© Եվրոպայի խորհուրդ/Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին: Ավելին իմանալու համար ծանոթացեք սույն փաստաթղթի վերջում ներկայացված հեղինակային իրավունքի վերաբերյալ նշումներին:
© Council of Europe/European Court of Human Rights, 2014. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does թիվt bind the Court. For further information see the full copyright indication at the end of this document.
© Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour. Pour plus de renseignements veuillez lire l’indication de copyright/droits d’auteur à la fin du présent document.
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳՈՐԾ
ՄԵՆՆԵՍՈՆՆ ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ
[AFFAIRE MENNESSON c. FRANCE]
(Գանգատ թիվ 65192/11)
ՎՃԻՌ
(ՀԱՏՎԱԾ)
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
Հունիսի 26, 2014թ.
Սույն վճիռը վերջնական կդառնա Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Մեննեսոնն ընդդեմ Ֆրանսիայի (Mennesson v. France) գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (հինգերորդ բաժանմունք), Պալատի հետևյալ կազմով`
Մարկ Վիլիգեր (Mark Villiger), նախագահ,
Դատավորներ`
Անժելիկա Նյուսբերգեր (Angelika Nußberger),
Բոշտյան Մ. Զուպանչիչ (Boštjan M. Zupančič),
Ժաննա Յուդկիվսկա (Ganna Yudkivska),
Վինսենտ Ա. Դե Գայտանո (Vincent A. De Gaetano),
Անդրե Պոտոցկի (André Potocki),
Ալեշ Պեյշալ (Aleš Pejchal),
և Կլաուդիա Վեստերդիկ (Claudia Westerdiek), բաժանմունքի քարտուղար,
2014թ. հունիսի 10-ին տեղի ունեցած դռնփակ խորհրդակցության արդունքում կայացրել է հետևյալ վճիռը, որն ընդունվել է նշված ամսաթվով:
ՎԱՐՈՒՅԹԸ
1. Գործի հիմքում ընկած է Ֆրանսիայի հանրապետության երկու քաղաքացիներ պարոն Դոմինիկ Մեննեսոնի (Dominique Mennesson) (այսուհետ`«առաջին դիմումատու») և տիկին Սիլվի Մեննեսոնի (Sylvie Mennesson) (այսուհետ` «երկրորդ դիմումատու») (այսուհետ` «առաջին դիմումատուներ») և ԱՄՆ քաղաքացիներ օրիորդ Վալենտինա և Ֆիորելլա Մեննեսոնների (այսուհետ` «երրորդ և չորրորդ» դիմումատուներ) Ֆրանսիայի հանրապետության դեմ գանգատը (թիվ 65192/11), որը Դատարան է ներկայացվել 2011թ. հոկտեմբերի 6-ին` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` «Կոնվենցիա») 34-րդ հոդվածի համաձայն:
2. Դիմումատուներին ներկայացնում է պարոն Պատրիս Սպինոզին (Patrice Spinosi)` փաստաբան Պետական խորհրդում և Վճռաբեկ դատարանում: Ֆրանսիայի կառավարությանը (այսուհետ` «Կառավարություն») ներկայացնում է վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ տիկին Էդվիժ Բելիարը (Edwige Belliard)` Արտաքին գործերի նախարարության իրավական գործերի բաժնի տնօրեն:
3. 2012թ. փետրվարի 12-ին Կառավարությունը ծանուցվել է գանգատի մասին, և բաժանմունքի նախագահն որոշել է սույն գանգատը քննել Լաբասեն ընդդեմ Ֆրանսիայի [Labassee c. France] (թիվ 65941/11) գանգատի հետ միաժամանակ:
4. Թե´ դիմումատուները, թե´ Կառավարությունը ներկայացրել են իրենց գրավոր փաստարկները գործի ընդունելիության և էության վերաբերյալ:
5. 2013թ. հոկտեմբերի 10-ին բաժանմունքի նախագահը, կանոնակարգի 54-րդ հոդվածի 2րդ մասի ա) կետի համաձայն, որոշել է լրացուցիչ հարցեր ուղղել դիմումատուներին և Կառավարությանը, որոնց վերջիններս պատասխանել են համապատասխանաբար 2013թ. նոյեմբերի 19-ին և 21-ին:
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Առաջին դիմումատուները ծնվել են համապատասխանաբար 1965 և 1955 թվականներին: Երրորդ և չորրորդ դիմումատուները ծնվել են 2000թ.: Նրանք բնակվում են Մեզոն-Ալֆոր (Maisons-Alfort) քաղաքում:
Ա) Երրորդ և չորրորդ դիմումատուների ծնունդը
7. Առաջին դիմումատուները` ամուսինը և կինը, չեն կարողացել իրականացնել ծնող դառնալու իրենց ծրագրերն երկրորդ դիմումատուի անպտղության պատճառով:
8. Սեփական սեռական բջիջների օգնությամբ արտամարմնային բեղմնավորման անհաջող փորձերից հետո առաջին դիմումատուներն որոշեցին իրականացնել առաջին դիմումատուի սեռական բջիջներով և դոնորական ձվաբջիջով արտամարմնային բեղմնավորում` բեղմնավորված սաղմերը տեղադրելով մեկ այլ կնոջ արգանդում: Այս նպատակով նրանք մեկնում են Կալիֆորնիա, ուր այս պայմանները սահմանված են օրենքով, և կնքում են փոխնակ մայրության պայմանագիր:
Դիմումատուները նշում են, որ, Կալիֆորնիայում գործող օրենսդրության համաձայն, «փոխնակ մայրը» չի վճարվել, այլ միայն փոխհատուցվել են նրա կողմից կատարված ծախսերը: Նրանք ավելացնում են, որ փոխնակ մայրը, լինելով ղեկավար անձնակազմի անդամ և ամուսնացած լինելով ղեկավար անձնակազմի անդամի հետ, ուներ իրենց միջոցներից շատ ավելի մեծ միջոցներ և որ նա ուղղակի գործել էր համերաշխության սկզբունքից ելնելով:
9. Բազմապտուղ հղիությունը հաստատվել է 2000թ. մարտի 1-ին, և 2000թ. հուլիսի 14-ին կայացրած վճռով Կալիֆորնիայի գերագույն դատարանը, որին համատեղ հայցով դիմել էին առաջին դիմումատուները, փոխնակ մայրը և վերջինիս ամուսինը, վճռեց, որ փոխնակ մորից չորս ամիսների ընթացքում ծնված ցանկացած երեխայի «գենետիկական հայր» է ճանաչվում առաջին դիմումատուն, իսկ «օրինական մայր» է համարվում երկրորդ դիմումատուն: Վճիռը հստակեցնում է այն նշումները, որոնք պետք է տեղ գտնեին ծննդյան վկայականներում` մասնավորապես նշելով, որ առաջին դիմումատուները պետք է գրանցվեն որպես հայր և մայր:
10. Երկվորյակ աղջիկները` երրորդ և չորրորդ դիմումատուները, ծնվեցին 2000թ. հոկտեմբերի 25-ին, իսկ ծննդյան վկայակնները կազմվեցին վերը նշված կարգով:
Բ) Ֆրանիսայի հյուպատոսության կողմից ծննդյան վկայականների գրանցման մերժումը
11. 2000թ. նոյեմբերի սկզբին առաջին դիմումատուն այցելում է Լոս Անջելեսում գտնվող Ֆրանսիայի հյուպատոսություն Ֆրանսիայի քաղաքացիական կացության գրանցամատյաններում ծննդյան վկայականները, իսկ երեխաներին իր անձնագրում գրանցելու համար երեխաների հետ միասին Ֆրանսիա վերադառնալու նպատակով:
12. Դիմումատուները նշում են, որ համանման իրավիճակում գտնվող մեծ թվով ֆրանսիացի զույգեր հաջողությամբ են անցել այս ընթացակարգը: Սակայն հյուպատոսական ծառայությունները մերժեցին առաջին դիմումատուին, քանի որ նա չէր կարող հաստատել երկրորդ դիմումատուի ծննդաբերության փաստը: Փոխնակ մայրության մասին կասկածելով` նրանք գործը փոխանցեցին Նանտի դատախազին:
Գ) Առաջին դիմումատուների դեմ հարուցված վարույթը
13. Քանի որ ամերիկյան դաշնային իշխանություններն երկվորյակ աղջիկներին տրամադրել էին ամերիկյան անձնագրեր, որոնցում առաջին դիմումատուները նշված են եղել որպես նրանց ծնողներ, ամուսիներն աղջիկների հետ կարողացան Ֆրանսիա վերադառնալ 2000թ. նոյեմբերին:
14 2000թ. դեկտեմբերին դատախազը նախաքննություն է նախաձեռնում:
15. 2001թ. մայիսին գործ հարուցվեց անհայտ անձի նկատմամբ` փոխնակ մայրության համար միջնորդության մեղադրանքով, և առաջին դիմումատուների նկատմամբ` երեխաների քաղաքացիական կարգավիճակի կեղծման մեղադրանքով:
16. 2004թ. սեպտեմբերի 30-ին, Կրետեյի (Créteil) գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա, քննիչ դատավորն որոշում կայացրեց կարճել գործը: Նա համարեց, որ, հաշվի առնելով, որ սույն գործողությունները կատարվել էին ԱՄՆ տարածքում, ուր դրանք քրեական հետապնդման չէին ենթարկվում, նշված փաստերը չեն համարվում հանցագործություն, որոնց համար Ֆրանսիայում կարող է պատիժ նախատեսվել:
Դ) Վարույթը քացաքացիական դատարաններում
17. Այդ ընթացքում, 2002թ. նոյեմբերի 25-ին դատախազի հանձնարարությամբ երրորդ և չորրորդ դիմումատուների ծննդյան վկայականները Լոս Անջելեսի Ֆրանսիայի հյուպատոսության կողմից վերագրանցվեցին Նանտի քաղաքացիական կացության կենտրոնական ծառայության գրանցամատյաններում:
18. Մինչդեռ, 2003թ. մայիսի 16-ին Կրետեյի գլխավոր դատախազն առաջին դիմումատուների դեմ հայց ներկայացրեց Կրետեյի բարձրագույն ատյանի դատարան ծննդյան վկայականների գրանցումն անվավեր ճանաչելու և վճիռը անվավեր ճանաչված վկայականների լուսանցքներում գրանցելու նպատակով: Նա ընդգծում էր, որ պայմանագիրը, որով կինը պարտավորվում է բեղմնավորել և իր արգանդում կրել երեխային ծնունդից հետո վերջինից հրաժարվելու համար, առոչինչ է, քանի որ այն հակասում է մարդկային մարմնի և անձի կարգավիճակի անձեռնմխելիության պետական քաղաքականության սկզբունքներին: Նա եզրակացնում էր, որ, հակասելով միջազգային և ֆրանսիական հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգին, Կալիֆորնիայի գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ի վճիռը չի կարող ի կատար ածվել Ֆրանսիայում, իսկ վերջինիս հիմնավորմամբ կազմված ծննդյան վկայականների վավերականությունը չի կարող ընդունվել Ֆրանիայում:
1. Կրետեյի բարձրագույն ատյանի դատարանի 2005թ. դեկտեմեբերի 1-ի վճիռը, Փարիզի Վերաքննիչ դատարանի 2007թ. հոկտեմբերի 25-ի որոշումը և Վճռաբեկ դատարանի 2008թ. դեկտեմբերի 17-ի որոշումը
19. 2005թ. դեկտեմբերի 13-ի վճռով, Կրետեյի բարձրագույն ատյանի դատարանը հայցը մերժեց: Այն գտավ, որ «գրանցումը կատարվել էր միայն դատախազի միջնորդությամբ, որ նա, իր իսկ խոստովանությամբ, այդպես էր գործել հետագայում անվավեր ճանաչելու հայց ներկայացնելու նպատակով»: Այն եզրակացրեց, որ դատախազի հայցը «չի կարող ընդունելի համարվել, քանի որ նա չի կարող վկայակոչել մի հանրային կարգ, որն ինքը խախտել է, այն դեպքում, երբ քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածը, որին հղում էր կատարում դատախազը, վերջինիս հնարավորություն էր տալիս իրականացնել այդ փաստաթղթերի օրինականության ստուգում և մերժել Ֆրանսիայում վավերականություն հաղորդող ցանկացած տեսակի գրանցում»:
20. Դատախազությունը հայց ներկայացրեց Փարիզի Վերաքննիչ դատարան, որը 2005թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ անփոփոխ թողեց վերը նշված վճիռը: Այն նույնպես համարեց, որ միջազգային պրակտիկայի տեսանկյունից դատախազության հայցն անընդունելի էր Նանտի քաղաքացիական կացության կենտրոնական ծառայության գրանցամատյաններում գրանցված փաստաթղթղերն անվավեր ճանաչելու համար: Այնուամենայնիվ, այն փոփոխեց հիմնավորումը: Այս առումով այն նշեց, որ այդ փաստաթղթերում տեղ գտած տեղեկությունները համապատասխանում են Կալիֆորնիայի գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ի վճռին, և որ դատախազությունը չի վիճարկում ո´չ սույն վճռի կիրառելիությունը Ֆրանսիայում, ո´չ էլ Կալիֆորնիայի նահանգում ընդունված ձևաչափերով կազմված փաստաթղթերի վավերականությունը:
21. 2008թ. դեկտեմբերի 17-ին Վճռաբեկ դատարանը (քաղաքացիական հարցերով առաջին պալատը) բեկանեց և անվավեր ճանաչեց այս որոշումն այն հիմնավորմամբ, որ դատախազությունն իրավունք ուներ պահանջելու գրանցումն անվավեր ճանաչել, քանի որ Վերաքննիչ դատարանի եզրակացություններից պարզ է դառնում, որ քաղաքացիական կացության ակտերի գրառումները բխում էին փոխնակ մայրության պայմանագրից: Նա գործը և կողմերին ետ ուղարկեց Փարիզի Վերաքննիչ դատարան` այս անգամ մեկ այլ կազմով գործը քննելու համար:
2. Փարիզի վերաքննիչ դատարանի 2010թ. մարտի 18-ի որոշումը
22. 2010թ. մարտի 18-ի որոշմամբ Փարիզի վերաքննիչ դատարանը, չեղյալ համարելով բողոքարկվող որոշումը, անվավեր ճանաչեց ծննդյան վկայականները և կարգադրեց որոշումը գրանցել անվավեր վկայականների լուսանցքներում:
23. Ինչ վերաբերում է դատախազության հայցի ընդունելիությանը, վերաքննիչ դատարանը մասնավորապես համարեց, որ չի կարելի պնդել, թե մեղադրող կողմը խախտել է հանրային կարգը կամ խաթարել ընտանեկան խաղաղությունը` պահանջելով չեղյալ համարել այն ակտերի գրանցումը, որն իր իսկ հանձնարարությամբ էր կատարվել, քանի որ նա նպատակ է ունեցել կասեցնել օտարերկրյա քաղաքացիական կարգավիճակի հետևանքները, որը, ըստ նրա, հակասել է ֆրանսիական հանրային կարգին կամ կանխել գրանցման ցանկացած գործողություն:
24. Գործի էության վերաբերյալ Վերաքննիչ դատարանը կայացրեց հետևյալ որոշումը.
« (...) Հաշվի առնելով, որ ծննդյան վկայականները կազմվել են Կալիֆորնիայի գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ին կայացրած վճռի հիմնավորման համաձայն, որով [առաջին դիմումատուն] հայտարարվել է գենետիկական հայր, իսկ [երկրորդ դիմումատուն] օրինական մայր այն բոլոր երեխաների համար, որոնց կծներ [փոխնակ մայրը] 2000թ. օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, որ քաղաքացիական կացության ակտերն անբաժանելի են հիմք հանդիսացող որոշումից և որի գործողությունն ենթարկվում է միջազգային փաստաթղթերի օրինականացման իր պայմաններին,
Հաշվի առնելով, որ Ֆրանսիայի տարածքում օտարերկրյա այն դատարանների որոշումները, որոնց համապատասխան երկրները Ֆրանսիայի հանրապետության հետ չեն կնքել որևէ պայմանագիր, ենթարկվում են երեք պայմանի, այն է` ազգային դատավորին վեճի փոխանցման հիման վրա օտարերկրյա դատավորի անուղղակի իրավասությունը, վարույթի և գործի էության համապատասխանությունը միջազգային հանրային կարգին և օրենքի խախտման բացակայությունը,
Հաշվի առնելով այն, որ սույն գործում անվիճելի փաստ է, որ փոխնակ մայրության պայմանագրի շրջանակներում է [փոխնակ մայրը] ծնել երկու երեխա, որոնք սերում են [առաջին դիմումատուի] և երրորդ անձի սեռական բջիջներից և որոնք հանձնվել են [առաջին դիմումատուներին],
Հաշվի առնելով, որ քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, որը բխում է 1994թ. հուլիսի 29-ի թիվ 94-653 օրենքից և չի փոփոխվել 2004թ. օգոստոսի 6-ի թիվ 2004-800 օրենքով, նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 9-րդ մասով ցանկացած պայմանագիր, որը վերաբերում է արտամարմնային բեղմնավորմանը կամ փոխնակ մայրությանը, առոչինչ է, որ, հետևաբար, Կալիֆորնիայի գերագույն դատարանը, որն անուղղակիորեն հաստատել է փոխնակ մայրության պայմանագիրը, հակասում է միջազգային հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգին, որ, հետևաբար, առանց օրենքի խախտման դեպքի բացահայտման անհրաժեշտության, նպատակահարմար է չեղյալ համարել ֆրանսիական քաղաքացիական կացության կենտրոնական ծառայության գրանցամատյաններում [երկրորդ դիմումատուին] որպես երեխաների մայր ճանաչող ամերիկյան ծննդյան վկայականների գրանցումը և սույն որոշումը գրանցել անվավեր ճանաչված ծննդյան վկայականների լուսանցքներում,
Հաշվի առնելով, որ [դիմումատուները], որոնք հիմքեր չունեն պնդելու, որ չեն օգտվել արդար դատաքննության իրավունքից, առավել ևս հիմքեր չունեն պնդելու, որ նման միջոցառումը հակասում է միջազգային պայմանագրերի և ներպետական իրավունքի դրույթները, որ, իրապես, այն հասկացությունները, որոնք նրանք վկայակոչում են, մասնավորապես` երեխայի լավագույն շահերը, չնայած այս իրավիճակում առաջացած գործնական դժվարություններին, չեն կարող թույլ տալ կատարվածի հիման վրա վավերացնել մի գործընթաց, որի ոչ իրավական լինելը, համաձայն ֆրանսիական օրենսդրի և դատական որոշման, բխում է պոզիտիվ իրավունքից, որ բացի այդ, գրանցման բացակայությունը չի զրկում երեխաներին իրենց ամերիկյան քաղաքացիական կարգավիճակից կամ կասկածի տակ չի դնում կալիֆորնիական իրավունքով ճանաչված [առաջին դիմումատուների] հետ կապը (...) »:
3. Վճռաբեկ դատարանի 2011թ. ապրիլի 6-ի որոշումը
25. Դիմումատուները դիմեցին Վճռաբեկ դատարան`պնդելով, որ մի կողմից Երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի տեսանկյունից անտեսվել է երեխաների լավագույն շահը, ինչպես նաև կայուն ազգակցական կապի ճանաչման իրավունքը և, մյուս կողմից, խախտվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածն առանձին և Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համակցությամբ: Բացի այդ, նրանք պնդում էին, որ, օտարերկրյա ատյանների որոշումը, որը ճանաչում էր փոխնակ մոր հետ օրինական պայմանագիր կնքած ամուսնական զույգի և երեխայի ազգակցական կապը, չէր հակասում միջազգային հանրային կարգին, որը չպետք է շփոթել ներպետական հանրային կարգի հետ:
26. 2011թ. մարտի 8-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ գլխավոր դատախազի տեղակալն առաջարկեց բեկանել որոշումը: Նա կարծիք հայտնեց, որ չի կարելի վկայակոչել միջազգային հանրային կարգը արտերկրում օրինական կերպով ձեռքբերված իրավունքից կամ օտարերկրյա ատյանների օրինական կերպով կայացրած որոշումներից բխող իրավական հետևանքները Ֆրանսիայում կիրարկելը մերժելու համար, այն դեպքում, երբ նման մերժման հետևանքով խախտվում է Ֆրանսիայի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներով երաշխավորված սկզբունք, ազատություն կամ իրավունք:
Մասնավորապես նա նշեց, որ Վագները և Ջ.Մ.Վ.Լ.-ն ընդդեմ Լյուքսեմբուրգի [Wagner et J.M.W.L. c. Luxembourg] (թիվ 76240/01, 2007թ. հունիսի 28) վճռում, Դատարանը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիման վրա հաշվի առավ Լյուքսեմբուրգի քաղաքացուհու և Պերուում վերջինիս կողմից որդեգրված երեխայի «իրական ընտանեկան կյանքը» և նրանց միջև «փաստացի գոյություն ունեցող ընտանեկան կապերը»` առանց կարևորություն տալու այն փաստին, որ լյուքսեմբուրգուհին արտերկրում էր փնտրել այլ իրավական համակարգ, որպեսզի ձեռքբերի այն, ինչն իր ծագման երկրի օրենսդրությունը մերժում էր: Ըստ նրա, սույն գործում վերոնշյալը վերարտադրելու դեպքում, այս սկզբունքը թույլ կտա համարել, որ եթե նույնիսկ այն ձեռք է բերվել արգելքներ նախատեսող ներպետական օրենքի շրջանցման արդյունքում, արտերկրում օրենքի համաձայն ստեղծված իրավական հարաբերությանը չի կարելի չհաղորդել դրանից բխող իրավունքի ուժն այն դեպքում, երբ այն պետք է կիրառվի իրական ընտանեկան խմբի նկատմամբ և վերջիններից պետք է թույլ տա կազմակերպվել և զարգանալ Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված նորմալ պայմաններում: Բացի այդ, նա նշեց, որ երրորդ և չորրորդ դիմումատուներն արդեն տաս տարի է, ինչ բնակվում են Ֆրանսիայում և «ստանում են իրենց գենետիկական և նախորոշված ծնողների դաստիարակությունն իրական ընտանիքի շրջանակներում, ուր նրանց տրվում է ջերմություն, խնամք, կրթություն և նյութական բարեկեցություն, որոնք անհրաժեշտ են երեխաների զարգացման համար» և որ «այդ իրական և զգացմունքային համատեղ կյանքը` լիովին օրինական այս ամենի ստեղծման վկա այլ պետության իրավունքի տեսանկյունից, համարվել է օրենքի շրջանցում», և «երեխաները չունեն Ֆրանսիայում ճանաչված կարգավիճակ և ֆրանսիական իրավունքով վավեր ազգակցական կապ»: Ի պատասխան այն հարցին, թե արդյոք նման իրավիճակը խախտում է նրանց «նորմալ ընտանեկան կյանքի իրավունքը», գլխավոր դատախազի տեղակալն ընդգծեց հետևյալը.
« (...) Այս փուլում հնարավոր են երկու պատասխան: Կամ, որպես բավականին տեսական և տարիմաստ ենթադրություն, գրանցման մերժումը չունի ոչ մի նշանակություն և էական անհարմարություններ չի առաջացնում ընտանիքի ամենօրյա կյանքի համար: Ինչը նշանակում է, որ գրանցումը զուտ ձևական գործընթաց է և պարզ է, թե այդ պայմաններում ինչ լուրջ պատճառ է հանդես գալիս այնքան աննշմար իրավական հետևանքներ ունեցող փաստաթղթերի ընդունման դեմ, որը չէին կարող ցնցել մեր հիմնարար սկզբունքները և լրջորեն խաթարել հանրային կարգը (քանի որ այդ փաստաթղթերն իրականում չեն տրամադրում որևէ էական տեղեկություններ բեղմնավորման վերաբերյալ):
Կամ նման մերժումը մշտապես կամ էականորեն կխաթարի մի ընտանիքի կյանքը, որը Ֆրանսիայում օրենքով բաժանված է երկու մասի` մի կողմում ֆրանսիացի ամուսիններ, իսկ մյուս կողմում` օտարերկրացի երեխաներ: Եվ հարց է առաջանում պարզելու համար, թե արդյոք մեր միջազգային հանրային կարգը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից կարող է խոչընդոտել ընտանեկան կյանքի իրավունքի իրականացմանը կամ արդյոք, ընդհակառակը, նման հանրային կարգը, որի իրավական ուժը պետք է հստակ կերպով ընդունվի այնպես, ինչպես այլ երկրների իրավունքը կամ որոշումները, որն այն չի ընդունում, չպետք է ետին պլան մղվի պայմանագրային նորմի կիրարկման համար:
Եթե մենք առավելությունը տալիս ենք այս այլընտրանքի երկրորդ պայմանին այն հիմնավորմամբ, որ միջազգային պայմանագրերը գերակա են այն իրավական համակարգի նկատմամբ, որի իրավական ուժը պայմանավորված է օրենսդրական նորմով, դա չի նշանակում, որ նման դեպքերում ներպետական իրավական համակարգի խոչընդոտներն ավտոմատ կերպով վերանում են: Քանի դեռ Եվրոպական դատարանը չի արտահայտել իր հստակ դիրքորոշումը փոխնակ մայրության օրինականության վերաբերյալ և այս հարցը թողնում է պետությունների հայեցողությանը, կարելի է համարել, որ ներպետական իրավական կարգը, հանուն ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, թույլ չի տալիս վավերացնել այնպիսի իրավիճակներ, որոնք հակասում են այս իրավիճակներն արգելող երկրների օրենսդրությանը:
Բայց երբ խոսքը վերաբերում է միայն արտերկրում պարբերաբար ձեռքբերվող կարգավիճակներին, նույնիսկ օրենքի պարտադիր պահանջները վերացնելու գնով, ազգային տարածքում իրավական ուժ տալուն, ոչինչ բացարձակապես չի խանգարում, որ միջազգային իրավական կարգն ետին պլան մղվի, որպեսզի թույլ տա այդ ընտանիքներին վարել իրենց կյանքը համապատասխան այն իրավական պայմաններին, որոնց շրջանակներում դրանք ստեղծվել են, ինչպես նաև համապատասխան այն փաստացի պայմաններին, որոնց շրջանակներում նրանք ապրում են այսուհետ: Վերոնշյալին ավելացնելով այն, որ երեխայի լավագույն շահն ոչ թե Նյու-Յորքի կոնվենցիայի, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տեսանկյունից համարվում է ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի բաղկացուցիչ մաս, հաստատում է այս մոտեցումը: Սա առնվազն այն դասն է, որ իմ կարծիքով, պետք է քաղել Վագներ [Wagner] գործով վճռից (...)»:
27. 2011թ. ապրիլի 6-ին Վճռաբեկ դատարանը (քաղաքացիական հարցերով առաջին պալատ), այնուամենայնիվ, մերժեց բողոքը` իր որոշումը հիմնավորելով հետևյալ կերպ.
« (...) Հաշվի առնելով, որ օտարերկրյա ատյանների որոշման հիման վրա իրականացված ծննդյան վկայականների գրանցման մերժումը, որը հիմնված է այդ որոշման և ֆրանսիական միջազգային իրավական կարգի հակասության վրա, այն դեպքում, երբ այդ որոշումը սահմանում է դրույթներ, որոնք խախտում են ֆրանսիական իրավունքի հիմնարար սկզբունքները, հիմնավորված է, որ պոզիտիվ իրավունքի առումով, փոխնակ մայրության պայմանագրերին ազգակցականության հաստատման նպատակով իրավական ուժ տալը հակասում է ֆրանսիական իրավունքի հիմնարար սկզբունքին` անձի կարգավիճակի անձեռնմխելիության սկզբունքին, նույնիսկ եթե այն օրինական է արտերկրում, առոչինչ է քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասերի համաձայն,
Հետևաբար, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն ընդունել է, որ նման բնույթի պայմանագրին իրավական ուժ տվող 2000թ. հուլիսի 14-ի «ամերիկյան» որոշումը հակասում էր միջազգային հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգին, քանի որ վիճարկվող ծննդյան վկայականները կազմվել էին այդ որոշման կիրառման արդյունքում, ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում դրանց գրանցումը պետք էր չեղյալ համարել, որ ծննդյան վկայականների չեղյալ համարումը չի զրկում երեխաներին մոր և հոր հետ ազգակցական կապից, որը ճանաչել էր կալիֆորնիական օրենքը, ոչ էլ Կոնվենցիայի 8-րդ հոդվածի առումով խախտում է այդ երեխաների անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը (...), ինչպես նաև չի խախտում երեխաների իրավունքների մասին միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորվող լավագույն շահերը (...)»:
4. Քաղաքացիության վկայական ստանալու դիմում
28. 2013թ ապրիլի 16-ին առաջին դիմումատուն դիմեց Փարիզի առաջին ատյանի դատարանի քարտուղարություն երրորդ և չորրորդ դիմումատուների համար Ֆրանսիայի քաղաքացիության վկայական ստանալու համար: Դատարանի գլխավոր քարտուղարը նրան ուղարկեց ստացական նամակներ` ամսագրված 2013թ. հոկտեմբերի 31-ին և 2014թ. մարտի 13-ին` նշելով որ դիմումը «դեռևս ուսումնասիրության փուլում է, քանի որ դեռ սպասվում է Կալիֆորնիայում Լոս Անջելեսի հյուպատոսարանին ուղղված վավերացման դիմումի պատասխանը»:
(...)
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԳՐՅԱԼ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ
43. Դիմումատուները բողոքում են, որ, ի վնաս երեխայի լավագույն շահերի, նրանք չեն կարողանում Ֆրանսիայում ստանալ ազգակցական կապի ճանաչում, ինչն օրինական կերպով ընդունվել էր արտերկրում առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև, որոնք ծնվել էին արտասահմանում փոխնակ մորից: Նրանք պնդում են, որ խախտվել է իրենց անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, որը Կոնվենցիայի 8-րդ հոդվածը երաշխավորում է հետևյալ կերպ.
« 1. Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք :
2. Չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
(...)
Բ) Էության մասին
1. Միջամտության առկայության վերաբերյալ
48. Կողմերը համաձայն են համարել, որ ֆրանսիական իշխանությունների կողմից դիմումատուներին միավորող ընտանեկան կապի իրավական ճանաչման մերժումը հանդիսանում է «միջամտություն» նրանց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ, և, հետևաբար, 8-րդ հոդվածի առումով հարց է առաջանում ավելի շուտ պատասխանող Պետության նեգատիվ, քան պոզիտիվ պարտավորությունների տեսանկյունից:
49. Դատարանը տալիս է իր համաձայնությունը: Այն հիշեցնում է, որ նմանատիպ մոտեցում է ցուցաբերել մասնավորապես Վագները և Ջ.Մ.Վ.Լ. [Wagner et J.M.W.L.] (վերը նշված, կետ 123) և Նեգրոպոնտիս-Ջիաննիսիսն ընդդեմ Հունաստանի [Negrepontis-Giannisis c. Grèce] (թիվ 56759/08, կետ 58, 2011թ. մայիսի 3) վճիռներում, որոնք վերաբերում էին լյուքսեմբուրգյան և հունական դատարանների կողմից օտարերկրյա դատարանների կողմից հաստատված որդեգրման իրավական ճանաչման մերժմանը: Այն հստակեցում է, որ, ինչպես այս գործերում, սույն գործում նույնպես առկա է միջամտություն 8-րդ հոդվածով երաշխավորված իրավունքին, ավելին, ոչ միայն «ընտանեկան կյանքի», այլ նաև «անձնական կյանքի» առումով:
50. Նման միջամտությունը հակասում է 8-րդ հոդվածին, բացառությամբ, եթե այն «նախատեսված է օրենքով» և հետապնդում է մեկ կամ մի քանի օրինական նպատակ` համաձայն այս դրույթի երկրորդ մասի, և «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում» այդ նպատակներն ապահովելու համար»: «Անհրաժեշտություն» հասկացությունն ենթադրում է միջամտություն` հիմնված սոցիալական հրամայականներով և, հատկապես, հետապնդվող նպատակին համաչափ (տե´ս, օրինակ, վերը նշված Վագները և Ջ.Մ.Վ.Լ. [Wagner et J.M.W.L.] կետ 124, և Նեգրոպոնտիս-Ջիաննիսիսն [Negrepontis-Giannisis], կետ 61):
2. Միջամտության հիմնավորման վերաբերյալ
ա) « Նախատեսված է օրենքով »
i. Դիմումատուները
51. Դիմումատուները պնդում են, որ վիճարկվող միջամտությունը չունի բավարար իրավական հիմք: Ըստ նրանց, այդ ժամանակ գործող պոզիտիվ իրավունքի առումով, նրանք իրավամբ կարծում էին, որ հանրային կարգի բացառությունը չի կիրառվի իրենց դեպքում և որ Կալիֆորինիայում օրինական կերպով հաստատված ծննդյան վկայականները կգրանցվեին առանց դժվարությունների: Նրանք հղում են կատարում հանրային կարգի մեղմացված գործողության սկզբունքին, համաձայն որի «հանրային կարգին հակասող դրույթի նկատմամբ ռեակցիան նույնը չէ` պայմանավորված այն փաստով, թե այն վերաբերում է Ֆրանսիայում իրավունքի ձեռքբերմանը կամ արտասահմանում առանց օրենքի խախտման պատշաճ կերպով ձեռբքերված իրավունքներին իրավական ուժ տալուն» (որոշում Ռիվիեր [Rivière], Վճռաբեկ դատարան, քաղաքացիական գործերով 1-ին պալատ, 1953թ. ապրիլի 17):
52. Նախ նրանք ընդգծում են, որ Քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանափակվում է արհեստական բեղմնավորման կամ փոխնակ մայրության պայմանագրի առոչինչ լինելու սկզբունքով, միաժամանակ այն չի նախատեսում, որ այդ առոչինչ լինելը տարածվում է նաև նման կերպով բեղմնավորված երեխաների ազգակցական կապի վրա, մասնավորապես, երբ այդ ազգակացական կապը հաստատվել է և ստացել իրավական ուժ օտարերկրյա դատարանների վճռի ուժով: Ավելին, ըստ նրանց, ֆրանսիական իրավունքի ոչ մի դրույթ չի արգելում հաստատել նման կերպով բեղմնավորված երեխայի և նրանց ընդունող հոր և մոր միջև ազգակցական կապի հաստատումը, և համապատասխան ժամանակահատվածում կիրառվող դրույթն իր խմբագրությամբ, այն է` քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածը, նախատեսում էր, որ քաղաքացիական կացության ակտերը, որոնք կազմվել էին արտերկրում վավերական են, եթե կազմվել են տվյալ երկրում կիրառվող ձևաչափերով: Այս վերջին կետի կապակցությամբ, նրանք համարում են, որ այն հանգամանքը, որ օրենսդիր մարմինն այս դրույթը փոփոխել է 2003թ.-ին, որն ակնհայտորեն նախատեսում է, որ երբ հայտարարված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, չեն կարող ստանալ իրավական ուժ, ցույց է տալիս, որ այդ պայմանը նախկինում չի պահանջվել: Բացի այդ, այլ զույգեր, որոնք արտասահմանում կնքել էին փոխնակ մայրության պայմանագիր, կարողացել են նման եղանակով ստեղծված երեխաների ծննդյան վկայականները գրանցել առանց խնդիրների:
53. Երկրորդը, տվյալ ժամակաշրջանում, օրենքը չէր կիրառում միջազգային հանրային կարգի սկզբունքը ազգակցական կապի ճանաչման դեպքերում: Վճռաբեկ դատարանը բացասական դիրքորոշում է արտահայտել միայն այն գործերում, ուր փոխնակ մայրը հանդիսանում էր նաև երեխայի կենսաբանական մայրը և, երբ փոխնակ մայրության գործընթացը տեղի էր ունեցել Ֆրանսիայում (1991թ. մայիսի 31 և 1994թ. հունիսի 29), իսկ դատախազությունը հրաժարվել էր բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան 1990թ. հունիսի 15-ի Փարիզի Վերաքննիչ դատարանի որոշման դեմ, որը հաստատել էր ԱՄՆ-ում բեղմնավորված և փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխայի որդեգրումը, մինչդեռ միաժամանակ այն դեմ էր Ֆրանսիայում նման ճանապարհով բեղմնավորված երեխայի որդեգրումը հաստատող որոշմանը: Բացի այդ, նրանք տեղին չեն համարում Կառավարության այն փաստարկը, որ Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի հետ կապված նախադեպային իրավունքը, որը սկիզբ է առել Վճռաբեկ դատարանի 1986թ. նոյեմբերի 12-ի որոշումից, թույլ էր տալիս մերժել երրորդ պետություններում հաստատված քաղաքացիական կացության ակտերին իրավական ուժ տալու հայցերը, երբ այդ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս առումով նրանք ընդգծում են, որ ԱՄՆ-ում հաստատված ծննդյան վկայականները չեն hիշատակում երկրորդ դիմումատուի և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ենթադրյալ կենսաբանական կապը:
54. Երրորդը, այն դեպքում, երբ Լոս Անջելեսի հյուպատոսարանն առանց դժվարություններ առաջացնելու անձնագրեր է տրամադրել նման իրավիճակում գտնվող այլ զույգերի երեխաներին, այս առումով դիմումատուները բախվել են գործելակերպի հանկարծակի փոփոխության, որը նպատակ է ունեցել հայտնաբերել փոխնակ մայրության դեպքերը: Վերոնշյալը համեմատելի է այն իրավիճակին, որը Դատարանը դատապարտել է Վագներ [Wagner] (կետ 130) գործով կայացրած վճռում:
ii. Կառավարությունը
55. Կառավարությունն իր հերթին համարում է, որ միջամտությունը «նախատեսված է եղել օրենքով»: Այս առումով այն նշում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ ցանկացած պայմանագիր, որը վերաբերում է մեկ այլ անձի համար բեղմնավորմանը և փոխնակ մայրությանը, առոչինչ է: Այս դրույթը լինելով հանրորեն ընդունված կարգի մաս, և որ Վճռաբեկ դատարանը 1991թ. մայիսի 31-ի և 1994թ. հունիսի 29-ի որոշումներում ընդգծել է, որ մարդկային մարմնի և անձի կարգավիճակի անձեռնմխելիության սկզբունքները հակադրվում են նրան, որ հայրությունը և մայրությունն որոշվի պայմանագրի հիման վրա, իսկ այդ սկզբունքները նույնպես իրավական կարգի մասն են և թույլ չեն տալիս ազգակցականության առումով իրավական ուժ տալ փոխնակ մայրության պայմանագրերին: Ըստ Կառավարության, այն փաստը, որ այս որոշումները վերաբերում են Ֆրանսիայի տարածքում տեղի ունեցած փոխնակ մայրության արդյունքում որդեգրման վերաբերյալ վճիռների վավերականությանը չի ազդում սույն գործին դրանց կիրառելիության վրա, կարևոր է այն, որ այս սկզբունքները հստակորեն սահմանում են, որ նման պայմանագրերը հակասում են իրավական կարգին: Այլ կերպ ասած, ըստ Կառավարության, նման ծրագիր նախաձեռնելու ժամանակ դիմումատուները չէին կարող տեղյակ չլինել ֆրանսիական իրավունքով փոխնակ մայրության արգելքի պարտադիր բնույթի մասին, ոչ էլ այն դժվարությունների, որոնք կարող էին առաջանալ հետագայում:
56. Այն ավելացնում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի հետ կապված նախադեպային իրավունքը, որը սկիզբ է առել Վճռաբեկ դատարանի 1986թ. նոյեմբերի 12-ի որոշումից, թույլ էր տալիս մերժել երրորդ պետություններում հաստատված քաղաքացիական կացության ակտերին իրավական ուժ տալու հայցերը, երբ այդ փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Բացի այդ, այն նշում է, որ, բացառությամբ առանձին դեպքերի, երրորդ և չորրորդ դիմումատուների ծննդյան պահին Ֆրանսիայում չի եղել արտասահմանում կնքված փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների ծննդյան վկայականների գրանցման պրակտիկա: Վերջինս տարբերակում է մտցնում սույն գործի և վերը նշված Վագներ [Wagner] գործի հանգամանքներում, ուր նման պրակտիկա չի կիրառվել որդեգրման դեպքում:
iii. Դատարանը
57. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվեցիայի 8-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված «նախատեսված է օրենքով» բառերն ենթադրում են ոչ միայն, որ վիճարկվող միջոցառումը կամ միջոցառումները պետք է ունենան իրավական հիմք ներպետական իրավունքում, այլ նաև դրանք ուղղված են տվյալ օրենքի որակին: Այն պետք է լինի հասանելի և կանխատեսելի քաղաքացիների համար: Կանխատեսելիության պայմանը բավարարելու համար օրենքը պետք է բավականին հստակորեն սահմանի այն պայմանները, որոնց դեպքում տվյալ միջոցառումը կարող է կիրառվել, և այս ամենը, որպեսզի շահագրգիռ անձինք կարողանան կարգավորել իրենց վարքագիծը` հիմնվելով համապատասխան խորհրդատվության վրա (տե´ս, օրինակ, Ռոտարուն ընդդեմ Ռումինիայի [Rotaru c. Roumanie][ՄՊ], թիվ 28341/95, կետ 55, ՄԻԵԴ 2000‑V, և Սաբանչիևան և մյուսներն ընդդեմ Ռուսաստանի [Sabanchiyeva et autres c. Russie], թիվ 38450/05, կետ 124, ՄԻԵԴ 2013 (հատվածներ)):
58. Դատարանը համարում է, որ այս պայմանները սույն գործում ապահովված են: Այն նախևառաջ նշում է, որ դիմումատուները չեն տրամադրում որևէ ապացույց, որը կհաստատեր իրենց պնդումներն այն մասին, որ, ինչ վերաբերում է արտասահմանում փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների և նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի ճանաչմանը, նախկինում Ֆրանսիայում կիրառվող գործելակերպն ավելի ազատական է եղել: Այնուհետև այն նշում է, որ գործի տվյալ ժամանակահատվածում արդեն Քաղացիական օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասներն հստակորեն նախատեսում էին փոխնակ մայրության պայմանագրերի առոչինչ լինելը և սահմանում էին, որ դրանք հակասում էին հանրորեն ընդունված կարգին: Ճիշտ է, Վճռաբեկ դատարանը, ընդհանուր առմամբ, որոշում չի կայացրել արտասահմանում փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների և նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի ճանաչման վերաբերյալ: Սակայն այն մեկ այլ դեպքում, ուր փոխնակ մայրը միաժամանակ կենսաբանական մայր էր, արդեն նշել էր, որ նման պայմանագիրը, որը հակասում է մարդկային մարմնի և անձի կարգավիճակի անձեռնմխելիության սկզբունքներին: Վճռաբեկ դատարանը նմանատիպ մեկ այլ գործում եզրակացրել էր, որ վերոնշյալը խոչընդոտում է նման ճանապարհով բեղմնավորված երեխայի և նախորոշված մոր միջև իրավական հարաբերությունների հաստատմանը, և, մասնավորապես, չի թույլատրում քաղաքացիական կացության գրանցամատյաններում գրանցել արտասահմանում կազմված ծննդյան վկայականում տեղ գտած տեղեկությունները (վերը նշված 30-րդ և 33-րդ կետեր): Հետևաբար, հիմնվելով Քաղաքացիական օրենսգրքի այս դրույթների և այս բացարձակ նախադեպային իրավունքի վրա՝ Վճռաբեկ դատարանը, մի կողմից, սույն գործում եզրակացրել է, որ Կալիֆորնիայի գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ի վճիռը հակասում է միջազգային հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգին, քանի որ իրավական ուժ է տալիս փոխնակ մայրության պայմանագրին, իսկ մյուս կողմից, եզրակացնում է, որ պետք է չեղյալ համարվի այս վճռի համաձայն կազմված ծննդյան վկայականների ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում գրանցումը: Ըստ Դատարանի՝ այս պայմաններում դիմումատուները չէին կարող չիմանալ, որ առկա էր առնվազն լուրջ ռիսկ, որ ֆրանսիացի դատարավորը նման որոշում կկայացներ իրենց դեպքում, եթե նույնիսկ ներպետական իրավունքի ոչ մի դրույթ ակնհայտորեն չի արգելում առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ազգակցական կապի իրավական ճանաչմանը, և, անկախ հանրային կարգի մեղմացված ազդեցության ակզբունքից, (որը Պետական խորհուրդը, ի դեպ, համարում է անկիրառելի այս իրավիճակում, ...): Հետևաբար, հարկ է նշել, որ այդ միջամտությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի տեսանկյունից «նախատեսված է եղել օրենքով»:
բ) Օրինական նպատակ
59. Դիմումատուները նշում են որ դատախազությունը, որն իր իսկ նախաձեռնությամբ, պահանջել էր գրանցել ԱՄՆ-ում կայացրած վճիռը, գրացման իրականացումից ամիսներ հետո դիմել էր դատարան գրանցումը չեղյալ համարելու հայցով: Նրանց կարծիքով, հաշվի առնելով այս հակասական վարքագիծը, չի կարելի ընդունել, որ ֆրանսիական իշխանությունները հետապնդել են օրինական նպատակ:
60. Կառավարությունը պատասխանում է, որ ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում ամերիկյան քաղաքացիական կացության ակտերի գրանցման մերժումը հիմնավորված է եղել նրանով, որ այդ գրանցմամբ կճանաչվեր փոխնակ մայրության պայմանագիրը, որը պաշտոնապես արգելված է ներպետական իրավունքի պարտադիր նորմով և քրեորեն հետապնդելի է, եթե այն իրականացվել է Ֆրանսիայում: Այն ընդգծում է, որ այսպիսով ֆրանսիական իրավունքն արտացոլում է էթիկայի և բարոյականության սկզբունքները, որոնք դեմ են, որ մարդկային մարմինը վերածվի գործարքների առարկայի, իսկ երեխան իջեցվի պայմանագրի առարկայի մակարդակի: Կառավարությունն եզրակացնում է, որ միջամտության «օրինական նպատակն» եղել է հանրային կարգի պաշտպանությունը, հանցագործությունների կանխումը, առողջության պաշտպանությունը և այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այն ավելացնում է, որ եթե դատախազը պահաջել է գրանցել երրորդ և չորրորդ դիմումատուների ծննդյան վկայականները, ապա դա արվել է, հետագայում վկայականներն անվավեր ճանաչելու հայց ներկայացնելու համար: Նա այս կերպ էր գործել 1999թ. մայիսի 11-ի քաղաքացիական կացության հարցերի դատական քննության կարգի 511-րդ հոդվածի համաձայն, որը հստակեցնում է, որ հանրային կարգի հարցի բարձրացման դեպքում կատարվում է ավտոմատ գրանցում, մասնավորապես արտասահմանում տեղական ձևաչափերին համապատասխան Ֆրանսիայի քաղաքացուն վերաբերող քաղաքացիական կացության ակտերը չեղյալ համարելու անհրաժեշտության դեպքում:
61. Դատարանի համար դիմումատուների փաստարկները համոզիչ չեն: Միայն այն փաստը, որ դատախազն ինքն է պահանջել Կալիֆորնիային գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ի վճռի գրանցումը հետագայում անվավեր ճանաչելու նպատակով, թույլ չի տալիս եզրակացնել, որ վիճարկող միջամտության նպատակը թվարկված չէ 8-րդ հոդվածի երկրորդ մասում: Այնուամենայնիվ, Դատարանի համար առավել համոզիչ չեն Կառավարության պնդումներն այն մասին, թե խոսքը վերաբերվել է «կարգի պահպանման» և «հանցագործությունների կանխմանը»: Նա նշում է այն փաստը, որ Կառավարությունը չի ապացուցում, որ ֆրանսիացին, որը դիմել է փոխնակ մայրության մեթոդի մի երկրում, ուր այն օրինական է, ֆրանսիական իրավունքի համաձայն խախտել է օրենքը: Այս առումով Դատարանը նշում է, որ եթե սույն գործում հարուցվել էր վարույթ «փոխնակ մայրության համար միջնորդության» և «երեխաների քաղաքացիական կարգավիճակի կեղծման մեղադրանքով» քննիչ-դատավորը կարճել էր գործն այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով, որ սույն գործողությունները կատարվել էին ԱՄՆ տարածքում, ուր դրանք քրեական հետապնդման չէին ենթարկվում, նշված փաստերը չեն համարվում հանցագործություն, որոնց համար Ֆրանսիայում կարող է պատիժ նախատեսվել (վերը նշված 15-16-րդ կետեր):
62. Դատարանը հասկանում է, սակայն, որ Ֆրանսիայի կողմից փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների և նախորոշված ծնողների ազգակցական կապի իրավական ճանաչման մերժումը բխում է իր քաղաքացիների կողմից Ֆրանսիայի տարածքից դուրս վերարտադրության այս մեթոդին դիմելուց տարհամոզելու ցանկությունից: Մի մեթոդ, որը Ֆրանսիան արգելում է իր տարածքում` նպատակ ունենալով, ըստ խնդրի իր իսկ ըմբռնմամբ, պահպանել երեխաներին և, ինչպես պարզվում է Պետական խորհրդի 2009թ. ապրիլի 9-ի ուսումնասիրությունից (...), նաև փոխնակ մորը: Հետևաբար, այն ընդունում է, որ Կառավարությունը կարող է համարել, որ վիճարկվող միջամտությունն ուղղված է եղել Կոնվենցիայի 8-րդ հոդվածում թվարկված օրինական նպատակներից երկուսին` « առողջության պահպանմանը» և « այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությանը»:
գ) « անհրաժեշտ » «ժողովրդավարական հասարակությունում»
i. Դիմումատուները
63. Դիմումատուներն ընդունում են, որ եվրոպական համընդհանուր մոտեցման բացակայության պայմաններում մասնակից Պետությունները սկզբունքորեն ունեն հայեցողության լայն սահմաններ, ինչ վերաբերում է փոխնակ մայրության վերաբերյալ դրույթների մշակմանը: Սակայն նրանք կարծում են, որ սույն գործում հայեցողության այս սահմանները պետք է հարաբերականացվեն: Իրականում, ըստ նրանց, առանց անդամ պետության կողմից փոխնակ մայրության արգելքի և Կոնվենցիայի 8-րդ հոդվածի համատեղելիության հարց բարձրացնելու, մի կողմից քննադատվում է այն որոշումը, որն իրենց բնակության երկրում արտասահմանում օրինական կերպով իրականացվող փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաներին զրկում է քաղաքացիական կացության վկայականներ ունենալու հնարավորությունից, ինչը կհաստատեր իրենց, ինչպես նաև իրենց կենսաբանական հոր միջև ազգակցական կապը: Մյուս կողմից, նրանք համարում են, որ այսպիսի իրավիճակները հաշվի առնելու առումով Եվրոպայում նկատվում են դրական միտումներ: Հղում կատարելով վերը նշված Վագները և Ջ.Մ.Վ.Լ. [Wagner et J.M.W.L] վճռին` նրանք ընդգծում են, որ երեխայի լավագույն շահերի հաշվի առնման անհրաժեշտությունը սահմանափակում է պետությունների հայեցողության սահմանները:
64. Վկայակոչելով նույն վճիռը (կետ 135)` դիմումատուներն այնուհետև նշում են, որ ֆրանսիական դատարանները չեն կատարել գործում ներգրավված շահերով և իրենց ընտանեկան իրադրությունով պայմանավորված հատուկ և մանրամասն քննություն. Վերաքննիչ դատարանը սահմանափակվել է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտման մասին բողոքն առանց հիմնավորման կարճելով, ինչը հաստատել է Վճռաբեկ դատարանը` նշելով, որ վիճահարույց միջոցառումը չէր խանգարում դիմումատուներին միասին ապրել:
65. Բացի այդ, ըստ դիմումատուների, Վճռաբեկ դատարանի կոշտ դիրքորոշումը, որը նպատակ ունի պահպանել փոխնակ մայրության արգելքի «տարհամոզիչ ազդեցությունը», խոչընդոտում է պրագմատիկ ցանկացած զարգացման, որը, ի շահ երեխաների լավագույն շահերի, միտված կլինի ճանաչել արտերկրում սահմանված կարգով առաջացած ձեռքբերված կարգավիճակի իրավական ուժը: Այս ամենը հակասում է 8-րդ հոդվածի շուրջ Դատարանի նախադեպային իրավունքին, որը գործնական մոտեցում ունի ընտանեկան կյանքի իրականության նկատմամբ (դիմումատուները հղում են կատարում մասնավորապես վերը նշված Վագները [Wagner] գործով վճռին, կետ 133):
66. Ավելին, ըստ դիմումատուների, ներպետական դատարանների հղումները նախադեպային իրավունքին կիրառելի չեն այնքանով, որքանով անձնի կարգավիճակի առնձեռնմխելիության սկզբունքը բազմաթիվ զարգացումների առարկա է եղել: Այսպես, օրինակ, տրանսսեքսուալ անձինք իրենց քաղաքացիական կացության փաստաթղթերում կարող են փոփոխել իրենց սեռը, իսկ սահմանված կարգով փոխնակ մայրության ճանապարհով արտասահմանում ծնված երեխաների իրավական ճանաչման հարցն այսօր քննարկվում է խորհրդարանում և հասարակությունում: Այն առավել ևս կորցնում է իր կիրառելիությունը, քանի որ պոզիտիվ իրավունքը սկզբունքորեն «նախորոշված» ծնողների օգտին է: Այսիպիսով, սաղմի նվիրատվության դեպքում (ինչն օրինական է Ֆրանսիայում և դիմումատուները հղում են կատարում Հանրային առողջության օրենսգրքի 2141-4-րդ և հաջորդող հոդվածներին), կինը, որը կրում է մեկ այլ զույգի սաղմը և ծնում է երեխա, որը կենսաբանորեն իրենը չէ, կարող է, ինչպես և իր ամուսինը, այդ երեխայի հետ հաստատել ազգակցական կապ` բացառելով կենսաբանական ծնողներին: Նմանապես, դոնորի մասնակցությամբ բժշկական միջամտությամբ բեղմնավորման դեպքում (նույնպես ընդունված է Ֆրանսիայում), ազգակցական կապը չի կարող հաստատվել սերմնահեղուկի դոնորի հետ, մինչդեռ մոր ամուսնու հետ ազգակցական կապը կարող է հաստատվել (դիմումատուները հղում են կատարում Քաղաքացիական օրենսգրքի 311-19-րդ և 311-20-րդ հոդվածներին):
67. Դիմումատուները նշում են, որ այս ամենին ավելանում է այն փաստը, որ միջամտությունը թույլ չի տալիս հասնել հետապնդվող նպատակին, քանի որ, ինչպես ընդգծում է Վճռաբեկ դատարանը, այն երեխաներին չի զրկում մոր և հոր հետ այն ազգակցական կապից, որը հաստատվել էր կալիֆորնիական իրավունքով և դիմումատուներին չի խանգարում միասին ապրել Ֆրանսիայում: Բացի այդ, նրանց իրական և ազգակցական համատեղ կյանքը դրվել էր ապօրինության կասկածի տակ: Այս ամենն առավել ապշեցուցիչ է առաջին դիմումատուի մասով, քանի որ գրանցման մերժումը նրան զրկում է երրորդ և չորրորդ դիմումատուների հետ ծնողական կապի ճանաչումից, մինչդեռ նա երեխաների կենսաբանական հայրն է և ոչինչ չէր խոչընդոտում ֆրանսիական քաղաքացիական կացության ծառայության կողմից այս կապի ճանաչմանը: Ավելին, դիմումատուներն այլ հնարավորություն չեն ունենալու իրավաբանորեն հաստատելու իրենց ընտանեկան հարաբերությունները, քանի որ Վճռաբեկ դատարանի որոշումը խոչընդոտում էր ոչ միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցմանը, այլ նաև որդեգրմանը և կարգավիճակի ճանաչմանը: Այս առումով, գործի հանգամանքները հստակորեն տարբերվում են Դատարանի կողմից Շավդարովն ընդդեմ Բուլղարիայի [Chavdarov c. Bulgarie ](թիվ 3465/03, դեկտմեբերի 21, 2010թ.) ուսումնասիրված գործի հանգամանքներից:
68. Դիմումատուները նաև ընդգծում են, որ վիճահարուց միջոցառումն ունի «չափազանց անհամաչափ» հետևանքներ երրորդ և չորրորդ դիմումատուների կարգավիճակ վրա: Առաջին դիմումատուների հետ ազգակցական կապի ճանաչման բացակայության պայմաններում նրանք չունեն Ֆրանսիայի քաղաքացիություն, ֆրանսիական անձնագիր և չունեն վավեր կացության իրավունք (եթե նույնիսկ նրանք արտաքսումից պաշտպանված են անչափահաս լինելու հանգամանքով), և կարող են բախվել այս ամենը ձեռքբերելու անհնարինությանը և իրենց չափահաս դառնալուց հետո զրկվել ընտրության և Ֆրանսիայի տարածքում անվերապահորեն բնակվելու, ինչպես նաև առաջին դիմումատուներից ժառանգություն ստանալու իրավունքից: Ավելին, առաջին դիմումատուի մահվան կամ ամուսնալուծության դեպքում, երկրորդ դիմումատուն կզրկվի երեխաների նկատմամբ ցանկացած իրավունքից` ի վնաս իրեն և երեխաների: Վարչական ընթացակարգերի դեպքում, երբ Ֆրանսիայի քաղաքացիությունը կամ ազգակցական կապը պարտադիր պահանջ է (սոցիալական ապահովագրության համակարգում երեխաների գրանցում, դպրոցական ճաշարանից կամ ճամբարներից օգտվելը, ընտանեկան նպաստների կենտրոնից ֆինանսական օգնության ստացման դիմում), իրենց ազգակցական կապն ապացուցելու համար նրանք պարտավոր են ներկայացնել ամերիկյան քաղաքացիական կացության ակտերը` վավերացված թարգմանությամբ, և ապավինել համապատասխան անձանց բարի կամքին: Այս առումով դիմումատուներն ընդգծում են, որ Վճռաբեկ դատարանում պետական մեղադրողը կողմ է եղել ազգակցական կապի ճանաչմանը, հատկապես հանուն երեխաների լավագույն շահերի, իսկ Փարիզի Վերաքննիչ դատարանն ինքն է ընդունել, որ նման իրավիճակը Մեննեսոն ընտանիքի համար հստակ դժվարություններ կառաջացներ: Նրանք հղում են կատարում նաև Պետական խորհրդի 2009թ.-ի Բիոէթիկայի մասին օրենքի փոփոխության վերաբերյալ հաշվետվությանը, ուր նշված է, որ «գործնականում, գրանցման բացակայությունն առավել բարդացնում է ընտանիքների կյանքը, երբ կյանքի որոշակի փուլերում անհրաժեշտ է լինում որոշ ընթացակարգերի դիմել»: Նրանք հավելում են, որ վերը նշված Վագներ [Wagner] (կետ 132) վճռում, Դատարանը մասնավորապես ընդունել է, որ նման իրադրությունում հաշվի չի առնվել «սոցիալական իրականությունը», և որ «երեխան չէր կարողանում ստանալ իրավական պաշտպանություն, որը հնարավոր կդարձներ իր լիարժեք ինտեգրացիան որդեգիր ընտանիքում» [տվյալ գործում]: Բացի այդ, նրանք կասկածի տակ են դնում արտասահմանում կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մերժումը, երբ, ինչպես պնդում է Կառավարությունը, այդ ակտերը Ֆրանսիայում գործում էին լիարժեք, իսկ դրանց գրանցումը զուտ ձևական բնույթ էր կրում:
69. Դիմումատուները նաև պնդում են, որ 8-րդ հոդվածի չխախտման վերաբերյալ եզրակացությունը, որին Դատարանն եկել էր Ա.-ն, Բ.-ն և Գ.-ն ընդդեմ Իռլանդիայի [A., B. et C. c. Irlande ][ՄՊ] (թիվ 25579/05, ՄԻԵԴ 2010) և Ս.Հ.-ն և մյուսներն ընդդեմ Ավստրայի [S.H. et autres c. Autriche] [ՄՊ] (թիվ 57813/00, ՄԻԵԴ 2011) գործերում, որոնք համապատասխանաբար վերաբերում էին հղիության արհեստական ընդհատմանը և բժշկական միջամտությամբ բեղմավորմանը, հիմնված էր այն փաստի վրա, որ եթե ներպետական իրավունքն արգելում էր այս գործողությունները, դա չէր խանգարում անհատներին այդ գործողություններին դիմել արտերկրում, իսկ Ս.Հ. [S.H.] գործում, որ մոր և հոր ծնողական կապը «կարգավորվում էր քաղաքացիական օրենսգրքի հատուկ դրույթներով`հաշվի առնելով ծնողների ցանկությունը»:
70. Բաժանմունքի նախագահի լրացուցիչ հարցերի պատասխաններում (վերը նշված 5-րդ կետ) դիմումատուները նշում են, որ Քաղաքացիական օրենսգրքի 311-14-րդ հոդվածի համաձայն, ազգակցական կապը կարգավորվում է երեխայի ծննդյան պահին մոր անձնական իրավունքով (և, եթե մայրը հայտնի չէ, ապա երեխայի անձնական իրավունքով), կամ, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի (ՔՊ, 1-ին, հունիսի 11, 1996թ), այն իրավունքով, որը նշված է ծննդյան վկայականներում: Հետևաբար, Կալիֆորնիայի գերագույն դատարանի 2000թ. հուլիսի 14-ի վճռից հայտնի է, որ երրորդ և չորրորդ դիմումատուների պաշտոնական ծնողներն առաջին դիմումատուներն են: Այնուամենայնիվ, ֆրանսիական իշխանությունները և դատարանները մերժել էին հաստատել այս հանգամանքը, որի արդյունքում, քանի որ մայրը որպես այդպիսին չէր ճանաչվում ֆրանսիական իրավունքով, ազգակցական կապը չէր կարող կարգավորվել վերջինիս անձնական իրավունքով: Հետևաբար, ազգակցական կապը պետք է կարգավորվեր երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական իրավունքով, այն է` ամերիկյան օրենքներով: Քանի որ, երրորդ և չորրորդ դիմումատուների և առաջին դիմումատուների միջև ազգակցական կապը չէր կարող ճանաչվել ֆրանսիական իրավունքով, իսկ Վճռաբեկ դատարանի 2013թ. սեպտեմբերի 13-ի որոշումները չեղյալ էին համարել արտասահմանում փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների կենսաբանական հայրերի կողմից հայրության ճանաչումը (...), համաձայն քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի («Ֆրանսիայի քաղաքացի է համարվում այն երեխան, որի ծնողներից առնվազն մեկը Ֆրանսիայի քաղաքացի է »), երրորդ և չորրորդ դիմումատուները չէին կարող ձեռքբերել Ֆրանսիայի քաղաքացիություն այն դեպքում, երբ առաջին դիմումատուն նրանց կենսաբանական հայրն էր: Դիմումատուները հավելում են, որ, չնայած 2013թ. հունվարի 25-ի շրջաբերականի (...), երրորդ և չորրորդ դիմումատուները չեն կարող ստանալ քաղաքացիության վկայական: Ըստ նրանց, քանի որ Վճռաբեկ դատարանը սույն գործի կապակցությամբ կայացրած որոշման մեջ, ինչպես նաև 2013թ. սեպտեմբերի 13-ի նախադեպային իրավունքում արտասահմանում փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխայի ծննդյան վկայականը հաստատող գործընթացն «օրենքի շրջանցում» էր որակել, երեխաների ամերիկյան ծննդյան վկայականները վավեր չէին համարվում Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի համաձայն, իսկ վերոնշյալ շրջաբերականում սահմանված դրույթները չեն կարող կիրառվել իրենց դեպքում: Նրանք ավելացնում են, որ այդ շրջաբերականի իմաստն այն է, որ փոխնակ մայրության կասկածի հիման վրա չպետք է խոչընդոտներ առաջացնել քաղաքացիության վկայականի տրամադրման հարցում, հետևաբար այս շրջաբերականը չէր կարող գործել իրենց դեպքում, երբ դատարաններն ակնհայտորեն հաստատել էին փոխնակ մայրության պայմանագրի առկայությունը: Ի պաշտպանություն այս փաստարկի` նրանք նշում են, որ առաջին դիմումատուի կողմից երրորդ և չորրորդ դիմումատուների քաղաքացիության վկայականների դիմումը, որը նա 2013թ. ապրիլի 16-ին ներկայացրել էր Շարանտոն Լը Պոնի (Charenton Le Pont) առաջին ատյանի դատարանի քարտուղարություն մնացել էր անպատասխան: Նրանք ներկայացնում են Դատարանի քարտուղարի կողմից 2013թ. հոկտեմբերի 31-ին և 2014թ. մարտի 13-ին ստորագրված ստացականները, ուր նշված է, որ «իրենց դիմումը դեռ ուսումնասիրության փուլում է և սպասվում է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքի հյուպատոսության կողմից վավերացման դիմումի պատասխանը»: Դիմումատուներն ավելացնում են, որ Վճռաբեկ դատարանի 2013թ. սեպտեմբերի 13-ի նախադեպի պատճառով, առաջին դիմումատուն չի կարող իրավաբանորեն ճանաչել երրորդ և չորրորդ դիմումատուներին, մինչդեռ նա նրանց կենսաբանական հայրն է:
ii. Կառավարությունը
71. Կառավարությունը պնդում է, որ օտարերկրյա քաղաքացիական ակտերի գրանցման բացակայությունը, ինչպիսին երրորդ և չորրորդ դիմումատուների դեպքում է, չի խոչընդոտում Ֆրանսիայի տարածքում դրանց լիարժեք գործողությանը: Այսպիսով, նախ, Ֆրանսիայի քաղաքացիության վկայական տրամադրվում է նման ակտերի հիման վրա, այն դեպքում, երբ հաստատվել է, որ ծնողներից մեկը ֆրանսիացի է (Կառավարությունը ներկայացնում է Արդարադատության նախարարի 2013թ. հունվարի 25-ի շրջաբերականի պատճենը և նշում, որ դիմումատուները ոչինչ չեն ձեռնարկել երրորդ և չորրորդ դիմումատուների կողմից Ֆրանսիայի քաղաքացիություն ձեռքբերելու համար) , իսկ անչափահասներն երկրից արտաքսման չեն ենթարկվում: Երկրորդը, առաջին և երկրորդ դիմումատուներն լիարժեք կերպով իրականացնում են իրենց ծնողական իրավունքները վերջիններիս ամերիկյան ծննդյան վկայականների հիման վրա: Երրորդ, ամուսնալուծության դեպքում, ընտանեկան հարցերը կարգավորող դատավորը կսահմաներ երեխաների բնակության վայրը և օտարերկրյա քաղաքացիական կացության ակտում նշված ծնողների այցելության իրավունքները: Չորրորդ, ժառանգության իրավունքը կարող է ապացուցվել ցանկացած կերպ, և երրորդ և չորրորդ դիմումատուները կարող են ստանալ առաջին դիմումատուների ժառանագությունն իրենց ամերիկյան ծննդյան վկայականների հիման վրա` ընդհանուր իրավունքի պայմանների համաձայն: Կառավարությունը նաև նշում է, որ դիմումատուները հաղթահարել են այն բոլոր խնդիրները, եթե նրանք չեն նշում, որ չեն կարողացել երրորդ և չորրորդ դիմումատուներին գրանցել սոցիալական ապահովագրության համակարգում կամ դպրոցում կամ ընտանեկան նպաստների կենտրոնից ստանալ սոցիալական օգնություն, և որ, ընդհանուր առմամբ, նրանք չեն պնդում, որ գրանցման մերժման արդյունքում բախվել են «ամենօրյա բազմաթիվ դժվարությունների»: Հետևաբար, նրանք կասկածի տակ են դնում դիմումատուների ընտանեկան կյանքի նկատմամբ միջամտության իրական ազդեցությունը, քանի որ միջամտությունը սահմանափակվել է միայն ֆրանսիական քաղաքացիական ակտերի տրամադրման անհնարինությամբ:
72. Կառավարությունը պնդում է, որ, ձգտելով արգելել մարդկային մարմնի առևտրայնացման ցանկացած հնարավորություն, երաշխավորել մարդկային մարմնի և անձի կարգավիճակի անձեռմխելիության սկզբունքները և պահպանել երեխայի լավագույն շահերը, օրենսդիր մարմինը, արտահայտելով ֆրանսիացի ժողովրդի համընդհանուր կամքը, որոշել է չթույլատրել փոխնակ մայրությունը: Մերժելով գրանցել արտասահմանում կատարված փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների քաղաքացիական կացության ակտերը` ազգային դատավորը պատշաճ կերպով կիրառել է համապատասխան դրույթները. գրանցումը թույլատրելը նույն է, ինչ լռելայն ընդունել, որ ներպետական իրավունքը գիտակցաբար և անպատժելիորեն շրջանցվի` միաժամանակ հարցականի տակ դնելով արգելող դրույթների հետևողականությունը:
Այն հավելում է, որ, ինչ վերաբերում է հատկապես հոր հետ ազգակցական կապի գրանցման բացակայությանը, այն բխում է այն փաստից, որ դիմումատուների ծրագիրը զույգի համատեղ ծրագիր է եղել և որ «անհրաժեշտություն չի եղել» առանձին դիտարկել զույգի յուրաքանչյուր անդամի կարգավիճակը: Կառավարությունը համարում է, որ, հաշվի առնելով ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի հաստատման հիմնավորումների և ճանապարհների բազմազանությունը, առավելությունը, որը կարող էր տրվել զուտ կենսաբանական չափանիշին, «վիճելի է թվում»: Ի վերջո, «երեխայի շահերից ելնելով, ցանկալի է երկու ծնողներին դիտարկել իրենց և իրենց երեխաների միջև գոյություն ունեցող կապերի իրավական ճանաչման նույն մակարդակում»:
73. Կառավարությունն ավելացնում է, որ, քանի որ փոխնակ մայրության հարցը բարոյականության և էթիկայի խնդիր է և որ մասնակից պետություններն այս հարցի շուրջ փոխհամաձաայնության չեն եկել, հարկ է ընդունել, որ պետություններն ունեն հայեցողության լայն սահմաններ այս բնագավառում, ինչպես նաև այն հարցում, թե ինչպես են այս համատեքստում ըմբռնում արտերկրում հաստատված ազգակցական կապի իրավական հետևանքները: Ըստ Կառավարության, հաշվի առնելով հայեցողության այս լայն սահմանները և այն փաստը, որ դիմումատուների ընտանեկան կյանքն ամերիկյան քաղաքացիական կացության հիման վրա ընթանում է նորմալ հունով, և որ վերջիններիս լավագույն շահերը պաշտպանված են, Կոնվենցիայի 8-րդ հոդվածով երաշխավորվող նրանց իրավունքների նկատմամբ միջամտությունը «չափազանց համաչափ է» հետապնդվող նպատակներին: Հետևաբար, այս դրույթի խախտում չի եղել:
74. Բաժանմունքի նախագահի լրացուցիչ հարցերին ի պատասխան (վերը նշված 5-րդ կետ)` Կառավարությունը նշում է, որ երրորդ և չորրորդ դիմումատուների ազգակցական կապի հաստատմանը կիրառվող օրենքը, ըստ Քաղաքացիական օրենսգրքի 311-14 հոդվածի, դա նրանց մոր անձնական իրավունքն է կամ, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի (1-ին ՔՊ, հունիսի 11, 1996թ., Քաղ տեղեկագիր թիվ 244), այն անձի անձնական իրավունքը, որը նրանց ծնել է: Հետևաբար, խոսքը վերաբերում է փոխնակ մորը: Այսինքն, համաձայն ամերիկյան իրավունքի, առաջին դիմումատուները երրորդ և չորրորդ դիմումատուների ծնողներն են, իսկ երկրորդ դիմումատուն հանդիսանում է նրանց «օրինական մայրը»: Կառավարությունն ավելացնում է, որ այն դեպքում, երբ արտերկրում կազմված ծննդյան վկայականները բավարարում են Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի պահանջները, անկախ նրանց գրանցման փաստից, լիարժեք իրավական ուժ ունեն Ֆրանսիայի ազգային տարածքում, մասնավորապես ինչ վերաբերում է այդ ակտերի միջոցով հաստատվող ազգակցական կապի ապացուցմանը: Այն հստակեցնում է, որ 47-րդ հոդվածը կիրառելի է սույն գործում, չնայած երրորդ և չորրորդ դիմումատուների ամերիկյան ծննդյան վկայականների գրանցումը չեղյալ է համարվել Վճռաբեկ դատարանի 2011թ. ապրիլի 6-ի որոշմամբ և որ վերջինիս նախադեպային իրավունքից բխում է, որ փոխնակ մայրության պայմանագրերը պարտադիր առոչինչ են և չեն կարող ֆրանսիական իրավունքով իրավական ուժ ունենալ ազգակցական կապի հաստատման համար: Հետևաբար, Քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածը, համաձայն որի ֆրանսիացի է համարվում այն երեխան, որի ծնողներից առնվազն մեկը ֆրանսիացի է, կիրառվում է այն պահից, երբ օրենքով սահմանված կարգով հաստատված ազգակցական կապի գոյության ապացույցը ներկայացվում է օտարերկյա քաղաքացիական կացության այնպիսի ակտով, որի իրավական ուժը չի կարող վիճարկվել: Վերջապես, Կառավարությունը նշում է, որ առաջին դիմումատուն չէր կարող Ֆրանսիայում ճանաչել երրորդ և չորրորդ դիմումատուներին, քանի որ, 2013թ. սեպտեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանն որոշել որ, որ փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխայի նկատմամբ նախորոշված հոր կողմից հայրության ճանաչումը պետք է չեղյալ համարվի` պայմանավորված այս մեթոդին դիմելով տվյալ անձի կողմից կատարվող օրենքի խախտմամբ:
iii. Դատարանը
ա) Ընդհանուր դիտարկումներ
75. Դատարանը նշում է, որ Կառավարությունը պնդում է, որ վիճարկվող բնագավառում պետություններն ունեն հայեցողության զգալի սահմաններ որոշելու համար, թե ինչն է «անհրաժեշտ» «ժողովրդավարական հասարակությունում»: Այն նշում է նաև, որ դիմումատուներն ընդունում են այս փաստը, սակայն գտնում են, որ հայեցողության այդ սահմանները պետք է հարաբերականացնել սույն գործում:
76. Դատարանը կատարում է նույն վերլուծությունը, ինչ դիմումատուները:
77. Այն հիշեցնում է, որ պետությունների հայեցողության սահմանները կարող են տարբեր լինել ըստ հանգամանքների, բնագավառների, համատեքստերի և որ մասնակից պետությունների իրավական համակարգերում ընդհանուր հայտարարի առկայությունը և բացակայությունը կարող է այս առումով կարևոր գործոն հանդիսանալ (տե´ս, օրինակ, վերը նշված Վագները և Ջ.Մ.Վ.Լ. [Wagner et J.M.W.L] և Նեգրեպոնտիս-Ջիանիսիս [Negrepontis-Giannisis] գործերով վճիռները, համապատասխանաբար 128-րդ և 69-րդ կետեր): Այսպիսով, մի կողմից, երբ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև գոյություն չունի փոխհամաձայնություն, լինի դա տվյալ հարցի հարաբերական կարևորությանը կամ այն պաշտպանության լավագույն միջոցներին, մասնավորապես, երբ գործը վեր է հանում զգայուն բարոյական և էթիկական հարցեր, հայեցողության սահմանները մեծ են: Մյուս կողմից, երբ հարցը վերաբերում է անձի ինքնության կամ գոյության առանձնապես կարևոր ասպեկտին, ապա պետությանը շնորհված հայեցողության սահմանները սովորաբար սահմանափակ են (տե´ս մասնավորապես վերը նշված Ս.Հ. [ S.H.], կետ 94):
78. Դատարանը նշում է, որ ինչ վերաբերում է փոխնակ մայրության օրինականությանը կամ արտասահմանում օրենքի սահմաններում այսպես բեղմնավորված երեխաների և նրանց նախորոշված ծնողների ազգակցական կապի իրավական ճանաչմանը, եվրոպական պետությունները փոխհամաձայնութան չեն եկել: Համեմատական իրավունքի ուսումնասիրություններից պարզվում է, որ, Ֆրանսիայից բացի, փոխնակ մայրությունը հստակորեն արգելված է Եվրոպայի խորհրդի երեսունհինգ երկրներից տասնչորսում: Տաս երկրում այն արգելված է ընդհանուր դրույթերով կամ չի ընդունվում, կամ այս մեթոդի օրինականությունն անորոշ է: Սակայն այն հստակորեն թույլատրվում է յոթ երկրում և հանդուրժվում չորսում: Երեսունհինգ պետություններից տասներեքում հնարավոր է ձեռք բերել նախորոշված ծնողների և արտասահմանում օրենքով սահմանված կարգով փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների ազգակցական կապի իրավական ճանաչում: Սա, կարծես թե, հնարավոր է նաև այլ տասնմեկ երկրներում (դրանցից մեկում, այդ կարող է հնարավոր լինել միայն հայրության մասով, երբ նախորոշված հայրը նաև կենսաբանական հայրն է), սակայն իրավական ճանաչումը բացառվում է մնացած տասնմեկ երկրներում (բացառությամբ մեկ երկրի, ուր հոր ծնողական կապի ճանաչումը հնարավոր է, երբ նախորոշված հայրը կենսաբանական հայրն է) (...):
79. Փոխհամաձայնության այս բացակայությունն արտացոլում է այն փաստը, որ փոխնակ մայրությունն առաջ է բերում էթիկայի նուրբ հարցեր: Բացի այդ, Դատարանը հաստատում է, որ սկզբունքորեն պետություններին պետք է շնորհվի հայեցողության լայն սահմաններ, ինչ վերաբերում է վերարտադրության այս մեթոդի թույլատրման կամ չթույլատրման որոշմանը, այլ նաև արտասահմանում փոխնակ մայրության ճանապարհով օրինական կերպով ծնված երեխաների և նրանց նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի ճանաչմանը կամ չճանաչման որոշմանը:
80. Այնուամենայիվ, անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ազգակցական կապի դեպքում խաղատախտակին է դրվում անհատների ինքնության կարևորագույն ասպեկտը: Ուստի, այս դեպքում անհրաժեշտ է նվազեցնել պատասխանող պետության հայեցողության սահմանները:
81. Ավելին, պետության կատարած ընտրությունը, նույնիսկ հայեցողության այդ սահմանների տիրույթում, վերահսկվում են Դատարանի կողմից: Դատարանի պարտավորությունն է ուշադիր կերպով ուսումնասիրել այն փաստարկները, որոնք պետք է հաշվի առնել խնդրի լուծման հարցում, ինչպես նաև պարզել, թե արդյոք ապահովվել է պետության և այդ լուծումից ուղղակիորեն տուժված անձանց շահերի արդարացի հավասարակշռումը (տե´ս, համապատասխան փոփոխություններով, վերը նշված Ս.Հ.-ն և մյուսները [S.H. et autres], կետ 97): Այսպիսով, Դատարանը պետք է հաշվի առնի այն էական սկզբունքը, համաձայն որի գործում երեխայի ներգրավվածության դեպքում պետք է գերակշռեն նրա լավագույն շահերը (տե´ս, ի թիվս այլոց, վերը նշված Վագները և Ջ.Մ.Վ.Լ.-ն [Wagner et J.M.W.L.], 133-134 կետեր, և Է.Բ.-ն ընդդեմ Ֆրանսիայի [E.B. c. France] [ՄՊ], թիվ 43546/02, 76 և 95 կետեր, հունվարի 22, 2008թ.):
82. Սույն գործում Վճռաբեկ դատարանը վճռել է, որ միջազգային հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգը խոչընդոտում է ֆրանսիական գրանցամատյաններում օտարերկրյա դատարանի որոշմամբ հաստատված ծննդյան վկայանների գրանցմանը, քանի որ վերոնշյալ որոշումը պարունակում է դրույթներ, որոնք հակասում են ֆրանսիական իրավունքի կարևորագույն սկզբունքներին: Այն այնուհետև ընդգծել է, որ ֆրանսիական իրավունքով, փոխնակ մայրության պայմանագրերը պարտադիր կերպով առոչինչ են և որ ազգակցականության ճանաչումը հակասում է «ֆրանսիական իրավունքի կարևոր սկզբունքին»` անձի կարգավիճակի անձեռմխելիությանը: Այն եզրակացրել է, որ Կալիֆորնիայի գերագույն դատարանի հօգուտ դիմումատուների կայացրած վճիռը, որն իրավական ուժ էր տալիս փոխնակ մայրության պայմանագրին, հակասում էր միջազգային հանրային կարգի ֆրանսիական հայեցակարգին, և երրորդ և չորրորդ դիմումատուների ծննդյան վկայականները, որոնք կազմվել էին այդ վճռի համաձայն, չէին կարող գրանցվել ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում (վերը նշված 27-րդ կետ):
83. Դիմումատուների համար ֆրանսիական իրավունքով առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ազգակցական կապի իրավական ճանաչման անհնարինությունը, ըստ Վճռաբեկ դատարանի, փոխնակ մայրությունն արգելելու Ֆրանսիայի օրենսդիր մարմնի բարոյական ընտրության հետևանք է: Այս առումով Կառավարությունն ընդգծում է, որ ազգային դատավորը պաշճառ կերպով է կիրառել այս ընտրության դրույթները` մերժելով Ֆրանսիայի տարածքից դուրս փոխնակ մայրության ճանապարհով ծնված երեխաների օտարերկրյա քաղաքացիական կացության ակտերի գրանցումը: Ըստ վերջինիս, գրանցման թույլատրումը նույնը կլիներ, ինչ լռելայն ընդունել ներպետական օրենքի գիտակցաբար և անպատժելի շրջանցումը, որը կասկածի տակ կդներ արգելքի միջոցներում հետևողականությունը:
84. Դատարանը նշում է, որ այս մոտեցումն իրականացվում է միջազգային հանրային կարգի բացառությամբ, որը բնորոշ է միջազգային մասնավոր իրավունքին: Դատարանը մտադիր չէ, որպես այդպիսին, կասկածի տակ դնել այդ բացառությունը: Սակայն անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք սույն գործում այս մեխանիզմը կիրառելով, ազգային դատավորը պատշաճ կերպով հաշվի է առել արդարացի հավասարակշռման անհրաժեշտությունը մի կողմից հասարակության շահի, այն է` գործել այնպես, որպեսզի իր անդամներն ենթարկվեն իր ներսում ժողովրդավարական ճանապարհով կատարված ընտրությանը, և, մյուս կողմից, դիմումատուների շահի միջև, այդ թվում` երեխաների լավագույն շահերի, այն է` լիարժեք օգտվել իրենց անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքներից:
85. Այս առումով Դատարանը նշում է, որ Վճռաբեկ դատարանն որոշել էր, որ ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում երրորդ և չորրորդ դիմումատուների ամերիկյան ծննդյան վկայականների գրանցման անհնարինությունը չէր խախտում նրանց անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, և ոչ էլ ազդում էր նրանց, որպես երեխայի, լավագույն շահերին, քանի որ այն նրանց չէր զրկում կալիֆորնիական իրավունքով ճանաչված մոր և հոր հետ ազգակցական կապից և չէր խանգարում առաջին դիմումատուների հետ համատեղ Ֆրանսիայում բնակվելուն (վերը նշված 27-րդ կետ):
86. Դատարանը համարում է, որ սույն գործում պետք է տարբերակել, մի կողմից, դիմումատուների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, և, մյուս կողմից, երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքը:
բ) Դիմումատուների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի վերաբերյալ
87. Ինչ վերաբերում է առաջին կետին, Դատարանը համարում է, որ ֆրանսիական իրավունքով առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայությունն անպայման ազդում է նրանց ընտանեկան կյանքի վրա: Այս առումով այն նշում է, որ, ինչպես նշում են դիմումատուները, Փարիզի Վերաքննիչ դատարանը սույն գործում ընդունել է, որ նման իրադրությունն առաջացնում է «կոնկրետ դժվարություններ (վեր նշված 24-րդ կետ): Բացի այդ, այն նշում է, որ Պետական խորհուրդը Բիոէթիկայի մասին օրենքների փոփոխության վերաբերյալ 2009թ.-ի հաշվետվության մեջ ընդգծել է, որ «իրականում, այս ընտանիքների կյանքն ավելի է բարդանում, երբ անհրաժեշտություն է առաջանում կյանքի որոշակի փուլերում անցել որոշակի ընթացակարգեր »(...):
88. Այսպիսով, չունենալով ֆրանսիական քաղաքացիական կացության ակտեր կամ ֆրանսիական ընտանեկան գրքույկներ, դիմումատուները ստիպված են եղել ներկայացնել ամերիկյան քաղաքացիական կացության ակտեր` վավերացված թարգմանությամբ, երբ որևէ իրավունքից կամ ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ էր ապացուցել ազգակցական կապը, և ենթադրաբար բախվել համապատասխան անձանց կասկածներին, առնվազն թյուրիմացություններին: Այս առում նրանք նշում են այն դժվարությունները, որ նրանք հանդիպում են երրորդ և չորրորդ դիմումատուներին սոցիալական ապահովագրության համակարգում կամ դպրոցական ճաշարանում, ճամբարներում գրանցելիս, կամ ընտանեկան նպաստների կենտրոնում ֆինանսական աջակցության դիմումներ ներկայացնելիս:
89. Բացի այդ, այն փաստը, որ ֆրանսիական իրավունքում, երեխաներն ազգակցական կապ չունեն ոչ առաջին դիմումատուի և ոչ էլ երկրորդ դիմումատուի հետ, առնվազն միչև օրս նրանց թույլ չի տալիս ձեռքբերել Ֆրանսիայի քաղաքացիություն: Այս հանգամանքը բարդացնում է ընտանիքին տեղաշարժը և, որքան էլ դրանք անհիմին լինեն ըստ Կառավարության պնդումների, առաջացնում է մտահոգություններ չափահաս դառնալուց հետո երրորդ և չորրորդ դիմումատուների Ֆրանսիայում կացության իրավունքի, և հետևաբար ընտանիքի կայունության հետ կապված: Կառավարությունը պնդում է, որ, հաշվի առնելով մասնավորապես Արդարադատության նախարարի 2013թ. հունվարի 25-ի շրջաբերականը (...), համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի, որը սահմանում է «Ֆրանսիայի քաղաքացի է համարվում երեխան, որի ծնողներից առնվազն մեկը Ֆրանսիայի քաղաքացի է», երրորդ և չորրորդ դիմումատուները կարող են ձեռքբերել Ֆրանսիայի քաղաքացիության վկայական` ներկայացնելով իրենց ամերիկյան ծննդյան վկայականները:
90. Դատարանը նշում է, որ այս հնարավորության հետ կապված դեռևս մնում են որոշ հարցական կետեր:
Առաջին հերթին, այն նշում է, որ վկայակոչված նորմի համաձայն, Ֆրանսիայի քաղաքացիություն շնորհվում է ծնողներից մեկի քաղաքացիության հիման վրա: Հետևաբար, նա նշում է, որ իրեն ներկայացված գանգատի առանցքը հենց ծնողների իրավական սահմանման հարցն է: Այսպիսով, ուսումնասիրելով դիմումատուների դիտողությունները և Կառավարության պատասխանները, պարզվում է, որ երրորդ և չորրորդ դիմումատուների Ֆրանսիայի քաղաքացիությունը հաստատելու համար միջազգային մասնավոր իրավունքի կանոնները սույն գործում առավել բարդ և ռիսկային են դարձնում Քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածը:
Երկրորդը, Դատարանը նշում է, որ Կառավարությունն իր փաստարկները բերում է Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածից: Այս դրույթը հստակեցնում է, որ արտասահմանում հաստատված և տվյալ երկրներում կիրառվող ձևաչափերով կազմված քաղաքացիական կացության ակտերը վավեր են, «եթե այլ ակտեր կամ փաստաթղթեր, այլ արտաքին տվյալներ կամ տվյալ ակտերից բխող տեղեկությունները չեն հաստատում, որ այդ ակտը կեղծված է կամ որ ակտում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը »: Հարց է առաջանում, թե արդյոք կիրառվել է նման բացառություն, երբ, ինչպես սույն գործում, պարզվել է, որ տվյալ երեխաները ծնվել են արտասահմանում կատարված փոխնակ մայրության ճանապարհով, ինչը Վճռաբեկ դատարանը որակում է որպես օրենքի շրջանցում: Սակայն, չնայած նրան, որ բաժանմունքի նախագահը Կառավարությունից պահանջել էր պատասխանել այս հարցին և հստակեցնել, թե կար արդյոք վտանգ, որ այդ կերպով կարող է կազվել քաղաքացիության վկայական, որը հետագայում կարող է վիճարկվել և ապա չեղյալ համարվել, Կառավարությունն ոչ մի ճշգրտում չէր կատարել: Ընդ որում, առաջին դիմումատուի կողմից այս նպատակով 2013թ. ապրիլի 16-ին Փարիզի առաջին ատյանի դատարան ներկայացված դիմումը դեռ տասնմեկ ամիս անց չէր տվել որևէ արդյունք: Առաջին ատյանի դատարանի գլխավոր քարտուղարը 2013թ. հոկտեմբերի 31-ի և 2014թ. մարտի 13-ի գրություններում նշել էր, որ դիմումն «ընթացքում է», «սպասվում է Լոս Անջելեսի հյուպատոսությանը ներկայացված վավերացման դիմումի պատասխանը» (վերը նշված 28-րդ կետ):
91. Այս ամենին ավելանում են բավականին հասկանալի մտահոգություններն առաջին դիմումատուի կամ զույգի ամուսնալուծության դեպքում երկրորդ դիմումատուի և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ընտանեկան կյանքի պահպանման հետ կապված:
92. Սակայն, ինչպիսին էլ լինեն դիմումատուների ընտանեկան կյանքի վրա ազդող հնարավոր ռիսկերը, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է հստակեցնել դիրքորոշումները` հաշվի առնելով այն բոլոր գործնական դժվարությունները, որոնք դիմումատուները ստիպված են եղել հաղթահարել առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայության պատճառով (տե´ս, համապատասխան փոփոխությունենրով, վերը նշված Իքսը, Իգրեկը և Զեդը [X, Y et Z], կետ 48): Սակայն Դատարանը նշում է, որ դիմումատուները չեն պնդում, որ իրենց կողմից նշված դժվարություններն անհաղթահարելի են և չեն նշում, որ ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի իրավական ճանաչման անհնարինությունն իրենց խանգարում է օգտվել իրենց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքից: Այս առումով Դատարանը նշում է, որ նրանք կարողացել են երրորդ և չորրորդ դիմումատուների ծնունդից քիչ հետո հաստատվել Ֆրանսիայում և որ նրանք կարող են Ֆրանսիայում ապրել այլ ընտանիքների պայմաններին ընդհանուր առմամբ համեմատելի պայմաններում և որ ոչ մի պատճառ չկա մտածելու, որ տեղական իշխանությունները կորոշեն նրանց առանձնացնել իրենց կարգավիճակի պատճառով (տե´ս, համապատասխան փոփոխություններով. Շավդարովն ընդդեմ Բուլղարիայի [Chavdarov c. Bulgarie], թիվ 3465/03, 49-50 և 56 կետեր, դեկտմեբերի 21, 2010թ.):
93. Դատարանը նշում է նաև, որ Կոնվենցիայի հետ կապված դիմումատուների փաստարկները մերժելու համար, Վճռաբեկ դատարանը ընդգծել էր, որ ֆրանսիական քաղաքացիական կացության գրանցամատյաններում երրորդ և չորրորդ դիմումատուների ծննդյան վկայականների գրանցման չեղյալ համարումը նրանց չի խանգարում Ֆրանսիայում առաջին դիմումատուների հետ համատեղ ապրելու հարցում (վերը նշված 27-րդ կետ): Դատարանը եզրակացնում է, որ, սույն գործում, համաձայն Վագները և Ջ.Մ.Վ.Լ. [Wagner et J.M.W.L.](վերը նշված վճիռ, կետ 135) գործում կարևոր համարված հանգամանքի, ֆրանսիացի դատավորները չեն կատարել իրադրության հատուկ ուսումնասիրություն, քանի որ այդ ձևակերպմամբ, նրանք, անուղղակիորեն, բայց հստակ կերպով համարել էին, որ գործնական դժվարությունները, որոնց դիմումատուներն իրենց ընտանեկան կյանքի շրջանակներում կարող էին բախվել արտասահմանում նրանց միջև հաստատված ազգակցական կապի ֆրանսիական իրավունքով իրավական ճանաչման բացակայության պատճառով, չէին կարող գերազանցել այն սահմանները, որոնք պարտադրում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածը:
94. Այսպիսով, մի կողմից հաշվի առնելով առաջին դիմումատուների և երրորդ և չորրորդ դիմումատուների միջև ֆրանսիական իրավունքով ազգակցական կապի իրավական ճանաչման բացակայության կոնկետ հետևանքներն իրենց ընտանեկան կյանքի վրա և, մյուս կողմից, պատասխանող պետությանը շնորհված հայեցողության սահմանները` Դատարանը համարում է, որ իրադրությունը, որին հանգել է Վճռաբեկ դատարանն սույն գործի իր եզրակացությունում, ապահովել է պետության և դիմումատուների շահերի արդարացի հավասարակշռությունն այնքանով, որքանով այն վերաբերում է նրանց ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին:
95. Մնում է պարզել, թե արդյոք մոտեցումը նույնն է եղել երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքի տեսանկյունից:
բ) Երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքի վերաբերյալ
96. Ինչպես այդ մասին Դատարանն արդեն հիշեցրել էր, անձնական կյանքի նկատմամբ հարգանքը պահանջում է, որ յուրաքանչյուր ոք կարողանա հաստատել իր, որպես մարդկային էակի ինքնության մանրամասները, այդ թվում նաև` ազգակցական կապը, (...) անհատների ինքնության այս կարևոր ասպեկտը վտանգվում է, երբ խնդիրը վերաբերում է ազգակցական կապին (վերը նշված 80-րդ կետ): Պոզիտիվ իրավունքի տեսանկյունից, այս առումով երրորդ և չորրորդ դիմումատուները գտնվում են անորոշ իրավիճակում: Ճիշտ է, թեև առաջին դիմումատուների հետ ազգակցական կապն ընդունվել է ֆրանսիացի դատավորի կողմից այնքանով, որքանով այն հաստատվել էր կալիֆորնիական օրենքով, այնուամենայնիվ, ամերիկյան վճռին իրավական ուժ տալու, ինչպես նաև քաղաքացիական կացության ակտը գրանցելու մերժումը միաժամանակ ցույց է տալիս, որ այս կապը ֆրանսիական իրավական կարգի կողմից չի ընդունվում: Այլ կերպ ասած, Ֆրանսիան, քաջատեղյակ լինելով, որ այլ երկրում նրանք ճանաչվել են որպես առաջին դիմումատուների երեխաներ, այնուամենայնիվ իր իրավական կարգով նրանց մերժում է տալ այդ կարգավիճակը: Դատարանը համարում է, որ նման հակասականությունը ֆրանսիական հասարակությունում վտանգի տակ է դնում նրանց ինքնությունը:
97. Բացի այդ, եթե նույնիսկ Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի երաշխավորում կոնկրետ քաղաքացիության ձեռքբերման իրավունք, փաստը մնում է փաստ, որ քաղաքացիությունն անձանց ինքնության տարր է (Ջենովոզեն ընդդեմ Մալթայի [Genovese c. Malte], թիվ 53124/09, կետ 33, հոկտեմբերի 11, 2011թ.): Սակայն, ինչպես նախկինում Դատարանն արդեն նշել էր, չնայած այն փաստին, որ նրանց կենսաբանական հայրը ֆրանսիացի էր, երրորդ և չորրորդ դիմումատուները կանգնած են մտահոգիչ անորոշության առաջ, ինչ վերաբերում է Քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն Ֆրանսիայի քաղաքացիություն ձեռքբերելու հնարավորությանը (...): Նման անորոշությունն, ամենայն հավանականությամբ, բացասաբար է ազդում նրանց սեփական ինքնության սահմանման վրա:
98. Բացի այդ, Դատարանը համարում է, որ այն փաստը, որ երրորդ և չորրորդ դիմումատուները ֆրանսիական իրավունքով չեն ճանաչվել առաջին դիմումատուների երեխաներ, ազդում է նրանց ժառանգության իրավունքի վրա: Այն նշում է, որ Կառավարությունը հերքում է նման զարգացումը: Դատարանը, այնուամենայնիվ, նշում է, որ Պետական խորհուրդն ընդգծել էր, որ Ֆրանսիայում նախորոշված մոր հետ արտերկրում հաստատված ազգակցական կապի ճանաչման բացակայության դեպքում փոխնակ մայրության միջոցով արտասահմանում ծնված երեխան չի կարող ժառանգության ստանալ, եթե նույնիսկ մայրը նրանց ժառանգորդ է ճանաչել: Այս դեպքում ժառանգության իրավունքները հաշվարկվում են ինչպես երրորդ անձանց դեպքում (...), այսինքն պակաս բարենպաստ պայմաններով: Իրավիճակը նույնն է նաև նախորոշված հոր դեպքում, եթե նույնիսկ նա, ինչպես այս դեպքում, կենսաբանական հայրն է: Այստեղ խոսքը վերաբերում է նաև որդիական ինքնության հետ կապված տարրերին, որից արտերկրում փոխնակ մայրության միջոցով ծնված երեխաները զրկված են:.
99. Հասկանալի է, որ Ֆրանսիան կարող է ձգտել տարհամոզել իր քաղաքացիներին արտերկրում դիմելու վերարտադրման մի մեթոդի, որն արգելվում է իր տարածքում (վերը նշված 62-րդ կետ): Սակայն վերը նշվածից պարզվում է, որ ֆրանսիական իրավունքով այս ճանապարհով բեղմնավորված երեխաների և նախորոշված ծնողների միջև ազգակցական կապի չճանաչման հետևանքները չեն սահմանափակվում միայն առաջին դիմումատուների կարգավիճակով, որոնք իրենք են ընտրել վերարտադրման այն ճանապարհը, որը չի ընդունվում ֆրանսիական իշխանությունների կողմից: Հետևանքները տարածվում են նաև երեխաների վրա, որոնց անձնական կյանքը հարգելու իրավունքը, որն ենթադրում է, որ յուրաքանչյուր ոք պետք է կարողանա հաստատել իր ինքնության էությունը, այդ թվում` ազգակցական կապը, զգալիորեն խախտվել է: Այստեղ առաջանում այս իրավիճակի և երեխաների լավագույն շահերի է համատեղելիության հարցը, իսկ երեխաներին վերաբերվող ցանկացած որոշում պետք է ուղորդվի այդ շահերի պաշտպանությամբ:
100. Այս վերլուծությունն առանձնահատուկ նշանակություն է ստանում, երբ, ինչպես սույն գործում, նախորոշված ծնողներից մեկը նաև երեխային կենսաբանական ծնողն է: Կենսաբանական կապի, որպես յուրաքանչյուրի ինքնության տարրի, կարևորության տեսանկյունից (տե´ս, օրինակ, վերը նշված Յագգի [Jäggi] վճիռը, կետ 37), չի կարելի ասել, թե նման բնույթի իրավական հարաբերություններից զրկելը բխում է երեխայի շահերից, երբ այս փաստացի կենսաբանական կապի առկայությունը հաստատված է և երբ տվյալ երեխան և ծնողը պահանջում են այն կապի լիարժեք ճանաչում: Մինչդեռ, ոչ միայն չի ընդունվել երրորդ և չորրորդ դիմումատուների և նրանց կենսաբանական հոր կապը ծննդյան վկայականները գրանցելու դիմումի շրջանակներում, այլ նաև հայրության ճանաչման կամ որդեգրման ճանապարհով կամ այս կարգավիճակի ձեռքբերման հաստատման միջոցով հոր իրավական ճանաչումը բախվել էր Վճռաբեկ դատարանի այս հարցերի վերաբերյալ արգելիչ նախադեպային իրավունքին: (...) Դատարանը համարում է, որ, հաշվի առնելով երրորդ և չորրորդ դիմումատուների ինքնության և անձնական կյանքը հարգելու իրավունքի նկատմամբ այս խիստ սահմանափակման հետևանքները, պատասխանող Պետությունն անցել էր իրենց շնորհված հայեցողության թույլատրելի սահմանները` խոչընդոտելով ներպետական իրավունքով իրենց կենսաբանական հոր հետ ազգակցական կապի ճանաչմանը կամ հաստատմանը,:
101. Հաշվի առնելով այն կարևորությունը, որն անհրաժեշտ էր տալ երեխաների շահերին, երբ առկա է գործում ներգրավված շահերի հավասարակշռում` Դատարանն եզրակացնում է, որ երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքն անտեսվել էր:
3. Ընդհանուր եզրակացություն
102. Ինչ վերաբերում է դիմումատուների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքին, ապա Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել: Սակայն այս դրույթը խախտվել է երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքի տեսանկյունից:
(...)
ՍՈՒՅՆ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
(...)
2. Վճռում է, որ դիմումատուների ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի առումով Կոնվենցիայի 8-րդ հոդվածը չի խախտվել:
3. Վճռում է, որ երրորդ և չորրորդ դիմումատուների անձնական կյանքը հարգելու իրավունքի առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:
(...)
Կատարվել է ֆրանսերեն և գրավոր ծանուցվել է 2014թ. հունիսի 26-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն:
Կլաուդիա Վեստեր դիկ Մարկ Վիլիգեր (Claudia Westerdiek) (Mark Villiger)
Բաժանմունքի քարտուղար Նախագահ
© Եվրոպայի խորհուրդ/ Մարդու իրավունքների եվրոպական Դատարան, 2014
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պաշտոնական լեզուներն են ֆրանսերենը և անգլերենը: Սույն թարգմանությունն իրականացվել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդի (/humanrightstrustfund) աջակցությամբ: Այն որևէ կերպ չի պարտավորեցնում Դատարանին, որը պատասխանատու չէ թարգմանության որակի համար: Այն կարելի է բեռնել HUDOC-ից` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի տվյալների բազայից (), կամ տվյալների ցանկացած այլ բազայից, որին HUDOC-ը տրամադրել է փաստաթուղթը: Այն կարող է վերաթողարկվել ոչ առևտրային նպատակներով` պայմանով, որ գործի անվանումը ներկայացվի ամբողջական և ուղեկցվի վերը նշված հեղինակային իրավունքի նշումներով, ինչպես նաև Մարդու իրավունքների հավատարմագրային ֆոնդին հղումով: Առևտրային նպատակներով սույն թարգմանությունը մասնակիորեն կամ ամբողջապես օգտագործելու դեպքում, հարկ է այդ մասին տեղեկացնել հետևյալ հասցեով` publishing@
© Council of Europe/European Court of Human Rights, 2014
The official languages of the European Court of Human Rights are English and French. This translation was commissioned with the support of the Human Rights Trust Fund of the Council of Europe (/humanrightstrustfund). It does not bind the Court, nor does the Court take any responsibility for the quality thereof. It may be downloaded from the HUDOC case-law database of the European Court of Human Rights () or from any other database with which the Court has shared it. It may be reproduced for non-commercial purposes on condition that the full title of the case is cited, together with the above copyright indication and reference to the Human Rights Trust Fund. If it is intended to use any part of this translation for commercial purposes, please contact publishing@.
©Conseil de l’Europe/Cour européenne des droits de l’homme, 2014. Les langues officielles de la Cour européenne des droits de l’homme sont le français et l’anglais. La présente traduction a été effectuée avec le soutien du Fonds fiduciaire pour les droits de l’homme du Conseil de l’Europe (/humanrightstrustfund). Elle ne lie pas la Cour, et celle-ci décline toute responsabilité quant à sa qualité. Elle peut être téléchargée à partir de HUDOC, la base de jurisprudence de la Cour européenne des droits de l’homme (), ou de toute autre base de données à laquelle HUDOC l’a communiquée. Elle peut être reproduite à des fins non commerciales, sous réserve que le titre de l’affaire soit cité en entier et s’accompagne de l’indication de copyright ci-dessus ainsi que de la référence au Fonds fiduciaire pour les droits de l’homme. Toute personne souhaitant se servir de tout ou partie de la présente traduction à des fins commerciales est invitée à le signaler à l’adresse suivante: publishing@
Full & Egal Universal Law Academy