© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Մ.Ա.-Ն ԸՆԴԴԵՄ ԿԻՊՐՈՍԻ
(գանգատ թիվ 41872/10)
ՎՃԻՌ
(Քաղվածքներ)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
23 հուլիսի 2013թ.
Սույն վճիռը վերջնական է դառնալու Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետում նշված հանգամանքներում: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մ.Ա.-ն ընդդեմ Կիպրոսի գործով,
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (Չորրորդ բաժանմունք), հետևյալ կազմով.
Ինետա Զիմելե, Նախագահ,
Պյիվի Հիրվել,
Գեորգե Նիկոլաոու,
Լեդի Բիանկու,
Զդրավկա Կալաջիևա,
Կշիշտոֆ Վոյտիչեկ,
Ֆարիս Վեհաբովիչ, դատավորներ,
և Ֆաթոշ Արաջը, Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2013 թ. հուլիսի 2-ին դռնփակ դատական նիստում, կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց այդ օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
1. Գործը հարուցվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն` Սիրիայի քաղաքացի ազգությամբ քուրդ պարոն Մ.Ա.-ի («դիմումատու») կողմից ընդդեմ Կիպրոսի Հանրապետության 2010թ. հունիսի 14-ին բերված գանգատի (թիվ 41872/10) հիման վրա:
2. Դիմումատուին, ում իրավաբանական օգնություն է ցուցաբերվել, ներկայացնում էր Նիկոսիայիում գործունեություն ծավալող իրավաբան տիկին Ն. Չարալամբիդուն: Կիպրոսի կառավարությունը («Կառավարություն») ներկայացված էր ի դեմս իր ներկայացուցիչ, Կիպրոսի Հանրապետության արդարադատության նախարար պարոն Պ. Կլերիդեսը:
3. Դիմումատուն պնդել է, որ իր արտաքսումը Սիրիա իրեն ենթարկում է սպանվելու վտանգի` խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, կամ 3-րդ հոդվածը խախտող վերաբերմունքի արժանանալու վտանգի: Այս կապակցությամբ նա գանգատվել է նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջները բավարարող իրավական պաշտպանության միջոցի բացակայությունից: Այնուհետև դիմումատուն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(զ),2 և 4-րդ կետերի համաձայն գանգատվել է Կիպրոսի իշխանությունների կողմից իրեն կալանավորելու վերաբերյալ: Վերջապես նա պնդել է, որ իր արտաքսումը կխախտի թիվ 4 արձանագրության 4-րդ հոդվածը:
4. 2010թ. հունիսի 14-ին Առաջին բաժանմունքի նախագահը որոշել է կիրառել Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնը, պատասխանող Կառավարությանը տեղեկացնելով, որ դիմումատուն չպետք է արտաքսվի Սիրիա: Գանգատին նախապատվություն է տրվել նույն ամսաթվին (կանոն 41): 2010թ. սեպտեմբերի 21-ին Առաջին բաժանմունքի նախագահը կողմերի ներկայացրած տեղեկությունների ուսումնասիրությունից հետո որոշել է ապահովման միջոց կիրառել (տե՛ս ստորև` կետ 58):
5. 2011թ. հունվարի 19-ին գանգատը փոխանցվել է Կառավարությանը: Որոշվել է նաև միաժամանակ որոշում կայացնել գանգատի ընդունելիության և էության վերաբերյալ (հոդված 29 կետ 1):
6. 39-րդ կանոնով սահմանված միջոցը վերացվել է Դատարանում` դատավարության ընթացքում (տե՛ս ստորև` կետեր 59-60):
7. 2011թ. օգոստոսի 25-ին Դատարանը փոփոխել է իր բաժանմունքների կազմը (Դատարանի կոնակարգի 25-րդ կանոնի 1-ին կետ) և սույն գանգատը հանձնվել է նոր կազմավորված Չորրորդ բաժանմունքի քննությանը:
8. 2012թ. նոյեմբերի 30-ին Բաժանմունքի նախագահը սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել դիմումատուի անանունության վերաբերյալ (Դատարանի կանոնակարգի 47-րդ հոդվածի 3-րդ կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
9. Դիմումատուն, ով ծագմամբ քուրդ է, ծնվել է 1969թ. Սիրիայի հյուսիս-արևմուտքում և բնակվում է Նիկոսիայում:
A. Դիմումատուի` ապաստան հայցելու դիմումը և բոլոր համապատասխան ընթացակարգերը
10. Դիմումատուն լքել է Սիրիան 2005թ. մայիսի 21-ին և ուղևորվելով Թուրքիա, ապա «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն» (ՀԿԹՀ) ապօրինաբար մուտք է գործել Կիպրոս:
11. 2005թ. սեպտեմբերի 12-ին նա դիմել է ապաստան ստանալու համար և Ապաստանի ծառայության հետ 2006թ. հունիսի 12-ին տեղի է ունեցել հարցազրույց:
12. Նրա դիմումը մերժվել է Ապաստանի ծառայության կողմից 2006թ. հուլիսի 21-ին այն հիմքով, որ դիմումատուն չի բավարարում «Փախստականների մասին 2000-2005թթ. օրենքի» պահանջները, մասնավորապես, նա չի ներկայացրել ռասայի, կրոնի, ազգությամբ, որոշակի խմբի կամ քաղաքական տեսակետի պատկանելու հիմքով հետապնդման կամ որևէ այլ պատճառով ծանր և չարդարացված վնասի հիմնավոր վախի փաստարկներ: Ապաստանի ծառայությունը նկատել էր, որ անհամապատասխանություններ կան նրա կողմից ներկայացված փաստերում, ինչը խարխլում էր նրա արժանահավատությունը: Մասնավորապես, էական հակասություններ կային նրա ծագման վերաբերյալ: Նկատվել է նաև, որ դիմումատուն չի կարողացել բավարար և հստակ պատասխանել և որոշ հարցերի կամ համոզիչ տեղեկություններ տրամադրել: Եզրակացության մեջ Ապաստանի ծառայությունը գտել է, որ ապաստանի դիմումը հիմնավոր չի եղել:
13. 2006թ. օգոստոսի 1-ին դիմումատուն բողոքարկել է Ապաստանի ծառայության որոշումը Փախստականների գործերով վերահսկիչ մարմնին (այսուհետ` «Վերահսկիչ մարմին»): Բողոքարկումը մերժվել է 2008թ. փետրվարի 1-ին:
14. Վերահսկիչ մարմինը ուժի մեջ է թողել Ապաստանի ծառայության որոշումը: Իր որոշման մեջ այն նկատել է, որ դիմումատուի պահանջները արժանահավատ չեն եղել և եղել են անորոշ և չհիմնավորված: Վերահսկիչ մարմինը նկատել էր, inter alia, որ չնայած դիմումատուն հայտնել էր Ապաստանի ծառայության հետ հարցազրույցի ընթացքում, որ նա ձերբակալել է և երեք օր կալանքի տակ է պահվել Սիրիայի ռազմական անվտանգության ուժերի կողմից, դա տեղի էր ունեցել 1992թ.` երկիրը լքել որոշելուց տասներեք տարի առաջ: Բացառությամբ այս միջադեպի նա հաստատել է, որ երբևէ հետապնդումների չի ենթարկվել Սիրիայի իշխանությունների կողմից և երբևէ չի դատապարտվել: Ավելին, չնայած դիմումատուն պնդել է, որ նա Ապաստանի ծառայության հետ հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Սիրիայում կալանքի ընթացքում իրեն ենթարկել են էլեկտրաշոկի և «անվահարման», հարցազրույցի արձանագրություններից պարզ է դառնում, որ նա հայտնել է, որ էլեկտրական լարերը չեն գործել և նա չի հիշատակել, որ անիվներն օգտագործվել են իրեն խոշտանգելու նպատակով: Այդ իսկ պատճառով Ապաստանի ծառայությունն անհրաժեշտ չի համարել ենթարկել նրան բժշկական քննության: Վերահսկող մարմինը նկատել է նաև, որ դիմումատուն պարզապես պնդել է, որ նա լքել է Սիրիան 2004թ. Քամիշլիի դեպքերից հետո այդ երկրում քուրդ բնակչության նկատմամբ մեծացող ճնշումների պատճառով, ապագայում ձերբակալված լինելու վախից և որպես Յեքիթի կուսակցության անդամ իրականացրած քաղաքական գործունեության պատճառով: Նրա պնդումներն, այնուամենայնիվ, ընդհանուր և անորոշ են եղել: Ավելին, նրա ապաստան հայցելու գրավոր դիմումը հիմնված է եղել այլ հիմքերի վրա: Մասնավորապես իր դիմումում դիմումատուն հայտնել է, որ նա Կիպրոս է եկել աշխատանք և ավելի լավ կենսապայմաններ փնտրելու:
15. Վերջապես, Վերահսկիչ մարմինը նշել է, որ դիմումատուն հնարավորություն է ունեցել օրինական կերպով անձնագիր ստանալ և լքել Սիրիան: Յեթիկի կուսակցության անդամակցության վերաբերյալ դիմումատուի պնդումների կապակցությամբ, այն նկատել է, որ կուսակցության վերաբերյալ դիմումատուին տրված հարցերի պատասխանները չափազանց ընդհանուր և անորոշ են եղել:
16. Եզրակացության մեջ Վերահսկիչ մարմինը վճռել էր, որ դիմումատուն չի հիմնավորել, որ նա ենթակա է եղել հետապնդման սպառնալիքի և որ Սիրիա վերադառնալու դեպքում նրա կյանքը կվտանգվի կամ նա կբանտարկվի:
17. 2008թ. սեպտեմբերի 1-ին, Ներքին գործերի նախարարին Կիպրոս-քրդական բարեկամության միության կողմից 2008թ. հուլիսի 22-ին ուղղված դիմումի հիման վրա դիմումատուի գործը վերաբացվել է Ապաստանի ծառայության կողմից` ուսումնասիրելու համար դիմումատուի կողմից ներկայացված նոր տեղեկությունները` իր որպես Կիպրոսում Յեթիկի կուսակցության ղեկավարի գործունեության վերաբերյալ: 2009թ. փետրվարի 16-ին դիմումատուի հետ կրկին հարցազրույց է անցկացվել Ապաստանի ծառայության կողմից:
18. Կառավարության համաձայն 2010թ. հունիսի 8-ւբ Ապաստանի ծառայության պաշտոնյաներից մեկը կարծիք է հայտնել, որ դիմումատուի կողմից ներկայացված տեղեկություն չի կարող դիտարկվել որպես նոր պահանջի հիմք կազմող նոր ապացույց: Կառավարությունն այս կապակցությամբ ներքին գրություն է ներկայացրել:
19. 2010թ. հունիսի 11-ին դիմումատուն ձերբակալվել է և նույն օրը նրա նկատմամբ կայացվել են կալանքի և արտաքսման որոշումներ (տես՛ ստորև` կետ 41):
...
B. Դիմումատուի ձերբակալությունը և կալանքը` արտաքսման նպատակով
29. 2010թ. մայիսի 17-ին Յեթիկի կուսակցությունը և Սիրիայի այլ քրդեր Նիկոսիայում ցույց են կազմակերպել Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության, Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և Կառավարության տպարանի մոտ: Նրանք բողոքում էին միջազգային պաշտպանություն տրամադրելու հարցում Կիպրոսի Ապաստանի խորհրդի սահմանափակող քաղաքականության դեմ:
Մոտ 150 սիրիացի քրդեր, ներառյալ դիմումատուն, շուրջօրյա մնում էին մայթի վրա տեղադրված ավելի քան ութսուն վրաններում: Կառավարության պնդմամբ ճամբարային պայմանները հակասանիտարական էին և բողոքավորները խոչընդոտում էին մեքենաների և հետիոտների երթևեկությանը: Ճամբարը վտանգ էր ներկայացնում հանրային առողջության համար և անհանգստություն էր պատճառում հասարակությանը: Բողոքավորներն իրենց առօրյա գործերը, ներառյալ սննդի պատրաստումը և լվացքն անում էին մայթի վրա` հակասանիտարական պայմաններում: Ջրահեռացման համակարգերն արդեն լցվել և թափվում էին` անհանգստություն պատճառելով և տհաճ հոտ տարածելով: Հանրային զուգարանները կեղտոտ էին և Կառավարական շենքերի աղբամանները օգտագործման արդյունքում շարունակաբար գերլցված էին: Ավելին, բողոքավորներն ապօրինի էլեկտրականություն էին ստանում տպարանից: Այդ շրջանում բնակվող կամ աշխատող հասարակության անդամները գանգատվել են կառավարությանը: Կառավարությունը հայտնել է, որ իշխանությունների կողմից ջանքեր են գործադրվել բողոքավորների հեռանալ համոզելու ուղղությամբ, սակայն ապարդյուն: Արդյունքում իշխանությունները որոշում են կայացրել բողոքավորներին շրջանից հեռացնելու գործողությունների ձեռնարկման մասին:
30. 2010թ. մայիսի 28-ին Ներքին գործերի նախարարի կողմից հրահանգ է տրվել սովորական միջոցներ ձեռնարկել ապաստան չստացած սիրիացի քրդերի արտաքսման կապակցությամբ:
31. 2010թ. մայիսի 31-ին Նախարարը պահանջել է Ոստիկանության ղեկավարից գործողություններ ձեռնարկել իր հրահանգների կատարման ուղղությամբ: Այնուհետև նա հաստատել է իրավասու մարմինների կողմից ներկայացված առաջարկները ապաստան չստացած այն սիրիացի քրդերի արտաքսման և կալանքի որոշումների վերաբերյալ, ովքեր անձնագրեր ունեին և «Աջանիբ» կամ «Մակտումեն» կարգավիճակ չունեին և ոստիկանությունն իրականացրել է հրամանները` սկսելով բողոքավորների ղեկավարների վերաբերյալ կայացված որոշումներից: Ոստիկանությանը հրահանգվել է նաև հաշվի առնել ոստիկանության ուղեցույցները և ձերբակալության զուսպ մեթոդներ կիրառել:
32. Կառավարության համաձայն, Քաղաքացիական ռեգիստրի և Ներգաղթի վարչության կողմից մի շարք ապաստան չստացած սիրիացի քրդերի նամակներ են ուղարկվել, տեղեկացնելով նրանց, որ իրենք պետք է միջոցներ ձեռք առնեն Կիպրոսը լքելու համար` հաշվի առնելով, որ ապաստան ստանալու մասին իրենց դիմումները մերժվել են: Կառավարությունը ներկայացրել է այդպիսի երեսուն նամակների պատճենները: Տասներեք դեպքերում այդ նամակները թվագրված են եղել 2010թ. հունիսի 1-ով (որոշ դեպքերով ապաստանի մասին որոշումները կայացված են եղել դեռ 2007թ.) դրանցից մեկը` 2010թ. հունիսի 9 (ապաստանի վերաբերյալ որոշման ընթացակարգն ավարտվել է 2009թ. վերջին): Երկու այլ նամակներ թվագրված են եղել 2010թ. հունիսի 16-ով (ապաստանի վերաբերյալ որոշման ընթացակարգն ավարտվել է 2008թ. սկզբին) և 2010թ. հունիսի 28-ով (ապաստանի վերաբերյալ որոշման ընթացակարգն ավարտվել է 2010թ. մարտին): Ապա նամակներից մեկը թվագրված է եղել 2011թ. փետրվարի 5-ով, այն դեպքում, երբ ապաստանի վերաբերյալ որոշման ընթացակարգն ավարտվել է 2010թ. ապրիլի 22-ին և խնդրո առարկա անձը կամավոր համաձայնել և իրականում վերադարձել էր Սիրիա 2010թ. սեպտեմբերի 24-ին:
33. Կառավարության կողմից ներկայացված փաստաթղթերից պարզ է դառնում, որ 2010թ. մայիսի 31-ից մինչև 2010թ. հունիսի 7-ը իշխանությունները հսկողության տակ են պահել շրջանը և գրանցել են բողոքավորների ամենօրյա գործողությունները և մուտք ու ելքը: Համապատասխան գրառումներում նշվում է, որ անփոփոխ կերպով ժամը 1:30-5:30-ի միջակայքում ընդհանուր առմամբ խաղաղ էր և բոլորը քնած էին, բացի պահպանություն իրականացնողներից: Վերոգրյալ ժամանակահատվածի ընթացքում Ոստիկանության արագ արձագանքման ստորաբաժանման (ԱԱՍ) կողմից լայնամասշտաբ գործողություն է կազմակերպվել և մի շարք այլ մարմիններ, ներառյալ Ոստիկանության օտարերկրացիների և ներգաղթի ստորաբաժանումը բողոքավորների տեղահանման և նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը պարզելու նպատակով` ԱԱՍ կենտրոնակայաններ տեղափոխման համար:
34. Միևնույն ժամանակ, 2010թ. մայիսի 28-ից 2010թ. հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ապաստան չստացած քառասունհինգ անձի կալանքի և արտաքսման վերաբերյալ որոշումներ են կայացվել համապատասխան ստուգումներից հետո: Նիկոսիայի ոստիկանության Օտարերկրացիների և ներգաղթի ստորաբաժանման բաժնի կողմից նամակներ են ուղարկվել Օտարերկրացիների և ներգաղթի ծառայության տնօրենին և Արդարադատության և հասարակական կարգի նախարարին, որոնք կարճ պարբերություն էին պարունակում յուրաքանչյուր անձի ներգաղթի կարգավիճակի մասին: Այդ տեղեկությունը ներառում էր Ապաստանի ծառայության կողմից ապաստանի դիմումի մերժման կամ ապաստանի գործի կարճման ամսաթիվը, բողոքարկման դեպքում, Վերահսկող մարմնի կողմից բողոքի մերժման ամսաթիվը, և իշխանությունների կողմից խնդրո առարկա որոշ անձանց «սև ցուցակում» (այն անձանց ցուցակը ում մուտքը և ելքը Կիպրոս արգելված է կամ ենթակա է դիտարկման) ընդգրկելու ամսաթիվը: Նամակները առաջարկում էին արտաքսման և կալանքի որոշումներ կայացնել: Կառավարությունը այդպիսի երկու նամակի պատճեններ է ներկայացրել` տասներեք անձի վերաբերող տեղեկություններով:
35. 2010թ. հունիսի 2-ին Քաղաքացիական ռեգիստրի և Միգրացիայի դեպարտամենտի կողմից պատրաստվել են նաև անգլերեն նամակներ` որոնցով խնդրո առարկա անձանց տեղեկացվել են իրենց կալանավորելու և արտաքսելու վերաբերյալ որոշումների մասին: Կառավարությունը նշել է, որ այդ ժամանակ, իշխանությունները տեղյակ չէին թե արդյոք այդ անձինք բողոքավորների թվին էին պատկանում:
36. Տեղահանման գործողությունը իրականացվել է 2010թ. հունիսի 11-ին մոտ ժամը 3-5-ն ընկած ժամանակահատվածում Կիպրոսի Ոստիկանության Օտարերկրացիների և Ներգաղթի ստորաբաժանման, ԱԱՍ-ի, Նիկոսիայի շրջանի ոստիկանության բաժանմունքի, Ճանապարհային ոստիկանության, հրշեջ ծառայության և Խտրականության դեմ պայքարի գրասենյակի մոտ 250 ծառայողների մասնակցությամբ: Բողոքավորներին, ներառյալ դիմումատուին ուղղորդել են դեպի ավտոբուսները, հավանաբար առանց նրանց կողմից որևէ գործողության կամ ռեակցիայի: Ժամը 3:22-ին տղամարդ բողոքավորներին տեղափոխող փոքր ավտոբուսները շարժվել են: Կանայք, երեխաները և մանուկները հետևեն են նրանց 3:35-ին: Ընդհանուր 149 մարդ էր տեղակայված բողոքի վայրում և տեղափոխվե; ԱԱՍ-ի կենտրոնակայաններ` ութսունյոթ տղամարդ, քսաներկու կին և քառասուն երեխա: Հասնելուց հետո նրանց գրանցել են և յուրաքանչյուր անձի կարգավիճակն ուսումնասիրվել է մեկ օր առաջ հատուկ այդ նպատակով տեղադրված համակարգիչներով: Կառավարությունն նշել է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում բողոքավորներին ձեռնաշղթաներ չեն հագցվել և նրանց չեն տեղավորել խցերում այլ բաշխել են սենյակներում և սնունդ և խմիչք տրամադրել: Կառավարության ներկայացրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ ժամը 6:4-ի մոտ խմբի մոտ կեսի անձը պարզվել է և ողջ գործողությունն ավարտվել է 16:30-ին:
37. Հաստատվել է, որ չափահասներից յոթանասունվեց անձ` իրենց երեսուն երեխաներով ապօրինի են գտնվելիս եղել հանրապետությունում: Նրանց դիմումները ապաստան ստանալու մասին կամ մերժվել են կամ նրանց գործերը կարճվել են հարցազրույցներին չմասնակցելու պատճառով: Նրանք, ովքեր դիմել էին Վերահսկիչ մարմնին, մերժումներ էին ստացել: որոշ վերջնական որոշումներ ընդունվել էին 2006թ.: Մի շարք անձինք ներառված են եղել նաև իշխանությունների «սև ցուցակում»: Նրանցից քսաներեքի արտաքսման որոշումներն արդեն կայացված են եղել (տե՛ս վերը` կետ 34):
...
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
...
E. Համապատասխան սահմանադրական դրույթները
88. Սահմանադրության II մասը դրույթներ է պարունակում, որոնք ապահովում են մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները: 11-րդ հոդվածը պաշտպանում է ազատության և անվտանգության իրավունքը: Այն շարադրված է հետևյալ կերպ
Հոդված 11
«1. Յուրաքանչյուր ոք ազատության և անձնական անվտանգության իրավունք ունի:
2. Ոչ ոք չի կարող զրկվել իր ազատությունից, բացառությամբ հետևյալ դեպքերի, երբ օրենքով սահմանված կարգով.
...
(f) անձի ձերբակալությունը կամ կալանավորումը նպատակ է հետապնդում կանխել նրա մուտքը Հանրապետության տարածք առանց թույլտվության կամ արտասահմանցու, որի հայտնաբերման և հանձնման միջոցներ են ձեռնարկվում,
3. Բացառությամբ այն դեպքերի, երբ անձը բռնվել է օրենքով մահապատժով կամ ազատազրկմամբ պատժվող հանցագործության վայրում, ոչ ոք չի կարող ձերբակալվել առանց օրենքով սահմանված կարգով ընդունված դատական հիմնավորված որոշման:
4. Ձերբակալված յուրաքանչյուր անձ ձերբակալման պահին տեղեկացվում է իրեն հասկանալի լեզվով ձերբակալման պատճառների մասին և իրավունք ունի օգտվել իր ընտրած իրավաբանի ծառայություններից:
..
7. Յուրաքանչյուր ոք, ով զրկվել է ազատությունից ձերբակալության կամ կալանավորման հետևանքով իրավունք ունի դիմել իրավասու դատարան իր կալանքի օրինականության հարցի քննության և կալանքի անօրինականության դեպքում ազատ արձակվելու համար:
8. Յուրաքանչյուր անձ, ով ձերբակալվել կամ կալանավորվել է սույն հոդվածի դրույթների խախտմամբ, փոխհատուցում ստանալու իրավունք ունի»:
F. Այլ ներպետական իրավունքը
1. Ոստիկանության մասին օրենքը
89. Ոստիկանության մասին 2004թ. օրենքի 24(2) բաժինը (օրենք թիվ 73(I)/2004) վերաբերում է ոստիկանության ծառայողների ընդհանուր իրավունքներին և պարտականություններին: Այն շարադրված է հետևյալ կերպ.
«Ոստիկանության յուրաքանչուր ծառայողի պարտքն է ենթարկվել և կատարել իրեն իրավասու մարմնի կողմից տրված օրինական բոլոր հրամաններին և հրահանգներին, հավաքել և փոխանցել տեղեկություններ որոնք վերաբերում են Կիպրոսի Հանրապետության հանրային խաղաղությանը և անվտանգությանը, կանխել հանցագործությունների և հասարակական կարգի խախտումների կատարումը և իրավախախտներին ներկայացնել արդարադատությանը, ձերբակալել բոլոր այն անձանց որոնք նա լիազորված է ձերբակալել օրինական կերպով և ում ձերբակալման համար բավարար հիմքեր կան:
90. Ոստիկանության մասին օրենքի 29(1)(c) և (d) բաժինը վերաբերում է հանրային ավտոճանապարհներին կարգուկանոնի պահպանության ոստիկանության պարտականությանը: Այն ունի հետևյալ շարադրանքը.
«(1) Ոստիկանության յուրաքանչյուր անդամի պարտականությունն է.
...
(c) պահպանել կարգը հասարակական ավտոճանապարհներին, փողոցներում, խաչմերուկներում, օդանավակայաններում և ժամանման վայրերում և հասարակական հանգստի այլ վայրերում կամ հասարակության համար մատչելի վայրերում
(d) կարգավորել հասարակական կարգի շարժումը և պահպանումը հասարակական ուղիների և փողոցների կամ հասարակական հանգստի կամ հասարակության համար մատչելի այլ վայրերում` արգելափակումների դեպքերում»
2. Հասարակական ճանապարհների մասին օրենքը և Հասարակական ճանապարհների կամ վայրերի աղտոտման կանխման մասին օրենքը
91. Հասարակական ճանապարհների մասին օրենքի 3-րդ բաժինը սահմանում է inter alia, որ ազատազրկմամբ պատժվող հանցագործություն է հասարակական ճանապարհների աղբ կամ որևէ այլ առարկա դնելը կամ թույլ տալ որևէ կեղտի, աղբի, գարշահոտության հոսելը դրա վրայով կամ միջով կամ դիտավորությամբ խոչընդոտելը ճանապարհի ազատ երթևեկությանը (բաժին 3):
92. Հասարակական ճանապարհների կամ վայրերի աղտոտման կանխման մասին 1992թ. օրենքի 3(1) բաժինը (թիվ 19(I)/92 օրենք) սահմանում է, որ ազատազրկմամբ պատժվող քրեական հանցագործություն է համարվում հասարակական ճանապարհին կամ որևէ այլ հանրային վայրում որևէ աղբ, կեղտ և այլն նետելը, թողնելը կամ նետելը կամ թողնելը քաջալերելը կամ թույլատրելը կամ վերոհիշյալ գործողություններից որևէ մեկը կատարելը հասարակական ճանապարհներին կամ այլ հանրային վայրերում գտնվելիս:
3. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների մասին օրենքը
93. Ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների մասին օրենքը (թիվ 163(I)/2005 օրենք) մի շարք դրույթներ է նախատեսում որոնք կարգավորում են ձերբակալվածների իրավունքները և նրանց նկատմամբ վերաբերմունքը: Այն սահմանում է, inter alia, ոստիկանության կողմից ձերբակալված անձի` ձերբակալությունից անմիջապես հետո իր նախընտրած իրավաբանին գաղտնի հեռախոսազանգի իրավունքը (բաժին 3(1)(a)):
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
...
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
172. Դիմումատուն այնուհետև գանգատվել է, որ իր կալանքն անօրինական է եղել և այդ իսկ պատճառով այն խախտում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(զ) կետը, որը, որքանով որ վերաբերելի է, սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
...
(զ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` նրա անօրինական մուտքը երկիր կանխելու նպատակով, կամ այն անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը, որի դեմ միջոցներ են ձեռնարկվում` նրան արտաքսելու կամ հանձնելու նպատակով։»
A. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմումատուն
173. Դիմումատուն պնդել է, որ իր կալանքը ... կամայական է եղել և հակասում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1(զ) կետին: Նախևառաջ իրեն ձերբակալել են ... առանց թույլտվության, չնայած ինքը ձերբակալված չի եղել ծանր հանցագործության կատարման համար: Չնայած իշխանությունները պնդել են, որ բողոքավորները, ներառյալ դիմումատուն, մի շարք հանցագործություններ են կատարել օրինակ Հասարակական ճանապարհների մասին օրենքի համաձայն, նրանք այդ հիմքով չեն ձերբակալել նրանց: Ավելին, իշխանություններն այդ պահին չեն իմացել բողոքավորների անունները և տվյալները և այդ իսկ պատճառով չէին կարող իմանալ, թե արդյոք նրանք ապօրինի են մնում Կիպրոսում: Հետևաբար, իր նկատմամբ կալանքի և արտաքսման որոշումների ընդունումից առաջ իր ձերբակալությունը և կալանքը չի համապատասխանում ներպետական իրավունքի դատավարական պահանջներին և Կոնվենցիայի 11(3) հոդվածին (տե՛ս վերը` կետ 88): Դիմումատուն նկատել է այս կապակցությամբ, որ Կառավարության պնդումների լույսի ներքո լիովին հստակ չէ, թե ինչ հիմքով է ինքը ձերբակալված եղել և կալանքի տակ պահվել այս ժամանակահատվածի ընթացքում:
...
2. Կառավարությունը
177. Կառավարությունը հայտնել է, որ բողոքավորների կողմից անընդունելի իրավիճակ էր ստեղծվել Նիկոսիայի ամենաբանուկ փողոցներից մեկում, որի վրա գրասենյակային և բնակելի շենքերի էին գտնվում: Այն սպառնալիք էր ներկայացնում հասարակության և հենց իրենց` բողոքավորների առողջության համար, խոչընդոտում էր մեքենաների և հետիոտների երթևեկությանը, հասարակական անհանգստություն պատճառելով և հիվանդությունների տարածման սպառնալիք ստեղծեով այդ շրջանում բնակվող կամ աշխատող հասարակության անդամների համար, ովքեր և բողոքել էին իշխանություններին: Բողոքողները հրաժարվել էին համագործակցել իշխանությունների հետ նրանց համոզելու ջանքերը ապարդյուն էին եղել:
178. Իշխանությունները երկու ելք են ունեցել, կամ ձերբակալել բողոքավորներին տեղում կատարված և ազատազրկմամբ պատժվող մի շարք քրեական հանցագործությունների համար, օրինակ Հասարակական ճանապարհների մասին (Cap. 83) և Հասարակական ճանապարհների և հասարակական վայրերի աղտոտման կանխարգելման մասին օրենքով (Law 19 (I)/92) (տես՛ վերը` կետ 91-92) կամ միջոցներ ձեռնարկել բողոքավորների խաղաղ տեղահանման ուղղությամբ: Նրանք ընտրել են վերջին տարբերակը բռնի հակազդեցություններից կամ բախումներից խուսափելու նպատակով և յուրաքանչյուր բողոքավորի ներգաղթի կարգավիճակի ուսումնասիրության համար: Ոստիկանության համար անհնար կլիներ տեղում ստուգում իրականացնել: Որոշում կայացնելիս, ոստիկանությունը հաշվի է առել նաև, որ բողոքավորների շարքերում կանայք և երեխաներ կան:
179. Կառավարությունը նկատել է, որ 2010թ. հունիսի 11-ին բողոքավորներին, ներառյալ դիմումատուին, տեղահանելիս ոստիկանությունն իրականացրել է իր պարտականությունները Ոստիկանության մասին օրենքի համաձայն (թիվ 73(I)/2004 օրենք) իր թիվս այլ բաների կանխելու համար հանցագործությունների կատարումը և հասարակության անհանգստությունը, հասարակական ճանապարհների, փողոցների անցումների և հասարակության համար մատչելի այլ վայրերի կարգի պահպանությունը և (օրենքի 24(2) և 29(1)(c) և (d) բաժինները, տես վերը 89-90 կետեր): Ոստիկանության նպատակը բողոքավորների խաղաղ տարհանումը և նրանց ԱԱՍ կենտրոնակայաններ տեղափոխումն էր նրանց անունները և կարգավիճակը, պարզելու համար հարցաքննելու նպատակով և մասնավորապես պարզելու նրանց, ում ապաստանի դիմումները մերժվել են և ովքեր ապօրինի էին գտնվում Հանրապետությունում: Կառավարությունը համարել էր, որ լիովին օրինական է եղել փողոցից բողոքավորների տարհանման գործողության ընթացքում ապաստանի դիմումների մերժումից հետո հանրապետությունում գտնվող Սիրիացի քրդերի առկայությունը պարզելու փորձերը:
180. Կառավարությունն ընդգծել է այս կապակցությամբ, որ ոչ դիմումատուն և ոչ այլ բողոքավորներ չեն զրկվել իրենց ազատությունից, այլ բողոքավորների հետ փողոցներից տարհանվելիս և ԱԱՍ կենտրոնակայաններ տեղափոխվելիս: Նրանք ազատությունից չեն զրկվել նաև կենտրոնակայաններում իրենց ներգաղթի կարգավիճակը պարզելու նպատակով իրենց փաստաթղթերի ուսումնասիրության ընթացքում: Իշխանությունները բողոքավորներին, ներառյալ դիմումատուին, տեղափոխել են ԱԱՍ կենտրոնակայաններ անձը պարզելու նպատակով և թե չե ձերբակալելու կամ կալանավորելու (հղում կատարելով Իքսն ընդդեմ Գերմանիայի (X. v Germany), թիվ 8819/79, Հանձնաժողովի որոշում 19 մարտի 1981թ, Որոշումներ և Զեկույցներ (DR) հատոր 24, էջ 158): Նրանք չեն պահվել խցերում, նրանց ձեռնաշղթաներ չեն հագցվել և տրամադրվել է սնունդ և խմիչք: Նրանք, ովքեր որ պարզվել է, որ օրինական են բնակվում Հանրապետությունում, գնացել են տուն: Մնացածը ձերբակալվել են: Դիմումատուին պահել են Հանրապետությունում ապօրինի մնալու մեղադրանքի առաջադրումից հետո և ձերբակալել այս հիմքով:
...
B. Դատարանի գնահատականը
...
1. 2010 թ, հունիսի 11-ին դիմումատուին ԱԱՍ կենտրոնակայան տեղափոխելը և այնտեղ պահելը
(ա) Ընդունելիություն
185. Դատարանը նկատում է, որ կողմերն անհամաձայնություն են հայտնել, թե արդյոք դիմումատուի վիճակն այս ժամանակահատվածի ընթացքում հանգեցրել է գործնականում ազատությունից զրկելուն: Կառավարությունը վիճարկել է դիմումատուի փաստարկները և այդպիսով այդ ժամանակահատվածի նկատմամբ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի կիրառելիությունը:
186. 5-րդ հոդվածի 1-ին կետն ամրագրում է «ազատության իրավունքը» վերաբերում է անձի ֆիզիկական ազատությանը: Դրա նպատակն է ապահովել որպեսզի ոչ ազատությունից չզրկվի կամայական եղանակով: Պարզելու համար, թե արդյոք ինչ որ մեկը «զրկվել է իր ազատությունից» 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով, ելակետ պետք է ընդունվի նրա կոնկրետ իրադրությունը և հաշվի պետք է առնվեն մի շարք չափանիշներ, ինչպես օրինակ խնդրո առարկա միջոցի կիրառման տեսակը, տևողությունը, արդյունքները և կիրառման եղանակը: Ազատությունից զրկելու և ազատության սահմանափակման տարբերությունը աստիճանի կամ ինտենսիվության մեջ է և ոչ թե բնույթի կամ էության (տես, ի թիվս այլ աղբյուրների` Օստինը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Austin and Others v. the United Kingdom) [GC], թիվ 39692/09, 40713/09 և 41008/09, կետ 57, 15 մարտի 2012թ., վերը նշված Ստանև` կետ 115, 17 հունվարի 2012թ., Մեդվեդևը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի (Medvedyev and Others v. France) [GC], թիվ 3394/03, կետ 73, ՄԻԵԴ 2010թ., և Գուզզարդին ընդդեմ Իտալիայի (Guzzardi v. Italy), 6 նոյեմբերի 1980թ., կետեր 92-93). Հստակ է, որ հարցը թե արդյոք տեղի է ունեցել ազատությունից զրկում առավելապես հիմնված է գործի կոնկրետ հանգամանքների վրա: (տես օրինակ վերը նշված Օստինը, կետ 61).
187. Պարզելու համար, թե արդյոք տեղի է ունեցել Կոնվենցիայով սահմանված իրավունքների խախտում հաճախ անհրաժեշտ է արտաքինից և օգտագործված բառամթերքից ավելի խորը նայել քան կենտրոնանալ իրադրության հանգամանքների վրա (Օրինակ 5-րդ հոդվածի 1-ին կետի կապակցությամբ տես Կրյանգեն ընդդեմ Ռումինիայի (Creangă v. Romania) [GC], թիվ 29226/03, կետ 91, 23 փետրվարի 2012թ. և Վան Դրոգերբոկն ընդդեմ Բելգիայի (Van Droogenbroeck v. Belgium), 24 հունիսի 1982թ., կետ 38, Սերիա A թիվ 50): Փաստացի իրադրությանը պետության կողմից տրված կամ չտրված բնութագիը չի կարող էականորեն ազդել ազատության զրկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունների վրա:
188. Դատարանը նկատում է, որ Հանձնաժողովի կողմից քննության առնված գործերում անձանց ոստիկանական բաժանմունքում գնվելու նպատակը կամ այն փաստը, որ շահագրգիռ կողմերը հեռանալու խնդրանքով չեն դիմել վճռական գործոններ են համարվել: Այդպիսով, երեխաները, ովքեր երկու ժամ են անցկացրել ոստիկանական բաժանմունքում հարցաքննվելու նպատակով, առանց «փակի տակ» լինելու չի համարվել որ նրանք զրկվել են ազատությունից (տես վերը նշված Իքս ընդդեմ Գերմանիայի (X. v. Germany), թիվ 8819/79) և ոչ էլ դիմումատուն, ով մարդասիրական պատճառներով է տեղափոխվել ոստիկանական բաժանմունք և ով ազատորեն կարողացել է քայլել շրջակայքում և չի խնդրել հեռանալու վերաբերյալ (տես Գենան ընդդեմ Շվեյացրիայի (Guenat v. Switzerland) (dec.), թիվ 24722/94, Հանձնաժողովի որոշում 10 ապրիլի 1995թ.): Համանման կերպով Հանձնաժողովը ծանրակշիռ է համարել այն փաստը, որ դիմումատուն երբեք մտադրություն չի հայտնել լքել դատարանի դահլիճը, որտեղ մասնակցում էր դատաքննությանը (տես Է.Գ.-ն ընդդեմ Ավստրիայի (E.G. v. Austria), թիվ 22715/93, Հանձնաժողովի որոշում 15 մայիսի 1996թ.).
189. Նախադեպային պրակտիկան այդ ժամանակից ի վեր զարգացում է ապրել և իշխանությունների կողմից կիրառված, դիմումատուներին իրենց ազատությունից զրկող միջոցների նպատակը դատարանի գնահատականի համար այլևս վճռական նշանակություն չունի պարզելիս, թե արդյոք փաստացի տեղի է ունեցել ազատությունից զրկում: Մինչ օրս Դատարանն ուշադրություն է դարձրել միայն իր վերլուծությունների վերջին փուլում, երբ քննության է առել միջոցի համապատասխանությունը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին: (տե՛ս վերը նշված Քրենգան` կետ 93, Օսիպենկոն ընդդեմ Ուկրաինայի (Osypenko v. Ukraine), թիվ 4634/04, կետեր 51-65, 9 նոյեմբերի 2010թ.; Սալաևն ընդդեմ Ադրբեջանի (Salayev v. Azerbaijan), թվի 40900/05, կետեր 41-42, 9 նոյեմբերի 2010թ.; Իլյա Ստեֆանովն ընդդեմ Բուլղարիայի (Iliya Stefanov v. Bulgaria), թիվ 65755/01, կետ 71, 22 մայիսի 2008թ.; և Սոարեն և այլոք ընդդեմ Ռումինիայի (Soare and Others v. Romania), թիվ 24329/02, կետ 234, 22 ձետրվարի 2011թ.).
190. Ավելին, Դատարանը կրկնում է իր նախադեպային իրավունքն այն կապակցությամբ, որ 5-րդ հոդվածի 1ի-ին կետը կարող է կիրառվել նաև ազատությունից չափազանց կարճատև ժամանակով զրկման դեպքում: (տե՛ս ի թիվս այլ աղբյուրների` Բրեգան և այլոք ընդդեմ Մոլդովայի (Brega and Others v. Moldova), թիվ 61485/08, կետ 43, 24 հունվարի 2012թ., Շիմոլովոսն ընդդեմ Ռուսաստանի (Shimovolos v. Russia), թիվ 30194/09, կետեր 48-50, 21 հունիսի 2011թ., Իսկանդարովն ընդդեմ Ռուսաստանի (Iskandarov v. Russia), թիվ 17185/05, կետ 140, 23 սեպտեմբերի 2010թ., Ռանցևն ընդդեմ Կիպրոսի և Ռուսաստանի (Rantsev v. Cyprus and Russia), թիվ 25965/04, կետ 317, ՄԻԵԴ 2010 (քաղվածքների) և Ֆոկան ընդդեմ Թուրքիայի (Foka v. Turkey), թիվ 28940/95, կետ 75, 24 հունիսի 2008թ.):
191. Անդրադառնալով սույն գործի փաստերին` Դատարանը նկատում է, որ տրամադրված տեղեկատվության հիման վրա` 2010թ. հունիսի 11-ին ժամը 3-ին ոստիկանության 250 ծառայողների մասնակցությամբ լայնամասշտաբ գործողություն է իրականացվել բողոքավորներին բողոքի վայրից տարհանելու նպատակով (տե՛ս վերը` կետ 36): Դիմումատուն և 148 այլ բողոքավորներ նստեցվել են ավտոբուսներ և տարվել ԱԱՍ կենտրոնակայաններ,, որտեղ նրանք մնացել են մի քանի ժամ` սպասելով իրենց անձը պարզելու և ներգաղթային կարգավիճակի հտակեցմանը:
192. Դատարանը նախ նկատում է այս կապակցությամբ, որ ի հակադրություն Օստինի գործով (վերը նշված` կետեր 66 և 68) քննության առնված բացառիկ հանգամանքների, սույն գործով որևէ ապացույց չկա, որ ոստիկանությունը բողոքի վայրում հանդիպել է բռնի կամ վտանգավոր իրավիճակի, որը բռնի անկարգությունների կամ անձանց կամ գույքի վնասման իրական և անմիջական սպառնալիք էր ստեղծում:
193. Երկրորդ, չնայած պարզվում է, որ բողոքավորների կողմից որևէ դիմադրություն տեղի չի ունեցել, չի կարելի ասել, որ նրանք այդ հանգամանքներում իրական ընտրություն են ունեցել և որ նրանք կամավոր են նստեցվել են ավտոբուսներ և մնացել են ոստիկանական շենքերում: Դատարանն այս կապակցությամբ նկատում է, որ գործողությունը տեղի է ունեցել ժամը 3-ին, երբ բողոքավորների մեծ մասը քնած է եղել (տե՛ս վերը` կետ 36): Չմոռանալով գործողության բնույթի, մասշտաբների և նպատակի մասին, դրա իրականացման եղանակը և իշխանությունների կողմից ձեռնարկված բոլոր միջոցներն` անիրատեսական կլիներ ենթադրել, թե բողոքողներն ազատորեն կարող էին մերժել ավտոբուս նստել և ոստիկանության կենտրոնակայան գնալ: Կառավարությունը չի նշել նաև, որ նրանք ազատ են եղել դա անել: Հստակ է, որ գործողության նպատակը նաև երկրում ապօրինի գտնվող բողոքավորների անձը պարզելն էր` նրանց արտաքսելու նպատակով: Միայն նրանք, ովքեր պարզվել է, որ օրինական են գտնվում երկրում հնարավորություն են ունեցել հեռանալ շենքերից: Անկասկած հարկադրանքի տարրեր եղել են, ինչը Դատարանի կարծիքով ազատությունից զրկելու հատկանիշներից է 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով: Այն փաստը, որ ոչ ոք ձեռնաշղթաներով չի եղել, խցերում չի տեղավորվել կամ այլ կերպ ֆիզիկապես չի սահմանափակվել խնդրո առարկա ժամանակահատվածում վճռական գործոն չի հանդիսանում պարզելու համար ազատությունից զրկման առկայությունը (տե՛ս Ի. Ի.-ն ընդդեմ Բուլղարիայի ( I.I. v. Bulgaria), թիվ 44082/98, կետ 87, 9 հունիսի 2005թ., և վերը նշված Օսիպենկո` կետ 32):
194. Դատարանն այս կապակցությամբ հղում է կատարում նաև ոստիկանության ստացած հրահանգներին` «ձերբակալության զուսպ մեթոդների» կիրառման մասին (տե՛ս վերը` կետ 31):
195. Այդպիսի հանգամանքներում դատարանը համարում է, որ դիմումատուին ԱԱՍ կենտրոնակայան տեղափոխելը և պահելը այս ժամանակահատվածի ընթացքում հանգեցրել է de facto ազատությունից զրկելու` 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով և այս դրույթը կիրառելի է նրա գործով ratione materiae:
196. Դատարանն այնուհետև նկատում է, որ գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(ա) կետի իմաստով: Այն այնուհետև նկատում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ իմաստով: Այդ իսկ պատճառով այն պետք է համարվի ընդունելի:
(բ) Էություն
197. Դատարանն այժմ պետք է պարզի, թե արդյոք դիմումատուին պահելը համապատասխանում է 5-րդ հոդվածի 1-ին կետին: Դատարանը կրկնում է, որ այդ դրույթին համապատասխանելու համար խնդրո առարկա կալանքը պետք է նախևառաջ «օրինական» լինի: Դա պետք է ներառի օրենքով սահմանված ընթացակարգի պահպանումը: Այս կապակցությամբ Կոնվենցիան հղում է կատարում ներպետական օրենսդրությանը և պարտավորություն է սահմանում պահպանել դրա նյութական և դատավարական նորմերը (տե՛ս Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության (Benham v. the United Kingdom), 10 հունիսի 1996թ., կետ 40, Զեկույցներ 1996‑III). Այնուամենայնիվ, կալանավորման «օրինականությունը» ներպետական օրենսդրությամբ միշտ չէ որ վճռորոշ տարր է: Դատարանը ի հավելումն պետք է բավարարված լինի, որ խնդրո առարկա ժամանակահատվածի ընթացքում կալանավորումը համապատասխանել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին, որն ` անձանց կամայականորեն ազատությունից զրկված լինելուց պաշտպանելն է:
198. Դատարանը պետք է ավելին, վստահանա, թե արդյոք ներպետական օրենսդրությունն ինքնին համապատասխանում է Կոնվենցիայի, ներառյալ դրանում ամրագրված ընդհանուր սկզբունքներին: Այս վերջին կետով Դատարանը ընդգծում է, որ երբ գործը վերաբերում է ազատությունից զրկելուն, չափազանց կարևոր է, որ պահպանված լինի իրավական որոշակիության սկզբունքը: Այդ իսկ պատճառով էական է, որ ազատությունից զրկելու պայմանները ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված լինեն և օրենքի կիրառումն ինքնին կանխատեսելի լինի (տե՛ս Զերվուդակին ընդդեմ Ֆրանսիայի (Zervudacki v. France), թիվ 73947/01, կետ 43 և Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի (Baranowski v. Poland)[1], կետեր 50‑52, ...)
199. Սույն գործով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն, այլ բողոքավորների հետ միասին, զրկված չի եղել իր ազատությունից այս ժամանակահատվածի ընթացքում (տե՛ս վերը` կետ 180): Պարզվում է, որ չնայած բացատրություններ են տրամադրվել իշխանությունների գործողությունների վերաբերյալ, որևէ կոնկրետ դրույթի հղում չի կատարվել` որպես ազատությունից զրկելու իրավական հիմք:
200. Այդ կապակցությամբ Կառավարությունը նշել է, որ իշխանություններն ընտրել են բողոքավորների խաղաղ տարհանումը և որ ոստիկանությունը գործել է Ոստիկանության մասին օրենքով սահմանված իր պարտականությունների սահմաններում` որպեսզի inter alia, կանխի որոշակի հանցագործությունների և հանրային անկարգությունների կատարումը և պահպանի կարգը հասարակական ճանապարհների և վայրերում (տե՛ս վերը` կետեր 89-90): Կառավարության կողմից մեջբերված կոնկրետ դրույթները վերաբերում են ոստիկանության ծառայողների իրավասություններին և պարտականություններին` ձերբակալելու մարդկանց, ում նրանք օրինականորեն իրավասու են ձերբակալել և նրանց` հասարակական ճանապարհներին կարգը պահպանելու և երթևեկությունը կարգավորելու պարտականությանը, սակայն չի պնդվել, որ այս իրավասություններից որևէ մեկը իրականում օգտագործվել է դիմումատուի և այլ բողոքավորների ձերբակալության կապակցությամբ:
201. Միևնույն ժամանակ, Կառավարությունը նշել է, որ գործողությունը բողոքավորների անձը և իրավական կարգավիճակը պարզելու նպատակ էր հետապնդում: Իշխանությունները կասկածում էին, որ մի շարք բողոքավորների մերժվել էր ապաստանի տրամադրումը և այդ իսկ պատճառով նրանք «արգելված ներգաղթյալներ» էին, սակայն համարել էին, որ անհնար կլինի տեղում արդյունավետ ուսումնասիրություն իրականացնել առանց բռնի հակազդեցության առաջացման: Հետևաբար, բոլոր բողոքավորները տարվել էին ԱԱՍ կենտրոնակայաններ ինքնությունը պարզելու նպատակով և պարզելու թե արդյոք նրանք ապօրինի ներգաղթյալներ են: Կառավարությունը, այնուամենայնիվ, չի ընդունել, որայս հիմքով տեղի է ունեցել ազատությունից զրկում:
202. Դատարանը գիտակցում է այն բարդ իրադրությունը որում գտնվել են Կիպրոսի իշխանությունները և օպերատիվ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: Դա, այնուամենայնիվ, չի կարող արդարացնել այնպիսի միջոցների կիրառումը, որոնք հանգեցրել են ազատությունից զրկման առանց որևէ հստակ իրավական հիմքի:
203. Դրանից հետևում է, որ դիմումատուին այդ ժամանակահատվածում ազատությունից զրկելը հակասում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին: Այդ իսկ պատճառով տեղի է ունեցել այդ դրույթի խախտում:
...
ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՎԵՐՈԳՐՅԱԼԸ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Համարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վերաբերյալ գանգատն ընդունելի...
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցված 2013թ. հուլիսի 23-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն:
Ֆաթոշ ԱրաջըԻնետա Զիմելե
Քարտուղարի տեղակալՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1] Խմբագրի նշում` Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի (Baranowski v. Poland), թիվ 28358/95, կետ 68, ՄԻԵԴ 2000‑III:
Full & Egal Universal Law Academy