ՀՈԴՎԱԾ 8 ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՀԱՐԳԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ործատուի կողմից սուպերմարկետի գանձապահների և վաճա- ռողների գաղտնի տեսահսկում Գ Լոպեզ Ռիբալդան և այլք ընդդեմ Իսպանիայի [ՄՊ] (López Ribalda and others v. Spain [GC], application nos. 1874/13 and 8567/13, judgment of 17 October 2019) Ընդհանուր դիտարկումներ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս շեշտադրել է, որ §անձնական կյանք¦ հայեցակարգն իր մեջ ներառում է նաև §անձնական սոցիալական կյանքը¦, ինչը չի բացառում նաև մասնագիտական գործունեությունը կամ հանրային վայրերում իրակա- նացվող գործունեությունը։ Ինչ վերաբերում է անհատների գործողությունների հսկմանը տեսախցիկներ կամ տեսագրող սարքեր օգտագործելով՝ կոնվենցիոն մարմինները համարում են, որ հանրային վայրերում անձի գործողու- թյունների և շարժումների տեսահսկումը, որը սակայն չի տեսագրում տեսողական պատկերային տվյալներ (օրինակ՝ անձի դիմագծերը), չի դիտարկվում որպես միջամտություն անձնական կյանքին։ Անձնական կյանքի միջամտություն կարող է համարվել, երբ առկա է նման պատ- կերային տվյալների պարբերաբար կամ մշտական տեսագրում, ինչպես օրինակ, որևէ անձի դեմքը։ Այս առնչությամբ Եվրոպական դատարանը գտնում է, որ անձի պատկերը վերջինիս անհատականացնող կարևորա- գույն տարրերից է, քանի որ այն բացահայտում է անձի միայն իրեն բնորոշ դիմագծերը, որով էլ այդ անձը տարբերվում է մյուսներից։ Վերաբերելի նախադեպային իրավունք 1) Bărbulescu v. Romania [GC], application no. 61496/08, judgment of 5 September 2017 2) Köpke v. Germany (dec.), application no. 420/07, decision of 5 October 2010 3) Antović and Mirković v. Montenegro, application no. 70838/13, judgment of 28 November 2017 HUDOC համակարգում որոնման համար բանալի բառեր Art 8 • Respect for private life • Respect for family life • Respect for home • Respect for correspondence • Public authority • Interference • In accordance with the law • Accessibility • Foreseeability • Safeguards against abuse • Necessary in a democratic society Գործի փաստական հանգամանքները Դիմումատուներն աշխատում էին սուպերմարկետում որպես գանձա- պահ և վաճառող։ Սուպերմարկետը շարունակաբար ունենում էր տնտե- սական կորուստներ։ Կորուստների պատճառները պարզելու համար գործատուն որոշեց խանութի տարածքում տեղադրել հսկող տեսախցիկ- ներ։ Տեսախցիկներից մի քանիսը տեղադրվեցին խանութի տեսանելի հատվածներում, իսկ մի քանիսի գտնվելու վայրը տեսանելի չէր։ Դիմումատուները տեղեկացվել էին միայն այն տեսախցիկների մասին, որոնք տեսանելի էին, իսկ թաքնված տեսախցիկների մասին վերջիննե- րիս չէին հայտնել։ Արդյունքում դիմումատուներն աշխատանքից ազատվեցին. տեսախցիկներն արձանագրել էին, որ դիմումատուները խանութից պարբերաբար տարբեր իրեր են գողանում։ Եվրոպական դատարանը պալատի կազմով 2018 թվականի հունվարի 9-ին կայացրած վճռով արձանագրեց Եվրոպական կոնվեն- ցիայի 8-րդ հոդվածի խախտում։ Եվրոպական դատարանի տեսակետի համաձայն՝ գործատուի կողմից տևական ժամանակով իրականացվող տեսահսկումը հակասում է վերաբերելի օրենսդրության պահանջներին։ Բացի այդ, ըստ Եվրոպական դատարանի պալատի վճռում արված եզրահանգման՝ ներպետական դատարաններին չէր հաջողվել ապահովել հավասարակշռություն դիմումատուների անձնական կյանքի և նրանց գործատուի սեփականության իրավունքի շահերի միջև։ Կառավարու- թյունը վճիռը բողոքարկել էր Մեծ պալատ։ Եվրոպական դատարանի եզրահանգումը Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի կիրառել իությունը սույն գործով. դիմումատուները տասն օր շարունակ տեսահսկվել էին իրենց գործատուի կողմից տեղադրված տեսախցիկներով։ Տեսախցիկ- ների տեսանելիության դաշտը սուպերմարկետի դրամարկղային տարածքն էր ու դրա շրջապատը, ինչը նշանակում է, որ դիմումատուներն անձամբ թիրախավորված չեն եղել։ Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք դիմումատուներն ունեցել են սեփական անձնական կյանքի հարգման և պահպանման առնչությամբ ողջամիտ ակնկալիք՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուների աշխատավայրը՝ սուպերմարկետը, բաց էր հանրության համար, և որ տեսագրվող գործողությունները, մասնավորապես, սպա- ռողների գնումների դիմաց վճարումներ ստանալը, մասնավոր կամ խիստ անձնական բնույթի չէին։ Ներպետական օրենսդրությամբ նախատեսված է, որ տեսահսկում իրականացնելու համար պատասխա- նատու անձինք (անգամ եթե տեսահսկումն իրականացվում է հանրային վայրերում) պարտավոր են նախապես զգուշացնել տեսահսկման տեսադաշտում գտնվող անձանց։ Թեպետ դիմումատուներին նախազգու- շացվել էր սուպերմարկետում հսկող տեսախցիկների տեղադրման մասին, սակայն միայն այն տեսախցիկների, որոնք տեսանելի էին և նկարահանելու էին խանութի ելքն ու մուտքը։ Բնական է, որ նման պայմաններում դիմումատուները ողջամիտ ակնկալիք ունեին առ այն, որ խանութի այլ տարածքներում առանց նախապես զգուշացման նրանք չեն ենթարկվի տեսահսկման։ Ինչ վերաբերում է տեսագրությունների օգտագործմանը, ապա, նախքան դիմումատուներին դրանց գոյության մասին տեղեկացնելը, այդ տեսագրությունները դիտել էին գործատուի մոտ աշխատող այլ անձինք։ Ի լրումն, այդ տեսագրությունների պատճառով են դիմումատուներն ազատվել աշխատանքից։ Ավելին, դրանք հարուցված վարույթում օգտագործվել են որպես ապացույց։ Հետևաբար, այստեղ գործ ունենք Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի պաշտպանու- թյան հետ։ Ընդհանուր սկզբունքներ. Եվրոպական դատարանն իր նախադե- պային իրավունքում սահմանել է որոշակի սկզբունքներ, որոնք կիրառելի են աշխատանքային հարաբերություններում՝ հաշվի առնելով այդ հարաբերությունների առանձնահատկությունները և նոր տեխնոլոգիա- ների այնպիսի զարգացումները, որոնք հնարավորություն են ընձեռում կիրառել աշխատողների անձնական կյանքի միջամտություն ենթադրող միջոցներ։ Այս համատեքստում ուշագրավ է, որ աշխատավայրում տեսահսկում իրականացնելիս դրա համաչափությունը երաշխավորելու նպատակով, ներպետական դատարանները, ի նկատի ունենալով միմյանցից տարբերվող շահեր կշռադատելու անհրաժեշտությունը, առնվազն պետք է հաշվի առնեն հետևյալ գործոնները՝ u գործատուի կողմից կիրառվող տեսահսկման միջոցի մասին աշխատողներին ծանուցելու փաստը. գործնականում գոյություն ունեն աշխատողների ծանուցման տարբեր եղանակներ. այդու- հանդերձ, կարևորվում է, որ ծանուցումը լինի հստակ և նախապես. u գործատուի կողմից իրականացվող տեսահսկման և աշխատողի անձնական կյանքին միջամտության աստիճանը. այս առնչու- թյամբ պետք է հաշվի առնել անձնական կյանքի իրավունքի սահմանափակման այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են տեսահսկման տևողությունն ու վայրը, ինչպես նաև այն անձանց թվաքանակը, ովքեր հասանելիություն են ունենալու տեսահսկման արդյունքներին. u հսկողության անհրաժեշտությունը հիմնավորող հիմնավոր պատճառների առկայություն. որքան միջամտող է հսկողությունը, այնքան ծանրակշիռ պետք է լինեն պահանջվող հիմնավորում- ները. u առավել նվազ միջամտություն ենթադրող միջոցի օգտագործման անհնարինություն. այս առնչությամբ, յուրաքանչյուր գործի փաս- տական հանգամանքների հաշվառմամբ պետք է գնահատվի՝ արդյոք գործատուի կողմից հետապնդվող նպատակին հնա- րավոր էր հասնել առանց միջամտելու աշխատողների անձնական կյանքին. u իրականացված տեսահսկման հետևանքներն աշխատողների համար. այս կապակցությամբ կարևոր է ուշադրություն դարձնել տեսահսկման արդյունքների օգտագործման եղանակին և այն հանգամանքին՝ արդյոք դրանք օգտագործվել են հետապնդվող նպատակին հասնելու համար, թե ոչ. u աշխատողին համապատասխան երաշխիքների տրամադրման փաստը. նման երաշխիքների թվին են դասվում իրականացվող տեսահսկման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը, անկախ մարմնին նման միջոցի կիրառման մասին տեղեկացնելը և բողոքարկման գործիքակազմի առկայությունը: Ընդհանուր սկզբունքների կիրառելիությունը սույն գործում. աշխատանքային վեճեր լուծող իսպանական դատարաններն, առանձնացնելով տարբեր, այն է՝ (1) աշխատողների անձնական կյանքը հարգելու և (2) գործատուի սեփականության իրավունքի պահպանման շահեր, գտել են, որ տեսահսկման համակարգի տեղադրման պատճառը գողություն կատարված լինելու կասկածներն են։ Այնուհետև ներպետական դատարանները քննության առարկա են դարձրել իրականացված տեսահսկման պատճառով դիմումատուների անձնական կյանքի միջամտության աստիճանը՝ շեշտադրելով, որ կիրառված միջոցի արդյունքում տեսահսկվել է միայն որոշակի տարածք և սահմանափակ թվով անձնակազմ։ Բացի այդ, տեսահսկումը դադարել է այն պահին, երբ գողության կասկածները փարատվել են։ Ներպե- տական դատարանների կողմից արված այս եզրահանգումները, բնականաբար, անհիմն չեն։ Դիմումատուներն իրենց պարտականությունները կատարել են մի վայրում, որը բաց էր հանրության համար, և այդ պարտականությունները ներառել են սպառողների հետ մշտական շփումներ։ Տեսահսկման համաչափության հարցն ուղղակիորեն կախված է աշխատողի ողջամիտ ակնկալիքի հանգամանքից։ Սույն գործում հիշյալ ակնկալիքները բավական մեծ էին մասնավոր բնույթի վայրերում, ինչպիսիք էին, օրինակ, զուգարանները կամ հանդերձարանները։ Սակայն, այդ ակնկալիքն ակնհայտորեն փոքր էր այն վայրերում, որոնք այսպես թե այնպես տեսանելի էին կամ բավականաչափ հասանելի կամ, ինչպես դիմումա- տուների գործում, ընդհանուր հանրային վայրեր էին։ Ինչ վերաբերում է տեսահսկման տևողությանը, ինչը տասն օր էր, ապա այն ինքնին չափազանց երկար չէ։ Միայն սուպերմարկետի մենեջերը, ընկերության իրավական հարցերով ներկայացուցիչն ու բաժնի ներկայացուցիչն էին տեսել տեսագրությունները մինչև դիմումատուներին դրանց մասին հայտնելը։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ Եվրոպական դատարանը համարեց, որ միջամտությունը դի- մումատուների անձնական կյանքին չի հասել լրջության բարձր աստիճանի։ Խնդրո առարկա տեսահսկումը դիմումատուների՝ անձնական կյանքի միջամտության տեսանկյունից էական նշանակություն ուներ։ Այնուամե- նայնիվ, տեսահսկումն ու տեսագրությունները չեն օգտագործվել գործատուի կողմից այլ նպատակներով. ի սկզբանե գործատուի նպատակն է եղել գտնել ապրանքների կորուստների համար պատաս- խանատուներին և նրանց նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկել։ Ավելին, գործատուի կրած կորուստների աստիճանը խոսում էր այն մասին, որ գողության կատարմանը ներգրավված են մի խումբ անձինք, և որ անձնակազմին տեսահսկման մասին տեղեկատվության տրամադրումը կարող էր խոչընդոտել կիրառված միջոցի՝ տեսահսկման նպատակին հասնելուն, այն է՝ գողության համար պատասխանատու անձանց բացահայտմանը։ Թափանցիկության և ծանուցման իրավունքի երաշխավորման պահանջներն իրականում հիմնարար են, հատկապես աշխատանքային հարաբերություններում, որտեղ գործատուն էական առավելություններ ունի՝ ի համեմատ աշխատողների, և այս առավելությունների ցանկացած սահմանազանցում անթույլատրելի է։ Անձանց տեղեկատվության տրամադրումն այն մասին, որ նրանք տեսահսկվում են, տվյալ գործում կիրառված միջոցի համաչափության գնահատման չափանիշներից միայն մեկն է։ Այնուամենայնիվ, եթե տեսահսկման մասին նախնական ծանուցում չի եղել, ապա շատ ավելի են կարևորվում մյուս երաշխիքները։ Աշխատանքային դատարանները, որոնք քննել էին դիմումատուների պահանջը, իրականացրել էին մանրամասն հավասարակշռում մի կողմից անձնական կյանքը հարգելու, իսկ մյուս կողմից գործատուի՝ իր սեփականության իրավունքի պաշտպանության և ընկերության բնականոն գործելու շահերի միջև։ Ներպետական դատարանները պարզաբանել էին, որ իրականացված տեսահսկման հիմքում ընկած էր օրինական նպատակ և այդ նպատակի համար կիրառված միջոցը համապատասխան և համաչափ էր՝ մասնավորապես շեշտադրելով, որ գործատուի կողմից հետապնդվող օրինական նպատակին հնարավոր չէր հասնել դիմումատուների իրավունքներին առավել նվազ միջամտող այլ միջոցներով։ Սույն գործի առանձնահատուկ հանգամանքների հաշվառմամբ՝ կարևորելով դիմումատուների անձնական կյանքի միջամտության աստիճանը, ինչպես նաև այն պատճառները, որոնցով հիմնավորվում էր տեսահսկման անհրաժեշտությունը, աշխատանքային դատարաններն, առանց անցնելու ներպետական մարմիններին վերապահված հայեցո- ղության թույլատրելի սահմանագիծը, հաստատել էին, որ դիմումա- տուների անձնական կյանքի հանդեպ միջամտությունը համաչափ էր։ Հետևաբար, Եվրոպական դատարանը չի կարող ընդունել այն մոտե- ցումը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ աշխատողների կողմից որևէ սխալ արարք կատարելու թեթև կասկածն անգամ հիմնավորում է գործատուի կողմից գաղտնի տեսագրման սարքեր տեղադրելը։ Փոխարենը ծանր հակաօրինական արարք կատարած լինելու ողջամիտ կասկածը և բացահայտված կորուստների աստիճանն է, որ այս գործում ծանրակշիռ հիմնավորում են գաղտնի տեսագրման սարքեր տեղադրելու անհրա- ժեշտությունը։ Բացի այդ, պետք է ի նկատի ունենալ, որ այս իրավիճակում ընկերության բնականոն գործունեությունը վտանգված էր ոչ թե մեկ աշխատողի կասկածելի վարքագծի արդյունքում, այլ մի քանի աշխատողների կասկածելի գործողությունների հետևանքով, ինչն աշխատավայրում ստեղծում էր նաև ընդհանուր անվստահության մթնոլորտ։ Հիմք ընդունելով իսպանական օրենսդրությամբ նախատեսված երաշխիքները, ինչպես նաև դիմումատուների կողմից չօգտագործված, սակայն առկա պաշտպանության միջոցները, գաղտնի տեսահսկման անհրաժեշտությունը հիմնավորող դիտարկումների ծանրակշռությունը՝ ստացվում է, որ ներպետական իշխանությունները չեն խախտել Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված պոզիտիվ պարտականությունը14։ Եզրակացություն՝ խախտում չկա։ 14 Սույն գործում Եվրոպական դատարանը նաև չի ճանաչել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։
Full & Egal Universal Law Academy