© Սույն տեքստը և այն վերահրապարակելու թույլտվությունը տրամադրվել է «ՀՀ արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից՝ Դատարանի տվյալների բազա HUDOC-ում ընդգրկելու համար: [Թարգմանությունն արդեն իսկ հրապարակվել է www.echr.am կայքում]
© The present text and the authorisation to republish it were granted by the “Translation Center of the Ministry of Justice of the Republic of Armenia” SNCO for the purpose of its inclusion in the Court’s database HUDOC. [Translation already published in www.echr.am]
© La traduction et l’autorisation de republier ont été accordées par la “Centre de Traduction du Ministère de la Justice d’Armènie” SNCO à son inclusion dans la base de données HUDOC de la Cour. [La traduction déjà publiée sur www.echr.am]
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 18419/13)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
19 հուլիսի 2018թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Առաջին բաժանմունք), հանդես գալով Պալատի հետեւյալ կազմով՝
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս [Linos-Alexandre Sicilianos]` Նախագահ,
Քրիստինա Պարդալոս [Kristina Pardalos],
Ալեշ Պեյխալ [Aleš Pejchal],
Քրշիշթոֆ Վոյտիչեկ [Krzysztof Wojtyczek],
Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],
Թիմ Այքը [Tim Eicke],
Յովան Իլեւսկի [Jovan Ilievski]՝ դատավորներ,
եւ Աբել Կամպոս [Abel Campos]՝ Բաժանմունքի քարտուղար,
2018 թվականի փետրվարի 6-ին եւ հունիսի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նշված վերջին օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1.Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի տկն Աիդա Հովհաննիսյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2013 թվականի մարտի 6-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 18419/13) հիման վրա:
2.Դիմումատուին ներկայացրել է Երեւանում գործող իրավաբան պրն Կ. Մեժլումյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Գ. Կոստանյանը:
3.Դիմումատուն մասնավորապես պնդել է, որ աշխատավայրում իր ղեկավարների կողմից իր նկատմամբ վատ վերաբերմունքը եւ իշխանության մարմինների կողմից այս հարցի առնչությամբ քրեական վարույթ հարուցելու մերժումն առաջացրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական եւ դատավարական ասպեկտների խախտում:
4.2015 թվականի հոկտեմբերի 6-ին ենթադրյալ վատ վերաբերմունքի եւ արդյունավետ քննություն չիրականացնելու վերաբերյալ բողոքներն ուղարկվել են Կառավարություն, իսկ գանգատը մնացած մասով հայտարարվել է անընդունելի՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 54-րդ կանոնի 3-րդ կետի։
ՓԱՍՏԵՐԸ
I.ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5.Դիմումատուն ծնվել է 1958 թվականին եւ ապրում է Երեւանում։
6.Նա քաղաքացիական ծառայող է, ով աշխատում է Բնապահպանության նախարարությունում (այսուհետ՝ Նախարարություն) որպես պետական տեսուչ: Նա ունի սրտի հետ կապված խնդիրներ, այդ թվում՝ սրտի ռիթմի խանգարում:
Ա.Գործի նախապատմությունը
7.Ըստ դիմումատուի, 2012 թվականի հունվարի 10-ին, Հ.Ա.-ն՝ իր բաժնի պետը եւ Ա.Կ.-ն՝ նրա տեղակալը, Հ.Ա.-ի աշխատասենյակում իր նկատմամբ բռնություն են գործադրել: Մասնավորապես, հարձակվել են իր վրա, բռնել ձեռքերը, վիրավորել եւ ստիպողաբար վերցրել իրեն առնչվող մի փաստաթուղթ, որն ինքը տարել էր նրանց մոտ՝ իր առարկությունները գրելու համար: Բռնության հետեւանքով ինքն ուշագնաց է եղել, հասցվել են մարմնական վնասվածքներ, թեւերին ստացել է բազմաթիվ կապտուկներ եւ լրջորեն նվաստացվել է:
8.2012 թվականի հունվարի 12-ին դիմումատուն Նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացրել է գրավոր զեկուցագիր՝ մանրամասն ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել: Նա նշել է, inter alia (ի թիվս այլնի), որ 2011 թվականի երկրորդ կեսի գնահատման հաշվետվությունը վերադարձրել է Հ.Ա.-ին, քանի որ համաձայն չի եղել ստացված գնահատման հետ: 2012 թվականի հունվարի 10-ին նրա գործընկերներից մեկը տեղեկացրել է նրան, որ Հ.Ա.-ն ցանկանում է տեսնել նրան իր աշխատասենյակում: Նրանց հանդիպման ժամանակ Հ.Ա.-ն տվել է նրան գնահատման հաշվետվությունը եւ հարցրել, թե ինչու այն չի ստորագրել: Նա պատասխանել է, որ ցանկանում է քննարկել այն: Հ.Ա.-ն հրաժարվել է որեւէ պարզաբանում տալուց՝ նշելով, որ որոշումներ կայացնողն ինքն է, եւ որ հաշվետվությունը համապատասխան բաժին կներկայացնի առանց նրա ստորագրության: Այնուհետեւ Հ.Ա.-ն հրամայել է վերադարձնել գնահատման հաշվետվությունը, ինչը նա հրաժարվել է անել՝ նշելով, որ կգրի իր առարկությունները, կստորագրի եւ հետո այն կվերադարձնի նրան: Երբ նա պատրաստվել է հեռանալ, Հ.Ա.-ն անմիջապես փակել եւ կողպել է իր աշխատասենյակի դուռը եւ սկսել է մոտենալ նրան՝ բղավելով, որ նա գող է եւ որ իր աշխատասենյակից փաստաթուղթ է գողացել: Գործադրելով ֆիզիկական բռնություն եւ հասցնելով անձնական վիրավորանքներ՝ նա փորձել է թղթերը վերցնել իրենից: Օգնություն կանչելուց հետո աշխատասենյակ է մտել Ա.Կ.-ն եւ իրավիճակը շտկելու փոխարեն նա եւս վիրավորել է նրան եւ հրամայել փաստաթղթերն իրեն հանձնել: Նրանք երկուսով, պատճառելով խիստ ցավ, բռնել են իր [դիմումատուի] ձեռքերը եւ հարկադրաբար վերցրել թղթերը: Սթրեսի եւ ցավի հետեւանքով ինքը կարճատեւ ժամանակով ուշագնաց է եղել, որից հետո իրեն ասել են, որ կարող է հեռանալ, քանի որ այլեւս որեւէ բան չկար քննարկելու: Նա ավարտել է՝ նշելով, որ Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի ագրեսիվ վարքի հետեւանքով ինքն ստացել է վնասվածքներ, ունեցել առողջական խնդիրներ ու լուրջ հոգեկան ապրումներ: Նա պահանջել է, որպեսզի օրենքի համաձայն համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:
9.Դեպքից հետո դիմումատուն վատ է զգացել եւ անցել է բժշկական զննություն: Ախտորոշվել է սուր բրոնխիտ եւ Վոլֆ-Պարկինսոն-Ուայթի
(Wolff-Parkinson-White, WPW) համախտանիշ (սրտի ռիթմի խանգարում), եւ 2012 թվականի հունվարի 13-27-ը գտնվել է անաշխատունակության արձակուրդում:
Բ.Ոստիկանության կողմից իրականացված նախնական քննությունը
10.2012 թվականի հունվարի 14-ին դիմումատուն դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, նշելով, որ 2012 թվականի հունվարի 10-ին նա եւ Հ.Ա.-ն՝ իր բաժնի պետը, վիճաբանել են, որի ժամանակ վերջինս ցուցաբերել է բռնություն եւ իրեն պատճառել է մարմնական վնասվածք: Նա ցուցմունք է տվել՝ ներկայացնելով իրադարձությունների միեւնույն շարադրանքը, որը պարունակվել է Նախարարության աշխատակազմի ղեկավարին ուղղված իր զեկուցագրի մեջ:
11.Նույն օրը քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն՝ որոշելու համար, թե արդյոք դիմումատուն ունեցել է մարմնական վնասվածքներ եւ եթե այո, ապա որոշելու դրանց բնույթը, պատճառները, լրջությունը եւ դրանք հասցնելու ժամանակահատվածն ու ձեւը:
12.2012 թվականի հունվարի 15-ին Հ.Ա.-ն ցուցմունք է տվել ոստիկանությունում: Նա մասնավորապես նշել է, որ դիմումատուն հրաժարվել է իրեն վերադարձնել նրա գնահատման հաշվետվությունը, որից հետո ինքը հեռացել է իր գրասենյակից, փակել դուռը եւ կանչել Ա.Կ.-ին՝ խնդրելով նրան այլ գործընկերների հետ գալ իր աշխատասենյակ: Այդ ընթացքում դիմումատուն շարունակել է բղավել եւ հայհոյել: Նա [դիմումատուն] կանչել է իրենց ղեկավարին՝ ասելու համար, որ նա իրեն փակել է ներսում: Նա ժխտել է այն, որ ահաբեկել է դիմումատուին ֆիզիկապես կամ խոսքերով եւ ասել է, որ նա օգտագործել է հայհոյախառն խոսքեր:
13.Նույն օրը Ա.Կ.-ն ցուցմունք է տվել եւ նույն կերպ ժխտել է դիմումատուի նկատմամբ բռնության գործադրումը: 2012 թվականի հունվարի 16-25-ը հարցաքննվել են դիմումատուի մի շարք գործընկերներ, ովքեր դեպքի օրը աշխատանքի են եղել, եւ ժխտել են, որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն դիմումատուի նկատմամբ գործադրել են բռնություն:
14.2012 թվականի հունվարի 18-ին ավարտվել է դատաբժշկական փորձաքննությունը: Փորձաքննության եզրակացության համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«Բողոքներ` ներկայումս [դիմումատուն] բողոքում է նյարդային խանգարումներից:
Անձնական զննության արդյունքները՝ աջ բազկի ներսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում առկա է անկանոն ձեւի, ոչ միասեռ, կանաչավուն-դեղին 6 x 2 սմ չափսի ենթամաշկային կապտուկ: Նույն հատվածի ներսի մակերեսին առկա են երկու նույնանման շրջանաձեւ ենթամաշկային կապտուկներ՝ 1 սմ տրամագծով՝ ձախ բազկի ներսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում 1 սմ տրամագծով. ձախ բազկի ներսի կողմից ստորին մեկ երրորդ հատվածում՝ 2 x 1 սմ եւ 1.5 x 1.2 սմ, իսկ ձախ նախաբազկի դրսի կողմից միջին մեկ երրորդ հատվածում՝ 2.5 x 1.5 սմ չափսերի:
Եզրակացություն. [Դիմումատուի] աջ եւ ձախ բազուկների ու ձախ նախաբազկի [շրջանում] ենթամաշկային կապտուկի տեսքով մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկաներով՝ հավանաբար նշված ժամանակահատվածում. [վնասվածքները], ինչպես առանձին վերցված, այնպես էլ բոլորը միասին չեն պարունակում առողջությանը հասցված [կարճատեւ] վնասի տարրեր:
15.2012 թվականի հունվարի 24-ին քննիչը դիմումատուից վերցրել է լրացուցիչ ցուցմունք: Նա նշել է, որ որեւէ առարկություն չունի դատաբժշկական փորձագետի եզրակացության դեմ եւ պատրաստվում է հետամուտ լինել իր բողոքին:
16.2012 թվականի հունվարի 25-ին քննիչը դիմումատուից վերցրել է մեկ այլ լրացուցիչ ցուցմունք: Դրա համապատասխան մասերն ունեն հետեւյալ բովանդակությունը.
«Հարց. Ապացույցներ հավաքելու ընթացքում Հ.Ա-ն եւ Ա.Կ.-ն ասել են, որ նրանք չեն հարվածել Ձեզ եւ բացարձակ չեն բռնել Ձեր ձեռքերը: Ի՞նչ կարող եք ասել դրա վերաբերյալ:
Պատասխան. ... Ես չգիտեմ, թե ինչու են Հ.Ա-ն եւ Ա.Կ.-ն ասել դա, սակայն տրամաբանական է, որ նրանք ժխտելու էին նման արարք կատարելը: Ես եւս մեկ անգամ կնշեմ, որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն քաշքշել են ինձ եւ բռնել ձեռքերս՝ այդպիսով վնասներ հասցնելով ինձ»:
17.2012 թվականի հունվարի 27-ին քննիչը դիմումատուից վերցրել է եւս մեկ լրացուցիչ ցուցմունք: Նա նշել է.
«Ես տեղեկացնում են Ձեզ, որ այն ժամանակից ի վեր, երբ ես [գնացի] ոստիկանություն... Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն նույնիսկ ներողություն չեն խնդրել, ավելին, նրանք ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ անհնար է աշխատել, քանի որ մյուս աշխատողներն արհամարհում են ինձ եւ խուսափում են ինձ հետ շփվելուց՝ իրենց աշխատանքը կորցնելու վախից: Քանի որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն շարունակում են նման վարքագիծը՝ չարաշահելով իրենց ծառայողական դիրքը, այդ հանգամանքներում ես չեմ կարող հաշտվել նրանց հետ: Ես բողոքում եմ եւ պահանջում, որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն ենթարկվեն քրեական հետապնդման: Ես նաեւ ցանկանում եմ ավելացնել, որ իրենց գործողությունների պատճառով ես ունեցել եմ առողջական խնդիրներ եւ դրա հետեւանքով հունվարի 13-27-ը գտնվել եմ անաշխատունակության արձակուրդում:
18.2012 թվականի հունվարի 28-ին Հ.Ա.-ն նորից հարցաքննվել է եւ, inter alia, նշել է, որ դիմումատուն սուտ ցուցմունք է տվել: Ինքը նրան երբեք չի ենթարկել բռնության կամ չի բռնել նրա ձեռքերը եւ մինչեւ նրա հեռանալը մնացել է իր աթոռին նստած: Ինչ վերաբերում է դիմումատուի մարմնի վրա հայտնաբերված վնասվածքներին, ապա Հ.Ա.-ն նշել է, որ ինքը նրան երբեւէ չի դիպչել եւ չգիտի, թե դրանք ինչպես են հասցվել:
19.Պարզվում է, որ քննիչը մոտ մեկ ամիս որեւէ որոշում չի կայացրել:
20.2012 թվականի փետրվարի 24-ին դիմումատուն ոստիկանության Կենտրոնականի վարչության Մարաշի բաժանմունքի պետին ուղարկել է Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի դեմ քրեական գործ հարուցելու մասին գրավոր պահանջ: Իր պահանջում նա, inter alia, նշել է, որ տեղեկացվել է Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի դրույթների մասին, համաձայն որոնց քրեական գործ կարող է հարուցվել միայն իր բողոքի հիման վրա: Այնուհետեւ նշել է, որ չի հաշտվել Հ.Ա-ի եւ Ա.Կ.-ի հետ եւ որ պահանջում է, որպեսզի նրանք քրեական հետապնդման ենթարկվեն: Նույն օրը քննիչը լրացուցիչ ցուցմունք է վերցրել դիմումատուից: Եվս մեկ լրացուցիչ ցուցմունք է վերցվել 2012 թվականի փետրվարի 27-ին:
21.2012 թվականի մարտի 1-ին դատախազը քննիչին կարգադրել է մերժել Հ.Ա-ի եւ Ա.Կ.-ի դեմ քրեական գործի հարուցումն այն հիմքով, որ հանցագործություն չի կատարվել: Ենթադրվել է, որ դիմումատուն իրադարձություններն ընկալել է սուբյեկտիվորեն, եւ որ նրա ղեկավարները նրա նկատմամբ երբեւէ բռնություն չեն գործադրել:
22.2012 թվականի մարտի 5-ին քննիչը մերժել է Հ.Ա-ի եւ Ա.Կ.-ի դեմ քրեական գործի հարուցումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Մասնավորապես, որոշման մեջ նշվել է, որ դիմումատուն դեպքի մասին տվել է ոչ հստակ եւ հակասական ցուցմունքներ: Նաեւ նշվել է, որ հավաքված ապացույցները ցույց են տվել, որ 2012 թվականի հունվարի 10-ին նախ Հ.Ա.-ն, հետո Ա.Կ.-ն, ովքեր գնացել են վերջինիս աշխատասենյակ, փորձել են հանգստացնել դիմումատուին, քանի որ նա վիրավորում էր Հ.Ա.-ին: Դեպքի ժամանակ Ա.Կ.-ն բռնել է նրա ձեռքը եւ վերցրել այն փաստաթուղթը, որը նա վերցրել էր Հ.Ա.-ից: Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն՝ պատժելի է դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը, սակայն պատժելի չէ աննշան մարմնական վնասվածք պատճառելը: Դիտարկվող գործում Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի կողմից դիմումատուին պատճառած վնասվածքներն աննշան են. հաստատված չէ, որ նրանք դիտավորությամբ նրան վնասվածքներ են պատճառել:
23.2012 թվականի մարտի 13-ին դիմումատուն քննիչի որոշումը բողոքարկել է դատախազին: Նա վիճարկել է, inter alia, որ հակառակ նրա, թե ինչ է նշված որոշման մեջ, ինքը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են վարվել իր հետ: Մասնավորապես, նա նշել է, որ նախ Հ.Ա.-ն ուժ գործադրելով բռնել է իր ձեռքերը, ենթարկել է բռնության եւ փակել նրան իր աշխատասենյակում, որպեսզի նա չհեռանա: Այնուհետեւ եկել է Ա.Կ.-ն եւ նույնպես ահաբեկել նրան: Դիմումատուն բողոքել է, որ քննիչի որոշման եզրակացությունը, համաձայն որի Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն անզգուշությամբ են իրեն վնասվածքներ հասցրել, չի կարող հիմնավոր լինել եւ նպատակ ունի պետական պաշտոնյաներին ազատելու պատասխանատվությունից: Նա նաեւ բողոքել է, որ Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի կողմից դիտավորությամբ ցուցաբերած բռնության հետեւանքով ինքը՝ որպես կին, ունեցել է ծանր հոգեկան ապրումներ, քանի որ իր ղեկավարն առանց հիմնավոր պատճառի ստորացրել է իրեն եւ ծանր մարմնական վնասվածք պատճառել հենց աշխատավայրում: Բացի այդ, դիմումատուն նշել է, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում եւ, բնականաբար, քննիչի կողմից հարցաքննված բոլոր վկաները եղել են Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի ենթակաները: Եթե հարուցված լիներ քրեական վարույթ, նրանք կհարցաքննվեին վկայի կարգավիճակով եւ կզգուշացվեին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին:
24.Հ.Ա.-ն նույնպես բողոքարկել է քննիչի որոշումը, հայտարարելով, որ չի հաստատվել, որ ինքը կամ Ա.Կ.-ն երբեւէ հարվածել են դիմումատուին:
25.2012 թվականի մարտի 15-ին դատախազը մերժել է դիմումատուի բողոքը եւ բավարարել Հ.Ա.-ի բողոքը: Մասնավորապես, դատախազն անփոփոխ է թողել քննիչի կողմից քրեական գործ հարուցելը մերժելու [մասին որոշումը], սակայն փոխել է դրա հիմքերը, նշելով, որ Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի մասնակցությամբ որեւէ հանցագործություն չի կատարվել: Որոշման մեջ նշվել է, որ բացառությամբ նրա [դիմումատուի] սեփական անորոշ եւ հակասական ցուցմունքների, ձեռք չի բերվել որեւէ ապացույց, որը կհաստատեր, որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն դիմումատուին պատճառել են վնասվածքներ: Ինչ վերաբերում է դիմումատուին, ապա որոշման մեջ նշվել է, inter alia, որ Հ.Ա.-ի աշխատասենյակում տեղի ունեցած դեպքի հետեւանքով նրա ունեցած սթրեսի պատճառով նա սուբյեկտիվորեն է ընկալել եւ նկարագրել տեղի ունեցածը: Այս հանգամանքներում, նրա հակասական ցուցմունքները չեն համապատասխանում ապացույցների ամբողջությանը, ինչը, սակայն, հիմք չի կարող լինել նրան սուտ մեղադրանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Գ.Դատական վարույթը
26.2012 թվականի ապրիլի 4-ին դիմումատուն բողոք է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների [ընդհանուր իրավասության] դատարան (այսուհետ՝ Վարչական շրջանների դատարան)՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել: Նա պնդել է իր նախորդ փաստարկները եւ բողոքել, մասնավորապես, որ վնասվածքների հարցին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել դատախազի որոշման մեջ, որն անտեսել է դատաբժշկական փորձաքննության արդյունքները: Ի վերջո՝ այդպես էլ չի հաստատվել, թե ով է իրեն վնասվածքներ պատճառել: Դիմումատուն նաեւ բողոքել է, որ դատախազը հիմնվել է խնդրո առարկա իրավախախտումը կատարած անձանց ենթակաների ցուցմունքների վրա: Նրանց ցուցմունքները չէին կարող դիտարկվել որպես օբյեկտիվ եւ հավաստի՝ հաշվի առնելով նշված անձանց՝ աշխատանքը կորցնելու հետ կապված լուրջ վախը: Եթե հարուցված լիներ քրեական վարույթ, ապա նրանք կունենային վկայի դատավարական կարգավիճակ եւ կզգուշացվեին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին:
27.2012 թվականի մայիսի 18-ին Վարչական շրջանների դատարանը մերժել է դիմումատուի բողոքը: Այդպես վարվելով, այն գտել է, որ վիճարկվող որոշումը իրավաչափ է, մինչդեռ դիմումատուի փաստարկները բխել են նշված իրադարձությունների եւ դրանց նկատմամբ ձեռնարկված միջոցների՝ անձնական եւ սուբյեկտիվ մեկնաբանությունից:
28.Դիմումատուն Վարչական շրջանների դատարանի որոշման դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք: Նա վիճարկել է, inter alia, որ այն [Վարչական շրջանների դատարանը] չի քննել իր փաստարկները: Մասնավորապես, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված՝ իր մարմնի վրա մի շարք վնասվածքների առկայության խնդրին ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:
29.2012 թվականի հուլիսի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը եւ ամբողջությամբ անփոփոխ է թողել Վարչական շրջանների դատարանի որոշումը: Այդպես վարվելով, այն նշել է, որ դիմումատուն դեպքի փաստական հանգամանքների վերաբերյալ տվել է ոչ հստակ եւ հակասական ցուցմունքներ, որոնք չեն հիմնավորվել այլ ապացույցներով, մասնավորապես՝ Հ.Ա.-ի, Ա.Կ.-ի եւ դեպքի առնչությամբ հարցաքննված այլ անձանց ցուցմունքներով:
30.2012 թվականի օգոստոսի 2-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել: Նա պնդել է, որ Վարչական շրջանների դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումներով չի մեկնաբանվել իր մարմնի վրա եղած վնասվածքների առկայությունը կամ այն փաստը, որ Հ.Ա.-ն փակել է իրեն նրա աշխատասենյակում: Նա նաեւ կրկին անգամ նշել է քրեական վարույթ հարուցելը մերժելու եւ իր գործընկերների կողմից տրված ցուցմունքների ոչ հավաստի լինելու առնչությամբ իր փաստարկները:
31.2012 թվականի սեպտեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով:
II.ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա.Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
32.118-րդ հոդվածով սահմանվում է, որ ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել 117-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ (դիտավորությամբ մարմնական վնասվածք, որն առաջացրել է առողջության կարճատեւ քայքայում)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
33.338-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քրեական գործով սուտ ցուցմունք տալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
34.339-րդ հոդվածի համաձայն՝ ցուցմունք տալուց հրաժարվելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Բ.Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
35.180-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում՝ դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում (այսուհետ՝ հետաքննություն): Այդ ժամանակահատվածում իրավասու մարմինները կարող են ձեռնարկել որոշակի միջոցներ, ինչպես օրինակ՝ պահանջել բացատրություններ եւ նշանակել դատաբժշկական փորձաքննություններ (180-րդ հոդվածի 2-րդ մաս):
36.182-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթի եւ հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին (այսուհետ՝ նախաքննություն): Համաձայն 183-րդ հոդվածի 1-ին մասի՝ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը, inter alia, հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման:
37.206-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ գործով է նա կանչվել եւ նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաեւ ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու, ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Գ.«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք (ընդունվել է 2001 թվականի դեկտեմբերի 4-ին)
38.Համաձայն օրենքի 32-րդ հոդվածի՝
«1........ ծառայողական լիազորությունները վերազանցելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում, ....... քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.
ա)նախազգուշացում.
բ)նկատողություն.
գ)խիստ նկատողություն.
դ)......... աշխատավարձի իջեցում .
ե)..... ազատում .
զ)քաղաքացիական ծառայության ավելի բարձր դասային աստիճանի իջեցում....
2.Մինչեւ կարգապահական տույժ նշանակելը՝ կարգապահական տույժ կիրառելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարգապահական խախտման վերաբերյալ պետք է գրավոր բացատրություն պահանջի կարգապահական խախտում թույլ տված քաղաքացիական ծառայողից:
...
4.Քաղաքացիական ծառայության խորհրդի սահմանած կարգով եւ դեպքերում սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո:
.....»
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
39.Դիմումատուն բողոքել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի մասով առ այն, որ ինքն աշխատավայրում ենթարկվել է դիտավորյալ վատ վերաբերմունքի իր ղեկավարների կողմից, ովքեր պետական ծառայողներ են, եւ որ իրավասու մարմինները գործի առնչությամբ արդյունավետ քննություն չեն իրականացրել:
40.Կոնվենցիայի 3-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»:
41.Կառավարությունը վիճարկել է այդ փաստարկը:
Ա.Ընդունելիությունը
42.Դատարանը նշում է, որ գանգատը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ։ Դատարանն այնուհետեւ նշում է, որ այն անընդունելի չէ որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի։
Բ.Ըստ էության քննությունը
1.Կողմերի փաստարկները
ա)Դիմումատուն
43.Դիմումատուն պնդել է, որ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն իրեն դիտավորությամբ վնաս են պատճառել: Նրանց բռնության հետեւանքով իրեն մարմնական վնասվածքներ են հասցվել, ստացել է բազմաթիվ կապտուկներ եւ կորցրել գիտակցությունը: Նա 14 օր չի կարողացել աշխատել: Նրա մարմնական վնասվածքները հաստատվել են փորձագետի՝ 2012 թվականի հունվարի 18-ի եզրակացությամբ: Քանի որ չի հարուցվել քրեական վարույթ, պատշաճ քննություն չի իրականացվել եւ ոչ ոք չի հարցաքննվել: Հետաքննության ընթացքում որոշ վկաներ տվել են բացատրություններ, սակայն դրանք չեն համարվել նախազգուշացմամբ տրված ցուցմունքներ, քանի որ դրանք չեն տրվել գրավոր նախազգուշացվելուց հետո: Վկաները կարող էին ճիշտ ցուցմունքներ տված լինել, եթե հարցաքննվելուց առաջ գրավոր նախազգուշացվեին:
բ)Կառավարությունը
44.Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտին, ապա Կառավարությունը նշել է, որ սույն գործի փաստական հանգամանքները չեն պարունակել խոշտանգման տարրեր, եւ որ փաստերի ցանկացած մեկնաբանություն՝ որպես խոշտանգում, ակնհայտորեն չափազանցված եւ աղավաղված է: Բացի այդ, դիմումատուի ղեկավարները չեն ունեցել նրան վատ վերաբերվելու մտադրություն կամ դրդապատճառ: Նրանց միակ մտադրությունը գործընկերների միջեւ եղած՝ կատարողականի գնահատման հետ կապված կոնֆլիկտը քաղաքակիրթ ճանապարհով լուծելն է եղել: Դիմումատուի եւ նրա ղեկավարի միջեւ վիճաբանությունը չի պատճառել փաստացի մարմնական վնասվածքներ կամ ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք, չի առաջացրել վախի կամ նվաստացած զգալու օբյեկտիվ զգացողություն, եւ չի կարող համարվել դիմումատուին նվաստացնող կամ ցածրացնող:
45.Գործի նյութերում չկա ոչինչ, որը կհիմնավորի դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին պնդումները: Սույն գործով բոլոր նյութերն իրականում ցույց են տալիս հակառակը՝ Հ.Ա.-ն եւ Ա.Կ.-ն միայն փորձել են հանգստացնել դիմումատուին, քանի որ նա բղավել եւ ոչ պատշաճ խոսքեր է օգտագործել: Ամբողջական, օբյեկտիվ եւ համապարփակ հետաքննությունից հետո Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի դեմ նրա մեղադրանքները համարվել են հակասական եւ չհիմնավորված, եւ ոչ մի դեպքում՝ արժանահավատ: Նա չորս օր շարունակ հաղորդում չի ներկայացրել ոստիկանություն: Ավելին, նա դեպքերը հակասական ձեւով է նկարագրել եւ չի տրամադրել հոգեբանական, բժշկական կամ որեւէ այլ փորձագիտական ապացույց, որը կարող էր հիմնավորել իր վրա ֆիզիկական կամ հոգեկան ենթադրյալ ազդեցությունը: Հնարավոր չի եղել «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշով ապացուցել, որ նրա վնասվածքները պատճառել են իր ղեկավարները: Չի եղել ապացույց, որ առողջական խնդիրները, որ նա ենթադրաբար ունեցել է, կապված են եղել վիճարկվող դեպքերի հետ, քանի որ նա դեպքից հետո հինգ օր շարունակ չի անցել բժշկական քննություն: Այսպիսով, վնասվածքները չեն եղել բավականաչափ լուրջ՝ հասնելու համար Կոնվենցիայի 3-րդ հոդվածի կիրառման շեմին:
46.Ինչ վերաբերում է 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտին, ապա Կառավարությունը պնդել է, որ Հայաստանի օրենսդրությունը պարունակում է բոլոր մեխանիզմները եւ քննչական ընթացակարգերը, որոնք պահանջվում են վատ վերաբերմունք ցուցաբերած անձանց համարժեքորեն պատժելու համար: Սույն գործով իրավասու մարմիններն իրականացրել են արդյունավետ քննություն, որը բերել է այն եզրակացության, որ քննվող դեպքի ընթացքում հանցագործություն չի կատարվել: Քննությունը եղել է ամբողջական, առանց ձգձգումների եւ անկախ, ինչպես նաեւ պատշաճորեն ապահովվել է դիմումատուի ներգրավվածությունը դրա ընթացքին: Քննչական մարմինների կողմից ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ քննչական միջոցները, սակայն վկաներից ոչ մեկի ցուցմունքներով չեն հաստատվել դիմումատուի պնդումները: Քննչական մարմինների կողմից քրեական վարույթ հարուցելու մերժումն անփոփոխ է մնացել ազգային դատարանների երեք ատյանների կողմից: Հետաքննությունն սկսել է անմիջապես դիմումատուի կողմից ոստիկանություն հաղորդում ներկայացնելու օրը: Բժշկական քննության արդյունքները հաշվի են առնվել եւ դրանց վրա հիմնվել են մյուս բոլոր ապացույցների հետ միասին: Հետաքննությունը եղել է ամբողջովին անկախ, եւ դիմումատուն ամբողջությամբ ներգրավված է եղել դրա ընթացքին:
47.Հետեւաբար, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական եւ դատավարական ասպեկտների խախտում տեղի չի ունեցել:
2.Դատարանի գնահատականը
ա)Ընդհանուր սկզբունքները
48.Դատարանը նախ վերահաստատում է, որ վատ վերաբերմունքը պետք է լինի նվազագույն ծանրության, որպեսզի լինի 3-րդ հոդվածի գործողության շրջանակում: Այս նվազագույնի գնահատումը հարաբերական է. այն կախված է գործի բոլոր փաստական հանգամանքներից, ինչպիսիք են, օրինակ, վերաբերմունքի բնույթը եւ համատեքստը, դրա տեւողությունը, ֆիզիկական եւ հոգեկան ազդեցությունները, որոշ դեպքերում զոհի սեռը, տարիքը եւ առողջական վիճակը (տե՛ս, օրինակ, Բուիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] [Bouyid v. Belgium] [GC], թիվ 23380/09, § 86, ՄԻԵԴ 2015, Մ-ն եւ Մ-ն ընդդեմ Խորվաթիայի [M. and M. v. Croatia], թիվ 10161/13, § 131, 2015 թվականի սեպտեմբերի 3), եւ Դ.Մ.Դ.-ն ընդդեմ Ռումինիայի [D.M.D. v. Romania], թիվ 23022/13, § 40, 2017 թվականի հոկտեմբերի 3):
49.Վերաբերմունքը Դատարանի կողմից ճանաչվել է որպես նվաստացնող եւ այդպիսով համարվել Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված արգելք, եթե այն իր զոհի մոտ առաջացնում է վախի, տառապանքի եւ նվաստ լինելու զգացում (տե՛ս, օրինակ, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության [Ireland v. the United Kingdom], 1978 թվականի հունվարի 18, § 167, շարք Ա թիվ 25) եւ Ստանեւն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 203, ՄԻԵԴ 2012), եթե այն նվաստացնում կամ ցածրացնում է անհատին (նվաստացում իր իսկ աչքերում, տե՛ս Ռանինեն ընդդեմ Ֆինլանդիայի [Raninen v. Finland], 1997 թվականի դեկտեմբերի 16, § 32, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1997-VIII, եւ (կամ) այլ անձանց աչքերում, տե՛ս Գուստանովին ընդդեմ Բուլղարիայի [Gutsanovi v. Bulgaria], թիվ 34529/10, § 136, ՄԻԵԴ 2013 (քաղվածքներ)), անկախ նրանից՝ դա եղել է նպատակը, թե ոչ (տե՛ս Լաբիթան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy [GC]] , թիվ 26772/95, § 120, ՄԻԵԴ 2000-IV), եթե այն կոտրում է անձի ֆիզիկական կամ մտավոր դիմադրությունը կամ դրդում է նրան գործել իր կամքին կամ գիտակցությանը հակառակ (տե՛ս Յալլոհն ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Jalloh v. Germany [GC]], թիվ 54810/00, § 68, ՄԻԵԴ 2006-IX), կամ այն ցուցաբերում է հարգանքի բացակայություն կամ ցածրացնում մարդկային արժանապատվությունը (տե՛ս Սվինարենկոն եւ Սլյադնեւն ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Svinarenko and Slyadnev v. Russia [GC]], թիվ 32541/08 եւ թիվ 43441/08, §118 եւ §138, 2014 թվականի հուլիսի 17):
50.Դատարանն այնուհետեւ վերահաստատում է, որ երբ անհատը փաստարկելի պնդում է անում այն մասին, որ նրա նկատմամբ 3-րդ հոդվածի խախտմամբ ցուցաբերվել է խիստ վատ վերաբերմունք ոստիկանության կամ պետության այլ ներկայացուցիչների կողմից, ապա այդ դրույթով անուղղակիորեն պահանջվում է արդյունավետ պաշտոնական քննության իրականացում: 3-րդ հոդվածի խախտմամբ պետության ներկայացուցիչների կողմից ցուցաբերված վերաբերմունքի մասին պնդումների արդյունավետ քննություն իրականացնելու պարտականությունը հստակ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքում (տե՛ս Բուիդի գործը՝ վերեւում հիշատակված, §§ 114-123), իսկ որպես ամենավերջին վճիռ՝ Ջերոնովիչն ընդդեմ Լատվիայի [ԳՊ] [Jeronovičs v. Latvia [GC]], թիվ 44898/10, § 103, ՄԻԵԴ 2016):
51.Որպեսզի լինի արդյունավետ, այդ քննությունը, ինչպես 2-րդ հոդվածով նախատեսվածի դեպքում, նախ, պետք է լինի պատշաճ (տե՛ս Ռամսահայը եւ այլք ընդդեմ Նիդեռլանդների [ՄՊ] [Ramsahai and Others v. the Netherlands [GC]], թիվ 52391/99, § 324, ՄԻԵԴ 2007-II, եւ Մուստաֆա Թունջը եւ Ֆեքիրե Թունջն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey [GC]], թիվ 24014/05, § 172, 2015 թվականի ապրիլի 14): Սա նշանակում է, որ այն պետք է հնարավորություն տա պարզելու փաստերը եւ որոշելու, թե արդյոք գործադրված ուժը արդարացված է եղել այդ փաստական հանգամանքներում, եւ անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին (տե՛ս, ի թիվս այլնի, Ջուլիանին եւ Գաջոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Giuliani and Gaggio v. Italy [GC]], թիվ 23458/02, § 301, ՄԻԵԴ 2011 (քաղվածքներ), Մուստաֆա Թունջի եւ Ֆեքիրե Թունջի գործը՝ վերեւում հիշատակված, § 172, Ջերոնովիչի գործը՝ վերեւում հիշատակված, § 107, եւ Արմանի Դա Սիլվան ընդդեմ Միացյալ թագավորության [ՄՊ] [Armani Da Silva v. the United Kingdom [GC]], թիվ 5878/08, § 233, ՄԻԵԴ 2016): Նախաքննություն իրականացնելու պարտականությունը «ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտականություն է». պարտադիր չէ, որ յուրաքանչյուր նախաքննություն լինի հաջողված կամ հանգի դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքին համապատասխանող եզրակացության (տե՛ս Դ.Մ.Դ.-ի գործը՝ վերեւում հիշատակված, § 40):
52.Վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ պնդումների շուրջ իրականացվող նախնական քննությունը նույնպես պետք է լինի ամբողջական: Դրանից հետեւում է, որ իրավասու մարմինները միշտ պետք է լրջորեն ձգտեն պարզել, թե ինչ է տեղի ունեցել եւ չպետք է հիմնվեն հապճեպ արված կամ անհիմն եզրակացությունների վրա՝ նախաքննությունն ավարտելու կամ դրանք իրենց որոշումների հիմք դարձնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն բոլոր հնարավոր ողջամիտ միջոցները` ձեռք բերելու համար դեպքին առնչվող ապացույցներ՝ ներառյալ վկաների ցուցմունքները, դատաբժշկական փորձաքննության արդյունքները եւ այլն: Նախնական քննության ցանկացած թերություն, որը կարող է խաթարել վնասվածքների պատճառի կամ հանցանքի համար պատասխանատու անձանց ինքնության հաստատումը, կարող է այս չափանիշին չհամապատասխանելու վտանգ առաջացնել (տե՛ս Միխեեւն ընդդեմ Ռուսաստանի [Mikheyev v. Russia], թիվ 77617/01, § 108, 2006 թվականի հունվարի 26, եւ Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի [Virabyan v. Armenia], թիվ 40094/05, § 162, 2012 թվականի հոկտեմբերի 2):
53.3-րդ հոդվածի [պահանջներին] հակասող վատ վերաբերմունքի մասին պնդումները պետք է հիմնավորվեն պատշաճ ապացույցներով: Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանն ընդունում է ապացույցի՝ «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշը, սակայն ավելացնում է, որ այդ ապացույցը կարող է հիմնված լինել բավականաչափ ուժեղ, հստակ եւ համահունչ եզրակացությունների համադրության կամ փաստի համանման անառարկելի ենթադրությունների վրա (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության գործը՝ վերեւում հիշատակված, § 161-ի վերջում, Լաբիթայի գործը՝ վերեւում հիշատակված, § 121, Յալլոհի գործը՝ վերեւում հիշատակված, § 67, եւ Բուիդի գործը՝ վերեւում հիշատակված, § 82):
բ)Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
54.Սույն գործով, դիմումատուն բողոքել է, որ նրա ղեկավարների՝ աշխատավայրում ցուցաբերած վարքի հետեւանքով իրեն հասցվել են մարմնական վնասվածքներ, այն է՝ թեւերին բազմաթիվ կապտուկներ, եւ որ իրեն լրջորեն նվաստացրել են: Դատարանի նախադեպային իրավունքում անձին նվաստացնելը կամ ցածրացնելը՝ կա՛մ զոհի եւ (կա՛մ) այլ անձանց աչքերում համարվում է նվաստացնող վերաբերմունք (տե՛ս վերեւում՝ 49-րդ պարբերությունը): Այսպիսով, դիմումատուն փաստարկելի պնդում է արել վատ վերաբերմունքի մասին, որը բավարարում է 3-րդ հոդվածով նախատեսված նվազագույն ծանրության աստիճանը:
55.Դատարանը նշում է, որ դիմումատուն բողոքել է Նախարարությունում քաղաքացիական ծառայող հանդիսացող ղեկավարների կողմից իր նկատմամբ դրսեւորված վատ վերաբերմունքի առնչությամբ: Անկախ նրանից, թե 3-րդ հոդվածին հակասող վատ վերաբերմունքը հասցվել է պետության ներկայացուցիչների, թե մասնավոր անհատների մասնակցությամբ, պաշտոնական քննության պահանջները նույնն են (տե՛ս Վ.Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի [V.K. v. Russia], թիվ 68059/13, § 185, 2017 թվականի մարտի 7): Հետեւաբար, Դատարանը կքննի, թե արդյոք պատասխանող պետությունը դիմումատուի գործի առնչությամբ վարույթն իրականացնելիս խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված իր դրական պարտավորությունները, թե ոչ:
(i)Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական ասպեկտը
56.Դատարանը նշում է, որ 2012 թվականի հունվարի 14-ին դիմումատուն դեպքի առնչությամբ ոստիկանություն հաղորդում է ներկայացրել: Նույն օրը քննիչը նշանակել է դատաբժշկական փորձաքննություն, որն իրականացվել է 2012 թվականի հունվարի 18-ին: Դիմումատուի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց՝ Հ.Ա.-ի եւ Ա.Կ.-ի եւ դիմումատուի՝ Նախարարության որոշ գործընկերների կողմից տրվել են որոշ բացատրություններ: Այնուամենայնիվ, սույն գործի առնչությամբ այդպես էլ նախաքննություն չի իրականացվել, ինչպես նաեւ Նախարարությունում նույնպես ներքին քննություն չի իրականացվել (տե՛ս վերեւում՝ 38-րդ պարբերությունը):
57.Սույն գործով դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է, որ դիմումատուի բազկի տարբեր հատվածներում հասցվել են կապտուկներ: Այնուամենայնիվ, նրա բոլոր այն գործընկերները, ովքեր բացատրություններ են տվել եւ ովքեր եղել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթակաները, ժխտել են դիմումատուի կողմից նշված դեպքերի շարադրանքը: Այս բացատրությունների հիման վրա քննիչը հրաժարվել է քրեական վարույթ հարուցելուց: Դիմումատուն վիճարկել է քննիչի որոշումը՝ բողոք ներկայացնելով դատախազին: Նա նաեւ բողոք է ներկայացրել Վարչական շրջանների դատարան՝ պահանջելով քրեական վարույթ հարուցել: Ընթացակարգերին դիմելու փորձերից ոչ մեկը հաջողություն չի ունեցել: Թեեւ բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ դիմումատուին հասցվել են վնասվածքներ, քննիչի կամ ազգային դատարանների կողմից այդ վնասվածքների առնչությամբ որեւէ բացատրություն չի տրամադրվել:
58.Քանի որ դիմումատուն իրավասու ազգային մարմինների առջեւ փաստարկելի պնդում է արել, որ իր նկատմամբ ցուցաբերվել է վատ վերաբերմունք, պետք է իրականացվեր գործի անկախ եւ արդյունավետ քննություն, որը հնարավորություն կտար պարզելու գործի փաստերը եւ, եթե ի հայտ գար, որ պնդումները ճիշտ են՝ ի հայտ բերելու եւ հավանական պատիժ սահմանելու մեղավորների նկատմամբ: Այնուամենայնիվ, սույն գործով այդպես էլ քննություն չի սկսվել, ինչպես նաեւ Նախարարությունում ներքին քննություն նույնպես չի իրականացվել: Հետաքննության ժամանակ ազգային իրավասու մարմինները չեն ձեռնարկել լուրջ փորձեր՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Չեն ձեռնարկվել քայլեր, օրինակ, դիմումատուի գործընկերներից գրավոր նախազգուշացմամբ ցուցմունք վերցնելու՝ խուսափելու համար այնպիսի հնարավոր խնդիրներից, որոնք կարող էին առաջանալ այն պատճառով, որ նրանք ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ենթականերն են: Չի հաստատվել, թե ինչպես են առաջացել դիմումատուի վնասվածքները, ինչպիսի հանգամանքներում, եւ արդյոք դրանք վիճարկվող դեպքի հետ ունեցել են որեւէ առնչություն, թե ոչ: Ավելին, չեն գործադրվել ջանքեր՝ պարզաբանելու Հ.Ա.-ի ցուցմունքներում առկա որոշ հակասությունները (տե՛ս վերեւում՝ 12-րդ եւ 18-րդ պարբերությունները) կամ պարզելու, թե արդյոք նրա ցուցմունքները ճշգրիտ են: Ինչպես նաեւ Նախարարության աշխատակազմի ղեկավարի (տե՛ս վերեւում՝ 8-րդ պարբերությունը) կամ այլ իրավասու վարչական մարմինների կողմից մինչեւ 2012 թվականի հունվարի 14-ը՝ դիմումատուի՝ հարցի առնչությամբ ոստիկանություն հաղորդում ներկայացնելը, քայլեր նույնպես չեն ձեռնարկվել:
59.Հաշվի առնելով վերեւում նշված թերացումները՝ Դատարանը եզրակացնում է, որ պետական իրավասու մարմինները չեն իրականացրել պատշաճ քննություն դիմումատուի՝ իր նկատմամբ դրսեւորած վատ վերաբերմունքի մասին պնդումների առնչությամբ: Այսպիսով, տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական դրույթների մասով խախտում:
(ii)Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական ասպեկտը
60.Հաշվի առնելով արդյունավետ քննության բացակայությունը՝ Դատարան ներկայացված ապացույցները հնարավորություն չեն տալիս «հիմնավոր կասկածներից վեր» չափանիշով փաստել, որ դիմումատուն ենթարկվել է 3-րդ հոդվածի պահանջներին հակասող վերաբերմունքի: Հետեւաբար, Դատարանը համարում է, որ չկան բավարար ապացույցներ՝ եզրակացնելու համար, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական դրույթների մասով խախտում:
II.ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
61.Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Ա.Վնասը
62.Դիմումատուն պահանջել է 7 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
63.Կառավարությունը համարել է, որ պահանջը չափազանցված է եւ անհիմն: Դիմումատուն ցույց չի տվել դեպքի հետ պատճառահետեւանքային կապը: Այսպիսով, բողոքը ենթադրական է եւ ենթակա մերժման: Ամեն դեպքում, եթե Դատարանը որոշել է ոչ նյութական վնասի մասով փոխհատուցում շնորհել, ապա գումարը պետք է լինի ավելի քիչ, քան պահանջվել է:
64.Դատարանը դիմումատուին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Բ.Ծախսերը եւ ծախքերը
65.Դիմումատուն պահանջել է նաեւ 3 510 եվրո՝ Դատարանում կրած ծախսերի եւ ծախքերի համար:
66.Կառավարությունը պահանջված գումարը համարել է չափազանցված: Ավելին, դիմումատուն չի տրամադրել տեղեկատվություն փաստացի կատարված աշխատանքների, աշխատած ժամերի քանակի կամ ժամավճարի վերաբերյալ: Բացի այդ, չեն ներկայացվել մանրամասներ պահանջված թարգմանության ծախսերի կամ սույն գործին դրանց վերաբերելիության առնչությամբ: Նամակագրության ծախսերը հիմնավորված չեն որեւէ փաստաթղթային ապացույցով:
67.Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի հատուցման իրավունք այնքանով, որքանով ապացուցվել է, որ դրանք իրականում կատարվել են եւ անհրաժեշտ են եղել, ինչպես նաեւ որ դրանց չափը եղել է ողջամիտ: Սույն գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը եւ առաջնորդվելով վերը նշված չափանիշներով՝ Դատարանը մերժում է Դատարանում վարույթի ընթացքում կրած ծախսերի եւ ծախքերի մասով պահանջը՝ պատշաճ ապացուցողական փաստաթղթերի բացակայության պատճառով:
Գ.Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
68.Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1.Հայտարարում է գանգատն ընդունելի.
2.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդման առնչությամբ պատշաճ եւ արդյունավետ քննություն չիրականացնելու առումով.
3.Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական դրույթների խախտում տեղի չի ունեցել։
4.Վճռում է, որ՝
ա)պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում որպես ոչ նյութական վնասի հատուցում պետք է դիմումատուին վճարի 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ)վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5.Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2018 թվականի հուլիսի 19-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ 3-րդ կետերի։
Աբել Կամպոս
Քարտուղար
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս
Նախագահ
Full & Egal Universal Law Academy