ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 34544/21 եւ 3920/22)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 դեկտեմբերի 2023թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հարությունյանը եւ Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Ֆարիս Վեհաբովիչ [Faris Vehabović]՝ Նախագահ,
Անյա Սիբերտ Ֆուա [Anja Seibert-Fohr],
Աննա Լուիս Բորմանն [Anne Louise Bormann]՝ դատավորներ,
եւ Վիկտորիա Մարադուդինա [Viktoriya Maradudina]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալի պաշտոնակատար,
2023 թվականի նոյեմբերի 23-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ կից ներկայացված աղյուսակում նշված տարբեր ամսաթվերի ընդդեմ Հայաստանի Դատարան ներկայացված գանգատների հիման վրա։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցվել է գանգատների մասին։
ՓԱՍՏԵՐԸ
3. Դիմումատուների ցանկը եւ գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
4. Դիմումատուները բողոք են ներկայացրել քրեական գործով վարույթի չափազանց երկար տեւողության առնչությամբ։
Իրավունքը
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
5. Հաշվի առնելով գանգատների նույնաբովանդակ առարկան՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռի շրջանակներում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
6. Դիմումատուները բողոք են ներկայացրել այն մասին, որ տվյալ քրեական գործով վարույթի տեւողությունը չի համապատասխանել «ողջամիտ ժամկետի» սահմանված պահանջին։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։
7. Դատարանը վերահաստատում է, որ վարույթի տեւողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից եւ հաշվի առնելով հետեւյալ չափորոշիչները. գործի բարդությունը, դիմումատուների եւ համապատասխան մարմինների վարքագիծը եւ այն, թե ինչն է վիճարկվում դիմումատուների համար տվյալ վեճի շրջանակներում (տե՛ս Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France [GC]], թիվ 30979/96, § 43, ՄԻԵԴ 2000-VII)։
8. Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի [Grigoryan v. Armenia] (թիվ 3627/06, 2012 թվականի հուլիսի 10) նախադեպային գործում Դատարանն արդեն հայտնաբերել է խախտում այնպիսի հարցերի առնչությամբ, որոնք առկա են սույն գործում:
9. Ուսումնասիրելով իրեն ներկայացված բոլոր նյութերը եւ որոշելով մերժել իրավական պաշտպանության միջոցները չսպառելու մասով Կառավարության առարկությունը (համեմատե՛ք Վասիլյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Vassilyan and Others v. Armenia [Committee]], թիվ 20193/15 եւ եւս 2-ը, §§ 7-9, 2022 թվականի հունիսի 23, եւ Լմնցյանը եւ Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 եւ 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9)՝ Դատարանը չի հայտնաբերել ազգային մակարդակում իրականացված վարույթի ամբողջ տեւողությունը հիմնավորող որեւէ փաստ կամ փաստարկ: Հաշվի առնելով քննվող հարցի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ Դատարանը համարում է, որ տվյալ գործում վարույթի տեւողությունը չափազանց երկար է եղել եւ չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը։
10. Հետեւաբար սույն բողոքներն ընդունելի են եւ մատնանշում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման մասին։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
11. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ իր նախադեպային իրավունքը (տե՛ս մասնավորապես վերեւում հիշատակված՝ Գրիգորյանի գործը, § 139)՝ Դատարանը ողջամիտ է համարում շնորհել կից ներկայացված աղյուսակում նշված գումարները։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները.
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ քրեական վարույթի չափազանց երկար տեւողության մասով.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի կից ներկայացված աղյուսակում նշված գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2023 թվականի դեկտեմբերի 14-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Վիկտորիա Մարադուդինա՝
Ֆարիս Վեհաբովիչ՝
Քարտուղարի տեղակալի պաշտոնակատար
Նախագահ
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն բողոքներ պարունակող գանգատների ցանկը
(քրեական վարույթի չափազանց երկար տեւողություն)
Թիվ
Գանգատ թիվ
Ներկայացման ամսաթիվը
Դիմումատուի անունը
Ծննդյան տարեթիվը
Ներկայացուցչի անունը եւ գտնվելու վայրը
Վարույթն սկսելու ամսաթիվը
Վարույթն ավարտելու ամսաթիվը
Ընդհանուր տեւողությունը
Դատարանի ատյանները
Դիմումատուներից յուրաքանչյուրին ոչ նյութական վնասի դիմաց շնորհվող գումարը
(եվրոյով)[1]
Յուրաքանչյուր գանգատի դիմաց ծախսերի եւ ծախքերի համար տրվող գումարը
(եվրոյով)[2]
1.
34544/21
24 հունիսի 2021թ.
Մեխակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1997
Սիմոնյան Լիպարիտ
Երեւան
8 հունվարի 2017թ.
2 մայիսի 2023թ.
6 տարի եւ 3 ամիս եւ 25 օր դատարանի 3 ատյաններ
500
250
2.
3920/22
5 հունվարի 2022թ.
Մարտին ՀԱԿՈԲՅԱՆ
1976
Վարդանյան Դիանա
Երեւան
21 սեպտեմբերի 2014թ.
06 հուլիսի 2021թ․
6 տարի եւ 9 ամիս եւ 16 օր
դատարանի 3 ատյաններ
900
250
[1] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
[2] Գումարած դիմումատուներից գանձման ենթակա ցանկացած հարկ:
Full & Egal Universal Law Academy