© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
HARAKCHIEV-Ն ԵՎ TOLUMOV-Ն ԸՆԴԴԵՄ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ
(Գանգատներ թիվթիվ 15018/11 և 61199/12)
ՎՃԻՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 հուլիս 2014թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Harakchiev-ն և Tolumov-ն ընդդեմ Բուլղարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Ineta Ziemele-ն, Նախագահ,
Päivi Hirvelä-ն,
George Nicolaou-ն,
Ledi Bianku-ն,
Zdravka Kalaydjieva-ն,
Paul Mahoney-ն,
Krzysztof Wojtyczek-ը, դատավորներ,
և Fatoş Aracı-ն, Պալատի քարտուղարի տեղակալ,
2014թ. հունիսի 24-ին կայացած դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2011թ. փետրվարի 22-ին և 2012թ. սեպտեմբերի 11-ին՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Բուլղարիայի երկու քաղաքացիների՝ պրն. Mitko Georgiev Harakchiev-ի և պրն. Liudvik Slavov Tolumov-ի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Բուլղարիայի Հանրապետության բերված երկու գանգատների (թիվթիվ 15018/11 և 61199/12) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել են Պլովդիվում գործող փաստաբաններ պրն. M. Ekimdzhiev-ը և տկն. S. Stefanova-ն: Բուլղարիայի կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել են այդ պետության լիազոր ներկայացուցիչներ՝ Արդարադատության նախարարության աշխատակիցներ տկն. I. Stancheva-Chinova-ը և տկն. K. Radkova-ը:
3. Դիմումատուները, մասնավորապես, պնդում էին, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը (доживотен затвор без замяна) հավասարազոր էր անմարդկային և նվաստացնող պատժի, որ ազատազրկման նրանց ռեժիմը և կենցաղային պայմանները հավասարազոր էին խոշտանգման կամ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և որ ազատազրկման կենցաղային պայմանների առնչությամբ նրանք չեն ունեցել ներպետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք:
4. 2013թ. փետրվարի 19-ին Դատարանը որոշել է միացնել գանգատները, հայտարարել է, որ դրանք մասամբ ընդունելի են և ծանուցել Կառավարությանը միայն հետևյալ հարցերի վերաբերյալ բողոքները. (ա) պրն. Harakchiev-ի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը, (բ) դիմումատուների ազատազրկման ռեժիմը և պայմանները, (գ) պրն. Tolumov-ի նամակագրության ենթադրյալ վերահսկումը ուղղիչ հիմնարկում և (դ) դիմումատուների ազատազրկման կենցաղային պայմանների առնչությամբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի ենթադրյալ բացակայությունը:
5. 2013թ. հուլիսի 17-ին Դատարանը խնդրել է կողմերին իրենց համապատասխան դիտողություններում անդրադառնալ ևս մեկ հարցի:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Պրն. Harakchiev-ը՝ առաջին գանգատով (թիվ 15018/11) դիմումատուն, ծնվել է 1968թ.: Ներկայումս նա կրում է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման իր պատիժը (տե՛ս ստորև՝ 58-60-րդ և 65-րդ պարբերությունները) Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկում:
7. Պրն. Tolumov-ը՝ երկրորդ գանգատով (թիվ 61199/12) դիմումատուն, ծնվել է 1954թ.: Ներկայումս նա կրում է զմահ ազատազրկման իր պատիժը (տե՛ս ստորև՝ 56-րդ և 65-րդ պարբերությունները) Պլովդիվի ուղղիչ հիմնարկում:
Ա. Պրն. Harakchiev-ը
1. Պրն. Harakchiev-ի քրեական անցյալը և առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը
8. 1992 և 2005 թվականների ընթացքում պրն. Harakchiev-ը, ով մասնագիտությամբ վարորդ էր և ավտոմեքենայի մեխանիկ, ութ անգամ դատապարտվել է առանց բռնության գործադրման կատարած հանցագործությունների, այդ թվում՝ գողության և ծանրացուցիչ հանգամանքներով գողության (չորս դատվածություն), ինչպես նաև՝ խարդախության և ծանրացուցիչ հանգամանքներում խարդախության (երեք դատվածություն) համար: Այս հանցագործությունների համար նա կրել է երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկման պատիժներ:
9. 2003թ. հունվարի 21-ին Հասկովոյի շրջանային դատարանը պրն. Harakchiev-ն դատապարտել է 2001թ. հոկտեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի հրազեն պահելու և տրանսպորտային միջոցների չորս զինված կողոպուտների համար, որոնցից երկուսն ուղեկցվել են սպանության փորձերով, իսկ մյուս երկուսը՝ սպանությամբ: Դրա արդյունքում նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի:
10. 2003թ. հունիսի 26-ին Պլովդիվի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել պրն. Harakchiev-ի դատավճիռը և անփոփոխ թողել նաև պատիժը:
11. 2004թ. նոյեմբերի 23-ի իր վերջնական վճռով (реш. № 476 от 23 ноември 2004 г. по н. д. № 901/2003 г., ВКС, ІІІ н. о.) Գերագույն վճռաբեկ դատարանը նույնպես հաստատել էր պրն. Harakchiev-ի դատավճիռը և պատիժը: Դատարանը վճռել է, inter alia, որ հաշվի առնելով պրն. Harakchiev-ի կատարած հանցագործությունների ծանրության աստիճանը, մասնավորապես՝ ինչ վճռականությամբ և դաժանությամբ էին դրանք կատարվել, ավելի մեղմ պատիժը, ինչպես օրինակ՝ ցմահ ազատազրկումը (доживотен затвор със замяна), համարժեք պատիժ չէր լինի: Այսպիսի եզրահանգումը չի կարող փոխվել նաև այն փաստով, որ պրն. Harakchiev-ը խոստովանել է կատարված հանցագործություններում և քննչական մարմիններին օգնել բացահայտել հանցավոր իր գործունեությունը:
2. Ազատազրկման պայմանները Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկում և պրն. Harakchiev-ի նկատմամբ կիրառված բանտային ռեժիմները
12. 2002թ. հունվարի 18-ից սկսած պրն. Harakchiev-ը պահվել է Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկում: Սկզբում նրան պահել են «ուժեղացված ռեժիմի» տակ (տե՛ս ստորև՝ 115-րդ պարբերությունը): 2009թ. հունիսի 1-ին Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին օրենքի ուժի մեջ մտնելուն պես այդ ռեժիմը օրենքի գործողության արդյունքում փոխարինվել էր «խիստ ռեժիմով» (տե՛ս ստորև՝ 118-րդ պարբերությունը): 2009թ. հունիսի 17-ին Պատիժների կատարման հանձնաժողովը (տե՛ս ստորև՝ 121-րդ պարբերությունը) Ստարա Զագորայի շրջանային դատարանից խնդրել էր պրն. Harakchiev-ն պահել «հատուկ ռեժիմի» տակ, որը սովորաբար կիրառվում էր ցմահ ազատազրկվածների դեպքում, հիշատակելով վերջինիս «բացասական վերաբերմունքը» և ներքին կարգուկանոնի նկատմամբ հարգանքի բացակայությունը, ինչպես նաև այն որ, նա բոլոր պարագայում պետք է սկզբից էլ այդ ռեժիմի տակ պահվեր: 2009թ. հուլիսի 21-ին Ստարա Զագորայի շրջանային դատարանն ընդունել է այդ միջնորդությունը: Ստարա Զագորայի շրջանային դատարանը և այնուհետ Պլովդիվի վերաքննիչ դատարանը՝ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ, մերժել էին պրն. Harakchiev-ի կողմից դատարանի վերը նշված որոշման դեմ 2010թ. հուլիսի 12-ին ներկայացված բողոքը: Կառավարությունը նշել է, որ ներկայումս ուղղիչ հիմնարկի վարչակազմը մտադրություն չունի փոխել պրն. Harakchiev-ի բանտային ռեժիմը:
13. 2005թ. դեկտեմբեր և 2013թ. մարտ ամիսների ընթացքում պրն. Harakchiev-ն ինն անգամ կարգապահական պատժի է ենթարկվել: Վերջին պատիժները նշանակվել էին 2012թ. օգոստոս և 2013թ. մարտ ամիսներին՝ (ա) 2012թ. օգոստոսի 4-ի առավոտյան ամենօրյա զբոսանքի ընթացքում նրա և մեկ այլ դատապարտյալի միջև ծեծկռտուքի, և (բ) 2013թ. փետրվարի 18-ի սննդամթերքի գողության համար, որը մեկ ուրիշ դատապարտյալ թողել էր ընդհանուր զուգարանում: Առաջինի համար պրն. Harakchiev-ը ենթարկվել էր նկատողության, իսկ երկրորդի պարագայում՝ պատժախցում երեք օրով մեկուսացման:
14. Պրն. Harakchiev-ի բանտախուցը, որում նա ներկայումս մենակ է պահվում, սակայն ըստ երևույթին 2002թ. մինչև 2007թ. ընկած ժամանակահատվածում նա կիսել է այն մեկ այլ դատապարտյալի հետ, գտնվում է ցմահ ազատազրկվածների համար նախատեսված ուղղիչ հիմնարկի բարձր անվտանգության մասնաշենքում: Պրն. Harakchiev-ի խոսքերի համաձայն՝ բանտախուցը բավականին փոքր էր, հատկապես՝ հաշվի առնելով, որ միայն դրա կահույքը զբաղեցնում էր 4.50 քմ տարածք, և գիշերն էլ՝ լուսավորվում էր 60 վատտ հզորություն ունեցող շիկացած էլեկտրական լամպի օգնությամբ, որը մշտապես միացված էր: Կառավարության պնդմամբ՝ բանտախուցը փոքր չափերի չէր: Նրա չափերն էին՝ 4.30 x 1.81 քմ, իսկ առաստաղն էլ 3.95 մետր բարձրություն ուներ, այդպիսով, ընդհանուր մակերեսը 7.78 քմ էր կազմում: Այն կահավորված էր մետաղյա պահարանով, կրկնակի մետաղից պատրաստված երկհարկանի մահճակալով, երկու աթոռներով և մեկ փոքր սեղանով, որոնք անվտանգության նկատառումներով ամրացված էին հատակին: Բանտախուցն ուներ պատուհան, որը նայում էր դեպի հարավ և ուներ 1.76 x 1.25 մետր չափեր: Բանտախցի լուսավորումն ապահովում էին երկու 36 վատտ հզորություն ունեցող լուսաշող էլեկտրական լամպերը: Համաձայն պրն. Harakchiev-ի խոսքերի՝ շիկացած էլեկտրական լամպերը միայն 2012 թվականին էին փոխարինվել լուսաշող լամպերով: Նա նաև նշել է, որ բանտախուցը չուներ նվազ ուժգնություն ունեցող որևէ գիշերային լուսավորում:
15. Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկը չուներ օդափոխության կամ օդորակման համակարգ: Պրն. Harakchiev-ը պնդում էր, որ դրա արդյունքում ջերմաստիճանը բանտախցում ամառը շատ բարձր էր և մաքուր օդի պակաս էր զգացվում: Ձմռան ամիսներին ջեռուցումը միայն միացնում էին մեկ ժամ հաճախականությամբ՝ առավոտյան, ցերեկը և գիշերը: Կառավարության պնդմամբ՝ բանտախցի պատուհանը հնարավոր էր բացել, ինչը թույլ էր տալիս ցանկացած ժամանակ այն օդափոխել: Ուղղիչ հիմնարկը ուներ սեփական ջեռուցման համակարգ, որը բաղկացած էր երկու կաթսաներից և ջերմափոխանակիչներից: Կաթսաները օրական միայն ինը ժամ էին աշխատում, սակայն դրանց տաքացրած ջուրը մշտապես շրջանառվում էր ջեռուցման համակարգով: Ըստ պրն. Harakchiev-ի՝ բանտախցի ռադիատորը յուրաքանչյուր օր միայն երեսուն րոպե էր տաք լինում և բանտախցի պատուհանի և մետաղյա դռան վատ վերանորոգված լինելն էլ այն գործոններն էին, որոնք նպաստում էին ձմռան ամիսներին խցում ցածր ջերմաստիճանի պահպանմանը: Պրն. Harakchiev-ը նաև նշել է, որ քանի որ նա ստիպված էր իր շորերը չորացնել բանտախցում, դրանք մշտապես շատ խոնավ էին: Արդյունքում, ներկն ու սվաղը կլեպ-կլեպ թափվում էին պատերից:
16. Ըստ պրն. Harakchiev-ի՝ ուղղիչ հիմնարկի ընդհանուր տարածքը հնարավոր էր մաքուր պահել միայն կալցիումի հիպոքլորիդով սպիտակեցնելու միջոցով, իսկ բանտախցերը մաքրվում էին միայն ջրով: Որպես այդ պնդման հիմնավորում, պրն. Harakchiev-ը բերում էր իր խցակիցներից մեկի որպես վկա հրավիրված ժամանակ տրված ցուցմունքները, որը վերջինս արել էր իր կողմից հարուցված գործով դատավարության ընթացքում: Ըստ Կառավարության պնդման՝ ուղղիչ հիմնարկի ընդհանուր տարածքը չէին մաքրվում միայն սպիտակեցնող միջոցների օգնությամբ: Յուրաքանչյուր օր դրանք մաքրվում էին ախտահանող միջոցներով, և առնվազն տարեկան երկու անգամ ենթարկվում վնասատուների և առնետների հայտնաբերման նպատակով իրականացվող ստուգման, որը ապացուցվում է այդ ծառայությունների համար վերջին չորս տարիների ընթացքում տրամադրված թվով տասնչորս հաշիվ-ապրանքագրերով: Պրն. Harakchiev-ը հակադարձել է դրան, նշելով որ հիշատակված հաշիվ-ապրանքագրերը չեն ապացուցում, որ ախտահանող միջոցները, ինչպես Կառավարությունն էր պնդում, իրականում օգտագործվել են: Դիմումատուն նաև նշել է, որ իր խուցը մշտապես լեցուն էր խավարասերներով և մկներով, և որ այդ կապակցությամբ ուղղիչ հիմնարկի վարչակազմին ուղղված բոլոր իր բողոքներին ուշադրություն չէր դարձվել: Բացի այդ, նա նշել է, որ հաշվի առնելով, որ բանտախցի պատուհանը ցանցով չէր ծածկված, միջատները՝ արտաթորանքի հոտից և գիշերվա անընդմեջ լուսավորման պատճառով մշտապես ներս էին թափանցում բանտախուց և կծում իրեն:
17. Բանտախցում չկար զուգարան և ջրի ծորակ: Պրն. Harakchiev-ը նշել է, որ դրա արդյունքում՝ օրական երեք անգամ ընդհանուր զուգարաններ այցելելուց զատ, նա ստիպված էր իր կարիքները հոգալու համար պլաստիկ դույլ օգտագործել: Այն ժամանակահատվածում, երբ նա կիսում էր խուցը մեկ այլ դատապարտյալի հետ, նա ստիպված էր դա անել վերջինիս ներկայությամբ: Ջրի ծորակի բացակայության հետևանքով՝ իր կարիքները հոգալուց հետո նա չէր կարող լվանալ իր ձեռքերը կամ դույլը: Կառավարությունը նշել է, որ բարձր անվտանգության մասնաշենքում դատապարտյալները օրը երեք անգամ կարող էին օգտվել զուգարանից և լողասենյակից, նաև երբ դրա մասին խնդրում էին պահակախմբին: Հետևաբար, հնարավոր չէ պնդել, որ պրն. Harakchiev-ը սեփական կարիքները հոգալու համար ստիպված էր օգտագործել դույլ. դա նրա ընտրությունն էր: Իրականում, նա տաս դույլից ավելին ուներ խցում, որտեղ նա մաքուր կամ լվացքի ենթակա հագուստ կամ այլ իրեր էր պահում: Պրն. Harakchiev-ը հակադարձել է դրան՝ նշելով, որ օրը երեք անգամ՝ 05.30-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում զուգարան այցելելուց բացի, պահակախումբը երբևիցե չի բացել բանտախցի դուռը, որպեսզի նա կարողանա զուգարան գնալ: Հետևաբար, ինքը չէր կարող ընտրել՝ արդյոք սանիտարահիգիենիկ կարիքներից ելնելով՝ դիմել դույլի օգնության թե՝ ոչ:
18. Ամենօրյա մեկ ժամանոց զբոսանքից զատ պրն. Harakchiev-ը կարող էր դուրս գալ իր խցից՝ օրական երեք անգամ զուգարան գնալու համար: Այդ այցելություններից յուրաքանչյուրի ընթացքում նա կարող էր նաև դատարկել դույլը, լվանալ ձեռքերը և խմելու կամ սանիտարահիգիենիկ կարիքների համար պլաստիկ շշերով իր հետ ջուր վերցնել: Նրա պնդմամբ՝ այդ այցելությունները տևում էին երեք րոպեից ոչ ավել առավոտյան, իսկ ճաշի ընթացքում և երեկոյան՝ տաս րոպեի սահմաններում, և չէին համընկնում ուղղիչ հիմնարկի այդ մասնաշենքում պահվող այլ դատապարտյալների այցելությունների հետ:
19. Պրն. Harakchiev-ի խոսքերով՝ Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկի դատապարտյալները կարող էին ցնցուղ ընդունել միայն տասնչորս կամ տանհինգ օրը մեկ անգամ: Կառավարության պնդմամբ՝ ուղղիչ հիմնարկի բարձր անվտանգության մասնաշենքի բոլոր դատապարտյալները կարող էին ցնցուղ ընդունել շաբաթը երկու անգամ:
20. Ըստ պրն. Harakchiev-ի՝ հարազատների և փաստաբանների այցելությունները տեղի էին ունենում հատուկ սենյակում: Դատապարտյալներն ու այցելուները իրարից բաժանված էին մետաղյա ցանցով, և այցելության ժամանակ դատապարտյալները պետք է նստած մնային: Ուղղիչ հիմնարկի աշխատակիցներից մեկը միշտ ներկա էր գտնվում: Ըստ Կառավարության՝ ուղղիչ հիմնարկի աշխատակցի ներկա գտնվելը այդ այցելություններին պայմանավորված էր միայն կարգի պահպանմամբ և վերջինս չէր կարող լսել խոսակցությունները: Փաստաբանների այցելությունները տեղի էին ունենում առանձին սենյակում, որտեղ այլ անձ ներկա չէր կարող գտնվել: Հսկողության միակ տեսակը այնտեղ տեսային դիտարկումն էր: Այս համատեքստում, Կառավարությունը ուշադրություն էր հրավիրում այն փաստի վրա, որ դիմումատուի կողմից ուղղիչ հիմնարկի վարչակազմի դեմ ներկայացված մեծ թվով բողոքների արդյունքում, մինչև 2009թ. կեսերը պրն. Harakchiev-ը շուրջ 97 օր գտնվել է Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկից դուրս, իսկ 2010թ. հունվարի 1-ից մինչև 2012թ. մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ 255 օր, կամ այդ ընթացքում կրած պատժի ժամկետի 54 տոկոսը:
21. Պրն. Harakchiev-ի խոսքերով՝ բանտային սնունդը վատ էր պատրաստված, վատ որակի էր, անհամ, մատուցվում էր սառը վիճակում և հիգիենիկ վատ պայմաններում, նաև՝ ոչ բավարար չափաբաժիններով: Միսը մատուցվում էր շաբաթը մեկ անգամ: Մնացած ժամանակ սննդամթերքը բաղկացած էր լոբուց, ոսպից, կաղամբից և կարտոֆիլից, որը մատուցվում էր ապուրների տեսքով կամ շոգեխաշած: Կառավարության համաձայն՝ սննդի քանակը և քիմիական բաղադրությունը ու կալորիականությունը լիովին բավարար էին: Օրական բաժինն ուներ 2,662 կալորիա, իսկ միսն էլ սննդի հետ միասին մատուցվում էր առնվազն օրն մեկ անգամ: Պրն. Harakchiev-ը հակադարձել է դրան, նշելով որ «մսի» տակ Կառավարությունը ամենայն հավանականությամբ հասկացել է խաշած ոսկորները կամ պահածոյացված միսը: Ի հավաստումն իրենց այդ պնդումների՝ երկու կողմերը ներկայացրել են սննդակարգը և սնվելու ռեժիմը:
22. Պրն. Harakchiev-ի պնդմամբ՝ բուժօգնությունը Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկում սովորաբար սահմանափակվում էր դատապարտյալներին միայն ասպիրին կամ անալգին տալով, և դատապարտյալները պետք է այլ դեղորայքները ինքնուրույն գնեին: Կառավարության պնդմամբ՝ ուղղիչ հիմնարկի բժշկական կենտրոնում աշխատում էր ընդհանուր մասնագիտացմամբ մեկ բժիշկ, երեք բուժակ (որոնցից մեկը՝ ուղղիչ հիմնարկի գլխավոր մասնաշենքում, իսկ մյուս երկուսից յուրաքանչյուրը՝ համապատասխանաբար ուղղիչ հիմնարկի երկու հանրակացարաններում), մեկ բուժքույր, մեկ հոգեբույժ և մեկ ատամնաբույժ: Բժշկական զննությունը իրականացվում էր շուրջօրյա, իսկ արտակարգ իրավիճակների ժամանակ դատապարտյալներին հնարավոր էր տեղափոխել Ստարա Զագորայի հիվանդանոցի շտապօգնության բաժանմունք: Բարձր անվտանգության մասնաշենքում բուժզննությունը սովորաբար ուրբաթ օրերին էր իրականացվում: Դատապարտյալները կարող էին նաև խորհրդակցել դրսում գտնվող մասնագետների հետ կամ բուժում ստանալ Սոֆիայի և Լովեչի ուղղիչ հիմնարկների հիվանդանոցներում: Դեղորայքը սովորաբար տրամադրվում էր ուղղիչ հիմնարկի բժշկական կենտրոնի կողմից կամ կարող էր նաև ձեռք բերվել ուղղիչ հիմնարկից դուրս: Միակ դեղը, որը պրն. Harakchiev-ը ստիպված էր սեփական միջոցներով ձեռք բերել, որը պայմանավորված էր բուժկենտրոնում այն առկա չլինելու հանգամանքով, դա րիվոտրիլն էր (clonazepam), որի մեկ միավորի արժեքը 7.31 բուլղարական լև էր (BGN): Պրն. Harakchiev-ը հակադարձել է, առանց մանրամասնելու, որ նա սովորաբար իր դեղորայքը գնում էր սեփական միջոցներով: Դիմումատուն նաև նշել է, որ ատամնաբուժական խնամքը սահմանափակվում էր ատամների հեռացմամբ. չնայած ակնհայտ էր, որ իրեն պրոթեզավորում էր անհրաժեշտ, ուղղիչ հիմնարկի վարչակազմը այս առումով որևէ միջոց չէր ձեռնարկել: Կառավարությունը հակադարձել է, որ ատամների պրոթեզավորումը չի մտնում Բուլղարիայում անձի՝ առողջության ապահովագրության համար նախատեսված ստանդարտ բուժօգնության ցանկի մեջ, և այն չէր կարող անվճար ձեռք բերվել:
23. Կառավարությունը նաև պնդում էր, որ պրն. Harakchiev-ը կարող էր յուրաքանչյուր օր տեսակցել իր մասնաշենքի համար պատասխանատու սոցիալական աշխատակցի հետ: Նա կարող էր նաև խնդրել հոգեբանի, բանտապետի, նրա տեղակալի, ուղղիչ հիմնարկի իրավաբանի կամ վարչակազմի այլ աշխատակցի հետ տեսակցություն ունենալ: Ամենօրյա իր զբոսանքի կամ սնունդ ընդունելու ժամանակ դիմումատուն կարող էր նաև շփվել նույն կատեգորիայի այլ դատապարտյալների հետ: Դիմումատուն կարող էր նաև օգտվել հիսունհինգ ալիքանոց կաբելային հեռուստատեսությունից, ուղղիչ հիմնարկի գրադարանից և կրոնական ծառայություններից: Պրն. Harakchiev-ն, իր հերթին, նշել է, որ իրեն որևէ հնարավորություն չեն տվել աշխատելու կամ մասնակցելու սպորտային, մշակութային կամ կրթական միջոցառումներին, թեև վերջինս ցանկություն էր հայտնել դա անելու: Կառավարությունը պնդում էր նաև, որ 2006թ. նոյեմբերին պրն. Harakchiev-ն թույլ են տվել մասնակցել յոգայի դասընթացին, որպեսզի նա նվազեցնի իր ստրեսի մակարդակը:
24. 2009, 2010, 2011 և 2013 թվականների համար պրն. Harakchiev-ի հոգեբանական վիճակի վերաբերյալ Կառավարության կողմից ներկայացված տարեկան զեկույցներն իրար շատ նման էին: Բոլոր զեկույցները՝ հաճախ նույն ձևակերպումներով նշում էին այն մասին, որ նրա վարքագիծը բնորոշվում էր որպես «նրա կողմից մեկնարկա[ծ] քարոզարշավ» հաստատությունների և ուղղիչ հիմնարկի աշխատակիցների դեմ, որոնց հետ նա որևէ առնչություն էր ունեցել, որը հիմնականում սահմանափակվում էր տարբեր հայցադիմումներ ներկայացնելով և այլ դատապարտյալներին հօգուտ իրեն «կեղծ ցուցմունքներ» տալուն դրդելով: Նրա հետ երկխոսություն սկսելը շատ դժվար խնդիր էր, հիմնականում նրա համար, որ նա չէր հարգում իշխանություններին, իրազեկված չէր իր իրավունքների մասին, նրա կամակորության և ուղղիչ հիմնարկի վարչակազմի դեմ բերված գործերով շահագրգիռ պաշտոնյաներին՝ ցուցմունք տալու համար որպես վկա կանչելու հակվածություն ունենալու համար: Հաշվի առնելով նրա անձը, նրա կողմից կատարած հանցագործությունների բնույթը և վարքագծի կարծրությունը, մեծանում էր լուրջ վնասներ կրելու վտանգը: Ուղղիչ հիմնարկի աշխատակիցների նկատմամբ իր արտահայտություններում նա ագրեսիվ է եղել:
...
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ցմահ ազատազրկումը
1. Պատմական ակնարկ
51. 1896թ. Քրեակատարողական օրենքը, որը Բուլղարիայի ինքնավար պետության՝ 1878 թվականին վերակագնելուց հետո քրեաիրավական ոլորտի համապարփակ առաջին օրենքն էր, ցմահ ազատազրկման դրույթ էր նախատեսում որպես ազատազրկմամբ պատժի մի տեսակ (15-րդ հոդվածի 1-ին կետ): Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող էին ազատ արձակվել «լավ վարքագիծ» դրսևորելու դեպքում, եթե նրանք առնվազն տասնհինգ տարի իրենց պատժից արդեն կրել էին (20-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետեր):
52. 1951թ. Քրեակատարողական օրենքը, որը փոխարինել էր 1896թ. օրենքին և 1956թ. վերանվանվել Քրեական օրենսգրքի, ցմահ ազատազրկման՝ որպես պատժի տեսակի դրույթ չէր նախատեսում:
2. Քրեական պատասխանատվության համակարգը՝ 1968թ. Քրեական օրենսգրքի համաձայն
53. 1956թ. Քրեական օրենսգիրքը փոխարինող 1968թ. Քրեական օրենսգրքի 36-րդ հոդվածը սահմանում է քրեական պատժի նպատակները: Այդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պատիժը նշանակվում է նպատակ ունենալով՝ (ա) ուղղել և վերականգնել դատապարտված անձին՝ համաձայն օրենքների և լավ սովորույթների, (բ) նրան հետ պահել և կանխարգելել նրա կողմից հետագա հանցագործությունների կատարումը, և (գ) նախազգուշացնել և կանխարգելել հասարակության մյուս անդամների կողմից հանցագործությունների կատարումը: Այդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ պատիժը չի կարող նախատեսվել ֆիզիկական տառապանքներ առաջացնելու կամ մարդկային արժանապատվությունը նվաստացնելու համար:
54. Օրենսգրքի 37-րդ հոդվածում թվարկված են քրեական տարբեր պատժատեսակներ, իսկ 38-52-րդ հոդվածները հատկորոշում են այդ պատիժների հատկանիշները: Մինչև 1986թ. ամենաերկար գոյություն ունեցող ազատազրկմամբ պատժատեսակը քսան տարի ժամկետով ազատազրկումն էր (օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետեր, ինչպես որ շարադրված էր 1968թ. մինչև 1986թ. ընկած ժամանակահատվածում): 1986 թվականին առավելագույն պատժի ժամկետը դարձել է երեսուն տարի ժամկետով ազատազրկումը:
55. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի և 38-րդ հոդվածի համաձայն, ինչպես որ շարադրված էր մինչև 1998թ. դեկտեմբերին մահապատժի վերացնելը, դատարանները իրավունք ունեին նշանակել մահապատիժ միայն առանձնապես լուրջ միջազգային հանցագործությունների դեպքում և միայն, եթե դատարանները համոզմունք ունեին առ այն, որ քրեական պատժի՝ պատժիչ և կանխարգելիչ նպատակները չեն կարող կատարվել ավելի մեղմ պատժատեսակի միջոցով: Օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ մահապատիժը չէր կարող ի կատար ածվեր, քանի դեռ Հանրապետության Նախագահը չէր որոշել, որ դրա մեղմացնելու հիմքերը բացակայում են:
56. Մինչև 1995 թվականը մահապատժից հետո ամենախիստ պատիժը երեսուն տարի ժամկետով ազատազրկումն էր, որը նշանակվում էր բացառիկ դեպքերում (օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետ, ինչպես որ շարադրված էր 1986թ. հետո): 1995թ. նոր պատիժ էր նախատեսվել, այն է՝ ցմահ ազատազրկում (доживотен затвор), որը սահմանվում էր օրենսգիրքը լրացրած նոր՝ 38ա-րդ հոդվածի 1-ին կետով և ըստ որի ցմահ ազատազրկումը «դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մինչև նրա կյանքի վերջը մեկուսացնելն է»: Այդ պատիժը կարող է դատարանի կողմից փոխարինվել երեսուն տարի ազատազրկմամբ, եթե դատապարտյալը իր պատժից կրել է առնվազն քսան տարի (օրենսգրքի 38ա-րդ հոդվածի 3-րդ կետ):
57. Մահապատժի դատավճիռները վերջին անգամ ի կատար են ածվել 1989թ. նոյեմբերին: Մահապատիժների նկատմամբ de facto տարածվող մորատորիումի շրջանից հետո՝ 1990թ. հուլիսի 20-ին խորհրդարանը ընդունել է պաշտոնական մորատորիում: Դրա վերաբերյալ մանրամասների և մահապատժի վերացման արդյունքում ծավալված քննարկումների շուրջ՝ տե՛ս Iorgov-ն ընդդեմ Բուլղարիայի վճիռը (թիվ 40653/98, §§ 12-28, 11 մարտ 2004թ.):
58. Մահապատժի վերացումն ընդունող փոփոխությունն ուժի մեջ է մտել 1998թ. դեկտեմբերի 27-ին: Այդ ժամանակ ներկայացվել է մի նոր պատժատեսակ, այն է՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկում (доживотен затвор без замяна): Մահապատժին փոխարինող այդ պատժատեսակը իր տեղը գտավ 1968թ. Քրեական օրենսգրքի այն դրույթներում, որոնք վերաբերում են հատուկ հանցագործություններին:
59. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետը փոփոխությունից հետո սահմանում է.
«Առանձնապես ծանր հանցագործությունները, որոնք սպառնում են սահմանադրական կարգի հիմունքներին, ինչպես նաև՝ առանձնապես ծանր դիտավորությամբ կատարված այլ հանցագործությունները, ժամանակավորապես և բացառապես պատժվում են ցմահ ազատազրկմամբ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի»:
60. Օրենսգրքի 38-րդ հոդվածը փոփոխությունից հետո սահմանում է.
«1. Ցմահ ազատազրկումը՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ... նշանակվում է միայն այն դեպքերում, երբ կատարված հանցագործությունը առանձնապես ծանր է և 36-րդ հոդվածով սահմանված [պատժի] նպատակները չեն կարող կատարվել ավելի մեղմ պատժի միջոցով:
2. Ցմահ ազատազրկումը՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, չի կարող նշանակվել հանցանք կատարելու պահին քսան տարին չլրացած անձանց, իսկ զինվորականների դեպքում նաև՝ պատերազմի ժամանակ տասնութ տարին չլրացած անձանց նկատմամբ: Ցմահ ազատազրկումը՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, չի կարող նշանակվել հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանանց նկատմամբ»:
61. Օրենսգիրքը փոփոխող օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրի համապատասխան մասը սահմանում է.
«Սույն օրինագծով առաջարկվում է մահապատիժը փոխարինել նոր պատժատեսակով, այն է՝ ցմահ ազատազրկմամբ՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի, որը տարբերվում է ցմահ ազատազրկումից: Այս պատժատեսակը կմեկուսացնի դատապարտյալին հասարակությունից՝ զրկելով նրան նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունից, և այդ պատիժը կանխարգելիչ դեր կունենա ենթադրյալ այլ հանցագործների համար»:
62. Օրինագծի շուրջ խորհրդարանական քննարկումները տեղի են ունեցել 1998թ. նոյեմբերի 27-ին (առանջին ընթերցում) և 1998թ. դեկտեմբերի 10-ին (երկրորդ ընթերցում):
63. Հիշատակված քննարկումներից առաջինի ընթացքում մի շարք պատգամավորներ խոսում էին մահապատժի վերացման օգտին: Միևնույն ժամանակ, պատգամավորներից մեկը նշել է, որ նա պաշտպանելու է միայն այն օրինագիծը, որում կսահմանվի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժատեսակը: Մտահոգություններ էին նաև հնչել այն հարցի շուրջ, որ նման պատժի անշրջելիությունը կարող է վտանգվել Նախագահի ներում շնորհելու գործառույթի իրացման արդյունքում: Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր նշել էր, որ հազիվ թե հնարավոր է պնդել, որ հասարակությունը կլիներ մահապատժի վերացման ջատագով, և որ հասարակությունը պետք է վստահ լինի, որ բոլոր նրանք, ովքեր կխուսափեն մահապատժից, կմնան հասարակությունից լիովին մեկուսացած վիճակում: Իր հերթին, Արդարադատության նախարարը պարտավորվել է էապես փոփոխության ենթարկել քրեական պատիժների կատարմանն առնչվող օրենսդրությունը՝ նպատակ ունենալով մեկուսացնել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտվածներին, և այդպիսով, թույլ չտալ նրանց հանցագործություններ կատարել ուղղիչ հիմնարկում կամ վայելել հարմարավետ պայմաններ: Նա նաև պնդում էր, որ մեկուսացման աստիճանը պետք է մանրակրկիտ կերպով գնահատվի, որպեսզի չխախտվեն այլ անձանց մարդու իրավունքները:
64. Քննարկումների երկրորդ շրջանի ընթացքում խորհրդարանի մի պատգամավոր նշել է, որ արտասովոր կլիներ ունենալ ցմահ ազատազրկման երկու տեսակի պատիժ, սակայն նա կարող էր համաձայնել դրա հետ, եթե այն ժամանակավոր բնույթ կրեր: Նա նաև նշել է, որ, իր կարծիքով, ներում շնորհելու նախագահական լիազորությունը չի կարող սահմանվել օրենքով: Այդուհանդերձ, խորհրդարանի մեկ այլ պատգամավոր նշել է, որ հարկավոր է միջոցներ ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի՝ ներում շնորհելու նախագահական լիազորության շրջանակը սահմանափակելու միջոցով, փրկելու նրանց, ովքեր, փոփոխության չլինելու դեպքում, մահապատժի կդատապարտվեին ազատության մեջ գտնվելուց հետո մեկ օր անց: Խորհրդարանի մեկ այլ պատգամավոր կարծիք է հայտնել այն մասին, որ oրենսգրքի այդ նոր դրույթների ձևակերպումները կարող են կանխարգելել ներում շնորհելու նախագահական լիազորության կիրառումը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
65. Համապատասխանաբար, մահապատժի վերացումից հետո օրենսգիրքը սահմանում էր ազատազրկման երեք պատժատեսակ, այն է՝ ազատազրկումը որոշակի՝ մինչև երեսուն տարի ժամկետով, ցմահ ազատազրկումը՝ պատժի մեղմացման հնարավորությամբ և ցմահ ազատազրկումը (առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի)՝ առանց պատժի մեղմացման հնարավորության: Չկա այնպիսի մի հանցանք, որը պատժվի միայն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկմամբ:
66. Հանրապետության Փոխնախագահի 1999թ. հունվարի 25-ին և մարտի 6-ին կայացրած երկու հրամանագրերով մահապատժի բոլոր դատավճիռները, որոնք ուժի մեջ էին մտել, սակայն ի կատար չեն ածվել, փոխարինվել էին ցմահ ազատազրկման (մեկ գործով) կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման (քսանմեկ գործերով) պատիժներով:
3. Քրեական օրենսգրքի նոր օրինագծով նախատեսված քրեական պատասխանատվության համակարգը
67. 2014թ. հունվարի 31-ին Կառավարությունը խորհրդարանին էր ներկայացրել Քրեական օրենսգրքի նոր օրինագիծը, որը պետք է փոխարիներ 1968թ. Քրեական օրենսգիրքը: Այդ օրինագծով չէր նախատեսվում ունենալ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատարզկման պատժատեսակ, ուստի, դրույթ էր նախատեսվում միայն ցմահ ազատազրկման համար: Այդ օրինագծի համապատասխան մասը սահմանում է.
Հոդված 47 – Պատժի տեսակները
«1. ...
2. Առանձնապես ծանր դիտավորությամբ կատարված հանցագործությունները պատժվում են ցմահ ազատազրկմամբ»:
Հոդված 48 – Ցմահ ազատազրկումը
«1. Ցմահ ազատազրկումը դատապարտյալին ուղղիչ հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից մինչև նրա կյանքի վերջը մեկուսացնելն է:
2. Ցմահ ազատազրկումը նշանակվում է այն դեպքերում, երբ կատարված հանցանքը` նույն տեսակի հանցանքների համեմատությամբ, առանձնապես ծանր է և քրեական պատասխանատվության նպատակները չեն կարող կատարվել ավելի մեղմ պատժատեսակի միջոցով:
3. Ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել`
(1) Հանցանքը կատարելիս քսան տարին չլրացած անձինք.
(2) Հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանայք»:
Հոդված 49 – Ցմահ ազատազրկումը որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելը
«1. Ցմահ ազատազրկման մնացած մասը կարող է փոխարինվել տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, եթե դատապարտված անձը կրել է ազատազրկման ոչ պակաս, քան տասնհինգ տարին, և իր դրսևորած վարքագծով ապացուցել, որ վերականգնվել է:
2. ...
3. Առաջին կետով սահմանված ազատազրկման ժամկետը չի կլանվում ցմահ ազատազրկման պատժի կրած մասով»:
68. Ցմահ ազատազրկման մասով օրենսգրքի նոր օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում սահմանվում է (էջ 8).
«Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը պետք է վերացնել, քանի որ ներկայումս այն դիտվում է որպես չափազանց անմարդկային՝ հաշվի առնելով այդ պատժին դատապարտված անձանց համար հույսի բացակայությունը:
Մյուս կողմից, առաջարկվում է պահպանել ցմահ ազատազրկումը՝ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու պատժատեսակը: Այդ պատժատեսակի կիրառման դեպքերը չափազանց սահմանափակ են, հաշվի առնելով դրա բացառիկ խստությունը: Դրան պետք է դիմել միայն այն դեպքերում, երբ կատարված հանցանքը` նույն տեսակի հանցանքների համեմատությամբ, առանձնապես ծանր բնույթ ունի, իսկ քրեական պատասխանատվության նպատակներն էլ չեն կարող կատարվել ավելի մեղմ պատժատեսակի միջոցով: Մարդասիրական նպատակներից ելնելով՝ ենթադրվում է, որ այդ պատժատեսակը չի կարող նշանակվել հանցանքը կատարելիս քսան տարին չլրացած անձանց կամ հանցանք կատարելու կամ դատավճիռ կայացնելու պահին հղի վիճակում գտնվող կանանց նկատմամբ»:
69. Խորհրդարանում այս օրինագիծը դեռևս չի քննարկվել:
Բ. Ներումը և պատժի փոխարինումը և դրանց կիրառությունն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման նկատմամբ
1. Ազատազրկման վայրից հատուկ թույլտվությամբ ժամանակավոր ազատում
70. 1968թ. Քրեական օրենգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հատուկ թույլտվությամբ ժանակավոր ազատումը կիրառվում է միայն որոշակի ժամկետով ազատազրկման պատիժների դեպքում: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձինք չեն կարող դիմել հատուկ թույլտվությամբ ժամակավոր ազատման համար:
2. Դատարանի որոշման համաձայն պատժի փոխարինումը
71. 1974թ. Քրեական դատավարության և 2005թ. Քրեական դատավարության օրենսգրքերը սահմանում են, որ շրջանային դատարանը՝ շրջանային դատախազի միջնորդությամբ կարող է ցմահ ազատազրկման պատիժը փոխարինել որոշակի ժամկետով ազատազրկման պատժով (1974թ. օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածներ և 2005թ. օրենսգրքի 449-րդ և 450-րդ հոդվածներ): Շրջանային դատարանը վճիռ է կայացնում պատճառաբանված որոշման հիման վրա. բացասական որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատական ատյաններ: Եթե դատախազի միջնորդությունը մերժվում է, պատժի մեղմացման վերաբերյալ նոր միջնորդությունը կարող է ներկայացվել միայն երկու տարի անց: Օրենսդրությունը որևէ դրույթ չի նախատեսում, որով դատախազը հնարավորություն ունենար դիմելու առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատիժը մեղմացնելու միջնորդությամբ:
3. Նախագահական ներումը
(ա) Իրավական շրջանակը
(i) Սահմանադրական և օրենսդրական դրույթները
72. 1991թ. Սահմանադրության (ուժի մեջ է մտել 1991թ. հուլիսի 13-ին) 98-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ներում շնորհելու լիազորությունը վերապահված է բացառապես Հանրապետության Նախագահին:
73. Այդ ժամանակ 1968թ. Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով էր սահմանվում նախագահական այդ լիազորության շրջանակը, որը ձևակերպված էր հետևյալ կերպ.
«Հանրապետության Նախագահը կարող է օգտվել ներում շնորհելու իր լիազորությունից՝ դատապարտված անձին լրիվ կամ մասնակիորեն ազատելով պատժից, իսկ մահապատժի դեպքում՝ կարող է ներում շնորհել կամ պատիժը փոխարինել մեկ այլ պատժատեսակով»:
74. 2006թ. հոկտեմբերի 13-ին ուժի մեջ էր մտել օրենսգրքի 74-րդ հոդվածում կատարված փոփոխությունը, ըստ որի մահապատժի հետ կապված Նախագահի լիազորությունները նաև կիրառելի են դարձել ցմահ ազատազարկման կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժների նկատմամբ:
75. 1991թ. ի վեր ունեցած հայեցողական այս լիազորության կատարումը Նախագահը՝ սովորույթի համաձայն պատվիրակում էր Հանրապետության Փոխնախագահին, որը նաև նախատեսված էր 1991թ. Սահմանադրության 104-րդ հոդվածով: Այդ լիազորության կատարումը ենթակա չէր սովորական դատարանների կողմից վերանայման (տե՛ս опр. № 2429 от 20 февруари 2012 г. по адм. д. № 817/2012 г., ВАС, ІІІ о.):
(ii) Սահմանադրական դատարանի 2012թ. թիվ 6 որոշումը
76. Խորհրդարանի վաթսունմեկ պատգամավորների դիմումի հիման վրա հարուցված գործով Սահմանադրական դատարանը՝ 2012թ. ապրիլի 11-ին կայացրած որոշմամբ (реш. № 6 от 11 април 2012 г. к. д. № 3/2012 г., обн., ДВ, бр. 15 от 2012 г.) տվել է 1991թ. Սահմանադրության 98-րդ հոդվածի 11-րդ կետի իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություն (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը) և պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման (ultra vires) և իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման հիմքով՝ հակասահմանադրական ճանաչել 2012թ. փետրվարի 15-ի խորհրդարանի՝ ad hoc հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որով վերջինս պետք է, inter alia, քննություն կատարեր նախկին Նախագահի և Փոխնախագահի կողմից իրենց պաշտոնավարման երկու ժամկետների, այն է՝ 2002թ. հունվարի 22-ից մինչև 2012թ. հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ներում շնորհելու լիազորությունը կիրառելու հետ կապված խնդրահարույց հարցերի շուրջ (տե՛ս ստորև՝ 89-րդ պարբերությունը): Սահմանադրական դատարանը մեկնաբանել է, որ այդ դրույթի համաձայն՝ ներում շնորհելու նախագահական լիազորությունը այժմյան համարժեքն է թագավորի կողմից շնորհվող ներման բացառիկ իրավունքի և որ այն հիմնվում է մարդասիրության սկզբունքի վրա: Այդ իսկ պատճառով, այդ լիազորությունը հնարավոր չէ կապել որոշակի հիմքերի առկայության պայմանի հետ, այլ՝ Նախագահի կամ նրա պատվիրակմամբ՝ Փոխնախագահի կողմից պետք է իրականացվի յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքների վրա հիմնվելով: Այդ լիազորությունը կարող է կիրառվել դատավճիռը օրինական ոժի մեջ մտնելուց հետո և կարող է դրսևորվել դատապարտված անձին լրիվ կամ մասնակիորեն ազատելով պատժից կամ պատիժը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելով: Այն հարվածի տակ չէր դնում դատական իշխանության անկախությունը, քանի որ չէր ենթադրում, որ անձը ազատվելու է քրեական պատասխանատվությունից, այլ՝ անձին միայն ազատում էր քրեական դատարանների կողմից նշանակված պատժի կրումից: Ընդունելի էր համարվում օրենքի միջոցով այդ լիազորության իրականացման կանոնակարգումը, սակայն խորհրդարանը իրավասու չէր սահմանելու կամ սահմանագծելու այն հիմքերը, որոնց միջոցով այդ լիազորությունը կարող էր իրականացվել կամ առիթ հանդիսանար դրա իրականացման համար: Անընդունելի էր համարվում նաև այն պատժատեսակների սահմանափակումը, որոնց առնչությամբ այդ լիազորությունը կարող էր իրականացվեր, ինչպես նաև թույլ չէր տրվում դատապարտվածների որոշակի խմբին դրա շրջանակից դուրս թողնելը:
77. Ներում շնորհելու լիազորությունը, որը որոշակի իմաստով բացառություն է օրենքի առջև հավասար լինելու սկզբունքից, բխում էր սահմանադրական այն բարձր արժեքներին կյանքի կոչելու անհրաժեշտությունից, որոնք չեն կարող պաշտպանվել վերացական բնույթ ունեցող օրենսդրական ակտերի միջոցով: Հետևաբար, Սահմանադրությունից բխում էր, որ այդ լիազորությունը չպետք է իրականացվի կամայականորեն և որ անհրաժեշտ էր սահմանադրական արժեքներն ու սկզբունքները գործողության մեջ դնել: Դրանից հետևում էր, որ Սահմանադրության համաձայն՝ այդ լիազորության իրականացման ժամանակ Նախագահը պետք է առաջնորդվի այնպիսի սկզբունքներով, ինչպիսիք են՝ արդարությունը, մարդասիրությունը, կարեկցանքն ու գթասրտությունը, ինչպես նաև հաշվի առնի դատապարտված անձի առողջական և ընտանեկան վիճակը: Այն դեպքերում, երբ ներում շնորհելու լիազորության իրականացումը վերաբերում էր միայն պատժի մի մասին, չափազանց կարևոր էր գնահատել դատապարտված անձի անձնական հատկանիշներում տեղի ունեցած դրական փոփոխությունները: Նախագահը պարտավոր չէր ներկայացրել ներում շնորհելու պատճառները. որքանով որ օրենսդրի համար անթույլատրելի էր սահմանափակել ներում շնորհելու լիազորությունը, նույնքան անթույլատրելի էր Նախագահից պահանջել տալ դրա իրականացման հիմքում ընկած պատճառները: Կասկածից վեր է այն, որ եթե ներկայացվեն ներման հրամանագրերի կայացման պատճառները, ապա դրանք կարող են կաշկանդել Նախագահին կամ Փոխնահագահին՝ ապագայում բավարարել ներման այն խնդրագրերը, որոնք վերաբերում են գործի նույնանման հանգամանքներին, ինչը դատապարտված անձանց շրջանում կարող էր համոզմունք առաջացնել, որ նրանք իրավունք ունեն ներման արժանանալ, քանի որ բավարարում են նախկինում կայացված ներման հրամանագրերով սահմանված պայմաններին:
78. Միաժամանակ, Նախագահի պարտականությունների մեջ էր մտնում յուրաքանչյուր անձի՝ օրենքի առջև հավասար լինելու իրավունքը հարգելը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր ունենալ այնպիսի ընդարձակ երաշխիքներ, համաձայն որոնց Նախագահը հարկադրված կլիներ նույն կերպ գնահատել ներկայացված բոլոր խնդրագրերը և դրանց նկատմամբ կիրառել միևնույն չափորոշիչները: Բնական է, որ այդ չափորոշիչները օրենսդրությամբ Նախագահի վրա չեն կարող դրվել, քանի որ դա կհակասի իշխանությունների տարանջատման սկբունքին: Այնուամենայնիվ, Նախագահը իրավունք ուներ կանոնակարգել ներում շնորհելու իր այդ լիազորության իրականացման գործընթացը և սահմանել ընդհանուր այն սկզբունքը, որով պետք է առաջնորդվեր այդ հարցերում: Քաղաքական նման հայտարարությունը կդարձներ այդ լիազորության իրականացումը գործնականում թափանցիկ և կանխատեսելի: Հետևաբար, Նախագահը կամ Փոխնախագահը իրավունք ունեն պաշտովարման ժամկետի հենց սկզբից նախանշել այն չափորոշիչները, որոնցով նրանք հետագայում առաջնորդվելու են ներման վերաբերյալ խնդրագրերը քննելիս:
79. Նախագահը իրավունք ունի ցանկացած ժամանակ՝ կլինի դա պաշտոնավարման սկզբում թե՝ ավելի ուշ, պատվիրակել ներում շնորհելու իր լիազորությունը Փոխնախագահին, որը կարող է այն իրականացնել ամբողջ այն ծավալով, ինչ Նախագահը: Այդ լիազորության փոխանցումը Փոխնախագահին կարող է ցանկացած ժամանակ վերացվել, ինչպես նաև չի խանգարում Նախագահին՝ իր հերթին իրականացնել պատվիրակված այդ լիազորությունը: Նախագահի կամ Փոխնախագահի երկրորդ պաշտոնավարման համար վերընտրվելու դեպքում, առաջին պաշտոնավարման ընթացքում այդ լիազորության փոխանցումը Փոխնախագահին շարունակում է ուժի մեջ մնալ, ուստի դրա վերակագնելու կարիքը բացակայում է:
80. Նախագահի ներման հրամանագրերն ուժի մեջ մտնելու համար պետք չէ որ վավերացվեն կառավարության մեկ ուրիշ նախարարի կողմից: Ստորագրման պահից սկսած դրանք ուժի մեջ են մտնում և ենթակա չեն վերանայման պետական այլ մարմնի կողմից: Ուժի մեջ մտնելուց հետո այդ հրամանագրերը չեն կարող նաև չեղյալ համարվել կամ փոփոխվել Նախագահի կողմից: Այդ առումով, շնորհված ներումը հետ չի կարող կանչվել, իսկ այն անձն էլ, ում նկատմամբ կայացվել է ներման հրամանագիր, չի կարող պարտադրվել վերսկսել իր պատժի կրումը՝ հիմնվելով հետագայում դրսևորած վարքագծից: Լրիվ կամ մասնակիորեն պատժից ազատելու վերաբերյալ ներման հրամանագիրը չի կարող կայացվել որոշակի պայմաններով:
81. Սահմանադրությամբ չի պահանջվում, որպեսզի ներման հրամանագրերը հրապարակվեն պաշտոնական տեղեկագրում: Ներման հրամանագրերը հրապարակելու մասին որոշումը պետք է հիմնված լինի այն նուրբ հավասարակշռության վրա, որը անհրաժեշտ է ապահովել ներում շնորհված անձի մասնավոր կյանքի, անձնական տվյալների և արժանապատվության և հասարակության՝ հանրային հետաքրքրություն ունեցող հարցերի վերաբերյալ պետական մարմինների կողմից կայացված որոշումների շուրջ տեղեկացված լինելու պահանջի միջև: Վերջին քսան տարիների փորձը ցույց է տալիս, որ ներման հրամանագրերը չեն հրապարակվել, քանի դեռ շահագրգիռ անձը համաձայնվել է, որպեսզի դրանք հրապարակվեն: Սակայն, ոչինչ չէր խանգարում պահանջելու, որ դրանք հրապարակվեն: Այդ հարցը վերապահված էր օրենսդրի որոշմանը:
82. Ներման հրամանագրերը, ինչպես և այլ նախագահական և փոխնախագահական հրամանագրերը, վարչական որոշումներ չեն և չեն կարող հավասարեցվել դրանց: Հետևաբար, ներման այդպիսի հրամանագրերը դատական կարգով վերանայման ենթակա չեն և կարող են վիճարկվել Սահմանադրության 150-րդ հոդվածի հիման վրա Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող պետական մարմինների կամ անձանց (խորհրդարանի 240 անդամների մեկ հինգերորդի, Նախագահի, Նախարարների խորհրդի, Գերագույն վճռաբեկ դատարանի, Գերագույն վարչական դատարանի կամ Գլխավոր դատախազի) կողմից Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով Սահմանադրությանը հակասով ճանաչելու միջոցով:
83. Մասամբ չհամընկնող իրենց կարծիքում Սահմանադրական դատարանի երեք դատավորները, inter alia, նշել են, որ օրենքով թույլատրվում է Նախագահից պահանջել ներկայացնել ներման հրամանագրերի կայացման հիմնավորումները: Կասկածից վեր է, որ նման հիմնավորումները կօգնեն ցույց տալ, որ հրամանագրերը կամայակայնորեն չեն կայացվել և մեծապես կնպաստեն Սահմանադրական դատարանի կողմից դրանց վերանայմանը:
(բ) 2002-2012թթ. ներում շնորհելու լիազորության իրականացումը
84. Նախկին Նախագահը և Փոխնախագահը երկու շրջան են պաշտոնավարել, առաջինը՝ 2002թ. հունվարի 22-ից մինչև 2007թ. հունվարի 22-ը և երկրորդը՝ 2007թ. հունվարի 22-ից մինչև 2012թ. հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածները:
85. 2002թ. հունվարի 1-ից մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Փոխնախագահը ստացել է 6,967 ներման խնդրագրեր, որոնցից 477-ը բավարարվել են:
86. Գործնականում Նախագահի աշխատակազմի պաշտոնյաներից կազմված հանձնաժողովն էր, որ քննարկում էր ներման խնդրագրերը և այդ կապակցությամբ առաջարկություններ ներկայացնում Փոխնախագահին: Յուրաքանչյուր խնդրագրի շուրջ որոշում կայացնելիս՝ հանձնաժողովը հաշվի էր առնում Նախագահի՝ քրեական քաղաքականության հարցերով իրավախորհրդատուների դիրքորոշումը և հիմնվում ուղղիչ հիմնարկի կողմից դատապարտված անձի վերաբերյալ ներկայացված տեղեկատվության վրա: Որոշում կայացնելուց առաջ Փոխնախագահը կարող էր հանդիպել դատապարտյալին:
87. Քրեակատարողական հիմնարկների գլխավոր տնօրենի 2009թ. սեպտեմբերի 15-ի զեկույցի համաձայն՝ շուրջ 100 խնդրագրեր էին ներկայացվել Փոխնախագահներին առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից, որոնցից ոչ մեկը չէր բավարարվել: Փոխնախագահի աշխատակազմի ղեկավարի պնդմամբ՝ 2002թ. հունվարի 21-ից մինչև 2009թ. սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում խորհրդատվական հանձնաժողովը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված տասնվեց անձանցից ստացել է ներման թվով քսանինը խնդրագիր, որոնցից ոչ մեկը չէր բավարարվել: Նա այնուհետև բացատրել է, որ Փոխնախագահից չէր պահանջվում ներկայացնել մերժման հիմքում ընկած պատճառները, սակայն խնդրագիր ներկայացրած դատապարտյալները կարող էին առանց որևէ սահմանափակման կրկին այն ներկայացնել: 2010թ. ապրիլին հրապարակված իրենց զեկույցում Բուլղարիայի հելսինկյան կոմիտեն նույնպես նշել է այդ տվյալների մասին, սակայն հավելել, որ իրենց զեկույցում ուշադրության է արժանի այն փաստը, որ նույնիսկ մինչև 2002թ. հունվար ամիսը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված և ոչ մի անձի նախագահական ներում չէր շնորհվել (տե՛ս ստորև՝ 175-րդ պարբերությունը):
88. Դիմումատուները չորս խնդրագրեր էին ներկայացրել, համապատասխանաբար՝ 2006թ. հունիսի 27-ին, 2007թ. նոյեմբերի 29-ին և 2011թ. փետրվարի 17-ին, որոնց վերաբերյալ ստացվել էր Նախագահի աշխատակազմի պատասխանը, որով նույնատիպ ձևակերպումներով վերջիններս տեղեկացնում էին երկու ցմահ ազատազրկման դատապարտված անձանց, որ նրանց «ներման խնդրագրերը պատշաճ կերպով քննարկվել է և մերժվել»: Պատասխան այդ նամակներում որևէ այլ մանրամասներ չէին ներկայացվում:
(գ) 2012թ. փետրվարի 15-ի խորհրդարանի՝ ad hoc հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որը պետք է, inter alia, քննություն կատարեր 2002թ. հունվարի 22-ից մինչև 2012թ. հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացման հարցերի շուրջ
89. 2012թ. փետրվարի 15-ին խորհրդարանը որոշում է կայացրել ստեղծելու ad hoc հանձնաժողով, որի լիազորությունների մեջ պետք է, inter alia, մտներ նախկին Նախագահի և Փոխնախագահի կողմից իրենց պաշտոնավարման երկու ժամկետների, այն է՝ 2002թ. հունվարի 22-ից մինչև 2012թ. հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում ներում շնորհելու լիազորության իրականացման ուսումնասիրությունը (տե՛ս վերևում՝ 84-րդ պարբերությունը): Դրանից քիչ ժամանակ անց՝ 2012թ. ապրիլի 11-ին, Սահմանադրական դատարանը պաշտոնեական լիազորությունների սահմանազանցման (ultra vires) և իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտման հիմքով ճանաչել է այդ որոշումը Սահմանադրությանը հակասող (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը): Սահմանադրական դատարանի այդ որոշմանն ի պատասխան, 2012թ. մայիսի 16-ին խորհրդարանը որոշում է կայացրել ստեղծել մեկ այլ ad hoc հանձնաժողով, որի լիազորությունների մեջ պետք է, inter alia, մտներ գործադիր իշխանության տարբեր վարչությունների պաշտոնյաների կողմից այդ հարցի շուրջ իրենց պարտականությունների կատարման հարցերի ուսումնասիրությունը: 2012թ. նոյեմբերի 1-ին լույս տեսած իրենց զեկույցում հանձնաժողովը, inter alia, դիտարկել է, որ նախկին Փոխնախագահը, որին Նախագահը պատվիրակել էր ներում շնորհելու լիազորությունը, խորհրդատվություն էր ստանում հատուկ հանձնաժողովի կողմից: Այդ հանձնաժողովի աշխատանքի մեջ է մտնում ներման խնդրագիր ներկայացրած դատապատրյալի մասին համապատասխան ուղղիչ հիմնարկի պետից, բժշկից և հոգեբանից տեղեկատվության, այդ թվում՝ հոգեբանական եզրակացությունների ձեռքբերումը (տե՛ս վերևում՝ 85-88-րդ պարբերությունները): Սակայն, հնարավոր չէ պնդել, թե արդյոք դատապարտյալի գործում առկա բոլոր փաստաթղթերը լիարժեք կերպով արտացոլվում էր հանձնաժողովին ներկայացված տեղեկատվության մեջ թե՝ ոչ: Հարկ է նաև նշել, որ Նախագահի աշխատակազմը, որը 2012թ. հունվար ամսից սկսած ստանձնել էր կատարել այս աշխատանքը, մեծապես բարձրացրել էր ներում շնորհելու համակարգի թափանցիկության աստիճանը (տե՛ս նաև ստորև՝ 90-107-րդ պարբերությունները): Հանձնաժողովը նաև նշել է, որ գոյություն չուներ օրենքով նախատեսված և որևէ չափորոշիչ, որով անհրաժեշտ էր առաջնորդվել նախագահական ներման դիմած դատապարտված անձի վարքագիծն ու հոգեբանական նկարագիրը գնահատելու համար: Արդյունքում, այդ հարցերի շուրջ տեղեկատվության տրամադրումը ամբողջությամբ մնում էր իրավասու պաշտոնյայի հայեցողության ներքո: Ուստի, պետք էր օրենքով կարգավորել նախագահական ներման հրամանագրերի հրապարակման հարցը: Գործող Նախագահի աշխատակազմի զեկույցներ հրապարակելու պրակտիկան ամբողջապես գտնվում էր պատշաճ մակարդակի վրա, սակայն այն պարտադիր չէր կարող լինել Նախագահի հետագա աշխատակազմերի համար:
(դ) 2012-2013թթ. ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացումը
(i) Ներքին կանոնակարգը
90. 2012թ. հունվարի 23-ի երկու հրամանագրերով նորընտիր Նախագահը, որի պաշտոնավարման ժամկետը սկսել էր հոսել դրա նախորդ օրը, մյուս Նախագահների պես որոշում էր կայացրել ներում շնորհելու լիազորությունը պատվիրակել Փոխնախագահին: Նա նաև ստեղծել էր Ներման հարցերի հանձնաժողով, որը պետք է այդ լիազորության իրականացման շուրջ խորհրդատվություն տար Փոխնախագահին: Նախագահը նաև ընդունել էր Ներման հարցերի հանձնաժողովի կանոնակարգը:
91. Կանոնակարգի 1-ին կանոնի 3-րդ կետը սահմանում է, որ հանձնաժողովը իր աշխատանքներում պետք է հաշվի առնի, inter alia, Բուլղարիայի առնչությամբ ուժի մեջ գտնվող մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի մեկնաբանության և կիրառության հարցերի վերաբերյալ միջազգային դատարանների կամ այլ մարմինների համապատասխան նախադեպային իրավունքը: Հանձնաժողովի նիստերը գումարվում են ամիսը երկու անգամ (5-րդ կանոնի 2-րդ կետ): Ներման յուրաքանչյուր խնդրագիր մակագրվում է հանձնաժողովի որևէ անդամի, որը պետք է դրա վերաբերյալ զեկույց ներկայացնի (4-րդ կանոնի 1-ին կետի 1-ին ենթակետ) երկու շաբաթվա ընթացքում (6-րդ կանոն): Հանձնոժողովի որոշումները ընդունվում են ձայների մեծամասնությամբ, իսկ ձայների հավասարության դեպքում նախագահն ունի որոշիչ ձայնի իրավունք (5-րդ կանոնի 4-րդ կետ): Հանձնաժողովի նախագահը այնուհետև Փոխնախագահին ներկայացնում է հանձնաժողովի առաջարկությունները (4-րդ կանոնի 1-ին կետի 5-րդ ենթակետ): Խնդրագիր ներկայացրած դատապարտյալները պետք է գրավոր տեղեկացվեն Փոխնախագահի որոշման մասին, իսկ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ հանձնաժողովը պետք է իր գործունեության վերաբերյալ զեկույց հրապարակի:
(ii) Ներման հարցերի հանձնաժողովի աշխատանքը 2012թ. ընթացքում
92. Փաստացի, 2012թ. ընթացքում Ներման հարցերի հանձնաժողովը հրապարակել է համապարփակ ամսական զեկույցներ:
93. 2013թ. հունվարի 24-ին հանձնաժողովը հրապարակել է իր առաջին տարեկան զեկույցը, որը հաստատվել է Փոխնախագահի կողմից: Այն համապարփակ մի փաստաթուղթ է, որը տեղեկատվություն է պարունակում հանձնաժողովի 2012թ. գործունեության, վերլուծական տեղեկություններ տարվա կտրվածքով բերված ներման խնդրագրերի հիմքերի, վիճակագրական տվյալների, ինչպես նաև ներման խնդրագրերը քննելու հարցում հանձնաժողովի աշխատելաոճի, հանձնաժողովի կողմից առաջարկված հարցի լուծման եղանակների (խնդրագրի՝ քննության չընդունելը, մերժումը, լրիվ կամ մասնակիորեն ներումը), և հանձնաժողովի եզրահանգումների և առաջարկությունների վերաբերյալ:
94. Այդ զեկույցի համաձայն՝ 840 անձանց կողմից 2012թ. ընթացքում բերվել է ներման թվով 988 խնդրագրեր: Խնդրագրերի մեծամասնությունը (98 տոկոսը) բերվել է դատապարտյալների (մյուս դեպքերում՝ դրանք բերվել են նրանց հարազատների) կողմից հետևյալ հիմքերից մեկով կամ դրանց համակցությամբ. 34 տոկոսը վկայակոչում էր հանցանք կատարած դատապարտյալի՝ իր իրավախախտման նկատմամբ ունեցած վերաբերմունքը, նրանցից ոմանք զղջում էին դրա համար, իսկ մյուսները՝ փորձում արդարացնել իրենց արարքները կամ վիճարկում իրենց դատավճիռների կամ նշանակված պատիժների հիմնավորվածությունը, 18 տոկոսը վկայակոչում էր հանցանք կատարած դատապարտյալի՝ ազատազրկմանը հաջորդող վերականգնումը, 48 տոկոսը բերում էր մարդասիրական հիմքեր (ընտանեկան դժվարությունները, երեխաների կամ տարեց հարազատների նկատմամբ հոգ տանելու կարիքը, ընտանիքի անդամներին ֆինանսական աջակցություն ցույց տալու անհրաժեշտությունը, ընտանիքի անդամների հետ վերամիավորվելու կարիքը, վատառողջ լինելը, ծերությունը) և 7 տոկոսը փորձում էր դատապարտյալներին ներկայացներ որպես քրեակատարողական հիմնարկի, դատարանների կամ համակարգի զոհեր, նրանցից ոմանք վկայակոչում էին ազատազարկման բացասական հետևանքները կամ ուղղիչ հիմնարկում անձնական զարգացման անհնարինությունը: Խնդրագրերի մնացած 2 տոկոսը որոշակի ինչ-որ հիմքով չէին բերվել: Խնդրագրերից միայն չորսն էր, որ անձամբ շահագրգիռ անձի կողմից չէր ներկայացվել, այլ ներկայացվել էր նրա օրինական ներկայացուցչի կողմից:
95. 2012թ. ընթացքում հանձնաժողովը երեսուներեք նիստեր էր անցկացրել՝ դրանք գումարելով ամիսը երեքից հինգ անգամ:
96. Հանձնաժողովի աշխատանքը հիմնված էր այն գաղափարի վրա, որ ներումը հանդիսանում է պատժի նվազեցման օժանդակ մի միջոց և որ այն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ, մի կողմից՝ առկա չեն քրեական ճնշումների մեղմացման այլ եղանակներ, և մյուս կողմից՝ պատժի կատարման շարունակումը բարոյապես արդարացված չէ և օրենքի ոգուն էլ հակառակ՝ այն առումով, որ դատապարտումից հետո ստեղծված հանգամանքներից ելնելով՝ հանցանք կատարած անձի վիճակը անսովոր էր դարձել, իսկ պատժի կատարման շարունակումն էլ դրական արդյունք չէր տալիս՝ դառնալով անտեղի պատժիչ և հակառակ քրեական քաղաքականության մարդասիրական նպատակներին:
97. Ներում շնորհելու վերաբերյալ յուրաքանչյուր խնդրագիրը քննարկելիս՝ հանձնաժողովը պետք է հաշվի առներ հանցանք կատարած անձի հետ կապված փաստերի ամբողջականությունը, այն է՝ քրեական տիպային վարքագծի առկայությունը և դրա առանձնահատկությունները, հանցագործության ծանրությունը, քրեական միջավայրի առանձնահատկությունները, հանցանքի դրդապատճառները, հանցանքը կատարելուց հետո դրսևորած վարքագիծը, քրեական անցյալը, այդ թվում՝ նախորդ քրեական պատիժների արդյունավետությունը, տուժողներին, հանցագործությունը կատարելուց և դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամանակը, պատիժը կրելու ցանկացած ընդհատում, պատժի կրած մասը և թե ինչպես է դատապարտյալը այն կրել, դատապարտյալի անձնական զարգացման հեռանկարները, այդ թվում՝ հանցագործությունների ռեցիդիվի վտանգը, ուղղման գործընթացի հաջողությունը, պատժի նպատակների կատարման աստիճանը, հաստատությունների կամ անձանց առկայությունը, որոնք կարող են դատապարտյալին վերասոցիալականացնել, դատապարտյալի առողջական վիճակը և դրա հետևանքները պատիժը կրելու համար, դատապարտյալի ընտանեկան դրությունը և դրա հետևանքները նրա իրավական կամ բարոյական պարտականությունների վրա (դատապարտյալի ընտանիքի անդամների առողջական վիճակը և տարիքը կամ կնոջ մոտ հղիության առկայությունը, երեխաների կամ գործազուրկ ընտանիքի անդամները), դատապարտումից հետո օրենքում կատարված ցանկացած փոփոխություն, որը վերացնում կամ նվազեցնում է հանցագործություններ կատարած դատապարտյալի քրեական պատասխանատվությունը, ինչպես նաև՝ քրեական պատիժը մեղմելու այլ միջոցների առկայությունը:
98. Հանձնաժողովը Փոխնախագահին առաջարկել էր երեք դատապարտյալին ներում շնորհել:
99. Այդ երեքից մեկը հիսունութ տարեկան մի անձնավորություն էր, ով դատապարտվել էր մահապատժի 1990թ. սպանություն կատարելու համար, որը զուգորդվել էր ծանր մարմնական վնասներ հասցնելով և բռնաբարությամբ: Բուլղարիայում մահապատիժը վերացնելուց հետո՝ 1999թ. նրա նկատմամբ կայացված մահապատժի դատավճիռը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ (տե՛ս վերևում՝ 58-րդ պարբերությունը): 2012թ. նա խնդրել էր իր պատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ՝ նշելով իր գործուն զղջալու, լավ վարքագիծ ունենալու և պատժի անմարդկային լինելու մասին: Հանձնաժողովը նշել է, որ նա արդեն քսաներկու տարի իր պատժից կրել է, որից տասնութ տարին՝ մենախցում, ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց համար կիրառվող «հատուկ ռեժիմի» ներքո (տե՛ս ստորև՝ 115-րդ, 116-րդ, 118-րդ և 121-րդ պարբերությունները): Հանձնաժողովը վեց ամիս շարունակ քննարկել է նրա գործը և գտել, որ վերջինիս գործով առկա է այնպիսի մի հանգամանք, այն է՝ նրա անձի հետ կապված կայուն դրական փոփոխությունները, որոնք անթույլատրելի են նրա համար դարձրել շարունակել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի կրումը: Այդ փոփոխությունը միանշանակ կերպով հաստատվել էր առկա փաստաթղթերով, փորձագետների զեկույցներով, որոնք ազատազրկման ողջ ընթացքում աշխատել են դատապարտյալի հետ, ինչպես նաև՝ հանձնաժողովի կողմից ձեռք բերված փորձագետ հոգեբանի զեկույցի և ռեցիդիվի վտանգի մասին տարբեր մեթոդների վրա հիմնված հաշվետվության վրա: Այս ամենը ցույց էր տալիս, որ այդ դատապարտյալը մեծապես տարբերվում էր մյուս ցմահ ազատազրկման պատիժ կրող և երկար ժամկետով ազատազրկված դատապարտյալներից: Նրա քրեական հակումները փոխարինվել են այլ դատապարտյալների հանդեպ կարեկցանքով և ստիպել վերանայել իր կատարած հանցանքները: Դատապարտյալի նկարագիրը վկայում էր ուղղիչ գործընթացի հաջող լինելու մասին, ինչը հազվադեպ է հանդիպում նույնիսկ նման հանցագործություններ կատարած և ազատազրկման ավելի կարճ ժամկետների, քան վերջինս արդեն կրել է, դատապարտված անձանց դեպքում: Այդ գործոնները նրան դնում էին 1968թ. Քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին կետի կիրառության շրջանակից դուրս (տե՛ս վերևում՝ 60-րդ պարբերությունը):
100. Հանձնաժողովը հակված էր կարծելու, որ դատապարտյալի պատիժը` ցմահ ազատազրկմամբ փոխարինելը կարող է ծառայել քրեական պատասխանատվության նպատակներին և չի նվազեցնի վերջինիս արարքների բարոյական դատապարտումը: Պատժի փոխարինումը համարժեք չէ դատապարտյալի քրեական անցյալի ներմանը, սակայն վկայում է այն ջանքերի մասին, որոնք հանցանք կատարած անձը ձեռնարկում է իր անցյալից հեռու մնալու համար: Այն նաև ցույց կտար առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված մյուս անձանց, որ նրանք կարող են բարելավել իրենց վիճակը, քանի որ նրանց կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված ջանքերը խրախուսվելու են հասարակության կողմից` ընդունելով վերջիններիս որպես իրենց լիիրավ անդամներ: Եվ վերջապես, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման փոխարինումը ցմահ ազատազրկմամբ չի մեծացնում ռեցիդիվի հավանականությունը:
101. 2012թ. դեկտեմբերի 20-ին հանձնաժողովը Փոխնախագահին առաջարկել է փոխարինել այդ դատապարտյալի պատիժը, որին այնուհետ համաձայնել է Փոխնախագահը և 2013թ. հունվարի 21-ին դրա վերաբերյալ համապատասխան հրամանագիր կայացրել:
102. 2013թ. փետրվարի 11-ին 24 Ժամ ազգային օրաթերթը հոդված է հրապարակել վերոհիշյալ դատապարտյալի վերաբերյալ: Հոդվածում, inter alia, նշվում էր, որ նրա վերականգնման հարցում կարևորագույն դեր է խաղացել թոշակի անցած ուղղիչ հիմնարկի սպաներից մեկը, որը շուրջ տասնհինգ տարիների ընթացքում աշխատել է նրա հետ: Ուստի, դատապարտյալը համոզված էր, որ յուրաքանչյուր ոք կարող է ուղղվել, եթե ժամանակին հանդիպի համապատասխան անձի, և դրանից ելնելով, նա օգնում էր դատապարտված մյուս անձանց:
(iii) Ներման հարցերի հանձնաժողովի աշխատանքը 2013թ. ընթացքում
103. 2013թ. ընթացքում Ներման հարցերի հանձնաժողովը շարունակել է հրապարակել ամսական զեկույցներ` վիճակագրական տվյալներ ներկայացնելով և մանրամասն տեղեկատվություն տրամադրելով Փոխնախագահին ներկայացված ներման առաջարկությունների հիմքում ընկած պատճառների մասին: Հանձնաժողովի կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ 2013թ. ընթացքում 419 անձ ներկայացրել է ներման թվով 475 խնդրագրեր, որոնցից միայն երեք դատապարտյալի դեպքում է հանձնաժողովը Փոխնախագահին առաջարկել ներում շնորհել: Հանձնաժողովը վեց խնդրագիր է ստացել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանցից: 2013թ. հուլիս-օգոստոս ամիսների համար ներկայացված իր զեկույցում հանձնաժողովը նշել է, որ քննարկել է այդ խնդրագրերից երկուսը և առաջարկել, որ դրանք պետք է մերժվեն, քանի որ այն ներկայացնող դատապարտյալները չեն ապացուցել, որ բավարար ջանքեր են գործադրել վերականգնման համար:
104. Հանձնաժողովի 2013թ. տարեկան զեկույցը հրապարակվել է 2014թ. փետրվարին: Ինչպես և հանձնաժողովի 2012թ. զեկույցը, այն համապարփակ մի փաստաթուղթ է, որը տեղեկատվություն է պարունակում հանձնաժողովի 2013 թվականի գործունեության, վերլուծական տեղեկություններ տարվա կտրվածքով բերված ներման խնդրագրերի հիմքերի, վիճակագրական տվյալների, ինչպես նաև՝ ներման խնդրագրերը քննելու հարցում հանձնաժողովի աշխատելաոճի, հանձնաժողովի կողմից առաջարկված հարցի լուծման եղանակների (խնդրագրի՝ քննության չընդունելը, մերժումը, լրիվ կամ մասնակիորեն ներումը), և հանձնաժողովի եզրահանգումների և առաջարկությունների վերաբերյալ:
105. Այդ զեկույցի համաձայն՝ 2013թ. ընթացքում հանձնաժողովը ուսումնասիրել է 420 անձանց կողմից ներկայացված ներման թվով 587 խնդրագրեր (ամսական մոտավորապես քառասունհինգ խնդրագիր): Բացառությամբ քսաներեք խնդրագրերի՝ մյուսները վերաբերում էին դատապարտյալների: 387 դատապարտյալներ անձամբ էին ներկայացրել խնդրագրերը, մյուս երեսունչորս գործով դրանք ներկայացվել էին հարազատների, իսկ տասնմեկ գործով էլ՝ օրինական ներկայացուցիչների կողմից: Խնդրագրերի 31 տոկոսը հիմնված էր դատապարտյալի ենթարյալ զղջման վրա, 33 տոկոսը՝ պատժի չափազանց խիստ լինելու, դատապարտյալի կողմից իրեն վերափոխելու ենթադրյալ փաստը չընդունելու, ինչպես նաև՝ ուղղիչ հիմնարկում անձնական զարգացման անհնարինության վրա, 68 տոկոսը՝ մարդասիրական հիմքեր էին ներկայացնում (ծերությունը, վատառողջ լինելը, հիվանդ հարազատների հետևից հոգ տանելը, աղքատությունը, ընտանիքի անդամներին աջակցելու անհրաժեշտությունը), 4 տոկոսը վկայակոչում էր հաստատված համարվող վերականգնումը, ուղղիչ հիմնարկում աշխատելը, ենթադրյալ լավ վարքագիծ ունենալը և պատժի կեսից ավելին կրած լինելու փաստը, 16 տոկոսը հիմնված էր պատժի չափազանց երկար լինելու ենթադրության, քրեական դատավարության չափազանց երկար տևողության, ենթարյալ սխալ կայացված դատավճռի վրա, և այլն, իսկ 8 տոկոսը՝ իրականում իբր անմեղ լինելու վրա:
106. 2013թ. ընթացքում հանձնաժողովը երեսուներկու նիստ է կայացրել:
107. 2013թ. հանձնաժողովը լիովին հավատարիմ է մնացել իր աշխատանքի գործելակերպին և ներման խնդրագրերը քննելիս հաշվի է առել նույնանման գործոնները (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը): Հանձնաժողովը Փոխնախագահին առաջարկել է ինը դատապարտյալի ներում շնորհել: Մինչև 2014թ. հունվարի 21-ը Փոխնախագահը ընդունել է այդ առաջարկներից յոթը և մեկն էլ՝ մերժել: Զեկույցում ներկայացվում էր այդ առաջարկություններից յուրաքանչյուրի հիմքում ընկած պատճառների սեղմագիրը:
Գ. Ազատազրկման պայմաններին վերաբերող ընդհանուր սկզբունքները
108. 1991թ. Սահմանադրության 31-րդ հոդվածի 5-րդ կետը սահմանում է, որ դատապարտյալները պետք է պահվեն այնպիսի պայմաններում, որոնք թույլ են տալիս վերջիններիս իրականացնել հիմնարար իրավունքներից այն իրավունքները, որոնք նշանակված պատժի շնորհիվ չեն սահմանափակվել:
109. Պատիժների կատարման մասին օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը՝ 2002թ. հունիս ամսից հետո դրանում կատարված փոփոխություններով հանդերձ, նախատեսում է, որ դատապարտյալների վերականգնումը, inter alia, ապահովվում է վերջիններիս այնպիսի պայմաններում պահելով, որտեղ երաշխավորում է նրանց ֆիզիկական և հոգեկան առողջությունը և մարդու արժանապատվությունը:
110. 1969թ. օրենքը 2009թ. հունիսի 1-ից փոխարինող Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատապարտյալները չպետք է ենթարկվեն խոշտանգումների կամ դաժան կամ անմարդկային վերաբերմունքի: Վերոհիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը խոշտանգումները և անմարդկային և նվաստացնող վերաբերմունքը սահմանում է որպես (ա) դիտավորությամբ կատարված ցանկացած գործողություն կամ անգործություն, որը պատճառել է ֆիզիկական ցավ կամ տառապանք, բացառությամբ այն դեպքերի, երբ այն առաջացել է օրենքով նախատեսված ուժի, օժանդակ միջոցների կամ հրազենի գործադրման արդյունքում, (բ) ազատազրկման վատ պայմաններում դիտավորյալ պահելը, որի մեջ մտնում է ոչ բավարար մակերեսի բնակելի տարածքը, սնունդը, հագուստը, ջեռուցումը, լուսավորությունը, օդափոխությունը, բժշկական օգնությունը, ֆիզիկական վարժություններ կատարելու հնարավորությունը, առանց մարդկային շփման երկարատև մեկուսացումը կամ հանցավոր այլ գործողությունները կամ անգործությունը, որոնք կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը, (գ) նվաստացնող վերաբերմունք, որը նվազեցնում է դատապարտյալի արժանապատվությունը, ստիպում իր կամքին հակառակ տառապել կամ կատարել գործողություններ, կամ նրա մեջ առաջացնում վախի, խոցելիության և թերարժեքության զգացումներ: 3-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ նման գործողությունները կամ անգործությունը ընդգրկում են նաև պաշտոնյայի կամ պաշտոնյայի դրդմամբ կամ համաձայնությամբ՝ բացահայտ թե լուռ, որևէ այլ անձի կողմից կատարվածները:
111. 40-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ դատապարտյալների վերականգնումը, inter alia, ապահովվում է վերջիններիս այնպիսի պայմաններում պահելով, որտեղ երաշխավորում է նրանց ֆիզիկական և հոգեկան առողջությունը և մարդու արժանապատվությունը:
112. 90-րդ հոդվածի 6-րդ կետը (2013թ. հունվարի 1-ից առաջ՝ նույն հոդվածի 5-րդ կետ) սահմանում է, որ դատապարտյալները չեն կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել դիմումներ և բողոքներ գրելու համար:
Դ. Դատապատրյալների վտանգավորության աստիճանի գնահատումը
113. Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին օրենքի 47-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ նոր ընդունված դատապարտյալները տեղավորվում են ընդունող մասում, որտեղ նրանք պահվում են երկու շաբաթից մինչև մեկ ամսվա ընթացքում: Ընդունող մասում տեղավորվելուց հետո երկու օրվա ընթացքում ուղղիչ հիմնարկի վարչակազմը դատապարտյալի համար պետք է անձնական գործ բացի (օրենքի 54-րդ հոդվածի 1-ին կետ և 2010թ. փետրվարի 2-ին ընդունված օրենքը գործողության մեջ դնող կանոնակարգի 31-րդ կանոնի 1-ին կետ): Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ նախքան դատապարտյալի ընդունող մասը լքելը, ուղղիչ հիմնարկին կցված սոցիալական աշխատողը, բժիշկը և հոգեբանը իրականցում են վերջինիս անձի, առողջական վիճակի և աշխատելու կարողության վերաբերյալ գնահատում, և առաջարկություններ տալիս դատապարտյալի հետ տարվելիք խմբային կամ անհատական աշխատանքների վերաբերյալ: 2013թ. հունվարի 1-ից գործող փոփոխությունների համաձայն՝ հոդվածի այդ կետը սահմանում է, որ գնահատման մեջ պետք է նաև հաշվի առնվեն ռեցիդիվի կամ վնաս հասցնելու հավանականությունը: Այդ փոփոխություններով 55-րդ հոդվածը լրացվել է նոր՝ 3-րդ կետով, որով սահմանվում է, որ ցմահ ազատազրկման կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման կամ ավելի քան տասը տարի ժամկետով ազատազրկման պատիժներ կրող դատապարտյալները կամ այն դատապարտյալները, որոնք «շատ բարձր» կամ «բարձր» աստիճանի վտանգավորության գնահատման էին արժանացել, պետք է բոլոր դեպքերում ենթարկվեին հոգեբանական գնահատման: Մյուս դատապարտյալների համար այսպիսի գնահատումը կարող էր իրականացվեր ուղղիչ հիմնարկի սոցիալական գործունեության և վերադաստիարակման հարցերով տեսուչի պահանջի հիման վրա:
Ե. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատիժը կրելու ռեժիմը
1. 1969թ. Պատիժների կատարման մասին օրենքի համաձայն
114. Մինչև 2009թ. հունիսի 1-ը ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատիժը կրելու ռեժիմը կարգավորվել են 1969թ. Պատիժների կատարման մասին օրենքի 127ա-127ե-րդ հոդվածներով, որոնք ներկայացվել են 1995թ. օրենքի փոփոխություններով՝ ցմահ ազատազրկման պատժատեսակի հետ զուգահեռաբար (տե՛ս վերևում՝ 56-րդ պարբերությունը), ինչպես նաև 1990թ. ընդունված և հետագայում մի շարք փոփոխությունների ենթարված օրենքը գործողության մեջ դնող կանոնակարգով: 2002թ. հունիսից գործող փոփոխության համաձայն՝ այդ օրենքը հստակ կերպով նախատեսում է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է իրենց պատիժը կրեն համաձայն նույն ռեժիմի, ինչպես այն դատապարտյալները, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտված:
115. 127բ-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատավճիռ կայացնելիս դատարանը պետք է նաև անդրադառնա հանցանք կատարած անձի՝ պատիժը ամենախիստ ռեժիմի, այսպես ասված՝ «հատուկ ռեժիմի» ներքո կրելու հարցին: Որոշակի ժամկետով ազատազրկման պատիժների նկատմամբ կիրառվող բանտային գործող ռեժիմներից են՝ «թեթև», «ընդհանուր», «խիստ» և «ուժեղացված» ռեժիմները (43-րդ հոդվածի 1-ին կետ): Ի տարբերություն ցմահ ազատազրկման պատժի, դատարանը որոշակի հայեցողություն ունի վերոհիշյալ ռեժիմների մեջ ընտրություն կատարելու հարցում (51-րդ հոդված): Ցմահ ազատազրկման կամ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված և «հատուկ ռեժիմի» տակ ընկնող անձինք մենախցերում փակի տակ էին պահվում՝ ենթարկվելով բարձր անվտանգության և վերահսկողության կանոնների (56-րդ կանոնի 1-ին կետ, 167գ-րդ կանոն և 167դ-րդ կանոնի 1-ին կետ): Իր հերթին, «ուժեղացված ռեժիմը» ենթադրում էր, որ դրա տակ ընկնող դատապարտված անձանց պետք է գիշերները պահեն փակ խցերում` թույլ չտալով նրանց ուղղիչ հիմնարկում կամ դրանից դուրս ընկած տարածքում տեխնիկական որևէ սպասարկման կամ այլ աշխատանք կատարել (55-րդ կանոնի 1-ին և 4-րդ կետեր): «Ուժեղացված ռեժիմի» տակ պահվող դատապարտյալները բանտապետի կարգադրությամբ կարող են մշտապես պահվել փակ խցերում, եթե վերջիններիս կողմից կատարված հանցագործությունների ծանրության կամ նշանակված պատժի երկար տևողության պատճառներով նրանք դիտվեն որպես վտանգ ներկայացնող կամ եթե նրանք բացահայտ կերպով և պարբերաբար խախտեն ներքին կանոնները կամ բացասական ազդեցություն ունենան մյուս դատապարտյալների վրա (56-րդ կանոնի 1-ին կետ):
116. Ըստ 127բ-րդ հոդվածի 2-րդ կետի և 167դ-րդ կանոնի 2-րդ կետի` պատիժը կրելուց հինգ տարի անց ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահելու ռեժիմը` լավ վարքագիծ դրսևորելու դեպքում կարող է փոխարինվել ավելի թեթև ռեժիմով: Նախկինում նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը չի գումարվում այդ ժամկետին (167-րդ կանոնի 2-րդ կետ): Պատիժը կրելու ռեժիմը ավելի թեթևով փոխարինելու որոշումը կայացվում է հատուկ հանձնոժողովի կողմից, որի մեջ են մտնում ուղղիչ հիմնարկի աշխատակիցները և տարբեր այլ պաշտոնյաներ (17-րդ հոդվածի 1-ին կետ և 5-րդ հոդվածի 1-ին կետ): Հակառակ դրան` պատիժը կրելու ռեժիմը ավելի խիստով փոխարինելու որոշումը կայացվում է շրջանային դատարանի կողմից` վերոհիշյալ հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա (17-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետ): Այդ կապակցությամբ ներկայացված բոլոր միջնորդագրերը պետք է հիմնված լինեն դատապարտյալի` իր կամ մյուս դատապարտյալների կամ ուղղիչ հիմնարկի անձնակազմի համար ներկայացվող վտանգավորության աստիճանի գնահատման արդյունքների վրա (17ա-րդ հոդված): Համաձայն 58-րդ հոդվածի` հանձնաժողովի որոշումները կարող են անվավեր ճանաչվել Արդարադատության նախարարի կողմից: «Խիստ ռեժիմի» անցնելուց հետո ցմահ ազատազրկման դատապարտված անձը նույն հանձնաժողովի որոշմամբ կարող է պահվել ուղղիչ հիմնարկի մյուս բոլոր դատապարտյալների հետ, եթե վերջինս իր կամ մյուս դատապարտյալների կամ ուղղիչ հիմնարկի անձնակազմի համար վտանգ չի ներկայացնում (2002թ. հունիսին լրացված 127բ-րդ հոդվածի 4-րդ կետ):
2. 2009թ. Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին օրենքի համաձայն
117. 1969թ. օրենքը և այն գործողության մեջ դնող կանոնակարգը համապատասխանաբար՝ 2009թ. հունիսին և 2010թ. փետրվարին փոխարինվեցին 2009թ. Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին օրենքով և 2010թ. փետրվարի 2-ին ընդունված այդ oրենքը գործողության մեջ դնող կանոնակարգով:
118. 2009թ. օրենքի 61-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ անձին առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտելիս, դատարանը դատավճռով պետք է նաև անդրադառնա վերջինիս «հատուկ ռեժիմի» տակ պահելու հարցին (ուղղիչ հիմնարկում կիրառվող երեք ռեժիմներից են` «հատուկ ռեժիմը», «խիստ ռեժիմը» և «ընդհանուր ռեժիմը», 65-րդ հոդվածի 2-րդ կետ): Համաձայն 71-րդ հոդվածի 2-րդ կետի` «հատուկ ռեժիմի» տակ պատիժը կրող անձինք մշտապես պետք է պահվեն փակ խցերում` ուժեղացված վերահսկողության ներքո: 2012թ. դեկտեմբերին օրենքը լրացված 71-րդ հոդվածի 3-րդ կետը, որն ուժի մեջ է մտել 2013թ. հունվարի 1-ից, սահմանում է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված և «խիստ ռեժիմի» տակ պատիժը կրող անձինք նույնպես պետք է մշտապես պահվեն փակ խցերում և ուժեղացված վերահսկողության ներքո, եթե հնարավոր չէ, հաշվի առնելով 198-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները (տե՛ս ստորև` 121-րդ պարբերությունը), վերջիններիս տեղավորել ուղղիչ հիմնարկի մյուս այլ դատապարտյալների հետ: Օրենքի այդ լրացմանը ուղեկցող բացատրական հուշագրի համաձայն` նոր դրույթը անհրաժեշտ էր ցմահ ազատազրկվածների կողմից մշտապես փակ խցում պահվելու հետ կապված բողոքները կասեցնելու համար, թեև վերջիններիս «հատուկ» ռեժիմը փոխարինվել էր «խիստ» ռեժիմով (տե՛ս ստորև՝ 130-134-րդ պարբերությունները):
119. 199-199-րդ հոդվածները մասնավորապես վերաբերում են առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց:
120. 197-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ հանցանք կատարած անձինք պետք է երկու այդ պատժատեսակները կրեն հատուկ նշանակության քրեակատարողական հիմնարկներում, իսկ դրանց բացակայության պարագայում՝ այլ ուղղիչ հիմնարկների առանձին մասնաշենքերում: 197-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար կիրառելի հատուկ դրույթների բացակայության դեպքում կիրառվում են այն դրույթները, որոնք նախատեսված են նաև որոշակի ժամկետով ազատազրկման պատիժների համար:
121. 198-րդ հոդվածի 1-ին կետը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պահվել ավելի մեղմ ռեժիմի տակ, եթե վերջինս դրսևորել է լավ վարքագիծ և իր պատժից առնվազն հինգ տարին արդեն կրել է: 198-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ Պատիժների կատարման հանձնաժողովի՝ դատապատյալի անձի գնահատման արդյունքում կայացված որոշման հիման վրա ցմահ ազատազրկվածները կարող են պահվել ուղղիչ հիմնարկի մյուս դատապարտյալների հետ և մասնակցել ընդհանուր աշխատանքներին, վերապատրաստմանը, կրթական, սպորտային կամ այլ միջոցառումներին՝ պայմանով, որ նրանք մինչ այդ պահվել են «խիստ ռեժիմի» տակ: Այդ հանձնաժողովի կազմի մեջ են մտնում բանտապետը, վերահսկիչ խորհրդի անդամը, բանտապետի անվտանգության հարցերով տեղակալը, ուղղիչ հիմնարկի սոցիալական և կրթական բաժնի ղեկավարը և ուղղիչ հիմնարկի հոգեբանը (73-րդ հոդվածի 1-ին կետ): Հանձնաժողովի նիստերը գումարվում են յուրաքանչյուր ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ (55-րդ կանոնի 1-ին կետ):
122. 199-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք չեն կարող պահվել «ընդհանուր ռեժիմի» տակ կամ այնպիսի արտոնությունների արժանանան, որը չեն կարող օգտագործել ուղղիչ հիմնարկի ներսում: 199-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ ցմահ ազատազրկվածները, որոնց պատիժը դատարանը փոխել է որոշակի ժամկետով ազատազրկման (տե՛ս վերևում՝ 71-րդ պարբերությունը), կարող են ուղղիչ հիմնարկից տեղափոխվել քրեակատարողական բաց հիմնարկ, որտեղ նրանց կպահեն «ընդհանուր ռեժիմի» կամ «թեթև ռեժիմի» տակ (քրեակատարողական բաց հիմնարկների համար կիրառվող միակ ռեժիմի տեսակը, 65-րդ հոդվածի 3-րդ կետ):
123. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմը կարգավորվում է նաև 2009թ. օրենքը գործողության մեջ դնող կանոնակարգի 213-220-րդ կանոններով: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժին առնչվող կանոնները նույնն են, ինչ և ցմահ ազատազրկման դեպքում (220-րդ կանոն):
124. 213-րդ կանոնը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պետք է իրենց պատիժը կրեն հատուկ նշանակության քրեակատարողական հիմնարկներում կամ այլ ուղղիչ հիմնարկների բարձր անվտանգության մասնաշենքերում: Այդ կանոնը նաև սահմանում է, որ ցմահ ազատազրկվածները պետք է մշտապես պահվեն փակ խցում՝ ուժեղացված վերահսկողության տակ և կարող են մասնակցել համայնքային միջոցառումներին միայն նույն կատեգորիայի այլ դատապարտյալների հետ:
125. 214-րդ կանոնը սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք այլ դատապարտյալներից մեկուսացված պետք է մնան նաև նրանց տեղափոխությունների, բուժօգնության, այցելությունների, մաքուր օդին անցկացվող միջոցառումների կամ այլ առիթների ընթացքում, երբ նրանք դուրս են գալիս խցերից:
126. 216-րդ կանոնի 1-ին կետը նախատեսում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են աշխատել իրենց խցերում, իսկ առկայության պարագայում՝ նաև հատուկ նպատակով կառուցված աշխատակայաններում: Դրան հակառակ՝ 71-րդ հոդվածի 1-ին կետը մյուս դատապարտյալների համար սահմանում է, որ նրանք կարող են աշխատել ուղղիչ հիմնարկի համապատասխան տարածքում կամ հանրակացարանում, իսկ բացառիկ դեպքերում՝ ուղղիչ հիմնարկից դուրս գտնվող անվտանգ տարածքում: Անհրաժեշտ է վարել ցմահ ազատազրկվածների աշխատած օրերի գրառումը (216-րդ կանոնի 2-րդ կետ): Սակայն, 1995 թվականին ուժի մեջ մտած 1968թ. Քրեական օրենսգրքի 38ա-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ցմահ ազատազրկման պատիժ կրող անձի կատարած աշխատանքը վաղաժամկետ ազատման համար հաշվի չի առնվում, որը ակնհայտորեն տարբերվում է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց վիճակից, ում պարագայում երկու աշխատանքային օրը՝ վաղաժամկետ ազատման նպատակների համար հաշվարկվում է ազատազրկման երեք օրվա դիմաց (նույն օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ կետ):
127. 217-րդ կանոնը, որը կրկնում է օրենքի 198-րդ հոդվածի 2-րդ կետը (տե՛ս վերևում՝ 121-րդ պարբերությունը), սահմանում է, որ Պատիժների կատարման հանձնաժողովի՝ դատապատյալի անձի գնահատման արդյունքում կայացված որոշման հիման վրա ցմահ ազատազրկվածները կարող են պահվել ուղղիչ հիմնարկի մյուս դատապարտյալների հետ և մասնակցել ընդհանուր աշխատանքներին, վերապատրաստմանը, կրթական, սպորտային կամ այլ միջոցառումներին՝ պայմանով, որ նրանք մինչ այդ պահվել են «խիստ ռեժիմի» տակ:
128. 218-րդ կանոնը, որը կրկնում է օրենքի 198-րդ հոդվածի 1-ին կետը (տե՛ս վերևում՝ 121-րդ պարբերությունը), սահմանում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է պահվել ավելի մեղմ ռեժիմի տակ, եթե վերջինս դրսևորել է լավ վարքագիծ և իր պատժից առնվազն հինգ տարին արդեն կրել է (նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվի չի առնվում):
129. 219-րդ կանոնը, որը կրկնում է օրենքի 197-րդ հոդվածի 1-ին կետը (տե՛ս վերևում՝ 120-րդ պարբերությունը), սահմանում է, որ դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում ցմահ ազատազրկման դատապարտվածները կարող են պահվել գործող քրեակատարողական հիմնարկների հատուկ մասնաշենքերում կամ Արդարադատության նախարարի կողմից սահմանված հատուկ նշանակության ուղղիչ հիմնարկում: Այդ ընթացքում դատապարտյալը գտնվում է աշխատանքային հատուկ խմբի հսկողության ներքո (219-րդ կանոնի 2-րդ կետ): Այդ ժամկետը լրանալուց հետո և ելնելով դատապարտյալի բազմակողմանի գնահատման արդյունքներից՝ վերջինս կարող է տեղափոխվել քրեակատարողական մեկ ուրիշ հիմնարկ՝ այլ պայմաններում պատիժը կրելու համար (219-րդ կանոնի 3-րդ կետ):
3. 2009թ. օրենքը գործողության մեջ դնող կանոնակարգի դեմ բերված հայցերը
130. 2010թ. ցմահ ազատազրկման դատապարտված երկու անձ 2009թ. օրենքը գործողության մեջ դնող կանոնակարգի 213-րդ, 214-րդ և 219-րդ կանոնների առնչությամբ հայցեր էր ներկայացրել: Նրանք վիճարկել են, որ այդ կանոնները հակասում են օրենքի դրույթներին:
131. 2011թ. մարտի 28-ին (реш. № 4373 от 28 март 2011 г. по адм. д. № 10758/2010 г., ВАС, І о.) Գերագույն վարչական դատարանը՝ երեք դատավորի կազմով հայցը բավարարել է: Դատարանը գտել է, որ Արդարադատության նախարարը կանոնակարգը չի ընդունել համաձայն հաստատված ընթացակարգերի: Մասնավորապես, վերջինս կանոնակարգի օրինագիծը չի հրապարակել նախարարության կայքէջում՝ այն հանրության համար հասանելի դարձնելու և մեկնաբանություններ ստանալու նպատակով, ինչպես որ սահմանված էր 1973թ. Նորմատիվային ակտերի մասին օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ կետով: Սա լուրջ բացթողում էր: Բացի այդ, դատարանի կազմը գտել էր, որ 213-րդ կանոնը այն մասով, որով պահանջվում էր, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պետք է շարունակաբար պահվի անազատության մեջ, հակասում էր 2009թ. օրենքի 197-րդ հոդվածի 1-ին կետին (տե՛ս վերևում՝ 120-րդ և 124-րդ պարբերությունները), քանի որ այն ներառում էր օրենքի տեքստին հակասող պահանջ, մինչդեռ այսպիսի կանոնով կարող էր միայն սահմանվել օրենքում շարադրված պահանջների կատարման կարգը: 213-րդ կանոնը չի բխում նաև 2009թ. օրենքի որևէ այլ հոդվածից: 213-րդ կանոնի մնացած մասը, ինչպես նաև 214-րդ և 219-րդ կանոնները (տե՛ս վերևում՝ 124-րդ, 125-րդ և 129-րդ պարբերությունները) չեն հակասում 2009թ. օրենքի դրույթներին:
132. Նախարարի կողմից բերված բողոքի հիման վրա 2011թ. սեպտեմբերի 14-ին կայացված վերջնական դատական ակտով (реш. № 11411 от 14 септември 2011 г. по адм. д. № 6341/2011 г., ВАС, петчл. с-в) Գերագույն վարչական դատարանը՝ հինգ դատավորի կազմով, բեկանել է երեք դատավորի կազմով կայացված վճիռը: Դատարանը վճռել է, որ կանոնակարգի օրինագծի՝ նախարարության կայքէջում չհրապարակելը ընթացակարգային կանոնների էական խախտում չի հանդիսանում: Դատարանը նշել է նաև, որ 213-րդ կանոնը չի հակասում 2009թ. օրենքի դրույթներին, քանի որ այն կարող է համարվել 197-րդ հոդվածի 1-ին կետի վրա հիմնված՝ 71-րդ հոդվածի 1-ին կետի հետ համակցությամբ (տե՛ս վերևում՝ 118-րդ պարբերությունը): Վերն ասվածը վերաբերում է «հատուկ ռեժիմի» տակ պահվող բոլոր դատապարտյալներին, այդ դրույթը սահմանում էր, որ նրանք բոլորը պետք է իրենց պատիժն կրեն մշտապես փակ խցերում:
133. Երկու դատավոր հատուկ կարծիք էին ներկայացրել՝ նշելով, որ նախարարության կողմից կանոնակարգի օրինագիծը կայքէջում չհրապարակելն իսկապես լուրջ բացթողում է, որը կասկածի տակ է դրել օրինագծի ընդունման գործընթացը:
134. Այդ հայցի մերժման արդյունքում Գերագույն վարչական դատարանը անընդունելի էր նաև ճանաչել (տե՛ս опр. № 3355 от 7 март 2012 г. по адм. д. № 3154/ 2012 г., ВАС, петчл. с-в, և опр. № 5065 от 6 април 2012 г. по адм. д. № 14339/2011 г., ВАС, петчл. с-в) միևնույն ցմահ ազատազրկվածների կողմից 1988թ. Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պատճառած վնասի համար պատասխանատվության մասին օրենքի 1-ին հոդվածի (տե՛ս ստորև՝ 136-րդ պարբերությունը) և բանտային ռեժիմի վատ պայմանների արդյունքում վերջիններիս կողմից ենթադրաբար տառապանքներ կրած լինելու հանգամանքի հիման վրա բերված վնասի փոխհատուցման երկու պահանջները: Դատարանը գտել է, որ այդ պահանջները կարող են միայն բավարավել, եթե այն իրավական ակտերը, որոնք վիճարկվել էին դատավարության ավելի վաղ շրջանում, անվավեր ճանաչվեին, որը սակայն տեղի չէր ունեցել:
4. Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվելակերպի ներպետական չափանիշները
135. 2007թ. փետրվարի 2-ին Պատիժների կատարման տնօրինության տնօրենը Բուլղարիայի պատմության ընթացքում առաջին անգամ հաստատել է «Ցմահ ազատազրկման դատապատված անձանց հետ վարվելակերպի ներպետական չափանիշները»: Այս չափանիշների նպատակը «ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվելակերպի արդյունավետ մոդել հաստատելն է, որով երաշխավորվում է վերջիններիս ֆիզիկական և հոգեկան առողջության պահպանումը և ապահովվում է հասարակության և ուղղիչ հիմնարկի անձնակազմի պաշտպանվածությունը»: Ի թիվս այլոց, այդ չափանիշները հաստատում են այն կենցաղային պայմանների նվազագույն պահանջները, որոնցում այդ դատապարտյալները պետք է պահվեն, անհրաժեշտ անվտանգության միջոցառումները և ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվելու կանոնները: Նրանք կոչ են անում քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը՝ հնարավորության սահմաններում և հաշվի առնելով կիրառելի անվտանգության միջոցառումներով պայմանավորված սահմանափակումները՝ հավաստիանալ, որ ցմահ ազատազրկվածները ապահոված լինեն համապատասխան աշխատանքով, կրթությամբ (հնարավորության դեպքում նաև՝ հեռավար ուսուցմամբ), սոցիալական զարգացման պայմաններով, խնամակալությամբ, նրանց ֆիզիակական և հոգեկան առողջության պահպանման համար ապահովվեն ծրագրերով և բժշկական խնամքով: Համաձայն մշակված չափանիշների, inter alia, ցմահ ազատազրկման դատապարտվածները պետք է ներառվեն հարմարեցման ծրագրերում, որոնք կօգնեն վերջիններիս ընդունելու այն իրավիճակը, որում հայտնվել են, ինչպես նաև՝ կազմելու իրենց կյանքի հեռանկարը, զարգացնելու ինքն իրեն օգնելու կարողություն, պահպանելու սոցիալական կապերը, քաջալերելու նրանց մասնակցություն ունենալ տարբեր միջոցառումներում և չեզոքացնելու նրանց մոտ դեպրեսիվ ու հոգեսոմատիկ ցանկացած տիպի նշանները: Համաձայն այդ չափանիշների՝ յուրաքանչյուր դատապարտյալ պետք է ունենա պատժի կատարման անհատական ծրագիր, որտեղ պետք է ներառված լինեն նաև պարբերական գնահատման շրջանները, ինչպես նաև՝ իրենց պատժի կատարման ընթացքը քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ քննարկելու հնարավորություն: Համաձայն այդ չափանիշների՝ ցմահ ազատազրման դատապարտված անձինք պետք է ունենան մշակութային և սպորտային կյանքին հաղորդակից լինելու, բանտային գրադարան այցելելու, պարբերականներից, հեռուստատեսությունից և ռադիոյից օգտելու հնարավորություն, ինչպես նաև՝ կրոնական ծառայություններից և խմբային միջոցառումներից օգտվելու հնարավորություն: Սակայն այս չափանիշներում ուղղիչ կամ վերականգնողական որևէ ծրագրի մասին նշված չէ:
...
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
Ա. 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը
157. 1968թ. հոկտեմբերի 8-ին Բուլղարիան ստորագրել է 1966թ. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը (999 UNTS 71) և վավերացրել այն 1970թ. սեպտեմբերի 21-ին: Այն ուժի մեջ է մտել 1976թ. մարտի 23-ին՝ բացառությամբ 41-րդ հոդվածի: Այն հրապարակվել է Բուլղարայի պաշտոնական տեղեկագրում 1976թ. մայիսի 28-ին (обн., ДВ, бр. 43 от 28 май 1976 г.), ինչը նշանակում է, որ 1991թ. Սահմանադրության 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ այն հանդիսանում է ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս: Դաշնագրի 10-րդ հոդվածի համապատասխան մասում սահմանված է.
«1. Ազատությունից զրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:
2. ...
3. Պատժի համակարգով բանտարկյալների համար նախատեսվում է այնպիսի ռեժիմ, որի էական նպատակը նրանց բարեփոխումն է և սոցիալական վերականգնումը: ...»:
158. Իր 10-րդ հոդվածի վերաբերյալ թիվ 21 Ընդհանուր մեկնաբանությունում (Ազատությունից զրկված անձանց հետ մարդասիրաբար վարվելը)՝ ընդունված 1141-րդ հանդիպման ժամանակ (քառասունչորսերորդ նստաշրջանի ընթացքում), որը տեղի է ունեցել 1992թ. ապրիլի 6-ին, Մարդու իրավունքների կոմիտեն 10-րդ կետում նշել է՝ «ոչ մի քրեակատարողական հիմնարկ չպետք է լինի սոսկ պատժիչ, այլ շատ ավելի բարեփոխող կամ սոցիալ-վերականգնողական»:
Բ. Եվրոպայի խորհրդի փաստաթղթերը
1. Եվրոպական բանտային կանոնները
159. Եվրոպական բանտային կանոնները Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից անդամ պետություններին հասցեագրված առաջարկություններ են՝ ուղղիչ հիմնարկներում կիրառելի նվազագույն չափանիշների վերաբերյալ: 1987թ. Եվրոպական բանտային կանոններն (այս փաստաթուղթը ներկայացվել է որպես թիվ R (87) 3 հանձնարարականի հավելված) ընդունվել են 1987թ. փետրվարի 12-ին: 2006թ. հունվարի 11-ին Նախարարների կոմիտեն, նկատելով, որ 1987թ. կանոնները «կարիք ունեն զգալի վերանայման և թարմացման, հնարավոր դարձնելով քրեակատարողական քաղաքականության, դատապարտման պրակտիկայի և ընդհանուր առմամբ՝ Եվրոպայում քրեակատարողական հիմնարկների կառավարման ոլորտում տեղի ունե[ցած] վերջին զարգացումների» արտացոլումը, ընդունել է Եվրոպական բանտային կանոնների մասին Rec(2006)2 հանձնարարականը: 2006թ. կանոնների նոր տարբերակը ներկայացվել է որպես այդ հանձնարարականի հավելված: Համապատասխան մասերում այն ընթերցվում է հետևյալ կերպ.
«Մաս I
Հիմնական սկզբունքները
1. Ազատությունից զրկված բոլոր անձանց հետ վերաբերվելիս պետք է հարգել նրանց մարդու իրավունքները:
2. Ազատությունից զրկված անձինք պահպանում են իրենց բոլոր այն իրավունքները, որոնցից նրանք չեն զրկվել օրենքով սահմանված կարգով դատապարտվելու կամ նախնական կալանքում պահելու որոշման հետևանքով։
3. Ազատությունից զրկված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները պետք է լինեն նվազագույն և համաչափ այն իրավաչափ նպատակներին, որոնց համար դրանք կիրառվում են:
4. Մարդու իրավունքներն ոտնահարող բանտային պայմանները չեն կարող արդարացվել միջոցների սակավությամբ:
...
6. Ազատազրկումը պետք է կազմակերպվի այնպես, որ դա նպաստի ազատազրկված անձանց՝ դեպի ազատ հասարակություն վերադարձին:
...
Մաս II
Ազատազրկման պայմանները
...
Բանտային ռեժիմը
25.1. Բոլոր ազատազրկված անձանց համար նախատեսվող ռեժիմը պետք է ապահովի միջոցառումների համաչափ ծրագիր:
25.2. Բանտային ռեժիմը պետք է բոլոր ազատազրկված անձանց հնարավորություն ընձեռի օրվա ընթացքում խցից դուրս անցկացնել այնքան ժամ, որքան անհրաժեշտ է մարդկային և սոցիալական շփման բավարար մակարդակ ապահովելու համար:
25.3. Բանտային ռեժիմը պետք է նաև ազատազրկված անձանց կարիքները հոգալու միջոց ծառայի:
...
Ազատազրկված անձանց ազատ արձակումը
33.3. Բոլոր ազատազրկված անձինք պետք է օգտվեն ազատ արձակումից հետո նրանց ազատ հասարակություն վերադարձին աջակցելու համար նախատեսված հնարավորություններից:
...
Անվտանգությունը
51.1. Անհրաժեշտ է ապահովել առանձին ազատազրկված անձանց նվազագույն անվտանգության միջոցները:
...
51.3. Ուղղիչ հիմնարկ ընդունելուց հետո որքան հնարավոր է արագ պետք է անցկացնել ազատազրկված անձի գնահատում` պարզելու հետևյալը.
ա. փախուստ կատարելու դեպքում նրանց վտանգավորության աստիճանը հասարակության համար,
բ. ինքնուրույն կամ արտաքին աջակցությամբ փախուստ կատարելու վտանգը:
51.4. Յուրաքանչյուր ազատազրկված անձ պահվում է անվտանգության այնպիսի պայմաններում, որոնք համապատասխանում են գնահատված վտանգավորության աստիճանին:
51.5. Անհրաժեշտ անվտանգության աստիճանը պետք է պարբերաբար վերանայվի անձի ազատազրկման ընթացքում:
...
Մաս VIII
Դատապարտված անձինք
Ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմի նպատակը
102.1. Բոլոր ազատազրկված անձանց նկատմամբ կիրառվող կանոններից զատ, ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմը պետք է կազմվի այնպես, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռի պատասխանատու կյանք վարել և զերծ մնալ հանցավորությունից:
102.2. Ազատազրկումը ինքնին արդեն պատիժ է, և ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմը չպետք է էլ ավելի ծանրացնի ազատազրկման հետ անբաժանելիորեն կապված տառապանքը:
Ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմի իրագործումը
103.1. Ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմը սկսվում է անձին դատապարտված անձի կարգավիճակող` քրեակատարողական հիմնարկ ընդունելու պահից, եթե այն ավելի վաղ չի սկսվել:
103.2. Քրեակատարողական հիմնարկ ընդունումից հետո՝ հնարավորինս չափ շուտ կազմվում է հաշվետվություն, որը ներառում է ազատազրկման դատապարտված անձի անձնական կացության նկարագրությունը, յուրաքանչյուր դատապարտված անձի համար առաջարկվող պատժի կրման ծրագիրը և նրանց ազատ արձակման համար նախապատրաստելու ռազմավարությունը:
103.3. Անհրաժեշտ է խրախուսել ազատազրկման դատապարտված անձանց մասնակցությունը իրենց պատիժը կրելու անհատական ծրագրի մշակման գործընթացում:
103.4. Այդ ծրագրերը պետք է հնարավորության սահմաններում ներառեն հետևյալը՝
ա. աշխատանք.
բ. կրթություն.
գ. գործունեության այլ տեսակներ և
դ. նախապատրաստում ազատ արձակմանը:
103.5. Սոցիալական աշխատանքը, բժշկական և հոգեբանական խնամքը նույնպես կարող են ներառվել ազատազրկման դատապարտված անձանց ռեժիմների մեջ:
...
103.8. Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց պատիժների կրման պատշաճ ծրագրերի և ռեժիմների իրականացմանը:
...
Ազատազրկման դատապարտված անձանց ազատ արձակումը
107.1. Ազատ արձակումից բավականաչափ երկար ժամանակ առաջ ազատազրկման դատապարտված անձանց պետք է աջակցություն ցուցաբերել՝ հատուկ ընթացակարգերի և ծրագրերի միջոցով, որոնք նրանց հնարավորություն կտան բանտային կյանքից անցում կատարել հասարակության մեջ օրինապահ կյանքի:
107.2. Ավելի երկար ժամկետներով պատիժներ կրող դատապարտված անձանց դեպքում, մասնավորապես, պետք է քայլեր ձեռնարկել դեպի ազատ հասարակություն նրանց աստիճանական վերադարձը երաշխավորելու ուղղությամբ:
107.3. Այս նպատակը կարող է իրագործվել՝ նախքան ազատ արձակվելը քրեակատարողական հիմնարկում իրականացվող ծրագրի միջոցով, կամ վերահսկողության ներքո մասնակի կամ պայմանական ազատմամբ, վերջինս համադրելով արդյունավետ սոցիալական օժանդակության հետ:
107.4. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պետք է սերտորեն համագործակցի ազատ արձակված անձանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող և նրանց աջակցող ծառայությունների ու մարմինների հետ՝ օգնելով նրանց վերագտնել իրենց տեղը հասարակության մեջ, մասնավորապես` ընտանեկան կյանքի և աշխատանքի մեջ:
107.5. Նշված սոցիալական ծառայությունների կամ մարմինների ներկայացուցիչներին պետք է հնարավորություն տրվի անհրաժեշտության դեպքում ցանկացած ժամանակ մուտք գործել քրեակատարողական հիմնարկ և հանդիպել ազատազրկված անձանց հետ՝ օգնելու վերջիններիս ազատ արձակմանը նախապատրաստելու և ազատ արձակումից հետո իրականացվող խնամքի ծրագրեր պլանավորելու գործում»:
160. 2006թ. կանոնների մեկնաբանություններում (մշակված Քրեական հարցերով եվրոպական հանձնաժողովի կողմից) ասվում է, որ 102-րդ կանոնը համահունչ է կարևոր միջազգային փաստաթղթերի հետ, այդ թվում նաև՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետի հետ (տե՛ս վերևում՝ 157-րդ պարբերությունը):
2. Թիվ 76(2) բանաձևը
161. 1976 թվականից սկսած Նախարարների կոմիտեն ընդունել է երկարաժամկետ և ցմահ ազատազրկման վերաբերյալ մի շարք բանաձևեր և հանձնարարականներ: Դրանցից առաջինը թիվ 76(2) բանաձևն է՝ ընդունված 1976թ. փետրվարի 17-ին, որով անդամ պետություններին, inter alia, ներկայացվում է հետևյալ առաջարկությունները.
«1. իրականացնել քրեակատարողական այնպիսի քաղաքականություն, որի ներքո երկարաժամկետ ազատազրկումը նշանակվում է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է հասարակության պաշտպանության համար,
2. ձեռնարկել անհրաժեշտ իրավական և վարչական միջոցառումներ այդպիսի դատավճիռները կատարելու ժամանակ համապատասխան վարվելակերպը խթանելու նպատակով,
...
6. զարգացնել դատապարտյալների պատասխանատվության զգացումը՝ աստիճանաբար կիրառելով բոլոր համապատասխան ոլորտներում մասնակցությունը քաջալերող համակարգեր,
...
9. հավաստիանալ, որ բոլոր դատապարտյալների գործերը ենթակա են հնարավորինս շուտ վերանայման՝ որոշելու համար, թե արդյոք կարելի է պայմանական վաղաժամկետ ազատում կիրառել թե՝ ոչ,
10. դատապարտյալին շնորհել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հնարավորություն, որը ենթակա է կրած պատժի ժամկետի հետ կապված օրենսդրական կարգավորման, այն շնորհվում է այն ժամանակ, երբ կարող է տրվել անձի վարքի դրական կանխատեսում, սոսկ ընդհանուր կանխարգելման նկատառումները չեն կարող արդարացնել պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը մերժելը,
11. Ցմահ ազատազրկման դեպքերում կիրառել միևնույն սկզբունքներն, ինչ երկարաժամկետ ազատազրկման դեպքերում,
12. Ապահովել, որ ցմահ ազատազրկման դեպքում, ինչպես որ սահմանված է 9-րդ կետով, պատժի վերանայում տեղի ունենա, եթե դա տեղի չի ունեցել ազատազրկման ութից տոսնչորսերորդ տարիների միջակայքում և կրկնվի պարբերաբար, ...»:
3. Թիվ 2003(23) հանձնարարական՝ քրեակատարողական հիմնարկի ղեկակարության կողմից ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կառավարման վերաբերյալ
162. Քրեակատարողական հիմնարկի ղեկակարության կողմից ցմահ ազատազրկման ևլ երկարաժամկ ետ ազատազրկման դատապարտված անձանց կառավարման վերաբերյալ թիվ 2003(23) հանձնարարականը Նախարարների կոմիտեի կողմից ընդունվել է 2003թ. հոկտեմբերի 9-ին: Այն անդամ պետություններին առաջարկում է, որ ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կառավարման շուրջ իրենց օրենսդրություններում, քաղաքականություններում և գործելակերպերում վերջիններս ղեկավարվեն հանձնարարականի հավելվածում բերված սկզբունքներով: Համապատասխան մասերում այդ սկզբունքները սահմանում են հետևյալը.
«Ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման պատիժ կրող դատապարտյալների հասկացությունների սահմանումը
1. Սույն հանձնարարականի նպատակներով ցմահ ազատազրկման դատապարտյալը այն դատապարտյալն է, ով կրում է ցմահ ազատազրկման պատիժ: Իսկ երկարաժամկետ ազատազրկում կրող դատապարտյալը այն դատապարտյալն է, ով կրում է ազատազրկման պատիժ, կամ այնպիսի պատիժ, որի տևողությունը գերազանցում է հինգ տարին:
Ընդհանուր նպատակները
2. Ցմահ ազատազրկման, ինչպես նաև երկարաժամկետ ազատազրկման պատժի կառավարման նպատակը պետք է լինի հետյալը՝
– ապահովել, որ քրեակատարողական հիմնարկները լինեն ապահով և անվտանգ բոլոր այն անձանց համար, ովքեր աշխատում են այնտեղ կամ այցելության են գալիս,
– չեզոքացնել ցմահ և երկարաժամկետ ազատազրկման վնասները,
– ավելացնել և բարելավել այս դատապատյալների համար ազատ արձակումից հետո հասարակության մեջ հաջողությամբ վերահաստատվելու և օրինապաշտ կենսակերպ վարելու հնարավորությունները:
Ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կառավարման ընդհանուր սկզբունքները
3. Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց անհատական հատկանիշների բազմազանությանը և դրանք հաշվի առնել պատժի կատարման անհատական ծրագրեր մշակելիս (անհատականացման սկզբունք):
4. Բանտային կյանքը պետք է կազմակերպվի այնպես, որ այն հնարավորինս մոտ լինի մարդկային հասարակության մեջ անցնող կյանքին (բնականոնության սկզբունք):
5. Դատապարտյալներին պետք է հնարավորություններ ընձեռվեն ամենօրյա բանտային կյանքի ընթացքում դրսևորելու անձնական պատասխանատվություն (պատասխանատվության սկզբունք):
6. Անհրաժեշտ է հստակ տարբերակել ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կողմից արտաքին հանրության, այլ դատապարտյալների, ուղղիչ հիմնարկի աշխատակիցների և այցելուների նկատմամբ ունեցած ռիսկերի միջև (անվտանգության և ապահովության սկզբունք):
7. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ չի կարելի ցմահ և երկարաժամկետ ազատազրկման պատիժ կրողներին սոսկ իրենց պատժի հիմքով տարանջատել (չտարանջատելու սկզբունք):
8. Ցմահ կամ երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց բանտային կյանքի կառավարման նպատակով անհատական պլանավորումը պետք է հետապնդի քրեակատարողական համակարգում առաջընթաց ապահովելու նպատակ (առաջընթացի սկզբունք):
Պատժի իրականացման պլանավորումը
9. Ընդհանուր նպատակներին հասնելու և վերոհիշյալ սկզբունքերը բավարարելու համար յուրաքանչյուր առանձին դատապարտյալի համար հարկավոր է մշակել պատժի իրականացման անհատական ծրագիր: Այսպիսի ծրագրերը հնարավորության սահմաններում անհրաժեշտ է կազմել դատապարտյալի ակտիվ մասնակցությամբ, իսկ ազատազրկման ժամկետի ավարտին մոտ շրջանում՝ հետազատման վերահսկողությամբ զբաղվող և այլ պատկան մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
10. Պատժի իրականացման ծրագրերը պետք է ներառեն յուրաքանչյուր առանձին դատապարտյալի համար ռիսկերի և կարիքների գնահատում և պետք է իրականացվեն այնպես, որ սիստեմատիկ մոտեցում ցուցաբերվի հետևյալին.
– դատապարտյալի նախնական տեղաբաշխմանը,
– պրոգրեսիվ առաջընթացին՝ ավելի խիստ բանտային համակարգից դեպի նվազ սահմանափակ պայմաններ՝ վերջում, լավագույն դեպքում, ազատ պայմաններում անցկացնելու հնարավորությամբ՝ նախընտելիորեն հասարակության մեջ,
– դասընթացների, աշխատանքային, ուսումնական և այլ տեսակի գործունեության մասնակցությունը, ինչը կապահովի բանտում անցկացրած ժամանակի ավելի նպատակային ծախսելուն և կավելացնի ազատ արձակումից հետո հասարակության մեջ հաջողությամբ վերաինտեգրվելու հնարավորությունները,
– միջամտություններին և ռիսկերի ու կարիքների հասցեագրման համար պլանավորած ծրագրերում մասնակցությանը, որոնց նպատակն է բանտային կործանարար վարքագծի և ազատ արձակվելուց հետո կրկնահանցագործություն կատարելու հավանականության նվազեցումը,
– հանգստի նպատակով կազմակերպվող և այլ միջոցառումներին մասնակցությանը, որոնց նպատակն է երկարաժամկետ ազատազրկման վնասակար ազդեցության հակազդումը,
– պայմանական ազատ արձակումից հետո իրավապաշտ կյանք վարելուն և հասարակության մեջ իր տեղը վերագտնելուն նպաստող պայմանների վերահսկողության միջոցների կիրառմանը:
11. Պատժի կատարման ծրագրի կազմումն անհրաժեշտ է սկսել հնարավորինս վաղ՝ դատապարտյալի՝ ուղղիչ հիմնարկ մուտք գործելուց անմիջապես հետո, որը պետք է լինի պարբերաբար վերանայման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ փոփոխման ենթակա:
...
Ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց հասարակության մեջ վերաինտեգրման կառավարումը
33. Ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց երկարատև անազատության մեջ գտնվելուց հետո հասարակության մեջ օրինապաշտ կյանք վարելուն անցում կատարելու խնդիրը հաղթահարելուն նպաստելու նպատակով անհրաժեշտ է նրանց ազատ արձակումը նախապատատրաստել վաղօրոք՝ հաշվի առնելով հետևյալը՝
– նախաազատման և հետազատման ծրագրերի մշակում, որտեղ պետք է հասեագրված լինեն առկա ռիսկերը և կարիքները,
– ազատումը ձեռք բերելու և անազատության մեջ կիրառված ցանկացած տեսակի ծրագրերի, միջամտությունների հետազատման փուլում շարունակելու հնարավորության պատշաճ հաշվի առնում,
– ուղղիչ հիմնարկի վարչակազմի և հետազատման վերահսկողությամբ զբաղվող մարմինների, սոցիալական և բժշկական սպարսարկման ծառայությունների միջև սերտ համագործակցության անհրաժեշտություն:
34. Ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շնորհման և իրականացման համար թիվ Rec(2003)22 հանձնարարականով սահմանված պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ սկզբունքները պետք է լինեն առաջնորդող:
163. 34-րդ կետի առնչությամբ հանձնարարականին ուղեկցող զեկույցում ասված է հետևյալը (131-րդ պարբերություն).
«Թիվ Rec(2003)23 հանձնարարականը ներառում է մի սկզբունք, համաձայն որի պայմանական վաղաժամկետ ազատումը պետք է լինի հնարավոր բոլոր դատապարտյալների համար՝ բացառությամբ չափազանց կարճ ժամկետով պատիժ կրողների: Հանձնարարականի պայմանների համաձայն՝ այս սկզբունքը կիրառելի է նույնիսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ: Սակայն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ առաջարկվում է ցմահ ազարազրկման դատապարտված անձանց շնորհել ազատ արձակվելու հնարավորություն, սակայն դա չի նշանակում, որ վերջիններիս պայմանական ազատ արձակումը մշտապես պետք է կիրառվի»:
...
IV. ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԿԱՄ ՊԱՏԺԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ (ԽԿԿ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ
Ա. Տասնմեկերորդ ընդհանուր զեկույցը
165. Իր տասնմեկերորդ ընդհանուր զեկույցում (CPT/Inf (2001) 16), հրապարակված 2001թ. սեպտեմբերի 3-ին, ԽԿԿ-ն ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կապակցությամբ նշել է.
«33. Եվրոպական շատ երկրներում ցմահ և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց թիվն աճում է: Իր այցելություններից մի քանիսի արդյունքում ԽԿԿ-ն գտել է, որ այդպիսի դատապարտյալների վիճակը բազմաթիվ նյութական կարիքների, միջոցառումների իրականացման և ավելի շատ մարդկային շփումներ ապահովելու անհրաժեշտության մասին է հուշում: Այդպիսի դատապարտյալներից շատերը ենթարկվում են առանձին սահմանափակումների, որոնց առկայությամբ այդ դատապարտյալների մոտ կա երկարաժամկետ անազատության պատճառով առաջացող վնասակար հետևանքների սրման հավանականություն, այդպիսի սահմանափակումներից են, օրինակ, ուղղիչ հիմնարկի մյուս դատապարտյալներից տևական մեկուսացումը, դատապարտյալի բանտախցից բացառապես ձեռնաշղթաներով դուրս բերումը, մյուս դատապարտյալների հետ շփման արգելումը, և այցելուների սահմանափակումը: ԽԿԿ-ն չի արդարացնում հատուկ տեսակի պատիժներ կրող բոլոր դատապարտյալների հանդեպ անխտիր կիրառվող սահմանափակումները, որոնց դեպքում պատշաճ կերպով հաշվի չեն առնվում անհատական ռիսկերը, որ կարող են (կամ չեն կարող) առաջանալ:
Երկարաժամկետ ազատազրկումը դատապարտյալների մոտ կարող է առաջ բերել մի շարք հակասոցիալական հետևանքներ: Բացի փակ հաստատության մեջ ապրելուն սովորելուց երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձինք կարող են երկարաժամկետ ազատազրկման հետ կապված մի շարք հոգեբանական խնդիրներ ունենալ (այդ թվում նաև՝ ցածր ինքնագնահատական և սոցիալական շփման կարողությունների նվազում) և ձեռք բերել հասարակությունից կտրված լինելու հակվածություն, որտեղ նրանք ի վերջո վերադարձվելու են: ԽԿԿ-ի կարծիքով երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց առաջարկվող ռեժիմները պետք է փորձեն չեզոքացնել այս հետևանքները՝ պոզիտիվ և պրոակտիվ կերպով:
Այսպիսի դատապարտյալների համար պետք է հասանելի լինեն բազմաբնույթ նպատակային միջոցառումներ (աշխատանք, որը նախընտրելի է, որ լինի որևէ ուղղությամբ մասնագիտացված, կրթություն, սպորտ, ժամանց և շփումներ): Բացի այդ, նրանք պետք է ունենան իրենց ժամանակը տնօրինելու ընտրության որոշակի ազատություն, ինչը կնպաստի նաև վերջիններիս մոտ պատասխանատվության զգացման ձևավորմանը: Անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ վերջիններիս ազատազրկման ժամկետին իմաստ հաղորդելու նպատակով, մասնավորապես, պատժի անհատականացված ծրագրերի կազմումը և սոցիալ-հոգեբանական օժանդակությունը այդպիսի դատապարտյալներին ցուցաբերվող աջակցության կարևոր բաղկացուցիչ տարրերից են, որոնց նպատակն է նրանց՝ իրենց վիճակի հետ հաշտեցնելը, և երբ դրա ժամանակը գա՝ ազատ արձակման նախապատրաստումը: Բացի այդ, երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց մոտ փակ հաստատության մեջ երկար մնալու հետևանքով առաջ եկող բացասական հետևանքները նվազ ցայտուն կլինեն, իսկ վերջիններս՝ ավելի լավ պատրաստված ազատ արձակման համար, այն դեպքում, եթե նրանք հնարավորություն ունենան արտաքին աշխարհի հետ շփումները արդյունավետ կերպով պահպանել»:
...
V. ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՊԱՏԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵԿՈՒՅՑԸ
175. 2009թ. հունիսից մինչև 2010թ. փետրվարը ընկած ժամանակահատվածում Բուլղարիայում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի թեմայով հետազոտություն անցկացնելուց հետո 2010թ. ապրիլին Բուլղարիայի հելսինկյան կոմիտեն հրապարակեց զեկույց՝ «Առանց պատժի մեղմացման հնարավորության ցմահ ազատազրկումը՝ անմարդկային և նվաստացնող վերաբերմունք» վերտառությամբ: Զեկույցը վերաբերում էր միայն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժին, այլ ոչ թե՝ ցմահ ազատազրկմանը:
176. Զեկույցում, ի թիվս այլոց, ասվում էր, որ առանձին քրեակատարողական հիմնարկներ այցերի ժամանակ պարզվել է, որ Պլովդիվի ուղղիչ հիմնարկի բոլոր ցմահ ազատազրկվածները գտնվում էին մենախցերում: Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկում միայն երկու ցմահ ազատազրկման դատապարտված անձինք էին գտնվում մեկ խցում, սակայն մնացած բոլորը նույնպես մենախցերում էին: Բացառությամբ Պլովդիվի և մի շարք այլ քրեակատարողական հիմնարկների, որոնց թվում չէր նաև Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկը, ցմահ ազատազրկվածների համար հատկացված մասնաշենքերը չափազանց վատ վիճակում էին. հատակը և պատերը կեղտոտ էին, իսկ կահույքը, որը բոլոր դեպքերում ամրացված էր հատակին, շատ հին էր: Որոշ խցերում երկհարկանի մահճակալներ էին տեղադրված, սակայն դրանք հազվադեպ էին օգտագործվում: Ցմահ ազատազրկվածները ճաշում էին իրենց խցերում: Խցեր ներթափանցող արևի լույսի քանակությունը հաճախ բավարար չէր: Խցերում պատուհանների բացվածքը հիմնականում 1 x 0.6-0.8 մետր չափի էին և գտնվում էին հատակից մոտավորապես երկու մետր բարձրության վրա, որը դատապարտյալներին թույլ չէր տալիս պատուհանից դուրս նայել: Պլովդիվի ուղղիչ հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մասնաշենքի պատուհանափեղկերը նոր էին, ինչը չէր կարելի ասել Ստարա Զագորայի հիմնարկի մասին: Արհեստական լուսավորությունը երբեք չէր անջատվում, որը թույլ էր տալիս պահակախմբին խցերն անընդմեջ պահել իրենց տեսադաշտում: Որոշ դատապարտյալներ բողոքում էին, որ դրա պատճառով նրանք դժվարանում էին քնել, հատկապես քանի որ լույսը չափազանց վառ էր: Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար նախատեսված ոչ մի խուց օդափոխության համակարգ չուներ, և մաքուր օդը ներս էր թափանցում միայն պատուհաններից այն ժամանակ, երբ դրանք բաց էին լինում, ինչը խնդիրներ էր առաջացնում ձմռանը, քանի որ նույնիսկ ամենացուրտ օրերին ջեռուցումը միացվում էր միայն առավոտյան և կեսօրից հետո՝ մեկական ժամով: Ցմահ ազատազրկվածներն իրենց հագուստը պետք է լվանային զուգարան գնալիս և չորացնեին դրանք իրենց խցերում: Որոշ քրեակատարողական հիմնարկներում զուգարանները ներկառուցված էին խցերի ներսում, սակայն Պլովդիվի և Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկներում այդպես չէր: Ընդհանուր զուգարանում կարելի էր անցկացնել եռեսունական րոպե՝ առավոտյան, ցերեկվա և երեկոյան ժամերին: Այս ժամանակահատվածում ցմահ ազարատազրկվածները պետք է նաև հասցնեին լվանալ իրենց դույլերը և սնվելու համար նախատեսված ամանեղենը: Մնացած ժամանակ իրենց կարիքները հոգալու նպատակով նրանք ստիպված էին կանչել պահակախմբին, այդ իսկ պատճառով դատապարտյալները հիմնականում նախընտրում էին իրենց կարիքները հոգալու համար օգտագործել դույլ: Քանի որ ուղղիչ հիմնարկների մեծ մասում ահազանգման համակարգ տեղադրված չկար, պահակախմբին կանչելու նպատակով դատապարտյալները ստիպված էին հարվածել իրենց խցերի դռներին կամ բարձր բղավել: Սա հաճախ պահակախմբի հետ վեճերի տեղիք էր տալիս, այդ իսկ պատճառով դատապարտյալները հաճախ իրենց կարիքները հոգում էին՝ օգտվելով դույլից: Քրեակատարողական բոլոր հիմնարկներում, բացառությամբ՝ Պլևենի ուղղիչ հիմնարկի, դատապարտյալները անընդհատ մնում էին իրենց խցերում փակված: Պլովդիվի ուղղիչ հիմնարկում մեկժամյա զբոսանքի տևողությունն ավելացվել է կես ժամով, իսկ Ստարա Զագորայի հիմնարկում՝ քսան րոպեով: Քրեակատարողական հիմնարկների մեծ մասում դատապարտյալներն իրենց ամենօրյա զբոսանքն անցկացնում են փոքրիկ բակերում: Այդ բակերը բավականին փոքր են, իսկ որոշ ուղղիչ հիմնարկներում, ինչպես օրինակ՝ Պլովդիվի հիմնարկում, բակերն այնքան փոքր էին, որ նորմալ զբոսնել չէր լինում:
177. Զեկույցում ասվում էր, որ 2009թ. օգոստոսին ցմահ ազատազրկման դատապարտվածներից ընդհամենը ութ անձ էր աշխատանքով ապահովվել, որոնցից յոթն՝ իրենց խցի ներսում, և միայն մեկը՝ խցից դուրս: Դրանից հետո այդ թիվը նվազել էր: Այդպիսի դատապարտյալների համար համապատասխան աշխատանք գտնելը ուղղիչ հիմնարկի վարչակազմի համար հեշտ գործ չէր, իսկ օրինակ՝ Ստարա Զագորայի հիմնարկում երբևիցե որևէ ցմահ ազարազրկված աշխատանք չի ունեցել: Պլովդիվի ուղղիչ հիմնարկում ինչ-որ ժամանակահատվածի համար ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վստահվել էր բժշկական ձեռնոցների փաթեթավորման գործը:
178. Զեկույցում նաև նշված էր, որ գրեթե բոլոր ցմահ ազատազրկվածները ունեին հեռուստացույցներ, իսկ որոշ դատապարտալներ՝ նաև ռադիո ընդունիչներ: Քանի որ այդ դատապարտյալների մեծ մասն խցերում անց էր կացնում մի քանի տարի, նրանք փորձում էին իրենց խցերը կահավորել այնպես, որ դրանք հնարավորինս հիշեցնեին բնակարանի կահավորանք: Պլովդիվի և Ստարա Զագորայի ուղղիչ հիմնարկների բարձր անվտանգության մասնաշենքերում ակումբներ չկային: Միայն շատ քիչ թվով ցմահ ազատազրկվածների էր հնարավորություն ընձեռնվել ներգրավվել որոշակի իմաստ ունեցող գործունեության մեջ: Այդպիսի դատապարտյալների մասին հոգ տանելը շատ բարդ գործ էր, քանի որ նրանց ազատ արձակման հեռանկարները շատ սուղ էին: Այդուհանդերձ, ուղղիչ որոշ հիմնարկներում ցմահ ազարատազրկվածների հետ աշխատող անձնակազմը մեծ ջանքեր էր գործադրում՝ դատապարտյալներին հոգեբանական օգնություն ցույց տալու ուղղությամբ, վերջիններիս օգնում էր այդ ամենում հեռանկար տեսնել, նպաստում էր, որպեսզի դատապարտյալները պահպանեն սոցիալական իրենց շփումները, խթանում էր միջոցառումներին նրանց մասնակցությունը և արձագանքում ցանկացած դեպրեսիվ և հոգեսոմատիկ ախտանիշների դեպքում: Քրեակատարողական որոշ հիմնարկներում, սակայն, ցմահ ազատազրկվածների հետ վարվեցողությունը հեռու էր «Ցմահ ազատազրկման դատապատված անձանց հետ վարվելակերպի ներպետական չափանիշներում» նշված պահանջներից (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը), իսկ որոշ ցմահ ազատազրկման դատապարտվածներ բողոքել էին, որ իրենց հետ անհատական աշխատանքներ չէին տարվում, և որ իրենց համար մշակութային, տեղեկատվական կամ սպորտային միջոցառումներ չէին կազմակերպվում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՌԵԺԻՄԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
179. Պրն. Harakchiev-ը և պրն. Tolumov-ը պնդում էին, որ այն բանտային ռեժիմները, որոնք կիրառվում էին իրենց նկատմամբ որպես, համապատասխանաբար, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման և ցմահ ազատազրկման դատապարտվածների, և այն կենցաղային պայմանները, որոնցում նրանք պահվում էին, հավասարազոր էին կամ խոշտանգման կամ անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, որը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
180. Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
...
Բ. Գործի ըստ էության քննությունը
...
III. ԱՌԱՆՑ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄԸ
230. Պրն. Harakchiev-ը նաև պնդում է, որ իր նկատմամբ կայացված առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատավճիռը դրա հրապարակման պահից հավասարազոր է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի, որը հանդիսանում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
231. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեքստը մեջբերված է վերևում՝ 180-րդ պարբերությունում:
Ա. Կողմերի փաստարկներըԿառավարության դիտողությունները
232. Կառավարությունն պնդում էր, որ սոսկ այն փաստը, որ պրն. Harakchiev-ը դատապարտվել է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման չի հանգեցնում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման, քանի որ վերջինս ցանկացած ժամանակ կարող էր դիմել նախագահական ներման համար: Արդեն նախադեպ կա, երբ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձի պատիժը Փոխնախագահի կողմից փոխարինվել է մեկ այլ պատժով: Անհամարժեք որոշումը կվտանգի Փոխնախագահին առնընթեր Ներման հարցերի հանձնաժողովի աշխատանքների՝ որպես արդարադատություն իրականացնողի հեղինակությունը և առաջ կբերի իրավական խառնաշփոթ ոչ միայն Բուլղարիայում, այլև՝ այլ անդամ պետություններում: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը, որը համակարգ է ներկայացվել է 1998թ. այն բանից հետո, երբ վերացվեց մահապատիժը, Բուլղարիայի քրեակատարողական համակարգի շատ կարևոր բաղկացուցիչ մաս է հանդիսանում: Այս պատիժը շատ հազվադեպ է սահմանվում և նախատեսված է միայն առանձնապես ծանր հանցագործությունների համար: Ներկայումս Բուլղարիայում 57 դատապարտյալ կա, ովքեր կրում են առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ, իսկ ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց թիվը 106 է:
233. Ներում շնորհելու նախագահական լիազորությունը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար մի օր ազատության մեջ հայտնվելու հույս ներշնչող բավականին հասանելի միջոց է: Այս կապակցությամբ ուշագրավ է, որ 2013թ. հունվարի 21-ին Փոխնախագահը, իրականացնելով այդ լիազորությունն, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկման պատժով: Այս որոշման համար հիմք ծառայած պատճառները նշված են Ներման հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված զեկույցում, ավելին, զեկույցում նշվում էր, որ այս որոշումը մյուս առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ցույց կտա, որ իրենք ի զորու են բարելավելու իրենց իրավիճակը: Ներում շնորհելու նախագահական լիազորությունը գործել է այն պահից սկսած, երբ ներդրվել է առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժատեսակը, և մշտապես այնպես է կիրառվել, որ այդպիսի պատիժ կրողները ունենան հույս, որ երբևիցե կարող են իրենց պատժաժամկետը նվազեցնել: Դա ակնհայտ երևում է նաև առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց ներման խնդրագրերի մերժման համար հանձնաժողովի կողմից բերվող պատճառներից՝ ըստ էության, հիմնված լինելով երկու փաստարկի վրա. վերականգնման ընթացքում առաջընթացի բացակայություն կամ պատժի միայն չնչին մասը մինչ այդ կրած լինելը: Ներման խնդրագրերը քննարկելու ընթացակարգը սահմանվում է օրենքի ուժ ունեցող նախագահական հրամանագրերով, ինչպես օրինակ՝ 2012թ. փետրվարի 23-ի հրամանագրով: Կիրառելի կանոնակարգի վերջին տարբերակը նպատակ էր հետապնդում օպտիմալացնելու ընթացակարգը և այն դարձնելու ավելի թափանցիկ, ինչպես նաև՝ ամրագրելու պրակտիկայում կիրառվող չափանիշները: Հիմնական շեշտադրումը Ներման հարցերի հանձնաժողովի հետազոտական և վերլուծական կարողությունների ավելացումն էր և յուրաքանչյուր ներման խնդրագիրը քննարկելու ձևի ներդաշնակեցումը: Այդ գործընթացը կարող էր միևնույն արդյունքը տալ, ինչ պատժի մեղմացման համար կիրառվող դատական ընթացակարգերը: Նախագահը և Փոխնախագահը սահմանափակված չեն և ոչ մի չափանիշով և ցանկացած ժամանակ ցանկացած անձի նկատմամբ կարող են իրականացնել ներում շնորհելու իրենց լիազորությունը:
234. Ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց նկատմամբ կիրառվող ռեժիմները չեն կաշկանդում վերջիններիս ցույց տալ, որ իրենք վերափոխվել են: Սա ակնառու երևում է Փոխնախագահի կողմից 2013թ. հունվարի 21-ին կայացրած որոշման մեջ նշված պատճառներից, որով վերջինս առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը փոխարինել է ցմահ ազատազրկման պատժով, և պրն. Tolumov-ի վարքից ու նրա ազատազրկման ռեժիմի փոխարինման փաստից: Ինչ վերաբերում է պրն. Harakchiev-ն, ապա նա վերականգնման որևէ նշաններ չի ցուցադրել: Ճիշտ հակառակը՝ նա ենթարկվել է մի շարք կարգապահական պատիժների, և ռեցիդիվի հավանականությունը նրա դեպքում չէր նվազում: Ավելին, ոչ մի ապացույց չկա առ այն, որ երկու դիմումատուներից որևէ մեկը ներման խնդրագիր է ներկայացրել:
2. Պրն. Harakchiev-ի դիտողությունները
235. Պրն. Harakchiev-ը նշել է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը, որը վերջինս կրում է, անհամատեղելի է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ, քանի որ այն ենթադրում էր, որ դիմումատուն իր մնացյալ ողջ կայնքը պետք է անցկացնի քրեակատարողական հիմնարկում: Միևնույն ժամանակ, բուլղարական օրենսդրության համապատասխան դրույթների վերլուծությունից պարզ է դառնում, որ այդ պատժի կիրառմամբ ձեռք բերվող արդյունքներին կարելի է հասնել ցմահ ազատազրկման պատժի միջոցով: 1968թ. Քրեական օրենսգրքի համաձայն՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը սահմանվում էր միայն այն դեպքերում, երբ պատժի նպատակներին հնարավոր չէր հասնել ավելի մեղմ պատիժ կիրառելու միջոցով: Սա նշանակում է, որ այդպիսի պատիժը նախատեսված էր այնպիսի անձանց համար, ովքեր երբեք չէին կարող ենթարկվել վերականգնման, մինչդեռ պարզ է, որ դատավճիռ կայացնող դատարանը ի զորու չէ ասելու, թե դատապարտյալը չվերափոխված կմնա քսան թե՝ երեսուն տարի:
236. Թեև ցմահ ազատազրկման պատիժը մեղմացնող դատական ընթացակարգը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին լիովին համահունչ էր, ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացումը պարզ և կանխատեսելի չէր: 1991թ. Սահմանադրության 98-րդ հոդվածը և 1968թ. Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածը չեն սահմանում այդ լիազորությունը կանոնակարգող ընթացակարգային կանոններ կամ պայմաններ, որոնց ներքո այն կարող էր իրականացվել: Արդյունքում, ցմահ ազատազրկման դատապարտված անձը չգիտեր, թե ինչ պետք է անի, որպեսզի վաստակի պատժի մեղմացում ձեռք բերելու իրավունք: Նախքան 2012թ. փետրվարի 23-ը այդ լիազորության իրականացման եղանակը նույնպես այնքան էլ պարզ չէր. տեղեկատվություն չկար այն մասին, թե քանի դատապարտյալ էին դիմել ներման համար և ինչ հիմքերով, քանի խնդրագիր էր բավարարվել և ինչ պատճառաբանությամբ, և ովքեր էին Փոխնախագահին խորհուրդ տվող փորձագետները և որ իրավական ակտի համաձայն էին վերջիններս իրենց պարտականությունները կատարում: Իր պնդումները հիմնավորելու նպատակով դիմումատուն ներկայացրել էր 2006-2011թթ. ընկած ժամանակահատվածում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կողմից ներկայացված ներման խնդրագրերին Նախագահի աշխատակազմի կողմից ուղարկված չորս պատասխան նամակներ. բոլոր չորս նամակներում ասվում էր, որ խնդրագրերը պատշաճ կերպով քննարկվել են և ենթակա են մերժման: 2002-2009թթ. ընթացքում այդպիսի պատիժ կրող տասնվեց անձանց կողմից ներման խնդրագրեր են ներկայացվել. բոլոր այդ խնդրագրերը մերժվել են: 2002 թվականից առաջ այդպիսի պատիժ կրող անձանց ներման դեպքեր ևս չեն արձանագրվել:
237. Ներում շնորհելու նախագահական լիազորության իրավական շրջանակը 2012թ. փետրվարի 23-ին չի բարեփոխվել: Նախագահի կողմից այդ ամսաթվին հաստատված կանոնակարգը, թեև քայլ առաջ էր, հստակորեն չէր սահմանում այն պայմանները, որոնց ներքո անձը կարող էր հավակնել ներման: Դրանք պարզապես ներքին ցուցումներ էին, որոնք ուղղված էին Ներման հարցերի հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելուն, այլ ոչ թե՝ Նախագահի կամ Փոխնախագահի լիազորություններն ուղղորդելուն: Ավելին, այդ կանոնակարգը չէր հրապարակվել պաշտոնական տեղեկագրում, և նույնիսկ պարզ չէր, թե արդյոք Սահմանադրության և օրենքների համաձայն Նախագահը ուներ վերացական կանոնակարգ ընդունելու իրավունք: Օրենքի համաձայն՝ Նախագահը կամ Փոխնախագահը դեռևս ազատ էին որոշում կայացնելու՝ ներում շնորհելու կամ չշնորհելու վերաբերյալ առանց պարտավորված լինելու որևէ չափանիշներով հիմնավորելու այդ որոշումը: Այս խնդրի շուրջ կայացված որոշումը անպայման չէր, որ լիներ հիմնավորված, և բողոքարկման ենթակա չէր: 2012թ. հարյուր խնդրագրերից ընդհամենը երեքն էին բավարարվել, մինչդեռ ցմահ ազատազրկվածների թիվը մնում էր բարձր: Այդ իսկ պատճառով ներման խնդրագրերի ներկայացման ընթացակարգը ցմահ ազատազրկման պատժի մեղմացման համար բավարար միջոց չէր: Այն փաստը, որ գործող Փոխնախագահը, իր անձնական տեսակետի վրա հիմնվելով, հայտարարել էր, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը պետք է վերացվի, որից հետո ներում էր շնորհել այդպիսի պատիժ կրող մեկ անձի, իրական հույս չէր կարող ներշնչել: Թեև այս դիրքորոշումը արժանի էր հիացմունքի, այն արտահայտում է Փոխնախագահի անձնական տեսակետը և լայն ժողովրդականություն չէր վայելում, ինչը նշանակում էր, որ ազդեցություն կունենար քանի դեռ վերջինս զբաղեցնում էր այդ պաշտոնը: Սակայն այն չէր կարող ունենալ օրենսդրական փոփոխության տևական արդյունք:
238. Այն անձանց ազատազրկման ռեժիմը, ում նկատմամբ սահմանվել էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ, ինչ պրն. Harakchiev-ի դեպքում էր, ենթադրում էր լիակատար մեկուսացում նույնիսկ խցից դուրս գտնվելու դեպքում և աշխատանքի ժամանակ: Շփումների միակ տարբերակը միևնույն տեսակի ռեժիմի ներքո պատիժ կրողների հետ էր և միայն ամենօրյա մեկժամյա զբոսանքի ժամանակ: Այդ չափազանց սահմանափակող պայմանների ներքո գրեթե անհնարին էր ցմահ ազատազրկվածների համար հարմար գործ գտնել: Այս տեղեկատվությունը քաղված էր Բուլղարիայի հելսինկյան կոմիտեի 2010թ. ապրիլի զեկույցից: Այս զեկույցից երևում էր, որ ցմահ ազատազրկվածների համար վերաինտեգրման ոչ մի ծրագիր չի գործում, և որ նրանք պահվում են չափազանց ծանր կենցաղային պայմաններում: Այս բոլոր գործոնները անհնարին են դարձնում ապացուցելը, որ իրենք վերափոխվել են, և այդպիսով, համոզելու Նախագահին կամ Փոխնախագահին նրանց ներում շնորհել:
3. Կառավարության լրացուցիչ դիտողությունները
239. Իր լրացուցիչ դիտողություններում Կառավարությունը նշել է, որ տվյալ գործով իրավիճակը ակնհայտորեն տարբերվում է Vinter-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավարության գործով իրավիճակից ([ՄՊ], թիվթիվ 66069/09, 130/10 և 3896/10, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)): Ի տարբերություն Միացյալ Թագավորության Արդարադատության հարցերով պետքարտուղարի սահմանափակ լիազորությունների՝ Բուլղարիայի Նախագահի ներում շնորհելու լիազորութունը ոչ մի կերպ սահմանափակված չէր: Նախագահը կարող էր մեղմացնել ցանկացած պատիժ և վերջինս այդ լիազորությունը փաստացիորեն իրականացնում էր: Ընթացակարգը բավականին ճկուն էր, ինչը դատապարտյալներին հնարավորություն էր տալիս առանց ժամանակային սահմանափակումների և ցանկացած հիմքերով դիմել՝ ներման համար: Ներման համար ներկայացված ցանկացած խնդրագիր ենթարկվում էր համապարփակ գնահատման, որի հիմքում ընկած էր այն հարցը, թե արդյոք անձին անազատության մեջ պահելը մնում էր արդարացված՝ հետապնդելով իրավաչափ նպատակ: Փոխնախագահին առնընթեր Ներման հարցերի հանձնաժողովի ամսական զեկույցներից կարելի էր դատել, որ հանձնաժողովը բոլոր կետերը մանրակրկիտ քննարկում էր: Մեկ գործով, որով հանձնաժողովը առաջարկել էր մեղմացնել ցմահ ազատազրկման դատապարտված անձի պատիժը, հենց այդ գործոններն էին ընդունվել որպես հիմք: Նախագահական ներման արժանանալու հնարավորությունը դատապարտյալների համար հասանելի էր ցմահ ազատազրկման պատժի հենց սկզբից, և այն քաջ հայտնի էր և հաճախ կիրառվում էր:
240. Ըստ Կառավարության՝ այդ լիազորության իրականացման վերաբերյալ ավելի մանրամասն կարգի սահմանման կարիքը չկար: Դրա կիրառման եղանակի հետ կապված անորոշություններ չկային, և ցանկացած մանրամասն կանոնակարգը միայն կնեղացնեին դրա շրջանակները, որոնք ներկայումս բավականին ընդարձակ էին: Ցանկացած պարագայում պետությունն ուներ հայեցողության շրջանակ՝ որոշելու համար, թե ինչպես կարող են ցմահ ազատազրկման պատիժները վերանայվել: Այն փաստը, որ ներում շնորհելու նախագահական լիազորությունը ամբողջովին հայեցողական էր, դրա արդյունավետությունը չէր նվազեցնում: Դրա վառ ապացույցն էր 2013թ. սկզբին ցմահ ազատազրկման պատիժ կրող անձի նկատմամբ այդ լիազորության գործադրումը: Հակառակ պրն. Harakchiev-ի պնդումներին՝ դա տեղի էր ունեցել ոչ միայն գործող Փոխնախագահի անձնական տեսակետի պատճառով: Ցմահ ազատազրկման դատապարտված այդ անձի պատժի մեղմացումը միտում էր հաստատել: Ինչպես ակնհայտ երևում էր Ներման հարցերի հանձնաժողովի զեկույցից, դրա հիմքում ընկած էր բոլոր վերաբերելի գործոնների համապարփակ վերլուծությունը: Այս միտումն ակնհայտ էր նաև Քրեական օրենսգրքի օրինագծից, որով նախատեսվում էր վերացնել առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը: Սակայն այնպիսի համալիր օրենսդրական փաթեթի ընդունումը, ինչպիսին Քրեական օրենսգիրքն էր, ժամանակատար էր: Միևնույն ժամանակ, նախագահական ներում ստանալու համար խնդրագրեր ներկայացնելու հնարավորությունը բավականին արդյունավետ միջոց էր, որը հասանելի էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար:
241. Գործող կանոնակարգի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկ ժամանելուն պես ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պետք էր իրենց համար հասկանալի լեզվով բացատրել նրանց իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև՝ բանտային կարգի և կարգապահության հետ կապված հարցերը: Նրանք իրավունք ունեին այդ տեղեկատվությունը ստանալ նաև գրավոր տեսքով: Այդ տեղեկատվությունը ներառում էր բանտային կանոնների և կանոնակարգի մանրակրկիտ բացատրությունները, աշխատելու իրավունքը, այցելությունների ռեժիմը, կարգապահական պատիժները և բանտային ռեժիմի փոփոխման և վաղաժամկետ ազատ արձակման հնարավորությունները: Ավելին, 2007թ. Պատիժների կատարման տնօրինությունը հրապարակել էր «Ցմահ ազատազրկման դատապատված անձանց հետ վարվելակերպի ներպետական չափանիշները»: Այդ չափանիշները հստակորեն նշում էին, որ իշխանությունները պետք է ցմահ ազատազրկվածներին իրենց պատիժների կատարման հարցերը քննարկելու հնարավորություն ընձեռեն: Ցմահ ազատազրկման դատապարտված բոլոր անձինք, անկախ այն հանգամանքից, թե նրանք կրում էին մեղմացվող կամ չմեղմացվող պատիժ, պետք է տեղեկացվեին, թե որքան ժամանակ վերջիններս պետք է կրեին իրենց պատիժը, նախքան կկարողանային դիմել բանտային ռեժիմի փոփոխության համար, ինչպես նաև՝ ինչպիսի վարք պետք է դրսևորեին, որպեսզի ավելացնեին պատժի մեղմացման համար իրենց հնարավորությունները: Բացի այդ, յուրաքանչյուր ցմահ ազատազրկվածի համար մշակվում էր պատժի անհատական ծրագիր, որտեղ սահմանված էին այն դրական փոփոխությունները, որոնք ակնկալվում էին նրանցից, և այն կոնկրետ քայլերը, որոնք վերջիններիս կուղղորդեին դեպի այդ փոփոխությունները: Այդ ծրագիրը ենթակա էր պարբերաբար վերանայման, ինչի մասին դատապարտյալը նույնպես պետք է տեղեկացվեր: Պրն. Harakchiev-ի պարագայում՝ նա չէր ստորագրել վերջին բանտային ծրագիրը, բայց դա տեղի էր ունեցել միայն այն պատճառով, որ վերջինս հրաժարվել էր ստորագրել ուղղիչ այդ հիմնարկի վարչակազմի կողմից կազմված ցանկացած փաստաթուղթ:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
242. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի (ա) ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Գործի ըստ էության քննությունը
(ա) Դատարանի նախադեպային իրավունքով ձևավորված ընդհանուր սկզբունքները
243. Kafkaris-ն ընդդեմ Կիպրոսի վճռով ([ՄՊ], թիվ 21906/04, § 97, ՄԻԵԴ 2008), Դատարանի Մեծ պալատը գտել է, որ չնայած պետությունն ինքն է ընտրում քրեական արդարադատության համակարգը, այդ թվում նաև՝ դատավճիռների վերանայման և ազատ արձակման մեխանիզմները, և այս հարցը հիմնականում Դատարանի վերահոսկողությունից դուրս է, և չնայած չափահաս հանցագործի նկատմամբ ցմահ ազատազրկում սահմանելը Կոնվենցիայի 3-րդ կամ որևէ այլ հոդվածի ներքո ինքնին արգելված կամ դրա հետ անհամատեղելի չէ, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտելը կարող է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիր առաջացնել: Միևնույն ժամանակ Մեծ պալատն ամեն կերպ ջանում էր շեշտել, որ ցմահ ազատազրկումն ինքնին չի վերածվում նվազեցման ոչ ենթակա միայն այն փաստի պատճառով, որ գործնականում այն կարելի է կրել ամբողջությամբ, և որ 3-րդ հոդվածի նպատակներից ելնելով, բավարար է, որ այդպիսի պատիժը de jure և de facto լինի նվազեցվող (նույն տեղում, § 98 in fine):
244. Այդ գործով Մեծ պալատը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չէր գտել, քանի որ Կիպրոսի Սահմանադրության համաձայն՝ այդ երկրի Նախագահը կարող էր ցանկացած ժամանակ, Գլխավոր դատախազի հետ համաձայնեցնելով, ցմահ ազատազրկումը փոխարինել ավելի կարճ պատժաչափով, իսկ հետո նաև` վերացնել այն: Ճիշտ է ՝ ընթացակարգերում առկա էին որոշ բացեր. օրինակ՝ այն մասին, թե ինչպես Նախագահը պետք է իրականացներ իր լիազորությունը, հրապարակված չափանիշներ չկային, պարտավորություն չկար դատապարտյալին ներկայացնել վերջինիս խնդրագրի վերաբերյալ Գլխավոր դատախազի կարծիքը, Նախագահը պարտավորված չէր իր դիրքորոշման վերաբերյալ ներկայացնել հիմնավորում, գործնականում դա չէր էլ ներկայացվում, Նախագահի որոշումը դատական վերանայման ենթակա չէր: Ճշմարիտ էր նաև այն, որ ցմահ ազատազրկվածների համար ազատ արձակման հեռանկարները սահմանափակ էին, քանի որ նրանց պատժաչափի ցանկացած փոփոխություն գտնվում էր նախագահական հայեցողության ներքո: Սակայն կային մի շարք կոնկրետ օրինակներ, որոնց դեպքում Նախագահը կիրառել էր իր հայեցողությունը և հրամանագրեր կայացրել ցմահ ազատազրկման դատապարտյալներին ազատ արձակելու վերաբերյալ: Այդ իսկ պատճառով չի կարելի ասել, որ պրն. Kafkaris-ը չի ունեցել ազատ արձակման որևէ հեռանկար (նույն տեղում, §§ 102-105):
245. Առանց պատժաչափի նվազեցման հնարավորության ցմահ ազատազրկման պատիժների Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ անհամատեղելիության հարցը Մեծ պալատի կողմից ևս մեկ անգամ քննվել է վերջերս Vinter-ը և այլոք գործով (վերևում մեջբերված): Մեծ պալատը մանրակրկիտ կերպով ուսումնասիրել է Դատարանի նախադեպային իրավունքից բխող բոլոր վերաբերելի նկատառումները, ինչպես նաև ցմահ ազատազրկման հետ կապված համեմատական և միջազգային իրավունքի զարգացման վերջին միտումները (նույն տեղում, §§ 104-118): Դրա հիման վրա Դատարանը գտել է, որ ցմահ ազատազրկումը կարող է համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի հետ համատեղելի միայն այն պարագայում, եթե առկա լինեն թե՛ ազատ արձակման հեռանկար և թե՛ վերանայման հնարավորություն (նույն տեղում, §§ 109-110), քանի որ դատապարտյալը չի կարող մնալ անազատության մեջ, եթե դրա համար պատժի իրավաչափ հիմքեր չկան: Այդ հիմքերի թվում են՝ քրեական պատիժը, կանխարգելումը, հանրության պաշտպանությունը և վերականգնումը: Մեծ պալատը, մասնավորապես, նշել է, որ ազատազրկման հիմքերի միջև հավասարակշռումը անպայման չէ, որ լինի ստատիկ և կարող է պատժի կատարման ընթացքում փոփոխման ենթարկվել: Այն ինչ կարող է լինել պատժի իրականացման հիմնական հիմքը դրա ամենասկզբում, դրա երկարաժամկետ տևողությունից հետո կարող է դադարել այդպիսին լինելուց: Այդ իսկ պատճառով միայն պատժի կատարման ընթացքում համապատասխան պահին կատարվող երկարատև ազատազրկման հիմքերի վերանայման միջոցով է, որ այդ գործոնները կամ փոփոխությունները կարող են պատշաճորեն գնահատվել: Եթե դատապարտյալը մնում է անազատության մեջ՝ առանց ազատ արձակման որևէ հեռանկարի կամ իր ցմահ ազատազրկման պատիժը վերանայելու հնարավորության, ապա վտանգ կա, որ նա իր գործած արարքի համար երբեք չի զղջա. ինչ էլ որ նա անի ուղղիչ հիմնարկում, որքան էլ անբասիր վարք դրսևորի՝ ուղղություն վերցնելով դեպի վերականգնումը, նրա պատիժը կմնա անփոփոխ և վերնայման ոչ ենթակա (նույն տեղում, §§ 111-112): Հետևաբար, Մեծ պալատը վճռել է, որ Կոնվենցիայի համակարգի հիմքում ընկած մարդկային արժանապատվության հետ անհամատեղելի է անձին բռնի ազատությունից զրկելը՝ առանց ձգտելու վերջինիս վերականգնմանը և առանց նրան շնորհելու երբևիցե ազատությունը վերագտնելու հնարավորություն (նույն տեղում, § 113): Այն նշել է նաև, որ այժմ եվրոպական և միջազգային իրավունքը հստակորեն պաշտպանում է այն սկզբունքը, որ բոլոր դատապարտյալները, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկվածները, ունենան վերականգնման հնարավորություն, իսկ դրա ձեռքբերումից հետո նաև՝ ազատ արձակման հեռանկար (նույն տեղում, § 114): Թեև պատիժը շարունակում է մնալ ազատազրկման նպատակներից մեկը, եվրոպական քրեակատարողական քաղաքականության մեջ շեշտադրումը, նույնիսկ ցմահ ազատազրկվածների դեպքում, այսուհետ պատժի վերականգնողական նպատակն է, ինչպես արտահայտված է Եվրոպական բանտային կանոնների 6-րդ, 102.1-ին և 103.8-րդ կանոններում, Նախարարների կոմիտեի թիվ 76(2) բանաձևում, 2003(23) և 2003(22) հանձնարարականներում, ԽԿԿ-ի կողմից արված հայտարարություններում և մի շարք անդամ պետությունների փորձում, միջազգային իրավունքում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետում, և այդ հոդվածի վերաբերյալ Ընդհանուր մեկնաբանություններում (նույն տեղում, §§ 115-118):
246. Հիմնվելով այդ վերլուծության վրա՝ Մեծ պալատը որոշել է բեկանել Պալատի կողմից ավելի վաղ ընդունված վճիռը և սահմանել հետևյալ առաջարկությունները.
(ա) Ցմահ ազատազրկման համատեքստում, Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պետք է մեկնաբանվի որպես պատժի նվազելի լինելու պահանջ՝ դրա վերանայման իմաստով, որը ներպետական մարմիններին հնարավորություն է տալիս դիտարկելու, թե արդյոք դատապարտյալի մոտ առկա ցանկացած փոփոխություններն այնքան էական են և որ պատժի կրելու ընթացքում այնպիսի առաջընթաց է գրանցվել, որ անձին անազատության մեջ պահելն այլևս պատժի իրավաչափ հիմքերով չի արդարացվում (նույն տեղում, § 119).
(բ) Հաշվի առնելով անդամ պետություններին քրեական արդարադատության և պատիժների նշանակման համար ունեցած հայեցողության շրջանակները, Դատարանի խնդիրը չէ սահմանել, թե ինչպիսին պետք է լինի պատժի վերանայումը՝ գործադիր թե դատական, կամ որոշելու, թե երբ պետք է այն տեղի ունենա: Սակայն համեմատական և միջազգային իրավունքի աղբյուրները հստակ կողմնակից են այնպիսի մի մեխանիզմի հաստատմանը, որը կապահովի ցմահ ազատազրկման պատժի՝ ոչ պակաս քան քսանհինգ տարի հետո վերանայման, իսկ այդ ժամկետից հետո՝ պարբերաբար վերանայման հնարավորությունները (նույն տեղում, § 120).
(գ) Այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությամբ վերանայում սահմանված չէ, առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը պետք է համարվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի չափանիշներին չբավարարող (նույն տեղում, § 121).
(դ) Թեև պարտադիր վերանայումը անպայմանորեն դատավճռից հետո ապագայում տեղի ունենալիք իրադարձություն է, անպայման չէ, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը սպասի և անորոշ ժամկետով կրի իր պատիժը նախքան վերջինս իրավունք կունենա բողոք ներկայացնելու այն մասին, որ իր պատժի իրավական պայմանները չեն բավարարում այս համատեքստում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին: Սա կհակասի թե՛ իրավական որոշակիության և թե՛ տուժողի կարգավիճակի վերաբերյալ հիմնական սկզբունքներին՝ այդ եզրույթի Կոնվենցիայի 34-րդ հոդվածի մեջ նշված սահմանման իմաստով: Բացի այդ, այն դեպքերում, երբ պատիժը նշանակման պահից սկսած արդեն չի կարող նվազեցվել ներպետական օրենսդրության հիման վրա, տարօրինակ կլիներ ակնկալել, որ ցմահ ազատազրկման պատիժ կրող անձը ձգտի վերականգնման՝ առանց իմանալու, թե արդյոք ինչ-որ անորոշ ապագայում կարող է ներդրվել մի մեխանիզմ, որն իրեն հնարավորություն կտար այդ վերականգնման արդյունքում հավակնել ազատ արձակվելու: Առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը իր պատժի մեկնարկի հենց սկզբում իրավունք ունի իմանալու, թե ինչ պետք է ինքն անի, այդ թվում՝ ինչ պայմանների ներքո, որպեսզի իր գործը քննվի ազատ արձակվելու համար, այդ թվում նաև՝ թե երբ կարող է իր գործի վերանայումը տեղի ունենալ կամ երբ կարելի է դրա համար դիմել: Հետևաբար, այն դեպքերում, երբ ներպետական օրենսդրությունը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը վերանայելու համար մեխանիզմներ կամ հնարավորություններ չի ապահովում, այս հիմքով Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո անհամատեղելիության հարցը արդեն առաջ է գալիս ցմահ ազատատազրկման դատավճռի կայացման առաջին իսկ պահից, այլ ոչ թե՝ ազատազրկման ավելի ուշ փուլում (նույն տեղում, § 122):
(բ) Վերոհիշյալ սկզբունքների կիրառությունը սույն գործով
247. Դատարանը հաշվի է առել այն, որ պրն. Harakchiev-ը հենց սկզբից չի պնդել, որ նրա նկատմամբ դատավճռով սահմանված պատիժը խիստ անհամարժեք է իր կողմից գործած հանցանքի ծանրությանը կամ որ իրեն անազատության մեջ պահելու համար այլևս պատժի իրավաչափ հիմքեր չկային (տե՛ս Vinter և այլոք վճիռը, վերևում մեջբերված, § 102): Նրա դժգոհությունն ավելի շուտ ուղղված էր այդ դատավճռի հետևանքներին:
248. Բուլղարիայում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը, որը բուլղարական օրենսդրության մեջ մինչև այդ երբեք գոյություն չի ունեցել, ներմուծվել է 1998թ. դեկտեմբերին՝ խորհրդարանի կողմից մահապատիժը պաշտոնապես վերացնելու հետ միասին (տե՛ս վերևում՝ 51-րդ, 52-րդ և 58-րդ պարբերությունները): Այդ պատիժը, ինչը հաստատվել է նաև Կառավարության կողմից սույն գործով ներկայացված դիտողություններում, համարվում է «պայմանական» ու «բացառիկ» և սահմանվում է միայն այնպիսի հանցանքների դեպքում, որոնք (ա) «սպառնում են սահմանադրական կարգի հիմունքներին» կամ առանձնապես ծանր են և դիտավորությամբ կատարված և (բ) որոնց դեպքում «պատժի նպատակները ... չեն կարող իրականացվել ավելի մեղմ պատժի միջոցով» (տե՛ս 59-րդ և 60-րդ պարբերությունները): Այն գոյություն ունի 1995 թվականից գործող «հասարակ» ցմահ ազատազրկմանը զուգահեռ, որը մեղմացման ենթակա է (տե՛ս վերևում՝ 56-րդ, 65-րդ և 71-րդ պարբերությունները):
249. Դատարանն այնուհետև նշում է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը համարվում է «պայմանական» ու «բացառիկ», և որ Քրեական օրենսգրքի նոր օրինագիծը, որը Կառավարության կողմից բոլորովին վերջերս՝ 2014թ. հունվարի վերջին է ներկայացվել խորհրդարանին, նախատեսում է միայն «հասարակ» տեսակի, այսինքն՝ մեղմացվող, ցմահ ազատազրկում (տե՛ս վերևում՝ 67-րդ պարբերությունը), քանի որ, ինչպես որ բացատրված է Քրեական օրենսգրքի նոր օրինագծին ուղեկցող բացատրական հուշագրում, «առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը այժմ համարվում է չափազանց անմարդկային, քանի որ այն այդպիսի պատիժ կրող անձին զրկում է հույսից» (տե՛ս վերևում՝ 68-րդ պարբերությունը): Պարզ է, որ այդ օրենսգրքի ընդունումից հետո ներկայումս առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող անձինք կունենան ազատ արձակման միևնույն հեռանկարներն, ինչ ցմահ ազատազրկման պատիժ կրողները:
250. Ինչպես արդեն նշվել է՝ պետության կողմից քրեական արդարադատության ընտրությունը, այդ թվում նաև՝ պատժի վերանայման և ազատ արձակման ընթացակարգերը, ինչպես արդեն նշվել է, սկզբունքորեն Դատարանի վերահսկողության սահմաններից դուրս են գտնվում, և հանցագործություն կատարած չափահաս անձի նկատմամբ սոսկ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ սահմանելն ինքնին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո արգելված չէ:
251. Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո, Դատարանի առջև բարձրացված հարցն է՝ արդյոք պրն. Harakchiev-ի նկատմամբ սահմանված պատիժը կարող է համարվել չնվազեցվող, այսինքն՝ արդյոք կային ազատ արձակման հեռանկարներ և պատժի վերանայման հնարավորություն: Այս կապակցությամբ Դատարանը նկատում է, որ թեև բուլղարական օրենսդրությունը թույլ չի տալիս պրն. Harakchiev-ին հատուկ թույլտվությամբ ժանակավոր ազատ արձակել, որը կիրառելի է որոշակի ժամկետով ազատազրկման պատիժների դեպքում (տե՛ս վերևում՝ 70-րդ պարբերությունը), և թեև պրն. Harakchiev-ը չի կարող հուսալ, որ իր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը դատարանի որոշմամբ կփոխարինվի ավելի մեղմ պատժով, օրենքն, այնուամենայնիվ, նախատեսում է նախագահական գթասրտության դրսևորման երկու միջոց՝ լրիվ ներում կամ պատժի մեղմացում (տե՛ս վերևում՝ 72-74-րդ պարբերությունները): Լրիվ ներման դեպքում Harakchiev-ը կարող է անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակվել: Պատժի մեղմացման դեպքում, նույնիսկ այն պարագայում, եթե այն փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ, ինչը տեղի էր ունեցել ցմահ ազատազրկման պատիժ կրող մեկ այլ դատապարտյալի դեպքում 2013թ. հունվարին (տե՛ս վերևում՝ 99-101-րդ պարբերությունները), պրն. Harakchiev-ը հնարավորություն կունենա դատարան դիմել՝ խնդրելով պատժի մեղմացում, որից հետո նույնիսկ՝ հատուկ թույլտվությամբ ժանակավոր ազատ արձակվելու հնարավորություն:
252. Iorgov-ի (թիվ 2) վճռով ([Iorgov-ն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 2), թիվ 36295/02, 2 սեպտեմբեր 2010թ.], §§ 48-60), որը կայացվել է Kafkaris-ի վճռից հետո (վերևում մեջբերված), սակայն Vinter-ի և այլոք վճռից առաջ (վերևում մեջբերված), Դատարանի Հինգերորդ Բաժանմունքի Պալատը ուսումնասիրել է սահմանադրական և օրենսդրական ընթացակարգերը և մինչև 2009թ. դրանց կիրառությունը: Պալատը նշել է, որ թեև 2002-2009թթ. ընկած ժամանակահատվածում ներում շնորհելու նախագահական լիազորությունը կիրառվել է 477 դատապարտյալների նկատմամբ, սակայն առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող և ոչ մի դատապարտյալի ներում չի շնորհվել: Պալատն, այդուհանդերձ, եզրահանգել է, որ իրերի այդպիսի դասավորությամբ, չի կարելի ասել, որ պրն. Iorgov-ը, ում նկատմամբ սահմանվել էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ, զրկված էր մի օր ազատության մեջ հայտնվելու ցանկացած հույսից: Թեև մինչև 2009թ. նոյեմբերը առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող ոչ մի դատապարտյալի նկատմամբ նախագահական ներում չի շնորհվել, դա բավարար չէր ցույց տալու համար, որ Բուլղարիայում առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկումը de facto չէր կարող նվազեցվել: Այդ պատիժը Բուլղարիայի օրենսդրության մեջ է ներմուծվել բոլորովին վերջերս՝ 1998թ. դեկտեմբերին՝ հաջորդելով մահապատժի վերացմանը: Դա նշանակում է, որ քիչ հավանական է, որ այդպիսի պատիժ կրող մեծ թվով դատապարտյալներ, այդ թվում նաև՝ պրն. Iorgov-ը, անազատության մեջ բավականաչափ երկար ժամանակ դեռևս չեն անցկացրել, որպեսզի իրավունք ունենան ներման խնդրագիր ներկայացնել: Հիմքեր չկային ենթադրելու, որ եթե պրն. Iorgov-ը ժամանակին դիմեր ներում ստանալու համար, նրա խնդրագիրը պատշաճ կերպով չէր քննարկվի՝ դրա հիմքում ունենալով չափանիշների լայն շրջանակ: Այդ իսկ պատճառով չի կարելի համարել, որ վերջինս ազատ արձակման հույս չուներ, հետևաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել (տե՛ս Iorgov-ի (թիվ 2) վճիռը, վերևում մեջբերված, §§ 52-60):
253. Այնուամենայնիվ, Մեծ պալատի՝ բոլորովին վերջերս կայացրած վճռի լույսի ներքո, ինչպես նշված է Vinter-ը և այլոք գործով վճռի 122-րդ պարբերության մեջ (վերևում մեջբերված՝ 246-րդ պարբերության (դ) կետը), Դատարանը սույն գործով չի կարող որդեգրել միևնույն մոտեցումը: Այս մոտեցումը հիմնված է այն ենթադրության վրա, որ ցմահ ազատազրկման պատժի մեղմացման ոչ բավարար հնարավորություններ ունենալը կարող է համարվել որպես Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտում միայն այն դեպքում, եթե ցմահ ազատազրկման պատիժ կրող դատապարտյալն արդեն կրել է իր պատժի բավականաչափ երկար ժամանակահատվածը և բավարար առաջընթաց է գրանցել, որպեսզի պատժի մեղմացման համար պատկան մարմնին դիմելիս ունենա համոզիչ լինելու իրատեսական հնարավորություն: Այդ ենթադրությունն ընկած էր Vinter-ը և այլոք գործով ներպետական դատարանների վճիռների և Պալատի մեծամասնության կարծիքի հիմքում, որի հիմնական տրամաբանությունն այն էր, որ առանց պատժաչափի նվազեցման իրավունքի ցմահ ազատազրկումն ինքնին Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չէր, քանի դեռ և մինչև այն պահը, երբ ցմահ ազատազրկման դատապարտված անձի հետագա ազատազրկումը այլևս արդարացված չի լինի (տե՛ս Vinter-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, §§ 48, 49, 56, 87 և 91): Այս դատողությունը այդ գործով ակնհայտորեն մերժվել է Մեծ պալատի կողմից (նույն տեղում, § 122):
254. Ասվածից հետևում է, որ սույն գործով բացի առանց նվազեցման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժներ կրող անձանց, ինչպիսին պրն. Harakchiev-ն է, գործող ընթացակարգերի ներքո ազատման հնարավորությունները քննության առնելու, Դատարանը պետք է նաև պարզի, թե արդյոք Բուլղարիայի օրենսդրությունը տալիս է պրն. Harakchiev-ի գործով դատավճռի վերանայման հնարավորություն՝ դրա ուժի մեջ մտնելու պահին՝ 2004թ. նոյեմբերին, և այդ ժամանակից սկսած:
255. Պարզ է, որ պատիժը, առնվազն 1968թ. Քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի փոփոխության՝ 2006թ. հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելու պահից սկսած (տե՛ս վերևում՝ 74-րդ պարբերությունը), de jure կարող էր նվազեցվել: Սակայն պարզ չէ, թե արդյոք նախքան այդ փոփոխությունը իրադրությունը նույնն էր թե՝ ոչ: 74-րդ հոդվածի նախկին՝ մինչև 2006թ. հոկտեմբերի 13-ի փոփոխությունը, շարադրությամբ, թեև այդ հնարավորությունը ուղղակիորեն բացառված չէր, հստակորեն չէր սահմանում, թե արդյոք ներում շնորհելու նախագահական լիազորությունը վերաբերում էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման և ցմահ ազատազրկման պատիժներին (տե՛ս վերևում՝ 73-րդ պարբերությունը): Քանի որ նախքան 2006թ. հոկտեմբերը Նախագահի կամ Փոխնախագահի կողմից առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող դատապարտյալների նկատմամբ ներում շնորհելու լիազորությունը երբևիցե չի կիրառվել (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը), և քանի որ նախագահական ներման վերաբերյալ օրենսդրական դրույթի մեկնաբանության որևէ ժամանակակից հեղինակավոր կարծիք չկա, դժվար է ասել, թե արդյոք այդ հոդվածը, առանձին վերցրած կամ Սահմանադրության 98-րդ հոդվածի 11-րդ կետի հետ համակցությամբ, կարող է մեկնաբանվել այնպես, որ այդ պատիժն ընկնի ներում շնորհելու նախագահական լիազորության ներքո, նույնիսկ այն դեպքում, երբ այն հոդվածի տեքստում առանձին նշված չէ: Այդ անորոշությունը բացահայտվում է խորհրդարանի անդամների արտահայտություններից, որոնք վերջիններս արել էին առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատժի ներկայացման շուրջ ծավալված բանավեճերի ժամանակ (տե՛ս վերևում՝ 63-րդ և 64-րդ պարբերությունները), և այն փաստից, որ օրենսդիրը հետագայում նաև անհրաժեշտ է համարել օրենսդրական փոփոխություն կատարելու միջոցով պարզաբանել հարցը, ինչպես նաև այն փաստից, որ 2012թ. մի խումբ պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ խնդրելով վերջինիս Սահմանադրության 98-րդ հոդվածի 11-րդ կետի վերաբերյալ տալ իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող մեկնաբանություն, մասնավորապես, այն մասով, թե արդյոք ներում շնորհելու նախագահական լիազորությունը վերաբերում է բոլոր տեսակի քրեական հանցագործություններին (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը): Նման հանգամանքներում Դատարանը վստահ չէ, որ պարզ էր, որ երբ պրն. Harakchiev-ի նկատմամբ սահմանված պատիժը դարձել է վերջնական, այն de jure կարող էր նվազեցվել:
256. Եթե դա այդպես է, ինչը հնարավոր էր, ապա Դատարանը վստահ չէ, որ խնդրո առարկա ժամանակահատվածի ընթացքում պրն. Harakchiev-ի նկատմամբ սահմանված պատիժը նաև de facto կարող էր նվազեցվել, և որ կարելի էր համարել, որ իր ազատազրկման ողջ ընթացքում նա պետք է տեղեկացված լիներ, որ գոյություն ուներ մեխանիզմ, որը նրան թույլ էր տալիս ազատ արձակման համար դիմում ներկայացնել:
257. Գործող համակարգի ներքո, որի հիմքում ընկած են այն որոշումները, որոնք ընդունել է 2012թ. հունվարին պաշտոնը ստանձնած Նախագահը, և վերջինիս կողմից այդ ժամանակաշրջանում կազմավորված Ներման հարցերի հանձնաժողովի գործելակերպը (տե՛ս վերևում՝ 90-107-րդ պարբերությունները), և ինչն ավելի կարևոր է՝ Սահմանադրական դատարանի կողմից 1991թ. Սահմանադրության 98-րդ հոդվածի 11-րդ կետի վերաբերյալ 2012թ. ապրիլին տրված իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող մեկնաբանությունը (տե՛ս վերևում՝ 76-83-րդ պարբերությունները), ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացման եղանակի վերաբերյալ բավականաչափ հստակություն կա:
258. Մասնավորապես, Սահմանադրական դատարանը սահմանել է այդ լիազորության շրջանակները, և գտել, որ այն պետք է իրականացվի ոչ կամայական սկզբունքով՝ ելնելով արդարության, մարդասիրության, կարեկցանքի ու գթասրտության նկատառումներից և հաշվի առնելով հանցագործության համար դատապարտված անձի առողջական և ընտանեկան վիճակը, ինչպես նաև՝ այդ անձի անձնական հատկանիշներում առաջ եկած ցանկացած դրական փոփոխությունները: Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ թեև Նախագահը կամ Փոխնախագահը պարտավորված չեն առանձին գործերով որոշումներ կայացնելիս նշելու դրանց համար հիմնավորումները, ակնկալվում է, որ նրանք պետք է նշեն այն ընդհանուր չափանիշները, որոնք վերջիններիս առաջնորդել են ներում շնորհելու իրենց լիազորությունը իրականացնելիս: Եվ վերջապես, Սահմանադրական դատարանը գտել է, որ ներման հրամանագիրը բաց է՝ դատական վերնայման համար, թեև ենթակա է որոշակի սահմանափակող պայմանների, մասնավորապես, դատավարական իրավունակության հետ կապված (տե՛ս վերևում՝ 76-83-րդ պարբերությունները): Այդ վճռով բավականին ծանրակշիռ երաշխիքներ են տրամադրվում առ այն, որ ներում շնորհելու նախագահական լիազորությունը կիրականացվի հետևողականորեն և, ընդհանուր առմամբ, կանխատեսելի ձևով:
259. Բացի այդ, Փոխնախագահին առընթեր Ներման հարցերի հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող կանոնակարգով սահմանված է, որ աշխատանքի ընթացքում հանձնաժողովը պետք է, inter alia, հաշվի առնի մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերի Բուլղարիայի մասով մեկնաբանության և կիրառության վերաբերյալ միջազգային դատարանների և այլ միջազգային ատյանների կողմից ձևավորած նախադեպային իրավունքը (տե՛ս վերևում՝ 91-րդ պարբերությունը): Հանձնաժողովի կողմից որդեգրած գործելակերպը՝ 2012թ. սկզբից սկսած, հատապես՝ կապված ներկայացված ներման խնդրագրերի քննարկման չափանիշների հրապարակման, Փոխնախագահին առանձին գործերով ներում շնորհելու լիազորությունը իրականացնելու վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների հիմնավորումների, ինչպես նաև՝ համապատասխան վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ (տե՛ս վերևում՝ 94-107-րդ պարբերությունները) ավելացրել են նաև ներման խնդրագրերի քննարկման ընթացակարգի թափանցիկությունը, և այդ առումով հանդիսանում են նախագահական իշխանության հետևողական և թափանցիկ իրականացման համար՝ լրացուցիչ երաշխիք:
260. Եվ վերջապես, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չնայած միայն 2012թ. դեկտեմբերին էր, որ Ներման հարցերի հանձնաժողովը Փոխնախագահին առաջարկել էր առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող մեկ դատապարտյալի պատիժը՝ այդ անձի վերափոխված լինելու հիմքով մեղմացնել՝ այն դարձնելով ցմահ ազատազրկման պատիժ, Փոխնախագահը տվել էր այդ առաջարկության վերաբերյալ իր համաձայնությունը 2013թ. հունվար ամսին (տե՛ս վերևում՝ 99-101-րդ պարբերությունները): Ինչպես նշվել է այդ հանձնաժողովի կողմից, ինչպես նաև՝ Կառավարության կողմից ներկայացված դիտողություններում, այդ գործը պրն. Harakchiev-ի նման առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժ կրող բոլոր մյուս անձանց ցույց է տալիս, որ նրանք կարող են բարելավել իրենց իրավիճակը (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը):
261. Հետևաբար, ակնհայտ է, որ եթե ներկայիս և ապագա Նախագահներն ու Փոխնախագահները շարունակեն գործադրել ներում շնորհելու լիազորությունը՝ Սահմանադրական դատարանի կողմից 2012թ. ձևավորած ուղղորդիչ սկզբունքների և նույն տարում որդեգրած գործելակերպի համաձայն, ապա պրն. Harakchiev-ի առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը կարող է համարվել որպես de facto նվազեցվող, և այդ ժամանակից սկսած՝ կարելի է համարել, որ վերջինս տեղեկացված է, որ գոյություն ունի մեխանիզմ, որը նրան հնարավորություն է տալիս ազատ արձակվելու կամ պատժի մեղմացման: Ճշմարիտ է նաև այն, որ կիրառելի նորմերից մի քանիսը սահմանված չեն Սահմանադրությամբ կամ օրենքներով, այլ՝ նախագահական հրամանագրերով: Սակայն ինչպես արդեն նշվել է՝ Դատարանի խնդիրը չէ պարտադրել, թե անհրաժեշտ վերանայումը ինչ կերպ պետք է տեղի ունենա:
262. Սակայն նույնը չի կարելի ասել կապված դատավճռի ուժի մեջ մտնելու օրվանից՝ 2004թ. նոյեմբեր ամսից մինչև առնվազն 2012թ. սկիզբը ընկած ժամանակահատվածի հետ կապված: Նախկին Նախագահի աշխատակազմի օրոք, որը երկու շրջան է պաշտոնավարել, առաջինը՝ 2002թ. հունվարի 22-ից մինչև 2007թ. հունվարի 22-ը և երկրորդը՝ 2007թ. հունվարի 22-ից մինչև 2012թ. հունվարի 22-ը, այս ընթացքում ներում շնորհելու նախագահական լիազորության իրականացման ձևը բավականին անորոշ էր, որի դեպքում այդ ուղղությամբ վարվող քաղաքականության վերաբերյալ հանրային հայտարարություններ չեն արվել, իսկ առանձին գործերով պատիժների մեղմացման համար հիմնավորումներ չեն նշվել (տե՛ս վերևում՝ 87-րդ պարբերությունը): Իսկապես, Դատարանը չի կարող հաշվի չառնել այն փաստը, որ 1998թ. տեղի ունեցած բանավեճի ժամանակ խորհրդարանի անդամները երաշխիքներ էին պահանջում առ այն, որ Նախագահի՝ ներում շնորհելու լիազորությունը չի կիրառվելու առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, և որ 2012թ. խորհրդարանն անհրաժեշտ է համարել կազմել ad hoc հանձնաժողով, որը պետք է այդ հարցը ավելի մանրակրկիտ ուսումնասիրեր (տե՛ս վերևում՝ 89-րդ պարբերությունը): Չկային նաև առանձին կոնկրետ օրինակներ, որոնք ցույց կտային, որ պրն. Harakchiev-ի իրավիճակում հայտնված մարդիկ կարող էին հույս ունենալ, որ երբևիցե կօգտվեն այդ լիազորության իրացումից (համեմատե՛լ Kafkaris-ի վճռին, վերևում մեջբերված, § 103): Ճիշտ է այն, որ այսպիսի օրինակների բացակայությունը բացատրվում է այն հանգամանքով, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման պատիժը բուլղարական օրենսդրության մեջ ներկայացվել էր դրանից ոչ շատ առաջ՝ 1998թ. դեկտեմբերին, և այդ իսկ պատճառով քիչ հավանական էր, որ այդպիսի պատիժ կրող անձինք մեծ թվաքանակ կարող էին կազմել, ովքեր ուղղիչ հիմնարկում բավական ժամանակ անցկացրած կլինեին, որից հետո կարող էին արժանանալ ներման համար դիմելու իրավունքին (տե՛ս Iorgov-ի (թիվ 2) վճիռը, վերևում մեջբերված, §§ 56-57): Սակայն ներում շնորհելու նախագահական լիազորությունը իրացնելու համար օրենսդրությամբ ամրագրված և նույնիսկ չամրագրված երաշխիքների լիարժեք բացակայության համադրությունը օրինակների բացակայության հետ, որը կարծես թե առաջարկում է, որ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի ցմահ ազատազրկման դատապարտված անձը կարող է իր պատժի մեղմացում ստանալ և նաև թե ինչ հանգամանքներում, Դատարանին օգնում են գալու եզրահանգման, որ 2004թ. նոյեմբերից մինչև 2012թ. սկիզբը ընկած ժամանակահատվածում պրն. Harakchiev-ի նկատմամբ սահմանված պատիժը չի կարող համարվել de facto նվազեցվող: Vinter-ը և այլոք գործով Մեծ պալատի կողմից կայացված վճռի 122-րդ պարբերությունից (վերևում մեջբերված՝ 246-րդ պարբերության (դ) կետը), անշուշտ, կարելի է հետևություն անել, որ այսպիսի դեպքերում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը կազմում է դատապարտյալին ցանկացած ժամանակահատվածի համար ազատ արձակվելու հույսից զրկելը, որքան էլ թույլ կարող է այդ հույսը լինել:
263. Նշելով սա՝ սույն գործով, որով դիմումատուները լրջագույնս բողոքում էին իրենց ռեժիմի և ազատազրկման պայմանների շուրջ (տե՛ս վերևում՝ 179-րդ պարբերությունը), Դատարանը նաև պետք է ուսումնասիրի հետևյալ հարցը. արդյոք, հաշվի առնելով պրն. Harakchiev-ի ռեժիմի և ազատազրկման պայմանները, կարելի է համարել, որ վերջինս ունեցել է վերափոխման իրական հնարավորություն, և այդպիսով, Նախագահին կամ Փոխնախագահին համոզելու իր հանդեպ կիրառել ներում շնորհելու լիազորություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ Vinter-ը և այլոք գործով (վերևում մեջբերված՝ § 122) Մեծ պալատը վճռել է. «ցմահ ազատազրկման դատապարտված անձը, իր վճռի կայացման պահից սկսած, պետք է իմանա, թե ինչ պետք է անի, որպեսզի արժանի լինի ազատ արձակման, և ինչ պայմաններով» (տե՛ս վերևում՝ 246-րդ պարբերության (դ) կետը):
264. Թեև Կոնվեցիան չի երաշխավորում, որպես այդպիսին, վերականգնման իրավունք, և թեև 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել որպես իշխանությունների՝ դատապարտյալների համար վերականգնողական և վերաինտեգրման ծրագրեր և աշխատանքներ իրականացնելու բացարձակ պարտավորություն սահմանող, ինչպես օրինակ՝ դասընթացներ կամ խորհրդատվություն, այդուհանդերձ, այն պարտադրում է իշխանություններին՝ դատապարտյալներին հնարավորություն տալ, որքան էլ հեռավոր որ այն լինի, մի օր վերագտնել ազատությունը: Որպեսզի այդ հնարավորությունը լինի իրական և շոշափելի, իշխանությունները պետք է ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց նաև տրամադրեն վերափոխվելու իսկական հնարավորություն: Իրոք, Դատարանն արդեն առիթներ ունեցել է նշելու, որ վերջին տարիներին միտում կա ավելի ուշադրություն դարձնել վերականգնմանը, որը կազմում է անձնական պատասխանատվության զարգացման միջոցով վերասոցիալականացման գաղափարի հիմքը (տե՛ս Dickson-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 44362/04, § 28, ՄԻԵԴ 2007-V, Vinter-ը և այլոք վճիռը, վերևում մեջբերված, §§ 113-18): Դա լիովին համահունչ է քրեական պատժի առաջին նպատակի հետ, ինչպես որ այն սահմանված է Բուլղարիայի Քրեական օրենսգրքի 36-րդ հոդվածով (տե՛ս վերևում՝ 53-րդ պարբերությունը), ինչպես նաև՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 10-րդ հոդվածի 3-րդ կետով, որը Բուլղարիայում ուժի մեջ է 1970 թվականից, որով սահմանված է, որ դատապարտյալների նկատմամբ կիրառվող պատժի կարևոր նպատակը վերջիններիս վերափոխումը և սոցիալական վերականգնումն է (տե՛ս վերևում՝ 157-րդ և 158-րդ պարբերությունները): Այն նաև ներհատուկ է մի քանի միջազգային փաստաթղթերի համար, որոնց, ինչպես արդեն նշվել է, Դատարանը բավականին մեծ կարևորություն է տալիս՝ չնայած դրանց ոչ պարտադիր բնույթին (տե՛ս, mutatis mutandis, Rivière-ի վճիռը [Rivière-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 33834/03, 11 հուլիս 2006թ.], § 72, և Dybeku-ի վճիռը [Dybeku-ն ընդդեմ Ալբանիայի, թիվ 41153/06, 18 դեկտեմբեր 2007թ.], § 48 ...). 2006թ. Եվրոպական բանտային կանոնների 6-րդ, 33.3-րդ, 102.1-րդ և 107.1-րդ կանոնները, Նախարարների կոմիտեի թիվ 76(2)-րդ բանաձևի 6-րդ և 11-րդ կետերը, և թիվ 2003(23) հանձնարարականի՝ քրեակատարողական հիմնարկի ղեկակարության կողմից ցմահ ազատազրկման և երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կառավարման վերաբերյալ 2-րդ (in fine), 5-րդ և 33-րդ կետերը, որոնց բոլորի մեջ շեշտադրվում է, որ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը պետք է օժանդակեն բոլոր դատապարտյալների վերաինտեգրմանը և վերականգմանը, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկման պատիժ կրողների (տե՛ս վերևում՝ 159-րդ, 161-րդ և 162-րդ պարբերությունները):
265. Սա, անշուշտ, մի ոլորտ է, որտեղ անդամ պետությունները վայելում են հայեցողության լայն շրջանակ: Սակայն ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժի կրման ռեժիմը և պայմաններն այդ համատեքստում չեն կարող մատնվել անտարբերության: Այդ պայմանները և ռեժիմը պետք է այնպիսին լինեն, որ ցմահ ազատազրկման պատիժ կրող անձին հնարավորություն ընձեռվի ձգտելու վերափոխվել՝ ապահովելով իր պատժի վերանայման հեռանկար:
266. Եթե նույնիսկ այժմ Բուլղարիայում ցմահ ազատազրկման դատապարտված անձը «գիտի, թե ինչ պետք է անի, որպեսզի նրա գործը քննվի՝ ազատություն շնորհելու նպատակով, և ինչ պայմաններով (տե՛ս վերևում՝ 246-րդ պարբերության (դ) կետը), այնպիսի դատապարտյալները, ինչպիսին պրն. Harakchiev-ն է, որպես կանոն, ենթարկվում են հատկապես խիստ բանտային ռեժիմի, որի դեպքում դատապարտյալները պահվում են համարյա լիարժեք մեկուսացման պայմաններում՝ առանց սոցիալական շփումների և աշխատանքի կամ կրթության համար սահմանափակ հնարավորություններով, ի տարբերություն պրն. Iorgov-ի իրավիճակի, որի պարագայում Պլևենի ուղղիչ հիմնարկում ռեժիմը փորձարկման նպատակով աստիճանաբար մեղմացվել էր (տե՛ս վերևում՝ 209-րդ պարբերությունը): ... Սույն գործով, չնայած կիրառվող բանտային ռեժիմում երբեմն տեղի ունեցող որոշ փոփոխությունների, գործնականում պրն. Harakchiev-ը ազատազրկման ողջ ընթացքում մշտապես գտնվել է փակ խցում՝ ուղղիչ հիմնարկի ողջ համայնքից մեկուսացած և սոցիալական շփումներ ունենալու կամ աշխատանքի շատ քիչ հնարավորությամբ (տե՛ս վերևում՝ 12-րդ, 23-րդ, 32-րդ և 177-րդ պարբերությունները): Դատարանի կարծիքով՝ ազատազրկման սուղ պայմանների վնասակար ազդեցությունը, զուգորդված անբավարար կենցաղային պայմաններով, որոնցում պրն. Harakchiev-ը պահվում էր, պետք է, որ լրջորեն նվազեցնեին անձի վերափոխվելու հնարավորությունները, և այդպիսով, նվազեցնեին իրական հույսի առաջացումը՝ նրա անձնական հատկանիշների առաջընթացի և դրանց դրսևորման հետ կապված, որի արդյունքում հնարավոր կլիներ հասնել պատժի նվազեցմանը: Դրան անհրաժեշտ է ավելացնել նրա վերականգնման ուղղությամբ ունեցած հետևողականորեն և պարբերաբար անցկացվող գնահատումները: Ճիշտ է՝ պրն. Harakchiev-ը տարեկան ենթարկվում էր հոգեբանի կողմից անցկացվող գնահատումների ... Սակայն ուշադրության արժանի է այն, որ 2007թ. հրապարակված «Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվելակերպի ներպետական չափանիշները» կարծես թե ավելի շուտ ուղղված էին ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ իրենց պատիժներին հարմարեցնելուն, այլ ոչ թե՝ նրանց վերկանգնմանը (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը): Այդ չափանիշները պարզ չեն նաև այն մասով, թե արդյոք ցմահ ազատազրկման դատապարտված անձանց մոտ դրական փոփոխություններն իրենց սեփական ջանքերի արդյունքը պետք է լինեն, թե՝ քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից գործադրվող պրոակտիվ մոտեցման, ինչպես որ առաջարկվում է ԽԿԿ-ի կողմից (տե՛ս վերևում՝ 165-րդ պարբերությունը):
267. Վերը նշված պատճառներից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում:
268. Գալով այս եզրահանգմանը՝ Դատարանը պետք է նշի նաև, որ հաշվի առնելով պրն. Harakchiev-ի բողոքի բնույթը (տե՛ս վերևում՝ 247-րդ պարբերությունը)՝ դրա առնչությամբ հայտնաբերված խախտումը չի կարող մեկնաբանվել որպես անմիջական ազատ արձակման հեռանկարի խոստում:
...
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
278. Կոնվենցիայի 46-րդ հոդվածը համապատասխան մասերում սահմանում է.
«1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նպատմամբ: ...»
279. Այս հոդվածի ուժով Բարձր պայմանավորվող կողմերը հանձն են առել ճանաչել Դատարանի կողմից կայացրած վերջնական վճիռները՝ ցանկացած գործերով, որոնց կողմեր են նրանք հանդիսանում, իսկ այդ վճիռների կատարման վերահսկողությունը վերապահված է Նախարարների կոմիտեին: Ասվածից հետևում է, որ, inter alia, այն վճիռը, որով Դատարանը Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում է հայտնաբերել է, պատասխանող պետության համար իրավական պարտավորություն է սահմանում ոչ միայն Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ պարզապես վճարելու արդարացի փոխհատուցման համար սահմանված գումարը, այլև՝ որոշելու այն ընդհանուր և/կամ անհատական միջոցները, որոնք պետք է ամրագրվեն ներպետական օրենսդրական համակարգում, ինչը ենթակա է Նախարարների կոմիտեի վերահսկողությանը, որպեսզի բացառվեն այն խախտումները, որոնք հայտնաբերվել են Դատարանի կողմից, ինչպես նաև՝ հնարավորության սահմաններում վերացնելու դրանց պատճառով առաջացած հետևանքները: Հիմնականում շահագրգիռ պետությունն է որոշում, թե ինչ միջոց պետք է ներդրվի իր իրավական համակարգում այդ պարտավորությունները կատարելու համար, սակայն այն ենթակա է Նախարարների կոմիտեի վերահսկողությանը: Սակայն այդ պարտավորությունն իրագործելու հարցում պատասխանող պետությանը օժանդակելու նպատակով Դատարանը կարող է նշել այն անհատական և/կամ ընդհանուր միջոցների տեսակները, որոնք կարող են պետության կողմից ներդրվել՝ գոյություն ունեցող անցանկալի իրավիճակին վերջ դնելու նպատակով (տե՛ս վերջերս ընդունված հեղինակավոր վճիռը՝ Stanev-ն ընդդեմ Բելգիայի [ՄՊ], թիվ 36760/06, §§ 254-55, ՄԻԵԴ 2012):
280. Սույն գործով դիմումատուի ազատազրկման ռեժիմի և պայմանների առնչությամբ հայտնաբերված Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումը մեծ մասամբ բխում է Պատիժների կատարման և նախնական կալանքի մասին 2009թ. օրենքից և այն գործողության մեջ դնող կանոնակարգից (տե՛ս վերևում՝ 203-214-րդ պարբերությունները): Բացահայտվում է սիստեմատիկ առաջ եկող խնդիր, որի հետևանքն են Դատարան ներկայացված մի շարք գանգատները (տե՛ս Chervenkov-ի վճիռը [Chervenkov-ն ընդդեմ Բուլղարիայի (թիվ 45358/04, 27 նոյեմբեր 2012թ.], §§ 50 և 69-70, և Sabev-ի վճիռը [Sabev-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 27887/06, 28 մայիս 2013թ.], §§ 72 և 98-99, երկուսն էլ վերևում մեջբերված), և որի պատճառով դեռևս այդպիսի գանգատներ կարող են ներկայացվել: Խախտման բնույթը հուշում է, որ այս վճռի պատշաճ կատարման նպատակով պատասխանող պետությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, և ցանկալի է, որ դրանք լինեն օրենսդրական փոփոխությունների տեսքով, մասնավորապես՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի կամ այդ իրավունքի հնարավորությամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժի ռեժիմի իրավական շրջանակի փոփոխման տեսքով: Այդ բարեփոխումը, որը ԽԿԿ-ի կողմից անվերապահորեն առաջարկվում է իրականացնել 1999թ. սկսած ..., պետք է հանգեցնի՝ (ա) չափազանց խիստ բանտային ռեժիմի մեխանիկորեն կիրառելիության վերացմանը, որը որպես կանոն ներկայումս սահմանվում է բոլոր ցմահ ազատազրկման պատիժ կրող անձանց նկատմամբ՝ պատժի առնվազն առաջին հինգ տարիների ընթացքում, (բ) այնպիսի դրույթների սահմանմանը, որոնցով նախատեսված կլինեն, որ հատուկ անվտանգության ռեժիմը կարող է նշանակվել և կիրառվել միայն այն դեպքերում, երբ յուրաքանչյուր առանձին դատապարտյալի վերաբերյալ կատարվող ռիսկերի անհատական վերլուծության հիման վրա պարզվում է, որ այն անհրաժեշտ է, և որոնցով կապահովվի այդ ռեժիմի՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում կիրառությունը:
...
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
...
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` հաշվի առնելով այն, որ պրն. Harakchiev-ի համար անհնարին էր նվազեցնել ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի իր պատիժը՝ այն պահից սկսած, երբ դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ.
6. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման ճանաչման փաստն՝ այն առումով, որ պրն. Harakchiev-ի համար անհնարին էր նվազեցնել ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի իր պատիժը՝ այն պահից սկսած, երբ դատավճիռը մտել էր օրինական ուժի մեջ, ինքնին հանդիսանում է արդարացի փոխհատուցում՝ դիմումատուի կրած որևէ ոչ նյութական վնասի համար.
...
Կատարված է անգլերեն լեզվով, գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի հուլիսի 8-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Fatoş AracıIneta Ziemele
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy