© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012 : Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար: Լրացուցիչ տեղեկությունների համար տես, հեղինակային իրավունքի մասին զգուշացումը այս փաստաթղթի վերջում:
© Council of Europe/European Court of Human Rights, 2012. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
Չորրոդ Բաժին
Մանոլն ու այլոք ընդդեմ Մոլդովայի գործը
(Հայցադիմում no. 13936/02)
Վճիռ
[Քաղվածքներ]
Ստրազբուրգ
17 սեպտեմբերի 2009թ.
Վերջնական
17/12/2009
Սույն վճիռը կարող է ենթարկվել խմբագրական վերանայման։
Մանոլն ու այլոք ընդդեմ Մոլդովայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (չորրորդ բաժին), պալատի հետևյալ կազմով՝
նախագահ`
Նիկոլա Բրաթցա
դատավորներ `
Ժոզեփ Կազադեվալլ
Ջիովաննի Բոնելլո
Ռայթ Մարուսթե
Լեխ Գարլիցկի
Յան Շիկուտա
Ստանիսլավ Պավլովսկի
և բաժնի օգնական`
Լորենս Ըրլին
2009 օգոսգոսի 27-ի դռնփակ քննարկումների արդյունքում,
վերոհիշյալ ամսաթվին կայացրել է հետևյալ վճիռը՝
Ընթացակարգը
1. Գործի սկիզբը դրվեց ընդդեմ Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի («Կոնվենցիա») Հոդված 34-ով 2002թ.-ի մարտին 19-ին Մոլդովայի ինը քաղաքացիների («հայցվորներ», տես՝ ստորև պարբերություններ 9-17) հայցադիմումով (no. 13936/02) ։
2. Հայցվորները, որոնց իրավական օգնություն էր տրամադրվել, ներկայացված էին պրն. Վ. Նագասևիչի և պրն. Վ. Գրիբինսեայի կողմից, որոնք գործում էին Քիշինևում գրանցված «Իրավաբաններ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության անունից։ Մոլդովայի կառավարությունը («Կառավարություն») ներկայացված էր այդ ժամանակվա իր գործակալ պրն. Վ. Պարլոգի կողմից։
3. Հայցվորները, որոնք՝ որպես լրագրող աշխատում էին կամ աշխատել էին «Teleradio-Moldova»–ում (TRM), պնդում էին, որ նրանք խմբագրական քաղաքականության հետ կապված անհարկի քաղաքական ազդեցության զոհեր էին՝ խախտելով Կոնվենցիայի հոդված 10-ը։
4. 2004թ.-ի հունիսի 15-ին չորրորդ բաժնի պալատը հայցադիմումը մասնակիորեն անընդունելի ճանաչեց և որոշեց վերը նշված ինը հայցվորների բողոքներն ուղարկել կառավարության դիտարկմանը։
5. 2006թ. մարտի 8 Ստրազբուրգի մարդու իրավունքների շենքում տեղի ունեցան հանրային լսումներ (Կանոն 59 § 3)։
Դատարանի առջև կանգնեցին՝
(a) կառավարության անունից ՝
պրն. Վ. Պարլոգ՝գործակալ
տկն. Դ. Սարսու
տկն. Լ. Գրիմալսկի
տկն. Ի. Լուպուսոր՝խորհրդականներ
(b) հայցվորների անունից՝
պրն. Վ. Նագաչեվսկի
պրն. Վ. Գրիբինսեա՝իրավախորհրդատու
Դատարանը լսեց պրն. Պարլոգի, պրն. Նագաշեվիչի և պրն. Գրիբինսեայի բացման խոսքերը։
6. 2006թ. սեպտեմբերի 26-ի որոշմամբ դատարանը հայցադիմումի մնացած մասը հայտարարեց ընդունելի։
Փաստերը
I. Գործի հանգամանքները
A. Teleradio-Moldova
7. «Teleradio-Moldova» (TRM) ստեղծվել էր նախագահի 1994թ.-ի մարտի 11-ի հրամանով, որպես պետական ընկերությունը՝ նախկինում գործող պետական հեռարձակող ընկերության փոխարեն։ TRM–ի կանոնադրությունը փոխվեց 1995թ., 1996թ. և նորից 2002թ., երբ այն փոխակերպվեց հանրային ընկերության (տես՝ ստորև պարբերություններ 59, 60 և 65) և որպես այդպիսին գրանցվեց 2004թ.-ի հուլիսի 26-ին։
8. 2004թ.-ի նոյեմբերին NIT մոլդովական մասնավոր հեռուստակայանը սկսեց համապետական հեռարձակումը։ Մինչ դա, ի լրումն TRM-ը, միայն ռումինական մեկ հանրային (Romania 1) և մեկ ռուսական հանրային հեռուստաալիք էր հնարավոր նայել Մոլդովայի ամբողջ տարածքում։ Romania 1-ը տեղական նորություններ չէր հեռարձակում և 2002–ից ORT ներդրեց Մոլդավիայի 10-րոպեանոց ամենօրյա նորությունների մի թողարկում։ Չնայած որ 2004թ.-ի հոկտեմբերին Մոլդովիայի բնակչության 61%-ը բնակվում էր գյուղերում, մալուխային հեռուստատեսությունը հասանելի էր միայն մեծ քաղաքներում և արբանյակային հեռուստատեսության գործածումը էապես թերզարգացած էր։ Ըստ կառավարության՝ 2004թ.-ին Անկախ լրագրության կենտրոնին հանձնարարված հետազությունը (տես՝ ստորև պարբերություն 76) պարզել էր, որ TRM-ը Մոլդովայում ամենաշատ դիտվող հեռուստաալիքն է և, որ TRM–ի երեկոյան նորությունների թողարկումը բնակչության մոտ 20%-ի ամենասիրելի հեռուստատեսային հաղորդումն է։
B. Հայցվորները
9. Լարիսա Մանոլը (առաջին հայցվոր) աշխատել էր հեռուստատեսությունում 1982 թ-ից և 2001-2002թթ. եղել էր TRM հեռուստաընկերության նորությունների բաժնի ղեկավարը, խմբագիրը և երեկոյան նորությունների թողարկման հաղորդավարը ռումիներեն լեզվով։ 2002թ.-ին նա հեռացավ TRM–ից։
10. Կորինա Ֆուսուն (երկրորդ հայցվոր) առավոտյան ժամանցային հաղորդման, ինչպես նաև TRM–ի երեկոյան նորությունների թողարկման և ֆրանսիական մշակույթին նվիրված մի հաղորդման խմբագիրն ու հաղորդավարն էր։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ի նախորդում 1990թ.-ին և աշխատանքից ազատվել էր 2004թ.-ի նոյեմբերին։
11. Միրսեա Սուրդուն (երրորդ հայցվոր) մշակութային, սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ երեկոյան թոքշոուի գլխավոր խմբագիրն ու հաղորդավարն էր։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ի նախորդում 1985թ.-ին և 2004թ.-ի օգոստոսին ազատվել էր պետական ընկերությունից, բայց 2004թ.-ի օգոստոսին աշխատանքի էր ընդունվել հանրային ընկերությունում։
12. Դինու Ռուսնակը (չորրորդ հայցվոր) հեռուստաընկերության նորությունների բաժնի ավագ խմբագիր էր և հաղորդում էր երեկոյան նորությունները ռուսերեն։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ում 1994թ. հուլիսին և ազատվել էր 2004թ.-ի նոյեմբերին։
13. Դիանա Դոնիկան (հինգերորդ հայցվոր) հեռուստաընկերության մշակութային բաժնի ավագ տնօրեն էր և աշխատում էր Միրսեա Սուրդուի հաղորդման մեջ։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ում 1994թ.-ի օգոստոսին և ազատվել էր պետական ընկերությունից 2004թ.-ի օգոստոսին, բայց 2004թ.-ի օգոստոսին աշխատանքի էր ընդունվել հանրային հեռուստաընկերությունում։
14. Լեոնիդ Մելնիկը (վեցերորդ հայցվոր) հեռուստաընկերության մշակութային բաժնի մի քանի հաղորդումների և թոքշոուների պրոդյուսեր էր։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ում 1992թ.-ի օգոստոսին և ազատվել էր պետական ընկերությունից 2004թ.-ի օգոստոսին, բայց 2004թ.-ի օգոստոսին աշխատանքի էր ընդունվել հանրային հեռուստաընկերությունում։
15. Վիկտորիա Կուչերեանու–Բոգատուն (յոթերորդ հայցվոր) աշխատում էր՝ որպես հեռուստատեսության նորությունների բաժնի հատուկ թղթակից։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ի նախորդում ՝1979թ.-ի օգոստոսին և ազատվել էր 2004թ.-ի նոյեմբերին։
16. Անժելա Արամա–Լեահուն (ութերորդ հայցվոր) հեռուստաընկերության մշակութային բաժնի ավագ խմբագիր և հաղորդավար էր, ինչպես նաև մի ժամանցային հաղորդման պրոդյուսեր։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ի նախորդում 1983թ.-ի դեկտեմբերին և ազատվել էր 2004թ.-ի նոյեմբերին։
17. Լյուդմիլա Վասիլաչեն (իններորդ հայցվոր) հեռուստաընկերության մշակութային բաժնի մի քանի հաղորդումների խմբագիր և հաղորդավար էր։ Նա աշխատանքի էր ընդունվել TRM–ի նախորդում 1990թ.-ի փետրվարին։ Նա ազատվել էր պետական ընկերությունից 2004թ.-ի օգոստասին, բայց ընդունվել էր աշխատանքի հանրային ընկերությունում 2004թ.-ի օգոստոսին։
C. TRM–ում 2001թ.-ի փետրվարից 2004թ.-ի նոյեմբերը անհարկի քաղաքական վերահսկողության վերաբերյալ կողմերի ներկայացումները
1. Հայցվորները
18. Ըստ հայցվորների՝ TRM ենթարկվում էր քաղաքական վերահսկման իր գոյության ամբողջ ընթացքում։ Սակայն 2001թ.-ի փետրվարից հետո, երբ կոմունիստական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքեց ձայների մեծամասնություն, TRM–ի ղեկավար անձնակազմի մի շարք աշխատակիցներ հեռացվեցին և նրանց պաշտոններում նշանակվեցին կառավարությանը հավատարիմ մարդիկ։ Ըստ նրանց՝ սրվեցին լրագրողական ազատության սահմանափակումները։
19. Հայցվորները պնդում էին, որ նորությունների թողարկման ժամանակ տարածվող ինֆորմացիան խստորեն վերահսկվում էր TRM–ի ղեկավար անձնակազմի կողմից։ Մինչդեռ առաջին հայցվորի աշխատանքն էր եղել նորությունների թեմաների ընտրությունը և թողարկման այդ մասի համար դրանց սղագրումը, որը նա ներկայացնելու էր և 2001թ.-ից հետո այս պատասխանատվությունը իր վրա էր վերցրել նորությունների բաժնի ղեկավարը, որն էլ որոշում էր, թե որ թեման պետք է ներառվի «Մոլդպռես» պետական նորությունների գործակալության կողմից պատրաստված ժամանակացույցի մեջ։ Այս ընտրությունը ներկայացվում էր TRM-ի նախագահի և ռադիո–հեռուստատեսության տնօրենի հաստատմանը։ Խորհրդարանի, կառավարության կամ նախագահականի նիստերին, ինչպես նաև պաշտոնական այցերին վերաբերող նյութերին առաջնահերթություն էր տրվում։
20. Միայն վստահված լրագրողներն ու տեխնիկական մասնագետներն էին լուսաբանում քաղաքական բնույթի հարցազրույցները և թողարկումները։ Չնայած որ մինչև 2001թ.-ի լրագրողները ենթարկվում էին խմբագրական վերահսկման, նրանք դրանից հետո հանձնարարություններ էին ստանում տվյալ թողարկման տոնի և ուղղության մասին, երբեմն ամբողջ թեման թելադրվում էր նրանց։ Հարցազրույցները և այլ թողարկումները, որոնք կենդանի չէին հեռարձակվում, ընտրվում և խմբագրվում էին՝ ներկայացնելու իշխող կուսակցությանը նպաստավոր լույսի ներքո։
21. Համաձայն TRM-ի քաղաքականության՝ կառավարության մարմինների և պաշտոնյաների գործունեության վերաբերյալ թողարկումները պետք է տևեին 3–5 րոպե։ Այլ թեմաների վերաբերյալ թողարկումները պետք է լինեին առավելագույնը 60–90 վայրկյան։ Արդյունքում՝ նորությունների թողարկումներին հատկացված ժամանակի երկու երրորդը հատկացվում էր կառավարությանը վերաբերող թեմաներին։ Երկրի ներսում ցանկացած առճակատում կամ ընդդիմության, հասարակական կազմակերպությունների կամ իշխող կուսակցության կարծիքից այլ կարծիք ունեցող անձանց կողմից կազմակերպված միջոցառումները չէին թողարկվում։ Ոչ մի ընդդիմադիր կուսակցություն եթերից չէր կարող օգտվել: Եվ քաղաքական, մշակութային և գիտական շրջանակների ակնառու անձանցից կազմվեց մի «սև ցուցակ», որոնք չէին աջակցում կոմունիստական կուսակցությանը և որոնք, հետևաբար, չէին կարող օգտվել TRM-ի ծրագրերից։Հազվադեպ, երբ ընդդիմադիր գործիչներին եթեր էին տրամադրում, հարցազրույցները խլացվում էին կամ խոսքը ընդհատվում էր լրագրողի մեկնաբանությամբ կամ կառավարության նորությունների գործակալության՝ «Moldpres»–ի կողմից տրամադրված տեքստով։
22. Նորությունների թողարկումներից բացի այլ հաղորդումները նույնպես ենթարկվում էին գրաքննության։ Հակասական թեմաներն արգելված էին, հյուրերն ու տաղավարի լսարանը վերահսկողության ներքո էր, կենդանի և ինտերակտիվ հաղորդումներից խուսափում էին և տաղավար եկող հեռախոսազանգերը ընտրվում էին։ Հաղորդումների շաբաթվա ծրագիրը պետք է հաստատվեր TRM–ի կողմից։ Նրա հավանությանը չարժանացած ծրագրերը չէին ներառվում հեռարձակման ծրագրում՝ առանց հեռուստադիտողներին կամ ծրագրի մասնակիցներին նախապես տեղեկացնելու կամ որևէ բացատրության։
23. Հայցվորները պնդում էին, որ արգելված էին այնպիսի բառեր, ինչպիսիք էին «ռումինացի», «ռումիներեն», «Բեսսարաբիա», «Ռումինացիների պատմությունը», «տոտալիտար ռեժիմ», ինչպես նաև ցանկացած հղում այնպիսի պատմական ժամանակահատվածի, ինչպիսին էր երկու համաշխարհային պատերազմի միջև ընկած ժամանակահատվածը, կազմակերպված սովը ԽՍՀՄ–ում, ստալինիստական ռեժիմը, ԳՈՒԼԱԳ–ի աքսորումները և 1989թ.-ի ազգային վերածննդի ժամանակահատվածը։
24. Հայցվորները մատնանշեցին այս ժամանահատվածի ընթացքում կոնկրետ միջադեպեր։ Դրանցից էին 2001թ.-ի օգոստոսի 27-ին՝Անկախության օրվա կապակցությամբ կենդանի եթերով «տոտալիտար կոմունիստական ռեժիմ», «կոմունիստական կառավարություն» և «Ազգային ժողովի մեծ հրապարակ» արտահայտությունների համար լրագրողին կարգապահական պատասխանատվության ենթարկելը, Մոլդովայի առաջին նախագահ Միրչա Սնեգուրի հետ հարցազրույցի ընդհատումը՝ անկախության օրվա կապակցությամբ երեկոյան նորությունների թողարկման ժամանակ, լրագրողին նկատողություն հայտարարելը, որը Կանոյի կանանց միության նախագահից հարցազրույց էր վերցրել, որում վերջինս ասել էր, թե «տոտալիտար ռեժիմի ժամանակ եկեղեցիներն ավերվել էին», կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Գ.Է.-ի հետ հարցազրույցի ընդհատումը 2001թ.-ի սեպտեմբերի 22–ին, որովհետև նա ասել էր «ներկայումս թունելի վերջում լույս չի երևում»՝ հղում կատարելով Մոլդովայում տնտեսական իրավիճակին, 2001թ.-ի հոկտեմբերի 28-ին վաղամեռիկ երգիչներ Դոինային և Իոն Ալդեա Տեոդորովիչին նվիրված հեռարձակման նախատեսված հաղորդման ջնջումը, 2002թ.-ի փետրվարի 13-ին դպրոցական ծրագրում նախատեսված «Ռումինացիների պատմությունը» առարկան «Մոլդովայի պատմությամբ» փոխարինելու վերաբերյալ խորհրդարանական Վլադ Չուբեռաչովի հարցազրույցի հեռարձակման մերժումը, սոցիալ–քաղաքական իրավիճակի վերաբերյալ խորհրդարանում 2002թ.-ի փետրվարի 22-ի թողարկման ժամանակ ընդդիմության որևէ ելույթի լուսաբանման մերժումը, խորհրդարանական «Alianţa Braghiş» խմբակցության պատգամավորի մամլո ասուլիսի գրաքննությունը, երբ նա քննադատում էր կառավարության վարչատարածքային բարեփոխումների առաջարկությունները, Լեզվաբանների կոնգրեսի և պատմաբանների խորհրդաժողովների լուսաբանման արգելումը, որովհետև այնտեղ կարծիքներ էին հնչում «Ռումինացիների պատմության» և ռումիներենի վերաբերյալ, 2002թ.-ի ապրիլին ստալինիստական ռեպրեսսիաների զոհերին նվիրված Ազգային պատմության թանգարանի հանդիսավոր բացման մասին ռեպորտաժի արգելումը, 2002թ.-ին պրոֆեսոր Էլլե Պելեռինոյի մասին ռեպորտաժի արգելումը, որովհետև նա խոսել էր էթնիկ գերմանացիների խորհրդային աքսորի մասին, 2002թ.-ի հուլիսի ռեպորտաժից՝ հանգուցյալ Գեորգե Ղիմպուի «Մոլդովացի ռումինների ազգային խիղճը» գրքի վերնագրի հանումը, 2002–2003թթ. Սուրբ ծննդի սեզոնների ընթացքում Բեսարաբիայի Մետրոպոլիտան եկեղեցու սպասավորների հետ հարցազրույցների արգելումը։
25. 2003թ.-ի նոյեմբերի 28–ին Միրսեա Սուրդուի կողմից վարվող «Bună Seara» թոքշոուն պետք է նվիրված լիներ Ռուսաստանի Դաշնության կողմից առաջարկված Մոլդովայի ֆեդերալիզացմանը։ Հաղորդման հյուրերն էին Մոլդովայում Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչ Վլադիմիր Ֆիլիպովը, ԵԱՀԿ առաքելության խոսնակ Քլաուս Նյուրկիրհը և խորհրդարանական երեք խմբակցությունների ղեկավարները՝ Վիկտոր Ստեպանիուկը, Դումիտրու Բրագիսը և Յուրի Ռոսկան։ Հաղորդման սկզբից մի քանի ժամ առաջ TRM-ի նախագահը Վլադիմիր Ֆիլիպովին ասել էր, որ անհրաժեշտություն չկա գալու, քանի որ հաղորդումը տեղի չի ունենալու։ Հաղորդման անձնակազմին և հաղորդավարին տեղյակ չէին պահել։ ԵԱՀԿ ներկայացուցիչ Դումիտրու Բրագիսը և Յուրի Ռոսկան եկան տաղավար։ Լսարանը նստեց իր տեղերում և հաղորդումը սկսվեց։ Սակայն մասնակիցների համար անհայտ պատճառներով և առանց բացատրության այն չհեռարձակվեց և դրա փոխարեն ցուցադրվեց մի ֆիլմ։ Հետագայում այդ հաղորդման վրա աշխատած լրագրողներին հարցաքննեց ոստիկանությունը։
2. Կառավարությունը
26. Կառավարությունը չանդրադարձավ հայցվորների կողմից վերը նշված հատուկ միջադեպերին։ Սակայն նրանք հաստատեցին, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող էին օգտվել ազգային հեռուստատեսության եթերից և որ 2002թ.-ի ցույցերը ներկայացվել էին, ինչպես ցույց էր տրված 2002թ.-ի փետրվարի 14-27-ն ընկած ժամանակահատվածի և 2002թ.-ի ապրիլի, 2002թ.-ի հուլիսի և 2002թ.-ի նոյեմբերի՝ տարբեր օրերի նորությունների տեքստերում։ Ի լրումն, հրապարակված հեռուստատեսային հաղորդումների ծրագրերը ներկայացրել էին հետևյալ հեռարձակումները TRM–ով. 2004թ. մայիսի 14-ին՝ «Քաղաքական կուսակցությունների ամբիոնը» վեռնագրով հաղորդում, 2004թ. հուլիսի 12-ին՝ «Հանրային կյանք» վերնագրով հաղորդում՝ Մոլդովային նախագահի մասնակցությամբ և 2004թ. հուլիսի 15-ին՝ «Ժողովրդավարական գործընթացն ու լրատվամիջոցների ազատությունը»՝ կոմկուսի խորհրդարանական խմբակցության ղեկավար պրն. Վ. Ստեպանիուկի, «Moldova Democrată» խորհրդարանական խմբակցության ղեկավար պրն. Դ. Բրագիսի, արտախորհրդարանական կուսակցություն «Կենտրոնամետ միություն» կուսակցության առաջնորդ Մ. Պետրարխի և կուսակցական պատկանելիություն չունեցող այլ անձանց մասնակցությամբ։
27. 2002 թ.-ից հիմնական փոքրամասնություն հանդիսացող խմբերի համար TRM-ի հաղորդումներ էին հեռարձակել վեց լեզուներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, գագաուզերեն, բուլղարերեն, գնչուերեն և իդդիշերեն։
28. 2005թ.-ի քարոզարշավի ընթացքում այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են «Ընդդիմության ժամը» և հետագայում «Այլ կարծիք» հաղորդումները, ընդդիմությանը հնարավորություն էին տվել շաբաթական մեկ անգամ մեկ ժամով արտահայտել իրենց կարծիքը։ Ընտրական ժամանակահատվածից դուրս, «Քաղաքական կուսակցությունների պլատֆորմ» ծրագիրը շաբաթական տաս րոպե էր տրամադրում ընդդիմադիր գործիչներին՝ հանրությանը դիմելու համար։ Ավելին, 2005 թվականից խորհրդարանի բոլոր բանավեճերը հեռարձակվել են TRM–ի հեռուստատեսային ալիքներով և ռադիո հաճախականություններով։
D. 2002թ. ցույցերն ու գործադուլը
29. 2002թ.-ի հունվարի 9-ից այդ ժամանակվա հիմնական ընդդիմադիր կուսակցությունը՝ Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունը, ամենօրյա ցույցեր կազմակերպեց դպրոցական ուսումնական ծրագրի փոփոխության և ռուսերենի պարտադիր ուսուցման վերաներդրման՝ կառավարության որոշման դեմ։ Կառավարության հիմնական շենքի դիմաց ազգային ժողովի մեծ հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարներ էին հավաքվել (տես՝ Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցությունն ընդդեմ Մոլդովայի, no. 28793/02, ՄԻԵԴ 2006թ.-II)։
30. Ըստ կառավարության՝ ցույցերի մասին հաղորդվել է TRM–ի նորություններում՝ հիմնականում հայցվոր Կորինա Ֆուսուի ռեպորտաժներում։ Սակայն հայցվորները պնդեցին, որ ցույցերի լուսաբանումը շատ սահմանափակ էր և խստորեն վերահսկելի, այնպես, որ, մասնավորապես, արգելված էր որևէ տեղեկություն հաղորդել ցույցերի պատճառների կամ խորհրդարանական բանավեճերի ընթացքում ընդդիմության կողմից արտահայտված կարծիքների վերաբերյալ։
31. 2002թ.-ի փետրվարի 25-ին , TRM 331 աշխատակիցներ ստորագրեցին բողոքի հետևյալ հռչակագիրը՝
«Մենք՝ «Teleradio-Moldova» աշխատակիցներս, նշում ենք, որ ընտրություններում կոմունիստական կուսակցության հաղթանակից հետո, մեր խոսքի ազատությունը սահմանափակվել է։ Մեր հեռուստադիտողներն ու ռադիոլսողները զրկվել են ճշգրիտ և անաչառ տեղեկատվության իրավունքից։ Փաստացիորեն, ազգային ռադիոյում և հեռուստատեսությունում իշխանությունները վերականգնել են խորհրդային ոճի գրաքննությունը, որն արգելված է Մոլդովայի Սահմանադրությամբ։ Արդյունքում՝ «Teleradio-Moldova» դարձել է ուղեղների լվացման և հասարակական կարծիքի մանիպուլացիայի մի գործիք՝ իշխող կուսակցության խոսափողը։ Մենք բողոքում ենք այս տոտալիտար գործողությունների դեմ, որոնք խախտում են հեռուստադիտողների, ռադիոլսողների իրավունքները և մամուլի ազատությունն ընդհանուր առմամբ։ Այս տեսակ ժողովրդավարական սկզբունքների խախտումները վտանգավոր են, քանի որ դրանք ապակայունացնում են երկրի ներքաղաքական իրավիճակը։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում ցուցարարների գործողություններին, որոնք նպատակաուղղված են ստիպողական ռուսաֆիկացիայի և ժողովրդավարական համակարգի մտադրված կործանման դեմ։ Մենք պահանջում ենք պետականորեն վերացնել գրաքննությունը «Teleradio-Moldova» ընկերությունում և հարգել ճշգրիտ, հուսալի և անաչառ տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը։ Մենք պահանջում ենք, որ իշխանությունները հարգեն ժողովրդավարական և արևմտամետ քաղաքականությունը՝ ընտրված այս երկրի մարդկանց կողմից»։
32. 2002թ.-ի փետրվարի 26-ին հռչակագիրն ուղարկվեց նորությունների գործակալություններին, և մի քանի հազար մարդ հավաքվեց TRM-ի գրասենյակի մոտ՝ բողոքելու քաղաքական վերահսկման դեմ։ Այդ օրը՝ ավելի ուշ՝ երեկոյան ժամը 7-ի նորությունների թողարկման տեսաձայնագրման ժամանակ, չորրորդ հայցվոր Դինու Ռուսնակը հրաժարվեց կարդալ իրեն տրված տեքստը, որտեղ ոչ մի բան ասված չէր TRM-ի գրասենյակի դիմաց ցույցի մասին։ Նորությունների թիմը սկսեց ռեպորտաժ հեռարձակել ցույցի մասին, բայց մի քանի րոպե հետո նորությունների թողարկումն ընդհատվեց և դրա փոխարեն վավերագրական ֆիլմ հեռարձակվեց։ Տաղավար կանչվեցին զինվորականներ։ Լարիսա Մանոլին թույլ չտրվեց երեկոյան ժամը 9-ի ռումիներեն լեզվով նորությունների թողարկում հաղորդել՝ ցույցերում նրա ներգրավվածության պատճառով։
33. 2002թ.-ի փետրվարի 27-ին TRM-ի մի խումբ աշխատակիցներ որոշեցին «դանդաղ աշխատելու» գործադուլ հայտարարել, և այդ նպատակով ընտրվեց գործադուլային հանձնաժողով։ Գործադուլային հանձնաժողովը TRM-ի նախագահին և կառավարությանն ուղարկեց պահանջների մի ցանկ՝ներառյալ գրաքննության վերացումը։ Խմբագիրներն ու նորությունների աշխատակիցները որոշեցին առանց գրաքննության նորություններ թողարկել։ Մոտ 700 ցուցարար հավաքվեց TRM-ի շենքի դիմաց։
34. Այդ օրը՝ ցերեկը, (2002թ. փետրվարի 27) Մոլդովայի նախագահը եկավ TRM և հանդիպեց գործադուլային հանձնաժողովի ներկայացուցիչների հետ։ Նա նշեց, որ ինքը նույնպես դեմ է գրաքննությանը։ Սակայն նա մերժեց ընդդիմությանը մեկ ժամ եթեր տրամադրելու պահանջն այն հիմքով, որ Ազգային ժողովի մեծ հրապարակում ցույցերն անօրինական էին։
35. 2002թ.-ի մարտի 5-ին չորրորդ հայցվոր Դինու Ռուսնակը երեկոյան ժամ 7-ի նորությունների թողարկման տեքստում ներառեց Մոլդովայի նախագահի որոշ հայտարարությունների, գործադուլային հանձնաժողովի պատասխանի վերաբերյալ մի թեմա, ինչպես նաև Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության առաջնորդ Յուրի Ռոսկայի հետ մի հարցազրույց։ Նորությունների բաժնի ղեկավարն այս պարբերությունները ջնջեց տեքստից։ Ծրագրի ընթացքում, որը կենդանի եթերով էր հեռարձակվում, պրն. Ռուսնակը գրաքննության մեղադրանքներ ներկայացրեց և խմբագրված տեքստը պահեց հեռուստախցիկի առջև։ Բաժնի ղեկավարն անմիջապես հրահանգեց տեխնիկական մասնագետին անջատել ձայնը։
36. 2002թ.-ի մարտի 7-ին խորհրդարանը հատուկ խորհրդարանական հանձնաժողով ստեղծեց՝ մշակելու «TRM աշխատանքի բարելավման ռազմավարությունը»։
E. Առաջին և չորրորդ հայցվորների դեմ կարգապահական միջոցները
37. 2002թ. փետրվարի 27-ի դեպքերից հետո առաջին հայցվոր Լարիսա Մանոլին, որը նախկինում ամեն երեկո ռումիներեն լեզվով նորություններ էր կարդում, թույլատրվեց հաղորդել նորություններ շաբաթական մեկ կամ երկու երեկո։ 2002թ.-ի մարտի 6-ին, նորությունների ընթերցման ժամանակ թույլ տված սխալի հիմքով, նրա՝ խմբագրի և նորությունների ավագ հաղորդավարի պաշտոնն իջեցվեց կրտսեր լրագրող, և նրան այլևս թույլ չտրվեց նորությունների թողարկում հաղորդել։
38. Նա աշխատանքային վարույթ հարուցեց TRM-ի դեմ և 2002թ. սեպտեմբերի 11-ին վերաքննիչ դատարանը նրա օգտին որոշում կայացրեց՝ պարտադրելով TRM-ին վերականգնել նրան նորությունների հաղորդավարի՝ իր նախկին պաշտոնում։ Սակայն TRM-ը չկատարեց վճիռը, և տիկին Մանոլը այլև չանցավ իր նախկին աշխատանքին։ Նրան բավարար աշխատանք՝ որպես լրագրող, չէր տրվում, և ըստ պնդումների՝ ենթարկվում էր ոտնձգությունների և գրաքննության այն աստիճան, որ այլևս չէր կարող ապրուստի միջոցներ վաստակել և ստիպված էր հեռանալ 2002թ.-ի նոյեմբերի 13-ին։ Դրանից հետո նա աշխատեց նորությունների մի գործակալությունում և մեկ այլ հեռուստաընկերությունում։
39. 2002թ.-ի մարտի 7-ի չորրորդ հայցվոր Դինու Ռուսնակը կարգապահական պատասխանատվության ենթարկվեց խիստ նկատողության տեսքով («mustrare aspră»)՝ նորությունների հաղորդման հաստատված տեքստից սեփական նախաձեռնությամբ շեղվելու համար։ Ի լրումն, նորությունների հաղորդավարի պաշտոնից նա հեռացվեց և զրկվեց որևէ նորություններ հաղորդելու իրավունքից։
40. Նա վարույթ հարուցեց TRM-ի դեմ և 2002թ.-ի սեպտեմբերի 23-ին վերաքննիչ դատարանը անվավեր ճանաչեց կարգապահական պատասխանատվությունն այն հիմքով, որ տեքստից շեղվելով՝ պրն. Ռուսնակը ոչ մի պայմանագրային պարտավորություն չէր խախտել։ Սակայն դատարանը մերժեց՝ որպես նորությունների հաղորդավար, վերականգնվելու նրա պահանջը, քանի որ գտավ, որ այս պաշտոնի համար նա ոչ մի պայմանագրային իրավունք չուներ, որը նա զբաղեցնում էր միայն բանավոր համաձայնության հիման վրա։ 2002թ.-ի հոկտեմբերի 25-ին TRM-ը չեղյալ հայտարարեց կարգապահական պատասխանատվությունը՝ վերաքննիչ դատարանի վճռին համապատասխան։
F. Աուդիովիզուալ համակարգող խորհրդի զեկույցը
41. 2002թ.-ի ապրիլի 16-19-ը աուդիովիզուալ համակարգող խորհուրդը («ACC»՝ տես՝ ստորև պարբերություն 58) մի շարք հանդիպումներ կազմակերպեց TRM-ի ղեկավարների և աշխատակիցների հետ՝ քննարկելու ընկերության առջև ծառացած գրաքննության և այլ խնդիրները։ 2002թ. ապրիլի 29 ACC հրապարակեց իր եզրակացությունները հետևյալ կերպ՝
«Ե՛վ ընկերության ղեկավարությունը և՛ աշխատակիցներն իրենց հետաքրքրվածությունն ու ցանկությունն են արտահայտում կոնֆլիկտին լուծում գտնելու համար, որը հիմք է հանդիսացել պահանջների ներկայացման և գործադուլային հանձնաժողովի ստեղծման համար։
Քննարկումները եղել են երկու հիմնական հարցերի շուրջ՝
Գործադուլային հանձնաժողովի քաղաքականացված բնույթը և TRM ներսում տեղի ունեցած դեպքերը
Սոցիալական և վարչական հարցեր՝ շեշտադրում կատարելով աշխատակիցների չիրականացված ստեղծագործական ներուժի վրա։
Դեպքերի երկար շարանը հանգեցրեցին գործադուլի։ Ընկերության կենտրոնական ղեկավարությունում և վարչություններում ղեկավար անձնակազմի հաճախակի փոփոխություններ են տեղի ունեցել՝ լուրջ հետևանքներով։ Ի հակասություն իրենց աշխատանքային պայմանագրերի, որոշ լրագրողներ և փոխտնօրեններ դադարել էին ենթարկվել ծրագրերի պատրաստման և հեռարձակման հետ կապված հանձնարարություններին, որը հանգեցրել էր սահմանված չափորոշիչների շեղմանն ու հեռարձակման կանոնների և պահանջների անտեսմանը։ Որոշ հեռուստատեսային լրագրողների քաղաքական կողմնակալությունը ակներև էր այն փաստով, որ նրանց մի խումբն անմիջապես իր աջակցությունը հայտնեց ցուցարարներին՝Ազգային ժողովի մեծ հրապարակում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության կողմից կազմակերպված ցույցի ժամանակ: Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ լրագրողները ոչ միայն լումա ներդրեցին ընկերության ներսում իրավիճակը բարդացնելու համար, անհարկի խախտեցին մասնագիտական գործընթացները, այլ նաև իրենց բաժանեցին աշխատակիցների երկու խմբի՝ «մերոնք» և «նրանք»։
... Կարգապահական պատասխանատվությունը, ներառյալ հաղորդավարի լիցենզիայի կասեցումը, կիրառվել էին այն լրագրողների հանդեպ, որոնք խախտել էին հեռարձակման ընթացակարգերը։ Գործադուլային հանձնաժողովի անդամների կողմնակալ հայտարարությունները մերժվել էին TRM-ի աշխատակիցների մեծամասնության կողմից։ Սա հանգեցրել էր հակագործադուլային հանձնաժողովի ստեղծմանը, որը պակաս անդամներ չուներ, ինչ որ գործադուլային հանձնաժողովը։
TRM–ի արհմիութենական հանձնաժողովը չէր աջակցում գործադուլային հանձնաժողովի գործողություններին։ Գործադուլային հանձնաժողովի անդամները պահանջներ ներկայացրեցին ոչ միայն ընկերության ղեկավարությանը և կառավարությանը, այլ նաև Եվրոպայի խորհրդին՝ առանց տեղեկացնելու աուդիովիզուալ համակարգող խորհրդին։
Ստեղծագործական գործընթացում, «գրաքննություն» և «գրաքննության կիրառում» հասկացությունների հետ կապված, փորձ էր կատարվել որակավորելու «գրաքննությունը»՝ որպես ծառայողական պարտականությունները կատարելու պարտավորությամբ կիրառված հիմնական պահանջներ։ Միևնույն ժամանակ կտրուկ փոխվել էին «արտաքին» և «ներքին» գրաքննություն հասկացությունները։
Փաստացիորեն, նրանք փորձել էին օգտագործել գրաքննության գոյությունը՝ արդարացնելու իրենց աշխատանքի վատ որակը և պրոֆեսիոնալիզմի պակասը։ Լրագրողները պատշաճ կերպով չեն կատարել ղեկավարության առաջադրանքները՝ անաչառ ծրագրեր թողարկելու նպատակով։ Պրոֆեսիոնալիզմի տարրական պահանջները մեկնաբանվել են, որպես դիկտատ կամ գրաքննություն։ Այնուհանդերձ, չի կարելի բացառել, որ որոշ տնօրեններ փորձել են իրենց սեփական կամքով կենդանի հեռարձակում իրականացնել՝ ի օգուտ խորհրդարանական մեծամասնության կուսակցական գծի։ Դեռ գոյություն ունեն ծրագրերի միջոցով փոխանցվող ուղերձների վրա ազդեցություն գործելու՝ պետական իշխանության ներկայացուցիչների փորձերը, չնայած ACC-ը սրա կոնկրետ օրինակներ չունի։ Հեշտ է հասկանալ, որ անհարկի ազդեցության այս ձևը առաջացրել է ստեղծագործական անձնակազմի բողոքը։ Սա բնորոշ է հեռուստատեսությանը։
Այսպիսով՝ «քաղաքական գրաքննությունը» սահմանվել է՝ որպես ստեղծագործական գործընթացի կազմակերպմանը վերաբերող որոշ տնօրենների կողմից պրոֆեսիոնալիզմի պակաս։ «Քաղաքական գրաքննությունը» զարգացել դարձել է «մտավոր գրաքննություն»։
Նկատվել է նաև, որ ընկերության ղեկավարությունը չի արգելում >, >, >, > կամ պատմական համատեքստում > բառերի օգտագործումը։ Սակայն այն թույլ չի տալիս դրանց գործածումը ներկայիս դեպքերի վերաբերյալ ռեպորտաժներում։ Գործադուլային հանձնաժողովի անդամների պահանջներին եթեր տրվել է։ ...
TRM–ի կանոնադրությունը մանրամասն ուսումնասիրվել է Եվրամիության կողմից՝ նախքան կառավարությունը կընդուներ դա։ Սակայն որոշ հոդվածներ և դրույթներ դեռ չեն արտացոլվել TRM–ի ստեղծագործական աշխատանքներում կամ ղեկավարության և աշխատակիցների միջև հարաբերություններում։ Պետական ընկերությունը հանրային հաստատության փոխելու առաջարկությունները հավակնոտ են և զուրկ ֆինանսական հենքից։ ...
Այսպիսով՝ ACC-ը, ուսումնասիրելով «Teleradio-Moldova» պետական ընկերությունում իրավիճակը, համարում է, որ՝
Տնօրեններին փոխելու և ստեղծագործական անձնակազմի վրա ճնշում գործադրելու մշտական պրակտիկան, որը մեկնաբանվում է, որպես գրաքննության կիրառում, անհամատեղելի է ստեղծագործող աշխատակիցների գործունեության հետ։
«Teleradio-Moldova» պետական ընկերության կանոնադրությունը և հեռուստառադիոընկերությունում ապագա հանրային պաշտոնների հնարավոր ստեղծումը պետք է հասարակայնորեն ուսումնասիրվեն։
Կանոնադրության դրույթները պետք է խստորեն համապատասխանեն ընկերությանը, որի պատասխանատվությունն է ստեղծել կոլեգիալ տնօրենների մի խորհուրդ։
Հզոր սարքավորումների և ֆինանսավորման՝ ներառյալ աշխատավարձերի հետ կապված վերջնական որոշումը պետք է ընդունվի խորհրդարանի և կառավարության կողմից։
Հեռուստատեսության և ռադիոյի գեղարվեստական հանձնաժողովի կանոնադրությունն ու կազմը և հաղորդումների պատրաստումն ու եթեր թողարկումը պետք է վերանայվեն։ Աուդիովիզուալ ոլոտին վերաբերող օրենսդրության մշտական վերանայման համար պետք է հիմքեր սահմանվեն և դա պետք է արվի ամենայն պատասխանատվությամբ։
Պետք է վերանայել աշխատակիցների վերապատրաստման և վերակողմնորոշման ընթացակարգերը ու արտասահմանյան ընկերություններում վերապատրաստման ծրագրերը»։
G. TRM–ի ձևափոխումը հանրային ընկերության և վերականգնման կարգը
42. 2002թ.-ի հունիսի 7-ին, TRM–ի հետ կապված, Մոլդովայի նախագահը մի հայտարարություն արեց։ Նա իր վերապահումներն արտահայտեց՝ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի բանաձևի հետ կապված՝ կոչ անելով Մոլդովայի իշխանություններին ձևափոխել TRM-ի պետական ընկերությունը հանրային ընկերության (տես՝ ստորև պարբերություն 61), բայց հայտարարեց, որ կընդունի այսպիսի փոփոխություն կատարելու խորհրդարանի որոշումը։
43. 2002թ.-ի հուլիսի 26-ին խորհրդարանն ընդունեց Հանրային աուդիովիզուալ գերատեսչության մասին no. 1320-XV օրենքը, որով «Teleradio-Moldova» պետական ընկերությունը դառնում էր հանրային ընկերություն (տես՝ ստորև պարբերություն 65)։
44. Ըստ նոր օրենքի՝ հին պետական ընկերության աշխատակիցները պետք է քննություն հանձնեին, որպեսզի աշխատանքի անցնեին հանրային նոր ընկերությունում։ 2004թ.-ի մայիսին նշանակվեց քննական հանձնաժողով։ Հայցվոր Միրսեա Սուրդուն ընտրվեց՝ որպես հանձնաժողովում TRM աշխատակիցների ներկայացուցիչ։
45. Բոլոր հայցվորները մասնակցեցին քննությանը։ Արդյունքները հրապարակվեցին 2004թ.-ի հուլիսի 26-ին։ Կորինա Ֆուսուն, Դինու Ռուսնակը, Վիկտորիա Կուցերիանու–Բոգատուն և Անգելա Առամա–Լեահուն 2002թ.-ի գործադուլի ժամանակ ակտիվ եղած բազմաթիվ այլ անձանց հետ միասին չհաստատվեցին իրենց պաշտոններում։ Որպես բողոքի նշան՝ Միրսեա Սուրդուն դուրս եկավ քննական հանձնաժողովից։
46. 2004թ.-ի հուլիսի 27-ին պաշտոնանկ արված լրագրողները մամլո ասուլիս հրավիրեցին, որում պնդեցին, որ իրենց ազատել են քաղաքական պատճառներով։ Մամլո ասուլիսի վերաբերյալ ռեպորտաժը նախատեսված էր հեռարձակել երեկոյան ժամը 7-ի նորություններով։ Սակայն TRM-ի նախագահը որոշեց դրա փոխարեն հեռարձակել բնության մասին մի վավերագրական կինոնկար։
47. Նույն օրը TRM-ի նախագահը հրաման ստորագրեց, որով մամլո ասուլիսին մասնակցած տասնինը անձանց, ներառյալ գործով հինգ հայցվորների, արգելվեց մուտք գործել TRM-ի տարածք։ Լրագրողները և իրենց աջակիցները շարունակեցին իրենց բողոքը TRM-ի շենքի դիմաց, մոտավորապես, մի քանի ամիս։
H. Վերականգնման գործընթացին վերաբերող դատական վեճը
48. Հայցվորներ Կորինա Ֆուսուն, Անջելա Առամա–Լեահուն, Դինու Ռուսնակը և 57 այլ անձինք բողոք ներկայացրեցին Քիշինյովի վերաքննիչ դատարանի վարչական պալատ՝ վերականգնման գործընթացի անօրինականության մասին՝ պնդելով, մասնավորապես, որ քննական հանձնաժողովը ձևավորվել էր անօրինական կերպով։
49. 2004թ. սեպտեմբերի 24-ի վճռով Քիշինյովի վերաքննիչ դատարանը մերժեց հայցը, որպես չհիմնավորված։ Այն պարզեց, ի շարք այլոց, որ քննական հանձնաժողովը կազմվել էր՝ համաձայն 2002թ.-ի հուլիսի 26-ի No. 1320-XV օրենքի և, որ այս օրենքը հայցվորներին քննությունների կազմակերպման հետ կապված ոչ մի առանձնահատուկ իրավունք չի տալիս։ TRM-ն գործել է իր հայեցողական իշխանության շրջանակներում՝ ըստ օրենքի և օրենքի դրույթները բողոքարկելու ոչ մի իրավունք չկար։
50. 2005թ.-ի մարտի 16-ին Արդարադատության գերագույն դատարանը մերժեց բողոքը, որպես չհիմնավորված։
II. Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից մշակված հանրային ծառայության հեռարձակողի սկզբունքներն ու ուղեցույցները
51. 1994թ.-ի դեկտեմբերի 7-8-ը Պրահայում կայացած զանգվածային լրատվամիջոցների քաղաքականության չորրորդ եվրոպական նախարարական խորհրդաժողովում նախարարների կոմիտեն ընդունեց հետևյալ բանաձևերը՝
Բանաձև No. 1՝ Հանրային ծառայության հեռարձակման ապագայի վերաբերյալ
...
52. 1996թ.-ի նախարարների կոմիտեն ընդունեց առաջարկություն՝ no. R(96)10 «Հանրային ծառայության հեռարձակման անկախության երաշխիքը»...
53. 2000թ.-ի դեկտեմբերին նախարարների կոմիտեն ընդունեց առաջարկություն՝ Rec(2000)23 «Հեռարձակման ոլորտի կարգավորիչ մարմինների անկախությունն ու գործառույթները, որոնք, ի շարք այլոց, ընդգծում էին, որ հեռարձակման ոլորտում բազմաթիվ անկախ և ինքնուրույն լրատվամիջոցների գոյությունը երաշխավորելու համար կարևոր էր ապահովել համապատասխան և համաչափ կանոնակարգում, որպեսզի երաշխավորվի լրատվամիջոցների ազատությունը՝ միևնույն ժամանակ ապահովելով այդ ազատության և այլ օրինական իրավունքների և շահերի միջև հավասարակշռությունը։ ...
54. 2006թ.-ի սեպտեմբերի 27-ին նախարարների կոմիտեն ընդունեց «Անդամ պետություններում հանրային ծառայության հեռարձակման անկախության երաշխիքների մասին հռչակագիրը»...
III. Ներպետական օրենքներն ու պրակտիկան
A. Կոնվենցիայի հետ անհամապատասխանության համար ներպետական օրենքների դեմ բողոքելու միջոցները
55. Ըստ վարչական վարույթի մասին ակտի բաժին 4 (2000թ. փետրվարի 10 օրենք no. 793-XIV)՝ կանոնադրություններն ու կարգավորիչ վարչական որոշումները, նախագահի և կառավարության հրամանագրերն ու որոշումները դատական վերանայման ենթակա չեն, դրանք ենթակա են սահմանադրական լինելու կամ չլինելու ուսումնասիրության։ Սահմանադրականության վերանայումն իրականացվում է միայն, երբ Սահմանադրական դատարանն է որոշում անդրադառնալ խնդրին (Սահմանադրական դատարանի մասին օրենքի բաժին 4, օրենք no. 317-XIII, 13 դեկտեմբերի 1994թ.)։ Անհատը չի կարող անձամբ դիմել Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի բաժին 25-ում և Սահմանադրական Դատավարության Օրենսգրքի Հոդված 38-ում սահմանված է այն անձանց և հաստատությունների սահմանափակ ցանկը, որոնք կարող են հայց ներկայացնել Սահմանադրական դատարան՝ ըստ որի
«Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ անձինք և հաստատությունները՝
(a) Մոլդովայի Հանրապետության նախագահը
(b) կառավարությունը
(c) արդարադատության նախարարը
(d) գերագույն դատարանը
(e) տնտեսական դատարանը
(f) գլխավոր դատախազը
(g) խորհրդարանի անդամը
(h) խորհրդարանական խումբը
(i) օմբուդսմենը և
(j) Գագաուզիայի ժողովրդական ժողովը (Gagauz-Yeri) ...».
B. Աուդիովիզուալ հեռարձակմանը վերաբերող սահմանադրական դրույթները
56. Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ հետևյալ կերպ՝
«Հոդված 32. Կարծիքի և խոսքի ազատություն
(1) Բոլոր քաղաքացիների համար երաշխավորված է կարծիքի ազատությունը, ինչպես նաև բառի, պատկերի կամ հնարավոր ցանկացած այլ միջոցով իրենց մտքերի և կարծիքների հրապարակավ արտահայտման ազատությունը։
(2) Խոսքի ազատությունը չպետք է վնասի այլ մարդկանց պատիվը, արժանապատվությունն ու իրավունքները՝ արտահայտելու իրենց սեփական կարծիքներն ու դատողությունները։
(3) Օրենքով արգելվում և քրեորեն հետապնդվում են բոլոր այն գործողությունները, որոնք նպատակաուղղված են պետության կամ ժողովրդին հերքելուն կամ զրպարտելուն։ Ապստամբության, խռովության, պատերազմի, ագրեսիայի, էթնիկ, ռասայական կամ կրոնական ատելության, խտրականության, տարածքային անջատողականության, հասարակական բռնության կամ սահմանադրական կարգին սպառնացող այլ գործողությունների հրարումը նույնպես արգելվում և քրեորեն հետապնդելի է»։
C. Աուդիովիզուալ հեռարձակման մասին օրենքը (1995թ.)
57. Աուդիովիզուալ հեռարձակման մասին օրենքը (օրենք no. 603-XIII, 3 հոկտեմբերի 1995թ.) սահմանում է աուդիովիզուալ հեռարձակման խոսքի ազատության հետևյալ չափորոշիչները՝
«Հոդված 2
(3) Աուդիովիզուալ հաստատությունները չպետք է ենթարկվեն գրաքննությանը։
Հոդված 3
Աուդիովիզուալ խոսքի ազատությունը ենթադրում է Սահմանադրության պահանջների խստագույն կատարում և այն չի կարող իրականացվել՝ ի վնաս այլ անձանց արժանապատվության, պատվի, անձնական կյանքի կամ իմիջի։
Հոդված 6
(1) Պետությունը պետք է երաշխավորի հանրային աուդիովիզուալ հաստատությունների գործունեության համար անհրաժեշտ բոլոր պայմանները։
(2) Պետությունը պետք է հանրային աուդիովիզուալ հաստատություններին երաշխավորի հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների տրամադրումը։
Հոդված 29
Աուդիովիզուալ հաստատության լրագրողը, որը գործում է վերջինիս անունից, իրավունք ունի՝
...
(h) մուտք գործել բոլոր ատյանների դատարաններ։
58. Օրենքը սահմանում է նաև աուդիովիզուալ համակարգող խորհուրդ («ACC»)՝
«Հոդված 31
(1) Աուդիովիզուալ համակարգող խորհուրդը կազմված է ինը անդամներից, նշանակված՝
(a) խորհրդարանի կողմից – երեք անդամներ (այդ թվում՝ մեկ աուդիովիզուալ մասնագետ),
(b) Մոլդովայի Հանրապետության նախագահի կողմից – երեք անդամներ (այդ թվում՝ մեկ աուդիովիզուալ մասնագետ),
(c) կառավարության կողմից – երեք անդամներ (այդ թվում՝ մեկ հեռահաղորդակցության մասնագետ)։ ...”
D. TRM–ի ստեղծումը, որպես պետական հեռարձակող
59. TRM ստեղծվեց 1994թ.-ի մարտի 11–ին նախագահի no. 63 հրամանագրով, որը սահմանում էր՝
“Հոդված 1
Լուծարել ազգային ռադիոն և հեռուստատեսությունը։
Հոդված 2
Ստեղծել պետական «Teleradio-Moldova» ընկերությունը։
Հոդված 4
Պետական «Teleradio-Moldova» ընկերության ղեկավարումը կիրականացվի ընկերության նախագահի կողմից՝ համագործակցելով աշխատանքները համակարգող խորհրդի հետ»։
60. Պետական «Teleradio-Moldova» ընկերության կանոնադրության մասին 1996թ.-ի սեպտեմբերի 12-ի՝ կառավարության No. 502 որոշմամբ փոփոխության ենթարկվեց TRM–ի կանոնադրությունն այս տեքստով՝
«Հոդված 2
Ընկերությունը աուդիովիզուալ հաստատություն է։ Ընկերության ստեղծագործական և խմբագրական գործունեությունը օրենքով պետք է պաշտպանված լինի պետական մարմինների միջամտությունից և քաղաքական կուսակցությունների ազդեցությունից։
Հոդված 3
«Teleradio-Moldova»–ն պետք է ունենա պետական ընկերության կարգավիճակ։
Հոդված 4
Մոլդովայի Հանրապետության անունից ընկերության հիմնադիրն է կառավարությունը։ Ընկերության գործունեությունը պետք է իրականացվի աուդիովիզուալ համակարգող խորհրդի միջոցով պետության կողմից։
Հոդված 10
Ընկերությունը պետք ունենա հետևյալ նպատակները՝
ներկայացնել արժանահավատ և օբյեկտիվ տեղեկատվություն երկրի սոցիալ–քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի և պետության արտաքին հարաբերությունների մասին
խթանել հասարակության բոլոր շերտերի շահերը, քարոզել խաղաղության և մարդասիրության արժեքները, ժողովրդավարական արժեքները և հարգանքը մարդու իրավունքների հանդեպ
ստեղծել, կուտակել, պահել և խթանել մշակութային և գեղարվեստական արժեքները։
Հոդված 20
Ընկերության ստեղծագործական և խմբագրական գործունեությունը պետք է անկախ լինի։ Հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումները պետք է օրենքով պաշտպանված լինեն պետական մարմինների միջամտությունից և քաղաքական կուսակցությունների ազդեցությունից և ճնշումից։
Հոդված 22
Ընկերությունը պարտավոր է՝
օբյեկտիվ և անաչառ եղանակով ներկայացնել ազգային և միջազգային սոցիալ–քաղաքական կյանքի իրականությունը, ապահովել մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը, խթանել ազգային մշակույթի, ազգային փոքրամասնությունների մշակույթի և համաշխարհային մշակույթի իրական արժեքները
ապահովել խոսքի ազատությունը, մտքի ազատությունը և տեղեկատվության տարածման ազատությունը
ապահովել լրագրողների իրավունքները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային պրակտիկայի, ապահովել տարբեր քաղաքական և կրոնական հայացքների տեր մարդկանց ներկայությունը հեռարձակումների ժամանակ,
տալ առաջնահերթություն և ձրի հեռարձակել Մոլդովայի խորհրդարանի, կառավարության և նախագահի մամլո հաղորդագրությունները ...
Հոդված 23
Հետազոտություններն ու ենթաբաժինների ստեղծումը պետք է ապահովեն լրագրողի սեփական կարծիքը և դիրքորոշումն ազատ արտահայտելու իրավունքը։ Ընկերությունը չի կարող պարտադրել լրագրողին խթանել որևէ գաղափար, որը հակասում է նրա բարոյական արժեքներին։
Հոդված 24
Ընկերության կողմի հեռարձակվող ծրագրերը չպետք է քարոզեն պատերազմ, ագրեսիա, էթնիկ, ռասսայական, դասակարգային կամ կրոնական ատելություն, պետության դեմ բռնի գործողություններ, ահաբեկչություն, հասարակական անհնազանդություն, տարածքային անջատողականություն կամ բարոյական չափորոշիչներին հակասող ցանկացած այլ գաղափար կամ կարծիք։
Հոդված 30
Աուդիովիզուալ համակարգող խորհրդի առաջարկությամբ կամ սեփական նախաձեռնությամբ խորհրդարանը նշանակում է ընկերության նախագահին, հեռուստատեսության գլխավոր տնօրենին և ռադիոյի գլխավոր տնօրենին։ Պաշտոնավարման ժամկետը հինգ տարի է։ Ընկերության փոխնախագահը նշանակվում է աուդիովիզուալ համակարգող խորհրդի կողմից հինգ տարով։
Հոդված 31
Ընկերության նախագահը՝
ղեկավարում է ընկերությունը ...
աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ընկերության աշխատակիցներին
վերահսկում է ընկերության տնօրենների խորհրդի գործունեությունը...
Հոդված 33
Տնօրենների խորհուրդը ընկերության կոլեգիալ և խորհրդակցական մարմին է։ Այն կազմված է տասներեք անդամներից, որոնք գործում են՝ համաձայն տնօրենների խորհրդի կանոնակարգի։
Հոդված 34
Ընկերության նախագահը պետք է ավտոմատ կերպով լինի տնօրենների խորհրդի անդամ։ Այլ անդամները պետք է լինեն կառավարության և աուդիովիզուալ համակարգող խորհրդի ներկայացուցիչներ»։
E. TRM–ի ձևափոխումը հանրային ընկերության
1. Եվրոպայի խորհրդի առաջարկությունները և զեկույցները՝ կապված TRM–ի հանրային ծառայության հեռարձակող ձևափոխման առաջարկության հետ
61. 2002թ.-ի ապրիլի 24-ի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց «Մոլդովայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» 1280(2002) բանաձևը, որտեղ, ի շարք այլոց, ասվում էր։
«1. Խորհրդարանական վեհաժողովն իր լուրջ մտահոգությունն է հայտնում 2002թ.-ի հունվարից ի վեր Մոլդովայում տեղի ունեցած դեպքերի մասին և իր անհանգստությունը այնտեղ քաղաքական մթնոլորտի շարունակական վատթարացման և արմատականացման հետ կապված, որը սպառնում է երկրի կայունությանը։
2. Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության (CDPP) կողմից կազմակերպված ցույցերն արդեն ավելի քան երեք և կես ամիս է շարունակվում են Քիշինյև քաղաքի կենտրոնում։ ...
7. Վեհաժողովը նկատում է, որ «Teleradio Moldova» լրագրողների և աշխատակիցների բողոքի շարժման մասշտաբն ընդգծում է հրատապ բարեփոխումներ իրականացնելու կարիքը, որպեսզի ամբողջովին երաշխավորվի խոսքի ազատությունն ու խթանվի հանրային հեռարձակման ծառայությունը։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին վերջ դնել հեռուստատեսային հաղորդումների գրաքննությանն ու հնարավորություն տալ բոլոր ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական, օգտվելու բանավեճերի հաղորդումներից։ Վեհաժողովը խնդրում է Մոլդովայի կառավարությունից և խորհրդարանից անհապաղ անցնել «Teleradio Moldova»–ի՝ անկախ հանրային կորպորացիայի ձևափոխման աշխատանքներին։ ...
10. Վեհաժողովն ակնկալում է, որ Մոլդովայի քաղաքական ուժերը կվարել իրական, կառուցողական երկխոսություն և կհամաձայնվեն մի փոխզիջման, որը կներառի հետևյալ տարրերը՝...
iv. ռադիոհեռուստատեսության մասին օրենսդրության վերանայում և «Teleradio Moldova»–ի կանոնադրության փոփոխություն, դարձնելու այն մի անկախ հանրային կորպորացիա, համապատասխանաբար խորհրդարանական հանձնաժողովի կողմից աշխատանքների անհապաղ սկսում, նախորդ օրենսդիրի կողմից ուսումնասիրված օրենսդրական նախագծի քննարկումների վերսկսում՝ մինչև ներկայիս խորհրդարանական նստաշրջանի՝ 2002թ.-ի հուլիսի 31-ը՝ աշխատանքների ավարտում։
11. Վեհաժողովը կոչ է անում Մոլդովայի կառավարությանն ու խորհրդարանին անհապաղ ձեռնարկել վերը նշված միջոցառումները։
14. Վեհաժողովը կոչ է անում Մոլդովայի իշխանություններին ամբողջովին համագործակցել Եվրոպայի խորհրդի և իր մարմինների հետ և մասնավորապես ՝
ii. Եվրոպայի խորհրդի փորձագիտական գնահատականին ներկայացնել հեռարձակման բարեփոխումների և «Teleradio Moldova» պետական ընկերության անկախ հանրային ծառայության կորպորացիայի ձևափոխման ապագա օրենսդրական նախաձեռնությունները, ...»
62. Նույն օրը խորհրդարանական վեհաժողովն ընդունեց մի առաջարկություն՝ No. 1554(2002) «Մոլդովայում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին», որն, ի շարք այլոց, ներառում էր հետևյալ խնդրանքը՝
«5. Վեհաժողովը կոչ է անում նաև նախարարների կոմիտեին համագործակցել Մոլդովայի իշխանությունների հետ կապված՝
i. հեռարձակման բարեփոխումների և «Teleradio Moldova» պետական ընկերության անկախ հանրային ծառայության կորպորացիայի ձևափոխման ապագա օրենսդրական նախաձեռնությունների փորձագիտական գնահատականի հետ ...»
63. Մոլդովայի իշխանությունների և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի միջև նամակագրությունից հետո Լեհաստանի հեռուստատեսության ռազմավարական պլանավորման և զարգացման բաժնի պետ, փորձագետ Կարոլ Յակուբովիչն իրականացրեց Մոլդովայում հանրային ծառայության հեռարձակման կառավարության օրենքի նախագծի գրավոր վերլուծությունը։ 2002թ.-ի հուլիսի 22-ի իր զեկույցում (ATCM (2002) 19), պրն. Յակուբովիչն, ի շարք այլոց, մեկնաբանեց՝
«Կառավարության նախագիծը հեռարձակող կազմակերպության գործունեության մեջ անմիջական քաղաքական միջամտության շատ ձևեր է պարունակում՝
• Հոդված 4(2)-ով և Հոդված 6(1)-ով սահմանված «communications d’intérêt public, reçues des autorités publiques» հայտարարությունների տարածման համար և պետական կառավարման մարմիններին ցպահանջ եթեր տրամադրելու պարտավորությունները՝ առանց բովանդակության, բնույթի և դրանց հեռարձակման պատճառների սահմանափակումների։
• Խորհրդարանի, նախագահի և կառավարության կողմից «Դիտորդների խորհրդի» անդամների նշանակումը - Հոդված 13(2)։
• Ցանկացած ժամանակ նրանց նշանակած մարմինների կողմից նրանց ազատման հնարավորություն՝ «Loi de l’Audiovisuel խախտման» դեպքում, որը գործնականում նշանակում է ցանկացած պատրվակով – Հոդված 13(5)։
• Խորհրդարանի կողմից Դիտորդների խորհրդի ընթացակարգերի հաստատման պահանջը - Հոդված 13(7)։
.Գլխավոր տնօրենի նշանակումը անմիջապես խորհրդարանի կողմից որը կարող է նաև ազատել նրան՝ Դիտորդների խորհրդի միջնորդությամբ – Հոդված 19։
• Խորհրդարանական հատուկ հանձնաժողովի իրավունքը՝ գրավոր բացատրություն պահանջել հանրային հեռարձակողի ցանկացած գործողության համար, որը, ըստ խորհրդարանի, խախտում է օրենքը և դրանից հետո պահանջել, CCA հետ միասին, որ այս խախտումները վերացվեն։
Առաջարկվող այս դրույթները դժվար թե համարվեն Հանրային ծառայության հեռարձակման անկախության երաշխիքների վերաբերյալ ԵԽ նախարարների կոմիտեի առաջարկություն No. R (96)10 կամ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 10-ին համահունչ։ Հոդված 10-ի այն դրույթը, որ խոսքի ազատությունը պետք է իրականացվի «առանց պետական մարմինների միջամտության», մասնավորապես, վերաբերում է պետության կամ պետական մարմնի կամ պաշտոնյայի կողմից միջամտությանը։ Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է, որ որոշ դեպքերում Կոնվենցիան կարող է պոզիտիվ պարտավորություն դնել պետության վրա՝ կանխարգելելու, կանոնակարգելու կամ սահմանափակելու մասնավոր անձանց կամ մարմինների միջամտությունները խոսքի ազատությանը։ Խոսքի և տեղեկատվության ազատության իրական ու արդյունավետ իրականացումը կախված չէ միայն պետության չմիջամտելու պարտականությունից, այլ նաև պահանջում է միջոցառումներ՝ օգնելու խթանել կամ պաշտպանել խոսքի ազատությունը։ Ակնկալվում է, որ Եվրոպական կոնվենցիայի անդամ պետությունները պարտավոր են անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել՝ պաշտպանելու և խթանելու լրատվամիջոցների և լրագրողների խոսքի ազատությունը։ Վերը նշված դրույթները չենք կարող համադրել այս պարտավորությունների հետ, քանի որ դրանք կենտրոնանում են քաղաքական իշխանությունների համար դրական պատճառների ստեղծման վրա, որը նրանց հնարավորություն է տալիս միջամտելու հանրային ծառայության հեռարձակողի գործառնությունների մեջ մի այնպիսի եղանակով, որը վերջինիս ազատության սահմանափակման իրական հնարավորություն է ստեղծում»։
64. 2002թ. դեկտեմբերի 18-ին պրն. Յակուբովիչի երկրորդ վերլուծությունը (ATCM (2002) 30) հիմնականում վերաբերում էր TRM–ի ղեկավար մարմնի՝ «Դիտորդների խորհրդի» ձևավորմանը։ Նա հղում կատարեց նախարարների կոմիտեի առաջարկություն No. R (96) 10 (տես՝ վերը նշված պարբերություն 51), որ հանրային ծառայության հեռարձակող կազմակերպությունների վերստուգիչ մարմինների կարգավիճակն ու անդամությունը այնպես պետք է կազմվի, որ մարմինները քաղաքական կամ այլ միջամտությունների ռիսկի չենթարկվեն և նկատեց, որ վերահսկող խորհրդի պես մարմինների ձևավորման և անդամների նշանակման երկու հնարավոր մոդելներ կային՝
«• Ըստ առաջինի՝ քաղաքացիական հասարակության սահմանված հաստատություններն ու խմբերը լիազորված էին սեփական ընտրության ներկայացուցիչ պատվիրակել հեռարձակման խորհուրդ՝ ֆիքսված ժամանակահատվածով (օրինակ՝ չորս տարի)։ Այսպիսի հաստատությունների խմբերի օրինակներից են եկեղեցիները, համալսարանները, թատրոնները, հեղինակները, լրագրողները, երաժիշտները, ֆերմերները, կանայք, երիտասարդները, մարզական ֆեդերացիաները, բնապահպանները, արհմիությունները և այլն։
• Ըստ երկրորդի՝ ֆիքսված քանակությամբ անդամներ են (օրինակ՝ ինը կամ տասներկու) նշանակվում խորհրդարանի կամ մի քանի պետական հաստատությունների կողմից (օրինակ՝ խորհրդարանի կողմից՝ մեկ երրորդը, կառավարության կողմից՝ մեկ երրորդը, նախագահի կողմից՝ մեկ երրորդը)։ Քանի որ հեռարձակման խորհրդի անդամները պետք է ներկայացնեն քաղաքացիական հասարակության շահերը, լուրջ ջանքեր պետք է ներդրվեն ապահովելու, որ նրանք իրականում չներկայացնեն քաղաքական հայացքներ և նրանց նշանակած անձանց շահերը...
Անցումային փուլում գտնվող երկրի սոցիալ–տնտեսական պայմաններում երկրորդ մոդելը հակասությունների պոտենցիալ է պարունակում։ Կարո՞ղ են արդյոք խորհրդարանի, կառավարության և նախագահի կողմից նշանակված անհատներն իրականում ներկայացնեն քաղաքացիական հասարակություն կամ հասարակության շահերն ընդհանուր առմամբ։ Հասարակական կյանքի ծայրահեղ քաղաքականացման պայմաններում կարո՞ղ են արդյոք քաղաքական նշանակումները չներկայացնել քաղաքական կարծիքները և նրանց նշանակածների շահերը։
Քանի որ նրանց կողմից հենց դա անելու ռիսկը շատ բարձր է, ապա մենք գտնում ենք, որ նախապատվությունը պետք է տրվի առաջին մոդելին։
Իհարկե, բոլոր իրավական նախազգուշական միջոցներ ոչ ոք չի կարող վերահսկել, թե խորհրդի անհատ անդամները ում կցանկանան լսել և ում կարծիքին կցանկանան հետևել։ Այս պատճառով կարևոր է, որ խորհրդի կազմը լինի հնարավորինս բազմակարծիք, որպեսզի պոտենցիալ ազդեցությունները, որոնց տակ խորհիդ անդամները կարող են հայտնվել, հնարավորինս դիվերսիֆիկացվի։ ...»
2. Օրենք No. 1320-XV TRM և դրա փոփոխությունները
65. 2002թ. հուլիսի 26-ին, նպատակ ունենալով ձևափոխել TRM հանրային ծառայության հեռարձակման կազմակերպության, խորհրդարանն ընդունեց «Teleradio-Moldova» հանրային ազգային հեռարձակման ընկերության մասին օրենքը No. 1320-XV TRM։ Օրենքը, որը հաշվի չէր առել Եվրոպայի խորհրդի փորձագետի առաջարկությունները (տես վերը նշված պարբերություններ 63-64), սահմանում էր՝
«Հոդված 1
Սույնով ստեղծվում է ազգային հանրային աուդիովիզուալ հաստատություն «Teleradio-Moldova» ընկերությունը։ Այն լինելու է իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հաստատություն գործնառական և խմբագրական անկախությամբ, որը Մոլդովայի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովելու է արժանահավատ և օբյեկտիվ տեղեկատվության տարածման իրավունքը ...
Հոդված 5
(2) Ընկերությունը պետք է ապահովի հեռարձակումների լայն բազմազանություն՝ լուսաբանելով տարբեր սոցիալական, ազգային, կրոնական և քաղաքական խմբերի հետաքրքրությունները։
(3) Ընկերությունն իր նորությունների և վավերագրական թողարկումներում պետք է ապահովի օբյեկտիվության և անաչառության սկզբունքը։
Հոդված 13
(1) Ընկերության Դիտորների խորհուրդն անկախ մարմին է, որը պետք է պատասխանատու լինի արժանահավատ, լիարժեք և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու մարդկանց և հասարակության իրավունքի պահպանման համար։ Այն իրավասու է մոնիտորինգի ենթարկել ընկերության կողմից օրենքի և իր կանոնադրության պահպանումը։
(2) Դիտորդների խորհուրդը պետք է կազմված լինի 15 անդամներից, որոնք հայտնի անձինք են՝ մշակութային, կրթական, լրատվամիջոցների և այլ ոլորտներից։ Պաշտոնավարման ժամկետը պետք է լինի հինգ տարի և նրանք պետք է նշանակվեն՝
(a) խորհրդարանի կողմից – երկու անդամ (մեկն ընդիմությունից)
(b) Մոլդովայի Հանրապետության նախագահի կողմից – երկու անդամ
(c) կառավարության կողմից – երկու անդամ
(d) արդարադատության բարձրագույն խորհրդի կողմից – մեկ անդամ
(e) ընկերության ստեղծագործական անձնակազմի կողմից – մեկ անդամ
(f) ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների կողմից – մեկ անդամ
(g) Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից – մեկ անդամ
(h) «Համերաշխություն» ազատ արհմիության կոնֆեդերացիայի կողմից – մեկ անդամ
(i) ստեղծագործական միությունների կողմից (գրողների միություն, նկարիչների միություն, կինոմատոգրաֆիստների միություն, կոմպոզիտորների միություն, թատերական գործիչների միություն) – մեկ անդամ
(j) լրատվամիջոցների կազմակերպությունների կողմից (լրագրողների միություն, ազատ մամուլի ասոցիացիա, էլեկտրոնային մամուլի հանձնաժողով, անկախ ժուռնալիստիկայի կենտրոն, զանգվածային լրատվության ասոցիացիա) – մեկ անդամ և
(k) վետերանների ասոցիացիայի կողմից – մեկ անդամ։
Հոդված 14
Դիտորդների խորհուրդը պետք է՝
նշանակի ընկերության նախագահին, հեռուստատեսության գործադիր տնօրենին և ռադիոյի գործադիր տնօրենին
հաստատի տնօրենների խորհրդի կազմը։
Հոդված 20
Ընկերության գործունեության վերահսկումը:
(1) Ընկերության գործունեության վերահսկումը պետք է կատարվի Դիտորդների խորհդի կողմից։
(2) Եթե Դիտորդների խորհուրդը պատշաճ կերպով չի իրականացնում իր վերստուգիչ գործառույթները, ապա հատուկ խորհրդարանական հանձնաժողովի միջոցով խորհրդարանը կարող է ընկերության ցանկացած մարմնից գրավոր տեղեկություն պահանջել այն գործողությունների կամ բացթողումների մասին, որոնք ըստ խորհրդարանի խախտել են սույն օրենքը։ Հատուկ խորհրդարանական հանձնաժողովը պետք է կազմված լինի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներինց, որոնք պետք է խորհրդարանում իրենց կուսակցությունների անունից համաչափ ներկայացված լինեն։
...
(4) Խորհրդարանը, աուդիովիզուալ խորհրդի հետ միասին, կարող է հանձնարարել ընկերությանը համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ վերացնելու բացահայտված օրենքի խախտումները։
(5) Համաձայն գործող օրենսդրության՝ ընկերությունն իրավունք ունի դատարանում վիճարկել ստացված հանձնարարությունների օրինականությունը
(7) Սույն հոդվածով ձեռնարկված ցանկացած միջոցառում չպետք է խախտի ընկերության տեղեկատվության ազատությունն ու խոսքի ազատության իրավունքը»։
66. 2002թ.-ի սեպտեմբերի 18-ին նախարարների կոմիտեն ընդունեց խորհրդարանական վեհաժողովի առաջարկություն 1554 (տես՝ վերը նշված պարբերություն 61) պատասխանը, որում նշեց, ի շարք այլոց, որ, TRM–ի կանոնադրությունը դեռ մտահոգության առարկա էր մնում։ Չնայած որ օրենք No. 1320-XV-ը առաջընթաց էր, այնուհանդերձ այն TRM–ի գործունեության անմիջական քաղաքական միջամտության բազմաթիվ ձևեր էր պարունակում, ինչպես նշել էր պրն. Յակուբովիչն իր վերլուծության մեջ։ Նախարարների կոմիտեն շեշտադրեց, որ այդ դրույթները չէին համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին և Կոնվենցիայի հոդված 10–ին հակասելու ռիսկի մեջ էին։
67. 2002թ.-ի սեպտեմբերի 26-ին Խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Մոլդովայում ժողովրդավարական հաստատությունների իրավիճակի մասին ևս մի բանաձև, no. 1303 (2002), որում Մոլդովայի իշխանություններին կոչ էր արվում «2002թ.-ին՝ աշնան ընթացքում, վերանայել «Teleradio-Moldova» հանրային հեռարձակող ազգային ընկերության մասին օրենքը՝ իրապես ներառելով քաղաքացիական հասարակությանը, լրատվամիջոցներին ներկայացնող ասոցիացիաները և քաղաքական կուսակցություններին՝ հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի փորձագետների առաջարկություններն ու քննարկումները: Այն մասնավորապես խնդրեց, որ «դիտորդների խորհրդի կազմի, նշանակման և իրավասությունների մասին դրույթների վերանայումը կատարվի հնարավորինս լայն խորհրդակցությունների արդյունքում ...»։
68. Հետագայում կառավարությունը որոշեց, որ օրենք No. 1320-XV-ը բավարար չի եղել ավարտելու TRM-ի ձևափոխումը և փոփոխություններ նախապատրաստվեցին, որոնք մի շարք աննշան փոփոխությունների հետ միասին առաջարկում էին վերացնել գործող TRM-ը և նույն անունով մի նոր կազմակերպություն ստեղծել։
69. Պրն. Յակուբովիչը 2003թ.-ի հոկտեմբերի 24-ին հրապարակեց օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ մի վերլուծություն (ATCM(2003)025), որում արեց հետևյալ դիտարկումները՝
«...Ներկայումս գործող օրենքը հանրային ծառայության հեռարձակող ընկերության կանոնադրության և ինստիտուցիոնալ միջոցառումների նկարագրության հետ կապված՝ միայն տարրական դրույթներ է պարունակում։ Հետևաբար, պարզ է, որ այն պետք է փոփոխվի և ընդլայնվի, Մոլդովայում հանրային ծառայության հեռարձակողի համար լիարժեք և պատշաճ իրավական դաշտ ստեղծելու համար,զանգվածային լրատվամիջոցների քաղաքականության 4–րդ եվրոպական նախարարական խորհրդաժողովի կողմից ընդունված No. 1 «Հանրային ծառայության հեռարձակման ապագան» բանաձևի (Պրահա, 7-8 դեկտեմբերի 1994թ.), Հանրային ծառայության հեռարձակման անկախության երաշխիքների անդամ պետություների նախարարների կոմիտեի առաջարկություն No. R(96)10-ի և թվային հեռարձակման ժողովրդավարական և սոցիալական խթանման միջոցառումների մասին անդամ պետությունների նախարարների խորհրդի առաջարկությանը Rec(2003)9 համապատասխան։
Հետևաբար հարց է առաջանում, թե արդյո՞ք այս առաջարկվող փոփոխությունը համընկնում է այդ նպատակի հետ։
Եզրակացություն
Բացի գործող «Teleradio-Moldova»-ը վերացնելու և դրա փոխարեն նույն անունով մի նոր կազմակերպություն ստեղծելու առաջարկից, փոփոխությունները համեմատաբար փոքր հարցերի վերաբերյալ էին։
Հետևաբար այս փոփոխությունները չեն կարող դիտարկվել՝ որպես «Teleradio-Moldova» ամբողջովին կարգավորելու, դրա նորմալ գործունեությունը, անկախությունը, ինքնիշխանությունը և ֆինանսավորումը երաշխավորելու, ընկերության համար իրավական հստակություն ստեղծելու ավարտված ջանքեր։ Դրանք շատ քիչ բան են փոխում, թե ինչպես է «Teleradio-Moldova»-ը գործում՝ որպես հանրային ծառայության հեռարձակող։ ...
Փոփոխություններով նախատեսվում է՝ (i) «Teleradio-Moldova»-ը պետական ընկերություն է, (ii) ազատել դրա բոլոր աշխատակիցներին և (iii) զրկել դրան բոլոր ակտիվներից (որից հետո այդ ակտիվները պետք է փոխանցվեին «Teleradio-Moldova»-ի նոր ազգային հեռարձակող ընկերությանը՝ կառավարության մի առանձին որոշմամբ, և ոչ մի ժամկետ չկա, թե երբ պետք է այս որոշումն ընդունվի)։ Պարզ չէ՝ արդյոք սա նշանակում է, թե «Teleradio-Moldova»-ը պետք է կասեցնի իր գործառույթները և դադարեցնի հեռարձակումը միջանկյալ հատվածում, թե ոչ։ Անկասկած հենց սա էլ ենթադրվում է այն դրույթով, որ իր բոլոր աշխատակիցները պետք է ազատվեն, բայց միգուցե, այնուամենայնիվ, հեռարձակումը շարունակելու ինչ- որ պլա՞ն կա։
Այս պլանի իրագործումը շատ կխանգարի «Teleradio-Moldova»-ին և իր լսարանին։ Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե կոնկրետ ինչ նպատակի է այն ծառայելու։ Ինչպես մենք ստորև կփաստարկենք, փոփոխությունների նախագծում ոչ մի բան չկա, որն այս ամենն իրավական տեսանկյունից անհրաժեշտ կդարձնի։ Ավելին՝ թվում է, որ լուծարումը ավարտուն չի լինի, քանի որ նոր վերստուգիչ խորհրդի կամ ղեկավարման խորհրդի նշանակման և ոչ էլ նոր նախագահի որևէ դրույթ գոյություն չունի։ Եթե կազմակերպության ղեկավար մարմինները մնան, ապա ոչ մի իրական լուծարում տեղի չի ունենա, միայն աշխատակիցների զանգվածային ազատում՝լուծարման քողի ներքո։ ...»
70. Այնուհանդերձ 2003թ.-ի հոկտեմբերի 17-ին օրենքի փոփոխություններն ընդունվեցին խորհրդարանի կողմից։ 2004թ.-ի հուլիսի 26-ին TRM-ն գրանցման պետական պալատում գրանցվեց՝ որպես հանրային ընկերություն և 2004թ.-ի օգոստոսի 8-ին սկսեց հեռարձակումը նոր կանոնադրությամբ։
71. 2005թ.-ի հոկտեմբերի 4-ին խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Մոլդովայում ժողովրդավարական հաստատությունների վերաբերյալ 1465 (2005) բանաձևը, որտեղ, ի շարք այլոց, արվեցին հետևյալ դիտարկումները՝
«6. ... Քաղաքացիական հասարակության իրական ներգրավվածությունը պահանջում է բազմակարծիք և դինամիկ լրատվամիջոցների դաշտ, հատկապես հեռուստատեսության հետ կապված։ Պետք է պայմաններ ստեղծել նաև իրապես անկախ և պրոֆեսիոնալ հանրային հեռարձակման ծառայությունների համար։
...
14. Մոլդովայի իշխանությունների, մարդու իրավունքների հետ կապված՝ վեհաժողովը կոչ է անում.
14.1.1. վերանայել հանրային ծառայության հեռարձակման (համապետական և տեղական) և, ընդհանրապես, աուդիովիզուալ ոլորտի վերաբերյալ օրենսդրությունը
14.1.2. շարունակել «Teleradio-Moldova»-ի իրական հանրային ծառայության հեռարձակողի տրանսֆորմացիան, ինչպես սահմանված է հանրային ծառայության հեռարձակման 1641 (2004) առաջարկությունով,...»։
F. TRM–ում անտեղի քաղաքական ազդեցության մեղադրանքներին վերաբերող զեկույցները
1. Դիտորդներ միջկառավարական կազմակերպություններից
72. 2004թ.-ի հունվարին լրատվամիջոցների վերաբերյալ Մոլդովայում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ներկայացրեց հետևյալ զեկույցը.
«Մոլդովայի Հանրապետության Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի և մամուլի ազատությունը։ Այնուհանդերձ, Մոլդովայում՝ Քիշինևում, լրատվամիջոցների իրավիճակը մի շարք դեսպանատների, ինչպես նաև ՀԿ–ների լուրջ մտահոգության առարկա է։ Վերջին երկու տարիներին իշխանությունների կողմից ավելացել է ճնշումը անկախ լրատվամիջոցների հանդեպ՝ պետական լրատվամիջոցների աջակցության հետ զուգահեռ։
Իրավիճակը էլեկտրոնային լրատվամիջոցներում շատ կարևոր է. հիշենք, որ գյուղական վայրերում, որտեղ բնակվում է Մոլդովայի Հանրապետության բնակչության մոտ կեսը, տեղեկատվության մատչելիությունը շատ սահմանափակ է։ Թերթի կրպակներ գրեթե գոյություն չունեն, և տպագիր մամուլը այդտեղ հասնում է մինչև մեկ շաբաթ ուշացումով։ Ռադիոն տեղեկատվության հիմնական աղբյուրն է։
Ընդդիմությունը պատշաճ կերպով ներկայացված է հեռարձակումներում։ Լրագրողների ազատումը ավելի հաճախակի է դարձել։
• Ազգային հեռուստատեսությունում գրաքննության յուրահատուկ օրինակներից մեկն էր անցյալ տարվա նոյեմբերի 28-ին մասսայականություն վայելող «Buna Seara»-ի ուղիղ եթերով հեռարձակվող թոքշոուի արգելումը, որին հրավիրված էին խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ Ստեպանյուկը, Բրագիսը և Ռոսկան, SRSG և ԵԱՀԿ առաքելության մամլո պատասխանատուն։ Ծրագրի սկզբից երեք ժամ առաջ SRSG պաշտոնապես տեղեկացվեց RTM-ի նախագահ Եֆրեմովի կողմից, որ այն չի հեռարձակվելու, քանի որ մեծամասնության առաջնորդը որոշել է չմասնակցել դրան։
• Քաղաքական ուժերի միջև ընդհանուր համաձայնություն կա, որ Moldova 1 հեռուստաալիքը պետք է մշտական կլոր սեղանի առաջին 30 րոպեն հեռարձակի առանց խմբագրելու։ Այս պարտավորությունը դեկտեմբերյան հանդիպման ժամանակ չէր կատարվել, և բացատրությունն այն էր, որ ընդդիմության ժամի հեռարձակումը, երեք օր շաբաթվա ընթացքում, բավարար է։ Նույն օրը նորությունների թողարկման ժամանակ ռեպորտաժը նրբանկատ կերպով խուսափեց իշխանությունների հասցեին հնչեցված քննադատության մեծ մասից։
• «Ընդդիմության ժամ», ինքնին, որը ավելի շատ նման է ընդդիմության մենախոսությանը, չի թվում, որ նպաստում է մեծամասնության հետ երկխոսությանը։ Մեզ անհրաժեշտ է իրական բանավեճ ...»
73. Կառավարության հրավերով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մամուլի ազատության ներկայացուցիչը երկրորդ անգամ Քիշինև այցելեց 2004թ.-ի հոկտեմբերի 18–21-ը։ Այցելության նպատակն էր գնահատել լրատվամիջոցների ազատության ընթացիկ վիճակը երկրում և իշխանություններին առաջարկություններ ներկայացնել։ Ներկայացուցիչը հանդիպեց կառավարության պաշտոնյաներին, խորհրդարանականներին, լրագրողներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 2004թ.-ի դեկտեմբերի 16-ին նա հրապարակեց իր «Դիտարկումներն ու առաջարկությունները», որոնք, ի շարք այլոց, ներկայացնում էին՝
«Դրական զարգացումներ – բազմակարծություն...
Մոլդովայի լրատվամիջոցների իրավիճակում մի շարք գնահատելի զարգացումներ կան՝դրական զարգացումներ , բազմակարծություն.
Ընդհանուր առմամբ, լրատվամիջոցների բազմակարծությունը լավ զարգացած է Մոլդովայում, թե՛ լրատվամիջոցների որակի, և թե՛ ներկայացված տարբեր կարծիքների առումով (չնայած որ երկու տեսակի բազմակարծությունն էլ ավելի ներկայացված է տպագիր, քան հեռարձակող մամուլում)։ Բոլոր մակարդակների քաղաքական գործիչները պարբերաբար քննադատության են ենթարկվում լրատվամիջոցներում։ Անկախ հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները իշխանությունների վերաբերյալ իրենց մեկնաբանություններում սահմանափակ չեն։ Գոյություն ունի լրատվամիջոցների զարգացման վերաբերյալ բանավեճ։ Արտաքին գործերի նախարարն այս բանավեճը նկարագրեց, որպես «թափանցիկ»։ ...
Մոլդովան նաև տարածաշրջանի առաջին երկրներից մեկն էր, որը իր պետական հեռարձակողին ձևափոխեց հանրային ծառայության հեռարձակողի։
Այնուհանդերձ զրուցակիցների մեծ մասը համաձայնվեց, որ գոյություն ունեն լրատվամիջոցների մի քանի ակնառու խնդիրներ, որոնք պետք է մոտալուտ ապագայում լուծվեն։ Որոշ «թերություններ», ինչպես նշեց խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Բրագիսը, «աճող ժողովրդավարության արդյունքներն էին»։ Ըստ նրա ԵԱՀԿ ավելի շատ պետք է ներգրավվի լրատվամիջոցների խնդիրներում։ Արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ «Մոլդովան որոշ թերություններ ունի լրատվամիջոցների ոլորտում, բայց դրանք կանխամտածված չեն։ Այլ եվրոպական պետությունները նույնպես թերություններ ունեն։ Մենք չենք ցանկանում սխալ ուղով գնալ և դա է պատճառը, որ մենք շնորհակալ ենք ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների ցանկացած առաջարկությունների համար»։
Այս զեկույցի նպատակն է այսպիսի առաջարկություններ անել՝ այցելության ընթացքում արված դիտարկումների հիման վրա։
Հեռարձակման ընդհանուր վիճակը
Չի կարող ոչ մի իրական բազմակարծություն լինել, երբ չկան հանրապետական ծածկույթով ներպետական ալիքներ։ Այս իրավիճակում թափանցիկ մրցույթ է անհրաժեշտ ևս մեկ հանրապետական ծածկույթով հաճախականության համար։
Ներկայումս Մոլդովայում կան ընդամենը երեք հանրապետական ծածկույթով հեռարձակվող ընկերություն, և դրանցից միայն «Teleradio Moldova (TRM)» հանրային ընկերությունն է բովանդակության առումով մոլդովական հեռուստաալիք։ Մնացած երկու ալիքները վերահեռարձակվող ծրագրեր են հարևան պետություններից՝ Ռումինիայից և Ռուսաստանի Դաշնությունից։
Թվում է, որ պարզ է, որ գոյություն ունի չորրորդ հանրապետական ծածկույթով ալիքը, սակայն հաճախականության տրամադրումը լիցենզավորման մարմնի կողմից 2002թ.-ին կանգնեցվել էր։ Երրորդ հանրապետական ծածկույթով ալիքի մրցույթը հայտարարված էր 2004թ.-ի հոկտեմբերի 15-ին, սակայն չորրորդի համար մրցույթը չէր հայտարարվել։ /Լիցենզավորման գործընթացում թափանցիկության խնդիրների մասին լրացուցիչ տեղեկությունների համար տես՝ աուդիովիզուալ խորհրդի գլուխը։/
Իրավիճակը TRM-ի շուրջ
Չափից շատ կառավարություն և չափից քիչ այլ ձայներ
Չնայած որ օրենքով TRM-ն պետական հեռարձակողից ձևափոխվել էր ինքնուրույն հանրային ծառայության հեռարձակողի, իրականում այն շարունակում էր հարել կառավարությանը։ Քաղաքական հաղորդումների մեծ մասը հեռարձակվում էին նորությունների թողարկումներով և իշխող կուսակցության կողմից։ Այս իրավիճակում, երբ TRM-ն միակ ազգային հանրապետական ծածկույթով հեռարձակողն է, քաղաքական միջոցառումների հավասարակշռված լուսաբանումը առավել կարևոր է դառնում։ TRM-ն դեռ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները, որպես հանրային ծառայության հեռարձակող։
TRM-ն ինքը բովանդակության ոչ մի մոնիտորինգ չի իրականացնում՝ ի հեճուկս այն փաստի, որ դա սահմանված է Մոլդովայի ազգային հանրային հեռարձակող ընկերության մասին օրենքով։ TRM-ի ղեկավարությունը դա բացատրում է ժապավենների համար անհրաժեշտ ռեսուրսների բացակայությամբ։ Բայց փաստացիորեն վերստուգիչ խորհուրդը (SB) պետք է փորձեր այսպիսի մոնիտորինգը պարտադրել։ SB-ը, բացատրելով մոնիտորինգի իրենց մտահոգության բացակայությունը, ասաց, որ սկզբնական փուլում, երբ TRM միայն նոր էր սկսել իր հանրային գործունեությունը, ապակողմնորոշող կլիներ որևէ մոնիտորինգ իրականացնելը։
Արդյունքում միայն ՀԿ հանրությունն այսպիսի մոնիտորինգ իրականացրեց։ Արդյունքների հետ TRM-ի ղեկավարությունը, SB և իշխող կուսակցության պաշտոնյաներն իրենց խիստ անհամաձայնությունը հայտնեցին։ Ճշմարիտ է, որ ՀԿ մոնիտորինգը կատարվել էր քանակական հիմքով։ «Ժամացույցի կանգնեցման» մեթոդը անկասկած ոչ լիարժեք է և չի կարող բացահայտել հաղորդումների առանձնահատկությունները։ Այնուհանդերձ, այս մեթոդը բավական լավն է, և արդյունքները բավական տպավորիչ են ցույց տալու, որ ձևափոխումից հետո նորությունների թողարկումը TRM–ով անհամամասնորեն վերաբերում էր կառավարությանը և կատարվում էր կառավարության կողմից։
Աշխատանքային վեճ
Եվ TRM-ի ղեկավարությունը և CADUP-ն, որոնք ներկայացնում էին՝ պետականից հանրային հեռարձակող դառնալու ձևափոխման գործընթացում աշխատանքի չընդունված լրագրողներին, պետք է բանակցությունների միջոցով փոխհամաձայնության գան։
ԵԱՀԿ ներկայացուցիչն ու նրա աշխատակազմը մի քանի հանդիպումներ են ունեցել TRM-ի ղեկավարության և նախկին լրագրողների ներկայացուցիչների հետ, որոնք աշխատանքի չէին ընդունվել TRM-ի՝ պետականից հանրային հեռարձակող պաշտոնական ձևափոխումից հետո։ Ալեքսանդր Իվանկոն հետևում էր «Teleradio Moldova»-ի համահաշտեցման կոմիտեի աշխատանքներին, որը ստեղծվել էր՝ աշխատանքային վեճը կարգավորելու համար։
Նախապատմություն
2002թ.-ի թվականին, TRM-ի ավելի քան 300 աշխատակիցների կողմից աջակցվող գործադուլներն ու բողոքները TRM–ում ենթադրյալ գրաքննության դեմ Մոլդովայում մի բանավեճ սկսեցին TRM-իհանրային հեռարձակողի ձևափոխելու վերաբերյալ։ Պահանջվող իրավական դաշտը ստեղծվեց Եվրոպայի խորհրդի ուղղորդման ներքո։
«Teleradio Moldova» ազգային հանրային հեռարձակող ընկերության մասին օրենքն ընդունվեց խորհրդարանի կողմից 2002թ. հուլիսի 26-ին։ 2003թ.-ի մարտի 13-ի օրենքը վերանայվեց՝ Եվրոպայի խորհրդի կողմից քննադատվելուց հետո։ 2003թ.-ի նոյեմբերի 13-ի օրենքը նորից փոխվեց՝ այս անգամ նպատակ ունենալով լուծարել նախկին պետական հեռարձակողին։ Սա նշանակում էր, որ նորաստեղծ հանրային ընկերությունը պարտավոր չէր աշխատանքի ընդունել պետական հեռարձակողի բոլոր աշխատակիցներին։ Ըստ որոշ աղբյուրների՝ TRM-ի աշխատակիցների մեջ վախ կար, որ ընտրության գործընթացի արդյունքում խաղից դուրս կհայտնվեին այն աշխատակիցները, որոնք 2002թ.-ի փետրվարի բողոքների ժամանակ ամենաակտիվն էին եղել և, որոնք պայքարել էին անկախ հանրային հեռարձակող դառնալու TRM –ի ձևափոխման համար։
2004թ.-ի ապրիլի 30-ին ստեղծվեց վարչական խորհրդի կողմից առաջարկված երեք, վերստուգիչ խորհրդի կողմից առաջարկված երեք և TRM-ի աշխատակիցների կողմից ընտրված մեկ անդամներից բաղկացած ընտրական հանձնաժողովը։ 2004թ. օգոստոսի 7-ին հանձնաժողովն ընտրեց նոր աշխատակազմը։
907 անձանց պայմանագիր առաջարկվեց և 890-ը ստորագրեցին դա։ 140 աշխատատեղ դեռ թափուր էր։ Հետևաբար ընտրական հանձնաժողովը չէր ավարտել իր աշխատանքը։ Աշխատանքից ազատվեցին մոտավորապես 190 աշխատակից։
Հուլիսի 27-ին նորությունների բաժնի ընտրության արդյունքների հայտարարությունից հետո TRM-ի աշխատակիցների շրջանում գործընթացի հետ կապված անհամաձայնությունները վերածվեցին հասարակական բողոքների։ Հուլիսի 27-ին մի խումբ TRM-ի աշխատակիցներ հիմնեցին Մարդու և մասնագիտական արժանապատվության պաշտպանության կոմիտե և զբաղեցրեցին այն սենյակը, որտեղ ընտրական հանձնաժողովն էր իր նիստերը գումարում։ Ի պատասխան՝ TRM-ի ղեկավարությունը կասեցրեց 19-ը աշխատակիցների պայմանագրերը, և հուլիսի 30-ին ոստիկանությունը ցուցարարներին հեռացրեց շենքից։
Այց ցույցերը/ մի պահ դրանց միացան հազարավոր մարդիկ/ սկսվեցին, որպես ընտրության գործընթացի պատասխան։ Հետևաբար հիմնական պահանջն էր նոր գործընթաց սկսել։ Այս պահանջը հետագայում ձևափոխվեց «վերադարձ ընտրական գործընթացից առաջ եղած իրավիճակին»։ Տեսականորեն փոխված պահանջը կարող էր բավարարվել առանց նոր գործընթացի՝ պայմանագրեր առաջարկելով հեռացված բոլոր 190 աշխատակիցներին։
Բոլոր զրուցակիցները համաձայնվեցին, որ TRM-ի շուրջ ստեղծված իրավիճակը երկրում ԶԼՄ-ների հետ կապված ամենահրատապ հարցն է։ Թվում էր, որ բոլորը համաձայն էին, որ առաջ գնալու միակ ճանապարհը բանակցային գործընթացի միջոցով էր։ Ինչպես նշեց Արտաքին գործերի նախարար Ստրատան. «Մենք ցանկանում ենք, որ TRM-ի ձևափոխումը կատարվի ժողովրդավարական եղանակով»։ Այնուհանդերձ, պետք է մի քանի հարց բարձրացնել։
Թվում է, որ ընտրության ամբողջ գործընթացը հաշվի չի առել այսպիսի գործընթացին ներկայացվող պահանջները։ Չնայած պարզ էր, որ որոշ աշխատակիցներ կազատվեն,քանի որ ընտրության չափանիշները հստակորեն սահմանված չէին, և ընտրությունն ինքը թափանցիկ չէր։ Չի կարելի հերքել քաղաքական կողմնակալության մեղադրանքները՝ հաշվի առնելով ընտրական գործընթացների թափանցիկությունը։
TRM-ի ղեկավարության վերաբերմունքը, առնվազն սկզբնական ժամանակ, կառուցողական չէր և հանգեցրեց զանգվածային բողոքների և պատային իրավիճակի, որը դեռ չի լուծվել։
Մյուս կողմից՝ CADUP-ը, որը ի սկզբանե հիմնվել էր հեռացված աշխատակիցների իրավունքների պաշտպանության համար, իրենց սկզբնական աշխատանքային պահանջներին սկսեց քաղաքական պահանջներ ավելացնել։
Այս իրավիճակում ԵԱՀԿ ներկայացուցիչը, Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ միասին առաջարկեց վերը նշված համահաշտեցման կոմիտեին ստեղծել մի նոր ընտրական հանձնաժողով՝ ըստ հետևյալ բանաձևի՝
- ընտրական հանձնաժողովի երկու անդամներ պետք է նշանակվեն «Teleradio Moldova» ղեկավարության կողմից
- հանձնաժողովի երկու անդամ պետք է նշանակվի CADUP-ի կողմից և
- հանձնաժողովի երեք անդամ պետք է փոխադարձ համաձայնությամբ նշանակվեն համահաշտեցման հանձնաժողովի կողմից։ Որպես այլընտրանք՝ այս երեք անդամներից մեկը կարող է օտարերկրյա փորձագետ լինել՝ ներկայացված ԵԱՀԿ-ի կամ Եվրոպայի խորհրդի կողմից։
Վճռի գրելու ժամանակ այս հարցը դեռ ընթացքում էր։ TRM-ի համահաշտեցման հանձնաժողովը նոյեմբերին ընդամենը երկու նիստ է գումարել։ Երկու նիստերին էլ հանձնաժողովը քննարկել է նոր ընտրական հանձնաժողովի համատեղ առաջարկությունը՝ ներկայացված հոկտեմբերի 21-ին ներկայացուցչի գրասենյակի, ԵԱՀԿ առաքելության և Եվրոպայի խորհրդի կողմից։ Հանձնաժողովը չկարողացավ որոշում կայացնել համատեղ առաջարկության վերաբերյալ։ Հղում կատարելով հանձնաժողովի աշխատանքներում առաջընթացի բացակայությանն ու մեղադրելով TRM-ի ղեկավարությանը «երկխոսության պատրանք ստեղծելու մեջ»՝ բողոքող լրագրողների ներկայացուցիչները դուրս եկան համահաշտեցման հանձնաժողովից նոյեմբերի 25-ին։
TRM-ի վերստուգիչ խորհուրդ [սույն վճռի մեջ այլ տեղերում «դիտորդների խորհուրդ», տես՝ վերևում պարբերություն 65]
TRM-ի ներկայիս վերստուգիչ խորհուրդը (SB), որի մեծամասնությունը, չնայած որ կազմված է քաղաքացիական հասարակությունից, չի ներկայացնում հասարակության մեջ գերիշխող կարծիքների ամբողջ պատկերը և փաստացիորեն քաղաքական կողմնակալության հնարավորություն է տալիս։ Ներկայիս օրենքը պետք է փոխվի՝ հնարավորություն տալով այլ ձևով կազմել SB։
Որոշ ընդդիմադիր խորհրդարանականներ, լրագրողներ և ՀԿ–ներ բողոքում էին SB-ի ներկայիս կազմից, որտեղ կային խորհրդարանի երկու ներկայացուցիչ (մեկն ընդդիմությունից), երկուսը՝ կառավարությունից, երկուսը նշանակված էին նախագահի կողմից և ինը՝ տարբեր կազմակերպություններից։ Սակայն նախագահը, կառավարությունը և խորհրդարանը, ինչպես նաև խորհրդում ներկայացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծամասնությունը վերահսկվում են մեկ կուսակցության կողմից։
Կոմունիստական կուսակցության խմբակցության առաջնորդ Վիկտոր Ստեպանյուկն ընդունում է, որ քաղաքացիական հասարակության ոչ բոլոր կազմակերպություններն են ներկայացված խորհրդում, այլ միայն «հիմնական քաղաքացիական կազմակերպությունները», որն անպատասխան է թողնում այն հարցը, թե ով և, առավել կարևոր է, ինչպես է սահմանում «հիմնական» կազմակերպությունը։ Մոլդովայի քաղաքականացված մթնոլորտում մեծապես քաղաքականացված SB-ն է դիտվում , որպես հանրային հեռարձակողի վստահելիությունը քայքայող։ Ընդդիմության առաջնորդ Բրագիսի առաջարկություններից մեկով SB-ը պետք է ունենար 12 անդամ՝ վեց հոգի իշխող կուսակցությունից, վեցը՝ ընդդիմությունից, և խորհուրդը պետք է աշխատեր խստորեն փոխհամաձայնության հիման վրա։
Չնայած որ այս գաղափարը կարող է գրավիչ թվալ, այն կարող է հանգեցնել նաև պատային իրավիճակի, երբ խորհուրդը չկարողանա գալ որևէ համաձայնության՝ թողնելով TRM-ի ղեկավարությանն առանց վերահսկողության։
ԵԱՀԿ և Եվրոպայի խորհուրդը պետք է համարձակորեն առաջարկություն ներկայացնեն SB-ի կառուցվածքի վերաբերյալ, որը կարժանանա Մոլդովայի բոլոր քաղաքական կողմերի հավանությանը։ Մի քանի առաջարկություններ, հատկապես էլեկտրոնային լրատվամիջոցների ասոցիացիայի (APEL) կողմից առաջարկված, պետք է մանրամասն վերլուծվեն։
Աուդիովիզուալ համակարգման խորհուրդ
Հաճախականությունների հատկացման մրցույթների առաջարկները վերջին պահին են հայտարարվում և բավարար ժամանակ չեն տրամադրում, որպեսզի պոտենցյալ դիմորդները նախապատրաստեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Խորհրդի կազմը չի երաշխավորում վերջինիս օբյեկտիվությունը։ Ինչպես նաև, հաճախականությունների հատկացման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բացակայում է թափանցիկությունը։
Հաճախականությունների հատկացման գործընթացում քաղաքական կողմնակալության վերաբերյալ բողոքները չեն կարող հիմնավորված համարվել։ Բայց ուսումնասիրելով այս բողոքները՝ ներկայացուցիչը սահմանեց, որ գործընթացը սուբյեկտիվության հնարավորություն է ընձեռում՝ հաճախականության հատկացման ժամանակ գնահատման և քվեարկման համար։
Հեռարձակման լիցենզիաները հատկացվում են խորհրդի կողմից. միայն որպես «երկգլխանի» նկարագրվող համակարգում լիցենզավորված անձանց կողմից օգտագործվելիք փաստացի հաճախականությունները տրամադրվում են Հեռահաղորդակցության նախարարության խորհրդի կողմից։ Ինչպես ասաց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. «Մենք չգիտենք, թե երբ են այս հաճախականությունները դառնում մատչելի»։
Խորհուրդը, որը կազմված է ինը անդամներից, նշանակվում է համապատասխանաբար կառավարության, նախագահի և խորհրդարանի կողմից։ Այսօրվա պես իրավիճակներում, երբ իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի մեծամասնությունը վերահսկվում է մեկ կուսակցության կողմից, այս համակարգը հանգեցնում է Խորհրդի տոտալ քաղաքական վերահսկման։ Մի քանի զրուցակիցներ բողոքեցին, որ ալիքների լիցենզիաների տրամադրման հարցում նրանք չեն վստահում խորհրդի օբյեկտիվությանը։
Պետք է նկատել նաև, որ համապետական ծածկույթով շատ կարևոր չորրորդ ալիքի մրցույթը տարիներ հետո չէր վերահայտարարվել, և այս հարցի կապակցությամբ ոչ մի շարժ չկար։ Մյուս կողմից՝ համապետական ծածկույթով երրորդ ալիքի մրցույթը, որի լիցենզիան ավարտվում էր, հայտարարվել էր 45 օր առաջ միայն՝ երեք թերթերում փոքր տպագիր հայտարարությունների տեսքով։
Խորհրդի անկախությունն ապահովելու համար ընտրական գործընթացը պետք է քաղաքական կողմնորոշվածություն չունենա և պետք է կենտրոնանա, որպես խորհրդի անդամ, այն անձանց ընտրության վրա, որոնք հեռարձակման ոլորտում հեղինակություն վայելող փորձագետներ են։
Պետք է փոխել հաճախականությունների հատկացման մեթոդը։ Միայն մի գործակալություն պետք է պատասխանատու լինի հաճախականությունների ստեղծման և հատկացման համար։ Սա կուղղի ներկայիս «երկգլխանի» համակարգը, երբ խորհուրդը գտնվում է նախարարության ողորմածության ներքո՝ չիմանալով, թե երբ (և ինչու) կարող է մրցույթ հայտարարվել հաճախանակության համար։ ...
Առաջարկություններ
...
· Չի կարող իրական բազմակարծություն լինել, երբ չկան մրցակցող ներպետական հանրապետական ծածկույթով ալիքներ։ Այս իրավիճակում անհրաժեշտ է թափանցիկ մրցույթ ևս մեկ հանրապետական ծածկույթով հաճախականության համար։
· Չնայած որ իրավականորեն TRM-ն պետական հեռարձակողից ձևափոխվել է անկախ հանրային ծառայության հաստատության, իրականությում շարունակում է հարել կառավարությանը։ Քաղաքական հաղորդումների մեծ մասը թողարկվում է նորություններով և իշխող կուսակցության կողմից։ Այս իրավիճակում, երբ TRM-ն միակ ներպետական համապետական ծածկույթով հեռարձակողն է, քաղաքական իրադարձությունների հավասարակշռված լուսաբանումը առավել կարևոր է դառնում։ TRM-ն դեռ պետք է կատարի, որպես հանրային ծառայության հեռարձակող, իր կողմից ստանձնած պարտավորությունները։
· Եվ TRM-ի ղեկավարությունը և CADUP-ը, որը ներկայացնում է, պետականից հանրային հեռարձակող դառնալու ձևափոխման գործընթացում աշխատանքի չընդունված լրագրողներին, պետք է բանակցությունների միջոցով փոխհամաձայնության գան։
· Պետք է ստեղծվի TRM-ի ընտրական մի նոր հանձնաժողով։
· TRM-ի ներկայիս վերստուգիչ խորհուրդը (SB), որի մեծամասնությունը, չնայած որ տեսականորեն կազմված է քաղաքացիական հասարակությունից, չի ներկայացնում հասարակության մեջ գերիշխող կարծիքների ամբողջ պատկերը և փաստացիորեն քաղաքական կողմնակալության հնարավորություն է տալիս։ Ներկայիս օրենքը պետք է փոխվի՝ հնարավորություն տալով այլ ձևով կազմել SB-ը։
· Հաճախականությունների հատկացման մրցույթների առաջարկները վերջին պահին են հայտարարվում և բավարար ժամանակ չեն տրամադրում, որպեսզի պոտենցյալ դիմորդները նախապատրաստեն անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Խորհրդի կազմը չի երաշխավորում վերջինիս օբյեկտիվությունը։ Ինչպես նաև հաճախականությունների հատկացման վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում բացակայում է թափանցիկությունը։ ...»
74. Գրեթե միևնույն ժամանակ ԵԱՀԿ և Եվրոպայի խորհուրդը համատեղ հրապարակեցին ... «Մոլդովայի Հանրապետությունում հանրային հեռարձակողների գործառույթների հենանիշերը».
...
75. 2004թ.-ի մայիսի 12-ին Եվրոպական հանձնաժողովը հրապարակեց Մոլդովայի «Եվրոպական հարևանության քաղաքականության զեկույցը» (SEC (2004) 567), որն, ի շարք այլոց մի շարք արդյունքներ ներկայացրեց երկրում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված։ Զեկույցը ներկայացրեց 2003թ.-ի տեղական ընտրությունների մոնիտորինգ իրականացրած ԵԱՀԿ-ի դիտորդների մտահոգությունը՝ «պետական հեռուստաալիքով գործող իշխանությունների օգտին հստակ կողմնակալության մասին»։
...
2. Հասարակական կազմակերպություններ
76. Անկախ լրագրության կենտրոնը (IJC) Քիշինևում գտնվող հասարակական կազմակերպություն է, որի առաքելությունն է աջակցել պրոֆեսիոնալ լրագրողությանը Մոլդովայում և նպաստել անկախ ու անաչառ մամուլի կոնսոլիդացիային։ Այն հիմնադրվել է 1994թ.-ին, որպես «Open World House Project» և 1998թ.-ին դարձել անկախ։ Այլ աղբյուրների շարքում այն ֆինանսավորվում է նաև Սորոսի հիմնադրամի կողմից։
77. 2004թ.-ի հունիսից 2005թ.-ի հոկտեմբերը IJC-ը մոնիտորինգի ենթարկեց TRM-ի ծրագրերը։ Ըստ 2004թ.-ի օգոստոսի մոնիտորինգի հաշվետվության՝ Քրիստոնեադեմոկրատական ժողովրդական կուսակցության, որն այդ ժամանակ խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցություններից մեկն էր, ոչ մի ներկայացուցիչ այդ ամսվա ընթացքում քաղաքական թեմաներով TRM-ի հեռուստատեսային ոչ մի հաղորդման ժամանակ չի երևացել, և մյուս ընդդիմադիր կուսակցությունը՝ «Moldova Democrată», երևացել է միայն 95 վայրկյանով։ Ի հակադրություն սրա՝ իշխող կոմունիստական կուսակցությունը երևացել է յոթ անգամ ընդհանուր՝ 889 վայրկյան տևողությամբ։ Իրավիճակը ներկայացվել է նույն ձևով 2004թ.-ի սեպտեմբերին, հոկտեմբերին և նոյեմբերին։ 2004թ.-ի դեկտեմբերին հրապարակված այս զեկույցում IJC-ը պարզեց, որ հեռուստատեսությամբ կառավարությունն ու դրա ներկայացուցիչները միջինը օրական 32 անգամ են նշվել, մինչդեռ ընդդիմության մասին խոսվել է օրական միջինը երկու անգամ։ TRM–ի ռադիոհաղորդումներում կառավարությունը նշվել է միջինը օրական 109 անգամ, մինչդեռ ընդդիմությունը՝ 0.7 անգամ օրական։
78. «Պետությունից հանրային. Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում իրական հանրային ծառայության հեռարձակու՞մ» վերնագրով զեկույցի (դեկտեմբեր 2005թ.), Հոդված 19–ում Լոնդոնում գտնվող միջազգային հասարակական մի կազմակերպություն, որը աշխատում է խոսքի ազատության հետ կապված հարցերով, պարզեց հետևյալը (ծանոթագրությունները բաց են թողնված)՝
«3.1. Ակնարկ
ԱՊՀ երկրներում Մոլդովան առաջին պետությունն էր, որ սկսեց ՀԾՀ [հանրային ծառայության հեռարձակող] ստեղծման գործընթացը։ Ներկայումս այն երեք երկրներից մեկն է, որը ձևափոխել է պետական հեռարձակող «TeleRadio-Moldova» (TRM) ընկերությունը ՀԾՀԿ [հանրային ծառայության հեռարձակող կազմակերպություն]։ Եվ, չնայած որ տեսականորեն ՀԾՀ գոյություն ունի, գործնականում նոր հեռարձակող ընկերությունը միայն անվանական է անկախ կառավարության վերահսկողությունից և հաղորդումները շարունակում են մեծապես կողմնակալություն ցուցաբերել գործող իշխանությունների օգտին։ Ընդհանուր առմամբ այն հեռուստադիտողներին ճշգրիտ և օբյեկտիվ տեղեկատվություն, տեսակետների և կարծիքների բազմակարծություն չի ապահովում։ Իրական ՀԾՀ կառուցվածքի կոնսոլիդացումը կախված կլինի նոր ընդունված դրույթների լիարժեք իրականացման՝ իշխանությունների կարողություններից և կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության քարոզարշավային հաջողություններից։
...
Ի հեճուկս փոփոխությունների՝ TRM-ն դեռ գտնվում է իշխանությունների ազդեցության տակ։ Ի լրումն, ձևափոխումից հետո հաղորդումների որակը բավական ընկել է։ Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն կա՝ աշխատակիցներին ուսուցանելու և պրոֆեսիոնալ լրագրողության չափորոշիչները բարձրացնելու համար։
Մեկ այլ մտահոգիչ փաստ է, որ լրատվամիջոցների բազմազանությունում գրանցվել է պրոգրեսիվ անկում։ ...
Օրենքը
I. Կոնվենցիայի հոդված 10-ի ենթադրյալ խախտում
79. Հայցվորները պնդում էին, որ երբ նրանք լրագրող էին աշխատում TRM–ում, TRM-ի ղեկավարության միջոցով, իշխանությունների կողմից նրանք ենթարկվում էին գրաքննության, որը հակասում է Կոնվենցիայի հոդված 10-ին։ Հոդված 10-ը սահմանում է՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորումը:
2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»։
Կառավարությունը մերժեց այս մեղադրանքները և առարկեց, որ ցանկացած պարագայում հայցվորները չէին սպառել ներպետական միջոցները։Գործի ժամանակային շրջանակները
80. Սույն վճռի նպատակներով՝ դատարանը հաշվի առավ 2001թ.-ի փետրվարից սկսվող ժամանակահատվածը, երբ հայցվորները պնդեցին, որ TRM–ում սրվեց խմբագրական քաղաքականության հանդեպ քաղաքական վերահսկողության խնդիրը (տես՝ վերևում պարբերություն 18) մինչև 2006թ.-ի սեպտեմբերի 26-ը, երբ դատարանը որոշում կայացրեց գործի ընդունելիության մասին։
B. Կառավարության նախնական առարկությունը
1. Կողմերի ներկայացումները
81. Կառավարությունն առարկեց, որ հայցվորները չէին սպառել ներպետական օրենսդրությամբ նրանց հասու միջոցները, ինչպես պահանջված է Կոնվենցիայի հոդված 35 § 1-ով։ Մասնավորապես, նրանք ներկայացրեցին, որ հայցվորները կարող էին բողոքարկել ներպետական դատարաններում՝ խոսքի ազատության իրենց իրավունքի ենթադրյալ խախտման դեմ՝ հղում կատարելով Սահմանադրության Հոդված 20-ի դրույթներին (տես՝ վերևում պարբերություն 56), աուդիովիզուալ հեռարձակման մասին օրենքի հոդվածներ 2 § 3, 3, 6 (տես՝ վերևում պարբերություն 57) և օրենք No. 1320 դրույթներին (տես՝ վերևում պարբերություն 65)։ Չնայած որ կառավարությունը ի վիճակի չէր ներկայացնել ներպետական դատարանների կողմից քննված նմանատիպ գործերը, պատճառն այն էր, որ Մոլդովայի Հանրապետությունը բավարար ժամանակ չէր ունեցել այս ոլորտում որևէ նախադեպ ստեղծելու համար։ Սակայն, եթե այսպիսի հայցադիմում ներկայացված լիներ, անկասկած այն կքննվեր՝ ըստ էության։ Կառավարության ներկայացմամբ հայցվորները կարող էին բողոքել նաև TRM–ի՝ դիտորդների խորհրդին, որն ըստ օրենք no. 1320-XV Հոդված 20-ի (տես՝ վերևում պարբերություն 65) պատասխանատու էր վերահսկելու, թե արդյո՞ք TRM-ն գործում է ըստ իր ներքին կանոնների և ընդհանրապես օրենսդրության։ Որպես այլընտրանք՝ հայցվորները կարող էին բողոքել ACC–ին։
82. Հայցվորները պնդեցին, որ TRM–ում գոյություն ուներ գրաքննության վարչական պրակտիկա և քաղաքական վերահսկողություն և, որ սա ազատում էր իրենց ներպետական միջոցները սպառելու պարտավորությունից։ Որպես այլընտրանք, նրանք պնդեցին, որ ազգային մակարդակում չկային արդյունավետ միջոցներ։ Հնարավոր չէր լինի իրենց բողոքը ներկայացնել ներպետական դատարաններին։ Չնայած որ տեսականորեն ազգային դատավորը կարող էր որոշում կայացնել գրաքննության եզակի դեպքի մասին, ներպետական օրենսդրությամբ ոչ մի դատական միջոց չկար կառավարությունից TRM–ի կառուցվածքային անկախության խնդրին անդրադառնալու կամ գրաքննության ապագա դեպքերը կանխարգելելու համար։ ACC-ը կազմված էր ինը անդամներից, որոնցից երեքը նշանակված էին խորհրդարանի, երեքը՝ կառավարության և երեքը՝ Մոլդովայի նախագահի կողմից, որը անկախ մարմին չէր։ Այն ուսումնասիրել էր գրաքննության հարցը TRM–ում 2004թ.-ի ապրիլի 29-ի՝ իր զեկույցում (տես՝ վերը նշված պարբերություն 41)։ Չնայած որ հայցվորները ներկայացրել էին դատարանին ուղղված իրենց հայցադիմումում նշված ենթադրյալ գրաքննության բոլոր կոնկրետ գործողությունները, այդ մեղադրանքներից և ոչ մեկը չէր ուսումնասիրվել զեկույցում, որը սահմանափակվել էր ընդհանուր եզրակացությամբ, որ TRM–ում գրաքննություն չկա։ Վերջապես, դիտորդների խորհուրդը նորաստեղծ հանրային ընկերության մի մարմին էր, որը սկսել էր իր գործունեությունը միայն 2004թ.-ի օգոստոսին և այսպիսով՝ չէր կարողացել քննել հայցվորների բողոքները, երբ տեղի էին ունեցել իրենց հայցադիմումում նշված դեպքերը։
2. Դատարանի գնահատականը
83. Դատարանը նշեց, որ այն սկզբունքը, ըստ որի հայցվորը պետք է առաջինը սպառի ներպետական իրավական համակարգի միջոցները, նախքան միջազգային դատարան դիմելը, Կոնվենցիայով սահմանված պաշտպանության մեխանիզմի մի կարևոր տարր է (տես՝ Ակդիվարն ու այլոք ընդդեմ Թուրքիայի, 16-ը սեպտեմբերի 1996թ., § 65, 1996‑IV)։ Դատարանի նպատակն է լինել մարդու իրավունքները երաշխավորող ազգային համակարգերի լրացուցիչ օժանդակություն և տեղին է, որ սկզբում ազգային դատարանները հնարավորություն ունենան որոշելու ներպետական օրենքի համապատասխանությունը Կոնվենցիայի հետ և եթե վերջնական հաշվով հայց ներկայացվի Ստրազբուրգ, ապա Եվրոպական դատարանը պետք է օգտվի ազգային դատարանների կարծիքից, որոնք անմիջական և մշտական կապի մեջ են իրենց երկրների ուժերի հետ /տես՝ Բըրդնն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 13378/05, § 42, 29 ապրիլի 2008թ./։
84. Կոնվենցիայի Հոդված 35 § 1ով նորմալ միջոցներ պետք է լինեն հայցվորի տրամադրության տակ, միջոցներ, որոնք մատչելի և բավարար են ենթադրյալ խախտումների առումով իրավիճակը շտկելու համար։ Տվյալ միջոցների գոյությունը պետք է բավարար և հստակ լինի ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականորեն, որոնց չիրականացումը կհանգեցնի պահանջվող մատչելիության և արդյունավետության բացակայությանը (վերը նշված Ակդիվարն ու այլոք, § 66)։ Ապացույցի բեռն ընկնում է Կառավարության՝ վրա բավարարելու դատարանին, որ միջոցն արդյունավետ էր, տեսականորեն և գործնականորեն մատչելի համապատասխան ժամանակ, այսինքն՝ այն մատչելի էր, կարող էր անդրադառնալ հայցվորի բողոքին և առաջարկել հաջողության ողջամիտ հեռանկարներ։ Երբ ապացույցի այս բեռը բավարարված է, այդժամ հայցվորը պետք է ցույց տա, որ Կառավարության կողմից տրամադրված միջոցը փաստացիորեն սպառված էր կա՛մ որոշ պատճառներով անտեղի և անարդյունավետ կոնկրետ հանգամանքներում, կա՛մ ,որ հատուկ հանգամանքներ կային, որոնք ազատում էին նրան այդ պահանջից (վերը նշված Ակդիվարն ու այլոք, § 68).
85. Սակայն սպառման կանոնը կիրառելի չէ այն դեպքերում, երբ ներկայացվում է, որ գոյություն ունի վարչական պրակտիկա, այն է՝ Կոնվենցիայի հետ անհամատեղելի գործողությունների կրկնությունը և պետական մարմինների կողմից պաշտոնական հանդուրժողականությունը ,և դրանք այնպիսի բնույթի են, որ վարույթը դարձնում են անօգուտ կամ անարդյունավետ (տես՝ Իռլանդիան ընդդմ Միացյալ Թագավորության, 18-ը հունվարի 1978թ., § 159, Սերիաներ A no. 25՝ վերը նշված Ակդիվարն ու այլոք, §§ 66-67, Դանիան ընդդեմ Թուրքիայի (dec), no. 34382/97, 8 հունիսի 1999թ., Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [GC], no. 25781/94, § 99, ՄԻԵԴ 2001-IV)։ Քարահերն ընդդեմ Միացյալ Թագավորության (dec), no. 24520/94, ՄԻԵԴ 2000-I, դատարանն ամփոփեց «վարչական պրակտիկա» հասկացությանը վերաբերող նախադեպը հետևյալ կերպ՝
«Առաջին հունական գործում (տարեգիրք 11 էջ. 770) հանձնաժողովը սահմանեց վարչական պրակտիկայի համար անհրաժեշտ երկու տարր՝ գործողությունների կրկնություն և պաշտոնական հանդուրժողականություն։ Գործողությունների կրկնությունը ներկայացվել էր, որպես գործողությունների էական քանակություն, որոնք կապված էին եղել կամ որոշակի ձևով կապ ունեին դրանց շրջապատող հանգամանքներով (օրինակ՝ ժամանակ և տեղ կամ ներգրավված անձանց վերաբերմունքը) և որոնք զուտ առանձին դեպքեր չէին։ Դատարանը նշեց, որ Կոնվենցիայի հետ անհամատեղելի պրակտիկան կազմված է նույնական կամ համանման խախտումների կուտակումից, որոնք բավարար մեծաքանակ են և փոխկապակցված՝ կազմելով ոչ թե զուտ առանձին միջադեպեր կամ բացառություններ, այլ օրինաչափություն կամ համակարգ (Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության վճիռ, 18-ը հունվարի 1978, սերիաներ A no. 25, էջ. 64, § 159)։ Պաշտոնական հանդուրժողականությունը նշանակում է, որ չնայած գործողություններն անօրինական են, դրանք հանդուրժվում են այն առումով, որ պատասխանատուների ղեկավարները, իմանալով այդ գործողությունների մասին, այնուհանդերձ նրանց պատժելու կամ դրանց կրկնողությունները կանխարգելելու ոչ մի գործողություն չեն ձեռնարկել կամ ավելի բարձր մարմինը, բազմաթիվ մեղադրանքների պարագայում, անտարբերություն է ցուցաբերել՝ մերժելով որևէ անբավարար հետաքննություն դրանց ճշմարտացիության կամ կեղծ լինելու վերաբերյալ կամ, որ ցանկացած դատական վարույթում այսպիսի բողոքների լսումները մերժվում են (mutatis mutandis, հայցադիմում Nos. 9940-9944/82, Ֆրանսիան, Նորվեգիան, Դանիան, Շվեդիան և Նիդեռլանդներն ընդդեմ Թուրքիայի, dec. 6.12.83, DR 35 էջ.. 143, էջ. 163, § 19)։ Սակայն կարելի է նկատել, որ հնարավոր է գտնել նաև այնպիսի պրակտիկա, երբ նույնիսկ ոչ մի պաշտոնական հանդուրժողականություն չի եղել բարձր պաշտոնական մակարդակներում, և նույնիսկ որոշ գործողություններ քրեական հետապնդման են ենթարկվել, քանի որ բարձր մարմինները պատասխանատու են գործողությունների կրկնություններին վերջ դնելուն՝ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար (տես՝ օրինակ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության վճիռը, op. cit., § 159)»։
86. Դատարանը նշում է, որ 2006թ. սեպտեմբերի 26-ի ընդունելիության մասին իր որոշմամբ այն պարզեց, որ գոյություն ունի սերտ կապ կառավարության սկզբնական առարկության և Հոդված 10-ի հայցվորների բողոքների էության միջև ու համապատասխանաբար այն միացավ Կառավարության գործի էության վերաբերյալ առարկությանը։
87. Հետևաբար դատարանը կուսումնասիրի հայցվորների բողոքների էությունն ու դրանից հետո կքննի, թե արդյոք, բոլոր հանգամանքներում, Կառավարության նախնական առարկությունը հիմնավորված է։
C. Էությունը
1. Կողմերի ներկայացումները
(a) Կառավարություն
88. Կառավարությունն ընդգծեց, որ TRM-ն ամենադիտվող հեռուստաալիքն է երկրում և, որ երեկոյան նորությունների թողարկումը ամենամասսայական հաղորդումն էր (տես՝ վերևում պարբերություն 8)։ Սա ցույց էր տալիս, որ Մոլդովայի բնակչությունը հավատում էր, որ TRM-ն անկախ, անաչառ և օբյեկտիվ հեռուստատեսային ալիք էր։
89. Կառավարությունը հերքում էր, որ TRM–ում գրաքննություն կա։ Նրանք մերժում էին այն մեղադրանքները, որ գոյություն ուներ անձանց կամ թեմաների մի «սև ցուցակ», որոնք չէին կարող ներկայացվել և հաստատեց, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող էին TRM-ի միջոցով դիմել հանրությանը, ինչպես նշված է հեռուստաեթերի ծրագրում նշված մի շարք հաղորդումներով (տես՝ վերը նշված պարբերություն 26)։
90. 2002թ.-ի ապրիլի 29-ի իր զեկույցում Կառավարությունը հիմնվեց ACC-ի արդյունքների վրա (տես՝ վերը նշված պարբերություն 41)։ Ինչպես պարզվել է ACC-ի կողմից, հայցվորները սխալ էին մեկնաբանել խոսքի ազատություն հասկացությունը։ Նրանք հասկացել էին դա, որպես իրենց տրամադրված carte blanche՝ իրենց ապագա ռեպորտաժներում ասելու այն ամենը, ինչ ցանկանում էին՝ անտեսելով իրավական կամ բարոյական նորմերն ու խախտելով իրենց պատասխանատվությունը՝ որպես լրագրողներ, որոնք այդ ժամանակ աշխատում էին միակ ազգային հեռարձակող ընկերությունում, ապահովելու քաղաքական կողմնակալությունից զերծ օբյեկտիվ և անաչառ ծառայություն։
91. Կառավարությունը հաստատեց, որ TRM-ի արհմիությունը կամ մի շարք աշխատակիցներ չէին աջակցում գործադուլային կոմիտեի բողոքներին։ Դինու Ռուսնակի և Լարիսա Մանոլի դեմ կայացված պատժամիջոցները լիովին արդարացված էին՝ նրանց կողմից ներքին կանոնակարգերի խախտման արդյունքում, ինչպիսին էին նորությունների թողարկման փոփոխություններն առանց նախնական թույլատվության։ Մի շարք հայցվորներ, այն է՝ Միրսեա Սուրդուն, Լյուդմիլա Վասիլաչեն, Լեոնիդ Մելնիչը և Դիանա Դոնիկան շարունակում էին աշխատել TRM–ում։
(b) Հայցվորներ
92. Հայցվորները գտնում էին, որ ներպետական օրենքները բավարար երաշխիքներ չէին տրամադրում գրաքննության կամ անհարկի քաղաքական ազդեցության դեմ։ Այսպիսով՝ ո՛չ ազգային օրենսդրությունը, և ո՛չ էլ TRM–ի ներքին կանոնադրությունները չէին սահմանում «խմբագրական քաղաքականություն» հասկացությունը։ Նրանք պնդում էին, որ պետությունը չի կատարել Հոդված 10-ով ստանձնած իր պոզիտիվ պարտավորությունները, որովհետև այն չի ներդրել օրենսդրություն, որը երաշխիքներ կտրամադրեր իշխանությունների կողմից չարաշահվող միջամտությունների դեմ և ,որը հստակորեն կմատնանշեր այդ իշխանությունների հայեցողության շրջանակն ու սահմանափակումները։ Ավելին՝ խորհրդարանը, մերժելով փոփոխել No. 1320-XV օրենքն այնպես, ինչպես առաջարկված էր Եվրոպայի խորհրդի կողմից, պահպանեց պետության վերահսկողությունը հանրային ընկերության հանդեպ, որը հենց հանդիսանում էր գրաքննության պատճառը։ Այս գործողություններով և բացթողումներով պետությունը խախտել էր նաև բնակչության տեղեկացված լինելու իրավունքը։ Խորհրդարանական վեհաժողովը և միջազգային փորձագետների զեկույցները հիմնավորեցին այն կարծիքը, որ ներպետական օրենսդրությունը անբավարար էր, և այն TRM-ի ընդհանուր վերահսկողությունը տրամադրում էր Կառավարությանը և դրա անկախության համար բավարար երաշխիքներ չէր ապահովում։
93. Հայցվորները փաստարկեցին, որ Կառավարության կողմից նշվող հարցումները, համաձայն որի TRM-ն Մոլդովայում ամենադիտվող հեռուստաալիքն էր, չէին արտացոլում ծրագրերի որակը, այլ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրների բացակայությունը։ Նրանք հղում էին կատարում IJC մոնիտորինգային զեկույցների (տես՝ վերևում պարբերություն 77) և մի շարք միջազգային մասնագետների դիտարկումների վրա (տես՝ վերևում պարբերություններ 72-75)՝ հիմնավորելով իրենց պնդումները, որ TRM-ի ծրագրերը կողմնակալ էին՝ հօգուտ իշխող կուսակցության։ Կառավարության կողմից տրված օրինակները, որտեղ ընդդիմադիր քաղաքական գործիչները մասնակցել էին, ընդհանուր կանոնի բացառություններ էին։ Նույնիսկ ACC-ն ընդունել էր իր 2002թ.-ի ապրիլի 29-ի զեկույցում, որ որոշ թեմաներ և արտահայտություններ, ինչպիսիք էին «Բեսարաբիա, ռումինացի, ռումիներեն , ռումինական պատմություն կամ տոտալիտար ռեժիմ», արգելված էին՝ բացառությամբ պատմական համատեքստում։
94. Մինչև 2002թ.-ը ծրագրի տնօրենին, վարչության պետերին կամ պրոդյուսերներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու հետ կապված ոչ մի ներքին կանոնակարգ չկար։ TRM–ի նախագահը կարող է նրանց ցանկացած պահի ազատել աշխատանքից։ Ավելին՝ գեղարվեստական և տեխնիկական խորհրդի ստեղծման ոչ մի կանոնակարգ չկար, որը պետք է գնահատեր աուդիովիզուալ պրոդուկտների որակը։ Ըստ Եվրոպայի խորհրդի փորձագետների 2004թ.-ին կազմակերպված հավաքագրման՝ նոր գործընթացում չկար աշխատակիցների ընդունման և վերընդունման հետ կապված առանձնահատուկ ձևերի թափանցիկություն և հստակություն։ Ներպետական դատարանները իրենց աշխատանից զրկված հայցվորներին ոչ մի միջոց չէին ապահովել։
2. Դատարանի գնահատականը
(a) Աուդիովիզուալ լրատվամիջոցներում բազմակարծությանը վերաբերող ընդհանուր սկզբունքները.
95. Որոշելու համար, թե արդյոք սույն գործը համապատասխանում է Հոդված 10-ին, դատարանը պետք է հաշվի առնի հետևյալ սկզբունքները։ Որպես սկզբնակետ այն վերցնում է հիմնարար հանրահայտ ճշմարտությունը. չկա ժողովրդավարություն առանց բազմակարծության։ Ժողովրդավարության սկզբունքային բնորոշումներից մեկն այն հնարավորությունն է, որ այն առաջարկում է երկրի առջև ծառացած խնդիրները լուծել երկխոսության միջոցով՝ առանց դիմելու բռնության, նույնիսկ երբ դրանք նյարդացնող են։ Ժողովրդավարությունը ծաղկում է խոսքի ազատության վրա։ Ժողովրդավարության համար էական է թույլատրել բազմազան քաղաքական ծրագրեր և բանավեճեր, նույնիսկ երբ դրանք հարցականի տակ են դնում, թե ինչպես է ներկայումս պետությունը կազմակերպված, եթե միայն դրանք չեն վնասում ժողովրդավարությանը (տես՝ Սոցիալիստական կուսակցությունն ու այլոք ՝ընդդեմ Թուրքիայի, 1998թ., §§ 41, 45 և 47, վճիռների և որոշումների զեկույցները 1998-III)։
96. Խոսքի ազատությունը, ինչպես սահմանված է Հոդված 10 § 1-ում, այսպիսով հանդիսանում է ժողովրդավարական հասարակության էական հիմքերից և դրա առաջընթացի հիմնական պայմաններից մեկը (Լինժենսն ընդդեմ Ավստրայի, 1986թ.-ի հուլիսի 8, § 41, սերիաներ A no. 103)։ Տպագիր և այլ լրատվամիջոցների ազատությունը լավագույն միջոցներից են հանրությանը լավագույնս ծանոթանալու և կարծիք ձևավորելու քաղաքական առաջնորդների գաղափարների և վերաբերմունքի մասին։ Մամուլի վրա է դրված տեղեկատվության և քաղաքական հիմնախնդիրների ու հանրության հետաքրքրության առարկա այլ հարցերի մասին գաղափարների տարածման պատասխանատվությունը։ Ոչ միայն մամուլն է պատասխանատու այս տեղեկատվության և գաղափարների տարածման համար, այլև հանրությունը դրանք ստանալու իրավունք ունի (տես՝ օրինակ, Հանդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության, § 49, 1976թ. դեկտեմբերի 7, սերիաներ A no. 24, վերը նշված Լինժենսը, §§ 41-42)։
97. Աուդիովիզուալ լրատվամիջոցները, ինչպիսիք են ռադիոն և հեռուստատեսությունը, առանձնահատուկ կարևոր դերակատարում ունեն այս առումով։ Ձայնի և պատկերների միջոցով ուղերձների փոխանցման իրենց ուժի շնորհիվ այսպիսի լրատվամիջոցներն ավելի անմիջական և հզոր ազդեցություն ունեն, քան տպագիր մամուլը (Ջերսլիդն ընդդեմ Դանիայի, 1994. դեկտեմբերի 23, § 31, սերիաներ A no. 298, Պեդերսենն ու Բաադսագաարդն ընդդեմ Դանիայի [GC], no. 49017/99, § 79, ՄԻԵԴ 2004‑XI)։ Հեռուստատեսության և ռադիոյի գործառույթը, որպես լսողի կամ դիտողի անմիջապես տանը ժամանցի աղբյուր, ավելի է ամրապնդում դրանց ազդեցությունը (Մըրֆին ընդդեմ Իռլանդիայի, no. 44179/98, § 74, ՄԻԵԴ 2003‑IX (քաղվածքներ))։ Ավելին՝ հատկապես հեռավոր շրջաններում, հեռուստատեսությունն ու ռադիոն ավելի մատչելի են քան, այլ լրատվամիջոցները։
98. Այն իրավիճակը, երբ հասարակության հզոր տնտեսական կամ քաղաքական մի խմբի թույլատրվում է գերիշխող դիրք գրավել աուդիովիզուալ լրատվամիջոցների հանդեպ և հետևաբար ճնշում գործադրել հեռարձակողների վրա ու,վերջնական հաշվով, կրճատել դրանց խմբագրական ազատությունը, քայքայում է Կոնվենցիայի հոդված 10-ով սահմանված ժողովրդավարական հասարակությունում խոսքի ազատության հիմնարար դերը, հատկապես, երբ այն ծառայում է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության և գաղափարների տարածմանը, որոնց ստանալու իրավունքը հասարակությունն ունի (տես՝ VGT Verein gegen Tierfabriken ընդդեմ Շվեյցարիայի, no. 24699/94, §§ 73 և 75, ՄԻԵԴ 2001‑VI, տես՝ նաև Դե Գայլուստրեեդեն ընդդեմ Նիդեռլանդների, no. 5178/71, 1976թ. հուլիսի 6 ընդհանուր որոշում, § 86, որոշումներ և զեկույցներ (DR) 8, էջ 13)։ Սա ճշմարիտ է նաև, երբ գերիշխող դիրքը պետական կամ հանրային հեռարձակողինն է։ Այսպիսով՝ դատարանը որոշեց, որ իր զսպող բնույթի պատճառով, լիցենզավորման ռեժիմը, որը հանրային հեռարձակողին մատչելի հաճախականությունների հանդեպ մենաշնորհ է տալիս, չի կարող հիմնավորված համարվել, քանի դեռ այն ցույց չի տալիս, որ դրա հրատապ անհրաժեշտությունը կա (Informationsverein Lentia և այլոք ընդդեմ Ավստրայի, 1993թ. նոյեմբերի 24, § 39, սերիաներ A no. 276)։
99. Խոսքի ազատության իրական և արդյունավետ իրականացումը կախված չէ միայն պետության չմիջամտելու պարտավորությունից, այլ կարող է պահանջել, որ պետությունն իր օրենքների և պրակտիկայի միջոցով պաշտպանության դրական միջոցառումներ ձեռնարկի (տես՝ օրինակ՝ Օզգյուր Գյունդեմն ընդդեմ Թուրքիայի, no. 23144/93, §§ 42-46, ՄԻԵԴ 2000-III, Ֆուենտես Բոբոն ընդդեմ Իսպանիայի, no. 39293/98, § 38, 2000թ. փետրվարի 29, Ափփլբայն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 44306/98, §§ 39-40, ՄԻԵԴ 2003-VI)։ Հաշվի առնելով Հոդված 10-ում եղածի կարևորությունը՝ պետությունը պետք է լինի բազմակարծության հիմնական երաշխավորը (տես՝ վերը նշված Informationsverein Lentia և այլող, § 38, վերը նշված VGT Verein gegen Tierfabriken, §§ 44-47)։
100. Դատարանը գտնում է, որ աուդիովիզուալ հեռարձակման ոլորտում վերը նշված սկզբունքները պետության վրա պարտավորություն են դնում ապահովելու, առաջինը, որ հանրությունը հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ստանա անաչառ և ճշգրիտ տեղեկավություն և մի շարք կարծիքներ ու մեկնաբանություններ, որոնք, ի շարք այլոց, կարտացոլեն երկրի քաղաքական պատկերի բազմազանությունը և երկրորդը, որ աուդիովիզուալ լրատվամիջոցներում աշխատող լրագրողները անխափան կերպով կարողանան տարածել այս տեղեկատվությունն ու մեկնաբանությունները։ Այս նպատակներին հասնելու միջոցների ընտրությունը կարող է տարբերվել՝ ըստ տեղական պայմանների, և ,հետևաբար, պետության գնահատման առարկա են։ Այսպես՝ օրինակ՝ չնայած որ դատարանը և նախկինում հանձնաժողովն ընդունել են, որ հանրային ծառայության հեռարձակման համակարգը կարող է նպաստել ծրագրերի որակին և հավասարակշռմանը (վերը նշված Informationsverein Lentia և այլոք, § 33; Tele 1 Privatfernsehgesellschaft mbH ընդդեմ Ավստրայի, no. 32240/96, 2000թ. սեպտեմբեր 21, X. SA ընդդեմ Նիդեռլանդների, no. 21472/93, 1994թ. հունվարի 11 հանձնաժողովի որոշում, DR 76-A, p. 129), Հոդված 10-ով սահմանված ոչ մի պարտավորություն չկա այսպիսի ծառայություն հիմնելու՝ հաշվի առնելով, որ նույն նպատակով օգտագործվում են այլ միջոցներ։
101. Երբ պետությունը չի որոշում հանրային հեռարձակման համակարգ ստեղծել, այն հետևում է վերը նշված սկզբունքներից, որ ներպետական օրենքը և պրակտիկան պետք է երաշխավորեն, որ համակարգն ապահովում է բազմակարծիք համակարգ։ Հատկապես, երբ մասնավոր հեռուստակայանները դեռ թույլ են իրական այլընտրանք առաջարկելու համար և հետևաբար հանրային կամ պետական կազմակերպությունը երկրում կամ տարածաշրջանում միակ կամ գերիշխող հեռարձակողն է, ապա ժողովրդավարության պատշաճ գործունեության համար անհրաժեշտ է, որ այն հաղորդի անաչառ, անկախ և հավասարակշռված նորություններ, տեղեկատվություն և մեկնաբանություններ և ,ի լրումն, հանրային հարթակ ապահովի քննարկումների համար, որտեղ կարելի կլինի արտահայտել տեսակետների և կարծիքների հնարավորինս լայն շրջանակ։
102. Այս առումով հանրային ծառայության հեռարձակման հետ կապված չափորոշիչները, որոնք անդամ պետությունները համաձայնեցրել են Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի միջոցով (տես՝ վերը նշված պարբերություններ 51-54), որպես ուղղորդում են ծառայում, որոնք պետք է ընդունել այս ոլորտում Հոդված 10-ը մեկնաբանելու համար։ Դատարանը նշում է, որ ըստ «Հանրային ծառայության հեռարձակման ապագայի վերաբերյալ բանաձև No. 1»-ի (1994թ.), անդամ պետությունները «երաշխավորում են հանրային ծառայության հեռարձակողների անկախությունը՝ քաղաքական և տնտեսական միջամտությունից»։ Ավելին՝ «Հանրային ծառայության հեռարձակման անկախության երաշխիքների» վերաբերյալ առաջարկություն no. R(96)10 հավելվածում (1996թ.) նախարարների կոմիտեն ընդունել է մի շարք մանրամասն ուղեցույցներ՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծառայության հեռարձակողների անկախությունը։ Սրանք իրենց մեջ ներառում են այն առաջարկությունը, որ «հանրային ծառայության հեռարձակման կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական դաշտը պետք է հստակորեն սահմանի դրանց խմբագրական անկախությունն ու ինստիտուցիոնալ ինքնիշխանությունը»՝ մասնավորապես հղում կատարելով գործունեության մի շարք առանցքային ոլորտների՝ ներառյալ նորությունների և ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ ծրագրերի խմբագրումն ու ներկայացումը, աշխատակիցների ընդունումն ու ղեկավարումը։ Ուղեցույցները նաև շեշտադրել են, որ հանրային ծառայության հեռարձակողների ղեկավարման խորհուրդների և վերահսկիչ մարմինների անդամների կարգավիճակն ու նշանակումը կանոնակարգող կանոնները պետք է այնպես սահմանված լինեն, որ զերծ կլինի քաղաքական կամ այլ միջամտության ռիսկից։ Ի լրումն, դրանք սահմանել են նաև, որ՝
«Հանրային ծառայության հեռարձակող կազմակերպությունների գործունեությունը համակարգող իրավական դաշտը պետք է հստակորեն սահմանի, որ նրանք պետք է ապահովեն, որ նորությունների ծրագրերը արդարացիորեն ներկայացնեն փաստերն ու դեպքերը և խրախուսեն կարծիքի ազատ ձևավորմանը։
Այն դեպքերը, երբ հանրային ծառայության հեռարձակման կազմակերպություններին ստիպումն են հեռարձակել պաշտոնական ուղերձներ, հայտարարություններ և հաղորդագրություններ կամ ներկայացնել պետական կառավարման մարմինների գործողություններն ու որոշումները կամ եթեր տրամադրել այս մարմիններին, պետք է սահմանափակվեն բացառիկ հանգամանքներով, որոնք հստակորեն պետք է սահմանված լինեն օրենքով կամ կանոնակարգերով։ ...»
Վերջապես, «Հեռարձակման ոլորտի կարգավորիչ մարմինների անկախությունն ու գործառույթները» առաջարկություն Rec(2000)23 հավելվածում նախարարների կոմիտեն նորից շեշտադրել է, թե որքան է կարևոր, որ պետությունները մանրամասն կանոններ ընդունեն այսպիսի կարգավորիչ մարմինների անդամակցության և գործառույթների վերաբերյալ՝ պաշտպանելով քաղաքական միջամտություններից և ազդեցությունից։
(b) Արդյոք սույն գործում տեղի է ունեցել միջամտություն հայցվորների խոսքի ազատության իրավունքին
103. Այն հայցվորները, որոնք համապատասխան ժամանակահատվածում աշխատում էին, որպես լրագրողներ, խմբագիրներ և պրոդյուսերներ TRM–ում, բողոքում էին իրենց խոսքի ազատության սահմանափակումներից։ Դատարանը նշում է, որ ըստ Հոդված 10 § 2-ի, լրագրողները տեղեկատվություն տարածելու իրավունք ունեն։ Հոդված 10-ով սահմանված պաշտպանությունը տարածվում է աշխատող լրագրողների և լրատվամիջոցների այլ աշխատակիցների հանդեպ։ Աշխատող լրագրողը կարող է պնդել, որ իր գործատուի կողմից կիրառվող ընդհանուր կանոնները կամ քաղաքականությունը անմիջական ազդեցություն են ունենում նրա վրա, որը սահմանափակում է լրագրողական ազատությունը (տես՝ Փուրսելլն ու այլոք ընդդեմ Իռլանդիայի, no. 15404/89, 1991թ. ապրիլի 16-ի հանձնաժողովի որոշումը, DR 70, էջ 262)։ Աշխատող լրագրողի դեմ գործատուի ձեռնարկած պատժամիջոցները կամ այլ միջոցները կարող են խոսքի ազատության միջամտություն լինել (տես՝ վերը նշված Ֆուենտես Բոբոն, § 38)։
104. Հայցվորները պնդում էին, որ TRM-ի ղեկավարությունը նրանցից պահանջում էր ենթարկվել այն թեմաներից խուսափելու քաղաքականությանը, որոնք վնասում կամ անհարմար վիճակի մեջ էին դնում Կառավարությանը։ Այս առումով դատարանը գտավ, թե էական է, որ Կառավարությունը քայլեր չի ձեռնարկել հայցվորների կողմից նշված ծրագրերի կամ ծրագրերի մասերի վերաբերյալ, որոնք TRM-ի ղեկավարությունը ենթադրաբար մերժել էր հեռարձակել դրանք՝ խնդրո առարկաների պատճառով (տես ՝վերը նշված պարբերություններ 24-25)։ Ի լրումն, ապշեցնող է, որ 2002թ.-ի ապրիլի 29-ի ACC-ի զեկույցը (տես՝ վերը նշված պարբերություն 41), որն ընդունվել էր կառավարության կողմից, եզրակացրել էր, որ այդ ժամանակ TRM-ի քաղաքականությունն էր արգելել որոշ բառերի և արտահայտությունների օգտագործումը, մասնավորապես, Ռումինիայի և Մոլդովայի ընդհանուր մշակույթի և լեզվի հետ կապված բառերը և մարդու իրավունքների խախտումները, որոնք տեղի էին ունեցել խորհրդային ժամանակահատվածում։ Այսպիսի ցուցակը՝ այն բառերով և թեմաներով, որոնք ազգային հեռուստատեսությամբ հանդես եկող լրագրողներն ու անձինք իրավունք չունեին նշելու, ցանկացած պարագայում ուժեղ հիմնավորում է պահանջում խոսքի ազատության հետ համադրելի լինելու առումով, բայց Կառավարությունը ոչ մի հիմքեր չի ներկայացրել բացատրելու, թե ինչպես այդ սահմանափակումները կարող են համադրելի լինել Հոդված 10-ի պահանջների հետ։ Ավելին՝ ազգային ինքնության և աշխարհաքաղաքական ուղղվածության վերաբերյալ Մոլդովայում շարունակվող բանավեճի համատեքստում դատարանը գտնում է, որ հասարակական շահերից էր բխում այսպիսի հարցերի բաց և սպառիչ քննարկումը ազգային հեռուստատեսությամբ՝ բոլոր մրցակցող տեսակետներին եթեր տրամադրելով։
105. Հայցվորները պնդեցին նաև, որ նրանցից պահանջել են ենթարկվել իշխող քաղաքական կուսակցության անդամների գործողությունների մասին թողարկումներում ավելի շատ ժամանակ տրամադրելու՝ TRM-ի քաղաքականությանը՝ ընդդիմադիր կուսակցությունների գործողությունների կամ տեսակետների մասին քիչ կամ առհասարակ չլուսաբանմամբ։ Այս առումով դատարանը նկատեց, որ նախարարների կոմիտեի առաջարկություն Rec(2000)23 պարբերություն 18-ը նշում է, որ կարգավորիչ մարմինների էական գործառույթներից է հետևել հեռարձակողների կողմից ստանձնած իրավական պարտավորությունների կատարմանը , Law No 1320-XV Հոդված 13(1)-ը պահանջում էր, որ դիտորդների խորհուրդը մոնիտորինգ իրականացնի TRM-ի առումով (տես՝ վերը նշված պարբերություններ 53 և 65)։ Սակայն դատարանի տրամադրության տակ եղած ինֆորմացիայից չի հետևում, որ ընդհանրապես այսպիսի մոնիտորինգ իրականացվել է։ Հետևաբար, հակառակի հուսալի ապացույցի բացակայության պարագայում դատարանը գտնում է, որ IJC-ի կողմից հավաքված տվյալները նշանակալից են (տես՝ վերը նշված պարբերություն 77)։ 2004-2005թթ.-ին սա օրինաչափ է եղել և նորությունների թողարկումների մեծ մասը նվիրված է եղել նախագահի և կառավարության գործունեության լուսաբանմանը։ IJC-ի թվերը հիմնավորվում էին ավելի ընդհանուր դիտարկումներով և Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ ներկայացուցիչների և Հոդված 19-ի մեկնաբանություններով (տես՝ վերը նշված պարբերություններ 72-78)։
106. Հետևաբար, իր տրամադրության տակ եղած ապացույցների հիման վրա, դատարանը եզրակացրեց, որ տվյալ ժամանակահատվածում TRM–ի հեռուստատեսային նորություններում և ծրագրերում նախագահի և կառավարության գործունեության լուսաբանման էական կողմնակալություն է եղել, մինչդեռ սեփական կարծիքները արտահայտելու համար ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները հեռուստաեթերից օգտվելու անբավարար հնարավորություն են ունեցել։ Ի լրումն, այն համարում է, որ բավարար ապացույց կա կարծելու, որ գոյություն է ունեցել որոշ թեմաների քննարկման կամ նշման սահմանափակման քաղաքականություն, որովհետև այդ թեմաները համարվում էին քաղաքականապես զգայուն կամ որոշակի առումով կառավարությանը բացասական լույսի ներքո ներկայացնող։ Հայցվորները, որպես լրագրողներ, խմբագիրներ և պրոդյուսերներ TRM-ի հեռուստակայանում, պետք է որ ազդված լինեին այս քաղաքականությունից։ Հետևաբար դատարանը գտնում է, որ տվյալ ժամանակահատվածում հայցվորների խոսքի ազատության իրավունքը շարունակաբար ոտնահարվել է։
(c) Սույն գործով ըստ Հոդված 10-ի պետության պոզիտիվ պարտավորությունը
107. Ինչպես նշված էր վերևում (պարբերություններ 94-101), պոզիտիվ պարտավորությունն առաջանում է ըստ Հոդված 10.-ի. Որպես բազմակարծության հիմնական երաշխավոր՝ իր օրենքներով և պրակտիկայով պետությունը պետք է երաշխավորի, որ հեռուստատեսության և ռադիոյի միջոցով հանրության համար մատչելի լինեն անաչառ և ճշգրիտ տեղեկատվությունն ու կարծիքների ու մեկնաբանությունների բազմազանությունը՝ արտացոլելով, ի շարք այլոց, քաղաքական իրավիճակի բազմազանությունը երկրում և, որ աուդիովիզուալ լրատվամիջոցներում աշխատող այլ մասնագետները կարողանան ազատ կերպով տարածել այս տեղեկատվությունն ու մեկնաբանությունները։ Երբ պետությունը որոշում է հանրային հեռարձակման համակարգ ստեղծել, ապա ներպետական օրենքներն ու պրակտիկան պետք է երաշխավորեն, որ համակարգը բազմակարծիք աուդիովիզուալ ծառայություն է ապահովում։ Այս առումով հանրային ծառայության հեռարձակմանը վերաբերող չափորոշիիչները, որոնք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի միջոցով համաձայնեցվել են անդամ պետությունների կողմից, ուղեցույցներ են տրամադրում այս ոլորտում Հոդված 10-ի մեկնաբանությունների մոտեցման վերաբերյալ։
108. Դատարանը նկատեց, որ տվյալ ժամանակահատվածի մեծ մասում TRM-ն Մոլդովայի հեռուստատեսային ծրագրեր արտադրող միակ կազմակերպությունն էր, որը հնարավոր էր դիտել ամբողջ երկրում (տես՝ վերը նշված պարբերություն 8)։ Ավելին՝ բնակչության մոտ 60%-ը բնակվում էր գյուղական վայրերում, որտեղ չկար կամ սահմանափակ էր մալուխային կամ արբանյակային հեռուստատեսությունը կամ թերթերը՝ ըստ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի (տես՝ վերևում պարբերություն 72)։ Այս հանգամանքներում, Մոլդովայում ժողովրդավարության առկայության համար կենսական նշանակություն ուներ, որ TRM-ն հաղորդեր ճշգրիտ և հավասարակշռված նորություններ և տեղեկատվություն և ,որ դրա ծրագրերն արտացոլեին երկրի քաղաքական կարծիքների և բանավեճի ամբողջական պատկերը և պետական մարմինները ուժեղ պոզիտիվ պարտավորություն ունեին ապահովելու բոլոր պայմանները սրա համար։
109. Այս պարտավորությունները կատարելու համար, ինչպես նշված էր նախարարների կոմիտեի կողմից մշակված վերոհիշյալ ուղեցույցներում, կարևոր էր ունենալ մի իրավական դաշտ, որը կապահովեր TRM-ի անկախությունը քաղաքական միջամտությունից և վերահսկողությունից։ Դատարանն այս առումով նկատեց, որ Կառավարության որոշում No. 502 (1996), որը փոխեց TRM–ի կանոնադրությունը, ըստ նախարարների կոմիտեի առաջարկություն no. R(96)10 հավելվածի, սահմանեց, որ TRM–ի «ստեղծագործական և խմբագրական գործունեությունը պետք է պաշտպանված լինի պետական մարմինների միջամտությունից և քաղաքական կուսակցությունների ճնշումից» (տես՝ վերը նշված պարբերություն 60)։ Սակայն օրենքը չի սահմանում, թե ինչ կառուցվածքով է հնարավոր դարձնել այսպիսի անկախությունը։ Որոշում No. 502 Հոդված 4-ը սահմանում է, որ «ընկերության գործունեությունը աուդիովիզուալ համակարգման խորհրդի միջոցով պետք է իրականացվի պետության կողմից»։ ACC-ը կազմված էր ինը անդամներից՝ երեքական՝ նշանակված խորհրդարանի, Մոլդովայի նախագահի և կառավարության կողմից՝ առանց հեռացման երաշխիքների։ TRM–ի նախագահը, փոխնախագահները և տնօրենների խորհուրդը նշանակվում էին խորհրդարանի կողմից՝ ACC-ի առաջարկությամբ։ Այս հանգամանքներում, 2001թ. փետրվարից սկսած, երբ մեկ կուսակցություն էր վերահսկում, խորհրդարանը, նախագահն ու կառավարությունը, ներպետական օրենքների քաղաքական հավասարակշռության ոչ մի երաշխիք չէին ապահովում TRM–ի ղեկավարության և վերահսկիչ մարմնի կազմավորման ժամանակ, օրինակ՝ քաղաքական ընդդիմության կողմից նշանակված անդամների ներառումը կամ այս մարմինների որոշումների կայացման կամ գործունեության մեջ իշխող քաղաքական կուսակցության միջամտության բացառման երաշխիքները։
110. Օրենք No. 1320-XV բավարար կերպով չէր լուծում այս խնդիրները։ Նախկին ղեկավար խորհրդի փոխարեն այն ստեղծեց դիտորդների խորհուրդ, որն, ի շարք այլոց, պատասխանատու էր TRM–ի ղեկավարության նշանակման և դրա ծրագրերի ճշգրտության և օբյեկտիվության մոնիտորինգի համար։ Սակայն, ինչպես իր վերլուծության մեջ նշեց պրն. Յակուբովիչը (տես՝ վերը նշված պարբերություններ 63, 64 և 69), դիտորդների խորհրդի անդամներին նշանակելու կանոնները բավարար երաշխիքներ չէին ապահովում քաղաքական կողմնակալության դեմ։ Դատարանը կիսում է այս կարծիքը։ Մասնավորապես, օրենք No. 1320-XV Հոդված 13(2)-ը սահմանում էր, որ դիտորդների խորհրդի միայն մեկ անդամ պետք է նշանակվի խորհրդարանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից։ Ոչ մի երաշխիք չկար, որ մնացած 14 անդամները կնշանակվեին իշխող կուսակցությանը հավատարիմ մարդկանցից։
(d) Հոդված 10 համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը
111. Ամփոփելով՝ Մոլդովայում աուդիովիզուալ հեռարձակման ոլորտում TRM–ի փաստացի մենաշնորհի լույսի ներքո, դատարանը գտավ, որ պետական մարմինները չեն կատարել իրենց պոզիտիվ պարտավորությունները։ Տվյալ ժամանակահատվածում գործող օրենսդրական դաշտն անկատար էր և դրանով բավարար երաշխիքներ չէր ապահովում TRM–ի ղեկավարության վերահսկման դեմ և խմբագրական քաղաքականության համար՝ կառավարության քաղաքական օրգանի կողմից։ Այս բացթողումները չեն լրացվել, երբ ընդունվեց և փոփոխվեց օրենք No. 1320-XV-ը։
(e) Ներպետական միջոցների սպառումը
112. Դատարանը դրանից հետո պետք է քններ Կառավարության նախնական առարկությունը չսպառման և հայցվորների այն մեղադրանքների վերաբերյալ, որ TRM–ում տեղի էր ունեցել գրաքննության և քաղաքական վերահսկման վարչական պրակտիկա (տես՝ վերևում պարբերություններ 81-82)։ Դատարանը գտել էր, որ հաշվետու ժամանակահատվածում մեկ քաղաքական կուսակցություն էր գերիշխում պետության գործադիր և օրենսդիր ճյուղերում և, որ ներպետական օրենքը պատշաճ երաշխիքներ չէր ապահովում TRM–ի խմբագրական քաղաքականության մեջ՝ միջամտությունից և վերահսկողությունի խուսափելու համար (տես՝ վերևում պարբերություններ 109-110)։ Այս հանգամանքներում, անկասկած գոյություն ուներ հայցվորների կողմից պնդվող վարչական պրակտիկայի տեսակի ավելի մեծ ռիսկ։ Ավելին՝ դատարանը համարեց, որ ռեպորտաժների քաղաքական կողմնակալության և սահմանափակումների օրինակները, որոնք այն հայտնաբերել էր վերևում (տես՝ պարբերություններ 104-106) բավարար են պնդելու այն եզրակացությունները, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի էր ունեցել իշխող կուսակցության քաղաքականությունը խթանելու համար TRM–ի օգտագործում՝ ընկնելով դատարանի նախադեպային որոշումներով սահմանված իմաստի շրջանակներում (տես՝ վերևում պարբերություն 84)։ Այս հանգամանքներում հայցվորներն ազատված էին դատարանում իրենց հայցը ներկայացնելուց առաջ ներպետական միջոցների սպառման սովորական պահանջից։
113. Ավելին՝ դատարանը նկատեց, որ ներպետական օրենքը ոչ մի մեխանիզմ չի սահմանել, որը հայցվորներին հնարավորություն կտար պետական դատարաններում բողոքարկել օրենսդրությունը կամ նախագահի ու կառավարության ենթաօրենսդրական ակտերը՝ Կոնվենցիայի հետ համադրելիության առումով (տես՝ վերևում պարբերություն 55)։ Չնայած որ Սահմանադրական դատարանը կարող էր քննել նախագահի, կառավարության կամ խորհրդարանի ակտերը՝ դրանց սահմանադրականության առումով, սակայն հայցվորները անմիջականորեն Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չունեին ։ Երբ հայցվորները վերականգնման գործընթացի անօրինականության վերաբերյալ բողոք ներկայացրեցին, որը հանգեցրեց նրանցից չորսին աշխատանքից հեռացմանը, վերաքննիչ դատարանը մերժեց նրանց հայցերն այն հիմունքով, որ, ի շարք այլոց, հնարավոր չէ բողոքարկել օրենսդրական դրույթները (տես՝ վերևում պարբերություն 49)։ Այս հանգամանքներում դատարանը բավարարված չէր, որ արդյունավետ ներպետական միջոցները մատչելի էին հայցվորներին՝ իրենց բողոքի առանցքային մասի առումով։
(f) Եզրակացություն
114. Հետևեց, որ դատարանը մերժեց կառավարության նախնական առարկությունը և գտավ, որ խախտվել է Կոնվենցիայի Հոդված 10-ը։
III. Կոնվենցիայի հոդվածներ 46 և 41 կիրառումը
115. Կոնվենցիայի Հոդվածներ 46 և 41 սահմանում են՝
«Հոդված 46
1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
«Հոդված 41
Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»
116. Դատարանը նշեց, երբ խախտում է հայտնաբերվում, պատասխանող պետությունն ըստ Կոնվենցիայի Հոդված 46 իրավական պարտավորություն ունի ոչ միայն վճարելու Հոդված 41 սահմանված գումարը տվյալ անձանց, այլ նաև ընտրելու, նախարարների կոմիտեի կողմից վերահսկման ենթակա, ընդհանար և/կամ, եթե տեղին է, այն անհատական միջոցառումները, որոնք պետք է ներառվեն իրենց ներպետական օրենսդրության մեջ, որպեսզի վերջ դրվի դատարանի կողմից հայտնաբերված խախտմանը և հնարավորինս վերականգնելու ազդեցությունները։ Պատասխանող պետությունն ազատ է, նախարարների կոմիտեի կողմից ստուգման ենթակա, ընտրելու այն միջոցները, որոնցով այն կկատարի Կոնվենցիայի հոդված 46-ով սահմանված իր իրավական պարտավորությունները՝ հաշվի առնելով, որ այս միջոցները համադրելի են դատարանի վճռում նշված եզրակացությունների հետ (տես՝ Սկոցցարին և Ջիունտան ընդդեմ Իտալիայի [GC], nos. 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի (միայն բավարարում) [GC], no. 28342/95, § 20, ՄԻԵԴ 2001-I, Կուկզորն ընդդեմ Լեհաստանի, no. 45219/06, § 61, 2009թ. փետրվար 3-ը 2009թ.)։
117. Սույն գործով դատարանը նշեց, որ գտել է Հոդված 10-ի խախտում՝ առաջացած, ի շարք այլոց, TRM–ի օրենսդրական դաշտի թերությունների պատճառով։ Այն համարում է, որ պատասխանող պետությունն ըստ Հոդված 46-ի իրավական պարտավորություն է կրում ամենավաղ հնարավորության պարագայում ձեռնարկելու ընդհանուր միջոցառումներ՝ վերականգնելու իրավիճակը, որը պատճառ էր հանդիսացել Հոդված 10-ի խախտման։ Դատարանում հայտնաբերված թերությունների լույսի ներքո՝ այս ընդհանուր միջոցները պետք է ներառեն օրենսդրական բարեփոխումներ՝ ապահովելու, որ իրավական դաշտը համապատասխանի Հոդված 10-ի պահանջներին և հաշվի առնի նախարարների կոմիտեի առաջարկություն R(96)10 (տես՝ վերևում պարբերություն 52) և պրն. Յակուբովիչի առաջարկությունները (տես՝ վերևում պարբերություններ 63-69)։
118. Դատարանը համարեց, որ Հոդված 41-ով սահմանված միայն բավարարման հարցը որոշման համար դեռ պատրաստ չէր։ Հետևաբար, անհրաժեշտ է պահել այն և լուծել հետագա գործընթացում՝ հաշվի առնելով կողմերի միջև համաձայնության հնարավորությունը (դատարանի կանոնների կանոն 75 § 4)։
Այս պատճառներով, դատարանը միաձայն՝
1. մերժեց կառավարության նախնական առարկությունը
2. որոշեց, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի Հոդված 10 խախտում
3. որոշեց, որ Հոդված 41-ի կիրառման հարցը դեռ պատրաստ չէ որոշման և համապատասխանաբար՝
(a) պահեց ամբողջությամբ վերոհիշյալ հարցը,
(b) խնդրեց կառավարությանն ու հայցվորներին, եռամսյա ժամկետում, սկսած այն ամսաթվից, երբ Կոնվենցիայի հոդված 44 § 2-ի համապատասխան վճիռը վերջնական կդառնա, ներկայացնել իրենց գրավոր դիտողությունները խնդրո առարկայի վերաբերյալ և հատկապես տեղեկացնել դատարանին ցանկացած համաձայնության մասին, որին իրենք կգային
(c) տեղափոխեց հետագա գործընթացը և պատվիրակեց պալատի նախագահին լուծել այն, եթե անհրաժեշտ լինի։
Գրված է անգլերեն լեզվով և գրավոր տեղեկացված է 2009թ.-ի սեպտեմբերի 17-ին՝ ըստ դատարանի կանոնների կանոն 77 §§ 2 և 3-ի։
Լորենս ԸրլիՆիկոլա Բրաթցա
Բաժնի օգնականՆախագահ
© Եվրոպայի Խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական դատարան, 2012
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզունենրն են անգլերենը և ֆրանսերենը: Սույն թարգմանությունը պատվիրվել է Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովի աջակցությամբ (/humanrightstrustfund): Այն պարտադիր ուժ չունի Դատարանի համար և Դատարանը որևէ պատասխանատվություն չի կրում դրա որակի համար: Թարգմանությունը կարելի է բեռնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերի HUDOC տվյալների բազայից () և ցանկացած այլ տվյալների բազայից, որոնց Դատարանը տրամադրել է այն: Այն կարելի է կրկնօրինակել ոչ առևտրային նպատակներով՝ պայմանով, որ հղում կատարվի գործի ամբողջական վերնագրին՝ հեղինակային իրավունքի մասին վերոնշյալ զգուշացման և Մարդու իրավունքների խնամառության հանձնաժողովին վկայակոչելու հետ միասին: Եթե սույն թարգմանության որևէ մասը նախատեսվում է օգտագործել առևտրային նպատակներով, խնդրում ենք կապվել հետևյալ հասցեով՝ publishing@.
© Council of Europe/European Court of Human Rights, 2012
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2012
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@
Full & Egal Universal Law Academy