© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2015. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՄԵԾ ՊԱԼԱՏ
ԼԱՄԲԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ
[AFFAIRE LAMBERT ET AUTRES c. FRANCE]
(Գանգատ թիվ 46043/14)
ՎՃԻՌ
[ՀԱՏՎԱԾՆԵՐ]
Սույն տարբերակը փոփոխության է ենթարկվել 2015թ. հունիսի 25-ին` Դատարանի կանոնակարգի 81-րդ հոդվածի համաձայն:
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Հունիսի 5, 2015թ.
Սույն վճիռը վերջնական է: Կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Լամբերը և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի [Lambert et autres c. France] գործով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մեծ պալատի հետևյալ կազմով`
Դին Շպիլման (Dean Spielmann), նախագահ,
Դատավորներ`
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi),
Մարկ Վիլլիգեր (Mark Villiger),
Իզաբել Բերո (Isabelle Berro),
Խանլար Հաջիև (Khanlar Hajiyev),
Յան Սիկուտա (Ján Šikuta),
Գեորգե Նիկոլաու (George Nicolaou),
Նոնա Ծոծորիա (Nona Tsotsoria),
Վինսենտ Ա. Դե Գայտանո (Vincent A. De Gaetano),
Անժելիկա Նյուսբերգեր (Angelika Nußberger),
Լինոս-Ալեքսանդր Սիցիլիանոս (Linos-Alexandre Sicilianos),
Էրիկ Մոսե (Erik Møse),
Անդրե Պոտոցկի (André Potocki),
Հելենա Յադերբլոմ (Helena Jäderblom),
Ալեշ Պեյշալ (Aleš Pejchal),
Վալերիու Գրիչկո (Valeriu Griţco),
Էգիդիյուս Կյուրիս (Egidijus Kūris),
և Էրիկ Ֆրիբերգ (Erik Fribergh), քարտուղար,
2015թ. հունվարի 7-ին և ապրիլի 23-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է վերջին ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Ֆրանսիայի հանրապետության չորս քաղաքացիներ պարոն Պիեր Լամբերի (Pierre Lambert) և տիկին Վիվիան Լամբերի (Viviane Lambert), պարոն Դավիթ Ֆիլիպոնի (David Philippon) և տիկին Անն Տուարզի (Anne Tuarze) ( այսուհետ «դիմումատուներ») թիվ 46043/14 գանգատը, որը Դատարան է ներկայացվել 2014թ. հունիսի 23-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` «Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուներին ներկայացնում են փաստաբան Ժ. Պայոն ( J. Paillot) Ստրասբուրգից և փաստաբան Ժ. Տրիոմֆը (J. Triomphe) Փարիզից: Ֆրանսիայի կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս գործակալ պարոն Ֆ. Ալաբրյունը (M. F. Alabrune)` Արտաքին գործերի նախարարության իրավական գործերի տնօրինության տնօրեն:
3. Դիմումատուները մասնավորապես պնդում են, որ Վենսան Լամբերի (Vincent Lambert) արհեստական սնուցման և հիդրատացան դադարեցումը կհակասի պետության պարտավորություններին, որոնք բխում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածից, կհամարվի խոշտանգմամբ ուղեկցվող վատ վերաբերունք` ըստ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, ինչպես նաև անձի ֆիզիկական ամբողջականության խախտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից:
4. Գանգատը փոխանցվել է Դատարանի հինգերորդ բաժանմունք (Դատարանի կանոնակարգի 52-րդ հոդվածի 1-ին մաս): 2014թ. հունիսի 24-ին իրավասու պալատն որոշում է կայացրել կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածը, գանգատի մասին ծանուցել Կառավարությանը և այն քննել առաջնահերթ կարգով:
5. 2014թ. նոյեմբերի 4-ին հինգերորդ բաժանմունքի պալատը` դատավոր Մարկ Վիլլիգերի (Mark Villiger) նախագահությամբ և դատավորների հետևյալ կազմով`Անժելիկա Նյուսբերգեր (Angelika Nußberger), Բոշտյան Մ. Զուպանչիչ (Boštjan M. Zupančič), Վինսենթ Ա. Դե Գայտանո (Vincent A. De Gaetano), Անդրե Պոտոցկի (André Potocki), Հելենա Յադերբլոմ (Helena Jäderblom), Ալեշ Պեյշալ (Aleš Pejchal), ինչպես նաև բաժանմունքի քարտուղար Ստեֆեն Ֆիլիպսի մասնակցությամբ, որոշում է կայացրել ընդդատությունը զիջել Մեծ պալատին, քանի որ կողմերից ոչ մեկը չի առարկել (Կոնվենցիայի 30-րդ հոդված և Դատարանի կանոնակարգի 72-րդ հոդված):
6. Մեծ պալատի կազմը հաստատվել է Կոնվենցիայի 26-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, ինչպես նաև Դատարանի կանոնակարգի 24-րդ հոդվածի համաձայն:
7. Թե´ դիմուատուները, թե´ Կառավարությունը ներկայացրել են իրենց գրավոր դիտողությունները գործի ընդունելիության և էության վերաբերյալ:
8 Ստացվել են նաև Ռաշել Լամբերի (Rachel Lambert), Ֆրանսուա Լամբերի (François Lambert) և Մարի-Ժենեվիեվ Լամբերի (Marie-Geneviève Lambert), համապատասխանաբար` կնոջ, զարմիկի և խորթ քրոջ դիտողությունները: Դիտողություններ են ներկայացվել նաև Գլխուղեղային և ուղեղանոթային վնասվածքներ ստացած անձանց ընտանիքների ազգային միության (UNAFTC), Ամրեզո-Բեթել կազմակերպության (Association Amréso‑Bethel), ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային ինստիտուտի Մարդու իրավունքների կլինիկայի (Clinique des Droits de l’Homme de l’Institut international des Droits de l’Homme) կողմից, որոնց պալատի նախագահը թույլատրել է գրավոր վարույթում հանդես գալ որպես երրորդ կողմ (Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 2-րդ մաս և Դատարանի կանոնակարգի 44-րդ հոդվածի 3-րդ մաս): Ռաշել, Ֆրանսուա և Մարի-Ժենեվիեվ Լամբերներին նույնպես թույլատրվել է մասնակցել լսումներին:
9. Հանրային լսումները տեղի են ունեցել 2015թ. հունվարի 7-ին Ստրասբուրգում` Մարդու իրավունքների պալատում (Կանոնակարգի 59-րդ հոդվածի 3-րդ մաս):
Լսումներին
– Կառավարությանը ներկայացրել են
Պարոն Ֆ. ԱԼԱԲՐՅՈՒՆԸ (F. Alabrune)` Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության իրավական գործերի տնօրինության տնօրեն, որպես գործակալ,
Որպես խորհրդատուներ`
Տիկին Է. ՅՈՒՆԳԸ (E. Jung)` Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մարդու իրավունքների բաժնի խմբագիր,
Պարոն Ռ. ՖԵՌԱԼԸ, (R. Féral)` Արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության մարդու իրավունքների բաժնի խմբագիր,
Տիկին Ս. ՌԻԴՈՆ ( S. Rideau)` Սոցիալական հարցերի, առողջապահության և կանանց իրավունքների նախարարության իրավական հարցերի տնօրինության հատուկ hանձնակատար,
Տիկին Ի. ԷՌՆԻՆ ( I. Erny)` Սոցիալական հարցերի, առողջապահության և կանանց իրավունքների նախարարության Էթիկայի, իրավական հարցերի և շահառուների իրավունքների վարչության իրավախորհրդատու,
Տիկին Պ. ՌՈՒՈ-ՇԱԼԻԵ ( P. Rouault-Chalier) ` Արդարադատության նախարարության իրավական հարցերի և վեճերի գծով տնօրինության փոխտնօրեն,
Տիկին Մ. ԼԱՄԲԼԵՆ (M. Lambling), Արդարադատության նախարարության անձնական և ընտանեկան իրավունքների գրասենյակի խմբագիր
– Դիմումատուներին ներկայացրել են
Դատապաշտպաններ`
Փաստաբան Ժ. ՊԱՅՈՆ (J. Paillot)
Փաստաբան Ժ.ՏՐԻՈՄՖԸ ( J. Triomphe),
Խորհրդատուներ`
Գ. ՊՅՈՒՊԻՆԿԸ (G. Puppinck),
Պրոֆեսոր Գ. ԴՅՈՒԿՐՈՔԸ ( X. Ducrocq),
Դոկտեր Բ. ԺԱՆՊԼԱՆԸ (B. Jeanblanc),
– Որպես երրորդ կողմ հանդես եկող Ռաշել Լամբերին ներկայացրել են
Փաստաբան Լ. ՊԵՏԻՏԻՆ (L. Pettiti), որպես դատապաշտպան,
Խորհրդատուներ`
Դոկտոր ՕՊՈՐՏՈՒՍԸ (Oportus),
Դոկտոր ՍԻՄՈՆԸ (Simon),
– Որպես երրորդ կողմ հանդես եկող Ֆրանսուա և Մարի-Ժենեվիեվ Լամբերներին ներկայացրել են
Դատապաշտպաններ`
Պետական խորհրդին և Վճռաբեկ դատարանին կցված փաստաբան Մ. ՄՅՈՒՆԻԵ-ԱՊԵՂԸ (M. Munier-Apaire),
Փաստաբան Բ. ԼՈՐԻՆ ( B. Lorit),
Դիմուատուները (բացառությամբ` առաջին դիմումատուի), ինչպես նաև որպես երրորդ կողմ ներգրավված Ռաշել, Ֆրանսուա և Մարի-Ժենեվիեվ Լամբերները նույնպես ներկա են եղել լսումներին:
Դատարանը լսել է պարոն Ալաբրյունի, փաստաբաններ Պայոյի, Տրիոմֆի, Մյունիե-Ապեղի և Պետտիտիի հայտարարությունները, ինչպես նաև պարոն Ալաբրյունի և փաստաբան Պայոյի պատասխանները դատավորներից մեկի կողմից բարձրացված հարցերին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
10. Դիմումատուներն են Ֆրանսիայի քաղաքացիներ պարոն Պիեր Լամբերը (Pierre Lambert) և իր տիկին Վիվիան Լամբերը (Viviane Lambert) ծնված համապատասխանաբար 1929թ.-ին և 1945թ.-ին, որոնք բնակվում են Ռեյմս քաղաքում (Reims), պարոն Դավիթ Ֆիլիպոնը (M. David Philippon), ծնված 1971թ., որը բնակվում է Մուրմելոն (Mourmelon) քաղաքում, ինչպես նաև տիկին Անն Տյուարզը (Anne Tuarze), ծնված 1978թ.-ին, որը բնակվում է Միլիզակ (Milizac) քաղաքում: Նրանք համապատասխանաբար հանդիսանում են 1976թ. սեպտեմբերի 20-ին ծնված Վենսան Լամբերի (Vincent Lambert) ծնողները, խորթ եղբայրը և քույրը:
11. 2008թ. սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում Վենսան Լամբերը ստանում է գլխուղեղային ծանր վնասվածք` դառնալով անդամալույծ և հայտնվելով ամբողջովին կախյալ վիճակում: Պետական խորհրդի կողմից 2014թ. փետրվարի 14-ին հանձարարված փորձագիտության արդյունքների համաձայն` նա գտնվում է քրոնիկ անգիտակից (վեգետատիվ) վիճակում (տես, ստորև նշված 40 –րդ կետ):
12. 2008թ. սեպտեմբերից մինչև 2009թ. մարտ ամիսը նա գտնվել է Շալոն-ան-Շամպայնի (Châlons‑en‑Champagne) հիվանդանոցի վերակենդանացման, ապա նյարդաբանության բաժանմունքում: juin 2009թ. մարտից մինչև հունիս ամիսը գտնվել է Բերկ-սյուր-Մերի (Berck‑sur‑Mer) առողջարանում, իսկ 2009թ. հունիսի 23-ից ի վեր Ռեմսի (Reims) համալսարանական բժշկական կենտրոնում շարունակական անգիտակից վիճակում գտվող հիվանդների բաժանմունքում (վերականգնողական բաժին), որտեղ նա գտնվում է մինչև օրս: Այս բաժնում խնամք են ստանում անգիտակից կամ նվազագույն գիտակցության վիճակում գտնվող ութ հիվանդներ: Վենսան Լամբերը ստանում է արհեստական հիդրատացում և արհեստական սնուցում` էնտերալ, այսինքն` զոնդաղիքային ճանապարհով:
13. 2011թ. հուլիսին նրա վիճակը գնահատվել է Լիեժի (Liège) համալսարանի հատուկ բաժնի` Կոմայի հետազոտությունների խմբի (Coma Science Group) կողմից, որն եզրակացրել է, որ նա գտնվում է քրոնիկ նեյրովեգետատիվ վիճակում, որն որակվել է որպես «նվազագույն գիտակցությունից առավել» վիճակ: Կոմայի հետազոտությունների խմբի առաջարկությունների հիման վրա 2011թ. սեպտեմբերից մինչև 2012թ. հոկտեմբերի վերջը նա ստացել է ֆիզիոթերապիայի ամենօրյա պրոցեդուրաներ, որոնք ոչ մի արդյունք չեն տվել: Իսկ 2012թ. մարտից մինչև սեպտեմբեր իրականացվել են լոգոպեդիկ 87 դասընթացներ հաղորդակցման պայմանական որևէ համակարգ հաստատելու նպատակով, ինչը չի հաջողվել: Կատարվել են նաև սայլակում նստացնելու փորձեր:
Ա) 2005թ. ապրիլի 22-ի օրենքի համաձայն կայացված առաջին որոշումը
14. 2012թ. Վենսան Լամբերին խնամող անձնակազմը հիվանդի մոտ նկատում է խնամքի և հարդարման գործողությունների նկատմամբ ավելի ու ավելի ընդգծված դիմակայում, որից հետո 2013թ. առաջին ամիսներին բժշկական անձնակազմը ձեռնարկում է կոլեգիալ ընթացակարգ` հիվանդների իրավունքների և կյանքի ավարտի մասին 2005թ. ապրիլի 22-ի օրենքի (ստորև նշված 54-րդ կետ) համաձայն, ներգրավելով Վենսան Լամբերի կնոջը` Ռաշել Լամբերին:
15. Ընթացակարգի արդյունքում բժիշկ Կարիժեն (Kariger), որը Վենսան Լամբերի պատասխանատու բժիշկն էր և բաժանմունքի ղեկավարը, որոշում կայացրեց դադարեցնել նրա սնուցումը և նվազացնել հիդրատացման ծավալները: Որոշումը գործի դրվեց 2013թ, ապրիլի 10-ին:
Բ) 2013թ. մայիսի 11-ի հրատապ հարցերով դատարանի հրամանագիրը
16. 2013թ. մայիսի 9-ին Վարչական օրենսգրքի 521-2 հոդվածի (ազատության վերաբերյալ դատարանի հրատապ որոշում) հիման վրա դիմումատուները հայցով դիմեցին Շալոն-ան-Շամպայնի (Châlons‑en‑Champagne) վարչական դատարանի հրատապ հարցերով դատավորին` նպատակ ունենալով հիվանդանոցին պարտադրել վերականգնել Վենսան Լամբերի սնուցումը և հիդրատացումը և ապահովել նրա առողջական վիճակով պայմանավորված հնարավոր անհրաժեշտ խնամքը:
17. 2013 մայիսի 11-ի հրամանագրով հրատապ հարցերով դատավորը բավարարեց նրանց հայցը: Դատավորը համարեց, որ Վենսան Լամբերի նախնական հրահանգների և Առողջապահության օրենսգրքի համապատասխան դրույթների համաձայն վստահելի անձի բացակայության պայմաններում կոլեգիալ գործընթացը պետք է իրականացվեր նրա ընտանիքի հետ համատեղ, թեև ընտանիքի ոչ բոլոր անդամներն են համակարծիք Վենսան Լամբերի հետագայի վերաբերյալ: Դատավորը նշեց, որ, եթե Վենսան Լամբերի կինը ներգրավվել էր այդ գործընթացում, գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ նրա ծնողները տեղեկացված չէին եղել գործընթացի մեկնարկի մասին, և որ սնուցումը և հիդրատացումը դադարեցնելու որոշումը, որի բնույթի և պատճառների մասին նրանք տեղյակ չեն եղել, հաշվի չէր առնել նրանց ցանկությունը:
18. Հետևաբար, դատավորը համարեց, որ ընթացակարգային այս բացթողումները բնորոշում էին լուրջ և ակնհայտորեն ապօրինի խախտում հիմնարար ազատության, մասնավորապես` կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ, և պարտադրեց հիվանդանոցին վերականգնել Վենսան Լամբերի նորմալ սնուցումը և հիդրատացումը և ապահովել նրա առողջական վիճակով պայմանավորված անհրաժեշտ ցանկացած խնամք:
Գ) 2005թ. ապրիլի 22-ի օրենքի համաձայն կայացրած երկրորդ որոշումը
19. 2013թ. սեպտեմբերից ի վեր մեկնարկել էր կոլեգիալ նոր գործընթաց: Բժիշկ Կարիժե (Kariger) խորհրդակցեց վեց բժիշկների հետ, որոնցից երեքն իրենց հաստատությունից անկախ բժիշկներ էին (նյարդաբան, սրտաբան և կիսամիջոցային բժշկության փորձ ունեցող անեսթեզիոլոգ)` ընտրված համապատասխանաբար Վենսան Լամբերի ծնողների, կնոջ և բուժանձնակազմի կողմից: Նա նաև ծանոթացավ վերականգնողական կենտրոնի մասնագիտացված ծառայության բժշիկի գրավոր կարծիքին:
20. Նա նաև երկու անգամ `2013թ. սեպտեմբերի 27-ին և նոյեմբերի 16-ին, հրավիրեց ընտանեկան խորհուրդ` Վենսան Լամբերի կնոջ, ծնողների և եղբյարների և քույրերի մասնակցությամբ: Ռաշել Լամբերը և եղբայրերից և քույրերից վեցը կողմ արտահայտվեցին արհեստական սնուցման և հիդրատացման դադարեցմանը, մինչդեռ դիմումատուները կողմ էին այս միջոցների պահպանմանը:
21. 2013թ. դեկտեմբերի 9-ին բժիշկ Կարիժեն խորհրդակցության նպատակով ժողովի հրավիրեց բժիշկների ողջ անձնակազմին, ինչպես նաև խնամող անձնակազմին գրեթե ամբողջությամբ: Խորհրդակցության արդյունքում բժիշկ Կարիժեն և հրավիրված վեց բժիշկներից հինգը նպատակահարմար գտան դադարեցնել բուժումը:
22. Այս խորհրդակցությունից հետո, բժիշկ Կարիժեն 2014թ. հունվարի 11-ին հայտարարեց հունվարի 13-ից սկսած արհեստական սնուցումը և հիդրատացումը դադարեցնելու իր որոշման մասին, եթե վարչական դատարան հայց չներկայացվի: Իր որոշման, ինչպես նաև տասներեք էջանոց հիմնավորումների մեջ, որի յոթ էջանոց համառոտագիրը ներկայացվել էր ընտանիքն, նա նշում է մասնավորապես, որ Վենսան Լամբերի առողջական վիճակն ուղեղի ախտահարման արդյունքում անդառնալի էր, որ բուժումն անօգուտ, անհամաչափ էր թվում, որպես արդյունք արհեստական կերպով պահպանելով միայն նրա կյանքը, և որ նա վստահ էր, որ Վենսան Լամբերը, մինչև իր ավտովթարը չէր ցանկանա ապրել նման պայմաններում: Բժիշկ Կարիժեն եզրակացրեց, որ համառել երկարաձգել նրա կյանքն արհեստական սնուցման և հիդրատացման օգնությամբ ողջամիտ չէ:
Դ) 2014թ. հունվարի 16-ին Վարչական դատարանի կայացրած որոշումը
23. 2014թ. հունվարի 13-ին դիմումատուները Վարչական դատավարության օրենսգրքի 521-2 հոդվածի հիման վրա հիմնարար ազատության պահպանման հրատապ հայց ներկայացրեցին Շալոն-ան- Շամպայնի վարչական դատարան, որպեսզի հիվանդանոցին և համապատասխան բժիշկին արգելվի դադարեցնել Վենսան Լամբերի արհեստական սնուցումը և հիդրատացումը, ինչպես նաև հանձարարվի վերջինիս անմիջապես տեղափոխել Ամրեսո-Բեթել (Amréso‑Bethel) կազմակերպության կողմից (տե´ս կետ 8) Օբերհաուզբերգենում (Oberhausbergen) գտնվող մասնագիտացված կենտրոն: Ռաշել Լամբերը և Վենսան Լամբերի զարմիկ Ֆրանսուա Լամբերը վարույթում ներգրավվեցին որպես երրորդ կողմ:
24. Վարչական դատարանն ինը դատավորների մասնակցությամբ լիակազմ նիստ հրավիրեց 2014թ. հունվարի 15-ին: 2014թ. հունվարի 16-ին կայացրած որոշմամբ այն կասեցրեց 2014թ. հունվարի 11-ին բժիշկ Կարիժեի կողմից կայացրած որոշման կատարումը:
25. Նախևառաջ դատարանը հաստատեց, որ Կոնվենցիայի 2-րդ հողվածը չի բացառում այն, որ պետությունը կարող է կարգավորել կյանքը երկարաձգելու նպատակով իրականացվող բուժումն առարկելու անհատի հնարավորությունը, ինչպես նաև բժիշկի կողմից այս բուժումը դադարեցնելու հնարավորությունը, այն դեպքում, երբ վերջինիս պատասխանատվության ներքո գտվող հիվանդն ունակ չէ իր կամքն արտահայտել, իսկ բժիշկը, գործի դնելով բոլոր միջոցները և երաշխիքները, համարել է, որ այդ բուժման շարունակումն ողջամիտ չէ, և այս ամենը Բժիշկների ազգային միության, հիվանդանոցի էթիկայի կոմիտեի, և անհրաժեշտության դեպքում, վարչական և քրեական դատարանների դատավորների վերահսկողության ներքո:
26. Դատարանն այնուհետև համարեց, որ, Հանրային առողջապահության օրենսգրքի դրույթների համաձայն, ինչպես որ նշված են 2005թ. ապրիլի 22-ի օրենքում և պարզաբանված խորհրդարանային աշխատանքների ընթացքում, էնտերալ ճանապարհով արհեստական սնուցումը և հիդրատացումն նախատեսված են ապահովել հատուկ սնուցող նյութեր այն հիվանդների համար, որոնց որոշակի գործառույթները խախտված են, իսկ դրանց ներարկման համար անհրաժեշտ է դիմել ինվազիվ մեթոդների, համարվում են բուժման մեթոդներ:
27. Նշելով, որ բժիշկ Կարիժեի կարծիքը հիմնված է եղել Վենսան Լամբերի կամքի վրա, որը նա կարող էր արտահայտած լինել նման ծանր կախվածության վիճակում կյանքը չպահպանելու առումով, ինչպես նաև նշելով այն փաստը, որ Վենսան Լամբերը նախապես չէր տվել գրավոր հրահանգներ և չէր նշել որևէ վստահելի անձի` դատարանը համարեց, որ դիրքորոշումը, որ Վենսան Լամբերն արտահայտել էր կնոջ և եղբայրներից մեկի մոտ, այդ ժամանակ ոչ հաշմանդամ անձի դիրքորոշում էր, որը չէր բախվել իր ցանկության անմիջական հետևանքներին և չէր գտնվել իր կամքի պաշտոնական արտահայտման համատեքստում` անկախ նման իրավիճակում գտնվող հիվանդների վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքներից: Բացի այդ, դատարանը համարեց, որ այն փաստը, որ Վենսան Լամբերը կոնֆլիկտային հարաբերություններ է ունեցել իր ծնողների հետ, որոնց բարոյական արժեքներին և կրոնական պարտավորություններին նա չի հարել, թույլ չի տալիս նրան դիտարկել, որպես ցանկացած տեսակի բուժումից հրաժարվելու հստակ կամք արտահայտած անձի, և որ չի կարելի եզրակացնել, որ տրամադրվող խնամքին նրա կողմից ընդդիմանալը ողջ մնալու կամ չմնալու միանշանակ կամքի արտահայտում է: Դատարանն եզրակացրեց, որ Վենսան Լամբերի կամքի վերաբերյալ բժիշկ Կարիժեի գնահատականը սխալ է եղել:
28. Բացի այդ, դատարանը նշեց, որ, Լիեժի համալսարանական հիվանդանոցի 2011թ. հաշվետվության համաձայն (տե´ս, վերը նշած 13-րդ կետ), Վենսան Լամբերը գտնվել է վեգետատիվ վիճակում` զգայական ընկալման պահպանմամբ և իր շրջապատի նկատմամբ հնարավոր ռեակցիաների գոյությամբ, և որ, հետևաբար, արհեստական սնուցումը և հիդրատացումն ուղղված չեն եղել նրա կյանքն արհեստականորեն պահպանելուն: Վերջապես, դատարանը համարեց, որ բուժման արդյունքում առաջացած սթրեսի և տառապանքի բացակայության պայմաններում, բուժումը կարող էր որակվել անօգուտ և անհամաչափ: Այն եզրակացրեց, որ բժիշկ Կարիժեի որոշումն անկնհայտորեն ապօրինի կերպով և լրջորեն խախտում է Վենսան Լամբերի կյանքի իրավունքը, և հրահանգեց կասեցնել որոշման իրականացումը և մերժեց Օբերհաուզբերգենի մասնագիտացված կենտրոն տեղափոխելու որոշումը:
Ե) Պետական խորհրդի 2014թ. փետրվարի 14-ի որոշումը
29. 2014թ. հունվարի 31-ին Ռաշել Լամբերը, Ֆրանսուա Լամբերը և հիվանդանոցն երեք հայց ներկայացրեցին Պետական խորհրդի հրատապ հարցերի քննության դատավորին այս որոշումը բողոքարկելու նպատակով: Դիմումատուները հակընդեմ հայց ներկայացրեցին` պահանջելով Վենսան Լամբերին անհապաղ տեղափոխել մասնագիտացված կենտրոն: Գլխուղեղային և ուղեղանոթային վնասվածքներ ստացած անձանց ընտանիքների ազգային միությունը (UNAFTC, տե´ս վերը նշված 8-րդ կետը) դիմում ներկայացրեց գործում որպես երրորդ կողմ ներգրավվելու համար:
30. 2014թ. փետրվարի 6-ին կայացած հրատապ նիստի ժամանակ Պետական խորհրդի վիճելի հարցերի բաժանմունքի նախագահն որոշեց գործը քննել վիճելի հարցերի քննման ժողովի լիակազմ նիստում` տասնյոթ անդամների մասնակցությամբ:
31. Նիստը տեղի ունեցավ 2014թ. փետրվարի 13-ին: Պետական խորհրդում ներկայացրած իր եզրակացություններում հանրային զեկուցողը, մասնավորապես, մեջբերեց առողջապահության նախարարի խոսքը`ուղղված սենատորներին, որոնք քննարկում էին այպես կոչված Լեոնետիի (Leonetti) օրենքի նախագիծը:
« Եթե բուժումը դադարեցնելու գործողությունը հանգեցնում է մահվան, նման գործողությունը նպատակ չունի սպանել, այլ մահվանը վերադարձնել իր բնականոնությունը և թեթևացնել: Սա հատկապես կարևոր է բուժանձնակազմի համար, որի դերակատարումը սպանելը չէ.»:
32. 2014թ. փետրվարի 14-ին Պետական խորհուրդն որոշում կայացրեց: Ներկայացված հայցերը համատեղ քննելուց և UNAFTC-ի որպես երրորդ կողմ ներգրավվելու դիմումը ընդունելուց հետո, Պետական խորհուրդը հետևյալ կերպ հստակեցրեց հրատապ հարցերի դատավորի պարտավորությունները, որը պետք է որոշում կայացներ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 521-2-րդ հոդվածի հիման վրա.
« Հաշվի առնելով, որ 521-2-րդ հոդվածի համաձայն, հրատապ հարցերի քննության վարչական դատավորը, որին հայց է ներկայացվել` առանձնահատուկ հրատապության հիմնավորմամբ, կարող է հանձնարարել իրականացնել ցանկացած միջոցառում, որն անհրաժեշտ կլինի հիմնարար ազատության պահպանման համար, որը վարչական որևէ իշխանություն լրջորեն և անկնհայտ ապօրինի կերպով խախտել է: Հաշվի առնելով, որ այս օրենսդրական դրույթները հրատապ հարցերի քննության դատավորին, որն սկզբունքորեն գործը քննում է միանձնյա և որի որոշումները, Վարչական դատավարության օրենսգրքի 511-1-րդ հոդվածի համաձայն, կրում են ժամանակավոր բնույթ, իրավասություն են տալիս ամենակարճ ժամկետներում և ապացույցների հիման վրա ապահովել անհրաժեշտ երաշխիքները հիմնարար ազատությունները պաշտպանելու համար,
Հաշվի առնելով սակայն, որ հրատապ հարցերով դատավորը պետք է իր լիազորություններն իրականացնի որոշակի ձևով, երբ հայցը ներկայացվել է 521-2 հոդվածի հիման վրա և վերաբերում է բժիշկի կողմից կայացված որոշմանը, որը վերջինս կայացրել է հանրային առողջապահության օրենսգրքի հիման վրա և որը հանգեցնելու էր բուժման չձեռնարկման կամ դադարեցման այն պատճառաբանությամբ, որ վերջինս իրենցից ներկայացնում է որպես ոչ ողջամիտ համառություն և որ այդ որոշման իրականացումն անդառնալիորեն կազդի կյանքի վրա, ապա նա պարտավոր է, անհրաժեշտության դեպքում, կոլեգիալ կարգով, ձեռնարկել պաշտպանական անհրաժեշտ միջոցառումները խոչընդոտելու համար այդ որոշման իրականացմանը, եթե վերջինս կարող է չհամապատասխանել օրենքով նախատեսված պայմաններին` միաժամանակ ապահովելով համապատասխան հիմնարար ազատությունները, այն է` կյանքի իրավունքը և հիվանդի բուժմանը համաձայնություն տալու և ոչ ողջամիտ համառություն համարվող բուժմանը չենթարկվելու իրավունքը , ինչպես նաև այս առումով հրատապ հարցերով դատավորը կամ կոլեգիալ խորհուրդը, որին նա փոխանցել է գործը, կարող է, անհրաժեշտության դեպքում, տվյալ միջացառման իրականացումը ժամանակավորապես կասեցնելուց և ներկայացված հայցը քննելուց առաջ պահանջնել բժշկական փորձագիտություն անցկացնել, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 625-3-րդ հոդվածի հիման վրա, պահանջել ցանկացած անձի կարծիքը, որի գիտելիքները և ունակությունները կարող են օգտակար լինեն գործի քննությանը»:
33. Պետական խորհուրդը հաստատեց, որ Առողջապահության օրենսգրքի համապատասխան հոդվածների ( 1110‑5, 1111‑4 և 4127‑37 հոդվածներ) և խորհրդարանական քննարկումների ժամանակ ներկայացված պայմաններն ընդհանուր կիրառման են և վերաբերում են Վենսան Լամբերին, ինչպես առողջապահական համակարգի ցանկացած շահառուի` հստակեցնելով հետևյալը`
« Հաշվի առնելով այն, որ, համաձայն այս դրույթների, ցանկացած անձ պետք է ստանա իր առողջական վիճակին առավել համապատասխան բուժում, առանց իրականացվող կանխարգելման, հետազոտման և խնամքի գործողությունների կողմից ակնկալվող օգուտներն անհամաչափ ռիսկի ենթարկելու, որ այուամենայնիվ, այդ գործողությունները չպետք է շարունակվեն ոչ ողջամիտ համառության արդյունքում և որ դրանք կարող են դադարեցվել կամ ընդհանրապես չձեռնարկվել, եթե դրանք անօգուտ և անհամաչափ են թվում կամ արհեստականորեն կյանքը պահպանելուց բացի այլ արդյունք չունեն, ինչպես նաև որ հիվանդը, լինի նա կյանքի ավարտին կամ ոչ, երբ ի վիճակի չէ իր կամքն արտահայտել, ոչ ողջամիտ համառություն դառնալու հիմնավորմամբ բուժման սահմանափակման կամ դադարեցման որոշումը, որը կարող է վտանգի ենթարկել հիվանդի կյանքը, կարող է կայացվել բժիշկի կողմից Առողջապահության օրենսգրքով հաստատված խորհրդատվության կանոնների և բժշկական էթիկայով սահմանված կոլեգիալ ընթացակարգի պահպանմամբ, իսկ բժիշկը նման որոշում կայացնելու դեպքում պարտավոր է ամեն դեպքում պահպանել հիվանդի արժանապատվությունը և ապահովել անհրաժեշտ պալիատիվ (ցավամոքիչ) խնամք:
Հաշվի առնելով, մյուս կողմից, որ համաձայն Առողջապահության օրենսգրքի 1110-5-րդ և 1110-4-րդ հոդվածների, որոնք պարզաբանվել են 2005թ, ապրիլի 22-ի օրենքի ընդունմանը նախորդող խորհրդարանական աշխատանքների ժամանակ, ինչպես նաև այն, որ օրենսդիր մարմինն ոչ ողջամիտ համառության հիմնավորմամբ սահմանափակման կամ դադարեցման ենթակա բուժումների շարքում ներառել է նաև այն բոլոր գործողությունները, որոնք միտված են արհեստականորեն պահպանել հիվանդի կենսական գործառույթները, որ արհեստական սնուցումը և հիդրատացումը պատկանում է այդ գործողությունների խմբին և, հետևաբար, ենթակա են դադարեցման, եթե այդ գործողությունների շարունակումը կարող է ոչ ողջամիտ համառության համարվել»:
34. Այնուհետև Պետական խորհուրդը համարեց, որ, հաշվի առնելով գործի հանգամանքները, պարտավոր է համոզվել, որ պահպանվել են ոչ ողջամիտ համառություն համարվող բուժման դադարեցման որոշում կայացնելու օրենքով նախատեսված պայմանները, ինչպես նաև այս նպատակով անհրաժեշտ համարեց ձեռքբերել ամենասպառիչ տեղեկությունները, մասնավորապես` Վենսան Լամբերի առողջական վիճակի վերաբերյալ: Հետևաբար, Պետական խորհուրդն անհրաժեշտ համարեց մինչև հայցի վերաբերյալ որոշում կայացնելն իրականացնել բժշկական փորձագիտություն որը կվստահվեր նյարդաբանության բնագավառում լուրջ գիտելիքներ և փորձառություն ունեցող բժիշկների, որոնք, հիվանդին զննելուց, բուժանձնակազմի և խնամող անձնակազմին հանդիպելուց, ինչպես նաև բժշկական փաստաթղթերին ծանոթանալուց հետո, կկարողանան իրենց կարծիքն արտահայտել Վենսան Լամբերի առողջական վիճակի վերաբերյալ անկախ և կոլեգիալ կերպով և Պետական խորհրդին տալ զարգացման հեռանկարների վերաբերյալ օգտակար ցուցումներ:
35. Պետական խորհուրդն որոշեց, որ փորձագիտության անցկացումը կվստահվի երեք բժիշկներից բաղկացած խորհրդատվական խմբին, որոնք կնշանակվեն վեճերի քննման բաժանմունքի նախագահի կողմից` համապատասխանաբար Բժշկական ազգային ակադեմիայի, Էթիկայի խորհրդատվական ազգային կոմիտեի և Բժիշկների ազգային միության առաջարկությամբ, կազմման ամսաթվից երկու ամսվա ընթացում հետևյալ առաքելությունն իրականացնելու պարտավորությամբ`
« - նկարագրել պարոն Լամբերի կլինիկական վիճակը և 2011թ. հունիսին Լիեժի բժշկական համալսարանական կենտրոնի Կոմայագիտության խմբի կողմից իրականացված ամփոփիչ հաշվետվությունից հետո նրա զարգացումը,
- կարծիք հայտնել պարոն Լամբերի գլխուղեղային վնասվածքների անդառնալիության և նրա կլինիկական կանխատեսումների վերաբերյալ,
- պարզել, թե արդյոք հիվանդն ունակ է իր շրջապատի հետ հաղորդակցվել`, անկախ հաղորդակցման ձևից,
- որոշել, թե կան արդյոք ապացույցներ, որոնք թույլ կտան այսօր մտածել, թե պարոն Լամբերն արձագանքում է նրան տրամադրվող խնամքին և եթե այո, ապա արդյոք նրա արձագանքը կարող է մեկնաբանվել որպես խնամքի մերժում, տառապանք, կամ արհեստականորեն նրա կյանքն երկարացվող բուժումը դադարեցնելու ցանկություն, և, հակառակը, որպես այդ բուժումը շարունակելու ցանկություն»:
36. Բացի այդ, հաշվի առնելով գործի քննության ժամանակ վերհանված գիտական, էթիկայի և մասնագիտական էթիկայի խնդիրների բարդությունը և ծավալները, Պետական խորհուրդը, Վարչական դատավարության օրենսգրքի 625-3 հոդվածի համաձայն, անհրաժեշտ համարեց հրավիրել Բժշկական ազգային ակադեմիային, Էթիկայի խորհրդատվական ազգային կոմիտեին և Բժիշկների ազգային միությանը, ինչպես նաև 2005թ. ապրիլի 22-ի օրենքի զեկուցող պարոն Ժան Լեոնետտին (Jean Leonetti) մինչև 2014թ ապրիլի վերջն ոչ ողջամիտ համառության և վերը նշված 1110-5 հոդվածի տեսանկյունից կյանքի արհեստական պահպանման հասկացությունների վերաբերյալ Պետական խորհրդին գրավոր մեկնաբանություններ ներկայացնելու համար, մասնավորպես այն անձանց առումով, որոնք, ինչպես Վենսան Լամբերը, գտնվում են վեգետատիվ վիճակում:
37. Վերջապես, Պետական խորհուրդը մերժեց դիմումատուների Վենսան Լամբերին մասնագիտացված կենտրոն տեղափոխելու վերաբերյալ հայցը (վերը նշված 29-րդ կետ):
Զ) Բժշկական փորձագիտություն և ընդհանուր մեկնաբանություններ
1. Բժշկական փորձագիտություն
38. Փորձագետները Վենսան Լամբերին զննեցին ինն անգամ: Նրանք ծանոթացան նրա բժշկական պատմության փաստաթղթերին, որը մասնավորապես ներառում էր Լիեժի Կոմայի հետազոտությունների խմնի հաշվետվությունը (տե´ս վերը նշված 13-րդ կետ), խնամքի վերաբերյալ գրանցամատյանի գրառումներին, վարչական փաստաթղթերին և ռադիոլոգիական զննումների բոլոր արդյունքներին: Նրանք ուսումնասիրեցին նաև փորձագիտության տեսանկյունից անհրաժեշտ բողոքների/վեճերի վերաբերյալ փաստաթղթերը: Բացի այդ, 2014թ. մարտի 24-ից մինչև ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում նրանք հանդիպեցին բոլոր կողմերին (ընտանիք, բուժանձնակազմ և խնամող անձնակազմ, խորհրդատու բժիշկներ և UNAFTC-ի և բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ) և Վենսան Լամբերին ենթարկեցին մի շարք հետազոտությունների:
39. 2014թ. մայիսի 5-ին փորձագետները կողմերին ներկայացրեցին իրենց նախնական հաշվետվությունը վերջիններիս դիտողություններին ծանոթանալու նպատակով: 2014թ. մայիսի 26-ին փորձագետները ներկայացրեցին իրենց վերջնական հաշվետվությունը, որը Պետական խորհրդի կողմից առաջ քաշված հարցերին տվեց հետևյալ պատասխանները:
ա) Վենսան Լամբերի կլինիկական վիճակի և զարգացման վերաբերյալ
40. Փորձագետները նշեցին, որ Վենսան Լամբերի կլինիկական վիճակը համապատասխանում է վեգետատիվ վիճակի`առանց նվազագույն գիտակցության նշանների: Բացի այդ, նրանք ընդգծեցին, որ Վենսան Լամբերն ուներ կլման խանգարումներ և չորս վերջույթների շարժական խանգարումներ`ջիլերի գերձգումներով: Նրանք նշեցին, որ նրա գիտակցական վիճակը վատթարացել է 2011թ.-ին Լիեժում կատարված գնահատումից հետո:
բ) Գլխուղեցային վնասվածքների անդառնալի բնույթը և կլինիկական կանխատեսումները
41. Փորձագետները հիշեցրեցին, որ երկու հիմնական հանգամանքները, որոնք պետք է հաշվի առնել գնահատելու համար, թե գլխուղեղային վնասվածներն անդառնալի են, թե ոչ, դա, մի կողմից, վթարից հետո անցած ժամանակն է, իսկ մյուս կողմից, հենց վնասվածքների բնույթը: Սույն դեպքի հետ կապված, նրանք նշեցին, որ սկզբնական գլխուղեղային վնասվածքի ձեռքբերելուց հետո անցել է հինգ ու կես տարի, իսկ ռադիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են գալիս ուղեղի լուրջ ապաճում, որը վկայում է նեյրոնային վերջնական կորստի, կարևորագույն հատվածների` տեսաթումբի և ուղեղի ցողունի վերին հատվածի գրեթե ամբողջական ոչնչացման, մասին, ինչպես նաև ուղեղի հաղորդակցման ծանր խանգարումների մասին: Նրանք եզրակացրեցին, որ գլխուղեղային վնասվածքներն անդառնալի էին: Բացի այդ, նրանք նշեցին, որ հիվանդության զարգացման երկար տևողությունը, 2011թ. հուլիսից ի վեր կլինիկական վիճակի վատթարացումը, ներկա վեգետատիվ վիճակը, գլխուղեղային վնասվածքների ծանրությունը և կործանիչ բնույթը, գործառութային արդյունքները` զուգորդված չորս վերջույթների շարժական ծանր խանգարումներով, այն բոլոր գործոններն էին, որոնք հանգեցնում էին կլինիկական վատ կանխատեսումների:
գ) Իր շրջապատի հետ Վենան Լամբերի հաղորդակցման ունակությունների վերաբերյալ
42. Կատարված ուսումնասիրությունների հիման վրա և հաշվի առնելով, մասնավորապես, այն փաստը, որ 2012թ. կատարված լոգոպեդական դասընթացների արդյունքում հնարավոր չի եղել հաստատել հաղորդակցման կոդեր, փորձագետներն եզրակացրեցին, որ Վենսան Լամբերն ի վիճակի չէ իր շրջապատի հետ ֆունկցիոնալ հաղորդակցում հաստատել:
դ) Խնամքին Վենսան Լամբերի կողմից արձագանքման նշանների առկայության և դրանց մեկնաբանման վերաբերյալ
43. Փորձագետները հաստատեցին, որ Վենսան Լամբերն արձագանքում է խնամքին կամ ցավային խթանումներին, սակայն եզրակացրեցին, որ դրանք չգիտակցված արձագանքներ են: Նրանք համարեցին, որ հնարավոր չէր դրանք մեկնաբանել, որպես տառապանքի գիտակցում կամ բուժումը դադարեցնելու կամ շարունակելու մտադրության կամ ցանկության արտահայտում:
2. Ընդհանուր դիտողություններ
44. 2014թ. ապրիլի 22-ին, 29-ին և մայիսի 5-ին Պետական խորհուրդը ստացավ Բժիշկների ազգային միության, 2005թ. ապրիլի 22-ի օրենքի զեկուցող պարոն Լեոնետտիի, ինչպես նաև Բժշկական ազգային ակադեմիայի և Էթիկայի խորհրդատվական ազգային կոմիտեի գրավոր դիտողությունները:
Բժիշկների ազգային միության խորհուրդը մասնավորապես հստակեցրել էր, որ Առողջապահության մասին օրենքի 1110-5-րդ հոդվածի «կյանքի զուտ արհեստական պահպանումը» դրույթներն ուղղված են այն անձանց, որոնց կյանքը ոչ միայն պահպանվում է կենսական հիմնական գործառույթներին փոխարինող տեխնիկայի կամ միջոցների շնորհիվ, այլ նախևառաջ այն անձանց, որոնք ունեն ճանաչողական և հարաբերվելու գործառույթների խորը և անդառնալի խանգարումներ: Այն նաև ընդգծում է ժամանակի հասկացության կարևորությունը` նշելով, որ քրոնիկ դարձած պաթոլոգիական վիճակի դեպքում, որը հանգեցնում է անձի ֆիզիոլոգիական վիճակի վատթարացման և ճանաչողական և հարաբերվելու ունակությունների կորստի, համառելը կարող է համարվել ոչ ողջամիտ այն պահից, երբ վիճակի բարելավման որևէ նշան ի հայտ չի գալիս:
Պարոն Լեոնետտին ընդգծել էր, որ օրենքը կիրառվում է գլխուղեղային վնասվածքներ ստացած հիվանդների դեպքում, որոնք հիվանդության բավականին զարգացած փուլում տառապում են ծանր և անբուժելի հիվանդությամբ, սակայն պարտադիր կերպով չեն գտնվում «կյանքի ավարտական փուլում, ինչի համար էլ օրենսդիրն օրենքն անվանել է «Հիվանդների և կյանքի ավարտական փուլում գտնվող անձանց իրավունքները»: Նա հստակեցրեց, որ ոչ ողջամիտ համառության, ինչպես նաև դրա գնահատման տարրերը և նշեց, որ համապատասխան ձևակերպումը որպես «կյանքն արհեստակորեն պահպանելուց բացի այլ արդյունք չունեցող բուժման», որն ավելի հստակ է, քան սկզբնականում նախատեսված «կյանքն արհեստականորեն երկարաձգող բուժում» ձևակերպումը, ավելի սահմանափակ է և հղում է կատարում կյանքի արհեստական պահպանմանը « զուտ կեսաբանական առումով` կրկնակի բնորոշմամբ, լինի դա հիվանդ, որն ունի լուրջ և անդառնալի գլխուղեղային վնասվածքներ, կամ, որի վիճակը թույլ չի տալիս գիտակցել ինքն իրեն և փոխհարաբերվել»: Նա նշեց, որ օրենքը բուժման դադարեցման որոշման կայացման պատասխանատվությունը դնում է լոկ բժիշկի վրա և այս պատասխանատվություն չի փոխանցում հիվանդի ընտանիքին` մեղքի ցանկացած զգացումից խուսափելու համար և որպեսզի հստակ լինի, թե ով է որոշումը կայացրած անձը:
Բշկական ազգային ակադեմիան հիշեցրեց բժիշկի կողմից միտումնավոր հիվանդի մահն առաջացնելու հիմնարար արգելքը, ինչն էլ ընկած է հիվանդի և բժիշկի միջև փոխվստահության հիմքում: Ակադեմիան հղում կատարեց նաև երկար տարիներ իր կողմից կատարված այն վերլուծությանը, համաձայն որի 2005թ. ապրիլի 22-ի օրենքը վերաբերում է ոչ միայն «կյանքի ավարտական փուլում» գտնվող անձանց տարբեր իրավիճակներին, այլ նաև այն դեպքերին, երբ առաջանում է «գոյատևող», նվազագույն գիտակցության կամ քրոնիկ վեգետատիվ վիճակում գտնվող հիվանդների «կյանքի դադարեցման» բավականին բարդ և էթիկական հարցադրումը:
Էթիկայի խորհրդատվական ազգային կոմիտեն ավելի հիմնովին ուսումնասիրությունն էր կատարել ոչ ողջամիտ համառություն, բուժումներ, կյանքի արհեստական պահպանում հասկացությունների վերաբերյալ, և հիշեցրեց վեգետատիվ կամ նվազագույն գիտակցության վիճակների բժշկական տվյալները և վեր հանեց նմանատիպ իրավիճակներում էթիկային վերաբերվող հարցադրումները: Այն խորհուրդ տվեց,մասնավորապես, ձեռնարկել խորհրդածություն, որպեսզի կոլեկտիվ խորհրդակցության գործընթացը հանգեցնի կոլեկտիվ որոշման կայացման իրական գործընթացի և որ, փոխհամաձայնության բացակայության դեպքում, հնարավոր լինի դիմել միջնորդության տարբերակին:
Ը) Պետական խորհրդի 2014թ. հունիսի 24-ի որոշումը
45. 2014թ. հունիսի 20-ին տեղի ունեցան լսումներ Պետական խորհրդում: Իր եզրակացություններում հանրային զեկուցողը մասնավորապես ընդգծեց հետևյալը.
« (...) Նրանց, ում առաքելությունն է խնամել, բուժել, օրենսդիրը չի ցանկացել պարտադրել անցնել այն անդունդը, որը գոյություն ունի մահվանն իր գործն ավարտին հասցնելու թույլատրման, երբ այլև ոչինչ չի կարող դրան խանգարել և մահացու նյութի ներարկման միջոցով ուղղակիորեն մահ առաջացնելու միջև: Բուժումը դադարեցնելով բժիշկը չի սպանում, այլ ստիպված հետ է մղվում, երբ այլև ոչինչ հնարավոր չի անել »:
2014թ. հունիսի 24-ին Պետական խորհուրդը կայացրեց իր որոշումը: Ընդունելով Վենսան Լամբերի խորթ քրոջ` Մարի-Ժենեվիեվ Լամբերի որպես երրորդ կողմ միջնորդությունը և հիշեցնելով կիրառվող ներպետական իրավունքի դրույթները, որոնք մեկնաբանվել և պարզաբանվել էին ստացված դիտողություններում` Պետական խորհուրդը հաջորդաբար քննեց դիմումատուների Կոնվենցիայի և ներպետական իրավունքով հիմնավորված փաստարկները:
46. Առաջին հարցի առումով Պետական խորհուրդը հիշեցրեց, որ երբ հրատապ հարցերով դատավորին հայց է ներկայացվում Վարչական դատավարության օրենսգրքի 521‑2-րդ հոդվածի (հիմնարար ազատություններ) հիման վրա` կապված բժիշկի կողմից կայացված որոշման հետ, որը կարող էր ընդհատել կամ չձեռնարկել բուժումն այն հիմնավորմամբ, որ այն դառնում է ոչ ողջամիտ համառություն և որի իրագործումը կարող էր անդառնալի ազդեցություն ունենալ հիվանդի կյանքի համար, հրատապ հարցերով դատավորը պարտավոր է քննել Կոնվենցիայի հետ վիճահարույց դրույթների անհամատեղելիության հայցը (վերը նշված 32-րդ կետ):
47. Սույն գործի հետ կապված` Պետական խորհուրդն հետևյալ ձևակերպմամբ պատասխանեց Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածների հիման վրա ներկայացված փաստարկներին.
« Հաշվի առնելով, որ, մի կողմից, Առողջապահության օրենսգրքի վիճահարույց դրույթները սահմանել են իրավական շրջանակը` վերահաստատելով յուրաքանչյուր անձի ամենահամապատասխան խնամքը ստանալու, ցանկացած բուժում մերժելու իր կամքը հարգելու իրավունքը, ինչպես նաև յուրաքանչյուր անձի իրավունքը չենթարկվելու այնպիսի բուժման, որը կարող է ոչ ողջամիտ համառություն համարվել: Հաշվի առնելով, որ այս դրույթները բժիշկին թույլ են տալիս իրենց կամքն արտահայտելու ունակություններից զուրկ անձանց դեպքում որոշել սահմանափակել կամ դադարեցնել բուժումը, որը կարող է վտանգել վերջիններիս կյանքը, միայն կրկնակի և խիստ պայմանների դեպքում, երբ բուժման շարունակումը դառնում է ոչ ողջամիտ համառություն և հիվանդի կողմից արտահայտված հնարավոր ցանկությունների հաշվի առնելն երաշխավորված է` խորհրդակցելով առնվազն մեկ այլ բժիշկի և խնամող անձնակազմի, ինչպես նաև ընտանիքի կամ մերձավորների շրջանում վստահելի անձի հետ: Բժիշկի նման որոշումը կարող է բողոքարկվել դատարանում` վստահ լինելու համար, որ օրենքի կողմից սահմանված պայմաններն ապահովվել են:
Հաշվի առնելով, այսպիսով, որ, դիտարկելով որպես մեկ ամբողջություն և հաշվի առնելով Առողջապահության օրենսգրքի վիճահարույց դրույթների նպատակը և պայմանները, որոնցում դրանք պետք է կիրառվեն, վերոնշյալ դրույթները չեն կարող անհամատեղելի համարվել Կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածների հետ (...)»
Պետական խորհուրդը մերժեց Կոնվենցիայի 6-րդ և 7-րդ հոդվածներով հիմնավորված հայցերը` հիշեցնելով, որ Առողջապահության օրենսգրքի դրույթներով նախատեսված բժիշկի դերն անհամատեղելի չէ վերը նշված 6-րդ և 7-րդ հոդվածներից բխող անկողմնակալության պարտավորության հետ, որը կիրառվում է քրեական բնագավառում, և հետևաբար չի կարող վկայակոչվել սույն գործում:
48. Ինչ վերաբերում է Առողջապահության օրենսգրքի համապատասխան դրույթների կիրառմանը, Պետական խորհուրդն որոշեց հետևյալը`
« Հաշվի առնելով, որ , եթե արհեստական սնուցումը և հիդրատացումը ներառվում են այն բուժումների շարքում, որոնք կարող են դադարեցվել, երբ դրանց շարունակումը կարող է դառնալ ոչ ողջամիտ համառություն, լոկ այն հանգամանքը, որ տվյալ անձը գտնվում է անդառնալիորեն անգիտակից վիճակում, և ավելին, ինքնուրույնության կորուստը նրան կախվածության մեջ է դնում սնուցման և հիդրատացման մեթոդներից, ինքնին չի կարող բնորոշել մի իրավիճակ, որի դեպքում բուժման շարունակումը կարող է անհիմն թվալ` հանուն ոչ ողջամիտ համառությունից հրաժարման:
Հաշվի առնելով, որ գնահատելու համար, թե արդյոք պահպանվել են արհեստական սնուցան և հիդրատացման պայմանները գլխուղեղային ծանր վնասվածքներ ստացած հիվանդի դեպքում` անկախ այդ վնասվածքների ծագումից, որը գտնվում է վեգետատիվ կամ նվազագույն գիտակցության այնպիսի վիճակում, երբ հիվանդն անկարող է իր կամքն արտահայտել, իսկ վերջինիս կյանքը պահպանվում է սնուցման և հիդրատացման այս մեթոդների շնորհիվ, պատասխանատու բժիշկը պետք է հիմնվի բժշկական և ոչ բժշկական տվյալների մի ամբողջության վրա, որոնց համապատասխան կշիռը չի կարող նախապես սահմանվել և կախված է յուրաքանչյուր հիվանդին հատուկ հանգամանքներից, դիտարկելով յուրաքանչյուր իրավիճակ իր առանձնահատկության տեսանկյունից: Բացի բժշկական ապացույցներից, որոնք պետք է վերաբերեն բավականին երկար ժամանակաշրջանի, վերլուծվեն կոլեգիալ կերպով և վերաբերվեն հիվանդի վիճակին, վթարից կամ հիվանդության առաջացման պահից ի վեր նրա վիճակի զարգացմանը, տառապանքներին և կլինիկական կանխատեսումներին, բժիշկը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի հիվանդի կամքին կամ հակառակը դեպքում, հիվանդի կողմից նախկինում արտահայտած կամքին` անկախ դրա ձևից և իմաստից: Այս առումով, այն դեպքում, երբ հիվանդի կամքն անհայտ է, չի կարելի եզրակացնել, որ հիվանդը կարող է հրաժարվել իր կյանքը շարունակել նման պայմաններում: Բացի այդ, բժիշկը պարտավոր է նար հաշվի առնել վստահելի անձի կարծիքն այն դեպքում, երբ վերջինս հիվանդի կողմից նշվել է որպես այդպիսին, ինչպես նաև ընտանիքի անդամների կամ վերջիններիս բացակայության դեպքում, մերձավորներից մեկի կարծիքը` ձգտելով հասնել փոխհամաձայնության: Բժիշկը, ըստ հիվանդին հատուկ իրավիճակի, պետք է առաջին հերթին առաջնորդվի վերջինիս բարեկեցության լավագույն տարբերակ ապահովելու մտահոգությամբ ...»:
49. Այնուհետև Պետական խորհուրդը հստակեցրեց, որ, հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները և կատարված մրցակցային հետաքննության արդյունքում ներկայացված ապացույցները, մասնավորապես բժշկական փորձագիտության արդյունքները, այն պետք է համոզվեր, որ 2014թ. հունվարին բժիշկ Կարիժեի կողմից կայացրած որոշումը պահպանել էր ոչ ողջամիտ համառություն համարվող բուժման շարունակումն ընդհանելու որոշում կայացնելու համար անհրաժեշտ օրենքով սահմանված պայմանները:
50. Այս առումով Պետական խորհուրդն որոշեց հետևյալը.
«Հաշվի առնելով, առաջին հերթին, որ ուսումնասիրությունից պարզվում է, որ մինչև 2014թ, հունվարի 11-ի որոշման իրականացումը բժշիկ Կարիժեի կողմից նախաձեռնած կոլեգիալ ընթացակարգն իրականացվել է Առողջապահության օրենսգրքի 4127-37 հոդվածի դրույթներին համապատասխան և խորհրդակցության է հրավիրվել վեց բժիշկ, այն դեպքում, երբ սույն հոդվածը պահանջում է մեկ բժիշկի կամ, անհրաժեշտության դեպում, երկու բժիշկի կարծիք , որ օրենքը չի պարտադրում բժիշկ Կարիժեին 2013թ. դեկտեմբերի 9-ի ժողովին ներգրավել պարոն Լամբերի ծնողների կողմից նշված երկրորդ բժիշկին, այն դեպքում, երբ նրանց կողմից նշված առաջին բժիշկն արդեն ներգրավված է եղել խորհրդակցական գործընթացներում: Գործի ուսումնասիրությունից պարզվում է նաև, որ խնամող անձնակազմի որոշ անդամներ միտումնավոր չեն դուրս մնացել քննարկումների գործընթացից, որ բժիշկ Կարիժեն իրավունք ուներ զրուցել հիվանդի զարմիկ պարոն Ֆրանսուա Լամբերի հետ, որ այն փաստը, որ բժիշկ Կարիժեն առարկել է մեկ այն հաստատություն Վենսան Լամբերի տեղափոխման պահանջին և հրապարակավ արտահայտել է իր կարծիքը, հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները, չի կարող համարվել անկողմնակալության սկզբունքից բխող պարտավորությունների խախտում, քանի որ վերջինս բավարարում է վերոնշյալ սկզբունքի պայմանները, որոշման կայացման գործընթացում որևէ խախտում չի արձանագրվել:
Երկրորդ` հաշվի առնելով, որ մի կողմից, փորձագետների եզրակացություններից պարզվում է, որ «պարոն Լամբերի կլինիկական ներկա վիճակը համապատասխանում է վեգետատիվ վիճակի»` ուղեկցված «կլման խանգարումներով, չորս վերջույթների շարժունակության խանգարմամբ, ուղեղի ցողունի գործառույթների խանգարման մի քանի նշաններով» և «շնչառական ուղիների ինքնուրույնությամբ», որ 2014թ. ապրիլի 7-11-ն իրականացված ուղեղի կառուցվածքային և գործառութային ուսումնասիրությունների արդյունքները համատեղելի է նման վեգետատիվ վիճակի հետ, իսկ կլինիակական վիճակը, որ կլինիկական զարգացումը, որն ուղեցկվում է Լիեժի համաալսարանական բժշկական կենտրոնի Կոմայագիտության խմբի կողմից 2011թ. հուլիսին իրականացված հետազոտության ժամանակ նկատված գիտակցության տատանումների անհետացմամբ, ինչպես նաև այդ ուսումնասիրությունների ժամանակ առաջարկված ինտենսիվ բուժման ձախողմամբ, թույլ է տալիս ենթադրել, որ այդ ժամանակից ի վեր նրա «գիտակցական վիճակը վատթարացել է»,
Հաշվի առնելով, մյուս կողմից, որ փորձագետների հաշվետվության եզրակացություններից պարզվում է, որ գլխուղեղի ուսումնասիրությունները ցույց են տվել գլխուղեղային ծանր և ծավալային վնասվածքներ, որոնք արտահայտվում են մասնավորապես «ճանաչողական գործունեության համար անհրաժեշտ ենթակեղևային շրջանների կառուցվածքի և նյութափոխանակության ծանր խանգարումներով» և «գիտակցության համար անհրաժեշտ գլխուղեղի շրջանների միջև հաղորդակցական ուղիների կառուցվածքային լուրջ խափանումներով», որ գլխուղեղային ատրոֆիայի սրությունը և ուսումնասիրված վնասվածքները, հաշվի առնելով վթարից հետո անցած հինգ և կես տարիները, թույլ են տալիս ենթադրել, որ այդ վնասվածքներն անդառնալի են,
Բացի այդ, հաշվի առնելով, որ փորձագետներն եզրակացրել են, որ «զարգացման երկար տևողությունը, 2011թ.-ից վեր նկատվող կլինիկական վիճակի վատթարացումը, ներկա վեգետատիվ վիճակը, գլխուղեղային վնասվածքների ծավալը և կործանարար բնույթը, գործառութային փորձերի արդյունքները, ինչպես նաև չորս վերջույթների շարժունակության խանգարումները» «կլինիկական վատ կանխատեսումների» նշաններ են,
Հաշվի առնելով վերջապես, որ, եթե փորձագետները նշել են, որ պարոն Լամբերն արձագանքում է խնամքին և որոշ խթաններին, նրանք նշել են նաև, որ այս ռեակցիաների առանձնահատկությունները վկայում են, որ դրանք չգիտակցված արձագանքներ են և համարել են, որ դրանք չի կարելի մեկնաբանել որպես վարքագծային ռեակցիաներ, որոնք կարող են վկայել «տառապանքի գիտակցման» կամ կյանքը պահպանող բուժման շարունակման կամ ընդհատման ցանկության կամ մտադրության մասին:
Հաշվի առնելով այն փաստը, որ եզրակացությունները, որոնց փորձահետները հանգել են միաձայն կոլեգիալ վերլուծության արդյունքում և որի ընթացքում հիվանդը հետազոտվել է ինն անգամ, իրականցվել են գլխուղեղի ծավալուն հետազոտություններ, տեղի են ունեցել հանդիպումներ բուժանձնակազմի և պատասխանատու խնամող անձնակազմի հետ, ինչպես նաև ուսումնասիրվել է պարոն Լամբերի հիվանդության ողջ պատմությունը, վերահաստատում են բժիշկ Կարիժեի եզրակացությունները պարոն Լամբերի գլխուղեղային վնասվածքների անդառնալիության և կլինիկական կախատեսումների վերաբերյալ: Փորձագիտական զեկույցի ներկայացումից հետո մրցակցային քննարկումների ժամանակ ներկայացված փաստարկները չեն չեղարկում փորձագետների եզրակացությունները: Ինչպես արդեն նշվել է, փորձագիտության արդյունքներից պարզվում է, որ պարոն Լամբերի արձագանքները խնամքի գործողություններին չեն կարող մեկնաբանվել և, այսպիսով, չեն կարող դիտարկվել, որպես բուժման դադարեցման ցանկության արտահայտում, իսկ բժիշկ Կարիժեն վիճարկվող որոշման մեջ նշել էր, որ այս արձագանքներին կարելի է տարատեսակ մեկնաբանություններ տալ, որոնց բոլորին պետք է մոտենալ մեծ վերապահումով, և դրանցից որևէ մեկը չի նշել որպես իր որոշման հիմնավորում,
Երրորդ, հաշվի առնելով, որ, համաձայն Առողջապահության օրենսգրքի դրույթների, կարելի է հաշվի առնել հիվանդի ցանկության արտահայտումն այլ ձևով, քան նախնական հրահանգները , որ գործի քննությունից և մասնավորապես տիկին Ռաշել Լամբերի վկայությունից պարզվում է, որ տիկին Լամբերը և իր ամուսինը, որոնք երկուսն էլ բուժաշխատողներ էին, հաճախ քննարկել են վերակենդանացման բաժանմունքում գնտվող և բազմակի հաշմանդամություն ունեցող հիվանդների հետ աշխատանքում յուրաքանչյուրի մասնագիտական փորձը կապված և այս առիթով պարոն Լամբերը բազմիցս հստակորեն արտահայտվել է, որ երբևիցե չի ցանկանա, որ իր կյանքն արհեստականորեն պահպանվի այն դեպքում, երբ ինքը կհայտնվի նման ծանր կախվածության մեջ, որ նրա խոսքերը, որոնք տիկին Ռաշել Լամբերն ճշգրտորեն ամսագրել էր և հաղորդվել, հաստատվել էին պարոն Լամբերի եղբայրներից մեկի կողմից, որ եթե այս խոսքերը չեն ասվել պարոն Լամբերի ծնողների ներկայությամբ, վերջիններս չեն պնդում, թե նա կարող էր հակառակ կարծիք ունենար կամ արտահայտեր, որ պարոն Լամբերի քույրերից և եղբայրներից մի քանիսը նշել են, որ այս խոսքերը համահունչ են իրենց եղբոր անձին, պատմությանը և անձնական տեսակետներին, որ, այսպիսով, չի կարելի դիտարկել, որ բժիշկ Կարիժեն, որը վիճահարույց որոշման հիմնավորման մեջ նշել էր, որ վստահ է, որ պարոն Լամբերը մինչև ավտովթարը չէր ցանկանա ապրել նման պայմաններում, սխալ է մեկնաբանել մինչև պատահարը հիվանդի կողմից արտահայտած ցանկությունները:
Չորրորդ, հաշվի առնելով, որ պատասխանատու բժիշկը, Առողջապահության օրենսգրքի դրույթների համաձայն, պարտավոր է բուժումն ընդհատելու վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց առաջ ծանոթանալ հիվանդի ընտանիքի կարծիքին, որ բժիշկ Կարիժեն բավարարել է այս պահանջը` խորհրդակցելով պարոն Լամբերի կնոջ, ծնողների, քույրերի և եղբայրների հետ վերը նշված երկու ժողովների ժաանակ, որ, եթե պարոն Լամբերի ծնողների, ինչպես նաև նրա քույրերից և եղբայրներից մի քանիսը բուժման ընդհատմանը դեմ կարծիք են արտահայտել, իսկ պարոն Լամբերի կինը և մնացած քույրերը և եղբայրները կողմ են բուժման ընդհատմանը, որ բժիշկ Կարիժեն հաշվի է առել այս տարբեր կարծիքները, որ, սույն գործի հանգամանքներում, բժիշկ Կարիժեն համարել է, որ նրա ընտանիքի անդամները միակարծիք չլինելու փաստը չի կարող խոչընդոտ հանդիսանալ իր որոշման համար,
Հաշվի առնելով, որ, վերը նշված նկատառումների համաձայն, օրենքով սահմանված այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի պատասխանատու բժիշկը կարողանա որոշել դադարեցնել այն բուժումը, որի շնորհիվ հնարավոր է միայն արհեստականորեն երկարացնել հիվանդի կյանքը և որը կարող է համարվել ոչ ողջամիտ համառություն, պարոն Լամբերի դեպքում կարող են համարվել ապահովված` հաշվի առնելով նաև Պետական խորհրդի կողմից իրականացված մրցակցային հետաքննությունը, որ, հետևաբար բժիշկ Կարիժեի 2014թ. հունվարի 11-ի պարոն Լամբերի արհեստական սնուցումը և հիդրատացումը դադարեցնելու մասին որոշումը չի կարող անօրինական համարվել »:
51. Հետևաբար, Պետական խորհուրդը, վերաձևակերպելով Վարչական դատարանի որոշումը, մերժեց դիմումատուների հայցը:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա) Առոջապահության օրենսգիրք
52. Առողջապահության օրենսգրքի (այուսհետ` «օրենսգիրք») 1110‑1 հոդվածի համաձայն` առողջության պահպանման հիմնարար իրավունքը պետք է իրականացվի բոլոր առկա միջոցներով` ի նպաստ բոլորի: Օրենսգրքի 1110‑2 հոդվածը սահմանում է, որ ցանկացած հիվանդ անձ ունի արժանապատվությունը հարգելու իրավունք, իսկ 1110‑9 հոդվածն երաշխավորում է յուրաքանչյուր անձի համար, ում առողջական վիճակն այն պահանջում է, պալիատիվ խնամք ստանալու իրավունք, խնամք, որը 1110‑10 հոդվածով սահմանվում է որպես ակտիվ և շարունակական խնամք` ուղղված հիվանդի ցավի թեթևացմանը և հոգեկան տառապանքի մեղմացմանը, ինչպես նաև նրա արժանապատվության պաշտպանմանը և հիվանդի շրջապատին աջակցության ցուցաբերմանը:
53. Հիվանդների և կյանքի ավարտական փուլում գտնվող անձանց իրավունքների մասին 2005թ ապրիլի 22-ի այսպես կոչված «Լեոնետտի» օրենքը (օրենքը կրում է զեկուցող պարոն Ժան Լեոնետտիի անունը, տե´ս վերը նշված 44-րդ կետ) փոփոխել է օրենսգրքի որոշ հոդվածներ: Այս օրենքն ընդունվել է պարոն Լեոնետտի կողմից ղեկավարված խորհրդարանական փաստահավաք առաքելության աշխատանքների արդյունքում, որը նպատակ է ունեցել վերհանել կյանքի ավարտական փուլի հետ կապված հարցադրումները և նախատեսել օրենսդրական կամ կանոնակարգային փոփոխություններ: Այս աշխատանքների ընթացքում փաստահավաք խումբը լսել է բազմաթիվ անձանց և իր զեկույցը հրապարակել է 2004թ. հունիսի 30-ին: Օրինագիծն ընդունվել է միաձայն Ազգային ժողովի կողմից 2004թ. նոյեմբերի 30-ին, իսկ Սենատի կողմից` 2005թ. ապրիլի 12-ին:
Օրենքը չի թույլատրում հիվանդներին էֆթանազիայի ենթարկել կամ աջակցել վերջիններիս ինքնասպանություն կատարելում: Այն թույլ է տալիս բժիշկին ընդհատել բուժումը միայն այն ժամանակ, երբ բուժման շարունակումը դառնում է ոչ ողջամիտ համառություն (այլ կերպ ասած` դառնում է թերապևտիկ hամառում` նպատակ ունենալով բոլոր միջոցներով երկարացնել հիվանդի կյանքը) և ապահովված են սահմանված ընթացակարգի պարտադիր պայմանները:
Օրենսգրքի համապատասխան հոդվածները, այնպես ինչպես շարադրված է օրենքում, սահմանում են հետևյալը.
Հոդված 1110-5
« Հաշվի առնելով առողջական վիճակը և դրանով պայմանավորված միջամտությունների հրատապությունը` ցանկացած անձ իրավունք ունի ստանալ իր առողջական վիճակին առավել համապատասխան խնամք և օգտվել այնպիտի բուժումներից, որոնց արդյունավետությունն ապացուցված է և որոնք երաշխավորում են բժշկական գիտելիքների տեսանկյունից սանիտարական լավագույն անվտանգությունը: Կանխարգելման, հետազոտման և խնամքի գործողություննները բժշկական առկա գիտելիքների պայմաններում չպետք է հիվանդին ենթարկեն ակնկալվող օգուտի համեմատությամբ անհամաչափ ռիսկի:
Այս գործողությունները չպետք է շարունակվեն ոչ ողջամիտ համառության արդյունքում: Այդ գործողությունները, որոնք այլևս թվում են անօգուտ, անհամաչափ կամ տվյալ հիվանդի կյանքն արհեստականորեն երկարաձգելուց բացի այլ արդյունք չեն տալիս, կարող են ընդհատվել կամ չձեռնարկվել: այս դեպքում բժիշկը պաշտպանում է մահացող անձի արժանապատվությունը և ապահովում նրա կյանքի որակը` նախատեսելով 1110-10 հոդվածով սահմանված խնամքը (...)
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալ ցավը թեթևացնող խնամք: Ցանկացած հանգամանքներում ցավի առակայությունը պետք է նախատեսել, գնահատել, հաշի առնել և բուժել:
Առողջապահական համակարգի մասնագետները ձեռնարկում են իրենց տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները յուրաքանչյուրի համար մինչև մահ արժանապատիվ կյանք ապահովելու համար (...) »
Հոդված 1111-4
« Ցանկացած անձ առողջապահական համակարգի մասնագետի հետ վերջինիս կողմից տրամադրված տեղեկությունների և առաջարկությունների հիման վրա որոշում է կայացնում իր առողջության վերաբերյալ:
Բժիշկը պետք է հարգի տվյալ անձի կամքը` կատարված ընտրության հետևանքների մասին նրան տեղեկացնելուց հետո (...)
Բժշկական որևէ գործողություն կամ բուժում չի կարող կիրառվել առանց շահագրգիռ անձի ազատ և տեղեկացված համաձայնության, որը կարող է չեղարկվել ցանկացած ժամանակ:
Երբ անձն ունակ չէ իր կամքն արտահայտել, որևէ միջամտություն կամ հետազոտություն չի կարող իրականացվել, բացառությամբ` անհնարինության կամ հրատապ դեպքերի, առանց հոդված 1111-6-ում նախատեսված վստահելի անձի կամ ընտանիքի, իսկ նրանց բացակայության դեպքում մերձավորներից մեկի հետ խորհրդակցելու:
Երբ անձն ունակ չէ իր կամքն արտահայտելու, այն բուժման սահմանափակումը կամ ընդհատումը, որը կարող է վտանգել վերջինիս կյանքը, չի կարող իրականացվել առանց Բժշկական էթիկայի օրենսգրքով սահմանված կոլեգիալ ընթացակարգի և առանց հոդված 1111-6-ում նախատեսված վստանելի անձի կամ ընտանիքի, իսկ նրանց բացակայության դեպքում մերձավորներից մեկի հետ խորհրդակցելու կամ հիվանդի նախնական հրահանգներին ծանոթանալու: բուժման սահմանափակման կամ ընդհատման հիմնվորումն արձանագրվում է բժշկական փաստաթղթերում (...) »:
Հոդված 1111-6
« Յուրաքանչյուր չափահաս անձ կարող է նշանակել վստահելի անձ, որը կարող է լինել ծնող, բարեկամ կամ բուժող բժիշկ, որի հետ անհրաժեշտ կլինի խորհրդակցել, այն ժամանակ, երբ տվյալ անձն ունակ չի լինի իր կամքն արտահայտել կամ ստանալ այդ նպատակով անհրաժեշտ տեղեկությունները: Վստահելի անձի նշանակումը կատարվում է գրավոր և կարող է չեղյալ համարվել ցանկացած ժամանակ: Հիվանդի ցանկությամբ վստահելի անձը կարող նրան ուղեկցել կամ ներկա լինել բժշկի հետ հանդիպումների ժամանակ հետագայում որոշման կայացնամ հարցում հիվանդին օգնելու համար:
Ցանկացած հաստատությունում ամեն հոսպիտալացման ժամանակ հիվանդին առաջարկվում է նշանակել վստահելի անձ` նախորդ պարբերությունում նախատեսված պայմանների համաձայն: Նշանակումը վավեր է հոսպիտալացման ողջ ընթացքում, եթե հիվանդն այլ որոշում չի կայացնում (...) »
Հոդված 1111-11
« Ցանկացած չափահաս անձ կարող է տալ նախնական գրավոր հրահանգներ այն դեպքերի համար, երբ նա ունակ չի լինի իր կամքն արտահայտել: Նախնական այս հրահանգներում նշվում են տվյալ անձի ցանկություններն իր կյանքի ավարտական փուլի հետ կապված, բուժման սահմանափակման կամ ընդհատման վերաբերյալ: Նախնական հրահանգները կարող են չեղյալ համարվել ցանկացած ժամանակ:
Բժիշկը կարող է հաշվի առնել հիվանդի նախնական հրահանգները հետազոտման, միջամտության կամ բուժման վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելիս այն պայմանով, որ այս հրահանգները տրվել են հիվանդի անգիտակից վիճակում գնտվելուց ավելի քիչ, քան երեք տարի առաջ (...) »:
54. Օրենսգրքի 1111‑4-րդ հոդվածի հինգերորդ մասում նախատեսված կոլեգիալ ընթացակարգը հստակեցվել է օրենսգրքի 4127‑37–րդ հոդվածով, որը, ներառված լինելով նաև բժշկական էթիկայի օրենսգրքում, սահմանում է հետևյալը.
«1. Բոլոր հանգամանքներում բժիշկը պետք է ձգտի մեղմել հիվանդի տառապանքները նրա վիճակին համապատասխան բոլոր միջոցներով և աջակցի նրան բարոյապես: Հետազոտությունների և բուժման ընթացքում նա պետք է զերծ մնա ոչ ողջամիտ համառության արտահայտումներից և կարող է հրաժարվել ձեռնարկել կամ շարունակել բուժումները, եթե նրանք անօգուտ են, անհամաչափ և հիվանդի կյանքն արհեստականորեն պահպանելուց բացի չունեն այլ նպատակ կամ ազդեցություն:
II. 1111-4 հոդվածի հինգերորդ և 1111-13 հոդվածի առաջին մասում նախատեսված դեպքերում տրամադրված բուժման սահմանափակման կամ ընդհատման որոշումը չի կարող կայացվել առանց նախապես կոլեգիալ ընթացակարգ նախաձեռնելու: Բժիշկը կոլեգիալ ընթացակարգ կարող է հրավիրել իր սեփական նախաձեռնությամբ: Կոլեգիալ ընթացակարգն իրականացվում է` հաշվի առնելով 1111-19 հոդվածով սահմանված անձանց որևէ մեկին վստահված հիվանդի նախնական հրահանգները կամ վստահելի անձի, ընտանիքի կամ վերջիններից բացակայության դեպքում, մերձավորներից մեկի խնդրանքով: Կոլեգիալ ընթացակարգ սկսելու որոշման մասին տեղեկացվում են վստահելի անձը, ընտանիքը, կամ վերջիններից բացակայության դեպքում, մերձավորներից որևէ մեկը, ինչպես նաև այն անձը, որին վստահվել է հիվանդի նախնական հրահանգները:
Բուժման սահմանափակման կամ ընդհատման մասին որոշումը կայացնում է հիվանդի համար պատասխանատու բժիշկը` խորհրդացկելով խնամող անձնակազմի հետ, եթե այն գոյություն ունի, ինչպես նաև որպես խորհրդատու ներգրավված առնվազն մեկ բժիշկի հիմնավոր կարծիքին ծանոթանալով: Հիվանդի պատասխանատու բժիշկի և խորհրդատուի միջև որևէ ստորակարգային կապ չի կարող լինել: Երկրորդ բժիշկի հիմնավոր կարծիքը պահանջվում է այս բժիշկների կողմից, եթե նրանցից մեկն այն անհրաժեշտ է համարում:
Բուժման սահմանափակման կամ ընդհատման մասին որոշումը հաշվի է առնում հիվանդի կողմից նախկինում արտահայտած ցանկությունները, մասնավորապես նրանք, որոնք արձանագրված են նախնական հրահանգներում, ինչպես նաև հիվանդի կողմից նշանակված վստահելի անձի, ընտանիքի կամ վերջիններից դեպքում մերձավորներից որևէ մեկի կարծիքը (...)
Բուժման սահմանափակման կամ ընդհատման մասին որոշումը պետք է հիմնավորվի: Ձեռքբերված կարծիքները, խնամող անձնակազմի շրջանում տեղի ունեցած խորհրդակցության բնույթը և իմաստը, ինչպես նաև որոշման հիմնավորումը արձանագրվում են հիվանդի հիվանդության պատմության փաստաթղթերում: Վստահելի անձը, եթե նշանակվել է, ընտանիքը կամ վերջիններիս բացակայության դեպքում հիվանդի մերձավորներից որևէ մեկը տեղեկացվում են բուժման սահմանափակման կամ ընդհատման որոշման հիմնավորման և բնույթի վերաբերյալ:
3) Երբ որոշում է կայացվել սահմանափակել կամ ընդհատել բուժումը` 1110-5 և 1111-4 կամ 1111-13 հոդվածների համաձայն, սույն հոդվածի 1- ին և 2-րդ մասերով նախատեսված պայմաններում, եթե նույնիսկ հիվանդի տառապանքը չի կարող գնահատվել նրա առողջական վիճակի պատճառով, բժիշկը ձեռնարկում է անհրաժեշտ բուժումը, մասնավորապես ցավազրկող և սեդատիվ միջոցներով, որոնք թույլ կտան տվյալ անձին աջակցել 4127-38 հոդվածով սահմանված սկզբունքների և պայմանների համաձայն: Նա նաև երաշխավորում է իրավիճակի վերաբերյալ հիվանդի ընտանիքի տեղեկացվածությունը և վերջինիս համար անհրաժեշտ աջակցության ապահովումը»:
55. Օրենսգրքի հոդված 4127‑38 սահմանում է.
« Բժիշկը պետք է լինի մահացող անձի կողքին մինչև նրա վերջին րոպեները, պատշաճ խնամքով և համապատասխան միջոցներով պետք է ապահովի իր վերջնագծին հասնող կյանքի որակը, պաշտպանի հիվանդի արժանապատվությունը և մխիթարի նրա շրջապատին:
Բժիշկը միտումնավոր մահ չի կարող առաջացնել»:
(...)
III. ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ
(...)
Բ) Ուղեցույց կյանքի ավարտական փուլում բուժման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի մասին
60. Այս ուղեցույցը մշակվել է Եվրոպայի խորհրդի Կենսաէթիկայի ղեկավար կոմիտեի կողմից, հիվանդների իրավունքների վերաբերյալ աշխատանքների շրջանակներում` նպատակ ունենալով հեշտացնել Օվիեդոյի կոնվենցիայով սահմանված սկզբունքների իրականացումը:
Այն նպատակ ունի առաջարկել կյանքի ավարտական փուլում բուժման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի իրականացման հիմնական ուղենիշերը, ժողովել նորմատիվային, ինչպես նաև էթիկայի վերաբերյալ համապատասխան հիմքերը, բժշկական լավագույն գործելակերպի տարրերն առողջապահության ոլորտի այն մասնագետների համար, որոնք բախվում են որոշումների կայացման գործընթացին և ներկայացված պարզաբանումների միջոցով մասնակցել այս թեմայի վերաբերյալ համընդհանուր խորհրդածությանը:
61. Ուղեցույցը, որպես որոշումների կայացման գործընթացի իրավական և էթիկայի շրջանակ, նշում է ինքնավարության (հիվանդի նախնական, ազատ և տեղեկացված համաձայնությունը), բարյացակամության և չվնասելու և արդարության (խնամքի ծառայությունների հասանելիությունը բոլորի համար) սկզբունքները: Ուղեցույցը հստակեցնում է, որ բժիշկը չպետք է անցկացնի բժշկական միջոցառումներ, որոնք տվյալ բուժման ռիսկերի և արգելքների առումով կարող են անօգուտ կամ անհամաչափ լինել, նա հիվանդի համար պետք է նախատեսի վերջինիս առողջական վիճակին համապատասխան և համաչափ բուժական միջոցառումներ: Ավելին, նա պարտավոր է հոգ տանել հիվանդի մասին, մեղմացնել նրա տառապանքը և ուղեկցել նրան բուժման ողջ ընթացքում:
Բուժական միջացառումների շարքում ներառված են նաև այն միջամտությունները, որոնք ուղղված են հիվանդի առողջական վիճակի բարելավմանը` ազդելով հիվանդության պատճառների վրա, ինչպես նաև է այն միջամտությունները, որոնք ուղղված են ոչ թե հիվանդության առաջացման պատճառներին, այլ ախտանիշներին կամ որոնք վերաբերում են գործառութային խանգարումներին: «Այն, ինչ քննարկվում է » բաժնում ուղեցույցը նշում է հետևյալը.
« Արհեստական սնուցման և հիդրատացման սահմանափակման, ընդհատման կամ չկիրառման հարցը
Սնվելու և խմելու ունակ հիվանդին տրված սնունդը և հեղուկներն արտաքին հավելումներ են, որոնք պայմանավորված են ֆիզիոլոգիական կարիքներով, որոնք ենթակա են բավարարման: Դրանք խնամքի մաս են կազմում և պետք է տրամադրվեն, բացառությամբ` հիվանդի կողմից մերժման դեպքերի:
Հիվանդին արհեստական սնուցման և հիդրատացման տրամադրումն իրականացվում է բժշկական ցուցմամբ և ենթադրում է բժշկական միջոցի կամ գործընթացի առկայություն (հեղուկանցում, էնտերալ զոնդի կիրառում): Մի շարք երկրներում արհեստական սնուցումը և հիդրատացումը համարվում են բուժական միջոցառումներ և, հետևաբար, ենթակա են սահմանփակման և ընդհատման` բուժման սահմանափակման և ընդհատման համար նախատեսված պայմանների և երաշխիքների համաձայն (հիվանդի կողմից բուժման մերժում, խնամող անձնակազմի կողմից գնահատված և կոլեկտիվ ընթացակարգի շրջանակներում ընդհունված անհամաչափ բուժումից և ոչ ողջամիտ համառությունից հրաժարում): Առաջադրվող հարցադրումները վերաբերում են հիվանդի կամքին և տվյալ իրավիճակում բուժման համապատասխան բնույթին:
Այնուամենայնիվ, այլ երկրներում արհեստական սնուցումը և հիդրատացումը սահմանափակման կամ ընդհատման ենթակա բուժական միջոցներ չեն համարվում, այլ դրանք անձի կենսական կարիքներին համապատասխան խնամքի միջոցառումներ են, որոնք չեն կարող դադարեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ տերմինալ փուլում գտվող հիվանդն ինքն է անձամբ ցանկացել դադարեցնել այդ միջացառումները:
Բժշկական տեսանկյունից տերմինալ փուլում գտվող անձանց արհեստական սնուցման և հիդրատացման հարցը թեժ բանավեճերի առարկա է: Ոմանց համար արհեստական սնուցման և հիդրատացման իրականացումը կամ շարունակումն անհրաժեշտ է կյանքի ավարտական փուլում գտնվող հիվանդի հարմարավետությունն ապահովելու համար: Մյուսների տեսանկյունից, հաշվի առնելով պալիատիվ խնամքի ոլորտում կատարված հետազոտությունները, տերմինալ փուլում գտնվող հիվանդի համար արհեստական սնուցման և հիդրատացման միջոցներին դիմելն ավտոմատ կերպով չի կարող լինել»:
62. Ուղեցույցը վերաբերում է կյանքի ավարտական փուլում բուժական միջոցառումների (լինի դա բուժական միջոցառումների իրականցում, փոփոխում, համապատասխանեցում, սահմանափակում կամ ընդհատում) վերաբերյալ որոշումների կայացման գործընթացին: Այն չի անդրադառնում որոշ ներպետական իրավունքով թուլատրվող ո´չ էֆթանազիայի, ո´չ աջակցված ինքնասպանության խնդիրներին:
63. Եթե նույնիսկ որոշումների կայացման գործընթացում ներառված են այլ գործող անձիք, ուղեցույցը նշում է, որ հիմնական առարկան և գործող անձը դա հիվանդն է: Երբ վերջինս չի կարող կամ այլևս չի կարող մասնակցել այդ որոշման կայացմանը, որոշումը կայացվում է երրորդ անձի կողմից, ներպետական գործող օրենսդրությամբ նախատեսված պայմանների համաձայն, սակայն, այնուամենայնիվ, հիվանդը ներգրավված է որոշման կայացման գործընթացում նախկինում արտահայտած հնարավոր ցանկությունների միջոցով: Ուղեցույցը թվարկում է տարբեր ուղիներ: Դրանք կարող են բանավոր կերպով վստահվել ընտանիքի անդամներից կամ հարազատներից մեկին, ինչպես նաև որպես այդպիսին նշանակված վստահելի անձին: Դրանք կարող են կրել պաշտոնական բնույթ, ինչպիսիք նախնական հրահանգներն են կամ կտակը կամ էլ երրորդ անձին տրված այսպես կոչված հետագա պաշտպանության լիազորագիրը:
64. Որոշումների կայացման գործընթացում ներգրավվող անձանց շարքում անհրաժեշտության դեպքում ներառվում է օրինական կամ լիազոր ներկայացուցիչը, ընտանիքի անդամները և հարազատները, ինչպես նաև խնամող անձնակազմի անդամները: Ուղեցույցն ընդգծում է, որ բժիշկի դերակատարումը չափազանց կարևոր է, նույնիսկ առաջնային, բժշկական տեսանկյունից հիվանդի իրավիճակը գնահատելու կարողության առումով: Երբ հիվանդը չի կարող կամ այլևս չի կարող արտահայտել իր կամքը, հենց բժիշկն է, որը որոշումների կայացման գործընթացի շրջանակներում առողջապահության ոլորտի համապատասխան մասնագետներին ներգրավվելուց հետո, կայացնում կլինիկական բնույթի որոշումը` ուղորդվելով հիվանդի լավագույն շահով համատեքստային բոլոր տեղեկություններին ծանոթանալուց հետո ( ընտանիքի, հարազատների կամ վստահելի անձի հետ խորհրդակցում) և որոշման կայացման գործընթացի իրականացման երաշխիքներն ապահովելուց հետո:
65. Ուղեցույցը հիշեցնում է, որ հիվանդը գտնվում է որոշումների կայացման գործընթացի կենտրոնում: Որոշումների կայացման գործընթացը ձեռք է բերում կոլեկտիվ բնույթ, երբ հիվանդը այլևս չի կարող կամ չի ցանկանում ուղղակիորեն մասնակցել այդ գործընթացին: Ուղեցույցն առանձնացնում է որոշումների կայացման գործընթացի երեք մեծ փուլեր` անհատական (յուրաքանչյուր գործող անձ իր փաստարկները կազմում է ստացված տեղեկությունների հիման վրա), կոլեկտիվ (գործող տարբեր անձիք կարծիքներ են փոխանակում և բանավիճում են) և եզրափակիչ ( որոշման կայացում):
66. Ուղեցույցը հստակեցնում է, որ, դիրքորոշումների հարցում զգալի տարաձայնությունները կամ առաջադրված խնդրի բարդությունը կամ առանձնահատկությունը հաշվի առնելով, երբեմն անհրաժեշտ է նախատեսել խորհրդակցել երրորդ անձի հետ քննարկումը զարգացնելու կամ բարդությունները կամ կոնֆլիկտը լուծելու նպատակով: Օրինակ` էթիկայի կոմիտեի հետ խորհրդակցելը կարող է չափազանզ օգտակար լինել: Կոլեկտիվ որոշման կայացման առումով, պետք է ձեռք բերվի պայմանավորվածություն, կոլեկտիվ կերպով գալ եզրահանգումների և հաստատել դրանք, այնուհետև ձևակերպել և գրավոր արձնագրել:
67. Եթե բժիշկն է կայացնում որոշումը, ապա նա այն կատարում է կոլեկտիվ խորհրդակցության եզրակացությունների հիման վրա և այդ մասին տեղեկացնում է անհրաժեշտության դեպքում հիվանդին, նրա վստահելի անձին և/կամ նրա շրջապատին, խնամող անձնակազմին և գործընթացին մասնակցած երրորդ կողմին: Բացի այդ, որոշումը պետք է արձանագրվի (գրավոր` նշելով հիմնավորումները) և պահ առվի սահմանված վայրում:
68. Ուղեցույցը նշում է, որ ներկա պահին քննարկվում է նաև տերմինալ փուլում խորը սեդացիայի կիրառումը, որը կարող է կրճատել մնացած կյանքի տևողությունը: Վերջապես ուղեցույցն առաջարկում է որոշումների կայացման գործընթացը մեկնարկելուց հետո իրականացնել գնահատում:
(...)
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ՎԵՆՍԱՆ ԼԱՄԲԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԵՎ ՆՐԱ ԿՈՂՄԻՑ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
80. Դիմումատուները համարում են, որ Վենսան Լամբերի արհեստական սնուցման և հիդրատացման ընդհատումը հակասում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պետության պարտավորություններին: Նրանք գտնում են, որ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածի տեսանկյունից սնուցումից և հիդրատացումից նրան զրկելը կլինի վատ վերաբերմունք` համարժեք խոշտանգման, և նշում են, որ 2012թ. հոկտեմբերից ի վեր ֆիզիոթերապիայից, ինչպես նաև կլման գործառույթի վերականգման գործողությունների դադարեցումը համարժեք է այս դրույթով արգելվող անմարդակային և նվաստացնող վերաբերմունքին: Վերջապես, նրանք համարում են, որ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի առումով սնուցման և հիդրատացման ընդհատումը կարող է վերլուծվել որպես Վենսան Լամբերի ֆիզիկական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգություն:
81. Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները սահմանում են հետևյալը.
Հոդված 2
« Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով: Ոչ մեկին չի կարելի դիտավորությամբ զրկել կյանքից (...)»
Հոդված 3
« Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Հոդված 8
« 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ա) Վենսան Լամբերի անունից և նրա փոխարեն հանդես գալու դիմումատուների իրավասության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
82. Կառավարությունը նշում է, որ դիմումատուները չեն ընդգծում Վենսան Լամբերի անունից հանդես գալու իրենց ցանկությունը և, հետևաբար, անտեղին է համարում այն հարցը, թե արդյոք նրանք կարող են նրա անունից հայց ներկայացնել Դատարան:
բ) Դիմումատուները
83. Դիմումատուները պնդում են, որ յուրաքանչյուր ոք, անկախ հաշմանդամության տեսակից և ներկայացուցիչ ունենալու կամ չունենալու փաստից, իրավունք ունի օգտվել Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներից: Նրանք ընդգծում են, որ ներպետական ատյաններում երբևիցե չի բարձրացվել Վենսան Լամբերի անունից գործելու նրանց իրավասության հարցը, այնքանով, որքանով այն հիվանդի դեպքում, որի բուժումը ենթակա է դադարեցման, ֆրանսիական իրավունքը վերջինիս ընտանիքին իրավունք է տալիս իր դիրքորոշումն արտահայտել տվյալ գործողության վերաբերյալ, ինչն ենթադրում է դատարանի առաջ իր և հիվանդի անունից հանդես գալու իրավասություն:
84. Վկայակոչելով Կոխն ընդդեմ Գերմանիայի [Koch c. Allemagne] (թիվ 497/09, կետկետ 43 և այլ, հուլիսի 19, 2012թ.) վճռում Դատարանի կողմից սահմանված չափանիշները` դիմումատուները համարում են, որ սույն գործում դրանք առկա են, մասնավորապես` գործի հանրային կարևորությունը, ինչպես նաև ընտանեկան սերտ կապերը և սույն գործի հետ կապված իրենց անձնական շահը: Նրանք ընդգծում են, որ դիմել են ներպետական դատական ատյաններ, այնուհետև Դատարան Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսված Վենսան Լամբերի հիմնարար իրավունքները պաշտպանելու նպատակով, ինչը չի կարող անել Վենսան Լամբերը, իսկ նրա կինն առավել ևս, քանի որ նա ընդունել է բժշկական վիճահարույց որոշումը:
գ) Անահատական երրորդ կողմերը
85. Ռաշել Լամբերը` Վենսան Լամբերի կինը, համարում է, որ դիմումատուներն իրավասու չեն հանդես գալու Վենսան Լամբերի անունից: Նա հիշեցնում է, որ Դատարանն պատրաստ է եղել ընդունել հարազատի տվյալ անձի անունից հանդես գալու իրավասությունը, որովհետև կամ բողոքը վեր է հանել հանրային կարևորության այնպիսի հարցեր, որոնք վերաբերում էին «մարդու իրավունքների պաշտպանությանը» և որպես ժառանգորդ նա բողոք ներկայացնելու օրինական շահ ուներ, կամ առկա է եղել իր սեփական իրավունքների ուղղակի ազդեցության վտանգ: Այնուամենայնիվ, Սանլես Սանլեսն ընդդեմ Իսպանիայի [Sanles Sanles c. Espagne] ((որոշում), թիվ 48335/99, ՄԻԵԴ 2000‑XI) գործում Դատարանը համարել է, որ Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ և 8-րդ հոդվածների տեսանկյունից դիմումատուի կողմից վկայակոչված իրավունքները պատկանում էին չփոխանցվող իրավունքների կատերգորիային և եզրակացրել է, որ շահագրգիռ անձը, որը մահացածի եղբոր կինն էր և նրա օրինական ժառանգորդը, չէր կարող իր ամուսու հանգուցյալ եղբոր անունից որպես խախտման զոհ հանդես գալ:
86. Ինչ վերաբերում է ներկայացնելու իրավասությանը, նա հիշեցնում է, որ չափազանց կարևոր է, որ օրինական ներկայացուցիչը կարողանա ապացուցել, որ ենթադրյալ զոհի կողմից ստացել է բացահայտ և հստակ ցուցումներ, մինչդեռ սույն գործում դիմումատուները Վենսան Լամբերից չեն ստացել հստակ և բացահայտ ցուցումներ, չնայած Պետական խորհրդի կողմից իրականացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ իր ամուսինն իրեն տեղյակ է պահել իր ցանկությունների, իղձերի և գաղտնի մտադրությունների մասին, որոնք հաստատվել են ներպետական ատյաններին ներկայացված վկայագրերով:
87. Վենսան Լամբերի զարմիկ Ֆրանսուա Լամբերը և խորթ քույր Մարի-Ժենեվիեվ Լամբերը համարում են, որ դիմումատուներն իրավասու չեն Վենսան Լամբերի անունից հանդես գալ: Նրանք պնդում են, որ առաջին հերթին դիմումատուների կողմից վկայակոչված Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների խախտումները վերաբերում են չփոխանցվող իրավունքներին, որոնք նրանք չեն կարող իրենցը դարձնել: Երկրորդ` նրանք չեն կարող համարվել Վենսան Լամբերի օրինական ներկայացուցիչներ, քանի որ վերջինս, ծնված լինելով 1976թ.-ին, չափահաս է: Երրորդ, դիմումատուների հայցը խախտում է Վենսան Լամբերի խղճի ազատության, կյանքի և անձնական կյանքը հարգելու իրավունքները: Ֆրանսուա և Մարի-Ժենեվիեվ Լամբերները պնդում են, որ, եթե բացառության կերպով, Դատարանը ընդունել է, որ ծնողները կարողը գործել տուժողի անունից և փոխարեն Կոնվենցիայի 3-րդ հոդվածը վկայակոչելու համար, դա եղել է լոկ տուժողի մահվան կամ անհետացման և հատուկ հանգամանքների դեպքում: Պայմաններ, որոնք առկա չեն սույն գործում և, հետևաբար, հայցն անընդունելի են դարձնում: Նրանք պնդում են, որ Դատարանն առիթ է ունեցել հաստատել անընդունելիությունը սույն գործի նման կյանքի ավարտական փուլի վերաբերյալ գործերում (վերը նշված Սանլես Սանլես [Sanles Sanles], և Ադա Ռոսսին և մյուսներն ընդդեմ Իտալիայի [Ada Rossi et autres c. Italie] (որոշում), թիվ 55185/08, դեկտեմբերի 16, 2008թ.):
88. Վերջապես նրանք համարում են, որ, հաշվի առնելով սույն գործի հանգամանքները, դիմումատուներն իրավասու չեն բողոքարկելու Պետական խորհրդի որոշումն այն պահից, երբ իրենց դիրքորոշումը հակասում է Վենսան Լամբերի համոզմունքներին և որ բժիշկները, ինչպես նաև դատավորները հաշվի են առել վերջինիս ցանկությունները, որոնց մասին նա բարձաձայնել է իր տիկնոջ ներկայությամբ և գիտակցաբար` հաշվի առնելով նրա, որպես բուժաշխատող, մասնագիտական փորձը:
2. Դատարանի գնահատականը
ա) Սկզբունքների հիշեցում
89. Դատարանը վերջերս հիշեցրել էր, Նենշեվան և մյուսներն ընդդեմ Բուլդարիայի [Nencheva et autres c. Bulgarie] (թիվ 48609/06, հունիսի 18, 2013թ.) և Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնն ընդդեմ Ռումինիայի [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu c. Roumanie] (ՄՊ], թիվ 47848/08, ՄԻԵԴ 2014) գործերում հետևյալ սկզբունքները`
Կոնվենցիայի 34-րդ հոդվածի դրույթներից օգտվելու համար դիմումատուն պետք է լինի Կոնվենցիայի խախտման զոհ, իսկ «զոհի» հասկացությունը, ըստ Դատարանի նախադեպային իրավունքի, պետք է մեկնաբանվի ինքնուրույն և անկախ ներքին հասկացություններից, ինչպիսիք են գործելու իրավասությունը և շահը (վերը նշված Նենշեվան և մյուսները [Nencheva et autres], կետ 88): Շահագրգիռ անձը պետք է կարողանա ապացուցել, որ վիճահարույց միջոցառման «ազդեցությունն ուղղակիորեն է կրել» ( վերը նշված Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնը [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu], կետ 96, և վերը նշված նախադեպային իրավունքը):
90. Այս սկզբունքն ունի մեկ բացառություն, երբ Կոնվենցիայի վկայակոչված խախտումը կամ խախտումները սերտորեն կապված են անհետացման կամ մահվան հետ այնպիսի հանգամանքներում, որոնց համար ենթադրվում է, որ պատասխանատու է Պետությունը: Նման դեպքերում, իրապես, Դատարանն ընդունում է զոհի հարազատների հայց ներկայացնելու իրավասությունը (վերը նշված Նենշեվան և մյուսները [Nencheva et autres], կետ 89, Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնը [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu], 98-99 կետեր,ինչպես նաև վերը նշված նախադեպային իրավունքը):
91. Բացի այդ, եթե հայցը չի ներկայացվում զոհի կողմից, Դատարանի կանոնակարգի 45-րդ հոդվածի 3-րդ մասը պարտադրում է ներկայացնել պատշաճ կերպով ստորագրված գրավոր լիազորագիր: Կարևոր է, որ ներկայացուցիչը կարողանա ապացուցել, որ ստացել է հստակ և բացահայտ ցուցումներ ենթադրյալ զոհից, որի անունից նա պատրաստվում է Դատարան հայց ներկայացնել (Պոստն ընդդեմ Նիդերլանդների [Post c. Pays-Bas] (որոշում), թիվ 21727/08, հունվարի 20, 2009թ., վերը նշված Նենշեվան և մյուսները [Nencheva et autres], կետ 83 և Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնը [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu], կետ 102): Կոնվենցիայի մարմինները, այնուամենայնիվ, համարել են, որ հատուկ նկատառումների կիրառումն արդարացված է ներպետական իշխանությունների կողմից Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների խախտման ենթադրյալ զոհերի դեպքում: Կոնվենցիայի խախտման զոհի կամ զոհերի անունից այլ անձնանց կողմից ներկայացված գանգատները համարվել են ընդունելի, եթե նույնիսկ լիազորագրի որևէ վավեր տեսակ չի ներկայացվել (վերը նշված Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնը [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu], կետ 103):
92. Առանձնակի ուշադրություն է դարձվում խոցելիության այնպիսի գործոններին, ինչպիսիք են տարիքը, սեռը կամ հաշմանդամությունը, որոնք կարող են խանգարել որոշ զոհերի Դատարան հայցի ներկայացնե` հաշվի առնելով նաև զոհի և գանգատի հեղինակ անձի միջև հարաբերությունները (նույն տեղ):
93. Այսպիսով, Ս.Պ.-ն, Դ.Պ.-ն և Ա.Տ.-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [S.P., D.P. et A.T. c. Royaume-Uni] (թիվ 23715/94, Հանձնաժողովի որոշում, մայիսի 20, 1996թ.) գործում, որը մասնավորապես վերաբերում էր Կոնվենցիայի 8-րդ հոդվածին, Հանձնաժողովն ընդունեց իրավապաշտպանի (solicitor) հայցն այն երեխաների անունից, որոնց նա ներկայացրել էր ներպետական դատավարությունների ընթացքում` նշանակված լինելով գործի քննության (ad litem) համար ներգրավված խնամակալի կողմից, այն բանից հետո, երբ պարզվեց, որ երեխաների մայրն որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում, իսկ տեղական իշխանությունները քննադատվում են գանգատում և որ իրավապաշտպանի և երեխաների միջև չկային հակասող շահեր:
Իլհանն ընդդեմ Թուրքիայի [ İlhan c. Turquie] ([ՄՊ], թիվ 22277/93, 54-55 կետեր, ՄԻԵԴ 2000‑VII) գործում, ուր ուղղակի զոհ Աբդյուլատիֆ Իլհանը, որն անվտանգության ուժերի վատ վերաբերմունքի արդյունքում ձեռք էր բերել առողջական լուրջ խնդիրներ, Դատարանը համարեց, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների հիման վրա նրա եղբոր կողմից ընդունվող հայցն ընդունելի է, այնքանով, որքանով, համաձայն գործի փաստական հանգամանքների, Աբդյուլլատիֆ Իլհանը համաձայնել էր հայց ներկայացնել, ինչպես նաև չկար շահերի բախում իր և եղբոր միջև, որը նույնպես մասնակցել էր այդ միջադեպին և, վերջապես, ձեռքբերված բարդությունների պատճառով նա գնտվում էր առանձնակի խոցելի իրավիճակում:
Յ.Ֆ.-ն ընդդեմ Թուրքիայի [Y.F. c. Turquie] (թիվ 24209/94, կետ 31, ՄԻԵԴ 2003‑IX), գործում, ուր ամուսինը, վկայակոչելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը, բողոքում էր, որ իր կինը կալանքի վերջում ստիպված է եղել ենթարկվել գինեգոլոգիական հետազոտության, Դատարանը համարեց, որ դիմումատուն, որպես զոհի հարազատ, կարող է գանգատ ներկայացնել իր կնոջ կողմից ձևակերպված Կոնվենցայի խախտման վերաբերյալ` հատկապես հաշվի առնելով այն խոցելի իրավիճակը, որում նա գտնվել է տվյալ գործի որոշակի հանգամանքներում:
94. Բացի այդ, կրկին Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում, Դատարանը բազմիցս ընդունել է, որ ծնողական իրավունքներից զուրկ ծնողները կարողան են հայց ներկայացնել իրենց չափահաս երեխաների անունից (տե´ս, մասնավորապես, Սկոցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [Scozzari et Giunta c. Italie] [ՄՊ], թիվ 39221/98 և 41963/98, 138-139 կետեր, ՄԻԵԴ 2000‑VIII, Շնիրսոնը և Կամպանելլան ընդդեմ Իտալիսյի [Šneersone et Kampanella c. Italie], թիվ 14737/09, կետ 61, հուլիս 12, 2011թ., Դիամանտեն և Պելլիչիոնին ընդդեմ Սան Մարինոյի [ Diamante et Pelliccioni c. Saint Marin], թիվ 32250/08, 146-147 կետեր, սեպտեմբերի 27, 2011թ., Ա.Կ.-ն ընդդեմ Խորվաթիայի [A.K. et L. c. Croatie], թիվ 37956/11, 48-50 կետեր, հունվարի 8, 2013թ. և Ռաուն և մյուսներն ընդդեմ Ֆրանսիայի [Raw et autres c. France], թիվ 10131/11, 51-52 կետեր, մարտի 7, 2013): Էական չափանիշը, որ Դատարանը վերհանեց այս գործերում, դա անչափահասների որոշ շահերը Դատարանին չներկայացնելու վտանգն է և այն, որ վերջիններս կարող է չօգտվեն Կոնվեցիայից բխող իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունից:
95. Վերջապես, Դատարանը վերջերս նմանատիպ մոտեցում է ցուցաբերել վերը նշված Վալենտին Կամպեանույի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնի [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu] գործում, որը վերաբերում է ծանր հաշմանդամություն ունեցող և ՄԻԱՎ վարակակիր գնչու երիտասարդին, որը մահացել էր հիվանդանոցում մինչև հայցի ներկայացնելը, չուներ հարազատներ, իսկ պետությունն օրինական ներկայացուցիչ չէր նշանակել: Հաշվի սույն գործի բացառիկ հանգամանքները և ձևակերպված հայտարարությունների լրջությունը` Դատարանն ընդունեց Իրավական ռեսուրսների կենտրոնի իրավասությունը Վալենտին Կամպեանուին ներկայացնելու համար` ընդգծելով, որ այլ եզրակացություն կայացնելը նույնը կլիներ, ինչ խոչընդոտել միջազգային մակարդակում Կոնվենցիայի խախտման վերաբերյալ այս լուրջ հայտարարությունների քննությանը (կետ 112):
բ) Սույն գործում չափանիշների կիրառումը
96. Դիմումատուները Վենսան Լամբերի անունից պնդում են, որ խախտվել են Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները (տե´ս վերը նշված 80-րդ կետ):
97. Նախևառաջ, Դատարանը համարում է, որ մահացած անձանց անունից ներկայացված հայցերի նախադեպային իրավունքը չի կարող կիրառվել սույն գործում, քանի որ Վենսան Լամբերը չի մահացել, այլ գտնվում է մի վիճակում, որը բժշկական փորձագիտությունն որակել է, որպես վեգետատիվ վիճակ (վերը նշված 40-րդ կետ):
Հետևաբար, Դատարանը պետք է որոշի, թե արդյոք առկա են այն հանգամանքները, որոնց դեպքում նա ընդունել է, որ հայցը կարող է ընդունվել խոցելի վիճակում գտնվող անձի անունից առանց վերջինիս կողմից իր անունից հանդես գալու հավակնություն ունեցող անձին տրված վավեր լիազորագրի կամ ցուցումների (տե´ս վերը նշված 93-95 կետեր):
98. Այն նշում, որ ոչ մի գործ, որի դեպքում այն բացառության կարգով ընդունել է, որ անձը կարող է գործել մեկ ուրիշի անունից, նման չէ սույն գործին: Վալենտին Կամպեանույի անունից Իրավական ռեսուրսների կենտրոնի [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu] գործը պետք է առանձնացվի այնքանով, որքանով ուղղակի զոհը մահացել էր և չուներ իրեն ներկայացնող որևէ անձ: Մինչդեռ, սույն գործում, ուղղակի զոհն ի վիճակի չէ արտահայտվել, նրա մերձավոր ընտանիքի մի քանի անդամներ ցանկանում են արտահայտվել նրա փոխարեն` առաջ տանելով տրամագծորեն հակառակ կարծիքներ: Մի կողմից, դիմումատուները հիմնականում հղում են կատարում Կոնվենդիայի 2-րդ հոդվածով պաշտպանվող կյանքի իրավունքին, որի «սուրբ բնույթը» Դատարանը հիշեցրել է Փրիթին ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Pretty c. Royaume-Uni] (թիվ 2346/02, կետ 65, ՄԻԵԴ 2002‑III), իսկ մյուս կողմից, անհատական երրորդ կողմ հանդես եկող անձիք (Ռաշել Լամբերը, Ֆրանսուա Լամբերը և Մարի-Ժենեվիեվ Լամբերը) հիմվնում են անձնական կյանքը հարգելու իրավունքի վրա և, մասնավորապես, անձնական ինքնավարության հասկացության համատեքստում (վերը նշված Փրիթի [Pretty], կետ 61) յուրաքանչյուրի կյանքի ավարտի վերաբերայլ որոշում կայացնելու իրավունքի վրա (Փրիթի [Pretty], կետ 67, Հաասն ընդդեմ Շվեցարիայի [Haas c. Suisse], թիվ 31322/07, կետ 51, ՄԻԵԴ 2011 և վերը նշված Կոխ [Koch], կետ 52):
99. Դիմումատուները Դատարանին առաջարկում են կիրառել վերը նշված Կոխ [Koch] (կետ 44) գործով վճռում նշված չափանիշները, որոնք, ըստ նրանց, նրանք բավարարում են, այնսինք` ընտանեկան սերտ կապերի գոյությունը, իրենց հայցային պահանջներում դատավարության արդյունքում իրենց անձնական և իրավական շահերի առկայությունը, ինչպես նաև գործի վերաբերյալ իրենց հետաքրքրության նախնական արտահայտումը:
100. Այնուամենայնիվ, Դատարանը հիշեցնում է, որ վերը նշված Կոխ [Koch] գործում դիմումատուն պնդում էր, որ իր կնոջ տառապանքները և վերջում նրա մահվան հանգամանքներն այնպես էին ազդել նրա վրա, որ հանգեցրել էին նրա սեփական իրավունքների խախտման` համաձայն Կոնվենցիայի 8-րդ հոդվածի (կետ 43): Հենց այս կետի վերաբերյալ է Դատարանն իր դիրքորոշումն արտահայտել և հենց այս համատեքստում է, որ այն անհրաժեշտ է համարել հաշվի առնել նաև իր նախադեպային իրավունքում մշակված չափանիշները, որոնք թույլ են տալիս հարազատին կամ ժառանգորդին հանգուցյալի անունից Դատարան հայց ներկայացնել (կետ 44):
101. Դատարանը կարծում է, որ այս չափանիշները չեն կարող կիրառվել սույն գործում, քանի որ Վենսան Լամբերը չի մահացել և որ դիմումատուները գանգատը ցանկանում են ներյկայացնել նրա անունից:
102. Ուսումնասիրելով նախադեպային իրավունքը, որ վերաբերում է այն դեպքերին, երբ երրորդ անձը բացառիկ հանգամանքներում կարող է գործել խոցելի անձի անունից և նրա կողմից (վերը նշված 93-95 կետեր)` Դատարանը վեր է հանում հետևյալ կարևոր չափանիշները` ուղղակի զոհի իրավունքներն արդյունավետ պաշտպանությունից զրկվելու վտանգը և զոհի և դիմումատուի միջև շահերի բախման բացակայությունը:
103. Սույն գործում այս չափանիշները կիրառելով` Դատարանն առաջին հերթին չի տեսնում որևէ վտանգ, որը կզրկեր Վենսան Լամբերին իր իրավունքների արդյունավետ պաշտպանությունից: Իրապես, իր նախադեպային իրավունքի համաձայն (տե´ս վերը նշված 90-րդ կետը և ստորև նշված 115-րդ կետը)` դիմումատուները, որպես Վենսան Լամբերի հարազատներ, կարող են Դատարանում իր անունից վկայակոչել 2-րդ հոդվածով պաշտպանվող կյանքի իրավունքը:
104. Երկրորդ չափանիշի համաձայն` Դատարանն այնուհետև պետք է սահմանի, թե կա արդյոք շահերի համընկնում Վենսան Լամբերի և դիմումատուների միջև: Այս առումով, այն նշում է, որ ներպետական դատավարության կարևորագույն ասպեկտներից մեկն ուղղված է եղել վերջինիս ցանկությունների հստակեցմանը: Իրապես, բժիշկի Կարիժեի 2014թ. հունվարի 11-ի որոշումը հիմնված է եղել այն համոզվածության վրա, որ Վենսան Լամբերը «մինչև ավտովթարը չի ցանկացել ապրել նման պայմաններում» (վերը նշված 22-րդ կետ): 2014թ. հունիսի 24-ի որոշմամբ Պետական խորհուրդը, հաշվի առնելով Վենսան Լամբերի կնոջ և եղբայրներից մեկի վկայությունները և քույրերից և եղբայրներից մի քանիսի հայտարարությունները, համարել է, որ այս հիմնավորումների հիման վրա «չի կարելի ենթադրել, որ բժիշկ Կարիժեն սխալ է մեկնաբանել մինչև ավտովթարը հիվանդի կողմից արտահայտած ցանկությունները» (վերը նշված 50-րդ կետ): Այս պայմաններում Դատարանը չի համարում, որ գոյություն ունի շահերի համընկնում դիմումատուների պնդումների և Վենսան Լամբերի հնարավոր ցանկությունների միջև:
105. Դատարանն եզրակացնում է, որ դիմումատուներն իրավասու չեն Վենսան Լամբերի կողմից և նրա անունից գանգատ ներկայացնել նրանց կողմից վկայակոչվող Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների հիման վրա:
106. Հետևաբար, 35-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի տեսանկյունից այս գանգատներն իրավախախտման անձի գործոնի առումով անհամատեղելի են Կոնվենցիայի դրույթների հետ և ենթակա են մերժման` 35-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
Բ) Վենսան Լամբերի անունից և նրա փոխարեն հանդես գալու Ռաշել Լամբերի իրավասության վերաբերյալ
1. Կողմերի փաստարկները
107. Իր իրավախորհրդատուի կողմից կազմված 2014թ. հուլիսի 9-ի նամակով Ռաշել Լամբերը դիմել էր դատավարության ընթացքում որպես երրորդ կողմ իր ամուսուն` Վենսան Լամբերին ներկայացնելու պահանջով: Իր այս պահանջը նա հիմնավորել էր Շալոն-ան-Շամպայնի խնամակալության հարցերով դատավորի որոշմամբ, որը կայացվել էր 2008թ. դեկտեմբերի 17-ին` թույլատրելով նրան ներկայացնել իր ամուսնուն ամուսինների միջև գույքային հարաբերությունների ռեժիմից բխող լիազորությունների իրականացման համար, ինչպես նաև նա ներկայացրել էր երկու վկայագրեր` կազմված Վենսան Լամբերի քրոջ և խորթ եղբոր կողմից: Համաձայն այս վկայագրերի` վերջինս չէր ցանկանա, որ իր ծնողները, որոնցից նա ֆիզիկապես և բարոյապես հեռացել էր, որոշումներ կայացնեն իր վերաբերյալ, այլ ավելի շուտ իր կինը, որը նրա վստահելի անձը կարող էր լինել: Նա նաև ներկայացրել էր վկայագիր իր խորթ մորից, որը հաստատում էր, որ 2012թ. հուլիսին նրան ուղեկցել է Լիեժի բժշկական համալսարանական կենտրոնի պրոֆեսորներից մեկի հետ հանդիպմանը: Հանդիպման ժամանակ առաջին երկու դիմումատուների ներկայությամբ, նա և Ռաշել Լամբերը, պատմել են, որ Վենսան Լամբերը նշել էր, որ չէր ցանկանա ապրել հաշմանդամի կարգավիճակում, եթե մի օր դա պատահի, և երկրորդ դիմումատուն ասել էր, որ, էֆթանազիայի խնդիր առաջանալու դեպքում նա որոշումը կթողնի Ռաշել Լամբերի հայեցողությանը: Իր դիտարկումներում Ռաշել Լամբերը պնդում է, որ իր ամուսինն իրեն է վստահել իր ցանկությունները, ինչը նա հաստատում է ներկայացված վկայագրերով, և միայն նա է իրավաբանորեն իրավասու գործել Վենսան Լամբերի անունից և ներկայացնել նրան:
108. Կառավարությունն այս հարցի վերաբերյալ դիտարկումներ չի ներկայացնում:
109. Դիմումատուները պնդում են, որ խնամակալության հարցերով դատավորի կողմից կայացված որոշումը, որը ներկայացրել է Ռաշել Լամբերը, ընդհանուր ներկայացման լիազորագիր չէ, այլ վերաբերում է միայն գույքային ոլորտին: Հետևաբար, նա չի կարող պնդել, որ նա միակ անձն է, որ իրավասու է Դատարանում ներկայացնել իր ամուսնուն: Բացի այդ, դիմումատուները պնդում են, որ նրա կողմից ներկայացված վկայագրերն իրավաբանական ուժ չունեն և վիճարկում են նա Ռաշել Լամբերի խորթ մոր կողմից տրամադրված վկայագրի բովանդակությունը: Նրանք նշում են, որ Վենսան Լամբերն որևէ մեկին որպես վստահելի անձ չի նշանակել, և եզրակացնում են, որ ֆրանսիական իրավունքի ներկա պայմաններում և խնամակալության կամ հոգեբարձության տակ չլինելու պատճառով Վենսան Լամբերը ներկայացված չէ իրեն անձնապես վերաբերվող դատավարություններում:
2. Դատարանի գնահատականը
110. Դատարանը նշում է, որ Կոնվենցիայի որևէ դրույթ չի լիազորում երրորդ անձին Դատարանում մեկ այլ անձի ներկայացնել: Բացի այդ, Կանոնակարգի 44-րդ հոդվածի 3-րդ մասի ա) ենթակետի համաձայն, երրորդ անձ է համարվում «դիմումատուից այլ» ցանկացած շահագրգիռ անձ:
111. Այս պայմաններում, Դատարանը կարող է միայն մերժել Ռաշել Լամբերի դիմումը:
Գ) Եզրակացություն
112. Դատարանն եզրակացրեց, որ դիմումատուներն իրավասու չէին Վենսան Լամբերի անունից և փոխարեն վկայակոչել Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածները (տե´ս վերը նշված 105-106 կետեր), և միաժամանակ մերժեց Ռաշել Լամբերի որպես երրորդ կողմ իր ամուսնուն ներկայացնելու հայցը (տե´ս վերը նշված 110-111 կետեր):
Այնուամենայնիվ, Դատարանն ընդգծում է, որ, չնայած գործի ընդունելիության վերաբերյալ իր եզրակացություններին, նա ստորև քննելու է սույն գործում առաջ քաշված հիմնական հարցերը Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ դիմումատուները այդ հարցերը բարձրացրել են իրենց իսկ անունից:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏԱՄՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
113. Դիմումատուները համարում են, որ Վենսան Լամբերի արհեստական սնուցման և հիդրատացման դադարեցումը հակասում է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պետության պարտավորություններին: Նրանք բարձրացնում են 2005թ. ապրիլի 22-ի օրենքում հստակության և պարզության բացակայության հարցը և վիճարկում են այն ընթացակարգը, որը հանգեցրել է 2014թ. հունվարի 11-ի որոշմանը:
114. Կառավարությունը վիճարկում է այս փաստարկը:
Ա) Ընդունելիության վերաբերյալ
115. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային իրավունքը, համաձայն որի այն անձի մերձավոր հարազատները, որի մահն ենթադրում է պետության պատասխանատվության առկայություն, կարող են համարվել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման զոհեր (տե´ս վերը նշված 90-րդ կետ): Եթե նույնիսկ մինչ օրս Վենսան Լամբերը կենդանի է, ապա վստահաբար կարելի է ասել, որ եթե դադարեցվի նրա արհեստական սնուցումը և հիդրատացումը, ապա վերջինս բավականին արագ կմահանա: Հետևաբար, եթե նույնիսկ խոսքը գնում է պոտենցիալ կամ ապագա խախտման մասին (Տոիրան և 18 այլ անձիք ընդդեմ Ֆրանսիայի [Tauira et 18 autres c. France], թիվ 28204/95, Հանձնաժողովի 1995թ. դեկտեմբերի 4-ի որոշում, Վճիռներ և զեկույցներ (DR) 83-A, էջ 131), Դատարանը համարում է, որ դիմումատուները, որպես Վենսան Լամբերի մերձավոր հարազատներ, կարող են վկայակոչել վերը նշված 2-րդ հոդվածը:
116. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առումով: Ավելին, չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ այլ պատճառ: Ուստի, այն գանգատն ընդունելի է հայտարարում:
Բ) Գործի էության վերաբերյալ
1. Կիրառվող նորմի վերաբերյալ
117. Դատարանը հիշեցնում է, որ առաջին նախադասությունը, որով սկսվում է 2-րդ հոդվածը, որը Դատարանը համարում է Կոնվենցիայի ամենակարևոր հոդվածներից մեկը, քանի որ այն ուղղված է Եվրոպայի խորհուրդը կազմող ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկին, (Մակ Քեյնը և մյուսներն ընդդոմ Մեծ Բրիտանիայի [McCann et autres c. Royaume-Uni], սեպտեմբերի 27, 1995թ., 146-147 կետեր, շարք Ա, թիվ 324),Պետությանը պարտավորեցնում է ոչ միայն ձեռնապահ մնալ «միտումնավոր» մահ առաջացնելուց (բացասական պարտավորություններ), այն նաև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներն իր իրավասության ներքո գնտվող անձանց պաշտպանության համար (դրական պարտավորություններ) (Լ.Կ.Բ-ն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [L.C.B. c. Royaume-Uni], հունիսի 9,1998թ., կետ 36, Վճիռների և որոշումների ժողովածու [Recueil des arrêts et décisions] 1998‑III).
118. Դատարանը հաջորդաբար կուսումնասիրի այս երկու ասպեկտները, իսկ առաջին հերթին, կքննի այն հարցը, թե արդյոք վերը նշված 2-րդ հոդվածի տեսանկյունից սույն գործում ներգրավված են պետության բացասական պարտավորությունները:
119. Եթե դիմումատուներն ընդունում են, որ սնուցման և հիդրատացման դադարեցումն օրինական է ոչ ողջամիտ համառության դեպքում, և նշում են, որ ընդունում են օրինական այն տարբերակումը, որ գոյություն ունի, մի կողմից, էֆթանազիայի և աջակցված ինքնասպանության և, մյուս կողմից, բուժական միջոցների կիրառումից ձեռնպահ մնալու, այսինքն` ոչ ողջամիտ դարձած բուժումը դադարեցնելու կամ չձեռնարկելու միջև, նրանք բազմիցս պնդել են իրենց դիտարկումներում, որ, քանի որ այս պայմանները, ըստ նրանց, բավարարված չեն սույն գործում, խոսքը գնում է միտումնավոր մահ առաջացնելու մասին և դրանք վերաբերում են «էֆթանազիա» հասկացությանը:
120. Կառավարությունը պնդում է, որ բժշկական որոշման նպատակն ոչ թե որևէ մեկի կյանքն ընդհատելն է, այլ դադարեցնել այն բուժումները, որոնցից հիվանդը հրաժարվում է կամ որոնք բժիշկը, հաշվի առնելով բժշկական և ոչ բժշական գործոնները, համարում է ոչ ողջամիտ համառություն, եթե հիվանդն ինքը չի կարող իր կամքն արտահայտել: Այն մեջբերում է հանրային զեկուցողի խոսքերը Պետական խորհրդում, որն 2014թ. հունիսի 20-ի իր եզրակցություններում նշել է, որ բուժումը դադարեցնելով բժիշկը չի սպանում, այլ ստիպված հետ է մղվում, երբ այլևս ոչինչ հնարավոր չի անել (վերը նշված 45-րդ կետ):
121. Դատարանը նշում է, որ 2005թ. ապրիլի 22-ի օրենքն արգելում է թե´ էֆթանազիան, թե´ աջակցված ինքնասպանությունը: Այն թույլ է տալիս բժիշկին դադարեցնել բուժումը միայն այն դեպքում, երբ դրա շարունակումն ակնհայտ ոչ ողջամիտ համառություն է և այն էլ հաստատված ընթացակարգի համաձայն: Պետական խորհրդին ներկայացրած իրենց մեկնաբանություններում, Բժշկական ազգային ակադեմիան հիշեցրել է այն հիմնարար արգելքը, որով բժիշկներին արգելվում է այլ անձանց մահը միտումնավոր առաջացնել, ինչն էլ գնտվում է հիվանդների և բժիշկների միջև փոխվստահության հարաբերությունների հիմքում: Այս արգելքը նշված է Առողջապահության օրենսգրքի 4127-38 –րդ հոդվածում, որը սահմանում է, որ բժիշկը չի կարող միտումնավոր մահ առաջացնել (վերը նշված 55-րդ հոդված):
122. 2014թ. փետրվարի 14-ի լսումների ժամանակ Պետական խորհրդում հանրային զեկուցողը մեջբերեց Առողջապահության նախարարի խոսքերը, որոնք նա ուղղել էր այսպես կոչված Լեոնետտի օրենքն ուսումնասիրող սենատորներին.
«Եթե բուժումը դադարեցնելու գործողությունը հանգեցնում է մահվան, նման գործողությունը նպատակ չունի սպանել, այլ մահվանը վերադարձնել իր բնականոնությունը և թեթևացնել: Սա հատկապես կարևոր է բուժանձնակազմի համար, որի դերակատարումը սպանելը չէ.»:
123. Գլասն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Glass c. Royaume-Uni] ((որոշում), թիվ 61827/00, մարտի 18, 2003թ.) գործում դիմումատուները, վկայակոչելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, բողոքում էին, որ առանց իրենց համաձայնության իրենց որդուն հիվանդանոցի բժիշկների կողմից ներարկվել էր դիամորֆին, ինչ կարող էր վտանգել նրա կյանքը: Դատարանը նշել է, որ բժիշկները մտադրություն չեն ունեցել միտումնավոր սպանել երեխային կամ արագացնել նրա մահը և ծնողների գանգատները քննել է ներպետական իշխանությունների դրական պարտավորությունների տեսանկյունից (տե´ս նաև Փաուելլն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [ Powell c. Royaume-Uni] (որոշում.), թիվ 45305/99, ՄԻԵԴ 2000‑V):
124. Դատարանը նշում է, որ դիմումատուները և Կառավարությունը տարբերակում են միտումնավոր մահ առաջացնել և բուժական միջոցառումների կիրառումից ձեռնպահ մնալ հասկացությունները (տե´ս վերը նշված 119-120 կետեր) և ընդգծում են այս տարբերակման կարևորությունը: Ֆրանսիական օրենսդրության համատեսքտում, որն արգելում է միտումնավոր մահ առաջացնել և թույլ է տալիս միայն որոշակի հանգամանքներում ընդհատել կամ չձեռնարկել բուժումները, որոնք ուղղված են արհեստականորեն կյանքի երկարաձգմանը, Դատարանը համարում է, որ սույն գործում, վերը նշված 2-րդ հոդվածի տեսանկյունից, պետության բացասական պարտավորությունները ներգրավված չեն և դիմումատուների գանգատը կքննարկի միայն պետության դրական պարտավորությունների առումով:
2) Պետության կողմից իր դրական պարտավորությունները կատարելու վերաբերյալ
ա) Կողմերի և երրորդ կողմ հանդիսացող անձանց փաստարկները
i) Դիմումատուները
125. Նախևառաջ, դիմումատուները համարում են, որ 2005թ. ապրիլի 22-ի օրենքը չի կիրառվում Վենսան Լամբերի դեպքում, քանի որ նա ոչ հիվանդ է, ոչ էլ կյանքի ավարտական փուլում, այլ ունի ծանր հաշմանդամություն: Նրանք նշում են, որ օրենքը հստակ չէ հետևյալ կետերում` «ոչ ողջամիտ համառություն» հասկացության (և մասնավորապես «բացի կյանքն արհեստականորեն երկարաձգելուց այլ ազդեցություն չունեցող» բուժման չափանիշը, որը, ըստ նրանց, լիովին հստակ չէ) և «արհեստական սնուցման և հիդրատացման ոչ որպես բուժման, այլ խնամքի միջոցներ» որակման դեպքում: Նրանք համարում են, որ Վենսան Լամբերին տրամադրվող էնտերալ սնուցումն ընդհատման ենթակա բուժում չէ և որ նրա վիճակն ոչ ողջամիտ համառություն չի կարող համարվել:
126. Նրանք գտնում են, որ ընթացակարգը, որը հանգեցրել էր 2014թ. հունվարի 11-ի որոշմանը, չի համապատասխանում Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պետության դրական պարտավորություններին: Նրանք պնդում են, որ ընթացակարգում չկա արդյունավետ կոլեգիալություն, քանի որ այն վերաբերում է միայն զուտ խորհրդակցական կարծիքների փոխանակմանը, իսկ բժիշկն որոշումը կայացնում է միանձնյա: Նրանք համարում են, որ կարելի էր կիրառել այլ համակարգեր, որոնք վստահելի անձի բացակայության դեպքում թույլ կտային այլ բժիշկներին և ընտանիքի անդամներին մասնակցել որոշումների կայացմանը: Եվ վերջապես, նրանք պնդում են, որ օրենքը պետք է հաշվի առներ ընտանիքի անդամների միջև տարաձայնության վարկածը և նախատեսեր առնվազն միջնորդության հնարավորություն:
ii) Կառավարությունը
127. Կառավարությունը պնդում է, որ 2005թ. ապրիլի 22-ի օրենքը համատեղում է կյանքի իրավունքը և բուժումը ընդունելու կամ մերժելու հիվանդի իրավունքը: Ոչ ողջամիտ համառության սահմանումը հիմնվում է բարյացակամության և վնաս չպատճառելու բարոյական սկզբունքների վրա, որոնք սահմանված են Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլի իրավիճակներում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի վերաբերյալ ուղեցույցում», որոնց համաձայն առողջապահական ոլորտի մասնագետները կարող են նախատեսել միայն համապատասխան բուժում և պետք է առաջնորդվեն միայն հիվանդի շահով, որն անհրաժեշտ է գնահատել ընդհանուր առմամբ: Այս առումով հաշվի են առնվում բժշկական և ոչ բժշկական տեղեկությունները և, մասնավորապես, հիվանդի կամքը: Այն հիշեցնում է, որ օրենքի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ մերժվել էր բուժումների շարքից արհեստական սնուցման և հիդրատացման բացառման վերաբերյալ օրենքի փոփոխության նախագիծը և ընդգծում է, որ բուժումների մեջ են մտնում նաև բուժական այն միջոցառումները և միջամտությունները, որոնք կատարվում են ի պատասխան հիվանդի գործառութային անբավարարության և որոնք ենթադրում են բժշկական ինտրուզիվ մեթոդների կիրառում:
128. Կառարավարությունն ընդգծում է, որ ֆրանսիական օրենսդրությունը նախատեսում է մի շարք ընթացակարգային երաշխիքներ` հաշվի առնել հիվանդի կամքը, վստահելի անձի, ընտանիքի կամ հարազատների կարծիքը, և կոլեգիալ ընթացակարգի ձեռնարկում, որին մասնակցում են ընտանիքը և հարազատները: Այն վերջապես հստակեցնում է, որ բժիշկի որոշումը վերահսկվում է դատավորի կողմից:
iii) Երրորդ կողմերը
ա) Ռաշել Լամբերը
129. Ռաշել Լամբերը համարում է, որ 2005թ. ապրիլի 22-ի օրենքը բժիշկի որոշումը պայմանավորում է բազմաթիվ երաշխիքներով և համատեղում է առավել համապատասխան խնամք ստանալու ցանկացած անձի իրավունքը և ոչ ողջամիտ համառություն դարձող բուժումից հրաժարվելու իրավունքը: Նա ընդգծում է, որ օրենսդիրը մտադրություն չի ունեցել սահմանափակել հիվանդի կամքի նախնական արտահայտման ճանաչումն այն դեպքերով, երբ վերջինս վստահելի անձ է նշանակել կամ տվել գրավոր նախնական հրահանգներ, հակառակ դեպքում պահանջվում է ընտանիքի կարծիքը` առաջին հերթին նպատակ ունենալով պարզել, թե ինչպիսին կլիներ նրա կամքը:
130. Ինչ վերաբերում է սույն գործում նախաձեռնված կոլեգիալ ընթացակարգին, նա պնդում է, որ բժիշկ Կարիժեն խորհրդակցել է վեց բժիշկների հետ (որոնցից երեքը հիվանդանոցի համակարգից չէին), ժողով է հրավիրել գրեթե ողջ խնամող անձնակազմի և բոլոր բժիշկների մասնակցությամբ, հրավիրել է երկու ընտանեկան խորհուրդ և որ նրա որոշումը լայնորեն հիմնավորված է և վկայում է նրա մոտեցման լրջության մասին:
բ) Ֆրանսուա Լամբեր և Մարի-Ժենեվիեվ Լամբեր
131. Ֆրանսուա և Մարի-Ժենեվիեվ Լամբերները կարծում են, որ բժիշկի որոշումը կայացվել է վերը նշված 2005թ. ապրիլի 22-ի օրենքի համաձայն, որի հիմնական դրույթները նրանք հղում են կատարում: Նրանք ընդգծում են, որ Պետական խորհրդի կողմից պատվիրված բժշկական փորձագիտության արդյունքները շատ լավ պարզաբանել են այն բուժումների հասկացությունը, որոնք ուղղված են միայն կյանքի տևողությունն արհեստականորեն երկարաձգելուն` հստակեցնելով, որ Վենսան Լամբերի միայնակ, առանց էնտերալ սնուցման և հիդրատացման բժշկական օգնությամբ սնվելու և հիդրատացվելու անկարողությունը միայն կարող է հանգեցնել վերջինիս մահվան: 132. Նրանք պնդում են, որ սույն գործում որոշումների կայացման գործընթացը բավականին երկար է եղել` մանրակրկտորեն անդրադառնալով յուրաքանչյուրի հարցի և հարգելով յուրաքանչյուրի իրավունքները, բժշկական և պարաբժշկական կարծիքները, ինչպես նաև գործընթացում ներգրավված ընտանիքի անդամների կարծիքները (մասնավորապես դիմումատուները, որոնք ողջ գործընթացի ընթացքում ստացել են անկախ բժիշկի աջակցություն) և լիովին տեղեկացվել գործընթացի յուրաքանչյուր փուլի ընթացքում: Ըստ նրանց` վերջնական որոշումը կայացվել է Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի մասին ուղեցույցով» սահմանված իրավական և պայմանագրային գործընթացների համաձայն:
դ) UNAFTC (Գլխուղեղային և ուղեղանոթային վնասվածքներ ստացած անձանց ընտանիքների ազգային միություն)
133. UNAFTC-ն ներկայացնում է այն ընտանիքների և հաստատությունների մտահոգությունները, որոնց նա միավորում է և ներկայացնում է հետևյալ տեսակետները` քրոնիկ վեգետատիվ և նվազագույն գիտակցական վիճակում գտնվող հիվանդները կյանքի ավարտական փուլում չեն, և նրանց կյանքն արհեստականորեն չի երկարաձգվում, երբ կյանքի ավարտը կանխատեսված չէ, արհեստական սնուցումը և հիդրատացումը չպետք է համարվեն ընդհատման ենթակա բուժման միջոցներ: UNAFTC-ն համարում է, որ չի կարելի հիվանդի կամքը ձևակերպել ընտանիքի անդամների մի մասի բանավոր վկայություններով, ինչպես նաև պնդում, որ կասկածը միշտ պետք է հօգուտ կյանքի լինի և որ ցանկացած դեպքում վստահելի անձի և նախնական հրահանգների բացակայության պայմաններում բուժման ընդհատման որոշումը չի կարող կայացվել ընտանեկան փոխհամաձայնության բացակայության դեպքում:
գ) Ամրեզո-Բեթել (Amréso-Bethel)
134. Ամրեզո-Բեթել կազմակերպությունը, որը ղեկավարում է նվազագույն գիտակցության կամ քրոնիկ վեգետատիվ վիճակում գտնող հիվանդների համար նախատեսված հատուկ խնամքի կենտրոնը, ներկայացնում է, թե ինչպես են հիվանդները բուժում ստանում:
ե) Մարդու իրավունքների կլինիկա
135. Հաշվի առնելով աշխարհում կյանքի ավարտի վերաբերյալ հայեցակարգերի բազմակարծությունը և այն պայմանների տարբերությունը, որոնցում պասիվ էֆթանազիան կարող է իրականացվել` Մարդու իրավունքների կլինիկան համարում է, որ պետությունները պետք է ունենան հայեցողության լայն սահմաններ, որպեսզի կարողանան հավասարակշռել կյանքի պաշտպանությունը և հիվանդի անձնական ինքնավարությունը:
բ) Դատարանի գնահատականը
i) Ընդհանուր դիտարկումներ
ա) Նախադեպային իրավունքի վերաբերյալ
136. Դատարանն երբեք չի անդրադարձել այն հարցին, որը սույն գանգատի առարկան է, սակայն նա ուսումնասիրել է որոշ թվով գործեր, որոնք վերաբերում էին նմանատիպ խնդիրների:
137. Ուսումնասիրված գործերի առաջին խմբում դիմումատուները կամ նրանց հարազատները վկայակոչում էին մահանալու իրավունքը` հիմնվելով Կոնվենցիայի տարբեր հոդվածների վրա:
Վերը նշված Սանլես Սանլես [Sanles Sanles] գործում դիմումատուն վկայակոչում էր իր ամուսնու եղբոր անունից (վերջինս կաթվածահար էր եղել և ցանկանում էր վերջ տալ իր կյանքին երրորդ անձի աջակցությամբ և մահացել էր մինչև հայցի ներկայացնելը) արժանապատիվ կերպով մահանալու իրավունքը` հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ հոդվածների վրա: Դատարանը մերժեց գանգատը Կոնվենցիայի դրույթների հետ իրավախախտման անձի գործոնի (ratione personae) առումով անհամատեղելի լինելու հիմքով:
Վերը նշված Փրիթի [Pretty] գործում դիմումատուն, որը տառապում էր անբուժելի նյարդադեգեներատիվ հիվանդությամբ և տերմինալ փուլում էր, հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ հոդվածների վրա, բողոքում էր, որ իր ամուսինը չի կարողանում իրեն օգնել ինքնասպանություն գործել առանց բրիտանական իշխանությունների կողմից հետապնդման ենթարկվելու: Դատարանն եզրակացրեց, որ տվյալ գործում այս հոդվածների խախտումներ չկան:
Վերը նշված Հաաս [Haas] և Կոխ [Koch] գործերը վերաբերում էին աջակցված ինքնասպանությանը, և դիմումատուները վկայակոչել էին Կոնվենցիայի 8-րդ հոդվածը: Հաաս [Haas] գործում դիմումատուն, որն երկար ժամանակ տառապում էր կրկնաբևեռային գերզգայական ծանր խանգարումներով և ցանկանում էր վերջ տալ իր կյանքին, բողոքում էր, որ չի կարողանում այս նպատակով առանց բժիշի նշանակման թերթիկի մահացու նյութ ձեռքբերել: Դատարանն եզրակացրեց, որ վերը նշված 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել: Կոխ [Koch] գործում դիմումատուն պնդում էր, որ իր տիկնոջը (կաթվածահար և արհեստական շնչառության ներքո) կյանքին վերջ տալու նպատակով դեղամիջոցների մահացու չափաքանակի ձեռքբերման մերժումը խախտել է տիկնոջ, ինչպես նաև իր անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը: Նա նաև բողոքում էր, որ ներպետական դատարաննեը հրաժարվել են իր գանգատն ըստ էության ուսումնասիրել: Դատարանն եզրակացրեց, որ այս մասով 8-րդ հոդվածի խախտում տեղի չէր ունեցել:
138. Գործերի երկրորդ խմբում դիմումատուները վիճարկում էին բուժման իրականացումը կամ ընդհատումը:
Վերը նշված Գլաս [Glass] գործում դիմումատուները բողոքում էին, որ հիվանդանոցի բժիշկներն առանց իրենց համաձայնության իրենց հիվանդ երեխային դիամորֆին էին ներարկել, ինչպես նաև նրա բժշկական գործում նշել էին «չվերակենդանցնել»: 2003թ. մարտի 18-ի վերը նշված որոշման մեջ Դատարանը ակնհայտորեն չհիմնավորված հայտարարեց նրանց Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա ներկայացված գանգատը և 2004թ. մարտի 9-ի վճռում եզրակացրեց, որ տեղի էր ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
Բարքն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Burke c. Royaume-Uni] ((որոշում), թիվ 19807/06, հուլիսի 11, 2006թ.) գործում դիմումատուն տառապում էր անբուժելի նյարդադեգեներատիվ հիվանդությամբ և վախենում էր, որ Մեծ Բրիտանիայում գործող կարգն որոշակի պահի նրան թույլ չի տա ընդհատել իր արհեստական սնուցումը և հիդրատացումը: Դատարանն անընդունելի համարեց Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 8-րդ հոդվածների հիման վրա ներկայացված գանգատն ակնհայտորեն անհիմն լինելու պատճառով:
Վերջապես, վերը նշված Ադա Ռոսսին և մյուսները [Ada Rossi et autres] գործում Դատարանն իրավախախտման անձի գործոնի (ratione personae) առումով անհամատեղելի համարեց գանգատը, որ ներկայացվել էր ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից, որոնք Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների տեսանկյունից, բողոքում էին այն բացասական հետևանքներից, որոնք նրանք կարող էին ունենալ վեգետատիվ վիճակում գտնվող երիտասարդ աղջկա արհեստական սնուցումը և հիդրատացումն ընդհատելու մասին իտալական Վճռաբեկ դատարանի վճռի իրականացման արդյունքում:[1]
139. Դատարանը հիշեցնում է, որ բացառությամբ վերը նշված Գլաս [Glass] և Կոխ [Koch] գործերում 8-րդ հոդվածի խախտումների, այս գործերից և ոչ մեկում Դատարանը Կոնվենցիայի խախտման վերաբերյալ եզրակացություն չի կայացրել:[2]
բ) Համատեքստի վերաբերյալ
140. Կոնվենցիայի 2-րդ հոդվածը պետությանը պարտավորեցնում է ձեռնարկել իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար անհրաժեշտ միջոցառումներ (վերը նշված Լ.Ս.Բ, [L.C.B.], կետ 36, և վերը նշված Փոուելլ [ Powell]), առողջապահության բնագավառում այս դրական պարտավորություններն ենթադրում են Պետության կողմից կանոնակարգային շրջանակի կիրառում, որը թե´ մասնավոր, թե´ հանրային հիվանդանոցներին կպարտադրեր ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հիվանդների կյանքի պաշտպանությունն ապահովելու համար (Կալվելին և Սիլիոն ընդդեմ Իտալիայի [Calvelli et Ciglio c. Italie] [ՄՊ], թիվ 32967/96, կետ 49, ՄԻԵԴ 2002‑I, վերը նշված Գլաս [Glass] վճիռ, Վոն ընդդեմ Ֆրանսիայի [Vo c. France] [ՄՊ], թիվ 53924/00, կետ 89, ՄԻԵԴ 2004‑VIII և վերը նշված Վալենտին Կամպեանուի անունից Իրավական ռեսուրսների կենտրոն [Centre de ressources juridiques au nom de Valentin Câmpeanu], կետ 130):
141. Դատարանն ընդգծում է, որ սույն գործում հայցը չի վերաբերում էֆթանազիային, այլ կյանքն արհեստականորեն երկարաձգող բուժման ընդհատման հարցին (տե´ս վերը նշված 124 կետ):
142. Վերը նշված Հաաս [Haas] գործում (կետ 54) Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիան պետք է կարդալ որպես մեկ ամողջություն (տե´ս բոլոր փոփոխություններով (mutatis mutandis) Verein gegen Tierfabriken Schweiz (VgT) c. Suisse (թիվ 2) [ՄՊ], թիվ 32772/02, կետ 83, ՄԻԵԴ 2009): Այս գործում Դատարանը համարեց, որ 8-րդ հոդվածի ենթադրյալ խախտման ուսումնասիրման համատեքստում ավելի նպատակահարմար է հղում կատարել Կոնվենցիայի 2-րդ հոդվածին: (նույն տեղում): Դատարանը համարում է, որ հակառակը նույնպես հնարավոր է. սույն գործի նման դեպքերում, 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման ուսումնասիրման համատեքստում կարելի է հիմնվել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի, անձնական կյանքը հարգելու իրավունքի, ինչպես նաև ներառվող ինքնավարության հասկացության վրա: Դատարանը Փրիթի [Pretty] գործով վճռում (կետ 67) հայտարարել է, որ չկարողանում «բացառել, որ դիմումատուի ընտրության իրականացումը (խուսափելու համար նրանից, ինչ իր կարծիքով կլինի կյանքի ոչ արժանապատիվ և տառապալի ավարտ) օրենքով խոչընդոտելու փաստը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից կարող է համարվել տվյալ անձի անձնական կյանքը հարգելու իրավունքի խախտում: Վերը նշված Հաաս [Haas] գործում (կետ 51), Դատարանը հաստատել է, որ անհատի իրավունքն որոշելու համար, թե երբ և ինչ կերպ իր կյանքը պետք է դադարի, հանդիսանում է անձնական կյանքը հարգելու իրավունքի ասպեկտներից մեկը: .
Դատարանը, մասնավորապես, հղում է կատարում Փրիթի [Pretty] գործով վճռի 63-րդ և 65-րդ կետերին, որտեղ նա նշում է.
«Բժշկության առումով, որոշակի բուժումից հրաժարումը կարող է անխուսափելիորեն հանգեցնել մահվան, սակայն բուժական միջոցառման պարտադրումն առանց չափահաս և գիտակից հիվանդի համաձայնության կարող է դիտարկվել որպես շահագրգիռ անձի ֆիզիկական ամբողջականության նկամամբ խախտում, որը կարող է վտանգի ենթարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին մասով պաշտպանվող իրավունքները: Ինչպես նաև ընդունված է ներպետական նախադեպային իրավունքով, ցանկացած անձ կարող է պահանջել մահանալու ընտրությունն իրականացնելու իրավունքը` հրաժարվելով բուժումից, որը կարող էր երկարաձգել նրա կյանքը »:
«Մարդու արժանապատվությունը և ազատությունը հենց Կոնվենցիայի էությունն են: Չժխտելով որևէ կերպ Կոնվենցիայով պաշտպանվող կյանքի սուրբ բնույթի սկզբունքը` Դատարանը համարում է, որ հենց Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից է, որ կարևոր է դառնում կյանքի որակի հասկացությունը: Մի ժամանակաշրջանում, ուր ականատես ենք լինում բժշկության հետզհետե կատարելագործմանը և կյանքի տևողության աճին, բազմաթիվ անձիք վախենում են, որ նրանց կարող են ստիպել երկարաձգել կյանքի տևողությունը մինչև խորը ծերություն կամ մինչև ֆիզիկական և մտավոր սպառման` իրենց իսկ վերաբերյալ իրենց պատկերացումներին և անհատականոււթյանը հակառակ»:
143. Դատարանը հաշվի կառնի այս դիտարկումները պետության կողմից 2րդ հոդվածից բխող դրական պարտավորությունների պահպանման վերաբերյալ քննության ժամանակ: Այն հիշեցնում է նաև, որ վերը նշված Գլաս [Glass] և Բարք [Burke] գործերում առաջ քաշված բուժման միջոցի ներարկման կամ դադարեցման հարցին վերաբերյալ հայցի քննության ժամանակ նա հաշվի է առել հետևյալ կետերը.
-Ներպետական իրավունքում կամ պրակտիկայում կոնվենցիայի 2-րդ հոդվածին համապատասխան իրավական շրջանակի առկայությունը (վերը նշված Գլաս [Glass ] գործը),
- Նախկինում անկախ արտահայտման ձևից դիմումատուի կամ նրա հարազատների կողմից արտահայտած ցանկությունները, ինչպես նաև բուժանձնակազմի այլ անդամների կարծիքը (վերը նշված Բարք [Burke] գործով որոշում),
- Դատական կարգով բողոքարկման հնարավորություն ի շահ հիվանդի լավագույն որոշման կայացման վերաբերյալ կասկածի դեպքում (նույն տեղում):
Դատարանը հաշվի կառնի վերոնշյալը սույն գործի քննության ընթացքում: Նա նաև հաշվի կառնի Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման ուղեցույցով» սահմանված չափանիշները (վերը նշված 60-68 կետեր):
գ) Հայեցողության սահմանի վերաբերյալ
144. Դատարանը հիշեցնում է, որ 2-րդ հոդվածը Կոնվենցիայի կարևորագույն հոդվածներից է, որ 15-րդ հոդվածի տեսանկյունից խաղաղ պայմաններում որևէ բացառություն չի թույլատրվում և Դատարանը խստորեն մեկնաբանում է այն բացառությունները, որոնք սահմանված են 2-րդ հոդվածով (տե´ս մասնավորապես Ջուլիանին և Գաջիոն ընդդեմ Իտալիայի [Giuliani et Gaggio c. Italie] [ՄՊ], թիվ23458/02, 174-177 կետեր, ՄԻԵԴ 2011 (հատվածներ)): Այնուամենայնիվ, պետության դրական պարտավորությունների համատեքստում, երբ Դատարանի առաջ բարձրացվում են գիտական, իրավական, էթիկայի բարդ հարցեր, որոնք վերաբերում են մասնավորապես կյանքի սկզբին և ավարտին և անդամ պետությունների միջև փոխհամաձայնության բացակայության պայմաններում, Դատարանն ընդունում է անդամ պետությունների հայեցողության որոշակի սահմանները:
Նախևառաջ, Դատարանը հիշեցնում է, որ երբ վերը նշված Վո [Vo] գործում (որը վերաբերում էր բժիշկի վրայից դիմումատուի դեռևս չծնված երեխայի մահը ոչ դիտավորությամբ առաջացնելու մեղադրանքը հանելուն) նա 2-րդ hոդվածի տեսանկյունից ուսումնասիրեց վերը նշված գործում կյանքի իրավունքի սկիզբը և եզրակացրեց, որ այդ հարցը ներառվում է այս բնագավառում պետություններին շնորհվող հայեցողության սահմաններում: Նա հաշվի առավ անդամ պետություններում թե´ համընդհանուր լուծման, թե´ կյանքի սկզբի գիտական և իրավական սահմանման վերաբերյալ եվրոպական փոխհամաձայնության բացակայությունը (կետ 82):
Նա այս մոտեցումը կիրառեց, մասնավորապես Էվանսն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Evans c. Royaume‑Uni] ([ՄՊ], թիվ 6339/05, 54-56 կետեր, ՄԻԵԴ 2007‑I) գործում (որը վերաբերում էր այն փաստին, որ ներպետական իրավունքը թույլ է տալիս դիմումատուի նախկին զուգընկերոջն ետ վերցնել իրենց կողմից համատեղ ստեղծված սաղմերի պահպանման և օգտագործման համար տրված իր համաձայնությունը) և Ա.-ն,, Բ.-ն և Գ.-ն ընդդեմ Իռլանդիայի [A, B et C c. Irlande] ([ՄՊ], թիվ 25579/05, կետ 237, ՄԻԵԴ 2010, դիմումատուները Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա վիճարկում էին Իռլանդիայում առողջության կամ բարեկեցության հիմքով հղիության արհեստական դադարեցման արգելքը) գործում:
145. Ինչ վերաբերում է աջակցված ինքնասպանությանը, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեքստում Դատարանը նշել է, որ անդամ պետությունների միջև չկա փոխհամաձայնություն հիվանդի իր կյանքի ավարտի ձևը և ժամանակը որոշելու իրավունքի շուրջ, և եզրակացրել է, որ այս բնագավառում պետություններին շնորհվում են հայեցողության «զգալի» սահմաններ (վերը նշված Հաաս [Haas], կետ 55 և Կոխ [Koch], կետ 70):
146. Բացի այդ, Սիեշոնսկան ընդդեմ Լեհաստանի [Ciechońska c. Pologne] (թիվ 19776/04, կետ 65, հունիսի 14, 2011թ.) գործում, որը վերաբերում էր դիմումատուի ամուսնու պատահական մահվան համար իշխանությունների պատասխանատվությանը, Դատարանն ընդհանուր առմամբ հայտարարել է, որ պետության կողմից 2-րդ հոդվածից բխող իր դրական պարտարավորությունների ապահովման միջոցների ընտրությունը վերաբերում է նրա հայեցողության սահմաններին:
147. Դատարանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև փոխհամաձայնություն գոյություն չունի արհեստականորեն կյանքը երկարաձգող բուժման ընդհատման վերաբերյալ, եթե նույնիսկ պետությունների մեծամասնությունը, կարծես թե, թույլատրում է այդ գործողությունը: Չնայած նրան, որ բուժման ընդհատման պայմանները տարբեր են մի պետությունից մյուսը, գոյություն ունի, սակայն, փոխհամաձայնություն որոշման կայացման ընթացքում անկախ արտահայման ձևից հիվանդի կամքի կարևոր դերի շուրջ (...)
148. Հետևաբար, Դատարանը համարում է, որ կյանքի ավարտին, ինչպես նաև կյանքի սկզբին վերաբերող այս ոլորտում, պետք է հայեցողության սահմաններ շնորհվեն պետություններին ոչ միայն կյանքն արհեստականորեն երկարաձգող բուժման դադարեցման թույլատրման կամ արգելման հնարավորության և դրանց իրականացման պայմանների հարցում, այլ նաև, մի կողմից, հիվանդի կյանքի իրավունքի պաշտպանության և, մյուս կողմից, նրա անձնական կյանքը և անձնական ինքնավարությունը հարգելու իրավունքների պաշտպանության միջև հավասարակշռման կառավարման հարցում (տե´ս, բոլոր փոփոխություններով, վերը նշված Ա.-ն,, Բ.-ն և Գ.-ն [A, B et C], կետ 237): Հայեցողության այս սահմանները, սակայն, անսահմանափակ չեն (նույն տեղում, կետ 238), քանի որ Դատարանն իրեն է վերապահում պետության կողմից 2-րդ հոդվածից բխող պարտավորությունների կատարման վերահսկումը:
ii) Սույն գործում կիրառումը
149. Դիմումատուները բարձրացնում են 2005թ. ապրիլի 22-ի օրենքում հստակության և պարզության բացակայության հարցը և վիճարկում են այն գործընթացը, որը հանգեցրել է 2014թ. հունվարի 11-ին բժիշկի կողմից որոշման կայացմանը: Ըստ նրանց` այս թերությունները ներպետական իշխանությունների կողմից 2-րդ հոդվածից բխող իրենց պարտավորությունների չկատարման արդյունք են:
ա) Օրենսդրական շրջանակը
150. Դիմումատուները բողոքում են օրենքում հստակության և պարզության բացակայությունից: Ըստ նրանց` վերոնշյալ օրենքը չի կիրառվում Վենսան Լամբերի նկատմամբ, որը ո´չ հիվանդ է, ո´չ էլ գնտվում է կյանքի ավարտական փուլում: Նրանք համարում են, որ «ոչ ողջամիտ համառություն» և «ընդհատման ենթակա բուժում» հասկացություններն օրենքով բավականաչափ հստակորեն չեն սահմանված:
151. Դատարանը հղում է կատարում իրավական շրջանակին, որը սահմանված է Առողջապահության օրենսգրքով (այուսհետ «օրենսգիրք») և փոփոխված 2005թ. ապրիլի 22-ի օրենքով (տե´ս վերը նշված 52‑54 կետեր): Նա հիշեցնում է, որ մեկնաբանումը դատական գործառույթի մաս է կազմում (տե´ս, ի թիվս այլոց Նեժդետ Շահինը և Փերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի [Nejdet Şahin et Perihan Şahin c. Turquie] [ՄՊ], թիվ 13279/05, կետ 85, հոկտեմբերի 20, 2011թ.): Նա նշում է, որ մինչև սույն գործով կայացրած որոշումները ֆրանսիական դատական ատյանները երբեք դեռ առիթ չէին ունեցել մեկնաբանել 2005թ. ապրիլի 22-ի օրենքի դրույթները, որը, չնայած, ինը տարի էր, ինչ ուժի մեջ էր: Սույն գործում Պետական խորհուրդը ստիպված է եղել հստակեցնել օրենքի կիրառման շրջանակը և սահմանել «բուժումներ» և «ոչ ողջամիտ համառություն» հասկացությունները (տե´ս, ստորև):
- Օրենքի կիրառման շրջանակը
152. 2014թ. փետրվարի 14-ին կայացված որոշմամբ Պետական խորհուրդ իր կարծիքն է հայտնել օրենքի կիրառման շրջանակի վերաբերյալ: Այն վճռել է, որ կիրառվող հոդվածների դրույթներից, ինչպես նաև օրենքի նախագծի ընդունմանը նախորդող խորհրդարանական աշխատանքներից բխում է, որ այս դրույթները համընդհանուր են և կիրառվում են առողջապահական համակարգի բոլոր շահառուներին` անկախ նրանից, թե հիվանդը կյանքի ավարտական փուլում է, թե ոչ: (վերը նշված 33-րդ կետ):
153. Դատարանը նշում է, որ 2005թ. ապրիլի 22-ի զեկուցող պարոն Լեոնետտին Պետական խորհրդում խորհրդատվության կարգով որպես դատարանի բարեկամ (amicus curiae) ներկայացրած իր դիտարկումներում հստակեցրել է, որ օրենքը վերաբերում է գլխուղեղային վնասվածքներ ստացած հիվանդներին, որոնք տառապում են լուրջ և անբուժելի, բավականին զարգացած հիվանդությամբ, բայց պարտադիր կերպով չեն գտնվում «կյանքի ավարտական փուլում», ինչն օրենսդիրներին ստիպել էր օրենքն անվանել «հիվանդների և կյանքի ավարտական փուլում գտնվող անձանց իրավունքների մասին» և ոչ թե «կյանքի ավարտական փուլում գտնվող անձանց իրավունքների մասին» (տե´ս, նույն հարցի շուրջ Բժշկական ազգային ակադեմիայի դիտարկումները վերը նշված 44-րդ կետում):
- Բուժումներ հասկացությունը
154. 2014թ. փետրվարի 14-ի իր որոշման մեջ Պետական խորհուրդը մեկնաբանել է ընդհատման և սահմանափակման ենթակա բուժումներ հասկացությունը: Հաշվի առնելով վերը նշված 1110‑5 և 1111‑4 հոդվածները, ինչպես նաև խորհրդարանական աշխատանքները, այն համարել է, որ օրենսդիր մարմինը վերը նշված բուժումներում ցանկացել է ներառել բոլոր այն գործողությունները, որոնք միտված են հիվանդի կենսական գործառույթների արհեստական ապահովմանը և որ արհեստական սնուցումը և հիդրատացումը այս գործողությունների մասն են կազմում: Այս կետի վերաբերյալ Պետական խոհրդին խորհրդատվության կարգով որպես դատարանի բարեկամ (amicus curiae) ներկայացված մեկնաբանությունները նույնն են:
155. Դատարանը նշում է, որ Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացի ուղեցուցը» վեր է հանում այս հարցերը: Ուղեցույցը հստակեցնում է, որ բուժումներում ներառվում են ոչ միայն այն միջամտությունները, որոնք ուղղված են հիվանդի առողջական վիճակի բարելավմանը` հիվանդության պատճառների վրա ազդելով, այլ նաև նաև այն միջամտությունները, որոնք վերաբերում են հիվանդության ախտանիշներին կամ որոնք լրացնում են գործառութային որևէ անբավարարություն: Ուղեցույցը նշում է, որ արհեստական սնուցումը և հիդրատացումը հիվանդին տրամադրվում են բժշիկի ցուցմամբ և ենթադրում են բժշկական որևէ միջոցի կամ գործընթացի առկայություն (հեղուկանցում, էնտերալ զոնդ): Ուղեցույցը նշում է նաև, որ ըստ երկրների մոտեցումները տարբեր են: Որոշ երկրներում դրանք համարվում են բուժումներ, որոնք ենթակա են սահմանափակման կամ ընդհատման ներպետական իրավունքով նախատեսված երաշխիքների և պայմանների պահպանմամբ: Բարձրացված հարցերը վերաբերում են հիվանդի կամքին և տվյալ իրավիճակում բուժման համապատասխան բնույթին: Այլ երկրներում դրանք համարվում են խնամքի միջոցներ, որոնք նախատեսված են անձի կենսական կարիքներն ապահովելու համար և որոնք չի կարելի ընդհատել, եթե հիվանդը, լինելով կյանքի ավարտական փուլում, անձամբ չի ցանկանում դադարեցնել այն: (վերը նշված
61-րդ կետ):
- Ոչ ողջամիտ համառություն հասկացությունը
156. 1110‑5 հոդվածի դրույթների համաձայն` բուժումը համարվում է ոչ ողջամիտ համառություն, եթե այն անօգուտ է, ոչ համաչափ և «կյանքն արհեստականորեն երկարաձգելուց» բացի այլ ազդեցություն չունի (տե´ս վերը նշված 53-րդ կետ): Հենց այս վերջին չափանիշն է, որ կիրառվել է սույն գործում և որը դիմումատուները հստակ չեն համարում:
157. Խորհրդատվական կարգով որպես դատարանի բարեկամ (amicus curiae) Պետական խորհրդում կատարած իր դիտարկումներում Պարոն Լեոնետտին հստակեցրել է, որ այս ավելի խիստ ձևակերպումը, քան նախկինում նախատեսված «կյանքն արհեստականորեն երկարաձգող» բուժում ձևակերպումն էր, ունի ավելի սահմանփակող բնույթ և անդրադառնում է կյանքի արհեստական պահպանմանը «զուտ կենսաբանական առումով, երկու հիմնական բնութագիչների առկայությամբ` հիվանդը ստացել է գլխուղեղային ծանր և անդառնալի վնասվածքներ և նրա վիճակն այլևս չի ենթադրում ինքնագիտակցման և փոխհարաբերվելու հնարավորություն» (վերը նշված 44-րդ կետ): Նմանապես, Բժիշկների ազգային միությունն ընդգծել է ժամանակի հասկացության կարևորությունը. երբ ախտաբանական վիճակը ձեռք է բերում քրոնիկ բնույթ` առաջացնելով հիվանդի ֆիզիոլոգիական վիճակի վատթարացում և ճանաչողական և փոխհարաբերման ունակությունների կորուստ, համառումը կարող է համարվել ոչ ողջամիտ այն պահից, երբ բարելավման որևէ նշան այլևս ի հայտ չեն գալիս (նույն տեղում):
158. 2014թ. հունիսի 24-ի իր որոշման մեջ Պետական խորհուրդը, նշելով, որ յուրաքանչյուր իրավիճակ պետք է դիտարկվի ըստ իր առանձնահատկության, մանրամասնել է այն գործոնները, որոնք բժիշկը պետք է հաշվի առնի գնահատելու համար, թե արդյոք բավարարված են ոչ ողջամիտ համառության պայմանները` բժշկական տվյալները (պետք է ներառեն բավականաչափ երկար ժամանակաշրջան, վերլուծվեն կոլեգիալ կարգով և վերաբերեն մասնավորապես հիվանդի վիճակին, հիվանդության զարգացմանը, իր տառապանքին և կլինիկական կանխատեսումներին) և ոչ բժշկական տվյալներ, այսինքն` անկախ արտահայտման ձևից հիվանդի կամքը, որին բժիշկը պարտավոր է «առանձնապես կարևորել», վստահելի անձի, ընտանիքի և հարազատների կարծիքները:
159. Դատարանը նշում է, որ Պետական խորհուրդն այս որոշման մեջ սահմանել է երկու կարևոր երաշխիք: Այն նախևառաջ հաստատել է, որ «լոկ այն հանգամանքը, որ տվյալ անձը գտնվում է անդառնալիորեն անգիտակից վիճակում, և ավելին, ինքնուրույնության կորուստը նրան կախվածության մեջ է դնում սնուցման և հիդրատացման մեթոդներից, ինքնին չի կարող բնորոշել մի իրավիճակ, որի դեպքում այս բուժման շարունակումը կարող է անհիմն թվալ` հանուն ոչ ողջամիտ համառությունից հրաժարման»: Բացի այդ, այն ընդգծել է, որ այն դեպքում, երբ հիվանդի կամքը հայտնի չէ, չի կարելի ենթադրել, որ նա հրաժարվում է երկարաձգել կյանքը ( վերը նշված 48-րդ կետ):
160. Այս վերլուծության հիման վրա Դատարանը չի կարող ընդունել դիմումատուների փաստարկները: Այն համարում է, որ 2005թ. ապրիլի 22-ի օրենքի դրույթները, այնպես, ինչպես մեկնաբանվել են Պետական խորհրդի կողմից, հանդիսանում են բավականին հստակ օրենսդրական շրջանակ սույն գործում առկա իրավիճակներում բժիշկի որոշումը հստակ կերպով կանոնակարգելու համար: Հետևաբար, Դատարանն եզրակացնում է, որ պետությունն ապահովել է հիվանդների կյանքի պաշտպանության համար անհրաժեշտ համապատասխան կանոնակարգային շրջանակը (տե´ս, վերը նշված 140-րդ կետ):
բ) Որոշումների կայացման գործընթացը
161. Դիմումատուները վիճարկում են որոշումների կայացման գործընթացը, որը, ըստ նրանց, կարող էր իսկապես կոլեգիալ լինել կամ ցանկացած ժամանակ տարհամաձայնությունների դեպքում նախատեսել միջնորդության հնարավորություն:
162. Դատարանը նախևառաջ նշում է, որ ո´չ 2-րդ հոդվածը, ո´չ իր նախադեպային իրավունքը չեն կարող մեկնաբանվել որպես պարտավորություններ պարտադրող գործիք, ինչ վերաբերում է հնարավոր համաձայնության հասնելու համար անհրաժեշտ ընթացակարգին: Այն հիշեցնում է, որ վերը նշված Բարք [Burke] գործում այն 2-րդ հոդվածին համապատասխան է համարել հիվանդի կամքը պարզելու, հարազատների, ինչպես նաև բուժանձնակազմի այլ անդամների հետ խորհրդակցելու ընթացակարգը (վերը նշված 143-րդ կետ):
163. Դատարանը նշում է, որ եթե ընթացակարգը ֆրանսիական իրավունքով անվանվել է «կոլեգիալ» և որ այն ներառում է խորհրդակցական մի քանի փուլեր (խորհրդակցություններ խնամող անձնակազմի, առնվազն մեկ այն բժիշկի, վստահելի անձի ընտանիքի կամ հարազատների հետ), ապա միայն հիվանդի համար պատասխանատու բժիշկն է իրավասու որոշում կայացնել: Հիվանդի կամքը պետք է հաշվի առնվի: Որոշումն իր հերթին պետք է հիմնավորվի և կցվի հիվանդի փաստաթղթերին:
164. Որպես դատարանի բարեկամ (amicus curiae) խորհրդատվության նպատակով ներկայացված իր դիտողություններում պարոն Լեոնետտին հիշեցրել է, որ օրենքը բուժման ընդհատման որոշման պատասխանատվություն դնում է միայն բժիշկի վրա և չի ցանկացել այդ պատասխանատվությունը փոխանցել ընտանիքին մեղքի զգացումից խուսափելու համար և որպեսզի որոշում կայացնող անձի ինքնություն պարզ լինի:
165. Դատարանի տրամադրության տակ գնտվող համեմատական իրավունքի ուսումնասիրություններից պարզվում է, որ այն պետություններում, որոնք թույլ են տալիս ընդհատել բուժումը հիվանդի նախնական հրահանգների բացակայության դեպքում, գոյություն ունեն տարբեր ընթացակարգային պայմաններ բուժման դադարեցման վերջնական որոշման կայացման համար: Այն կարող է կայացվել բժիշկի կողմից (ամենահաճախ hանդիպող դեպքը), բժիշկի և ընտանիքի կողմից համատեղ, ընտանիքի կամ օրինական ներկայացուցչի կամ դատարանների կողմից (...)
166. Դատարանը նշում է, որ կոլեգիալ ընթացակարգը սույն գործում տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հունվար ամիսների հատվածում և որ բոլոր փուլերի ընթացքում ապահովվել են օրենքի պահանջից ավելի պայմաններ: Այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է մեկ այլ բժիշկի հետ խորհրդակցում և անհրաժեշտության դեպում կարող է հրավիրվել նաև երկրորդ բժիշկը, բժիշկ Կարիժեն խորհրդակցել է վեց բժիշկների հետ, որոնցից մեկն առաջարկվել է դիմումատուների կողմից: Բացի այդ, նա խորհրդակցության էր հրավիրել գրեթե ողջ խնամող անձնակազմին, ինչպես նաև հրավիրել էր երկու ընտանեկան ժողով, որին մասնակցել էին Վենսան Լամբերի կինը, ծնողները և նրա ութ քույրերն ու եղբայրները: Այս խորհրդակցությունների արդյունքում Վենսան Լամբերի կինը և նրա քույրերից և եղբայրներից վեցը, ինչպես նաև վեց բժիշկներից հինգը կողմ էին արտահայտվել բուժման ընդհատմանը, մինչդեռ դիմումատուներն արտահայտել էին հակառակ կարծիք: Բժիշկը նաև զրուցել էր Վենսան Լամբերի զարմիկ Ֆրանսուա Լամբերի հետ: Նրա տասներեք էջից բաղկացած որոշումը (որի յոթ էջանոց սեղմագիրն ընթերցվել է ընտանիքի ներկայությամբ) լավ հիմնավորված է եղել: 2014թ. հունիսի 24-ի իր որոշման մեջ Պետական խորհուրդն եզրակացրել է, որ նշված ընթացակարգում որևէ խախտում չի արձանագրվել (վերը նշված 50-րդ կետ):
167. Պետական խորհուրդը համարել է, որ բժիշկն ապահովել էր ընտանիքի հետ խորհրդակցելու պարտավորությունը և որ կարողացել է օրինական կերպով որոշում կայացնել ընտանիքում համաձայնության բացակայության պայմաններում: Դատարանը նշում է, որ ներկա պայմաններում ֆրանսիական իրավունքը նախատեսում է ընտանիքի հետ խորհրդակցությունը (և ոչ վերջինիս մասնակցությունն որոշման կայացմանը), սակայն չի նախատեսում միջնորդության հնարավորություն ընտանիքի անդամների միջև տարաձայնության դեպքում: Այն նաև չի հստակեցնում, թե ինչ հերթականությամբ պետք է հաշվի առնել ընտանիքի անդամների կարծիքը, ինչն որոշ պետություններում օրենքով նախատեսված է:
168. Դատարանը նշում է, որ այս հարցի շուրջ փոխհամաձայնություն գոյություն չունի (տե´ս, վերը նշված 165-րդ կետ) և համարում է, որ որոշման կայացման գործընթացի կազմակերպումը, այդ թվում` բուժման ընդհատման վերջնական որոշում կայացնող անձի նշանակումը և որոշման կայացման կարգը, ներառվում են պետությանը շնորհված հայեցողության սահմաններում: Այն նշում է, որ գործընթացն եղել է երկար և մանրակրկիտ` ապահովելով օրենքով նախատեսված պայմաններից ավելի պայմաններ, և համարում է, որ եթե նույնիսկ դիմումատուները համաձայն չեն այս գործընթացի արդյունքի հետ, այս գործընթացն ապահովել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պահանջները (տե´ս վերը նշված 143-րդ կետ):
գ) Դատական կարգով բողոքարկում
169. Վերջապես Դատարանը կուսումնասիրի սույն գործում դիմումատուների դատական կարգով բողոքարկման գործընթացը: Այն նշում է, որ Պետական խորհուրդը, որին առաջին անգամ էր ներկայացվել բողոք, որն ուղղված էր 2005թ. ապրիլի 22-ի օրենքի համաձայն բուժման ընդհատման որոշման դեմ, կարևոր պարզաբանումներ է կատարել 2014թ. փետրվարի 14-ի և հունիսի 24-ի իր որոշումներում սույն գործի նման իրավիճակներում վարչական դատարանի հրատապ հարցերով դատավորի կողմից վերահսկողության շրջանակների մասին:
170. Դիմումատուները դիմել էին վարչական դատարան հիմնարար ազատությունների վերաբերյալ հրատապ հայցով` հիմնվելով Վարչական դատավարության օրենսգրքի 521‑2 հոդվածի վրա, որը նախատեսում է, որ հրատապ հարցերի քննության վարչական դատավորը, որին « հայց է ներկայացվել` առանձնահատուկ հրատապության հիմնավորմամբ, կարող է հանձնարարել իրականացնել ցանկացած միջոցառում, որն անհրաժեշտ կլինի հիմնարար ազատության պահպանման համար, որը վարչական որևէ իշխանություն լրջորեն և անկնհայտ ապօրինի կերպով խախտել է »: Երբ հայցը ներկայացվում է այս հիմքով, հրատապ հարցերի քննության վարչական դատավորը հիմնականում որոշում է կայացնում միանձնյա, և (ակնհայտ անօրինականության) ապացույցների հիման վրա կարող է ձեռնարկել ժամանակավոր միջոցառումներ:
171. Դատարանը նշում է, որ հրատապ հարցերի քննության վարչական դատավորը, այնպես, ինչպես Պետական խորհուրդ հստակեցրել էր վերջինիս պարտականությունները (վերը նշված 32-րդ կետ), ոչ միայն իրավունք ունի կասեցնել բժիշկի որոշումը, այլ նաև իրականացնել այդ որոշման օրինականության ամբողջական ստուգում (և ոչ միայն ակնհայտ անօրինականության ապացույցի դեպքում), անհրաժեշտության դեպքում կոլեգիալ կարգով, ինչպես նաև բժշկական փորձագիտություն պահանջելուց և խորհրդատվության կարգով դատարանի բարեկամի (d’amicus curiae) կարծիքին ծանոթանալուց հետո:.
172. Պետական խորհուրդը նաև հստակեցրել էր 2014թ. հունիսի 24-ի որոշման մեջ, որ հրատապ հարցերի քննության դատավորը, հաշվի առնելով նման դեպքերում իր առանձնահատուկ դերը, պետք է օրենքի հետ տվյալ որոշման անհամատեղելիության վերաբերյալ հայցից բացի ուսումնասիրեր նաև Կոնվենցիայի հետ օրենսդրական դրույթների անհամատեղելիության հիմքով հայցը:
173. Դատարանը նշում է, որ Պետական խորհուրդը գործը քննել է լիագումար նիստում (տասնյոթ անդամներից բաղկացած վեճերի ժողով), ինչը հատուկ է հրատապ հարցերով դատավարությանը: 2014թ. փետրվարի 14-ի իր որոշման մեջ այն նշել էր, որ Լիեժի բժշկական համալսարանական կենտրոն կատարված հետազոտությունն ուներ երկուս ու կես տարվա վաղեմություն, և անհրաժեշտ էր համարել ձեռքբերել Վենսան Լամբերի առողջական վիճակի վերաբերյալ ամենասպառիչ տվայլները: Ուստի, այն պատվիրել էր իրականացնել բժշկական փորձագիտություն, որը վստահվել էր նյարդագիտության բնագավառում հայտնի մասնագետների: Բացի այդ, հաշվի առնելով սույն գործում առաջ քաշված հարցադրումների ծավալները և բարդությունը, Պետական խորհուրդը դիմել էր Բժշկական ազգային ակադեմիային, Էթիկայի խորհրդակցական ազգային կոմիտեին և Բժիշկների ազգային միությանը և պարոն Լեոնետտին խորհրդատվության կարգով կյանքի արհեստականորեն երկարաձգելու և ոչ ողջամիտ համառություն հասկացությունները պարզաբանելու համար ընդհանուր դիտողություններ տրամադրելու խնդրանքով:
174. Դատարանը նշում է, որ բժշկական փորձագիտությունն իրականացվել էր ամենայն լրջությամբ: Փորձագետները Վենսան Լամբերին հետազոտել էին ինն անգամ, իրականացրել էին մի շարք հետազոտություններ, ծանոթացել նրա բժշկական փաստաթղթերին, ինչպես նաև փորձագիտության տեսանկյունից կարևոր վեճերի/բողոքների վերաբերյալ փաստաթղթերին և 2014թ. մարտի 24-ից մինչև ապրիլի 23-ը հանդիպել էին բոլոր շահագրգիռ կողմերին (ընտանիք, բուժող և խնամող անձնակազմ խորհրդատու բժիշկներ և UNAFTC-ի և բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ):
175. 2014թ. հունիսի 24-ի որոշման մեջ Պետական խորհուրդը նախևառաջ ուսումնասիրել էր Կոնվենցիայի 2-րդ, 8-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների հետ Առողջապահության օրենսգրքի համապատասխան դրույթների համատեղելիության (տե´ս վերը նշված 47-րռ կետը), այնուհետև բժիշկ Կարիժեի որոշման օրենսգրքի դրույթների հետ համապատասխանության հարցը (տե´ս վերը նշված 47‑50 կետերը): Պետական խորհրդը ստուգել է կոլեգիալ ընթացակարգի օրինականությունը և օրենքով նախատեսված պայմանների պահպանումը, ինչը, հաշվի առնելով փորձագիտական զեկույցի եզրակացություները, Պետական խորհուրդը բավարարված է համարել: Այն մասնավորապես նշել է, որ փորձագետների եզրակացություններից պարզվում է, որ Վենսան Լամբերի կլինիկական վիճակը համապատասխանում է քրոնիկ վեգետատիվ վիճակի, որ նա կրել էր լուրջ և խորը վնասվածքներ, որոնց ծանրության աստիճանը, ինչպես նաև ավտովթարից հետո անցած հինգ և կես տարիները, թույլ են տալիս համարել, որ դրանք անդառնալի են և հանգեցնում են « կլինիկական վատ կանխատեսումների»: Պետական խորհուրդը համարել էր, որ այս եզրակացությունները վերահաստատում են բժիշկ Կարիժեի նախկինում արված եզրակացությունները:
176. Դատարանն այնուհետև նշում է, որ Պետական խորհուրդը, ընգծելով այն «կարևորությունը», որ բժիշկը պետք է հաղորդի հիվանդի կամքին (վերը նշված 48-րդ կետ), աշխատել էր սահմանել Վենսան Լամբերի ցանկությունները: Քանի որ վերջինս նախնական գրավոր հրահանգներ չէր տվել, ոչ էլ վստահելի անձ էր նշանակել, Պետական խորհուրդը հաշվի առավ նրա կնոջ` Ռաշել Լամբերի վկայությունը: Այն նշել էր, որ ամուսիննները, լինելով երկուսն ել բուժաշխատողներ և ունենալով վերակենդանացման փուլում գտնվող կամ բազմակի հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքի փորձ, շատ հաճախ միասին քննարկել էին իրենից յուրաքանչյուրի մասնագիտական փորձը, և այդ ժամանակ Վենսան Լամբերը բազմիցս նշել էր, որ չէր ցանկանա, որ նման ծանր կախվածության պայմաններում արհեստականորեն երկարաձգվեր իր կյանքը (տե´ս, վերը նշված 50-րդ կետը): Պետական խորհուրդը նշել էր, որ այս խոսքերը, որոնք տիկին Ռաշել Լամբերը ճշգրտորեն ամսագրել էր և հաղորդել, հաստատվել էին պարոն Լամբերի եղբայրներից մեկի կողմից: Այն նաև հաշվի է առել այն, որ պարոն Լամբերի քույրերից և եղբայրներից մի քանիսը նշել էին, որ այս խոսքերը համահունչ են իրենց եղբոր անձին, պատմությանը և անձնական տեսակետներին, ինչպես նաև նշել որ դիմումատուները չէին պնդել, թե նա կարող էր հակառակ կարծիք ունենար կամ չունենար: Վերջապես Պետական խորհուրդը նշել էր, որ օրենքով նախատեսված ընտանիքի հետ խորհրդակցությունը տեղի էր ունեցել (նույն տեղում):
177. Վկայակոչելով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը` դիմումատուները պնդում են, որ Պետական խորհուրդը չպետք է հաշվի առներ Վենսան Լամբերի բանավոր դիտարկումները, որոնք, ըստ նրանց, չափազանց ընդհանրական են:
178. Դատարանը հիշեցում է նախևառաջ, որ հիվանդը, որի համաձայնությունը պետք է լինի որոշումների կայացման կենտրոնում, այդ գործընթացի հիմնական առարկան և գործող անձն է, եթե նույնիսկ նա չի կարող իր կամքն արտահայտել: Եվրոպայի խորհրդի «Կյանքի ավարտական փուլում բուժումների վերաբերյալ որոշումների կայացման ուղեցույցը» խորհուրդ է տալիս հիվանդին ներգրավել որոշումների կայացման գործընթացում իր ցանկությունների միջոցով, որոնք նա կարող է արտահայտած լիներ նախկինում, կամ բանավոր կերպով փոխանցել է ընտանիքի անդամներից կամ հարազատներից մեկին (վերը նշված 63-րդ կետ):
179. Դատարանը նշում է նաև, որ, համաձայն համեմատական իրավունքի, որոշ երկրներում հիվանդի նախնական գրավոր հրահանգների կամ «կենսաբանական կտակի» բացակայության դեպքում, հիվանդի ենթադրյալ կամքը պետք է վերհանել տարբեր ճանապարհներով (օրինական ներկայացուցչի, ընտանիքի հայտարարություններ, այլ ապացույցներ, որոնք կվկայեն հիվանդի անձի, համոզմունքների մասին և այլն):
180. Դատարանը հիշեցնում է վերջապես, որ վերը նշված Փրիթի [Pretty] գործով վճռում (կետ 63) նա հաստատել է կյանքն երկարաձգող բուժման համաձայնություն չտալու ցանկացած անձի իրավունքը: Այս պայմաններում, այն կարծում է, որ Պետական խորհուրդը կարողացել է գնահատել ներկայացված վկայությունների բավականաչափ հստակ լինելու փաստը սահմանելու համար, թե ինչ էր ցանկացել Վենսան Լամբերը իր բուժումը շարունակելու կամ ընդհատելու կապակցությամբ:
դ) Վերջնական դիտարկումներ
181. Դատարանը լիովին գիտակցում է այն խնդիրների կարևորությունը, որոնք առաջ են քաշվել սույն գործում, որը վերաբերում է բժշկական, իրավական և էթիկայի չափազանց բարդ հարցերին: Սույն գործի հանգամաներում, Դատարանը հիշեցնում է, որ առաջին հերթին ներպետական իշխանությունները պետք է ստուգեն ներպետական իրավունքի և Կոնվենցիայի հետ բուժումն ընդհատելու որոշման համապատասխանությունը, ինչպես նաև սահմանել հիվանդի ցանկությունները` ներպետական օրենքի համաձայն: Դատարանն ուսումնասիրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող պետության կողմից դրական պարտավորությունների կատարումը:
Այս մոտեցման համաձայն` Դատարանը ներպետական իրավունքով նախատեսված օրենսդրական շրջանակը, այնպես, ինչպես մեկնաբանվել է Պետական խորհրդի կողմից, ինչպես նաև սույն գործում մանրակրկտորեն իրականացված որոշումների կայացման գործընթացը համապատասխան է համարել այս հոդվածի պահանջներին: Բացի այդ, ինչ վերաբերվում է դիմումատուների դատական կարգով բողոքարկումներին, Դատարանը հանգել է այն եզրակացության, որ սույն գործն ենթարկվել է մանրամասն ուսումնասիրության, ուր ներկայացվել են բոլոր տեսակետները և խնամքով դիտարկվել բոլոր ասպեկտները` հաշվի առնելով թե´ բժշկական մանրամասն փորձագիտությունը, թե´ էթիկայի և բժշկական բարձրագույն ատյանների ընդհանուր դիտողությունները:
Հետևաբար, Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ներպետական իշխանությունները գործել են Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող իրենց դրական պարտավորություններին համաձայն` հաշվի առնելով սույն գործում նրանց հայեցողության սահմանները:
ե) Եզրակացություն
182. Եզրակացվում է, որ Պետական խորհրդի 2014թ. հունիսի 24-ի որոշման կատարման դեպքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի խախտվում:
(...)
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ
1. Հայտարարում է միաձայն, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիման վրա դիմումատուների իրենց իսկ անունից ներկայացված գանգատն ընդունելի է:
2. Հայտարարում է, տասներկուսը հինգի դեմ ձայների հարաբերակցությամբ, որ գանգատն անընդունելի հավելյալ գումարի մասով,
3. Մերժում է, միաձայն, որպես երրորդ կողմ Վենսան Լամբերին ներկայացնելու Ռաշել Լամբերի հայցը,
4. Վճռում է, տասներկուսը հինգի դեմ ձայների հարաբերակցությամբ, որ Պետական խորհրդի 2014թ. հունիսի 24-ի որոշման կատարման դեպքում Կոնվենցիայի 2-րդ հոդվածը չի խախտվում:
(...)
Կատարվել է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, այուհետև հրապարակվել է 2015թ. հունիսի 5-ին Մարդու իրավունքների պալատում տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ` Դատարանի կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Էրիկ Ֆրիբերգ (Erik Fribergh)Դին Շպիլման (Dean Spielmann)
Քարտուղար Նախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն վճռին կից ներկայացված են դատավորներ Հաջիևի (Hajiyev), Սիկուտայի (Šikuta), Ծոծորիայի (Tsotsoria), Դե Գայտանոյի (De Gaetano) և Գրիչկոյի (Griţco) հատուկ կարծիքը:
Դ.Շ (D.S.)
Է.Ֆ. (E.F.)
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2015
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2015
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2015.
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
[1] Այս կետը փոփոխվել է` Դատարանի կանոնակարգի 81-րդ հոդվածի համաձայն:
[2] Այս կետը փոփոխվել է` Դատարանի կանոնակարգի 81-րդ հոդվածի համաձայն :
Full & Egal Universal Law Academy