© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2016. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
MAGEE-Ն ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ
(Գանգատներ թիվ թիվ 26289/12, 29062/12 և 29891/12)
ՎՃԻՌ
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐՔ
12 մայիսի 2015թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
12/08/2015
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Magee-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Չորրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով՝
Päivi Hirvelä-ն, Նախագահ,
George Nicolaou-ն,
Ledi Bianku-ն,
Nona Tsotsoria-ն,
Paul Mahoney-ն,
Krzysztof Wojtyczek-ը,
Faris Vehabović-ը, դատավորներ,
և Françoise Elens-Passos-ը, Բաժանմունքի քարտուղար,
2015թ. ապրիլի 14-ին կայացված դռնփակ նիստում,
Կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2012թ. մայիսի 1-ին, 2012թ. մայիսի 14-ին և 2012թ. մայիսի 10-ին համապատասխանաբար «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն Իռլանդիայի երեք քաղաքացիներ՝ պրն. Gabriel Magee-ի, պրն. Colin Francis Duffy-ի և տկն. Teresa Magee-ի («դիմումատուներ») կողմից ընդդեմ Մեծ Բրիտանիայի և Հյուսիային Իռլանդիայի Միացյալ Թագավորության բերված երեք գանգատների (թիվ թիվ 26289/12, 29062/12 և 29891/12) հիման վրա:
2. Առաջին և երկրորդ դիմումատուներին ներկայացրել է Բելֆաստում գործունեություն ծավալող KRW Law ՍՊԸ փաստաբանական գրասենյակը: Երրորդ դիմումատուին ներկայացրել է Lurgan-ում գործունեություն ծավալող O’Connor & Moriarty Solicitors գրասենյակի փաստաբան՝ պրն. P. Moriarty-ն: Միացյալ Թագավորության կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է պետության լիազոր ներկայացուցիչ տկն. M. Addis-ը՝ Արտաքին գործերի և բրիտանական համագործակցության գրասենյակից:
3. 2012թ. սեպտեմբերի 25-ին առաջին և երկրորդ դիմումատուների գանգատները ուղարկվել են Կառավարությանը: Երրորդ դիմումատուի գանգատը Կառավարությանն է ուղարկվել 2012թ. նոյեմբերի 7-ին: Դիմումատուները և Կառավարությունը գործերի ըստ էության և ընդունելիության վերաբերյալ ներկայացրել են գրավոր առարկություններ (Կանոն 59 § 1):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
4. Առաջին դիմումատուն ծնվել է 1972թ. և ապրում է Բելֆաստում: Երկրորդ դիմումատուն ծնվել է 1967թ. և ապրում է Lurgan-ում: Երրորդ դիմումատուն ծնվել է 1978թ. և ապրում է Craigavon-ում:
Ա. Առաջին և երրորդ դիմումատուները
5. 2009թ. մարտի 14-ին առաջին և երրորդ դիմումատուները ձերբակալվել են 2000թ. Ահաբեկչության մասին օրենքի («2000թ. օրենք») 41-րդ հոդվածի համաձայն՝ 2009թ. մարտի 9-ին տեղի ունեցած ոստիկանի սպանության մեջ ներգրավված լինելու կասկածանքով: Նույն օրը նրանց կալանքի են վերցվել Antrim-ի ոստիկանության բաժանմունքում: Առաջին դիմումատուին երկու անգամ հարցաքննել էին 2009թ. մարտի 15-ին և մեկ անգամ էլ՝ 2009թ. մարտի 16-ին, մինչդեռ երրորդ դիմումատուին երեք անգամ հարցաքննել էին 2009թ. մարտի 15-ին և մեկ անգամ էլ՝ 2009թ. մարտի 16-ին:
6. 2009թ. մարտի 16-ին Գլխավոր դատախազը («ԳԴ»)՝ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի 29-րդ կետի համաձայն միջնորդություն է ներկայացրել շրջանային դատարան՝ խնդրելով կալանավորման մասին որոշում կայացնել երկու դիմումատուների առնչությամբ՝ հիմնավորելով այն հարցաքննություն և դատաբժշկական փորձաքննություններ անցկացնելու անհրաժեշտությամբ: Առաջին դիմումատուն դատական նիստի ընթացքում երդման տակ ցուցմունք է տվել: Դատական նիստից հետո շրջանային դատարանի դատավորը որոշում է կայացրել՝ թույլատրելով հինգ օրով երկարացնել կալանքը:
7. Հաջորդ հինգ օրերի ընթացքում երկու դիմումատուները տասներկու անգամ հարցաքննվել են:
8. 2009թ. մարտի 21-ին Գլխավոր դատախազը՝ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի 36-րդ կետի համաձայն միջնորդություն է ներկայացրել շրջանային դատարան՝ խնդրելով կալանավորման որոշման մեջ նշված ժամկետը երկարացնել յոթ օրով: Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության արդյունքների ձեռքբերումից հետո ժամկետի այդ երկարաձգումներն անհրաժեշտ էին դիմումատուների հետագա հարցաքննությունները հեշտացնելու համար: 2009թ. մարտի 22-ին կայացած առանձին դատական նիստերի ընթացքում Ոստիկանապետն երդման տակ ցուցմունք է տվել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության հարցի մասով և համապատասխան փաստարկներ ներկայացրել առաջին և երրորդ դիմումատուների վերաբերյալ:
9. Դատական նիստին հաջորդիվ մեծարգո դատավոր Philpott QC-ին գրավոր վճիռ է կայացրել առաջին դիմումատուի և ex tempore որոշում՝ երրորդ դիմումատուի առնչությամբ: Դատարանը բավարարել է երկու միջնորդությունները՝ առաջին դիմումատուի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելով մինչև 2009թ. մարտի 28-ի ժամը 7.20-ը, իսկ երրորդ դիմումատուի կալանքի տակ պահելու ժամկետը՝ մինչև 2009թ. մարտի 28-ի ժամը 5.52: Վճռի պատճառաբանական մասում դատավոր Philpott-ը նշել է այն մասին, որ դատաբժշկական փորձաքննությունը կենտրոնական դեր էր խաղում ընթացող հետաքննության համար և որ հետաքննությունը ջանասիրաբար և արագ էր իրականացվում:
10. Կայացված վճռում դատավոր Philpott-ը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք 2000թ. օրենքը կամ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը ձերբակալման օրինականությունը քննելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ դատարանին ուղղակի կամ ենթադրյալ իրավասություն էր տալիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ այն մերժելու հարցում: Դատավոր Philpott-ը եզրակացրել է, որ դատարանն այդպիսի իրավասություն չունի, քանի թի 2000թ. օրենքը թույլ էր տալիս դատավորին որոշելու միայն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ այն մերժելու անհրաժեշտության հարցի վերաբերյալ: Հետևաբար, դատարանը պետք է սահմանափակվեր այն հարցի քննությամբ, թե արդյոք հետաքննության նպատակների համար կալանքի տակ պահելու քառասունութ ժամը երկարացնելու անհրաժեշտություն գոյություն ուներ, մինչդեռ ձերբակալման օրինականությունը որոշելու հետ կապված հարցերը ենթակա էին Բարձր դատարանի քննության՝ habeas corpus կամ դատական վերանայման վարույթի շրջանակում:
...
Գ. Մեկ վարույթում միացված գործերը
17. Դիմումատուները դատարանից խնդրել են թույլատրել դիմել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Philpott-ի 2009թ. մարտի 21-ի և 22-ի որոշումների դատական վերանայման համար: Նրանք, նախևառաջ, պնդում էին, որ դատավոր Philpott-ը սխալ է թույլ տվել եզրակացնելով, որ դատարանը կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ այն մերժելու որոշում կայացնելիս իրավասու չէր քննելու ձերբակալման օրինականության հարցը, երկրորդ, որ դատավորը չէր քննել այն հարցը, թե արդյոք կարիք կար, որպեսզի դիմումատուները կալանքի տակ գտնվեն մինչև դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների ստանալը, երրորդ, որ դատավորի՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը պատճառաբանված չէր և վերջապես, որ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածն անհամատեղելի էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ:
18. Հյուսիային Իռլանդիայի Բարձր դատարանը 2009թ. մարտի 24-ին թույլատրել է դիմել դատական վերանայման և գործով դատական նիստ կայացրել 2009թ. մարտի 25-ին:
19. Դիմումատուների առաջին պնդման վերաբերյալ Բարձր դատարանը գտել է, որ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ և 32-րդ կետերը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան, ինչպես որ դրանք մեկնաբանվում են Դատարանի նախադեպային իրավունքում: Այսպիսով, կալանավորման օրինականության վերանայման մեջ պետք է մտնի նաև ձերբակալության հիմքի քննությունը, հակառակ պարագայում անձը՝ 2000թ. օրենքի համաձայն կարող է կալանքի տակ պահվել մինչև քսանութ օր ժամկետով՝ առանց սկզբնական ձերբակալման օրինականության շուրջ դատական վերանայման իրականացման հնարավորության, որը չի կարող Կոնվենցիայի պահանջ հանդիսանալ: Հետևաբար, Բարձր դատարանը գտել է, որ դատավոր Philpott-ն անարդար է վարվել՝ դիմումատուներին թույլ չտալով վերանայել ձերբակալման օրինականությունը, և որպես հետևանք, պետք է բեկանել կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումը: Սակայն, դատարանն ընդունել է, որ անհրաժեշտ չէ, որպեսզի ձերբակալման օրինականության վերանայումը պահանջի մանրասման կերպով մեկնաբանել ձերբակալման որոշման հիմքում ընկած հանգամանքները և որ այն պետք է հաշվի առնի այնպիսի սահմանափակումները, որոնք անհրաժեշտաբար կիրառվում են ահաբեկչության հանցագործությունների բազմաթիվ ձերբակալումներով:
20. Ինչ վերաբերում է դիմումատուների երկրորդ և երրորդ պնդումներին, ապա Բարձր դատարանը գտել է, որ չնայած դատավորը անմիջականորեն չէր անդրադարձել այն հարցին, թե արդյոք ավելի նպատակահարմար էր դիմումատուներին կալանքի տակ պահել կամ նրանց ազատ արձակել՝ մինչև դատաբժշկական փորձաքննությունների արդյունքների ստանալը, դատավորը սխալ չէր վարվել ձերբակալման որոշման բավարարման հիմքում ընկած կալանավորման անհրաժեշտությունը հաշվի առնելով: Բացի այդ, թեև դատավորի հիմնավորումները, ըստ էության, ներկայացված են եղել, դրանք բավարար էին, որպեսզի դիմումատուները հասկանային դատարանի որոշման հիմքը:
21. Դատարանը հետաձգել է դիմումատուների չորրորդ պնդման, այն է՝ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ համապատասխանության հարցի շուրջ քննությունը: 2011թ. փետրվարի 24-ի վճռում Հյուսիային Իռլանդիայի Բարձր դատարանը գտել է, որ օրենքի 8-րդ հավելվածի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի հետ համապատասխանության վերաբերյալ պնդումն անհիմն է: Դատարանը, մասնավորապես, գտել է, որ թեև ոչ մի կասկած չկա առ այն, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված «իրավասու օրինական մարմինը» այն մարմինն է, որն լիազորված է քրեական մեղադրանքի հարցերով զբաղվել (Միացյալ Թագավորությունում՝ հաշտարար դատավոր), Schiesser-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով (4 դեկտեմբերի 1979թ., § 29, Շարք Ա թիվ 34) և McKay-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով [ՄՊ] (թիվ 543/03, ՄԻԵԴ 2006‑X) Դատարանը հստակ նշել է, որ «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի» գործառույթը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակների համար կարող է ստանձնել այն պաշտոնատար անձը, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և որն անպայման չէ լինի այն անձը, որը լիազորված է ցանկացած վերջնական քրեական մեղադրանքով իրականացնել դատաքննություն. որ, թեև 2000թ. օրենքով ազատ արձակելու հստակ լիազորություն նախատեսված չէր, ինչպես որ պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով, այդպիսի լիազորությունն այնուամենայնիվ ենթադրվում է. որ, եթե 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի 32-րդ կետով սահմանված է, որ ողջամիտ հիմքեր են պետք ենթադրելու, որ անձին կալանքի տակ պահելն անհրաժեշտ էր, ուստի այն բավարարում էր համաչափության պահանջը. որ օրենսդրությունում գրավով պայմանական ազատ արձակման մասին որևէ դրույթ չկար, ինչպիսի հարցը քննության առարկա չի հանդիսացել սույն գործով, սակայն պետք է լուծում ստանա ապագայում քննվող որևէ գործի շրջանակներում. որ, թեև 8-րդ հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետը իրավունք է տալիս դատական իշխանությանը թույլ չտալ դիմումատուին կամ նրան ներկայացնող որևէ անձին մասնակցել լսումներին կամ դրանց որևէ մասին, մինչդեռ 34-րդ կետը թույլ է տալիս չհայտնել ունեցած տեղեկությունները դիմումատուին կամ նրան ներկայացնող որևէ անձին, դատարանի տրամադրության տակ էին գտնվում մի շարք միջոցներ՝ անհրաժեշտ չափով պահպանելու մրցակցային դատավարությունը և կողմերի հավասարությունը. և վերջապես, որ չկար այնպիսի մի մարմին, որը կպաշտպաներ դիմումատուների պնդումն առ այն, որ 5-րդ հոդվածով պահանջվում է, որպեսզի կալանավորված յուրաքանչյուր անձին մեղադրանք առաջադրվի նախքան 2000թ. օրենքով նախատեսված քսանութ օրվա լրանալը:
22. 2011թ. ապրիլի 4-ին Հյուսիային Իռլանդիայի Բարձր դատարանը հաստատեց, որ դատարանը բավարարված է նրանով, որ 2011թ. փետրվարի 24-ին կայացված որոշումում ներառված են ընդհանուր հանրային նշականության մասին օրենքի հետևյալ կետերը՝
«(ա) Արդյոք 2000թ. Ահաբեկչության մասին օրենքի («օրենք») 8-րդ հավելվածի III-րդ մասի 29-րդ կետի 3-րդ ենթակետով և 36-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ կալանավորումը՝ չորս օրից ավել ժամկետով երկարացնելու թույլտվությունը համատեղելի է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի («Կոնվենցիա») 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի, 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն դիմումատուի իրավունքների հետ:Եթե Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համատեղելիությունը հնարավոր է ապահովել միայն կալանավորված անձին դատական մարմնի մոտ տանելով՝ (i) բացառությամբ հաշտարար դատարանի և (ii) առանց որևէ մեղադրանք նրա դեմ առաջադրելու,Եթե Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթեկատը պետք է մեկնաբանել 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ համատեղ՝ որպես փոխկապակցված դրույթներ և նկատի ունենալ, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» և 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված «իրավասու օրինական մարմին» համակարգերը համընկնում են միմյանց հետ,Եթե սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված «դատական իշխանությունը» համապատասխանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանված «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» հասկացության հետ,Եթե Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթեկատը և 5-րդ հոդվածի 3-րդ կետը չեն կարող այնպես մեկնաբանվել, համաձայն որի կասկածյալին թույլատրվում է առանց մեղադրանքի կալանքի տակ պահել Խորհրդարանի կողմից նախատեսված ցանկացած ժամկետով՝ պարբերական դատական հաստատման պահանջին միայն ենթարկվելու պայմանով, ինչպես որ, օրինակ՝ սահմանված է սույն օրենքի 8-րդ հոդվածով:
(բ) Արդյոք գրավով պայմանական ազատ արձակելու լիազորության բացակայությունը 8-րդ հավելվածի III-րդ մասով սահմանված կալանքի երկարաձգման համակարգը չի դարձնում այն անհամատեղելի ՄԻԵԿ-ի 5-րդ հոդվածի հետ, և
(գ) Արդյոք կալանքը երկարաձգելու ընթացակարգը այն դեպքերում, երբ դատավորը (8-րդ հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն) թույլ չի տալիս կասկածյալին կամ նրա ներկայացուցչին մասնակցել լսումների մի մասին և երբ դատավորին հասանելի է այն նույն տեղեկատվությունը, որը չի հրապարկվում կասկածյալին և նրա ներկայացուցչին, 8-րդ հավելվածի 34-րդ կետի 1-ին ենթակետը և 2-րդ ենթակետի «զ» պարբերությունը անհամատեղելի է մրցակցային դատավարության հետ, ինչպես որ 5-րդ հոդվածով պահանջվում է Secretary of State for the Home Department-ը ըննդեմ AF (FC) & Anor-ի գործով [2010] 2 AC 269»:
23. Սակայն, Բարձր դատարանը մերժել է թույլ տալ բողոք ներկայացնել Գերագույն դատարան:
24. 2011թ. նոյեմբերի 14-ին Գերագույն դատարանը մերժել է թույլատրել բողոք բերել այն հիմքով, որ դիմումատուներն ընդհանուր հանրային նշականության մասին օրենքի վիճելի որևէ կետի առնչությամբ հարց չէին բարձրացնում:
Դ. Դիմումատուներին կալանքից ազատելը
25. 2009թ. մարտի 25-ին դիմումատուներին ազատ էին արձակել՝ առանց մեղադրանք ներկայացնելու: Ոստիկանի սպանության գործով առաջին և երրորդ դիմումատուների կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հետագայում մեղադրանք չէր առաջադրվել:
26. Երկրորդ դիմումատուն անմիջապես կրկին ձերբակալվել էր և հացրաքննվել դրան հաջորդող երկու օրերի ընթացքում: 2009թ. մարտի 27-ին նա մեղադրվել էր երկու զինվորների սպանության կատարման և զենք ու զինամթերք պահելու մեջ: 2009թ. մարտի 27-ին նրան տարել էին շրջանային դատարան, որը գտնվում էր Larne-ի հաշտարար դատարանում: Գրավով ազատ արձակվելու նրա միջնորդությունը չէր բավարարվել: 2009թ. նոյեմբերի 6-ին և 23-ին, լսումներից հետո Բարձր դատարանը մերժել էր գրավ կիրառել այն հիմքով, որ կրկնահանցագործության իրատեսական վտանգ կար, քանի որ կասկածներ կային վերջինիս՝ դիսիդենտական հանրապետական կազմակերպությանը անդամակցելու մասին: 2010թ. հոկտեմբերի 8-ին Բարձր դատարանը մեկ անգամ ևս մերժել է գրավ կիրառել:
27. 2011թ. նոյեմբերի 7-ին երկրորդ դիմումատուի գործը քննող դատավորը հանդես է եկել առանց երդվյալ ատենակալների: 2012թ. հունվարի 20-ին վերջինս արդարացվել էր մեղադրական եզրակացության բոլոր կետերով:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
Ա. 2000թ. Ահաբեկչության մասին օրենքի համաձայն ահաբեկիչներին ձերբակալելու և կալանավորելու իրավասությունը
28. 2000թ. օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է ահաբեկչին որպես մի անձի, ով հանցագործություն է կատարել սույն օրենքի տարբեր հոդվածների ներքո կամ նրան, ով ներկայում կամ անցյալում ներգրավված է եղել ահաբեկչական գործողությունների կատարման, նախապատրաստման կամ դրանց դրդման մեջ:
29. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ ոստիկանը (կոնստեբլը) կարող է առանց որոշման ձերբակալալել անձի, երբ հիմնավոր կասկածներ կան, որ նա ահաբեկիչ է:
30. 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի III-րդ մասը վերաբերում է ոստիկանության կողմից քառասունութ ժամվա ընթացքում նման անձի՝ կալանքի տակ պահելուն:
31. Օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ կալանքի տակ գտնվող անձը պետք է ազատ արձակվի ոչ ուշ քան քառասունութ ժամվա ավարտին, որը սկսում է հաշվարկվել ձերբակալման պահից՝ համաձայն ստորև ներկայացված 4-րդ և 7-րդ կետերի՝
«(4) Եթե 8-րդ հավելված II-րդ մասի համաձայն անձի՝ կալանավորման վերանայման ընթացքում այն վերանայող պաշտոնյան չի թույլատրում կալանքը երկարացնել, անձը պետք է ազատ արձակվի (բացառությամբ՝ եթե անձը կալանավորվել է 5-րդ կամ 6-րդ կետերի կամ որևէ այլ իրավասության իրականացման համաձայն):
(5) Այն դեպքերում, երբ ոստիկանը նախատեսում է միջնորդություն ներկայացնել 8-րդ հավելվածի 29-րդ կետի համաձայն անձի կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, անձը կարող է կալանքի տակ մնալ մինչև այդ միջնորության ներկայացնելը:
(6) Այն դեպքերում, երբ 8-րդ հավելվածի 29-րդ կամ 36-րդ կետերի համաձայն միջնորություն է ներկայացվել անձի կալանավորման վերաբերյալ, անձը կարող է կալանքի տակ պահվել մինչև այդ միջնորդության քննության վերաբերյալ որոշում կայացնելը:
(7) Այն դեպքերում, երբ 8-րդ հավելվածի 29-րդ կամ 36-րդ կետերի համաձայն անձի կալանավորման վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, անձը կարող է կալանքի տակ պահվել դատարանի որոշման մեջ սահմանված ժամկետով՝ համաձայն նույն հավելվածի 37-րդ կետի պահանջների»:
32. Օրենքի 8-րդ հավելվածի 29-րդ կետը սահմանում է, որ Հյուսիսային Իռլանդիայի Գլխավոր դատախազը («ԳԴ») կարող է միջնորդություն ներկայացնել դատական մարմնին՝ կալանավորման մասին որոշում կայացնելու պահանջով: 29-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ կալանքի ժամկետը կարող է երկարացվել յոթ օրով, որը սկսում է հաշվարկվել 2000թ. օրենքի 41-րդ հոդվածի հիման իրականացված ձերբակալման պահից, եթե ավելի կարճ ժամկետով կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն չի ներկայացվել կամ դատական մարմինը բավարարվել է նրանով, որ գոյություն ունեն այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են աննպատակահարմար դարձնել յոթ օրից ավելի ժամկետով կալանքն երկարացնելը:
33. 2000թ. օրենքի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիայում դատական մարմին է հանդիսանում շրջանային դատարանի դատավորը կամ շրջանային դատավորը (հաշտարար դատարան), ով նշանակվել է օրենքի նպատակների համար:
34. 8-րդ հավելվածի 30-րդ կետով պահանջվում է միջնորդությունը ներկայացնել նախնական կալանքի ընթացքում կամ այդ ժամկետը ավարտվելուց հետո` վեց ժամվա ընթացքում:
35. 31-րդ կետի համաձայն` կալանավորման միջնորդությունը չի կարող քննվել, քանի դեռ այն անձը, որին դա վերաբերում է, չի ծանուցվել այն մասին, որ նման միջնորդություն է ներկայացվել, երբ է այն ներկայացվել և քննվելու, ինչպես նաև կալանավորման հիմքերը:
36. 32-րդ կետի 1-ին ենթակետը սահմանում է, որ դատական մարմինը միայն կարող է կալանավորման մասին որոշում կայացնել, եթե այն բավարարված է այն հանգամանքով, որ ողջամիտ հիմքեր կան ենթադրելու, որ անձին անհրաժեշտ է կալանքի տակ պահել և որ վերջինիս կալանավորման համար առիթ հանդիսացող հետաքննությունը ջանասիրաբար և արագ կերպով է իրականացվում:
37. 32-րդ կետի 1ա-րդ ենթակետը սահմանում է, որ անձը պետք է կալանքի տակ պահվել, եթե անհրաժեշտ է`
«(ա) ձեռք բերել համապատասխան ապացույցներ` անձին հարցաքննելու միջոցով կամ այլ կերպ,
(բ) պահպանել համապատասխան ապացույցները, և
(գ) առկախ համապատասխան ցանկացած ապացույցների կամ որևէ այլ հարցի վերաբերյալ քննության կամ վերլուծության արդյունքների, որոնց քննությունն ու վերլուծությունը իրականացվում են կամ իրականացվել են համապատասխան ապացույցներ ձեռք բերելու նպատակներից ելնելով»:
38. Համապատասխան ապացույցների տակ հասկացվում են այն ապացույցները, որոնք վերաբերում են 40-րդ հոդվածի համաձայն կատարված հանցագործությանը կամ վկայում են այն մասին, որ կալանավորված անձն ընկնում է այդ հոդվածի ներքո:
39. 33-րդ կետը պահանջում է, որպեսզի անձը, ում վերաբերում է միջնորդությունը, դատական մարմնի առջև բանավոր կամ գրավոր կերպով և լսումների ընթացքում իրավաբանորեն ներկայացված լինելու հնարավորություն ունենա: 33-րդ կետի 3-րդ ենթակետը սահմանում է, որ դատական մարմինը կարող է թույլ չտալ անձին, որին վերաբերում է միջնորդությունը, կամ նրան ներկայացնող որևէ մեկին մասնակցել լսումներին:
40. Նմանապես, 34-րդ կետը Գլխավոր դատախազին իրավունք է տալիս միջնորդություն ներկայացնել դատական մարմնին՝ խնդրելով իր ունեցած որոշակի տեղեկատվությունը, որի վրա նա ցանկանում էր հետագայում հիմնվել, չհայտնել այն անձին կամ նրան ներկայացնող ցանկացած անձի, որին այդ միջնորդությունը վերաբերում էր: Դատական մարմինը կարող է միայն այդպիսի որոշում կայացնել, եթե համոզված է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տեղեկատվության հրապարակման դեպքում.
«(ա) 40-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով նշված դրույթներից որևէ մեկի համաձայն կատարված հանցագործության մասին վկայող ապացույցի նկատմամբ տեղի կունենա միջամտություն կամ այն կվնասվի,
(բ) կարող են խոչընդոտներ առաջանալ նշված դրույթներից որևէ մեկի համաձայն կատարված հանցագործության արդյունքում ստացված գույքի ետ ստանալու հարցում,
(գ) կարող են խոչընդոտներ առաջանալ 23-րդ կամ 23Ա-րդ հոդվածների կարգով բռնագրավման ենթակա գույքի ետ ստանալու հարցում,
(դ) անձին տեղեկացնելու դեպքում լրացուցիչ դժվարություններ կարող են առաջանալ 40-րդ հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերի հիմունքներով կասկածվող անձի ձերբակալման, քրեական հետապնդման կամ դատապարտման հետ կապված,
(ե) անձին տեղեկացնելու դեպքում լրացուցիչ դժվարություններ կարող են առաջանալ ահաբեկչության գործողությունը կանխարգելու հետ կապված,
(զ) կարող է միջամտություն տեղի ունենա ահաբեկչական գործողության մեկնարկման, նախապատրաստման կամ հրահրման նկատմամբ, կամ
(է) անձի նկատմամբ միջամտություն տեղի կունենա կամ նա ֆիզիկական վնասվածքներ կստանա»:
41. 36-րդ կետը վերաբերում է կալանքի ժամկետի՝ առավելագույնը մինչև քսանութ օրով երկարացման որոշումներին: Ցանկացած միջնորդություն կարող է կալանքի ժամկետը երկարացնել ևս յոթ օրով: Այն միջնորդությունը, որի բավարարման արդյունքում կալանքի ընդհանուր ժամկետը կգերազանցի տասնչորս օրը, պետք է ներկայացվի Բարձր դատարան, բոլոր մյուս դեպքերում՝ այն ներկայացվում է շրջանային դատարանի հատուկ նշանակված դատավորին կամ շրջանային դատավորին (հաշտարար դատարան):
Բ. Ward-ն ընդդեմ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ծառայության [2007] 1 WLR 3013, [2007] UKHL 50
42. Ward-ն ընդդեմ Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանության ծառայության գործով Լորդերի պալատը գտել է, որ 8-րդ հավելվածի 33-րդ կետում նշված ընթացակարգը նախատեսվել է հենց կալանավորված անձանց և ոչ թե՝ ոստիկանության շահերից ելնելով: Այն շարադրված է հետևյալ կերպ.
«27. Այս հարցի պատասխանը հետևյալն է. դատական մարմնի տրամադրության տակ գտնվող ընթացակարգը, որը հիշատակված է 33-րդ կետով, նախատեսված է առաջին հերթին կալանավորված անձանց և ոչ թե՝ ոստիկանության շահերից ելնելով: Միջնորդության հասցեատեր հանդիսացող անձին այն իրավունք է տալիս փաստարկներ ներկանացնել դատարանին, ինչպես նաև ներկայացված լինել լսումների ընթացքում: Սակայն, այն նաև ընդունում է դատական մարմնի այն հարցադրումների զգայուն բնույթը, որոնք վերջինս կարող է բարձրացնել՝ համոզված լինելու համար, որ անձի լավագույն շահերից է բխում, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ խնդրո առարկա կալանավորումն անհրաժեշտ է: Որքան խորն ես փորձում մտնել այս հարցի քննության մեջ, այնքան զգայուն է այն թվում: Որքան երկար է կալանքի՝ թույլատրվող երկարացման ժամկետը, այնքան կարևոր է բարեխղճորեն և ջանադրաբար քննել այդ միջնորդության հիմքերը:
28. Ինչպես և սույն գործով, դատական մարմնի քննության առարկա է հանդիսանում այն հարցը, թե արդյոք պետք է միջամտել ոստիկանության այն իրավունքի իրականացմանը, երբ վերջիններս՝ մինչև կասկածյալին հարցաքննելը չեն բացահայտում այն հարցերը, որոնք նրանք մտադրված են իրեն տալ: Դա տեղի ունենալու դեպքում, կալանավորված անձին չի վնասի այդ հարցերին տեղեկացված չլինելը, քանի որ դատական մարմինը կարող է այդ հարցը ավելի մարնակրկիտ կերպով քննել՝ պարզելու համար, թե արդյոք 32-րդ կետով սահմանված կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու խստապահանջ թեստը բավարարված է: Իշխանությունը, այդ դեպքում, չի օգտագործվում ի վնաս կալանավորված անձի, այլ՝ միայն հօգուտ նրան: Դատավոր Hart J-ն իր ex tempore վճռում նշել է, որ անձի պաշտպանությունը երաշխավորում է դատավորը, ում իրավասությունները սահմանափակված են ներկայացված միջնորդության հիքմերի նկատմամբ մանրակրկիտ և բազմակողմանիորեն քննության իրականացմամբ:
29. Հնարավոր են դեպքեր, երբ վտանգ կա, որ դատական մարմնին 33-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասությունը կարող է լինել ի վնաս կալանավորված անձի: Նման դեպքերը, ամենայն հավանականությամբ, հազվադեպ են, սակայն դատական մարմինը մշտապես պետք է ուշադիր լինի նշված իրավասությունը այդ եղանակով չիրականացնելու համար»:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ
43. Սույն գործով քննության ենթակա երեք գանգատները (թիվ թիվ 26289/12, 29062/12 և 29891/12) նույն հարցերին են առնչվում: Ստորև ներկայացված 47-ից 59-րդ պարբերություններում նշված հիմքերով, Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմումատուի բողոքներն անընդունելի են: Սակայն, Դատարանը գտնում է, որ մնացած գանգատները (թիվ թիվ 26289/12 և 29891/12) պետք է միացվեն՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 42-րդ հոդվածի 1-ին կետի:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ «Գ», 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
44. Դիմումատուները բողոքել են, որ նրանց կալանավորումը տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ», 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ, որոնցում շարադրված է հետևյալը.
«Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
... ... ...
(գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերμակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար,
... ... ...
2. Յուրաքանչյուր ձերբակալված իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է իր ձերμակալման պատճառների և ներկայացվող ցանկացած մեղադրանքի մասին:
3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
45. Դատարանը սահմանափակված չէ դիմումատուների կողմից գործի փաստերին տրված իրավական բնորոշմամբ (տե՛ս, օրինակ՝ Margaretić-ն ընդդեմ Խորվաթիայի, թիվ 16115/13, § 75, 5 հունիսի 2014թ.): Հետևաբար, հաշվի առնելով, որ դիմումատուների՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն բողոքի էությունը կայանում էր նրանում, որ նրանց անհապաղ չեն տարել «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի» մոտ, Դատարանը գտնում է, որ ավելի նպատակահարմար է սույն բողոքը քննել 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիման վրա:
46. Կառավարությունը վիճարկել է դիմումատուների այդ փաստարկները:
...
Բ. Գործի ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
(ա) Դիմումատուները
62. Դիմումատուները վկայակոչել են Schiesser-ն ընդդեմ Շվեյցարիայի գործը (4 դեկտեմբերի 1979թ., Շարք Ա թիվ 34) որպես հեղինակավոր աղբյուր այն պնդման համար, որի համաձայն «իրավասու օրինական մարմինը» (5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետ) հանդիսանում է «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» (5-րդ հոդվածի 3-րդ կետ) հասկացության կարճ ձևի հոմանիշ: Հյուսիսային Իռլանդիայում քրեական գործ հարուցելու ընթացակարգի համաձայն՝ քրեական մեղադրանք առաջադրելուց հետո անձը, ամենից առաջ, տարվում է հաշտատար դատարան: Հետևաբար, դիմումատուները պնդել են, որ Հյուսիսային Իռլանդիայում հաշտատար դատարանն էր, որ հանդես էր գալիս և՛ որպես «իրավասու օրինական մարմին»՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի նպատակների համար, և՛ որպես «դատավոր կամ այլ պաշտոնատար անձ»՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակների համար, և քանի որ նրանք երբևիցե չեն տարվել հաշտարար դատարան, ուստի նրանց՝ մեղադրանքից առաջ կալանովորումը եղել է 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտմամբ:
63. Դիմումատուները այնուհետ պնդել են, որ տրամաբանական կլիներ, որպեսզի մեղադրանքի առաջադրումից հետո առաջին անգամ հաշտարար դատարանին ներկայանալը դիտվեր որպես «դատավորի կալ այլ պաշտոնատար անձի» մոտ տարվել, քանի որ դրանով լրացուցիչ երաշխիքներ կտրամադրվեին կամայական կալանավորումից խուսափելու համար: Մասնավորապես, դրանով կերաշխավորվեր կալանավորված անձի նկատմամբ առաջադրված մեղադրանքի արագ և հրապարակային ներկայացումը. դրանով կապահովվեր կալանավորված անձի՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցի քննությունը և որ ամենակարևորն է՝ պայմանական ազատ արձակման հնարավորությունը. և եթե կալանավորման միջնորդութունը բավարարվում է, ապա անձը նախընտրելի էր գտնվեր քրեակատարողական հիմնարկում, այլ ոչ թե ոստիկանության բաժանմունքում, որը քիչ հավանական է, որ բավարար լիներ երկարատև կալանավորման համար:
64. Եթե նույնիսկ Դատարանը ընդուներ, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կալանավորման դատական վերանայումը չէր կատարվում հաշտատար դատարանի կողմից, դիմումատուն պնդել է, որ 2000թ. օրենքով հասկացվող «դատական մարմինը» այնպիսի լիազորություններ և հատկանիշներով օժտված չէր Կոնվենցիայի այդ հոդվածի պահանջները կատարելու համար:
65. Նախևառաջ, դիմումատուները պնդել են, որ դատական մարմնի՝ կալանավորման օրինականության առաջին ստուգման ժամանակ իրականացվող քննության շրջանակը համատեղելի չէր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ: Սույն գործով Բարձր դատարանը գտել է, որ ձերբակալման օրինականության ստուգման ընթացքում հանգամանալից վերլուծության չպետք է ենթարկվեն ձերբակալման որոշման հիմքերը, այլ անհրաժեշտ է անդրադարձ կատարել այնպիսի սահմանափակումներին, որոնք կիրառելի են ահաբեկչական հանցագործությունների ժամանակ բազմաթիվ ձերբակալման դեպքերին, որոնցով հասարակության անվտանգության պատճառները չեն թույլատրում ամբողջությամբ բացահայտել այն տեղեկությունները, որոնք ընկած են տվյալ ձերբակալման որոշման հիմքում։ Դիմումատուները պնդել են, որ դա չէր համապատասխանում 5-րդ հոդվածի 3-րդ կետին, քանի որ դատավորի կողմից առաջին և դրան հաջորդող ստուգումների ժամանակ նման թեստը խոչընդոտում էր արդյունավետ ստուգում իրականացնել սույն հոդվածով պահանջվող ձերբակալման և կալանավորման օրինականության նկատմամբ։ Հետևաբար, եթե նույնիսկ շրջանային դատարանի դատավորը առաջնորդվել է Բարձր դատարանի կողմից կայացված որոշմամբ, այն դեռևս բավարար չէր 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխանելու համար։
66. Երկրորդ, սովորական իրավական գործընթացներից դուրս գտնվող առանձին և յուրահատուկ մեխանիզմի ստեղծման հիմքում ընկած տրամաբանական շղթան կայանում էր նրանում, որ «դատական մարմինը» պետք է կատարի դատական վերահսկման երկու առանձին դերեր, ինչպես որ դա պահանջվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով. կալանավորման ինքնաբերական վերանայումը և այն հարցի առթիվ քննությունը, թե արդյոք մինչդատական փուլում կալանավորված անձը պետք է գրավով ազատ արձակվի: Կոնվենցիայի նախադեպային իրավունքով հաստատվել է, որ դատական վերահսկման վերջին այդ դերը անհրաժեշտ է պատշաճ արագությամբ իրականացնել (McKay-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ], թիվ 543/03, ՄԻԵԴ 2006‑X): Կողմերի միջև վեճի առարկա չէ այն, որ 2000թ. օրենքով սահմանված «դատական մարմինը» պայմանական ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն չուներ. այնուհանդերձ, առանց ազատ արձակման պայմանների կիրառման հնարավորության դատական մարմինը կարող է միայն որոշում կայացնել անվերապահ ազատ արձակման կամ կալանքի երկարաձգման վերաբերյալ: Նման իրավիճակը հատկապես սաստկանում է այն գործերով, ինչպիսին է սույն գործը, որով դիմումատուները՝ նվազագունը պետք է պայմանականորեն ազատ արձակվեին: Այս կապակցությամբ, դիմումատուները պնդել են, որ ոստիկանությունը փորձում էր երկարացնել նրանց կալանքի ժամկետը, երբ վերջիններս առանց մեղադրանքի առաջադրման արդեն յոթ օր կալանքի տակ էին գտնվում. ոստիկանության հարցաքննությունները ավարտվել էին, սակայն դեռ չէին ստացվել փորձաքննության արդյունքները. իրակացված հետաքննությունում բավարար ապացույցներ չէին ձեռք բերվել, որոնք կարող էին ընկնել դիմումատուների մեղադրանքի հիմքում. նրանք լավ բնավորության տեր մարդիկ էին և որևէ վտանգ չկար, որ նրանք կարող էին թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. և նրանք անմեղության կանխավարկածի իրավունք ունեին։
(բ) Կառավարությունը
67. Կառավարությունը պնդել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմնական պահանջը նրանում է, որ ձերբակալված անձն անհապաղ տարվում է «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն»: 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում և 5-րդ հոդվածի 3-րդ կետում նշված դատական մարմինները պարտադիր չէ որ նույնը լինեն. 8-րդ հավելվածի համաձայն՝ կալանավորված անձը տարվում է դատավորի մոտ, ինչը համընկնում է 5-րդ հոդվածի 3-րդ կետի հիմնական պահանջի հետ: Ի հիմնավորումն իր այս պնդմանը Կառավարությունը վկայակոչել է 5-րդ հոդվածի բովանդակությունը, 5-րդ հոդվածի նպատակը և Դատարանի՝ Aquilina-ն ընդդեմ Մալթայի գործով ([ՄՊ], թիվ 25642/94, ՄԻԵԴ 1999‑III) և Schiesser-ն ընդդեմ Շվեյցարիայի գործով վերևում նշված վճիռները:
68. Նախևառաջ, մի կողմից՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում և մյուս կողմից՝ 5-րդ հոդվածի 3-րդ կետում օգտագործված տարբեր ձևակերպումների հանգամանքը վկայում է այն մասին, որ այդ դրույթներում վկայակոչված երկու դատական մարմինները պարտադիր չէ, որ համընկնեն միմյանց հետ:
69. Երկրորդ, Medvedyev-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործով ([ՄՊ], թիվ 3394/03, ՄԻԵԴ 2010) Դատարանը պնդել է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի նպատակն է ապահովել, որ ձերբակալված անձինք անհապաղ անձամբ տարվեն դատական իշխանության պաշտոնատար անձի մոտ և որ 8-րդ հավելվածի դրույթները ծառայում են այդ նպատակին: Նշված դրույթները, մասնավորապես, երաշխավորում են, որ անձը չենթարկվի կամայական կալանավորման, քանի դեռ գործում է կասկածյալի կալանավորման անկախ դատական ստուգումը, իսկ կասկածյալն էլ պետք է ազատ արձակվի, եթե կալանավորման մեջ նրա գտնվելը այլևս արդարացված չէ: Այն պնդումը, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ» հասկացությունը համընկնում է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի «իրավասու օրինական մարմնի» հետ, ոչինչ չէր ավելացնի կալանավորված անձի պաշտպանության իմաստով, այն ձևին նախապատվություն կտար բովանդակության նկատմամբ, և առանց որևէ հիմնավոր պատճառի կսահմանափակեր շահագրգիռ պետության կողմից դատական միջոցների կառավարումը:
70. Երրորդ, ոչինչ չի վկայում այն մասին, որ Schiesser-ն ընդդեմ Շվեյցարիայի կամ Aquilina-ն ընդդեմ Մալթայի գործերով 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դատական մարմինը պետք է համընկներ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշվածին: Ընդհակառակը, Դատարանը այդ վճիռներում հստակ նշել է, որ վճռորոշ հարցը այստեղ կայանում է նրանում՝ արդյոք դատավորը կամ այլ պաշտոնատար անձը անհրաժեշտ անկախություն ունի գործադիր իշխանությունից և այլ մասնակիցներից:
71. Կառավարությունը այնուհետ պնդել է, որ դիմումատուները սխալ են հասկացել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտադիր առաջին ստուգման էությունը: Առաջին, չի պահանջվում, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն կալանավորված անձը մեղադրված լինի կամ, ի վերջո, նրան մեղադրանք առաջադրվի (Brogan-ը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, 29 նոյեմբերի 1988թ., § 53, Սարք Ա թիվ 145‑B): Ուստի, քրեական մեղադրանքի՝ որպես 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն կալանավորման օրինականության ստուգման մաս, արագ և հրապարակային առաջադրելը անիմաստ էր:
72. Երկրորդ, հիմքեր չկային եզրակացնելու, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն ստուգումը՝ որպես ինքնաբերաբար համարվող մի պարտավորություն, ընդգրկում է մինչև դատաքննության մեկնարկը կալանավորված անձի՝ որոշակի պայմաններով կամ առանց դրանց ազատ արձակումը, ելնելով այն պատճառներից, որոնք առնչություն չունեն կալանավորման օրինականության կամ քրեական հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հետ (McKay-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, մեջբերված է վերևում, §§ 38 – 39): 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված կալանավորման վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, ինչպես նաև շարունակական նախնական կալանքի վերաբերյալ 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները (որոնց մեջ մտնում է նաև պայմանական ազատ արձակման հարցի քննությունը) առանձին իրավունքներ են վերապահել, որոնք տրամաբանական կամ ժամանակագրական առումներով առերևույթ կապակցված չեն (Medvedyev-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, մեջբերված է վերևում, § 119): Սույն գործով, թեև դիմումատուների նախնական կալանքը նոր էր սկսել, դատավորը կալանավորման մասին կարող էր որոշում կայացնել միայն, եթե համոզված էր, որ դիմումատուներից յուրաքանչյուրը ողջմատորեն կասկածվում էր ահաբեկչության կատարման կամ ահաբեկիչ լինելու մեջ. որ ողջամիտ հիմքեր կային ենթադրելու, որ դիմումատուներից յուրաքանչյուրի կալանավորումն անհրաժեշտ էր. և որ հետաքննությունը ջանասիրաբար և արագ է իրականացվել: Նման հանգամանքներում, դատավորին անհրաժեշտ չէր լրացուցիչ իրավասություններ ունենալ պայմանական գրավով դիմումատուին ազատ արձակելու համար:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքները
73. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը հիմնարար իրավունքների առաջին այն կատեգորիայի մեջ է մտնում, որով պաշտպանվում է անձի անձնական անձեռնմխելիությունը և որ, մասնավորապես, երեք տարրեր կարող են առանձնացվել Դատարանի նախադեպային իրավունքի միջոցով. բացառությունների սահմանափակ բնույթը, որոնք պետք է ճշգրտորեն մեկնաբանվեն և որոնք այլ դրույթների համաձայն (մասնավորապես՝ Կոնվենցիայի 8-ից 11-րդ հոդվածները) թույլ չեն տալիս լայն հիմնավորումներ. կալանավորման՝ դատավարական և նյութական առումներով օրինականության կրկնակի շեշտադրումը, որը պահանջում է իրավունքի գերակայության սկզբունքի ճշգրիտ կատարում. և 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն անհրաժեշտ դատական հսկողության՝ պատշաճ արագությամբ և հրատապությամբ իրականացվելու կարևորությունը (տե՛ս McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 30):
74. Դատարանը ընդգծում է 5-րդ հոդվածի 3-րդ կետով ձերբակալված անձին շնորհվող երաշխիքների կարևորությունը: Այս դրույթի նպատակն է երաշխավորել, որպեսզի ձերբակալված անձինք անհապաղ անձամբ տարվեն դատական իշխանության պաշտոնատար անձի մոտ: Նման ինքնաբերական և հրատապ դատական ստուգման համակարգը կարևոր միջոց է հանդիսանում կամայական վարքագծի, մեկուսի կալանավորման և վատ վերաբերմունքից պաշտպանված լինելու համար (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Brogan-և և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 58, Brannigan-ը և McBride-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 26 մայիսի 1993թ., §§ 62‑63, Շարք Ա թիվ 258-B, Aquilina-ն ընդդեմ Մալթայի, մեջբերված է վերևում, § 49, և Dikme-ն ընդդեմ Թուրքիայի, թիվ 20869/92, § 66, ՄԻԵԴ 2000‑VIII):
75. 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ հանդիսանալով երաշխիքների այս շրջանակի մի մաս, կառուցվածքային առումով վերաբերում է երկու առանձին հարցերի. ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերը, երբ անձը վերցվում է իշխանությունների իրավասության ներքո, և քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքը, երբ անձը կարող է կամ կալանքի տակ պահվել, կամ որոշակի պայմաններով կամ առանց պայմանների ազատ արձակվել: Այս երկու տարրերը առանձին իրավունքներ են վերապահում, որոնք տրամաբանական կամ ժամանակագրական առումներով առերևույթ կապակցված չեն (տե՛ս T.W.-ն ընդդեմ Մալթայի [ՄՊ], թիվ 25644/94, § 49, 29 ապրիլի 1999թ., McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 31 և Medvedyev-ն ընդդեմ Ֆրանսիայի, մեջբերված է վերևում, § 119):
76. Քննարկելով ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերը որպես առաջին տարր, Դատարանի նախադեպային իրավունքը սահմանում է, որ «իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի» պատճառով ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ստանա պաշտպանություն դատական վերահսկողության միջոցով, այն է՝ նախքան քրեական մեղադրանք ներկայացնելու հնարավորության առաջանալը (տե՛ս Brogan-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 53): Այս վերահսկողության նպատակն է արդյունավետ երաշխիքներ նախատեսել վատ վերաբերմունքի վտանգի առնչությամբ, որն առավել հավանական է ձերբակալման վաղ փուլերում, որը քրեական մեղադրանք առաջադրվելուց հետո կարող է վերածվել ազատությունից շարունակական զրկման, ինչպես նաև իրավապահների կամ այլ պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների չարաշահման դեմ, որը պետք է նախատեսված լինի շատ սահմանափակ նպատակների համար և իրականացվի սահմանված ընթացակարգերի խիստ պահպանմամբ: Դատական վերահսկողությունը պետք է համապատասխանի ստորև նշված պահանջներին (տե՛ս McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 32):
(α) Անհապաղությունը
77. Ձերբակալված անձը պետք է առաջին հերթին անհապաղ տարվի դատավորի մոտ, ինչը հնարավորություն կտա հայտնաբերել վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում և նվազագույնի հասցնել անձի ազատության նկատմամբ ցանկացած չարդարացված միջամտություն: Չնայած ամեն մի գործ պետք է գնահատվի դրա առանձահատկություններին համապատասխան (Belousov-ն ընդդեմ Ուկրաինայի, թիվ 4494/07, § 94, 7 նոյեմբերի 2013թ.), միևնույն ժամանակ այս պահանջի համաձայն նախատեսված սուղ ժամկետները մեկնաբանության ճկունություն գրեթե թույլ չեն տալիս, հակառակ դեպքում դատավարական երաշխիքի՝ ի վնաս անձի լուրջ թուլացում տեղի կունենար, ինչպես նաև կվտանգվեր սույն դրույթով պաշտպանվող իրավունքի բուն էությունը (տե՛ս Brogan-ը և այլոք գործը, մեջբերված է վերում, § 62, որով չորս օր և վեց ժամ կալանավորման ժամանակահատվածը, որի ընթացքում անձը դատարան չէր տարվել, հանդիսացել էր 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում, նույնիսկ ահաբեկչության հետաքննության համատեքստում):
78. Brogan-ի գործով (մեջբերված է վերևում) եզրակացությունը կայանում է նրանում, որ նույնիսկ եթե բացառիկ հանգամանքներ կամ առանձնահատուկ դժվարություններ գոյություն ունեն, ինչպես որ նախատեսված է ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության համատեքստում, որոնք արդարացնում են իրավասու մարմնի կողմից ձերբակալված անձին՝ մինչև դատավորի մոտ տանելու պահը անազատության մեջ գտնվելու ավելի երկար, քան սովորական գործերով ժամկետը, դատական առաջին ստուգումը պետք է կատարվի առավելագույնը ձերբակալումից հետո չորս օրվա ընթացքում: Վերը նշված McKay-ի գործով Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում տեղի չի ունեցել այն հանգամանքներում, երբ ոչ ահաբեկիչ կասկածյալը ձերբակալումից հետո քառասունութ ժամվա ընթացքում տարվել է դատական իշխանության պաշտոնատար անձի մոտ: Վերը նշված Aquilina-ի գործով նույնպես Դատարանը համաձայնել է, որ դիմումատուի ձերբակալումից հետո երկու օրվա ընթացքում հաշտատար դատարանին նրան ներկայացնելը համապատասխանում էր անհապաղության պահանջին: Այդուհանդերձ, թեև չորս օրը գերազանցող ցանկացած ժամանակահատված prima facie չափազանց երկար կարող է լինել, որոշակի հանգամանքներում ավելի կարճ ժամկետները նույնպես կարող են խախտել անհապաղության պահանջը (տե՛ս Ipek-ը և այլոք ընդդեմ Թուրքիայի, §§ 36-37, որով երեք օր և ինն ժամ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը բավարար չափով անհապաղ չէր համարվել անչափաս դիմումատուների պարագայում, Kandzhov-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 68294/01, § 66, 6 նոյեմբերի 2008թ., որով երեք օր և քսաներեք ժամ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը բավարար չափով անհապաղ չէր համարվել, քանի որ դիմումատուն, ով ձերբակալվել էր ոչ մեծ ծանրության և բռնություն գործադրելու հետ չկապված հանցագործություն կատարելու մեղադրանքով, քսանութ ժամ արդեն գտնվել էր արգելանքի տակ, երբ ոստիկանությունը գործը քննող դատախազին խնդրել էր միջնորդություն ներկայացնել իրավասու դատարան՝ դիմումատուին նախնական կալանքի տակ վերցնելու վերաբերյալ, և Hassan-ը և այլոք ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 46695/10, § 89, 4 դեկտեմբերի 2014թ., որով դիմումատուները տևական ժամանակ արդեն կալանքի տակ էին գտնվում մինչև ոստիկանության կողմից արգելանքի վերցվելը):
(β) Դատական վերահսկողության ինքնաբերական բնույթը
79. Դատական վերահսկողությունը պետք է ինքնաբերական բնույթ ունենա և կախված չլինի կալանավորված անձի դիմումից. այս առումով այն պետք է տարբերակվի 5-րդ հոդվածի 4-րդ կետից, որը կալանավորված անձին իրավունք է վերապահում դիմել ազատ արձակվելու համար: Դատական վերահսկողության այս ինքնաբերական բնույթը անհրաժեշտ է այդ կետի նպատակները կատարելու համար, քանի որ վատ վերաբերմունքի ենթարկված անձը կարող է ի վիճակի չլինել իր կալանավորումը վերանայելու միջնորդություն ներկայացնել դատարան. նույնը կարող է ճշմարիտ լինել նաև ձերբակալված անձանց այլ խոցելի խմբերի դեպքում, ինչպիսին են օրինակ՝ մտավոր զարգացման թերություններ ունեցող կամ դատավարության լեզվին չտիրապետող անձինք (տե՛ս Aquilina-ի գործը, մեջբերված է վերևում):
(γ) Դատական իշխանության պաշտոնատար անձի հատկանիշները և լիազորությունները
80. Հաշվի առնելով, որ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը մեկ ամբողջություն է կազմում 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ, ուստի 1-ին կետի «գ» ենթակետի «իրավասու օրինական մարմինը» հանդիսանում է 3-րդ կետի «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» հասկացության կարճ ձևի հոմանիշ (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Lawless-ն ընդդեմ Իռլանդիայի (թիվ 3), 1 հուլիսի 1961թ., Շարք Ա թիվ 3, և Schiesser-ի գործը, մեջբերված վերևում, § 29):
81. Դատական իշխանության պաշտոնատար անձը պետք է ներկայացնի գործադիր իշխանությունից և այլ մասնակիցներից իր անկախության անհրաժեշտ երաշխիքները, որով նրան արգելվում է հետագայում մեղադրանքի կողմում մասնակցել քրեական դատավարությանը, դատավորը նաև պետք է լիազորություններ ունենա՝ անձին լսելու և ձերբակալման և կալանավորման օրինականության և հիմքերի վերանայման արդյունքում որոշում կայացնել անձին ազատ արձակելու վերաբերյալ (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Assenov-ը և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 28 հոկտեմբերի 1998թ., §§ 146 և 149, Զեկույցներ 1998-VIII): Ինչ վերաբերում է վերանայման շրջանակին, ապա այն ձևակերպումն, որը ընկած է Դատարանի կայուն նախադեպային իրավունքի հիմքում, սահմանված է վաղ շրջանում կայացված Schiesser-ի գործով (մեջբերված է վերևում, § 31).
«Բացի այդ, 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գոյություն ունեն դատավարական և նյութաիրավական երկու պահանջներ: Դատավարական պահանջի համաձայն «պաշտոնատար անձի» վրա պարտականություն է դրվում լսել իր մոտ տարվող անձին [...]. նյութաիրավական պահանջը նրա վրա պարտականություններ է դնում վերանայել կալանավորումն արդարացնող կամ բացառող հանգամանքները, որոշել՝ հղում կատարելով այն իրավական չափանիշներին, թե արդյոք հիմքեր կան կալանավորումը արդարացնելու և, եթե այդպիսի հիմքեր չկան, ազատ արձակման որոշում կայացնելու համար [...]»:
82. Այլ կերպ ասած, «5-րդ հոդվածի 3-րդ կետով պահանջվում է, որպեսզի դատական իշխանության պաշտոնատար անձը քննի կալանավորման էությանն առնչվող հանգամանքները» (տե՛ս T.W.-ն ընդդեմ Մալթայի և Aquilina-ի գործը, երկուսն էլ՝ մեջբերված են վերում, համապատասխանաբար՝ 41-րդ և 47-րդ պարբերություններում):
83. Ձերբակալման և կալանավորման առաջին ինքնաբերական ստուգումը համապատասխանաբար պետք է քննության առարկա դարձնի օրինականության հարցերը, ինչպես նաև այն, թե արդյոք հիմնավոր կասկած կա առ այն, որ ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը. այլ կերպ ասած՝ արդյոք կալանավորումն ընկնում է 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով թույլատրվող բացառությունների մեջ: Այն դեպքերում, երբ կալանավորումը չի համապատասխանում այդ չափանիշներին, կամ այն անօրինական է, դատական իշխանության պաշտոնատար անձը պետք է անձին ազատ արձակելու իրավասություն ունենա (տե՛ս McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 40):
84. Սակայն, համապատասխան նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը որևէ հիմք չի տալիս եզրակացնելու, որ վերանայումը, որպես ինքնաբերական պարտականություն, նաև վերաբերում է դիմումատուի՝ դատական քննության ընթացքում՝ որոշակի պայմաններով կամ առանց դրանց կալանքից ազատ արձակման հարցին և իրականացվում է այլ հիմքերի շուրջ, որոնք կապ չունեն կալանավորման օրինականության կամ դիմումատուի կողմից քրեական հանցագորոծությունը կատարելու հիմնավոր կասկածի առկայության հետ: Ուստի, ոչինչ չի վկայում այն մասին, որ հղում կատարելով Schiesser-ի վճռի «կալանվորումն արդարացնող կամ բացառող հանգամանքներին», Դատարանը ավելին էր անում, քան պարզապես նշում էր, որ դատական իշխանության պաշտոնատար անձը իրավասու պետք է լինի ներպետական օրենքի համաձայն ստուգելու ձերբակալման և կալանավորման օրինականությունը և դրանց համապատասխանությունը 5-րդ հոդվածի 1-ին կետ «գ» ենթակետի պահանջների հետ (McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 36):
85. Դատարանը մի շարք առիթներով նշել է, որ ահաբեկչական հանցագործությունների հետաքննությունը, անկասկած, իշխաննությունների համար որոշակի խնդիրներ է ստեղծում (տե՛ս Brogan-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում, § 61, Murray-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 28 հոկտեմբերի 1994թ., § 58, Շարք Ա թիվ 300-A, և Aksoy-ն ընդդեմ Թուրքիայի, 18 դեկտեմբերի 1996թ., § 78, Զեկույցներ 1996-VI): Brogan-ը և այլոք գործով (մեջբերված է վերևում, § 61) Դատարանը մասնավորապես նշել է, որ «ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ձերբակալման և կալանավորման որոշումների դատական վերահսկողության հետ կապված դժվարությունները կարող են ազդել 5-րդ հոդվածի 3-րդ կետի կիրառման եղանակի վրա, օրինակ՝ պահանջելով պատշաճ դատավարական նախազգուշական միջոցներ նախատեսել, հաշվի առնելով կասկածվող հանցագործությունների բնույթը»: Սակայն, դա չի նշականում, որ հետաքննության մարմինները՝ 5-րդ հոդվածի համաձայն «անսահմանափակ լիազորություններ» («carte blanche») ունեն ձերբակալել կասկածյալներին հարցաքննելու նպատակների համար՝ խուսափելով ներպետական դատարանների և, վերջին հաշվով, Կոնվենցիայի վերահսկող հաստատությունների արդյունավետ վերահսկողությունից, երբ նրանք պնդեին, որ այն ահաբեկչության հետ էր առնչվում (տե՛ս Öcalan-ն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], թիվ 46221/99, § 104, ՄԻԵԴ 2005‑IV):
(δ) Նախաքննության կամ կալանավորման ժամանակահատվածը
86. Անմեղության կանխավարկածը ազատ արձակման օգտին է: Ինչպես սահմանված է Neumeister-ն ընդդեմ Ավստրիայի գործով (27 հունիսի 1968թ., էջ 37, § 4, Շարք Ա թիվ 8), 5-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ տարրը դատական մարմնին ընտրություն կատարելու հնարավորություն չի տալիս մեղադրյալի գործը ողջամիտ ժամկետում դատաքննության նշանակելու կամ դատական քննության ընթացքում վերջինիս կալանքից ժամանակավոր ազատելու միջև: Անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատավճռով, մինչդեռ խնդրո առարկա դրույթի հիմնական նպատակն է անձին կալանքից ժամանակավոր ազատ արձակել, երբ վերջինիս շարունակվող կալանավորումը դադարում է ողջամիտ լինել:
87. Հետևաբար, կալանքի տակ պահելը կարող է միայն արդարացված լինել այն դեպքերում, երբ հանրային շահի իրական պահանջի առկայության մասին վկայող որոշակի հատկանիշներ կան, որոնք, անկախ անմեղության կանխավարկածի սկզբունքից, գերակայում են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված ազատության նկատմամբ հարգանքի կանոնի առնչությամբ (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Kudła-ն ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 30210/96, §§ 110 և դրան հաջորդող պարբերությունները, ՄԻԵԴ 2000‑XI):
88. Հիմնավոր կասկածի կենսունակությունը, համաձայն որի ձերբակալված անձն է կատարել հանցագործությունը sine qua non պայման է հանդիսանում կալանքի երկարաձգման օրինականության համար, սակայն ժամանակի ընթացքում այն այլևս բավարար չէ կալանքի երկարաձգումն արդարացնելու համար: Դատարանը փորձ չի կատարել այս հասկացությունը փոխարկել կոնկրետ օրերի, շաբաթների, ամիսների կամ տարիների, կամ կախված հանցագործության ծանրությունից՝ տարբեր ժամանակահատվածների (Stögmüller-ն ընդդեմ Ավստրիայի, թիվ 1602/62, § 4, 10 նոյեմբերի 1969թ.): Եթե «հիմնավոր կասկածի» առկայությունը այլևս բավարար չէ, Դատարանը պետք է հիմնավորի, թե արդյոք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերը շարունակել են արդարացնել ազատազրկումը: Մասնավորապես, այդ մարմինները պետք է պարզեն, թե արդյոք այդ հիմքերը «հիմնավոր» էին և «բավարար», և արդյոք ներպետական իշխանությունները «հատուկ ջանասիրություն» են ցուցաբերել գործի քննության ընթացքում (տե՛ս, ի թիվս այլ հեղինակավոր աղբյուրների, Letellier-ն ընդդեմ Ֆրանսիայի, 26 հունիսի 1991թ., § 35, Շարք Ա թիվ 207, և Yağcı-ն և Sargın-ն ընդդեմ Թուրքիայի, 8 հունիսի 1995թ., § 50, Շարք Ա թիվ 319‑A):
89. Դատարանի նախադեպային իրավունքում դեռ անդրադարձ չի եղել այս համատեքստում նախնական կալանքի վաղ փուլերին, հավանաբար, ինչպես գործերի ճնշող մեծամասնության դեպքում կասկածանքի առկայությունը բավարար հիմք է հանդիսանում կալանավորման համար, իսկ գրավով այն չփոխարինելու հարցն էլ լրջորեն չի վիճարկվել: Կասկած չի առաջացնում, սակայն, որ դատաքննության ընթացքում դատարանը պետք է հնարավորություն ունենա քննելու կալանքից ազատելու հարցը, քանի որ նույնիսկ այս փուլում կարող են լինել այնպիսի գործեր, որով հանցագործության բնույթը կամ կասկածվող իրավախախտի անձնական հանգամանքները այնպիսին են, որ կալանավորումը դարձնում են չարդարացված կամ հիմնավոր և բավարար հիմքերով չապահովված: «Անհապաղության» ուղղակի պահանջ, ինչպես որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում է առկա, այնտեղ չկա: Սակայն, դատարանը՝ դիմումատուի միջնորդության կամ իր նախաձեռնությամբ, գործի քննությունը պետք է իրականացնի պատշաճ արագությամբ՝ նպատակ ունենալով ազատազրկման անհիմն դեպքերը հասցնել նվազագույնի (տե՛ս McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 46):
90. Երաշխավորելու համար, որ իրավունքը գործնականում կիրառելի է և արդյունավետ, այլ ոչ թե՝ տեսական և թվացյալ, և որ այն ազնիվ գործելակերպի միայն խնդիրը չէ, սակայն նախընտրելի է՝ ձգձգումները նվազեցնելու համար, որպեսզի այն դատական իշխանության պաշտոնատար անձը, ով իրականացնում է կալանավորման օրինականության և հիմքերի առկայության վերաբերյալ առաջին ինքնաբերական ստուգումը նաև իրավասու լինի անձին գրավի դիմաց ազատ արձակի: Սակայն, դա Կոնվենցիայի պահանջը չէ և սկզբունքորեն պատճառ չկա, թե ինչու այդ հարցերը դատական իշխանության երկու պաշտոնատար անձինք չեն կարող լուծել անհրաժեշտ ժամանակահատվածում: Բոլոր դեպքերում, մեկնաբանման հարց հանդիսանալով, չի կարող պահանջվել, որպեսզի գրավի քննությունը ավելի արագ կատարվի, քան պահանջվում է առաջին ինքնաբերական ստուգման դեպքում, որն ըստ Դատարանի՝ առավելագույնը չորս օր է (տե՛ս Brogan-ը և այլոք գործը, մեջբերված է վերևում):
(բ) Սույն գործով վերոնշյալ ընդհանուր սկզբունքների կիրառումը
(α) Արդյո՞ք դիմումատուները անհապաղ տարվել են դատավորի կամ դատական իշխանության պաշտոնատար անձի մոտ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջների պահպանմամբ
91. Չնայած, ինչպես նշվել է վերևում, (80-րդ պարբերություն), 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում նշված «իրավասու օրինական մարմինը» պետք է հասկանալ որպես նույն հոդվածի 3-րդ կետում նշված «դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն» հոմանիշ, սակայն սրանից չի բխում, որ այս երկու դրույթներով դիտարկվող տարաբնույթ դատական գործառույթներ իրականացնելու համար նախատեսված դատական մարմինները անպայմանորեն պետք է լինեն նույնական: Ճիշտ հակառակը, Դատարանն իր նախադեպային իրավունքում բազմիցս շեշտել է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին տարրը սահմանափակված է՝ ապահովելով, որ կալավանորված անձն անհապաղ տարվի դատական մարմնին, որն իրավասու է քննելու ձերբակալման օրինականությունը, կալանավորման էությանն առնչվող հանգամանքները և կայացնելու ազատ արձակման մասին որոշում այն դեպքում, երբ կալանքի տակ պահելն այլևս հակասում է օրենքին: Այսպիսի դեպքերում Դատարանը գտել է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին տարրի պահանջները բավարված են: Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով ճիշտ հարցադրումը այն չէ, թե արդյոք դիմումատուների գործը պետք է քննվեր հաշտարար դատարանի կողմից, որը Հյուսիսային Իռլանդիայի դատական մարմին է, որտեղ կասկածյալը՝ քրեական մեղադրանք առաջադրվելուց հետո առաջին անգամ դատարան է ներկայացվում, այլ այն, թե արդյոք վերջիններս փաստացի տարվել են դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, դրանով իսկ բավարարելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին տարրի՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված սկզբնական ազատազրկման հետ կապված պահանջները:
92. Նախքան այս հարցին անդրադառնալը Դատարանը նկատում է, որ կալանավորման ընթացքում դիմումատուների հարցը երկու անգամ քննվել է հատուկ նշանակված շրջանային դատարանի դատավորի կողմից. դիմումատուների ձերբակալումից քառասունութ ժամ հետո, երբ Գլխավոր դատախազը 8-րդ հավելվածի 29-րդ կետի համաձայն կալանավորման միջնորություններ էր ներկայացրել, և հինգ օր հետո, երբ Գլխավոր դատախազը 8-րդ հալվելվածի 36-րդ կետի համաձայն կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել (տե՛ս վերևում՝ 6-8-րդ և 33-րդ պարբերությունները): Թեև դիմումատուն հետագայում դատական վերանայման պահանջի միջոցով վիճարկում էր 36-րդ կետի ներքո կայացված որոշման օրինականությունը, Բարձր դատարանը գտել է, որ 32-րդ կետը, որով սահմանվում է կալանավորման որոշման կայացման հիմքերը, պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համահունչ (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները): Այդ իսկ պատճառով, Դատարանը պետք է գործը քննի այն հիմքով, որ 29-րդ և 36-րդ կետերի ներքո ներկայացված դատավորների իրավասությունները տարբերակված չեն:
93. «Անհապաղության» պահանջի մասով Դատարանը նկատում է, որ տվյալ գործով դիմումատուները չափահասներ են, ովքեր դատարանի առջև են ներկայացվել ահաբեկչության հետ կապված հանցագործության մեջ կասկածի հիմքով իրենց ձերբակալման պահից քառասունութ ժամվա ընթացքում: Հաշվի առնելով վերևում՝ 77-րդ և 78-րդ պարբերություններում ներկայացված սկզբունքները՝ Դատարանն ընդունում է, որ դիմումատուները՝ «անհապաղ» տարվել են դատարանի մոտ:
94. 5-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պահանջն այն է, որ կալանավորված անձի դատական իշխանության պաշտոնատար անձի առջև առաջին ներկայացումը պետք է կատարվի ինքնաբերաբար: Սույն գործով դիմումատուները չեն փորձել ապացուցել հակառակը: Համաձայն 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի 29-րդ կետի՝ ոստիկանները պետք է դիմեն շրջանային դատարանի դատավորին՝ կալանավորման քառասունութ ժամյա նախնական ժամկետը երկարացնելու միջնորդությամբ (տե՛ս վերևում՝ 32-րդ պարբերությունը), այդ իսկ պատճառով դիմումատուները չէին կարող քառասունութ ժամից ավել ժամկետով պահվել կալանքի տակ՝ առանց դատարանի առջև ներկայացված լինելու:
95. Երրորդ, Դատարանը բազմիցս ճանաչել է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի ներքո ներկայացված դատական իշխանության պաշտոնատար անձը պետք է ներկայացնի գործադիր իշխանությունից և այլ մասնակիցներից իր անկախության անհրաժեշտ երաշխիքները, վերջինս պետք է ի վիճակի լինի քննելու ձերբակալման և կալանավորման օրինականության և արդարացիության հարցը (կալանավորումն արդարացնող կամ բացառող հանգամանքների քննություն ընդգրկելու նպատակով, որոշելու համար, թե արդյոք կալանավորումն արդարացնող հիմքեր կային, թե՝ ոչ), և եթե կալանավորումն արդարացնող հիմքերը բավարար չեն, պետք է իրավասու լինի կայացնելու ազատ արձակման որոշում:
96. Հանրահայտ հանքամանք է, որ շրջանային դատարանի դատավորը պետք է լինի անկախ: Հետևաբար, Դատարանի կողմից հասցեագրվելիք երկու գլխավոր հարցերն են՝ առաջին, թե արդյոք վերջինս ուներ համապատասխան իրավասություն՝ քննելու դիմումատուների կալանավորման օրինականության հարցը, և երկրորդ, թե արդյոք վերջինս ուներ դիմումատուներին կալանքից ազատ արձակման վերաբերյալ որոշում կայացնելու իրավասություն:
97. Թեև Բարձր դատարանը գտել է, որ 32-րդ կետը պետք է մեկնաբանվի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համահունչ (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները), դիմումատուները հարցը առաջարկում են դիտարկել այնպես, որ ձերբակալման օրինականության վերանայումը պարտադիր չէ, որ պարունակի ձերբակալության որոշման հիմքերի մանրամասն վերլուծություն և պետք է արտացոլի այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտաբար կիրառելի են ահաբեկչական հանցագործությունների մեծ մասի դեպքում:
98. Դատարանը նկատում է, որ Բարձր դատարանի կողմից տրված ցուցումները եղել են վերացական, և որպես այդպիսին, Բարձր դատարանը զրկված է եղել գործնականում ներպետական դատարանների կողմից դրանց կիրառությունը տեսնելու առավելությունից: Այդուհանդերձ, Դատարանը Բարձր դատարանի կողմից կայացված որոշման մեջ սկզբունքորեն չի տեսնում հակասություններ իր դատական պրակտիկային: Մասնավորապես, Դատարանը նշում է, որ նախորդ գործերով վերջինս թերացել է և չի սահմանել, թե 5-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան կոնկրետ ինչ բովանդակության և/կամ ձևի վերլուծություն է անհրաժեշտ կատարել. փոխարենը, Բարձր դատարանը պարզապես նշել է, որ դատական իշխանության պաշտոնատար անձը պետք է ի վիճակի լինի քննելու ձերբակալության և կալանավորման օրինականությունը և հիմնավորվածությունը, ուսումնասիրի կալանավորումն արդարացնող կամ այն բացառող հանգամանքները, այդ թվում նաև՝ հիմնավոր կասկածի առկայությունը, և որոշի, թե արդյոք կան կալանավորումն արդարացնող հիմքեր: Ավելին, ինչպես նշվել է վերևում (83-րդ պարբերությունում), թեև Դատարանը նշել է, որ ահաբեկչական հանցագործությունները քննելիս իշխանությունները չունեն «անսահմանափակ լիազորություններ», այն, մասնավորապես, ճանաչել է այդպիսի հանցագործությունների քննության ժամանակ իշխանությունների առջև ծառացող առանձնահատուկ խնդիրների առկայությունը: Այդ իսկ պատճառով իր առջև բերված ապացույցների առկայության պարագայում, Դատարանը չի կարող համաձայնել դիմումատուների հետ առ այն, որ Բարձր դատարանի կողմից նախատեսված վերահսկողությունը ներհատուկ է վեճի առարկա օրենսդրությանը և անպայմանորեն չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով սամանված չափանիշին:
99. Սույն գործով Բարձր դատարանը շրջանային դատարանի դատավորի կողմից կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ կայացված որոշումը վերացնելիս բավարար էր համարել այն հանգամանքը, որ շրջանային դատարանի դատավորն իր որոշումն կայացնելիս չէր անտեսել կալանավորման անհրաժեշտության հարցի քննությունը և որ վերջինիս որոշումը բավարար պատճառաբանված էր (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները):
100. Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք շրջանային դատարանի դատավորը ուներ անօրինական կալանավորման կամ ձերբակալման դեպքում ազատ արձակելու իրավասություն, ապա Դատարանը նշում է, որ թեև 2000թ. օրենքում այդպիսի դրույթ նախատեսված չէ, իսկ սույն գործով Բարձր դատարանն ընդունել է, որ քանի որ այդ օրենքի դրույթները պետք է մեկնաբանվեն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետին համահունչ, շրջանային դատարանի դատավորը պետք է իրավասություն ունենա կայացնելու որոշում անձին ազատ արձակելու վերաբերյալ այն դեպքում, եթե նախնական կալանքի կամ կալանքի երկարաձգման համար օրինական հիմքերը բացակայում են (տե՛ս վերևում՝ 19-րդ և 21-րդ պարբերությունները): Բացի այդ, Դատարանը նշում է, որ այն դեպքում, երբ այդպիսի որոշման (կամ կալանավորման մասին որոշման) համար պահանջ չի ներկայացվում կամ այն չի բավարարվում, ապա անձը պետք է ազատ արձակվի, քանի որ վերջինիս կալանավորումը շարունակելու իրավական հիմքերն այլևս գոյություն չունեն:
101. Դիմումատուներն առաջարկել են, որ շրջանային դատարանի դատավորը պետք է նաև իրավասություն ունենա կայացնելու որոշում պայմանական ազատ արձակման վերաբերյալ: Սակայն, ինչպես արդեն նշվել է վերևում՝ 84-րդ պարբերությունում, Դատարանի նախադեպային իրավունքը չի սատարում դիմումատուների այն պնդմանը, համաձայն որի ազատությունից զրկելու հարցը առաջինը քննող դատական մարմինը պետք է ունենա վերջինիս ազատ արձակելու իրավասություն: Դատարանը McKay-ի գործով նշել է (մեջբերված է վերևում՝ § 47), որ «խիստ ցանկալի» կլիներ, որ կալանավորման օրինականությունը առաջին ինքնաբերական ստուգում կատարող դատական իշխանության պաշտոնատար անձն իրավասություն ունենա նաև դիտարկելու գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը, որի նկատառումները պետք է տարբերվեն կալանանավորման օրինականությունը որոշելու նկատառումներից կամ դիմումատուի կողմից քրեական հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությունից, սակայն այն ընդգծում է, որ սա չի հանդիսանում Կոնվենցիայի պահանջ, և սկզբունքորեն պատճառ չկա՝ բացառելու այսպիսի հարցերի՝ դատական իշխանության երկու պաշտոնատար անձանց կողմից քննությունը:
(β) Արդյո՞ք դիմումատուների կալանավորման ընթացքում պետք է լիներ պայմանական ազատ արձակման հնարավորություն
102. Իրենց կալանավորման առաջին ստուգումից հետո դիմումատուները ոստիկանությունում կալանքի տակ են մնացել ևս տաս օր: Եվ թեև վերջիններս, կալանքի տակ ևս յոթ օր մնալուց հետո, երկրորդ անգամ տարվել են շրջանային դատարանի դատավորի մոտ, ընդունելի է այն փաստը, որ կալանավորման ողջ տևողության ընթացքում դիմումատուների՝ կալանավորումից պայմանական ազատ արձակման հարցը ոչ մի իրավասու դատարանի կողմից չի քննվել: Հետևաբար, դիմումատուները բողոքում են, որ քանի որ 2000թ. օրենքի հավելվածով սահմանված է, որ նախքան մեղադրանք առաջադրելը կալանավորման առավելագույն ժամկետը կազմում է քսանութ օր, որի դեպքում նրանց պայմանական ազատ արձակման հարցը չի կարող քննարկվել, օրենքի այս դրույթը անհամատեղելի է 5-րդ հոդվածի 3-րդ կետի հետ:
103. Դատարանը չի կարող in abstracto դիտարկել 8-րդ հավելվածով սահմանված համակարգը, փոխարենը, այն պետք է հարցը քննի սույն գործի փաստերի շրջանակներում: Հետևաբար, թեև դիմումատուները կարող էին կալանքի տակ պահվել առավելագույնը քսանութ օր, Դատարանը չի կարող անտեսել այն հանգամանքը, որ սույն գործով դիմումատուներն ազատ են արձակվել տասներկու օր անց: Ավելին, Դատարանը չի համարում, որ կալանավորման արդյունքում մեղադրանք չներկայացնելը չի կարող համարվել էական հանգամանք. 5-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթից չի բխում, որ կալանավորված անձանց անհրաժեշտաբար պետք է ներկայացվի քրեական մեղադրանք, որպեսզի վերջիններիս նկատմամբ ընտրված կալանավորումը համարվի տվյալ դրույթի հետ համատեղելի (տե՛ս Brogan-ի գործը, մեջբերված է վերևում՝ § 53):
104. Ինչպես նշվել է վերևում՝ 75-րդ պարբերությունում, 5-րդ հոդվածի 3-րդ կետը կառուցվածքային առումով վերաբերում է երկու առանձին հարցերի, որոնցով վերապահվում են առանձին իրավունքներ, որոնք ժամանակագրական առումներով միմյանց հետ կապակցված չեն. քրեական հանցագործության մեջ կասկածվելու հիմքով ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերը և քրեական գործով մինչդատական վարույթի ընթացքը, որի ընթացքում անձը կարող է կալանքի տակ պահվել, կամ որոշակի պայմաններով կամ առանց պայմանների ազատ արձակվել (տե՛ս T.W.-ն ընդդեմ Մալթայի, մեջբերված է վերևում, § 49, McKay-ի գործը, մեջբերված է վերևում, § 31, և Medvedyev-ն ընդդեմ Ֆրանսիայի, մեջբերված է վերևում, § 119): Համաձայն 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին տարրի՝ նախնական շրջանում կալանավորումը կարող է ինքնին արդարացված լինել կալանավորված անձի կողմից քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածի» առկայությամբ: Սակայն որոշ ժամանակ անց սոսկ կասկածի առկայությունը չի կարող բավարար լինել կալանքի երկարաձգումը արդարացնելու համար, թեև Դատարանը փորձ չի կատարել այս հասկացությունը փոխարկել կոնկրետ օրերի, շաբաթների, ամիսների կամ տարիների, կամ՝ կախված հանցագործության ծանրությունից՝ տարբեր ժամանակահատվածների (Stögmüller-ն ընդդեմ Ավստրիայի, մեջբերված է վերևում, § 4): Հետևաբար, սույն գործով Դատարանը պետք է որոշի, թե արդյոք դիմումատուների կալանավորման ողջ ժամանակահատվածը պետք է դիտարկվի 5-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին տարրի ներքո, թե որոշ ժամանակ անց վերջիններիս կալանքի տակ պահելը այլևս չէր կարող արդարացվել «հիմնավոր կասկածի» առկայությամբ:
105. Սույն գործով դիմումատուները կալանքի տակ են պահվել տասներկու օր, որը համեմատաբար կարճ ժամանկահատված է: Նման պարագայում Դատարանը գտնում է, որ վերջիններս դեռևս գտնվել են ազատությունից զրկելու «վաղ փուլերում», որի դեպքում վերջիններիս կալանավորումը կարող էր արդարացվել հիմնավոր կասկածի առկայությամբ առ այն, որ հնարավոր է, որ վերջիններս կատարած լինեին քրեական հանցագործություն. հետևաբար, անհրաժեշտ չէ, որ այս փուլում դիմումատուների պայմանական ազատ արձակումը լիներ քննարկման առարկա:
106. Ցանկացած պարագայում, Դատարանը նշում է, որ դիմումատուների կալանանավորման շրջանում գործել են անձանց կամայական ազատազրկումից պաշտպանելու երաշխիքներ: Առաջին, համաձայն 8-րդ հավելվածով սահմանված hամակարգի՝ դատավորը կարող էր կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնել առավելագույնը յոթ օր ժամկետով, իսկ կալանավորման առավելագույն տևողությունը չէր կարող գերազանցել քսանութ օր ժամկետը: Նախքան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշում կայացնելը դատավորը պետք է հավաստիանար, որ կալանավորման համար կան ողջամիտ հիմքեր, և որ ընթացող հետաքննությունը կատարվում է ջանասիրաբար և բավարար արագությամբ (տե՛ս վերևում՝ 36-րդ պարբերությունը): Ավելին, Բարձր դատարանի կողմից կայացված որոշումից հետո դատավորը նաև պետք է հավաստիանար, որ ձերբակալումը եղել է օրինական և թե արդյոք կալանավորման էությանն առնչվող հանգամանքները հաշվի են առնվել: Թեև որոշ դեպքերում կալանավորված անձինք և/կամ նրանց ներկայացուցիչները կարող էին ներկա չգտնվել դատական նիստին, սակայն սույն գործով առաջին դիմումատուն դատական առաջին ստուգման ժամանակ երդման տակ ցուցմունք է տվել, իսկ երկու դիմումատուները իրենց փաստարկներն են ներկայացրել դատական երկրորդ ստուգման ժամանակ (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը): Վերջապես, դիմումատուները հնարավորություն են ունեցել դատական վերանայման միջոցով վիճարկել կալանքի տակ պահելու հարցը:
107. Տասնորս օրից ավելի երկար ժամկետով կալանքի երկարաձգման համար սահմանված են ավելի խիստ երաշխիքներ, սակայն սույն գործով դրանք վերաբերելի չեն, քանի որ դիմումատուներն ազատ են արձակվել տասներկու օր անց:
108. Վերը նշված գործոնների լույսի ներքո, Դատարանը չի գտնում, որ դիմումատուների՝ ազատությունից զրկված լինելու ժամանակահատվածում պայմանական ազատ արձակման դիմելու հնարավորության բացակայությունը հարցեր էր առաջացնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:
(γ) Եզրակացություն
109. Վերոնշյալ նկատառումները բավարարեն են Դատարանի համար եզրակացնելու, որ դիմումատուի կալանավորումը՝ 2000թ. օրենքի 8-րդ հավելվածի համաձայն, չի խախտել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել առաջին և երրորդ դիմումատուների կողմից համապատասնաբար ներկայացված թիվ թիվ 26289/12 և 29891/12 գանգատները.
...
5. Վճռում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերենով և գրավոր կերպով ծանուցվել է 2015թ. մայիսի 12-ին՝ համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի:
Françoise Elens-PassosPäivi Hirvelä
ՔարտուղարՆախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2016
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2016
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2016
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy