© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱԼԴԻՄԱՆԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՑԱՐԻԱՅԻ [AFFAIRE HALDIMANN ET AUTRES c. SUISSE]
(Գանգատ թիվ 21830/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Փետրվարի 24, 2015
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հալդիմանը և մյուսներն ընդդեմ Շվեցարիայի [Haldimann et autres c. Suisse] գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (երկրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով
Իշիլ Կարակաշ (Işıl Karakaş),նախագահ
Դատավորներ`
Անդրաս Սայո (András Sajó),
Նեբոյշա Վուժինիչ (Nebojša Vučinić),
Հելեն Կելլեր (Helen Keller),,
Պոլ Լեմմենս (Paul Lemmens),
Էգիդիյուս Կյուրիս (Egidijus Kūris),
Ռոբերտ Սպանո (Robert Spano)
և Սթենլի Նայսմիթը (Stanley Naismith), բաժանմունքի քարտուղար
2015թ. հունվարի 20-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Շվեցարիայի դաշնության չորս քաղաքացիներ պարոնայք Ուլրիխ Մաթիաս Հալդիմանի (Ulrich Mathias Haldimann), (այսուհետ`«առաջին դիմումատու»), Հանսյորդ Ուտցի (Hansjörg Utz) ( այսուհետ` «երկրորդ դիմումատու»), տիկնայք Մոնիկա Անմարի Բալմերի (Monika Annemarie Balmer) (այսուհետ` «երրորդ դիմումատու») և Ֆիոնա Ռութ Ստրեբելի (Fiona Ruth Strebel) ( այսուհետ` «չորրորդ դիմումատու») Շվեցարիայի դաշնության դեմ թիվ 21830/09 գանգատը, որը Դատարան է ներկայացվել 2009թ. ապրիլի 3-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` §Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուներին ներկայացնում է փաստաբան Ռ. Մեր վոն Բալդեգը ( R.Mayr von Baldegg) Լյուսերն քաղաքից: Շվեցարիայի Կառավարությանը ( այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցչի փոխանորդ պարոն Ադրիան Շայդեգերը (Adrian Scheidegger), Արդարադատության դաշնային գրասենյակի Եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային պաշտպանության ստորաբաժանումից:
3. Դիմումատուները պնդում են, որ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված խոսքի ազատության իրենց իրավունքը:
4. 2010թ. նոյեմբերի 23-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատի մասին:
5. ԶԼՄ-ների իրավական պաշտպանության նախաձեռնություն (Media Legal Defence Initiative (MLDI)) կազմակերպությունը ներգրավվել է գրավոր ընթացակարգում (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 44-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1953, 1950, 1969 և 1969 թվականներին և բնակվում են Ուստեր (Uster), Ցյուրիխ (Zürich), Բարեցվիլ (Bäretswil) և Նուսբաումեն (Nussbaumen) քաղաքներում:
7. Դիմումատուների կողմից ներկայացված փաստերը կարող են ամփոփվել հետևյալ կերպ:
8. Ցյուրիխի կանտոնի մարդու իրավունքների պաշտպանի մասնավոր ապահովագրական ընկերությունների վերաբերյալ տարեկան հաշվետվությունից և գերմանախոս Շվեցարիայի հեռուստատեսությամբ (SF DRS) հեռարձակվող սպառողների պաշտպանության վերաբերյալ շաբաթական «Kassensturz» հաղորդման խմբագրության հեռուստադիտողներից ստացված նամակներից հետո, ուր սպառողներն իրենց դժգոհությունն էին արտահայտել ապահովագրական բրոքերներից` ընդգծելով վերջիններիս գործունեության ժամանակ կատարված մոտավոր մոտեցումները, երրորդ դիմումատուն` նույն հաղորդման խմբագիրը, ռեպորտաժ է պատրաստում կյանքի ապահովագրության փաթեթների վաճառքի բանագավառում առկա գործելակերպի վերաբերյալ:
9. Նա հաղորդման պատասխանատու խմբագրի (երկրորդ դիմումատու) և SF DRS հեռուստատեսության գլխավոր խմբագրի հետ (առաջին դիմումատու) պայմանավորվում է թաքնված տեսախցիկի օգնությամբ ձայնագրել հաճախորդների և ապահովագրական բրոքերների խոսակցությունները վերջինների մասնագիտական թերություններն ապացուցելու համար: Որոշվում է այս զրույցները ձայնագրել որևէ բնակարանում, ապա դիմել ապահովագրության մասնագետի մեկնաբանությանը:
10. Չորրորդ դիմումատուն` SF DRS հեռուստատեսության լրագրողուհին, պայմանավորվում է հանդիպել X ընկերության ապահովագրական բրոքերի հետ 2003թ. փետրվարի 26-ին: Նա ձևացնում է, թե հաճախորդ է և հետաքրքրված է կյանքի ապահովագրության պայմանագրով: Սենյակում, ուր պետք է տեղի ունենար հանդիպումը, տեղադրվում են երկու թաքնված տեսախցիկներ (Lipstick kameras), որոնք հանդիպման տեսագրությունը փոխանցում են հարևան սենյակ, ուր նստած են երրորդ դիմումատուն և ապահովագրական մասնագետը: Նույն սենյակում են գտնվում օպերատորը և տեխնիկական մեկ այլ աշխատող, որոնք ձայնագրում են փորձագետի տվյալ հանդիպման գնահատականը:
11. Հանդիպման ավարտին երրորդ դիմումատուն մտնում է հանդիպման սենյակ և ներկայանում որպես « Kassensturz» հաղորդման խմբագիր` բացատրելով, որ հանդիպումը տեսագրված է եղել: Ապահովագրական բրոքերը նրան պատասխանում է, որ նա այդպես էլ կարծում էր (« Das habe ich gedacht »): Երրորդ դիմումատուն ապահովագրական բրոքերին ասում է, որ նա հանդիպման ժամանակ թույլ է տվել մեծ սխալներ և առաջարկում վերջինիս իր կարծիքն արտահայտել դրանց մասին, ինչը բրոքերը հրաժարվում է անել:
12. Այնուհետև, առաջին և երկրորդ դիմումատուները պայմանավորվում են հեռարձակել տեսագրված հանդիպման մի մասը « Kassensturz»-ի հաջորդ հաղորդումների ժամանակ: Առաջարկում են X ընկերությանն իր դիրքրորոշումն արտահայտել հանդիպման և արտահայտված քննադատության վերաբերյալ` վստահեցնելով, որ բրոքերի դեմքը և ձայնը կծածկվի այնպես, որ նա անճանաչելի լինի: Իրոք, դիմումատուները այնպես են փոխակերպում բրոքերի դեմքը, որ տեսանելի են լինում միայն նրա մազերի և մաշկի գույնը, ինչպես նաև նրա հագուստը: Ձայն նույնպես փոխվում է:
13. 2003թ. մարտի 3-ին ապահովագրական բրոքերը հայց է ներկայացնում Ցյուրիխի քաղաքացիական դատարան` նպատակ ունենալով խոչընդոտել վիճահարույց տեսագրության հեռարձակումը: Բողոքը մերժվում է 2003թ. մարտի 24-ի որոշմամբ:
14. 2003թ. մարտի 25-ին փետրվարի 26-ի հանդիպման հատվածները հեռարձակվում են, իսկ բրոքերի դեմքը և ձայնը փոփոխված է լինում` համաձայն պայմանավորվածության: Նախորդ օրը դատարանը մերժում է բրոքերի շահերի պաշտպանության միջանկյալ միջոցառումների հայցը:
15. Դիլսդորֆի (Dielsdorf) շրջանի (Ցյուրիխի կանտոն) քրեական հարցերով միանձնյա դատավորն արդարացնում է առաջին երեք դիմումատուներին, որոնք մեղադրվում էին այլ անձանց խոսակցությունները լսելու և ձայնագրելու մեջ` համաձայն Քրեական օրենսգրքի 179-2 հոդվածի 1-ին և 2-րդ մասի, ինչպես նաև չորրորդ դիմումատուին, որը մեղադրվում էր չարտոնված ձայնագրություններ կատարելու մեջ` համաձայն Քրեական օրենսգրքի 179-3 հոդվածի առաջին մասի:
16. Թե´ Ցյուրիխի կանտոնի գլխավոր դատախազը (Oberstaatsanwalt), թե´ բրոքերը բողոքարկեցին 2006թ. օգոստոսի 29-ի որոշումը:
17. 2007թ. նոյեմբերի 5-ի որոշմամբ, Ցյուրիխի կանտոնի գերագույն դատարանը (Obergericht) դատապարտում է առաջին երեք դիմումատուներին այլ անձանց խոսակցությունները լսելու և ձայնագրելու համար` համաձայն Քրեական օրենսգրքի 179-2 հոդվածի 1-ին և 2-րդ մասի, ինչպես նաև , Քրեական օրենսգրքի 179-4 հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն, տեսագրող սարքի միջոցով մասնավոր սեփականության կամ գաղտնիության նկատմամբ խախտում կատարելու համար: Չորրոդ դիմումատուն դատապարտվում է չարտոնված ձայնագրություններ կատարելու համար` համաձայն Քրեական օրենսգրքի 179-3 հոդվածի առաջին մասի , ինչպես նաև Քրեական օրենսգրքի 179-4 հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն, տեսագրող սարքի միջոցով մասնավոր սեփականության կամ գաղտնիության նկատմամբ խախտում կատարելու համար:
Առաջին երեք դիմումատուները դատապարտվեցին պայմանական կերպով տասնհինգօրյա տուգանքի` մոտ օրական 350 շվեցարական ֆրանկի (CHF), չափով, իսկ չորրորդ դիմումատուն դատապարտվեց հնգօրյա տուգանքի, օրական մոտ 30 շվեցարական ֆրանկի չափով:
18. Դիմումատուները համատեղ դիմում են Դաշնային դատարան` վկայակոչելով, մասնավորապես, Կոնվեցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության իրենց իրավունքը: Ըստ նրանց` վիճահարույց միջոցին դիմելն անհրաժեշտ է եղել հետապնդվող նպատակին հասնելու համար:
19. 2008թ. հոկտեմբերի 7-ի վճռով, որի մասին դիմումատուների ներկայացուցիչը ծանուցվել է 2008թ. հոկտեմբերի 15-ին, Դաշնային դատարանն ընդունեց վերաքննիչ բողոքը Քրեական օրենսգրքի 179-4 հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն, տեսագրող սարքի միջոցով մասնավոր սեփականության կամ գաղտնիության նկատմամբ խախտում կատարելու մասով: Այն համարեց, որ տեղի է ունեցել մեղադրման սկզբունքի և պաշտպանության իրավունքների խախտում և գործը վերադարձրեց ստորին ատյան:
20. Վերաքննիչ բողոքը մերժվեց և ուժի մեջ մտավ մնացած մասով: Դաշնային դատարանը համարեց, որ դիմումատուները կատարել էին գործողություններ, որոնք կարգավորվում են Քրեական օրենսգրքի 179 -2 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև 179 -3 հոդվածի 1-ին մասով և մերժեց դիմումատուների կողմից առաք քաշած հիմնավորումը: Գերագույն դատարանն ընդունեց ապահովագրության բնագավառում առկա գործելակերպի վերաբերյալ տեղեկությունների ձեռքբերման հանրության բարձր շահը, որն ավելի ծանր կարող է լինել, քան գործում ներգրավված անձանց շահերը: Սակայն, Դաշնային դատարանը համարեց, որ դիմումատուները կարող էին ընտրել այլ միջոցներ, որոնք չէին դիպչի բրոքերի մասնավոր շահերին` օրինակ, մեկնաբանելով Օմբուդսմենի տարեկան հաշվետվությունը, հարցազրույց իրականացնելով վերջինիս աշխատակիցների կամ դժգոհ հաճախորդների հետ: Բացի այդ, թաքնված տեսախցիկով հանդիպումը տեսագրելու փոխարեն, լրագրողուհին կարող էր արձանագրություն կազմել, նույնիսկ եթե դրա ապացուցողական արժեքն ավելի քիչ կլիներ: Ավելին, ըստ Դաշնային դատարանի, մեկ դեպքի տեսագրումը բավարար չէ ենթադրյալ խնդիրների վերաբերյալ վստահելի ապացույցներ ներկայացնելու համար: Այս բնագավառում վատ օրինակները շատ տարածված են և հանրությանը հայտնի: Հետևաբար, մեկ դեպքի հեռարձակումը չէր կարող թույլ տալ հանրությանն ապահովագրական ընկերությունների խորհրդատվությունների վերաբերյալ ընդհանուր եզրակացության հանգել:
21. 2009թ. փետրվարի 24-ի Ցյուրիխի կանտոնի գերագույն դատարանի որոշմամբ հանվեց Քրեական օրենսգրքի 179-4 հոդվածի 1-ին և 2-րդ մասի համաձայն տեսագրող սարքի միջոցով մասնավոր սեփականությունը կամ գաղտնիությունը խախտելու մեղադրանքը: Հետևաբար, դատարանը մեղմացրեց պատժի չափը. առաջին երեք դիմումատուների նկատմամբ կիրառվեց համապատասխանաբար հետևյալ դրամական պատժամիջոցները` տասներկուօրյա տուգանք 350 շվեցարական ֆրանկ (կամ մոտ 290 եվրո)), 200 ՇՖ ( կամ մոտ 160 եվրո) և 100 ՇՖ (կամ մոտ 80 եվրո) օրական, տասնչորսօրյա տուգանքի փոխարեն, իսկ չորրորդ դիմումատուի նկատմամբ` չորսօրյա տուգանք օրական 30 ՇՖ հինգօրյա տուգանքի փոխարեն, ինչպես նաև փորձաշրջան երկու տարի ժամկետով: Դիմումատուներն այս որոշման դեմ Դաշնային դատարան բողոք չներկայացրեցին:
II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ
22. Շվեցարիայի քրեական օրենսգրքի համապատաասխան դրույթները ձևակերպված են հետևյալ կերպ`
« Հոդված 179-2 `Այլ անձանց միջև խոսակցությունների լսում և ձայնագրում
Անձը, որը բոլոր մասնակիցների համաձայնության բացակայության պայմաններում լսողական կամ ձայնագրիչ սարքի միջոցով այլ անձանց մասնավոր խոսակցությունները լսել է կամ ձայնագրել է,
Անձը, որն օգտագործել է կամ հասանելի դարձրել երրորդ անձին փաստը, որը նա իմացել է կամ ենթադրել է, որ ձեռք է բերվել 1-ին պարբերությունում նկարագրված խախտմանբ,
Անձը, որը պահպանել է կամ հասանելի դարձրել երրորդ անձին ձայնագրությունը, որը նա իմացել է կամ ենթադրել է, որ ձեռք է բերվել 1-ին պարբերությունում նկարագրված խախտմանբ, բողոքի հիման վրա պատժվում է ազատազրկմամբ երեք և ավելի տարի ժամկետով և դրամական տուգանքով,
Հոդված 179-3` Զրույցների չարտոնված ձայնագրում
Անձը, որն առանց այլ մասնակիցների համաձայնության ձայնագրիչ սարքի միջոցով ձայնագրել է մասնավոր զրույցը, որին նա մասնակցել է,
Անձը, որը պահպանել է ձայնագրությունը, որ նա իմացել է, որ կատարվել է կամ ենթադրվում է, որ կատարվել է 1-ին պարբերությունում նկարագրված խախտմանբ, կամ օգտագործել է կամ հասանելի դարձրել երրորդ անձի, բողոքի հիման պատժվում է ազատազրկմամբ մեկ և ավելի ժամկետով կամ դրամական տուգանքով,
Հոդված 179-4` Տեսագրման սարքի միջոցով գաղտնիության և անձնական ոլորտի խախտում
Անձը, որն առանց շահագրգիռ անձի համաձայնության, տեսագրման սարքի միջոցով հետևել է կամ նկարահանման սարքերի միջոցով ֆիքսել փաստեր, որոնք պատկանում են տվյալ անձի գաղտնիության կամ անձնական ոլորտին,
Անձը, որն օգտագործել է կամ հասանելի դարձրել երրորդ անձին փաստը, որը նա իմացել է կամ ենթադրել է, որ ձեռք է բերվել 1-ին պարբերությունում սահմանված խախտմանբ,
Անձը, որը պահպանել է տեսագրությունը, որ կատարվել է կամ ենթադրվում է, որ կատարվել է 1-ին պարբերությունում նկարագրված խախտմանբ, կամ օգտագործել է կամ հասանելի դարձրել երրորդ անձի, բողոքի հիման պատժվում է ազատազրկմամբ երեք և ավելի ժամկետով կամ դրամական տուգանքով »:
23. Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից 1998թ. հունիսի 26-ին ընդունված անձնական կյանքը հարգելու իրավունքի վերաբերյալ թիվ 1165 (1998) բանաձևի համապատասխան հատվածները սահմանում են հետևյալը`
« 10. Անհրաժեշտ է գտնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկու հիմնարար իրավունքների` անձնական կյանքը հարգելու իրավունքի և խոսքի ազատության հավասարակշիռ իրագործումն ապահովող միջոց:
11. Վեհաժողովը վերահաստատում է յուրաքանչյուր անձի անձնական կյանքը հարգելու իրավունքի, ինչպես նաև խոսքի ազատության կարևորությունը, որպես ժողովրդավարական հասարակության կայացման հիմքեր: Այս իրավունքները համարժեք են և մեկը մյուսին չեն ստորակարգվում:
12. Այնուամենայնիվ, Վեհաժողովը հիշեցնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական կյանքը հարգելու իրավունքը պետք է պաշտպանի տվյալ անձին ոչ միայն հանրային մարմինների, այլ նաև մասնավոր ընկերությունների և մասնավոր անձանց, այդ թվում` զանգվածային լրատվամիջոցների միջամտությունից:
13. Հաշվի առնելով բոլոր անդամ պետությունների կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վավերացումը և ներպետական օրենսդրություններում նման պաշտպանության ներառումը` Վեհաժողովն անհրաժեշտ չի համարում առաջարկել ընդունել նոր կոնվենցիա անձնական կյանքը հարգելու իրավունքն երաշխավորելու համար (...) »
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
24. Դիմումատուները բողոքում են, որ խախտվել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության իրենց իրավունքը, որը սահմանվել է հետևյալ կերպ`
« 1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատություն` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմա-նավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամμողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով: »
25. Կառավարություն վիճարկում է այս փաստարկները:
Ա) Գործի ընդունելիության վերաբերյալ
26. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) կետի առումով: Ավելին, չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ այլ պատճառ: Ուստի, այն գանգատն ընդունելի է հայտարարում:
Բ) Գործի էության մասին
1. Կողմերի փաստարկները
ա) Դիմումատուները
27. Դիմումատուները պնդում են, որ Քրեական օրենսգրքի 179-2 և 179-3 հոդվածների հետևանքները բավարար չափով կանխատեսելի չեն: Ըստ նրանց, թաքնված տեսախցիկի օգտագործումն որևէ տեղ ակնհայտորեն կարգավորված չէ, իսկ դատարանների նախադեպային իրավունքը և Շվեցարիայի մամուլի խորհրդի հանձնարարականներն այս հարցում բավականին աղոտ են: Դաշնային դատարանը փորձում է բացարձակապես արգելել հետաքննության և թաքնված տեսախցիկի կիրառումը:
28. Դիմումատուներն ավելացնում են, որ Քրեական օրենսգրքի 179-2 և 179-3 հոդվածները չեն պաշտպանում մարդկանց միջև հաղորդակցության անկողմանակալությունը, ոչ էլ անձնական բնույթ ունենալու իրավունքը, այլ ուղղված են ի շահ մասնավոր ոլորտում հաղորդակցության գաղտնիության: Սույն գործում, խոսակցությունը տեղի է ունեցել մի բնակարանում, որը չէր պատկանում ապահովագրական բրոքերին, և վերջինիս աշխատանքի ժամանակ: Բացի այդ, լրագրողի և բրոքերի միջև չի եղել վստահության առանձնահատուկ հարաբերություն: Ըստ նրանց, խնդիրը չի վերաբերում բրոքերի մասնավոր և նեղ անձնական ոլորտի պաշտպանությանը: Այն փաստը, որ բրոքերի դեմքը և ձայնը փոխված է եղել ամբողջովին փոխում է իրավիճակը:
29. Բացի այդ, նրանք պնդում են, որ պահպանել են նման իրավիճակներում իրեց վրա ընկոնղ պարտավորությունները և պարտականությունները: Շվեցարիայի մամուլի խորհուրդն իր թիվ 51/2007 որոշման մեջ նշել է, որ թաքնված հետաքննությունները թույլատրվում են, եթե տվյալ տեղեկություններն ունեն հանրային նշանակություն և եթե այդ տեղեկությունները հնարավոր չէ ձեռք բերել այլ ճանապարհով: Հաղորդման թեման, որով դիմումատուները ցանկացել են հանրության ուշադրությունն ուղղել Շվեցարիայում ապահովագրական մասնավոր ընկերությունների թերությունների վրա, հանրային նշանակության հարց է: Բացի այդ, լրագրողներն ազատ են ընտրելու իրենց հետաքննության իրականացման համար անհրաժեշտ միջոցները: Այս դեպքում խնդրի իրական ներկայացումն անհրաժեշտ է եղել, իսկ եթե փաստերն աղավաղված լինեին, ապահովագրական բրոքերը կշահեր քաղաքացիական դատը: Հաշվի առնելով Դաշնային դատարանի լուծման բացարձակ բնույթը` տարհամոզիչ բնույթը չափազանց կարևոր է: Ապահովագրական բրոքերին հնարավորություն էր տրվել իր կարծիքն հայտնել դիմումատուների քննադատության վերաբերյալ տեսագրումից և հաղորդման հեռարձակումից առաջ, որից նա հրաժարվել էր:
բ) Կառավարությունը
30. Կառավարությունը վիճարկում է այս վիճահարույց մեղադրանքները, որոնք համարվել են դիմումատուների խոսքի ազատության իրավունքի իրականացման նկատմամբ «միջամտություն»: Ըստ Կառավարության, այս միջամտությունը նախատեսված է եղել հստակ և կանխատեսելի օրենքով: Քրեական օրենսգրքի 179 -2 հոդվածը պաշտպանում է փաստացի խոսակցությունը, իսկ 179-3 հոդվածը` ընթացիկ խոսքը: Թե´ մասնավոր և նեղ անձնական ոլորտը, թե´ սեփական պատկերի և խոսքի պաշտպանության իրավունքը պաշտպանված են և համապատասխանում են այլ անձանց իրավունքների և հեղինակության պաշտպանության իրավաչափ նպատակին:
31. Այն փաստը, որ բրոքերի դեմքը և ձայնը փոփոխված են եղել, ըստ Կառավարության, ոչինչ չի փոխում, քանի որ օրենքը պատիժ է նախատեսում տեսագրման և հեռարձակման համար: Բացի այդ, ինչպես և հաստատել էր Դաշնային դատարանը, չէր բացառվում, որ ապահովագրական բրոքերի մերձավորները և գործընկերները կարող էին նրան ճանաչել և, հետևաբար, բացահայտել նրան: Բացի այդ, Կառավարությունը պնդում է, որ որևէ եզրակացության չի կարելի հանգել ներպետական քաղաքացիական դատավարության արդյունքի հիման վրա, քանի որ այն քրեական դատավարությունից անկախ է և ենթարկվում է այլ տրամաբանության:
32. Ինչ վերաբերում է միջոցառման համաչափությանը, Դաշնային դատարանը համարել է, որ թաքնված տեսախցիկի օգտագործումը նման է գաղտնի ծառայությունների աշխատանքային մեթոդին կամ փոստային ծառայության կողմից կամ հեռահաղորդակցման միջոցներով նամակագրության վերահսկմանը: Այս մեթոդներն ընդունելի են, սակայն միայն շատ սահմանափակ դեպքերում և ծանր բնույթի խախտումների ժամանակ: Դաշնային դատարանի դիրքորոշումը սույն գործի կապակցությամբ հստակ է և ոչ ընդհանուր բնույթի: Այն ընդունել է, որ չի կարելի է անտեսել կյանքի ապահովագրության վաճառքի բնագավառում հնարավոր թերությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հանրային նշանակությունը, սակայն սույն գործում ռեպորտաժը ներկայացրել է միայն խնդիրներն առանց դրանք բացահայտելու: Լրագրողը կարող էր օգտագործել խոսակցությունն առանց ձայնագրման կամ օգտագործել օրինական միջոցներ, քանի որ լրագրողն իրավասու չէ հավաքել բացարձակ փաստեր: Բացի այդ, Կառավարությունը պնդում է, որ դիմումատուները, որպես փորձառու լրագրողներ, չէին կարող տեղյակ չլինել, որ նման վարքագիծը կարող էր հանգեցնել պատժամիջոցների, որոնք այս գործում ողջամիտ են:
դ) ԶԼՄ-ների իրավական պաշտպանության նախաձեռնություն (Media Legal Defence Initiative (MLDI)), երրորդ մասնակից
33. MLDI-ն` երրորդ մասնակիցը, ընդգծում է գաղտնի հետաքննության միջոցների կարևորությունն որոշ տեսակի ռեպորտաժների մշակման համար, մասնավորապես, երբ անհրաժեշտ է շրջանցել մեծ և բարդ կազմակերպությունների մշակված իմիջը, կամ մուտք գործել գաղտնի մի աշխարհ, որի մուտքը սահմանափակ է: Օգտագործվելով էթիկայի նորմերին համապատասխան և նպատակային ձևով` այս գործիքները վերջին միջոցներն են, որոնք թույլ են տալիս բացահայտել իրական գործելակերպը, որը հնարավոր չէր լինի իրապես ներկայացնել այլ միջոցների շնորհիվ: Փաստի վերաբերյալ գնահատականն այլ է, երբ տեսագրումը տեղի է ունենում տվյալ անձի տանից կամ գրասենյակից դուրս: MLDI-ն ընդգծում է, որ եվրոպական շատ երկրներում ընդունված է գաղտնի հետաքննության միջոցների օգտագործումը պետության կողմից համապատասխան կարգավորման շրջանակներում:
2. Դատարանի գնահատականը
34. Կողմերի միջև վեճի առարկան դիմումատուների խոսքի ազատության իրավունքի նկատմամբ նրանց դատապարտման միջոցով «հանրային մարմինների կողմից» իրականացված միջամտությունը չէ:
35. Նման միջամտությունը խախտում է Կոնվենցիայի դրույթները, եթե այն չի բավարարում 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները: Հետևաբար, անհրաժեշտ է սահմանել, թե արդյոք այն «նախատեսված է եղել օրենքով», վերը նշված մասի համաձայն հետապնդել է մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակ և «անհրաժեշտ է եղել ժողովրդավարական հասարակությունում» դրանց հասնելու համար:
ա) Նախատեսված է օրենքով
36. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային իրավունքը, որի համաձայն «նախատեսված է օրենքով» բառակապակցությունն ոչ միայն ենթադրում է, որ տվյալ միջոցը պետք է ունենա հիմք ներպետական իրավունքում, այլ նաև այն վերաբերում է վիճահարույց օրենքի որակին, այսինքն` այն պետք է հասանելի լինի և ունենա կանխատեսելի հետևանքներ (տե´ս, ի թիվս այլոց, Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի [Rotaru c. Roumanie ][ՄՊ], թիվ 28341/95, § 52, ՄԻԵԴ 2000‑V, ՎԳՏ Կենդանիների ֆաբրիկայի դեմ ասոցիացիան ընդդեմ Շվեցարիայի [Vgt Verein gegen Tierfabriken c. Suisse], թիվ 24699/94, § 52, ՄԻԵԴ 2001‑VI, Գավեդան ընդդեմ Լեհաստանի [Gawęda c. Pologne], թիվ 26229/95, § 39, ՄԻԵԴ 2002‑II և Մաեստրին ընդդեմ Իտալիայի [Maestri c. Italie] [ՄՊ],թիվ 39748/98, § 30, ՄԻԵԴ 2004-I գործեր): Այնուամենայնիվ, ներպետական իշխանությունները, մասնավորապես դատարանները, պետք է մեկնաբանեն և կիրառեն ներպետական իրավունքը (Կրյուսլենն ընդդեմ Ֆրանսիայի [Kruslin c. France], ապրիլի 24,1990թ., § 29, շարք Ա թիվ 176-Ա և Կոպպն ընդդեմ Շվեցարիայի [Kopp c. Suisse], մարտի 25, 1998, § 59, Որոշումների և վճռիների ժողովածու 1998-II):
37. Ինչ վերաբերում է գործի փաստական հանգամանքներին, չի վիճարկվում այն փաստը, որ դիմումատուների դատապարտումը հիմնված է եղել ընդունելի տեքստի` շվեցարական քրեական օրենսգրքի 179-2 և 179-3 հոդվածների վրա: Փոխարենը, դիմումատուները պնդում են, որ իրավական նորմերի հետևանքները կանխատեսելի չեն եղել, քանի որ թաքնված տեսախցիկի օգտագործումն որևէ տեղ ակնհայտորեն չի արգելվում:
38. Դատարանը նշում է, որ կողմերի կողմից շվեցարական քրեական օրենսգրքի հոդվածների մեկնաբանման տարբերությունը վերաբերում է միայն քրեական այս միջոցառումների արդյունքին` անձի և անձնական կյանքի տարրերին, որոնք այն փորձում է պաշտպանել: Սակայն Դատարանը նշում է, որ դիմումատուները չեն պնդում, որ տվյալ հոդվածներում նկարագրված պատժելի վարքագծի տեսակը պարզ չի եղել:
39. Այսպիսով, Դատարանը համարում է, որ դիմումատուները` լրագրողներ և խմբագրեր, ի պաշտոնե չէին կարող տեղյակ չլինել, որ օգտագործելով թաքնված տեսախցիկ առանց ռեպորտաժի սուբյեկտ հանդիսացող անձի համաձայնության և առանց նրա թույլտվության ռեպորտաժը հեռարձակելով, կարող էին ենթարկվել քրեական պատասխանատվության:
40. Դատարանն եզրակացնում է, որ վիճահարույց միջամտությունը «նախատեսված է եղել օրենքով» Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
բ) Իրավաչափ նպատակ
41. Կառավարություն պնդում է, որ դիմումատուների դատապարտումը հետապնդել է այլ անձի, այսինքն ապահովագրական բրոքերի, իրավունքների և հեղինակության պաշտպանության իրավաչափ նպատակ: Դիմումատուները պնդում են, որ միջամտությունը չէր կարող ունենալ նման նպատակ, քանի որ չէին խախտվել բրոքերի իրավունքները և չէր վնասվել վերջինիս հեղինակությունը, քանի որ նրա դեմքը և ձայնը փոփոխված են եղել:
42. Դատարանը համարում է, որ բրոքերի պատկերը և ձայնը տեսագրվել են առանց իր իմացության, ապա հեռարձակվել իր կամքին հակառակ, իհարկե, անանուն տարբերակով, սակայն նվաստացուցիչ ձևով` մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդման ընթացքում ի ցույց դնելով բրոքերի տված մասնագիտական սխալ խորհուրդները:
43. Դատարանը համարում է, որ վիճահարույց միջոցառումը կարող էր նպատակ ունենալ պաշտպանել այլ անձի իրավունքները և հեղինակությունը` այն է բրոքերի պատկերի, խոսքի, ինչպես նաև հեղինակության իրավունքը:
գ) Անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում
i. Ընդհանուր սկզբունքներ
44. Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևորագույն հիմնքերից է, հասարակության առաջընթացի և յուրաքանչյուր անձի զարգացման հիմնական պայմանը: 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն ներառում է ոչ միայն «տեղեկություները» կամ գաղափարները, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են ոչ վտանգավոր, այլ նաև այն տեղեկությունները կամ գաղափարները, որոնք վիրավորում են, ցնցում կամ մտահոգում: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության և լայնախոհության պահանջները, առանց որոնց «ժողովրդավարական հասարակությունը» գոյություն ունենալ չի կարող: Ինչպես սահմանում է 10-րդ հոդվածը, խոսքի ազատությունն ունի բացառություններ, որոնք, այնուամենայնիվ, պահանջում են նեղ մեկնաբանում, իսկ սահմանափակման անհրաժեշտությունը պետք է կատարվի համոզիչ կերպով (տե´ս, ի թիվս այլոց, Հենդիսայդն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Handyside c. Royaume-Uni], դեկտեմբերի 7, 1976թ., § 49, շարք Ա թիվ 24 , Պլոն հրատարակչությունն ընդդեմ Ֆրանսիայի [Editions Plon c. France], թիվ 58148/00, § 42, ՄԻԵԴ 2004‑IV, Լինդոնը, Օչակովսկի-Լորանսը և Ժյուլին ընդդեմ Ֆրանսիայի [Lindon, Otchakovsky-Laurens et July c. France] [ՄՊ], թիվ 21279/02 և 36448/02, § 45, ՄԻԵԴ 2007‑IV) :
45. Բացի այդ, Դատարանը բազմիցս ընդգծել է ժողովրդավարական հասարակությունում մամուլի ունեցած էական դերը: Չնայած, որ մամուլը չպետք է գերազանցի որոշակի սահմաններ, այդ թվում` այլ անձանց իրավունքների և հեղինակություն պաշտպանության սահմանները, այնուամենայնիվ, իր պարտավորությունների և պատասխանատվության շրջանակներում, մամուլը պետք է տրամադրի տեղեկություններ և գաղափարներ հանրային նշանակության բոլոր հարցերի վերաբերյալ: Նման հարցերի վերաբերյալ տեղեկությունների և գաղափարների տարածման իր գործառույթին ավելանում է նաև հասարակության դրանք ստանալու իրավունքը: Հակառակ դեպքում, մամուլը չէր կարող խաղալ «պահապան շան» իր էական դերը (Բլադը և Տրոմսոն և Ստեհսաասն ընդդեմ Նորվեգիայի [Blad et Tromsø et Stensaas c. Norvège] [ՄՊ], թիվ 21980/93, §§ 59 et 62, ՄԻԵԴ 1999‑III, et Պեդերսենը և Բաադսգարդն ընդդեմ Դանիայի [Pedersen et Baadsgaard c. Danemark] [ՄՊ], թիվ 49017/99, § 71, ՄԻԵԴ 2004‑XI): Չնայած այս ձևակերպումները նախևառաջ արվել են տպագիր լրատվամիջոցների համար` այս սկզբունքները, անկասկած, կիրառելի են տեսաձայնային այլ միջոցների վրա (Ջերսիլդն ընդդեմ Դանիայի [Jersild c. Danemark], սեպտեմբերի 23, 1994, § 31, շարք Ա թիվ 29):
46. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասն ընդգծում է, որ խոսքի ազատության իրականացումը ներառում է «պարտավորություններ և պարտականություններ», որոնք վերաբերում են նաև ԶԼՄ-ներին, նույնիսկ երբ խոսքը գնում է հանրային նշանակության հարցերին: Այս պարտավորություններն ու պարտականությունները կարող են ունենալ առանձնահատուկ կարևորություն, երբ կարող է վնաս հասցվել անվանապես նշված անձի հեղինակությանը և վնաս հասցնել «այլոց իրավունքներին»: Հետևաբար, պետք է լինեն կոնկրետ հիմքեր ԶԼՄ-ներին զրպարտիչ հայտարարությունների իսկությունը ստուգելու իրենց մշտական պարտականությունից ազատելու համար: Այս առումով, հաշվի առնվում տվյալ մեղադրանքի բնույթը և աստիճանը, ինչպես նաև այն հարցը,թե որքանով ԶԼՄ-ն կարող էր ողջամտորեն հավաստի համարել տեղեկությունների իր աղբյուրի նման պնդումները (վերը նշված Պեդերսենը և Բաադսգարդը [Pedersen et Baadsgaard], § 78 և Թյոնսբերս Բալդ Ա.Ս.-ն և Հաուկոմն ընդդեմ Նորվեգիայի [Tønsbergs Blad A.S. et Haukom c. Norvège], թիվ 510/04, § 89, մարտի 1, 2007թ.):
47. Հարկ է նաև հիշեցել, որ ցանկացած անձ, լինի նա լրագրող, թե ոչ, որն իրականացնում է խոսքի ազատության իր իրավունքը, պետք է ստանձնի իր «պարտավորությունները և պարտականությունները», որոնց սահմանները կախված են իր իրավիճակից և օգտագործված տեխնիկական միջոցներից (Շտոլն ընդդեմ Շվեցարիայի [Stoll c. Suisse] [ՄՊ], թիվ 69698/01, § 102, ՄԻԵԴ 2007‑V): Այսպիսով, չնայած ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ներին հատկացված կարևոր դերին` սկզբունքորեն լրագրողները, 10-րդ հոդվածով երաշխավորվող պաշպանության հիման վրա չեն կարող ազատվել ընդհանուր իրավունքի քրեական օրենքները հարգելու պարտականությունից: Բացի այդ, 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է խոսքի ազատության իրականացման սահմանները, որոնք գործում են նույնիսկ մամուլի միջոցով հանրությանը հուզող հարցերի վերաբերյալ հաշվետու լինելու ժամանակ (նույն տեղում, § 102).
48. «Այլ անձի իրավունքների և հեղինակության պաշտպանության» նպատակով ժողովրդավարական հասարակությունում միջամտության անհրաժեշտության ուսումնասիրման ժամանակ Դատարանը կարող է ստուգել այն փաստը, թե արդյոք ներպետական իշխանությունները կարողացել են ապահովել Կոնվենցիայով երաշխավորվող երկու կարևոր արժեքների արդար հավասարակշռումը, որոնք կոնկրետ դեպքում հակասության մեջ են, այսինքն` մի կողմից 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության իրավունքը, իսկ մյուս կողմից 8-րդ հոդվածի դրույթներով երաշխավորող անձնական կյանքը հարգելու իրավունքը (Հաշետ Ֆիլիպաչի գործընկեներն ընդդեմ Ֆրանսիայի [Hachette Filipacchi Associés c. France], թիվ 71111/01, § 43, հունիսի 14, 2007թ., և ՄՋՆ ՍՊԸ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [MGN Limited c. Royaume-Uni], թիվ 39401/04, § 142, հունվարի 18, 2011թ.):
49. Բացի այդ, հեղինակության պաշտպանության իրավունքը, որպես անձնական կյանքի տարր, բխում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածից (Շովին և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի [Chauvy et autres c. France], թիվ 64915/01, § 70, ՄԻԵԴ 2004‑VI, Պֆայֆերն ընդդեմ Ավստրիայի [Pfeifer c. Autriche], թիվ 12556/03, § 49, նոյեմբերի 15, 2007թ., Պոլանկո Տորեսը և Մովիյա Պոլանկոն ընդդեմ Իսպանիայի [Polanco Torres et Movilla Polanco c. Espagne], թիվ 34147/06, § 40, սեպտեմբերի 2, 2010թ. և Աքսել Սպինգեր Ա.Գ.-ն ընդդեմ Գերմանայի [Axel Springer AG c. Allemagne] [ՄՊ], թիվ 39954/08, § 83, փետրվարի 7, 2012թ.): Սակայն, որպեսզի 8-րդ հոդվածը կիրառվի, անձնական հեղինակությանը հասցված վնասը պետք է հասնի լրջության որոշակի մակարդակի և կատարվի այնպես, որպեսզի խանգարի անձնական կյանքը հարգելու իրավունքից օգտվելուն (Ա.-ն ընդդեմ Նորվեգիայի [A. c. Norvège], թիվ 28070/06, § 64, ապրիլի 9, 2009թ.):
50. Իր նախադեպային իրավունքի շրջանակներում Դատարանն անդրադարձել է մի շարք գործերի, որոնք վերաբերում են հասարակական գործիչների հեղինակությանը հասցված վնասներին (վերը նշած Աքսել Սպրինգեր ԱԳ [Axel Springer AG]): Այն հիշեցնում է, որ արդեն սահմանել է խոսքի ազատության և անձնական կյանքը հարգելու իրավունքի հավասարակշռման ժամանակ վերլուծության ենթակա չափանիշները` ընդհանուր հետաքրքրության բանավեճին ներդրումը, ռեպորտաժի օբյեկտը և տվյալ անձի համբավը, տվյալ անձի վարքագիծը, տեղեկությունների ձեռքբերման ձևը, բովանդակությունը, ձևը, հրապարակման ազդեցությունը և պատժամիջոցի ծանրությունը (վերը նշած Աքսել Սպրինգեր ԱԳ [Axel Springer AG]) §§ 90-95):
51. Դատարանը նաև անդրադարձել է անձի մասնագիտական գործունեության հետ կապված զրպարտանքի դեպքերին (բժիշկի վերաբերյալ Կանելոպուլուն ընդդեմ Հունաստանի [Kanellopoulou c. Grèce], թիվ 28504/05, հոկտեմբերի 11, 2007թ. , պետության կողմից սուբսիդավորվող ընկերության գլխավոր տնօրենի վերաբերյալ Տանասոաիկան ընդդեմ Ռումինիայի [Tănăsoaica c. Roumanie], թիվ 3490/03, հունիսի 19, 2012թ., դատավորների վերաբերյալ, Բելպիետրոն ընդդեմ Իտալիայի [Belpietro c. Italie], թիվ 43612/10, սեպտեմբերի 24, 2013թ.):
52. Սույն գործը նախորդներից առանձնանում է նրանով, որ մի կողմից, ապահովագրական բրոքերն առանձնահատուկ համբավ վայելող հասարակական գործիչ չէ, և մյուս կողմից, վիճահարույց ռեպորտաժը չէր քննադատում անձամբ բրոքերին, այլ ուղղված է եղել առևտրային որոշակի գործելակերպի դեմ, որոնք կիրառվում են մասնագիտական այն կատեգորիայում, որին պատկանում էր բրոքերը: (տե´ս, վերը նշված Կանելլոպուլու [Kanellopoulou] գործը): Հետևաբար, ապահովագրական բրոքերի անձնական հեղինակության վրա ռեպորտաժի ազդեցությունը սահմանափակ է եղել, իսկ Դատարանը հաշվի է առնում այդ հատուկ ասպեկտն իր նախադեպային իրավունքով հաստատված չափանիշների կիրառման ժամանակ:
53. Բացի այդ, Դատարանը հիշեցնում է, որ, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի առումով, անդամ պետություններն ունեն հայեցողության որոշակի սահմաններ այս դրույթով երաշխավորվող խոսքի ազատության նկատմամբ միջամտության չափը և անհրաժեշտությունը գնահատելու համար (վերը նշված Տամմերն ընդդեմ Էստոնիայի [Tammer c. Estonie], թիվ 41205/98, § 60, ՄԻԵԴ 2001‑I, և Պեդերսենը և Բաադգարդ [Pedersen et Baadsgaard], § 68):
54. Նմանատիպ գործերի քննության ժամանակ Դատարանը համարում է, որ գանգատի լուծումը սկզբունքորեն չի կարող տարբեր լինել`կախված Դատարան ներկայացման հիմքից. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիման վրա վիճահարույց հոդված հրապարակած լրագրողի կողմից, թե Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով այդ հոդվածի սուբյեկտ հանդիսացած անձի կողմից: Իրականում, այս իրավունքներն արժանի են հավասար հարգանքի (Հաշետ Ֆիլիպաչի գործընկերներ (ԻՍԻ Պարի) ընդդեմ Ֆրանսիայի [Hachette Filipacchi Associés (ICI PARIS) c. France], թիվ 12268/03, § 41, հուլիսի, 2009թ., Տիմսիյուկն ընդդեմ Ռումինիայի [Timciuc c. Roumanie] (որոշում), թիվ 28999/03, § 144, հոկտեմբերի 12, 2010թ., և Մոսլին ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Mosley c. Royaume-Uni], թիվ 48009/08, § 111, մայիսի 10, 2011թ., տե´ս նաև Խորհրդարական վեհաժողովի բանաձևի 11-րդ կետը, վերը նշված 23-րդ կետ): Հետևաբար, հայեցողության սահմանը սկզբունքորեն երկու դեպքերում էլ պետք է նույնը լինի:
55. Եթե ներպետական իշխանությունների կողմից այս երկու իրավունքների հավասարակշռումը կատարվել է Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշներին համապատասխան, ապա լուրջ հիմքեր պետք է լինեն, որպեսզի Դատարանն իր կարծիքը փոխարինի ներպետական ատյանների կարծիքով (Պալոմո Սանչեսը և մյուսներն ընդդեմ Իսպանիայի [Palomo Sánchez et autres c. Espagne] [ՄՊ], թիվ 28955/06, 28957/06, 28959/06 և 28964/06, § 57, ՄԻԵԴ 2011 և վերը նշված ՄՋՆ ՍՊԸ [MGN Limited] §§ 150 և 155):
ii. Սույն գործում կիրառումը
56. Դատարանը պետք է նախևառաջ սահմանի, թե արդյոք տվյալ ռեպորտաժն ունեցել է հանրային նշանակություն: Բացի այդ, Դատարանը նշում է, որ իրականացված ռեպորտաժի թեման` ապահովագրական մասնավոր ընկերությունների բրոքերների տրամադրած խորհուրդների վատ որակը, և, հետևաբար, դրանից բխող սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը, հանրային նշանակության հարց է:
57. Դատարանի համար կարևոր է նաև ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք տվյալ ռեպորտաժը կարող էր նպաստել տվյալ թեմայի շուրջ հանրային բանավեճի կայացմանը (վերը նշված Շտոլ [Stoll], § 121): Այս առումով Դաշնային դատարանը համարում է, որ եթե թեման ինքնին կարող էր լինել հանրային նշանակության, եթե փորձեր սահմանել երևույթի չափը, վիճահարույց ռեպորտաժը որևէ նոր մանրամասներ չէր տալիս վատորակ խորհուրդների խնդրի վերաբերյալ: Բացի այդ, ապահովագրական բրոքերի շահերին չդիպչող այլ միջոցները կարող էին թույլ տալ անդրադառնալ այդ խնդրին: Դատարանի համար կարևոր է միայն պարզել, թե արդյոք ռեպորտաժը կարող էր ներդրում ունենալ այս հարցի շուրջ հանրային բանավեճի կայացմանը, և ոչ թե, արդյոք ռեպորտաժն կարողացել է լիովին ապահովել այս նպատակը:
58. Հետևաբար, Դատարանն ընդունում է, որ նման հոդվածն անդրադարձել էր հանրային նշանակության թեմայի:
59. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասը բացառում է խոսքի ազատության սահմանափակումները հանրային նշանակության հարցերի դեպքում (Սյուրեկն ընդդեմ Թուրքիայի [Sürek c. Turquie] (թիվ 1) [ՄՊ], թիվ 26682/95, § 61 ՄԻԵԴ 1999-IV, վերը նշված Շտոլ [Stoll], § 106, Վինգրովն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Wingrove c. Royaume-Uni], նոյեմբերի 25, 1996թ., § 58, Ժողովածու 1996‑V, Դյուպուին և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի [Dupuis et autres c. France] թիվ 1914/02, § 40, հունիսի 7, 2007թ.):
60. Իհարկե, ինչպես արդեն հայտարարվել էր, Դատարանը նշում է, որ բրոքերը, որին տեսագրել էին առանց իր իմացություն, հասարակական գործիչ չէր: Նա իր համաձայնությունը չէր տվել նկարահանման համար և կարող էր հավատալ, որ այդ հանդիպումն ուներ «մասնավոր բնույթ» (տե´ս, բոլոր փոփոխություններով, Հալֆորդն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Halford c. Royaume-Uni], հունիսի 25, 1997թ., §§ 44 և 45, Որոշումների և վճիռների ժողովածու 1997-III և Փերրին ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Perry c. Royaume-Uni], թիվ 63737/00, §§ 36-43, ՄԻԵԴ 2003-IX): Սակայն վիճահարույց ռեպորտաժը կենտրոնացած չի եղել բրոքերի անձի, այլ մասնագիտական որոշակի կատեգորիայի շրջանակներում առևտրային որոշակի գործելակերպի վրա: Բացի այդ, հանդիպումը տեղի չի ունեցել բրոքերի գրասենյակում կամ մասնագիտական այլ տարածքում (հակառակը և բոլոր փոփոխություններով Չապելլն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Chappell c. Royaume-Uni], մարտի 30, 1989, § 51, շարք Ա թիվ 152-Ա, վերը նշված Նիմեց [Niemietz], §§ 29-33, Ֆունկեն ընդդեմ Ֆրանսիայի [Funke c. France], փետրվարի 25, 1993թ., § 48, շարք Ա թիվ 256-Ա, Կրեմիոն ընդդեմ Ֆրանսիայի [Crémieux c. France], փետրվարի 25, 1993թ., § 31, շարք Ա թիվ 256-Բ, և Միելեն ընդդե Ֆրանսիայի [Miailhe c. France](թիվ 1), փետրվարի 25, 1993թ., § 28, շարք Ա թիվ 256-Գ): Ուստի Դատարանը համարում է, որ բրոքերի անձնական կյանքի նկատմամբ միջամտությունը պակաս կարևոր է, քան եթե բրոքերն անձամբ ռեպորտաժի թիրախը լիներ:
61. Տեղեկությունների ստացման եղանակը և դրանց իսկությունը նույնպես կարևոր նշանակություն ունեն: Դատարանն արդեն առիթ է ունեցել վճռել, որ երաշխիքը, որը 10-րդ հոդվածը շնորհում է լրագրողներին, ինչ վերաբերում է հանրային նշանակության հարցերի վերաբերյալ հաշվետվություններին, ստորակարգվում է այն պայմանին, որի համաձայն տվյալ անձինք բարեխղճորեն ճշգրիտ փաստերի հիման վրա տրամադրում են «հավաստի և հստակ» տեղեկություններ` հարգելով լրագրողական էթիկայի նորմերը (տե´սr, օրինակ, Ֆրեսոզը և Ռուառն ընդդեմ Ֆրանսիայի [Fressoz et Roire c. France] [ՄՊ], թիվ 29183/95, § 54, ՄԻԵԴ 1999-I, վերը նշված Պեդերսենը և Բադգարդը [Pedersen et Baadsgaard], § 78, Շտոլը [Stoll], § 103 և Աքսել Սպրինգեր ԱԳ [Axel Springer AG] § 93): Դատարանը նշում է, որ թեև կողմերը հիմվում են տարբեր աղբյուրների վրա, այնուամենայնիվ, ըստ էության համակարծիք են այն բանի շուրջ, թաքնված տեսախցիկի օգտագործումը բացարձակապես արգելված չէ ներպետական իրավունքում, սակայն այն կարող է թույլատրվել հստակ պայմաններում (տե´ս համապատասխանաբար §§ 29 և 32): Ըստ կողմերի` տեսախցիկի օգտագործումը թույլատրվում է, եթե առկա է տեղեկությունների տարածման գերակա հանրային շահ և այն պայմանով, որ այդ տեղեկությունները չեն կարող ձեռքբերվել այլ կերպ: Դատարանն արդեն նշել է, որ ռեպորտաժի թեման հանրային նշանակության հարց է եղել: Այս փուլում Դատարանի համար կարևոր է դիմումատուների վարքագծի վերլուծությունը: Այս առումով Դատարանը համարում է, որ եթե բրոքերը կարող է իրավամբ իրեն դիմումատուների կողմից խաբված համարել, այն, այնուամենայնիվ, կարծում է, որ չի կարող դիմումատուներին մեղադրել դիտավորյալ էթիկայի կանոներին հակառակ վարքագիծ դրսևորելու մեջ: Վերջիններս չեն անտեսել Շվեցարիայի մամուլի խորհրդի կողմից սահմանված լրագրողական կանոնները (տե´ս, վերը նշված 29-րդ կետ ci-dessus), որոնք սահմանափակում են թաքնված տեսախցիկի օգտագործումը, սակայն, համաձայն շվեցարական գերագույն ատյանի, ավելի շուտ եզրակացրել են, որ իրենց ռեպորտաժի թեման իրենց թույլ կտա թաքնված տեսախցիկ օգտագործել: Դատարանը նշում է, որ այդ հարցին շվեցարական դատարանները միանշանակ չեն մոտեցել, առաջին ատյանի մակարդակում արդարացրել են դիմումատուներին և հանել քրեական մեղադրանքը: Ըստ այդմ, Դատարանը կարծում է, որ դիմումատուների նկատմամբ պետք է կիրառվի անմեղության կանխավարկած, ինչ վերաբերում է տեղեկությունների ձեռքբերման եղանակի առումով սույն գործում կիրառելի էթիկայի կանոնների պահպանման պատրաստակամությանը:
62. Ինչ վերաբերում է ներկայացված փաստերին, դրանց իսկությունն երբեք չի վիճարկվել: Այն, որ, ինչպես պնդում է Կառավարությունը, սպառողների համար ավելի հետաքրքիր է եղել ներկայացնել ավելի շուտ այդ խնդիրների ծավալը, քան բնույթը, որևէ կերպ չի փոխում այս եզրակացությունը:
63. Դատարանը հիշեցնում է այնուհետև, որ հաշվի է առնվում, թե ինչպես է հրապարակվել ռեպորտաժը կամ լուսանկարը, և թե ինչպես է տվյալ անձը ներկայացվել (Wirtschafts-Trend Zeitschriften-Verlagsgesellschaft m.b.H. c. Autriche (թիվ 3), թիվ 66298/01 et 15653/02, § 47, դեկտեմբերի 13, 2005թ., Ռեկլոսը և Դավուրլիսն ընդդեմ Հունաստանի [Reklos et Davourlis c. Grèce], թիվ 1234/05, § 42, հունվարի 15, 2009թ. և Ջոկիտաիպալեն ընդդեմ Ֆինլանդիայի [ Jokitaipale et autres c. Finlande], թիվ43349/05, § 68, ապրիլի 6, 2010թ.): Բացի այդ լուսանկարի կամ ռեպորտաժի հեռարձակման ծավալը նույնպես, կարող է կարևոր համարվել, ըստ որի թերթը կարող է ազգային կամ տեղային, կարևոր կամ երկրորդական համարվել (Իլտալետին և Կարհուվարան ընդդեմ Ֆինլանդիայի [Iltalehti et Karhuvaara c. Finlande], թիվ 6372/06, § 47, ապրիլի 6, 2010թ.).
64. Սույն գործում, Դատարանը նշում է, որ դիմումատուները տեսագրել էին ապահովագրական բրոքերի և լրագրողուհու միջև թվացյալ բանակցության պատկերները և ձայնը: Ըստ Դատարանի, տեսագրումն որպես այդպիսին սահմանափակ կերպով է ազդել բրոքերի շահերի վրա, քանի որ անձանց միայն շատ նեղ .շրջանակին է հասանելի եղել տեսագրումը, ինչն էլ Կառավարությունն ընդունում է:
65. Տեսագրումն այնուհետև հեռարձակվել է ռեպորտաժի տեսքով, որն առանձապես նվաստացուցիչ է եղել բրոքերի համար, ինչն էլ Դատարանն արդեն նշել է: Թեև տեսագրման հատվածների հեռարձակումը կարճատև է եղել, սակայն բրոքերի անձնական կյանքի իրավունքի նկատմամբ միջամտությունը կարող էր ավելի զգալի լիներ, քանի որ բազմաթիվ հեռուստադիտողներ, մոտ տաս հազար ըստ Կառավարության, կարողացել են ծանոթանալ նյութին: Դատարանը գիտակցում է, որ տեսաձայնային ԶԼՄ-ները հաճախ ունենում են ավելի անմիջական և հզոր ազդեցություն, քանի տպագիր մամուլը (վերը նշված Ջերսիլդ [Jersild], §31): Այսպիսով հեռուստալսարանը կարողացել է իր սեփական կարծիքը կազմել խորհրդատվության որակի և ապահովագրական բրոքերի արհեստավարժության պակասի վերաբերյալ: Սույն գործում, որոշիչ նշանակություն ունի այն փաստը, որ դիմումատուները բրոքերի դեմքը պիքսելավորել էին այնպես, որ պատկերի փոփոխման արդյունքում տեսանելի էին միայն նրան մազերի և մաշկի գույնը: Ձայնը նույնպես փոխված է եղել: Նույն կերպ, Դատարանն ընդգծում է, որ եթե նույնիսկ տեսանելի է եղել բրոքերի հագուստը, այն չի կարող համարվել տարբերակիչ նշան: Վերջապես, հանդիպումը տեղի չի ունեցել այնպիսի տարածքում, ուր սովորաբար հաճախում է բրոքերը:
66. Այսպիսով Դատարանը համարում է, որ հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, բրոքերի անձնական կյանքի նկատմամբ միջամտությունն (վերջինս հրաժարվել է ներկայացնել իր տեսակետը) այնպիսի ծանրության չէ (վերը նշված Ա.-ն ընդդեմ Նորվեգիայի [A. c. Norvège]), որպեսզի հետին պլան մղի ապահովագրական միջնորդության բնագավատոմ ենթադրյալ թերությունների վերաբերյալ տեղեկությունների նկատմամբ հանրության հետաքրքրությունը:
67. Վերջապես, ինչ վերաբերում է պատժամիջոցի ծանրությանը, Դատարանը պետք է հաշվի առնի դրանց բնույթը և ծանրությունը: Հնարավոր է, որ դատապարտման զուտ փաստն ավելի կարևոր լինի, քանի պատժամիջոցի աննշան բնույթը ( վերը նշված Շտոլ [Stoll], §§ 153-154): Սույն գործում, թեև առաջին երեք դիմումատուների նկատմամբ կիրառված տասներկու օր ժամկետով, և չորրորդ դիմումատուների նկատմամբ չորս օր ժամկետով կիրառված դրամական տույժերը հարաբերականորեն թեթև էին, Դատարանը համարում է, որ քրեական դատարանի կողմից կայացված որոշումը կարող է հանգեցնել նրան, որ ԶԼՄ-ները զերծ մնան քննադատություններից ( վերը նշված Շտոլ [Stoll], § 154), և նույնիսկ, եթե դիմումատուները հնարավորություն են ունեցել հեռարձակել իրենց ռեպորտաժը:
68. Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը համարում է, որ վիճարկվող միջոցառումը սույն գործի շրջանակներում անհրաժեշտ չի եղել ժողովրդավարական հասարակությունում և, հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:.
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
69. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթների համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
70. Դիմումատուներն արդարացի բավարարման պահանջ չեն ներկայացրել: Ըստ այդմ, Դատարանը համարում է, որ այս ուղղությամբ փոխհատուցման հատկացման հիմքեր չկան:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Գանգատը միաձայն հայտարարում է ընդունելի:
2. Վճռում է, վեցը մեկի դեմ ձայների հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:
Կատարվել է ֆրանսերեն և գրավոր ծանուցվել է 2015թ. փետրվարի 24-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Սթենլի Նայսմիթ (Stanley Naismith) Իշիլ Կարակաշ (Işıl Karakaş)
Բաժանմունքի քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կցված է դատավոր Լեմմենսի (Lemmens) հատուկ կարծիքը:
Ա.Ի.Կ.
Ս.Հ.Ն.
*«Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (http: //), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights (http: //) or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (http: //), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy