքը և, մասնավորապես, նրա տեսանկյունը` հաշվի առնելով նաև կիրառված սարքավորման տեսակը: Ի հավելումն, անհրաժեշտ է պարզել թե որ ժամին են կատարվել նկարները և թե ինչպես են նրանք համապատասխանում ձայնին: Դիմումատուների փորձագետները, ովքեր իրենց վերլուծությունն իրականացրել են «տեասագրության և համակարգչային մոդելավորումների» հիման վրա, մանրազնին և մանրամասն չեն վերլուծել մատչելի լուսանկարները: Քննադատվել է նաև փորձնական կրակոցներն իրականացնելու մեթոդը:Դիմումատուների փորձագետները եզրակացրել են, որ Կառլո Ջուլիանին կրակոցի արձակման պահին եղել է ջիպից մոտ երեք մետր հեռավորության վրա: Անկասկած ճակատագրական գնդակը բեկորներով է եղել, երբ խոցել է զոհին, իսկ քարին բախվելու հնարավորությունը, որը կերևար տեսագրությունում, պետք է բացառվի: Քարն այլ կերպ ձևափոխած կլիներ գնդակը և այլ հետքեր թողած կլիներ Կառլո Ջուլիանիի մարմնի վրա: Ավելին, Մ.Պ.-ն չի կրակել վերև:
Դ. Վարույթը կարճելու միջնորդությունը և դիմումատուների առարկությունը
Վարույթը կարճելու միջնորդությունը
Ներպետական քննության ավարտից հետո Ջենովայի դատախազը որոշել է միջնորդել կարճել Մ.Պ.-ի և Ֆ.Կ.-ի դեմ գործը: Դատախազը նկատել է, նախևառաջ, որ լայնամասշտաբ փոփոխություններ են կատարվել հասարակական կարգի պահպանության գործողությունների կազմակերպման մեջ 2001թ. հուլիսի 19-ի գիշերը և տեսակետ հայտնել, որ դա մասնակիորեն բացատրում է հուլիսի 20-ին ծագած խնդիրները: Ինչևէ, նա չի մանրամասնում փոփոխությունները և առաջացած խնդիրները:Դատախազը շարունակել է, նկատելով, որ դեպքերի` պարոն Լաուրոյի և կապիտան Կապելլոյի տարբերակներն իրարից տարբերվում են մեկ կետով: Մինչ առաջինը պնդել է, որ ցուցարարներին կասեցնելու համար իրավապահ մարմինների անձնակազմին Վիա Կաֆֆայի վրա տեղակայելու որոշումը կայացվել է փոխադարձ համաձայնությամբ, վերջինը պնդում է, որ դա եղել է պարոն Լաուրոյի կողմից միակողմանիորեն ընդունված որոշում` հակառակ այն ռիսկերի, որոնք բխում էին վաշտի փոքրաքանակությունից և այն փաստից, որ մարդիկ հոգնած էին:Փորձագետները համաձայնել են հետևյալ կետերի շուրջ: Երկու կրակոցներն արձակվել են պարոն Մ.Պ.-ի ատրճանակից, որոնցից առաջինը սպանել է Կառլո Ջուլիանիին: Դիտարկվող գնդակը չի բաժանվել բեկորների միայն զոհին խոցելու արդյունքում և կրակմարիչը բռնած Կառլո Ջուլիանիի լուսանկարը կատարվել է, երբ նա եղել է ջիպից մոտ երեք մետր հեռավորության վրա:Այնուամենայնիվ նրանք տարբեր կարծիքներ են արտահայտել հետևյալ կետերի շուրջ
(ա) դատախազության փորձագետների կարծիքով, Կառլո Ջուլիանին եղել է ջիպից 1,75 մետր հեռավորության վրա, երբ գնդակը խոցել է նրան (մոտ երեք մետր Ջուլիանի ընտանիքի փորձագետների կարծիքով),
(բ) Ջուլիանի ընտանիքի փորձագետների կարծիքով, կրակոցն արձակվել է մինչև տեսագրության մեջ քարի երևալը, հակառակ դատախազության փորձագետների տեսակետիՔանի որ կողմերը համաձայնել են, որ գնդակը բեկորների է բաժանված եղել մինչև զոհին խոցելը, դատախազը եզրակացրել է, որ նրանք նաև համաձայն գնդակի` բեկորների բաժանվելու պատճառների շուրջ և որ դիմումատուները կողմնակից են «միջանկյալ օբյեկտի վարկածին»: Դիմումատուների կողմից առաջ քաշված գնդակի` բեկորների բաժանվելու այլ բացատրություններ, ինչպես օրինակ գնդակի համապատասխան ձևափոխությունը կամ արտադրական խոտանը, դիմումատուներն իրենք են համարել ավելի քիչ հավանական: Այդ իսկ պատճառով դատախազի կարծիքով դրանք չեն կարող դիտվել, որպես ճշմարիտ բացատրություններ:Քննությունը երկար է տևել, մասնավորապես, որոշ դատաբժշկական եզրակացությունների ուշացումների, «մակերեսային բնույթի» դիահերձման եզրակացության և փորձագետներից մեկի` պարոն Կանտարելլայի կողմից կատարված սխալների պատճառով: Այնուամենայնիվ, նա նկարագրել է բոլոր համապատասխան հարցերը մանրամասնորեն և եկել եզրակացության, որ վեր կրակված և քարի պատճառով ձևափոխված գնդակի վերաբերյալ վարկածն «ամենահամոզիչն է»: Այնուամենայնիվ, գործի նյութերում բավարար ապացույցներ չկան որոշելու համար, թե արդյոք Մ.Պ.-ն կրակել է միայն ցուցարարներին ցրելու մտադրությամբ, թե գիտակցաբար դիմել է նրանից մեկին կամ մի քանիսին վիրավորելու կամ սպանելու ռիսկին: Կար երեք հնարավոր տարբերակ և «հարցը հստակ պատասխան երբեք չի ստանա»: Հնարավոր տարբերակները հետևյալն են.
- Կրակոցները նպատակ են հետապնդել վախեցնել ցուցարարներին և այդ պատճառով սա անզգուշությամբ մահ պատճառելու դեպք է,
- Մ.Պ.-ն կրակել է հարձակումը կանգնեցնելու համար և ընդունել է որևէ մեկին սպանելու ռիսկը: Դա կնշանակի, որ սա դիտավորյալ սպանության դեպք է
- Մ.Պ.-ն նշան է բռնել Կառլո Ջուլիանիին: Սա նույնպես նշանակում է դիտավորյալ սպանություն:
Դատախազի կարծիքով գործի նյութերում եղած ապացույցներն այնպիսին են, որ երրորդ հնարավորությունը կարող է բացառվել:Դատախազն այնուհետև համարել է, որ փաստը, որ գնդակը բախվել է քարի չի հանգեցնում Մ.Պ.-ի գործողությունների և Կառլո Ջուլիանիի մահվան միջև պատճառական կապի խզմանը: Քանի որ այդպիսի կապ առկա է, հարցն այն է, արդյոք պարոն Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում:Ապացուցվել է, որ ջիպի ուղևորների ֆիզիկական անձեռնամխելիությանը վտանգ է սպառնացել և, որ Մ.Պ.-ն «հակազդել» է վտանգի սպառնալիքի ներքո: Այդ արձագանքը պետք է ուսումնասիրվի հաշվի առնելով անհրաժեշտության և համաչափության պայմանները, որոնցից «վերջինն ավելի նուրբ հարց է»:Դատախազը պաշտպանել է այն տեսակետը, որ Մ.Պ.-ն այլ ելք չի ունեցել և չէր կարելի սպասել, որ կգործի այլ կերպ, քանի որ «ջիպը շրջապատված է եղել ցուցարարներով [և] ուղևորների նկատմամբ կիրառվել է բացահայտ և վտանգավոր ֆիզիկական ագրեսիա»: Արդարացված է եղել Մ.Պ.-ի ընկալումը, որ իր կյանքը վտանգի մեջ է: Ատրճանակը հանդիսացել է գործիք, որն ունակ է եղել կանգնեցնել հարձակումը և Մ.Պ.-ն չի կարող քննադատվել իրեն տրված սպառազինության համար: Չէր կարելի սպասել, որ նա ձեռնպահ կմնա իր զենքն օգտագործելուց և կենթարկվի իր ֆիզիկական անվտանգությանը սպառնացող հարձակման: Այդ դատողություններն արդարացնում են վարույթը կարճելու որոշումը:
Դիմումատուների առարկությունը
2002թ. դեկտեմբերի 10-ին դիմումատուներն առարկություն են ներկայացրել դատախազի` վարույթը կարճելու միջնորդության դեմ: Նրանք պնդելել են, որ դատախազական մարմիններն իրենք են ընդունել, որ քննությունը թերի է եղել և բարձրացված որոշ հարցերի հստակ պատասխան չի տրվել և մրցակցային դատավարությունն անհրաժեշտ է ճշմարտության վերհանման համար: Նրանց կարծիքով անհնար է միաժամանակ պնդել, որ Մ.Պ.-ն օդ է կրակել և որ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, մասնավորապես, քանի որ նա ասել է, որ կրակոցներ արձակելիս չի տեսել Կառլո Ջուլիանիին:Դիմումատուներն այնուհետև նկատել են, որ միջանկյալ օբյեկտի վարկածը, որոնք իրենք վիճարկում են, առաջ է քաշվել դեպքերից մեկ տարի անց և հիմնված է որևէ օբյեկտիվ ապացույցով չհիմնավորված ենթադրության վրա: Կան նաև այլ հնարավոր բացատրություններ:Դիմումատուները նաև նկատել են, որ համաձայն գործի նյութերում առկա ապացուցների, Կառլո Ջուլիանին դեռ կենդանի է եղել, երբ ջիպն անցել է նրա մարմնի վրայով: Նրանք ընդգծել են, որ դիահերձման արձանագրությունը, որի համաձայն ջիպի` մարմնի վրայով անցնելու հետևանքով լուրջ վնասվածքներ չեն պատճառվել, դատախազի կողմից որակվել է որպես մակերեսային: Նրանք քննադատել են նաև մի շարք քննչական գործողություններ կարաբինիերներին վստահելը:Դրանից հետևում է, որ Մ.Պ.-ի և Ֆ.Կ.-ի նկատմամբ պետք է դատաքննություն իրականացվի: Հակառակ դեպքում, դիմումատուները պահանջել են իրականացնել լրացուցիչ քննչական գործողություններ, մասնավորապես.
(ա) նշանակվի բժշկական փորձաքննություն, որը նպատակ ունենա պարզելու Կառլո Ջուլիանիի մահվան պատճառները և ժամը, որպեսզի մասնավորապես, պարզվի, արդյոք նա դեռ կենդանի է եղել, երբ ջիպն անցել է նրա մարմնի վրայով և ապա,
(բ) Ցուցմունք վերցվի ոստիկանության պետ պարոն Դե Ջեննարոյից և կարաբինիեր Զապպիայից, պարզելու համար, թե ազդրին զենք կրելու վերաբերյալ ինչ հրահանգներ են տրվել,
(գ) որոնվի և հայտնաբերվի այն քարը նետած անձը, որից հավանաբար շեղվել է գնդակը,
(դ) նոր ցուցմունքներ վերցվեն անձը պարզված ցուցարարներից,
(ե) ցուցմունք վերցվի կարաբինիեր Վ.Մ.-ից, ով հայտնել էր գնդակների ծայրերը կտրելու պրակտիկայի մասին (տե՛ս վերը` կետ 63),
(զ) իրականացվեն դեպքերի ժամանակ Պիացցա Ալիմոնդայիում եղած բոլոր ոստիկանների և կարաբինիերների զենքների և կրակված պարկուճների փորձաքննություններ:
Նիստը` գործը քննող դատարանում
Գործը քննող դատարանում նիստը տեղի է ունեցել 2003թ. ապրիլի 17-ին: Դիմումատուները պնդել են իրնեց փաստարկները, որ ճակատագրական գնդակը շեղված չի եղել, այլ ուղղակիորեն խոցել է զոհին: Այնուամենայնիվ, նրանք համաձայնել են, որ որևէ ապացույց չկա, որ Մ.Պ.-ն ձևափոխել էր գնդակը` դրա հարվածն ուժեղացնելու համար: Դա պարզապես վարկածներից մեկն է:Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ իր ունեցած տպավորությունը, որ «որոշ կետեր, որոնց վերաբերյալ, իր կարծիքով կողմերը, համաձայն են եղել, փաստորեն այդպես չէ, ընդհակառակը առկա են տարբերակված կարծիքներ»: Նա նշել է, որ դիմումատուների փորձագետ պարոն Ջնետիլեն համաձայնել է այն փաստին, որ գնդակը վնասված է եղել մինչև Կառլո Ջոըլիանիին խոցելը: Ավելին, պարոն Ջենտիլեն ընդունել է, որ վնասվածության հնարավոր պատճառներից մեկը հանդիսացել է, ինչ որ օբյեկտի դիպչելը կամ գնդակի ներքին խոտանը, և որ երկրորդ պաճառն ավելի քիչ հավանական է, քան առաջինը:
Ե. Գործը քննող դատավորի որոշումը
2003թ. մայիսի 5-ին քարտուղարություն մուտք արված կարգադրությամբ Ջենովայի` գործը քննող դատավորը որոշել է բավարարել դատախազի միջնորդությունը գործի վարույթը կարճելու վերաբերյալ[1]:
Փաստերի հաստատումը
Գործը քննող դատավորը հղում է կատարել անարխիստական կայքում () մի ֆրանսիացու կողմից տեղադրված անանուն էջին, որը նա վստահելի էր համարել տեսալսողական նյութերի և վկաների ցուցմունքների համատեքստում: Այդ էջում նկարագրվում էր իրավիճակը Պիացցա Ալիմոնդայում և ցուցարարների հարձակումը կարաբինիերների վրա: Հարձակումն առաջնորդել էին ցուցարարներ, որոնք կարաբինիերների վրա էին նետել ձեռքի տակ հայտնված ցանկացած իր: Նրանց հետևում էին այլ անձինք, ովքեր աղբամաններ և այլ տարաներ էին կրում` դրանք որպես շարժական բարիկադներ օգտագործելու համար: Կարաբինիերներն, իրենց հերթին, արցունքաբեր գազ են կրակել, սակայն նրանց ի վերջո ստիպել են նահանջել դեպի Պիացցա Ալիմոնդա, որտեղ նրանց ուղեկցող երկու ջիպերից մեկը շրջափակվել և շրջապատվել է ցուցարարների կողմից: Վերջիններս երկաթե ամրաններ և այլ առարկաներ թափահարելով սկսել են հարվածել ջիպին և շուտով փշվել հետնապակին: Էջի հեղինակը երկու կրակոց է լսել և կարողացել է տեսնել ջիպում գտնվող երկու կարաբինիերիներից մեկի` հրազեն բռնած ձեռքը: Երբ ջիպը հեռացել է և աղմուկը դադարել, նա տեսել է գետնին պառկած երիտասարդի` գլխի լուրջ վնասվածքով: Հեղինակը նաև նկարագրում է ցուցարարի մահվան մասին տեղեկացած որոշ ցուցարարների զայրույթը:Գործը քննող դատավորը նկատել է, որ անանուն ցուցարարի նկարագրությունը համապատասխանում է քննության եզրակացություններին, որոնց համաձայն ժամը մոտ 17-ին մի խումբ ցուցարարների հավաքվել են Վիա Կաֆֆայի վրա` Վրա Տոլեմայդեի հատման մասում, և կառուցել բարիկադներ` աղբամաններ, սուպերմարկետների սայլակներ և այլ առարկաներ օգտագործելով: Այդ բարիկադների հետևից խումբը սկսել է մեծ քանակությամբ քարեր և պինդ առարկաներ նետել կարաբինիերների անձնակազմի վրա, ովքեր սկզբնապես տեղակայված էին Պիացցա Ալիմոնդայում` Վիա Կաֆֆայի անկյունում, և սկսել են շարքով առաջ շարժվել` ցուցարարներին կանգնեցնելու համար, որոնց թիվն ավելացել էր այդ ընթացքում: Երկու ջիպեր, որոնցից մեկը վարում էր Ֆ.Կ.-ն և ներսում գտնվում էին Մ.Պ.-ն և Դ.Ռ.-ն, միացել է կարաբինիերների անձնակազմին: Այնուամենայնիվ, ցուցարարները մոլեգնաբար հարձակվել են, ստիպելով անձնակազմին նահանջել: Ջիպերը պտտվել են դեպի Պիացցա Ալիմոնդա, երբ նրանցից մեկը արգելափակվել է աղբամանով: Մի պահ անց ցուցարարները շրջապատել են մեքենան, հարվածելով դրան բոլոր հնարավոր միջոցներով և քարեր նետելով: Ինչպես երևում է գործի նյութերում առկա տեսաձայնարությունից ջիպի լուսամուտները փշրվել են քարերով, մետաղե ձողերով և փայտերով: Ջիպի վրա ցուցարարների անխնա հարձակումը «տպավորիչ» է անվանվել: Մի քանի քար դիպել է կարաբինիերների դեմքերին և գլխներին և մի ցուցարար` պարոն Մոնաին, լուսամուտներից մեկով ներս է մտցրել երկար փայտե ձող, որի արդյունքում Դ.Ռ.-ն արյունազեցումներ և քերծվածքներ է ստացել աջ ուսին:Նկարներից մեկում երևում է կրակմարիչին ոտքով հարվածող Մ.Պ.-ն: Դա է հավանաբար այն մետաղե առարկան, որը ծանր արյունազեղում է պատճառել նրա ոտքին: Հաջորդ լուսանկարներից երևում է, ջիպի պահեստային անիվի վերևում զենք բռնած ձեռքը, մինչ մի երիտասարդ (Կառլո Ջուլիանին) կռացել է գետնից կրակմարիչ վերցնելու համար` հավանաբար ջիպի հետնապակու վրա նետելու մտադրությամբ: Այդ պահին ջիպի ներսից արձակվել է երկու կրակոց և երիտասարդն ընկել է գետնին: Մինչև դեպքի վայրից հեռանալ կարողանալը ջիպը երկու անգամ անցել է նրա մարմնի վրայով:Ձեռքի տակ եղած բոլոր ապացույցները, ներառյալ Մ.Պ.-ի 2001թ. հուլիսի 20-ի ցուցմունքը (տե՛ս վերը` կետեր 34-36), վկայում են, որ Կառլո Ջուլիանիի մահը վրա է հասել Մ.Պ.-ի արձակած կրակոցներից մեկի հետևանքով: Գործը քննող դատավորը մեջբերել է ըստ էության ողջ ցուցմունքը, որում Մ.Պ.-ն խոսում է իր խուճապային վիճակի, իրեն և Դ.Ռ.-ին պատճառված վնասվածքների և այն փաստի մասին, որ զենքը բարձրացնելու պահին չի տեսել ոչ ոքի, սակայն տեղյակ է եղել հարձակվողների ներկայության մասին, քարերի շարունակական տեղատարափի պատճառով: Այդ տարբերակը համընկնում է Դ»Ռ.-ի և Ֆ.Կ.-ի, ինչպես նաև իրավապահ մարմինների անձնակազմի և այլ վկաների ցուցմունքներին: Ի հավելումն, գործի նյութերից պարզ էդառնում, որ Մ.Պ.-ն արյունազեղում և վնասվածքներ է ունեցել աջ ոտքին, ձեռքին և գանգի վերևի հատվածում, Դ.Ռ.-ն քերծվածքներ է ունեցել դեմքին և արյունազեղումներ ուսին և ոտքին, իսկ Ֆ.Կ.-ն եղել է հետտրավմատիկ խանգարման մեջ, որը բուժվում է տասնհինգ օրվա ընթացքում (տե՛ս վերը` կետեր 51-53):
«Միջանկյալ օբյեկտի» վարկածը
Գործը քնող դատավորը նկատել է, որ գործի նյութերում առկա ապացույցների համաձայն Մ.Պ.-ի արձակած առաջին գնդակն է սպանել Կառլո Ջուլիանիին: Գանգի ծոծրակոսկրից դուրս գալիս գնդակը կորցրել է իր պատյանի մի մասը, ինչպես երևում է դիահերձմանը նախորդած սքանավորումից: Այս փաստը, մուտքի և ելքի վերքերի բնութագրությունների համակցությամբ դատախազության փորձագետներին թույլ է տվել եզրակացնել, որ գնդակը, մինչև Կառլո Ջուլիանիին խոցելը, բախվել է ինչ որ օբյեկտի: Մուտքի վերքն ունեցել է շատ անկանոն ձև, իսկ ելքի վերքը փոքր է եղել: Այդպես լինում է այն դեպքերում, երբ գնդակը կորցնում է իր իներցիան և/կամ բեկորների է բաժանվում:Դիտարկվող գնդակը 9 մմ պարաբելլում է, հետևաբար` շատ հզոր: Այս փաստը, ինչպես նաև մարմնի հյուսվածքի` որի միջով այն անցել է, ցածր դիմադրողականությունը հաստատում են դատախազության փորձագետների առաջ քաշած վարկածը: Ավելին, «կապարի փոքր կտորը», որը համատեղելի է Մ.Պ.-ին տրված գնդակների հետ, հայտնաբերվել է զոհի սաղավարտագլխարկում` դրան կպած ոսկորի մասնիկներով: Դա հուշում է, որ գնդակը իր պատյանի մի մասը կորցրել է մինչև ոսկորին հարվածելը:Մոդելավորված կրակոցները բացահայտել են, որ միջանկյալ օբյեկտը, որը գնդակի բեկորների պատճառ է հանդիսացել, չէին կարող լինել ո՛չ զոհի ձեռքի կրակմարիչը և ոչ էլ ոսկորները, որոնց միջոցով գնդակն անցել է: Մյուս կողմից այն կարող էր լինել ցուցարարների կողմից ջիպի վրա նետվող բազմաթիվ քարերից մեկը: Դա կարծես թե հաստատվում է տեսաերիզով, որը ցույց է տալիս, թե ինչպես է կրակոցը հնչելու պահին քարերից մեկը օդում փշրվում: Այն փաստը, որ ձայնը և օբյեկտի փշրվելը տեղի է ունենում միաժամանակ ավելի նվազ համոզիչ է դարձնում դիմումատուների վարկածը, որը քարը փշրվել է ջիպի տանիքին հարվածելու արդյունքում: Ավելին, զոհի սաղավարտագլխարկի կապարե բեկորը շինանյութի հետքեր է կրում: Վերջապես, փորձնական կրակոցները ցույց են տալիս որ շինանյութից կազմված օբյեկտները գնդակի հարվածի արդյունքում «պայթում» են համանման ձևով, ինչը որ կարելի է դիտել տեսաերիզում և վնասում են գնդակի պատյանը: Կատարված փորձերը ցույց են տալիս, որ այդպիսի օբյեկտներն այլ կերպ են մասնատվում մեքենայի վրա նետելու արդյունքում (փոշին բարձրանում է, բեկորների բաժանվելուց հետո, այլ ոչ թե միաժամանակ, և ավելի քիչ քանակությամբ):Մ.Պ.-ի արձակած երկրորդ կրակոցը հետք է թողել Պիացցա Ալիմոնդայում գտնվեղ եկեղեցու պատին (5.3 մետր բարձրության վրա): Կառլո Ջուլիանիին դիպել է առաջին կրակոցը: Ձգաբանական փորձաքննությունները չեն կարողացել պարզել այդ գնդակի սկզբնական հետագիծը: Այնուամենայնիվ, դատախազության կողմից նշանակված փորձագետները հաշվի են առել այն փաստը, որ ջիպն ունեցել է 1.96 մետր բարձրություն, և տեսաերիզում երևացող քարը նկարահանման պահին եղել է մոտ 1.9 մետր բարձրության վրա: Այդ իսկ պատճառով նրանք կատարել են մի քանի փորձնական կրակոցներ` տեղադրելով զենքը գետնից մոտ 1.9 մետր բարձրության վրա կախված քարից մոտ 1.3 մետր հեռավորության վրա: Գնդակը շեղվել է վար և հարվածել (զենքից մոտ 1.75 մետր հեռավորության վրա գտնվող) 1.1-ից 1.8 մետր բարձրության միջև գտնվող «հավաքող տարրային»: Այդ տվյալները համապատասխանում են դեպքին ականատես որոշ ցուցարարների ցուցմունքներին, որոնց համաձայն Կառլո Ջոեւլիանին սպանվելիս մոտ երկու մետր հեռավորության վրա է եղել ջիպից: Դատախազության փորձագետներին աշխատանքն իրականացնելիս այս ցուցմունքները մատչելի չեն եղել:Հետևյալ դատողություններից բխում է, որ ինչպես եզրակացրել են դատախազությանը փորձագետները, կրակոցը արձակվել է վեր` Կառլո Ջուլիանիի վրայով, ում հասակը 1.65 մետր էր: Քարը մասնատվել է գետնից 1.9 մետր բարձրության վրա:
Մ.Պ.-ի տեսողական անկյունը
Մ.Պ.-ի տեսողական անկյունը հավանաբար սահմանափակված է եղել ջիպի պահեստային անվադողով: Այնուամենայնիվ դժվար է հստակ լինել այդ հարցում, քանի որ Մ.Պ.-ի դեմքը չի երևում գործի նյութերում առկա որևէ լուսանկարում, մինչդեռ դրանցում հստակ երևում է նրա`զենքը բռնած ձեռքը: Լուսանկարից հետևում է, այնուամենայնիվ, որ նա եղել է կիսապառկած (in posizione semidistesa) կամ գետնի վրա թեքված դիրքում, ինչպես հաստատվում է Դ.Ռ.-ի, ցուցարար Պրեդոնզանիի և Մ.Պ.-ի սեփական ցուցմունքներով: Դրանից կարելի է եզրակացնել, որ Մ.Պ.-ն ի վիճակի չի եղել տեսնել ջիպի հետևի դռան մոտ` պահեստային անվադողից ներքև եղած անձանց և կրակոցներն արձակել է ցուցարարներին վախեցնելու համար:
Մ.Պ.-ի գործողությունների իրավական որակումը
Այդպիսով վերականգնելով փաստերը, գործը քննող դատավորը տվել է Մ.Պ.-ի գործողությունների իրավական որակումը: Դատախազությունը դրա վերաբերյալ առաջ է քաշել երկու վարկած (տե՛ս վերը` կետ 72). (a) Մ.Պ.-ն այնքան վեր է օդ է կրակել, որքան կարողացել է, նպատակ ունենալով միայն վախեցնել ջիպի վրա հարձակվողներին, որի դեպքում մեղադրանքը պետք է լինի անզգուշությամբ մահ պատճառելը (omicidio colposo). (b) Մ.Պ.-ն կրակել է առանց որևէ մեկին կամ որևէ բանի նշան բռնելու` նպատակ ունենալով կանգնեցնել հարձակումը, որի դեպքում մեղադրանքը պետք է լինի «անզգույշ վարքագծի արդյունքում» կատարված դիտավորությամբ սպանությունը, քանի որ նա ընդունել է ցուցարարներից որևէ մեկի վնասվելու հնարավորությունը: Գործը քննող դատավորը պաշտպանել է այն տեսակետը, որ դատախազի կողմից ներկայացված առաջին վարկածը ճիշտ չէ: Եթե Մ.Պ.-ն կրակեր օդ այնքան վեր, որքան հնարավոր է, նրա գործողությունները պատժելի չէին լինի, Քրեական օրեսնգրքի 53-րդ հոդվածի ուժով («ՔՕ») և պատճառական կապն, ամեն դեպքում, խզված կլիներ իր հսկողությունից դուրս գտնվող անկանխատեսելի գործոնի` այն է գնդակի և միջանկյալ օբյեկտի բախման պատճառով:Մյուս կողմից, եթե դատախազության կողմից ներկայացված երկրորդ վարկածն ընդունվեր, պետք է նաև պարզվեր, արդյոք առկա է արդարացման որևէ հիմք (զենքի իրավաչափ կիրառում և/կամ անհրաժեշտ պաշտպանություն` համաձայն ՔՕ-ի 53-րդ և 52-րդ հոդվածների, տե՛ս ստորև` կետեր 142-144), որը կազատեր Մ.Պ.-ին քրեական պատասխանատվությունից և նրա արարքները կդարձներ ոչ պատժելի:
Արդյոք Մ.Պ.-ն իրավաչափ է կիրառել իր զենքը (ՔՕ-ի 53-րդ հոդված)
Գործը քննող դատավորը նախ անդրադարձել է այն հարցին, թե արդյոք զենքի կիրառումն անհրաժեշտ է եղել: ՔՕ-ի 53-ր հոդվածի համաձայն (տե՛ս ստորև` կետ 143), պետության ներկայացուցիչներն անհրաժեշտ պաշտպանության ենթատեքստում ունեն ավելի լայն իրավասություններ քան սովորական անձինք: Արդարացման այս հիմքը պայմանավորված է ոչ թե հակազդեցության` սպառնալիքին համարժեք լինելով, այլ «անհրաժեշտության» պայմանով: Նույնիսկ պետության ներկայացուցիչների համար զենքի կիրառումը ծայրահեղ միջոցն է (extrema ratio): Այնուամենայնիվ պետության ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել իրենց կանխատեսածից ավելի լուրջ հետևանքների առաջացման դեպքում, քանի որ այդպիսի ռիսկը հատուկ է հրազենին: Ընդհանուր առմամբ, ՔՕ-ի 53-րդ հոդվածը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել եթե դա անհրաժեշտ է բռնությանը դիմադրելու կամ պաշտոնական իշխանություններին ցույց տրված դիմադրությունը խափանելու համար:Մ.Պ.-ն գտնվելիս է եղել անիշխանության վիճակում, որը ծրագրված է եղել հասարակական կարգը խանգարելու համար և ուղղված կարաբինիերների դեմ, ում անվտանգությունն ուղղակիորեն վտանգված է եղել: Դրա վերաբերյալ գործը քննող դատավորը հատվածներ է մեջբերել ջիպի վրա երկու հարձակվողների ցուցմունքներից (պարոն Պրեդոնզանի և պարոն Մոնաի), մեկ անգամ ևս նկատելով, հարձակման դաժանությունը և հղում կատարելով գործի նյութերում առկա լուսանկարներին: Տուժողի վարքագիծը ագրեսիայի մեկուսի գործողություն չի հանդիսացել, այլ ջիպի վրա մի քանի անձանց կատաղի հարձակման մի մասը, ովքեր ճոճել են այն կողքերից և հավանաբար փորձել բացել հետևի դուռը: Գործի նյութերում առկա ապացույցները բացառում են հնարավորությունը, որ Մ.Պ.-ն դիտավորյալ է նշան բռնել Կառլո Ջուլիանիի վրա: Այնուամենայնիվ, նույնիսկ այդպիսի ենթադրության դեպքում, գործի մասնավոր հանգամանքներում նրա գործողություններն արդարացված կլինեին ՔՕ-ի 53-րդ հոդվածի համաձայն, քանի որ իրավաչափ է հարձակվողների ուղղությամբ կրակելը հարձակումը կանգնեցնելու համար, փորձելով սահմանափակել վնասը, օրինակ կենսական օրգաններից խուսափելով: Եզրակացության մեջ, հրազենի օգտագործումն արդարացվել էր և համարվել էր, որ հավանաբար լուրջ վնաս չէր պատճառվի, հաշվի առնելով, որ Մ.Պ.-ն «հստակորեն վեր է կրակել» և որ գնդակը խոցել է Կառլո Ջուլիանիին քանի որ շեղվել է անկանխատեսելի կերպով:
Արդյոք Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում (ՔՕ-ի 52-րդ հոդված)
Գործը քննող դատավորն այուհետև անհրաժեշտ է համարել պարզել, որդյոք Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, ինչը պասատխանատվությունից ազատելու ավելի «խիստ չափանիշ» է: Նա պաշտպանել է այն տեսակետ, որ Մ.Պ.-ն իրավացիորեն է ընկալել իր և իր գործընկերների ֆիզիկական անվտանգության ուղղված սպառնալիքը և որ այդ սպառնալիքն առկա է եղել ջիպի վրա մի խումբ անձանց և ոչ թե միայն Կառլո Ջուլիանիի հարձակման հետևանքով: Համապատասխան ենթատեքստում գնահատական տալու համար Մ.Պ.-ի հակազդեցությունը պետք է դիտարկվի այդ հարձակման հետ կապված: Գործը քննող դատավորը մերժել է տուժողի ընտանիքի կողմից առաջ քաշված վարկածը, որ Մ.Պ.-ի գլխի վնասվածքներն ավելի շուտ պատճառվել են ջիպի տանիքին տեղադրված լուսային ազդանշանի ներքին բռնակի քան ցուցարարների նետած քարերի պատճառով: Մ.Պ.-ի հակազդեցությունն անհրաժեշտ է եղել` հաշվի առնելով հարձակվողների քանակը, օգտագործած միջոցները, բռնության կայուն բնույթը, ջիպում գտնվող կարաբինիերների վնասվածքները և մեքենայի շարժիչի խափանման պատճառով հրապարակից հեռանալու բարդությունը: Եթե Մ.Պ.-ն իր ատրճանակը հանած և երկու կրակոց արձակած չլիներ հարձակումը կշարունակվեր: Կրակմարիչը, որը Մ.Պ.-ն արդեն մեկ անգամ ոտքի հարվածով դեն եր նետել, կարող էր դիպչելու դեպքում լուրջ վնաս հասցնել ջիպին, կամ ավելի վատ` դրա ուղևորներին: Ինչ վերաբերում է հարձակման և դրա հակազդեցության համաչափությանը, Վճռաբեկ դատարանը վճռել է, որ սպառնալիքի ներքո գտնվող շահերը պետք է դիտարկվեն մեղադրյալներին մատչելի միջոցների համեմատությամբ և որ հղումն անհրաժեշտ պաշտպանությանը պետք է թույլատրվի նույնիսկ եթե հարձակվողին պատճառված վնասը մի փոքր ավելի մեծ է քան մեղադրյալին սպառնացող վնասը (տե՛ս Վճռաբեկ դատարան, առաջին բաժանմունք, վճիռ թիվ 08104, 13 ապրիլի 1987թ. Կատանիա): Ավելին, հակազդեցությունը պետք է միակ հնարավոր տարբերակը լինի տվյալ իրավիճակում, այն իմաստով, որ հարձակվողին ավելի նվազ վնաս պատճառող այլ արձագանքը բավարար չի լինեի վտանգը կասեցնելու համար (տե՛ս Վճռաբեկ դատարան, առաջին բաժանմունք, վճիռ թիվ 02554, 1 դեկտեմբերի 1995թ. Պ.Մ. և Վելլինո): Եթե հարձակման ենթարկված անձի պաշտպանության միակ միջոցը հրազենն է, դրա կիրառումը պետք է սահմանափակվի անձի` այն կիրառելու որոշման ցուցադրությամբ` օդ կամ գետնին կամ հարձակվողի ուղղությամբ կրակելով, սակայն հոգ տանելով, որ չխոցվեն կենսական օրգանները, որպեսզի նրան վնաս պատճառվի, սակայն չսպանվի (տե՛ս Վճռաբեկ դատարան, 1982թ. սեպտեմբերի 20-ի վճիռ, Տոսանի): Սույն գործում Մ.Պ.-ն ունեցել է հարձակումը կասեցնելու միայն մեկ միջոց` իր հրազենը: Նա համաչափորեն է կիրառել այն, քանի որ կրակելուց առաջ կոչ է արել ցուցարարներին հեռանալ` փորձ կատարելով դադարեցնել նրանց գործողությունները: Այնուհետև նա օդ է կրակել և գնդակը, ճակատագրի ողբալի հեգնանքով, խոցել է տուժողին (per una tragica fatalità): Եթե նա ցանկանար համոզված լինել, որ իր վրա հարձակվողներին վնաս կպատճառվի, նա կրակած կլիներ ջիպի կողային պատուհանից, որի մոտ բազմաթիվ ցուցարարների էին հավաքված: Դրանից հետևում է, որ նա գործել է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակում: Հաշվի առնելով դա, քիչ նշանակություն ունի, արդյոք Մ.Պ.-ն մասնակիորեն տեսել է Կառլո Ջուլիանիին (ինչպես որ պնդում են դիմումատուների փորձագետները և ինչը հնարավոր են համարում դատախազության փորձագետները), կամ արդյոք, ինչն ավելի հավանական է թվում, նա չի տեսել նրան և կրակել է այնքան վեր, որքան որ թույլ էր տալիս իր դիրքը, գիտակցելով ռիսկը, որ կրակոցը կարող է ինչ որ մեկին դիպչել:
Ֆ.Կ.-ի դեմ ուղղված մեղադրանքները
Գործը քննող դատավորը համարել է նաև, որ գործում առկա ապացույցները բացառում են Ֆ.Կ.-ի քրեական պատասխանատվությունը, հաշվի առնելով, որ, ինչպես նշվել է դատական բժիշկների կողմից, Կառլո Ջուլիանիի մահն անկասկած վրա է հասել ատրճանակի կրակոցից րոպեներ անց: Տուժողի մարմնի վրայով ջիպի անցնելը միայն արյունազեղումներ է առաջացրել: Ամեն դեպքում, հաշվի առնելով ջիպի շուրջ խառնաշփոթ իրավիճակը, Ֆ.Կ.-ն չի կարողացել տեսնել Կառլո Ջուլիանիին կամ նկատել, որ նա ընկել է գետնին:
Դիմումատուների` գործի քննությունը շարունակելու պահանջների մերժումը
Գործը քննող դատավորը մերժել է հետագա քննչական գործողություններ ձեռնարկելու բոլոր դիմումատուների պահանջը (տե՛ս վերը` կետ 79): Մերժման պատճառները կարող են ամփոփվել հետևյալ կերպ.
(ա) ինչ վերաբերում է դատաբժշկական փորձաքննության պահանջին, որը պետք է պարզի, արդյոք Կառլո Ջուլիանին դեռ կենդանի է եղել, երբ ջիպն անցել է նրա մարմնի վրայով, (տե՛ս վերը` կետ 79(a)), արդեն իսկ իրականացվել են մանրազնին ստուգումներ: Ավելին, տուժող կողմերին հնարավորություն է տրվել իրենց ընտրած փորձագետին նշանակել դիահերձմանը մասնակցելու համար, սակայն նրանք չեն օգտվել այդ հնարավորությունից: Ի հավելումն, տուժողի մարմինը դիակիզվել է նրա մահվանից հազիվ երեք օր անց, այդպիսով անհնար դարձնելով ցանկացած հետագա հետազոտություն:
(բ) Ինչ վերաբերում է ոստիկանության պետ Դե Ջնեարոյին և երկրորդ լեյտենանտ Զապպիային այն տեսակի «ազդրակապով պատյանների», որից Մ.Պ.-ն հանել էր զենքը, (տե՛ս վերը` կետ 79(b)) օգտագործման իրավաչափության վերաբերյալ հարցաքննությանը, հստակ է, որ հասարակական կարգի պահպանությանն ուղղված հրահանգները կարող էին լինել միայն ընդհանուր բնույթի և չէին կարող վերաբերել ծառայողների վրա ուղղակի հարձակումների անկանխատեսելի իրավիճակներին: Ավելին, սույն գործում էական նշանակություն չունի թե ինչ կերպ էր Մ.Պ.-ն կրում զենքը, հաշվի առնելով, որ նա կարող էր իրավաչափորեն կիրառել իր զենքը անկախ այն հանգամանքից թե որտեղ էր նա այն կրում կամ որտեղից է հանել:
(գ) Գնդակի ուղղությունը շեղած քարը նետած անձի ինքնությունը պարզելու ցանկացած փորձ (տե՛ս վերը` կետ 79(c)) դատապարտված է անհաջողության, քանի որ իրական չէ պատկերացնել, որ ցուցարարը հետևել է իր քարի հետագծին այն նետելուց հետո: Ամեն դեպքում անհնար կլիներ համապատասխան անձին պարզելը և նրա ցուցմունքը որևէ ազդեցություն չէր ունենա դատավորի տիրապետած տեխնիկական եզրակացությունների վրա:
(դ)Բացարձակապես որևէ նպատակի չէր ծառայի ցուցարարներ Մոնաիի և Պրեդոնզանիի հետագա քննությունը` ջիպի ներսում կարաբինիերների վարքի, մեքենայի շրջապատում ցուցարարների թվի, մեքենայում գտնվող զենք պարզած անձի, Կառլո Ջուլիանիի դիրքի կամ ջիպի կոտրված ապակիների թվի վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 79(d)): Այդ վկաները ցուցմունք են տվել դեպքերից անմիջապես հետո, երբ վերջինները դեռ թարմ էին իրենց հիշողության մեջ: Ցուցմունքները պարունակում են չափազանց հստակ մանրամասներ, որոնք հաստատվել են գործի նյութերում առկա տեսաերիզներով և լուսանկարներով: Վերջապես, էական չէ պարզել քանիսն է ջիպի ապակիներից կոտրվել, քանի որ անվիճելի է, որ աջ կողմի որոշ պատուհաններ և հետնապակին փշրվել են,
(ե) ԱՆհրաժեշտ չէ ցուցմունք վերցնել պարոն Դ’Աուրիայից, որը հավանաբար պետք է հաստատի որ Պիացցա Ալիմոնդայում, հակառակ Մ.Պ.-ի հայտնածօ, «Մոլոտովի կոկտեյլներ» չեն նետվել, կամ պարզել որքան հեռու է եղել պարոն Դ’Աուրիան այն լուսանկարը կատարելիս, որը դատախազության փորձագետներն օգտագործել են ձգաբանական փորձաքննություն կատարելիս: Վերոհիշյալ լուսանկարն ընդամենը սկզբնակետ է հանդիսացել Կառլո Ջուլիանիի դիրքի սահմանման համար, որը որոշվել է հրապարակի անշարժ տարրերի նկատմամբ անձանց դիրքերից: Ավելին, Մ.Պ.-ն երբևէ չի պնդել, որ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետվել Պիացցա Ալիմոնդայում: Նա ուղղակի ասել է, որ վախենում էր, որ դրանք կարող են լինել,
(զ) Ինչ վերաբերում է սերժանտ մայոր Պրիմավերայի վկայությունը լսելուն, այն բանի մասին, թե երբ է ջիպի հետևի դռան ապակին փշրվել, լուսանկարներից հստակորեն երևում է, որ այն տեղի է ունեցել կրակոցներն արձակելուց բավականին առաջ և որ կրակոցները չեն եղել լուսամուտի փշրվելու պատճառը: Եթե նույնիսկ վկան, որին դիմումատուները ցանկանում են որպեսզի կանչվի, այլ կերպ է ընկալել իրադրությունը, դա չէր փոխելու այդ եզրակացությունները:
(է) Պիացցա Ալիմոնդայում երկու կարաբինիերների, ում սաղավարտները սարքավորված էին տեսախցիկներով, նկարահանած տեսաերիզներն արդեն գործի նյութերում են,
(ը)Կարաբինիեր Վ.Մ.-ի` գնդակների ծայրերը կտրելու պրակտիկայի վերաբերյալ (տե՛ս վերը` կետ 79(e)) հարցաքննության արդյունքում որևէ ձեռքբերում չէր լինի: Կարող էր ենթադրվել, որ այլ սխալ պրակտիկան տարածված չէր: Ամեն դեպքում օբյեկտիվ փորձերի վրա հիմնված ձգաբանական եզրակացություններն արդեն մատչելի էին: Որևէ բան չէր վկայում այն մասին, որ Մ.Պ.-ն կիրառել է վերը հիշատակված պրակտիկան, հաշվի առնելով, որ նրա ատրճանակի պահունակում հայտնաբերված մնացած գնդակները նորմալ են եղել,
(թ) Անվիճելի է, որ ջիպին վնասը պատճառվել է դրա վրա նետված քարերով և այլ կոշտ առարկաներով: Այդ պատճառով մեքենայի տեխնիկական զննություն նշանակելու անհրաժեշտություն չկա,
(ժ) Առգրավված կրակված պարկուճների փորձաքննությունները, որպեսզի պարզվի թե որ զենքից են դրանք կրակվել (տե՛ս վերը` կետ 79(f)), «որևէ արդիական նպատակի չէր ծառայի», քանի որ կասկած չկա, որ ճակատագրական գնդակն արձակվել է Մ.Պ.-ի զենքից: Դա են հաստատում Մ.Պ.-ի ցուցմունքները և փորձագիտական եզրակացությունների արդյունքները:
Քննչական որոշ գործողություններ կարաբինիերներին հանձնարարելու որոշումը
Գործը քննող դատավորը չի ընդունել դիմումատուների իրավաբանների քննադատությունն այն հանգամանքի վերաբերյալ, որ անտեղի է քննության որոշ դրվագներ կարաբինիերներին վստահելը և մեծ թվով վկաների` կարաբինիերների ներկայությամբ քննելը: Դատավորը նկատել է, որ Պիացցա Ալիմոնդայի դեպքերը վերականգնվել են գործի նյութերում առկա բազմաթիվ տեսանյութերի և լուսանկարների հիման վրա և մասնակիցների ցուցմունքները և բոլոր հնարավոր սցենարները դիտարկվել են:Վերը նշված նկատառումների լույսի ներքո Ջենովայի` գործը քննող դատավորը գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում է ընդունել:
Զ. Խորհրդարանական հետաքննությունը
2001թ. օգոստոսի 2-ին Սենատի և Դեպուտատների պալատի խոսնակները որոշել են, որ խորհրդարանի երկու պալատների սահմանադրական հարցերի հանձնաժողովների կողմից պետք է հետաքննություն իրականացվի (indagine conoscitiva) Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ: Այդ նպատակով ստեղծվել է խորհրդարանական տարբեր խմբեր ներկայացնող հանձնաժողով`կամված խարհրդարանի տասնութ անդամներից և նույն թվով սենատորներից (խորհրդարանական հանձնաժողով): 2001թ. օգոստոսի 8-ին խորհրդարանական հանձնաժողովը լսել է կարաբինիերների գեներալ հրամանատարի վկայությունը: Վերջինս հայտնել է, մասնավորապես, որ 4,673 լրացուցիչ զորք և 375 մասնագիտացված կարաբինիերներ են տեղափոխվել Ջենովա` տեղական 1,200-անոց զորակազմին աջակցելու համար: Ջենովայում ներկա ծառայողների միայն 27%-ն է հանդիսացել զինվորական ծառայություն իրականացնող օգնական կարաբինիեր (հասարակական կարգի պահպանության գործողություններում այդ թիվը սովորաբար 70% է): Օգնական կարաբինիերների մեծ մասը ինը կամ տաս ամսվա ծառայողներ են եղել և արդեն տեղակայված են եղել համանման իրավիճակներում: 2001թ. ապրիլի սկզբին ողջ անձնակազմը, որը պետք է տեղակայվեր Ջենովայում, անցել է հասարակական կարգի պաշտպանության գործողությունների և ստանդարտ սպառազինության կիրառման ուսուցում: Անց են կացվել թիմային վարժություններ և կազմակերպվել են սեմինարներ կապված պոտենցիալ սպառնալիքների որոշման և քաղաքի հատակագծի վերաբերյալ: Բոլոր տեղակայվածներն ունեցել են պաշտպանիչ սաղավարտներ, ոստիկանական վահաններ, մահակներ, գազային դիմակներ և մարմնի առավել խոցելի հատվածները պաշտպանող զրահաբաճկոններ: Յուրաքանչյուր կարաբինիեր ունեցել է ատրճանակ (pistola d’ordinanza) և վաշտերին հատկացվել են մեծ քանակությամբ արցունքաբեր նռնակներ: Ի հավելումն հատուկ մեքենաների (օրինակ շարժական արգելափակոցներով սարքավորված մեքենաներ` կարմի գոտին պաշտպանող անշարժ արգելափակոցներն ամրապնդելու համար) եղել նաև 100 զրահապատ մեքենաներ և 226 պաշտպանիչ ցանցերով մեքենաներ: Համաձայն կարաբինիերների գլխավոր հրամանատարի հուշագրի, 928 հոգուց կազմված էլիտար ուժերը (aliquota scelta) Մեծ ութնյակի գագաթնաժողովից առաջ Վալլետրիում անցել են և տեսական (ամբոխի և ընդդիմադիր խմբերի հոգեբանություն, հասարակական կարգի պահպանման տեխնիկաներ, արտակարգ իրավիճակների կառավարում) և՛ պրակտիկ (ֆիզիկական ակտիվություն, տարբեր միջոցների, նյութերի և սպառազինության կիրառում, ավարտական վարժանքներ հետագա հաշվետվությամբ) ուսուցում: Մնացած զորքերն անցել են եռօրյա ուսուցում հասարակական կարգի պահպանման տեխնիկաների հետ կապված: Քառասունութ սպաներ մասնակցել են տեղեկատվական սեմինարի այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսին է Ջենովա քաղաքի հատակագիծը: 2001թ. սեպտեմբերի 5-ին խորհրդարանական հանձնաժողովը լսել է Հռոմի ոստիկանության սպա պարոն Լաուրոյի վկայությունը, ով մասնակցել էր Ջենովայում հանային կարգի պահպանության գործողություններին (տե՛ս վերը` կետ 34): Պարոն Լաուրոն հայտնել է, որ կարաբինիերները հանդերձավորված են եղել բարձրախոսներով, որոնք նրանց հնարավորություն էին տալիս արագորեն հաղորդակցվել միմյանց հետ: Երբ նրան խնդրել են բացատրել, թե ինչու ջիպերին բավականաչափ մոտ գտնվող (տասնհինգից քսան մետր) իրավապահ մարմինների ծառայողները չեն միջամտել, պարոն Լաուրոն պատասխանել է, որ մարդիկ ծառայություն էին իրականացնում առավոտից և օրվա ընթացքում մասնակցել էին մի քանի բախման: Նա ավելացրել է որ իրադարձությունների ժամանակ չի նկատել, որ այնտեղ կարաբինիերների և ոստիկանների խումբ է եղել, ովքեր կարող էին միջամտել: Ինչ վերաբերում է երկու ջիպերի գործառույթներին պարոն Լաուրոն բացատրել է, որ նրանք ժամը 16-ի մոտ նոր զինամթերք էին բերել և հեռացել, ապա մոտ մեկ ժամից վերադարձել էին, որ տեսնեն, թե գուցե ինչ որ մեկը վիրավորվել է: Պարոն Լաուրոն ասել է, որ նա է շտապ օգնություն կանչել Կառլո Ջուլիանիի համար, քանի որ դեպքի վայրում բժիշկ չի եղել: 2001թ. սեպտեմբերի 20-ին խորհրդարանական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել, որում ներկայացված են եղել հետաքննության վերաբերյալ դրա անդամների մեծամասնության եզրակացությունները: Փաստաթուղթը վերաբերել է Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի կազմակերպմանը, գագաթնաժողովի շուրջը եղած քաղաքական ենթատեքստին և բողոքի շարժումներին, ինչպես նաև համանման դեպքերին աշխարհում, նաև բազմաթիվ հանդիպումներին, որոնք տեղի են ունեցել Ջենովայի սոցիալական ֆորումը կազմող հաստատությունների և միավորումների ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով կանխել հասարակական կարգի խախտումները և ցուցարարներին տեղավորելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերել: Հակառակ երկխոսությանը, բողոքի շարժմանը չի հաջողվել մեկուսացնել «մոտ 10 000» ագրեսսիվ տարրերին, որոնց թվում պետք է առանձնացնել Սև բլոկը և ամբոխի մեջ թաքնվող «օպորտունիստական» անձանց: Գործողությանը մասնակցել են իրավապահ մարմինների տասնութ հազար ծառայողներ: Եղել են մոտ 2,000 պատվիրակներ և 4,750 հավատարմագրված լրագրողներ: ցուցարարների թիվը հասել է տասնյակ հազարների (եզրափակիչ ցույցին մասնակցել է 100,000 հոգի): Իրավապահ մարմինների համակարգման և ուսուցման սեմինարները (Լոս Անջելեսի ոստիկանությունից վերապատրաստողների մասնակցությամբ) տեղի են ունեցել 2001թ. ապրիլի 24-ին և հունիսի 18-ին և 19-ին: Շահագրգիռ մարմինները, չնայած անթույլատրելի հապաղումից հետո, պրակտիկ վարժանքներ են սկսել: Վարչական մարմիններն ուսումնասիրություն են իրականացրել ոչ մահացու սպառազինության (ներառյալ ռետինե գնդակները), մասնավորապես ուսուցման նպատակով այցելել արտասահմանյան ոստիկանական ուժեր: Իտալիայի իշխանությունները տեղեկացված են եղել, որ արտասահմանի անարխիստական շրջանակներից Սև բլոկի ցուցարարներն ամենայն հավանականությամբ ժամանելու են Ջենովա: Այլ երկրների ոստիկանական ուժերի հետ շփումների արդյունքում որոշում է ընդունվել կասեցնել Շենգենյան համաձայնագրի կիրառումը 2001թ. հուլիսի 13-ից 21-ն ընկած ժամանակահատվածում: Հուլիսի 14-ից հետո Իտալիայի սահմաններին իրականացվել են ստուգումներ որոշ ցուցարարների երկիր մուտք գործել թույլատրելու և բռնի տարրերի մուտքը կանխելու համար: Միևնույն ժամանակ, 2001թ. հուլիսի 12-ի հրամանով, Գենովայի քվեստորը սահմանել է քաղաքի այն շրջանները, որտեղ պետք է տեղի ունենային գագաթնաժողովը և ցույցերը և տվել յուրաքանչյուր շրջանում ձեռնարկվելիք անվտանգության միջոցառումների մանրամասն վերկուլություն: Խորհրդարանական հանձնաժողովն այնուհետև ուսումնասիրել է 2001թ. հուլիսի 19-ին, 20-ին և 21-ին իրավապահ մարմինների և ցուցարարների միջև տեղի ունեցած տարբեր բռնի միջադեպերը և բախումները (մասնավորապես դպրոցներից մեկում իրականացված ստուգման ընթացքում, որը բնութագրվել է հանձնաժողովի կողմից որպես «կազմակերպական և գործառնական ձախողման հավանաբար ամենաակնհայտ օրինակը»): Կառլո Ջուլիանիի մահվանը հատուկ հղում կատարելով` հանձնաժողովը նկատել է, որ կարաբինիերն արձակել է ճակատագրական կրակոցը, մինչ տուժողը փորձում էր նրա ուղղությամբ կրակմարիչ նետել: Կարաբինիերը, որի մասին խոսվում է, դրանից առաջ հարված էր ստացել գլխին մեկ այլ ցուցարարի կողմից: Հաշվի առնելով, որ քրեական գործի քննությունն ընթացքի մեջ է, հանձնաժողովը որոշել է կենտրոնացնել իր վերլուծությունը «ողբերգությունը ծնած ընդհանուր իրավիճակի վրա», մասնավորապես, դիտարկելով իրավապահ մարմինների անձնակազմի, դրանց հրամանատար սպաների և կառավարման կենտրոնների միջև գործած հաղորդակցման համակարգը, տարբեր շրջանների միջև համակարգման միջոցառումների ուսումնասիրելու համար: Հանձնաժողովը նկատել է նաև, որ կյանքի կորստի «հիմնարար պատճառը» եղել է «ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացված անմիտ բռնությունը, ինչը վտանգել է նրանց քրեական գործողություններում ներգրավված երիտասարդ մարդկանց կյանքը»: Հանձնաժողովի կարծիքով Մեծ ութնյակի ընդհանուր արդյունքը դրական էր: Չնայած գործողությունների համակարգման նկատված որոշ թերություններին, չպետք է մոռանալ, որ իրավապահ մարմինները բախվել են 6,000-9,000 բռնություն կիրառող անձանց, ովքեր չեն մեկուսացվել խաղաղ ցուցարարների կողմից (հանձնաժողովը նշել է, Ջենովայի սոցիալական ֆորումի խաղացած «կրկնակի խաղի» մասին): Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցը եզրափակվում է հետևյալ կերպ.
«Հանձնաժողովը .... կրկնում է, որ բռնությունը քաղաքական գործողության գործիք չէ և չպետք է լինի և որ օրենքի գերակայությունը ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքն է: Միևնույն ժամանակ այն վճռականորեն շեշտում է, սեփական մտքերն արտահայտելու սահմանադրական սկզբունքների անձեռնամխելիությունը և հարգանքն անհատի նկատմամբ, նույնիսկ, եթե չասենք` հատկապես, եթե նա կալանքի տակ է ձերբակալության հետևանքով և նաև քաղաքացիների և հասարկական կարգի անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունը: Եթե քրեական կամ կարգապահական խախտումներ հադիսացող գործողությունները հաստատվել են, [հանձնաժողովը] ցանկանում է, որպեսզի դատական իշխանությունները և իրավասու վարչական մարմինները հայտնաբերեն մեղավորների և պատժեն նրանց գործողությունները:»
Կառավարությունը Դատարանին է ներկայացրել այն նիստերի սղագրությունները, որոնց ընթացքում հանձնաժողովը լսել է Ներքին գործերի նախարարին, Հանրային անվտանգության վարչության գլխավոր տնօրենին և հարկային ոստիկանության գլխավոր հրամանատարին: 2001թ. սեպտեմբերի 20-ին մի խումբ խորհրդարանականներ կոչ են արել կառավարությանը բացատրել, թե ինչու են հասարակական կարգի պաշտպանության նպատակով տեղակայված ծառայողները սպառազինված եղել մարտական փոմփուշտներով, այլ ոչ թե ռետինե գնդակներով: Խորհրդարանականները պաշտպանել են վերջիններիս կիրառումը, պնդելով, որ դրանք առանձին դեպքերում հաջողությամբ կիրառվել են այլ երկրներում: Կառավարության խոսնակը պատասխանել է, որ օրենսդրությունը դրա վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում, ավելին, ապացուցված չէ, որ ռետինե գնդակները նույնպես լուրջ վնասվածքներ չեն պատճառում տուժողին: Վերջապես, նա ասել է, որ ներկայումս դիտարկվում է ոչ մահաբեր զենքերի ներմուծման հնարավորությունը: 2006թ. հունիսի 22-ին դիմումատուները դիմել են վարչապետի գրասենյակ և Պաշտպանության նախարարություն Կառլո Ջուլիանիի մահվան հետևանքով իրենց կրած վնասի փոխհատուցման համար: Կառավարությունը բացատրել է, որ դիմումը մերժվել է այն հիմքով, որ քրեական դատավարության արդյունքում պարզվել է, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նույն պատճառով Մ.Պ.-ի նկատմամբ կարգապահական քննություն չի իրականացվել:
Է. «Քսանհինգի դատավարության» արդյունքում կայացված որոշումը
Առաջին ատյանի դատավճիռը
2008թ. մարտի 13-ին Ջենովայի շրջանային դատարանը հրապարակել է քսանհինգ ցուցարարների, որոնց առաջադրվել էին մեղադրանքներ 2001թ. հուլիսի 20-ին կատարված մի շարք հանցագործություններով (ներառյալ չարամտությամբ վնաս պատճառելը, գողություն, գույքի ոչնչացում, հրկիզում և իրավապահ մարմինների ծառայողների դեմ բռնի գործողություններ), դատավարության արդյունքում 2007թ. դեկտեմբերի 14-ին կայացված դատավճռի պատճառաբանությունները: Դատավարության ժամանակ, որի ընթացքում 144 նիստ է հրավիրվել, շրջանային դատարանն, ի թիվս այլոց, լսել է մեծաթիվ վկաների ցուցմունքները, ուսումնասիրել հարուստ տեսալսողական նյութ: Շրջանային դատարանն, ի թիվս այլոց, որոշել է, որ կարաբինիերների հարձակումը Tute Bianche երթի մասնակիցների վրա կամայական և անօրինական է եղել: Երթն արտոնագրված է եղել և ցուցարարները կարաբինիերների դեմ որևէ նշանակալի բռնության գործողություն չեն իրականացրել: Հարձակումն իրականացվել է հարյուրավոր անձանց նկատմամբ, ովքեր որևէ վնաս չեն պատճառել և ցրվելու հրաման չի տրվել: Հետագա հարձակումը նույնպես կամայական և անօրինական է եղել: Դրան ցրվելու հրաման չի նախորդել, հրամանը չի տրվել դրա իրավասությունն ունեցող սպայի կողմից և այն անհրաժեշտ չի եղել: Կիրառված մեթոդները նույնպես անօրինական են եղել: Կարաբինիերներն արցունքաբեր գազով նռնակներ են կրակել կրծքավանդակի բարձրությամբ, բազմաթիվ ցուցարարների վնասվածքներ են պատճառվել ոչ կանոնադրական մահակներով, և զրահապատ մեքենաները տապալել են բարիկադները և մայթով հետապնդել ամբոխին` վնաս պատճառելու հստակ մտադրությամբ: Կարաբինիերների գործողությունների ապօրինի և կամայական բնույթն արդարացնում է արցունքաբեր գազ կիրառելիս և երթի վրա հարձակվելիս ցուցարարների ցույց տված դիմադրությունը: Նրանց դիմադրությունն արդարացված է եղել նաև նրբանցքներում մինչև 15:30 տեղի ունեցած բախումների ընթացքում` մինչև այն պահը, երբ կարաբինիերները ենթարկվել են կանգ առնելու և երթը շարունակել թույլ տալու հրամանին: Դատարանի կարծիքով, մեղադրյալների գործողությունները իրավապահ մարմինների ծառայողների կամայական գործողությունների «անհրաժեշտ արձագանքն» են հանդիսացել 1944թ. թիվ 288 օրենսդրական դեկրետի 4-րդ հոդվածի իմաստով.
«Քրեական օրենսգրքի 336-րդ, 337-րդ, 338-րդ, 339-րդ, 341-րդ, 342-րդ և 343-րդ հոդվածները [որոնք պատժելի են դարձնում իրավապահ մարմինների ծառայողներին դիմադրության տարբեր արարքները] կիրառելի չեն, եթե այդ հոդվածներում ամրագրված հանցագործությունները կատարվել են պետության ներկայացուցչի կամ հանրային իշխանություն իրականացնելու իրավասություն ունեցող անձի կամայական գործողություններով այդ իշխանության սահմանազանցման պատճառով»
Շրջանային դատարանը որոշել է նյութերը փոխանցել դատախազությանը, այն հիմքով, որ պարոն Մոնդելլիի և իրավապահ մարմինների երկու այլ ծառայողների ցուցմունքերը (այն մասին, որ հարձակումն անհրաժեշտ է եղել ցուցարարների ցուցաբերած ագրեսիային դիմադրելու համար) չեն համապատասխանում փաստերին: 15:30-ից հետո, չնայած ցուցարարները դեռ կարող էին ունենալ վիրավորանքի և անարդարության զգացում, նրանց վարքագիծն այլևս պաշտպանողական չէր այլ ուղղորդվում էր վրեժի ցանկությամբ: Այդ պատճառով էլ այն արդարացված չէ և պատժելի է: Հարձաումը, որի հրամանը տվել էր ոստիկանության սպա Լազուրոն, որը նախաձեռնել էր նաև Պիացցա Ալիմոնդայի դեպքերը, չի եղել ոչ կամայական և ոչ էլ ապօրինի: Արդյունքում, ցուցարարների կատաղի արձագանքը, որը հանգեցրել էր կարաբինիերների հետապնդմանը և ջիպի վրա հարձակմանը, չի կարող դիտվել, որպես պաշտպանողական արձագանք: Ջիպում գտնվող կարաբինիերները կարող էին վախենալ, որ կենթարկվեն լինչի դատաստանի: Այն փաստը, որ նրանց շրջապատած ցուցարարները > չունեին, և հետևաբար չէին կարող այրել մեքենան, գործոն է, որը կարող է գնահատվել հետահայաց: Ջիպի ուղևորներին չի կարելի մեղադրել խուճապի մեջ ընկնելու համար: Կառլո Ջուլիանին սպանվելիս հավանաբար եղել է ջիպից չորս մետր հեռավորության վրա: Մ.Պ.-ն հայտնել է, որ նա կարող էր տեսնել միայն մեքենայի ներսում տեղի ունեցածը: Կրակոցն արձակելիս նա պառկած էր` ոտքերը մեքենայի հետևի դռան ուղղությամբ պարզած: Նա քաշել էր Դ.Ռ.-ին իր վրա և չէր կարող տեսնել սեփական ձեռքը: Նա չի կարող ասել, արդյոք այն ջիպից դուրս էր, թե ներս: Ամեն դեպքում նա վեր է կրակել: Շրջանային դատարանի վճռում նշվում են Կառլո Ջուլիանիի դիահերձումն իրականացրած Մարկո Սալվիի կողմից արված հայտարարությունները: Պարոն Սալվին պնդել է, մասնավորապես, որ ճակատագրական գնդակի հետագիծը վկայում է ուղիղ կրակոցի մասին և որ տուժողի մարմնում եղած մետաղյա բեկորը չափազանց դժվար է եղել հայտնաբերել: Սքաների ցույց տված բեկորը (տե՛ս վերը` կետ 60) «պետք է չափազանց փոքր եղած լինի»: Փորձագետները փորձել են որոշել դրա տեղադրությունը ուղեղի հյուսվածքի միջոցով բաժին առ բաժին (per piani), չնայած վերջինս վնասվել էր և արյունով լցվել: Որքան շատ են փորձագետներն աշխատել, այնքան ավելի է վնասվել հյուսվածքը: Հաշվի առնելով, որ բեկորը գնդակ չի եղել և անօգտակար է եղել ձգաբանության նպատակներով, փորձագետներն այն աննշան մասնիկ են համարել (un particolare irrilevante) և չեն շարունակել իրենց որոնումը:
Վերաքննիչ դատարանի դատավճիռը
Մեղադրյալներից քսանչորսը բողոքարկել են առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 2009թ. հոկտեմբերի 9-ին կայացված դատավճռում, որը գրասենյակին է հանձնվել 2009թ. դեկտեմբերի 23-ին, Ջենովայի վերաքննիչ դատարանը մասնակիորեն հաստատել է շրջանային դատարանի մեղադրական դատավճիռը, ավելացրել է պատիժների մի մասը և հայտարարել որոշ հանցագործությունների հետապնդման վաղեմության ժամկետն անցնելու մասին: Tute Bianche երթի վրա կարաբինիերների հարձակման վերաբերյալ Վերաքննիչ դատարանը հիմնականում հաստատել է Շրջանային դատարանի տեսակետը: Այն նկատել է, որ կարաբինիերները բախվել են մոտ 10,000 մասնակիցներով երթի հետ` կառավարման կենտրոնի կողմից նրանց հայտնած երթուղու պատճառով: Երթի առաջամասը կամ «շփման խումբը», կազմված էր մոտ քսան անձանցից` հիմնականում խորհրդարանի անդամներից, քաղաքապետերից, մշակույթի գործիչներից և լրագրողներից: Նրանց հետևում իրար միացված օրգանական ապակուց պաշտպանական միջոցների շարք էր: Դրանց հետևում էին «թափորի գլուխը»` կազմված սաղավարտներով և ուսերի և ձեռքերի պահպանականերով հանդերձավորված ցուցարարներից: Երթը չի հանդիպել բախման որևէ դեպքի և ուղղակի անցել է երկու կիլոմետր առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Պաշտպանիչ հանդերձանքը ցույց էր տալիս, որ թեև նրանք բութ գործիքներ չէին կրում, սակայն պատրաստ էին հնարավոր բախումներին: Այդպիսի հանգամանքներում դժվար է հասկանալ, թե ինչու են սպաներ Բրունոն և Մոնդելլին որոշել հարձակվել երթի վրա: Նրանք այդպիսի հրաման չեն ստացել, ընդհակառակը` նրանցից պահանջել են խուսափել ցուցարարների ճանապարհը հատելուց: Հարձակման վերաբերյալ տեղեկությունը կառավարման կենտրոնում ընդունվել է կշտամբանքի բացականչություններով: Կարաբինիերները կանչվել են Մարասսիի բանտ, որտեղ իրավապահ մարմինների ծառայողները մարտնչում էին Սև բլոկի հարձակման դեմ: Հետևաբար, երբ նրանք հանդիպել են երթին, նրանք փորձել են մաքրել խաչմերուկը և թունելը, որի միջով ցանկանում էին անցնել: Համաձայն անկողմնակալ և հետևաբար արժանահավատ համարվող մի լրագրողի վկայության, Սև բլոկին պատկանող երիտասարդները, որոնք գալիս էին երթի մասնակիցների հակառակ ուղղությամբ քարեր են նետել կարաբինիերների վրա: Դրա հետևանքով պարոն Բրունոն արցունաբեր գազով կրակելու հրաման է տվել: Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ չնայած կարաբինիերների հարձակումն անօրինական է եղել, նրանք հարկադրված են եղել միջամտել Սև բլոկի ցուցարարների կողմից իրականացվող բռնի գործողություններին, ովքեր ավելի վաղ թալանել էին քաղաքի այլ հատվածներ և այն փաստով, որ խաչմերուկը, որը նրանց հարկավոր էր հատել, զբաղեցրել էր ամբոխը, իսկ թունելը արգելափակված էր բարիկադներով: Վերաքննիչ դատարանի կարծիքով Շրջանային դատարանն իրավացիորեն անօրինական է համարել կարաբինիերների հետևյալ գործողությունները.
(ա) արցունքաբեր գազը կրծքավանդակի բարձրությամբ կրակելը,
(բ) ցրվելու հրաման չտալը երթի մասնակիցներին, ովքեր անհանգստություն չէին պատճառում և ովքեր կարող էին միայն հետագայում` Պիացցա Վերդիի մոտ, մտնել կարմիր գոտի
(գ) անզեն ցուցարարներից կազմված արտոնված խաղաղ երթի վրա հարձակումը: Այն դեպքում, երբ Սև բլոկը լուրջ անկարգություններ էր կատարում քաղաքում որևէ այլ վայրում, որևէ ապացույց չկա, որ երթի մասնակիցները «պաշտպանում էին» նրանց, այն է նրանք թաքնվել էին երթում վանդալիզմի արարքներ կատարելուց առաջ կամ հետո: Ավելին, կամայականությունները դրսևորվել են հետևյալ ձևերով` ոչ կանոնադրական մահակների (manganelli) օգտագործումը (կպչուն ժապավենով փաթաթված փայտի կամ մետաղի կտորներ, որոնք կարող են լուրջ կտրվածքներ և արյունահոսություն պատճառել), զրահապատ մեքենանաերի կիրառումը ցուցարարների մեջ «ասպատակություններ» կատարելու նպատակով, նրանցից ոմանց մայթերով մեծ արագությամբ հետապնդելը (Վերաքննիչ դատարանը նկատել է, որ մեքենաները բավականաչափ անվտանգ արգելակներ չունեին և որ նրանցից մեկը հետապնդում էր ցուցարարներից մեկն զիգզագի ձևով, կարծես թե փորձելով վրաերթի ենթարկել նրան), չափից մեծ վնասվածքների պատճառումը և ցուցարարներին, լրագրողներին և շտապ օգնության մեքենայի վարորդին ծեծելը: Անօրինական և կամայական հարձակումը հանգեցրել է ցուցարարների հակազդեցությանը, որը պատժելի չէ 1944թ. թիվ 288 օրենսդրական դեկրետի 4-րդ հոդվածով նախատեսված արդարացման հիմքերի տեսանկյունից: Այնուամենայնիվ կարաբինիերների նահանջելուց և զրահապատ մեքենաների` շարքից դուրս գալուց հետո ցուցարարներն այլևս վտանգի մեջ չէին:: Այդ իսկ պատճառով մեքենայի և դրա ուղևորների վրա հարձակումը հանդիսացել է ոչ թե պաշտպանական, այլ վրիժառության գործողություն: Այդ պահից ի վեր Tute Bianche-ի հայտարարությունը միավորվելու և բողոքելու իրենց իրավունքի մասին և նրանց կողմից իրականացված բռնության և վանդալիզմի գործողությունները, ներառյալ զրահապատ մեքենային հասցված վնասը, հանդիսանում են քրեական հանցագործության: Վերաքննիչ դատարանը հաստատել է Շրջանային դատարանի դիրքորոշումը, որ չնայած իրենց բռնի արձագանքին, ցուցարարները վեղավոր չեն չարամտորեն վնաս պատճառելու հանցագործության մեջ: Պատճառված վնասն աննշան է եղել և առաջացել է կարաբինիերների դեմ որպես պաշտպանություն օգտագործված օբյեկտներից (ավտոմեքենաներ և աղբամաններ): Ի տարբերություն Սև բլոկի, Tute Bianche-ը դուրս չի եկել փողոց այն հանրային կամ մասնավոր գույքի ոչնչացնելու մտադրությամբ, որը խորհրդանշում է այն համակարգը որին իրենք հակադրվում են: Վնասը սահմանափակվել է փոքր շրջանով, որում տեղի է ունեցել դիմադրությունը և, ընդհանուր առմամբ, դադարել է կարաբինիերների նահանջից հետո: Չնայած «տագնապին», փաստը, որ առաջին շարքերի ցուցարարները պաշտպանիչ վահանակներ են կրել, չէր կարող ենթադրություն ծնել, որ նրանք բռնության գործողություններ կիրառելու մտադրություն են ունեցել:
Ը. Կողմերի ներկայացրած տեսալսողական նյութերը
Դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրել են մեծ ծավալի տեսալսողական նյութեր: Կառավարության և դիմումատուների ներկայացրած խտասկավառակները 2010թ. հունիսի 28-ին և հուլիսի 9-ին, համապատասխանաբար, Մեծ պալատի դատավորները դիտել են 2010թ. սեպտեմբերի 27-ին (տե՛ս վերը` կետ 9): Դրանցք ցույց են տալիս 2001թ. հուլիսի 20-ին Ջենովայում տեղի ունեցած ցույցերի մի քանի փուլեր, ինչպես նաև Կառլո Ջուլիանիին սպանած կրակոցին նախորդած և հաջորդած պահերի կադրեր: Երևում են նաև ցուցարարների կողմից կիրառված բռնությունները (քարեր նետելը, իրավապահ մարմինների աշխատակիցների վրա հարձակումները, փողոցում և ոստիկանության և կարաբինիերների մեքենաների դեմ իրականացված վանդալիզմը) և իշխանություններին վերագրվող բռնությունները: Որոշ տեսաերիզներից երևում է, թե ինչպես են ոստիկանության զրահապատ մեքենաները մեծ արագությամբ մայթերի երկայնքով հետապնդում ցուցարարներին և ինչպես են ոստիկանները ծեծում գետնին պառկած ցուցարարներին: Դիմումատուների խտասկավառակը պարունակում է նաև հատվածներ պարոն Լաուրոյի ցուցմունքից և հեռուստատեսությամբ ցուցադրված Մ.Պ.-ի հարցազրույցից:
Թ. Կառավարության ներկայացրած վարչական փաստաթղթերը
Կառավարությունը բազմաթիվ փաստաթղթեր է ներկայացրել ոստիկանությունից, Ներքին գործերի նախարարությունից և Դեպուտատների պալատից: Սույն գործին վերաբերող փաստաթղթերում նշվում է հետևյալը.
- 2001թ. փետրվարի 6-ին Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության դեպարտամենտը շրջաբերական է արձակել բոլոր քվեստորներին (questori) հիշեցնելով նրանց, մասնավորապես, որ արցունքաբեր գազ կրակելը պետք է դիտվի որպես «ծայրահեղ միջոց առանձնապես լուրջ իրադրությունների հետ գործ ունենալիս, որոնք այլ կերպ չեն կարող կառավարվել»
- Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության դեպարտամենտը պատրաստել է «տեղեկատվական ձեռնարկ ոստիկանության անձնակազմի համար», որը պարունակում է վարքագծի հիմնական սկզբունքները Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում
- 2001թ. հուլիսի 17-ին` Մեծ ութնյակի գագաթնաժողովի նախօրեին, Ներքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Դեպուտատների պալատում «Ջենովայում հասարակական կարգի վիճակի վերաբերյալ»
- 2001թ. հուլիսի 23-ին նույն նախարարը ելույթ է ունեցել խորհրդարանում «Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած լուրջ միջադեպերի մասին»
- 2001թ. հուլիսի 30-ին և 31-ին Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության դեպարտամենտը զեկույցներ է ներկայացրել 2001թ. հուլիսի 21-ին ցուցարարների կողմից զբաղեցված դպրոցում իրականացված խուզարկության և ոստիկանության բաժանմունքում, ուր անձինք էին կալանքի տակ առնվել, իրավապահ մամինների իրականացրած գործողությունների վերաբերյալ: Ոստիկանության մի քանի ծառայողների և քվեստորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել,
- 2001թ. օգոստոսի 6-ին միջշրջանային ոստիկանության վարչությունը ոստիկանության պետին է փոխանցել Ջենովայի քվեստուրայում (questura) իրականացված վարչական ստուգման արդյունքները, որը որոշակի կազմակեպական խնդիրներ էր վեր հանել Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում և վերլուծել իրավապահ մարմիններին մեղսագրվող տասներեք «պոտենցիալ պատժելի միջադեպեր», որոնք ի հայտ են եկել մատչելի տեսալսողական նյութերից: Միջադեպերից ոչ մեկը կապված չէ Մ.Պ.-ի կողմից ուժի կիրառման հետ: Կառավարությունը ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության դեպարտամենտի 2010թ. հոկտեմբերի 4-ի ծառայողական գրությունը, որի համաձայն մոտ 18,000 իրավապահ ծառայողներ են տեղակայվել Ջենովայում` Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում: Մասնավորապես, պետությունը ներգրավել է 14,102 «օգնական ուժեր»` ներառյալ 11,352 «ոստիկանական ծառայողներ» (ոստիկանության աշխատակիցներ, կարաբինիերներ, հարկային և անտառային ոստիկաններ և բանտային ծառայողներ) և զինված ուժերի 2,750 անդամներ: 11,352 «ոստիկանական ծառայողներից» 128-ը պատկանել են էլիտար զորամիավորների, իսկ 2,510 ոստիկաններ և 1,980 կարաբինիերներ պատկանել են «արագ արձագանքման միավորներին» (reparti mobile)` կազմված հասարակական կարգի պահպանության գործողությունների համար հատուկ վերապատրաստված և հանդերձավորված անձնակազմից: Հասարակական անվտանգության դեպարտամենտը նշել է, որ 2001թ. մարտից ի վեր կազմակերպվել է վերապատրաստման ծրագիր, որը հատկապես նպատակաուղղված է եղել Մեծ ութնյակի պահպանությանը մասնակցող անձնակազմին, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների հարգման սկզբունքների վրա հիմնված հասարակական կարգի կառավարման ապահովմանը (այսինքն վերապատրաստման դասընթացների մասնակիցներին հիշեցնում են, որ ուժի կիրառումը ծայրահեղ միջոց է): Առաջադեմ վերապատրաստման սեմինարներ են կազմակերպվել, որոնք բացահայտել են Մեծ ութնյակի գագաթնաժողովի նման իրադարձությունների դինամիկան:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ Եւ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. «Արդարացման հիմքերը»
Քրեական օրենսգիրքը («ՔՕ») նախատեսում է իրավիճակներ (cause di giustificazione կամ scriminanti) որոնց դեպքում անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից և օրենքով հանցագործություն համարվող արարքը դիտվել ոչ պատժելի Արդարացման հնարավոր հիմքերը ներառում են զենքի իրավաչափ կիրառումը և անհրաժեշտ պաշտպանությունը
Զենքի իրավաչափ կիրառումը
ՔՕ-ի 53-րդ հոդվածը սահմանում է, որ պատիժ չի կարող կիրառվել
«պետության ներկայացուցչի նկատմամբ, ով իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս զենք կամ ֆիզիկական ներգործության այլ միջոցներ է կիրառել կամ հրամայել է կիրառել, եթե նա ստիպված է եղել անել դա բռնի գործողությունը կանխելու կամ իշխանություններին դիմադրելու փորձին խոչընդոտելու համար: Ամեն դեպքում նա պատասխանատվություն չի կրում, եթե այդպիսի գործողությունը ձեռնարկվել է այնպիսի հանցավոր գործողությունները կանխելու համար, որոնք կարող էին հանգեցնլ զանգվածային սպանությունների, նավաբեկության, ջրհեղեղի, ավիացիոն կամ երկաթուղային աղետի, դիտավորյալ սպանության, ավազակային հարձակման կամ առևանգման ... Օրենքը սահմանում է այլ դեպքեր, երբ զենքի կամ ֆիզիկական ներգործության այլ միջոցների կիրառումը թույլատրված է»
Անհրաժեշտ պաշտպանությունը
ՔՕ-ի 52-րդ հոդվածը սահմանում է, որ պատիժ չի կարող կիրառվել
«հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե նրանք հարկադրված են եղել այդպես վարվել իրենց կամ ուրիշների իրավունքներն իրական վտանգից կամ անօրինական հարձակումից պաշտպանելու համար, պայմանով, որ պաշտպանիչ հակազդեցությունը համաչափ է եղել հարձակմանը»
Անփութությամբ սահմանազանցումը
ՔՕ-ի 55-րդ հոդվածի համաձայն անհրաժեշտ պաշտպանության կամ զենքի իրավաչափ կիրառման դեպքերում, inter alia, երբ արարքը կատարած անձն անփութությամբ (colposamente) անցել է օրենքով կամ իրավասու մարմինների կողմից սահմանված կամ անհրաժեշտությամբ թելադրված սահմանները, նրա գործողությունները պատժելի են օրենքով անփութության համար նախատեսված չափով:
Բ. Հասարակական անվտանգությունը կարգավորող դրույթները
1931թ. հունիսի 18-ի Հասարակական անվտանգության օրենսգրքի (թիվ 773) (Testo Unico) 18-24-րդ հոդվածները կարգավորում են հասարակական վայրերում կամ հանրության համար բաց հավաքները և ժողովները: Հավաքը կարող է դադարեցվել, եթե այն վտանգում է հասարակական կարգը կամ անվտանգությունը, կամ եթե կատարվում են իրավախախտումներ: Մինչև այն դադարեցնելը իրավապահ մարմինները պետք է պահանջեն մասնակիցներին ցրվել: Պահանջին չենթարկվելու դեպքում պետք է երեք պաշտոնական զգուշացում տրվի: Դրանց չենթարկվելու կամ դիմադրության դեպքում, դեպքում ոստիկանները կամ կարաբինիերները հրամայում են ուժի գործադրմամբ ցրել հավաքը կամ ժողովը: Հրամանն իրականացվում է ոստիկանության և զինված ուժերի կողմից` իրենց համապատասխան ավագ սպաների հրամանատարության ներքո: Ցրվելու հրամանին չենթարկվելը պատժվում է ազատազրկմամբ` մեկ ամսից մինչև մեկ տարի ժամկետով կամ 30-ից 413 եվրո տուգանքով:
Գ. Զենքի կիրառումը կարգավորող նորմերը
2001թ. փոտրվարին Ներքին գործերի նախարարությունը քվեստորներին արձակել է հրաման, որն ընդհանուր դրույթներ է պարունակում արցունքաբեր գազի և մահակների (sfollagente) կիրառման վերաբերյալ: Այդպիսի սպառազինության կիրառման հստակ և հատուկ հրամանը պետք է տրվի ծառայության պետի կողմից` քվեստորի հետ խորհրդակցելուց հետո: Անձնակազմը պետք է տեղեկացված լինի: Ավելին, 1991թ. հոկտեմբերի 5-ի նախագահական թիվ 359 հրամանը սահմանում է «հասարակական անվտանգության մարմիններին և ոստիկանությանը հատկացվող զենքերը որոշելու չափանիշները»: Հրամանը պարունակում է ստանդարտ կերպով հատկացվող տարբեր զենքերի նկարագրություն (10-32-րդ հոդվածներ) տարբերակելով «անձնական զենքերը» և «կոլեկտիվ զենքերը»: Անձնական զենքերը ներառում է ատրճանակը, որը հատկացվում է անձին իր ծառայության ժամկետ ընթացքում (3-րդ հոդված 2-րդ կետ): Նա պետք է պահի զենքը, ապահովի դրա սարքինությունը, բոլոր դեպքերում և միշտ պահպանի անվտանգության կանոնները և մասնակցի իշխանությունների կազմակերպած հրաձգության վարժանքներին (6-րդ հոդվածի 1-ին կետ): 32-րդ հոդվածի համաձայն իշխանությունները «կարող են թմրեցնող զենք տրամադրել» (proiettili narcotizzanti) և որ անհրաժեշտ և հրատապ իրադրություններում Ներքին գործերի նախարարությունը կարող է լիազորել ad hoc վերապատրաստում անցած ոստիկաններին կիրառել հատկացվող ստանդարտ զենքերից տարբերվող զենքեր, պայմանով որ դրանք ստուգվել են և չեն գերազանցում ստանդարտ զենքերի վնաս պատճառելու ունակությունը (հոդված 37): Վերը հիշատակված հրամանն այնուհետև սահմանում է, որ ստանդարտ տրվող զենքերը պետք է համապատասխան և համաչափ լինեն հասարակական կարգը և անվտանգությունը պաշտպանելու պահանջներին, հանցագործությունների կանխմանը և այլ ինստիտուցիոնալ նպատակների (հոդված 1):
Դ. Տուժող կողմի իրավունքները նախնական քննության ընթացքում և դատախազի կողմից գործը կարճելու միջնորդությունից հետո
Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 79-րդ հոդվածի համաձայն տուժող կողմը կարող է դիմել քննությանը որպես քաղաքացիական հայցվոր ներգրավվելու համար նախնական նիստից հետո: Վերջինս այն նիստն է, որը հրավիրվում է դատավորի կողմից որոշելու համար, թե արդյոք մեղադրյալը պետք է ենթարկվի դատաքննության: Նախնական նիստից առաջ, կամ եթե այդպիսի նիստ տեղի չի ունեցել գործն ավելի վաղ փուլում կարճելու հետևանքով, տուժող կողմը կարող է օգտվել որոշ իրավունքներից: ՔԴՕ համապատասխան դրույթները սահմանում են՝
Հոդված 90
«Տուժող կողմն օգտվում է օրենքով հատկապես իր համար նախատեսված իրավունքներից և լիազորություններից և, ավելին, կարող է դատաքննության ցանկացած փուլում ներկայացնել միջնորդություններ և, բացառությամբ վճռաբեկության կարգով քննության, պահանջել ճանաչել ապացույց»:
Հոդված 101
«տուժող կողմը կարող է ներկայացուցիչ նշանակել իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների իրականացման համար... »
Հոդված 359 կետ 1
«դատախազի կողմից փորձաքննություն կամ հատուկ գիտելիքներ պահանջող այլ տեխնիկական գործողություն նշանակելիս նա կարող է նշանակել... փորձագետ: Վերջինս չի կարող հրաժարվել համագործակցելուց»:
Հոդված 360
«1. Երբ հոդված 359-ում նշված փորձաքննությունները ... վերաբերում են անձանց, առարկաների կամ վայրի, որոնք կարող են փոփոսխություների ենթարկվել, դատախազն անհապաղ տեղյակ է պահում մեղադրյալին, տուժողին և իրավաբաններին փորձագետների խորհրդակցության անցկացման ամսաթվի, ժամի և վայրի և փորձագետներ նշանակելու հնարավորության մասին
...
3. Նշանակված իրավաբանները կամ փորձագետներն իրավունք ունեն մասնակցել փորձագետների խորհրդակցությանը, մասնակցել փորձաքննություններին, կատարել դիտողություններ և հայտնել վերապահումներ»
Հոդված 392
«1. Նախնական քննության ընթացքում դատախազը և մեղադրյալը կարող են դիմել դատարան ապացույցների անհապաղ հետազոտման համար ...
2, Դատախազը և մեղադրյալը կարող են նաև պահանջել նշանակել դատաբժշկական փորձաքննություն եթե այդպիսի փորձաքննությունը, դատաքննության ընթացքում նշանակվելու դեպքում կհանգեցնի դատավարության` ավելի քան 60 օր հետաձգմանը... :»
Հոդված 394
«1. Տուժողը կարող է դիմել դատախազին` խնդրելով ապացույցների անհապաղ հետազոտման միջնորդություն ներկայացնել:
2. Դատախազի կողմից այդպիսի դիմումը մերժելու որոշումը պետք է հիմնավորվի և տրամադրվի տուժող կողմին»
Դատախազն իրավունք չունի կարճել գործի վարույթը: Նա կարող է այդ անելու միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորին: Տուժող կողմը կարող է առարկել միջնորդության դեմ: ՔԴՕ-ի համապատասխան դրույթները սահմանում են հետևյալը.
Հոդված 409
«1. Բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հոդված 410-ում նշված առարկություն, դատարանի կողմից գործի վարույթը կարճելու դիմումը բավարարելու դեպքում դատարանն այդ մասին կայացնում է պատճառաբանված որոշում և գործի նյութերը վերադարձնում դատախազությանը...
2. [գործի վարույթը կարճելու] միջնորդության մերժման դեպքում, դատարանը նշում է դռնփակ նիստի ամսաթիվը և տեղեկացնում, համապատասխանաբար, դատախազին, մեղադրյալին և տուժողին: Դատավարությունն իրականացվում է հոդված 127-ին համաձայն: Փաստաթղթերը պահվում են գրասենյակում մինչև նիստի օրը և պաշտպանը կարող է ստանալ դրանց պատճենները
.....
4. Նիստից հետո, եթե դատարանն անհրաժեշտ է համարում լրացուցիչ քննչական գործողությունների իրականացումը, դատարանը կայացնում է որոշում մանրամասնելով այդ գործողությունները և սահմանելով դրանց իրականացման ժամկետները
5. 4-րդ կետում սահմանված հանգամանքների բացակայության և դատարանի կողմից գործի վարույթը կարճելու միջնորդությունը մերժելու դեպքում, դատարանը կայացնում է որոշում` հանձնարարելով դատախազին տասնօրյա ժամկետում կազմել մեղադրական եզրակացություն ...
6. Գործը վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում միայն 127-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված անվավերության հիմքով [մասնավորապես դռնփակ դատական նիստերին վերաբերող դատավարական դրույթների խախտման դեպքում]»
Հոդված 410
«1. Գործի վարույթը կարճելու միջնորդության դեմ առարկելիս տուժող կողմը պետք է պահանջի շարունակել քննությունը, նշելով հետագա քննության և համապատասխան ապացույցների ներգրավման պահանջի նպատակը, ինչը չկատարելու դեպքում առարկությունը համարվում է անընդունելի:
2. Առարկությունն անընդունելի և մեղադրանքներն անհիմն համարելու դեպքում դատարանը կայացնում է գործի վարույթը կարճելու մասին որոշում և վերադարձնում է գործի նյութերը դատախազությանը:...»
Ե. Հուղարկավորությունը և դիակիզումը
ՔԴՕ-ի հոդված 116-ի կիրառվող դրույթները վերաբերում են մահվան դեպքերի քննությանը, եթե հիմքեր կան կասկածելու որ տեղի է ունեցել հանցագործություն: Հոդվածը սահմանում է.
«Եթե կա կասկած, որ անձը մահացել է հանցագործության արդյունքում, դատախազը պետք է ստուգի մահվան պատճառը և անհրաժեշտ համարելու դեպքում պատվիրի դիահերձում` օրենսգրքի 369-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի համաձայն կամ դիմի ապացույցների անհապաղ հետազոտման համար...
... հուղարկավորությունը չի կարող կատարվել առանց դատախազի որոշման:»
1990թ. սեպտեմբերի 10-ի թիվ 285 նախաահական հրամանի 79-րդ հոդվածը սահմանում է, որ դիակիզման թույլատվությունը պետք է տրվի դատական մարմնի կողմից, եթե մահը վրա է հասել հանկարծակի կամ կասկածելի հանգամանքներում:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. Միացյալ ազգերի կազմակերպության հիմնական սկզբունքները իրավապահ մարմինների կողմից ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ
Այդ սկզբունքների համապատասխան մասերը (ՄԱԿ-ի սկզբունքներ), որոնք ընդունվել են 1990թ. սեպտեմբերի 7-ին Հավանայում` հանցավորության կանխարգելման և իրավախախտների հետ վերաբերմունքի մասին Միացյալ ազգերի կազմակերպության ութերորդ համագումարի կողմից, սահմանում են հետևյալը
«1. Կառավարությունները և իրավապահ մարմինները պետք է նորմեր և կանոնակարգեր ընդունեն և կիրառեն իրավապահ մարմինների կողմից մարդկանց դեմ ուժի և հրազենի կիրառման վերաբերյալ: Այդպիսի ներմեր և կանոնակարգեր մշակելիս Կառավարությունները և իրավապահ մարմինները պետք է մշտապես հսկողության ներքո պահեն ուժի և հրազենի կիրառման հետ կապված էթիկական հարցերը:
2. Կառավարությունները և իրավապահ մարմինները պետք է մշակեն միջոցների հնարավորինս լայն շարք և սպառազինեն իրավապահ մարմինների ծառայողներին զենքերի և զինամթերքի տարբեր տեսակներով, որոնք ուժի և հրազենի կիրառման տարբերակված հնարավորություն կընձեռեն: Դրանք պետք է ներառեն մարտունակությունից զրկող ոչ մահացու զենքերի մշակումը համապատասխան իրավիճակներում օգտագործելու համար, նպատակ ունենալով աստիճանաբար սահմանափակել մահ կամ վնասվածքներ պատճառելու ունակ զենքերի կիրառումը: Նույն նպատակով իրավապահ մարմինների ծառայողները պետք է հնարավորություն ունենան սպառազինվելու ինքնապաշտպանական սապառազինությամբ ինչպիսիք են վահանները, սաղավարտները, զրահաբաճկոնները և զրահապատ տրանսպորտային միջոցները` որևէ տեսակի զենքի կիրառման կարիքը նվազեցնելու համար:
...
9. Իրավապահ ծառայողները չպետք է մարդկանց դեմ հրազեն կիրառեն, բացառությամբ իրենք իրենց կամ ուրիշներին մահվան կամ լուրջ վնասվածքի անմիջական վտանգից պաշտպանելու, կյանքին սպառնացող առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը կանխելու, այդպիսի վտանգ ներկայացնող և նրանց դիմադրող անձին ձերբակալելու և նրա փախուստը կանխելունպատակով և միայն երբ ավելի ծայրահեղ միջոցները բավարար չեն այդ նպատակներին հասնելու համար: Ամեն դեպքում, հրազենը կարող է դիտավորյալ մահաբեր կիրառվել երբ հստակորեն անխուսափելի է` կյանքի պաշտպանության համար:»
9-րդ սկզբունքով սահմանված հանգամանքներում իրավապահ մարմինների ծառայողները պետք է ներկայանան որպես այդպիսին և հստակ զգուշացնեն հրազեն կիրառելու իրենց մտադրության վերաբերյալ, զգուշացումը կատարելու բավարար ժամանակով, եթե այդ անելը չափազանց մեծ վտանգ կստեղծի իրավապահ մարմինների ծառայողների համար կամ կառաջացնի այլ անձանց մահվան կամ լուրջ վնասվածքի վտանգ կամ հստակորեն անտեղի և աննպատակ է այդ իրադարձության պայմաններում:Իրավապահ մարմինների ծառայողների կողմից հրազենի կիրառման նորմերը և կանոնակարգերը պետք է ներառեն ուղենիշներ, որոնք՝
Ա. Մասնավորեցնում են այն հանգամանքները, որոնց դեպքում իրավապահ մարմինների ծառայողներն իրավասու են հրազեն կրել և սահմանում զենքի և զինամթերքի թույլատրելի տեսակները
Բ. Ապահովում են, որ հրազենը կիրառվի միայն համապատասխան հանգամանքներում և ոչ անհրաժեշտ վնասի ռիսկը նվազեցնող ձևով
Գ. Արգելում են անհիմն վնասվածքներ պատճառող կամ անհիմն վտանգ ստեղծող հրազենի և զինամթերքի կիրառումը
Դ. Կարգավորում են հրազենի հսկողությունը, պահումը և տրամադրումը, ներառյալ իրավապահ մարմինների ծառայողների` իրնեց տրված հրազենի և զինամթերքի հաշվետվողականությունն ապահովող ընթացակարգերը
Ե. Նախատեսել համապատասխան դեպքերում հրազեն կիրառելիս զգուշացումների կատարումը,
Զ. Նախատեսել իրավապահ մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարելիս հրազեն կիրառելու դեպքերի զեկուցման համակարգ
...
18. Կառավարությունները և իրավապահ մարմինները պետք է ապահովեն, որ իրավապահ մարմինների բոլոր ծառայողները ընտրված լինեն պատշաճ ընտրության ընթացակարգերով, ունենան համապատասխան բարոյական, հոգեբանական և ֆիզիկական որակներ իրենց գործառույթների արդյունավետ իրականացման համար և ստանան շարունակական և հիմնարար պրոֆեսիոնալ ուսուցում: Նրանց` այդ գործառույթներն իրականացնելու շարունակական պիտանիությունը պետք է լինի պարբերաբար ստուգումների ենթարկվի:
19. Կառավարությունները և իրավապահ մարմինները պետք է ապահովեն, որ իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն ապահովված լինեն ուսուցմամբ և ստուգված ուժի կիրառման համապատասխան հմտությունների ստանդարտներով: Իրավապահ մարմինների այն ծառայողները, որոնցից պահանջվում է զենք կրել, պետք է դրա իրավունքն ունենան միայն հատուկ վերապատրաստում անցնելուց հետո:
20. Իրավապահ մարմինների ծառայողներին վերապատրաստելիս Կառավարությունը և իրավապահ մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն այնպիսի հարցերի, ինչպիսիք են ոստիկանության էթիկաա և մարդու իրավունքները` հատկապես նախնական քննության ընթացքում, ուժի և հրազենի կիրառման այլընտրանքները, ներառյալ կոնֆլիկտների խաղաղ կարգավորումը, ամբոխի վարքի ըմբռնումը և համոզման, բանակցության և միջնորդության մեթոդները, ինչպես նաև տեխնիկական միջոցները` նպատակ ունենալով սահմանափակել ուժի և հրազենի կիրառումը: Իրավապահ մարմինները պետք է վերանայեն իրենց ուսուցման ծրագրերը և գործառնական ընթացակարգերը կոնկրետ միջադեպերի լույսի ներքո:
... »
Բ. Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) զեկույցը
CPT-ն Իտալիա է այցելել 2004թ.: Դրա` 2006թ. ապրիլի 17-ի զեկույցի համապատասխան մասում նշվում էր հետևյալը.
«14. Դեռ 2001թ. CPT-ն երկխոսություն է սկսկել Իտալիայի իշխանությունների հետ Նեապոլում (2001թ. մարտի 17-ին) և Ջենովայում (2001թ. հուլիսի 20-22) տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ: Իտալական իշխանությունները շարունակել են տեղեկացնել կոմիտեին իրավապահ մարմինների վատ վերաբերմունքի հետ կապված բողոքներով իրականացված գործողությունների մասին: Այդ ենթատեքստում իշխանությունները այցի ընթացքում ընթացող դատական և կարգապահական քննությունների ցուցակ են նախապատրաստել
CPT-ն ցանկանում է պարբերաբար տեղեկացվել վերը հիշատակված դատավարությունների ընթացքի մասին: Ավելին, այն ցանկանում է մանրամասն տեղեկություններ ստանալ ապագայում նմանատիպ իրավիճակների կրկնությունը կանխելու ուղղությամբ իտալական իշխանությունների կողմից իրականացված միջոցառումների մասին (որոնք որպես կանոն վերաբերում են հասարակական կարգի պահպանության լայնամասշտաբ գործողություններին, օպերատիվ անձնակազմի ուսուցմանը և վերահսկողությանը և տեսչական համակարգի մշտադիտարկմանը:)
15. 2000թ. կատարված այցելության վերաբերյալ զեկույցում CPT-ը խորհուրդ է տվել իրավապահ մարմինների ծառայողների ուսուցման հետ կապված միջոցներ ձեռնարկել, մասնավորապես, հղում կատարելով մարդու իրավունքների սկզբունքների կիրառմանը և՛ նախնական, և՛ ընթացիկ գործնական ուսուցման ժամանակ, այնպիսի բարձր ռիսկայնություն ունեցող իրավիճակների կառավարման վերաբերյալ, ինչպիսիք են կասկածյալների կալանքը և հարցաքննությունը: Իտալիայի իշխանություններն իրենց պատասխանում ուղղակի ընդհանուր անդրադարձել էին իրավապահ մարմինների ծառայողների ուսուցման «մարդու իրավունքների» կոմպոնենտին: CPT-ն ցանկանում է ստանալ ավելի մանրամասն և թարմացված տեղեկատվություն այս հարցի վերաբերյալ...»
Գ. Միացյալ ազգերի կազմակերպության Խոշտանգումների դեմ կոմիտեի (CAT) ներկայացրած փաստաթղթերը
Կառավարությունը ներկայացրել է փաստաթղթեր, որոնք ամփոփում են CAT-ի նկատառումները Մասնակից պետությունների կողմից Միացյալ ազգերի կազմակերպության «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն ներկայացրած զեկույցների վերաբերյալ: Իտալիայի կողմից ներկայացված չորրորդ պարբերական զեկույցի մի մասը (2004թ. մայիսի 4) վերաբերում է «Ջենովայի իրադարձություններին» (կետեր 365-395): Այն հիմնված է հիմնականում խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի քանի պարբերության վրա (տե՛ս վերը` կետեր 113-116): CAT-ը դիտարկել է Իտալիայի չորրորդ պարբերական զեկույցը իր 762-րդ և 765-րդ ժողովներւոմ, որոնք տեղի են ունեցել 2007թ. մայիսի 4-ին և 7-ին և իր 777-րդ և 778-րդ ժողովների արդյունքում ընդունել եզրակացություններ և հանձնարարականներ պարունակող մի փաստաթուղթ: CAT-ի զեկույցի համապատասխան մասը սահմանում է.
«Ուսուցումը
15. Հանձնաժողովը գնահատում է Մասնակից պետության կողմից ներկայացրած մանրամասն տեղեկություններն իր իրավապահ մարմինների ծառայողների, քրեակատարողական անձնակազմի, սահմանապահների և զինված ուժերի ուսուցման վերաբերյալ: Այնուամենայնիվ, Կոմիտեն ափսոսում է ոչ բռնի միջոցների օգտագործան, ամբոխի վերահսկողության և ուժի և հրազենի կիրառման ուսուցումների վերաբերյալ տեղեկատվության պակասի համար: Ի հավելումն, Կոմիտեն ափսոսում է, որ բացակայում է մատչելի տեղեկատվությունը իրավապահ մարմինների ծառայողների և սահմանապահների համար անցկացված ուսուցման ազդեցության վերաբերյալ և թե որքան արդյունավետ են եղել ուսուցողական ծրագրերը խոշտանգումների և վատ վերաբերմունքի միջադեպերը նվազեցնելու առումով: (հոդված 10)
Մասնակից պետությունը պետք է կրթական ծրագրեր մշակի և կիրառի, որպեսզի ապահովի, որ
Ա) Իրավապահ մարմինների բոլոր ծառայողները, սահմանապահները և CPT-ում և CPTA-ում աշխատող անձնակազմը ամբողջապես տեղյակ են Կոնվենցիայի դրույթներից, որ խախտումները չեն քաջալերվելու և հետաքննվելու են, իսկ իրավախախտները` հետապնդվելու, և
Բ) Իրավապահ մարմինների բոլոր ծառայողները համապատասխանաբար հանդերձավորված և ուսուցանված են ոչ բռնի միջոցներ կիրառելու համար և ուժ և հրազեն միայն ծայրահեղ դեպքերում կիրառելու համար, երբ դա խիստ անհրաժեշտ է և համաչափ: Դրա հետ կապված Իտալական իշխանությունները պետք է մանրակրկիտ վերանայեն ոստիկանության առկա պրակտիկան, ներառյալ իրավապահ մարմինների ծառայողների ուսուցումը և տեղակայումը ամբոխի հսկողության նպատակով և իրավապահ մարմինների ծառայողների կողմից ուժի և հրազենի կիրառման կանոնակարգումը:
Ավելին, Կոմիտեն հանձնարարում է, որ բոլոր համապատասխան անձնակազմերը հատուկ ուսուցում անցնեն, թե ինչպես ճանաչեն խուշտանգումների և վատ վերաբերմունքի նշանները և որ 1999թ. Ստամբուլի արձանագրությունը (Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արդյունավետ քննության և փաստաթղթավորման վերաբերյալ ձեռնարկ) հանդիսանա բժիշկների ուսուցման բաղկացուցիչ մասը
Ի հավելումն, Մասնակից պետությունը պետք է մշակի և կիրառի խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի նվազեցման վերաբերյալ ուսուցման / կրթական ծրագրի արդյունավետության և ազդեցության գնահատման մեթոդաբանությունը:
...
Վատ վերաբերմունքը և անհամաչափ ուժի գործադրումը
17. Կոմիտեն մտահոգությամբ նկատում է իրավապահ մարմինների ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և վատ վերաբերմունքի շարունակվող մեղադրանքները: Դրա վերաբերյալ Կոմիտեն, մասնավորապես, անհանգստացած է Նեապոլում (2001թ. մարտին) Երրորդ գլոբալ ֆորումի ենթատեքստում, Ջենովայում (2001թ. հուլիսին) Մեծ ութնյակի գագաթնաժողովի և Վալ դի սուսայում (2005թ. դեկտեմբերին) իրավապահ մարմինների ծառայողների կողմից ցուցերի ընթացքում կիրառված անհամաչափ ուժի և վատ վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներից: Կոմիտեն անհանգստացած է նաև, որ այդպիսի միջադեպերը հաղորդումների համաձայն տեղի են ունենում նաև ֆուտբոլային խաղերի ընթացքում, սակայն այն նկատում է, որ «Ֆուտբոլային խաղերի ընթացքում պատահող բռնության դեպքերի ճնշման և կանխման հրատապ միջոցառումները» վերտառությամբ թիվ 41/2007 օրենքի ընդունումը: (հոդվածներ 12, 13 և 16):
Կոմիտեն հանձնարարում է Մասնակից պետությանը արդյունավետ միջոցներ ձեռնարկել, որպեսզի
Ա. Հստակ և աներկմիտ ուղերձ հղվի ոստիկանական ուժերի աստիճանակարգության և բանտի անձնակազմի բոլոր աստիճաններին, որ խոշտանգումը, բռնությունը և վատ վերաբերմունքն անընդունելի են, ներառյալ բոլոր ծառայողների համար վարքագծի կանոնագրքի ընդունմամբ:
Բ. Վստահեցնել, որ նրանք, ովքեր հաղորդում են իրավակիառ մարմինների ծառայողների հարձակումների մասին պաշտպանված են ահաբեկումներից և այդպիսի հաղորդումներ անելու համար հնարավոր հաշվեհարդարներից:
Գ. Ապահովել, որ իրավապահ մարմինների ծառայողներն ուժ գործադրեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում և իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ ծավալով:
Ավելին, Մասնակից պետությունը պետք է հանձնաժողվին զեկուցի վերը հիշատակված միջադեպերի դատական և կարգապահական քննությունների ընթացքի վերաբերյալ:
18. Կոմիետեն մտահոգված է հաղորդումներով, որ իրավապահ մարմինների ծառայողները չեն կրել անհատականացման անվանաքարտ Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի հետ կապված ցույցերի ընթացքում, ինչն անհնար է դարձնում նրանց ինքնությունը պարզելը խոշտանգման կամ վատ երաբերմունքի բողոքների դեպքում (հոդվածներ 12 և 13):
Մասնակից պետությունը պետք է հոգա, որ իրավապահ մարմինների բոլոր ծառայողներն իրենց պարտականությունները կատարելիս կրեն տեսանելի անվանաքարտեր` խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ պաշտպանության և անձնական հաշվետվողականության ապահովման համար:
Արագ և անկողմնակալ քննություններ
19. Կոմիտեն մտահոգված է իրավապահ մարմինների ծառայողների վատ վերաբերմունքի մասին հաղորդումների թվից, Մասնակից պետության կողմից այդպիսի դեպքերի վերաբերյալ իրականացված քննությունների սահմանափակ թվից և հետաքննած դեպքերի արդյունքում չափազանց փոքրաթիվ դատապարտումներից: Կոմիտեն անհանգստությամբ նկատում է, որ խոշտանգման հանցագործությունը, որը որպես այդպիսին նախատեսված չէ Իտալիսյի քրեական օրենսգրքում, այլ պատժվում է Քրեական օրենսգրքի այլ դրույթների համաձայն, կարող է որոշ դեպքերում ենթակա լինել վաղեմության -ամկետի: Կոմիտեն կարծում է, որ խոշտանգման արարքների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել և ողջունում է Մասնակից պետության պատվիրակութայն հայտարարությունը վաղեմության ժամկետի վերանայումը դիտարկելու վերաբերյալ (հոդվածներ 1, 4, 12 և 16):
Կոմիտեն հանձնարարում է Մասնակից պետությանը.
Ա. Ամրապնդել իր միջոցառումները իրավապահ մարմինների ծառայողների կողմից կատարված խոշտանգումների և վատ վերաբերմունքի բոլոր հաղորդումների արագ, անկողմնակալ և արդյունավետ քննություններն ապահովելու համար: Մասնավորապես, այդպիսի քննությունները պետք է իրակնացվեն ոչ թե ոստիկանության կողմից կամ դրա հսկողության ներքո, այլ` անկախ մարմնի: Առերևույթ խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ գործերով, կասկածյալի լիազորությունները, որպես կանոն, պետք է կասեցվեն կամ դադարեցվեն քննության ընթացքում, հատկապես, եթե վտանգ կա, որ նա կարող է խոչընդոտել քննությանը:
Բ. Քննություն իրականցնել իրավախախտների նկատմամբ և համապատասխան պատիժներ կիրառել դատապարտվածների նկատմամբ ` Կոնվենցիայով արգելված խախտումներ հմար պատասխանատու իրավապահ մարմինների անձնակազմի անպատժելիությունը վերացնելու համար, և
Գ. Վերանայել վաղեմության ժամկետներին վերաբերող նորմերը և դրույթները և ամբողջովին համապատասխանեցնել դրանք Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որպեսզի խոշտանգման արարքները, ինչպես նաև ցանկացած անձի կողմից խոշտանգում կատարելու փորձերը, խոշտանգմանը հանցակցության կամ մասնակցության արարքները, հնարավոր լինի հետաքննել, դատապարտել և պատժել առանց ժամանակային սահմանափակման
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Դիմումատուները գանագատվել են, որ Կառլո Ջուլիանին սպանվել է իրավապահ մարմինների կողմից և իշխանությունները չեն պաշտպանել նրա կյանքը: Նրանք հղում են կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի վրա, որի համաձայն
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից այլկերպ, քան իր կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձականապես անհրաժեշտ է`
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար
բ. օրինական ձերբակալում իրկանացնելու կամ օրինական հիմքով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապսամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասախան գործողություն ձեռնարկելու համար:»
Ա. Արդարացված է եղել արդյոք մահաբեր ուժի կիրառումը
Դիմումատուները հայտնել են, նախևառաջ, որ գործի կոնկրետ հանգամանքներում Մ.Պ.-ի կողմից մահաբեր ուժի կիրառումը «բացարձակապես անհրաժեշտ» չի եղել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2-րդ կետում թվարկված նպատակներին հասնելու համար: Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուները
Դիմումատուները նշել են, որ իրենք երբևէ համակարծիք չեն եղել «միջանկյալ օբյեկտի վարկածին»: Իրենց փորձագետի` պարոն Ջենտիլեի կարծիքով, գնդակը բեկորների չի բաժանվել տուժողի մարմնին հարվածելիս (տես վերը` կետ 64): Այնուամենայնիվ, քանի որ գնդակը մատչելի չի եղել և հայտնի չեն «միջանկյալ օբյեկտի» ոչ չափը և ոչ էլ ձևը, անհնար է գիտական վարկած ձևակերպել բախման այնպիսի ձևի մասին, որում իր հետագծի ընթացքում ներառվել է նաև գնդակը և պնդել, որ այն շեղվել է: Ավելին, դիմումատուների կողմից նշանակված մնացած փորձագետները կարծիք են հայտնել, որ քարը փշրվել է ավելի շուտ ջիպին հարվածելու քան Մ.Պ.-ի կողմից արձակված գնդակի պատճառով (տե՛ս վերը` կետ 65): Դիմումատուների պնդմամբ, ջիպի ուղևորների կյանքը վտանգի չի ենթարկվել, քանի որ այդ մեքենան եղել է «Defender» ջիպ, մի մոդել, որը նույնիսկ առանց զրահի բավարար ամուր է: Ավելին, նկարներում երևացող ցուցարարների թիվը չի անցնում տասներկուսից: Ցուցարարները չեն ունեցել մահաբեր զենքեր և չեն շրջապատել ջիպը: Տեսալսողական նյութերը ցույց են տալիս, որ մեքենայի ձախ կողմում և առջևում ցուցարարներ չեն եղել: Ինչպես ապացուցում են լուսանկարները ջիպում եղել է ոստիկանական վահան: Մ.Պ.-ն կրելիս է եղել զրահաբաճկոն և իր տրամադրության տակ ունեցել երկու սաղավարտ: Վերջապես, շրջակայքում եղել են նաև իրավապահ մարմինների այլ ծառայողներ և որևէ ապացույց չկա, որ Մ.Պ.-ի և Դ.Ռ.-ի վնասվածքները պատճառվել են այդ իրադարձության արդյունքում: Դիահերձման եզրակացության համաձայն (տե՛ս վերը` կետ 50) և ինչպես կարելի է եզրակացնել Մ.Պ.-ի ցուցմունքներից, վերջինս կրակել է ներքև: 2001թ. հուլիսի 20-ին Ջենովայի դատախազությունում հարցաքննությամն ժամանակ Մ.Պ.-ն հայտնել է, որ իր տեսադաշտում ոչ ոք չի եղել, երբ նա պարզել է ատրճանակը: Նա տեղյակ է եղել նետվող քարերի և հարձակվողների ներկայության մասին, որոնք նա չէր կարող տեսնել (տե՛ս վերը` կետ 36): Այդ հանգամանքներում դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող էր Մ.Պ.-ն գործել անհրաժեշտ պաշտպանության վիճակում ի պատասխան Կառլո Ջուլիանիի գործողությունների, ում նա չէր տեսնում: Քանի որ ո՛չ Կառլո Ջուլիանին, և ո՛չ էլ այլ ցուցարարներ զինված չեն եղել, Մ.Պ.-ի արձագանքը չի կարող համաչափ համարվել: Ավելին, Մ.Պ.-ի ցուցմունքները հակասական են: Առաջին երկու դեպքերում հարցաքննվելիս (2001թ. հուլիսի 20-ին և սեպտեմբերի 11-ին, տե՛ս վերը` կետեր 36 և 39), նա հայտնել է, որ չի տեսել Կառլո Ջուլիանիին և չի ասել, որ կրակել է վերև (սա դիմումատուների կարծիքով հանդիսանում է լռելյայն ընդունում, որ նա կրակել է կրծքավանդակի բարձրությամբ): Այնուամենայնիվ, 2007թ. հունիսի 1-ի նիստին «քսանհինգի դատավարության» ընթացքում, նա պնդել է, որ կրակել է ձեռքն օդ մեկնած: Դա հակասում է պաշտպանության կողմի ներկայացրած լուսանկարին, որից երևում է, որ նա պարզել է զենքը կրծքավանդակի բարձրությամբ, հորիզոնականից ներքև անկյան տակ: Վերջապես, 2007թ. նոյեմբերի 15-ին հեռարձակված հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում, Մ.Պ.-ն հայտնել է, որ «փորձել է որքան հնարավոր է վեր կրակել», որ նշան չի բռնել Կառլո Ջուլիանիին և որ երբևէ դիպուկ հրաձիգ չի եղել: Նա ավելացրել է, որ իրեն ուղարկել են Մեծ ութնյակի գագաթնաժողովին Ջենովա մի ծառայակցի փոխարինելու համար, ով չէր ցանկացել գնալ: Վերջապես, դիմումատուները հայտնել են, որ Մ.Պ-ն հստակ չի զգուշացրել հրազեն օգտագործելու իր մտադրության մասին և որ միջադեպի ընթացքում կատարված որոշ լուսանկարներ ցույց են տալիս, որ ոստիկանական վահանն օգտագործվել է, որպես պաշտպանություն` ջիպի կոտրված ապակիներից մեկի փոխարեն:
(բ) Կառավարությունը
Կառավարությունն առարկել է, որ քննության արդյունքները և ներպետական դատարանների եզրակացությունները քննարկման առարկա դարձնելը Դատարանի խնդիրը չէ: Հետևաբար, այն հարցի (բացասական) պատասխանը, թե արդյոք ներպետական իշխանությունները չեն կատարել Կառլո Ջուլիանիի կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը պետք է տրվի գործի վարույթը կարճելու միջնորդության մեջ: Իրենց պնդումների հիմնավորման համար Կառավարությունը հղում է կատարել Գրամսն ընդդեմ Գերմանիայի գործին ((dec.), թիվ 33677/96, ՄԻԵԴ 1999‑VII) և դատավորներ Թոմասսենի և Զագրեբելսկու Ռամսահային և այլոք ընդդեմ Նիդեռլանդների (թիվ 52391/99, 10 նոյեմբերի 2005թ.) գործով մասնակիորեն չհամընկնող կարծիքին և խնդրել Դատարանին հետևել նրանց մոտեցմանը: Սույն գործով որևէ մեկը դիտավորությամբ չի զրկվել կյանքից և ոչ էլ «անհամաչափ ուժ է կիրառվել»: Ավելին, պատճառական կապ չկա Մ.Պ.-ի արձակած կրակոցի և Կառլո Ջուլիանիի մահվան միջև: Չնայած գործը քննող դատավորը, գործի վարույթը կարճելու իր որոշման մեջ կիրառել է ՔՕ-ի 52-րդ և 53-րդ հոդվածները, նա անուշադրության չի մատնել բացառիկ և անկանխատեսելի հանգամանքը, որի համաձայն կրակոցը շեղվել է քարին դիպչելու արդյունքում, հանգամանք, որը գնահատվել է համաչափության տեսանկյունից: Կառավարությունը եզրակացրել է դրանից, որ գործը կարճելու որոշումն ազատել է Մ.Պ.-ին այն հիմքով, որ կրակոցի և Կառլո Ջուլիանիի մահվան միջև կապը խզվել է գնդակի և քարի բախման և կրակոցի հետագծի շեղման արդյունքում: Գործը քննող դատավորի կարծիքով Մ.Պ.-ն գործել է իր նախաձեռնությամբ, խուճապի վիճակում և մի իրավիճակում, երբ հիմնավոր պատճառ է ունեցել կարծելու, որ առկա է իր կյանքին կամ ֆիզիկական անձեռնամխելիությանը սպառնացող լուրջ և անխուսափելի վտանգ: Ավելին, Մ.Պ.-ն նշանակետ չի ընտրել Կառլո Ջուլիանիին կամ մեկ ուրիշի: Նա կրակել է վեր, մի ուղղությամբ, որը ինչ որ մեկին խոցելու վտանգ չի առաջացնում: Կառլո Ջուլիանիի մահը դիտավորության և ուժի կիրառման ուղղակի հետևանք չի եղել և կիրառված ուժը պոտենցիալ մահաբեր չի եղել (Կառավարությունը, մասնավորապես, հղում է կատարել Սկավուզզո-Հագերը և այլոք ընդդեմ Շվեյցարիայի, թիվ 41773/98, կետեր 58 և 60, 7 փետրվարի 2006թ., Քեթհլին Ստյուարտն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 10044/82, Հանձնաժողովի որոշում 10 հուլիսի 1984թ., Որոշումներ և զեկույցներ (DR) 39) գործերին: Երկու կողմերի փորձագետները համաձայնել են, այն փաստին, որ գնդակը` տուժողին խոցելիս արդեն բեկորային է եղել: Դիմումատուների կողմից առաջ քաշված տարբերակներն այն մասին, թե ինչու է գնդակը բաժանվել բեկորների, ինչպես օրինակ, որ այն ձևափոխվել է, որպեսզի մեծանա բեկորների բաժանվելու հնարավորությունը, կամ արտադրական խոտանի առկայությունը, հենց իրենց` դիմումատուների կողմից է համարվել «ավելի քիչ հավանական» (տե՛ս վերը` կետեր 64, 71 և 81), և հիմնավոր բացատրություն չի տրվել: Միջանկյալ օբյեկտը պարզելու անհնարինության փաստը, չի կարող որոշիչ ազդեցություն ունենալ քննության եզրակացությունների վրա: Որպես այլընտրանք, Կառավարությունն ներկայացրել է, որ մահաբեր ուժի կիրառումը «բացարձակապես անհրաժեշտ» և «համաչափ» է եղել: Ընդգծվել են, մասնավորապես, հետևյալ հանգամանքները. բռնության մակարդակը և լայնատարած բնույթը, որով աչքի են ընկել ցույցերը, կարաբինիերների անձնակազմի վրա ցուցարարների հարձակման ուժգնությունը քննարկվող իրադարձություններից անմիջապես առաջ, և այդ պահին` բռնության գագաթնակետը, հարձակման ենթարկված առանձին կարաբինիերների` հատկապես Մ.Պ.-ի, ֆիզիկական և հոգեկան վիճակը, մեքենայի վրա հարձակումից մինչև ճակատագրական կրակոցի արձակումը տեղի ունեցած իրադարձություների չափազանց կարճ տևողությունը, փաստը, որ Մ.Պ.-ն արձակել է ընդամենը երկու կրակոց և դրանք վեր է ուղղել, հավանականությունը, որ Մ.Պ.-ն կրակոցն արձակելիս չի կարողացել տեսնել տուժողին, կամ առավելագույնը, կարողացել է տեսնել նրան անորոշ կերպով իր տեսադաշտի եզրին, և Մ.Պ.-ին և Դ.Ռ.-ին պատճառված վնասվածքները: Կառավարության պնդմամբ չի ապացուցվել, որ ջիպի հետևի լուսամուտից պարզված ատրճանակը ներկայացնում է զենքի դիրքը կրակոցների արձակման պահին: Մ.Պ.-ն զենքը պարզել է կրակոցից մի քանի վայրկյան առաջ և վայրկյանից էլ պակաս ժամանակ է հարկավոր ձեռքը մի քանի սանտիմետր շարժելու կամ կրակոցի անկյունը մի քանի աստիճանով փոխելու համար:Ներկայացված լուսանկարն, այդ պատճառով, չի ապացուցում, որ Մ.Պ.-ն պատասխանատու է Կառլո Ջուլիանիի մահվան համար և չի ժխտում անկանխատեսելի պատահարի վարկածը: Հետաքննող մարմինների համար օբյեկտիվորեն անհնար է եղել պարզել Մ.Պ.-ի հոգեկան վիճակը և նրա որոշակի դիտավորությունը, հաշվի առնելով նրա շփոթմունքը և խուճապի վիճակը իրադարձությունների ժամանակ: Մ.Պ.-ի հանդերձանքը բաղկացած է եղել հանրային կարգի պաշտպանության պարտականությունների համար տրամադրված համազգեստից, երեսակալներով երկու սաղավարտից, ուսապարկից, վեց մեծ արցունքաբեր նռնակներից, գազային դիմակից և Բերետտա ատրճանակաից ու պահունակից: Ներիքն գործերի նախարարության համաձայն հնարավոր չի եղել պարզել, արդյոք ջիպում եղել է ոստիկանական վահան: Մ.Պ.-ն կրակելուց բացի այլ տարբերակ չուներ, քանի որ մեքենայի դիրքն անհնար էր դարձնում փախուստը: Ավելին, ջիպում գտնվող կարաբինիերները չեն կարողացել նաև օգնություն կանչել հաշվի առնելով նրանց խուճապահար վիճակը, ցուցարարների արգրեսիվ մտադրությունները և իրադարձությունների արագությունը: Ամեն դեպքում, օգնության հասնելու համար բավարար ժամանակ չէր լինի հաշվի առնելով տարածությունը և այն փաստը, որ իրավապահ մարմինները պետք է վերախմբվեին և բախման մեջ մտնեին ցուցարարների հետ: Կառավարությունը հղում է կատարել Դատարանին ներկայացված տեսալսողական նյութին, որը իրենց կարծիքով ցույց է տալիս, որ եթե Մ.Պ.-ն զենք չկիրառեր, մոտ յոթանասուն ցուցարարների կատաղի հարձակումը կարաբինիերների վրա կարող էր ավարտվել մեքենայի ուղևորներից որևէ մեկի մահվամբ: Դատախազի` գործի վարույթը կարճելու միջնորդությունը հիմնված է եղել բոլոր այդ գործոնների և favor rei սկզբունքի վրա: Իտալիայի օրենսդրության համաձայն, երբ առկա են կասկածներ և անհնար է թվում դատարանում գործի քննությունը և դատավարությունը ամենայն հավանականությամբ ոչ մի նշանակալի բան չի ավելացնելու ցուցմունքին, գործի վարույթը ենթակա է կարճման:
Պալատի վճիռը
Պալատը վճռել է, որ ուժի կիրառումը չի եղել անհամաչափ: Այս եզրակացությունը առավելապես հիմնված է գործը քննող դատավորի` գործի վարույթը կարճելու որոշման պատճառաբանությունների վրա, որոնք Պալատը համարում է, որ հիմնված են վկաների ցուցմունքների, առկա լուսանկարների և տեսալսողական նյութի մանրամասն վերլուծության վրա: Պալատն ավելացրել է, որ կրակելուց առաջ Մ.Պ.-ն իր ձեռքի զենքն այնպես է պահել, որ այն տեսանելի է եղել ջիպի դրսից (տե՛ս Պալատի վճռի 214-227 կետերը):
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
Դատարանը կրկնում է, որ 2-րդ հոդվածը դիտվում է, որպես Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկը, որը խաղաղ ժամանակ, չի ընդունում 15-րդ հոդվածով սահմանված որևէ մի շեղում: 3-րդ հոդվածի հետ միասին, այն պահպանում է ժողովրդավարական հասարակությունների ամենահիմնական արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպայի խորհուրդը (տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների, Անդրոնիկուն և Կոնստանտինուն ընդդեմ Կիպրոսի, 9 հոկտեմբերի 1997թ., կետ 171, Վճիռների և որոշումների արձանագրություններ 1997‑VI, և Սոլոմուն և այլոք ընդդեմ Թուրքիայի թիվ, կետ 63, 24 հունիսի 2008թ.): 2-րդ կետում սահմանված բացառությունները ցույց են տալիս, որ 2-րդ հոդվածը տարածվում է, սակայն չի վերաբերում բացառապես դիտավորյալ սպանությանը: 2-րդ հոդվածն ամբողջությամբ ցույց է տալիս, որ 2-րդ կետը չի թույլատրում դիտավորությամբ սպանել անձին, սակայն նկարագրում է այն իրավիճակները, երբ թույլատրված է «ուժի կիրառումը», որը կարող է հանգեցնել, որպես ոչ դիտավորյալ արդյունք, կյանքից զրկելուն: Ուժի կիրառումը, ինչևէ, պետք է լինի ոչ ավելի քան «բացարձակապես անհրաժեշտ» է (a), (b) կամ (c) ենթակետերում սահմանված նպատակներին հասնելու համար (տե՛ս ՄաքԿաննը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 27 սեպտեմբերի 1995թ., կետ 148, Սերիա A թիվ 324, և վերը նշված Սալոմուն և այլոք գործը` կետ 64): «Բացարձակապես անհրաժեշտ» եզրույթի կիրառումը նշում է, որ անհրաժեշտության ավելի խիստ և լուրջ ստուգում պետք է իրականացվի քան սովորաբար կիրառվում է, երբ որոշվում է, թե արդյոք Պետության գործողությունը «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածների երկրորդ կետերի համաձայն: Մասնավորապես, կիրառված ուժը պետք է խստորեն համաչափ լինի 2-րդ հոդվածի 2(a), (b) և (c) ենթակետերում ամրագրված նպատակներին հասնելու համար: Ավելին, ժողովրդավարական հասարակությունում այս դրույթի կարևորությանը համապատասխան, գնահատական տալիս Դատարանը պետք է չափազանց ուշադիր քննությունն իրականացնի, մասնավորապես, եթե դիտավորությամբ մահաբեր ուժ է կիրառվել, հաշվի առնելով ոչ միայն պետության ներկայացուցիչների գործողությունները, ովքեր իրականում կիրառում են ուժը, այլ բոլոր հարակից հանգամանքները, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսին են քննության առնված գործողությունների պլանավորումը և հսկողությունը (տե՛ս վերը նշված ՄաքԿաննը և այլոք գործը, կետեր 147-150 և վերը նշված Անդրոնիկուն և Կոնստանտինուն կետ 171, տե՛ս նաև Ավշարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25657/94, կետ 391, ՄԻԵԴ 2001‑VII, և Մուսաևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 57941/00, 58699/00 և 60403/00, կետ 142, 26 հուլիսի 2007թ.): Հանգամանքները, որոնցում կյանքից զրկելը կարող է արդարացվել, պետք է հստակ մեկնաբանվեն: Կոնվենցիայի` որպես մարդ անհատի պաշտպանության փաստաթղթի առարկան և նպատակը պահանջում է նաև, որ 2-րդ հոդվածը մեկնաբանվի և կիրառվի այնպես, որպեսզի դրա երաշխիքները դառնան գործնական և արդյունավետ (տե՛ս վերը նշված Սոլոմուն և այլոք գործը` կետ 63): Մասնավորապես Դատարանը վճռել է, որ կրակ արձակելուն, հնարավորության դեպքում, պետք է նախորդեն զգուշացնող կրակոցները (տես Կալլիսն և Անդրուլլա Պանալին ընդդեմ Թուրքիայի, թիվ 45388/99, կետ 62, 27 հոկտեմբերի 2009թ., տես նաև, մասնավորապես, ՄԱԿ սկզբունքների 10-րդ կետը, վերը նշված 154-րդ կետը): Ուժի կիրառումը պետության ներկայացուցիչների կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2–րդ կետով սահմանված նպատակները հետապնդելիս կարող է արդարացվել այս դրույթի համաձայն, եթե այն հիմնված է եղել ազնիվ համոզմունքի վրա, որը, հասկանալի պատճառներով, այդ ժամանակ գիտակցվում է, որպես օրինական, սակայն հետագայում պարզվում է, որ սխալ է: Այլ կերպ համարել կնշանակի Պետության և դրա իրավապահ մարմինների վրա իրենց պարտականությունների իրականացման գործում անիրական բեռ դնել, թերևս ի վնաս իրենց և այլոց կյանքերի (տե՛ս վերը նշված ՄաքԿաննը և այլոք` կետ 200 և Անդրանիկուն և Կոնստանտինուն` կետ 192): Խնդրո առարկա իրադարձություններից դուրս գտնվող Դատարանը, երբ կոչ է արվում ուսումնասիրել, թե արդյոք մահաբեր ուժի կիրառումը իրավաչափ է եղել, չի կարող իրավիճակի սեփական գնահատականով փոխարինել այն ծառայողի գնահատականը, ումից պահանջվել է գործել թեժ պահին` իր կյանքին սպառնացող, ազնվորեն ընկալված, վտանգը կանխելու համար (տե՛ս Բաբբինսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20196/99, կետ 139, ՄԻԵԴ 2005‑II): Դատարանը պետք է նաև զգույշ լինի գործի փաստերը քննող առաջին ատյանի դերում, եթե դա անխուսափելիորեն չի բխում կոնկրետ գործի հանգամանքներից (տե՛ս օրինակ ՄաքԿերրն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 28883/95, 4 ապրիլի 2000թ.): Որպես ընդհանուր կանոն, եթե տեղի են ունեցել ներպետական դատավարություններ, Դատարանի խնդիրը չէ փաստերի իր սեփական գնահատականով փոխարինել ներպետական դատարանների գնահատականները և վերջիններս պետք է պարզեն փաստերը իրենց ներկայացված ապացույցների հիման վրա (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 16 դեկտեմբերի 1992թ., կետ 34, Սերիա Ա, թիվ 247- B և Կլաասն ընդդեմ Գերմանիայի 22 սեպտեմբերի 1993թ., կետ 29, Սերիա A թիվ 269): Չնայած Դատարանը կաշկանդված չէ ներպետական դատարանների եզրակացություններով և ազատ է կատարելու իր սեփական գնահատականները ամբողջ իրեն ներկայացված նյութերի հիման վրա, սովորական հանգամանքներում պահանջվում են համոզիչ գործոններ են անհրաժեշտ ներպետական դատարանների կողմից պարզված փաստական հանգամանքներից շեղվելու համար (տե՛ս վերը նշված Ավշարի գործը` կետ 283, և Բարբու Անգելեսկուն ընդդեմ Ռումինիայի, թիվ 46430/99, կետ 52, 5 հոկտեմբերի 2004թ.): Փաստական ապացույցները գնահատելու համար, դատարանը չափանիշ է ընդունում «ողջամիտ կասկածից այն կողմ» սկզբունքը, սակայն ավելացնում է, որ այդպիսի ապացույցը կարող է բխել էականորեն ուժեղ, հստակ և համահունչ եզրակացությունների համակցությունից կամ փաստերի համանման անժխտելի կանխավարկածներից: Այս ենթատեքստում կարող է նաև հաշվի առնվել, կողմերի վարքագիծը ապացույցները ձեռք բերելիս (տե՛ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվարի 1978թ., կետ 161, սերիա A թիվ 25, և Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25656/94, կետ 264, 18 հունիսի 2002թ.): Ավելին, որոշակի եզրակացության հանգելու համար անհրաժեշտ համոզմունքի աստիճանը և դրա հետ կապված ապացուցման բեռի բաշխումը, ըստ էության, կապված են փաստերի առանձնահատկությունների, կատարված պնդումների բնույթի և դիտարկվող Կոնվենցիայի հետ: Դատարանը նաև ուշադիր է Պայմանավորվող պետության կողմից հիմնարար իրավունքների խախտումը հավաստող վճռի լրջության նկատմամբ (տե՛ս Ռիբիչն ընդդեմ Ավտրիայի, 4 դեկտեմբերի 1995թ., կետ 32, Սերիա A թիվ 336; Իլաշկուն և այլոք ընդդեմ Մոլդովայի և Ռուսաստանի [GC], թիվ 48787/99, կետ 26, ՄԻԵԴ 2004‑VII; Նաչովան և այլոք ընդդեմ Բուլղարիայի [GC], թիվ, 43577/98 և 43579/98, կետ 147, ՄԻԵԴ 2005‑VII; և վերը նշված Սոլոմոնուն և այլոք` կետ 66): Դատարանը պետք է հատկապես աչալուրջ լինի այն դեպքերում, երբ վիճարկվում են Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումները (տե՛ս, mutatis mutandis, վերը նշված Ռիբիչի գործը` կետ 32): Եթե ներպետական դատարաններում այդպիսի վիճարկումների վերաբերյալ տեղի են ունեցել քրեական դատավարություններ, անհրաժեշտ է չմոռանալ, որ քրեական պատասխանատվությունը տարբերվում է պետության` Կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Դատարանի իրավասությունը սահմանափակված է վերջինով: Կոնվենցիայի համաձայն պատասխանատվությունը հիմնվում է իր սեփական դրույթների վրա, որոնք պետք է մեկնաբանվեն Կոնվենցիայի առարկային և նպատակին համապատասխան, հաշվի առնելով միջազգային իրավունքի համապատասխան նորմերը և սկզբունքները: Պետության` իր մարմինների, ներկայացուցիչների և ծառայողների գործողություններից Կոնվենցիայի հիման վրա ծագող պատասխանատվությունը չպետք է շփոթել ներպետական դատարաններում քննվող անհատական քրեական պատասխանատվության ներպետական իրավական խնդիրների հետ: Այդ իմաստով Դատարանը մեղավորության կամ անմեղության վերաբերյալ եզրահանգումներ չի կատարում (տե՛ս Թանլըն ընդդեմ Թուրքիայի, թիվ 26129/95, կետ 111, ՄԻԵԴ 2001‑III, և վերը նշված Ավշարի գործը, կետ 284):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը նպատակահարմար է համարում իր վերլուծությունը սկսել հետևյալ փաստերի հիման վրա, որոնք կողմերը չեն վիճարկել: 2001թ. հուլիսի 20-ին` ցերեկը, բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, մասնավորապես, հարձակման է ենթարկվել Մարասսիի բանտը (տե՛ս վերը` կետ 134), կարաբինիերները հարձակում են գործել Tute Bianche երթի վրա (տե՛ս վերը` կետեր 18-19, 122-124 և 132-136) և հրկիզվել է կարաբինիերներին պատկանող զրահապատ մեքենան (տե՛ս վերը` կետ 20): Այս իրադարձություններից հետո` ժամը մոտ 17-ին, երբ իրավիճակը հարաբերականորեն հանգիստ էր, կարաբինիերների մի գումարտակ դիրքեր է զբաղեցրել Պիացցա Ալիմոնդայում, որտեղ կանգնած էին երկու «Դիֆենդեր» ջիպերը: Ջիպերից մեկում գտնվում էին երկու կարաբինիեր` Մ.Պ.-ն և Դ.Ռ.-ն, ովքեր այլևս պիտանի չէին ծառայությունը շարունակելու համար (տե՛ս վերը` կետեր 21, 23 և 29): Կարճ ժամանակ անց, կարաբինիերները թողել են իրենց դիրքերը` մի խումբ ագրեսիվ ցուցարարների դիմադրելու համար: Ջիպերը հետևել են կարաբինիերներին: Այնուամենայնիվ, վերջիններս ստիպված են եղել արագորեն նահանջել, քանի որ ցուցարարներին հաջողվել է ետ մղել հարձակումը: Ջիպերն այնուհետև փորձել են ետ շրջվել, սակայն դրանցից մեկը, որում Մ.Պ.-ն և Դ.Ռ.-ն էին գտնվում, շարժիչի խափանման պատճառով չի կարողացել արագորեն լքել դեպքի վայրը (տե՛ս վերը` 21-22 կետեր): Սա այն հազվադեպ դեքերից մեկն է, երբ պետության ներկայացուցչի կողմից մահաբեր ուժի կիրառմանը հանգեցնող և դրան հաջորդող պահերը լուսանկարվել և տեսանկարահանվել են: Հետևաբար, Դատարանը չի կարող էական նշանակություն չտալ կողմերի ներկայացրած տեսաերիզին, որը հնարավորություն է ունեցել դիտելու (տե՛ս վերը` կետեր 9 և 139) և, որի իսկությունը հարցականի տակ չի դրվել: Գործի նյութերում առկա այս տեսաերիզը և լուսանկարները ցույց են տալիս, որ աղբանմանով արգելափակվելուց անմիջապես հետո Ֆ.Կ.-ի կողմից վարվող ջիպը ենթարկվել է հարձակման կամ առնվազն մասնակիորեն շրջապատվել է ցուցարարների կողմից, ովքեր անխնա հարձակում են գործել մեքենայի և դրա ուղևորների վրա, ճոճելով մեքենան կողքից-կողք և քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով դրա վրա: Ջիպի հետևի ապակին փշրվել է և մի կրակմարիչ է նետվել մեքենայի վրա, որը Մ.Պ.-ն կարողացել է հետ մղել: Տեսաերիզից և լուսանկարներից երևում է նաև, որ ցուցարարներից մեկը փայտե ձող է մտցնում կողքի պատուհանից` ուսի վնասվածքներ պատճառելով Դ.Ռ.-ին` ծառայությունը դադարեցրած մյուս կարաբինիերին (տե՛ս վերը` կետ 84): Սա ակնհայտորեն հակաօրինական և շատ դաժան հարձակում էր իրավապահ մարմինների մեքենայի վրա, որն ուղղակի փորձում էր հեռանալ դեպքի վայրից և որևէ սպառնալիք չէր ներկայացնում ցուցարարների համար: Ինչպիսին էլ որ լինեին ցուցարարների մտադրությունները մեքենայի և/կամ դրա ուղևորների վերաբերյալ, փաստ է, որ լինչի դատաստանի ենթարկելու հնարավորությունը չի կարող բացառվել, ինչը ընդգծել է նաև Ջենովայի Շրջանային դատարանը (տե՛ս վերը` կետ 128): Դատարանը կրկնում է դրա հետ կապված, որ անհրաժեշտ է դիտարկել իրադարձությունները հարձակման զոհերի այդ պահին ունեցած տեսակետից` (տես վերը` կետ 179): Ճշմարիտ է, օրինակ, որ մոտակայքում տեղակայված այլ կարաբինիերներ կարող էին միջամտել` ջիպի ուղևորներին աջակցելու համար, եթե իրավիճակն ավելի վատթարանար: Այնուամենայնիվ, այս փաստը կարող էր չիմանալ Մ.Պ.-ն, ով, վիրավոր և խուճապահար պառկած էր մեքենայի հետնամասում` շրջապատված մեծ թվով ցուցարարներով և ով, այդ պատճառով կարող էր հստակ պատկերացում չունենալ զորքերի դիրքավորման կամ դեպի դրանց գնալու հնարավոր տարբերակների վերաբերյալ: Ինչպես ցույց է տալիս տեսաերիզը ճակատագրական կրակոցից անմիջապես առաջ ջիպը գտնվում էր ցուցարարների իշխանության ներքո: Վերոգրյալի լույսի ներքո և չմոռանալով, ջիպի վրա հարձակման ծայրահեղ բռնի բնույթը, ինչպես երևում է ուսումնասիրված նկարներից, Դատարանը համարում է, որ Մ.Պ.-ն գործել է անկեղծորեն հավատալով, որ իր և իր գործընկերների կյանքը և ֆիզիկական անձեռնամխելիությունը վտանգի տակ են, այն ապօրինի հարձակման պատճառով, որին իրեն ենթարկվել էին: Մ.Պ.-ն հետևաբար իրավունք ուներ համապատասխան միջոցներ կիրառել իրեն և ջիպի այլ ուղևորներին պաշտպանելու համար: Լուսանկարները ցույց են տալիս, և Մ.Պ.-ի և որոշ ցուցարարների ցուցմունքները հաստատում են (տե՛ս վերը` կետեր 36, 39 և 45), որ կրակելուց առաջ Մ.Պ.-ն ցույց է տվել իր զենքը` ձեռքը դուրս պարզելով ջիպի հետևի պատուհանից և բղավել ցուցարարներին, որ հեռանան, եթե չեն ցանկանում սպանվել: Դատարանի կարծիքով Մ.Պ.-ի գործողությունները և բառերը հստակ զգուշացում են հանդիսանում, որ նա պատրաստվում է կրակել: Ավելին, լուսանկարներից երևում է, որ առնվազն մեկ ցուցարար հենց այդ պահին շտապում է հեռանալ դեպքի վայրից: Այս ծայրահեղ լարված իրավիճակում Կառլո Ջուլիանին որոշել է վերցնել գետնին ընկած կրակմարիչը և բարձրացրել կրծքավանդակի բարձրությամբ` մեքենայի ուղևորների վրա նետելու ակնհայտ մտադրությամբ: Նրա գործողությունները կարող էին Մ.Պ.-ի կողմից ողջամտորեն մեկնաբանվել որ հակառակ վերջինիս բղաված զգուշացումների և այն փաստի, որ ինքը ցույց է տվել իր ատրճանակը, ջիպի դեմ ուղղված հարձակման ուժգնությունը չի պատրաստվում դադարել կամ նվազել: Ավելին, ցուցարարների մեծ մասը թվում է շարունակում էր հարձակումը: Մ.Պ.-ի անկեղծ հավատը, որ իր կյանքը վտանգի մեջ է կարող էր միայն ուժեղանալ արդյունքում: Դատարանի կարծիքով, սա արդարացում է հանդիսանում պոտենցիալ մահաբեր պաշտպանության միջոցների կիրառման համար, ինչպիսին է կրակոցներ արձակելը: Դատարանն այնուհետև նկատում է, որ կրակոցների ուղղությունը հստակորեն չի պարզվել: Դատախազության փորձագետների կողմից պաշտպանվող վարկածներից մեկի համաձայն (տե՛ս վերը` կետեր 60-62), որը վիճարկվել է դիմումատուների կողմից (տե՛ս վերը` կետեր 80 և 159), սակայն ընդունվել է Ջենովայի` գործը քննող դատավորի կողմից (տե՛ս վերը` կետեր 87-91), Մ.Պ.-ն վեր է կրակել և գնդակներից մեկը խոցել է տուժողին` շեղվելով ցուցարարների կողմից նետված բազմաթիվ քարերից մեկից: Եթե ապացուցվեր, որ դեպքերը այս ձևով են տեղի են ունեցել, կարելի կլիներ եզրակացնել, որ Կառլո Ջուլիանիի մահը եղել է ճակատագրի հարվածի արդյունքում` հազվադեպ և անկանխատեսելի դիպվածը պատճառ է հանդիսացել որ գնդակը, որը այլ դեպքում կանհետանար օդում, խոցի նրան, (տե՛ս մասնավորապես Բաքանն ընդդեմ Թուրքիայի թիվ 50939/99, գործը, կետեր 52-56, 12 հունիսի 2007թ., որում Դատարանը բացառել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի որևէ խախտում` գտնելով, որ ճակատագրական գնդակը հետթռիչք է կատարել դիմումատուի հարազատին խոցելուց առաջ): Այնուամենայնիվ, սույն գործով Դատարանը անհրաժեշտ չի համարում ուսումնասիրել «միջանկյալ օբյեկտի վարկածի» հիմնավորվածությունը, որի վերաբերյալ անհամաձայնություն է առկա ձգաբանական փորձաքննությունների երրորդ խումբն իրականացրած փորձագետների ` դիմումատուների փորձագետների և դիահերձման արձանագրության եզրակացությունների միջև (տե՛ս վերը կետեր 60-62 և 50): Այն ուղղակիորեն նկատում է, որ, ինչպես թեթևակիորեն նկատել է Ջենովայի գործը քննող դատավորը (տե՛ս վերը` կետ 92 ), և ինչպես երևում է լուսանկարներից, Մ.Պ.-ի տեսադաշտը սահմանափակված է եղել ջիպի պահեստային անիվով, քանի որ նա կիասապառկած կամ կռացած էր մեքենայի հատակին: Հաշվի առնելով, որ հակառակ նրա զգուշացումների, ցուցարարները շարունակել են իրենց հարձակումը և որ վտանգը, որը սպառնում էր նրան, մասնավորապես, կրակմարիչը նրա վրա նետելու երկրորդ փորձը, շատ մոտ էր, Մ.Պ.-ն իրեն պաշտպանելու համար կարող էր կրակել միայն, պահեստային անիվի և ջիպի տանիքի միջև եղած նեղ տարածությունից: Փաստը, որ օդ արձակված կրակոցը կարող էր վնաս պատճառել հարձակվողներից մեկին, կամ նույնիսկ սպանել նրան, որքան էլ ցավալի է, ինքնին չի նշանակում, որ պաշտպանական գործողությունը չափազանց էր կամ անհամաչափ: Վերոգրյալի լույսի ներքո, Դատարանը եզրակացնում է, որ սույն դեպքում մահաբեր ուժի կիրառումը բացարձակապես անհրաժեշտ էր «ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար» Կոնվոնցիայի 2-րդ հոդվածի 2(a) կետի իմաստով (տե՛ս վերը` կետ 176): Դրանից հետևում է, որ տեղի չի ունեցել 2-րդ հոդվածի նյութական խախտում այս իմաստով: Այս եզրակացությունն անհրաժեշտ է դարձնում Դատարանի համար դիտարկել արդյոք ուժի կիրառումը նաև անխուսափելի էր 2-րդ հոդվածի 2-րդ կետի (c) ենթակետի իմաստով «խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
Բ. Արդյոք պատասխանող պետությունն անհրաժեշտ օրենսդրական, վարչական և կարգավորիչ միջոցներ է ձեռք առել ուժի կիրառման անբարենպաստ հետևանքները հնարավորինս նվազեցնելու համար
Դիմումատուները գանգատվել էին, ինչպես և Պալատի առջև, ներպետական օրենսդրական կառուցակարգի թերություններից: Կառավարությունը վիճարկել է նրանց փաստարկները: Պալատը չի քննել այս հարցերը:
Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուները գանգատվել են ցուցարարների կյանքը պաշտպանելու ունակ օրենսդրական կառուցակարգերի բացակայությունից: Իրենց պնդմամբ, ներպետական օրենսդրությունն անխուսափելի է դարձնում հրազենի կիրառումը, ինչպես վկայում է այն փաստը, որ գործի վարույթը կարճվել էր, քանի որ Մ.Պ.-ի գործողությունները ներառվում էին ՔՕ-Ի 52-րդ և 53-րդ հոդվածների սահմաններում: Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, անհամապատասխան օրենսդրական կառուցակարգը նվազեցնում է կյանքի իրավունքի` ժողովրդավարական հասարակության մեջ պահանջվող օրենսդրական պաշտպանությունը: Դիմումատուները Դատարանի ուշադրությունը հրավիրել են հետևյալ կենետրի վրա, մասնավորապես.
(i) Իրավապահ մարմինների անձնակազմին ոչ մահաբեր զենքերով չսպառազինելը Դիմումատուներն ընդգծել են, որ Մ.Պ.-ն չէր կարողանա սպանել որևէ մեկին, եթե նրան հատկացված լիներ ոչ մահաբեր զենք, օրինակ` ռետինե գնդակներ կրակող ատրճանակ (նրանք հղում են կատարել Գյուլեչն ընդդեմ Թուրքիայի, 27 հուլիսի 1998թ., կետ 71, Զեկույցներ 1998-IV, և Շիմշեկը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 35072/97 և 37194/97 գործերին` կետ 111, 26 հուլիսի 2005թ.): մարդկային կյանքը հարգելու գերակայությունը և կյանքի սպառնացող ռիսկը նվազեցնելու պարտավորությունը նշանակում է, որ իրավապահ մարմինների անձնակազմը ցույցերի ընթացքում պետք է սպառազինվի ոչ մահաբեր զենքերով (ինչպիսիք են էլեկտրական շոկի ենթարկող զենքերը, սոսնձող կամ ռետինե գնդակներ կրակող զենքերը): Սա է խնդիր եղել Միացյալ Թագավորությունում և Պետերբուրգում Մեծ քսանյակի գագաթնաժողովին: Դրա հետ կապված դիմումատուները հիմնվում են Միացյալ ազգերի կազմակերպության սկզբունքների 2-րդ կետի վրա (տե՛ս վերը` կետ 154), նկատելով, որ սույն գործում դյուրին է կանխատեսել, որ անկարգություններ են տեղի ունենալու: Բերետտա ՍԲ 9 մմ պարաբելլում ատրճանակը, որով սպառազինված էր Մ.Պ.-ն, կիսաավտոմատ ատրճանակ է, որը Իտալական օրենսդրությամբ դասվում է մարտական զենքերի թվին: Այն լիցքավորելուց հետո կարիք չկա վերալիցաքվորել այն հետագա կրակահերթերի համար և թույլ է տալիս տասնհինգ կրակոց արձակել մի քանի վայրկյանի ընթացքում, արագորեն և դիպուկության մեծ աստիճանով: Խորհրդարանական հետաքննության ընթացքում Կառավարությունը հայտնել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս ոչ մահաբեր զենքերի` ինչպես օրինակ ռետինե գնդակներ կրակող ատրճանակների կիրառումը (տե՛ս վերը` կետեր 118-119): Այս հայտարարությունը սխալ է, քանի որ այդ զենքերը` ինչպես սահմանված է մարտական գործողությունների կանոններում, տրվել են Իրաքում գտնվող իտալական ուժերին, որոնք պատերազմի գոտում հասարակական կարգը պահպանելու խնդիր ունեին: Ավելին, չնայած ճշմարիտ է, որ որոշ հանգամանքներում ռետինե գնդակները կարող են վտանգավոր լինել, նրանք չեն կարող համեմատվել մարտական սպառազինության հետ (դիմումատուները հղում են կատարել, մասնավորապես, վերը նշված Քեյթլին Սթյուարտի գործին, կետ 28): Դիմումատուները նաև պնդել են, որ որոշ կարաբինիերներ կիրառել են ոչ կանոնավոր զենքեր, ինչպես օրինակ մետաղյա մահակներ:
(ii) Իտալիայի օրենսդրության մեջ ցույցերի ընթացքում մահաբեր զենքերի կիրառումը կարգավորող համապատասխան դրույթների բացակայությունը
Դիմումատուները նկատել են, որ իրավապահ մարմինների անձնակազմի կողմից ուժի կիրառմանը վերաբերող դրույթներն են ՔՕ-ի 53-րդ հոդվածը և Հասարակական անվտանգության օրենսգրքի 24-րդ հոդվածը (տե՛ս վերը` կետեր 143 և 146): 1930 և 1931 թթ.` ֆաշիստական ժամանակաշրջանում, սահմանված այդ դրույթները համատեղելի չեն միջազգային նորագույն չափորոշիչների կամ ազատական իրավական սկզբունքների հետ: Դրանք բնութագրական են այդ ժամանակ իշխող բռնապետությանը: Մասնավորապես, զենքերի կիրառման` «անհրաժեշտության» և «ուժի կիրառումը» օրինականացնող հայեցակարգերը չեն համապատասխանում Ստրասբուրգի նախադեպային իրավունքի կողմից մշակված սկզբունքներին, որը հիմնված է «բացարձակ անհրաժեշտության» վրա: Ավելին, հակաձայն ՔՕ-ի 52-րդ հոդվածին, անհրաժեշտ պաշտպանությունը կիրառելի է, երբ «պաշտպանությունը համաչափ է եղել հարձակմանը»: Դա ամենևին համարժեք չէ Դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած` «կյանքի պաշտպանության համար խիստ անխուսափելի» և «[հանգամանքներին] խիստ համաչափ» արտահայտություններին: Ի հավելումն, Իտալիայում հրազենի օգտագործման վերաբերյալ միջազգային ստանդարտներին համապատասխան հստակ կարգավորում չկա: Կառավարության ներկայացրած Ջենովայի քվեստորի ծառայության հրահանգներից ոչ մեկը չի անդրադառնում դրան: Դիմումատուները հղում են կատարել ՄԱԿ-ի սկզբունքներին (տես վերը` կետ 154) և մասնավորապես այս ոլորտում կանոններ և նորմատիվներ սահմանելու և կիրառելու կառավարությունների և իրավապահ մարմինների պարտավորությունը (կետ 1): Նրանք այնուհետև հղում են կատարել 11-րդ կետին, որը մասնավորեցնում է այդ կանոնների և նորմատիվների պահանջվող բովանդակությունը:
(2) Կառավարությունը:
Կառավարությունը նախևառաջ նկատել է, որ Իտալիայի օրենսդրությունը չի թույլատրում ռետինե գնդակները: Դրանք ունակ են կյանքից զրկել մարդուն, եթե դրանցով կրակում են հիսուն մետրից ավելի մոտ տարածությունից (Կառավարությունը հղում է կատարել վերը հիշատակված Քեյթհլին Սթյուարտի գործին): Սույն գուրծում Մ.Պ.-ի և Կառլո Ջուլիանիի միջև տարածությունը մեկ մետրից պակաս է եղել, ինչից բխում է, որ նույնիսկ ռետինե գնդակը մահացու կլիներ: 1980թ. իրականացված «ոչ մահացու» զենքերի և ռազմամթերիքի փորձարկումները կասեցվել են այնպիսի դեպքերից հետո, որոնց ցույց են տվել, որ դրանք ունակ են սպանել կամ չափազանց լուրջ վնաս պատճառել: Ավելին, ռետինե գնդակները կքաջալերեին ծառայողներին զենք կիրառել, այն սխալ պատկերացմամբ, որ դրանք վնաս չեն պատճառի: Ցանկացած դեպքում, մարտական փամփուշտներով զենքերը նախագծվել են սպառնացող և լուրջ վտանգի դեպքում անձնական պաշտպանության համար և չեն կիրառվել հասարակական կարգի պաշտպանության նպատակներով: Իտլիայում իրավապահ մարմինների անձնակազմը չի կրակում ամբոխի վրա, ոչ մարտական պահունակներով և ոչ էլ ռետինե գնդակներով: Ոչ մահաբեր զենքերը նախագծված են ամբոխների դեմ օգտագործելու` ցուցարարների զանգվածային հարձակումներին դիմակայելու կամ նրանց ցրելու համար: Սույն գործով իրավապահ մարմիններին որևէ դեպքում կրակ արձակելու հրաման չի տրվել և նրանց սպառազինությունը նպատակաուղղված է եղել իրենց անձնական պաշտպանությանը: Մեծ ութնյակի գագաթնաժողովի հետ կապված հրազենի կիրառման որևէ հատուկ դրությներ չեն ընդունվել, իսկ բարձրագույն հրամանատարական կազմին և կարաբինիերներին ուղղած շրջաբերականը վերաբերել է ՔՕ-ի դրույթներին:
Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
2-րդ հոդվածի 1-ին կետը ոչ միայն հորդորում է պետությանը ձեռնպահ մնալ կյանքի դիտավորությամբ և անօրինական զրկելուց, այլև համապատասխան քայլեր ձեռնարկել իր իրավազորության ներքո գտնվող անձի կյանքը պաշտպանելու նպատակով (տե՛ս Լ.Ս.Բ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 9 հունիսի 1998, կետ 36, Զեկույցներ 1998‑III, և Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 հոկտեմբերի 1998, կետ 115, Զեկույցներ 1998‑VIII): Պետության` կյանքի պաշտպանության առաջնային պարտականությունը ենթադրում է, մասնավորապես, համապատասխան իրավական և վարչական կառուցակարգ ստեղծել, որը կսահմանի այն սահմանափակ հանգամանքները, որոնցում իրավապահ մարմինների ծառայողները կարող են ուժ և հրազեն կիրառել` գործող միջազգային չափանիշներին համապատասխան (տե՛ս Մակարացիսն ընդդեմ Հունաստանի [GC], թիվ 50385/99, կետեր 57-59, ՄԻԵԴ 2004‑XI, և վերը նշված Բաքանի գործը, կետ 49; տես նաև ՄԱԿ-ի սկազբունքների համապատասխան կետերը, վերը` կետ 154): 2-րդ հոդվածին ներհատուկ հստակ համաչափության սկզբունքին համապատասխան (տե՛ս վերը` կետ 176), ներպետական իրավական կառուցակարգը պետք է հրազենի օգնությանը դիմի իրավիճակի մանրազնին գնահատականի հիման վրա (տե՛ս mutatis mutandis, վերը նշված Նաչովայի և այլոց գործը, կետ 96): Ավելին, ոստիկանական գործողությունները կանոնակարգող ներպետական օրենսդրությունը պետք է համարժեք և արդյունավետ երաշխիքներ ապահովի կամայականության և ուժի չարաշահման դեմ և նույնիսկ այն դեպքերի, որոնցից կարելի է խուսափել (տե՛ս վերը` Մակարացիսի գործը` կետ 58): Կիրառելով այս սկզբունքները, Դատարանը, օրինակ, անբավարար է գնահատել Բուլղարիայի իրավական կառուցակարգը, որը ոստիկանությանը թույլ էր տալիս կրակել զինված ուժերի ցանկացած փախստականի վրա, ով անմիջապես չի հանձնվում ի պատասխան բանավոր զգուշացման և զգուշացնող կրակոց օդ արձակելուց հետո, առանց պարունակելու հստակ երաշխիքներ կյանքից կամայական զրկելը կանխելու համար (տե՛ս վերը` Նաչովան և այլոք, կետեր 99-102): Դատարանը նաև թերություններ է գտել նաև Թուրքիայի` 1934թ. ընդունված իրավական համակարգում, որում թվարկված է իրավիճակների լայն շարք, որում ոստիկանությունը կարող է հրազեն կիրառել առանց հետևանքների համար պատասխանատվության (տե՛ս Էրդողանը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 19807/92, կետեր 77-78, 25 ապրիլի 2006թ.): Մյուս կողմից, Դատարանը գտել է, որ կանոնակարգը, որը սահմանում է իրավիճակների սպառիչ ցանկ, որում ժանդարմները կարող են հրազեն կիրառել, համապատասխանում է Կոնվենցիային: Կանոնակարգը սահմանում է, որ հրազենի կիրառումը կարող է նախատեսվել որպես ծայրահեղ միջոց և դրան պետք է նախորդի զգուշացնող կրակոցների արձակումը, մինչև ոտքերին կամ անխտրական կրակելը (տե՛ս վերը` Բաքան` կետ 51):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը նկատում է, որ Ջենովայի` գործը քննող դատավորը կարծիք է հայտնել, որ Մ.Պ.-ի կողմից ուժի կիրառման իրավաչափությունը պետք է գնահատվի ՔՕ-ի 52-րդ և 53-րդ հոդվածների լույսի ներքո: Այդ պատճառով այն համարում է, որ այդ դրույթներն են հանդիսանում սույն գործով իրավական հիմքը, որը սահմանում է, թե որ հանգամանքներում է թույլատրված հրազենի կիրառումը: Այդ դրույթներից առաջինը վերաբերում է անհրաժեշտ պաշտպանության հիմքով արդարացմանը, որի հասկացությունը Պայմանավորվող պետությունների իրավական համակարգերում ընդհանուր է: Այն վերաբերում է պաշտպանիչ գործողության «անհրաժեշտությանը» և վտանգի «իրական» լինելուն և պահանջում է, որպեսզի պաշտպանողական հակազդեցությունը համաչափ լինի հարձակմանը (տե՛ս վերը` կետ 144): Նույնիսկ եթե օգտագործված եզրույթները նույնական չեն, այս դրույթն իր արտացոլում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շարադրանքը և պարունակում Դատարանի նախադեպային իրավունքով պահանջվող տարրերը: Չնայած ՔՕ-ի 53-րդ հոդվածը ձևակերպված է ավելի անորոշ եզրույթներով, այն այնուամենայնիվ վերաբերում է համապատասխան անձին, ով «ստիպված» է գործել բռնի գործողությունը ետ մղելու համար (տե՛ս վերը` կետ 143): Ճշմարիտ է, որ զուտ լեզվաբանական տեսանկյունից Իտալիայի օրենսդրությամբ ամրագրված «անհրաժեշտությունը» թեվում է թե վերաբերում է ուղղակի խիստ կարիքին, մինչդեռ «բացարձակ անհրաժեշտությունը» Կոնվենցիայի իմաստով, պահանջում է, որ երբ նույն նպատակին հասնելու համար մատչելի են տարբեր միջոցներ, պետք է ընտրվի այն միջոցը, որն ավելի նվազ վտանգ է առաջացնում այլոց կյանքի համար: Այնուամենայնիվ, շարադրանքի այս տարբերությունը կարող է հաղթահարվել ներպետական դատարանների մեկնաբանմամբ: Ինչպես պարզ է դառնում գործի վարույթը կարճելու մասին որոշումից, Իտալական դատարանները մեկնաբանել են ՔՕ-ի 52-րդ հոդվածը որպես մահաբեր ուժի կիրառումը թույլատրող, եթե այն ծայրահեղ միջոց է հանդիսացել, երբ այլ, ավելի նվազ վնաս պատճառող միջոցները, բավարար չեն եղել վտանգին դիմագրավելու համար (տե՛ս վերը` կետ 101, որը հիշատակում է Ջենովայի` գործը քննող դատարանի կատարած հղումները Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքին այս ոլորտում): Դրանից հետևում է, որ սահմանված ստանդարտների տարբերությունները և 2-րդ հոդվածի 2-րդ կետի «բացարձակ անհրաժեշտ» տերմինը բավարար չեն եզրակացնելու համար, որ գոյություն չունի համապատասխան ներպետական իրավական կառուցակարգ (տե՛ս Պերկը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 50739/99, կետ 60, 28 մարտի 2006թ., և վերը նշված Բաքանը, կետ 51; տես նաև հակառակը վերը նշված Նաչովան և այլոք գործում` կետեր 96-102): Դիմումատուներն այնուհետև գանգատվել են այն փաստից, որ իրավապահ մարմինները սպառազինված չեն եղել ոչ մահաբեր զենքերով և մասնավորապես ռետինե գնդակներով կրակող ատրճանակներով: Այնուամենայնիվ, Դատարանը նկատում է, որ ծառայությունն իրականացնող աշխատակիցները, ձեռքի տակ ունեցել են ամբոխը ցրելու և հսկելու միջոցներ, որոնք կյանքի համար վտանգ չեն ստեղծում` ի դեմս արցունքաբեր գազի (տե՛ս վերը` Գյուլեչ, կետ 71 և Շիմշեկ, կետեր 108 և 111): Ընդհանուր առմամբ կարելի է բանավիճել, արդյոք իրավապահ մարմինների անձնակազմին պետք է տրամադրվի նաև այս տիպի սպառազինություն, ինչպես օրինակ ջրային թնդանոթներ և ոչ մահաբեր զինամթերք: Այնուամենայնիվ այդպիսի քննարկումները տեղին չեն սույն գործի հետ կապված, որում մահը պատճառվել է ոչ թե ցուցարարներին ցրելու և երթի մասնակիցների ամբոխը հսկելու գործողության ընթացքում, այլ հանկարծակի և դաժան հարձակման, որը ինչպես նկատել է Դատարանը (տե՛ս վերը` կետեր 185-189) անխուսափելի և լուրջ վտանգ էր ստեղծում կարաբինիերների կյանքերի նկատմամբ: Կոնվենցիան, ինչպես մեկնաբանել է Դատարանը, որևէ հիմք չի ընձեռում եզրակացնելու համար, որ իրավապահ մարմինների ծառայողները չպետք է իրավունք ունենան մահաբեր զենքեր ունենալ իրենց տրամադրության տակ` այդպիսի հարձակումներին դիմագրավելու համար: Վերջապես, ինչ վերաբերում է դիմումատուների հայտնածին, որ որոշ կարաբինիերներ կիրառել են ոչ կանոնավոր զենքեր, ինչպես օրինակ մետաղյա մահակներ (տե՛ս վերը` կետ 201), Դատարանը որևէ կապ չի տեսնում այդ հանգամանքի և Կառլո Ջուլիանիի մահվան միջև: Դրանից հետևում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նյութական տեսակետից կապված մահաբեր ուժի կիրառումը կարգավորող ներպետական օրենսդրական կառուցակարգի հետ կամ Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում իրավապահ մարմիններին հատկացված զենքերի հետ:
Գ. Արդյոք ոստիկանական գործողությունների կազմակերպումը և ծրագրումը համապատասխանել են կյանքը պաշտպանելու` Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պարտականությանը
Դիմումատուները հայտնել են, որ պետության պատասխանատվությունը ծագում է նաև հասարակական կարգի պաշտպանության գործողությունների ծրագրման, կազմակերպման և կառավարման թերություններից: Կառավարությունը առարկել է այդ փաստարկին:
Կողմերի դիրքորոշումները
(ա) Դիմումատուները
Դիմումատուները հայտնել են, որ իրավապահ մարմինների գործողությունների ծարգրումը և իրականացումը ուղեկցվել է մի շարք ձախողումներով, անփութություններով և սխալներով: Նրանք պնդել են, որ Կառլո Ջուլիանիի կյանքը կարող էր փրկվել, եթե համապատասխան միջոցներ ձեռք առնված լինեին: Նրանք հղում են կատարել, մասնավորապես, հետևյալ հանգամանքներին:
(i) Հստակ ստորակարգության և գործողությունների պատշաճ կազմակերպման բացակայությունը
Դիմումատուներն ընդգծել են, որ ցույցերի նախօրեին կատարվել են գործողությունների կազմակերպման փոփոխություններ, որոնք կարաբինիերներին դինամիկ դեր էին վերապահում (ի տարբերություն անշարժ դիրքի, ինչպես որ նախապես պլանավորված էր եղել): Հրամանատար սպաները փոփոխությունների մասին բանավոր են տեղեկացվել հուլիսի 20-ի առավոտյան: Ինչպես պարզ է դառնում «քսանհինգի դատավարության ընթացքում» ոստիկանության սպա Լաուրոյի և կարաբինիերների սպա Զաիպպիայի ցուցմունքներից, հրամանատար սպաները ճիշտ չեն տեղեկացավել Tute Bianche երթի արտոնման վերաբերյալ: Ավելին, Ջենովայում տեղակայված իրավապահ մարմինների անձնակազմը ծանոթ չի եղել քաղաքին և դրա փողոցներին: Ընտրված հաղորդակցության համակարգն ընդամենը հնարավորություն է տվել տեղեկություն փոխանակել ոստիկանության և կարաբինիերների կառավարման կենտրոնների միջև, սակայն ուղղակի ռադիոկապ ոստիկանության ծառայողների և կարաբինիերների միջև չի եղել: Դիմումատուների կարծիքով, այս թերացումները հանգեցրել են այն ծայրահեղ իրավիճակին, որի մեջ հայտնվել է Մ.Պ.-ն և որը ստիպել է նրան ապավինել մահաբեր ուժին: Այստեղ առկա է եղել պատճառահետևանքային կապ, որը Պալատը չի նկատել: Դիմումատուներն ընդգծել են, դրա հետ կապված, որ ոստիկանական գործողությունները պետք է այնպես կազմակերպված և ծրագրված լինեին, որպեսզի խուսափեին ցանկացած կամայականությունից, ուժի չարաշահումից կամ կանխատեսելի իրադարձությունից: Նրանք հղում են կատարել դատարանի նախադեպային իրավունքին (տե՛ս վերը` Մակարացիս, կետ 68), ՄԱԿ-ի սկզբունքների 24-րդ կետին և Պալատի վճռին հավելված դատավոր Բրատցայի մասնակիորեն չհամընկնող կարծիքին, որին միացել է դատավոր Սիկուտան: Հստակ ստորակարգության բացակայությունն է եղել կարաբինիերների` Tute Bianche երթի վրա հարձակման և այն բանի պատճառը, որ մի քանի ժամ անց ջիպերը հետևել են կարաբինիերներին` հակառակ հրահանգ չստանալով: Մ.Պ.-ն, ով թույլատվություն էր ստացել նստել ջիպերից մեկում, այրվածքներ էր ստացել, վատ էր տանում իր գազային դիմակը, շնչառության խնդիրներ ուներ, վիրավոր էր և խուճապահար: Չնայած ջիպի խնդիրը Մ.Պ.-ին և Դ.Ռ.-ին հոսպիտալ տեղափոխելն էր, այն չէր հեռացել Պիացցա Ալիմոնդայից, մինչև կարաբինիերների հարձակումը և աղետալի ու ծայրահեղ նյարդային վիճակում գտնվող երկու մարդիկ մնացել էին մեքենայի ներսում: Քննությունն որևէ բացատրություն չի տվել, թե ինչու են ջիպերը հետևել վաշտին, երբ վերջինս շարժվել է մի խումբ ցուցարարների դիմադրելու: Սպաներ Լաուրոն և Կապպելոն, «քսանհինգի դատավարության» ընթացքում հայտնել են, որ չեն նկատել հետևից եկող երկու ջիպերը: Կապելլոն նաև հայտնել է, որ «հետևից եկող ջիպը պետք է զրահապատ լիներ, այլապես դա ինքնասպանություն է»: Ավելին, ջիպերը թողնվել են առանց վերահսկողության` իրավապահ գործողությունների կազմակերպման բացակայության ևս մեկ վկայություն:
(ii) Մ.Պ.-ի ֆիզիկական և հոգեկան վիճակը և ուսուցման բացակայությունը
Դիմումատուներն ընդգծել են, որ իր ֆիզիկական և հոգեկան վիճակի պատճառով, Մ.Պ.-ին նրա վերադաս սպաները համարել են ծառայությունը շարունակելու համար ոչ պիտանի: Այնուամենայնիվ նրա տրամադրության տակ է թողնվել մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը և ուղիղ հոսպիտալ տեղափոխելու փոխարեն թույլ են տվել նստել ջիպը, որը որևէ պաշտպանություն չուներ: Մ.Պ.-ի վիճակը թույլ չի տվել նրան ճիշտ գնահատել իրեն սպառնացող վտանգը: Եթե նա համապատասխան վերապատրաստում անցած լիներ նա խուճապի չէր մատնվի և անհրաժեշտ հոգեվիճակում կլիներ, որպեսզի ճշգրիտ գնահատեր և գործեր այդ իրավիճակում: Կարկոցներից կարելի կլիներ խուսափել, եթե ջիպի հետևի և կողային պատուհանները սարքավորված լինեին մետաղյա պաշտպանիչ ցանցով և եթե Մ.Պ.-ի արցունքաբեր զենքը, որը նա կարող էր օգտագործել իրեն պաշտպանելու համար, նրանից վերցրած չլինեին: Մ.Պ.-ն, ով Մեծ ութնյակի գագաթնաժողովի ժամանակ 20 տարեկան էր (տե՛ս վերը` կետ 35), երիտասարդ էր և անփորձ: Նա ընդամենը 10 ամիս էր կարաբինիերների հետ, որոնց հետ կատարում էր իր զինվորական ծառայությունը: Նա մասնակցել էր կարբինիերների ուսումնասկան քոլեջի եռամսյա դասընթացներին և մեկ շաբաթայա դասընթաց անցել Վելլետրի կենտրոնում, որը և ըստ էության հանդիսանում էր նրա մարտական ուսուցումը (հակառակ ՄԱԿ-ի սկզբունքների 20-րդ կետին): Այդպիսով դիմումատուների ներկայացմամբ, նա չի ստացել հրազենի կիրառման պատշաճ ուսուցում և չի անցել իր մտավոր, ֆիզիկական և հոգեբանական ունակությունների անհրաժեշտ ստուգում: Մեծ ութնայկի գագաթնաժողովին նրան մահաբեր զենք տրամադրելով` իշխանությունները նշանակալի ռիսկի են ենթարկել և՛ ցուցարարներին, և՛ իրավապահ անձնակազմին: Ջիպում գտնվող մյուս երկու կարաբինիերները նույնպես երիտասարդ էին և փորձի պակաս ունեին: Դ.Ռ.-ն տասնիննուկես տարեկան էր և չորս ամիս է, ինչ զինվորական ծառայություն էր կրում, իսկ Ֆ.Կ.-ի քսանչորդ տարին դեռ չէր լրացել և ծառայում էր քսաներկու ամիս:
(iii) Մեծ ութնյակի գագաթնաժողովի համար զինված ուժերի անձնակազմի ընտրության չափանիշները
Դիմումատուները պնդել են, որ կարաբինիերների CCIR զորամասն առաջնորդել են արտասահմանում միջազգային ռազմական ոստիկանության գործողություններում փորձված անձինք, որոնք սակայն հասարակական կարգի պահպանության փորձ չեն ունեցել: Այդպես է սպաների Լեսոյի, Տրուգլիոյի և Կապելլոյի դեպքերում: Համապատասխան ժամանակ որևէ կարգավորում չկար, որը կսահմաներ հասարակական կարգի պահպանության գործողություններին մասնակցելու համար անձնակազմի ընտրության և չափանիշները և նվազագույն պահանջներ չսահմանելը, որոնց պետք է համապատասխանի Մեծ ութնյակի նման իրադարձությունների ընթացքում տեղակայված կարաբինիերները, կառավարության բացթողումն է: Սա խախտում է նաև ՄԱԿ-ի սկզբունքների 18 և 19-րդ կետերը: Ջենովայում տեղակայված զորքերի երեք քառորդը երիտասարդներ էին, ովքեր զինվորական ծառայությունն էին անցնում կարաբինիերների կազմում (carabinieri di leva) կամ վերջերս էին նշանակվել որպես պահեստայիններ (carabinieri ausiliari): Սա որոշակի պատկերացում է տալիս նրանց փորձի պակասի մասին: Դիմումատուներն նաև մատնանշել են CPT-ի` Իտալիա այցելության ժամանակ կատարած դիտարկումներին (տե՛ս վերը` կետ 155):
(iv) Ճակատագրական կրակոցին հաջորդած դեպքերը
Դիմումատուների պնդմամբ տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում նաև այն փաստի արդյունքում, որ Պիացցա Ալիմոնդայում և դրա մերձակայքում գտնվող իրավապահ մարմինների աշխատակիցները և ոչ էլ ջիպում գտնվող կարաբինիերները ճակատագրական կրակոցից հետո օգնություն ցույց չեն տվել Կառլո Ջուլիանիին: Նրանք հիմնավորել են դա ՄԱԿ-ի սկզբունքների 5-րդ հոդվածով: Նրանք այնուհետև ընդգծել են, որ ջիպը, որով երթևեկում էր Մ.Պ.-ն, որը վարում էր մեկ այլ կարաբինիեր, երկու անգամ անցել է տուժողի մարմնի վրայով, ում վրա կրակել էին, սակայն ով դեռ կենդանի էր:
(բ)Կառավարությունը
Կառավարությունը նկատել է, որ Կառլո Ջուլիանիի մահը վրա է հասել Մ.Պ.-ի առանձին գործողության արդյունքում, որը կատարելու հրաման կամ լիազորություն վերադաս սպաների կողմից չի տրվել: Այդ պատճառով այն եղել է չնախատեսված և անկանխատեսելի արարք: Քննության եզրակացությունները բացառում են պետության պատասխանատվությունը, ներառյալ անուղղակի պատասխանատվությունը` կապված հասարակական կարգի պահպանության գործողությունների կազմակերպման կամ կառավարման թերությունների հետ: «Խնդիրները», որոնց հղում է կատարել դատախազը գործի վարույթը կարճելու միջնորդության մեջ, մասնավորապես կապված դեպքերի նախորդ գիշերն իրականացված կազմակերպչական փոփոխությունների հետ (տե՛ս վերը` կետ 67), չեն մասնավորեցվել և ոչ էլ հաստատվել է դրանց գոյությունը: Ամեն դեպքում որևէ նշան չկա, որ գործողության կազմակերպման գնահատականի որևէ սխալ կարող է կապվել քննարկվող դեպքերի հետ: Անհնար է պատճառական կապ տեսնել Կառլո Ջուլիանիի մահվան և Tute Bianche երթի վրա հարձակման միջև, որը «կապ չունի» Պիացցա Ալիմոնդայում տեղի ունեցած դեպքերի հետ: Որևէ հիմք չկա նաև պնդելու, որ կարաբինիերների անձնակազմը չպետք է ուղարկվեր Պիացցա Ալիմոնդա, վերախմբավորման ժամանակ տրվեր և գործ ունենար ցուցարարների հետ: Սույն գործը Էրգին ընդդեմ Թուրքիայի (28 հուլիսի 1998թ., Զեկույցներ 1998-IV), Օղուրն ընդդեմ Թուրքիայի ([GC], թիվ 21594/93, ՄԻԵԴ 1999‑III) և Մակարացիսի (վերը նշված) գործերից տարբերվում է նրանով, որ Մեծ ութնյակի համատեքստում, որ գործողությունների ծրագրումն անխուսափելիորեն անավարտ էր և մոտավոր, հաշվի առնելով որ ցուցարարները կարող էին և խաղաղ մնալ և ներգրավվել բռնություներում: Իշխանությունները չէին կարող մանրամասնորեն գուշակել, թե ինչ տեղի կունենա և պետք է ապահովեին, ճկուն կերպով միջամտելու հնարավորությունը, ինչը դժվար է ծրագրել: Նման կերպով ՄաքԿաննը և այլոք և Անդրոնիկուն և Կոնստանտինուն գործերում (տե՛ս երկուսն էլ վերը) առանձնացված սկզբունքները կապ չունեն այս գործի հետ, քանի որ դրանք կապված են հստակ նպատակ հետապնդող ոստիկանական գործողությունների հետ, ոչ թե երեք օր տևող «պարտիզանական» իրավիճակի հետ, որը մշտական բնույթ էր կրում և տարածված էր ողջ քաղաքով մեկ: Վերջին իրավիճակում կանխարգելիչ պլանավորումն անհնար էր քանի որ որոշումներն ընդունվում էին տեղում ծառայություն իրականացնող հրամանատար սպաների կողմից` հաշվի առնելով բռնության և վտանգի աստիճանը: Ջենովայում ցույցերը պետք է խաղաղ և օրինական անցնեին: Տեսաերիզը ցույց է տալիս, որ ցուցարարների մեծ մասը գործել է օրենքին համապատասխան, առանց բռնության դիմելու: Իշխանություններն արել են իրենցից կախված ամեն ինչ, կարգազանց տարրերի` ցուցարարներին խառնվելը և ցուցարարների իրավախախտ վարքագիծը կանխելու համար: Չնայած դրան, քաղաքի տարբեր մասերում տեղի են ունեցել մի քանի քրեական միջադեպեր` հաճախ իրար հետ կապ չունեցող: Նշանակալի նախազգուշական միջոցառումն են ձեռք առնվել իրավիճակի հնարավոր վատթարացման դեմ: Այնուամենայնիվ, ոչ մի իշխանություն «առանց պայծառատեսի օգնության» չի կարող կանխագուշակել, թե երբ, որտեղ և ինչպես կբռնկվի բռնությունը և որ ուղղությամբ այն կտարածվի: Ժխտելով պետությանը վերագրվող այնպիսի բացթողումների գոյությունը, որոնք կարելի է կապել Կառլո Ջուլիանիի մահվան հետ` կառավարությունը Դատարանի ուշադրությունը հրավիրել է հետևյալ կետերին. 2001թ. հուլիսի 19-ի ծրագրի փոփոխությունը, որը կարաբինիերներին ավելի դինամիկ դեր էր վերապահում արդարացված է եղել է զարգացող իրավիճակով և ցուցարարների ավելի ու ավելի ագրեսիվ պահվածքով: Ոչինչ չի վկայել, որ անձնակազմի ընտրությունը և ուսուցումը թերի է եղել: Մ.Պ.-ի, Դ.Ռ.-ի և Ֆ.Կ.-ի անցած ուսուցումները ներառել են հիմնական տեխնիկական ուսուցումը, երբ նրանց զորակոչել են և հասարակական կարգի պաշտպանության գործողությունների և տրված սպառազինության օգտագործման հետագա դասընթացները: Ավելին, Մ.Պ.-ն, Դ.Ռ.-ն և Ֆ.Կ.-ն նշանակալի փորձ են ձեռք բերել սպորտային և այլ իրադարձություներում: Մեծ ութնյակի գագաթնաժողովից առաջ ողջ անձնակազմը, որը պետք է տեղակայվեր Ջենովայում, ներառյալ վերը հիշատակված երեք կարաբինիերները, մասնակցել են Վելլետրիում ուսումնական հավաքների, որոնց ընթացքում փորձված վերապատրաստողները որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացրել հասարակական կարգուկանոնի տեխնիկաների վերաբերյալ (տե՛ս վերը` կետեր 108-109): Ավելին, քանի որ պետությունը մոտ 18,000 ծառայողներ էր տեղակայել (տե՛ս վերը` կետ 141), իրատեսական չէր լինի ակնկալել, որ ոստիկանության բոլոր ծառայողները և կարաբինիերները կարող են պատկանել էլիտար զորամիավորների: Կառավարության ներկայացմամբ, կարաբինիերների կողմից ընտրված հաղորդակցության համակարգը որևէ կապ չունի Պիացցա Ալիմոնդայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Ջիպերը զրահապատ չէին (սակայն սարքավորված էին մետաղական ցանցերով, որոնք պաշտպանում էին դիմապակին և վարորդի ու առջևի ուղևորի պատուհանները) քանի որ դրանք պարզապես փոխադրման աջակցության մեքենաներ էին և նախատեսված չէին հասարակական կարգի պահպանության օպերատիվ կիրառության համար: Այդ պատճառով է, որ կողային և հետևի պատուհանները պաշտպանված էին ցանցերով: Ավելին, ցուցարարներին հաջողվել է այրել ամբողջովին զրահապատ մեքենան (տե՛ս վերը` կետ 20): Ջիպերը հետևել են ցուցարարների հետ բախումներում ներգրավված կարաբինիերներին, ամենայն հավանականությամբ, վարորդների նախաձեռնությամբ, որպեսզի խուսափեն կարաբինիերներից կտրվելուց, ինչը դրանք հեշտ նշանակետ կդարձներ ագրեսիվ ցուցարարների համար: Մ.Պ.-ն լիցքավորված ատրճանակ է ունեցել, քանի որ չնայած նա ավարտել էր արցունքաբեր գազ կրակելը, նա պետք է կարողանար հարձակման դեպքում պաշտպանել իրեն: Եթե այդպես չլիներ ավելի հավանական է, որ նա այլ ոչ թե հարձակվողը այժմ զոհված կլիներ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու իրավապահ մարմինների ծառայողները, ովքեր մոտ էին ջիպին չեն միջամտել, կառավարությունը նկատում է, որ դեպքի վայրում գտնվող կարաբինիերները դրանից քիչ առաջ նահանջել էին ցուցարարների հարձակման արդյունքում և հետևաբար ժամանակ էր անհրաժեշտ վերախմբվելու համար: Ինչ վերաբերում է «համեմատաբար մոտ տարածության վրա, սակայն ոչ անմիջապես մերձակայքում գտնվող» ոստիկանության սպաներին, նրանք միջամտել են հնարավորինս արագ: Ավելին, ողբերգական իրադարձությունները չափազանց արագ են տեղի ունեցել (ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ վայրկյանում): Կառավարությունը նաև մատնանշել է, որ դիահերձման արձանագրության համաձայն, մեքենայի` Կառլո Ջուլիանիի մարմնի վրայով անցնելը վերջինիս համար որևէ էական հետևանք չի առաջացրել (տե՛ս վերը` կետ 50): Շտապօգնության ծառայությունը անմիջապես ժամանել է դեպքի վայր: Կառավարության ներկայացմամբ իշխանությունները և իրավապահ մարմիններն իրենց համար մատչելի գործողության այլ ձև չեն ունեցել: Չնայած Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 2 (c) կետը թույլատրում է կյանքից զրկել «խռովությունը ճնշելու» նպատակով, կարաբինիերները սահմանափակվել են փորձելով առանց վնաս պատճառելու ցրել կատաղի ցուցարարներին և թակարդի մեջ հայտնվելուց հետո նահանջել են շրջապատված լինելուց խուսափելու համար, ինչը կարող էր հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Ջիպի վրա հարձակումը ավելի շուտ ցուցարարների լարած թակարդի արդյունք էր, քան որևէ խափանման: հաշվի առնելով վերոշարադրյալը, Դատարանը պետք է խուսափի այն ուղերձից, որ պետությունը պետք է պատասխանատու լինի բոլոր այն դեպքերի համար, երբ խռովությունները հանգեցնում են մարդկային կյանքի կորստի:
Պալատի վճիռը
Պալատն ուսումնասիրել է այն թերությունները, որոնց վերաբերյալ գանգատվել են դիմումատուները, կապված իշխանությունների կողմից հաղորդակցության համակարգի ընտրության, հուլիսի 20-ի ծառայության հրահանգի ենթադրյալ անհամապատասխան շրջանառության և իրավապահ մարմինների համակարգման բացակայության հետ: Պալատը եզրակացրել է, որ վերջինս պետք է արձագանքեր անակնկալ և անկանխատեսելի անկարգություններին և գործի էության սպառիչ ներպետական քննության բացակայության պարագայում որևէ ուղղակի և անմիջական կապ չի կարող հաստատվել այդ թերությունների և Կառլո Ջուլիանիի մահվան միջև: Վերջապես, պալատը վճռել է, որ շտապօգնության ծառայությունը կանչվել է բավարար արագությամբ և ընդգծել է Կառլո Ջուլիանիի վերքերի ծանրությունը (տե՛ս Պալատի վճիռը` կետեր 228-244):
Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, 2-րդ հոդվածը որոշ հստակ որոշված հանգամանքներում իշխանությունների համար դրական պարտավորություն է սահմանում ձեռք առնել կանխարգելիչ գործառնական միջոցներ պաշտպանելու անձին, ում կյանքը վտանգված է, մեկ այլ անձի քրեական արարքներից (տե՛ս Մաստրոմատտեոն ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 37703/97, կետ 67 in fine, ՄԻԵԴ 2002‑VIII; Բրանկո Տոմաշիչը և այլոք ընդդեմ Խորվատիայի, թիվ 46598/06, կետ 50, ՄԻԵԴ 2009‑...; և Օփուզն ընդդեմ Թուրքիայի, թիվ 33401/02, կետ 128, ՄԻԵԴ 2009‑...) Դա չի նշանակում, ինչևէ, որ այս դրույթից կարող է բխեցվել բռնության ցանկացած հնարավորություն կանխելու դրական պարտավորությունը: Խնդրո առարկա պարտավորությունը պետք է մեկնաբանվի այնպես որ իշխանությունների համար չսահմանի անհնար կամ անհամաչափ բեռ, չմոռանալով, ժամանակակից հասարակության հսկողության բարդությունները, մարդկային վարքագծի անկանխատեսելիությունը և գործառնական ընտրանքները, որոնք պետք է կատարվեն ելնելով առաջնահերթություններից և ռեսուրսներից (տե՛ս վերը նշված Օսմանի գործը` կետ 116 և Մայորանոն և այլոք ընդդեմ Իտալիայի թիվ 28634/06, կետ 105, 15 դեկտեմբերի 2009թ.): Համապատասխանաբար, կյանքին սպառնացող յուրաքանչյուր հայտարարված վտանգ չի կարող հանգեցնել իշխանությունների համար այդ ռիսկի իրագործումը կանխելու համար գործառնական միջոցներ ձեռք առնելու Կոնվենցիոնալ պահանջին: Դատարանը վճռել է, որ դրական պարտավորությունն առաջանում է, երբ իշխանությունները գիտեին կամ պարտավոր էին իմանալ ինքնությունը հաստատված անձի կամ անձանց կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգի գոյության մասին և միջոցներ ձեռք չեն առել իրենց իշխանության սահմաններում, որը ողջամտորեն դատելով, ակնկալվում էր, այդ ռիսկից խուսափելու համար (տե՛ս Բրումլին ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), թիվ 33747/96, 23 նոյեմբերի 1999թ.; Պոլ և Օդրի Էդվարդսներն ընդդեմ Միացյալ, թիվ 46477/99, կետ 55, ՄԻԵԴ 2002‑II; և վերը նշված Բրանկո Տոմաշիչը, կետեր 50-51): Դրա հետ կապված պետք է մատնանշել, որ Մաստրոմատեոյի գործով (տե՛ս վերը` կետ 69) Դատարանը տարբերություն է դնում որպես մահաբեր արարքի պոտենցիալ թիրախ նախապես անհատականացված մեկ կամ ավելի անձանց անձնական պաշտպանության պահանջին վերաբերող գործերի (տե՛ս Օսմանի և Փոլ և Օդրի Էդվարդսների գործերը, երկուսն էլ վերը նշված, տես նաև Մաստրոմատտեոյի, հատկապես` Բրանկո Տոմաշիչի գործերից հետո ընդունված վճիռները և Օփուզի գործը) և այն գործերի միջև, որոնցում հարցը հասարակության ընդհանուր պաշտպանություն ապահովելն է (տե՛ս վերը նշված Մայորանոյի և այլոց գործը, կետ 107): Ավելին, Կոնվենցիայի համաձայն պետության պատասխանատվության առաջացման համար, պետք է հաստատվի, որ մահը տեղի է ունեցել ներպետական իշխանությունների կողմից այնպիսի գործողություններ չձեռնարկելու հետևանքով, որոնք ողջամտորեն կարող էին ակնկալվել կյանքին սպառնացող իրական և անմիջական վտանգից խուսափելու նպատակով, որի վերաբերյալ նրանք գիտեին կամ պարտավոր էին իմանալ (տե՛ս վերը նշված Օսմանի գործը` կետ 116, Մաստրոմատտեոյի գործը` կետ 74, Մայորանոյի և այլոց գործը` կետ 109): Նախադեպային իրավունքի համաձայն Դատարանը պետք է քննության առնի ոստիկանական գործողության ծրագրումը և հսկողությունը, որոնք հանգեցրել են մեկ կամ մի քանի անձանց մահվան, որպեսզի գնահատի արդյոք գործի կոնկրետ հանգամանքներում իշխանությունները համապատասխան հոգատարություն դրսևորել են, որպեսզի երաշխավորեն որ կյանքին սպառնացող ցանկացած վտանգ նվազագույնի է հասցվել և իրենց գործողությունների ընտրության մեջ բացակայում է անփութությունը (տե՛ս վերը նշված ՄաքԿաննը և այլոք գործը` կետեր 194 և 201 և Անդրոնիկուն և Կոնստանտինուն` կետ 181): Մահաբեր ուժի կիրառումը ոստիկանության ծառայողների կողմից կարող է արդարացվել որոշակի հանգամանքներում: Այնուամենայնիվ, 2-րդ հոդվածը carte blanche չի տալիս: Պետության ներկայացուցիչների չկանոնակարգված և կամայական գործողություններն անհամատեղելի են մարդու իրավունքների արդյունավետ հարգանքի հետ: Սա նշանակում է, որ ոստիկանական գործողությունները պետք է պատշաճ կերպով կարգավորված լինեն ներպետական օրենսդրությամբ, կամայականության և ուժի չարաշահման դեմ համապատասխան և արդյունավետ երաշխիքների համակարգի շրջանակներում: Համապատասխանաբար, Դատարանը պետք է ուշադրություն դարձնի ոչ միայն պետության ներկայացուցիչների գործողություններին, ովքեր իրականում կիրառում են ուժը, այլև շրջակա բոլոր հանգամանքներին, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են քննության ենթակա գործողությունների ծրագրումը և հսկողությունը: Ոստիկանության ծառայողները չպետք է իրենց պարտականությունները կատարելիս հայտնվեն վակուումում. Իրավական և վարչական կառուցակարգը պետք է սահմանի այն սահմանափակ դեպքերը, երբ իրավապահ մարմինների ծառայողները կարող են ուժ և հրազեն կիրառել, դրա վերաբերյալ մշակված միջազգային ստանդարտներին համապատասխան (տե՛ս վերը` Մակարացիսի գործը` կետեր 58-59): Մասնավորապես, իրավապահ մարմինների ծառայողները պետք է ուսուցանվեն գնահատել արդյոք առկա է հրազեն կիրառելու բացարձակ անհրաժեշտություն, ոչ միայն համապատասխան կանոնակարգերի տառի, այլև մարդու կյանքի, որպես հիմնարար արժեքի հարգման գերակայության հիման վրա (տե՛ս Նաչովան և այլոք գործը` կետ 97, տե՛ս նաև Դատարանի քննադատությունը Մաք Կաննի և այլոց գործով զինվորներին տրված «կրակելու և սպանելու» հրահանգները, կետեր 211-214): Վերջապես չպետք է անտեսել, որ Կառլո Ջուլիանիի մահը տեղի է ունեցել զանգվածային ցույցերի ընթացքում: Եվ եթե Պայմանավորվող պետության պարտականությունն է ողջամիտ և պատշաճ միջոցառումներ ձեռնարկել, օրինական ցույցերի հետ կապված` դրանց խաղաղ երթը և բոլոր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, պետությունը չի կարող երաշխավորել դա բացարձակապես և ունի կիրառելի միջոցների ընտրության լայն հայեցողություն: Այդ իմաստով պետության ստանձնած պարտավորությունը Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն վերաբերում է ձեռնարկվող միջոցներին այլ ոչ թե արդյունքներին որոնց պետք է հասնել (“Ärzte für das Leben” ընդդեմ Ավստրիայի, 21 հունիսի 1988թ, կետ 34, Սերիա A թիվ 139; Օյա Ատամանն ընդդեմ Թուրքիայի թիվ 74552/01, կետ 35, ՄԻԵԴ 2006‑XIII; և Պրոտոպապան ընդդեմ Թուրքիայի թիվ 16084/90, կետ 108, 24 փետրվարի 2009թ.): Այնուամենայնիվ կարևոր է որ անվտանգության կանխարգելիչ միջոցառումները, ինչպես օրինակ առաջին օգնության ծառայությունների ներկայությունը ցույցերի վայրում, ձեռք առնվեն քաղաքական, մշակութային կամ այլ բնույթի ցանկացած իրադարձության, ժողովի կամ հավաքի սահուն ընթացքը երաշխավորելու համար (տե՛ս վերը նշված Օյա Ատամանի գործը` կետ 39): Ավելին, եթե ցուցարարները ներգրավված չեն բռնի գործողություններում, հանրային իշխանությունների համար կարևոր է ցույց տալ հանդուրժողականության որոշակի մակարդակ խաղաղ հավաքների նկատմամբ, եթե Կոնվենցիայի 11-րդ հոդվածով նախատեսված հավաքների ազատությունը ենթակա չէ, ըստ էության, ամբողջովին սահմանափակման (տե՛ս Պատյին և այլոք ընդդեմ Հունգարիայի, թիվ 5529/05, կետ 43, 7 հոկտեմբերի 2008թ.): Մյուս կողմից այդ դրույթով երաշխավորված իրավունքին միջամտությունները արդարացվում են սկզբունքորեն անկարգության կամ հանցագործության կանխման և այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով, եթե ցուցարարները բռնի գործողությունների են դիմում (տե՛ս վերը` Պրոտոպապայի գործը` կետ 109):
(բ) Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանը նախ նկատում է, որ Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովը ուղեկցող ցույցերը վերածվել էին բռնության: 2001թ. հուլիսի 20-ին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և ցուցարարների խմբերի միջև: Դա առատ վկայությունն է պարունակում կողմերի ներկայացրած տեսաերիզը: Այդ կադրերը ցույց են տալիս նաև որոշ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունը (տե՛ս վերը` կետ 139): Այնուամենայնիվ փաստ է մնում, որ սույն գանգատը չի վերաբերում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ոստիկանական գործողությունների կազմակերպմանը ընդհանուր առմամբ: Այն սահմանափակված է, ի թիվս այլոց, քննությամբ, թե արդյոք իրադարձությունը կազմակերպելիս և ծրագրելիս տեղի են ունեցել ձախողումներ, որոնք կարող են ուղղակի կապ ունենալ Կառլո Ջուլիանիի մահվան հետ: Դրա հետ կապված պետք է նկատել, որ բռնի միջադեպեր նկատվել են Պիացցա Ալիմոնդայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից բավականին առաջ: Ամեն դեպքում որևէ օբյեկտիվ հիմք չկա կարծելու, որ եթե այդ բռնի իրադարձությունները տեղի չունենային և կարաբինիերները չհարձակվեին Tute Bianche երթի վրա, ապա Մ.Պ.-ն կրակոցներ չէր արձակի իրեն անօրինական բռնությունից պաշտպանելու համար, որին ենթարկվել էր: Նույն եզրակացությանը պետք է հանգել իրադարձություների նախաշեմին կարաբինիերներին տրված հրահանգների փոփոխության և հաղորդակցության համակարգի ընտրության վերաբերյալ: Դատարանը նկատում է, դրա հետ կապված, որ Վիա Կաֆայում կարաբինիերների միջամտությունը (տե՛ս վերը` կետեր 42-44) և ցուցարարների կողմից ջիպի վրա հարձակումը տեղի է ունեցել հարաբերականորեն խաղաղ ժամանակ, երբ բախումների երկար օրվանից հետո, կարաբինիերների վաշտը դիրք էր զբաղեցրել Պիացցա Ալիմոնդայում` հանգստանալու, վերախմբվելու և վիրավոր ծառայողներին ջիպերում նստելու հնարավորություն տալու համար: Ինչպես երևում է տեսաերիզից, բախումը ցուցարարների և իրավապահ մարմինների ծառայողների միջև սկսվել է հանկարծակի և տևել է մի քանի րոպե` մինչև ճակատագրական կրակոցները: Չէր կարող կանխատեսվել, որ այդպիսի կատաղի հարձակում տեղի կունենա կոնկրետ այդ տեղում և այդ հանգամանքներում: Ավելին, պատճառները, որոնք դրդել են ամբոխին այդպես գործել այնպես, կարող են միայն ենթադրվել: Պետք է նաև նկատել, որ Կառավարությունը նշանակալի թվով անձնակազմ էր տեղակայել այդ իրադարձությունը հսկելու համար (18,000 ծառայողներ` տե՛ս վերը` կետեր 141 և 237) և որ ողջ անձնակազմը պատկանում էր կամ մասնագիտացված զորամիավորումներին կամ ad hoc ուսուցում էր անցել զանգվածային հավաքների ժամանակ կարգուկանոնը պահպանելու վերաբերյալ» Մ.Պ.-ն, մասնավորապես, մասնակցել է վերապատրաստման դասընթացների Վելլետրիում (տե՛ս վերը` կետեր 108-109 և 237, ի հակադրություն վերը նշված Մակարացիսի գործի` կետ 70): Հաշվի առնելով տեղակայված ծառայողների չափազանց մեծ թիվը չի կարելի պահանջել, որ նրանք բոլորը երկարաժամկետ փորձառություն ունենան և կամ ուսուցանված լինեն ամիսներ կամ տարիներ: Այլ կերպ համարել կնշանակի պետության համար նախատեսել ոչ իրատեսական և անհամաչափ պարտավորություն: Ավելին, ինչպես իրավացիորեն ընդգծել է կառավարությունը (տե՛ս վերը` կետ 233) տարբերություն պետք է դրվի այն գործերի միջև, երբ իրավապահ մարմինները գործ ունեն հստակ և անհատականացված թիրախի հետ (տե՛ս օրինակ վերը նշված ՄաքԿաննը և այլոք և Անդրոնիկուն և Կոնստանտինուն) և երբ խնդիրը կարգուկանոնի պահպանումն է այնպիսի լայն շրջանում ինչպիսին ամբողջ քաղաքն է հնարավոր անկարգություններ սպառնալիքի ներքո, ինչպես սույն գործում: Միայն առաջին կատեգորիայի գործերում կարելի է ակնկալել, որ ներգրավված բոլոր ծառայողները մասնագիտացված լինեն իրենց հանձնարարված խնդիրների հետ գործ ունենալիս: Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ոչ մի խախտման հիմքում չի կարող դրվել միայն Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովին կարաբինիերի ընտրությունը, ով այդ ժամանակ, Մ.Պ.-ի նման, ընդամենը քսաներկու տարեկան և տասնմեկ ամսական էր և ընդամենը տաս ամսվա ծառայող (տե՛ս վերը` կետ 35): Դատարանը նաև նշում է, որ այն արդեն վճռել է, որ Մ.Պ.-ի գործողությունները ջիպի վրա հարձակման ընթացքում չեն հանդիսանում 2-րդ հոդվածի խախտում նյութական տեսանկյունից (տե՛ս վերը` կետեր 194-195): Չի հաստատվել նաև, որ նա դրսևորել է չկշռադատված նախաձեռնություն կամ գործել առանց պատշաճ հրահանգների (հակառակը` վերը նշված Մակարացիսի գործը` կետ 70): Այդ իսկ պատճառով դեռ պետք է հավաստիանալ, արդյոք Պիացցա Ալիմոնդայում ցուցարարների կողմից ջիպի վրա հարձակվելուց անմիջապես առաջ ընդունված որոշումները խախտել են կյանքի պաշտպանության պարտականությունը: Այդ նպատակով դատարանը պետք է հաշվի առնի իշխանություններին որոշումներ ընդունելիս մատչելի տեղեկատվությունը: Խաչմերուկում ոչինչ չէր հուշում, որ Կառլո Ջուլիանին, ավելի քան որևէ այլ ցուցարար կամ դեպքի վայրում ներկա անձ, հանդիսանում էր մահաբեր գործողության պոտենցիալ թիրախ: Հետևաբար իշխանությունները պարտավոր չէին անձնական պաշտպանություն ապահովել նրա համար, այլ պարզապես պարտավոր էին ձեռնպահ մնալ այնպիսի գործողությունների կատարումից, որոնք, ընդհանուր առմամբ, հնարավոր է վտանգեին ներգրավված անձանց կյանքը և ֆիզիկական անձեռնամխելիությունը: Դատարանը հնարավոր է համարում, արտակարգ իրավիճակներում, այնպիսին, ինչպիսին տիրում էր 2001թ. հուլիսի 20-ից հետո, որ իրավապահ մարմինները կարող են ոչ զրահապատ փոխադրամիջոցներ օգտագործել վիրավոր ծառայողներին փոխադրելու համար: Ավելին, անողջամիտ չի թվում համապատասխան մեքենաներից անմիջապես հոսպիտալ մեկնել չպահանջելը, քանի որ դա նրանց ռիսկի կենթարկեր առանց պաշտպանության հատել քաղաքի այն մասը, որտեղ հետագա անկարգությունները կարող էին ծագել: Վիա Կաֆֆայի հարձակումից առաջ, ինչպես հենց նոր նկատել է Դատարանը, լիովին անակնկալ և անկանխատեսելի էր (տե՛ս վերը` կետ 254), ամեն ինչից երևոմ էր, որ ջիպերն ավելի լավ են պաշտպանված Պիացցա Ալիմոնդայում` կարաբինիերների անձնակազմի կողքին: Ավելին, գործի նյութերից չի բխում, որ ջիպում գտնվող կարաբինիերների ֆիզիկական վիճակն այնքան լուրջ էր, որ նրանց պետք էր անմիջապես հրատապ տեղափոխել հիվանդանոց: Համապատասխան ծառայողները հիմնականում տառապում էին արցունքաբեր գազի երկարատև ազդեցության հետևանքներից: Ջիպերն այնուհետև հետևել են կարաբինիերների վաշտին, երբ վերջինս շարժվել է Վիա Կաֆֆայի ուղղությամբ: Այս որոշման պատճառը հստակ չի երևում գործի նյութերից: Հնարավոր է, որ տեղաշարժը կատարվել է կտրված լինելուց խուսափելու համար, որը, ինչպես ցույց են տվել հետագա իրադարձությունները, կարող էր ծայրահեղ վտանգավոր լինել: Ավելին, տեղաշարժ կատարելիս, որևէ պատճառ չկար կարծելու, որ ցուցարարները կկարողանան կարաբինիերներին հարկադրել արագորեն և անկարգ նահանջել, ինչպես նրանք արեցին, այդպիսով դրդելով ջիպերին ետընթաց նահանջել և հանգեցնելով դրանցից մեկի շրջապատմանը: Այդ դեպքերի անմիջական պատճառը ցուցարարների անօրինական և կատաղի հարձակումն էր: Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների կողմից նախկինում ընդունված ոչ մի օպերատիվ որոշում չէր կարող հաշվի առնել այս անկանխատեսելի տարրը: Ավելին, այն փաստը, որ ընտրված հաղորդակցության համակարգն ակնհայտորեն թույլ էր տալիս տեղեկություն փոխանակել միայն ոստիկանության և կարաբինիերների կառավարման կենտրոնների միջև սակայն ոչ ուղղակի կապ հաստատել ոստիկանների և հենց իրենց` կարաբինիերների միջև (տե՛ս վերը` կետ 222) ինքնին բավարար հիմք չէ համարելու որ բացակայել է ստորակարգության համակարգը, գործոն, որը Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, հակված է մեծացնել ոստիկանների կողմից անկանոն կրակոցների արձակման ռիսկը (տե՛ս վերը նշված Մակարացիսի գործը` կետ 68): Մ.Պ.-ն ենթակա է եղել տեղում ներկա վերադաս սպաների հրամաններին և հրահանգներին: Ավելին, Դատարանը չի հասկանում, թե ինչու այն փաստը, որ Մ.Պ.-ն վիրավոր էր և համարվել է ծառայությունը շարունակելու համար անպիտան պետք է հանգեցներ հրամանատարության կողմից նրա զենքը վերցնելուն: Զենքը անձնական պաշտպանության պատշաճ միջոց էր, կյանքին անխուսափելի և լուրջ վտանգ սպառնացող հնարավոր դաժան և անակնկալ հարձակմանը դիմագրավելու համար և իրավամբ օգտագործվել է այդ նպատակով: Վերջապես, ինչ վերաբերում է ճակատագրական կրակոցին հաջորդած իրադարձություններին (տե՛ս վերը` կետ 229), Դատարանը նկատում է, որ որևէ ապացույց չկա, որ Կառլո Ջուլիանիին ցույց տրված օգնությունը եղել է անհամապատասխան կամ ուշացած և որ ջիպը դիտավորյալ է անցել մարմնի վրայով: Ամեն դեպքում, ինչպես ցույց է տալիս դիահերձման արձանագրությունը, (տե՛ս վերը` կետ 50), Մ.Պ.-ի արձակած կրակոցի արդյունքում ուղեղին պատճառված վնասվածքներն այնքան լուրջ էին, որ հանգեցրել են մահվան` մի քանի րոպեի ընթացքում: Դրանից հետևում է, որ իտալական իշխանությունները չեն խախտել մահաբեր ուժի կիրառման պոտենցիալ գործողությունների ընթացքում պահանջվող երաշխիքների մակարդակն ապահովելու համար իրենցից ակնկալվող ամեն ինչ անելու պարտականությունը: Այդ պատճառով էլ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի որևէ խախտում տեղի չի ունեցել Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի արդյունքում իրականացվող ոստիկանական գարծողությունների կազմակերպման և ծրագրման և Պիացցա Ալիմոնդայի ողբերգական դեպքերի հետ կապված:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ ԴՐԱ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ
Դիմումատուները պնդում են, որ պատասխանող պետությունը մի քանի դեպքերով չի պահպանել Կոնվենցիայի երկրորդ հոդվածից բխող դատավարական պարտավորությունները: Կառավարությունն առարկել է այդ պնդման դեմ:
Ա. Դիմումատուների բարձրացրած հարցերը
Դիահերձման և դիակիզման իրականացամն ենթադրյալ թերությունները
ա. Կողմերի դիրքորոշումները
(i) Դիմումատուները
Դիմումատուները նկատել են, որ 2001թ. հուլիսի 21-ին դատախազը հանձնարարել է իրականացնել Կառլո Ջուլիանիի դիահերձումը և նշանակել է երկու փորձագետ (պարոն Կանալեին և պարոն Սալվիին), ովքեր պետք է սկսեին աշխատանքը նույն օրը` ժամը 15-ին: Դատախազը խնդրել է ոստիկանությանը մինչև ժամը 13-ը տեղեկացնել Մ.Պ.-ին և տուժողի ծնողներին: Դիմումատուների համար անհնար է եղել այդպիսի կարճ ժամանակ առաջ արված ծանուցմամբ իրենց ընտրությամբ դատաբժիշկ փորձագետ նշանակել դիահերձմանը մասնակցելու համար: Ավելին, դատախազը թույլատրել է մարմնի դիակիզումը 2001թ. հուլիսի 23-ին, դիահերձման արդյունքները հայտնի դառնալուց բավականին առաջ (փորձագետներին վաթսուն օր է տրվել իրենց եզրակացությունն ավարտելու համար): Դիմումատուները չեն հանդիսացել դատավարության «կողմեր» քանի որ Իտալիայի օրենսդրության համաձայն դատավարությանը որպես քաղաքացիական հայցվոր ներգրավվելու միջնորդություն կարող է ներկայացվել միայն երբ մեղադրյալի գործը փոխանցվում է դատաքննության: Որպես տուժող կողմ, նրանք քննությանը մասնակցելու սահմանափակ հնարավորություն են ունեցել: Դրանք ավելի են սահմանափակվել, երբ դատախազը հանձնարարել է տեխնիկական փորձաքննություն անցկացնել, որը չի կարող կրկնվել ՔԴՕ-ի 360-րդ հոդվածի հիման վրա (տե՛ս վերը` կետ 150): Այդ դեպքում տուժող կողմը կարող էր միայն խնդրել դատախազին դիմել դատարան ապացույցի անհապաղ հետազոտման համար: Միայն միջնորդության բավարարման դեպքում տուժող կողմը կարող էր խնդրել գործը քննող դատավորին հարցեր տալ դատախազության փորձագետներին: Սույն գործով դիահերձումը որակվել է որպես տեխնիկական փորձաքննություն, որը չի կարող կրկնվել: Վերջապես, դիմումատուները նկատել են, որ Կառլո Ջուլիանիի ողջ մարմնի սքանավորումը (տե՛ս վերը` կետ 60) մետաղյա բեկոր է հայտնաբերել նրա գլխում, որը սակայն դուրս չի բերվել կամ գրանցվել (տե՛ս վերը` կետ 130` պարոն Սալվիի ցուցմունքը «քսանհինգի դատավարության» ընթացքում):
(ii) Կառավարությունը
Կառավարությունն առարկել է, որ մետաղյա բեկորի դուրս բերումը ոչ միայն աննպատակ այլև անհնարին կլիներ: Այն որևէ լրացուցիչ օգտակար տեղեկություն չէր տալու այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում Մ.Պ.-ն մահաբեր ուժ էր կիրառել: Կապարի միկրոբեկորներն արդեն հայտնաբերվել էին տուժողի սաղավարտագլխարկում, որի անալիզը հաստատել էր միջանկյալ օբյեկտի վարկածը: Ավելին, Կառլո Ջուլիանիի մարմինը դիակիզման համար ընտանիքին վերադարձնելու պահին որևէ պատճառ չկար ենթադրելու որ դիահերձման եզրակացությունը, որը դեռ չէր գրվել, «մակերեսային» է լինելու: Ավելին, սովորական պրակտիկա է մարմինը հարազատներին փոխանցելը, եթե փորձագետները նշում են, որ իրենք այլևս դրա կարիքը չունեն: Սա տուժողի հարազատներին ազատում է հետագա փորձությունից և հարգում է նրանց իրավունքները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն: Դիմումատուներն, ովքեր տեղեկացված են եղել, որ դիահերձում է կատարվելու և կարող էին մասնակցել դրան, իրենք են պահանջել դիակիզումը; Ավելին, դիմումատուների ներկայացուցիչը որևէ միջնորդություն չի ներկայացրել ապացույցի անհապաղ հետազոտման վերաբերյալ (կառավարությունը հղում է կատարել Սոտտանին ընդդեմ Իտալիսյի թիվ 26775/02, ՄԻԵԴ 2005-III գործին, որում Դատարանը մերժել է համանման գանգատը): Ինչպես Դատարանն առիթ է ունեցել հաստատելու (Կառավարությունը հղում է կատարել mutatis mutandis Ռ.Կ.-ն և Ա.Կ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 38000/05, կետ 36, 30 սեպտեմբերի 2008թ. գործին), քննությունը պատշաճ է իրականացվել թե ոչ, պետք է ex ante գնահատվի որոշում ընդունելիս հայտնի փաստերի հիման վրա և ոչ թե ex post facto. Քննությունը թերի է եղել Կոնվենցիայի իմաստով, եթե բացահայտված թերությունները խարխլում են դրա` գործի հանգամանքները կամ պատասխանատու անձանց պարզելու հնարավորությունը (Կառավարությունը հղում է կատարել վերը նշված Մակարացիսի գործին կետ 74): Միայն անսովոր հանգամանքներն են ստիպում Դատարանին, որոշ դեպքերում, գտնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական խախտում առանց Կոնվենցիայի նույն դրույթի կամ 38-րդ հոդվածի նյութական խախտում հայտնաբերելու (կառավարությունը որպես օրինակ հղում է կատարել Հյու Ջորդանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործին (թիվ 24746/94, ՄԻԵԴ 2001-III)) և սա ամեն դեպքում հանգեցրել է տարբերվող կարծիքների (կառավարությունը մեջբերել է Ռամսահային և այլոք ընդդեմ Նիդերլանդների ([GC], թիվ 52391/99, ՄԻԵԴ 2007‑VI) գործից օրինակ): Սույն գործով ներպատական իշխանությունների եզրակացությունները անհրաժեշտ պաշտպանության առկայության մասին հաստատվել են Պալատի կողմից: Հետևաբար քննության ընթացքում տեղի ունեցած որևէ թերացում չի ազդել դրա արդյունավետության վրա: Ամեն դեպքում, արդյունավետության պահանջը պարտականություն է միջոցների այլ ոչ թե արդյունքների հետ կապված: Կառավարությունը համաձայնել է, որ «որոշ փաստաթղթեր նշում են իրադարձությունների վերականգնման բարդությունների մասին, հաշվի առնելով, inter alia, որոշ բաղադրիչների անմատչելիությունը»: Այնուամենայնիվ, այդ բարդությունները իշխանությունների կամ դրանց կողմից թույլ տրված որևէ անփութության հետևանք չեն, այլ առաջացել են նրանց հսկողությունից դուրս գտնվող օբյեկտիվ հանգամանքներից: Քննիչները այդ պատճառով կատարել են միջոցների հետ կապված իրենց պարտականությունները: Ավելին, նույնիսկ ենթադրելով, որ որոշ տարրերի վերաբերյալ կասկածներ են պահպանվել են, քրեական հարցերում կասկածները պետք մեկնաբանվեն ի շահ մեղադրյալի այլ ոչ թե տուժողի: Վերջապես, չպետք է անտեսել, որ Դատարանը «արդյունավետ» է համարել ներպետական քննությունները, երբ իշխանությունների կողմից սխալներ են թույլ տրվել (Կառավարությունը հողում է կատարել վերը նշված Գրամսի գործին և Մենսոնը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.),թիվ 47916/99, ՄԻԵԴ 2003‑V):
բ. Պալատի վճիռը
Պալատը նկատել է որ Կառլո Ջուլիանիի մարմնի սքանավորման արդյունքում նրա գլխում տեղակայված մետաղյա բեկոր է հայտնաբերվել, որը չի դուրս բերվել կամ գրանցվել, չնայած դրա անալիզը կարող էր կարևոր լինել «ձգաբանական փորձաքննության և դեպքերի վերականգնման համար»: Ավելին, դիահերձումն իրականացնող բժիշկները «հստակորեն չեն նշել, արդյոք կրակոցն ուղիղ է եղել»: Էական հարցերն այդ պատճառով մնացել են անպատասխան, ինչի հետևանքով դատախազությունը մակերեսային է համարել դիահերձման եզրակացությունը: Այդ թերություններն ավելի են խորացել մինչև դատաբժշկական եզրակացության բովանդակությանը տեղեկանալը մարմինը դիակիզելու թույլտվություն տալու պատճառով` անհնար դարձնելով հետագա փորձաքննությունների իրականացումը: Պալատը նաև դատապարտում է դիմումատուներին տրված կարճաժամկետ ծանուցումը դիահերձմանը մասնակցելու համար իրենց ընտրությամբ փորձագետ նշանակելու մասին: Հետևաբար, Պալատը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում դատավարական տեսակետից (տե՛ս Պալատի վճռի 245-251-րդ կետերը):
Ոստիկանության որոշ ծառայողների հնարավոր պատասխանատվությունը պարզելու նպատակով գործ չհարուցելը
ա. Կողմերի դիրքորոշումները
(i) Դիմումատուները
Դիմումատուների պնդմամբ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը խախտվել է նաև Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում իրավապահ մարմինների վարքագծի վերաբերյալ վարչական կամ քրեական քննության բացակայության պատճառով: Քննությունը կարող էր լույս սփռել հրամանատարական կազմի պարտականությունների վրա և անհրաժեշտության դեպքում վարչական պատասխանատվություն սահմանել: Վարչական քննության բացակայությունը հաստատվել է նաև Կառավարության կողմից (տե՛ս վերը` կետ 280) և «քսանհինգի դատավարության ընթացքում» գնդապետ Տրուգլիոյի տված ցուցմուներով: Դրանից հետևում է, երբևէ իշխանությունների ընդհանուր պատասխանատվության գնահատական չի տրվել` կապված գործողությունների իրականացման, ծրագրման և համակարգման թերությունների և ցուցարարներին ցրելու համար ուժի համաչափ կիրառումը երաշխավորելու անընդունակության հետ: Չի եղել նաև իրավապահ մարմինների ծառայողներին տրված հրահանգների կամ վերջիններիս միայն մարտական սպառազինություն հատկացվելու պատճառների քննություն: Հետաքննող մարմինները երբևէ չեն դիտարկել, որ Մ.Պ.-ի վերադաս սպաները կարող են պատասխանատու լինել մահաբեր զենքը ծառայությունը շարունակելու համար անպիտան համարված կարաբինիերիի ձեռքում թողնելու համար: Եթե կառավարությունն իրավացիորեն է պնդել, որ քննությունը չէր կարող տարածվել հանցագործության կատարման մեջ կասկածվող անձանցից բացի այլ անձանց նկատմամբ, ուրեմն ներպետական իրավունքն է, որ չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածին: Ավելին, դատախազը, գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացնելիս, հղում է կատարել որոշ խնդիրների (առանց մասնավորեցնելու թե ինչ խնդիրներ կարող էին դրանք լինել): Քանի որ այս եզրակացությունը չի հանգեցրել խնդիրների պատճառները և դրանց համար պատասխանատուներին պարզելու քննությանը, Կոնվենցիան խախտվել է նաև քննությունն իրականացնող մարմինների` անավարտ քննություն անցկացնելու ընտրության հետ կապված: Դիմումատուները դատապարտում են այն փաստը, որ Մ.Պ.-ի վերադաս սպաները (Լեսսոն, Տրուգլիոն, Կապելլոն և Միրանտեն) ոչ միայն չեն պատժվել, այլև առաջխաղացում են ստացել: Ավելին, ցուցարարների նկատմամաբ անօրինական ձերբակալության և բռնության կիրառման մեջ կասկածվող որոշ ոստիկաններ նույնպես առաջխաղացում են ստացել: Այնուամենայնիվ 2010թ. մայիսի 18-ին Ջենովայի վերաքննիչ դատարանը այս ավագ սպաներից ոմանց դատապարտել է երեք տարի ութ ամսից մինչև հինգ տարի ազատազրկման` Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում «Դիաս» դպրոցում կատարած հանցագործությունների համար (յոթանասունյոթ մեղադրյալներից քսանհինգը դատապարտվել ութսունհինգ տարի հանրագումարային ժամկետով ազատազրկման): Վճիռը կայացնելու հաջորդ օրը Ներքին գործերի նախարարի տեղակալը հայտնել է, որ դատապարտված ավագ սպաներից ոչ մեկը չի հեռացվելու և նրանք շարունակում են վայելել նախարարի վստահությունը:
(ii) Կառավարությունը
Հղում կատարելով իր նկատառումներին այն հանգամանքների վերաբերյալ, որոնցում քննությունը կարող է թերի համարվել` (տե՛ս վերը` կետ 269), Կառավարությունը պնդել է, որ քանի որ հասարակական կարգի պաշտպանության գործողությունների հետ կապված պատասխանատվություն չի ծագել, փաստը, որ այն քննության առարկա չի հանդիսացել անհետևանք է եղել: Պալատն ինքը եզրակացրել է, որ Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ծրագրումը և կազմակերպումը համապատասխանում է 2-րդ հոդվածով սահմանված կյանքի պաշտպանության պարտականությանը: Հետևաբար, այն ծրագրող անձանց նկատմամբ քննության ոչ մի պատճառ չկա: Պալատը քննադատել է քննությունը` Մ.Պ.-ին ուղղակի հոսպիտալ չտանելու, լիցքավորված ատրճանակը նրա մոտ թողնելու, նրան հետագայում կարաբինիերներից կտրված և առանց պաշտպանության ջիպը նստեցնելու պատճառները չբացահայտելու համար: Կառավարությունը նկատել է, որ ներպետական քննության արդյունքում հնարավոր չի եղել հստակորեն պարզել, թե արդյոք ջիպերը հետևել են կարաբինիերների վաշտին վարորդների սեփական նախաձեռնությամբ, թե նրանց հրամայվել է այդպես վարվել: Ցանկացած դեպքում դա գործողությունների միակ ողջամիտ տարբերակն էր, հաշվի առնելով, որ ջիպերը ստիպված էին տեղաշարժվել միասին և վաշտի պաշտպանության ներքո: Մ.Պ.-ն ջիպն է նստել անկանխատեսելի միջադեպի պատճառով (իր անձնական վիճակի) և մեքենան կտրվել է կարաբինիերներից ցուցարարների լարած «թակարդի» պատճառով: Ատրճանակը Մ.Պ.-ի`իրեն պաշտպանելու միջոցն էր: Քանի որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում դժվար է պատկերացնել, թե ինչ մեղադրանք կարող է առաջադրվել հասարակական կարգի պաշտպանության պարտականություններն իրականացնողներին: Կոնվենցիայի 7-րդ հոդվածը պատիժ նշանակելու համար պահանջում է, գիտակցական կապ (իմացություն և դիտավորություն), որը կբացահայտեր պատասխանատվության տարրը հանցագործությունը ֆիզիկապես կատարած անձի վարքագծում (Կառավարությունը հղում է կատարել Սուդ Ֆոնդի Ս.ր.լ.-ն և այլոք ընդդեմ Իտալիսյի թիվ 75909/01, կետ 116, 20 հունվարի 2009թ.): Սույն գործում ոչ մի ֆիզիկական ոտնձգություն կամ այդպիսին կատարելու դիտավորության վերաբերյալ իմացություն չի կարող մեղսագրվել Մեծ ութնյակի գագաթնաժողովի անվտանգության ապահովման պատասխանատուներին: Ավելին, քրեական պատասխանատվությունը բացառապես անձնական է և ենթադրում է պատճառական կապ, որի համաձայն կատարված հանցագործությունը պետք է գանգատարկվող գործողության ուղղակի և անմիջական հետևանքը հանդիսանա: Բոլոր սխալները կամ խնդիրները, որոնք կարող էին առկա լինել հասարակական կարգի պահպանության գործողություններում, որևէ կերպ չեն կարող համարվել Պիացցա Ալիմոնդայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ուղղակի պատճառը: Այդ իսկ պատճառով չափազանց կլիներ քննությունը ընդարձակելը` ոստիկանության բարձրաստիճան սպաների ներգրավման կամ հնարավոր պատասխանատու այլ անձանց հայտնաբերման համար: Պալատի վճռի` այս կետով հաստատվելու դեպքում պետությունը ստիպված է լինելու սկսել աննպատակ և վնասարար քննություններ, որոնք ոչ մի արդյունքի չեն հանգեցնելու և հանդիսանալու են կամայական միջամտություններ անմեղ անձանց կյանքերին: Կարաբինիերների նկատմամբ ոչ մի վարչական կամ կարգապահական վարույթ չի հարուցվել: Այնուամենայնիվ, ոստիկանության մի քանի աշխատակիցների նկատմամբ քրեական դատավարությունների երկու խումբ է ընթանում` 2001թ. հուլիսի 21-ին և 22-ին` Կառլո Ջուլիանիի մահվանից հետո, ցուցարարների նկատմամբ ենթադրաբար գործադրված բռնությունների համար: Խորհրդարանական հետաքննության արդյունքում ուսումնասիրվել է նաև Մեծ ութնյակի «ընդհանուր ենթատեքստը» (տե՛ս վերը` կետեր 107-117), «քսանհինգի դատավարությունը» (տե՛ս վերը` կետեր 121-138) և Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննությունները (տե՛ս վերը` կետ 140):
բ. Պալատի վճիռը
Պալատը դատապարտել է այն փաստը, որ ներպետական քննություններն իրականացվել են պարզելու համար արդյոք Մ.Պ.-ն և Ֆ.Կ.-ն պետք է պատասխանատվություն կրեն և չեն հետազոտել «ընդհանուր ենթատեքստը» որպեսզի պարզեն արդյոք իշխանություններն այնպես են ծրագրել և կառավարել հասարակական կարգի պահպանության գործողությունները, որպեսզի կանխվեր այնպիսի միջադեպը, որը հանդիսացել էր Կառլո Ջուլիանիի մահվան պատճառ: Մասնավորապես, լույս չի սփռվել այն պատճառների վրա, թե ինչու Մ.Պ.-ն անմիջապես չի տարվել հիվանդանոց, ինչու է նրա տրամադրության տակ թողնվել լիցքավորված ատրճանակը և ինչու են նրան նստեցրել առանձնացված ջիպի մեջ, որը ոչ մի պաշտպանություն չուներ: Այս հարցերը պատասխան են պահանջում, հավի առնելով, որ «ճակատագրական կրակոցը սերտորեն կապված էր այն իրավիճակին, որում հայտնվել էին Մ.Պ.-ն և Ֆ.Կ.-ն» (տե՛ս Պալատի վճիռը` կետեր 252-254):
Ներպետական քննության այլ ենթադրյալ թերություններ Դիմումատուները պնդել են, որ ներպետական քննության ընթացքում առկա են եղել բազմաթիվ այլ թերություններ: Կառավարությունն առարկել է այդ պնդման դեմ: Պալատն անհրաժեշտ չի համարել քննության առնել այս հարցերը (տե՛ս Պալատի վճիռը` կետ 255):
ա. Կողմերի դիրքորոշումները
Դիմումատուները հայտնել են, որ քննությունը չի իրականացվել անկողմնակալ, անկախ և լրիվ և ավարտվելով գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ զրկել է իրենց դռնբաց քննությունից և այդպիսով` իրենց հարազատների մահվան հանգամանքների հետազոտությունից: Գործի վարույթը կարճելու միջնորդության մեջ դատախազությունն անորոշությունն էր հայտնել կրակոցն արձակելիս Մ.Պ.-ի դիտավորության վերաբերյալ, գտնելով, որ անհնար է պարզել, արդյոք Մ.Պ.-ն ուղղակի ցանկացել է վախեցնել իր վրա հարձակվողներին, թե ցանկացել է պաշտպանել իրեն` նրանց ուղղությամբ կրակելով և գիտակցելով որևէ մեկին դիպչելու վտանգը: Դատախազության կարծիքով դա կարող էր լինել անզգուշությամբ մահ պատճառել` հաշվի առնելով ինչ որ մեկին սպանելու ռիսկը կամ դիտավորյալ սպանություն: Բացառելով երրորդ տարբերակը (առանց պատշաճ բացատրության), դատախազը եզրակացրել է, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում և անհրաժեշտ է գործի վարույթը կարճելու միջնորդություն ներկայացնել` հաշվի առնելով արդարացման հիմքերի վրա հիմնված «կասկածների» առկայությանը (տե՛ս վերը` կետեր 72-75): Դիմումատուների կարծիքով փաստերի պարզման վերաբերյալ դատախազության անորոշությունն անհրաժեշտ է դարձնում դռնբաց դատաքննությունը և գործի հետագա քննությունը: Դիմումատուներն ընդունում են, որ իրենք հնարավորություն են ունեցել առարկել դատախազի` գործի վարույթը կարճելու միջնորդության դեմ և որ այդ առարկության արդյունքում գործը քննող դատավորը դռնփակ նիստ է հրավիրել: Այնուամենայնիվ, նիստը եղել է դռնփակ և միայն կողմերը և իրենց փաստաբաններն են հնարավորություն ունեցել մասնակցելու: Ավելին, գործը քննող դատավորը պետք է որոշում ընդուներ դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա, որը առանց հարցերի ընդունել է դեպքերի` իրավապահ մարմինների ներկայացրած տարբերակը, առանց տուժող կողմին` մեղադրյալին, վկաներին կամ փորձագետներին հարցեր տալու հնարավորություն ընձեռելու: Գործը քննող դատավորը փաստեր է հաստատել հավանաբար ֆրանսիական անարխիստների հետ կապ ունեցող վեբ կայքում տեղադրված անանուն էջից: Դռնբաց նիստ պետք է անցկացվեր այդ էջի ճշգրտությունը պարզելու նպատակով: Վերջապես, դիմումատուները գործը քննող դատավորի` գործի վարույթը կարճելու որոշումը բողոքարկելու որևէ արդյունավետ հնարավորություն չեն ունեցել, քանի որ իրավունքի հարցերով վերաքննիչ բողոքն ընդունելի է միայն առոչինչության հիման վրա, որը չի վերաբերում սույն գործին (տե՛ս վերը` կետ 151` ՔԴՕ-ի 409-րդ հոդվածի 9-րդ կետը): Անհրաժեշտ է չմոռանալ նաև, որ դատախազի կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հակասական եզրակացությունների է հանգել: Դիմումատուներն ընդգծել են հետևյալ կետերը.
ա. «Կանտարելլայի» ձգաբանական եզրակացության համաձայն (5 դեկտեմբերի 2001թ.) հավանականությունը 90% է, որ ջիպում հայտնաբերված կրակված պարկուճը համապատասխանում է Մ.Պ.-ի զենքին, մինչդեռ Կառլո Ջուլիանիի մարմնի մոտ հայտնաբերված պարկուճն ունի ընդամենը 10% համապատասխանություն (տե՛ս վերը` կետ 54):
բ. «Մանետտոյի» ձգաբանական եզրակացությունը (15 հունվարի 2002թ.) հաստատում է, որ երկու պարկուճներն էլ դուրս են եկել Մ.Պ.-ի ատրճանակից և որ ճակատագրական կրակոցն արձակվել է դեպի վար ուղղությամբ մոտ 100-140 սանտիմետր հեռավորությունից (տե՛ս վերը` կետ 55):
գ. Փորձագետների հանձնաժողովի` 2002թ. հուլիսի 26-ի ձգաբանական եզրակացության համաձայն մինչև Կառլո Ջուլիանիին խոցելը գնդակը բախվել է ինչ որ օբյեկտի հետ, որը շեղել է դրա հետագիծը (տե՛ս վերը` կետեր 56-62):
դ. Դիահերձման եզրակացության համաձայն Մ.Պ.-ն կրակել է դեպի վար և կրակոցը չի շեղվել (տե՛ս վերը` կետ 50): Ավելին, պարոն Ռոմանինին չպետք է նշանակվեր որպես փորձագետ հաշվի առնելով այն փաստը, որ 2001թ. սեպտեմբերին նա հոդված էր հրատարակել զենքերի մասնագիտացված ամսագրում, որում պնդել էր, որ Մ.Պ.-ի գործողությունը պետք է դիտարկվի որպես «հստակ և ամբողջապես արդարացված պաշտպանական ռեակցիա» (տե՛ս վերը` կետ 56): Պարոն Ռոմանինիի անկողմնակալության վերաբերյալ հարցեր էր բարձրացրել «Իլ Մանիֆեստո» օրաթերթը 2003թ. մարտի 19-ին` այսինքն մինչև 2003թ. մայիսի 5-ին գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման ընդունումը: Քանի որ գործի քննությունը չի անցել նախնական քննության փուլից, դիմումատուները հնարավորություն չեն ունեցել բացարկ հայտնել պարոն Ռոմանինիին: Դատաբժշկական փորձաքննությանը, որին նա մասնակցել է, մեծ նշանակություն է տրվել, քանի որ դրա արդյունքում է առաջ քաշվել միջանկյալ օբյեկտի վարկածը, որը գործը քննող դատավորն ընդունել է: Ցանկացած դեպքում, քանի որ դատական մարմինն արագ չի գործել դեպքի վայրում և չի կազմակերպել դեպքի վայրի պահպանությունը, գնդակները երբևէ չեն հայտնաբերվել, արդյունքում անհնար է եղել պատշաճ ձգաբանական փորձաքննությունը: Հայտնաբերվել են միայն երկու կրակված պարկուճ և նույնիսկ հստակ չէ, որ դրան Մ.Պ.-ի կրակած գնդակներինն են: Առաջին և երկրորդ խումբ ձգաբանական փորձաքննությունների հետ կապված դիմումատուներն ընդունել են, որ իրենք տեսականորեն հնարավորություն են ունեցել խնդրել դատախազին դիմել դատավորին ապացույցի անհապաղ հետազոտման համար: Այնուամենայնիվ, քանի որ դատախազությունը ինքն էր այդպիսի միջնորդություն ներկայացրել և այն մերժվել էր, դիմումատուներն այդպիսի միջնորդություն անելն անիմաստ են համարել: Դատախազը նաև որոշել է քննության մեծ մասը վստահել կարաբինիերներին և, մասնավորապես, Ջենովայի շրջանային կայազորին և Ջենովայի քվեստուրայի արագ արձագանքման բրիգադին: Կարաբինիերները մասնավորապես.
- առգրավել են Մ.Պ.-ի զենքը և հավաստել, որ դրա պահունակում առկա է տասնհինգինց քիչ փամփուշտ,
- իրականացրել են Կառլո Ջուլիանիի մարմնի և ջիպերի նախնական զննությունը,
- առգրավել են ջիպերից մեկը և դրա ներսում եղած նյութերը, ներառյալ կրակված պարկուճը,
- ստացել են դեպքերի ընթացքում Մ.Պ.-ի ունեցած սպառազինության լուսանկարչական ապացույցը,
- ձեռք են բերել, ստուգել են և ուսումնասիրել են 2001թ. հուլիսի 20-ին վերաբերող տեսալսողական նյութերը,
- Իրականացրել են դատախազին ներկայացված որոշ ցուցմունքների արձանագրությունները: Դիմումատուներն այնուհետև ընդգծել են, որ Կառլո Ջուլիանիի մահվանից անմիջապես հետո, Մ.Պ.-ն, Դ.Ռ.-ն և Ֆ.Կ.-ն հեռացել են դեպքի վայրից (ջիպով և զենքերով) և բացակայել են մինչև դատախազի կողմից ցուցմունքների վերցնելը` մի քանի ժամ հետո: Նրանք զրուցել են իրենց վերադաս սպաների հետ և հնարավորություն են ունեցել հաղորդակցվելու միմյանց հետ մինչև դատախազի կողմից հարցաքննվելը: Ավելին, Դ.Ռ.-ն ցուցմունք չի տվել մինչև դեպքերի հաջորդ օրը և դեպքի վայրում ներկա ծառայողներից ոմանք հարցաքննվել են նշանակալի ուշացմամբ (կապիտան Կապելլոն ցուցմունք է տվել 201թ. սեպտեմբերի 11-ին, իսկ նրա տեղակալ Զապպիան` 2001թ. դեկտեմբերի 21-ին) Դիմումատուների կարծիքով որոշ կարաբինիերների և ոստիկանների, և իր` քվեստորի, նկատմամբ պետք է քննություն իրականացվեր Կառլո Ջուլիանիի մահվան վերաբերյալ դատավարության ընթացքում: Ջենովայի քվեստուրան «մեծ» դեր է ունեցել Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում հասարակական կարգի պահպանության գործողությունները ծրագրելիս, կազմակերպելիս և կառավարելիս: Ջենովայի քվեստորը հասարակական կարգի համար պատասխանատու ամենաավագ սպան էր, ոստիկանության կառավարման կենտրոնը գործում էր քվեստուրայի ներքո և վերջինիս ծառայողներն էին տվել Tute Bianche երթին միջամտելու հրամանը և իրականացրել այն: Քննության անկախությունը և անկողմնակալությունը երաշխավորելու համար դատախազը պետք է հանձնարարած լիներ այն հարկային ոստիկանությանը` ոստիկանության այն ճյուղին, որը ներգրավված չէր իրադարձություններում:
(ii) Կառավարությունը Կառավարությունը պնդել է, որ քննությունն իրականացվել է պահանջվող արագությամբ: Դատական մարմինը ջանք չի խնայել փաստերը վեր հանելու համար և ավանդական մեթոդներին զուգահեռ կիրառել է առաջադեմ տեխնոլոգիաներ: Դատախազությունը և քննիչները անհրաժեշտության դեպքում իրականացրել են մեկ անգամ ցուցմունք տված անձանց կրկնակի քննությունը և նաև ցուցմունք վերցրել դեպքերի ականատես բնակիչներից: Դեպքերի վերականգնումը և փորձնական կրակոցները իրականացվել են դեպքի վայրում: Գործի նյութերում ընդգրկվել է իրավապահ մարմիններից և մասնավոր անձանցից վերցված տեսալսողական նյութի մեծ ծավալ: Դատախազությունը ձգաբանական երեք փորձաքննություն է պատվիրել և գործը քննող դատավորը հիմք է ընդունել ցուցարարներին մոտ կանգնած աղբյուրի նյութերը (անարխիստական կայքում հրապարակված էջը): Քննությունն անցկացվել է թափանցիկ և դիմումատուներն ի սկզբանե հնարավորություն են ունեցել ամբողջ ծավալով մասնակցել` իրավաբանների կողմից ներկայացված լինել և իրենց ընտրությամբ փորձագետների նշանակել: Մասնավորապես, դիմումատուների փորձագետները մասնակցել են երրորդ խումբ ձգաբանական փորձաքննություններին և դեպքերի վերականգնմանը (տե՛ս վերը` կետ 57): Դիմումատուները նաև հնարավորություն են ունեցել իրենց քննադատությունները և պահանջները ներկայացնել գործի վարույթը կարճելու դեմ առարկելիս և գործը քննող դատավորը նրանց է ներկայացրել գործի հետագա քննության վերաբերյալ նրանց պահանջները մերժելու բավարար մանրամասն պատճառաբանություններ (տե՛ս վերը` կետ 104): Ճշմարիտ է, որ դիմումատուները հնարավորություն չեն ունեցել ներկայացնել ապացույցի անհապաղ հետազոտման միջնորդություն գործի քննության սկզբնական առաջին գործողությունների հետ, քանի որ այդ կարգի ստուգումները բացառապես ոստիկանության իրավասության հարցեր էին: Ինչ վերաբերում է երրորդ խումբ ձգաբանական փորձաքննություններին, դատախազը հարցրել է կողմերին, արդյոք նրանք առարկում են ՔԴՕ-ի 360-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի կիրառման հետ կապված և որևէ առարկություն չի ներկայացվել: Չնայած կառավարությունը համաձայնել է, որ առաջին և երկրորդ ձգաբանական փորձաքննությունները միակողմանի են իրականացվել (տե՛ս վերը` կետեր 54 և 55), Կառավարությունը հայտնել են, որ դրանք եղել են ոչ ավելին քան ընթացիկ ստուգումներ, որոնք ընդամենը նպատակ են հետապնդել պարզելու, թե արդյոք հայտնաբերված երկու պարկուճները համապատասխանում են Մ.Պ.-ի զենքին: Ավելին, Մ.Պ.-ն արդեն ընդունել էր երկու կրակոցների արձակումը և զենքն ամեն դեպքում կրկին հետազոտվել է երրորդ ձգաբանական փորձաքննության ընթացքում: Ողբերգության պահից ի վեր Ջենովայի ոստիկանությունը (squadra mobile della questura di Genova) միջամտել և իր ձեռքն է վերցրել քննությունը: Կարաբինիերները ներգրավվել են միայն ավելի նվազ նշանակություն ունեցող հարցերում և հիմնականում իրենց տիրապետության տակ գտնվող առարկաների առգրավման հետ կապված, օրինակ, մեքենան և զենքը, կամ կարաբինիերների անդամներին քննության կանչելը: Ի հավելումն, դատախազությունը նվազագույնի է հասցրել պատվիրակված հանձնարարությունները, գերադասելով ինքնուրույն իրականացնել ամենակարևոր հարցաքննությունները, ինչպես նաև այն անձանց հարցաքննությունները, ում վրա կարող էր ազդեցություն ունենալ, որ հարցաքննությունն իրականացնողն իրավապահ մարմնի ծառայող է: Հաշվի առնելով Իտալիայում դատական իշխանության ինքնավարության և անկախության մակարդակը և այն փաստը, որ քննությունը վստահվել էր ոստիկանությանը, չի կարելի ասել, որ պետությունն անկողմնակալության պակաս է դրսևորել: Ավելին, քննության եզրակացությունները և գործի վարույթը կարճելու հիմնավորումները որևէ հիմք չեն տալիս ենթադրելու, որ փորձ է արվել ինչ որ բան թաքցնել: Դատախազության կողմից նշանակված բոլոր փորձագետները քաղաքացիական անձիք են եղել, բացառությամբ երկրորդ ձգաբան փորձագետի, ով եղել է ոստիկանության ծառայող (տե՛ս վերը` կետ 55): Պարոն Ռոմանինիի նշանակման վերաբերյալ դատախազությունն անտեղյակ է եղել, որ նա տեսակետ է հայտնել, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում (տե՛ս վերը` կետ 56): Կառավարության պնդմամբ պարոն Ռոմանինիի հոդվածի նպատակը քաղաքական վարկածի քննարկումն էր, որը հիմնված էր քննարկվող իրադարձության և Նեպալում ավելի վաղ տեղի ունեցած ողբերգության համեմատության վրա: Այդպիսի հոդված գրած լինելու փաստը պարոն Ռոմանինիին անհամապատասխան չի դարձնում իր հանձնարարությունը օբյեկտիվ և անկողմնակալ կատարելու տեսանկյունից, քանի որ նրա խնդիրը չէր հադիսանում հետազոտել, արդյոք փաստերը նպաստում են այն վարկածին, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Փորձագետների խմբին, մասնավորապես, խնդրվել է տեսակետ հայտնել գնդակի հետագծի վերաբերյալ: Ավելին, պարոն Ռոմանինիի դերը սահմանափակված է եղել այլ փորձագետների, դիմումատուների և նրանց փորձագետների ներկայությամբ փորձնական կրակոցների արձակմամբ: Այդ «ամբողջապես տեխնիկական և ըստ էության ֆիզիկական» գործընթացը քննության ելքի վրա ազդեցություն ունեցող կանխակալ վճիռների շրջանակ չէր կարող ապահովել: Կառավարությունն այնուհետև նկատել է, որ դիմումատուները որևէ առարկություն չեն ներկայացրել պարոն Ռոմանինիի նշանակման դեմ:
Բ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
Հաշվի առնելով դրանց հիմնարար բնույթը Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները դատավարական պարտավորություն են սահմանում իրականացնել այդ դրույթների նյութական նորմերի ենթադրյալ խախտումների արդյունավետ քննությունը (տե՛ս Էրգին ընդդեմ Թուրքիայի 28 հուլիսի 1998թ., կետ 82, Զեկույցներ 1998‑IV; Ասսենովը և այլոք ընդդեմ Բուլղարիայի 28 հոկտեմբերի 1998թ., կետեր 101-106, Զեկույցներ 1998‑VIII; and վերը հիշատակված Մաստրոմատտեոյի գործը` կետ 89): Պետության ներկայացուցիչների կողմից սպանություններ կատարելու ընդհանուր արգելքը գործնականում արդյունավետ չէր լինի, եթե պետական մարմինների կողմից մահաբեր ուժի կիրառման իրավաչափության ստուգման ընթացակարգ չլիներ: Սույն դրույթով սահմանված` կյանքի իրավունքը պաշտպանելու պարտականությունը Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված պետության` «իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով սահմանված իրավունքները և ազատությունները ապահովելու» ընդհանուր պարտականության հետ կապի մեջ դիտելը, տրամաբանորեն պահանջում է, որ պետք է որևէ ձևով արդյունավետ պաշտոնական քննություն իրականացվի այն դեպքում, երբ ուժի կիրառման հետևանքով անձիք են սպանվում, inter alios, պետության ներկայացուցիչների կողմից (տե՛ս վերը հիշատակված ՄաքԿեննը և այլոք` կետ 161): Այդ պատճառով պետությունն իր տրամադրության ներքո եղած բոլոր միջոցներով պետք է համարժեք` դատական կամ այլ պատասխան երաշխավորի, որպեսզի կյանքի իրավունքի պաշտպանության համար ստեղծված վարչական և օրենսդրական կառուցակարգերը պատշաճ կերպով գործեն և այդ իրավունքի ցանկացած խախտում կանխվի և պատժվի (տե՛ս Զավոլոկան ընդդեմ Լատվիայի, թիվ 58447/00, կետ 34, 7 հուլիսի 2009թ.): Պետության` արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը Դատարանի նախադեպային իրավունքում համարվել է 2-րդ հոդվածին ներհատուկ պարտականություն, որը inter alia, պահանջում է, որ կյանքի իրավունքը «պաշտպանվի օրենքով»: Չնայած այդպիսի պարտավորության չկատարումը կարող է հետևանքներ ունենալ 13-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքի համար, 2-րդ հոդվածի դատավարական պարտականությունը դիտվում է որպես տարբերվող պարտականություն (տես` Իլհանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 22277/93, կետեր 91-92, ՄԻԵԴ 2000‑VII; Օներյլդզն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 48939/99, կետ 148, ՄԻԵԴ 2004‑XII; և Սիլիհն ընդդեմ Սլովենիայի [GC], թիվ 71463/01, կետեր 153-154, 9 ապրիլի 2009թ.): Դան կարող է հանգեցնել առանձին և անկախ «միջամտության» վերանմանը: Այս եզրակացությունը բխում է այն փաստից, որ Դատարանը հիմնավորապես հետազոտել է դատավարական պարտականության հարցը նյութական իրավական պարտականության հետ համապատասխանության հարցից առանձին (և անհրաժեշտ դեպքերում գտել է դրա հետ կապված 2-րդ հոդվածի առանձին խախտում) և այն փաստը, որ 2-րդ հոդվածով սահմանված դատավարական պարտականության խախտումը որոշ դեպքերում վիճարկվել է դրա նյութական իրավական առումով որևէ բողոքի բացակայության պարագայում (տե՛ս վերը նշված Սիլահի գործը` կետեր 158-159): Որպեսզի պետության ներկայացուցիչների կողմից կատարված անօրինական սպանությունների քննություն արդյունավետ լինի, անհրաժեշտ է, որպեսզի քննության իրականացման համար պատասխանատու անձինք անկախ լինեն այդ դեպքերում ներգրավված անձանցից (տե՛ս օրինակ` վերը նշված Գյուլեչի գործը, կետեր 81-82 և Օղուրի գործը` կետեր 91-92): Սա նշանակում է ոչ միայն ինստիտուցիոնալ և աստիճանակարգային կապի բացակայություն, այլ գործնական անկախություն: Նժարին ոչ ավել և ոչ պակաս հասարակության վստահությունն է պետության` ուժի կիրառման մենաշնորհի նկատմամբ (տե՛ս վերը նշված Հյու Ջորդանի գործը` կետ 106; Ռամսահային և այլոք [GC]` կետ 325 և Կոլևին ընդդեմ Բուլղարիայի թիվ 1108/02 գործը, կետ 193, 5 նոյեմբերի 2009): Քննությունը պետք է նաև արդյունավետ լինի, որպեսզի հնարավորություն տա որոշել, թե արդյոք կիրառված ուժը արդարացված կամ արդարացված չէր այդ հանգամանքներում (տե՛ս, օրինակ, Քայան ընդդեմ Թուրքիայի, 19 փետրվարի 1998թ. կետ 87, Զեկույցներ 1998- I) և պարզելու և անհրաժեշտության դեպքում` պատժելու պատասխանատուներին (տե՛ս վերը նշված Օղուրի գործը` կետ 88): Սա ոչ թե արդյունքի, այլ միջոցների հետ կապված պարտականություն է: Իշխանությունները պետք է հնարավոր ողջամիտ քայլերը ձեռնարկեն միջադեպին վերաբերող ապացույցները պահպանելու համար և, նպատակահարմարության դեպքում, իրականացնեն դիահերձում, որը կապահովի վերքի ամբողջական և ճշգրիտ արձանագրում և կլինիկական եզրակացությունների օբյեկտիվ վերլուծություն, ներառյալ մահվան պատճառը (դիահերձման վերաբերյալ տե՛ս, օրինակ, Սալմանն ընդդեմ Թուրքիայի[GC], թիվ 21986/93, կետ 106, ՄԻԵԴ 2000-VII, վկաների հետ կապված տե՛ս, օրինակ, Թանրըկուլուն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 23763/94, կետ 109, ՄԻԵԴ 1999‑IV; դատաբժշկական փորձաքննությունների վերաբերյալ տե՛ս, օրինակ, Գյուլն ընդդեմ Թուրքիայի թիվ 22676/93, կետ 89, 14 դեկտեմբերի 2000թ.): Քննության ցանկացած թերությունը, որը նվազեցնում է մահվան պատճառը կամ պատասխանատու անձին պարզելու հնարավորությունը ենթարկվում է այս ստանդարտին հակասելու ռիսկի (տե՛ս վերը նշված Ավշարի գործը` կետեր 393-395): Մասնավորապես, քննության եզրակացությունները պետք է հիմնված լինեն բոլոր համապատասխան բաղադրիչների մանրակրկիտ, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության ակներև շղթային չհետևելը նշանակալի չափով խարխլում է գործի հանգամանքների և պատասխանատու անձանց ինքնությունը պարզելու քննության հնարավորությունները (տե՛ս վերը նշված Կոլևի գործը` կետ 201): Այնուամենայնիվ քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարող քննության բնույթը և աստիճանը կախված է կոնկրետ գործի հանգամանքներից: Դրանք պետք է գնահատել բոլոր համապատասխան փաստերի հիման վրա և հաշվի առնելով քննության աշխատանքների գործնական իրականությունը (տե՛ս Վելչան և Մազերեն ընդդեմ Ռումինիայի, թիվ 64301/01, կետ 105, 1 դեկտեմբերի 2009թ.): Ավելին, քննությունը պետք է մատչելի լինի տուժողի ընտանիքի համար նրանց օրինական շահերը երաշխավորելու համար անհրաժեշտ չափով: Պետք է առկա լինի նաև քննության հանրային հսկողության տարրը, որի աստիճանը, կախված գործից, կարող է տարբեր լինել (տե՛ս վերը նշված Հյու Ջորդանի գործը` կետ 109, և Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, կետ 191, ՄԻԵԴ 2009‑...; տե՛ս նաև վերը նշված Գյուլեչի գործը` կետ 82, որտեղ զոհի հայրը չի տեղեկացվել քրեական հետապնդում չիրականացնելու որոշման մասին և վերը նշված Օղուրի գործը` կետ 92, որտեղ զոհի ընտանիքին մատչելի չեն եղել քննությունը կամ դատարանի փաստաթղթերը): Այնուամենայնիվ, ոստիկանության արձանագրությունների և քննության նյութերի բացահայտումը և հրապարակումը կարող է նուրբ հարցեր պարունակել և բացասաբար անդրադառնալ այլ քննությունների և մասնավոր անձանց վրա և, այդ պատճառով, չի կարող դիտարկվել որպես 2-րդ հոդվածի ավտոմատ պահանջ: Այդ պատճառով հասարակության կամ տուժողի հարազատների համար պահանջվող մատչելիությունը կարող է ապահովվել ընթացակարգի այլ փուլերում (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների ՄաքԿերրն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 28883/95, կետ 129, ՄԻԵԴ 2001‑III). Ավելին 2-րդ հոդվածը քննություն իրականացնող մարմինների համար պարտավորություն չի սահմանում բավարարել քննության ընթացքում հարազատների ներկայացրած ցանկացած միջնորդություն` կոնկրետ քննչական գործողության հետ կապված: (տե՛ս վերը նշված Ռամսահային և այլոք գործը [GC], կետ 348, և Վելչան և Մազերեն` կետ 113) Այս ենթատեքստում ենթադրվում է փութաջանության և ողջամիտ արագության պահանջը (տե՛ս Յաշան ընդդեմ Թուրքիայի, 2 սեպտեմբերի 1998թ., կետեր 102-104, Զեկույցներ 1998-VI; վերը նշված Թանրըկուլուի գործը` կետ 109 և Մահմութ Կայան ընդդեմ Թուրքիայի թիվ 22535/93, կետեր 106-107, ՄԻԵԴ 2000-III): Պետք է ընդունել, որ որոշակի իրավիճակներում կարող են լինել քննության առաջընթացին խանգարող խոչընդոտներ կամ բարդություններ: Այնուամենայնիվ, իշխանությունների` մահաբեր ուժի կիրառման քննության ժամանակ արագ արձագանքը ընդհանուր առմամբ կարող է էական գնահատվել օրենքի գերակայությանը նրենց նվիրվածության և անօրինական գործողությունների նկատմամբ որևէ հանդուրժողականության կամ համաձայնության դրսևորման բացակայության վերաբերյալ հասարակության վստահության ամրապնդման տեսանկյունից (տե՛ս վերը նշվա ՄաքԿերրի գործը` կետեր 111 և 114 և Օփուզի գործը` կետ 150): Այնուամենայնիվ, վերոգրյալից չի կարելի եզրակացնել, որ 2-րդ հոդվածն իրավունք է վերապահում հանցագործության համար հետապնդել կամ դատապարտել երրորդ անձանց (տե՛ս վերը նշված Սիլիհի գործը` կետ 194; տե՛ս նաև, mutatis mutandis, Պերեսն ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 47287/99` կետ 70, ՄԻԵԴ 2004‑I) կամ բացարձակ պարտականություն է սահմանում, որպեսզի բոլոր քննություններն ավարտվեն մեղադրանքի առաջադրմամբ կամ որոշակի դատապարտմամբ (տե՛ս վերը նշված Զավոլոկայի գործը` կետ 34(c)):
Մյուս կողմից, ներպետական դատարանները չպետք է պատրաստ լինեն որևէ հանգամանքներում թույլ տալ անպատիժ մնալ կյանքի դեմ ուղղված հանցագործությունները: Դատարանի խնդիրն է, այդպիսով, ուսումնասիրել, թե արդյոք և որքանով կարող է դատարաններից, իրենց եզրակացություններին հանգելիս, պահանջվել մանրակրկիտ հետազոտել գործը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, որպեսզի տեղում դատական համակարգի զսպիչ գործողությունը և այն դերակատարության նշանակալիությունը, որը դատարանը պետք է ունենա կյանքի իրավունքի խախտումների կանխարգելման գործում, չխարխլվի (տե՛ս վերը նշված Օներյլդզի գործը` կետ 96 և Մոյսեևն ընդդեմ Լեհաստանի թիվ 11818/02 գործը` կետ 53, 24 մարտի 2009թ.):
Այդ սկզբունքների կիրառումը սույն գործով
Դատարանն ի սկզբանե նկատում է, որ այն 2-րդ հոդվածի նյութաիրավական նորմերի տեսանկյունից եզրակացրել է, որ մահաբեր ուժի կիրառումը եղել է «անօրինական բռնությունից ցանկացած անձի պաշտպանության համար բացարձակապես անհրաժեշտ» (տե՛ս վերը` կետ 194) և որ կյանքի պաշտպանության դրական պարտավորության խախտում տեղի չի ունեցել Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ոստիկանական գործողությունների կազմակերպման և ծրագրման և Պիացցա Ալիմոնդայի ողբերգական իրադարձությունների արդյունքում (տե՛ս վերը` կետ 262): Սույն եզրակացությանը հանգելիս Դատարանը, ներպետական քննության կողմից ապահովված տեղեկությունների հիման վրա, բավարար է համարում ապացույցները, որոնք հաստատում են, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում` լուրջ և անմիջական սպառնալիքից իր և ջիպի ներսում գտնվող այլ անձանց կյանքը և ֆիզիկական անձեռնամխելիությունը պաշտպանելու համար և Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն Կառլո Ջուլիանիի մահվան հետ կապված որևէ պատասխանատվություն չի կարող նախատեսվել Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի կազմակերպման և ծրագրման համար պատասխանատու անձանց նկատմամբ: Դրանից հետևում է, որ գործի քննությունը բավարար արդյունավետ է իրականացվել, որպեսզի հնարավոր լինի որոշել, արդյոք մահաբեր ուժի կիրառումն արդարացված է եղել սույն դեպքում (տե՛ս վերը` կետ 301-ում հիշատակված նախադեպային իրավունքը) և արդյոք ոստիկանական գործողությունների կազմակերպումը և ծրագրումը համապատասխանում է կյանքի պաշտպանության պարտականությանը: Դատարանն այնուհետև նկատում է, որ «քսանհինգի դատավարության» և խորհրդարանական հանձնաժողովի կողմից իրականացված հետաքննության ընթացքում ուսումնասիրվել և քննադատական հետազոտության են ենթարկվել Մեծ ութնյակի կազմակերպիչների և տեղերում գործած գումարտակների հրամանատար սպաների կայացրած մի քանի որոշումները (տե՛ս վերը` կետեր 121-138 և 107-117): Ավելին, Ջենովայի քվեստուրան ենթարկվել է վարչական ստուգման (որը խնդիրներ է հայտնաբերել իրավապահ գործողությունների կազմակերպման և «պոտենցիալ պատժելի» միջադեպերի հետ կապված) և Ներքին գործերի նախարարության Հասարակական անվտանգության վարչությունն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մի քանի ոստիկանների և Ջենովայի քվեստորին (տե՛ս վերը` կետ 140): Դեռ ենթակա է պարզման, արդյոք դիմումատուներին մատչելի է եղել գործի քննությունը իրենց օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ծավալով, արդյոք դատավարությունը բավարարել է Դատարանի նախադեպային իրավունքից բխող հրատապության պահանջը և արդյոք քննության և դրա իրականացման համար պատասխանատու անձինք անկախ են եղել իրադարձություններում ներգրավված անձանցից: Դրա հետ կապված Դատարանը նկատում է, որ ճշմարիտ է, որ Իտալիայի օրենսդրության համաձայն տուժող կողմը մինչև նախնական նիստը չի կարող դիմել գործով քաղաքացիական հայցվոր ներգրավվելու համար և որ սույն գործով այդպիսի նիստ չի կայացել: Այնուամենայնիվ, նախնական քննության փուլում տուժող կողմը կարող էր իրականացնել օրենքով հատկապես իրեն վերապահված իրավունքները և լիազորությունները: Դրանք ներառում են գործը քննող դատավորին ապացույցի անհապաղ հետազոտման միջնորդություն ներկայացնելու համար դատախազին դիմելու (ՔԴՕ-ի 394-րդ հոդված) և օրինական ներկայացուցիչ նշանակելու իրավունքները: Ավելին, տուժող կողմը կարող է քննության ցանկացած փուլում միջնորդություններ ներկայացնել և բացառությամբ վճռաբեկ քննության, պահանջել ապացույց ճանաչել (ՔԴՕ-ի 90-րդ հոդվածը, տե՛ս վերը նշված Սոտտանիի գործը, որտեղ այդ դիտարկումների արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիաիրավական տեսակետը կիրառելի է նաև քրեական դատավարություններում, որում դիմումատուն մասնակցում է, որպես տուժող կողմ բայց ոչ որպես քաղաքացիական հայցվոր): Սույն գործով չի վիճարկվում, որ դիմումատուները հնարավորություն են ունեցել իրականացնելու իրենց իրավունքները: Մասնավորապես, նրանք իրենց ընտրությամբ փորձագետներ են նշանակել, որոնց հանձնարարել են փորձագիտական եզրակացություններ պատրաստել, որոնք ներկայացվել են դատախազությանը և գործը քննող դատարանին (տե՛ս վերը` կետեր 64-66) և նրանց ներկայացուցիչները և փորձագետները մասնակցել են երրորդ խումբ ձգաբանական փորձաքննություններին (տե՛ս վերը` կետ 57): Ավելին, նրանք հնարավորություն են ունեցել առարկություն ներկայացնել գործի վարույթը կարճելու միջնորդության դեմ և նշելու այն լրացուցիչ քննչական գործողությունները, որոնք կամենում են որպեսզի իրականացվեն: Փաստը, որ Ջենովայի` գործը քննող դատավորը, օգտվելով փաստերը և ապացույցները գնահատելու իր իրավասությունից, մերժել է նրանց պահանջները (տե՛ս վերը` կետ 104) ինքնին չի հանգեցնում Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտմանը, մասնավորապես, քանի որ գործը քննող դատավորի որոշումն այդ հարցերի վերաբերյալ Դատարանը կամայական չի համարում: Դիմումատուները, մասնավորապես, գանգատվել են որ 2001թ. հուլիսի 21-ին իրականացված դիահերձումից առաջ իրենք բավարար ժամանակ չեն ունեցել իրենց ընտրությամբ փորձագետ նշանակելու համար: Նրանք նաև գանգատվել են դիահերձման եզրակացության «մակերեսային» բնույթից և հետագա դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու անհնարինությունից` մարմնի դիակիզման պատճառով (տե՛ս վերը` կետ 264): Դատարանն ընդունում է, որ դիահերձումից մոտ երեք ժամ առաջ հանձնված դիահերձման վերաբերյալ ծանուցումը (տե՛ս վերը` կետ 48) կարող էր գործնականում բարդացնել, սակայն ոչ անհնար դարձնել տուժող կողմի համար իրենց ընտրությամբ փորձագետ նշանակելու իր իրավունքի իրականացումը և վերջինիս` դատաբժշկական փորձաքննության մասնակցության ապահովումը: Այնուամենայնիվ, փաստ է, որ 2-րդ հոդվածը չի պահանջում, որպես այդպիսին, որ տուժողի հարազատների համար ապահովվի այդպիսի հնարավորությունը: Ճշմարիտ է նաև, որ, երբ դատաբժշկական փորձաքննությունն առաջնահերթ կարևորություն ունի մահվան հանգամանքները պարզելու համար, այդպիսի փորձաքննության իրականացման էական թերությունները կարող են հանգեցնել լուրջ սխալների, որոնք կասկածի ստվեր են նետում ներպետական քննության արդյունավետության վրա: Դատարանն այս եզրակացությանն է հանգել, մի գործով, երբ մահը` խոշտանգումների արդյունքում պատճառված լինելու պնդումների հետևանքով, դատաբժիշկ չհանդիսացող բժիշկների կողմից ստորագրված դիահերձման արձանագրությունը չէր պարունակում որոշ հիմնարար հարցերի պատասխաններ (տե՛ս վերը նշված Թանլըյի գործը` կետեր 149-154): Սույն գործն, ինչևէ, էականորեն տարբերվում է Թանլըյի գործից: Ավելին, դիմումատուները Կառլո Ջուլիանիի դիահերձման իրականացման որևէ լուրջ սխալների վերաբերյալ ապացույց չեն ներկայացրել: Չի վիճարկվել նաև, որ դատական բժիշկները չեն կարողացել հստակորեն պարզել մահվան պատճառը: Դիմումատուները Դատարանում չեն վիճարկել ներպետական իշխանությունների եզրակացությունը, որ Կառլո Ջուլիանին մահացել է Մ.Պ.-ի արձակած կրակոցի հետևանքով: Դիմումատուներն ընդգծել են, որ դատաբժիշկ փորձագետները դուրս չեն բերել և չեն արձանագրել գնդակի բեկորը, որը մարմնի սքանավորման արդյունքում հայտնաբերվել է տուժողի գլխում (տե՛ս վերը` կետ 266): Դատարանը նկատում է, որ փորձագետներից մեկը` պարոն Սալվին, «քսանհինգի դատավարության» ընթացքում բացատրել է, որ բեկորը շատ փոքր է եղել և բարդ է եղել դրա հայտնաբերելը ուղողի հյուսվածքի վնասվածքների և արյան մեծ քանակության պատճառով: Այն դիտարկվել է, որպես «աննշան մասնիկ» և դրա որոնումը չի շարունակվել (տե՛ս վերը` կետ 130): Դատարանն անհրաժեշտ չի համարում գնահատել այս բացատրության առնչությունը: Դիմումատուների բողոքը ուսումնասիրելու նպատակով այն պարզապես նկատում է, որ քննարկվող բեկորը կարող էր ծառայել ճակատագրական գնդակի հետագծի պարզմանը (և մասնավորապես, արդյոք, մինչև Կառլո Ջուլիանիին խոցելը այն շեղվել է այլ օբյեկտից): Այնուամենայնիվ, ինչպես նոր նկատել է դատարանը 2-րդ հոդվածի նյութաիրավական տեսակետից (տե՛ս վերը` կետեր 192-193), ուժի կիրառումը արդարացված կլիներ այս դրույթի համաձայն նույնիսկ եթե «միջանկյալ օբյեկտի վարկածը» մերժվեր: Դրանից հետևում է, որ քննարկվող մետաղյա բեկորը էական չի եղել քննության արդյունավետության տեսանկյունից: Ավելին, Դատարանը նկատում է, որ Կառլո Ջուլիանիի մարմնի դիակիզումը, որն անհնար է դարձրել հետագա դատաբժշկական փորձաքննության իրականացումը, թույլատրվել է դիմումատուների պահանջով (տե՛ս վերը` կետ 49): Դատարանը նկատում է նաև, որ 2-րդ հոդվածից ծագող դատավարական պարտականությունը պահանջում է արդյունավետ «քննության» և ոչ թե դռնբաց նիստերի իրականացում: Այդպիսով, եթե իշխանությունների կողմից ձեռք բերված ապացույցները բավարար են ուժը գործադրած պետության ներկայացուցչի քրեական պատասխանատվությունը բացառելու համար Կոնվենցիան չի արգելում գործի վարույթի կարճումը քննության նախնական փուլում: Ինչպես գտել է դատարանը, դատախազության կողմից ձեռք բերված ապացույցները, և մասնավորապես ջիպի վրա հարձակման տեսաերիզը, հանգեցնում են եզրակացության, ողջամիտ կասկածի հիմքերի բացակայությամբ, որ Մ.Պ.-ն գործել է անձնական պաշտպանության վիճակում, որը արդարացման հիմք է հանդիսանում Իտալիայի քրեական օրենսդրության համաձայն: Ավելին, չի կարելի ասել, որ դատախազությունն առանց հարցերի ընդունել է իրադարձության մեջ ներգրավված իրավապահ մարմինների ծառայողների ներկայացրած տարբերակը: Դատախազությունը ոչ միայն հարցաքննել է բազմաթիվ վկաների, ովքեր ականատես են եղել Պիացցա Ալիմոնդայում տեղի ունեցած իրադարձություններին (տե՛ս վերը` կետեր 45-46), այլև մի քանի դատական փորձաքննություններ է նշանակել, ներառյալ դատաբժշկական փորձաքննությունները և երեք խումբ ձգաբանական փորձաքննություններ (տե՛ս վերը` կետեր 48-50 և 54-62): Փաստը, որ փորձագետները դեպքերի վերականգնման բոլոր տեսակետերի շեւրջ համաձայնության չեն եկել (և մասնավորապես կրակոցի արձակման հեռավորության և գնդակի հետագծի վերաբերյալ) ինքնին անհրաժեշտ չի դարձնում հետագա քննությունը, հաշվի առնելով, որ դատավորն է, ով պետք է գնահատի տարբեր փորձագետների կողմից տրված բացատրությունների ընդունելիությունը և մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու գոյություն ունեցող հիմքերին համապատասխանությունը: Ճշմարիտ է, որ կարաբինիերները` զինված ուժերը, որոնց պատկանում էին Մ.Պ.-ն և Ֆ.Կ.-ն, որոշ գործողություններ կատարելու հանձնարարություն են ստացել (տե՛ս վերը` կետ 290): Այնուամենայնիվ, այդ գործողությունների տեխնիկական և օբյեկտիվ բնույթը հաշվի առնելով, չի կարելի համարել, որ այս փաստը բացասաբար է ազդել քննության անկողմնակալության վրա: Այլ կերպ համարելը կնշանակի շատ դեպքերում անընդունելի կերպով սահմանափակել դատարանների, հաճախ գործի էության հետ կապված հատուկ իրավասություն ունեցող, իրավապահ մարմինների փորձառության ապավինելու հնարավորությունը (տե՛ս mutatis mutandis և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից, Էմմանուելլոն ընդդեմ Իտալիայի (dec.), թիվ 35791/97, 31 օգոստոսի 1999թ.): Սույն գործով իրավապահ մարմիններն արդեն ներկա են եղել դեպքի վայրում և այդպիսով կարողացել են պահպանել տարածքը և որոնել և արձանագրել քննությանն առնչվող ցանկացած առարկա: Հաշվի առնելով Պիացցա Ալիմոնդայում եղած մարդկանց թիվը և կրակոցների արձակումից հետո տեղի ունեցած խառնաշփոթը, իշխանություններին չի կարելի քննադատել այնպիսի փոքր առարկաներ չհայտնաբերելու համար, ինչպիսին է Մ.Պ.-ի կրակած գնդակը: Դատարանի կարծիքով պարոն Ռոմանինիի` որպես փորձագետ նշանակումը առաջացնում է որոշ ավելի նուրբ հարցեր, քանի որ նա մասնագիտական ամսագրի համար գրված հոդվածում բացահայտորեն պաշտպանել է այն տեսակետը, որ Մ.Պ.-ն գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում (տե՛ս վերը` կետ 56): Դրա հետ կապված հարկ է նկատել, որ քննության ենթատեքստում նշանակված փորձագիտական եզրակացությունները կազմվել են, ի թիվս այլոց, այդ տեսակետի դեմ ապացույց ստանալու համար: Կանխակալ տեսակետ ունեցող փորձագետի մասնակցությունն, այդպիսով հեռու է հուսադրող լինելուց (դատավարություններում փորձագետի դերի մասին տե՛ս Բրանդստետտերն ընդդեմ Ավստրիայի, 28 օգոստոսի 1991թ., կետ 59, Սերիա A թիվ 211): Այնուամենայնիվ պարոն Ռոմանինին ընդամենը մեկն էր չորս փորձագետներից բաղկացած խմբի անդամներից (տե՛ս mutatis mutandis, Միրիլաշվիլին ընդդեմ Ռուսաստանի, թիվ 6293/04, կետ 179, 11 դեկտեմբեր 2008թ.): Նա նշանակվել է դատախազության, այլ ոչ թե գործը քննող դատավորի կողմից և այդ պատճառով չի գործել որպես վերջինիս չեզոք և անկողմնակալ օգնական (տե՛ս հակառակը Բյոնիշն ընդդեմ Ավստրիայի, 6 մայիսի 1985թ. կետ 33, Սերիա A թիվ 92, և Սառա Լինդ Էգգերտսդոտտիրն ընդդեմ Իսլանդիայի թիվ 31930/04, կետ 47, ՄԻԵԴ 2007-VIII): Ավելին, փորձաքնությունները որոնք պահանջվել է նրանից կատարել է ձգաբանական եզրակացության համար հիմնականում օբյեկտիվ և տեխնիկական բնույթ են ունեցել: Հետևաբար, նրա ներկայությունը ինքնին հնարավորություն չի տալիս կասկածի տակ դնել ներպետական քննության անկողմնակալությունը: Ավելին, դիմումատուների կողմից չի հաստատվել, որ քննություն անկողմնակալ և անկախ չի եղել և ոստիկանության բաժինը, որը կատարել է քննության որոշակի գործողություններ, այն աստիճանի է ներգրավված եղել իրադարձություններում, որ ողջ քննությունը պետք է վստահվեր հարկային ոստիկանությանը (տե՛ս վերը` դիմումատուի պնդումները 283 և 292 կետերում): Վերջապես, քննության արագության վերաբերյալ դատարանը նկատում է, որ այն իրականացվել է պատշաճ ջանասիրությամբ: Կառլո Ջուլիանին մահացել է 2001թ. հուլիսի 20-ին և դատախազությունը դադարեցրել է նախնական քննությունը, միջնորդելով կարճել գործի վարույթը, մոտ մեկ տարի և չորս ամիս անց` 2002թ. վերջին: 2002թ. դեկտեմբերի 10-ին դիմումատուներն առարկել են միջնորդության դեմ (տե՛ս վերը` կետ 76) և չորս ամիս անց` 2003թ. ապրիլի 17-ին Ջենովայի` գործը քննող դատավորի նիստ է հրավիրել (տե՛ս վերը` կետ 80): Գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման տեքստը գրասենյակին է ներկայացվել քսաներկու օր անց` 2003թ. մայիսի 5-ին (տե՛ս վերը` կետ 82): Այս հանգամանքներում չի կարելի համարել, որ գործի քննությունը խոչընդոտվել է երկարատև ուշացումների կամ ժամանակի կորստի պատճառով: Վերոգրյալի լույսի ներքո Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել դատավարական տեսանկյունից:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուները պնդել են, որ Կառլո Ջուլիանիի գետնին ընկնելուց հետո օգնության բացակայությունը և նրա մարմնի վրայով ջիպի անցնելը նպաստել են նրա մահվանը և հանգեցրել անմարդկային վերաբերմունքի: Նրանք հղում են կատարել ՄԱԿ-ի սկզբունքների 5-րդ և 8-րդ կետերին (տե՛ս վերը` կետ 154) և հիմնվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա, որի համաձայն
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի»
Կառավարությունը պնդել է, որ այս բողոքը ակնհայտ անհիմն է, հաշվի առնելով, որ դիահերձման եզրակացության համաձայն Կառլո Ջուլիանիի մարմնի վրայով ջիպի անցնելը չի հանգեցել նրա համար որևէ լուրջ հետևանքների և հաշվի առնելով տուժողին օգնություն ցույց տալու արագ փորձերը: Պալատը, նկատելով, որ իրավապահ մարմինների ծառայողների վարքագծից չի կարելի ենթադրել, որ նրանք Կառլո Ջուլիանիին ցավ կամ տառապանք պատճառելու մտադրություն են ունեցել, եզրակացնում է որ անհրաժեշտ չէ սույն գործը ուսումնասիրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից (տե՛ս Պալատի վճռի 260-261 կետերը): Դատարանը համարում է, որ բողոքարկված փաստերը ներառվում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն իրականացված քննության շրջանակներում: Հետևաբար, որևէ պատճառ չի տեսնում Պալատի կողմից ցուցաբերված մոտեցումից շեղվելու համար:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ Եւ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուները բողոքել են, որ չի ապահովվել իրենց` Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների դատավարական պահանջներին համապատասխան գործի քննության իրավունքը
6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան մասերի համաձայն
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են իր քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ... ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հիապարակային դատաքննության իրավունք»
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն՝
«Յուրաքանչյուր ոք, ում սույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առաջ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:
Դիմումատուները պնդել են, որ քննության հակասական և անավարտ եզրահանգումների տեսակետից գործը կարիք ունի ավելի մանրամասն քննության` իրական մրցակցային դատավարության սահմաններում: Կառավարությունը դատարանին կոչ է արել համարել, որ ոչ մի առանձին հարց չի ծագում Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների տեսանկյունից կամ, որպես այլընտրանք, որ տեղի չի ունեցել այդ դրույթների խախտում` հաշվի առնելով թե ինչպես է իրականացվել քննությունը և դիմումատուների` դրան մասնակցելու փաստը: Պալատը համարել է, որ հաշվի առնելով իր կողմից Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական տեսակետից խախտումը հայտնաբերելը, սույն գործի քննությունը 13-րդ հոդվածի կամ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անհրաժեշտ չէ (տե՛ս Պալատի վճռի 265-266 կետերը): Նկատի ունենալով, որ սույն գործով դիմումատուները Իտալիայի օրենսդրության համաձայն հնարավորություն չեն ունեցել որպես քաղաքացիական հայցվոր ներգրավվելու Մ.Պ.-ի դեմ հարուցված քրեական գործում (տե՛ս հակառակը և mutatis mutandis, վերը նշված Պերեսի գործը` կետեր 73-75) Դատարանը համարում է, որ նրանց գանգատները չպետք է քննության առնվեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի տեսանկյունից այլ ավելի շուտ Կոնվենցիայի 13-րդ հոդվածով պետությունների համար սահմանված ավելի ընդհանուր պարտավորությունների լույսի ներքո` Կոնվենցիայի խախտուների` ներառյալ 2-րդ հոդվածի, հետ կապված իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ապահովելու համար (տե՛ս mutatis mutandis, Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ., կետեր 93-94, Զեկույցներ 1996-VI): Դատարանը կրկնում է, որ «պաշտպանության միջոցի» «արդյունավետությունը» 13-րդ հոդվածի իմաստով կախված չէ դիմումատուի համար բարենպաստ ելքի որոշակիությունից: Եվ ոչ էլ այդ դրույթում հիշատակվող «մարմինը» պետք է անպայման դատական մարմին հանդիսանա: Սակայն եթե դա այդպես չէ, դրա լիազորությունները և ապահոված երաշխիքները կարևոր են քննության առնված պաշտպանության միջոցի արդյունավետության սահմանման համար: Ինչպես նաև նույնիսկ եթե պաշտպանության եզակի միջոցը ինքնին ամբողջովին չի բավարարում 13-րդ հոդվածի պահանջները, դա կարող է անել ներպետական օրենսդրությամբ սահմանված պաշտպանության միջոցների հանրագումարը (տե՛ս Աբրամյուկն ընդդեմ Ռումինիայի, թիվ 37411/02, կետ 119, 24 փետրվարի 2009թ.): Սույն գործով Դատարանը գտել է, որ Կառլո Ջուլիանիի մահվան հանգամանքների շուրջ իրականացվել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված արագության և անկողմնակալության պահանջները բավարարող արդյունավետ ներպետական քննություն (տե՛ս վերը` կետեր 307-326): Որ քննությունը ունակ է եղել հայտնաբերել և պատժել պատասխանատու անձանց: Թեև դիմումատուները հնարավորություն չեն ունեցել միանալ դատավարությանը որպես քաղաքացիական հայցվորներ, այնուամենայնիվ նրանք կարողացել են իրականացնել իրենց` Իտալիայի օրենսդրությամբ տուժող կողմի համար սահմանված իրավունքները: Ցանկացած դեպքում, նրանց` քաղաքացիական հայցվորի կարգավիճակ չունենալը պայմանավորված է այն փաստով, որ քրեական գործը քննող դատավորը եզրակացրել է, որ քրեական օրենսդրությամբ պատժելի որևէ հացագործություն տեղի չի ունեցել: Վերջապես, ոչինչ չի խոչընդոտել դիմումատուներին փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնել կամ քրեական դատավարությունից առաջ կամ դրան զուգահեռ: Այդ հանգամանքներում, Դատարանը համարում է, որ դիմումատուներին մատչելի են եղել արդյունավետ պաշտպանության միջոցները Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված իրենց բողոքի հետ կապված: Դրանից հետևում է, որ Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
Դիմումատուները պնդել են, որ Կառավարությունը բավարար չափով չի համագործակցել Դատարանի հետ: Նրանք վկայակոչել են Կոնվենցիայի 38-րդ հոդվածը որի համաձայն:
«Դատարանը գործը քննության է առնում կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է քննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող Բարձր պայմանավորվող կողմերն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները»:
Դիմումատուների պնդմամբ Կառավարությունը կեղծ կամ անավարտ պատասխաններ է տվել (օրինակ ջիպում գտնված կարաբինիերների մասնագիտական փորձառության և մեքենայում ոստիկանական վահանի առկայության վերաբերյալ): Կառավարությունը նաև բաց է թողել որոշ էական հանգամանքների մանրամասներ: Մասնավորապես,
- չի ներկայացվել ոստիկանության և կարաբինիերների հրամանատարության կառուցվածքը` հովանավորելով կառուցվածքի վերին մասը,
- չեն մասնավորեցվել հասարակական կարգի պահպանության համար տեղակայվող ծառայողների ընտրության չափանիշները,
- չեն ներկայացվել գործով անցնող կարաբինիերների մասնագիտական փորձառությունը հաստատող փաստաթղթեր (fogli matricolari),
- չեն ներկայացվել այն հրամանները, որոնք սպա Լաուրոն և գումարտակի հրամանատար այլ սպաները ստացել են իրենց վերադասներից,
- չի նշվել Tute Bianche երթի վրա հարձակվելու հրաման տված անձը
- չեն ներկայացվել համապատասխան ռադիո խոսակցությունների սղագրությունները Կառավարությունը նկատել է, որ իրենց գործը պաշտպանելու իրավունքը «սրբազան» է և ցանկացած դեպքում, իրենք Դատարանին են ներկայացրել մատչելի ողջ տեղեկատվությունը: Ինչ վերաբերում է Tute Bianche երթի վրա հարձակման վերաբերյալ տեղեկատվությանը, կառավարությունը նկատել է, որ դա կապ չունի սույն գանգատի հիմքում ընկած իրադարձությունների հետ: Պալատի դիրքորոշման համաձայն Կոնվենցիայի 38-րդ հոդված խախտում տեղի չի ունեցել, չնայած կառավարության ներկայացրած տեղեկությունները չեն վերաբերում բացառապես վերը թվարկված կետերին, այդ տեղեկատվության անավարտ բնույթը չի խոչընդոտել Դատարանի գործի քննությանը (տե՛ս Պալատի վճիռը` կետեր 269-271): Դատարանը որևէ պատճառ չի տեսնում շեղվել այս հարցի վերաբերյալ Պալատի մոտեցումից: Այդ պատճառով էլ Դատարանը եզրակացնում է որ սույն գործով Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ Վճռում է ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա նյութական առումով կապված մահաբեր ուժի կիրառման հետ, Վճռում է ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա նյութական առումով` կապված մահաբեր ուժի կամ Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում իրավապահ մարմիններին տրված զենքերի կիրառումը կարգավորող ներպետական օրենսդրական համակարգի, Վճռում է ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա նյութական առումով` Ջենովայում Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ոստիկանական գործողությունների կազմակերպման և ծրագրման հետ կապված, Վճռում է ձայների տաս կողմ և յոթ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա դատավարական առումով Վճռում է միաձայն, որ անհրաժեշտ չէ քննել գործը Կոնվենցիայի 3-րդ և 6-րդ հոդվածների համաձայն Վճռում է ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում Վճռում է միաձայն, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2011թ. մարտի 24-ին :
Իրավախորհրդատու` Վինսենթ Բերգեր
Նախագահող` Ժան Պոլ Կոստա
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, հետևյալ չհամընկնող կարծիքները կցված են սույն դատավճռին որպես հավելվածներ
ա. Դատավորներ Ռոզակիսի, Տուլկենսի, Զուպանչիչի, Գյուլումյանի, Զիմելեի, Կալայջիևայի և Կարակաշի համատեղ մասնակի չհամընկնող կարծիքները,
բ. Դատավորներ Տուլկենսի, Զուպանչիչի, Գյուլումյանի, և Կարակաշի համատեղ մասնակի չհամընկնող կարծիքները,
գ. Դատավորներ Տուլկենսի, Զուպանչիչի, Զուպանչիչի, Զիմելեի և Կալայջիևայի համատեղ մասնակի չհամընկնող կարծիքները
Ժ.-Պ.Կ.
Վ.Բ.
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Գործը քննող դատարանի կարգադրության մի քանի հատվածներ լայնորեն մեջբերված են Պալատի վճռի 94-116-րդ կետերում:
Full & Egal Universal Law Academy