© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
JONES-Ը ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎԱՐՈՒԹՅԱՆ
(Գանգատներ թիվ 34356/06 և թիվ 40528/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
14 հունվար, 2014թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
02/06/2014
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Jones-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Ineta Ziemele-ն, Նախագահ,
Päivi Hirvelä-ն,
George Nicolaou-ն,
Ledi Bianku-ն,
Zdravka Kalaydjieva-ն,
Vincent A. De Gaetano-ն,
Paul Mahoney-ն, դատավորներ,
և Françoise Elens-Passos-ը, Բաժանմունքի քարտուղար,
2013թ. դեկտեմբերի 10-ին կայացած դռնփակ նիստում,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն` դիմումատուների կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բերված երկու գանգատների (թիվ 34356/06 և թիվ 40528/06) հիման վրա: Առաջին գանգատը ներկայացրել է Բրիտանիայի քաղաքացի` պրն. Ronald Grant Jones-ը՝ ծնված 1953 թվականին: Նրա գանգատը ներկայացվել է 2006թ. հուլիսի 26-ին: Երկրորդ գանգատը ներկայացրել են դիմումատուներ պրն. Alexander Hutton Johnston Mitchell-ը, պրն. William James Sampson-ը և պրն. Leslie Walker-ը: Նրանք նույնպես հանդիսանում են Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, ովքեր համապատասխանաբար ծնվել են 1955, 1959 և 1946 թվականներին: Պրն. Sampson-ը միաժամանակ նաև Կանադայի քաղաքացի է: Նրանց գանգատը ներկայացվել է 2006թ. սեպտեմբերի 22-ին:
2. Պրն. Jones-ին ներկայացրել է Լոնդոնում գործունեություն ծավալող «Kingsley Napley LLP» փաստաբանական գրասենյակի փաստաբան պրն. G. Cukier-ը: Պրն. Mitchell-ին, պրն. Sampson-ին և պրն. Walker-ին տրամադրված իրավաբանական օգնության արդյունքում վերջիններիս շահերը ներկայացրել է Լոնդոնում գործունեություն ծավալող «Bindmans LLP» փաստաբանական գրասենյակի փաստաբան տկն. T. Allen-ը: Միացյալ Թագավորության Կառավարությանը («Կառավարություն») ներկայացրել է պետության լիազոր ներկայացուցիչ պրն. J. Grainger-ը՝ Արտաքին գործերի և բրիտանական համագործակցության գրասենյակից։
3. Դիմումատուները, մասնավորապես, պնդել են, որ պրն. Jones-ի գործով Սաուդյան Արաբիայի Թագավորությանը և երկու գործերով առանձին պատասխանողներին քաղաքացիական վարույթի շրջանակում անձեռնմխելիության շնորհելը հանդիսացել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագված դատարան դիմելու իրավունքի նկատմամբ անհամաչափ միջամտություն:
4. 2009թ. սեպտեմբերի 15-ին գանգատներն ուղարկվել են Կառավարությանը: Որոշվել է նաև իրականացնել գործի ընդունելիության և ըստ էության միաժամանակյա քննություն (Կոնվենցիայի հոդված 29 § 1):
5. Պալատի նախագահը Redress Trust («REDRESS»), Amnesty International, the International Centre for the Legal Protection of Human Rights («INTERIGHTS») և JUSTICE կազմակերպություններին («երրորդ կողմ») թույլատրել է մասնակցել գրավոր ընթացակարգին (Կոնվենցիայի հոդված 36 § 2 և Կանոն 44 § 2): Վերջիններս ներկայացրել են համատեղ գրավոր դիտողություններ:
6. Դիմումատուները խնդրել են դատական լսումներ անցկացնել, սակայն 2011թ. նոյեմբերի 29-ին Պալատը որոշել է սույն գործով նիստ չգումարել:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Ա. Խոշտանգումների վերաբերյալ պրն. Jones-ի հայտարարությունները և ներկայացված հայցը
7. 2001թ. մարտի 15-ին, Սաուդյան Արաբիայի Թագավորությունում բնակվելու և աշխատելու ընթացքում պրն. Jones-ը թեթև վնասվածք էր ստացել այն բանից հետո, երբ ռումբը պայթել էր Riyadh-ի գրախանութներից մեկի մոտակայքում: Նա պնդում էր, որ դրա հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի գործակալները նրան դուրս են բերել հիվանդանոցից և 67 օր շարունակ անօրինական կալանքի տակ պահել: Այդ ընթացքում Jones-ը խոշտանգման էր ենթարկվել փոխգնդապետ Abdul Aziz-ի կողմից: Մասնավորապես, նա պնդում էր, որ ձեռնափայտով հարվածներ են հասցվել ափերին, ոտնաթաթերին, ձեռքերին և ոտքերին, ապտակել ու հարվածել են երեսին, ձեռքերից կախված օդում երկար ժամանակ պահել են, շղթայել ոտքերը, զրկել քնից և հոգեմետ դեղեր տվել:
8. Պրն. Jones-ին վերադարձրել են Միացյալ Թագավորություն, որտեղ անցկացված բժշական զննության արդյունքում պարզվել է, որ մարմնի վրայի վնասվածքները հաստատում են նրա կողմից ներկայացված հաղորդման մեջ տեղ գտած փաստագրումները և նրա մոտ հայտաբերված ծանր հետվնասվածքային սթրեսային խանգարումը:
9. 2002թ. մայիսի 27-ին պրն. Jones-ը հայց էր ներկայացրել Բարձր դատարան ընդդեմ «Սաուդյան Արաբիայի Թագավորության Ներքին գործերի նախարարության» և փոխգնդապետ Abdul Aziz-ի` inter alia պահանջելով խոշտանգումների դիմաց փոխհատուցում: Հայցի նկարագրական մասում փոխգնդապետ Abdul Aziz-ը ներկայացված էր որպես Սաուդյան Արաբիայի պաշտոնյա կամ ներկայացուցիչ: Դատական ծանուցագիրը Սաուդյան Արաբիա էր ուղարկվել այդ ժամանակ նրա փաստաբանների միջոցով, սակայն վերջիններս հստակ կերպով նշել էին, որ իրենք իրավասու չեն դատական ծանուցագիրն փոխանցել փոխգնդապետ Abdul Aziz-ին:
10. 2003թ. փետրվարի 12-ին Սաուդյան Արաբիան միջնորդել էր հայցը հանել գործերի ցուցակից այն հիմքով, որ Սաուդյան Արաբիան, ինչպես նաև դրա պաշտոնյաները և ներկացուցիչներն օգտվում են անձեռնմխելիությունից և որ Անգլիայի դատարանները տվյալ դեպքում իրավազորություն չունեն: Պրն. Jones-ը դատարանից թույլտվություն էր խնդրել այլընտրանքային եղանակով դատական ծանուցագիրը հանձնել փոխգնդապետ Abdul Aziz-ին: 2003թ. հուլիսի 30-ի վճռով Բարձր դատարանի նախագահը որոշել էր, որ Սաուդյան Արաբիան` 1978թ. Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն («1978թ. օրենք», տե՛ս ստորև` 39-րդ պարբերությունը) իրավունք ուներ օգտվել անձեռնմխելիությունից: Դատարանի նախագահը նաև վճռել է, որ փոխգնդապետ Abdul Aziz-ը` նույն օրենքի համաձայն նույնպես օգտվում էր անձեռնմխելիությունից և մերժել էր թույլատրել այլընտրանքային եղանակով նրան դատական ծանուցագրի հանձնումը: Պրն. Jones-ը վճռի դեմ Վերաքննիչ դատարան բողոք էր բերել:
Բ. Խոշտանգումների վերաբերյալ պրն. Mitchell-ի, պրն. Sampson-ի և պրն. Walker-ի հայտարարությունները և ներկայացված հայցերը
11. Պրն. Mitchell-ը և պրն. Sampson-ը ձերբակալվել են Riyadh քաղաքում 2000թ. դեկտեմբերին: Պրն. Walker-ը ձերբակալվեր էր նույն վայրում 2001թ. փետրվարին: Բոլոր երեք դիմումատուները պնդել են, որ կալանքի տակ գտնվելու ժամանակ նրանք ենթարկվել են տևական և պարբերական խոշտանգումների, այդ թվում` հարվածներ ստացել ոտնաթաթերին, ձեռքերին, ոտքերին և գլխին, ինչպես նաև զրկվել քնից: Պրն. Sampson-ը պնդել է, որ իրեն հետանցքից բռնաբարել են: Դիմումատուներն ազատ էին արձակվել և 2003թ. օգոստոսի 8-ին վերադարձվել Միացյալ Թագավորություն: Նրանցից յուրաքանչյուրը բժշկական եզրակացություն էր ձեռք բերել առ այն, որ նրանց վնասվածքները համապատասխանում են իրենց հաղորդումներում տեղ գտած փաստագրումներին:
12. Դիմումատուները որոշել էին հայց ներկայացնել Բարձր դատարան ընդդեմ այն չորս անձանց, ում նրանք համարում էին պատասխանատու, այն է` երկու ոստիկանների, այն բանտի կառավարչի տեղակալի, որտեղ նրանք պահվում էին, և Ներքին գործերի նախարարի, ով հավանաբար խոշտանգումների իրականացմանը հավանություն էր տվել: Դիմումատուներն այնուհետև միջնորդել են դատական ծանուցագիրը հանձնել պատասխանող չորս անձանց, ովքեր գտնվում էին դատարանի իրավազորությունից դուրս: 2004թ. փետրվարի 18-ին դատարանի նույն նախագահի կողմից, ով քննել էր պրն. Jones-ի հայցը, այդ միջնորդությունը մերժվել էր, որի հիմքում դատարանը դրել էր հենց պրն. Jones-ի գործով կայացված համանման որոշումը: Սակայն, դատարանի նախագահը նշել է, որ ավելի լիարժեք փաստարկներ է լսել, քան պրն. Jones-ի կողմից իր գործով բերված փաստարկները, և մեջբերել.
«... [Ե]թե սույն գործն ինձ մակագրվեր որպես առանձին մի հայց, նախքան ես որոշում կկայացնեի Jones-ի գործով ... հնարավոր է, որ ես թույլատրեի դատական ծանուցագիրը հանձնել դատարանի իրավազորությունից դուրս ընկած մի տարածքում այն հիմքով, որ ըստ իս, անհրաժեշտ է պատասխանողներին հնարավորություն տալ ներկայացնելու իրենց փաստարկներն այն հարցի շուրջ, թե արդյոք այս դատարանն իրավասու է քննել իրենց դեմ հարուցված հայցը»:
13. Դատարանի նախագահի թույլտվությամբ` դիմումատուները բողոքարկել են որոշումը Վերաքննիչ դատարան:
Գ. Վերաքննիչ դատարանի վճիռը
14. Երկու գործերն այնուհետև միացվել են մեկ վարույթում, իսկ 2004թ. հոկտեմբերի 28-ին Վերաքննիչ դատարանը կայացրել է իր վճիռը: Վերաքննիչ դատարանը միաձայն մերժել է պրն. Jones-ի բողոքը դատարանի նախագահի կողմից կայացված այն որոշման դեմ, որով վերջինս չի թույլատրել դատական ծանուցագիրը հանձնել Սաուդյան Արաբիային, այսինքն` իր իրավազորությունից դուրս ընկած մի տարածքում: Սակայն, Վերաքննիչ դատարանը վարույթ էր ընդունել այն բողոքները, որոնք ներկայացվել էին յուրաքանչյուր գործով կայացված մերժման այն որոշման դեմ, որով չէր թույլարտել ծանուցել առանձին պատասխանողներին:
15. Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի Թագավորության անձեռնմխելիության հարցին, ապա լորդ դատավոր Mance-ը, որի հետ համակարծիք էին լորդ դատավոր Phillips-ը և լորդ դատավոր Neuberger-ը, չի համաձայնվել շեղվելու սույն Դատարանի դիրքորոշումից, որն արտահայտված է Al-Adsani-ն ընդդեմ Միացյալ Թագավարության [ՄՊ] գործով, թիվ 35763/97, ՄԻԵԴ 2001‑XI: Նա այնուհետև գտել է, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին կետը, որով յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի խոշտանգումների զոհը ստանա փոխհատուցում, և այն չպետք է այնպես մեկնաբանել, ըստ որի խոշտանգման գործողությունների համար պետությունը պարտավորվում է տրամադրել փոխհատուցում, երբ այդ գործողությունները կատարվել են մեկ այլ պետության կողմից` այդ նույն պետության տարածքում:
16. Առանձին պատասխանողների անձեռնմելիության հարցի կապակցությամբ լորդ դատավոր Mance-ը հաշվի է առել ներպետական և այլ երկրների դատարանների նախադեպային իրավունքը, որով ճանաչվում է պետության ratione materiae անձեռնմխելիությունը պետության ներկայացուցիչների գործողությունների նկատմամբ: Սակայն, նա նշել է, որ այդ գործերից և ոչ մեկը չի առնչվել այնպիսի մի վարքագծի հետ, որը պետք է դիտել որպես պետական իշխանությունը պատշաճ կերպով իրականացնելու շրջանակից դուրս գործունեություն կամ միջազգային հանցագործություն, առավել ևս՝ պարբերական խոշտանգումներ: Նա չէր գտնում, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածում տեղ գտած խոշտանգում եզրույթի սահմանումը, որը ցանկացած գործողություն է, «որը կատարվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից, կամ նրանց հրահրմամբ կամ գիտությամբ կամ լռելյայն համաձայնությամբ» (տե՛ս ստորև` 59-րդ պարբերությունը), դիմումատուների գործերով որոշիչ դեր է խաղացել.
«71. ... Տարակուսանք է առաջացնում այն, որ «պաշտոնապես հանդես եկող» արտահայտությամբ կարծես հղում է կատարվում «պետական պաշտոնյային»: Այն նպատակների տեսակները, որոնք ընկած են հասցված ցանկացած վնասի կամ տառապանքների հիմքում ... պետական պաշտոնյայի պարագայում կարծես թե բավարար զսպիչ դեր են խաղում: Եթե դա այդպես է, ապա այն պահանջը, համաձայն որի վնասը կամ տառապանքը պետք է հասցված լինի պետական պաշտոնյայի կողմից, ըստ իս՝ ոչ ավելին է քան պարզապես մեղավոր անձի, ինչպես նաև հանրային այն ենթատեքստի բացահայտում, որի շրջանակում հանցագործություն կատարող անձը գործել է: Այն խոշտանգման գործողություններին ինքնին չի վերագրում որևէ պաշտոնական կամ կառավարման հատկանիշներ կամ բնույթ կամ չի նշանակում, որ խոշտանգումներ կատարելը կարելի է համարել պետական լիազորությունների շրջանակում կատարված որևէ գործառույթ, կամ որ նման ցավ ու տառապանք հասցնելու ընթացքում պետական պաշտոնյան կարող է ներկայացնել իր պետությունը: Մանավանդ, որ դա չի ենթադրում, որ նման ցավ ու տառապանք հասցնող պաշտոնյան պետք է օգտվի պետական անձեռնմխելիությունից ... Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդհանուր ուղղվածության մեջ է մտնում ընդգծել խոշտանգումների համար պետական պաշտոնյաների անհատական պատասխանատվությունը ...»
17. Լորդ դատավոր Mance-ը կարևոր չէր համարել այն, որ պրն. Jones-ի հայցում փոխգնդապետ Abdul Aziz-ը ներկայացված էր որպես Սաուդյան Արաբիայի «պաշտոնյա կամ ներկայացուցիչ»: Նա նույնպես համակարծիք չէր արտահայտված այն մտքի հետ, որ քրեական և քաղաքացիական իրավունքի միջև ընկած հիմնական տարբերությունները կարող են հիմնավորել այս երկու համատեքստերում անձեռնմխելիություն կիրառելու տարբերակված մոտեցումները: Նա նշել է, որ Pinochet-ի (թիվ 3) (տե՛ս ստորև` 44-56 պարբերությունները) գործով Լորդերի պալատը վճռել է, որ պաշտոնատար անձը չի կարող քրեական հետապնդման ժամանակ օգտվել անձեռնմխելիությունից, եթե վերջինս արտերկրում իր լիազորությունների կատարման ընթացքում խոշտանգում է կատարել: Հեշտ չէ հասկանալ, թե ինչու ենթադրյալ խոշտանգողի դեմ հարուցված քաղաքացիական վարույթը կարող է ավելի մեծ միջամտություն ունենալ օտարերկրա պետության ներքին գործերին, քան նույն անձի նկատմամբ հարուցված քրեական գործը: Անհեթեթ էր նաև այն, որ եթե խոշտանգող անձը գտնվեր մի պետության տարածքում, որն իրավասու էր քննել իր գործը, ապա Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերջինս քրեական հետապնդման կենթարկվեր (տե՛ս ստորև` 62-րդ պարբերությունը), ինչպես նաև չէր կարող օգտվել անձեռնմխելիությունից, մինչդեռ ենթադրյալ խոշտանգման զոհը չէր կարող քաղաքացիական հայց ներկայացնել: Բացի այդ, որևէ հիմքեր չկային ենթադրելու, որ քաղաքացիական ընթացակարգով քննվող գործի շրջանակում հնարավոր էր որոշում կայացնել, ըստ որի պետությունը պետք է հատուցեր կամ այլ կերպ նյութապես ապահովեր իր պաշտոնյաներից որևէ մեկի կատարած արարքների հետևանքով առաջացած վնասները, երբ ապացուցվեր, որ վերջինս պարբերաբար խոշտանգումներ է կատարել:
18. Լորդ դատավոր Mance-ը այն կարծիքի էր, որ «արդյո՞ք անգլիական դատարանները կարող են քննել անհատների դեմ հարուցված հայցերը» հարցադրման պատասխանը ավելի ճիշտ է գտնել ոչ թե ապավինելով անձեռնմելիությանը, այլ այն բանին, թե արդյո՞ք անգլիական դատարաններին այդ հայցերը ընդդատյա են: Այդ հարցը որոշելու համար մի շարք գործոններ պետք է հաշվի առնվեն, այդ թվում` վիճարկվող հարցերի դյուրազգացությունը և անգլիական դատարանների իրավասությունը` մերժելու վարույթ ընդունել նման հայցերը այն հիմքով, որ Անգլիայում նման գործ չի կարող քննվել:
19. 6-րդ հոդվածի ազդեցությունը գնահատելով` լորդ դատավոր Mance-ը կարևոր տարբերություններ է գտել Al-Adsani-ի գործով վեճի առարկա պետության` ratione personae անձեռնմխելիության և սույն գործով վիճարկվող պետության` իր պաշտոնյաների ratione materiae անձեռնմխելիության իրավական փաստարկների միջև: Նախ, նա անհնարին է համարել բացահայտելու հաստատված միջազգային որևէ սկզբունք, որն իրավունք էր վերապահում պետությանն օգտվել անձեռնմխելիությունից այնպիսի գործով, որը հարուցվել է իր պաշտոնյայի, այլ ոչ թե՝ պետության կամ վերջինիս ղեկավարի կամ դիվանագիտական ներկայացուցչի նկատմամբ: Նա այն կարծիքին էր, որ Միացյալ Նահանգների օրենսդրությունն ու նախադեպային իրավունքը (տե՛ս ստորև` 112-125 պարբերությունները) դեմ է հաստատված այդպիսի սկզբունքին և պաշտպանում է հակառակ տեսակետը: Քանի որ Կառավարության ներկացուցիչը առաջարկել էր հղում կատարել հաստատված պրակտիկային, լորդ դատավոր Mance-ը նշել է, որ վերջինիս կողմից վկայակոչված նախադեպային իրավունքը վերաբերում էր կա՛մ պետական անձեռնմխելիությանը, կա՛մ առանձին պաշտոնյաների անձեռնմխելիությանը ենթադրյալ անօրինական այնպիսի մի վարքագծի համար, որն իր էությամբ կամ ծանրությամբ չի առնչվում միջազգային հանցագործություն համարվող պարբերական իրականացվող խոշտանգումների հետ: Նա վկայակոչել էր Արդարադատության միջազգային դատարանի Arrest Warrant-ի գործով դատավորներ Higgins-ի, Kooijmans-ի և Buergenthal-ի ներկայացրած հատուկ կարծիքի եզրահանգումները (տե՛ս ստորև` 84-85 պարբերությունները)` լրացուցիչ անգամ հիշատակելով այս ոլորտի վերաբերյալ հաստատված միջազգային փորձի բացի մասին:
20. Լորդ դատավոր Mance-ը մեկնաբանել է, որ քանի դեռ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն` պետությունն իրավական պաշտպանության ներպետական միջոց է նախատեսում խոշտանգման այն դեպքերի համար, որոնք տեղի են ունեցել այդ նույն պետությունում, ազգային դատարանները կարող են հրաժարվել իրականացնել իրենց լիազորությունները: Սակայն, երբ իրավական պաշտպանության համապատասխան միջոցն առկա չէ մի պետությունում, որտեղ տեղի են ունեցել պարբերական խոշտանգման այդ դեպքերը, անհամաչափ կարող է համարվել ընդհանուր այն դրույթի պահպանումը, որն արգելում է այլ երկրի քաղաքացիական դատարաններ դիմել: Նա ընդունում է, որ մի պետության դատարանները հեշտությամբ չպետք է քննեն այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մյուս պետության ներքին գործերին, սակայն այն կարծիքի էր, որ գոյություն ունեն շատ իրավիճակներ, մասնավորապես` մարդու իրավունքների համատեքստում, երբ ազգային դատարանները պետք է քննության առնեն և որոշում կայացնեն օտարերկրյա պետությունների դիրքորոշման կամ վարքագծի վերաբերյալ:
21. Լորդ դատավոր Mance-ը եզրակացրել է, որ օտարերկրյա պետության` իր պաշտոնյայի կողմից պարբերաբար իրականացված ենթադրյալ խոշտանգման դեպքերին վերաբերող անձեռնմխելիության ratione materiae փաստարկի համընդհանուր հետևանքը կարող է իմաստազուրկ դարձնել 6-րդ հոդվածով նախատեսված դատարան դիմելու իրավունքն այնպիսի մի գործով, որով խոշտանգման զոհը զրկված է դատական պաշտպանության դիմելու հեռանկարից մի պետությունում, որի պաշտոնյաներն են պատասխանատու խոշտանգման համար: Ուստի, նա թույլատրել է դիմումատուների բողոքներն առանձին պատասխանողների դեմ և ազատել է վերջիններիս լրացուցիչ փաստարկներ ներկայացնելու պարտականությունից՝ նշելով հետևյալը.
«96. ... [Ի]մ կարծիքով, անձեռնմխելիության վերաբերյալ հայտնած բացարձակ բնույթի ցանկացած տեսակետ պետք է առնվազն տեղի տա ավելի նրբանկատ կամ հավասակշված մոտեցման, երբ խոսքը գնում է պարբերական խոշտանգումների մասին պնդումներին: Ասելով սա և հաշվի առնելով [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան], բավարար է քննել այս բողոքն առ այն, թե արդյո՞ք պետական անձեռնմխելիության խնդիրներն անգլիական օրենսդրությամբ սահմանված ընդդատության խնդիրներից տեսականորեն առանձին կերպով ուշադրության արժանանում են, թե` ոչ: Դատարանի կողմից լիազորությունների իրականացման թույլատրելիության, նպատակահարմարության և համաչափության հետ կապված հարցերը պետք է միևնույն ժամանակ լուծվեն: Այդպիսի եզրահանգումը խոսում է այն մասին, թե որքանով է այժմյան իրողության, միջազգային գաղափարախոսության և իրավունքում կարևորվում մարդու իրավունքների ճանաչումը և արդյունավետ իրացումը: Այն ներդաշնակորեն համապատասխանում է այն դիրքորոշման հետ, որին դատարանը հասել է քրեական գործերի շրջանակում: Այն նաև հաշվի է առնում [Կոնվենցիայի] 6-րդ հոդվածով ստանձնած պարտավորությունը` չխոչընդոտելու դատարան դիմելու իրավունքի իրացմանն այնպիսի հանգամանքներում, երբ այլ կերպ դատարանի համար նպատակահարմար է իրացնել իր լիազորությունները՝ կիրառելով ներպետական ընդդատության սկզբունքները, եթե միայն դրանք հետապնդեն իրավաչափ նպատակներ և լինեն համաչափ»:
22. Իր համընկնող կարծիքում լորդ Phillips-ը համաձայնել էր լորդ դատավոր Mance-ի` Սաուդյան Արաբիայի և առանձին պաշտոնյաների դեմ հարուցված հայցերի վերաբերյալ արված եզրահանգումների հետ: Մասնավորապես, նա նշել է, որ Pinochet-ի (թիվ 3) գործով (տե՛ս ստորև` 44-56 պարբերությունները) վճռի համաձայն խոշտանգումները այլևս չեն կարող ընկնել պետական պաշտոնյայի լիազորությունների շրջանակի ներքո: Ուստի, դրանից հետևում է, որ եթե քաղաքացիական գործը հարուցվում է խոշտանգումներ կատարած անձանց դեմ այնպիսի դեպքերում, երբ պետությունն օգտվում է անձեռնմխելիության իր իրավունքից, ապա այն չի ենթադրում, որ պետությունը պետք է սուբսիդիար պատասխանատվություն կրի. դա անձանց անհատական պատասխանատվության խնդիր է և ոչ թե՝ պետության, ինչն էլ հանդիսանում է այս գործի վեճի առարկան:
23. Սույն Դատարանի մոտեցման վերաբերյալ նա նշել է.
«134. Եթե Մեծ պալատը քններ պետական անձեռնմխելիության մասին բողոք` անհատների նկատմամբ հարուցված հայցերի համատեքստում, ապա ես չեմ կարծում, որ մեծամասնությունը կողմ կլիներ այն կարծիքին, որ այն հանդիսանում է 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատարան դիմելու իրավունքի իրավաչափ սահմանափակում: Եթե Դատարանը համաձայնի մեր այն եզրահանգումների հետ, որոնք ներկայացվել են այս բողոքի կապակցությամբ, ապա Դատարանը պետք է ընդունի այն իրաղությունը, որ միջազգային հանրային իրավունքում չկա ճանաչված որևէ կանոն, որով շնորհվում է նման անձեռնմխելիություն: Եթե Դատարանը որոշեր, որ գոյություն ունի այդպիսի կանոն, ապա ես գտնում եմ, որ ավելի հավանական է, որ Դատարանը վճռեր, որ համաչափ կլիներ կիրառել այդ կանոնը` կանխելու անհատների նկատմամբ ներկայացված քաղաքացիական հայցերը»:
Դ. Լորդերի պալատի վճիռը
24. Սաուդյան Արաբիան բողոք էր բերել Լորդերի պալատի Վերաքննիչ դատարանի որոշման այն մասի դեմ, որը վերաբերում էր առանձին պատասխանողներին, մինչդեռ պրն. Jones-ը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որով վերջինս որոշում էր կայացրել Սաուդյան Արաբիայի դեմ ներկայացված հայցի մասով: 2006թ. հունիսի 14-ին Լորդերի պալատը` միաձայն վարույթ է ընդունել Սաուդյան Արաբիայի բողոքը և մերժել վարույթ ընդունել պրն. Jones-ի բողոքը:
25. Լորդ Bingham-ը համարում է, որ Միացյալ Թագավարությունում, ինչպես և այլ պետություններում «բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ» կան, որոնց վրա հիմնվելով վերջիններս կարող են պնդել, որ իրենց պաշտոնյաները և ներկայացուցիչները անձեռնմխելի են և որ պետության` անձեռնմխելիության իրավունքը հնարավոր չէ շրջանցել վերջիններիս դատի տալու միջոցով: Սահմանային մի շարք գործերով տարակուսանք կարող է առաջացնել այն հարցը, թե անհատի, լինի դա պետական պաշտոնյա կամ ներկայացուցիչ, վարքագիծը բավականաչափ կապված է պետության հետ, որպեսզի վերջինս իրավունք ունենա իր անձեռնմխելիությունը տարածել վերջինիս վարքագծի վրա: Սակայն, նրա կարծիքով, նման սահմանային գործեր չեն եղել: Փոխգնդապետ Abdul Aziz-ի դեմ ներկայացված դատական գործը հարուցվել էր նրա` որպես Սաուդյան Արաբիայի պաշտոնյայի կամ ներկայացուցչի դեմ, մինչդեռ որևէ ապացույց չկար առ այն, որ նրա վարքագիծը դուրս էր գալիս կամ ենթադրվում էր, որ դուրս կգա իր լիազորությունների շրջանակից: Երկրորդ գործով անցնող չորս պատասխանողները պետական պաշտոնյաներ էին, և վեճի առարկա արարքը տեղի էր ունեցել հարցաքննության ժամանակ պետական հաստատության տարածքում:
26. Բացի այդ, հղում կատարելով Միջազգային իրավունքի հանձնաժողովի Անօրինական գործողությունների համար պետությունների պատասխանատվության մասին նախագծային հոդվածներին («Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածներ». տե՛ս ստորև` 107-109 պարբերությունները)` լորդ Bingham-ը նշել է, որ «միջազգային իրավունքի համաձայն` պետությունն առանց որևէ պայմանի իր պաշտոնյայի կամ ներկայացուցչի վարքագծի համար կարող է վկայակոչել անձեռնմխելիության փաստարկը, եթե վերջինս գործել է պետության ցուցումների համաձայն կամ իր լիազորությունների շրջանակում»: Սոսկ այն հանգամանքը, որ վարքագիծն եղել է անօրինական կամ անընդունելի, ինքնին չի կարող հիմք լինել անձեռնմխելիությունը մերժելու համար:
27. Կոնվենցիայի համաձայն ներկայացված բողոքի հաջողությունը ապահովելու նպատակով լորդ Bingham-ը նշել է, որ դիմումատուները պետք է գտնեն երեք հարցերի պատասխանները: Առաջին, նրանք պետք է հիմնավորեն, որ անձեռնմխելիության շնորհման դեպքում հարց է առաջանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի ներքո: Հիմնվելով վերևում վկայակոչված սույն Դատարանի Al-Adsani–ի վճռի վրա` Լորդ Bingham-ը հակված էր կարծելու, որ դա այդպես է: Երկրորդ, նրանք պետք է հիմնավորեն, որ անձեռնմխելիության շնորհումը նրանց զրկել է դատարան դիմելու իրավունքի իրացումից: Լորդ Bengham-ը համոզված էր, որ դա պարզորոշ կերպով հաստատվում է: Երրորդ, դիմումատուները պետք է հիմնավորեն, որ սահմանափակումը ուղղված չէ իրավաչափ նպատակին և անհամաչափ չէ:
28. Լորդ Bingham-ը համաձայն չէ դիմումատուների այն փաստարկին, որ խոշտանգումը` Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն չի կարող հետևանք լինել կառավարական կամ պաշտոնական գործողության, որ խոշտանգումը պետք է հասցված լինի պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի միջոցով կամ թողտվությամբ (տե՛ս ստորև` 59-րդ պարբերությունը): Չնայած դիմումատուները հղում էին կատարել բավականաչափ մեծ քանակությամբ հեղինակավոր աղբյուների վրա, հիմնավորելու համար, որ Միացյալ Նահանգների դատարաններն անձեռնմելիության նպատակների համար չեն ճանաչում առանձին պաշտոնյաների կողմից իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարած գործողությունները, եթե այդ գործողությունները հակասում են jus cogens արգելքին, լորդ Bingham-ը նպատակահարմար չի գտել ուսումնասիրելու այդ աղբյուրները, քանի որ վերջիններս կարևոր էին միայն այնքանով, որ դրանցում ներկայացված սկզբունքները մեծ տարածում ունեին և պահպանվում էին այլ ազգերի կողմից: Այնուամենայնիվ, ինչպես որ դատավորներ Higgins-ը, Kooijmans-ը և Buergenthal-ը նշել էին Arrest Warrant-ի գործով իրենց համկընկնող կարծիքում, ԱՄՆ-ի «միակողմանի» մոտեցումը չէր արժանացել «պետությունների ընդհանուր հավանության» (տե՛ս ստորև` 84-րդ պարբերությունը):
29. Ինչ վերաբերում է դիմումատուների կողմից վկայակոչված Խոշտանգումների դեմ պայքարի հարցերով կոմիտեի Կանադայի վերաբերյալ 2005թ. հուլիսի 7-ի հանձնարարականին, Furundzija-ի գործով Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի մեկնաբանություններին, ինչպես նաև Ferrini-ն ընդդեմ Գերմանիայի գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված վճռին (տե՛ս, համապատասխանաբար, ստորև` 66-րդ, 82-րդ և 140-րդ պարբերությունները), ապա լորդ Bingham-ը գտել է, որ դրանցից առաջինը կարելի է անտեսել որպես իրավունքի աղբյուր, երկրորդը հանդիսանում է obiter dictum, իսկ երրորդը չի կարող հանդիսանալ միջազգային իրավունքի ճշգրիտ ներկայացում:
30. Լորդ Bingham-ը առանձնացրել էր Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված այն չորս փաստարկները, որոնք, ըստ նրա, «միասին վերցված անխոցելի» էին: Առաջին, հաշվի առնելով Արդարադատության միջազգային դատարանի Arrest Warrant-ի գործով կայացված վճիռը, դիմումատուները պետք է ընդունեին, որ պետության` ratione personae անձեռնմխելիությունը կարող է լինել խնդրո առարկա, եթե պետության արտաքին գործերի նախարարը մեղադրվում է մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ: Դրանից հետևում է, որ խոշտանգումների արգելքն ինքնին չի ոտնահարում միջազգային իրավունքի այլ կանոնները: Երկրորդ, Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածը չի տարածվում քաղաքացիական գործերի վրա: Երրորդ, ՄԱԿ-ի Պետությունների իրավազորության և դրանց գույքի անձեռնմխելիությունների մասին 2004թ. կոնվենցիան («ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիա», տե՛ս ստորև` 75-80 պարբերությունները) որևէ բացառություն չի նախատեսում անձեռնմխելիությունից խոշտանգման արարքների հիմքով հարուցված քաղաքացիական հայցապահանջների համար, թեև նման բացառությունը ուսումնասիրվել էր Միջազգային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբի կողմից, սակայն ի վերջո հավանության չէր արժանացել (տե՛ս ստորև` 79-րդ պարբերությունը): Այս կապակցությամբ, Լորդ Bingham-ը նշել է, որ չնայած որոշ մեկնաբաններ քննադատել էին ՄԱԿ-ի կոնվենցիան այն բանի համար, որ այն խոշտանգման համար բացառություն չի նախատեսում, սակայն նրանք ընդունել են, որ միջազգային իրավունքի այս ոլորտը ենթարկվում է «անընդմեջ փոփոխությունների», որը չի ենթադրում, որ նման բացառության օգտին միջազգային համաձայնություն է արձանագրվել: Վերջապես, որևէ ապացույց չկար առ այն, որ պետությունները ճանաչել են կամ ի կատար են ածել միջազգային իրավական որևէ պարտավորություն իրականացնելու համընդհանուր բնույթի լիազարություններն այն հայցերի առնչությամբ, որոնք ծագում են միջազգային իրավունքի բացարձակ նորմերի ենթադրյալ խախտումների կապակցությամբ, ոչ էլ համաձայնություն կար դատական կամ գիտական այլ մակարդակներում, որ պետությունները պետք է դա անեին: Այդ նկատառումներով, լորդ Bingham-ը համաձայնել էր Վերաքննիչ դատարանի հետ, որ պրն. Jones-ի կողմից ընդդեմ Սաուդյան Արաբիայի ներկայացված հայցը պետք է մերժել:
31. Առանձին պատասխանողների մասով նա հանգել էր այն եզրահանգման, որ խոշտանգման հայցապահանջների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճիռը չի կարող ուժի մեջ մնալ: Նա գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալմամբ շեղվել է Propend-ի գործով հայտնած իր նախկին դիրքորոշումից, ըստ որի պետական պաշտոնյաների գործողությունները պետք է դիտվեն որպես պետության կողմից կատարված գործողություններ (տե՛ս ստորև` 42-43 պարբերությունները): Նա բացատրում էր.
«30. ... [Ս]կզբունքային որևէ հիմք չկար այդ շեղման համար: Պետությունը կարող է գործել միայն իր պաշտոնյաների և ներկայացուցիչների միջոցով: Նրանց ի պաշտոնե գործողությունները համարվում են պետության կողմից կատարված գործողություններ և նրանց նկատմամբ տարածվող պետական անձեռնմխելիությունը հանդիսանում է պետական անձեռնմխելիության սկզբունքի հիմնարար տարրը: Այս սխալը հանգեցնում է մի իրավիճակի, երբ Թագավորությունն օգտվում է անձեռնմխելիությունից, Ներքին գործերի նախարարությունը, լինելով կառավարության կառուցվածքում, օգտվում է անձեռնմխելիությունից, սակայն Ներքին գործերի նախարարը (երկրորդ հայցով չորրորդ պատասխանողը)` ոչ: Զարմանալի մի անոմալիա:
32. Լորդ Bingham-ը բացատրել է, որ առաջին սխալի հետևանքով դատարանը հանգել է երկրորդ սխալին. այն եզրահանգման, որ առանձին խոշտագողի դեմ հարուցված քաղաքացիական հայցն անուղղակիորեն պետությանը չի ընդգրկում ավելի անցանկալի մի առիթով, ինչպիսին է քրեական հետապնդումը: Նա նշել է.
«31. ... Միջազգային կամ անգլիական իրավունքի համաձայն` պետությունը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, և ուստի չի կարող ուղղակիորեն ներգրավված լինել քրեական գործով: Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով խոշտանգման համար պաշտոնյային կամ ներկայացուցչին հետապնդելը հանդիսանում է անձեռմխելիության ընդհանուր կանոնից պարզ մի բացառություն: Հետևաբար, հստակ է, որ առանձին խոշտանգողների դեմ հարուցված քաղաքացիական հայցը, որը հիմնված է պաշտոնական անձի կողմից խոշտանգման գործողությունների հիման վրա, անուղղակիորեն ընդգրկում է նաև պետությանը, քանի որ նրանց գործողությունների վերագրելի են պետությանը: Եթե առանձին պատասխանողների դեմ հարուցված հայցերին ընթացք տրվեն և դրանցով վճիռներ կայացվեն, ապա Թագավորության շահերը դրանից ակնհայտորեն կտուժեն, թեև Թագավորությունը այդ հայցերով կողմ չի հանդիսանում»:
33. Լորդ Bingham-ի կարծիքով երկու սխալները Pinochet-ի (թիվ 3) գործի (տե՛ս ստորև՝ 44-56 պարբերությունները) սխալ ընկալման հետևանք են, որը վերաբերում էր միայն քրեական վարույթին: Քրեական վարույթի (համընդհանուր իրավազորության առարկա է) և քաղաքացիական վարույթի (որն այդպիսի իրավազորության առարկա չէ) միջև ընկած տարբերությունները, նրա կարծիքով «հիմնարար» բնույթ ունեն և դրանցից այդքան հեշտ չէ «ազատվել»:
34. Վերջապես, լորդ Bingham-ը հիշատակել է այն, որ Վերաքննիչ դատարանը վճռել է, որ իրավազորության հարցը կարող է լուծվել «հայեցողական սկզբունքների պատշաճ կիրառման և զարգացման» միջոցով: Նա գտնում էր, որ այդտեղ է, որ սխալվում են պետական անձեռնմխելիության բնույթի վերաբերյալ: Կիրառելի լինելու պարագայում, պետական անձեռնմխելիությունը հանդիսանում էր այն բացարձակ նախնական արգելքը և ուստի պետությունը կա՛մ անձեռնմխելի էր օտարերկրյա պետության իրավազորությունից կա՛մ ոչ, և հետևաբար՝ հայեցողություն կիրառելու շրջանակ էլ չկար:
35. Լորդ Hoffmann-ը վճռի հետ համընկնող իր կարծիքում հայտնել էր այն տեսակետը, որ խոշտանգման jus cogens արգելքի և պետական անձեռմխելիության մասին օրենքի միջև ակամա որևէ հակասություն գոյություն չուներ. պետական անձեռմխելիությունը դատավարական կանոն էր և Սաուդյան Արաբիան, պնդելով իր անձեռնմխելիությունը, չէր արդարացնում խոշտագման փաստը, այլ սոսկ առարկում էր անգլիական դատարանների՝ խոշտանգման գործողությունը կատարված լինելու կամ չլինելու հարցը որոշելու իրավազորության դեմ: Նա հավանությամբ մեջբերել է Hazel Fox QC-ի դիտարկումը (Պետությունների անձեռնմխելիության մասին օրենք (2004թ.), էջ 525) առ այն, որ պետական անձեռնմխելիությունը չի «հակասում jus cogens նորմում առկա արգելքին, այլ սոսկ շեղ[վ]ում է դեպի դրա հետ կապված ցանկացած խախտման համար առաջադրելով կարգավորման այլընտրանքային մեթոդ»: Ըստ Լորդ Hoffmann-ի` հակասությունը կարող էր միայն ծագել, եթե խոշտանգման արգելքի հետևանքով ի հայտ է գալիս օժանդակ բնույթի դատավարական մի նոր կանոն, որը պետական անձեռնմխելիության կանոնի բացառության միջոցով պետությանն իրավունք է վերապահում քաղաքացիական գործեր քննել մեկ այլ պետության մասնակցությամբ: Ինչպես և լորդ Bingham-ը, նա գտել է, որ մեղջբերված իրավունքի աղբյուրները խոսում են միջազգային իրավունքում նման կանոնին ցուցաբերվող աջակցության պակասի մասին:
36. Ինչ վերաբերում է առանձին պատասխանողների նկատմամբ պետական անձեռնմխելիության կիրառման հարցին, ապա լորդ Hoffmann-ը նշել է, որ հիմնավորելու համար, որ պաշտոնյային շնորհված անձեռնմելիությունը կարող է խախտել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարան դիմելու իրավունքը, անհրաժեշտ էր, ինչպես և պետական անձեռնմխելիության դեպքում, հիմնավորել, որ միջազգային իրավունքը չի պահանջում քաղաքացիական գործերով անձեռնմխելիություն տրամադրել այն պաշտոնյաներին, որոնք ենթադրաբար խոշտանգումներ են կատարել: Նա գտել է, որ դաշնագրի տեքստում դարձյալ հնարավոր չէր գտնել նման որևէ բացառություն: Նա որոշակի առումով ուսումնասիրել էր այն հանգամանքները, երբ միջազգային իրավունքի համաձայն պետությունը կարող էր պատասխանատու լինել պաշտոնյայի արարքի համար և պարզել էր, որ պետությունը միջազգային իրավունքի շրջանակներում պատասխանատվության կենթարկվի այն դեպքերում, երբ վերջինիս «ենթակայության ներքո գործող» պաշտոնյաներից մեկը խոշնագեր մեկ այլ պետության քաղաքացու, նույնիսկ եթե այդ գործողությունները լինեին անօրինական և չարտոնված: Նա նշել է.
«78. ... Պետական անձեռնմխելիության նպատակների համար այդպիսի որոշում կայացնելու համար [պաշտոնյան], որը չէր գտնվում պաշտոնական իր կարգավիճակում, ասիմետրիա կառաջացներ պատասխանատվության և անձեռնմխելիության կանոնների միջև:
79. Բացի այդ, խոշտանգման պարագայում գործ կունենաինք ավելի զարմանալի անհամաչափության հետ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի և անձեռնմխելիության կանոնների միջև, եթե որոշում կայացվեր այն մասին, որ նույն արարքը որակվեր որպես պաշտոնական խոշտանգման սահմանման և ոչ թե` անձեռնմխելիության նպատակների համար ...»
37. Լորդ Hoffman-ն այն կարծիքի էր, որ լորդ դատավոր Mance-ի եզրահանգումն այն մասին, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմաստով խոշտանգման սահմանումը պաշտոնական որևէ երանգ չի հաղորդում խոշտանգման գործողություններին, ինչը կարող էր անբավարար թվալ, նշելով.
«83. ... Խոշտանգման գործողությունները լինում են կա՛մ պաշտոնական կա՛մ ոչ: Խոշտանգումների դեմ կոնվենցիան դրանց պաշտոնական երանգ չի «հաղորդում». դրանք պետք է պաշտոնական բնույթ ունենան, որպեսզի առաջնային կարգով ընկնեն Կոնվենցիայի ներքո: Եվ եթե այդ գործողությունները բավարար չափով պաշտոնական կարող են որակվել ընկնելու համար Կոնվենցիայի շրջանակի ներքո, ապա ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, թե ինչու դրանք այնքան պաշտոնական չեն, որ առաջ բերեն անձեռնմխելիության հարց»:
38. Նա նույնքան տեղին չէր համարել Վերաքննիչ դատարանի` իրավազորությունը կիրառելու մասին մոտեցումը այն հիմքով, որ պետական անձեռնմխելիությունն ինքնուրույն պարտադրված սահմանափակում չէր, այլ` «նախատեսված էր միջազգային իրավունքով` առանց պետությունների միջև որևէ խտրականություն դնելու»: Նա եկել էր այն եզրահանգման, որ «կառավարության դատական ճյուղի համար ծայրահեղ վրդովեցուցիչ կլիներ որոշում կայացնելու իրավունք ունենալ թույլատելու քննել խոշտանգման բողոքները տվյալ երկրի պաշտոնյաների վերաբերյալ և իսկ մեկ այլ պետության պաշտոնյաների վերաբերյալ` ոչ»:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. 1978թ. Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը
39. 1978թ. օրենքի I-ին մասը վերաբերում է քաղաքացիական գործերով պետական անձեռնմխելիության ծավալին: Վերջինիս 1-ին հոդվածը սահմանում է.
«1(1) Պետությունը անձեռնմխելի է Միացյալ Թագավորության դատարաների իրավազորությունից` բացառությամբ օրենքի սույն մասի հետևյալ հոդվածներով նախատեսված դեպքերի:
(2) Դատարանը օրինական ուժ է տալիս սույն հոդվածով շնորհված անձեռնմխելիությանը, նույնիսկ եթե պետությունը քննվող գործով որպես կողմ հանդես չի գալիս»:
40. Սույն օրենքի I-ին մասի մնացած հոդվածները սահմանում են անձեռնմխելիության կանոնից բացառությունները, այդ թվում` ընդդատյա վեճերը (հոդված 2), Միացյալ Թագավորությունում կնքվող առևտրային գործարքները և պայմանագրերը (հոդված 3), աշխատանքային պայմանագրերը (հոդված 4), քաղաքացուն և գույքին «Միացյալ Թագավորության գործողություններով կամ անգործությամբ պատճառված» վնասը (հոդված 5), գույք տնօրինելը, տիրապետելը և օգտագործելը (հոդված 6), արտոնագրերը, առևտրային նշանները և այլն (հոդված 7), իրավաբանական անձի կառավարմանը մասնակցելը (հոդված 8), արբիտրաժները (հոդված 9), առևտրային նպատակով օգտագործվող նավերը (հոդված 10), և ԱԱՀ, մաքսային տուրքերը և այլն (հոդված 11):
41. 14-րդ հոդվածը սահմանում է.
«14(1) Սույն օրենքի սույն Մասով շնորհված անձեռնմխելիությունը և արտոնությունները գործում են ցանկացած օտարերկրյա կամ Միացյալ Թագավարության համագործակցության մեջ չմտնող պետության համար, և պետություն հասկացությունը վկայակոչելիս նաև հասկանում ենք.
(ա) այդ պետության միապետին կամ այլ ղեկավարին, որը գործում է իր լիազորությունների սահմաններում,
(բ) այդ պետության կառավարությանը,
(գ) այդ կառավարության ցանկացած նախարարություն,
և ոչ թե մի կազմակերպություն (այսուհետ` «ինքնուրույն իրավաբանական անձ»), որը գործում է այդ պետության կառավարության գործադիր մարմիններից անջատ և կարող է դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
(2) Ինքնուրույն իրավաբանական անձն անձեռնմխելի է Միացյալ Թագավորության դատարանների իրավազորությունից, եթե, և միայն եթե.
(ա) գործը չի առնչվում այնպիսի հանգամանքներին, որոնք կատարվել են դրա կողմից պետական իշխանության իրականացման ընթացքում, և
(բ) հանգամանքներն այնպիսին են, որ պետությունը ... պետք է վայելի տվյալ աստիճան անձեռնմխելիություն»:
Բ. Propend Finance Ltd-ն ընդդեմ Sing-ի և մեկ այլի [1997թ.] ILR 611 («Propend»)
42. Propend-ի գործով Վերաքննիչ դատարանը քննում էր այն հարցը, թե որքանով է կիրառելի 1978թ. օրենքը Ավստրալիայի Դաշնային Ոստիկանապետի նկատմամբ: Դատարանը գտել է, որ պատասխանողն օգտվում է պետական անձեռնմխելիությունից, նշելով.
«Պետություններին 1978թ. օրենքով շնորհված պաշտպանությունը կարող է խաթարվել, եթե պետության աշխատողների [կամ] պաշտոնյաների նկատմամբ ... որպես քաղաքացիների հարուցվեն գործեր պետության կողմից իրականացվող քաղաքականության համար, որի պարագայում պետությունն օգտվում է անձեռնմխելիությունից: 14-րդ հոդվածի 1-ին կետն պետք է այնպես մեկնաբանել, համաձայն որի օտարերկրա պետության աշխատողները կամ պաշտոնյաներն օգտվեն նույն պաշտպանությունից, ինչ և այդ պետությունը»:
43. Դատարանը գտել է, որ այս պնդումը լայն աջակցություն է ստացել Համագործակցության և օտարերկրյա այլ պետությունների կողմից, այդ առթիվ հիշատակելով Գերմանիայի, Կանադայի և ԱՄՆ մի շարք գործեր:
Գ. Regina-ն ընդդեմ Bow Street Metropolitan Stipendiary Magistrate-ի և այլոց, ex parte Pinochet Ugarte (թիվ 3) [2000թ.] 1 AC 147 («Pinochet (թիվ 3)»)
44. Pinochet-ի (թիվ 3) գործը վերաբերում էր Իսպանիայի միջնորդագրին, որով վերջինս Միացյալ Թագավորությունից պահանջում էր հանձնել սենատոր Augusto Pinochet-ն, որպեսզի նա դատարանի առջև կանգներ Չիլիում` պետության ղեկավարի պաշտոնում կատարած հանցագործությունների, այդ թվում` խոշտանգումների համար: Սենատոր Pinochet-ը և Չիլիի կառավարությունը առարկել էին դրան` նշելով, որ ենթադրյալ հանցագործությունների իմաստով սենատորն օգտվում է ratione materiae անձեռնմխելիությունից: 1999թ. մարտին կայացված իր վճռով Լորդերի պալատը միաձայն որոշում էր կայացրել, որ խոշտանգման մեղադրանքների առումով պատասխանողը չի կարող օգտվել քրեական հետապնդման չենթարկվելու անձեռնմխելիությունից:
45. Լորդ Browne-Wilkinson-ը նկատել է, որ եթե պատասխանողն իրավունք չուներ խոշտանգման գործողությունների իմաստով օգտվել անձեռնմխելիությունից, ապա դա առաջին անգամ կլիներ, որ ներպետական դատարանը մերժեր պետության նախկին գլխին շնորհել անձեռնմխելիություն այն հիմքերով, որ միջազգային որոշ հանցագործությունների համար նա չէր կարող օգտվել քրեական հետապնդման չենթարկվելու անձեռնմխելիությունից: Նա բացատրել է, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդունումը միտված էր ստեղծել միջազգային այնպիսի մի համակարգ, որի շրջանակում խոշտանգողը չէր կարող ապահով ապաստան գտնել: Նա նշել է հետևյալ կարևոր կետերը. (1) «խոշտանգումը» այս համատեքստում չի կարող կատարվել պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից, այդ թվում` պետության ղեկավարի, (2) վերադասի հրամանները չեն կարող դրվել պաշտպանության հիմքում, (3) գոյություն ուներ համընդհանուր քրեական իրավազորություն, (4) պետական անձեռնմխելիությունը սահմանող առանձին դրույթ չկար, (5) Չիլին, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը հանդիսանում էին կոնվենցիայի անդամ պետություններ և ուստի սահմանափակված էին այս դրույթով:
46. Անդրադառնալով գործի փաստերին, նա նշել է.
«Այն հարցը, որին անհրաժեշտ է գտնել պատասխան, հետևյալն է. արդյո՞ք սենատոր Pinochet-ի կողմից պետական մակարդակով ենթադրաբար կազմակերպված խոշտանգումները (ապացուցման պարագայում) կարող են լինել սենատոր Pinochet-ի` որպես պետության ղեկավարի գործառույթների մաս: Բավարար չէ պնդել, որ պետության ղեկավարի գործառույթների մեջ չի մտնում հանցագործության կատարումը: Ազգային օրենսդրության համաձայն հանցագործություն համարվող արարքները կարող են, այնուամենայնիվ, ի պաշտոնե կատարվել և հետևաբար` հիմք հանդիսանալ ratione materiae անձեռնմխելիության համար: Սույն գործը պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել:
47. Լորդ Browne-Wilkinson-ը այն տեսակետին էր, որ լուրջ հիմքեր կան եզրակացնելու, որ խոշտանգումը, ինչպես որ այն սահմանված է Խոշտանգումների դեմ կոնվենցիայով, չի կարող հանդիսանալ պետական գործառույթ, թեև տարակուսանք էր արտահայտել առ այն, թե արդյո՞ք նախքան կոնվենցիայի ուժի մեջ մտնելը խոշտանգման, որպես jus cogens նորմերի խախտմամբ միջազգային հանցագործության տեսակի, գոյությունը բավարար էր արդարացնելու համար այն եզրահանգումը, համաձայն որի պետության մակարդակով խոշտանումների կազմակերպումը չի կարող անձեռնմխելիության նպատակների համար համարվել պաշտոնական գործառույթի իրականացում: Լորդն ավելացրել է հետևյալը.
«... Մինչև խոշտանգման հանցագործության համար պատժի միջազգային իրավազորության որևէ ձև գոյություն չունենա, հանցագործութան այս տեսակի մասին խոսել որպես լիարժեք կազմավորված միջազգային հանցագործություն իրականում հնարավոր չի լինի: Սակայն ըստ իս՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիան իսկապես տալիս է այն, ինչ բացակայում էր համընդհանուր համաշխարհային իրավազորության մեջ: Բացի այդ, այն բոլոր պետություններից պահանջում է խոշտանգումը հայտարարել արգելված և անօրինական, ինչն արտահայտված է Կոնվենցիայի 2-րդ հոդվածում: Միջազգային իրավունքի նպատակներից ելնելով՝ ինչպե՞ս կարելի է պահպանել մի պաշտոնական գործառույթ, որը միջազգային իրավունքով ինքնին արգելված և քրեականացված է»:
48. Լորդ Browne-Wilkinson-ը գտել է, որ եթե խոշտանգման ռեժիմի իրականացումը հանդիսանար հանրային գորառույթ՝ ratione materiae անձեռնմխելիության շնորհմամբ, ապա դրա արդյունքում արտասովոր արգասիքներ կստացվեին: Քանի որ այսպիսի անձեռնմխելիությունը տարածվում է բոլոր պետական պաշտոնյաների վրա, ովքեր կատարել են պետության տարբեր գործառույթներ, և քանի որ Խոշտանգուների դեմ կոնվենցիայի համաձայն խոշտանգման միջազգային հանցագործությունը կատարվում է պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող անձի կողմից, խոշտանգում իրականացնող բոլոր անձինք կարող են օգտվել անձեռնմխելիության իրավունքից: Այստեղից հետևում է, որ Չիլիից դուրս խոշտանգման համար անձի դեմ հարուցված ցանկացած գործ դատապարտմամբ չէր կարող ավարտվել, եթե իհարկե Չիլին պատրաստ լիներ այդպիսի դեպքերում անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարել: Նա տվել է հետևյալ եզրահանգումը.
«... Հետևաբար, պետական պաշտոնյաների կողմից գործած խոշտանգումների նկատմամբ կիրառելի համընդհանուր իրավազորության ողջ բարդ համակարգը դառնում է ապարդյուն, իսկ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի նպատակներից մեկը՝ ապահովել այնպիսի համակարգ, որի ներքո խոշտանգում իրականացնողները իրենց ապահովագրված չզգան, խաթարված: Ըստ իս՝ բոլոր այս գործոնները միասին վերցրած ցույց են տալիս, որ պետության նախկին ղեկավարների պահպանվող անձեռնմխելիությունը անհամատեղելի է Խոշտանգումների դեմ կոնվենցիայի դրույթների հետ»:
49. Craighead-ի լորդ Hope-ը անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք «պաշտոնական գործառույթներ» հասկացությունը ներառում է սույն գործով ենթադրաբար կատարված գործողությունների նման գործողություններ, որոնք մասնավոր անձի կողմից կատարված գործողություններ չեն, այլ պետական իշխանության իրականացման ժամանակ կատարված գործողություններ: Լորդ Hope-ը նշել է հետևյալը.
«... Ես գտնում եմ, որ այս հարցի պատասխանը բավականին լավ ամրագրված է միջազգային սովորութային իրավունքում: Ստուգելու համար անհրաժեշտ է հասկանալ` արդյո՞ք խնդրո առարկա գործողությունները մի կողմից մասնավոր անձի անունից կատարված գործողություններ են, թե կառավարության անունից պետության գլխի՝ իր լիազորությունների շրջանակում իրականացված գործողություններ ... Արդյո՞ք գործողությունները կատարվել են՝ ելնելով պետական շահերից. արդյո՞ք սեփական օգուտի կամ հաճույքի համար էին, թե՞ կատարվել են հանուն պետության ... Այն փաստը, որ ի շահ պետության գործած արարքը ներառում է քրեական վարքագիծ, անձեռնմխելիությունից զրկելու հիմք չի կարող հանդիսանալ ...
Կարելի է ասել, որ պետության ղեկավարի գործառույթներից չէ այնպիսի գործողությունների կատարումը, որոնք իր իսկ երկրի օրենքների և սահմանադրության համաձայն քրեորեն պատժելի են և որոնք միջազգային սովորութային իրավունքի ներքո նույնպես համարվում են քրեական արարքներ: Ratione materiae անձեռնմխելիության սկզբունքը պաշտպանության տակ է առնում պետության գլխի կողմից՝ կառավորության գործառույթների կատարման ընթացքում իրականացված բոլոր գործողությունները: Այն նպատակը, ինչի համար որ այս գործողությունները կատարվել են, դրանք պաշտպանում է հետագա ցանկացած տեսակի վերլուծության ենթարկելուց: Այս մոտեցման համար միայն երկու բացառություն կա, որը միջազգային սովորութային իրավունքը ճանաչում է: Առաջինը վերաբերում է քրեական արարքներին, որը պետության գլուխը կատարել է իր պաշտոնի իշխանության քողի ներքո, սակայն որոնք իրականում սեփական հաճույքի կամ շահի համար էին ... երկրորդը վերաբերում է այն արարքներին, որոնց արգելումը միջազգային իրավունքի ներքո ստացել է jus cogens կարգավիճակ ...»:
50. Լորդ Hope-ը հանգել է այն եզրակացության, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդունումից հետո այն ստորագրած երկրներն իրավունք չունեին ստորագրման օրվանից հետո միջազգային հանցագործության հավասարվող կանոնավոր կամ լայնամասշտաբ իրականացրած խոշտանգումների մեղադրանքների դեպքում պահանջել ratione materiae անձեռնմխելիություն: Լորդն այսպես է բացատրել.
«Ես սա չէի համարի որպես անձեռնմխելիության հիմքով մերժման ենթակա գործ: Եվ ոչ էլ կընդունեի որպես Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 1-ին հոդվածում տեղ գտած ենթադրելի պայման այն, որ պետության նախկին գլուխները պետք է պաշտոնական լիազորությունների կատարման ընթացքում գործած խոշտանգման բոլոր արարքների համար զրկված լինեն ratione materiae անձեռնմխելիությունից: Պարզապես այն պարտավորությունները, որոնք միջազգային սովորութային իրավունքի համաձայն որպես այդպիսին են ճանաչվել այսպիսի ծանր միջազգային հանցագործությունների դեպքում նախքան Չիլիի կողմից Կոնվենցիայի վավերացումը, այնքան ամուր են, որ այդ պետության կողմից բերված ratione materiae անձեռնմխելիության հիմքով ցանկացած առարկություն դառնում է անընդունելի, նույնը կարելի է ասել վավերացման օրվանից հետո գործած հանցագործությունների նկատմամբ Մեծ Բրիտանիայի իրավազորության ներքո կիրառվող մոտեցման մասին»:
51. Լորդ Hutton-ը հանգել է այն եզրակացության, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի հստակ արտահայտված նպատակն այն է, որ խոշտանգումների իրականացման մեջ մեղադրվող մեկ երկրի պաշտոնյան մեկ այլ երկրի տարածքում գտնվելու դեպքում պետք է ենթարկվի հետապնդման: Այդ իսկ պատճառով նա գտել է, որ պատասխանողը չի կարող պահանջել, որ կոնվենցիայի ընդունումից հետո խոշտանգման գործողությունները դիտարկվեն որպես պետության գլխի լիազորությունների սահմաններում կատարված: Թեև խնդրո առարկա խոշտանգման գործողությունները կատարվել են պետության գլխի պաշտոնական դիրքի օգտագործմամբ, միջազգային իրավունքի ներքո դրանք չեն կարող համարվել որպես պետության գլխի գործառույթների մաս հանդիսացող գործողություններ այն դեպքում, երբ միջազգային իրավունքը խոշտանգումը հստակ արգելում է որպես պետության կողմից ցանկացած իրավիճակում կիրառելի միջոց և դիտարկում է այն որպես միջազգային հանցագործություն:
52. Newdigate-ի լորդ Saville-ը համաձայնել է այն մտքի հետ, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդունմամբ խոշտանգման գործողությունների համար ratione materiae պետական անձեռնմխելիության պահանջը անհամատեղելի է Կոնվենցայով ամրագրված պայմանների հետ: Այստեղից կարելի է հետևություն անել, որ Իսպանիայի, Չիլիի և Մեծ Բրիտանիայի միջև գոյություն ունի ratione materiae պետական անձեռնմխելիության ընդհանուր կանոնից բացառության վերաբերյալ համաձայնություն, որը ձեռք է բերվել այն պահից սկսած, երբ այդ պետությունները դարձել են կոնվենցիայի անդամ:
53. Լորդ Millett-ը նշել է, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայում տեղ գտած «խոշտանգում» եզրույթի սահմանումը ամբողջովին անհամատեղելի է ratione materiae անձեռնմխելիության պահանջի հետ: Նա տվել է հետևյալ եզրահանգումը.
«Չիլիի Հանրապետությունը հանդիսանում է Խոշտանգումների դեմ կոնվենցիայի անդամ և դրանով իսկ այն ստանձնում է պարտավորություն ճանաչելու պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված խոշտանգումների նկատմամբ օտար պետությունների ներպետական դատարանների քրեական իրավազորությունը և այն իրականացնելու իրավունքը: Այսպիսով չեմ գտնում, որ պետությունը այս քայլով հրաժարվում է իր անձեռնմխելիությունից: Ըստ իս՝ անձեռնմխելիություն որպես այդպիսին գոյություն չունի: Կատարված հանցագործությունն այնպիսին է, որը կարող էր տեղի ունենալ այնպիսի իրավիճակներում, որոնց դեպքում սովորաբար անձեռնմխելիությունը կիրառելի է: Միջազգային հանրությունը հաստատել է հանցագործության այնպիսի տեսակի գոյությունը, որի նկատմամբ ratione materiae անձեռնմխելիությունը կիրառելի չէ: Չի կարելի ենթադրել, որ միջազգային իրավունքը հաստատել է jus cogens նորմերի բնորոշ հատկանիշներ ունեցող հանցատեսակի և միևնույն ժամանակ՝ ստանձնած պարտավորությունների հետ համագոյակցող անձեռնմխելիության գոյությունը»:
54. Լորդ Millett-ը տեսել է քաղաքացիական և քրեական դատավարությունների միջև տարբերություն և այն այսպես էր բացատրել.
«... Ես ոչ մի անտրամաբանական կամ հանրային քաղաքականությանը հակասող բան չեմ տեսնում պետության հովանու ներքո կատարված խոշտանգումների զոհերին հանցագործությունը կատարած պետության դեմ մեկ այլ պետության դատարանի առջև բողոք բերելու իրավունքը մերժելու մեջ՝ միաժամանակ ընդունում եմ (և հիրավի պահանջում), որ օտար պետությունները կարող են դատապարտել և պատժել պատասխանատու անհատներին այն դեպքում, եթե համապատասխան պետությունը հրաժարվում է գործողություններ ձեռնարկել: Սա Խոշտանգումների դեմ կոնվենցիայի բուն նպատակն է: Կարևոր է ընդգծել, որ ենթադրություն չկա, որ սենատոր Pinochet-ը պետք է քրեական հետապնդման ենթարկվեր միայն այն պատճառով, որ եղել է պետության գլուխ այն ժամանակ, երբ այլ պատասխանատու պաշտոնյաներ, հետապնդելով վերջինիս նախագահի պաշտոնում տեսնելու նպատակ, կիրառել են խոշտանգումներ: Նա չի կարող միջնորդավորված կերպով մեղադրվել իր ենթակաների կողմից գործած արարքների համար: Սակայն վերջինս անմիջական քրեական պատասխանատվության պետք է ենթարկվի սեփական արարքների, այն է ՝ վախի ու տեռորի արշավ մեկնարկելու և ղեկավարելու համար, որի ընթացքում եղան նաև խոշտանգումների կազմակերպման դեպքեր ...»:
55. Worth Matravers-ի լորդ Phillips-ը նույնպես մեկնաբանել է, որ քաղաքացիական գործերով կիրառվող անձեռնմխելիության իրավունքի սկզբունքները անպայման չէ, որ կիրառելի լինեն քրեական հետապնդման ժամանակ: Նա նշել է, որ եթե Pinochet-ի գործը լիներ քաղաքացիական, ապա Չիլին կարող էր վիճարկել, որ այն անուղղակիորեն հանդիսանում է այդ դատավարության կողմ, սակայն այս վարույթի ժամանակ այդ հարցը չի բարձրացվել, քանի որ այն քրեական էր և հարուցված էր պատասխանողի դեմ անհատապես, այլ ոչ թե՝ Չիլիի: Այս գործով բարձրացված հարցի կապակցությամբ լորդ Phillips-ը, ինչպես և Lord Saville-ը, գտել է, որ ratione materiae անձեռնմխելիությունը չի կարող համագոյակցել միջազգային հանցագործությունների գաղափարի հետ: Քանի որ եթե խոշտանգումների դեպքում անձեռնմխելիությունը կիրառելի լիներ, ապա Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո բնութագրված միակ արարքը կլինի ratione materiae անձեռնմխելիության ենթակա, ուստի կոնվենցիան այդպիսի անձեռնմխելիության հետ անհամատեղելի է:
56. Chieveley-ի լորդ Goff-ը, իր չհամընկնող կարծիքում հասկանալի է համարել, որ եթե խոշտանգումների նկատմամբ անձեռնմխելիությունը որևէ գործով պետք է բացառվի, ապա դա պետք է արվի բացառապես հենց Խոշտանգումների դեմ կոնվենցիայով: Նա չի գտնում, որ հաստատված այն սկզբունքը, համաձայն որի պետական անձեռնմխելիությունից հրաժարումը պետք է լինի որևիցե կերպ արտահայտված, կարելի է շրջանցել՝ համարելով, որ խոշտանգումը չի հանդիսանում պետության գործառույթների մաս և որ ratione materiae անձեռնմխելիությունը այսպիսի գործողությունների դեպքում կիրառելի չէ: Նա ընդգծել է, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդունման ժամանակ դրա շուրջ ծավալված բանակցությունների ընթացքում պետական անձեռնմխելիության մերժումը ուշադրության առնելու որևէ ապացույցներ չկան: Նա նաև մատնանշել է, որ եթե ratione materiae անձեռնմխելիությունը մերժվի, ապա պետության նախկին գլուխները և բարձրաստիճան պաշտոնյաները ստիպված կլինեն լավ մտածել նախքան արտասահմանյան երկրներ այցելելը, քանի որ մտավախություն կունենան, որ կարող են այլ քաղաքական համոզմունքներ ունեցող երկրների կողմից անհիմն կերպով հետապնդվել: Այդ իսկ պատճառով նա հանգել է եզրակացության, որ պետական անձեռնմխելիությունը պետք է կիրառելի լինի:
Դ. Դատարանի տարածքային ընդդատությունից դուրս դատական ծանուցագրերի հանձնումը
57. Անգլիայի և Ուելսի քաղաքացիական դատավարության կանոնների 6-րդ բաժինը կարգավորում է դատարանի տարածքային ընդդատությունից դուրս դատական ծանուցագրերի հանձնումը: Խնդրո առարկա ժամանակահատվածում 6.20-րդ և 6.21-րդ կանոնների համաձայն որպեսզի հայցվորը թույլտվություն ստանար հանձնելու դատական ծանուցագիրը մեկ այլ պետության տարածքում, վերջինս պետք է ի վիճակի լիներ ցույց տալ, որ գործի ելքը իր օգտին վճռվելու ողջամիտ հեռանկար կա, և պետք է հիմնավորեր, որ տվյալ գործը այն գործերից է, որով դատարանը պետք է իրացնի իր հայեցողությունը` թույլատրելով ծանուցել պատասխանողին, ինչպես նաև ապացուցեր, որ գործը ընդդատյա է Անգլիայի և Ուելսի արդարադատության համակարգին:
Ե. Փոխհատուցումը քրեական դատավարության շրջանակում
58. 2000թ. ընդունված Քրեական դատարանների կողմից դատավճիռների արձակման լիազորությունների մասին օրենքի 130-րդ հոդվածի համաձայն` քրեական դատարանը իրավասու է քրեական արարքների արդյունքում ստացած մարմնական վնասի, կորուստների կամ նյութական վնասի պատճառման դեպքերում սահմանել փոխհատուցում: Այս կարգը սահմանված է պարզ և անմիջական դեպքերի համար, երբ փոխհատուցման չափը կարելի է շատ արագ և հեշտությամբ որոշել և երբ դատավորի տրամադրության տակ են գտնվում անհրաժեշտ բոլոր ապացույցները: Այն նախատեսված չէ քաղաքացիաիրավական վնասների փոխհատուցումը կրկնարկելու համար այնպիսի դեպքերում, երբ կրած կորուստների չափը դժվար է որոշել:
III. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԼԻ ՆՅՈՒԹԵՐԸ
Ա. Խոշտանգման արգելքը
59. Միացյալ Թագավորությունը, Սաուդյան Արաբիան և 151 այլ երկրներ հանդիսանում են ՄԱԿ-ի 1984թ. Խոշտանգումների դեմ կոնվենցիայի անդամ: Կոնվենցիայի 1-ին հոդվածով սահմանված է՝
«1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։ Սա չի ներառում այն ցավն ու տառապանքը, որոնք բխում են օրինական պատժամիջոցներից միայն կամ հատուկ են դրանց։
2. Սույն հոդվածը չի խոչընդոտում միջազգային որևէ փաստաթղթի կամ ներպետական օրենսդրության, որոնք բովանդակում են կամ կարող են բովանդակել ավելի լայն կիրառման դրույթներ։»
60. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետը պահանջում է, որ կոնվենցիայի անդամ պետությունը ձեռնարկի «օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար»:
61. 4-րդ հոդվածը պետություններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել ապահովելու, որպեսզի խոշտանգման բոլոր գործողությունները, այդ թվում նաև՝ խոշտանգման ենթարկելու փորձը, խոշտանգման գործակցությունը կամ մասնակցությունը, քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ:
62. 5-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 4-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավազորությունը հետևյալ դեպքերում հաստատելու համար.
(ա) երբ հանցագործությունները կատարվել են նրա իրավազորության ներքո գտնվող ցանկացած տարածքում կամ տվյալ պետությունում գրանցված ծովային կամ օդային նավի վրա,
(բ) երբ ենթադրյալ հանցագործը տվյալ պետության քաղաքացի է,
(գ) երբ զոհը տվյալ պետության քաղաքացի է և եթե տվյալ պետությունը նպատակահարմար է գտնում դա։
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն համանման կերպով ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել իր իրավազորությունը նման հանցագործությունների նկատմամբ որոշելու համար այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է իր իրավազորությանը ենթակա ցանկացած տարածքում, և այդ պետությունը 8-րդ հոդվածին համապատասխան չի հանձնում նրան սույն հոդվածի 1-ին կետում նշված պետություններից որևէ մեկին։
3. Սույն Կոնվենցիան չի բացառում ներպետական օրենսդրությանը համապատասխան ցանկացած քրեական իրավազորության իրականացում։»
63. 14-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր մասնակից պետություն իր իրավական համակարգում ապահովում է, որպեսզի խոշտանգումների զոհը ստանա փոխհատուցում և ունենա հարկադրանքի միջոցով ապահովվող արդարացի և համարժեք փոխհատուցման իրավունք, ներառյալ՝ հնարավորինս լիակատար արդարացման (ռեաբիլիտացման) միջոցները։ Խոշտանգումների պատճառով զոհի մահվան դեպքում փոխհատուցման իրավունքը վերապահվում է նրա խնամառուներին։
2. Սույն հոդվածում ոչինչ չի շոշափում զոհի կամ այլոց փոխհատուցման ցանկացած իրավունք, որը կարող է գոյություն ունենալ ներպետական օրենսդրության համաձայն։»
64. Խոշտանգումների դեմ կոնվենցիան վավերացնելիս Միացյալ Նահանգները վերապահում է արել, համաձայն որի իր ընկալմամբ 14-րդ հոդվածը մասնակից պետությունից պահանջում է անձի դեմ վնասի փոխհատուցման պահանջ ներկայացնել միայն այն դեպքերում, երբ խոշտանգման գործողությունները կատարվել են այդ մասնակից պետության իրավազորության տարածքում:
65. Սաուդյան Արաբիայի կողմից ներկայացված պարբերական զեկույցի վերաբերյալ 2002թ. հունիսի 12-ին ներկայացված եզրակացությունների և առաջարկների մեջ (CAT/C/CR/28/5) Խոշտանգումների դեմ կոմիտեն նշել է, որ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Սաուդյան Արաբիայում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի խախտումների վերաբերյալ բողոքները քննելու համար արդյունավետ մեխանիզմներ ապահովելու հարցում ակնհայտ բաց կա, և թեև կոնվենցիայի խախտմամբ արարքների պատճառով առաջացած վնասների փոխհատուցման համար մեխանիզմներ հաստատված կան, գործնականում փոխհատուցում հազվադեպ է հնարավոր ձեռք բերել, այդ իսկ պատճառով, կոնվենցիայով երաշխավորված իրավունքներից լիարժեք օգտվելը գործնականում սահմանափակ է գործում:
66. Կանադայի կողմից ներկայացված պարբերական զեկույցի վերաբերյալ Խոշտանգումների դեմ կոմիտեն իր 2005թ. հուլիսի 7-ին ներկայացված եզրակացությունների և առաջարկների մեջ (CAT/C/CR/34/CAN) կարծիք է հայտնել, որ մտահոգության տեղիք է տալիս այն, որ Կանադայում բոլոր դեպքերում խոշտանգումներից տուժած անձանց քաղաքացիական հայցով վնասի փոխհատուցման արդունավետ մեխանիզմներ չկան: Թեև Կանադայում տեղի ունեցած խոշտանգման գործերով փոխհատուցում նախատեսված է, սակայն այդ երկրի սահմաններից դուրս գործած հանցանքի դեպքում փոխհատուցում չի սահմանվել: Կոմիտեն Կանադային առաջարկել է «14-րդ հոդվածի լույսի ներքո վերանայել իր մոտեցումը և քաղաքացիական իրավունքում ամրագրելու միջոցով ապահովել խոշտանգումից տուժած բոլոր անձանց համար փոխհատուցում ստանալու հնարավորությունը»:
67. Իր թիվ 3 (2012) ընդհանուր մեկնաբանություններում Կոմիտեն ուշադրություն է դարձրել մասնակից պետությունների կողմից 14-րդ հոդվածի իրականացմանը: Փոխհատուցման իրավունքի իրականացման աստիճանի առնչությամբ այն, inter alia, նշել է.
«22. Կոնվենցիայի համաձայն մասնակից պետությունները պարտավոր են խոշտանգումների մեջ մեղադրվողներին քրեորեն հետապնդել կամ դրանց արտահանձնել այն դեպքում, երբ այդպիսի անձանց հայտնաբերում են այդ երկրի իրավազորության ներքո գտնվող ցանկացած վայրում, և սա իրագործելի դարձնելու համար ընդունել համապատասխան օրենսդրություն: Կոմիտեն հաշվի է առնում, որ 14-րդ հոդվածի կիրառումը սահմանափակված չէ սոսկ խոշտանգման այն զոհերով, ովքեր տուժել են մասնակից պետության տարածքում կատարված հանցագործության արդյունքում, կամ երբ հանցագործությունը կատարվել է մասնակից պետության քաղաքացու կողմից կամ նրա նկատմամբ: Կոմիտեն գովաբանել է մասնակից պետությունների ջանքերն՝ ուղղված այն տուժած անձանց քաղաքացիաիրավական պաշտպանության միջոցների տրամադրմանը, ովքեր իրենց երկրի սահմաններից դուրս են ենթարկվել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի: Սա կարևոր հանգամանք է հատկապես այն դեպքերում, երբ տուժողը հնարավորություն չի ունենում իրականացնել 14-րդ հոդվածով ամրագրված իր իրավունքներն այն տարածքի սահմանների ներսում, որտեղ հանցագործությունը կատարվել է: Իսկապես, 14-րդ հոդվածը մասնակից պետություններից պահանջում է, որ խոշտանգման և վատ վերաբերմունքի արդյունքում տուժած անձանց համար դատական պաշտանության միջոցները լինեն հասանելի [այսպես] և տրամադրվի փոխհատուցում»:
68. Պետական անձեռնմխելիության հարցի և փոխհատուցման իրավունքի առնչությամբ Կոմիտեն նշել է.
«42. Նույն կերպ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի համար միջազգային իրավունքի խախտմամբ ցանկացած պետության կամ դրա պաշտոնյաներին կամ պետության ներկայացուցիչ չհանդիսացող անձանց անձեռնմխելիության շնորհումը հակադրության մեջ է խոշտանգման արդյունքում տուժած անձանց փոխհատուցում տրամադրելու անուղղակի պարտավորության հետ: Երբ անպետժելիությունը թույլատրված է օրենքով կամ de facto գոյություն ունի, այն խոչընդոտ է հանդիսանում տուժողների՝ լիարժեք փոխհատուցում ստանալու ակնկալիքի համար, քանի որ թույլ է տալիս օրինազանցներին անպատիժ մնալ ու մերժում է տուժողների՝ 14-րդ հոդվածով ամրագրված իրավունքների լիարժեք ապահովումը: Կոմիտեն վերահաստատում է, որ ոչ մի պայմանով ազգային անվտանգության հետ կապված փաստարկները չեն կարող օգտագործվել տուժողների համար փոխհատուցման ապահովումը մերժելու համար»:
69. Prosecutor-ն ընդդեմ Furundzija-ի գործով (1999թ.) 38 ILM 317 Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը գտել է, որ խոշտանգման արգելումը jus cogens նորմ է, որն արտահայտում է այն գաղափարը, որ այս արգելքը դարձել է միջազգային հանրության համար ամենահիմնարար չափանիշներից մեկը: Համանման արտահայտություններ են տեղ գտել Prosecutor-ն ընդդեմ Delacic-ի և այլոց (16 նոյեմբեր 1998թ., թիվ IT-96-21-T) և Prosecutor-ն ընդդեմ Kunarac-ի գործերով (22 փետրվար 2001թ., թիվ IT-96-23-T և թիվ IT‑96‑23/1):
Բ. Պետական անձեռնմխելիությունը
1. 1972թ. Պետությունների անձեռնմխելիության մասին եվրոպական կոնվենցիա («Բազելի կոնվենցիա»)
70. Բազելի կոնվենցիան ստորագրվել է Եվրոպայի խորհրդի ինը անդամ պետությունների կողմից և վավերացվել ութի կողմից, այդ թվում նաև՝ 1979թ. Մեծ Բրիտանիայի:
71. Համաձայն կոնվենցիայի 15-րդ հոդվածի՝ պայմանավորվող պետությունները պահպանում են մյուս պայմանավորվող պետության դատարանի իրավազորության նկատմամբ անձեռնմխելիություն մինչև այն պահը, երբ գործը ենթակա է կոնվենցիայի 1-14-րդ հոդվածների ներքո քննության: 27-րդ հոդվածում բացատրված է, որ «Պայմանավորվող պետություններ» հասկացության մեջ ներառված չեն պայմանավորվող պետության սահմանների ներսում գործող ցանկացած իրավաբանական անձինք, ովքեր կարող են հայց ներկայացնել կամ ում դեմ կարելի է հայց բերել, նույնիսկ եթե այդ իրավաբանական անձանց վստահվել է որոշակի հանրային գործառույթների իրականացում:
72. 1-14-րդ հոդվածները ներառում են վարույթներ հետևյալի վերաբերյալ՝ աշխատանքային պայմանագրեր (հոդված 5), ընկերություններ կամ այլ կոլեկտիվ մարմիններ (հոդված 6), առևտրային գործարքներ (հոդված 7), մտավոր սեփականության և արդյունաբերական սեփականություն (հոդված 8), գույքի տնօրինում, տիրապետում և օգտագործում (հոդված 9), ֆորումի երկրի դատարանի իրավազորության ներքո իրականացված որևէ գործողության կամ անգործության արդյունքում հասցված մարմնական վնասվածքներ և գույքի վնասում (հոդված 11), արբիտրաժային համաձայնագրեր (հոդված 12):
73. 24-րդ հոդվածը թույլ է տալիս, որպեսզի պետությունը, հակառակ 15-րդ հոդվածի դրույթներին, հայտարարի, որ 1-13-րդ հոդվածներից դուրս դեպքերում իր դատարանները կարող են քննել այլ պետությունների դեմ հարուցված վայրույթներ նույն ծավալով, որով որ դրանք կարող են գործեր քննել կոնվենցիայի անդամ չհանդիսացող այլ պետությունների դեմ: Վեց պետություն, այդ թվում նաև՝ Միացյալ Թագավորությունը, հանդես է եկել այդպիսի հայտարարությամբ:
2. ՄԱԿ-ի 2004թ. Պետությունների իրավազորության և դրանց գույքի անձեռնմխելիությունների մասին կոնվենցիա («ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիա»)
74. 1991թ. Միջազգային իրավունքի հանձնաժողովը («ՄԻՀ») ընդունել է պետությունների իրավազորության անձեռնմխելիությունների մասին նախագծային հոդվածները:
75. ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան, հիմքում ունենալով նախագծային հոդվածները, ընդունվել է 2004 թվականին: Կոնվենցիան ընդունվել է տասնչորս անդամ պետությունների կողմից, որից հետո այն ստորագրել են ևս տասնութ պետություն: Այն դեռևս ուժի մեջ չի մտել, քանի որ այդ նպատակի համար պահանջվում է դրա՝ երեսուն պետությունների կողմից վավերացում: Միացյալ Թագավորությունն այն ստորագրել է, սակայն դեռևս չի վավերացրել, իսկ Սաուդյան Արաբիան կոնվենցիային է միացել 2010թ. սեպտեմբերի 1-ին:
76. 5-րդ հոդվածը սահմանում է ընդհանուր սկզբունքները, որոնց համաձայն պետությունը օգտվում է մյուս պետությունների դատական համակարգի իրավազորությունից անձեռնմխելի լինելու իրավունքից: 2-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «iv»-րդ ենթակետում տեղ գտած «պետություն» եզրույթի սահմանման ներքո են ընկնում նաև պետության անունից հանդես եկող ներկայացուցիչները: 1991թ. նախագծային հոդվածներին ուղեկցող մեկնաբանություններում, այս հոդվածի կապակցությամբ (որտեղ այն ներկայացված է որպես Հոդված 2(1)(բ)(v)) տրված է հետևյալ բացատրությունը.
«(17) Պետական անձեռնմխելիության շահառուների հինգերորդ և վերջին կատեգորիան ներառում է բոլոր ֆիզիկական անձանց, ովքեր լիազորված են ներկայացնելու պետությունն իր բոլոր դրսևորումներով, որոնք ներառված են պարբերություն 1 (բ) (i) - (iv)-ում նշված բոլոր առաջին չորս կատեգորիաներում: Ընդսմին, միապետերը և պետության գլուխներն իրենց հանրային լիազորությունների շրջանակով, լայն իմաստով հանդիսանալով պետական իշխանության մարմիններ, ընդգրկվում են այս կատեգորիայում, ինչպես նաև՝ առաջին կատեգորիայում: Այլ ներկայացուցիչների թվում են կառավարության ղեկավարները, նախարարական ստորաբաժանումների ներկայացուցիչները, դեսպանները, առաքելության ղեկավարները, դիվանդագիտական կորպուսների ներկայացուցիչները և հյուպատոսության աշխատակիցներն՝ իրենց ներկայացուցչական լիազորություններով: Պարբերություն 1(բ)(v)-ի վերջում տեղ գտած «այդ լիազորությունների շրջանակով» հղումը նպատակ է հետապնդում հստակեցնելու, որ այդպիսի անձեռնմխելությունները շնորհվում են այդ անձանց ratione materiae ներկայացուցչական լիազորությունների համար»:
77. ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ պետությունը պետք է պետական անձեռնմխելիության իրավունքն իրականացնի՝ խուսափելով ներպետական դատարաններում այլ պետության դեմ քննվող գործերի միջոցով իր իրավազորությունը իրականացնելուց: 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ներպետական դատարանում այլ պետության դեմ վարույթ է հարուցված այն դեպքում, եթե դատարանի կողմից այդ պետությունը հայտարարվել է որպես դատավարության կողմ կամ եթե վերջինս որպես դատավարության կողմ չի ճանաչվել, սակայն դրա արդյունքն անդրադառնալու է այլ պետության սեփականության, իրավունքների, շահերի և գործունեության վրա:
78. Կոնվենցիայի III-րդ մասը սահմանում է այն վարույթները, որոնց դեպքում պետական անձեռնմխելիությունը չի կարող մերժվել: Դրանց թվում են առևտրային գործարքները (հոդված 10), աշխատանքային պայմանագրերը (հոդված 11), որևէ գործողության կամ անգործության արդյունքում հասցված մարմնական վնասվածքները և գույքի վնասմամբ գործերը, որը ամբողջությամբ կամ մասնակիորեն տեղի է ունեցել ֆորումի երկրի իրավազորության ներքո գտնվող տարածքում (հոդված 12), սեփականության իրավունքը, գույքի տիրապետումը և օգտագործումը (հոդված 13), մտավոր սեփականությունը և արդյունաբերական սեփականությունը (հոդված 14), ընկերությունների կամ այլ կոլեկտիվ մարմիններում մասնակցությունը (հոդված 15), պետությանը պատկանող կամ դրա կողմից գործարկվող փոխադրամիջոցները (հոդված 16) և արբիտրաժային համաձայնագրերը (հոդված 17):
79. ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան պետական անձեռնմխելիությունից jus cogens նորմերի վրա հիմնված բացառություններ չի ներառում («jus cogens բացառություններ»): 1999թ. տեղի ունեցած իր հիսունմեկերորդ նիստի ժամանակ ՄԻՀ-ը, առաջնորդվելով այդ ժամանակ դեռևս նախագծային համարվող հոդվածների առնչությամբ Գլխավոր ասամբլեայի կողմից արձակված բանաձև 53/98-ով, ստեղծեց Պետությունների իրավազորության և դրանց գույքի անձեռնմխելիությունների հարցերով զբաղվող աշխատանքային խումբ: Իր բանաձևում Գլխավոր ասամբլեան ՄԻՀ-ին կոչ էր անում ներկայացնել ցանկացած նախնական մեկնաբանություններ՝ կապված նախագծային հոդվածների ընդունումից ի վեր դրանցից դուրս մնացած ցանկացած խնդիրների հետ՝ հաշվի առնելով պետական գործելակերպի վերջին ժամանակների զարգացումները և այլ գործոններ: Այդ իսկ պատճառով աշխատանքային խումբը, inter alia, հաշվի է առել այս ոլորտում իրավազորության անձեռնմխելիության վերջին գործելակերպերը: Այն մատնացույց է արել վերջին ժամանակներս պետական գործելակերպի և օրենսդրության վերջին զարգացումներին և անդրադարձել նաև այն տեսակետի աջակիցների գոյությանը, որի համաձայն պետական պաշտոնյաները իրենց պետության տարածքում գործած խոշտանգումների դեպքում չպետք է իրավունք ունենան թե՛ քաղաքացիական և թե՛ քրեական վարույթի շրջանակներում պահանջել անձեռնմխելիություն: Կոնվենցիայի 2004 թվականին ընդունումից առաջ նախագծային հոդվածների փոփոխություններ չեն առաջարկվել:
80. Կոնվենցիան վավերացնելու ժամանակ երեք պետություններ հանդես են եկել հայտարարությամբ: Նորվեգիան և Շվեդիան հայտարարել են, որ կոնվենցիան չի հանդիսանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ցանկացած միջազգային զարգացումների խոչնդոտ: Շվեյցարիան գտնում է, որ 12-րդ հոդվածը չի կարգավորում նյութական վնասի փոխհացուման հարցերը այն դեպքում, երբ տեղի են ունեցել մարդու իրավունքների լուրջ խախտումներ, որոնք ենթադրաբար վերագրելի են պետությանը և կատարվել են ֆորումի պետության իրավազորության սահմաններից դուրս: Այդ իսկ պատճառով Շվեյցարիան հանդես է եկել հայտարարությամբ առ այն, որ կոնվենցիան չի հանդիսանում այլ ոլորտում միջազգային իրավունքի զարգացումների համար խոչընդոտ:
3. Միջազգային դատարանների համապատասխան նախադեպային իրավունքը
(ա) Prosecutor-ն ընդդեմ Blaškić-ի (1997թ.) 110 ILR 607
81. Blaškić-ի գործով Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի («ICTY») Վերաքննիչ պալատը, քննելով պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների համար անձնական պատասխանատվության ենթարկելու հարցը, տվել է հետևյալ բացատրությունը.
«38. Վերաքննիչ պալատը բացառում է Միջազգային դատարանի կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործող պետական պաշտոնյաների դատարան ներկայանալու ծանուցագրի հարցի քննումը: Այդպիսի պաշտոնյաները սոսկ պետության գործիքներ են, և իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված գործողությունները կարող են միայն վերագրվել պետությանը: Նրանց նկատմամբ չի կարելի սահմանել պատժամիջոցներ և տուգանքներ այն գործողությունների համար, որոնք եղել են ոչ թե մասնավոր անձի կողմից կատարված, այլև՝ ի պաշտոնե իրականացված: Այլ կերպ ասած՝ պետական պաշտոնյաները չեն կարող պատասխանատվություն կրել այն գործողությունների համար, որոնք վերագրելի են ոչ թե իրենց անձնապես, այլև՝ պետությանը, որի անունից գործել են. նրանք օգտվում են այսպես կոչված «գործառական անձեռնմխելիության» իրավունքից: Սա միջազգային սովորութային իրավունքի կանոն է՝ հաստատված դեռևս տասնութերորդ և տասնիններորդ դարերում, որն այդ ժամանակից ի վեր բազմիցս վերահաստատվել է: Բոլորովին վերջերս Ֆրանսիան, հիմվելով այդ կանոնի վրա, Rainbow Warrior-ի գործով վճիռ արձակելիս ձևավորել է իր մոտեցումը: Այս կանոնը հստակորեն հաստատված է նաև Eichmann-ի գործով Իսրայելի Գերագույն դատարանի կողմից:
...
41. ... Քաջ հայտնի է, որ յուրաքանչյուր պետության ինքնիշխանության ներքին կառուցակարգը պաշտպանված է միջազգային սովորութային իրավունքով. ներքին կառուցակարգը և մասնավորապես որպես պետական պաշտոնյա հանդես եկող անձանց նշանակումը կամ մարմինների հաստատումն իրականացվում է յուրաքանչյուր ինքնիշխան պետության կողմից: Յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի արձակել հրամանագրեր, ցուցումներ իր մարմիններին թե՛ ներքին մակարդակում և թե՛ միջազգային հարաբերությունների կարգավորման ոլորտում գործողներին, ինչպես նաև այդ ցուցումներին չներթարկվելու դեպքում վերջիններիս նկատմամբ սահմանել տույժեր կամ այլ միջոցներ: Այս բացառիկ իշխանության արդյունքում պետությունը կարող է պահանջել, որ պետական պաշտոնյաների կամ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները կամ գործարքները վերագրվեն պետությանը, այնպես որ առանձին մարմինները այդ գործողությունների համար պատասխանատվության չենթարկվեն»: (Ծանոթագրությունները բացթողնված են)
(բ) Prosecutor-ն ընդդեմ Furundzija-ի
82. Furundzija-ի գործով Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը անձեռնմխելիության հարցը ուղղակիորեն չի քննել, սակայն հղում է կատարել խոշտանգումներ իրականացնողներին անձնական պատասխանատվության ենթարկելու և նրանց դեմ գործ հարուցելու հնարավորությանը.
«155. Այն փաստը, որ խոշտանգումները միջազգային իրավունքի անառարկելի նորմով արգելված են, միջպետական և անձանց մակարդակներում այլ ազդեցություն ունի: Միջպետական մակարդակում այն ծառայում է խոշտանգումը թույլատրող ցանկացած օրենսդրական, վարչական կամ դատական ակտը միջազգայնորեն անօրինական համարելուն: Մյուս կողմից, անառարկելի է այն, որ հաշվի առնելով խոշտանգումներն արգելող jus cogens նորմերի կարևորությունը, ցանկացած համաձայնագիր, սովորութային կանոն, որի ներքո խոշտանգումների կիրառությանը կանաչ լույս է տրվում, ab initio համարվում է անվավեր, բացի այդ չի կարելի հաշվի չնստել պետության այնպիսի դիրքորոշման հետ, համաձայն որի խոշտանգումը թույլատրվում կամ արդարացվում է կամ այն իրականացնողները համաներման միջոցով ազատ են արձակվում: Այսպիսի իրավիճակ ծագելու դեպքում ընդհանուր սկզբունքները և ցանկացած համապատասխան համաձայնագրի դրույթներ ոտնահարող ներպետական միջոցները կառաջացնեն վերևում քննարկված իրավական հետևանքները, բացի այդ, դրանք միջազգային իրավական ճանաչում չեն ստանա: Պոտենցյալ տուժողների կողմից բերված բողոքի հիման վրա դատական գործ կարող է հարուցվել այն դեպքում, եթե նրանք ունեն միջազգային կամ ներպետական իրավասու դատական ատյանի առջև ներկայանալու համար locus standi, որպեսզի դատարանը կարողանա ճանաչել ներպետական միջոցի միջազգայնորեն անօրինական լինելը, կամ տուժողը կարող է օտար պետության դատական ատյանի կողմից կայացված վճռի արդյունքում իրեն հասցված վնասի վերաբերյալ քաղաքացիական հայց բերել, որի դեպքում, inter alia, ներկայացվում է ներպետական օրենսդրական ակտի իրավաբանական ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջ: Ավելի կարևոր է, որ ներպետական օրենսդրության հովանու ներքո գործող կամ առնվազն դրա պաշտպանության ներքո գտնվող խոշտանգումներն իրականացրած անձինք, անկախ այն հանգամանքից, թե վերջիններս գործել են օտար պետության տարածքում թե իրենց պետության ներսում՝ համապատասխան ռեժիմի պայմաններում, այնուամենայնիվ, այդ արարքի համար ենթարկվեն քրեական պատասխանատվության: Համառոտ ներկայացմամբ՝ չնայած խոշտանգումներն արգելող սկզբունքների ներպետական օրենսդրական կամ դատական ատյանների կողմից ոտնահարման՝ անձինք պետք է մնան այդ սկզբունքներին հավատարիմ: Ինչպես սահմանել է Նյուրենբերգի միջազգային ռազմական դատարանը՝ «անհատներն ունեն միջազգային պարտավորություններ, որոնք վեր են դասվում ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտավորություններից»: (Ծանոթագրությունները բացթողնված են)
(գ) Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունն ընդդեմ Բելգիայի [2002] ICJ Rep 3 («Arrest Warrant-ի գործ»)
83. Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի գործող նախարարի նկատմամբ Բելգիան ձերբակալության հրաման էր արձակվել՝ այդ պաշտոնյայի կողմից Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտումների և մարդկության դեմ գործած հանցագործությունների համար: Արդարադատության միջազգային դատարանը («ԱՄԴ») գտել է, որ խնդրի բարձրացմամբ և ձերբակալության միջազգային կարգադրության տարածմամբ խախտվել էր նախարարի՝ միջազգային իրավունքով սահմանված քրեական հետապնդման չենթարկվելու իրավունքը: Դատարանն ընդգծել է, որ գործը վերաբերում է բացառապես գործող նախարարի քրեական հետապնդման չենթարկվելու իրավունքին: Այսպիսի անձանց շնորհված անձեռնմխելիությունը վերջիններիս պաշտպանում է այլ պետության իշխանության կողմից ձեռնարկվող ցանկացած գործողություններից, որոնք խոչընդոտում են այդ անձանց կողմից իրենց պաշտոնական պարտականություների կատարմանը: Անձի՝ «պաշտոնական» և «մասնավոր» գործունեության շրջանակներում իրականացվող գործողությունների միջև տարբերակում չպետք է լինի: Դատարանն հավելել է՝
«59. Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ ներպետական դատարանների իրավասությունները կարգավորող կանոնները պետք է հստակորեն տարբերակվեն դատավարական անձեռնմխելիության կանոններից. իրավազորությունը չի ենթադրում անձեռնմխելիության բացակայություն, մինչդեռ անձեռնմխելիության բացակայությունը չի ենթադրում իրավազորություն: Այսպիսով, թեև ամենատարբեր միջազգային համաձայնագրեր որոշ ծանր հանցագործությունների կանխարգելման և դրանց համար պատասխանատվության ենթարկելու նպատակով պետությունների համար պարտավորություններ են սահմանում, պահանջելով հետապնդել և արտահանձնել այդ հանցագործներին, այսպիսով, ընդլայնելով վերջիններիս քրեական իրավազորության շրջանակը, իրավազորության շրջանակի այդպիսի ընդլայնումը ոչ մի կերպ չի կարող անդրադառնալ միջազգային սովորութային իրավունքով հաստատված անձեռնմխելիության վրա, այդ թվում նաև՝ արտաքին գործերի նախարարների վրա տարածվող անձեռնմխելիության ...»:
84. Իրենց համատեղ հատուկ կարծիքում դատավորներ Higgins-ը, Kooijmans-ը և Buergenthal-ը նշել են, որ անձեռնմխելիությունը և իրավազորությունը միջազգային իրավունքի առանձին նորմեր են, սակայն «անքակտելիորեն փոխկապակցված» են: Իրավազորության մասով նրանք կատարել են հետևյալ դիտարկումը.
«Քաղաքացիական գործերով արդեն իսկ տեսնում ենք, որ արտատարածքային իրավազորության բավականին ընդարձակ տարածման մեկնարկ կա: Միացյալ Նահանգները Օտարերկրացիների քաղաքացիական իրավավախտումներով պահանջների մասին օրենքի ընդունմամբ, որի հիմքում 1789թ. ընդունված օրենքն է, հաստատել է թե՛ օտարերկրացիների կողմից արտերկրում կատարված մարդու իրավունքների խախտումների և թե՛ միջազգային իրավունքի խոշոր խախտումների դեպքում իր իրավազորությունը: Այսպիսի իրավազորությունը, որի շրջանակներում նախատեսված է նաև պատճառված վնասի փոխհատուցում պահանջելու վերաբերյալ դրույթներ, կիրառվել է տարբեր երկրներում տեղի ունեցած խոշտանգման դեպքերի նկատմամբ (Պարագվայ, Չիլի, Արգենտինա, Գվատեմալա), ինչպես նաև` օտար երկրներում տեղի ունեցած մարդու իրավունքների այլ խոշոր խախտումների նկատմամբ: Թեև միջազգային արժեքների երաշխավորի այս գործառույթը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տվել, այդուհանդերձ, այն ընդհանուր առմամբ դեռևս չի արժանացել պետությունների հավանությանը»:
85. Անձեռնմխելիության մասով՝ նկատվում է ծանր միջազգային հանցագործությունների համար անպատժելիությունից հրաժարվելու միտում, ավելի ընդարձակ իրավազորությունը և անձեռնմխելիությունը որպես վահան օգտագործելու ավելի սահմանափակ կիրառություն: Այս կարծիքի հեղինակներն ավելացրել են.
«Մասնագիտական գրականության մեջ այժմ ավելի շատ պահանջ կա ... որի համաձայն ծանր միջազգային հանցագործությունները այլևս չեն կարող համարվել պետական իշխանության ներկայացուցչի գործողություններ, քանի որ դրանք չեն հանդիսանում պետության բնականոն գործառույթներ կամ այնպիսի գործառույթներ չեն, որոնք պետությունն ինքուրույն (ի տարբերություն մասնավոր անձի) կարող է իրականացնել ... Այս տեսակետն ընդգծվում է աճող գիտակցմամբ այն բանի, որ պետության շահերից բխող շարժառիթները բավարար չեն որոշելու համար, թե որն է պետական հանրային գործողությունը: Այս տեսակետն աստիճանաբար տեղ է գտնում պետական գործելակերպում՝ դատարանների կողմից կայացված վճիռների և կարծիքների ձևով»:
(դ) Քրեական գործերով իրավական փոխօգնության որոշ հարցերի վերաբերյալ (Ջիբութին ընդդեմ Ֆրանսիայի), 4 հունիս 2008թ. («Ջիբութին ընդդեմ Ֆրանսիայի)
86. Գործը վերաբերում է Ֆրանսիայում procureur de la République-ի (հանրապետության դատախազ) և Ջիբութիի ազգային անվտանգության ծառայության ղեկավարի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումից անձեռնմխելիության հարցին: Արդարադատության միջազգային դատարանը նշել է.
«194. ... [Մ]իջազգային իրավունքում այդպիսի հիմքեր չկան ասելու համար, որ խնդրո առարկա պաշտոնյաներն ունեն անձնական անձեռնմխելիության իրավունք, այն տրամաբանությամբ, որ վերջիններս չեն հանդիսանում դիվանագետներ՝ 1961թ. Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիայի և 1969թ. Հատուկ առաքելությունների մասին կոնվենցիայի իմաստով, ընդսմին, այդ փաստաթղթերն այս դեպքում կիրառելի չեն»:
87. Ratione materiae-ի անձեռնմխելիության կիրառելի լինելու մասով դատարանը տվել է հետևյալ բացատրությունը.
«196. Ոչ մի փուլում Ջիբութիի իշխանությունները Ֆրանսիայի դատարաններին (որոնց առջև սովորաբար իրավազորության հարցերն են բարձրացվում), և կամ այս դատարանին չեն տեղեկացրել այն մասին, որ Ֆրանսիայի կողմից ներկայացված բողոքում նշված գործողությունները այդ պետության կողմից ձեռնարկված քայլեր են և որ procureur de la République-ը և Ազգային անվտանգության ծառայության պետը հանդիսանում են դրա մարմինները, կառույցները կամ իր գործառույթներն իրականացնելու համար միջնորդավորված կառույցներ են:
Իր պետական կառույցներից որևէ մեկի համար անձեռնմխելիություն պահանջող պետությունը պետք է այդ մասին տեղեկացնի շահագրգիռ պետությանը: Սա հնարավորություն կընձեռի ֆորումի պետության դատարանին ապահովելու անձեռնմխելիության հարգումը և այդ պետության համար չառաջացնելու պատասխանատվություն: Ավելին, այն դեպքում, եթե պետությունը օտար երկրի դատարանին զգուշացնում է, որ իր պետության մարմնի նկատմամբ դատական վարույթ չպետք է իրականացվի վերջինիս անձեռնմխելիության հիմքով, դրանով այն ստանձնում է պատասխանատվություն այդպիսի մարմինների կողմից գործած միջազգայնորեն պատժելի արարքների համար»:
(ե) Պետության դատական անձեռնմխելիությունը (Գերմանիան ընդդեմ Իտալիայի), 3 փետրվար 2012թ.
88. Գործը մեկնարկել է Գերմանիայի կողմից ներկայացված բողոքի հիման վրա, որը հաջորդել է Իտալիայի դատարանների կողմից կայացված վճիռներին, որոնցով այդ պետությունը պնդում էր, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Իտալիայում գործած միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար Գերմանիայի դեմ բերված մեղադրանքների համար վերջինս չի կարող օգտվել անձեռնմխելիության իրավունքից, և պահանջում էր, որ Գերմանիան քաղաքացիական օրենսդրության շրջանակներում փոխհատուցի պատճառված վնասը: Իտալիայի կառավարությունը երկու հայտրարարություն կատարեց. առաջին, պետական անձեռնմխելիության դոկտրինը բացառություն է նախատեսում այն դեպքերում, երբ օրինազանց գործողությունները տեղի են ունեցել այն երկրի տարածքում, որտեղ բողոքը ներկայացվել է («իրավախախտման տարածքային սկզբունք»), և երկրորդ, միջազգային իրավունքով ամրագրված է, որ այն դեպքերում, երբ պետությունը խախտում է jus cogens նորմերը՝ կատարելով միջազգային հանցագործություն, որի դեպքում ոչ մի այլ փոխհատուցում գոյություն չունի («մարդու իրավունքների հիմքով բացառություն»), այդ պետությունը զրկվում է անձեռնմխելիության իրավունքից:
89. Իտալիայի և Գերմանիայի միջև գործող պետական անձեռնմխելիության իրավունքը բխում է միջազգային սովորութային իրավունքից: Արդարադատության միջազգային դատարանն ուսումնասիրել է այն հանգամանքը, թե opinio juris-ի հետ միասին կա արդյոք անձեռնմխելիության գոյությունը հաստատող «կայուն գործելակերպ»: Դատարանը դիտարկել է, որ պետական անձեռնմխելիության կանոնը ընդունվել է որպես միջազգային սովորութային իրավունքի ընդհանուր կանոն և միջազգային իրավունքում ու միջազգային հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում:
90. Դատարանը մերժել է Իտալիայի կառավարության կողմից նշված իրավախախտման տարածքային սկզբունքը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հիմքով բացառության սկզբունքին, ապա դատարանը գտել է, որ այստեղ կազմակերպչական խնդիր կա, և որ անհրաժեշտ է փաստերի ուսումնասիրություն կատարել, որպեսզի հնարավոր լինի որոշել իրավազորության հարցը: Այս խնդրից զատ, դատարանը դիտարկել է, որ համարյա գոյություն չունի պետական այնպիսի պրակտիկա, որը կսատարեր այն պնդմանը, համաձայն որի այդպիսի դեպքերում պետությունը զրկվում է իր անձեռնմխելիության իրավունքից, այդպիսի բացառություն չի սահմանվում նաև Բազելի կոնվենցիայով և ոչ էլ՝ ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայով (տե՛ս վերևում՝ համապատասխանաբար 70-73 և 75-80 պարբերությունները): Այն նաև անդրադարձել է Միջազգային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբի 1999թ. կատարած ուսումնասիրությունների արդյունքներին, և հաշվի առել այն փաստը, որ 1991թ. նախագծված հոդվածները առանց փոփոխությունների առաջարկվել և ընդունվել են 2004թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում (տե՛ս վերևում՝ 79-րդ պարբերությունը):
91. Մյուս կողմից Արդարադատության միջազգային դատարանը դիտարկել է, որ պետական գործելակերպի մասին վկայող նյութերի բավականին ընդարձակ ծավալ կա, որը ցույց է տալիս, որ միջազգային սովորութային իրավունքի համաձայն պետական անձեռնմխելիության իրավունքը կախված չէ այն արարքի ծանրությունից, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է, կամ այն կանոնի բացարձակ բնույթից, որը վերջինս ենթադրաբար խախտել է. այս դիտարկումները հիմնավորելու համար դատարանը մեջբերել է Կանադայի, Ֆրանսիայի, Սլովենիայի, Նոր Զելանդիայի, Լեհաստանի և Միացյալ Թագավորության ներպետական դատարանների վճիռները: Դատարանն առանձնացնում է Pinochet-ի (թիվ 3) վճիռը այն հիմքով, որ այս գործը վերաբերում է նախկին պետական պաշտոնյայի՝ քրեական արդարադատությունից անձեռնմխելիության իրավունքին և ոչ՝ հենց պետության՝ քաղաքացիական վնասի համար պատասխանատվությունից անձեռնմխելիության իրավունքին: Դատարանը նաև անդրադարձել է սույն Դատարանի կողմից՝ վերևում մեջբերված Al-Adsani-ի գործով վճռին, ինչպես նաև՝ դրան հաջորդած Kalogeropoulou-ն և այլոք ընդդեմ Հունաստանի և Գերմանիայի գործին (որոշ.), թիվ 59021/00, ՄԻԵԴ 2002-X, որի ժամանակ բավարար հիմնավորված եզրահանգում չի արվել առ այն, որ պետությունն այլևս քաղաքացիական գործերի քննության ժամանակ անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ այն դեպքերում, երբ վերջինիս դեմ խոշտանգման հիմքով մեղադրանք է ներկայացվում:
92. Այդ իսկ պատճառով Արդարադատության միջազգային դատարանը եզրահանգել է, որ միջազգային սովորությային իրավունքի համաձայն, ինչպես որ այն ներկայանում է վճռի ընդունման պահին, պետությունը չի զրկվում իր անձեռնմխելիությունից այն հիմքով, որ վերջինս մեղադրվել է միջազգային մարդու իրավունքների կամ զինված հակամարտությունների իրավունքի լուրջ խախտումների մեջ: Դատարանն ավելացրել է.
«91. ... Գալով այս եզրահանգմանը՝ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ այն անդրադառնում է սոսկ պետության՝ այլ պետությունների դատարանների իրավազորությունից անձեռնմխելիության հարցին, քննվող գործի շրջանակներում այն հարցը, թե արդյո՞ք քրեական վարույթի ժամանակ պետական պաշտոնյայի անձեռնմխելիությունը գործում է թե ոչ, և եթե այո, ապա ինչ աստիճանի անձեռնմխելիություն է կիրառելի, քննարկման առարկա չի հանդիսանում»:
93. Անդրադառնալով jus cogens և պետական անձեռնմխելիության կանոնի հարաբերակցության հարցին՝ դատարանը գտել է, որ այստեղ հակասություն չկա: Կանոնների այս երկու խմբերը անդրադառնում են տարբեր երևույթների. պետական անձեռնմխելիության կանոնները բնույթով ընթացակարգային են և սահմանափակված են մեկ պետության դատարանների կողմից՝ մեկ այլ պետության նկատմամբ իրավազորությունը որոշելու հարցով, դրանք չեն անդրադառնում վարույթի հարուցման համար հիմք ծառայած գործողությունների օրինական կամ անօրինական լինելու հարցին: Բացի այդ հիմք չկա նաև պնդելու, որ այն կանոնը, որը jus cogens կարգավիճակ չունի, կիրառելի չէ, եթե այդպիսի դեպքերում խոչընդոտվում է jus cogens կանոնի կիրառությունը: Այս կապակցությամբ Դատարանը, inter alia, մեջբերել է Arrest Warrant-ի գործը (տե՛ս վերևում՝ 83-րդ պարբերությունը), սույն գործով Լորդերի պալատի վճիռը և սույն Դատարանի կողմից Al-Adsani-ի գործով վճիռը:
94. Ի վերջո, Դատարանը մերժել է այն պնդումը, համաձայն որի անձեռնմխելիությունը կարող է չեղյալ համարվել, եթե փոխհատուցում ստանալու բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել: Դատարանը պետական պրակտիկայում չի գտել այն հիմքերը, որոնք կհաստատեին, որ միջազգային իրավունքում պետական անձեռնմխելիության իրավունքը կախված է փոխհատուցումն ապահովող արդյունավետ այլընտրանքային միջոցների առկայությունից: Դատարանը նաև մատնացույց է արել, որ այդպիսի բացառությունները գործնականում բարդություններ կառաջացնեն:
4. Օտարերկրյա պետություններում քրեական արդարադատության իրականացման ժամանակ պետական պաշտոնյաների անձեռնմխելիության ուսումնասիրման նպատակով ստեղծված Միջազգային իրավունքի հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ
95. 2007թ. Միջազգային իրավունքի հանձնաժողովը որոշում է կայացրել «Պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը օտարերկրյա քրեական արդարադատության իրականացման ընթացքում» թեման ներառել հանձնաժողովի աշխատանքային ծրագրում և պրն. Kolodkin-ն նշանակել որպես Հատուկ զեկուցող: Պրն. Kolodkin-ը ներկայացրել է երեք զեկույց, որտեղ ներկայացված էին այն շրջանակները, որոնց սահմաններում այս թեման պետք է արծարծվեր, իր զեկույցներում նա վերլուծել էր պետական պաշտոնյաների օտարերկրյա քրեական արդարադատությունից անձեռնմխելիության մի շարք կարևոր հիմնախնդիրներ և ուսումնասիրել այսպիսի անձեռնմխելիության հետ առնչվող մի շարք ընթացակարգային խնդիրներ: Նրա կողմից ներկայացված զեկույցներն ուսումնասիրվել են 2008թ. և 2011թ.՝ համապատասխանաբար Միջազգային իրավունքի հանձնաժողովի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վեցերորդ հանձնաժողովի կողմից: 2012 թ. մայիսի 22-ին օրիորդ Hernández-ն է նշանակվել որպես Հատուկ զեկուցող, ով փոխարինել է պրն. Kolodkin-ն վերջինիս այլևս Միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամ չհանդիսանալու պատճառով: Օրիորդ Hernández-ը «Օտարերկրյա քրեական իրավազորությունից պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը» թեմայով նախնական զեկույց է ներկայացրել, որը 2012թ. Միջազգային իրավունքի հանձնաժողովի ուսումնասիրության առարկան էր: Նա իր երկրորդ զեկույցը ներկայացրել է 2013 թվականին:
96. Իր երկրորդ զեկույցում պրն. Kolodkin-ը օտարերկրյա քրեական արդարադատությունից պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերաբերյալ տարբեր տեսակետներ էր դիտարկել: Նա տվել է հետևյալ մեկնաբանությունը.
«18. Չնայած դոկտրինի մեջ գոյություն ունեցող այլ մոտեցման, լայնորեն տարածված է այն տեսակետը, որ օտարերկրյա քրեական արդարադատությունից պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը նորմ է, այսինքն՝ ընդհանուր կանոն, իրերի բնականոն ընթացք, և դրա բացակայությունը մասնավոր դեպքերում հանդիսանում է այս կանոնից բացառություն: Կարևոր է այն, որ եթե գործը վերաբերում է բարձրաստիճան պաշտոնյաներին, ծառայության մեջ գտնվող այլ պաշտոնյաներին կամ նախկին պաշտոնյաներին՝ կապված իրենց պաշտոնավարման ընթացքում կամ պաշտոնական գործառույթների կատարման ընթացքում կատարված արարքների հետ, ապա պետք է հիմնավորվի այս կանոնից ազատումը կամ բացառության կիրառումը, այսինքն՝ անձեռնմխելիության բացակայությունը, և ոչ հակառակը՝ այդ նորմի գոյությունը, և հետևաբար՝ անձեռնմխելիության գոյությունը: Քանի որ անձեռնմխելիության սկզբունքը ամրագրված է ընդհանուր միջազգային իրավունքում, դրա բացակայությունը ... կարող է հիմնավորվել հատուկ կանոնի գոյությամբ կամ գործելակերպի ու opinio juris (հեղինակավոր իրավաբանների կարծիքի) միջոցով, որոնք մատնանշում են, որ ընդհանուր կանոնից բացառությունները առաջ են եկել կամ առաջ են գալիս»:
97. Անօրինական գործողությունների նկատմամբ ratione materiae սկզբունքի հիման վրա անձեռնմխելիության կիրառելու վերաբերյալ զեկուցողը նշել է.
«31. ... Այն պնդումը, որ անձեռնմխելիությունը չի տարածվում այդպիսի գործողությունների վրա, անձեռնմխելիության գաղափարն ինքնին դարձնում է անիմաստ: Քրեական արդարադատության՝ ցանկացած անձի հանդեպ իրականացման հարցը, այդ թվում նաև՝ օտարերկրյա պաշտոնյաների, առաջանում է միայն այն դեպքերում, երբ կասկածներ կան առ այն, որ անձը իրականացրել է անօրինական, ավելին՝ քրեորեն պատժելի գործողություններ: Հետևաբար, մասնավորապես այս գործով օտարերկրյա քրեական արդարադատությունից անձեռնմխելիությունն անհրաժեշտություն է ...»:
98. Պրն. Kolodkin-ը ուսումնասիրել է նաև jus cogens նորմերից հնարավոր բացառությունների շուրջ ծավալվող բանավեճերը և նշել հետևյալը.
«56. Անձեռնմխելիության սահմանափակումների գոյության անհրաժեշտությունը բացատրվում է ամենից առաջ մարդու իրավունքների ամենասարսափազդու և լայնածավալ խախտումներից պաշտպանության և անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Այստեղ ծավալված բանավեճը միջազգային հանրության շահերի պաշտպանությունն է՝ որպես մեկ ընդհանրություն, և համապատասխանաբար, այն հանգամանքը, որ այդ շահերը, ինչպես նաև ծանր միջազգային հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, որոնք ավելի հաճախ կատարվել են պետական պաշտոնյաների կողմից, թելադրում է անհրաժեշտություն այդ անձանց ենթարկել պատասխանատվության արդարադատության համակարգ ունեցող ցանկացած պետության տարածքում: Սա իր հերթին պահանջում է պետական պաշտոնյաների՝ օտար պետության քրեական իրավազորությունից անձեռնմխելիության սահմանափակումների գոյություն:
Սահմանափակումները ... տարբեր հիմնավորումներ ունեն: Հիմնական տրամաբանությունը հանգում է հետևյալին: Ամենից առաջ, ինչպես և արդեն նշվել է, գոյություն ունի այնպիսի տեսակետ, համաձայն որի պետական պաշտոնյայի կողմից գործած ծանր միջազգային հանցագործությունները չեն կարող միջազգային իրավունքի շրջանակներում համարվել պաշտոնական դիրքում կատարված: Երկրորդ, քանի որ պետական պաշտոնյայի կողմից իր պաշտոնական գործառույթների շրջանակներում գործած միջազգային հանցագործությունը վերագրվում է ոչ միայն պետությանը, այլ նաև՝ անձին, ապա նա դատավարության ընթացքում ratione materiae սկզբունքի ներքո անձեռնմխելիությամբ պաշտպանված չէ. երրորդ, մատնացույց է արվում, որ միջազգային իրավունքի բացարձակ նորմերը, որոնցով որոշ գործողություններ արգելվում կամ քրեականացվում են, գերակա են անձեռնմխելիության նորմի նկատմամբ և այսպիսի հանցագործությունների դեպքում անձեռնմխելիությունը անվավեր է դառնում: Չորրորդ, նշվում է, որ միջազգային իրավունքում առաջ է եկել սովորութային իրավունքի նորմ, համաձայն որի այն դեպքերում, երբ անձը միջազգային իրավունքի ներքո կատարել է ծանր հանցագործություններ, վերջինս զրկվում է ratione materiae անձեռնմխելիությունից: Հինգերորդ, առավել ծանր հանցագորությունների նկատմամբ միջազգային իրավազորության և անձեռնմխելիության սահմանափակումների միջև ստեղծվում է կապ, այն դեպքերում, երբ կատարվել է այդպիսի հանցագործություն: Վեցերորդ, համանման կապ գոյություն ունի aut dedere aut judicare (արտահանձնելու կամ քրեորեն հետապնդելու պարտավորություն) սկզբունքի և անձեռնմխելիության անվավերության հետ այն դեպքերում, երբ այն կիրառելի է այնպիսի հանցագործությունների նկատմամբ, որոնց հետ կապված այդպիսի պարտավորություն գոյություն ունի: (Ծանոթագրությունները բացթողնված են)
99. Հատուկ զեկուցողը դիտարկել է, որ այն տեսակետը համաձայն որի միջազգային իրավունքի ներքո սահմանված ծանր հանցագործությունները չեն կարող համարվել պաշտոնական պարտականությունների շրջանակում գործած արարքներ, այդ իսկ պատճառով այդպիսի դեպքերում ratione materiae անձեռնմխելիության իրավունքը չի կարող անձին պաշտպանել օտար պետության իրավազորությունից՝ կապված այդ հանցագործության հետ, արդեն բավականին ընդարձակ տարածում է գտել: Իր նախնական զեկույցում օրիորդ Hernández-ը այսպես համառոտ ներկայացրել է Միջազգային իրավունքի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումը հետևյալ կերպ.
«35. Հանձնաժողովի անդամները նույնպես «պաշտոնական լիազորությունների» վերաբերյալ արտահայտել են իրենց կարծիքը՝ դրա շրջանակների և պետությունների միջազգային պատասխանատվության հետ ունեցած կապի տեսանկյունից: Անդամներից մի քանիսը գտնում են, որ ցանկացած գործողություն, որը կատարվել է կամ ենթադրաբար կատարվել է «պաշտոնյայի» կողմից պետք է սահմանվի որպես պաշտոնական գործողություն, որի համար անձը ունի անձեռնմխելիության իրավունք: Սակայն անդամների մեկ այլ խումբ ավելի խիստ սահմանման կողմնակից է, որի դեպքում այնպիսի գործողությունները, որոնք համարվում են միջազգային հանցագործություններ, չեն կարող դիտարկվել որպես պաշտոնական գործողություններ: Անդամներից մի քանիսը ավելի հակված էին «պաշտոնական գործողություն» հասկացությանը մի փոքր այլ մոտեցում ցուցաբերել՝ կախված այն բանից, թե գործողությունը ավելի շուտ վերագրելի է պետությանը՝ պատասխանատվության համատեքստում, թե մասնավոր անձին՝ քրեական պատասխանատվության և անձեռնմխելիության համատեքստում»:
100. Իր երկրորդ զեկույցում օրիորդ Hernández-ը հրապարակել է հոդվածների նախագծերի երկրորդ խումբը, որտեղ ներառված են քրեական վարույթի ժամանակ անձեռնմխելիության ratione materiae շրջանակները: Քրեական վարույթի ժամանակ անձեռնմխելիության ratione materiae վերաբերյալ թվով երրորդ զեկույցը, ներառյալ՝ «պաշտոնական գործողություններ» հասկացության վերաբերյալ մտորումները, և համապատասխան հոդվածների նախագծերը Միջազգային իրավունքի հանձնաժողովի ուշադրությանն է նախատեսվում ներկայացնել հանձնաժողովի 2014թ. նիստի ժամանակ:
101. Բոլոր հինգ զեկույցների առանցքում պետական պաշտոնյաների օտար պետության քրեական, և ոչ քաղաքացիական արդարադատությունից անձեռնմխելիության հարցն է:
5. Միջազգային իրավունքի ինստիտուտի կողմից 2009թ. ընդունված բանաձևը
102. Միջազգային իրավունքի ինստիտուտը հիմնադրվել է 1873թ. առաջատար միջազգային իրավունքի գիտնականների կողմից և նպատակ է հետապնդում խթանել միջազգային իրավունքի զարգացումը: Այն ընդունում է նորմատիվային բնույթի բանաձևեր, որոնք ներկայացվում են պետական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և գիտական հանրության ուշադրությանը: Այս կերպ Ինստիտուտը նպատակ է հետապնդում ընդգծել գործող իրավունքի առանձնահատությունները՝ ձգտելով խթանել դրա պահպանումը: Երբեմն այն de lege ferenda (այսինքն՝ հեռանկարում ունենալով նոր օրենսդրության ընդունում) որոշումներ է կայացնում՝ նպաստելով միջազգային իրավունքի զարգացմանը:
103. 2009թ. Նեպալում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ Միջազգային իրավունքի ինստիտուտը ընդունել է միջազգային հանցագործությունների վերաբերյալ գործերի ժամանակ պետության և պետական պաշտոնյաների անձեռնմխելիության մասին բանաձևը: I-ին հոդվածը սահմանում է «իրավազորությունը» որպես ներպետական դատարանների քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորություն, իսկ «միջազգային հանցագործություններ» հասկացության մեջ խոշտանգումը ևս ներառված է:
104. Բանաձևի II-րդ հոդվածը սահմանում է սկզբունքները: Այն բացատրում է, որ համաձայն պայմանագրերի և միջազգային սովորութային իրավունքի պետություններն ունեն միջազգային հանցագործությունները կանխարգելելու և զսպելու պարտավորություն, և անձեռնմխելիության իրավունքը չպետք է հանդիսանա այդպիսի հանցագործություններից տուժած անձանց պատշաճ փոխհատուցմամբ ապահովելու համար խոչընդոտ: Այն պետություններին կոչ է անում հրաժարվել անձեռնմխելիությունից այն դեպքերում, երբ դրանց ներկայացուցիչները ենթադրաբար գործել են միջազգային հանցագործություններ:
105. Բանաձևի III-րդ հոդվածում, որը վերնագրված է «պետության անունից հանդես եկող անձանց անձեռնմխելիությունը», սահմանված է.
«1. Միջազգային հանցագործությունների պարագայում բացի միջազգային իրավունքով ամրագրված անձնական անձեռնմխելիությունից՝ իրավազորությունից անձեռմխելիության այլ ձևեր կիրառելի չեն:
2. Երբ ավարտվում է անձնական անձեռնմխելիության իրավունքից օգտվող անձի պաշտոնավարման կամ առաքելության իրականացման ժամկետը, այդպիսի անձնական անձեռնմխելիությունը դադարում է:
3. Վերոհիշյալ դրույթները չեն հակասում՝
(ա) նախորդ պարբերություններում նշված անձի միջազգային իրավունքի ներքո պատասխանատվությանը,
(բ) այդպիսի անձի կողմից կատարված և միջազգային հանցագործություն համարվող ցանկացած գործողության որևէ պետության վերագրելուն»:
106. «Պետությունների անձեռնմխելիությունը» վերտառությամբ IV-րդ հոդվածը սահմանում է.
«Վերոհիշյալ դրույթները չեն հակասում այն խնդրին, թե արդյո՞ք և որ դեպքերում է պետական պաշտոնյայի կողմից գործած միջազգային հանցագործության հետ առնչություն ունեցող քաղաքացիական հայցերի ժամանակ պետությունը օգտվում օտար պետությունների ներպետական դատարանների իրավազորությունից անձեռնմխելի լինելու իրավունքից»:
Դ. Պետության պատասխանատվությունը
107. Միջազգային իրավունքի ինստիտուտը Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածները հրապարակել է 2001 թվականին: 4-րդ հոդվածը սահմանում է պետության՝ իր մարմինների կողմից կատարած գործողությունների համար պատասխանատվություն.
«1. Ցանկացած պետական մարմնի վարքագիծը միջազգային իրավունքի ներքո համարվում է այդ պետության վարքագիծ՝ անկախ այն հանգամանքից, թե այդ մարմինը կատարում է օրենսդիր, գործադիր, դատական, թե մեկ այլ գործառույթ և անկախ դրա՝ պետական համակարգում զբաղեցրած դիրքից, ինչպես նաև՝ անկախ կենտրոնական կառավարման թե վարչատարածքային մարմին լինելու հանգամանքից:
2. Մարմին հասկացությունը ներառում է ցանկացած անձ կամ իրավաբանական անձ հասկացությունները, որոնք այդ պետության ներքին օրենսդրությամբ ձեռք են բերել այդ կարգավիճակը»:
108. Համաձայն 5-րդ հոդվածի, այնպիսի մասնավոր կամ իրավաբանական անձի վարքագիծը, որը 4-րդ հոդվածի սահմանման շրջանակներում չի հանդիսանում այդ պետության մարմին, սակայն որին օրենսդրությամբ այդ պետության կողմից շնորհվել է պետական կառավարման որոշ տարրեր իրականացնելու իրավունք, միջազգային իրավունքի ներքո վերագրելի է պետությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնավոր կամ իրավաբանական անձը այդ գործառույթներն իրականացնում է միայն տվյալ մասնավոր դեպքում: 7-րդ հոդվածը սահմանում է, որ պետության ներկայացուցիչների կողմից լիազորությունների գերազանցմամբ կամ դրանց շրջանակից դուրս կատարված գործողությունները միջազգային իրավունքի կանոններով համարվոմ են պետության կողմից իրականացված գործողություններ:
109. Վերջապես, 58-րդ հոդվածը, համաժամանակյա անձնական պատասխանատվության առնչությամբ բացատրում է.
«Այս հոդվածները ոչ մի կերպ չեն հակասում միջազգային իրավունքի ներքո պետության անունից հանդես եկող ցանկացած անձի անձնական պատասխանատվությանն առնչվող ցանկացած հարցին»:
IV. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆՅՈՒԹԵՐԸ
110. Պատասխանող կառավարությունը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին խնդրել էր պետությանը՝ ազգային օրեսդրությամբ շնորհվող անձեռնմխելիության աստիճանի մասին մեկնաբանություններ տրամադրել: Ստացվել է թվով 21 պատասխան (Ալբանիա, Ադրբեջան, Բելգիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Լիտվա, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետություն, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Լեհաստան, Ռուսաստան, Շվեդիա, Շվեյցարիա և Թուրքիա): Պատասխաններից պարզ էր, որ քիչ դեպքերում էր, որ պետությունները խոշտանգումների գործերով ներպետական կամ միջազգային սովորութային նորմերի համաձայն գործնականում բախվել են քաղաքացիական վարույթից անձեռնմխելի լինելու խնդրին: Այդ պետություններից ոչ մեկը առանձին դեպքերին հղում չէր կատարել: Այդ իսկ պատճառով ստացված պատասխաններն ավելի շուտ ենթադրությունների վրա հիմնված վերլուծություններ էին, քան հիմնված էին կոնկրետ օրինակների վրա: Իրավազորության հարցը պատասխաններից մի քանիսում ևս բարձրացված էր. պետություններից մի քանիսը հաստատել են, որ իրենց ներպետական դատարանները երրորդ պետության քաղաքացու ներգրավմամբ օտար պետության տարածքում կատարված խոշտանգման գործով իրավազորություն չունեն, ուստի արարքի համար պատասխանատու պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարց գործնականում չի կարող բարձրացվել:
111. Պատասխանող կառավարությունը, դիմումատուները, և երրորդ կողմը այլ համեմատական նյութեր ևս տրամադրել են, որտեղ ներկայացված են աշխարհի մի շարք այլ պետությունների համապատասխան օրենսդրությունը և պրակտիկան: Մի քանի պետություններում գործում է պետական անձեռնմխելիությունը կարգավորող օրենսդրություն, իսկ մի շարք ներպետական դատարաններ պետական պաշտոնյաների դեմ արձակել են վճիռներ՝ քաղաքացիական և քրեական պատասխանատվության համատեքստում: Հաջորդիվ ներկայացվում է ներպետական օրենսդրության և դատական պրակտիկայի ուսումնասիրությունը, որը սակայն սպառիչ չէ:
Ա. Ենթադրյալ խոշտանգումների գործերով քաղաքացիական հայցերը
1. Միացյալ Նահանգներ
(Ա) Իրավազորությունը
112. Միացյալ Նահանգների 1789թ. ընդունված Օտարերկրացիների քաղաքացիական իրավախտումների մասին օրենքը դաշնային իրավազորություն է հաստատում բոլոր այն դեպքերում, երբ օտարերկրացին հայց է ներկայացնում ազգերի իրավունքի կամ ԱՄՆ-ի կողմից ստորագրված միջպետական պայմանագրի խախտմամբ կատարված քաղաքացիական իրավախախտման համար:
113. Filartiga-ն ընդդեմ Pena-Irala-ի գործով (1980թ.) 630 F 2d 876, Վերաքննիչ դատարանը (Երկրորդ շրջան) գտել է, որ 1789թ. օրենքը Պարագվայում ոստիկանության սպայի հանդեպ գործած խոշտանգման գործով ներկայացած հայցի համար իրավազորություն է նախատեսում: Դատարանի առջև պետական անձեռնմխելիության հարցը կարծես թե բարձրացված չէր, թեև պատասխանողը չէր փորձում դատական գործի բողոքարկման ժամանակ վիճարկել, որ եթե վեճի առարկա հանդիսացող գործողությունը ենթադրաբար իրականացվել է Պարագվայի կառավարության կողմից, ապա համաձայն պետության ինքնիշխանության և անձեռնմխելիության մասին դոկտրինի այսպիսի հայցադիմումը չի կարող քննվել: Արձագանքելով այս պնդմանը՝ դատարանը նշել է հետևյալը.
«Այսպիսի պնդում սույն դատարանին չի ներկայացվել, ուստի սույն գործի շրջանակներում այն քննարկման առարկա չի կարող հանդիսանալ: Սակայն պետք է նշել, որ դատարանը տարակուսանք է արտահայտում առ այն, որ պետական պաշտոնյայի կողմից Պարագվայի Հանրապետության Սահմանադրության և օրենքների խախտմամբ կատարված արարքը, որն ամբողջությամբ չի արժանացել այդ պետության կառավարության հավանությանը, չի կարող որակվել որպես այդ պետության կողմից գործած արարք ... Պարագվայի կողմից խոշտանգումները որպես պետական քաղաքակություն իրականացնելու արգելված միջոց հայտարարելը դեռևս բավարար չէ այսպիսի արարքի՝ միջազգային իրավունքի խախտման բնույթը անտեսելու համար այն դեպքերում, երբ այդ արարքը տեղի է ունեցել պետական լիազորությունների շրջանակներում ...»
114. Այս վճռին հաջորդել է Խոշտանգման զոհերի պաշտպանության մասին օրենքը, որն ընդունվել է 1991թ. և որի նպատակն էր օրենսդրորեն ամրագրել Filartiga-ի գործով ճանաչված հայցի հիմքը և այն տարածել ԱՄՆ քաղաքացիների վրա: Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետի 1-ին ենթակետը շարադրված է հետևյալ կերպ. «անձը, ով փաստացիորեն կամ ակնհայտորեն կամ օրենքի սահմաններում գործելով, օտար պետության պաշտոնական լիազորությունների շրջանակներում ... մեկ այլ անձի ենթարկում է խոշտանգումների, պարտավոր է քաղաքացիական հայցի շրջանակներում այդ անձին փոխհատուցել պատճառված վնասը»:
115. Sosa-ն ընդդեմ Alvarez-Machain-ի գործով 542 U.S. 692 (2004թ.) ԱՄՆ-ի Գերագույն դատարանն ուսումնասիրել է 1789թ. օրենքի ներքո բերված հայցը, որը, inter alia, վերաբերում էր ենթադրաբար ԱՄՆ իշխանության ներկայացուցիչների կողմից Մեքսիակայի քաղաքացու առևանգմանը: Դատարանը մերժել է հայցվորի կողմից ներկայացված պահանջը, քանի որ գտել է, որ այն պնդումը, համաձայն որի առևանգումը հանդիսանում է «ազգերի իրավունքի խախտում», հիմքեր չունի՝ այսպիսով համարելով, որ դատարանն այս գործով իրավազորոթյուն չուներ: Պետական անձեռնմխելիության հարց այս դեպքում չի բարձրացվել, սակայն դատարանի մեծամասնության դիրքորոշման հետ համընկնող իր հատուկ կարծիքում դատավոր Breyer-ը դիտարկել է, թե արդյո՞ք 1789թ. օրենքով ընդունված իրավազորության իրավունքը համահունչ է միջազգային իրավական համերաշխության սկզբունքին: Դատավորը կատարել է հետևյալ դիտարկումները.
«Այսօր միջազգային իրավունքն երբեմն համանման կերպով է արտացոլում ոչ միայն համընդհանուր կերպով դատապարտելի վարվելակերպի հետ կապված նյութական համաձայնագրերը, այլև ընթացակարգային համաձայնագրերը, որոնց համաձայն համընդհանուր իրավազորության գոյության նպատակը այդպիսի վարքի ենթաբազմության հասցեագրումն է ... այդ ենթաբազմությունը ներառում է խոշտանգումները, մարդության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական հանցագործությունները:
...
Այն փաստը, որ գոյություն ունի ընթացակարգային համերաշխություն, առաջարկում է, որ սահմանափակ նորմերի խմբի նկատմամբ համընդհանուր իրավազորության ճանաչումը համահունչ է միջազգային համեշխության սկզբունքների հետ: Այսինքն, թույլ տալով, որ այսպիսի գործերի դեպքում յուրաքանչյուր պետության դատարանները քննեն օտար պետությունների գործողությունները, որոնց ժամանակ ներգրավված են եղել նաև օտար երկիր ներկայացնող կողմեր, էականորեն չի վտանգի այն գործնական ներդաշնակությունը, որը ձգտում է պահպանել համերաշխության սկզբունքը: Այս համերաշխությունը վերաբերում է քրեական իրավազորությանը, սակայն համընդհանուր քրեական արդարադատության իմաստով համերաշխությունն ինքնին նշանակում է, որ համընդհանուր քաղաքացիական իրավազորությունն այլևս սարսափելի չէ ... Դրա պատճառն այն է, որ շատ երկրների քրեական դատարաններ մեկտեղում են քաղաքացիական և քրեական վարույթները` քրեորեն պատժելի արարքներից տուժողներին հնարավորություն ընձեռելով հենց քրեական վարույթի շրջանակներում ներկայացված լինելու և ստանալու պատճառված վնասի փոխհատուցում ... Այսպիսով, համընդհանուր քրեական իրավազորությունը պարտադիր ներառում է նաև քաղաքացիական հայցով վնասի փոխհատուցում»: (Ծանոթագրությունները բացթողնված են)
(բ) Անձեռնմխելիություն
(i) Պետական անձեռնմխելիությունը
116. Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին 1976թ. օրենքը սահմանում է այն շրջանակները, որոնց սահմաններում Միացյալ Նահանգների դատարաններում կարելի է օտարերկրյա պետության դեմ ներկայացնել հայց: Անձեռնմխելիության իրավունքից օգտվելու նպատակով պաշտպանվող կողմը պետք է հաստատի, որ հանդիսանում է «օտարերկրյա պետություն», ինչպես որ սահմանված է տվյալ օրենքով: «Օտարերկրյա պետություն» եզրույթի սահմանումը բնորոշվում է որպես քաղաքական ենթաբաժիններ, կառույցներ և միջոցներ ներառող օտարերկրյա պետություն:
117. Մի շարք գործերով Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը չի ներառում ինքնիշխան պետական անձեռնմխելիության ընդհանուր կանոնից ենթադրյալ բացառություն այն դեպքերում, երբ օտարերկրյա պետությունը մեղադրվում է jus cogens նորմերի խախտման համար (տե՛ս Siderman de Blake-ն ընդդեմ Արգենտինայի (1992թ.) 965 F.2d 699 (Իններորդ շրջան), Princz-ն ընդդեմ Գերմանիայի (1994թ.) 26 F.3d 1166 (Կոլումբիայի շրջանային դատարան), Smith-ն ընդդեմ Լիբիայի (1997թ.) 101 F.3d 239 (Երկրորդ շրջան), և Sampson-ն ընդդեմ Գերմանիայի (2001թ.) 250 F.3d 1145 (Յոթերորդ շրջան)):
(ii) Բարձրաստիճան պետական պաշտոնյաների ratione personae անձեռնմխելիությունը
118. Ye-ն ընդդեմ Zemin-ի գործով (2004թ.) 383 F.3d 620 (Յոթերրորդ շրջան), դիմումատուները գանգատ էին բերել Շրջանային դատարանի դիրքորոշման դեմ՝ կապված Չինաստանի գործող նախագահի ratione personae անձեռնմխելիության իրավունքի հետ, այն հիմնավորմամբ, որ գործադիր իշխանությունը հետապնդում է հենց այս նպատակը՝ ձգտելով խոչընդոտել jus cogens նորմերի խախտման վերաբերյալ քաղաքացիական հայցը: Դիմումատուները պնդել են, որ միջազգային սովորութային իրավունքի ներքո գործադիր իշխանությունն իրավունք չուներ jus cogens նորմերի խախտման դեպքում պահանջել անձեռնմխելիություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը չի կարգավորում օտարերկրյա պետությունների ղեկավարների անձեռնմխելիության հարցերը, իսկ համընդհանուր գործելակերպի համաձայն այսպիսի դեպքերում գործադրի դիրքորոշումը ընդունելի է: Դատարանն անդրադարձել է Sampson-ի գործով (տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունը) իր դիրքորոշմանը, որտեղ նշվում է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքում jus cogens նորմերի վրա հիմնված բացառություններ չկան, և եզրակացրել է, որ քանի որ օրենսդրի՝ անձեռնմխելիություն շնորհելու մասին որոշումը վիճարկելի չէ, նույնպես և վիճարկելի չէ գործադրի համանման որոշումը: Դատարանն անդրադարձել էր պետությանը՝ այլ պետությունների հետ հարաբերությունների հարթակում անձեռնմխելիություն շնորհելու մասին որոշման նշանակալի ազդեցությանը:
(iii) Այլ պետական պաշտոնյաներին շնորհվող ratione materiae անձեռնմխելիությունը
119. Chuidian-ն ընդդեմ Ֆիլիպինների ազգային բանկի և Daza-ի գործով (1990թ.) 912 F.2d 1095, Վերաքննիչ դատարանը (Իններորդ շրջան) գտել է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքում նշված «օտարերկրյա պետություն» եզրույթը ներառում է այն անձին, ով հանդիսանում է այդ պետության գործադիր կառույցի ներկայացուցիչ: Սակայն դատարանն ընդունել է նաև, որ օրենքը պաշտպանության տակ չի առնում իր լիազորությունների շրջանակից դուրս գործող պաշտոնյային: Այս հիմքով Միացյալ Նահանգների Դաշնային շրջանային դատարանները Xuncax-ն ընդդեմ Gramajo-ի (1995թ.) 886 F. Supp 162 (Խոշտանգումների հիմքով Գվատեմալայի բանակի ավագ սպայի և պաշտպանության նախարարի դեմ բերված բողոք) և Cabiri-ն ընդդեմ Assasie-Gyimah-ի (1996թ.) 921 F. Supp. 1189 (S.D.N.Y.) (Խոշտանգումների հիմքով գանայացի անվտանգության հարցերով խորհրդականի դեմ բերված բողոք) գործերով մերժել են պետական պաշտոնյաներին անձեռնմխելիություն շնորհել: Դատարանը համապատասխանաբար մեկնաբանել է, որ Xuncax-ի գործով կատարված գործողությունները «սահմանազանցել [են] Gramajo-ի լիազորությունների շրջանակում եղած ցանկացած կետ», և որ Cabiri–ի գործով պատասխանողը չի պնդել, որ խոշտանգումները հանդիսացել են իր լիազորությունների շրջանակում կատարված գործողություններ և առարկություններ չի ներկայացրել՝ պնդելով, որ այդպիսի գործողությունները Գանայի օրենսդրությամբ արգելված չեն, և ոչ էլ կարող էր այդպիսի առարկություն ներկայացնել:
120. Belhas-ն ընդդեմ Ya’alon-ի գործով (2008թ.) 515 F.3d 1279 (Կոլումբիայի շրջանային դատարան) դիմումատուները պնդել են, որ պատասխանողը, հանդիսանալով բանակի հետախուզական ստորաբաժանման ղեկավար, իր պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում կատարել է jus cogens նորմերի խախտում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այս դեպքում կիրառելի է Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը և որ չկան այդ օրենքից չնշված բացառություններ (դատարանը հղում է կատարել իր իսկ կողմից կայացված Princz-ի վճռին, տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունը): Այդ իսկ պատճառով պատասխանողն օգտվում է պետական անձեռնմխելիության իրավունքից:
121. Matar-ն ընդդեմ Dichter-ի գործով (2009թ.) 563 F.3d 6 (Երկրորդ շրջան), դիմումատուն բողոք էր ներկայացրել Իսրայելի անվտանգության գործակալության նախկին ղեկավարի դեմ՝ պնդելով, որ վերջինս կատարել է jus cogens նորմերի խախտում: Իշխանության նախկին ներկայացուցիչը պնդում էր, որ իր գործով կիրառելի էր ratione materiae անձեռնմխելիություն: Վերաքննիչ դատարանը գտել է, որ նույնիսկ այն պարագայում, երբ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը կիրառելի չէ այն պատճառով, որ պատասխանողը նախկին և ոչ թե գործող պաշտոնյա է, վերջինս անգլո-սաքսոնական իրավունքի կանոնների համաձայն համարվում է անձեռնմխելի: Դատարանը դիտարկում է, որ նախքան Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի ընդունումը դատարանների կարծիքը անգլո-սաքսոնական իրավունքի նորմերի լույսի ներքո տատանվում է օտարերկրյա ինքնիշխան պետությունների և դրանց գործիքների անձեռնմխելիությունը ճանաչողների և չճանաչողների միջև: Այս սկզբունքները պահպանվել են նաև Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի ընդունումից հետո: Ինչ վերաբերում է jus cogens հիմքով բացառությանը, ապա դատարանն անդրադարձել է Smith-ի գործով իր դիրքորոշման՝ (տե՛ս վերևում՝ 117-րդ պարբերությունը) նշելով, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքում և Ye-ի գործով (տե՛ս վերևում՝ 118-րդ պարբերությունը) ամրագրված է, որ օտարերկրյա պետությունների ղեկավարների անձեռնմխելիության հետ կապված բացառություններ նշված չկան՝ անգլո-սաքսոնական իրավունքի համատեքստում: Այս գործով ևս դատարանը եզրահանգել է, որ հայցադիմումը ենթակա է մերժման:
122. Samantar-ն ընդդեմ Yousuf-ի գործով (2010թ.) 130 S. Ct. 2278, Գերագույն դատարանը միաձայն գտել է, որ օտարերկրյա պետությունների պաշտոնյաների հարցը Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքով չի կարգավորվում, հետևաբար նրանց անձեռնմխելիությունը կարգավորվում է անգլո-սաքսոնական իրավունքի նորմերով: Հետևաբար, ստորադաս դատարաններին է ուղղվում հարց առ այն, թե արդյո՞ք օտարերկրյա պետությունների պաշտոնյաները կարող են, այնուամենայնիվ, իրենց գործի նկատմամբ ակնկալել անգլո-սաքսոնական իրավունքում ամրագրված անձեռնմխելիության իրավունքի կիրառություն: Թե՛ շրջանային և թե՛ հետո նաև Վերաքննիչ դատարանում պարոն Samanter-ը պնդում էր, որ անգլո-սաքսոնական իրավունքի նորմերին ապավինելով, նա ուներ պետության ղեկավարին, ինչպես նաև՝ օտարերկրյա պետական պաշտոնյային շնորհվող անձեռնմխելիության իրավունք: 2012թ. նոյեմբերի 2-ին Վերաքննիչ դատարանը գտել է, որ անգլո-սաքսոնական իրավունքի համաձայն վերջինս խոշտանգումների համար ենթադյալ մեղադրանքի գործով քաղաքացիական վնասի փոխհատուցման մասով անձեռնմխելիության իրավունքից չի կարող օգտվել (699 F. 3d 763 (Չորրորդ շրջան)): Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատարանները պետք է հետաձգեն վճիռների կայացումը մինչև գործադիր մարմինը կհայտարարի այն մասին, թե արդյո՞ք անձը կարող է օգտվել պետության ղեկավարին (ratione personae) շնորհվող անձեռնմխելիությունից. այս գործով գործադիր մարմինը գտել է, որ պարոն Samanter-ը այդպիսի անձեռնմխելիության իրավունք չունի: Երկրորդ, օտարերկրյա պետության պաշտոնյային շնորհվող անձեռնմխելիության (ratione materiae) մասով Վերաքննիչ դատարանը նշել է.
«Ի տարբերություն մասնավոր գործողությունների, որոնք պաշտպանված չեն օտարերկրյա պետությունների պաշտոնյաներին շնորհվող անձեռնմխելիությամբ, jus cogens իրավախախտումները կարող են կատարվել իշխանության ներկայացուցչի կողմից գործող օրենքի սահմաններում, և այդ իմաստով հանդիսանալ ինքնիշխան պետության կողմից լիազորված օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ի պաշտոնե կատարված գործողություններ: Սակայն միջազգային և ներպետական իրավունքի խնդիր հանդիսանալով՝ jus cogens նորմերի խախտումները, ինչպես որ դրանք սահմանված են, ինքնիշխան պետության կողմից պաշտոնապես չլիազորված գործողություններն են»:
123. Դատարանը դիտարկել է, որ միջազգային իրավունքում նկատվում է օտարերկրյա պետությունների պաշտոնյաների՝ անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու աճող միտում՝ մասնավոր անձանց պատասխանատվության ենթարկելով jus cogens նորմերի խախտումների համար, որոնք այլ պարագայում վերագրելի են պետությանը: Դատարանը հաշվի է առել, որ օտարերկրյա պետությունների ներպետական դատարանների կողմից արձակվել են մի շարք վճիռներ, որոնցով արտահայտվում է քրեական համատեքստում jus cogens խախտումների համար պետական պաշտոնյայի անձեռնմխելիության իրավունքը վերացնելու ընդհանուր միտում՝ որպես օրինակ մեջբերելով մասնավորապես Pinochet-ի (թիվ 3) գործը (տե՛ս վերևում՝ 44-56 պարբերությունները): Վճռում մասնավորապես ասվում է.
«... Որոշ ներպետական դատարաններ հրաժարվել են պաշտոնական գործողությունները սքողող անձեռնմխելիության վարագույրից և սկսել են քննել jus cogens նորմերի խախումների համար ներկայացված քաղաքացիական հայցեր, սակայն jus cogens նորմերով բացառությունները քաղաքացիական համատեքստում կարծես թե պակաս հաստատված են: Առաջարկվում է համեմատել Ferrini-ն ընդդեմ Գերմանիայի գործն ... Jones-ն ընդդեմ Սաուդյան Արաբրայի գործի հետ ...»:
124. Դատարանը գտել է.
«Ամերիկյան դատարանները ընդհանուր առմամբ հետևել են վերոհիշյալ միտմանը՝ եզրակացնելով, որ jus cogens իրավախախտումները լեգիտիմ պաշտոնական գործողություններ չեն, և այդ իսկ պատճառով այն գործած օտարերկրյա պաշտոնյաները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից, սակայն ելնելով պետության ղեկավարի պաշտոնի կարգավիճակից՝ վերջինիս պարագայում անձեռնմխելիությունը բացարձակ բնույթի է, և նույնսիկ jus cogens նորմերի խախտման դեպքում վերջիններս պահպանում են անձեռնմխելիությունը ... Ելնելով վերոգրյալից՝ ամփոփում ենք, որ օտար երկրների պաշտոնյաները jus cogens նորմերի խախտումների դեպքում անձեռնմխելիության իրավունքից չեն օգտվում, նույնիսկ այն պարագայում, եթե այդ գործողությունները կատարվել են վերջիններիս պաշտոնական պարտականությունների շրջանակում»:
125. Հայցվորը միջնորդագիր էր ներկայացրել Գերագույն դատարանին՝ պահանջելով ստորադաս դատարանի վարույթից իր գործը հանձնել Գերագույն դատարան: Միջնորդագիրը ներկայումս ուսումնասիրման փուլում է:
2. Կանադա
126. 1985թ. ընդունված Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը սահմանում է այն շրջանակը, որի սահմաններում օտարերկրյա պետությունների դեմ կանադական դատարաններում կարելի է դատական գործեր հարուցել: Այս օրենքը ԱՄՆ համապատասխան օրենսդրությանը շատ նման է նախագծվել: Մասնավորապես, որպեսզի պատասխանողը կարողանա օգտվել անձեռնմխելիությունից այն պետք է հիմնավորի, որ հանդիսանում է օրենքի իմաստով «օտարերկրյա պետություն», և որ «օտարերկրյա պետություն» եզրույթը ներառում է ցանկացած միապետ կամ պետության այլ գլուխ, «օտարերկրյա պետության» ցանկացած կառավարություն կամ ցանկացած քաղաքական ստորաբաժանում, այդ թվում՝ դրա ցանկացած ստորաբաժանում կամ կառույց:
127. Jaffe-ն ընդդեմ Miller-ի գործով 5 O.R. (2d) 133 Օնտարիոյի Վերաքննիչ դատարանը գտել է, որ Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքով սահմանված «պետություն» հասկացությունը ներառում է իրենց պաշտոնական պարտականություններն իրականացնող օտարերկրյա պետության պաշտոնյաներին, ում օրենքը շնորհում է անձեռնմխելիություն: Այն փաստը, որ վիճարկվող գործողությունները ենթադրաբար հակաօրինական և կանխամտածված բնույթի էին, այդ անձանց չի զրկում պետությանը շնորհվող անձեռնմխելիությունից:
128. Bouzari-ին ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության գործով (2004թ.) 71 OR (3d) 675, հայցվորը պահանջում էր իրանական բանտերից մեկում խոշտանգումների հետևանքով կրած վնասի փոխհատուցում: Օնտարիոյի Վերաքննիչ դատարանը հաստատել է ստորադաս դատարանի դիրքորոշումն առ այն, որ Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի համաձայն հայցը ենթակա է մերժման: Դատարանը գտել է, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածը (տե՛ս վերևում՝ 63-րդ պարբերությունը) օտարերկրյա պետության տարածքում կատարված խոշտանգումների համար քաղաքացիական հայցով վնասների փոխհատուցում պահանջելու իրավունք չի ներառում: Նույնը կարելի է ասել նաև միջազգային սովորութային իրավունքի մասին. չնայած խոշտանգումների արգելքի jus cogens բնույթի՝ խոշտանգման հիմքով պետական անձեռնմխելիության սկզբունքից բացառություններ գոյություն չունեն:
129. Hashemi-ն ընդդեմ Իրանի Իսլամական Հանրապետության և այլոց գործով հայցվորը հանդիսանում էր Իրանի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող անձի զավակ, առաջինը Իրանում կրած խոշտանգումների հետևանքով ստացած վնասվածքներից մահացել էր: Նա Իրանի, Ayatollah Sayyid Ali Khamenei-ի և երկու այլ պաշտոնյաների դեմ քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ ովքեր, ըստ պրն. Hashemi-ի, անմիջական մասնակցություն են ունեցել իր մոր խոշտանգումներին: Նրա հայցը առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել էր այն պատճառաբանությամբ, որ Իրանի Հանրապետությունը, դրա գլուխը և երկու պաշտոնյաները՝ բոլորը Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքի համաձայն օգտվում էին անձեռնմխելիության իրավունքից:
130. 2012թ. օգոստոսի 15-ին Քվեբեկի Վերաքննիչ դատարանը հաստատել է ստորադաս դատարանի դիրքորոշումը ((2012թ.) QCCA 1449): Հիմք ընդունելով Արդարադատության միջազգային դատարանի կողմից Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով կայացված վճիռը (տե՛ս վերևում՝ 88-94 պարբերությունները) և դրանում արտահայտված դիրքորոշումը՝ դատարանը հաստատել է, որ պետական անձեռնմխելիությունը կիրառելի է նույնիսկ այն դեպքում, երբ տեղի է ունեցել խոշտանգում: Դատարանը նաև հաշվի է առել այն, որ Կանադայում, ի տարբերություն Միացյալ Նահանգների, պետական անձեռնմխելիության իրավունքն օրենսդրությամբ լիարժեք սահմանված է:
131. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք երկու պաշտոնյաները օգտվում էին պետական անձեռնմխելիության իրավունքից, դատարանը տվել է հետևյալ պատասխանը.
«[93] Այլ արդարադատության համակարգերի մի շարք համոզիչ և հեղինակավոր աղբյուրների ... լույսի ներքո, բավարարված ենք, որ միջնորդությունը քննող դատավորը ճշմարտացիորեն գտել է, որ Պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը կիրառելի է նաև օտարերկրյա պետության առանձին պաշտոնյայի նկատմամբ: Այս հարցն արդեն իսկ մանրակրկիտ քննվել է ... Jaffe-ի գործով, որի վերաբերյալ վճիռը Օնտարիոյի Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է 1993 թվականին: Տասներեք տարի անց Jones-ի գործով Անգլիայի Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռով, որը վերահաստատվել է Լորդերի պալատի կողմից, ընդունվել է փաստարկների այն ուղղությունը, որը և հայցվորի կողմից զարգացվում է նաև այս գործով ...»:
132. Այն փաստարկի մասով, որի համաձայն դիմումատուն պնդել է, որ պաշտոնյաների գործողություններն իրենց բնույթով այնպիսին էին, որ վերջիններս չեն կարող այլևս օգտվել պետական անձեռնմխելիության իրավունքից, դատավորն նշել է հետևյալը.
«[94] Ես գտնում եմ, որ այս կետի վերաբերյալ համապատասխան ատյաններն արդեն բավականաչափ հիմնավոր դիրքորոշում են արտահայտել, որոնցից ամենավերջինը Jones-ի գործով էր»:
133. Դատավորը դիտարկել է, որ բերված փաստարկը համանման է նախկինում Jaffe-ի գործով բերված փաստարկին, և որ այն այնքան էլ համահունչ չէ տարբեր իրավական գործիքներով, այդ թվում նաև՝ Խոշտանգումների դեմ կոնվենցիայով սահմանված խոշտանգման հասկացության հետ: Դատավորը եզրահանգել է, որ դիմումատուի գործի առնչությամբ Լորդերի պալատում արտահայտած լորդ Hoffman-ի տեսակետն առաջարկում է այն փաստարկի միանգամայն համոզիչ հերքում, համաձայն որի վեճի առարկա հանդիսացող վերաբերմունքը «այնքան ակնհայտորեն է հակասում օրենքին, որ այն պետք է դուրս մնա պաշտոնական գործունեության շրջանակից»:
134. Գերագույն դատարանի կողմից բողոքն ընդունել է վարույթը և գործը նշանակվել դատաքննության 2014թ. մարտ ամսին:
3. Նոր Զելանդիա
135. 2006թ. դեկտեմբերի 21-ին Բարձր դատարանը Fang-ն ընդդեմ Jiang-ի գործով արձակեց վճիռ ([2007թ.] NZAR 420): Հայցվորները պահանջում էին Չինաստանի կառավարության նախկին անդամների դեմ վերջիններիս կողմից ենթադրաբար գործած, inter alia, խոշտանգումների համար քաղաքացիական վարույթ հարուցել: Նրանք պնդում էին, որ պետական անձեռնմխելիությունը պաշտոնյաներին չի պաշտպանում նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցից՝ կապված խոշտանգումների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման հետ: Դատարանն ընդարձակ կերպով անդրադարձել է սույն գործով Լորդերի պալատի կողմից կայացված վճռին և համապատասխան միջազգային պայմանագրերին: Դատարանը գտել է, որ պետական անձեռնմխելիությունը, որի ներքո ինքնաբերաբար ratione materiae անձեռնմխելիություն է տարածվում նաև անձանց վրա, այդ թվում՝ պետության նախկին ղեկավարների և ցանկացած այլ անձանց, ում պաշտոնական լիազորությունների ընթացքում կատարված գործողությունները պաշտոնավարման ավարտից հետո կասկածի տակ են առնվել: Անձանց դեմ խոշտանգումների հիմքով բերված քաղաքացիական հայցերի դեպքում պետական անձեռնմխելիությունից բացառություններ սահմանված չեն, քանի որ Խոշտանգումների դեմ կոնվենցիան բացառություն է նախատեսում միայն քրեական գործերի ժամանակ. ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան խոշտանգումների մասով բացառություններ չի ներառում, իսկ Նոր Զելանդիայի անգլո-սաքսոնական իրավական համակարգը արտացոլում է միջազգային իրավունքը: Դատարանը եկավ հետևյալ եզրահանգման.
«71. Կարող է գալ այնպիսի ժամանակ, երբ Նոր Զելանդիայի դատարանները միջազգային իրավունքի նոր միտումները ճանաչելու գործում կվերցնեն առաջնորդություն, սակայն ... Ես վտահ եմ, որ առայժմ բոլորովին անտեղին է Նոր Զելանդիայի կողմից մի դիրքորոշման ընդունումը, որը տարբերվում է Լորդերի պալատի կողմից միջազգային իրավունքի ավանդական աղբյուրների երկար ուսումնասիրությունների հիման վրա բոլորովին վերջերս ընդունած մոտեցումից ...
72. Ես նաև համոզված չեմ, որ ճիշտ կլիներ շեղվել Լորդերի պալատի կողմից Jones-ի գործով համոզիչ մտանհանգումից, մի գործ, որը ես համարում եմ ներկա գործի հետ ուղղակիորեն բաղդատելի»:
136. Այս նկատառումներով վարույթի մեկնարկը մերժվել է:
4. Ավստրալիա
137. 1985թ. ընդունված Օտարերկրյա պետությունների անձեռնմխելիության մասին օրենքը («Անձեռնմխելիության մասին օրենք») հաստատում է այն սահմանները, որոնց շրջանակներում Ավստրալիայում օտարերկրյա պետությունների դեմ կարող են դատական գործեր հարուցվել: Օրենքի 9-րդ հոդվածը սահմանում է իրավազորությունից անձեռնմխելիության շրջանակները, իսկ 10-20-րդ հոդվածներում տեղ են գտել 9-րդ հոդվածից վերապահումները: Որպեսզի պատասխանողը կարողանա օգտվել անձեռնմխելիությունից, վերջինս պետք է ապացուցի, որ օրենքի իմաստով հանդիսանում է «օտարերկրյա պետություն»: 3-րդ հոդվածի 3-րդ կետը հստակեցնում է, որ «օտարերկրյա պետություն» եզրույթը ներառում է օտարերկրյա պետության գլխին կամ քաղաքական ստորաբաժանումների ղեկավարներին, ովքեր իրականացնում են հանրային գործառույթներ, ինչպես նաև՝ օտարերկրյա պետության գործադիր կառավարությանը կամ գործադիր կառավարության կամ քաղաքական ստորաբաժանումների մի մասին:
138. 2010թ. հոկտեմբերի 5-ին Նոր Հարավային Ուելսի Վերաքննիչ դատարանը Zhang-ն ընդդեմ Zemin-ի գործով արձակել է վճիռ ([2010թ.] NSWCA 255). այս գործը խոշտանգումների հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց է ընդդեմ Չինաստանի նախկին նախագահի, չինական կառավարության մի դեպարտամենտի, և Չինաստանի կոմունիստական կուսակցության պոլիտբյուրոյի մեկ անդամի: Դատարանը գտել է, որ առանձին պաշտոնյաներ օգտվում էին Անձեռնմխելիության մասին օրենքով ամրագրված իրավունքից՝ նկատելով, որ անգլո-սաքսոնական իրավունքով ևս պաշտպանված էին, և որ անձեռնմխելիության մասին օրենքն այս առումով անգլո-սաքսոնական իրավունքը փոփոխության չի ենթարկել: Քանի որ Անձեռնմխելիության մասին օրենքն իր նպատակներին չի ծառայի, եթե նախկին պաշտոնյաների նկատմամբ հնարավոր լիներ բողոքներ ներկայացնել՝ կապված պաշտոնավարման ընթացքում վերջիններիս վարքի հետ, օրենքը կիրառելի է նաև նախկին պաշտոնյաների նկատմամբ:
139. Հայցվորների այն փաստարկների մասով, որով վերջիններս պնդում էին, որ միջազգային իրավունքի ներքո jus cogens նորմերով պայմանավորված բացառություններ կան, այդ թվում այն փաստարկը, որ jus cogens նորմերի խախտումով գործողությունները չեն կարող համարվել հանրային կամ պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված, ուստի դրանց մասով անձը չի կարող օգտվել անձեռնմխելիության իրավունքից, դատարանը բացատրել է, որ ավստրալիական դատարանները պարտավոր են կիրառել ներպետական օրենսդրությունը նույնիսկ այն դեպքերում, երբ դա հակասում է միջազգային իրավունքին: Անձեռնմխելիությունների մասին օրենքը հստակ սահմանում է շնորհվող անձեռնմխելիության սահմանները և տալիս վերապահումների համապարփակ շրջանակը: Միջազգային իրավունքից լրացուցիչ բացառություններ վեր հանել հնարավոր չեղավ:
5. Իտալիա
140. Ferrini-ն ընդդեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործով (թիվ 5044/2004 որոշում, ILR Vol. 128, էջ. 658), Իտալիայի Վճռաբեկ դատարանը բավարարել էր Գերմանիայի դեմ վերջինիս կողմից 1944-45թթ. գործած պատերազմական հանցագործությունների համար վնասի փոխհատուցման քաղաքացիական հայցը և մերժել էր անձեռնմխելիության շնորհումը որպես հայցից պաշտպանվելու միջոց: Դատարանը գտել է, որ պետական անձեռնմխելիության սկզբունքները պետք է մեկնաբանվեին համաշխարհային արժեքների լույսի ներքո, որոնք ներառված են միջազգային հանցագործությունները դատապարտող դրույթներում և jus cogens նորմերում: Սույն դատարանի կողմից Al-Adsani-ի գործով կայացված վճիռը տարբերվում է այս գործից այն հիմքով, որ Ferrini-ի գործով ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել Իտալիայի տարածքում: Իտալիայի դատարանների կողմից համանման այլ վճիռներ ևս կայացվել են:
141. 2008թ. դեկտեմբերի 23-ին Գերմանիան Արդարադատության միջազգային դատարանին բողոք է ներկայացրել՝ պնդելով, որ Ferrini-ի վճիռը, այն հաստատող հաջորդական վճիռներն ու դրանք ի կատար ածելուն ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ ուղղված Իտալիայում Գերմանիայի սեփականության դեմ, խախտում են Գերմանիայի՝ միջազգային իրավունքով ամրագրված անձեռնմխելիության իրավունքը: Գերմանիայի օգտին կայացված վճիռն արձակվել է 2012թ. (տե՛ս վերևում՝ 88-94 պարբերությունները):
6. Հունաստան
142. Հունաստանի Գերագույն դատարանը (Areios Pagos) Prefecture of Voiotia-ն ընդդեմ Գերմանիայի գործով (թիվ 11/2000) 2000թ. մայիսի 4-ին կայացված վճռով գտել է, որ միջազգային իրավունքի ընդարձակ խախտումների համար պետության դեմ ներկայացրած քաղաքացիական հայցերի դեպքում վերջինս անձեռնմխելիությունից չի կարող օգտվել:
143. Գերագույն դատարանն այնուհետև չի հաստատել Գերմանիայի դեմ ուղղված հայցն այն հիմքով, որ վերջինս օգտվում է պետական անձեռնմխելիության իրավունքից: Դատարանը, inter alia, հղում է կատարել նաև սույն Դատարանի կողմից կայացված Al-Adsani-ի վճռին: Գերագույն դատարանի վճիռը վիճարկվել է սույն Դատարանի առջև, սակայն վերևում մեջբերված Kalogeropoulou-ի գործի քննության ժամանակ այս գործով վճիռը հայտարարվել է անընդունելի:
7. Լեհաստան
144. 2010թ. հոկտեմբերի 29-ին կայացված Natoniewski-ն ընդդեմ Գերմանիայի գործով (թիվ IV CSK 465/09, անգլերեն թարգմանությունը հրատարակված է [2010թ.] Լեհաստանի միջազգային իրավունքի տարեգրքի թիվ 299 համարում), հայցվորը քաղաքացիական հայցով պահանջել է Գերմանիայի զինված ուժերի կողմից Երկրորդ աշխարհամարտի ժամանակ հասցված վնասների փոխհատուցում: Լեհաստանի Գերագույն դատարանը մերժել է բողոքը՝ պատճառաբանելով, որ Գերմանիան օգտվում է պետական անձեռնմխելիության իրավունքից: Դատարանը բերել է հետևյալ հիմնավորումը.
«Զինված հակամարտությունների պատճառների առանձնահատկություններն առաջարկում են այս հակամարտությունների ընթացքում իրականացվող գործողությունների համար պետական անձեռնմխելիության կիրառում: Զինված հակամարտության ժամանակ լայնամասշտաբ ավերածություններով և մեծաքանակ զոհերով ու պատճառված տառապանքով հանդերձ արարքը չի կարող իջեցվել մինչև պետություն/կազմակերպիչ և տուժող հարաբերությունների մակարդակի. հակամարտությունները հիմնականում գոյություն ունեն պետությունների միջև: Պատերազմների հետևանքով ծագած սեփականության վերաբերյալ պահանջներն ավանդաբար լուծում են ստանում խաղաղության մասին համաձայնագրերի շրջանակներում, որոնք պատերազմի հետևանքների, թե՛ միջազգային և թե՛ անձանց մակարդակով տրվող համապարփակ կարգավորումներ են: Այսպիսի դեպքերում իրավազորության անձեռնմխելիությունը պատերազմի հետևանքով առաջացած սեփականության վերաբերյալ պահանջների միջազգային կարգավորման միջոցներ է առաջարկում: Մեծաքանակ հայցերը (պատերազմի հետևանքով ծագած) իրավազորության շրջանակից հեռացնելը նախագծված է ստեղծված իրավիճակին արձագանքելու նպատակով, քանի որ մեծ թվով հայցերի պատճառով կարող է վտանգվել կարգավորվող հարաբերությունների ընթացքը ...»:
145. Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ jus cogens նորմերի ենթադրյալ խախտումների դեպքում պետական անձեռնմխելիությունը կիրառելի չէ, դատարանը նկատել է հետևյալը.
«... Միջազգային և ներպետական իրավունքում կարծես թե միտում կա մարդու իրավունքների խախտումների դեպքում սահմանափակելու պետական անձեռնմխելիությունը, սակայն այս գործելակերպն անշուշտ, համընդհանուր չէ»:
146. Պետական անձեռնմխելիության շնորհումը 6-րդ հոդված 1-ին կետի հետ համատեղելի լինելու մասով դատարանը նշել է.
«Մարդու իրավունքների եվորպական դատարանի կողմից հաստատված նախադեպային իրավունքի համաձայն այս բացառությունը չի խախտում անձի՝ ներպետական դատարանների կողմից իր գործի քննության իրավունքը, որը երաշխավորվում է 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո ... Չի կարելի ասել, որ պետական անձեռնմխելիությունը ներպետական դատարաններ դիմելու իրավունքի համար հանդիսանում է անհամաչափ սահմանափակում այն դեպքում, երբ դիմումատուներն ունեն իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության համար ողջամիտ այլընտրանքային միջոցներ (տե՛ս Waite-ը և Kennedy-ն ընդդեմ Գերմանիայի գործով ՄԻԵԴ-ի 1999թ. փետրվարի 18-ի վճիռը)»:
8. Ֆրանսիա
147. Bucheron-ն ընդդեմ Գերմանիայի գործով դիմումատուն աշխատանքային հարցեր քննող տրիբունալին քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ բողոքելով Երկրորդ աշխարհամարտի ընթացքում իրեն ենթադրյալ հարկադիր աշխատանքի մեջ պահելու վերաբերյալ: Նրա հայցը մերժվել է այն հիմքով, որ Գերմանիան օգտվում է անձեռնմխելիության իրավունքից: 2003թ. Վճռաբեկ դատարանը հաստատել է հայցի մերժումը (թիվ 02‑45961, 16 դեկտեմբեր 2003թ.): Նույն արդյունքն էր արձանագրվել նաև Grosz-ն ընդդեմ Գերմանիայի գործով (թիվ 04-475040, 3 հունվար 2006թ.), կայացված վճռով, որը վերահաստատել սույն Դատարանի կողմից Grosz-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով (որոշ.), թիվ 14717/06, 16 հունիս 2009թ.:
9. Սլովենիա
148. A.A.-ն ընդդեմ Սլովենիայի գործով (No. IP-13/99, 8 մարտ 2001թ.), Սլովենիայի Սահմանադրական դատարանը մերժել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Գերմանիայի գործողությունների դեմ ուղղված հայցը: Դիմումատուն պնդում էր, որ միջազգային սովորութային իրավունքի համաձայն պետական անձեռնմխելիությունը ենթակա է jus cogens նորմերի հիմքով բացառություն կիրառելուն: Դատարանը նշել է, որ կան ապացույցներ, որոնք վկայում են օտարերկրյա պետությունների կողմից միջազգային իրավունքի ներքո պետական անձեռնմխելիությունը սահմանափակելու միտման մասին, այն դեպքերում, երբ կան մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներ: Սակայն ապացույցները բավարար չեն պնդելու համար, որ գոյություն ունի համընդհանուր կերպով ընդունված գործելակերպ, որը կարող է ճանաչվել որպես ձևավորված իրավունք և, ընդսմին, միջազգային սովորութային իրավունքի կանոն:
149. Ինչ վերաբերում է 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո առանձին գանգատներին, դատարանն անդրադարձել է սույն Դատարանի կողմից Waite-ը և Kennedy-ն ընդդեմ Գերմանիայի գործին [ՄՊ], թիվ 26083/94, ՄԻԵԴ 1999‑I, և եզրահանգել, որ դիմումատուի դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը հետապնդում է օրինաչափ նպատակ և համաչափ է: Դատարանը նաև հղում է կատարել դիմումատուի՝ Գերմանիայում քաղաքացիական հայց ներկայացնելու իրավունքին:
Բ. Խոշտանգումների համար քրեական հետապնդում
1. Ֆրանսիա
150. Մավրիտանիայի պետական պաշտոնյա Ould Dah-ի դեմ հարուցված քրեական գործով պատասխանողը Ֆրանսիայի Քրեական գործերով երդվալ ատենակալների դատարանի (Assize Court) կողմից հետապնդվել և դատապարտվել է Մավրիտանիայում կատարած խոշտանգումների համար: Իրավունքի կիրառելիության հիմքով բողոքարկումը մերժվել է (թիվ 02-85379, 23 հոկտեմբեր 2002թ.): 2005թ. հուլիսի 1-ին Քրեական գործերով երդվալ ատենակալների դատարանը քաղաքացիական հայցվորներին վնասի փոխհատուցման իրավունք է շնորհել: Այս գործին հաջորդած Khaled Ben Saïd-ի գործով ևս համանման արդյունք է գրանցվել:
2. Նիդեռլանդներ
151. Bouterse-ի գործով պրն. Bouterese-ն պահանջում էր քրեական հետապնդումից պաշտպանվելու նպատակով անձեռնմխելության կիրառում այն հիմքով, որ խնդրո առարկա խոշտանգման գործողությունները կատարվել են, երբ վերջինս հանդիսանում էր Սուրինամի Հանրապետության գլուխը: 2000թ. նոյեմբերի 20-ին Ամստերդամի Վերաքննիչ դատարանը մերժել է անձեռնմխելիություն տրամադրել՝ պատճառաբանելով, որ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվելու դեպքում, ինչպես որ տվալ գործով էր, այդպիսի գործողությունները չեն կարող համարվել պետության գլխի պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված:
3. Շվեյցարիա
152. 2012թ. հուլիսի 25-ին A.-ն ընդդեմ Գլխավոր դատախազի և այլոց գործով կայացված վճռում Շվեյցարիայի Դաշնային քրեական դատարանը մերժել է անձեռնմխելիություն տրամադրել պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ խոշտանգումներ կատարած Ալժիրի քաղաքացուն: Պատասխանողը նախկին պաշտպանության նախարար էր և համապատասխան ժամանակատվածի ընթացքում հադիսացել է Ալժիրը կառավարող հանցավոր խունտայի անդամ: Այդ իսկ պատճառով գործը վերաբերում էր անձի մնացորդային ratione materiae անձեռնմխելիությանը, ով պաշտոնավարման ընթացքում օգտվել է ratione personae անձեռնմխելիության իրավունքից: Դատարանը բացատրել է, որ ratione materiae անձեռնմխելիությունը հետապնդում է երկակի նպատակ, այն է՝ անձեռնմխելիությամբ պաշտպանել պետական պաշտոնյային պետությանը վերագրելի գործողությունների առաջացրած հետևանքի համար պատասխանատվության ենթարկվելուց, այդպիսով, հարգել նաև պետության ինքնիշխանությունը:
153. Դատարանը հղում է կատարել Լորդերի պալատի Pinochet-ի (թիվ 3) գործով վճռին և այն հանգամանքին, որ իրավական դոկտրինում ratione materiae անձեռնմխելիության բացառությունների քանակի աճմամբ տեղի է ունենում էվոլյուցիա: Դատարանը ուշադրության արժանի համարեց անօրինական գործողությունների՝ որպես պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված և անձեռնմխելիություն վայելող ակտերի հարցի շուրջ բանավեճը: Դատարանը եզրահանգել է, որ իրավական դոկտրինը և նախադեպային իրավունքն այլևս միաձայն չեն հաստատում, որ մնացորդային ratione materiae անձեռնմխելիությունը պաշտպանության տակ է առնում պաշտոնավարման ընթացքում կատարարված բոլոր գործողություններն այն դեպքերում, երբ մարդու իրավունքների խախտմամբ ծանր հանցագործությունների վերաբերյալ մեղադրանք է հնչեցվել: Հետևաբար, արտասովոր կլիներ վերահաստատել ծանր հանցագործությունները կանխելու նպատակը՝ միաժամանակ ընդունելով հօգուտ պետական պաշտոնյաներին մեկնաբանվող ratione materiae պետական անձեռնմխելիությունը՝ այդպիսով խոչընդոտելով այդպիսի մեղադրանքների դեպքում գործի հետագա քննության ցանկացած հնարավորությանը:
4. Բելգիա
154. 1993թ. հունիսի 16-ին ընդունված Մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների համար պատիժների մասին օրենքը որոշ գործողություններ, այդ թվում նաև՝ խոշտանգումները և ցեղասպանությունը, որակում է որպես միջազգային հանցագործություններ, որոնց համար օրենքի համապատասխան դրույթներով սահմանված է պատիժ: Օրենքի 5-րդ հոդվածը փոփոխվել է 1999թ. և արտահայտում է հետևյալը՝
«Անձի պաշտոնական լիազորությունների համար նախատեսված անձեռնմխելիության իրավունքը չի կարող սույն օրենքի կիրառության համար խոչընդոտ հանդիսանալ»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
155. Հաշվի առնելով միանման փաստական հանգամանքները և իրավական հիմքերը՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 42-րդ կանոնի 1-ին կետիի՝ Դատարանը որոշում է կայացրել երկու գանգատները միացնել մեկ վարույթում:
II. ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
156. Դիմումատու պրն. Sampson-ը մահացել է 2012թ. մարտ ամսին, երբ վերջինիս գործը դեռևս գտնվում էր դատարանում: Նրա մերձավոր ազգականներից մեկը, ով հանդես է գալիս որպես տուժողի իրավահաջորդ, օրիորդ Jane Mayfield-ը նրա անունից գանգատը շարունակելու մասին ցանկություն է հայտնել:
157. Դատարանը վերահաստատում է, որ մի շարք գործերով, որոնց դատավարության ընթացքում դիմումատուն մահացել է, դատարանը հաշվի է առել դիմումատուի ժառանգների կամ մերձավոր ազգականների կողմից արված հայտարարությունները, որոնցով վերջիններս ցանկություն են հայտնել շարունակել դատավարությունը (տե՛ս օրինակ՝ Dalban-ն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], թիվ 28114/95, § 39, ՄԻԵԴ 1999-VI, Malhous-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության (որոշ.) [ՄՊ], թիվ 33071/96, ՄԻԵԴ 2000‑XII, և Asadbeyli-ն և այլոք ընդդեմ Ադրբեջանի, թիվ 3653/05, թիվ 14729/05, թիվ 20908/05, թիվ 26242/05, թիվ 36083/05 և թիվ 16519/06, § 106, 11 դեկտեմբեր 2012թ.): Տվյալ գործով կառավարությունը չի վիճարկել օրիորդ Mayfield-ի՝ որպես պրն. Sampson-ի իրավահաջորդ հանդես գալու իրավունքը: Դատարանը հաշվի է առել, որ պրն. Sampson-ը մահացել է իր բողոքը սույն Դատարանին ներկայացնելուց հինգ տարի հետո, և որ տարիներ շարունակ նա սպասել է Սաուդյան Արաբիայում ներկայացված քաղաքացիական հայցի բավարարմանը և ենթադրյալ խոշտանգումն իրականացրած պաշտոնյաների համար՝ արժանի պատժին: Այդ իսկ պատճառով Դատարանը վերահաստատում է տուժողի իրավահաջորդի իրավունքը վերջինիս անունից հետևելու գործի քննությանը: Դատարանը կշարունակի կոչել պրն. Sampson-ին որպես այս գործով դիմամատու:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
158. Պրն. Jones-ը բողոքել է, որ իր գործով Սաուդյան Արաբրային և առանձին պատասխանողին անձեռնմխելիության իրավունքի շնորհումը դատարան դիմելու իր իրավունքի անհամաչափ խախտում է:
159. Մյուս դիմումատուները ևս բողոքել են առ այն, որ առանձին պատասխանողներին անձեռնմխելիության իրավունքի շնորհումը դատարան դիմելու իրենց իրավունքի անհամաչափ խախտում է:
160. Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որտեղ ասվում է՝
«1. Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ... դատարանի կողմից ... արդարացի ... դատաքննության իրավունք ...»
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
161. Կառավարությունն ընդգծել է, որ յուրաքանչյուր պետություն միջազգային սովորութային իրավունքի ներքո ունի պարտավորություն հարգել այլ պետությունների անձեռնմխելիության իրավունքը: Մեկնարկային դիրքորոշումն այնպիսին էր, որ գոյություն ուներ անձեռնմխելիության ընդհանուր կանոն և դրանից որոշ բացառություններ: Այս բացառություններն արտացոլված են Բազելի կոնվենցիայում և ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում: Հետևաբար, առանձին երկրների դատարաներն իրավունք չունեն սեփական կամքով անձեռնմխելիության կանոնները փոփոխել: 1978թ. օրենքով իրագործվում են պատասխանող պետության կողմից մյուս պետությունների նկատմամբ միջազգային հանրային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունները: 1978թ. օրենքում ներկայացված դիրքորոշումը հստակ էր. Սաուդյան Արաբիան վայելում է անձեռնմխելիության իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ գործում են 2-11-րդ հոդվածներում նշված կանոնները: Ակնհայտ է, որ բացառություններից և ոչ մեկը այս գործով կիրառելի չէ:
162. Հիմնվելով այս փաստարկների վրա՝ Կառավարությունը Դատարանին խնդրել է ուշադրություն դարձնել Al-Adsani-ի գործով վերջինիս կողմից արված դիտարկումներին, որտեղ նշված է, որ այն գործերով, որոնց ժամանակ վեճի առարկա է նաև պետական անձեռնմխելիությունը, 6-րդ հոդվածի 1-ին կետը նույնպես վերաբերելի է: Կառավարությունը պնդել է, որ 6-րդ հոդվածը կարող է միայն ուղղված լինել միջազգային իրավունքի ներքո շնորհված արդարադատություն իրականացնելու լիազորություններին: Հոդվածը չի ենթադրում, որ պետությունը իրեն կարող է վերագրել արդարադատության իրականացնելու այնպիսի գործառույթներ, որի իրավունքը վերջինս միջազգային իրավունքի ներքո չունի: Որպես հետևանք՝ չի կարելի համարել, որ պետությունը չի ապահովում դատարան դիմելու իրավունքն այնպիսի դեպքերում, երբ այն իրականացնելու իրավունքը վերջինս չունի:
163. Դիմումատուները, հիմնվելով վերևում մեջբերված սույն Դատարանի կողմից Al‑Adsani-ի գործով վճռի վրա, առարկել են առ այն, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը պարզորոշ կերպով ներառված է սույն գործի հանգամանքներում:
2. Դատարանի գնահատականը
164. Վերևում մեջբերված Al-Adsani-ի գործով (§§ 46-49) Դատարանը նշել է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է մարմնական վնասի փոխհատուցման վերաբերյալ պետության դեմ ներկայացված հայցի դեպքում: Դատարանը գտել է, որ անձեռնմխելիության շնորհումը չի որակվում որպես նյութական իրավունք, սակայն այն հանդես է գալիս որպես ներպետական դատարանների կողմից իրավունքը որոշելու համար ընթացակարգային զսպիչ միջոց: Սույն գործով այլ եզրահանգում անելու պատճառներ չկան: Հետևաբար, 6-րդ հոդվածի 1-ին կետը կիրառելի է:
165. Դատարանն այնուհետև գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով գանգատները ակնհայտորեն անհիմն չեն և որ դրանք անընդունելի չեն որևէ այլ հիմքով: Հետևաբար, դրանք պետք է հայտարարվեն ընդունելի:
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուները
(i) Պրն. Jones
166. Պրն. Jones-ը նշել է, որ դատարան դիմելու իրավունքի ցանկացած սահմանափակում պետք է հետապնդի օրինական նպատակ և լինի համաչափ: Վերջին հարցի առնչությամբ նա ընդգծել է, որ որքան ընդարձակ լինի անձեռնմխելիությունը, այնքան ավելի համոզիչ պետք է լինի դրա արդարացումը. քաղաքացիական հայցերի ընդարձակ մերժումը պահանջում է արդարացման ամուր հիմքեր (մեջբերված է Fayed-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործից, 21 սեպտեմբեր 1994թ., § 65, Սերիա Ա, թիվ 294‑B): Սույն գործով դատարան դիմելու իրավունքի կարևորությունն ավելի է ընդգծված, քանի որ տվյալ պարագայում առնչվում ենք խոշտանգման հիմքով հարուցված քաղաքացիական հայցի հետ, որի արգելումը միջազգային իրավունքի համաձայն jus cogens խախտում է:
167. Պրն. Jones-ը գտել է, որ Դատարանի կողմից վերևում մեջբերված Al‑Adsani-ի գործով որդեգրած մոտեցումը սխալ է: Նա մեջբերել է Waite-ի և Kennedy-ի գործով 68-րդ պարբերությունը, որով Դատարանը հիմնվել է այն հանգամանքի վրա, որ դիմումատուները փոխհատուցման հասանելի այլ ողջամիտ հնարավորություններ ունեին՝ եզրակացնելով, որ Եվրոպական տիեզերական գործակալությանը շնորհված անձեռնմխելիությունը դիմումատուի՝ դատարան դիմելու իրավունքի անհամաչափ միջամտություն չէ: Սակայն Al-Adsani-ի գործով Դատարանը չի քննել այն հանգամանքը, թե արդյո՞ք խնդիրը հասցեգրելու այլընտրանքային միջոցներ գոյություն ունեին, թե` ոչ: Որպես հետևանք՝ Դատարանի կողմից բերված հիմնավորումն այս գործով ծայրահեղ խեղաթյուրված էր: Դիմումատուն չէր կարող Սաուդյան Արաբիայում ո՛չ de jure և ո՛չ էլ de facto հայց ներկայացնել, քանի որ նա չէր կարող վերադառնալ մի երկիր, որտեղ վերջինս ենթարկվել էր խոշտանգումների և որտեղ դատարանները անկախ և անկողմնակալ չէին: Դիմումատուն նաև վիճարկում էր այն հանգամանքը, որ պատասխանող պետությունն այն սակավաթիվ պետությունների թվին էր պատկանում, որոնք պետական պաշտոնյաներին լիարժեք անձեռնմխելիության իրավունքով են օժտում. նա նշել է, որ համաձայն տրամադրված տեղեկատվության միայն Չեխիայի Հանրապետությունը, Գերմանիան, Իռլանդիան, Ռուսաստանի Դաշնությունն են տրամադրում համանման մակարդակի անձեռնմխելիություն:
168. Մասամբ հիմնվելով նաև մյուս դիմումատուների կողմից ներկայացված փաստարկների վրա՝ դիմումատուն եզրակացրել է, որ անհամաչափ է համընդհանուր անձեռնմխելիություն կիրառել, որի նպատակը քաղաքացիական իրավունքների վերականգնումը անմողջապես արգելափակելն է՝ առանց փորձ անելու հավասարակշռել մրցակցող շահերը, մասնավորապես երբ դրանք առնչվում են անձեռնմխելիության առանձին տեսակների և առանձին հայցերի բնույթի հետ:
(ii) Պրն. Mitchell-ի, պրն. Sampson-ի և պրն. Walker-ի փաստարկները
169. Դիմումատուները պնդել են, որ միջազգային իրավունքի ոչ մի կանոն տվյալ գործով անձեռնմխելիության կիրառություն չի պարտադրում, այսպիսով, Al‑Adsani-ի գործի մեծ մասի վերլուծության արդյունքում միջամտության համաչափ լինելու մասին եզրահանգում չկա: Որքանով որ անձեռնմխելիությունը կարելի է համարել միջազգային իրավունքի կանոն, այն այնպիսի բնույթի և կարգավիճակի է, որ բավարար չէ 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված իրավունքների համաչափ միջամտություն համարելու համար, քանի որ կան բողոքները վերահսկելու և սահմանափակելու համար համապատասխան հավասարակշռում ապահովող շատ նրբություններ և համաչափ միջոցներ, որոնք թույլ են տալիս պատշաճ հավասարակշռում ապահովել:
170. Դիմումատուները չեն համաձայնել Կառավարության փաստարկի հետ առ այն, որ պետական պաշտոնյաները ներառված են «պետություն» հասկացության մեջ և որ դիմումատուներն իրականում փորձում էին Սաուդյան Արաբիայի դեմ հայց բերել: 1978թ. օրենքում ներառված «պետություն» հասկացությունը միջազգային սովորութային իրավունքի ներքո բարձրացված հարցի առումով որոշիչ դեր չի խաղում: Դիմումատուները հղում են կատարել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից Samantar-ի գործով արված եզրակացությանը, որտեղ ասվում է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին 1976թ. օրենքում պետական պաշտոնյաները «պետություն» հասկացության մեջ ներառված չեն, որի սահմանումը, բովանդակային առումով նույնական է 1978թ. օրենքում ներառված սահմանման հետ: Դիմումատուները նաև պնդել են, որ Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «պետություն» հասկացության մեջ ներառված է «պետական լիազորություններ իրականացնող պետության ներկայացուցիչ» հասկացությունը, որի նպատակն է այս հասկացության մեջ ընդգրկել պետության այն ներկայացուցիչներին, ովքեր օգտվում են ratione personae անձեռնմխելիության իրավունքից: Իրենց այս պնդումը հիմնավորելու նպատակով դիմումատուները հղում են կատարել Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից տրված մեկնաբանությանը:
171. Ըստ դիմումատուների՝ պետական անձեռնմխելիության և պետության պատասխանատվության միջազգային կանոնների միջև զուգաչափություն չկա: Այն փաստը, որ պետական պաշտոնյայի գործողությունը վերագրելի է այդ պետությանը, և սա հանդիսանում է միջազգային իրավունքի կարգավորման խնդիր, դեռ չի նշանակում, որ պետությունն ինքնին պատասխանատու է ներպետական իրավունքի ներքո կատարված արարքների համար: Շատ դեպքերում ներպետական իրավունքի ներքո կատարված քաղաքացիական օրինախախտումների արդյունքում պատճառված վնասը և միջազգային օրինախախտման համար պետությանն ուղղված վնասի փոխհատուցման պահանջը հետապնդվում են միաժամանակ: Լորդերի պալատում քննարկվող ենթադրության համաձայն անձեռնմխելիության իրավունքի նպատակը պետք է լինի ֆորումի պետության իրավազորության նկատմամբ ընթացակարգային պաշտպանության տրամադրումը՝ մյուս պետությանը հնարավորություն տալով պաշտպանվելու արդարադատության իրականացումից ցանկացած գործողությունների հանդեպ, որոնք միջազգային իրավունքի ներքո վերագրելի են պետությանը: Սա պետական անձեռնմխելիության ոչ ուղղադավան և անհանգստություն առաջացնող արդարացում է: Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածներից պարզ է դառնում, որ պետության սահմանումը սոսկ վերագրելիությունը հաստատելու նպատակ է հետապնդում և որևիցե այլ նպատակ չկա: Սա ակնհայտ է դառնում այն հանգամանքը դիտարկելուց հետո, որի համաձայն պետական մարմնի կողմից համաձայնագրի խախտումը հանդիսանում է պետության կողմից կատարված արարք, որի հետևանքը, համաձայն նախագծային հոդվածների, պետության պատասխանատվությունն է, սակայն համաձայն այդ սկզբունքի լայնորեն ընդունված jure gestionis բացառության՝ առևտրային գործունեության մաս հանդիսացող գործողությունների համար քաղաքացիական դատավարության ժամանակ հիմնականում պետական անձեռնմխելիության խնդիր չի առաջանում: Համանման կերպով ֆորումի պետությունում կատարված խոշտանգման գործողությունները պետության պատասխանատվություն են առաջ բերում, սակայն թույլ չեն տալիս օգտվել պետական անձեռնմխելիության իրավունքից: Բացի այդ, դիմումատուները շեշտել են, որ միջազգային իրավունքի ներքո պետությունները պարտավորություն չեն կրում ի կատար ածելու պետական պաշտոնյաների դեմ պատշաճ պայմաններում կայացված վճիռները: Ընդսմին, հիմքեր չկան պնդելու, որ այսպիսի հանգամանքներում պետական պաշտոնյայի դեմ ձեռնարկված գործողությունը անուղղակիորեն ներգրավվում է հենց պետությանը: Ներպետական դատավարության արդյունքում վնասի փոխհատուցված չափը միջազգային ատյանների կողմից հաշվի կառնվի այդ մակարդակում փոխհատուցման չափը որոշելիս, որի նպատակը կրկնակի փոխհատուցումը բացառելն է:
172. Այն բանից հետո, երբ հաստատվում է, որ պետական անձեռնմխելիության և պետության պատասխանատվության սկզբունքները արմատապես տարբեր նպատակների են ծառայում, պարզ է դառնում, որ այդ երկու համատեքստում «պաշտոնական գործողություններ» հասկացության սահմանումների նույնը լինելու վերաբերյալ ենթադրություններ չեն կարող լինել: Հակադրությունը ոչ թե պաշտոնական և մասնավոր գործողությունների միջև է, այլև այնպիսի պաշտոնական գործողությունների, որոնց համար պետական անձեռնմխելիություն շնորհվում է, և այնպիսի գործողությունների միջև, որոնց համար անձեռնմխելիություն չի սահմանվում: Դիմումատուները վիճարկել են, որ այս մոտեցման և Խոշտանգումների դեմ կոնվենցիայի մեջ տեղ գտած «խոշտանգում» եզրույթի սահմանման միջև գոյություն ունի անհամապատասխանություն: Այսպես՝ կոնվենցիայի 1-ին հոդվածը Խոշտանգումների դեմ կոնվենցիայով սահմանված, հիմնական պարտավորությունների գլխամուտքն է, սակայն այն պետության պատասխանատվությունը հաստատելու նպատակով վերագրման կանոն չէ: Դիմումատուները մատնացույց են արել դատական գործերի մի ամբողջ շարքի, որոնցով հաստատվում է այն տեսությունը, համաձայն որի այն դեպքերում, երբ պետական պաշտոնյան ներգրավված է եղել այնպիսի գործողություններում, որոնք հավասարվում են բացարձակ նորմերի խախտմանը, ապա այդպիսի դեպքերում անձեռնմխելիության շնորհում չի կարող լինել (մեջբերված են, inter alia, վերևում հիշատակված Prefecture of Voiotia-ի, Ferrini-ի և Furundzija-ի գործերը): Այս մոտեցումը հատկապես հստակ էր ներկայացված ԱՄՆ-ի դեպքում (մեջբերված են, inter alia, վերևում հիշատակված Filartiga-ի և Samantar-ի գործերը): Արդարադատության միջազգային դատարանի կողմից վերջերս կայացված Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով վճիռը վերաբերելի է միայն հենց պետության դեմ ուղղված բողոքների մասով. պետական պաշտոնյաների մասով դիմումատուների գանգատներում ոչինչ նշված չկա: Ինչ վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) համար ընդունելի jus cogens բացառություններին, ապա դիմումատուները քննադատում են պետական անձեռնմխելիության դոկտրինի հիմքում իրական սկզբունքների բացակայությունը: Նրանք դատարանին քննադատում են նաև վերջինիս jus cogens կանոնների և պետական անձեռնմխելիության կանոնի միջև եղած ենթադրյալ հակադրության հարցի նկատմամբ ունեցած ֆորմալիստական (ձևական) մոտեցման համար, և այս Դատարանից պահանջում են չհետևել ԱՄԴ-ի կողմից 6-րդ հոդվածի համատեքստում նորմերի այս երկու խմբերի միջև հավասարակշռում հաստատելու օրինակին:
173. Վերջապես, դիմումատուները վիճարկել են, որ քաղաքացիական և քրեական իրավազորությունների միջև տարբերակում դնելը ճիշտ չէ, իսկ պետական պաշտոնյաների դեպքում քաղաքացիական և քրեական գործերով մոտեցումների տարբերությունը արդարացված չեն համարել: Մի շարք երկրներում, այդ թվում՝ Միացյալ Թագավորությունում, քրեական դատարանները իրավասու են տուժողներին փոխհատուցում շնորհել: Դիմումատուները հղում են կատարել ֆրանսիական Ould Dah-ի գործին, որի ժամանակ քրեական գործով քաղաքացիական հայցվորներին փոխհատուցման իրավունք է շնորհվել, իսկ անձեռնմխելիության հարցը չի քննվել: Ավելին, դիմումատուները պնդել են, որ անտրամաբանական կլիներ պահանջել Խոշտանգումների դեմ կոնվենցիայով քրեական պատասխանատվության վերացում, սակայն քաղաքացիական պատասխանատվության պահպանում: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն պետությունները պետք է խոշտանգման գործողությունը օրենսդրությամբ սահմանեն որպես քրեորեն պատժելի արարք և դրանց համար նախատեսեն համապատասխան փոխհատուցման տրամադրում, իսկ կոնվենցիայի՝ փոխհատուցման վերաբերյալ 14-րդ հոդվածը տարածքային սահմանափակում չի նախատեսում: Կոնվենցիայի նախագծի մշակման ընթացքում ընթացող խորհրդակցությունների ժամանակ առաջարկվող դրույթը, համաձայն որի 14-րդ հոդվածի իրավազորությունը առաջարկվում էր սահմանափակել պետության սահմաններով, կոնվենցիայի վերջնական տարբերակից հանվել է, և ըստ դիմումատուների՝ սա արդեն նշանակում է, որ կոնվենցիայի հեղինակները ցանկացել են տարածքային սահմանափակում չդնել: Այսպիսով, պետական անձեռնմխելիության սկզբունքը չի կարող ֆորումի պետության դատարաններին արգելել օտարերկրյա պաշտոնյաներից պահանջել խոշտանգումների զոհ հանդիսացող անձանց վճարել փոխհատուցում:
(բ) Կառավարությունը
174. Կառավարությունը վիճարկում էր, որ Սաուդյան Արաբիայի պետությանը պրն. Jones-ի գործով անձեռնմխելիության շնորհումը հետապնդում է միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալու օրինական նպատակ, որի հիմքում մեկը մյուսի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի միջոցով պետությունների միջև բարիդրացիական և լավ հարաբերությունների ձևավորումն է: Կառավարությունը պնդել է, որ դատարան դիմելու սկզբունքի առնչությամբ կա թույլատրելի հայեցողության շրջանակ, որը թույլ է տալիս, որ պետությունները գործեն իրենց համոզմունքների համաձայն այն պայմանով, որ միջազգային իրավունքի ներքո իրենց պարտավորությունների առնչությամբ վերջիններս լինեն ողջամտորեն հաստատուն: Սույն գործով չի կարելի ասել, որ Միացյալ Թագավորության կողմից որդեգրած մոտեցումը հակասում է միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքին կամ ցանկացած այլ համընդհանուր կերպով ընդունելի սկզբունքից դուրս է մնում: Կառավարությունն առանձնացրել է վերևում մեջբերված Waite-ի և Kennedy-ի գործը, նշելով, որ այն պահանջում է ուսումնասիրել խնդիրը հասցեագրելու այլընտրանքային միջոցները այն հիմքով, որ միջազգային կազմակերպությունների անձեռնմխելիության, որի դեպքում այլընտրանքային ֆորում չկա, և պետական անձեռնմխելիության միջև կարևոր տարբերություն կա, վերջինի դեպքում առանձին գործերով իրավազորությունը մեկ այլ պետության ձեռքում է: Ներպետական դատարանը, հակառակ միջազգային սովորութային իրավունքի կանոնների, չի կարող պետական անձեռնմխելիության իրավունքից բացառություններ անել, որպեսզի լրացնի օտարերկրյա պետության դատարանի կողմից թույլ տրված էական բացթողումը, որը այս գործով ուներ իրավազորություն, սակայն նախընտրել է այն չկիրառել: Կառավարությունն ավելացրել է, որ դիմումատուներին տրամադրված հյուպատոսական օգնությունը և օժանդակությունը, որը Սաուդյան Արաբիայի կառավարությունը տրամադրել է անձի կալանքից ազատվելուց հետո, չպետք է անտեսվի:
175. Երկու գործերով էլ պետական պաշտոնյաներին անձեռնմխելիության շնորհելու մասով Կառավարության նախնական փաստակները հաստատում են, որ միջազգային իրավունքում ամրագրված սկզբունք է այն, որ պետությունը վայելում է միևնույն անձեռնմխելիությունը, ինչ պաշտոնական լիազորություններն իրականացնող իր պաշտոնյաները այն դեպքերում, երբ որպես պաշտպանյա է հանդես գալիս այդ պաշտոնյաներից մեկը, ինչպես որ այն գործում է, որի ժամանակ պատասխանող կողմում հանդես է գալիս ինքը՝ պետությունը: Հարցն այստեղ այն չէ, թե արդյո՞ք անձեռնմխելիությունը տարածվում է այդ պաշտոնյաների վրա թե՝ ոչ, այլ այն, թե արդյո՞ք այդ պաշտոնյան հանդիսանում է պետության այնպիսի բաղկացուցիչ մաս, որի դեպքում պետական անձեռնմխելիությունը ինքնաբերաբար կիրառելի է: Պաշտոնական լիազորություններով հանդես եկող պաշտոնյաների գործողությունները վերագրելի ոն ոչ թե իրենց, այլև՝ բացառապես այդ պետությանը: Հետևաբար, պետք է նշել, որ պետական անձեռնմխելիության և պետության պատասխանատվության մասին միջազգային իրավունքների միջև զուգաչափություն գոյություն ունի: 1978թ. օրենքն արտացոլում է պատասխանող պետության՝ այլ պետությունների հանդեպ միջազգային հանրային իրավունքի ներքո գոյություն ունեցող պարտավորությունները: Այս հանգամանքն ամրագրում է ստանում միջազգային համաձայնագրերում «պետություն» եզրույթի սահմանմամբ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայում և Պետության պատասխանատվության մասին նախագծային դրույթներում, ներպետական օրենսդրության և դատական գործերի մեջ, ինչպես նաև՝ Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանի կողմից Blaškić-ի գործով արտահայտված դիրքորոշման մեջ: Համապատասխանաբար, եթե պետությանը վերագրելի է որևէ գործողություն, որի համար վերջինս միջազգային հարթության վրա կրում է պատասխանատվություն, միևնույն գործողությունը պետք է դիտարկվի որպես այդ պետության գործողություն՝ նաև ելնելով այդ պետությանը միջազգային իրավունքով շնորհվող պետական անձեռնմխելիության իրավունքից, որը կիրառելի է ներպետական ատյանում ընթացող դատավարության ժամանակ: Սա արտահայտում է իրավիճակի գործնական իրականությունը: Եթե պետական պաշտոնյայի դեմ մեկ այլ պետության դատարանում իր պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված գործողությունների համար դատական գործ է հարուցվել, ապա այս դեպքում այդ պետությունը գործնականում անուղղակիորեն ներգրավվում է գործընթացում, քանի որ ոչ միայն իր գործողություններն են հարցականի տակ վերցվում, այլև պետք է ենթադրել, որ վերջինս պարտավորված պետք է լինի բավարարելու վնասի փոխհատուցման մասին ցանկացած որոշում, և ամենայն հավանականությամբ, կհանդիսանա միակ աղբյուրը, որտեղից էլ այդ փոխհատուցումը կարող է վճարվել:
176. Կառավարությունը գտել է, որ թե՛ Վերաքննիչ դատարանը և թե՛ Լորդերի պալատը ճիշտ են վարվել՝ մերժելով այն փաստարկը, որի համաձայն, խոշտանգումն արգելող jus cogens նորմի վրա հիմնվելով, այդ պետությունները չպետք է իրենց պետական պաշտոնյաների լիազորությունների շրջանակում կատարված գործողությունների համար անձեռնմխելիություն շնորհեն այն դեպքերում, երբ առկա են այդ արգելքի ենթադրյալ խախտումներ: Այդ փաստարկը բավար հիմնավորված չէր՝ մի շարք պատճառներով: Պետական անձեռնմխելիության մասին կանոնը խոշտանգմանը հավանություն չի տալիս կամ էլ արդարացնում այն, այդ իսկ պատճառով ճիշտ չէ ասել, որ այն անհամատեղելի է խոշտանգումը արգելող նորմի հետ: Այն պարզապես ցանկացած խախտում վերահասցեագրում է կարգավորման մեկ այլ տեսակի: Երկրորդ, այս փաստարկը մերժվել է միջազգային ատյաններում մինչև այժմ քննված բոլոր գործերի ժամանակ (մեջբերված են վերևում, inter alia, Arrest Warrant-ի և Al‑Adsani-ի գործերը): Երրորդ, այն հարցը, թե արդյո՞ք խոշտանգման գործերի ժամանակ պետական անձեռնմխելիությունը կիրառելի է, քննարկվել է ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիայի շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ, և որոշում է կայացվել այն մասին, որ հիմնվելով միջազգային սովորութային իրավունքի այդ ժամանակ գոյություն ունեցող իրավիճակի վրա, բացառություններ չպետք է նախատեսվեն: Եվ վերջապես, այս փաստարկը մերժվել է գրեթե բոլոր ներպետական դատարանների կողմից, որին այս հարցն ուղղվել է (մեջբերված են, inter alia, Bucheron-ի, Siderman de Blake-ի, Princz-ի և Bouzari-ի գործերը, տե՛ս վերևում): Եվ թեև Հունաստանի և Իտալիայի որոշ ներպետական դատարաններ ընդունել են jus cogens նորմերի վրա հիմնված փաստարկները, ներկայացված առանձին դեպքերը բավականաչափ համոզիչ չէին և ի զորու չգտնվեցին միջազգային իրավունքում համընդհանուր կերպով ընդունված գործելակերպ հաստատել: Առանձին վճիռների վրա հիմնվելը դեռևս բավարար չէ սովորութային իրավունքում փոփոխություն գրանցելու համար: Այս տեսակետը հաստատվել է ԱՄԴ-ի կողմից ընդունված Գերմանիան ընդդեմ Իտալիայի վճռով, որը մանրակրկիտ կերպով մշակված էր և հիմնված լայնածավալ ուսումնասիրությունների և ներպետական գործելակերպերի վերլուծության վրա: Կառավարությունն ավելացրել է, որ Միացյալ Նահանգների նախադեպային իրավունքը, որտեղ իրավազորությունը օտարերկրյա միջամտության շնորհիվ հաստատվել է միջազգային իրավունքի ընդարձակ խախտումներով, չի արտահայտում մյուս պետությունների կողմից ընդարձակորեն որդեգրած և պահպանվող սկզբունքները:
177. Կառավարությունը մերժել է դիմումատուների այն փաստարկը, համաձայն որի խոշտանգումը չի կարող համարվել «ի պաշտոնե կատարված գործողություն», որը վայելում է պետական անձեռնմխելիություն: Պարզ է, որ խոշտանգման վերաբերյալ մեղադրանքները չեն կարող համավել jure gestionis գործողությունների հետ առնչվող, քանի որ դրանք ընկնում են «ինքնիշխանության իրավունքն» իրականացնելու հասկացության ներքո: Ոչ մի մարմին լրացուցիչ հիմնավորում չի ներկայացրել հաստատելու համար այն փաստարկը, համաձայն որի որոշ տեսակի ինքնիշխան գործողությունների համար պետական անձեռնմխելիություն չկա: Կառավարությունը նաև մատնացույց է արել, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայում «խոշտանգում» եզրույթի սահմանման համաձայն այդպիսի գործողությունը պետք է իրականացված լինի պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից: Սա արտահայտվել է պետական պատասխանատվության վերաբերյալ միջազգային իրավունքում, որը սահմանում է պետության պատասխանատվություն այն դեպքերում, երբ դրա պաշտոնյաներից որևիցե մեկը, օգտագործելով իրեն վերապահված լիազորություների շրջանակը, խոշտանգել է մեկ այլ պետության քաղաքացու:
178. Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածով սահմանված փոխհատուցում տրամադրելու պարտավորության մասով Կառավարությունն արտահայտել է տեսակետ, համաձայն որի այն պետություններից պահանջում է, որպեսզի վերջիններս խոշտանգման գործերով փոխհատուցում տրամադրեն միայն այդ պետությունների սահմանների ներսում կատարված գործողությունների համար: Այս տեսակետի հետ համահունչ է նաև քաղաքացիական իրավազորության շրջանակներում փոխհատուցում տրամադրելու պետական անձեռնմխելիության մասին ներպետական օրենսդրությունը և պետական գործելակերպը: Խորհրդակցությունների ընթացքում մասնակիցներին բացատրվել է 14-րդ հոդվածի նախագծային տարբերակի նպատակը, ըստ որի այս հոդվածի գործողությունը տարածվում է միայն երկրի ներսում, սակայն որոշակի անհասկանալի պատճառներով բացատրական հատվածը հանվել է նախագծի մշակման որոշակի փուլում: Ըստ Կառավարության՝ այս բացթողումը սխալ էր, այս կապակցությամբ Կառավարությունը հղում է կատարել ԱՄՆ-ի կողմից Խոշտանգումների դեմ կոնվոնցիային միանալիս արված հայտարարության մեջ նշված տարածքային ընդգրկման առնչությամբ 14-րդ հոդվածի ընկալմանը:
179. Կառավարությունն ընդունել է, որ խնդրո առարկա հանդիսացող պետական պաշտոնյաները կարող էին Միացյալ Թագավորությունում իրենց կատարած արարքների համար քրեական հետապնդման ենթարկվել: Սակայն այս համատեքստում հարկ է նշել, որ քրեական և քաղաքացիական դատավարությունների միջև կան տարբերություններ: Նախևառաջ, Խոշտանգումների դեմ կոնվենցիան հստակ դրույթներ է ներառում, որոնցով անդամ պետություններին պարտավորեցնում է օտարերկրյա պետությունների պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում սկսել ֆորումի պետության տարածքից դուրս գործած խոշտանգման գործողությունների համար. քաղաքացիական վարույթ սկսելու մասին համանման դրույթներ ներառված չեն: Երկրորդ, Pinochet-ի (թիվ 3) գործով Լորդերի պալատի անդամների մեծամասնության կողմից տրված մեկնաբանության մեջ ասվում էր, որ խոշտանգումների համար քրեական հետապնդման դեպքում անձեռնմխելիություն չի կարող կիրառվել՝ այս դրույթն ամրագրված լինելով Խոշտանգումների դեմ կոնվենցիայով, որի անդամ են հանդիսանում գործի հետ առնչություն ունեցող երեք պետությունները: Երրորդ, միջազգային իրավունքի շրջանակում դիտարկելիս՝ անձի քրեական պատասխանատվությունը չի հանդիսանում պետության պատասխանատվության անբաժանելի մաս, այլ դրանից անջատ է: Եվ վերջապես, պաշտոնական լիազորությունների կատարման ընթացքում գործած արարքների համար քաղաքացիական պատասխանատվությունը պարտադիր կերպով առնչվում է հենց պետության հետ, և գործնականում այսպիսի հայցի բավարարման դեպքում պետությունը պարտավորված կարող է լինել բավարարելու պետական պաշտոնյայի դեմ բերված վնասների փոխհատուցման պահանջը, և այդպիսի պահանջների բավարարումը իր հերթին կարող է անդրադառնալ այդ պետության պարտավորության վրա՝ բավարարելու դրա դեմ բերված յուրաքանչյուր գործով վնասների փոխհատուցման պահանջ: Հատկանշական է, որ Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով, հղում կատարելով Pinochet-ի (թիվ 3) վճռին, ԱՄԴ-ն քաղաքացիական և քրեական վարույթները հստակ տարանջատում է:
(գ) Երրորդ կողմը
180. REDRESS-ը, Amnesty International-ը, INTERIGHTS-ը և JUSTICE-ը միասնական փաստաթուղթ են ներկայացրել, որը ներառում է պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերաբերյալ այդ կազմակերպութոյւնների կողմից արված մեկնաբանությունները:
181. Երրորդ կողմը շեշտել է, որ այն դեպքերում, երբ պետության և դրա պաշտոնյաների դեմ բողոք է ներկայացվում, անհրաժեշտ է յուրաքանչյուրի անձեռնմխելիության վերաբերյալ առանձին որոշում կայացնել, քանի որ դրանք հարակցող հասկացություններ չեն: Այդ երկուսի հիմնավորման և նպատակների տարբերությունը նշանակում է, որ պետական անձեռնմխելիության իրավունքից ամենևին տրամաբանորեն չի բխում այն, որ պետական պաշտոնյաները ևս պետք է պարտադիր օգտվեն այդ իրավունքից:
182. Միջազգային իրավունքի ներքո խոշտանգման արարքն առաջացնում է թե՛ պետական և թե՛ անհատական պատասխանատվություն: Պաշտոնյայի դեմ ուղղված մեղադրանքը, կապված վերջինիս կողմից խոշտանգումների կազմակերպման մեջ խաղացած դերի հետ, գործնականում հավասարազոր չէ պետության դեմ ուղղված մեղադրանքին, որով կհաստատվեր այն պնդումը, որ սրանով իսկ պետությունն ուղղակիորեն ներգրավված է: Այսպիսի պահանջը վերաբերում է պետական պաշտոնյայի պատասխանատվությանը և ցանացած փոխհատուցման պահանջի բավարարում կիրառելի է միայն մասնավոր անձի նկատմամբ և ոչ թե պետության կամ դրա գույքի նկատմամբ:
183. Երրորդ կողմը պնդել է, որ ratione materiae անձեռնմխելիությունը, որը սույն գործով քննարկման առարկա է, խոշտանգումների գործերով կիրառելի չէ: Մատնանշելով, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի նպատակը խոշտանգումների համար պատասխանատվության ապահովումը և անպատժելիության կանխարգելումն է՝ կազմակերպությունները պնդել են, որ անձեռնմխելիության իրավունքի շնորհումը խոշտանգման գործերով այս նպատակի հետ անհամատեղելի է հատկապես այն դեպքերում, երբ վնասի փոխհատուցման այլընտրանքներ գոյություն չունեն: Թե՛ գործող և թե՛ նախկին պաշտոնյաների դեմ խոշտանգումների համար հարուցված գործերով անձեռնմխելիությունը մերժելու պետական գործելակերպի հստակ ապացույցներ կան. այդպիսի գործեր են արձանագրվել Ֆրանսիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում և Իսպանիայում: Ընդ որում, քրեական և քաղաքացիական գործերի հստակ տարանջատում չկա. Եվրախորհրդի անդամ մի շարք երկրներում դատարանները կարող են քրեական գործերով քաղաքացիական հայցերը բավարարել հենց քրեական գործի շրջանակներում: Ֆրանսիական դատարանների կողմից օտարերկրյա պաշտոնյաներին խոշտանգումների կամ այլ քրեորեն պատժելի արարաքների համար դատապարտելու մի քանի օրինակներ կան, որոնց դեպքում դատարանը վճռել է քրեական գործի շրջանակներում որպես քաղաքացիական հայցվոր հանդես եկող տուժողներին փոխհատուցել կրած վնասի համար:
184. Երրորդ կողմը առարկում էր, որ այն դեպքերում, երբ պետական անձեռնմխելիություն է շնորհվում խոշտանգումների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ բերված քաղաքացիական հայցի շրջանակներում, դատարան դիմելու իրավունքի սահմանափակումը օրինաչափ նպատակ չի հետապնդում և համաչափ չէ: Այս համատեքստում պետական անձեռնմխելիությունը չի նպաստում պետության բնականոն ընթացքին, և քանի որ պետության դեմ մեղադրանք չի ներկայացվել, պետական անձեռնմխելիությունն արդարացնող փաստարկներն այստեղ անտեղի են: Ratione materiae անձեռնմխելիության նպատակը պետական պաշտոնյաների դեմ քրեական գործերի հարուցումը խոչընդոտելն է միայն այն դեպքերում, երբ վերջիններս հանդես են եկել որպես պետության կամքն արտահայտողներ: Այս նպատակը վերբերելի չէ խոշտանգումների վերաբերյալ մեղադրանքի առկայության դեպքում, քանի որ այս դեպքում գործ ունենք պետական պաշտոնյայի անձնական պատասխանատվության հետ: Ratione materiae անձեռնմխելիության շնորհմամբ այստեղ հետապնդվում է մեկ նպատակ, այն է՝ պետական պաշտոնյային պաշտպանել պատասխանատվության ենթարկվելուց, ինչը չի կարող 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո համարվել օրինական նպատակ:
185. Երրորդ կողմը ընդգծել է, որ որքան ընդարձակ է շնորհվող անձեռնմխելիությունը, այնքան ավելի համոզիչ պետք է լինի դրա արդարացումը (մեջբերված է Kart-ն ընդդեմ Թուրքիայի գործը [ՄՊ], թիվ 8917/05, § 83, ՄԻԵԴ 2009 (հատվածներ)): Խորհրդարանական անձեռնմխելիությանը վերաբերող գործերով դատարանն ավելի նեղ շրջանակ է սահմանել: Այն նաև նշել է, որ ժողովրդավարական պետության մեջ իրավունքի գերակայության հետ անհամատեղելի է այն, երբ պետությունը, առանց դատարանների կողմից սահմանափակման կամ վերահսկման, դատարանների իրավազորության շրջանակից հանում է քաղաքացիական հայցերի մի ամբողջ շարք կամ անձանց որոշակի կատեգորիաների շնորհում է անձեռնմխելիություն (տե՛ս վերևում մեջբերված Fayed-ի գործը, § 65, և Cordova-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 1), գործը, թիվ 40877/98, § 58, ՄԻԵԴ 2003‑I): Իրավախախտման, այն է՝ խոշտանգման բնույթը, որով անհրաժեշտ է դիմել դատական պաշտպանության, այնպիսին է, որ ցանկացած սահմանփակման նկատմամբ անհրաժեշտ է կիրառել շատ ավելի խիստ մոտեցում: Համաչափության առումով կարևոր է նաև, թե արդյո՞ք գործի լուծման այլընտանքային միոջոցներ առկա են եղել, թե` ոչ. դիմումատուի գործով այդպիսիք գոյություն չունեն: Մասնավորապես, Սաուդյան Արաբիայում գոյություն չունի Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածում ներկայացված պահանջին համապատասխան դատական պաշտպանության արդյունավետ միջոց, քանի որ խոշտանգումը սաուդյան օրենքներով հանցագործություն չի համարվում և դրա համար առանձին պատժատեսակներ նախատեսված չկան: Խոշտանգումների դեմ կոմիտեն գտել է, որ Սաուդյան Արաբիայում խոշտանգման վերաբերյալ մեղադրանքներն ուսումնասիրելու համար արդյունավետ մեխանիզմներ չկան: Դիվանագիտական պաշտպանությունը չի կարող համարվել պաշտպանության արդյունավետ միջոց. թեև պատասխանող կառավարությունը հղում է կատարել Al-Adsani-ի գործին՝ պնդելով, որ պրն. Al-Adsani-ն դիվանագիտական պաշտպանություն տրամադրվել է, սակայն իրականում ոչ մի ապացույց չկա, որը կհաստատեր, որ Al-Adsani-ն երբևիցե օգտվել է դիվանագիտական պաշտպանության իրավունքից: Դիվանագիտական պաշտպանությունը ամբողջապես պետական հայեցողության շրջանակներում է, և կառավարությանը չի կարելի պարտադրել օժանդակելու իր քաղաքացիների անունից բերված բողոքին:
2. Դատարանի գնահատականը
(ա) Դատարան դիմելու իրավունքի ընդհանուր սկզբունքները՝ պետական անձեռնմխելիության համատեքստում
186. 6-րդ հոդվածի 1-ին կետը ամրագրում է յուրաքանչյուրի՝ իր քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների հետ առնչվող ցանկացած վեճի (6-րդ հոդվածի 1-ին կետի ֆրանսերեն տեքստը ներառում է «contestation» եզրույթը) դատական կարգով քննության իրավունքը: Դատարան դիմելու իրավունքը, սակայն, բացարձակ չէ: Այն կարող է լինել սահմանափակումների ենթակա, քանի որ դատարան դիմելու գաղափարն ինքնին արդեն ենթադրում է պետական կարգավորում: Այս առումով անդամ պետությունները հայեցողության որոշակի շրջանակներ ունեն, թեև Կոնվենցիայի պահանջների համապատասխանության վերաբերյալ վերջնական գնահատականը տալիս է Դատարանը: Անհրաժեշտ է հավաստիանալ, որ կիրառված սահմանափակումները չեն սահմանափակում կամ նվազեցնում անձի դատարան դիմելու իրավունքը այնպես կամ այն աստիճանի, որ այս իրավունքի բուն նպատակը լինի վտանգված: Ավելին, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված իրավունքի հետ համատեղելի չի լինի, եթե այն չի հետապնդում օրինական նպատակ և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև համաչափության ողջամիտ հարաբերակցություն գոյություն չունի (տե՛ս Fogarty-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 37112/97, §§ 32-33, ՄԻԵԴ 2001‑XI (հատվածներ), McElhinney-ին ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ], թիվ 31253/96, §§ 33-34, ՄԻԵԴ 2001‑XI (հատվածներ), Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 52-53, Kalogeropoulou-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, Manoilescu-ն և Dobrescu-ն ընդդեմ Ռումինիայի և Ռուսաստանի (որոշ.), թիվ 60861/00, §§ 66 և 68, ՄԻԵԴ 2005‑VI, Cudak-ն ընդդեմ Լիտվայի [ՄՊ], թիվ 15869/02, §§ 54-55, ՄԻԵԴ 2010, և Sabeh El Leil-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 34869/05, §§ 46-47, 29 հունիս 2011թ.):
187. Կոնվենցիայի իրավունքների երաշխավորումը պետք է լինի պրակտիկ և արդյունավետ կերպով իրականացված, հատկապես այն դեպքերում, երբ խնդրո առարկան դատարան դիմելու իրավունքն է, քանի որ արդար դատաքննության իրավունքը ժողովրդավարական հասարակության մեջ ամենակարևորներից է: Այդ իսկ պատճառով ժողովրդավարական հասարակության մեջ իրավունքի գերակայության կամ 6-րդ հոդվածի 1-ին կետի սկզբունքների (որի հիմքում ընկած է քաղաքացիական գործերի դատական կարգով քննվելու իրավունքը) հետ համատեղելի չի լինի, եթե պետությունը առանց սահմանափակումների կամ Կոնվենցիայի կիրառությունը վերահսկող մարմնի վերահսկողության՝ քաղաքացիական հայցերի մի ամբողջ շարք հանի դատական քննության գործընթացից կամ անձանց որոշակի կատեգորիաների շնորհի քաղաքացիական իրավազորությունից անձեռնմխելի լինելու իրավունք: Այն դեպքերում, երբ պետական անձեռնմխելիության սկզբունքի կիրառությունը սահմանափակում է դատարան դիմելու իրավունքը, Դատարանը համապատասխանաբար պետք է հավաստիանա, թե արդյո՞ք գործի հանգամանքները արդարացնում են այդպիսի սահմանափակումը (Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 47-48, Cudak-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 58-59, և Sabeh El Leil-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 50-51):
188. Դատարանը նախկինում առիթ ունեցել է բացատրելու, որ ինքինշխան պետության անձեռնմխելիությունը միջազգային իրավունքի հասկացություն է, որը զարգացել է par in parem non habet imperium սկզբունքի հիման վրա, որի ուժով մեկ պետությունը չի կարող մյուսի նկատմամբ արդարադատություն իրականացնել: Քաղաքացիական գործերով վարույթների ժամանակ ինքնիշխան պետությանը անձեռնմխելիության իրավունքով օժտելը համահունչ է միջազգային իրավունքի՝ միմյանց ինքնիշխանությունը հարգելու միջոցով պետությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու օրինական նպատակի հետ (տե՛ս Fogarty-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 34, McElhinney-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 35, Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 54, Kalogeropoulou-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում, Cudak-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 60, և Sabeh El Leil-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 52):
189. Ինչ վերաբերում է սահմանափակումների համաչափությանը, Կոնվենցիայի, որը հանդիսանում է միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս, մյուս կանոններին (այդ թվում նաև՝ պետական անձեռնմխելիության) հնարավորինս համահունչ մեկնաբանելու անհրաժեշտությունը Դատարանին օգնում են եզրահագելու, որ չի կարող համարվել, որ պետության կողմից ձեռնարկված միջոցառումները, որոնք արտացոլում են միջազգային հանրային իրավունքում լայնորեն ընդունված պետական անձեռնմխելիության կանոնները, 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված դատարան դիմելու իրավունքի նկատմամբ անհամաչափ սահմանափակում են պարտադրում: Դատարանը բացատրում է, որ ինչպես որ դատարան դիմելու իրավունքն է հանդիսանում 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված արդար դատաքննության երաշխիքի անքակտելի մաս, այդպես էլ որոշ սահմանափակումներ պետք է համարվեն դրա բաղկացուցիչ մաս, որպես օրինակ Դատարանը նշում է ազգերի համախմբի կողմից համընդհանուր կերպով ընդունված սահմանափակումները, որոնք հանդիսանում են պետական անձեռնմխելիության մասին դոկտրինի մաս (տե՛ս McElhinney-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 36-37, Fogarty-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 35-36, Al‑Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 55-56, Kalogeropoulou-ի և այլոց գործը, մեջբերված է վերևում, Manoilescu-ի և Dobrescu-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 70 և 80, Cudak-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 56-57, և Sabeh El Leil-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 48-49):
(բ) Սկզբունքների կիրառությունը պետական անձեռնմխելիության նախորդ գործերով
190. Դատարանն ուսումնասիրել է 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված դատարան դիմելու իրավունքի համատեղելիությունը պետական անձեռնմխելիության համատեքստում՝ ուշադրության կենտրոնում ունենալով մի շարք քաղաքացիական գործեր, այդ թվում հետևյալ թեմաներով գանգատները՝ դեսպանատներում աշխատանքնային հարաբերությունների կարգավորում (Fogarty-ի, Cudak-ի և Sabeh El Leil-ի գործերը, բոլորը մեջբերված են վերևում), ֆորումի պետությունում ստացված վնասվածքը (McElhinney-ի գործը, մեջբերված է վերևում), արտերկրում խոշտանգումների ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքները (Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում), պատերազմական իրավիճակում կատարված մարդկության դեմ ուղղված հանցագործությունները (Kalogeropoulou-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում), դատական վարույթին ընթացք չտալը (Wallishauser-ի գործը, մեջբերված է վերևում), և մասնավոր իրավունքի ենթադրյալ խախտումները (Oleynikov-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 36703/04, 14 մարտ 2013թ.): Այս գործերից յուրաքանչյուրը ներկայացնում է այն աստիճանը, որով պետական անձեռնմխելիության՝ նախկինում բացարձակ հասկացությունը զիջել է անձեռնմխելիության ավելի սահմանափակ ձևի: Մասնավորապես, Դատարանն ուսումնասիրել է այն հանգամանքը, թե արդյո՞ք պատասխանող պետության գործողությունները «[դուրս են մնում] ներյակումս ընդունելի ցանկացած միջազգային չափանիշներից» (Fogarty-ի գործը, մեջբերված է վերևում, § 37, և McElhinney-ի գործը, մեջբերված է վերևում, § 38), «անհամատեղելի են պետական անձեռնմխելիության դոկտրինի՝ ազգերի ընտանիքի կողմից համընդհանուր կերպով ընդունված սահմանափակման հետ» (Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 66, և դրան հաջորդած Kalogeropoulou-ն և այլոք գործը, մեջբերված է վերևում), կամ պոտենցիալ հակառակ է կիրառելի միջազգային սովորութային իրավունքով հաստատված պետական անձեռնմխելիության բացառությանը (Cudak-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 67, Sabeh El Leil-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 58, Wallishauser-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 69, և Oleynikov-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 68):
191. Al-Adsani-ի գործով (մեջբերված է վերևում), որի վճիռը կայացվել է 2001թ., Դատարանը գտել է, որ չի հաստատվել այն հանգամանքը, որ միջազգային իրավունքով դեռևս ընդունված է այն դիրքորոշումը, համաձայն որի ֆորումի պետությունից դուրս կատարված խոշտանգումներին առնչվող վնասի փոխհատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցերի ժամանակ պետությունները զրկվում են անձեռնմխելիության իրավունքից: Հետևաբար, խոշտանգումներին առնչվող վնասի փոխհատուցման վերաբերյալ Քուվեյթի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը ներպետական դատարանների կողմից մերժելու միջոցով 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում չի արձանագրվել, հայցը ներակայացվել է պետական անձեռնմխելիության մասին 1978թ. ընդունված օրենքի հիմքով: Միևնույն եզրահանգումն է արվել նաև վերևում մեջբերված Kalogeropoulou-ի և այլոց գործով 2002թ. կայացված վճռով, որի ժամանակ հունական դատարանները չէին բավարարել դիմումատուների հայցը՝ այն բանից հետո, երբ Հունաստանի Արդարադատության նախարարությունը մերժել էր գերմանական սեփականությունը բռնագրավելու վերաբերյալ դիմումատուի պահանջը՝ չնայած այն փաստին, որ 1944թ. գործած մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար քրեական պատասխանատվությունը դատարանի վճռով հաստատվել էր: Սակայն Դատարանն այս վճռում նշում է, որ Al-Adsani-ի գործով իր բացահայտումները չեն բացառում միջազգային հանրային իրավունքի հետագա զարգացումները:
192. Պետական անձեռնմխելիության վերաբերյալ ավելի ուշ կայացված մի շարք վճիռներով դատարանը 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է արձանագրել այն հիմքով, որ ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիույթունների մասին կոնվենցիան պատասխանող պետության նկատմամբ գործում է միջազգային սովորութային իրավունքի ներքո, և որ անձեռնմխելիության շնորհումը համաչափ չէր, քանի որ այն կա՛մ համատեղելի չէր միջազգային սովորութային իրավունքի հետ կա՛մ չէր կատարվել ներպետական դատարանների կողմից այս կանոնի պատշաճ ուսումնասիրման արդյունքում (Cudak-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 67-74, Sabeh El Leil-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 58-67, Wallishauser-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 69-72, և Oleynikov-ի գործը, մեջբերված է վերևում՝ §§ 68-72):
(գ) Արդյո՞ք Al-Adsani-ի գործով Դատարանի մոտեցումը պետք է վերանայվի
193. Դիմումատուները պնդում էին, որ Դատարանը պետք է հրաժարվի Al-Adsani-ի գործով Մեծ Պալատի որդեգրած մոտեցումից, քանի որ այս գործով համաչափության էական գնահատում չի անցկացվել, այդ թվում նաև՝ առանձին գործի հանգամանքների և փաստերի գնահատում, և մասնավորապես այն պետք է ուսումնասիրեր փոխհատուցման այլընտրանքային միջոցների առկայությունը:
194. Al-Adsani-ի գործով գործադրված միջոցների համաչափությունը որոշելիս վճռորոշ հարց է այն, թե արդյո՞ք ներպետական դատարանների կողմից կիրառված անձեռմխելիության կանոնները արտահայտում են պետական անձեռնմխելիության միջազգային հանրային իրավունքի համընդհանուր կերպով ընդունված կանոնները (տե՛ս օրինակ՝ Christine Goodwin-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 28957/95, § 74, ՄԻԵԴ 2002‑VI, Scoppola-ն ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [ՄՊ], թիվ 10249/03, § 104, 17 սեպտեմբեր 2009թ., և Sabri Güneş-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 27396/06, § 50, 29 հունիս 2012թ.): Այն դեպքերում, երբ խնդրո առարկա նախադեպը Մեծ Պալատի կողմից համեմատաբար վերջերս ընդունված համապարփակ վճիռ է, ինչպես այս դեպքում է, Պալատը, որը պատրաստ չէ հետևել հաստատված նախադեպին, պետք է հրաժարվի գործը քննել և ներկայացնի այն Մեծ Պալատի քննությանը: Սույն գործով կողմերից և ոչ մեկը Պալատին չի առաջարկել հրաժարվել գործի քննությունից և այն փոխանցել Մեծ Պալատին, ցանկացած դեպքում այս հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է Պալատը (տե՛ս, օրինակ՝ Hartman-ն ընդդեմ Չեխիայի Հանրապետության, թիվ 53341/99, § 8 in fine, ՄԻԵԴ 2003‑VIII (հատվածներ), և Kuznetsova-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 67579/01, § 5, 7 հունիս 2007թ.):
195. Հաշվի առնելով Al-Adsani-ի նախադեպը և այդ վճռում ներկայացված իրավական խնդիրների մանրակրկիտ ուսումնասիրությունը՝ համակցված սույն Դատարանի կողմից ընդունված նախադեպային և միջազգային իրավունքների հետ, Դատարանը անհրաժեշտ չի համարում սույն գործը հանձնել Մեծ Պալատին: 6-րդ հոդվածի 1-ին կետի ներքո և Al-Adsani-ի գործով վճռի հիման վրա համապատասխան ստուգիչ բանաձևը որոշելիս Դատարանը գործել է միջազգային իրավունքի համապատասխան կանոնները և սկզբունքները որոշելու և միջազգային իրավունքի մասը կազմող Կոնվենցիայի ու միջազգային իրավունքի մյուս կանոններին հնարավորինս համահունչ մեկնաբանելու իր պարտավորության շրջանակներում (տե՛ս Al-Adsani-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 55, տե՛ս նաև՝ Al-Saadoon-ը և Mufdhi-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 61498/08, § 126, ՄԻԵԴ 2010 (հատվածներ), Catan-ը և այլոք ընդդեմ Մոլդովայի Հանրապետության և Ռուսաստանի [ՄՊ], թիվթիվ 43370/04, 8252/05 և 18454/06, § 136, ՄԻԵԴ 2012 (հատվածներ), Nada-ն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ], թիվ 10593/08, §§ 171-172, ՄԻԵԴ 2012, և Վիեննայի կոնվենցիայի Հոդված 31 § 3 (գ)): Հետևաբար, Դատարանը բավարարված է, որ Al-Adsani-ի գործով Մեծ Պալատի կողմից որդեգրված համաչափության մոտեցումը (տե՛ս վերևում՝ 194-րդ պարբերությունը) պետք է կիրառվի նաև այս դեպքում:
(գ) Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ բերված հայցի նկատմամբ սկզբունքների կիրառությունը
196. Պրն. Jones-ի՝ Սաուդյան Արաբիային պատասխանատվության ենթարկելուն ուղղված գանգատը փաստական հանգամանքներով շատ նման է վերևում մեջբերված Al-Adsani-ի գանգատին: Ինչպես Դատարանը գտել է Al-Adsani-ի գործով անձեռնմխելիության շնորհումը հետապնդում է միջազգային իրավունքի սկզբունքներին հավատարիմ մնալու օրինական նպատակ, որի հիմքում միմյանց ինքնիշխանության նկատմամբ հարգանքի միջոցով պետությունների միջև բարիդրացիական և լավ հարաբերությունների ձևավորումն է: Այն համատեղելի է 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, քանի որ այն արտահայտում է պետական անձեռնմխելիության մասին միջազգային հանրային իրավունքի այդ ժամանակ համընդհանուր կերպով ընդունված կանոնները: Դատարանի առջև դրված միակ խնդիրը որոշելն է, թե արդյո՞ք 2006թ. Լորդերի պալատի կողմից դատական գործի վերաբերյալ որոշում կայացնելիս պետական անձեռնմխելիության և դրա խոշտանգման հիմքով բացառությանն առնչվող ընդունելի միջազգային չափանիշների էվոլյուցիա Al-Adsani-ի գործից հետո արձանագրվել է, թե` ոչ, որով կերաշխավորվեր այնպիսի եզրահանգում, որի համաձայն այս գործով սեփականության իրավունքի փոխանցումը չի արտահայտում պետական անձեռնմխելիության մասին միջազգային հանրային իրավունքի ընդունված կանոնները:
197. Վերջին տարիներին թե՛ Լորդերի պալատի կողմից սույն վճռի արձակումից առաջ և թե՛ դրանից հետո, մի շարք ներպետական արդարադատության համակարգեր դիտարկել են այն հարցը, թե արդյո՞ք քաղաքացիական գործերով պետական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ jus cogens նորմերի հիմքով բացառություն արդեն կիրառելի է թե ոչ (տե՛ս օրինակ՝ վերևում՝ 117-րդ պարբերությունում ներկայացված Siderman de Blake-ի, Princz-ի, Smith-ի և Sampson-ի գործերը՝ քննված Միացյալ Նահանգներում, Bouzari-ի և Hashemi-ի գործերը` Կանադայում, տե՛ս վերևում՝ 128-134 պարբերությունները, 140-րդ պարբերությունում ներկայացված Ferrini-ի գործը՝ Իտալիայում, 142-րդ պարբերությունում ներկայացված Prefecture of Voiotia-ի գործը՝ Հունաստանում, 144-146 պարբերություններում՝ Լեհաստանում կայացված Natoniewski-ի վճիռը, Bucheron-ի և Grosz-ի գործերը` Ֆրանսիայում, տե՛ս վերևում՝ 147-րդ պարբերությունը, A.A.-ի գործը՝ Սլովենիայում, տե՛ս 148-149 պարբերությունները, և Al‑Adsani-ի գործը՝ Միացյալ Թագավորությունում):
198. Այնուամենայնիվ, անհրաժեշտություն չկա որպեսզի Դատարանը ամենայն մանրամասնությամբ դիտարկի այս զարգացումները հատկապես Գերմանիան ընդդեմ Իտալիայի գործով Արդարադատության միջազգային դատարանի կողմից վերջերս կայացված վճռից հետո (տե՛ս վերևում` 88-94 պարբերությունները), որը սույն Դատարանի կողմից պետք է դիտարկվի որպես միջազգային սովորութային իրավունքի ոլորտում հեղինակավոր կարծիք: Այս վճռով հստակ կերպով հաստատվում է, որ մինչև 2012թ. փետրվար ամիսը պետական անձեռնմխելիության իրավունքի jus cogens հիմքով բացառություններ չեն արձանագրվել: 2006 թվականին անգլիական դատարանների կողմից 1978թ. օրենքի դրույթների կիրառումը, որով հաստատվում է Սաուդյան Արաբիայի Թագավորության կողմից առաջ քաշված պետական անձեռնմխելիության իրավունքը հարգելու փաստարկը, չեն կարող համարվել որպես դիմումատուի՝ դատարան դիմելու իրավունքի նկատմամբ անհամաչափ սահմանափակում: Այստեղից հետևում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` կապված պրն. Jones-ի գործով Սաուդյան Արաբիայի Թագավորության դեմ բողոքի մերժման հետ, չկա:
(ե) Սկզբունքների կիրառությունը՝ պետական պաշտոնյաների դեմ բերված հայցերում
199. Բոլոր չորս դիմումուատուները բողոքել են, որ զրկված են եղել հիշատակված պետական պաշտոնյաների դեմ խոշտանգումների հիմքով բերված քաղաքացիական հայցերի քննության հնարավորությունից: Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք դատական այս հայցերի քննության մերժումը համատեղելի է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ՝ կիրառելով Al‑Adsani-ի գործով հաստատված ընդհանուր մոտեցումը:
200. Դատարան դիմելու իրավունքը սահմանփակելու միջոցով հետապնդվող նպատակի օրինականության մասով հարկ է նշել, որ Դատարանի առջև նախկինում բերված պետական անձեռնմխելիությանը վերաբերող գործերի դեպքում քաղաքացիական հայցերը ներկայացվել են պետությունների դեմ, այլ ոչ թե՝ առանձին պետական պաշտոնյաների: Սակայն պետական պաշտոնյաների դեմ ներկայացված հայցերի ժամանակ կիրառված անձեռնմխելիությունը դարձյալ «պետական անձեռնմխելիություն» է. եթե այն վկայակոչվել է պետության կողմից, ապա պետությունը չի կարող հրաժարվել դրանից: Այն դեպքերում, ինչպես որ այս դեպքում է, երբ պետական պաշտոնյաների նկատմամբ ratione materiae անձեռնմխելիության շնորհումը պետական անձեռնմխելիության միջազգային իրավունքի հետ համապատասխանություն ապահովելու նպատակ է հետապնդում, և ինչպես այն ժամանակ, երբ անձեռնմխելիությունը շնորհվում է պետությանը, դատարան դիմելու իրավունքի սահմանափակման նպատակն օրինական է:
201. Քանի որ այն միջոցները, որոնց հիմքում պետական անձեռնմխելիության միջազգային իրավունքի համընդհանուր կերպով ընդունված դրույթներն են, չեն կարող սկզբունքորեն դիտարկվել որպես դատարան դիմելու իրավունքի ոչ համաչափ սահմանափակում, դիմումատուների գործով ուսումնասիրման ենթակա միակ խնդիրն այն է, թե արդյո՞ք պետական պաշտոնյաներին շնորհված ratione materiae անձեռնմխելիությունը այդ կանոնների արտացոլումն է: Հետևաբար, Դատարանը պետք է քննի, թե արդյո՞ք ընդհանուր կանոն կա, համաձայն որի ներպետական դատարանները պետք է բավարարեն Սաուդյան Արաբիայի՝ պետական պաշտոնյաների անձեռնմխելիության իրավունքը հարգելու պահանջը, և եթե այդպես է, արդյո՞ք կան խոշտանգոմների դեպքում կիրառելի հատուկ կանոնների կամ բացառությունների մասին վկայող փաստեր:
(i) Ընդհանուր կանոնի գոյությունը
202. Առաջին հարցն այն է, թե արդյո՞ք պետական պաշտոնյային ratione materiae անձեռնմխելիության շնորհումը արտացոլում է միջազգային հանրային իրավունքի համընդհանուր ճանաչված կանոնները: Դատարանը նախկինում ընդունել է, որ պետություններին անձեռնմխելիության շնորհումը այդպիսի կանոն է: Քանի որ ցանկացած գործողություն չի կարող պետության կողմից անմիջականորեն կատարվել, այլ միայն պետության անունից հանդես եկող անհատների, այն դեպքերում, երբ պետությունը պահանջում է պետական անձեռնմխելիության հարգում, մեկնարկային կետը պետք է լինի ratione materiae անձեռնմխելիության կիրառելիությունը պետական պաշտոնյաների գործողությունների նկատմամբ: Հակառակ պարագայում, անձեռնմխելիությունը միշտ էլ հնարավոր կլինի շրջանցել՝ պետական պաշտոնյաների դեմ հայցերը բավարարելով: Այս պրագմատիկ ընկալումն արտացոլված է ՄԱԿ-ի 2004թ. կոնվենցիայում ներկայացված «պետություն» եզրույթի սահմանմամբ (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը), որտեղ ասվում է, որ այդ եզրույթը ներառում է պետության ներկայացուցիչների կողմից պետական լիազորությունների շրջանակում գործելը: Միջազգային իրավունքի հանձնաժողովի Հատուկ զեկուցողն իր երկրորդ զեկույցում ասում է, որ «բավականին ընդարձակորեն ընդունված է» այն սկզբունքը, որ պետական պաշտոնյաների անձեռնմխելիությունը հանդիսանում է «նորմ», իսկ առանձին դեպքերում անձեռնմխելիության բացակայությունը կախված է կա՛մ հատուկ կանոնի կա՛մ գործելակերպի գոյությունից և ընդհանուր կանոնի առաջացման մասին opinio juris-ից (տե՛ս վերևում՝ 96-րդ պարբերությունը):
203. Ներպետական և միջազգային մակարդակներում ընդարձակ նախադեպային իրավունք է ձևավորվել, որոնց ընդհանուր եզրահանգումն այն է, որ պետական պաշտոնյաների՝ իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված գործողությունները, պետական անձեռնմխելիության պահպանման նպատակներով, վերագրելի են այն պետությանը, որի անունից վերջիններս հանդես են գալիս: Այսպիսով, Propend-ի գործով Անգլիայի Վերաքննիչ դատարանը վճռել է, որ 1978թ. օրենքով շնորհված անձեռնմխելիությունը պետք ընթերցվի այնպես, որ առանձին պետական պաշտոնյաներին շնորհվի «նույն հովանու ներքո պաշտպանություն, ինչ շնորհված է պետությանը» (տե՛ս վերևում՝ 42-43 պարբերությունները): Jaffe-ի գործով Կանադայի Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Պետական անձեռնմխելիության մասին օրենքում բերված «պետություն» հասկացությունը ներառում է իրենց լիազորությունների շրջանակում գործող պետության աշխատակիցներին (տե՛ս վերևում՝ 127-րդ պարբերությունը): Fang-ի գործով Նոր Զելանդիայի Բարձր դատարանը վճռել է, որ պետական անձեռնմխելիությունը ինքնաբերաբար ratione materiae անձեռնմխելիությամբ է օժտում այն անձանց, ում պետական լիազորությունների շրջանականում կատարված գործողությունները, դատական վեճի առարկա են դարձել (տե՛ս վերևում՝ 135-րդ պարբերությունը): Zhang-ի գործով Ավստրալիայի Վերաքննիչ դատարանը վճռել է, որ առանձին պաշտոնյաներ պաշտպանված են Անձեռնմխելիությունների մասին օրենքով, քանի որ վերջիններս անգլո-սաքսոնական իրավական համակարգի ներքո ստանում են պաշտպանություն, և այս հանգամանքը օրենքի ընդունմամբ փոփոխության չի ենթարկվել (տե՛ս վերևում՝ 138-րդ պարբերությունը): Թեև Միացյալ Նահանգների Բարձրագույն դատարանը Samantar-ի գործով եզրահանգել է, որ պետության ներկայացրած պաշտոնյաները Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքով սահմանված «պետություն» հասկացության մեջ ներառված չեն, դատարանը բացատրում է, որ նրանց անձեռնմխելիությունը կարգավորվում է անգլո-սաքսոնական իրավական համակարգի կանոնների համաձայն, քանի որ օրենքը Միացյալ Նահանգներում համարվում է անձեռնմխելիության կանոնների միայն մասնակի կոդիֆիկացիա (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը): Վերաքննիչ դատարանն (Չորրորդ շրջան) այնուհետ ընդունել է, որ սկզբունքորեն պետական պաշտոնյաները կարող են իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակում կատարվող գործողությունների համար վայելել միևնույն անձեռնմխելիությունը (տե՛ս վերևում՝ 122-124 պարբերությունները): Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը Blaškić-ի գործը քննելիս, իրենց պաշտոնական պարտականությունները կատարող պետական պաշտոնյաներին բնութագրում է որպես «սոսկ պետության գործիքներ» և բացատրում է, որ նրանք «օգտվում են գործառական անձեռնմխելիությունից» (տե՛ս վերևում՝ 81-րդ պարբերությունը): Djibouti-ն ընդդեմ Ֆրանսիայի գործով Արդարադատության միջազգային դատարանն անդրադառնում է Ջիբութիի կառավարության համար գոյություն ունեցող հնարավորությանը, որով այն կարող էր պահանջել, որ իր երկու պետական պաշտոնյաների գործողությունները դիտարկվեն որպես այդ պետության գործողություններ, իսկ այդ պաշտոնյաները այդ գործողություններն իրականացնող իր մարմինները, հաստատությունները կամ օժանդակ կառույցները (տե՛ս վերևում՝ 86-87 պարբերությունները):
204. Հետևաբար, միջազգային և ներպետական մակարդակում առկա աղբյուրների գերիշխող մասը կարծես թե առաջարկում են, որ պետական անձեռնմխելիությունը, սկզբունքորեն, օտարերկրյա պետության առանձին աշխատակիցներին կամ պաշտոնյաներին այդ պետության անունից կատարված գործողությունների համար օժտում է միևնույն բնույթի անձեռնմխելիությամբ, ինչ հենց պետության դեպքում է:
(ii) Խոշտանգման արարքների առնչությամբ հատուկ կանոնների կամ բացառությունների գոյությունը
205. Ներքոհիշյալից պարզ է, որ անձինք ratione materiae անձեռնմխելիությունից օգտվում են միայն այն դեպքերում, երբ խնդրո առարկա գործողությունները կատարվել են իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակում: ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիան վերաբերում է պետության ներկայացուցիչներին, «ովքեր հանդես են գալիս այդ լիազորությունների շրջանակում» (տե՛ս վերևում՝ 76-րդ պարբերությունը): Այն հանգամանքը, որ պետական անձեռնմխելիության կանոնից jus cogens նորմի հիմքով ընդհանուր բացառություն չկա, առանձին պետական պաշտոնյաների դեմ բողոքների ժամանակ վճռորոշ դեր չի խաղում:
206. Խոշտանգումների դեմ կոնվենցիան խոշտանգումը սահմանում է որպես «պետական պաշտոնյայի կամ պաշտոնական լիազորություններով հանդես եկող ցանկացած այլ անձի» կողմից կատարված արարք: Այսպիսի սահմանումը կարծես պաշտպանում է այն փաստարկը, համաձայն որի խոշտանգման գործողությունները կարող են իրականացվել «պաշտոնական լիազորությունների շրջանակում», որոնց համար ակնկալվում է պետական անձեռնմխելիություն: Այս առումով արդարացված են սույն գործով վերաքննիչ վարույթի ժամանակ լորդ դատավոր Mance-ի կողմից արտահայված մտորումները, որոնցով վերջինս տարակուսանք էր հայտնում այն հարցի շուրջ, թե արդյո՞ք պետական պաշտոնյաները պետք է «գործեն պաշտոնական լիազորությունների շրջանակում», որպեսզի նրանց գործողությունները Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմաստով որակվեն որպես խոշտանգում (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը): Այնուամենայնիվ, միջազգային իրավունքի աղբյուրները հանգամանալից ուսումնասիրելուց հետո Լորդերի պալատը այս մտահանգումը միաձայն մերժել է: Լորդ Bingham-ը, մասնավորապես, մատնացույց է անում այն հանգամանքին, որ այս փաստարկը հիմնավորելու նպատակով դիմումատուները օրինակներ են բերել միայն ԱՄՆ-ի նախադեպային իրավունքից, և այն չի արտահայտում մյուս երկրների շրջանում լայնորեն տարածված և ընդունված սկզբունքները (տե՛ս վերևում՝ 28-րդ պարբերությունը):
207. Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածներն իրենց հերթին այդպիսի գործողությունները վերագրում են պետությանը այն հիմքով, որ դրանք իրականացվում են կա՛մ նախագծային հոդվածների 4-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների (տե՛ս վերևում՝ 107-րդ պարբերությունը) կա՛մ այդ պետության օրենքի ուժով պետական իշխանության տարրեր իրականացնելու լիազորությամբ օժտված և դրա շրջանակներում գործող անձանց կողմից՝ նախագծային հոդվածների 5-րդ հոդվածի համաձայն (տե՛ս վերևում՝ 108-րդ պարբերությունը): Դիմումատուները չեն փորձում ժխտել, որ խոշտանգման գործողությունները, որոնց նրանք ենթադրաբար ենթարկվել են, պատասխանատվություն են առաջացնում Սաուդյան Արաբիայի պետության համար: Սակայն անհրաժեշտ է նշել, որ նախագծային հոդվածները վերաբերում են միայն այն հարցին, թե արդյո՞ք պետությունը վիճարկվող գործողությունների համար պատասխանատու է, թե` ոչ, քանի որ այն բանից հետո, երբ հաստատվում է պետության պատասխանատվությունը, փոխհատուցում տրամադրելու պարտավորությունը կարող է ծագել միջազգային իրավունքի ներքո: Կասկած չկա, որ անհատները առանձին հանգամանքներում ևս կարող են այնպիսի արարքների համար պատասխանատու լինել, որոնք առաջացնում են պետության պատասխանատվություն. այսպիսի անհատական պատասխանատվությունը գոյություն ունի միևնույն արարքի համար պետության պատասխանատվության հետ միասին: Այս պոտենցյալ կրկնակի պատասխանատվությունն արտահայտված է նախագծային հոդվածների 58-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ իրավազորության մասին կանոնները ոչ մի կերպ չեն հակասում պետության անունից հանդես եկող ցանկացած անձի միջազգային իրավունքի ներքո անձնական պատասխանատվությանն առնչվող ցանկացած հարցին (տե՛ս վերևում՝ 109-րդ պարբերությունը): Քրեական համատեքստում պարզ երևում է, որ այն դեպքերում, երբ առկա է խոշտանգումների համար անձնական պատասխանատվություն այն համակցվում է պետական պատասխանատվության հետ (տե՛ս վերևում՝ 44-56, 61-րդ և 150-154-րդ պարբերությունները): Այսպիսով, ինչպես պարզ է դառնում անհատական քրեական պատասխանատվության գոյության փաստից՝ թեև գործողությունների պաշտոնական բնույթը պետական պատասխանատվություն սահմանելու նպատակներով ընդունվում է, սա ինքնին որոշիչ հանգամանք չէ պարզելու համար, թե արդյո՞ք միևնույն գործողությունների նկատմամբ պետական անձեռնմխելիության պահանջը միջազգային իրավունքի ներքո միշտ պետք է ճանաչվի, թե` ոչ:
208. Կարծիք կա, որ պետական պաշտոնյաներին անձեռնմխելիություն շնորհող ցանկացած կանոն Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ընդունմամբ չեղյալ է համարվում, որի 14-րդ հոդվածով, ըստ այդ կարծիքի, քաղաքացիական գործերով համընդհանուր իրավազորություն է սահմանվում: Այս փաստարկը արժանացել է Խոշտանգումների դեմ կոմիտեի հավանությանը, ինչը նշանակում է, որ վերջինս կոնվենցիայի 14-րդ հոդվածը մեկնաբանվում է որպես պետությունների կողմից խոշտանգումների գործերով քաղաքացիական հայցերի բավարարում՝ անկախ այդ խոշտանգումների կատարման վայրից (տե՛ս վերևում՝ 66-68 պարբերությունները): Այնուամենայնիվ, դիմումատուները Արդարադատության միջազգային դատարանի կամ միջազգային ցանկացած այլ արբիտրաժային ատյանի կողմից ընդունված և ոչ մի վճռի մատնացույց չեն արել, որով այս սկզբունքը կհաստատվեր: Բացի այդ, այսպիսի մեկնաբանությունը մերժվում էր Կանադայի և Միացյալ Թագավորության դատարանների կողմից (տե՛ս վերևում՝ 15-րդ, 29-30 և 128-րդ պարբերությունները): Միացյալ Նախանգները կոնվենցիային միանալիս վերապահում է նշել, համաձայն որի վերջինս այս դրույթը դիտարկում է որպես ֆորումի պետության սահմաններում կատարված խոշտանգումների համար փոխհատուցման պահանջ (տե՛ս վերևում՝ 64-րդ պարբերությունը): Այն հարցը, թե արդյո՞ք Խոշտանգումների դեմ կոնվենցիան համընդհանուր քաղաքացիական իրավազորություն է առաջացրել, կարելի է համարել լուծված:
209. Պետական անձեռնմխելիության մասին միջազգային իրավունքի գործիքները և նյութերը խոշտանգումների գործերով ներգրավված պետական պաշտոնյաների անձեռնմխելիության հարցին քիչ ուշադրություն են դարձնում: Այս հարցը Բազելի կամ ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիությունների մասին կոնվենցիաներով անմիջականորեն չի հասցեագրվում: Նախքան վերջինի ընդունումը Միջազգային իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խումբն ընդունել է, որ կան այնպիսի տեսակետի սատարողներ, ովքեր պնդում են, որ պետական պաշտոնյաները չպետք է իրավունք ունենան թե՛ քաղաքացիական և թե՛ քրեական վարույթների ժամանակ պահանջելու անձեռնմխելիություն այն դեպքերում, երբ վերջիններս իրենց պետության սահմաններում կատարել են խոշտանգումներ, սակայն աշխատանքային խումբը նախագծային հոդվածների մեջ փոփոխություններ չի առաջարկել (տե՛ս վերևում՝ 79-րդ պարբերությունը): Թեև պետական անձեռնմխելիությունից բացառություն սահմանելու ուղղությամբ որոշ շարժ նկատվել է, սակայն այս հարցում միասնական մոտեցում դեռևս չի արձանագրվել: Ուշագրավ է, որ ՄԱԿ-ի Իրավազորության անձեռնմխելիության մասին կոնվենցիայի 14 անդամ պետություններից 13-ը հայտարարել են, որ կոնվենցիան ոչ մի կերպ չի սահմանափակում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային իրավունքի զարգացումները (տե՛ս վերևում՝ 80-րդ պարբերությունը): 2009թ. ընդունված իր բանաձևով Միջազգային իրավունքի ինստիտուտը պետություններին կոչ է արել վերանայել անձեռնմխելիության շնորհումը այն դեպքերում, երբ պետության ներկայացուցիչները ենթադրաբար միջազգային հանցագործություններ են կատարել, սակայն այն նաև հաստատել է, որ միջազգային հանցագործությունների դեպքում ratione materiae անձեռնմխելիություն կիրառելի չէ, այդ թվում նաև՝ քաղաքացիական գործերի դեպքում: Այս բանաձևը չի սահմանափակում գործողությունների՝ պետությանը վերագրելու կանոնները և ինքնին պետական անձեռնմխելիության կանոնները (տե՛ս վերևում՝ 103-106 պարբերությունները): Furundzija-ի գործով խոշտանգումների արգելման jus cogens բնույթը քննարկելիս Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական դատարանը մեկնաբանել է, որ այն անձը, ով տուժել է պետության կողմից կիրառված միջոցառման արդյունքում, որով թույլատրվել կամ արդարացվել է խոշտանգման գործողությունը կամ արդարացվել է այն կատարած պետական պաշտոնյան, «կարող է օտարերկրյա պետության դատարաններում վնասի փոխհատուցման պահանջով քաղաքացիական հայց ներկայացնել» (տե՛ս վերևում՝ 82-րդ պարբերությունը): Սակայն վճռից հստակ չի հասկացվում, թե այս նախադասությամբ դատարանը կոնկրետ ինչ էր փորձում փոխանցել: Արդարադատության միջազգային դատարանի Arrest Warrant-ի գործով վճռում դատավորներ Higgins-ը, Kooijmans-ը և Buergenthal-ը իրենց համատեղ հատուկ կարծիքում անդրադարձել են ծանր միջազգային հանցագործությունները որպես պաշտոնական գործողություններ չճանաչելու մասին աճող պահանջին և նկատել, որ այս մոտեցումը աստիճանաբար տեղ է գտնում պետական պրակտիկայում (տե՛ս վերևում՝ 85-րդ պարբերությունը), թեև սույն գործով Լորդերի պալատի վճռում լորդեր Bingham-ը և Hoffmann-ն իրավական մեկնաբանություն են տալիս այն հարցին, թե ինչու այսպիսի պահանջները համոզիչ չեն թվում (տե՛ս վերևում՝ 30-րդ և 35-րդ պարբերությունները):
210. Պետական պաշտոնյաների դեմ jus cogens խախտումների համար քաղաքացիական հայցերով նախադեպային իրավունքի քիչ օրինաներ կան: Գործնականում քիչ թվով պետություններ են կանգնել այս հարցի առջև: Եվրոպայի խորհրդի մյուս անդամ պետությունների կառավարություններից եկած պատասխանները (տե՛ս վերևում՝ 110-րդ պարբերությունը) հիմնականում հիփոթեթիկ էին, ինչը թույլ չի տալիս եզրահանգումներ կատարել՝ կապված այն հարցի հետ, թե ներպետական օրենսդրության շրջանակներում որքանով է պետական անձեռնմխելիության նպատակներով խոշտանգման արարքների պաշտոնական բնույթը ճանաչվում: Սակայն կան նաև օրինականեր այլ անգլո-սաքսոնական համակարգերից: Կանադայում Քվեբեկի Վերաքննիչ դատարանը Hashemi-ի գործով կայացված վճռով գտել է, որ Անձեռնմխելիությունների մասին օրենքը պետության ներկայացուցիչների նկատմամբ կիրառելի է նույնիսկ խոշտանգման վերաբերյալ ենթադրյալ մեղադրանքների դեպքում: Դատարանն իր վճռի հիմքում է դնում Խոշտանգումների դեմ կոնվենցիան, Jaffe-ի գործով իր վճիռը, և դիմումատուների գործով Լորդերի պալատի լորդ Hoffman-ի կարծիքը (տե՛ս վերևում՝ 129‑133 պարբերությունները): Սակայն այս գործը դեռևս գտնվում է Գերագույն դատարանի կողմից քննության փուլում (տե՛ս վերևում՝ 134-րդ պարբերությունը): Նոր Զելանդիայի Բարձր դատարանը Fang-ի գործում նույնպես ճանաչել էր դիմումատուների գործով Լորդերի պալատի դիրքորոշումը և մերժել պետական պաշտոնյաների դեմ խոշտանգումների համար բերված դատական գործերով պետական անձեռնմխելության նկատմամբ բացառությունների կիրառման պահանջը՝ համարելով, որ Նոր Զելանդիայի դատարանները չպետք է միջազգային իրավունքի նոր ուղղությունները որոշելու հարցում «առաջնորդություն ստանձնեն» (տե՛ս վերևում՝ 135-136 պարբերությունները): Ավստրալիայում Վերաքննիչ դատարանը Zhang-ի գործով մերժել է այն փաստարկը, որ jus cogens նորմերի խախտումները պետական անձեռնմխելիության պահպանման նպատակներով չեն կարող համարվել պաշտոնական գործողություններ՝ հիմնվելով ներպետական օրենսդրության աներկբա բնույթի և ավստրալիական դատարանների՝ այդ իրավունքն իրականացնելու պարտականության վրա (տե՛ս վերևում՝ 138-139 պարբերությունները):
211. Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել այս հարցի ավելի ընդարձակ քննություն: Chuidian-ի գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքով սահմանված «պետություն» հասկացության մեջ պետական պաշտոնյաները կարող են ներառվել, սակայն օրենսդրությունը չի կարող պաշտպության տակ առնել պետական պաշտոնյայի լիազորությունների շրջանակից դուրս կատարված գործողությունները: Դաշնային շրջանային դատարանը խոշտանգումների հետ կապված գործերով մերժել էր անձեռնմխելիության շնորհումը այն հիմնավորմամբ, որ այսպիսի գործողությունները չեն կարող համարվել պաշտոնյայի օրինական լիազորությունների մաս (տե՛ս վերևում՝ 119-րդ պարբերությունը): Սրան հաջորդեցին Վերաքննիչ դատարանի կողմից jus cogens նորմերի ենթադրյալ խախտումների վերաբերյալ Belhas-ի և Matar-ի գործերով վճիռները, որոնցով դատարանը ratione materiae անձեռնմխելիություն էր շնորհում (տե՛ս վերևում՝ 120-121 պարբերությունները): Սակայն այս երկու վճիռների հեղինակությունն այժմ կասկածի տակ է առնվում, քանի որ այս գործերին հաջորդած Samantar-ի գործը քննող Գերագույն դատարանը հարցականի տակ է առնում այս հարցը և գտնում, որ Օտարերկրյա ինքնիշխան պետությունների անձեռնմխելիության մասին օրենքում ներառված «պետություն» հասկացությունն ամենևին չի տարածվում պետական պաշտոնյաների վրա և որ այս հարցը բացառապես կարգավորվում է անգլո-սաքսոնական իրավունքով (տե՛ս վերևում՝ 122-րդ պարբերությունը): Բոլորովին վերջերս Վերաքննիչ դատարանի կողմից կայացված Samantar-ի գործով վճռում քննվում էր անգլո-սաքսոնական իրավական համակարգի ներսում գործող անձեռնմխելիության շրջանակները և դատարանը մերժել է պետական պաշտոնյաներին ratione materiae անձեռնմխելիությունների շնորհումը այն հիմքով, որ jus cogens խախտումները լեգիտիմ պաշտոնական գործողություններ չեն (տե՛ս վերևում՝ 122-124 պարբերությունները): Սույն վճռի կայացման միջոցին այս հարցը դեռևս քննվում էր Գերագույն դատարանի կողմից (տե՛ս վերևում՝ 125-րդ պարբերությունը):
212. Քաղաքացիական համատեքստից դուրս այն փաստարկը, համաձայն որի քրեական գործերով քննվող խոշտանգումները չեն կարող կատարվել «պաշտոնական լիազորությունների շրջանակում», ստանում է որոշակի սատարում: Pinochet-ի (թիվ 3) գործով, լորդեր Browne-Wilkinson-ը և Hutton-ը գտել են, որ լուրջ հիմքեր կան ասելու, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո խոշտանգումների կատարումը չի կարող դիտարկվել որպես պետական գործառույթների շրջանակում կատարված գործողություն (տե՛ս վերևում՝ 47-48 և 51-րդ պարբերությունները), թեև այս մոտեցումը չի արժանացել գործը քննող մյուս դատավորների հավանությանը (տե՛ս մասնավորապես 49-րդ պարբերությունում բերված լորդ Hope-ի տեսակետը): Bouterse-ի գործով Ամստերդամի Վերաքննիչ դատարանը գտել է, որ չափազանց ծանր հանցագործությունների կատարումը (այս դեպքում՝ խոշտանգումների) չի կարող համարվել պետության գլխի պաշտոնական պարտականություններից մեկը (տե՛ս վերևում՝ 151-րդ պարբերությունը): Այս հարցը քննարկվել է Շվեյցարիայի Դաշնային քրեական դատարանի կողմից A.-ի գործը քննելիս, թեև անձեռնմխելիություն շնորհելու պահանջի մերժման հիմքում չի դրվել այն փաստարկը, որ խոշտանգումը չի կարող դիտարկվել որպես «պաշտոնական գործողություն» (տե՛ս վերևում՝ 152-153 պարբերությունները): Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից որպես Հատուկ զեկուցող նշանակված պրն. Kolodkin-ը օտարերկրյա քրեական իրավազորությունից պետական պաշտոնյաների անձեռնմխելիության վերաբերյալ հարցերով տարվող ուսումնասիրության շրջանակներում արձակված իր երկրորդ զեկույցում անդրադարձել է «բավականին ընդարձակորեն տարածված» տեսակետին, համաձայն որի միջազգային իրավունքով ծանր համարվող հանցագործությունները չեն կարող համարվել պաշտոնական լիազորությունների շրջանակում կատարված գործողություններ (տե՛ս վերևում՝ 99-րդ պարբերությունը): Սակայն այս հայտարարությունը կարծես թե չի արժանացել Միջազգային իրավունքի հանձնաժողովի ընդարձակ հավանությանը, իսկ մինչև 2014թ. ակնկալվում է ստանալ նորանշանակ Հատուկ զեկուցող տիկին Hernandez-ի մեկնաբանությունները (տե՛ս վերևում՝ 100-րդ պարբերությունը): Պարզ է, որ որոշ պետություններում տուժողների կողմից պատճառված վնասների փոխհատուցման պահանջով քրեական գործերի շրջանակներում քաղաքացիական հայցեր ներկայացնելու հնարավորության լույսի ներքո՝ քաղաքացիական և քրեական վարույթների միջև ratione materiae անձեռնմխելիության մոտեցման ցանկացած տարբերակում կանդրադառնա տարբեր պետություններում քաղաքացիական վարույթի շրջանակներում փոխհատուցում շնորհելու աստիճանի վրա: Սակայն, թեև այս հարցն, անկասկած, անձեռնմխելիության վերաբերյալ դատական որոշումների համատեքստում կամ միջազգային իրավունքի ատյաններում ավելի շատ քննություն է պահանջում, սույն Դատարանի համար բավարար պատճառներ չկան համարելու, որ անձեռնմխելիության շնորհումը սույն գործով չի արտացոլում միջազգային հանրային իրավունքի համընդհանուր կերպով ընդունված կանոնները:
213. Հաշվի առնելով, որ թեև Դատարանի կարծիքով միջազգային իրավունքում աստիճանաբար ի հայտ է գալիս օտարերկրյա պետությունների պետական պաշտոնյաների դեմ խոշտանգումների գործերով քաղաքացիական հայցեր ներկայացնելու համար հատուկ կանոնների կամ բացառությունների աճող սատարում, հեղինակավոր կարծիքների հիմնական ծավալը, ինչպես որ նշում է այս գործով Լորդերի պալատի լորդ Bingham-ը, ընդունում է, որ պետական անձեռնմխելիության իրավունքը չի կարող շրջանցվել՝ պետության ծառայողներին կամ ներկայացուցիչներին դատական հետապնդման ենթարկելով: Հաշվի առնելով դիմումատուի ամենաուժեղ փաստարկները, Դատարանն ընդունում է, որ Խոշտանգումների դեմ կոնվենցիայով սահմանված խոշտանգում եզրույթի ընկալման, պետական անձեռնմխելիության և Պետության պատասխանատվության մասին նախագծային հոդվածների մեջ ներկայացված վերագրման կանոնների փոխազդեցության, Խոշտանգումների դեմ կոնվենցիայի 14-րդ հոդվածի սահմանների շուրջ վերջերս բանավեճեր են ծավալվում (տե՛ս վերևում՝ 206-208 պարբերությունները): Սակայն, խնդրո առարկայի մասով պետական գործելակերպը դեռևս ձևավորման փուլում է՝ նմանատիպ գործերով ratione materiae անձեռնմխելիության շնորհման և մերժման մասին ընդարձակ տեղեկատվությամբ: Ներկայումս ներպետական Գերագույն դատարաններում առնվազն երկու գործ դեռևս քննության փուլում է՝ ԱՄՆ-ում և Կանադայում (տես վերևում՝ 125-րդ և 134-րդ պարբերությունները): Այս հարցի շուրջ միասնական միջազգային կարծիքը զարգացման փուլում է, ինչպես երևաց Միջազգային իրավունքի հանձնաժողովում քրեական ոլորտի վերաբերյալ վերջերս ծավալված քննարկումներից: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, և ապագա զարգացումներն ակնկալելի են:
214. Ներկա գործով ակնհայտ է, որ Լորդերի պալատը մանրամասն ներկայացրել է բոլոր հնարավոր փաստարկները՝ կապված խոշտանգումների համար քաղաքացիական հայցի ժամանակ պետական անձեռնմխելիության ընդհանուր կանոնից հնարավոր բացառություն գտնելու հետ (համեմատե՛ք և հակադրե՛ք Sabeh El Leil-ի գործը, մեջբերված վերևում՝ §§ 63-67, Wallishauser-ի գործը, մեջբերված վերևում՝ § 70, և Oleynikov-ի գործը, մեջբերված վերևում՝ §§ 69-72): Լայնածավալ և համապարփակ վճռում (տե՛ս վերևում՝ 24-38 պարբերությունները) դատարանը եզրահանգել է, որ միջազգային սովորութային իրավունքը խոշտանգմանը հավասարվող վարքագիծ դրսևորելու համար պետական պաշտոնյաների դեմ բերված քաղաքացիական հայցերի ժամանակ, երբ պետությունն ինքն է վայելում անձեռնմխելիության իրավունք, ratione materiae անձեռնմխելիության ընդհանուր կանոնից ոչ մի բացառություն չի ճանաչում: Լորդերի պալատի եզրահանգումները ո՛չ ակնհայտորեն սխալ էին և ո՛չ էլ կամայական, այլ հիմնված էին միջազգային իրավունքի ընդարձակ նյութերի, դիմումատուների իրավական փաստարկների և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված վճռի վրա, որը գործը լուծել է հօգուտ դիմումատուների: Ներպետական այլ դատարանները Լորդերի պալատի կողմից սույն գործով արված եզրահանգումները մանրակրկիտ ուսումնասիրել են և գտել, որ դրանք բավականաչափ համոզիչ են (տե՛ս վերևում՝ 131-133 և 135-րդ պարբերությունները):
215. Ելնելով այս հանգամանքներից՝ Դատարանը բավարարված է նրանով, որ սույն գործով պետական պաշտոնյաներին անձեռնմխելիության շնորհումն արտացոլում է միջազգային հանրային իրավունքի համընդհանուր կերպով ճանաչված կանոնները: Հետևաբար, 1978թ. օրենքի դրույթների կիրառությունը, որով պետական պաշտոնյաներին շնորհվում է քաղաքացիական գործերով անձեռնմխելիության իրավունք, հավասարազոր չէ դիմումատուի` դատարան դիմելու իրավունքի սահմանափակման: Համապատասխանաբար, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել: Սակայն, ներկայումս միջազգային իրավունքի այս ոլորտում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո սա մի խնդիր է, որը պետք է մնա պայմանավորվող կողմերի ուշադրության կենտրոնում:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Որոշում է, միաձայն, միացնել բողոքները.
2. Հայտարարում է, միաձայն, բողոքներն ընդունելի.
3. Վճռում է, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ պրն. Jones-ի կողմից ընդդեմ Սաուդյան Արաբիայի Թագավորության բերված հայցի մասով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել.
4. Վճռում է, ձայների վեց կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ դիմումատուների կողմից գործում նշված պետական պաշտոնյաների դեմ բերված բողոքների մասով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերեն, գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի հունվարի 14-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Françoise Elens-PassosIneta Ziemele
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կցվում է դատավորներ Bianku-ի և Kalaydjieva-ի հատուկ կարծիքները:
I.Z.
F.E.P.
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy