© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
GUTSANOVI-Ն ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ
(Գանգատ թիվ 34529/10)
ՎՃԻՌ
(Հատվածներ)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
15 հոկտեմբեր 2013թ.
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Gutsanovi-ն ընդդեմ Բուլղարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Ineta Ziemele-ն, Նախագահ,
Päivi Hirvelä-ն,
George Nicolaou-ն,
Ledi Bianku-ն,
Zdravka Kalaydjieva-ն,
Krzysztof Wojtyczek-ը,
Faris Vehabović-ը, դատավորներ,
և Françoise Elens-Passos-ը, Բաժանմունքի քարտուղար,
2013թ. սեպտեմբերի 24-ին կայացած դռնփակ նիստում,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2010թ. մայիսի 21-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Բուլղարիայի քաղաքացիներ պրն. Borislav Gutsanov Gutsanov-ի, տկն. Monika Vladimirova Gutsanova-ի, օրիորդ S. Gutsanova-ի և օրիորդ B. Gutsanova-ի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Բուլղարիայի Հանրապետության բերված գանգատի (թիվ 34529/10) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Վառնայում գործող փաստաբան օրիորդ S. Bachvarova-Zhelyazkova-ն և Պլովդիվում գործունեություն ծավալող «Ekimdzhiev, Boncheva և Chernicherska» փաստաբանական գրասենյակի փաստաբան պրն. M. Ekimdzhiev-ը: Բուլղարիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Բուլղարիայի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ օրիորդ N. Nikolova-ն, որին հետագայում փոխարինել են Արդարադարության նախարարության աշխատակիցներ՝ օրիորդ M. Kotseva-ն և պրն. V. Obretenov-ը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդել են, որ իրավապահ մարմինների կողմից 2010թ. մարտի 31-ի վաղ առավոտյան իրենց տանն իրականացրած օպերացիան հոգեբանական տրավմա է նրանց հացրել, որը հավասար էր նվաստացնող վերաբերմունքի: ...
4. 2011թ. ապրիլի 4-ին գանգատն ուղարկվել է Կառավարությանը: Որոշվել է նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1967, 1972, 2002 և 2004 թվականներին և ապրում են Վառնայում: Առաջին երկու դիմումատուները ամուսիններ են, իսկ երրորդ և չորրորդ դիմումատուները՝ նրանց անչափահաս դստրերը:
Ա. Գործի նախապատմությունը
6. Առաջին դիմումատուն՝ պրն. Borislav Gutsanov-ը հանդիսանում է Բուլղարայի խորհրդարանի պատգամավոր՝ Սոցիալիստական կուսակցության կողմից, Սոցիալիստական կուսակցության Կենտրոնական գործադիր բյուրոյի անդամ և դրա տարածքային մասնաճյուղի փոխնախագահ: Խնդրո առարկա ժամանակահատվածում նա հանդիսացել է Վառնայի քաղաքային խորհրդի նախագահ՝ կուսակցության ցուցակից ընտրվելով այդ պաշտոնին:
7. 2009թ. դեկտեմբերից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում Բուլղարիայի Ներքին գործերի նախարարությունն երկրի ամբողջ տարածքով իրականացրել է մի շարք ոստիկանական օպերացիաներ՝ նպատակ ունենալով կազմալուծել որոշ հանցավոր խմբավորումների: Այդ օպերացիաների ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ մի քանի քաղաքական գործիչների, ինչպիսի փաստը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից և հանրային ուշադրության արժանացել: Զանգվածային լրատվամիջոցները պարբերաբար հարցազրույցներ են վերցրել մի շարք քաղաքական գործիչներից, այդ թվում՝ Վարչապետից և Ներքին գործերի նախարարից, ինչպես նաև մի քանի դատախազներից և ոստիկանապետերից, խնդրելով նրանց մեկնաբանել տեղի ունեցող ձերբակալությունները և դրանց արդյունքում հարուցված քրեական գործերը:
8. Հիշատակված իրադարձությունների արդյունքում մի շարք գանգատներ են ներկայացվել Դատարան (թիվ 26966/10, Maslarova-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 30336/10, Aleksey Petrov-ն (II) ընդդեմ Բուլղարիայի, թիվ 37124/10, Kostadinov-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 44885/10, Tsonev-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 45773/10, Petrov-ը և Ivanova-ն ընդդեմ Բուլղարիայի, և թիվ 55388/10, Stoyanov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի):
Բ. Դիմումատուի տանն իրականացված ոստիկանական օպերացիան
9. 2009թ. հոկտեմբերի 30-ին Սոֆիայի քաղաքային դատախազությունը քրեական գործ էր հարուցել անհայտ անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին հանրային ծառայողի իրենց պաշտոնը չարաշահելու և հանրային միջոցները յուրացնելու համար, որի արդյունքում Վառնայի քաղաքային հասարակական տրանսպորտի ընկերությանը զգալի վնասներ էր հասցվել: Խնդրո առարկա փաստերը տեղի են ունեցել 2003 և 2007 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում: 2010թ. փետրվարի 8-ին Գլխավոր դատախազը կարգադրել է քրեական գործի նյութերը ուղարկել Վառնայի շրջանային դատախազություն: Հետաքննությունը իրականացրել է Վառնայի ոստիկանությունը՝ շրջանային դատախազության հսկողության ներքո:
10. 2010թ. մարտի 31-ին քրեական գործի քննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների մի խումբ առավոտյան ժամը 06.30-ի մոտակայքում մուտք էր գործել դիմումատուների տուն, որից հետո ձերբակալել պրն. Gutsanov-ն և խուզարկել բնակարանը: Կողմերը վիճարկում են ոստիկանական օպերացիայի որոշ հանգամանքները:
1. Դիմումատուների վարկածը
11. 2010թ. մարտի 31-ի վաղ առավոտյան պրն. և տկն. Gutsanovi-ը քնած էին Վառնայի իրենց առանձնատան երկրորդ հարկի ննջասենյակում: Նրանց երկու դստրերը քնած էին մեկ հարկ ստորև գտնվող իրենց սենյակներում: Տունը հագեցած էր տեսախցիկների համապարփակ հսկողության համակարգով, իսկ D.P. անունով անվտանգության աշխատակիցն էլ հերթապահում էր առանձնատան մուտքի մոտ:
12. Առավոտյան ժամը 06.30-ի մոտակայքում D.P.-ն տեսահսկման համակարգով նկատել է, որ ոստիկանության երկու կամ երեք մեքենաներ լույսերը անջատած դանդաղ շարժվում են պարտեզի դարպասների ուղղությամբ և կանգ առնում դրանից մի փորք հեռավորության վրա:
13. Քիչ անց ոստիկանության աշխատակիցների մի խումբ հայտնվել է առանձնատան դարպասի մոտ, և նրանցից մի քանիսը սկսել են բարձր թակել դարպասը՝ պահանջելով այն իսկույն բացել: D.P.-ն լքել է գիշերային հերթապահության իր վայրը և բացել դարպասը: Որից հետո նա տեսել է սովորական հագուստով երկու ոստիկանների, համազգեստավոր չորս կամ հինգ աշխատակիցների և Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատի չորս կամ հինգ դիմակավորված աշխատակիցներից բաղկացած մի խումբ: Ոստիկանները վնասազերծել են D.P.-ին և ձեռնաշղթաներ հագցրել, որից հետո նրանից տեղեկացել սեփականատերերի՝ տանը գտնվելու մասին: Նա դրական պատասխան է տվել՝ տեղեկացնելով ոստիկանության աշխատակիցներին, որ առանձնատանն են գտնվում նաև նրանց երկու աղջիկները: Երբ նրան խնդրել են բացել տան շքամուտքի դուռը, նա պատասխանել է, որ չունի դրա բանալիները:
14. Ոստիկանության աշխատակիցներն այնուհետ վազել են տան շքամուտքի դռան ուղղությամբ՝ բացականչելով «Ոստիկանությունն է, դուռը բացե՛ք»: Աշխատակիցներից մի քանիսը փորձել են բացել դուռը՝ դրա համար օգտագործելով տարբեր գործիքներ (խոյ, լծակ և լինգ): Համաձայն D.P.-ի ցուցմունքի՝ հինգ կամ տաս րոպեների ընթացքում ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է բացել դուռը և մուտք գործել տան սանդղավանդակ:
15. Պրն. և տկն. Gutsanovi-ը հայտնել են, որ նրանք հանկարծակի վեր են թռել դռան հարվածներից և բղավոցներից: Նրանք արագ ներքև են իջել և բարձրացրել աղջիկներին տան երկրորդ հարկի իրենց ննջասենյակ:
16. Պրն. Gutsanov-ը նշել է, որ այնուհետ նա լքել է ննջասենյակը՝ պարզելու, թե ի՞նչ է կատարվում: Այդ ընթացքում նա լսել է, թե ինչպես մի քանի հոգի բարձրանում են աստիճաններով՝ բղավելով «Դուրս եկե՛ք» և «Մենք ոստիկանության աշխատակիցներ ենք»: Նա իսկույն վերադարձել է երկրորդ սենյակի ննջասենյակ՝ իր կնոջ և դստրերի մոտ: Քիչ անց զինված և դիմակավորված ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել ծնողների ննջասենյակ՝ պրն. Gutsanov-ի, նրա կնոջ և երկու դստրերի վրա պահելով լապտերներով սարքավորված զենքերը, բղավելով՝ «Ոստիկանությունն է, չշարժվե՛ք»: Պրն. Gutsanov-ն սեղմել են պատին, որից հետո նրան տեղափոխել ներքևի հարկ, որտեղ նրան ծնկի են իջեցրել և ձեռնաշղթաներ հագցրել:
17. Համաձայն պրն. և տկն. Gutsanovi-ի հայտարարությունների՝ նրանց երկու դստրերը, որոնք գտնվել են իրենց ծնողների մահճակալի վրա, բղավում էին և վախից լաց լինում: Ոստիկանությունը կարգադրել է որպեսզի տկն. Gutsanova-ն ծածկի իր գլուխը, որը նա արել է:
18. Այնուհետև, պրն. Gutsanov-ն թույլ են տվել բարձրանալ երկրորդ հարկ և հագնվել:
19. Առավոտյան ժամը 07.30-ի մոտակայքում ժամանել է ընտանեկան վարորդը և երեխաների դայակը, որոնք աղջիկներին ուղեկցել են դպրոց: Դպրոցից հետո աղջիկները գնացել են իրենց մորաքրոջ տուն և գիշերն այնտեղ մնացել:
20. Ի հավաստումն իրադարձությունների իրենց վարկածի դիմումատուները ներկայացրել են պրն. Gustanov-ի չթվագրված ձեռագիր հայտարարությունը, 2010թ. ապրիլի 7-ով թվագրված նրա կնոջ կողմից ստորագրված հայտարարությունը, 2010թ. ապրիլի 8-ով թվագրված անվտանգության աշխատակից D.P.-ի կողմից ստորագրված ձեռագիր հայտարարությունը և 2010թ. ապրիլ ամսով թվագրված ընտանեկան վարորդի կողմից ստորագրված ձեռագիր հայտարարությունը: Նրանք նաև ներկայացրել են Վառնայի օդերևութաբանական ծառայության եղանակի տեսությունը, ըստ որի այդ օրը արևածագն եղել է առավոտյան ժամը 06.52-ին և ունեցել երեսունմեկ րոպե տևողություն: Նրանք նաև ներկայացրել են 2010թ. ապրիլի 8-ին հրապարակված տկն. Gustanova-ի Galeria շաբաթաթերթին տված հարցազրույցի պատճեն:
21. Դիմումատուները նաև ներկայացրել են Skat մասնավոր հեռուստատեսությամբ 2010թ. ապրիլի 11-ին հեռարձակված «Afera» ծրագրի տեսագրությունը: Ծրագրում անդրադարձ էր կատարվել տկն. Gutsanova-ի հարցազրույցին, ինչպես նաև 2010թ. մարտի 31-ի առավոտյանը առանձնատան տեսահսկման համակարգի կողմից ձայնագրված որոշ կադրերին: Առաջին տեսաշարքում երևում է, թե ինչպես երկու մեքենաներ և ոստիկանության մեկ ֆուրգոն շարժվում են դիմումատուների առանձնատան ուղղությամբ: Երկրորդ տեսաշարքում երևում է, թե ինչպես համազգեստավոր մի ոստիկան թակում է առանձնատան մետաղյա դարպասին, որից հետո դարպասը բացվում է: Երրորդ տեսաշարքում երևում է, թե ինչպես սև հագուստով հատուկ նշանակության ջոկատի երկու աշխատակիցներ` լապտերով սարքավորված ինքնաձիգերով զննում եմ պարտեզի մի հատվածը, և քաղաքացիական հագուստով անձը հայտնվում է շքամուտքի դռան մոտ: Վերադառնալով այդ անձը ներս է մտնում տուն, որին հետևում են հատուկ նշանակության ջոկատի երկու աշխատակիցներ: Չորրորդ տեսաշարքում երևում է, թե ինչպես հատուկ նշանակության երկու աշխատակիցները վազում են տան ուղղությամբ` իրենց հետևում թողնելով համազգեստավոր ոստիկանին և քաղաքացիական հագուստով անձին: Վերջին այդ երկուսը կարծես թե նայում են տան վերևի մասի ուղղությամբ: Թղթակցի կողմից նկարահանված հաջորդ տեսաշարքում երևում է, թե ինչ վիճակում է գտնվում տան ապակե դուռը այն բանից հետո, երբ ոստիկանները հարկադրաբար ուժ կիրառելով մուտք են գործում տուն. ապակե վահանակները վնասված չեն, մինչդեռ դռան բռնակը, փականը և սողնակը ջարդված են:
2. Կառավարության վարկածը
22. 2010թ. մարտի 30-ին Վառնայի կազմակերպված հանցավորության ջոկատի տարածքային ղեկավարը և Վառնայի շրջանային դատախազը քրեական գործի շրջանակում հաստատել են օպերացիայի ծրագրերը անհայտ այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին Վառնայի քաղաքային հասարակական տրանսպորտի ընկերությանը պատկանող հանրային միջոցները յուրացնելու մեջ (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը): Ծրագրի արդյունքում ձերբակալվել են հինգ անձինք, որոնք կասկածվում էին վեճի առարկա հանցագործությունները կատարելու մեջ, այդ թվում՝ պրն. Gustanov-ը, նաև խուզարկվել են կասկածյալների բնակարանները և գրասենյակները: Օպերացիաները ծրագրված էր անցկացնել 2010թ. մարտի 31-ի առավոտյան՝ քննիչների, համազգեստավոր աշխատակիցների, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի զինված և դիմակավորված աշխատակիցներից կազմված հինգ խմբերի միաժամանակյա գործողությունների միջոցով:
23. Դիմումատուների տան օպերացիայի համար ընտրված խումբն իրենց վերադասների կողմից ցուցումներ էր ստացել միայն օպերացիայի անցկացման օրը՝ ժամը 05.30-ին: Աշխատակիցները նախազգուշացվել էին այն մասին, որ պրն. Gustanov-ն օրինական կարգով տիրապետում է Glock 17C մակնիշի ատրճանակը, որը նա պահում է տանը:
24. 2010թ. մարտի 31-ի առավոտյան, ժամը 06.30-ին, խումբը, որը կազմված էր քաղաքացիական հագուստով աշխատակիցներից, համազգեստավոր երկու աշխատակիցներից և հատուկ նշանակության ջոկատի չորս աշխատակիցներից, որոնք սև համազգեստ էին հագած, և ում զրահաբաճկոնի վրա դաջված էր «Ոստիկանություն» բառը, ժամանել են դիմումատուների տուն: Աշխատակիցները թակել են մետաղյա դարպասը, որը բացել էր մի անձ, որը ներկայացրել էր որպես անվտանգության աշխատակից: Նա նշել էր, որ չունի տան շքամուտքի դռան բանալիները և որ տանը գտնվում են միայն պրն. Gustanov-ը, նրա կինը և նրանց երկու երեխաները: Հատուկ նշանակության ջոկատի երկու աշխատակիցներն այնուհետ շրջապատել են տունը՝ փակելով հնարավոր այլ ելքերը, մինչդեռ երկու մյուս աշխատակիցները վազել են շքամուտքի դռան ուղղությամբ և սկսել թակել դուռը՝ բղավելով «Ոստիկանությունն է, դուռը բացե՛ք»: Համազգեստավոր աշխատակիցները մնում էին պարտեզում՝ շքամուտքի դռան առջև:
25. Հինգ րոպե անց ոստիկանության աշխատակիցները տան պանորամային պատուհանների մեջ նկատել են տղամարդու ուրվագիծ: Նրանք բղավել են «Ոստիկանությունն է: Ներքև իջե՛ք: Դուռը բացե՛ք:» Պրն. Gutsanov-ն երկու անգամ նկատել են պատուհանի մեջ, սակայն նա ներքև չէր իջել: Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները հարկադրված էին բացել շքամուտքի դուռը և ներս մտնել տուն: Աշխատակիցներից մեկը՝ տեսնելով պրն. Gutsanov-ն սանդղավանդակում, բարձրաձայն դիմել էր նրան. «Ոստիկանությունն է: Դանդաղ քայլե՛ք իմ ուղղությամբ: Ցույց տվե՛ք ձեր ձեռքերը»: Դիմումատուն հրաժարվել էր կատարել հրամանը և վազել էր վերևի հարկ: Աշխատակիցները հետևել էին նրան, բղավելով` «Ոստիկանությունն է: Կանգնե՛ք»: Դիմումատուն մտել էր երկրորդ հարկի դռնով, որին մոտենալով աշխատակիցները նկատել էին, թե ինչպես դիմումատուն մտնում է ննջասենյակ` իր կնոջ և երեխաների մոտ: Այդ պահին դիմումատուն դուրս է եկել սենյակից, որից հետո նրան ձերնաշղթաներ են հագցրեցրել: Նա խնդրել է իրեն թույլ տալ հագնվել, որից հետո դիմակավորված աշխատակիցներից մեկը նրան ուղեկցել է այդ նույն ննջասենյակ:
26. Օպերացիայի ողջ ընթացքում ոստիկանության աշխատակիցները չեն խոսել տկն. Gutsanova-ի կամ նրա երկու դստրերի հետ: Ննջասենյակ մուտք գործած աշխատակիցը բացի Taser տեսակի էլեկտրաշոկ միջոցից այլ զենք իր մոտ չի ունեցել: Աշխատակիցն այնքան ժամանակ է գտնվել ննջասենյակում, որի ընթացքում պրն. Gutsanov-ը կարողացել է հագնվել, որից հետո նրանք երկուսով լքել են սենյակը: Դիմումատուին հանձնել են ոստիկանության այլ աշխատակիցների հսկողությանը, որից հետո հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներն անմիջապես լքել են տան տարածքը:
27. Ի հավաստումն իրադարձությունների իր վարկածի Կառավարությունը ներկայացրել է հետևյալ փաստաթղթերը. խնդրո առարկա օպերացիայի գործողությունների ծրագիրը, Ներքին գործերի նախարարության տարածքային վարչության զեկույցը, օպերացիային ներգրավված նախարարության անձնակազմի երեք զեկույցները, այդ թվում` հատուկ օպերացիաների խմբի հրամանատարի զեկույցը, դատավորի կողմից հաստատված խուզարկության արձանագրությունը և 2010թ. ապրիլի 7-ով թվագրված Վառնայի շրջանային դատախազության ընդունված երկու կարգադրությունները: Կառավարությունը նաև ներկայացրել է մամուլում հայտնված դիմումատուների տան լուսանկարները, որոնցից, ի թիվս այլ բաների, երևում է դեպի այգի նայող տան ապակե ճակատային մասը:
Գ. Դիմումատուների հոգեբանական վիճակն իրենց տանը ոստիկանական օպերացիան իրականացնելուց հետո
28. Տկն. Gutsanova-ն հայտնել է, որ իր կրտսեր դստերը՝ B.-ն նախկինում կակազել է, որի համար նա մեկ տարի բուժում է անցել մասնագիտացված լոգոպեդի մոտ, և որ նա սկսել է նորից կակազել 2010թ. մարտի 31-ի դեպքերից հետո:
29. Ամուսինների ավագ դստեր S.-ի համար պատասխանատու ուսուցչի հայտարարության համաձայն՝ 2010թ. մարտի 31-ին նա գտնվում էր ակնհայտորեն ճնշված վիճակում և սովորականից էլ լուռ էր: Պրն. Gutsanov-ի քույրը, որը նույն օրը խնամք էր տարել իր եղբոր աղջկա հետևից, նկատել էր, որ երեխան անհանգիստ է: Այդ օրը երեխան հավանաբար մի քանի անգամ խոսել էր իրենց տանը կատարվածի մասին: Դրանից հետո նրա մոտ վախ էր առաջանում ամեն անգամ, երբ նա ոստիկաններ էր տեսնում:
30. 2010թ. ապրիլի 12-ին հոգեբույժը ստուգել էր պրն. և տկն. Gutsanovi-ի երկու դստրերին և նկատել, որ 2010թ. մարտի 31-ի դեպքերի հետ կապված հիշողությունն անցանկալի ռեակցիա է առաջացնում երկու աղջիկների մոտ, որն ավագ աղջկա դեպքում արտահայտվում է անհանգստության տեսքով, իսկ կրտսեր դստեր դեպքում՝ լացի պոռթկումներով: Հոգեբույժն երեխաների մոտ որևէ այլ հոգեբանական բարդություններ չէր նկատել:
31. 2010թ. մարտի 31-ի դեպքերից հետո տկն. Gutsanova-ն երկու անգամ դիմել է հոգեբույժի: Նա գանգատվել է, ի թիվս այլ բաների, անքնությունից և անհանգստությունից և նրան հոգեմոքիչ դեղամիջոցներ են նշանակել:
...
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
...
Դ. Պատճառված վնասի համար պետության պատասխանատվությունը
67. Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները կարող են փոխհատուցում ստանալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից իրենց վարչական պարտականությունները կատարելու ընթացքում կայացված ապօրինի որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի համար: Բուլղարիայի Գերագույն վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` քրեական վարույթի շրջանակում հետաքննության մարմինների և դատախազության կողմից իրականացված գործողությունները չեն որակվում որպես վարչական պարտականություններ և, հետևաբար, չեն ընկնում այդ դրույթի շրջանակի ներքո (Решение № 615 от 10 юли 2001 г. на ВКС по гр. д. № 1814/2000 г.; Тълкувателно решение № 3 от 22 април 2004 г. на ВКС по тълк. д. № 3/2004 г., ОСГК): Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հետաքննության մարմինները, դատախազությունը և դատարանները պատասխանատվություն են կրում հետևյալ դեպքերում. ապօրինի նախնական կալանքի, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճռին հաջորդող մեղադրանք ներկայացնելու կամ դատապարտման, հիվանդանոցում հարկադիր բուժման կամ դատարանի կողմից նշանակված հարկադրանքի այլ միջոցների, որոնք հետագայում ապօրինի են ճանաչվել, պատժի համար, որը գերազանցում է սահմանված սկզբնական տևողությունը կամ գումարը (տե՛ս նաև Iliya Stefanov-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 65755/01, §§ 28 և 29, 22 մայիս 2008թ., Kandzhov-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 68294/01, §§ 35-39, 6 նոյեմբեր 2008թ., և Bochev-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 73481/01, §§ 37-39, 13 նոյեմբեր 2008թ.):
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
...
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
77. Դիմումատուները բողոքել են, որ իրենց տանն իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում նրանք ենթարկվել են այնպիսի մի վերաբերմունքի, որն անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, որը սահմանում հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»
78. Դիմումատուները մասնավորապես բողոքել են, որ ոստիկանական օպերացիայի իրականացման եղանակը, այն է՝ մինչև արշալույս, դիմակավորված և մինչև ատամները զինված ոստիկանության աշխատակիցների ներգրավմամբ, որոնք դուռը կոտրելով ներս էին մտել տուն և զենքերը պահել դիմումատուների վրա, ինչպես նաև ձեռնաշղթաներ հագցրել պրն. Gutsanov-ն՝ ստիպելով նրան ծնկի գալ, հոգեբանական ծանր ապրումներ է պատճառել դիմումատուներին, որը հավասարազոր է նվաստացնող վերաբերմունքի:
79. 2012թ. հունվարի 6-ի գրավոր դիտողություններում դիմումատուները բողոքել են, որ համապատասխան քննություն չի կատարվել 2010թ. մարտի 31-ի ոստիկանական օպերացիայի ընթացքում վատ վերաբերմունքի ենթադրյալ փաստի առթիվ:
Ա. Ընդունելիությունը
1. 2010թ. մարտի 31-ի ոստիկանական օպերացիայի վերաբերյալ բողոքը
(ա) Կառավարության դիտողությունները
80. Կառավարությունը պնդել է, որ այս բողոքը պետք է մերժել, քանի որ դիմումատուն չէր սպառել իրավական պաշտպանության ներպետական բոլոր միջոցները և չէր պահպանել գանգատը ներկայացնելու վեցամսյա ժամկետը, ինչպես նաև այն բանի համար, որ բողոքը վաղաժամ էր, իսկ դիմումատուներն էլ տուժողի կարգավիճակ չունեին:
81. Նրանք նշել են, որ պրն. Gutsanov-ի նկատմամբ հարուցված քրեական գործով քննությունը դեռ շարունակվում է և, հետևաբար, 3-րդ հոդվածի համաձայն բողոքը վաղաժամ է ներկայացվել:
82. Կառավարության կարծիքով դիմումատուները նվաստացնող վերաբերմունքի մասին բողոքով պատկան մարմիններին չեն դիմել: Բացի այդ, նրանք՝ Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն վնասների փոխհատուցման պահանջի մասին հայց չեն ներկայացրել: Հետևաբար, նրանք չեն սպառել ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավական պաշտպանության առկա և արդյունավետ միջոցները:
83. Կառավարությունն այնուհետ նշել է, որ 2010թ. ապրիլի 7-ի կարգադրությամբ Վառնայի շրջանային դատախազությունը որոշել է քրեական գործ չհարուցել ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր մուտք էին գործել դիմումատուների տուն: Դատախազությունը նշել է, inter alia, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմ չկա: Դատախազությունն այնուհետ պնդել է, որ վիճարկվող գործողություններն որևէ պարագայում միտված չէին նսեմացնելու դիմումատուների արժանապատվությունը կամ նրանց հոգեբանական վնաս պատճառել: Հետևաբար, դրանք հավասարազոր չեն այնպիսի մի վերաբերմունքի, որն անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ: Ուստի, Կառավարության կարծիքով դիմումատուները չեն կարող պնդել, որ հանդիսանում են հիշյալ հոդվածով սահմանված իրավունքների խախտման զոհ:
(բ) Դիմումատուների դիտողությունները
84. Դիմումատուները չեն վիճարկել այն փաստը, որ նրանք քրեական գործ հարուցելու հաղորդում չեն ներկայացրել ոստիկանության այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր 2010թ. մարտի 31-ին մուտք էին գործել իրենց տուն: Սակայն, նրանք պնդել են, որ իրավական պաշտպանության այդ միջոցը ակնհայտ անարդյունավետ կլիներ մասնավորապես երկու պատճառներով: Առաջին, Բուլղարիայի քրեական օրենսդրությունում չկար և ոչ մի դրույթ, ըստ որի հոգեբանական ճնշման միջոցով այլ անձանց նվաստացնող վերաբերմունքի ենթարկելը կարող էր հանդիսնալ քրեորեն պատժելի արարք: Երկրորդ, հաշվի առնելով Դատարանի՝ ազգային ոստիկանական ուժերի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների օպերացիաներին վերաբերվող մի շարք գործերով նախկինում կայացված որոշումները, իշխանությունների կողմից գործով առնչվող ոստիկանության աշխատակիցների ինքնությունը բացահայտելու հետևողական մերժումը ցանկացած քրեական հետաքննությունը դարձնում է անարդյունավետ:
85. Շրջանային դատախազության կողմից սույն գործով կայացված քրեական հեպանդում չիրականացնելու որոշումը միայն հաստատել է, որ քրեական բողոքը կլիներ անարդյունավետ: Դատախազը ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշում էր կայացրել գործը բացվելուց կարճ ժամանակ անց՝ դրա հիմքում միայն դնելով ոստիկանության աշխատակիցների երկու զեկույցները, առանց այլ վկաներից հայտարարություններ վերցնելու կամ այլ ապացույցներ հավաքելու: Այդ որոշումը դիմումատուներին չէր ծանուցվել և նրանք զրկված են եղել հետաքննությունում ներգրավված լինելու որևէ հնարավորությունից:
86. Ինչ վերաբերում է Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի համաձայն վնասների փոխհատուցման պահանջի մասին հայց ներկայացնելու հարցին, ապա դիմումատուները պնդել են, որ իրենց գործի իմաստով այն նույնպես չէր կարող դիտվել որպես իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոց: Ներպետական դատարանների նախադեպային իրավունքի համաձայն՝ Օրենքի 1-ին հոդվածը, ըստ որի սահմանման պետությունը կարող է պատասխանատվություն կրել վարչական գործողության արդյունքում պատճառված վնասի համար, կիրառելի չէ ոստիկանության աշխատակիցների այն գործողության նկատմամբ, որն ուղղված է քրեական գործի շրջանակում քննչական միջոցառման իրականացմանը և դատական ընթացակարգի մաս է կազմում, այլ ոչ թե՝ վարչական պարտականությունների կատարման: Բացի այդ, 2005թ. կայացված պարտադիր ուժ ունեցող վճռով Գերագույն վճռաբեկ դատարանը հստակ դիրքորոշում է հայտնել առ այն, որ այն դեպքերում, երբ վարչական մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունն իրականացնում է միջոցառումներ, որոնք բխում են դատական իշխանության կարգադրություններից, ապա վնասների փոխհատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն պետության դեմ՝ հիմնվելով Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 2-րդ հոդվածի վրա: Սակայն, Օրենքի 2-րդ հոդվածը փոխհատուցում է նախատեսում միայն սահմանափակ թվով իրավիճակների համար: Սույն գործով կիրառելի միակ հնարավոր իրավիճակը դա պրն. Gutsanov-ի արդարացումն էր կամ հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը: Սակայն, դիմումատուների համար դժվար կլիներ ապացուցել իրենց պնդումները, հաշվի առնելով որ իրադարձության բոլոր վկաները 2010թ. մարտի 31-ի օպերացիային մասնակցած ոստիկանության աշխատակիցներն են եղել:
(գ) Դատարանի գնահատականը
87. Դատարանն ի սկզբանե նշում է, որ Կառավարությունը մի շարք առարկություններ է ներկայացրել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն գանգատի անընդունելիության հարցի շուրջ: Հաշվի առնելով կողմերի փաստարկները, Դատարանը գտնում է, որ վեցամսյա ժամկետի պահպանման և գանգատի ենթադրյալ վաղաժամ բնույթի հետ կապված հարցերը սերտորեն առչնվում են Կառավարության կողմից բարձրացված իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու առարկության հետ: Ուստի, Դատարանը նպատակահարմար է համարում առաջին հերթին որոշելու, թե արդյո՞ք դիմումատուները սույն գործով պահպանել են իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը:
(i) Իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունը
88. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնը պարտավորեցնում է դիմումատուներին առաջին հերթին դիմել իրավական պաշտպանության այն միջոցներին, որոնք, որպես կանոն, առկա են և բավարար ներպետական իրավական համակարգում՝ ենթադրյալ խախտումների դիմաց փոխհատուցում ստանալու համար: Իրավական պաշտպանության միջոցների գոյությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլ նաև` գործնականում, որի բացակայությունը կհանգեցնի արդյունավետության և մատչելիության բացակայությանը (տե՛ս, ի թիվս այլոց, Salman-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 21986/93, § 81, ՄԻԵԴ 2000‑VII, և İlhan-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 22277/93, § 58, ՄԻԵԴ 2000‑VII):
89. Կառավարությունը, պնդելով որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության միջոցները, պետք է ապացույցներ ներկայացնի Դատարանին առ այն, որ գործին առնչվող ժամանահաշրջանում իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ կերպով առկա էր թե՛ տեսանականորեն և թե՛ գործնականում: Դրանից հետո է, որ ապացուցման բեռն ընկնում է դիմումատուի վրա, որը պետք է ապացուցի, որ Կառավարության կողմից ներկայացված իրավական պաշտպանության միջոցը, ըստ էության, սպառված է կամ այն ինչ-որ պատճառներով բավարար չէր և ոչ արդյունավետ տվյալ գործի հանգամանքներում կամ գոյություն ունեն որոշակի հանգամանքներ, որոնք նրան ազատում են այդ պարտավորության կատարումից (տե՛ս Akdivar-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, 16 սեպտեմբեր 1996թ., § 68, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑IV):
90. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ Բուլղարիայի օրենսդրությունում առկա իրավական պաշտպանության միջոցը, որը, որպես կանոն, կիրառելի է ոստիկանության աշխատակիցների ենթադրյալ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի նկատմամբ, դա դատախազություն ներկայացված բողոքն է (տե՛ս, ի թիվս այլոց, Assenov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28 հոկտեմբեր 1998թ., § 86, Զեկույզներ 1998‑VIII, Osman-ը և Osman-ն ընդդեմ Բուլղարիայի (որոշ.), թիվ 43233/98, 6 մայիս 2004թ., և Kemerov-ն ընդդեմ Ռուսաստանի (որոշ.), թիվ 44041/98, 2 սեպտեմբեր 2004թ.): Սույն գործով դիմումատուները 2010թ. մարտի 31-ի առավոտյան իրենց տուն մուտք գործած ոստիկանության աշխատակիցների վերաբերյալ նման բողոք չեն ներկայացրել դատախազություն: Այդ կապակցությամբ, նրանք պնդել են, որ հաշվի առնելով այն վատ վերաբերմունքի բնույթը, որին նրանք ենթարկվել են, ինչպես նաև ներպետական քրեաիրավական նորմերի թերությունները, դատախազությանն ուղղված բողոքն իրենց գործով չի կարող համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը):
91. Դատարանը հիշեցնում է, որ Hristovi-ն ընդդեմ Բուլղարիայի վճռով (թիվ 42697/05, § 95, 11 հոկտեմբեր 2011թ.) Դատարանը մտահոգություն է հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Բուլղարիայի քրեական օրենսդրությունն անդրադառնում այն գործողություններին, որոնք հոգեբանական տառապանքներ են առաջացնում: Դատարանը մասնավորապես նշել է, որ բացառությամբ մահվան սպառնալիքի կոնկրետ դեպքերի, Բուլղարիայի Քրեական օրենսգիրքն որպես հանցագործություն չի որակում ոստիկանության աշխատակիցների այն գործողությունները, որոնք նույնանման տառապանքներ են պատճառում, օրինակ՝ հարձակողական ոճով իրականացված խուզարկության, առգրավման և ձերբակալման օպերացիաների արդյունքում: Հետևաբար, քանի դեռ բողոք բերող անձը չի պնդել, որ ինքը ֆիզիկական վնասվածքներ է ստացել ոստիկանության կողմից հարձակման ենթարկվելու հետևանքով, իշխանությունները պարտավոր չեն քրեական գործ հարուցել խնդրո առարկա գործողությունների առնչությամբ: Դատարանը նշել է, որ քրեական օրենսդրության թերությունները թույլ են տվել հոգեբանական տրավմա հասցնելու համար պատասխանատու անձանց խուսափել քրեական պատասխանատվությունից:
92. Սույն գործով, դիմումատուները բացառապես բողոքել են 2010թ. մարտի 31-ի առավոտյանն իրենց տանը իրականացված ոստիկանական օպերացիայից բխող բացասական հոգեբանական հետևանքների վերաբերյալ: Նրանք չեն պնդել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել են ֆիզիկական հարձակման: Ուստի, դրանից հետևում է, որ եթե դիմումատուները բողոք էին ոստիկանության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ, դատախազությունը, անկասկած, կմերժեր քրեական գործ հարուցելը, հիմք ընդունելով իրավական այն նույն բացը, որը Դատարանը վկայակոչել էր վերևում նշված Hristovi-ի գործով: Հետևաբար, քրեաիավական պաշտպանության այն միջոցները, որոնք, որպես կանոն, առկա էին և կարող էին արդյունավետ համարվել ոստիկանության կողմից ֆիզիկական բռնություն կիրառելու գործերով, ի սկզբանե դատապարտված էին ձախողման դիմումատուների կողմից վիճարկվող սույն գործի հանգամանքների պարագայում: Ուստի, Դատարանը չի կարող քննադատել դիմումատուներին այն բանի համար, որ նրանք բողոք չեն ներկայացրել դատախազություն՝ ոստիկանական օպերացիային ներգրավված աշխատակիցների առնչությամբ:
93. Բացի այդ, Դատարանը հիշեցնում է, որ Mirosław Garlicki-ն ընդդեմ Լեհաստանի վճռով (թիվ 36921/07, § 77, 14 հունիս 2011թ.) Դատարանն ընդունել է, որ անձնական իրավունքների խախտման գործերով, ինչպիսին են առողջության, ազատության, պատվի և մարդկային արժանապատվության իրավունքները, Լեհաստանի օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցն իրավական պատշպանության պատշաճ միջոց է հանդիսացել 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առումով: Այդ գործով դիմումատուն բացառապես բողոքել է հոգեբանական բացասական այն հետևանքներից, որոնք ի հայտ են եկել դիմակավորված աշխատակիցների կողմից իրեն ձերբակալելու արդյունքում, որը տեղի էր ունեցել մեծ թվով մարդկանց առջև և հետագայում լայն կերպով լուսաբանվել լրատվամիջոցների կողմից: Դատարանը նշել է, որ սույն գործով դիմումատուները նույնպես բողոքել են իրենց դեմ իրականացված ոստիկանական օպերացիայի հոգեբանական հետանքների շուրջ: Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուները՝ Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի համաձայն կարող էին փոխհատուցման պահանջի մասին հայց ներկայացնեին (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը): Սակայն, Դատարանը գտնում է, որ ի տարերություն Mirosław Garlicki-ի գործի (վերևում մեջբերված, §§ 77 և 78), որով դիմումատուն կարող էր օգտվել իրավական պաշտպանության առկա մի շարք միջոցներից, վերևում հիշատակված Բուլղարիայի Օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների համաձայն չորս դիմումատուների կողմից ներկայացված փոխհատուցման պահանջի մասին ցանկացած հայց հաջողության որևէ հեռանկար չէր ունենա՝ ստորև նշված պատճառներով:
94. Այս կապակցությամբ, Դատարանը նշում է, որ Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 1-ին հոդվածն անձանց իրավունք է տալիս փոխհատուցման պահանջի մասին հայց ներկայացնել պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից իրենց վարչական պարտականությունները կատարելու ընթացքում կայացված ապօրինի որոշումներով, գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի համար: Բուլղարիայի բարձրագույն դատական ատյանի նախադեպային իրավունքի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակում հետաքննության մարմինների և դատախազության կողմից իրականացված գործողությունները չեն որակվում որպես վարչական պարտականություններ և, հետևաբար, չեն ընկնում այդ դրույթի շրջանակի ներքո (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը և Iliya Stefanov[1] ..., § 28): Դատարանը նշում է, որ դիմումատուների տանն իրականացված ոստիկանական օպերացիան կատարվել է քրեական գործի շրջանակում և նպատակ է հետապնդել՝ ձերբակալել պրն. Gutsanov-ն և վերջինիս տան խուզարկության ընթացքում ձեռք բերել ապացույցներ: Ուստի, ներպետական դատարանների նախադեպային իրավունքի համաձայն՝ օպերացիան մաս էր կազմել քննչական այն գործողությունների, որոնք իրականացվել էին քրեական գործի շրջանակում և վերևում հիշատակված Օրենքի 1-ին հոդվածի համաձայն չէր առաջացնում պետության պատասխանավությունը քաղաքացիական իրավախախտման համար:
95. Ինչ վերաբերում է նույն Օրենքի 2-րդ հոդվածի կիրառելիության հարցին, ապա Դատարանը նշում է, որ սույն գործի հանգամանքների տեսանկյունից այն կարող էր կիրառելի լիներ միայն այն դեպքերում, երբ պրն. Gutsanov-ի նախնական կալանքը ճանաչվեր ապօրինի և քրեական հետապնդումն էլ դադարեցվեր կամ առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարաններն արդարացման դատավճիռ կայացնեին (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը): Սակայն, Դատարանը նշում է, որ այն դատարանները, որոնց պրն. Gutsanov-ը դիմել էր իրեն ազատ արձակելու միջնորդությամբ, գտել էին, որ նրա կալանավորումը համապատասխանում է ներպետական օրենսդրության պահանջներին ... : Դատարանը այնուհետև նշում է, որ առաջին դիմումատուի ունեցած վերջին տեղեկությունների համաձայն՝ խնդրո առարկա քրեական գործը շարունակում է դեռ ընթացքի մեջ գտնվել նախաքննության փուլում: ... : Նման հանգամանքներում, խնդրո առարկա ժամանակահատվածում գործող Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն հարուցված հայցը դատապարտված էր ձախողման:
96. Դատարանը նաև նշում է, որ վերևում հիշատակված Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված ցանկացած հայց պրն. Gutsanov-ի նկատմամբ քրեական հեպանդման դադարեցման կամ արդարացման դատավճռի կայացման դեպքում հավասարազոր կլիներ նրա՝ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման ուղղակիորեն կամ լուռ կերպով ճանաչմանը: Այդպիսի հայցը պետք է հիմնավորեր, որ խնդրո առարկա վնասը հետևանք է այն մեղադրանքների, որոնք ներկայացվել են մի հանցանք կատարելու համար, որով քրեական վարույթը հետագայում կարճվել է կամ ավարտվել է արդարացման դատավճռի կայացմամբ: Ուստի, ներպետական դատարանների կողմից փաստերի քննությունը սահմանափակվելու էր միայն ֆորմալ եզրակացություններով և անդրադարձ չէր կատարվելու դիմումատուների բողոքների բուն էությանը, այն է՝ արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված մեթոդներն անհրաժեշտ էին օպերացիայի նպատակներին հասնելու համար և ի՞նչ բացասական հոգեբանական ազդեցություն է ունեցել չորս դիմումատուների վրա իրավապահ մարմինների օպերացիան:
97. Ամփոփելով, Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով ներպետական օրենսդրության թերությունները՝ պատասխանող Կառավարության կողմից վկայակոչված թե՛ քրեական բողոքը և թե՛ պետության դեմ հարուցված վնասների փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցը սույն գործի շրջանակում չեն կարող համարվել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Պաշտպանության քրեաիրավական միջոցը դատապարտված էր ձախողման Բուլղարիայի օրենսդրությունում այնպիսի դրույթների բացակայության պատճառով, որով հոգեբանական տառապանքներ պատճառելը որակվեր որպես քրեական արարք (տե՛ս վերևում՝ 90-92 պարբերությունները), միաժամանակ պետության դեմ հարուցված վնասների փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայցը նույնպես անարդյունավետ կլիներ, հաշվի առնելով նման գործերը վերանայելու ներպետական դատարանների իրավասության սահմանափակ լինելու հանգամանքը (տե՛ս վերևում՝ 94-96 պարբերությունները): Կառավարությունը չէր վկայակոչել իրավական պաշտպանության որևէ այլ միջոց, որով դիմումատուները կարող էին պաշտպանել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումները: Հաշվի առնելով այդ նկատառումները և վերը շարադրված փաստարկները, Դատարանը գնտում է, որ պետք է մերժել Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու փաստարկը:
(ii) Ընդունելիության մյուս պայմանների պահպանումը
98. Կառավարությունը նաև պնդել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն բողոքը վաղաժամ էր ներկայացվել, քանի որ պրն. Gutsanov-ի նկատմամբ նախաքննությունը դեռ շարունակվում էր: Դատարանն անմիջական կապ չի տեսնում Կառավարության կողմից վկայակոչված քրեական գործի և դիմումատուների բողոքի միջև. խնդրո առարկա քրեական վարույթը կոչված չէ որոշելու, թե պետության ներկայացուցիչը երաշխավորել է դիմումատուների ֆիզիկական բարեկեցությունը կամ արժանապատվությունը, այլ պետք է պարզի՝ արդյո՞ք պրն. Gutsanov-ը մեղավոր է հանցավոր դավադրության կամ որևէ այլ հանցագործություն կատարելու մեջ, որը կապված է Վառնայի քաղաքային խորհրդի նախագահի նրա պաշտոնի հետ ... :
99. Եթե նույնիսկ ենթադրենք, որ Կառավարությունը սպասում էր, որ քրեական հետապնդումը կդադարեցվեր և պրն. Gustanov-ի նկատմամբ արդարացման դատավճիռ կկայացվեր, որը նրան թույլ կտար Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառված վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 2-րդ հոդվածի համաձայն վնասների փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայց հարուցել (տե՛ս վերևում՝ 95-րդ պարբերությունը), Դատարանը հիշեցնում է, որ նման տեսակի հայցը չի կարող ճանաչել դիմումատուների՝ իրենց տանը իրականացված ոստիկանական օպերացիայի ընթացքում անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքի խախտման փաստը (տե՛ս վերևում՝ 96-րդ պարբերությունը): Հաշվի առնելով այդ փաստարկները, Դատարանը չի կարող մեղադրել դիմումատուներին այն բանի համար, որ նրանք պրն. Gutsanov-ի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտից առաջ են ներկայացրել սույն գանգատը: Հետևաբար, սույն գանգատը վաղաժամ չի ներկայացվել, ուստի Կառավարության վաղաժամ լինելու առարկությունը պետք է մերժել:
100. Կառավարությունը նաև պնդել է, որ դիմումատուները չեն պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված վեցամսյա ժամկետը: Դատարանը հիշեցնում է, որ վեցամսյա ժամկետը պահպանելու կանոնը սերտորեն փոխկապակցված է իրավական պաշտպանության ներպետական միջոցները սպառելու կանոնի հետ, քանի որ վեցամսյա ժամկետը սկսում է հոսել իրավական պաշտպանության միջոցները սպառելու նպատակների համար վերջնական որոշման կայացման օրվանից (տե՛ս, ի թիվս այլոց, Paul-ը և Audrey Edwards-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 46477/99, 7 հունիս 2001թ.): Սակայն, երբ ներպետական օրենսդրությունը չի ապահովում իրավական պաշտպանության համապատասխան միջոցի առկայությունը, վեցամսյա ժամկետը, ըստ էության, սկսում է հոսել վիճարկվող գործողության տեղի ունենալու օրվանից (տե՛ս Gongadze-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 34056/02, § 155, ՄԻԵԴ 2005‑XI):
101. Քննելով ներպետական միջոցների սպառման հարցին առնչվող Կառավարության առարկությունը, Դատարանը նշել է, որ վերջինիս կողմից վկայակոչված ոչ մի իրավական միջոց չի բավարարում Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդյունավետության պայմանը: Հետևաբար, սույն գործով վեցամսյա ժամկետն անհրաժեշտ է հաշվարկել 3-րդ հոդվածի համաձայն սույն գանգատի ներկայացման համար հիմք հանդիսացող իրադարձությունների օրվանից սկսած, այն է՝ 2010թ. մարտի 31-ը: Հաշվի առնելով, որ դիմումատուները գանգատը ներկայացրել են 2010թ. մայիսի 31-ին, Դատարանը նշում է, որ գանգատը ներկայացնելու վեցամսյա ժամկետի պայմանը սույն գործով պահպանվել է: Հետևաբար, գանգատն այս առումով անընդունելի ճանաչելու մասին Կառավարության առարկությունը նույնպես պետք է մերժել:
102. Վերջապես, Կառավարությունը վիճարկել է դիմումատուների՝ տուժողի կարգավիճակ ունենալը, պնդելով, որ նրանք չեն ենթարկվել 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի: Դատարանը գտնում է, որ այս առարկությունը պետք է միացնել սույն բողոքի՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի շրջանակում ենթադրյալ խախտման ըստ էության քննությանը: Դատարանը գտնում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ և որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Դեպքերի առնչությամբ քրեական գործ չհարուցելու վերաբերյալ բողոքը
103. Դատարանը նշում է, որ դիմումատուները սույն բողոքը ներկայացրել են 2012թ. հունվարի 6-ի իրենց գրավոր դիտողություններում: Այնուամենայնիվ, 3-րդ հոդվածի նյութական ասպետկի համաձայն քննելով գանգատի ընդունելիության հարցը, Դատարանը նշել է, որ դեպքերի առնչությամբ քրեական գործ հարուցելու ցանկացած հաղորդում ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ ներպետական օրենսդրությունում չկար որևէ մի դրույթ, որը քրեական պատիժ կսահմաներ ոստիկանության աշխատակիցների հոգեբանական տառապանքներ պատճառող գործողությունների համար (տե՛ս վերևում՝ 92-րդ պարբերությունը): Ընդ որում, այս փաստարկը առաջ էին քաշում հենց դիմումատուները (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը):
104. Դատարանը հիշեցնում է, որ նախադեպային իրավունքի համաձայն՝ գանգատ ներկայացնելու վեցամսյա ժամկետի սկիզբը համարվում է վիճարկվող գործողության տեղի ունենալու օրը, եթե ներպետական օրենսդրությունն իրավական պաշտպանության համապատասպան այլ միջոցներ չի ապահովում (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը): Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով 3-րդ հոդվածի դատավարական մասով գանգատ ներկայացնելու վեցամսյա ժամկետը սկսում է հոսել 2010թ. մարտի 31-ից: Դիմումատուներն իրենց բողոքը ձևակերպել են դրանից մեկ տարի և ինն ամիս անց: Հետևաբար, բաց է թողնվել սույն բողոքը ներկայացնելու ժամկետը և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն՝ այն պետք է մերժել:
Բ. Գործի ըստ էության քննությունըԿողմերի փաստարկները
(ա) Դիմումատուները
105. Դիմումատուները պնդել են, որ իրենց տանն իրականացված ոստիկանական օպերացիայի ձևաչափը չի համապատասխանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին: 2010թ. մարտի 31-ին, լուսաբացից առաջ, առանց նախապես օրենքով սահմանված կարգով թույլատվություն ստանալու, մի խումբ դիմակավորված և մինչև ատամները զինված ոստիկանության աշխատակիցներ ներխուժել են նրանց առանձնատուն: Հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները մտել են պրն. և տկն. Gutsanovi-ի ննջասենյակ և զենքերն ուղղել զույգի երկու անչափահաս դստրերի վրա: Իսկ պրն. Gutsanov-ն՝ ազդեցիկ ու հարգարժան քաղաքական գործիչ լինելով հանդերձ, ստիպել են ծնկի գալ և ձեռնաշղթաներ հագցրել:
106. Դիմումատուների կարծիքով, ոստիկանական օպերացիայի նմանօրինակ ծրագրման և իրականացման համար որևէ պատճառ չկար, հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ պրն. և տկն. Gutsanovi-ը քաղաքում հայտնի և հարգանք վայելող մարդիկ էին: Նրանք երկուսն էլ չունեին դատվածություն, և որևէ պատճառ չկար ենթադրելու, թե նրանք իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցույց կտային: Նրանց տան խուզարկությունը չէր հանդիսանում Քրեական դատավության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հրատապ քննչական միջոցառում: Ըստ դիմումատուների՝ այդ բոլոր հանգամանքները մատնանշում են այն մասին, որ իրավապահ մարմինների աշխատակիցների գործողություններում առկա էր նրանց վախեցնելու, նրանց արժանապատվությունը ոտնահարելու, անզորության զգացում առաջացնելու իրական մտադրություն:
107. Ոստիկանության աշխատակիցների գործողությունները դիմումատուների վրա հոգեբանական բացասական ազդեցություն են ունեցել: Մասնավորապես, տկն. Gutsanova-ն և նրա հինգ ու յոթ տարեկան երկու դստրերը ենթարկվել են հոգեբանական զգալի ճնշման, ինչի մասին վկայել են վեճի առարկա հանդիսացող դեպքերից անմիջապես հետո նրանց զննած հոգեբույժները: Ընդդիմադիր քաղաքական կուսակցությանը հարող հարգանք վայելող քաղաքական գործիչ պրն. Gutsanov-ը դարձել է բիրտ ձերբակալության զոհ, ինչը, ինչպես նաև քաղաքական այլ գործիչների ձերբակալությունները, լայնորեն լուսաբանվել էր զանգվածային լրատվամիջոցների կողմից և հանդիսացել իշխող կուսակցության իրականացրած քարոզարշավի մաս: Խնդրո առարկա վատ վերաբերմունքի հետևանքով առաջացած հոգեբանական ազդեցության ծանրությունը բավարար էր, որպեսզի այն համարվեր 3-րդ հոդվածով սահմանված շեմը անցնող, իսկ վիճարկվող վերաբերմունքը որակվեր որպես «նվաստացնող»:
(բ) Կառավարությունը
108. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների պնդումներն և իրադարձությունների նրանց ներկայացրած վարկածը: Նրանք պնդել են, որ 2010թ. մարտի 31-ի ոստիկանական օպերացիան եղել է մանրակրկիտ ծրագրված և իրագործվել է դիմումատուների արժանապատվության և իրավունքների հարգման սկզբունքի ապահովմամբ: Պրն. Gutsanov-ի ձերբակալությունը և նրա տան խուզարկությունն իրականացվել են մի քանի կասկածելի մեղսակիցների մասնակցությամբ կատարված ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացվող քրեական գործի համատեքստում: Ոստիկանությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ պրն. Gutsanov-ը տանը ատրճանակ էր պահում:
109. Ոստիկանական օպերացիան սկսվել էր արևածագից, այսինքն՝ առավոտյան ժամը 06.00-ից հետո: Ոստիկանները թակել էին դիմումատուի սեփականություն հանդիսացող տան դարպասը, հայտնել իրենց ներկայության մասին և խնդրել բացել մետաղյա դարպասը: Անվտանգության աշխատակիցը բացել է դարպասը և բացատրել, որ չունի շքամուտքի դռան բանալին: Ոստիկանները վազել են դեպի դուռը և թակելով այն՝ պահանջել անմիջապես բացել: Պրն. Gutsanov-ն երկու անգամ երևացել է տան պատուհանի մոտ. նա տեսել և ճանաչել է ոստիկանության աշխատակիցներին՝ նրանց համազգեստներից, սակայն ներքև չի իջել, որպեսզի բացի դուռը: Այդ պահին, մտավախություն ունենալով, որ նա կարող է վերացնել ապացույցները, վերցնել իր հրազենը կամ փորձել փախուստի դիմել, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները հարկադրաբար ուժ կիրառելով բացել են դուռը: Նրանք պրն. Gutsanov-ն ձերբակալել են երկրորդ հարկում, երբ նա փորձում էր մտնել ննջասենյակ, որտեղ նրա կինն ու երկու երեխաներն էին:
110. Կառավարության ներկայացրած տեղեկության համաձայն՝ պրն. Gutsanov-ն չեն ստիպել ծնկի գալ: Ոստիկանության աշխատակիցները նրան ձեռնաշղթաներ են հագցրել առանց անշարժացման հատուկ տեխնիկայի կիրառման, և նրա կնոջ և աղջիկների վրա զենք չի ուղղվել: Միակ աշխատակիցը, ով մտել է երկրորդ հարկում գտնվող ննջարան, կրում էր էլեկտրաշոկային զենք, սակայն այն չի ուղղվել երեխաների կամ տկն. Gutsanova-ի վրա: Հատուկ ջոկատի աշխատակիցները տանը մնացել են ընդամենը մի քանի րոպե և տարածքից հեռացել պրն. Gutsanov-ի ձերբակալությունից հետո: Կարճ ժամանակ անց դիմումատուի ձեռնաշղթաները արձակվել են:
111. Ոստիկանության աշխատակիցների գործողությունները կատարվել են ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան: Բնակարանի խուզարկությունը կատարվել է դատարանի կողմից այն հաստատվելուց հետո քսանչորս ժամվա ընթացքում, իսկ շրջանային դատախազությունը՝ հիմնվելով իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության վրա, գտել է, որ ոստիկանության աշխատակիցներն քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել:
112. Կառավարությունը ընդունել է, որ ոստիկանների մուտքը դիմումատուների առանձնատուն և բնակարանի խուզարկությունն անկասկած վերջիններիս մոտ առաջացրել են բացասական հույզեր: Սակայն նրանք նշել են, որ դրանք քննչական միջոցառումների բնականոն և անխուսափելի հետևանքներ են, հետևաբար, պատճառված տհաճությունը չի գերազանցում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված խստության սահմանը: Դրա ապացույցն է, օրինակ, այն փաստը, որ ավագ աղջկան սովորականի պես դպրոց են ուղեկցել: Կառավարությունը նաև պնդել է, որ եթե պրն. Gutsanov-ը բացեր տան մուտքի դուռը, ապա ոստիկանները ստիպված չէին լինի դիմել տուն մտնելու հատուկ միջոցներին, ինչն էլ կկանխեր այն տհաճությունը, որը զգացել էին նրա տան անդամները:
2. Դատարանի գնահատականը
(ա) Փաստերի հաստատումը
113. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքի մասին պնդումները պետք է հաստատվեն համապատասխան ապացույցներով: Փաստերն հաստատելու համար Դատարանը կիրառում է «ողջամիտ կասկածից դուրս» ապացուցման չափանիշը (տե՛ս Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվար 1978թ., § 161 in fine, Սերիա Ա, թիվ 25): Սակայն նման ապացույցները կարող են բխել բավականաչափ ծանրակշիռ, հստակ և համաձայնեցված հետևությունների գոյակցությունից կամ փաստերի անհերքելի կանխավարկածից (տե՛ս Salman-ի գործը, վերևում մեջբերված, § 100):
114. Դատարանը նշում է, որ չորս դիմումատուների տանն անցկացված ոստիկանական օպերացիայի օրինականության հարցը ներպետական դատարանների կողմից չի ստուգվել: Նմանատիպ դեպքերում Դատարանը կատարում է փաստերի վերաբերյալ սեփական գնահատում, որն իրականացվում է իր իսկ կողմից սահմանած նախադեպային իրավունքի նորմերի համաձայն (տե՛ս, որպես օրինակ՝ Sashov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, թիվ 14383/03, § 48, 7 հունվար 2010թ.):
115. Այս սկզբունքների հիման վրա Դատարանը նպատակահարմար է գտնում վերլուծության սկզբնակետ ընտրել կողմերի միջև չվիճարկվող հանգամանքները և նրանց կողմից ներկայացված ապացույցները: Դատարանը նաև հաշվի կառնի կողմերի այն պնդումները, որոնք բավարար կերպով հիմնավորված են անհերքելի փաստերով և ներկայացված ապացույցներով:
116. Կողմերը չեն վիճարկում, որ դիմումատուների տանը ոստիկանական օպերացիան սկսվել է 2010թ. մարտի 31-ին, առավոտյան ժամը 06.30-ից քիչ անց: Նրանց տան տեսահսկման սարքերից ստացված տեսագրություններում արձանագրված տեղեկության համաձայն, որոնք ներկայացվել են Դատարանին, և Վառնայի օդերևութաբանական կենտրոնից ստացված եղանակի տեսությունը հաստատում են դիմումատուների պնդումներն առ այն, որ օպերացիան տեղի է ունեցել արևածագից առաջ, առավելապես արշալույսին (տե՛ս վերևում՝ 20-րդ և 21-րդ պարբերություները):
117. Կողմերը նաև համակարծիք են, որ ոստիկանական օպերացիան իրանակացնող խումբը կազմված էր համազգեստավոր, սովորական հագուստով աշխատակիցներից և հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներից, ովքեր կրում էին զենք և դիմակներ: Այդ են հաստատում դիմումատուների տրամադրած տեսագրությունները (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը) և Կառավարության կողմից ներկայացրած զեկույցները (տե՛ս վերևում՝ 22-րդ, 24-րդ և 27-րդ պարբերությունները):
118. Դիմումատուի տանը հրազենի և զինամթերքի առկայության փաստը նույնպես չի վիճարկվել և հաստատված է խուզարկության արձանագրությամբ: Կառավարության դիտարկումներից և նրանց ներկայացված զեկույցներից պարզ է դառնում, որ ոստիկանության աշխատակիցներն իրենց վերադասներից զենքի առկայության մասին ահազանգ են ստացել (տե՛ս վերևում՝ 23-րդ և 27-րդ պարբերությունները):
119. Կողմերն ընդհանուր հայտարարի եկան նաև այն մասին, որ դիմումատուների սեփականություն հանդիսացող տան դարպասը ինքնակամ բացել էր անվտանգության աշխատակիցը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացրած պահանջին արձագանքելով (տե՛ս վերևում՝ 13-րդ և 24-րդ պարբերությունները): Ավելին, այդ տեսարանը տեսաձայնագրվել է տեսահսկման համակարգով (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը): Կողմերը նաև համաձայնեցին, որ անվտանգության աշխատակիցն ոստիկաններին տեղեկացրել է տանը գտնվող անձանց ով լինելը, և այն, որ վերջինիս մոտ չի եղել շքամուտքի դռան բանալին և որ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները կոտրել են դուռը, ներս մտել և ձերբակալել պրն. Gutsanov-ն (տե՛ս վերևում՝ 13-րդ, 14-րդ, 24-րդ և 25-րդ պարբերությունները):
120. Կողմերից ոչ մեկը չի վիճարկում այն փաստը, որ դիմումատուները մարմնական վնասվածքներ չեն ստացել ոստիկանական օպերացիայի ժամանակ: Տկն. Gutsanova-ի և նրա երկու դստրերի հոգեբուժական հետազոտությունն հաստատող հավաստագրերը (տե՛ս վերևում՝ 30-րդ և 31-րդ պարբերությունները) չեն վիճարկվել Կառավարության կողմից:
121. Իրադարձությունների վերաբերյալ կողմերի վարկածների միջև առաջին տարաձայնությունը վերաբերում է պրն. Gutsanov-ի վարքագծի նկարագրությանը: Ըստ Կառավարության՝ նա երկու անգամ մոտեցել է տան պատուհանին, տեսել ոստիկանության աշխատակիցներին և լսել նրանց կանչերը, սակայն չի բացել շքամուտքի դուռը (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը): Առաջին դիմումատուն միևնույն ժամանակ հայտատրել է, որ նա չի հասկացել, որ դա ոստիկանական օպերացիա էր, մինչև որ հատուկ ջոկատի աշխատակիցները չեն մտել տուն և սկսել աստիճաններով վերև բարձրանալ (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը):
122. Դատարանին ներկայացված ապացույցները թույլ չեն տալիս որոշել՝ արդյո՞ք դիմումատուն իրականում երևացել է իր տան պատուհանի մոտ և դիտավորյալ կերպով հրաժարվել շքամուտքի դուռը բացել ոստիկանների առջև: Այդուհանդերձ, դատարանը նշել է, որ չի վիճարկվում այն, որ ոստիկանության աշխատակիցները թակել են առանձնատան մուտքի դարպասը և ձայն տալով անվտանգության աշխատակցին ազդարարել իրենց ներկայության մասին: Ոստիկանների խոսքերով, դրանից հետո նրանք թակել էին տան շքամուտքի դուռը և բացականչել «Ոստիկանությունն է, դուռը բացե՛ք»: Այս պնդումները հիմնավորվում են պրն. և տկն. Gutsanovi-ի արած հայտարարություններով, որոնց համաձայն նրանք արթնացել են բղավոցներից և տան դռան թակոցից (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Պրն. Gutsanov-ը նշել է, որ իջել է տան առաջին հարկ, որպեսզի իր հետ վերցնի երեխաներին և վերադառնա երկրորդ հարկում գտնվող ննջասենյակ: Սույն պնդումը հաստատվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, ովքեր տան պատուհանների մեջ տեսել են տղամարդու ուրվագիծը (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը):
123. Ինչ վերաբերում է պրն. Gustanov-ի ձերբակալման կոնկրետ վայրին, ապա Դատարանը նշել է, որ նա ինքն է իր հայտարարության մեջ ընդունել այն փաստը, որ երբ ոստիկանության աշխատակիցները կոտրել են դուռը և բանավոր նախազգուշացում արել, նա վազել է երկրորդ հարկի ննջասենյակ, որտեղ գտնվում էին նրա կինն ու երեխաները (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Դատարանն ի վիճակի չէ որոշելու, թե արդյո՞ք պրն. Gustanov-ը ձերբակալվել է տան երկրորդ հարկի ննջասենյակում, ինչպես նա ինքն էր պնդում, թե երկրորդ հարկի սանդղահարթակի վրա, այն բանից հետո, երբ նա ինքնակամ դուրս է եկել ննջասենյակից, ինչպես պնդում էր Կառավարությունը: Ոչ էլ հիմնավոր կասկածներից դուրս հաստատվել է այն, որ ոստիկանության աշխատակիցները խոսել են տկն. Gutsanova-ի հետ և խնդրել նրան երեխաներին ծածկել ծածկոցով: Ցանկացած պարագայում Դատարանի դիտարկմամբ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների ներկայացրած ցուցմունքների համաձայն (տե՛ս վերևում՝ 25-րդ և 27-րդ պարբերությունները), նրանք պրն. Gutsanov-ի կնոջն ու երեխաներին տեսել են ննջասենյակում, երբ հետապնդելով պրն. Gutsanov-ն, նրանք բարձրացել էին երկրորդ հարկ: Դատարանը ընդունում է, որ տկն. Gutsanova-ն և նրա երկու դստրերը նույնպես տեսել են զինված ու դիմակավորված մարդկանց՝ առնվազն ննջասենյակի դռան արանքից:
124. Դատարանի կարծիքով, պրն. Gutsanov-ի պնդումն առ այն, որ ոստիկանության աշխատակիցները ձեռնաշղթաները հագցնելու պատրվակով նրան ստիպել են ծնկի գալ չի ապացուցվել հիմնավոր կասկածների բացակայության պատճառով: Ինչ վերաբերում է ձեռնաշղթաներին, չի վիճարկվում այն, որ հատուկ ջոկատայինները ձեռնաշղթաները հագցրել են առաջին հարկում (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Այդուհանդերձ, Դատարանը նկատել է, որ կողմերից ոչ մեկը չի մատնանշել պրն. Gutsanov-ի՝ ձեռնաշղթայված լինելու ժամանակահատվածը: Ամեն դեպքում, անառարկելի է, որ գործում չկա այնպիսի ապացույց, որը ցույց կտար, որ առաջին դիմումատուին ստիպել են ձեռնաշղթաներով հայտնվել այդ օրը տան մուտքի մոտ հավաքված լրագրողների տեսախցիկների առջև: Բացի այդ, ցերեկը ժամը 13.00-ի սահմաններում, նրա` առանձնատնից դուրս գալու ժամանակ արված լուսանկարում չկային վերջինիս ձեռնաշղթայված լինելու որևէ նշան ... : Հետևաբար, Դատարանը համարում է, որ սույն գործը այս մասով հարկավոր է տարբերակել Mirosław Garlicki-ի գործից (վերևում մեջբերված, § 75), որտեղ դիմումատուն ձերբակալվել էր իր աշխատավայրում, գործընկերների և հիվանդների առջև, իսկ ձեռնաշղթաները ձեռքերին անցկացնելու գործընթացը տեսանկարահանվել էր:
(բ) Սույն գործի համապատասխանությունը 3-րդ հոդվածի հետ
125. Դատարանը հիշեցնում է, որ որպեսզի արարքը 3-րդ հոդվածի համաձայն դիտարկվի որպես վատ վերաբերմունք, այն պետք է ունենա ծանրության նվազագույն աստիճան: Նվազագույն աստիճանի որոշումը հարաբերական հասկացություն է. այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպես օրինակ՝ բուժման տևողությունից, ֆիզիկական և մտավոր ազդեցութունից, այն երբեմն նույնիսկ կախված է տուժողի սեռից, տարիքից, առողջական վիճակից: Վերաբերմունքը Դատարանի կողմից համարվել է «անմարդկային», քանի որ, inter alia, այն եղել է նախօրոք ծրագրված, կիրառվել է տևական ժամանակահատվածի ընթացքում և առաջացրել է իրական մարմնական վնասվածք կամ ուժգին ֆիզիկական կամ մտավոր տառապանք, ինչպես նաև՝ «նվաստացնող», քանի որ ուղղված է եղել տուժողի մոտ վախի, տառապանքի և թերարժեքության զգացում առաջացնելուն, որը կարող էր վերջիններիս մոտ նվաստացման և ստորացման զգացում առաջացնել (տե՛ս Labita-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 26772/95, § 120, ՄԻԵԴ 2000‑IV): Հոգեկան տառապանքները կարող են առաջանալ այնպիսի իրավիճակներում, երբ սպանության կամ մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիքի ներքո իշխանության ներկայացուցիչները մարդկանց մոտ միտումնավոր վախ են առաջացնում (տե՛ս Hristovi-ի գործը, վերևում մեջբերված, § 80):
126. 3-րդ հոդվածը չի արգելում ձերբակալության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչների կողմից ուժի գործադրում: Այնուամենայնիվ, ուժի գործադրումը պետք է լինի համաչափ և, ելնելով հանգամանքներից՝ խիստ անհրաժեշտ (տե՛ս, ի թիվս այլոց, Rehbock-ն ընդդեմ Սլովենիայի, թիվ 29462/95, § 76, ՄԻԵԴ 2000‑XII, և Altay-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 22279/93, § 54, 22 մայիս 2001թ.): Այս առումով, օրինակ, կարևոր է, թե արդյո՞ք պատճառ կա ենթադրելու, որ տվյալ անձը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց կտա կամ կդիմի փախուստի, վնասվածք կհասցնի կամ վնաս կպատճառի կամ ապացույցները կոչնչացնի (տե՛ս Raninen-ն ընդդեմ Ֆինլանդիայի, 16 դեկտեմբեր 1997թ., § 56, Զեկույցներ 1997‑VIII): Դատարանը մասնավորապես վերահաստատում է իր տեսակետը առ այն, որ իշխանության ներկայացուցիչների կողմից անձի նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, որը չի հանդիսացել անձի վարքագծով պայմանավորված ծայրահեղ անհրաժեշտ գործողություն, նվաստացնում է անձի արժանապատվությունը և հիմնականում հանդիսանում է 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի խախտում (տե՛ս Rachwalski-ն և Ferenc-ն ընդդեմ Լեհաստանի, թիվ 47709/99, § 59, 28 հուլիս 2009թ.): Համաչափության ստուգման այս հստակ թեստը Դատարանի կողմից կիրառվել է այնպիսի իրավիճակներում, երբ այդ անձինք արդեն գտնվել են իրավապահ մարմինների ձեռքերում (տե՛ս, ի թիվս այլոց, Klaas-ն ընդդեմ Գերմանիայի, 22 սեպտեմբեր 1993թ., § 30, Սերիա Ա, թիվ 269, Rehbock-ի գործը, վերևում մեջբերված, §§ 68-78, և Milan-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 7549/03, §§ 52-65, 24 հունվար 2008թ.):
127. Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Դատարանը դիտարկում է, որ ոստիկանական օպերացիան հետապնդում էր օրինաչափ նպատակ, այն է՝ ձերբակալել անձին, կատարել խուզարկություն և առգրավել ապացույցները, ինչպես նաև՝ իր առջև դրված ուներ հանցագործության կատարման համար անձին հետապնդելու հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիր: Դատարանը բավարված պետք է լինի, որ, սույն գործի հանգամանքներից ելնելով, հանրային ընդհանուր շահը և անձի հիմնարար իրավունքները պաշտպանելու անհրաժեշտությունը գտնվում են արդար հավասարակշռման մեջ: Դատարանը նշում է, որ թեև չորս դիմումատուները ոստիկանական վիճահարույց օպերացիայի արդյունքում ֆիզիկապես չեն տուժել, այդուհանդերձ, դրա ընթացքում ուժի գործադրման որոշակի աստիճան կարելի էր ենթադրել: Առանձնատան շքամուտքի դուռը բացվել է հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ ուժի գործադրմամբ, դիմակավորված, զինված ոստիկանները չեզոքացրել են պրն. Gutsanov-ն՝ նրան իջեցնելով առաջին հարկ և ձեռնաշղթաներ հագցնելով: Ընդ որում, Դատարանը պետք է հաստատի, թե արդյո՞ք տվյալ գործով ֆիզիկական ուժի գործադրումը համաչափ և խիստ անհրաժեշտ էր:
128. Դիմումատուների առանձնատանն այդ օրը անցկացված ոստիկանական օպերացիայի նպատակը պրն. Gutsanov-ն ձերբակալելն էր, ով հանդիսանում էր հանրային միջոցների յուրացմանը վերաբերող քրեական գործով կասկածյալներից մեկը, ինչպես նաև՝ նույն գործի շրջանակներում կատարվող քննության նպատակներով իրեղեն և փաստաթղթային ապացույցներ ձեռք բերելու համար բնակարանի խուզարկությունը: Գործում առկա նյութերից պարզ է դառնում, որ նշված գործով քննությունը սկսվել է մի քանի ամիս առաջ, որ տվյալ գործով կային մի քանի կասկածյալներ, և որ իշխանությունները հանցավոր համաձայնության մասին ունեին կասկածներ (տե՛ս վերևում՝ 9-րդ ... [պարբերությունը]): Ակնհայտ է, որ սույն գործը չի վերաբերում բռնություններ կատարելու մեջ կասկածվող անձանց խմբի:
129. Ինչ վերաբերում է պրն. Gutsanov-ի անձին, ապա Դատարանը հաշվի է առնում, որ վերջինս Վառնայում հայտնի քաղաքական գործիչ էր և այդ ժամանակ հանդիսանում էր քաղաքային խորհրդի նախագահ: Ավելին, գործում ներկայացված չեն ապացույցներ, որոնք կփաստեն նախկինում վերջինիս բռնություն գործադրելու փորձի և առանձնատանը անցկացվող ոստիկանական օպերացիայի ժամանակ ոստիկանության աշխատակիցների համար սպառնալիք հանդիսանալու մասին:
130. Ճիշտ է՝ պրն. Gutsanov-ն ուներ զենք կրելու օրինական իրավունք և զենք ու զինամթերք տանը պահում էր: Այս փաստը ոստիկանությանը հայտնի էր, որը իրականացված օպերացիայից առաջ տեղի ունեցած ոստիկանության խմբի հանդիպման ժամանակ հատուկ նշվել է (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը): Սա անշուշտ կարևոր գործոն էր, որը դիմումատուների տանն իրականացրած օպերացիայի ժամանակ հաշվի է առնվել: Սակայն, Դատարանը գտնում է, որ դիմումատուների տանը զենքի առակայության փաստն ինքնին բավարար չէր հատուկ նշանակության ջոկատի կամ այդ աստիճանի ուժի օգտագործումն արդարացնելու համար:
131. Ներկայացված փաստաթղթերից ակնհայտ երևում է, որ տկն. Gutsanova-ի և անչափահաս երեխաների հնարավոր ներկայությունը ոստիկանական օպերացիայի ծրագրման կամ իրականացման փուլերում հաշվի չի առնվել: Այս փաստը չի նշվել օպերացիայից առաջ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ (տե՛ս վերևում՝ 23-րդ պարբերությունը), և ոստիկանության աշխատակիցներն ակնհայտորեն ուշադրություն չեն դարձրել անվտանգության աշխատակցի կողմից առանձնատանը երեխաների ներկայության մասին կատարված նախազգուշացումներին (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը):
132. Իհարկե, Դատարանը չի կարող իրավապահ մարմիններից պահանջել հանցագործության մեջ կասկածվող անձանց չձերբակալել իրենց բնակարաններում այն դեպքերում, երբ ներկա են վերջիններիս երեխաները կամ ամուսինները: Սակայն, Դատարանը հաշվի է առնում, որ ընտանիքի անդամների հնարավոր ներկայությունը ձերբակալության ժամանակ հանգամանք է, որն անհրաժեշտ է հաշվի առնել ոստիկանական այսպիսի օպերացիաների ծրագրավորման և իրականացման ժամանակ: Սա տեղի չի ունեցել սույն գործով, և իրավապահ մարմինները չեն դիտարկել օպերացիայի՝ դիմումատուների տանն իրականացման հնարավոր այլընտրանքները, ինչպես օրինակ՝ այն ավելի ուշ ժամի կամ այլ կարգի ծառայողների միջոցով իրականացնելը: Տկն. Gutsanova-ի և նրա դստրերի օրինական շահերը հաշվի առնելը առանձնակի կարևոր էր, քանի որ վերջիններս չէին կասկածվում ամուսնու կողմից ենթադրաբար կատարված հանցագործության մեջ ներգրավված լինելու համար, իսկ նրանց երկու դստրերը չափազանց երիտասարդ լինելու (հինգ և յոթ տարեկան) պատճառով հոգեբանորեն խոցելի էին:
133. Դատարանը նաև հաշվի է առնում, որ խուզարկության անհրաժեշտության և օրինականության հարցի՝ դատարանի կողմից նախապես չքննելը օպերացիայի ծրագրավորման գործընթացը թողել է բացառապես ոստիկանության և քննչական մարմինների հայեցողությանը, ինչի պատճառով տկն. Gutsanova-ն և նրա երկու անչափահաս դստրերի իրավունքներն ու օրինական շահերը բավարար կերպով հաշվի չեն առնվել: Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով սույն գործի մասնավոր հանգամանքները, մինչդատական նման վերահսկողությունը հնարավոր կդարձներ վերջիններիս օրինական շահերի հավասարակշռումը հանցանքի կատարման մեջ կասկածվող անձին ձերբակալելու հանրային շահի հետ:
134. Ինչ վերաբերում է ոստիկանության կողմից իրականացված օպերացիայի՝ դիմումատուների վրա թողած հոգեբանական ազդեցությանը, ապա Դատարանը գտնում է, որ ոստիկանական օպերացիաները, որոնք ենթադրում են անձի բնակարանում կատարված միջամտություն և կասկածյալների ձերբակալություն, թիրախ հանդիսացող անձանց մոտ անխուսափելիորեն առաջացնում են բացասական հույզեր: Սակայն, սույն գործով առկա են կոնկրետ և անառարկելի ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ իրադարձությունները ծանր հետևանքներ են թողել տկն. Gutsanova-ի և նրա երկու անչափահաս դստրերի վրա: Տկն. Gutsanova-ն երկու անգամ այցելել է հոգեբույժի՝ բողոքելով անքննությունից և սուր անհանգստությունից, որի դեմ նշանակվել են հոգեմոքիչ դեղամիջոցներ (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Հոգեբույժը զննել է երկու աղջիկներին և դիտարկել, որ իրադարձությունները հիշատակելիս վերջիններս ճչում էին և սուր անհանգստություն դրսևորում (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը): Տկն. Gutsanova-ն հայտնել է, որ իր փոքր դստեր B.-ն նորից սկսել է կակազել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Ինչ վերաբերում է ամուսինների ավագ դստեր S.-ն, ապա մորաքրոջ և ուսուցչուհու կողմից ներկայացված ցուցմունքների համաձայն, վերջինս շատ է ազդվել իրենց տանը տեղի ունեցած ոստիկանական օպերացիայից և հոր ձերբակալությունից (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Դատարանը նաև գտնում է, որ այն հանգամանքը, որ օպերացիան անցկացվել է վաղ առավոտյան և որ դրա իրականացման համար ներգրավվել են հատուկ նշանակության ոստիկանական ուժեր, ովքեր կրում էին դիմակներ և ում նկատել են տկն. Gutsanova-ն և նրա երկու դստրերը, նպաստել է այս երեք դիմումատուների մոտ առաջացող վախի և անհանգստության զգացումները սրելուն, ընդ որում, նրանց նկատմամբ կիրառված վերաբերմունքը գերազանցել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված խստության աստիճանը: Այդ իսկ պատճառով Դատարանը գտնում է, որ այս երեք դիմումատուներն ենթարկվել են նվաստացնող վերաբերմունքի:
135. Ինչ վերաբերում է ոստիկանության օպերացիայի արդյունքում պրն. Gutsanov-ի վրա թողնված բացասական հոգեբանական ազդեցությանը, ապա Դատարանը չի կարող հաշվի չառնել, որ առաջին դիմումատուն այդ կապակցությամբ չի ներկայացրել այն ապացուցող բժշկական փաստաթղթեր: Այդուհանդերձ, վերջինս նշել է, որ ընտանիքի անդամների աչքի առջև տեղի ունեցող և ծանր տպավորություն գործող ձերբակալելու նպատակով իրականացվող օպերացիայի ժամանակ զգացած ստորացումը և անհանգստությունը բավականաչափ ուժգին էին, հետևաբար, 3-րդ հոդվածն իր գործով կիրառելի է (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը):
136. Դատարանը վերահաստատում է արդեն տրված գնահատականն առ այն, որ ոստիկանության կողմից ձեռնարկված տվյալ օպերացիան ծրագրավորվել և իրականացվել է առանց հաշվի առնելու մի շարք էական գործոններ, ինչպես օրինակ՝ այն հանցագործության բնույթը, որի մեջ պրն. Gutsanov-ը կասկածվում էր, այն, որ վերջինս բռնության գործադրման մեջ երբեք չի մեղադրվել, ինչպես նաև՝ վերջինիս կնոջ և դստրեր ներկայությունը առանձնատանը: Այս բոլոր տարրերը հստակ կերպով մատնանշում են հատուկ նշանակության ոստիկանական ուժերի՝ օպերացիային ներգրավելու և առաջին դիմումատուին ձերբակալելու և բնակարան մուտք գործելու նպատակով կիրառված հատուկ ընթացակարգերի ավելորդությունը: Դատարանը գտնում է, որ այս հանգամանքների լույսի ներքո և պրն. Gutsanov-ն ձերբակալելու համար կիրառված ընթացակարգի պարագայում՝ առավոտյան կանուխ գործողութան իրականացումը, տան դուռը կոտրելու միջոցով դիմակավորված աշխատակիցների ներխուժումը, տկն. Gutsanova-ի և երկու անչափահաս դստրերի սարսափած հայացքների ներքո օպերացիայի իրականացումը. այս ամենն առաջին դիմումատուի մոտ առաջացրել են վախի, տառապանքի և անզորության սուր զգացում, որն ի զորու էր վերջինիս նվաստացնելու և ստորացնելու՝ սեփական և մերձավոր հարազատների աչքերում: Դատարանը գտնում է, որ այս ապրումների խորությունն անցնում է 3-րդ հոդվածով սահմանված խստության սահմանաչափը: Հետևաբար, պրն. Gutsanov-ը ևս ենթարկվել է նվաստացնող վերաբերմունքի:
137. Ամփոփելով, անհրաժեշտ է նշել, որ հաշվի առնելով սույն գործով բոլոր վերաբերելի հանգամանքները, Դատարանը գտնում է, որ դիմումատուների տանն իրականացված ոստիկանական օպերացիան չի ծրագրվել և իրականացվել այնպես, որպեսզի ապահովվեր հանցագործության կատարման մեջ կասկածվող անձին ձերբակալելու գերագույն նպատակին ուղղված միջոցառումների խիստ անհրաժեշտ լինելը: Բոլոր չորս դիմումատուները ենթարկվել են հոգեբանական տանջանքների, որի հետևանքով վերջիններիս մոտ առաջացել է վախի, տառապանքի և անզորության զգացում, որն իր հերթին բացասական հետևանքներ ունենալով, հավասարվել է 3-րդ հոդվածով սահմանված նվաստացնող վերաբերմունքի: Հետևաբար, սույն գործով առկա է այդ հոդվածի դրույթի խախտում:
...
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Որոշում է միացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո բերված բողոքի կապակցությամբ դիմումատուների՝ այդ հոդվածով տուժողի կարգավիճակի վերաբերյալ Կառավարության առարկությունը գործի ըստ էության քննությանը.
2. Հայտարարում է, միաձայն, 3-րդ հոդվածի ներքո բերված բողոքներն ընդունելի ... .
3. Վճռում է, միաձայն, որ բոլոր չորս դիմումատուների մասով տեղի է ունեցել 3-րդ հոդվածի խախտում.
...
Կատարված է ֆրանսերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2013 թվականի հոկտեմբերի 15-ին՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Françoise Elens-PassosIneta Ziemele Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն՝ սույն վճռին կցվում է դատավոր Wojtyczek-ի հատուկ կարծիքը:
I.Z.
F.E.P.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@.
[1] Նշումն արվել է սրբագրիչի կողմից՝ Iliya Stefano-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 65755/01, 22 մայիս 2008թ.:
Full & Egal Universal Law Academy