© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում: Այլ տեղեկությունների համար տես սույն փաստաթղթի վերջում հեղինակային իրավունքի մասին ամբողջական նշումը:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013.
La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԿՈՒՐԻՉՆ ՈՒ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ԳՈՐԾԸ
/Հայցադիմում թիվ 26828/06/
ՎՃԻՌ
/Հատվածներ/
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
26 հունիսի 2012թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն ենթակա է խմբագրական վերանայման:
Կուրիչն ու մյուսներն ընդդեմ Սլովենիայի գործում
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ` նիստ գումարելով որպես Մեծ պալատ և կազմված լինելով`
նախագահ Նիկոլաս Բրատցայից, դատավորներ Ժան-Պոլ Կոստայից, Ֆրանսուազ Տյուլկանից, Նինա Վայիչից, Դին Սփիլմանից, Բոշտյան Մ. Զուպանչիչից, Անատոլի Կովլերից, Էլիզաբեթ Շտայներից, Իզաբել Բերրո-Լեֆևրից, Պաիվի Հիրվելայից, Ջորջ Նիկոլաուից, Լուիս Լոպես Գերայից, Զդրավկա Կալայջիևայից, Նեբոյշա Վուչինիցից, Գիդո Ռայմոնդիից, Գաննա Յուդկիվսկայից, Անգելիկա Նուսբերգերից և իրավախորհրդատու Վենսան Բերգերից,
2011թ. հուլիսի 6-ին և 2012թ. ապրիլի 11-ին դռնփակ նիստում խորհրդակցելուց հետո
կայացնում է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված վերջին օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Գործն սկսվել է Սլովենիայի Հանրապետության դեմ թիվ 26828/06 հայցադիմումից, որը Դատարան է ներկայացվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի /”Կոնվենցիա”/ 34-րդ հոդվածի հիման վրա` Խորվաթիայի քաղաքացի պրն. Միլան Մակուցի և տասը այլ դիմողների կողմից` 2004թ. հուլիսի 4-ին: Պրն. Մակուցի մահվանից հետո գործը վերանվանվեց Կուրիչն ու մյուսներն ընդդեմ Սլովենիայի: Մեծ պալատում իրենց գործին են սպասում ութ դիմողներ / ստորև տես 15-րդ կետը/: Դիմողներին Դատարանում ներկայացնում էին Հռոմում փաստաբանական գործունեությամբ զբաղվող պրն. Ա. Գ. Լանան և պրն. Ա. Սակուչչին, Ջենովայում /Իտալիա/ փաստաբանական գործունեությամբ զբաղվող տկն. Ա. Բալերինին ու պրն. Մ. Վանոն: Սլովենիայի կառավարությունը /”Կառավարություն”/ ներկայացնում էր պետական դատախազ պրն. Լ. Բեմբիչը: Կոնվենցիայի 8-րդ հոդվածով դիմողները, մասնավորապես, հայտարարում էին, որ 1991թ. Սլովենիայի անկախության հռչակումից հետո իրենց կամայականորեն զրկել են մշտական բնակչի իրենց կարգավիճակից: Կոնվենցիայի 13-րդ հոդվածի հիման վրա նրանք նաև բողոքում էին, որ այդ մասով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չկան, իսկ Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիման վրա` 8-րդ հոդվածի հետ համատեղ, իրենք ենթարկվել են խտրական վերաբերմունքի: Եվ, վերջապես, նրանք փաստարկում էին, որ Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտմամբ կամայական կերպով մերժել են կենսաթոշակ ստանալու իրենց իրավունքը: Հայցադիմումն ուղարկվել է Դատարանի երրորդ ստորաբաժանում /Դատարանի Կանոնակարգի 52-րդ կանոնի 1-ին կետ/, որը 2006թ. նոյեմբերի 10-ին որոշեց Դատարանի Կանոնակարգի 40-րդ կանոնի համաձայն որպես հրատապ հարց այդ մասին ծանուցել համապատասխան Կառավարությանը և 41-րդ կանոնի հիման վրա առաջնահերթություն տալ: 2007թ. մայիսի 31-ին Երրորդ ստորաբաժանումը, որը կազմված էր դատավորներ Կոռնելիու Բիրսանից, Բոշտյան Մ. Զուպանչիչից, Էլիզաբեթ ֆուրայից, Ալվինա Գյուլումյանից, Էգբերթ Միյերից, Դավիդ Թոր Բյորգվինսոնից և Ինետա Զիեմելեից, ինչպես նաև ստորաբաժանման քարտուղար Սանտյագո Կեսադայից, որոշեց պատասխանող Կառավարությանը ծանուցել բողոքների մասին` նախատեսված և առանձին վերցրած Կոնվենցիայի 8-րդ հոդվածով, և 13-րդ ու 14-րդ հոդվածների հետ մեկտեղ, ինչպես նաև Թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա: Միաժամանակ Պալատը նաև որոշում կայացրեց հայցադիմումի ընդունելիության և էության վերաբերյալ /29-րդ հոդված, 1-ին կետ/: Հայցադիմումի մնացած մասը հայտարարվեց անընդունելի: Բացի այդ, Սերբիայի կառավարությունից ստացվել էին երրորդ կողմի մեկնաբանություններ: Սերբիայի կառավարությունը գործադրել էր միջամտելու իր իրավունքը /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետ և կանոն 44.1.բ/: Երրորդ կողմի դիտարկումներ էին ներկայացրել նաև Հավասար իրավունքների միավորումը /Equal Rights Trust/, Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունը /Open Society Justice Initiative/, Խաղաղության ինստիտուտը` Արդի հասարակական և քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտը /Peace Institute - Institute for Contemporary Social and Political Studies/ և Հասարակական կազմակերպությունների իրավական տեղեկատվության կենտրոնը /Legal Information centre of Non-Governmental Organisations/, որոնց երկրի նախագահը թույլատրել էր միջամտել գրավոր ձևով /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և կանոն 44.3/: Պատասխանող Կառավարությունն ու դիմողները պատասխանեցին Սերբիայի կառավարության մեկնաբանություններին: Ի լրումն Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետով և 44.1 /ա/ կանոնով նախատեսված ծանուցման` Խորվաթիայի և Բոսնիա-Հերցեգովինայի կառավարությունները չցանկացան գործադրել ներկա գործին միջամտելու իրենց իրավունքը: 2010թ. հուլիսի 13-ին Երրորդ ստորաբաժանումը, որը կազմված էր դատավորներ Ջոզեփ Կասադեվալից, Էլիզաբեթ Ֆուրայից, Կոռնելիու Բիրսանից, Բոշտյան Մ. Զուպանչիչից, Ալվինա Գյուլումյանից, Էգբերթ Միյերից և Ինետա Զիեմելեից, ինչպես նաև ստորաբաժանման քարտուղար Սանտյագո Կեսադայից, Կոնվենցիայի 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ութ դիմողների բողոքների մասով հայցադիմումը հայտարարեց ընդունելի և միաձայն որոշում կայացրեց այն մասին, որ եղել է Կոնվենցիայի 8-րդ և 13-րդ հոդվածների խախտում և հարկ չկա բողոքը քննել Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիման վրա: Պալատը նաև որոշեց, որ հանգուցյալ դիմող պրն. Մակուցի ազգականն իրավունակություն չունի դատավարության ժամանակ հանդես գալ նրա փոխարեն: Պարոնայք Պետրեշի և Յովանովիչի բողոքները, ում մշտական բնակության թույլտվություն էին տվել, ինչպես նաև մնացած դիմողների բողոքների մնացած մասը հայտարարվեցին անընդունելի: Ի լրումն դրա, Պալատը պատասխանող Կառավարությանը մատնանշեց 46-րդ հոդվածով նախատեսված` ընդունվելիք համապատասխան ընդհանուր և անհատական միջոցները և հետաձգեց Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսված` արդար փոխհատուցման հարցը: 2010թ. հոկտեմբերի 13-ին Կառավարությունը խնդրեց, որպեսզի Կոնվենցիայի 43-րդ հոդվածի և 73-րդ կանոնի հիման վրա գործը քննարկման հանձնվի Մեծ պալատին: 2011թ. փետրվարի 21-ին Մեծ պալատի դատավորների կազմը բավարարեց խնդրանքը: Մեծ պալատի կազմը որոշվեց Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի և 24-րդ կանոնի դրույթների հիման վրա: 2011թ. նոյեմբերի 3-ին ավարտվեց Ժան-Պոլ Կոստայի` Դատարանի նախագահի լիազորությունների ժամկետը: Այդ պաշտոնում նրան հաջորդեց Նիկոլաս Բրատցան և ներկա գործով ստանձնեց Մեծ պալատի նախագահությունը /կանոն 9, կետ 2/: Պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո` Կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ կետի և 24-րդ կանոնի 4-րդ կետի համաձայն որպես դատավոր Ժան-Պոլ Կոստան շարունակեց մասնակցել նիստերին: Դիմողները և պատասխանող Կառավարությունն առանձին-առանձին գրավոր դիտարկումներ են ներկայացրել: Ի լրումն դրա, երրորդ կողմի մեկնաբանություններ ստացվեցին Փախստականների գծով ՄԱԿ-ի բարձրագույն հանձնակատարի գրասենյակից, որին նախագահը թույլ էր տվել Մեծ պալատում միջամտել գրավոր ընթացակարգով /Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ կետ և 44-րդ կանոնի 3-րդ կետ/: Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունը /Open Society Justice Initiative/ նույնպես թարմացված և ամփոփ փաստարկներ ներկայացրեց: 2011թ. հուլիսի 6-ին Ստրասբուրգում, Մարդու իրավունքների դատարանի շենքում տեղի ունեցավ դռնբաց դատական նիստ /կանոն 59, կետ 3/:
Դատարան ներկայացան`
/ա/ պատասխանող Կառավարության կողմից`
պրն. Լ. Բեմբիչը` դատախազ, ներկայացուցիչ
տկն. Վ. Կլեմենցը` դատախազ, համաներկայացուցիչ
տկն. Ն. Գրեգորին` Ներքին գործերի նախարարություն
պրն. Յ. Կոսելյը` Ներքին գործերի նախարարություն
տկն. Ի. Յեգլիչը` Ներքին գործերի նախարարություն
տկն. Ա. Սնոյը` Ներքին գործերի նախարարություն
պրն. Ա. Յերմանը` Ներքին գործերի նախարարություն
պրն. Պ. Պավլինը` Ներքին գործերի նախարարություն
պրն. Ս. Բարդուցկին` Արդարադատության նախարարություն, խորհրդականներ
/բ/ դիմողների կողմից`
պրն. Ա. Գ. Լանան
պրն. Ա. Սակուչչին խորհրդատու
տկն. Ն. Կոգովշեկ Շալամոն
տկն. Ա. Սիրոնին խորհրդականներ Մեծ պալատը լսեց պարոնայք Լանայի, Սակուչչիի և Բեմբիչի ելույթները, ինչպես նաև նրանց պատասխանները դատավորների տված հարցերին: Գրավոր կերպով լրացուցիչ տեղեկություններ ներկայացրեցին դիմողները և պատասխանող Կառավարությունը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
Առաջին դիմողը` պրն. Մուստաֆա Կուրիչը, ծնվել է 1935թ. և բնակվում է Կոպերում /Սլովենիա/: Նա քաղաքացիություն չունեցող անձ է /ապատրիդ/: Երկրորդ դիմողը` պրն. Վելիմիր Դաբետիչը, ծնվել է 1969թ., բնակվում է Իտալիայում: Նա քաղաքացիություն չունեցող անձ է /ապատրիդ/ : Երրորդ դիմողը` տկն. Անա Մեղգան, Խորվաթիայի քաղաքացի է: Նա ծնվել է 1965թ., ապրում է Պորտորոժում /Սլովենիա/: Չորրորդ դիմողը` տկն. Լյուբենկա Ռիստանովիչը, Սերբիայի քաղաքացի է: Նա ծնվել է 1968թ., բնակվում է Սերբիայում: Հինգերորդ դիմողը` պրն. Տրիպուն Ռիստանովիչը, չորրորդ դիմողի որդին, ծնվել է 1988թ., ներկայումս ապրում է Սլովենիայում: Նա Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացի է: Վեցերորդ դիմողը` պրն. Ալի բերիշան, ծնվել է Կոսովոյում, 1969թ.: Ամենավերջին հասու տվյալների համաձայն` նա Սերբիայի քաղաքացի է: Ներկայումս նա բնակվում է Գերմանիայում: Յոթերորդ դիմողը` պրն. Իլֆան Սադիկ Ադեմին, ծնվել է 1952թ.: Նա ապրում է Գերմանիայում, ներկայումս Մակեդոնիայի քաղաքացի է: Ութերորդ դիմողը` պրն. Զորան Մինիչը, ծնվել է 1972թ.: Ըստ Կառավարության` նա Սերբիայի քաղաքացի է:
Ա. Գործի նախապատմությունը
1. Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության քաղաքացիությունը Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետությունը`ՀՍԴՀ, դաշնային պետություն էր` կազմված վեց հանրապետություններից` Բոսնիա-Հերցեգովինայից, Խորվաթիայից, Սերբիայից, Սլովենիայից, Չեռնոգորիայից և Մակեդոնիայից: ՀՍԴՀ-ի քաղաքացիները ներքին նպատակներով ունեին երկակի քաղաքացիություն, այսինքն` նրանք և ՀՍԴՀ-ի, և վեց հանրապետություններից որևէ մեկի քաղաքացիներ էին: Մինչև 1974թ. դաշնային քաղաքացիությունը գերիշխող էր հանրապետության քաղաքացիության նկատմամբ` հանրապետության քաղաքացիություն կարող էր ունենալ միայն հարավսլավացի քաղաքացին: Քաղաքացիության կարգավորումը ՀՍԴՀ-ի բոլոր հանրապետություններում նույնն էր` քաղաքացիություն ձեռք բերելու հիմնական սկզբունքն արյունն էր: Սկզբունքորեն երեխան ձեռք էր բերում իր ծնողների քաղաքացիությունը: Եթե ծնողները տարբեր հանրապետությունների քաղաքացիներ էին, ապա նրանք միասնաբար համաձայնության էին գալիս իրենց երեխայի քաղաքացիության հարցում: Մեկ այլ հանրապետության քաղաքացիություն ստանալու օրն անձի` նախորդ հանրապետության քաղաքացիությունն ավարտվում էր: 1947թ. սկսած ոչ թե դաշնային պետության, այլ հանրապետությունների մակարդակով վարվում էր քաղաքացիության առանձին ռեգիստր: 1974թ. սկսած նորածին երեխաների համար քաղաքացիության վերաբերյալ տվյալները մտցվում էին ծնունդների ռեգիստրի մեջ, իսկ 1984թ. քաղաքացիության ռեգիստրում տվյալներ մտցնելն ավարտվեց` քաղաքացիության վերաբերյալ բոլոր տվյալները մտցվում էին ծնունդների ռեգիստրի մեջ: ՀՍԴՀ-ի քաղաքացիները դաշնային հանրապետության տարածքում ունեին ազատորեն տեղաշարժվելու իրավունք և կարող էին մշտական բնակության գրանցում ունենալ այնտեղ, որտեղ հանգրվանեին: ՀՍԴՀ-ի քաղաքացիների լիարժեք քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և անգամ քաղաքական իրավունքները կապ ունեին մշտական բնակության վայրի հետ: ՀՍԴՀ-ի քաղաքացիները, ովքեր ապրում էին այն ժամանակվա Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետությունում և ՀՍԴՀ-ի մյուս հանրապետություններից որևէ մեկի քաղաքացիներն էին, ինչպես, օրինակ, դիմողները, իրենց մշտական բնակությունը գրանցում էին այնպես, ինչպես Սլովենիայի քաղաքացիները: Օտարերկրյա քաղաքացիները նույնպես կարող էին ՀՍԴՀ-ում մշտական բնակություն ձեռք բերել` առանձին ընթացակարգով:
2. Սլովենիայի անկախությունը և “ջնջումը” ՀՍԴՀ-ի լուծարման գործընթացում Սլովենիան քայլեր ձեռնարկեց դեպի անկախություն: 1990թ. դեկտեմբերի 6-ին Սլովենիայի Հանրապետության այն ժամանակվա Ժողովն ընդունեց “Բարի մտադրությունների մասին հայտարարությունը” (Izjava o dobrih namenih), որը երաշխավորում էր, որ Սլովենիայի տարածքւմ մշտապես բնակվող բոլոր անձինք կարող են ստանալ Սլովենիայի քաղաքացիություն, եթե իրենք են դա ցանկանում /տես ստորև 200-րդ կետը/: 1991թ. հունիսի 25-ին Սլովենիան հռչակեց իր անկախությունը: Ընդունվեցին մի շարք օրենքներ, որոնք կոչվեցին “անկախության օրենսդրություն”: Դրանք ներառում էին “Սլովենիայի Հանրապետության քաղաքացիության մասին” օրենքը` Քաղաքացիության օրենքը, (Zakon o državljanstvu Republike Slovenije), Օտարերկրացիների մասին օրենքը (Zakon o tujcih /տես ստորև 205-207 կետերը/, “Պետական սահմանների մասին” օրենքը (Zakon o nadzoru državne meje) և “Սլովենիայի քաղաքացիների անձնագրերի մասին” օրենքը (Zakon o potnih listinah državljanov Republike Slovenije).: Համապատասխան ժամանակ, ի հակադրություն ՀՍԴՀ-ի մնացած նախկին հանրապետությունների, Սլովենիայի բնակչությունը հարաբերականորեն միատարր էր, քանի որ երկու միլիոն բնակիչների մոտ 90 տոկոսը Սլովենիայի քաղաքացիներ էին: Սլովենիայի մոտ 200,000 մշտական բնակիչներ կամ բնակչության 10 տոկոսը, այդ թվում` դիմողները, ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների քաղաքացիներ էին: Այս հարաբերակցությունը արտացոլում է նաև այդ ժամանակ Սլովենիայի բնակչության էթնիկական ծագումը: Բարի մտադրությունների մասին հայտարարության համաձայն` 1991թ. Սահմանադրության մասին օրենքի 13-րդ հոդվածում նախատեսված էր, որ նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների այն քաղաքացիները, ովքեր 1990թ. դեկտեմբերի 23-ին` Սլովենիայի անկախության հանրաքվեի օրը, գրանցված էին որպես Սլովենիայի Հանրապետության մշտական բնակիչներ և փաստացի ապրում էին այնտեղ, Սլովենիայի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներ և պարտականություններ ունեին, բացառությամբ սեփականության ձեռքբերման, մինչև որ “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածի հիմքերով կստանային Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն կամ մինչև “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածում ամրագրված վերջնաժամկետի ավարտը /25 դեկտեմբերի 1991թ., տես ստորև 202, 205 և 207 կետերը/: 1991թ. հունիսի 25-ին ուժի մեջ մտած “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված էր, որ նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիները, ովքեր Սլովենիայի քաղաքացիներ չէին /”նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիները”/ կարող էին Սլովենիայի քաղաքացիություն ստանալ, եթե բավարարում էին երեք պահանջ` նրանք Սլովենիայում մշտական բնակչի կարգավիճակ էին ստացել մինչև 1990թ. դեկտեմբերի 23-ը` հանրաքվեի օրը, փաստացի ապրում էին Սլովենիայում և քաղաքացիություն ստանալու համար “Քաղաքացիության մասին” օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիմել էին վեց ամսվա ընթացքում: Ինչպես նշված է վերը բերված 24-րդ կետում, այդ վերջնաժամկետն սպառվել է 1991թ. դեկտեմբերի 25-ին: Այդ օրվանից հետո հպատակագրման միջոցով քաղաքացիություն ձեռք բերելու պակաս նպաստավոր պայմանները, որոնք նախատեսված են “Քաղաքացիության մասին” օրենքի 10-րդ հոդվածում, կիրառելի դարձան նաև նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների քաղաքացիների համար /ստորև տես 205 կետը/: Պաշտոնական տվյալների համաձայն` նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների 171,132 քաղաքացիներ, ովքեր ապրում էին Սլովենիայում, “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածի հիմքերով դիմեցին և ստացան նոր պետության քաղաքացիություն: Հաշվարկների համաձայն՝ Սլովենիայից հեռացել է 11,000 մարդ: “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ ենթահոդվածի համաձայն՝ նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիները, ովքեր կամ չէին կարողացել սահմանված ժամանակահատվածում դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար կամ ում խնդրանքները չէին բավարարվել, դարձան օտարերկրացիներ: “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթները կիրառելի դարձան նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների նկատմամբ կամ վերջնաժամկետի ավարտից երկու ամիս հետո, այսինքն՝ մինչև 1992թ. փետրվարի 26-ը, կամ էլ քաղաքացիության վերաբերյալ դիմումը մերժելու մասին վարչական վարույթի հետևանքով կայացված որոշումը վերջնական դառնալուց երկու ամիս անց /ստորև տես 207-րդ կետը/: Անկախության հռչակումից հետո Ներքին գործերի նախարարությունը /Նախարարություն/ մի քանի չհրապարակված ներքին հրահանգներ ուղարկեց համայնքային վարչական մարմիններին, որոնք վերաբերում էին անկախության վերաբերյալ օրենսդրության կատարմանը, մասնավորապես՝ “Օտարերկրացիների մասին” օրենքին: 1991թ. հունիսի 26-ի շրջաբերականում Նախարարությունը հրահանգում էր վարչական մարմիններին առ այն, որ Սլովենիայում ապրող նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիներն այսուհետև բոլոր վարչական վարույթներում համարվում են օտարերկրացիներ և 1991թ. Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի համաձայն նրանք ունեն Սլովենիայի քաղաքացիների հետ հավասար իրավունքներ ու պարտականություններ մինչև համապատասխան վերջնաժամկետի ավարտը /տես վերը նշված 24-րդ կետը/: Ապա այդ շրջաբերականով տեխնիկական հրահանգներ էին տրվում վարչական մարմիններին առ այն, որ որպես Եվրահամայնքի նախարարական եռյակի և Սլովենիայի, Խորվաթիայի, Սերբիայի և Հարավսլավիայի ներկայացուցիչների միջև կնքված Բրիոնիի հռչակագրի շարունակություն, ներքին գործերի ոլորտում անկախության վերաբերյալ օրենսդրության կատարումը կասեցվի երեք ամիս ժամանակով: Այդ ժամանակահատվածում ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների քաղաքացիներին չպետք է վերաբերվեին իբրև օտարերկրացիների: 1992թ. փետրվարի 5-ին և 18-ին արձակվեցին ևս երկու շրջաբերականներ, որոնցում ուշադրություն էին հրավիրում այն ընդհանուր պրոբլեմների վրա, որոնք վերաբերում էին “Օտարերկրացիների մասին” օրենքի կատարմանը: Նախկին շրջաբերականում ասված էր, որ օտարերկրացիների կարգավիճակին վերաբերող հարցերը վարելիս ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների անձնական փաստաթղթերը, որոնք տրվում էին Սլովենիայի վարչական մարմինների կողմից, պետք է պահվեն, իսկ նրանց անձնագրերը չեղյալ ճանաչվեն ու ոչնչացվեն: 1992թ. փետրվարի 26-ին՝ այն օրը, երբ սկսեց կիրառվել “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ ենթահոդվածը, բոլոր նրանց, ովքեր չէին դիմել կամ ստացել Սլովենիայի քաղաքացիություն, տեղական վարչական մարմինները հանեցին Մշտական բնակիչների ռեգիստրից /Ռեգիստր/ և, ըստ Կառավարության, տեղափոխեցին Օտարերկրացիների ռեգիստր՝ առանց բնակվելու թույլտվության: 1992թ. փետրվարի 27-ին տեղական վարչական մարմիններին ոււղղված իր հրահանգներում Նախարարությունը նշում էր, որ հարկ կլինի կարգավորել այդ անձանց իրավական կարգավիճակը: Այն մարմինների ուշադրությունը հրավիրում էր այն փաստի վրա, որ կծագեն բազմաթիվ պրոբլեմներ՝ պետք է կարգավորել խնդրո առարկա անձանց իրավական կարգավիճակը, դրան զուգահեռ պետք է սկսել “մաքրել արխիվները”: Ի լրումն դրա, Նախարարությունը մատնանշում էր, որ անգամ եթե այդ մարդկանց փաստաթղթերը տրվել են Սլովենիայի իշխանությունների կողմից և ֆորմալ առումով վավեր են, փաստորեն անվավեր կդառնան այդ մարդկանց օրենքից դուրս կարգավիճակի փոփոխության պատճառով: Նախարարությունը նաև մեկնաբանում էր բնակության վայրը չեղյալ համարելու և բռնի տեղափոխության դեպքերում Օտարերկրացիների մասին օրենքի 23-րդ և 28-րդ հոդվածները: Դիմողները հայտարարում էին, որ այն անձինք, ում անունները հանել են ռեգիստրից, որևէ պաշտոնական ծանուցում չեն ստացել: Նրանք մատնանշում էին, որ այդ նպատակով որևէ հատուկ ընթացակարգ նախատեսված չէր, պաշտոնական փաստաթղթեր չէին տրվել: Իրենք միայն հետո տեղեկացան, որ դարձել են օտարերկրացիներ, երբ, օրինակ, փորձեցին թարմացնել իրենց անձնական փաստաթղթերը՝ անձը հաստատող քարտը, անձնագիրը, վարորդական իրավունքը: Կառավարությունը, սակայն, հայտարարում էր, որ իր լրումն Պաշտոնական տեղեկագրի հրապարակման, Սլովենիայի բնակիչները պետական լրատվամիջոցներով և ծանուցումների միջոցով տեղեկացվել են նոր օրենսդրության մասին: Որոշ համայնքներում ենթադրաբար օգտագործվել էին նաև ծանուցման անհատական միջոցներ: 2002թ. սկսած պաշտոնական տվյալների համաձայն՝ նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների թիվը, ովքեր կորցրել էին իրենց մշտական բնակության կարգավիճակը 1992թ. փետրվարի 26-ին, կազմում էր 18,305, որոնցից մոտ 2,400-ին մերժել էին քաղաքացիություն տալ: Նրանք հայտնի դարձան իբրև “ջնջվածներ” : Դրանց թվում էին նաև ներկա գործով դիմողները: “Ջնջվածների” մասին նոր տվյալները հավաքվեցին 2009թ. /ստորև տես 69-րդ կետը/: Արդյունքում “ջնջվածները” դարձան օտարերկրացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր անօրինական կերպով բնակվում էին Սլովենիայում: Ընդհանուր առմամբ, նրանք դժվարություններ ունեին իրենց աշխատանքը պահելու և վարորդական իրավունքի, կենսաթոշակ ստանալու հարցում: Նրանք նաև չէին կարող երկրից դուրս գալ, որովհետև առանց վավեր փաստաթղթերի չէին կարող նորից մուտք գործել երկիր: Շատ ընտանիքներ տրոհվեցին՝ դրանց որոշ անդամներ Սլովենիայում էին, իսկ մնացածները՝ նախկին ՀՍԴՀ-ի իրավահաջորդ մյուս պետություններում: “Ջնջվածներից” 5,360-ն անչափահասներ էին: Շատ դեպքերում նրանց ինքնությունը հաստատող փաստաթղթերը ձեռքներից վերցրել էին: “Ջնջվածներից” ոմանք կամավոր կերպով Սլովենիայից հեռացան: Ոմանց տեղափոխվելու վերաբերյալ հրամաններ ներկայացրին և նրանց արտաքսեցին Սլովենիայից: 1992թ. փետրվարի 26-ից հետո նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների մշտական բնակության վայրի գրանցումը դադարեցվում էր, եթե նրանք ձեռք չէին բերել բնակության նոր թույլտվություն: Այնուամենայնիվ, “Օտարերկրացիների մասին” օրենքի 82-րդ հոդվածով ոչ թե նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների, այլ ուրիշ երկրների քաղաքացիներին տրված մշտական բնակության թույլտվությունը շարունակեց վավեր լինել “Օտարերկրացիների մասին” օրենքի ուժի մեջ մտնելուց հետո /ստորև տես 207-րդ կետը/: 1992թ. հունիսի 4-ին ներքին գործերի այն ժամանակվա նախարարը նամակ /թիվ 0016/1-S-010/3-91/ ուղարկեց Կառավարությանը՝ նրան իրազեկելով այն բաց մնացած հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին “Օտարերկրացիների մասին” օրենքի կատարմանը՝ նկատի ունենալով չկարգավորված կարգավիճակով Սլովենիայում ապրող նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետություններից մարդկանց մեծ թիվը: Նա նաև նշում էր, որ, իր կարծիքով, անկախության գործընթացի ժամանակ Սլովենիայում բնակվող նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների բոլոր իրավունքները, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից և երկկողմ պայմանագրերից, պետք է հաշվի առնվեն: Կառավարությունը հայտարարում էր, որ իբրև այդ նամակի շարունակություն, ինքը գործողություններ է ձեռնարկել, որպեսզի մեղմացնի “ջնջման” հետևանքները՝ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթներն ավելի ճկուն ձևով մեկնաբանելով /ստորև տես 36-րդ կետը/: Ի լրումն դրա, 1992թ. հունիսի 15-ին տեղական վարչական մարմիններին “Օտարերկրացիների մասին” օրենքի կատարման հրահանգների վերաբերյալ ուղարկվեց մեկ այլ վարչական շրջաբերական: Դրանում բարձրացված էին մի շարք բաց հարցեր, որոնք վերաբերում էին այնպիսի բաների, ինչպիսիք էին զինվորականների բնակարանների հատկացումը, Բոսնիա-Հերցեգովինայից ժամանակավոր փախստականների գրանցումը, արխիվների պահպանումը, բնակչության ռեգիստրից անձնական տեղեկությունների փոխանցումը, օտարերկրացիներին վերաբերող վարույթները: Սլովենիայի իշխանությունների կողմից օտարերկրացիներին տրված անձի ինքնությունը հաստատող քարտերը պետք է ոչնչացվեին: Մասնավորապես, ինչ վերաբերում էր Սլովենիայում մշտական բնակության իրավունք ունեցող նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիներին, դրանում կոնկրետ նշված էր այն ժամկետը, երբ պետք էր այդ տվյալները ներառել ռեգիստրում՝ կամ երբ նրանք դարձել էին Սլովենիայի քաղաքացիներ կամ էլ երբ “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի հիմքերով դարձել էին օտարերկրացիներ /1992թ. փետրվարի 26-ը կամ Սլովենիայի քաղաքացիություն չտալու մասին որոշումն ստանալուց հետո երկու ամիս անց/: 1992թ. սեպտեմբերի 3-ին Կառավարությունը որոշեց հաշվի առնել “Օտարերկրացիների մասին” օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդած ժամանակահատվածը, որպեսզի հաշվարկվի մշտական բնակության թույլտվություն տալու համար Սլովենիայում բնակության համար պահանջվող երեք տարին: Ընդհանուր առմամբ 1992-1997թթ. տրվել է մշտական բնակության 4,893 թույլտվություն: 1994թ. հունիսի 28-ին Սլովենիայի մասով Կոնվենցիան ուժի մեջ մտավ: Սլովենիայի խորհրդարանը “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածի հիման վրա խնդրանք ներկայացրեց նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիներին տրված քաղաքացիությունը հետ վերցնելու հարցի մասին հանրաքվե անցկացնելու մասին: 1995թ. նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ այդ խնդրանքը սահմանադրական չէ: Դրան հաջորդած տարիներին մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ, այդ թվում՝ Amnesty International-ը և Helsinki Monitor-ը, ինչպես նաև Սլովենիայի մարդու իրավունքների պաշտպանը զեկույցներ հրապարակեցին, որոնցով ուշադրություն էին հրավիրում “ջնջվածների” վիճակի վրա:
3. 1999թ. փետրվարի 4-ի Սահմանադրական դատարանի որոշումը և դրան հաջորդած զարգացումները 1998թ. հունիսի 24-ին Սահմանադրական դատարանը մասնակիորեն ընդունելի հայտարարեց “Օտարերկրացիների մասին” օրենքի 16-րդ հոդվածի առաջին կետի և 81-րդ հոդվածի երկրորդ կետի սահմանադրականության վերաբերյալ առարկությունը /տես վերը նշված 27-րդ կետը և ստորև բերվող 207-րդ կետը/, որը 1994թ. ներկայացրել էին երկու անհատներ, ում անունները 1992թ. հանվել էին ռեգիստրից: 1999թ. փետրվարի 4-ի որոշմամբ /U-I-284/94/ Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածը ոչ սահմանադրական է, քանզի նրանում շարադրված չեն մշտական բնակության ձեռքբերման պայմաններն այն մարդկանց համար, ովքեր ենթակա են դրա երկրորդ կետին: Նշվում էր, որ իշխանությունները ռեգիստրից հանել էին նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների այն քաղաքացիների անունները, ովքեր չէին դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար և նրանց առանց ծանուցելու՝ առանց սեփական նախաձեռնության ներառել էին ռեգիստրի մեջ: Բացի այդ, գտել էին, որ այդ միջոցառումն իրավական որևէ հիմք չուներ՝ Բնակիչների բնակության վերաբերյալ փաստաթղթում և “Բնակչության ռեգիստրի մասին” օրենքում նախատեսված չէր օրենքի ուժով գրանցումից հանելը: “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթներն ընդհանուր առմամբ նախատեսված էին անկախությունից հետո Սլովենիա մուտք գործած օտարերկրացիների կարգավիճակը կարգավորելու համար, այլ ոչ այն մարդկանց, ովքեր արդեն իսկ ապրում էին այնտեղ: Թեպետ “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածով կարգավորվում էր այն օտարերկրացիների իրավական կարգավիճակը, ովքեր նախկին ՀՍԴՀ-ի հանրապետություններից չէին, նմանօրինակ որևէ դրույթ չկար նախկին ՀՍԴՀ-ից եկած անձանց վերաբերյալ: Արդյունքում վերջիններս պակաս նպաստավոր իրավական կարգավիճակում էին, քան այն օտարերկրացիները, ովքեր Սլովենիայում ապրում էին անկախությունից առաջ: 1991թ. օրենսդրական գործընթացում առաջարկություն եղավ այն մասին, որ հատուկ դրույթ լինի, որը կկարգավորի Սլովենիայում բնակվող նախկին ՀՍԴՀ-ի այն քաղաքացիների ժամանակավոր կարգավիճակը, ովքեր չէին դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Օրենսդիր մարմինը հայտարարել էր, որ նրանց կարգավիճակը չպետք է կարգավորվի Օտարերկրացիների մասին օրենքով, այլ նախկին ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների միջև: Քանի որ համապատասխան համաձայնագրերը կնքված չէին եղել, հատկապես Խորվաթիայում և Բոսնիա-Հերցեգովինայում պատերազմական վիճակի պատճառով, նրանց վիճակը մնում էր չլուծված: Սահմանադրական դատարանի կարծիքով՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում արդի զարգացումների լույսի ներքո այն անձանց կարգավիճակը, ովքեր նախորդ, այլ ոչ իրավահաջորդ պետության քաղաքացի էին և մշտապես բնակվում էին այն պետությունների տարածքում, որոնք 1990թ. հետո տրոհվել էին, դարձել էր միջազգային համաձայնագրերով կառավարվող հարց: Հետևաբար 81-րդ հոդվածը հայտարարվել էր ոչ սահմանադրական, քանի որ այն չէր նախատեսում այն պայմանները, որոնցով այն անձինք, ովքեր կամ չէին կարողացել դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար կամ էլ մերժվել էին, նախատեսված ժամկետը լրանալուց հետո կարող էին դիմել մշտական բնակության համար: Այսպիսով, գոյացել էր իրավական դատարկություն, և խախտվել էին օրենքի գերակայության, իրավական որոշակիության և հավասարության սկզբունքները: Բացի այդ, “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթները, որոնք կարգավորում էին Սլովենիա մուտք գործող օտարերկրացիների համար մշտական և ժամանակավոր բնակության ձեռքբերումը /”Օտարերկրացիների մասին” օրենքի 13-րդ և 16-րդ հոդվածներ՝ ստորև տես 207-րդ կետը/՝ չպետք է օգտագործվեին նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիների կարգավիճակը կարգավորելու համար, ովքեր հիմնավորված ակնկալիքներ ունեին, որ Սլովենիայում մշտական բնակությունը պահպանելու նոր պայմաններն ավելի խիստ չեն լինի, քան Սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածում /ստորև տես 202-րդ կետը/ և “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածում /ստորև տես 205-րդ կետը/ ամրագրված պայմանները, իսկ նրանց կարգավիճակը կսահմանվի միջազգային իրավունքի համաձայն: Ապա Սահմանադրական դատարանը գտավ, որ “Օտարերկրացիների մասին” օրենքի 16/1/ հոդվածը ոչ սահմանադրական չէ, որովհետև այն կիրառելի էր միայն այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր մուտք էին գործել Սլովենիա անկախությունից հետո: Օրենսդիր մարմնին վեց ամիս էր տրված ոչ սահմանադրական դրույթները փոփոխելու համար: Միաժամանակ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ նախկին ՀՍԴՀ-ի ոչ մի քաղաքացի, ով որպես մշտական բնակիչ գրանցվել էր Սլովենիայում 1990թ. դեկտեմբերի 23-ին և փաստացի այնտեղ էր ապրում, “Օտարերկրացիների մասին” օրենքի 28-րդ հոդվածի համաձայն չի կարող բռնի կերպով Սլովենիայից տեղափոխվել: Սահմանադրական դատարանը նաև մատնանշել է, որ նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների չկարգավորված կացությունը, ովքեր գտնվում էին անորոշ իրավական կարգավիճակում, կարող էր հանգեցնել, ի թիվս այլ բաների, ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածով /սույն որոշման հատվածները մեջբերված են ստորև՝ 214-րդ կետում/: Արդյունքում Սլովենիայում նախկին ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կանոնակարգման մասին օրենքն /”Իրավական կարգավիճակի մասին” օրենք/ ընդունվել է 1999թ. հուլիսի 8-ին՝ որպեսզի կարգավորի “ջնջվածների” իրավական կարգավիճակը՝ պարզեցնելով մշտական բնակության թույլտվության ձեռքբերման պահանջները: “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի 1-ին հոդվածով նախկին ՀՍԴՀ-ի այլ իրավահաջորդ պետությունների քաղաքացիները, ովքեր որպես մշտական բնակիչներ 1990թ. դեկտեմբերի 23-ին՝ հանրաքվեի օրը կամ 1991թ. հունիսի 25-ին՝ անկախության օրը գրանցված էին Սլովենիայի տարածքում և, փաստացի, այնտեղի բնակիչներ էին, ունեին մշտական բնակության թույլտվության իրավունք՝ անկախ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթներից: Դիմումը ներկայացնելու համար նրանք ունեին երեք ամիս ժամանակ: Իրավական կարգավիճակի մասին օրենքի 3-րդ հոդվածում դատվածություն ունեցողների համար նախատեսված էին որոշ բացառություններ: Այդ ժամանակվանից բնակության թույլտվություն տրվում էր նրանց, ովքեր բավարարում էին վերը նշված պայմանները /ստորև տես 210-րդ կետը/: Մեկ այլ սահմանադրական առարկության՝ U-I-295/99 վերաբերյալ որոշում ընդունելիս 2000թ. մայիսի 18-ին Սահմանադրական դատարանն “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի 3-րդ հոդվածի մի մասը մի կողմ դրեց որպես ոչ սահմանադրական, որովհետև գտավ, որ դրանում ամրագրված՝ մշտական բնակություն ձեռք բերելու պահանջներն ավելի խիստ էին, քան այն հիմքերը, որոնցով չեղյալ էր համարվում “Օտարերկրացիների մասին” օրենքով նախատեսված մշտական բնակության թույլտվությունը:
4. Սահմանադրական դատարանի որոշումներն այլ գործերի վերաբերյալ, որոնք ներկայացրել են “ջնջվածները”
Հիմնվելով 1999թ. փետրվարի 4-ի իր առաջնորդող որոշման վրա /տես վերը նշված 41-48 կետերը/՝ Սահմանադրական դատարանը մի քանի որոշում է կայացրել “ջնջվածներից” մի քանիսի ներկայացրած անհատական գործերով: 1999թ. հուլիսի 1-ին /Up-333/96/ այն քննեց մի հայցվորի գործ, ում մերժել էին թարմացնել վարորդական վկայականը, որովհետև նրա անունը ռեգիստրից “ջնջել” էին: Սահմանադրական դատարանը նշեց, որ 1999թ. փետրվարի 4-ին կայացրած իր որոշումից հետո մշակվել էր “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի նախագիծը, սակայն դեռևս չէր ընդունվել: Դատարանը որոշեց, որ մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը հայցվորը պետք է օգտվի այն կարգավիճակից, որն ուներ մինչև “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված ժամկետն սպառվելը /տես վերը նշված 27-րդ կետը/: Վարչական մարմիններին կարգադրեցին հայցվորին գրանցել որպես մշտական բնակիչ այն հասցեում, որտեղ նա ապրել էր մինչև ռեգիստրից իր անունն անօրինական կերպով հանելը և թարմացնել նրա վարորդական իրավունքը: Նմանօրինակ մի որոշում էլ /Up-60/97/ ընդունվեց 1999թ. հուլիսի 15-ին, որը վերաբերում էր հայցվորների, ովքեր բոլորն էլ մեկ ընտանիքի անդամներ էին և նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիներ: “Օտարերկրացիների մասին” օրենքի 16-րդ հոդվածի հիմքերով նրանց մերժել էին մշտական բնակության թույլտվություն տալ, որովհետև ընտանիքի հայրը կորցրել էր իր աշխատանքը: 1999թ. նոյեմբերի 18-ին /Up-20/97/ և 1999թ. դեկտեմբերի 16-ին / Up-152/97/ Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց “ջնջված” երկու անձանց զինվորական թոշակ վճարելու գործերի վերաբերյալ Գերագույն դատարանի վճիռը և գործը հետ ուղարկեց կրկնական քննության: 2001թ. սեպտեմբերի 20-ին երեխայի խնամքի համար տրվող նպաստի իրավունքին վերաբերող մի գործի կապակցությամբ / Up-336/98/ Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց ստորին ատյանի մարմինների կայացրած որոշումները և գործը հետ ուղարկեց կրկնական քննության: Բացի այդ, Սահմանադրական դատարանը քննել է ի շարք գործեր, որոնք բերվել էին “ջնջված” անձանց կողմից և վերաբերում էին Սլովենիայի քաղաքացիություն ստանալու պայմաններին: 1995թ. հուլիսի 6-ի որոշման մեջ /Up-38/93/ դատարանը սահմանեց, որ “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածում “փաստացի բնակվելով Սլովենիայում” պայմանը /տես վերը նշված 25-րդ և ստորև բերվող 205-րդ կետերը/ կարելի է կատարել այն իրավիճակում, երբ Սլովենիայում անձի բնակությունն ընդհատվել է օրինական հիմքերով, եթե կային այլ հանգամանքներ, որոնք ապացուցում են, որ նրա կենսական շահերի կենտրոնը գտնվում է Սլովենիայի տարածքում: Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց Գերագույն դատարանի որոշումը, քանզի նմանօրինակ դեպքերում ցուցաբերվել էր տարբերակված մոտեցում և գործն ուղարկեց կրկնական քննության:
5. 2003թ. ապրիլի 3-ի Սահմանադրական դատարանի որոշումը 2003թ. ապրիլի 3-ին 1999թ. հուլիսի 8-ի տարբերակով “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի սահմանադրականության առարկության վերաբերյալ որոշում ընդունելիս “Ջնջվածների” միության և այլ “ջնջվածների” կողմից ներկայացված մի գործով /U-I-246/02/ Սահմանադրական դատարանը գտավ, որ “Իրավական կարգավիճակի մասին” օրենքը ոչ սահմանադրական է, որովհետև այն “ջնջելու” օրվանից հետադարձ մշտական բնակություն չէր տալիս, չէր սահմանում “փաստացի բնակվող” բառերի իմաստը, որոնք առկա են 1-ին հոդվածում և չէր կարողացել կարգավորել նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիների համար մշտական բնակություն ստանալը, ովքեր “Օտարերկրացիների մասին” օրենքի 28-րդ հոդվածի համաձայն հարկադրաբար տեղափոխվել էին Սլովենիայից: Չնայած այն բանին, որ արտաքսվածների ստույգ թիվն անհայտ է, Սահմանադրական դատարանը կարծում էր, որ, հավանաբար, այդ թվերը փոքր են, քանի որ, ընդհանուր առմամբ, “ջնջվածների” չկարգավորված կարգավիճակը հանդուրժել էին: Դատարանը նաև բեկանեց մշտական բնակության դիմումները ներկայացնելու եռամսյա ժամկետը, քանզի այն չհիմնավորված կերպով կարճ էր և կարգադրեց օրենսդիր մարմնին՝ վեց ամսվա ընթացքում շտկել վիճարկված օրենքի ոչ սահմանադրական դրույթները: Ապա Սահմանադրական դատարանը նկատեց, որ որոշ իրավունքների և արտոնությունների ապահովման հարցում, զորօրինակ զինվորական թոշակի, սոցիալական նպաստների և վարորդական իրավունքների թարմացման դեպքում, մշտական բնակությունը կարևոր է: Որոշման նորմեր սահմանող մասի 8-րդ կետում Սահմանադրական դատարանը Նախարարությանը կարգադրեց կամովին որոշումներ կայացնել Սլովենիայում ի սկզբանե մշտական բնակություն սահմանելու մասին՝ սկսած 1992թ. փետրվարի 26-ից՝ “ջնջելու” օրը, այն մարդկանց համար, ովքեր արդեն “Իրավական կարգավիճակի” կամ “Օտարերկրացիների մասին” օրենքների համաձայն այդ ժամանակվանից /հետադարձ ուժ չունեցող/ ունեին թույլտվություն /սույն որոշման հատվածները մեջբերված են ստորև՝ 215-րդ կետում/: 2003թ. նոյեմբերի 25-ին խորհրդարանն ընդունեց Սահմանադրական դատարանի թիվ U‑I‑246/02-28 որոշման 8-րդ կետի կիրարկման մասին օրենքը, որը հայտնի է նաև “Տեխնիկական օրենք” անվան ներքո: Սույն օրենքով ամրագրված է նախկին ՀՍԴՀ-ի հանրապետությունների քաղաքացիներին ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն տալու ընթացակարգը, ովքեր որպես մշտական բնակիչներ Սլովենիայում գրանցվել էին և 1990թ. դեկտեմբերի 23-ին, և 1992թ. փետրվարի 25-ին և արդեն իսկ մշտական բնակության թույլտվություն էին ստացել “Իրավական կարգավիճակի” կամ “Օտարերկրացիների մասին” օրենքների հիմքերով: Այնուամենայնիվ, 2004թ. ապրիլի 4-ին տեղի ունեցավ հանրաքվե՝ արդյոք Տեխնիկական օրենքը պետք է կատարվի, թե ոչ: Մասնակիցների թիվը 31.54% էր: Վավեր ձայների 94.59%-ը դեմ էր դրա իրականացմանը, ուստի այդ օրենքն այդպես էլ ուժի մեջ չմտավ: Միևնույն ժամանակ 2003թ. դեկտեմբերի 22-ին հանձնված որոշման մեջ /U-II-3/03/ Սահմանադրական դատարանը մատնանշում էր, որ Նախարարության կողմից բնակության լրացուցիչ թույլտվություններ տալու իրավական հիմքը նրա՝ 2003թ. ապրիլի 3-ի որոշումն էր /տես վերը նշված 58-60 կետերը/: Նախարարությունը պարտավոր էր կատարել այդ որոշումը: Բացի այդ, “ջնջվածներից” մեկի կողմից ներկայացված անհատական գործով /Up-211/04/, ով հայտարարում էր, որ Սլովենիայից բացակայել է պատերազմական վիճակի պատճառով, 2006թ. մարտի 2-ին Սահմանադրական դատարանը մի կողմ դրեց Գերագույն դատարանի վճիռները, որոնցով չեղյալ էր համարվել “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի համաձայն հայցվորի պահանջը մշտական բնակության թույլտվության վերաբերյալ և գործն ուղարկեց Վարչական դատարան: Սահմանադրական դատարանը վերջինիս հրահանգեց կատարել 1990թ. դեկտեմբերի 23-ից սկսած “Սլովենիայի Հանրապետության տարածքում փաստացի բնակվելու” պայմանի, ինչպես նաև Սլովենիայից հայցվորի բացակայության պատճառների համարժեք գնահատում: Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն փաստը, որ օրենսդիր մարմինն ուշացել էր հակասությունները վերացնելու հարցում, դատարաններին չխանգարեց գործը որոշել 2003թ. ապրիլի 3-ի իր որոշման համաձայն /տես վերը նշված 58-60 կետերը/: 2004թ. Նախարարությունը 4,034 հետադարձ ուժ ունեցող թույլտվություն էր հատկացրել “ջնջվածներին”՝ զուտ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշման հիման վրա: Այդ թույլտվություններն իշխանությունների կողմից կամավոր տալը ժամանակավորապես դադարեցվեց և վերսկսվեց 2009թ.՝ կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունից հետո /ստորև տես 70-րդ կետը/: Կառավարության համաձայն՝ մինչև 2007թ. հունիսի 30-ը “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի հիման վրա ներկայացվել էր 13,355 դիմում: Արդյունքում տրվել էր մշտական բնակության 12,236 թույլտվություն: 2008թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո 2008թ. նոյեմբերին նշանակվեց նոր կառավարություն: “Ջնջվածների” կարգավիճակի կարգավորումը Սահմանադրական դատարանի որոշումների համաձայն հաստատվեց որպես կառավարության գերակայություններից մեկը: ՏՏ համակարգի արդիականացումից հետո Նախարարությունը նոր տվյալներ հավաքեց “ջնջվածների” վերաբերյալ և զեկույց ներկայացրեց, որում ասված էր, որ 2009թ. հունվարի 24-ին ռեգիստրից հանված անձանց թիվը կազմում էր 25,671, որոնցից 7,899-ը հետագայում ստացել էր Սլովենիայի քաղաքացիություն, նրանցից 7,313-ը դեռևս կենդանի էին: Եվս 3,630 հոգի ստացել էր բնակության թույլտվություն: 13,426 “ջնջվածներ” այդ ժամանակվա դրությամբ Սլովենիայում կարգավորված կարգավիճակ չունեին, իսկ նրանց բնակության վայրն անհայտ էր: 2009թ. Նախարարությունը վերսկսեց արդեն իսկ այդ ժամանակվանից թույլտվություն ունեցողներին կամովին որոշումներ տալու գործընթացը, որոնցով Սլովենիայում ի սկզբանե մշտական բնակությունն ուժի մեջ էր 1992թ. փետրվարի 26-ից՝ Սահմանադրական դատարանի 2003թ. որոշման նորմեր սահմանող մասի 8-րդ կետի հիման վրա /տես վերը նշված 60-րդ կետը/: Արձակվեցին այդպիսի 2,347 որոշումներ:
6. “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը Հետագայում նախարարությունը մշակեց “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի փոփոխություններ և լրացումներ / “Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը”/, որոնցով կարգավորվում էին “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի և Սահմանադրության միջև եղած անհամապատասխանությունները, որը հաջորդեց 2003թ. ապրիլի 3-ի Սահմանադրական դատարանի որոշմանը՝ մասնավորապես նրանց նկատմամբ, ովքեր արտաքսվել էին, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, ովքեր հարկադրված էին եղել Սլովենիան լքել “ջնջմանը” վերաբերող այլ պատճառներից ելնելով: 2010թ. մարտի 8-ին ընդունվեց “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը: 2010թ. մարտի 12-ին երեսունմեկ պատգավոր պահանջեց, որպեսզի “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի վերաբերյալ անցկացվի հանրաքվե՝ ի թիվս այլոց, նաև այն պատճառով, որ այն չէր կարգավորում “ջնջվածներին” փոխհատուցում տալու հարցը: Արդյունքում դրա՝ ուժի մեջ մտնելը հետաձգվեց: 2010թ. մարտի 18-ին Ազգային ժողովը որոշեց, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի ուժի մեջ մտնելու հետաձգումը կամ հանրաքվեով դրա մերժումը կարող է ոչ սահմանադրական հետևանքներ ունենալ և հարցն ուղարկեց Սահմանադրական դատարան: 2010թ. հունիսի 10-ի իր որոշման մեջ /U-II-1/10/ Սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով իր նախորդ ղեկավար որոշումները, գտավ, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի դրույթները չեն հակասում Սահմանադրությանը: Կարծում էին, որ փոփոխված օրենքը մշտական լուծում է նախատեսում “ջնջված” այն անձանց կարգավիճակի համար, ովքեր անկարող էին եղել պատշաճ վիճակի բերել իրենց, այդ թվում՝ իրենց երեխաների կարգավիճակը, ինչպես նաև հետադարձ ուժ ունեցող հատուկ որոշումներ տալու համար նրանց, ում Սլովենիայի քաղաքացիություն էին շնորհել՝ առանց նախապես մշտական բնակության թույլտվություն ունենալու պահանջի: Սահմանադրական դատարանը մերժեց հանրաքվե անցկացնելու թույլտվությունը՝ համարելով, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հնարավոր մերժումը կարող է հանգեցնել ոչ սահմանադրական հետևանքների: Դատարանը նաև գտավ, որ 2003թ. իր ղեկավար որոշման կատարման ձգձգումը հանգեցրել էր Սահմանադրության նոր խախտման: Իր որոշման 43-րդ կետում Սահմանադրական դատարանը սահմանեց, որ, ընդունելով խնդրո առարկա օրենքը, որով նախատեսվում էր մշտական բնակության կարգավիճակի հետադարձ ուժ ունենալը, օրենսդիր մարմինը բարոյական փոխհատուցում էր մտցրել՝ իբրև ՙջնջվածների՚ փոխհատուցման հատուկ ձև: Եթե վնասն առանձին մարդկանց պատճառվել էր նրանց ՙջնջելու՚ արդյունքում, Սահմանադրության 26-րդ հոդվածի հիման վրա կարող էր ծագել պետության կողմից հնարավոր պատասխանատվության հարց, եթե բավարարվեին այդ հոդվածով և օրենքով նախատեսված համապատասխան պայմանները: Ամեն դեպքում “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքն ինքնին չէր կարող հանգեցնել վնասի համար պետության կողմից մի նոր տեսակի պատասխանատվության կամ իրավական նոր հիմքի՝ վնասի համար պահանջները կատարելու նպատակով: Օրենսդրի համար օրինական էր ընդունել կոնկրետ օրենսդրություն՝ սահմանափակելով պետության պատասխանատվությունը, ինչպես արվել էր, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի նկատմամբ: Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն փաստը, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքում բարձրացված չէ ֆինասական փոխհատուցման հարցը, ոչ սահմանադրական չէ: 2010թ. հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահը “ջնջվածներից” հրապարակավ ներողություն խնդրեց: Նույն բանը 2010թ. հունիսի 22-ին արեց ներքին գործերի նախարարը: 2010թ. հունիսի 24-ին Պաշտոնական տեղեկատուի մեջ հրապարակվեց “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը: Այն ուժի մեջ մտավ 2010թ. հուլիսի 24-ին՝ Պալատի կողմից վճիռը կայացնելուց մի քանի օր անց: Մինչ օրենքի ստորագրումը ներկայացվել էր բնակության թույլտվության 13,600 խնդրանք, որոնցից 12,345-ը բավարարվել էր: “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի 1-ին հոդվածը վերաբերում էր այն օտարերկրացիներին, ովքեր 1991թ. հունիսի 25-ին եղել էին նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների քաղաքացիներ, գրանցված էին եղել Սլովենիայում որպես մշտական բնակիչներ 1990թ. դեկտեմբերի 23-ին կամ 1991թ. հունիսի 25-ին և այդ ժամանակվանից ի վեր փաստացի բնակվել էին այնտեղ՝ անկախ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթներից: Այն ՙջնջվածների՚ համար նախատեսում էր մշտական բնակության թույլտվության ստացում և այդ ժամանակվանից, և ի սկզբանե: Դրանով նաև կարգավորվում էր “ջնջվածների” երեխաների կարգավիճակը, և նախատեսվում էր հետադարձ ուժ ունեցող որոշումներ տալ այն “ջնջված” անձանց, ովքեր Սլովենիայի քաղաքացիություն էին ստացել՝ առանց մշտական բնակության թույլտվություն ունենալու: Մասնավորապես, 1 /գ/ հոդվածում սահմանված էր Սլովենիայում “փաստացի բնակվող” բառերի իմաստը, որը նախապայման էր մշտական բնակության կարգավիճակ ձեռք բերելու համար` իբրև մի իրավիճակ, երբ անձի համար իր կենսական շահերի կենտրոնը Սլովենիան էր, և դա սահմանվում էր անձնական, ընտանեկան, տնտեսական, սոցիալական և այլ կապերի հիման վրա` ցուցադրելով անհատի և Սլովենիայի միջև փաստացի և մշտական կապերը: Ապա նշվում էր, որ “փաստացի բնակվող” պայմանը կարելի էր բավարարել մեկ տարուց ավելի ժամանակով հիմնավորված բացակայության դեպքում` Սլովենիայից հարկադրված տեղափոխում, “ջնջման” հետևանքով բացակայություն կամ վերադարձի անհնարինություն նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետություններում պատերազմական իրավիճակի պատճառով: Ավելի երկար բացակայության դեպքում “փաստացի բնակվող” պայմանը կարող էր բավարարվել հինգ տարի ժամկետով և ևս հինգ տարով, եթե անձը փորձել էր վերադառնալ Սլովենիա /ստորև տես 211-րդ կետը/: Կառավարության ներկայացրած տվյալների համաձայն` 2010թ. հունիսի 24-ից մինչև 2011թ. մայիսի 31-ը տարածքային վարչական միավորներն ստացել էին 173 դիմում այդ ժամանակվանից մշտական բնակության թույլտվության համար և 84 դիմում` լրացուցիչ, ի սկզբանե թույլտվության համար: Ներառյալ ներքին գործերի նախարարության տրամադրած թույլտվությունները` այդ դիմումների արդյունքում տրվեցին 64 այդ ժամանակվանից և 111 ի սկզբանե մշտական բնակության թույլտվություններ, որոշ դեպքերում իշխանությունները դա արեցին կամովին: Այլ վարույթներ դեռևս անավարտ էին: 2013թ. հուլիսի 24-ը Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքով նախատեսված խնդրանքների ներկայացման վերջնաժամկետն է: 2011թ. ապրիլի 26-ին “Ջնջվածների” քաղաքացիական միությունը 52 այլ անհատների հետ մեկտեղ խնդրագիր ներկայացրեց Սահմանադրական դատարան, որպեսզի վերանայվի Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը /U-I-85/11/: Ներկայումս սպասում են վարույթին: Բացի այդ, “ջնջվածներից” մեկը սահմանադրական բողոք է ներկայացրել` վիճարկելով Գերագույն դատարանի կողմից փոխհատուցման մասին իր հայցի մերժումը, որը կազմում էր 50,492.40 եվրո` աշխատանքը կորցնելու համար և որպես ոչ նյութական վնաս: Ինչ վերաբերում էր նյութական վնասին, ապա Գերագույն դատարանը նկատել է, որ պետական մարմիններն անօրինական գործողություններ չէին կատարել, իսկ Սահմանադրության 26-րդ հոդվածն այդպիսով կիրառելի չէր: 2011թ. հուլիսի 5-ին /Up-1176/09/ Սահմանադրական դատարանը մերժեց սահմանադրական բողոքը` պաշտպանելով Գերագույն դատարանի տեսակետն առ այն, որ չնայած Սահմանադրական դատարանի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչվել “Քաղաքացիության մասին” օրենքի վիճարկված դրույթը, չէր կարելի ասել, որ վարչական մարմինները կամ դատարանները համապատասխան ժամանակ անօրինական կերպով էին գործել: Բացի այդ, քանի որ աշխատանքի կորուստը վերաբերել էր հայցվորին Սլովենիայի քաղաքացիություն, այլ ոչ մշտական բնակության թույլտվություն տալու մերժմանը, Սահմանադրական դատարանի ղեկավար որոշումները “ջնջելու” թեմայի վերաբերյալ չէին կարող հաշվի առնվել: 2011թ. հուլիսի 21-ին Կառավարությունը մոտ 30 վերջնական վճիռ ներկայացրեց, որոնք կայացվել էին առաջին և երկրորդ ատյանի դատարանների և Գերագույն դատարանի կողմից` իբրև
“ջնջվածների” ներկայացրած հայցերի փոխհատուցում: Փոխհատուցման վերաբերյալ բոլոր հայցերն ի վերջո մերժվեցին` հիմնականում այն բանի պատճառով, որ չէին կարողացել դա անել սահմանված ժամկետում, թեպետ դատարանները որոշ դեպքերում նախապես սահմանել էին, որ փոխհատուցման վերաբերյալ հայցերը հիմնավոր էին: Այդ ժամանակ Գերագույն դատարանում ընթացքի մեջ էին գտնվում “ջնջված” անձանց կողմից ներկայացված տասնմեկ գործերի վարույթներ: Ի վերջո, 2011թ. նոյեմբերի 7-ին Կառավարությունը մի նոր որոշում ներկայացրեց, որը 2011թ. սեպտեմբերի 26-ին մի գործով կայացրել էր Սահմանադրական դատարանը /Up-108/11/, որը ներկայացրել էր “ջնջվածներից” մեկը, ով փոխհատուցում էր պահանջել նյութական և ոչ նյութական վնասի համար: Այդ գործով առաջին ատյանի դատարանը նախապես միջանկյալ վճռով որոշել էր, որ հիմքեր կային պատճառված վնասի համար պետությանը պատասխանատվության ենթարկելու համար: Այդուհանդերձ, Գերագույն դատարանը հաստատեց երկրորդ ատյանի դատարանի որոշումը` մերժելով հայցն այն հիմքով, որ օրենքով սահմանված ժամկետը լրացել էր: Սահմանադրական դատարանը հաստատեց այդ որոշումը:
Բ. Դիմողների անհատական հանգամանքները
Մինչև 1991թ. հունիսի 25-ը, այսինքն` այն օրը, երբ Սլովենիան հռչակեց իր անկախությունը, դիմողները և ՀՍԴՀ-ի, և բացի Սլովենիայից, մնացած հանրապետություններից մեկի քաղաքացիներ էին: Նրանք Սլովենիայում մշտական բնակչի կարգավիճակ էին ձեռք բերել որպես ՀՍԴՀ-ի քաղաքացիներ՝ մի կարգավիճակ, որը նրանք պահպանեցին մինչև 1992թ. փետրվարի 26-ը, երբ նրանց անունները ռեգիստրից հանվեցին: 2010թ. հուլիսի 24-ին “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պրն. Կուրիչը, տկն. Մեզգան, պրն. Ռիստանովիչը. Պրն. Բերիշան, պրն. Ադեմին և պրն. Մինիչն ստացան և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություններ: Պրն. Դաբետիչը և տկն. Ռիստանովիչը չդիմեցին բնակության թույլտվություն ստանալու համար: Ստորև ամփոփ կերպով ներկայացվում է յուրաքանչյուր դիմողի կոնկրետ իրավիճակը:
Պրն. Մուստաֆա Կուրիչ Պրն. Կուրիչը ծնվել է 1935թ. ապրիլի 8-ին, Շիպովոյում /Բոսնիա-Հերցեգովինա/: Կառավարության ներկայացրածի համաձայն` նրա քաղաքացիությունն անհայտ է: Տարրական կրթություն ստանալուց հետո նա կոշկակարի մասնագիտություն է ստացել: Սլովենիա տեղափոխվել է քսան տարեկան հասակում և 1965թ. հաստատվել է Կոպերում: 1976թ. նա Կոպերի համայնքապետարանից վարձակալությամբ ստացել է մի փոքր արհեստանոց և այնտեղ մասնավոր գործ սկսել: Նա Սլովենիայում որպես մշտական բնակիչ գրանցված է եղել 1970թ. հուլիսի 23-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: 1991թ. նա ծանր հիվանդացել է, երեք ամսով պառկել հիվանդանոցում և, ենթադրաբար, այդ պատճառով չի կարողացել դիմում ներկայացնել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Նա հայտարարում էր, որ իրեն հավաստիացրել են, որ քաղաքացիության համար դիմելու հնարավորություններ կլինեն հետագայում: Կառավարությունը հաստատել է, որ դիմողը հիվանդանոցում է եղել: Այնուամենայնիվ, 1991թ. հունիսի 15-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից: Դիմողն այդպես էլ պաշտոնական որևէ ծանուցում չի ստացել այն մասին, որ ինքը Սլովենիայում իրավական կարգավիճակ այլևս չունի: 1993թ, դիմողի տունն այրվել է, նա կորցրել է շատ փաստաթղթեր: Երբ նա դիմեց Կոպերի համայնքապետարան, որպեսզի փաստաթղթերը նորացվեն, նրան տեղեկացրին, որ իր անունը հանել են ռեգիստրից: Դիմողն իր գործը շարունակեց և մինչև 1990-ականների վերջը վճարում էր վարձակալության վճարը, որից հետո նրա մոտ ֆինանսական դժվարություններ սկսվեցին: Քանի որ նա այլևս չէր կարողանում վարձակալության վճարը տալ, կորցրեց տարածքում մնալու իրավունքը: Առանց ինքնությունը հաստատող որևէ փաստաթղթի նա կանգնած էր վտարվելու վտանգի առաջ, եթե դուրս գար այն համայնքից, որտեղ ոստիկանությունը հանդուրժում էր նրա ներկայությունը: Դիմողը հայտարարում էր, որ 1990-ականներին տարբեր առիթներով ինքը փորձել է Կոպերի վարչական միավորի հետ կարգավորել իր կարգավիճակը, սակայն ենթադրաբար որևէ պատասխան կամ հրահանգ չի ստացել, թե ինչ անի: 2005թ. նա Նախարարությանը նամակ է գրել, որում խնդրել է իրեն Սլովենիայի քաղաքացիություն շնորհել, սակայն որևէ պատասխան չի ստացել: Կառավարությունը հայտարարում էր, որ պրն. Կուրիչը երբեք էլ չի դիմել Սլովենիայում բնակության թույլտվություն ստանալու համար: Այնուհետև դիմողը հայտարարում էր, որ 2006թ. ինքը կենսաթոշակային իրավունքի հարցով վարույթ է սկսել Կենսաթոշակային և հաշմանդամության ապահովագրության ինստիտուտի նկատմամբ: 2006թ. մայիսի 14-ին վերջինս նրան մի նամակ էր ուղարկել, որում ապացույց կար նրա աշխատանքային ստաժի վերաբերյալ, այդ նամակով նրան խնդրում էին ներկայացնել քաղաքացիության մասին վկայականը: Սակայն Կառավարության ներկայացուցչի անցկացրած հարցումներից հետո 2007թ. հոկտեմբերի 29-ին Կենսաթոշակային և հաշմանդամության ապահովագրության ինստիտուտը հայտարարեց, որ դիմողը պաշտոնական որևէ վարույթ իր նկատմամբ չէր սկսել: 2007թ. մայիսի 7-ին որպես քաղաքացիություն չունեցող անձ դիմողը դիմեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Նրա խնդրանքը մերժվեց 2007թ. հուլիսի 27-ին: 2008թ. հունվարի 29-ին “Քաղաքացիության մասին” օրենքի 10-րդ հոդվածի հիման վրա դիմողը վերստին դիմեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: 2009թ. հունիսի 10-ին Կոպերի վարչական միավորը մերժեց նրա խնդրանքը: Վարչական դատարանում պրն. Կուրիչն այդ մերժումը չվիճարկեց: 2009թ. փետրվարի 24-ին դիմողը դիմեց մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: 2010թ. նոյեմբերի 2-ին նրան տվեցին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե բնակության թույլտվություններ: Այդ թույլտվությունները նրան հանձնեցին 2010թ. նոյեմբերի 26-ին: Դիմողը հայտարարում էր, որ անգամ մշտական բնակության թույլտվությունն ստանալուց հետո ինքը դեռևս բազում դժվարությունների էր հանդիպում, հատկապես կենսաթոշակային իրավունքի վերաբերյալ պահանջների հարցում և ուներ առողջական լուրջ խնդիրներ:
Պրն. Վելիմիր Դաբետիչ Պրն. Դաբետիչը ծնվել է 1969թ. սեպտեմբերի 22-ին, Կոպերում /Սլովենիա/: Նա քաղաքացիություն չունեցող անձ է: 1971թ. սեպտեմբերի 29-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը որպես մշտական բնակիչ նա գրանցված է եղել Սլովենիայում: Նրա ծնողներն ու երկու եղբայրները ծնվել են Չեռնոգորիայում և, ինչպես դիմողը, 1992թ. հանվել են ռեգիստրից: 1997թ. դիմողի մորը, իսկ 2004թ. հորը Սլովենիայի քաղաքացիություն են շնորհել: Դիմողն ավարտել է տարրական դպրոցը, ևս երկու տարի սովորել է մետաղագործների հանրակրթական դպրոցում` ստանալով մասնագիտական կրթություն: Ներկայումս նա առանց որևէ իրավական կարգավիճակի բնակվում է Իտալիայում: Դիմողը հայտարարում էր, որ 1991թ. ինքը տեղափոխվել է Իտալիա, սակայն մինչև 1992թ. իրադարձությունները որպես մշտական բնակիչ գրանցված է մնացել Կոպերում /Սլովենիա/: Ենթադրաբար նա Կոպերի վարչական միավորից կեղծ տեղեկություններ է ստացել: Կառավարությունը հայտարարում էր, որ դիմողn Իտալիայում էր բնակվում 1989թ., այլ ոչ 1991թ. ի վեր, հետևաբար երկրի անկախացման ժամանակ նա Սլովենիայի բնակիչ չի եղել: Դիմողը հայտարարում էր, որ երբ ինքը հետամուտ էր եղել դիմելու Կոպերի վարչական միավորին, որպեսզի Սլովենիայի քաղաքացիություն ստանա, վարչակազմի աշխատակիցն իրեն ասել էր, որ ներկայացնի Սլովենիայում աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը: Դիմողը հայտարարում էր, որ ինքն Իտալիայում աշխատում էր օրինական թույլտվության հիման վրա և չի կարող այդպիսի փաստաթուղթ ներկայացնել: Աշխատակիցը ենթադրաբար պատասխանել էր, որ Իտալիան, այլ ոչ Սլովենիան պետք է քաղաքացիություն շնորհի դիմողին: Ապա դիմողը հայտարարում էր, որ ինքը “ջնջելու” մասին մյուս դիմողներից ավելի ուշ է տեղեկացել: 2002թ., երբ սպառվել էր նրա հին` ՀՍԴՀ-ի անձնագրի ժամկետը, Իտալիայի իշխանությունները մերժել էին երկարացնել նրա աշխատանքի և բնակության թույլտվությունը և կարգադրել էին վերադառնալ Սլովենիա: Թեպետ նա փորձել էր օրինական կերպով վերադառնալ Սլովենիա, սակայն անկարող էր եղել այնտեղ կարգավորել իր կարգավիճակը: Կառավարությունը հայտարարում էր, որ դիմողը երբեք էլ պատշաճ կերպով չի դիմել Սլովենիայում բնակության թույլտվություն ստանալու համար: 2003թ. նոյեմբերի 26-ին դիմողը հորդորել էր Նախարարությանը` կայացնել լրացուցիչ, այդ ժամանակվանից որոշում, որով կկարգավորվեր իր կարգավիճակը 2003թ. ապրիլի 3-ի Սահմանադրական դատարանի որոշումը հանձնելուց հետո` առանց ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն ստանալու խնդրանք ներկայացնելու: 2003թ. նոյեմբերի 29-ին 2002թ. փոփոխված Քաղաքացիության մասին օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա դիմողը դիմեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: 2004թ. փետրվարի 9-ին դիմողը բողոք ներկայացրեց Վարչական դատարանի Նովա գորիցա ստորաբաժանում` հայտարարելով, որ վարչական մարմիններն անգործություն են ցուցաբերել, որոնք չէին կարողացել այդ ժամանակվանից լրացուցիչ որոշում կայացնել: 2005թ. մայիսի 20-ին Վարչական դատարանը մերժեց դիմողի բողոքը: 2005թ. նոյեմբերի 14-ին Նախարարությունը մերժեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը, որովհետև նա չէր կարողացել ապացուցել, որ ինքը տասը տարի փաստացի բնակվել էր Սլովենիայում և այնտեղ անընդմեջ ապրել էր վերջին հինգ տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ դիմողը նաև դիմել էր Իտալիայի ներքին գործերի նախարարություն` քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալու համար: Վերջին տարիներին դիմողը շարունակաբար կալանավորվել է իտալական ոստիկանության կողմից: Ավելին, 2006թ. ապրիլի 20-ին նրան կարգադրել էին հինգ օրվա ընթացքում երկիրը լքել: Ի վերջո նրան թույլ տվեցին մնալ Իտալիայում, քանզի նա դիմել էր, որպեսզի ճանաչեին իր կարգավիճակը որպես քաղաքացիություն չունեցող անձ, իսկ դատավարությունն ընթացքի մեջ էր: Դիմողին նաև մեղադրում էին Իտալիայի տարածք որպես անօրինական ներգաղթող մուտք գործելու համար: 2006թ. հունիսի 19-ին Մանտուայի շրջանային դատարանը նրան արդարացրեց` այն հիմքով, որ նա որևէ քաղաքացիություն չունի և չի ակնկալվում, որ նա Իտալիան կարող է ինքնակամ լքել: Այդ ժամանակ ընթացքի մեջ էր քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալու համար նրա դիմումը: Ի վերջո քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալու նրա դիմումը մերժվեց` այն հիմքով, որ օտարերկրացին, ով անօրինական կերպով ապրում է Իտալիայում, իրավունք չունի ստանալու խնդրո առարկա կարգավիճակը: Դիմողը հայտարարում էր, որ ինքն ապրել էր ծայրահեղ դժվար պայմաններում: “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի համաձայն նա որևէ հայց չի ներկայացնել:
Տկն. Անա Մեզգե Տկն. Մեզգեն ծնվել է 1965թ. հունիսի 4-ին, Չակովեցում /Խորվաթիա/: Նա Խորվաթիայի քաղաքացի է: 1979թ. նա տեղափոխվել է Լյուբլյանա /Սլովենիա/, որտեղ ավելի ուժ աշխատանք է գտել: Նա ավարտել է ութամյա տարրական դպրոցը, իսկ որպես մշտական բնակիչ Սլովենիայում գրանցված եղել է 1980թ. հուլիսի 28-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: Ըստ դիմողի` 1992թ. երկրորդ երեխայի ծնվելուց հետո նա տեղեկացավ, որ իր անունը ռեգիստրից “ջնջել” են: Նրա գործատուն կրճատել էր ծննդաբերության համար տրվող արձակուրդը և հաստիքների կրճատման հետևանքով աշխատանքից ազատել: Ավելին, 1993թ. մարտին հերթական ստուգման ժամանակ ոստիկանությունը նրան կանգնեցրել էր: Քանի որ տիկինն ինքնությունը հաստատող փաստաթղթեր չուներ, նրան կալանքի տակ էին պահել ոստիկանության բաժնում, ապա՝ օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր կենտրոնում, սակայն տուգանք վճարելուց հետո բաց էին թողել: Դիմողը կարծում էր, որ այդ ձերբակալությունը հավասարազոր էր իր իրավական կարգավիճակի կորուստը հաստատելուն: Հետագայում նա տեղափոխվեց Պիրան, որտեղ հանդիպեց Սլովենիայի քաղաքացի Հ.Շ.-ին, ումից երկու երեխա ունեցավ, ովքեր Սլովենիայի քաղաքացիներ են: Նա հայտարարում էր, որ ինքը որևէ հայց չի ներկայացրել, որպեսզի կարգավորի իր կարգավիճակը, քանզի հստակ կերպով չի կարող բավարարել գործող օրենսդրությամբ նախատեսված պայմանները: “Իրավական կարգավիճակի մասին” օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, 1999թ. դեկտեմբերի 13-ին տկն. Մեզգան մշտական բնակության թույլտվություն ստանալու դիմում ներկայացրեց: Նախարարությունը նրան հինգ անգամ խնդրել է լրացնել դիմումը և իրազեկել, որ նա կարող է նաև մշտական բնակության թույլտվություն պահանջել ընտանիքի վերամիավորման մասին դրույթների հիման վրա: 2004թ. ապրիլի 14-ին դիմողը Նախարարությանը խնդրեց Սահմանադրական դատարանի 2003թ. ապրիլի 3-ի որոշման նորմեր սահմանող մասի 8-րդ հոդվածի հիման վրա լրացուցիչ որոշում կայացնել /տես վերը նշված 60-րդ կետը/: 2004թ. ապրիլի 29-ին “Քաղաքացիության մասին” օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա տիկինը դիմեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: 2004թ. հոկտեմբերի 15-ին նա Պիրանի վարչական միավորումում մասնակցեց մի հանդիպման, որը վերաբերում էր մշտական բնակության թույլտվության համար հայցին: 2004թ. հոկտեմբերի 25-ին նրան խնդրեցին լրացնել իր դիմումը: 2004թ. նոյեմբերի 5-ին Կենսաթոշակային և հաշմանդամության ապահովագրության ինստիտուտը հայտարարեց, որ իրենց թղթապանակներում Սլովենիայում դիմողի աշխատանքի վերաբերյալ գրանցում կա: 2004թ. դեկտեմբերի 6-ին Նախարարությունը դադարեցրեց այն վարույթը, որը վերաբերում էր մշտական բնակության թույլտվության համար դիմողի խնդրանքին՝ առ այն, որ անգործունակ է և չի կարող ապացուցել, որ ինքը 1990թ. դեկտեմբերի 23-ից փաստացի բնակվել է Սլովենիայում: Քաղաքացիության վերաբերյալ վարույթում 2005թ. նոյեմբերի 18-ին Նախարարությունը դիմողին երկու ամիս ժամանակ տվեց իր դիմումն ավարտին հասցնելու համար: Ի թիվս այլ բաների, նա պետք է ապացուցեր, որ ինքը 1990թ. դեկտեմբերի 23-ից ի վեր փաստացի բնակվել է Սլովենիայում: 2006թ. հունիսի 13-ին Նախարարությունը մերժեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը: 2007թ. օգոստոսի 10-ին որպես Սլովենիայի քաղաքացու ընտանիքի անդամ դիմողը դիմեց ժամանակավոր թույլտվություն ստանալու համար: 2007թ. սեպտեմբերի 13-ին նա ստացավ ժամանակավոր կացության թույլտվություն, որը վավեր էր մինչև 2012թ. սեպտեմբերի 13-ը: 2010թ. հուլիսի 22-ին “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա դիմողը դիմեց մշտական բնակության թույլտվության համար: 2011թ. մարտի 1-ին նրան տվեցին ի սկզբանե և այդ ժամանակվանից բնակության թույլտվություն: Այդ թույլտվությունները նրան հանձնվեցին 2011թ. մարտի 2-ին: Դիմողը հայտարարում էր, որ անգամ մշտական բնակության թույլտվությունն ստանալուց հետո ինքը դժվարությունների է հանդիպում իր բժշկական առողջապահությունը և սոցիալական ֆինանսական աջակցության հարցերը կարգավորելու գործում: Տիկինն առողջական լուրջ խնդիրներ ուներ:
Տկն. Լյուբենկա Ռիստանովիչ Տկն. Ռիստանովիչը ծնվել է 1968թ. նոյեմբերի 19-ին, Զավիդովիչիում /Բոսնիա-Հերցեգովինա/: Ներկայումս նա Սերբիայի քաղաքացի է: Աշխատանք փնտրելու նպատակով նա Լյուբլյանա /Սլովենիա/ է տեղափոխվել 1986թ.: Այնտեղ ամուսնացել է, իսկ 1988թ. օգոստոսի 20-ին ծնվել է նրա որդին՝ հինգերորդ դիմող պրն. Տրիպուն Ռիստանովիչը: Տկն. Ռիստանովիչը որպես մշտական բնակիչ Լյուբլյանայում գրանցված է եղել 1986թ. օգոստոսի 6-ից մինչև 1991թ. նոյեմբերի 20-ը: Տկն. Ռիստանովիչը հայտարարում էր, որ ինքը կարծում էր, թե որպես մշտական բնակիչ իրեն ինքնաբերաբար կտային Սլովենիայի քաղաքացիություն: Սակայն 1994թ. և տկն. Ռիստանովիչին, և նրա որդուն Սլովենիայից արտաքսեցին: Նա հայտարարում էր, որ այդ ժամանակ ինքը տեղեկացել է “ջնջելու” մասին: Այնուամենայնիվ, տկն. Ռիստանովիչի ամուսինը, ով համապատասխան ժամանակ աշխատանքի և ժամանակավոր բնակության թույլտվություն ուներ, մնաց Սլովենիայում: Ավելի ուշ նա ստացավ մշտական բնակության թույլտվություն: Պատասխանող Կառավարության հայտարարության համաձայն` տկն. Ռիստանովիչն իր համայնքից հեռացել է առանց իր մշտական բնակությունը գրանցումից հանելու, իսկ նրա անձնական գործը մշտական բնակիչների ռեգիստրից տեղափոխվել էր այն անձանց ռեգիստր, ովքեր “արտագաղթել էին առանց գրանցումից դուրս գալու”: Դիմողը հայտարարում էր, որ ինքը Սերբիայում ապրել է իբրև փախստական և երկար տարիներ մնացել է առանց ինքնությունը հաստատող որևէ փաստաթղթի: 2004թ. նա Սերբիայում ինքնությունը հաստատող քարտ էր ստացել, իսկ 2005թ.` սերբական անձնագիր: Նա հայտարարում էր, որ ինքն ու իր որդին չէին դիմել Սլովենիայում մշտական բնակության թույլտվություն կամ քաղաքացիություն ստանալու համար, քանի որ երկար տարիներ չէին բավարարել գործող օրենսդրությամբ Սլովենիայում փաստացի բնակվելու պայմանը: Տկն. Ռիստանովիչն “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա որևէ հայց չի ներկայացրել: Նա հայտարարում էր, որ ինքը լուրջ առողջական խնդիրներ ունի:
Պրն. Տրիպուն Ռիստանովիչ Պրն. Տրիպուն Ռիստանովիչը ծնվել է 1988թ. օգոստոսի 20-ին, Լյուբլյանայում /Սլովենիա/: Նա չորրորդ դիմողի՝ տկն. Լյուբենկա Ռիստանովիչի որդին է: Նա Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքացի է: Պրն. Ռիստանովիչը որպես մշտական բնակիչ Լյուբլյանայում գրանցված է եղել 1988թ. օգոստոսի 20-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: 1994թ. պրն. Ռիստանովիչը, ով այդ ժամանակ անչափահաս էր, իր մոր հետ Սլովենիայից արտաքսվեց: Որպես փախստական նա մոր հետ երկար տարիներ ապրում էր Սերբիայում: 2004թ. Բոսնիա-Հերցեգովինայի իշխանությունները պրն. Ռիստանովիչին տվեցին անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթ և անձնագիր: Քանի որ նա սերբական որևէ փաստաթուղթ չուներ, ենթադրաբար բնակվել էր Սերբիայում՝ արտաքսվելու մշտական վախը սրտում: 2010թ. նոյեմբերի 9-ին Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի հիման վրա նա դիմեց մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: 2011թ. մարտի 10-ին նրան տվեցին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե բնակության թույլտվություն: 2011թ. մարտի 11-ին փաստաթղթերը հանձնվեցին նրան, և դիմողը վերադարձավ Սլովենիա: Ըստ Կառավարության՝ դիմողը խնդրագիր էր ներկայացրել Սահմանադրական դատարան “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի սահմանադրական վերանայման վերաբերյալ: Խնդրագիրը միացրել էին “Ջնջվածների” քաղաքացիական նախաձեռնության և այլ անհատ մարդկանց ներկայացրած խնդրագրերին: Ներկայումս հայցերն ընթացքի մեջ են /տես վերը նշված 81-րդ կետը/:
6. Պրն. Ալի Բերիշա Պրն. Բերիշան ծնվել է 1969թ. մայիսի 23-ին, Պեչում /Կոսովո/, ռոմաների էթնիկական համայնքում: Ըստ Կառավարության՝ նա Սերբիայի քաղաքացի է, Սլովենիա է տեղափոխվել 1985թ., մինչև 1991թ. մայիսի 31-ը աշխատել է Մարիբորի գործարաններից մեկում: Սլովենիայում որպես մշտական բնակիչ նա գրանցված է եղել 1987թ. հոկտեմբերի 6-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: Ենթադրաբար 1991թ. նա որոշ ժամանակ անցկացրել է Կոսովոյում՝ իր հիվանդ մոր հետ: Հավանաբար դա է եղել պատճառը, որ նա այդ ժամանակ չի դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: 1993թ. դիմողը կալանվել է Սլովենիայի սահմանապահ ոստիկանության կողմից, երբ Գերմանիայում գտնվող ազգականներին այցելելուց հետո նորից մուտք էր գործում երկիր: Նրանից վերցրին ՀՍԴՀ-ի անձնագիրը և տասը օր պահեցին օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր պահման կենտրոնում: Դիմողը հայտարարում էր, որ այդ ժամանակ ինքը տեղեկացավ “ջնջելու” մասին: Ավելին, 1993թ. հուլիսի 3-ին նրան արտաքսեցին Տիրանա /Ալբանիա/՝ ենթադրաբար առանց որևէ որոշման: Ալբանական ոստիկանությունը դիմողին վերադարձրեց Սլովենիա, որովհետև նա վավեր անձնագիր չուներ: Նրան նորից տեղավորեցին ժամանակավոր պահման կենտրոնում, որտեղից նա գիշերը փախուստ կատարեց: 1993թ. դիմողը փախավ Գերմանիա, որտեղ այդ ժամանակ Կոսովոյում անկայուն իրավիճակի պատճառով մարդասիրական նկատառումներից ելնելով՝ նրան տվեցին ժամանակավոր բնակության թույլտվություն: 1996թ. օգոստոսի 9-ին նա ամուսնացավ Մ.Մ.-ի հետ, ով ծնվել էր Կոսովոյում և նույնպես ռոմաների էթնիկական խմբին էր պատկանում: 1997-2003թթ. ընթացքում, երբ ընտանիքն ապրում էր Գերմանիայում, նրանք չորս երեխա ունեցան: 2005թ. Գերմանիայի իշխանությունները մերժեցին դիմողի խնդրանքը նրա բնակության թույլտվությունը նորից երկարացնելու մասին, որովհետև Կոսովոյում տիրող ընդհանուր իրավիճակը բավականաչափ կայուն էր համարվում, որպեսզի նա վերադառնար այնտեղ: Նրան կարգադրեցին մինչև 2005թ. սեպտեմբերի 30-ը իր ընտանիքի հետ մեկտեղ լքել Գերմանիան: Անհայտ ժամանակ դիմողն ու նրա ընտանիքի անդամները խնդրանքներ էին ներկայացրել Գերմանիայում ապաստան ստանալու համար: Հետագայում դիմողն ու նրա ընտանիքը վերադարձան Սլովենիա: 2005թ. հուլիսի 13-ին դիմողն ու նրա ընտանիքը դիմում ներկայացրին ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար: 2005թ. հուլիսի 25-ին “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի հիման վրա նրանք դիմեցին նաև մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: Քանի որ նրանք կարծում էին, որ իրենք կանգնած են արտաքսվելու վտանգի առաջ, 2005թ. սեպտեմբերի 26-ին նրանք նաև խնդրանքներ ներկայցրին ապաստան ստանալու համար: Ի լրումն դրա՝ դիմողը ջանում էր փախստականի կարգավիճակ ստանալ: Ապաստանի մասին խնդրանքները հետ վերցնելուց հետո, 2005թ. հոկտեմբերի 19-ին Նախարարությունը դադարեցրեց վարույթը: Նախարարությունը նաև կարգադրեց, որպեսզի դիմողն ու նրա ընտանիքը վերադառնան Գերմանիա: 2005թ. հոկտեմբերի 28-ին տրվեց տեղափոխման հրամանը, սակայն այն չկատարվեց: 2005թ. նոյեմբերի 10-ին տրվեց տեղափոխության վերաբերյալ մի նոր հրաման, որով տեղափոխման օր էր սահմանված 2005թ. նոյեմբերի 18-ը: Դիմողը հայց ներկայացրեց վարչական դատարան: 2005թ. նոյեմբերի 15-ին նրա խնդրանքը բավարարվեց: Այդ ժամանակ Amnesty International-ի ջանքերի շնորհիվ տեղական ու միջազգային հանրության կողմից այդ գործը մեծ ուշադրության արժանացավ: 2006թ. փետրվարի 27-ին ընտանիքը ևս մեկ անգամ դիմեց Սլովենիայում ապաստան ստանալու խնդրանքով: Այդ ժամանակ նրանք ապրում էին ապաստան հայցողների համար նախատեսված կենտրոնում: 2006թ. ապրիլի 28-ին դիմողը բողոք ներկայացրեց Վարչական դատարան՝ հայտարարելով, որ իր, իր կնոջ և իրենց չորս երեխաների համար մշտական բնակության թույլտվությանը վերաբերող հայցում վարչական մարմիններն անգործություն էին ցուցաբերել: 2006թ. հուլիսի 19-ին Գերմանիայի իշխանությունները Սլովենիայի իշխանություններին տեղեկացրին, որ Դուբլինյան համաձայնագրով Գերմանիան ունի ապաստանի վերաբերյալ Բերիշաների ընտանիքի ներկայացրած խնդրանքը քննելու ընդդատություն: 2006թ. հուլիսի 28-ին Սլովենիայում ծնվեց դիմողի հինգերորդ երեխան: 2006թ. հոկտեմբերի 30-ին, ի լրումն Գերմանիայի իշխանությունների՝ վերը նշված որոշման, Նախարարությունը որոշեց, որ ինքն իրավասություն չունի քննելու ապաստանի մասին դիմողի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած խնդրանքները, և նրանք պետք է հանձնվեն Գերմանիային: Նախարարությունը նաև թարմ ապացույցներ էր ստացել այն մասին, որ պրն. Բերիշան և նրա ընտանիքի անդամները Գերմանիայում ապաստան հայցողներ են, որտեղ այդ նպատակով ֆինանսական օժանդակություն էին ստացել: 2006թ. նոյեմբերի 5-ին դիմողն ու նրա ընտանիքը հայց ներկայացրին Վարչական դատարան, որով վիճարկում էին Նախարարության որոշումը: Նույն օրը նրանք նաև խնդրեցին, որպեսզի վիճարկվող որոշումը չկատարվի և հետ վերցրեցին ապաստանի վերաբերյալ իրենց դիմումը /տես վերը նշված 147-րդ կետը/: Ըստ դիմողի՝ 2006թ. նոյեմբերի 7-ին Նախարարությունը վերստին փորձել է իրեն և իր ընտանիքի անդամներին տեղափոխել Գերմանիա: 2006թ. նոյեմբերի 15-ին Վարչական դատարանը չեղյալ հայտարարեց տեղափոխման մասին հրամանը: Նախարարությունը բողոք ներկայացրեց: 2006թ. դեկտեմբերի 28-ին Գերագույն դատարանը հաստատեց 2006թ. հոկտեմբերի 30-ի Նախարարության որոշումն առ այն, որ Դուբլինյան համաձայնագրով դիմողի խնդրանքի վերաբերյալ Գերմանիան իրավասություն ունի որոշում ընդունել ապաստանի մասին: 2007թ. փետրվարի 1-ին դիմողն ու նրա ընտանիքի անդամները հանձնվեցին Գերմանիային, որտեղ նրանք ապրել են “հանդուրժ-ողականության” կարգավիճակով: Ոչ դիմողը, ոչ էլ նրա ընտանիքի անդամները չեն դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Ապաստանի վերաբերյալ հայցի համատեքստում 2008թ. ապրիլի 18-ին Սահմանադրական դատարանը մերժեց դիմողի ներկայացրած սահմանադրական բողոքը: 2010թ. հոկտեմբերի 19-ին պրն. Բերիշային՝ ի լրումն 2005թ. հուլիսի 25-ին ներկայացրած խնդրանքի՝ շնորհեցին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե բնակության թույլտվություն /տես վերը նշված 143-րդ կետը/: Թույլտվությունները նրան հանձնվեցին 2010թ. նոյեմբերի 24-ին, Մյունխենում՝ Սլովենիայի հյուպատոսության միջոցով: Դիմողը, ով ներկայումս դեռևս բնակվում է Գերմանիայում, հայտարարում էր, որ առայժմ իրեն արգելում են վերադառնալ Սլովենիա, քանզի իր հինգ երեխաներն ու կինն այնտեղ իրավական որևէ կարգավիճակ չունեն և “Օտարերկրացիների մասին” օրենքի համաձայն չեն կարող բավարարել ընտանիքի վերամիավորման պահանջները: Չնշված ամսաթվով դիմողը փոխհատուցման վերաբերյալ հայց է ներկայացրել դատախազություն, որը մերժվել է: Ըստ պատասխանող Կառավարության՝ նա դատավարություն չի նախաձեռնել:
7. Պրն. Իլֆան Սադիկ Ադեմի Պրն. Ադեմին ծնվել է 1952թ. հուլիսի 28-ին, Սկոպյեում / Մակեդոնիա/, ռոմաների էթնիկական համայնքում: Ներկայումս նա Մակեդոնիայի քաղաքացի է: 1977թ. նա տեղափոխվել է Սլովենիա, որտեղ աշխատել է մինչև 1992թ.: Իբրև մշտապես բնակվող նա այնտեղ գրանցված է եղել 1977թ. սեպտեմբերի 27-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: Ըստ դիմողի՝ 1991թ. ինքը բաց է թողել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար դիմելու վերջնաժամկետը: 1993թ. ընթացիկ ստուգումներ կատարելու ժամանակ ոստիկանությունն իրեն կանգնեցրել էր: Քանի որ ինքն անձը հաստատող վավեր փաստաթղթեր չուներ, իրեն և ընտանիքի անդամներին վտարել էին Հունգարիա: Դիմողը հայտարարում էր, որ ինքն այդ ժամանակ էր տեղեկացել “ջնջելու” մասին: Դրանից կարճ ժամանակ անց դիմողն ու իր ընտանիքը տեղափոխվեցին Խորվաթիա, որտեղից էլ անօրինական կերպով վերստին մուտք գործեցին Սլովենիա: 1992թ. նոյեմբերի 23-ին դիմողը փաստաբանի օգնությամբ դիմեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Ավելի ուշ դիմողը տեղափոխվեց Գերմանիա, որտեղ ինքն իրեն հայտարարեց քաղաքացիություն չունեցող անձ, ստացավ ժամանակավոր բնակության թույլտվություն և օտարերկրացիների համար նախատեսված անձնագիր: 1999թ. փետրվարի 9-ին նա Մակեդոնիայի Հանրապետության դեսպանությանը խնդրեց իրեն անձնագիր տալ, սակայն բացասական պատասխան ստացավ, քանզի այդ երկրի քաղաքացի չէր: 2005թ. փետրվարի 16-ին “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի հիման վրա դիմողը դիմեց մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: 2005թ. ապրիլի 20-ին Նախարարությունը նրանից պահանջեց իր դիմումին ավելացնել քաղաքացիության մասին ապացույցը: 2005թ. մայիսի 26-ին նրա դիմումը մերժեցին այն հիմքով, որ նա քաղաքացիություն չունեցող անձ է: Նախարարությունը հայտարարում էր, որ Իրավական կարգավիճակի մասին օրենքը կիրառելի էր միայն նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների նկատմամբ: 2005թ. հուլիսի 11-ին Նախարարությունը պատասխանեց դիմողի նամակին, որով նա հետամուտ էր լինում, որպեսզի քննեին Սլովենիայի քաղաքացիություն ստանալու վերաբերյալ 1992թ. ներկայացրած իր դիմումը: Դրանով նրան տեղեկացնում էին, որ քանի որ ինքը նախորդ տասը տարվա ընթացքում Սլովենիայում չի բնակվել, ապա “Քաղաքացիության մասին” փոփոխված օրենքի համաձայն չի բավարարում Սլովենիայի քաղաքացիություն ստանալու պահանջները: 2005թ. սեպտեմբերի 9-ին Սլովենիայի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը մերժվեց: 2007թ. հուլիսի 31-ին “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի հիման վրա դիմողը վերստին դիմեց մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: 2008թ. մարտի 31-ին Նախարարությունը մերժեց նրա դիմումը՝ այս անգամ ևս այն հիմքով, որ նա նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետություններից որևէ մեկի քաղաքացի չէ: Դիմողը հայց ներկայացրեց Վարչական դատարան: 2009թ. փետրվարի 18-ին Վարչական դատարանը հաստատեց Նախարարության որոշումը, որով մերժվել էր մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմողի խնդրանքը: Դիմողը բողոքարկեց այդ որոշումը: 2010թ. հոկտեմբերի 6-ին Գերագույն դատարանը բավարարեց նրա բողոքը և գործն ուղարկեց կրկնական քննության: Դատարանը նշում էր, որ այդ ընթացքում ընդունվել էր “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը, և դիմողի խնդրանքը պետք է հիմա քննվի նոր օրենսդրության լույսի ներքո: Այդ դատավարության ընթացքում դիմողը ներկայացրեց մակեդոնական անձնագիրը, որը տրվել էր 2010թ. օգոստոսի 19-ին: 2011թ. ապրիլի 20-ին պրն. Ադեմիին շնորհվեցին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե բնակության թույլտվություններ: Դրանք նրան հանձնվեցին 2011թ. մայիսի 23-ին: Դիմողը, ով առողջական լուրջ խնդիրներ ուներ, ներկայումս բնակվում է և Սլովենիայում, և Գերմանիայում, որտեղ այդ նույն միջոցին նրա ժամանակավոր կարգավիճակը դադարեցվել է:
8. Պրն. Զորան Մինիչ Պրն. Զորան Մինիչը ծնվել է 1972թ. ապրիլի 4-ին, Պոդուևոյում /Կոսովո/: Ըստ Կառավարության՝ նա Սերբիայի քաղաքացի է: Նա ընտանիքի հետ Սլովենիա է տեղափոխվել 1977թ.: Դիմողն ավարտել է տարրական դպրոցը, որից հետո սովորել է խոհարարների եռամյա դպրոցում: Նա Սլովենիայում որպես բնակիչ գրանցված է եղել 1984թ. օգոստոսի 1-ից մինչև 1992թ. փետրվարի 26-ը: Ըստ դիմողի՝ 1991թ. ինքն այցելելիս է եղել Կոսովոյում ապրող իր տատիկին ու պապիկին, այդ պատճառով էլ ինքն ու իր ընտանիքի անդամները մեկ ամսով բաց էին թողել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը, որովհետև Կոսովոյում պատերազմը դժվարացրել էր անհրաժեշտ փաստաթղթեր հավաքելը: Ըստ Կառավարության՝ որևէ ապացույց չկար առ այն, որ պրն. Մինիչը 1991թ. դիմել էր Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: Ի լրումն դրա, դիմողի աշխատանքային փաստաթղթերից պարզ էր, որ նա 1992-1999թթ. աշխատել էր Պոդուևոյում: Նա ամուսնացել էր Սերբիայի քաղաքացու հետ, ումից չորս երեխա ունի: Դիմողը հայտարարում էր, որ ինքը գտել է, որ իրեն իր ընտանիքի այլ անդամների հետ միասին “ջնջել” էին, երբ փորձել էր Սլովենիայում կարգավորել իր կարգավիճակը: Սլովենիայում առանց որևէ իրավական կարգավիճակի, ապրելու անտանելի պայմանների պատճառով նա հարկադրված էր եղել ժամանակավորապես տեղափոխվել Կոսովո: Մի քանի առիթներով նա վերադարձել էր Սլովենիա: 2002թ. դիմողը Սլովենիայում ոստիկանության կողմից ձերբակալվել էր, քանի որ աշխատում էր առանց թույլտվության: Նրան դատական կարգով հետապնդել էին, կարգադրել տուգանք վճարել և 2002թ. հունիսի 5-ին, չնայած 1999թ. փետրվարի 4-ի Սահմանադրական դատարանի որոշմանը, առանց որևէ պաշտոնական հրամանի արտաքսել էին Հունգարիա /տես վերը նշված 41-48 կետերը/: Դիմողը հայտարարում էր, որ ինքը երկար տարիներ չի դիմել Սլովենիայում իրավական կարգավիճակ ստանալու համար, որովհետև այդ ժամանակ գործող օրենսդրության համաձայն չէր բավարարում Սլովենիայի քաղաքացիության կամ մշտական բնակության թույլտվության համար ներկայացվող պայմանները: Ինչ վերաբերում է նրա ընտանիքին, ապա ի վերջո 2000թ. Սլովենիայի քաղաքացիություն շնորհեցին նրա մորը, իսկ 2003թ.՝ քույրերին ու եղբորը: 2003թ. ապրիլի 3-ի Սահմանադրական դատարանի որոշումից հետո /տես վերը նշված 58-60 կետերը/, 2003թ. սեպտեմբերի 15-ին դիմողը “Քաղաքացիության մասին” փոփոխված օրենքի համաձայն դիմում ներկայացրեց Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար: 2004թ. ապրիլի 26-ից մինչև հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Նախարարությունը հինգ անգամ դիմողին խնդրել էր լրացնել դիմումը և ապացույցներ ներկայացնել առ այն, որ, ի թիվս այլ բաների, 1990թ. դեկտեմբերի 23-ից սկսած ինքն անընդմեջ բնակվել է Սլովենիայում: Երբ նա չկարողացավ դա անել, նրան ծանուցագիր ուղարկեցին Նախարարությունում դատական քննության համար: 2004թ. դեկտեմբերի 17-ին նա հաստատեց իր աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը, այն է՝ որ ինքը 1992թ. հունվարի 8-ից մինչև 1999թ. ապրիլի 6-ը աշխատել էր Պոդուևոյում /Կոսովո/ և, այդպիսով, 1990թ. դեկտեմբերի 23-ից Սլովենիայում անընդմեջ չէր բնակվել: 2006թ. փետրվարի 21-ին Սլովենիայի քաղաքացիություն ստանալու նրա դիմումը մերժվեց: Այդ որոշումը պրն. Մինիչին հանձնվեց 2006թ. հունիսի 28-ին և հուլիսի 2-ին՝ Սլովենիա կատարած ուղևորության ընթացքում: 2006թ. հուլիսի 17-ին դիմողը հայց ներկայացրեց Վարչական դատարան: 2006թ. հունիսի 30-ին Իրավական կարգավիճակի մասին օրենքի համաձայն նա դիմեց մշտական բնակության թույլտվություն ստանալու համար: 2007թ. մարտի 29-ին Նախարարությունում տեղի ունեցավ նիստ: 2007թ. հուլիսի 14-ին դիմողն իր խնդրանքը պաշտպանող լրացուցիչ փաստաթղթեր ներկայացրեց: 2007թ. հուլիսի 18-ին Նախարարությունը մերժեց դիմողի դիմումը, քանզի նա չէր բավարարում Սլովենիայում փաստացի բնակության ցենզի պահանջները: 2007թ. սեպտեմբերի 19-ին դիմողը հայց ներկայացրեց Վարչական դատարան: 2008թ. սեպտեմբերի 10-ին Սլովենիայի քաղաքացիության վերաբերյալ դիմումին առնչվող վարչական վարույթի համատեքստում Սահմանադրական դատարանը մերժեց նրա ներկայացրած սահմանադրական բողոքը: 2008թ. նոյեմբերի 26-ին Վարչական դատարանը չեղյալ հայտարարեց 2007թ. հուլիսի 18-ի Նախարարության որոշումը /տես վերը նշված 187-րդ կետը/ և գործն ուղարկեց կրկնական քննության: 2009թ. հուլիսի 24-ին Նախարարությունը նորից մերժեց դիմողի խնդրանքը, քանի որ նա չէր բավարարում Սլովենիայում փաստացի բնակության պահանջը: Այնուհետև դիմողը հայց ներկայացրեց Վարչական դատարան: Նա հայտարարում էր, որ 1992թ. Կոսովոյում ինքն անելանելի վիճակում էր գտնվում և չէր կարողանում այնտեղից դուրս գալ, իսկ դրանից հետո որքան հնարավոր է հաճախ էր վերադառնում Սլովենիա, սակայն պատերազմն ու այլ հանգամանքներ իրեն թույլ չէին տվել դա անել: Ավելին, նա Կոսովոյի սերբ էր, ում Սերբիայում տեղահանված անձի կաևրգավիճակ էին տվել այն բանից հետո, երբ Կոսովոյի իր տունը հրկիզվել էր: Մի քանի առիթներով նա Սլովենիայում փորձել էր կարգավորել իր կարգավիճակը, սակայն 2002թ. արտաքսվել էր: Նրա ծնողները, եղբայրն ու երկու քույրերը՝ բոլորն էլ Սլովենիայի քաղաքացիներ էին: 2011թ. հումվարի 19-ին Վարչական դատարանը չեղյալ համարեց Նախարարության որոշումը և գործն ուղարկեց կրկնական քննության՝ նշելով, որ նրա խնդրանքը պետք է քննվի “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա: 2011թ. մայիսի 4-ին դիմողին տրվեց և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն: Դրանք նրան հանձնվեցին 2011թ. հունիսի 9-ին: 2011թ. հունիսի 1-ին դիմողը Գլխավոր դատախազություն հայց ներկայացրեց փոխհատուցման վերաբերյալ: Նրա հայցը մերժվեց օրենքով սահմանված վերջնաժամկետն սպառվելու պատճառով՝ այն հիմքով, որ նա “ջնջման” պատճառած վնասի մասին տեղեկացել էր այն ժամանակ, երբ դիմել էր Սլովենիայի քաղաքացիություն կամ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար:
II. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. Ներպետական օրենսդրությունն ու պրակտիկան
Սլովենիայի նախկին Սոցիալիստական Հանրապետության օրենսդրությունը
/ա/ Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետության օրենքը “Քաղաքացիության մասին” /Zakon o državljanstvu Socialistične republike Slovenije – Official Gazette of the SRS, no. 23/76 of 1976/
Սույն օրենքի 1-ին հոդվածում նախատեսված է, որ Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի միաժամանակ հանդիսանում է ՀՍԴՀ-ի քաղաքացի՝ այսպիսով սահմանելով հանրապետության քաղաքացիության գերակայությունը:
/բ/ “Օտարերկրացիների բնակության և տեղաշարժի մասին” օրենքը / Zakon o gibanju in prebivanju tujcev – Official Gazette of the SFRY, no. 56/80 of 1980, փոփոխություններով/ Սույն օրենքով տարբերակվում էին պետության տարածքում օտարերկրացու համար ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվությունը և ՀՍԴՀ-ի քաղաքացու ժամանակավոր կամ մշտական բնակության վայրը՝ նշելով նրա փաստացի բնակության տեղը:
/գ/ “Բնակության մասին բնակիչների ապացույցի և Բնակչության ռեգիստրի մասին” օրենքը /Zakon o evidenci nastanitve občanov in o registru prebivalstva –Official Gazette of the SRS, no. 6/83 of 1983 and no. 11/91 of 1991/ Սույն օրենքով կարգավորվում էին Սլովենիայի տարածքում մշտական և ժամանակավոր բնակության գրանցումն ու գրանցումից հանելը և բնակչության ռեգիստրը վարելը: 1991թ օրենքի 5-րդ հոդվածը փոփոխվեց՝ դրանով նախատեսված էր հետևյալը՝
“Մշտական բնակության գրանցումը և հասցեի ցանկացած փոփոխության գրանցումը պարտադիր է բոլոր բնակիչների համար, երբ էլ նրանք մշտապես բնակեցվեն որևէ վայրում կամ փոխեն իրենց հասցեն: Մշտական բնակության գրանցումից հանելը պարտադիր է բոլոր այն բնակիչների համար, ովքեր տեղափոխվում են Սլովենիայի Հանրապետության տարածքից ”:
Սլովենիայի Հանրապետության օրենսդրությունը
/ա/ “Բարի մտադրությունների մասին” հայտարարությունը / Izjava o dobrih namenih –Official Gazette of the RS, no. 44/90-I of 1990/ 1990թ. դեկտեմբերի 6-ին Սլովենիայի անկախության մասին հանրաքվեի ընթացքում ընդունված “Բարի մտադրությունների մասին” հայտարարության նպատակն իր անկախությանը հետամուտ լինելիս որոշակի արժեքներին պետության հավատարմության արտահայտությունն էր: Սույն փաստաթղթի համապատասխան դրույթում նախատեսված է՝
“... Սլովենիա պետությունը ... երաշխավորում է այլ ազգերի և ազգությունների պատկանող իր բոլոր անդամների՝ իրենց մշակույթի և լեզվի համապարփակ զարգացման իրավունքը, իսկ բոլոր նրանք, ովքեր մշտապես բնակվում են Սլովենիայում, ցանկության դեպքում ... իրավունք ունեն Սլովենիայի քաղաքացիություն ստանալ”
/բ/ “Սլովենիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին” հիմնարար սահմանադրական խարտիան / Temeljna ustavna listina o samostojnosti in neodvisnosti Republike Slovenije –Official Gazette of the RS no. 1/91-I of 1991/ 1991թ. հունիսի 25-ին հրապարակված “Սլովենիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին” հիմնարար սահմանադրական խարտիայի համապատասխան դրույթներում նախատեսված է՝
Հոդված 3
“Սլովենիայի Հանրապետությունը երաշխավորում է Սլովենիայի Հանրապետության տարածքում բոլորի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանություն՝ անկախ նրանց ազգային ծագումից և առանց որևէ խտրականության, Սլովենիայի Հանրապետության Սահմանադրության և միջազգային պարտադիր համաձայնագրերի համաձայն... ”
/գ/ 1991թ. Սլովենիայի Հանրապետության ինքնիշխանության և անկախության մասին հիմնարար սահմանադրական խարտիային վերաբերող Սահմանադրական օրենքը /Ustavni zakon za izvedbo Temeljne ustavne listine o samostojnosti in neodvisnosti RS – Official Gazette of the RS no. 1/91-I of 1991/ 1991թ. Սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներում նախատեսված է հետևյալը՝
Հոդված 13
“Նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիները, ովքեր Սլովենիայի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացման օրը՝ 1990թ. դեկտեմբերի 23-ին Սլովենիայի Հանրապետությունում գրանցված էին որպես մշտական բնակիչներ և փաստացի բնակվում են այնտեղ, պետք է մինչև “Սլովենիայի Հանրապետության քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածի համաձայն քաղաքացիություն ձեռք բերելը կամ մինչև “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածում ամրագրված ժամկետի սպառվելն ունենան Սլովենիայի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներ և պարտականություններ...”
/դ/ Սլովենիայի Հանրապետության Սահմանադրությունը /Ustava Republike Slovenije, Official Gazette no. 33/91-I of 1991/
Սլովենիայի Հանրապետության Սահմանադրության համապատասխան դրույթներում նախատեսված է հետևյալը՝
Հոդված 8
“Օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրորեն ընդունված սկզբունքներին և Սլովենիայի համար պարտադիր պայմանագրերին: Վավերացված և հրապարակված պայմանագրերը կիրառվում են ուղղակիորեն”:
Հոդված 14
“Սլովենիայում յուրաքանչյուր ոք ունի երաշխավորված իրավունքներ և հիմնարար ազատություններ՝ անկախ ծագումից, ռասայից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, նյութական դիրքից, ծնունդից, կրթությունից, սոցիալական կարգավիճակից կամ անձնական այլ հանգամանքներից:
Օրենքի առաջ բոլորը հավասար են”:
Հոդված 26
“Յուրաքանչյուր ոք ունի պետության անունից կատարվող գործառույթի կամ գործունեությամբ զբաղվող անձի կամ մարմնի կամ պետական պաշտոն զբաղեցնողի կողմից անօրինական գործողության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման իրավունք:
Յուրաքանչյուր ոք, ով վնաս է կրել, օրենքի համաձայն նաև իրավունք ունի փոխհատուցում պահանջել անմիջապես այն անձից կամ մարմնից, որը պատճառել է վնասը”:
...
/զ/ Սլովենիայի Հանրապետության “Քաղաքացիության մասին” օրենքը / Zakon o državljanstvu Republike Slovenije, Official Gazette nos. 1/91-I, 30/91 and 96/2002 of 1991 and 2002/
“Քաղաքացիության մասին” օրենքի համապատասխան դրույթներով նախատեսված է հետևյալը՝
Հոդված 10
“Իրավասու մարմինն իր հայեցողության շրջանակում կարող է ընդունել հպատակագրման մասին անձի խնդրանքը, եթե դա համապատասխանում է ազգային շահերին: Անձը պետք է բավարարի հետևյալ պայմանները՝ լինի տասնութ տարեկան. ազատված լինի ներկա քաղաքացիությունից կամ ապացուցի, որ ինքը դրանից կազատվի, եթե ձեռք բերի Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն. տասը տարի փաստացի բնակված լինի Սլովենիայում, որից հինգ տարին՝ դիմումը ներկայացնելուց առաջ անընդմեջ. ունենա եկամտի մշտական երաշխավորված աղբյուր՝ առնվազն այնպիսի քանակով, որը կապահովի նյութական և սոցիալական ապահովություն. ամենօրյա հաղորդակցության համար տիրապետի սլովեներենին. օրենքով հետապնդվող քրեական իրավախախտման համար մեկ տարուց ավելի դատապարտված չլինի այն երկրում, որի քաղաքացին է կամ Սլովենիայում՝ պայմանով, որ այդ իրավախախտումը պատժելի է նրա երկրի կամ Սլովենիայի Հանրապետության ենթաօրենսդրական ակտերի հիման վրա. նրա բնակությունը Սլովենիայի Հանրապետությունում արգելված չլինի. անձի հպատակագրումը պետք է որևէ սպառնալիք չներկայացնի պետության հասարակական կարգի, անվտանգության կամ պաշտպանության համար.
...”
Հոդված 39
“Գործող օրենսդրության համաձայն` Սլովենիայի Հանրապետության և Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության քաղաքացիություն ստացած անձը սույն օրենքով համարվում է Սլովենիայի քաղաքացի”:
Հոդված 40
“Նախկին ՀՍԴՀ-ի մեկ այլ հանրապետության քաղաքացիները, ովքեր 1990թ. դեկտեմբերի 23-ին՝ Սլովենիայի Հանրապետության անկաախության հանրաքվեի օրը որպես մշտական բնակիչներ գրանցված էին Սլովենիայի Հանրապետությունում և փաստացի ապրում են այնտեղ, ձեռք են բերում Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դիմում են ներկայացնում իրենց բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմնի ներքին գործերի բաժին...”
2002թ. նոյեմբերի 14-ին փոփոխվեց Սլովենիայի Հանրապետության “Քաղաքացիության մասին” օրենքը: Համապատասխան դրույթում նախատեսված է հետևյալը՝
Հոդված 19
“Չափահաս անձը, ով 1990թ. դեկտեմբերի 23-ին Սլովենիայի Հանրապետության տարածքում գրանցված էր իբրև մշտական բնակիչ և մինչ այդ օրն անընդմեջ բնակվել էր այնտեղ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կարող է դիմել Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե նա բավարարում է սույն օրենքի ...-ում ամրագրված պահանջները:
Սույն օրենքի ...-ում ամրագրված պահանջները դիմողի կողմից բավարարելու մասին նախորդ ենթակետի համաձայն որոշում ընդունելիս` իրավասու մարմինը կարող է հաշվի առնել պետությունում դիմողի մնալու տևողությունը, Սլովենիայի Հանրապետության հետ նրա անձնական, ընտանեկան, գործարար, սոցիալական կամ այլ կապերը և քաղաքացիությունը մերժելու ապագա հետևանքները դիմողի համար:
...”
/է/ “Օտարերկրացիների մասին” օրենքը /Zakon o tujcih, Official Gazette no. 1/91-I of 1991/
“Օտարերկրացիների մասին” օրենքի համապատասխան դրույթներում ասված է հետևյալը՝
Հոդված 13
“Վավեր անձնագրով Սլովենիայի Հանրապետության տարածք մուտք գործող անձը կարող է այնտեղ մնալ երեք ամիս կամ այնքան ժամանակ, քանի դեռ նրան թույլ է տալիս տրված անձնագիրը, եթե միջազգային համաձայնագրով այլ բան նախատեսված չէ...
Սլովենիայի Հանրապետության տարածքում կրթության, մասնագիտացման, աշխատանքի, բուժման, մասնագիտական փորձի նպատակով, կամ Սլովենիայի Հանրապետության քաղաքացու հետ ամուսնության, Սլովենիայի Հանրապետության տարածքում անշարժ գույքի, կամ պետությունում աշխատանքի շնորհիվ իրավունքի գործադրման կամ պետությունում նրա բնակությունը պահանջող որևէ հիմնավոր պատճառով նախորդ ենթակետում նախատեսված ավելի երկար ժամանակով մնալու ցանկություն ունեցող օտարերկրացին պետք է դիմի ... ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու համար:
... ”
Հոդված 16
“Մշտական բնակության թույլտվությունը կարող է տրվել այն օտարերկրացուն, ով Սլովենիայի Հանրապետության տարածքում ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա անընդմեջ բնակվում է առնվազն երեք տարի և բավարարում է Սլովենիայի Հանրապետության տարածքում մշտական բնակության համար սույն օրենքի 13 հոդվածում ամրագրված պահանջները...”
Հոդված 23
“Այն օտարեկրացին, ով օտարերկրացու անձնագրի, այցագրի /վիզա/ կամ մուտքի թույլտվության կամ միջազգային համաձայնագրի հիման վրա ապրում է Սլովենիայի Հանրապետության տարածքում ... կամ ում տրվել է ժամանակավոր բնակության թույլտվություն ... նրան կարող են մերժել տալ մնալու թույլտվություն, եթե՝
/ա/ դա են պահանջում հասարակական կարգը, պետության անվտանգությունը կամ պաշտպանությունը.
/բ/ նա չի ենթարկվում պետական իշխանության մարմինների որոշմանը.
/գ/ շարունակաբար խախտում է հասարակական կարգը, պետական սահմանի անվտանգությունը կամ սույն օրենքի դրույթները.
/դ/ պատժելի հանցագործության համար օտարերկրյա կամ ազգային դատարանի կողմից ազատազրկման է դատապարտվել առնվազն երեք ամսվա բանտարկությամբ.
/ե/ ապրուստի բավարար միջոցներ այլևս չունի, և նրա գոյության միջոցներն այլ կերպ չեն ապահովվում.
/զ/ դա է պահանջում հանրային առողջության պաշտպանությունը”:
Հոդված 28
“Այն օտարերկրացուն, ով ներքին գործերի համար պատասխանատու իրավասու պետական կամ վարչական մարմնի պահանջով կամավոր կերպով չի լքում Սլովենիայի Հանրապետության տարածքը, կամ ով սույն օրենքի 13 /1/ հոդվածում նախատեսված կամ ժամանակավոր բնակություն շնորհող որոշման մեջ թույլատրված ժամկետը լրանալուց հետո բնակվում է Սլովենիայի Հանրապետության տարածքում, ներքին գործերի մարմինների իրավասու պաշտոնյան կարող է տանել պետական սահման կամ այն երկրի դիվանագիտական/հյուպատոսական ներկայացուցչություն, ում քաղաքացին է այդ անձը և հրահանգել այդ անձին՝ հատել սահմանը կամ նրան հանձնել որևէ օտար երկրի ներկայացուցչի:
Ներքին գործերի շահագրգիռ մարմինն այն օտարերկրացուն, ով նախորդ ենթակետի համաձայն չի լքում Սլովենիայի Հանրապետության տարածքը և ով որևէ պատճառով չի կարող անմիջապես տեղափոխվել, պետք է կարգադրի երեսուն օրվանից ոչ ավել ժամանակահատվածում բնակվի օտարերկրացիների համար նախատեսված ժամանակավոր կենտրոնում, եթե կասկած կա, որ նա ջանալու է խուսափել այդ միջոցից:
Ներքին գործերի մարմինը կարող է բնակության համար այլ տեղ նշանակել այն օտարերկրացու համար, ով անկարող է անմիջապես լքել Սլովենիայի Հանրապետության տարածքը, սակայն ունի գոյության բավարար միջոցներ”:
Հոդված 81
“Մինչև քաղաքացիություն ստանալու խնդրանքին վերաբերող վարչական վարույթի արդյունքում որոշման վերջնական դառնալը՝ սույն օրենքի դրույթները չեն կիրառվում ՀՍԴՀ-ի այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր այլ հանրապետությունների քաղաքացիներ են և Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար Սլովենիայի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն դիմում են դրա՝ ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Ինչ վերաբերում է ՀՍԴՀ-ի այն քաղաքացիներին, ովքեր այլ հանրապետությունների քաղաքացիներ են, սակայն կամ նախորդ ենթակետում շարադրված վերջնաժամկետում չեն դիմում Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար կամ նրանց մերժում են քաղաքացիություն տալ, սույն օրենքի դրույթները կիրառվում են վերջնաժամկետը լրանալուց հետո երկու ամսվա ընթացքում, որի ժամանակ նրանք կարող են դիմել քաղաքացիության համար կամ այն բանից հետո, երբ նրանց դիմումների վերաբերյալ որոշումը վերջնական է դառնում”:
Հոդված 82
“... Օտարերկրացիների տեղաշարժի և բնակության մասին օրենքի համաձայն տրված մշտական բնակության թույլտվությունները ... վավեր են, եթե այդպիսի թույլտվություն ունեցող օտարերկրացին մշտական բնակություն է ունեցել Սլովենիայի Հանրապետության տարածքում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը”:
208. Նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների քաղաքացիների համար մշտական բնակության թույլտվություն ստանալը դյուրացնելու համար, ովքեր կամ չէին կարողացել դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար կամ “Օտարերկրացիների մասին” օրենքի համաձայն ձեռք չէին բերել բնակության թույլտվություն, 1992թ. սեպտեմբերի 3-ին Կառավարությունն ընդունեց հետևյալ որոշումը՝
“... “Օտարերկրացիների մասին” օրենքի 16-րդ հոդվածում օտարերկրացիների համար մշտական բնակության թույլտվությունների համար վկայակոչված դիմումները քննելիս ... Ներքին գործերի նախարարությունը կարծում է, որ Սլովենիայի Հանրապետության տարածքում մշտական բնակության պայմանը բավարարված է, եթե օտարերկրացին ունի առնվազն երեք տարվա մշտական բնակության գրանցում և փաստացի բնակվում էր այնտեղ նախքան նրա նկատմամբ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթների կիրարկումը”:
/ը/ 1999թ. “Օտարերկրացիների մասին” օրենքը /Zakon o tujcih, Official Gazette nos. 61/99, 108/2002, 112/2005, 107/2006, 71/2008 and 64/2009/
209. 1999թ. “Օտարերկրացիների մասին” օրենքը փոխարինեց 1991թ. “Օտարերկրացիների մասին” օրենքին: Հետագա տարիներին “Օտարերկրացիների մասին” օրենքում կատարվեցին մի քանի փոփոխություններ: 2011թ. այն փոխարինվեց “Օտարերկրացիների մասին” նոր օրենքով /Official Gazette, no. 50/2011/:
Սլովենիայում նախկին ՀՍԴՀ-ի իրավահաջորդ մյուս պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին օրենքը /”Իրավական կարգավիճակի մասին” օրենքը, Zakon o urejanju statusa državljanov drugih držav naslednic nekdanje SFRJ v Republiki Sloveniji, Official Gazette, nos. 61/99 and 54/2000 of 1999 and 2000/
210. 1999թ. փետրվարի 4-ի Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընդունված “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի համապատասխան դրույթներով /տես վերը նշված 41-48 կետերը/ նախատեսվում է՝
Հոդված 1
“Նախկին ՀՍԴՀ-ի մեկ այլ իրավահաջորդ պետության քաղաքացիները /այսուհետև՝ “օտարերկրացիներ”/, ովքեր որպես մշտական բնակիչներ 1990թ. դեկտեմբերի 23-ին գրանցված էին Սլովենիայի Հանրապետության տարածքում և Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակվում են, ինչպես նաև այն օտարերկրացիները, ովքեր 1991թ. հունիսի 25-ին Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակիչներ էին և դրանից ի վեր շարունակաբար բնակվում են այնտեղ, պետք է ունենան մշտական բնակության թույլտվություն՝ անկախ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթներից ..., եթե նրանք բավարարում են սույն օրենքում ամրագրված պահանջները”:
Հոդված 2
“Մշտական բնակության համար դիմումը ներկայացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում ...
Այն օտարերկրացին, ով Սլովենիայի Հանրապետության “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ հոդվածի համաձայն մշտական բնակության համար դիմում է ներկայացրել ..., սակայն որոշում է ստացել առ այն, որ իր դիմումը մերժվել է, կարող է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց կամ որոշումը վերջնական դառնալուց հետո եռամսյա ժամկետում, նախորդ ենթակետի համաձայն դիմում ներկայացնել, եթե այդ որոշումը կայացվել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո...”
211. 2011թ. հուլիսի 24-ին ուժի մեջ մտավ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը /Zakon o spremembah in dopolnitvah Zakona o urejanju statusa državljanov drugih držav naslednic nekdanje SFRJ v Republiki Sloveniji, Official Gazette no. 50/2010 /, որի 1/գ/ կետում նախատեսված է՝
“Սույն օրենքի նպատակներով Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակությունը նշանակում է, որ անհատի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Սլովենիայի Հանրապետությունում, որը որոշվում է նրա անձնական, ընտանեկան, տնտեսական, սոցիալական և այլ կապերի հիման վրա և ցուցադրում է անհատի և Սլովենիայի Հանրապետության միջև փաստացի և մշտական կապերի առկայությունը: Սույն հոդվածի երրորդ ենթակետում վկայակոչված հիմքերի պատճառով Սլովենիայի Հանրապետությունից արդարացված բացակայությունը չի նշանակում Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակության ընդհատում:
Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակության պայմանը բավարարված է, եթե անձը մեկնել է Սլովենիայի Հանրապետությունից, և նրա տևական բացակայությունը՝ անկախ բացակայության պատճառից, չի գերազանցում մեկ տարին:
Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակության պայմանը պետք է բավարարվի նաև այն դեպքում, երբ բացակայությունը տևում է մեկ տարուց ավելի, սակայն արդարացված է հետևյալ պատճառներով՝
- եթե անձը Սլովենիայի Հանրապետությունից մեկնել է Մշտական բնակիչների ռեգիստրից նրան հանելու պատճառով.
- եթե անձը Սլովենիայի Հանրապետությունից մեկնել է, որովհետև գործուղվել է աշխատանքի, ուսման կամ բուժում ստանալու նպատակով Սլովենիայի Հանրապետության իրավաբանական անձի կողմից կամ, անչափահասի դեպքում, դա արել են նրա ծնողները կամ խնամակալները, կամ եթե այդ անձն աշխատում է նավի վրա, որի տեղական նավահանգիստը գտնվում է Սլովենիայի Հանրապետությունում՝ պաշտոնի նշանակման, ուսման, բուժման կամ նավի վրա աշխատելու ժամանակ.
- եթե անձը մեկնել է Սլովենիայի Հանրապետությունից, որովհետև նա համապատասխան պայմանները չբավարարելու պատճառով չի կարողացել Սլովենիայի Հանրապետությունում բնակության թույլտվություն ստանալ, իսկ թույլտվության համար դիմումը մերժվել կամ կասեցվել է կամ էլ դադարեցվել է ընթացակարգը.
- եթե անձը չի կարողացել վերադառնալ Սլովենիայի Հանրապետություն նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության իրավահաջորդ այլ պետություններում պատերազմական վիճակի կամ առողջական խնդիրների պատճառով.
- եթե անձը Օտարերկրացիների մասին օրենքի 28-րդ ... կամ 50-րդ հոդվածի հիմքերով վտարվել է Սլովենիայի Հանրապետությունից ..., եթե այդ անձը հանցագործություն կատարած լինելու համար որպես պատժամիջոց երկրից վտարված օտարերկրացի է.
- եթե անձին մերժել են Սլովենիայի Հանրապետություն մուտք գործելու թույլտվություն տալ, բացառությամբ այն դեպքերի, երբ մուտքը մերժվել է հանցագործություն կատարած լինելու համար արտաքսումը որպես օժանդակ պատժամիջոց կիրառելու պատճառով...
Եթե վերը նշված ենթակետում մեջբերված պատճառներով տեղի ունեցած բացակայությունը, բացառությամբ երկրորդ պարբերությունում մեջբերվածների, տևել է ավելի քան հինգ տարի, համարվում է, որ փաստացի բնակության պայմանը բավարարվում է հինգ տարի ժամկետով, ապա ևս հինգ տարով, եթե միայն այդ անձի վարքը ցույց է տվել, որ բացակայության ժամանակ նա փորձել է վերադառնալ Սլովենիայի Հանրապետություն և այնտեղ շարունակել իր փաստացի բնակությունը:
Սույն օրենքի նպատակներով մշտական բնակության թույլտվությունը կամ հետադարձ ուժ ունեցող մշտական բնակության թույլտվության և գրանցված մշտական բնակության վերաբերյալ կոնկրետ որոշումը կամ լրացուցիչ որոշումը, որը կայացվել է Սահմանադրական դատարանի 2003թ. ապրիլի 3-ի թիվ U-1-246/02-28 որոշման 8-րդ կետի համաձայն ..., չի նշանակում, որ Սլովենիայի Հանրապետությունում փաստացի բնակության պայմանը Սլովենիայի Հանրապետության Քաղաքացիության մասին օրենքի համաձայն նախաձեռնված վարույթում բավարարված է”:
/ժ/ Մշտական բնակության գրանցման կամ գրանցումից հանելու կանոնները, Անձնական և տնային քարտի ձևաթուղթը և Մշտական բնակիչների ռեգիստրի վարման ու կառավարման կարգը /Pravilnik o obrazcu za prijavo oziroma odjavo stalnega prebivališča, o obrazcu osebnega kartona in kartona gospodinjstev ter o načinu vodenja in vzdrževanja registra stalnega prebivalstva,Official Gazette no. 27/92 of 1992/
212. Կանոնների համապատասխան դրույթում նախատեսված է հետևյալը՝
Կանոն 5
“Մշտական բնակիչների ռեգիստրում տվյալներ են պարունակվում Սլովենիայի Հանրապետության այն քաղաքացիների վերաբերյալ, ում մշտական բնակությունը գրանցված է տեղական ինքնակառավարման մարմնի տարածքում:
Մշտական բնակիչների ռեգիստրում իրավասու մարմինը պարզում է Սլովենիայի Հանրապետության այն քաղաքացիների ինքնությունը, ովքեր ժամանակավորապես՝ երեք ամսից ավելի ժամանակով մեկնում են արտերկիր, ինչպես նաև այն անձանց, ում այդ մարմինը մերժել է մշտական բնակության գրանցումը...”
/ի/ “Դատախազների մասին” օրենքը /Zakon o državnem pravobrailstvu, Official Gazette no. 94/07/
213. “Դատախազների մասին” օրենքի համապատասխան դրույթում նախատեսված է հետևյալը՝
“Եթե անձը մտադիր է քաղաքացիական կամ այլ հայց հարուցել դատախազի կողմից պաշտպանվող սուբյեկտի նկատմամբ, առաջին հերթին մինչ վարույթն սկսելը նա /այդ անձը/ պետք է առաջարկություն ներկայացնի դատախազություն՝ վիճարկվող հարաբերությունները կարգավորելու նպատակով: Դատախազը հնարավորինս շուտ և ոչ ուշ, քան երեսուն օրվա ընթացքում պետք է ձեռնարկի համապատասխան գործողություններ և շահագրգիռ անձին իրազեկի իր դիրքորոշման մասին”:
Սլովենիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախադեպային իրավունքը
/ա/ 1999թ. փետրվարի 4-ի որոշումը /U-I-284/94/
214. 1999թ. փետրվարի 4-ի Սահմանադրական դատարանի որոշման /տես վերը նշված 41-48 կետերը/ համապատասխան մասերում ասված է հետևյալը՝
“1999թ. փետրվարի 4-ի նիստում, որը վերաբերում էր Բ.Մ.-ի և Վ.Տ.-ի նախաձեռնությամբ սկսված սահմանադրականության վերանայման հայցին ..., Սահմանադրական դատարանը կայացրեց հետևյալ որոշումը՝ “Օտարերկրացիների մասին” օրենքը /Official Gazette of RS, Nos. 1/91-1, 44/97 and 50/98/ անհամատեղելի է Սահմանադրության հետ այն առումով, որ այն չի կարողանում սահմանել մշտական բնակության թույլտվության ձեռքբերում 81-րդ հոդվածի 2-րդ ենթակետում նշված անձանց կողմից այն ժամանակահատվածը լրանալուց հետո, որի ընթացքում նրանք հնարավորություն ունեին դիմելու Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե դա չեն արել կամ այն ժամկետից հետո, երբ քաղաքացիություն շնորհելու մերժման մասին որոշումը վերջնական է դարձել:...
3.Նորմեր սահմանող դրույթների 1-ին կետում սահմանված հակասականությունը օրենսդիր մարմնի կողմից պետք է վերացվի Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում այդ որոշման հրապարակման օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում:
4. Սպասելով վերը նշված 1-ին կետում սահմանված հակասականության վերացմանը՝ արտաքսման վերաբերյալ “Օտարերկրացիների մասին” օրենքի 28-րդ հոդվածում վկայակոչված որևէ կարգադրություն չպետք է արվի նախկին Հարավսլավիայի Սոցիալիստական Դաշնային Հանրապետության մնացած հանրապետություններից որևէ մեկի քաղաքացիների նկատմամբ, եթե 1990թ. դեկտեմբերի 23-ին՝ հանրաքվեի օրը, նրանք Սլովենիայի Հանրապետությունում գրանցված են եղել որպես մշտական բնակիչներ և փաստացի այնտեղի բնակիչ են:
Պատճառները՝
...
14. Սահմանադրական դատարանը գտնում է, որ “Օտարերկրացիների մասին” օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ենթակետը և 16-րդ հոդվածի 1-ին ենթակետը չպետք է կիրառվեն այլ հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ, ովքեր Սլովենիայի Հանրապետության քաղաքացիություն չեն ստացել: Իրավասու մարմիններն այդ անձանց Մշտական բնակիչների գոյություն ունեցող ռեգիստրից կամավոր կերպով չպետք է տեղափոխեին Օտարերկրացիների ռեգիստր՝ առանց որևէ որոշման կամ ծանուցման, որոնք հասցեագրված կլինեին շահագրգիռ անձանց: “Բնակության վերաբերյալ բնակիչների ապացույցի և բնակչության ռեգիստրի մասին” օրենքը, որը Կառավարության կողմից վկայակոչված է իր բացատրություններում, որևէ դրույթ չի պարունակում օրենքի հիման վրա ռեգիստրից մշտական բնակիչներին հանելու մասին:
Կառավարությունը նույնպես օրենսդրությամբ լիազորված չէ ընդունել առանձին որոշումներ, որոնք սահմանում են օրենքի դրույթների կատարման կարգը: Սահմանադրության 120-րդ հոդվածի հիման վրա պետական կառավարման հետ կապված պարտականություններն ու գործառույթները պետք է կատարվեն անկախ, ամբողջ ժամանակ Սահմանադրության և օրենքի համաձայն ու դրանց համապատասխան ձևով: Երբ Կառավարությունը գտավ, որ “Օտարերկրացիների մասին” օրենքը չի կարող գործնականում կիրառվել այլ հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ, այն պետք է առաջարկեր, որպեսզի օրենսդիր մարմինը կարգավորեր նրանց իրավական կարգավիճակը և որոշում ընդունելով չմիջամտեր օրենսդրի լիազորություններին:
15. Վերը բերված պատճառներով “Օտարերկրացիների մասին” օրենքը, որի անցումային դրույթները չեն կարգավորում այլ հանրապետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակը, ովքեր մշտապես բնակվում են Սլովենիայի Հանրապետությունում և փաստացի նրա տարածքի բնակիչներ էին, խախտել է Սահմանադրության 2-րդ հոդվածով նախատեսված իրավական պետության սկզբունքները: Այդ պատճառով 81-րդ հոդվածի 2-րդ ենթակետում ամրագրված վերջնաժամկետը լրանալուց հետո այլ հանրապետությունների քաղաքացիները հայտնվեցին անապահով իրավական կարգավիճակում: Անցումային դրույթների տեքստից, որոնք սահմանում են, որ պետք է կիրառվեն “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթները, նշված անձինք չէին կարող հասկանալ, որ իրենց կարգավիճակը նույնը կլինի, ինչ օտարերկրացիներինը և օրենքի որ դրույթներն են իրենց նկատմամբ կիրառվելու: Համապատասխանաբար, Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ այլ հանրապետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակը, ինչպես օտարերկրացիներինը, Սլովենիայի Հանրապետությունում չի կարգավորվել, իսկ իրավական վստահության սկզբունքը որպես իրավական պետության սկզբունքներից մեկը, խախտվել է:
16. Իրավական վստահության սկզբունքն անհատին երաշխավորում է, որ պետությունն առանց հիմնավոր պատճառների նրա իրավական կարգավիճակը չի վատթարացնի: Արդարացված էր, որ այլ հանրապետությունների քաղաքացիները, ովքեր չէին ընտրել Սլովենիայի քաղաքացիությունը, չպետք է ակնկալեին, որ իրենց կհավասարեցնեն օտարերկրացիների հետ, ովքեր հենց նոր էին եկել Սլովենիայի Հանրապետություն, և որ իրենք կզրկվեն մշտական բնակությունից, ավելին, առանց դրա մասին որևէ ծանուցում ստանալու:... ”
/բ/ 2003թ. ապրիլի 3-ի որոշումը /U-I-246/02/
215. 2003թ. ապրիլի 3-ի Սահմանադրական դատարանի որոշման համապատասխան մասերում /տես վերը նշված 58-60 կետերը/ ասված է հետևյալը՝
“2003թ. ապրիլի 3-ին տեղի ունեցած նիստում Մ.Կ-ի ... և Ն.Մ.Պ.-ի ներկայացրած՝ Սլովենիայի, Պտույի և այլ վայրերի ջնջվածների խնդրագրերը քննելու և սահմանադրականությունը վերանայելու ժամանակ Սահմանադրական դատարանը որոշեց հետևյալը՝ Սլովենիայի Հանրապետությունում նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին օրենքը /Official Gazette RS, Nos. 61/99 and 64/01/ հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն չի ճանաչում նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիներին, ովքեր 1992թ. փետրվարի 26-ին հանվել էին Մշտական բնակիչների ռեգիստրից՝ որպես վերը նշված ժամանակվանից մշտական բնակություն ունեցողներ: Սլովենիայի Հանրապետությունում նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին օրենքը հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն չի կարգավորում նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների համար մշտական բնակության թույլտվություն ստանալը, ինչպես վկայակոչված է նախորդ կետում, ում հարկադիր տեղափոխումը իբրև օտարերկրացիներ կարգադրված էր “Օտարերկրացիների մասին” օրենքի 28-րդ հոդվածի համաձայն /Official Gazette RS, No. 1/91-1 and 44/97/: Սլովենիայի Հանրապետությունում նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին օրենքի 1-ին հոդվածը հակասում է Սահմանադրությանը սույն որոշման հիմնավորվածության մեջ նշված պատճառներով: Սլովենիայի Հանրապետությունում նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին օրենքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ ենթակետերը օրենքի ուժը կորցրած են ճանաչված այն մասերում, որտեղ մշտական բնակության թույլտվություն տալու համար դիմումներ ներկայացնելու համար դրանք սահմանում են եռամսյա վերջնաժամկետ:... Օրենսդիր մարմինը Սլովենիայի Հանրապետության Պաշտոնական տեղեկագրում սույն որոշման հրապարակման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում ստիպված է շտկել նորմեր սահմանող դրույթների 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում սահմանված ոչ սահմանադրական դրույթները: Նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների մշտական բնակության կարգավիճակը սույնով սահմանված է՝ սկսած 1992թ. փետրվարի 26-ից, եթե այդ օրը նրանց հանել են Մշտական բնակիչների ռեգիստրից՝ մշտական բնակության թույլտվության միջոցով, որը տրված է Սլովենիայի Հանրապետությունում նախկին ՀՍԴՀ-ի մնացած իրավահաջորդ պետությունների քաղաքացիների իրավական կարգավիճակի կարգավորման մասին, “Օտարերկրացիների մասին” /Official Gazette RS, Nos 1/91-1 and 44/97), կամ “Օտարերկրացիների մասին” (Official Gazette RS, No. 61/99) օրենքների հիման վրա: Որպես պաշտոնական պարտականություն` Ներքին գործերի նախարարությունը պետք է լրացուցիչ որոշումներ կայացնի 1992թ. փետրվարի 26-ից սկսած Սլովենիայի Հանրապետությունում նրանց մշտական բնակության սահմանման վերաբերյալ:
Պատճառները
...
15. Քանի որ վիճարկվող օրենքը մնացած հանրապետությունների քաղաքացիներին հնարավորություն չի տալիս մշտական բնակչի կարգավիճակ ստանալ այն օրվանից, երբ դա պաշտոնապես ճանաչվել է նրանց գործով, այսինքն՝ երբ այդ կարգավիճակը նրանցից վերցվել է, և դա միայն մասամբ է շտկում հաստատված ոչ սահմանադրականությունը, դա հակասում է Սահմանադրությանը: Իրավական վստահության սկզբունքը, իբրև իրավական պետության սկզբունքներից մեկը, պահանջում է, որպեսզի շահագրգիռ անձանց կարգավիճակը որևէ ժամանակ չմնա չկարգավորված վիճակում: Մշտական բնակչի կարգավիճակը կարևոր կապող օղակ է որոշակի իրավունքներ և իրավական արտոնություններ պահանջելու համար, որոնք շահագրգիռ անձինք չեն կարող պահանջել գործերի իրավականորեն չկարգավորված լինելու պատճառով: Սլովենիայի Հանրապետությունում նրանց կարգավիճակը գործերի չկարգավորված վիճակի պատճառով իրավաբանորեն անորոշ էր, քանի որ օտարերկրացու կարգավիճակ ձեռք բերելով՝ նրանք կորցրեցին Սլովենիայի Հանրապետության տարածքում մշտական բնակչի իրենց կարգավիճակը և հայտնվեցին չկարգավորված վիճակում կամ զգալիորեն վատացած իրավական կարգավիճակում, օր.՝ ժամանակավոր բնակչի կարգավիճակում, որը չափից ավելի տուժած անձանց դեպքում տևել է տասը տարի: 2001թ. Մարդու իրավունքների պաշտպանի 7-րդ տարեկան զեկույցի լույսի ներքո /Official Gazette RS, No 2/03/ Ազգային ժողովի ներկայացրած առաջարկությունից հետևում է, որ այլ հանրապետությունների այդպիսի քաղաքացիների իրավական կարգավիճակի հարցը դեռևս իրավական կարգավորման կարիք ունի...
22. Հաշվի առնելով այն փաստը, որ մշտական բնակչի իրենց կարգավիճակը ճանաչված չէ իրենց իրավական կարգավիճակի օրվանից, Սլովենիայի Հանրապետության անկախության ձեռք բերումից հետո փոխվել ու դարձել է /տարբեր/ օտարերկրացու կարգավիճակ, այլ հանրապետությունների քաղաքացիները չէին կարողանում հաստատել որոշ իրավունքներ, որ կունենային, իբրև օտարերկրացիներ, ովքեր մշտապես բնակվում են Սլովենիայի Հանրապետությունում: Այդ իրավունքները խնդրագրերում հստակ կերպով սահմանված չէին, սակայն Սահմանադրական դատարանի որոշումներից հետևում է, որ դրանք, մասնավորապես, վերաբերում էին զինվորական թոշակի կանխավճար, սոցիալական ապահովության նպաստներ ստանալու իրավունքին և վարորդական իրավունքը փոխելու կարողությանը: ... ”
...
ՕՐԵՆՔԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
...
Գ. Տուժածի կարգավիճակի բացակայության վերաբերյալ Կառավարության առարկությունը
243. Կառավարությունը փաստարկում էր, որ վեց դիմողները՝ պրն. Կուրիչը, տկն. Մեզգան, պրն. Ռիստանովիչը, պրն. Բերիշան, պրն. Ադեմին և պրն. Մինիչը, ում 2010թ. Պալատի կայացրած վճռից /տես վերը նշված 95, 123, 133, 158, 179 և 194 կետերը/ հետո շնորհել էին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն, այլևս չէին կարող հայտարարել, որ իրենք այն փաստերի “զոհերն” են, որոնցից բողոքում էին Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստի շրջանակում:
244. Դիմողները վիճարկեցին այս կարգավիճակը:
Կողմերի փաստարկները
/ա/ Կառավարությունը
245. Կառավարությունը հայտարարում էր, որ անժխտելի է այն փաստը, որ “ջնջումն” անօրինական էր և հանգեցրել էր ոչ սահմանադրական իրավիճակի: Սլովենիայի Հանրապետությունը դա ճանաչել էր և խորհրդանշական, և իրավական մակարդակով: 2010թ. հունիսի 15-ին Ազգային ժողովի նախագահը հրապարակավ ներողություն էր խնդրել “ջնջվածներից”, ինչպես ներքին գործերի նախարարը 2010թ. հունիսի 22-ին /տես վերը նշված 75 կետը/: Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, ապա 1999թ. ի վեր Սահմանադրական դատարանը մի քանի առիթներով որոշումներ էր կայացրել այն մասին, որ “ջնջումը” ոչ սահմանադրական էր /տես վերը նշված 41-48, 52-56, 58-60 և 214-215 կետերը/: Դիմողների հայտարարությունն առ այն, որ Սլովենիայի Հանրապետությունը շարունակում էր ժխտել “ջնջման” անօրինականությունը, այդպիսով ճիշտ չէր: Զգալի գործ էր կատարվել Սահմանադրական դատարանի որոշումներին լիարժեք կերպով համապատասխանելու և “ջնջման” անօրինականությունն ու ոչ սահմանադրականությունը փոխհատուցելու ուղղությամբ:
246. Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը, որն ընդունվել էր 2010թ. մարտի 8-ին և ուժի մեջ մտել 2010թ. հուլիսի 24-ին /տես վերը նշված 71, 76-79 և 211 կետերը/, վերացրել էր ներպետական օրենսդրության մեջ մնացած ոչ սահմանադրականությունները՝ հնարավորություն առաջարկելով այն դիմողներին, ովքեր դեռևս չէին կարգավորել իրենց իրավական կարգավիճակը, դիմել և այդ ժամանակվանից, և ի սկզբանե բնակության թույլտվություն ստանալու համար: Այս հատուկ իրավական պաշտպանության միջոցով օրենսդիրը նախատեսել էր բարոյական փոխհատուցում՝ իբրև “ջնջման” արդյունքում տեղի ունեցած խախտումների հետևանքների փոխհատուցում:
247. Ինչ վերաբերում է վեց դիմողներին՝ պրն. Կուրիչին, տկն. Մեզգային, պրն. Ռիստանովիչին, պրն. Բերիշային, պրն. Ադեմիին և պրն. Մինիչին, ում Պալատի որոշումից հետո շնորհել էին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն, նրանց կարգավիճակը հավասարազոր էր պրն. Պետրեշի և պրն. Յովանովիչի կարգավիճակին, ում “տուժածի” կարգավիճակը Պալատի կողմից կորցրած էր համարվել, հետևաբար նրանց մասով դիմումը պետք է հայտարարվեր անընդունելի:
248. Նույնը պետք է կիրառվի մնացած դիմողների՝ պրն. Դաբետիչին և տկն. Ռիստանովիչի նկատմամբ, ովքեր մշտական բնակության թույլտվություն ստանալու համար Սլովենիայում այդպես էլ հայց չներկայացրեցին:
249. Ի հակառակ դիմողների հայտարարությունների՝ մշտական բնակության թույլտվությունը հստակ կերպով զուտ “անպետք թղթի կտոր” չէր: Դրանով նրա տիրոջը սոցիալական պաշտպանության ոլորտում տրվում էին քսանյոթ տարբեր իրավունքներ, այդ թվում՝ կենսաթոշակի, կրթության, առողջապահական և աշխատաշուկայի հասանելիության: Ինչ վերաբերում է այդ իրավունքներին, ապա մշտական բնակիչներին դնում էին այն նույն սանդղակի վրա, ինչ Սլովենիայի քաղաքացիներին: Նրանք չէին օգտվում միևնույն քաղաքական իրավունքներից, սակայն կարող էին քվեարկել տեղական մարմինների ընտրություններում:
250. Ինչ վերաբերում է փոխհատուցման մասին պահանջներին, Սահմանադրության 26-րդ հոդվածում /տես վերը նշված 203-րդ կետը/ նախատեսված է քաղաքացիական մարմնի կողմից պատճառված վնասի փոխհատուցման իրավունքը: Դիմողներն ու մնացած “ջնջված” անձինք հնարավորություն ունեին 2001թ. Պարտավորությունների կանոնագրքի հիման վրա նյութական և ոչ նյութական վնասի համար քաղաքացիական հայց ներկայացնել և, վերջապես, կարող էին սահմանադրական բողոք ներկայացնել: 2010թ. հունիսի 10-ի իր որոշման 43-րդ կետում Սահմանադրական դատարանը որոշել է, որ “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի և “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա որոշումների կայացումը ինքնին չէր նշանակում պետության կողմից պատասխանատվության մի նոր տեսակ վնասի համար կամ վնասների համար ներկայացված պահանջների ի կատար ածման նոր իրավական հիմք” /տես վերը նշված 74-րդ կետը/: Վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցեր հնարավոր էին նաև Դատախազների մասին օրենքի 14-րդ հոդվածի հիման վրա /տես վերը նշված 213-րդ կետը/:
251. Դատական նիստից հետո ներկայացրած իր փաստարկներում Կառավարությունը հենվում էր Սահմանադրական դատարանի 2011թ. հուլիսի 5-ի որոշման վրա, որը վերաբերում էր “ջնջվածներից” մեկի ներկայացրած հայցին: Դրանից հետևում էր, որ Սահմանադրական դատարանը դեռևս դիրքորոշում չունի “ջնջելու” պատճառած վնասի համար պետության պատասխանատվության հարցի վերաբերյալ /տես վերը նշված 82-րդ կետը/: Ի լրումն դրա՝ 2011թ. սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը քննարկման համար չէր ընդունել “ջնջվածներից” մեկի ներկայացրած սահմանադրական բողոքը /տես վերը նշված 83-րդ կետը/:
252. Կառավարությունը նկատում էր, որ դիմողներից և ոչ մեկը ներպետական դատարաններում փոխհատուցման վերաբերյալ հայց չի ներկայացրել: Միայն պարոնայք Բերիշան և Մինիչն էին վնասի փոխհատուցման հայց ներկայացրել դատախազություն, որը մերժվել էր: Պրն. Բերիշան դատական հայց չէր ներկայացրել /տես վերը նշված 160-րդ կետը/:
/բ/ Դիմողները
253. Վեց դիմողները, ովքեր Մեծ պալատում վարույթի ժամանակ ստացել էին և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն, մնում էին “ջնջելու” պատճառով մարդու իրավունքների խախտման “տուժածներ” կարծիքին, քանի որ Կոնվենցիայի խախտումների համար որևէ պատշաճ փոխհատուցում չէին ստացել:
254. Թեպետ ավելի վաղ տեղի ունեցած նախադեպային իրավունքից, ինչպես նաև ավելի ուշ կայացրած մի քանի որոշումներից հետևում էր, որ դիմողը դադարում է “տուժած” լինել, եթե դատաքննության ընթացքում իրավական պաշտպանության միջոց է ներկայացվում /ի թիվս այլոց, նրանք վկայակոչում էին Maaouia v. France (dec.), no. 39652/98, ECHR 1999‑II; Pančenko v. Latvia (dec.), no. 40772/98, 28 October 1999; and Mikheyeva v. Latvia (dec.), no. 50029/99, 12 September 2002 գործերը/, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա վերջին նախադեպային իրավունքը հստակ կերպով նշում էր, որ այս առումով խախտումը ճանաչելը բավարար չէ ՝ պահանջվում էր նաև “համարժեք” փոխհատուցում, այդ թվում՝ երկար ժամանակ դիմողների կրած անբարենպաստ հետևանքների փոխհատուցումը /նրանք վկայակոչում էին Aristimuño Mendizabal, cited above, § 79; Mengesha Kimfe v. Switzerland, no. 24404/05, §§ 41-49, 29 July 2010; and Agraw v. Switzerland, no. 3295/06, §§ 27-34, 29 July 2010 գործերը/: Դատարանը նաև տարբերակում էր այն գործերը, որոնք վերաբերում էին քաղաքացիություն չունեցողների արտաքսմանը և այն գործերը, որոնք վերաբերում էին երկար ժամանակով դիմողների իրավական կարգավորման ձախողմանը: Առաջին տեսակի հայցերի դեպքում դիմողն այլևս չէր կարող հայտարարել, որ ինքը “տուժող” է, եթե չէր կիրառվել արտաքսման միջոցը կամ նրան բնակության թույլտվություն էին տվել /դիմողները վկայակոչում էին վերը նշված Sisojeva and Others, § 100, և վերը նշված Kaftailova, §§ 52‑54/: Մյուս կողմից, երկրորդ տեսակի հայցերի դեպքում /վերը նշված Aristimuño Mendizabal, Mengesha Kimfe, and Agraw/ Դատարանը հստակ կերպով հայտարարում էր, որ բնակության թույլտվություններ տալը բավարար չէր, հատկապես դրանք տալու համար անհրաժեշտ ժամանակն անցնելու պատճառով: Ներկա դիմումը պատկանում է ավելի շատ երկրորդ տեսակի գործերին:
255. Վեց դիմողներին բնակության թույլտվություններ տալը, որը խախտումները շարունակելու կանխարգելման միջոց էր, չի կարող դիտարկվել որպես Սլովենիայի իշխանությունների կողմից ճանաչում՝ գոնե ըստ այն խախտման էության, որից բողոքում էին դիմողները: Իշխանությունները շարունակել էին ժխտել, որ իրենց գործողություններն անօրինական չեն: Այս դեպքում, ի տարբերություն Լատվիայի դեպքերի, մշտական բնակության կարգավիճակից զրկելը տեղի էր ունեցել ներպետական օրենսդրության աղաղակող խախտմամբ: Եվ, վերջապես, մշտական բնակության թույլտվությունների հետադարձ բնույթը դեկլարատիվ բնույթի էր, քանի որ դիմողները չէին կարողանում ներպետական օրենսդրության հիման վրա պատշաճ փոխհատուցում ստանալ: Այդ պատճառով թույլտվություններն “ընդամենը թղթի կտոր էին”:
256. Ինչ վերաբերում է պրն. Դաբետիչին և տկն. Ռիստանովիչին, պետությունը պետք է կամավոր կարգավորի նրանց կարգավիճակը՝ Սահմանադրական դատարանի որոշումների համաձայն տալով մշտական բնակության հետադարձ ուժ ունեցող թույլտվություն:
257. Եվ, վերջապես, ինչ վերաբերում է նյութական և ոչ նյութական փոխհատուցումներին, Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքում որևէ որոշակի դրույթ չկար: Ավելին, ներպետական դատարաններում վնասների համար քաղաքացիական իրավախախտման համար պատասխանատվության վերաբերյալ հայցեր ներկայացնելը սովորական նորմերի հիման վրա փաստորեն անհնարին է: Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ մինչև 2011թ. մայիս ամիսը Նախարարությունը գործ էր ունեցել փոխհատուցման վերաբերյալ 157 հայցի հետ: Դրանցից 41-ը ներպետական դատարանների կողմից վերջնականապես մերժվել էր: Գերագույն դատարանում վիճարկվել էր ընդամենը 15 հայց, իսկ դրանցից 5-ը մերժվել էր: Ի լրումն դրա, “ջնջվածներից” ութը հայցեր էր ներկայացրել անմիջապես դատարաններին: Դրանցից ոչ մեկը հաջողությամբ չէր պսակվել /տես վերը նշված 83-րդ կետը/: Հայցերի մերժման հիմնական պատճառը Պարտավորությունների օրենսգրքի հիման վրա օրենսդրական սահմանափակումների կիրառումն էր՝ երեք տարի այն ժամանակվանից ի վեր, երբ տուժողները տեղեկացել էին վնասի մասին և հինգ տարի՝ երբ տեղի էր ունեցել վնասը: Մինչ այդ ներպետական դատարանները համարել էին, որ վերջին ժամկետը 1999թ. մարտի 12-ն էր, երբ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվել էր Սահմանադրական դատարանի առաջին ղեկավար որոշումը:
2. Պալատի կայացրած վճիռը
258. Պալատը հնարավորություն չունեցավ այդ հայցի վերաբերյալ որոշում ընդունել, որը վերաբերում էր իր վճռի կայացումից հետո տեղի ունեցած փաստերին /տես վերը նշված 243-րդ կետը/:
3. Մեծ պալատի գնահատականը
259. Դատարանը կրկնում է, որ առաջինն ազգային իշխանությունները պետք է շտկեն Կոնվենցիայի ենթադրյալ խախտումները: Այդ կապակցությամբ այն հարցը, թե արդյոք դիմողը կարող է հայտարարել, որ ինքը ենթադրյալ խախտումից տուժել է, տեղին է Կոնվենցիայի հիման վրա հարուցված վարույթի բոլոր փուլերում /ի թիվս այլոց, տես Burdov v. Russia, no. 59498/00, § 30, ECHR 2002-III գործը/: Դիմողի օգտին կայացված որոշումը կամ միջոցը սկզբունքորեն բավարար չեն Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակներով նրան “տուժողի” կարգավիճակից զրկելու համար՝ կամ հստակ կերպով կամ ըստ էության, իսկ հետո Կոնվենցիայի խախտման համար նրան փոխհատուցում տալ /օր.՝ տես Eckle v. Germany, 15 July 1982, §§ 69 et seq., Series A no. 51; Dalban v. Romania [GC], no. 28114/95, § 44, ECHR 1999-VI; Scordino v. Italy (no. 1) [GC], no. 36813/97, §§ 179-180, ECHR 2006‑V; and Gäfgen v. Germany [GC], no. 22978/05, § 115, ECHR 2010/:
260. Ինչ վերաբերում է “տեղին” ու “բավարար” փոխհատուցմանը, որպեսզի ազգային մակարդակով շտկվի Կոնվենցիայով նախատեսված իրավունքի խախտումը, ընդհանուր առմամբ Դատարանը համարում էր, որ դա կախված է գործի բոլոր հանգամանքներից, մասնավորապես նկատի ունենալով Կոնվենցիայի խախտման վտանգված լինելու բնույթը /օր.՝ տես վերը նշված Gäfgen, § 116/:
261. Մի շարք գործերով Դատարանը՝ հիմնվելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է քաղաքացի չհանդիսացող անձանց արտաքսմանը կամ արտահանձնմանը, որոշել է, որ դիմողի մնալու կարգավորումը կամ այն փաստը, որ դիմողն այլևս արտաքսման կամ արտահանձնման վտանգի տակ չէր, անգամ եթե գործը դեռևս գտնվում էր Դատարանում, սկզբունքորեն “բավարար” էր, որպեսզի ներկայացված բողոքը շտկվեր 8-րդ հոդվածով /տես Pančenko, cited above; Yang Chun Jin alias Yang Xiaolin v. Hungary (striking out), no. 58073/00, §§ 20-23, 8 March 2001; Mikheyeva, cited above; Fjodorova and Others v. Latvia (dec.), no. 69405/01, 6 April 2006; Sisojeva and Others, cited above, §§ 102-104; Shevanova, cited above, §§ 48-50; and Kaftailova, cited above, §§ 52-54/:
262. Բացի այդ, Դատարանն արդեն իսկ առիթ է ունեցել Կոնվենցիայի տարբեր հոդվածների համատեքստում նշելու, որ դիմողի “տուժողի” կարգավիճակը կարող է նաև կախված լինել ներպետական մակարդակով տրված փոխհատուցման աստիճանից կամ առնվազն կրած վնասի համար փոխհատուցմանը հետամուտ լինելու և այն ստանալու հնարավորությունից՝ նկատի ունենալով այն փաստերը, որոնց վերաբերյալ նա բողոք է ներկայացնում Դատարան /օր.՝ տես վերը նշված Gäfgen, § 118, 3-րդ հոդվածի հիմքերով ներկայացված բողոքի մասով; Normann v. Denmark (dec.), no. 44704/98, 14 June 2001, and Scordino (no. 1), cited above, § 202, 6 հոդվածի հիմքերով ներկայացված բողոքի մասով; Jensen and Rasmussen v. Denmark (dec.), no. 52620/99, 20 March 2003, 11-րդ հոդվածի հիմքերով ներկայացված բողոքի մասով/: Այս եզրակացությունը, անհրաժեշտ փոփոխություններով, կիրառվում է 8-րդ հոդվածի խախտումներին վերաբերող բողոքներին:
263. Վերադառնալով ներկա գործին՝ Մեծ պալատը կրկնում է, որ ինքը որևէ ընդդատություն չունի պրն. Պետրեշի և պրն. Յովանովիչի բողոքների առումով, քանզի Պալատը դրանք անընդունելի է հայտարարել ի սկզբանե տրված բնակության թույլտվություններից հետո...
264. Այդուհանդերձ, այդօրինակ ընթացակարգային արգելքներ ի հայտ չեն գալիս պրն. Կուրիչի, տկն. Մեզգայի, պրն. Ռիստանովիչի, պրն. Բերիշայի, պրն. Ադեմիի և պրն. Մինիչի դեպքում, հետևաբար Մեծ պալատն ընդդատություն ունի քննելու, թե արդյոք, չնայած այն բանին, որ տրվել են այդ ժամանակվանից և ի սկզբանե բնակության թույլտվություններ, այդ վեց դիմողները դեռևս կարող են հայտարարել, որ իրենք տուժել են ենթադրյալ խախտումներից: Ուստի այդ քննությունը կարող է հանգեցնել հետևությունների, որոնք տարբերվում են պրն. Պետրեշի և պրն. Յովանովիչի մասով արված եզրակացություններից, չնայած վտանգված փաստերի նմանությանը: Այդ արդյունքը Մեծ պալատի ընդդատության սահմանափակ շրջանակի անխուսափելի հետևանքն է՚՚՚՚՚՚ ...
265. Մեծ պալատը կարծում է, որ տուժողի կարգավիճակը կորցնելու առաջին պայմանը՝ ազգային իշխանությունների կողմից խախտումը ճանաչելը, արդեն կատարվել է: Սահմանադրական դատարանի որոշումներից, որոնցով գործող օրենսդրությունը ոչ սահմանադրական էր ճանաչվել և Իրավական կարգավիճակի մասին օրենքի փոփոխություններից հետո վարչական մարմինները մշտական բնակության թույլտվություն էին շնորհել վեց դիմողներին: Ի լրումն դրա, 2010թ. հունիս ամսին Կառավարությունն ու Խորհրդարանը նույնպես ընդունել էին դիմողների իրավունքների խախտումը: Ազգային իշխանությունների կողմից խախտումը գտնելը կատարվել է ըստ էության /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը նշված Scordino (no.1), § 194/:
266. Բացի այդ, Մեծ պալատը նշում է, որ օտարերկրացիների կարգավիճակի կարգավորմանը վերաբերող մի շարք այլ դեպքերում, այդ թվում՝ իրավանախորդ պետության տրոհման համեմատելի հանգամանքներին վերաբերող, Դատարանը որոշում է կայացրել այն մասին, որ թույլտվություն տալուց հետո դիմողներն այլևս Կոնվենցիայի ենթադրյալ խախտումներից տուժածներ չեն, նրանց հայցադիմումներն անընդունելի է հայտարարել կամ գտել, որ կարգավորման պայմանավորվածությունները, որոնք հասանելի են դարձել դիմողներին, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքերով ներկայացված նրանց բողոքների համար համարժեք ու բավարար իրավական պաշտպանության միջոց են և, այդպիսով, որոշել է այդ գործերն իր ցուցակից հանել: Այն փաստը, որ դիմողներն այլևս արտաքսման վտանգի տակ չեն, նույնպես հաշվի է առնվել Դատարանի կողմից /տես վերը նշված Pančenko, Mikheyeva, Fjodorova and Others, Sisojeva and Others, §§ 102-104; Shevanova, §§ 48-50; and Kaftailova, § 54 գործերը/:
267. Այդուհանդերձ, նկատի ունենալով այն դեպքերը, որոնք վերաբերում են կոնկրետ պրոբլեմների, Մեծ պալատը գտնում է, որ ներկա գործի բնութագրիչներից մեկը “ջնջման” հետևանքով առաջ եկած լայնածաված մտահոգություններն են մարդու իրավունքների վերաբերյալ: Բացի այդ, այդ իրավիճակը դիմողների մեծ ամսի համար տևել է քսան տարուց ավելի, չնայած Սահմանադրական դատարանի ղեկավար որոշումներին, որոնք մեկ տասնամյակից ավելի չէին կատարվում /տես վերը նշված Makuc and Others գործը, § 168/: Նկատի ունենալով այս երկարատև ժամանակահատվածը, որի ընթացքում դիմողները գտնվել էին անապահով և իրավական անորոշության վիճակում, ինչպես նաև իրենց վրա կրել էին “ջնջման” հետևանքների ծանրությունն, Մեծ պալատը, ի տարբերություն Պալատի, կարծում է, որ մարդու իրավունքների խախտումներն ընդունելը և պրն. Կուրիչին, տկն, Մեզգային, պրն. Ռիստանովիչին, պրն. Բերիշային. Պրն. Ադեմիին և պրն. Մինիչին մշտական բնակության թույլտվություններ տալը ազգային մակարդակով տեղին ու բավարար փոխհատուցում չէին /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը նշված Aristimuño Mendizabal, §§ 67-69 and 70-72; Mengesha Kimfe, §§ 41-47 and 67-72; and Agraw, §§ 30-32 and 50-55 գործերը/:
268. Ինչ վերաբերում է ներպետական մակարդակում փոխհատուցմանը հետամուտ լինելու և դա ստանալու հնարավորությանը /տես վերը նշված 250-252 և 257 կետերը/՝ Դատարանը նկատում է, որ մինչ այժմ կրած վնասի համար “ջնջվածներից” ոչ ոք վերջնական ու կատարման համար պարտադիր վճռի արդյունքում փոխհատուցում չի ստացել, թեպետ մի քանի վարույթներ ներկայումս անավարտ են /տես վերը նշված 83-րդ կետը/: Ի լրումն դրա, մինչ այժմ դատախազություն փոխհատուցում ստանալու համար ներկայացրած պահանջների հարցում դիմողներից ոչ մեկը հաջողություն չի գրանցել: Ուստի Սլովենիայում փոխհատուցում ստանալու նրանց հեռանկարներն առայժմ կարծես թե չափազանց հեռու են ներկա գործի նպատակներին համարժեք լինելու համար /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը նշված Dalban գործը, § 44/:
269. Որպես եզրակացություն, Դատարանը որոշում է, որ այն վեց դիմողները, ում տրվել էր և այդ ժամանակվանից, և ի սկզբանե մշտական բնակության թույլտվություն, Մեծ պալատում վարույթի ընթացքում կարող են պահանջ ներկայացնել, որ իրենք ենթադրյալ խախտումներից տուժել են: Այս առումով Կառավարության նախնական առարկությունը պետք է համապատասխանաբար մերժվի:
270. Եվ, վերջինը, ինչ վերաբերում է մնացած դիմողների՝ պրն. Դաբետիչի և տկն. Ռիստանովիչի մասով “տուժողի” կարգավիճակի բացակայության վերաբերյալ փաստարկին, ովքեր այդպես էլ Սլովենիայում մշտական բնակության թույլտվություն ստանալու հայց չներկայացրեցին, Դատարանը գտնում է, որ դա քննելու հարկ չկա, քանի որ ամեն դեպքում դիմողների բողոքները ներպետական պաշտպանության իրավական միջոցները չսպառելու պատճառով անընդունելի են / ստորև տես 293-294 կետերը/:
...
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8 ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
314. Դիմողները հայտարարում էին, որ իրենց կամայականորեն զրկել են Սլովենիայում որպես մշտական բնակիչ իրենց կարգավիճակը պահպանելու հնարավորությունից: Նրանք վկայակոչում էին Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, որն ասում է հետևյալը՝
“1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նակտմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկացության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով”:
Ա. Կողմերի փաստարկները
Դիմողները
315. Դիմողները հայտարարում էին, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված կարճ ժամանակահատվածում իրենք չէին կարողացել քաղաքացիության համար պաշտոնական խնդրանք ներկայացնել: Արդյունքում 1992թ. փետրվարի 26-ին նրանց անունները ռեգիստրից անօրինական կերպով “ջնջվել էին”: Դիմողներից պրն. Կուրիչը, պրն. Դաբետիչը և սկզբում նաև պրն. Ադեմին նույնպես չէին կարողացել ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետություններից որևէ մեկի քաղաքացիություն ստանալ և դե ֆակտո դարձել էին քաղաքացիություն չունեցող անձինք: Արդյունքում մինչև 2010թ. Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքն ուժի մեջ մտնելը դիմողները չէին կարողացել հաջողությամբ դիմել Սլովենիայում մշտական բնակության համար:
316. Պալատում դիմողները փաստարկեցին, որ “Օտարերկրացիների մասին” օրենքի դրույթները ոչ հասանելի էին, ոչ էլ արդյունքում կանխատեսելի: Ինչ վերաբերում է հասանելիությանը, իշխանությունները չէին կարողացել խնդրո առարկա բոլոր անձանց համապատասխան ու մանրակրկիտ տեղեկատվություն տրամադրել: Ինչ վերաբերում է կանխատեսելիությանը, “Օտարերկրացիների մասին” օրենքը հստակ կերպով չէր կիրառվում “ջնջվածների” նկատմամբ, քանզի այն մշակվել էր անօրինական օտարերկրացիների կարգավիճակը կարգավորելու նպատակով: Ի լրումն դրա, դիմողները Սլովենիայի իշխանությունների ընդհանուր վարքագիծը դիտարկում էին որպես կամայական: Միջամտությունը, որից բողոքում էին, համաչափ չէր ենթադրաբար հետամուտ եղած նպատակին, այսինքն՝ օտարերկրացիների մուտքի և բնակության վերահսկողությանը, քանզի դիմողները Սլովենիայի անկախության ժամանակ այնտեղ մշտական բնակություն էին ունեցել:
317. Դիմողներն իրապես համաձայն էին Պալատի եզրակացությունների հետ և հորդորում էին, որ Կառավարության պասիվ վերաբերմունքն ավելի խիստ բառերով նշավակվի: Նրանք հայտարարում էին, որ իրենց պատշաճ կերպով չէին տեղեկացրել Սլովենիայի քաղաքացիության համար տեղը-տեղին չդիմելու հետևանքների մասին՝ հրապարակային հայտարարություններն ու թերթերում տպագրված հոդվածները բավարար չէին: “Ջնջումը” տեղի էր ունեցել կամայական ձևով, առանց որևէ իրավական հիմքի, գաղտնիության պայմաններում և վերաբերել էր 25,671 անձի:
318. Միայն 1999թ., Սահմանադրական դատարանի որոշումից հետո “ջնջվածներն” սկսեցին հայտնաբերել, թե իրականում ինչ էր տեղի ունեցել: Հետագա տարիներին Կառավարության և Խորհրդարանի կողմից Սահմանադրական դատարանի որոշումները սիստեմատիկաբար և միտումնավոր կերպով անտեսվել էին: Օրենսդրական նոր դաշտը՝ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը ընդունվել էր “ջնջման” անօրինականության մասին առաջին ղեկավար որոշումից տասնմեկ և երկրորդ ղեկավար որոշումից յոթ տարի անց: Հակառակ Կառավարության՝ դիմողները փաստարկում էին, որ այդ օրենքի ընդունումից ի վեր Սլովենիայի իշխանությունների քաղաքականության մեջ որևէ իրական փոփոխություն տեղի չէր ունեցել:
319. “Ջնջվածներին” ոչ միայն մերժում էին Սլովենիայի քաղաքացիության հասանելիությունը, այլև զրկում էին իրավական որևէ կարգավիճակից՝ շնորհելով “իրավունքներ ունենալու իրավունքը”: Դա մարդու արժանապատվության նկատմամբ լուրջ ոտնձգություն էր: Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն “ջնջումն” անմիջապես ազդեց նրանց մասնավոր կամ ընտանեկան կյանքի վրա, որով պաշտպանվում էր որպես մարդ արարած անձի ինքնության մանրամասները որոշելու իրավունքը /դիմողները, ի թիվս այլ բաների, վկայակոչում էին Christine Goodwin v. the United Kingdom [GC], no. 28957/95, § 90, ECHR 2002‑VI, and Mikulić v. Croatia, no. 53176/99, § 53, ECHR 2002‑I/: Մի գիշերվա ընթացքում իրենց իրավունքներին լիարժեք կերպով տիրապետող քաղաքացիներից նրանք դարձել էին անօրինական օտարերկրացիներ՝ նրանցից մի քանիսը նաև քաղաքացիություն չունեցող մարդիկ էին դարձել և քսան տարի ապրել էին ամենախղճուկ վիճակում, լրջորեն խոչընդոտվել էր մարդու հիմնարար իրավունքներից նրանց օգտվելը: Այն դժվարությունները, որոնք ստիպված էին եղել հաղթահարել “ջնջվածները”, նկարագրված էին դիմողների անձնական պատմություններում:
320. Կառավարությունը շարունակել էր նվազագույնի հասցնել “ջնջման” անօրինականությունն ու կամայականությունը: Կառավարության փաստարկների թուլությունն այն էր, որ “ջնջվածների” ներկայությունը հանդուրժվում էր՝ դա հայտնաբերվեց այն փաստի շնորհիվ, որ Սլովենիայից շատերին հարկադրաբար արտաքսել էին, այդ թվում՝ ներկա դիմողներից հինգին:
321. Կառավարությունը նաև նվազեցրել էր 1999 և 2003թթ. Սահմանադրական դատարանի որոշումներին հաջորդած հետևանքները: Նախորդ օրենսդրական դաշտը կամ իրավասու վարչական մարմինների կողմից դրա իրականացումը կամ երկուսը միասին հստակ կերպով անհամարժեք էին: Դիմողների մեծ մասը բոլորովին վերջերս էր ստացել բնակության թույլտվություն՝ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա: Չնայած դրան՝ ֆինանսական փոխհատուցման բացակայության պատճառով նրանց վիճակը դեռևս չէր կարգավորվել:
322. Ինչ վերաբերում է “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքին, մինչ այժմ տրվել է ընդամենը երեսուն թույլտվություն: Պաշտոնական տվյալների համաձայն՝ “ջնջվածներից” մոտ 13,000 հոգի դեռևս սպասում էին իրավիճակի կարգավորմանը: Պարզ էր, որ Դատարանի վճռի հետևանքները կարող են տարածվել յուրաքանչյուր դիմողի կոնկրետ իրավիճակից էլ անդին, քանի որ վճիռը վերաբերելու էր “ջնջվածների” բոլոր դասերին:
323. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից քաղաքացիություն չունենալու վերաբերյալ Պալատի եզրակացությունների քննադատությանը, որևէ դեպքում Պալատը որոշում չէր կայացրել, որ “ջնջումը” որպես այդպիսին առաջացրել էր ապատրիդիզմ /քաղաքացիության բացակայություն/, կամ դիմողների իրավունքների խախտումները բխել էին նրանց ապատրիդիզմից, սակայն գրանցել էին անժխտելի օբյեկտիվ փաստ: Դիմողները կարծում էին, որ քաղաքացիության իրավունքների վրա “ջնջման” ունեցած իրական ազդեցությունը գնահատելիս Պալատը պետք է ավելի հեռու գնար՝ հաշվի առնելով ապատրիդիզմից խուսափելուն վերաբերող՝ միջազգային իրավունքի համապատասխան էական ու ընթացակարգային կանոնները: “Ջնջումն” ստեղծել էր մի փաստացի իրավիճակ, որում շատ ավելի բարդ էր, երբեմն էլ՝ անհնարին, որ դիմողները կարգավորեին իրենց քաղաքացիության հարցը համապատասխան օրենսդրության համաձայն՝ կամ Սլովենիայում կամ էլ ՀՍԴՀ-ի նախկին հանրապետություններից որևէ մեկում:
324. Կառավարության այն ենթադրությունը, որ նախկին ՀՍԴՀ-ի յուրաքանչյուր քաղաքացի պետք է պահպանած լիներ իր նախկին հանրապետության քաղաքացիությունը, ամբողջովին ճիշտ չէր: Հակառակը ցուցադրող հայտնի դեպքեր շատ կային, օր.՝ պրն. Դաբետիչի գործը /տես վերը բերված 97-րդ կետը/: Պրն. Ադեմին միայն վերջերս՝ 2010թ. օգոստոսին էր ստացել Մակեդոնիայի քաղաքացու անձնագիր /տես վերը նշված 172-րդ կետը/: Կառավարությունը չէր կարողացել ուսումնասիրել բոլոր իրավիճակները, երբ անձը որևէ հանրապետության քաղաքացիություն չուներ: Սա հատկապես տեղի էր ունեցել այն դեպքում, երբ շահագրգիռ անձը ծնվել էր Սլովենիայում, նրա ծնողներն ունեցել էին այլ հանրապետության քաղաքացիություն կամ ոչ մի հանրապետության քաղաքացիություն չէին էլ ունեցել: 1968թ. սկսած պրակտիկան եղել էր հետևյալը՝ մարդու քաղաքացիությունը գրանցում էին Սլովենիայում պահվող ռեգիստրներում, սակայն համապատասխան տվյալները գործնականում հաճախ չէին հայտնվում ծննդավայր համարվող հանրապետությանը՝ չնայած գործող օրենսդրությանը: ՀՍԴՀ-ի լուծարման ժամանակ Կառավարությունը պարտավորություն ուներ ընտրության հնարավորություն տալ Սլովենիայում ապրող բոլոր անձանց՝ ստանալ Սլովենիայի քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն:
Կառավարությունը
325. Կառավարությունը Պալատում փաստարկում էր, որ 1991թ. իրադարձությունները վերաբերում էին նոր պետության ստեղծմանը, ուստի և հարկ էր եղել մի կողմից արագորեն ստեղծել քաղաքացիների կորպուս, որպեսզի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, մյուս կողմից՝ կարգավորելու համար օտարերկրացիների, այդ թվում՝ Սլովենիայում մշտապես բնակվող ՀՍԴՀ-ի այլ նախկին հանրապետությունների քաղաքացիների կարգավիճակը: Նոր պետության ստեղծման համար այդ վճռորոշ ժամանակն ստիպում էր սոցիալական կարիքների ճնշման տակ արագ որոշումներ ընդունել: “Բարի մտադրությունների մասին” հայտարարության և անկախության վերաբերյալ օրենսդրության համաձայն /տես վերը նշված 21-22 և 24-25 կետերը/ Սլովենիայի Հանրապետությունն իր տարածքում մշտապես բնակվող ՀՍԴՀ-ի նախկին հանրապետությունների քաղաքացիներին թույլ էր տալիս Սլովենիայի քաղաքացիություն ստանալ հպատակագրման միջոցով և բացառիկ նպաստավոր պայմաններում: Նրանք, ովքեր դրանից չէին օգտվել, դարձել էին օտարերկրացիներ և պետք է կարգավորեին իրենց կարգավիճակը: Ներգաղթի ոլորտում պետությունն իրավունք ուներ ոչ միայն կարգավորել օտարերկրացիների մնալն ու բնակվելը, այլև տարհամոզիչ միջոցներ ձեռնարկել, զորօրինակ արտաքսումը: Ուստի անհրաժեշտ էր եղել ընդունել համապատասխան օրենսդրություն, որը հասանելի էր դիմողներին և արդյունքում՝ կանխատեսելի, որպեսզի ապահովվեր հասարակական անվտանգությունը: Այդ օրենսդրությունն անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ և համաչափ՝ դրված նպատակներին:
326. Մեծ պալատում Կառավարությունն ընդունեց, որ “ջնջումն” անօրինական էր եղել և հանգեցրել էր ոչ սահմանադրական իրավիճակի: Վերջին տարիների ընթացքում Կառավարությունն ամբողջովին կատարել էր Սահմանադրական դատարանի որոշումները, որպեսզի փոխհատուցեր ջնջման հետևանքները՝ 2010թ. հուլիսի 24-ին ուժի մեջ էր մտել “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը, իսկ 2009թ. կառավարության փոփոխությունից հետո Նախարարությունը վերսկսել էր ի սկզբանե մշտական բնակության թույլտվություններ տալը: Ավելին, “ջնջվածներին” տեղեկատվություն տրամադրելու համար օգտագործվել էին զանազան լրատվամիջոցներ, օր.՝ թերթիկներ, համացանցն ու անվճար հեռախոսագիծ: Պալատի վճիռը չէր կարողացել բավականաչափ կշիռ հաղորդել այդ գործունեությանը:
327. 1991թ. Պաշտոնական տեղեկագրում հրապարակված նյութերի և մամուլի շնորհիվ դիմողներն արդեն իսկ բավականաչափ իրազեկված էին եղել իրենց կարգավիճակը կարգավորելու և մշտական կամ ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու հնարավորության մասին, եթե ցանկանում էին շարունակել Սլովենիայում բնակվել “Օտարերկրացիների մասին” օրենքի ընդհանուր դրույթների համաձայն /հոդված 16/: 1992-1997թթ. ընթացքում տրվել էր ընդհանուր առմամբ 4,893 այդպիսի թույլտվություն, իսկ համապատասխան պայմանները մեկնաբանվել էին նպաստավոր ձևով: Մոտ 12,500 մշտական բնակության թույլտվություն էր տրվել “Իրավական կարգավիճակի մասին” օրենքի և “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքի հիման վրա /տես վերը նշված 67, 76 և 80 կետերը/:
328. Ի լրումն այդ ամենի, չնայած այն բանին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չէր կարող մեկնաբանվել որպես այդպիսին հատուկ տեսակի բնակության թույլտվության իրավունքը երաշխավորող, և թեպետ Կոնվենցիայում ամրագրված իրավունքների նկատմամբ հարգանքին հասնելու ամենահարմար միջոցը միայն ու միայն ներպետական մարմինների հարցն էր /Կառավարությունը հիշատակում էր վերը նշված Sisojeva and Others գործը, § 91/, Սլովենիայի Հանրապետությունը որոշել էր “ջնջվածներին” շնորհել մշտական բնակության հետադարձ ուժ ունեցող թույլտվություններ՝ որպես օտարերկրացիների համար ամենանպաստավոր իրավական կարգավիճակ: Դա գերազանցում էր Կոնվենցիայով պահանջվող նվազագույնը:
329. Կառավարությունը, մասնավորապես, վիճարկում էր Պալատի վճիռներում պարունակվող հայտարարությունները, որոնք վերաբերում էին քաղաքացիություն չունենալու հարցին: Այն շեշտում էր, որ “ջնջելու” արդյունքում դադարեցվել էր միայն գրանցված մշտական բնակությունը, իսկ անձի քաղաքացիության վրա որևէ ազդեցություն չէր ունեցել, ուստի այդ հարցի վերաբերյալ Պալատի եզրակացություններն իրավաբանորեն և ըստ էության ճշգրիտ չէին:
330.Կառավարությունն ուշադրություն էր հրավիրում “երկքաղաքացիություն” հասկացության վրա: Սկզբունքորեն ՀՍԴՀ-ի բոլոր քաղաքացիներն ունեցել էին հանրապետություններից մեկնումեկի քաղաքացիություն: Քանի որ ՀՍԴՀ-ի համակարգը թույլ չէր տվել քաղաքացիություն չունենալ, ապա ՀՍԴՀ-ի տրոհումը չպետք է նման բան ստեղծեր:
Երրորդ կողմերը
331. Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունը հայտարարում էր, որ այն գործընթացը, որով անձանց ենթարկել էին նրանց քաղաքացիությունը կամայականորեն մերժելու և քաղաքացիություն չունեցող անձինք դառնալու վտանգին, այնպիսի խորն ազդեցություն էր ունեցել տուժածների վրա, որ անհրաժեշտություն էր առաջացել միջամտելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածին: ՄԱԿ-ի Փախստականների գծով բարձրագույն հանձնակատարի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2009թ. վերջին ՀՍԴՀ-ի 4,090 քաղաքացիներ, ում 1992թ. “ջնջել” էին և ովքեր քաղաքացիություն չունեին, բնակվում էին Սլովենիայում: Եվրամիության կողմից կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2002թ. հետո Սլովենիայում հպատակագրել էին քաղաքացիություն չունեցող ընդամենը 5 անձի:
332. Միջազգային սովորութային իրավունքի համաձայն՝ դրական պարտավորություն կար խուսափել ապատրիդրզմից /քաղաքացիության բացակայություն/ և բարելավել նրանց վիճակը, ովքեր մնացել էին առանց քաղաքացիության, հատկապես այն դեպքերում, երբ մի պետություն ունի իրավահաջորդ: Քաղաքացիություն չունեցող անձինք հայտնվել էին լուսանցքում և դարձել հատկապես խոցելի: Բաց հասարակության արդարադատության նախաձեռնությունը հենվում էր “Քաղաքացիության մասին” եվրոպական կոնվենցիայի դրույթների վրա, որոնք հստակ շեշտադրում էին անում քաղաքացիության մասին նորմերում ամրագրված սովորական բնակության կարևորության, իրական ու արդյունավետ կապի և քաղաքացիություն չունեցող և սովորաբար տարածքում բնակվող անձանց, մասնավորապես երեխաների կողմից քաղաքացիություն ստանալը դյուրացնելու՝ պետության պարտավորության վրա:
333. Ավելին, 2010թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտավ “Պետության իրավահաջորդության վերաբերմամբ քաղաքացիության բացակայությունից խուսափելու մասին” Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Բացատրական զեկույցում նշված էր, որ ապատրիդիզմից խուսափելը Սլովենիայի համար կազմում էր պարտադիր սովորութային միջազգային իրավունքի մաս, նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ վերջինս դեռևս չէր վավերացրել այդ պայմանագիրը:
334. Ապատրիդիզմի վերաբերյալ լուրջ հարցեր էին ծագել ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետությունների համատեքստում: Սլովենիայում “ջնջվածների” խմբի մի զգալի հատված մնացել էր առանց քաղաքացիության: Այն փաստը, որ ՀՍԴՀ-ի իրավահաջորդ պետություններն ընտրել էին հանրապետության քաղաքացիության ռեգիստրում առկա անունների ցանկի հիման վրա քաղաքացիություն շնորհելու տարբերակը, մի շարք հետևանքներ ունեցավ՝ ՀՍԴՀ-ի որոշ նախկին քաղաքացիներ տարբեր պատճառներով /փաստաթղթերի կամ ռեգիստրների կամ երկուսի ոչնչացում զինված հակամարտության համատեքստում, ծննդավայրում քաղաքացիության հաստատումն ստանալու անհնարինություն և այլն/ չունեին կամ չէին կարողանում ապացուցել իրենց հանրապետության քաղաքացիությունը: ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարը բավականաչափ տեղեկատվություն ուներ և մի քանի տարի իրավահաջորդ պետություններից հինգում իրավական աջակցության գործող ծրագրեր էր իրականացնում: Իրավիճակն անհամաչափ կերպով ազդել էր խոցելի խմբերի, հատկապես մնացած նախկին հանրապետություններից փոքրամասնությունների խմբերի և ռոմաների վրա:
335. Ողջունելի էին Կառավարության գործադրած ջանքերը “ջնջվածների” կարգավիճակը կարգավորելու նպատակով նրանց կամավոր բնակության թույլտվություն տալու և Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը կենսագործելու հարցում: Այնուամենայնիվ, ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարը շարունակում էր մտահոգված լինել, որ բարեփոխումները “ջնջման” արդյունքում բոլոր տուժածներին պարտադրված պահանջների պատճառով թույլ չեն տա ստանալ մշտական բնակության թույլտվություն և քաղաքացիություն: Երրորդ կողմի մնացած միջամտողները հիմնականում համաձայն էին Բաց հասարակության արդարադատության նախաձեռնության ներկայացրած փաստարկների հետ:
Բ. Պալատի կայացրած վճիռը
336. Պալատը նկատում էր, որ մինչև 1991թ. համապատասխան ժամանակ դիմողները ՀՍԴՀ-ի կիրառելի օրենսդրության համաձայն մի քանի տարի մշտապես բնակվել էին Սլովենիայի տարածքում՝ նրանցից շատերը՝ տասնամյակներով և բնակության ավելի ուժեղ կարգավիճակ էին ունեցել, քան երկարաժամկետ միգրանտները: Նրանք իրենց կյանքի մի զգալի մասն անցկացրել էին Սլովենիայում և այնտեղ զարգացրել անձնական, սոցիալական, մշակութային, լեզվական ու տնտեսական հարաբերությունների ցանց, որը կազմում էր ամեն մարդ արարածի մասնավոր կյանքը: Նրանցից շատերը Սլովենիայում նաև ընտանիքներ էին կազմել կամ պահպանել այնտեղ ապրող իրենց ընտանիքների հետ կապերը:
337. Պալատը եզրակացրեց, որ համապատասխան ժամանակ դիմողները Սլովենիայում անձնական կամ ընտանեկան կամ էլ այդ երկուսը միասին կյանք էին վարել՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Բացի այդ, “ջնջման” և Սլովենիայի իշխանությունների կողմից դիմողների վիճակն ամբողջապես կարգավորելու ձգձգված մերժման արձագանքները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն նրանց իրավունքների իրականացման միջամտություն էին, մասնավորապես ապատրիդիզմի դեպքում /տես Պալատի վճռի 348-361 կետերը/:
338. Ինչ վերաբերում է այն բանին, թե միջամտությունը 8-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքերով “օրենքի համաձայն է”, Պալատը որոշում կայացրեց՝ Սահմանադրական դատարանը գտել էր, որ “ջնջումն” անօրինական էր, ուստի Պալատը որևէ պատճառ չի տեսնում, թե ինչու պետք է շեղվեն դատարանի որոշումներից: Հետևաբար Պալատը գտավ, որ խախտվել է 8-րդ հոդվածը՝ նաև միջազգային իրավունքի համապատասխան չափանիշների լույսի ներքո, որոնք միտված են խուսափելու ապատրիդիզմից, հատկապես իրավահաջորդ պետությունների նման իրավիճակներում /տես Պալատի վճռի 362-376 կետերը/:
Գ. Մեծ պալատի գնահատականը
Արդյոք 8-րդ հոդվածը կիրառելի է դիմողների բողոքների նկատմամբ
339. Մեծ պալատն ի սկզբանե նկատում է, որ Կառավարությունը Պալատում չի վիճարկել այն փաստը, որ “ջնջումը” և դրա արձագանքները հակառակ ազդեցությունն էին ունեցել դիմողների վրա և հավասարազոր էին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով նրանց “անձնական կամ ընտանեկան կյանքին” միջամտությանը /տես Slivenko v. Latvia [GC], no. 48321/99, § 96, ECHR 2003‑X/: Նկատի ունենալով երկու կողմերի փաստարկները՝ Մեծ պալատը որևէ պատճառ չի տեսնում Պալատի եզրակացություններից շեղվելու համար, թեպետ “ջնջումն” իրականացվել էր մինչև 1994թ. հունիսի 28-ը, երբ Սլովենիայի վերաբերմամբ Կոնվենցիան մտավ ուժի մեջ, Սլովենիայում դիմողներն ապրում էին անձնական և ընտանեկան կյանքով կամ երկուսը միասին՝ համապատասխան ժամանակ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, իսկ “ջնջումը” միջամտել էր 8-րդ հոդվածում ամրագրված նրանց իրավունքներին և շարունակում է այդպես վարվել /տես վերը նշված 337-րդ կետը/:
340. Մնում է քննել, թե արդյոք այդ միջամտությունը համատեղելի էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի հետ, այսինքն՝ արդյոք այն “համապատասխանում էր օրենքին”, հետապնդում էր այդ կետում թվարկված օրինական նպատակներից մեկը կամ ավելին և “անհրաժեշտություն էր ժողովրդավարական հասարակության մեջ”:
Միջամտության հիմնավորումը
/ա/ Արդյոք միջամտությունը “ համապատասխանում էր օրենքին”
341. Ըստ Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի՝ “համապատասխանում է օրենքին” արտահայտությունը պահանջում է, որպեսզի ներպետական իրավունքում վիճարկված միջոցն ունենա որոշակի հիմքեր: Այն նաև վերաբերում է խնդրո առարկա օրենքի որակին՝ պահանջելով, որ այն հասու լինի շահագրգիռ անձին և կանխատեսելի՝ իր հետևանքներով /տես Amann v. Switzerland [GC], no. 27798/95, § 50, ECHR 2000-II և վերը վկայաբերված Slivenko, § 100 գործերը/:
342. Դատարանը նկատում է, որ ռեգիստրից նախկին ՀՍԴՀ-ի այլ հանրապետությունների ավելի քան 25,000 քաղաքացիների հետ մեկտեղ դիմողների անունները “ջնջելը” տեղի է ունեցել 1991թ. հունիսի 25-ին ընդունված անկախ օրենսդրության երկու հոդվածների համատեղ ազդեցության արդյունքում՝ “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ և “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածներ /տես վերը նշված 25-րդ և 27-րդ կետերը/: Նախկին ՀՍԴՀ-ի այն քաղաքացիները, ովքեր ունեին այլ հանրապետությունների քաղաքացիություն և Սլովենիայում մշտապես բնակություն և չէին կարողացել մինչև 1991թ. դեկտեմբերի 25-ը խնդրանք ներկայացնել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար, կամ ում խնդրանքը մերժվել էր, ընկան “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ ենթակետի տակ: 1992թ. փետրվարի 26-ին, երբ վերջին դրույթն սկսեց անմիջականորեն կիրառվել, դիմողները դարձան օտարերկրացիներ:
343. Դատարանը կարծում է, որ “Քաղաքացիության մասին” օրենքի 40-րդ և “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածներն իրավական փաստաթղթեր էին, որոնք հասանելի էին շահագրգիռ անձանց, ուստի դիմողները կարող էին կանխատեսել, որ Սլովենիայի քաղաքացիության համար դիմել չկարողանալով իրենց կարող են վերաբերվել իբրև օտարերկրացիների: Սակայն Դատարանի կարծիքով նրանք կարող էին հիմնավորված կերպով ակնկալել, որ այդ գործողության նպատակով որևէ դրույթի բացակայության դեպքում որպես օտարերկրացիներ իրենց կարգավիճակը կարող էր դառնալ Սլովենիայի տարածքում իրենց բնակության անօրինական լինելու պատճառ և հանգեցնել այնպիսի ծայրահեղ միջոցի, ինչպիսին է “ջնջելը”: Այդ կապակցությամբ հարկ է հիշել, որ “ջնջելը” տեղի էր ունենում ավտոմատ կերպով և առանց նախնական ծանուցման: Դիմողներին նաև հնարավորություն չէին տվել դա վիճարկել ներպետական իրավասու մարմիններում կամ բացատրություններ ներկայացնել Սլովենիայի քաղաքացիության համար դիմել չկարողանալու պատճառների վերաբերյալ: Որևէ ծանուցման կամ անձնական տեղեկությունների բացակայությունը կարող էր նրանց հավատացնել, որ որպես բնակիչներ իրենց կարգավիճակը մնացել էր անփոփոխ, և իրենք կարող էին շարունակել ապրել ու աշխատել Սլովենիայում, ինչպես որ դա արել էին մի քանի տարի: Անշուշտ, միայն պատահաբար նրանք տեղեկացան “ջնջելու” մասին /տես վերը նշված 89, 111, 126, 137, 162 և 177 կետերը/: Ուստի կարող են լուրջ կասկածներ ծագել այն միջոցի կանխատեսելիության նկատմամբ, որից բողոքում էին:
344. Ավելին, Դատարանը չի կարող մեծ կշիռ չտալ այն փաստին, որ 1999թ. փետրվարի 4-ի իր ղեկավար որոշման մեջ Սահմանադրական դատարանը պարտավորեցրել էր, որ Մշտական բնակիչների ռեգիստրից Օտարերկրացիների ռեգիստր “ջնջվածների” անունները առանց բնակության թույլտվության տեղափոխելը ներպետական իրավական որևէ հիմք չուներ՝ ոչ “Օտարերկրացիների մասին” օրենքում, ոչ էլ “Բնակության մասին բնակիչների ապացույցի և բնակչության ռեգիստրի մասին” օրենքում այդօրինակ օրենքով գրանցումից հանում և տեղափոխություն նախատեսված չէ /տես վերը նշված 41-րդ և 214-րդ կետերը/: Բացի այդ, Սահմանադրական դատարանը գտել էր, որ “ջնջվածների” իրավական կարգավիճակի տեղափոխումը Սլովենիայում ապրող օտարերկրացիների կարգավիճակի որևէ իրավական դրույթով չի կարգավորվում: “Օտարերկրացիների մասին” օրենքի 13-րդ և 16-րդ հոդվածները /տես վերը նշված 207-րդ կետը/ նախատեսված էին Սլովենիա մուտք գործող օտարերկրացիների համար, հետևաբար կիրառելի չէին դիմողների նկատմամբ /տես վերը նշված 41-42, 44-45 և 214-րդ կետերը/: Այդ ժամանակ օրենսդրության մեջ կար իրավական վակուում, քանի որ նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետություններից որևէ մեկի քաղաքացիություն ունեցող քաղաքացիների համար, ովքեր գտնվում էին “Օտարերկրացիների մասին” օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ ենթակետի կիրառության ոլորտի ներքո, գործող ընթացակարգ չկար, որպեսզի բնակության թույլտվության համար խնդրանք ներկայացվեր: “Օտարերկրացիների մասին” օրենքի 13-րդ հոդվածի համաձայն նրանք կարող էին դիմել միայն ժամանակավոր բնակության թույլտվության համար՝ իբրև վավեր այցագրով Սլովենիա մուտք գործող օտարերկրացիներ, ովքեր ցանկանում էին Սլովենիայի տարածքում ավելի երկար ժամանակ մնալ:
345. Ի լրումն դրա, վարչական միավորներին Ներքին գործերի նախարարության ուղարկած վարչական շրջաբերականներից ակնհայտ է, մասնավորապես 1992թ. փետրվարի 27-ի և հունիսի 15-ի թվակիր փաստաթղթերում, որոնք վերաբերում են “Օտարերկրացիների մասին” օրենքի կատարմանը, 81-րդ հոդվածի մեկնաբանությանը և արձանագրությունների վարմանը /տես վերը նշված 28-րդ, 30-րդ և 35-րդ կետեր/, որ Սլովենիայի իշխանությունները համապատախան ժամանակ տեղյակ էին գաղտինության պայմաններում իրականացվող “ջնջման” բացասական հետևանքների մասին: Ըստ սահմանման՝ այդ վարչական շրջաբերականները դիմողներին հասանելի չէին:
346. Դատարանը գտնում է, որ մինչև 1999թ. հուլիսի 8-ը, երբ ընդունվեց “Իրավական կարգավիճակի մասին” օրենքը, Սլովենիայի վիճարկված օրենսդրության մեջ և վարչական պրակտիկայում, որոնց արդյունքը եղավ “ջնջումը”, բացակայում էին Դատարանի նախադեպային իրավունքում առկա կանխատեսելիության և հասանելիության չափանիշները:
347. Ճիշտ է, որ 1999թ. փետրվարի 4-ի Սահմանադրական դատարանի որոշումից հետո՝ 1999թ. հուլիսի 8-ին ընդունվեց “Իրավական կարգավիճակի մասին” օրենքը, որպեսզի կարգավորվի “ջնջվածների” վիճակը /տես վերը նշված 49-50-րդ կետերը/: Այնուամենայնիվ, 2003թ. ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց այն մասին, որ Իրավական կարգավիճակի մասին օրենքի որոշ դրույթներ ոչ սահմանադրական են, մասնավորապես այն դրույթները, որոնցով չէր կարելի “ջնջվածներին” շնորհել մշտական բնակության հետադարձ ուժ ունեցող թույլտվություն և կարգավորել նրանց վիճակը, ում արտաքսել էին /տես վերը նշված 58-60-րդ և 215-րդ կետերը/: Եվ, վերջապես, ավելի քան յոթ տարի տևեց /մինչև 2010թ. հուլիսի 24-ը/, որպեսզի Սահմանադրական դատարանը կայացնի վերջին որոշումը, որով կարգադրվում էր համապատասխանել ընդհանուր միջոցներին, երբ ընդունվեց Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը /տես վերը նշված 76-րդ կետը/:
348. Սրանից հետևում է, որ առնվազն մինչև 2010թ. ներպետական իրավական համակարգը չէր կարողանում հստակ կերպով կարգավորել “ջնջման” հետևանքները և այն մարդկանց բնակչի կարգավիճակը, ում ջնջել էին, ուստի դիմողները ոչ միայն չէին կարող կանխատեսած լինել այն միջոցը, որից բողոքում էին, այլ նաև անկարող էին նախատեսել իրենց անձնական կամ ընտանեկան կյանքի կամ այդ երկուսի վրա դրա ազդեցությունը:
349. Սա բավարար է Դատարանի համար, որպեսզի այն հանգի հետևյալ եզրակացությանը՝ 8-րդ հոդվածով նախատեսված դիմողների իրավունքների նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, որը չէր “համապատասխանում օրենքին”, և այդ դրույթը խախտվել է:
350. Այնուամենայնիվ, ներկա գործի հատուկ հանգամանքներում և հաշվի առնելով “ջնջման” լայնածավալ հետևանքները, Դատարանը հարկ է համարում քննել, թե արդյոք բացի բավարար իրավական հենքի բացակայությունից, այդ միջոցն օրինական նպատակ էր հետապնդում և դրան համաչափ էր:
/բ/ Արդյոք միջամտությունը հետապնդում էր օրինական նպատակ
351. Կառավարությունը փաստարկում էր, որ այն ժամանակ, երբ ստեղծվում էր նոր պետությունը, անկախության մասին օրենսդրությունը հետապնդում էր ազգային անվտանգությունը պաշտպանելու օրինական նպատակ: Ավելին, իր տարածքում օտարերկրացիների մուտքն ու բնակությունը վերահսկելու՝ պետության իրավունքը ենթադրում էր, որ այն կարող է տարհամոզիչ միջոցներ ձեռնարկել, զորօրինակ այն անձանց արտաքսումը, ովքեր խախտում են ներգաղթի օրենքները /տես վերը բերված 325-րդ կետը/:
352. Դատարանը կարծում է, որ անկախության օրենսդրության նպատակը և դիմողների նկատմամբ ձեռնարկված միջոցները չեն կարող առանձնացվել ՀՍԴՀ-ի լուծարման առավել ընդարձակ համատեքստից, 1991թ. Սլովենիայի անկախության նվաճումից և արդյունավետ քաղաքական ժողովրդավարության հաստատումից, որի արդյունքը եղավ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով “Սլովենիայի քաղաքացիների կորպուսի” ձևավորումը: Միջամտությունը /“ջնջումը”/, որից բողոքում էին, պետք է դիտարկվի այս ընդհանուր դաշտում:
353. Հետևաբար Դատարանը կարծում է, որ անկախության օրենսդրության ընդունման հետ մեկտեղ, որը Սլովենիայում բնակվող ՀՍԴՀ-ի մնացած նախկին հանրապետությունների բոլոր քաղաքացիների համար Սլովենիայի քաղաքացիություն ստանալու տարբերակ էր պարունակում միայն կարճ ժամանակում, Սլովենիայի իշխանությունները հետամուտ էին ստեղծելու “Սլովենիայի քաղաքացիների կորպուս” և, այդպիսով, պաշտպանելու երկրի ազգային անվտանգության շահերը /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը նշված Slivenko գործը, §§ 110-111/՝ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստի շրջանակներում օրինական նպատակ:
/գ/ Արդյոք միջամտությունն “անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակության մեջ”
354. Այդուհանդերձ, անկախության օրենսդրությունը հակառակ ազդեցություն ունեցավ նախկին ՀՍԴՀ-ի մնացած քաղաքացիների վրա, ովքեր նախատեսված վեց ամսվա ընթացքում չէին դիմել Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար և ովքեր հետագայում դարձան Սլովենիայի տարածքում անօրինական կերպով բնակվող օտարերկրացիներ, որովհետև նրանց անունները “ջնջվել էին” Մշտական բնակիչների ռեգիստրից: Դատարանը կգնահատի այդ միջոցի համապատասխանությունը նրանց անձնական կամ ընտանեկան կյանքը կամ երկուսը միասին հարգելու՝ դիմողների իրավունքին: Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետում երաշխավորված իրավունքների միջամտությունը կարող է դիտարկվել իբրև “անհրաժեշտություն ժողովրդավարական հասարակության մեջ”, եթե այն ձեռնարկվել է հրատապ սոցիալական կարիքին արձագանքելու նպատակով, և եթե ձեռնարկված միջոցները համաչափ են հետապնդվող նպատակներին: Դատարանի խնդիրն է հավաստիանալ՝ թե արդյոք վիճարկված միջոցներն արդարացի հավասարակշռություն են ստեղծում համապատասխան շահերի միջև, այսինքն՝ մի կողմից Կոնվենցիայով պաշտպանվող անհատի իրավունքները, իսկ մյուս կողմից՝ հանրության շահերը /տես վերը նշված Slivenko գործը, § 113/:
355. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիան չի երաշխավորում որոշակի երկիր օտարերկրացու մուտք գործելու կամ բնակվելու իրավունքը, և Պայմանավորվող երկրները, որպես միջազգային իրավունքի հաստատված փաստ, որը ենթակա է իրենց պայմանագրային պարտականություններին, այդ թվում՝ Կոնվենցիային, իրավունք ունեն վերահսկել օտարերկրացիների մուտքը, բնակությունը և վտարումը /տես, ի թիվս շատ այլ իշխանությունների, Chahal v. the United Kingdom, 15 November 1996, § 73, Reports 1996‑V; El Boujaïdi v. France, 26 September 1997, § 39, Reports 1997‑VI; Baghli v. France, no. 34374/97, § 45, ECHR 1999‑VIII; Boultif v. Switzerland, no. 54273/00, § 39, ECHR 2001‑IX; Üner v. the Netherlands [GC], no. 46410/99, § 54, ECHR 2006‑XII; and Slivenko, cited above, § 115/: Այնուամենայնիվ, որևէ երկրում բնակվելու իրավունքի սահմանափակման միջոցները որոշ դեպքերում կարող են առաջացնել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում, եթե դրանք անհամաչափ հետևանքներ են ունենում շահագրգիռ անձի անձնական կամ ընտանեկան կյանքի, կամ այդ երկուսի վրա /տես վերը նշված Boultif, § 55; Slivenko, § 128; Radovanovic v. Austria, no. 42703/98, §§ 36‑37, 22 April 2004; and Maslov v. Austria [GC], no. 1638/03, § 100, ECHR 2008/:
356. Ներկա գործով դիմողները, ովքեր մինչև Սլովենիայի անկախության հռչակումն օրինական կերպով մի քանի տարի ապրել էին Սլովենիայում, նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների նման օգտվում էին սոցիալական ու քաղաքական լայն իրավունքներից: “Ջնջման” պատճառով նրանք իրենց վրա զգացին մի շարք հակառակ արդյունքներ՝ ինքնությունը հաստատող փաստաթղթերի ոչնչացում, աշխատանքի հնարավորությունների և առողջապահական ապահովագրության կորուստ, ինքնությունը հաստատող փաստաթղթերի կամ վարորդական իրավունքի վերականգնման անհնարինություն, դժվարություններ կենսաթոշակային իրավունքը կարգավորելու հարցում: Անշուշտ, անկախության օրենսդրության մեջ իրավական վակուումը /տես վերը նշված 344-րդ կետը/ դիմողներին զրկում էր իրենց իրավական կարգավիճակից, որը նախկինում նրանց համար իրավունքների լայն շրջանակի հասանելիություն էր ապահովում:
357. Ենթադրաբար “ջնջումը” Սլովենիայի քաղաքացիություն ստանալու համար հետամուտ լինելու անկարողության հետևանքն էր: Այնուամենայնիվ, Դատարանը մատնանշում է, որ երկրում օրինական կերպով բնակվող օտարերկրացին կարող է ցանկանալ շարունակել այդ երկրում ապրել առանց քաղաքացիություն ստանալու անհրաժեշտության: Ինչպես ցույց են տալիս դիմողների առջև ծառացած դժվարությունները, բազմաթիվ տարիների ընթացքում բնակության վավեր թույլտվություն ստանալիս Սլովենիայի օրենսդիր մարմինը չէր կարողանում ընդունել դրույթներ, որոնք միտված էին թույլ տալու մնացած հանրապետություններից մեկի քաղաքացիություն ունեցող՝ նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիներին, կասրգավորել իրենց բնակության կարգավիճակը, եթե ընտրել էին Սլովենիայի քաղաքացի չդառնալու տարբերակը կամ չէին կարողացել դա անել: Այդ դրույթները չէին սասանի օտարերկրացիների բնակությունը վերահսկող օրինական նպատակները կամ Սլովենիայի քաղաքացիների կորպուսի ստեղծումը կամ էլ այդ երկուսը միասին:
358. Այս կապակցությամբ Դատարանը կրկնում է, որ թեպետ 8-րդ հոդվածի հիմնական առարկան պետական իշխանության մարմինների կամայական գործողություններից անձին պաշտպանելն է, այն պետությանը միայն չի պարտադրում այդօրինակ միջամտությունից ձեռնպահ մնալ՝ ի լրումն այդ բացասական պարտավորության, կարող են լինել դրական պարտավորություններ, որոնք անձնական կամ ընտանեկան կյանքի կամ այդ երկուսի նկատմամբ գործուն հարգանքի անկապտելի մասն են, հատկապես դիմողների նման երկարաժամկետ միգրանտների դեպքում /տես, անհրաժեշտ փոփոխություններով, Gül v. Switzerland, 19 February 1996, § 38, Reports 1996-I; Ahmut v. the Netherlands, 28 November 1996, § 67, Reports 1996‑VI; and Mehemi v. France (no. 2), no. 53470/99, § 45, ECHR 2003‑IV/:
359. Դատարանն այն կարծիքին է, որ ներկա գործի հատուկ հանգամանքներում նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների բնակության կարգավիճակն անհրաժեշտ քայլ էր, որը պետությունը պետք է ձեռնարկած լիներ ապահովելու համար, որ Սլովենիայի քաղաքացիություն ստանալու ձախողումն անհամաչափ կերպով չազդեր 8-րդ հոդվածում ամրագրված՝ “ջնջվածների” իրավունքների վրա: Այդօրինակ կարգավորման բացակայությունը և բնակության վավեր թույլտվություններ ստանալու ձգձգվող անհնարինությունը խախտել են արդարացի հավասարակշռությունը, որը պետք է լիներ ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակի և դիմողների անձնական կամ ընտանեկան կյանքի կամ էլ այդ երկուսի իրավունքի նկատմամբ գործուն հարգանքը:
/դ/ Եզրակացություն
360. Դատարանը կարծում է, որ չնայած 1999 և 2003թթ. Սահմանադրական դատարանի որոշումներից հետո գործադրված ջանքերին, ինչպես նաև վերջերս Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի ընդունման հետ կապված՝ Սլովենիայի իշխանությունները չեն կարողացել համապարփակ ձևով և համապատասխան արագությամբ շտկել “ջնջման” ամբողջական բնույթը և դիմողների վրա դրա ծանր հետևանքները:
361. Վերը բերված պատճառներով այն միջոցները, որոնցից բողոքում էին, ոչ “օրենքով էին նախատեսված” ոչ էլ “անհրաժեշտ էին ժողովրդավարական հասարակության մեջ”, որպեսզի հասնեին ազգային անվտանգության պաշտպանության օրինական նպատակին:
362. Համապատասխանաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
...
IV. 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ
373. Դիմողները հայտարարում էին, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածում նախատեսված իրենց իրավունքներից օգտվելիս ազգային ծագման պատճառով իրենց նկատմամբ այլ օտարերկրացիների հետ համեմատելիս /այսպես կոչված “իսկական” օտարերկրացիներ/, խտրականություն է դրսևորվել: Օտարերկրացիները շարունակում են Սլովենիայում բնակվել ժամանակավոր կամ մշտական բնակության թույլտվության հիման վրա:
374. Դիմողները վկայակոչում էին Կոնվենցիայի 14-րդ հոդվածը, որում ասված է հետևյալը՝
“Սույն Կոնվենցիայում շարադրված իրավունքներից և ազատություններից օգտվելն ապահովվում է առանց խտրականության, այն է՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից կամ այլ դրությունից”:
Ա. Կողմերի փաստարկները
Դիմողները
375. Դիմողները փաստարկում էին, որ իրենց պակաս բարյացակամությամբ էին վերաբերվել, քան “իսկական” օտարերկրացիներին, ովքեր Սլովենիայում բնակվել էին մինչև անկախությունը, և ում մշտական բնակության թույլտվությունները “Օտարերկրացիների մասին” օրենքի 82-րդ հոդվածի հիման վրա վավեր էին մնացել:
376. Դիմողների կարծիքով՝ “ջնջվածների” նկատմամբ խտրական վերաբերմունքի հարցը ներկա գործի հիմնական հատկանիշներից մեկն է, և Մեծ պալատը պետք է իրենց բողոքի էությունը քննի 14-րդ հոդվածի հիմքերով /նրանք վկայակոչում էին Chassagnou and Others v. France [GC], nos. 25088/94, 28331/95 and 28443/95, § 89, ECHR 1999‑III, and Nachova and Others v. Bulgaria [GC], nos. 43577/98 and 43579/98, §§ 160-168, ECHR 2005‑VII/: Նրանք ընդգծում էին, որ Սահմանադրական դատարանն ինքը հաստատել էր խտրականության առկայությունը: Եթե “իսկական” օտարերկրացիների բնակության շարունակական իրավունքը ճանաչվել էր “Օտարերկրացիների մասին” օրենքով, ապա նույնն ավելի շատ պետք է կիրառվի “ջնջվածների” նկատմամբ:
377. Եվ, վերջապես, դիմողները վիճարկում էին պատասխանող Կառավարության հայտարարություններն /ստորև տես 379-րդ կետը/ առ այն, որ նրանց նկատմամբ կիրառվել էր դրական խտրականություն, քանի որ չէին ենթարկվել արտաքսման՝ դիմողներից հինգին փաստորեն արտաքսել էին:
Կառավարությունը
378. Կառավարությունը հայտարարում էր, որ անկախության ժամանակ Սլովենիայի Հանրապետությունն իր տարածքում մշտական բնակություն ունեցող՝ ՀՍԴՀ-ի այլ նախկին հանրապետությունների քաղաքացիներին թույլատրել էր բացառիկ նպաստավոր պայմաններում Սլովենիայի քաղաքացիություն ստանալ: Ի լրումն դրա, մինչև Սլովենիայի քաղաքացիություն ստանալը կամ “Օտարերկրացիների մասին” օրենքում ամրագրված ժամկետն սպառվելը 1991թ. Սահմանադրական օրենքով նրանց երաշխավորում էին Սլովենիայի քաղաքացիների հետ հավասար վերաբերմունք /տես վերը նշված 202-րդ կետը/: Այնուամենայնիվ, մտաբերելով Սլովենիայի քաղաքացիների կորպուս ձևավորելու անհրաժեշտությունը՝ հատկապես նկատի ունենալով 1992թ. խորհրդարանական ընտրությունները, վերաբերմունքի այդ հավասարությունը չէր կարող անորոշ ժամանակ տևել, ուստի Սլովենիայի քաղաքացիություն չունեցող մշտական բնակիչների հայեցողությանն էր թողնված օգտվել այդ հնարավորությունից և անկախ Սլովենիայի քաղաքացիություն ձեռք բերել՝ դա ինքնաբերաբար չէր շնորհվում:
379. Հետևաբար, դիմողների դիրքորոշումը կապված էր այն փաստի հետ, որ իբրև օտարերկրացիներ իրենք մշտական բնակության թույլտվություն չէին ստացել: Իրենց վերաբերվել էին այնպես, ինչպես բնակության թույլտվություն չունեցող մնացած բոլոր օտարերկրացիներին: Ինչ վերաբերում է ՀՍԴՀ-ի օրենսդրությանը և Օտարերկրացիների մասին օրենքին, դիմողները և “իսկական” օտարերկրացիները երբեք համեմատելի վիճակում չէին եղել: Ավելին, դիմողները շահել էին դրական խտրականությունից, քանի որ սկզբունքորեն նրանք Սլովենիայից չէին արտաքսվել:
Երրորդ կողմերը
380. Բացի Սերբիայի կառավարությունից, մնացած երրորդ կողմերի փաստարկները Պալատում ուշադրությունը կենտրոնացնում էին հիմնականում խտրականության վրա, որը ճանաչվել էր որպես Դատարանի նախադեպային իրավունքում հիմնարար կարևորություն ունեցող հարց:
381. Երրորդ կողմի միջամտողները հայտարարում էին, որ ազգային կամ էթնիկական ծագման պատճառով կամ այդ երկուսը միասին “ջնջվածները” ենթարկվել էին և ուղղակի, և անուղղակի խտրականության /վերը բերված D.H. and Others v. the Czech Republic, § 175/: “Օտարերկրացիների մասին” օրենքում “ջնջվածների” համար ավելի խիստ դրույթներ կային, քան օտարերկրացիների համար: Քանի որ նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների հետ համեմատած Սլովենիայի բնակչությունն էթնիկական առումով միատարր էր, “ջնջումն” անհամաչափորեն ազդել էր ծագումով ոչ սլովենների, նախկին ՀՍԴՀ-ի փոքրամասնությունների և ռոմաների վրա, դրանով նաև էթնիկական ծագման պատճառով խտրականության ենթարկելով բնակիչներին: Որևէ օբյեկտիվ հիմնավորում չկա այն ամենի համար, ինչի արդյունքում տասնամյակներ շարունակ “ջնջվածներն” իրավական մոռացության էին մատնվել: Եվ, վերջինը, Եվրոպայի խորհրդի մնացած մարմինները խտրականության արգելման իրավունքը մեկնաբանել էին որպես անդամ երկրների կողմից դրական գործողություն պահանջող:
Բ. Պալատի վճիռը
382. Պալատը կարծում էր, որ, նկատի ունենալով իր կողմից Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում գտնելը, հարկ չկար 14-րդ հոդվածի հիմքերով դիմողների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնել /տես Պալատի վճռի 400-րդ կետը/:
Գ. Մեծ պալատի գնահատականը
383. Հաշվի առնելով ներկա գործով խտրականության հարցի կարևորությունը՝ Մեծ պալատը, ի տարբերություն Պալատի, կարծում է, որ պետք է քննվի Կոնվենցիայի 14-րդ հոդվածի հիմքերով դիմողների ներկայացրած բողոքը:
Կոնվենցիայի 14-րդ հոդվածի կիրառելիությունը
384. Ինչպես հետևողականորեն որոշում է կայացրել Դատարանը, 14-րդ հոդվածը լրացնում է Կոնվենցիայի և նրա Արձանագրությունների մնացած հիմնական դրույթները: Այն չի կարող ինքնուրույն գոյություն ունենալ, քանի որ ուժ ունի միայն այդ դրույթներով երաշխավորված “իրավունքների և ազատությունների իրականացման” մասով: Թեպետ 14-րդ հոդվածի կիրառությունը չի ենթադրում այդ դրույթների խախտում և այդ չափով այն ինքնուրույն է, դրա կիրառության համար որևէ տեղ չի կարող լինել, եթե խնդրո առարկա փաստերը չեն գտնվում վերջինիս մեկ կամ ավելի ոլորտներում /ի թիվս այլ իշխանությունների, տես Van Raalte v. the Netherlands, 21 February 1997, § 33, Reports 1997-I; Petrovic v. Austria, 27 March 1998, § 22, Reports 1998-II; and Zarb Adami v. Malta, no. 17209/02, § 42, ECHR 2006-VIII/:
385. Ներկա գործով Դատարանը գտել է, որ այն միջոցները, որոնց վերաբերյալ բողոք էր ներկայացվել, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով դիմողների “անձնական կամ ընտանեկան կյանքին կամ այդ երկուսին” անօրինական միջամտություն էին /տես վերը նշված 339-րդ կետը/: Այսպիսով, 8-րդ հոդվածը կիրառելի է գործի փաստերի նկատմամբ, կիրառելի է նաև 14-րդ հոդվածը:
2. Կոնվենցիայի 14 հոդվածի համատեղելիությունը 8 հոդվածի հետ մեկտեղ
/ա/ Ընդհանուր սկզբունքներ
386. Դատարանի հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ խտրականություն նշանակում է մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք նմանօրինակ իրավիճակում առանց օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորման /տես Willis v. the United Kingdom, no. 36042/97, § 48, ECHR 2002‑IV/: Վերաբերմունքի մեջ եղած տարբերությունը որևէ օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորում չունի, եթե այն չի հետապնդում “օրինական նպատակ” կամ եթե օգտագործված միջոցների և իրագործվելիք նպատակի միջև չկա “համաչափության ողջամիտ հարաբերակցություն”: Այնտեղ, որտեղ վերաբերմունքի տարբերությունը հիմնված է ռասայի, մաշկի գույնի կամ էթնիկական ծագման վրա, օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորման գաղափարը պետք է մեկնաբանվի հնարավորինս խիստ ձևով /տես, ի թիվս շատ այլ իշխանությունների, Oršuš and Others v. Croatia [GC], no. 15766/03, § 156, ECHR 2010/:
387. Պայմանավորվող կողմերն օգտվում են թույլատրելի հայեցողության որոշակի շրջանակից, երբ գնահատում են՝ թե արդյոք և ինչ չափով այլ նմանօրինակ իրավիճակներում տարբերություններն արդարացնում են վերաբերմունքի մեջ եղած տարբերությունը /տես Gaygusuz v. Austria, 16 September 1996, § 42, Reports 1996‑IV/: Թույլատրելի հայեցողության շրջանակը տարբեր է՝ կախված հանգամանքներից, առարկայից և դրա նախապատմությունից /տես Rasmussen v. Denmark, 28 November 1984, § 40, Series A no. 87, and Inze v. Austria, 28 October 1987, § 41, Series A no. 126/, սակայն վերջնական որոշումը, որը վերաբերում է Կոնվենցիայի պահանջները պահպանելուն, մնում է Դատարանի իրավասությանը: Քանի որ առաջին հերթին Կոնվենցիան մարդու իրավունքների պաշտպանության համակարգ է, Դատարանը պետք է հաշվի առնի Պայմանավորվող պետություններում փոփոխվող պայմանները և արձագանքի, օր.՝ հասանելիք չափանիշների վերաբերյալ ծագող համաձայնությանը /տես Ünal Tekeli v. Turkey, no. 29865/96, § 54, ECHR 2004‑X, և անհրաժեշտ փոփոխություններով, Stafford v. the United Kingdom [GC], no. 46295/99, § 68, ECHR 2002‑IV/:
388. Վերը նշվածը հաշվի առնելով` 14-րդ հոդվածով Պայմանավորվող կողմերին չի արգելվում խմբերի նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենալ, որպեսզի շտկվեն նրանց միջև եղած “փաստացի անհավասարությունները”: Անշուշտ, որոշ հանգամանքներում տարբեր վերաբերմունքի միջոցով առանց օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորման անհավասարությունը շտկելու անհաջող փորձը կարող է առաջացնել այդ հոդվածի խախտում /տես Thlimmenos v. Greece [GC], no. 34369/97, § 44, ECHR 2000-IV, and Sejdić and Finci v. Bosnia and Herzegovina [GC], nos. 27996/06 and 34836/06, § 44, ECHR 2009/: Դատարանը նաև ընդունել է, որ ընդհանուր քաղաքականությունը կամ միջոցը, որն անհամաչափ կերպով վնասակար ազդեցություն է թողել որոշակի խմբի վրա, կարող է համարվել խտրական` չնայած այն բանին, որ դրա կոնկրետ նպատակն այդ խումբը չէ, և այդ խտրականությունը, որը հակառակ է, Կոնվենցիային, կարող է լինել դե ֆակտո իրավիճակի արդյունքը /տես վերը նշված D.H. and Others v. the Czech Republic, §175 և այնտեղ հիշատակված իշխանությունները/:
389. Եվ, վերջապես, ինչ վերաբերում է Կոնվենցիայի 14-րդ հոդվածի մասով ապացուցման պարտականությանը, Դատարանը որոշում է կայացրել, որ եթե մեկ անգամ դիմողը վերաբերմունքի տարբերություն է նկատել, Կառավարության պարտականությունն է ցույց տալ, որ դա հիմնավորված էր /նույն տեղը, կետ 177/:
/բ/ Արդյոք նմանօրինակ իրավիճակներում անձանց միջև եղել է վերաբերմունքի տարբերություն
390. Վերադառնալով ներկա գործին` Դատարանը նկատում է, որ Սլովենիայում մինչև անկախությունը ոչ թե նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների, այլ ուրիշ պետությունների քաղաքացիների` այսպես կոչված “իսկական” օտարերկրացինեի կարգավիճակը կարգավորվում էր “Օտարերկրացիների մասին” օրենքի 82-րդ հոդվածով, որով նախատեսվում էր, որ նրանց մշտական բնակության թույլտվությունները վավեր են /տես վերը նշված 207-րդ կետը/: Այնուամենայնիվ, “Օտարերկրացիների մասին” օրենքում չէին կարողացել կարգավորել ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների քաղաքացիների կարգավիճակը, ովքեր բնակվում էին Սլովենիայում: Ինչպես ընդգծված է վերևում /տես 344-րդ կետը/` այդ իրավական վակուումի արդյունքում վերջիններիս “ջնջել էին”, իսկ Սլովենիայի տարածում նրանց մնալը դարձել էր անօրինական:
391. Կարելի է վիճարկել, որ մինչև Սլովենիայի անկախությունը տարբերություն կար այդ երկու խմբերի միջև, քանի որ մի խումբը կազմված էր օտարերկրացիներից, իսկ մյուս խումբը՝ նախկին դաշնային պետության քաղաքացիներից, որի մի մասն էլ Սլովենիան էր: Այդուհանդերձ, Դատարանի կարծիքով անկախության հռչակումից և նոր պետութան ի հայտ գալուց հետո նրանց վիճակն առնվազն ամենապակաս համեմատելին դարձավ: Երկու խմբում էլ օտարերկրացիներ էին, ովքեր Սլովենիայից տարբեր պետությունների քաղաքացիություն ունեին կամ ապատրիդներ էին /քաղաքացիություն չունեցող/: “Ջնջման” արդյունքում իրենց բնակության թույլտվությունը կարողացան պահել խմբերից միայն մեկի անդամները:
392. Հետևաբար, այդ երկու խմբերի միջև եղել է վերաբերմունքի տարբերություն` “իսկական” օտարերկրացիներ և նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետությունների` ոչ Սլովենիայի քաղաքացիներ, ովքեր բնակությանը վերաբերող հարցերում գտնվում էին միևնույն վիճակում:
/գ/ Արդյոք կա օբյեկտիվ և ողջամիտ հիմնավորում
393. Դատարանը չի տեսնում, թե ինչպես Կառավարության վկայակոչած անհրաժեշտությունը, այն է` 1992թ. խորհրդարանական ընտրությունների համար ստեղծված Սլովենիայի քաղաքացիների կորպուսի կազմավորումը /տես վերը նշված 378-րդ կետը/ կարող էր տարբերակված վերաբերմունք պահանջել օտարերկրացիներին Սլովենիայում բնակվելու հնարավորություն տալու ժամանակ, քանի որ բնակության թույլտվությունը դրա տիրոջը չէր օժտում քվեարկելու իրավունքով: Ճշմարիտ է, որ միայն “ջնջվածներին”, ոչ թե “իսկական” օտարերկրացիներին էին հնարավորություն տալիս նպաստավոր պայմաններում ստանալ Սլովենիայի քաղաքացիություն: Այդուհանդերձ, Դատարանն արդեն ընդգծել է, որ քաղաքացիության համար դիմել չկարողանալը չի կարող ողջամիտ պատճառ համարվել օտարերկրացիների խմբին իրենց բնակության թույլտվությունից զրկելու համար /տես վերը նշված 357-րդ կետը/:
394.Այդ հանգամանքներում Դատարանը կարծում է, որ այն տարբերակված վերաբերմունքը, որից բողոքում էին, հիմնված էր շահագրգիռ անձանց ազգային ծագման վրա, քանի որ ՀՍԴՀ-ի նախկին քաղաքացիների նկատմամբ մնացած օտարերկրացիներից տարբեր վերաբերմունք էր ցուցաբերվում: Դա օրինական նպատակ չէր հետապնդում, ուստի օբյեկտիվ ու ողջամիտ հիմնավորում չուներ /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը հիշատակված Sejdić and Finci, §§ 45-50/: Ավելին, նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների, այդ թվում դիմողների վիճակն “իսկսկան” օտարերկրացիների վիճակի համեմատությամբ զգալիորեն փոխվեց անկախության հռչակումից հետո: Մինչև 1991թ. բնակության հետ կապված հարցերում նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիներն “իսկական” օտարերկրացիների համեմատությամբ գտնվում էին արտոնյալ վիճակում: Համապատասխան ժամանակ դաշնային պետության քաղաքացիությունը կարող էր դիտարկվել որպես այդօրինակ արտոնյալ վերաբերմունքի համար օբյեկտիվ պատճառ: Այնուամենայնիվ, անկախության օրենսդրության հետևանքով նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիները հանկարծ տեսան, որ իրենք հայտվել են անօրինականության իրավիճակում, որը հայտնաբերել են իբրև 8-րդ հոդվածի խախտում /տես վերը նշված 361-362 կետերը/ և “իսկական” օտարերկրացիների համեմատությամբ աննպաստ վիճակում, քանզի միայն վերջիններիս մշտական բնակության թույլտվություններն էին վավեր մնում, անգամ Սլովենիայի քաղաքացիության դիմումի բացակայության պարագայում /տես վերը նշված 390-րդ կետը/: Դատարանի կարծիքով, այդպիսով խաղաթղթի վրա դրված օրենսդրությունը նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների վրա անհամաչափ ու չափից ավելի մեծ բեռ էր դնում:
395. Վերը նշված եզրակացությունը հաստատվում է նաև 1999թ. փետրվարի 4-ի որոշմամբ, որում Սահմանադրական դատարանն ասում էր, որ “ջնջվածները” պակաս նպաստավոր իրավական վիճակում էին գտնվում, քան “իսկական” օտարերկրացիները, ովքեր Սլովենիայում բնակվել էին մինչև անկախությունը և ում մշտական բնակության հատուկ թույլտվություններն “Օտարերկրացիների մասին” օրենքի 82-րդ հոդվածի համաձայն վավեր էին մնում /տես վերը նշված 42-րդ կետը/:
396. Վերը նշվածից հետևում է, որ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ մեկտեղ:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ
397. Կոնվենցիայի 46-րդ հոդվածում այն մասով, որը վերաբերում է քննարկվող հարցին, նախատեսված է`
“1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
...”
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողները
399. Դիմողները փաստարկում էին, որ այս փուլում և հաստատված որևէ պրակտիկայի բացակայության դեպքում Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի ընդունումն ու իրականացումը չէին կարող դիտարկվել իբրև ընդհանուր միջոցներ, որոնք ունակ էին հանելու “ջնջվածների” իրավունքների համակարգային խախտումը:
400. Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքը նախ և առաջ իրավական պաշտպանության անբավարար միջոց էր, 2003թ. ապրիլի 3-ի որոշումը կիրառվում էր ամենանվազագույն և սահմանափակ ձևով՝ պահպանելով նախորդ օրենսդրության հիմնական առանձնահատկություններն ու պահանջները: “Սլովենիայում փաստացի բնակվելու” պայմանը փոփոխվել էր որոշ բացառություններ ներառելու նպատակով: Այդուհանդերձ, “ջնջվածների” ոչ բոլոր գործերն էին մտնում նշված բացառություններից որևէ մեկի մեջ: Ընթացակարգը ծանր էր և թանկ արժեցող, իսկ ապացուցման պարտավորությունը պարտադիր էր “ջնջվածների” համար: Սլովենիայից երկարատև բացակայության դեպքում նրանք պետք է ցույց տային, որ առաջին տասը տարվա ընթացքում իրենք փորձել են վերադառնալ, որը չափազանց դժվար էր ապացուցել, հետևաբար զարմանալի չէր, որ ըստ 2011թ. հունիսի վերջին վիճակագրական տվյալների`ներկայացված 127 դիմումներից /իրավունք ունեցող 13,000 անձանցից/ միայն 30-ն էին հաջողությամբ պսակվել, մինչդեռ 60-ը մերժվել էր: Մերժված դիմումների մեծ մասը ցույց էր տվել, որ օրենսդրության մեջ լուրջ բացեր կան:
401. Ինչ վերաբերում է անհատական միջոցներին, մշտական բնակության թույլտվություն տալը բավարար չէր հայտնաբերած խախտումներն ուղղելու համար: Պատճառված ոչ նյութական ու նյութական լուրջ վնասը պահանջում էր թերությունների վերացում, այն է` փոխհատուցման անհատական միջոցների ընդունում: Դա շեշտվել էր նաև 2010թ. Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումներում: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը նույնպես նշել էր, որ անհրաժեշտ են այլ միջոցներ, որպեսզի շտկվեն այն խախտումները, որոնցից տուժել էին “ջնջվածները”, օր.` ընտանիքի հետ վերամիավորման հարցում: Նա շեշտել էր, որ նոր օրենսդրությամբ հատուկ մեխանիզմ նախատեսված չէ շատ տարիներ ի վեր չկարգավորված կարգավիճակի համար արդարացի փոխհատուցում ստանալու համար: Ընդդեմ խոշտանգումների հանձնաժողովի եզրափակիչ դիտարկումներում նույնպես հորդորում էին պատասխանող Կառավարությանը` դյուրացնել “ջնջվածների” լիարժեք ինտեգրումը, այդ թվում` ռոմա համայնքի անդամների համար: Բացի այդ, վերոնշյալ երեք միջազգային մարմիններն ընդգծել էին Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի թերությունները:
Կառավարությունը
402. Կառավարությունը հայտարարում էր, որ Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի ընդունումն ու իրականացումը տեղին, համապարփակ ու ընդհանուր միջոց էին “ջնջվածների” անձնական կամ ընտանեկան կյանքի կամ այդ երկուսի իրավունքն ապահովելու համար: Սրանով Սահմանադրական դատարանի 2003թ. որոշումն ամբողջովին կատարվել էր:
403. Նրանց կարծիքով՝ Պալատը չէր կարողացել բավականաչափ կշիռ հաղորդել այն փաստին, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը համարյա ուժի մեջ էր մտնում: Պալատի վճիռը կայացնելուց առաջ Սլովենիայի Հանրապետությունն արդեն իսկ համապատասխան միջոցներ էր ձեռնարկել: Ավելին, տարբեր զանգվածային լրատվամիջոցներ օգտագործվել էին “ջնջվածներին” տեղեկատվություն հաղորդելու համար` թերթիկ, համացանց /ինտերնետ/, անվճար հեռախոսային գիծ և այլն: Դա նաև այն բանի հիմնական պատճառն էր, թե ինչու էր պահանջվել Մեծ պալատին վկայակոչելը:
404. Բացի այդ, 2011թ. նոյեմբերի 25-ին ստեղծվել էր միջկառավարական հանձնաժողով, որն զբաղվելու էր “ջնջվածների” հարցով: Օրենքի կատարումը նույնպես պարբերաբար մոնիտորինգի էր ենթարկվում իշխանությունների կողմից: Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի հիման վրա տրվել էր մշտական բնակության 64 թույլտվություն և 111 լրացուցիչ թույլտվություն: Ընդհանուր առմամբ 12,500 “ջնջվածներ” կարգավորել էին իրենց կարգավիճակը:
Բ. Պալատի վճիռը
405. Պալատը որոշում էր կայացրել այն մասին, որ այն խախտումը, որը գտել էին Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխանելու` Սլովենիայի օրենսդիր ու վարչական մարմինների անկարողության պատճառով, հստակ կերպով ցույց էր տալիս, որ Սլովենիայի ներպետական իրավակարգում պետք է ընդունվեն համապատասխան ընդհանուր և անհատական միջոցներ` օրենսդրության ընդունում և հետադարձ ուժ ունեցող մշտական բնակության թույլտվություն տալու միջոցով անհատական դիմումների իրավիճակի կարգավորում /տես Պալատի վճռի 401-407 կետերը/:
Գ. Դատարանի գնահատականը
406. Կոնվենցիայի 46-րդ հոդվածով Բարձր պայմանավորվող կողմերը հանձն են առնում կատարել Դատարանի վերջնական վճիռն այն բոլոր գործերում, որոնց կողմերն են իրենք հանդիսանում, իսկ կատարումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից: Դրանից, ի թիվս այլ բաների, հետևում է, որ այն վճիռը, որում Դատարանը խախտում է գտնում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ թե զուտ վճարել շահագրգիռ անձանց այն գումարները, որոնք որպես արդարացի փոխհատուցում 41-րդ հոդվածի հիման վրա որոշել է Դատարանը, այլ նաև ընտրել ընդհանուր կամ, ըստ իրադրության, անհատական միջոցների, կամ այդ երկուսի ընդունումը: Քանի որ Դատարանի վճիռները հիմնականում դեկլարատիվ բնույթի են՝ Նախարարների կոմիտեի կողմից վերահսկման ենթակա լինելով, պատասխանող պետությունն ազատ է ընտրել այն միջոցները, որոնցով այն կկատարի Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիման վրա իր իրավական պարտավորությունը` պայմանով, որ այդ միջոցները համատեղելի են Դատարանի վճռում շարադրված եզրակացությունների հետ /տես Scozzari and Giunta v. Italy [GC], nos. 39221/98 and 41963/98, § 249, ECHR 2000-VIII; Sejdovic, cited above, § 119; and Aleksanyan v. Russia, no. 46468/06, § 238, 22 December 2008/:
407. Այդուհանդերձ, բացառիկ դեպքերում, նպատակ ունենալով օգնել պատասխանող պետությանը կատարել 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունները, Դատարանը հետամուտ է նշանակել այն միջոցի տեսակը, որը կարող է ձեռնարկվել, որպեսզի վերջ տան այն իրավիճակին, որը հայտնաբերել էր Դատարանը /օր.` տես վերը վկայակոչված Broniowski, § 194/:
408. Ներկա գործում Դատարանը գտել է 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով երաշխավորված` դիմողների իրավունքների խախտումներ, որոնք հիմնականում սկիզբ էին առել Սլովենիայի իշխանությունների ձգձգված ձախողման արդյունքում, չնայած Սահմանադրական դատարանն ընդունել էր ղեկավար որոշումներ, որոնցով “ջնջելուց” հետո պետք է կարգավորվեր դիմողների բնակության կարգավիճակը և նրանց համապատասխան փոխհատուցում տրվեր:
409. “Ջնջումը” վերաբերում էր նախկին ՀՍԴՀ-ի քաղաքացիների մի ամբողջ դասի, ովքեր Սլովենիայում ունեցել էին մշտական բնակություն և Սլովենիայի անկախության հռչակման ժամանակ նախկին ՀՍԴՀ-ի մնացած հանրապետություններից մեկի քաղաքացիություն: Դա ազդել և դեռևս շարունակում է ազդել մարդկանց մի մեծ խմբի վրա:
410. Այդուհանդերձ, հարկավոր է հիշել, որ օրենսդրական զանազան բարեփոխումներ, մասնավորապես “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը /տես վերը նշված 76-79-րդ և 211-րդ կետերը/, կատարվել են Պալատի վճռի կայացումից հետո: Այս նոր օրենքը “ջնջվածներին” հնարավորություն է ընձեռում քայլեր ձեռնարկել Սլովենիայում իրենց բնակությունը կարգավորելու համար: Արժե նաև նշել, որ այն վեց դիմողները, ում մասով Դատարանը Կոնվենցիայի խախտում է գտել, ստացել են մշտական բնակության թույլտվություն /տես վերը նշված 95-րդ, 123-րդ, 133-րդ, 158-րդ, 173-րդ և 194-րդ կետերը/, իսկ Կառավարությունն ստեղծել է միջկառավարական հանձնաժողով, որպեսզի մոնիտորինգի ենթարկի Իրավական կարգավիճակի մասին փոփոխված օրենքի կատարումը և ուսումնասիրի “ջնջվածների” հիմնախնդիրը /տես վերը նշված 404-րդ կետը/:
411. Ճիշտ է, որ “Իրավական կարգավիճակի մասին” փոփոխված օրենքը գործի է դրվել 2004թ. հուլիսի 24-ին, և մոնիտորինգ իրականացնող միջազգային որոշ մարմիններ ընդգծել են դրա որոշ բացթողումներ... Այնուամենայնիվ, Դատարանը կարծում է, որ հաստատված ներպետական պրակտիկայի բացակայության դեպքում այս փուլում վաղ է քննել, թե արդյոք վերը նշված բարեփոխումների և Կառավարության ձեռնարկած տարբեր քայլերի շնորհիվ հասել են “ջնջվածների” բնակության կարգավիճակը բավարար կերպով կարգավորելու արդյունքին /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը վկայակոչված Sejdovic, §§ 119 and 123/:
412. Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ դիմողներին պատշաճ ֆինանսական փոխհատուցում չեն տվել այն տարիների համար, որոնց ընթացքում նրանք գտնվում էին խոցելի և իրավական անապահովության վիճակում, իսկ ներպետական մակարդակում քաղաքացիական դատավարության ժամանակ կամ դատախազությունում փոխհատուցում ստանալու հնարավորությունը դեռևս հեռու է /տես վերը նշված 268-րդ կետը/, հետևաբար Դատարանը գտնում է, որ գործի փաստերը բացահայտում են Սլովենիայի օրինակարգում բացթողումների առկայությունը, որի հետևանքը “ջնջվածների” մի ամբողջ դասի ի հայտ գալն է, ում դեռևս մերժում են փոխհատուցում տալ նրանց հիմնարար իրավունքների խախտման համար:
413. Դատարանը կարծում է, որ ներկա գործը հարմար է Դատարանի կանոնակարգի 61-րդ կանոնի իմաստով պիլոտային վճռի ընթացակարգի ընդունման համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ընթացակարգի հիմնարար եզրակացություններից մեկը Դատարանի կողմից այն իրավիճակի գնահատականն է, որից բողոքում են պիլոտային գործում և որն անհրաժեշտաբար տարածվում է առանձին դիմողների բացառիկ շահերի վրա ու պահանջում է գործը քննել նաև ընդհանուր միջոցների տեսանկյունից, որոնք հարկավոր է ձեռնարկել այլ պոտենցիալ տուժածների շահերից ելնելով /տես Broniowski v. Poland /բարեկամական կարգավորում/ [GC], no. 31443/96, § 36, ECHR 2005‑IX, and Hutten-Czapska v. Poland /բարեկամական կարգավորում/ [GC], no. 35014/97, § 33, 28 April 2008/: Այդ կապակցությամբ Դատարանը նկատում է, որ Lukenda v. Slovenia /no. 23032/02, §§ 89-98, ECHR 2005‑X/ գործի արդյունքներով, որը վերաբերում էր դատավարության չափազանց ձգձգվածությանը և դրա հետ կապված ներպետական իրավական համակարգի չգոհացնող գործունեությանը, Կառավարությունն ընդունել է մի շարք միջոցներ, այդ թվում` հատուկ ֆինանսական մեխանիզմի ստեղծում: Դա Դատարանին հնարավորություն է տվել տիրապետել մեծ թվով առկախ գործերի:
414. Թեպետ Դատարանում ներկայումս քննարկման փուլում են գտնվում “ջնջված” անձանց կողմից ընդամենը մի քանի նման դիմումներ, համակարգային, կառուցվածքային կամ նմանօրինակ խախտումների համատեքստում ապագա գործերի հնարավոր ներհոսքը նույնպես կարևոր նկատառում է, որպեսզի կանխվի Դատարանի կողմից քննվելիք գործերի ցանկում այդպիսի կրկնվող հայցերի կուտակումը: Ինչ վերաբերում է այդ հարցի շուրջ դատավարության կողմերի խորհրդակցություններին, ինչպես նախատեսված է 61 § 2 /ա/ կանոնում, Դատարանը մատնանշելու է, որ այդ դրույթն ուժի մեջ է մտել 2011թ. ապրիլի 1-ին` այս գործը Մեծ պալատ ներկայացնելուց բավական ժամանակ հետո` այդպիսով կանխարգելելով դրա կիրառությունը ներկա գործի նկատմամբ:
415. Այսպիսով, 61 § 3 կանոնի համաձայն՝ Դատարանը որոշում է պահանջել, որպեսզի մեկ տարվա ընթացքում պատասխանող Կառավարությունն ստեղծի փոխհատուցման հատուկ ներպետական սխեմա /տես, անհրաժեշտ փոփոխություններով, վերը վկայակոչված Hutten‑Czapska, § 239, and Xenides-Arestis v. Turkey (էությունը), no. 46347/99, § 40, 22 December 2005/: 61 § 6 /ա/ կանոնի համաձայն նմանօրինակ բոլոր դիմումների քննությունը կհետաձգվի` սպասելով խնդրո առարկա իրավական պաշտպանության միջոցների ընդունմանը:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ
416. Կոնվենցիայի 46-րդ հոդվածում նախատեսված է հետևյալը`
“Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի փոխհատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել”:
417. Դիմողները պահանջում էին նյութական և ոչ նյութական վնասի, ինչպես նաև Դատարանում կատարած ծախսերի և դատական ծախսերի փոխհատուցում: Կառավարությւոնը վիճարկեց նրանց հայցերը:
Ա. Կողմերի փաստարկները
1. Դիմողները
418. Դիմողները վիճարկում էին, որ Կառավարության այն դիրքորոշումը, ըստ որի փոխհատուցման վերաբերյալ հայցերն իրենք սկզբում պետք է ներկայացնեին ներպետական դատարաններ կամ դատախազություն, որևէ փաստարկ չունեին /նրանք վկայակոչում էին Barberà, Messegué and Jabardo v. Spain (Article 50), 13 June 1994, § 17, Series A no. 285‑C/: Արդար փոխհատուցման համար հայցերի ընդունելիությունը չէր ստորադասվում իրավական պաշտպանության ներպետական միջոցների նախապես կիրառմանը: Դա հատկապես ճիշտ էր այն դեպքում, երբ, ինչպես ներկա գործով, խնդրո առարկա իրավական պաշտպանության միջոցները բացահայտ կերպով անկարող էին տուժած կողմերին առաջարկել նյութական վնասի փոխհատուցման արագ ու պարզ հնարավորություն:
419. Մեծ պալատում դիմողները թարմացրեցին արդար փոխհատուցման վերաբերյալ իրենց պահանջները: Յուրաքանչյուր դիմող, ով որևէ եկամուտ չուներ, պահանջում էր այնպիսի գումար, որը համապատասխանում էր սոցիալական ու բնակարանային նպաստներին, որոնք նա չէր կարող ստանալ “ջնջելու” պատճառով:
Դիմողները նյութական վնասի մասով ներկայացրել էին հետևյալ պահանջները`
- պրն. Կուրիչ` 37,929.85 եվրո
- տկն. Մեզգա` 58,104.03 եվրո
- տկն. Ռիստանովիչ` 15,698.07 եվրո
- պրն. Բերիշա` 104,174.25 եվրո
- պրն. Սադիկ` 41,374.95 եվրո
- պրն. Մինիչ` 40,047.24 եվրո:
420. Բացի այդ, ոչ նյութական վնասի մասով դիմողները հայտարարում էին, որ “ջնջելը” իրենց համար չափազանց լուրջ հետևանքներ է ունեցել և իրենց կյանքում առաջացրել դրամատիկ ու լայնածավալ վայրիվերումներ` չկարգավորված կարգավիճակ, աշխատանքի կորուստ, մարդ արարածին անհարիր կենսապայմաններ, շատերի համար` առողջական լուրջ պրոբլեմներ: Կարճ ասած, նրանք տեսել էին Դատարանի նախադեպային օրենքով ճանաչված տառապանքների տարբեր ձևեր` ցավ, խորն անկայունության ու ապագայի հանդեպ անապահովության զգացում, որը նրանք բավական երկար ժամանակ կրել էին, անհանգստություն, որը բխում էր արտաքսման վտանգից, անհանգստության խորը զգացում և տխրություն այլատյաց վերաբերմունքի ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայության պատճառով: Նրանք վիճարկում էին, որ ոչ նյութական վնասը պետք է հաշվարկվի 1999թ. փետրվարից` Սահմանադրական դատարանի կայացրած որոշման օրվանից և պահանջում էին հետևյալ գումարները`
- պրն. Կուրիչ` 147,822 եվրո
- տկն. Մեզգա` 151,986 եվրո
- տկն. Ռիստանովիչ` 151,986 եվրո
- պրն. Բերիշա` 146,781 եվրո
- պրն. Սադիկ` 154,068 եվրո
- պրն. Մինիչ` 154,068 եվրո:
421. Եվ, վերջինը, Դատարանում կատարած ծախսերի և դատական ծախսերի դիմաց դիմողները պահանջում էին 49,975.82 եվրո` գումարած ԱԱՀ-ն և լրացուցիչ հարկերը` ընդամենը 62,369.82 եվրո: Նրանք ընդգծում էին, որ, հաշվի առնելով գործի բացառիկ հանգամանքները և իրենց չափազանց աղքատիկ կենսապայմանները, իրենց ներկայացուցիչները համաձայնվել էին հրաժարվել իրենց պատվավճարնեից, եթե Դատարանը մերժի իրենց բողոքները: Ուստի մինչ այդ դիմողները որևէ վճար չէին կատարել, և համապատասխան կից փաստաթղթեր չէին կարող ներկայացվել:
2.Կառավարությունը
422. Կառավարությունը հայտարարում էր, որ դիմողներից ոչ ոք ներպետական դատարաններում փոխհատուցման հայց չի ներկայացրել: Միայն պրն. Բերիշան և պրն. Մինիչն էին վնասի վերաբերյալ մասնակի հայց ներկայացրել դատախազություն, որը մերժվել էր:
Բ. Պալատի վճիռը
423. Պալատը կարծում էր, որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառության հարցը պատրաստ չէր որոշման համար, և համապատասխանաբար որոշեց այն ամբողջությամբ հետաձգել /տես Պալատի վճռի 422-423-րդ կետերը և նրա եզրափակիչ մասի 7-րդ կետը/:
Գ. Մեծ պալատի գնահատականը
Նյութական վնասը
424. Ներկա գործի հանգամանքներում Դատարանը կարծում է, որ նյութական վնասի փոխհատուցման հարցը որոշման համար պատրաստ չէ: Այդ հարցը պետք է համապատասխանաբար հետաձգվի, ամրագրվի համապատասխան ընթացակարգը` հաշվի առնելով ցանկացած համաձայնություն, որին կարող են հասնել Կառավարությունն ու դիմողները, անհատական կամ ընդհանուր միջոցների լույսի ներքո, որոնք ներկա վճռի կատարման ժամանակ կարող է ձեռնարկել Կառավարությունը /Դատարանի կանոնակարգի 61 § 7 և 75 § 1 կանոններ/:
Ոչ նյութական վնաս
425. Հաշվի առնելով ներկա գործում գտած խախտումների բնույթը և դիմողների կրած տառապանքները` Դատարանը պատրաստ է մասամբ բավարարել նրանց պահանջները և անաչառ կերպով, որպես ոչ նյութական վնաս յուրաքանչյուր հաջողակ դիմողի տրամադրել 20,000 եվրո /պրն. Կուրիչին. Տկն. Մեզգային, պրն. Ռիստանովիչին, պրն. Բերիշային, պրն. Ադեմիին և պրն. Մինիչին/:
Ծախսեր և դատական ծախսեր
426. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դիմողն իրավունք ունի իր ծախսերի և դատական ծախսերի փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, երբ ցույց է տվել, որ դրանք կատարվել են փաստացիորեն և անհրաժեշտաբար, իսկ քանակի առումով հիմնավորված էին /տես, օր.` Iatridis v. Greece /արդար փոխհատուցում/ [GC], no. 31107/96, § 54, ECHR 2000-XI/:
427. Դատարանը նկատում է, որ ներկա գործը վերաբերում էր որոշակի քանակությամբ փաստացի և վավերագրական ապացույցների ուշադիր զննության և պահանջում էր ուսումնասիրություն ու նախապատրաստական աշխատանքներ: Թեպետ Դատարանը չի կասկածում, որ պահանջված վճարները փաստացի տեղի են ունեցել, այն կարծում է, որ ՄԻԵԴ-ում դատավարության համար ծախսերի և դատական ծախսերի համար պահանջված գումարը չափազանց մեծ է: Հաշվի առնելով այն փաստը, որ դիմումում ներկայացված իրավական հարցերը բոլոր դիմողների դեպքում նույնն էին, Դատարանը որոշում է նրանց տալ ընդհանուր առմամբ 30,000 եվրո:
Պարտավորությունների չկատարման տոկոսադրույքները
428. Դատարանը տեղին է համարում, որ պարտավորությունների չկատարման տոկոսադրույքները պետք է հիմնված լինեն Եվրոպական կենտրոնական բանկի վարկի մարգինալ տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ:
ԱՅԴ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
...
3.միաձայն որոշում է, որ պրն. Կուրիչը, տկն Մեզգան, պրն. Ռիստանովիչը, պրն. Բերիշան. Պրն. Ադեմին և պրն. Մինիչը կարող են հայտարարել, որ իրենք “տուժել” են Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակների համար Կոնվենցիայով նախատեսված իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից .
...
6.միաձայն որոշում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում.
...
8.միաձայն որոշում է, որ տեղի է ունեցել 14-րդ հոդվածի խախտում` Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հետ մեկտեղ.
9.միաձայն որոշում է, որ պատասխանող Կառավարությունը պետք է սույն վճռի կայացումից հետո մեկ տարվա ընթացքում ստեղծի փոխհատուցման ներպետական հատուկ սխեմա /տես վերը նշված 415-րդ կետը/.
10.միաձայն որոշում է՝ քանի որ ներկա գործով խախտումների արդյունքում հարցը վերաբերում է նյութական վնասին, 41-րդ հոդվածի կիրառության հարցը պատրաստ չէ որոշման համար և համապատասխանաբար`
ա/ հետաձգում է այդ մասով նշված հարցը.
բ/ Կառավարությանը և դիմողներին առաջարկում է երեք ամսվա ընթացքում ներկայացնել այդ հարցի վերաբերյալ իրենց դիտարկումները, մասնավորապես, Դատարանին ծանուցել համաձայնության մասին, որին իրենք կարող են հասնել.
գ/ հետաձգում է հետագա ընթացակարգը և Դատարանի նախագահին պատվիրակում հարկ եղած դեպքում նույնն ամրագրելու լիազորությունը:
11. միաձայն որոշում է`
ա/ որ պատասխանող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում վճարի հետևյալ գումարները` 20,000-ական եվրո /քսան հազար եվրո/ պրն. Կուրիչին, տկն. Մեզգային, պրն. Բերիշային, պրն. Ադեմիին և պրն. Մինիչին որպես ոչ նյութական վնաս` գումարած այդ գումարից գանձվող որևէ հարկ. 30,000 եվրո /երեսուն հազար եվրո/ բոլոր դիմողներին միասին՝ գումարած ծախսերի և դատական ծախսերի մասով դիմողներից գանձվող որևէ հարկ.
բ/ որ վերը նշված երեք ամիս ժամկետը լրանալուց հետո մինչև կարգավորումը պետք է վերը նշված գումարների համար պարզ տոկոս վճարվի այնպիսի դրույքով, որը հավասար է պարտավորությունները չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի վարկի մարգինալ տոկոսադրույքին, որին պետք է ավելացվի երեք տոկոսային կետ.
12. միաձայն մերժում է 41-րդ հոդվածի հիմքերով դիմողների ներկայացրած հայցերի մնացած մասը, որը վերաբերում է ոչ նյութական վնասին և ծախսերին ու դատական ծախսերին:
Կազմված է անգլերեն և ֆրանսերեն լեզուներով և ներկայացված դռնբաց դատական նիստում, Ստրասբուրգի Մարդու իրավունքների դատարանի շենքում, 2012թ. հունիսի 26-ին:
Վենսան ԲերգերՆիկոլաս Բրատցա
ԻրավախորհրդատուՆախագահ
Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներով կան վճռի պաշտոնական լեզվական տարբերակում/տարբերակներում/: Այդ մասին կարելի է տեղեկություններ ստանալ Դատարանի նախադեպային իրավունքի տվյալների շտեմարանից` HUDOC-ից:
© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2013թ.
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրված է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների տրաստային հիմնադրամի աջակցությամբ (/humanrightstrustfund): Դատարանը թարգմանության համար պարտավորություն չի ստանձնում և որակի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Թարգմանությունը կարելի է ներբեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի HUDOC-ի նախադեպային իրավունքի () կամ տվյալների այլ շտեմարանից, որի հետ Դատարանը դրանով կիսվել է: Թարգմանությունը կարելի է վերարտադրել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ մեջբերվի գործի ամբողջական վերնագիրը` վերը բերված հեղինակային իրավունքի նշումով և հղում անելով Մարդու իրավունքների տրաստային հիմնադրամին: Եթե մտադրություն կա թարգմանության որևէ մաս օգտագործել առևտրային նպատակներով, դիմել հետևյալ հասցեով` publishing@:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy