© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
HASSAN-Ն ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
(Գանգատ թիվ 29750/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
16 սեպտեմբերի 2014թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Բովանդակություն
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Ներխուժումը Իրաք
Բ. Բրիտանական ուժերի կողմից դիմումատուի եղբոր գերեվարումը
Գ. «Camp Bucca» ճամբարում կալանքի տակ պահելը
Դ. Ստուգման գործընթացը
Ե. «Camp Bucca» ճամբարում քաղացիականներին պահելու մասում Tarek Hassan-ի գտնվելու և նրա հնարավոր ազատ արձակման վերաբերյալ ապացույցները
Զ. Tarek Hassan-ի մարմնի հայտնաբերումը
Է. Գանձապետարանի իրավախորհրդատուների հետ նամակագրությունը և դատավարությունները
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համապատասխան դրույթները
Բ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 31
Գ. Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխհարաբերության վերաբերյալ
Դ. Միջազգային իրավունքի հանձնաժողովի հետազոտական խմբի զեկույցը՝ միջազգային իրավունքի մասնատվածության վերաբերյալ
Ե. Al-Jedda-ի գործով Լորդերի պալատի վճիռը
Զ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածի համաձայն կալանքի վերաբերյալ շեղումները
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուն
2. Կառավարությունը
Բ. Դատարանի կողմից փաստերի գնահատականը
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուն
2. Կառավարությունը
Բ. Դատարանի գնահատականը
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ա. Իրավազորությունը
1. Կողմերի փաստարկները
2. Դատարանի գնահատականը
Բ. Բողոքների ըստ էության քննությունը 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի ներքո
1. Կողմերի փաստարկները
2. Դատարանի գնահատականը
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
Hassan-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, հետևյալ կազմով՝
Dean Spielmann-ը, Նախագահ,
Josep Casadevall-ը,
Guido Raimondi-ն,
Ineta Ziemele-ն,
Mark Villiger-ը,
Isabelle Berro-Lefèvre-ն,
Dragoljub Popović-ը,
George Nicolaou-ն,
Luis López Guerra-ն,
Mirjana Lazarova Trajkovska-ն,
Ledi Bianku-ն,
Zdravka Kalaydjieva-ն,
Vincent A. De Gaetano-ն,
Angelika Nußberger-ը,
Paul Mahoney-ն,
Faris Vehabović-ը,
Robert Spano, դատավորներ,
և Michael O’Boyle-ն, Պալատի քարտուղարի տեղակալ,
2013թ. դեկտեմբերի 11-ին և 2014թ. հունիսի 25-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց 2014թ. հունիսի 25-ին:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2009թ. հունիսի 5-ին «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իրաքի քաղաքացի՝ պրն. Khadim Resaan Hassan-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բերված գանգատի (թիվ 29750/09) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Birmingham-ում գործող իրավախորհրդատու պրն. P. Shiner-ը՝ պրն. Mr T. Otty-ի հետ համատեղ և Լոնդոնում գործող փաստաբան պրն. T. Hickman-ը: Միացյալ Թագավորությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության լիազոր ներկայացուցիչ տկն. R. Tomlinson-ը՝ Արտաքին գործերի և բրիտանական համագործակցության գրասենյակից:
3. Դիմումատուն պնդել է, որ իր եղբայրը ձերբակալվել և ապա կալանքի տակ է պահվել Իրաքում բրիտանական զինված ուժերի կողմից, որից հետո նրա դին գտել են չպարզված հանգամանքներում: Նա բողոքել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն, որ ձերբակալումը և կալանավորումը կամայական և անօրինական բնույթ է ունեցել և դատավարական երաշխիքներն էլ հասանելի չեն եղել, ինչպես նաև 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածների հիման վրա առ այն, որ Միացյալ Թագավորության իշխանությունները քննություն չեն կատարել ձերբակալման, վատ վերաբերմունքի և մահվան դեպքի առթիվ:
4. Գանգատը հանձնվել է Դատարանի Չորրորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ): Գանգատի քննությունը հետաձգվել է մինչև Al-Skeini-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավարության [ՄՊ], թիվ 55721/07, ՄԻԵԴ 2011 գործով վճիռ կայացնելը: Այնուհետև՝ 2011թ. օգոստոսի 30-ին, գանգատն ուղարկվել է Կառավարությանը:
5. 2013թ. հունիսի 4-ին Պալատը որոշել է ընդդատությունը զիջել Մեծ Պալատին: Մեծ Պալատի կազմը որոշվել է Կոնվենցիայի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի և Դատարանի Կանոնակարգի 24-րդ կանոնի համաձայն:
6. Դիմումատուները և Կառավարությունը գործի ըստ էության և ընդունելիության վերաբերյալ երկուստեք ներկայացրել են գրավոր առարկություններ: Գրավոր դիտողություններ են ներկայացրել նաև Դատարանի կողմից որպես երրորդ կողմ հրավիրված Էսեքսի համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնի պրոֆեսորներ Françoise Hampson-ը և Noam Lubell-ը («Երրորդ կողմ»):
7. 2013թ. դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում, Մարդու Իրավունքների Դատարանի շենքում տեղի է ունեցել հրապարակային նիստը (Կանոն 59 § 3):
Դատարանում ներկայացել են՝
(ա) Կառավարության անունից`
տկն. R. Tomlinson-ը, Կառավարության լիազոր ներկայացուցիչ,
պրն. J. Eadie-ն QC,
պրն. C. Staker-ը, խորհրդական,
պրն. M. Addison-ը,
պրն. A. McLeod-ը, իրավախորհդատուներ,
(բ) դիմումատուի անունից
պրն. T. Otty-ն QC,
պրն. T. Cleaver-ը, խորհրդական,
պրն. P. Shiner-ը,
տկն. B. Shiner-ը,
տկն. L. Shiner-ը, իրավախորհդատուներ:
Դատարանը լսել է պրն. Eadie-ի և պրն. Otty-ի հարցերը և նրանց պատասխանները Դատարանի կողմից արված հարցադրումներին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
8. Գործի փաստերը, ըստ կողմերի, հնարավոր է ներկայացնել հետևյալ կերպ: Վիճարկվող փաստերի շուրջ յուրաքանչյուր կողմ կներկայացնի իրադարձությունների իր վարկածը:
Ա. Ներխուժումը Իրաք
9. 2003թ. մարտի 20-ին զինված ուժերի կոալիցիան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների միասնական հրամանատարությամբ և Միացյալ Թագավորության մեծ զորամիավորման և Ավստրալիայի, Դանիայի և Լեհաստանի փոքր զորամիավորումների հետ համատեղ, Քուվեյթի հետ սահմանի վրա տեղակայված իրենց հավաքակայանի կետից ներխուժել է Իրաք: 2003թ. ապրիլի 5-ին բրիտանական զինված ուժերը գրավել են Basrah-ն, իսկ 2003թ. ապրիլի 9-ին Միացյալ Նահանգների զորքերը հսկողության տակ են վերցրել Բաղդադը: Ընդունված է համարվում, որ հիմնական մարտական գործողությունները Իրաքում ավարտվել են 2003թ. մայիսի 1-ին:
Բ. Բրիտանական ուժերի կողմից դիմումատուի եղբոր գերեվարումը
10. Մինչև ներխուժումը դիմումատուն հանդիսացել է Ba’ath կուսակցության ազգային քարտուղարության գլխավոր տնօրեն և նույն կուսակցության Al-Quds բանակի գեներալ: Նա բնակվել է Basrah տարածաշրջանի նավահանգստյան քաղաքում՝ Umm Qasr-ում, որը գտնվում է Քուվեյթի սահմանին և շուրջ 50 կիլոմետր հեռու է Al-Basrah-ից (Basrah քաղաք): Այն բանից հետո, երբ Basrah-ն անցավ Բրիտանական ուժերի հսկողության տակ, վերջիններս սկսեցին ձերբակալել իշխող Ba’ath կուսակցության բարձրաստիճան անդամներին: Ba’ath կուսակցության որոշ անդամներ էլ սպանվեցին իրաքյան աշխարհազորայինների կողմից: Ուստի, դիմումատուն և նրա ընտանիքը ստիպված էին թաքնվել, թողնելով դիմումատուի եղբորը՝ Tarek Resaan Hassan-ին (այսուհետ՝ Tarek Hassan) իր զարմիկի հետ պաշտպանելու ընտանեկան տունը:
11. Կառավարության կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն՝ 2003թ. ապրիլի 23-ի վաղ առավոտյան բրիտանական ստորաբաժանման Սև պահակախմբի (The Black Watch) 1-ին գումարտակի զինվորները մուտք էին գործել դիմումատուի տուն՝ նպատակ ունենալով ձերբակալել նրան: Դիմումատուին չհայտնաբերելով այնտեղ, բրիտանական ուժերը տան տանիքում հանդիպել էին Tarek Hassan-ին՝ ԱԿ-47 տեսակի ինքնաձիգով զինված, ով ձերբակալումը իրականացնող ստորաբաժանման համաժամանակյա հաշվետվությունում («գումարտակի արձանագրություն») ներկայացված էր որպես «զինված հանցագործ»: Գումարտակի արձանագրությունում նշվել է, որ «զինված հանցագործը» ներկայացել է որպես դիմումատուի եղբայր և որ նա ձերբակալվել է 06.30-ի սահմաններում: Այնտեղ նաև նշվել է, որ ձերբակալումն իրականացնող զինվորները զենք ու հետախուզության համար արժեք ներկայացնող փաստաթղթեր էին նաև առգրավվել, որոնք վերաբերում էին Ba’ath կուսակցության տեղական և Al-Quds բանակի անդամակցությանը:
12. 2006թ. նոյեմբերի 30-ով թվագրված դիմումատուի հայտարարության համաձայն՝ Tarek Hassan-ը ձերբակալվել է բրիտանական ուժերի կողմից 2003թ. ապրիլի 22-ին՝ դիմումատուի բացակայությամբ: Վերջինս հայտարարել է, որ «երբ իմ քույրերը դիմել են բրիտանական զինված ուժերի հրամանատարությանը, նրանց պատասխանել են, որ ես պետք է հանձնվեմ, որպեսզի նրանք ազատ արձակեն իմ եղբորը»: Ավելի ուշ՝ 2008թ. սեպտեմբերի 12-ով թվագրված հայտարարությունում դիմումատուն չի նշել իր քույրերի մասին, փոխարենը նշել է, որ նա խնդրել է իր ընկերոջը՝ Saeed Teryag-ին և իր հարևանին՝ Haj Salem-ին բրիտանական ուժերից որոշակի տեղեկատվություն ստանալ Tarek Hassan-ի մասին: Դիմումատուն խնդրել է նրանց, քանի որ կարող էր վստահել վերջիններիս. Haj Salem-ը հարգանք վայելող գործարար էր, իսկ Saeed Teryag-ը համալսարանական կրթություն ուներ և անգլերեն էր խոսում: Դիմումատուն հայտարարել է, որ «[Ե]րբ նրանք դիմել են բրիտանական զինված ուժերի հրամանատարությանը, նրանց պատասխանել են, որ ես պետք է հանձնվեմ, որպեսզի նրանք ազատ արձակեն իմ եղբորը»:
13. Դիմումատուի հարևան պրն. Salim Hussain Nassir Al-Ubody-ի հետ 2007թ. փետրվարի 2-ով թվագրված հեռախոսային զրույցի ամփոփագրի համաձայն՝ բրիտանական զինվորները Tarek Hassan-ին ձեռքերը ետևը կապած տարել են քննությամբ չպարզված օրը՝ ապրիլին, 04.30-ի սահմաններում: Պրն. Al-Ubody-ն նշել է, որ դիմել է զինվորներին ուղեկցած իրաքցիներից մեկին և հարցրել, թե ինչ էին նրանք ուզում, որին վերջինս պատասխանել է, որ զինվորները մտադրված են եղել ձերբակալել դիմումատուին: Երեք օր անց դիմումատուն զանգել է պրն. Al-Ubody-ին՝ վերջինիս խնդրելով իր տան համար պահակ գտնել և նաև բրիտանական ուժերից պարզել, թե ինչ է պատահել Tarek Hassan-ի հետ: Դրանից երկու օր անց, պրն. Al-Ubody-ն հաճախել է Shatt‑Al‑Arab հյուրանոցում գտնվող բրինական ուժերի շտաբ: Նա խնդրել է իրաքցի թարգմանիչին որևէ մի տեղեկություն պարզել Tarek Hassan-ի մասին: Պրն. Al-Ubody-ի վերադառնալուց երկու օր անց թարգմանիչը տեղեկացրել է նրան, որ բրիտանական ուժերը մտադրված են պահել Tarek Hassan-ին մինչև դիմումատուի հանձնվելը: Թարգմանիչը նաև խորհուրդ է տվել պրն. Al-Ubody-ին այլևս չայցելել նրանց, քանի որ նրան կարող էին հարցաքննել:
Գ. «Camp Bucca» ճամբարում կալանքի տակ պահելը
14. Կողմերը համաձայնել են, որ բրիտանական ուժերը Tarek Hassan-ին տեղափոխել են «Camp Bucca» ճամբար: Այս ճամբարը, որը գտնվել է 2.5 կիլոմետր հեռավորության վրա Umm Qasr-ից և շուրջ 70 կիլոմետր հարավ Al-Basrah-ից, 2003թ. մարտի 23-ին բացվել է որպես Միացյալ Թագավորության կալանավայր: Սակայն, 2003թ. ապրիլի 14-ին այն պաշտոնապես դարձել է Միացյալ Նահանգների հաստատություն, որը ճանաչված էր «Camp Bucca» անվան ներքո: 2003թ. ապրիլին ճամբարը բաղկացած էր ութ հատվածներից, որոնք միմյանից բաժանվում էին մետաղյա փշալարի ցանկապատով՝ յուրաքանչյուրն ունենալով միայն մեկ մուտք: Ճամբարի յուրաքանչյուր հատվածում կային երկկողմ բացվածքով վրաններ, որոնք կարող էին մի քանի հայրուր կալանավորներ ընդունել, ինչպես նաև առկա էր ջրի ծորակ, զուգարաններ և ծածկ չունեցող տարածք:
15. Գործառնական նպատակներից ելնելով՝ Միացյալ Թագավորությունը շարունակում էր կալանքի տակ պահել «Camp Bucca» ճամբարում գերեվարված անձանց: Ճամբարի մեկ հատվածը նախատեսված էր քրեական հանցագործություններ կատարելու կասկածանքով կալանավորված ներկալվածների համար: Բացի այդ, Միացյալ Թագավորությունը ճամբարում առանձին հատված էր շահագործում իր Նախնական հարցաքննություններ կատարող համատեղ խմբի (Joint Forward Interrogation Team - JFIT) համար: Ճամբարի այդ հատվածը կառուցվել էր բրիտանական ուժերի կողմից և նրանք էլ շարունակում էին այն շահագործել: Չնայած նրան, որ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից գերեվարված կալանավորները հարցաքննվում էին JFIT-ի հատվածում և Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների քննիչների համատեղ խմբերը աշխատում էին այնտեղ, Միացյալ Թագավարության JFIT-ի խումբը հսկողություն էր իրականացնում այդ տարածքում պահվող բոլոր բանտարկյալների կալանավորման և հարցաքննությունների նկատմամբ: Այլուր ճամբարում Միացյալ Նահանգների զինված ուժերն էին պատասխանատու կալանավորներին պաշտպանելու և ուղեկցելու համար, իսկ Միացյալ Թագավորությունն էլ պետք է փոխհատուցեր այն ծախսերը, որոնք Միացյալ Նահանգները կրում էին նրանց կալանավորներին պահելու համար: Բրիտանական ռազմական ոստիկանության անձնակազմը (ռազմական ոստիկանություն) «վերասկողական պատասխանատվություն» էր կրում Միացյալ Թագավորության այն կալանավորների համար, որոնք հանձնվել էին Միացյալ Նահանգների պահպանության, բացառությամբ նրանց, ովքեր պահվում էին JFIT-ի հատվածում: Միացյալ Թագավորության հիվանդ և վիրավորված կալանավորները բուժում էին ստանում բրիտանական դաշտային հիվանդանոցներում: Միացյալ Թագավորության իշխանությունները պարտավոր էին համագործակցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ՝ Միացյալ Թագավորության կալանավորների բուժման և վերջիններիս ընտանիքներին կալանավորման մասին ծանուցելու հարցերի շուրջ (տե՛ս ավելին ստորև՝ 20-րդ պարբերությունը): Միացյալ Թագավորությունը նաև պատասխանատու էր Ժնևի երրորդ կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն կալանավորված անձանց դասակարգման համար (տե՛ս ստորև՝ 33-րդ պարբերությունը):
16. Ակնկալելով, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է օգտագործել ընդհանուր օբյեկտները պահելու համար կալանքի տակ գտնվող անձանց, 2003թ. մարտի 23-ին Միացյալ Թագավորության, Միացյալ Նահանգների և Ավստրալիայի կառավարությունները ստորագրել են Համագործակցության մասին հուշագիր (Memorandum of Arrangement - MOA), որը վերաբերում էր կալանավորների նկատմամբ հսկողությունը հանձնելու հարցերին և որով նախատեսվում էր.
«Սույն հուշագիրը սահմանում է այն ընթացակարգերը, որոնք կարգավորում են Իրաքի դեմ պատերազմական գործողությունների ընթացքում վերցված ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների նկատմամբ հսկողության փոխանցումը ԱՄՆ, ՄԹ կամ Ավստրալիայի ուժերի կողմից մեկ այլ կողմին:
Կողմերը պարտավորվում են հետևյալի շուրջ.
1. Սույն հուշագիրը պետք է իրականացվի Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին Ժնևի կոնվենցիայի, ինչպես նաև միջազգային սովորութային իրավունքի համաձայն:
2. ԱՄՆ, ՄԹ և Ավստրալիայի ուժերը՝ փոխադարձ համաձայնության հիման վրա (որպես ընդունող պետություն) պետք է ընդունեն այն ռազմագերիներին, քաղաքացիական ներկալվածներին և կալանավորներին, ովքեր գտնվել են մեկ այլ կողմի հսկողության ներքո (գերության մեջ պահող պետություն) և պատասխանատվություն են կրում իրենց հանձնված բոլոր այդ անձանց պահպանման և պաշտպանության համար: Ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների հանձնումը ընդունող պետությունների միջև կարող է տեղի ունենալ ընդունող և գերության մեջ պահող պետությունների միջև փոխադարձ համաձայնության գալու պարագայում:
3. Վիրավորված ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների հանձնման մասին համաձայնությունները պետք է արագ կայացվեն, որպեսզի վերջիններս օգնություն ստանան ըստ իրենց առողջական առաջնահերթ կարիքների: Բոլոր նման հանձնումները պետք է իրականացվեն և գրանցվեն սույն հուշագրով ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների համար նախատեսված համակարգերի միջոցով:
4. Գերության մեջ պահող պետության կողմից հանձնված յուրաքանչյուր ռազմագերի, քաղաքացիական ներկալված և կալավորված անձ՝ այդ պետության պահանջով անհապաղ պետք է հետ վերադարձվի ընդունող պետության կողմից:
5. Հանձնված ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների ազատ արձակումը, հայրենադարձությունը կամ հեռացումը Իրաքի սահմաններից դուրս պետք է իրականացվի միայն գերության մեջ պահող և ընդունող պետությունների միջև փոխադարձ համաձայնության հիման վրա:
6. Գերության մեջ պահող պետությունը պետք է պահպանի իր կողմից հանձնված ռազմագերիներին, քաղաքացիական ներկալվածներին և կալանավորներին տեսակցելու բոլոր իրավունքները, երբ այդ անձինք գտնվում են ընդունող պետության հսկողության ներքո:
7. Ընդունող պետությունը պատասխանատու է իրեն հանձնված բոլոր ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների վերաբերյալ ճշգրիտ հաշվետվողականության վարելու համար: Այդպիսի գրառումները՝ գերության մեջ պահող պետության պահանջով պետք է հասանելի լինեն ստուգման համար: Այն դեպքերում, երբ ռազմագերիները, քաղաքացիական ներկալվածները կամ կալանավորված անձինք վերադարձվում են գերության մեջ պահող պետությանը, վերջիններիս նկատմամբ գրառումները (կամ դրանց վավերացված պատճեները) նույնպես պետք է հանձնվեն:
8. Սույն հուշագրի կատարումը արագացնելու նպատակով գերության մեջ պահող պետությունները պետք է ներկայացուցիչներ նշանակեն ընդունող պետություններում:
9. Գերության մեջ պահող պետությունը պատասխանատվություն է կրում միայն Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների համաձայն իր ուժերի կողմից վերցված հավանական ռազմագերիների համար: Նախքան նման որոշում կայացնելը, կալանքի տակ պահվող այդ անձանց պետք է վերաբերվեն որպես ռազմագերիների և նրանք պետք է օգտվեն Կոնվենցիայով սահմանված բոլոր իրավունքներից և պաշտպանություններից, եթե նույնիսկ հանձնվում են ընդունող պետության հսկողությանը:
10. Այն դեպքերում, երբ գերության մեջ պահող պետությունը պարզ չէ, բոլոր կողմերը համատեղ պատասխանատվություն են կրում և լիարժեք իրավունք ունեն տեսակցել կալանքի տակ գտնվող բոլոր անձանց (պետք է նաև հասանալի լինեն նրանց վերաբերող ցանկացած գրառումները) մինչև փոխադարձ պայմանավորվածությամբ չորոշվի գերության մեջ պահող պետության հարցը:
11. Այնքանով, որքանով պետության իրավազորությունը կիրառելի է քրեական հանցագործությունների նկատմամբ, այդ թվում՝ ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների կողմից կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների՝ մինչև վերջիններիս հանձնումը ընդունող պետությանը, գերության մեջ պահող պետությունը պահպանում է առաջնային իրավազորության իրավունքը: Գերության մեջ պահող պետությունները մանրակրկիտ կերպով պետք է քննարկեն ընդունող պետության՝ իրավազորության զիջելու մասին խնդրագիրը:
12. Ընդունող պետությանը հանձնելուց հետո ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների կողմից ենթադրյալ կատարված քրեորեն պատժելի հանցագործությունների և կարգապահական կանոնների խախտումների նկատմամբ առաջնային իրավազորությունը պահպանում է ընդունող պետությունը:
13. Գերության մեջ պահող պետությունը պետք է փոխհատուցի ընդունող պետության այն ծախսերը, որոնք կատարվել են սույն հուշագրի համաձայն հանձնված ռազմագերիների, քաղաքացիական ներկալվածների և կալանավորների պահելու համար:
14. Կողմերից մեկի պահանջով կողմերը պետք է խորհրդակցեն միմյանց հետ սույն հուշագրի իրականացման հարցերի շուրջ»:
17. Խնդրո առարկա ժամանակաշրջանում «Camp Bucca» ճամբարի ռազմական ոստիկանության շարքերում ծառայած մայոր Neil B. Wilson-ի կողմից տրված ցուցմունքի համաձայն՝ ընդունված ընթացակարգի իմաստով կալանավորը ճամբար պետք է ժամաներ ձերբակալումն իրականացրած ստորաբաժանման ռազմական պահակախմբի ուղեկցությամբ: Ճամբար հասնելուց հետո անձին տեղափոխում էին ժամանավոր պահման վայր, որտեղ ստուգում էին նրա փաստաթղթերը, իսկ անձնական իրերն էլ՝ առգրավում: Անհրաժեշտության դեպքում անձին նաև բժշկական օգնություն էր տրամադրվում: Այնուհետև, Միացյալ Թագավորության անձնակազմը՝ թարգմանչի օգնությամբ կալանավորին ուկեցում էր ժամանման վրան: Թվային լուսանկար էր վերցվում, որը կալանավորի վերաբերյալ այլ տեղեկությունների հետ միասին մուտքագրվում էր Միացյալ Թագավորության մարմինների կողմից օգտագործվող և AP3-Ryan անվամբ հայտնի տվյալների բազա, որում կուտակվում էր Իրաքում ռազմական գործողություններին մասնակցած զինվորական անձնակազմի վերաբերյալ մեծ ծավալի տեղեկատվություն, այդ թվում՝ նաև կալանավորների մասին:
18. Տվյալների այդ բազայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Tarek Resaan Hassan-ի անվան տակ որևէ գրառում չի արվել, սակայն առկա էր «Tarek Resaan Hashmyh Ali»-ի լուսանկարով ինչ-որ անձի վերաբերյալ գրառում: Որպես վկա տված իր ցուցմունքում դիմումատուն բացատրել է, որ պաշտոնական նպատակներով իրաքցիները օգտագործում են իրենց առաջին անունը, որին հաջորդում է հոր, մոր, պապի և մեծ պապի անունները: «Ali»-ն դիմումատուի մեծ պապի անունն էր և պարզվել էր, որ Hassan անունը (նրա պապի անունը) սխալմամբ բաց էր թողնվել: Tarek Hassan-ին տրամադրվել է դաստակի ժապավեն, որը տպագրվել է Միացյալ Թագավորության կողմից իրեն համար ներհատուկ ներկալման սերիական UKDF018094IZSM համարով, որի «DF» տառերը նշանակում էին «կալանավայր», «IZ»-ն՝ հավատարիմ է Իրաքին, իսկ «SM»-ն՝ «տղամարդ զինվոր»: AP3-Ryan տվայլների բազայից կատարված էկրանի վայրկենական պատկերները նույնպես ցույց են տալիս, որ Tarek Hassan-ին հարցրել են, արդյոք նա համաձայն է, որպեսզի իր ձերբակալման մասին տեղեկացվեն ազգային իշխանությունները և որ դրան նա համաձայն չի եղել:
19. Միացյալ Թագավորության կողմից կատարված գրանցման գործընթացին հաջորդիվ ձերբակալված անձինք հանձնվում էին Միացյալ Նահանգների զինված ուժերին՝ երկրորդ գրանցման համար: Դա ենթադրում էր Միացյալ Նահանգների կողմից համարի թողարկում, որը տպված էր լինում դաստակի ժապավենի վրա: Tarek Hassan-ի Միացյալ Նահանգների գրանցման համարն էր UK912-107276EPW46: «UK» նշումը նշանակում էր, որ Միացյալ Թագավորությունը անձին արգելանքի տակ վերցնող պետությունն էր, իսկ «EPW»-ն, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը նրան վերաբերվում էին որպես հակառակորդի ռազմագերի: Սակայն, այս փուլում ձերբակալված բոլոր անձինք դասակարգվում էին որպես ռազմագերիներ, բացառությամբ այն անձանց, ովքեր բրիտանական ուժերի կողմից արգելանքի տակ էին վերցվել քրեական արարքներ կատարելու կասկածանքով: Գրանցումից հետո ձերբակալված անձինք սովորաբար բժշկական ստուգում էին անցնում, այնուհետ նրանց տրամադրվում էր անկողնային, անձնական հիգիենիայի և սնունդ ընդունելու համար անհրաժեշտ պարագաներ, և Միացյալ Նահանգների ուժերը նրանց փոխանցում էին կացարաններ:
20. Կառավարությունը ներկայացրել է պրն. Timothy Lester-ի կողմից տրված ցուցմունքը: Վերջինս 2003թ. մարտ ամսվա ռազմական գործողություններից սկսած գլխավորում էր Իրաքում Միացյալ Թագավորության Ռազմագերիների տեղեկատվական բյուրոն (United Kingdom Prisoner of War Information Bureau - UKPWIB): Նրա պնդմամբ UKPWIB-ն գործում էր Իրաքում որպես «Ազգային տեղեկատվական բյուրո», ինչպես որ պահանջվում է Ժնևի երրորդ կոնվենցիայի 122-րդ հոդվածով, և վերահսկում էր ներկալված ռազմագերիների և քրեական կալանավորների հետ կապված հարցերը, նպատակ հետապնդելով դյուրացնել շփումը իրենց հարազատների հետ: Ժնևի երրորդ կոնվենցիայով նաև պահանջվում էր ստեղծել «Ռազմագերիների կենտրոնական տեղեկատվական գործակալություն» (Central Prisoners of War Information Agency): Այս դերակատարությունը վերապահված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կենտրոնական տեղեկատվական գործակալությանը: ԿԽՄԿ-ն տեղեկատվություն էր հավաքում անձանց արգելանքի տակ վերցնելու մասին և, կալանքի տակ գտնվող անձի համաձայնությամբ, այն փոխանցում վերջինիս ծագման երկրին կամ այն իշխանությանը, որից նա կախում ուներ: Գործնականում բրիտանական ուժերի կողմից արգելանքի տակ վերցված անձանց վերաբերյալ բոլոր մանրամասները մուտքագրվում էին Իրաքում տեղակայված կալանավայրի աշխատակազմի կողմից և ուղարկվում Լոնդոն՝ պրն. Lester-ին, ով այնուհետ այդ տվյալները տեղափոխում էր աղյուսակների վրա և ներբեռնում այն ԿԽՄԿ-ի անվտանգ կայք: Նա պնդել է, որ ակտիվ մարտական փուլի ընթացքում նա, որպես կանոն, տվյալները ԿԽՄԿ-ին էր տեղափոխում շաբաթական կտրվածքով և հետո անցնում ամսեկան հաշվետվությանը: Սակայն, Tarek Hassan-ի վերաբերյալ տվյալները մինչև 2003թ. հուլիսի 25-ը չէին ուղարկվել ԿԽՄԿ-ին, որը պայմանավորված էր UKPWIB-ի համակարգչային համակարգի թարմացման աշխատանքներով: Բոլոր դեպքերում, Tarek Hassan-ի գործում գրառում էր կատարվել առ այն, որ նա չէր համաձայնվել, որպեսզի Իրաքի իշխանությունները տեղեկացվեն իր կալանքի տակ գտնվելու մասին (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Համաձայնության բացակայության պարագայում պրն. Lester-ը անհավանական է համարել, որ ԿԽՄԿ-ն կտեղեկացներ Իրաքի իշխանություններին և որ դրանք էլ, իրենց հերթին, կտեղեկացնեին Hassan-ի ընտանիքին:
Դ. Ստուգման գործընթացը
21. Կառավարության համաձայն՝ «Camp Bucca» ճամբար ժամանելու պահին ձերբակալված անձի կարգավիճակը անորոշ լինելու դեպքում, Միացյալ Թագավորության մարմինները նրան պետք է գրանցեին որպես ռազմագերի: Ռազմական գործողության ընթացքում ձերբակալված ցանկացած անձ (օրինակ՝ Tarek Hassan-ը) անմիջապես տարվում էր ճամբարի JFIT-ի հատված՝ երկու փուլից բաղկացած հարցաքննություն անցնելու համար: Կառավարության պնդմամբ՝ JFIT-ի հատվածում աշխատում էին Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների քննչական թիմերը, որոնք հարցաքննում էին ինչպես Միացյալ Թագավորության, այնպես էլ Միացյալ Նահանգների ձերբակալված անձանց: Առաջին հարցաքննությունը կարող էր իրականացվել քննչական այն թիմի կողմից, որը պարզապես ազատ էր ձերբակալվածի՝ ճամբար ժամանելու պահին: Այդ հարցաքննության նպատակն էր հայտնաբերել զինվորական կամ ռազմականացված այն անձնակազմին, որը կարող էր տեղեկատվություն ունենար ռազմական արշավի վերաբերյալ, ինչպես նաև պարզել, եթե ձերբակալված անձը զինվորական չէր, արդյոք հիմքեր կային կասկածելու, որ նա վտանգ է ներկայացնում անվտանգության համար կամ հանցագործ է: Այդպիսի ողջամիտ հիմքերի բացակայության պարագայում, անձը ընկնում էր, այսպես կոչված, անվտանգության համար վտանգ չներկայացնող քաղաքացիականի դասակարգման տակ և որոշում էր կայացվում նրան անմիջապես ազատ արձակելու մասին:
22. JFIT-ի համակարգչային տվյալների բազայից կատարված տպագիր քաղվածքը վկայում էր, որ «Camp Bucca» ճամբարում Tarek Hassan-ին տվել են JFIT-ի թիվ 494 և թիվ UK107276 գրանցման համարները: Կատարված գրանցումների համաձայն՝ նա ճամբար էր մուտք եղել 2003թ. ապրիլի 23-ին, ժամը 16.40-ին, իսկ դուրս գրվել՝ 2003թ. ապրիլի 25-ին, ժամը 17.00-ին: Նրա «վերջին նշանակման վայր»-ի տակ գրառում էր կատարվել «Գրանցում (քաղաքացիական ճամբար)» («Registration (Civ Cage)»): «Ազատ արձակել/պահել» կետի տակ մուտքագրվել էր «R» տառը: «TQ» խորագրի ներքո, որը նշանակում էր «Տակտիկական հարցաքննություն», կատարվել էր «231830ZAPR03‑Steve», իսկ «Intg 1» խորագրի՝ «250500ZAPR03» գրառումները: Կառավարության համաձայն՝ այդ գրառումներից առաջինը նշանակում էր, որ 2003թ. ապրիլի 23-ին, «Zulu»-ի ժամանակով 18.30-ին (այս համատեքստում «Zulu» նշանակում է Համաշխարհային համաձայնեցված ժամանակ, որը նաև հայտնի է Գրինվիչի միջին ժամանակ անվամբ) Tarek Hassan-ը ենթարկվել է տակտիկական հարցաքննության: «Zulu»-ի ժամանակով ապրիլի 23-ի 18.30-ը Իրաքի ժամանակով համապատասխանում էր 21.30-ին: Երկրորդ գրառումը նշանակում էր, որ Tarek Hassan-ը կրկին ենթարկվել է հարցաքննության 2003թ. ապրիլի 25-ին, «Zulu»-ի ժամանակով 05.00-ին կամ տեղական ժամանակով՝ 08.00-ին, որից հետո 2003թ. ապրիլի 25-ին, տեղական ժամանակով 20.00-ին նրան տեղափոխել են «Camp Bucca» ճամբարի քաղաքացիականների համար նախատեսված մաս:
23. Կառավարությունը Դատարանին է ներկայացրել Tarek Hassan-ի և Միացյալ Նահանգների ներկայացուցչի միջև տեղի ունեցած հարցաքննության արձանագրության պատճեն, որը թվագրված էր 2003թ. ապրիլի 23-ի՝ «Zulu»-ի ժամանակով 18.30-ով, որում նշվում էր հետևյալը՝
«ՀՊՌ-ն [Հակառակորդ պետության ռազմագերի, EPW - Enemy Prisoner of War] ծնվել է 1981թ. օգոստոսի 3-ին՝ BASRA-ում: Ներկայումս նա բնակվում է իր տանը՝ հոր, մոր, ավագ եղբոր (անունը՝ Qazm, ծնված 1970-ականներին) և կրտսեր քրոջ (տարիքը պարզված չէ) հետ: Տունը գտնվում է N. BASRA-ում՝ Jamiyat տարածաշրջանի Khalissa-ի դպրոցի մյուս կողմում: ՀՊՌ-ն թողել է միջնակարգ դպրոցը, քանի որ վերջինս ստացել էր ֆուտբոլ խաղալու առաջարկ: Ներկայումս նա որպես հարձակվող խաղում է Basra-ի ֆուտբոլային ակումբում: Վերջինիս թիմը կառավարությունից գումարներ է ստանում, իսկ Օլիմպիական կոմիտեն էլ վճարում է թիմի ծախսերը: ՀՊՌ-ն աշխատանք չունի, քանի որ ֆուտբոլը ամեն ինչ է նրա համար և նրանք փոխհատուցում են ֆուտբոլային նրա ողջ ծախսերը:
ՀՊՌ-ն գիտակցում է, որ նրան ձերբակալել են իր եղբոր՝ Qazm-ի պատճառով: Qazm-ը Ba’ath կուսակցությունում հանդիսանում է Othoo Sherba և չորս օր առաջ լքել է տունը՝ անհայտ ուղղությամբ: Qazm-ը անդամակցել է Ba’ath կուսակցությանը 1990 թվականին և մասնակցել պարբերաբար անցկացվող կուսակցական հանդիպումներին և արտակարգ գործողությունների ծրագմանը (այլ բան չի պարզվել): Պատերազմից առաջ Qazm-ը պիկապ է ստացել Ba’ath կուսակցությունից: Երբ կոալիցիոն ուժերը մտան BASRA, Qazm-ը պահպանության է հանձնել այդ պիկապը հարևանին (անունը պարզված չէ) և գնացել BASRA-ի կենտրոնում գտնվող հյուրանոց (հյուրանոցի անվանումը հայտնի չէ): Այդ ընթացքում Qazm-ը մի շարք զանգեր է կատարել, սակայն երբեք չի նշել իր գտնվելու վայրի մասին: Խնդիրը ծագեց, երբ պիկապի իրական տերերը՝ տեղական նավթային ընկերությունը հետ պահանջեց Ba’ath կուսակցությանը տրամադրված ավտոմեքենան: Հիասթափվելով այս ողջ խառնաշփոթից՝ Qazm-ը դրանից հետո դիմեց փախուստի:
ՀՊՌ-ն կարծես լավ երեխա էր և հավանական է այնքան էր տարված ֆուտբոլով, որ այդքան էլ չէր հետաքրքվում իր եղբոր գտվելու մասին հարցերով: Սակայն, հայտնի էր, որ նրանք մտերիմ և երջանիկ ընտանիք էին և ՀՊՌ-ն կարող էր տեղեկացված լիներ իր եղբոր՝ Ba’ath կուսակցությունում ունեցած գործունեության մասին և որ նրա ընկերներից մի քանիսը նույնպես անդամակցում էին այդ կուսակցությանը: Արդյունավետ չի լինի ցանկացած տեսակի կոշտ մոտեցման օգտագործումը: ՀՊՌ-ն սիրում է իր ընտանիքը և ֆուտբոլը: ՀՊՌ-ն կարող է համագործակցել, սակայն անհրաժեշտ է մեկը, որին նա կվստահի՝ եղբոր համար վնասակար տեղեկություններ հայտնելու դեպքում: ՀՊՌ-ն թվում է, որ վնաս չի ներկայացնում, սակայն կարող է օգտակար լինել իրեն շրջապատող այլ անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում»:
24. Կառավարությունը ներկայացրել է երկրորդ հարցաքննության արձանագրությունը տակտիկական հարցաքննության արձանագրության տեսքով: Այս փաստաթուղթը նշում է պարունակում այն մասին, որ այն վերաբերում է «PW 494»-ին, իսկ «տեղեկատվության ամսաթիվ»-ը արձանագրված էր որպես «250445ZAPR03», այսինքն՝ 2003թ. ապրիլի 25-ին, «Zulu»-ի ժամանակով 04.45-ին, իսկ տեղականով՝ 07.45-ին: Արձանագրությունում նշվում էր՝
«1. ՀՊՌ-ն [Հակառակորդ պետության ռազմագերի, EPW - Enemy Prisoner of War] 22 տարեական, չամուսնացած անձ է, որը բնակվում է 80 տարեկան իր հոր (որը շեյխ է) և մոր հետ միասին Jamiyat-ի BASRAH թաղամասում: Նա վարպետի գործ է անում և ուսանողի կարգավիճակ ունենալու պատճառով զինվորական ծառայություն չի անցել: Նա նշել է, որ իրեն ձերբակալելու ժամանակ տանը նաև եղել է ԱԿ-47 տեսակի ինքնաձիգ, որը սակայն պահվել է միայն անձնական պաշտպանության նկատառումներով: ՀՊՌ-ն և նրա հայրը չեն անդամակցում Ba’ath կուսակցությանը:
2. ՀՊՌ-ն նշել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը [sic] նրան ձերբակալել են իր տանը, երբ վերջինս խնամք էր տանում իր եղբոր՝ Kathim-ի հետևից: Նրա եղբայրը անդամակցում է Ba’ath կուսակցությանը և Uthoo Shooba է: Նա միացել է կուսակցությանը 1990 թվականին, երբ արդեն Shaat Al Arab քոլեջի իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր: Նրա եղբայրը այժմ ավարտական կուրսի ուսանող է, ամուսնացած է, սակայն երեխաներ չունի: Նա ընդհատում էր որոշ ժամկետով ուսումը՝ մեքենաների վաճառքով զբաղվելու համար: Նրա եղբայրը վախում էր իր կյանքի համար, քանի որ մտավախություն կար, որ Ba’ath կուսակցության անդամները կարող են ռեպրեսիաների ենթարկվել, և հավանաբար այդ պատճառով փախել էր Սիրիա կամ Իրան: ՀՊՌ-ն վերջին անգամ հեռախոսով զրուցել է իր եղբոր հետ 5 օր առաջ: Նրա եղբայրը չի ասել վերջինիս գտնվելու վայրը:
JFIT-Ի ՆՇՈՒՄ՝ ՀՊՌ-ն թվում է ճշմարտություն է ասում և ձերբակալվել է սխալ ինքնության հաստատման պատճառով: Նա հետախուզական արժեք իրենից չի ներկայացնում և ուստի նպատակահարմար է նրան տեղափոխել քաղաքացիականների համար հատկացված մաս: JFIT-Ի ՆՇՈՒՄԻ ՎԵՐՋ»:
Ե. «Camp Bucca» ճամբարում քաղացիականներին պահելու մասում Tarek Hassan-ի գտնվելու և նրա հնարավոր ազատ արձակման վերաբերյալ ապացույցները
25. Դիմումատուն Դատարանին է ներկայացրել 2007թ. հունվարի 27-ով թվագրված Fouad Awdah Al-Saadoon-ի հետ իրականացված հարցաքննության համառոտ շարադրանքը, որը Basrah-ում Իրաքի Կարմիր կիսալուսին կազմակերպության նախագահն էր և դիմումատուի ընտանիքի ընկերը: Բրիտանական զինված ուժերը ձերբակալել էին նրան և պահել «Camp Bucca» ճամբարի մի վրանում, որի տակ էին գտնվում շուրջ 400 կալանավորներ: Նրա պնդմամբ՝ 2003թ. ապրիլի 24-ին, 18.00-ի սահմաններում Tarek Hassan-ին բերեցին իրենց վրան: Պրն. Al-Saadoon-ը պնդել է, որ Tarek Hassan-ը կարծես վախեցած էր և շփոթված, սակայն չէր նշել, որ Tarek Hassan-ը բողոքել է վատ վերաբերմունքի ենթարկված լինելու վերաբերյալ: «Camp Bucca» ճամբարում նրանց միասին գտնվելու ժամանակ Tarek Hassan-ը չի հարցաքննվել: Հաշվի առնելով, որ պրն. Al-Saadoon-ը վատառողջ էր, Tarek Hassan-ը նրան սնունդ էր տալիս և խնամք տանում նրա հետևից: 2003թ. ապրիլի 27-ին պրն. Al-Saadoon-ը ազատ արձակվեց՝ 200 այլ կալանավորների հետ միասին, քանի որ Միացյալ Թագավարության իշխանությունները որոշել էին ազատել 55 կամ ավելի մեծահասակ բոլոր կալանավորներին: Կալանավորներին ազատ էին արձակել գիշերվա ընթացքում՝ Al-Basrah-ի և Al-Zubair-ի միջև մայրուղու վրա և նրանք ստիպված էին 25 մղոն քայլել մինչև մոտակա բնակավայրը, որտեղ նրանք կարող էին մեքենա վարձակալել: Ազատ արձակվելուց հետո նա տեղեկացրել էր դիմումատուի ընտանիքին, որ «Camp Bucca» ճամբարում տեսել է Tarek Hassan-ին: Դիմումատուի պնդմամբ՝ դա էր միակ տեղեկատվությունը, որը իրենց ընտանիքը տիրապետում էր իր եղբոր ձերբակալումից հետո նրա գտնվելու մասին: Ի պատասխան այս հայտարարության, Կառավարությունը պնդել է, որ պրն. Al-Saadoon-ը կարող է սխալվել ամսաթվի հարցում, քանի որ հարցաքննության արձանագրություններից երևում էր, որ Tarek Hassan-ը տեղափոխվել է քաղաքացիականներին պահելու համար նախատեսված մաս 2003թ. ապրիլի 25-ին: Նրանք նաև ընդգծել են, որ էական ջանքեր են ձեռնարկվել անձանց՝ այն վայրեր վերադարձնելու ուղղությամբ, որտեղից նրանք ձերբակալվել են կամ, անհրաժեշտությամբ դեպքում, մեկ այլ վայր, և որ 25 մղոնը շատ ավելին էր, քան Al-Basrah-ի և Al-Zubair-ի միջև ընկած հեռավորությունը:
26. Համաձայն Կառավարության կողմից ներկայացված մայոր Neil Wilson-ի ցուցմունքների, որի հրամանատարության տակ էին գտնվում զինվորական ոստիկանության մի խումբ զինվորներ և ով համապատասխան ժամանակահատվածում խորհրդատվություն էր տրամադրում Իրաքում Միացյալ Թագավորության ռազմական գործողությունների տարածքում կալանավորման հարցերի շուրջ, «Camp Bucca» ճամբարում պահվող Միացյալ Թագավորության կողմից ձերբակալված անձանց ազատ արձակելու որոշումը կայացվել է Միացյալ Թագավորության զինվորական իրավաբան սպաներից կազմված դատարանի կողմից: Տվյալները այնուհետ փոխանցվում էին Միացյալ Նահանգների պահակախմբին, մինչև որ ազատ արձակվածները դուրս չբերվեին «Camp Bucca» ճամբարի տարածքից, իսկ վերջիններիս տվյալները՝ ստուգվում և մուտքագրվում էին AP3‑Ryan տվյալների բազա: Համաձայն Basrah-ում տեղեկայված և գործունեություն ծավալող Միացյալ Թագավորության ստորաբաժանումների ռազմական շտաբերի արձակած հրամանների, որոնք կիրառելի էին այդ ժամանակահատվածում, Միացյալ Նահանգների զինված ուժերը պատասխանու էին իրենց գործունեության տարածքում, այն է՝ հարավ արևելյան Իրաքում բոլոր կալանավորված անձանց հայրենադարձության համար, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի զինված ուժերն են ձերբակալել կալանավորներին: ԿԽՄԿ-ն պետք է հնարավորություն ունենար տեսակցեր բոլոր ազատ արձակվածներին: Համաձայն գործող կարգադրությունների՝ բրիտանական ուժերի կողմից հայրենադարձված կալանավորները տեղավորվում էին ավտոբուսների մեջ, որի ներսում գտնվում էր զինված պահակախումբ, իսկ զինված տրանսպորտային միջոցներն էլ առջևից և հետևից ուղեկցում էին այդ ավտոբուսներին: Ազատ արձակումը պետք է կատարվեր հայրենադարձության հատուկ վայրերում՝ ցերեկվա ժամերին, որի ընթացքում անձանց պետք է տրամադրվեր բավարար չափով սնունդ և ջուր, որը պետք է բավարեր վերջիններիս կարիքները՝ մինչև որ նրանք չհասնեին իրենց տուն: Մայոր Wilson-ի կողմից տրված ցուցմունքների համաձայն՝ միջոցներ էին ձեռնարկվել անձանց՝ ձերբակալման վայրեր վերադարձնելու ուղղությամբ: Միացյալ Թագավորության գործունեության տարածքում գոյություն ունեին չորս ազատ արձակման կետեր, այդ թվում՝ «Al-Basrah GR TBC [կոորդինատները ենթակա են հաստատման]»: Umm Qasr-ը նշված չէր ազատ արձակման կետերի մեջ, սակայն կարող էր մուտագրվել որպես ազատ արձակման կետ այն անձանց գործերում, ովքեր ներկայացվել էին ազատ արձակման:
27. Կառավարությունը նաև ներկայացրել է 2003թ. ապրիլի 27-ով թվագրված զինվորական մի հրաման (FRAGO 001/03), որի նպատակն էր մինչև ռազմական գործողությունների ավարտը (որը հետագայում հայտարարվել էր 2003թ. մայիսի 1-ին) ապահովել առավելապես թվով քաղաքացիականների և ռազմագերիների ազատ արձակումը: Այդ հրամանի հավելվածով կարգավորվում էր, թե ինչ ընթացակարգով այն պետք է կատարվի: Մի շարք անձինք պետք է շարունակեին կալանքի տակ մնալ՝ ելնելով անվտանգության նկատառումներից կամ քանի որ նրանք կասկածվում էին հանցագործությունների կատարման մեջ: Նրանց ինքնությունը արդեն հաստատվել էր JFIT-ի կողմից և որոշումը արձանագրվել AP3-Ryan տվյալների բազայում, իսկ ցուցակն էլ տրվել Միացյալ Նահանգների իշխանություններին՝ ապահովելու համար որ նրանք կմնան կալանքի տակ: Ճամբարի մնացած բնակչությունը շարունակելու էր մնալ անհատական հատվածներում և սպասել իր ազատ արձակման գործընթացին Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից: Այն վրանում, որտեղ կատարվում էր ազատ արձակման գործընթացը, տեղի էր ունենում յուրաքանչյուր կալանավորված անձի՝ դաստակի, դեմքի և AP3-Ryan-ում պահվող թվային բնութագրի եռաստիճան ստուգում: Դրանից հետո տվյալների բազայում անհրաժեշտ էր մուտքագրել հետևյալ տեղեկատվությունը. «(1) ազատ արձակող մարմինը, (2) ազատ արձակման ամսաթիվը, (3) ազատ արձակող պետությունը, (4) ազատ արձակման վայրը»: Հրամանի տեքստը ինքնին հղում էր կատարում չորս ազատ արձակման կետերին (Al-Basrah, Najef, Al-Kut և An Nasariah (վերջին երեք քաղաքները գտնվում էին Al-Basrah-ի հյուսիսում), սակայն հավելվածում նաև նշվում էր Um Qasr-ի մասին (Al-Basrah-ի հարավում և 2.5 կիլոմետր ճամբարից հեռու) որպես ազատ արձակման կետ: Միացյալ Թագավորության զինված ուժերը այնուհետ պետք է իրենց մոտ պահեին կալանավորի ինքնությունը հաստատող փաստաթղթերը և վերջինիս հանձնեին Միացյալ Նահանգների իշխանություններին՝ ազատ արձակման գործընթացը ավարտելու նպատակով, որի մեջ էր նաև մտնում՝ սննդի և ջրի տրամադրում և անձնական իրերի վերադարձ: Նաև որոշվում էին սպասման չորս տարածքները՝ «ամեն մի ազատ արձակման կետի համար», որից կալանավորները այնուհետ տեղափոխվում էին համաձայնեցված հայրենադարձության կետեր և ցերեկվա ժամերին այնտեղ ազատ արձակվում: Հրամանով նաև պահանջվում էր վերջնական աուդիտ անցկացնել ստուգելու համար, թե արդյոք AP3-Ryan տվյալների բազայում մուտքագրված Միացյալ Թագավորության բոլոր կալանավորված անձինք ազատ էին արձակվել կամ շարունակում էին կալանքի տակ մնալ: Եթե պարզվում էր, որ ինչ-որ մեկը ազատ չէր արձակվել և ոչ էլ՝ գտնվում էր կալանքի տակ, ապա հետաքննություն կատարող հանձնաժողով էր հրավիրվում պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել:
28. Բացի այդ, Կառավարությունը նաև ներկայացրել է 2007թ. հոկտեմբերի 29-ով թվագրված 2-րդ կարգի ենթասպա Kerry Patrick Madison-ի կողմից տրված ցուցմունքը, ով պատասխանատու էր AP3-Ryan տվյալների բազայի կառավարման համար: Վերջինս պնդել է, որ 2003թ. մայիսի 22-ի դրությամբ AP3-Ryan տվյալների բազան ցույց էր տալիս, որ Միացյալ Թագավորության զինված ուժերը Իրաքում ռազմական գործողությունների սկզբից 3,738 անձ են ձերբակալել և համապատասխան ձևակերպումներ կատարել, մինչդեռ ազատ արձակել միայն 361 անձի: Ենթասպա Madison-ի ցուցմունքին կցված էին նաև էկրանի վայրկենական մի քանի պատկերներ, որոնք ցույց էին տալիս Tarek Hassan-ի վերաբերյալ տվյալների բազայում կատարված գրառումները: Դրանք վկայում էին այն մասին, որ AP3-Ryan տվյալների բազայում գրառում էր կատարվել 2003թ. մայիսի 4-ին, ժամը 13.45-ին, որը արձանագրում էր, որ «Tarek Resaan Hashmyh Ali»-ի ազատ արձակումը տեղի է ունեցել 2003թ. մայիսի 2-ին, ժամը 00.01-ին: Ազատ արձակող մարմնի տակ նշված էր «Միացյալ Թագավորություն (ARMD) DIV SIG REGT», ազատ արձակման տակ՝ «Umm Qasr» կետը, ազատ արձակման ձևի տակ՝ «ավտոբուսով» և որպես ազատ արձակման հիմք նշված էր՝ «ռազմական գործողությունների ավարտ»: 2003թ. մայիսի 12-ին, ժամը 22.13-ին Միացյալ Թագավորության AP3-Ryan համակարգում կատարված մեկ այլ գրառման համաձայն. «Ռ-ն (ռազմագերի, PW) չի հայտնաբերվել ներկալվածների շինության 100 տոկոսանոց ստուգման արդյունքում: Համաձայն AP3 բազայի՝ Ռ-ն ազատ է արձակվել 2003թ. մայիսի 12-ին»: Ենթասպա Madison-ի ցուցմունքի համաձայն՝ 400 այլ անձանց վերաբերյալ կատարված գրառումներն ունեին հետևյալ նշումը՝ «Համաձայն AP3 բազայի՝ Ռ-ն ազատ է արձակվել 2003թ. մայիսի 12-ին», մինչդեռ նրանք ավելի վաղ էին ազատ արձակվել, ուստի հավանական է, որ ճամբարի համակարգչային ազատ արձակման գրառումները թարմացվել էին մայիսի 12-ին՝ ֆիզիկապես այն ստուգելու արդյունքում: Միացյալ Նահանգների համակարգչային համակարգը չէր արձանագրել ազատ արձակման որևէ դեպք մինչև 2003թ. մայիսի 17-ը, սակայն դարձյալ՝ Կառավարության պնդմամբ այն կարող էր բացատրվել «Camp Bucca» ճամբարում Միացյալ Նահանգների տվյալների բազայի՝ Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից մայիսի 17-ին կատարված ճամբարի բնակիչների ֆիզիկական ստուգման արդյունքների հետ համապատասխանեցման փաստով:
Զ. Tarek Hassan-ի մարմնի հայտնաբերումը
29. Դիմումատուի համաձայն՝ Tarek Hassan-ի ենթադրյալ ազատ արձակումից հետո վերջինս չի կապնվել իր ընտանիքի հետ: 2003թ. սեպտեմբերի 1-ին դիմումատուի զարմիկներից մեկը զանգ է ստացել Baghdad-ի հյուսիսում գտնվող Samara քաղաքում ապրող անհայտ անձի կողմից: Այդ անձը տեղեկացրել է, որ մահացած տղամարդու դի է հայտնաբերվել մոտակայքում՝ նույնականացման պլաստիկ պիտակով և որ մահացածի սպորտային վերնազգեստի գրպանում է եղել թղթի մի կտոր, որի վրա գրված էր զարմիկի հեռախոսահամարը: Դիմումատուի պնդմամբ՝ բրիտանական զինված ուժերի կողմից Tarek Hassan-ին ձերբակալելու ժամանակ վերջինս սպորտային հագուստով է եղել: Դիմումատուի զարմիկը զանգահարել է նրան և մյուս եղբոր հետ միասին նրանք մեկնել են Samara` Tekrit-ի գլխավոր հիվանդանոցի դատաբժշկական մաս այցելելու նպատակով: Այնտեղ նրանք տեսել են Tarek Hassan-ի մարմինը՝ ԱԿ-47 տեսակի ինքնաձիքից կրծքավանդակին կատարված ութ հրազենային վնասվածքներով: Դիմումատուի պնդմամբ՝ Tarek Hassan-ի ձեռքերը կապված էին պլաստիկ հաղորդալարով: Նրա գրպանում հայտնաբերված ինքնությունը հաստատող պիտակը այն նույն պիտակն էր, որը նրան տրվել էր Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից՝ «Camp Bucca» ճամբարում: 2003թ. սեպտեմբերի 2-ին Իրաքի իշխանությունները տվել են մահվան վկայան, որում որպես մահվան օր էր նշվել 2003թ. սեպտեմբերի 1-ը, սակայն այն բաժինը, որը վերապահված է մահվան պատճառի գրառման համար, չէր լրացվել: Ըստ Ոստիկանության զեկույցի՝ պարզվել էր, որ մահացած անձը «Tariq Hassan»-ն է, սակայն այն տեղեկատվություն չէր ներառում մահվան պատճառի վերաբերյալ:
Է. Գանձապետարանի իրավախորհրդատուների հետ նամակագրությունը և դատավարությունները
30. Դիմումատուն թաքնված էր մնացել Իրաքում մինչև 2006թ. հոկտեմբեր ամիսը, որից հետո նա հատել էր Սիրիայի սահմանը: 2006թ. նոյեմբերին Սիրիայում ներկայացուցչի միջոցով նա կապ էր հաստատել Միացյալ Թագավորության իրավախորհրդատուների հետ: Դիմումատուի իրավախորհրդատուները 2006թ. դեկտեմբերի 21-ին նամակ էին ուղարկել Կառավարության Գանձապետարանի իրավախորհրդատուներին՝ խնդրելով պարզաբանումներ տալ Tarek Hassan-ի ձերբակալման և կալանքի վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքների, որոնց արդյունքում նա մահացել է: Որոշ ժամանակ էր պահանջվել դիմումատուի եղբոր ինքնությունը պարզելու համար, քանի որ «Camp Bucca» ճամբարի տվյալների բազայում նրան մուտքագրել էին «Tarek Resaan Hashmyh Ali» անվան տակ (տե՛ս վերևում՝ 18-րդ պարբերությունը): Սակայն, 2007թ. մարտի 29-ով թվագրված նամակում Գանձապետարանի իրավախորհրդատուները նշել են, որ Միացյալ Թագավորության՝ ռազմագերիների համակարգչային գրառումների ստուգման արդյունքում հայտնաբերվել է մի գրառում, ըստ որի Tarek Resaan Hashmyh Ali-ի անունով ոմն անձնավորություն կալանքի տակ է պահվել «Camp Bucca» ճամբարում: 2007թ. ապրիլի 5-ով թվագրված մյուս նամակով Գանձապետարանի իրավախորհրդատուները նշել են, որ կատարվել են լրացուցիչ համակարգչային գրառումների վերականգնման աշխատանքներ, որոնք հաստատել են Միացյալ Թագավորության մարմինների կողմից Tarek Hassan-ի հանձնումը Միացյալ Նահանգների մարմիններին «Camp Bucca» ճամբարում և որ վերջիններս նրա ազատ արձակման ամսաթվի տակ գրառել են 2003թ. մայիսի 12-ը:
31. Դիմումատուն դատական վարույթ էր նախաձեռնել Բարձր դատարանում՝ խնդրելով ճանաչել իր եղբոր իրավունքների խախտում՝ համաձայն Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 5-րդ հոդվածների, ինչպես որ նախատեսված է 1998թ. Մարդու իրավունքների մասին ակտի Հավելված 1-ում, նաև տրամադրել ֆինանսական փոխհատուցում և պարտավորեցնել պետությանը՝ անկախ և թափանցիկ հետաքննություն անցկացնել մահացածի ճակատագրի վերաբերյալ՝ 2003թ. ապրիլի 22-ին բրիտանական զինված ուժերի կողմից ձերբակալվելուց հետո: Հայցը քննվել էր 2009թ. հունվարի 19-ին և 20-ին և այնուհետ՝ մերժվել դատավոր Walker-ի կողմից 2009թ. փետրվարի 25-ին կայացված վճռով ([2009] EWHC 309 (Admin)): Լորդերի պալատի կողմից Al-Skeini-ի գործով կայացված վճռի լույսի ներքո (տե՛ս նաև Լորդերի պալատի Al-Skeini-ն ընդդեմ Միացյալ Թագավորության վճռի համառոտ շարադրանքը, մեջբերված է վերևում, §§ 83-88) դատավորը վճռել էր, որ հնարավոր չէ պնդել, որ Tarek Hassan-ը երբեևիցե գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն: Al-Skeini-ի գործով Լորդերի պալատը մի շարք բացառություններ էր գտել ընդհանուր այն կանոնից, ըստ որի պետությունը արտերկրային իրավազորություն չի իրականացնում, սակայն այդ բացառությունը չէր տարածվում անձի՝ կալանքի տակ պահելու վրա, քանի դեռ այն տեղի չի ունեցել պայմանավորվող պետության հսկողության տակ գտնվող ռազմական բանտում կամ համանման որևէ այլ հաստատությունում: Դատավորի կողմից MOA-ի (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) վերաբերյալ արված վերլուծությունը ցույց էր տալիս, որ «Camp Bucca» ճամբարը հանդիսանում էր Միացյալ Նահանգների, այլ ոչ թե՝ Միացյալ Թագավորության ռազմական հաստատություն՝ ելնելով հետևյալ նկատառումներից.
«... Միանգամայն ակնհայտ է, որ գերության մեջ պահող պետությունը [Միացյալ Թագավորությունը] ազատվում է, քանի դեռ այն չի պահանջում վերադարձնել կոնկրետ անձի, պատասխանատվությունից հանձնված անձանց պահպանման և անվտանգության համար: Հաշվետվողականության համար այդ պարագայում պատասխանատու է ընդունող պետությունը [Միացյալ Նահանգները]: Ինչ վերաբերում է ընդունող պետությանը հանձնելուց հետո անձի շփումներից բխող դատական վարույթներին, ապա գերության մեջ պահող պետությունը առաջնային իրավազորությունը զիջում է ընդունող պետությանը: Ընդհանուր առմամբ, այն համարժեք է իրավական մի ռեժիմի, որում գերության մեջ պահող պետությունը հիմնական հսկողություն չի կատարում կոնկերտ անձի առօրյա կենցաղային պայմանների նկատմամբ»:
32. Դիմումատուին խորդհուրդ են տվել, որ այս որոշման դեմ բերված բողոքը բավարարման հեռանկարներ չունի:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների համապատասխան դրույթները
33. Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի երրորդ կոնվենցիայի («Ժնևի երրորդ կոնվենցիա») և Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի չորրորդ կոնվենցիայի («Ժնևի չորրորդ կոնվենցիա») հետևյալ հոդվածներն ուղղակիորեն առնչվում են սույն գործով քննարկվող հարցերին:
Հոդված 2 (ընդհանուր է Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար)
Բացի այն որոշումներից, որոնք պետք է ուժի մեջ մտնեն դեռևս խաղաղ ժամանակ, սույն Կոնվենցիան կկիրառվի հայտարարված պատերազմի և ամեն մի այլ զինված կոնֆլիկտի դեպքում, որ ծագում է երկու կամ մի քանի Բարձր պայմանավորվող կողմերի միջև, անգամ այն դեպքում, եթե դրանցից մեկն ու մեկը չի ընդունում պատերազմական վիճակը:
Կոնվենցիան կկիրառվի նաև Բարձր պայմանավորվող կողմի ամբողջ տարածքի կամ տարածքի մի մասի օկուպացման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ օկուպացումը ոչ մի զինված դիմադրության չհանդիպի:
Եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերությունները իրենց փոխհարաբերություններում մնում են Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները:
Հոդված 4(Ա) (Ժնևի երրորդ կոնվենցիա)
Սույն Կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են հանդիսանում հակառակորդի իշխանության տակ ընկած անձինք, որոնք պատկանում են հետևյալ կատեգորիաներից որևէ մեկին:
(1) Կոնֆլիկտի մեջ գտնվող կողմի զինված ուժերի անձնակազմը, ինչպես նաև այդ զինված ուժերի կազմի մեջ մտնող` աշխարհազորային և կամավորական ջոկատների անձնակազմը:
(2) Այլ աշխարհազորայինների և կամավորական ջոկատների անձնակազմը, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումների անձնակազմը, որոնք պատկանում են կոնֆլիկտի մեջ գտնվող կողմին, և գործում են նրանց սեփական տարածքում կամ այդ տարածքից դուրս, եթե անգամ այդ տարածքն օկուպացված է, եթե այդ աշխարհազորայինները և կամավորական ջոկատները, ներառյալ դիմադրության կազմակերպված շարժումները, համապատասխանում են ներքոհիշյալ պայմաններին.
(ա) ունեն ղեկավար անձ, որը պատասխանատու է իր ենթակաների համար,
(բ) ունեն որոշակի և հեռվից բացահայտ երևացող տարբերանշան,
(գ) բացեիբաց կրում են զենք,
(դ) իրենց գործողություններում պահպանում են պատերազմի օրենքներն ու սովորույթները:
(3) Իրենց այն կառավարությանը կամ իշխանությանը ենթակա համարող կանոնավոր զինված ուժերի անձնակազմը, որոնք չեն ճանաչվել գերության մեջ պահող տերության կողմից:
(4) Այն անձինք, որոնք հետևում են զինված ուժերին, բայց դրանց կազմի մեջ անմիջականորեն մտած չեն, ինչպես օրինակ, ռազմական ինքնաթիռների անձնակազմի մեջ մտնող քաղաքացիական անձինք, զինվորական թղթակիցները, մատակարարները, բանվորական խմբերի կամ ծառայությունների անհատական կազմը, որոնց վրա դրված է զինված ուժերի կենցաղային սպասարկումը, պայմանով, որ նրանք դրա թույլտվությունն ստացել են այն զինված ուժերից, որոնց նրանք հետևում են, որի համար այս վերջիններս պետք է տան առաջարկվող նմուշի անձը հաստատող վկայական:
(5) Առևտրական նավատորմի նավերի անձնակազմերի անդամները, ներառյալ նավապետերը, նավատարները և նավի փոքրավորները կոնֆլիկտի մեջ գտնվող կողմերի քաղաքացիական ավիացիայի անձնակազմերի անդամները, որոնք միջազգային իրավունքի այլ դրույթների հիման վրա չեն օգտվում առավել արտոնյալ ռեժիմից:
(6) Չօկուպացված տարածքի բնակչությունը, որը հակառակորդի մոտենալուն համեմատ տարերայնորեն իր նախաձեռնությամբ զենքի է դիմում պայքարելու ներխուժած զորքերի դեմ, չհասցնելով ձևավորվել որպես կանոնավոր զորք, եթե այդ բնակչությունը բացեիբաց կրում է զենք և պահպանում պատերազմի օրենքներն ու սովորույթները:
Հոդված 5 (Ժնևի երրորդ կոնվենցիա)
(1) Սույն Կոնվենցիան 4-րդ հոդվածում նշված անձանց նկատմամբ կկիրառվի այն պահից սկսած, երբ նրանք կընկնեն հակառակորդի իշխանության տակ, և ընդհուպ մինչև նրանց ազատումը և հայրենադարձումը:
(2) Այն դեպքում, երբ ռազմական գործողություններին այս կամ այն մասնակցությունն ունեցած և հակառակորդի ձեռքն ընկած անձանց վերաբերմամբ տարակուսանք է առաջանում 4-րդ հոդվածում թվարկված կատեգորիաներից մեկին նրանց պատկանելության առթիվ, ապա այդպիսի անձինք սույն Կոնվենցիայի հովանավորությունից կօգտվեն այնքան ժամանակ, քանի դեռ նրանց վիճակը չի որոշվի իրավասու դատարանի կողմից:
Հոդված 12 (Ժնևի երրորդ կոնվենցիա)
Ռազմագերիները գտնվում են հակառակորդ տերության, բայց ոչ առանձին անձանց կամ նրանց գերի վերցրած զորամասերի իշխանության տակ: Անկախ այն պատասխանատվությունից, որ կարող է ընկնել առանձին անձանց վրա, գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար:
Ռազմագերիները գերության մեջ պահող տերության կողմից կարող են հանձնվել միայն այն տերությանը, որը հանդիսանում է սույն Կոնվենցիայի մասնակից, և միայն այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը համոզվել է, որ տերությունը, որին հանձնվում են ռազմագերիները, ցանկանում է և ունակ է կիրառելու Կոնվենցիան: Եթե ռազմագերիները հանձնվում են այսպիսի պայմաններում, ապա Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը կրում է նրանց ընդունող տերությունը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո:
Սակայն, եթե այդ տերությունը չկատարի սույն Կոնվենցիայի դրույթները ցանկացած կարևոր կետով, տերությունը, որը հանձնել է ռազմագերիներին, ստանալով հովանավոր տերության ծանուցումը պետք է ձեռնարկի արդյունավետ միջոցներ դրությունը շտկելու համար կամ պահանջի հետ վերադարձնել ռազմագերիներին: Այդպիսի պահանջը պետք է բավարարվի:
Հոդված 21 (Ժնևի երրորդ կոնվենցիա)
Գերության մեջ պահող տերությունը կարող է ռազմագերիներին ենթարկել ներկալման: Նա կարող է նրանց պարտադրել դուրս չգալ ճամբարի սահմանված գծից, ուր նրանք ներկալվել են, կամ էլ եթե ճամբարը պատված է ցանկապատով, դուրս չգալ այդ ցանկապատից: Բացառությամբ սույն Կոնվենցիայի այն դրույթներով նախատեսված դեպքերի, որոնք վերաբերում են քրեական և կարգապահական պատժամիջոցներին, ռազմագերիներին չի կարելի պահել փակ շենքերում կամ նրանց զրկել շենքերից դուրս գալու իրավունքից, եթե այդ միջոցը անհրաժեշտ չի համարվում նրանց առողջության պահպանման համար, համենայն դեպս, այդ միջոցի կիրառումը թույլատրվում է միայն այն ժամանակվա ընթացքում, քանի դեռ այդ միջոցը հարուցող հանգամանքները չեն վերացել: ...
Հոդված 118 (Ժնևի երրորդ կոնվենցիա)
Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: ...
Հոդված 42 (Ժնևի չորրորդ կոնվենցիա)
Հովանավորվող անձանց ներկալման և որոշակի տեղում հարկադրական բնակեցման մասին կարգադրությունը կարող է տրվել այն դեպքում, եթե խիստ անհրաժեշտ է այն տերության անվտանգության համար, որի իշխանության տակ են նրանք գտնվում: ...
Հոդված 43 (Ժնևի չորրորդ կոնվենցիա)
Յուրաքանչյուր հովանավորվող անձ, որը ներկալվել է կամ հարկադրաբար բնակեցվել որոշակի տեղում, կունենա որոշումը հարկ եղած դատարանի կամ այդ նպատակով այն տերության նշանակած համապատասխան վարչական մարմնի կողմից կարճ ժամկետում վերանայելու իրավունք, որի իշխանության տակ են գտնվում ներկալվածները: Եթե ներկալումը և հարկադրական բնակեցումը որոշակի տեղում մնում են ուժի մեջ, ապա դատարանը կամ վարչական մարմինը պետք է պարբերաբար, համենայնդեպս, տարին երկու անգամ, վերանայեն այդ անձի մասին հարցը` սկզբնական որոշման նպաստավոր փոփոխման նպատակով, եթե դա թույլ են տալիս անելու հանգամանքները:
Հոդված 78 (Ժնևի չորրորդ կոնվենցիա)
Եթե անվտանգության անխուսափելի նկատառումներով օկուպացրած տերությունն անհրաժեշտ համարի նախազգուշական միջոցներ ձեռնարկել հովանավորվող անձանց վերաբերմամբ, ապա ամենաշատը, որ նա կարող է անել, դա նրանց որոշակի տեղում հարկադրաբար բնակեցնելն է կամ նրանց ներկալելը:
Որոշակի տեղում հարկադրական բնակեցման կամ ներկալման մասին որոշումները ընդունվում են համաձայն նորմալ ընթացակարգի, որը պետք է որոշվի օկուպացված տերության կողմից` սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան: Այդ ընթացակարգը պետք է նախատեսի շահագրգիռ անձանց կողմից գանգատի իրավունք: Այդ գանգատները պետք է քննվեն հնարավոր կարճ ժամկետում: Եթե որոշումը մնում է ուժի մեջ, ապա այն պետք է դառնա տվյալ տերության կողմից ստեղծված իրավասու մարմնի կողմից պարբերաբար վերանայման առարկա, հնարավորության դեպքում՝ առնվազն վեց ամիսը մեկ անգամ:
Հարկադրաբար վերաբնակեցման, հետևաբար և իրենց մշտական բնակության վայրը ստիպողաբար թողած հովանավորվող անձինք, առանց որևէ սահմանափակման, կօգտվեն սույն Կոնվենցիայի 39-րդ հոդվածով նախատեսված բոլոր առավելություններից:
Հոդված 133(1) (Ժնևի չորրորդ կոնվենցիա)
Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ` ռազմական գործողություններից հետո:
Հոդված 132(2) (Ժնևի չորրորդ կոնվենցիա)
Ամեն մի ներկալված անձ կազատվի այն տերության կողմից, որի իշխանության տակ է նա գտնվում, հենց որ դադարի այն պատճառների գործողությունը, որոնք պայմանավորում են նրա ներկալումը:
Բ. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիա, հոդված 31
34. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. Վիեննայի կոնվենցիայի («Վիեննայի կոնվենցիա») 31-րդ հոդվածը սահմանում է.
Հոդված 31. Մեկնաբանման ընդհանուր կանոնը
1. Պայմանագիրը պետք է բարեխղճորեն մեկնաբանվի պայմանագրի հասկացությունների` դրանց համատեքստում ունեցած սովորական նշանակությանը համապատասխան, ինչպես նաև պայմանագրի առարկայի և նպատակի լույսի ներքո։
2. Պայմանագրի մեկնաբանման նպատակով համատեքստը, բացի տեքստից, ներառյալ նախաբանը և հավելվածները, ընդգրկում է նաև.
(ա) պայմանագրին վերաբերող ցանկացած համաձայնություն, որը կայացվել է բոլոր մասնակիցների միջև կապված պայմանագրի կնքման հետ,
(բ) ցանկացած փաստաթուղթ, որը կազմվել է մեկ կամ մի քանի մասնակիցների կողմից կապված պայմանագրի կնքման հետ, և մյուս մասնակիցների կողմից ընդունվել է որպես պայմանագրին վերաբերող փաստաթուղթ։
3. Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում.
(ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն,
(բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը,
(գ) մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ։
4. Հասկացությանը տրվում է հատուկ նշանակություն այն դեպքում, եթե սահմանվել է, որ մասնակիցները նման մտադրություն են ունեցել։
Գ. Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխհարաբերության վերաբերյալ
35. «Միջուկային զենքերի սպառնալիքի կամ օգտագործման օրինականության մասին» (The Legality of the Threat or Use of Nuclear Weapon) գործով 1996թ. հուլիսի 8-ին կայացված խորհրդատվական եզրակացությունում Արդարադատության միջազգային դատարանը նշվել է հետևյալը.
«25. Դատարանը նշում է, որ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրով երաշխավորված պաշտպանությունը չի դադարում պատերազմի ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ Դաշնագրի 4-րդ հոդվածի գործողության ուժով մասնակից պետությունները ազգի կյանքին սպառնացող արտակարգ դրության ժամանակ կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն որոշ դրույթների կատարման: Այդուհանդերձ, կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը չի մտնում այդ դրույթների մեջ: Սկզբունքորեն, այն իրավունքը, ըստ որի ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել կյանքից, կիրառելի է նաև պատերազմական գործողությունների ժամանակ: Սակայն, այն հարցի ստուգումը, թե ինչն է հանդիսանում կյանքից կամայականորեն զրկելը պետք է որոշվի կիրառելի lex specialis իրավունքի միջոցով, մասնավորապես՝ զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող իրավունքի միջոցով, որը նախատեսված է կարգավորելու ռազմական գործողությունների վարումը: Հետևաբար, այն հարցը, թե արդյոք պատերազմի ժամանակ որոշակի զենքի միջոցով կոնկրետ մարդկային կյանքի կորուստը հանդիսանում է կյանքից կայամականորեն զրկել՝ ի խախտումն Դաշնագրի 6-րդ հոդվածի, կարող է միայն որոշվել զինված հակամարտության ժամանակ կիրառվող իրավունքի վկայակոչմամբ և չի բխում Դաշնագրի դրույթներից»:
36. «Պաղեստինյան գրավյալ տարածքում պատի կառուցման իրավական հետևանքների մասին» (The Legal Consequences of the Construction of a Wall in the Occupied Palestinian Territory) գործով 2004թ. հուլիսի 9-ի իր խորհրդատվական եզրակացությունում Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Իսրայելի պնդումն առ այն, որ մարդու իրավունքներին վերաբերող այն փաստաթղթերը, որոնց կողմ է այն հանդիսանում, չի կարող կիրառվել օկուպացված տարածքի նկատմամբ և նշել է.
«106. ... Դատարանը գտնում է, որ մարդու իրավունքների վերաբերյալ կոնվենցիաներով երաշխավորված պաշտպանությունը չի դադարում գործել զինված հակամարտության ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ [Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի] 4-րդ հոդվածի նման դրույթներով թույլատրվում են այդպիսի շեղումներ կատարել: Ինչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխհարաբերության հարցին, ապա առկա են երեք հնարավոր իրավիճակներ. առաջին դեպքում իրավունքներն ընկնում են բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի կարգավորման ներքո, երկրորդ դեպքում՝ բացառապես մարդու իրավունքներին վերաբերող իրավունքի, մինչդեռ երրորդ դեպքում՝ իրավունքները կարող են ընկնել միջազգային իրավունքի այս երկու ճյուղերի ներքո: Իր առջև դրված հարցին պատասխանելու համար Դատարանը պետք է հաշվի առնի միջազգային իրավունքի այս երկու ճյուղերը, այն է՝ մարդու իրավունքներին վերաբերող իրավունքը և որպես lex specialis՝ միջազգային մարդասիրական իրավունքը»:
37. «Կոնգոյի տարածքում ռազմական գործողությունների մասին» (Armed Activities on the Territory of the Congo, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը (ԿԺՀ) ընդդեմ Ուգանդայի) գործով 2005թ. դեկտեմբերի 19-ին կայացված վճռով Արդարադատության միջազգային դատարանը գտել է.
«215. Հաստատելով, որ ՈւԺՊՈՒ-ի [Ուգանդայի ժողովրդական պաշտպանության ուժեր, UPDF - Uganda People’s Defence Force] սպաների և զինվորների գործողությունները վերագրելի են Ուգանդային, Դատարանը պետք է այժմ քննի՝ արդյոք այդպիսի գործողությունները խախտում են Ուգանդայի ստանձնած միջազգային պատրավորությունները: Այս կապակցությամբ, Դատարանը պետք է որոշի մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի այն կանոններն ու սկզբունքները, որոնք վերաբերելի են այս դեպքում:
216. Դատարանը առաջին հերթին հիշեցնում է, որ «Պաղեստինյան գրավյալ տարածքում պատի կառուցման իրավական հետևանքների մասին» գործով 2009թ. հուլսի 9-ի իր խորհրդատվական եզրակացությունում անդրադարձել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխհարաբերության, ինչպես նաև ազգային սահմաններից դուրս՝ մարդու իրավունքների միջազգային իրավական փաստաթղթերի կիրառելիության հարցերին: Խորհրդատվական այդ եզրակացությունում Դատարանը գտել է, որ՝
«Մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաներով երաշխավորված պաշտպանությունը չի դադարում գործել զինված հակամարտության ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածի նման դրույթներով թույլատրվում են այդպիսի շեղումներ կատարել: Ինչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի փոխհարաբերության հարցին, ապա առկա են երեք հնարավոր իրավիճակներ. առաջին դեպքում իրավունքներն ընկնում են բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի կարգավորման ներքո, երկրորդ դեպքում՝ բացառապես մարդու իրավունքներին վերաբերող իրավունքի, մինչդեռ երրորդ դեպքում՝ իրավունքները կարող են ընկնել միջազգային իրավունքի այս երկու ճյուղերի ներքո»: (Ա.Մ.Դ. Զեկույցներ 2004թ., էջ. 178, պարբ. 106)
Հետևաբար, այն եզրակացրել է, որ միջազգային իրավունքի այս երկու ճյուղերն էլ, այն է՝ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը, պետք է հաշվի առնվեն: Բացի այդ, Դատարանը գտել է, որ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը կիրառելի են «այն գործողությունների նկատմամբ, որոնք պետությունը ձեռնարկել է իր իրավազորությունը՝ սեփական տարածքից դուրս իրականացնելու ժամանակ», մասնավորապես՝ օկուպացված տարածքներում (նույն տեղում, էջեր 178-181, 107-113-րդ պարբերությունները)»:
Դ. Միջազգային իրավունքի հանձնաժողովի հետազոտական խմբի զեկույցը՝ միջազգային իրավունքի մասնատվածության վերաբերյալ
38. Միջազգային իրավունքի հանձնաժողովի հետազոտական խմբի՝ «Միջազգային իրավունքի մասնատվածությունը. միջազգային իրավունքի դիվերսիֆիկացման և ընդլայնման արդյունքում առաջացող դժվարությունները» խորագրով զեկույցն ընդունվել է Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից՝ 2006 թվականին կայացած հիսունութերորդ նստաշրջանի ընթացքում: 2006թ. ապրիլի 13-ով թվագրված հետազոտական խմբի նույն թեմայի շուրջ վերլուծական ուսումնասիրության (A/CN.4/L.682) 104-րդ պարբերությունում նշվել է.
«Պատերազմի օրենքների օրինակը կենտրոնանում է այն իրավիճակի վրա, երբ կանոնը ինքնին որոշում է պայմանները, որում այն պետք է կիրառվի, այն է՝ «զինված հակամարտության» առկայությունը: Այդ պայմանի շնորհիվ կանոնը դիտվում է որպես ավելի «հատուկ», քան եթե որևէ նման պայման սահմանված չլիներ: Այն որպես lex specialis իրավիճակ ընդունելու դեպքում ուշադրության արժանի է դառնում նաև այդ սկզբունքի գործողության մի կարևոր ասպեկտ: Նույնիսկ եթե այն գործում է բացառությանը դիմելու արդարացման համար, այն ինչ չեղյալ է հայտարարվում՝ ամբողջությամբ չի վերանում: [Արդարադատութան միջազգային դատարանը] նշել է, որ մարդու իրավունքներին վերաբերող իրավունքը շարունակում է կիրառվել զինված հակամարտության ժամանակ: Բացառությունը, այս պարագայում՝ մարդասիրական իրավունքը, ազդեցություն է թողնում միայն դրա մեկ (թեև կարևոր) ասպեկտի վրա, այն է՝ «կամայակայնության» հարաբերական գնահատման: Մարդասիրական իրավունքը՝ որպես lex specialis իրավունք չի ենթադրում, որ մարդու իրավունքները պատերազմի ժամանակ չեղյալ են հայտարարվում: Այն ֆորմալ կամ լիարժեք կերպով չի գործում, սակայն հանդիսանում է Դատարանի հիմնավորման պրագմատիկ ասպետկներից մեկը: Որքան էլ ցանկալի է խաղաղության և զինված հակամարտության միջև տարբերությունների վերացումը, պատերազմը շարունակում է մնալ այնպիսի մի բացառություն, որը բնականոն կյանքի հետ համեմատության ժամանակ չի կարող պարզապես մոռացության մատնվել, երբ որոշվում են, թե ինչպիսի չափորոշիչներ պետք է կիրառվեն նման (բացառիկ) հանգամանքներում վարքագիծը գնահատելիս: «Միջուկային զենքերի օրինականության մասին» գործը «դժվար գործ» էր այն առումով, որ [Արդարադատութան միջազգային դատարանը] պետք է ընտրություն կատարեր տարբեր համակարգերի իրավական դրույթների միջև, որոնք մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունեին և չէին կարող ամբողջությամբ փոխարինել միմյանց: Lex specialis իրավունքը հազիվ թե կարող էր ավելին ցույց տալ, քան այն, որ չնայած ցանկալի է կիրառել միայն մարդու իրավունքները, այդպիսի լուծումը՝ հաշվի առնելով զինված հակամարտության առանձնահատկությունը և հարատևությունը, չափազանց իդեալիստական կլիներ: Ուստի, Դատարանը համակարգային կարծիք է ձևավորել այն իրավունքի վերաբերյալ, որում երկու համակարգերի իրավական դրույթները փոխկապակցված են միմյանց հետ, ինչպես որ այսօրվա իրականությունը և վաղվա խոստումը, հաշվի առնելով «պետության գոյատևումը» ապահովելու առաջնային անհրաժեշտությունը»:
Ե. Al-Jedda-ի գործով Լորդերի պալատի վճիռը
39. Al-Jedda գործով (R.-ն (Al-Jedda-ի դիմումի հիման վրա) (FC) (Դիմող) ընդդեմ Պաշտպանության նախարարի (Պատասխանող) [2007] UKHL 58) 2007թ. դեկտեմբերի 12-ին կայացված իր վճռով Լորդերի պալատի մեծամասնությունը գտել է, որ պրն. Al-Jedda-ի ներկալումը թույլատրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1546 բանաձևով: Պալատի մեծամասնությունը նաև գտել էր, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրության 103-րդ հոդվածը այնպես է գործել, որ Միացյալ Թագավորության կողմից այդ բանաձևով ստանձնած պարտավորություններին առաջնահերթություն է տրվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն պարտավորությունների նկատմամբ (տե՛ս նաև Al-Jedda-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 27021/08, §§ 18-22, ՄԻԵԴ 2011): Սակայն, լորդ Bingham-ը հստակեցրել է, որ չնայած այս եզրահանգման, 5-րդ հոդվածը որոշակի կերպով շարունակվել է կիրառվել.
«39. Այսպիսով, գոյություն ունի կոնֆլիկտ, մի կողմից՝ Անվտանգության խորհրդի հստակ մանդատի շնորհիվ կիրառվող կալանքի տակ պահելու իրավունքի կամ պարտավորության, և մյուս կողմից՝ մարդու հիմնարար իրավունքի միջև, որը Միացյալ Թագավորությունը ստանձնել է ապահովել իր իրավազորության ներքո գտնվող (դիմողի նման) բոլոր անձանց համար: Ինչպե՞ս կարող է այս կոնֆլիկտը լուծվել: Իմ կարծիքով, գոյություն ունի միայն մեկ լուծում, որով դրանք կարող են միմյանց չբացառել. որոշում է պետք կայացնել, համաձայն որի Միացյալ Թագավորությունը, երբ դա պայմանավորված է անվտանգության անհետաձգելի նկատառումներով, կարող է օրինական կարգով օգտագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1546 և հաջորդող բանաձևով թույլատրվող կալանավորելու իրավունքը, սակայն պետք է ապահովի, որ կալանավորված անձանց իրավունքները՝ 5-րդ հոդվածի համաձայն չխախտվեն ավելի մեծ ծավալով, քան դա բնորոշ է նման կալանքի համար»:
Նույն կերպ, բարոնուհի Hale-ը նշել է.
«125. ... Համաձայն եմ լորդ Bingham-ի կողմից տրված հիմնավորումների հետ, որ միակ ճանապարհը դա կոնվենցիոն իրավունքների նման կարգի սահմանափակման ընդունումն է:
126. Սակայն, այդտեղ ես կանգ կառնեի: Իրավունքը սահմանափակվում է, սակայն չի փոխարինվում: Սա կարևոր տարբերաթյուն է, որը անբավարար կերպով է ուսումնասիրված մեզ ներկայացված «ամենը կամ ոչինչ» փաստարկներում: Մենք չենք կարող ավելին անել, քան այն որ ՄԱԿ-ն անուղղակիորեն մեզանից պահանջում է վերականգնել խաղաղությունը և անվտանգությունը տառապանքներ տեսած հողի վրա: Իրավունքը այնքան է սահմանափակվում, որքան բանաձևն է դա պահանջում կամ թույլատրում: Անհրաժեշտ է պահպանել այն, ինչ մնում է դրա արդյունքում: Այն կարող է ունենալ ինչպես նյութական, այնպես էլ՝ դատավարական հետևանքներ:
127. Անհասկանալի է, թե որքան հեռու է գնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1546 բանաձևը, երբ [բազմազգ ուժերին] թույլատրել է «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նպաստելու անվտանգության և կայունության կայացմանը Իրաքում՝ համաձայն սույն բանաձևին կցված նամակներին, որոնցում, inter alia, ձևակերպված է Իրաքի խնդրանքը ապահովելու բազմազգ ուժերի շարունակական ներկայությունը և նրանց առաջադրանքների ձևակերպումը» (պարբ. 10): Պետքարտուղար Powell-ը թվարկել էր «առաջադրանքների լայն շրջանակը», որի մեջ էին մտնում «այդպիսի խմբերի [որոնք փորձում են բռնության միջոցով ներազդել Իրաքի քաղաքական ապագայի վրա] դեմ ուղղված ռազմական գործողությունները, ներկալումը, երբ այն պայմանավորված է անվտանգության անհետաձգելի նկատառումներով, և Իրաքի անվտանգության համար վտանգ ներկայացնող զենքի շարունակական որոնումը և դրա նկատմամբ վերահսկողությունը»: Միևնույն ժամանակ պետքարտուղար Powell-ը հստակեցրել է բազմազգ ուժերի պարտավորությունները «գործելու զինված հակամարտությունների իրավունքի, այդ թվում՝ Ժնևի կոնվենցիաների համաձայն ստանձնած իրենց պարտավորությունների համապատասխան»:
128. Ի՞նչ հիմքով են ասում, որ կոնկրետ այս դիմողի ձերբակալումը համապապատասխանում է զինված հակամարտությունների իրավունքով ստանձնած մեր պարտավորությունների հետ: Ժնևի չորրորդ կոնվենցիայի համաձայն՝ նա «հովանավորվող անձ» չի հանդիսանում, քանի որ նա մեր քաղաքացին է: Բացի այդ, Միացյալ Թագավորությունը Իրաքի որևէ մասի նկատմամբ այլևս ռազմատենչ օկուպացիա չի իրականացնում: Այսպիսով, անհրաժեշտ է դիմել որոշակի հետ հակամարտության իրավիճակին, հետ օկուպացման իրադրության, համանման իրավունքին ներկալելու անձին, եթե այն «անհրաժեշտ է անվտանգության անհետաձգելի նկատառումներից ելնելով»: Եթե նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը այդպես մեկնաբանվեր, անմիջապես ակնհայտ չի դառնում, թե ինչու է անհրաժեշտ այս անձի երկարատև ազատազրկումը Իրաքում, հաշվի առնելով որ ցանկացած խնդիր, որը նա կարող է առաջացնել Իրաքի համար, կարող է լուծվել Միացյալ Թագավորություն նրան վերադարձնելու միջոցով և նրա գործը այստեղ քննարկելով: Եթե փորձենք մի փոքր վերանանք սույն գործի կոնկրետ հանգամանքներից, ապա դա է այն պատասխանը, որը շատ հաճախ ցանկանում ես տալ, երբ բրիտանացիները խնդիրներ են ունենում օտարերկրյա պետությունների օրենքի հետ, և այդ դեպքում բրիտանական իշխանությունների իրավասությունների մեջ է դրան հասնելը:
129. Սակայն, այդ ճանապարհով չէ, որ փաստարկը ներկայացվել է մեր քննարկման: Ինչու՞ էին լորդ Bingham-ը և լորդ Brown-ը մեկ ձայնով խոսում «տեղահանելու կամ սահմանափակելու» մասին, երբ իրականում նրանք տարբեր բաներ նկատի ունեին: Մենք ներգրավված էինք ավելի վերացական մակարդակում՝ հղում կատարելով կամ թույլտվություն ստանալու համար Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից: Մենք քիչ ուշադրություն ենք դարձրել թույլտվության ճշգրիտ շրջանակներին: Դեռևս հնարավորություն կա փաստարկելու, թե բանաձևը հստակ ինչ է ծածկում և թե արդյոք այն կիրառելի է սույն գործի փաստերի նկատմամբ: Թե ինչպես է պետք դա անել՝ այն հարցն է, որը պետք է որոշվի այլ վարույթի շրջանակներում: Ուստի, այս վերապահումով, սակայն մնացած հարցերում համաձայնելով լորդ Bingham-ի, լորդ Carswell-ի և լորդ Brown-ի հետ, ես հակված եմ մերժել այս բողոքը»:
Զ. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածի համաձայն կալանքի վերաբերյալ շեղումները
40. Անտեսելով Միացյալ Թագավորության կողմից 1954 և 1966 թվականների ընթացքում արված մի շարք հայտարարություններ, որոնք վերաբերում էին որոշ իր գաղութներում բարձրացող ամստամբությունները ճնշելու նպատակով այդ երկրներ զինված ուժեր ուղարկելուն, Պայմանավորվող պետությունների կողմից Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն արված շեղումները միմիայն վերաբերում էին պետության տարածքում արտակարգ իրավիճակներին:
41. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի («ՔՔԻՄԴ») 4-րդ հոդվածը նախատեսում է արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղում կատարելու դրույթ, որը նման է Կոնվենցիայի 15-րդ հոդվածին: Դատարանի տրամադրության տակ եղած տեղեկատվության համաձայն՝ ՔՔԻՄԴ-ի վավերացումից հետո 18 պետություններ ներկայացրել են հայտարարություններ՝ 9-րդ հոդվածով (անձի ազատության և անձեռնմխելիության իրավունք) ստանձնած իրենց պարտավորություններից շեղվելու վերաբերյալ: Դրանցից միայն երեք հայտարարությունների մասով է հնարավոր պնդել, որ շեղում կատարող պետության իշխանությունները հղում են կատարել միջազգային զինված հակամարտության իրավիճակին կամ այլ պետության ռազմական ագրեսիային: Այդ հայտարարություններ ներկայացնող պետություններն էին. Նիկարագուան՝ 1985 և 1988 թվականների ընթացքում, որի հայտարարությունը վերաբերում էր Միացյալ Նահանգների կողմից «Նիկարագուայի ժողովրդի և իր հեղափոխական կառավարության նկատմամբ անարդար, անօրինական և անբարոյական ագրեսիային», Ադրբեջանը՝ 1993թ. ապրիլ և սեպտեմբեր ամիսների ընթացքում, որի հայտարարությունը վերաբերում էր «Հայաստանի զինված ուժերի ահագնացող ագրեսիային», և Իսրայելը՝ 1991թ. հոկտեմբերի 3-ին արված և մինչ այժ գործող հայտարարությունը, որում նշվում է.
«Հիմնադրման օրվանից սկսած Իսրայելի պետությունը՝ իր գոյության և իր քաղաքացիների գույքի դեմ ուղղված շարունակական սպառնալիքների և հարձակումների զոհ է հանդիսանում:
Դրանք նյութականացվում են պատերազմի սպառնալիքների, փաստացի զինված հարձակումների և ահաբեկչական արշավների տեսքով, որի արդյունքում մարդկային զոհեր և վնասվածքներ են տեղի ունենում:
Հաշվի առնելով վերևում նշվածը՝ 1948թ. մայիսին հռչակված արտակարգ դրությունը պահպանվում է մինչ օրս: Այդ իրավիճակը՝ Դաշնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով հանդիսանում է արտակագր դրություն:
Հետևաբար, Իսրայելի կառավարությունը անհրաժեշտ է գտել՝ նշված 4-րդ հոդվածի համաձայն, ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք պահանջում է իրավիճակի լրջությունը, պաշտպանելու իր պետությունը և անձանց կյանքն ու գույքը, այդ թվում՝ ձերբակալման և կալանավորման հետ կապված իր իրավասությունների իրականացումը:
Այնքանով, որքանով այդ միջոցներից յուրաքանչյուրը անհամատեղելի են Դաշնագրի 9-րդ հոդվածի հետ, Իսրայելը, հետևաբար, շեղվում է այդ դրույթի համաձայն ստանձնած իր պարտավորություններից»:
Ոչ մի պետություն ուղղակիորեն կարծիք չի արտահայտել այն մասին, որ շեղումն անհրաժեշտ էր անձանց՝ Ժնևի երրորդ կամ չորրորդ կոնվենցիաների համաձայն ձերբակալելու համար:
42. Ինչ վերաբերում է պետության գործելակերպին, ապա Els Debuf-ը իր՝ «Պատերազմի ժամանակ գերեվարված. Զինված հակամարտության ընթացքում օրինական ներկալումը» («Hart» և «A. Pedone» հրատարակություններ, Փարիզ և Օքսֆորդ, 2013թ.) խորագրով գրքում հղում է կատարում մի ուսումնասիրության վրա, որը նա իրականացրել է պետությունների այն շեղումների վերաբերյալ, որոնք ծանուցվել են Կոնվենցիայի և ՔՔԻՄԴ-ի համապաստախան մարմիններին, և որը նաև արտացոլված է Միջազգային Ազգերի Կազմակերպության և Եվրոպայի խորհրդի առցանց տվյաների բազաներում (վերջին անգամ ստուգվել է 2010թ. հոկտեմբերի 1-ին): Նա նշել է.
«Տվյալների բազաների մեր հետազոտությունը, որի ուշադրության կենտրոնում է գտնվում այն միջազգային զինված հակամարտությունները և տարածքների օկուպացիաները, որում ՔՔԻՄԴ և ՄԻԵԿ անդամ պետությունները ներգրավված են վավերացման օրվանից սկսած, մեզ է տրամադրում հետևյալ տեղեկատվությունը ...: Ոչ Աֆղանստանը և ոչ էլ Խորհրդային Միությունը երկու երկների միջև 1979 և 1989 թվականների ընթացքում տեղի ունեցած հակամարտության ընթացքում չեն շեղվել ՔՔԻՄԴ-ից: Նմանապես, Աֆղանստանը, Ավստրալիան, Կանադան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Նիդերլանդները, Նոր Զելանդիան, Միացյալ Թագավորությունը կամ Միացյալ Նահանգները Աֆղանստանի վերջին հակամարտության միջազգային փուլի ընթացքում (2001-2002թթ.) չեն շեղվել ՔՔԻՄԴ-ի և ՄԻԵԿ-ի համաձայն ազատության իրավունքից: Նույնը վերաբերելի է նաև 2003-2004թթ. Իրաքում տեղի ունեցած հակամարտության ընթացքում Միացյալ Նահանգներին, Միացյալ Թագավորությանը և այլ պետություններին: Հետևյալ պետությունները նույնպես ներկալել են անձանց Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների հիման վրա, առանց շեղվելու ՔՔԻՄԴ-ի և ՄԻԵԿ-ի համաձայն ազատության իրավունքից: Դրանք են. Միացյալ Թագավորությունը և Արգենտինան՝ 1982 թվականին Ֆոլքլենդյան/Մալվինյան կղզիների համար հակամարտության ընթացքում, Միացյալ Նահանգները՝ 1983թ. Գրենադայում տեղի ունեցած զինված գործողությունների ընթացքում, Հնդկաստանը և Բանգլադեշը՝ 1970-ականներին Պակիստանի հետ (Պակիստանը ՔՔԻՄԴ անդամ պետություն չէ) հակամարտությունների ընթացքում, Իրանը և Իրաքը՝ 1980-1988թթ. պատերազմի ընթացքում, Իսրայելը և արաբական պետությունները՝ 1948 թվականից մինչ այսօր Մերձավոր արևելքում տեղի ունեցող ցանկացած միջազգային զինված հակամարտության ընթացքում [սակայն անհրաժեշտ է հիշել Իսրայելի կողմից իր պարտավորություններից շեղում կատարելու մասին հայտարարության մասին, որի մասին հիշատակվում է վերևում՝ 40-րդ պարբերությունում], ՄԱԿ-ի հովանու ներքո Կորեայի պատերազմին՝ 1950-1953թթ. մասնակցած ՄԻԵԿ անդամ պետությունները, Իրաքը, Քուվեյթը, Միացյալ Նահանգները և Միացյալ Թագավորությունը՝ 1991թ. Պարսից ծոցի պատերազմի ընթացքում (Սաուդյան Արաբիան, որը բազմաթիվ ռազմագերիներ է ներկալել այդ հակամարտության ընթացքում, ՔՔԻՄԴ անդամ պետություն չէ), Անգոլան, Բուրունդին, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը (ԿԺՀ), Նամիբիան, Ռուանդան, Ուգանդան և Զիմբաբվեն՝ 1998-2003թ. ԿԺՀ-ում, Եթովպիան՝ 1998-2000թթ. Էրիթրեայի հետ համակարտության ընթացքում (Էրիթրեան այդ ժամանակահատվածում դեռ չէր վավերացրել ՔՔԻՄԴ-ն), Էրիթրեան և Ջիբութին՝ 2008թ. կարճ տևած սահմանային հակամարտության ընթացքում, Վրաստանը և Ռուսաստանը՝ 2008թ. օգոստոսի բլից պատերազմի ընթացքում, Ռուսաստանը չի շեղվել ՔՔԻՄԴ-ից 1992թ. Մերձդնեստրիայի շուրջ Մոլդովայի հետ ունեցած իրենց հակամարտության ընթացքում (Ռուսաստանը այդ ժամանակահատվածում դեռ ՄԻԵԿ անդամ պետություն չէր, իսկ Մոլդովան՝ ՔՔԻՄԴ և ՄԻԵԿ անդամ պետություն): Կիպրոսը և Թուրքիան չեն շեղվել ՔՔԻՄԴ-ից կամ ՄԻԵԿ-ից (նշենք, որ Թուրքիան չի համարել, որ ՔՔԻՄԴ-ն ու ՄԻԵԿ-ը կիրառվում են արտատարածքային կարգով)՝ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների հիման վրա Հյուսիսային Կիպրոսում ներկալելու համար: Թուրքիան շեղվել է ՄԻԵԿ-ից այնքանով, որքանով դա վերաբերել է մայրցամաքային Թուրքիայում բնակվող անձանց, և քանի որ չի հստակեցրել Կոնվենցիայի այն հոդվածները, որոնցից մտադիր է եղել շեղվել, ուստի պարզ չէ՝ արդյոք Թուրքիան անհրաժեշտ է համարել դա անել անձանց՝ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների հիման վրա ներկալելու համար: Նույն կերպ, Ադրբեջանը շեղվել է ՔՔԻՄԴ-ից (այդ ժամանակահատվածում Ադրբեջանը դեռ ՄԻԵԿ անդամ պետություն չէր)՝ ձեռնարկելու միջոցներ, որոնք անհրաժեշտ էին Հայաստանի հետ ունեցած հակամարտության հետևանքով (1988-1994թթ.), սակայն պարզ չէ՝ արդյոք Ադրբեջանը դա արել է Ժնևի կոնվենցիաների հիման վրա անձանց ներկալելու համար: Իր հերթին, Հայաստանը չի շեղվել ՔՔԻՄԴ-ից (այդ ժամանակահատվածում Ադրբեջանը դեռ ՄԻԵԿ անդամ պետություն չէր): Նմանապես, Նիկարագուան շեղվել է ՔՔԻՄԴ-ի 9-րդ հոդվածից, նշելով, որ այն ստիպված էր դա անել այն բանից հետո, երբ 1980-ականներին Միացյալ Նահանգները մտել էր հակամարտության մեջ հակաների հետ: Պարզ չէ, թե արդյոք Նիկարագուան անհրաժեշտ է համարել շեղվել ՔՔԻՄԴ-ից անձանց՝ Ժնևի կոնվենցիաների հիման վրա ներկալելու համար, այնուամենայնիվ շեղվելու մասին իր ծանուցումների մեջ Նիկարագուան պնդում էր, որ 9-րդ հոդվածի 1-ին կետից շեղվել է միայն ազգային անվտանգության և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքում»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուն
43. Դիմումատուն վիճարկել է, որ իր քույրերի, ընկերոջ և հարևանի ցուցմունքները վկայում են այն մասին, որ իր եղբայրը ձերբակալվել և կալանքի տակ է պահվել բրիտանական ուժերի կողմից՝ նպատակ ունենալով դրդել դիմումատուին հանձնվել: Գումարտակի գրառումների մասին Կառավարության առաջին հիշատակումը, որում խոսվում էր Tarek Hassan-ի ձերբակալության մասին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), արվել էր 2013թ. սեպտեմբերին Մեծ Պալատին ներկայացված դիտողություններում: Այս փաստաթղի վերջերս ի հայտ գալու վերաբերյալ պատշաճ որևէ հիմնավորում չէր ներկայացվել, ինչը զարմանալի էր, հաշվի առնելով Կառավարության կողմից այս փաստաթղթին հատկացվող կարևորությունը: Դիմումատուն այդ փաստաթղթի իսկության վերաբերյալ որևէ դիտարկում չէր արել: Նա ընդգծել է նաև, որ դա միակ փաստաթուղթն էր, որում նշվում է, որ Tarek Hassan-ին ԱԿ-47 տեսակի ինքնաձիգով հայտնաբերել են տան տանիքում: Tarek Hassan-ի հարցաքննությունների արձանագրություններից ոչ մեկը (տե՛ս վերևում՝ 23-24-րդ պարբերությունները) չէր հիշատակում այն մասին, որ նա ձերբակալվել է զինվորական լինելու կամ թե բրիտանական ուժերի համար երբևիցե իրական կամ ենթադրյալ վտանգ ներկայացնելու կասկածանքով:
44. Դիմումատուն այնուհետ վիճարկել է, որ «Camp Bucca» ճամբարի կալանավորման գրառումները կատարող համակարգիչը արձանագրել էր երեք տարբեր ազատ արձակման օրեր, որոնցից և ոչ մեկը հուսալի չէր կարող համարվել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Նմանապես, ազատ արձակման վայրը առիթ էր տալիս շահարկումների համար, քանի որ հիմնված էր անորոշ և հակասական ապացույցների վրա (տե՛ս վերևում՝ 27-28-րդ պարբերությունները): Որոշակի վստահությամբ նաև հնարավոր չէր պնդել, որ 2003թ. մայիսի 12-ի ստուգումից հետո Tarek Hassan-ը դեռ չէր գտնվում «Camp Bucca» ճամբարում, հաշվի առնելով մասնավորապես այն հանգամանքը, որ նրա ազատման ամսաթիվը մուտագրվել է Միացյալ Նահանգների գրառումներում: Դիմումատուն նշել, է, որ իր եղբոր դին հայնաբերել են «Camp Bucca» ճամբարի Միացյալ Նահանգների ինքնությունը հաստատող պիտակը դեռ վրան (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը) և որ բրիտանական ուժերի կողմից ձերբակալվելուց հետո նա որևէ անգամ չի փորձել կապ հաստատել իր ընտանիքի հետ, ինչը մեծապես ենթադրում էր, որ նա պարզապես զրկված է եղել այդ հնարավորությունից:
2. Կառավարությունը
45. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն բավարար կերպով չի հիմնավորել Միացյալ Թագավորության մարմինների առջև իր բողոքները բարձրաձայնելու հարցում հապաղելը: Այդ հապաղումը անխուսափելի խոչընդոտ է հանդիսացել Tarek Hassan-ի մահվան դեպքի հետաքննության արդյունավետության համար: Բացասական հետևություններ պետք չէ դուրս բերել Tarek Hassan-ի մահվան կապակցությամբ բացատրություններ ներկայացնելու Կառավարության անկարողությունից, այն պարագայում, երբ առկա ապացույցները բավարար և համոզիչ կերպով բացատրում են վերջինիս ձերբակալման, կալանավորման և ազատ արձակման իրողությունները:
46. Կառավարությունը մերժել է այն պնդումը, որ Tarek Hassan-ը ձերբակալվել է, որպեսզի դիմումատուն այդպիսի ճնշման տակ հանձնվեր: Կառավարությունը վիճարկել է, որ դիմումատուի՝ այդ պնդման հիմնավորման համար ներկայացրած ապացույցները ճշգրիտ չէին և սոսկ բամբասանք և որ Միացյալ Թագավորության իշխանությունների նման նպատակ հետապնդելը անհամատեղելի կլիներ «Camp Bucca» ճամբարից Tarek Hassan-ի հետագա ազատ արձակման հետ, երբ հաստատվել էր վերջինիս՝ անվտանգության համար որևէ վտանգ չներկայացնող քաղաքացիական անձի կարգավիճակը: Դրան հակառակ, Կառավարությունը վիճարկել է, որ բրիտանական ուժերի համար ողջամիտ էր Tarek Hassan-ին կասկածել մարտիկ լինելու մեջ, քանի որ նրան զինված գտել են Al-Quds բանակի գեներալի տան տանիքում, որում հայտնաբերվել էր նաև այլ զինամթերք և հետախուզական նշանակություն ունեցող մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում էին Ba’ath կուսակցության տեղացի անդամներին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Բացի այդ, Կառավարությունը նշել է, որ դիմումատուի կողմից տրված ցուցմունքից զատ Tarek Hassan-ի մահվան պատճառը հաստատող որևէ այլ անկախ ապացույց չկար, քանի որ այդ տեղեկությունը մուտաքգրված չէր մահվան վկայականում (տե՛ս վերևում՝ 29-րդ պարբերությունը): Ամեն դեպքում, Կառավարությունը ընդգծել է, որ Samara-ն «Camp Bucca» ճամբարից գտնվում էր շուրջ 700 կիլոմետր հեռավորության վրա, այսինքն՝ մի այնպիսի տարածքում, որը օկուպացված էր բրիտանական ուժերի կողմից, և որ ԱԿ-47 տեսակի ինքնաձիգը բրիտանական ուժերի կողմից չի օգտագործվում:
Բ. Դատարանի կողմից փաստերի գնահատականը
47. Ի սկզբանե Դատարանը նշում է, որ ներպետական վարույթը կարճվել է այն հիմքով, որ դիմումատուի եղբայրը վիճարկվող ժամանակահատվածի ցանկացած հատվածում չի եղել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը): Այդ իսկ պատճառով ներպետական դատարանները կարիք չունեն ամենայն մանրամասնությամբ հաստատելու փաստերը: Դատարանն ընդհանուր առմամբ զգայուն է իր ունեցած դերի օժանդակ բնույթի նկատմամբ և զգուշավոր՝ փաստերը հաստատող առաջին ատյանի դատարանի դերը չստանձնելու առումով (տե՛ս McKerr-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 28883/95, 4 ապրիլի 2000թ.): Այնուամենայնիվ, տվյալ հանգամանքներում Դատարանին ներկայացված ապացույցների հիման վրա որոշ փաստերի պարզումը անխուսափելի է:
48. Այն դեպքերում, երբ իրադարձությունների ճիշտ զարգացման ընթացքն արձանագրելու հետ կապված խնդիրներ կան, Դատարանի առջև անխուսափելիորեն ծառանում են միևնույն դժվարությունները, ինչ կարող էին առաջանալ առաջին ատյանի դատարանում փաստերը հաստատելիս: Դատարանը վերահաստատում է, որ ապացույցները գնահատելիս այն որդեգրել է «ողջամիտ կասկածից դուրս» ապացուցման չափանիշը: Սակայն, այդ չափանիշը կիրառելիս Դատարանը երբեք նպատակ չի հետապնդել փոխառել ներպետական իրավական համակարգի կողմից այդ չափանիշի կիրառման մոտեցումները: Դատարանի դերն է ոչ թե հաստատել անձի քրեական կամ քաղաքացիական պատասխանատվությունը, այլ՝ անդամ պետությունների կողմից Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների կատարումը: Դատարանի՝ Կոնվենցիայի 19-րդ հոդվածի ներքո ամրագրված հանձնառության առանձնահատկությունը՝ ապահովել Կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների անդամ պետությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը, պայմանավորում է Դատարանի՝ ապացույցների և ապացուցման հարցերի նկատմամբ ձևավորած մոտեցումը: Դատարանի առջև ընթացող վարույթով ապացույցների թույլատրելիության ընթացակարգային խոչընդոտներ կամ դրանք գնահատելու նախապես սահմանված բանաձևեր չկան: Դատարանը ընդունում է այնպիսի եզրակացություններ, որոնք, ըստ իրեն, հաստատվում են ապացույցների ամբողջության ազատ գնահատման արդյունքներով, այդ թվում նաև՝ փաստերի և կողմերի կողմից ներկայացված փաստարկների հիման վրա արված հետևություններով: Դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի համաձայն ապացույցը կարող է հաստատվել բավականաչափ ծանրակշիռ, հստակ և ներդաշնակ հետևությունների համակցությամբ կամ համանման փաստերի վերաբերյալ արված անհերքելի ենթադրություններով: Ավելին, առանձին եզրահանգման գալու համար անհրաժեշտ համոզմունքի մակարդակը և այս առումով ապացուցման բեռի բախշումն անքակտելիորեն կապված են գործով փաստերի առանձնահատկությունների, առաջացած կասկածների բնույթի և վիճարկվող կոնվենցիոն իրավունքի հետ: Դատարանը նաև ուշադիր է վճռին տրված կարևորությունը որոշելիս՝ անդամ պետության կողմից մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման տեսանկյունից (տե՛ս El Masri-ն ընդդեմ «Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության» [ՄՊ], թիվ 39630/09, § 151, ՄԻԵԴ 2012):
49. Ավելին, անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ կոնվենցիոն ընթացակարգերը բոլոր դեպքերում չէ, որ խստորեն կիրառում են affirmanti incumbit probatio սկզբունքը (այս սկզբունքի համաձայն տվյալ մեղադրանքը ներկայացնող կողմը կրում է ապացուցման բեռը): Դատարանը վերահաստատում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո իր իսկ կողմից ընդունված նախադեպային իրավունքը այն մասով, որ այն դեպքերում, երբ խնդրո առարկա իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են բացառապես իշխանությունների ձեռքերում, ինչպես կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ ունեցած վերահսկման դեպքում է, ազատազրկման ժամանակ պատճառված վնասվածքների և առաջացած մահվան դեպքերում փաստի վերաբերյալ կառաջանան համոզիչ ենթադրություններ: Այսպիսի դեպքերում համարվում է, որ ապացուցման բեռն ընկնում է իշխանությունների վրա, որոնք պետք է բավարար և համոզիչ բացատրություն ներկայացնեն: Այդպիսի բացատրության բացակայության պարագայում Դատարանը կարող է հետևություններ անել, որոնք կարող են լինել ոչ ի օգուտ պատասխանող պետության: Դատարանն արդեն հաստատել է, որ այս նկատառումները վերաբերելի են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո դիտարկված անհետացման դեպքերին, երբ թեև անձի՝ իշխանությունների կողմից կալանքի տակ վերցվելը չի ապացուցվել, սակայն հնարավոր է եղել պարզել, որ վերջինիս պաշտոնական ծանուցում է ուղարկվել, որից հետո նրան տեսել են իշխանության տիրապետության տակ գտնվող շինություն մուտք գործելիս, որից հետո այդ անձին այլևս չեն տեսել: Այսպիսի հանգամանքներում պետության պատասխանատվությունն է տրամադրել ճշմարտացի և բավարար բացատրություն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել շինության ներսում, և ցույց տալու, որ տվյալ անձը իշխանության կողմից անազատության մեջ չի պահվել, այլ շինությունից դուրս է եկել՝ առանց հետագայում զրկվելու ազատությունից: Ավելին, Դատարանը կրկին անգամ հաստատում է, դարձյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համատեքստում, որ նախքան ապացուցման բեռը պատասխանող կառավարության վրա դնելը այն պահանջում է ապացույց՝ հիմնավորված ներդաշնակ հետևություններով (տե՛ս El Masri-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 152-153):
50. Սույն գործով չի վիճարկվում այն հանգամանքը, որ դիմումատուի եղբայրը գերեվարվել է Միացյալ Թագավորության զինված ուժերի կողմից 2003թ. ապրիլի 23-ին, հետագայում պահվել անազատության մեջ «Camp Bucca» ճամբարում և որ վերջինս մահացել է՝ նրա մարմինը 2003թ. սեպտեմբերի 1-ին Samara-ում հայտնաբերելուց կարճ ժամանակ առաջ: Փաստերի առնչությամբ անհամաձայնությունը երկու խնդրի շուրջ է. առաջին, արդյոք Tarek Hassan-ը ձերբակալվել և անազատության մեջ է պահվել հենց իր՝ դիմումատուի նկատմամբ հանձվելու նպատակով ճշնում գործադրելու համար, երկրորդ, ինչ հանգամանքներում է Tarek Hassan-ը դուրս եկել «Camp Bucca» ճամբարից: Բացի այդ, քանի որ Tarek Hassan-ի մարմինը պատված էր կտտանքների ենթարկված լինելու մասին վկայող հետքերով, հարց է առաջանում, թե արդյոք նա խոշտանգման է ենթարկվել անազատության մեջ լինելու ժամանակ:
51. Առաջին հարցի կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ իր առջև բերված միակ ապացույցները, որով հաստատվում են այն պնդումը, որ Tarek Hassan-ը ազատազրկվել է իրեն՝ դիմումատուին, հանձնվել ստիպելու համար, երկու հայտարարություններն են, ինչպես նաև դիմումատուի՝ հարևանի հետ ունեցած հեռախոսային խոսակցության վերաբերյալ գրառումը, որոնք երկուսն էլ նախապատրաստվել են ներպետական վարույթների ընթացքում ներկայացվելու համար (տե՛ս վերևում՝ 12-13-րդ պարբերությունները): Դիմումատուի կողմից արված առաջին հայտարարության մեջ նա պնդում էր, որ իր քույրերին բրիտանական զինված ուժերի կողմից ասվել էր, որ Tarek Hassan-ն ազատ չի արձակվի մինչև որ ինքը՝ դիմումատուն, չհանձնվի: Երկրորդ հայտրարության մեջ դիմումատուն պնդում էր, որ այս տեղեկատվությունը տրամադրվել է նրա հարևանին և ընկերոջը: Դիմումատուի կողմից արված հայտարարություններից և ոչ մեկում, ոչ էլ նրա հարևանի կողմից արված հայտարարության մեջ պրն. Al-Ubody-ն չի նշվել որպես Միացյալ Թագավորության զինված ուժերի այն ներկայացուցիչը, ով փոխանցել է ենթադրյալ պահանջը, նրա անձը չի նշվել ոչ անվան և ոչ էլ զինվորական կոչման տեսքով: Հաշվի առնելով այս պնդման ճշգրտությունը վիճելի լինելու, որպես ապացույց ասեկոսեի հավասարվելու հանգամանքը և դիմումատուի կողմից արված արտահայտությունների միջև առկա հակասությունները, Դատարանը չի գտնում, որ դիմումատուի պնդման ճշմարտացիությունը հաստատելու նպատակով բերված ապացույցները հիմնավոր են:
52. Մյուս կողմից, Կառավարությունը չկարողացավ ներկայացնել Tarek Hassan-ի գերեվարման վերաբերյալ որևէ ապացույց: Այդուհանդերձ, այն Դատարանին է տրամադրել Սև պահակախումբ գումարտակի օպերատիվ տեղեկամատյանը, որի կազմումը տեղի է ունեցել խնդրո առարկա իրադարձություններին համընթաց (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը): Այնտեղ արձանագրված է, որ երբ բրիտանական զինված ուժերը մոտեցել են տանը, Tarek Hassan-ը դիրքավորված էր տան տանիքին՝ զինված ԱԿ-47 տեսակի ինքնաձիգով և որ տանը հայտնաբերվել է այլ հրազեն ու հետախուզության համար արժեքավոր փաստաթղթեր: Բացի այդ, Կառավարությունը ներկայացրել է «Camp Bucca» ճամբարում Tarek Hassan-ի հետ անցկացրած հարցաքննության արձանագրությունները, ինչպես նաև նրա վերաբերյալ AP3-Ryan տվայլների բազայում մուտքագրված տեղեկատվության էկրանի վայրկենական պատկերները (տե՛ս վերևում՝ համապատասխանաբար 23‑24-րդ և 18-րդ, 22-րդ և 28-րդ պարբերությունները): Դատարանի կողմից սույն գրառումների իսկությունը վիճարկելու հիմքեր չկան: Դրանք վկայում են այն մասին, որ Tarek Hassan-ը գրանցվել է «Camp Bucca» ճամբարում 2003թ. ապրիլի 23-ին, նույն օրը, ժամը 16.40-ի սահմաններում տարվել է ճամբարի JFIT-ի հատված, իսկ 2003թ. ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին նրան տեղափոխել էին «Camp Bucca» ճամբարի քաղաքացիական անձանց համար նախատեսված հատված: Համակարգչային գրառումները ցույց են տալիս, որ նրան հարցաքննել են առաջին անգամ՝ 2003թ. ապրիլի 23-ին, տեղական ժամանակով ժամը 21.30-ին, և երկրորդ անգամ՝ ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20.00-ին: Երկու հարցաքննությունների արձանագրությունները տրամադրվել են Դատարանին: Դրանք վկայում են, որ Tarek Hassan-ի ինքնությունը որպես դիմումատուի եղբայր հայտնի էր, և որ հարցաքննության ընթացքում հաստատվել էր, որ նա անձնապես առնչություն չունի Ba’ath կուսակցության կամ Al-Quds բանակի հետ:
53. Դատարանի կարծիքով գերեվարումը, հարցաքննության արձանագրությունները հաստատում են Կառավարության կողմից ներկայացված փաստարկներն առ այն, որ Tarek Hassan-ը գերեվարվել է մարտիկ հանդիսանալու կամ անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու մեջ կասկածվելու համար: Այս տեսակետը հաստատվում է մեկ այլ ապացույցի առկայությամբ, որը վկայում է այն մասին, որ Tarek Hassan-ը կարող էր գերեվարման պահին լինել զինված ԱԿ-47 տեսակի ինքնաձիգով կամ առնվազն իր տիրապետությանն տակ ունենալ այն, ինչի մասին է վկայում դիմումատուի կողմից տրված ցուցմունքն այն մասին, որ իր կրտսեր եղբայրը տանն էր մնացել ընտանիքին պաշտպանելու նպատակով (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը), ինչպես նաև Tarek Hassan-ի կողմից Միացյալ Թագավորության լիազոր ներկայացուցիչներին հարցաքննությունների ժամանակ տրված բացատրությունները, որոնք տեղ են գտել զեկույցներում, այն մասին, որ իր մոտ հայտնաբերված զենքը անձնական պաշտպանության համար էր (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը): «Camp Bucca» ճամբարի արձանագրություններից երևում է, որ նրա վրայից կասկածները հանվել են այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա անվտանգության հանար սպառնալիք չի ներկայացնում:
54. Դատարանն ընդունելի է համարում նաև այն, որ Tarek Hassan-ի գերեվարումն առնչություն ուներ նրա՝ եղբոր հետ ունեցած կապի հետ, սակայն սա հաստատվում էր միայն այն հանգամանքով, որ դրա մասին բրիտանական զինված ուժերը տեղեկացվել են հենց իրենից՝ Tarek Hassan-ից, և այն հանգամանքով, որ վերջինս գերեվարման պահին եղել է զինված (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը), ինչը կարող էր կասկած առաջացնել վերջինիս՝ Ba’ath կուսակցության և Al-Quds բանակի հետ ունեցած կապի վերաբերյալ: Դատարանը չի գտնում, որ ներկայացված ապացույցները հաստատում են այն պնդումը, համաձայն որի Tarek Hassan-ը զրկվել է ազատությունից՝ դիմումատուին հանձնվել ստիպելու համար: Եթե դա լիներ Միացյալ Թագավորության նպատակը, ապա նրա վրայից չէին հանվի կասկածները և նա երկրորդ հարցաքննությունից անմիջապես հետո ու «Camp Bucca» ճամբար բերվելուց 38 ժամից պակաս գտնվելուց հետո ազատ չէր արձակվի (տե՛ս վերևում՝ 22-րդ պարբերությունը):
55. Ինչ վերաբերում է Tarek Hassan-ին ազատ արձակելու օրվան և վայրին, ապա հիմնական ապացույցը AP3-Ryan տվյալների բազայում մուտքարված տվյալներն են (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Գրառումներից մեկի համաձայն՝ Tarek Hassan-ը ազատ է արձակվել 2003թ. մայիսի 4-ին, ուղեփոխադրող մեքենայով տեղափոխվելով Umm Qasr, ազատ արձակման հիմքը նշվել է որպես՝ «ռազմական գործողությունների ավարտ»: Համաձայն 2003թ. մայիսի 12-ին մուտքագրված մեկ այլ տեղեկատվության՝ կալանավորների ամբողջական ստուգում անցկացնելու ժամանակ Tarek Hassan-ը ճամբարում ներկա չի գտնվել: Այս գրառումների, ինչպես նաև՝ երկրորդ ստուգիչ հարցաքննությունից հետո Tarek Hassan-ին ազատ արձակելու վերաբերյալ կայացրած որոշման հիման վրա Դատարանը գտնում է, որ նա, ամենայն հավանականությամբ, ազատ է արձակվել 2003թ. մայիսի առաջին կեսին: Այս տեսակետը հաստատվում է նաև Կառավարության կողմից ներկայացված այն ապացույցով, համաձայն որի Միացյալ Թագավորության զինված ուժերի կողմից 2003թ. մայիսի 1-ին արձակվել էր որոշում նախքան պատերազմական գործողությունների դադարեցումը կամ դրանից անմիջապես հետո կալանքի տակ գտնվող բոլոր անձանց ազատ արձակելու վերաբերյալ, բացառությամբ այն անձանց, ովքեր կասկածվում էին քրեական հանցագործությունների կատարման կամ անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու մեջ (տե՛ս վերևում՝ 27-րդ պարբերությունը): Ինչ վերաբերում է ազատ արձակման վայրին, ապա Դատարանն արձանագրում է, որ Umm Qasr-ը գտնվում է «Camp Bucca» ճամբարից ընդհամենը շուրջ 2.5 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած համապատասխան զինվորական հրամանի հիմնական տեքստում Umm Qasr-ը չի նշվում որպես ազատ արձակման կետ (որտեղ նշված էին ճամբարից դեպի հյուսիս գտնվող միայն չորս քաղաքի անուն), այդուհանդերձ, հրամանի հավելվածում Umm Qasr-ը նշված էր որպես բացթողնման համար նախատեսված տարածք: Ավելի համոզիչ ապացույցների բացակայության պայմաններում հնարավոր չէ վստահ լինել, սակայն այդ քաղաքի ճամբարին մոտ լինելու հանգամանքը, դրա հիշատակումը հրամանի հավելվածում, ինչպես նաև՝ Միացյալ Թագավորության կողմից ռազմական գործողությունների ավարտի պատճառով կալանավորված անձանց ազատ արձակելու քաղաքականությունը, Tarek Hassan-ի ազատ արձակված լինելու վերաբերյալ համակարգչային գրառումները հաշվի առնելով՝ Դատարանը հավանական է համարում, որ Tarek Hassan-ը ազատ է արձակվել 2003թ. մայիսի 2-ին Umm Qasr-ում կամ դրա մոտակայքում:
56. Դատարանն այն կարծիքին է, որ քանի որ Tarek Hassan-ի կալանքի և ազատ արձակման վերաբերյալ ապացույցները հիմնականում եղել են հասանելի Կառավարության համար, ապա վերջինս կրում է պարտականություն՝ բավարար և համոզիչ բացատրություններ ներկայացնելու այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Tarek Hassan-ի հետ «Camp Bucca» ճամբարում և ցույց տալու, որ վերջինս ազատ է արձակվել, և որ ազատ արձակումը հաջորդել է անվտանգ ընթացակարգին (տե՛ս վերևում՝ 49-րդ պարբերությունը): Համակարգչային գրառումները ցույց են տալիս, որ մինչև 2003թ. մայիսի 22-ը Միացյալ Թագավորությունը գերեվարել է շուրջ 3,738 անձանց և վարել նրանց գործերը, և բացառությամբ 361 անձանց՝ մնացած բոլորին ազատ է արձակել (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը): Հաշվի առնելով, որ նախքան դիմումատուի կողմից բողոք ներկայացնելը բավականաչափ ժամանակ է անցել, ինչպես նաև՝ Միացյալ Թագավորության կողմից 2003թ. ապրիլի վերջին և մայիսի սկզբին «Camp Bucca» ճամբարից մեծ թվաքանակի գերեվարված անձանց ազատ արձակման փաստը՝ բոլորովին զարմանալի չէ, որ Tarek Hassan-ի ազատ արձակմանը ականատես եղած անձինք չկան: Ելնելով սույն գործի հանգամանքներից՝ Դատարանը գտնում է, որ վերևում բերված ապացույցները բավարար են ապացուցման բեռը Կառավարության վրա փոխադրելու համար:
57. Ի վերջո, Դատարանի առջև չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ Tarek Hassan-ը ազատազրկման ժամանակ ենթարկվել է խոշտանգման: Հարցաքննության արձանագրություններից երևում է, որ վերջինիս երկու անգամ են հարցաքննել՝ «Camp Bucca» ճամբար բերվելուց կարճ ժամանակ անց, որոնց արդյունքում հաստատվել է նրա քաղաքացիական անձ լինելը, հետախուզության համար հետաքրքրություն չներկայացնելը և անվտանգության համար սպառնալիք չհանդիսանալը: Դիմումատուի կողմից ներկայացված վկայի՝ Al-Saadoon-ի ցուցմունքում, ով պնդել է, որ Tarek Hassan-ին տեսել է «Camp Bucca» ճամբարի քաղաքացիական անձանց համար նախատեսված հատվածում՝ նրա հարցաքննությունից հետո եղած ժամանակահատվածում և նախքան ազատ արձակվելը, նշված չի եղել Tarek Hassan-ի՝ որևէ վնասվածք ունենալու մասին կամ իր նկատմամբ տեղի ունեցած վատ վերաբերմունքի որևէ դրսևորման մասին: Ավելին, բացի դիմումատուի կողմից որպես վկա հանդես գալու ժամանակ տրված ցուցմունքները՝ Tarek Hassan-ի մահվան պատճառի կամ նրա մարմնի վրա եղած խոշտանգման հետքերի վերաբերյալ, այլ ապացույցներ չկան, քանի որ մահվան վկայականը նշված կետերից և ոչ մեկով ապացույցներ նույնպես չի պարունակում: Եթե նույնիսկ ենթադրենք, որ դիմումատուի կողմից եղբոր մարմնի նկարագրությունը ճշգրիտ է, ապա Tarek Hassan-ի ազատ արձական և մահվան միջև ընկած չորս ամիս ժամանակահատվածը չեն օժանդակում այն պնդմանը, որ նրա վնասվածքներն առաջացել են ազատազրկման մեջ եղած ժամանակ:
58. Սույն գործով փաստերը համարելով հաստատված՝ Դատարանն անցնում է դիմումատուի՝ Կոնվենցիայի ներքո բերված գանգատների ուսումնասիրությանը:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմումատուն
59. Դիմումատուն բողոքել է, որ Tarek Hassan-ի մահվան հանգամանքները առաջ են բերել Կոնվենցիայի՝ առնվազն 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո prima facie խախտումներ, առաջացնելով դրանով Կառավարության համար արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտավորություն: Կոնվենցիայի 2-րդ հոդվածը ձևակերպված է հետևյալ կերպ.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ ոքի չի կարելի դիտավորությամբ զրկել կայնքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կողմից կայացած դատավճռի՝ այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը:
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է՝
(ա) ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
(բ) օրինական ձերբակալում իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փախուստը կանխելու համար,
(գ) խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար»:
Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է՝
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
60. Դիմումատուն ընդգծել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունների պարտականություն էր, որը հանդիսանում էր Tarek Hassan-ի ձերբակալությունից հետո վերջինիս որպիսության մասին եղած տեղեկատվության միակ տիրապետողը, հաստատել, որ վերջինս ազատ արձակվելիս կենդանի էր և որ նրան չեն արձակել այնպիսի մի վայրում, որտեղ նրա կյանքը վտանգված կլիներ կամ որտեղ վերջինս կենթարկվի ծայրահեղ վատ վերաբերմունքի: Միացյալ Թագավորության կողմից կալանավորվելուց հետո Tarek Hassan-ի անհետացումը և մահը հաստատում են գործի prima facie լինելը այն իմաստով, որ Tarek Hassan-ը կա՛մ սպանվել է հենց Միացյալ Թագավորության գործակալների կողմից կամ վերջիններիս ներգրավմամբ կա՛մ վերջինս Միացյալ Թագավորության գործակալների կողմից ենթարկվել է մահվան կամ վատ վերաբերմունքի իրական վտանգի այն հիմքով, որ վերջինիս ազատ են արձակել հեռավոր կամ, այլ կերպ ասած, վտանգավոր միջավայրում, կա՛մ երրորդ կողմին փոխանցված լինելու պատճառով: Սա առաջ է քաշում Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների լույսի ներքո դիտարկվող երկու խնդիր: Առաջին, եթե Կառավարությունը ի վիճակի չէ տրամադրելու Tarek Hassan-ի մահն առաջացնող հանգամանքների վերաբերյալ ճշմարտացի այլընտրանքային բացատրություն, այդ պարագայում Միացյալ Թագավորությունը պետք է ենթարկվի դրա համար պատասխանատվության: Երկրորդ, վիճարկվում է Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտումը՝ համակցված մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն անցկացնելու ընթացակարգային պարտավորությունից խուսափմամբ:
2. Կառավարությունը
61. Կառավարությունը ներկայացրել է, որ տվյալ գործի նման գործերի ժամանակ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո քննություն անցկացնելու պարտավորություն չի կարող առաջանալ, բացառությամբ եթե առնվազն վիճելի գործ լիներ առ այն, որ Միացյալ Թագավորությունը Tarek Hassan-ին ենթարկել է խոշտանգումների կամ առաջացրել վերջինիս մահը կամ այն դեպքում, եթե Tarek Hassan-ի մահը վրա է հասել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո գտնվող տարածքում: Այս դեպքում ապացույցներ չկան առ այն, որ մահը վրա է հասել այն ժամանակ, երբ անձի ազատությունը եղել է պետության կողմից սահմանափակված: Այս տեսակի մահերի դեպքում կարող է երաշխավորվել քննություն անցկացնելու պարտավորության ցածր շեմ կամ խթանել քննչական պարտականության կատարումը, սակայն այս դեպքում այդպես չէր: Tarek Hassan-ի մահը վրա է հասել նրա ազատ արձակումից հետո շատ ամիսներ անց և այնպիսի հանգամանքներում, որտեղ ոչինչ չկար, որը մատնացույց կաներ Միացյալ Թագավորությանը որպես մահվան հետ առնչություն ունեցող:
Բ. Դատարանի գնահատականը
62. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո ամրագրված կյանքի իրավունքի պաշտպանության պարտավորությունը՝ համակցված Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված պետության՝ «իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են Կոնվենցիայով սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները» ընդհանուր պարտավորության հետ, ենթադրաբար պահանջում է, որ այն դեպքերում, երբ պետության գործակալի կողմից ուժի գործադրման արդյունքում առաջացել է անձի մահը, պետք է լինի արդյունավետ պաշտոնական քննություն՝ մահվան հանգամանքները պարզելու համար (տե՛ս վերևում՝ Al-Skeini-ին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 55721/07, § 163, ՄԻԵԴ 2011): Բացի այդ 3-րդ հոդվածը պետության վրա պարտավորություն է դնում՝ անցկացնելու արդյունավետ պաշտոնական քննություն այն դեպքերում, երբ անձն անում է «արժանահավատ հայտարարություն» այն մասին, որ պետական պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է այդ հոդվածի խախտմամբ կատարված խոշտանգման կամ, նրա կողմից արտահայտված բողոքի բացակայության պարագայում, երբ առկա են հնարավոր խոշտանգման կամ վատ վերաբերմունքի մասին վկայող այլ բավականաչափ ակնառու ապացույցներ (տե՛ս վերևում՝ Labita-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ], թիվ 26772/95, § 131, ՄԻԵԴ 2000 IV և Եհովայի վկաների Գլդանի եղբայրության 97 անդամները և 4 այլոք ընդդեմ Վրաստանի, թիվ 71156/01, § 97, 3 մայիսի 2007թ., ինչպես նաև՝ դրանց մեջ մեջբերված գործերը):
63. Սույն գործով վերևում բերված Դատարանի կողմից փաստերի գնահատման առնչությամբ հարկ է նշել, որ ոչ մի ապացույց չկա, որը կհաստատեր, որ անազատության մեջ գտնվելու ժամանակ Tarek Hassan-ն արժանացել է վատ վերաբերմունքի, որը կառաջացներ պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո ամրագրված պարտավորության կատարում՝ անցկացնելու պաշտոնական քննություն: Ապացույցներ չկան նաև առ այն, որ Միացյալ Թագավորության իշխանությունները որևիցե կերպ՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն, պատասխանատու են եղել Tarek Hassan-ի մահվան համար, որը վրա է հասել վերջինիս «Camp Bucca» ճամբարից ազատ արձակվելուց չորս ամիս անց երկրի՝ Միացյալ Թագավորության զինված ուժերի հսկողության տակ չգտնվող հեռավոր մի հատվածում: Միացյալ Թագավորության պետության ներկայացուցիչների կողմից սպանության կատարման վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում, նույնիսկ Միացյալ Թագավորության կողմից վերահսկվող տարածքում սպանության կատարման վերաբերյալ ապացույցների բացակայության պարագայում 2-րդ հոդվածի ներքո քննություն անցկացնելու պարտավորություն չի կարող առաջանալ:
64. Եզրափակելով՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո բերված բողոքները ակնհայտորեն անհիմն են՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն պետք է հայտարարվեն անընդունելի:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ, 2-ՐԴ, 3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
65. Դիմումատուն պնդել է, որ իր եղբոր ազատազրկումը Միացյալ Թագավորության զինված ուժերի կողմից և նրան «Camp Bucca» ճամբարում անազատության մեջ պահելը առաջացրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով ամրագրված իրավունքների խախտում, որոնք համապատասխանաբար սահմանում են հետևյալը.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
(բ) անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումը դատարանի օրինական կարգադրությանը չենթարկվելու համար կամ օրենքով նախատեսված ցանկացած պարտավորության կատարումն ապահովելու նպատակով,
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը՝ իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
...
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերբակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով:
4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Կառավարությունը հերքել է, որ Tarek Hassan-ը վիճարկվող ժամանակահատվածի ցանկացած փուլում գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո: Որպես այլընտրանք Կառավարությունը հերքել է նաև, որ միջազգային զինված հակամարտության ընթացքում տեղի ունեցած անձի գերեվարումը և կալանավորումը առաջ է բերել 5-րդ հոդվածի դրույթների ցանկացած խախտում:
Ա. Իրավազորությունը
66. Դիմումատուն պնդել է, որ վիճարկվող ողջ ժամանակի ընթացքում նրա եղբայրը գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով, որը սահմանում է հետևյալը.
«Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»:
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
67. Դիմումատուն պնդել է, որ «տարածքի արդյունավետ վերահսկողության» սկզբունքի համաձայն Tarek Hassan-ը եղել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո, ինչի պարագայում Կոնվենցիայի 1-ին հոդվածը կիրառելի է, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից Al‑Skeini-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության վճռում [ՄՊ], թիվ 55721/07, § 138-140, ՄԻԵԴ 2011: Նա նաև նշել է, որ Al-Skeini-ի գործով վճռից արվող եզրակացությունն այն է, որ Միացյալ Թագավորությունը փաստացի վերահսկել է Իրաքի հարավ-արևելյան հատվածը այն բանից հետո, երբ Ba’ath-ի ռեժիմի իշխանությունը տապալվել է, ինչը տեղի է ունեցել 2003թ. մայիսին: Դիմումատուն մատնացույց է արել այն փաստը, որ կոալիցիայի զինված ուժերը 2003թ. ապրիլի 9-ին, Tarek Hassan-ին գերեվարելուց շատ ավելի առաջ, իրենց տիրապետության տակ են վերցրել Բաղդադը, և որ 2003թ. ապրիլի կեսերին Միացյալ Թագավորության վարչապետի և ԱՄՆ շտաբերի պետերի համատեղ հանձնաժողովի օպերատիվ համակարգման հարցերով տնօրենի կողմից արված հայտարարությունների համաձայն կոալիցիոն ուժերը պաշտոնապես ճանաչել են պատերազմի փաստացի ավարտված լինելը: Ինչ վերաբերում է Դատարանի կողմից սահմանված այն սկզբունքին, որով որոշվում է, թե արդյոք պետությունն արդյունավետ վերահսկողություն է իրականցնում տարածքի նկատմամբ՝ պայմանավորված «տվյալ տարածքում պետության ռազմական ներկայության աստիճանով» և «այդ կառավարության կողմից տեղական՝ ստորադասության մեջ գտնվող կառավարությանը տրամադրվող ռազմական, տնտեսական և քաղաքական օժանդակության մակարդակով, որի շնորհիվ ապահովվում է դրա՝ տարածքի նկատմամբ ունեցած ազդեցությունը և վերահսկողությունը», 2003թ. ապրիլի 23-ի և մայիսի 1-ի միջև ընկած ժամանակահատվածում որևիցե փաստացի էական տարբերության մասին ապացույցներ չկան, տարբերակված իրավական դիրքորոշման համար ևս լուրջ պատճառներ չկան:
68. Որպես այլընտրանք, դիմումատուն վիճարկել է, որ իրավազորությունը անվիճելիորեն հաստատվում է պետության լիազոր ներկայացուցչի իշխանության սկզբունքով: Դիմումատուն նշել է, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն այս հիմքով իրավազորությունը կախված չէ, օրինակ՝ շինության կամ որևիցե փոխադրամիջոցի նկատմամբ ունեցած համընդհանուր իրավազորությունից, այլև պարզապես կարող է ծագել որևէ անձի նկատմամբ փաստացի հսկողության կամ իշխանության փաստով: Ոչ էլ անհրաժեշտ է, որ պետությունը ի վիճակի լինի ապահովելու իր վերահսկողության տակ գտնվող այդ անձի՝ Կոնվենցիայով ամրագրված բոլոր իրավունքները: Այս հիմքով Դատարանը պետք է մերժի Կառավարության այն պնդումը, ըստ որի երկկողմանի կամ միասնական վերահսկումը բավարար չէ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար:
69. Դիմումատուն ներկայացրել է, որ եղբոր ձերբակալությունից հետո՝ 2003թ. ապրիլի 22-ի գիշերը՝ 23-ի առավոտյան, երբ վերջինս գտնվում էր Միացյալ Թաավորության զինված ուժերի կողմից վերահսկվող անազատության մեջ, վիճարկելի չէ այն, որ Միացյալ Թագավորությունը փաստացի ունեցել է իշխանություն և վերահսկողություն նրա նկատմամբ և այդ հիմքով՝ 1-ին հոդվածի ներքո իրավազորություն: Ինչ վերաբերում է նրա՝ «Camp Bucca» ճամբարում պահվելուն, ապա Միացյալ Թագավորությունը այնտեղ ևս անձին անազատության մեջ պահելու ընթացքում շարունակել է նրա նկատմամբ ունենալ իշխանություն և վերահսկողություն: Մասնավորապես, թե՛ Միացյալ Թագավորության AP3-Ryan տվյալների բազայում և թե՛ Միացյալ Նահանգների «Camp Bucca» ճամբարի տվյալների բազայում անձը ներկայացվել է որպես Միացյալ Թագավորության կալանավոր: Միացյալ Թագավորության իշխանությունները պատասխանատու են եղել նրա գերեվարման և կալանքի տակ պահելու վերաբերյալ զեկույց նախապատրաստելու համար: Tarek Hassan-ի՝ «Camp Bucca» ճամբար ժամանելուն պես նրան տեղափոխել են ճամբարի JFIT հատված, որն ամբողջապես եղել է Միացյալ Թագավորության զինված ուժերի վերահսկողության տակ, որտեղ և նա մնացել է մինչև ապրիլի 25-ը: Նույնիսկ JFIT-ի հատվածից տեղափոխվելուց հետո նա շարունակել է մնալ Միացյալ Թագավորության վերահսկողության ներքո, քանի որ «Camp Bucca» ճամբարում Միացյալ Թագավորության իշխանությունները շարունակել են պատասխանատվություն կրել Միացյալ Թագավորության կալանավորների բարօրության համար. նրանք բանակցություններ են վարել ԿԽՄԿ-ի հետ՝ կալանավորների հետ վարվելակերպի և նրանց հարազատներին կալանավորման փաստի մասին տեղյակ պահելու շուրջ, Միացյալ Թագավորության իշխանություններն ունեցել են «Camp Bucca» ճամբար անարգել մուտքի հնարավորություն, ինչպես նաև՝ դիտարկման նպատակներով այնտեղ մշտապես տեղակայված թիմ՝ ներպետական և միջազգային չափանիշների համապատասխանությունն ապահովելու նպատակով: Բրիտանական ռազմական ոստիկանության անձնակազմը (ռազմական ոստիկանություն) «վերահսկողական պատասխանատվություն» էր կրում Միացյալ Թագավորության կալանավորների նկատմամբ, որոնց առնչությամբ կատարվում էր ամենօրյա ստուգում, և Միացյալ Թագավորության այն կալանավորները, ովքեր բժշկական միջամտության կարիք էին զգում, բուժվում էին Միացյալ Թագավորության դաշտային հոսպիտալներում: Միացյալ Թագավորությունը նաև պատասխանատու էր Ժնևի երրորդ կոնվենցիայի 4-րդ և 5-րդ հոդվածների ներքո կալանավորներին դասակարգելու համար: Ոչ մի ապացույց չկա առ այն, որ Միացյալ Նահանգների իշխանությունները որևիցե հիմքով պնդել են Tarek Hassan-ի անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Մայոր Wilson-ի կողմից տրված ցուցմունքի համաձայն՝ Միացյալ Թագավորության կալանավորների ազատ արձակման վերաբերյալ որոշումներն արձակվում էին Միացյալ Թագավորության կողմից: Tarek Hassan-ի պարագայում վերջինս ազատ է արձակվել JFIT-ի առաջարկով: Ավելին, այն դեպքում, երբ կալանավորի ազատ արձակման վերաբերյալ որոշում էր կայացվում Միացյալ Թագավորության իշխանությունների կողմից, վերջինս չէր կարող փաստացիորեն ազատ արձակվել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների կողմից. ճամբարից դուրս գալու ընթացքում կալանավորին ուղեկցում էին Միացյալ Թագավորության ներկայացուցիչները: Դիմումատուի կարծիքով պարզ էր, որ Միացյալ Թագավորության կալանավորների պահպանության և ուղեկցման ժամանակ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները հանդիսացել են Միացյալ Թագավորության իշխանության լիազոր ներկայացուցիչներ: Սա հաստատվում է այն հանգամանքով, որ Միացյալ Թագավորությունը այդ աշխատանքների դիմաց Միացյալ Նահանգներին է տրամադրել վարձատրություն, որտեղ ներառված էր նաև կալանավորներին պահելու ծախսերի փոխհատուցումը: Կալանավորներին՝ Միացյալ Նահանգների ճամբարում պահելը պայմանավորված էր գործառնական հարմարավետությամբ: Այսպիսի մոտեցումը, ըստ էության, չէր տարբերվում Միացյալ Թագավորության կողմից պահպանության ծառայությունը պայմանագրային հիմունքներով որևիցե մասնավոր կապալառուի հանձնառելու տարբերակից: Միացյալ Թագավորությունը չէր կարող, պայմանագրային հիմունքներով իր կալանավորներին ժամանակավորապես տեղավորելով այլ կազմակերպության կողմից վերահսկվող կալանավայրում և վերջինիս հանձնարարելով աշխատանքների կատարումը, ազատվել Կոնվենցիայի ներքո ունեցած իր պատասխանատվությունից:
(բ) Կառավարությունը
70. Կառավարությունն ընդգծել է, որ համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի՝ արտատարածքային իրավազորությունը կիրառելի է միայն բացառիկ դեպքերում: Ավելին, «իրավազորություն» եզրույթը չի ենթարկվում «կենդանի գործիք» դոկտրինին: Վերևում մեջբերված Al-Skeini-ի գործով Դատարանը գտել է, որ Միացյալ Թագավորությունը դիմումատուի երկու ազգականների մահվան առնչությամբ ուներ իրավազորություն՝ պայմանավորված երկու մասնավոր հանգամանքների համակցությամբ: Առաջին գլխավոր տարրն այն էր, որ Միացյալ Թագավորությունը 2003թ. մայիսի 1-ից մինչև 2004թ. հունիսի 24-ը ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով օկուպացնող երկիր, վերահսկում էր Իրաքի հարավ-արևելյան հատվածը և պատասխանատվություն էր ստանձնել դրա անվտանգության պահպանման համար: Երկրորդ տարրն այն փաստն էր, որ անձանց մահը վրա է հասել բրիտանական զինված ուժերի կողմից իրականացրած անվտանգության գործողությունների ժամանակ այն բանից հետո, երբ վերջինս ստանձնել էր այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունը և պատասխանատվությունը: Այս գործոններից որևէ մեկի բացակայության պարագայում ընդդատության հաստատումը անհնարին կլիներ: Մասնավորապես, Դատարանը «տարածքի նկատմամբ արդյունավետ վերահսկման» դոկտրինի հիմքով իրավազորությունը չի հաստատել՝ հղում կատարելով Al-Skeini-ի գործով ներպետական դատավարության ժամանակ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտած դիրքորոշմանն առ այն, որ «բացարձակապես անիրական» է հնչում այն պնդումը, որ 2003թ. մայիսին Միացյալ Թագավորությունը արդյունավետ վերահսկել է Basrah-ը և պարտավորված է եղել ապահովելու այնտեղ գտնվող յուրաքանչյուր անձի՝ Կոնվենցիայի ներքո ամրագրված իրավունքներն ու ազատությունները: 2003թ. ապրիլի 23-ին, երբ դիմումատուի եղբայրը ձերբակալվել էր, Միացյալ Թագավորությունը դեռևս չէր ստանձնել Իրաքի հարավ-արևելյան հատվածում իրականացվող անվտանգության գործողությունների համար պարտավորությունը. դա տեղի չի ունեցել մինչև 2003թ. մայիսի 1-ը:
71. Կառավարությունը նաև ընդունել է, որ առանձին դեպքում Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո իրավազորության իրավիճակ կարող է համարվել, երբ Կոնվենցիայի անդամ երկրի լիազոր ներկայացուցիչները, գործելով այդ երկրի տարածքներից դուրս, ունեցել են «բացարձակ և բացառիկ վերահսկողություն» կամ «լիարժեք և բացառիկ վերահսկողություն» մեկ անձի նկատմամբ, օրինակ այնպիսի դեպքերում, երբ անձը եղել է կալանավորված Կոնվենցիայի անդամ պետության լիազոր ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, նրանք պնդել են, որ իրավազորության այսպիսի հիմքը չի կարող գործել միջազգային զինված համակամարտության ակտիվ ռազմական գործողությունների փուլում, երբ խնդրո առարկա անդամ պետության լիազոր ներկայացուցիչները գործողություններ են ծավալում մի տարածքում, որտեղ նրանք չեն հանդիսանում օկուպացնող իշխանություն: Այսպիսի իրավիճակում անդամ պետության վարքագիծն ավելի շուտ պետք է ենթարկվի միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր պահանջներին: Այսպիսով, նախքան 2003թ. մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ցանկացած իրադարձություն, այդ թվում նաև՝ Tarek Hassan-ի գերեվարումը, նրա փոխադրումը «Camp Bucca» ճամբարում տեղակայված Միացյալ Նահանգների կալանավայր և նրա հետ 2003թ. ապրիլի 25-ին բրիտանական զինված ուժերի կողմից անցկացված հարցաքննությունը, տեղի չի ունեցել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով:
72. Բացի այդ, Կառավարությունը պնդել է, որ «Camp Bucca» ճամբար տեղափոխվելուց հետո Tarek Hassan-ը չի գտնվել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո այն առանձին հիմքով, որ այդ ժամանակ վերջինս կալանքի տակ պահվելու նկատառումներով փոխանցվել է Միացյալ Նահանգներին և այդ պահից սկսած այլևս չի գտնվել բացառապես կամ նույնիսկ գլխավորապես Միացյալ Թագավորության վերահսկողության ներքո: Համաձայն Կառավարության կողմից ներկայացված պնդման՝ Դատարանի նախադեպային իրավունքը պահանջում է, որ իրավազորությունը հաստատված համարելու համար անդամ պետության գործակալը այդ պետության տարածքից դուրս գործելու ժամանակ, որևէ անձի նկատմամբ ունենա «բացարձակ և բացառիկ վերահսկողություն» կամ «լիարժեք և բացառիկ վերահսկողություն». երկկողմանի կամ միասնական վերահսկողությունը բավարար չէ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորություն հաստատելու համար: Այս եզրակացությունների վրա չի ազդել այն փաստը, որ երկու պետությունների միջև ստորագված Համագործակցության մասին հուշագրի (MOA) ներքո 4-րդ պարբերության համաձայն (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) Միացյալ Թագավորությունը կարող էր Միացյալ Նահանգներից պահանջել վերադարձնել Tarek Hassan-ին՝ իր հսկողության ներքո կալանքը շարունակելու նպատակով: Ապացույցներ չկային առ այն, որ այդպիսի պահանջ Միացյալ Թագավորության կողմից երբևիցե ներկայացվել է: Ավելին, այն փաստը, որ MOA-ի ներքո այդպիսի դրույթ էր սահմանված, ամենապարզ կերպով վկայում էր այն մասին, որ քանի դեռ խնդո առարկա անձը գտնվում էր Միացյալ Նահանգների կողմից կալանքի և հսկողության տակ, վերջինս չէր կարող լինել Միացյալ Թագավորության իրավազորության ներքո: Այս սկզբունքային դիրքորոշումը հաստատվում է Ժնևի երրորդ կոնվենցիայի 12-րդ հոդվածով (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): 12-րդ հոդվածի առաջին կետը սահմանում է, որ «գերության մեջ պահող տերությունն է պատասխանատվություն կրում ռազմագերիների հետ վարվելակերպի համար»: Սակայն, երկրորդ կետի մեջ պարզաբանվում է, որ այն բանից հետո, երբ գերության մեջ պահող տերությունը ռազմագերիներին հանձնում է Կոնվենցիայի մասնակից մեկ այլ պետության, «Կոնվենցիայի կիրառման պատասխանատվությունը կրում է նրանց ընդունող տերությունը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք գտնվում են նրա խնամակալության ներքո»: Այսպիսով, Tarek Hassan-ի «Camp Bucca» ճամբարում գտնվելու ժամանակ վերջինիս առնչությամբ Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաների կիրառման պատասխանտվությունը կրել է Միացյալ Նահանգները:
73. Ցանկացած պարագայում, Կառավարությունը պնդել է, որ 2003թ. ապրիլի 25-ից սկսած, երբ հաստատվել է Tarek Hassan-ի ազատ արձակման ենթակա քաղաքացիական անձ լինելու փաստը, և վերջինիս տեղափոխել են «Camp Bucca» ճամբարի քաղաքացիական անձանց համար նախատեսված հատված, ո՛չ Միացյալ Թագավորությունը և ո՛չ էլ Միացյալ Նահանգները մտադրված չեն եղել իրավունքի ուժով վերջինիս պահել կալանքի տակ: Tarek Hassan-ի ճամբարում մնալը պայմանավորված էր բացառապես անվտանգության նկատառուններով, քանի որ իրավիճակից ելնելով՝ վերջինիս անհապաղ ազատ արձակումը պարզապես անպատասխանատու քայլ կլիներ: Նա այլևս չէր պահվում կալանքի տակ, սակայն փաստացի գտնվում էր «Camp Bucca» ճամբարում՝ սպասելով իր՝ գերեվարման վայր տեղափոխմանը: Նմանապես, Միացյալ Թագավորության կողմից դեպի իր ազատ արձակման վայր ավտոբուսով տեղափոխվելու ժամանակ վերջինս հանդիսանում էր ազատության մեջ գտնվող անձ և չէր գտնվում կալանքի մեջ կամ հսկողության կամ Միացյալ Թագավորության իրավազորության ներքո:
2. Դատարանի գնահատականը
74. Դատարանը հիշեցնում է, որ վերևում մեջբերված Al-Skeini-ի գործով վճռի 130-142-րդ պարբերություններում Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով անդամ պետության տարածքից դուրս գործող իրավազորության վերաբերյալ կիրառելի սկզբունքները համառոտ ներկայացվել են հետևյալ շարադրությամբ.
«130. ... Ինչպես որ սահմանված է [Կոնվենցիայի 1-ին հոդվածով] անդամ պետության ներգրավվածությունը սահմանափակված է թվարկված իրավունքների և ազատությունների «ապահովմամբ» (ֆրանսերեն տեքստում՝ «reconnaître») այն անձանց համար, ովքեր գտնվում են այդ պետության «իրավազորության» ներքո (տե՛ս Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., § 86, Շարք Ա թիվ 161, Banković-ը և այլոք ընդդեմ Բելգիայի և այլոց [ՄՊ] (որոշ.), թիվ 52207/99, § 66, ՄԻԵԴ 2001‑ XII): Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո «իրավազորությունը» անկյունաքարային նշանակության չափանիշ է: Իրավազորության առկայությունն անհրաժեշտ պայման է, որի առկայությամբ անդամ պետությունը կարող է պատասխանատվության ենթարկվել այն գործողությունների կամ վերջինիս վերագրելի անգործության համար, որոնց արդյունքում առաջանում է Կոնվենցիայի ներքո ամրագրված իրավունքների ու ազատությունների խախտման կասկած (տե՛ս Ilaşcu-ն և այլոք ընդդեմ Մոլդովիայի և Ռուսաստանի [ՄՊ], թիվ 48787/99, § 311, ՄԻԵԴ 2004‑VII):
(α) Տարածքային սկզբունքը
131. Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո ամրագրված պետության իրավազորությունը գլխավորապես տարածքային է (տե՛ս Soering-ի գործը, մեջբերված է վերևում, § 86, Banković-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 61 և 67, Ilaşcu-ի գործը, մեջբերված է վերևում, § 312): Ենթադրվում է, որ իրավազորությունը գործում է պետության ողջ տարածքում (Ilaşcu -ի գործը, մեջբերված է վերևում, § 312, Assanidze-ն ընդդեմ Վրաստանի [ՄՊ], թիվ 71503/01, § 139, ՄԻԵԴ 2004‑II): Եվ հակառակը` անդամ պետությունների գործողությունները, որոնք կատարվել են կամ որոնց ազդեցությունը եղել է այդ պետության սահմաններից դուրս, կարող են Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով լինել այդ պետության իրավազորության ներքո կատարված միայն բացառիկ դեպքերում (Banković-ի գործը, մեջբերված է վերևում, § 67):
132. Ցայսօր, Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է մի քանի բացառիկ դեպք, որոնց պարագայում անդամ պետության իրավազորությունը կարող է համարվել գործող, երբ խնդրո առարկա իրադարձությունները տեղի են ունեցել այդ պետության սահմաններից դուրս: Յուրաքանչյուր գործով հարկավոր է պարզել այն հարցը, թե արդյոք տվյալ գործով առկա փաստերի պարագայում գոյություն ունեցել են այնպիսի բացառիկ հանգամանքներ, որոնց դեպքում պահանջվում է և արդարացված է Դատարանի կողմից կատարված քննությունն առ այն, որ պետությունն իր իրավազորությունը կիրառել է իր սահմաններից դուրս տարածքում:
(β) Պետության գործակալի իշխանությունը և վերահսկողությունը
133. Դատարանն իր նախադեպային իրավունքում ճանաչել է, որ որպես տարածքային ամբողջականության սկզբունքի բացառություն Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո անդամ պետության իրավազորությունը կարող է տարածվել դրա իշխանության մարմինների գործողությունների վրա այն դեպքում, երբ դրանց ազդեցությունը տարածվել է սեփական սահմաններից դուրս (տե՛ս Drozd-ը և Janousek-ն ընդդեմ Ֆրանսիայի և Իսպանիայի, 1992թ. հունիսի 26-ի վճիռ, Շարք Ա թիվ 240, § 91, Loizidou-ն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ), 23 մարտի 1995թ., § 62, Շարք Ա թիվ 310; Loizidou-ն ընդդեմ Թուրքիայի (գործի ըստ էության քննությունը), 18 դեկտեմբերի 1996թ., § 52, Վճիռների և որոշումների զեկույցներ 1996‑VI, և Banković-ի գործը, մեջբերված է վերևում, 69): Սկզբունքի ձևակերպումը, ինչպես որ այն ներկայացված է Drozd-ի և Janousek-ի գործում, ինչպես նաև վերևում մեջբերված մյուս բոլոր գործերում, բավականին ընդարձակ է. Դատարանը նշում է միայն, որ այսպիսի հանգամանքներում անդամ պետության պատասխանատվությունը «կարող է ծագել»: Անհրաժեշտ է ուսումնասիրել Դատարանի նախադեպային իրավունքը՝ վերջինիս կողմից սահմանված սկզբունքները պարզելու համար:
134. Առաջին, պարզ է, որ միջազգային իրավունքի դրույթների համաձայն օտար պետության տարածքում գտնվող դիվանագիտական և հյուպատոսական գործակալների գործողությունները կարող են հավասարազոր լինել իրավազորության օգտագործման այն դեպքերում, երբ այդ գործակալները այլոց նկատմամբ գոծադրել են իշխանություն և վերահսկողություն (Banković-ի գործը, մեջբերված է վերևում, § 73, տե՛ս նաև՝ X-ն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, թիվ 1611/62, Հանձնաժողովի՝ 1965թ. սեպտեմբերի 25-ի որոշում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տարեգիրք, 8-րդ հատոր, էջեր 158 և 169, X-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 7547/76, Հանձնաժողովի՝ 1977թ. դեկտեմբերի 15-ի որոշում, WM-ն ընդդեմ Դանիայի, թիվ 17392/90, Հանձնաժողովի 1993թ. հոկտեմբերի 14-ի որոշում):
135. Երկրորդը, Դատարանը ճանաչում է անդամ պետության կողմից արտատարածքային իրավազորության իրականացումը այն դեպքում, երբ որևէ տարածքում գոյություն ունեցող պետության համաձայնությամբ, հրավերով կամ առարկության բացակայությամբ անդամ պետությունն իրականացրել է բոլոր այն հանրային իշխանության գործառույթները կամ դրանց մի մասը, որը սովորաբար իրականացնում է կառավարությունը (Banković-ի գործը, մեջբերված է վերևում, § 71): Այսպիսով, այն դեպքերում, երբ մաքսային կանոնների, դաշնագրերի կամ այլ համաձայնագրերի ներքո անդամ պետության իշխանությունները մեկ այլ պետության տարածքում իրականացնում են գործադիր կամ այլ իշխանություն, անդամ պետությունը կարող է պատասխանատվություն կրել դրա ժամանակ կատարված Կոնվենցիայի խախտումների համար այն դեպքում, եթե այդ գործողություններն ավելի շուտ վերագրելի են իրեն, այլ ոչ թե այն պետությանը, որի տիրապետության տակ է տվյալ տարածքը (տե՛ս Drozd-ի և Janousek-ի գործը, մեջբերված է վերևում, Gentilhomme-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործը, թիվթիվ 48205/99, 48207/99 և 48209/99, 2002թ. մայիսի 14-ի վճիռ, ինչպես նաև՝ X-ը և Y-ն ընդդեմ Շվեյցարիայի, թիվթիվ 7289/75 և 7349/76, Հանձնաժողովի՝ 1977թ. հուլիսի 14-ի ընդունելիության վերաբերյալ որոշում, DR 9, էջ 57):
136. Բացի այդ, Դատարանի նախադեպային իրավունքը ցույց է տալիս, որ որոշ հանգամանքներում պետության գործակալի կողմից իր երկրի սահմաններից դուրս գտնվող տարածքում ուժի գործադրումը կարող է դրանով իսկ պետական իշխանության վերահսկողության տակ եղող անձին բերել այդ պետության իրավազորության ներքո՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով: Այս սկզբունքը կիրառվել է այն դեպքերում, երբ անձը, գտնվելով օտար պետության տարածքում, պետության գործակալների կողմից վերցվել է կալանքի տակ: Բացի այդ Դատարանի նախադեպային իրավունքը ցույց է տալիս, որ որոշ հանգամանքներում սեփական երկրի սահաններից դուրս պետության գործակալի կողմից ուժի գործադրմամբ ծագած պետության վերահսկողությունը կարող է այդ գործողության արդյունքում առաջ բերել Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով իրավազորություն: Օրինակ՝ Öcalan-ն ընդդեմ Թուրքիայի գործով [ՄՊ], թիվ 46221/99, § 91, ՄԻԵԴ 2005‑IV, Դատարանը սահմանել է, որ «Քենիայի պաշտոնյաների կողմից թուրքական պաշտոնյաներին անմիջապես հանձնվելուց հետո դիմումատուն փաստացի գտնվել է Թուրքիայի հսկողության ներքո, ուստի Կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով գտնվել է այդ պետության «իրավազորության» ներքո, թեև այս դեպքում Թուրքիան իր իշխանությունը փաստացի գործադրել է իր սահմաններից դուրս գտնվող տարածքում»: Issa-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով, թիվ 31821/96, 16 նոյեմբերի 2004թ., Դատարանը նշել է, որ եթե հաստատված լիներ, որ թուրք զինվորները դիմումատուի ազգականներին կալանքի տակ են վերցրել, ապա տարել են Իրաքի հյուսիսային հատված, որտեղ մոտակա քարանձավներից մեկում ենթարկել են մահապատժի, ապա կհամարվեր, որ մահացած անձինք եղել են թուրքական իրավազորության ներքո այն փաստի ուժով, համաձայն որի այդ զինվորները նրանց նկատմամբ ունեցել են փաստացի իշխանություն և վերահսկողություն: Al‑Saadoon-ը և Mufdhi-ին ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (որոշ.), թիվ 61498/08, §§ 86-89, 30 հունիսի 2009թ., Դատարանը սահմանել է, որ Իրաքի երկու քաղաքացիներ, ովքեր եղել են Իրաքում տեղակայված և բրիտանական ուժերի կողմից վերահսկվող ռազմագերիների ճամբարում, եղել են Միացյալ Թագավորության իրավազորության ներքո, քանի որ Միացյալ Թագավորությունը ճամբարների և այնտեղ անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ իրականացրել է լիարժեք և բացառիկ վերահսկողություն: Վերջապես, Medvedyev-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործով [ՄՊ], թիվ 3394/03, § 67, ՄԻԵԴ 2010-..., Դատարանը սահմանել է, որ դիմումատուները եղել են ֆրանսիական իրավազորության ներքո այն փաստի ուժով, որ ֆրանսիական գործակալները նավի և դրա անձնակազմի նկատմամբ ունեցել են լիարժեք և բացառիկ վերահսկողություն այն պահից սկսած, երբ վերջիններս նավը միջազգային ջրերում կալանքի տակ են առել: Դատարանը չի գտնում, որ վերոհիշյալ գործերում իրավազորությունը ծագել է անդամ պետությունների կողմից այն շինությունների, օդային և ծովային փոխադրամիջոցների նկատմամբ սոսկ վերահսկում իրականացնելու փաստով, որտեղ գտնվել են անձինք: Այսպիսի դեպքերում վճռորոշ է խնդրո առարկա անձի նկատմամբ ֆիզիկական ուժի և վերահսկողության գործադրումը:
137. Պարզ է, որ երբ պետությունն իր գործակալների միջոցով անձանց նկատմամբ իրականացնում է վերահսկողություն և իշխանություն, որի պարագայում ծագում է այդ պետության իրավազորության խնդիրը, ինչը նշանակում է, որ վերջինս 1-ին հոդվածի ներքո պարտավորվում է ապահովել այդ անձի՝ Կոնվենցիայի 1-ին բաժնի ներքո ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ տվյալ իրավիճակին համահունչ: Ուստի այս իմաստով կոնվենցիոն իրավունքները կարելի է պայմանականորեն «բաժանել և հարմարեցնել» (համեմատի՛ր Banković-ի գործի հետ, մեջբերված է վերևում, § 75):
(γ) Տարածքի արդյունավետ վերահսկողություն
138. 1-ին հոդվածի ներքո պետության իրավազորության՝ միայն սեփական սահմանների ներսում գործելու սկզբունքից մեկ այլ բացառություն է առաջանում այնպիսի դեպքերում, երբ օրինական կամ անօրինական ռազմական գործողությունների արդյունքում անդամ պետությունը իր ներպետական սահմաններից դուրս գտնվող որևէ տարածքի նկատմամբ հաստատում է արդյունավետ վերահսկողություն: Այդպիսի տարածքում վերահսկողության առկայության փաստի ուժով ծագում է պարտավորություն՝ ապահովել այդ տարածքում գտնվող անձանց Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները, լինի դա անմիջականորեն՝ անդամ պետության սեփական զինված ուժերի կողմից իրականացված, թե ոչ անմիջականորեն՝ ստորադաս տեղական կառավարման մարմինների միջոցով (Loizidou-ի գործը (նախնական առարկություններ), մեջբերված է վերևում, § 62, Cyprus-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 25781/94, § 76, ՄԻԵԴ 2001‑IV, Banković-ի գործը, մեջբերված է վերևում, § 70, Ilaşcu-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 314-316, Loizidou-ի գործը (գործի ըստ էության քննության հատվածը), մեջբերված է վերևում, § 52): Այն դեպքում, երբ հաստատվում է տարածքի նկատմամբ այդպիսի գերիշխանության փաստը, անհրաժեշտություն չկա որշելու, թե արդյոք անդամ պետությունը մանրակրկիտ վերահսկողություն ունեցել է ստորադաս տեղական կառավարության կողմից կիրառվող քաղաքականությունների և գործողությունների նկատմամբ, թե՝ ոչ: Այն փաստը, որ տեղական կառավարությունը շարունակում է գործել այն բանից հետո, երբ տեղի է ունեցել անդամ պետության կողմից ռազմական կամ այլ օժանդակություն, առաջացնում է վերջինիս պատասխանատվությունը իրականացվող քաղաքականության և գործողությունների համար: Վերահսկող պետությունն ունի 1-ին հոդվածի ներքո ծագող պարտավորություն՝ ապահովելու իր վերահսկողության տակ գտնվող տարածքում Կոնվենցիայով և իր կողմից վավերացրած լրացուցիչ արձանագրություններով սահմանված նյութական իրավունքների ամբողջությունը (Cyprus-ն ընդդեմ Թուրքիայի, մեջբերված է վերևում, §§ 76-77):
139. Փաստերի հաստատման խնդիր է որոշել, թե արդյոք անդամ պետությունը արդյունավետ վերահսկողություն ունեցել է իր սահմաններից դուրս որևէ տարածքի նկատմամբ, թե՝ ոչ: Արդյունավետ վերահսկողության գոյությունը որոշելիս Դատարանը գլխավորապես անդրադառնում է պետության՝ տվյալ տարածքում ռազմական ներկայության աստիճանով (տե՛ս Loizidou-ի գործը (գործի ըստ էության քննության հատվածը), մեջբերված է վերևում, §§ 16 և 56, Ilaşcu-ի գործը, մեջբերված է վերևում, § 387): Այլ ցուցիչներ ևս կարող են էական նշանակություն ունենալ, ինչպես օրինակ՝ տեղական ստորադաս կառավարությանը տրամադրվող ռազմական, տնտեսական և քաղաքական օժանդակության աստիճանը, որի շնորհիվ ապահովվում է դրա՝ տարածաշրջանի նկատմամբ ունեցած ազդեցությունը և վերահսկողությունը (տե՛ս Ilaşcu-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 388-394):
140. Վերևում սահմանված իրավազորության «արդյունավետ վերահսկողության» սկզբունքը չի փոխատեղում Կոնվենցիայի 56-րդ հոդվածի (նախկինում 63-րդ հոդվածը) ներքո ամրագրված հայտարարությունների համակարգը, որը Կոնվենցիան նախագծելիս պետությունների կողմից հաստատվել է իր սահմաններից դուրս գտնվող տարածքների նկատմամբ կիրառության համար այն դեպքերում, երբ պետությունը այդ տարածքի միջազգային հարաբերությունների համար պատասխանատվություն է ստանձնում: Կոնվենցիայի 56-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է մեխանիզմ, որով ցանկացած անդամ պետություն կարող է որոշում կայացնել Կոնվենցիայի կիրառության տարածման վերաբերյալ՝ «պատշաճորեն հաշվի առնելով տեղական պահանջները»: Այս մեխանիզմի գոյությունը, որը Կոնվենցիայի մեջ է ներառվել պատմական նկատառումներով, չի կարող մեկնաբանվել որպես 1-ին հոդվածի ներքո սահմանված «իրավազորություն» շրջանակի սահմանափակում: Այն իրավիճակները, որոնց դեպքում գործում է «արդյունավետ վերահսկում» սկզբունքը հստակ առանձնանում և տարբերվում են այն իրավիճակներից, երբ անդամ պետությունը, 56-րդ հոդվածի ներքո արված հայտարարությամբ չի տարածել Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների գործողությունը այն տարածքների նկատմամբ, որոնց միջազգային հարաբերությունների համար այն ստանձնել է պատասխանատվություն (տե՛ս Loizidou-ի գործը (նախնական առարկություններ), մեջբերված է վերևում, §§ 86-89 և Quark Fishing Ltd-ն ընդդեմ Միացյալ Թագավորության (որոշ.), թիվ 15305/06, ՄԻԵԴ 2006-...):
(δ) Կոնվենցիայի իրավական տարածք («espace juridique»)
141. Կոնվենցիան հանդիսանում է եվրոպական հասարակական կարգի պահպանման սահմանադրական գործիք (տե՛ս Loizidou-ն ընդդեմ Թուրքիայի (նախնական առարկություններ), մեջբերված է վերևում, § 75): Այն չի ղեկավարում անդամ չհանդիսացող պետությունների գործողությունները, այն նաև չի հանդիսանում այնպիսի միջոց, որով անդամ պետությունները պարտավորվում են կոնվենցիոն չափանիշները պարտադրել այլ պետություններին (տե՛ս Soering-ի գործը, մեջբերված է վերևում, § 86):
142. Դատարանն ընդգծել է, որ այն դեպքերում, երբ մեկ անդամ պետության տարածքը գրավվել է մեկ այլ անդամ հանդիսացող պետության զինված ուժերի կողմից, օկուպացնող պետությունը սկզբունքորեն պետք է Կոնվենցիայի ներքո պատասխանատվություն կրի գրավյալ տարածքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ այլ պարագայում այդ տարածքի բնակչությունը զրկված կլինի Կոնվենցիայի ներքո նրանց շնորհված իրավունքները և ազատությունները վայելելու հնարավորությունից, ինչն առաջ կբերի «Կոնվենցիայի իրավական տարածքում» պաշտպանության վակուում (տե՛ս Loizidou-ի գործը (ըստ էության քննության հատվածը), մեջբերված է վերևում, §78, Banković-ի գործը, մեջբերված է վերևում, § 80): Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերում օկուպացրած տերության իրավազորության հաստատման կարևորությունը a contrario չի նշանակում, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո սահմանված իրավազորությունը երբեք չի կարող գոյություն ունենալ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների սահմաններից դուրս: Դատարանն իր նախադեպային իրավունքում այդպիսի սահմանափակում չի նշել (ի թիվս այլոց, տե՛ս՝ Öcalan-ի, Issa, Al-Saadoon-ի և Mufdhi-ի, Medvedyev-ի գործերը, բոլորը մեջբերված են վերևում)»:
75. Վերևում մեջբերված Al-Skeini-ի գործով Դատարանը գտել է, որ դիմումատուի երկու ազգականները եղել են Միացյալ Թագավորության իրավազորության ներքո, քանի որ 2003թ. մայիսի 1-ից մինչև 2004թ. հունիսի 28-ը ընկած ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունը պատասխանատվություն է ստանձնել Իրաքի հարավ-արևելյան հատվածում անվտանգության պահպանման համար, իսկ դիմումատուի ազգականները սպանվել են Միացյալ Թագավորության կողմից ստանձնած իշխանության շրջանակներում անվտանգության նկատառումներով իրականացվող գործողությունների արդյունքում: Այս եզրակացության լույսի ներքո անհրաժեշտություն չկա որոշելու, թե արդյոք իրավազորություն ծագում է նաև այն հիմքով, որ տվյալ ժամանակահատվածում Միացյալ Թագավորությունը Իրաքի հարավ-արևելյան հատվածում արդյունավետ ռազմական վերահսկողություն էր իրականացնում: Սակայն, Al-Skeini-ի գործով իրադրության նկարագրության նպատակն էր նաև ցույց տալ, որ Միացյալ Թագավորությունը Իրաքի հարավ-արևելյան հատվածում հեռու էր արդյունավետ վերահսկողություն իրականացնելուց՝ անկախ այն հանգամանքից, որ վերջինս այն գրավել էր, ինչպես որ հաստատել էր նաև Al-Skeini-ի գործը քննած Վերաքննիչ դատարանը, որը ներպետական դատավարության ժամանակ գործը քննելիս լսել էր այս հարցի առնչությամբ հրավիրված վկաների ցուցմունքները (տե՛ս Al‑Skeini-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 20-23 և § 80): Տվյալ գործը վերաբերում է ավելի վաղ շրջանի՝ նախքան Միացյալ Թագավորության և դրա կոալիցիոն գործընկերոջ կողմից հայտարարություն արվեց այն մասին, որ հակամարտության ակտիվ ռազմական գործողությունների փուլն ավարտվել է, և որ կոալիցիան տարածքը վերցրել է իր տիրապետության ներքո, ինչպես նաև այն բանից առաջ, երբ Միացյալ Թագավորությունը պարտավորություն ստանձնեց ապահովելու Իրաքի հարավ-արևելյան հատվածի անվտանգությունը (տե՛ս Al-Skeini-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 10-11): Սակայն, ինչպես Al-Skeini-ի գործով էր, Դատարանը անհրաժեշտ չի համարել որոշելու, թե արդյոք Միացյալ Թագավորությունը համապատասխան ժամանակահատվածում արդյունավետորեն վերահսկում էր տարածքը, քանի որ Դատարանը գտնում է, որ Միացյալ Թագավորությունը Tarek Hassan-ի նկատմամբ ունեցել է իրավազորություն մեկ այլ հիմքով:
76. Բրիտանական զորքերի կողմից 2003թ. ապրիլի 23-ին գերեվարվելուց հետո մինչև այդ նույն օրվա ընթացքում ավելի ուշ «Camp Bucca» ճամբար հանձնվելը Tarek Hassan-ը եղել է Միացյալ Թագավորության փաստացի ֆիզիկական հսկողության և վերահսկողության ներքո, ուստի վերջինս գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության տակ՝ համաձայն վերևում բերված Al-Skeini-ի գործի 136-րդ պարբերությամբ սահմանված սկզբունքների: Կառավարությունն իր դիտարկումներում ընդունել է, որ այն դեպքերում, երբ պետության լիազոր ներկայացուցիչները պետության սահմաններից դուրս գործելիս որևէ անձի կալանքի տակ են վերցնում, սա հիմք է արտատարածքային իրավազորության համար, ինչը Դատարանի կողմից հաստատվել է: Սակայն, Կառավարությունը պնդելէ, որ իրավազորության այս հիմքը չպետք է կիրառվի միջազգային հակամարտության ակտիվ ռազմական գործողությունների փուլում, երբ անդամ պետության լիազոր ներկայացուցիչները գործում են այնպիսի տարածքում, որը նրանց տիրապետության տակ դեռևս չի գտնվում, և որի դեպքում պետության վարքագիծն ավելի շուտ պետք է ենթարկվի միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին:
77. Դատարանի համար այս փաստարկները համոզիչ չեն: Al-Skeini-ի գործը նույնպես վերաբերում էր այնպիսի ժամանակշրջանի, որի ժամանակ գործել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, այն է՝ երբ Միացյալ Թագավորությունը և նրա կոալիցիոն գործընկերը օկուպացրել էին Իրաքը: Այնուհանդերձ, այդ գործով Դատարանը գտել է, որ Միացյալ Թագավորությունը դիմումատուի հարազատների նկատմամբ ունեցել է Կոնվենցիայի 1-ին հոդվածի ներքո սահմանված իրավազորություն: Ավելին, Դատարանի կողմից ներկայացված փաստարկի ընդունումը կհակասեր Արդարադատության միջազգային դատարանի կողմից ձևավորած նախադեպային իրավունքին, որը սահմանել է, որ մարդու իրավունքների միջազգային իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը կարող են միաժամանակ կիրառվել (տե՛ս վերևում՝ 35-37-րդ պարբերությունները): Ինչպես որ Դատարանը բազմաթիվ առիթներով դիտարկել է՝ Կոնվենցիան չի կարող մեկնաբանվել մեկուսացման պայմաններում և պետք է հնարավորինս մեկնաբանվի միջազգային իրավունքի այլ կանոններին համահունչ, որի մասն էլ այն հանդիսանում է (տե՛ս, օրինակ՝ Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 35763/97, § 55, ՄԻԵԴ 2001‑XI): Սա հավասարապես վերաբերում է Կոնվենցիայի ինչպես 1-ին, այնպես էլ մնացած բոլոր հոդվածներին:
78. Tarek Hassan-ի «Camp Bucca» ճամբար մուտք գործելուց հետո ընկած ժամանակահատվածի առնչությամբ Կառավարությունն իրավազորությունը բացառելու այլընտրանքային հիմք է ներկայացնում, այն է՝ նրա ճամբար տեղափոխմամբ տեղի է ունեցել Միացյալ Թագավորության կողմից հանձնում Միացալ Նահանգներին: Սակայն, չնայած Կառավարության՝ Համագործակցության մասին հուշագրի պայմանների և Ժնևի 3-րդ կոնվենցիայի 12-րդ հոդվածի վրա հիմնված տեքստային փաստարկներին (տե՛ս վերևում՝ 16-րդ, 33-րդ և 72-րդ պարբերությունները), Դատարանն այն կարծիքին է, որ հաշվի առնելով «Camp Bucca» ճամբարում այդ ժամանակ եղած կարգավորումները, այդ ժամանակահատվածում Tarek Hassan-ը շարունակել է գտնվել Միացյալ Թագավորության զինված ուժերի իշխանության և վերահսկողության ներքո: Նա «Camp Bucca» ճամբար է մուտք գործել որպես Միացյալ Թագավորության ռազմագերի: Փոխադրվելուց կարճ ժամանակ անց նա տեղափոխվել է ճամբարի JFIT հատված, որն ամբողջությամբ հսկվում էր Միացյալ Թագավորության զինված ուժերի կողմից (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը): Համագործակցության մասին հուշագրի համաձայն, որով սահմանված էին ճամբարում անազատության մեջ պահվող անձանց առնչությամբ Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների տարաբնույթ պատասխանատվությունները, Միացյալ Թագավորությունը նաև պատասխատու էր ճամբարում պահվող կալանավորների դասակարգման համար՝ համաձայն Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների, ինչպես նաև՝ նրանց ազատ արձակման վերաբերյալ որոշում կայացնելու համար (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորության իշխանությունները Tarek Hassan-ին հարցաքննելուց հետո որոշել են, որ վերջինս հանդիսանում է անվտանգության համար սպառնալիք չներկայացնող քաղաքացիական անձ, որի արդյունքում հրաման է արձակվել վերջինիս՝ հնարավորության սահմաններում արագ ազատ արձակելու վերաբերյալ: Եվ թեև իրականությանն է համապատասխանում այն, որ Tarek Hassan-ի ազատազրկման հետ առնչվող որոշ գործառնական ասպեկտներ փոխանցվել են Միացյալ Նահանգներին, մասնավորապես՝ նրան դեպի JFIT-ի հատված և այնտեղից ուղեկցումը, ինչպես նաև ճամբարի ցանկացած այլ հատված նրա տեղաշարժի ժամանակ ուղեկցումը, սակայն Միացյալ Թագավորությունը պահպանում էր նրա ազատազրկման բոլոր ասպեկտների նկատմամբ իշխանությունը և հսկողությունը, ինչպես որ ներկայացված է դիմումատուի՝ 5-րդ հոդվածի ներքո բերված բողոքում:
79. Ի վերջո, Դատարանն անդրադառնում է Կառավարության այն փաստարկին, որ այն բանից հետո, երբ հաստատվել է, որ Tarek Hassan-ը անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում, և վերջինս տեղափոխվել է ճամբարի քաղաքացիական անձանց համար նախատեսված հատված, նա այլևս չի հանդիսացել կալանավոր, ուստի՝ գտնվել է Միացյալ Թագավորությունից իրավազորությունից դուրս: Դատարանի կարծիքով, սակայն, ներկայացված փաստերից պարզորոշ երևում է, որ Tarek Hassan-ը շարունակել է գտնվել Միացյալ Թագավորության զինված ռազմական անձնակազմի կողմից հսկվող անազատության մեջ և վերջիններիս իշխանության ներքո մինչև այն պահը, երբ վերջինս լքել է իրեն ճամբարից դուրս տեղափոխած ավտոբուսը:
80. Հիմնվելով վերահոշյալի վրա՝ Դատարանը եզրակացնում է, որ Tarek Hassan-ը գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո այն պահից սկսած, երբ 2003թ. ապրիլի 23-ին Umm Qasr-ում գերեվարվել է Միացյալ Թագավորության զորքերի կողմից, մինչև իր այն պահը, երբ վերջինս իջել է իրեն «Camp Bucca» ճամբարից դեպի բացթոնման վայր տեղափոխած ավտոբուսից ազատ արձակվելը, որն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել 2003թ. մայիսի 2-ին Umm Qasr-ում (տե՛ս վերևում՝ 55-րդ պարբերությունը):
Բ. Բողոքների ըստ էության քննությունը 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի ներքո
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուն
81. Դիմումատուն չի համաձայնել, որ Tarek Hassan-ի ձերբակալությունը և ազատազրկումը տեղի է ունեցել միջազգային զինված համակամարտության ակտիվ ռազմական գործողությունների փուլում, քանի որ կոալիցիոն զորքերը 2003թ. ապրիլի 9-ին գրավել են Բաղդադը և տապալել Ba’ath կուսակցության իշխանությունը: Սակայն, եթե նույնիսկ Tarek Hassan-ի ձերբակալությունը և ազատազրկումը տեղի է ունեցել միջազգային զինված համակամարտության ակտիվ ռազմական գործողությունների փուլում, ապա այս փաստն ինքնին չի բացառում Կոնվենցիայի կիրառելիությունը: Կոնվենցիայի 15-րդ հոդվածը առանձին իրավասություն է սահմանում, որի ներքո խիստ ծայրահեղ իրավիճակներում՝ «պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ», թույլատրելի է այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնց ներքո հնարավոր է Կոնվոնցիայի դրույթներից շեղում: Տվյալ իրավիճակում Կոնվենցիայի դրույթներից շեղվելու խիստ անհրաժեշտություն չի եղել, խոսք չի կարող լինել նաև կոնվենցիոն իրավունքների ենթադրյալ փոխարինման մասին: Այս առումով, կարևոր է վերհիշել այն պատմական համատեքստը, որի պայմաններում Կոնվենցիան նախագծվել է, այն է՝ համաշխարհային հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը: Պատերազմի հիշողությունները դեռևս թարմ էին և Կոնվենցիան նախագծողները սկսել են մտորել այն հարցի շուրջ, թե արդյոք Կոնվենցիայով ամրագրված հիմնարար իրավունքները կարող են այլ կերպ կիրառելի լինել պատերազմի ժամանակ, և որոշեցին, որ դրանք կարող են այլ կերպ կիրառվել միայն՝ (1) երբ անհրաժեշտ է հասցեագրել ծայրահեղ ծանր իրավիճակներ կամ հանրային արտակարգ դրություն, (2) պայմանով, որ այդպիսի միջոցառումներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքով ստանձնած պետության մյուս պարտավորությունների հետ, (3) պայմանով, որ պետությունն այդ միջոցառումներն իրականացնելիս գործի իր պաշտոնական լիազորությունների շրջանակներում և թափանցիկ: Այս մտորումների արդյունքում մշակվեց 15-րդ հոդվածը: Եթե Կոնվենցիան նախագծողները ցանկություն ունենային սահմանելու այնպիսի ռեժիմ, որի ներքո մարդու իրավունքները ինքնաբերաբար դուրս պետք է մղվեին կամ վերաձևակերպվեին միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, ապա նրանք հենց այդպես էլ կանեին:
82. Դիմումատուն չի համաձայնել, որ Բարձր պայմանավորվող կողմերի կողմից պետության գործելակերպի վերաբերյալ որևէ ապացույց երբևէ ներկայացված է եղել առ այն, որ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ Կոնվենցիան չպետք է կիրառելի լինի հաստատված կամ կասկածվող մարտիկներին կալանքի տակ պահելու ժամանակ: Եթե նույնիսկ եղել են արձանագրված այդպիսի դեպքեր, ապա այդ կապակցությամբ opinio juris գոյության մասին վկայող ապացույցներ չկան: Ավելին, նույնիսկ այդ երկու հանգամանքի առկայության պայմաններում, 19-րդ հոդվածի ներքո Դատարանը կոչված է ապահովելու Կոնվենցիայով ամրագրված իրավունքների իրականացումը և այն չկիրառելու միայն այնպիսի դեպքերում, երբ պետությունները դա անում են ըստ սովորության: Կառավարության դիրքորոշմանը չի սատարում նաև Դատարանի նախադեպային իրավունքը, օրինակ՝ Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 185, ՄԻԵԴ 2009: Varnav-ի գործով Դատարանը գտել է, որ համապատասխան միջազգային մարդասիրական կանոնները ավելի են ընդլայնում պետությունների՝ 2-րդ հոդվածի ներքո ստանձնած պարտավորությունները. այն ամենևին չի սատարում այն պնդմանը, համաձայն որի պատերազմների ժամանակ մարդու հիմնարար իրավունքները ինքնաբերաբար վերանում են: «Հնարավորության սահմաններում միջազգային իրավունքի սկզբունքների լույսի ներքո մեկնաբանում» հայեցակարգին ներհատուկ է այն, որ ճանաչվում է դրա տարատեսակ հնարավոր իմաստների գոյությունը, և որ առաջարկվող որոշ մեկնաբանություններ կարող են այդ սահմաններից դուրս լինել: Կառավարության կողմից առաջարկվող «տարհանման» փաստարկը հիմնականում այն էր, որ կոնվենցիոն իրավունքները պետք է ընթերցվեն այնպես, ասես դրանք ներառում են ընդարձակ «պատերազմական» բացառություն, որն, ըստ էության, դրանց մեջ չկար: Այսպիսի մոտեցումը Varnava-ի գործը չէր հաստատում: Ի վերջո, դիմումատուն նշել է, որ դժվար էր հասկանալ, թե ինչու էր Կառավարությունը փորձում հենվել Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Պաղեստինյան գրավյալ տարածքում պատի կառուցման իրավական հետևանքների մասին» գործով ընդունված խորհրդատվական եզրակացության վրա, քանի որ այդ եզրակացությունում Արդարադատության միջազգային դատարանը հստակորեն նշել է, որ շեղումը մարդու իրավունքների միջազգային իրավունքի դրույթները փոխարինելու միակ միջոցն է (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը):
83. Դատարանը բազմիցս Կոնվենցիան կիրառել է զինված հակամարտություններին վերաբերող իրավիճակների դեպքում և սկզբունքորեն ճանաչել է դրա անփոխարինելիությունը (դիմումատուն հղում է կատարել հետևյալ գործերին՝ Ahmet Özkan-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 21689/93, §§ 85 և 319, 6 ապրիլի 2004թ., Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 191, ՄԻԵԴ 2009, Al-Jedda-ի գործը, մեջբերված է վերևում, § 105, Al-Skeini-ի գործը, մեջբերված է վերևում, §§ 164-167): Ավելին, այս մոտեցումը հաստատվում էր Արդարադատության միջազգային դատարանի կողմից «Պաղեստինյան գրավյալ տարածքում պատի կառուցման իրավական հետևանքների մասին» գործով ընդունված խորհրդատվական եզրակացությամբ, § 106 (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը): Դիմումատուի ներկայացմամբ Արդարադատության միջազգային դատարանն իր կողմից արտահայտած այս կարծիքում ընդունել է, որ կարող են լինել այնպիսի իրավունքներ, որոնք ընկնում եմ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, սակայն դրանց նկատմամբ մարդու իրավունքներին վերաբերող կոնվենցիաները չեն տարածվում: Դիմումատուի կարծիքով այս դիրքորոշումը նշանակում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները կարող են ազդեցություն ունենալ Կոնվենցիայի դրույթները մեկնաբանելու ժամանակ: Օրինակ՝ դրանք կարող են էական լինել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է որոշել, թե, ելնելով դրության լրջությունից, ինչպիսի գործողությունների կիրառությունն է ծայրահեղ անհրաժեշտ 2-րդ հոդվածով սահմանված իրավունքի ապահովումից շեղվելու համար: 5-րդ հոդվածի համատեքստում սա կարող է համապատասխան դեպքերում հուշել 5-րդ հոդվածի 1-ին կետի (գ) կետի ներքո «իրավասու օրինական մարմին» և «իրավախախտում» եզրույթների շրջանակներում Դատարանի մեկնաբանության անհրաժեշտության մասին: Սակայն, այն պնդումը, որ այնպիսի իրավիճակներում, երբ գործում են ժնևի կոնվենցիաները, 5-րդ հոդվածը փոխարինվում է, սխալ է: Կոնվենցիան մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության նպատակներով ստեղծված դաշնագիր է: Դրա դրույթները չպետք է աղավաղվեն, առավել ևս՝ ընդհանրապես արհամարհվեն այն պետությունների կյանքը հեշտացնելու նպատակով, որոնք ձախողում են Կոնվենցիայով սահմանված մեխանիզմները, որոնք հուշում են, թե ինչպես պետք է Կոնվենցիայի դրույթները կիրառվեն արտակարգ պատերազմական իրավիճակներում:
84. Դիմումատուն նաև առարկել է, որ ցանկացած պարագայում Կառավարությունը չի նշել այնպիսի իրավիճակ, որի դեպքում Միացյալ Թագավորության զինված ուժերը, ժնևի կոնվենցիաների ներքո գործելիս, ստիպված պետք է լինեն գործել 5-րդ հոդվածի դրույթներին հակառակ: Իրաքյան պատերազմը չէր հանդիսանում միջազգային զինված հակամարտություն այն բանից հետո, երբ տապալվեց Սադամ Հուսեյնի իշխանությունը և կոալիցիոն զինված ուժերը գրավեցին տարածքը: Ոչ միջազգային զինված հակամարտությունների դեպքում դաշնագրային իրավունքի ավելի քիչ դրույթներ են կիրառելի, քան միջազգային զինված հակամարտության դեպքում: Միջազգային մարդասիրական իրավունքը սահմանում է զինված հակամարտությունների ժամանակ պետություններին ներկայացվող նվազագույն պահանջները, սակայն այն իրավասություններ չի սահմանում: Իրականում Կառավարության կողմից ներկայացված այն փաստարկը, համաձայն որի Կոնվենցիան այս դեպքում անհրաժեշտ է փոխատեղել, իրականում պարզապես փորձ էր կրկին անգամ վիճարկելու 1-ին հոդվածի ներքո սահմանված իրավազորությունը, որի վերաբերյալ Դատարանն իր կարծիքն արտահայտել է Al‑Skeini-ի գործով (մեջբերված է վերևում): Եթե Կառավարության այդ փաստարկը ճիշտ լիներ, ապա դրա արդյունքում ցանկացած խախտման պատճառով տուժած անձինք բոլորովին զրկված կլինեին իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, քանի որ Ժնևի 4-րդ և 5-րդ կոնվենցիաները անհատների դեպքում կիրառելի չեն: Անձանց իրավունքների այսպիսի սահմանափակումը, կապված վերջիններիս նկատմամբ օտարերկրյա զինված ուժերի կողմից դրսևորած վերաբերմունքի հետ, անսկզբունքայնություն է և սխալ:
85. Ի վերջո, նույնիսկ եթե Դատարանը որոշեր, որ 5-րդ հոդվածը պետք է ընթերցվի Ժնևի 4-րդ և 5-րդ կոնվենցիաների լույսի ներքո, Tarek Hassan-ը ձերբակալվել և կալանքի տակ է պահվել դիմումատուին հանձնվել ստիպելու նպատակով: Կալանքի տակ պահելը կամայականության դրսևորում է, այն չի կարող ընկնել 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված օրինական կատեգորիաներից և ոչ մեկի ներքո, այն նույնիսկ անթույլատրելի է միջազգային մադասիրական իրավունքի ներքո:
(բ) Կառավարությունը
86. Կառավարությունը ներկայացրել է, որ Կոնվենցիան նախագծողները նպատակ չեն ունեցել միջազգային զինված հակամարտությունների ակտիվ ռազմական գործողությունների փուլում հնարավորություն ընձեռել օգտվելու Կոնվենցիայի պաշտպանությունից արտատարածքային գործողությունների հետևանքով ենթադրյալ տուժած անձանց, ինչպիսին օրինակ` ժնևի կոնվենցիաների պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիներն են, ովքեր, այնուամենայնիվ, կարող են ցանկություն ունենալ վիճարկելու իրենց նկատմամբ տեղի ունեցած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումը: Կոնվենցիայի ներսում կամ դրա travaux préparatoires-ի մեջ չկա այնպիսի դրույթ, որից կարելի է եզրակացություն անել, կամ, նույնիսկ 1949թ. ժնևի կոնվենցիաների կամ դրանց travaux préparatoires-ի մեջ այնպիսի արտահայտություն, որից կարելի էր ենթադրել, որ Կոնվենցիան նախագծողները մտադրություն են ունեցել սահմանելու, թե որը պետք է լինի կիրառելի իրավական ռեժիմը: Ավելին, այդպիսի նպատակը ակտիվ զինված հակամարտությունների փուլում գործնականում կլիներ անհամատեղելի, այդ թվում նաև՝ այս խնդրի շուրջ Կոնվենցիայի հիմքով զարգացող նման դատական պրակտիկայի պայմաններում:
87. Կառավարությունը գլխավորապես վիճարկում էր, որ խնդրո առարկա իրադարձությունները տեղի են ունեցել Միացյալ Թագավորության իրավազորությունից դուրս գտնվող տարածքում: Որպես այլընտրանք վերջինս նշել է, որ եթե Դատարանը գտնի, որ Միացյալ Թագավորությունը Tarek Hassan-ի կալանավորման ընթացքում վերջինիս նկատմամբ ունեցել է իրավազորություն, ապա այն պետք է 5-րդ հոդվածը կիրառի միջազգային իրավունքի համաձայն և դրան համահունչ: Այնպիսի դեպքերում, երբ Կոնվենցիայի դրույթները անհրաժեշտ է կիրառել միջազգային զինված հակամարտության համատեքստում, մասնավորապես, այդպիսի հակամարտության ակտիվ փուլում, այդպիսի դեպքերում անհրաժեշտ է հաշվի առնել միջազգային մարդասիրական իրավունքը, որը կիրառելի է որպես lex specialis իրավունք և կարող է օգտարգործման ժամանակ պահանջել Կոնվենցիայի դրույթների հարմարեցում կամ նույնիսկ փոխարինում: Այսպես, Cyprus-ն ընդդեմ Թուրքիայի գործով, թիվ թիվ 6780/74 և 6950/75, Հանձնաժողովն իր 1976թ. հունիսի 10-ի զեկույցի 1-ին հատորում անհրաժեշտ չհամարեց անդրադառնալ 5-րդ հոդվածի խախտման հարցին այն դեպքում, երբ տվալ գործով անձինք գտնվում էին ազատազրկման մեջ և Ժնևի 3-րդ կոնվենցիայի համատեքստում հանդիսանում էին ռազմագերի: Ավելին, Միջազգային արդարադատության դատարանի հետևողական մոտեցումն այն էր, որ միջազգային մարդասիրական իրավունքը միջազգային զինված հակամարտությունների համատեքստում կիրառվում է որպես lex specialis իրավունք այնպիսի հանգամանքներում, երբ մարդու իրավունքների դաշնագիրը նույնպես գործում է: Այս տեսակետին սատարում են Միջազգային իրավունքի հանձնաժողովի հետազոտական խմբի անդամներն՝ իրենց «Միջազգային իրավունքի մասնատվածությունը» խորագրով զեկույցում (տե՛ս վերևում՝ 38-րդ պարբերությունը), ինչպես նաև մի շարք ակադեմիական հեղինակներ, ինչպես օրինակ՝ Fleck-ն՝ իր «Միջազգային մարդասիրական իրավունքի ձեռնարկ» աշխատությունում և Gill-ը և Fleck-ն՝ իրենց «Ռազմական գործողությունների ժամանակ միջազգային իրավունքի ձեռնարկում»:
88. Կառավարությունը վիճարկել է, որ ազատության իրավունքը, ամրագրված Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո, պետք է դիտարկվի զինված հակամարտության ժամանակ հաստատված կամ կասկածելի մարտիկներին գերեվարելու և անազատության մեջ պահելու հիմնարար կարևորության համատեքստում: Չի կարող լինել այնպես և իրականում այդպես էլ չէ, որ անդամ պետությունը այն դեպքում, երբ վերջինիս զինված ուժերը ներգրավված են երկրի սահմաններից դուրս որևէ զինված հակամարտության ակտիվ մարտական գործողություններում, 5-րդ հոդվածի ներքո ամրագրված դատավարական երաշխիքներ ապահովի թշնամու մարտիկների համար, ում որպես ռազմագերի է վերցրել կամ վերջիններիս կասկածում է թշնամու մարտիկ լինելու մեջ, որի պարագայում նրանց վերցնում է կալանքի տակ՝ հետագայում պարզելու համար, թե արդյոք նրանց պետք է տրվի այդ կարգավիճակը: Բացի այդ, սույն գործի վերաբերելիության շրջանակներում միևնույն սկզբունքը անհրաժեշտ է կիրառել նաև քաղաքացիական անձանց կալանքի տակ պահելու դեպքերում, այն դեպքում, երբ դա, ելնելով անվտանգության նկատառումներից, «խիստ անհրաժեշտ» է՝ համաձայն Ժնևի 4-րդ կոնվենցիայի 42-րդ հոդվածի դրույթների (տե՛ս վերևում՝ 33-րդ պարբերությունը): Սույն գործով, քանի որ Tarek Hassan-ը գերեվարվել էր և ի սկզբանե կալանքի տակ էր պահվել մարտիկ լինելու մեջ կասկածվելու պատճառով, 5-րդ հոդվածը պետք է փոխատեղվի միջազգային մարդասիրական իրավունքով՝ որպես lex specialis իրավունք, կամ այնպես փոփոխվի, որ թույլատրվի իրական մարտիկներին կամ մարտիկ լինելու մեջ կասկածվող անձանց գերեվարել կամ կալանքի տակ պահել` համաձայն Ժնևի 3-րդ և/կամ 4-րդ կոնվենցիաների, այնպես որ Միացյալ Թագավորության կողմից Tarek Hassan-ին գերեվարելը և անազատության մեջ պահելը չհամարվի խախտում:
89. Որպես այլընտրանք, եթե Դատարանը գտնի, որ 5-րդ հոդվածը կիրառելի է և զինված հակամարտությունների ժամանակ չի փոխատեղվում կամ փոփոխվում, ըստ Կառավարության, կալանքի վերաբերյալ 5-րդ հոդվածի 1-ին կետն այնպես պետք է մեկնաբանվի, որ այն հաշվի առնի lex specialis իրավունքը, այն է՝ միջազգային մարդասիրական իրավունքը, և լինի դրա հետ համատեղելի: Ժնևի 3-րդ կոնվենցիայի ներքո ռազմագերիներ վերցնելը և 4-րդ կոնվենցիայի ներքո քաղաքացիական անձանց անազատության մեջ պահելը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն պետք է համարվի կալանքի իրավաչափ կատեգորիա, ամենայն հավանականությամբ այն կընկնի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի ներքո: Այս առանձնահատուկ համատեքստում, տվյալ դրույթում ներառված «խախտում» եզրույթը կարող էր արդարացիորեն այնպես մեկնաբանվել, որ ներառեր թշնամու կողմից որպես մարտիկ հանդիսանալու և/կամ Ժնևի 4-րդ կոնվենցիայի 42-րդ հոդվածի ներքո սահմանված գերության մեջ պահող պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու միջոցով մասնակցությունը: Այդ պարագայում, 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով քննության ենթակա հիմնական հարցը կլիներ այն, թե արդյոք Tarek Hassa-ի ազատազրկումը միջազգային զինված հակամարտության շրջանակներում «իրավաչափ ազատազրկում» էր: Կառավարությունն իր կողմից նշել է, որ այն ակնհայտորեն իրավաչափ էր: Tarek Hassan-ը հայտնաբերվել էր բրիտանական զինված ուժերի կողմից՝ զինված ԱԿ-47 տեսակի ինքնաձիգով, Al-Quds բանակի մի գեներալի պատկանող տան տանիքին, որտեղ հայտնաբերվել էր նաև այլ հրազեն, ինպես նաև հետախուզական արժեք ներկայացնող այլ նյութեր: Նրան գերեվարել են որպես մարտիկ լինելու մեջ կասածվող անձի, և բրիտանական զինված ուժերը լիովին իրավունք ունեին միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն վերջինիս գերեվարելու և կալանքի տակ պահելու մինչև այն պահը, երբ նրա կարգավիճակը վերջնականապես կպարզվեր:
90. Կառավարությունն ընդունել է, որ նման գործերի դեպքում դժվարություններ կարող են ծագել: Այսպիսի գործղություններում ներգրավածություն ունեցած մյուս բոլոր անդամ պետությունների հետ գործելակերպին համահունչ` Միացյալ Թագավորությունը չի շեղվել կոնվենցիոն դրույթներից, այդպես վարվելու կարիք չի էլ եղել, քանի որ այդպիսի դեպքերում Կոնվենցիայի դրույթները կարող էին և հարմարեցվում էին իրավիճակին՝ հաշվի առնելով lex specialis, այն է՝ միջազգային մարդասիրական իրավունքը: 15-րդ հոդվածի ընդգրկումը Կոնվենցիայի մեջ բոլորովին չի նշանակում, որ պատերազմի կամ հանրային արտակարգ իրավիճակների ժամանակ, երբ ազգի կյանքի համար կա սպառնալիք, Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունները բոլոր ժամանակներում պետք է մեկնաբանվեն ճիշտ միևնույն կերպ: Ցանկացած փաստարկ առ այն, որ քանի դեռ 15-րդ հոդվածից հրաժարում տեղի չի ունեցել, 5-րդ հոդվածը կիրառելի է՝ անկախ համատեքստից և միջազգային մարդասիրական իրավունքի մանրամասն կանոններից, որոնցով կարգավորվում է մարտիկ լինելու մեջ կասկածվող անձանց կալանքը, ինչը կարող է սպառնալ մարտիկներին կամ քաղաքացիական անձանց համար գոյություն ունեցող պաշտպանության նվազեցմամբ (որի արդյունքում մտահոգություն ունեցող երկրները կսկսեն, միմյանց հաջորդելով, հայտարարել Կոնվենցիայի դրույթներից իրենց հրաժարման մասին): Սա նաև անհամատեղելի կլինի միջազգային զինված հակամարտությունների ժամանակ մարտիկների կամ մարտիկ լինելու մեջ կասկածվող անձանց կալանքի տակ պահելու՝ պետությունների կողմից ընդունված համընդհանուր գործելակերպի հետ, ինչպես նաև Դատարանի և Արդարադատության միջազգային դատարանի դատական պրակտիկայի հետ, որոնք պարզորոշ սահմանել են, որ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառությունը որպես lex specialis իրավունք համընդհանուր սկզբունք է և կախված չէ այն հանգամանքից, թե արդյոք մարդու իրավունքերի գործող որևէ դաշնագրի կանոններից հրաժարում եղել է, թե՝ ոչ:
(գ) Երրորդ կողմը
91. Սույն գործով երրորդ կողմը՝ Essex-ի համալսարանի Մարդու իրավունքների կենտրոնը, իր ներկայացրած փաստարկներում ընդգծել է, որ ինչպես որ Դատարանը հաստատել է իր նախադեպային իրավունքում, Կոնվենցիան պետք է մեկնաբանվի միջազգային հանրային իրավունքի մնացած բոլոր կանոնների հետ համահունչ, որի մաս է այն հանդիսանում: Այսպիսի սկզբունքի կիրառությունը ցանկալի և անհրաժեշտ է խուսափելու համար անհամատեղելի իրավական պարտավորություններից և հակասական արդյունքներից: Սա հատկապես կարևոր է՝ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ կիրառվող կալանքի ռեժիմի հետ կապված, քանի որ այդ ռեժիմը նախագծվել է մասնավորապես հենց խնդրո առարկա իրավիճակների համար, և քանի որ Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաները համընդհանուր վավերացում ունեն: Al-Jedda-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Դատարանի վճռում [ՄՊ], թիվ 27021/08, § 107, ՄԻԵԴ 2011, մի նախադասություն կա, որը կարող է մեկնաբանվել այնպես, որ Դատարանը միջազգային մարդասիրական իրավունքը հաշվի է առնում միայն այն մասով, որով վերջինս պարտավորություն է սահմանում, այլ ոչ թե այն մասով, որով այն վարքագծի կանոններ է հաստատում, մասնավորապես այսպես է ասված. «... Դատարանը հաստատված չի համարում, որ միջազգային մարդասիրական իրավունքը օկուպացնող տերության համար պարտավորություն է սահմանում կիրառելու առանց դատական քննության անորոշ ժամանակով ներկալում: Այնուամենայնիվ, երրորդ կողմի կարծիքով վճռի համատեքստում Դատարանը կարծես թե միջազգային մարդասիրական իրավունքը չի դիտարկում մեկուսացման մեջ, այլ որպես հնարավոր կանոնների աղբյուր, որը կարող է փոխանցվել Անվտանգության խորհրդի բանաձևին: Միացյալ Թագավորության Կառավարությունը կարող էր միջազգային մարդասիրական իրավունքը ներկայացնել որպես կալանքի համար առանձին հիմք, սակայն, փոխարենը, վերջինս նախընտրել է հիմնվել բացառապես Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Al-Jedda-ի գործով մեջբերված նախադասությունը ամենևին չի նշանակում, որ Դատարանը միջազգային մարդասիրական իրավունքը հաշվի է առնում միայն այն մասով, որով վերջինս պետությունների համար պարտավորություններ է սահմանում:
92. Երրորդ կողմը մատնացույց է արել, որ ինչպես և միջազգային իրավունքի շատ ուրիշ ոլորտներում, որոնք զարգացել են որպես գործունեության առանձին ոլորտներ, զինված հակամարտությունները կարգավորող իրավունքը և միջազգային մարդասիրական իրավունքը (այսուհետ՝ «միջազգային մարդասիրական իրավունք») զարգացրել են իրենց ներքին փոխկապակցվածությունը և տրամաբանությունը: Սրա հիմքում ընկած հիմնական ենթադրությունն այն է, որ այս իրավունքը ռազմական անհրաժեշտության և մարդասիրական նկատառումների միջև հավասարակշռում է ներկայացնում: Սա նշանակում է, որ ռազմական անհրաժեշտության վկայակոչում դաշնագրի կանոններից դուրս չի կարող լինել, որն ինքնին հաշվի առնում է ռազմական դրության լրջությունը: Այս իրավունքի հիմքում ընկած երկրորդ սկբունքն այն է, որ իրավունքի այս ճյուղը հիմնված է ոչ թե իրավունքների, այլ հակամարտության կողմերի պարտավորությոնների վրա: Երրորդ, անձի նկատմամբ կիրառելի կանոնը կախված է այն բանից, թե խմբում վերջինս ինչ կարգավիճակ ունի, օրինակ՝ մարտիկ է, թե՞ քաղաքացիական անձ: Չորրորդ, թեև հաճախ հղում է կատարվում միջազգային մարդասիրական իրավունքի «սկզբունքներին», հարկ է նշել, որ այդ սկզբունքներն ինքնին իրավական կանոններ չեն, կանոնները տեղ են գտել դաշնագրային դրույթներում, որոնք հենց այդ սկզբունքների արտահայտումն են՝ իրավաբանորեն պարտադիր ձևի մեջ: Այդ իսկ պատճառով, պարզ է, որ միջազգային մարդասիրական իրավունքի ներքին փոխկապակցվածությունը էականորեն տարբերվում է մարդու իրավունքներին վերաբերող իրավունքի ներքին փոխկապակցվածությունից:
93. Միջազգային իրավունքի տարբեր ճյուղերի միջև, ինչպես օրինակ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների միջազգային իրավունքի միջև եղած փոխադարձ կապի խնդիրը միակ վիճահարույց խնդիրը չէ, սակայն հարկ է նշել, որ այն ամենից շատ է ուշադրություն գրավել: Մարդու իրավունքների շուրջ որոշ միջազգային դաշնագրերի ներքո հստակորեն սահմանված պայմանների շնորհիվ դրանք կիրառելի են «պատերազմի կամ հանրային արտակարգ իրավիճակի» ժամանակ, մինդեռ միջազգային զինված հակամարտությունները կարգավորող կանոնները կիրառելի են այն ժամանակ, երբ երկու կամ ավելի պետությունների միջև ընթանում է զինված հակամարտություն, այդ թվում՝ այն դեպքերում, երբ պետություններից մեկը գրավում է մյուսի տարածքի մի հատվածը կամ ամբողջ տարածքը: Սա նշանակում է, որ մարդու իրավունքների որոշ պայմանագրեր մնում են կիրառելի, գուցե որոշ փոփոխություններով, այնպիսի իրավիճակներում, երբ զինված համակարտությունների իրավունքը ևս կիրառելի է: Արդարադատության միջազգային դատարանը իրավունքների ճյուղերի այս կապի վերաբերյալ երեք առիթներով արտահայտվել է (տե՛ս վերևում՝ 35-37-րդ պարբերությունները): Այս նախադեպային իրավունքում, անշուշտ, հստակորեն ուրվագծվեցին որոշ տարրեր: Առաջին, միջազգային մարդասիրական իրավունքի կիրառությամբ այն չի փոխարինվում մարդու իրավունքների պաշտպանության համակարգով: Սրա հիմքում այն եզրակացությունն է, համաձայն որի մարդու իրավունքները կիրառելի են ցանկացած հանգամանքների դեպքում: Երկրորդ, այն դեպքերում, երբ կիրառվում է միջազգային մարդասիրական իրավունքը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կիրառության երկու տարբերակ կա: Կա՛մ մարդու իրավունքները պետք է կիրառվեն միջազգային մարդասիրական իրավունքի պրիզմայի միջոցով, կա՛մ միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքների միջազգային իրավունքը միասին համադրությամբ: Սա կանոների երկու խմբերի կարգավորման ներքո եղած որոշ խնդիրների մեկնաբանության միակ ձևն է, մինչդեռ այլ խնդիրներ կարգավորվում են միջազգային մարդասիրական իրավունքով: Lex specialis իրավունքին անդրադառնալն անօգուտ է, ինչն էլ, թերևս, կարող է լինել այն բացատրությունը, թե ինչու Կոնգոյի վճռում Արդարադատության միջազգային դատարանը դրան չի անդրադառնում (տե՛ս վերևում՝ 37-րդ պարբերությունը): Այս եզրույթի գործածությունը ծառայել է այս հարցի շուրջ բանավեճի ավելի անորոշ դառնալուն, քան թե պարզեցրել է այն:
94. Արդարադատության միջազգային դատարանը ակնհայտորեն հակասական ուղղորդում է տվել նախքան միջազգային մարդասիրական իրավունքի վրա հենվելը պետության կողմից որևէ կանոնից հրաժարում հայտարարելու անհրաժեշտության կապակցությամբ: Եթե միջազգային մարդասիրական իրավունքը կիրառելու հիմքն, ընդհանրապես, այն է, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները պետք է հաշվի առնեն միջազգային իրավունքի այլ ճյուղերը ևս, կարելի է կարծել, որ սա մատնացույց է անում դրա կիրառությանը՝ արդյոք պետությունը հրաժարվել է որևէ կանոն կիրառելուց և արդյոք վկայակոչել է միջազգային մարդասիրական իրավունքի կիրառումը: Մյուս կողմից, այն դեպքերում, երբ պետությունը նշվածից ոչ մեկն էլ չի կատարել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը կարող է, ըստ ցանկության, անդրադառնալ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառելիությանը, եթե իհարկե չի նշվում, որ պետությունը նախընտրում է, որ գործը քննվի խաղաղ պայմաններում կիրառվող մարդու իրավունքների ավելի բարձր չափանիշների ներքո, թեև այդպիսի մոտեցումը կարող է իրականությունից կտրվելու ռիսկ ունենալ: Այն դեպքերում, երբ պետությունը կանոնից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն չի արել, այլ հենվել է միջազգային մարդասիրական իրավունքի վրա, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը պետք է որոշի՝ հաշվի առնել միջազգային մարդասիրական իրավունքը, թե՞ պնդել, որ մարդու իրավունքերի միջազգային իրավունքի կանոններից շեղվելու միակ ճանապարհը դրա վերաբերյալ հայտարարություն անելն էր:
95. Ինչ վերաբերում է երկու ռեժիմների փոխազդեցությանը, կիրառելի ոչ մի կանոն չի կարող վկայակոչվել: Ցանկացած իրավիճակում, ամենայն հավանականությամբ, կպահանջվեն իրավունքի երկու ճյուղերի տարրերի համակցված կիրառություն, սակայն հավասարակշռումը և փոխներգործությունը տարբեր կարող են լինել: Համապատասխանաբար, կարող են այնպիսի իրավիճակներ լինել, ինչպես օրինակ՝ ռազմագերիներին կալանքի տակ պահելու դեպքում, երբ չափանիշների համադրությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ միջազգային մարդասիրական իրավունքի կիրառությունն ավելի ծանրակշիռ դեր կարող է խաղալ, և մարդու իրավունքների այնպիսի խախտումների որոշումը, ինչպիսին ազատազրկման հիմքերն ու դրա վերանայումն է, կարող է հիմնված լինել միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան կանոնների վրա: Սակայն, նույնիսկ այսպիսի համատեքստում մարդու իրավունքների միջազգային իրավունքը չի կարող բացարձակապես նույնությամբ համընկնել միջազգային մարդասիրական իրավունքի հետ: Օրինակ՝ եթե կան վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումներ, մարդու իրավունքները ևս կարող են օժանդակել որոշելու համար այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝ այն գործողությունների մանրամասները, որոնք հանգեցրել են խախտման: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների տեսանկյունից ավելի շահեկան կլիներ առաջին հերթին օգտագործել մարդու իրավունքերի պաշտպանության մեխանիզմները պարզելու համար այն խնդիրները, որոնք հասցեագրման կարիք ունեն, օրինակ՝ կալանքի օրինականության վերանայման պարբերականությունը, կալանքի տակ պահելու պատճառների մասին տեղեկատվության հասանելիությունը, վերանայման մեխանիզմի կիրառության դեպքում իրավական օգնության տրամադրումը: Երկրորդ քայլը պետք է լինի կոնտեքստային վերլուծությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքերի համադրությամբ, ելներով տվյալ գործի հանգամանքներից: Այն պայմանով, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցը ներկայացնի իր վերլուծությունը՝ շարադրված բավարար կապակցվածությամբ և հստակությամբ, դրա արդյունքում ընդունված որոշումները կծառայեն որպես ուղեցույց թե՛ պետությունների և թե՛ զինված ուժերի համար՝ նախքան հետագա քայլերը: Ավելորդ է ասել, որ մոտեցումները և արդյունքները պետք է լինեն զինված հակամարտությունների ժամանակ ծագող իրավիճակներում գործնականում կիրառելի:
2. Դատարանի գնահատականը
(ա) Կիրառելի հիմնական սկզբունքները
96. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է ընդհանուր կանոն, այն է՝ «[յ]ուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք» և որ «[ո]չ ոքի չի կարելի ազատությունից զրկել» այլ կերպ, քան «ա»-ից «զ» ենթակետերից մեկում նշված հանգամանքների ներքո:
97. Արդեն վաղուց հաստատված է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո թույլատրելի ազատազրկումը չի ներառում ներկալումը կամ կանխարգելիչ կալանավորումը, երբ ողջամիտ ժամանակահատվածում քրեական մեղադրանք ներկայացնելու մտադրություն չկա (տե՛ս Lawless-ն ընդդեմ Իռլանդիայի (թիվ 3), 1 հուլիսի 1961թ., §§ 13 և 14, Շարք Ա թիվ 3, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվարի 1978թ., § 196, Շարք Ա թիվ 25, Guzzardi-ն ընդդեմ Իտալիայի, 6 նոյեմբերի 1980թ., § 102, Շարք Ա թիվ 39, Jėčius-ն ընդդեմ Լիտվայի, թիվ 34578/97, §§ 47-52, ՄԻԵԴ 2000-IX, և Al‑Jedda-ի գործը, մեջբերված է վերևում, § 100): Ավելին, Դատարանը գտնում է էական տարբերություններ է տեսնում խաղաղ պայմաններում կատարված ձերբակալությունների և զինված հակամարտությունների ժամանակ մարտիկների ձերբակալության միջև: Դատարանը համաձայն է այն տեսակետի հետ, որ Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաներով սահմանված դրույթների ներքո կալանքի տակ պահելը համահունչ է այն կատեգորիաներին, որոնք բերված են «ա»-ից «զ» ենթակետերից մեկում: Թեև առաջին հայացքից կարող է թվալ, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը ամենահարմար դրույթն է, պարտադիր չէ, որ որևէ կապ լինի անվտանգության նկատառումներով ներկալման և հանցանքի կատարման մեջ կասկածի կամ քրեական հանցագործություն կատարելու ռիսկով պայմանավորված կալանքի միջև: Ինչ վերաբերում է որպես ռազմագերի վերցված մարտիկներին, ապա քանի որ այս կատեգորիայի անձինք վայելում են մարտիկի արտոնություն, ինչը վերջիններիս թույլ է տալիս մասնակցելու մարտական գործողություններին՝ առանց նրանց նկատմամբ քրեական պատիժ սահմանվելու հետևանքների, Դատարանը տեղին չի համարում սահմանել, որ այդպիսի կալանքը ընկնում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի ներքո:
98. Բացի այդ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետը պահանջում է, որ յուրաքանչյուր կալանվոր պետք է անհապաղ տեղեկացվի իր ձերբակալության պատճառների մասին, իսկ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ յուրաքանչյուր կալանավորված անձ իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանը պետք է անհապաղ որոշում կայացնի: Կոնվենցիայի 15-րդ հոդվածը սահմանում է, որ՝ «[պ]ատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող այլ արտակարգ դրության ժամանակ» Բարձր պայմանավորվող կողմը կարող է ձեռնարկել միջոցառումներ` ի շեղումն սույն Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունների, այդ թվում նաև՝ 5-րդ հոդվածի ներքո ամրագրված դրույթների:
99. Սա առաջին գործն է, երբ պատասխանող պետությունը Դատարանից խնդրել է իր նկատմամբ կիրառել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ներքո իր պարտավորությունները կամ որևիցե այլ կերպ մեկնաբանել դրանք՝ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պետությանը վերապահված կալանքի տակ վերցնելու իրավասության լույսի ներքո: Մասնավորապես, վերևում մեջբերված Al-Jedda-ի գործով Միացյալ Թագավորության Կառավարությունը չի վիճարկել, որ 5-րդ հոդվածը փոփոխման է ենթարկվում կամ փոխարինվում է Ժնևի 3-րդ և 5-րդ կոնվենցիաների ներքո ամրագրված կալանքի տակ վերցնելու իրավասությամբ: Փոխարենը, նրանք վիճարկում են, որ Միացյալ Թագավորությունը Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի առջև ունի պարտավորություն դիմումատուին ներկալելու, և որ ՄԱԿ-ի Կանոնադրության 103-րդ հոդվածում ամրագրված հիմքերով այս պարտավորությունը Միացյալ Թագավորության՝ Կոնվենցիայի ներքո ստանձնած պարտավորությունների նկատմամբ առաջնահերթություն ունի: Կառավարության կողմից ներկայացված փաստարկի համաձայն դիմումատուին ներկալելու պարտավորությունը ծագում է Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 1546-րդ բանաձևի և դրան կից գրությունների տեքստից, ինչպես նաև՝ այն պատճառով, որ այդ բանաձևն ունի միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Հաագայի կանոնակարգի 43-րդ հոդվածի ներքո օկուպացրած տերությունների վրա դրվող պարտավորությունները պահպանելու ազդեցություն (տե՛ս վերևում՝ Al-Jedda-ի գործը, § 107): Դատարանը գտել է, որ այդպիսի պարտավորություն չի ծագում: Միայն Հանձնաժողովի առջև էր, որ Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի գործով, թիվ թիվ 6780/74 և 6950/75, Հանձնաժողովի զեկույց, ընդունված 10 հուլիսի 1976թ., 1-ին հատոր, սույն գործով բարձրացված հարցի նման հարց ծագեց, այն է՝ արդյոք Կոնվոնցիայի 5-րդ հոդվածի ներքո ստանձնած պարտավորությունների հետ համատեղելի է Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների համաձայն անձին կալանքի տակ պահելը այն դեպքում, եթե չի եղել 15-րդ հոդվածի ներքո դյութներից շեղվելու մասին վավեր հայտարարություն: Իր զեկույցում Հանձնաժողովը հրաժարվել է քննել 5-րդ հոդվածի ներքո հնարավոր խախտումների հարցը, որն առնչվում է ռազմագերու կարգավիճակ ունեցող անձանց կալանքի տակ պահվելու հետ, և հաշվի առավ այն հանգամանքը, որ թե՛ Կիպրոսը և թե՛ Թուրքիան հանդիսանում էին Ժնևի 3-րդ կոնվենցիայի մասնակից (տե՛ս Զեկույցը, § 313): Մինչև այժմ Դատարանը դեռևս հնարավորություն չի ունեցել քննելու Հանձնաժողովի մոտեցումը և ինքնին այդ հարցի վերաբերյալ կայացնելու վճիռ:
100. Դատարանի ուսումնասիրության համար մեկնարկային կետ պետք է լինի Կոնվենցիայի՝ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ. մայիսի 23-ին ընդունված Վիեննայի կոնվենցիայի լույսի ներքո մեկնաբանության շարունակական գործելակերպը (տե՛ս՝ Golder-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1975թ. փետրվարի 21-ի վճիռ, Շարք Ա թիվ 18, § 29, և դրան հաջորդած բազմաթիվ գործեր): Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածը, որը ներառում է «մեկնաբանման ընդհանուր կանոն» (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), 3-րդ կետի ներքո սահմանում է, որ անհրաժեշտ է հաշվի առնել, համատեքստի հետ միասին՝ (ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջև հետագա ցանկացած համաձայնություն, (բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը, (գ) մասնակիցների հարաբերություններում կիրառվող միջազգային իրավունքի ցանկացած համապատասխան նորմ։
101. Հետագայում Բարձր պայմանավորվող կողմերի միջև չի եղել որևիցե պայմանավորվածություն՝ կապված միջազգային զինված հակամարտությունների պայմաններում 5-րդ հոդվածի կիրառության հետ: Սակայն, Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված չափանիշի առնչությամբ (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը) Դատարանը նախկինում նշել է, որ Կոնվենցիայի վավերացումից հետո Բարձր պայմանավորվող կողմերի կողմից վարվող չընդատվող պրակտիկան, կարող է դիտարկվել որպես վերջիններիս համաձայնությունը ոչ միայն դրա մեկնաբանության, այլև նույնիսկ Կոնվենցիայի տեքստը փոփոխելու հարցում (տե՛ս mutatis mutandis, Soering-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., §§ 102-103, Շարք Ա թիվ 161 և Al-Saadoon-ը և Mufdhi-ին ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 61498/08, § 120, ՄԻԵԴ 2010): Բարձր պայմանավորվող կողմերի գործելակերպում միջազգային զինված հակամարտությունների ժամանակ Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների հիմքով անձանց կալանքի տակ պահելու նպատակով 5-րդ հոդվածի ներքո ստանձնած պարտավորություններից շեղվելու փաստ չի արձանագրվել: Ինչպես Դատարանը նշել է Banković-ը և այլոք ընդդեմ Բելգիայի գործով (որոշ.) [ՄՊ], թիվ 52207/99, § 62, ՄԻԵԴ 2001‑XII, թեև եղել են մի շարք ռազմական առաքելություններ, որոնց ժամանակ անդամ պետությունները Կոնվենցիան վավարեացնելուց հետո գործել են արտատարածքային պայմաններում, այս գործողությունների կապակցությամբ պետություններից և ոչ մեկը Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն Կոնվենցիայի դրույթներից շեղվելու մասին հայտարություն չի արել: 5-րդ հոդվածի առնչությամբ ներկայացված շեղումները վերաբերել են կալանավորման լրացուցիչ իրավասություններին, որոնց անհրաժեշտ լինելը պետությունները պնդել են՝ պայմանավորված անդամ պետության ներսում առկա ներքին հակամարտություններով կամ ահաբեկչական սպառնալիքով (տե՛ս օրինակ՝ Brannigan-ը և McBride-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 26 մայիսի 1993, Շարք Ա, թիվ 258‑B, Aksoy-ն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ., Վճիռների և որոշումների զեկույցներ 1996-VI, և A.-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 3455/05, ՄԻԵԴ 2009, տե՛ս վերևում նաև՝ 40-41-րդ պարբերությունները): Ավելին, միջազգային զինված հակամարտությունների ժամանակ Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաներով սահմանված դրույթների ներքո կիրառվող կալանքի կապակցությամբ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի համաձայն շեղում չհայտրարարելու գործելակերպը կարծես թե արտացոլված է պետությունների՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների պաշտպանության մասին միջազգային դաշնագրի հետ կապված գործելակերպում: Համանմանորեն, թեև շատ պետություններ անձանց ներկալել են Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաներով սահմանված իրենց իրավասությունների համաձայն՝ միջազգային զինված հակամարտությունների համատեքստում, այն բանից հետո երբ վավերացրել են դաշնագիրը, այդպիսի ազատազրկման առնչությամբ և ոչ մի պետություն չի հայտնել դաշնագրի դրույթներից շեղվելու իր մտադրության մասին՝ 4-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 42-րդ պարբերությունը), նույնիսկ խորհրդատվական եզրակացություններից և վերևում բերված վճիռներից հետո, որտեղ Արդարադատության միջազգային դատարանը հստակ սահմանում է, որ մարդու իրավունքների միջազգային գործիքների ներքո պետությունների ստանձնած պարտավորությունները շարունակում են գործել միջազգային զինված հակամարտությունների դեպքում (տե՛ս վերևում՝ 35-37-րդ պարբերությունները):
102. Ինչ վերաբերում է Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետին (տե՛ս վերևում՝ 34-րդ պարբերությունը), Դատարանը շատ առիթներով հստակ նշել է, որ Կոնվենցիան պետք է մեկնաբանվի միջազգային իրավունքի մյուս կանոններին համահունչ, որի մասն այն կազմում է (տե՛ս վերևում՝ 77-րդ պարբերությունը): Սա ոչ պակաս վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքին: 1949թ. Ժնևի չորս կոնվենցիաները, որոնք նպատակ են հետապնդում մեղմելու պատերազմի սարսափները, նախագծվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային զուգահեռ և վայելում են համընդհանուր վավերացում: Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների՝ ներկալման մասին դրույթները, որոնք սույն գործով հանդիսանում են խնդրո առարկա, նախագծվել են գերեվարված մարտիկներին և քաղաքացիական անձանց պաշտպանելու նպատակով, ովքեր անվտանգության տեսանկյունից սպառնալիք են ներկայացնում: Դատարանն արդեն սահմանել է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պետք է «հնարավորինս մեկնաբանվի միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների լույսի ներքո, այդ թվում նաև՝ միջազգային մարդասիրական իրավունքի կաննոների, որոնք զինված հակամարտությունների վայրագությունները և անմարդկայնությունը մեղմացնելու գործում անփոխարինելի և համընդհանուր կերպով ճանաչված դեր են խաղում» (տե՛ս Varnava-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90, § 185, ՄԻԵԴ 2009), և այն գտնում է նաև, որ այս դիտարկումները հավասարապես կիրառելի են նաև 5-րդ հոդվածի դեպքում: Ավելին, Արդարադատության միջազգային դատարանը սահմանել է, որ զինված հակամարտությունների ժամանակ մարդու իրավունքների կոնվենցիաներով ամրագրված պաշտպանությունը և միջազգային մարդասիրական իրավունքով առաջարկվող պաշտապնությունը համագոյակցում են (տե՛ս վերևում՝ 35-37-րդ պարբերությունները): «Կոնգոյի տարածքում ռազմական գործողությունների մասին» գործով արձակված իր վճռում Արդարադատության միջազգային դատարանը, հղում կատարելով «Պաղեստինյան գրավյալ տարածքում պատի կառուցման իրավական հետևանքների մասին» գործով ընդունված իր խորհրդատվական եզրակացության վրա, դիտարկել է, որ «[ի]նչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքներին վերաբերող իրավունքի հարաբերակցությանը, ապա գոյություն ունեն երեք հնարավոր իրավիճակներ. որոշ իրավունքներ կարող են գոյություն ունենալ բացառապես միջազգային մարդասիրական իրավունքի ներքո, մյուսները կարող են բացառապես մարդու իրավունքներին վերաբերող իրավունքի ներքո սահմանվել, մինչդեռ իրավունքների մի մասն էլ կարող են միաժամանակ միջազգային իրավունքի այս երկու ճյուղերի մաս կազմել» (տե՛ս վերևում՝ 36-րդ և 37-րդ պարբերությունները): Դատարանը պետք է ձգտի Կոնվենցիան մեկնաբանել և կիրառել Արդարադատության միջազգային դատարանի կողմից ուրվագծված միջազգային իրավունքի շրջանակներին համահունչ:
103. Վերոհիշյալ նկատառումներից ելնելով՝ Դատարանն ընդունում է Կառավարության այն փաստարկը, համաձայն որի 15-րդ հոդվածի համաձայն պաշտոնապես արտահայտած շեղման բացակայությունը չի կարող Դատարանին արգելել սույն գործի առնչությամբ 5-րդ հոդվածը մեկնաբանելիս և կիրառելիս հաշվի առնելու համատեքստը և միջազգային մարդասիրական իրավունքի դրույթները:
104. Այնուամենայնիվ, Արդարադատության միջազգային դատարանի նախադեպային իրավունքին համահունչ՝ Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայով ամրագրված երաշխիքները շարունակում են գործել նույնիսկ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ դրանք մեկնաբանվում են միջազգային մարդասիրական իրավունքի համատեքստում: Զինված հակամարտության ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի և Կոնվենցիայով ամրագրված իրավունքներով սահմանվող երաշխիքների համագոյակցության նպատակով «ա»-ից «զ» ենթակետերի ներքո սահմանված ազատության թույլատրելի սահմանափակման հիմքերը հնարավորինս պետք է հարմարեցվեն Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների համաձայն անվտանգության համար սպառնալիք ներկայացնող ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ներկալելու մասին դրույթների հետ: Դատարանն ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ խաղաղ պայմաններում ներկալումը չի ընկնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված ազատազրկման սխեմայի ներքո՝ առանց 15-րդ հոդվածով սահմանված շեղման իրավասության օգտագործման (տե՛ս վերևում՝ 97-րդ պարբերությունը): Միայն միջազգային զինված հակամարտությունների ժամանակ է, երբ անվտանգության տեսանկյունից սպառնալիք ներկայացնող ռազմագերիներ վերցնելը և քաղաքացիական անձանց կալանավորումը միջազգային մարդասիրական իրավունքի ընդունելի հատկանիշներ են, և որի դեպքում 5-րդ հոդվածը կարող է մեկնաբանվել որպես այդպիսի ընդարձակ լիազորություններ սահմանող:
105. Ինչ վերաբերում է թույլատրելի ազատազրկման հիմքներին, որոնք արդեն սահմանված են նշված ենթակետերի ներքո, միջազգային մարդասիրական իրավունքի ներքո սահմանված լիազորությունների համաձայն ազատությունից զրկելը պետք է լինի «իրավաչափ»՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի ներքո խախտումը բացառելու նպատակով: Սա նշանակում է, որ ազատազրկումը պետք է համապատասխանի միջազգային մարդասիրական իրավունքի կանոններին, և որն ավելի կարևոր է, պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի 1-ին կետի հիմնարար նպատակին, այն է՝ անհատին կամայականություններից պաշտպանելը (տե՛ս, օրինակ, Kurt-ն ընդդեմ Թուրքայի, 25 մայիսի 1998թ., § 122, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑III, El-Masri-ի գործը, մեջբերված է վերևում, § 230, տե՛ս նաև՝ Saadi-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 13229/03, §§ 67-74, ՄԻԵԴ 2008, և այնտեղ մեջբերված վճիռները):
106. Ինչ վերաբերում է դատավարական երաշխիքներին, Դատարանը գտնում է, որ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ կալանքի առնչությամբ 5-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ կետերը պետք է այնպես մեկնաբանվեն, որ հաշվի առնվեն համատեքստը և միջազգային մարդասիրական իրավունքի կիրառելի կանոնները: Ժնևի 4-րդ կոնվենցիայի 43-րդ և 78-րդ հոդվածները սահմանում են, որ ներկալումը ենթակա է «իրավասու մարմնի կողմից պարբերաբար վերանայման, հնարավորության սահմաններում՝ վեց ամիսը մեկ անգամ»: Քանի դեռ միջազգային զինված հակամարտությունների ընթացքում դա հնարավոր չէ ապահովել, կալանքի օրինականությունը պետք է ենթակա լինի վերանայման անկախ դատարանի կողմից, ինչպես որ սահմանված է 5-րդ հոդվածի 4-րդ կետի ընդհանուր դրույթի ներքո (վերջինի համատեքստում տե՛ս Reinprecht-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 67175/01, § 31, ՄԻԵԴ 2005‑XII), այնուամենայնիվ, եթե այս համատեքստում անդամ պետությունը պետք է կատարի իր՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետի ներքո ստանձնած պարտավորությունները, ապա այդ «իրավասու մարմինը» պետք է ապահովի անկողմնակալության և արդար ընթացակարգի միջոցով կամայականությունների դեմ պաշտպանելու բավարար երաշխիքներ: Ավելին, առաջին վերնայումը պետք է տեղի ունենա անձին կալանքի տակ առնելուց կարճ ժամանակ անց, որից հետո անհրաժեշտ է ապահովել հաճախակի պարբերականությամբ տեղի ունեցող վերանայումներ՝ ապահովելու համար, որ միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ներկալման ենթակա անձանց կատեգորիաներից և ոչ մեկի տակ չընկնող անձը անհապաղ ազատ արձակվի: Քանի որ դիմումատուն իր գանգատի հիմքում նշել է նաև 5-րդ հոդվածի 3-րդ կետը, Դատարանն այդ կապակցությամբ նշում է, որ սույն գործով տվյալ դրույթը կիրառելի չէ, քանի որ Tarek Hassan-ը կալանքի տակ չի առնվել 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթների համաձայն:
107. Եվ վերջապես, թեև վերևում բերված պատճառներով Դատարանը չի գտնում, որ պաշտոնական շեղում հայտարարելն անհրաժեշտ պայման էր, 5-րդ հոդվածի դրույթները կմեկնաբանվեն միջազգային մարդասիրական իրավունքի լույսի ներքո միայն այն դեպքում, եթե պատասխանող պետությունն այդ մասին հատուկ նշել է: Դատարանը չպետք է ենթադրություններ անի այն մասին, որ պետությունը նպատակ ունի փոփոխելու իր կողմից՝ Կոնվենցիայի վավերացմամբ ստանձնած պարտավորությունները այն դեպքում, երբ այդ մասին պարզորոշ չի նշվել:
(բ) Վերոհիշյալ սկզբունքների կիրառությունը սույն գործի փաստերի նկատմամբ
108. Դատարանն իր դիտարկումները սկսել է՝ արձանագրելով, որ Իրաքում տեղի ունեցած իրադարձությունների վիճարկվող ժամանակահատվածի ընթացքում բոլոր ներգրավված պետությունները եղել են Ժնևի չորս կոնվենցիաների Բարձր պայմանավորվող կողմեր, հիշյալ կոնվենցիաները կիրառվում են միջազգային զինված հակամարտությունների ժամանակ ծագող իրավիճակներում և Բարձր պայմանավորվող կողմի տարածքի մասնակի կամ ամբողջական օկուպացման դեպքում (տե՛ս Ժնևի բոլոր չորս կոնվենցիաների համար ընդհանուր 2-րդ հոդվածը, ներկայացված վերևում՝ 33-րդ պարբերությունում): Ուստի, պարզ է, որ անկախ այն հանգամանքից, թե 2003թ. ապրիլի վերջին և մայիսի սկզբին Իրաքի հարավ-արևելյան հատվածում տիրող իրավիճակը բնութագրվում էր որպես օկուպացում, թե միջազգային զինված հակամարտություն, Ժնևի չորս կոնվենցիաները կիրառելի էին:
109. Դատարանն անդրադարձել է գործում առկա բոլոր ապացույցների վերլուծության արդյունքում հաստատված փաստերին (տե՛ս վերևում՝ 47-57-րդ պարբերությունները): Մասնավորապես, այն հաստատել է, որ Tarek Hassan-ը բրիտանական զինված ուժերի կողմից հայտնաբերվել է եղբոր տան տանիքին, որտեղ հայտնաբերվել էր նաև այլ հրազեն, ինչպես նաև հետախուզական արժեք ներկայացնող փաստաթղթեր (տե՛ս վերևում՝ 51-54-րդ պարբերությունները): Դատարանը գտնում է, որ այսպիսի հանգամանքներում Միացյալ Թագավորության իշխանությունները պատճառներ ունեին մտածելու, որ վերջինս կալանքի տակ կարող էր վերցվել կա՛մ որպես ռազմագերի կա՛մ անձ, որի ներկալումը անհրաժեշտ էր անվտանգության անհետաձգելի նկատառումներից ելնելով, երկու դեպքում էլ գերեվարման և կալանքի տակ պահելու իրավաչափ հիմքերն ապահովվում են (տե՛ս Ժնևի 3-րդ կոնվենցիայի 4-րդ Ա և 21-րդ հոդվածները, Ժնևի 4-րդ կոնվենցիայի 42-րդ և 78-րդ հոդվածները, որոնք բոլորը բերված են վերևում՝ 33-րդ պարբերության ներքո): «Camp Bucca» ճամբար բերվելուց հետո համարյա անհապաղ Tarek Hassan-ը ենթարկվել է ստուգման՝ Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հետախուզական ծառայությունների կողմից վարած երկու հարցաքննությունների տեսքով, որի արդյունքում որոշում է կայացվել նրան անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ, քանի որ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է քաղաքացիական անձ, ով անվտանգության տեսանկյունից սպառնալիք չի ներկայացնում (տե՛ս վերևում՝ 21-24-րդ պարբերությունները): Դատարանը նաև գտել է, որ գործում առկա ապացույցները վկայում են այն մասին, որ այս հանգամանքը հաստատվելուց կարճ ժամանակ անց վերջինիս ճամբարից ազատ են արձակել (տե՛ս վերևում՝ 55-56-րդ պարբերությունները):
110. Այս հիմքով, պարզ է դառնում, որ Tarek Hassan-ի գերեվարումը և կալանքը եղել է Միացյալ Թագավորությանը՝ Ժնևի 3-րդ և 4-րդ կոնվենցիաների ներքո շնորհված իրավասություններին համահունչ, և կամայական չէր: Ավելին, նրա՝ ճամբար բերվելուց ընդհամենը մի քանի օր անց ազատ արձակումը հաստատվելու և ֆիզիկապես ազատ արձակման հանգամանքների լույսի ներքո Դատարանը կարևոր չի համարում պարզելու, թե արդյոք ստուգման գործընթացը բավարար երաշխիքներ տալիս էր նրա ազատազրկման ժամանակ կամայականությունից պաշտպանված լինելու մասին վկայելու համար: Եվ վերջապես, գործի համատեքստից և Tarek Hassan-ին երկու հարցաքննությունների ժամանակ տրված հարցերից երևում է, որ կալանավորման պատճառները նրա համար պարզ էին:
111. Վերոհիշյալ վերլուծության լույսի ներքո, Դատարանը տվյալ գործի հանգամանքների հիման վրա 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերի խախտումներ չի հայտնաբերել:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Հայտարարում է, միաձայն, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո գանգատն անընդունելի է.
2. Վճռում է, միաձայն, որ դիմումատուի եղբայրը գտնվել է Միացյալ Թագավորության իրավազորության ներքո՝ ձերբակալման պահից սկսած մինչև «Camp Bucca» ճամբարից ավտոբուսով տեղափոխվելուց հետո ազատ արձակումը.
3. Հայտարարում է, միաձայն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի ներքո գանգատն ընդունելի է.
4. Վճռում է, ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն և ֆրանսերեն, կայացվել է 2014թ. սեպտեմբերի 16-ին հրապարակային նիստում, որը տեղի է ունեցել Մարդու Իրավունքների Դատարանի շենքում, Ստրասբուրգում՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Michael O’Boyle Dean Spielmann
Քարտուղարի տեղակալՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի Կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կից ներկայացվում են դատավոր Spano-ի, նրան միացած դատավորներ Nicolaou-ի, Bianku-ի և Kalaydjieva-ի առանձին կարծիքը:
D.S.
M.O’B.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy