© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document
Չորրորդ բաժին
K.U. ընդդեմ Ֆինլանդիայի
(Հայցադիմում # 2872/02)
Վճիռ
Ստրասբուրգ
2 դեկտեմբերի, 2008թ.
Վերջնական
02/03/2009
Սույն դատավճիռը կարող է ենթարկվել խմբագրական վերանայման:
K.U. ընդդեմ Ֆինլանդիայի գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Չորրորդ բաժին)` Պալատի հետևյալ կազմով.
Նիկոլաս Բրացա, նախագահող
դատավորներ.
Լեխ Գարլիցկի,
Ջավանի Բոնելո,
Լիլյանա Միյովիչ,
Դավիթ Թոր Բյորգվինսոն,
Յան Շիկուտա,
Պեիվի Հիրվելե
և բաժնի քարտուղար` Լորենս Ըրլի
2008 թ. նոյեմբերի 13-ի դռնփակ քննարկումների արդյունքում
վերոհիշյալ ամսաթվին կայացրել է հետևյալ վճիռը:
Ընթացակարգ
1. Գործը հարուցվել է` հիմք ընդունելով 2002 թ. հունվարի 1-ին Ֆինլանդիայի քաղաքացու (հայցվոր) կողմից Դատարան ներկայացված հայցադիմումը (թիվ 2872/02) ընդդեմ Ֆինլանդիայի Հանրապետության` համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` «Կոնվենցիա») Հոդված 34-ի: Պալատի նախագահը ընդունեց հայցվորի խնդրանքը առ այն, որ չբացահայտվի նրա անունը (Դատարանի կանոնակարգի կանոն 47, § 3):
2. Հայցվորին ներկայացրել է պրն. Պ. Հուտտունենը` Հելսինկիում աշխատող փաստաբան: Ֆինլանդիայի կառավարությունը (“Կառավարություն”) ներկայացրել է արտաքին գործերի նախարարության աշխատակից պրն. Արտո Կոսոնենը:
3. Հայցվորը պնդում է, որ պետությունը չի կատարել Կոնվենցիայի Հոդված 8-ով սահմանված իր պարտավորությունը, այն է` պահպանել հարգանքը քաղաքացու անձնական կյանքի իրավունքի հանդեպ:
4. 2006 թ. հունիսի 27-ի որոշմամբ` Դատարանը հայցն ընդունելի համարեց:
5. Հայցվորը և Կառավարությունը այնուհետև գրավոր դիտարկումներ ներկայացրին (Կանոն 59, § 1): Պալատը կողմերի հետ խորհրդակցելուց հետո որոշեց, որ գործի էության մասով լսումների կարիք չկա (Կանոն 59, § 3 արդյունքում): Կողմերը գրավոր պատասխանեցին միմյանց դիտարկումներին: Բացի դրանից, երրորդ կողմի մեկնաբանություններ էլ ստացվեցին Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամից, որին երկրի Նախագահը թույլ է տվել միջամտել գրավոր ընթացակարգին (Հոդված 36, § 2 և Կանոն 44, § 2):
Փաստեր
I. Գործի հանգամանքները
6. Հայցվորը ծնվել է 1986 թ.:
7. 1999 թ. մարտի 15-ին անծանոթ մի անձ կամ անձինք, առանց հայցվորի իմացության, հայցվորի անունից, ով այդ ժամանակ 12 տարեկան էր, գովազդ են տեղադրել Ինտերնետի ժամադրման կայքում: Գովազդում նշված էին նրա տարիքը և ծննդյան տարին, մանրամասն նկարագրված էին նրա ֆիզիկական հատկանիշները, հղում էր արված նրա ինտերնետային նախկին էջին, որում կար նրա լուսանկարը, ինչպես նաև`հեռախոսահամարը, որի միայն մեկ նիշն էր սխալ: Ըստ գովազդի` գովազդատուն ինտիմ հարաբերություններ էր փնտրում իր տարիքի կամ իրենից մեծ տղայի հետ, որպեսզի “ցույց տա, թե դա ոնց է արվում”:
8. Հայցվորն ինտերնետային գովազդի մասին իմացել է, երբ մի տղամարդուց էլեկտրոնային նամակ է ստացել, որով առաջարկվում էր հանդիպել և “հետո տեսնել, թե նրա ուզածն ինչ է”:
9. Հայցվորի հայրը դիմել է ոստիկանություն՝ գտնելու գովազդը տեղադրող անձին, որպեսզի նրան պատասխանատվության ենթարկեն: Ծառայություն մատուցողը, սակայն, հրաժարվել է բացահայտել այսպես կոչված` դինամիկ IP հասցեատիրոջ ինքնությունը` հղում անելով օրենքով սահմանված` հեռահաղորդակցության գաղտնիության պահպանման իր պարտականությանը:
10. Ոստիկանությունը դիմել է Հելսինկիի շրջանային դատարան (käräjäoikeus, tingsrätten), որ ծառայություն մատուցողին պարտավորեցնեն` բացահայտելու վերոհիշյալ աղբյուրը՝ համաձայն Քրեական հետաքննության ակտի բաժին 28-ի (esitutkintalaki, förundersökningslagen; Ակտ #449/1987, ուղղված # 692/1997 Ակտով):
11. 2001 թ. հունվարի 19-ի որոշմամբ` Շրջանային դատարանը մերժել է դիմումը, քանի որ չկար օրենքի հստակ դրույթ, որը լիազորություն կտար դատարանին` կարգադրելու ծառայություն մատուցողին, որ բացահայտի հեռահաղորդակցման նույնականացման տվյալները`խախտելով մասնագիտական գաղտնիությունը: Դատարանը նշել է, որ Հարկադրման միջոցների ակտի (pakkokeinolaki, tvångsmedelslagen; Ակտ # 450/1987) Գլուխ 5ա, Բաժին 3-ի և Հեռահաղորդակցման ակտում գաղտնիության պահպանման ու տվյալների անվտանգության 18-րդ բաժնի հիմնավորմամբ (laki yksityisyydensuojasta televiestinnässä ja teletoiminnan tietoturvasta, lag om integritetsskydd vid telekommunikation och dataskydd inom televerksamhet; Ակտ # 565/1999)` ոստիկանությունը, չնայած գաղտնիության պահպանման պարտավորությանը, իրավունք ունի ստանալու հեռահաղորդակցման նույնականացման տվյալներ, եթե դա կապված է որոշակի օրինազանցությունների հետ: Սակայն չարակամ ապատեղեկատվությունը այդքան էլ ծանր օրինախախտում չէր:
12. 2001 թ. մարտի 14-ին Բողոքարկման դատարանը (hovioikeus, hovrätten) հաստատել է հիշյալ որոշումը, և 2001 թ. օգոստոսի 31-ին Գերագույն դատարանը (korkein oikeus, högsta domstolen) մերժել է բողոքարկման թույլտվությունը:
13. Ժամադրման գովազդին պատասխանած և հայցվորին նամակ գրած անձը բացահայտվել է իր էլեկտրոնային փոստի հասցեով:
14. Ինտերնետ ծառայություն մատուցող ընկերության գլխավոր տնօրենը պատասխանատվության չի ենթարկվել, որովհետև դատախազը 2001 թ. ապրիլի 2-ին որոշում է կայացրել, որ հայտարարված օրինախախտման վաղեմության ժամկետն անցել է: Հայտարարված օրինախախտումը Անձնական տվյալների անձեռնմխելիության ակտի խախտում էր (henkilötietolaki, personuppgiftslagen; Ակտ թիվ 523/99, ուժի մեջ է մտել 1 հունիսի, 1999 թ.): Ավելի կոնկրետ` ծառայություն մատուցողն իր ինտերնետ կայքում հրապարակել էր զրպարտչական հայտարարություն՝ առանց ուղարկողի ինքնությունը հաստատելու:
II. Համապատասխան ներպետական օրենքը և գործելակերպը
15. Ֆիննական Սահմանադրության ակտը (Suomen hallitusmuoto, Regeringsform för Finland; Ակտ no. 94/1919, ուղղված no. 969/1995 Ակտով) ուժի մեջ է մտել 2000 թ. մարտի 1-ից: Փաստաթղթի Բաժին 8-ը համապատասխանում է Ֆիննական ներկա Սահմանադրության Հոդված 10-ին (Suomen perustuslaki, Finlands grundlag; Ակտ no. 731/1999), ըստ որի`անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը երաշխավորված է:
16. Նյութական ժամանակում Քրեական օրենսգրքի Հոդված 3-ի Գլուխ 27-ը (rikoslaki, strafflagen; Act no. 908/1974) սահմանում է՝
“Անձը, ով ոչ այնպես, ինչպես նշված է վերևում, նվաստացնող հայտարարությամբ, սպառնալիքով կամ այլ նվաստացնող գործողությամբ մեկ այլ անձի դեմ չարամիտ ապատեղեկատվության գործողություն է կատարում, ենթակա է տուգանքի կամ ազատազրկման առավելագույնը երեք ամսով:
Եթե չարամիտ ապատեղեկատվությունը կատարվում է ի լուր հանրության կամ տպագիր ձևով, գրավոր կամ գրաֆիկական պատկերմամբ տարածվում է մեղավոր կողմի միջոցով, կամ մեղավոր կողմը դրա պատճառ է հանդիսանում, ապա պատասխանատու անձը ենթարկվում է տուգանքի կամ առավելագույնը չորս ամսվա ազատազրկման:”
17. Նյութական ժամանակում Հարկադրման միջոցների ակտի Գլուխ 5 ա, Բաժին 3-ը սահմանում էր՝
“Հեռահաղորդակցման վերահսկման նախապայմաններ
Եթե պատճառ կա անձին կասկածելու հետևյալի համար՝
1) օրինախախտում, որը պատժվում է ոչ պակաս, քան չորս ամսվա ազատազրկմամբ,
2) օրինախախտում՝ ընդդեմ համակարգչային համակարգի՝ օգտագործելով տերմինալ սարք, թմրանյութի հետ կապված խախտում, կամ`
3) վերոհիշյալ օրինախախտումները կատարելու պատժելի փորձ,
ապա քրեական հետաքննություն իրականացնող մարմինը կարող է լիազորվել` վերահսկելու կասկածյալի կողմից տնօրինվող կամ այլ կերպ օգտագործվող հեռահաղորդակցման կապը, կամ ժամանակավորապես անջատելու այդ կապը, եթե տեղեկությունը, որը ձեռք է բերվել կապը վերահսկելով կամ անջատելով, կարող է շատ կարևոր համարվել իրավախախտման հետաքննության համար...”
18. 1999 թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած և 2004 թ. սեպտեմբերի 1-ին չեղյալ համարված` Գաղտնիության պաշտպանման և տվյալների անվտանգության հեռահաղորդակցության ակտի 18 բաժնի 1(1) ենթաբաժինը սահմանում է.
“Չնայած 7-րդ բաժնում նշված գաղտնիության պահպանման պարտավորությանը, ոստիկանությունը իրավունք ունի ձեռք բերելու
(1) նույնականացման տվյալներ կոնկրետ վերափոխիչ կապին տրված հաղորդումների վերաբերյալ՝ տուժած կողմի և բաժանորդագրի կապի սեփականտիրոջ համաձայնությամբ, որն անհրաժեշտ է Քրեական օրենսգրքի (Ակտ # 39/1889) Գլուխ 16, Հոդված 9 ա, Գլուխ 17, Հոդված 13(2) կամ Գլուխ 24, Հոդված 3 ա-ում նշված օրինախախտումը հետաքննելու համար”:
19. Անձնական տվյալների ակտի 48-րդ բաժինը սահմանում է, որ ծառայություն մատուցողը քրեական պատասխանատվության է ենթարկվում առանց ուղարկողի անձը հաստատելու իր ինտերնետ կայքում զրպարտող հայտարարություն հրապարակելու համար: 47-րդ բաժինը սահմանում է, որ ծառայություն մատուցողը նաև պատասխանատվություն է կրում հասցրած վնասի համար:
20. Նյութական ժամանակում առանց սուբյեկտի համաձայնության Ինտերնետ սերվերի վրա սեռական վարքագծի վերաբերյալ գաղտնի տեղեկության մշակումը և հրապարակումը Անձնական տվյալների ակտի (Ակտ #630/1995) 43-րդ բաժնով, Գլուխ 38-ով, Քրեական օրենսգրքի Հոդված 9-ով (Ակտ # 578/1995) և Անձնական տվյալների ակտի 44-րդ բաժնով քրեականացված է եղել` որպես տվյալների պաշտպանության խախտում: Բացի դրանից, դա կարող է հանգեցնել նաև վնասի հատուցման պատասխանատվության` նույն Ակտի 42-րդ բաժնի մասով (Ակտ #471/1987):
21. ԶԼՄ-ներով ազատ արտահայտման իրականացման ակտի 17-րդ բաժինը (laki sanavapauden käyttämisestä joukkoviestinnässä, lagen om yttrandefrihet i masskommunikation: Ակտ # 460/2003), որն ուժի մեջ է մտել 2004 թ. հունվարի 1-ին, սահմանում է.
“Ցանցային հաղորդագրության համար նույնականացնող տեղեկության հաղորդում
Ձերբակալելու իրավունք ունեցող պաշտոնյայի, դատախազի կամ տուժած կողմի խնդրանքով դատարանը կարող է պարտավորեցնել հաղորդիչ, սերվեր կամ նման սարք ունեցող սեփականատիրոջը` տրամադրել տեղեկություն, որն անհրաժեշտ է բացահայտելու համար ցանցային հաղորդագրություն ուղարկողին՝ պայմանով, որ ողջամիտ հիմքեր լինեն հավատալու. հաղորդագրության բովանդակությունը հանրությանը տրամադրելը քրեական հանցանք է: Սակայն կարելի է պարտավորեցնել նույնականացնող տեղեկություն տրամադրել տուժած կողմին, եթե այդ կողմը իրավունք ունի մասնավոր մեղադրանք ներկայացնելու: Հայցը պետք էր ներկայացնել սարքի սեփականատիրոջ մշտական բնակության Շրջանային դատարան կամ Հելսինկիի շրջանային դատարան` քննարկման առարկա հաղորդագրության հրապարակումից հետո երեք ամսվա ընթացքում: Դատարանը կարող է պնդել պարտավորեցումը` տուգանքի նախազգուշացմամբ”:
III. Համապատասխան միջազգային նյութեր
Ա. Եվրոպայի խորհուրդ
22. Վերջին տասնամյակում հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կտրուկ զարգացումը հանգեցրել է նոր տեսակի հանցագործությունների առաջացմանը և հնարավոր է դարձրել ավանդական հանցագործությունների կատարումը նոր տեխնոլոգիաների օգնությամբ: Եվրոպայի խորհուրդը դեռևս 1989 թ. ընդունեց նման մարտահրավերին արագ և հավուր պատշաճի արձագանքելու անհրաժեշտությունը, երբ Նախարարների խորհուրդը կայացրեց No.R(89)9 համակարգչային հանցագործությունների վերաբերյալ հանձնարարականը: Վճռական լինելով այն հարցում, որ ապահովվեն հետաքննչական մարմինների համապատասխան հատուկ իրավունքները համակարգչային հանցագործությունները քննելու համար, 1995 թ. Նախարարների խորհուրդն ընդունեց No.R(95)13 հանձնարարականը` տեղեկատվական տեխնոլոգիաների առնչությամբ քրեական դատավարության օրենքի պահանջների հետ կապված: Հանձնարարականին կից սկզբունքների 12-րդ կետում առաջարկվում է.
“Հատուկ պարտավորություններ պետք է դրվեն ծառայություն մատուցողների վրա, ովքեր հանրությանը հեռահաղորդակցման ծառայություններ են առաջարկում կամ հանրային, կամ մասնավոր ցանցերով, որպեսզի տեղեկություն տրամադրեն` բացահայտելու համար օգտատերին, երբ դա պահանջում է պատկան հետաքննչական մարմինը”:
23. Հետաքննչական մարմինների հետ համագործակցելու պարտավորությանն առնչվող այլ սկզբունքները նշում են.
“9. Համաձայն իրավական արտոնությունների կամ պաշտպանության` շատ իրավական համակարգեր թույլ են տալիս հետաքննչական մարմիններին` պարտավորեցնելու անձանց հանձնել իրենց հսկողության տակ գտնվող այն օբյեկտները, որոնք պահանջվում են որպես ապացույց: Զուգահեռ կերպով օրենքի դրույթներ պետք է լինեն, որոնք կլիազորեն պարտավորեցնել անձանց հետաքննչական մարմնի պահանջած ձևով հանձնել իրենց հսկողության տակ գտնվող համակարգչում առկա ցանկացած նշված տվյալ:
10. Համաձայն իրավական արտոնությունների կամ պաշտպանության` հետաքննչական մարմինները պետք է լիազորություն ունենան պարտավորեցնելու անձանց, ովքեր իրենց հսկողության տակ գտնվող համակարգչում ունեն տվյալներ` տրամադրել ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը, որպեսզի հասանելիություն ունենան համակարգչին և նրանում պարունակվող տեղեկությանը: Քրեական դատավարության օրենքը պետք է ապահովի, որ նման պարտավորություն դրվի այլ անձանց վրա, ովքեր գիտեն համակարգի գործունեության կամ կիրառվող միջոցների վերաբերյալ՝ ապահովելու համար տվյալների անվտանգությունը:”
24. 1996 թ. Հանցավորության խնդիրների եվրոպական հանձնաժողովը փորձագետների մի խումբ ստեղծեց կիբերհանցագործություններով զբաղվելու համար: Այն տպավորությունն է առաջանում, որ նյութական իրավունքի և դատավարության օրենքի նախորդ երկու հանձնարարականներն աննկատ էին մնացել, միայն պարտավորեցնող միջազգային փաստաթղթերը կարողացան ապահովել անհրաժեշտ արդյունավետությունը կիբերաշխարհում խախտումների դեմ պայքարում: Կիբերհանցագործության մասին Կոնվենցիան ստորագրության ներկայացվեց 2001 թ. նոյեմբերի 23-ին և ուժի մեջ մտավ 2004 թ. հուլիսի 1-ին: Սա առաջին և միակ միջազգային պայմանագիրն է ինտերնետի միջոցով կատարվող հանցագործությունների վերաբերյալ և բաց է բոլոր պետությունների համար: Կոնվենցիան պահանջում է, որ որպես քրեական հանցագործություն պետությունները սահմանեն հետևյալ գործողությունները՝ ապօրինի մուտքը համակարգիչ, համակարգչային տվյալների ապօրինի բեռնումը, միջամտությունը համակարգչին կամ տվյալներին, սարքերի սխալ օգտագործումը, համակարգչային կեղծումը կամ խաբեությունը, մանկական պոռնոգրաֆիան, հեղինակային և հարակից իրավունքների խախտումը: Կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը, որն ընդունվեց 2003 թ., պահանջում է նաև ագրեսիվ/ատելության ելույթի, այլատյացության և ռասիզմի քրեականացում: Կոնվենցիայի դատավարական նորմերի շրջանակը Կոնվենցիայում սահմանված հանցագործություններից վեր է, քանի որ վերաբերում է ցանկացած հանցագործության, որը կատարվել է համակարգչով.
“Հոդված 14. Դատավարական նորմերի շրջանակ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են` սահմանելու հատուկ քրեական հետաքննությունների և դատավարությունների համար այս բաժնում նախատեսված իրավունքներ և ընթացակարգեր :
2. ... յուրաքանչյուր Կողմ պետք է կիրառի սույն հոդվածի 1-ին պարբերության իրավունքներն ու ընթացակարգերը`
ա) Կոնվենցիայի Հոդված 2-11-ի համաձայն սահմանված քրեական հանցագործությունների նկատմամբ,
բ) այլ քրեական հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են համակարգչի միջոցով, և
գ) քրեական հանցագործության ապացույցների էլեկտրոնային տարբերակով հավաքման նկատմամբ:
3. ...”
25. Դատավարական նորմերը ներառում են հետևյալը. պահված տվյալների արագ պահպանում, փոխանցվող տվյալների արագ բացահայտում, ներկայացման կարգ, համակարգչային տվյալների որոնում և առգրավում, փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքում և տվյալների բովանդակության բեռնում: Հատկապես տեղին է այն իրավունքը, որով ծառայություն մատուցողից պահանջվում է բաժանորդի մասին տեղեկություն տրամադրել` կապված իր ծառայությունների հետ: Իրականում բացատրական զեկուցագիրը նկարագրում է ցանցային կառուցվածք ունեցող միջավայրում հանցագործության դեմ պայքարի ժամանակ օրինախախտի՝ որպես հիմնական մարտահրավերներից մեկի, նույնականացման բարդությունը.
“Հոդված 18. Ներկայացման կարգ
1. Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական կամ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են լիազորելու իր պատկան մարմիններին պարտավորեցնել`
ա) իր տարածքում գտնվող անձին` ներկայացնելու իր տնօրինման և հսկման տակ գտնվող նշված համակարգչային տվյալները, որոնք պահվում են համակարգչի կամ համակարգչային տվյալների պահման կրիչի մեջ, և
բ) Կողմի տարածքում ծառայություն մատուցողին տրամադրել բաժանորդի մասին տեղեկություն, որը կապված է այդ ծառայություն մատուցողի տնօրինման կամ հսկողության տակ գտնվող ծառայության հետ:
2. Այս հոդվածում ամրագրված իրավունքներն ու ընթացակարգերը ենթակա են Հոդված 14 և 15-ին:
3. Այս հոդվածի նպատակին համապատասխան, «բաժանորդի մասին տեղեկություն»` նշանակում է ցանկացած տեղեկություն՝ համակարգչային տվյալի կամ ցանկացած այլ ձևով, որը պահվում է ծառայություն մատուցողի մոտ` կապված բաժանորդների հետ, բացի տրաֆիկային կամ բովանդակային տվյալներից, և որով սահմանվում է`
ա) օգտագործված հաղորդակցման ծառայության տեսակը, կիրառված տեխնիկական դրույթները և ծառայության ժամկետը,
բ) բաժանորդի ինքնությունը, փոստային կամ աշխարհագրական հասցեն, հեռախոսահամարը և այլ հասանելի համարը, գանձման և վճարման մասին տեղեկությունը, որը հասանելի է ծառայության համաձայնագրի հիման վրա,
գ) ցանկացած այլ տեղեկություն հաղորդակցման սարքի տեղադրման վայրի մասին, որը հասանելի է ծառայության համաձայնագրի հիման վրա :”
26. Բացատրական զեկուցագիրը նշում է, որ քրեական հետաքննության ժամանակ բաժանորդի մասին տեղեկությունը կարող է անհրաժեշտ լինել հիմնականում երկու դեպքերում: Նախ, բացահայտելու համար, թե որ ծառայությունները և առնչվող տեխնիկական միջոցներն են օգտագործվել կամ օգտագործվում բաժանորդի կողմից, ինչպես օրինակ` օգտագործված հեռախոսային ծառայության տեսակը, այլ ուղեկցվող ծառայությունների տեսակը (օրինակ` զանգի փոխանցում, ձայնային փոստ), հեռախոսահամար կամ այլ տեխնիկական հասցե (օրինակ` էլեկտրոնային փոստի հասցե): Երկրորդը, երբ տեխնիկական հասցեն հայտնի է, բաժանորդի մասին տեղեկությունն անհրաժեշտ է` օգնելու համար խնդրո առարկա անձի ինքնության հաստատմանը: Ներկայացման կարգն ավելի քիչ միջամտող և պակաս տանջալից միջոց է, որն իրավապահ մարմինները կարող են կիրառել այնպիսի միջոցների փոխարեն, ինչպիսիք են բովանդակային տվյալների բեռնումը կամ փոխանցվող տվյալների իրական ժամանակում հավաքումը, որը պետք է կամ կարող է սահմանափակվել միայն լուրջ իրավախախտումների դեպքում (Հոդվածներ 20 և 21):
27. 2008 թ. ապրիլի 1-2-ը Ստրասբուրգում անցկացված` “Համագործակցություն ընդդեմ կիբերհանցագործության” գլոբալ գիտաժողովի ժամանակ ընդունվեցին “Կիբերհանցագործության դեմ իրավապահ մարմինների և ինտերնետ ծառայություն մատուցողների համագործակցության ուղեցույցներ:” Դրանց նպատակն է` օգնել իրավապահ մարմիններին և ինտերնետ ծառայություն մատուցողներին` ձևավորելու իրենց շփումը կիբերհանցագործության դեմ պայքարի հարցերի վերաբերյալ: Կիբերանվտանգությունն ընդլայնելու և ապօրինի նպատակներով ծառայությունների օգտագործումը նվազեցնելու համար կարևոր համարվեց, որ երկու կողմերն արդյունավետորեն համագործակցեն իրար հետ: Ուղեցույցները հատկանշում են գործնական միջոցներ, որոնք պետք է ձեռնարկվեն իրավապահ մարմինների և ծառայություն մատուցողների կողմից՝ խրախուսելով նրանց միջև տեղեկատվության փոխանակումը, որպեսզի հզորացնեն կիբերհանցագործության նորանոր տեսակները բացահայտելու և դրանց դեմ պայքարելու իրենց կարողությունը: Մասնավորապես, ծառայություն մատուցողներին խրախուսեցին համագործակցել իրավապահ մարմինների հետ, որպեսզի օրենքի պահանջին համապատասխան նպաստեն քրեական գործունեության համար ծառայությունների օգտագործման մակարդակը նվազեցնելուն:
Բ. Միացյալ ազգերի կազմակերպություն
28. Կիբերհանցագործության ոլորտում ընդունված բանաձևերից ներկայիս նպատակների համար ամենահարմարը Գլխավոր Ասամբլեայի 55/63 բանաձևն է՝ ընդունված 2000 թ. դեկտեմբերի 4-ին և 56/121 բանաձևը՝ ընդունված` 2001 թ. դեկտեմբերի 19-ին` “Տեղեկատվական տեխնոլոգիաների քրեական չարաշահման դեմ պայքարի վերաբերյալ”: Որպես նման չարաշահումների դեմ պայքարելու միջոցներ` 55/63 բանաձևն առաջարկում է.
“(զ) Իրավական համակարգը պետք է թույլ տա կոնկրետ քրեական հետաքննություններին առնչվող էլեկտրոնային տվյալների պահպանում և արագ հասանելիություն”:
29. Այնուհետ, բանաձևը նշում է զանազան միջոցների կարևորությունը և կրկին անդամ պետություններին կոչ անում դրանք հաշվի առնել:
Գ. Եվրոպական միություն
30. 2006 թ. մարտի 15-ին Եվրապառլամենտը և Եվրամիության խորհուրդն ընդունեցին 2006/24/EC հանձնարարականը, որը վերաբերում է այն տվյալների պահպանմանը, որոնք ստացվել կամ մշակվել էին հանրությանը հասանելի էլեկտրոնային կապի ծառայության կամ հանրային հաղորդակցության ցանցերի միջոցով: Այս փաստաթղթով ուղղումներ էին մտցվում տվյալների պահպանման նախկին` 2002/58/EC հանձնարարականի մեջ: Հանձնարարականի նպատակն է ներդաշնակեցնել անդամ պետությունների այն դրույթները, որոնք վերաբերում են կապի մատակարարների պարտավորություններին` որոշ տվյալների պահպանման առնչությամբ, որպեսզի ապահովեն լուրջ հանցանքների բացահայտման, հետապնդման և հետաքննության համար անհրաժեշտ տվյալների` օրենսդրությամբ սահմանված հասանելիությունը յուրաքանչյուր անդամ պետության: Դրանք իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցվող և նրանց գտնվելու վայրի մասին տվյալներն են, ինչպես նաև խնդրին առնչվող տվյալները, որոնք անհրաժեշտ են գրանցված օգտատիրոջը կամ բաժանորդին հայտնաբերելու համար: Այն չի կիրառվում էլեկտրոնային հաղորդակցության բովանդակության նկատմամբ: Հանձնարարականը պահանջում է անդամ պետություններից, որ տվյալների կոնկրետ կատեգորիան պահվի 6-24 ամիս ժամկետով: Հոդված 5-ը հատկանշում է, թե որ տեսակի տվյալները պետք է պահվեն.
“1. Անդամ պետությունները պետք է ապահովեն, որ այս Հանձնարարականի ներքո պահպանվեն հետևյալ կատեգորիայի տվյալները.
(ա) հաղորդակցման աղբյուրին հետևելու և բացահայտելու համար անհրաժեշտ տվյալներ.
...
(2) ինտերնետ հասանելիության, էլեկտրոնային փոստի և ինտերնետ հեռախոսակապի վերաբերյալ՝
...;
(iii) բաժանորդի կամ գրանցված օգտատիրոջ անունը և հասցեն, ում տրվել է IP հասցե, օգտատիրոջ ID կամ հեռախոսահամար կապն ապահովելու ժամանակ”:
31. Անդամ պետությունները մինչև 2007 թ. սեպտեմբերի 15-ը ժամանակ ունեին այս հանձնարարականն իրականացնելու համար: Համենայնդեպս, 16 պետություններ, ներառյալ Ֆինլանդիան, օգտվեցին ինտերնետ հասանելիության, ինտերնետ հեռախոսակապի, էլեկտրոնային փոստի համար իրենց դիմումի հետաձգման իրավունքից մինչև 2009 թ. մարտի 15-ը:
IV. Համեմատական իրավունք
32. Եվրախորհրդի անդամ պետությունների ազգային օրենսդրությունների համեմատական վերանայումը ցույց է տալիս, որ շատ երկրներում հեռահաղորդակցման ծառայություն մատուցողները հատուկ պարտավորություն ունեն տրամադրելու համակարգչային տվյալներ, ներառյալ բաժանորդի մասին տեղեկություն, եթե դա պահանջում են հետաքննչական կամ դատական մարմինները՝ անկախ հանցանքի բնույթից: Որոշ երկրներ միայն ընդհանուր դրույթներ ունեն փաստաթղթերի և այլ տվյալների տրամադրման վերաբերյալ, որոնք կարող են գործնականում ընդլայնվել և ներառել հատուկ համակարգչային և բաժանորդի մասին տեղեկություն տրամադրելու պարտավորությունը: Մի քանի երկրներ դեռ չեն իրականացրել Կիբերհանցագործության դեմ Եվրախորհրդի կոնվենցիայի հոդված 18-ի դրույթները:
V. Երրորդ կողմի հայտարարությունները
33. Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամը հայտարարեց, որ ներկա գործը բարձրացնում է մի կողմից անձնական կյանքի, պատվի և արժանապատվության, մյուս կողմից` խոսքի ազատության իրավունքի միջև հավասարակշռության հարցը: Հիմնադրամն այն կարծիքին է, որ ներկա գործը դատարանին հնարավորություն է առաջարկում` սահմանելու պետության դրական պարտավորություններն այս ոլորտում և այդպիսով անդամ պետություններում խթանելու ինտերնետի օգտագործման ընդհանուր չափորոշիչներ:
34. Հատկանշվեց, որ ինտերնետը հաղորդակցման շատ հատուկ մեթոդ է, և դրա օգտագործման հիմնարար սկզբունքներից մեկը անանունությունն է: Անանունության բարձր մակարդակը խթանում է ազատ խոսքն ու արտահայտվելու հնարավորությունը: Մյուս կողմից, ինտերնետը հզոր գործիք է մարդկանց զրպարտելու կամ վիրավորելու կամ նրանց անձնական կյանքի իրավունքը խախտելու համար: Ինտերնետի անանունության պատճառով իր իրավունքի խախտումից տուժածը հայտնվում է խոցելի վիճակում: Ի հակադրություն ավանդական լրատվամիջոցի` տուժողը չի կարող հեշտությամբ բացահայտել զրպարտող անձին այն պատճառով, որ հնարավոր է թաքնվել կեղծանվան տակ կամ նույնիսկ օգտագործել կեղծ ինքնություն:
Օրենքը
I. Կոնվենցիայի հոդվածներ 8-ի և 13-ի հայտարարված խախտումներ
35. Հայցվորը բողոքել է Կոնվենցիայի Հոդված 8-ի մասով առ այն, որ միջամտություն է եղել իր անձնական կյանքին, և, հակառակ Կոնվենցիայի հոդված 13-ի, գոյություն չունի արդյունավետ իրավական պաշտպանության միջոց` իր անունից ինտերնետում զրպարտական տեքստ գրողի ինքնությունը բացահայտելու համար:
Հոդված 8-ը սահմանում է.
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”:
Հոդված 13-ը սահմանում է.
“Յուրաքանչյուր ոք, ում` սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների կողմից իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք”:
Ա. Կողմերի հայտարարությունները
36. Հայցվորը հայտարարեց, որ այդ ժամանակ Ֆինլանդիայի օրենքը պաշտպանում էր հանցագործին, մինչդեռ տուժողը չուներ անձնական կյանքի անձեռնմխելիության խախտման դեմ փոխհատուցում կամ պաշտպանություն ձեռք բերելու որևէ միջոց: Համաձայն Քրեական օրենսգրքի` վիճարկվող գործողությունը պատժելի էր, բայց կառավարությունը չէր ապահովել, որ Հեռահաղորդակցության ոլորտում գաղտնիության պաշտպանության և տվյալների անվտանգության ակտը և Հարկադրման միջոցների ակտը համահունչ լինեն: Հայցվորը պնդեց, որ քաղաքացիական գործերով վնասի փոխհատուցման պատահական հնարավորությունների որոնումը, մասնավորապես երրորդ կողմից, բավարար չէր իր իրավունքները պաշտպանելու համար: Նա շեշտեց, որ միջոցներ չի ունեցել բացահայտելու այն անձին, ով գովազդը տեղադրել էր ինտերնետում: Փոխհատուցումը որոշ դեպքերում կարող էր արդյունավետ պաշտպանության միջոց լինել, եթե վճարվեր տուժողի իրավունքների հանդեպ ոտնձգություն կատարած անձի կողմից, ինչը չէր արվել նրա դիմումի դեպքում: Ըստ Կառավարության` նոր օրենսդրություն է գործում, որը, եթե գոյություն ունենար դեպքերի ժամանակ, այս բողոքն ավելորդ կհամարվեր: Հայցվորի կարծիքով` Կառավարությունը որևէ կերպ չէր հիմնավորել նյութական ժամանակում նրա այս պաշտպանությունը չապահովելը: Ուստի հայցվորը կարծում է, որ տեղի է ունեցել 8-րդ և 13-րդ Հոդվածների խախտում:
37. Կառավարությունը շեշտեց, որ ներկա գործում հայցվորի անձնական կյանքին միջամտությունը կատարվել է մեկ այլ անձի կողմից: Ներպետական օրենքով` վիճարկվող գործողությունը դիտվում է որպես չարամիտ ապատեղեկատվություն և որպես այդպիսին` պատժելի է: Այն ունեցել է կանխարգելիչ ազդեցություն: Հետաքննություն է սկսվել` բացահայտելու այն անձին, ով ինտերնետում տեղադրել էր գովազդը, սակայն հետաքննությունը անհաջող է եղել՝ այն ժամանակ գործող օրենքի պատճառով, որի նպատակն էր պաշտպանել խոսքի ազատությունը և անանուն արտահայտման իրավունքը: Օրենսդրությունը զգալիորեն պաշտպանել է ինտերնետում անանուն հաղորդագրություն հրապարակողին, այդ պաշտպանությունը ներառել է այն հաղորդագրությունները, որոնք, հավանական է, միջամտություն էին մեկ այլ անձի անձնական կյանքին: Պաշտպանության այս վնասակար ազդեցությունն այն պատճառով է, որ անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանության դեմ ոտնձգող հաղորդագրության սահմանումը հստակ չէր, ուստի հնարավոր չէր հստակ կերպով սահմանազատել նման հաղորդագրությունները օրենքով սահմանված պաշտպանությունից: Այնուամենայնիվ, կային այլ միջոցներ, օրինակ` Անձնական տվյալների ակտը, որը պաշտպանություն էր ապահովում չարամիտ ապատեղեկատվության դեմ, քանի որ սերվերի օպերատորը, հիմնվելով այդ Ակտի քրեական պատասխանատվության և փոխհատուցման պատավորության վերաբերյալ դրույթների վրա, պարտավոր էր ապահովել, որ իր կողմից ձայնագրված գաղտնի տվյալները մշակվեն տվյալների սուբյեկտի համաձայնությամբ: Բացի դրանից, չնայած անձնական տվյալների խախտման վաղեմության ժամկետը լրացել էր, հայցվորը դեռ հնարավորություն ուներ փոխհատուցում ստանալու գովազդը հրապարակողից: Համեմատելով X և Y ընդդեմ Նիդերլանդների գործի հետ (1985 թ. մարտի 26-ի վճիռ, Սերիա Ա, հ. 91)` ներկա գործում պակաս ծանրության իրավախախտման համատեքստում վնասի փոխատուցման պարտավորությունն ապահովում էր կանխարգելիչ ազդեցությունը: Բացի դրանից, հայցվորին հասանելի էին այլ մեխանիզմներ, օրինակ` մինչև դատավարությունը ոստիկանության հետաքննությունը, մեղադրումը, դատական լսումները և վնասների հատուցումը:
38. Կառավարությունը հայտարարեց, որ կարևոր է օրենսդրական իրավիճակը սոցիալական համատեքստում ուսումնասիրել նյութական ժամանակում, երբ ինտերնետի արագ օգտագործումը դեռ նոր էր սկսվում: Ներկայիս օրենսդրությունը, ԶԼՄ-ներում ազատ արտահայտման իրավունքի ակտը (2 և 17 բաժիններ), որը ուժի մեջ է մտել 2004 թ. հունվարի 1-ից, հանցագործության հետաքննության նպատակով ոստիկանությանն ավելի լայն իրավունքներ են տալիս` կոտրելու անանուն ինտերնետ հաղորդագրություն հրապարակողի պաշտպանությունը: Նոր օրենսդրությունն արտացոլում է օրենսդիրի հակազդումը սոցիալական զարգացմանը, երբ ինտերնետի հարաճուն օգտագործումը, միևնույն ժամանակ նաև չարաշահումը, պահանջում են պաշտպանության սահմանի վերաձևակերպում: Ուստի, հասարակության մեջ իրավիճակի փոփոխման պատճառով հետագա օրենսդրությունն ուժեղացրել է անձնական կյանքի անձեռնմխելիության պաշտպանությունը` ի հակակշիռ ազատ արտահայտման և, հատկապես, անանուն ինտերնետային հաղորդագրություններ հրապարակողների պաշտպանության:
39. Այնուամենայնիվ, ներկա գործում ամենակարևորն այն էր, որ նույնիսկ նյութական ժամանակում գործող օրենսդրությունը հայցվորին հնարավորություն էր տալիս գործողություններ ձեռնարկելու ընդդեմ անձնական կյանքին միջամտող հաղորդագրությունների տարածման, քանի որ այն ինտերնետ սերվերի օպերատորը, որը հաղորդագրությունը հրապարակվել էր, օրենքով պարտավորված էր հաստատելու, որ խնդրո առարկա անձը համաձայնություն էր տվել իր վերաբերյալ գաղտնի տեղեկությունը օպերատորի սերվերի վրա տեղադրելու համար: Այս պարտավորությունն ամրապնդված էր քրեական պատասխանատվությամբ և վնասի փոխհատուցման պարտավորությամբ: Այսպիսով, օրենսդրությունը հայցվորին ապահովել է անձնական կյանքի բավարար պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներով:
Բ. Դատարանի գնահատականը
40. Դատարանն սկզբում նշում է, որ հայցվորը` այն ժամանակ դեռ 12 տարեկան անչափահասը, ինտերնետ ժամադրման կայքում եղել է սեռական բնույթի գովազդի սուբյեկտ: Գովազդը տեղադրող անձի ինքնությունը ինտերնետ մատակարարից հնարավոր չի եղել պարզել` այն ժամանակ գործող օրենքի պատճառով:
41. Հոդված 8-ի կիրառելիության մասին վիճարկում չկա. հայցադիմումի հիմքում ընկած փաստերը վերաբերում են «անձնական կյանքին»՝ մի գաղափար, որը ներառում է անձի ֆիզիկական և բարոյական անձեռնմխելիությունը (տես X և Y ընդդեմ Նիդերլանդների, մեջբերված վերևում, § 22): Չնայած ներպետական օրենքի առումով այս գործը դիտվում է որպես չարամիտ ապատեղեկատվություն, սակայն Դատարանը կնախընտրեր հատկանշել անձնական կյանքի գաղափարի հենց այս ասպեկտները` հաշվի առնելով հայցվորի ֆիզիկական և մտավոր բարեկեցությանն սպառնացող պոտենցիալ վտանգը, որն առաջացել էր վիճարկվող իրավիճակից, և նրա խոցելիությունը` հաշվի առնելով երիտասարդ տարիքը:
42. Դատարանը կրկնում է, որ չնայած Հոդված 8-ի խնդիրն է անհատին զգալիորեն պաշտպանել պետական իշխանության մարմինների կամայական միջամտությունից, այն միայն չի պարտադրում պետությանը ձեռնպահ մնալ նման միջամտությունից. ի լրումն այդ` հիմնականում բացասական նախաձեռնության, կարող են լինել դրական պարտավորություններ, որոնք բնորոշ են անձնական կամ ընտանեկան կյանքի նկատմամբ արդյունավետ հարգանքին (տես` Էյըրին ընդդեմ Իռլանդիայի, 1979 թ. հոկտեմբերի 9-ի վճիռ, Սերիա Ա, հ. 32, § 32):
43. Այս պարտավորությունները կարող են ներառել հատուկ միջոցներ, որոնք նախատեսված են ապահովելու անձնական կյանքի նկատմամբ հարգանքը նույնիսկ անհատների միջև հարաբերություններում: Անձնական կյանքի նկատմամբ հարգանքի ապահովման տարբեր ուղիներ կան, և պետության պարտավորության բնույթը կախված է անձնական կյանքի մասնավոր ապեկտից, որը և քննարկման առարկա է: Անհատների գործողություններից պաշտպանվելու ոլորտում Հոդված 8-ի հետ համապատասխանությունն ապահովելու միջոցի ընտրությունը սկզբունքորեն պետության թույլատրելի հայեցողության շրջանակում է, իսկ ծանր հանցագործությունների արդյունավետ կանխումը, երբ անձնական կյանքի հիմնարար արժեքները և էական ասպեկտները դրված են կշեռքի նժարին, պահանջում է արդյունավետ քրեական իրավունքի դրույթներ (տես` X և Y ընդդեմ Նիդերլանդների, §§ 23-24 և 27, Ավգուստն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec.), # 36505/02, 21 հունվարի 2003 թ., և M.C. ընդդեմ Բուլղարիայի, # 39272/98, § 150, ECHR 2003‑XII):
44. Պետական իշխանությունների հայեցողության թույլատրելի շրջանակի սահմաններն այնուհանդերձ նկարագրվել են Կոնվենցիայի դրույթներում: Քանի որ Կոնվենցիան նախ և առաջ մարդու իրավունքների պաշտպանության համակարգ է, վերոհիշյալ դրույթները մեկնաբանելիս Դատարանը պետք է հաշվի առնի պայմանագրի կողմ պետություններում փոփոխվող պայմանները և արձագանքի, օրինակ, չափորոշիչների հետ կապված` ցանկացած զարգացող համընկնմանը, որին կարելի է հասնել (տես` Քրիստին Գուդուինն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 28957/95, § 74, ECHR 2002-VI):
45. Դատարանը համարում է, որ միգուցե այս գործը չունենա X և Y ընդդեմ Նիդերլանդների գործի լրջությունը, երբ Հոդված 8-ի խախտումն առաջացել էր հաշմանդամ աղջկան բռնաբարելու համար նախատեսված արդյունավետ քրեական պատժի պակասից, որը չէր կարող սովորական լինել: Գործողությունը քրեական էր, ներառում էր անչափահասի նկատմամբ կատարված օրինախախտումը, որը անչափահասներին թիրախ էր դարձնում մանկապիղծների համար (տես` 41-րդ պարբերությունն այս բաժնում):
46. Կառավարությունն ընդունեց, որ այն ժամանակ սերվերի օպերատորին հնարավոր չէր պարտավորեցնել նույնականացնող տեղեկություն տրամադրել օրինախախտի մասին: Նրանք վիճարկեցին, որ պաշտպանությունը տրամադրվել է չարամիտ ապատեղեկատվության քրեական խախտման առկայությամբ և սերվերի օպերատորի դեմ վնասը փոխհատուցելու առումով քրեական մեղադրանքներ առաջադրելու հնարավորությամբ: Դատարանը նշում է, որ օրինախախտման առկայությունը սահմանափակել է կանխարգելիչ ազդեցությունները, եթե ոչ մի միջոց չի եղել իրական օրինախախտին նույնականացնելու և արդարադատությանը ենթարկելու համար: Դատարանը նշում է, որ չի բացառել այն հնարավորությունը, որ Հոդված 8-ի լույսի ներքո պետության դրական պարտավորությունները՝ ապահովելու անհատի ֆիզիկական կամ մտավոր կյանքի անձեռնմխելիությունը, կարող են տարածվել այն հարցերի վրա, որոնք վերաբերում են քրեական հետաքննության արդյունավետությանը նույնիսկ այնտեղ, որտեղ պետության աշխատակիցների քրեական պատասխանատվությունը քննարկման հարց չէ (տես` Օսմանն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1998 թ. հոկտեմբերի 28-ի վճիռ, Վճիռների և որոշումների հաշվետվություն 1998-VIII, § 128): Ըստ Դատարանի` պետություններն ունեն Կոնվենցիայի Հոդված 8-ով ամրագրված դրական պարտավարություն՝ քրեականացնելու անձանց դեմ կատարված իրավախախտումները, ներառյալ խախտման փորձերը, և ամրապնդելու քրեականացման կանխարգելիչ ազդեցությունը՝ արդյունավետ հետաքննության և դատական կարգով հետապնդման միջոցով, գործնականում կիրառելով քրեական իրավունքի դրույթները (տես` mutatis mutandis, M.C. ընդդեմ Բուլղարիայի, մեջբերված` վերևում, § 153): Երբ երեխայի ֆիզիկական և մտավոր բարեկեցությունը վտանգված է, նման կարգադրագիրն ավելի մեծ կարևորություն է ստանում: Այս կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ սեռական բռնությունն անկասկած զազրելի օրինախախտում է՝ տուժողների առողջությունը վատթարացնող հետևանքներով: Երեխաները և այլ խոցելի անհատներ իրենց անձնական կյանքի կարևոր այս ասպեկտի նկատմամբ նման ծանր տեսակի միջամտություններից պետության կողմից պաշտպանության իրավունք ունեն` արդյունավետ կանխարգելման ձևով (տես` Ստաբինգզը և ուրիշներն ընդդեմ Միացյալ Թագավորության, 22 հոկտեմբերի 1996 թ., § 64, Զեկույցներ 1996‑IV):
47. Ինչ վերաբերում է Կառավարության փաստումներին, որ հայցվորը հնարավորություն ուներ վնասի փոխհատուցում ստանալու երրորդ կողմից՝ ծառայություն մատուցողից, դատարանը կարծում է, որ այս գործի հանգամանքներում դա բավարար չէր: Պարզ է, որ և՛ հանրային շահը, և՛ ֆիզիկական ու հոգեբանական ասպեկտով ոտնձգության ենթարկված տուժողների շահերի պաշտպանությունը պահանջում են մատչելի իրավաբանական պաշտպանական միջոց, որը հնարավորություն կտա բացահայտելու իրական օրինախախտին և դատապարտելու նրան` քննվող գործում այն անձին, ով հայցվորի անունից գովազդ էր տեղադրել: Տուժողը պետք է փոխհատուցում պահանջեր նրանից:
48. Դատարանն ընդունում է, որ, հաշվի առնելով արդի հասարակություններում կանոնների պահպանման վերահսկման մեջ ներառված դժվարությունները, դրական պարտավորությունը պետք է մեկնաբանել այնպես, որ չպարտադրի անհնար կամ անհամաչափ բեռ իշխանությունների վրա կամ, ինչպես այս դեպքում է, օրենսդրի վրա: Տեղին նկատառում է այն, որ կարիք կա ապահովել, որ հանցավորության վերահսկման, կանխարգելման և հետաքննման իրավունքները կիրառվեն այնպես, որ ամբողջությամբ հարգվեն պարտադիր գործընթացը և այլ երաշխիքները, որոնք օրինականորեն սահմանափակումներ են դնում հանցագործության հետաքննության և օրինախախտներին դատապարտելու վրա, ներառյալ` Կոնվենցիայի Հոդվածներ 8 և 10-ի երաշխիքները, որոնց վրա օրինախախտները կարող են հույսները դնել: Դատարանը զգույշ է Կառավարության այն փաստարկների նկատմամբ, որ ցանկացած օրենսդրական թերություն պետք է դիտարկել այն ժամանակվա սոցիալական համատեքստում: Դատարանը միևնույն ժամանակ նշում է, որ տվյալ դեպքը տեղի է ունեցել 1999 թ., այսինքն մի ժամանակ, երբ հայտնի էր, որ ինտերնետը հատկապես իր անանուն բնույթի պատճառով կարող էր օգտագործվել քրեական նպատակներով (տես` 22 և 24 պարբերությունները վերևում): Նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության տարածված խնդիրն է ահագնացել նախորդ տասը տարում: Ուստի հնարավոր չէ ասել, որ պատասխանող Կառավարությունը հնարավորություն չուներ ստեղծելու մի համակարգ, որով կպաշտպաներ տուժող երեխաներին, որ նրանք չդառնային ինտերնետի միջոցով մանկապիղծների թիրախ:
49. Դատարանը համարում է, որ հայցվորի արդյունավետ և գործնական պաշտպանությունը պահանջում էր, որ գործուն քայլեր ձեռնարկվեին բացահայտելու և դատապարտելու համար օրինախախտին, այսինքն` այն անձին, ով տեղադրել էր գովազդը: Քննարկվող գործում նման պաշտպանություն ապահովված չի եղել: Արդյունավետ հետաքննություն այդպես էլ չի սկսվել գաղտնիության գերակայող պահանջի պատճառով: Չնայած արտահայտման ազատությունը և հաղորդակցման գաղտնիությունը առաջնային նկատառումներ են, և հեռահաղորդակցության և ինտերնետ ծառայություններից օգտվողները պետք է երաշխիքներ ունենան, որ իրենց անձնական գաղտնիքի և ազատ արտահայտման իրավունքները կհարգվեն, սակայն նման երաշխիքները չեն կարող բացարձակ լինել և պետք է երբեմն զիջեն այլ օրինական հրամայականների, ինչպես օրինակ` անկարգության կամ հանցագործության կանխումը կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Առանց հարցի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի` արդյոք ինտերնետում վիրավորող գովազդ տեղադրող անձի վարքագիծը կարող էր արժանանալ 8 և 10 հոդվածների պաշտպանությանը` հաշվի առնելով դրա դատապարտելի բնույթը, այդուհանդերձ, օրենսդիր մարմնի խնդիրն էր ապահովել մի համակարգ` հաշտեցնելու համար զանազան հայցերը, որոնք պաշտպանություն են փնտրում այս համատեքստում: Սակայն նյութական ժամանակում նման համակարգ չէր գործում, որի արդյունքում Ֆինլանդիայի դրական պարտավորությունը` կապված հայցվորի հետ, չէր կարող իրականացվել: Հետագայում այս թերությունը շտկվել է: Այնուամենայնիվ, ԶԼՄ-ներում ազատ արտահայտման իրավունքի ակտով (տես` պարբերություն 21 վերևում) ներդրված մեխանիզմները հայցվորի համար շատ էին ուշացել:
50. Դատարանը համարում է, որ ներկա գործով տեղի է ունեցել Հոդված 8-ի խախտում:
51. Հաշվի առնելով Հոդված 8-ին առնչվող նկատառումները` դատարանը համարում է, որ անհրաժեշտ չէ քննել, արդյոք այս գործում տեղի է ունեցել նաև Հոդված 13-ի խախտում (տես` Սալինենը և ուրիշներն ընդդեմ Ֆինլանդիայի, no. 50882/99, §§ 102 և 110, 27 սեպտեմբերի 2005 թ., և Կոպլանդն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 62617/00, §§ 50-51, ECHR 2007‑...).
II. Կոնվենցիայի հոդված 41-ի կիրառումը
52. Կոնվենցիայի հոդված 41-ը սահմանում է.
“Եթե Դատարանը համարում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
Ա. Վնաս
53. Ոչ նյութական վնասի փոխհատուցման գլխագրի ներքո հայցվորը պահանջեց 3.500 եվրո` կրած տանջանքների համար:
54. Կառավարությունը հայտարարեց, որ գումարը չպետք է գերազանցի 2.500 եվրոն:
55. Դատարանը հաստատված է համարում, որ հայցվորը տուժել է ոչ նյութական առումով: Դատարանը սահմանում է, որ անհրաժեշտ արդար բավարարում չի ապահովվի միայն խախտման բացահայտմամբ, ուստի փոխատուցում պետք է տրվի: Արդար հիմունքներով որոշում կայացնելով` Դատարանը հօգուտ հայցվորի նշանակում է 3.000 եվրո:
Բ. Դատական ծախսեր
56. Հայցվորը պահանջում էր 2.500 եվրո` դատական լսումների և ազգային դատավարությունների պատճառած ծախսերի դիմաց:
57. Կառավարությունը հարցրեց` արդյոք հայցվորը տրամադրել է անհրաժեշտ փաստաթղթերը:
58. Դատարանը նշում է, որ Դատարանի աշխատակարգի 60-րդ կանոնով պահանջված ոչ մի փաստաթուղթ չէր ներկայացվել: Այդ իսկ պատճառով այս պահանջը մերժվում է:
Գ. Տուգանք տոկոս
59. Դատարանը պատշաճ է համարում, որ տուգանք տոկոսը հիմնված լինի Եվրոպական Կենտրոնական բանկի մարգինալ վարկի տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացնել երեք տոկոսային միավոր:
Այս պատճառներով դատարանը միաձայն
1. Որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 8-ի խախտում:
2. Որոշում է, որ կարիք չկա քննելու բողոքը Կոնվենցիայի Հոդված 13-ի մասով,
3. Որոշում է
(ա) Կոնվենցիայի Հոդված 44, § 2-ի համաձայն վճռի վերջնական դառնալու ամսաթվից հետո` երեք ամսվա ընթացքում, պատասխանող պետությունը պետք է հայցվորին վճարի 3.000 եվրո (երեք հազար եվրո)` գումարած ցանկացած հարկ, որը վճարելի է՝ կապված ոչ նյութական վնասի հետ,
(բ) որ վերոհիշյալ երեք ամսվա ժամկետի լրանալուց հետո, մինչև կարգավորումը տուգանքի ժամանակահատվածում վերոհիշյալ գումարի պարզ տոկոսները կվճարվեն Եվրոպական Կենտրոնական բանկի մարգինալ վարկի տոկոսադրույքին հավասար չափով՝ ավելացրած երեք տոկոսային միավոր:
4. Մերժում է արդար բավարարման համար հայցվորի պահանջի մնացյալ մասը:
Գրված է անգլերեն և գրավոր ծանուցված` 2008 թ. դեկտեմբերի 2-ին`համաձայն Դատարանի աշխատակարգի Կանոն 77, §§ 2 և 3-ի:
Լորենս ԸրլիՆիկոլաս Բրացա
ՔարտուղարՆախագահող
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy