© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
MAGYAR KERESZTÉNY MENNONITA EGYHÁZ-Ն ԵՎ ԱՅԼՈՔ ԸՆԴԴԵՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅԻ
(Գանգատներ թիվթիվ 70945/11, 23611/12, 26998/12, 41150/12, 41155/12, 41463/12, 41553/12, 54977/12 և 56581/12)
ՎՃԻՌ
(Ըստ էության)
[Հատվածներ]
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
8 ապրիլ, 2014թ.
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Magyar Keresztény Mennonita Egyház-ն և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Երկրորդ Բաժանմունք) Պալատը, հետևյալ կազմով`
Guido Raimondi-ն, Նախագահ,
Işıl Karakaş-ը,
András Sajó-ն,
Nebojša Vučinić-ը,
Helen Keller-ը,
Egidijus Kūris-ը,
Robert Spano-ն, դատավորներ,
և Stanley Naismith-ը, Բաժանմունքի քարտուղար,
2014թ. փետրվարի 18-ին կայացած դռնփակ նիստում,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը:
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Վարույթը հարուցվել է 2011թ. նոյեմբերի 16-ին և համապատասխանաբար 2012թ. ապրիլի 3-ին և 24-ին, հունիսի 25-ին և 28-ին, ինչպես նաև՝ օգոստոսի 19-ին և 29-ին` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի («Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն, Հունգարիայում ենթադրաբար ակտիվ գործունեություն ծավալող առանձին կրոնական համայնքների, դրանց քահանաների և անդամների կողմից ընդդեմ Հունգարիայի Հանրապետության բերված ինը գանգատների (թիվթիվ 70945/11, 23611/12, 26998/12, 41150/12, 41155/12, 41463/12, 41553/12, 54977/12 և 56581/12) հիման վրա:
2. Դիմումատուներին ներկայացրել է Բուդապեշտում գործող փաստաբան պրն. D. Karsai-ն (գանգատներ թիվթիվ 70945/11, 23611/12, 26998/12, 41150/12, 41155/12, 41463/12 և 56581/12), Դյալում գործող փաստաբան պրն. L. Baltay-ն (գանգատ թիվ 41553/12) և Բուդապեշտում գործող փաստաբան պրն. Cs. Tordai-ն (գանգատ թիվ 54977/12):
Հունգարիայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացրել է Պետական կառավարման և արդարադատության նախարարության ներկայացուցիչ` պրն. Z. Tallódi-ն:
3. Դիմումատուները պնդել են, որ համաձայն Կոնվենցիայի 11-րդ հոդվածի` 9-րդ և 14-րդ հոդվածների հետ համակցությամբ, եկեղեցիների վերագրանցումը և հայեցողական վերագրանցումը հանդիսացել է կրոնի ազատության իրենց իրավունքի խախտում և իրենց հանդեպ դրսևորած խտրականություն: 6-րդ և 13-րդ հոդվածների համաձայն` նրանք պնդել են, որ համապատասխան ընթացակարգերն եղել են անարդար և չեն ապահովել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց: Դիմումատուներից մի քանիսը նաև պնդել են, որ տեղի է ունեցել թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում, քանի որ եկեղեցու կարգավիճակը կորցնելուց հետո վերջիններս նաև զրկվել են պետական լրահատկացումներից:
4. 2012թ. սեպտեմբերի 27-ին գանգատներն ուղարկվել են Կառավարությանը:
5. Թիվ 41463/12 գանգատի մասով Միացյալ Թագավորության Կառավարությունը չի իրացրել Կոնվենցիայի 36-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված սույն գործով գրավոր դիտողություններ ներկայացնելու իր իրավունքը:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմումատուները կրոնական համայնքներ են և անհատներ: Դիմումատու համայնքները սկզբնապես գոյություն են ունեցել և Հունգարիայում օրինական գործունեություն ծավալել 1990թ. թիվ IV օրենքի («1990թ. Եկեղեցիների մասին օրենք») համապատասխան` որպես իրավասու դատարանի կողմից գրանցված եկեղեցիներ:
...
16. 2011թ. Եկեղեցիների մասին օրենքին կից հավելվածում նշված և ճանաչում ունեցող եկեղեցիներից զատ, մյուս բոլոր կրոնական համայնքները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես եկեղեցիներ, կորցրել են եկեղեցու իրենց կարգավիճակը, սակայն հնարավորություն են ունեցել շարունակել իրենց գործունեությունը՝ միավորումների կարգավիճակում: Եկեղեցի կարգավիճակով իրենց գործենությունը շարունակելու մտադրություն ունեցող կրոնական համայնքները պետք դիմեին խորհրդարան` առանձին գործընթացով ճանաչում ստանալու համար:
17. Սահմանադրական դատարանի թիվ 6/2013 (III.1.) որոշմամբ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի որոշ դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը հակասող և անվավեր` հետադարձ ուժ տալով նախկինում ընդունված դրույթներին:
Մինչդեռ, մի շարք դիմումատուներ միջնորդագրերով դիմել էին իրավասու նախարարին` իրենց որպես եկեղեցի գրանցելու խնդրանքով, սակայն այդ միջնորդագրերը մերժվել էին այն հիմքով, որ Սահմանադրական դատարանի որոշմանը հակառակ` 2011թ. Եկեղեցիների մասին օրենքն արգելում էր կատարել խնդրո առարկա գրանցումները:
18. Սահմանադրական դատարանի որոշումից հետո մի շարք դիմումատուներ դիմել էին Հարկային և մաքսային հարցերով ազգային գործակալությանը («NTCA»)` փորձելով վերագրանցվել անդամների թվի այն քանակի պահպանմամբ, որն անհրաժեշտ էր որպեսզի վերջիններս շարունակեին օգտվել հարկատուների մեկ տոկոս եկամտահարկից, որը հարկատուներն իրավասու էին նվիրաբերել եկեղեցիներին: NTCA-ն կասեցրել էր այդ վարույթը` դիմումատուներին առաջարկելով դիմել խորհրդարան՝ իրենց ճանաչման գործընթացը մեկնարկելու խնդրանքով: Դիմումատուների կարծիքով, այս քայլը վկայում է Սահմանադրական դատարանի որոշումն ևս մեկ անգամ անտեսելու մասին:
19. Մի շարք դիմումատուների հաջողվել է վերականգնել իրենց կարգավիճակը՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Համապատասխան օրենսդրության մեջ տեղի ունեցող զարգացումների ամփոփում
20. 1990թ. փետրվարի 12-ի և 2011թ. դեկտեմբերի 31-ի միջև ընկած ժամանակահատվածում կրոնական գործունեությունը կարգավորվում էր 1990թ. թիվ IV օրենքով («1990թ. Եկեղեցիների մասին օրենք»), համաձայն որի եկեղեցիներ էին համարվում կրոնական այն համայնքները, որոնց անդամների թիվը գերազանցում էր մեկ հարյուրը:
21. 2012թ. հունվարի 1-ից սկսած 1990թ. Եկեղեցիների մասին օրենքը փոխարինվեց 2011թ. թիվ CCVI օրենքով («2011թ. Եկեղեցիների մասին օրենք»): Նոր օրենքի համաձայն` կրոնական համայնքները կարող են գործել որպես եկեղեցիներ կամ կրոնական գործունեությամբ զբաղվող միավորումներ (Սահմանադրական դատարանի կողմից գործածվող տերմինաբանության համաձայն` «կրոնական միավորումներ»): Որպես եկեղեցիներ կարող են ճանաչվել միայն այն կազմավորումները, որոնք նշված են 2011թ. Եկեղեցիների մասին օրենքին կից հավելվածում, ինչպես նաև բոլոր նրանք, որոնք ենթակա լինելով որոշակի պայմանների` խորհրդարանի կողմից մինչև 2012թ. փետրվարի 29-ը ճանաչվել են որպես եկեղեցիներ: Այս իրավակարգավորման սահմանադրական հիմքը նախատեսվում էր Հիմնական օրենքի անցումային դրույթների 21-րդ հոդվածի 1-ին կետով, ըստ որի խորհրդարանին իրավունք էր վերապահվում միավորումներին ճանաչելու որպես եկեղեցիներ՝ դրանց անուններն ընդգրկելով համապատասխան օրենքի մեջ, ինչպես նաև՝ որոշելու այն չափանիշները, որոնք ապագայում պետք է կիրառվեն եկեղեցիների ճանաչման համար: Նախկինում գրանցված եկեղեցիներն իրենց ցանկությամբ կարող են վերակազմակերպվել միավորումների և որպես այդպիսին շարունակել իրենց գործունեությունը, սակայն նոր իրավակարգավորման համաձայն` նրանք չեն կարող օգտվել բյուջեով նախատեսված որևէ դոտացիայից: Նախկինում (ըստ 1990թ. Եկեղեցիների մասին օրենքի) կային 406 գրանցված եկեղեցիներ, իսկ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքին կից հավելվածում թվարկված են միայն տասնչորսը: 2012թ. մարտի 1-ից գործող հավելվածում թվարկված են քսանյոթ եկեղեցիներ և եկեղեցիների միություններ, որոնց թիվը, միասին վերցրած, հավասար է երեսուներկուսի: Հարկային մարմինների կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն` հիշատակված երեսուներկու եկեղեցիների ցանկը ամբողջությամբ չի համընկնում երեսուներկու առավել մեծ աջակցություն վայելող եկեղեցիների ցանկի հետ այն պարագայում, եթե այդ աջակցությունը գնահատվում է միայն այն հարկատուների թվաքանակով, ովքեր այդ եկեղեցիներին կամավոր հարկային նվիրաբերություններ են կատարում:
2012թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանը մի շարք իրավադրույթների հետ միասին ուժը կորցրած է ճանաչել Հիմնական օրենքի անցումային դրույթների այն իրավանորմերը, որոնք խորհրդարանին իրավունք էին վերապահում որոշելու, թե որոնք են ճանաչված եկեղեցիները: 2013թ. փետրվարի 26-ին այն նաև անվավեր էր ճանաչել 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի այն դրույթները, որոնց համաձայն դիմումատուներն օրենքի ուժով զրկվել են եկեղեցու կարգավիճակից:
22. Մասամբ արձագանքելով վերոնշյալ Սահմանադրական դատարանի որոշումներին՝ խորհրդարանի իրավասությունը, որով այն հաստատությանը հատուկ եկեղեցու կարգավիճակ էր շնորհում, կրկին անգամ տեղ էր գտել օրենքում, այս անգամ հենց Հիմնական օրենքում, այն է` դրա Չորրորդ փոփոխության մեջ, որն ուժի մեջ է մտել 2013թ. ապրիլի 1-ին: Փոփոխությամբ սահմանվում էր «եկեղեցիներ» և «կրոնական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ» եզրույթները, ըստ որի որպես եկեղեցիներ էին սահմանվում այն կազմակերպությունները, որոնց պետությունը ճանաչում է որպես եկեղեցիներ և որոնց հետ համագործակցում է` ի շահ համայնքային նպատակների իրականացման: Համանման կերպով, 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի դրույթների համաձայն` 2013թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած փոփոխություններով հանդերձ, ներկայումս կիրառվում է «կրոնական համայնքներ» եզրույթը: Սույն եզրույթն իր մեջ ընդգրկում է «հիմնադրված եկեղեցիներ» (bevett egyház), ինչպես նաև «կրոնական գործունեություն ծավալող կազմակերպություններ» (vallási tevékenységet végző szervezet) հասկացությունները: Այդուհանդերձ, բոլոր այդ կազմավորումներն իրավունք ունեն իրենց անվանման մեջ օգտագործել «եկեղեցի» (egyház) բառը:
23. Գործող կարգավորման համաձայն` «հիմնադրված եկեղեցի» դառնալու համար կրոնական համայնքը պետք է հիմնավորի իր հարյուրամյա միջազգային գործունեության փաստը կամ որ այն քսան տարիների ընթացքում կազմակերպված ձևով գործում է Հունգարիայում և նաև ներկայացնի հիմնավորում առ այն, որ իր անդամների քանակը հավասար է ազգային բնակչության առնվազն 0.1 տոկոսին: Բացի այդ, այն պետք է հիմնավորի իր մտադրությունը և երկարաժամկետ տեսլականում պետության հետ հանրային շահի նպատակների իրականացման համար համագործակցելու կարողությունը: Մյուս կողմից, մի խումբ անձինք նույնպես կարող են դառնալ «կրոնական գործունեություն ծավալող կազմակերպություն», եթե նրանք ունեն առնվազն տասը անդամ և գրանցված են դատարանի կողմից:
24. Հիմնական օրենքի Հինգերորդ փոփոխությունը (որն ուժի մեջ է մտել 2013թ. հոկտեմբերի 1-ին) ուղղված էր ընդգծելու, այդ թվում նաև՝ սահմանադրական մակարդակում, այն սկզբունքը, համաձայն որի յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստեղծելու իրավաբանական հատուկ կարգավիճակ ունեցող անձ («կրոնական համայնքներ»), որի նպատակ է հետապնդում իրականացնել կրոնական գործունեություն, ինչպես նաև այն, որ պետությունը կարող է համայնքային նպատակների իրագործման նպատակով համագործակցել մի շարք կրոնական համայնքների հետ՝ դրանց շնորհելով «հիմնադրված եկեղեցու» կարգավիճակ: Կրոնի ազատության տեսանկյունից «[հիմնադրված] եկեղեցիներ» և «կրոնական գործունեություն ծավալող այլ կազմակերպություններ» եզրույթների միջև եղած միասնականությունը ընդգծելու համար Հիմնական օրենքի ողջ տեքստում այդ եզրույթները փոխարինվել են ընդհանուր բնույթ ունեցող մեկ եզրույթով` «կրոնական համայնքներ»:
Սակայն, հունգարական օրենսդրության գործող կարգավորման համաձայն` հիմնադրված եկեղեցիները շարունակում են օգտվել իրենց այդ արտոնյալ կարգավիճակից, մասնավորապես` հարկային և դոտացիաների տրամադրման ոլորտներում: Մասնավորապես, միայն հիմնադրված եկեղեցիներն են, որ իրավունք ունեն օգտվել քաղաքացիների նվիրաբերած մեկ տոկոս եկամտահարկից և համապատասխան պետական դոտացիայից: Բացի այդ, Սահմանադրական դատարանն իր թիվ 6/2013 (III.1.) որոշման մեջ ոչ սպառիչ ցանկով (տե՛ս այդ որոշման 158-րդ և 167-րդ կետերը ստորև` 34-րդ պարբերությունում) սահմանել է մի շարք գործողություններ, որոնց իրականացումն օրենսդրի կողմից խրախուսվում է հիմնադրված եկեղեցիների դեպքում` իրավական, տնտեսական, ֆինանսական և գործնական առումներով, սակայն այլ կրոնական համայնքների պարագայում՝ ոչ. որպես օրինակներ կարող են ծառայել հոգևոր կրթությունը և պետական հաստատություններում իրականացվող կրոնական գործունեությունը, գերեզմանատների շահագործումը, այդ թվում` կրոնական արարողություններով ուղեկցվող հուղարկավորությունները, տպագիր կրոնական նյութերի հրապարակումը, ինչպես նաև կրոնական առարկաների արտադրությունը և մարքեթինգը:
Չնայած այն հանգամանքին, որ դիմումատուները ձևականորեն պահպանել են իրենց իրավաբանական կարգավիճակը, նրանք հնարավորություն չեն ունեցել օգտվել նույնանման արտոնյալ կարգավիճակից, որը հասանելի էր միայն հիմնադրված եկեղեցիների համար:
...
ԻՐԱՎՈՒՆՔԸ
....
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 9-ՐԴ ԵՎ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
44. Դիմումատուները բողոքել են, որ ըստ 11-րդ հոդվածի` 9-րդ հոդվածի հետ համակցությամբ, եկեղեցիների վերագրանցումը և հայեցողական վերագրանցումը հավասարազոր է եղել իրենց՝ կրոնի ազատության իրավունքի և այլոց հետ միավորվելու ազատության իրավունքի խախտման:
45. Դատարանը նշել է, որ տվյալ պարագայում այն քննել է էապես նույնանման մի բողոք Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հիման վրա` 9-րդ հոդվածի հետ համակցությամբ, որը վերաբերում էր կրոնական կազմակերպության վերագրանցման մերժման խնդրին (տե՛ս Moscow Branch of the Salvation Army-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72881/01, §§ 74 և 75, ՄԻԵԴ 2006‑XI): Դատարանը գտնում է, որ նույն մոտեցումը նպատակահարմար է կիրառել նաև սույն գործով:
46. 9-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք. այս իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը և դրանք ինչպես միանձնյա, այնպես էլ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով, քարոզչության, արարողությունների, պաշտամունքի և ծեսերի միջոցով արտահայտելու ազատություն։
2. Սեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների»:
11-րդ հոդվածը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։
2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: ...»
47. Կառավարությունն առարկեց այդ փաստարկին:
...
Բ. Գործի՝ ըստ էության քննություն
1. Կողմերի փաստարկները
(ա) Կառավարությունը
57. Կառավարությունը պնդել է, որ վիճարկվող արարքները և միջոցառումները չեն հանդիսացել դիմումատուների` կրոնի ազատության իրավունքի և այլոց հետ միավորվելու իրավունքի նկատմամբ միջամտություն:
58. Առաջին, այն նշել է, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի համաձայն` որպես եկեղեցի ճանաչվելը չի անդրադառնում կրոնի ազատության հետ փոխկապակցված այլ իրավունքների վրա, այն է` խղճի և կրոնի ազատության իրավունքի, սեփական կրոնը այլոց հետ համատեղ քարոզելու իրավունքի, կրոնի կամ համոզմունքի հիմքով խտրականությունից զերծ մնալու ազատության, ծնողների` իրենց զավակների համար իրենց համոզմունքներին համապատասխան կրթություն ապահովելու իրավունքի, կրթության, սոցիալական, երեխայի խնամքի ոլորտներում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում կրոնի ազատության իրավունքի, լրատվամիջոցներով կրոնական համոզմունքները տարածելու ազատության, և իրենց կրոնի վերաբերյալ անձնական տվյալների պաշտպանության վրա: Հակառակ դիմումատուների պնդումների` նշյալ իրավունքները, որոնք հանդիսանում են կրոնի ազատության անբաժանելի տարրեր, վերապահված չեն միայն օրենքով ճանաչված եկեղեցիների և նրանց անդամների համար:
59. Երկրորդ, Կառավարությունը պնդել է, որ ի տարբերություն Դատարանի կողմից քննված այլ գործերի, այն է` Moscow Branch of the Salvation Army-ի գործի (վերևում մեջբերված, §§ 96-97), դիմումատու համայնքների իրավաբանական անձի հետ կապված հիմնահարցը սույն գործով խնդրո առարկա չէր հանդիսանում: Դիմումատուները չեն վիճարկում այն փաստը, որ նրանք չեն զրկվել իրենց իրավաբանական անձի կարգավիճակից: Նրանք չեն լուծարվել և շարունակել են օգտվել իրավաբանական անձի ողջ իրավունակությունից: Իրավաբանական անձի իրենց կազմակերպաիրավական ձևը` օրենքով նախատեսված կարգով առանց ժամանակային ընդհատումների փոխարինվել էր մեկ այլ ձևով: Հետևաբար, այս առումով դիմումատուների` 9-րդ և 11-րդ հոդվածների հիման վրա իրավունքների նկատմամբ միջամտություն տեղի չի ունեցել:
60. Կառավարությունն այնուհետև պնդել է, որ 9-րդ հոդվածով սահմանված սեփական կրոնը կամ համոզմունքներն այլոց հետ համատեղ քարոզելու ազատությունն իրավունք չէր տալիս դիմումատու համայնքներին կամ նրանց անդամներին պետության բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում: Այն նաև իրավունք չէր տալիս ստանալ եկեղեցիների համար նախատեսված պետական դոտացիաներ: Հետևաբար, այդ դոտացիաներից զրկվելը չէր կարող համարվել դիմումատուների` Կոնվենցիայի 9-րդ հոդվածով սահմանված իրավունքների նկատմամբ միջամտություն:
61. Կառավարությունը նաև պնդել է, որ նույնիսկ եթե վեճի առարկա հանդիսացող 2011թ. Եկեղեցիների մասին օրենքը դիտվի որպես միջամտություն, ապա այդ միջամտությունը սահմանված էր մի օրենքով, որն ընդունվել էր խորհրդարանի անդամների երկու երրորդ մեծամասնությամբ: Դիմումատուների այն փաստարկը, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքն անվավեր էր հանրային իրավունքի տեսանկյունից, Սահմանադրական դատարանի կողմից նույնպես չէր պաշտպանվել: 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի այդ դրույթները, որոնք Սահմանադրությանը հակասող էին ճանաչվել, չէին ազդում դիմումատուների վիճակի վրա, մինչդեռ դիմումատուների կողմից վիճարկվող այլ դրույթները Սահմանադրությանը հակասող չէին ճանաչվել:
62. Բացի այդ, վիճարկվող միջամտությունը հետապնդում էր հասարակական կարգը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու իրավաչափ նպատակ: 1996 թվականին Հարկատուի հրահանգներին համապատասխան եկամտահարկի որոշակի մասի օգտագորման մասին թիվ CXXVI օրենքը և 1997 թվականին Եկեղեցու գործունեության պետական ֆինանսավորումը կարգավորող Վատիկանի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, 1990թ. Եկեղեցիների մասին օրենքը տեղիք է տվել անսպասելի չարաշահումների, որոնք հնարավոր չէր կանխել 1989թ. Սահմանադրությամբ ստեղծված իրավական շրջանակների առկայության պայմաններում: Նոր օրենքն ընդունվեց վերջ դնելու այսպես կոչված «եկեղեցական բիզնեսին», երբ եկեղեցիները հիմնադրվում էին սոսկ պետության կողմից դոտացիաներ ստանալու նպատակով, որոնք ուղղվում էին սոցիալական պաշտպանության կամ կրթության հարցերով զբաղվող հաստատություններին կամ նույնիսկ անձնական օգուտի համար՝ առանց իրական կրոնական գործունեություն ծավալելու: Անհեթեթ փաստ էր այն, որ 2001թ. տարեվերջին Հունգարիայում գրանցված էր շուրջ 406 եկեղեցի: Հաշվի առնելով պետության բյուջետային միջոցների նվազող բնույթը, որը զուգակցվում էր հասանելի միջոցների կրճատմամբ փաստացի կրոնական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների համար՝ առաջացել էր ծայրահեղ սոցիալական կարիք և եկեղացական դոտացիաների չարաշահումներին վերջ դնելու անհրաժեշտություն:
63. Բացի այդ, սոցիալական և կրթական հաստատությունների ֆինանսավորման ընդհանուր համակարգի շարունակական բարեփոխումը նաև պահանջում էր փոփոխություններ կատարել կրոնական համայնքների կողմից կառավարվող այդ հաստատությունների պետական ֆինանսավորման համակարգում: Հետևաբար, ծայրահեղ սոցիալական կարիքից ելնելով՝ անհրաժեշտություն կար փոփոխելու եկեղեցիների գրանցման իրավակարգավորումը:
64. Միաժամանակ պահպանելով այն սկզբունքը, ըստ որի պետությունը պետք է ձեռնպահ մնա կրոնական համայնքների դավանաբանական կողմնարոշումներին միջամտելուց՝ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքը սահմանում է կրոնական գործունեության հասկացությունը, որի նպատակներից է բացառապես իրավական տեսանկյունից եկեղեցիների ճանաչումը պետություն-եկեղեցի հարաբերությունների համակարգում: Հունգարիայի օրենսդիրը գործարկել է կրոնական համայնքների իրավաբանական անձի կարգավիճակին վերաբերող երկշերտ այնպիսի մի համակարգ, որը համանման է եվրոպական մի շարք պետություններում լայն տարածում գտած մոդելին: Համաձայն Կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածների` ինքնորոշված կրոնական համայնքներն ազատ են գործելու որպես միավորումներ, մինչդեռ այն կրոնական համայնքները, որոնք ցանկություն ունեին պետության հետ հաստատել հատուկ հարաբերություններ, ինչպես նաև՝ պետության հետ կիսելու սոցիալական պարտականություններ, պետք է պատկան մարմինների կողմից ենթարկվեն այնպիսի մի ստուգման, որով կգնահատվեր վերջիններիս գործունեության բնույթը:
65. Կառավարությունը պնդել է, որ կիրառված մոտեցումը համահունչ է Կոնվենցիայի նախադեպային իրավունքի հետ, մասնավորապես` այն գործերի, որով Դատարանը, հիմվելով ազգային մարմինների դիրքորոշման վրա, գրանցման նպատակների համար սահմանել է «կրոն» հասկացությունը (Կառավարությունը վկայակոչել է Kimlya-ն և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվթիվ 76836/01 և 32782/03, § 79, ՄԻԵԴ 2009): Հետևաբար, 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի համաձայն` կրոնական գործունեության սահմանումը, ինչպես նաև պետական մարմինների կողմից կազմակերպության կրոնական բնույթի գնահատումը չի հակասում Կոնվենցիայի 9-րդ հոդվածին: 2011թ. Եկեղեցիների մասին օրենքը համապատասխանում է չեզոքության և անկողմնակալության պահանջներին, քանի որ այն հիմնված չէր կոնկրետ որևէ կրոնի առանձնահատկությունների վրա, այլ նախատեսված էր ապահովելու մի շարք եկեղեցիների ճանաչումը, որոնք ներկայացնում էին կրոնի և համոզմունքների լայն շրջանակ:
66. Նախկինում որպես եկեղեցի գրանցված լինելու փաստը չպետք է որոշիչ լիներ կազմակերպության կրոնական բնույթը Հունգարիայի իշխանությունների կողմից ճանաչելու համար, քանի որ 1990թ. Եկեղեցիների մասին օրենքի համաձայն` որպես եկեղեցի գրանցվելը հիմնված էր բացառապես կազմակերպության հիմնադիրների ինքնորոշման վրա` առանց պատկան մարմինների կողմից ըստ էության գնահատում անցկացնելու: Այդպիսի գնահատումը ներկայացվել է միայն 2011թ. Եկեղեցիների մասին օրենքով, որի նպատակն էր կանխել հայտարարված ինքնորոշման չափից ավելի տարբերությունների հետևանքով ի հայտ եկած չարաշումները: Սահմանադրական դատարանն իր թիվ 6/2013 (III.1.) որոշման մեջ ներկայացրել է այն օրինակները, ըստ որի 1990թ. Եկեղեցիների մասին օրենքի հիման վրա եկեղեցիների գրանցման գործերը քննելու իրավասություն ունեցող դատական մարմիններն իրականացրել են գործունեության կրոնական բնույթի գնահատում, որը հիմնված էր գրանցում հայցող ինքնորոշված եկեղեցիների կանոնադրությունների վրա: Այդուհանդերձ, այդ գնահատումը պարբերական բնույթ չէր կրում, միաժամանակ նաև բացակայում էր կրոնի և կրոնական գործունեության իրավական սահմանումը, հետևաբար` դատական պրակտիկան տարամետ բնույթ ուներ այս ոլորտում: Սահմանադրական դատարանը միայն այս որոշմամբ էր, որ հակառակ դիմումատուների պնդումների` պարզաբանել էր այն հարցը, ըստ որի պետական մարմիններին չէր արգելվում ստուգելու, թե արդյո՞ք հեռանկարում ենթադրվող կամ արդեն իսկ գործող եկեղեցու կողմից նշված համոզմունքները և իրական գործունեությունն իրապես կրոնական բնույթ ունեին: Մյուս կողմից, Սահմանադրական դատարանը վճռել է, որ լրացուցիչ ընթացակարգային երաշխիքներ պետք է նախատեսվեն պետական մարմինների կողմից այդ լիազորությունն իրագործելու համար:
67. Կառավարությունը պնդել է, որ չնայած Սահմանադրական դատարանի` ընթացակարգային երաշխիքներում առկա թերացումների վերաբերյալ եզրահանգումների, կազմակերպության գործունեության կրոնական բնույթի մասին բովանդակային գնահատումը 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի հիման վրա կատարվում էր չեզոք և անկողմնակալ եղանակով: Օրենսդիրը սկզբնապես մտադրություն ուներ անկողմնակալ եզրակացություն ստանալ անկախ մի հաստատության կողմից, այն է` Հունգարիայի գիտությունների ակադեմիայից, զուգահեռաբար փորձելով այն իրականացնել ազգային փոքրամասնությունների ճանաչման համար նախատեսված ընթացակարգի միջոցով: Երբ Ակադեմիան մերժել էր որոշում ընդունողներին ներկայացնել իր փորձառությունն այդ ոլորտների վերաբերյալ, կրոնական հարցերով խորհրդարանային հանձնաժողովը դիմել էր անկախ և վստահելի այլ փորձագետների ծառայություններին և հիմնավորել իր որոշումն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք թեկնածու եկեղեցու ուսմունքները կրոնական բնույթ են կրում` արդյո՞ք այն միջազգայնորեն ճանաչված էր, թե` ոչ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատարանը նույնպես անդրադարձել է եվրոպական համաձայնության հարցին` որպես կրոնը սահմանող ուղենշային մի սկզբունքի, Հունգարիայի իշխանությունների այս մոտեցումը չի կարող համարվել որպես կամայական կամ թույլատրելի հայեցողության շրջանակից դուրս ընկնող:
68. Ինչ վերաբերում է վերը նշված նպատակների իրագործման համար կիրառված միջոցների համաչափության հարցին, ապա Կառավարությունն այն կարծիքին էր, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքով նախատեսված «վերագրանցման» մեթոդը հնարավոր նվազ սահմանափակող միջոցն էր և, հետևաբար, իրավաչափ նպատակի հետ համաչափ: Այն անհամաչափ բեռ չէր դնում կրոնական կազմակարպեթյունների վրա. դրանք պետք է միայն ներկայացնեին մտադրության մասին պարզ հայտարարություն, որով էլ պետք է շարունակեին իրենց կրոնական գործունեությունը, և որոշ փոքր ճշգրտումներ կատարեին իրենց կանոնադրություններում, որպեսզի հնարավոր լիներ պահպանել իրավաբանական անձի իրենց կարգավիճակը: Դրանք նաև պահպանում էին իրենց իրավունքը` վերականգնել եկեղեցու իրենց կարգավիճակը, որը կարող էր շնորհվել խորհրդարանի կողմից՝ ճանաչման պարզ ընթացակարգով:
(բ) Դիմումատուները
69. Դիմումատուները պնդել են, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի ընդունման արդյունքում եկեղեցու իրենց կարգավիճակը կորցնելը հանդիսացել է կրոնի ազատության նկատմամբ միջամտություն: Կրոնական համայնքների պատշաճ գործունեությունը պահանջում է, որպեսզի վերջիններս օգտվեն իրավական համապատասխան և պատշաճ կարգավիճակից, այն է՝ իրավական առումով եկեղեցու կարգավիճակից: Հունգարիայում կրոնական համայնքները պետք է 1990 թվականից սկսած ողջամիտ հնարավորություն ունենան գրանցվել որպես եկեղեցիներ, և դիմումատուները անշուշտ օգտվել են այդ կարգավիճակից: Այն փաստը, որ 2012թ. հունվարի 1-ին եկեղեցիների մեծ մասը (այդ թվում՝ դիմումատուները) կորցրել են եկեղեցու կարգավիճակը և ստիպված են եղել վերակազմակերպվել պարզ քաղաքացիական միավորումների կամ դադարել իրավաբանորեն գոյություն ունենալուց, ինքնին հանդիսացել է կրոնի իրենց ազատության նկատմամբ միջամտություն, հատկապես այն պատճառով, որ եկեղեցու կարգավիճակի կորուստը վերջիններիս զրկել է այնպիսի արտոնություններից, որոնք նպաստում էին իրենց կրոնական գործունեության իրականացմանը: Այն հանգամանքը, որ այդ արտոնություններն այդ ժամանակից սկսած երաշխավորված էին միայն խորհրդարանի կողմից ճանաչված եկեղեցիների համար, նրանց այնպիսի մի դրության մեջ էր դնում, որն էականորեն ավելի անբարենպաստ էր vis-à-vis մյուս եկեղեցիների:
70. Դիմումատուները պնդել են, որ կրոնի ազատության իրավունքն իրենց թույլ է տվել ակնկալել, որ իրենց անդամները կարող են ազատորեն միավորվել միմյանց հետ առանց պետության միջամտության: Ուստի, պետությանն արգելվում է կամայական կերպով կարգավորել պետություն-եկեղեցի հարաբերությունները. այդ ոլորտում ցանկացած միջամտություն պետք է սահմանված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ և անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում: Եկեղեցիների գրանցմանն առնչվող այդ պահանջները պետք է լինեն օբյեկտիվ և ողջամիտ, քանի որ այս հարցում պետությունը պետք է պահպանի չեզոքություն և անկողմնակալություն: Հետևաբար, եթե կրոնական համայնքը պահպանում է իրավական պահանջները, այն պետք է իրավունք ունենա գրանցվել որպես եկեղեցի, իսկ գրանցման ընթացակարգն էլ իր հերթին պետք է հիմնված լինի արդարության երաշխիքների վրա:
71. Այնուամենայնիվ, որպես եկեղեցիներ վերագրանցվելու պահանջները և այն կանոնակարգող ընթացակարգը 1990թ. Եկեղեցիների մասին օրենքով նախատեսված համակարգի համեմատությամբ ոչ միայն ավելի խստացել էր, այլ նաև` դարձել անհարկի ծանրացած և անարդարացի, որը խորհրդարանին թույլ էր տալիս, քաղաքական նկատառումներից ելնելով, կամայականորեն խափանել եկեղեցիների վերագրանցման փորձերը:
72. Ինչ վերաբերում է այն պայմանին, որով պահանջվում էր ապացուցել երկարատև գործունեության հանգամանքը, ապա դիմումատուները ընդունել են, որ այն օբյեկտիվ պայման է, սակայն բոլոր դեպքերում պնդում են, որ այդ չափորոշիչն անհիմն էր: Նրանք նշել են, որ կոմունիստական վարչակարգի ժամանակաշրջանը Հունգարիայում քսան տարուց մի փոքր ավելի է, ինչ ավարտվել է: Մինչ այդ քիչ հավանական էր այն, որ երկրում նոր կրոնական շարժումներ ձևավորվեին կամ ընդհանրապես գոյություն ունենային: Հետևաբար, գրեթե բոլոր նոր կրոնական շարժումները զրկվում են «եկեղեցի» դառնալու արտոնությունից, ինչը 9-րդ հոդվածի խախտում է:
73. Բացի այդ, 2011թ. Եկեղեցիների մասին օրենքը նախատեսում էր նաև նվազ օբյեկտիվ չափանիշներ, այդ թվում՝ այն պահանջը, որով կրոնական համայնքի գործունեությունն որևէ վտանգ չպետք է առաջացներ ազգային անվտանգության համար, և որ կրոնական համայնքի սկզբունքները չպետք է խախտեին առողջության, կյանքի պաշտպանության և մարդկային արժանակապատվության իրավունքները: Դիմումատուների վերագրանցման դիմումը մերժվել է, թեև որևէ ապացույց չկար այն մասին, որ վերջիններս կարող էին պետության կամ հասարակական կարգի համար ստեղծել որևէ վտանգ:
74. Հաշվի առնելով վերը նշվածը՝ դիմումատուները ընդգծել են, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի համաձայն՝ կրոնական համայնքին կարող էին մերժել գրանցման հարցում, նույնիսկ եթե վերջինս բավարարում էր կիրառվող օբյեկտիվ չափանիշներին. արդյունքում ստեղծվել էր կամայականությունները բացահայտող մի իրավիճակ:
2. Դատարանի գնահատականը
(ա) Ընդհանուր սկզբունքներ
75. Դատարանը վերահաստատում է, որ ինչպես սահմանված է 9-րդ հոդվածով` մտքի, խղճի և կրոնի ազատությունը Կոնվենցիայի իմսատով հանդիսանում է «ժողովրդավարական հասարակության» հիմնասյուներից մեկը: Չնայած այն բանին, որ կրոնի ազատությունը գլխավորապես անձի խղճի խնդիր է, այն նաև ենթադրում է «[իր] կրոնը քարոզելու» ազատություն, ինչպես միանձնյա, այնպես էլ՝ այլոց հետ համատեղ և հրապարակավ կամ մասնավոր կարգով այն անձանց շրջանակում, որոնց համոզմունքները վերջինս կիսում է: Խոսքերը և գործերը վկայում են կրոնական համոզմունքների մասին (տե՛ս Kokkinakis-ն ընդդեմ Հունաստանի, 25 մայիս 1993թ., § 31, Սերիա Ա թիվ 260, և Buscarini-ն և այլոք ընդդեմ Սան Մարինոյի [ՄՊ], թիվ 24645/94, § 34, ՄԻԵԴ 1999-I):
76. Դատարանը անհրաժեշտ չի համարում in abstacto որոշելու, թե արդյո՞ք կրոնական համայնքների գրանցման պաշտոնական գործողությունները հանդիսանում են Կոնվենցիայի 9-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների նկատմամբ միջամտություն: Սակայն, Դատարանը նշում է, որ կրոնի ազատության ոլորտում և կրոնների, դավանանքների և համոզմունքների նկատմամբ իր հարաբերություններում պետությունն իրավակարգավորման իր գործառույթն իրացնելիս պարտավոր է պահպանել չեզոքություն և անկողմնակալություն (տե՛ս Metropolitan Church of Bessarabia-ի գործը, [թիվ 45701/99, ՄԻԵԴ 2001‑XII], § 116, և Religionsgemeinschaft der Zeugen Jehovas-ի գործը, [թիվ 40825/98, 31 հուլիս 2008թ.], § 97): Այն փաստերը, որոնք վկայում են իշխանությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում այս հարցերի շուրջ չեզոք չլինելու մասին, պետք է հանգեցնեն այն եզրահանգման, որ պետությունը թույլ է տվել միջամտություն հավատացյալների՝ Կոնվենցիայի 9-րդ հոդվածի իմաստով իրենց կրոնը քարոզելու ազատության իրացման հարցում: Դատարանը վերահաստատում է, որ չափազանց բառացիկ դեպքերում, Կոնվենցիայով երաշխավորված կրոնի ազատության իրավունքը բացառում է պետության կողմից որևէ հայեցողական որոշման ընդունումն այն հարցի շուրջ, թե արդյո՞ք կրոնական համոզմունքները կամ նման համոզմունքներն արտահայտելու միջոցները իրավաչափ են, թե՝ ոչ (տե՛ս Hasan-ը և Chaush-ն [ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ], թիվ 30985/96, ՄԻԵԴ 2000-XI], §§ 77‑78): Բացի այդ, Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված պետության՝ չեզոք և անկողմնակալ լինելու պարտավորությունն անհամատեղելի է պետության՝ կրոնական համոզմունքների իրավաչափությունը գնահատելու բոլոր մյուս գործառույթների հետ (տե՛ս Metropolitan Church of Bessarabia-ի գործը, վերևում մեջբերված, § 123):
77. Այս համատեքստում, 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի հետ համակցությամբ, որը պաշտպանում է ասոցիատիվ կյանքը պետության անհիմն միջամտությունից: Դատարանն այս կապակցությամբ կայակոչում է իր՝ Hasan-ը և Chaush-ի գործով կայացված վճիռը (վերևում մեջբերված, § 62).
«Դատարանը նշում է, որ կրոնական համայնքներն ավանդաբար և ամենուր գոյություն ունեն կազմակերպված կառույցների ձևով: Նրանք ենթարկվում են այնպիսի կանոնների, որոնք հետևորդների կողմից հաճախ դիտվում են որպես աստվածային ծագման նշան: Կրոնական ծեսերն իրենց նշանակությունն ու հոգևոր արժեքն ունեն հավատացյալների համար, եթե դրանք իրականացվում են այդ նպատակի համար լիազորված քահանաների կողմից՝ այդ կանոններին համահունչ: Հոգևոր առաջնորդների անձն անկասկած կարևոր է համայնքի բոլոր անդամների համար: Հետևաբար, համայնքի կյանքում մասնակցություն ունենալը հավասարազոր է իրենց կրոնի քարոզմանը, որը պաշտպանվում է Կոնվենցիայի 9-րդ հոդվածով:
Այն դեպքերում, երբ կրոնական համայնքի կազմակերպման հարցը վեճի առարկա է հանդիսանում, Կոնվենցիայի 9-րդ հոդվածը պետք է մեկնաբանել 11-րդ հոդվածի հետ համակցությամբ, որը պաշտպանում է ասոցիատիվ կյանքը պետության անհիմն միջամտությունից: Այս տեսանկյունից, հավատացյալների կրոնի ազատության իրավունքն ենթադրում է, որ համայնքին թույլատրվում է գործել բացառապես խաղաղ ճանապարհով՝ զերծ լինելով պետության կամայական միջամտությունից: Բացի այդ, կրոնական համայնքների ինքնավար գոյությունն անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում բազմակարծության համար և, հետևաբար, գտնվում է 9-րդ հոդվածով նախաստեսված պաշտպանության կենտրոնում: Այն ուղղակիորեն վերաբերում է ոչ միայն համայնքի կազմակերպման, այլ նաև վերջինիս ակտիվ անդամների կողմից կրոնի ազատության իրավունքի արդյունավետ իրացման հարցին: Եթե համայնքի կազմակերպական կյանքը չօգտվի Կոնվենցիայի 9-րդ հոդվածի պաշտպանությունից, ապա անձի կրոնի ազատության մյուս ասպեկտները կդառնան խոցելի»:
78. Դատարանը այնուհետև վերահաստատում է, որ ընդհանուր հետաքրքրության դաշտում համատեղ գործելու նպատակով իրավաբանական անձ հիմնադրելու ունակությունը հանդիսանում է այլոց հետ միավորվելու ազատության ամենակարևոր տարրերից մեկը, առանց որի այդ իրավունքը զրկված կլինի որևէ իմաստից: Դատարանը հետևողականորեն այն դիրքորոշումն է հայտնել, որ ներպետական իշխանությունների կողմից անձանց միավորմանն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու հարցում մերժելը հավասարազոր է դիմումատուների` այլոց հետ միավորվելու ազատության իրենց իրավունքի նկատմամբ միջամտության (տե՛ս Gorzelik-ը և այլոք ընդդեմ Լեհաստանի [ՄՊ], թիվ 44158/98, § 52 et passim, ՄԻԵԴ 2004‑I, և Sidiropoulos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի, 10 հուլիս 1998թ., § 31 et passim, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998‑IV): Պետություններն իրավունքն ունեն բավարվել նրանով, որ միավորման նպատակները և գործունեությունը լինեն օրենսդրությամբ նախատեսված կանոններին համապատասխան, սակայն նրանք պետք է դա անեն այնպիսի մի եղանակով, որը համատեղելի է Կոնվենցիայի համաձայն ստանձնած իրենց պարտավորությունների հետ և ենթակա վերանայման կոնվենցիոն հաստատությունների կողմից (տե՛ս Sidiropoulos-ի գործը, վերևում մեջբերված, § 40): Այն դեպքերում, երբ խնդրո առարկան վերաբերում է կրոնական համայնքի գործունեության կազմակերպմանը, ապա այդ համայնքին ճանաչելու հարցում մերժումը նույնպես որոշվել է, որ հանդիսանում է դիմումատուների` Կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն կրոնի ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն (տե՛ս Metropolitan Church of Bessarabia-ի գործը, վերևում մեջբերված, § 105):
79. Պետության` իր հաստատությունների և քաղաքացիների համար վտանգ ներկայացնող միավորումներից պաշտպանելու գործառույթը պետք է օգտագործվի անհրաժեշտության դեպքում, ինչպես և միավորման ազատության կանոնի բացառությունները պետք է խիստ կերպով մեկնաբանվեն, մինչդեռ միայն համոզիչ և անհաղթահարելի պատճառները կարող են արդարացնել այդ ազատության սահմանափակումները: Ցանկացած միջամտություն պետք է բավարարի «սոցիալական ծայրահեղ կարիք» պահանջը, ուստի, «անհրաժեշտ է» հասկացությունը չունի այն ճկունությունը, որն ունեն «օգտակար» կամ «ցանկալի» բառերը (տե՛ս Gorzelik-ի գործը, վերևում մեջբերված, §§ 94-95, հետագա հղումներով):
80. Գործի քննությունն իրականացնելիս Դատարանի խնդիրը չէ իր որոշմամբ փոխարինել ներպետական մարմինների կայացրած համապատասխան որոշումը, այլ ամփոփվում է այն որոշումների վերանայմամբ, որոնք այդ մարմինները կայացրել են իրենց հայեցողության իրականացման արդյունքում: Դա չի նշանակում, որ Դատարանն իրեն պետք է սահմանափակի միայն այն հարցի վերաբերյալ որոշման կայացմամբ, թե արդյո՞ք պատասխանող պետությունն իր հայեցողությունն իրականացրել է ողջամտորեն, մանրակրկիտ կերպով և բարեխղճորեն: Դատարանը պետք է վեճի առարկա միջամտությունը քննի գործի ընդհանուր լույսի ներքո և որոշում կայացնի այն մասին, թե արդյո՞ք այն «համաչափ է հետապնդվող իրավական նպատակին» և արդյո՞ք ներպետական մարմինների կողմից այն արդարացնելու համար ներկայացված պատճառները «հիմնավոր և բավարար են»: Այդ առաքելությունն իրականացնելիս Դատարանը պետք է համոզվի, որ ներպետական մարմինների կիրառած չափորոշիչները համապատասխանել են Կոնվենցիայում ամրագրված սկզբունքներին և, հետևաբար, որ նրանց որոշումները հիմնված են համապատասխան փաստերի ընդունելի գնահատման վրա (տե՛ս United Communist Party of Turkey-ն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 30 հունվար 1998թ., § 47, Զեկույցներ 1998‑I, և Partidul Comunistilor-ը (Nepeceristi) և Ungureanu-ն ընդդեմ Ռումինիայի, թիվ 46626/99, § 49, ՄԻԵԴ 2005‑I (հատվածներ)):
(բ) Սկզբունքների կիրառումը սույն գործում
(i) Արդյո՞ք տեղի է ունեցել միջամտություն
81. Դատարանը նշում է, որ դիմումատու համայնքները, որպես 1990թ. Եկեղեցիների մասին օրենքի համաձայն իրավասու դատարանի կողմից գրանցված եկեղեցիներ, իրավաչափորեն գոյություն են ունեցել և գործել Հունգարիայում: 2011թ. Եկեղեցիների մասին օրենքը նախկինում գրանցված բոլոր եկեղեցիների կարգավիճակը փոխել է միավորումների, բացառությամբ այն եկեղեցիների, որոնք նշված են այդ օրենքին կից հավելվածում: Եկեղեցի կարգավիճակով իրենց գործենությունը շարունակելու մտադրություն ունեցող կրոնական համայնքները պետք է դիմեին խորհրդարան` առանձին կերպով ճանաչում ստանալու համար:
82. Դատարանը նախորդ երկու գործերով (տե՛ս Moscow Branch of the Salvation Army-ի գործը, վերևում մեջբերված, § 67, և Church of Scientology Moscow-ն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 18147/02, § 78, 5 ապրիլ 2007թ.) գտել է, որ վերագրանցման մերժումը հանդիսացել է կրոնական կազմակերպության միավորման ազատության, ինչպես նաև՝ կրոնի ազատության իրավունքի նկատմամբ միջամտություն:
83. Դատարանը գտնում է, որ սույն գործով խնդրո առարկա միջոցն արդյունավետորեն հավասարազոր էր դիմումատուների` որպես եկեղեցիներ վերագրանցմանը և հանդիսանում էր դրանց` 9-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների նկատմամբ միջամտություն: Ուստի, Դատարանը պետք է որոշի, թե արդյո՞ք միջամտությունը համապատասխանում է այդ դրույթների 2-րդ պարբերության պահանջներին, այն է` արդյո՞ք այն «նախատեսված էր օրենքով», հետապնդում էր մեկ կամ մի քանի իրավաչափ նպատակներ և «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում» (տե՛ս, ի թիվս այլոց, Metropolitan Church of Bessarabia-ի գործը, վերևում մեջբերված, § 106):
84. Պետության գործառույթն այս ոլորտում պետք է օգտագործվի ըստ անհրաժեշտության. այլոց հետ միավորվելու ազատության կանոնի բացառությունները պետք է նեղ մեկնաբանվեն և միայն համոզիչ և ազդեցիկ պատճառները կարող են արդարացնել այդ ազատության սահմանափակումները: Այս կապակցությամբ, Դատարանը վերահաստատում է Gorzelik-ի գործով (վերևում մեջբերված, §§ 94-95) և Jehovah’s Witnesses of Moscow-ն ընդդեմ Ռուսաստանի (թիվ 302/02, § 100, 10 հունիս 2010թ.) արտահայտած իր դիրքորոշումը: Համոզիչ պատճառների առկայությունն ապացուցելու պարտականությունը դրված է պատասխանող պետության վրա (տե՛ս, mutatis mutandis, Vallianatos-ը և այլոք ընդդեմ Հունաստանի [ՄՊ], թիվթիվ 29381/09 և 32684/09, § 85, ՄԻԵԴ 2013): Հետևաբար, Կառավարությունը սույն գործով պետք է հիմնավորի, որ իր կողմից հետապնդվող իրավաչափ նպատակների համար անհրաժեշտ էր արգելել արդեն ճանաչում ունեցող եկեղեցիներին պահպանել կրոնական գործունեության, այն է` կրոնի քարոզման հետ կապված նրանց կարգավիճակը:
(ii) Նախատեսված են օրենքով
85. Այս հարցը կողմերի միջև չէր վիճարկում: Դատարանը բավարարված է, որ վիճարկվող միջամտությունը նախատեսված էր օրենքով, այն է` 2011թ. Եկեղեցիների մասին օրենքով:
(iii) Իրավաչափ նպատակ
86. Կառավարությունը պնդել է, որ վիճարկվող միջամտությունը, եթե այդպիսին կար, 9-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով կարող է դիտվել որպես այլ անձանց իրավունքների և ազատությունների, ինչպես նաև՝ հասարակական կարգի պաշտպանության առումով իրավաչափ նպատակների հետապնդում: Այդպիսի մի օրինակ կարող է լինել այն իրավիճակը, երբ ենթադրաբար կրոնական նպատակներ հետապնդող կազմակերպությունը փաստացի ցանկություն ունի ստանալ միայն ֆինանսական նպաստներ: Դիմումատուներն առարկել են այդ փաստարկին:
Դատարանը գտնում է, որ վիճարկվող միջամտությունը կարող է համարվել, որ հետապնդում է 11-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով անկարգությունները կամ հանցագործությունները կանխարգելելու իրավաչափ նպատակ, մասնավորապես` փորձ է արվում պայքարել խարդախությունների դեմ:
(iv) Անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում
(α) Թույլատրելի հայեցողության շրջանակի սահմանը
87. Ինչ վերաբերում է Կառավարության կողմից վկայակոչվող Kimlya-ն և այլոք (§ 79, տե՛ս վերևում` 65-րդ պարբերությունը) գործով արտահայտված սկզբունքին, ըստ որի սայենթոլոգիա ուսմունքի խնդրահարույց բնույթը ներպետական մարմիններից պահանջել է հետաձգել դրա վերաբերյալ որոշում կայացնելը, ապա Դատարանը նշում է, որ նման հանգամանքներում եվրոպական համաձայնության բացակայության մասին է վկայում այն փաստը, որ իշխանությունները տարբեր երկրներում դատական գործեր են սկսել կրոնական այդ խմբի ներկայացուցիչների նկատմամբ: Ըստ Դատարանի` այդ գործողությունները վկայում են այն մասին, որ ուսմունքների կրոնական բնույթի վերաբերյալ առկա է փաստացի պաշտոնական վեճ: Հենց այս համատեքստում է, որ հիշատակված կրոնի խնդրահարույց բնույթը կարող է ուսմունքները գնահատելու հարցում պետություններին օժտել թույլատրելի հայեցողության լայն շրջանակով:
88. Այդուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ այդ մոտեցումը չի կարող ինքնաբերաբար տարածվել այն իրավիճակների վրա, երբ կրոնական խումբը մեկ կամ մի շարք եվրոպական երկրներում օրինական ճանապարհով չի ճանաչվում որպես լիարժեք եկեղեցի: Ակնհայտ համաձայնության սոսկ այսպիսի բացակայությունը չի կարող նույն աստիճանի հարգանք առաջացնել ներպետական մարմինների գնահատման գործառույթի նկատմամբ, հատկապես, երբ հարցը վերաբերում է այլ կերպ արդեն ճանաչված կրոնների (նախկինում լիարժեք գործող եկեղեցիների) կազմակերպական շրջանակին, այլ ոչ թե` մի խումբ վիճահարույց ուսմունքների որպես կրոն ընդունելու բուն հարցին: Հակառակ պարագայում դա կնշանակեր, որ ոչ ավանդական կրոնները կարող են մի երկրում զրկվել Կոնվենցիայի պաշտպանությունից` այս հանգամանքը գլխավորապես պայմանավորված լինելով այն փաստով, որ դրանք այլ երկրներում իրավաբանորեն որպես եկեղեցիներ ճանաչված չեն եղել: Ինչ վերաբերում է կրոնների համար պատշաճ կազմակերպական ձևեր երաշխավորելու հարցին, ապա 9-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված երաշխիքները մեծապես թվացյալ կարող են դառնալ:
89. Հետևաբար, Դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ պետություններն այս ոլորտում ունեն թույլատրելի հայեցողության որոշակի շրջանակ, այն չի կարող տարածվել ներպետական մարմինների` կրոնների և կրոնական կազմակերպությունների գնահատման ընդհանուր հարգանքի վրա: Անդամ պետությունում ընդունված կիրառելի իրավական լուծումները պետք է համահունչ լինեն Դատարանի նախադեպային իրավունքի հետ և ենթակա` Դատարանի հսկողությանը:
(β) Պոզիտիվ պարտավորություններ
90. Դատարանը գտնում է, որ պետությունը պոզիտիվ պարտավություն ունի ներդնելու ճանաչման այնպիսի մի համակարգ, որը կդյուրացնի կրոնական համայնքների կողմից իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու գործընթացը: Սա գործուն նկատառում է նաև այն առումով, որ սահմանում է կրոնի և կրոնական գործունեության հասկացությունները: Դատարանը գտնում է, որ այդ սահմանումներն ուղղակի հետևանքներ ունեն անձի` կրոնի ազատության իրավունքի իրացման վրա և կարող են սահմանափակել այն, եթե անձի գործունեությունը չճանաչվի որպես կրոնական: Համաձայն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի դիրքորոշման` ..., այդ սահմանումները չեն կարող մեկնաբանվել ի վնաս ոչ ավանդական կրոնի ձևերի, որի հետ նաև համաձայն է Դատարանը: Այս համատեսքտում, Դատարանը վերահաստատում է, որ պետության` չեզոք և անկողմնակալ լինելու պարտականությունը, ինչպես որ սահմանված է Դատարանի նախադեպային իրավունքով, համատեղելի չէ պետության` կրոնական համոզմունքների օրինականությունը գնահատելու որևէ այլ իրավասության հետ (տե՛ս Metropolitan Church of Bessarabia-ի գործը, վերևում մեջբերված, §§ 118 և 123, և Hasan-ը և Chaush-ի գործը, վերևում մեջբերված, § 62): Սակայն, սույն գործը չի վերաբերում Հունգարիայի օրենսդրությունում կրոնի սահմանման հարցին:
91. Դատարանը այնուհետև գտնում է, որ 11-րդ հոդվածի ներքո` 9-րդ հոդվածի հետ համակցությամբ, չկա այնպիսի մի իրավունք, ըստ որի կրոնական կազմակերպությունները պետք է հատուկ իրավաբանական անձի կարգավիճակ ունենան: Կոնվենցիայի 9-րդ և 11-րդ հոդվածներով պետությունից միայն պահանջվում է երաշխավորել, որ կրոնական համայնքները հնարավորություն ունենան ձեռք բերել իրավունակություն՝ որպես քաղաքացիական օրենսդրության շրջանակներում գործող իրավական միավորում: Այդ հոդվածներով չի պահանջվում դրանց շնորհել հանրային իրավունքի հատուկ կարգավիճակ:
92. Կրոնական համայնքներին տրամադրվող իրավաբանական անձի կարգավիճակերի միջև եղած տարբերությունները չպետք է վերջիններիս հետևորդներին բացասական կերպով ներկայացնեն հասարակության աչքերում, ինչը զգայուն հարց է պետության կողմից հասարակական կյանքում արված՝ կրոնի, ինչպես նաև՝ այն քարոզող եկեղեցու պաշտոնական գնահատման համար: Շատ երկրների սովորույթներում եկեղեցի համարվելը և պետության կողմից ճանաչում ունենալը կարևորագույն նշանակություն ունի սոցիալական դերի առումով, առանց որի կրոնական համայնքը կարող է դիտարկվել որպես կասկածելի մի աղանդ: Այլ կերպ ասած՝ կրոնական համայնքը որպես եկեղեցի ճանաչելու մերժումը կարող է սրել նման` հաճախ փոքրաթիվ համայնքների հետևորդների նկատմամբ ունեցած նախապաշարմունքները, հատկապես` նոր կամ անսովոր ուսմունքներ քարոզող կրոնների դեպքում:
93. Իրավաբանական կարգավիճակի տարբերությունները և դրա արդյունքում պետության հետ համագործակցության տեսակետից (երբ պետությունը` թույլատրելի իր հայեցողության շրջանակում, ընտրում է համագործակցության սահմանադրական տարբերակը) կրոնական համայնքների միջև վերաբերմունքը գնահատելիս, Դատարանը այնուհետ նշում է, որ այդ տարբերություններն ազդեցություն ունեն համայնքի կազմակերպման և, հետևաբար, կրոնը միանձնյա և այլոց հետ համատեղ պաշտամունքի միջոցով արտահայտելու վրա: Փաստորեն, կրոնական միավորումները անհատական կրոնական շահերը հետապնդող սոսկ գործիքներ չեն: Ընդարձակ առումով, դրանք ապահովում են այն շրջանակը, որն անհրաժեշտ է հասարակությունում անձի ինքնորոշման աճի և բազմակարծության տարածման համար: Այլոց հետ միավորվելու ազատության միջոցով հավատացյալներին տրամադրվող պաշտպանությունն անձանց իրավունք է տալիս կատարելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ ընդունված կոլեկտիվ որոշումները, որոնք թելադրված են ընդհանուր համոզմունքներով:
94. Դատարանը չի կարող անտեսել այն վտանգը, ըստ որի կրոնի հետևորդներին կարող են հանդուրժել, սակայն ոչ՝ ողջունվել, այն դեպքերում, երբ պետությունը մերժում է ճանաչել կամ աջակցել վերջիններիս կրոնական կազմակերպությանը, մինչդեռ նույն այդ արտոնություններն ապահովվում են այլ դավանանքների համար: Դա այդպես է, քանի որ կրոնի կոլեկտիվ պաշտամունքը այն ձևով, որը թելադրված է այդ կրոնի սկզբունքներով, կարող է էական պայման հանդիսանալ կրոնի ազատության իրավունքի անխափան իրականացման համար: Դատարանը գտնում է, որ ընկալելի թերարժեքության նման իրավիճակը կազմում է անձի` կրոնը քարոզելու ազատության մաս:
(γ) Դիմումատու կրոնական համայնքներին գրանցումից հանելը
95. Դատարանը նշում է, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի ուժի մեջ մտնելու անմիջական հետևանքն այն էր, որ դիմումատու կազմակերպությունները, որոնք նախկինում լիարժեք եկեղեցիներ էին և, հետևաբար, իրավունք ունեին օգտվել բոլոր արտոնություններից, դոտացիաներից և նվիրաբերություններից, կորցրել էին իրենց այդ կարգավիճակը և աստիճանազրկվել լավագույն դեպքում միավորումների կարգավիճակի, որի պարագայում մեծ մասամբ զրկված էին այդ հնարավորություններից: Ճշմարիտ է այն, որ Սահմանադրական դատարանի հաջորդ որոշումը ձևականորեն վերջ դրեց այդ միջամտությանը: Ըստ Կառավարության պնդման` այն լիարժեք փոխհատուցում էր նախատեսում ենթադրյալ բողոքի առկայության պարագայում, սակայն դիմումատուները պնդում էին, որ նրանք այլևս չեն կարող առանց վնասների օգտվել նախկին իրենց կարգավիճակից:
96. Դիմումատու համայնքների աստիճանազրկման օգտակար լինելու գործոնը գնահատելիս` կարևոր է նշել, որ Հունգարիայի իշխանությունների կողմից վերջիններս նախկինում ճանաչված են եղել որպես եկեղեցիներ մի օրեսնդրության շրջանակում, որն ուժի մեջ է եղել, երբ Հունգարիան միացել է կոնվենցիոն համակարգին և որը շարունակել է գործել մինչև 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի ուժի մեջ մտնելը:
Ընդունելով Կառավարության օրինական մտահոգությունը, որը կապված է նախկինում գործող եկեղեցիների մեծ թվաքանակի խնդրի հետ (տե՛ս վերևում` 62-րդ պարբերությունը), Դատարանը նշում է, որ Կառավարությունը չի ապացուցել, որ այդ խնդրի լուծման նվազ արմատական եղանակներ կիրառվել են իշխանությունների կողմից, օրինակ` դատական վերահսկողությունը կամ ճարաշահումների պատճառով որոշ եկեղեցիների լուծարումը:
97. Դատարանը չի կարող հաշվի չառնել այն հանգամանքը, որ վիճարկվող օրենսդրության նպատակն էր առկա, ինչպես նաև գործող եկեղեցիներին զրկել իրենց իրավաբանական շրջանակից, ինչը որոշ դեպքերում հեռահար հետևանքներ էր առաջացնում վերջիններիս նյութական դրության և հեղինակության համար:
(δ) Դիմումատու համայնքների վերագրանցման հնարավորությունները
98. Դատարանը նշում է, որ գործող օրենսդրության համաձայն Հունգարիայում գոյություն ունի եկեղեցիների ճանաչման երկաստիճան համակարգ: Մի շարք եկեղեցիներ՝ այսպես կոչված հիմնադրված եկեղեցիները, լիարժեք եկեղեցու կարգավիճակ են վայելում, այդ թվում նաև` օգտվում են արտոնություններից, դոտացիաներից և հարկային նվիրաբերություններից: Մնացած բոլոր կրոնական միավորումները, թեև 2013թ. սկսած ազատորեն կարող են գործածել «եկեղեցի» անվանումը, օգտվում են շատ ավելի նվազ արտոնություններից՝ միաժամանակ ունենալով հիմնադրված եկեղեցու խմբին անցնելու սահմանափակ հնարավորություններ: Սույն գործով դիմումատուները՝ նախկինում լիիրավ եկեղեցիներ, այժմ պատկանում են երկրորդ խմբին, օժտված լինելով իրենց կրոնը քարոզելու էականորեն նվազ իրավունքներով և նյութական հնարավորություններով՝ ի տարբերություն նախկինում ունեցած իրենց կարգավիճակի կամ ներկայումս հիմնադրված եկեղեցիների կարգավիճակին պատկանողների հնարավորությունների:
99. Դատարանն ուշադրություն է դարձնում Կառավարության փաստարկներին, որոնցում կարծես թե մի կողմից ուշադրությունը սևեռված է հիմնադրված եկեղեցու կարգավիճակի փոփոխության հավանականության վրա, իսկ մյուս կողմից՝ այդ փոփոխության պայմանների ողջամտության վրա. ուշագրավ է, որ եկեղեցու գոյության տևողության և անդամների նվազագույն թվաքանակին վերաբերող օբյեկտիվ չափանիշները, ինչպես նաև՝ ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու հարցերի շուրջ վերջնական որոշումը կայացնում է խորհրդարանը:
100. Ինչ վերաբերում է եկեղեցիների ճանաչման երկաստիճան համակարգին, ապա Դատարանը բավարված է համարում, որ նման համակարգը կարող է per se ընկնել պետության թույլատրելի հայեցողության սահմանների ներքո (տե՛ս Sindicatul “Păstorul cel Bun”-ն ընդդեմ Ռումինիայի [ՄՊ], թիվ 2330/09, § 138, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)): Այդուհանդերձ, ցանկացած այդպիսի համակարգ սովորաբար այն գործարկող երկրների պատմական-սահմանադրական ավանդույթների մաս կազմում է, և պետական եկեղեցու համակարգը կարող է համարվել Կոնվենցիայի 9-րդ հոդվածի հետ համատեղելի, հատկապես եթե այն հանդիսանում է անդամ պետության վավերացմանը նախորդած իրավիճակի մաս (տե՛ս Darby-ն ընդդեմ Շվեդիայի, թիվ 11581/85, Հանձնաժողովի զեկույց, 9 մայիս 1989թ., § 45, Սերիա թիվ 187):
Օրինակ՝ Դատարանն ավելի վաղ ընդունել է, որ պետական բյուջեից պետական եկեղեցուն լրացուցիչ ֆինանսավորման տրամադրումը Կոնվենցիայի խախտում չէ՝ ի թիվս այլ մտահոգությունների, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ այդ եկեղեցու աշխատակիցները հանդիսանում են պետական ծառայողներ, որոնք պարտավորություններ ունեն ստանձնած ոչ միայն տվյալ եկեղեցու համայնքի, այլև՝ ողջ հանրության առջև (տե՛ս Ásatrúarfélagið-ն ընդդեմ Իսլանդիայի (որոշ.), թիվ 22897/08, § 34, 18 սեպտեմբեր 2012թ.): Ավելի ընդհանրական դիտարկման մեջ Դատարանն ավելացնում է, որ եկեղեցիների ֆինանսավորումը և վերջիններիս տրամադրվող այլ նյութական կամ ֆինանսական արտոնությունները, թեև Կոնվենցիայի հետ անհամատեղելի չեն, չպետք է լինեն բնույթով խտրական կամ չափից ավելի շատ, այնպես, որ երևա դրանց ակնհայտ անհամաչափությունը այն գործունեության նկատմամբ, որը ծավալում են տվյալ հասարակության մեջ գործող այլ կազմակերպությունները:
101. Սակայն, տվյալ գործով Դատարանը գտնում է, որ Կառավարությունը համոզիչ ապացույցներ չի ներկայացրել` ցույց տալով, որ 2011թ. Եկեղեցիների մասին օրենքին կից հավելվածում ներառված հիմնադրված եկեղեցիների ցանկը, ինչպես որ այն ներկայումս կիրառվում է, ամբողջապես արտացոլում է Հունգարիայի պատմական ավանդույթներն այն առումով, որ վերջինս չի ընդգրկում դիմումատու կրոնական համայնքներին, և սա կարելի է հասկանալ անդրադարձ կատարելով 1895թ. տիրող իրավիճակին՝ ... միևնույն ժամանակ հաշվի չառնելով համեմատաբար վերջերս տեղի ունեցած պատմական զարգացումները:
102. Դատարանը նշում է, որ հիմնադրված եկեղեցիների ճանաչման վերաբերյալ որոշումների կայացման իրավունքը պատկանում է խորհրդարանին, որը գլխավորապես քաղաքական մարմին է, և որը պետք է որոշումներն ընդունի անդամների երկու երրորդ մեծամասնությամբ: Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ ձայների պահանջվող քանակությունը ակնայտորեն կախված է ընտրությունների արդյունքներից ... Արդյունքում եկեղեցու ճանաչումը կամ դրա մերժումը կարող է կապված լինել քաղաքական իրադարձությունների կամ իրավիճակների հետ: Այսպիսի համակարգն ի սկզբանե առաջ է բերում չեզոքության անտեսում և կամայականության վտանգ: Ստեղծվում է մի այնպիսի իրավիճակ, որի ժամանակ կրոնական համայնքների կողմից քաղաքական կուսակցություններին՝ ձայներ տալու միջոցով սատարելը անհամատեղելի է այս ոլորտում պետության չեզոք լինելու պահանջի հետ:
103. Դատարանը հաշվի է առնում, որ դիմումատու կրոնական համայնքները չեն կարող ողջամտորեն ակնկալել, որ պատրաստ կլինեն ենթարկվելու մի գործընթացի, որի համար ոչ քաղաքական մարմնի կողմից արդար գործընթացի ընթացքում գնահատվելու օբյեկտիվ երաշխիքներ չկան: ...
104. Մի կողմ թողնելով վերագրանցման գործընթացի՝ քաղաքական կողմնակալությամբ արատավորված լինելու հավանականության մասին ունեցած մտավախությունը՝ Դատարանը գտավ, որ կրոնի հիմնարար սկզբունքների մասին տեղեկատվություն չտրամադրելու պատճառով գրանցման մերժումը կարող է արդարացված լինել առանձին հանգամանքների առկայության պարագայում, երբ անհրաժեշտություն կա պարզելու, թե արդյո՞ք ճանաչման հայտ ներկայացրած դավանանքները ժողովրդավարական հասարակության համար վտանգ ներկայացնում է, թե՝ ոչ (տե՛ս Cârmuirea Spirituală a Musulmanilor din Republica Moldova-ն ընդդեմ Մոլդովայի (որոշ.), թիվ 12282/02, 14 հունիս 2005թ.): Սակայն տվյալ գործով Դատարանը նշում է, որ Կառավարությունը անհրաժեշտ չի համարել կրկին անգամ ուսումնասիրել արդեն գործող եկեղեցիների գործունեությունը՝ դրանց՝ հասարակության համար հնարավոր վտանգավորությունը պարզելու տեսանկյունից, առավել ևս անհրաժեշտ չի համարել ստուգել դրանց ուսմունքների բովանդակությունը, ինչը 2011թ. Եկեղեցիների մասին օրենքի հստակ պահանջ է ... Կառավարությունը նաև չի մատնանշել դիմումատու կազմակերպությունների կողմից ներկայացվող որևիցե իրական վտանգ (համեմատի՛ր Church of Scientology Moscow-ի գործի հետ, վերևում մեջբերված, § 93): Դատարանը նշում է, որ դիմումատուները նախքան նշված ժամանակահատվածը մի քանի տարի շարունակ Հունգարիայում օրինական հիմունքներով գործել են որպես կրոնական համայնքներ: Դատարանին չի ներկայացվել որևիցե ապացույց այն մասին, որ այդ ժամանակահատվածում Կառավարությունը ձեռնարկել է դիմումատուների գոյությունը վիճարկող գործընթաց, մասնավորապես այն հիմքով, որ տվյալ կազմակերպությունների գործունեությունը անօրինական է կամ որ դրա գործունեության ընթացքում կատարվել են չարաշահումներ: Այդ իսկ պատճառով դրանց վերագրանցումը պահանջելու պատճառները պետք է լինեին հատկապես ծանրակշիռ և համոզիչ (տե՛ս Church of Scientology Moscow-ի գործը, վերևում մեջբերված, § 96, և Moscow Branch of The Salvation Army-ի գործը, վերևում մեջբերված, § 96): Սույն գործով ներպետական իշխանությունների կողմից այդպիսի պատճառներ չեն նշվել:
105. Սակայն նույնիսկ եթե ենթադրենք, որ գոյություն են ունեցել բավականին ծանրակշիռ և համոզիչ պատճառներ, Դատարանը չի կարող չհանգել այն եզրակացության, որ դիմումատու կրոնական խմբերին արդարացի հնարավորություն չի ընձեռնվել (տե՛ս Religionsgemeinschaft der Zeugen Jehovas-ի գործը, վերևում մեջբերված, § 92) ձեռք բերելու անհրաժեշտ օրինական ճանաչում՝ հատկապես հաշվի առնելով այն, որ գործընթացը քաղաքականացված էր:
(ε) Դիմումատու համայնքների՝ իրենց կրոնը քարոզելուն ուղղված նյութական արտոնություններից օգտվելու և դրա շուրջ պետության հետ համագործակցելու հնարավորությունները
106. Դատարանը նշում է, որ 9-րդ հոդվածով ամրագրված կրոնը կամ համոզմունքները քարոզելու ազատության իրավունքը չի ենթադրում, որ դիմումատու միավորումները կամ դրանց անդամները կարող են ակնկալել պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորման երաշխիքներ (տե՛ս Ásatrúarfélagið-ի գործը, վերևում մեջբերված, § 31), սակայն տարբեր կրոնական համայնքներին, և ուրեմն՝ անուղղակի կերպով տարբեր կրոններին շնորհվող տարաբնույթ օժանդակությունը պահանջում է դրանք ամենախիստ ստուգման ենթարկել (տե՛ս, mutatis mutandis, Gorzelik-ի գործը, վերևում մեջբերված, § 95):
107. Դատարանն արդեն ճանաչել է, որ կրոնական համայնքների կողմից ձեռք բերված արտոնությունները, մասնավորապես հարկման ոլորտում ստացված արտոնությունները, նպաստում են վերջիններիս կրոնական նպատակների իրագործմանը (տե՛ս Association Les Témoins de Jéhovah-ն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 8916/05, §§ 49 և 52-53, 30 հունիս 2011թ.) և այդ իսկ պատճառով պետական իշխանությունները Կոնվենցիայի 9-րդ հոդվածով ունեն միջոցներ հատկացնելու և արտոնություններ շնորհելու իրենց իրավասության իրացման ժամանակ չեզոքություն պահպանելու պարտավորություն (տե′ս Religionsgemeinschaft der Zeugen Jehovas-ը և այլոք ընդդեմ Ավստրիայի, վերևում մեջբերված, § 92): Այն դեպքերում, երբ պետությունը՝ ձգտելով 9-րդ և 11-րդ հոդվածներով ամրագրված իր պոզիտիվ պարտավորությունների կատարմանը, ինքնակամորեն որոշում է կրոնական կազմակերպություններին դոտացիաներ և այլ արտոնություններ շնորհել, այդպիսի իրավունքը Կոնվենցիայի հոդվածների ներքո ավելի ընդարձակ պաշտպանություն է ստանում՝ այդպիսով բացառելով այդ արտոնությունների շնորհման ժամանակ խտրական միջոցների կիրառումը (տե՛ս, mutatis mutandis, E.B.-ն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ], թիվ 43546/02, §§ 48-49, 22 հունվար 2008թ., և Savez crkava “Riječ života”-ն և այլոք ընդդեմ Խորվաթիայի, թիվ 7798/08, § 58, 9 դեկտեմբեր 2010թ.): Նմանապես, եթե պետությունը որոշում է կրոնական կազմակերպությունների նկատմամբ կիրառվելիք որոշ արտոնություններ նվազեցնել կամ վերացնել, այդպիսի միջոցը չի կարող համարվել խտրական:
108. Դատարանը գտնում է, որ տարաբնույթ կրոնական համայնքների հետ համագործակցության ձևերի ընտրության հարցում պետությանը բավականաչափ ազատություն պետք է շնորհվի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք միմյանցից խիստ տարբերվում են կազմակերպական բնույթով, անդամների քանակով և իրենց ուսմունքներով պայմանավորված գործունեությամբ: Սա հատկապես վերաբերվում է որոշակի գործողությունների համար պետության կողմից գործընկերներ ընտրելուն: Պետության վերոհիշյալ բացառիկ իրավունքը շատ ավելի մեծ կարևորություն է ստանում, երբ խնդիրը վերաբերում է հասարակությանը, կրոնական կազմակերպությունների կողմից ստանձնած սոցիալական հանձնառություններին, որոնք, սակայն, անմիջականորեն կապված չեն վերջիններիս հոգևոր կյանքի հետ (այսինքն՝ այնպիսի գործողություններ, ինչպիսին է օրինակ՝ բարեգործությունը, որն անմիջականորեն չի առնչվում նրանց կրոնական պարտականությունների հետ): Այս համատեքստում, կրոնական համայնքների հետ հարաբերություններն որոշելիս պետությունները թույլատրելի հայեցողության որոշակի սահմաններ են վայելում: Այս առումով, Դատարանը հաշվի է առնում Հունգարիայի իշխանությունների և եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները, և մասնավորապես այն հանգամանքը, որ հունգարական եկեղեցիների նկատմամբ կիրառվել են այնպիսի միջոցներ, որոնց արդյունքում 1945թ. հետո վերջիններս զրկվել են իրենց իրավունքներից ...
109. Հանրային հետաքրքրություն ներկայացնող հանձնառություններն այլ կազմակերպություններին վստահելու նպատակով գործընկերների ընտրության հարցում պետությունը չպետք է կրոնական կազմակերպությունների նկատմամբ խտրականություն դրսևորի: Պետության չեզոքությունը պահանջում է, որ այն դեպքերում, երբ պետությունն ընտրում է, թե որ դեպքերում այն պետք է համագործակցի կրոնական համայնքների հետ, գործընկերների ընտրությունը հաստատված լինի որոշակի չափելի չափանիշների վրա, որոնք վերաբերում են, օրինակ, դրանց նյութական կարողություններին: Պետության կողմից կատարված տարբերակումը՝ կապված ճանաչման, գործընկերության և դոտացիաների բաշխման հետ, չպետք է հանգեցնի այնպիսի մի իրավիճակի, երբ կրոնական համայնքների հետևորդներն իրենց զգան որպես երկրորդ կարդի քաղաքացիներ, որը պայմանավորված է վերջիններիս կրոնական պատկանելիությամբ և պետության կողմից իրենց համայնքի նկատմամբ նվազ բարեհաճ դիրքորոշմամբ:
110. Դատարանը նշում է, որ հունգարական օրենսդրության համաձայն հիմնադրված եկեղեցիներն արժանանում են գերադասելի վերաբերմունքի, մասնավորապես՝ հարկային և դոտացիաների ոլորտներում ... Հիմնադրված եկեղեցիներին շնորհվող արտոնությունները զգալի են և նպաստում են վերջիններիս կրոնական նպատակների իրականացմանը՝ հաշվի առնելով դրանց ուրույն կազմակերպական ձևը:
111. Դատարանը գտնում է, որ պետություններին շնորհվող ազատությունը՝ կապված վերջինիս՝ եկեղեցիների հետ ունեցած հարաբերությունների կարգավորման հետ, պետք է ներառի այդ արտոնություննեն օրենսդրության միջոցով փոփոխելու հնարավորություն: Սակայն այդ ազատությունը չի կարող հասնել այնպիսի չափերի, որ վերածվի պետության կողմից այս ոլորտում չեզոքություն և անկողմնակալություն պահպանելու պահանջի նկատմամբ ոտնձգության:
Սույն գործով արտոնություններից զրկելը (որի արդյունքում որոշ եկեղեցիներ համարվեցին գրանցումից հանված և հետևաբար՝ հիմնադրված եկեղեցիների կարգավիճակից զրկված) վերաբերում էր միայն որոշ դավանաբանական ուղղություններին, այդ թվում՝ դիմումատուներին: Իրականությանը համապատասխանում է այն, որ դիմումատու համայնքները չեն համապատասխանել օրենսդրի կողմից սահմանված քանակական չափանիշին, մասնավորապես՝ անդամների նվազագույն թվաքանակի և գործունեության նվազագույն տևողության պահանջներին: Այս չափանիշները թերևս դիմումատուների համար, որոնցից մի քանիսը նորահայտ կամ փոքր համայնքներ են, անբարենպաստ մի իրավիճակ է ստեղծել, որը հակասում է չեզոքության և անկողմնակալության պահանջներին: Ինչ վերաբերում է կրոնական խմբերի գոյությանը, ապա Դատարանն ընդունում է, որ նորակազմ և քիչ հայտնի կրոնական խմբերի պարագայում գոյության նվազագույն ժամկետի պայմանը կարող է անհրաժեշտ լինել: Սակայն Հունգարիայում խորհրդային ռեժիմի ժամանակ գոյություն ունեցող դավանանքի ազատության սահմանափակումների վերացումից անմիջապես հետո հաստատված կրոնական խմբերի պարագայում այն շատ դժվար է արդարացնել, ինչը պետք է համապատասխան պետական մարմիններին արդեն իսկ քաջ հայտնի լինի, եթե իհարկե գոյության ժամկետի պահանջի հետ խնդիրներ չկան: Այս կապակցությամբ Դատարանը նշում է Վենետիկի հանձնաժողովի տեսակետը, որի համաձայն համապատասխան ժամանակահատվածի պայմանը ավելորդ է ...
112. Դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց առ այն, որ դիմումատուները զրկված են եղել իրենց կրոնի իրավունքի իրացման հնարավորությունից որպես իրավաբանական անձինք, այն է՝ որպես միավորումներ, մի կարգավիճակ, որը պաշտոնապես ապահովում է վերջիններիս անկախությունը պետությունից: Այդուհանդերձ, գործող օրենսդրության ներքո եկեղեցիների կողմից իրականացվող որոշակի կրոնական գործողություններ չեն կարող իրականացվել կրոնական միավորումների կողմից, մի գործոն, որն, ըստ Դատարանի, ազդում է վերջիններիս կրոնի ազատության կոլեկտիվ իրավունքի վրա: Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ Սահմանադրական դատարանն իր թիվ 6/2013 (III. 1.) որոշման մեջ ոչ սպառիչ ցանկով սահմանել է միայն եկեղեցիներին շնորհվող առնվազն ութ արտոնություններ ... Մասնավորապես, միայն հիմնադրված եկեղեցիներն են, որ իրավունք ունեն օգտվել վերջիններիս հետևորդների համար նախատեսված մեկ տոկոս եկամտահարկից և համապատասխան պետական դոտացիայից: Այս գումարները ենթադրաբար նպաստելու են վերջիններիս՝ կրոնի հետ կապված գործունեությանը: Այս նկատառումներով Դատարանը գտնում է, որ նման տարբերակումը չի բավարարում պետության՝ չեզոքություն պահպանելու պահանջին և չունի օբյեկտիվ հիմքեր: Այսպիսի խտրականությունը ծանր է անդրադառնում համեմատաբար ավելի փոքր կրոնական համայնքների վրա՝ առանց դրա համար որևիցե օբյեկտիվ և արդարացված պատճառների:
113. Այս կապակցությամբ, Դատարանն ավելացնում է, որ այն դեպքերում, երբ պետությունը՝ 9-րդ և 11-րդ հոդվածների համաձայն արդարացիորեն որոշում է պահպանել մի համակարգ, որի ներքո պետությունը սահմանադրորեն լիազորված է հավատարիմ մնալ որոշակի կրոնի (տե՛ս Darby-ի գործը, վերևում մեջբերված), ինչն ընդունված է մի շարք եվրոպական երկրներում, և այդ պարագայում արտոնություններ է շնորհում միայն որոշակի կրոնական կազմակերպությունների, իսկ մյուսներին՝ ոչ, որը պետք է ծառայի օրենքով սահմանված հանրային շահերին, և ինչը պետք է իրականացվի այդ շահերի իրականացմանն ուղղված ողջամիտ չափանիշների հիման վրա (տե՛ս օրինակ՝ Ásatrúarfélagið-ի գործը, վերևում մեջբերված):
114. Այս նկատառումները հաշվի առնելով՝ Դատարանն ավելորդ է համարում ուսումնասիրել կրոնական գործունեության հետ կապված գերեզմանոցների շահագործման, կրոնական հրապարակումների և կրոնական առարկաների արտադրության ու վաճառքի հարցերի հետ կապված հնարավոր խտրականությունը: Այն նմանապես նպատակահարմար չի գտնում ուսումնասիրել կրոնի դասավանդման, աշխատանքային փոխհարաբերություններում կամ հանրային շահ ներակայացնող հարցերի շուրջ պետության հետ համագործակցության հնարավորությունների տարբերությունները:
(ζ) Եզրակացություն
115. Դատարանը եզրահանգում է, որ նվազ խիստ միջոցներ կիրառելու փոխարեն ընդհանրապես վերացնելով դիմումատուների եկեղեցու կարգավիճակը և հաստատելով քաղաքականությամբ պայմանվորված վերագրանցման գործընթաց, որի համար արդարացումներն ինքնին կասկածի տեղիք են տալիս, և վերջապես, դիմումատուներին նկատմամբ ցուցաբերելով հիմնադրված եկեղեցիներից տարբերվող վերաբերմունք՝ ոչ միայն համագործակցության հնարավորությունների առումով, այլև հավատքի հետ առնչվող գործունեության նպատակներով տրամադրվող արտոնությունների հասանելիության մասով, իշխանություններն անտեսել են իրենց՝ դիմումատու համայնքների նկատմամբ չեզոքություն պահպանելու պարտավորությունը: Այս տարրերը, առանձին և միասին վերցրած, բավարար են Դատարանին հանգելու եզրակացության, որ վիճարկվող միջոցը չի կարող համարվել «սոցիալական ծայրահեղ կարիք»:
Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ 9-րդ հոդվածի հետ համակցությամբ:
...
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
...
6. Վճռում է, ձայների հինգ կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում` 9-րդ հոդվածի հետ համակցությամբ.
...
Կատարված է անգլերեն, գրավոր կերպով ծանուցվել է 2014 թվականի ապրիլի 8-ին` համաձայն Դատարանի Կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Stanley NaismithGuido Raimondi
ՔարտուղարՆախագահ
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետի և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետի համաձայն` սույն վճռին կցվում է դատավոր Spano-ի հատուկ կարծիքը, որին միացել է դատավոր Raimondi-ն:
G.R.A.
S.H.N.
«Հատուկ կարծիքները չեն թարգմանվել, սակայն առկա են անգլերենով և/կամ ֆրանսերենով վճռի պաշտոնական տարբերակ(ներ)ում, որոնք հասանելի են Դատարանի նախադեպային իրավունքի HUDOC տվյալների բազայում»։
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy