© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
ԳՅՈՒՎԵՉՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԳՈՐԾԸ
Դիմում թիվ 70337/01
ՎՃԻՌ
/Հատվածներ/
20 հունվարի 2009թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
20/04/2009
Սույն վճիռը ենթակա է խմբագրական վերանայման:
Գյուվեչնընդդեմ Թուրքիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը /երկրորդ ստորաբաժանում/, նիստ գումարելով որպես պալատ և կազմված լինելով.
Ֆրանսուազ Տյուլկանից /նախագահ/, դատավորներ Իրենեու Ցաբրալ Բարետոյից, Վլադիմիրո Զագրեբելսկուց, Դանուտե Յոչիենեից, Դրագոլյուբ Պոպովիչից, Նոնա Ցոցորիոյից, Իշիլ Կարակաշից և ստորաբաժանման քարտուղարՍալլի Դոլեից, 2008թ. դեկտեմբերի 16-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո կայացրեց այդ օրն ընդունված հետևյալ վճիռը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է ընդդեմ Թուրքիայի Հանրապետության թիվ 70337/01 հայցադիմումի հիման վրա, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի համաձայն` Թուրքիայի քաղաքացի պրն. Օքտայ Գյուվեչի /”դիմող”/ կողմից, 2001թ. ապրիլի 9-ին:Դիմողին, ում իրավաբանական օգնություն էր ցուցաբերվել, ներկայացնում էին Ստամբուլում փաստաբանական գործունեությամբ զբաղվող տկն. Մուքրիմե Ավցին և տկն. Դերյա Բայիրը: Թուրքիայի կառավարությունը /”Կառավարություն”/ ներկայացնում էր պաշտոնատար անձ:Դիմողը, մասնավորապես, հայտարարում էր, որ բանտում մեծահասակների հետ իր բանտարկությունը և անչափահասների գործով դատարանի փոխարեն պետական անվտանգության դատարանում իր դատը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում են: Կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների հիման վրա նա նաև բողոքում էր, որ իրեն մինչև դատը չէին ազատել և արդար չէին դատել:2005թ. հունիսի 2-ին Դատարանը որոշեց կառավարությանը ծանուցել հայցադիմումի մասին: Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների հիման վրա Դատարանը որոշեց քննել դիմումի էությունը` դրա ընդունելիության հետ միաժամանակ:
ՓԱՍՏԵՐԸ
ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸԴիմողը ծնվել է 1980թ. ապրիլի 30-ին, բնակվում է Բելգիայում:1995թ. սեպտեմբերի 29-ին ոմն Օզքան Աթիկ ձերբակալվել էր ՊԿԿ-ի[1] անդամակցության կասկածանքով: Հաջորդ օրը, ենթադրաբար ոստիկանությանը պրն. Աթիկի տված տեղեկությունների հիման վրա, Ստամբուլում ձերբակալվեց դիմողը: Ըստ այդ տեղեկությունների` դիմողը ՊԿԿ-ի անդամ էր: Ձերբակալությունից հետո դիմողին ոստիկանությունում կալանավորել էին:Դիմողին 1995թ. հոկտեմբերի 5-ին հարցաքննել էին ոստիկանները: Ոստիկանության պատրաստած և իր ստորագրած գրավոր հայտարարության մեջ դիմողին հղում էին անում, որ նա ՊԿԿ-ի անդամ է և մի քանի այլ անդամների, այդ թվում` Օզքան Աթիկի հետ միասին մասնակցել է մի քանի հանդիպումների: Մի օր Օզքան Աթիկը դիմողին ասել էր, որ ինքը ոմն Մենդերես Քոչակի խնդրել է ֆինանսական օժանդակություն ցուցաբերել ՊԿԿ-ին, սակայն պրն. Քոչակը մերժել է: Դրանից հետո Օզքան Աթիկը դիմողին խնդրել էր իրեն օգնել` հրկիզելու պրն. Քոչակի ավտոմեքենան: Մի երեկո նրանք դա արել էին երկու այլ անձանց հետ միասին: Դիմողը նաև ավելացրել էր, որ եթե իրեն չձերբակալեին, ինքը կմասնակցեր ՊԿԿ-ի այլ գործողությունների:1995թ. հոկտեմբերի 9-ին պրն. Քոչակը պրն. Աթիկին և ևս մեկ հոգու ճանաչել էր իբրև այն անձանց, ովքեր իրեն խնդրել էին ՊԿԿ-ին փող տալ: Նա չգիտեր` արդյոք դրանք այն նույն երկու հոգին էին, ովքեր հետո հրկիզել էին իր մեքենան ու խանութը:1995թ. հոկտեմբերի 9-ին ոստիկանները դիմողին և երեք այլ անձանց, ներառյալ պրն. Աթիկին, տարել էին այն փողոցը, որտեղ հրկիզվել էր պրն. Քոչակի մեքենան: 1995թ. հոկտեմբերի 12-ին դիմողը և ևս 21 հոգի, ովքեր ձերբակալվել էին որպես միևնույն ոստիկանական գործողության մաս, տարվել էին Դատաբժշկական փորձաքննության ինստիտուտի Ստամբուլի մասնաճյուղ, որտեղ նրանց քննել էր բժիշկը: Նույն օրը կազմված բժշկական եզրակացության համաձայն` դիմողի մարմնի վրա վատ վերաբերմունքի հետքեր չկային: Նույն օրը դիմողին տարել էին Ստամբուլի պետական անվտանգության դատարան, որտեղ նրան հարցաքննել էին` սկզբում դատախազը, ապա դատավորը, ով կարգադրել էր նրան կալանել և բանտում պահել մինչև քրեական հետապնդում սկսելը: Դատախազի կազմած հայտարարության մեջ հղում էր արվում դիմողին, ով ասել էր, որ ինքը ՊԿԿ-ի անդամ չէ, այլ` համակիր: Նա երեք այլ անձանց հետ միասին հրկիզել էր մեքենան: Դատավորի կազմած հայտարարության մեջ հղում էր արվում դիմողին, ով ասել էր, որ ինքը միայնակ է հրկիզել մեքենան: Ոստիկանության, ապա դատախազի և դատավորի կողմից հարցաքննվելու ժամանակ դիմողը ներկայացված չէր եղել փաստաբանով: 1995թ. նոյեմբերի 27-ին Ստամբուլի պետական անվտանգության դատարանում դատախազը մեղադրական եզրակացություն էր ներկայացրել` մեղադրելով դիմողին և ևս տասնհինգ հոգու պետության տարածքի մի մասի անջատման նպատակով գործունեություն ծավալելու մեջ: Այդ ժամանակ գործող Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի համաձայն` այդ հանցագործության համար որպես պատիժ սահմանված էր մահապատիժը /ստորև տես համապատասխան ներպետական օրենքը և պրակտիկան/: 1995թ. դեկտեմբերի 18-ին տեղի ունեցավ Ստամբուլի պետական անվտանգության դատարանի նախապատրաստական դատական քննությունը /այսուհետև` “առաջին ատյանի դատարան”/: Նիստին մասնակցող երեք դատավորներից մեկը բանակի սպա էր: Առաջին քննության ժամանակ, որը տեղի ունեցավ 1996թ. փետրվարի 27-ին, դիմողը ներկա էր եղել, սակայն փաստաբան չուներ: 1996թ. մարտի 1-ին երկրորդ դատական քննության ժամանակ դիմողը դեռևս փաստաբան չուներ, սակայն հարցաքննվել էր առաջին ատյանի դատարանի կողմից: Նա դատարանին ասել էր, որ իր մանկության ընկեր Օզքան Աթիկը մի օր իրեն ասել էր, որ թերթեր է վաճառել, իսկ իր հաճախորդներից մեկը չէր վճարել: Այդ ժամանակ պրն. Աթիկն առաջարկել էր “այդ հաճախորդին դաս տալ”: Մի գիշեր դիմողը և պրն. Աթիկը գնացել էին մի մեծ շենքի մոտ: Պրն. Աթիկը տարայից բենզին էր լցրել փողոցում գտնվող մեքենայի վրա և այն հրկիզել: Դիմողն ինքը որևէ մեքենա չէր հրկիզել և չէր ճանաչում Մենդերես Քոչակին: Դիմողն առաջին ատյանի դատարանին նաև ասել էր, որ ոստիկանությունում կալանքի տակ եղած ժամանակ իրեն էլեկտրաշոկի են ենթարկել, վրան ջուր լցրել և մահակով ծեծել: Նա ստորագրել էր այն հայտարարությունների տակ, որոնցում իր մասնակցությունն էր եղել հետագայում իրեն մեղադրանք ներկայացված հանցագործությունների կապակցությամբ: Ինչ վերաբերում է 1995թ. հոկտեմբերի 12-ին դատախազի և դատավորի կողմից իրենից վերցված հայտարարություններին, դիմողը հայտարարել էր, որ դատախազն ու դատավորը միայն հարց էին տվել իր ծննդյան օրվա մասին, ինքը նրանց ներկայությամբ որևէ հայտարարություն չէր արել: Դիմողը նաև ժխտում էր, որ ոստիկանությունն իրեն տարել էր այն տեղը, որտեղ ինքը ենթադրաբար հրկիզել էր մեքենան /տես վերը նշված 9-րդ կետը/: Նույն օրն առաջին ատյանի դատարանը մերժել էր ազատ արձակելու մասին իր խնդրանքը: 1996թ. ապրիլի 18-ին կայացած երրորդ դատական քննության ժամանակ դիմողի հետ մեղադրյալներից մեկին ներկայացնող փաստաբանն առաջին ատյանի դատարանին տեղեկացրեց, որ ինքը ներկայացնելու է նաև դիմողին: Այդ նույն դատական քննության ժամանակ Մենդերես Քոչակը ցուցմունք էր տվել որպես վկա և հայտարարել, որ Օզքան Աթիկն իրեն երբևիցե չէր խնդրել ՊԿԿ-ին փող տալ` իր սեփական մեքենան հրկիզվել էր, սակայն ինքը չէր կարծում, որ դա Օզքան Աթիկն է արել: Դիմողը բանտում եղել էր սահմանափակ այցային ռեժիմի տակ և հնարավորություն չէր ունեցել իր ընտանիքի հետ բաց հանդիպումներ ունենալ: Դիմողը չէր մասնակցել երկու ամիս ընդմիջումով անցկացված հաջորդ վեց դատաքննություններից չորսին: Առաջին ատյանի դատարանը մերժել էր ազատ արձակելու մասին նրա փաստաբանի ներկայացրած պահանջները: Փաստաբանը վիճարկում էր, որ դիմողի դեմ ապացույցներ չկան, բացի նրանցից, որոնք ձեռք էին բերվել վատ վերաբերմունքի արդյունքում: 1997թ. մայիսի 29-ին տեղի ունեցած տասներորդ դատական քննության ընթացքում, որը տեղի էր ունեցել դիմողի բացակայությամբ, սակայն ներկա էր եղել նրա փաստաբանը, դատախազը խնդրել էր առաջին ատյանի դատարանին դիմողին դատել անօրինական կազմակերպության անդամ լինելու և գույքին վնաս հասցնելու իրավախախտման համար, այլ ոչ այն հանցագործության համար, որում նրան մեղադրել էին /տես վերը նշված 13-րդ կետը/: Առաջին ատյանի դատարանը մերժել էր դիմողին ազատ արձակելու պահանջը: Դիմողի փաստաբանը չէր մասնակցել տասնմեկերորդ դատական քննությանը, որը տեղի էր ունեցել 1997թ. հուլիսի 17-ին: Տասներկուերորդ քննության ժամանակ` 1997թ. օգոստոսի 26-ին, փաստաբանը վիճարկել էր, որ, հաշվի առնելով 1996թ. ապրիլի 18-ին առաջին ատյանի դատարանին պրն. Քոչակի տված վկայությունը /տես վերը նշված 18-րդ կետը/` որևէ ապացույց չկար այն հանցագործությունների վերաբերյալ, որոնցում մեղադրվում էր դիմողը: Փաստաբանը չէր մասնակցել տասներեքերորդ դատական քննությանը, որը տեղի էր ունեցել 1997թ. հոկտեմբերի 2-ին, որովհետև աշխատանքի բերումով դատարանում այլ գործեր ուներ: Դիմողն ինքն իրեն պաշտպանել էր և կրկնել այն հայտարարությունները, որ ոստիկանությունում կալանքի տակ եղած ժամանակ իրեն վատ են վերաբերվել: Նա նաև պահանջել էր, որ իրեն ազատ արձակեն: Այդ պահանջն առաջին ատյանի դատարանը մերժել էր: 1997թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանը դիմողին մեղավոր էր ճանաչել անօրինական կազմակերպության անդամ լինելու և ավտոմեքենա հրկիզելու համար և նրան դատապարտել ինը տարի, ութ ամիս և տասը օրվա բանտարկության: Առաջին ատյանի դատարանը կարծում էր, որ ոստիկանական կալանքի ժամանակ դիմողի և նրա հետ մեղադրվածների հայտարարությունները ցույց էին տվել, որ դիմողն անօրինական կազմակերպության անդամ է և մեքենա է հրկիզել: Դիմողը բողոք էր ներկայացրել: 1998թ. մարտի 12-ին Վճռաբեկ դատարանը չեղյալ էր համարել դիմողի դատապարտումը: Գործը փոխանցվել էր առաջին ատյանի դատարան` կրկնական քննության համար: 1998թ. սեպտեմբերի 11-ին առաջին ատյանի դատարանն անցկացրել էր կրկնական քննության նախապատրաստական լսում: Երեք դատավորներից մեկը զինվորական էր: 1998թ. հոկտեմբերի 27-ից 1999թ. դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում տեղի էր ունեցել ութ դատական քննություն: Դիմողի փաստաբանը մասնակցել էր միայն մեկ դատական քննության` 1999թ. մարտի 18-ին, իսկ դիմողը` երկու դատական քննության: 1999թ. հուլիսի 15-ին հինգերորդ դատական քննության ժամանակ զինվորական դատավորին փոխարինեց քաղաքացիական դատավոր` այդ ժամանակ արդեն ուժի մեջ մտած օրենսդրության համաձայն /տես Օջալանն ընդդեմ Թուրքիայի գործը (GC), թիվ 46221/99, կետ 2-54, ECHR 2005-IV/: 1999թ. նոյեմբերի 18-ին ոստիկանության պետն առաջին ատյանի դատարանին տեղեկացրեց, որ, հակառակ մեղադրանքներին, Մենդերես Քոչակին պատկանող ոչ մի մեքենա չի հրկիզվել: 2000թ. մարտի 21-ին տեղի ունեցավ իններորդ դատական քննությունը: Դիմումատուն ներկա էր, իսկ նրա փաստաբանը` ոչ: Դատական քննության ժամանակ Մենդերես Քոչակն առաջին ատյանի դատարանում վկայություն տվեց և հայտարարեց, որ իր մեքենան չէր այրվել: Ոչ ոք նրան չէր խնդրել ՊԿԿ-ին փող տալ: Երբ առաջին ատյանի դատարանը նրան խնդրեց բացատրել 1995թ. հոկտեմբերի 7-ին ոստիկանությունում արված իր հայտարարության /տես վերը նշված 8 կետը/ և ցուցմունքի միջև եղած հակասականությունը, պրն. Քոչակը հայտարարեց, որ ինքը ոստիկանությանը նման բաներ չի ասել` նա ստիպված էր եղել ստորագրել այն, ինչը գրված էր եղել ոստիկանների կազմած հայտարարության մեջ: Այդ նույն դատական քննության ժամանակ դիմողը կրկնել էր, որ ինքը պրն. Քոչակին չի ճանաչում և նրա մեքենան չի հրկիզել: Նա մատնանշել էր, որ իրեն ձերբակալել էին այն ժամանակ, երբ ինքը տասնհինգ տարեկան է եղել, իր դեմ որևէ ապացույց չի եղել և խնդրում էր իրեն ազատ արձակել: Առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ խնդրանքը: Դիմողը, այլ ոչ նրա փաստաբանը, մասնակցել էր տասներորդ դատական քննությանը, որը տեղի էր ունեցել 2000թ. մայիսի 23-ին: 2000թ. մայիսի 25-ին դիմողի փաստաբանի բացակայությամբ տեղի ունեցած տասնմեկերորդ դատական քննության ժամանակ առաջին ատյանի դատարանին ներկայացվեց մի նամակ, որը կազմվել էր դիմողի խցակիցների կողմից: Նամակում ասվում էր, որ “դիմողը լուրջ հոգեբուժական խնդիրներ ունի: Նրա բուժումը վերահսկվում է Ստամբուլի հոգեբուժարանի բժիշկների կողմից: Նա չի կարող ապրել առանց ուրիշների օգնության, իսկ նրա առողջությունը գնալով վատանում է: Նա չի կարող մասնակցել դատական քննություններին և մերժել է ներկա գտնվել այսօրվա քննությանը: Մենք զգացինք, որ հարկավոր է ձեզ ուղարկել այս նամակը, որովհետև տեղեկացանք, որ նրա փաստաբանը չի մասնակցելու դատական քննությանը”: 2000թ. հուլիսի 24-ին բանտային բժշկի պատրաստած բժշկական եզրակացության համաձայն, որը կցված էր խցակիցների նամակին, դիմողին 2000թ. հունիսի 2-ին տարել էին հոգեբուժարան և բանտ էին վերադարձրել 2000թ. հուլիսի 11-ին: Դիմողի մայրը նույնպես մասնակցում էր այդ դատական քննությանը: Նա դատարանին տեղեկացրեց, որ դիմողը լուրջ հոգեբուժական խնդիրներ ունի: Նա խնդրեց, որպեսզի դիմողին բանտից ազատեն: Այդ նույն դատական քննության ժամանակ դատախազն առաջին ատյանի դատարանին խնդրեց դիմողին արդարացնել հրկիզման մեղադրանքից /Քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի 7-րդ կետ/, բայց դատապարտել անօրինական կազմակերպության անդամ լինելու հանցանքի համար /Քրեական օրենսգրքի 168-րդ հոդված/: Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանը կարգադրեց, որ դիմողը շարունակի բանտում կալանքի տակ մնալ և նրան ուղարկեց հոգեբուժական հիվանդանոց` հաստատելու համար, արդյոք ենթադրյալ հանցագործությունը կատարելու ժամանակ նա մեղսունակ է եղել: 2000թ. օգոստոսի 7-ին բանտային բժիշկը զեկուցել էր այն պրոբլեմների մասին, որոնցից բանտում տառապում էր դիմողը: Այդ զեկույցի համաձայն` 1999թ. հունիս ամսին դիմողը փորձել էր ինքնասպան լինել` դեղերի շատ մեծ չափաբաժին ընդունելով: 1999թ. օգոստսին նա ինքնահրկիզվել էր և տուժել մեծ չափերի լուրջ այրվածքներից: Դիմողը երեք ամիս անց էր կացրել հիվանդանոցում, որտեղ նրան բուժել էին ստացած վնասվածքներից: Հիվանդանոցում եղած ժամանակ նրան բուժել էին նաև դեպրեսիայից: Բանտ վերադառնալուց հետո հինգ ամիս շարունակ նրան բուժել էին այրվածքների դեմ, իսկ նրա մարմնի վրա դեռևս առկա էին այրվածքների նշանները: 2000թ. հունիսի 2-ին դիմողի հոգեբանական վիճակը վատացել էր, և նրան տարել էին հիվանդանոց, որտեղ նա մնացել էր մեկ ու կես ամիս: Նրա առողջական վիճակն ավելի էր վատացել հիվանդանոցից վերադառնալուց հետո` նա չէր ցանկանում որևէ մեկի հետ խոսել: Բանտային բժիշկն իր զեկույցում եզրակացրել էր, որ բանտում տիրող վիճակը համատեղելի չէ դիմողի բուժման հետ: Դիմողին հարկավոր էր բավական ժամանակ անցկացնել մասնագիտացված հիվանդանոցում: 2000թ. հոկտեմբերի 10-ին` տասներկուերորդ դատական քննության ժամանակ, տկն. Մուքրիմե Ավցին` դիմողի վերը նշված իրավաբանական ներկայացուցիչներից մեկը /տես 2-րդ կետը/, լիազորագիր էր ներկայացրել առաջին ատյանի դատարան և վերջինիս տեղեկացրել, որ ինքն ստանձնում է դիմողին ներկայացնելու գործը: Տկն. Ավցին առաջին ատյանի դատարան նույն օրը ներկայացրած իր գրավոր դիտարկումներում վիճարկում էր, որ դիմողը ձերբակալության ժամանակ ընդամենը տասնհինգ տարեկան է եղել: Թուրքիան ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոնվենցիայի կողմ էր: Այդ կոնվենցիայի 40-րդ հոդվածի 3-րդ կետում կոնվենցիայի կողմ պետություններին հանձնարարվում է քրեական հանցագործությունների մեջ մեղադրվող երեխաների համար հատուկ ընթացակարգեր և հաստատություններ ստեղծել: Անշուշտ, Թուրքիայում կային անչափահասների գործերով դատարաններ, սակայն դիմողին մեղադրել էին մի հանցագործության մեջ, որը գտնվում է պետական անվտանգության դատարանների ընդդատության ներքո և, որպես այդպիսին, ներպետական օրենսդրությունը թույլ չէր տալիս, որպեսզի նրան դատեր անչափահասների գործերով դատարանը: Եթե դիմողին դատած լիներ անչափահասների գործերով դատարանը, նա ոստիկանությունում տասներկու օր կալանքի տակ չէր գտնվի, նրան ներկայացնելու համար փաստաբան կնշանակեին, և նրա գործը կարճ ժամանակում կավարտվեր: Փաստաբանն ավելացրել էր, որ ոստիկանությունում կալանքի տակ եղած ժամանակ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքը` զուգակցված բանտում երկար ժամանակ կալանքի տակ գտնվելու հետ, չափից ավելին էր եղել նրա տարիքի երեխայի համար: Նա երկու անգամ փորձել էր ինքնասպան լինել: Նա դեռևս լուրջ հոգեբուժական խնդիրներ ուներ, նրա համար դժվար էր մասնակցել դատական քննություններին: Փաստաբանը խնդրել էր, որպեսզի դիմողին ազատ արձակեն, և նա կարողանա բուժում ստանալ: Փաստաբանը նաև առաջին ատյանի դատարանին տեղեկացրել էր, որ դիմողին հիվանդանոց չէին տարել, չնայած 2000թ. հուլիսի 25-ին դատարանի կարգադրություն էր եղել /տես վերը նշված 35 կետը/: Նույն օրն առաջին ատյանի դատարանը կարգադրեց, որպեսզի դիմողին բանտից գրավով ազատ արձակեն: Դիմողը մասնակցել էր 2001թ. մարտի 13-ին տեղի ունեցած տասնչորսերորդ դատական քննությանը և առաջին ատյանի դատարանին տեղեկացրել, որ չնայած ինքը բժշկական քննության համար գնացել էր հիվանդանոց, վերջինիս մարմինները մերժել էին իրեն քննել, որովհետև նա դրա վերաբերյալ պաշտոնական նամակ չուներ: Առաջին ատյանի դատարանը նոր կարգադրություն արեց նամակի վերաբերյալ: 2001թ. ապրիլի 25-ին հոգեբուժարանում դիմողը քննության էր ենթարկվել: Այդ քննության վերաբերյալ զեկույցի համաձայն` բացի վերը նշված երկու դեպքերից /տես 36 կետը/, դիմողը ևս մեկ ինքնասպանության փորձ էր արել` 1998թ. սեպտեմբերին կտրել էր դաստակները: Դեռևս տեսանելի էին նրա ձեռքերի և մարմնի վրայի այրվածքների հետքերը: Նրա հոգեբանական բողոքներն սկսվել էին բանտում կալանքի տակ գտնվելու ընթացքում և վատթարացել` այնտեղ անցկացրած ժամանակ: 2000թ. հունիսի 2-ից 2000թ. հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում նրան հիվանդանոցում բուժել էին “լուրջ դեպրեսիայից”: Նրա հոգեբանական խնդիրներն այժմ նվազել էին: Զեկույցում եզրակացրել էին, որ հանցագործության կատարման ժամանակ դիմողը չէր տառապել հոգեբանական խնդիրներից, իսկ նրա այժմյան հոգեկան վիճակը չի ազդել նրա քրեական պատասխանատվության վրա: 2001թ. մայիսի 22-ին տասնվեցերորդ դատական քննության ժամանակ առաջին ատյանի դատարանը դիմողին հրկիզման մասով արդարացրել էր, սակայն նրան մեղավոր էր ճանաչել անօրինական կազմակերպության անդամ լինելու համար և դատապարտեց ութ տարի չորս ամիս բանտարկության: Առաջին ատյանի դատարանը հայտարարել էր, որ ոստիկանական կալանքի տակ եղած ժամանակ, ապա ոստիկանական կալանքի վերջում դատախազի և դատավորի ներկայությամբ դիմողի արած հայտարարությունները որոշիչ են եղել այն եզրակացության մասով, որ նա անօրինական կազմակերպության անդամ է: Այդ հայտարարություններում դիմողը նկարագրել էր այն “տարբեր գործունեությունը”, որում ներգրավված էր եղել: Առաջին ատյանի դատարանը նաև եզրակացրել էր, որ դիմողը ներգրավված է եղել անօրինական թերթիկների տպագրության և տարածման մեջ: Դիմղը բողոքարկել էր այս վճիռը: 2002թ. մարտի 13-ին Վճռաբեկ դատարանում դատախազն իր գրավոր դիտարկումներն էր ներկայացրել այդ դատարանին և խնդրել հաստատել դիմողի դատապարտումը: Այդ դիտարկումները չէին փոխանցվել ոչ դիմողին, ոչ էլ նրա փաստաբանին: Մանրամասն գրված գանգատում տեղ գտած փաստարկներում դիմողի փաստաբանը մատնանշել էր, որ միակ ապացույցը, որը դատախազը բերել էր իր մեղադրանքր պաշտպանելու համար, այն էր, որ իր հաճախորդն անօրինական կազմակերպության անդամ է, եղել էր ավտոմեքենա հրկիզելու ենթադրյալ հայտարարությունը: Ինչպես հաստատել էր առաջին ատյանի դատարանը, նման միջադեպ չէր եղել, իսկ մեքենայի տերն այդպիսի բողոք չէր ներկայացրել: Թուրքիայի իրավական համակարգում այնպիսի վերացական հասկացությունների համար, ինչպիսին է “տարբեր գործունեություն” /տես վերը բերված 44 կետը/, տեղ չկա: Որպեսզի ապացույցներում որևէ գործունեության վրա կարելի լիներ հենվել` հարկավոր էր դա հստակ կերպով շարադրել և պաշտպանել համապատասխան վկայություններով: Բացի այդ, առաջին ատյանի վճռում որևէ բան չէր ասվում այն մասին, թե ինչու և ինչպես էին եզրակացրել, որ դիմողը ներգրավված է եղել անօրինական կազմակերպության թերթիկների տպագրության և տարածման մեջ: Փաստաբանը նաև կրկնել էր դիմողի տարիքի վերաբերյալ իր փաստարկները և ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հիշատակումը /տես վերը նշված 39 կետը/: 2002թ. մայիսի 20-ին Վճռաբեկ դատարանը հաստատել էր դիմողի դատապարտումը: Դիմողի փաստաբանի կողմից Դատարանին տրամադրված տեղեկությունների համաձայն` 2002թ. դիմողը Թուրքիայից մեկնել էր Բելգիա, որտեղ նրան փախստականի կարգավիճակ էին տվել:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
...
53. Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածն այն տեսքով, ինչպես որ կար համապատասխան ժամանակ, նախատեսում էր, որ ձերբակալության պահից սկսած` 18 տարեկանից ցածր տարիքի անձանց պետք է տրամադրվի պաշտոնապես նշանակված իրավաբանական ներկայացուցչի օժանդակություն` առանց դրա համար դիմելու: Սակայն վերը նշված թիվ 3842 օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` 138-րդ հոդվածը կիրառելի չէր այն անձանց նկատմամբ, ովքեր մեղադրվում էին պետական անվտանգության դատարանների ընդդատության ներքո գտնվող հանցագործությունների մեջ:
54. Անչափահասների գործերով դատարանների ստեղծման, պարտականությունների և ընթացակարգերի մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն /1979թ. նոյեմբերի 21-ի թիվ 2253 օրենք, որը ուժը կորցրած ճանաչվեց և փոխարինվեց 2005թ. հուլիսի 15-ի “Երեխայի պաշտպանության մասին” թիվ 5395 օրենքով/, միայն անչափահասների գործերով դատարաններն էին իրավասու դատել 15 տարեկանից ցածր տարիք ունեցողներին, սակայն այդ հոդվածի վերջին կետի համաձայն` անգամ 15 տարեկանից ցածր տարիքի երեխաները, որոնց մեղադրանք էր առաջադրված պետական անվտանգության դատարանների ընդդատության ներքո գտնվող հանցագործությունների համար, պետք է դատվեին ոչ թե անչափահասների գործերով, այլ այդ դատարաններում:
55. Թիվ 2253 օրենքի 37-րդ հոդվածում նաև նախատեսված է, որ անչափահասները կարող են կալանքի տակ գտնվել միայն հատուկ իրենց համար նախատեսված բանտերում: Այնտեղ, որտեղ նման բանտեր չկան, անչափահասները պետք է պահվեն սովորական բանտի այն մասում, որտեղ մեծահասակներ են պահվում: Սույն օրենքի նպատակներով “անչափահաս” տերմինը նշանակում է անձինք, ովքեր հանցագործության կատարման ժամանակ 15 տարեկանից ցածր տարիք ունեն:
56. 1967թ. հուլիսի 5-ի Բանտերի կառավարման և վճիռների ի կատար ածման մասին կանոնադրության 107-րդ հոդվածի “բ” կետով նախատեսված է, որ 18 տարեկանից ցածր տարիք ունեցող կալանավորները պետք է պահվեն մյուս կալանավորներից առանձին: Նույն կանոնադրության 106-րդ հոդվածի համաձայն կալանավորները հնարավորություն ունեն “տեղեկացնել բանտի պետին, դատախազներին և Արդարադատության նախարարությանն իրենց բողոքների և պահանջների մասին”:
57. Երեխայի պաշտպանության մասին օրենքի համաձայն, որը 2005թ. հուլիսի 15-ին փոխարինեց վերը նշված Անչափահասների գործերով դատարանների ստեղծման, պարտականությունների և ընթացակարգերի մասին օրենքին, 18 տարեկանից ցածր տարիքի անձանց կարող են դատել միայն անչափահասների գործերով դատարանները: Այնուամենայնիվ, եթե քրեական հետապնդում իրականացնող մարմինները հայտարարում են, որ այն հանցագործությունը, որում մեղադրվում է անչափահասը, կատարվել է չափահասների հետ մեկտեղ, անչափահասը կարող է դատվել սովորական քրեական գործերով դատարանում` մեծահասակների հետ միասին:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
58. ՄԱԿ-ի 1989թ. Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան /այսուհետև` “ՄԱԿ-ի Կոնվենցիա”/ որն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1989թ. նոյեմբերի 20-ին, միջազգային իրավունքով պարտադիր ուժ ունի Պայմանավորվող պետությունների, այդ թվում` Եվրոպայի խորհրդի անդամ երկրների համար:
Կոնվենցիայի 1-ին հոդվածում հայտարարվում է.
“Սույն կոնվենցիայի նպատակների համար երեխա է համարվում 18 տարեկան չդարձած յուրաքանչյուր մարդկային էակ, եթե նրա նկատմամբ կիրառվող օրենքով նա չափահասության չի հասնում ավելի վաղ”:
ՀՈԴՎԱԾ 3
Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի շահերի առավել ապահովմանը:
Հոդված 37
Մասնակից պետություններն ապահովում են, որ
ա) ոչ մի երեխա չենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի կամ պատժի: Ոչ մահապատիժ, ոչ ցմահ բանտարկություն, որն ազատման հնարավորություն չի նախատեսում, չի սահմանվում 18 տարին չլրացած անձանց կողմից կատարված հանցագործությունների համար,
բ) ոչ մի երեխա չզրկվի ազատությունից անօրինական կամ կամայական կերպով: Երեխայի ձերբակալությունը, կալանքը կամ բանտարկությունը իրականացվում են համաձայն օրենքի և գործադրվում միայն որպես ծայրահեղ միջոց` որքան հնարավոր է կարճ ժամանակամիջոցում,
գ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա օգտվի մարդասիրական վերաբերմունքից և իր անձի անկապտելի արժանապատվության նկատմամբ հարգանքից, հաշվի առնելով նրա տարիքի անձանց պահանջմունքները: Մասնավորապես, ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա պետք է առանձնացվի մեծահասակներից, եթե միայն չի համարվում, որ, երեխայի լավագույն շահերից ելնելով, հարկավոր չէ այդ անել, և պետք է իրավունք ունենա կապ պահպանել իր ընտանիքի հետ` նամակագրության և տեսակցությունների միջոցով, բացառությամբ հատուկ հանգամանքների,
դ) ազատությունից զրկված յուրաքանչյուր երեխա իրավունք ունենա անհապաղ օգտվելու համապատասխան իրավական և այլ օգնությունից, ինչպես նաև դատարանի կամ իրավասու, անկախ և անկողմնակալ այլ մարմնի առաջ վիճարկել իրեն ազատությունից զրկելու օրինականությունը և իրավունք ունենա նրանց կողմից անհապաղ որոշում ակնկալել այդպիսի ցանկացած դատավարական գործողության առթիվ:
...Երեխայի իրավունքների ՄԱԿ-ի հանձնաժողովի` Թուրքիայի վերաբերյալ եզրափակիչ դիտարկումների /09/07/2001(CRC/C/Add.152.)/ համապատասխան մասերում նախատեսված է հետևյալը`
“65. ... Այն փաստը, որ կալանքը չի օգտագործվում որպես վերջին միջոց և հաղորդումներ են եղել այն մասին, որ երեխաներին երկար ժամանակով արտաքին աշխարհից մեկուսացված են պահել, նշվում է խորը մտահոգությամբ: Հանձնաժողովը նաև մտահոգված է, որ անչափահասների գործերով դատարանների թիվը փոքր է` երկրի արևելյան մասում դրանք չկան: Մտահոգություն է հայտնվում նաև նախնական կալանքի երկար տևողության, բանտարկության խղճուկ պայմանների և նաև այն բանի առումով, որ կալանքի ժամանակ անբավարար կրթական, վերականգնողական և վերաինտեգրման ծրագրեր են իրականացվում:
66. Հանձնաժողովը հանձնարարում է, որպեսզի կողմ պետությունը շարունակի անչափահասների գործերով արդարադատության համակարգի օրենսդրության և պրակտիկայի վերանայումը, որպեսզի այն ամբողջովին համապատասխանի Կոնվենցիային, մասնավորապես դրա 37, 40 և 39 հոդվածներին, ինչպես նաև այդ բնագավառում այլ համապատասխան միջազգային չափանիշներին, զորօրինակ` ՄԱԿ-ի Անչափահասների գործերով արդարադատության իրականացման նվազագույն ստանդարտ կանոններին /Պեկինի կանոններ/ և ՄԱԿ-ի Անչափահասների հանցավորության կանխարգելման ուղենիշներին /Ռիյադի ուղենիշներ/` նպատակ ունենալով բարձրացնել քրեական պատասխանատվության համար սահմանված նվազագույն տարիքը` անչափահասների գործերով դատարանի երաշխավորած պաշտպանությունը տարածելով մինչև 18 տարեկան բոլոր երեխաների վրա և այդ օրենքն արդյունավետ կերպով կիրառել` բոլոր նահանգներում ստեղծելով անչափահասների գործերով դատարաններ: Մասնավորապես, այն հիշեցնում է Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրին, որ անչափահաս հանցագործներին պետք է անհապաղ դատել` խուսափելու համար մենախցում նրանց կալանավորելուց, իսկ նախնական կալանքը պետք է օգտագործվի միայն որպես վերջին միջոց, լինի հնարավորինս կարճ և ոչ ավելի, քան օրենքով նախատեսված ժամկետը: Որտեղ հնարավոր է, պետք է կիրառվեն նախնական կալանքի այլընտրանքային միջոցներ”:ս
Նախարարների կոմիտեի հանձնարարականը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին անչափահասների հանցավորությանը հասարակական արձագանքի վերաբերյալ /թիվ R (87)20, ընդունվել է 1987թ. սեպտեմբերի 17-ին փոխնախարարների 410-րդ հանդիպման ժամանակ/ որքանով որ կարևոր է, ասում է հետևյալը`
“Հանձնարարում է անդամ պետությունների կառավարություններին անհրաժեշտության դեպքում վերանայել իրենց օրենսդրությունն ու պրակտիկան` նպատակ ունենալով`...
7. բացառել անչափահասների կալանքի տակ գտնվելը, բացի ավելի մեծ տարիքի անչափահասների կատարած շատ լուրջ հանցագործությունների բացառիկ դեպքերից: Այդ դեպքերում սահմանափակել կալանքի տակ գտնվելու տևողությունը և անչափահասներին պահել մեծահասակներից առանձին` այդ որոշումները սկզբունքորեն կայացնել .... վարչության հետ այլընտրանքային առաջարկությունների վերաբերյալ խորհրդակցելուց հետո...”:
1961թ. Եվրոպական սոցիալական խարտիայի 17-րդ հոդվածով կարգավորվում է մայրերի և երեխաների սոցիալական և տնտեսական պաշտպանվածությունը: Այս համատեքստում Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը XVII-2 (2005, Թուրքիա) եզրակացություններում նշում է, որ պատանի հանցագործների նախնական կալանքի տևողությունը երկար է, իսկ բանտարկության պայմանները` վատ:1997թ. հոկտեմբերի 5-ից 17-ը Թուրքիա կատարած այցի վերաբերյալ զեկույցում Խոշտանգումների կանխարգելման և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերի եվրոպական հանձնաժողովը` ԽԿՀ, իր լուրջ մտավախություններն է հայտնել “անչափահասների, այսինքն` 11-18 տարեկանների նկատմամբ քաղաքականության վերաբերյալ, ովքեր կալանքի տակ են պահվում մեծահասակների համար նախատեսված բանտերում /CPT/Inf(99) 2 EN, հրապարակման ամսաթիվը` 23 փետրվարի 1999թ./:2004թ. մարտի 16-ից 29-ը Թուրքիա կատարած այցերի մասին պատրաստած զեկույցում ԽԿՀ-ն /CPT/Inf /2005/ 18/ նշել է հետևյալը` “1997թ. և 2001թ. սեպտեմբերին իր այցերի վերաբերյալ զեկույցներում ԽԿՀ-ն հստակ կերպով իր լուրջ մտավախություններն է հայտնել կալանքի տակ գտնվող անչափահասներին մեծահասակների համար նախատեսված բանտերում պահելու քաղաքականության մասին: Միջակ նյութական պայմանների և աղքատացած ռեժիմի զուգակցումը ստեղծել է մի միջավայր, որն ամբողջովին անպիտան է բանտարկյալների այս տեսակի համար: 2004թ. մարտ ամսին տեղի ունեցած այցի ժամանակ հայտնաբերված փաստերը միայն ամրապնդել են այդ մտավախությունները: Այստեղ նույնպես Արդարադատության նախարարության 1997թ. նոյեմբերի 3-ի շրջաբերականի գովասանական դրույթները /”անչափահաս հանցագործների համար հատկացված բանտային բաժանմուքները պետք է վերանայվեն և բարելավվեն, որպեսզի համապատասխանեն երեխայի հոգեբանությանը և հնարավորություն ընձեռեն իրականացնել կրթական ծրագրեր, հակումները զարգացնող խաղեր ու մարզական ակտիվություն”/ ակնհայտ փոքր գործնական ազդեցություն են ունեցել”:ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների համաձայն` 2008թ. Թուրքիայում անչափահասների գործերով արդարադատությունը գտնվում էր դեռևս սաղմնային վիճակում: Դատավորները տեղեկանում էին երեխաների գործոնը հաշվի առնող նախնական կալանքի մեկուսարանների, օրենքի հետ հակասություն ունեցող երեխաների համար վեճերի այլընտրանքային կարգավորման և պատշաճ գործընթացի մասին:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ Հիմնվելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա` դիմողը բողոքում էր, որ Ստամբուլի պետական անվտանգության դատարանում իր դատավարությունը` մեծահասակների հետ համատեղ կալանքի հետ միասին, իրեն հոգեկան տառապանքներ է պատճառել: Կոնվենցիայի 3-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը` “Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի”:Կառավարությունը վիճարկել էր այս փաստարկը:
Ա. ԸնդունելիությունըՎկայակոչելով Բանտերի կառավարման և վճիռների ի կատար ածման մասին կանոնադրությունը /տես վերը նշված 56 կետը/` կառավարությունը հայտարարում էր, որ դիմողը չի կարողացել սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, որովհետև ոչ ինքը, ոչ էլ իր փաստաբանն այդ կանոնադրության 106-րդ հոդվածի հիմքերով բողոք չեն ներկայացրել, որպեսզի գանգատվեին մեծահասակների հետ միասին դիմողին կալանքի տակ պահելուց: Կառավարությունը նաև մատնանշում էր այն, որ դիմողի համար հնարավոր կլիներ իր գանգատները ներկայացնել առաջին ատյանի կամ Վճռաբեկ դատարանի ուշադրությանը:Դիմողը պատասխանել էր, որ, նկատի ունենալով ներպետական ենթաօրենսդրական ակտերի ոչ երկիմաստ ձևակերպումը և համապատասխան միջազգային կոնվենցիաները` իշխանությունները պարտավորություն ունեին իրեն պահել մեծահասակ կալանավորներից առանձին: Քանի որ կիրառելի ներպետական օրենսդրությունը հստակ կերպով նախատեսում է իր տարիքի երեխայի /իսկ ինքն այն ժամանակ այդ տարիքին է եղել/ բարեկեցությանն սպառնացող հնարավոր վտանգները, կառավարության համար արդարացնող չէ վիճարկել, որ դատավորներն ու բանտի ղեկավարությունն անտեղյակ էին այդ վտանգներից, երբ իրեն կալանքի տակ էին պահում մեծահասակների համար նախատեսված բանտում:Դատարանը հիշեցնում է, որ իր սահմանած նախադեպային օրենքի համաձայն` Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետում պարունակվող իրավական պաշտպանության ներպետական միջոցների նպատակը մինչև Դատարանին ներկայացնելը պայմանավորվող պետություններին ենթադրյալ խախտումները կանխարգելելու կամ դրանք շտկելու հնարավորություն տալն է: Այդուհանդերձ, սպառվելու ենթակա միակ միջոցը իրավական պաշտպանության գործուն միջոցներն են: Միջոցները չսպառելու մասին հայտարարող կառավարության համար պարտադիր է դատարանին համոզել, որ իրավական պաշտպանության միջոցը համապատասխան ժամանակ եղել է գործուն, մատչելի և տեսականորեն, և գործնականում /տես, ի թիվս այլոց, Վերնիյոնն ընդդեմ Ֆրանսիայի գործը, 1991թ. փետրվարի 20-ի վճիռ, Series A թիվ 198, կետ 27 և Դալիան ընդդեմ Ֆրանսիայի գործը, 1998թ. փետրվարի 19-ի վճիռ, Հաշվետվություններ վճիռների և որոշումների վերաբերյալ 1998-I, կետ 38/:Հենց որ ապացուցման պարտավորությունը կատարվի, դիմողի գործն է որոշել` կառավարության ներկայացրած իրավական պաշտպանության միջոցն իսկապես սպառվել է, թե ինչ-ինչ պատճառներով գործի հատուկ հանգամանքներում անհամարժեք և անարդյունավետ է` նրան այս պահանջից ազատելով /տես Աքսոյն ընդդեմ Թուրքիայի գործը, 1996թ. դեկտեմբերի 18-ի վճիռ, Հաշվետվություններ 1996-VI, 52/:Այնուհետև Դատարանը նկատում է, որ այս կանոնի կիրառությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնի համատեքստը: Համապատասխանաբար, այն ընդունում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետը պետք է կիրառվի որոշակի ճկունությամբ և առանց չափից ավելի ձևականության /տես Աքդիվարն ու մյուսներն ընդդեմ Թուրքիայի գործը, 1996թ. սեպտեմբերի 16-ի վճիռ, Հաշվետվություններ 1996-IV, 69/:Դատարանը նկատում է, որ դիմողը ձերբակալվել էր 1995թ. սեպտեմբերի 30-ին և ոստիկանական կալանքի տակ գտնվել տասներկու օր, որի ընթացքում այդ ժամանակ գործող ներպետական օրենսդրության համաձայն նրա համար հասանելի չեն եղել ոչ փաստաբանը, ոչ էլ իր ընտանիքի անդամները /տես վերը նշված 53 կետը.../: 1995թ. հոկտեմբերի 12-ին ոստիկանական կալանքի վերջում նրան հարցաքննել էին դատախազն ու դատավորը` դարձյալ առանց փաստաբանի: Նույն օրը դատավորը կարգադրել էր նրան բանտում կալանքի տակ պահել: Այդ հանգամանքներում Դատարանն անիրատեսական է համարում ակնկալել, որ տասնհինգ տարեկան անձը, ով հենց նոր է ազատ արձակվել տասներկու օր ոստիկանական մենախցում մնալուց հետո, հղում անի Բանտերի կառավարման և վճիռների ի կատար ածման մասին կանոնադրությանը և խնդրի իրեն չափահաս կալանավորներից առանձին պահել:Բացի այդ, Դատարանը նկատում է, որ երբ դիմողին բանտում կալանքի տակ պահելու կարգադրություն էին անում, դատավորն իր տրամադրության տակ տեղեկություններ ուներ դիմողի ծննդյան օրվա մասին, ուստի սրանից հետևում է, որ թեպետ դատավորը տեղյակ էր, որ դիմողն ընդամենը տասնհինգ տարեկան է, նա բացարձակապես անտեսել է կիրառելի ընթացակարգը` կարգադրելով դիմողին կալանքի տակ պահել մեծահասակների համար նախատեսված բանտում:Առաջին անգամ դիմողը փաստաբան է ունեցել երրորդ դատական քննության ժամանակ, որը տեղի էր ունեցել 1996թ. ապրիլի 18-ին, այսինքն` բանտում նրան կալանքի տակ պահելու վերաբերյալ հրամանից վեց ամիս անց /տես վերը նշված 18 կետը/: Այդ վեց ամիսների ընթացքում առաջին ատյանի դատարանը ոչ միայն դիմողին թույլ չէր տվել փաստաբան ունենալ, այլև երկու դեպքում կարգադրել էր նրան բանտում կալանքի տակ պահել /տես վերը նշված 15-17 կետերը/:Այն փաստաբանը, ով դիմողին ներկայացրել էր 1996թ. ապրիլի 18-ից մինչև 2000թ. հոկտեմբերի 10-ը, ակնհայտորեն չէր կարողացել դիմողին համարժեք կերպով պաշտպանել: Չմասնակցելով 25 դատական քննություններից 17-ին` նա նաև չէր տեղեկացրել առաջին ատյանի դատարանին այն հոգեբանական խնդիրների մասին, որոնք բանտում ծառացել էին դիմողի առջև, ոչ էլ ինքնասպանություն գործելու նրա երեք փորձերի մասին: Ի վերջո, դիմողի խցակից ընկերները, ովքեր տեղեկացել էին դիմողին համարժեք կերպով ներկայացնելու` փաստաբանի անկարողության մասին, նախաձեռնել էին առաջին ատյանի դատարանին դիմողի առողջական խնդիրների մասին իրազեկելու գործը /տես վերը բերված 32 կետը/:Դիմողի մոտ խնդիրների առկայությունը հաստատվել էր բանտի բժշկի` 2000թ. օգոստոսի 7-ի զեկույցում: Այդ զեկույցում բժիշկն առաջին ատյանի դատարանին տեղեկացրել էր, որ դիմողն ինքնահրկիզվել է, կտրել դաստակները, դեղերի չափազանց մեծ բաժին էր ընդունել, մի քանի անգամ եղել է հիվանդանոցում, ապա դուրս գրվել: Բժիշկը նաև տեղեկացրել էր դատարանին, որ դիմողի բուժման համար բանտում վիճակը բավարար չէ` նրան հարկավոր է մասնագիտացված հիվանդանոցում բավական ժամանակ անցկացնել /տես վերը նշված 38 կետը/:Անգամ այն բանից հետո, երբ առաջին ատյանի դատարանը տեղեկացվել էր դիմողի առողջական խնդիրների և բանտում նրա բուժման անհարմարության մասին, այն կարգադրել էր, որպեսզի դիմողը բանտում կալանքի տակ մնա:Ներկա գործով կառավարությունը որևէ փաստաթուղթ կամ այլ ապացույց չէր ներկայացրել` ցույց տալու համար, որ իր հիշատակած իրավական պաշտպանության միջոցն արդյունավետ է Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետի նպատակների համար: Հաշվի առնելով Թուրքիայում անչափահասներին մեծահասակների համար նախատեսված բանտերում կալանքի տակ պահելու լայն տարածում գտած պրակտիկան, որը լուսաբանված է որոշ միջազգային կազմակերպությունների զեկույցներում /տես վերը նշված 59-64 կետերը/` Դատարանը կասկածներ ունի իրավական պաշտպանության այդ միջոցի արդյունավետության վերաբերյալ:Ամեն դեպքում, Դատարանը կարծում է, որ վերը նկարագրված հատուկ հանգամանքները դիմողին արդարացրել են այն պահանջից, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիմքերով իր գանգատի մասով նա սպառել է իրավական պաշտպանության ներպետական միջոցները, հետևաբար այդ գանգատը չի կարող մերժվել իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառաբանությամբ:Դատարանը կարծում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով բողոքն ակնհայտ կերպով անհիմն չէ և այն որևէ այլ պատճառով անընդունելի հայտարարելու որևէ հիմք չկա, ուստի և պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Գործի էությունըՎկայակոչելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հիման վրա Դատարանի նախադեպային իրավունքը` դիմողը փաստարկել է, որ Պայմանավորվող կողմերը պարտավորություն ունեն միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովեն, որ իրենց ընդդատության ներքո գտնվող անհատները չենթարկվեն վատ վերաբերմունքի: Այդ միջոցները պետք է ապահովեն արդյունավետ պաշտպանություն, մասնավորապես երեխաների և այլ խոցելի անձանց մասով, պետք է ներառեն վատ վերաբերմունքը կանխարգելելուն միտված ողջամիտ քայլեր կիրառելը, որի մասին իշխանությունները տեղեկություն ունեին կամ պետք է ունենային:Այս դեպքում պատասխանող երկիրը մեծահասակների համար նախատեսված բանտում ավելի քան հինգ տարի մեծերի հետ պահելու` դիմողի կամայական կալանքի խստության դեմ արդյունավետ պաշտպանության ապահովման առումով ձախողվել էր` չնայած պարտավորություններ ուներ և իր ներպետական օրենսդրության, և միջազգային կոնվենցիաների մասով, որոնց կողմ է: Բացի այդ, այդ ժամանակահատվածի առաջին տասնութ ամիսների ընթացքում դիմողը դատվել էր մահապատիժ նախատեսող հանցագործության համար: Քանի որ դիմողը դատվել էր հանցագործության համար, որը պետական անվտանգության դատարանների ընդդատության ներքո է, նա բանտում ենթարկվել էր խստորեն սահմանափակվող այցային ռեժիմի: Նրա կալանքի պայմանները բացասական ազդեցություն էին գործել իր հոգեկան առողջության վրա և հանգեցրել ինքնասպանության փորձերի:Նա բողոքում էր, որ վերը նշված խնդիրները Ստամբուլի պետական անվտանգության դատարանում տեղի ունեցած դատավարության հետ մեկտեղ իրեն հոգեբանական տառապանքներ են պատճառել` հավասար լինելով անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի:Դիմողը նաև բողոքում էր, որ բանտում եղած ժամանակ իրեն բավարար բժշկական օգնություն չէին ցուցաբերել` չնայած ինքը լուրջ առողջական խնդիրներ ուներ: Նրա կարծիքով` իրեն ազատ չարձակելը, գոնե ժամանակավորապես, որպեսզի ինքը հնարավորություն ունենար բավարար բուժօգնություն ստանալ, նաև հավասարազոր է անմարդկային վերաբերմունքի, որը հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածին:Իր գանգատը պաշտպանելու համար դիմողը հղում էր արել ԽԿՀ-ի զեկույցներին /տես վերը նշված 62-63 կետերը/, որոնցում հանձնաժողովն իր մտավախություններն էր հայտնում Թուրքիայում մեծահասակների համար նախատեսված բանտերում անչափահասներին կալանքի տակ պահելու քաղաքականության վերաբերյալ:Կառավարությունը չէր վիճարկում, որ դիմողը բանտում պահվել էր մեծերի հետ միասին: Վկայակոչելով 2001թ. ապրիլի 25-ի բժշկական եզրակացությունը /տես վերը նշված 43 կետը/` կառավարությունը հայտարարում էր, որ դիմողը չէր տառապել հոգեկան խնդիրներով, որոնք նրան կարող էին ազատել իր գործողությունների համար քրեական պատասխանատվությունից: Այն նաև վիճարկում էր, որ վատ վերաբերմունքը, որից ենթադրաբար տառապել էր դիմողը, չէր էլ հասել խստության նվազագույն աստիճանին, որը գտնվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառության ոլորտում:Դատարանը հենց սկզբից նկատում է, որ դիմողի կալանքը մեծահասակների համար նախատեսված բանտում հակասել է այդ ժամանակ գործող և կիրառելի ենթաօրենսդրական ակտերին /տես վերը նշված 56 կետը/, որոնք արտացոլում էին միջազգային պայմանագրերով Թուրքիայի պարտավորությունները /տես վերը նշված 58 կետը/:Դատարանը նկատում է, որ 2001թ. ապրիլի 25-ին կազմված բժշկական եզրակացության համաձայն /տես վերը նշված 43 կետը/` դիմողի հոգեբանական խնդիրներն սկսվել էին բանտում կալանքի տակ եղած ժամանակ և վատթարացել այնտեղ նրա գտնվելու հինգ տարվա ընթացքում: 2000թ. հուլիսի 24-ի և նույն տարվա օգոստոսի 7-ի բժշկական եզրակացություններում նույնպես մանրամասն կերպով ներկայացված էին այն լուրջ բժշկական խնդիրները, որոնցից բանտում եղած ժամանակ տառապել էր դիմողը: Դատարանը կարծում է, որ այն փաստը, որ դիմողին պիտանի էին համարել դատելու համար, և նրա հոգեբանական խնդիրները բանտից ազատելուց հետո վեց ամիս անց նվազել էին, չի փոխում կալանքի տակ եղած ժամանակ նրա ունեցած բժշկական խնդիրների լրջությունը:Ինչպես նշել է կառավարությունը, վատ վերաբերմունքը պետք է հասնի խստության նվազագույն աստիճանին, որպեսզի լինի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառության ոլորտում /տես Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորությոն գործը, 1978թ. հունվարի 18-ի վճիռ, Series A, թիվ 25, կետ 162/: Այդ նվազագույնի գնահատումը հարաբերական է` այն կախված է գործի բոլոր հանգամանքներից, ինչպիսին են` բուժման տևողությունը, դրա ֆիզիկական և/կամ հոգեկան ազդեցությունը, որոշ դեպքերում` տուժածի սեռը, տարիքը և առողջական վիճակը /տես Թեքինն ընդդեմ Թուրքիայի գործը, 1998թ. հունիսի 9-ի վճիռ, Հաշվետվություններ 1998-IV, կետ 52/:Ներկա գործով դատարանը համաձայն չէ կառավարության փաստարկների հետ առ այն, որ դիմողի խնդիրները չէին հասել խստության նվազագույն աստիճանին, որպեսզի դա լինի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառության ոլորտում: Դիմողն ընդամենը տասնհինգ տարեկան էր եղել, երբ կալանքի տակ էր պահվել բանտում, որտեղ մեծահասակների հետ նա անցկացրել էր իր կյանքի վեց տարին: Այդ ժամանակահատվածի առաջին վեց ու կես ամսվա ընթացքում նա իրավաբանական օգնություն չէր ստացել: Անշուշտ, ինչպես վերը շարադրված է մանրամասն կերպով /տես 74 և 75 կետերը/` նա առաջին անգամ բանտում կալանքի տակ գտնվելուց հետո հինգ տարի բավարար չափով իրավական առումով ներկայացված չէր եղել: Այդ հանգամանքները` մահապատիժ պահանջող հանցագործության համար դատվելուց հետո տասնութ ամիս ժամանակահատվածի հետ մեկտեղ, պետք է իր ճակատագրի վերաբերյալ դիմողի համար բացարձակ անորոշություն ստեղծած լինեին:Դատարանը կարծում է, որ նրա կալանքի` վերը նշված հատկանիշներն անկասկած առաջացրել են դիմողի հոգեբանական խնդիրները, որոնք էլ իրենց հերթին ողբերգական ձևով հանգեցրել են ինքնասպանության նրա կրկնվող փորձերին:Այնուհետև Դատարանը կարծում է, որ ազգային իշխանությունները ոչ միայն անմիջական պատասխանատվություն են կրում դիմողի խնդիրների համար, այլ նաև բացահայտ կերպով նրան բավարար բժշկական օգնություն չեն տրամադրել: Գործում որևէ փաստաթուղթ չկա այն մասին, որ առաջին ատյանի դատարանը տեղեկացված է եղել դիմողի պրոբլեմների և մինչև 2000թ. ամառը վերջինիս ինքնասպանության փորձերի մասին /տես 32 և 36 կետերը/: Գործում փաստաթղթեր չկան այն մասին, որ առաջին ատյանի դատարանը որևէ մտահոգություն է ունեցել դիմողի վերաբերյալ, երբ նա շարունակաբար չի կարողացել ներկայանալ դատական քննություններին: Փաստորեն, առաջին անգամ, երբ առաջին ատյանի դատարանը տեղեկացվել է դիմողի պրոբլեմների մասին, բանտարկյալների համար պատասխանատու պաշտոնյայի, օր.` բանտի պետի կամ բանտի բժշկի կողմից չի եղել, ովքեր բոլորն էլ այդ խնդիրների մասին տեղյակ են եղել, այլ դա եղել է դիմողի խցակիցների կողմից /տես վերը նշված 32 կետը/: Խցակիցներն էին, ովքեր բանտի բժշկի կազմած եզրակացությունն ուղարկել էին առաջին ատյանի դատարան /տես վերը նշված 33 կետը/:Այդ եզրակացության համաձայն` բանտը դիմողի բուժման համար հաամապատասխան տեղ չէ` նրան հարկավոր էր զգալի ժամանակով տեղավորել մասնագիտացված հիվանդանոցում /տես վերը նշված 38 կետը/: Դատարանն ափսոսանքով նշում է, որ բանտի բժշկի տրամադրած տեղեկատվությունն առաջին ատյանի դատարանին չի դրդել գործողությունների, որպեսզի դիմողի համար բավարար բուժօգնություն ապահովեն: Միակ քայլը, որը ձեռնարկել էր առաջին ատյանի դատարանը, եղել էր դիմողին հիվանդանոց ուղարկելը` ոչ թե բուժման համար, այլ բուժզննման նպատակով` որպեսզի հաստատվի, արդյոք նա ենթադրյալ հանցագործությունը կատարելու ժամանակ, որի համար մեղադրվել էր, քրեա-իրավական գործունակություն ուներ, թե ոչ/ տես վերը նշված 35 կետը/: Անշուշտ, ինչպես դիմողն է նշել, առաջին ատյանի դատարանը ոչ միայն չի կարողացել ապահովել իր բուժօգնություն ստանալը, այլև նրան ու նրա ընտանիքին խոչընդոտել է անգամ դա անել` մերժելով նրան ևս երկուս ու կես ամսով գրավով ազատ արձակել /տես վերը նշված 35 և 41 կետերը/:Այս իրավիճակում Դատարանը հիշեցնում է, որ չնայած Կոնվենցիայի 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես առողջական վիճակի պատճառով կալանավորներին ազատ արձակելու ընդհանուր պարտավորություն ամրագրող, այն, այդուհանդերձ, պետության վրա պարտավորություն է դնում պաշտպանել ազատությունից զրկված անձանց ֆիզիկական բարեկեցությունը, օր.` նրանց համապատասխան բուժօգնություն տրամադրելով /տես Մուիսելն ընդդեմ Ֆրանսիայի գործը, թիվ 67263/01, կետ 40, ECHR 2002-IX և այնտեղ հիշատակված գործերը/: Ինչպես նկարագրված է վերը, իշխանություններն իրենց այդ պարտավորությունը չեն կատարել:Հարկ է նաև նշել, որ որևէ գործողություն չի կատարվել, չնայած դիմողի ունեցած հոգեբանական խնդիրներին և ինքնասպանության նրա առաջին փորձին, որպեսզի կանխեն նրա այդօրինակ հետագա փորձերը /այս կապակցությամբ տես Քինանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, թիվ 27229/95, կետ 112-116, ECHR 2001-III/:Հաշվի առնելով դիմողի տարիքը, բանտում մեծահասակների հետ նրա կալանքի տևողությունը, նրա հոգեբանական խնդիրների հարցում համապատասխան բուժօգնություն տրամադրելու` իշխանությունների անկարողությունը և, վերջապես, քայլեր չձեռնարկելը, որոնք միտված էին լինելու կանխել ինքնասպանության շարունակվող փորձերը, Դատարանը որևէ կասկած չունի, որ դիմողը ենթարկվել է անմարդկային ու նվաստացնող վերաբերմունքի: Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:Դատարանն աննպատակահարմար է գտնում առանձին քննել այն բողոքը, ըստ որի պետական անվտանգության դատարանի կողմից դիմողին դատելը նույնպես հավասարազոր էր Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով վատ վերաբերմունքի:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5/3/... ՀՈԴՎԱԾ/ՆԵՐ/Ի ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ Դիմողը Կոնվենցիայի 5/3/ հոդվածի հիման վրա բողոք էր ներկայացրել առ այն, որ իր կալանքի տևողությունը չափից ավելի երկար էր: Կոնվենցիայի 5/3/ հոդվածը նախատեսում է հետևյալը` “Սույն հոդվածի 1-ին կետի “գ” ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք...”:
...
Դատարանը նկատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով դիմողի կալանավորումն սկսվել է, երբ նա ձերբակալվեց 1995թ. սեպտեմբերի 30-ին և շարունակվել մինչև 1997թ. հոկտեմբերի 17-ին նրա դատապարտումն առաջին ատյանի դատարանի կողմից: 1997թ. հոկտեմբերի 17-ից մինչև 1998թ. մարտի 12-ին Վճռաբեկ դատարանի կողմից նրա դատապարտումը չեղյալ համարելը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի “ա” ենթակետի իմաստով նա կալանավորվել էր “իրավասու դատարանի կողմից դատապարտվեուց հետո”, ուստի և նրա կալանքի այդ ժամանակահատվածը դուրս է 5-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառության ոլորտից /տես Սոլմազն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 27561/02, կետ 34, ECHR 2007-II /հատվածներ/ և այնտեղ հիշատակված գործերը/: Այդուհանդերձ, 1998թ. մարտի 12-ից մինչև 2000թ. հոկտեմբերի 10-ին գրավով ազատ արձակումը դիմողը ևս մեկ անգամ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակներով ենթարկվել էր նախնական կալանքի: Սրանից հետևում է, որ դիմողն ընդհանուր առմամբ չորս տարի, յոթ ամիս և տասնհինգ օր անցկացրել է որպես նախնական կալանքի տակ գտնվող անձ:
...
Բ. Գործի էությունը
1. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը
106. Կառավարությունը վիճարկում էր, որ լուրջ հանցագործության մեջ մեղադրվող դիմողի շարունակվող կալանքի նկատմամբ հասարակական հետաքրքրության իսկական պահանջ կար: Եղել էր նաև նրա փախուստի կամ նրա դեմ ունեցած ապացույցները ոչնչացնելու մեծ վտանգ:
107. Դիմողը հաստատել էր իր հայտարարությունները:
108. Դատարանը նկատում է` բացի այն, որ կառավարությունը վիճարկում է, որ դիմողի կալանավորումն արդարացված է այն հանցագործության պատճառով, որում մեղադրվում է, չի վիճարկել այն հանգամանքը, որ առաջինը քննարկվել են այլընտրանքային մեթոդները, և նրա կալանքն օգտագործվել է միայն որպես վերջին միջոց` ներպետական իրավունքով և մի շարք միջազգային կոնվենցիաներով նախատեսված պարտավորություններին համապատասխան /օր.` համեմատել Նարթն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 20817/04, կետ 22, 6 մայիսի 2008թ./: Թղթապանակում փաստաթղթեր չկան, որոնք առաջարկում են, որ առաջին ատյանի դատարանը, որը բազում առիթներով կարգադրել էր դիմողի շարունակվող կալանքը, երբևիցե մտահոգություն է ցուցաբերել դիմողի կալանքի տևողության առթիվ: Անշուշտ, անչափահասների կալանքի վերաբերյալ Թուրքիայի ազգային իշխանությունների կողմից այդօրինակ մտահոգության բացակայությունն ակնհայտ է միջազգային կազմակերպությունների` վերևում հիշատակված զեկույցներում /տես 61-64 կետերը/:
109.Թուրքիային վերաբերող առնվազն երեք վճիռներում Դատարանն իր մտավախություններն է հայտնել երեխաներին նախնական կալանքի տակ պահելու պրակտիկայի վերաբերյալ /տես Սելջուկն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 21768/02, կետ 35, 10 հունվարի 2007թ., Քոշտին և մյուսներն ընդդեմ Թուրքիայի գործը, թիվ 74321/01, կետ 30, 3 մայիսի 2007թ., վերը հիշատակված Նարթն ընդդեմ Թուրքիայի գործը, կետ 34/ և հայտնաբերել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտումներ զգալիորեն ավելի կարճ ժամանակահատվածով, քան այն, ինչը ներկա գործով դիմողն անց էր կացրել: Օր.` Սելջուկի գործով տասնվեց տարեկան հասակում դիմողը չորս ամիս եղել էր նախնական կալանքի տակ, իսկ Նարթի գործով այդ ժամանակ տասնյոթ տարեկան դիմողը քառասունութ օր եղել էր նախնական կալանքի տակ: Ներկա գործով դիմողը կալանավորվել էր տասնհինգ տարեկանից և նախնական կալանքի տակ պահվել չորս ու կես տարուց ավելի:
110.Վերը նշվածի լույսի ներքո Դատարանը կարծում է, որ կալանքի տակ դիմողին պահելու տևողությունը չափից ավելի է և խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:
...
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
...
116. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համապատասխան մասերը նախատեսում են հետևյալը`
“ 1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են ... նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի դատաքննության իրավունք:
2. Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան:
3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
³.իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին,
բ.բավարար ժամանակ ու հնարավորություններ` իր պաշտպանությունը նախապատրաստելու համար,
գ.պաշտպանելու իրեն անձամբ կամ իր ընտրած դատապաշտպանների միջոցով կամ, եթե նա բավարար միջոցներ չունի դատապաշտպանի ծառայության դիմաց վճարելու համար, ունենալու անվճար նշանակված դատապաշտպան, երբ դա պահանջում են արդարադատության շահերը,
...”
...
Բ. Գործի էությունը
119. Դիմողը փաստարկել էր, որ ձերբակալության ժամանակ ինքն ընդամենը 15 տարեկան է եղել, իսկ իրեն 13 օր ոստիկանական կալանքի տակ էին պահել և հարցաքննել առանց փաստաբանի օգնության: Իրեն հետո դատել էին մահապատիժ պահանջող հանցագործության համար, և իր հոգեկան առողջությունը ժամանակի ընթացքում վատացել էր: Նա ինքնասպանության փորձերի հետևանքով ստացված վնասվածքների և հոգեբանական խնդիրների պատճառով չէր կարողացել մասնակցել բազում դատաքննությունների: Դիմողը փաստաբանի կամ հոգեբանի օգնություն չէր ստացել, որպեսզի դիմակայեր ծանր դատավարությանը և հնարավորություն չէր ունեցել քննել գործը կամ իր օգտին ապացույցներ ներկայացնել:
120. Վերը բերվածի կապակցությամբ և վկայակոչելով Թ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (GC) /թիվ 24724/94, 16 դեկտեմբերի 1999թ./ և Վ-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (GC) /թիվ 24888/94, ECHR 1999-IX/ գործերով վճիռները` դիմողը բողոքում էր, որ ինքը զրկված էր եղել իր դատին գործուն մասնակցություն ունենալու հնարավորությունից:
121.Կառավարությունը փաստարկում էր, որ ոստիկանությունը դիմողին հիշեցրել էր իր դեմ եղած մեղադրանքների և իր իրավունքների մասին: Բացի այդ, նա դատավարության սկզբից օգտվել էր իրավական ներկայացուցիչ ունենալու իր իրավունքից:
122.Դատարանը նկատում է, որ Թուրքիայի դեմ ներկայացված մի շարք դիմումներում բողոքներ կան պետական անվտանգության դատարանների կողմից անկախության և անաչառության ենթադրյալ բացակայության մասին: Դատարանն իր քննությունը սահմանափակել է միայն այդ կողմով` հարկ չհամարելով ուսումնասիրել այլ բողոքներ, որոնք վերաբերում են վիճարկված դատավարությունների արդարությանը /ի թիվս այլոց, տես Էրգինն ընդդեմ Թուրքիայի գործը, /թիվ 6/, թիվ 47533/99, կետ 55, 4 մայիսի 2006թ./: Այնուամենայնիվ, Դատարանը հարկ է համարում այս գործում այդ լավ փորձված մոտեցումը մի կողմ դնել, քանզի դիմումի հատկապես ծանր հանգամանքներն ավելի հարկադրող հարցեր են ներկայացնում` ներառելով անչափահասի գործուն մասնակցությունն իր դատավարությանը և իրավական օգնություն ստանալու իրավունքը:
123.Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հիման վրա իր քրեական դատավարությանը գործուն կերպով մասնակցելու` մեղադրյալի իրավունքը սովորաբար ներառում է ոչ միայն ներկա գտնվելու, այլև լսելու և հետևելու իրավունքը: Այդ իրավունքները հստակ են դատավարության մեղադրական բնույթի բուն հասկացության մեջ և բխում են նաև այն երաշխիքներից, որոնք կան մասնավորապես, 6-րդ հոդվածի 3-րդ կետի “գ” ենթակետում, այն է` “ ինքն իրեն պաշտպանել”:
124. Այս համատեքստում “գործուն մասնակցությունը” ենթադրում է, որ մեղադրյալն ըմբռնում է դատավարության բնույթը, ինչպես նաև այն, թե իր համար ինչն է վտանգված, ներառյալ սահմանվելիք պատժի նշանակությունը /տես բոլորովին վերջերս Տիմերգալիևն ընդդեմ Ռուսաստանի գործը, թիվ 40631/02, կետ 51, 14 հոկտեմբերի 2008թ. և դրանում հիշատակված գործերը/: Դրանով նաև պահանջվում է, որպեսզի մեղադրյալը, օր.` թարգմանչի կամ փաստաբանի, սոցիալական աշխատողի կամ ընկերոջ օգնությամբ պետք է հասկանա դատարանում ասվածի ընդհանուր իմաստը: Մեղադրյալը պետք է ունակ լինի հետևել մեղադրող կողմի վկաների ասածներին, իսկ եթե ներկայացված է, բացատրել դատապաշտպանին դեպքերի իր վարկածը, մատնանշել հայտարարություններ, որոնց հետ ինքը համաձայն չէ և դատարանին իրազեկել այն փաստերի մասին, որոնք պետք է ներկայացվեն պաշտպանության համար /տես Սթենֆորդն ընդդեմ Միացյալ Թագավորությոն գործը, 1994թ. փետրվարի 23-ի վճիռ, Series A 282-A, 30/:
125. Ներկա գործով դիմողը ձերբակալվել էր 1995թ. սեպտեմբերի 30-ին, ապա մեղադրվել մի հանցագործության մեջ, որի համար նախատեսված միակ պատիժը մահապատիժն էր: Չնայած նրա չափազանց երիտասարդ տարիքին, այդ ժամանակ գործող օրենսդրությունը թույլ չէր տալիս, որպեսզի դիմողի դատը տեղի ունենա անչափահասների գործերով դատարանում /տես վերը բերված 54 կետը/, և պետությունը նրա համար դատապաշտպան նշանակեր /տես վերը բերված 53 կետը/:
126. Մինչև 1996թ. ապրիլի 18-ը, այսինքն` ձերբակալվելուց հետո վեց ու կես ամիս նրան փաստաբան չէր ներկայացնում: Թեպետ նա փաստաբան չուներ, ոստիկանությունը, դատախազն ու դատավորը նրան հարցաքննում էին, մեղադրանք ներկայացնում, ապա նրան հարցաքննում էր առաջին ատյանի դատարանը /տես 7, 11-13 և 16-17 կետերը, տես նաև Սալդուզն ընդդեմ Թուրքիայի գործը, (GC), թիվ 36391/02, կետ 50-63, 27 նոյեմբերի 2008թ., որը վերաբերում է ոստիկանական կալանքի տակ գտնվող անչափահասի իրավաբանական ներկայացուցչության բացակայությանը/:
127. Առաջին դատավարության ընթացքում տեղի էր ունեցել տասնչորս դատական քննություն, տասնվեց` կրկնական քննության ժամանակ: Դիմողը չէր մասնակցել առնվազն տասնչորս դատական քննության: Նա հայտարարում էր, որ իր չմասնակցելու պատճառն առողջական խնդիրներն են եղել: Այդ հայտարարությունը, որը հիմնավորվում է բժշկական եզրակացությամբ /տես վերը բերված 32-33 և 36-38 կետերը/, չի վիճարկվել կառավարության կողմից: Բացի այդ, ինչպես նշված է վերևում, առաջին ատյանի դատարանը որևէ մտաահոգություն չէր հայտնել դատաքննություններից դիմողի բացակայության վերաբերյալ կամ էլ քայլեր ձեռնարկել նրա ներկայությունն ապահովելու հարցում:
128. Այդ հանգամանքներում Դատարանը չի կարող համարել, որ դիմողն ի վիճակի է եղել գործուն մասնակցություն ունենալ դատավարությանը: Բացի այդ, ստորև նշված պատճառներով Դատարանը չի կարող համարել, որ իր դատավարությանը դիմողի մասնակցելու անկարողությունը փոխհատուցվել է այն փաստով, որ 1996թ. ապրիլի 18-ից սկսած նրան փաստաբան էր ներկայացնում /հակադրություն, վերը հիշատակված Սթենֆորդը, կետ 30/:
129. Փաստաբանը, ով 1996թ. ապրիլի 18-ին տեղի ունեցած երրորդ դատաքննության ժամանակ հայտարարել էր, որ ինքն այսուհետ ներկայացնելու է դիմողին, չէր մասնակցել 25 դատաքննություններից 17-ին: Փաստորեն, կրկնական քննության ժամանակ կոնկրետ այդ փաստաբանը մասնակցել էր միայն մեկ դատաքննության, որը տեղի էր ունեցել 1999թ. մարտի 18-ին: Գործի կրկնական քննության վերջին վճռորոշ փուլերում` 1999թ. մարտի 18-ից սկսած դիմողը բացարձակապես որևէ իրավաբանական օգնություն չէր ստացել, մինչև որ 2002թ. հոկտեմբերի 10-ին նրան սկսեց ներկայացնել տկն. Ավցին /տես վերը նշված 39 կետը/:
130. Այս իրավիճակում Դատարանը հիշեցնում է իր հաստատած նախադեպային իրավունքը, որի համաձայն պետությունը սովորաբար չի կարող պատասխանատվություն կրել մեղադրյալի փաստաբանի գործողությունների կամ որոշումների համար /տես վերը նշված Սթենֆորդի գործը, կետ 28, որովհետև պաշտպանող կողմի պահվածքը հիմնականում պաշտպանյալի և նրա դատապաշտպանի միջև եղած հարց է` այդ դատապաշտպանը նշանակված է իրավական օգնության համակարգի համաձայն, թե մասնավոր ֆինանսավորմամբ /տես Չեկալլան ընդդեմ Պորտուգալիայի գործը, թիվ 38830/97, կետ 60, ECHR 2002-VIII, նաև Բոգումիլն ընդդեմ Պորտուգալիայի գործը, թիվ 35228/03, կետ 46, 7 հոկտեմբերի 2008թ./: Այնուամենայնիվ, իրավական օգնության համակարգի համաձայն նշանակված դատապաշտպանի բացահայտ ձախողման դեպքում, ով պետք է արդյունավետ ներկայացվածություն ապահովեր, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետով ազգային իշխանություններից պահանջվում է միջամտել /նույն տեղը/:
131. Ներկա գործով դիմողին ներկայացնող փաստաբանը նշանակված չէր իրավական օգնության համակարգի համաձայն: Այնուամենայնիվ, Դատարանը կարծում է, որ դիմողի երիտասարդ տարիքը, հանցագործությունների լրջությունը, որոնցում նրան մեղադրել էին, արտաքուստ հակասական մեղադրանքները, որ նրան էին ներկայացրել ոստիկանությունն ու մեղադրող կողմի վկան /տես վերը բերված 8, 18, 28 և 29 կետերը/, նրան պատշաճ կերպով չներկայացնելու` փաստաբանի անկարողությունը և, վերջապես, դատաքննություններից նրա բազմաթիվ բացակայությունները պետք է որ առաջին ատյանի դատարանին համոզած լինեին, որ դիմողին հարկավոր է անհապաղ համապատասխան իրավաբանական ներկայացուցչություն: Անշուշտ, մեղադրյալն իրավունք ունի իր սեփական նախաձեռնությամբ դատարանի կողմից նշանակված փաստաբան ունենալ, “երբ արդարադատության շահերն են դա պահանջում” /տես Վոդելն ընդդեմ Ֆրանսիայի գործը, թիվ 35683/97, կետ 59, ECHR 2001-I/:
132. Դատարանը հաշվի է առել դիմողի նկատմամբ հարուցված քրեական վարույթների ամբողջությունը: Դատարանը կարծում է, որ վերը նշված բացթողումները, մասնավորապես, դատաքննությունների մեծ մասի ժամանակ իրավաբանական օգնության դե ֆակտո բացակայությունը, վատթարացրել են իր դատավարությանը գործուն մասնակցություն ունենալու` դիմողի անկարողության հետևանքները և խախտել պատշաճ իրավական ընթացակարգի նրա իրավունքը:
133. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` դրա 6-րդ հոդվածի 3-րդ կետի “գ” ենթակետի հետ միասին:
...
V.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
136. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը նախատեսում է.
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
Ա. Վնասը
137. Դիմողը փաստարկել էր, որ իր ձերբակալության ժամանակ ինքն աշխատում էր և ամսական վաստակում մոտավորապես 200 եվրո: Իր ձերբակալության և կալանավորման արդյունքում նա հինգ տարի մեկ ամիս չի կարողացել աշխատել: Այսպիսով, նրա կորցրած վաստակը, տոկոսների հետ մեկտեղ կազմում է 32,000 եվրո: Նա պահանջում էր, որպեսզի այդ գումարն իրեն տրվի որպես նյութական վնաս:
138. Դիմողը նաև իբրև ոչ նյութական վնաս պահանջում էր 103,000 եվրո:
139.Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները:
140. Դատարանը որևէ պատճառական կապ չի տեսնում հայտնաբերված խախտումների և ենթադրյալ նյութական վնասի միջև, ուստի մերժում է այդ հայցը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ներկա գործի հատկապես ծանր հանգամանքները և հայտնաբերված բազմաթիվ խախտումների բնույթը` Դատարանը որպես ոչ նյութական վնաս դիմողին որոշում է տալ 45,000 եվրո:
ԱՅԴ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ
դիմումը հայտարարում է ընդունելի.որոշում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չի եղել.որոշում է, որ խախտվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը.
...որոշում է, որ խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը 6-րդ հոդվածի 3-րդ կետի “գ” ենթակետի հետ միասին
...որոշում է,
ա/ որ պատասխանող պետությունը պետք է Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն վճիռը վերջնական դառնալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է վճարման օրը կիրառելի փոխարժեքով փոխարկվեն պատասխանող պետության ազգային արժույթի`իբրև ոչ նյութական վնաս` 45,000 եվրո /քառասունհինգ հազար եվրո/` գումարած վճարման ենթակա ցանկացած հարկ.իբրև ծախսեր և դատական ծախսեր` 4,150 եվրո /չորս հազար հարյուր հիսուն եվրո/` գումարած վճարման ենթակա ցանկացած հարկ.
բ/ մինչև վճարումը վերը նշված երեք ամիսը լրանալուն պես պետք է վճարվի վերը նշված գումարի հասարակ տոկոսն այն փոխարժեքով, որը հավասար է պարտքի չվճարման ժամանակ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած վարկի մարգինալ տոկոսադրույքին` գումարած երեք տոկոսային կետ:
մերժում է արդարացի փոխհատուցման վերաբերյալ դիմողի հայցի մնացած մասը:
Կազմված է անգլերեն լեզվով և գրավոր ծանուցված 2009թ. հունվարի 20-ին` Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Սալլի ԴոլեՖրանսուազ Տյուլկան
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ. կամ եկող տարի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի մասին նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012.
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
[1] Քրդական աշխատավորական կուսակցությունը` անօրինական կազմակերպություն:
Full & Egal Universal Law Academy