© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային տեղեկատու թիվ 165
2013թ. հուլիս
Khodorkovskiy-ն և Lebedev-ն ընդդեմ Ռուսաստանի - 11082/06 և 13772/05
Վճիռ 25.07.2013թ. [Բաժանմունք I]
Հոդված 7
Հոդված 7-1
Պատիժ՝ բացառապես օրենքի հիման վրա
Հարկերից խուսափելու հանցագործության մեկնաբանումը՝ իրավունքի այլ ճյուղերին հղում կատարելով. խախտում չկա
Հոդված 6
Քրեական մեղադրանքի առնչությամբ
Հոդված 6-1
Անաչառ դատարան
Ենթադրյալ անաչառության պակասը առաջին ատյանի դատավորի մոտ, ով կայացրել էր պաշտպանության կողմին հակառակ դատավարական որոշումներ և դատարանի կազմում մասնակցել մեկ այլ գործով դատավարությանը, որով դիմումատուն մյուս անձանց հետ միասին հանդես էր գալիս մեղադյալի կարգավիճակում. խախտում չկա
Հոդված 6-3-բ
Բավարար հնարավորություններ
Բավարար ժամանակ
Բանտային պայմաններում մեծ ծավալով նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունը դիմումատուների համար, երբ նրանց պաշտպանում էր բարձր որակավորում ունեցող իրավաբանների մի խումբ. խախտում չկա
Հոդված 6-3-գ
Պաշտպանելու իրեն իր ընտրած դատապաշտպանների միջոցով
Մեղադրյալի և իր պաշտպանների միջև նամակագրության պարբերաբար ընթերցումը բանտի աշխատակիցների և առաջին ատյանի դատավորի կողմից. խախտում
Հոդված 6-3-դ
Վկաներին հարցաքննելու իրավունք
Դատախազության կողմից որպես վկա կանչված փորձագետներին խաչաձև հարցաքննելու և իր փորձագետին կանչելու պաշտպանության կողմի միջնորդության մերժումը. խախտում
Հոդված 8
Հոդված 8-1
Ընտանեկան կյանքը հարգելու իրավունք
Անձնական կյանքը հարգելու իրավունք
Ազատազրկումը դատապարտվածների բնակավայրերից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող քրեակատարողական գաղութներում. խախտում
Հոդված 18
Անթույլատրելի նպատակներով իրավունքների նկատմամբ սահմանափակումները
Քաղաքական շարժառիթներով դիմումատուների նկատմամբ քրեական հետապնդումը. խախտում չկա
Հոդված 34
Անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի խոչընդոտում
Եվրոպական դատարանում գործի քննության ընթացքում դիմումատուների պաշտպանների նկատմամբ կարգապահական և այլ միջոցների կիրառումը. Հոդված 34-ի պահանջները չեն կատարվել
Փաստեր. Մինչև ձերբակալումը դիմումատուները հանդիսանում էին խոշոր արդյունաբերական խմբի, որում ընդգրկված էր Յուկոս նավթային ընկերությունը, ղեկավարներ և խոշոր բաժնետերեր: Նրանք Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից էին: Պրն. Խոդորկովսկին, առաջին դիմումատուն, ակտիվ զբաղվում էր նաև քաղաքականությամբ. նա զգալի գումարներ էր տրամադրում ընդդիմադիր կուսակցություններին աջակցելու համար, ինչպես նաև ֆինանսավորում էր զարգացման մի շարք ծրագրեր և ոչ կառավարական կազմակերպություններ: Ավելին, Յուկոսը շահագրգռված էր խոշոր բիզնես ծրագրերով, որոնք հակառակ էին պաշտոնական նավթային քաղաքականությանը:
2003 թվականին դիմումատուներին ձերբակալել և կալանավորել էին՝ խմբի ընկերություններից մեկի մասնավորեցման գործընթացը կեղծելու կասկածանքով: Դրան հաջորդեցին հարկային և կատարողական վարույթները, որոնք հարուցվեցին Յուկոս նավթային ընկերության դեմ, որը գտնվում էր լուծարման գործընթացում: Դիմումատուներին ներկայացվեցին նոր մեղադրանքներ, որոնք առնչվում էին հարկերից խուսափելուն՝ առևտրային գործունեություն փաստացի չիրականացնող և հարկային ցածր գոտում առևտրային ընկերությունների գրանցման և եկամտահարկի մասին ենթադրյալ կեղծ հայտարարագրերի միջոցով: 2005 թվականին դիմումատուները մեղադրանքների մեծ մասով մեղավոր ճանաչվեցին: Նրանք դատապարտվեցին ինը տարի ազատազրկման և վճռվեց, որ ընկերության չմարված հարկերի գծով նրանք պետք է պետությանը վճարեն 500,000,000 եվրոյին համարժեք գումար: Վերաքննության արդյունքում ազատազրկման նրանց ժամկետը նվազեցվեց ութ տարվա: Երկու դիմումատուներին ուղարկել էին իրենց պատիժը կրեն հեռավոր գաղութներ, որոնք նրանց Մոսկվայի տներից գտնվում էին հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա:
Եվրոպական դատարանին հասցեագրված իրենց գանգատներում դիմումատուները բողոքում էին Կոնվենցիայի մի շարք խախտումների վերաբերյալ, մասնավորապես արդար դատաքննության իրենց իրավունքի (Հոդված 6 § 1), ինչպես նաև մեղավոր չճանաչվելու մի գործողության համար, որը կատարման պահին քրեական հանցագործություն չէր համարվում (Հոդված 7):
Իրավունք
Հոդված 6 § 1. Երկու դիմումատուներն էլ բողոքում էին այս հոդվածի մի շարք առանձին խախտումների վերաբերյալ: Նրանց փաստարկների առաջին խումբը վերաբերում էր նախագահող դատավորի կողմնակալ լինելուն: Երկրորդ խումբը վերաբերում էր դատավարական անարդարություններին, մասնավորապես. բավարար ժամանակի և հնարավորությունների պակասին՝ պաշտպանությունը նախապատրաստելու համար, արդյունավետ կերպով դատապաշտպանի ծառայություններից օգտվելու անկարողությանը, ինչպես նաև մեղադրանքի ապացույցները քննելու կամ պաշտպանությունը կառուցելու համար ապացույցներ ձեռք բերելու անհնարինությանը:
(ա) Անաչառությունը. Դիմումատուները պնդում էին, որ իրենց գործի դատաքննության ընթացքում դատավորի կողմից ընդունված ընթացակարգային որոշումները վկայում էին նրա կողմնակալության մասին, որ նրանց դատավարության ընթացքում հենց դատավորի նկատմամբ կար հարուցված գործ, և որ նա կողմնակալ էր, հաշվի առնելով Յուկոսի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյանի գործով նախկինում նրա կողմից կայացված որոշումները: Ինչ վերաբերում է առաջին պնդման, ապա Դատարանի համար անհրաժեշտ են անձնական կողմնակալությունը վկայող ավելի ուժեղ ապացույցներ, քան պաշտպանության համար ոչ բարենպաստ մի շարք ընթացակարգային որոշումները: Առաջին ատյանի դատավորի որոշումներում չկար ոչ մի բան, որը կարող էր բացահայտել դիմումատուների նկատմամբ ունեցած որոշակի նախատրամադրությունը: Ինչ վերաբերում է երկրորդ պնդման, ապա այն հայտարարությունը, որ առաջին ատյանի դատավորի նկատմամբ կար հարուցված գործ, հիմնված էր ասեկոսների վրա և չէր կարող հիմք հանդիսանալ դատավորի անաչառությունը վիճարկելու համար: Վերջին պնդումը վերաբերում էր այն փաստին, որ դատավորը մեկ այլ գործով արդեն իսկ մասնակցել էր Յուկոսի մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյանի դատավարությանը, որի վերաբերյալ Դատարանը նախկինում պարզաբանել էր, որ միայն այն փաստը, որ դատավորը պատասխանատվության է ենթարկել նույն գործով մեղադրվող մեկ այլ անձին, ինքնին բավարար չէ, որպեսզի դատավորի անաչառությունը կասկածանքի տակ դրվի: Քրեական դատավարությունը հաճախ ենթադրում է մի իրավիճակ, երբ դատավորները քննում են մի շարք գործեր, որոնցով ներգրավված ամբաստանյալները մեղադրվում են նույն հանցագործության մեջ, ուստի և քրեական դատարանների աշխատանքը անհնարին կլիներ, եթե այդ փաստի ուժով միայն դատավորի անաչառությունը կասկածանքի տակ դրվեր: Այնուամենայնիվ, անհրաժեշտ էր պարզել, թե արդյո՞ք ավելի վաղ կայացված դատավճիռներն այնպիսի եզրակացությունների վրա են հիմնված, որոնք, ըստ էության, կանխորոշում էին դիմումատուի մեղքի հարցը: Դիմումատուների գործով դատավորը, արհեստավարժ դատավոր լինելով, a priori այնպես էր նախապատրաստվել, որպեսզի բացառեր մյուս պաշտոնյայի գործով իր ունեցած փորձի ազդեցությունը: Այդ պաշտոնյայի գործով կայացված դատավճռում չկային այնպիսի եզրակացություններ, որոնք կարող էին կանխորոշեին դիմումատուների մեղքի հարցը դրան հաջորդող դատավարության իմաստով, և դատավորն էլ օրենքով կամ այլ կերպ կաշկանդված չէր իր նախկին որոշմամբ, օրինակ՝ ապացույցների ընդունելիության հետ կապված:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն) :
(բ) Դատավարության արդարացիությունը
(i) Հոդված 6 § 1՝ Հոդված 6 § 3 (բ) հետ համակցությամբ՝ Բավարար ժամանակ ու հնարավորություններ՝ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար. Երկրորդ դիմումատուն ուներ ութ ամիս և քսան օր՝ 41,000 էջանոց գործի նյութերը ուսումնասիրելու համար, իսկ առաջին դիմումատուն՝ հինգ ամիս և տասնութ օր՝ 55,000 էջերի համար: Դատարանը ընդգծեց գործի բարդությունը, նշումներ կատարելու, փաստաթղթերը համեմատելու և պաշտպանների հետ գործի նյութերը քննարկելու անհրաժեշտությունը: Դատարանը նաև հաշվի առավ գործի նյութերի հետ աշխատելու ժամանակացույցում եղած ընդմիջումները, ինչպես նաև այն անհարմարավետ պայմանները, որում դիմումատուները ստիպված էին աշխատել (օրինակ՝ նրանք բանտում չէին կարող պատճենահանել կամ պահել փաստաթղթերի պատճեններն իրենց խցերում, նաև առկա էին պաշտպաններից փաստաթղթերի պատճեններ ստանալու սահմանափակումներ): Այնուհանդերձ, մեղադրյալին շնորհված ժամանակի և հնարավորությունների բավարար լինելու հանգամանքը պետք է գնահատվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին գործի հանգամանքները: Դիմումատուները հասարակ ամբաստանյալներ չէին. նրանց պաշտպանում էին մեծ համբավ վայելող արհեստավարժ պաշտպանների մի խումբ, որտեղ ընդգրկված բոլոր փաստաբանները մասնավոր պրակտիկա ունեին: Եթե նույնիսկ նրանք հնարավորություն չունեին անձամբ ուսումնասիրել գործի ամեն մի փաստաթուղթ, այդ հարցը հնարավոր էր վստահել իրենց պաշտպաններին: Հատկանշական է, որ դիմումատուները սահմանափակված չէին իրենց պաշտպանների հետ հանդիպումների և դրանց տևողության առումով: Պաշտպանները հնարավորություն ունեին կատարել պատճեններ, դիմումատուներին թույլատրվել էր նշումներ կատարել գործի նյութերից և օգտվել իրենց նոութբուքներից: Եվ իրոք, դիմումատուները՝ ունենալով համալսարանական մի քանի կրթություններ, հանդիսանում էին Ռուսաստանի ամենախոշոր նավթային ընկերություններից մեկի բարձրաստիճան պաշտոնյաներ և տեղեկացված էին բիզնես գործընթացների մասին թերևս ավելի լավ, քան որևէ մեկը: Հետևաբար, չնայած պաշտպանությունը նախաքննության փուլում ստիպված էր աշխատել դժվարին պայմաններում, այն ժամանակը, որը հատկացված էր պաշտպանության համար գործի նյութերը ուսումնասիրելու համար այնպիսին չէր, որ ազդեր 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետի «բ» ենթակետով երաշխավորված իրավունքի էության վրա:
Դատարանը այնուհետև ուսումնասիրեց այն պայմանները, որում պաշտպանությունը ստիպված էր աշխատել առաջին ատյանի դատարանում գործի քննության և բողոքարկման վարույթում: Մասնավորապես, ինչ-որ պահի դրությամբ դատավորը որոշում էր կայացրել արագացնել դատական քննությունը և ամեն օր լսումներ անցկացնել: Այնուհանդերձ, դիմումատուների համար անհնարին չէր դարձել հետևել գործին, իսկ պաշտպանությունն էլ հնարավորություն ուներ միջնորդել գործը անհրաժեշտության դեպքում հետաձգելու համար:
Գործի վերաքննության փուլում պաշտպանությունը երեք ամսից էլ ավելի ուներ գրավոր միջնորդություններ նախագծելու և բանավոր փաստարկներ նախապատրաստելու համար: Չնայած պաշտպանության կողմը ստիպված էր բողոքի նախագծման աշխատանքները սկսել առանց դատական գործի ամբողջական նյութերը ձեռքի տակ ունենալու ու թեև կասկածներ կային դատական արձանագրության ճշգրտության վերաբերյալ, Դատարանը համոզված չէ, որ նման անճշտությունները կարող էին վտանգել դատապարտումը: Ավելին, պաշտպանությունը տեղեկացված էր դատավարական այն որոշումների վերաբերյալ, որոնք կայացվել էին դատաքննության ընթացքում, ինչպես նաև այն մասին, թե ինչ նյութեր էին ավելացվել: Նրանց տրամադրության տակ էին գտնվում դատավարության աուդիո ձայնագրությունները, որը նրանք կարող էին օգտագործել վերաքննիչ բողոքը նախագծելու համար: Հետևաբար, գործի վերաքննության ընթացքում պաշտպանության կողմի ունեցած դժվարություններն այն աստիճանի չէին եղել, որ ազդեին դատաքննության ընդհանուր առմամբ արդարացի լինելու վրա:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն) :
(ii) Հոդված 6 § 1՝ Հոդված 6 § 3 «գ» հետ համակցությամբ՝ Փաստաբան-վստահորդ հարաբերության գաղտնիությունը. Դիմումատուները պնդում էին, որ իրենց խանգարել են գաղտնի կերպով հաղորդակցվել պաշտպանների հետ: Դատարանը կրկնեց, որ ցանկացած միջամտություն գաղտնի նյութերի առնչությամբ և, a fortiori, դատավարությունում այդ նյութերի օգտագործումն ամբաստանյալի դեմ, պետք է բացառիկ լինի և արդարացված սուր անհրաժեշտությամբ և բոլոր դեպքերում ենթարկվի մանրակրկիտ ուսումնասիրության:
Ինչ վերաբերում է դիմումատուների այն պնդմանը, որ իրենց պաշտպաններից մեկը ծանուցագրեր է ստացել դատախազությունից, ապա Դատարանը նշեց, որ այդ պաշտպանը հրաժարվել էր ցուցմունք տալ, սակայն այդ հանգամանքը առիթ չէր հանդիսացել նրա դեմ որևէ պատժամիջոցի կիրառման համար: Հետևաբար, սույն գործի հանգամանքների համաձայն, փաստաբան-վստահորդ հարաբերության գաղտնիության խախտում այս դրվագում տեղի չէր ունեցել:
Դրան հակառակ, այդ փաստաբանի գրասենյակը խուզարկելու և աշխատանքային նյութերը առգրավելու միջոցով իշխանությունները դիտավորյալ կերպով միջամտել էին փաստաբան-վստահորդ հարաբերության գաղտնիությանը: Դատարանը որևէ համոզիչ հիմնավորում այդ միջամտության համար չգտավ: Կառավարությունը չէր բացատրել, թե ինչ տեսակի տեղեկատվություն կարող էր գտնվել փաստաբանի տնօրինության ներքո, որքանով էր այն կարևոր նախաքննության համար կամ թե արդյո՞ք այդ տեղեկատվությունը ձեռք էր բերվել այլ միջոցներով: Հիշյալ ժամանակահատվածում փաստաբանը չէր գտնվում կասկածանքի տակ: Ամենակարևորը՝ նրա գրասենյակի խուզարկությունը չէր ուղեկցվում համապատասխան դատավարական երաշխիքների ապահովմամբ, օրինակ՝ օրենքով սահմանված կարգով կայացված դատարանի առանձին որոշմամբ: Խուզարկությունը և առգրավվումը այդպիսով կրում էին կամայական բնույթ:
Խնդրո այլ առարկա էր հանդիսանում նաև այն, որ բանտի ղեկավարությունը սովորություն ուներ ընթերցել դիմումատուների և նրանց փաստաբանների՝ կալանքի տակ գտնվելու ընթացքում կայացած հանդիպումների ժամանակ փոխանակվող բոլոր գրավոր փաստաթղթերը: Փաստաթղթերի նման ընթերցումը լուրջ հիմքեր չուներ ներպետական օրենսդրությունում, որով նման իրավիճակները հստակ կերպով չէին կարգավորվում: Ավելին, նշումները, նախագծերը, նախանշումները, գործողությունների պլանները և նմանօրինակ այլ փաստաթղթերը, որոնք փաստաբանը պատրաստել է կալանքի տակ գտնվող իր վստահորդի հետ հանդիպման համար կամ դրա ընթացքում բոլոր առումներով և նպատակների համար հանդիսանում են գաղտնի նյութեր: Գաղտնիության ընդհանուր սկզբունքի ցանկացած բացառություն թույլատրելի կարող էր լինել միայն այն պարագայում, եթե իշխանություններն ողջամիտ հիմքեր ունենային հավատալու, որ մասնագիտական այս արտոնությունը խախտվել էր, քանի որ խնդրո առարկա փաստաթղթի բովանդակությունը կարող էր վտանգել բանտի կամ այլոց անվտանգությունը կամ այլ կերպ քրեական բնույթ էր կրում: Սույն գործով, այնուամենայնիվ, իշխանություններն որպես ելակետ էին ընդունել հակառակ կանխավարկածը, համաձայն որի կասկածանքի տակ է դրվում բանտարկյալի և նրա փաստաբանի միջև բոլոր գրավոր հաղորդագրությունը: Չնայած չպարզված որևէ փաստեր անգամ չկային, որոնք կվկայեին այն մասին, որ դիմումատուներից կամ նրանց փաստաբաններից որևէ մեկը կարող էին խախտել մասնագիտական այս արտոնությունը, վիճարկվող միջոցների տևողությունը շուրջ երկու տարուց ավել էր: Նման պայմաններում, կանոնի գործողությունը, երբ պաշտպանության կողմի աշխատանքային փաստաթղթերն ընթերցվում են և կարող են առգրավվել, եթե դրանք նախապես չեն ստուգվում բանտի իշխանությունների կողմից, արդարացված չէր, ինչպես նաև այն, որ դիմումատուների փաստաբաններն ենթարկվել էին անձնական զննության:
Վերջապես, ինչ վերաբերում է այն պայմաններին, որում դիմումատուները ստիպված էին հաղորդակցվել դատարանի դահլիճում իրենց փաստաբանների հետ, ապա պետք է նշել, որ առաջին ատյանի դատավորը պահանջել էր, որպեսզի պաշտպանը ներկայացնի բոլոր այն գրավոր փաստաթղթերը, որոն նրանք ցանկանում էին փոխանակել դիմումատուների հետ՝ ղեկավարվելով բանտի իշխանությունների անվտանգության կանոններով: Պաշտպանների և դիմումատուների նախագծերն ու նշումները ստուգելիս դատավորը կարող էր հանդիպել այնպիսի տեղեկատվության կամ փաստարկների, որը պաշտպանության կողմը չէր ցանկանում բացահայտել և որը կարող էր ազդել գործի փաստական և իրավական հանգամանքների վերաբերյալ իր կարծիքի ձևավորման վրա: Դատարանի կարծիքով դա կհակասեր մրցակցային դատավարության սկզբունքին, եթե դատավորի որոշումը հիմնված լիներ այնպիսի փաստարկների և տեղեկատվության վրա, որը կողմերը չեն ներկայացրել և չեն քննարկել գործի բանավոր քննության ժամանակ: Ավելին, բանտի աշխատակիցները դիմումատուներին ուղեկցելու ընթացքում կարող էին ակամա լսել վերջիններիս բանավոր խորհրդակցությունները իրենց փաստաբանների հետ: Դատական նիստերի ընդմիջումների ընթացքում փաստաբանները ստիպված էին գործը քննարկել իրենց վստահորդների հետ, երբ նրանց մոտակայքում էին գտնվում բանտի պահակայինները: Ընդհանուր առմամբ, դատական նիստերի ընթացքում լուրջ կերպով վտանգվել էր դիմումատուների՝ իրենց փաստաբանների հետ բանավոր և գրավոր փոխանակումների գաղտնիությունը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
(iii) Հոդված 6 § 1՝ Հոդված 6 § 3 «դ» հետ համակցությամբ` Ապացույցների ընդունումը և քննությունը. Ինչ վերաբերում է դիմումատուների այն բողոքներին, որ դատախազության կողմից երկու փորձագետներից ստացված եզրակացություններն ընդունվել էին առանց դիմումատուների կողմից դրանք վիճարկելու հնարավորության, ապա Դատարանը նշեց, որ առաջին՝ այն փաստը, որ դատախազությունը փորձագիտական եզրակացությունը ձեռք էր բերել առանց պաշտպանության կողմին ներգրավելու այդ գործընթացին ինքնին որևէ խնդիր չէր առաջացնում Կոնվենցիայի համաձայն, հաշվի առնելով, որ պաշտպանության կողմը հետագայում հնարավորություն ուներ ուսումնասիրելու և վիճարկելու երկու այդ եզրակացությունները, ինչպես նաև դրանք նախապատրաստողների վստահելիությունը՝ առաջին ատյանի դատարանում վերջիններիս ուղղակիորեն հարցեր տալու միջոցով:
Ի պատասխան կառավարության այն հայտարարությանը, որ պաշտպանության կողմը չի հիմնավորել, թե ինչու էր անհրաժեշտ հարցաքննել փորձագետներին, Դատարանը նշեց, որ ի տարբերություն այն իրավիճակի, որն առկա է լինում պաշտպանության կողմի վկաների դեպքում, մեղադրյալից չէր պահանջվում ապացուցել դատախազության վկայի կարևորությունը: Եթե դատախազությունը որոշել էր հիմնվել համապատասխան անձի ցուցմունքների վրա՝ այն համարելով որպես գործին առնչվող տեղեկատվության աղբյուր, և եթե առաջին ատյանի դատարանը այդ ցուցմունքներն օգտագործել էր մեղադրական դատավճռի հիմնավորման համար, ապա առաջ է գալիս այն կանխավարկածը, ըստ որի անհրաժեշտ էր նաև ապահովել, որ այդ անձը ներկայանար դատարան և պատասխաներ հարցերին, եթե իհարկե նրա վկայությունն ակնհայտ կերպով գործին չէր վերաբերում կամ օգտակար չէր: Ակնհայտ էր, որ այդ երկու փորձագետները գործով անցնող գլխավոր վկաներ էին, քանի որ նրանց եզրակացություններն ընկած էին դիմումատուներին ներկայացված մեղադրանքներից մի քանիսի հիմքում: Պաշտպանության կողմը որևէ կերպ չի մասնակցել փորձագետների այդ եզրակացության նախագծման աշխատանքներին և հնարավորություն չի ունեցել հարցեր տալ նրանց ավելի վաղ փուլում: Բացի այդ, պաշտպանության կողմը բացատրել էր շրջանային դատարանին, թե ինչու նրանց համար կարևոր էր հարցաքննել փորձագետներին և որևէ հիմնավոր պատճառ չկար վերջիններիս չթողնել ներկայանալ դատարան: Եթե նույնիսկ լուրջ անհամապատասխանություններ էլ տեղ գտած չլինեին եզրակացության մեջ, փորձագետներին հարցաքննելը կարող էր բացահայտել շահերի հնարավոր բախումները, իրենց տրամադրության տակ գտնվող նյութերի անբավարարությունը կամ հարցաքննության մեթոդների մեջ թերացումները:
Դիմումատուները նաև բողոքում էին, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր ընդունել պաշտպանության կողմի ներկայացրած փորձագիտական եզրակացությունը՝ դատական նիստին այն քննարկելու համար: Դատարանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր ընդունել որոշակի փորձագիտական ապացույցներ, որն իր կարծիքով գործին չէր վերաբերում կամ օգտակար չէր: Այդ կապակցությամբ, Դատարանը կրկնեց, որ արդար դատաքննության պահանջը առաջին ատյանի դատարանների վրա փորձաքննություն նշանակելու կամ այլ որևէ քննչական միջոցառում անցկացնելու պարտականություն չի դնում միայն նրա համար, որ կողմն է այդպես ցանկանում և, գնահատելով վիճարկվող եզրակացությունների էությունը, Դատարանը պատրաստ է համաձայնել, որ եզրակացություններից մի քանիսը չընդունելու հիմնական պատճառը կապված էր դրանց վերաբերելիության կամ օգտակարության անբավարար լինելու հետ, ինչպիսի հարցերի վերաբերյալ որոշում կայացնելը գտնվում էր առաջին ատյանի դատարանի հայեցողության շրջանակի մեջ: Այնուամենայնիվ, երկու աուդիտորական եզրակացությունները (Ernst և Young-ի ու Price Waterhouse Coopers-ի կողմից) փաստացի մերժվել էին այնպիսի հիմքերով, որոնք կապված էին ոչ թե դրանց բովանդակության, այլ՝ ձևի և ծագման հետ: Ի տարբերություն մեկ այլ փորձագիտական եզրակացության, որը պաշտպանության կողմը ցանկանում էր ներկայացներ, այս եզրակացություններն ոչ իրավական էին և վերաբերում էին գլխավորապես այն նույն հարցերին, ինչը և դատախազության կողմից ներկայացված եզրակացությունները և, հետևաբար, առնչվում էին դիմումատուների նկատմամբ առաջ քաշված մեղադրանքներին: Բացառելով այդ ապացույցը, առաջին ատյանի դատարանը պաշպանությանը դրեց ավելի անբարենպաստ դրության մեջ, քանի որ դատախազությունն իրավունք ուներ ընտրել փորձագետների, հարցեր ձևակերպել և ներկայացնել փորձագիտական եզրակացություններ, մինչդեռ պաշտպանությունը նման իրավունք չուներ: Ավելին, փորձագետի որևէ եզրակացություն արդյունավետ կերպով վիճարկելու համար պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենար ներկայացնել իր իսկ փորձագիտական եզրակացությունը: Պաշտպանության կողմի իրավունքը միայն դատարանին խնդրել նշանակել մեկ այլ փորձաքննություն բավարար չէր: Պրակտիկայում, այնուամենայնիվ, ռուսական օրենսդրության համաձայն դիմումատուների համար հասանելի միակ տարբերակը այն էր, որ վերջիններս դատական նիստի ժամանակ հնարավորություն ունենային բանավոր հարցաքննելու «մասնագետներին», սակայն «մասնագետները» ունեն այլ դատավարական կարգավիճակ, քան «փորձագետները», քանի որ նրանք իրավունք չունեին ծանոթանալ գործի նախնական նյութերին և առաջին ատյանի դատարանն էլ մերժել էր քննարկել նրանց գրավոր եզրակացությունները: Նման պայմաններում, երկու աուդիտորական եզրակացությունները գործից հանելու մասին որոշումը հիմք դրեց պաշտպանության և դատախազության միջև անհավասարության համար այնպիսի մի ոլորտում, որը վերաբերում էր «փորձագիտական եզրակացությունը» ստանալու և ներկայացնելու հարցերին, այդպիսով խախտելով մրցակցային դատավարության մասնակիցների իրավահավասարության սկզբունքը:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 7
(ա) Հետապնդման հետ կապված դատավարական խոչընդոտները. Դիմումատուները պնդում էին, որ Սահմանադրական դատարանի 2003թ. մայիսի 27-ի որոշման համաձայն՝ նրանք չեն կարող քրեական պատասխանատվության ենթարկվել հարկերից խուսափելու համար, քանի դեռ նրանց հարկային պատասխանատվությունը չի ապացուցվել մեկ այլ դատավարության շրջանակում: Դատարանը համաձայն չէ, որ դիմումատուները ճիշտ էին ըմբռնել այդ որոշումը: Ամեն դեպքում, վիճարկվող «դատավարական խոչընդոտները» չէին ենթադրում, որ դիմումատուներին վերագրվող գործողությունները դրանց կատարման պահին չեն համարվել «քրեական հանցագործություններ»: Հետևաբար, այդ առումով 7-րդ հոդվածի խախտում տեղի չէր ունեցել :
(բ) «Հարկերից խուսափել» հասկացության նոր մեկնաբանությունը. Դիմումատուները պնդում էին, որ իրենք տուժել են մեղադրանքի հիմքում ընկած դրույթների (քրեական օրենսգրքի 198 և 199 հոդվածների) բոլորովին նոր և անկանխատեսելի մեկնաբանության արդյունքում: Դատարանը նկատեց, որ թեև այս դրույթները ընդհանուր գծերով էին միայն սահմանում հարկերից խուսափելը, նման լայն սահմանումն ինքնին որևէ խնդիր չէր առաջացնում 7-րդ հոդվածի համաձայն: Տնտեսական գործունեության ձևերը անընդմեջ զարգանում են և նույնը՝ հարկերից խուսափելու մեթոդների դեպքում: Գնահատելու համար, թե արդյո՞ք որոշակի վարքագիծը հանդիսանում է քրեաիրավական առումով հարկերից խուսափում, ներպետական դատարանները կարող են մեջբերել իրավական հասկացությունները օրենսդրության այլ ոլորտներից: Այս ոլորտի օրենսդրությունը կարող է բավարար չափով ճկուն լինել, հարմարվելով նոր իրավիճակներին, եթե միայն այն չդառնա անկանխատեսելի: Հետևաբար, թեև քրեաիրավական ոլորտում գոյություն չունի նախադեպային իրավունք, որն ուղղակիորեն կիրառելի կլիներ դիմումատուների գործի հիմքում ընկած գնագոյացման մեխանիզմների և վիճարկվող կեղծ գործարքների վրա, կեղծ գործարքի հասկացությունը Ռուսաստանի օրենսդրությունում հայտնի իրողություն է և դատարաններն էլ իրավասություն ունեն կիրառել «բովանդակությունը գերադասելի է ձևից» կանոնը և գործարքը՝ համաձայն քաղաքացիական և հարկային օրենսգրքերի, կեղծ լինելու հիմքով անվավեր ճանաչեն: Դատարանը կրկնում է, որ իրավասու չէ վերանայել այս ոլորտում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները, այն պայմանով, որ այդ որոշումները կայացված են եղել ապացույցների ողջամիտ գնահատման հիման վրա: Սույն գործով, չնայած առկա որոշակի թերությունների, ներպետական դատավարությունները չեն կարող բնութագրվել որպես արդարադատության կոպիտ մերժում:
Դատարանը այնուհետև անդրադարձավ այն հարցին, թե արդյո՞ք ներպետական դատարանների նյութական իրավունքին առնչվող եզրահանգումները կամայական էին և ակնհայտորեն անխոհեմ:
(i) Քրեական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն մեղադրանքները (առևտրային ընկերությունների գործունեությունը հարկային ցածր գոտում և «գնագոյացման փոխանցման» տեխնիկան). Ընդունելով, որ հարկերի նվազեցման իրավաչափ մեթոդները կարող են գոյություն ունենալ, Դատարանը նշեց, որ Յուկոսի կողմից կիրառվող ձևաչափը լիարժեք թափանցիկ չէր և որ այդ ձևաչափի որոշ տարրեր, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ որոշելու համար, թե ընկերություններն ինչ հարկային նվազեցման հետ կապված իրավունքներ ունեին, թաքցված էին իշխանություններից: Օրինակ՝ դիմումատուներն երբևիցե չէին տեղեկացրել հարկային մարմիններին առևտրային ընկերությունների նկատմամբ իրենց իրական հարաբերությունների մասին: Առևտրային ընկերություններից ստացված օգուտներն անուղղակիորեն կերպով վերադառնում էին Յուկոսին: Շահույթ առաջացնող բոլոր տեսակի տնտեսական գործունեությունը փաստացի կենտրոնացած էր Մոսկվայում, այլ ոչ թե՝ հարկային ցածր գոտում: Թղթի վրա միայն գոյություն ունեցող առևտրային ընկերություններն իրականում ակտիվներ և անձնակազմ չունեին: Հարկերի նվազեցումն այն հիմնական պատճառներ էր, որի համար առևտրային այս ընկերությունները հիմնադրվել էին հարկային ցածր գոտում: Նման վարքագիծը չի կարող համեմատության մեջ դրվել մի իրավիճակի հետ, երբ bona fide հարկատուն սխալ է կատարում, որի մասին ինքն էլ չի գիտակցում: Վերջապես, Դատարանի համար դժվար է պատկերացնել, որ դիմումատուները, լինելով Յուկոսի բարձրաստիճան պաշտոնյաներ և համասեփականատերեր, տեղեկացված չեն եղել այն մեքենայությունների մասին կամ որ առևտրային ընկերությունների ֆիսկալ հաշվետվությունները չէին ներկայացնում իրենց գործունեության իրական պատկերը: Հետևաբար, դիմումատուների գործողությունները կարող են ողջամտորեն մեկնաբանվել որպես հարկային մարմիններին կեղծ տեղեկատվության տրամադրում, որն այդպիսով մտնում է հարկերից խուսափելու հանցագործության actus reus մեջ:
(ii) Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի համաձայն մեղադրանքները (անձնական եկամտահարկը թաքցնելը). Ինչ վերաբերում է անձնական եկամտահարկը թաքցնելու հարցին, ապա դիմումատուները պնդում էին, որ նրանք խորհրդատվական բնույթի ծառայություններ են մատուցել արտասահմանյան կազմակերպություններին և հետևաբար՝ որպես «անհատ ձեռնարկատերեր» նրանց կողմից ստացված հարկերի նվազեցումը իրավաչափ էր: Սակայն, ներպետական դատարաններն որոշել էին, որ ծառայությունների նման պայմանագրերը իրականում հանդիսանում էին Յուկոսում և դրան փոխկապակցված կառույցներում դիմումատուների կողմից կատարված աշխատանքների դիմաց de facto վճարումներ, որոնք ըստ հարկային ընդհանուր ռեժիմի սովորաբար հարկման ենթակա են, և որ դիմումատուները գիտակցաբար ապատեղեկացրել են հարկային մարմիններին իրենց գործունեության իրական բնույթի մասին: Այդ եզրահանգումներն անխոհեմ չէին և ոչ էլ կամայական:
(գ) Ենթադրաբար չգործող քրեական օրենքի կիրառումը. Վերջապես, Դատարանը չի ընդունում դիմումատուների պնդումներն առ այն, որ իշխանությունների կողմից այլ գործարարների նկատմամբ, ովքեր կիրառում էին հարկերի նվազեցման նույնանման մեթոդներ, քրեական հետապնդում չիրականացնելը և/կամ վերջիններիս չդատապարտելը, նման մեթոդները դարձնում էին իրավաչափ և այդպիսով բացառում քրեական պատասխանատվության վրա հասնելը: Թեև որոշ դեպքերում որոշակի վարքագծի, որն այլ պարագայում պատժվում է քրեական օրենքի համաձայն, երկարատև հանդուրժումը կարող է վերածվել այդ վարքագծի de facto ապաքրեականացման, սույն գործով դրա մասին խոսք չէր գնում, հիմնականում այն պատճառով, որ նման հանդուրժողականության հիմքերը հստակ չէին: Հնարավոր էր, որ իշխանությունները պարզապես բավարար տեղեկատվություն կամ միջոցները չունեին դիմումատուների և/կամ այլ գործարարների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, որոնք հարկերը նվազեցնելու նման մեթոդներից էին օգտվում: Այն պահանջում էր լայնածավալ քրեական հետաքննություն կատարել ապացուցելու, որ հարկային մարմիններին ներկայացված փաստաթղթերը չէին արտացոլում տնտեսական գործունեության իրական պատկերը: Վերջապես, չկար որևէ ապացույց առ այն, որ այլ գործարարների կողմից կիրառվող հարկերի նվազեցման սխեմաները կազմակերպված են եղել նույն կերպ, ինչպես որ դիմումատուների դեպքում էր: Հետևաբար, իշխանությունների վերաբերմունքը չի կարող դիտվել, որպես նման գործելակերպի գիտակցված հանդուրժում:
Ամփոփելով, Կոնվենցիայի 7-րդ հոդվածը անհամատեղելի չէր դատական համակարգի օրինաստեղծ առաքելության հետ և ոչ էլ արգելում էր քրեական պատասխանատվության կանոնների աստիճանաբար հստակեցումը առանձին գործերով դատական մեկնաբանության միջոցով, այն պայմանով, որ դրան հետևող զարգացումները համահունչ կլինեն իրավախախտման էության հետ և ողջամտորեն կանխատեսելի կլինեն: Թեև դիմումատուները կարող են զոհ դառնան հարկերից խուսափելու հասկացության նորագույն մեկնաբանության արդյունքում, այն հիմնված էր ներպետական օրենսդրության ողջամիտ մեկնաբանության վրա և համահունչ էր իրավախախտման էության հետ:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 8. Դիմումատուները բողոքում էին, որ նրանց տեղափոխելը իրենց տներից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա գտնվող քրեակատարողական գաղութներ անհնար էր նրանց համար դարձնում իրենց ընտանիքների հետ տեսակցելը: Դատարանը ընդունեց, որ վիճարկվող իրավիճակը հանդիսանում է միջամտություն դիմումատուների՝ անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի իրականացմանը և պատրաստակամ էր ընդունել, որ միջամտությունը իրավաչափ էր և հետապնդում էր անկարգությունների և հանցագործությունների կանխման և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության իրավաչափ նպատակները:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք այն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում, ապա Դատարանը նշեց, որ առաջին՝ շատ հավանական էր, որ Պատիժների կատարման Ռուսաստանի օրենսգրքով սահմանված կանոնը, համաձայն որի դատապարտյալները պետք է տեղափոխվեն ամենամոտ (բայց ոչ մի քանի հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա) գտնվող տարածաշրջան, եթե իր տարածաշրջանի քրեակատարողական հիմնարկները գերբնակեցված են, չէր պահպանվել: Հազիվ ըմբռնելի էր, որ Մոսկվային մոտ գտնվող բազմաթիվ գաղութներից որևէ մեկում դիմումատուների համար չկային ազատ տեղեր: Դատարանը ընդգծեց, որ բանտարկյալների տեղաբաշխումը չպետք է ամբողջությամբ վերապահված լինի վարչական մարմինների հայեցողությանը և որ դատապարտյալի՝ ընտանեկան և այլ սոցիալական կապերը պահպանելու շահերը պետք է որոշ առումներով հաշվի առնվեն: Դատապարտյալների՝ քրեակատարողական գաղութներում տեղաբաշխման հստակ և կանխատեսելի մեթոդների բացակայության պարագայում համակարգը չէր ապահովել իրավական պաշտպանության միջոց ընդդեմ հանրային իշխանությունների կամայական միջամտության, որը հանգեցրել էր այնպիսի արդյունքների, որոնք անհամատեղելի են դիմումատուների՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի հետ:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Թիվ 1 Արձանագրության Հոդված 1. Առաջին դիմումատուն բողոքում էր, որ ընկերության հարկերը վճարելուց խուսափելու համար դատապարտվելուց հետո, առաջին ատյանի դատարանը բավարարել էր վնասների փոխհատուցման պահանջը, որը մասամբ համընկել էր Յուկոսի դեմ հարուցված՝ հարկերը վճարելու պահանջների հետ: Նախ և առաջ, Դատարանը գտավ, որ առաջին դիմումատուի՝ որոշակի չմարված հարկերը վճարելու պարտականությունը կարող է համարվել որպես միջամտություն իր գույքից օգտվելու իրավունքի իրականացմանը, որն ընկնում է թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի շրջանակի ներքո:
Այնուամենայնիվ, Դատարանի համար անհրաժեշտ է առանձին կերպով քննել առաջին դիմումատուի բողոքը, համաձայն որի պետության օգտին էր կայացվել կորպորատիվ չմարված հարկերի նույն գումարը փոխհատուցելու մասին վճիռ, քանի որ բոլոր դեպքում միջամտությունը օրինական հիմքեր չուներ: Դատարանը համաձայնեց, որ քանի որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն օգտագործվել էր սոսկ որպես կեղծ գործարքների քողարկում իր սեփականատերերի և ղեկավարների կողմից, ուստի կորպորատիվ քողի խախտումը կարող է պատշաճ լուծում լինի պարտատերերի, այդ թվում՝ պետության իրավունքների պաշտպանության համար: Այնուամենայնիվ, պետք է հստակ կանոններ լինեն, որոնք թույլատրում են պետությանը գնալ այդ քայլին, որպեսզի միջամտությունը չլինի կամայական: Գործի քննության ժամանակ գործող Ռուսաստանի հարկային օրենսգիրքը և քաղաքացիական օրենսգիրքը չէին թույլատրում ընկերության հարկային պարտքերը բռնագանձել նրա ղեկավարներից: Ավելին, ազգային դատարանները շարունակաբար այն կերպ էին մեկնաբանում օրենքը, որով չէր թույլատրվում ընկերության չմարված հարկերը դնել ընկերության ղեկավարների վրա: Վերջապես, քաղաքացիական հայցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի եզրահանգումները չափազանց կարճ էին և չէին պարունակում որևէ հղում ներպետական օրենսդրության կիրառվող դրույթների վրա և նույնիսկ չունեին վնասների վերաբերյալ որևէ ընկալելի հաշվարկ, որով կարծիք էր ձևավորվում, որ քննվող հայցը իրենից կարևորություն չի ներկայացնում: Ամփոփելով, այդ ժամանակ գործող օրենսդրությունը և նախադեպային իրավունքը չէր թույլատրում քաղաքացիական պատասխանատվության ենթարկել ընկերության ղեկավարներին իրենց ընկերության չմարված հարկերի համար: Հետևաբար, հօգուտ պետության կայացված վնասների փոխհատուցման հայցը կամայական բնույթ էր կրում:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Հոդված 18 (հետապնդման ենթադրյալ քաղաքական շարժառիթները). Դատարանը կրկնեց, որ Կոնվենցիայի ամբողջ համակարգը հիմնվում է այն ընդհանուր տեսակետի վրա, որ անդամ պետությունների հանրային իշխանությունները պետք է բարեխղճորեն գործեն: Տեսության մեջ լինելով խոցելի, այդ տեսակետը դժվար է թերագնահատել պրակտիկայի տեսանկյունից. դիմումատուն, որը բողոքում է, որ իր իրավունքները և ազատությունները անհիմն կարգով սահմանափակվում են, ստիպված է համոզիչ կերպով ապացուցի, որ իշխանությունների իրական նպատակը չի համընկնում իրենց հռչակված նպատակի հետ: Հետևաբար, Դատարանը նման պնդումների նկատմամբ պետք է կիրառի ապացուցման չափազանց ճշգրիտ չափորոշիչներ:
Նման չափորոշիչները չեն պահպանվել դիմումատուների գործով: Չնայած դրան առնչվող հանգամանքները կարող էին մեկնաբանվել հօգուտ դիմումատուների պնդումների, որ առկա են եղել ինչ-որ այլ դրդապատճառներ, որևէ ուղղակի ապացույց չկար, որը կարող էր ապացուցել նման դրդապատճառների առկայությունը: Դատարանը պատրաստակամ էր ընդունել, որ որոշ քաղաքական խմբավորումներ կամ պետական պաշտոնյաներ ունեին իրենց անձնական պատճառները՝ դիմումատուների նկատմամբ քրեական հետապնդումը արագացնելու հարցում: Սակայն, դա անբավարար էր եզրակացնելու, որ դիմումատուները այլ պարագայում չէին դատապարտվի: Վերջին հաշվով, դիմումատուների նկատմամբ առաջադրված և ոչ մի մեղադրանք նույնիսկ հեռավոր կերպով չէր առնչվում նրանց քաղաքական գործունեության հետ: «Անօրինական դրդապատճառների» տարրերը, որոնք կարող էին առկա լինել սույն գործով, ամբողջությամբ անօրինական չէին դարձնում դիմումատուների նկատմամբ իրականացված քրեական հետապնդումը. փաստը մնում է, որ դիմումատուների նկատմամբ առաջադրված մեղադրանքները, որոնք վերաբերում էին հանրային այնպիսի հանցագործությունների, ինչպիսին են հարկերից խուսափելը և խարդախությունը, կրում էին լուրջ բնույթ, և որ իրենց նկատմամբ հարուցված գործը ուներ «օգտագակար հատկանիշ», և որ թեև նրանց հետապնդման հետևում առկա էին ինչ-որ անհասկանալի մտադրություններ, դա նրանց անձեռնմխելի չէր դարձնում մեղադրանքի առջև չկանգնելու առումով:
Եզրակացություն. խախտում չկա (միաձայն):
Հոդված 34. Առաջին դիմումատուն նաև բողոքում էր, որ իշխանությունները հալածել են իր փաստաբաններին, այսպիսով խոչընդոտելով նրան գանգատ ներկայացնել Եվրոպական դատարան:
Դատարանի կարծիքով, առաջին դիմումատուի՝ 18-րդ և 34-րդ հոդվածի համաձայն բերված բողոքների միջև առկա էր էական տարբերություն: Այնքանով, որքանով հարցը առնչվում էր նրա հետապնդման և գործի դատաքննության, իշխանությունների նպատակներն առաջին դիմումատուի գործը դատարան մտցնելու և նրան դատապարտելու հարցում ակնհայտ էին և չէին պահանջում լրացուցիչ բացատրություններ: Դրան հակառակ, նրա փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական և այլ միջոցների նպատակները շատ հեռու էին ակնհայտ լինելուց: Դատարանն առանձին կարգով խնդրեց Կառավարությանը բացատրել առաջին դիմումատուի օտարերկրյա փաստաբանների՝ փաստաբանական արտոնագրից զրկելու մասին վարույթի, արտահերթ հարկային ստուգման և վիզա չտալու պատճառները, ինչպիսի հարցերի վերաբերյալ Կառավարությունը պատասխան չներկայացրեց: Նման հանգամանքներում, բնական է ենթադրել, որ առաջին դիմումատուի փաստաբանների նկատմամբ ձեռնարկված միջոցները առնչվում էին Դատարանին ներկայացված իր գործի հետ: Ամփոփելով, վիճարկվող միջոցները գլխավորապես, եթե ոչ բացառապես, ուղղված էին վախեցնելու այն փաստաբաններին, որոնք աշխատում էին առաջին դիմումատուի՝ Դատարան ներկայացված գործի վրա: Չնայած դժվար էր գնահատել, թե ինչ հետևանքներ են ունեցել այդ միջոցները դիմումատուի՝ գործին պատրաստվելու և իր փաստարկները ներկայացնելու կարողության վրա, այն անժխտելի էր:
Եզրակացություն. խախտում (միաձայն):
Դատարանը ոչ միաձայն նաև գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում այն փաստի հետ կապված, որ երկրորդ դիմումատուն գործի դատաքննության ընթացքում գտնվել էր մետաղյա վանդակի ներսում և որ այդ նույն հոդվածի խախտում տեղի չի ունեցել նրա կալանքի տակ գտնվելու պայմանների մասով: Դատարանը միաձայն գտավ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում կապված երկրորդ դիմումատուի նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետի հետ և նաև 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում՝ նրա կալանքի վերանայման ձգձգումների մասով:
Հոդված 41. 10,000 եվրո (EUR)՝ որպես առաջին դիմումատուի ոչ նյութական վնասի փոխհատուցում, երկրորդ դիմումատուի նյութական վնասի պահանջները ամբողջությամբ մերժվել են:
(Տե´ս նաև Khodorkovskiy-ն ընդդեմ Ռուսաստանի, 5829/04, 31 մայիս 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 141, և OAO Neftyanaya Kompaniya Yukos-ն ընդդեմ Ռուսաստանի, 14902/04, 20 սեպտեմբեր 2011թ., Նախադեպային տեղեկատու թիվ 144)
© Council of Europe/European Court of Human Rights
This summary by the Registry does not bind the Court.
Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Դատարանի քարտուղարության այս ամփոփումը պարտադիր չէ Դատարանի համար
Սեղմեք այստեղ Նախադեպային տեղեկատուների համար
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
Full & Egal Universal Law Academy