ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 9970/19)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 ապրիլի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետեւյալ կազմով՝
Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
եւ Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն` Երեւանում գործող իրավաբան պրն Մ․ Շուշանյանի կողմից ներկայացված՝ 1991 թվականին ծնված եւ Վանաձորում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Օնիկ Մանուչարյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի փետրվարի 8-ին ներկայացված գանգատը,
գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին սկզբում ներկայացրել է նախկին ներկայացուցչի տեղակալ պրն Լ․ Դրմեյանը եւ հետագայում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ․ Անդրեասյանը, ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
2026 թվականի մարտի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետեւյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1․ Գործը վերաբերում է զինվորական ծառայության ընթացքում դիմումատուի եղբոր մահվանը, ենթադրաբար՝ ինքնասպանության հետեւանքով առաջացած մահվանը եւ հետագա քննությանը։ Դրանով հարցեր են բարձրացվում՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն։
2․ 2012 թվականի հունիսի 27-ին դիմումատուի որդին՝ Մ․ Մանուչարյանը, զորակոչվել է հայկական բանակ:
3․ 2013 թվականի հուլիսի 31-ին՝ մոտավորապես ժամը 14։40-ին, Մ․ Մանուչարյանին գտել են մահացած՝ գլխին հրազենային վնասվածքով, իր զորամասի ավտոկայանատեղիի մոտ գտնվող դիտաշտարակում։
4․ Միեւնույն ամսաթվին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու կապակցությամբ եւ նշանակել է դիահերձում, ինչպես նաեւ դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննություններ։ Նույն օրն անցկացված դեպքի վայրի զննության ընթացքում, ի թիվս այլնի, հայտնաբերվել են հետեւյալ առարկաները՝ զինվորական գլխարկ (անցքով), ինքնաձիգ, թղթի այրված կտոր եւ երեք կրակված պարկուճ։ Դիտաշտարակի առաստաղին երեք անցք է եղել։
5․ 2013 թվականի օգոստոսի 1-ին քննիչը զննել է Մ․ Մանուչարյանի զինվորական համազգեստը։ Ըստ համապատասխան արձանագրության՝ նրա բաճկոնի վրա կային արյան հետքեր։ Քննիչը նաեւ արձանագրել է տաբատի ձախ հատվածում արյան հետքերի, աջ հետեւի հատվածում (ծնկի ծալքի շրջանում) «արնանման» հետքի եւ նույն հատվածում այրված եզրերով անցքի առկայությունը։
6․ Դեպքից հետո հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում, ի թիվս այլնի, զինծառայողներ եւ Մ. Մանուչարյանի ծառայակիցները, որոնց մեծ մասը նշել է, որ նա լավ տրամադրություն ուներ, որեւէ մեկի հետ խնդիրներ չուներ, եւ որ նրա նկատմամբ որեւէ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել։
2013 թվականի օգոստոսին Մ. Մանուչարյանի ծառայակիցները՝ շարքայիններ Լ.Մ.-ն, Ա.Ա.-ն եւ Ա.Սա.-ն, ցուցմունքներ են տվել առ այն, որ Մ. Մանուչարյանը սերժանտ Ա.Ս.-ի եւ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից ենթարկվել է շարունակական խոսքային եւ ֆիզիկական բռնությունների, այդ թվում՝ դեպքի օրը։
7․ Չհստակեցված ամսաթվին Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է նշանակել, ի թիվս այլնի, Մ․ Մանուչարյանի մահվան կապակցությամբ։
2013 թվականի օգոստոսի 17-ին Պաշտպանության նախարարը, հիմք ընդունելով այդ ծառայողական քննության արդյունքները, հրաման է արձակել, որով Մ. Մանուչարյանի զորամասի հրամանատարը եւ մի շարք բարձրաստիճան զինվորականներ նկատողություն են ստացել, իսկ նրանցից ոմանք տեղափոխվել են պահեստազոր կամ ազատվել զինվորական ծառայությունից։ Հրամանում մասնավորապես նշվում էր, որ տվյալ զորամասի հրամանատարական կազմի գիտությամբ եւ հսկողությամբ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ն հաստատել էր իր իշխանությունը զինծառայողների նկատմամբ, վիրավորել եւ նվաստացրել էր նրանց, ինչպես նաեւ մի շարք դեպքերում ծաղրել եւ նվաստացրել էր Մ. Մանուչարյանին։ 2013 թվականի հուլիսին Մ. Մանուչարյանը խնդրել էր իրեն տեղափոխել, ինչը կարող էր կապված լինել իր նկատմամբ նման վերաբերմունքի հետ։ Կարելի էր եզրակացնել, որ, ի թիվս այլ հանգամանքների, դեպքը եղել է զորամասի պաշտոնատար անձանց կողմից անձնակազմի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու, ինչպես նաեւ զինծառայողների փոխհարաբերություններին եւ նրանց պատվի ու արժանապատվության խախտումներին վերաբերող համապատասխան կանոնադրական նորմերը չպահպանելու հետեւանք։
8․ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին իրականացված դիահերձման արդյունքներով պարզվել է, որ Մ. Մանուչարյանի մահվան պատճառը եղել է հրազենային վնասվածքը․ գնդակը մտել է կզակի հատվածից եւ դուրս եկել գլխի վերին հատվածից։ Դիահերձման եզրակացությունում նշվում էր նաեւ աջ ականջի ստորին հատվածում առկա հրազենային վնասվածքի մասին, սակայն դա որեւէ առնչություն չուներ Մ․ Մանուչարյանի մահվան հետ։ Այն նաեւ արձանագրել է հետեւյալ մարմնական վնասվածքները՝ կրծքավանդակի աջ հատվածում էկխիմոզ (կապտուկ) (որը մինչեւ մահը վրա հասնելը հասցվել էր բութ եւ կարծր առարկայով), ինչպես նաեւ գոտկային հատվածում մաշկի բացակայող հատվածներ (որոնք հասցվել էին մահվանից հետո՝ բութ եւ կարծր առարկաներով)։ Այն վնասվածքները, որոնք ենթադրաբար հասցվել էին մահվանից հետո, գնահատվել էին որպես մահվանից հետո կարճ ժամանակաընթացքում հասցված։
9․ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվել է դատաձգաբանական եւ դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտի երեք պարկուճներն արձակվել էին Մ. Մանուչարյանին տրամադրված ինքնաձիգից։ Ինքնաձիգի վրա ճանաչելի մատնահետքեր չեն եղել։ Զինվորական գլխարկի վրա առկա անցքը եւ առաստաղում հայտնաբերված երեք անցքերը (տե՛ս վերեւում՝ 4-րդ պարբերությունը) առաջացել էին հրազենային կրակոցների արդյունքում։ Մ. Մանուչարյանի զինվորական համազգեստի զննությամբ պարզվել է, որ նրա տաբատից պակասում էին երկու կոճակներ, որոնցից մեկը պոկվել էր ֆիզիկական ուժի կիրառման հետեւանքով։ Մ. Մանուչարյանի տաբատի վրա վնասվածքի այլ նշաններ չեն հայտնաբերվել։
10․ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացվել է համակցված դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որում, ի թիվս այլնի, նշվում էր, որ Մ. Մանուչարյանի վրա առկա հրազենային վնասվածքները եւ նրա զինվորական գլխարկի վրայի (կրակոցներից առաջացած) անցքերը կարող էին հասցված լինել թե՛ նրա, թե՛ այլ անձի կողմից։ Այդ եզրակացությունը հաստատվել է դատաբժիշկ փորձագետի կողմից՝ 2014 թվականի հունվարին քննիչի կողմից անցկացված հարցաքննության ընթացքում։
11․ 2014 թվականի հուլիսի 1-ին ներկայացվել է հետմահու դատահոգեբուժական եւ դատահոգեբանական եզրակացությունը, որի համաձայն Մ. Մանուչարյանը չի տառապել որեւէ հոգեկան հիվանդությամբ, սակայն ծառայակիցների, սերժանտ Ա.Ս.-ի եւ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից շարունակական բռնությունների եւ նվաստացումների հետեւանքով նրա մոտ զարգացել է սուր դեպրեսիվ ռեակցիա՝ հուսահատության եւ անելանելիության ձեւով, ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության։
12․ 2014 թվականի հոկտեմբերին մեղադրական եզրակացությունը վերջնական տեսքի է բերվել․ հաստատվել է, որ Մ. Մանուչարյանն ինքնասպան է եղել սերժանտ Ա.Ս.-ի եւ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության եւ նվաստացնող վերաբերմունքի հետեւանքով (նրանք մեղադրվել են ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելու կամ դրանց սպառնալիքի համար, ինչը ծանր հետեւանքների է հանգեցրել)։
13․ Դատաքննության ընթացքում վկաներ Ա.Ա.-ն եւ Ա.Սա.-ն հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից (տե՛ս վերեւում՝ 6-րդ պարբերությունը)՝ նշելով, որ դրանք տրվել են հարկադրանքի, այդ թվում՝ սպառնալիքների ազդեցությամբ, իսկ Ա.Ա.-ի դեպքում՝ նաեւ ֆիզիկական բռնության արդյունքում։ Հետագայում Ա.Ա.-ն հրաժարվել է այդ կապակցությամբ հաղորդում ներկայացնել, իսկ իրավասու մարմիններն այդ հարցի վերաբերյալ քննություն չիրականացնելու որոշում են կայացրել։
14․ Դատաքննության ընթացքում դիմումատուն, ի թիվս այլնի, վիճարկել է այն հանգամանքը, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին քննիչի կողմից արձանագրված (տե՛ս վերեւում՝ 5-րդ պարբերությունը) այրված եզրերով անցքը հետագա փորձագիտական եզրակացություններում երբեւէ չի հիշատակվել կամ չի քննարկվել։
Դատարանում Մ. Մանուչարյանի տաբատի զննությամբ հայտնաբերվել է այրված եզրերով անցք, ինչը քննիչի կողմից նկարագրվել է համապատասխան արձանագրությունում (նույն տեղում)։ Հետագայում դիմումատուն միջնորդել է նշանակել լրացուցիչ դատական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ անցքն առաջացել է հրազենային կրակոցի արդյունքում։ Որպես այլընտրանք՝ դիմումատուն խնդրել է իրականացնել նաեւ արտաշիրիմում՝ պարզելու, թե արդյոք մարմնի վրա առկա է եղել մեկ այլ հրազենային վնասվածք։ Գործը քննող դատարանը մերժել է այդ միջնորդությունը՝ հղում կատարելով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին եւ համապատասխան դատական փորձագետի հայտարարությանն առ այն, որ նա տաբատի վրա հրազենային հետքեր չի հայտնաբերել։
15․ 2017 թվականի օգոստոսի 30-ի վճռով դատաքննություն իրականացնող դատարանը սերժանտ Ա.Ս.-ին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, իսկ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ին՝ յոթ տարվա ազատազրկման։ Սերժանտ Ա.Ս.-ն ազատվել է պատիժը կրելուց, քանի որ նշանակված պատժի ամբողջ ընթացքում նա գտնվել է կալանքի տակ։
16․ Դիմումատուն բողոքարկել է՝ պնդելով, որ քննությունը չի ուսումնասիրել սպանության վարկածը եւ չի պարզաբանել, ի թիվս այլնի, Մ. Մանուչարյանի տաբատի վրա հնարավոր հրազենային վնասվածքի հանգամանքները, մարմնի վրա տարբեր վնասվածքների առկայությունը (այդ թվում՝ մարմնի վրա մաշկի բացակայող հատվածներ, որոնք կարող էին վկայել մարմինը տեղափոխելու մասին) եւ ինքնաձիգի վրա մատնահետքերի բացակայությունը։
17․ 2018 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ նշելով, որ գործով ձեռք չեն բերվել որեւէ «օբյեկտիվ ապացույցներ», որոնք կարող էին հիմք հանդիսանալ նրա այն պնդման համար, թե Մ. Մանուչարյանի տաբատի այրված եզրերով անցքն առաջացել է հրազենային կրակոցի հետեւանքով։ Դատարանը նաեւ նշել է, որ դիմումատուի պնդումն առ այն, որ իր եղբայրն իրականում սպանվել է, եւ այդ վարկածը պատշաճ չի քննվել, նրա սուբյեկտիվ գնահատականն է եւ չի հիմնավորվում գործում առկա ապացույցներով։
18․ 2018 թվականի օգոստոսի 7-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ անհիմն լինելու պատճառով։ Այդ որոշումը նրան է ուղարկվել 2018 թվականի օգոստոսի 14-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
19․ Դիմումատուն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով բողոքարկել է իր եղբոր մահվան եւ ներպետական մարմինների կողմից իրականացվող հետագա քննության ենթադրյալ անարդյունավետության մասով։
20․ Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ կամ անընդունելի չէ որեւէ այլ հիմքով։ Հետեւաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
21․ Հաշվի առնելով բողոքի նյութաիրավական հայեցակետը՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողների պաշտպանության պետության դրական պարտավորության ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine] գործում (թիվ 52013/08, §§ 90-95, 2013 թվականի հունվարի 17), Մալիկ Բաբաեւն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan] գործում (թիվ 30500/11,
§§ 64-68, 2017 թվականի հունիսի 1) եւ Վարյանն ընդդեմ Հայաստանի [Varyan v. Armenia] գործում (թիվ 48998/14, §§ 87-95, 2024 թվականի հունիսի 4)։
22․ Դիմումատուի եղբայր Մ․ Մանուչարյանը ժամկետային զինծառայող էր, որը մահվան դեպքից առաջ իշխանությունների խնամքի եւ պատասխանատվության ներքո իր պարտադիր զինվորական ծառայությունն էր անցնում (տե՛ս վերեւում՝ 2-րդ եւ 3-րդ պարբերությունները)։
23․ Ներպետական վարույթներում իր ներկայացրած փաստարկներում եւ բողոքներում, ինչպես նաեւ Դատարան ներկայացված իր գանգատում, դիմումատուն, ըստ էության, կասկածի տակ էր դնում ներպետական մարմինների այն եզրակացությունը, թե իր եղբայրն ինքնասպան է եղել՝ պնդելով, որ ավելի հավանական է սպանության վարկածը։ Իր դիտարկումներում դիմումատուն պնդում էր այդ փաստարկը եւ լրացուցիչ պնդում էր, որ նույնիսկ եթե իր եղբայրը ինքնասպանություն էր գործել, իրավասու մարմինները չէին կարող պաշտպանել կյանքի նկատմամբ նրա իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում՝ խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։
24․ Դատարանը նշում է, որ քննության իրականացման ընթացքում եղել են լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են Մ. Մանուչարյանի մահվան հետ կապված մի շարք կարեւոր հանգամանքների չպարզաբանված լինելուն, այդ թվում, ի թիվս այլնի, նրա մարմնի վրա առկա անհայտ ծագման ոչ հրազենային վնասվածքների առկայությունը (տե՛ս վերեւում՝ 8-րդ պարբերությունը), այրված եզրերով անցքի շուրջ առկա հակասությունները, որոնք դիմումատուի պնդմամբ կարող են առաջացած լինել մեկ այլ կրակոցից (տե՛ս վերեւում՝ 16-րդ պարբերությունը), ինչպես նաեւ դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա մատնահետքերի բացակայությունը (տե՛ս վերեւում՝ 9-րդ պարբերությունը, եւ ստորեւ՝ 32-37-րդ պարբերությունները)։
25․ Հաշվի առնելով քննության անցկացման անփութությունը՝ կարելի է հասկանալ դիմումատուի՝ պաշտոնական վարկածի առնչությամբ լուրջ կասկածներ ունենալու հանգամանքը, ինչպես նաեւ նրա այն մտքերը, որ քննությունը, հավանաբար, քողարկում էր իր եղբոր մահվան ավելի չարագուշակ բացատրություն, ինչպիսին է սպանությունը (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, § 52, 2009 թվականի մարտի 24 եւ Հովհաննիսյանը եւ Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia], թիվ 2169/12 եւ թիվ 29887/14, § 134, 2022 թվականի նոյեմբերի 8): Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութերը թույլ չեն տալիս հաստատել «հիմնավոր կասկածներից վեր» այն վարկածը, որ Մանուչարյանին կյանքից զրկել են դիտավորյալ (տե՛ս որպես համեմատություն՝ վերեւում հիշատակված Բեկերի [Beker] գործը, §§ 45-54 եւ Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan] գործը, թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20)։ Հետեւաբար սույն գործով Դատարանը որեւէ համոզիչ պատճառ չի գտնում ներպետական քննությամբ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ծառայողական քննությամբ հաստատված փաստերի հիման վրա գնահատական չտալու համար (տե՛ս Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia], թիվ 67351/13, § 98, 2023 թվականի հոկտեմբերի 17)։
26․ Ըստ քննությունների եզրակացությունների (քրեական եւ ծառայողական) եւ սերժանտ Ա․Ս․-ի եւ կրտսեր սերժանտ Բ․Գ․-ի նկատմամբ կիրառվող մեղադրանքների (տե՛ս վերեւում՝ 7-րդ եւ 12-րդ պարբերությունները)՝ Մ․ Մանուչարյանն ինքնասպանություն էր գործել իր վերադասների կողմից շարունակական վատ վերաբերմունքի եւ ոտնձգությունների հետեւանքով։ Ավելին, տվյալ գործով ծառայողական քննությունը, ի թիվս այլնի, պարզել է, որ Մ․ Մանուչարյանը ենթարկվել էր այդպիսի վերաբերմունքի «հրամանատարական կազմի գիտությամբ եւ նրանց վերահսկողության պայմաններում» (տե՛ս վերեւում՝ 7-րդ պարբերությունը)։
27․ Դատարանը բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների գործերով նախկինում հայտնաբերել է, որ զինվորական ծառայության ընթացքում զոհերին ծաղրուծանակի եւ վատ վերաբերմունքի հետեւանքով ինքնասպանության հասցնելու պատասխանատվությունը կրում է պետությունը (տե՛ս վերեւում հիշատակված՝ Վարյանի [Varyan] գործը, §107, եւ Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] գործը, թիվ 8663/08, §80, 2021 թվականի հոկտեմբերի 12)։ Դատարանը սույն գործով այլ եզրակացության հանգելու հիմքեր չի տեսնում եւ հետեւաբար գտնում է, որ իրավասու մարմինները չեն կատարել Մ. Մանուչարյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը, մինչ նա գտնվել է նրանց վերահսկողության ներքո։
28․ Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:
29․ Բողոքի նյութաիրավական հայեցակետի մասով քրեական հետաքննության արդյունավետության վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մուսթաֆա Թունքը եւ Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [GC] գործում, (թիվ 24014/05, §§ 172-81, 2015 թվականի ապրիլի 14․ տե՛ս նաեւ Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 124-27, 2022 թվականի ապրիլի 5, վերեւում հիշատակված՝ Հովհաննիսյանի եւ Նազարյանի [Hovhannisyan and Nazaryan] գործը, §§ 124-30 եւ վերեւում հիշատակված՝ Վարյանի [Varyan] գործը, §§ 96-100)։
30. Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը դեպքի օրը սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել։ Իրավասու մարմինները մի շարք քննչական գործողություններ են ձեռնարկել, որոնցից մի քանիսն իրականացվել են դեպքի օրը՝ ապացույցներ հավաքելու եւ ապահովելու նպատակով, ներառյալ՝ դիահերձում նշանակելը, դեպքի վայրի զննությունը, մի շարք վկաների հարցաքննությունները եւ մի շարք դատաբժշկական փորձաքննություններ նշանակելը (տե՛ս վերեւում՝ 4-6-րդ եւ 9-11-րդ պարբերությունները)։
31. Այդպիսով, քննությունը պետք է լինի մանրամասն, ինչը նշանակում է, որ իրավասու մարմինները մշտապես պետք է ջանքեր գործադրեն՝ պարզելու կատարվածը, եւ չպետք է հիմնվեն շտապողական կամ անհիմն եզրահանգումների վրա՝ քննությունը փակելու համար, կամ չպետք է դրանք որպես հիմք ընդունեն իրենց որոշումների համար (տե՛ս Մոկանուն եւ այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania] [GC], թիվ 10865/09 եւ 2 այլ գործեր, § 325, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) եւ Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El Masri v. the former Yugoslav Republic of Macedonia] [GC] գործը, թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012)։
32․ Դատարանի կարծիքով եւ դրանից բխող պատճառներով քննությանը չի հաջողվել պարզել Մ․ Մանուչարյանի մահվան մի քանի կարեւոր հանգամանքներ։
33․ Դիահերձման ընթացքում արձանագրված մի շարք ոչ հրազենային վնասվածքների, այդ թվում՝ կրծքավանդակի աջ հատվածում առկա կապտուկի եւ գոտկատեղի շրջանում մաշկի բացակայող հատվածների բնույթի եւ առաջացման վերաբերյալ որեւէ համարժեք բացատրություն չի տրվել (տե՛ս վերեւում՝ 8-րդ պարբերությունը), որոնք դիմումատուի պնդմամբ կարող էին վկայել մահվանից հետո դին տեղափոխելու մասին (տե՛ս վերեւում՝ 16-րդ պարբերությունը)։ Դիահերձման եզրակացության մեջ նշված «աջ ականջի ստորին հատվածի հրազենային վնասվածքը» նույնպես ընդհանրապես չի քննվել կամ չի դիտարկվել վիճարկվող վարույթի ընթացքում։
34․ Չնայած այն հանգամանքին, որ քննիչը 2013 թվականի օգոստոսի 1-ին Մ. Մանուչարյանի զինվորական հագուստը զննելիս հստակ արձանագրել էր նրա տաբատի վրա առկա «այրած եզրերով անցքի» առկայությունը (տե՛ս վերեւում՝ 5-րդ պարբերությունը), հետագա դատափորձագիտական քննությունների ընթացքում հյուսվածքների համապատասխան վնասվածքները չեն հիշատակվել, առավել եւս չեն ենթարկվել քննության։ Նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանում հաստատվել էր «այրած եզրերով անցքի» առկայությունը, առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ հարցը քննելու դիմումատուի միջնորդությունները՝ առանց համապատասխան պատճառաբանություն ներկայացնելու (տե՛ս վերեւում՝ 14-րդ պարբերությունը)։
35․ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացված դատաձգաբանական եւ դատաբժշկական փորձագետների հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում էր, որ Մ. Մանուչարյանի եւ նրա զինվորական գլխարկի վրա առկա հրազենային վնասվածքները կարող էին պատճառված լինել նաեւ մեկ այլ անձի կողմից (տե՛ս վերեւում՝ 10-րդ պարբերությունը)։ Սակայն, ըստ երեւույթին, քննության ընթացքում այդ վարկածի վերաբերյալ որեւէ տրամաբանական զարգացում կամ որեւէ բացատրություն չի տրվել առ այն, որ ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն եղել կամ որ առաստաղի վրա առկա են եղել գնդակի երեք անցքեր (տե՛ս վերեւում՝ 4-րդ եւ 9-րդ պարբերությունները)։
36․ Դատավարության ընթացքում գործի երեք հիմնական վկաներից երկուսը հետ են վերցրել իրենց նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ դրանք ստացվել են սպառնալիքների եւ նույնիսկ ֆիզիկական բռնության միջոցով (տե՛ս վերեւում՝ 6-րդ եւ 13-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, որեւէ բան չի վկայում այն մասին, որ իրավասու մարմինները քննել են վիճարկվող ցուցմունքները ստանալու հանգամանքները։
37․ Վերոնշյալ հարցերը եւ բազմաթիվ այլ հարցեր դիմումատուի կողմից մանրամասն քննվել են նրա բողոքում (տե՛ս վերեւում՝ 16-րդ պարբերությունը), սակայն Վերաքննիչ քրեական դատարանը դրանք համառոտ մերժել է (տե՛ս վերեւում՝ 17-րդ պարբերությունը)։
38․ Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի ներպետական քրեական քննության համարժեքության վերաբերյալ եւ գտնում է, որ այն բավարար չափով համակողմանի չի եղել՝ հանգեցնելով Մ. Մանուչարյանի մահվան հանգամանքների լիարժեք պարզաբանման ձախողմանը։
39․ Այս եզրահանգումն անհարկի է դարձնում քննության մնացած հայեցակետերի ուսումնասիրությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Մագնիտսկին եւ այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia] գործը, թիվ 32631/09 եւ 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7 եւ վերեւում հիշատակված Վարյանի [Varyan] գործը, § 131)։
40․ Հետեւաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
41․ Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
42․ Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը։
43․ Դատարանը դիմումատուին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
44․ Նա որեւէ պահանջ չի ներկայացրել ծախսերի եւ ծախքերի մասով: Այսպիսով, այդ առումով բավարարման պահանջ չկա:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1․ Հայտարարում է գանգատն ընդունելի.
2․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով.
3․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով.
4․ Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչեւ վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5․ Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով եւ գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ եւ
3-րդ կետերի։
Մարտինա Կելլեր՝
Անդրեաս Զունդ՝
Քարտուղարի տեղակալ
Նախագահ