© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ՅԱՆՈՎԻՉԸ ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 55508/07 և 29520/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈւՐԳ
21 հոկտեմբերի 2013թ.
Սույն վճիռը վերջնական է, այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների
Յանովիչը և այլոք ընդդեմ Ռուսաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը հետևյալ կազմով`
Ժոզեֆ Կասադեվալլ, Նախագահ,
Գվիդո Ռայմոնդի,
Ինետա Զիեմելե,
Իզաբել Բերրո-Լեֆևր,
Կորնելիու Բիրսան,
Փիր Լորենզեն,
Ալվինա Գյուլումյան,
Խանլար Հաջիև,
Դրագոլյուբ Պոպովիչ,
Լուիս Լոպես Գերրա,
Քրիստինա Պարդալոս,
Վինսենթ Ա. դե Գաետանո,
Ջուլիա Լաֆֆրանկ,
Էլեն Կելլեր,
Ելենա Յաբերլոմ,
Կրզիստ Վոժտիցզեկ,
Դմիտրի Դեդով, դատավորներ,
և Էրիկ Ֆրիբերգ (քարտուղար),
2013թ. փետրվարի 13-ին և սեպտեմբերի 5-ին կայացած դռնփակ նիստերում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց վերջին նշված օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Գործը սկիզբ է առել 2007թ. նոյեմբերի 19-ին և 2009թ. մայիսի 24-ին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Լեհաստանի 15 քաղաքացիների(դիմումատու) կողմից` ընդդեմ Ռուսաստանի Դաշնային Հանրապետության բերված թիվ 55508/07 և 29520/09 գանգատների հիման վրա համապատասխանաբար:
2. Դիմումատուների անունները նշված են ստորև` 25 և 37 կետերում: Նրանք բնակվում են Լեհաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Դիմումատուներ պրն. Յանովիչին և պրն. Տրիբովսկիին ներկայացնում է Վարշավայում գործող լեհ իրավաբան պրն. Ջ. Սզեվչուկը: Մյուս դիմումատուներին ներկայացնում է պրոֆեսոր Ի. Կամինսկին Իրավական ուսմունքների ինստիտուտից, և Գդանսկում և Սցեզինում գործող լեհ իրավաբաններ պրն. Ռ. Նովոսելսկին և պրն. Բ. Սոչանսկին համապատասխանաբար, ինչպես նաև Մոսկվայում գործող ռուս իրավաբաններ տիկին Ա. Ստավիցկայան և պրն. Ռ. Կարպինսկին:
3. Ռուսաստանի կառավարությանը («Կառավարություն») ներկայացնում էր Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչ` պրն. Գ. Մատյաշկինը:
4. Լեհաստանի կառավարությունը, որը մասնակցել է գործին Կոնվենցիայի 36-րդ հովածի 1-ին կետի համաձայն, ի սկզբանե ներկայացնում էր իրենց ներկայացուցիչ պրն. Ջ. Վոլասիեվիչը Արտաքին գործերի նախարարությունից, և հետագայում իրենց համագործակալ տիկին Ա. Մեժիկովսկան:
5. Գանգատի քննությունը հանձնվել է Դատարանի Հինգերորդ Բաժանմունքին (Դատարանի Կանոնակարգ, Կանոն 52, կետ 1): 2008թ. հոկտեմբերի 7-ին և 2009թ. նոյեմբերի 24-ին Բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել դիմումների մասին հաղորդում տալ Ռուսաստանի և Լեհաստանի կառավարություններին: Որոշվել է նաև Դատարանի Կանոնակարգի 41-րդ կանոնի համաձայն առաջնահերթություն տալ դիմումներին:
6. 2011թ. հուլիսի 5-ի որոշմամբ Դատարանը միացրեց դիմումները: Այնուհետև այն որոշել է միացնել գործի էությանը Կառավարության առարկությունը գանգատի նկատմամբ դատարանի ratione temporis իրավազորության վերաբերյալ` Կանվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային առումով և մասնակի ընունելի է համարել գանգատը:
7. 2012թ. ապրիլի 16-ին 5-րդ Բաժանմունքի Պալատը` հետևյալ կազմով` դատավորներ Դին Շպիլման (Dean Spielmann),Նախագահ, Կարել Յունգվիրտ (Karel Jungwiert), Բոշտյան Զուպանչիչ (Boštjan M. Zupančič), Անատոլի Կովլեր (Anatoly Kovler), Մարկ Վիլլիգեր(Mark Villiger), Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska) և Անժելիկա Նուսբերգեր (Angelika Nußberger), կայացրեց վճիռը: Այն ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ վճռեց, որ չի կարող քննության առնել դիմումի էությունը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն, ձայների հինգ կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ վճռեց, որ 10 դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում և միաձայն վճռեց, որ մյուս դիմումատուների նկատմամբ այդ դրույթի խախտում տեղի չի ունեցել: Դատարանը նաև վճռեց ձայների չորս կողմ և երեք դեմ հարաբերակցությամբ, որ պատասխանող կողմ Կառավարությունը խախտել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները:
8. 2012թ. հուլիսի 5-ին դիմումատուները միջնորդություն ներկայացրեցին, որպեսզի Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և Դատարանի Կանոնակարգի 73-րդ կանոնի համաձայն գործը փոխանցվի Մեծ Պալատին: 2012թ. սեպտեմբերի 24-ին Մեծ Պալատի կազմը բավարարեց միջնորդությունը:
9. Մեծ պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և 5-րդ հոդվածի և 24-րդ կանոնի դրույթների համաձայն:
10. Դիմումատուները և Կառավարությունն իրենց հուշագրերը ներկայացրեցին Մեծ պալատին:
11. Այնուհետև, Մեծ պալատի նախագահը, Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, թույլ տվեց, որպես երրորդ կողմ, գրավոր մեկնաբանություններ ներկայացնել ` հետևյալ կազմակերպություններին` Open Society Justice Initiative, Amnesty International and the Public International Law and Policy Group. Երեք ոչ կառավարական կազմակերպությունների խմբի ` Memorial, the European Human Rights Advocacy Centre and the Transitional Justice Network, նույնպես շնորհվել է թույլտվություն ներկայացնել միացյալ գրավոր մեկնաբանություն` որպես երրորդ կողմ:
12. 2013թ. փետրվարի 13-ին, Ստրասբուրգում, Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցավ դռնբաց նիստ (կանոն 59 կետ 3):
Դատարանում ներկայացան
(ա) Կառավարության անունից
Պրն. Գ. Մատյուշկին, Ներկայացուցիչ
Պրն. Ն. Միխայլով,
Պրն. Պ. Սմիրնով, խորհրդականներ
(բ) Դիմումատուների անունից
Պրն. Ջ. Շեվչուկ,
Պրն. Ի. Կամինսկի,
Պրն. Բ. Սոչանսկի, իրավախորհրդատուներ
(գ) Լեհաստանի կառավարության անունից
Պրն. Մ. Շպունար, Արտաքին գործերի նախարարի տեղակալ,
Տիկին Ա. Մեզիկովսկա, համաներկայացուցիչ,
Պրն. Վ. Շաբաս, խորհրդական:
Դատարանը լսեց Պրն. Ջ. Շեվչուկի, Պրն. Ի. Կամինսկիի և Պրն. Բ. Սոչանսկիի ելույթները դիմումատուի կողմից, Պրն. Գ. Մատյուշկինի ելույթը պատասխանող կողմ Կառավարության կողմից և Տիկին Ա. Մեզիկովսկային Լեհաստանի Կառավարության կողմից:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
13. Կողմերի կողմից ներկայացված կամ չվիճարկվող փաստերը կարող են ընդհանրացվել հետևյալ կերպ:
Ա. Նախապատմություն
14. 1939թ. օգոստոսի 23-ին Սովետական Միության և Նացիստական Գերմանիայի Արտաքին գործերի նախարարները ստորագրեցին չհարձակվելու մասին պայմանագիր (հայտնի որպես «Մոլոտովի-Ռիբբենտրոպի դաշնագիր»), որը ներառում էր գաղտնի արձանագրություն, որով կողմերը համաձայնության էին եկել «Արևելյան Եվրոպայում իրենց ազդեցության համապատասխան բնագավառներում սահմանների հարցի շուրջ»: Մասնավորապես, նրանք պայմանավորվել էին հետևյալը.
«2. Լեհաստանին պատկանող շրջանների տարածքային և քաղաքական վերակազմակերպման պարագայում Գերմանիայի և ԽՍՀՄ-ի ազդեցության ոլորտները կսահմանափակվեն մոտավորապես Նարու, Վիստուլա և Սան գետերի սահմանագծով»:
15. 1939թ. սեպտեմբերի մեկին Գերմանիան ներխուժեց Լեհաստան` սկիզբ դնելով Երկրորդ Համաշխարհային պատերազմին: 1939թ. սեպտեմբերի 17-ին սովետական Կարմիր բանակը մտավ Լեհաստանի տարածք, իբրև թե Լեհաստանի արևելյան մասում ապրող ուկրաինացիներին և բելոռուսներին պաշտպանելու նպատակով, քանի որ լեհական պետությունն անկում էր ապրում գերմանական հարձակման ներքո, և չէր կարող այլևս երաշխավորել սեփական քաղաքացիների ապահովությունը: Լեհական բանակը զինված դիմադրություն ցույց չտվեց: ԽՍՀՄ-ը բռնազավթեց իր կառավարման ներքո հայտնված տարածքը և 1939թ Նոյեմբերին հայտարարեց, որ այնտեղ ապրող 13,5 միլիոն Լեհաստանի քաղաքացիներն այսուհետև Սովետական միության քաղաքացիներ են:
16. Կարմիր բանակի առաջխաղացման հետևանքով, մոտավորապես 250,000 լեհ զինվորներ, սահմանապահներ, ոստիկաններ, բանտապահներ, պետական ծառայողներ և այլ պաշտոնատար անձինք ձերբակալվեցին: Նրանց զինաթափելուց հետո, նրանցից ոմանք ազատ արձակվեցին, մյուսներին ուղարկեցին Կոզելսկում, Օստաշկովում և Ստարոբելսկում տեղակայված, ՆԿՎԴ-ի (Ներքին գործերի ժողովրդական կոմիսորիատ` նախքան ՊԱԿ-ը) կողմից ստեղծված հատուկ ճամբարներ: 1939թ. հոկտեմբերի 9-ին որոշվեց, որ լեհական սպայական ուժերը պետք է տեղաբաշխվեն Կոզելսկում և Ստարոբելսկում, իսկ մնացած պաշտոնատար անձինք, ներառյալ ոստիկանության ծառայողներին և բերդապահներին` Օստաշկովում:
17. 1940թ. մարտի սկզբներին Լ. Բերիան, ով ՆԿՎԴ-ի պետն էր, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ի. Ստալինին ներկայացնում է առաջարկ` հաստատել պատերազմի լեհ ռազմագերիների գնդակահարությունը այն հիմքով, որ նրանք բոլորը «հանդիսանում էին` կառավարման խորհրդային համակարգի դեմ ատելությամբ լցված խորհրդային իշխանությունների թշնամիներ», ովքեր «փորձում էին շարունակել իրենց [հակահեղափոխական] աշխատանքները» և «իրականացնում էին հակասովետական քարոզչություն»: Առաջարկը կոնկրետացնում էր, որ ռազմագերիների ճամբարները ներառում էին 14,736 նախկին զինվորական և ոստիկանության ծառայողների, որոնցից 97 տոկոսը ազգությամբ լեհ էին, և որ ևս 10,685 լեհեր պահվում էին Ուկրաինայի և Բելոռուսի արևմտյան շրջանների բանտերում:
18. 1940թ. մարտի 5-ին ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեյի քաղբյուրոն դիտարկեց առաջարկը և որոշեց.
«I. ԽՍՀՄ ՆԿՎԴ-ին հրահանգել հետևյալը.
(1) Ռազմագերիների ճամբարներում մնացած 14,700 անձանց գործերը (նախկին լեհական բանակի ծառայողներ, պետական պաշտոնյաներ, հողի սեփականատերեր, ոստիկաններ, հատուկ ծառայության գործակալներ, ռազմական ոստիկաններ, գաղութների և բերդերի պահապաններ)
(2) և այն անձանց գործերը, ովքեր ձերբակալվել էին և շարունակում էին մնալ Ուկրաինայի և Բելոռուսի արևմտյան շրջաններում, թվով 11,000 (հակահեղափոխական լրտեսական և դիվերսիոն կազմակերպությունների անդամներ, նախկին հողատերեր, գործարանատերեր, նախկին լեհական բանակի ծառայողներ, պետական պաշտոնյաներ և փախստականներ), պետք է քննության առնվեն հատուկ ընթացակարգով` և նախատեսվեն մահապատիժներ, որոնքը կիրականացվի գնդակահարության միջոցով:
II. Գործերը պետք է քննվեն առանց ձերբակալվածներին մասնակից դարձնելու կամ մեղադրանքը բացահայտելու, և առանց հետաքննության եզրահանգումների հրապարակման կամ մեղադրական եզրակացությունը նրանց հանձնելու, հետևյալ կերպ.
(ա) ռազմագերիների գործերով դիրեկցիայի, ՆԿՎԴ, ԽՍՀՄ կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ռազմական ճամբարներում մնացած անձինք
(բ) ուկրաինական ԽՍՀ ՆԿՎԴ-Ի և Բելոռուսի ԽՍՀ ՆԿՎԴ-Ի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա ձերբակալված անձանց:»
Որոշումը ստորագրվել է Ի. Ստալինի, Կ. Որոշիլովի, Ա. Միկոյանի, Վ. Մոլոտովի, Մ. Կալինինի և Լ. Կագանովիչ կողմից:
19. Սպանությունները տեղի են ունեցել 1940թ. ապրիլին և մայիսին: Կոզելսկի ճամբարում պահվողները սպանվել են Սմոլենսկի մոտ գտնվող «Կատինի անտառ» կոչվող վայրում, Ստարոբելսկ ճամբարում պահվողները գնդակահարվել են Խարկովի ՆԿՎԴ բանտում և նրանց մարմինները թաղվել են Պյատիխատկի գյուղի մոտ, Օստախովի ոստիկանության ծառայողները սպանվել են Կալինինի (ներկայումս Տվեր) ՆԿՎԴ բանտում և թաղվել Մեդնոյեում: Արևմտյան Ուկրաինայի և Բելոռուսի բանտերում գտնվող ձերբակալվածների մահապատժի հանգամանքները մինչ օրս անհայտ են:
20. 1942 և 1943 թվականներին, նախ լեհական երկաթուղու աշխատակիցները և ապա գերմանական բանակը հայտնաբերեցին զանգվածային գերեզմաններ Կատին Անտառի մոտ: Ստեղծվեց տասներկու դատաբժշկական փորձագետից և Բելգիայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Դանիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Ռումինիայից, Սլովակիայից և Շվեդիայից նրանց օժանդակող անձնակազմից բաղկացած միջազգային հանձնաժողով, որն իրականացրեց արտաշիրմում 1943թ. ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում: 4,243 լեհ ծառայողների դիերի մնացորդները դուրս բերվեցին, դրանցից 2,730-ի ինքնությունը հաստատվեց: Հանձնաժողովը եզրակացրեց, որ խորհրդային իշխանությունները են կրում կոտորածի պատասխանատվությունը:
21. Խորհրդային իշխանությունները պատասխանեցին` մեղքը դնելով գերմանացիների վրա, ովքեր, Մոսկվայի պնդմամբ, 1941թ. ամռանը իրենց վերահսկողության տակ էին վերցրել լեհ բանտարկյալներին և սպանել էին նրանց: 1943թ. սեպտեմբերին, Կարմիր բանակի կողմից Սմոլենսկի շրջանի ազատագրումից հետո, ՆԿՎԴ-ն ստեղծեց Արտակարգ պետական հանձնաժողով` Ն. Բուրդենկոյի գլխավորությամբ, որի նպատակն էր ձեռք բերել լեհ ծառայողների սպանության համար Գերմանիայի պատասխանատվության ապացույցներ: 1944թ. հունվարի 22-ի իր պաշտոնական տեղեկագրության մեջ Հանձնաժողովը հայտարարեց, որ լեհ բանտարկյալները մահապատժի են ենթարկվել գերմանացիների կողմից 1941թ աշնանը:
22. Միջազգային Զինվորական Դատարանում գերմանացի ռազմական հանցագործների դատաքննության ընթացքում Կատինի սպանությունները մեղադրական ակտում նշվում են որպես պատերազմական հանցագործության դեպք (մեղադրական ակտ. Հատոր Երեք` պատերազմական հանցագործություններ, Բաժին C (2)): 1946թ փետրվարի 3-ին ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալ պրն. Պոկրովսկին, մեղադրանք ներկայացրեց ամբաստանյալներին 11,000 լեհ բանտարկյալների 1941թ. աշնանը մահապատժի ենթարկելու համար, Արտակարգ պետական հանձնաժողովի զեկույցի հիման վրա (Խոշոր ռազմական հանցագործների դատավարություն Միջազգային ռազմական դատարանում, հատոր VII, էջեր 425-7 ): Չնայած Սովետական դատախազների առարկության` բանավոր վկայություն լսելու դեմ, Դատարանը 1946թ. հուլիսի 1-ին և 2-ին լսեց մեղադրող կողմի 3 վկաների և պաշտպանության կողմի 3 վկաների վկայությունները(հատոր XVII էջեր 270-371): Դատավարության ավարտին ոչ մի նշում չեղավ Կատինի սպանությունների մասին` ո՛չ Միջազգային ռազմական դատարանի դատավճռի տեքստում և ո՛չ Խորհրդային դատավորի չհամընկնող կարծիքում:
23. 1959թ. մարտի 3-ին Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) նախագահ Ա. Շելեպինը ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Ն. Խրուշչյովին առաջարկել է վերացնել ռազմագերիների մահապատժի հետ կապված փաստաթղթերը.
«1940թ.ից ի վեր, բանտարկյալներին և ներգրավված ծառայողներին, ոստիկաններին, ժանդարմներին, [զինվորական] գաղութաբնակներին, հողատերերին և նույն տարում գնդակահարված նախկին լեհական բուրժուազիայի այլ ներկայացուցիչներին վերաբերող արձանագրությունները և այլ փաստաթղթերը պահվում էին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի պետական անվտանգության կոմիտեյի կողմից: Խորհրդային ՆԿՎԴ-ի հատուկ եռյակի կողմից կայացված որոշումների հիման վրա, ընդհանուր առմամբ 21,857 անձ գնդակահարվել է, նրանցից 4,421-ը Կատինի Անտառում (Սմոլենսկի շրջան), 3,820-ը Ստարոբելսկի ճամբարում` Խարկովի մոտ, 6311-ը Օստաշկովի ճամբարում (Կալինինսկի շրջան) և 7,305-ը արևմտյան Ուկրաինայի և Բելոռուսի այլ ճամբարներում և բանտերում:
Վերոնշյալ անձանց լիկվիդացնելու ամբողջ գործողությունը իրականացվել է 1940թ մարտի 5-ին ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կողմից կայացված որոշման հիման վրա... Վերոնշյալ գործողությունը իրականացնելուց ի վեր, այն է` 1940թ. սկսած, այս գործին վերաբերող ոչ մի տեղեկատվություն ոչ ոքի չի տրամադրվել, և բոլոր 21,857 նյութերը պահվել են կնքված տարածքում:
Այս նյութերն իրենցից ո՛չ գործառութային, ո՛չ պատմական արժեք չեն ներկայացնում խորհրդային մարմինների համար: Նաև խիստ կասկածելի է, արդյոք դրանք կարող են իրական արժեք ունենալ մեր լեհ ընկերների համար: Ընդհակառակը, չնախատեսված դիպվածը կարող է հանգեցնել գործողության բացահայտման, բխող բոլոր անցանկալի հետևանքների հետ միասին, որ կարող են առաջանալ մեր երկրի համար, հատկապես, այն բանից հետո, երբ ինչ վերաբերում է Կատինի անտառում սպանված անձանց, պաշտոնական տարբերակը հաստատվել է հետաքննությամբ, որն իրականացվել է 1944թ խորհրդային իշխանությունների նախաձեռնությամբ:
Վերոնշյալի հիման վրա, պատեհ է թվում վերացնել 1940թ վերոնշյալ գործողությամբ գնդակահարված անձանց վերաբերող բոլոր արձանագրությունները... ԽՍՀՄ ՆԿՎԴ եռյակի հանդիպումների արձանագրությունները, որտեղ այդ անձանց դատապարտել են գնդակահարության, և նաև այդ որոշման կատարման հետ կապված փաստաթղթերը կարող են պահպանվել:»
24. Մնացյալ փաստաթղթերը ներառվել են հատուկ գործում, որը հայտնի է որպես «փաթեթ թիվ 1», որին ծանոթանալու իրավունք ուներ միայն ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարը: 2010թ. ապրիլի 28-ին դրա բովանդակությունը պաշտոնապես հրապարակվեց Ռուսաստանի պետական արխիվի էլեկտրոնային էջում: Գործը պարունակում էր հետևյալ պատմական փաստաթղթերը` 1940թ. մարտի 5-ի Բերիայի առաջարկը, նույն թվականի Պոլիտբյուրոյի որոշումը, Պոլիտբյուրոյի ժողովի արձանագրությունից հանված էջերը և 1959թ. մարտի 3-ի Շելեպինի գրությունը:
Բ. Դիմումատուները և նրանց ազգակցությունը զոհերի հետ
Թիվ 55508/07 գործով դիմումատուներ
25. Առաջին դիմումատուն` պրն. Ջերզի-Ռոման Յանովիչը ծնվել է 1929թ.: Նա Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ լեհական բանակում սպա եղած 1980թ ծնված պրն. Անդրյեյ Յանովիչի որդին է:
26. Երկրորդ դիմումատուն` պրն. Անտոնի-Ստանիսլավ Տրիբովսկին ծնվել է 1940թ.: Նա լեհական բանակի սպա-գնդապետ, 1883թ ծնված պրն. Անտոնի Նավրատիլի թոռն է:
27. Թե՛ պրն. Անդրյեյ յանովիչը և թե՛ պրն. Անտոնի Նավրատիլը ռազմագերի են վերցվել 1939թ սեպտեմբերին Լեհաստան Խորհրդային ներխուժումից հետո և ուղարկվել են ԽՍՀՄ Ստարոբելսկի ճամբար: Պրն. Յանովիչը ճամբարի գերիների ցուցակում թիվ 3914 էր, և պրն. Նավրատիլը թիվ 2407: Հետագայում նրանք տեղափոխվել են Խարկովում գտնվող բանտ և մահապատժի ենթարկվել 1940թ. ապրիլին:
Թիվ 29520/09 գործով դիմումատուներ
28. Առաջին և երկրորդ դիմումատուները, տիկին Վիտոմիլան Վոլկ-Յեզիերսկան և տիկին Օյկումիլա Վոլկը, ծնվել են համապատասխանաբար 1940 և 1917 թվականներին: Նրանք 1909թ ծնված, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը լեհական բանակի ծանր հրետանու զորամասի սպա, պրն Վինսենտի Վոլկի աղջիկը և կինն են: Նա Կարմիր Բանակի կողմից ռազմագերի է վերցվել 1939թ սեպտեմբերի 19-ին և պահվել է Կոզելսկի հատուկ ճամբարում (ՆԿՎԴ ցուցակում նշված 3-րդ տեղում` 052/3.1940թ): Նա սպանվել է 1940թ. ապրիլի 30-ին և թաղվել Կատինում: Նրա դին ճանաչվել է 1943թ. արտաշիրման ժամանակ (թիվ 2564):
29. Երրորդ դիմումատուն` տիկին Վանդա Ռոդովիչը, ծնվել է 1938թ.: Նա 1883թ. ծնված, լեհական բանակի պահեստային ծառայող պրն Ստանիսլավ Ռոդովիչի թոռնուհին է: Նա Կարմիր Բանակի կողմից ռազմագերի է վերցվել հունգարական սահմանին մոտավորապես 1939թ. սեպտեմբերի 20-ին և պահվել է Կոզելսկի հատուկ ճամբարում(017/2 ցուցակում նշված 94-րդ տեղում): Նա սպանվել և թաղվել է Կատինում: Նրա դին ճանաչվել է 1943թ. արտաշիրման ժամանակ (թիվ 970):
30. Չորրորդ դիմումատուն, տիկին Հալինա Միչալսկան, ծնվել է 1929թ. և մահացել 2012թ.: Նա 1889թ. ծնված պրն. Ստանիսլավ Ուզիեմբոյի աղջիկն էր: Լեհական բանակի ծառայող պրն. Ուզիեմբոյին`ռազմագերի են վերցրել խորհրդայինները Լեհաստանում` Բիալստոկի մոտ, և պահել են հատուկ ՆԿՎԴ ճամբարում` Ստարոբելսկում(3400-րդ տեղում): Նա համարվում է սպանված Խարկովում և թաղված Պյատիխատկիում` Խարկովի մոտ (այժմ Ուկրաինայում):
31. Հինգերորդ դիմումատուն` պրն. Արթուր Տոմասզեվսկին, ծնվել է 1933թ.: Նա 1900թ. ծնված պրն. Սզիմոն Տոմասզեվսկու որդին է: Հինգերորդ դիմումատուի հայրը` Կոբիլիայում լեհ-խորհրդային սահմանի ոստիկանական բաժանմունքի պետ, ձերբակալվել է այնտեղ Խորհրդային զորքերի կողմից և տարվել ՆԿՎԴ հատուկ ճամբար Օստաշկովում(045/3 ցուցակում թիվ 5): Նա սպանվել է Տվերում և տաղվել Մեդնոյեում:
32. Վեցերորդ դիմումատուն` պրն. Ջերզի Լեք Վիլենբնովսկին ծնվել է 1930թ.: Նրա հայրը, պրն. Ալեքսանդր Վիլենբնովսկին, ծնված 1897թ., եղել է արևելյան Լեհաստանում` Լակում աշխատող ոստիկանության ծառայող: 1939թ. հոկտեմբերին նա ձերբակալվել է Խորհրդային զորքերի կողմից և տեղավորվել Օստաշկովի ճամբարում (033/2 ցուցակի թիվ 10): Նա սպանվել է Տվերում և թաղվել Մեդնոյեում:
33. Յոթերորդ դիմումատուն` պրն. Գուստավ Էրքարդը, ծնվել է 1935թ.: Նրա հայրը, պրն. Ստեֆան Էրքարդը, ծնված 1900թ., տարրական դպրոցի տնօրեն էր Ռուդկայում, Լեհաստան: Նա ձերբակալվել էր խորհրդայինների կողմից և պահվել Ստարոբելսկի ճամբարում (թիվ 3869): Նա համարվում է սպանված Խարկովում և թաղված Պյատիխատկիում:
34. Ութերորդ և իններորդ դիմումատուները` պրն. Ջերզի Կերոլ Մալեվիչ և պրն. Կրզիստով Յան Մալեվիչ, ծնված համապատասխանաբար 1928 և 1931 թվականներին, պրն. Ստանիսլավ Օգյուստ Մալեվիչի զավակներն են: Իններորդ դիմումատուն մահացել է 2011թ.: Նրանց հայրը ծնվել է 1889թ. և ծառայել է լեհական բանակում որպես բժիշկ: Նա ռազմագերի է վերցվել Ռովնեյում` Լեհաստան, և պահվել Ստարոբելսկ ճամբարում (թիվ 2219): Նա համարվում է սպանված Խարկովում և թաղված Պյատիխատկիում:
35. Տասերորդ և տասնմեկերորդ դիմումատուները` տիկին Կրիստինա Կրզիսովիակ և տիկին Իռենա Էրքարդ, ծնված համապատասխանաբար 1940 և 1936 թվականներին, պրն. Միքալ Ադամցզուկի դուստրերն են: Ծնված 1903թ., նա եղել է Սարնակի ոստիկանական բաժանմունքի պետը: Նա ձերբակալվել է խորհրդայինների կողմից, պահվել Օստաշկովի ճամբարում (037/2 ցուցակ, թիվ 5), սպանվել է Տվերում և թաղվել Մեդնոյեում:
36. Տասներկուերորդ դիմումատուն` տիկին Կրիստինա Միեսչզանովսկան, ծնված 1930թ., պրն. Ստանիսլավ Միելեցկու դուստրն է: Նրա հայրը` լեհ զինծառայող, ծնվել է 1895թ. և պահվել է Կոզոլսկի ճամբարում խորհրդային զորքերի կողմից իր ձերբակալությունից հետո: Նա սպանվել և թաղվել է կատինում. նրա դին ճանաչվել է 1943թ. արտաշիրման ժամանակ:
37. Տասներեքերորդ դիմումատուն` պրն. Կրիշտով Ռոմանովսկին, ծնված 1953թ., պրն. Ռիխարդ Զոլեդզիովսկու զարմիկն է: Պրն. Զոլեդզիովսկին, ծնված 1887թ., պահվել է Ստարոբելսկի ճամբարում (թիվ 1151) և համարվում է սպանված Խարկովում և թաղված Պյատիհատկիում: Ստաորբելսկի բանտարկյալների ցուցակը, որը ներառում էր իր անունը, գտնվել է լեհ ծառայողի վերարկուի գրպանից, ում դին, գլխից ստացված հրազենային վնասվածքներով, հայտնաբերվել է 1991թ. խարկովի մոտ` լեհ-ռուսական միացյալ իրականացված արտաշիրման ժամանակ:
Գ. Թիվ 159 քրեական գործով հետաքննությունները
38. 1990թ. ապրիլի 13-ին, Լեհաստանի նախագահ Վ. Յարուզելսկու Մոսկվա կատարած այցի ընթացքում, ԽՍՀՄ Նախագահ Մ. Գորբաչյովը նրան է հանձնել Կատինի սպանդի վերաբերյալ փաստաթղթերը: ԽՍՀՄ լուրերի պաշտոնական գործակալությունը հրապարակել է պաշտոնական տեղեկագրություն, որը, հիմնվելով նոր բացահայտված արխիվային նյութերի վր, հաստատում էր, որ «Բերիան, Մերկուլովը և նրանց ենթակաները կրում էին Կատինի Անտառում կատարված հանցագործության ուղղակի պատասխանատվությունը:»
39. 1990թ. մարտի 22-ին Խարկովի տարածաշրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել քաղաքի Լեսոպարկի շրջանում գտնված մասսայական գերեզմանների ծագման գործով: 1990թ. հունիսի 6-ին Կալինինի (Տվեր) դատախազությունը քրեական գործ է հարուցել ՆԿՎԴ-ի Օստաշկովի ճամբարում պահված լեհ ռազմագերիների 1940թ. մայիսին «անհայտացման» (исчезновение) փաստով: 1990թ. սեպտեմբերի 27-ին ԽՍՀՄ Գլխավոր զինվորական դատախազությունը ստանձնել է Խարկովի թիվ 159 գործով հետաքննությունը և հանձնարարել դա զինվորական դատախազների մի խմբի:
40. 1991թ ամռանը և աշնանը, լեհ և ռուս մասնագետները իրականացրել են Խարկովի, Մեդնոյեի և Կատինի տեղանքների մասսայական գերեզմաններից դիակների արտաշիրմման գործողություններ: Նրանք նաև հետազոտել են Կատինի սպանդին վերաբերող արխիվային փաստաթղթերը, հարցաքննել առնվազն քառասուն վկաների և նշանակել դատական փորձաքննություններ:
41. 1992թ. հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի նախագահ Բ. Յելցինը բացահայտեց, որ լեհ ծառայողներին մահապատժին են դատապարտել Ստալինը և ԽՍՀՄ Կոմունիստական կոսակցության Պոլիտբյուրոն: Ռուսական պետական արխիվի տնօրենը լեհական իշխանություններին փոխանցեց մի շարք փաստաթղթեր, ներառյալ 1940թ մարտի 5-ի որոշումը: 1993թ. օգոստոսի 23-ին Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Յելցինը հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին Վարշավայում Կատինի Խաչի առջև:
42. 1995թ. մայիսի վերջերին Բելոռուսի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի դատախազներն աշխատանքային հանդիպում ունեցան Վարշավայում, որի ընթացքում նրանք դիտարկեցին թիվ 159 գործով հետաքննության առաջընթացը: Մասնակիցները համաձայնության եկան, որ ռուս դատախազները իրավական աջակցության համար կդիմեն իրենց բելոռուսական և ուկրաինական պաշտոնակիցներին ` որոշելու համար 1940թ. 7,305 լեհ քաղաքացիների մահապատժի հանգամանքները:
43. 1997թ. մայիսի 13-ին Բելոռուսի իշխանությունները տեղեկացրեցին իրենց ռուս պաշտոնակիցներին, որ իրենց չի հաջողվել հայտնաբերել որևէ փաստաթուղթ` կապված 1940թ. լեհ ռազմագերիների մահապատժի հետ: 2002թ. Ուկրաինայի իշխանությունները ներկայացրեցին փաստաթղթեր, որոնք վերաբերում էին լեհ ռազմագերիներին Ստարոբելսկի ճամբարից Խարկովի շրջանի ՆԿՎԴ-ի բանտ տեղափոխելուն:
44. 2001, 2002 և 2004 թվականներին Ազգային հիշատակի Լեհական ինստիտուտը բազմիցս, սակայն անօգուտ կապվել է Ռուսաստանի Գլխավոր զինվորական դատախազության հետ, հետաքննության նյութերին մուտք ձեռք բերելու նպատակով:
45. 2004թ. սեպտեմբերի 21-ին Գլխավոր Զինվորական դատախազությունը որոշում կայացրեց կարճել թիվ 159 քրեական գործը, հավանաբար այն հիմքով, որ հանցագործության համար ենթադրյալ պատասխանատու անձինք արդեն մահացել էին: 2004թ դեկտեմբերի 22-ին Պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովն ընդհանուր առմամբ 183 հատորից երեսունվեց հատոր գործի նյութեր դասակարգել է որպես «հույժ գաղտնի» և ևս ութ հատոր` «միայն ներքին կիրառության համար:» Վարույթը կարճելու մասին որոշումը դասակարգվել է որպես «հույժ գաղտնի» և դրա գոյությունը բացահայտվել է միայն 2005թ. մարտի 11-ին Գլխավոր զինվորական դատախազի կողմից տրված մամլո ասուլիսի ընթացքում:
46. Հետագայում, 2004թ սեպտեմբերի 21-ի որոշման պատճենը տրամադրելու Դատարանի պահանջին ի պատասխան Ռուսաստանի կառավարությունը հրաժարվեց տրամադրել այն, հղում կատարելով դրա որպես «գաղտնի» դասակարգմանը: Կառավարության պատճառաբանություններից պարզ էր դառնում, որ հետաքննությունը կարճվել է Քրեական Դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի կետ 4(1)-ի հիմքով, կասկածյալների մահվան հետևանքով:
47. 2005թ. հոկտեմբերի 9-ից 21-ը INR-ից(Հետախուզության և հետազոտության գրասենյակ) երեք դատախազներ, ովքեր վարում էին Կատինի սպանդի գործով հետաքննությունը, և լեհ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունների հետաքննության Կենտրոնական Կոմիտեի գլխավոր մասնագետը այցելել են Մոսկվա` Գլխավոր Զինվորական դատախազության հրավերով: Նրանք ուսումնասիրել են թիվ 159 գործով վաթսունյոթ հատոր նյութերը, որոնք «գաղտնի» չեն դասակարգվել, սակայն նրանց թույլ չի տրվել որևիցե պատճեն անել:
48. 2010թ. մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Դ. Մեդվեդևը Լեհաստանի խորհրդարանի նախագահին տրամադրել է Կատինի հետաքննության նյութերի վաթսունյոթ հատորները: Ընդհանուր առմամբ, համաձայն լեհական կառավարության տրամադրած տեղեկատվության, ռուսական իշխանությունները իրենց են տրամադրել 148 հատորների հաստատված պատճեններ, որոնք պարունակում էին մոտավորապես 45,000 էջ:
Դ. Թիվ 55508/07 դիմումի ընթացակարգերը
49. 2003թ դիմումատուներ պրն. Յանովիչի և պրն. Տրիբլովսկու մոր կողմից վարձած լեհ փաստաբան պրն. Շեվչուկը դիմել է Ռուսաստանի Դաշնության Գլխավոր դատախազին` պրն. Անդրյեյ Յանովիչին, պրն. Անտոնի Նավրատիլին և մի երրորդ անձի վերաբերող փաստաթղթերն իրեն տրամադրելու խնդրանքով:
50. 2003թ հունիսին Գլխավոր դատախազությունը պատասխանել է փաստաբանին, տեղեկացնելով նրան, որ Գլխավոր զինվորական դատախազությունը է հետաքննում 1940թ լեհ ծառայողների մահապատժին վերաբերող քրեական գործը: 1991թ-ին հետաքննությունը Խարկովի, Տվերի և Սմոլենսկի շրջաններում հայտնաբերել է մոտ երկու հարյուր դի և պարզել դրանց մի մասի ինքնությունը, ներառյալ պրն. Նավրոտիլին և պրն. Յանովիչին: Նրանց անունները նաև գտնվել էին Ստարոբելսկի ճամբարի բանտարկյալների ցուցակում: Նրանց վերաբերող մնացյալ բոլոր փաստաթղթերը ոչնչացվել էին ավելի վաղ:
51. 2004թ. դեկտեմբերի 4-ին պրն. Շեվչուկը պաշտոնապես դիմել էր Գլխավոր զինվորական դատախազությանը խնդրանքով` ճանաչել պրն. Յանովիչի և պրն. Տրիբլովսկու` որպես մահապատժի ենթարկվածներ լեհ զինվորականների հարազատների իրավունքները և նրանց տրամադրել ընթացակարգային փաստաթղթերի, ինչպես նաև պրն. Անտոնի Նավատրիլին և պրն. Անդրյեյ Յանովիչին վերաբերող անձնական փաստաթղթերի պատճենները:
52. 2005թ. փետրվարի 10-ին Գլխավոր զինվորական դատախազությունը պատասխանել է, որ պրն. Անտոնի Նավրատիլը և պրն. Անդրեյ Յանովիչը նշված են եղել 1940թ ՆԿՎԴ կողմից մահապատժի ենթարկված և Խարկովի մոտ թաղված` Ստարոբելսկի ճամբարի բանտարկյալների ցուցակում: Ոչ մի այլ նյութեր այդ անձանց վերաբերյալ մատչելի չէին: Ընթացակարգային նյութերի պատճենները կարող էին տրամադրվել միայն պաշտոնապես ճանաչված զոհերին կամ նրանց ներկայացուցիչներին:
53. Այնուհետև դիմումատուներ պրն. Յանովիչը և պրն. Տրիբովսկին դիմել են ռուս իրավաբան պրն. Բուշուևի ծառայությանը, ով դիմել է Գլխավոր զինվորական դատախազությանը խնդրելով թույլատրել ուսումնասիրել գործի նյութերը: 2006թ. նոյեմբերի 7-ին Գլխավոր զինվորական դատախազության գրասենյակը տեղեկացրել է նրան, որ նրան չի կարող նյութերին ծանոթանալու թույլտվություն տրամադրվել , քանի որ իր պաշտպանյալները պաշտոնապես չեն ճանաչվել այս գործով տուժողներ:
54. Իրավաբանը դատական կարգով բողոքարկել է Գլխավոր զինվորական դատախազության` 2005թ. փետրվարի 10-ի և 2006թ. նոյեմբերի 7-ի մերժումները: Նա, մասնավորապես նշել է, որ քրեական հանցագործության տուժողի կարգավիճակը պետք է որոշվի հղում կատարելով այնպիսի փաստական հանգամանքներին, ինչպես թե արդյոք տվյալ անհատը հանցագործության արդյունքում վնաս կրել է թե ոչ: Այդ տեսանկյունից, հետաքննող մարմնի որոշումը` ինչ-որ մեկին տուժող ճանաչելու մասին, պետք է դիտարկվի որպես այդպիսի փաստական հանգամանքների պաշտոնական ճանաչում: Իրավաբանը ձգտում էր, որպեսզի դիմումատուներ պրն. Յանովիչը և պրն. Տրիբովսկին ճանաչվեն որպես տուժող և իրեն հնարավորություն տրամադրվի ծանոթանալ գործի նյութերին:
55. 2007թ. ապրիլի 18-ին Մոսկվայի Կայազորի զինվորական դատարանը մերժել է բողոքը: Այն նշել է, որ չնայած պրն. Անտոնի Նավրատիլը և պրն. Անդրյեյ Յանովիչը նշված էին Ստարոբելսկի ճամբարի բանտարկյալների ցուցակում, նրանց մնացորդները հետաքննության կողմից նույնականացվածների թվում չեն: Համապատասխանաբար, Զինվորական դատարանի կարծիքով, որևէ իրավական հիմքեր չկան կարծելու, որ նրանք մահացել են խնդրո առարկա հանցանքի արդյունքում: Ինչ վերաբերում է գործի նյութերին, զինվորական դատարանը նկատում է, որ 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը` քրեական վարույթը կարճելու մասին, համարվել է պետական գաղտնիք, այդ պատճառով այն մատչելի չէ օտարերկրացիների համար:
56. 2007թ. մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողել վերաքննիչ դատարանի այդ վճիռը, բառացիորեն վերարտադրելով ռազմական դատարանի պատճառաբանությունը:
Ե. Թիվ 29520/09 դիմումի ընթացակարգերը
57. 2008թ. օգոստոսի 20-ին դիմումատուների անունից հանդես եկող մի խումբ փաստաբաններ դատական կարգով բողոքարկել են դատախազի 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը: Նրանք նշել են, որ դիմումատուների հարազատները եղել են այն բանտարկված լեհ զինվորականների թվում, որոնց մահապատիժի հրամանը 1940թ. մարտի 5-ին տվել էր ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության Պոլիտբյուրոն: Այնուամենայնիվ, դիմումատուներին թիվ 159 գործով տուժողի կարգավիճակ չի տրամադրվել, և նրանք չէին կարող դիմումներ և միջնորդություններ ներկայացնել, ծանոթանալ գործի նյութերին կամ ստանալ որոշումների պատճենները: Իրավաբանները նաև պնդում էին, որ հետաքննությունը արդյունավետ չի եղել, քանի որ ոչ մի փորձ չի արվել դիմումատուներից կենսաբանական նմուշներ վերցնել` արտաշիրիմված մարդկային մնացորդների ինքնությունը հաստատելու նպատակով:
58. 2008թ. հոկտեմբերի 14-ին Մոսկվայի կայազորի զինվորական դատարանը մերժել է բողոքը: Այն գտել է, որ 1943թ. Միջազգային հանձնաժողովը և Լեհական կարմիր խաչի տեխնիկական հանձնաժողովը դուրս էր բերել մնացորդները, այնուհետև թաղել դրանք, առանց դրանց ինքնությունը հաստատելու կամ դրանք հաշվելու: Հետագա արտաշիրմման արդյունքում 1991թ. հաստատվել է միայն քսաներկու անձանց ինքնություն և դիմումատուների հարազատները չեն եղել այդ նույնականացվածների թվում: Զինվորական դատարանն ընդունել է, որ դիմումատուների հարազատների անունները ներառված են եղել Օստաշկովի, Ստարոբելսկի և Կոզելսկի ճամբարների ՆԿՎԴ ցուցակներում. այնուամենայնիվ, ««Կատինի» գործով հետաքննությունը ... չի հաստատել նշված անձանց ճակատագիրը:» Քանի որ նրանց մարմինները չեն նույնականացվել չկա ոչ մի ապացույց, որ դիմումատուների հարազատները կյանքից զրկվել են 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման մեջ նշված իշխանության չարաշահելը հանցագործության արդյունքում (1926թ Խորհրդային Քրեական օրենսգրքի 193-17 հոդվածներ): Համապատասխանաբար, որևիցե հիմք չկա դիմումատուներին Քրեական դատավարության 42 հոդվածով նախատեսված տուժողի կարգավիճակ շնորհելու: Ավելին, գաղտնի նյութերը չեն կարող մատչելի դարձվել «օտար երկրների ներկայացուցիչների համար»:
59. Փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել, որում նրանք պնդում էին, որ դիմումատուների հարազատների ճակատագրի մասին տեղեկատվության պակասը ոչ արդյունավետ հետաքննության արդյունք էր: Քսաներկու անձանց ինքնությունը հաստատվել էր միայն թաղման վայրում գտնված զինվորական նույնականացման համարանիշի հիման վրա և հետաքննության մարմինները ոչ մի միջոց չեն ձեռնարկել կամ չեն իրականացրել որևէ դատաբժշկական փորձաքննություն` արտաշիրման ենթարկված մնացորդների ինքնությունը հաստատելու նպատակով: Ավելին, հանրահայտ փաստ է, որ 1943թ. դիակների դուրս բերման արդյունքում բացահայտվել էր 4,243 մարդու մնացորդ, որոնցից 2,730 անձի ինքնություն հաստատվել էր: Այս նույնականացվածների թվում էին երեք անձ, ում հարազատները այս դատավարության դիմումատուներն էին: Դիմումատուներին տուժողի կարգավիճակի տրամադրումը թույլ կտար իրականացնել մնացորդների ճանաչում` գենետիկ մեթոդներով: Եվ վերջապես, փաստաբաններն ընդգծել են, որ Կատինի քրեական գործով նյութերը չէին պարունակում որևէ տեղեկատվություն, որը կհաստատեր այն եզրակացությունը, որ ՆԿՎԴ ճամբարներից տարված լեհ զինվորականներից որևէ մեկը ողջ էր մնացել կամ մահացել էր բնական պատճառներով:
60. 2009թ. հունվարի 29-ին Ռուսաստանի Դաշնության Վճռաբեկ դատարանը ամբողջությամբ անփոփոխ է թողել 2008թ. հոկտեմբերի 14-ի վճիռը: Այն բառացիորեն կրկնել է Մոսկվայի Զինվորական դատարանի եզրակացության առավել կարևոր դրույթները, բայց նաև ավելացրել, որ 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը չի կարող բեկանվել, վաղեմության ճամկետի լրանալու պատճառով և որովհետև որոշ կասկածյալների նկատմամբ վարույթները կարճվել են «ռեաբիլիտացիոն հիմքերով»:
Զ. 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման ապագաղտնիացման ընթացակարգերը
61. 2008թ. մարտի 26-ին «Մեմորիալ» մարդու իրավունքների ռուսական ոչ կառավարական կազմակերպությունը, դիմել է Գլխավոր զինվորական դատախազություն` խնդրելով գաղտնազերծել 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը: 2008թ. ապրիլի 22-ի իր պատասխանում դատախազությունը տեղեկացրել է «Մեմորիալին», որ դատախազությունն իրավազոր չէ վերացնել գաղտնիությունը, որը հաստատվել է 2004թ դեկտեմբերի 22-ին` Պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից («Հանձնաժողով»):
62. 2009թ. մարտի 12-ին «Մեմորիալը» դիմել է Հանձնաժողովին, որպեսզի վեջինս գաղտնազերծի 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը, պնդելով, որ Կատինի հետաքննության նյութերը գաղտնի դասակարգելը բարոյապես և իրավաբանորեն անընդունելի է, և որ այն նաև խախտում է Պետական գաղտնիքների մասին օրենքի 7-րդ բաժինը, որն արգելում էր մարդու իրավունքների խախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվության դասակարգումը որպես գաղտնի: 2009թ. օգոստոսի 27-ի նամակով Հանձնաժողովը պատասխանել է «Մեմորիալին» դիմումի ուսումնասիրվելու և մերժման մասին, սակայն չի տրամադրել այլ մանրամասներ:
63. «Մեմորիալը» վիճարկել է Հանձնաժողովի մերժումը Մոսկվայի քաղաքային դատարանում: 2010թ. հուլիսի 13-ին տեղի ունեցած նիստում դատարանն ընթերցել է Հանձնաժողովի` 2010թ. հունիսի 25-ի նամակը` ուղղված նիստը վարող դատավորին: Նամակում նշվում էր, որ Հանձնաժողովը 2004թ. դեկտեմբերի 22-ին որևիցե որոշում չի կայացրել` Գլխավոր զինվորական դատախազության 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը «գաղտնի» դասակարգելու մասին:
64. Դռնփակ նիստի արդյունքում Մոսկվայի քաղաքային դատարանը, 2010թ. նոյեմբերի 2-ին, մերժել է «Մեմորիալի» դիմումը գաղտնազերծման մասին, մասնավորապես գտնելով հետևյալը.
«Դատարանը պարզել է, որ 2004թ սեպտեմբերի 21-ին Գլխավոր Զինվորական դատախազությունը որոշում է կայացրել դադարեցնել քրեական գործով հետաքննությունը, որը հարուցվել էր 1990թ. մարտի 22-ին Ուկրաինայի ԽՍՀ-ի Խարկովի տարածքային դատախազության կողմից` կապված Խարկովի անտառային տարածքում Լեհաստանի քաղաքացիների մնացորդների հայտնաբեման կապակցությամբ...
Հետաքննությունը ԽՍՀՄ մի շարք անվանի բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները որակել է որպես պաշտոնական դիրքի չարաշահում խիստ ծանրացուցիչ հանգամանքներով` ՌԽՖՍՀ քրեական օրենսգրքի հոդված 193-17(b): Այդ պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է Ռուսաստանի քրեական դատավարության օրենսգրքի հոդված 24 կետ 1 (4)-ի հիման վրա (մեղավոր անձանց մահվան հետևանքով): Մյուսների նկատմամբ գործը կարճվել է հոդված 24 կետ 1(2)-ի հիման վրա (հանցակազմի բացակայություն):
Գլխավոր զինվորական դատախազությունը Դաշնային Անվտանգության ծառայությանն է ուղարկել քրեական վարույթի կարճման որոշման նախագիծը` փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով, թե արդյոք այն պարունակում է որևէ կոնֆիդենցիալ կամ գաղտնի տեղեկատվություն` Պետական գաղտնիքների մասին օրենքի բաժին 9-ի իմաստով, քանի որ Դաշնային Անվտանգության ծառայությունն իրավունք ուներ իր հայեցողությամբ տնօրինել Գլխավոր զինվորական դատախազի որոշման մեջ վերարտադրված տեղեկությունը:
Դաշնային անվտանգության ծառայության փորձագետների հանձնաժողովը գտել է, որ Գլխավոր զինվորական դատախազի որոշման նախագիծը ներառում էր չգաղտնազերծված տեղեկություն: Ի հավելումն, հանձնաժողովը մատնանշել է, որ որոշման նախագիծը պարունակում է տեղեկություն, որին ծանոթանալն արգելված է...
2004թ. սեպտեմբերի 21-ին Գլխավոր զինվորական դատախազությունից մի պաշտոնյա թիվ 159 հետաքննությունը կարճելու մասին որոշում կայացրեց: Դաշնային անվտանգության ծառայության կողմից վերոնշյալ եզրակացությունների լույսի ներքո և «Պետական գաղտնիքների մասին» օրենքի բաժին 5 կետ 4 (2, 3) և բաժին 8-ի և 1995թ. նոյեմբերի 30-ի` Նախագահի թիվ 1203 հրամանագրի կետ 80-ի հիման վրա փաստաթուղթը դասակարգվել է որպես խիստ գաղտնի.... Համապատասխանաբար, չկա որևէ իրավական հիմք բավարարելու «Մեմորիալի» պահանջը այն մասին, որ Գլխավոր զինվորական դատախազի` որոշումը` 2004թ սեպտեմբերի 21-ի որոշումը գաղտնի դասակարգելու մասին համարվի հակաօրինական և չհիմնավորված...
Քանի որ դիմումատուները վիճարկում են, որ պետական իշխանությունների կամ պաշտոնյաների կողմից օրենքի խախտումներին վերաբերող տեղեկությունը չի կարող հայտարարվել պետական գաղտնիք կամ դասակարգվել որպես գաղտնի` «Պետական գաղտնիքների մասին» օրենքի 7-րդ բաժնի համաձայն, այս պնդումը ըստ էության չէ, քանի որ Գլխավոր զինվորական դատախազի 2004թ սեպտեմբերի 21-ի որոշումը պարունակում է տեղեկություն հետախուզական, հակահետախուզական և օպերացիոն և որոնողական գործունեության բնագավառներում, որը Պետական գաղտնիքների մասին օրենքի 4-րդ բաժնի համաձայն հանդիսանում էր Պետական գաղտնիք...»
65. 2011թ. հունվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության Վճռաբեկ դատարանը մերժել է Քաղաքային դատարանի վճռի Մեմորիալի բողոքարկումը:
Է. Դիմումատուների հարազատների «ռեաբիլիտացիայի» ընթացակարգերը
66. Դիմումատուների մեծ մասը շարունակաբար դիմել են Ռուսաստանի տարբեր մարմինների, առաջին հերթին և հատկապես Գլխավոր զինվորական դատախազությանը, տեղեկություն ստանալու Կատինի գործով հետաքննության մասին և 1991թ. «Ռեաբիլիտացիայի մասին օրենքի» դրույթների համաձայն (տե՛ս ստորև կետ 86) իրենց հարազատների «ռեաբիլիտացիայի» նպատակով:
67. Ի պատասխան տիկին Օջկումիլա Վոլկի ռեաբիլիտացիայի մասին դիմումի` 1998թ. ապրիլի 21-ին ուղարկված նամակով գլխավոր զինվորական դատախազությունը հաստատել է, որ նրա ամուսինը` պրն. Վինսենտի Վոլկը, պահվել է Կոզելսկի ճամբարում որպես ռազմագերի և մահապատժի է ենթարկվել, մյուս ռազմագերիների հետ 1940թ. գարնանը: Նամակը հաղորդում էր, որ ռեաբիլիտացիայի մասին իր դիմումը կքննարկվի միայն հետաքննության ավարտից հետո:
68. Թիվ 159 գործով վարույթի ավարտից հետո տիլին Վիտոմիլա Վոլկ-Յեզիեռկան Գլխավոր զինվորական դատախազությունից խնդրել է իրեն տրամադրել վարույթն ավարտելու մասին որոշման պատճենը: 2005թ. նոյեմբերի 23-ի նամակով դատախազությունը հրաժարվել է տրամադրել այն, հղում կատարելով այդ որոշման «հույժ գաղտնի» դասակարգման վրա: 2005թ. դեկտեմբերի 8-ին Մոսկվայում Լեհաստանի դեսպանատունը պրն. Վոլկի ռեաբիլիտացիայի հետ կապված բացատրություն է խնդրել դատախազությունից: 2006թ. հունվարի 18-ի նամակով դատախազությունը տեսակետ է արտահայտել, որ պրն. Վոլկի կամ այլ լեհ քաղաքացիների ռեաբիլիտացիայի համար որևէ իրավական հիմք առկա չէ, քանի որ հետաքննությունը չէր որոշել, թե 1926թ. Քրեական օրենսգրքի որ դրույթն է հիմք հանդիսացել այն ռեպրեսիայի համար, որին նրանք ենթարկվել են: Նույնանման հիմնավորմամբ 2007թ. փետրվարի 12-ի մեկ այլ նամակով էլ մերժվել էր նույն նպատակով արված տիկին Վոլկի հետագա դիմումը:
69. 2008թ. մարտի 13-ին Գլխավոր զինվորական դատախազությունը մերժել է բոլոր դիմումատուների անունից փաստաբանի կողմից ներկայացված ռեաբիլիտացիայի դիմումը: Դատախազը պնդել է, որ հնարավոր չէ որոշել ռեպրեսիայի իրավական հիմքը, որին ենթարկվել են լեհ քաղաքացիները 1940թ.: Չնայած որոշ փաստաթղթերի առկայության, որոնք հաստատում էին, որ դիմումատուների հարազատները տեղափոխվել էին Օստաշկովի, Կոզելսկի և Ստարոբելսկի ՆԿՎԴ ճամբարներից Կալինին, Սմոլենսկ և Խարկով, Բելոռուսի, Լեհաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետաքննության մարմիններին չի հաջողվել հայտնաբերել 1940թ. նրանց մահապատժին վերաբերող որևէ քրեական գործ կամ այլ փաստաթուղթ: Այդպիսի նյութերի բացակայության պարագայում անհնար էր որոշել արդյոք Ռեաբիլիտացիայի մասին օրենքը կիրառելի կլինի: Ավելին, դատախազը նշել է, որ դիմումատուների հարազատների մնացորդները չեն հայտնաբերվել արտաշիրման աշխատանքների ընթացքում գտնված մարդկային մնացորդների մեջ:
70. Փաստաբանը բողոքարկել է դատախազի մերժումը դատական կարգով:
71. 2008թ. հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Խամովնիչիի Շրջանային դատարանը մերժել է բողոքը: Չնայած դատարանը հաստատել է, որ դիմումատուների հարազատների անունները նշված են եղել ՆԿՎԴ-ի բանտարկյալների ցուցակներում, այն ընդգծել է, որ միայն քսան մարմիններ են նույնականացվել թիվ 159 գործի համատեքստում իրականացված արտաշիրման արդյունքում, և որ դիմումատուների հարազատները չեն եղել դրանց թվում: Դատարանը նաև գտել է, որ չկա որևէ հիմք ենթադրելու, որ տասը լեհ ռազմագերիներ (դիմումատուների հարազատները) իրականում սպանվել են, և որ ռուս իրավաբանները լեհ քաղաքացիների եաբիլիտացիայի ոչ մի օրինական շահ չունեն:
72. 2008թ. նոյեմբերի 25-ին Մոսկվայի քաղաքային դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, մերժել է Շրջանային դատարան վճռի դեմ բերված բողոքը:
Ը. Կատինի ողբերգության մասին Ռուսաստանի Դումայի հայտարարությունը
73. 2010թ. նոյեմբերի 26-ին Պետական դուման, Ռուսական խորհրդարանի ստորին պալատը, ընդունեց հայտարարություն` «Կատինի ողբերգության և դրա զոհերի մասին» վերնագրով, որում մասնավորապես, շարադրված էր հետևյալը.
«Յոթանասուն տարի առաջ ԽՍՀՄ ՆԿՎԴ ռազմագերիների ճամբարներում և Ուկրաինական ԽՍՀ արևմտյան շրջանների և Բելոռուսի ԽՍՀ բանտերում պահվող հազարավոր լեհ քաղաքացիներ են գնդակահարվել:
Խորհրդային պաշտոնական քարոզչությունը, Կատինի ողբերգություն հավաքական անունը ստացած այս չարագործության պատասխանատվությունը վերագրում էր նացիստական հանցագործներին... 1990թ. ականների սկզբներին մեր պետությունը մեծ հաջողությունների հասավ Կատինի ողբերգության մասին ճշմարտությունը հաստատելու գործում: Ընդունվեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ԽՍՀՄ տարածքում լեհ քաղաքացիների զանգվածային ոչնչացումը եղել է տոտալիտար պետության կամայական գործողություն...
Երկար տարիներ գաղտնի արխիվներում պահված հրապարակված փաստաթղթերը ոչ միայն ցույց են տալիս այս սոսկալի ողբերգության մասշտաբը այլ նաև հաստատում են այն փաստը, որ Կատինի հանցագործությունը իրականացվել է Ստալինի և այլ Խորհրդային առաջնորդների ուղղակի հրամաններով...
Շատ փաստաթղթերի պատճեններ, որոնք պահվել են Խորհրդային միության Կոմունիստական կուսակցության Պոլիտբյուրոյի փակ արխիվներում արդեն հանձնվել են լեհական կողմին: Պետական Դումայի անդամները կարծում են, որ այս աշխատանքը պետք է շարունակվի: Անհրաժեշտ է շարունակել ուսումնասիրել արխիվները, ճշտելով զոհերի ցուցակները, վերականգնելով նրանց բարի համբավը, ովքեր զոհվել են Կատինում և այլ վայրերում, և բացահայտելով ողբերգության մանրամասները...»
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Հաագայի IV Կոնվենցիա
74. Ցամաքային պատերազմների օրենքները և սովորույթները հարգելու մասին Կոնվենցիան (IV), և մասնավորապես դրա լրացումը` Ցամաքային պատերազմի օրենքներին և սովորույթներին վերաբերող կարգավորումները (Հաագա, 1907թ. հոկտեմբերի 18) սահմանում էին հետևյալը.
«Հոդված 4. Ռազմագերիները թշնամական Կառավարության իշխանության ներքո են, այլ ոչ թե նրանց գերևարած անձանց կամ զորքերի:
Նրանց պետք է մարդասիրական վերաբերմունք ցուցաբերվի:
...
Հոդված 23. Ի հավելումն հատուկ Կոնվենցիաների սահմանած արգելքների, հատկապես արգելվում է.
...
(բ) Սպանել կամ նենգորեն վիրավորել թշնամական ազգին կամ բանակին պատկանող անձանց,
(գ) Սպանել կամ վիրավորել թշնամուն, ով, վայր է դրել իր զենքերը, կամ այլևս չունենալով պաշտպանության միջոցներ, հանձնվել է իրենց հայեցողությանը...
...
Հոդված 50. Ոչ մի ընդհանուր պատիժ, դրամական կամ այլ, չի կարող կիրառվել բնակչության դեմ այն անձանց գործողությունների հետևանքով, որի համար նրանք չեն կարող համատեղ կամ առանձին վերցրած պատասխանատու համարվել»:
Բ. Ժնևի կոնվենցիա
75. Ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի մասին Կոնվենցիան (Ժնև, 27 հուլիսի 1929թ.) սահմանում է հետևյալը.
«Հոդված 2. Ռազմագերիները գտնվում են թշնամական Կառավարության իշխանության ներքո, այլ ոչ անձանց կամ իրենց գերևարած կազմավորման:
Նրանց նկատմամբ հարկ է մշտապես ցուցաբերել մարդասիրական վերաբերմունք և պաշտպանել, մասնավորապես բռնարարքներից, վիրավորանքներից և հանրային հետաքրքրասիրությունից:
Արգելվում է նրանց նկատմամբ ռեպրեսիվ միջոցների կիրառումը:
...
Հոդված 61. Ոչ մի ռազմագերի չի կարող դատապարտվել առանց իրեն պաշտպանելու հնարավորություն ստանալու:
Ոչ մի ռազմագերու չի կարելի ստիպել ընդունել իր մեղքը այն հանցանքի կատարման մեջ, որի համար իրեն դատապարտում են:
...
Հոդված 63. Ռազմագերու դատավճիռը պետք է կայացվի նույն զինվորական դատարանի կողմից և այն նույն ընթացակարգով, ինչպես որ այն անձանց դեպքում, ովքեր պատկանում են գրավող պետության զինված ուժերին:»
Գ. Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրություն
76. 1945թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և ԽՍՀՄ միջև կնքված համաձայնագրի արդյունքում հիմնված Միջազգային զինվորական դատարանի (Նյուրեմբերգյան դատարան) Կանոնադրության 6-րդ հոդվածը պարունակում է հանցագործությունների հետևյալ բնորոշումը.
«Հետևյալ գործողությունները, կամ դրանցից ցանկացած, հանդիսանում են Տրիբունալի իրավազորությանը ենթակա հանցագործություն, որի համար նախատեսվում է անհատական պատասխանատվություն.
(ա) խաղաղության դեմ ուղղված հանցագործություններ. այն է` ագրեսիվ պատերազմի կամ միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հավաստիագրերի խախտմամբ պատերազմի ծրագրումը, նախապատրաստումը, հրահրումը կամ մղումը, կամ մասնակցությունը ընդհանուր ծրագրին կամ վերոնշյալ ցանկացածի կատարման դավադրությունը,
(բ) պատերազմական հանցագործություններ. այն է` պատերազմի օրենքների կամ սովորույթների խախտումները: Այսպիսի խախտումները ներառում են, սակայն չեն սահմանափակվում զավթած տարածքների քաղաքացիական բնակչության սպանությամբ, վատ վերաբերմունքով կամ ստրկական աշխատանքի կամ ցանկացած այլ նպատակով արտաքսելով, ռազմագերիների կամ ծովում գտնվող անձանց սպանությունը կամ վատ վերաբերմունքը նրանց նկատմամբ, պատանդներին սպանելը, հասարակական կամ մասնավոր սեփականության հափշտակումը, քաղաքների կամ գյուղերի քմահաճ ավերումը, կամ ռազմական անհրաժեշտությամբ չարդարացված ավերածությունը:
(գ) մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. այն է, սպանություն, բնաջնջում, ստրկացում, արտաքսում, և այլ անմարդկային գործողություններ ցանկացած քաղաքացիական բնակչության դեմ պատերազմից առաջ կամ դրա ընթացքում, կամ քաղաքական, ռասայական կամ կրոնական հիմքով հետապնդումները` ի կատարումն կամ կապված ցանկացած հանցագործության հետ, որը Դատարանի իրավասության շրջանակներում է գտնվում, անկախ նրանից դա խախտում է այն ներպետական օրենքը, որտեղ կատարվել է, թե ոչ:»
77. Այս սահմանումն ավելի ուշ ամրագրվել է որպես Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից 1950թ. Միացյալ Ազգերի Ընդհանուր Ժողովի թիվ 77 (II) բանաձևով ձևակերպված և Ընդհանուր Ժողովի կողմից հաստատված Նյուրեմբերգյան տրիբունալի Կանոնադրությունում և տրիբունալի վճռում ճանաչված Միջազգային իրավունքի սկզբունքների VI Սկզբունք:
Դ. Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Կոնվենցիա
78. Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Կոնվենցիան (26 նոյեմբերի 1968թ.), որի անդամ է հանդիսանում նաև Ռուսաստանի Դաշնությունը, սահմանում է հետևյալը.
Հոդված I
«Վաղեմության ոչ մի ժամկետ, անկախ կատարման ժամանակից, չի կիրառվում հետևյալ հանցագործությունների նկատմամբ.
(ա) պատերազմական հանցագործությունների, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3 (I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով ...
(բ) մարդկության դեմ ուղղված հանցագործությունների՝ անկախ նրանից, կատարվել են պատերազմի, թե խաղաղ ժամանակ, ինչպես դրանք սահմանվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական դատարանի 1945թ. օգոստոսի 8-ի կանոնադրությամբ և հաստատվել են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1946թ. փետրվարի 13-ի 3(I) և 1946թ. դեկտեմբերի 11-ի 95(I) բանաձևերով ... »
Հոդված IV
«Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավորվում են իրենց սահմանադրական ընթացակարգին համապատասխան ընդունել ցանկացած օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են ապահովելու, որ վաղեմության կամ այլ ժամկետները չկիրառվեն սույն Կոնվենցիայի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հանցագործությունների համար հետապնդման և պատժի նկատմամբ, և որպեսզի նման ժամկետները վերացվեն այնտեղ, որտեղ դրանք գոյություն ունեն։»
Ե. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան
79. Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան (23 մայիսի 1969թ.), որի անդամ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, սահմանում է հետևյալը.
Հոդված 26
“Pacta sunt servanda”
«Յուրաքանչյուր գործող պայմանագիր պարտադիր Է դրա մասնակիցների համար և պետք Է նրանց կողմից բարեխղճորեն կատարվի։»
Հոդված 27
Ներպետական իրավունքը և պայմանագրերի պահպանումը
«Մասնակիցը որպես պայմանագիրը չկատարելու արդարացման պատճառաբանություն չի կարող վկայակոչել իր ներպետական իրավունքի դրույթները։»
Հոդված 28
Պայմանագրերի հետադարձ ուժ չունենալը
«Եթե պայմանագրից այլ մտադրություն չի հետևում կամ այլ կերպ չի սահմանված, ապա դրա դրույթները ցանկացած գործողության կամ փաստի առնչությամբ, որոնք տեղի են ունեցել կամ ցանկացած իրադրության համար, որը դադարել է գոյություն ունենալ մինչև տվյալ մասնակցի համար պայմանագրի ուժի մեջ մտնելու թվականը, պայմանագրի մասնակցի համար պարտադիր չեն։»
Զ. Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
80. Դաշնագրի, որի անդամ է հանդիսանում Ռուսաստանի Դաշնությունը, 7-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մասնավորապես, ոչ ոք չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի»
81. 2004թ. մարտի 29-ին (2187-րդ ժողով) ընդունված Մարդու իրավունքների Հանձնաժողովի թիվ 31 [80]ընդհանուր մեկնաբանությունը, հետևյալ կերպ է սահմանում Դաշնագրի անդամ պետությունների վրա դրված ընդհանուր իրավական պարտավորության բնույթը .
«4. Դաշանագրով սահմանված պարտավորությունները ընդհանուր առմամբ և մասնավորապես 2-րդ հոդվածը պարտադիր են յուրաքանչյուր անդամ պետության համար ամբողջությամբ: Իշխանության բոլոր ճյուղերը (գործադիր, օրենսդիր և դատական), կամ այլ տեղական կամ պետական կառավարման մարմինները, ցանկացած մակարդակում` ազգային, ռեգիոնալ կամ տեղական, իրավասու են հանգեցնել անդամ պետության պատասխանատվությանը: Գործադիր իշխանությունը, որը սովորաբար միջազգայնորեն ներկայացնում է անդամ պետությանը, այդ թվում նաև Հանձնաժողովի առաջ, չի կարող մատնանշել այն փաստը, որ Դաշնագրի դրույթներին հակասող գործողությունը իրականացվել է իշխանության այլ ճյուղի կողմից, որպես միջոց` ազատելու կողմ պետությանը այդ գործողության և դրանից հետևող անհամապատասխանության պատասխանատվությունից: Այս պայմանը ուղղակիորեն բխում է Վիեննայի միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Կոնվենցիայից, որի համաձայն անդամ պետությունը «չի կարող հղում կատարել իր ներպետական օրենսդրության դրույթներին` որպես արդարացում իր կողմից պայմանագիրը չկատարելու:»
82. 2003թ. ապրիլի 3-ի ժողովի ժամանակ Դաշնագրի 28-րդ հոդվածով ստեղծված Մարդու իրավունքների հանձնաժողովը արտահայտեց հետևյալ կարծիքը` այն բանից հետո, երբ քննարկեց թիվ 886/1999 գրավոր հաղորդումը` ներկայացված տիկին Նատալիա Շեդկոյի և պրն. Անտոն Բոնդարենկոյի անունից ընդդեմ Բելոռուսի.
«10.2 Հանձնաժողովը նշում է, որ հեղինակի պնդումը, որ իր ընտանիքը չի տեղեկացվել իր որդու մահապատժի ոչ օրվա, ոչ ժամի, ոչ տեղի մասին, ոչ էլ դրան հաջորդող` իր որդու թաղման ճշգրիտ վայրի մասին, անվիճելի է: Մասնակից պետության կողմից այս պահանջի դեմ առարկության և մասնակից պետության կողմից ցանկացած այլ` գործին ըստ էության վերաբերող, մահապատժի իրականացման պրակտիկայի հետ կապված տեղեկության բացակայությամբ, պատշաճ տեղ պետք է տրվի հեղինակի մեղադրանքին: Հանձնաժողովը հասկանում է հեղինակին պատճառված շարունակական տառապանքը և հոգեկան սթրեսը` որպես դատապարտված բանտարկյալի մայր, նրա մահապատժին հանգեցրած հանգամանքների շարունակական անորոշությամբ, ինչպես նաև նրա շիրմի տեղադրության անորոշությամբ: Մահապատժի օրվա և թաղման վայրի խիստ գաղտնի պահելը, և մարմինը թաղման համար հանձնելու մերժումը ունենում են ընտանիքներին վախեցնելու կամ պատժելու ազդեցություն, թողնելով նրանց անորոշության և հոգեկան մտահոգությունների մեջ: Հանձնաժողովը կարծում է, որ իշխանությունների կողմից հեղինակին իր որդու մահապատժի նշանակված օրվա մասին չծանուցելը, և նրանց հետագա մշտապես մերժումը տեղեկացնել իրեն իր որդու շիրմի գտնվելու վայրի մսդին հանգեցնում են անմարդկային վերաբերմունքի հեղինակի նկատմամբ, որը խախտում է Դաշնագրի 7-րդ հոդվածը:»
83. 2006թ. մարտի 28-ի հանդիպման ժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովը արտահայտեց հետևյալ տեսակետները, այն բանից հետո, երբ քննարկեց թիվ 11159/2003 գրավոր հաղորդումը` ներկայացված Մարիամի, Ֆիլիպի, Օգյուստի և Թոմաս Սանկարայի անունից ընդդեմ Բուրկինա Ֆասոյի.
«6.2 Հանձնաժողովը հաշվի է առել Անդամ պետության փաստարկները, որոնք վերավերում են հաղորդման ratione temporis անընդունելիությանը: Հաշվի առնելով նաև հեղինակների փաստարկները, Հանձնաժողովը գտավ, որ պետք է տարբերակել պրն. Թոմաս Սանկարային վերաբերող և տիկին Սանկարային և իր երեխաներին վերաբերող բողոքները: Հանձնաժողովը գտավ, որ Թոմաս Սանկարայի մահը, որը կարող էր ներառել Դաշնագրի մի քանի հոդվածների խախտում, տեղի է ունեցել 1987թ. հոկտեմբերի 15-ին, ուստի մինչև Դաշնագրի և կամընտիր արձանագրության ուժի մեջ մտնելը Բուրկինա Ֆասոյի նկատմամբ: Այդ պատճառով հաղորդման այս հատվածը անընդունելի էր ratione temporis: Թոմաս Սանկարայի`1988թ. հունվարի 17-ի մահվան վկայականը, որը վկայում էր, որ նա մահացել է բնական պատճառներից` հակառակ փաստերի, որոնք հանրային ճշմարտություն են և հաստատված են Անդամ պետության կողմից... և իշխանությունների ձախողումը շտկել վկայականը այդ ժամանակահատվածի ընթացքում, պետք է համարել տիկին Սանկարայի և իր երեխաների իրենց շարունակական ազդեցության լույսի ներքո:
...
12.2 7-րդ հոդվածի վիճարկվող խախտման կապակցությամբ, Հանձնաժողովն ընկալում է, որ տանջանքները և հոգեբանական ճնշումը, որ տիկին Սանկարան և իր զավակները, վիճելի հանգամանքներում սպանված մարդու ընտանիքը կրել են, տանջվում են և քանի որ նրանք դեռևս չգիտեն Թոմաս Սանկարայի մահվան մանրամասները, կամ մոտավոր տեղադրությունը այն վայրի, որտեղ նրա մնացորդները պաշտոնապես թաղվել են: Թոմաս Սանկարայի ընտանիքը իրավունք ունի իմանալ նրա մահվան հանգամանքները, և Հանձնաժողովը նշում է, որ ցանկացած բողոք, որը վերաբերում է Դաշնագրի 7-րդ հոդվածով արգելված գործողություններին պետք է հետաքննվի անհապաղ և անկողմնակալ` իրավաու մարմինների կողմից: Ի հավելումն, Հանձնաժողովը, ինչպես ընդունելիության վերաբերյալ իր քննարկումների ժամանակ, նշում է Թոմաս Սանկարայի` 1988թ. հունվարի 17-ի մահվան վկայականը չուղղելը, որը արձանագրում է բնական մահ` հակառակ հանրահայտ փաստերի, որոնք հաստատվել են Անդամ պետության կողմից: Հանձնաժողովը գտնում է, որ Թոմաս Սանկարայի մահվան փաստով հետաքննություն անցկացնելու մերժումը, պաշտոնապես նրա թաղման վայրի չճանաչումը և մահվան վկայականը չճշգրտելը հանգեցնում են անմարդկային վերաբերմունքի տիկին Սանկարայի և իր որդիների նկատմամբ, խախտելով Դաշնագրի 7-րդ հոդվածը...»
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Ա. Ռուսաստանի Դաշնության Քրեական Դատավարության օրենսգիրք (օրենք թիվ 174-FZ, 18 դեկտեմբերի 2001թ.)
84. Հոդված 24 կետ 1-ը սահմանում է քրեական վարույթի ավարտման հետևյալ հիմքերը.
«(1) բացակայում է հանցագործությսն դեպքը
(2) արարքի մեջ հանցակազմ չկա
...
(4) կասկածյալի կամ մեղադրյալի մահվան դեպքում, ացառությամբ այն դեպքերի, երբ գործի վարույթն անհրաժեշտ է մահացածի իրավունքների վերականգնման համար...»
85. Հոդված 42-ը սահմանում է «տուճողին», որպես անձ, ում հանցավոր արարքով պատճառվել է ֆիզիկական, գույքային կամ բարոյական վնաս: «Տուժող» ճանաչելու մասին որոշումը ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը:
Բ. «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքը (թիվ 1761-I 18 հոկտեմբերի 1991թ.)
86. Ներածության համաձայն «Ռեաբիլիտացիոն մասին» օրենքի նպատակ քաղաքական ճնշման բոլոր այն զոհերի «ռեաբիլիտացիան է», ովքեր դատապարտվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում 1917թ. նոյեմբերի 7-ից հետո, որտեղ «ռեաբիլիտացիա» տերմինը նշանակում է «նրանց քաղաքացիական իրավունքների վերականգնում, ցանկացած այլ կամայական գործողությունների անբարենպաստ հետևանքների վերացում և գույքային վնասի փոխհատուցում:»
87. 1-ին հոդվածը սահմանում է «քաղաքական ռեպրեսիան», որպես հարկադրանքի տարբեր միջոցներ, ներառյալ կյանքից և ազատությունից զրկելը, որոնք կիրառվել են պետության կողմից քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաև այն անձանց իրավունքների և ազատությունների ցանկացած այլ սահմանափակում, ովքեր սոցիալապես վտանգավոր են ճանաչվել Պետության կամ քաղաքական վարչակարգի համար` իրենց դասային կամ սոցիալական ծագման, էթնիկ կամ ազգային պատկանելության պատճառներով:
88. 2-րդ հոդվածն ընդլայնում է «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի գործողությունը` տարածելով բոլոր Ռուսաստանի քաղաքացիների, նախկին ԽՍՀՄ քաղաքացիների, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, ովքեր ենթարկվել են քաղաքական բռնաճնշումների Ռուսաստանի Դաշնության տարածքում 1917թ. նոյեմբերի 7-ից հետո:
89. 3-րդ հոդվածը սահմանում է այն անձանց դասակարգումը, ովքեր ունեն «ռեաբիլիտացիայի» իրավունք: (բ) կետը վերաբերում է անձանց, ովքեր ենթարկվել են քրեական բռնաճնշումների` Համառուսական Արտակարգ Հանձնաժողովի (ВЧК), Գլխավոր քաղաքական դիրեկցիայի (ԳՊՈՒ, ГПУ ), Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ, НКВД), Ազգային Անվտանգության նախարարության (МГБ), դատախազների և նրանց կոլեգիալ մարմինների, «հատուկ հանձնաժողովների», տրոյկայի և դատական գործառույթներով օժտված այլ մարմինների կողմից կայացված որոշումների հիման վրա:
Գ. Ռուսաստանում պետական գաղտնիքի շարքին դասելը և գաղտնազերծումը
90. Ներածական մասի համաձայն` Պետական գաղտնիքների մասին օրենքը (օրենք թիվ 5485-I, 21 հուլիսի 1993թ.) կարգավորում է Պետական գաղտնիքների ճանաչման ընթացակարգը, տեղեկության` որպես գաղտնի դասակարգումը և ապագաղտնիացումը, և տեղեկության պաշտպանությունը` ի շահ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության:
91. 5-րդ հոդվածը պարունակում է պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկը: Այդ դասակարգումը ներառում է, մասնավորապես, հետևյալը.
«(4) հետախուզական, հակահետախուզական և օպերատիվ և հետախուզական գործողությունների բնագավառի ինչպես նաև հակաահաբեկչության բնագավառի տեղեկություններ.
- Հետախուզության, հակահետախուզության և օպերատիվ և հետախուզական գործողությունների ռեսուրսներին, միջոցներին, աղբյուրներին, մեթոդներին, ծրագրերին և արդյունքներին ր դրանց ֆինանսավորմանը վերաբերող...
- այն անձանց վերաբերող, ովքեր գաղտնի հիմունքներով համագործակցել են կամ համագործակցում են հետախուզության, հակահետախուզության և օպերատօվ և հետախուզական գործունեության համար պատասխանատու մարմինների հետ:»
92. 7-րդ բաժինը պարունակում է այն տեղեկությունների ցանկը, որոնք չեն կարող համարվել պետական գաղտնիք կամ դասվել դրանց շարքին: Այն ներառում է, մասնավորապես, հետևյալ տեղեկությունները.
« - մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների խախտմանը վերաբերող
Պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից կատարված օրենքի խախտումներին վերաբերող:»
93. 13-րդ բաժինը կարգավորում է տեղեկության գաղտնազերծման ընթացակարգը: Այն նաև սահմանում է հետևյալը.
«Ժամկետը, որի ընթացքում պետական գաղտնիքները պետք է որպես գաղտնիք պահվեն, չի կարող գերազանցել երեսուն տարին: Բացառիկ դեպքերում, պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովը կարող է երկարացնել այս ժամկետը:»
94. 1997թ. օգոստոսի 2-ին Կառավարությունը ընդունել է որոշում Պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունը օտար պետության և միջազգային կազմակերպություններին փոխանցելու մասին (թիվ 973): Այն սահմանում է, որ այդպիսի տեղեկություն փոխանցելու մասին որոշումը կարող է կայացվել Ռուսաստանի կառավարության կողմից` Պետական գաղտնիքների պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցի հիման վրա (կետ 3): Ստացող կողմը պարտավորվում է պաշտպանել գաղտնի տեղեկատվությունը` կնքելով միջազգային պայմանագիր, որն ի թիվս այլ դրույթների, սահմանում է տեղեկության փոխանցման կարգը, կոնֆիդենցիալության մասին դրույթ և վեճերի լուծման կարգը (կետ 4):»
Դ. Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգիրք (օրենք թիվ 63-FZ, 13 հունիսի 1996թ.)
95. 34-րդ գլուխը սահմանում է մարդկության խաղաղության և անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ցանկը: 356-րդ հոդվածը արգելում է մասնավորապես «ռազմագերիների կամ քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքը»` հանցագործություն, որը պատժվում է մինչև քսան տարի ազատազրկմամբ:
96. 78-րդ հոդվածի կետ 5-ը սահմանում է, որ 353-րդ (պատերազմ), 356-րդ (պատերազմի արգելված միջոցները), 357-րդ (ցեղասպանություն) և 358 (Էկոցիդ) հոդվածներով սահմանված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
ԱՐԴՅՈՔ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ԴԻՄՈՒՄԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՈՒՆԵՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
97. 2011թ. հուլիսի 7-ին դիմումատու Պրն. Յան Կշիշտով Մալեվիչի մահից հետո, նրա որդին` պրն. Պիրոտր Մալեվիչը Դատարանին տեղեկացրել է հոր փոխարեն նրա ներկայացրած գանգատները շարունակելու իր ցանկության մասին:
98. Պալատը կրկնել է, որ այն դեպքերում, երբ դիմումատուն մահացել է քննության ընթացքում, Դատարանը նախկինում հաշվի է առել դիմումատուի ժառանգների կամ ընտանիքի մերձավոր անդամների`, վարույթը շարունակելու ցանկությունը (տե՛ս Կարներն ընդդեմ Ավստրիայի (Karner v. Austria) թիվ. 40016/98, կետ 25, ՄԻԵԴ 2003-IX, և Դալբանն ընդդեմ Ռումինիայի (Dalban v. Romania) [GC], թիվ 28114/95, կետ 39, ECHR 1999-VI): Ուստի Պալատը ընդունում է, որ պրն. Պիոտր Մալեվիչը կարող է շարունակել իր հանգուցյալ հոր կողմից ներկայացված հայցի պաշտպանությունը:
99. Դիմումատու տիկին Գալինա Միխալսկայան մահացել է 2012թ. նոյեմբերի 28-ին: 2013թ. հունվարի 30-ի նամակով նրա որդին` պրն. Ռազիմիր Ռաչինսկին, հայտնել է իր մտադրության մասին` շարունակել դատավարությունը նրա փոխարեն:
100. Մեծ Պալատին բավարարում է այն, որ թե՛ պրն. Պիոտր Մալեվիչը և թե՛ պրն. Ռազիմիր Ռաչինսկին հանդիսանում են հանգուցյալ դիմումատուների մերձավոր հարազատները: Այն նաև նշում է, որ Պալատի կողմից պրն. Մալեվիչի դատարան դիմելու իրավունքի ընդունումը չի վիճարկվել կողմերի կողմից: Ուստի Մեծ Պալատը չի տեսնում ոչ մի պատճառ հանգել այլ եզրակացության, ո՛չ պրն. Պիոտր Մալեվիչի, և նմանապես` պրն. Ռազիմիր Ռաչինսկու նկատմամբ:
101. Այսպիսով, Դատարանը ընդունում է, որ պրն. Պիոտր Մալեվիչը և պրն. Ռազիմիռ Ռաչեվսկին կարող են շարունակել դիմումը այնքանով, որքանով դա հարուցվել է հանգուցյալ պրն. Յան Կշիշտով Մալեվիչի և հանգուցյալ տիլին Գալինա Միխալսկայայի կողմից համապատասխանաբար:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-րդ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
102. Դիմումատուները պնդել են, որ ռուսական իշխանությունները չեն կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական մասով իրենց պարտականությունները, որը պահանջում էր նրանցից իրականացնել ճշգրիտ և արդյունավետ հետաքննություն` իրենց հարազատների մահվան հետ կապված: 2-րդ հոդվածը սահմանում է հետևյալը.
«1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով։
Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկլ կյանքից այլ կերպ, քան ի կատարումն դատարանի կայացրած դատավճռի` այն հանցագործության համար, որի կապակցությամբ օրենքով նախատեսված է այդ պատիժը։
2. Կյանքից զրկելը չի համարվում սույն հոդվածի խախտում, եթե այն հետևանք է ուժի գործադրման, ինչը բացարձակապես անհրաժեշտ է`
ա. ցանկացած անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար,
բ. օրինական ձեռբակալելու իրականացնելու կամ օրինական հիմքերով կալանավորված անձի փոխուստը կանխելու համար,
գ. խռովությունը կամ ապստամբությունը ճնշելու նպատակով օրենքին համապատասխան գործողություն ձեռնարկելու համար։»
Ա. Պալատի վճիռը
103. Վկայակոչելով, որ 2011թ հուլիսի 5-ի իր ընդունելիության մասին որոշման մեջ Դատարանը գործի էությանն է միացրել 2-րդ հոդվածի դատավարական մասի խախտման հետ կապված իր իրավահաջորդության մասին Կառավարության առարկությունը, Պալատը առաջին հերթին քննել է արդյոք առարկությունը պետք է ընդունել, թե մերժել: Այդ նպատակով այն զննել է Դատարանի կիրառելի նախադեպային իրավունքը և սկզբունքները, որոնք սահմանում են պետության պարտավորությունների ժամանակային սահմանները, որոնք ձևակերպվել են Շիլիհն ընդդեմ Սլովենիայի վճռում (Šilih v. Slovenia) ([GC], թիվ 71463/01, կետեր 160-163, 9 ապրիլի 2009թ.) և կիրառվել են Ռումիանիայի, Ուկրաինայի և Խորվաթիայի դեմ մի շարք գործերում:
104. Առաջին սկզբունքի հետ կապված` Շիլահի գործով վճռի կետ 163-ի առաջին նախադասության մեջ պահանջվող «իրական կապի» առկայությունը, Պալատը որոշել է, որ «իրական կապի» պահանջը կհամարվի բավարարված միայն եթե ժամանակահատվածը «խթանող» իրադարձության և վավերացման օրվա միջև եղել է ողջամտորեն կարճ: Ի հավելումն, Պալատը նշել է, որ 2-րդ հոդվածի ընթացակարգային պարտավորությունների հետ համապատասխանությունը որոշելու համար պահանջվող հետաքննության գործողությունների մի զգալի մաս, պետք է իրականացվեն վավերացման օրվանից հետո: Պալատի կարծիքով պայմաններից ոչ մեկը չի պահպանվել սույն գործում, որտեղ մահապատիժների (1940թ.) և վավերացման օրվա (5 մայիսի 1998թ) միջև ընկած ժամանակահատվածը չափից ավելի երկար է բացարձակ արտահայտմամբ` որպեսզի բավարարի «իրական կապի» պահանջին: Բացի այդ, Պալատը գործի նյութերում կամ կողմերի ներկայացրած փաստարկներում չգտավ որևէ ցուցում, որ վավերացումից հետո ընկած ժամանակաշրջանում ձեռնարկվել է ընթացակարգային որևէ միջոց, որը իր նշանակությամբ համեմատելի կլիներ նրանց, որ իրականցվել են մինչև վավերացման օրը:
105. Այնուհետև Պալատն անցել է այն հարցի քննությանը, թե արդյոք գործի հանգամանքներն այնպիսին են, որ կարող են արդարացնել այն եզրահանգումը, որ կապը նախնական իրադարձության և վավերացման օրվա միջև հիմնված է եղել «Կոնվենցիայի հիմնարար արժեքների և երաշխիքների արդյունավետ պաշտպանության ապահովման անհրաժեշտությամբ» (կետ 139), ինչպես նշված է Շիլահի վճռի 163-րդ կետի վերջին տողում: Քանի որ սա առաջին գործն էր, որում Դատարանը պետք է տար այդ հոդվածի մեկնաբանությունը, Պալատը, հիմնվելով Բրեքնելի վճռի վրա(Բրեքնելն ընդդեմ Միացյալ Թագավորության (Brecknell v. the United Kingdom), թիվ 32457/04, 27 նոյեմբերի 2007թ.), մեկնաբանել է դա հետևյալ կերպ.
«Ամենևին պատահական չէ, որ հղումը Կոնվենցիայի հիմնարար սկզբունքներին ցույց է տալիս, որ այդպիսի կապի հաստատման համար, խնդրո առարկա իրադարձությունը պետք է լինի ավելի մեծ ծավալի քան սովորական հանցագործությունը և հանգեցնի Կոնվենցիայի բուն հիմունքների ժխտման, ինչպես օրինակ պատերազմական հանցագործությունները կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները: Չնայած այսպիսի հանցագործությունների նկատմամբ չի կիրառվում վաղեմության ժամկետ` Վաղեմության ժամկետի չկիրառելիությունը պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ Կոնվենցիայի ուժով..., դա չի նշանակում որ պետությունները ունեն չդադարող պարտավորություն հետաքննել դրանք: Այնուամենայնիվ, ընթացակարգային պարտավորությունները կարող են վերսկսվել, եթե վճռական ամսաթվից հետո հանրության տիրապետության տակ է հայտնվում այնպիսի տեղեկություն, որը ենթադրաբար կարող է նոր լույս սփռել այդպիսի հանցագործության հանգամանքների վրա: Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն հետաքննության նոր հանգամանք չի կարող առաջանալ ցանկացած պնդումից կամ հայտարարությունից: Հաշվի առնելով այս դրույթի հիմնարար նշանակությունը, պետական իշխանությունները պետք է ուշադիր լինեն ցանկացած տեղեկության կամ նյութերի նկատմամբ, որը կարող է կամ խարխլել նախորդ հետաքննության եզրակացությունը կամ թույլ տալ շարունակել անարդյունք եղած հետաքննությունը... Եթե նոր նյութերը ի հայտ են եկել մինչև վավերացումը, և դրանք բավականաչափ ծանրակշիռ և համոզիչ են, որպեսզի հիմնավորի նոր ընթացակարգերը, դատարանն օժտված կլինի ratione temporis իրավազորությամբ, որպեսզի համոզվի, որ պատասխանող պետությունը կատարել է 2-րդ հոդվածի համաձայն իր ընթացակարգային պարտավորությունները իր նախադեպային իրավունքում սահմանված սկզբունքներին համապատասխան ձևով (կետ 139, հղումները մեջ բերված չեն):»
106. Այդ պահանջները սույն գործի հանդեպ կիրառելով` Պալատը սահմանել է, որ (1) Խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից լեհ ծառայողների զանգվածային սպանությունն ունեցել է պատերազմական հանցագործության հատկանիշներ, սակայն, (2)1998թ. մայիսի 5-ից հետո ընկած ժամանակահատվածում չի ստացվել կամ բացահայտվել ոչ մի այնպիսի տեղեկություն, որը կարող էր վերսկսել հետաքննություն անցկացնելու ընթացակարգային պարտավորությունը, կամ բարձրացնել նոր կամ ավելի լայն հարցեր: Պալատը համապատասխանաբար եզրահանգել է, որ չի եղել ոչ մի տարր, որը կկապեր հեռավոր անցյալը և վերջին ժամանակների` վավերացումից հետո ընկած շրջանը, և որ չի նիմնավորվել հատուկ հանգամանքների առկայությունը, որ կարդարացնեին մահապատժի և վավերացման միջև կապի գոյությունը:
107. Այս եզրահանգումների լույսի ներքո Պալատը սահմանել է, որ Դատարանը օժտված չէ ratione temporis իրավասությամբ, որպեսզի դիտարկի գանգատը ըստ էության ` համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի:
Բ. Կողմերի փաստարկները
Ռուսական կառավարություն
108. Կառավարությունը պնդում է, որ պետք է իրավական տարբերակում անցկացնել երկու իրավիճակների միջև. Մեկի, որում Կոնվենցիայի խախտումը տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, որը դուրս է Դատարանի ժամանակային իրավասության սահմաններից, և երկրորդ, որում Կոնվենցիայի խախտում «իրավականորեն գոյություն չունի ընդհանրապես», քանի որ այդ ժամանակ Կոնվենցիան գոյություն չուներ: Իրենց կարծիքով այս տարբերությունը ունի որոշիչ նշանակություն, քանի որ միայն «իրավաբանորեն գոյություն ունեցող» 2-րդ հոդվածի հիմնական ասպեկտի խախտումը, որը կարող էր այնուամենայնիվ տեղի ունենալ Դատարանի ժամանակային իրավասության սահմաններից դուրս, կարող էր առաջացնել պետության ընթացակարգային պարտավորությունները` սահմանված Կոնվենցիայի 2-րդ հոդվածով` 1-ին հոդվածի հետ համատեղ: Դատարանի կողմից ավելի վաղ ուսումնասիրված գործերում, հանգամանքները, որոնք առաջացրել են հետաքննության պարտավորություն, տեղի էին ունեցել Կոնվենցիայի ընդունումից հետո: Սույն գործում 2-րդ հոդվածի հիմնական ասպեկտի ենթադրյալ խախտումը ոչ միայն դուրս է գալիս Դատարանի ժամանակային իրավասության սահմաններից, այլ նաև դե յուրե գոյություն չի ունեցել, քանի որ «Կատինի իրադարձությունները» տեղի են ունեցել 1950թ. նոյեմբերի 4-ին Կոնվենցիայի ընդունումից տասը տարի առաջ և Ռուսաստանի կողմից 1998թ. մայիսի 5-ին դրա վավերացումից հիսունութ տարի առաջ: Կառավարությունը գտնում է, որ այդ պատճառով Դատարանը չի կարող քննել Ռուսաստանի կողմից իր ընթացակարգային պարտավորությունների կատարման հարցը: Բացի այդ Կառավարությունը պնդում է, որ Դատարանը չունի ratione materiae իրավասություն բնութագրելու համար Կատինի ջարդը որպես «պատերազմական հանցագործություն»` միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից:
109. Կառավարությունը պնդում է, որ «Կատինի իրադարձությունների» հետաքննության որևէ պարտավորություն չի կարող ծագել, ո՛չ ներպետական օրենսդրության, ո՛չ միջազգային հումանիտար իրավունքի, ո՛չ Կոնվենցիայի համաձայն: Ազգային մակարդակում, անցկացվել է հանցագործության հետաքննություն, նախատեսված ՌԽՖՍՀ 1926թ. Քրեական օրենսգրքի 193-17 (բ) հոդվածով (ծանրացուցիչ հանգամանքներով իշխանության սահմանազանցում, որը հանգեցրել է ծանր հետևանքների), որը ունի տասը տարվա վաղեմության ժամկետ: Ռուսաստանի ժամանակակից Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է դադարեցնել ընթացակարգերը` վաղեմության ժամկետի ավարտից հետո: Բացի այդ, ԽՍՀՄ ՆԿՎԴ ծառայողները մահացել էին մինչև քրեական գործի հարուցումը: Համաձայն ներպետական քրեադատավարական օրենսդրության, նրանց մահը հանդիսանում է իրավական հիմք, որը բացառում է նրանց նկատմամբ քրեական գործի հարուցումը կամ շարունակումը: Միջազգային իրավունքում նույնպես, կասկածյալի կամ մեղադրյալի մահը հանդիսանում է համընդհանուր ճանաչված հիմք քրեական գործ հարուցելուց հրաժարվելու կամ այն դադարացնելու համար(այստեղ Դատարանը հղում է կատարել Դատախազն ընդդեմ Նորմանի, Ֆոֆանայի և Կոնդևայի (Prosecutor v. Norman, Fofana and Kondewa), Սիերա Լեոնեյի հատուկ դատարան, 2007թ. մայիսի 21-ի Trial Chamber decision, SCSL-04-14-T-776, և Դատախազն ընդդեմ Սլոբոդան Միլոշեվիչի (Prosecutor v. Slobodan Milošević), նախկին Հարավսլավիայի միջազգային քրեական դատարան, IT-02-54, 2006թ. մարտի 14-ի ընթացակարգերը դադարեցնելու հրաման): Կառավարության կարծիքով, ակնհայտ է, որ թիվ 159 քրեական գործով հետաքննությունը անցկացվել է «քրեադատավարական օրենսդրության պահանջների խախտմամբ, քաղաքական դրդապատճառներով, որպես բարի կամքի դրսևորում լեհական իշխանությունների նկատմամբ:»
110. Ինչ վերաբերում է միջազգային մարդասիրական իրավունքին, Կառավարությունը կարծում է, որ համենայն դեպս մինչև 1945թ., գոյություն չեն ունեցել միջազգային իրավունքի համապարտադիր դրույթներ ո՛չ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների բնորոշման հետ կապված, ո՛չ այդ հանցագործությունների համար պատասխանատվություն սահմանելու և քրեական հետապնդման հետ կապված: Քանի որ Միջազգային քրեական դատարանը եղել է ad hoc դատարան, դրա Կանոնադրության դրույթները, ներառյալ դրանում ներառված հանցագործությունների բնորոշումները, սահմանափակված են եղել Եվրոպական առանցքի ուժերի խոշորագույն պատերազմական հանցագործությունների վարույթով: Կառավարությունը եզրահանգել է, որ միջազգային իրավունքը, այն ձևով որով այն գոյություն է ունեցել 1940թ., չի տալիս բավարար հիմքեր բնորոշելու «Կատինի իրադարձությունները» որպես պատերազմական հանցագործություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ ցեղասպանություն, եթե դրանք կապված չեն եղել Եվրոպական առանցքի ուժերի խոշորագույն պատերազմական հանցագործությունների հետ, և չեն ընկնում Նյուրեմբերգյան դատարանի իրավասության ներքո: Այնուամենայնիվ, լեհական իշխանությունների խնդրանքով, ռուս հետաքննության մարմինները ուսումնասիրել են «ցեղասպանության վարկածը» և եկել են եզրահանգման, որ այդ հանցագործությունը չի կատարվել, քանի որ կասկածյալները հետապնդում էին բացառապես քրեական դրդապատճառներ, ոչ թե դիտավորություն ամբողջությամբ կամ մասամբ ոչնչացնել ինչ-որ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խումբ (համաձայն Ցեղասպանության կանխման և պատժման մասին Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներում տրված սահմանման, 9 դեկտեմբերի 1948թ.):
111. Ինչ վերաբերում է Կոնվենցիայով սահմանված հետաքննության ընթացակարգային պարտավորությանը, Կառավարությունը նախ հաստատել է, որ թիվ 159 քրեական գործով հետաքննությունն անցկացվել է քաղաքական դրդապատճառներով, որպես բարի կամքի դրսևորում, այդ պատճառով չի կարող գնահատվել 2-րդ հոդվածի ընթացակարգային պահանջների տեսակետից: Երկրորդ, Կառավարության կարծիքով, միայն այն իրադարձությունները, որ տեղի են ունեցել Կոնվենցիայի ընդունումից հետո կարող էին առաջացնել որևէ ընթացակարգային պարտավորություն: Երրորդ, ռուսական իշխանություններից չի կարող ողջամտորեն ակնկալվել իրականացնել արդյունավետ հետաքննություն դեպքերից հիսունութ տարի անց, երբ վկաները արդեն մահացել են, իսկ կարևորագույն փաստաթղթերը` ոչնչացվել: Փոխարենը, Կառավարությունը ընդունել է, որ «Կոնվենցիան չի սահմանում կոնկրետ պարտավորություններ... ապահովել մինչև վավերացումը հասցված վնասի փոխհատուցումը...» (այստեղ նրանք հղում են կատարել Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի (Kopecký v. Slovakia) [GC], թիվ 44912/98, կետ 38, ՄԻԵԴ 2004- IX): Այլ կերպ ասած, քանի որ Դատարանը չի կարող հետազոտել մահվան հանգամանքները ratione temporis, այն չի կարող հաստատել, թե արդյոք այն առաջացնում է 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորություններ (այստեղ նրանք հղում են կատարում Խոլոդովն ընդդեմ Ռուսաստանի (dec.), թիվ 30651/05, 14 սեպտեմբերի 2006թ.), և Մոլդովան և այլոք ընդդեմ Ռումինիայի (dec.), թիվ 41138/98 և 64320/01, 13 մարտ 2001թ.):
112. Ընթացակարգային պարտավորության առանձնացման կապակցությամբ, Ռուսաստանի Կառավարությունը նշել է, որ ցանկացած մահ չէ, որ առաջացնում է ընթացակարգային պարտավորություն, և որ Դատարանը նախ պետք է դիտարկեր այն հարցը, թե արդյոք մահվան հանգամանքները այնպիսին են եղել, որ առաջացնեն պարտավորություն: Սակայն, եթե մահը վրա է հասել մինչև վավերացումը, Դատարանը չի ունենա ժամանակային իրավասություն այդպիսի վերլուծություն կատարելու համար: Բացի այդ, առանձնացման սկզբունքը պետք է ուղեկցվի որոշակի սահմանափակմամբ, որպեսզի խուսափել Կոնվենցիայիով Դատարանի իրավասության և գործունեության բնագավառի չնախատեսված ընդլայնումից: Առաջին հերթին, ժամանակահատվածը պետք է բավականին կարճ լինի, որը տվյալ դեպքում այդպես չէ: Երկրորդ, հետաքննության գործողությունների զգալի մաս պետք է իրականացվեր վավերացումից հետո: Այս չափանիշը նույնպես պահպանված չէ տվյալ գործում: Եվ վերջապես, եթե գործը վերաբերում է Կոնվենցիայի հիմնարար արժեքների իրական և արդյունավետ պաշտպանության ապահովման անհրաժեշտությանը, Կառավարությունը համաձայնել է, որ դիտարկվող իրադարձությունը պետք է լինի ավելի մասշտաբային, քան սովորական հանցագործությունը: Այնուամենայնիվ, «Կատինի իրադարձությունների» հետ կապված գործում Դատարանը չունի իրավասություն ո՛չ ratione temporis, ո՛չ ratione materiae, որպեսզի գնահատի դրանք միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից:
113. Կառավարությունն ընդգծել է, որ Կատինի հետաքննության բոլոր առավել կարևոր ընթացակարգային քայլերը ձեռնարկվել են 1990-ից 1995 թվականներն ընկած ժամանակահատվածում, և որ 1998թ. մայիսի 5-ից հետո երևան չի եկել ոչ մի համապատասխան «նոր նյութ»: Հակառակ լեհական կառավարության պնդման, առանձին նյութերը որպես գաղտնի դասակարգելու որոշումը չի կարող համարվել «նոր նյութ», որը կարող է վերսկսել 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունը: Դա վերաբերում է նաև 2002թ. Ուկրաինական ցուցակի ենթադրյալ հայտնաբերմանը, որը հանգեցրել է ընդամենը ուկրաինական իշխանություններին արված հարցման` պարզաբանումներ ստանալու նպատակով:
2. Դիմումատուները
114. Դիմումատուներն ընդունել են, որ 1940թ.տեղի ունեցած Կատինի ջարդը, եղել է գործողություն, որը դուրս է գալիս Կոնվենցիայի գործողության ժամանակային սահմաններից, և որ Դատարանն օժտված չէ ratione temporis իրավասությամբ դիտարկելու այս իրադարձությունները 2-րդ հոդվածի հիմնական ասպեկտի սեսակետից: Այնուամենայնիվ, իրենց կարծիքով, Դատարանը պետք է ունենա ժամանակավոր իրավասություն դիտարկելու այն հարցը, թե արդյոք Ռուսաստանը կատարել է 2-րդ հոդվածով սահմանված իր ընթացակարգային պարտավորությունը, որը հանդիսանում է պետության առանձին և ինքնավար պարտավորություն, նույնիսկ եթե մահը, որի մասին խոսք է գնում, տեղի է ունեցել վավերացման օրվանից առաջ:
115. Դիմումատուները գտնում են, որ իրական կապը, որն անհրաժեշտ է հաստատելու համար Դատարանի ժամանակային իրավասությունը, պետք է հիմնվի, առաջին հերթին, «Կոնվենցիայի երաշխիքների և հիմնարար արժեքների իրական և արդյունավետ պաշտպանության ապահովման անհրաժեշտության» վրա (դիմումատուները հղում են կատարել վերոնշյալ Շիլահի գործին, կետ 163 in fine): «Կոնվենցիայի հիմնարար արժեքներ» արտահայտությունը ավելի վաղ օգտագործվել է Դատարանի կողմից իր եզրահանգման մեջ առ այն, որ ատելություն սերմանելը առանձին դեպքերում, ինչպես օրինակ Հոլոքոստը մերժելը կամ պատերազմական հանցագործությունները արդարացնելը անհամատեղելի են Կոնվենցիայի արժեքների հետ(այստեղ նրանք հղում են կատարել Գարոդին ընդդեմ Ֆրանսիայի (Garaudy v. France) (dec.), թիվ 65831/01, ՄԻԵԴ 2003-IX (քաղվածքներ); Վիչն ընդդեմ Գերմանիայի (Witzsch v. Germany) (dec.), թիվ 7485/03, 13 դեկտեմբեր 2005թ., և Օրբանը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի (Orban and Others v. France), թիվ 20985/05, կետ 35, 15 հունվարի 2009թ.): Քանի որ միջազգային իրավունքով սահմանված հանցագործությունների եղելությունը հերքելը ճանաչվել է հակասող Կոնվենցիայի հիմնարար արժեքներին, այդ իսկ սկզբունքը պետք է կիրառվի fortiori հենց գործողությունների նկատմամբ, որոնք վնասում են արդարության և խաղաղության բուն իմաստը, Կոնվենցիայի հիմնարար արժեքները` ինչպես սահմանված է դրա ներածության մեջ: Դիմումատուների պնդմամբ, Շիլիհի գործի 163-րդ կետում հիմնարար արշեքների մասին հիշատակելը ցույց է տալիս, որ տեղի են ունեցել որոշակի գործողություններ, որոնք խախտում են Կոնվենցիայի համակարգի հիմքերը, որոնց բնույթը, մասշտաբները և ծանրությունը պետք է Դատարանին իրավունք տան ratione temporis քննել արդյունավետ հետաքննություն անցկացնելու պետության պարտավորության հարցը:
116. Դիմումատուները պնդել են, որ Կատինի սպանդը հանդիսանում է միջազգային իրավունքով սահմանված հանցագործություն: Կարմիր Բանակի կողմից գերի վերցված լեհ ծառայողները ռազմագերիներին երաշխավորվող լիարժեք պաշտպանության իրավունք ունեին, այդ թվում պաշտպանություն բռնության և դաժանության դրսևորումներից, նախատեսված 1907թ. Հաագայի Կոնվենցիայի IV և 1929թ. Ժնևի Կոնվենցիայի դրույթներով: 1940թ. լեհ ծառայողների սպանությունը եղել է անօրինական գործողություն, որը խախտել է Հաագայի Կոնվենցիայի IV հոդվածներ 4, 23(գ) և 50 և Ժնևի Կոնվենցիայի հոդվածներ 2, 46, 61 և 63-ը: Չնայած ԽՍՀՄ-ը չի եղել այդ Կոնվենցիաներից և ոչ մեկի անդամ, այն պարտավոր էր հարգել միջազգային իրավունքի համապարտադիր սկզբունքները, որոնք համակարգված էին այդ Կոնվենցիաներում: Այն մասին, որ այդ պարտավորությունը ԽՍՀՄ կողմից ճանաչվել է որպես իրավաբանորեն պարտադիր, վառ կերպով վկայում է այն փաստը, որ Նյուրեմբերգյան դատավարության ժամանակ խորհրդային դատախազը փորձում էր մեղադրել նացիստական ղեկավարներին լեհ ռազմագերիների սպանության մեջ: Լեհ ծառայողների բնաջնջումը եղել է պատերազմական հանցագործություն` Նյուրեմբերգյան դատարանի Կանոնադրության 6(բ) հոդվածի իմաստով, իսկ քաղաքացիական անձանց գնդակահարությունը` մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ինչպես սահմանված է Նյուրեմբերգյան դատարանի Կանոնադրության 6(գ) հոդվածով: Նյուրեմբերգյան Դատարանի կողմից Կատինի սպանդի դասակարգումը որպես պատերազմական հանցագործություն պետք է լիներ անկողմնակալ և կախված չլիներ այն բանից, թե ով է իրականում կատարել այդ վայրագությունը: Բացի այդ, ռազմագերիների մահապատիժը հանդիսանում էր հանցագործություն և դիտարկվում էր որպես այդպիսին միջազգային հանրության կողմից, և այդ փաստը համոզիչ կերպով հաստատվում էր ռազմական հանցագործների նկատմամբ հետպատերազմական վարույթների հարուստ նախադեպային իրավունքով: Քանի որ Կատինի սպանդը հանդիսանում է հանցագործություն` համաձայն միջազգային իրավունքի, դրա նկատմամբ չի կիրառվել և չի կիրառվում վաղեմության ժամկետ, և դրան ուղեկցող պարտավորությունը հետաքննել այդ հանցագործությունը պահպանվել է մինչ օրս:
117. Բացի այդ, դիմումատուները նշում են երկու գործոն, որոնք հաստատում են այն դրույթը, որ Դատարանն աօտված է Ռուսաստանի կողմից 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորության կատարման վերաբերյալ որոշում կայացնելու իրավազորությամբ: Նախ, Եվրոպայի խորհուրդը և Կոնվենցիան ստեղծվել են որպես ժողովրդավարական, քաղաքական և իրավական այլընտրանք երկու տոտալիտար ռեժիմների` Նացիզմի և Ստալինիզմի կողմից կատարված մարդկային արժանապատվության զանգվածային խախտումների: Կատինի սպանդը իրականացվել է տոտալիտար ռեժիմի կողմից, որի նպատակները և արժեքները արմատապես հակասում են Կոնվենցիայի նպատակներին: Կոնվենցիայի իրական և արդյունավետ պաշտպանության համար, ներկայիս պայմանավորվող կողմերը պարտավոր են անցկացնել տոտալիտար ռեժիմների հանցագործությունների արդյունավետ հետաքննություն: Երկրորդ, Կատինի սպանդի արդյունավետ հետաքննությունը հանդիսանում է անհրաժեշտ պայման սպանվածների, որպես քաղաքական բռաճնշումների զոհերի «ռեաբիլիտացիայի» համար, ինչպես նաև տոտալիտար հանցագործությունների մասին հանրության իրազեկվածության բարձրացման համար:
118. Դիմումատուները նաև կարծում են, որ նույնիսկ «նոր նյութական թեստի» շրջանակներում, որը մշակվել և կիրառվել է Պալատի որոշման մեջ, Դատարանը կարող է իրավասու լինել քննել Ռուսաստանի կողմից 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունների պահպանման հարցը, ենթադրելով, որ անհրաժեշտ նոր տարրը չի սահմանափակվում նոր կարևոր ապացույցներով, որոնք հայտնի են դարձել վավերացումից հետո ընկած ժամանակահատվածում, այլ ներառում է նաև նոր և բավականին կարևոր ընթացակարգային փաստեր: Այդ թեստը պետք է ներառի նաև այն դեպքերը, երբ տեղական իշխանությունները ձեռնպահ են մնացել նոր ապացույցների ձեռք բերումից, կամ երբ նրանք հանգել են հետևույթյունների, որոնք կտրուկ հակասում են նախորդ արդյունքներին կամ պատմական փաստերին: Չնայած հետաքննությունը դադարեցնելու որոշումը որպես այդպիսին չի հանդիսանում նոր նյութ հետաքննության համար, այն կարող է իրենից ներկայացնել նոր ընթացակարգային փաստ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կոնտեքստի իմաստով, մանավանդ, որ այն կտրուկ շրջադարձ է առաջացրել հետաքննության ընթացքի մեջ: Ավելին, երբ քրեական գործի նյութերի էական մասը դասակարգված էր որպես գաղտնի, և նույնպիսի կարգավիճակ էր շնորհված նաև հետաքննության վերջնական որոշմանը, գոյություն ունեին ծանրակշիռ պատճառներ կարծելու, որ հետաքննության ընթացքի մեջ հանկարծակի և արմատական փոփոխությունը եղել է համապատասխան նոր եզրահանգումների արդյունք:
119. Անդրադառնալով 2-րդ հոդվածով նախատեսված` բողոքի էությանը, դիմումատուները պնդել են, որ ռուսական հետաքննությունը չէր համապատասխանում այդ դրույթի հիմնական պահանջներին: Ռուսական իշխանությունները հաշվի չեն առել սպանվածների (21857) և «զոհված» համարվողների (1803) շատ ավելի պակաս քանակի միջև եղած տարբերությունը: Չեն անցկացվել լայնամասշտաբ պեղումներ թաղման բոլոր վայրերում: Դիմումատուներին հրաժարվել են տրամադրել տուժողի կարգավիճակ, և սրա հետ կապված հետաքննությունը բավարար թափանցիկ չի եղել: Եվ վերջապես, հետաքննությունը նպատակաուղղված չի եղել մեղավորներին բացահայտելուն և նրանց պատասխանատվության ենթարկելուն: Դիմումատուները նշել են երկու խորհրդային բարձրաստիճան պաշտոնատար անձանց անուններ, ովքեր ներգրավված են եղել Կատինի սպանդին և 1990թ. դեռ ողջ են եղել:
3. Լեհաստանի Կառավարությունը
120. Լեհական Կառավարությունը պնդել է, որ Շիլիհի որոշման 163-րդ կետի վեջին նախադասության «հատուկ հանգամանքների դրույթ» բառերը մեկնաբանելիս պետք է հաշվի առնել կատարված գործողությունների առանձնահատուկ բնույթը, որոնք միջազգային իրավունքի համաձայն եղել են պատերազմական հանցագործություններ: Բացի այդ, Դատարանը պետք է նկատի ունենա հետևյալ գործոնները. (1) մինչև 1990թ. Կատինի սպանդի գործով հետաքննությունը անհնար է եղել քաղաքական պատճառներով, (2) Ռուսաստանի կողմից Կոնվենցիան վավերացնելուց հետո վեց տարի հետաքննությունը շարունակվել է ընթանալ, (3)կար անձանց զգալի քանակ, ովքեր ունեին օրինական շահ զանգվածային սպանության հանգամանքների բացահայտման մեջ, և (4) գոյություն ունեին այլ բավարար հնարավորություններ հետաքննությունը շարունակելու համար:
121. . Լեհական կառավարությունը նաև պնդել է, որ 1998 և 2004 թվականների միջև ընկած ժամանակաշրջանում ռուսական դատախազության մարմինները, Կատինի հետաքննության շրջանակներում անցկացրել են մի շարք ընթացակարգային գործողություններ, որոնց արդյունքում ստացվել են նոր վկայություններ, որոնք հնարավոր է, որ կարողանային վերսկսել 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունները: Դրանց թվին են պատկանում. (1) 2002թ. ռուսական և ուկրաինական դատախազության մարմինների միջև նամակագրությունը` Կատինի հանցագործության հարցով, (2) ռուսական անձնական տվյալների կենտրոններ ուղարկված ավելի քան 3000 հարցումներ` տրամադրելու տեղեկություններ այն լեհ քաղաքացիների ճակատագրի մասին, ում անունները նշված են «ուկրաինական Կատինյան ցուցակում», (3) լեհ-ռուսական երկկողմանի խորհրդակցություններ, (4) Կատինի զոհերի հարազատներից ավելի քան իննսուն հարցումների ստացումը, (5) Կատինի հանցագործության իրավական բնորոշման երկու փորձագիտական եզրակացության կազմումը, և (6) գործի նյութերը որպես գաղտնի դասակարգելու որոշումը:
122. Անդրադառնալով 2-րդ հոդվածի համաձայն ներկայացված գանգատի էությանը, լեհական կառավարությունը պնդում էր, որ Կատինի գործով հետաքննությունը եղել է անարդյունավետ: Մի կողմից Ռուսաստանի կառավարությունը հաստատել է 1940թ. դիմումատուների հարազատների մահապատժի փաստը, բայց մյուս կողմից, ռուսական ռազմական դատարանները նրանց հայտարարել են անհայտ կորած: Ռուսական իշխանությունները չեն ընդունել դիմումատուների վկայությունները, և քայլեր չեն ձեռնարկել դատաբժշկական փորձաքննություն անցկացնելու կամ փաստաթղթերի որոնման ուղղությամբ: Նրանք սխալ են գնահատել ապացույցները, որոնք իրենց հանձնել էր լեհական կողմը, և սխալմամբ որակել են Կատինյան սպանդը որպես իշխանության չարաշահում: Մերժվել է հետաքննությանը մասնակցելու դիմումատուների իրավունքը, և նրանց չի շնորհվել տուժողի ընթացակարգային կարգավիճակ: Եվ վերջապես, գործի նյութերի զգալի մասը որպես գաղտնի դասակարգելով, ռուսական իշխանությունները չեն պահպանել արդարացի հավասարակշռությունը տոտալիտար անցյալի հանցագործությունների բացահայտման հանրային շահի և իրենց հարազատների մահվան հանգամանքների բացահայտման` դիմումատուների մասնավոր շահի միջև:
4. Երրորդ անձինք
(ա) Բաց հասարակության արդարադատության նախաձեռնություն
123. Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունը պնդել է, որ պետությունները պարտավոր են, Կոնվենցիայի և միջազգային իրավունքի համապատասխան հետաքննել պատերազմական հանցագործությունները և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները այնքան ժամանակ, որքան որ դա գործնականորեն հնարավոր է: Այս պարտավորությունը բխում է այսպիսի հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ կիրառելու արգելքից, և այն ենթակա չէ որևէ ժամանակային դասակարգման: Պետք է ընդունել, որ ժամանակի հետ արդյունավետ հետաքննության անցկացումը դարձել է ավելի դժվար, սակայն անցյալում կատարված խախտումների նկատմամբ իրենց իրավունակությունը տարածող ազգային և միջազգային դատարանների գոյություն ունեցող պրակտիկան ցույց է տալիս, որ արդյունավետ քննություն հնարավոր է անգամ խախտման փաստից շատ տասնամյակներ հետո: Երրորդ անձը հղում է կատարել հղում է կատարել Բրեկնելի և Վարնավայի գործերով Դատարանի որոշմանը, և մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի դատական պրակտիկայի գործերից Հելիոդորո Պորտուգալն ընդդեմ Պանամայի (Heliodoro Portugal v. Panama) (2008թ օգոստոսի 12-ի որոշում) և Գոմես Լունդն ընդդեմ Բրազիլիայի (2010թ նոյեմբերի 24-ի որոշում): Երրորդ կողմը պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի հանցագործությունների արդյունավետ հետաքննությունը 1998 թվականից հետո դեռևս հնարավոր էր: Նրանք որպես օրինակ բերում էին նացիստական հանցագործությունների հետաքննությունների օրինակները, որոնք անցկացվել էին Գերմանիայում, Հունգարիայում, Իտալիայում և Լեհաստանում, որոնցից ոմանք հանգեցրել են հաջող դատական քննության` չնայած մեղադրյալների տարիքի: Բացի այդ, 2012թ Բրիտանական դատարանը բավարարել է վնասի փոխհատուցման քաղաքացիական հայցը ընդդեմ Բրիտանիայի կառավարության, կապված քենիական ապստամբության ժամանակ ենթադրյալ կտտանքների, որը տեղի է ունեցել 1952-1961 թվականներին:
124. 124. Երրորդ կողմը նաև պնդում է, որ իր անհատական չափման մեջ դիտարկվող ճշմարտության իրավունքը ենթադրում է հետաքննության արդյունքների, ինչպես նաև արխիվների և հետաքննության բաց նյութերի հասանելիություն: Տեղեկության այսպիսի բացահայտումը կարևոր նշանակություն ունի խախտումների կանխման, անձեռնամխելիության դեմ պայքարի և իրավունքի գերակայության նկատմամբ հանրային վստահության պահպանման հարցում (այստեղ նրանք հղում են կատարել Քելլին և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, (Kelly and Others v. the United Kingdom,) թիվ 30054/96, կետ 118, 4 մայիսի 2001թ.): Այն դեպքերում, երբ գործը վերաբերում է ճշմարտության իրավունքին, այն տեղեկության դասակարգումը որպես գաղտնի, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտմանը, թույլատրելի է միայն բացառիկ դեպքերում, երբ ապացուցվում է պետական գերակա շահի առկայությունը, անկախ դատական հսկողությունից հետո և սահմանափակ ժամանակահատվածի ընթացքում, նվազ սահմանափակող տարբերակների բացակայության պայմանով: Երրորդ անձը նախապատրաստել է տեղեկատվական իրավունքի մասին իննսուներեք երկրների օրենքների հետազոտության արդյունքները, որից հետևում է, որ դրանցից քառասունչորսը ակնհայտորեն պահանջում են տեղեկության բացահայտում, եթե բացահայտման հանրային շահը գերազանցում է գաղտնիության շահին: Անցյալի չարաշահումների մասին օբյեկտիվ ճշմարտության վերականգնումը ունի մեծ նշանակություն, որպեսզի պետությունները կարողանան սովորեն իրենց պատմության օրինակով և միջոցներ ձեռնարկեն կանխելու ապագա դաժանությունները (Մարդու իրավունքների հանձնաժողով, ՄԱԿ, Անօրինականության դեմ պայքարի միջոցով մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման սկզբունքների նորացված ժողովածու, Բանաձև 2005/81, 8 փետրվարի 2005թ., 2-րդ և 3-րդ սկզբունքներ):
(բ) Ամնիսթի Ինթերնեյշնլ
125. Կազմակերպությունը պնդում է, որ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հետաքննության պարտավորությունը տարածվում է այնպիսի հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև Կոնվենցիայի մշակումը և դրա ուժի մեջ մտնելը: Ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ դաժան վերաբերմունքը և նրանց սպանությունը արգելված էին միջազգային իրավունքի կողմից 1939թ., և պետությունները պարտավոր էին հետաքննել և դատաքննել պատերազմական հանցագործությունները 1939թ. շատ առաջ, առանց վաղեմության ժամկետի կիրառման(այստեղ նրանք հղում են կատարել Կոնոնովն ընդդեմ Լատվիայի (Kononov v. Latvia), [GC], թիվ 36376/04, կետեր 186 և 232, ՄԻԵԴ 2010, և Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի որոշումներին Վելասկես-Ռոդրիգեսն ընդդեմ Հոնդուրասի (Velásquez-Rodríguez v. Honduras), 29 հուլիսի 1988թ., կետ 174, և Գոմես Լանդը ընդդեմ Բրազիլիայի (Gomes Lund v. Brazil) 24 նոյեմբերի 2010թ., կետ 108, գործերին): Երրորդ անձն ընդգծել է, որ Միջամերիկյան դատարանը բազմիցս գտել է խախտումներ` հետաքննության պարտավորության, այն գործողությունների հետապնդման և պատժի համար, որոնք տեղի են ունեցել մինչև Մարդու իրավունքների Ամերիկյան Կոնվենցիայի վավերացումը պատասխանող պետության կողմից (այստեղ նրանք հղում են կատարել Գոմես Լանդը և Ալմոնակիդ Արելլանոն ընդդեմ Չիլիյի, (Gomes Lund и Almonacid Arellano v. Chile), 26 սեպտեմբերի 2006թ. կետ 151): Նրանք նշել են, որ ժամանակի ընթացքը չի փոխում պետության հետաքննություն անցկացնելու հանգամանքը և զոհերի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները: Արդարադատության արդյունավետ հասանելիության տուժողների իրավունքը ներառում է լսված լինելու իրավունքը և լիարժեք վնասի փոխհատուցման իրավունքը, որը ներառում է հետևյալ տարրերը: համբավ, փոխհատուցում, ռեաբիլիտացիան, սատիսֆակցիան և չկրկնվելու երաշխիքներ(նրանք հղում են կատարել Միջամերիկյան դատարանի եղրահանգումների վրա Գոմես Լանդի գործում, կետեր 261-262, 277 և 297): Վերջապես երրորդ անձը հաստատել է, նորից Գոմես Լանդի գործին հղում կատարելով
(կետեր 241-242), որ արդյունավետ հետաքննության բացակայությունը բացասական ազդեցություն է թողնում ընտանիքի անդամների նկատմամբ մարդկային վերաբերմունքի իրավունքի վրա:
(գ) «Մեմորիալ» (Մոսկվա), Մարդու իրավունքների պաշտպանության Եվրոպական կենտրոն (Լոնդոն) և Անցումային շրջանի արդարադատության ցանց (Էսսեքս)
126. Այս երեք կազմակերպությունները պնդել են, որ ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովը, մարդու իրավունքների պաշտպանության Միջամերիկյան համակարգը և միջազգային պայմանագրային իրավունքը պարունակում են պարտավորություն հետաքննել և իրականացնել պատերազմական հանցագործությունների դատական քննություն, խախտումների մասին զոհերին, իրենց ընտանիքներին, հասարակությանը և միջազգային հանրությանը ճշգրիտ և թափանցիկ հաշվետվություն տրամադրելու նպատակով: Իրենց կորած կամ մահացած հարազատների ճակատագրի մասին իմանալու ընտանիքների իրավունքը հանդիսանում է հետաքննություն անցկացնելու պարտավորության առանձին բաղադրիչ, որը հանդիսանում էր սովորութային միջազգային իրավունքի ամրագրված նորմ(այստեղ նրանք հղում են կատարել մասնավորապես Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքի 117-րդ Կանոնի վրա, հատոր I, Կարմիր խաչի` սովորութային միջազգային իրավունքի ուսումնասիրման միջազգային հանձնաժողովին, 2005թ., և Մարդու իրավունքների Միջամերիկյան դատարանի դատական նախադեպին): Նրանք նաև ներկայացրել են տարբեր պետությունների պրակտիկայի նկարագրություն, ներառյալ ճշմարտությունը բացահայտելու համար ստեղծված հանձնաժողովները կամ նմանատիպ հետաքննչական մարմինները` ի պատասխան միջազգային հանցագործությունների հանձնաժողովին, ներառյալ մանրամասն տեղեկություն այդ հանձնաժողովի մանդատների և գործառույթների մասին:
Գ. Դատարանի գնահատականը
127. Կառավարությունը նախնական առարկություն է հայտնել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային ասպեկտը խախտելու վերաբերյալ դիմումատուների գանգատները ըստ էության դիտարկելու Դատարանի ratione temporis իրավազորության վերաբերյալ: Համապատասխանաբար, Դատարանը պետք է, առաջին հերթին, դիտարկի, թե արդյոք այս առարկությունը պետք է բավարարել:
Ընդհանուր սկզբունքներ
128. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի դրույթները պայմանավորվող կողմերի համար պարտավորություններ չեն սահմանում ցանկացած գործողության կամ փաստի վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել, կամ ցանկացած իրավիճակի վերաբերյալ, որը դադարել է գոյություն ունենալ մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը այդ պետության նկատմամբ(«կրիտիկական ժամկետ»): Այս սկզբունքը սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով` միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքների հիման վրա, արտացոլված 1969թ. մայիսի 23-ի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի 28-րդ հոդվածում (տե՛ս Վարնավան և այլոք ընդդեմ Թուրքիայի (Varnava and Others v. Turkey) [GC], թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և16073/90, § 130, ՄԻԵԴ 2009թ., Շիլիհն ընդդեմ Սլովենիայի (Šilih v. Slovenia) [GC], թիվ 71463/01, կետ 140, 9 ապրիլի 2009թ., և Բլեչիկն ընդդեմ Խորվաթիայի (Blečić v. Croatia) [GC], թիվ 59532/00, կետ 70, ՄԻԵԴ 2006թ. III):
129. Եթե գործողությունը, անգործությունը կամ որոշումը, որը, ինչպես վիճարկվում է, հանդիսացել է Կոնվենցիայի խախտում, տեղի է ունեցել մինչև դրա ուժի մեջ մտնելը, սակայն տվյալ արարքի համար փոխհատուցում ստանալու գործընթացը հարուցվել է կամ շարունակվել է դրա ուժի մեջ մտնելուց հետո, այս գործընթացները չեն կարող համարվել վիճարկվող խախտման փաստերի մաս, և գործը չի ընկնում Դատարանի ժամանակային իրասության սահմանների մեջ (տե՛ս վերը` Վարնավան և այլոք, կետ 130, և Բլեչիկ, կետեր 77-79):
130. Չնայած սկսած վճռական ամսաթվից և դրանից հետո պետության բոլոր գործողությունները և անգործությունը պետք է համապատասխանեն Կոնվենցիային, Կոնվենցիան Պայմանավորվող պետությունների վրա չի դնում կոնկրետ պարտավորություն ապահովել մինչև այդ ժամկետը հասցված վնասի փոխհատուցում (տե՛ս Կոպեցկին ընդդեմ Սլովակիայի (Kopecký v. Slovakia) [GC], թիվ 44912/98, կետ 38, ՄԻԵԴ 2004թ. IX): Այսպիսով, որպեսզի սահմանել Դատարանի ժամանակային իրավազորությունը, կարևոր է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում որոշել ենթադրյալ միջամտության ճշգրիտ ժամանակը: Մինչդեռ Դատարանը պետք է ի նկատի ունենա ինչպես փաստերը, որոնցից գանգատվում է դիմումատուն, այնպես էլ Կոնվենցիիայով սահմանված իրավունքի սահմանները , որի խախտումը վիճարկվում է (տե՛ս վերը`Վարնավան և այլոք, կետ 131, և Բլեչիկ, կետեր 72 և 81-82
131. Դատարանն արդեն առնչվել է մի շարք գործերի հետ, որտեղ 2-րդ և 3-րդ հոդվածների նյութական ասպեկտին վերաբերող փաստերի նկատմամբ չի տաածվցել Դատարանի ժամանակային իրավազորությունը, այն դեպքում, երբ փաստերը, որոնք վերաբերում էին համապատասխան ընթացակարգային ասպեկտին, այն է հաջորդող ընթացակարգին, գոնե մասամբ, բայց ներառվում էին Դատարանի իրավազորության շրջանակներում (նախադեպային իրավունքի ամփոփման համար տե՛ս վերը` Շիլիհ, կետեր 148-152):
132. Դատարանը եզրահանգել է, որ 2-րդ հոդվածով նախատեսված արդյունավետ հետաքննություն իրականացնելու ընթացակարգային պարտավորությունը , վերածվել է առանձին ինքնավար պարտավորության: Չնայած այս պարտավորությունը ծագել է այն փաստերից, որոնք վերաբերում են կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութական ասպեկտին, այն կարող է համարվել առանձնացվող պարտավորություն, որը բխում է 2-րդ հոդվածից, որը կարող է Պետության համար առաջացնել պարտավորություն, նույնիսկ եթե մահը տեղի է ունեցել մինչև վճռական ժամկետը (տե՛ս վերը` Վարնավան և այլոք, կետ 138, և Շիլիհ, կետ 159):
133. Այնուամենայնիվ, հաշվի առնելով իրավական որոշակիության սկզբունքը, Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգային պարտավորության կատարման նկատմամբ Դատարանի ժամանակային իրավազորությունը մինչև վճռական ամսաթիվը տեղի ունեցած մահվան փաստի նկատմամբ անժամկետ չէ (տե՛ս վերը` Շիլիհ, կետ 161): Շիլիհի որոշման մեջ Դատարանը հետևյալ կերպ է սահմանել իր ժամանակային իրավազորության սահմանները.
«162. Առաջին հերթին, պարզ է, որ եթե մահը վրա է հասել մինչև վճռորոշ ամսաթիվը, Դատարանի ժամանակային իրավազորությունը կարող է տարածվել միայն այն ընթացակարգային գործողությունների և/կամ անգործության նկատմամբ, որոնք տեղի են ունեցել այդ ամսաթվից հետո:
163. Երկրորդ, 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունների առաջացման համար, պետք է գոյություն ունենա իրական կապ մահվան և պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև:
Այդպիսով, այս դրույթով պահանջվող ընթացակարգային գործողությունների զգալի մասը, որոնք ներառում են ոչ միայն անձի մահվան փաստով արդյունավետ հետաքննությունը, այլ նաև համապատասխան ընթացակարգերի հարուցումը մահվան պատճառը պարզելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, անցկացվել են կամ պետք է անցկացվեին վճռորոշ ամսաթվից հետո:
Այնուամենայնիվ, Դատարանը չի բացառում, որ որոշակի հանգամանքներում կապը կարող է հաստատվել նաև ելնելով Կոնվենցիայի երաշխիքների և հիմնարար արժեքների իրական և արդյունավետ պաշտպանություն ապահովելու անհրաժեշտությունից:»
134. Վարնավայի որոշման մեջ Դատարանը պարզաբանել է կասկածելի մահվան հետաքննության պարտավորության և կասկածելի անհայտացման հետաքննության պարտավորության միջև տարբերության կարևորությունը:
«148. ... Անհետացումը որոշակի ֆենոմեն է, որը բնութագրվում է անորոշության և անպատասխանատվության շարունակական իրավիճակով, երբ առկա է տեղեկության պակաս կամ նույնիսկ դիտավորյալ պարտակում կամ տեղի ունեցածի խեղաթյուրում... Այս իրավիճակը շատ հաճախ առկա է տևական ժամանակի ընթացքում, երկարացնելով զոհի հարազատների տանջանքները: Այդ պատճառով չի կարելի ասել, որ անհետացումը «ակնթարթային» գործողություն կամ իրադարձություն է. անհետ կորած անձանց գտնվելու վայրի և ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելու հետագա մերժումները, որպես առանձին տարր ծնում է շարունակական իրավիճակ: Այսպիսով, ընթացակարգային պարտավորությունը, պոտենցիալ այնքան է տևելու, քանի անհայտ կորած անձի ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չկան: Անհրաժեշտ հետաքննության իրականացում չապահովելը կդիտարկվի որպես շարունակվող խախտում... Սա այդպես է նաև այն դեպքերում, երբ ի վերջո առկա է մահվան կանխավարկածը :»
135. Դատարանն այնուհետև ընդգծել է, որ մահվան փաստի և հետաքննչական գործողությունների և պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ժամկետի հետ ժամանակային մերձության պահանջը, ինչպես սահմանված է Շիլիհի որոշման մեջ, կիրառվում է միայն սպանության կամ կասկածելի մահվան համատեքստում, երբ առանցքային փաստական բաղադրիչը` զոհի կյանքի կորուստը, անտարակուսելիորեն հայտնի է, նույնիսկ եթե ճշգրիտ պատճառը կամ վերջնական պատասխանատվությունը չի հաստատվել: Այսպիսի դեպքերում ընթացակարգային պարտավորությունը չի կրում շարունակական բնույթ (տե՛ս վերը` Վարնավան և այլոք, կետ 149):
Վերջին նախադեպային պրակտիկան
136. Շիլիհի վճռից հետո, Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող` Դատարանի ժամանակային իրավազորության սկզբունքները ֆիզիկական անձի մահը հետաքննելու «առանձին» պարտավորության վերաբերյալ, կիրառվել են շատ գործերում:
137. Այսպիսի գործերի ամենամեծ խումբը կազմում են Ռումինիայի դեմ բերված գանգատները` կապված 1989թ. դեկտեմբերին ռումինական հեղափոխության ժամանակ մասնակիցների մահվան փաստերի անարդյունավետ հետաքննության հետ, որոնցում Դատարանը սահմանել է, որ իր իրավազորությունը առկա է պայմանավորված այն հանգամանքով, որ Ռումինիայի նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահին գործերը դեռ ընթացքի մեջ էին դատախազությունում (տե՛ս Ասոսիեյշն «21 դեկտեմբերի 1989» և այլոք ընդդեմ Ռումինիայի, (Association “21 December 1989” and Others v. Romania), թիվ 33810/07 և 18817/08, 24 մայիսի 2011թ., Պաստոր և Թիկլետն ընդդեմ Ռումինիայի (Pastor and Ţiclete v. Romania), թիվ 30911/06 և 40967/06, 19 ապրիլի 2011թ; Լապուսան և այլոք ընդդեմ Ռումինիայի (Lăpuşan and Others v. Romania), թիվ 29007/06, 30552/06, 31323/06, 31920/06, 34485/06, 38960/06, 38996/06, 39027/06 և 39067/06, 8 մարտի 2011թ.,Շանդրուն և այլոք ընդդեմ Ռումինիայի (Şandru and Others v. Romania), թիվ 22465/03, 8 դեկտեմբերի 2009թ., և Ագաշը և այլոք ընդդեմ Ռումինիայի (Agache and Others v. Romania), թիվ 2712/02, 20 հոկտեմբերի 2009թ): Նմանատիպ եզրակացություն արվել է երկու ավելի ուշ եղած գործերում, որոնք վերաբերում էին 1990թ. հունիսին (տե՛ս Մոկանուն և այլոք ընդդեմ Ռումինիայի (Mocanu and Others v. Romania), թիվ 10865/09, 45886/07 և 32431/08, 13 նոյեմբերի 2012թ.) և 1991թ. սեպտեմբերին տեղի ունեցած բռնի պատահարներին (տե՛ս Կրայնիչինու և Ֆրումանշանուն ընդդեմ Ռումինիայի (Crăiniceanu and Frumuşanu v. Romania) թիվ 12442/04, 24 ապրիլի 2012թ.):
138. Բացառությամբ Թունան ընդդեմ Թուրքիայի գործի, որը վերաբերում էր ոստիկանությունում կալանքի ընթացքում մահվան, որը տեղի էր ունեցել Թուրքիայի կողմից անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի ճանաչումից յոթ տարի առաջ (տե՛ս Թունան ընդդեմ Թուրքիայի (Tuna v. Turkey), թիվ 22339/03, կետեր 57-63, 19 հունվարի 2010թ), մնացած ավելի ուշ շրջանի գործերում չի պնդվել, որ դիտարկվող մահը եղել է պետության ներկայացուցիչների ինչ-որ գործողությունների արդյունք և նախորդել է ուժի մեջ մտնելու ժամկետին մեկից չորս տարով, ընթացակարգերի զգալի մասն իրականացվել է այդ ժամկետից հետո (տե՛ս Կուդրան ընդդեմ Խորվաթիայի (Kudra v. Croatia), թիվ 13904/07, կետեր 110-112, 18 դեկտեմբերի 2012թ. չորս տարի, հանկարծակի մահ մասնավոր ընկերության անփութության հետևանքով, Իգոր Շեվչենկոն ընդդեմ Ուկրաինայի (Igor Shevchenko v. Ukraine), թիվ 22737/04, կետեր 45-48, 12 հունվարի 2012թ.` երեք տարի, ավտոճանապարհային պատահար, Բաժիչն ենդդեմ Խորվաթիայի (Bajić v. Croatia), թիվ 41108/10, կետ 62, 13 նոյեմբերի 2012թ.`չորս տարի, բժշկական անփութություն, Դիմովին ընդդեմ Բուլղարիայի, թիվ 52744/07, կետեր 36-45, 6 նոյեմբերի 2012թ.`երեք տարի, մահ հրդեհի հետևանքով, Վելցի և Մազարը ընդդեմ Ռումինիայի (Velcea and Mazăre v. Romania), թիվ 64301/01, կետեր 85-88, 1 դետկեմբերի 2009թ.`մեկ տարի, ընտանեկան վիճաբանություն, Տրուֆինն ընդդեմ Ռումինիայի (Trufin v. Romania), թիվ 3990/04, կետեր 32-34, 20 հոկտեմբերի 2009թ.`երկու տարի, սպանություն, և Լյուբով Էֆիմենկոն ընդդեմ Ուկրաինայի (Lyubov Efimenko v. Ukraine), թիվ 75726/01, կետ 65, 25 նոյեմբերի 2010թ.`չորս տարի, գողություն և սպանություն): Երկու գործերում, այն փաստը, որ դիմումատուների հարազատները մահացել են ապստամբների կամ ռազմականացված կազմավորումների ձեռքով` վճռորոշ ամսաթվից համապատասխանաբար յոթ և վեց տարի առաջ, խոչընդոտ չի հանդիսացել Դատարանի համար քննել դիմումները ըստ էության` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային ասպեկտի համաձայն(տե՛ս Պաչակին և այլոք ընդդեմ Թուրքիայի (Paçacı and Others v. Turkey), թիվ 3064/07, կետեր 64-66, 8 նոյեմբերի 2011թ, և Յուլարիչն ընդդեմ Խորվվաթիայի (Jularić v. Croatia), թիվ 20106/06, կետեր 38 և 45-46, 20 հունվարի 2011թ): Նույնը է տեղի ունեցել նաև այն գործում, որտեղ կռվի ժամանակ դիմումատուի որդու մահվան և Սերբիայի նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև ընկած ժամանակը տասներեք տարի էր, երբ գերակա նշանակություն է տրվել վճռորոշ ամսաթվից հետո կատարված ընթացակարգային գործողություններին (տե՛ս Մլադենովիչն ընդդեմ Սերբիայի (Mladenović v. Serbia), թիվ 1099/08, կետեր 38-40, 22 մայիսի 2012թ):
139. Դատարանը նաև քննել է մի շարք գործեր, որտեղ դիմումատուները ենթադրաբար ենթարկվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի, ինչ-որ ժամանակ` վճռորոշ ամսաթվից առաջ: Դատարանը սահմանել է, որ այն օժտված է պատասխանող պետության կողմից, ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակաշրջանում, 3-րդ հոդվածի ընթացակարգային ասպեկտի պահպանման հարցը քննելու իրավազորոթւյամբ, որը պահանջում է ոստիկանության կողմից դաժան վերաբերմունքի արդյունավետ հետաքննության անցկացում, (տե՛ս` Յացենկոն ընդդեմ Ուկրաինայի (Yatsenko v. Ukraine), թիվ 75345/01, կետ 40, 16 փետրվար 2012թ, և Ստանիմիրովիչն ընդդեմ Սերբիայի (Stanimirović v. Serbia), թիվ 26088/06, կետեր 28-29, 18 հոկտեմբերի 2011թ.), բռնաբարության (տե՛ս Փ. Մ. ընդդեմ Բուլղարիայի (P.M. v. Bulgaria), թիվ 49669/07, կետ 58, 24 հունվարի 2012թ.) և մասնավոր անձի կողմից դաժան վերաբերմունքի դեպքերի (տե՛ս Օտաշևիչն ընդդեմ Սերբիայի (Otašević v. Serbia), թիվ 32198/07, 5 փետրվարի 2013թ.):
Շիլիհի չափանիշի պարզաբանումը
140. Չնայած այն դատական վճիռների անընդհատ աճող քանակին, որոնցում Դատարանը սահմանել է իր ratione temporis իրավազորությունը` հղում կատարելով Շիլիհի վճռում ընդունված չափանիշին, դրանց կիրառությունը գործնականում երբեմն հանգեցրել է անորոշության, ինչի պատճառով ցանկալի են հետագա պարզաբանումները:
141. Շիլիհի որոշման 162 և 163 կետերում սահմանված չափանիշները (տե՛ս վերը` կետ 133), կարելի է ամփոփել հետևյալ կերպ: Առաջին հերթին, եթե մահը վրա է հասել մինչև վճռորոշ ամսաթիվը, Դատարանի ժամանակային իրավազորությունը տարածում է միայն այդ ժամկետին հաջորդած ընթացակարգային գործողությունների կամ անգործության նկատմամբ: Երկրորդ, ընթացակարգային պարտավորություն առաջանում է միայն այն ժամանակ, երբ գոյություն ունի «իրական կապ» մահվան, որպես սկզբնական իրադարձություն, և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև: Երրորդ, կապը, որը «իրական» չէ, կարող է, այնուամենայնիվ բավարար լինել Դատարանի իրավազորության հաստատման համար, եթե դա անհրաժեշտ է Կոնվենցիայի երաշխիքների և հիմնարար արժեքների արդյունավետ և իրական պաշտպանության համար: Դատարանը հերթականությամբ անդրադառնալու է այս տարրերից յուրաքանչյուրին:
(ա) Ուժի մեջ մտնելուն հաջորդած ընթացակարգային գործողությունները և անգործությունը
142. Առաջին հերթին Դատարանը կրկնում է, որ 2-րդ հոդվածի համաձայն հետաքննության ընթացակարգային պարտավորությունը չի հանդիսանում կյանքի իրավունքի ենթադրյալ խախտման հետ կապված փոխհատուցման գործընթաց, որը կարող էր տեղի ունենալ մինչև կրիտիկական ժամկետը: Ընթացակարգային պարտավորության ենթադրյալ խախտումը կայանում է արդյունավետ հետաքննության բացակայության մեջ. ընթացակարգային պարտավորությունը ունի կիրառության իր առանձին շրջանակը և գործում է 2-րդ հոդվածի նյութական ասպեկտից անկախ(տե՛ս վերը` Վարնավան և այլոք, կետ 136, և Շիլիհ, կետ 159): Այսպիսով, Դատարանի ժամանակային իրավասությունը տարածվում է նաև այն ընթացակարգային գործողությունների կամ անգործությունների վրա, որոնք տեղի էին ունեցել կամ պետք է տեղի ունենային պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակաշրջանում:
143. Դատարանը նաև գտնում է, որ «ընթացակարգային գործողությունները» պետք է հասկանալ 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորության իմաստով, կամ, կախված հանգամանքներից, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, այսինքն, որպես գործողություններ` կատարված քրեական, քաղաքացիական, վարչական կամ կարգապահական ընթացակարգերի շրջանակներում, որոնք կարող են հանգեցնել մեղավորների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն կամ տուժող կողմին փոխհատուցում վճարելուն (տե՛ս Լաբիտան ընդդեմ Իտալիայի (Labita v. Italy) [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000 IV, և ՄկՔանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (McCann and Others v. the United Kingdom), 27 սեպտեմբերի 1995թ, կետ 161, Սերիա Ա թիվ 324): Այս սահմանումը բացառում է քննության այլ ձևերը, որոնք կարող են անցկացվել այլ նպատակով, ինչպիսին է օրինակ պատմական ճշմարտության բացահայտումը:
144. «Անգործություն» եզրույթը վերաբերում է այն իրավիճակին, երբ հետաքննությունը չի իրականացվում, կամ իրականացվում են միայն աննշան ընթացակարգային գործողություններ, սակայն երբ ենթադրվում է, որ արդյունավետ հետաքննություն պետք է անցկացվի: Իշխանությունների` հետաքննչական գործողություններ իրականացնելու նման պարտականությունը կարող է ծագել, եթե հայտնվում են ճշմարտանման, վստահություն առաջացնող պնդումներ, վկայություններ կամ տեղեկություն, որոնք կապ ունեն մեղավորների բացահայտման, հնարավոր հետապնդման կամ մեղավորներին պատժելու հետ (տե՛ս Գիտիերրեզ Դորադոն և Դորադո Օրտիզը ընդդեմ Իսպանիայի (Gutiérrez Dorado and Dorado Ortiz v. Spain) (dec.), թիվ 30141/09, կետեր 39-41, 27 մարտի 2012թ., Չակիրը և այլոք ընդդեմ Կիպրոսի (Çakir and Others v. Cyprus) (dec.), թիվ 7864/06, 29 ապրիլի 2010թ., և Բրեքնելն ընդդեմ Միացյալ Թագավորության (Brecknell v. the United Kingdom), թիվ 32457/04, կետեր 66 72, 27 նոյեմբերի 2007թ.): Եթե նոր նյութերը ի հայտ են եկել ուժի մեջ մտնելուց հետո, և դրանք եղել են բավական ծանրակշիռ և համոզիչ, որպեսզի արդարացնեն ընթացակարգերի նոր փուլը, Դատարանը պետք է համոզվի նրանում, որ պատասխանող պետությունը կատարել է 2-րդ հոդվածով սահմանված իր ընթացակարգային պարտավորությունը այն ձևով, որը համատեղելի է դրա նախադեպային իրավունքով սահմանված սկզբունքների հետ: Սակայն եթե սկզբնական իրադարձությունն ընկած է Դատարանի ratione temporis իրավազորությունից դուրս, վճռորոշ ամսաթվից հետո նոր նյութերի ի հայտ գալը կարող է հանգեցնել հետաքննության պարտավորության նորացման միայն այն դեպքում, եթե բավարարվել է ստորև ներկայացվող «իրական կապի» կամ «Կոնվենցիայի արժեքների» չափանիշը:
(բ) «Իրական կապի» չափանիշը
145. Շիլիհի 163-րդ կետի առաջին նախադասությունը սահմանում է որ սկզբնական իրադարձության և պատասխանող պետության նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև «իրական կապի» առկայությունը հանդիսանում է պարտադիր պայման Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն ընթացակարգային պարտավորության առաջացման համար:
146. Դատարանը կարծում է, որ ժամանակի գործոնը հանդիսանում է կապի «իրական» լինելու առաջին և առավել կարևոր ցուցանիշը: Դատարանը արդեն նշել է Պալատի որոշման մեջ, որ ժամանակային միջակայքը «խթանող» իրադարձության և վճռորոշ ամսաթվի պետք է բավականին կարճ լինի, որպեսզի բավարարի «իրական կապի» չափանիշը: Չնայած չկա ոչ մի ակնհայտ իրավական չափանիշ, որը կսահմաներ բացարձակ ժամկետ, այն չպետք է գերազանցի տասը տարին (տե՛ս վերը` նման վճիռ, Վարնավան և այլոք, կետ 166, և Էրը և այլոք ընդդեմ Թուրքիայի, թիվ 23016/04, կետեր 59-60, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ)): Նույնիսկ եթե բացառիկ հանգամանքներում ժամկետի երկարացում ը կարող է արդարացված լինել, դա հնարավոր է միայն «Կոնվենցիայի արժեքների» պահանջի բավարարման դեպքում:
147. «Խթանող» իրադարձության և վճռորոշ ամսաթվի միջև ժամանակահատվածի շարունակականությունը, այնուամենայնիվ, ինքնին չունի որոշիչ նշանակություն կապի «իրական» լինելը պարզելու համար: Շիլիհի որոշման 163-րդ կետի երկրորդ նախադասությունը նշում է, որ կապը հաստատված կլինի, եթե մահվան հետաքննության մեծ մասը իրականացվել է կամ պետք է իրականացվեր Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո ընկած ժամանակահատվածում: Դա ներառում է մահվան պատճառների պարզման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով հետաքննչական գործողությունների անցկացում, ինչպես նաև, որոնք հետաքննության ընթացքի համար որոշիչ ընթացակարգային գործողությունների զգալի մասի իրականացում: Սա բխում է այն սկզբունքից, որ Դատարանի իրավազորությունը տարածվում է միայն ընթացակարգային գործողությունների կամ անգործության նկատմամբ, որոնք տեղի են ունեցել ուժի մեջ մտնելուց հետո: Եթե, այնուամենայնիվ, ընթացակարգերի մեծ մասը կամ ամենակարևոր ընթացակարգային քայլերը ձեռք են առնվել նախքան ուժի մեջ մտնելը, դա կարող է անդառնալիորեն խարխլել Դատարանի ունակությունը ընդհանուր գնահատել հետաքննության արդյունավետությունը` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային պահանջների տեսակետից:
148. Հաշվի առնելով վերոնշյալը, Դատարանը կարծում է, որ «իրական կապի» հաստատման համար պետք է բավարարվեն երկու չափանիշն էլ. մահվան, որպես «խթանող» իրադարձության և Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև ընկած ժամանակահատվածը պետք է բավական կարճ լինի, և հետաքննության մեծ մասը պետք է իրականացվի ուժի մեջ մտնելուց հետո:
(գ) «Կոնվենցիայի արժեքների» պահանջը
149. Բացի այդ, Դատարանը ընդունել է, որ կարող են լինել բացառիկ իրավիճակներ, որոնք չեն բավարարում վերը նկարագրված «իրական կապի» պահանջը, սակայն որոնցում Կոնվենցիայի երաշխիքների և հիմնարար արժեքների իրական և արդյունավետ պաշտպանության ապահովման անհրաժեշտությունը բավարար հիմք կհանդիսանա կապի գոյության ապացուցման համար: Շիլիհի վճռի 163-րդ կետի վերջին նախադասությունը չի բացառում այնպիսի հնարավորությունը, որը կկիրառվեր որպես բացառություն «իրական կապի» ընդհանուր պահանջից: Վերը նկարագրված բոլոր գործերում Դատարանը ընդունել է «իրական կապի» առկայությունը, քանի որ մահվան և վճռորոշ ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածը եղել է բավականին կարճ, և ընթացակարգերի մեծ մասը տեղի է ունեցել վճռորոշ ամսաթվից հետո: Այս իմաստով, սույն գործն առաջինն է, որը կարող է ենթադրաբար դասվել այդ մեկ այլ, բացառիկ տեսակին: Համապատասխանաբար, Դատարանը պետք է հստակեցնի «Կոնվենցիայի արժեքների» չափորոշիչի կիրառման չափանիշները:
150. Ինչպես Պալատը, Մեծ Պալատը նույնպես գտնում է, որ Կոնվենցիայի հիմնական արժեքներին արված հղումը նշանակում է, որ կապի գոյությունը կարող է հաստատվել, եթե «խթանող» իրադարձությունն ունեցել է ավելի մեծ մասշտաբ, քան սովորական հանցագործությունը և հանգեցրել է Կոնվենցիայի բուն էություն ժխտմանը: Դա վերաբերում է միջազգային իրավունքով սահմանված ծանր հանցագործություններին, ինչպիսիք են պատերազմական հանցագործությունները, ցեղասպանությունը և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները` համապատասխան միջազգային փաստաթղթերում դրանց բնորոշումների համաձայն:
151. Այդպիսի հանցագործությունների սարսափելի բնույթը և ծանրությունը դրդել են Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին Կոնվենցիայի պայմանավորվող կողմերին գալ համաձայնության, որ այդ հանցագործությունների նկատմամբ չի կիրառվում վաղեմության ժամկետ` ներպետական իրավական համակարգում: Դատարանն, այնուամենայնիվ, գտնում է, որ «Կոնվենցիայի արժեքների» նկատմամբ պահանջը չի կարող կիրառվել այն իրադարձությունների նկատմամբ, որոնք տեղի են ունեցել նախքան Կոնվենցիայի ընդունումը` 1950թ. նոյեմբերի 4-ը, քանի որ միայն այդ ժամանակ է Կոնվենցիան սկսել գոյություն ունենալ որպես մարդու իրավունքների միջազգային պայմանագիր: Հետևաբար, Պայմանավորվող կողմերը չեն կարող Կոնվենցիայի համաձայն պատասխանատվություն կրել` նույնիսկ միջազգային իրավունքով սահմանված ամենածանր հանցագործությունների հետաքննության չիրականացման համար: Չնայած Դատարանը նշանակություն է տալիս այն փաստարկին, որ նույնիսկ այսօր որոշ երկրներ բարեհաջող պատասխանատվության են ենթարկում անձանց, ովքեր մեղավոր են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած պատերազմական հանցագործությունների համար, այն ընդգծում է միջազգային իրավունքի համաձայն, դա թույլ տվող հանգամանքների առկայության դեպքում անձի նկատմամբ դատական քննություն իրականացնելու և Կոնվենցիայի համաձայն դա անելու պարտավորության սկզբունքային տարբերությունը:
4. Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործի նկատմամբ
152. Անդրադառնալով սույն գործի չվիճարկված հանգամանքներին, Դատարանը հիշեցնում է, որ դիմումատուների հարազատները եղել են լեհական բանակի ծառայողներ, որոնք գերեվարվել են 1939թ. սեպտեմբերին արևելյան Լեհաստան խորհրդային ներխուժման սկզբում: Հաջորդող ամիսների ընթացքում նրանք պահվել են ԽՍՀՄ արևմտյան մասի ՆԿՎԴ-ի ճամբարներում, Կոզելսկում, Օստաշկովում և Ստարոբելկում:
153. 1940թ. մարտի 5-ին, գործելով ՆԿՎԴ-ի ղեկավարի առաջարկով, ԽՍՀՄ Կոմունիսատական կուսակցության Պոլիտբյուրոյի Կենտրոնական կոմիտեն հավանություն է տվել լեհ ծառայողների արտադատական մահապատիժին, որը պետք է իրականացվեր ՆԿՎԴ ծառայողների կողմից: Բանտարկյալները սպանվել են և թաղվել եղբայրական գերեզմաններում 1940թ. ապրիլի և մայիսի տարբեր օրերին: Մահապատժի ենթակա բանտարկյալների ցուցակները կազմվել են ՆԿՎԴ «մահապատիժների ցուցակների» հիման վրա, որոնք հիշատակված էին, մասնավորապես, դիմումատուների ընտանիքի անդամների անունները:
154. Դիմումատուներից երեքի հարազատներին նույնականացրել են 1943թ. արտաշիրմման ժամանակ, մյուսների մնացորդները չեն վերականգնվել կամ նույնականացվել: Դատարանը կրկնում է, որ բազմաթիվ առիթներով այն ընդունել է, որ անհայտ կորած անձը կարող է ճանաչվել մահացած: Որպես կանոն այդ փաստը հաստատվել է ի պատասխան պատասխանող պետության հայտարարության, որ անձը դեռ ողջ է, կամ ապացուցված չէ, որ նա մահացել է պետության ներկայացուցիչների ձեռքով: Մահվան փաստի այսպիսի հաստատումը ավտոմատ կերպով չի կատարվում, այլ` միայն գործի հանգամանքների ուսումնասիրման հիման վրա, որտեղ մարդուն տեսնելու են կամ նրա ողջ լինելու մասին լսելու ժամանակը, հանդիսանում է էական տարր (տե՛ս Ասլախանովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Aslakhanova and Others v. Russia), թիվ 2944/06, 8300/07, 50184/07, 332/08 և 42509/10, կետ 100, 18 դեկտեմբերի 2012թ., տե՛ս վերը` Վարնավան և այլոք (Varnava and Others), կետ 143, և Վագապովան և Զուրիբաևը ընդդեմ Ռուսաստանի (Vagapova and Zubirayev v. Russia), թիվ 21080/05, կետեր 85-86, 26 Fփետրվարի 2009թ.): Դատարանը կիրառել է մահվան կանխավարկածը անհայտ կորած անձանց մասին չորս ու կես տարի և ավելի ժամանակահատված հավաստի տեղեկությունների բացակայության դեպքում (տե՛ս Իմակաևան ընդդեմ Ռուսաստանի (Imakayeva v. Russia), թիվ 7615/02, կետ 155, ՄԻԵԴ 2006 XIII (քաղվածքներ)) մինչև մոտ տասը տարի (տե՛ս վերը` Ասլախանովան և այլոք (Aslakhanova and Others), կետեր 103-115):
155. Անվիճելի է (և ՆԿՎԴ «մահապատիժների ցուցակները» դրա փաստացի ապացույցն են), որ 1939թ. վերջին և 1940թ. սկզբին դիմումատուների ընտանիքի անդամները գտնվել են բանտարկության մեջ խորհրդային տարածքում` խորհրդային իշխանությունների լիակատար և բացարձակ իշխանության ներքո: 1940թ. մարտի հինգի Պոլիտբյուրոյի որոշումը սահմանում էր, որ բոլոր լեհ ռազմագերիները, ովքեր պահվում էին ՆԿՎԴ ճամբարներում, առանց բացառության, ենթակա են արտադատական մահապատժի, որը անցկացվել է ՆԿՎԴ կողմից հաջորդող ամիսների ընթացքում: Լեհական համազգեստով բանտարկյալների զանգվածային թաղումները հայտնաբերվել են Կատինի անտառում արդեն 1943թ., գերմանացիների կողմից տարածքը գրավելուց հետո: 1959թ. ՆԿՎԴ-ի իրավահաջորդ` ԿԳԲ-ի ղեկավարի կողմից գրված ցուցակում ընդունվում է, որ ընդհանուր առմամբ ավելի քան քսանմեկ հազար լեհ ռազմագերիներ գնդակահարվել են ՆԿՎԴ կողմից: Ընտանիքները դադարել են նամակներ ստանալ բանտակյալներից 1940թ., և այդ ժամանակից ի վեր նրանցից ոչ մի տեղեկություն չի ստացվել, այսինքն ավելի քան յոթանասուն տարվա ընթացքում:
156. Ի նկատի ունենալով այս փաստական հանգամանքները, Դատարանը եզրահանգում է, որ դիմումատուների ընտանիքի անդամները, որոնք գերի են վերցվել 1939թ., պետք է ենթադրաբար մահապատժի ենթարկված լինեն խորհրդային իշխանությունների կողմից 1940թ.:
157. Ռուսաստանի Դաշնությունը վավերացրել է Կոնվենցիան 1998թ. մայիսի 5-ին, այսինքն դիմումատուների հարազատների մահապատժից հիսունութ տարի հետո: Մեծ Պալատը հաստատել է Պալատի այն եզրահանգումը, որ մահվան և վճռորոշ ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածը ոչ միայն բազմիցս գերազանցել է այն ժամկետը, որը բոլոր նախորդ դեպքերում առաջացրել է ընթացակարգային պարտավորություն 2-րդ հոդվածի համաձայն, այլ նաև եղել է չափազանց երկար բացարձակ արտահայտմամբ, որպեսզի հաստատի «իրական կապ» դիմումատուների հարազատների մահվան և Ռուսաստանի նկատմամբ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու միջև:
158. Զանգվածային թաղումների վերաբերյալ հետաքննությունը սկսվել է 1990թ. և պաշտոնապես դադարեցվել է 2004թ. սեպտեմբերին: Չնայած ռուսական կառավարությունը պնդում է, որ գործի հարուցման նախնական որոշումը եղել է անօրինական, այս հետաքննությունը, համենայն դեպս տեսականորեն, կարող էին հանգեցնել եղել մեղավորների բացահայտման և նրանց պատժին: Համապատասխանաբար, դրանք ներառվում են «ընթացակարգային գործողությունների կամ անգործության» սահմաններում` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով:
159. 1990 ականների սկզբին խորհրդային, իսկ հետագայում ռուսական իշխանությունները ձեռնարկել են բազմաթիվ ընթացակարգային քայլեր: 1991թ. անցկացվել է դիակների արտաշիրմում զանգվածային թաղման վայրերում` Խարկովում, Մենդոյում և Կատինում, հետաքննչական մարմինները նշանակել են դատաբժշկական փորձաքննություններ և հարցաքննել են սպանությունների պոտենցիալ վկաներին: Անցկացվել են պաշտոնական այցեր և կոորդինացիոն ժողովներ` ռուսական, լեհական, ուկրաինական և բելոռուսական մարմինների միջև: Այնուամենայնիվ, բոլոր քայլերը տեղի են ունեցել նախքան վճռորոշ ամսաթիվը: Ուժի մեջ մտնելուն հաջորդող ժամանակահատվածի կապակցությամբ, գործի նյութերում և կողմերի ներկայացրած փաստարկներում առկա տեղեկությունը չի հաստատում որևիցե իրական հետաքննչական գործողությունների կատարումը 1998թ. մայիսի 5-ից հետո: Դատարանը չի կարող ընդունել, որ ապացույցների վերագնահատումը, նախորդող հետևություններից հրաժարումը կամ հետաքննության նյութերի գաղտնիացումը կազմել են «ընթացակարգային քայլերի այն զգալի մասը», որը անհրաժեշտ է «իրական կապի» հաստատման համար` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով: Ինչպես նաև, վճռորոշ ամսաթվից հետո ի հայտ չի եկել ոչ մի էական վկայություն կամ տեղեկություն: Այսպիսով, Դատարանը եզրահանգել է, որ «իրական կապի» գոյության հաստատման ոչ մի չափանիշ չի բավարարվել:
160. Վերջապես, պետք է որոշել, թե արդյոք տվյալ գործում առկա էին բացառիկ հանգամանքներ, որոնք կարող էին արդարացնել շեղումն «իրական կապի» պահանջից, Կոնվենցիայի արժեքների պահանջը կիրառելով: Ինչպես սահմանել է Դատարանը, այն իրադարձությունները, որոնք կարող էին առաջացնել հետաքննելու պարտավորություն 2-րդ հոդվածի համաձայն, տեղի են ունեցել 1940թ. սկզբին, այսինքն Կոնվենցիայի գոյությունից ավելի քան տասը տարի առաջ: Այսպիսով, Դատարանը պաշտպանում է Պալատի հետևությունն այն մասին, որ առկա չէ որևէ տարր, որը կարող է կամրջել հեռավոր անցյալը և ուժի մեջ մտնելուց հետո ոչ վաղ անցյալը:
161. Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը պաշտպանում է Կառավարության ratione temporis առարկությունը, և գտնում է, որ օժտված չէ գանգատը` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն քննելու իրավազորությամբ:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
162. Դիմումատուները գանգատվել են, որ պատմական փաստի երկարատև ժխտումը և իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկությունները թաքցնելը, տեղեկություն տրամադրելու մասին իրենց հարցումներին ռուսական իշխանությունների կողմից տրված արհամարհական և հակասական պատասխանների հետ մեկտեղ, հանդիսանում է անմարդկային կամ իրենց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, որը խախտում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որը սահմանում է հետևյալը.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:»
Ա. Պալատի որոշումը
163. Պալատը տարբերակում է դիմումատուների երկու խումբ` Կատինի հանցագործության զոհերի հետ ունեցած ընտանեկան կապերի սերտության իմքով, : Դատարանն ընդունում է, որ կա «սերտ ընտանեկան կապ» այրու և ինը երեխաների դեպքում, ովքեր ծնվել են նախքան 1940թ., և որ այս խումբը կարող է հավակնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտման զոհի կարգավիճակի: Մյուս կողմից մյուս հինգ դիմումատուների հոգեկան տառապանքները, ովքեր ծնվել են 1940թ. կամ ավելի ուշ, կամ հանդիսանում են Կատինի զոհերի ավելի հեռու ազգականներ, չեն ներառվում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի գործողության շրջանակներոմ:
164. Այնուհետև Պալատը վերլուծել է առաջին խմբի դիմումատուների իրավիճակը տարբեր ժամանակաշրջաններում: Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք «իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ անորոշության մեջ են եղել», իսկ պատերազմից հետո նրանք «շարունակում էին հույս փայփայել, որ գոնե որոշ լեհ ռազմագերիներ կարող էին ողջ մնացած լինել ավելի հեռավոր խորհրդային ճամբարներում, կամ փախուստի դիմած և թաքնված: ԽՍՀՄ կողմից կառավարվող սոցիալիստական Լեհաստանի գոյության ընթացքում դիմումատուներին «չեն թույլատրել, քաղաքական դրդապատճառներով իմանալ ճշմարտությունը տեղի ունեցածի մասին և ստիպել են ընդունել խորհրդային և լեհական կոմունիստական իշխանությունների կողմից խեղաթյուրված պատմական փաստեր:» Նույնիսկ խորհրդային և ռուսական իշխանությունների կողմից Կատինի հանրորեն ճանաչումից հետո, դիմումատուները ենթադրաբար «հիասթափություն են ապրել հետաքննություն առաջխաղացման ակնհայտ բացակայության կապակցությամբ:»
165. Ուժի մեջ մտնելուն հաջորդած ժամանահատվածում դիմումատուները զրկված են եղել հետաքննության նյութերի մատչելիությունից կամ ներգրավված չեն եղել ընթացակարգերում` իրենց օտարերկրյա քաղաքացիության պատճառով: Պալատին հատկապես զարմացրել է «ռուսական իշխանությունների` Կատինի սպանդի իրողությունն ընդունել չցանկանալը»: Ընդունելով, որ դիմումատուների հարազատները պահվել են որպես բանտարկյալներ ՆԿՎԴ ճամբարներում, ռուսական զինվորական դատարանները հետևողականորեն խուսափում էին նրանց` հաջորդող մահապատժի մասին ցանկացած հիշեցումից, հղում կատարելով այն հանգամանքին, որ Կատինի հետաքննությունը որևէ ապացույց չի գտել: Պալատը որակում է այս մոտեցումը որպես «չափազանց անտարբեր վերաբերմունք դիմումատուների շահերի նկատմամբ և Կատինի հանցագործության հանգամանքների կանխամտածված պարտակում:» Ռեաբիլիտացիայի գործի կապակցությամբ, Պալատը գտել է, որ «զանգվածային սպանությունների իրողության հերքումը, որն ամրապնդված էր ենթադրությամբ, որ լեհ բանտարկյալները, կարող էին քրեական գործով մեղադրյալներ լինել և պատշաճ կերպով դատապարվել մահապատժի, վկայում է դիմումատուների նկատմամբ վերաբերմունքի մասին, որը ոչ թե ուղղակի վիրավորական էր, այլ նաև անմարդկային:»
166. Պալատն ընդունել է, որ այն ժամանակահատվածը, որ անցել է այն պահից, երբ դիմումատուները բաժանվել են իրենց հարազատներից եղել է զգալիորեն ավելի մեծ տվյալ գործում, քան ուրիշ դեպքերում, և որ դիմումատուներն այլևս չէին տանջվում իրենց ընտանիքի անդամների ողջ կամ մահացած լինելու տառապանքներից: Այնուամենայնիվ, հղում կատարելով Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեի համանման հոդվածի` ՔՔԻՄԴ, 7-րդ հոդվածին, Պալատը գտել է, որ 3-րդ հոդվածի համաձայն իշխանությունների իրավասությունը չի կարող նվազեցվել պարզապես մահվան փաստի հաստատման, այլ նրանք պետք է հաշվետու լինեն մահվան հանգամանքների և գերեզմանի տեղադրության մասին: Տվյալ գործով ռուսական իշխանությունները չեն տրամադրել դիմումատուներին ոչ մի պաշտոնական տեղեկություն իրենց հարազատների մահվան հանգամանքների մասին և չեն ձեռնարկել ոչ մի լուրջ փորձ` գտնելու նրանց թաղման վայրը: Պալատն արձանագրել է 3-րդ հոդվածի խախտում:
Բ. Կողմերի փաստարկները
1. Ռուսական կառավարությունը
167. Կառավարությունն ի սկզբանե նշել է, որ որպեսզի մահացածների կամ անհայտ կորածների հարազատների նկատմամբ առաջանա 3-րդ հոդվածի կիրառման հարցը, պետք է ապացուցվի երկու տարրերի առլայությունը. (1) դիմումատուները պետք է անորոշության մի շրջան ապրեին` իրենց հարազատների ճակատագրի հետ կապված, և (2) իշխանությունների գործողությունները պետք է խորացնեին իրենց տառապանքները այդ ժամանակահատվածի ընթացքում (այս կապակցությամբ նրանք հղում են կատարել Լուլեևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի, (Luluyev and Others v. Russia), թիվ 69480/01, կետեր 114-115, ՄԻԵԴ 2006 XIII (քաղվածքներ)):
168. Առաջին տարրի ` անորոշության վիճակի կապակցությամբ, Կառավարությունը նշել է, որ չնայած դիմումատուների հարազատների ճակատագիրը հնարավոր չէ պարզել այնպիսի որոշակիությամբ, որն անհրաժեշտ է քրեական կամ «ռեաբիլիտացիոն» ընթացակարգերի նպատակների համար, ողջամիտ չէր լինի կարծել, որ նրանք դեռ ողջ կլինեին 1998թ. մայիսի 5-ի դրությամբ, հաշվի առնելով իրենց ծննդյան տարեթիվը և Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր նրանց մասին որևէ լուրի բացակայությունը: Առաջին տարրի բացակայության պարագայում, ինչպես կարծում է Ռուսաստանի Կառավարությունը, չեն կարող առաջանալ առանձին հարցեր 3-րդ հոդվածի համապատասխան, բացի այն հարցերից, որոնք արդեն քննվել են կապված 2-րդ հոդվածի հետ (այս կապակցությամբ նրանք հղում են կատարել Եսմուխամբետովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Esmukhambetov and Others v. Russia), թիվ 23445/03, կետ 189, 29 մարտի 2011թ., Վելխիևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Velkhiyev and Others v. Russia), թիվ 34085/06, կետ 137, 5 հուլիսի 2011թ., Սամբիևը և Պոկաաևան ընդդեմ Ռուսաստանի (Sambiyev and Pokayeva v. Russia), թիվ 38693/04, կետեր 74-75, 22 հունվարի 2009թ., և Տանգիևան ընդդեմ Ռուսաստանի (Tangiyeva v. Russia), թիվ 57935/00, կետ 104, 29 նոյեմբերի 2007թ):
169. Կառավարությունն այնուհետև նշել է որ բացակայում են այն «հատուկ գործոնների», որոնք կարող էին դիմումատուների տանջանքներին հաղորդել «էմոցիոնալ խանգարումից տարբերվող մասշտաբ և բնույթ, որը կարելի է համարել, որ անխուսափելիորեն զգում են մարդու իրավունքների լուրջ խախտումների զոհերի հարազատները» (այս կապակցությամբ նրանք հղում են կատարել Գոնգադզեն ընդդեմ Ուկրաինայի (Gongadze v. Ukraine), թիվ 34056/02, կետ 184, ՄԻԵԴ 2005 XI, և Օհրանն ընդդեմ Թուրքիայի (Orhan v. Turkey), թիվ 25656/94, կետեր 357-358, 18 հունիսի 2002թ.): Ինչ վերաբերում է առաջին «հատուկ գործոնին»` «բարեկամական կապերի սերտությանը», դիմումատուներից հինգը ծնվել են իրենց հարազատների ձերբակալությունից հետո, և Պալատը Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում չի արձանագրել այդ դիմումատուների նկատմամբ: Երկրորդ «հատուկ գործոնը»` «ընտանիքի անդամի կողմից խնդրո առարկա իրադարձություններին ականատես լինելու աստիճանը», բացակայում է, քանի որ նրանցից ոչ ոք չի եղել այն իրադարձությունների ականատեսը, որոնք հանգեցրել են իրենց հարազատների մահվան: Երրորդ չափանիշը, «անհետացած անձի մասին տեղեկություններ ստանալու ընտանիքի անդամների փորձերը», նույնպես չի բավարարվել, քանի որ դիմումատուները չեն մասնակցել Կատինի հետաքննությանը, միջնորդություն չեն ներկայացրել և ցուցմունք չեն տվել: Չնայած ավելի քան տասնչորս տարվա ընթացքում գործը լայնորեն մեկնաբանվել է ռուսական և լեհական մամուլում, երկու դիմումատու խնդրել են իրենց պաշտոնական ընթացակարգային կարգավիճակ տրամադրել արդեն հետաքննության ավարտից հետո (այս կապակցությամբ Կառավարությունը որպես հակառակ օրինակ հղում է կատարել Մուսիխանովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Musikhanova and Others v. Russia), թիվ 27243/03, կետեր 81-82, 4 դեկտեմբերի 2008թ.):
170. Ինչ վերաբերում է դիմումատուների հարցումներին ռուսական իշխանությունների արձագանքներին, որը հանդիսանում է չորրորդ «հատուկ գործոնը», Կառավարությունը պնդել է, առաջին հերթին, իրենց գործողության և անգործության ազդեցությունը պետք է զգալիորեն նվազեր` կապված հիսունութ տարվա ժամանակահատվածի հետ, որը բաժանում է Կատինի դեպքերը Ռուսաստանի կողմից Կոնվենցիան վավերացնելու ժամկետից, ինչպես նաև կապված այն հանգամանքի հետ, որ դիմումատուներն այլևս չէին գտնվում իրենց հարազատների ճակատագրի հետ կապված անորոշության իրավիճակում: Կառավարությունը պնդել է, որ տեղական իշխանությունների գործողությունները արդարացված են եղել, առաջին հերթին ընդգծելով, որ լեհ բանտարկյալների «ռեաբիլիտացիան» անհնար կլիներ առանց նրանց դեմ ներկայացված մեղադրանքների մասին որևէ տեղեկության: Իշխանությունները չունեին ոչ մի իրավական պարտավորություն գտնել դիմումատուներին կամ նրանց շնորհել տուժողի կարգավիճակ, քանի որ բավարար ապացույցներ չկաին , որպեսզի հաստատել «Կատինի դեպքերի» և դիմումատուների հարազատների մահվան միջև` քրեական դատավարությունում անհրաժեշտ ապացուցման չափանիշներին համապատասխան պատճառահետևանքային կապի հաստատման համար: Երրորդ, դիմումատուներին ուղղված դատախազության նամակները ներառում էին «սխալ հետևություններ», և «անհամապատասխանությունները» վերջին հաշվով պարզաբանվել են ռուսական դատարանների կողմից, որոնք անհրաժեշտ գնահատական են տվել փաստաթղթերին` դիմումատուների ներկայացուցիչների մասնակցությամբ:
171. Կառավարությունը համաձայն չէ Պալատի այն եզրահանգման հետ, որ ռուսական դատարանները հերքել են Կատին հանցագործության իրական լինելը. իրենց կարծիքով, դատարանները «ուղղակի մատնացույց են արել դիմումատուների հարազատների մահվան հանգամանքների սահմանման համար ապացույցների անբավարարությունը», որպեսզի բավարարել քրեական դատավարության ապացուցման չափանիշները: Կառավարությունը նաև վիճարկել է այն պնդումը, որ ազգային իշխանությունները պարտավոր են եղել հաշվետու անհայտ կորածների ճակատագրի համար և քայլեր ձեռնարկել նրանց թաղման վայրերը գտնելու համար, քանի որ դիմումատուների հարազատները «անհայտ կորած» չէին, և քանի որ այսպիսի պարտավորություն սահմանված չէր ոչ ներպետական իրավունքով, ոչ միջազգային մարդասիրական իրավունքով, ոչ Կոնվենցիայով: Եվ վերջապես, նրանք պնդել են, որ նրանք ոչ մի դիտավորություն չեն ունեցել խեղաթյուրել պատմական փաստերը կամ դիմումատուներին ենթարկել արժանապատվությունը որևէ կերպ նվաստացնող վերաբերմունքի:
2. Դիմումատուներ
172. Դիմումատուները համաձայնել են Պալատի որոշման մեջ շարադրված այն դիրքորոշման հետ, որ 3-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը տարբերվում է այն պարտավորությունից, որը բխում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից, նրանով, որ վերջինս պահանջում է պետությունից կոնկրետ իրավական գործողությունների կատարում, մինչդեռ առաջինը կրում է ավելի ընդհանուր մարդասիրական բնույթ: Նրանք պնդել են, որ Դատարանը պետք է հնարավորություն ունենա դիտարկել այն փաստերը, որոնք տեղի են ունեցել մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը, քանի որ դրանք կարող են կապ ունենալ փաստերի հետ, որ տեղի են ունեցել այդ ժամկետից հետո (նրանք հղում են կատարել Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի (Broniowski v. Poland) (dec.) [GC], թիվ 31443/96, կետ 74, ՄԻԵԴ 2002թ X, և Հոկկանեն ընդդեմ Ֆինլանդիայի (Hokkanen v. Finland), 23 սեպտեմբերի 1994թ, կետ 53, Սերիա Ա համար 299 Ա): Բացի այդ, Դատարանը պետք է իրավասություն ունենա գնահատել պետական իշխանության մարմինների կողմից 3-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների պահպանումը, նույնիսկ եթե կյանքից զրկելու նախնական փաստը ենթակա չէ քննման ratione temporis (այստեղ նրանք զուգահեռ են անցկացրել ՄԱԿ մարդու իրավունքների հանձնաժողովի 2006թ մարտի 28-ի որոշման հետ` Մարիամ Սանկարան և այլոք ընդդեմ Բուրկինա Ֆասոյի գործով):
173. 173. Դիմումատուները չեն համաձայնել հարազատական կապերի սերտության հիմքով իրենց երկու խմբի բաժանելու` Պալատի որոշման հետ: Նրանք պնդել են, որ հետպատերազմական սոցիալիստական Լեհաստանում իրավիճակը և իրադարձությունները, որոնք հետևել են Կատինի իրադարձությունների փաստի ընդունմանը ԽՍՀՄ կողմից, ազդեցություն են ունեցել բոլոր դիմումատուների վրա հավասարապես: Ի տարբերություն Պալատի մոտեցման, նրանք պնդել են, որ նրանք, ովքեր չեն հիշում իրենց հայրերին կամ զրկված են եղել անձամբ շփվել նրանց հետ, նույնիսկ ավելի զգայուն են իրենց ծնողների ողբերգական ճակատագրի նկատմամբ: Բացի այդ, երկրորդ խմբի դիմումատուները, ում նկատմամբ 3-րդ հոդվածի խախտում չի ճանաչվել, ակտիվ մասնակցություն էին ունենում տարբեր իրավական գործողություններում, ինչպես նաև այլ իրենց մահացած հարազատների հիշատակը հավերժացնող այլ միջոցառումներում. Տիկին Վոլկ-Եզերսկան գրել է մի շարք գրքեր Կատինի մասին, տիկին Կժիշկովյակը հիմնադրել է հրատարակչություն, որը հրապարակում է Կատինի հետ կապված նյութեր, տիկին Ռոդովիչը ստեղծել է մի քանի գեղարվեստական աշխատանք, նվիրված Կատինին, իսկ պրն. Ռոմանովսկին, ամենից երիտասարդը դիմումատուներից, «ժառանգել է» իր հանգուցյալ մորից իր սպանված մորեղբոր հիշատակը հարգելու խրատը: Հղում կատարելով Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանի նախադեպային իրավունքին` դիմումատուները պնդել են, որ իրենք բոլորը հանդիսանում են տուժողներ` համաձայն 3-րդ հոդվածի համապատասխան ներկայացված գանգատի համաձայն, կամ որպես սպանված անձանց չափահաս մերձավոր հարազատներ, կամ որպես ոչ ուղիղ գծով հարազատներ, ովքեր ցուցադրել են իրենց ուժեղ և շարունակական անձնական ներգրավվածությունը բազմաթիվ գործողություններում, որոնք վերաբերում են իրենց ընտանիքի սպանված անդամների ճակատագրին:
174. Ինչ վերաբերում է իրենց հարցումներին ռուսական իշխանությունների արձագանքին, դիմումատուները ընդգծել են, որ Դատարանի կողմից քննված նախորդ գործերում, երբեմն պատահել է, որ «անհայտ կորած անձինք» ճանաչվել են «մահացած», երբ նրանց մարմինները գտնվել են: Կատինի դեպքում, հակառակ հերթականությունն էր. նրանք, ովքեր համարվում էին «մահացած», դարձան «անհայտ կորած»` ռուսական իշխանությունների տեսակետից: Այս հակառակ փոխարկումը ցուցադրում է պատմական փաստերի հերքումը, և ուժեղ ցավ, տառապանք և սթրես է պատճառել դիմումատուներին: Դա համարժեք էր Հոլոքոստի զոհերի հարազատների խմբին հայտնելուն, որ զոհերը պետք է համարվեն անհայտ կորած, քանի որ իրենց ճակատագիրը կարելի է հետևել միայն մինչև կենտրոնացման ճամբար, քանի որ փաստաթղթերը վերցված են եղել նացիստական իշխանությունների կողմից: Ավելին, քանի որ ռազմական դատախազները պնդել են, որ իրենք չեն կարող հաստատել, թե «քրեական օրենսգրքի որ դրույթն է եղել իրավական հիմք լեհ ռազմագերիներին պատասխանատվության ենթարկելու համար», նրանք, ըստ էության պնդել են, որ զոհերը կարող էին լինել հանցագործներ, ովքեր պատշաճ կերպով ենթարկվել են մահապատժի: Բացի այդ, Մոսկվայի դատարանի ռեաբիլիտացիոն դատավարության ընթացքում դատախազը պնդել է, որ գոյություն ունեին «ծանրակշիռ պատճառներ» ռեպրեսիայի համար, քանի որ որոշ լեհ ծառայողներ եղել են «լրտեսներ, ահաբեկիչներ և դիվերսանտներ», և քանի որ լեհական մինչպատերազմյան բանակը «պատրաստում էին Խորհրդային միության դեմ պատերազմի»: Դիմումատուներն ընդգծել են, որ իրենց բարոյական տառապանքները պետք է որակվեն որպես տառապանք, որը առաջացել է, ոչ թե սպանությամբ, որպես այդպիսին, այլ ռուսական իշխանությունների կողմից ցուցաբերված վերաբերմունքից:
Լեհական Կառավարությունը
175. Լեհական Կառավարությունը պնդել է, որ ռուսական իշխանությունները դիմումատուներին ենթարկել են անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի: Կառավարությունը նշել ե, որ գերի վերցված անձինք, ովքեր պահվել են կալանքի տակ և արդյունքում սպանվել խորհրդային իշխանությունների կողմից, եղել են դիմումատուների մերձավոր ազգականները: Շատ տարիների ընթացքում, քաղաքական դրդապատճառներով, խորհրդային իշխանությունները մերժում էին 1939թ. վերջում գերեվարված անձանց ճակատագրին վերաբերող ցանկացած պաշտոնական տեղեկության մատչելիությունը: 1990թ. հետաքննության հարուցումից հետո դիմումատուները ապարդյուն փորձել են ծանոթանալ հետաքննության նյութերին, իրենց հարազատների իրավական ռեաբիլիտացիային հասնելու համար: Մատչելիության բացակայությունը և դիմումատուների կողմից ստացված հակասական տեղեկությունները նրանց պահել է անդադար անորոշության և սթրեսի վիճակում, և նրանց ամբողջովին կախյալ են դարձրել ռուսական իշխանությունների նրանց ստորացմանն ուղղված գործողություններից: Սա հանգեցրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի:
Երրորդ կողմի փաստարկներ
176. Միջազգային հանրային իրավունքի և քաղաքականության խումբը ներկայացրել է Դատարանի նախադեպային իրավունքի ակնարկ` կապված ընտանեկան կապերի բնույթի և սերտության հետ, որը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի դիմումատուի ընտանիքի անդամը դիտվի որպես 3-րդ հոդվածի խախտման տուժող: Իրենց կարծիքով, նախադեպային իրավունքը վկայում է, որ Դատարանը ավելի ու ավելի անհանգստացած է դիմումատուի ընտանիքի անդամների գործողություններով և դերով, որ խաղում են պետությունները` տեղեկություն տրամադրելու հարցում անելուց հետո: Երրորդ կողմը նաև պնդել է, որ տուժողի կարգավիճակի ճանաչման նկատմամբ մոտեցումը ընտանիքի անդամի մասնակցության հիման վրա` անհետացած անձի մասին տեղեկություն ստանալու փորձերին, և նրա, թե ինչպես են իշխանությունները վերաբերվել այդ փորձերին, համապատասխանում է ստանդարտներին, որոնք կիրառվում են ուրիշ միջազգային դատական հաստատությունների կողմից, ներառյալ Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը (այս կապակցությամբ հիշատակվել է Գարրիդոն և Բաիգորիան ընդդեմ Արգենտինայի, (Garrido and Baigorria v. Argentina), 27 օգոստոսի 1998թ վճիռ, և Բլեյքն ընդդեմ Գվատեմալայի (Blake v. Guatemala), 24 հունվարի 1998թ. վճիռ) և Կամբոջայի դատարանների արտակարգ պալատները:
Գ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
177. Իր դատական նախադեպային իրավունքում Դատարանը միշտ մեծ ուշադրություն է դարձրել մարդու իրավունքների լուրջ խախտումների խորը հոգեբանական ազդեցությանը տուժողի ընտանիքի անդամների վրա, ովքեր հանդիսանում են դիմումատուներ Դատարանում: Այուամենայնիվ, զոհի հարազատների նկատմամբ ճանաչվի Կոնվենցիայի 3-րդ հոդվածի առանձին խախտման ճանաչման համար, պետք է առկա լինեն հատուկ գործոններ, որոնք նրանց տառապանքներին կհաղորդեն մասշտաբ և բնույթ, որը տարբերվում է հուզական կսկիծից, անխուսափելիորեն բխելով անմիջապես խախտման փաստից: Այդ գործոնները ներառում են ընտանեկան կապերի սերտությունը, ընտանեկան հարաբերությունների հատուկ հանգամանքները, այն աստիճանը, որով ընտանիքի անդամը եղել է դիտարկվող իրադարձությունների զոհ, և դիմումատուների մասնակցությունը իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություն ստանալու փորձերին:
178. Այս յապակցությամբ, Դատարանը կրկնում է, որ «անհետացած անձի» ընտանիքի անդամը կարող է հավակնել տուժողի կարգավիճակի, այնպիսի վերաբերմունքի, որը հակասում է 3-րդ հոդվածին, այն դեպքերում, երբ անհայտացմանը հետևել է անորոշության երկար ժամանակահատված` մինչև անհայտ կորած անձի դիակի հայտնաբերումը: Հարցի էությունը, կապված 3-րդ հոդվածի հետ, այս տեսակ գործերում կայանում է ոչ այնքան անհայտ կորած անձի իրավունքների լուրջ խախտման մեջ, այլ ավելի` իշխանությունների քամահրական արձագանքին և վերաբերմունքին այդ իրավիճակի նկատմամբ, երբ այն ներկայացվել է նրանց ուշադրությանը: Այս հիմքով խախտման ընդունումը սահմանափակված չէ այն դեպքերով, երբ պատասխանող պետությունը պատասխանատվություն է կրում անհետացման համար: տեղեկություն ստանալու հարազատների փորձերին արձագանքելու Իշխանությունների ցանկության պակասը կամ նրանց ճանապարհին խոչընդներ ստեղծելը, երբ հարազատները ստիպված են իրենք զբաղվել փաստերի բացահայտմամբ նույնպես կարող է հանդիսանալ խախտման արձանագրման պատճառ: Այդ դեպքում այդպիսի վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես սարսափելի, անդադար և բացարձակ արհամարհանքի ցուցադրում անհետ կորած անձի ճակատագրի մասին տեղեկություն տրամադրելու պարտավորության նկատմամբ(տե՛ս մասնավորապես` Աչիսն ընդդեմ Թուրքիայի (Açış v. Turkey), թիվ 7050/05, կետեր 36 և 51 54, 1 փետրվարի 2011; վերոնշյալ` Վարնավան և այոլք, կետ 200, Օսմանօղլուն ընդդեմ Թուրքիայի (Osmanoğlu v. Turkey), թիվ 48804/99, կետ 96, 24 հունվարի 2008թ, Լուլուևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Luluyev and Others v. Russia), թիվ 69480/01, կետ 114, ՄԻԵԴ 2006 XIII (քաղվածքներ), Բազորկինան ընդդեմ Ռուսաստանի (Bazorkina v. Russia), թիվ 69481/01, կետ 139, 27 հուլիսի 2006թ, Գորնգադզեն ընդդեմ Ուկրաինայի (Gongadze v. Ukraine), թիվ 34056/02, կետ 184, ՄԻԵԴ 2005թ. XI, Տանիշը և այլոք ընդդեմ Թուրքիայի (Taniş and Others v. Turkey), թիվ 65899/01, կետ 219, ՄԻԵԴ 2005–VIII, Օհրանն ընդդեմ Թուրքիայի (Orhan v. Turkey), թիվ 25656/94, կետ 358, 18 հունիսի 2002թ, և Չակիցին ընդդեմ Թուրքիայի (Çakıcı v. Turkey) [GC], թիվ 23657/94, կետ 98, ՄԻԵԴ 1999 IV):
179. Դատարանը սահմանափակող մոտեցում է կիրառում այն իրավիճակներում, երբ մարդը վերցվել է կալանքի տակ, սակայն ավելի ուշ նրան գտել են մահացած` իր ճակատագրում հարաբերականորեն կարճատև անորոշությունից հետո (տե՛ս Թանլըն ընդդեմ Թուրքիայի (Tanlı v. Turkey), թիվ 26129/95, կետ 159, ՄԻԵԴ 2001-III, և Բիտիևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Bitiyeva and Others v. Russia), թիվ 36156/04, կետ 106, 23 ապրիլի 2009թ.): Մի շարք չեչենական գործերում, որոնցում դիմումատուները չէին եղել իրենց հարազատների սպանության ականատեսը, այլ իմացել էին նրանց մահվան մասին միայն դիակների հայտնաբերումից հետո, Դատարանը գտել է, 3-րդ հոդվածի առանձին խախտման ճանաչման անհրաժեշտություն առկա չէ, քանի որ նա արդեն հաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում` դրա հիմնական և ընթացակարգային ասպեկտների տեսանկյունից (տե՛ս Վելխիևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Velkhiyev and Others v. Russia), թիվ 34085/06, կետ 137, 5 հուլիսի 2011, Սամբիևը և Պոկաևան ընդդեմ Ռուսաստանի (Sambiyev and Pokayeva v. Russia), թիվ 38693/04, կետեր 74 75, 22 հունվարի 2009թ., և Տանգիևա, Ռուսաստան (Tangiyeva. Russia), թիվ 57935/00, կետ 104, 29 նոյեմբերի 2007թ.):
180. Ավելին, իշխանությունների կողմից`2-րդ հոդվածի խախտմամբ սպանված անձանց գործերով Դատարանը որոշել է, որ 3-րդ հոդվածի կիրառումը, որպես կանոն չի տարածվում հարազատների վրա, այն պատահարի ակնթարթային բնույթի պատճառով, որի հետևանքով վրա է հասել մահը (տե՛ս Դամաևն ընդդեմ Ռուսաստանի (Damayev v. Russia), թիվ 36150/04, կետ 97, 29 մայիսի 2012թ, Յասին Աթեշն ընդդեմ Թուրքիայի (Yasin Ateş v. Turkey), թիվ 30949/96, կետ 135, 31 մայիսի 2005թ., Ուդաևան և Յուսուպովան ընդդեմ Ռուսաստանի (Udayeva and Yusupova v. Russia), թիվ 36542/05, կետ 82, 21 դեկտեմբերի 2010թ., Կաշուևան ընդդեմ Ռուսաստանի (Khashuyeva v. Russia), թիվ 25553/07, կետ 154, 19 հուլիսի 2011թ, և Ինդերբիևան ընդդեմ Ռուսաստանի (Inderbiyeva v. Russia), թիվ 56765/08, կետ 110, 27 մարտի 2012թ.):
181. Այուամենայնիվ, Դատարանը հիմնավորված է համարում 3-րդ հոդվածի խախտման առանձին փաստի ընդունումը ` մահվան հաստատված փաստի իրավիճակներում, երբ դիմումատուները եղել են իրենց ընտանիքի անդամների տառապանքների անմիջական ականատեսը (տե՛ս Սալախով և Իսլյամովան ընդդեմ Ուկրաինայի (Salakhov and Islyamova v. Ukraine), թիվ. 28005/08, կետ 204, 14 մարտի 2013թ., երբ դիմումատուն ականատես էր եղել կալանքի տակ գտնվող իր որդու դանդաղ մահվան` առանց նրան օգնելու հնարավորության, Եսմուխամբետովը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Esmukhambetov and Others v. Russia), թիվ 23445/03, կետ 190, 29 մարտի 2011թ., երբ 3-րդ հոդվածի խախտում է արձանագրվել այն դիմումատուի նկատմամբ, ով ականատես էր եղել իր ամբողջ ընտանիքի սպանությանը, սակայն ոչ մի խախտում չէր արձանագրվել մյուս դիմումատուների նկատմամբ, ովքեր միայն հետո էին իմացել սպանությունների մասին, Խադժիալիևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Khadzhialiyev and Others v. Russia), թիվ 3013/04, կետ 121, 6 նոյեմբերի 2008թ., երբ դիմումատուները չէին կարողանում թաղել իրենց երեխաների անդամահատված և գլխատված մարմինները, Մուսաևը և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Musayev and Others v. Russia), թիվ 57941/00, 58699/00 և 60403/00, կետ 169, 26 հուլիսի 2007թ., երբ դիմումատուն ականատես է եղել իր մի քանի հարազատների և հարևանների արտադատական մահապատժին, և Ակկումը և այլոք ընդդեմ Թուրքիայի (Akkum and Others v. Turkey), թիվ 21894/93, կետեր 258-259, ՄԻԵԴ 2005 II (քաղվածքներ), որտեղ դիմումատուին հանձնել էին իր որդու անդամահատված մարմինը):
2. Վերոնշյալ սկզբունքների կիրառությունը սույն գործով
182. Դատարանը նշում է, որ 3-րդ հոդվածի համաձայն գանգատի հիմքում ընկած իրավիճակը, ի սկզբանե ունի «անհետացման» գործի հատկանիշներ: Դիմումատուների ընտանիքների անդամները գերեվարվել են խորհրդային օկուպացիոն զորքերի կողմից և պահվել խորհրդային ճամբարներում: Գոյություն ունեն ապացույցներ, որ լեհ ռազմագերիների և իրենց ընտանիքի անդամների միջև նամակագրությունը շարունակվել է մինչև 1940թ. գարուն, այնպես որ ընտանիքները պետք է իմանային, որ իրենց հարազատները ողջ են: Այն բանից հետո, երբ նրանցից այլև նամակներ չէին ստացվում Լեհաստանում, իրենց հարազատները, շատ տարիների ընթացքում մնում էին նրանց ճակատագրի հետ կապված անորոշության վիճակում:
183. 1943թ.` Կատինի անտառի մերձակայքում զագվածային գերեզմաններ հայտնաբերելուց հետո, իրաինացվել է մնացորդների մասնակի արտաշիրմում և ճանաչում: Այնուամենայնիվ, այդ ժամանակ նույնականացվել են միայն երեք դիմումատուների` տիկին Վոլկի, պրն. Ռոդովիչի և պրն. Մելեցկու հարազատները: Խորհրդային իշխանությունները հերքել են, որ իրենք են մահապատժի ենթարկել լեհ ռազմագերիներին, և չունենալով մատչելիություն Պոլիտբյուրոյի կամ ՆԿՎԴ-ի նյութերին, անհնար է եղել պարզել այն բանտարկյալների ճակատագիրը, ում մարմինները չէին ճանաչվել: Սառը պատերազմի տարիներին Կատինի զոհերին ճանաչելու ոչ մի հետագա փորձ չի ձեռնարկվել, քանի որ նացիստների կողմից սպանությունների կազմակերպման խորհրդային մեկնաբանությունը Լեհաստանի ժողովրդական հանրապետությունում համարվել է պաշտոնական` սոցիալիստական ռեժիմի գոյության ողջ ընթացքում, այսինքն մինչև 1989թ.:
184. 1990թ. ԽՍՀՄ պաշտոնապես ստանձնել է խորհրդային ղեկավարության պատասխանատվությունը` լեհ ռազմագերիների սպանության համար: Հաջորդող տարիներին հրապարակվել են պահպանված փաստաթղթեր, որոնք վերաբերում էին այդ սպանդին, և հետաքննությունն իրականացրել է մասնակի արտաշիրմում մի քանի թաղման վայրերում: Անցկացվել են մի շարք խորհրդակցություններ լեհական, ռուսական, ուկրաինական և բելոռուսական դատախազական մարմինների միջև:
185. Ռուսաստանի կողմից Կոնվենցիայի վավերացման դրույթյամբ 1998թ. մայիսի 5-ին, լեհ ռազմագերիների մահապատժից անցել էր արդեն ավելի քան հիսունութ տարի: Հաշվի առնելով ժամանակային մեծ միջակայքը, նյութերը, որ հայտնաբերվել են այդ ժամանակ, և այն պայմանները, որոնք ձեռնարկվել էին տարբեր կողմերի կողմից` պարզելու համար Կատինի հանցագործության հանգամանքները, Դատարանը գտնում է, որ վճռորոշ ամսաթվից հետո ընկած ժամանակաշրջանի դեպքում չի կարելի ասել, որ դիմումատուները եղել են անորոշության իրավիճակում կապված 1939թ Խորհրդային բանակի կողմից գերեվարված իրենց հարազատների ճակատագրի հետ: Անկասկած, գործը, որն ի սկզբանե «անհետացման» մասին էր, պետք քննվի որպես «հաստատված մահվան» մասին գործ: Դիմումատուները համաձայնել են տվյալ գործի այսպիսի գնահատականի հետ (տե՛ս վերը, մասնավորապես, կետ 116, ինչպես նաև Պալատի որոշման կետ 119): Այս եզրահանգման վրա չեն անդրադառնում ռուսական ներպետական տարբեր դատարանների հայտարարությունները, որոնք շարունակում էին հերքել ակնհայտ փաստը, որ դիմումատուների հարազատները սպանվել են խորհրդային ճամբարներում:
186. Դատարանը կասկածի տակ չի առնում այն խորը վիշտը և տանջանքները, որ կրել են դիմումատուները իրենց ընտանիքի անդամների արտադատական մահապատժի արդյունքում: Այնուամենայնիվ, Դատարանը հիշեցնում է, որ իրավական որոշակիության, կանխատեսելիության և օրենքի առաջ հավասարության շահերից ելնելով այն չպետք է շեղվի սեփական նախադեպերից առանց ծանրակշիռ պատճառների (տե՛ս Սաբրի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի (Sabri Güneş v. Turkey) [GC], թիվ 27396/06, կետ 50, 29 հունիսի 2012թ.): Եվրոպական դատարանի վերոշարադրյալ նախադեպային իրավունքն ընդունել է, որ «անհետացած անձի» ընտանիքի անդամների տառապանքները, ովքեր իրար հաջորդած հույսի և հուսահատության երկարատև ժամանակահատված են աօրել, կարող են արդարացնել 3-րդ հոդվածի առանձին խախտման ճանաչումը` իրենց տեղեկություն ստանալու ձգտմանը ազգային իշխանությունների ծայրահեղ անտարբեր մոտեցման կապակցությամբ: Սույն գործի կապակցությամբ Դատարանի իրավազորությունը տարածվում է միայն 1998թ. մայիսի 5–ից սկսած ժամանակահատվածի վրա, երբ Ռուսաստանի նկատմամբ ուժի մեջ է մտել Կոնվենցիան: Դատարանը սահմանել է, որ այդ ժամկետից հետո չի մնացել ոչ մի անորոշություն` կապված լեհ ռազմագերիների ճակատագրի հետ: Չնայած բոլոր մարմինները չէ որ հայտնաբերվել են, նրանց մահը հանրորեն ճանաչվել է խորհրդային և ռուսական իշխանությունների կողմից, և դարձել է հաստատված պատմական փաստ: 1940թ. Խորհրդային իշխանությունների կողմից կատարված հանցագործության մասշտաբը հանդիսանում է հզոր էմոցիոնալ գործոն, սակայն զուտ իրավական տեսանկյունից, Դատարանը չի կարող ընդունել դա որպես ծանրակշիռ հիմնավորում` շեղվելու համար սեփական նախադեպային իրավունքից` կապված «անհետացած անձանց» ընտանիքի անդամների կարգավիճակի հետ` որպես 3-րդ հոդվածի խախտման զոհեր, և այդ կարգավիճակը շնորհել դիմումատուներին, որոնց համար իրենց հարազատների մահը եղել է հաստատված փաստ:
187. Դատարանն այնուհետև չի գտնում ոչ մի այլ առանձնահատուկ հանգամանք, որը կկարողանար դրդել նրան ճանաչել 3-րդ հոդվածի առանձին խախտում «հաստատված մահվան» մասին գործերով (տե՛ս վերը նախադեպային իրավունք` կետ 181):
188. Այսպիսի հանգամանքներում, Դատարանն անհնար է համարում վճռել, որ դիմումատուների տանջանքները ունեցել են այնպիսի մասշտաբ և բնույթ, որը տարբերվում է մարդու իրավունքների լուրջ խախտումների զոհերի հարազատների մոտ անխուսափելիորեն առաջացող էմոցիոնալ խանգարումից:
189. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
190. Դատարանը բազմիցս խնդրել է պատասխանող պետությանը իրեն տրամադրել 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման պատճենը, որի համաձայն դադարեցվել է Կատինի հանցագործության հետաքննությունը (տե՛ս վերը` կետ 45): Պատասխանող պետության կողմից` պահանջվող փաստաթուղթը տրամադրելու մերժումից հետո, Դատարանը խնդրել է կողմերին մեկնաբանել պատասխանող պետության կողմից Դատարանի քննության համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու իր պարտավորությունների կատարման հարցը, որը բխում է Կոնվենցիայի 38-րդ հոդվածից: Այդ դրույթը սահմանում է.
«Դատարանը նախաձեռնում է գործի քննությունը կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությամբ և, եթե անհրաժեշտ է, իրականացնում է հետաքննություն, որի արդյունավետ իրականացման համար գործին առնչվող պետություններն ապահովում են անհրաժեշտ բոլոր պայմանները:»
Ա. Պալատի որոշումը
191. Պալատը կրկնել է, որ «միայն Դատարանը կարող է որոշել` ինչպիսի ապացույցներ պետք է ներկայացնեն կողմերը` գործի պատշաճ քննության համար» և որ «կողմերը պարտավոր են կատարել Դատարանի` ապացույցներ ներկայացնելու պահանջները և կարգադրությունները»: Բացի այդ, Պալատն ընդգծել է ճշմարտանման բացատրությունների բացակայությունը պատասխանող պետության կողմից` կապված անվտանգության ոլորտում խնդրի բնույթի հետ, որով պայմանավորված է հարցվող փաստաթղթի` գաղտնի փաստաթղթերի շարքին դասելը: Պալատը նշել է, որ հարցվող փաստաթուղթը «կապված է պատմական իրադարձության հետ, որի գլխավոր հերոսների մեծ մասն արդեն մահացել են, և այն ոչ մի կերպ կապված չէ ոստիկանության ընթացիկ օպերատիվ-հետախուզական գործունեության հետ»: Ավելի ընդհանուր կերպով Պալատը նշել է, որ նախկին տոտալիտար ռեժիմի բաց և թափանցիկ հետաքննությունը դժվար թե սպառնալիք հանդիսանա ժամանակակից ժողովրդավարական Ռուսաստանի ազգային անվտանգության շահերի համար, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ խորհրդային իշխանությունների պատասխանատվությունը այս հանցագործության համար ճանաչվել է ամենաբարձր քաղաքական մակարդակով:
Բ. Կողմերի փաստարկները
1. Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը
192. Կառավարությունն ի սկզբանե պնդել է, որ երեսունվեց հատոր քրեական գործի և 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման «հույժ գաղտնի» փաստաթուղթերի շարքին դասելն, օրինական է, քանի որ դրանք պարունակում են հետախուզության, հակահետախուզական և օպերատիվ որոնողական գործունեության հետ կապված տեղեկություններ, և քանի որ գաղտնիացումը «ստուգվել է և թողնվել ուժի մեջ» Անվտանգության դաշնային ծառայության և պետական գաղտնիքի պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև «Մեմորիալի» դիմումի համաձայն` Մոսկվայի քաղաքային դատարանի և Գերագույն դատարանի հետագա որոշումներով: Նրանք պնդել են, որ Ռուսաստանի օրենսդրությունը չի պարունակում բացարձակ արգելք միջազգային կազմակերպություններին փոխանցելու «զգայուն» տեղեկություն, և որ 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը չի տրամադրվել Դատարանին միայն այն պատճառով, որ «իրավազոր ազգային մարմինները չեն հանգել եզրակացության», որ դա հնարավոր է:
193. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որպեսզի պահանջի Պայմանավորվող պետություններից բացահայտել տեղեկություն, որը կարող է վնաս հասնել իրենց անվտանգությանը: Կառավարությունը կոչ է արել Դատարանին վերլուծել այլ անդամ պետությունների օրենքները, «որոնցում, ամենայն հավանականությամբ, պարունակվում են նմանատիպ կանոններ»: Կառավարությունը հղում է կատարել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին Եվրոպական կոնվենցիայի դրույթների և Ռուսաստանի Դաշնության և Լեհաստանի Հանրապետության միջև իրավական օգնության և քրեական և քաղաքացիական գործերով իրավական հարաբերությունների մասին համաձայնության վրա, որոնք թույլ են տալիս Պայմանավորվող պետությանը հրաժարվել կատարել հարցումը, եթե դա կարող է վնաս հասցնել պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ կենսական շահերին (այս կապակցությամբ նրանք նաև հղում են կատարել Լիուն ընդդեմ Ռուսաստնի (Liu v. Russia) (թիվ 2), թիվ 29157/09, կետ 85, 26 հուլիսի 2011, և Չահալն ընդդեմ Միացյալ Թագավորության (Chahal v. the United Kingdom), 15 նոյեմբերի 1996թ, կետ 138, Վճիռների և որոշումների ժողովածու 1996 V): Կառավարությունն ընդգծել է, որ Դատարանի Կանոնակարգի 33-րդ Կանոնը չի նախատեսում ոչ մի պատիժ Դատարանին վստահված գաղտնի տեղեկության չթույլատրված բացահայտման համար:
194. Կառավարությունը պնդել է, որ նրանք տրամադրել են տեղեկություն 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման բովանդակության մասին, որը պետք է համարվի բավարար` 38-րդ հոդվածով նախատեսված իրենց պարտականությունների կատարման համար: Այդպիսով, Կառավարությունը մատնանշել է, թե որ մարմինն է դասակարգել այդ որոշումը, անվտանգության ինչ նկատառումներ են հաշվի առնվել, որոնք են եղել քրեական գործը դադարեցնելու հիմքերը, և ինչ իրավական գնահատական է տվել ենթադրյալ հանցագործություններին: Այդ որոշման մեջ չեն հիշատակվում դիմումատուները, և այն չի պարունակում ոչ մի տեղեկություն` կապված նրանց հարազատների ճակատագրի կամ նրանց թաղման վայրերի հետ:
195. Եվ վերջապես, Կառավարությունը մեկնաբանել է այն, ինչ նրանք անվանում էին Պալատի որոշման «արտասովոր տրամաբանություն»: Կառավարության կարծիքով, 38-րդ հոդվածը պետք է ուսումնասիրվեր դատական որոշման վերջում, ինչպես դա արվում էր նախորդ գործերում: Նրանք ընդգծել են, որ 38-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը կրում է «խիստ ընթացակարգային բնույթ», և որ այդ կերպ, ենթադրյալ խախտումը «չէր կարող դիմումատուների մոտ որևէ տանջանքի պատճառ դառնալ» կամ «ավելի ծանրացնել 2-րդ և 3-րդ հոդվածների վիճարկվող խախտումները»: Կառավարությունը չի համաձայնել, որ 38-րդ հոդվածով սահմանված պարտավորությունը պետք է կատարվի ցանկացած հանգամանքներում. իրենց կարծիքով այն իր բնույթով երկրորդական է, և կախված է Կոնվենցիայի այլ դրույթների շրջանակներում ընդունելի գանգատների գոյությունից: Տվյալ գործում ոչ մի իմաստ չկար դիտարկել Կառավարության կողմից 38-րդ հոդվածի պահպանման հարցը, քանի որ Դատարանը պետք է ընդունի, որ այն օժտված չէ իրավունակությամբ գործը քննել ըստ էության` համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի:
Դիմումատուներ
196. Դիմումատուները պնդել են, որ միջազգային իրավունքի ավանդական սկզբունքները նախատեսում են, որ ոչ մի ներքին դրույթ, նույնիսկ Սահմանադրական մակարդակի, չի կարող արդարացում հանդիսանալ միջազգային իրավունքի չպահպանման համար (նրանք հղում են կատարել Միջազգային արդարադատության մշտական պալատի և Միջազգային Դատարանի նախադեպային իրավունքին): Այս սկզբունքը սահմանված էր Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի 27-րդ հոդվածում` որպես` pacta sunt servanda ընդհանուր սկզբունքի ընդարձակում, և հաճախ օգտագործվում էր միջազգային դատարանների և կվազի դատական մարմինների դատական պրակտիկայում, ներառյալ Մարդու իրավունքների հանձնաժողովը, Նախկին Հարավսլավիայի գործերով միջազգային քրեական դատարանը (ICTY), Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը, Մարդկանց և ժողովուրդների իրավունքների Աֆրիկյան հանձնաժողովը, և արբիտրաժային դատարանները: Ընդառաջ գնալով մասնակից պետության` պահանջված նյութերը ներկայացնելուց հրաժարվելուն` դրանց գաղտնիության պատճառաբանությամբ, միջազգային դատարանները լսումներ են անցկացրել դռնփակ (դիմումատուները հղում են կատարել Գոդինեզ Կրուզն ընդդեմ Հոնդուրասի, (Godínez Cruz v. Honduras, IACtHR), վճիռ 20 հունվարի 1989թ., և Բալլոն ընդդեմ ՅՈւՆԵՍԿՈյի (Ballo v. UNESCO), ILO Վարչական դատարան, վճիռ թիվ 191, 15 մայսիս 1972թ.): Կորֆու ջրանցքի գործում Միջազգային դատարանը չի արել որևիցե բացասական հետևություն, երբ Մեծ Բրիտանիան հրաժարվել է տրամադրել ապացույցներ, որոնք իր կարծիքով կապված են եղել ռազմածովային գաղտնիքի հետ(1949թ. ապրիլի 9-ի որոշում): Այնուամենայնիվ, ICTY-ն մերժել է Խորվաթիայի կառավարության կողմից Կորֆուի վճռի կիրառումը` որպես արդարացում ռազմական բնույթի որոշ փաստաթղթեր և ապացույցներ ներկայացնելու իրենց մերժման` Դատախազն ընդդեմ Տիհոմիր Բլաշկիչի (Prosecutor v. Tihomir Blaškić) գործում, որոշելով, մասնավորապես, որ պետությունների բացարձակ իրավունքը անվտանգության նկատառումներով թաքցնել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են դատավարության համար, կարող է վտանգի տակ դնել Դատարանի բուն գործառույթը (1997թ. հոկտեմբերի 29-ի որոշում): Նա ավելացրել է, որ պետական անվտանգությանը սպառնացող վտանգի հետ կապված խնդիրները կարող են լուծվել ընթացակարգային մեխանիզմների գործադրմամբ, ինչպիսիք են փակ լսումները և գաղտնի փաստաթղթերի փոխանցման և գրանցման հատուկ ընթացակարգերը: Վերջին գործում` Դատախազն ընդդեմ Դառիո Կորդիչի և Մարիո Չերկեզի, ICTY-ն նաև սահմանել է, որ դատավարության համար անհրաժեշտ նյութերի գործին վերաբերվելու հարցը ամբողջովին գտնվում է իր հայեցողության ներքո, և չի կարող վիճարկվել պետությունների կողմից (1999թ. սեպտեմբերի 9-ի որոշումը): Դիմումատուները պնդել են, որ ratio decidendi այս գործերում կիրառելի է, mutatis mutandis , նաև այս գործի նկատմամբ:
197. Դիմումատուները պնդել են, որ Ռուսաստանի կառավարությունը չի հիմնավորել իր պնդումները անվտանգության նկատառումների մասին, և չի բացատրել, թե ինչու նախկին տոտալիտար ռեժիմի կողմից կատարված չարագործության մասին փաստաթղթերը պետք է գաղտնի լինեն: Դրանց գաղտնիության մասին որոշումը հակասում է նաև Պետական գաղտնիքի մասին ռուսական օրենքին, որի 7-րդ հոդվածը թույլ չի տալիս որպես գաղտնի դասակարգել մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունը: Կատինի հանցագործությունը եղել է կյանքի իրավունքի մասսայական խախտում, իրականացված ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների հրամանով:
198. Դիմումատուները հայտնել են իրենց համաձայնությունը Պալատի որոշման հետ, որում այն գտել է Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտում: Նրանք պնդել են, որ Դատարանը ուներ հայեցողության լիակատար ազատություն, որոշելու համար, թե ինչ ապացույցներ են իրեն պետք գործը քննելու համար, և որ Դատարանի հետ համագործակցելուց հրաժարվելը կարող է հանգեցնել 38-րդ հոդվածի խախտման նույնիսկ այն դեպքերում, եթե չեն հաստատվել Կոնվենցիայի նյութական իրավունքի խախտումներ:
3. Լեհաստանի կառավարություն
199. Լեհաստանի կառավարությունը հավանություն է տվել Պալատի եզրահանգումներին կապված 38-րդ հոդվածի խախտման փաստի հաստատման հետ: Առաջին հերթին, այն նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը տրամադրել է հակասական տեղեկություններ, նույնիսկ դատական քննության ընթացքում, այն մասին, թե ով է ընդունել նյութերի գաղտնի փաստաթղթերի շարքին դասելու մասին որոշումը, և որ օրն է ընդունվել այդ որոշումը: Չնայած, 2010թ. մարտի 19-ի իր փաստարկներում Ռուսաստանը հայտարարել է, որ որոշումը ընդունվել է պետական գաղտնիքի պաշտպանության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, 2012թ. նոյեմբերի 30-ին ներկայացված իր գրավոր փաստարկներում` նշվել է, որ որոշումն ընդունել է Գլխավոր զինվորական դատախազությունը` Անվտանգության դաշնային ծառայության հետ խորհրդակցելուց հետո:
200. Լեհական կառավարությունը գտնել է, որ հետաքննության նյութերը որպես գաղտնի դասակարգելու որոշումը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության օրենսդրության նյութական նորմերի խախտում: Քրեական վարույթի ավարտման մասին որոշման բովանդակությունը հստակ կարգավորվում է Ռուսաստանի քրեադատավարական օրենսգրքով, և այն չի կարող պարունակել պետական գաղտնիք հանդիսացող ոչ մի տեղեկություն: Նույնիսկ եթե այն իրոք պարունակել է տեղեկություններ այն անձանց մասին, ում նկատմամբ իրականացվել էր դատավարությունը, դա չէր կարող պատճառ հանդիսանալ ամբողջ որոշումը գաղտնի համարելու և որպես «հույժ գաղտնի» դասակարգելու համար: Ցանկացած տեղեկություն ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաների մասին վերաբերում էր մինչև 1970թ. ընկած ժամանակաշրջանին, և, համապատասխանաբար, որոշման կայացման ժամանակ առավելագույն թույլատրելի երեսուն տարվա գաղտնիության ժամանակահատվածը, սահմանված Պետական գաղտնիքի մասին օրենքի 13-րդ հոդվածով, արդեն սպառվել էր: Բացի այդ, քանի որ Ռուսաստանի կառավարությունն ընդունել է, որ ԽՍՀՄ պաշտոնատար անձանց գործողությունները օրենքով որակվում են որպես իշխանական լիազորությունների չարաշահում, այդ տեղեկության գաղտնագրումը ակնհայտորեն բացառվում է Պետական գաղտնիքի մասին օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա: Լեհական կառավարությունը նաև ընդգծել է, որ Ռուսաստանի կառավարությունը չի ներկայացրել գաղտնագրման մասին հիմնավորված որոշում:
201. Եվ վերջապես, Լեհաստանի կառավարությունը նշել է, որ Կատինի հետաքննությունը կապված չէ հատուկ գործակալությունների ընթացիկ գործունեության կամ գործողությունների հետ: Նույնիսկ եթե նյութերի մի մասը գաղտնագրվել է նախկին ռեժիմի կողմից, չի եղել ոչ մի շարունակական և փաստական հասարակական շահ` պահպանել այդ գաղտնիությունը:
Գ. Դատարանի գնահատականը
Ընդհանուր սկզբունքներ
202. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն անհատական գանգատների հարուցման համակարգի արդյունավետ գործողության համար շատ կարևոր է, որպեսզի պետությունները ստեղծեն բոլոր անհրաժեշտ պայմանները գանգատների պատշաճ և արդյունավետ քննության համար: Այս պարտավորությունը պահանջում է, որպեսզի պայմանավորվող պետությունները ստեղծեն Դատարանի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, անկախ նրանից այն հետաքննություն է անցկացնում պարզելու համար փաստերը, թե կատարում է գանգատը ուսումնասիրելու իր ընդհանուր բնույթի պարտավորությունները: Իր տիրապետության տակ գտնվող տեղեկությունը տրամադրելու Կառավարության մերժումը` առանց բավարար բացատրության, կարող է ոչ միայն հանգեցնել դիմումատուի պնդումների հիմնավորվածության ճանաչմանը, այլ նաև բացասաբար անդրադառնալ պատասխանող պետության կողմից իր` Կոնվենցիայի 38-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունների կատարման մակարդակի վրա (տե՛ս Տահսին Ացարն ընդդեմ Թուրքիայի (Tahsin Acar v. Turkey) [GC], թիվ 26307/95, կետեր 253-254, ՄԻԵԴ 2004 III, Տիմուրտաչն ընդդեմ Թուրքիայի (Timurtaş v. Turkey), թիվ 23531/94, կետեր 66 և 70, ECHR 2000 VI; և Տանրիկուլին ընդդեմ Թուրքիայի (Tanrıkulu v. Turkey) [GC], թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999 IV):
203. Դատարան կողմից պահանջվող ապացույցների ներկայացման պարտավորությունը պարտադիր է պատասխանող պետության համար` այդպիսի հարցումը ստանալու պահից, լինի դա հայտի մասին Կառավարության առաջնային ծանուցման ժամանակ, թե դատաքննության ժամանակ հետագա քայլ (տե՛ս Ենուկիձեն և Գիրգվլիանին ընդդեմ Վրաստանի (Enukidze and Girgvliani v. Georgia), թիվ 25091/07, կետ 295, 26 ապրիլի 2011թ., և Բեկիրսկին ընդդեմ Բուլղարիայի (Bekirski v. Bulgaria) , թիվ 71420/01, կետեր 111-113, 2 սեպտեմբերի 2010թ.): Գոյություն ունի հիմնարար դրույթ, որ հարցվող փաստաթուղթը պեք է տրամադրվի ամբողջ ծավալով` Դատարանի պահանջով, և որ ցանկացած տարրի պակաս պետք է պատշաճ կերպով մեկնաբանել(տե՛ս Դամիր Սիգբատուլինն ընդդեմ Ռուսաստանի (Damir Sibgatullin v. Russia), թիվ 1413/05, կետեր 65-68, 24 ապրիլի 2012թ., վերոնշյալ Ենուկիդզեն և Գիրհվիանին (Enukidze and Girgvliani), կետեր 299, 300; և Դավիդովը և այլոք ընդդեմ Ուկրաինայի (Davydov and Others v. Ukraine), թիվ 17674/02 և 39081/02, կետեր 167 et seq., 1 հուլիսի 2010թ.): Ի հավելումն, ցանկացած հարցված նյութ պետք է տրամադրվի անհապաղ, և ցանկացած դեպքում, Դատարանի կողմից սահմանված ժամկետի ընթացքում. Էական և չհիմնավորված ձգձգումը կարող է Դատարանին բերել եզրահանգման` պատասխանող պետության բացատրությունների ոչ համոզիչլինելու մասին(տե՛ս վերը` Դամիր Սիբգատուլինը (Damir Sibgatullin), կետ 68; Տահսին Աչար (Tahsin Acar), կետ 254, Ենուկիդզեն և Գիրգվլիանին (Enukidze and Girgvliani), կետեր 297 և 301):
204. Դատարանն ավելի վաղ ընդունել է, որ պատասխանող պետությունը չի կատարել 38-րդ հոդվածով իր պարտավորությունները, այն գործերում, երբ կառավարությունը չի տվել ոչ մի բացատրություն` հարացված փաստաթղթերը տրամադրելու մերժման վերաբերյալ (տե՛ս վերը` օրինակ Բեկիրսկին (Bekirski), կետ 115; Տիգրան Հայրապետյանն ընդդեմ Ռուսստանի (Tigran Ayrapetyan v. Russia), թիվ 75472/01, կետ 64, 16 սեպտեմբերի 2010թ., և Մասլովան և Նալբանդովն ընդդեմ Ռուսաստանի (Maslova and Nalbandov v. Russia), թիվ 839/02, կետեր 128-129, 24 հունվարի 2008թ.) կամ ներկայացրել է փաստաթղթի ոչ լիարժեք կամ վնասված օրինակ` Դատարանի քննության համար (տե՛ս Տրուբնիկովն ընդդեմ Ռուսաստանի (Trubnikov v. Russia), թիվ 49790/99, կետեր 50-57, 5 հուլիսի 2005թ.) :
205. Այն դեպքերում, երբ Կառավարությունը հիշատակում է գաղտնիության կամ անվտանգության նկատառումը` որպես պահանջված փաստաթղթերը չտրամադրելու պատճառ, Դատարանը պետք է համոզվի, որ գոյություն ունեն ողջամիտ և ծանրակշիռ հիմքեր այդ փաստաթղթերը համարելու գաղտնի կամ կոնֆիդենցիալ: Այդպիսով, շատ գործերում, գլխավորապես կապված Չեչնիայիում մարդկանց անհայտացման հետ, Ռուսաստանի կառավարությունը հղում է կատարել քրեադատավարական օրենսգրքի դրույթներին, որոնք իրենց պնդմամբ բացառում էին ընթացիկ հետաքննության նյութերի բացահայտումը: Դատարանը սակայն նշել է, որ սույն դրույթը չի ներառում բացարձակ արգելք, այլ սահմանում է այդպիսի բացահայտման կարգը և սահմանները: Այն նաև նշել է, որ շատ նման գործերում Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է պահանջված փաստաթղթերը առանց այս դրույթին հղում կատարելու, կամ համաձայնել է տրամադրել հետաքննության նյութերից փաստաթղթեր, նույնիսկ երբ դրանց նկատմամբ տարածվում էր այդ դրույթի գործողության ներքո (տե՛ս ի թիվս այլ գործերի Սասիտա Իսրաիլովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Sasita Israilova and Others v. Russia), թիվ 35079/04, կետ 145, 28 հոկտեմբերի 2010թ, և Մուսիխանովան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Musikhanova and Others v. Russia), թիվ 27243/03, կետ 107, 4 դեկտեմբերի 2008թ.):
206. Փաստաթղթերի գաղտնագրման կապակցությամբը, Դատարանին չի բավարարել գործերից մեկով, պատասխանող պետության բացատրությունը համաձայն որի կանոնները, որոնք վերաբերում են բանտարկյալների նամակագրության դիտման ընթացակարգին, հանդիսանում էին պետական գաղտնիք (տե՛ս վերը` Դավիդով և այլոք կետ 170), կամ մեկ այլ գործում, որ ներպետական իրավունքը չի սահմանում միջազգային կազմակերպությանը պետական գաղտնիք համարվող տեղեկություն փոխանցելու ընթացակարգ (տե՛ս Նոլանը և Կ.-ն ընդդեմ Ռուսաստանի (Nolan and K. v. Russia), թիվ 2512/04, կետ 56, 12 փետրվարի 2009թ.): Դատարանը նշել է, որ ազգային անվտանգության օրինական շահերի առկայության դեպքում կառավարությունը պետք է փաստաթղթերից հանի «զգայուն» տեղեկությունները կամ ներկայացնել համապատասխան փաստական հանգամանքների հիմքեր (loc. cit.): Վերջապես գաղտնագրված տեղեկության բնույթն ուսումնասիրելիս Դատարանը հաշվի է առնում թե արդյոք փաստաթուղթը հայտնի է հատուկ ծառայություններից բացի որևէ մեկին և բարձրագույն պետական պաշտոնյաներին: Տեղեկության ենթադրյալ բարձր նշանակությունը կասկածի տակ է դրվում, երբ պարզ է դառնում, որ շարքային անձինք, ինչպես օրինակ հայցվորի փաստաբանը քաղաքացիական գործով կարող է տեղյակ լինել խնդրո առարկա փաստաթղթից:
2. Վերը հիշատակված սկզբունքների կիրառումը սույն գործով Սույն գործի սկզբում ծանուցելով երկու գանգատների մասին պատասխանող պետությանը` Դատարանը մի շարք հարցեր է առաջադրել կողմերին և Կառավարությանը խնդրել ներկայացնել թիվ 159 քրեական գործի վարույթն ավարտելու մասին 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը: Կառավարությունը մերժել է ներկայացնել այն` հղում կատարելով ներպետական մակարդակով դրա հույժ գաղտնի դասակարգմանը: 2011թ. հուլիսի 5-ին Դատարան ընդունել է մասնակի ընդունելիության վերաբերյալ որոշում, կողմերին առաջարկել ներկայացնել ցանկացած այլ լրացուցիչ նյութերը, որոնք նրանք կցանկանային ներկայացնել Դատարանի ուշադրությանը, ինչպես նաև բարձրացրել Կառավարության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունների կատարման հարցը: Կառավարությունը չի ներկայացրել պահանջվող որոշման պատճենը: 2013թ. նոյեմբերի 30-ին և 2013թ. հունվարի 17-ին Մեծ Պալատում տեղի ունեցած դատավարության ընթացքում Կառավարությունը մի շարք լրացուցիչ փաստաթղթեր է ներկայացրել, որոնց թվում, այնուամենայնիվ, չկար 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 38-րդ հոդվածը պահանջում է պայմանավորվող պետություններից Դատարանին ապահովել բոլոր անհրաժեշտ միջոցներով, երբ այն իրականացնում է փաստերի պարզման հետաքննություն կամ գանգատների քննության իր ընդհանուր պարտականությունները: Տիրապետելով իր ընթացակարգերին և սեփական կանոններին Դատարանն օժտված է լիակատար ազատության գնահատել ոչ միայն ընդունելիությունը և նշանակությունը այլ նաև իրեն ներկայացված յուրաքանչյուր ապացույցի ապացուցողական նշանակությունը: Միայն Դատարանը կարող է որոշել, թե արդյոք և որքանով է կոնկրետ վկայի մասնակցությունը նշանակալի փաստերի իր գնահատման համար և ինչպիսի ապացույցներ պետք է ներկայացնեն կողմերը` գործի պատշաճ քննության իրականացման նպատակով: Կողմերը պարտավոր են կատարել Դատարանի` ապացույցներին վերաբերող պահանջները և հրահանգները, ժամանակին տեղեկություններ տրամադրել դրանց կատարման ցանկացած խոչընդոտի վերաբերյալ և ողջամիտ կամ համոզիչ բացատրություններ ներկայացնեն պահանջների չկատարման դեպքում (Տե՛ս վերը նշված Դավիդովը և այլոք (Davydov and Others),կետ 174; Նևմերժիցկին ընդդեմ Ուկրաինայի (Nevmerzhitsky v. Ukraine), թիվ 54825/00, կետ 77, ՄԻԵԴ 2005-II (քաղվածքներ); և Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորությանը (Ireland v. the United Kingdom), 18 հունվարի 1978թ., կետ 210, Սերիա A թիվ 25). Այդ իսկ պատճառով էական է, որ Դատարանը պահանջվող փաստաթղթում պարունակվող ապացույցն անհրաժեշտ է համարել սուն գործով փաստերի հաստատման համար (Տե՛ս Դեդովսկին և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Dedovskiy and Others v. Russia), թիվ 7178/03, կետ 107, ՄԻԵԴ 2008 (քաղվածքներ), և Ախմադովան և Սադուլաևան ընդդեմ Ռուսաստանի (Akhmadova and Sadulayeva v. Russia), թիվ 40464/02, կետ 137, 10 մայիսի 2007թ.): Դատարանի հետաքննության համար բոլոր անհրաժեշտ միջոցների ապահովման` Կոնվենցիայի 38-րդ հոդվածից բխող պարտավորության ածանցյալ բնույթի կապակցությամբ` Դատարանը կրկնում է, որ սույն պարտավորությունը բխում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով սահմանված անհատական գանգատների ներկայացման իրավունքի արդյունավետ իրագործմանը չխոչընդոտելու պարտականությունից: Իսկապես, սույն իրավունքի արդյունավետ իրականացումը կարող է խոչընդոտվել Մասնակից պետության կողմից Դատարանին գործին վերաբերող վոլոր հանգամանքները քննության առնելու գործում չաջակցելու դեպքում, ներառյալ, մասնավորապես, Դատարանի կողմից այդ նպատակով առանցքային համարվող ապացույցների չտրամադրման դեպքում: Երկու դրույթներն էլ փոխգործակցում է դատավարության արդյունավետ իրականացումը երաշխավորելու համար և դրանք վերաբերում է ավելի շատ ընթացակարգային հարցերին կան դիմումատուների գանգատների էությանը` Կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների նյութական նորմերին համապատասխան: Չնայած Դատարանի վճռի կառուցվածքն ավանդաբար արտացոլում է Կոնվենցիայի հոդվածների համարակալումը, Դատարանը նաև սովորույթի համաձայն ի սկզբանե քննության է առնում Կառավարության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր ընթացակարգային պարտականությունների կատարումը` հատկապես, եթե բացասական եզրահանգումներ են բխում Կառավարության կողմից պահանջվող ապացույցները չներկայացնելու արդյունքում (Տե՛ս, ի թիվս այլ գործերի, Շախգիրիևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Shakhgiriyeva and Others v. Russia), թիվ 27251/03, կետեր 134-140, 8 հունվարի 2009թ., Ուստաևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի (Utsayeva and Others v. Russia), թիվ 29133/03, կետեր 149-153, 29 մայիսի 2008, Զուբայրաևն ընդդեմ Ռուսաստանի (Zubayrayev v. Russia), թիվ 67797/01, կետեր 74-77, 10 հունվարի 2008թ., and վերը նշված Տանգիևան` կետեր 73-77): Սրա հետ կապված Դատարանը նաև հիշեցնում է, որ այն կարող է արձանագրել պատասխանող պետության կողմից ընթացակարգային պարտավորության չկատարում, նույնիսկ Կոնվենցիայով սահմանված հիմնական իրավունքների խախտման որևէ ընդունելի գանգատի բացակայության դեպքում (տե՛ս Պոլեսչուկն ընդդեմ Ռուսաստանի (Poleshchuk v. Russia), թիվ 60776/00, 7 հոկտեմբերի 2004թ.: Բացի այդ, չի պահանջվում, որպեսզի Կառավարության ենթադրյալ միջամտությունը իրականում սահմանափակի կամ զգալի ազդեցություն ունենա անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի իրականացման համար (տե՛ս ՄկՇեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության (McShane v. the United Kingdom), թիվ 43290/98, կետ 151, 28 մայիսի 2002թ.): Դատարանը հաստատում է, որ Պայմանավորվող կողմի ընթացակարգային պարտավորությունները Կոնվենցիայի 34 և 38-րդ հոդվածների համաձայն պետք է կատարվեն անկախ դատական քննության վերջնական արդյունքից, և այնպես, որպեսզի խուսափեն դիմումատուների կամ իրենց ներկայացուցիչների վրա ցանկացած իրական կամ պոտենցիալ բացասական ազդեցությունից: Անդրադառնալով Կառավարության` պահանջված որոշման պատճենները չտրամադրելու հիմնավորմանը, Դատարանը նշել է, որ Կառավարությունը հատկապես նշել է այն, որ այդ որոշումը օրինական կերպով գաղտնագրված է եղել ներպետական մակարդակով, և որ գոյություն ունեցող օրենքները և նորմատիվ ակտերը թույլ չեն տալիս Կառավարությանը փոխանցել գաղտնի նյութեր միջազգային կազմակերպություններին` դրանց գաղտնիության երաշխիքների բացակայության պայմաններում: Դատարանը հիշեցնում է, որ Ռուսաստանի դեմ մեկ այլ գործով այն արդեն ընդունել է, որ հասարակ հղումը ներքին օրենսդրության կառուցվածքային թերությունների վրա, որոնք անհնար են դարձնում գաղտնի փաստաթղթերի փոխանցումը միջազգային մարմիններին, չի հանդիսանում բավարար արդարացում Դատարանի կողմից հարցված տեղեկությունը թաքցնելու համար (տե՛ս վերը` Նոլան և Կ., կետ 56): Այն նաև ավելի վաղ մերժել է նմանատիպ առարկություններ Ռուսական Կառավարությանը` կապված Դատարանի ընթացակարգում վիճարկվող երաշխիքների բացակայության հետ, որոնք կերաշխավորեին փաստաթղթերի գաղտնիությունը կամ սանկցիաներ կկիրառեին օտարազգի քաղաքացիների վրա գաղտնիության խախտման համար (տե՛ս վերը` Շախգիրիևան և այլոք (Shakhgiriyeva and Others), կետեր 136-140): Սրա հետ կապված Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիան հանդիսանում է միջազգային պայմանագիր` համաձայն pacta sunt servanda սկզբունքի, ամրագրված Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի Կոնվենցիայի 26-րդ հոդվածում, պարտադիր է պայմանավորվող կողմերի համար և պետք է կատարվի նրանց կողմից բարեխղճորեն: Վիեննայի Կոնվենցիայի 27-րդ հոդվածի համաձայն, ներպետական իրավունքի դրույթները չեն կարող արդարացում համարվել Պայմանավորվող պետության կողմից իր պայմանագրային պարտավորությունները կատարելուց հրաժարվելու համար: Կոնվենցիայի 38-րդ հոդվածի բովանդակությունից բխող պարտավորության համատեքստում այդ պահանջը նշանակում է, որ պատասխանող պետությունը չի կարող հղում կատարել ներքին իրավական խոչընդոտների վրա, ինչպիսիք են, օրինակ, այլ պետական մարմնի հատուկ որոշման բացակայությունը, որպեսզի արդարացնի այն, որ Դատարանի կողմից գործը քննելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը չէ, որ տրամադրվել են: Դատարանը մնում է այն անփոփոխ կարծիքին, որ կառավարությունները կրում են Կոնվենցիայով սահմանված պատասխանատվություն ցանկացած պետական մարմնի գործողությունների համար, քանի որ Դատարանում քննվող բոլոր գործերը կապված են պետության միջազգային պատասխանատվության հետ (տե՛ս Լուկանովն ընդդեմ Բուլղարիայի (Lukanov v. Bulgaria), 20 մարտի 1997թ, կետ 40, Զեկույցներ 1997 II): Չնայած նրան, որ Մեծ Պալատում քննության ժամանակ Կառավարությունը ներկայացրել է ազգային դատարանների որոշումների պատճենները գաղտնագրման վերաբերյալ, սակայն ոչ մի կերպ չի պարզաբանել անվտանգության խնդիրների կոնկրետ բնույթը, որոնց հիման վրա որոշում է ընդունվել քրեական գործի մի մասի, ներառյալ Դատարանի պահանջած 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման, գաղտնագրման մասին: Հայտնի է դարձել, որ գաղտնագրման մասին որոշումն ընդունվել է ոչ թե Գլխավոր զինվորական դատախազության կողմից սեփական նախաձեռնությամբ, այլ Անվտանգության դաշնային ծառայության որոշ ներկայացուցիչների կարծիքների հիման վրա, ովքեր «իրավունք ունեին իրենց հայեցողությամբ տնօրինել տեղեկությունը, որը պարունակվում էր Գլխավոր զինվորական դատախազության որոշման մեջ»: Նաև հայտարարվել է, որ 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշումը պարունակում է տեղեկություն «հետախուզության, հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառից», առանց հետագա պարզաբանումների (տե՛ս վերը` կետ 64): Դատարանը կրկնել է, որ ազգային իշխանությունների որոշումները ազգային անվտանգության նկատառումների առկայության մասին ամեն մասնավոր գործում` բավականին դժվար է վիճարկել: Այնուամենայնիվ, նույնիսկ այն դեպքում, երբ ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է, ժողովրդավար հասարակությունում օրինականության և օրենքի գերակայության հասկացությունները պահանջում են, որպեսզի ձեռնարկված միջոցները, որոնք առնչվում են մարդու հիմնական իրավունքներին, այս կամ այն կերպ ենթարկվեն մրցակցային ընթացակարգերի անկախ մարմնի առաջ, ով իրավասու է վերանայել որոշման պատճառները և համապատասխան ապացույցները: Գործադիր իշխանության պնդումը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին արդյունավետ վիճարկելու հնարավորության բացակայության դեպքում պետական մարմինները կարող են կամայականորեն խախտել Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները (տե՛ս վերը` Լիու (Liu), կետեր 85-87, և Ալ Նասիֆն ընդդեմ Բուլղարիայի (Al Nashif v. Bulgaria), թիվ 50963/99, կետեր 123 և 124, 20 հունիսի 2002թ.): Տվյալ գործում, 2010թ. նոյեմբերի 2-ի Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումը, որը ուժի մեջ է թողնվել Վճռաբեկ դատարանի կողմից, չի պարունակում գործի նյութերի գաղտնագրման պատճառների առարկայական վերլուծություն: Պարզ չէ նույնիսկ, թե արդյոք քաղաքային դատարանին ներկայացվել է Անվտանգության դաշնային ծառայության փորձագետների եզրակացության պատճենը: Ազգային դատարանները ինչպես հարկն է չեն քննել գործադիրի այն պնդումը, որ տեղեկությունը, որը ներառվում է այդ որոշման մեջ պետք է պահվի գաղտնի դեպքերից հետո ավելի քան յոթանասուն տարի: Նրանք սահմանափակվել են նրանով, որ համոզվել են, որ գաղտնագրման մասին որոշումն ընդունվել է համապատասխան մարմինների վարչական իրավասությունների շրջանակներում, չվերլուծելով այն հարցը, թե արդյոք եզրակացությունը, որ գաղտնագրումը վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար, բավականաչափ հիմնավորված է: Ռուսական դատարանները չեն դիտարկել ըստ էության «Մեմորիալի» փաստարկները, առ այն, որ այդ որոշումը հանգեցրել է անզեն բանտարկյալների մասսայական սպանության հետաքննության ավարտին, այսինքն մարդու իրավունքների ամենամեծ խախտումներից մեկի, իրականացված Խորհրդային ամենաբարձր պաշտոնատար անձանց հրամանով, այդ իսկ պատճառով այն չի կարող դասակարգվել որպես գաղտնի` համաձայն Պետական գաղտնիքի մասին օրենքի 7-րդ հոդվածի: Եվ վերջապես, նրանք չեն պահպանել հավասարակշռությունը մի կողմից Անվտանգության դաշնային ծառայությանը պատկանող տեղեկության պաշտպանության հնարավոր անհրաժեշտության և մյուս կողմից նախկին տոտոլիտար ռեժիմի հանցագործությունների թափացիկ քննության հանրային շահի և զոհերի հարազատների` նրանց մահվան հանգամանքները պարզելու մասնավոր շահի միջև: Հաշվի առնելով գաղտնագրման որոշման ներպետական դատական վերանայման սահմանափակ մասշտաբը, Դատարանը չի կարող համաձայնել, որ իր պահանջած` 2004թ. սեպտեմբերի 21-ի որոշման պատճենի տրամադրումը կարող էր ազդեցություն ունենալ Ռուսաստանի ազգային անվտանգության վրա: Վերջապես, Դատարանն ընդգծել է, որ ազգային անվտանգության օրինական շահերի հետ կապված խնդիրները կարող էին լուծվել համապատասխան ընթացակարգային մեխանիզմների շնորհիվ, ներառյալ փաստաթղթի սահմանափակ մատչելիությունը` Դատարանի կանոնների 33-րդ կանոնի համաձայն, կամ, ծայրահեղ դեպքում, անցկացնել դռնփակ նիստ: Չնայած Ռուսաստանի Կառավարությունը լիարժեք տեղեկացված էր այդպիսի հնարավորությունների մասին, այն չի դիմել այդ միջոցների ձեռնարկման խնդրանքով, չնայած, հենց գաղտնիություն պահանջող կողմը պետք է անի դա և հիմնավորի այդ խնդրանքը: Հետևաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածով իր վրա դրված պարտավորությունը` կապված Դատարանի կողմից պահանջված փաստաթղթի պատճենը տրամադրելու իր մերժման հետ:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»
Ա. Վնաս Դիմումատուներ` պրն Եժի Կարոլ Մալեվիչը, պրն. Յանովեցը և պրն. Տրիբովսկին պահանջել են վնասի փոխհատուցում տրամադրել իրենց հայրերի և պապու կորստի համար համապատասխանաբար: Բոլոր դիմումատուները նույնպես պահանջել են վճարել ոչ նյութական վնասի փոխհատուցում` կապված Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների վիճարկվող խախտման հետ, արդարացի փոխհատուցման չափերի որոշումը թողնելով Դատարանի հայեցողությանը: Կառավարությունը վիճարկել է այս պահանջները: Դատարանը եզրակացնում է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների խախտում, ինչի մասին գանգատվել են դիմումատուները: Ռուսաստանի կառավարության կողմից 38-րդ հոդվածի խախտումը հանդիսանում է ընթացակարգային հարց, որը չի պահանջում դիմումատուներին վնասի փոխհատուցման տրամադրում: Համապատասխանաբար, Եվրոպական դատարանը մերժում է դիմումատուների պահանջը` կապված նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցման հետ:
Բ. Ծախսեր և ծախքեր
Դիմումատուները պահանջել են վճարել հետևյալ գումարները. (i) 25024,82 եվրո որպես փոխհատուցում պրն. Շեվչիկի իրավաբանական ծառայությունների վճարի դիմաց (չներառելով Դատարանի կողմից ստացված իրավական օգնությունը), (ii) 7000 եվրո որպես իրավաբանական ծառայությունների դիմաց փոխհատուցում պրն. Կարպինսկուն և տիկին Ստավիցկուն` ռուսական դատարաններում դատական գործերի համար, (iii) 7581 եվրո և 1199,25 զլոտի տրանսպորտային ծախսերի և Պալատում նիստի ժամանակ թարգմանչի ծառայությունների դիմաց վճարի փոխհատուցում, (iv) 4129 եվրո տրանսպորտային և բնակության ծախսերի փոխհատուցում` կապված փաստաբանների և դիմումատուների` Մեծ Պալատի լսումներին և այն լսումներին նախապատրաստության և մասնակցության հետ, որոնցում կայացվել է Պալատի որոշումը (v) 124 եվրո փոխհատուցում Մեծ Պալատի դատավարությունների հետ կապված թարգմանչի ծառայության և փոստային ծախսերի համար: Բացի այդ, դիմումատու պրն. Եեժի Կարոլլ Մալլեվիչը պահանջել է վճարել իրեն 2219,36 ԱՄՆ դոլար որպես տրանսպորտային ծախսերի և իր ու իր աղջկա բնակության ծախսերի փոխհատուցում, որոնք իրենք կրել են Պալատի լսումներին ներկայանալու համար: Կառավարությունը նշել է, որ պրն. Շևչիկի վարձատրությունը չափազանց է, որ գործուղման ծախսերի վճարման անհրաժեշտությունը չի ապացուցվել համոզիչ կերպով, և որ երկու ռուսական կողմի փաստաբաններ մասնակցել են միայն ներպետական «ռեաբիլիտացիոն» դատավարությանը, որը դուրս է սույն գործի սահմաններից: Բացի այդ ռուսական կողմի փաստաբանի պահանջները հիմնված չեն ոչ մի սակագնի վրա և կապված չեն փաստացի կատարված աշխատանքի ծավալի վրա: Դիմումատուների ծախսերը` կապված Պալատի և Մեծ պալատի լսումներին ներկա գտնվելու հետ անհրաժեշտ չէին, քանի որ դիմումատուներին ներկայացնում էր երեք փաստաբաններից կազմված խումբը: Վերջապես, իրենց սեփական խոսքերով, պրն. Կամինսկին և պրն. Սոչանսկին իրավաբանական օգնություն էին տրամադրել անհատույց հիմունքներով, ինչը, Կառավարության կարծիքով, իրավունք չի տալիս իրենց պահանջել որևիցե պարգևատրում գործը նախապատրաստելու համար: Դատարանը կրկնում է, որ չի գտել որևէ խախտում որոնցից գանգատվել էին դիմումատուները: Այնուամենայնիվ Դատարանն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Կոնվենցիայի 38-րդ հոդվածի խախտումը լրացուցիչ աշխատանք է ստեղծել դիմումատուների ներկայացուցիչների համար, ովքեր պետք է անդրադառնային այս հարցին գրավոր և բանավոր գանգատներում: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ գումարները, որոնք վճարվել են ներկայացուցիչներին իրավաբանական օգնության դիմաց, բավարար էին այս հանգամանքներում: Հետևաբար, Եվրոպական դատարանը մերժում է ծախսերի մասին պահանջները:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ
Վճռում է միաձայն, որ պրն. Պետր Մալեվիչը և պրն. Կազիմիր Ռաչինսկին կարող են պաշտպանել գանգատը հանգուցյալ պրն. Կշիշտով Յանա Մալեվիչի և հանգուցյալ տիկին Գալինա Միխալսկոյի փոխարեն համապատասխանաբար,
Վճռում է ձայների տասներեք կողմ և չորս դեմ հարաբերակցությամբ, որ Դատարանն օժտված չէ գանգատը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն քննելու իրավազորությամբ,
Վճռում է ձայների տասներկու կողմ և հինգ դեմ հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել,
Վճռում է միաձայն, որ պատասխանող պետությունը չի կատարել Կոնվենցիայի 38-րդ հոդվածով սահմանված իր պարտավորությունները,Մերժում է ձայների տասներկու կողմ և հինգ դեմ հարաբերակցությամբ, դիմումատուների փոխհատուցման պահանջները:
Կատարվել է անգլերենով և ֆրանսերենով և հրապարակվել դռնբաց նիստում` 2013թ. հոկտեմբերի 21-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում:
Էրիկ Ֆրիբերգ Ժոսեֆ Կասադևալ Քարտուղար Նախագահող
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնների 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն, հետևյալ չհամընկնող կարծիքները ներկայացված են սույն վճռի հավելվածում:
(ա)Դատավոր Գյուլումյանի համընկնող կործիքը,
(բ) Դատավոր Դեդովի համընկնող կարծիքը,
(գ) Դատավոր Վոժտիցզեկի մասնակի համընկնող, մասնակի չհամընկնող կարծիքը,
(դ) Դատավորների Զիեմելեյի, դե Գաետանոյի, Լաֆֆրանկի և Կելլերի միացյալ մասնակի չհամընկնող կործիքները:
Ջ.Կ.*.
Է.Ֆ.*.
*Հատուկ կարծիքները» չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակում կամ տարբերակներում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայում` HUDOC-ում:
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy