Մասլովան և Նալբանդովն ընդդեմ Ռուսաստանի
(գանգատ թիվ 839/02)
2008 թվականի հունվարի 24-ի վճիռ
Փաստեր
I.Գործի հանգամանքները
6. Դիմողները ծնվել են 1980 և 1982 թվականներին և ապրում են Նիժնի Նովգորոդում:
A. Հիմնական տեղեկություններ
7. 1999 թվականի նոյեմբերի 4-ին և 24-ին առաջին դիմողն ունեցել է վկայի կարգավիճակ սպանության գործով, որը քննվել է ոստիկանության և դատախազության կողմից համատեղ:
8. Պարզվել է, որ այս մարմինները մի քանի անգամ կանչել են նրան ցուցմունք տալու ներքին գործերի Նիժեգորոդսկի շրջանային վարչություն (Нижегородское районное управление внутренних дел – “the police station”):
9. Նաև հայտնի է դարձել, որ ինչ-ինչ պատճառներով քննության ընթացքում կասկածյալ Բ.-ն հայտնել է, որ առաջին դիմողն ստացել է սպանվածի ունեցվածքը:
10. Ըստ առաջին դիմողիª քննիչ Զ.-ն կանչել է իրեն ներկայանալու 1999 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12.30-ին: Կառավարությունը հայտնել է, որ առաջին դիմողը կանչվել է ոստիկան Կ.-ի կողմից, այլ ոչ թե քննիչ Զ.-ի:
B. 1999 թվականի նոյեմբերի իրադարձությունները
11. Դիմողը հայտնել է դեպքերի վերաբերյալ իր վարկածը:Կառավարությունն այդ առթիվ որևէ հատուկ մեկնաբանություն չի ներկայացրել:
1. Ոստիկաններ Խ.-ի և Կ.-ի կողմից իրականացված հարցաքննությունները
12. Առաջին դիմողը ներկայացել է ոստիկանության բաժանմունք, որտեղ և հարցաքննվել է: Հարցաքննությունն սկզբում կազմակերպվել է ոստիկաններ Խ.-ի և Կ.-ի կողմից և տեղի է ունեցել թիվ 63 ոստիկանության բաժանմունքում:
13. Ոստիկանները առաջարկել են դիմողին ընդունել, որ ինքն է ստացել սպանվածի ունեցվածքը: Երբ առաջին դիմողը հրաժարվել է այդ անել, նրանք սկսել են բղավել և վախեցնել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն: Նրանք վերցրել են նրա ֆուտբոլային վզկապը և դրանով հարվածներ են հասցրել նրա դեմքին:
14. Ապա Կ.-ն գնացել է բաժանմունքից, իսկ Խ.-ն մնացել է այնտեղ առաջին դիմողի հետ մենակ: Նա ներսից փակել է դուռը և սկսել է նրա վրա գործադրել ֆիզիկական և հոգեբանական ճնշում: Խ.-ն կապել է առաջին դիմողի ձեռքերը և հասցրել է հարվածներ գլխին և դեմքին: Նա պահպանակով բռնաբարել է առաջին դիմողին, ապա հարկադրել է նրան իր հետ զբաղվել օրալ սեքսով:
15. Խ.-ին հետ է պահում միջանցքից լսվող ձայնը և դռան թակոցը: Նա թույլ է տվել առաջին դիմողին գնալ զուգարան և իրեն կարգի բերել:
2. Կասկածյալ Բ.-ի հետ կայացած առերեսումը և դրանից երեք ժամ հետո տեղի ունեցած դեպքերը
16. Մոտ ժամը 14.00-ին առաջին դիմողն առերեսման է ենթարկվել կասկածյալ Բ.-ի հետ: Իր ներկայությամբ նա կրկին ժխտել է կատարված սպանությանն իր մասնակցությունը :
17. Դրանից հետո Խ.-ն և Կ.-ն կապել են առաջին դիմողի բութ մատները և մի քանի անգամ հարվածել նրա որովայնին: Նրանք դիմողի դեմքին հագցրել են հակագազային դիմակ և սկսել են խեղդել նրանª փակելով օդի մուտքը: Խ.-ն և Կ.-ն էլեկտրական լարեր են անցկացրել առաջին դիմողի ականջօղերի միջով: Վերը նշված գործողություններն ուղեկցվել են խոստովանություն կորզելու փորձերով:
18. Ստացվում է, որ ի վերջո առաջին դիմողն ընդունել է, որ ստացել է սպանվածի ունեցվածքը և համաձայնել է ցուցմունք գրել թղթի վրա: Քանի որ առաջին դիմողը եղել է խիստ հուզված և չի կարողացել նորմալ գրել, նա երկու անգամ է փորձել դա անել: Խոստովանությունն ուղղված է եղել տեղի շրջանային դատախազին:
19. Խ.-ն և Կ.-ն ապա պահանջել են, որպեսզի առաջին դիմողի մայրը բերի դիմողի ընկերներիի և ծանոթների հեռախոսահամարները պարունակող բլոկնոտը:
20. Առաջին դիմողը կանչել է իր մորը, և ժամը 16.40-ին վերջինս և երկրորդ դիմողը եկել են ոստիկանության բաժանմունք և բերել պահանջվող բլոկնոտը: Առաջին դիմողի մայրը և երկրորդ դիմողը կանգնել են թիվ 63 աշխատասենյակի ընդունարանի կողքին:
21. Ժամը 17.00-ին տեղի դատախազության մի քննիչ մտել է թիվ 63 աշխատասենյակ: Նա իմացել է առաջին դիմողից, որ վերջինս եղել է Մոսկվայի ԲԿՍԱ-ի ֆուտբոլային թիմի երկրպագուն,սկսել է վիրավորել նրան և հարվածներ հասցնել գլխին երկրորդ դիմողի վզկապովª ստիպելով նրան հայհոյել այդ թիմի հասցեին:
3. Առաջին դիմողի հարցաքննությունը քննիչ Զ.-ի կողմից
22. Որոշ ժամանակ անց Խ.-ն բերել է դիմողին Նիժնի Նովգորոդի Նիժեգորոդսկի շրջանի դատախազության (Прокуратура Нижегородского района г. Нижний Новгород – “the local prosecutor’s office”) թիվ 3 աշխատասենյակ, որը գտնվել է ոստիկանության բաժանմունքի հետ միևնույն շենքում:
23. Զ.-նª տեղի դատախազության քննիչը, հարցաքննել է առաջին դիմողին նրա տված ցուցմունքների առնչությամբ:
24. Նրա վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար քննիչները միաժամանակ ձերբակալել և կալանավորել են նրա մորը: Պարզվել է, որ առաջին դիմողի մայրը ձերբակալված է մնացել երկու ժամ շարունակ:
4. 18.30-19.00 տեղի ունեցած դեպքերը
25. Ըստ երկրորդ դիմողի` մոտ 18.30-ին քննիչ Ս.-ն եղել է ընդունարանում և տեսել է երկրորդ դիմողին: Ս.-ն կոպտորեն պահանջել է երկրորդ դիմողից լքել շենքը, հարվածել է նրա ազդրին, հրել է նրան դեպի ելքը, ապա բռնել է նրան և քարշ տվել թիվ 54 աշխատասենյակ, որտեղ եղել են երկու անհայտ ոստիկաններ:
26. Ապա Ս.-ն ներսից փակել է դուռը, հարվածել է դիմողին մի քանի անգամ և մի քանի վնասվածքներ է առաջացրել նրա գլխին և մարմնին` նրա սեփական Մոսկվայի ԲԿՍԱ ֆուտբոլային վզկապով:
27. Ս.-ն տարել է երկրորդ դիմողին թիվ 7 աշխատասենյակ և Խ.-ի ու քննիչ Մ.-ի ներկայությամբ սկսել է ծեծել երկրորդ դիմողինª պահանջելով, որպեսզի վերջինս հայհոյի Մոսկվայի ԲԿՍԱ ֆուտբոլային ակումբին: Երբ երկրորդ դիմողը հրաժարվել է, Ս.-ն կապել է նրա վիզը վզկապով և սկսել է խեղդել նրանª միաժամանակ հասցնելով հարվածներ: Ի վերջո դիմողը ենթարկվել է:
28. Դրանից հետո Մ.-ն, Զ.-ն և Ծ.-ն ուղարկել են երկրորդ դիմողին խանութ ոգելից խմիչք, ծխախոտ և ուտելիք գնելու համար, որից հետո նրան բաց են թողել շենքից:
5. 19.00-22.30 տեղի ունեցած դեպքերը
29. Մոտ ժամը 19.00-ին Ս.-ն և Մ.-ն մտել են թիվ 3 աշխատասենյակ, որտեղ քննիչ Զ.-ն ավարտում էր առաջին դիմողի հարցաքննությունը: Հարցաքննելուց հետո նրանք բաց չեն թողել առաջին դիմողին և սկսել են խմել: Ըստ դիմողիª իրեն ազատ արձակելու խնդրանքները մերժվել են:
30. Իր խնդրանքով առաջին դիմողին ուղեկցել են երրորդ հարկում գտնվող զուգարան, որտեղ նա կատարել է իր ձախ ձեռքի երակները կտրելու փորձ:
31. Նա վերադարձել է թիվ 3 աշխատասենյակ և հաջորդ երկու ժամվա ընթացքում բռնաբարվել է Զ.-ի, Ս.-ի և Մ.-ի կողմից: Պարզվում է, որ նրանք օգտագործել են պահպանակներ և, որ բռնաբարությունից հետո նրանք մաքրել են այդ տեղը սրբիչներով: Խ.-ն առաջին դիմողիª զուգարանից վերադառնալուց հետո գնացել է աշխատասենյակից և չի մասնակցել բռնաբարությանը:
32. Ժամը 21.00-ին Ս.-ն գնացել է, և հաջորդ մեկ ժամվա ընթացքում Զ.-ն և Մ.-ն են շարունակել բռնաբարել առաջին դիմողին: Մոտ ժամը 22.00-ին նրանք ազատել են նրան:
6. 22.00-ին հաջորդած դեպքերը
33. Ժամը 22.30-ին առաջին դիմողը եկել է իր ծանոթ Ռ.Բ.-ի տուն: Քիչ անց նրան են միացել Յ.Ա.-ն և Ի.Ա.-ն: Կայացած խոսակցությունից հետո Ե.Ա.-ն կանչել է առաջին դիմողի ծնողներին և ասել նրանց, որ Ռ.Բ.-ն և Յ.Ա.-ն տանելու են առաջին դիմողին հիվանդանոց:
34. Հաջորդ օրը, ժամը 1.20-ին նրանք եկել են թիվ 21 հիվանդանոց, և առաջին դիմողն ասել է բուժքրոջը, որ իրեն բռնաբարել են ոստիկանության բաժանմունքում: Քույրը և բժիշկը խորհուրդ են տվել առաջին դիմողին դիմել դատաբժշկական փորձաքննությունների բյուրո: Դիմողը հրաժարվել է, քանի որ բյուրոն շատ մոտ է գտնվել ոստիկանության բաժանմունքին: Նրան խորհուրդ են տվել գնալ այլ վայրում գտնվող բյուրո: Չի երևում, որ առաջին դիմողը վարվել է հենց այդպես:
C. Քրեական գործի քննություն
35. Պարզվում է, որ 1999 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմողը դիմել է դատախազին` հայտնելով, որ իրեն ենթարկել են տանջանքի և բռնաբարել են: Նիժնի Նովգորոդի քաղաքային դատախազությունը հարուցել է քրեական գործ այս առթիվ և կատարել է քննություն: Երկրորդ դիմողն այս գործով ունեցել է տուժողի կարգավիճակ:
36. 2000 թվականի ապրիլի 25-ին Խ.-ին, Ս.-ին և Մ.-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 131-րդ, 132-րդ և 286-րդ հոդվածների համաձայն:
37. 2000 թվականի հուլիսի 5-ին ստորագրվել է մեղադրական եզրակացությունը, և Խ.-ի, Զ.-ի, Ս.-ի և Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը փոխանցվել է Նիժեգորոդսկի շրջանային դատարան (Нижегородский районный суд г. Нижний Новгород – “the District Court”) :
38. Համաձայն մեղադրական եզրակացությանª Խ.-ն մեղադրվել է առաջին դիմողին տանջելու և բռնաբարելու և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու, պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see the episodes described in paragraphs 12-15, 16-21, 25-28 and 29-32 above): Զ.-ն մեղադրվել է առաջին դիմողին բռնաբարելու և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see paragraphs 22-24 and 29-32): Ինչ վերաբերում է Ս.-ին, նա մեղադրվել է առաջին և երկրորդ դիմողների նկատմամբ վատ վերաբրեմունքի և պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու համար,(see paragraphs 16-21 and 25-28), Մ.-ն մեղադրվել է առաջին դիմողին բռնաբարելու և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու և պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see paragraphs 29-32): Մեղադրյալների ենթադրյալ քրեական գործողությունները որակվել են համապատասխանաբարª Քրեական օրենսգրքի 131-1, 2 (b), 132-1, 2 (b) և 286-3 (a, b) հոդվածներով:
39. Մեղադրյալները հերքել են իրենց մասնակցությունն այդ հանցագործություններին, պահպանել են լռություն և հրաժարվել են տալու իրենց մեզի և սպերմայի անալիզ:
40. Մեղադրական եզրակացության հետևությունները հիմնականում կատարվել են առաջին և երկրորդ դիմողների կողմից տրված ցուցմունքների հիման վրա, որոնք ճանաչել են ենթադրյալ հանցագործներին և կատարել են դեպքերի բավականին մանրամասն նկարագրություն:
41. Եզրակացությունը հիմնված է եղել նաև վկա Բ.-ի ցուցմունքի վրա, որը լսել է Խ.-ի բղավոցները և առաջին դիմողի նվնվոցները, ապա տեսել է, որ դիմողը արտասվել էր և ուժասպառ է: Բ.-ն նույնպես հաստատել է Խ.-ի հայտարարությունը, ով ասել է, որ առաջին դիմողը ՙհանձնվել է՚ և ընդունել ամեն բան:
42. Առկա են եղել նաև վկաներ Ռ.Բ.-ի և Ի.Ա.-ի և Յ.Ա.-ի, բուժքրոջ և բժշկի, առաջին դիմողի ծնողների, երկորդ դիմողի մոր և խանութի աշխատողի ցուցմունքները, որը երկրորդ դիմողին վաճառել էր ուտելիք և ոգելից խմիչք (տես վերըª կետ 28):
43. Մյուս ապացույցը նաև ներառել է ոստիկանության շենքում և դատախազությունում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավված առարկաներ, դիմողիª ինքնախոստովանական ձեռագիր ցուցմունքը, որը, ըստ փարձագետի, գրված է եղել ՙդողդղացող ձեռքով՚(տեսª կետ 18),դիմողի`երակները կտրելու փորձի բժշկական հաստատումը (տեսª կետ 30), դատաբժշկական հետազոտությունների արձանագրությունները և այլ ապացույցներ: Ստացվում է, որ մի քանի այլ անձինք, ովքեր նախկինում ենթարկվել են հետապնդման և որոնց քրեական գործերը կապված են եղել ապացույցի հետ, ըստ որի` հաստատվել է, որ կասկածյալները գործադրել են տանջող միջոցներ, ինչպիսիք ենª հակագազային դիմակը, էլեկտրական լարերը և վախ առաջացնող միջոցները:
44. 1999 թվականի դեկտեմբերի թիվ 650 դատաբժշկական փորձաքննության համաձայնª Խ.-ի հագուստը, որը նա կրել էր 1999 թվականի նոյեմբերի 25-ին, պարունակել է առաջին դիմողին համապատասխանող միևնույն հակագենային խմբի վագինալ էպիթելիումի տարրերի հետքեր: Քննությամբ ևս հաստատվել է, որ Խ.-ն և նրա ամուսինը պատկանել են տարբեր հակագենային խմբերի:
45. 1999 թվականի նոյեմբերի 27-ին շենքերում կատարված խուզարկության ընթացքում քննչական մարմինը հայտնաբերել է երկու օգտագործված պահպանակª մեկը ոստիկանության բաժանմունքի բակում, իսկ մյուսըª դատախազի թիվ 3 աշխատասենյակի պատուհանի կառնիզի վրա:
46. Պարզվել է, որ հայտնաբերված պահպանակներից միայն մեկն է պիտանի եղել դատաբժշկական փորձաքննության համար: Գենոմիկ հետազոտությամբ բացահայտվել է, որ վագինալ տարրերը 99.9999 տոկոս հավանականությամբ պատկանել են առաջին դիմողին, իսկ սպերմատոզոիդները և տարրերըª տղամարդու միզուղու:
47. Նույն խուզարկությամբ հայտնաբերվել է նաև սպերմայի հետքեր պարունակող երկու սրբիչ ոստիկանության բաժանմունքի բակում:
48. Ավելին, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ առաջին դիմողի զգեստները, որոնք նա կրել էր այդ օրը, պարունակել են սպերմայի հետքեր:
D. Քննությունն առաջին ատյանի դատարանում
49. 2000 թվականի օգոստոսի 16-ին գործի նախնական քննության ընթացքում կասկածյալի պաշտպանը մատնանշել է դատավարական մի շարք թերություններ և միջնորդել է գործը վերադարձնել լրացուցիչ քննության:
50. Նույն օրը Շրջանային դատարանը բավարարել է միջնորդությունը և գործը վերադարձրել է լրացուցիչ քննության:
51. Դատարանը որոշել է, որ քննչական մարմինները քննության ընթացքում թույլ են տվել ներպետական դատավարության մի շարք լուրջ խախտումներ, որով խախտվել են կասկածյալի իրավունքները, և գործով ապացույցների մեծ մասը ճանաչել է ոչ թույլատրելի:
52. Հատկապես, որոշման մեջ մատնանշվել են բազում թերացումներ և բացթողումներ` կապված գործը վարելու հետ, ներառյալª հետապնդման մարմինների աշխատակիցների նկատմամբ գործ հարուցելու հատուկ ընթացակարգի անտեսումը, և այն փաստը, որ Խ.-ն, Զ.-ն Ս.-ն և Մ.-ն մինչև 2000 թվականի ապրիլի 24-ը չեն ունեցել կասկածյալի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր քննչական գործողությունները (խուզարկությունը, հարցաքննությունները, ճանաչման ներկայացնելը, փորձագետի եզրակացությունները և այլն), որոնք կատարվել են մինչ այդ օրը և իրականացվել են կասկածյալների պաշտպանության իրավունքի խախտումներով և դարձրել են համապատասխան ապացույցները ոչ թույլատրելի:
E. Բողոքարկումը և վերահսկողությունը
53. Դատախազի` 2000 թվականի օգոստոսի 16-ի բողոքի հիման վրա Շրջանային դատարանի որոշումը 2000 թվականի հոկտեմբերի 13-ին անփոփոխ է թողնվել Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատարանի կողմից:
54. 2001 թվականի սեպտեմբերի չպարզված օրը առաջին դիմողի պաշտպանը 2000 թվականի օգոստոսի 16-ի և հոկտեմբերի 13-ի որոշումները բողոքարկել է Ռեգիոնալ դատարանի նախագահությանըª պահանջելով կրկին անգամ դրանք վերանայել վերահսկողության կարգով:
55. 2001 թվականի հոկտեմբերի 1-ին պաշտպանը ներկայացրել է նմանատիպ բողոք Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան (Верховный Суд РФ – “the Supreme Court”):
56. Քննելով գործի նյութերըª 2002 թվականի հունիսի 6-ին Ռեգիոնալ դատարանի նախագահությունը մերժել է որոշումները վերահսկողության կարգով վերանայելու մասին դիմողի պահանջը:
57. Նույն որոշումը կայացվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից 2002 թվականի հունիսի 21-ին:
F. Քրեական գործի վարույթի կարճումը
58. 2001 թվականի հունվարի 12-ին Ռեգիոնալ դատախազությունը քննել է գործը և գտել, որ մեղադրանքները հիմնված են հիմնականում առաջին դիմողի չկապակցված և ոչ համոզիչ հայտարարությունների վրա, որ ընդհանուր առմամբ գործով ապացույցներն անհամապատասխան են, և եզրակացրել է, որ քննության ընթացքում կասկածյալների դեմ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ ապացույց:
59. Հաշվի են առնվել նաև դատարանիª 2000 թվականի օգոստոսի 16-ի և հոկտեմբերի 13-ի որոշումներում արված հետևությունները, և նշվել է, որ ՙօրենքի բազմակի խախտումները, հատկապես` հատուկ մարմինների, այն էª դատախազության քննիչների նկատմամբ քրեական գործերի հարուցման հետ կապված ընթացակարգերը և կանոնները չպահպանելը գործը զրկում են դատական քննության հեռանկարից, քանի որ անհնարին է շտկել քննության ընթացքում թույլ տրված խախտումները՚: Այդ հիմքերով որոշվել է կար-ճել քրեական գործի վարույթը: Որոշման համաձայնª առաջին դիմողը և կասկածյալը պետք է ստանային այն և կարող էին բողոքարկել վերադաս դատախազին:
60. 2001 թվականի հունիսի 19-ի նամակով (No. 15/1-1018-99) Ռեգիոնալ դատախազությունը պատասխանել է առաջին դիմողիª 2001 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ բերված բողոքին, որը լիովին տարբերվել է իր պատճառաբնություններով և եզրակացություններով: Նամակը չի պարունակել ցուցում դրա դեմ դատարան բողոք ներկայացնելու հնարավորության մասին:
61. Ըստ Կառավարությանª այս գործի վարույթը բազմիցս վերսկսվել է և կարճվել:
62. 2002 թվականի օգոստոսի 30-ին Ռեգիոնալ դատախազությունը վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի որոշումը և գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Այն նշել է երկրորդ դիմողի նկատմամբ գործողությունների իրավական որակման բացակայությունը` որպես այդ որոշման կայացման պատճառաբանություն:
63. 2002 թվականի հոկտեմբերի 16-ին տեղական դատախազությունը կարճել է քրեական գործի վարույթըª ապացույցների բացակայության և ոստիկանների ու դատախազության մարմինների աշխատակիցներիª հանցագործությանը չներգրավված լինելու հիմքով:
64. Այդ որոշումն արդյունքում վերացվել է, սակայն 2002 թվականի փետրվարի 24-ին տեղական դատախազությունը կրկին կարճել է վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով:
65. 2004 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին դիմողի պաշտպանը բողոքարկել է 2002 թվականի փետրվարի 24-ի որոշումը Շրջանային դատարանում: 2004 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով Շրջանային դատարանը որոշումը թողել է անփոփոխ ª լիովին տարբեր պատճառաբանությամբ: Դատավճիռը թողնվել է անփոփոխ Ռեգիոնալ դատարանի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 29-ին:
66. 2005 թվականի ապրիլի 29-ին Ռեգիոնալ դատախազությունը կրկին անգամ որոշել է վերսկսել գործի քննությունը:
67. Ըստ դիմողիª 2005 թվականի հունիսի 28-ին գործի վարույթը կրկին կարճվել է:
68. Կառավարությունը հայտարարել է, որ 2005 թվականի օգոստոսի 22-ին գործի քննությունը վերսկսվել է: Այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել կասկածյալը: 2005 թվականի նոյեմբերի 22-ին Շրջանային դատարանը բեկանել է գործի վարույթը վերսկսելու մասին որոշումըª անօրինական լինելու հիմքով: Ռեգիոնալ դատարանը 2005 թվականի դեկտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Շրջանային դատարանի որոշումը: Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերահսկողության կարգով վերանայման պահանջ 2005 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 30-ին:
69. 2007 թվականի փետրվարի 1-ին Շրջանային դատարանը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, քննել և մերժել է դատախազի պահանջը, սակայն նշել է, որ 2005 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը կայացվել է դատավորների ոչ պատշաճ կազմով և գործը վերադարձրել է Ռեգիոնալ դատարանª նոր քննության:
70. Այս քննությունների արդյունքն անորոշ է, սակայն երևում է, որ չեն ձեռնարկվել հետագա քայլեր ոստիկանների և քննիչների դեմ քրեական գործի առնչությամբ:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն
A.Համապատասխան քրեական հանցագործությունները
71. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1 և 2(b) հոդվածներով նախատեսված է մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության համար պատիժ` մինչև տասնհինգ տարի ժամկետով, անկախ նրանից, այդ խումբը եղել է կազմակերպված, թե գործել է առանց նախնական համաձայնության:
72. 132-րդ հոդվածի 1 և 2(b) կետերը պատիժ են նախատեսում մի խումբ անձանց կողմից սեռական բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար` մինչև տասնհինգ տարի ազատազրկմամբ, անկախ նրանից, այդ խումբը եղել է կազմակերպված, թե գործել է առանց նախնական համաձայնության:
73. 286-րդ հոդվածի 3(a,b) կետերը նախատեսում են պատիժ` պաշտոնեական դիրքի չարաշահման համար ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով, զենքի կամ այլ հատուկ միջոցների գործադրմամբ կամ առանց դրա` մինչև երեք տարի ժամկետով:
B. Վկաների հարցաքննությունը (այդ ժամանակ գործող 1960 թվականի Քրեական դատավարության օրենսգիրքը)
Հոդված 155
ՙՎկան պետք է կանչվի հարցաքննության անձամբ իրեն կամ իր բացակայության դեպքումª իր ընտանիքի չափահաս անդամին հանձնված գրավոր ծանուցմամբ...
Ծանուցումը պետք է պարունակի որպես վկա կանչվող անձի անունը, նշում այն մասին, թե ուր, ում մոտ, երբ և որ ժամին նա պետք է ներկայանա, ինչպես նաև չներկայանալու հետևանքները: Վկան կարող է նաև կանչվել հեռախոսազանգի կամ հեռագրի միջոցով՚:
Հոդված 157
ՙՎկայի հարցաքննությունը պետք է իրականանա հարցաքննության համար նախատեսված վայրում: Քննիչը կարող է որոշել հարցաքննել վկային այդ վկայի գտնվելու վայրում՚:
C. Հանցագործությունների պաշտոնական քննությունը
74. Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 125-րդ հոդվածների համաձայնª քրեական գործ կարող է հարուցվել դատախազության քննիչի կողմից անհատ անձի միջնորդությամբ կամ քննչական մարմնի սեփական նախաձեռնությամբ: Օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայնª անձը, ով վնաս է կրել հանցագործության հետևանքով, ստացել է տուժողի կարգավիճակ և կարող է միանալ քրեական գործի քննության որպես քաղաքացիական կողմ: Քննության ընթացքում տուժողը կարող է ներկայացնել ապացույցներ և դիմումներ, ինչպես նաև քննությունն ավարտվելիս իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին:
75. Օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածների համաձայնª դատախազը պատասխանատու է ողջ քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Հատկապես, դատախազը կարող էր ձեռնարկել հատուկ քննչական միջոցներ, փոխանցել գործը մեկ քննիչից մյուսին կամ վերսկսել քննությունը:
76. Օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայնª քննիչը, որը կատարել է քննությունը, կարող էր կարճել այն հանցակազմի բացակայության դեպքում: Նման որոշումը ենթակա է բողոքարկման ավագ դատախազին կամ դատարան: Դատարանը կարող էր որոշում կայացնել գործի քննությունը վերսկսելու մասին, եթե գտնի, որ քննությունը չի եղել լիարժեք:
77. Օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայնª գործի քննությունը կարող էր վերսկսվել դատախազի կողմից` ՙեթե առկա են հիմքեր՚: Այս կանոնից միակ բացառությունը նախատեսված է այն գործերի համար, որտեղ հանցագործությունների համար հետապնդման վաղեմության ժամկետը լրացել է:
78. Օրենսգքրի 161-րդ հոդվածի համաձայնª որպես ընդհանուր կանոն, քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները հրապարակային չեն: Այդ տեղեկության հրապարակումը պետք է թույլատրվի հետապնդման մարմինների կողմից, եթե հրապարակումը չէր խոչընդոտի քննության պատշաճ ընթացքին կամ չի խախտի քննության մեջ ներգրավվածների իրավունքները և օրինական շահերը: Կողմերի անձնական կյանքին առնչվող տեղեկությունները չեն կարող դառնալ հրապարակային նրանց համաձայնության բացակայության դեպքում:
79. Քննչական մարմինների մասին օրենքի 42-րդ հոդվածը և 1998 թվականի հունիսի 26-իª Գլխավոր դատախազության մասին թիվ 44 որոշումը նախատեսում են հատուկ վարույթ վարչական և քրեական գործերով հետապնդման մարմինների աշխատակիցների դեմ: Հատկապես, մարմինները, որոնք իրավունք ունեն հարուցելու նման գործեր, հստակորեն սահմանված են:
D. Քաղաքացիաիրավական միջոցներ պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների դեմ
80. 1996 թվականի մարտի 1-ից գործող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է փոխհատուցում Պետության գործողության կամ անգործության համար (հոդված 1069): Քաղաքացիական օրենսգրքի հոդված 151-ը և 1099-1101-ը նախատեսում են փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: Մասնավորապես, հոդված 1099-ի համաձայնª ոչ նյութական վնասը պետք է փոխհատուցվի, անկախ նյութական վնասի փոխհատուցումից:
Օրենք
I.Կառավարության նախնական առարկությունը
81. Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ տանջանքի ենթադրյալ գործադրողների դեմ քրեական գործերը դեռևս քննվում են ներպետական մակարդակով և ձեռնպահ է մնացել գործի առթիվ որևէ մեկնաբանություններ տալուց:
82. Քանի որ նման հայտարարությունը կարող է հասկացվել որպես առարկություն` կապված դիմողիª ներպետական միջոցները սպառած չլինելու հետ, Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարությունը չի առարկել առ այն,որ դիմողների կողմից ընտրված և կիրառված ներպետական միջոցները, որոնցով նրանք փորձել են գրավել ներպետական մարմինների ուշադրությունն իրենց խնդրի վրա, եղել են ոչ արդյունավետ կամ ոչ պատշաճ:
83. Ապա Դատարանը նշում է, որ առաջին դիմողն ի սկզբանե բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը, այն էª 1999 թվականի նոյեմբերի 26-ին: Դրանից հետո մի քանի անգամ գործ է հարուցվել, ապաª կարճվել: 2005 թվականի օգոստոսին, այն էª առաջին բողոքը ներկայացնելուց հետո 5 տարի և մոտ 9 ամիս անց քրեական գործի քննությունը վերսկսվել է, իսկ 2007 թվականի փետրվարի 14-ին, այն էª այն օրը, երբ պատասխանող Կառավարությունը ներկայացրել է իր լրացուցիչ դիտարկումները, այդ գործը դեռևս քննվել է մինչդատական փուլում: Հակառակը պնդող որևէ հանգամանքի բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ Կառավարությունն ունեցել է բավարար ժամանակ պատասխանելու դիմողների բողոքներին ներպետական քննության միջոցով: Ավելին, դիմողները պատշաճ կերպով մասնակցել են քննությանը, և գործի նյութերում չկա որևէ հանգամանք, որը կմատնանշի, թե նրանք չեն օգտագործել ներպետական հասանելի միջոցներն այդ գործով իրենց համար ոչ ցանկալի որոշումները բողոքարկելու համար:
84. Հաշվի առնելով վերը նշվածըª Դատարանը գտնում է, որ դիմողները կատարել են ներպետական միջոցներն սպառելու պահանջը, և մերժում է Կառավարության առարկությունը:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումն առաջին դիմողի առնչությամբ
85. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո առաջին դիմողը բողոքել է, որ 1999 թվականի նոյեմբերի 25-ին իրեն մի քանի անգամ բռնաբարել են և իր նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները: Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն այդ առթիվ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն.
ՙՈչ ոք չպետք է ենթարկվեի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի՚:
A.Կողմերի փաստարկները
86. Կառավարությունը չի համաձայնել առաջին դիմողի բողոքներին ու հայտարարություննեին և հայտարարել է, որ 2005 թվականի ապրիլի 29-ին Ռեգիոնալ դատախազությունը վերսկսել է քրեական գործի քննությունըª կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձությունների հետ: Այն նշել է, որ հնարավոր չէ ներկայացնել այլ մեկնաբանություններ, քանի որ քննությունները դեռևս շարունակվում են: Իր լրացուցիչ դիտարկումներում այն նաև խուսափել է մեկնաբանություններ կատարել բողոքների հանգամանքների վերաբերյալ:
87. Առաջին դիմողը պնդել է իր բողոքները: Մասնավորապես, նա հայտարարել է, որ գործի նյութերը պարունակել են բավարար ապացույցներ առաջին դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և տանջանքի վերաբերյալ, և որ իրականացված քննությունը չի համապատասխանել 3-րդ հոդվածի պահանջներին` դրա դատավարական իմաստով:
B.Դատարանի գնահատականը
88. Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սկսել առաջին դիմողի հայտարարությունների առթիվ քննություն, քանի որ դրանք բարձրացվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` դրա դատավարական իմաստով, ապա այնուհետևª անդրադառնալ բուն խնդրի քննությանը Կոնվենցիայի դրույթների ներքո:
1.Քննության վիճարկվող ոչ լիարժեքությունը
(a)Վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճահարույց բողոքի առկայությունը
89. Նախևառաջ դատարանը նշում է, որ առաջին դիմողը բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը: Քննչական մարմինները խուզարկություն են իրականացրել դեպքի վայրում, որի արդյունքում հայտնաբերվել են երկու օգտագործված պահպանակներ և երկու սրբիչներ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր: 2000 թվականի ապրիլի 25-ին չորս ոստիկանների պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, իսկ 2000 թվականի հուլիսի 5-ին կազմվել է մեղադրական եզրակաությունը և գործը փոխանցվել է դատական քննության:
90. Հաշվի առնելով քննության սկզբնական փուլում քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցները և փաստը, որ ներպետական իշխանությունները համարել են այս ապացույցները բավականին լուրջ քրեական մեղադրանքների հիմքում դնելու համար, ինչպես նաև դրանք դատական քննության փոխանցելըª Դատարանը գտնում է, որ առաջին դիմողը կարող է բողոքել առ այն, որ ինքը ենթարկվել լուրջ վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
(b) Քննության արդյունավետությանն առնչվող ընդհանուր սկզբունքները
91. Դատարանը կրկնում է, որ երբ անհատը վիահարույց բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ դրույթը Կոնվենցիայի ՙիր իրավազորության ներքո յուրաքանչյուրիª Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու՚ª 1-ին հոդվածի ներքո Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի տեղի ունենա արդյունավետ պաշտոնական քննություն: Դատարանը գտնում է, որ բռնաբարությունը տուժողի նկատմամբ առավելագույն նվաստացնող,խոցող հանցագործություն է, այդ պատճառով ընդգծում է Պետության դատավարական պարտականությունն այդ համատեքստում (տեսª S.W. v. the United Kingdom, judgment of 22 November 1995, Series A no. 335 B; C.R. v. the United Kingdom, judgment of 22 November 1995, Series A no. 335 C; and M.C. v. Bulgaria, no. 39272/98, ՙ 153, ECHR 2003 XII): Արդյունավետ պաշտոնական քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տեսª Assenov and Others v. Turkey, judgment of 28 October 1998, Reports 1998-VIII, p. 3290, ՙ 102, and Labita v. Italy [GC], no. 26772/95, ՙ 131, ECHR 2000-IV): Դատարանի նախադեպային վճիռներում ամրագրված արդյունավետության նվազագույն չափանիշները ներառում են նաև պահանջներ առ այն, որ քննությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ և ենթակա լինի հանրության հսկողությանը, այդպիսով, իրավասու մարմինները պետք է գործեն օրինակելի կոկիկությամբ և պատշաճությամբ (տեսª for example, Isayeva and Others v. Russia, nos. 57947/00, 57948/00 and 57949/00, ՙՙ 208-13, 24 February 2005):
(c) Այդ սկզբունքների կիրառումը
92. Այդպիսով, հարց է առաջանում` արդյոք իշխանությունները կատարել են իրենցª գործի արդյունավետ պաշտոնական քննություն կատարելու պարտականությունը:
93. Դատարանն այս առումով նկատում է, որ առաջին դիմողի բողոքների առթիվ քննությունն սկսվել է հենց որ գործը ներկայացվել է իրավասու մարմիններին, և որ առնվազն արտաքուստ իշխանությունները կարծես թե գործել են պատշաճ և բազմակողմանի: Այդպիսով, քննչական մարմինները խուզարկել են դեպքի վայրը, որի արդյունքում հայտնաբերել են երկու պահպանակ և երկու սրբիչ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր (տեսª կետեր 45 և 47): Նրանք նաև հարցաքննել են հնարավոր վկաներին և հանձնարարել են կատարել առգրավված առարկաների հետ կապված անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ (տեսª կետ 37):
94. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ գործի նախնական քննությունից հետո` 2000 թվականի օգոստոսի 16-ին դատարանը հայտնաբերել է ներպետական դատավարական կանոնների մի շարք լուրջ խախտումներ, որոնցով խախտվել են մեղադրյալների իրավունքները, ներառյալª հետապնդման մարմինների նկատմամբ քրեական գործ հարուցելու հատուկ ընթացակարգի անտեսումը և այն փաստը, որ համապատասխան ոստիկանները չեն ունեցել կասկածյալների դատավարական կարգավիճակ մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը, ինչը գործով նախկինում հավաքված բոլոր ապացույցները դարձրել է անընդունելի (տեսª կետ 52): Գործը վերադարձվել է նոր քննության, այնուհետև վարույթը կարճվել է դատախազության կողմից` ի թիվս այլ հանգամանքների, այն հանգամանքների պատճառով, որ անհնարին է եղել շտկել ներպետական դատավարական խախտումները, որոնք թույլ են տվել քննիչները քննության առաջին հինգ ամիսների ընթացքում (տեսª կետեր 58 և 59): Հաշվի առնելով դատարանի կողմից անընդունելի հայտարարված ապացույցի բնույթըª այն չէր կարող կրկին անգամ օգտագործվել գործը նոր քննության համար վերադարձնելուց հետո, իսկ այդ հանգամանքներում զարմանալի չէ, որ արդյունքում քննությունը դադարեցվել է հանցագործության ապացույցների բացակայության հիմքով:
95. Քննելով գործի հանգամանքներըª Դատարանը գտնում է, որ կարող է իսկապես ընդունվել, թե իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր այդ դեպքի համար մեղավորների բացահայտման և պատժի ուղղությամբ, և գործը հարուցելուց հետո առաջին հինգ ամիսների ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներպետական դատավարական կանոնների խախտումների պատճառով, ինչպես ընդունվել է ներպետական դատարանների կողմից, հիմնական ապացույցները եթե չդառնային անընդունելի (տեսª կետեր 49, 51-52 և 58-59)` քննությունը կարող էր համարվել 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող` դրա դատավարական իմաստով: Այդուհանդերձ,փաստ է այն, որ իրավասու մարմինները թույլ են տվել անուղղելի դատավարական սխալներ, որոնք ոստիկանների դեմ հարուցված քննությունը մտցրել են փակուղի:
96. Կառավարության կողմից այս սխալների առթիվ այլ համոզիչ բացատրությունների բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ այս սխալների սկզբունքային պատճառը 1999 թվականի նոյեմբերի 26-ից 2000 թվականի հուլիսի 5-ը քննություն իրականացրած հետապնդման մարմինների լուրջ ոչ բանիմացությունն է:
97. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողիª վատ վերաբերմունքի մասին բողոքների առթիվ արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ:
2. Պետական մարմինների կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորումը
98. Այժմ Դատարանը կանդրադառնա այն հարցին,թե արդյոք առաջին դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքիª ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
(a)Ընդհանուր սկզբունք
99. Դատարանը բազմիցս նկատել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը, և որպես այդպիսին բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տես, օրինակª Aksoy v. Turkey, judgment of 18 December 1996, Reports 1996-VI, p. 2278, ՙ 62, and Aydın v. Turkey, judgment of 25 September 1997, Reports 1997 VI, ՙ 81): Ապա Դատարանը նշում է, ինչպես նշել է բազմիցս, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական ամբողջականությունը, և որ ապացույցները գնահատելիս ինքը սովորաբար կիրառել է ՙկասկածից վեր՚ ապացուցման չափանիշը (Ireland v. the United Kingdom, judgment of 18 January 1978, Series A no. 25, pp. 64-65, ՙ 161): Նման ապացույցը կարող է բխել բավականաչափ լուրջ, հստակ և միանշանակ հետևությունների կամ փաստի միատեսակ անհերքելի կանխավարկածների միաժամանակյա առկայությունից: Երբ իրադարձությունները լիովին կամ մեծ մասամբ տեղի են ունենում իշխանությունների գիտությամբ, ինչպես դա լինում է կալանքի տակ գտնվող անձանց առնչվող դեպքերում, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիսª կապված նման կալանքի տակ գտնվելու ընթացքում պատճառված վնասվածքների առթիվ:
100. Իսկապես, ապացուցման բեռը կարող է թողնվել իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տեսª Ribitsch v. Austria, judgment of 4 December 1995, Series A no. 336, ՙ 34, and Salman v. Turkey [GC], no. 21986/93, ՙ 100, ECHR 2000-VII): Ապա Դատարանը կրկնում է, որ հաշվի առնելով իր դերի օժանդակ բնույթը և զգուշանալով առաջին ատյանի դատարանի դեր կատարելուց, այդուհանդերձ, այն կաշկանդված չէ ներպետական դատարանների հետևություններով և կարող է հեռանալ դրանցից, երբ դա անխուսափելի է դառնում կոնկրետ գործի հանգամանքներում (տեսª օրինակ , Matyar v. Turkey, no. 23423/94, ՙ 108, 21 February 2002; by contrast Edwards v. the United Kingdom, judgment of 16 December 1992, Series A no. 247 B, p. 12, ՙ 34, and Vidal v. Belgium, judgment of 22 April 1992, Series A no. 235 B, pp. 32-33, ՙՙ 33-34):
(b)Ապացույցի գնահատումը
101. Տվյալ գործով 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ նախնական քննությունը հանգեցրել է այնպիսի ապացույցների բացահայտմանը, ինչպիսիք են` օգտագործված պահպանակները, որոնցից մեկը 99,9999 տոկոս հավանականությամբ կրում էր առաջին դիմողի վագինալ բջիջները (տեսª կետ 46), և երկու սրբիչները, որոնք կրում էին սպերմայի հետքեր (տեսª կետ 47), ինչպես նաև սպերմայի հետքերով հագուստը, որն առաջին դիմողը հավանաբար կրել էր քննարկվող ժամանակահատվածում (տեսª կետ 48), ոստիկան Խ.-ին պատկանող հագուստը, որը կրում էր այն նույն անտիգենային խմբի վագինալ տարրեր, ինչը որ դիմողը (տեսª կետ 44), բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատում էին առաջին դիմողի կողմից իր երակները կտրելու փորձը, և առաջին դիմողի ինքնախոստովանական բնույթի ձեռագիր ցուցմունքը (տեսª կետ 43), և դրանք բոլորն էլ հիմնավորվում են դիմողի կողմից դեպքերի առթիվ կատարված նկարագրություններով` կապված վիճելի կրկնվող բռնաբարությունը և տարբեր տեսակի բռնության և վատ վերաբերմունքի գործողությունները պետական մարմինների աշխատակիցների կողմից: Իրոք, հաշվի առնելով այն փաստը, որը 2000 թվականի հուլիսի 5-ի մեղադրական եզրակացությունը, ի թիվս այլնի հիմնված է եղել վերը նշված ապացույցների վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործը հարուցող և կարճող որոշումների թիվը (տեսª կետեր 58-70), կարելի է ասել, որ իշխանությունները չեն ընդունել, որ բողոքները եղել են ճշմարտացի:
102. Դատարանն ապա նշում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական կողմի առթիվ իր հետևությունները (տեսª կետեր 92-97) և այն փաստը, որ ներպետական դատարանները վերը նշված ապացույցները համարել են անընդունելի միայն դատավարական թերությունների պատճառով (տեսª կետեր 51 և 52) և այն, որ ոչ Կառավարությունը, ոչ էլ ներպետական մարմինները երբևք չեն համարել այդ ապացույցները կեղծ:
103. Հետևաբար, Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձություննեիրիª առաջին դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(c)Վատ վերաբերմունքի լրջության գնահատումը
104. Դատարանը նշում է, որ ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրվել են առաջին դիմողի կողմից, մասնավորապես այն, որ ինքը կալանավորվել է պետական մարմինների կողմից և կրկնակի բռնաբարվել է կալանքի տակ եղած ժամանակ և ենթարկվել է վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների, ինչպիսիք ենª ծեծը, խեղդելը և էլեկտրական հոսանք անցկացնելը (տես վերըª կետեր 17-34):
105. Դատարանը նկատում է, որ իր նախադեպերի համաձայնª պետական մարմնի կողմից կալանավորված անձին բռնաբարելը պետք է համարվի շատ լուրջ և նողկալի բնույթի վատ վերաբերմունքի դրսևորում, երբ հանցագործն օգտվում է իր զոհի անօգնական և խոցելի վիճակից: Ավելին, բռնաբարությունը թողնում է խոր հոգեկան վերքեր տուժողի վրա, որոնք չեն անհետանում կամ նվազում ժամանակի ընթացքում, ինչպես ֆիզիկական և հոգեկան բռնության այլ դրսևորումների պարագայում: Զոհը նաև ունենում է սուր ֆիզիկական ցավեր հարկադիր սեռական հարաբերությունների արդյունքում, ինչն ստիպում է նրան ունենալ թե ֆիզիկական և թե հոգեկան խոր տրավմա (տեսª Aydın, cited above, ՙ 83):
106. Հաշվի առնելով վերը նշվածըª Դատարանը բավական է համարում այն, որ առաջին դիմողի նկատմամբ ֆիզիկական բռնության գործողությունների համակցությունը (տեսª կետեր 13, 14, 17, 21 և 31-32) և կրկնվող բռնաբարության գործողությունների առանձնահատուկ դաժանությունը (տեսª կետեր 14 և 31-32) հանգեցրել են խոշտանգմանª ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
III. Առաջին դիմողի առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ենթադրյալ խախտում
107. Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբª Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների հիմքով:
108. Հաշվի առնելով 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումը 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննության բացակայության հետևանքով (տեսª կետ 97)ª Դատարանը գտնում է, որ չկան Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո առանձին հարցերª հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները:
IV. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը երկրորդ դիմողի առնչությամբ
109. Երկրորդ դիմողը նույնպես բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին պետական մարմինների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և այս առթիվ արդյունավետ քննություն չիրականացնելու կապակցությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա:
A. Կողմերի փաստարկները
110. Կառավարությունը չի ընդունել այս գանգատները: Նրանց հիմնավորումները հիմնականում նույնն են, ինչ առաջին դիմողի դեպքում (տեսª կետեր 86 և 87):
111. Երկրորդ դիմողը պնդել է իր գանգատները:
B. Դատարանի գնահատականը
1. Քննության ենթադրյալ անհամապատասխանությունը
112. Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողն ունեցել է տուժողի կարգավիճակ 1999 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմողի կողմից ներկայացված բողոքին առնչվող գործով (տեսª կետ 35): Ավելին, քննչական մարմինները գործով ապացույցները ճանաչել են բավարար ոչ միայն Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ մեղադրանքներ ներկայացնելու համար, այլ նաևª մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար (տեսª կետ 37):
113. Հաշվի առնելով այս գործոններըª Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմողն ունի վիճելի բողոք առ այն, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
114. Դատարանը կրկնում է, որ երբ անձը բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն հոդված 3-ի, այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված ՙԻր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները պաշտպանելու՚ Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի անցկացվի արդյունավետ պաշտոնական քննություն (տեսª կետ 91): Այդպիսով, հարց է ծագում` արդյոք իշխանությունները կատարել են գործով արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը:
115. Դատարանը նկատում է, որ ինքը գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում միևնույն քրեական գործով քննչական մարմինների կողմից մի շարք թերությունների և բացթողումների հետ կապված, ինչպես տեղի է ունեցել առաջին դիմողի գործով (տեսª կետեր 92-97): Հաշվի առնելով այս դրույթը,և քանի որ 95-րդ կետում նշված պատճառները ճշմարտացի են երկրորդ դիմողի առնչությամբ, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում վատ վերաբերմունքի մասին երկրորդ դիմողի հայտարարությունների կապակցությամբ ոչ արդյունավետ քննության առումով:
2.Պետական մարմինների կողմից դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունք
(а) Ապացույցի գնահատում
116. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային վճիռները, երբ իշխանությունները պարտավոր են ապահովել կալանավորված անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը, և որ ապացույցները գնահատելիս այն սովորաբար հղում է կատարել ՙկասկածից վեր՚ ապացուցման չափանիշին: Ապացույցը կարող է բխել բավականաչափ ուժեղ, հստակ և միանշանակ հանգամանքների միաժամանակյա առկայությունից կամ փաստի անհերքելի կանխավարկածից (տեսª կետեր 99-100):
117. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներինª Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողը բողոքել է առ այն, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել և խեղդել 1999 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում (տեսª կետեր 25-28): Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից վկայակոչված վատ վերաբերմունքի ցանկացած տեսակ հետք կթողնեին նրա մարմնի վրա, որոնք կնկատվեին և կարձանագրվեին բժշկի կողմից: Ապա Դատարանը նկատում է, որ իր տրամադրության տակ եղած նյութերը չեն պարունակում նման որևէ բժշկական ապացույց և թույլ չեն տալիս դեպքերի վերաբերյալ երկրորդ դիմողի դիրքորոշումներն կոչել ՙկասկածից վեր՚:
118. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող քննության բոլոր նյութերը, քանի որ Դատարանն այդ նյութերում առկա ապացույցները համարում է վճռորոշ երկրորդ դիմողին վերաբերող բողոքների առումով: Ի պատասխանª Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի վարույթը կարճելու և վերսկսելու մասին դատավարական որոշումների պատճենները և հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
119. Քանի որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ բացատրություն իր մերժման վերաբերյալ (տեսª կետեր 128-131) և հաշվի առնելով վերը նշված սկզբունքներըª Դատարանը գտնում է, որ կարող է հետևություններ անել այս առթիվ Կառավարության վարքագծի առնչությամբ:
120. Դատարանը գտնում է, որ ողջ քննության ընթացքում երկրորդ դիմողը ներկայացրել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող կապակցված և համոզիչ փաստարկներ, որոնք ապա հիմնավորվել են քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցներով: Քննչական մարմինների կողմից հավաքված նյութերը բավարար են թվում ոստիկաններ Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի առթիվ մեղադրանքների հիմքում դրվելու և այս հիմքով քրեական գործը դատարան ուղարկելու համար (տեսª կետեր 38-48): Դատարանը նաև նկատում է, որ չի տեսել որևէ նյութ, որը կարող էր կասկած հարուցել երկրորդ դիմողի կողմից ներկայացված բողոքների ճշմարտացիության կամ նրա կողմից ներկայացված տեղեկությունների առթիվ: Ավելին, ներպետական իշխանությունների կամ Կառավարության կողմից չեն ներկայացվել դեպքերի վերաբերյալ այլընտրանքային փաստարկներ:
121. Հաշվի առնելով վերը նշվածը և քննության բացթողումների վերաբերյալ իր ավելի վաղ կատարած հետևությունները, ինչպես նաև առաջին դիմողի կողմից կատարված` 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի նկարագրություններն ընդունելու մասին որոշումը (տեսª կետեր 102-105)ª Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերիª երկրորդ դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(b) Վատ վերաբերմունքի աստիճանի գնահատումը
122. Դատարանը նկատում է, որ ինքն ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրված են երկրորդ դիմողի կողմից, այն էª որ ինքը կալանավորվել է պետական մարմինների կողմից և կալանքի տակ գտնվելու ընթացքում իրեն ծեծել են, հարվածներ հասցրել և խեղդել (տեսª կետեր 25-27):
123. Հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, ինչպիսիք են այդ գործադրված վերաբերմունքի տևողությունը և դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունըª Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ քննարկվող վատ վերաբերմունքն ընդհանուր առմամբ իր լրջությամբ և նպատակով հանգեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքիª ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
V. Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վիճելի խախտումներ երկրորդ դիմողի առնչությամբ
124. Երկրորդ դիմողն ապա բողոքել է պատշաճ քննության բացակայության վերաբերյալª հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վրա:
125. 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումների մասին հետևությունների լույսի ներքո` կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հետ (տեսª կետ 117), Դատարանը գտնում է, որ այս առթիվ որևէ խնդիր առկա չէ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո:
VI. Համապատասխանությունը Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետին
126. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո մասնավոր բողոքների համակարգի արդյունավետ գործունեության համար հատկապես կարևոր է, որպեսզի Պետությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը բողոքների առթիվ պատշաճ արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելոււ համար (տեսª Tanrıkulu v. Turkey [GC], no. 23763/94, ՙ 70, ECHR 1999 IV): Այս պարտականությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունն անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնի Դատարանին առ այն, որ ինքն իրականացնում է փաստերի բացահայտման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կամ կատարում է իր պարտականություններըª կապված բողոքների քննության հետ: Իր ձեռքին եղած նման տեղեկություն Կառավարության կողմից չներկայացնելը` առանց բավարար բացատրության, չի կարող հիմք հանդիսանալ միայն դիմողի բողոքի հիմնավորվածության համար, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ Պատասխանող պետությանª Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետով նախատեսված պարտականության մակարդակի վրա (տեսª Timurtaş v. Turkey, no. 3531/94, ՙ 66, ECHR 2000-VI): Այն գործերով, երբ բողոքը վեր է հանում խնդիրներ քննության արդյունավետության վերաբերյալ, քննության նյութերը խիստ կարևոր են փաստերի հաստատման համար, և դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել Դատարանի կողմից բողոքի առթիվ արդյունավետ քննությանն ընդունելիության փուլում և փաստերի հաստատման փուլում (տես, cited above, ՙ 70):
127. Դատարանը նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հարուցված գործի նյութերը: Այդ նյութերում պարունակվող ապացույցը Դատարանի կողմից համարվել է խիստ անհրաժեշտ տվյալ գործով փաստերի հաստատման համար: Ի պատասխանª Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի քննությունը դադարեցնելու և վերսկսելու մասին դատավարական որոշումները: Այն հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
128. Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարդարացնի Դատարանի կողմից պահանջված կարևոր տեղեկության չտրամադրումը:
129. Հաշվի առնելով պատասխանող Կառավարության համագործակցության կարևորությունը Կոնվենցիային առնչվող գործերով և տվյալ գործին նման գործերով փաստերի հաստատման հետ կապված բարդություններըª Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Կառավարությունը խախտել է իր պարտականությունները, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետովª կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ պահանջվող փաստաթղթերի կրկնօրինակները չներկայացնելու հետ:
VII. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը
130. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայնª
ՙԵթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել՚:
A.Վնաս
131. Առաջին դիմողը պահանջել է 70,000 եվրո (EUR), իսկ երկրորդ դիմողը` 30,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
132. Կառավարությունն առարկել է, նշելով, որ տվյալ գործով խախտման հայտնաբերումը ինքնին բավարար փոխհատուցում է:
133. Դատարանը նկատում է, որ բացահայտել է, որ իշխանություններն առաջին դիմողին ենթարկել են կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Այդ դրույթի ներքո Դատարանը նաև գտել է, որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` կապված առաջին դիմողի հետ: Հաշվի առնելով Կոնվենցիայի խախտումների լրջությունը, ինչպես նաև նախադեպային որոշումները (տեսª Aydın, cited above, ՙՙ 126-31, Mikheyev v. Russia, no. 77617/01, ՙ 163, 26 January 2006, and Selmouni v. France [GC], no. 25803/94, ՙ 123, ECHR 1999 V)ª Դատարանը տրամադրում է առաջին դիմողի պահանջված ողջ գումարը, այն էª 70,000 եվրո` ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
134. Ինչ վերաբերում է երկրորդ դիմողինª հաստատվել է, որ իշխանությունները ենթարկել են երկրորդ դիմողին անմարդկային և նվաստացնող վերաբերմունքիª ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, և որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն` ի խախտումն այդ դրույթի: Այս դիրքորոշման լույսի ներքո Դատարանն օբյեկտիվորեն տրամադրում է երկրորդ դիմողին 10,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
B.Ծախսեր և Ծաղքեր
135. Դիմողները չեն ներկայացրել պահանջներ այս կետի ներքո, և Դատարանը համապատասխանաբար չի տրամադրում որևէ փոխհատուցում` կապված ծախսերի և ծաղքերի հետ:
C.Տուգանային տոկոսներ
112© Դատարանը նպատակահարմար է գտնում« որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
Այս հիմքերով Դատարանը միաձայն
1.Մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
2.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` ոչ արդյունավետ քննություն իրականացնելու առթիվ:
3.Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբª պետական մարմինների աշխատակիցների կողմից կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի ենթարկվելու առթիվ:
4.Վճռում է, որ չի առաջանում որևէ առանձին հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքոª կապված առաջին դիմողիª արդյունավետ քննության բացակայության առթիվ բողոքների հետ:
5.Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ ոչ արդյունավետ քննություն իրականցնելու առնչությամբ:
6.Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի առթիվ:
7.Վճռում է, որ չի առաջանում լրացուցիչ հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո` կապված երկրորդ դիմողիª ոչ արդյունավետ քննության վերաբերյալ բողոքների հետ:
8.Վճռում է, որ չեն պահպանվել Կոնվենցիայի 378-րդ հոդվածի 1(a) կետի պահանջները, և որ Կառավարությունը հրաժարվել է տրամադրել Դատարանի կողմից պահանջվող փաստաթղթերը:
9.Վճռում է,
(a)որ Պատասխանող պետությունը պետք է վճարի առաջին դիմողին վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 70,000 եվրո (յոթանասուն հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքովª ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը,
(b)որ Պատասխանող պետությունը պետք է վճարի երկրորդ դիմողին, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 10,000 եվրո (տասը հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքովª ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը,
(c)որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև վճարման ավարտը տվյալ գումարներից գոյացող տոկոսները պետք է հաշվվեն այդ ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքովª գումարած երեք տոկոս:
10.Մերժում է երկրորդ դիմողի կողմից ներկայացված արդարացի փոխհատուցման մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2008 թվականի հունվարի 24-ինª համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սորեն Նիելսեն Լուկիս Լուկաիդես
Քարտուղար Նախագահող
Full & Egal Universal Law Academy