© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2013. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ՄԵՀՄԵՏ ՇԵՆԹՅՈՒՐՔԸ ԵՎ ԲԵԿԻՐ ՇԵՆԹՅՈՒՐՔՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ
(Գանգատ թիվ 13423/09)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
9 ապրիլի, 2013թ.
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների համաձայն: Վճիռը կարող է ենթարկվել խմբագրման:
Մեհմետ Շենթյուրքը և Բեկիր Շենթյուրքն ընդդեմ Թուրքիայի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (երկրորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Գվիդո Ռայմոնդի (Guido Raimondi), նախագահ
Դատավորներ`
Դանուտե ՅոԺիենե (Danutė Jočienė),
Փիր Լորենզեն (Peer Lorenzen),
Անդրաս Սայո (András Sajó),
Իշիլ Կարակաշ (Işıl Karakaş),
Նեբոյշա Վուժինիչ (Nebojša Vučinić),
Հելեն Կելլեր (Helen Keller),
և Սթենլի Նեյսմիթ (Stanley Naismith), բաժանմունքի քարտուղար,
2013թ. մարտի 19-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Թուրքիայի հանրապետության քաղաքացիներ Մեհմետ Շենթյուրքի և Բեկիր Շենթյուրքի (Mehmet Şentürk et Bekir Şentürk) (այսուհետ`«դիմումատու») Թուրքիայի հանրապետության դեմ գանգատը (թիվ 13423/09), որը Դատարան է ներկայացվել 2009թ. փետրվարի 17-ին Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` §Կոնվենցիա¦) 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուներին, որոնք օգտվել էին իրավական աջակցությունից, ներկայացնում էին պարոն Ս. Սենգիզը և Հ.Չ. Ակբուլուտը (S. Cengiz և H. Ç. Akbulut)` փաստաբաններ Իզմիրից: Թուրքական կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչը:
3. Դիմումատուները մասնավորապես պնդում էին, որ տեղ էր ունեցել Կոնվենցիայի բովանդակային և ընթացակարգային խախտում` կապված կնոջ, մոր և չծնված երեխայի մահվան հետ: Նրանք նաև նշել էին, որ այս մահվան արդյունքում նրանք բարոյապես տուժել են` նշելով նաև հանգուցյալ կնոջ կրած տառապանքներն այն ժամանակահատվածում, որի ողջ ընթացքում նա բուժօգնություն չէր ստացել (Կոնվենցիայի 3-րդ հոդված): Նրանք նաև գանգատվում էին գործընթացի չափազանց երկար տևողությունից (Կոնվենցիայի 6-րդ հոդված) և պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունից ( 13-րդ հոդված): Վերջապես, նրանք վկայակոչում էին նաև թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը:
4. 2010թ. հուլիսի 8-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատի մասին: Համաձայն Կոնվենցիայի 29-րդ հոդվածի 1-ին մասի` որոշվել է նաև ընդունելիության հետ միաժամանակ ուսումնասիրել գանգատն ըստ էության:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուները համապատասխանաբար ծնվել են 1966 և 1993 թվականներին և բնակվում են Բայլակլիում` Իզմիր:
Ա) Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հանգամանքները
6. 2000թ. մարտի 11-ին` շաբաթ օրը, ժամը 10.30-ի մոտ տիկին Մենեկշե Շենթյուրքը (Menekşe Şentürk)` Մեհմետ Շենթյուրքի (Mehmet Şentürk) (« առաջին դիմումատուի») կինը և Բեկիր Շենթյուրքի (Bekir Şentürk) մայրը, որն այդ ժամանակ գտնվում էր հղիության 34-րդ շաբաթում, ամուսնու ուղեկցությամբ ժամանում է Կարշիյակայի հանրային հիվանդանոց, քանի որ գանգատվում էր ցավերից: Այնտեղ նրան զննում է մանկաբարձուհի Գ.Ե.-ն (G.E.), որն որոշում է, որ տիկին Շենթյուրքը (Menekşe Şentürk) դեռևս չէր մոտեցել հղիության ավարտին և կարիք չկար կանչելու հերթապահ բժիշկին վեջինիս զննելու համար:
7. Առաջին դիմումատուն այնուհետև իր կնոջը տանում է Իզմիրի Նեվալ Սալիհ Ալսանկակ Իշգյորեն (Nevval Salih Alsancak İşgören) հանրային հիվանդանոց, ուր նրանք հասնում են 11.00-ից 11.30-ի սահմաններում: Այստեղ տիկին Շենթյուրքին (Menekşe Şentürk) զննում է մանկաբարձուհի Ա. Ի.-ն (A.Y.), որն եզրակացնելով, որ դիմումատուի կնոջ հղիությունը դեռևս չէր մոտեցել ավարտին, և չկան բարդություններ, չի կանչում հերթապահ գինեկոլոգին տիկնոջը զննելու համար:
8. Քանի որ կնոջ ցավերը չէին դադարում, առաջին դիմումատուն վերջինիս տանում է Աթաթուրքի անվան ուսումնական և գիտահետազոտական հիվանդանոցային կենտրոն, ուր նրանք ժամանում են մոտ ժամը 14-ին: Տիկին Շենթյուրքն (Mme Şentürk) այնտեղ զննման է ենթարկվում շտապ օգնության ծառայության բժիշկ-պրակտիկանտ Ֆ.Բ.-ի կողմից (F.B.), այնուհետև ուղարկվում է ուրոլոգիայի բաժին, ուր զննվում է ուրոլոգ բժիշկ Օ.Չ.-ի (Ö.Ç) կողմից: Վերջինս ախտորոշում է երիկամային ցավեր, նշանակում է անհրաժեշտ դեղորայքները, որոշում է իրականացնել ցավազրկող միջոցների ներարկում և խորհուրդ է տալիս զննման ենթարկվել ծննդաբերությունից հետո:
9. Քանի որ տիկնոջ ցավերը տուն վերադառնալուց հետո ամենևին չէին մեղմացել, առաջին դիմումատուն նրան նույն երեկոյան տանում է Էգեյան համալսարանական հիվանդանոց: Այնտեղ նրան նախ զննում է շտապ օգնության ծառայության բժիշկ Ս.Ա.Ա.-ն (S.A.A.), այնուհետև նրան տեղափոխում են գինեկոլոգիայի և մանկաբարձության ծառայություն, ուր նրան ընդունում է բժիշկների մի խումբ, որոնք ուլտրաձայնային ուսումնասիրությունից հետո հաստատում են, որ պտուղը մահացած է և անհրաժեշտ է անհապաղ վիրահատել մորը պտուղը դուրս բերելու համար: Այդ ժամանակ նրանց տեղեկացնում են, որ հոսպիտալացումը և վիրահատությունը վճարովի են և անհրաժեշտ է հիվանդանոցին վճարել 600 կամ 700 մլն թուրքական լիրայի չափով կանխավճար: Քանի որ առաջին դիմումատուն հայտարարում է, որ չունի պահանջվող գումարը, նրա կինը չի հոսպիտալացվում:
Շտապ օգնության բժիշկ Ս.Ա.Ա-ն (S.A.A.) կազմակերպում է առաջին դիմումատուի կնոջ տեղափոխումն Իզմիրի գինեկոլոգիայի և մանկաբարձության հիվանդանոց մասնավոր շտապ օգնության մեքենայով և առանց բժշկական անձնակազմի:
10. Տիկին Շենթյուրքը (Şentürk) մահանում է մոտ ժամը 23:00-ին շտապ օգնության մեքենայով տեղափոխման ընթացքում:
Բ. Առողջապահության նախարարության հետաքննությունը
11. 2000թ. հոկտեմբերի 26-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում այս մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար Առողջապահության նախարարության հետաքննող հանձնաժողովը ձեռնարկեց հետաքննություն, որի ընթացքում լսեց առաջին դիմումատուին, հանգուցյալին հիվանդանոց ուղեկցած անձանց, տարբեր հիվանդանոցների բժշկական անձնակազմի անդամներին (մանկաբարձուհիներ և բժիշկներ), որոնց հանդիպել էր հանգուցյալը, ինչպես նաև շտապ օգնության մեքենայի վարորդին, որը վերջինիս տեղափոխել էր Իզմիրի գինեկոլոգիայի և մանկաբարձության հիվանդանոց:
12. 2000թ.-ի հոկտեմբերի 30–ին մասնավորապես ընդունվել են այն երկու մանկաբարձուհիների վկայությունները, որոնք աշխատում էին Կարշիյակա (Karşıyaka) թաղամասի բժշկական կենտրոնում, ուր վերահսկվել էր Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) հղիության ընթացքը: Նրանց վկայություններից պարզվում է, որ վերջինս հետազոտության էր ներկայացել 2000 թ. մարտի 3-ին, որի ընթացքում չէին զգացվել երեխայի սրտի բաբախյունները, ուստի մանկաբարձուհիները նրանց խորհուրդ էին տվել անհապաղ գնալ հիվանդանոց ուլտրաձայնայի հետազոտություններ կատարելու համար:
13. 2000թ. հոկտեմբերի 31-ին ցուցմունք է տվել Կարշիյակայի հանրային հիվանդանոցի մանկաբարձուհի Գ.Ե.-ն (G.E.), որը զննել էր տիկին Շենթյուրքին (Şentürk): Հետազոտության վերաբերյալ կազմված արձանագրության համաձայն` երեխայի սրտի աշխատանքն առկա է եղել և մորը զննելու պահին երեխան կենդանի է եղել: Այդ կապակցությամբ նա հստակեցրել էր, որ երեխայի սրտի աշխատանքը ստուգվել էր դոպլերի միջոցով, ուստի հնարավոր չէր շփոթել ձայնը, քանի որ այդ սարքը տեղեկություններ է տրամադրում մեկ րոպեում սրտի կատարած բաբախյունների թվի վերաբերյալ: Համարելով, որ Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) վիճակը նորմալ էր, նա անհրաժեշտ չի համարել կատարել ուլտրաձայնային ուսումնասիրություն, ոչ էլ ներկայացնել վերջինիս հերթապահ բժիշկի զննմանը:
14. 2000թ. նոյեմբերի 1-ին վկայություններ տվեց Նեվալ Սալիհ Ալսանկակ Իշգյորեն (Nevval Salih Alsancak İşgören) հանրային հիվանդանողի մանկաբարձուհի Ա.Ի-ն (A.Y.), որը մասնավորապես հայտարարեց, որ մորը հետազոտելու ժամանակ նա լսել էր երեխայի սրտի բաբախյունները, որ երեխան այդ պահին կենդանի է եղել և որ որևէ բարդություն չհայտնաբերելու արդյունքում նա չի կանչել հերթապահ գինեկոլոգին:
15. 2000թ. նոյեմբերի 9-ին վկայություններ տվեցին Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի գինեկոլոգայի և մանկաբարձության բաժնի բժիշկներ Տ.Կ.-ն (T.K.), Ս.Ա.-ն (S.A.) և Օ.Օ-ն ( Ö.Ö.), որոնք հայտարարեցին, որ առաջին դիմումատուին տեղեկացրել էին կեսարյան հատման միջոցով պտղի հեռացման անհրաժեշտության մասին: Նրանք հերքեցին այն տեղեկությունը, թե հիվանդին կամ նրա ամուսնուն ասել էին, որ պետք էր հիվանդանոցին վճարել 600 կամ 700 մլն թուրքական լիրա և չեն կարող ասել նաև, թե ով կարող էր այդպես գործած լիներ: Նրանք նաև հաստատեցին, որ բացատրել էին հիվանդի վիճակը հերթապահ մասնագետ Ս.Օ-ին (S.Ö.), որը նրան չէր զննել, այլ տեսել էր և որը տիրապետում էր հիվանդի վերաբերյալ բոլոր տեղեկություններին: Բացի այդ, նրանց յուրաքանչյուրը մասնավորապես հայտարարել է .
« (...) հիվանդի ամուսնուն բացատրվել էր, որ երեխան մահացած էր, և անհրաժեշտ էր պտուղը հեռացնել կեսարյան հատման միջոցով (...): Ես երբևէ չեմ ասել հիվանդին, որ այս վիրահատության համար հիվանդանոցի դրամարկղ պետք էր մուծել 600-700 մլն թուրքական լիրա (...): Ես չգիտեմ, թե ով է դա ասել (...): Ստորագրությունը, որը դրվել է գրառման դիմաց, [համաձայն որի] հոսպիտալացման առաջարկը չի ընդունվել, պատկանում է հիվանդ Մենեկշե Շենթյուրքին (Menekşe Şentürk) (...): Ես երբևէ չեմ ասել հիվանդին և ոչ էլ նրա բարեկամին, որ եթե գումարը չմուծվի հիվանդանոցի ֆոնդին, (...) մենք չէինք կարողանալու նրան վիրահատել (...): Հիվանդն ինքն է մերժել հոսպիտալացվել, ասելով, որ նա չի կարող վճարել գումարը, և ստորագրել է փաստաթղթերը: Նրա ամուսինը տարել է հիվանդին` ասելով, որ չի կարող կատարել այդ ծախսերը, որ մերժում է կնոջ հոսպիտալացման առաջարկը և որ նրան տանում է Կոնակի(Konak) ծննդատուն (...): Ես և իմ ընկերները, որպես մեկ թիմ, բացատրել ենք (...) ամուսնուն, որ անհրաժեշտ էր անհապաղ հեռացնել պտուղը և որ նա չպետք է ետ տաներ հիվանդին, սակայն մեզ կհաջողվեց նրան համոզել (...)»:
Նույն օրը տրված իր ցուցմունքում Ս.Օ.-ն` Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի գինեկոլոգիայի և մանկաբարձության մասնագետը, որը հերթապահել էր դեպքի երեկոյան, հայտարարել էր, որ Տ.Կ.-ի կողմից տեղեկացվել էր հիվանդի վիճակի մասին և խորհուրդ էր տվել հոսպիտալացնել: Նա նաև պնդել է, որ չի զրուցել հիվանդի ամուսնու հետ և չի ասել վճարումներ կատարել, տեղեկացվել է հիվանդի զննումն իրականացրած բժիշկների խմբի կողմից, որ խորհուրդ է տրվել հոսպիատալացնել հիվանդին, սակայն ամուսինը հրաժարվել է:
16. 2000թ. նոյեմբերի 23-ին բժշկական փորձագետների հանձնաժողովը կազմեց զեկույց, որում եզրակացություն է տրվել հետևյալի մասին.
« 1. Բուժքույր Գ.Ե.-ը (G.E.) զննել է Մենեկշե Շենթյուրքին (Menekşe Şentürk) և հայտարարել է, որ նրա վիճակն անհրաժեշտություն չի առաջացնում կանչել հերթապահ բժշկին: Չնայած, որ դա պետք էր անել, բուժքույրը չի զգացել այդ գործողության անհրաժեշտությունը: Նման դեպքերում, կիրառվող սկզբունքի համաձայն բոլոր հիվանդները պետք է զննվեն մասնագետ բժիշկի կողմից, քանի որ բուժքույրերը չունեն գիտելիքների [բավարար] մակարդակ իրավիճակի լրջությունը գնահատելու համար: ժամանած ցանկացած հիվանդի համար բուժքույրը պարտավոր էր կանչել մասնագետի:
2. Մանկաբարձուհի Ա.Ի.-ը (A.Y.) չուներ գիտելիքների բավարար մակարդակ հիվանդի [վիճակն] ախտորոշելու համար: Անհրաժեշտ էր զննումն իրականցնել մասնագետի կողմից: Իրականում, ճշգրիտ ախտորոշում կատարելու համար պոլիկլինիկա դիմած բոլոր հիվանդները պետք է զննվեն մասնագետի կողմից:
Շտապ օգնության ծառայության հերթապահ բժիշկ Ֆ.Բ.-ը (F.B.) պետք է պահանջեր կատարել ԿՀԾ (KHD[1]) հետազոտություն: Միայն այդ պահին հիվանդին զննած բժիշկը կարող էր սահմանել, թե արդյոք այդ ախտանշանները մատնանշում էին հղիության բարդություններ:
Հերթապահ ուրոլոգը` Օ.Չ.-ն (Ö.Ç.), հիվանդի զննումն իրականացրել է միայն ուրոլոգիական տեսանկյունից: Մինչդեռ, (...) նա կարող էր իրականցնել ընդհանուր հետազոտություն և պահաջել կատարել ԿՀԾ (KHD[2]) հետազոտություն: Միայն այդ պահին հիվանդին զննած բժիշկը կարող էր սահմանել, թե արդյոք այդ ախտանշանները մատնանշում էին հղիության բարդություններ:
3. Հաշվի առնելով հիվանդի կլինիկական ախտանշանները` Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հերթապահ մասնագետները պետք է պնդեին, որ անհրաժեշտ էր հիվանդին հոսպիտալացնել:
4. Շտապ օգնության մեքենայում բժշկական անձնակազմի առկայությունը չէր կարող փոխել դեպքի ելքը:
Մինչ օրս հասանելի տեղեկությունների հիման վրա անհնար է հստակորեն սահմանել մահվան պատճառները: [Պատճառները կարող են] վերջնական կերպով հստակ լինել դիահերձման արդյունքում, որը թույլ կտա հստակորեն սահմանել պատասխանատվության [հնարավոր] ձևերը վերոնշյալ անձնակազմերի ցուցաբերած անփութության նկատմամբ (...):
Մահվան պատճառներ: 1.Արգանդի պատռվածք 2. Մեզոդերմի էմբոլիա 3. Ընկերքի շերտազատում 4. Խիստ պրեէկլամպսիայի ցածր հավանականություն»:
17. 2000թ. նոյեմբերի 24-ին փորձագիտական այս զեկույցի և գործում ներգրավված տարբեր կողմերի վկայությունների արդյունքում, Առողջապահության նախարարության գլխավոր տեսուչը զեկույց է կազմել, որում եզրակացրել է, որ մանկաբարձուհիներ Գ.Ե-ն (G.E.) և Ա.Ի.-ը (A.Y.), որոնք համապատասխանաբար աշխատում էին Կարշիյակայի և Նեվվալ Սալիյ Ալսանկակ Իշգյորեն հանրային հիվանդանոցներում, չէին կատարել իրենց գործառույթների հետ կապված պարտականությունները հիվանդին տուն ուղարկելով` չնայած վերջինիս անդադար ցավերին և առանց հերթապահ բժիշկի կողմից նախապես զննվելու: Համաձայն զեկույցի` Աթաթուրքի անվան ուսումնական և գիտահետազոտական հիվանդանոցային կենտրոնում աշխատող բժիշկներ Ֆ.Բ.-ը (F.B.) և Օ.Չ.-ը (Ö.Ç.) չէին կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները, քանի որ չէին պահանջել գինեկոլոգ-մանկաբարձ մասնագետի կողմից զննում, ոչ էլ ուղղորդել էին հիվանդին նման զննման դիմելու համար: Այս հետաքննչական եզրակացությունում նշվում է նաև, որ կազմվել է գանգատ-զեկույց Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժնի բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ի ( H.V.), Ս.Ա.- ի (S.A.) և Օ.Օ-ի ( Ö.Ö.) պատասխանատվության հարցի վերաբերյալ, ուստի անհրաժեշտություն չէր առաջանում կրկին անդրադառնալ նրանց: Գլխավոր տեսուչը նույն եզրակացության հանգել է մեղադրվող շտապ օգնության ծառայության պատասխանատվության վերաբերյալ, քանի որ առանձին զեկույց էր ներկայացվել այս մասին Իզմիրի առողջապահության տնօրինությանը:
Հետաքննչական եզրակացությունում այնուամենայնիվ նշվում է, որ բժիշկներ Տ.Կ.-ը (T.K.), Հ.Վ.-ը (H.V.), Ս.Ա.-ը (S.A.) և Օ.Օ-ը ( Ö.Ö.) չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները` իրենց անփութությամբ, անզգուշությամբ և անփորձությամբ պատճառելով Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահը: Վերջում հանձնաժողովը համարեց, որ Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի բժիշիկ Ս.Ա.Ա.-ն (S.A.A.) չէր կատարել ոչ մի սխալ հանգուցյալի մեկ այլ բժշկական հաստատություն տեղափոխման ժամանակ:
Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հետաքննչական եզրակացություններում ներառված դիտարկումները շարադրված են հետևյալ խմբագրությամբ.
« Շտապ օգնության ծառայությունում զննումից հետո (...), Մենեկշե Շենթյուրքը (Menekşe Şentürk) տեղափոխվել էր մանկաբարձության բաժանմունք: Հերթապահ խմբի կողմից իրականացված ուլտրաձայնային ուսումնասիրության ժամանակ (...) չեն զգացվել երեխայի սրտի բաբախյունները և կազմվել է արձանագրություն այն մասին, որ երեխան մահացել էր (...): Հիվանդի բարեկամները [տեղեկացվել են], որ անհրաժեշտ էր հեռացնել պտուղը մոր առողջության պահպանման նկատառումներով (...): Այնուամենայնիվ, քանի որ հիվանդի բարեկամները, հայտարարել են, որի վիճակի չեն ապահովել հիվանդանոցային ծախսերը (...), հերթապահ խումբը չի հոսպիտալացրել հիվանդին և նրան այդ վիճակում տեղափոխել է Իզմիրի գինեկոլոգիայի և մանկաբարձության հիվանդանոց հոսպիտալացումից հրաժարվելը հիվանդի կողմից ստորագրությամբ հաստատելուց հետո (...): Թեև համաձայն օրենքի նրանք պետք է ծախսերի հետ կապված գործընթացներով զբաղվեին հիվանդին հոսպիտալացնելուց, զննելուց, ախտորոշելուց և բուժումն ապահովելուց հետո, բժիշկները չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները, քանի որ առանց բուժօգնություն ցույց տալու տեղափոխել են արտակարգ իրավիճակում գնտվող և անընդհատ ցավեր ունեցող հիվանդին և առաջացրել են վերջինիս մահը»:
Հետաքննչական եզրակացությունում ներկայացվել են տարբեր վկայություններ: Որոշ վկայություններ շարադրվել են մասնավորապես հետևյալ կերպ.
« Մեհմետ Շենթյուրքի (Mehmet Şentürk ) վկայությունը` (...) շաբաթ օրը` 2000թ. մարտի 11-ին, առավոտյան ժամը 10-ի մոտ ես ութ ամսական հղի կնոջս (...) ուղեկցեցի Կարշիյակայի հանրային հիվանդանոցի շտապ օգնության ծառայություն, քանի որ նա սուր ցավեր ուներ: Մեզ հետ էր մեր հարևանուհի Ն.Ս.-ը (N.S.) (...) Կնոջս զննեցին Կարշիյակայի հանրային հիվանդանոցում (...), ինձ ասացին, որ չեն կարող ոչինչ անել և որ ուլտրաձայնային հետազոտության սարքը չէր աշխատում (...), ուստի ցանկալի կլիներ, որ ես կնոջս տանեի Ալսանկակի հանրային հիվանդանոց (...) Կնոջս Ալսանկակի հանրային հիվանդանոցի շտապ օգնության ծառայություն տարա մոտ ժամը 11:15-ին: Այնտեղ շտապ օգնության ծառայության պատասխանատուներն (...) ինձ ասեցին, որ չունեն բավարար թվով անձնակազմ և որ ուլտրաձայնային հետազոտության սարքը չէր աշխատում (...) Այդ ժամանակ ներկա աշխատակիցներն ինձ ասեցին, որ կնոջս տանեմ մեկ այլ հիվանդանոց: Ես էլ կնոջս տարա Յեշիլյուրտի Աթաթուրքի անվան ուսումնական և գիտահետազոտական հիվանդանոցային կենտրոն (...) Արդեն մոտ կեսօր էր, երբ կնոջս ուղեկցեցի մանկաբարձության բաժանմունք (...) Բժիշկն ինձ ուղղորդեց ուրոլոգիայի բաժանմունք (...): Ես էլ նրան տրա ուրոլոգիայի բաժանմունք: Նրանք խնդրեցին կատարել ուրոլոգիական և երիկամների ուլտրաձայնային հետազոտություններ (...) Աթաթուրքի անվան ուսումնական և գիտահետազոտական հիվանդանոցային կենտրոնի շտապ օգնության ծառայությունում [կինս] երեք կամ չորս ժամ սպասել է պատգարակի վրա պառկած: Նրա ցավերը գնալով ավելի էին ուժգնանում: Այդ ժամանակ ես հանդիպեցի շտապ օգնության ծառայության ղեկավարին: Ես նրան ասեցի, որ կիս իրեն շատ վատ էր զգում և [խնդրեցի], որ ուրոլոգիայի բաժանմունքի որևէ բժիշկ նրան զննի (...), բժիշկը զննեց կնոջս (...): Զննելուց հետո նա հայտատարեց. «Դեռ շատ ժամանակ կա մինչև երեխայի ծնունդը և այս պահին ոչինչ հնարավոր չի անել: Շտապ օգնության ծառայությունում ասեք, որ նրան ցավազրկող տան և տուն տարեք նրան»: Այնուհետև տվեց նաև դեղատոմսը (...): Ես բժիշկին ասեցի, որ կինս գնտվում էր հղիության ութերորդ ամսում և հարցրեցի, թե արդյոք դեղերը վտանգավոր են, թե ոչ: Նա ասեց, որ դեղերը պետք չէ օգտագործել անընդհատ, այլ միայն այն դեպքում, երբ ցավերը ուժգնանան (...): Կնոջս ցավազրկող ներարկեցին, սակայն ես չգիտեմ, թե ինչ տեսակի ցավազրկող (...), ցավերը չմեղմացան (...) ու ես կնոջս տուն տարա (...): Արդեն մոտ ժամը 18:30 էր, երբ ես նրան տուն տարա (...): Երեկոյան, մոտ ժամը 20:30-ին, ես տեսա, որ կնոջս վիճակը վատթարացել էր և Օ.Ա.Գ (Ö.A.G.) ուղեկցությամբ (...) ես նրան տարա Էգեյան համալսարանի հիվանդանոց (...): Բժիշկը, որը զննեց կնոջս, ասեց, որ երեխան մահացել էր (...): Ես նրան խնդրեցի փրկել կնոջս (...): Բժիշկն ինձ ասեց, որ երեխային հանելու համար պետք է վիրահատություն կատարվի և հարկավոր էր դրամարկղ վճարել 600-700 մլն լիրա (...): Ես նրան ասեցի, որ այդ պահին չունեի այդ գումարը, բայց պետք է վիրահատել, որ ես փաստաթղթեր կստորագրեմ ու կվճարեմ: Բժիշկն ասեց, որ պետք է վճարել(...), իսկ ես էլ խնդրեցի ինձ ուղղորդել (...) Ինձ ասացին, որ պետք է կնոջս տանեմ Կոնակի ծննդատան շտապ օգնության բաժանմունք (...): Մենք շտապ օգնության մեքենա կանչեցինք (...), ես հարցրեցի այդ պահին այնտեղ ներկա գնտվող կնոջը, թե արդյոք պետք չէր բուժքույր կնոջս ուղեկցելու համար: Նա պատասխանեց, որ «բուժքույր չեն ուղարկել » (...): Մենք ճանապարհ ընկանք (...): Երբ հասանք Կոնակի հիվանդանոց (...) հերթապահ աշխատակիցներն ինձ ասեցին, որ կինս մահացել է (...): Կնոջս ինչպես հարկն է չեն ընդունել այն բոլոր հիվանդանոցներում, ուր ես նրան տարել էի: Եթե Կարշիյակայի և Ալսանկակի հանրային հիվանդանոցներում և Աթաթուրքի անվան ուսումնական և գիտահետազոտական հիվանդանոցային կենտրոնում գոնե մեկ անգամ ուլտրաձայնային զննում կատարեին և ասեին, որ երեխան մահացել է, քանի որ դա ցերեկն էր, ես կարող էի վիրահատության գումարը հավաքել և փրկել կնոջս: Ես տեղյակ չեմ եղել, որ կինս զննում էր անցել Բայրակլիի բժշկական կենտրոնում 2000թ. մարտի 3-ին և որ այդ ժամանակ երեխայի սրտի բաբախյունները լսելի չեն եղել (...): 2000թ. մարտի 3-ից մեկ կամ երկու օր առաջ կինս ինձ ասել էր, որ աստիճանների վրա ոլորել էր ոտքը և բախվել էր վանդակապատին (...), սակայն ոչ մի ցավ չուներ և բժիշկի դիմելու կարիք չկար (...):
Օ.Ա.Գ.-ի (Ö.A.G.) վկայությունը` (...) մենք հիվանդին տարանք Էգեյան համալսարանի հիվանդանոցի շտապ օգնության բաժանմունք (...): Բժիշկներից մեկն ինձ ասեց, որ նրա վիճակը ծանր էր: Նա ինձ ասեց, որ պետք է դրամարկղ վճարել 700 մլն լիրա (...): Ես չգիտեմ այդ բժիշկի անունը: Արդեն մոտ ժամը 22:00-ն էր: Ես ունի 150 մլն լիրա: Ես բժիշկին ասեցի, թե որքան գումար ունեմ վճարման համար և որ մնացյալ գումարի համար կարող եմ ստորագրել (...): Նա ասեց, որ այդպես հնարավոր չի և որ նա չի կարող վիրահատել: Ես պնդեցի, որ նա վիրահատի, սակայն նա կրկին մերժեց: Այդ ժամանակ հարցրեցի, թե ինչ անել (...) Նա մեզ ասեց, որ նրան տանենք Կոնակի ծննդատուն: Միևնույն ժամանակ նրանք մեզ ստիպեցին ստորագրել մի փաստաթուղթ, որը հաստատում էր, որ մենք հիվանդին դուրս էինք բերում մեր ազատ կամքով (...):
Ահմետ Ի.-ի (Ahmet Y.) վկայությունը` (...) Մենեկշե Շենթյուրքին (Menekşe Şentürk) Էգեյան համալսարանի հիվանդանոց ենք տարել մոտ ժամը 21:00-ին: Նա անմիջապես ընդունվել է շտապ օգնության ծառայությունում: Մի բժշկուհի նրան զննեց և ասեց, որ երեխան մահացել է (...): Բժիշկը մեզ ասեց, որ վիրահատության միջոցով հարկավոր է անհապաղ հեռացնել երեխային (...): Բժիշկը ասեց նաև, որ վիրահատության համար անհրաժեշտ է վճարել հիվանդանոցին մոտ 700մլն լիրա: Հիվանդի ամուսինն ասեց, որ նա չի կարող այդ պահին վճարել գումարն ամբողջությամբ և որ նա կարող էր վճարել մի մասը, (...) ստորագրել համապատասխան փաստաթուղթ և վճարել ավելի ուշ: Բժիշկն ասեց, որ այդ մասին պետք է քննարկել դրամարկղի (vezne) պատասխանատուի հետ: Այնուհետև մենք կրկին խոսեցինք հիվանդին զննած բժիշկի հետ: Մենք նրան ասեցինք, որ չէինք կարողացել գումարը վճարել և հարցրեցինք, թե ինչ կարելի է անել: Նա մեզ ասեց, որ պետք է անհապաղ հիվանդին տանենք Կոնակի ծննդատուն (...):
Ս.Ա.Ա.-ի (S.A.A.) վկայությունը` (...): Մենեկշե Շենթյուրքին (Menekşe Şentürk) շտապ օգնության ծառայություն է ներկայացել 2000թ. մարտի 11-ին փորի շրջանում սուր ցավերի գանգատներով (...): Ես ընդունեցի հիվանդին (...), զննեցի նրան (...) և ուղարկեցի գինեկոլոգիայի և մանկաբարձության բաժանմունք: Մանկաբարձության բաժանմունքում զննում անցնելուց հետո, մոտ կես ժամ անց հիվանդը վերադարձավ շտապ օգնության ծառայություն (...): Հիվանդի ամուսինն ինձ հայտարարեց, որ մանկաբարձության բաժանմունքի բժիշկները նրան ասել էին, որ երեխան մահացել էր (...) և որ նրա կինը պետք է հոսպիտալացվեր: Ես հարցրեցի, թե ինչու չեն հոսպիտալացրել և ետ են ուղարկել շտապ օգնության ծառայություն: Հիվանդի ամուսինն ինձ ասեց, որ նրանից գումար էին պահանջել (...), և քանի որ նա չէր կարող վճարել այդ գումարը, նա ուզում էր իր կնոջը տանել Կոնակի ծննդատուն: Այդ պահին, նա շփոթված էր ու հուզված: Ես նրան հանգիստ կերպով ասեցի, որ պետք է անհապաղ երեխային հանել մոր արգանդից, [ որ նա պետք է] ետ տանի և կնոջն անմիջապես հոսպիտալացնի(...), [որպեսզի] բժիշկները հանեն երեխային, այլապես մոր կյանքը կարող էր վտանգվել (...): Չնայած իմ ասածներին` հիվանդի ամուսինը կնոջ զննման թերթիկին գրեց հետևյալը. « Չնայած բժիշկների խորհուրդներին` մենք հրաժարվել ենք հոսպիտալացումից» և ստորագրեց (...), որպեսզի այդ տեղեկությունները գրավոր լինեին (...): Հիվանդի ամուսինն ինձ ասեց, որ ծննդատան բժիշկները նրան ասել էին վճարել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, 400 միլիոն (...):
Մասնավոր շտապ օգնության ծառայության վարորդ Մ.Դ.-ի (M.D.) վկայությունը` (...) 2000թ. մարտի 11-ին մոտ ժամը 22:30-ին ես հիվանդին վերցրեցի մանկաբարձության բաժանմունքից և տարա շտապ օգնության ծառայություն: Այնտեղ, ես գլխավոր բուժքույր Ս.Տ.-ին (S.T.) խնդրեցի շտապ օգնության մեքենայում սանիտար նախատեսել: Նա ասեց, որ դա անհնար էր: Ավելի ուշ ես խնդրեցի շտապ օգնության ծառայության բժշկուհուն սանտիար հատկացնել հիվանդին տեղափոխող մեքենայի համար: Բայց նա նույնպես ասեց, որ չի կարող և որ երեխան մահացել է կնոջ արգանդում և որ հարկավոր էր, որ ես նրան անհապաղ տանեմ Կոնակի ծննդատուն (...): Ես հիվանդին տեղավորեցի շտապ օգնության մեքենայում (...): Հիվանդի ամուսինը բարձրացավ կնոջ մոտ (...): Մեքենայում չկար բուժանզնակազմ (...) Մինչև մեքենայի մեջ նրան տեղավորելը, Էգեյան հիվանդանոցի շտապ օգնության ծառայության դիմաց (...) հիվանդն ինձ խնդրում էր չտանել (...): Պետք է լիներ արդեն 22:40: Երբ հասանք Կոնակ (...), ես տեսա, որ հիվանդը մահացել էր (...): Ինչպես արդեն բացատրել էի (...)մեր մեքենայում բուժանձնակազմի բացակայության պատճառը (...) պայմանավորված էր այն փաստով, որ հերթապահ բուժքույրը զբաղվում էր մեկ այլ հիվանդի տեղափոխմամբ (...): Հիվանդանոցի բժիշկները և մի բուժքույր ասեցին, որ հիվանդն արդեն մահացած էր ժամանել (...): Իրենք ասեցին, որ չունեն դիարան և մենք պետք է նրան ետ տանեինք Էգեյան համալսարանի դիարան (...) »:
Ըստ արձանագրված վկայությունների` Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի չորս բժիշկները` Տ.Կ.-ն (T.K.), Ս.Ա.-ն (S.A.), Օ.Օ.-ն (Ö.Ö.) և Ս.Օ-ն (S.Ö.), հերքում էին այն փաստը, թե առաջին դիմումատուին կամ հանգուցյալին ասել էին, որ վերոնշյալ վիրահատական միջամտության համար նրանք պետք է վճարեին:
Գ. Բժշկական անձնակազմի դեմ քրեական վարույթի հարուցումը
1. Վարույթ բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ն (H.V), Ս.Ա.-ի (S.A.) և Օ.Օ.-ի դեմ
18. 2001թ. փետրվարի 26-ին Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի տնօրինությունը հետաքննություն սկսեց բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ն (H.V), Ս.Ա.-ի (S.A.) և Օ.Օ.-ի (Ö.Ö) դեմ:
19. 2001թ. սեպտեմբերի 10-ին այն որոշում կայացրեց, որ անհրաժեշտություն չկար վարույթ հարուցել այս բժիշկների դեմ:
20. 2002թ. օգոստոսի 26-ին բժիշկներից բաղկացած հետաքննող հանձնաժողովը կազմեց զեկույց, որն եզրակացնում էր, որ բժիշկները չէին թույլատրել ոչ մի սխալ և, ուստի, անհրաժեշտություն չկար վարույթ սկսել նրանց դեմ:
21. 2002թ. հոկտեմբերի 24-ին, վկայակոչելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրության 17-րդ հոդվածը` դրույթներ, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին, առաջին դիմումատուն վիճարկեց այդ որոշումը: Նա պնդում է, որ, ի թիվս այլ գործողությունների, հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր գործող օրենսդրությունը, ինչպես նաև Էգեյան համալսարանի գործելակերպն անհապաղ հոսպիտալացման անհրաժեշտություն դեպքերում, երբ հոսպիտալացման ծախսերը չեն կարող վճարվել:
22. 2003թ. հունվարի 22-ին, Պետական գերագույն խորհուրդը չեղյալ համարեց հետաքննչական զեկույցի եզրակացությունները: Այն նշեց, որ հանձնաժողովը չէր ուսումնասիրել, թե առողջապահական հիմնարկներում ինչ պայմաններ պետք է ապահովվեն սկսելու համար այն հիվանդի բուժումը, որի կյանքը վտանգված է և որի վիճակը պարտադրում է բժշկական հրատապ միջամտություն: Այն նշեց նաև, որ հանձնաժողովը չէր պահանջել ընդլայնել հետաքննության շրջանակը ներառելու համար Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի գինեկոլոգիայի և մանկաբարձության գծով մասնագետ բժիշկ Ս.Օ.-ին (S.Ö.), որը հերթապահ է եղել դեպքի երեկոյան և սահմանել վիճարկվող փաստերի առումով վերջինիս պատասխանատվության չափը: Խորհուրդը համարեց, որ անհրաժեշտ է լրացնել այս բացը:
23. 2004թ. հունվարի 23-ին, համարելով, որ կասկածյալ բժիշկների կողմից չէր եղել ո´չ անփութություն, ո´չ անզգուշություն, հետաքննող հանձնաժողովն ընդունեց նոր զեկույց` ապացույցների բացակայության հիմքով գործի կարճման եզրակացությամբ: Այն հստակեցրեց, որ գործը թույլ չի տվել սահմանել, թե ինչ պետք է անել բժշկական արտակարգ իրավիճակներում, որը պահանջում է հոսպիտալացում այն ժամանակ, երբ համապատասխան վճարները չեն կարող կատարվել:
24. 2004թ. փետրվարի 25-ին, վկայակոչելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ հոդվածը, ինչպես նաև Թուրքիայի սահմանադրության 17-րդ հոդվածը` դրույթներ, որոնք վերաբերում են կյանքի իրավունքին, առաջին դիմումատուն վիճարկեց կրկին այդ եզրակացությունները: Նա մասնավորապես պնդում էր, որ Ս.Օ.-ին (S.Ö.) չներառելը հետաքննչական գործընթացում բացթողում էր և խնդրեց հետաքննության մեջ ներառել նաև նրան:
25. 2004թ. ապրիլի 14-ին Պետական գերագույն խորհուրդը գործն ետ ուղարկեց Էգեյան համալսարանի ռեկտորատին:
26. 2005թ. մայիսի 16-ին հետաքննող հանձնաժողովն ընդունեց նոր զեկույց, և այս անգամ նույնպես ապացույցների բացակայության հիմքով գործի կարճման վերաբերյալ եզրակացությամբ, քանի որ գործում ներգրավված բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ն (H.V), Ս.Ա.-ի (S.A.), Օ.Օ.-ի (Ö.Ö) և Ս.Օ-ի (S.Ö.) կողմից անփութություն և անզգուշություն չէր ցուցաբերվել:
27. 2005թ. հունիսի 13-ին առաջին դիմումատուն այս եզրակացությունների դեմ հայց ներկայացրեց Պետական գերագույն խորհուրդ:
28. 2005թ. սեպտեմբերի 27-ին Պետական գերագույն խորհուրդը բավարարեց հայցը` նշելով, որ առկա էին բավարար ապացույցներ, որ ենթադրյալ գործողությունները կատարվել էին գործում ներգրավված բժիշկների կողմից: Այս առումով նա հիմնվեց առողջապահական բարձրագույն հանձնաժողովի զեկույցի վրա, որը կազմվել էր 2004թ. մայիսի 20-ին և 21-ին (տե´ս 45-րդ կետը), որի համաձայն վերոնշյալ բժիշկները հանգուցյալի մահվան համար պատասխանատու էին 4/8 չափով: Խորհուրդն որոշեց, որ բժիշկները պետք է ենթարկվեն քրեական հետապնդման և գործը փոխանցեց դատախազություն:
29. 2005թ. նոյեմբերի 17-ին Իզմիրի քրեական դատարանը գտավ, որ Պետական գերագույն խորհուրդը գործն ուղղակիորեն էր փոխանցել առանց դատախազության կողմից մեղադրանքի առաջադրման և, հետևաբար, որոշեց դադարեցնել Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ն (H.V), Ս.Ա.-ի (S.A.), Օ.Օ.-ի (Ö.Ö) և Ս.Օ-ի (S.Ö.) դեմ հարուցված վարույթը, քանի որ վարույթի հարուցումն ուղղակիորեն կախված է մեղաղրանքի առաջադրումից:
30. 2006թ. ապրիլի 21-ին Իզմիրի դատախազը մեղադրանք առաջադրեց Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ն (H.V), Ս.Ա.-ի (S.A.), և Օ.Օ.-ի (Ö.Ö) դեմ և պահանջեց դատապարտել նրանց ուրիշի կյանքին անզգուշությամբ վնաս պատճառելու համար (քրեական օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մաս):
31. 2006թ. սեպտեմբերի 11-ին առաջին դիմումատուն խնդրեց հանդես գալ որպես դատավարությանը մասնակցող կողմ, որն Իզմիրի քրեական դատարանը բավարարեց նույն օրը:
2. Քրեական վարույթ մանկաբարձուհի Գ.Ե.-ի (G.E.) դեմ
32. 2001թ. մարտի 1-ի որոշմամբ Կարշիյակայի նահանգապետը թույլատրեց քրեական վարույթ հարուցել մանկաբարձուհի Գ.Ե.-ի (G.E.) դեմ մասնագիտական պարտականությունները չկատարելու համար:
33. 2001թ. ապրիլի 25-ին Կարշիյակայի դատախազը նրան մեղադրեց մասնագիտական պարտականությունները չկատարելու մեջ (քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մաս) և պահանջեց դատապարտել նրան:
34. 2001թ. հոկտեմբերի 23-ին Կարշիյակայի քրեական դատարանն արդարդացրեց մեղադրվող բուժքրոջն այն հիմքով, որ մեկ այլ մանկաբարձուհի ևս հերթապահել էր դեպքի օրը և չի հաստատվել, որ հենց մեղադրվողն է զննել հանգուցյալին և ետ ուղարկել տուն առանց նրան զննելու համար նախապես մասնագետ կանչելու: Դատարանը վերջում ավելացրեց, որ եթե նույնիսկ հենց նա էր զննում կատարել և ետ ուղարկել հանգուցյալին, մասնագիտական պարտականությունների չկատարումը միտումնավոր չի եղել, ուստի հանցագործության կազմ չի եղել:
35. Այս վճիռը վերջնական դարձավ 2001թ. հոկտեմբերի 31-ին:
36. 2005թ. հունիսի 14-ին, հիմնվելով առողջապահական բարձրագույն հանձնաժողովի զեկույցի վրա, որի համաձայն Գ.Ե.-ն (G.E.) իր կնոջ մահվան համար պատասխանատու էր 2/8 չափով (տե´ս 45-րդ կետը), առաջին դիմումատուն խնդրեց վերսկսել այս մանկաբարձուհու դեմ հարուցված քրեական վարույթը:
37. 2005թ. հոկտեմբերի 12-ին առաջին դիմումատուն դիմեց դատարան Գ.Ե.-ի (G.E.) դեմ հարուցված վարույթում որպես մասնակից կողմ հանդես գալու խնդրանքով:
38. 2006թ. մարտի 9-ին Կարշիյակայի քրեական դատարանը բավարարեց գործի վերսկսման դիմումը և որոշեց միավորել այս և Իզմիրի քրեական դատարանում առկախ գործը (տե´ս 51-րդ և հաջորդող կետերը): Նա նաև որոշեց դիմել Վճռաբեկ դատարանի քրեական պալատ երկու դատարանների իրավասությունների հարցը պարզաբանելու համար:
39. 2006թ. հունիսի 12-ին Վճռաբեկ դատարանն որոշեց միավորել վերոնշյալ քրեական վարույթները և գործը շարունակելու համար իրավասու դատարան նշանակեց Կարշիյակայի քրեական դատարանին:
3. Քրեական վարույթ Ա.Ի-ի (A.Y.), Ֆ.Բ.-ի (F.B.) և Օ.Չ.-ի (Ö.Ç.) դեմ
40. 2001թ. մարտի 14-ին Կոնակի նահանգապետը թույլատրեց վարույթ սկսել մանկաբարձուհի Ա.Ի-ի (A.Y.), և բժիշկներ Ֆ.Բ.-ի (F.B.) և Օ.Չ.-ի (Ö.Ç.) դեմ:
41. 2001թ. հոկտեմբերի 12-ին Իզմիրի դատախազը մեղադրանք առաջադրեց վերջիններիս դեմ իրենց պարտականությունները չկատարելու համար (քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մաս) և պահանջեց վերջիններիս դատապարտումը:
42. 2002թ. ապրիլի 12-ին առաջին դիմումատուն խնդրեց հանդես գալ որպես Իզմիրի քրեական դատարանում ձեռնարկված դատավարության մասնակից կողմ: Նույն օրը կայացած լսումների ժամանակ դատարանը բավարարեց առաջին դիմումատուի պահանջը:
43. 2002թ. նոյեմբերի 13-ին առաջին դիմումատուն խնդրեց ընդլայնել դատավարությունը` պահանջելով մասնավորապես դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար, թե երեխայի մահանալուց հետո ինչքան ժամանակ անց է մահացել իր կինը:
44. 2003թ. փետրվարի 24-ին Իզմիրի քրեական դատարանը գործը փոխանցեց առողջապահության բարձրագույն հանձնաժողով մեղադրյալների պատասխանատվությունը և դրա չափը սահմանելու համար:
45. 2004թ. մայիսի 20-ին և 21-ին առողջապահության բարձրագույն հանձնաժողովն ընդունեց որոշում, որի համապատասխան հատվածները շարադրված են հետևյալ կերպ.
« Ուսումնասիրելով գործի մանրամասները, առկա փաստաթղթերը և վկայությունները` հանձնաժողովն եզրակացնում է, որ
– Մանկաբարձուհիներ Գ.Ե.-ն (G.E.) և Ա.Ի.-ին (A.Y.), որոնք հիվանդին զննելու ժամանակ ճիշտ չէին գնահատել իրավիճակը և չէին կանչել հերթապահ գինեկոլոգին` չնայած հիվանդի գանգատներին, պատասխանատու են 2/8 չափով,
– Բժիշկներ Օ.Չ.-ն (Ö.Ç.) և Ֆ.Բ.-ն (F.B.), որոնք հիվանդին զննել էին միայն իրենց մասնագիտության տեսանկյունից, մինչդեռ նա հիվանդանոց էր եկել հղիության 34-րդ շաբաթում, բարձր ճնշմամբ և սուր ցավերի գանգատներով, և որոնք նրան չէին ուղարկել մանկաբարձի զննմանը, պատասխանատու են 3/8 չափով,
– Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի մանկաբարձության բաժանմունքի բժիշկներ Տ.Կ.-ն (T.K.), Հ.Վ.-ն (H.V.), Ս.Ա.-ն (S.A.) և Օ.Օ-ն ( Ö.Ö.) մոր մահվան համար պատասխանատու են 4/8 չափով, քանի որ տեղափոխել էին նրան սոցիալական համակարգի նպաստառուների կենտրոն այն պատճառով, որ նա գումար չուներ, մինչդեռ նրա վիճակն անհամատեղելի էր նման տեղափոխման հետ »:
46. 2005թ. փետրվարի 1-ին Դատարանը ստացավ առողջապահության բարձրագույն հանձնաժողոցի զեկույցը և նշեց, որ մեղադրյալների պատասխանատվությունը հաստատվել է, սակայն ոչ 8/8 չափով:
47. 2005թ. մարտի 14-ին առաջին դիմումատուն, հիմնվելով առողջապահության բարձրագույն հանձնաժողոցի զեկույցի վրա, որն եզրակացրել էր, որ բացի ընթացիկ վարույթում ներգրավված բժիշկների, պատասխանատու էին համարվել նաև Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում աշխատող այլ բժիշկներ, պահանջեց մեղադրանք առաջադրել նաև վերջիններիս դեմ:
48. 2005թ. մարտի 17-ի լսումների ժամանակ Իզմիրի քրեական դատարանը գործը փոխանցեց դատախազություն քրեական օրենսգրքի 455-րդ հոդվածի կիրառման հիմքով լրացուցիչ մեղադրանք առաջադրելու համար:
49. 2005թ. մարտի 25-ին Իզմիրի դատախազը մեղադրյալների դեմ լրացուցիչ մեղադրանք առաջադրեց ուրիշի կյանքին ոչ միտումնավոր կերպով վնաս պատճառելու համար (քրեական օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին մասl) և պահանջեց դատապարտել նրանց այս հիմքով:
50. 2006թ. հուլիսի 4-ին առաջին դիմումատուն Իզմիր քրեական դատարանից պահանջեց հնարավորիս շուտ ավարտել դատավարությունը: Վկայակոչելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածը` նա ընդգծեց, որ այս դատավարության տևողությունը խախտում է ողջամիտ ժամկետներում արդար դատավարության իր իրավունքը: Բացի այդ նա նշեց, որ դատավարության ձգձգումը կարող է խախտել իր սեփականության իրավունքը, հաշվի առնելով այն փաստը, որ նա կարող է զրկվել բարոյական և նյութական վնասների փոխհատուցման հնարավորություններից:
51. 2007թ. հունվարի 30-ին Իզմիրի քրեական դատարանն որոշեց ընթացիկ դատավարությունը միավորել ուրիշի կյանքին ոչ միտումնավոր վնաս պատճառելու հիմքով բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ի (H.V.), Ս.Ա.-ի (S.A.) և Օ.Օ-ի (Ö.Ö.) դեմ հարուցված վարույթին:
4. Գործերի միավորումից հետո հետագա քրեական վարույթը
52. 2007թ. մայիսի 7-ին առաջին դիմումատուի փաստաբանը վերջինիս անչափահաս որդու անունից որպես դատավարության մասնակցող կողմ հանդես գալու դիմում ներկայացրեց: Նա նույնպես բողոքում էր դատավարության տևողությունից` ընդգծելով վաղեմության ժամկետի անցման վտանգը: Նա կազմեց նաև կնոջ մահվան պատճառով իր հաճախորդին պատճառված վնասի փոխհատուցման դիմումը և պահանջեց 60 000 թուրքական լիրա իր կողմից կրած բարոյական վնասի համար և 50 000 թուրքական լիրա իր որդուն պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաև միաժամանակ 30 000 թուրքական լիրա պատճառված նյութական վնասի դիմաց:
53. 2007թ. մայիսի 8-ին կայացած լսումների ժամանակ Կարշիյակայի քրեական դատարանը նշեց, որ առաջադրված մեղադրանքը չէր պարունակում ոչ մի հղում բժիշկ Ս.Օ-ի (S.Ö.) վերաբերյալ, մինչդեռ նախկինում վերջինիս անունը ներառված էր Իզմիրի քրեական դատարանի դատավարության մասնակից մեղադրվող բժիշկների ցանկում: Հետևաբար, նա պահանջեց հստակեցնել, թե արդյոք վարույթը դադարեցնելու վերաբերյալ որոշումից հետո ( վերը նշված 29-րդ կետ), Ս.Օ-ի (S.Ö.) մասով գործը կարճվել էր ապացույցների բացակայության հիմքով, թե սխալմունք էր տեղի ունեցել: Այն ավելացրեց, որ եթե տեղի է ունեցել սխալմունք, ապա այն պետք է ուղղել:
54. 2007թ. նոյեմբերի 27-ին տեղի ունեցած նիստի ժամանակ Կարշիյակայի քրեական դատարանը նշեց, որ դատախազը պատասխանել էր, որ Ս.Օ-ի (S.Ö.) մասով գործը չէր կարճվել և խոսքը վերաբերում էր սխալմունքին: Դատարանը պահանջեց ձեռնարկել համապատասխան միջոցառումներ:
55. 2008թ. փետրվարի 11–ին և մարտի 18-ին դիմումատուի փաստաբանը դատարանին միջնորդագիր ներկայացրեց դատավարության տևողություն վերաբերյալ բողոքով:
56. 2008թ. փետրվարի 12-ի նիստի ժամանակ դատարանը նշեց, որ Ս.Օ-ի (S.Ö.) դեմ վարույթի սկսումն ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ընթացիկ դատավարության վրա, այլ կարող էր ձգձգել գործը ; Հետևաբար այն որոշեց չսպասել վարույթի վերսկսմանը:
57. 2008թ. մարտի 18-ին քրեական դատարանը Ա.Ի-ին (A.Y.),Օ.Չ.-ին (Ö.Ç.), Ֆ.Բ.-ին (F.B.), Տ.Կ.-ին (T.K.), Հ.Վ.-ին (H.V.), Օ.Օ.-ին (Ö.Ö.) և Ս.Ա.-ին (S.A.) մեղավոր ճանաչեց չկանխամտածված սպանության համար և դատապարտեց երկու տարվա ազատազրկման` 91 թուրքական լիրա տուգանքով: Պատժի նվազեցման վերաբերյալ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն` դատարանը նվազեցրեց պատիժը` Ա.Ի-ի (A.Y.) դեպքում նշանակելով տուգանք 468 թուրքական լիրայի չափով, Օ.Չ.-ի (Ö.Ç.)և Ֆ.Բ.-ի (F.B.) դեպքում ` 703 թուրքական լիրա, իսկ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ի (H.V.), Օ.Օ.-ի (Ö.Ö.) և Ս.Ա.-ի (S.A.) T.K. դեպքում 937 թուրքական լիրա: Բացի այդ, դատավճիռը նախատեսում էր պատժի պայմանական կատարում: Դատարանը մերժեց մեղադրյալ Գ.Ե.-ի (G.E.) դատապարտման վերաբերյալ հայցը` նշելով, որ, եթե նույնիսկ առողջապահության բարձրագույն հանձնաժողովը նրա պատասխանատվությունը սահմանել էր 2/8 չափով, այդ հանգամանքը հիմք չէր հանդիսանում նրա դեմ քրեական վարույթի վերսկսման` քրեական դատավարության մասին օրենսգրքի 314-րդ հոդվածի համաձայն: Հետևաբար, այն հաստատեց նրա դեմ առաջին դատավարության արդյունքում կայացրած արդարացման վճիռը:
Քրեական դատարանի պարզաբանումը համապատասխան բաժնում շարադրված է հետևյալ կերպ.
« (...) Գործի ընդհանուր ուսումնասիրությունից պարզվել է, որ Մենեկշե Շենթյուրքը (Menekşe Şentürk)` հղիության ութերորդ ամսում, 2000թ. մարտի 11-ին` շաբաթ օրը, սուր ցավերի պատճառով Իզմիրի Կարշիյակայի հանրային հիվանդանոց էր բերվել իր ամուսնու կողմից, և զննվել էր մանկաբարձուհի Գ.Ե.-ի (G.E.) կողմից (...): Պարզվել է, որ այդ մասին բժիշկը չի տեղեկացվել, որ ոչ մի միջոցառում չի ձեռնարկվել և քանի որ դեռ ծննդաբերության ժամանակը չէր, հիվանդը տուն էր ուղարկվել: Այնուհետև նրան տարել են Ալսանկակի հանրային հիվանդանոցի շտապ օգնության ծառայություն: Նրան զննել է մանկաբարձուհի Ա.Ի.-ին (A.Y.), ապա նրան ետ են ուղարկել, քանի որ դեռ ծննդաբերության ժամանակը չի եղել: Պարզվել է, որ մոտ ժամը 14-ին նրան տարել են Յեշիլյուրտ Աթաթուրք հիվանդանոցային կենտրոնի շտապ օգնության ծառայություն, ուր նրան զննել է բժիշկ Ֆ.Բ.-ը (F.B.), որը ձախ կողմում սուր ցավերի պատճառով նրան ուղարկել են ուրոլոգիայի բաժանմունք, ուր նա զննում է անցել Օ.Չ.-ի (Ö.Ç.) մոտ, որն ախտորոշել է երիկամային ծակոցներ, ցավազրկող է ներարկել և ետ է ուղարկել: Պարզվել է, որ տուն վերադառնալուց հետո ցավերը չեն դադարել (...), և նրան տարել են Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց, ուր շտապ օգնության բժիշկը նրան տեղափոխել է (...) ծննդատուն, և որ այնտեղ հաստատել են որ հիվանդը հղիության ութերորդ ամսում էր և որ [երեխայի] սրտի բաբախյունները չեն զգացվում: Պարզվել է, որ չնայած, որ բժիշկը խորհուրդ է տվել հանել երեխային, հիվանդի հոսպիատալացումը չի կատարվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Այդ ժամանակ հիվանդին տեղափոխել են Իզմիրի մանկաբարձության և գինեկոլոգիայի հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է: Այս դեպքի կապակցությամբ և ինչպես հաստատել էր առողջապահության բարձրագույն հանձնաժողովը, մանկաբարձուհիներ Գ.Ե.-ը (G.E.) և Ա.Ի.-ը (A.Y.) պատասխանատու են 2/8 չափով, բժիշկներ Օ.Չ.-ը (Ö.Ç) և Ֆ.Բ.-ը (F.B.) 3/8 չափով, բժիշկներ Տ.Կ.-ը (T.K.), Հ.Վ.-ը (H.V.), Ս.Ա.-ը (S.A.) և Օ.Օ-ը (Ö.Ö.) 4/8 չափով: Այս հանգամանքներում այս մեղադրյալները [պետք է] պատժվեն նրանց վերագրված հանցանքի համար (...) »:
58. 2008թ. մայիսի 21-ին դիմումատուները դիմեցին վճռաբեկ դատարան: Իրենց միջնորդության մեջ նրանք ընդգծել էին, որ քրեական դատարանն ընթացք չէր տվել դիմումատուի որդուն որպես դատավարության մասնակցի ճանաչման, ոչ էլ ներկայացված փոխհատուցման վերաբերյալ դիմումներին: Նրանք վիճարկում էին նաև Գ.Ե.-ի (G.E.) արդարացումն այն դեպքում, երբ մահվան հետ կապված նրա պատասխանատվությունը հաստատվել էր, ինչպես նաև տուգանքներով ազատազրկման պատժի փոխարինումը և այդ դատավճռի պայմանական կատարման որոշումը: Բացի այդ, վկայակոչելով Կոնվենցիայի 2 –րդ հոդվածը, նրանք պնդում էին, որ տեղի էր ունեցել կյանքի իրավունքի խախտում և այդ առումով Պետության կողմից իր դրական պարտականությունների չկատարում, և համարում էին, որ այն փաստը, որ առաջին դիմումատուն և իր կինը ստիպված են եղել մեկ հիվանդանոցից մյուսը գնալ, չէր համապատասխանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված վերաբերմունքի պահանջին: Հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վրա` նրանք բողոքում էին դատավարության տևողությունից և դրա հետ կապված վնասները դադարեցնելու համար իրավական պաշտպանության միջոցների բացակայությունից: Եվ վերջապես նրանք պնդում էին, որ կայացված դատավճիռը խախտում էր նրանց սեփականության իրավունքը:
59. 2009թ. հունվարի 21-ին Վճռաբեկ դատարանի գլխավոր դատախազը ներկայացրեց իր դիտարկումները և դատարանից պահանջեց Գ.Ե.-ի (G.E.) մասով հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ այլ մեղադրյալների մասով այն չեղյալ համարել հանցանքի վաղեմության ժամկետի մարման պատճառով և դադարեցնել վարույթը:
60. 2010թ. հոկտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը Գ.Ե.-ի (G.E.) մասով հաստատեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Նա այդ որոշումը չեղյալ համարեց այլ մեղադրյալների մասով` թիվ 765 քրեական օրենքի 102-րդ հոդվածի 4-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վաղեմության ժամկետի ավարտման հետ կապված: Այսպիսով, դատարանը վաղեմության ժամկետի ավարտի հիմքով դադարեցրեց վարույթը քրեական դատավարության օրենսգրքի 322-րդ հոդվածի համաձայն:
5. Ս.Օ-ի (S.Ö.) դեմ հարուցված վարույթը
61. 2008թ. հունվարի 4-ին, հաշվի առնելով, որ առողջապահության բարձրագույն հանձնաժողովը 2004թ. մայիսի 20-ի և 21-ի իր զեկույցում չէր հաստատել Ս.Օ-ի (S.Ö.) պատասխանատվությունը, և որ նրա դեմ չկային բավարար ապացույցներ, և փաստերը, որոնցում նա մեղադրվում էր, ենթարկվում էին նմանատիպ իրավախախտումներին համապատասխան վաղեմության ժամկետի գործող պայմանին, Իզմիրի դատախազն որոշեց կարճել գործը:
62. Առաջին դիմումատուն առարկություն ներկայացրեց այդ որոշման վերաբերյալ:
63. 2009թ. հունվարի 14-ին Կարշիյակայի երդվյալ ատենակալների դատարանը մերժեց առարկությունը:
II. ԿԻՐԱՌՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
64. Կիրառվող ներպետական օրենքը ներկայացված է Սեվիմ Գյունգյորն ընդդեմ Թուրքիայի [Sevim Güngör c. Turquie] ((որոշում), թիվ 75173/01, 14 ապրիլի, 2009թ.) վճռում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
65. Դիմումատուները պնդում են, որ տեղի է ունեցել իրենց կնոջ և մոր, ինչպես նաև նրա դեռ չծնված երեխայի կյանքի իրավունքի խախտում` խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը, որը սահմանում է.
« 1. Յուրաքանչյուրի կյանքի իրավունքը պաշտպանվում է օրենքով (...) »:
66. Կառավարությունը վիճարկում է այս փաստարկը:
Ա) Գործի ընդունելիության մասին
67. Դատարանը նշում է, որ այս գանգատն ակնհայտորեն չհիմնավորված չի կարելի համարել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ մասի առումով: Ավելին, չկա գանգատն անընդունելի ճանաչելու որևէ պատճառ: Ուստի, այն գանգատն ընդունելի է հայտարարում:
.
Բ) Գործի էության մասին
1. Դիմումատուների փաստարկները
ա) Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ էական խախտում Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հետ կապված
68. Դիմումատուները պնդում են, որ հանգուցյալը մահացել է գործում ներգրավված բժիշկների և մանկաբարձուհիների անփութության պատճառով: Նրանք համարում են, որ այդ մահը կարող էր կանխվել, եթե բժիշկները և/կամ մանկաբարձուհիները գործեին իրենց պարտականությունների և մասնագիտական էթիկայի պահանջներին համապատասխան: Այս գործում, ընդհակառակը, նրանք չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները: Այս առումով դիմումատուները պնդում են նաև, որ վիճարկվող փաստերը չպետք է որակվեն որպես հասարակ անփութություն, այլ սպանություն:
69. Ըստ դիմումատուների` հանգուցյալը ստիպողաբար է տեղափոխվել Կոնակի հիվանդանոցի ծննդատուն այն ժամանակ, երբ բժիշկներն հաստատել էին, որ արդեն Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցում նրա վիճակը օրհասական էր: Ամուսնուն ասել էին տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, քանի որ նա չէր կարող վճարել մոտ 1 000 եվրոյի (EUR) համարժեք գումար: Հիմնվելով Օյալն ընդդեմ Թուրքիայի [ Oyal c. Turquie ] (no 4864/05, §§ 53-51, 23 մարտի 2010թ.) գործում Դատարանի կողմից տրված գնահատականին` դիմումատուները հիշեցնում են, որ Պետությունը պարտավոր է ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը, քանի որ նա կառավարում է և/կամ վերահսկում է առողջապահական համակարգը:
70. Բացի այդ, դիմումատուները պնդում են, որ բժիշկները տեղյակ են եղել տուժողի վիճակի մասին: Հղում կատարելով Յասինսկիսն ընդդեմ Լատվիայի [Jasinskis c. Lettonie] (no 45744/08, § 67-68, ՄԻԵԴ 2010թ.‑... (հատվածներ)) գործին` նրանք պնդում են, որ Կառավարությունը պատասխանատու է մահվան համար, քանի որ չի ապահովել անհրաժեշտ բուժօգնությունը: Այսպիսով, նա էապես խախտել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածը:
բ) Ենթադրյալ ընթացակարգային խախտում Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հետ կապված
71. Դիմումատուները պնդում են, որ Վճռաբեկ դատարանը դադարեցրել է մեղադրյալների դեմ հարուցված քրեական վարույթը վաղեմության ժամկետի ավարտի հիմքով, ուստի վերջիններս մնացել են անպատիժ, որն էլ ցույց է տալիս դատավարության անարդյունավետությունը և ոչ համապատասխան բնույթը: Ըստ նրանց` ակնհայտ է, որ ներքին համակարգն ապահովում է ավելի շուտ բժշկական անձնակազմի, քան հիվանդների պաշտպանությունը: Նրանք մատնանշում են, որ մասնավորապես հարկ եղավ սպասել մինչև 2005 թվականը` դեպքից հինգ տարի անց, որպեսզի վարույթ հարուցվի Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի մեղադրվող բժիշկների դեմ, և դա շնորհիվ Պետական գերագույն խորհրդի: Համալսարանական հանձնաժողովը, որը բաղկացած էր նույն ֆակուլտետում աշխատող բուժանձնազմից, իրոք չեն ցանկացել վարույթ սկսել այդ բժիշկների դեմ: Իրականում, այս հանձնաժողովը արել է ամեն հնարավորը, որպեսզի փակուղի մտցնի հետաքննությունը, առանց որի վերոնշյալ մեղադրայլների դեմ քրեական վարույթն առոչինչ կլիներ:
72. Բացի համալսարական անձնակազմի դեմ հարուցված քրեական վարույթի անարդյունավետությունից, գործն անընդհատ փոխանցվել է մեկ քրեական դատարանից մյուսը: Մինչդեռ, ըստ դիմումատուների, չկար որևէ ռացիոնալ հիմք գործը հետաձգելու կամ փոխանցելու համար:
գ) Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտում դեռ չծնված երեխայի մահվան հետ կապված
73. Դիմումատուներն ասում են, որ հանգուցյալի դեռ չծնված երեխան մահացել էր 2000թ. մարտի 11-ին: Նրանք հիմնվում են տարբեր բժիշկների և մանկաբարձուհիների վկայությունների վրա, համաձայն որոնց նա մահացել էր առողջապահական համակարգի թերության արդյունքում, որի պատճառով չեն հայտնաբերվել երեխայի հնարավոր խնդիրները: Ըստ նրանց` Կառավարությունը պատասխանատու է երեխայի մահվան համար, քանի որ նրա մորը ճիշտ ժամանակին չի տրամադրել նրա վիճակից բխող անհրաժեշտ խնամքը կամ բուժօգնությունը: Թեև մինչև ծնվելը մահացած երեխան չի համարվում առանձին լիիրավ անձ ըստ ներպետական քրեական օրենքի, այլ երկրներում, ինչպիսին մասնավորապես Միացյալ նահագներն են, չծնված մահացած երեխան քրեական իրավունքի տեսանկյունից առանձին լիիրավ անձ է համարվում:
74. Ինչ վերաբերում է մինչև ծնվելը մահացած երեխայի մասով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտմանը, դիմումատուները պնդում են, որ չի կատարվել ոչ մի ուսումնասիրություն երեխայի մահվան պահը հաստատելու համար: Այս մահվան հետ կապված նրանց դիմումները ոչ մի կերպ հաշվի չեն առնվել ներպետական մարմինների կողմից: Դիմումատուներն այս առումով նրանց մեղադրում են այն գործելակերպի համար, որի դեպքում կարծես թե երեխան գոյություն չի ունեցել: Մինչդեռ, նրանք պնդում են, որ դեռ չծնված մահացած երեխան ըստ քաղաքացիական իրավունքի հանդիսանում է լիիրավ անձ, ուստի պետական մարմինները պետք է հետաքննություն սկսեին նրա մահվան պահը և պատճառները պարզելու համար: Այս կապակցությամբ նրանք հղում են կատարում Կալվելին և Սիլիոն ընդդեմ Իտալիայի [Calvelli et Ciglio c. Italie] ([ՄՊ], no 32967/96, § 49, ՄԻԵԴ 2002‑I) և Օյներյլդզն ընդդեմ Թուրքիայի [Öneryıldız c. Turquie] ([ՄՊ], no 48939/99, ՄԻԵԴ 2004‑XII) գործերին:
75. Բացի այդ, ըստ դիմումատուների, թուրքական քրեական օրենքը չի պարունակում որևէ դրույթ, որը, բացառությամբ դիտավորյալ վիժման դեպքերի, թույլ կտար վարույթ սկսել դեռևս չծնված երեխայի մահվան դեպքում: Սակայն քաղաքացիական իրավունքի տեսանկյունից դեռ չծնված երեխան օգտվում է իրավունքներից մոր արգանդում լինելու պահից` կենդանի ծնվելու պայմանով: Այս կապակցությամբ դիմումատուները պնդում են, որ ներպետական իրավունքի ներկա համակարգն այս բնագավառում շատ հեռու է միջազգային չափանիշներից, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մոտեցումից:
2. Կառավարության փաստարկները
76. Կառավարությունը պնդում է որ գործի փաստերը և ներգրավված պատասխանատվության հարցերն անկախ կերպով ուսումնասիրվել են տարբեր դատական իրավասու մարմինների կողմից բազմաթիվ գիտական զեկույցների հիման վրա և բոլոր մակարդակներում, հետևաբար, պատասխանատուները կստանային անհրաժեշտ պատիժը գործող օրենսդրական դրույթների համաձայն: 77. Ինչ վերաբերում է հոսպիտալացման ծախսերին, նա ճշգրտում է, որ շտապ օգնության ծառայություններ ներկայացած հիվանդները չպետք է կանխավճարի տեսքով վճարեն հոսպիտալացման ծախսերը, եթե նույնիսկ նրանք սոցիալական ապահովագրություն չունեն: Բացատրվում է, որ տրամադրած անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո հիվանդները պետք է վճարեն հիվանդանոցային ծախսերի համար, եթե նրանք սոցիալական ապահովագրություն չունեն: Սակայն, եթե հիվանդն ոչ սոցիալական ապահովագրություն ունի, ոչ էլ հոսպիտալացման ծախսերը վճարելու հնարավորություն, նա, ըստ Կառավարության, պետք է ներկայացներ օգնության ֆոնդերի կողմից տրամադրված աղքատության տեղեկանք հիվանդանոցային ծախսերից ազատվելու համար:
78. Ինչ վերաբերում է դեռ չծնված երեխայի իրավական կարգավիճակին, Կառավարությունը նշում է, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի, իրավական կարգավիճակ է շնորհվում կենդանի և կենսունակ ծնված երեխային:
3. Դատարանի գնահատականը Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) կյանքի իրավունքի հետ կապված
ա) Ընդհանուր սկզբունքներ
79. Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի առաջին նախադասությունը Պետությանը պարտավորեցնում է ոչ միայն զերծ մնալ կանխամտածված և անօրինական մահ պատճառելուց, այլև ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու համար: Այս սկզբունքները վերաբերում են նաև հանրային առողջության բնագավառին (տե´ս, ի թիվս այլոց, Փոուելն ընդդեմ Մեծ Բրիտանիայի [Powell c. Royaume-Uni]( որոշում), no 45305/99, ՄԻԵԴ 2000‑V), և վերը նշվածԿալվելի և Սիլիո [Calvelli et Ciglio] ՄՊ], § 48): Իրականում, չի կարելի բացառել, որ հանրային առողջության քաղաքականության շրջանակներում պետության գործողությունները և անգործությունը, կարող է որոշ հանգամանքներում առաջացնել վերջինիս պատասխանատվությունը 2-րդ հոդվածի բովանդակայի մասի տեսանկյունից ( Փոուել [Powell], վերը նշված որոշում):
80. Այնուամենայնիվ, այն դեպքում, երբ անդամ պետությունը կատարել է այն, ինչ անհրաժեշտ է առողջապահության բնագավառի աշխատողների ունակությունների բարձր մակարդակ ապահովելու և հիվանդների կյանքի պաշտպանությունն երաշխավորելու համար, կարելի է միայն ենթադրել, որ հարցերը, որոնք վերաբերում են հիվանդի բուժման հետ կապված առողջապահության բնագավառի մասնագետի կողմից սխալ գնահատականին և մասնագետների միջև գործողությունների վատ համակարգմանը, ինքնին բավարար են, որպեսզի ստիպեն անդամ պետությանը հաշվետու լինել Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված կյանքի իրավունքի պաշտպանության դրական պարտավորությունների առումով (նույն տեղում ):
81. Այնուհետև Դատարանը հիշեցնում է նաև, որ Կոնվենցիայի 2-րդ հոդվածից բխող Պետության դրական պարտավորությունները ներառում են թե´ մասնավոր, թե´ հանրային հիվանդանոցների համար կարգավորող դաշտի ներդնում, հիվանդների կյանքի պաշտպանության համար համապատասխան միջոցառումների կատարում: Դրական պարտավորությունները ներառում են նաև արդյունավետ և անկախ դատական համակարգի ստեղծում, որը թույլ կտա պարզել թե´ մասնավոր, թե´ հանրային համակարգերում աշխատող առողջապահության բնագավառի մասնագետների պատասխանատվության ներքո գտնվող անձի մահվան պատճառը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կստիպի մասնագետներին պատասխան տալ իրենց գործողությունների համար (տե´ս, մասնավորապես վերը նշված Կալվելի և Սիլիո [ Calvelli et Ciglio] գործը, կետ 49):
82. Այս համատեստքն ենթադրում է գործողությունների արագության և ողջամիտ իրականացման պահանջ: Իսկապես, կարճ ժամկետներում նման գործերի հետաքննումը կարևոր է բոլոր առողջապահական ծառայությունների շահառուների անվտանգության համար (Բիրժիկովսկին ընդդեմ Լեհաստանի [Byrzykowski c. Pologne], no 11562/05, § 117, 27 հունիսի 2006թ.): Կոնվենցիայի 2-րդ հոդվածով նախատեսված Պետության պարտավորության պայմանը չի բավարարվել, եթե ներպետական իրավունքում նախատեսված պաշտպանության մեխանիզմները գոյություն ունեն միայն տեսականորեն: Անհրաժեշտ է հատկապես, որ դրանք արդյունավետորեն գործեն գործնականում, որն ենթադրում է արագ և առանց անհարկի ձգձգումների գործի քննություն (Շիլիհն ընդդեմ Սլովենիայի [Šilih c. Slovénie] [ՄՊ], no 71463/01, § 195, 9 ապրիլի 2009թ.):
83. Բացի այդ, եթե նույնիսկ որպես այդպիսին Կոնվենցիան չի երաշխավորում երրորդ անձանց նկատմամբ քրեական վարույթի սկսում, Դատարանը բազմիցս հայտարարել է, որ 2-րդ հոդվածով պահանջվող արդյունավետ դատական համակարգը կարող է և որոշ հանգամանքներում պետք է ներառի քրեական հետապնդման մեխանիզմ (վերը նշված Կալվելի և Սիլիո, կետ 51): Այնուամենայնիվ, եթե կյանքի իրավունքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի խախտումը միտումնավոր չի եղել, 2-րդ հոդվածից բխող արդյունավետ դատական համակարգի ներդրման դրական պարտավորությունը բոլոր դեպքերում պարտադիր կերպով չի պահանջում քրեական բնույթի միջոցառման իրականացում: Բժշկական անփութությունների հատուկ համատեքստում նման պարտավորությունը կատարված կարելի է համարել նաև, օրինակ, եթե տվյալ դատական համակարգը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին դիմել քաղաքացիական դատարան` առանձին կերպով կամ միաժամանակ դիմելով քրեական դատարան տվյալ բժիշկների պատասխանատվությունը հաստատելու համար, և անհրաժեշտության դեպքում, ստանալ քաղաքացիական համապատասխան պատժամիջոցի կիրառում, ինչպիսին պատճառված վնասների փոխհատուցումն է և վճռի հրապարակումը: Կարող են նաև նախատեսվել կարգապահական միջոցառումներ: (նույն տեղում, կետ 51):.
բ) Գործում այս սկզբունքների կիրառումը
1) Բովանդակային առումով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ենթադրյալ խախտման մասին
84. Այս գործում դիմումատուները չեն պնդում որ տիկին Շենթյուրքի (Şentürk) մահը կանխամտացված է եղել: Նրանք, այնուամենայնիվ, պնդում են, որ փաստերը, որոնցում մեղադրվում են ներգրավված բժիշկները չպետք է որակվեին որպես հասարակ անփութություն, այլ պետք է համարվեին որպես սպանության կազմ: 2-րդ հոդվածի բովանդակային առումով նրանք պնդում են, որ բուժանձնակազմը չի կատարել իր մասնագիտական պարտավորությունները ոչ միայն վերագրվող կոպիտ անփութության պատճառով, այլ նաև հանգուցյալի և իր ամուսնու անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով բուժօգնություն չի տրամադրվել տիկին Շենթյուրքին (Şentürk) (վերը նշված 68-70 կետեր) ;.
85. Դատարանն ի սկզվանե նշում է, որ դիմումատուների կողմից ներկայացված փաստերը զգալիորեն տարբերվում են Դատարանի կողմից ուսումնասիրված վերը նշված գործերի փաստական հանգամանքներից (վերը նշված 79-83 կետեր): Հետևաբար, այն գտնում է, որ այս գործի համատեքստից զգալիորեն տարբեր համատեքստում ձևակերպված և վերոնշյալ նախադեպում մշակված չափանիշները և սկզբունքները չեն կարող, որպես այդպիսին, կիրառվել այս գործում, սակայն կարող են այն ուղղորդել գործի փաստական հանգամանքների գնահատման ժամանակ:
86. Նախևառաջ, Դատարանն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ ներպետական իրավունքի մեկնաբանումը, մասնավորապես ենթադրյալ իրավախախտումների քրեականացումը, ներպետական դատարանների բացառիկ իրավասությունն է (տե´ս, Պրադո Բուգալլան ընդդեմ Իսպանիայի [Prado Bugalla c. Espagne] (որոշում), no 21218/09, 18 հոկտեմբերի 2011թ.): Վերջապես, այս գործի հանգամանքներում, Դատարանը նշում է, դիմումատուների կողմից մեղադրվող բուժանձնակազմի մի մասի վարքագիծն որակվել էր որպես ուրիշի կյանքին ոչ միտումնավոր վնասի պատճառում, ինչպես նախատեսված է քրեական օրենսգրքի 455-րդ հոդվածում (վերը նշված 30-րդ, 49-րդ և 57-րդ կետեր):
87. Այնուհետև, Դատարանը նշում է, որ հերթական անփութությունները, որոնցից տուժել էր դիմումատուների կինը և մայրը, ինչպես նաև կնոջը զննած բուժանձնակազմի որոշ անդամների անտեղյակությունն արձանագրվել էին հետաքննչական և փորձագիտական զեկույցներում: Դատարանը նշում է նաև, որ գործում ներգրավված բուժանձնակազմի պատասխանատվությունը հստակորեն հաստատվել էր այս զեկույցներում ( վերը նշված 16-րդ, 17-րդ և 45-րդ կետեր): Ինչպես նաև Պետական գերագույն խորհուրդը, որին դիմել էին Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի բժիշկների նկատմամբ վարույթ հարուցելու համար, համարել էր, որ վերջիններիս վարքագիծը քրեական դատապարտման ենթակա է և պահանջել էր նրանց նկատմամբ վարույթ հարուցել (վերը նշված 28-րդ կետ): Եվ վերջապես, այս մահվան համար մեղադրվող բուժանձնակազմի մի մասի պատասխանատվությունը հաստատվել էր քրեական դատարանի առաջին ատյանի կողմից (վերը նշված 57-րդ կետ):
88.Այս կապակցությամբ Դատարանը հիշեցնում է, որ մեկ հարց կարող է ծագել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից, եթե ապացուցվում է, որ անդամ պետության պատկան մարմինները վտանգել են անձի կյանքը` հրաժարվելով նրան բուժօգնություն տրամադրել, մի ծառայություն, որը նրանք պարտավորվել են ապահովել ողջ բնակչության համար (Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի [Chypre c. Turquie] [ՄՊ], no 25781/94, § 219, ՄԻԵԴ 2001‑IV, և Նիտեցկին ընդդեմ Լեհաստանի [Nitecki c. Pologne ](որոշում), no 65653/01, 21մարտի, 2002թ.):
89. Այս գործի փաստական հանգամանքներում Դատարանը պետք է պարզի, թե արդյոք ներպետական մարմինները կատարել են այն, ինչ կարելի էր ողջամտորեն ակնկալել նրանցից և մասնավորապես, թե արդյոք նրանք ընդհանուր առմամբ բավարարել են հիվանդի ֆիզիկական անձեռնմխելիությունը պաշտպանելու պարտավորությունը, մասնավորապես համապատասխան բուժօգնության տրամադրումը: Դրա համար Դատարանը կարևորում է գործում նշված իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք հանգեցրել են հանգուցյալի ողբերգական մահվանը, ինչպես նաև կարևորում է նրա վերաբերյալ առկա բժշկական տվյալները: Բացի այդ Դատարանը համարում է, որ տարբերակում պետք է արվի մինչև Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց ժամանելը ստացած բուժօգնության և այդ հիվանդանոց ժամանելուց սկսած իրադարձությունների միջև:
90. Իրականում, ներքին մակարդակում կատարված հետաքննությունը թույլ է տվել հաստատել, որ տիկին Շենթյուրքը (Şentürk) մահացել է ոչ միայն առողջապահության ոլորտի մասնագետների սխալ գնահատման արդյունքում, մասնավորապես միչև Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց գալը, այլ նաև հիվանդանոցային ծախսերը նախապես չվճարելու պատճառով բուժօգնություն չցուցաբերելու արդյունքում (վերը նշված 16-րդ, 17-րդ, 45-րդ և 57-րդ կետեր):
91. Այս առումով Դատարանը նշում է, որ, հաշվի առնելով գործի մանրամասները, և մասնավորապես Առողջապահության նախարարության 2000թ. նոյեմբերի 24-ի հետաքննչական զեկույցում արձանագրությունները, հաստատվել էր, որ Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի բժիշկները առաջացրել էին իրենց հիվանդի մահը` առանց բուժօգնություն ցույց տալու նրան տեղափոխելով, և չէին կատարել իրենց մասնագիտական պարտականությունները, քանի որ մտահոգվել են բժշկական միջամտության համար ծախսերի վճարմամբ (վերը նշված 17-րդ կետ):
92. Ինչպես նաև Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի մանկաբարձության բաժանմունքի հերթապահ բժիշկներ Տ.Կ.-ը (T.K.), Հ.Վ.-ը (H.V.), Ս.Ա.-ը (S.A.) և Օ.Օ-ը (Ö.Ö.) փորձագիտական հանձնաժողովի կողմից առաջին դիմումատուի կնոջ մահվան համար պատասխանատու են ճանաչվել 4/8 չափով, քանի որ «տեղափոխել են նրան սոցիալական համակարգի նպաստառուների հիվանդանոց, քանի որ նա գումար չուներ, մինչդեռ նրա վիճակն անհամատեղելի էր նման տեղափոխման հետ» (վերը նշված 45-րդ կետ):
93. Բացի այդ, Դատարանը նշում է, որ համաձայն 2008թ. մարտի 18-ին քրեական դատարանի կայացրած որոշման հիմնավորման, որն արձանագրում է, որ ուսումնասիրելով գործի հանգամանքները, առաջին դիմումատուն և իր կինը հրաժարվել են հիվանդոցի բժիշկների կողմից խորհուրդ տրվող հոսպիտալացումից «ֆինանսական միջոցների բացակայության պատճառով» (վերը նշված 57-րդ կետ):
94. Եվ վերջապես, դատարանը նշում է 2004թ. հունվարի 23-ի եզրակացությունները, որոնք կայացվել էին հետաքննող հանձնաժողովի կողմից, որին դիմել էին այդ հիվանդանոցի բուժանձնակազմի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու նպատակահարմարության հարցով, եզրակացություններ, համաձայն որոնց գործը թույլ չի տվել սահմանել, թե ինչ պետք էր անել հոսպիտալացում պահանջող բժշկական հրատապ իրավիճակում, երբ համապատասխան հիվանդանոցային ծախսերը չեն վճարվել (վերը նշված 23-րդ կետ):
95. Համաձայն Կառավարության` հրատապ բուժօգնությունը տրամադրվում է առանց նախապես վճարելու պահանջի (վերը նշված 77-րդ կետ): Այս առումով Դատարանը նպատակահարմար է գտնում հստակեցնել, որ նա պարտավոր չէ որևէ կերպ վերացական կարգով կարծիք արտահայտել պետության հանրային առողջության քաղաքականության վերաբերյալ դեպքի ժամանակ բուժօգնության հասանելիության առումով: Իրականում բավական է նշել, որ մահվան հանգամանքների վերաբերյալ ներպետական ատյանների կողմից կայացրած արձանագրությունների հիման նրա Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի բուժօգնության տրամադրումը կախված էր նախնական ֆինանսական մասնակցության պահանջից: Այս պահանջի տարհամոզիչ բնույթը հանգեցրել է նրան, որ հիվանդը հրաժարվել է օգտվել այդ հիվանդանոցի բուժօգնությունից: Սակայն, հաշվի առնելով 2000թ. նոյեմբերի 24-ի հետաքննչական զեկույցի մանրամասները (վերը նշված 17-րդ կետ) և ներառված տարբեր վկայությունները, մասնավորապես Ս.Ա.Ա.-ի (S.A.A.) և հիվանդի տեղափոխումն իրականացրած շտապ օգնության մեքենայի վարորդի վկայությունները (վերը նշված 17-րդ կետ), Դատարանը համարում է, որ այս հրաժարումը չի կարող որևէ կերպ համարվել հստակորեն գիտակցված և չի կարող ներպետական ատյաններին ազատել հանգուցյալին ցուցաբերվելիք բուժօգնության մասով իրենց պատասխանատվությունից:
96. Իրապես, Դատարանն ընդգծում է, որ որևէ կասկած չի եղել այն մասին, որ հիվանդի վիճակը շատ լուրջ է եղել հիվանդանոց ժամանալու պահին, ոչ էլ, որ անհրաժեշտ էր կատարել բժշկական անհապաղ միջամտություն, որի բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կարող էր առաջացնել չափազանց լուրջ հետևանքներ: Առանց շահարկելու տիկին Շենթյուրքի (Şentürk) կենդանի մնալու հնարավորությունները Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի կողմից բուժօգնություն ստանալու դեպքում, Դատարանը նշում է, որ այդ հիվանդանոցի բուժանձնակազմը լիովին գիտակցել է մեկ այլ հիվանդանոց տեղափոխման հետ կապված հիվանդի կյանքին սպառնացող վտանգը (վերը նշված 17-րդ կետ): Բացի այդ, պարզվում է, որ գործի մանրամասները թույլ չեն տվել այս անձնակազմի դեմ վարույթ հարուցումը մերժած հանձնաժողովին պարզել, թե ինչ պետք է արվեր բժշկական հրատապ իրավիճակներում, երբ նախատեսված ծախսերը հնարավոր չէր վճարել (վերը նշված 23-րդ և 94-րդ կետեր): Ներպետական իրավունքն այս առումով չի կարողացել կանխել բուժօգնության չտրամադրումը, որը պահանջվում էր հանգուցյալի վիճակից ելնելով:
97. Այսպես, զոհ գնալով առողջապահական ծառայությունների ակնհայտ վատ գործունեությանը, հիվանդը զրկված է եղել համապատասխասն շտապ օգնության հասանելիության հնարավորությունից: Սա բավարար է, որ Դատարանը համարի, որ Պետությունը չի կատարել իր պարտավորությունը ֆիզիկական անձեռնմխելիության պաշտպանության ուղղությամբ: Ուստի, Դատարանը եզրակացնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային խախտում:
2) Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային առումով ենթադրյալ խախտման մասին
98. Դատարանն ընդգծում է նաև, որ դիմումատուների գանգատները վերաբերում են նաև այն փաստին, որ քրեական դատարանի առաջին ատյանի կողմից գործում ներգրավված և տիկին Շենթյուրքի (Şentürk) մահվան համար մեղավոր ճանաչված բժիշները և մանկաբարձուհիները քրեապես չեն դատապարտվել, քանի որ վարույթը դադարեցվել է վաղեմության ժամկետի ավարտի հիմքով (վերը նշված 71-րդ կետ): Այս կապակցությամբ Դատարանը նշում է, որ, հաշվի առնելով գործի մանրամասները, մահվան պատասխանատուները վերջնականապես չեն դատապարտվել հանցանքի վաղեմության ժամկետի ավարտի հետ կապված:
99. Հաշվի առնելով կողմերի ներկայացված տեղեկություններ` Դատարանը, որ շահագրգիռ կողմը դիմել էր միայն քրեական դատարան` բողոքելով, որ բժիշկները և մանկաբարձուհիները չեն կատարել հանգուցյալին բուժօգնություն ցուցաբերելու հետ կապված իրենց պաշտոնեական պարտականությունները: Դատարանը պետք է այսպիսով ուսումնասիրի այն հարցը, թե արդյոք դիմումատուների կողմից քրեական դատարան բողոք ներկայացնելուց հետո պետական մարմինները բավարարել են 2-րդ հոդվածի ընթացակարգային մասից բխող արագության, արդյունավետության և ողջամիտ իրականացման պահանջները (համանման մոտեցման համար, տե´ս, Եուժենիա Լազարն ընդդեմ Ռումինիայի [Eugenia Lazăr c. Roumanie], no 32146/05, § 72, 16 փետրվարի 2010թ.):
100. Այս առումով Դատարանը նշում է, որ վարույթի հարուցման նախնական թույլատրման վարչական փուլը, որն անհրաժեշտ էր գործում ներգրավված բժիշկներ Տ.Կ.-ի (T.K.), Հ.Վ.-ի (H.V.), Ս.Ա.-ի (S.A.) և Օ.Օ.-ի (Ö.Ö.) դեմ քրեական վարույթ հարուցելու համար, տևել էր մոտ երեք տարի մինչև որ Պետական գերագույն խորհուրդը, այս հարցի վերաբերյալ հետաքննող հանձնաժողովի պարբերական մերժմանը հակառակ, որոշեց գործն ուղղակիորեն ուղարկել դատախազություն քրեական վարույթ հարուցելու համար ( վերը նշված 28-րդ կետ): Դատարանն այնուհետև նշում է, որ 2010թ. հոկտեմբերի 7-ին վաղեմության ժամկետի ավարտի հիմքով դադարեցվել են մեղադրվող բուժանձնակազմի դեմ հարուցված վարույթը, բացի Գ.Ե.-ի (G.E.) դեպքի, որի արդարացումը հաստատվել է ավելի, քան ինը տարի տևած դատավարությունից հետո:
101. Դատարանը հիշեցնում է, որ եթե հնարավոր է, որ կոնկրետ իրավիճակներում որոշակի խոչընդոտներ կամ դժվարություններ խանգարեն նախաքննության ընթացքին, ապա փաստը մնում է փաստ, որ պետական մարմինների արագ արձագանքը շատ կարևոր է պահպանելու համար հանրության վստահությունը և օրենքի գերակայության սկզբունքին վերջինիս հարումը, և ապօրինի գործողությունները կամ ամենաթողությունը հանդուրժելու ցանկացած ձևը կանխելու համար (վերը նշված Շիլիհ [Šilih] գործի 196-րդ կետ): Այս գործում Դատարանը չի կարող չնշել, որ վիճարկվող դատավարության տևողությունը nրևէ կերպ չի բավարարում արագ հետաքննության և գործի անհարկի չձգձգման պահանջը (տե´ս, նմանատիպ եզրակացության համար վերը նշված Եուժենիա Լազար [Eugenia Lazăr] գործի 75-րդ կետը):
102. Բացի այդ, Դատարանը նշում է, որ ի սկզբանե քրեական դատավարությունը կարծես թե ընթացել է բացթողմամբ, այսինքն` քրեական վարույթ չի հարուցվել Ս.Օ.-ի (S.Ö.) դեմ և որ այս իրադրությունը շարունակվել է մինչև 2008թ., երբ գործի կարճման որոշում է կայացվել ( վերը նշված 24-րդ, 53-54-րդ և 61-63-րդ կետեր):
103. Իհարկե, Դատարանն արդեն առիթ է ունեցել ասելու, որ բժշկական անփութության արդյունքում պատճառված մահվան վարկածի դեպքում, թուրքական դատական համակարգը նախատեսում է մի կողմից քրեական վարույթի հարուցում, իսկ մյուս կողմից հնարավորություն է տալիս տուժող կողմին հայց ներկայացնել համապատասխան քաղաքացիական դատարան, ինչպես նաև հնարավոր է ձեռնարկել կարգապահական պատիժներ, քաղաքացիական պատասխանատվության հաստատման դեպքում: Այսպիսով, Դատարանն եզրակացրել է, որ թուրքական դատական համակարգը վիճող կողմերին տրանադրում է միջոցներ, որոնք տեսականորեն համապատասխանում են Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային մասի պահանջներին ( վերը նշված Սեվին Գյունգյոր [Sevim Güngör], Ալիյե Պակը և Հաբիպ Պակն ընդդեմ Թուրքիայի [ Aliye Pak et Habip Pak c. Turquie] (որոշում), no 39855/02, 22 հունվարի, 2008թ. և Սերապ Ալհանն ընդդեմ Թուրքիյաի [ Serap Alhan c. Turquie] (որոշում.), no 8163/07, 14 սեպտեմբերի 2010թ.):
104. Այս գործում Դատարանն ոչ մի պատճառ չի տեսնում վերանայելու այս բացահայտումները, որոնք դեռևս ուժի մեջ են սույն գործի համատեքստում, երբ ներգրավված են բժշկական տարբեր սխալներ և անփութության դեպքեր, որոնց զոհ է դարձել հանգուցյալը մինչև Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոց ժամանելը: Այնուամենայնիվ, Դատարանը հիշեցնում է, որ համարում է, որ, հաշվի առնելով ներպետական մարմինների կողմից իրականացված հետաքննությունների արդյունքները, սույն գործի հանգամանքներում հիվանդանոցի բուժանձնակազմին վերագրվող սխալը դուրս է հասարակ սխալի կամ անփութության սահմաններից այնքանով, որքանով այնտեղ աշխատող բժիշկները, քաջ գիտակցելով իրավիճակի ծանրությունը և խախտելով իրենց մասնագիտական պարտականությունները, չեն ձեռնարկել անհրաժեշտ հրատապ միջոցառումներն իրենց հիվանդի կյանքը պահպանելու համար:
105. Սակայն այն հիշեցնում է, որ այլ անձանց կյանքին վնաս պատճառելու համար պատասխանատու անձանց դեմ մեղադրանքի առաջադրման և քրեական վարույթի բացակայությունը կարող է հանգեցնել 2-րդ հոդվածի խախտման, եթե նրանց նախաձեռնությամբ պաշտպանության ցանկացած այլ միջոց չի ընտրվել (տե´ս, համապատասխան փոփոխություններով, վերը նշված Օյներյլդզ [Öneryıldız], 93-րդ կետ, ՄԻԵԴ 2004‑XII և Կալենդերն ընդդեմ Թուրքիայի [Kalender c. Turquie], no 4314/02, § 52, 15 դեկտեմբերի, 2009թ.): Այն համարում է, որ նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ հիվանդանոցում հիվանդի համար բացակայում է բուժօգնությունը, քանի որ դա արդեն վտանգում է հիվանդի կյանքը:
106. Հաշվի առնելով տվյալ քրեական դատավարության թերությունների վերաբերյալ եզրակացությունները և հիմնվելով դրանց վրա (վերը նշված 100-102-րդ կետեր)` Դատարանն եզրակացնում է այս գործի առնչությամբ, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-դ հոդվածի խախտում ընթացակարգային առումով:
4. Դատարանի գնահատականը սաղմի կյանքի իրավունքի վերաբերյալ
107. Դատարանը հիշեցնում է, որ Վոն ընդդեմ Ֆրանսիայի [Vo c. France]([ՄՊ], no 53924/00, § 82, ՄԻԵԴ 2004‑VIII) գործով վճռում Մեծ պալատը համարել է, որ կյանքի սկզբի վերաբերյալ գիտական և իրավական սահմանման շուրջ եվրոպական փոխհամաձայնության բացակայության պայմաններում, կյանքի իրավունքի սկզբի սահմանումը ենթարկվում է հայեցողության շրջանակին, որը Դատարանն ընդհանուր առմամբ համարում է, որ պետք է այս բնագավառում տրվի պետություններին: Այսպիսով, Մեծ պալատը համարել է, որ « այժմ ոչ ցանկալի է, ոչ էլ նույնիսկ հնարավոր է վերացապես պատասխանել այն հարցին, թե արդյոք չծնված երեխան առանձին լիիրավ «անձ» է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի տեսանկյունից» (նույն տեղում, § 85).
108. Այդ ժամանակից ի վեր Մեծ պալատն առիթ է ունեցել վերահաստատել այս սկզբունքի կարևորությունը Ա, Բ, և Գ-ն ընդդեմ Իռլանդիայի [ A, B et C c. Irland]e ([ՄՊ], no 25579/05, § 237, ՄԻԵԴ 2010) գործում, որի ժամանակ նա հիշեցրել է, որ սաղմի և ապագա մոր անունից պահանջվող իրավունքներն բարդ կերպով կապված են (տե´ս, այս առումով, Կոնվենցիայից բխող նախադեպային իրավունքի վերլուծությունը, որը ներկայացված է վերը նշված Վո [Vo] գործով վճտի 75-80 կետերում):
109. Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները` Դատարանն ոչ մի պատճառ չի տեսնում հեռանալու այսպես ընդունված մոտեցումից և համարում է, որ կարիք չկա ուսումնասիրել այն հարցը, թե արդյոք դիմումատուների կողմից շարադրված գանգատն ենթարկվում է, թե ոչ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի կիրառման դաշտին: Այն համարում է, որ իրականում տվյալ սաղմի կյանքը ի սկզբանե կապված էր տիկին Շենթյուրքի հետ: Մինչդեռ այս հանգամանքը դիտարկվել էր հանգուցյալ կյանքի իրավունքի խախտման տեսանկյունից (վերը նշված 87-97-րդ կետեր): Հիմնվելով վերոնշյալի վրա` Դատարանը համարում է, որ այս առումով դիմումատուների գանգատն առանձին ուսումնասիրություն չի պահանջվում:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ, 7-ՐԴ, 13-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
110. Վկայակոչելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը` դիմումատուները պնդում են, որ բարոյապես տուժել են իրենց կնոջ և մոր մահվան արդյունքում և ընդգծում են հանգուցյալի տառապանքներն այն ողջ ժամանակահատվածում, որի ընթացքում նա բուժօգնություն չէր ստացել: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի տեսանկյունից նրանք բողոքում են նաև դատավարության չափազանց երկար տևողությունից և քրեական դատարանի կողմից կայացված վճռի շահադրդման բացակայությունից: Հիմնվելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վրա` դիմումատուները բողոքում են համանման դեպքերում առողջապահական և իրավական համակարգի անարդյունավետությունից: Այս առումով, նրան պնդում են, որ իրենց հարկ եղավ սպասել հինգ տարի մինչև տրվեց Էգեյան համալսարանի բժշկական ֆակուլտետի հիվանդանոցի բժիշկների դեմ վարույթի հարուցման համար անհրաժեշտ վարչական թուլատրությունը: Նրանք նաև ընդգծում են իրավունքների պաշտպանության ներքին միջոցների բացակայությունը, որը թույլ կտար փոխհատուցում ձեռքբերել դատավարական գործընթացների չափազանց երկար տևողությունից բխող վնասների դիմաց:
Ի վերջո, դիմումատուները պնդում են, որ քրեական դատարաններն առաջին ատյանի մակարդակում չեն անդրադարձել վնասների փոխհատուցման իրենց հայցերին և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի տեսնակյունից ընդգծում են, որ վարույթի վաղեմության ժամկետը կարող էր նրանց զրկել պատճառված վնասների համար հայց ներկայացնելու հնարավորությունից:
111. Հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտումը (վերը նշված 97-րդ և 106-րդ կետեր)` Դատարանը համարում է, որ ուսումնասիրել է սույն գանգատով առաջ քաշված իրավական հարցը: Հաշվի առնելով գործի բոլոր փաստերը և կողմերի փաստարկները` Դատարանն անհրաժեշտ չի համարում առանձին կերպով ուսումնասիրել Կոնվենցիայի 3-րդ, 6-րդ և 13-րդ հոդվածների և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առումով ներկայացված գանգատները ( տե´ս, նմանատիպ մոտեցման համար Կամիլ Ուզունն ընդդեմ Թուրքիայի [ Kamil Uzun c. Turquie], no 37410/97, § 64, 10 մայիսի 2007թ.):
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
112. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի դրույթներին համաձայն`
« Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա) Վնասը
113. Առաջին դիմումատուն` Մեհմետ Շենթյուրքը (Mehmet Şentürk), պահանջում է 542,20 եվրո (EUR) կրած նյութական վնասի համար և որպես ապացույց է ներկայացնում կնոջ մահվան արդյունքում ֆինանսական աջակցության կորստի վերաբերյալ տեղեկանք, ուր կորուստը գնահատվել էր 172,35 թուրքական լիրայի չափով: Նա պահանջում է նաև 100 000 եվրո (EUR) պատճառված բարոյական վնասի դիմաց, իսկ Բեկիր Շենթյուրքը (Bekir Şentürk) նույն հիմքով պահանջում է 200 000 եվրո (EUR):
114. Կառավարությունը վիճարկում է այս պահանջները: Ինչ վերաբերում է նյութական վնասի դիմաց պահանջվող գումարին, Կառավարությունը պնդում է, որ այն հիմնավորված չէ, ուստի, ըստ իրեն, պարզ չէ, թե ինչ կոնկրետ չափանիշ է ընդունվել ենթադրյալ կորուստը հաշվարկելու համար:
115. Դատարանը հիշեցնում է, որ կարող է ակնհայտ պատճառահետևանքային կապ լինել ենթադրյալ վնասի և Կոնվենցիայի խախտման միջև, և որ արդարացի բավարարումը կարող է տվյալ դեպքում ներառել նաև ֆինանսական աջակցության կորստի փոխհատուցում (տե´ս, ի թիվս այլոց, Կավակն ընդդեմ Թուրքիայի [Kavak c. Turquie], no 53489/99, § 109, 6 հուլիսի 2006թ.): Այս գործում, Դատարանաը համարում է ( վերը նշված 97-րդ կետ), որ ներպետական մարմինները պատասխանատու են տիկին Շենթյուրքի (Şentürk) կյանքը չպահպանելու համար`համաձայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի: Այնուամենայնիվ, այն ընդգծում է, որ դիմումատուի կողմից ներկայացված հաշվարկը հաստատում է, որ հանգուցյալն իր սեփական միջոցները չի ունեցել: Այս հանգամանքներում Դատարանը համարում է, որ ենթադրյալ նյութական վնասը բավարար կերպով հիմնավորված չի: Ուստի, նա մերժում է դիմումատուի այս պահանջը: 116. Դատարանը նաև համարում է, որ պետք է երկու դիմումատուներին միասին վճարել 65000 եվրո (EUR)` որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում:
Բ) Ծախսեր և ծախսեր
117. Դիմումատուները պահանջում են նաև 1 931, 25 եվրո (EUR) ներպետական դատարաններում կատարված ծախսերի և ծախքերի դիմաց, ինչպես նաև 11 562, 50 եվրո (EUR) Դատարան հայց ներկայացնելու համար ծախսերի և փաստաբանի ծառայությունների դիմաց հոնորարի համար: Որպես ապացույց նրանք ներկայացնում են փաստաբանի կողմից կատարված աշխատանքի ժամային հաշվարկի տեղեկանք, ինչպես նաև վճարման կտրոններ:
118. Կառավարությունը վիճարկում է այս պահանջըները:
119. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` դիմումատուն ծախսերի և ծախքերի համար կարող է փոխհատուցում ստանալ միայն այն դեպքում, երբ դրանք կատարվել են փաստացիորեն, հաստատված անհրաժեշտությանբ և երբ դրանց ծավալն ողջամիտ է: Այդ գործի հետ կապված` հաշվի առնելով ներկայացված փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը` Դատարանն ողջամիտ է համարում դիմումատուներին միասին հատկացնել 4 000 եվրո (EUR)` հանած Դատարանում գործի քննության համար իրավական աջակցության համար կատարված 850 եվրո:
Գ) Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսներ
120. Դատարանը նպատակահարմար է համարում փոխհատուցումը չվճարելու տոկոսադրույքը հիմնել Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքի վրա, որոնց պետք է գումարվի երեք տոկոս:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է ընդունելի Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հետ կապված Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման մասին գանգատի դիմումը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի բովանդակային խախտում` կապված Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հետ:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում` կապված Մենեկշե Շենթյուրքի (Menekşe Şentürk) մահվան հետ:
4. Վճռում է, որ այլևս անհրաժեշտ չէ առանձին ուսումնասիրել գանգատի մնացյալ մասը:
5. Վճռում է
ա) որ Պատասխանող պետությունը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, վճիռը վերջնական համարվելու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է հաշվարկվեն վճարման օրվա թուրքական լիրային համապատասխան փոխարժեքով`
1) 65 000 եվրո (վաթսունհինգ հազար եվրո) որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում երկու դիմումատուներին միասին, գումարած հնարավոր գանձվելիք հարկերը:
2) 4 000 եվրո (չորս հազար եվրո) ծախսերի և ծախքերի դիմաց մ երկու դիմումատուներին միասին, հանած իրավաբանական աջակցության համար ստացած 850 եվրո (ութ հարյուր հիսուն եվրո), գումարած հնարավոր գանձվելիք հարկերը:
բ) Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո մինչև գումարի վճարումը պետք է վերոնշյալ գումարի վրա պարզ տոկոս վճարվի` պարտականությունը չկատարելու ընթացքում Եվրոպական կենտրոնական բանկի փոխառության տրամադրման ամենացածր տոկոսադրույքին ավելացրած երեք տոկոսի չափով:
6. Մերժում է` դիմողի արդարացի բավարարման պահանջը հավելյալ գումարի մասով:
Կատարված է ֆրանսերեն լեզվով և գրավոր ծանուցվել է 2013 թվականի ապրիլի 9-ին` համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ մասերի:
Սթենլի Նեյսմիթ Գվիդո Ռայմոնդի
(Stanley Naismith) (Guido Raimondi)
Քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2013
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգելերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2013
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2013
Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante : publishing@.
[1]. Kadın Hastalıkları ve Doğum (կանանց հիվանդություններ և ծնունդ)
[2]. Kadın Hastalıkları ve Doğum (կանանց հիվանդություններ և ծնունդ)
Full & Egal Universal Law Academy