ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆԸ ԵՎ ՍԱՖԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատներ թիվ 28506/15 եւ թիվ 6728/17)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 փետրվարի 2023 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Համազասպյանը եւ Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr]՝ Նախագահ,
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Անա Մարիա Գեռա Մարտինս [Ana Maria Guerra Martins]`դատավորներ
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի հունվարի 19-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Այս գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր օրերին։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանավորման վերաբերյալ։ Նրանք նաեւ այլ բողոքներ են ներկայացրել Կոնվենցիայի դրույթների համաձայն։
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել անօրինական կալանավորման վերաբերյալ (լրացուցիչ մանրամասների համար տե՛ս կից ներկայացված աղյուսակը): Նրանք հստակորեն կամ ըստ էության հիմնվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա:
7. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանավորումը պետք է իրականացվի «օրենքով սահմանված կարգով» եւ լինի «օրինական»: Կոնվենցիան, ըստ էության, այս փաստաթղթում հղում է կատարում ազգային իրավունքին եւ ամրագրում ազգային իրավունքի նյութաիրավական եւ ընթացակարգային պահանջները պահպանելու պարտավորությունը, սակայն ի հավելումն պահանջում է, որ ազատությունից զրկելու ցանկացած դեպք ուղղված լինի 5-րդ հոդվածի նպատակը պահպանելուն, այն է՝ անձին կամայականությունից պաշտպանելուն (տե՛ս Հաչիսոն Ռիդն ընդդեմ Միացյալ Թագավորության [Hutchison Reid v. the United Kingdom], թիվ 50272/99, § 47, ՄԻԵԴ 2003 IV, Ասանիձեն ընդդեմ Վրաստանի[ՄՊ] [Assanidze v. Georgia] [GC], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004 II, եւ Վասենինն ընդդեմ Ռուսաստանի [Vasenin v. Russia] թիվ 48023/06, § 108, 2016 թվականի հունիսի 21)։ Դատական մարմինների կողմից երկարաժամկետ կալանավորումը թույլատրող որոշումներում տրվող որեւէ հիմքի բացակայությունը կարող է անհամատեղելի լինել 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված կամայականությունից պաշտպանության սկզբունքի հետ (տե՛ս Ստաշայտիսն ընդդեմ Լիտվայի [Stašaitis v. Lithuania], թիվ 47679/99, § 67, 2002 թվականի մարտի 21, Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia], թիվ 55669/00, § 70, 2006 թվականի մարտի 2, եւ Ելոյեւն ընդդեմ Ուկրաինայի [Yeloyev v. Ukraine], թիվ 17283/02, § 54, 2008 թվականի նոյեմբերի 6):
8. Վարդան Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի [Vardan Martirosyan v. Armenia] (թիվ 13610/12, 2021 թվականի հունիսի 15) հիմնական գործում Դատարանն արդեն խախտում է հայտնաբերել այս գործում առկա նմանատիպ հարցերի առնչությամբ:
9. Դատարանը, ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը, չի հայտնաբերել այս բողոքների ընդունելիության կամ ըստ էության քննության վերաբերյալ այլ եզրակացության հանգելու համար համոզիչ փաստեր կամ փաստարկներ։
Հաշվի առնելով թեմայի հետ առնչություն ունեցող իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ ներկայիս գործում ներպետական դատարանների որոշումները, ինչպես սահմանված է կից ներկայացված աղյուսակում, դիմումատուներին չեն ընձեռել կամայականությունից պատշաճ պաշտպանության հնարավորություն, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով կալանավորման անօրինականության կարեւոր տարր է, եւ ուստի դիմումատուների կալանավորումը, ինչպես սահմանված է կից ներկայացված աղյուսակում, չի համապատասխանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին։
10. Հետեւաբար այս բողոքներն ընդունելի են, եւ դրանցով հայտնաբերվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԿԱՅՈՒՆ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ
11. Դիմումատուները ներկայացրել են այլ բողոքներ, որոնցով նույնպես բարձրաձայնվել են համապատասխան հարցեր Կոնվենցիայի շրջանակներում՝ հաշվի առնելով Դատարանի՝ ձեւավորված Anja համապատասխան կայուն նախադեպային իրավունքը (տե՛ս կից ներկայացված աղյուսակը): Այս բողոքները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ո՛չ ակնհայտորեն անհիմն են, ո՛չ էլ անընդունելի որեւէ այլ հիմքով:
Համապատասխանաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։ Դատարանը, ուսումնասիրելով իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը եւ կողմերի ներկայացրած փաստարկները, եզրակացնում է, որ դրանցով նույնպես հայտնաբերվում են Կոնվենցիայի խախտումներ Բուզաջին ընդդեմ Մոլդովայի Հանրապետության [ՄՊ] [Buzadji v. the Republic of Moldova] [GC], (թիվ 23755/07, §§ 84 եւ հաջորդող մասեր, 2016 թվականի հուլիսի 5), Արա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Ara Harutyunyan v. Armenia] (թիվ 629/11, §§ 48 եւ հաջորդող մասեր, 2016 թվականի հոկտեմբերի 20) գործերով իր եզրահանգումների լույսի ներքո։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
12. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
13. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված Վարդան Մարտիրոսյանի գործը)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները,
2. Հայտարարում է բողոքն ընդունելի,
3. Վճռում է, որ այս գանգատներով հայտնաբերվում է Կոնվենցիայի՝ անօրինական կալանավորման վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը,
4. Վճռում է, որ Դատարանի ձեւավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված այլ բողոքների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում (տե՛ս կից ներկայացված աղյուսակը),
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերոնշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի փետրվարի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
Անյա Սիբերտ Ֆուա՝
Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(անօրինական կալանավորում)
Թիվ
Գանգատ թիվ
Ներկայացման
ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան ամսաթիվը
Ներկայացուցչի անունն ու գտնվելու վայրը
Կալանավորման ժամկետը
Անօրինական կալանավորման ժամկետը
Կալանավորման մասին որոշումը կայացրած դատարանը
Հատուկ թերությունները
Ձեւավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն ներկայացված մյուս բողոքները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի մասով ծախսերի եւ ծախքերի դիմաց շնորհվող գումարը (եվրոյով)[2]
1.
28506/15
2015 թվականի մայիսի 29
Արմեն Համազասպյան
1974թ.
Ալումյան Հայկ
Երեւան
2014 թվականի նոյեմբերի 21
-
2017 թվականի հոկտեմբերի 31
2014 թվականի դեկտեմբերի 5-2017 թվականի հոկտեմբերի 31
Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների դատարան
Անորոշ ժամկետով կալանավորման մասին որոշումը
5-րդ հոդվածի 3-րդ կետ՝ կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայությունը. մինչդատական կալանավորման չափազանց երկար տեւողությունը
4.000
250
2.
6728/17
2016 թվականի դեկտեմբերի 2
Գեւորգ Սաֆարյան
1985թ.
Հայրապետյան Տիգրան
Երեւան
2016 թվականի հունվարի 1
2017 թվականի հունվարի 16
2016 թվականի մայիսի 10
2017 թվականի հունվարի 16
Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարան
Անորոշ ժամկետով կալանավորման մասին որոշումը
5-րդ հոդվածի
3-րդ կետ՝ կալանավորման համար հիմնավոր եւ բավարար պատճառների բացակայությունը
4.000
250
[1] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ: